Մայիսի 22-ին, ժամը 14.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կ. Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի պահպանության բաժնի հերթապահ մաս զանգահարած քաղաքացին հայտնել է, որ ինքը զինամթերք ունի և թողնում է «Սասունցի Դավիթ» կայարանից Սևանի փողոց տանող գետնանցման վերջում տեղադրված աղբարկղում:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում, պոլիէթիլենային տոպրակի մեջ, հայտնաբերել է 2 նռնակ, նռնակի 2 պայթուցիչ, 7,62 մմ տրամաչափի` 12 և 5,45 մմ տրամաչափի 167 փամփուշտ և ինքնաձիգի 2 պահունակ:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:
Գյումրու ՍԱՊԾ տարածքային բաժնում հայտնաբերված չարաշահումների մասով նախաքննությունն ավարտվել է
Կենսաթոշակների նշանակման եւ վճարման գործընթացում արձանագրված չարաշահումների դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ավարտվել է Գյումրու տարածքային բաժնում հայտնաբերված չարաշահումների դրվագով նախաքննությունը:
Մինչդատական վարույթում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն` Գյումրու տարածքային բաժնի աշխատակիցների կողմից 2008-2010թթ. ընթացքում յուրացման եղանակով առանձնապես խոշոր չափերի կենսաթոշակի, թաղման նպաստների և ժառանգվող գումարների հափշտակություն կատարելու համար մեղադրանք է առաջադրվել 5 անձանց:
Այսպես.
Էդուարդ Վարժապետյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 314-րդ հոդվածով` Արթուր Աբրահամյանի հետ խմբով յուրացման եղանակով առանձնապես խոշոր չափերով` 4.337.835 ՀՀ դրամ կենսաթոշակի դեպոնենտ գումարները հափշտակելու և պաշտոնեական կեղծիք կատարելու համար:
Արթուր Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 38-314-րդ հոդվածով և 325-րդ հոդվածի 1-ին մասով` Էդուարդ Վարժապետյանի հետ խմբով յուրացման եղանակով առանձնապես խոշոր չափերով` 4.337.835 ՀՀ դրամ կենսաթոշակի դեպոնենտ գումարները հափշտակելու, վերջինիս` պաշտոնեական կեղծիք կատարելուն օժանդակելու, փաստաթաղթեր կեղծելու, Կիմա Փիլոյանի հետ խմբով յուրացման եղանակով առանձնապես խոշոր չափերով` 71.932.125 ՀՀ դրամ թաղման նպաստ և ժառանգվող գումարները, ինչպես նաև Կիմա Փիլոյանի և Ա.Խաչատրյանի հետ խմբով յուրացման եղանակով առանձնապես խոշոր չափերով` 13.990.929 ՀՀ դրամ կենսաթոշակի գումարները հափշտակելու համար:
Կիմա Փիլոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածի 1-ին մասով` Արթուր Աբրահամյանի հետ խմբով յուրացման եղանակով առանձնապես խոշոր չափերով` 71.932.125 ՀՀ դրամ թաղման նպաստ և ժառանգվող գումարները, ինչպես նաև Արթուր Աբրահամյանի և Անյա Խաչատրյանի հետ խմբով յուրացման եղանակով առանձնապես խոշոր չափերով` 13.990.929 ՀՀ դրամ կենսաթոշակի գումարները հափշտակելու և փաստաթղթեր կեղծելու համար:
Ռուբեն Մնացականյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով` պաշտոնեական լիազորությունները չարաշահելու արդյունքում պետությանը 85.923.054 դրամի գույքային վնաս պատճառելու համար:
Անյա Խաչատրյանը ներգրավվել է որպես մեղադրյալ` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածի 1-ին մասով` Արութր Աբրահամյանի և Կիմա Փիլոյանի հետ խմբով յուրացման եղանակով առանձնապես խոշոր չափերով` 5.884.397 ՀՀ դրամ կենսաթոշակի գումարները հափշտակելու և փաստաթղթեր կեղծելու համար: Անյա Խաչատրյանի վերաբերյալ մասն անջատվել է առանձին վարույթ և կասեցվել: Միջոցներ են ձեռնարկվում` նրան հայտնաբերելու ուղղությամբ:
Է.Վարժապետյանի, Ա.Աբրահամյանի, Կ.Փիլոյանի և Ռ.Մնացականյանի մասով հայտարարվել է նախաքննության ավարտ, և նյութերը տրամադրվել են կողմերին` ծանոթանալու համար:
Հիշեցնենք, որ կենսաթոշակների նշանակման եւ վճարման գործընթացում արձանագրված չարաշահումների դեպքերի առթիվ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում 2011թ. մայիսին հարուցվել էր քրեական գործ, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ քննության վարչությանը:
Ընդհանուր առմամբ` քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավվել է 60 անձ, որոնցից 13-ի վերաբերյալ նախաքննությունը շարունակվում է: Մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 10 քրեական գործ` 41 անձանց վերաբերյալ:
Ընդհանուր առմամբ հանցագործությամբ պետությանը պատճառված վնասը կազմում է 965 039 611 ՀՀ դրամ, որից 602 474 171 դրամը` նախաքննության ընթացքում գտնվող դրվագներով:
Չարաշահումներ են հայտնաբերվել նաև Արմավիրի ՍԱՊԾ տարածքային բաժնում, որի ուղղությամբ կատարվում է նախաքննություն: Մասիսի և Կոտայքի տարածքային բաժիններում, փոստային մասնաճյուղերում նշանակված մասնագիտական ստուգումներն ավարտական փուլում են:
Կրկին պարտվեցին անփառունակ հաշվով
Հայաստանի մինչև 17 տարեկանների ֆուտբոլի հավաքականն անցկացրեց 2-րդ հանդիպումը` Հունգարիայում շարունակվող ընկերական մրցաշարի շրջանակում: Մեր թիմի մրցակիցը Շվեյցարիայի հավաքականն էր, որը հաղթանակ տարավ 6:1 հաշվով: Մեր թիմի կազմում աչքի ընկավ Դավիթ Տերտերյանը:
Մրցաշարի վերջին տուրում Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը կմրցի Սլովենիայի ընտրանու հետ:
Հիշեցնենք, որ առաջին խաղում մեր տղաները նույնպես անփառունակ` 1:4 հաշվով զիջել էին Հունգարիայի հավաքականին:
Մեկամյա երեխայի գլուխը մնացել էր պատշգամբի ճաղավանդակների արանքում
Մայիսի 23-ին, ժամը 11.13-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ նախնական տվյալներով Երևանի Մոլդովական փողոցի թիվ 6 շենքի 2-րդ հարկի պատշգամբում երեխայի գլուխը մնացել է ճաղավանդակի արանքում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները կտրել են ճաղավանդակները և Մոլդովական թիվ 4/2 շենքի 7-րդ բնակարանի բնակիչ՝ Ա.Հակոբյանին (2012թ. ծնված) անվնաս հանձնել ծնողներին:
Պետությունն իր ամբողջ գործիքակազմով գյուղացու կողքին է
Ազգային ժողովում կառավարության հարցուպատասխանից անմիջապես հետո վարչապետ Տիգրան Սարգսյանը շտապել է Արմավիրի մարզ` տեղում ամփոփելու օրեր առաջ տեղի ունեցած կարկտահարությունից պատճառված վնասներն ու դրանց վերացման ուղղությամբ կառավարության քայլերը։ Վարչապետին ուղեկցել են փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը, գյուղատնտեսության, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարները, Կենտրոնական բանկի նախագահը։ Փոխվարչապետն ու գյուղատնտեսության նախարարն օրեր առաջ արդեն իսկ վարչապետի հանձնարարականով հանդիպել էին գյուղացիներին, լսել նրանց հուզող հարցերը:
Նախ, կառավարության ղեկավարն այցելել է Արշալույս գյուղի մերձակայքում գտնվող հակակարկտային կայան: Վարչապետն Արտակարգ իրավիճակների նախարարության համապատասխան մասնագետներին փոխանցել է գյուղացիների այն մտահոգությունը, որ կարկուտի օրը կայանները չեն աշխատել, և դրանք ընդհանրապես արդյունավետ չեն։ ԱԻՆ մասնագետները Տիգրան Սարգսյանին հավաստիացրել են, որ դրանք արդյունավետ են, սակայն կան կայաններ, որոնք չեն գործել կարկուտի օրը, քանի որ համայնքային սեփականություն են և միացված չեն ընդհանուր համակարգին: Վարչապետը հանձնարարել է Արմավիրի մարզպետին անհապաղ միջոցներ ձեռնարկել համայնքային կայաններն ԱԻՆ-ի շահագործմանը հանձնելու համար, որպեսզի նման դեպքեր այլևս չկրկնվեն։ Այնուհետև վարչապետն այցելել է նույն գյուղում գտնվող կարկտահարությունից տուժած դաշտեր, որտեղ բերքը ոչնչացվել է 100 տոկոսով:
Մրգաշատ գյուղում կառավարության ղեկավարը հանդիպել է գյուղացիների հետ, ովքեր ներկայացրել են իրենց հուզող խնդիրները։ Գյուղացիներն օգնություն են խնդրել վարչապետից, քանի որ ունեն վարկային պարտավորություններ և նման պայմաններում չեն կարող կատարել դրանք: Ի պատասխան՝ Տիգրան Սարգսյանը նշել է, որ արդեն իսկ կա համապատասխան հանձնարարություն և Կենտրոնական բանկը բանակցում է առևտրային բանկերի հետ: Վարչապետի տեղեկացմամբ՝ ամենասեղմ ժամկետներում բոլոր վարկառուների համար անհատական մոտեցման սկզբունքով կերկարաձգվեն վարկերի մարման ժամկետները, բանկերը կվերանայեն տոկոսադրույքները, դոլարային վարկերը կվերածվեն դրամայինի: Ամբողջ ընթացքում Կենտրոնական բանկում կգործի թեժ գիծ` բոլոր հարցերն առավել օպերատիվ լուծելու համար:
Մրգաշատում կառավարության ղեկավարը հյուրընկալվել է նաև Մխիթարյանների ընտանիքին, որը Հայաստանի Հանրապետությունում ամենամեծ ընտանիքներից մեկն է: 11 երեխայից բաղկացած ընտանիքը բնակվում է վթարային պայմաններում գտնվող տանը: Ընտանիքի հայրը վարչապետին խոստացել է, որ եթե կառավարության ղեկավարն իրեն օգնի տան հարցում, ապա անպայման կունենա նաև իր 12-րդ զավակին: Տիգրան Սարգսյանը հանձնարարել է ամենասեղմ ժամկետում ընտանիքի համար տուն ձեռք բերել նույն գյուղում:
Օգտվելով առիթից՝ համայնքի բնակիչները վարչապետին տեղեկացրել են, որ հողի հարկի վճարման հարցում դժվարություններ ունեն: Կառավարության ղեկավարը հայտարարել է, որ կտա համապատասխան հանձնարարականներ և բոլոր տուժած անձինք կազատվեն հողի հարկից:
Այնուհետև վարչապետ Սարգսյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել գյուղացիական տնտեսությունների ներկայացուցիչների հետ։ Խորհրդակցության ընթացքում, հաշվի առնելով մի շարք համայնքների ղեկավարների խնդրանքը, վարչապետը գյուղատնտեսության նախարարին հանձնարարել է շտապ կարգով վերջիններին ապահովել անհրաժեշտ սերմերով՝ ըստ պահանջարկի: Ներկաները նաև տեղեկացրել են, որ ունեն մեծ քանակությամբ ջրի պարտք, ինչը չեն կարողանալու մարել, քանի որ չունեն ֆինանսական միջոցներ: Հանդիպման ավարտին վարչապետը հայտարարել է, որ պետությունն իր ամբողջ գործիքակազմով լինելու է գյուղացու կողքին:
Խորհրդակցության ավարտին Տիգրան Սարգսյանն առավել անապահով գյուղատնտեսների հետ անհատական կարգով քննարկել է վերջիններիս խնդիրները և խոստացել, որ դրանց լուծման ուղղությամբ գործողությունները կլինեն իր անձնական ուշադրության ներքո:
Ուշ երեկոյան ավարտված խորհրդակցության արդյունքում որոշվել է.
1. Կարկուտից տուժած 46 համայնքների բնակիչները հողահարկ չեն վճարի, իսկ մասնակի տուժած համայնքների դեպքում՝ հողահարկի 50 տոկոսը կվճարի պետությունը։
2. Նույն սկզբունքը կգործի նաև ջրի վարձավճարի դեպքում։
3. Գյուղացիներին տրամադրվելու է սերմացու, պարարտանյութ և դիզվառելիք։
4. Յուրաքանդյուր գյուղացու նկատմամբ ցուցաբերվելու է անհատական մոտեցում։ Վարկեր վերցրած գյուղացիների վարկերի և դրանց տոկոսադրույքների մարումն ըստ անհրաժեշտության և իրավիճակի սառեցվելու է որոշակի ժամկետով:
5. Գյուղացիների դոլարային վարկերը կփոխարինվեն դրամայինի՝ պետության սուբսիդավորմամբ։
6. Վարչապետի հանձնարարականով մարզի բոլոր գյուղերում կտեղադրվեն հակակարկտային կայաններ և դրանք կղեկավարվեն մեկ կենտրոնից:
7. Վարչապետի հանձնարարականով սոցիալական հատկապես սուր խնդիրներ ունեցող գյուղացիներին կտրվի դրամական միանվագ օգնություն։
Վանաձորում տնակ է այրվել
Օձը խայթել է Կոշ գյուղի բնակչին
Ի՞նչ ընթացակարգերով են կատարվում գնումները
Նախ պետք է նշել, որ «Գնումների մասին» ՀՀ օրենքը կարգավորում է պատվիրատուների կողմից ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերման գործընթացի հետ կապված հարաբերությունները, սահմանում այդ հարաբերությունների կողմերի հիմնական իրավունքները և պարտականությունները:
Օրենքի համաձայն` գնումը պատվիրատուի հատուցմամբ նյութական և ոչ նյութական ակտիվների (արժեքների)` բոլոր տեսակի ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերումն է:
Նույն Օրենքի 17-րդ հոդվածի համաձայն` գնում կատարելու ընթացակարգերն են`
1) բաց ընթացակարգ,
2) մրցակցային երկխոսության,
3) սահմանափակ ընթացակարգ,
4) բանակցային ընթացակարգ:
Գնումների կատարման նախընտրելի և հիմնական ընթացակարգը բաց ընթացակարգն է: Գնումները կարող են կատարվել գնման այլ ընթացակարգերով` բացառապես «Գնումների մասին» ՀՀ օրենքով նախատեսված դեպքերում:
Գնման ընթացակարգի արդյունքում կնքվում է պայմանագիր կամ շրջանակային համաձայնագիր: Շրջանակային համաձայնագիր կնքվում է, եթե գնման առարկան ունի պարբերական օգտագործման բնույթ և այն ներառված է «Գնումների մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 5-րդ մասի 3-րդ կետով նախատեսված շրջանակային համաձայնագրերով իրականացվող գնումների ցանկում: Հակառակ դեպքում կնքվում է պայմանագիր:
Եթե ձեռք են բերվում միատեսակ հատկանիշներ ունեցող հիմնական սպառման ապրանքներ, աշխատանքներ կամ ծառայություններ, որոնց գինը չի գերազանցում գնումների բազային միավորի քսանապատիկը, գնումը կարող է կատարվել պարզեցված ընթացակարգով:
Մրցակցային երկխոսության ընթացակարգի կիրառման դեպքում կազմակերպվում է նախաորակավորման ընթացակարգ: Նախաորակավորման ընթացակարգին մասնակցելու իրավունք ունի ցանկացած մասնակից: Պատվիրատուն հրավեր է ներկայացնում և երկխոսության հրավիրում միայն նախաորակավորված մասնակիցներին: Երկխոսության նպատակն է մշակել պատվիրատուի պահանջները բավարարող գնման առարկայի բնութագրերի մեկ կամ ավելի այլընտրանքային տարբերակներ: Երկխոսության արդյունքում պատվիրատուն նախաորակավորված մասնակիցներին տրամադրում է վերջնական հրավեր:
Սահմանափակ ընթացակարգի կիրառման դեպքում կազմակերպվում է նախաորակավորման ընթացակարգ: Նախաորակավորման ընթացակարգին մասնակցելու իրավունք ունի ցանկացած մասնակից: Հայտ կարող են ներկայացնել միայն պատվիրատուից հրավեր ստացած նախաորակավորված մասնակիցները:
Սահմանափակ ընթացակարգի դեպքում`
1) բանակցություններ չեն կազմակերպվում,
2) հայտերի ներկայացման համար նախատեսվող ժամկետը պետք է պակաս չլինի քառասուն օրացուցային օրից, որը հաշվարկվում է նախաորակավորված մասնակիցների ցուցակի հայտարարման պահից:
Սահմանափակ ընթացակարգը կիրառվում է, եթե գնման գործընթացը պարունակում է պետական, ծառայողական կամ բանկային գաղտնիք:
Բանակցային ընթացակարգի դեպքում պատվիրատուն պայմանագրի պայմանների շուրջ բանակցում է նախապես որակավորված մասնակիցների հետ և կնքում պայմանագիր:
Բանակցային ընթացակարգը կազմակերպվում է`
1) գնումների հայտարարությունը նախապես հրապարակելու միջոցով կամ
2) առանց գնումների հայտարարությունը նախապես հրապարակելու:
Գնումների հայտարարությունը նախապես հրապարակելու միջոցով կարող է բանակցային ընթացակարգ կազմակերպվել, եթե`
1) գնումը կատարվում է ոչ նյութական առանձին ակտիվների ձեռքբերման` աշխատանքների նախագծման, հետազոտական, փորձաքննության, փորձարարական կամ գիտական նպատակներով,
2) արտակարգ կամ անկանխատեսելի այլ իրավիճակի առաջացման հետևանքով ծագել է գնման անհետաձգելի պահանջ, որի բնույթը կամ դրան առնչվող ռիսկերը տվյալ գնումը բաց կամ սահմանափակ ընթացակարգով իրականացնելը ժամկետի առումով դարձնում են անհնար, պայմանով, որ նման պահանջը հնարավոր չէր կանխատեսել:
Ավետիք ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Հանրային խորհրդում քննարկվեց Հայաստանում պետական մշակութային քաղաքականություն ստեղծելու հարցը
Մայիսի 22-ին Հանրային խորհրդի մշակույթի ենթահանձնաժողովի նիստում քննարկվեց Հայաստանում պետական մշակութային քաղաքականություն ստեղծելու մասին հարցը: Նախաձեռնությունը լիբանանահայ արվեստաբան Մովսես Հերկելյանինն է: «Պետք է մեր մշակույթն ըստ արժանվույն ներկայացվի միջազգային ոլորտում, պետք է անել այն, ինչ անում են մեծ պետությունները` մշակույթը տնտեսականացնել, քաղաքականացնել, իսկ քաղաքականությունն ու տնտեսությունը մշակութայնացնել»,-ասաց Հերկելյանը:
Միաժամանակ Հերկելյանը գիտակցում է, որ դա իրականացնելը բարդ է ու երկարատև. «Ֆուտբոլի գնդակի պես մեկ անգամ գոլ չենք կարող խփել, քայլ առ քայլ պետք է գնանք առաջ»:
Մշակույթի փոխնախարարը Արթուր Պողոսյանն իր անհամաձայնությունը հայտնեց քննարկվող հարցի վերաբերյալ` նշելով, որ Հայաստանում արդեն իսկ գոյություն ունի մշակութային քաղաքականություն: Ներկաներից մեկը հարց բարձրացրեց. իսկ միգուցե դա պարզապես մի գրքույկ է, որը կար նաև տարիներ առաջ, սակայն դրա մասին որևէ մարզային պաշտոնյա տեղյակ չէ՞ր: Փոխնախարարը չհամաձայնեց և պնդեց, որ այդ քաղաքականությունն ունի կոնկրետ ուղղվածություն մշակույթի բոլոր ոլորտներում:
Ներկաներից մեկն էլ նկատեց, որ նախ պետք է հասկանալ. իշխանություններին պետք է մշակութային արժեքներ կրող քաղաքացի՞, թե ցածրաճաշակ, կախյալ և հեշտ կառավարելի զանգված: Քննարկումն աստիճանաբար վերածվեց մշակութային խնդիրների վերաբերյալ մտահոգիչ ելույթների: Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանի տնօրեն Կարեն Արիստակեսյանի կարծիքով, մշակույթին ուղղված բոլոր ծրագրերը պետք է ամրագրվեն օրենքով, որպեսզի կառավարության փոփոխությունը չազդի դրանց իրականացման վրա:
«Մշակույթի նախարարությունը պետք է ստեղծի այնպիսի օրենքներ, որը հնարավորություն կտա արվեստագետներին ինքնարտահայտվել, իրացվել»,-ասաց Հանրային խորհրդի անդամ, մշակույթի ենթահանձնաժողովի նախագահ Գագիկ Մանասյանը` նկատելով, որ Հայաստանում, օրինակ, ոչ ոք ինքնուրույն չի կարող երգիչ դառնալ:
Լևոն Իգիթյանն էլ հայտարարեց, որ ազգային գաղափարախոսության բացակայության պայմաններում ընդմենը կարելի է շնորհավորել մշակույթի նախարարությանը, որ կարողանում է այսքանն էլ անել:
Նկարիչ Արմեն Աթայանը հիշեցրեց, որ ժամանակին մշակութային քաղաքականության հարցերով զբաղվող մի խորհուրդ ստեղծվել է, սակայն այն չի գործել:
Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանն ասաց, որ բարձրացված հարցի վերաբերյալ այնքան ասելիք կա, որ ինքը դրանք գրավոր կներկայացնի:
Գագիկ Մանասյանը մյուսներին հորդորեց հետևել Աղամյանի օրինակին և բարձրացված հարցի վերաբերյալ ներկայացնել առաջարկներ:
Մշակույթի նախարարի և սփյուռքահայ արվեստաբանի խիստ տարբեր ընկալումները մշակութային քաղաքականության վերաբերյալ
Հայաստանում կա,՞ արդյոք, պետական մշակութային քաղաքականություն: Այս հարցը վերջին շրջանում շատերն են բարձրացնում՝ տեսնելով երկրում մշակութային արժեքների անկումը, ցածրաճաշակ, օտար ու վտանգավոր արժեքների ներմուծումը և որ ամենացավալին է՝ միջազգային ոլորտում հայկական մշակույթն ի շահ երկրի չօգտագործելու իրողությունը:
Լիբանանահայ արվեստաբան, Բեյրութի «Նոյան տապան» ցուցասրահի հիմնադիր Մովսես Հերկելյանը, որն արդեն երկար տարիներ ի վեր զբաղվում է հայկական կերպարվեստը միջազգային ամենահեղինակավոր ցուցահանդեսներում ներկայացնելու գործով, վստահաբար ասում է՝ Հայաստանում գոյություն չունի պետական մշակութային քաղաքականություն:
Նա այդ խնդրի վերաբերյալ զրուցել է և՛ վարչապետի, և՛ մշակույթի նախարարի, և՛ Հանրային խորհրդի նախագահի, և՛ շատերի հետ: Բոլորը համաձայնել են և ողջունել նրա առաջարկը, որը հետևյալն է՝ մշակել և իրականացնել այդ քաղաքականությունը Հայաստանի և Սփյուռքի տարբեր ոլորտների հեղինակավոր մարդկանցից բաղկացած խորհուրդ ստեղծելով. «Նախ պետք է կազմակերպվի խորհրդաժողով, որի ընթացքում յուրաքանչյուրն իր մասնագիտական կարծիքը հայտնի՝ ելնելով իր փորձառությունից»: Խմբում պետք է ներգրավված լինեն միջազգային ոլորտում հաջողված սփյուռքահայեր, Հայաստանի տարբեր նախարարությունների ներկայացուցիչներ՝ մշակույթ, էկոնոմիկա, սպորտ, արվեստագետներ, գործարարներ, իրավաբաններ և այլն:
Հերկելյանը համոզված է, որ ճիշտ կազմակերպելու դեպքում դա անպայման արդյունք կտա՝ կապահովի տնտեսական աճ, մեր վարկը կբարձրացնի միջազգային ասպարեզում, և երկիրը կօգտվի նաև քաղաքականապես: «Բայց եթե այդ ամենը թողնենք միայն անհատների վրա, դա կբերի այն արդյունքը, ինչ որ այսօր է՝ մենք կմնանք երկրորդ պլանում: Իսկ մշակույթով մենք աշխարհում կարող ենք լինել առաջինների շարքում,-համոզված է նա,-մեր ստեղծագործ միտքը դարերի ընթացքում ծառայել է օտարներին, հիմա էլ է ծառայում օտարներին, որովհետև այստեղ համապատասխան մթնոլորտ չենք ստեղծում: Ուրիշները, ենթադրենք, Շագալի հոբելյանն են տոնում, դրա մասին ոչ միայն աշխարհն է իմանում, այլև օգտվում են տնտեսապես: Մենք տոնում ենք Արամ Խաչատրյանի հարյուրամյակը, ոչ միայն չենք օգտվում, նույնիսկ մեր երկրում չենք կարողանում դա մասսայականացնել»:
Մշակույթի նախարարը Հերկելյանին փոխանցել է նախարարության ծրագիրը, որպեսզի ինքը ծանոթանա և դրա վերաբերյալ իր կարծիքը հայտնի: «Այդ ծրագրում նշված է, թե ի՛նչ պետք է անել, բայց քաղաքականության մեջ պետք է ամրագրվի, թե ինչպե՛ս պետք է անել: Տեսությունը հեշտ է, բոլորս էլ գիտենք, որ մշակույթի տարբեր բնագավառները պետք է զարգացնենք, տարածենք և այլն, բայց կարևոր է իմանալ, թե ինչպես դա անել»:
«Անկախ»-ը մշակույթի նախարարի հետ զրույցում պարզեց, որ նախարարն ամենևին էլ չի կիսում այն տեսակետը, թե Հայաստանում մշակութային պետական քաղաքականություն գոյություն չունի: «Ո՞նց չունի,-զարմանում է նա,-ասողները թող հիմնավորեն: Դա նրանից է, որ այդ ասողները չեն էլ հետաքրքրվում, թե իրականում ինչ է կատարվում»:
Իսկ իրականում, ըստ նախարարի, շատ բան է կատարվում. օրիանակ՝ գրադարանների վերանորոգման ծրագիրը. «Ի՞նչ է, դա քաղաքականություն չէ՞,-հարցնում է նա,-քաղաքականություն է նաև հանրային գրադարանների ցանցի ստեղծումը, գրադարանների ֆոնդի թվայնացումը, մարզային գրադարանների ցանցի ստեղծումը, պետական աջակցությունը համայնքային մակարդակով, ընթերցանության ծրագրերը, գրախանութների, տպագրության ընդլայնումը, թարգմանությունների իրականացումը, ֆիլմերի թվայնացումը, երաժշտական դպրոցների հետ կապված քաղաքականությունը, որի արդյուքը երևում է միջազգային փառատոններում և այլն: Այսինքն, զարգացման գիծը կա»:
Նախարարը կարծում է, որ այդ ամենը չեն տեսնում նաև նրանք, ովքեր չեն հետաքրքրվում և ողջ օրը նստած հեռուստատեսային ծրագրեր դիտելով են փորձում հասկանալ մշակութային քաղաքականությունը. «Մեզ այսօր մեղադրում են, որ մշակույթը չի երևում հեռուստատեսությամբ, նշանակում է՝ չկա մշակութային քաղաքականություն: Ես խորհուրդ կտամ դուրս գալ տներից, երեկոյան գնալ ցուցասրահներ, մտնել համերգային դահլիճներ, հետևել աֆիշներին և փորձել հասկանալ՝ մշակութային քաղաքականություն կա՞, թե չկա:»
Ինչ վերաբերում է Հերկելյանի ծրագրին, Հասմիկ Պողոսյանը դա հետաքրքիր առաջարկ է համարում, սակայն խորհուրդ է տալիս հաշվի առնել, որ մի խորհրդով նման ռազմավարություն հնարավոր չէ քննարկել: Մշակութային ռազմավարություն մշակելու համար գոյություն ունեն տարբեր ձևաչափեր, որոնց Հայաստանի մշակույթի նախարարությունը մասնակցում է. օրինակ Եվրոպայի խորհրդի մշակույթի նախարարների խորհուրդը, երբ տարին մեկ նախարարները հավաքվում են և քննարկում գլոբալ ռազմավարությունները: «Այստեղ միայն Հայաստանի խնդիրը չի, դու պետք է այնպիսի ռազմավարություն մշակես, որ ինտեգրվես ընդհանուր հոսքի մեջ»,-ասում է նախարարը:
Մշակույթի նախարարությունը երկու տարին մեկ կազմակերպում է նաև միջազգային կոնֆերանս՝ Եվրոպայի և ԱՊՀ երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ՝ «Մշակութային քաղաքականությո՞ւն, թե՞ քաղաքականություն մշակույթի համար» թեմայով: «Ունենք նաև մասնագիտական խորհուրդ նախարարության ներսում, որտեղ առանձին ուղղությունների վերաբերյալ ռազմավարություններ ենք քննարկում»,-ավելացնում է նա:
Մի խոսքով, մշակույթի նախարարությունն այդ ամենով ակտիվ զբաղվում է, բայց չգիտես ինչու՝ մարդիկ գոհ չեն. «Ես չեմ ընդունում, երբ մարդիկ ուղղակի գնում-գալիս են Հայաստան և ձեռքի հետ ասում են, որ Հայաստանում մշակութային քաղաքականություն չկա: Մշակութային քաղաքականությունը զգալու համար պետք է այստեղ ապրել, նստել, շնչել էդ քաղաքականությունը, որ հասկանաս կա՞, թե չկա»:
Մովսես Հերկելյանը հակադարձում է նախարարի կարծիքին. «Սփյուռքում ապրելով՝ չի նշանակում, որ մենք ոչինչ չենք տեսնում: Իմ պարագայում, հատկապես, դա այդպես չէ, քանի որ ես տարին մի քանի անգամ Հայաստան եմ գալիս, ամիսներով մնում են այստեղ և մշակութային հարցերով գործնականում եմ զբաղվում»:
Նշենք, որ Հերկելյանը համագործակցում է հայաստանյան մի շարք նկարիչների հետ և նրանց կտավները ներկայացնում միջազգային հեղինակավոր ցուցահանդեսներում: Արդյունքներն ավելի քան տպավորիչ են, ուստի Հերկելյանը ցանկանում է, որ դա դառնա մասսայական. «Եթե մենք մեր մշակկույթը ճիշտ ժամանակին ճիշտ տեղում և ճիշտ ձևով կարողանանք ներկայացնել, ապա աշխարհում կլինենք մրցունակ, որը մեզ և՛ փող կբերի, և՛ կամրապնդի մեր պետության վարկը, և՛ կնպաստի մեր խնդիրների լուծմանը»:
Հաջորդ տարի Հերկելյանը մի հեղինակավոր ընկերության հետ պատրաստվում է Հայաստանում կազմակերպել միջազգային ցուցահանդես, որը լուրջ իրադարձություն կլինի մեր երկրի համար: «Թող ների ինձ մշակութի նախարարը, բայց մենք պետական մշակութային քաղաքականություն դեռևս չունենք»,-իր կարծիքին է մնում արվեստաբանը:
Անակնկալ այցելություն Մրգաշատ գյուղ.Տիգրան Սարգսյանըայժմ Արմավիրի մարզպետարանում է
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր այցելել է Արմավիրի մարզում կարկուտից տուժած Մրգաշատ գյուղ:
Վարչապետին ուղեկցել են նախարար Սերգո Կարապետյանը և Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը: Այցի ընթացքում Տիգրան Սարգսյանը տեսել է կարկուտից տուժած այգիները եւ վստահեցրել գյուղացիներին, որ օգնելու են նրանց: Մրգաշատում Տիգրան Սարգսյանը խոստացել է բնակարանով ապահովել բազմազավակ մի ընտանիքի:
Այժմ վարչապետը Արմավիրի մարզպետարանում տուժած գյուղերի գյուղապետերի հետ քննարկում է նրանց բարձրացրած խնդիրները:
Աղվան Վարդանյանը գյուղնախարարին առաջարկեց տեքստը գրած և իր ձեռքը տված աշխատողին ազատել աշխատանքից
Այսօր խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն անդրադարձավ գյուղնախարար Սերգո Կարապետյանի` լրատվամիջոցներից մեկում հրապարակված հայտարարությունը, թե կարկուտը գյուղատնտեսության ընդհանուր ցուցանիշների վրա չի անդրադառնա. “Պետությանը պատճառված տասնյակ միլիոն դոլարների վնասը ինչպե՞ս կարող է չանդրադառնալ վերջնական ցուցանիշների վրա,այդ ի՞նչ թվեր են: Պատրա՞ստ է նախարարությունը մեկ տարվա ընթացքում ապացուցել այդ թվերը”:
Սերգո Կարապետյանը հայտարարեց, որ սպասում էր նման հարցի և որպես իր ասածի ապացույց և պատասխան պատգամավորի բարձրացրած հարցին, սկսեց ընթերցել երկարաշունչ մի տեքստ. «Մայիսի 12-ին բնական աղետի հետևանքով տուժել են բոլորը: Կարկուտը բարեկամ ու թշնամի չունի, եթե գալիս է, բոլորն է տանում ու բոլորից: Մեր աշխատասեր ժողովուրդը մեկ անգամ չէ, որ ցույց է տվել դրանք հաղթահարելու իր խելքն ու շնորհքը…»:
Աղվան Վարդանյանը, տարակուսած նախարարի պատասխանից, որտեղ իր բարձրացրած հարցերի վերաբերյալ հստակ բան չկար, ասաց. «Պարոն Կարապետյան, ես առաջարկում եմ, որ այդ տեքստը վերադարձնեք այն աշխատողին, ով գրել և ձեր ձեռքն է տվել և նրան ազատեք աշխատանքից: Ես ձեզ կոնկրետ երեք հարց եմ տվել, իմ այդ հարցերին կոնկրետ պատասխանելու փոխարեն դուք այստեղ ի՞նչ եք անում: Կարդում եք, որ ի՞նչ անեք…»,-հարցրեց պատգամավորը:
Ի՞նչ են անում կառավարությանն առընթեր 21 խորհուրդները
“Ժառանգություն” խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանն այսօր խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ կառավարությանն առնընթեր 21 խորհուրդների գործունեության արդյունավետությունը:
“Оրինակ, գործարարության աջակցման խորհուրդ-նիստերը պետք է գումարվեն ամիսը մեկ անգամ, սակայն վերջին նիստը եղել է 2011-ին: Կայուն զարգացման խորհրդի վերջին նիստը եղել է 2012-ին` միակ նիստը ողջ տարվա ընթացքում: Այդ խորհուրդներից մեկ-երկուսն են արդյունավետ”,-ասաց Արզումանյանը:
Նա հետաքրքրվեց նաև, թե կառավարությունն ինչ հայեցակարգ է առաջարկելու ամբողջությաբ վերանայելու այս խորհուրդների գործունեության կարգը:
Վարչապետ Տիգրան Սարգսյանը, պատասխանելով բարձրացված հարցին, ասաց, որ 5 տարի առաջ, երբ ինքը նշանակվել է վարչապետի պաշտոնում, այդ խորհուրդների քանակ երկու անգամ ավելին էր: “Մենք պարբերաբար այդ խնդրին անդրադառնում ենք: Մի շարք խորհուրդներ միավորվել են, կան խորհուրդներ, որոնք հիմա էլ պետք է միավորվեն, որպեսզի դրանց աշխատանքը դառնա արդյունավետ”:
Կառավարության ղեկավարն ասաց, որ պատրաստ են լսել պատգամավորի առաջարկները` միաժամանակ նկատելով, որ կյանքն իր ուղղումներն է մտցնում այդ խորհուրդների գործունեության մեջ:
Սերժ Սարգսյանը շնորհավորել է Շառլ Ազնավուրին ծննդյան օրվա առթիվ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական հեռագիր է հղել Հայաստանի ազգային հերոս, աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրին՝ ծննդյան օրվա առթիվ:
«Սիրելի՛ Շառլ,
Սրտանց շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա կապակցությամբ:
Դուք մեր ժամանակի մեծագույն արվեստագետներից մեկն եք, ով նաև բարձր է պահում հայի անունն ու պատիվն աշխարհում:
Մաղթում եմ Ձեզ առողջություն, երիտասարդական ուժ ու կորով՝ շարունակելու ստեղծագործական ու հասարակական այն փառահեղ գործունեությունը, որ ծավալել եք մինչև այսօր:
Մենք սիրում ենք Ձեզ և հպարտանում Ձեզնով»,-ասված է ՀՀ Նախագահի շնորհավորական հեռագրում:
Բորսայում դոլարի գինը` 414,1 դրամ
Արամ Խաչատրյանի 110-ամյակին նվիրված համերգ Բելառուսում
Մայիսի 20-ին Բելառուսի երաժշտի պետական ակադեմիայի դահլիճում կայացավ հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան 110-ամյակին նվիրված համերգ: Միջոցառումը կազմակերպել էին՝ ԲՀ-ում ՀՀ դեսպանությունը, Բելառուսի երաժշտի պետական ակադեմիան եւ Մինսկի քաղաքային «Հայաստան» մշակութա-լուսավորչական միությունը:
Ա.Խաչատրյանի ստեղծագործություններով հանդես եկավ «Նեմիգա» համերգային նվագախումբը: Հնչեցին հատվածներ Ա.Խաչատրյանի 2-րդ սիմֆոնիայից, «Սպարտակ» եւ «Գայանե» բալետներից:
Միջոցառմանը ներկա էին Բելառուսի մշակույթի նախարարի առաջին տեղակալը, մշակութային գործիչներ, ԲՀ-ում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների, ինչպես նաեւ հայ համայնքի ներկայացուցիչներ:
«Վերջին դասը»` մայիսի 24-ին
Համաձայն ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի 25.05.2012 թվականի հրամանով հաստատված “Հանրակրթական ուսումնական հաստատությունների 2012-2013 ուսումնական տարվա օրինակելի պլանների”` մայիսի 24-ին ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատություններում կհնչի ուսումնական տարվա ավարտն ազդարարող վերջին զանգը: Հանրակրթական դպրոցներում կկազմակերպվեն “Վերջին դասի” միջոցառումներ:
Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղով անցնող առվի մեջ տղամարդու դի է հայտնաբերվել
Մայիսի 22-ին, ժամը 14.06-ին ահազանգ է ստացվել, որ մոտ 50 տարեկան տղամարդը ընկել է Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղով անցնող առուն:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Հրշեջ-փրկարարներն ընկած վայրից 2 կմ հեռավորության վրա հայտնաբերել են նախնական տվյալներով նույն գյուղի նախրապահ Միշայի (50-55 տ.) դին:
Գյումրեցիները շնորհավորեցին Շառլ Ազնավուրին
Մայիսի 22-ին ծնվել է աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը: Այսօր Գյումրիում նրա անունը կրող հրապարակում, որտեղ գտնվում է Ազնավուրի արձանը, հավաքվել էին քաղաքապետարանի աշխատակիցներն ու հասարակ գյումրեցիները՝ իրենց շնորհավորական խոսքերն հղելով մեծ երաժիշտին:
Ազնավուրի արձանի հանդիպակաց փողոցը զարդարում են Ազնավուրի կողմից կառուցված բազմաբնակարան շենքերը, որոնք տասնյակ անօթեւան գյումրեցիների դարձրել են բնակարանատեր: Երակրաշարժից հետո նա պարբերաբար օգնության ձեռք է մեկնել տարատեսակ ծրագրերով: Հետեւապես, Գյումրին չէր կարող անհաղորդ մնալ այսօրվա հոբելյանից:
Շառլ Ազնավուրին գյումրեցիների անունից շնորհավորական ուղերձ է հղել նաեւ Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը:
Արդեն 89-ամյա Ազնավուրը պաշտոնական հրավերք է ստացել՝ մասնակցելու “Գյումրին 2013թ. ԱՊՀ մշակութային մայրաքաղաք” ծրագրի միջոցառումների բացման արարողությանը, որը տեղի է ունենալու հունիսի 30-ին:
Առավոտից մինչեւ ուշ գիշեր Գյումրիի կենտրոնական հրապարակում հնչելու են Շառլ Ազնավուրի անզուգական կատարումները:
Ավարտին են մոտենում երկշաբաթյա դասընթացները
Ավարտին է մոտենում Հայաստան-Կանզաս նահանգային գործընկերության ծրագրի շրջանակներում մայիսի 13-ից ՀՀ ՊՆ խաղաղապահ ինժեներական գումարտակի տարածքում մեկնարկած «Ականազերծման գործողությունների ընթացքում վիրավորվածներին առաջին բուժօգնության ցուցաբերման» երկշաբաթյա դասընթացը: Դասընթացն անցկացվում է Կանզասի ազգային գվարդիայի հրահանգիչների կողմից, որին ներգրավված են ՀՀ զինված ուժերի տարբեր ստորաբաժանումների ռազմաբժշկական ծառայության ներկայացուցիչներ:
Երկշաբաթյա դասընթացները կազմակերպվել և անց են կացվել երկու փուլով: Առաջին փուլում մասնակիցներին ուսուցանվել են բուժօգնության ցուցաբերման վերաբերյալ ընդհանուրի տեսական գիտելիքներ: Երկրորդ փուլում իրականացվել է գործնական ուսուցում` ռազմադաշտում վիրավորվածներին անհետաձգելի բուժօգնության ցուցաբերման և տարհանման վերաբերյալ:
Դասընթացի անցկացման ընթացքում մասնակիցները ծանոթանալու են նաև դասընթացի դասավանդման մեթոդոլոգիային` ՀՀ զինված ուժերում նմանատիպ դասընթացների կազմակերպման ընթացքում այն օգտագործելու նպատակով:


