Քաղաքական տեխնոլոգները սովորեցնում են ստել

 «Չպետք է հաճախ ստել, բայց երբեմն

անհրաժեշտ է խուսափողական լինել»

Մարգարետ Թետչեր

ստելՄարդուն միշտ էլ հետաքրքրել է բացահայտել դիմացինի հոգեբանությունը, մտքերն ու հույզերը,  բայց առանց հաղորդակցվելու և որևէ բառ փախանակելու` հնարավո՞ր է դա: Պարզվում է` այո, բայց դա էլ ունի իր կանոնները, որոնք սովորել է պետք:

«Պարզ մեխանիզմներն արտահայտվում են ինչպես հարալեզվական միջոցների (ձայնի ինտոնացիա, խոսքի դադարներ և այլն), այնպես էլ ժեստերի           (նստելու, կանգնելու ձև, միմիկա և այլն) միջոցով»,- ասում է հոգեբան Լուսինե Կտիկյանը:  Նրա խոսքով` հաղորդակցությունը լինում է երկու տեսակ` ոչ վերբալ (կամ ոչ խոսքային) և վերբալ (կամ խոսքային): Ոչ վերբալ հաղորդակցությունը նաև համարվում է մարմնի լեզու` կինետիկա, երբ խոսքի փոխարեն ակտիվ են մարմնական շարժումները: Փորձառու քաղաքական գործիչները դրանց օգնությամբ կարողանում են գաղափար կազմել զրուցակցի մտքերի, հոգեկան վիճակի և զգացումների մասին, նույնիսկ կանխատեսել նրա հետագա գործողությունները:

«Քաղաքականության մեջ եղել են այնպիսի փայլուն հռետորներ, ինչպիսիք են Մաքիավելին, Թալեյրանը, Բիսմարկը, Գորչակովը, իսկ Չերչիլի ռադիոելույթները վճռական դեր են խաղացել Գերմանիայի դեմ Անգլիայի պատերազմում: Սակայն հազիվ թե այդ գործիչները նույն հաջողությունն ունենային՝ հայտնվելով հեռուստաէկրաններին, այսինքն` մարդկանց տեսադաշտում»,- նշում է մասնագետը՝ ավելացնելով, որ կարող ենք հիշել նախագահական թեկնածուներ Նիքսոնի և Քենեդիի ընտրապայքարը: Քանի դեռ այն ընթանում էր գրավոր ելույթների և ռադիոուղերձների շրջանակներում, հաղթելու հավանականությունն առաջինի կողմն էր, սակայն երբ երևացին հեռուստատեսությամբ, իրադրությունը կտրուկ փոխվեց, և Քենեդին հաղթեց: Գաղտնիքն այն է, որ Ջոն Քենեդին, հմուտ հռետոր լինելուց բացի, տիրապետում էր ոչ վերբալ արվեստի նրբություններին: «Քաղաքական գործիչներին, հատկապես` կառավարության ղեկավարներին, քաղաքական տեխնոլոգները սովորեցնում են ոչ վերբալ շփումների այնպիսի ձևեր, որոնք օգնում են նրանց հասարակության աչքին երևալ մարդասեր, ազնիվ, հոգատար, համեստ, ճշմարտախոս: Թե ում և որքանով է դա հաջողվում, այլ հարց է»,- ընդգծում է Լ. Կտիկյանը՝ շարունակելով, որ պոլիտտեխնոլոգները, որոնք պատրաստում են քաղաքական գործիչներ, ժեստերի և միմիկայի վրա աշխատում են նույն պատասխանատվությամբ, որքան նրանց ելույթների: Եթե զրուցակիցը խոսում է վերամբարձ, ժամանակավրեպ, կյանքից կտրված, արհեստական լեզվով, որը մասամբ կամ ամենևին չի համապատասխանում խոսակցության թեմային, նա լավագույն դեպքում առաջացնում է դիմացինի ներողամիտ ժպիտը: Անհրաժեշտ պայման է, որ ոչ վերբալ և վերբալ լեզուները համապատասխանեն  և լրացնեն միմյանց:

Մասնագետի համոզմամբ, Հայաստանի քաղաքական համակարգում ճիշտ չեն օգտագործվում ոչ վերբալ հաղորդակցության միջոցները: «Նոր ձևավորվող և զարգացող պետությունում, ինչպիսին Հայաստանն է,  դեռևս չկան այնպիսի քաղաքական լիդերներ, որոնց խոսքի, ժեստերի, միմիկայի միջոցով կարող է ստեղծվել որոշակի քաղաքական իմիջ: Շատ հաճախ մարդիկ իրենց իրական մտքերը, զգացմունքներն ու հույզերը թաքցնելու նպատակով, խոսքի ոչ վերբալ և վերբալ միջոցներն օգտագործելուց բացի, սկսում են նաև ստել, ինչն իրականում պահանջում է ուղեղի լարված աշխատանք և հիշողություն», – հավելում է հոգեբանը: Սակայն երբ մարդն ակնեղծ է, խոսքն ու հուզական ռեակցիան համապատասխանում են միմյանց:  Սակայն խաբելու հարցում հմտացած մեկը կարող է շատ ուշադիր նայել դիմացինի աչքերին և ստել: Օրինակ՝ ստելու դեպքում մարդիկ հաճախ ակամա փախցնում են հայացքը կամ սկսում թարթել աչքերը: Եթե խոսելիս մարմնի երկկողմ մասերից (ուսը, ձեռքը, ոտքը) միայն մի կողմն է ակտիվ, դա ցույց է տալիս, որ նա չի ասում այն, ինչ մտածում է: Կարող է խոսելիս մեկ քայլ ետ գնալ, որը ևս կապացուցի, որ ինքը չի հավատում իր ասածին:

Այնուամենայնիվ, մասնագետը հավաստիացնում է. «Հարկավոր է անպայման նշել, որ մարդկանց, քաղաքական գործիչներին միայն ժեստերի, դիմախաղի՝ միմիկաների, մարմնի դիրքով դատելը ամենևին էլ ճիշտ չէ: Եթե զրուցակիցը խոսակցության ժամանակ քորում է իր քիթը, դա դեռ չի նշանակում, որ նա ստում է: Կամ եթե ելույթի ժամանակ աչքերն իջեցնում է ներքև, դա ամենևին էլ չի նշանակում, որ նա փորձում է ինչ-որ բան  թաքցնել: Չի բացառվում, որ կենտրոնանալու համար  հենման կետ է ծառայում աչքերը ներքև իջեցնելը»:

Ինչ վերաբերում է աչքերի` հոգու հայելին լինելու մասին ասույթի ճշմարտացիությանը, հոգեբանը նշում է, որ իրականում աչքերը շատ ակտիվ մասնակցում են մտածողության գործընթացին՝ անընդհատ գտնվելով շարժման մեջ: Օրինակ՝ եթե զրուցակցի աչքերը նայում են աջ և վերև, դա նշանակում է երևակայական հիշողության ակտիվացում, ձախ և վերև՝ նկարի կոնստրուկտավորում, ձախ՝  հորինում է ձայն, աջ ՝ փորձում է հիշել այն, ինչ լսել է, ներքև և ձախ՝ ստուգում է զգացողությունները և հույզերը, ներքև և աջ՝ վերլուծում է իրավիճակը, ուղիղ՝ տեղեկատվության ընկալում (հիշելով, որ ձախլիկների դեպքում ձախ և աջ կողմերը հակառակ են):

Եվ վերջում մասնագետն ավելացրեց, որ յուրաքանչյուր վերլուծություն անհրաժեշտ է կատարել  ծանոթ մարդկանց հետ, այլապես կարող ես մեկին ճիշտ բացահայտել, մյուսին` ոչ:

Ելենա ՉՈԲԱՆՅԱՆ

Սպասենք մինչև…

հայփոստՆախորդ համարում անդրադարձել էինք այն հարցին, որ «Հայփոստ» ՓԲԸ–ում, որը հանդիսանում է Հայաստանում փոստային կապի ազգային օպերատորը, հետաքրքիր երևույթներ են դիտարկվում: «Անկախին»  «Հայփոստի» արդեն նախկին աշխատակիցներից մեկը տեղեկացրել էր, որ այս ընկերությունում կադրային ջարդ է սկսվել: Նախատեսված է եղել աշխատանքից ազատել մոտ 100 աշխատակցի:

 Ինչեր են «մոգոնել» «Հայփոստում»

Նշել էինք նաև, որ «Հայփոստի» արգենտինացի կառավարիչները, ստանձնելով ընկերության կառավարումը, ստանձնել էին նաև որոշ պարտավորություններ, օրինակ` աշխատողների աշխատանքային իրավունքների պահպանում, աշխատավարձերի փուլային բարձրացում և այլն: Այս պայմանագրային դրույթների իրագործման վերահսկողությունն էլ վերապահված է ՀՀ կառավարությանը: Բայց մեր արգենտինացի բարեկամները մի քանի տասնյակ հոգու` «իրենց մարդկանց», բավականին բարձր աշխատավարձով ու լավ աշխատանքային պայմաններով ընդունել են աշխատանքի, ու վերահսկիչ մարմիններին հենց այդ մարդկանց տվյալները ցույց տալով էլ «թոզ են փչում» մեր կառավարության աչքերին, թե կատարում են իրենց պայմանագրային պարտավորությունները: Իսկ ովքեր բողոքում են աշխատանքային վատ պայմաններից կամ ցածր աշխատավարձերից, նրանց ստիպում են աշխատանքից ազատվելու դիմումներ գրել:

Անցյալ շաբաթվա ընթացքում «Անկախին» այս ընկերության կադրային «քաղաքականության» վերաբերյալ այլ մանրամասներ  հայտնեցին: Օրինակ` նշեցին, որ մարզերում «Հայփոստի» բաժանմունքների տնօրենները ստանում են ընդամենը 50-60 հազար դրամ աշխատավարձ, այն դեպքում, երբ ընկերության հավատարմագրային կառավարումն իրականացնող մարմիններն ընկերության կառավարումը ստանձնելիս պարտավորվել էին որոշ չափով աշխատավարձերը բարձրացնել: Ավելին, որոշ գրասենյակներում աշխատակիցների կրճատումներն արվել են այնպիսի անտրամաբանական ձևերով, որ, օրինակ, ստացվել է` բաժնի վարիչն այժմ նաև պարտավոր է կատարել բաժանմունքի հավաքարարի պարտականությունները, մեկ այլ բաժնի վարիչի վրա են դրվել միանգամից երկու կամ երեք բաժինների աշխատանքները և այլն: Աշխատակիցներն էլ վախենում են «ծպտուն» հանել, քանի որ հաջորդ  վայրկյանին նրանցից կպահանջեն աշխատանքից ազատվելու դիմում ներկայացնել: Իսկ վերևում մեր հիշատակած «իրենց մարդիկ» ուղղակի ազատ ման են գալիս, մի քանի հարյուր հազար դրամ աշխատավարձ ստանում ու ոչնչից գլուխ չեն հանում, քանի, որ ո՛չ ոլորտի մասնագետ են, և ո՛չ էլ համապատասխան աշխատանքային փորձ ունեն, որ հասկանան, թե հիմնարկում ինչ աշխատանքներ, երբ և ինչպես են իրականացվում: Մի խոսքով` նրանց պարտականություններն էլ են կատարում ցածր աշխատավարձով «հները», որոնք չեն վայելում բարձրագույն ղեկավարության հովանավորությունը…

Գոնե հերքելու համարձակություն ունենային

Այս բոլոր խոսակցությունների կապակցությամբ «Անկախին» չհաջողվեց «Հայփոստից» պաշտոնական պարզաբանում ստանալ, որովհետև «Հայփոստի» օպերատորի տված հեռախոսահամարներով ոչ ոք չպատասխանեց:

Ինչ վերաբերում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի պետական տեսչությանը, որից հարցրել էինք, թե արդյոք տեղյա՞կ են, նման խնդիր գոյություն ունի՞, կամ արդյոք ընկերության որևէ աշխատակցից բողոք ստացե՞լ են, ապա տեսչության իրավական վերահսկողության բաժնի պետ Վարազդատ Դանիելյանը հայտնեց, որ  այս տարվա ընթացքում` 2013 թվականի հունվարից մինչ այսօր, տեսչությունը «Հայփոստ» ընկերության աշխատողներից աշխատանքային իրավունքների կամ աշխատանքային օրենսդրության որևէ խախտման մասին որևէ դիմում-բողոք չի ստացել:

«Մեր վերահսկողությունը, աշխատանքի պետական տեսչության մասին օրենքի համաձայն, իրականացվում է երկու եղանակով. մեկը նախապես` տարեսկզբին հաստատված ժամանակացույցի համաձայն, իսկ մյուսն իրականացվում է, ըստ անհրաժեշտության` դիմում-բողոքների հիման վրա: Ըստ էության, մեզ մոտ այս տարվա ընթացքում դիմում-բողոք չկա, որպեսզի դրանց հիման վրա վարույթ իրականացվի»,- տեղեկացրեց Վարազդատ Դանիելյանը:

«Հայփոստում» աշխատողների աշխատանքային իրավունքների կամ դրանց խախտման վերաբերյալ ստուգումներ աշխատանքի պետական տեսչությունը կատարել է 2007 թ. վերջին կամ 2008 թ. սկզբին: Այդ ժամանակ տեսչությունը ստուգումներ է իրականացրել աշխատողների աշխատանքային իրավունքների, աշխատանքային պայմանների, աշխատավարձերի  չափի և վճարման սահմանված կարգերի, հավելումների և այլնի վերաբերյալ, քանի որ այդ ոլորտներում, ինչպես նշեց մեր զրուցակիցը, խախտումներ շատ են լինում: Այն ժամանակ տեսչությունը վարչական տույժեր է կիրառել ընկերության նկատմամբ, որովհետև շատ խախտումներ են եղել:

Դանիելյանը հիշեց նաև, որ դեռևս 2011 թ. վերջերից «Հայփոստի» շուրջ 8 աշխատողներ իրենց աշխատանքային իրավունքների վերաբերյալ տարբեր հարցերով հայցադիմումներ են ներկայացրել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարան, և այդ բոլոր գործերով աշխատանքի պետական տեսչությունը դատական նիստերին ներգրավվել է որպես պահանջ չունեցող երրորդ անձ: Այսինքն` աշխատանքի պետական տեսչությունը պետական հսկողության և վերահսկողության ոլորտում հանդես է գալիս ոչ թե որպես լիազոր մարմին, այլ ուղղակի մասնակցություն է ապահովում և հայտնում տեսչության դիրքորոշումն այդ խախտումների վերաբերյալ:

Ինչ վերաբերում է այն հարցին, թե մեկ էլ երբ Աշխատանքի պետական տեսչությունը կարող է տեսչական պլանային ստուգումներ իրականացնել «Հայփոստում», Վարազդատ Դանիելյանը հայտնեց, որ մինչ այժմ ստուգումների ժամանակացույցները ռիսկերի վրա հիմնված տեսչական ստուգումներ իրականացնելու տրամաբանությամբ չեն անցկացվել: Այդպիսի ստուգումների սկզբունքը դեռ նոր է ներդրվում համակարգում, ու հենց ստուգումների ժամանակացույցը հաստատվի, ըստ այդ ժամանակացույցի իրենք նոր տեսչական ստուգում կիրականացնեն «Հայփոստում»: «Բայց եթե հանկարծ որևէ քաղաքացու դիմում-բողոք լինի տեսչությունում, անմիջապես տեսչությունը պետք է նույն օրվա ընթացքում ստուգում սկսի»,- հավելեց տեսչության իրավական վերահսկողության բաժնի պետը:

 

Երիտասարդական նվագախումբը կատարեց կոնսերվատորիայի կոմպոզիտոր շրջանավարտների գործերը

DSC07859Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը հանդես է գալիս նոր նախաձեռնությամբ. Երևանի պետական կոնսերվատորիայի կոմպոզիցիայի բաժնի շրջանավարտներն իրենց ավարտական աշխատանքները ներկայացնում են երիտասարդական նվագախմբի հետ։ Մայիսի 25-ին 5 շրջանավարտներ մասնագիտական հանձնաժողովին ներկայացրին իրենց ստեղծագործությունները:

Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը նշեց, որ առաջարկը կոնսերվատորիայի ղեկավարությանն էր, իսկ երիտասարդական նվագախումբը սիրով համաձայնել է։ Սերգեյ Սմբատյանը նկատում է, որ երիտասարդ կոմպոզիտորների աշխատանքները շատ բարձր մակարդակ ունեն. «Մենք միշտ հայտնի ենք եղել մեր կոմպոզիտորական դպրոցով, բայց հիմա համոզվում եմ, որ մենք ունենք տաղանդավոր ապագա, ունենք նոր մտքեր, նոր մոտեցումներ, նոր շունչ ու գաղափարներ՚։

Արթուր Հարությունյանի «Կոնցերտ մեդիտացիան» նվագախմբի կատարմամբ հնչեց առաջին անգամ, սա նրա առաջին դաշնամուրային կոնցերտն է։ Արթուրն ասում է, որ կոմպոզիտորի համար սա ամենալավ բանն է, որ կարող է լինել: ՙԴու լսում ես գործն այնպես, ինչպես գրել ես: Դա խթան է հետագայում ստեղծագործելու համար»,- նշում է Արթուր Հարությունյանը։

Գայանե Գրիգորյանի ստեղծագործությունը նույնպես հնչեց երիտասարդական նվագախմբի կատարմամբ. «Առաջին անգամ եմ լսում, թե ինչ եմ գրել: Գրել եմ կանտատ, որն այսօր կհնչի միայն նվագախմբի կատարմամբ` առանց երգչախմբի: Սակայն դա էլ կոմպոզիտորի համար հրաշքի նման մի բան է»:

 

Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի

հասարակայնության հետ կապերի բաժին

Օրբելի եղբայրներ փողոցում «ԲՄՎ» և «Պրադո լենդ կռուզեր» մակնիշի ավտոմեքենաներ են բախվել

92572Մայիսի 27-ին, ժամը 00.23-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Օրբելի եղբայրներ փողոցի թիվ 65 հասցեում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «ԲՄՎ» մակնիշի 31 ՍD 382 պետհամարանիշի և «Պրադո լենդ կռուզեր» մակնիշի 33 ՍՍ 338 պետհամարանիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Պրադո լենդ կռուզեր» մակնիշի ավտոմեքենայի վարորդ՝  1995 թ.  ծնված Է. Թորոսյանը տեղափոխվել է Արմենիա ՀԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Ագարակ քաղաքում կարկուտ է տեղացել

big_1369604174_a (1)Մայիսի 26-ին, ժամը 20.44-ին ահազանգ է ստացվել, որ Ագարակ քաղաքում կարկուտ է տեղացել:

Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ կարկուտը տեղացել է ժամը 20.40-ից մինչև ժամը 21.00-ն:

Ժամը 23.09-ին տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 23.02-ից մինչև ժամը 23.08-ը կարկուտ է տեղացել նաև Կարճևան գյուղում:

Դեպքի մասին տեղեկացվել են մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության գյուղատնտեսության բաժնի պետը և Ագարակի քաղաքապետը:

Նշված  տարածքը  չի վերահսկվում ՀՀ ԱԻՆ “ՄԵՎԱՆԾ” ՊՈԱԿ-ի կողմից:

Ավտոմեքենան արգելափակվել էր ցեխակույտի մեջ

22607781337863247Մայիսի 27-ին, ժամը 01.47-ին ահազանգ է ստացվել, որ Վարդենիս-Քարվաճառ ավտոճանապարհին ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ Վարդենիս-Քարվաճառ ավտոճանապարհի 35-րդ կմ-ում:

 

Հրշեջ-փրկարարները “ՈՒԱԶ” մակնիշի 35 ԼԼ 511 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից երթևեկելի գոտի, որը շարունակել է ընթացքը: Ավտոմեքենայում եղել են վարորդը և 7 ուղևոր, ովքեր չեն տուժել:

Տրակտորի մարտկոցի պայթյունի հետևանքով երկու հոգի հոսպիտալացվել են

92572Մայիսի 26-ին, ժամը 15.35-ին Շիրակի մարզից տեղեկատվություն է ստացվել, որ տրակտորի մարտկոցի պայթյունի հետևանքով տարբեր մարմնական վնասվածքներով Ախուրյան գյուղի բնակիչ` 1966 թ. ծնված Աշոտ Մինասյանը տեղափոխվել է Գյումրու ԲԿ, իսկ 1998 թ. ծնված Արտյոմ Մինասյանը տեղափոխվել է Գյումրի քաղաքի մանկական ավստիրական հիվանդանոց. տուժածների առողջական վիճակները բժիկները գնահատել են բավարար:

 

Քաղաքացին բողոքում է իր “ապօրինի” հարևաններից

ոստիկան1Մայիսի 26-ին, ժամը 18.00-ին քաղաքացի Սարգսյանից ահազանգ է ստացվել, որ ինքը Երևանի Մադոյան փողոցի թիվ 24 տան բնակիչ է և նույն հասցեում, ապօրինի, բնակվում է ևս հինգ բնակիչ, ովքեր դատարանի վճռով չեն կարող բնակվել նշված հասցեում:

Վերջիններս իր հանդեպ պարբերաբար ցուցաբերում են անձը և արժանապատվությունը վիրավորող գործողություններ:

Գրանցված տեղեկատվությունը փոխանցվել է ՀՀ ոստիկանություն և ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության վերահսկողության վարչության պետ Ռ. Մինասյանին:

Տան հրկիզման փորձ

հռդեհՄայիսի 26-ին, ժամը 12.35-ին տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 11.52-ին քաղաքացի Խուդոյանը ահազանգել է Երևանի ոստիկանություն առ այն, որ մայիսի 26-ին, ժամը 11.40-ի սահմաններում այրվել է Երասխահուն գյուղի 24-րդ փողոցի թիվ 8 տունը (տունը պատկանում է ահազանգողի եղբորը):

Դեպքի վայր է մեկնել ՊՀ և ՏԱ Արմավիրի մարզային տեսուչը:

Տան հյուրասենյակում հայտնաբերվել են պլաստմասսե տարրայի մասնիկներ, որն ըստ նախնական վարկածի լցված է եղել բենզինով:

Դեռևս չբացահայտված հանգամանքերում մասամբ ծխացել է Ք. Խուդոյանին պատկանող տան հյուրասենյակի վարագույրը (առանց հրդեհի բռնկման):

Տավուշի մարզում կարկուտ է տեղացել

ԿարկտահարությունՄայիսի 26-ին, ժամը 16.35-ին տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 15.35-ի սահմաններում կարկուտ է տեղացել Տավուշի մարզի Այգեհովիտ, Դիտավան և Ազատամուտ գյուղերում:

Ժամը 17.18-ին ՀՀ ԱԻՆ “ՄԵՎԱՆԾ” ՊՈԱԿ-ի տնօրենից տեղեկատվություն է ստացվել, որ

ժամը 15.10-ից-15.30-ը  կարկուտ է տեղացել Տավուշի մարզի Գետահովիտ, Ենոքավան, Ակնաղբյուր, Աչաջուր գյուղերում:

Դեպքի մասին տեղեկացվել են մարզպետարանի գյուղատնտեսության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարը և ՀՀ ԱԻՆ ՃԿԿ-ի հետ համագործակցող ՀՀ գյուղատնտեսության նախարարության պատասխանատուն:

Նշված  տարածքները  չեն վերահսկվում ՀՀ ԱԻՆ “ՄԵՎԱՆԾ” ՊՈԱԿ-ի կողմից:

Հրդեհ “Կարկաչան” ռեստորանում

այրվել է ավտոներկերի խանութ-պահեստՄայիսի 26-ին, ժամը 12.57-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գյումրի-Երևան ավտոճանապարհի 2-րդ կմ-ի մոտակայքում` “Կարկաչան” ռեստորանի շոգեբաղնիքում:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Բենիամին գյուղի “Կարկաչան” ռեստորանին պատկանող շոգեբաղնիքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.08-ին, մարվել` 14.28-ին:

Այրվել են երկհարկանի շինության առաջին հարկը (60 քմ) և երկրորդ հարկում մեկ սենյակ (20 քմ):

Շրջվել է «Մերսեդես» մակնիշի միկրոավտոբուս.մեկ զոհ և վիրավորներ

big_1369573755_aՄայիսի 26-ին, ժամը 08.42-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Պտղավան գյուղի մոտակայքում շրջվել է «Ֆորդ» մակնիշի միկրոավտոբուս, կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Նոյեմբերյան-Բագրատաշեն ավտոճանապարհի 23-րդ կմ-ում «Մերսեդես» մակնիշի 33օօ476 պետհամարանիշի միկրոավտոբուսը (վարորդ`  1957 թ. ծնված Կ.Կոջողլյան) դուրս է եկել երթևեկելի հատվածից և կողաշրջվել, ինչի հետևանքով ուղևոր՝ 1961 թ. ծնված Ա.Թորոսյանը տեղում մահացել է:

Հրշեջ-փրկարարները տեղի բնակիչների հետ համատեղ ավտոմեքենայից դուրս են բերել 13 ուղևոր, ովքեր տեղափոխվել են Նոյեմբերյան քաղաքի ԲԿ, որտեղ Նատալյա Արմագանյանցի (1951 թ.), Մանուկ Ղազարյանի (1987 թ.), Արամ Խաչատրյանի (1965 թ.), Հովհաննես Հովհաննիսյանի (1960 թ.), Գոռ Խաչատրյանի (1975 թ.), Ռուբիկ Խաչատրյանի (1961 թ.), Սամվել Խաչատրյանի (1965 թ.), Արտյոմ Հակոբյանի (1974 թ.), Հրաչյա (1954 թ.) և Արթուր (1985 թ.) Խաչատրյանների, Անուշ Ղարբազյանի (1976 թ.) և Լյովա Պապոյանի (2000 թ.) առողջական վիճակները բժիկները գնահատել են բավարար, իսկ Լիաննա Մկրտչյանինը (1996 թ.)` ծանր:

Երևանի փողոցներն այսօր լի են հեծանվորդներով

Photo 0009Մայիսի 26-ին Շահումյան հրապարակից մեկնարկեց «Ճանաչիր Երևանը» խորագրով մրցույթ-հեծանվավազքը։ Ավելի քան 300 հեծանվորդներ, որոնք ներկայացնում են 46 թիմեր, այսօր ամբողջ օրը կշրջեն Երևանով, մայրաքաղաքի հայտնի ու անհայտ վայրերով՝ իրենց երթուղին փորձելով վերծանել համապատասխան հանելուկների միջոցով։

Մրցույթ-հեծանվավազքը կազմակերպել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, «ՀԱՅԱՍԱ» երիտասարդական ՀԿ-ն՝ «Հեծանիվ+» ՀԿ-ի հետ համագործակցությամբ։

Երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը նշեց, որ նախաձեռնությունը մի քանի նպատակ է հետապնդում. նախ՝ խրախուսել հեծանվով երթևեկությունը, հասկանալ, թե քանի երիտասարդ է հեծանիվներից օգտվում։ Կարեն Ավագյանը նկատեց, որ այս ծրագրով ցանկանում են ցույց տալ հանրությանը, որ հեծանիվներով հնարավոր է երթևեկել մայրաքաղաքով, անցնել տեսարժան վայրերով։ Նա նաև ասաց, որ հեծանիվն աստիճանաբար մտնում է մեր առօրյա, և ավելի ու ավելի շատ մարդիկ են սկսում այլընտրանքային այս տրանսպորտային միջոցից օգտվել։ Պատասխանելով լրագրողների հարցին՝ Կարեն Ավագյանը տեղեկացրեց նաև, որ ինքն ազատ ժամերին հաճախ է մարզվում հեծանվով, և համոզված է, որ Հայաստանում շատ են այն պաշտոնյաները, ովքեր սիրում են վարել հեծանիվ։

«Հայասա» ԵՀԿ նախագահ Սուրեն Մկրտչյանը տեղեկացրեց, որ այս նախաձեռնությանը միացել են բուհերի ուսանողները, տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ և ընդհանրապես երիտասարդներ, ովքեր իրենց ընկերներով կազմել են թիմեր ու միացել այս մարզամշակութային միջոցառմանը։

Հայկ Մանթաշյանը ներկայացնում է SFL թիմը։ Ինքն ամեն օր աշխատանքի է գնում հեծանվով, և հույս ունի, որ նման միջոցառումներն էլ ավելի մասսայականություն կբերեն հեծանվային սպորտին, հեծանվային երթևեկությանը, ինչն ավելի ապահով է և առողջարար։

46 թիմերն իրենց երթուղին երեկոյան կավարտեն «Փլեյ Սիթի» ժամանցի կենտրոնում. այստեղ հասած առաջին երեք թիմերը կդառնան հաղթող։ «Փլեյ Սիթիում» կանցկացվի նաև թիմերի ղեկավարների մրցույթ, մրցանակաբաշխություն, մշակութային ծրագիր։

 

Հրդեհներ և այրվող ավտոմեքենաներ

Հրդեհներ և այրվող ավտոմեքենաներԱյրվել է ավտոմեքենայի շարժիչի հատվածը

Մայիսի 25-ին, ժամը 14.48-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի  Հանրապետության փողոցում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մարվել է տեղի ուժերով: Հանրապետության և Պետրոսյան փողոցների խաչմերուկում այրվել է «Սեմուր ընդ կո» ՍՊԸ-ին պատկանող «Մերսեդես Սպրինտեր» մակնիշի  055 ՏԼ 01 պետհամարանիշով ավտոմեքենայի շարժիչի հատվածը և սրահը` ամբողջությամբ:

Հրդեհ Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասում

Մայիսի 25-ին, ժամը 19.17-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի թիվ 30 շենքի 8-րդ հարկի բնակարաններից մեկում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Կենտրոն թաղամասի թիվ 30 շենքի 70-րդ բնակարանում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19.45-ին, մարվել՝ 19.50-ին: Ս. Մուրադյանին պատկանող բնակարանի խոհանոցում այրվել է սեղան, աթոռ, սառնարան և հատակը` 2 քմ:

Հրդեհ Թբիլիսյան խճուղում

Մայիսի 26-ին, ժամը 06.10-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Շամպայն Գինիների գործարանի մոտակայքում այրվում է մեկ հարկանի շինություն:

Դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 06.23-ին, մարվել` 06.47-ին: Թբիլիսյան խճուղու թիվ 25/7 հասցեի մոտակայքում ամբողջությամբ այրվել է ավտոներկերի խանութ-պահեստ՝ 30 քմ:

 

Հրդեհ ավտոմեքենայում

Մայիսի 26-ին, ժամը 02.40-ին ահազանգ է ստացվել, որ Տաշիր-Միխայելովկա ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ այրվում է Լոռու մարզի Տաշիր քաղաքի Երևանյան փողոցի վերջնամասում գտնվող «Ույուտ» ռեստորանային համալիրի մոտակայքում կայանված «Մերսեդես» մակնիշի 34 VL 091 պետհամարանիշով ավտոմեքենան:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 03.20-ին, մարվել՝ 04.10-ին: Այրվել է ցուցիչների վահանակը և առջևի նստարանները՝ մասամբ:

Այրվել է «Ֆոլկսվագեն Վենտո»

Մայիսի 26-ին, ժամը 00.25-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Բազում թաղամասի վերջին կանգառի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Համբարձումյան փողոցի թիվ 9 շենքի մոտակայքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 00.43-ին, մարվել՝ 00.48-ին: Ամբողջությամբ այրվել է Է. Մկրտչյանին պատկանող «Ֆոլկսվագեն Վենտո» մակնիշի 19 SU 373 պետհամարանիշով ավտոմեքենան:

Կարկտահարություն Արմավիրի և Լոռու մարզերում

ԿարկտահարությունԿարկտահարություն Արմավիրի մարզում

Մայիսի 25-ին, ժամը 19.59-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Ամասիա գյուղում կարկուտ է տեղում:

Ամասիայի գյուղապետից տեղեկություն է ստացվել, որ գյուղում տեղացած կարկուտի պատճառած վնասների չափերը ճշտվում են:

Կարկտահարություն Լոռու մարզում

Մայիսի 25-ին, ժամը 16.50-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 16.10-ից մինչև 16.30-ը տեղացած կարկուտի հետևանքով վնասվել են Լոռու մարզի Ագարակ, Ամրակից և Լեջան գյուղերի պտղատու այգիներն ու ցանքատարածքները:

Դեպքի մասին տեղյակ է պահվել փոխմարզպետը:

Թբիլիսյան խճուղում այրվել է ավտոներկերի խանութ-պահեստ

այրվել է ավտոներկերի խանութ-պահեստՄայիսի 26-ին, ժամը 06.10-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Շամպայն Գինիների գործարանի մոտակայքում այրվում է մեկ հարկանի շինություն:

Դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 06.23-ին, մարվել` 06.47-ին: Թբիլիսյան խճուղու թիվ 25/7 հասցեի մոտակայքում ամբողջությամբ այրվել է ավտոներկերի խանութ-պահեստ՝ 30 քմ:

Նախագահ Սերժ Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ռուսաստանի նորանշանակ դեսպանը

3049

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը:

Նախագահը շնորհավորել է ՌԴ նորանշանակ դեսպանին, հաջողություններ մաղթել այդ բարձր ու պատասխանատու պաշտոնում և հույս հայտնել, որ իր գործունեության ժամանակահատվածում դեսպան Վոլինկինն առավելագույն ջանքեր կներդնի հայ-ռուսական բարձր մակարդակի քաղաքական հարաբերությունների առավել ամրապնդման ու փոխգործակցության ընդլայնման գործում: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ ռազմավարական դաշնակից Ռուսաստանի հետ մեր երկրի հարաբերությունները տարեցտարի խորանում են բոլոր ոլորտներում՝ քաղաքական, տնտեսական, ռազմա-տեխնիկական, հումանիտար, հաջողությամբ է զարգանում համագործակցությունը ՀԱՊԿ, ԱՊՀ, ինչպես նաև միջազգային տարբեր կազմակերպությունների շրջանակներում:

ՌԴ նորանշանակ դեսպանը վստահեցրել է, որ իր գլխավորությամբ դեսպանության ամբողջ անձնակազմը կանի ամեն հնարավորը՝ ի նպաստ Ռուսաստանի և եղբայրական Հայաստանի միջև հարաբերությունների զարգացման:

Նշելով, որ ռուս-հայկական ռազմավարական գործընկերությունն առանձնանում է փոխըմբռնման աննախադեպ մակարդակով, դեսպան Վոլինկինն ընդգծել է, որ երկկողմ հարաբերությունների բարձր դինամիկան նպաստում է հարուստ և կառուցողական քաղաքական երկխոսությանը, որի զարգացման գործում մեծ դեր ունեն երկու պետությունների ղեկավարների մակարդակով մշտական քաղաքական երկխոսությունը, տարբեր մակարդակի հաճախակի շփումներն ու փոխայցելությունները:

Մայիսի 28 –ից մինչև հունիսի 2-ը կանցկացվի «ՆՈՖԻ» ոչ կոմերցիոն ֆիլմերի 3-րդ միջազգային փառատոնը

nofi5_-_CopyՄայիսի 28-ին Երևանում տեղի կունենա  «ՆՈՖԻ» ոչ կոմերցիոն ֆիլմերի 3-րդ միջազգային փառատոնի բացումը: Այս կապակցությամբ Հայաստանի ոչ կոմերցիոն կինոյի համահայկական կենտրոնի (CANC) նախագահ Արտաշես Հովհաննիսյանը և Երեւանի կինոյի ու թատրոնի պետական ինստիտուտի դեկան, հանձնաժողովի անդամ Անետա Երզնկյանը այսօր հանդիպեցին լրագրողների հետ:
Նրանք հայտնեցին, որ փառատոնը կտևի մինչև հունիսի 2-ը, կանցկացվի Երեւանում և Աղվերանում, ինչպես նաև ներկայացրեցին փառատոնի ժամանակացույցն ու ժյուրիի կազմը: Արտաշես Հովհաննիսյանն ասաց, որ այս տարի առաջին անգամ կինոփառատոնը հանդես կգա որպես միջազգային փառատոն. «Անցած տարի կինոփառատոնն ունեցել է համահայկական նշանակություն, իսկ այս անգամ միջազգային բնույթ կունենա: Ժյուրիի անդամները ճանաչված մասնագետներ են Հայաստանից: Փառատոնի մրցութային փուլ անցած հայկական ֆիլմերը 17-ն են, մրցութային փուլ են անցել նաև թվով 45 ոչ կոմերցիոն ֆիլմեր ԱՊՀ երկրներից, ԱՄՆ-ից, Եվրոպայից:
Փառատոնի ժյուրիի նախագահ, ԵԹԿՊԻ պրոռեկտոր, կինոգետ Անետա Երզնկյանը, խոսելով կինոփառատոնի նշանակության ու դերի մասին, ասաց, որ ինքը անցած տարի էլ է մասնակցել փառատոնի աշխատանքներին որպես ժյուրիի նախագահ և հասկացել, որ այն յուրահատուկ է: Նա նաև հավելեց, որ այս տարվա փառատոնին ներկայացված ֆիլմերն ավելի բազմազան են, քան անցած տարի:

Ունենք այն, ինչ ունենք` աճող գներ ու աճող աղքատություն. Անդրեաս Ղուկասյան

gaz-shmol1Այսօր «Արմատ» մամուլի ակումբում «Կանխենք գազի թանկացումը» քաղաքացիական նախաձեռնության ակտիվիստներ Սիլվա Ադամյանը, Արամ Գրիգորյանը և Անդրեաս Ղուկասյանը ներկայացրեցին գազի գնի բարձրացման դեմ իրենց նախատեսած ծրագրերն ու հետագա քայլերը:
Սիլվա Ադամյանը, ով 7 տարի աշխատել է ՀայՌուսգազարդ ՓԲԸ-ում, նկատեց, որ ընկերությունը այնքան վատ է աշխատել նախկինում, որ հիմա անհեթեթ է խոսել սպասարկման որակը բարձրացնելուն ուղղված գործողությունների կատարման նպատակով սակագնի ավելացման մասին: «Եթե բակ առ բակ շրջեք, կտեսնեք, որ հաշվիչները սխալ են տեղադրված, կան արտահոսքեր, անհասկանալի է` ընկերությունը ինչով է զբաղված, եթե ոլորտը սարսափելի վիճակում է», – ասաց Սիլվա Ադամյանը և ահազանգեց. «Ոչ ոք չի կարող արգելել մարդուն ծառ հատել ու տաքանալ, երբ նա չի կարողանում վճարել օրեցօր թանկացող գազի վարձը: Սա ոչ միայն գազի գնի թանկացում է, այլև ժողովրդի լինելու կամ չլինելու խնդիր, քանի որ այս գնաճը տարածվելու է բոլոր ապրանքների ու ծառայությունների վրա»:
Խոսելով իրենց նախաձեռնության մասին` Արամ Գրիգորյանը նկատեց, որ գազի գինը ոչ միայն չի բարձրանա, այլև կիջնի, եթե պատկան մարմինները լրջագույնս ուսումնասիրեն իրենց առանձնացրած պրոբլեմները, օրինակ, թե ինչու է ՀայՌուսգազարդ ՓԲԸ-ում միջին աշխատավարձը գրեթե կրկնակի գերազանցում ՀՀ միջին աշխատավարձի չափին:
Անդրեաս Ղուկասյանն էլ հայտնեց, որ իրենք աննկուն են և չեն թույլ տալու իշխանություններին անել խելքներին փչածը. «Տապալել որոշումը` սա մեր նպատակն է: Իշխանությունները գործում են նույն կազմով և թույլ են տալիս նույն կամայականությունները: Սա է պատճառը, որ ունենք այն, ինչ ունենք` աճող գներ ու աճող աղքատություն: Բայց մենք պատրաստվում ենք մինչև հունիսի 7-ը տապալել գազի թանկացման ընթացքը և 90 օրվա ընթացքում պահանջել, որ հանրությանը հասանելի դառնան թանկացման բոլոր մանրամասները, ընթացքը դառնա պարզ ու թափանցիկ, պարզ դառնա, թե ուր է գնում այդ հսկայական դրամահոսքը, և արդյոք չկան կոռուպցիոն ռիսկեր: Էլ չենք թողնելու, որ «զոռբայության» եղանակով առաջ գնան, հակառակ դեպքում անհնազանդության ուղին ենք բռնելու` կոչ անելով սպառողներին չվճարել գազի վարձը»: