«ՀայՌուսգազարդ»-ն առաջարկում է գազի գինը բարձրացնել 67 տոկոսով

գազ«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն և «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ «Տրանսգազ» ՍՊԸ-ն  դիմել են ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով` Հայաստանի Հանրապետությունում «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի կողմից ամսական մինչև 10.0 հազար նորմալ խորանարդ մետր սպառողներին (բաժանորդներին) վաճառվող բնական գազի սակագնի ու ամսական 10.0 հազար նորմալ խորանարդ մետր և ավելի սպառողներին (բաժանորդներին) վաճառվող բնական գազի յուրաքանչյուր ամսվա սակագնի հաշվարկման բանաձևի, ինչպես նաև Գազամատակարարման համակարգի օպերատորի ծառայության մատուցման («ՀայՌուսգազարդ» ՓԲԸ), Բնական գազի բաշխման գործունեության ( «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ) և Բնական գազի փոխադրման գործունեության ( «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ«Տրանսգազ» ՍՊԸ) սակագների վերանայման հայտերով. Այս մասին տեղեկացնում են «ՀայՌուսգազարդ»-ից:

Ամսական մինչև 10.0 հազար նորմալ խորանարդ մետր սպառում ունեցող սպառողներին (բաժանորդներին) վաճառվող յուրաքանչյուր հազար նորմալ խորանարդ մետր բնական գազի`

– գործող սակագինը 132 000 դրամ, ներառյալ ԱԱՀ,
– առաջարկվող սակագինը 221 000 դրամ, ներառյալ ԱԱՀ:

Ամսական 10.0 հազար նորմալ խորանարդ մետր և ավելի սպառում ունեցող սպառողներին (բաժանորդներին) վաճառվող յուրաքանչյուր հազար նորմալ խորանարդ մետր բնական գազի` յուրաքանչյուր ամսվա սակագնի հաշվարկման`

– գործող բանաձևը` P =243.13 x E, որտեղ P-ն 10.0 հազար նորմալ խորանարդ մետր և ավելի սպառողներին (բաժանորդներին) վաճառվող, 7900կկալ/նորմալ խորանարդ մետր ջերմարարություն ունեցող, բնական գազի յուրաքանչյուր հաշվետու ամսվա սակագինն է (դրամ/հազ.խմ), ներառյալ ԱԱՀ, E-ն յուրաքանչյուր հաշվետու ամսվան նախորդող ամսվա 25-ին ՀՀ Կենտրոնական բանկի կողմից հրապարակված մեկ ԱՄՆ դոլարի նկատմամբ հայ¬կական դրամի` արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքի մեծությունն է,
– առաջարկվող բանաձևը` P = 392.05 x E, որտեղ P-ն 10.0 հազար նորմալ խորանարդ մետր և ավելի սպառողներին (բաժանորդներին) վաճառվող, բնական գազի յուրաքանչյուր հաշվետու ամսվա սակագինն է (դրամ/հազ.խմ), ներառյալ ԱԱՀ, E-ն յուրաքանչյուր հաշվետու ամսվան նախորդող ամսվա 25-ին ՀՀ Կենտրոնական բանկի կողմից հրապարակված մեկ ԱՄՆ դոլարի նկատմամբ հայ¬կական դրամի` արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքի մեծությունն է:

Գազամատակարարման համակարգի օպերատորի ծառայության մատուցման`

– գործող սակագինը` 20.618 դրամ` ներառյալ ԱԱՀ, ներկրված յուրաքանչյուր հազար նորմալ խորանարդ մետր բնական գազի համար,
– առաջարկվող սակագինը` 33.695 դրամ` ներառյալ ԱԱՀ, ներկրված յուրաքանչյուր հազար նորմալ խորանարդ մետր բնական գազի համար:

Բնական գազի բաշխման`

– գործող սակագինը` 13709.698 դրամ` ներառյալ ԱԱՀ, բաշխված յուրաքանչյուր հազար նորմալ խորանարդ մետր բնական գազի համար,
– առաջարկվող սակագինը` 26638.071 դրամ` ներառյալ ԱԱՀ, բաշխված յուրաքանչյուր հազար նորմալ խորանարդ մետր բնական գազի համար:

Բնական գազի փոխադրման`

– գործող սակագինը` 6948.266 դրամ` ներառյալ ԱԱՀ, փոխադրված յուրաքանչյուր հազար նորմալ խորանարդ մետր բնական գազի համար,
– առաջարկվող սակագինը` 12989.186 դրամ` ներառյալ ԱԱՀ, փոխադրված յուրաքանչյուր հազար նորմալ խորանարդ մետր բնական գազի համար:

Երևանի ավագանու ընտրություններ. Հարուցվել է քրեական գործ` թիվ 03/19 ընտրատեղամասում այլ անձի փոխարեն քվեարկելու փորձ կատարելու դեպքերի առթիվ

7785_bՀՀ կառավարության առընթեր ոստիկանության Քանաքեռ-Զեյթուն բաժնում հարուցվել է քրեական գործ` թիվ 03/19 ընտրատեղամասում այլ անձի փոխարեն քվեարկելու փորձ կատարելու դեպքերի առթիվ:

Թիվ 03/19 ընտրատեղամասի հանձնաժողովի քարտուղարի կողմից ստացված հաղորդման հիման վրա ոստիկանությունում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ թվով 4 անձինք, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների բնակիչներ չլինելով և նշված ընտրատեղամասում քվեարկելու իրավունք չունենալով, փորձել են քվեարկել այդ ընտրատեղամասում:

Նյութերի նախապատրաստման օրինականության նկատմամբ հսկողություն իրականցնող դատախազի հանձնարարությամբ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածով: Կատարվում է նախաքննություն:

 

ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձը կազմակերպելու համար մեղադրվող Վարդան Սեդրակյանի գործով դատավարությունը հետաձգվեց,լուսանկարներ

MHM78011Երեւանի Կենտրոն և Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկած ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձը կազմակերպելու համար մեղադրվող Վարդան Սեդրակյանի գործով դատավարությունը հետաձգվեց:

Ամբաստանյալներից Խաչատուր Պողոսյանը դատարանից խնդրեց իրեն հանրային պաշտպան տրամադրել:

Դատական հաջորդ նիստը տեղափոխվեց մայիսի 20-ին, ժամը 12:00-ին:  Հիշեցնենք, որ Խաչատուր Պողոսյանն ու Սամվել Հարությունյանը մեղադրվում են նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանի պատվերով մեկ այլ թեկնածուի`  Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ կատարելու մեջ: Երեքի նկատմամբ էլ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը:

 

Մշակույթի նախարարությունը վերջապես դիմել է քաղաքապետարան` փակ շուկայում իրականացվող ապօրինի շինարարությունը դադարեցնելու պահանջով

փակ շուկաՄաշտոցի պողոտայի հ. 5 հասցեում գտնվող Կենտրոնական ծածկած շուկայի հարակից շենքերի բնակիչների և լրագրողների ահազանգերի կապակցությամբ՝ ՀՀ մշակույթի նախարարի հանձնարարականով նախարարության աշխատակիցները կատարել են շուկայի տարածքի տեղազննում՝ լուսանկարել, փաստագրել են շենքի հետնամասում  վերսկսված շինարարական աշխատանքները: Իրավիճակին անձամբ ծանոթանալու նպատակով՝ 2013 թ. մայիսի 9-ին ՀՀ մշակույթի նախարարն անձամբ է այցելել շուկայի տարածք:

Մշակույթի նախարարությունից տեղեկացնում են, որ մինչև մայիսյան տոների նախօրեն Երևանի քաղաքապետարանի կողմից շինարարական աշխատանքները դադարեցված էին և շենքի 0,00 նիշից բարձր որևէ աշխատանք չի իրականացվել: Շինարարական աշխատանքների կրկնակի դադարեցումը կատարվել է ՀՀ մշակույթի նախարարության պահանջով՝ ս. թ. մարտի 6-ի գիտամեթոդական խորհրդի մասնագիտական եզրակացության հիման վրա: Ըստ որի, անհրաժեշտ էր իրականացնել Կենտրոնական ծածկած շուկայի հետնամասի պահպանված պատերի վերականգնման, ուժեղացման, ամրակայման, ինչպես նաև նորակառույց ծավալի երկաթբետոնյա հիմնական հատվածի ապամոնտաժման աշխատանքները՝ նախագծով ներկայացված և խորհրդի կողմից որոշված ընդունելի ծավալով: Վերոնշյալ աշխատանքների ավարտից հետո սեփականատիրոջից պահանջվում էր մշակել շուկայի կորցրած կամարների վերականգնման նախագիծը և այն սահմանված կարգով ներկայացնել ՀՀ մշակույթի նախարարության համաձայնեցմանը:

Ներկայումս, վերսկսված շինարարական աշխատանքների կապակցությամբ /որոնք չեն համապատասխանում մեր կողմից տրված նախագծային փաստաթղթերի պահանջներին և որոնցով նախատեսվում էր նորակառույցի երկաթբետոնյա հատվածի մասնակի քանդման աշխատանքներ/ ՀՀ մշակույթի նախարարությունը կրկին անգամ 2013 թ. մայիսի 13-ի 01/14-1/1534-13 գրությամբ դիմել է Երևանի քաղաքապետարան պահանջելով ձեռնարկել համապատասխան միջոցառումներ` հուշարձան-շենքում իրականցվող ապօրինի շինարարական աշխատանքները կանխելու, դադարեցնելու և տարածքում հսկողություն սահմանելու համար:

Մեկնարկեց Էդվարդ Նալբանդյանի այցելությունը Ֆրանսիա

 Minister Nalbandian meets French FM 14.05.2013bՀայաստանի և Ֆրանսիայի արտգործնախարարները քննարկեցին հայ-ֆրանսիական հարաբերությունների առավել ամրապնդմանն ուղղված քայլերը

 

Մայիսի 13-ին Փարիզում պաշտոնական այցելությամբ գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ Ֆրանսիայի ԱԳ նախարար Լորան Ֆաբիուսի հետ:

Ողջունելով Հայաստանի արտգործնախարարին՝ Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շնորհավորեց Էդվարդ Նալբանդյանին ԱԳ նախարարի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ ու ընդգծեց, որ հայ-ֆրանսիական հարաբերությունները գերազանց են, և այս այցելությունը լավ առիթ է ամփոփելու ձեռքբերումները և քննարկելու տարբեր բնագավառներում դրանց առավել զարգացման հնարավորությունները:

Շնորհակալություն հայտնելով  շնորհավորանքի և Փարիզ այցելելու հրավերի համար՝ Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ  Ֆրանսիային և Հայաստանին միավորում են առանձնաշնորհյալ հարաբերությունները, որոնք խարսխված են հայ և ֆրանսիացի ժողովուրդների ավանդական բարեկամության վրա, և բնական է, որ ԱԳ նախարարի պաշտոնում վերանշանակվելուց հետո նա իր առաջին այցելություններից մեկը կատարում է  բարեկամ Ֆրանսիա:

Նախարարները գոհունակությամբ արձանագրեցին, որ երկկողմ  փոխհարաբերությունները վերընթաց զարգացում են ապրում, առկա է բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն, ձևավորված է լայն իրավապայմանագրային դաշտ, ֆրանսիական ընկերությունները զգալի ներդրումներ են կատարել Հայաստանի տնտեսության մեջ, ակտիվ համագործակցություն է ընթանում գիտակրթական և մշակութային ոլորտներում:

Նախարարներ Նալբանդյանն ու Ֆաբիուսը ընդգծեցին տնտեսական ոլորտում համագործակցության ընդլայնման կարևորությունը։ Այդ համատեքստում նախարար Նալբանդյանը շեշտեց, որ Հայաստանը ողջունում է ֆրանսիական ներդրումների աճը և այդ ուղղությամբ նոր նախաձեռնությունները:

Հայաստանի և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարներն անդրադարձան տարբեր բնագավառներում երկկողմ համագործակցության հետագա զարգացման ուղղությամբ  ձեռնարկվելիք քայլերին:

Հանդիպմանն անդրադարձ կատարվեց Հայաստան-Եվրոպական միություն հարաբերություններին, Եվրոպայի խորհրդում Հայաստանի ստանձնելիք նախագահությանը, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակներում փոխգործակցությանը:

Զրուցակիցները քննարկեցին միջազգային և տարածաշրջանային երկուստեք հետաքրքրություն ներկայացնող խնդիրներ:

Բանակցությունների օրակարգում էր արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը: Էդվարդ Նալբանդյանը, բարձր գնահատելով Ֆրանսիայի կառուցողական ներգրավվածությունը որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, վերահաստատեց Հայաստանի պատրաստակամությունը շարունակելու Մինսկի խմբի համանախագահ երկրների հետ համատեղ ջանքերը՝ ուղղված հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը:

Հայաստանի և Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մտքեր փոխանակեցին միջազգային օրակարգի մի շարք հարցերի շուրջ, անդրադարձ կատարվեց Իրանի միջուկային ծրագրին, սիրիական ճգնաժամի լուծման նպատակով ձեռնարկվող ջանքերին։

 

ՀԿԵ-ում ամփոփեցին ապրիլյան աշխատանքի արդյունքները

հկե«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը երկուշաբթի օրը կայացած խորհրդակցության ընթացքում ամփոփեց ընկերության ապրիլին կատարված աշխատանքի արդյունքները: Ինչպես ասաց Վիկտոր Ռեբեցը, 2013 թվականի ապրիլին երկաթուղին փոխադրել է 264,8 հազ տոննա բեռ, որից 181,6 հազ տոննա կազմել է բեռնումը, ինչը 2% գերազանցում է անցյալ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը:

Գլխավոր տնօրենը հատուկ նշեց ներմուծման բեռնափոխադրումների կրճատումը, հիշեցնելով, որ ապրիլին պլանավորված ցուցանիշը կատարվել է միայն 83%-ով: Վիկտոր Ռեբեցը հանձնարարեց պատասխանատու անձանց բեռնափոխադրումների ծավալները ավելացնել, բեռների նոր ծավալներ ներգրավել դեպի երկաթուղի և «ՀԿԵ» ՓԲԸ տնօրենների խորհրդի կողմից հաստատված ցուցանիշներին հասնելու ուղղությամբ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել:

Երկաթուղու դրական ձեռքբերումներից «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրենը նշեց նախորդ տարվա հետ համեմատ 0,8 ժամով կամ 9,9% տրանզիտային վագոնների պարապուրդի ժամանակի ու 19,2 ժամով կամ 85,6% մեկ վագոնի պարապուրդի ժամանակի կրճատումը:

Ընկերության ղեկավարի կողմից հրապարակված ցուցանիշների համաձայն, ապրիլին դեպոներում վերանորոգվել է 41 վագոն, իսկ ընթացիկ վերանորոգում անցել է 39 վագոն:

Վիկտոր Ռեբեցը հատուկ ուշադրություն դարձրեց գնացաների չվացուցակին՝ նշելով, որ ապրիլին ՀԿԵ-ն սպասարկել է 1362 գնացք, որից 1351՝ համաձայն չվացուցակի: Ընդ որում, Հարավկովկասյան երկաթուղու բոլոր միջազգային գնացքներն աշխատել են ըստ չվացուցակի:

Խորհրդակցության ավարտին ՀԿԵ գլխավոր տնօրենը հանձնարարեց ապահովել մայիսին երկաթուղու անխափան աշխատանքը և նախատեսված ցուցանիշների կատարումը, ամփոփել գարնանային զննման արդյունքները, կրճատել ծախսերը:

 

Տիգրան Սարգսյանը ծանոթացել է գինու և կոնյակի արտադրությամբ զբաղվող ընկերության ներդրումային ծրագրերին

10391_am_6Վարչապետ Տիգրան Սարգսանն այցելել է Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում գործող գինու–կոնյակի տուն «Շահնազարյան» ՍՊ ընկերություն՝ ծանոթացել վերջինիս գործունեությանը և ներդրումային ծրագրերին:

Տեղեկացվել է, որ 2009 թվականից հիմնադրված ընկերությունն արտադրում է «Շահնազարյան» և «Pearl of Armenia» տեսակների 3-ից 7 տարեկան կոնյակներ և կոնյակի սպիրտ: Կոնյակի արտադրության համար օգտագործվում է միայն տեղական հումք: Ընկերության արտադրանքի հիմնական մասն արտահանվում է ՌԴ և Ուկրաինա:
Նախորդ տարվա ընթացքում «Շահնազարյան» ՍՊԸ-ի կողմից մթերվել է 1.65 մլրդ դրամ արժողությամբ 11 հազար 815 տոննա խաղող: Արդյունքում՝ արտադրվել է 3.82 մլրդ դրամի արտադրանք, որից 3.79 մլրդ դրամի արտադրանքն արտահանվել է:
2013 թվականի 1-ին եռամսյակում ընկերության կողմից արտադրվել է 4.67 մլրդ դրամի արտադրանք, որը գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը: Արտադրանքը գրեթե ամբողջությամբ արտահանվել է ՌԴ և Գերմանիա: Այս տարվա ընթացքում նախատեսվում է մթերել շուրջ 8 000 տոննա խաղող:
Ներկայում ընկերության կողմից իրականացվում են թորման արտադրամասի ստեղծմանն ուղղված աշխատանքներ, որի համար կներդրվի 156.4 մլն դրամ: Թորման արտադրամասի արտադրական հզորությունները թույլ կտան մեկ օրում թողարկել 8 հազար 800 դեկալիտր գինենյութ: Արտադրամասը նախատեսվում է շահագործման հանձնել սույն թվականի հոկտեմբերին:
Այս տարի «Շահնազարյան» ՍՊԸ-ն նախատեսում է ներդրումային ծրագրի շրջանակներում սկսել նաև հնեցման արտադրամասի վերազինման աշխատանքները, որի համար կպահանջվեն շուրջ 400 մլն դրամի ներդրումներ:
Ծրագրի շրջանակներում ընկերությունն ակնկալում է ՀՀ կառավարության աջակցությունը` ներմուծվող սարքավորումների համար հաշվարկված ԱԱՀ-ի գումարը երեք տարի ժամկետով հետաձգելու համար:
«Շահնազարյան» ՍՊԸ-ն 2012 թ. ՀՀ պետական բյուջե է վճարել մոտ 92 մլն դրամի հարկ, իսկ 2013 թվականի 1-ին եռամսյակի տվյալներով արդեն՝ 65.63 մլն դրամի հարկ:
Ձեռնարկությունում աշխատում է 64 մարդ` 172 հազ դրամ միջին աշխատավարձով:

«Բելգիացի բժիշկը զարմացել է, երբ Հայրիկյանն ասել է, որ Հայաստանում կասկածողներ կան` տեղի ունեցածը մահափորձ է, թե ոչ». Կարո Եղնուկյան

եղնուկյանԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձը կազմակերպելու համար մեղադրվող Վարդան Սեդրակյանի գործով դատավարությունը նշանակվել է այսօր ժամը 12.00-ին: Այդ մասին հաղորդել է  «Սիրունյան» իրավաբանական գրասենյակը, որը ստանձնել է ՀՀ նախագահի նախկին թեկնածուի պաշտպանությունը։ Այս առնչությամբ այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Պարույր Հայրիկյանի ներկայացուցիչ Կարո Եղնուկյանն իր խոսքում հիմնականում անդրադարձավ այդ հարցին:

Նա նշեց, որ նախաքննությանը ծանոթանալուց հետո Պարույր Հայրիկյանը եկել է եզրակացության, որ Վարդան Սեդրակյանը երկար շղթայի երկրորդ օղակն է: Եղնուկյանի խոսքով`  Վարդան Սեդրակյանի փաստաբանը կոպիտ սխալ է թույլ տվել`  նշելով, որ եթե նույնիսկ կրակել են Հայրիկյանի վրա, և եթե կրակողը Խաչիկ Պողոսյանն է, ապա դեռևս հստակ չէ`  նա է կրակել, թե ոչ:

«Անգամ բելգիացի բժիշկն է զարմացել, երբ Պարույր Հայրիկյանն ասել է, որ Հայաստանում կասկածողներ  կան` տեղի ունեցածը մահափորձ է, թե ոչ, – ասաց Կարո Եղնուկյանը  և հայտարարեց,- հաշվի առնելով այն հանգամանքը, որ հատուկ ծառայությունները պարտավոր են հետևել նախագահի թեկնածուներին` կարելի է ասել, որ գոնե մեկն այդ պահին այնտեղ է եղել և տեսել է, թե ինչ է կատարվել: Եթե այդպես է, քննությունը անհասկանալի հիմքերով լռում է, եթե ոչ, ապա զարմանալի է, որ հատուկ ծառայությունը չի հետևել Պարույր Հայրիկյանին»:

Կարո Եղնուկյանի համար  մտահոգիչ է, որ Վարդան Սեդրակյանը  մինչ օրս ցուցմունք չի տվել, մինչդեռ միայն  նա կարող էր ամեն ինչ պարզաբանել:

Հարցին, թե ով է երրորդ օղակը, որը շահագրգռված էր թեկնածուի սպանությամբ, Պարույր Հայրիկյանի ներկայացուցիչը իր պատասխանն ունի. «Սա սպանության փորձ էր, որ կարող էր կասեցնել ընտրությունների ընթացքը, և պետք է հարց տալ, թե ում էին ձեռնտու նոր ընտրությունները: ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն շահագրգռված կարող էին լինել, քանի որ կարող էին փոշմանած լինել, որ թեկնածու չեն առաջադրել: Իշխանությանը`  մասնավորապես Սերժ Սարգսյանին դա ձեռնտու չէր»,- ընդգծեց Կարո Եղնուկյանը:

Արխիվը յուրաքանչյուր ազգի հիշողությունն է

արխիվՀայաստանի ազգային արխիվը հիմնադրվել է 1923 թ., որի գործունեության  հիմնական նպատակն է պետական փաստաթղթերի պահպանումը, հրապարակումը և օգտագործումը: Սակայն արխիվը չպետք է ընկալել միայն որպես  փաստաթղթեր պահպանող կառույց, քանի որ այն լայնորեն զբաղվում է գիտական և հրատարակչական գործունեությամբ: Պարբերաբար հրատարակվում են տարբեր փաստաթղթերի ժողովածուներ՝ նվիրված հայտնի պետական, հասարակական, մշակութային գործիչների կյանքին ու գործունեությանը, այդ թվում նաև տարբեր պատմական իրադարձություններին: Արխիվում պարբերաբար կազմակերպվում են նաև թեմատիկ ցուցահանդեսներ՝ նվիրված հիշատակի և տոնական օրերին: Այս թեմաների շուրջ է  մեր զրույցը Հայաստանի ազգային արխիվի փոխտնօրեն Էդգար Հովհաննիսյանի հետ:

– Կառավարությունը տարիներ առաջ ձեռնամուխ եղավ արխիվային նյութերի թվայնացման գործընթացին, ինչքանո՞վ էր այն անհրաժեշտ:

– Այսօր՝ XXI դարում, տեխնիկայի զարգացմանը զուգընթաց, արխիվը Հայաստանում և ողջ աշխարհում կանգնել է նոր մարտահրավերների առջև: Մեր օրերում արդեն թղթե կրիչով փաստաթղթերի հետ զուգահեռ ստեղծվում են նաև էլեկտրոնային փաստաթղթեր, և անհրաժեշտ է մտածել դրանց պահպանման, դասակարգաման և օգտագործման մասին: Խնդիրը բարդանում է նրանով, որ աշխարհում տեխնիկական առաջընթացը տեղի է ունենում արագ տեմպերով, և անհրաժեշտություն է առաջանում մտածելու նոր տեխնիկական լուծումների, արդիականացման ուղղությամբ: Երկրորդ հարցն արդեն իսկ արխիվում գոյություն ունեցող փաստաթղթերի թվայնացումն է, որը կերկարացնի նրանց կյանքը, ինչպես նաև կդարձնի օգտագործման համար առավել մատչելի: Արխիվում էլեկտրոնային քարտարանների ստեղծումը սկսել ենք շուրջ տասը տարի առաջ, իսկ բուն թվայնացումը՝ 3-4 տարի առաջ: Հայաստանի ազգային արխիվում պահպանվում է շուրջ 400 մլն փաստաթուղթ, և այս պահին թվայնացված է դրանց 0.05 տոկոսը: Սա այնքան էլ մեծ թիվ չէ, և դա հաշվի առնելով է, որ արխիվի նոր նախատեսվող հայեցակարգով պլանավորվում են լայնածավալ փոփոխություններ, որոնցով Հայաստանի արխիվային համակարգը կհամապատասխանեցվի համաշխարհային ստանդարտներին:

– Ի՞նչ վաղեմություն ունեն արխիվում պահպանվող փաստաթղթերը, և ի՞նչ մեխանիզմով են դրանք հավաքվում:

– Արխիվում պահապանվող փաստաթղթերի գերակշիռ մասը վերաբերում են 1828 թ. հետո ընկած ժամանակաշրջանին, երբ Արևելյան Հայաստանի Ռուսաստանին միանալուց հետո այս կամ այն կերպ սկսվեց պետական փաստատթղթերի համակարգումն ու արխիվացումը: Իսկ առավել համակարգված այն սկսվեց Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումից հետո: Ամենահին փաստաթղթերը վերաբերում են XVI-XVII դարերի պարսկական տիրապետության շրջանին: Հայկական փաստաթղթերի մի զգալի մասն էլ պահվում է ԱՄՆ Բոստոն քաղաքում, որոնք հիմնականում առաջին հանարապետության տարիների փաստաթղթերն են և այնտեղ են հայտնվել Հայաստանից հեռացած դաշնակցական գործիչների միջոցով:

– Որևէ պետության ու հատկապես մեր երկրի համար որքանո՞վ է կարևորվում այս կառույցի գործունեությունը և ի՞նչ քայլեր են արվում այն առավել արդիականացնելու ուղղությամբ:

– Արխիվը ազգի հիշողությունն է, և դրա պահպանումը կարևոր աշխատանք է սերունդների համար: Մեր տնօրենի՝ Ա.Վիրաբյանի նախաձեռնությամբ պատրաստվող նոր հայեցակարգի շնորհիվ, փաստորեն, արխիվային գործը ՀՀ-ում կթևակոխի զարգացման նոր փուլ:

– Կա՞ն արդյոք այնպիսի նյութեր, որոնք հանդիսանում են անձնական սեփականություն և որոնց կիրառումն ու արտատպումը տարբեր նպատակներով արգելվում է:

– Նշեմ, որ արխիվում գտնվող բոլոր փաստաթղթերը, անկախ նրանց ծագումից, ապագաղտնիացված են, լինեն պետական թե անձնական արխիվներ: Անձնական արխիվները հիմնականում հայտնի պետական մշակութային գործիչների գործունեության ընթացքում առաջացած փաստաթղթերն են, որոնք հաճախ իրենք կամ ժառանգները տրամադրում են մեզ: Արխիվային փաստաթղթերի օգտագործումը և դրա սահմանափակումը կարգավորվում են օրենքով և հիմնականում վերաբերում են այն նյութերին, որոնք պարունակում են նեղ անձնական բնույթի տեղեկատվություն: Մեր արխիվները, ի տարբերություն, ասենք` թուրքական արխիվների, բաց են բոլոր հետազոտողների համար, անգամ` օտարերկրյա, և նշեմ, որ տարեկան բազմաթիվ հետազոտողներ ենք ունենում արտասահմանից:

Նշենք, որ փաստաթղթերի թվայնացումը Հայաստանի ազգային արխիվում սկսվել է 2011 թ., իսկ ֆիլմերի (խոսքը, մասնավորապես, վավերագրական ֆիլմերի մասին է) թվայնացման աշխատանքները սկսվել են 2008-ին: Ազգային արխիվում պահվող շուրջ 1500 վավերագրական ֆիլմերից 1000-ն արդեն թվայնացվել են:

Լ.Ն

 

Այգեբացի բնակիչը թունավորումով հիվանդանոց է տեղափոխվել

շտապ-օգնությունՄայիսի 13-ին, ժամը 11.39-ին, տեղեկություն է ստացվել, որ թունավորման նախանշաններով Շիրակի մարզի Գյումրի քաղաքի բժշկական կենտրոն է տեղափոխվել Այգեբաց գյուղի 2-րդ շարքի թիվ 10 տան բնակիչ ` 1983 թ. ծնված Ալեքսան Գևորգյանը:

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Հրդեհ Արցախի փողոցի բենզալցակայանում, տուժածների վիճակը ծանր է

հրդեհՄայիսի 13-ին, ժամը 17.46-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Արցախի պողոտայի թիվ 38 հասցեի մոտակայքում գտնվող բենզալցակայանում:

Դեպքի վայր է մեկնել հինգ մարտական հաշվարկ և ՃԿԿ ԱԻ արձագանքման խմբերը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 18.15-ին, մարվել` 18.25-ին:

Գ. Մոսյանին պատկանող բենզալցակայանում այրվել են 200 լիտր տարողությամբ` 4 և 20 լիտր տարողությամբ` 20 վառելիքի տարա:

Հրդեհի հետևանքով 1972 թ. ծնված Գարիկ Մոսյանը և 1996 թ. ծնված Էդուարդ Սահակյանը տարբեր աստիճանի այրվածքներով տեղի ուժերով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն, այնուհետև` Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն:

Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր:

Մայիսի 13-ին, ժամը 19.18-ին, ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Կառնուտ գյուղում  այրվում է անասնագոմի տանիք:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 19.56-ին, մարվել` 20.31-ին:

Այրվել է Ա. Գաբոյանին պատկանող անասնագոմի տանիքից  մոտ 90 քմ մակերեսով հատված:

Մայիսի 14-ին, ժամը 06.22-ին, ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզում` Երևան-Արարատ ավտոճանա­պար­հին՝ Տափերական գյուղի մոտակայքում, այրվում է տնակ:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 06.51-ին, մարվել` 08.06-ին:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Երասխ-Երևան ավտոճանապարհի 37-րդ կմ-ի մոտակայքում:

Այրվել է Ա. Աբրահամյանին պատկանող վագոն-տնակն իր գույքով` 12 քմ մակերեսով:

Մայիսի 14-ին, ժամը 06.04-ին, ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Աստղաձոր գյուղում տուն է այրվում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 07.34-ին, մարվել` 08.33-ին:

Պարզվել է, որ Վ. Քոչարյանին պատկանող թիվ 51 տան բակում այրվում է հացատան և անասնագոմի տանիքը:

Այրվել է տանիքից 50 քմ մակերեսով հատված և կուտակ­ված անասնակեր:

Ամերիկյան հայտնի ֆիլմերի մեղեդիները կներկայացվեն սիմֆոնիկ կատարմամբ

300-250Ապրիլի 15-ին՝ ժամը 19.00, «Արամ Խաչատրյան» համերգասրահում Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան հետ համատեղ կներկայացնի «Hollywood Non-Stop» համերգային ծրագիրը։ Այն ամերիկյան հայտնի ֆիլմերի մեղեդիների ներկայացումն է սիմֆոնիկ կատարմամբ։ «Hollywood Non-Stop» համերգային ծրագրին աջակցում է ՀՀ մշակույթի նախարարությունը։

Ծրագրում կհնչեն «Գլադիատոր», «Կարիբյան ծովի ծովահենները», «Կնքահայրը», «Մի անգամ Ամերիկայում», «Ռոմեո և Ջուլիետ», «Աստղային պատերազմներ», «Առաքելություն», «Մալենա» և այլ կինոնկարների սաունդթրեքները։

Այսուհետև Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի բոլոր համերգների յուրաքանչյուր գնված տոմսի արժեքի 10%-ը նվիրաբերվելու է «Նվիրի´ր կյանք» բարեգործական հիմնադրամին, որն իր ամբողջ ներուժն ուղղում է քաղցկեղով և արյան հիվանդություններով տառապող հայ մանուկների կյանքի փրկությանը:

Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի

հասարակայնության հետ կապերի բաժին

Ամերիկացին հավատացնում է, թե բացահայտել է կոկա-կոլայի բաղադրությունը և պատրաստ է վաճառել այն

o_605540Ամերիկյան Ատլանտա քաղաքի բնակիչ Քլիդ Կլուգը  հավատացնում է, թե գտել է կոկա-կոլայի գաղտնի պահվող բանաձևի պատճենը, որը ներկայացրել է  համացանցային E-bay աճուրդում ու հույս ունի այն վաճառել 5 մլն դոլարով:

Նրա խոսքով, ինքը կնոջ հետ գազավորված ըմպելիքի 1943-ով թվագրված  բաղադրատոմսը գտել է հին նամակների ու թղթերի հետ. ամուսնական զույգն այն գնել է հնոտիքի շուկայում:

“Կոկա-կոլայի” ներկայացուցիչները հերքել են բաղադրատոմսի բացահայտման  մասին  լուրը, հայտարարել, որ ըմպելիքի (7Х) բաղադրատոմսն առաջվա պես պահպանվում է Ատլանտայի “Կոկա-կոլայի աշխարհ” թանգարանում:

“Շատերն են փորձել հասկանալ ու բացահայտել այն, սակայն չի հաջողվել”,-ասվում է ընկերության հայտարարության մեջ: Մեկուկես մետր բարձրություն ունեցող չհրկիզվող պահարանը, որում պահվում է բաղադրատոմսը, երբեք չի բացվում, թանգարանի աշխատողներին նույնպես  մեկ մետրից  ավելի մոտիկ չեն թողնում:

Կլուգեն հավատացնում է, որ գտնված բաղադրատոմսը շատ նման է չհրկիզվող պահարանում պահվածին: 2011-ին ԱՄՆ-ի Էն-փի-ար ռադիոն համացանցում հրապարակեց գաղտնի բաղադրատոմսը. բանաձևին ծանոթանալ ցանկացողների թիվն այնքան մեծ էր, որ կայքը պարզապես դադարեց աշխատել:

Կայքը հավատացնում էր, որ 7Х հավելանյութը սպիրտի, նարնջի, կիտրոնի, մշկընկույզի ու ֆլյորդորանժի յուղից է կազմված, դարչինից ու համեմից: Եթե դրան ավելացվի նաև կոկայի տերևների մզվածք, կիտրոնաթթու, կոֆեին , շաքար, ջուր, վանիլին ու կարամել, ապա, իբր թե կստացվի ըմպելիք, որն Ամերիկայի խորհրդանիշն է ու աշխարհի ամենաթանկ բրենդը:

Կոկա- կոլայի բաղադրատոմսը ստեղծվել է 1886-ին: Հեղինակն Ատլանտայի դեղագործ Ջոմ Պեմբերտոնն է: Այդ ժամանակից սկսած  այն գաղտնի է պահվում: Չնայած ըմպելիքում ընդամենը 1%-ն է կազմում  7Х հավելիչը,  այնուամենայնիվ, հենց այդքանն էլ ապահովում է ըմպելիքի առանձնահատուկ համը:

Բելիզում մայաների բուրգ են քանդել

maya400Շինարարական ընկերությունը շինանյութի` համար քանդել է  Կենտրոնական Ամերիկայում գտնվող մայաների բուրգը:

Բելիզի հնագիտության ինստիտուտի ղեկավար Հայմե Վեյը հայտարարել է, որ ավերածություն նկատել  են անցած շաբաթվա վերջին: Նա բացառել է շինության ոչ կանխամտածված քանդման հնարավորությունը, քանի որ համալիրը երկրում հանրահայտ է: Ոչնչացված բուրգի տարիքը գնահատվում էր 2300 տարի:

“Այդ մարդիկ հաստատ գիտեին, որ իրենց առջև պատմական հուշարձան է: Պարզապես, ապշեցնում է այն ավերողների անհավանական անհարգալից վերաբերմունքը”:

Բելիզի ոստիկանությունը հայտնել է, որ այդ փաստով հետաքննություն է իրականացվում,  հավանական է, քրեական գործ կհարուցվի:

Չնայած այն փաստին, որ Նոհմուլ համալիրն այժմ գտնվում է մասնավոր տարածքում, տեղի օրենքների համաձայն, մինչիսպանական ցանկացած շինություն գտնվում է  պետության պաշտպանության ներքո:

Չուխաջյանցիների հաղթանակները

Ձախից` Համբարձումյան Աննա, Դոյդոյան Սեդա, Պետրոսյան Արմինե

Ձախից` Համբարձումյան Աննա, Դոյդոյան Սեդա, Պետրոսյան Արմինե

Վերջերս Գյումրիում տեղի ունեցավ «Վերածնունդ» միջազգային 5-րդ մրցույթ-փառատոնը` Հայաստանի Հանրապետության առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո: Այն նվիրված էր Սպիտակի երկրաշարժի 25-րդ տարելիցին և հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան 110-ամյակին:

Ավանդաշատ Գյումրին` ոտքի կանգնած մոտ երկուսուկես տասնամյակ առաջ տեղի ունեցած երկրաշարժի աղետից հետո, հույսով ապրում և կերտում է իր ժամանակակից պատմության նոր էջը:  Եվ այս փառատոնի կազմակերպումը մշակութային ինքնատիպ դիմագիծ ունեցող քաղաքում վերածվել է իսկական արվեստի տոնի, որը նոր թափ է առնում:

Փառատոնն անուրանալի ավանդ ունի հայ արվեստի զարգացման գործում: Այն հնարավորություն է ընձեռում ոչ միայն բացահայտելու կատարողական արվեստի մեր ներուժը, այլև համեմատելու այն երաժշտական ավանդույթներով հարուստ երկրների շնորհալի պատանիների կատարողական արվեստի հետ:  Այն նշանակալի դեր ունի պատանիների ու երիտասարդների համակողմանի զարգացման ու դաստիարակման, գեղագիտական ճաշակի ձևավորման, տաղանդաշատ կատարողների նորանոր անունների բացահայտման ու հայ մշակույթի քարոզման գործում:

«Վերածնունդ» միջազգային մրցույթ փառատոնը տարեցտարի ընդլայնում է մասնակիցների թիվը և աշխարհագրությունը, և դա ապացույցն է այն իրողության, որ հազարամյակների մշակույթ ունեցող մեր ժողովուրդն այսօր էլ կարող է աշխարհին հպարտորեն ներկայանալ իր երիտասարդ ու շնորհալի երաժիշտ կատարողների արվեստով: Այն դարձել է ոչ միայն Գյումրի քաղաքի մշակութային կյանքի վերածնունդը խորհրդանշող կարևոր իրադարձություն, այլև Հայաստանի այցեքարտ աշխարհի բազմաթիվ երկրներում:

Այս տարի փառատոնում իր արվեստով փայլեց շուրջ 2500 մասնակից:

Փառատոնում ակտիվ մասնակցություն են ունեցել նաև Տ. Չուխաջյանի անվան երաժշտական դպրոցի սաները: Նրանց ակտիվությունը մեծ մասամբ պայմանավորված է նոր տնօրենի` Նաիրա Վահանյանի բերած թարմ շնչով: Տիկին Վահանյանը ոգևորում է երեխաներին` նրանց  հորդորելով մասնակցել միջոցառումների և մրցույթների: Դրա վառ ապացույցն է միջազգային մրցույթ-փառատոնում Աննա Համբարձումյանի և Սեդա Դոյդոյանի հաղթանակը (1-ին և 2-րդ մրցանակ), որի համար նրանք երախտապարտ են իրենց դպրոցին և սանթուրի դասատու Արմինե Պետրոսյանին:

Փառատոնին մասնակցել են նաև Ռուբեն Ավագյանը (4-րդ դասարան, ժող.մեներգ, 1-ին մրցանակ), Եզեկելյան Վարդանը (2-րդ դասարան, ժող. մեներգ, 3-րդ մրցանակ), Գրիգորյան Զարուհին (7-րդ դասարան, դաշնամուր, 3-րդ մրցանակ), Մինասյան Մարիաննան, Տիգրանյան Արևիկը, Պողոսյան Արիկոն (դասական տերցետ, 3-րդ մրցանակ), Իսպիրյան Ալինան (3-րդ դասարան, Ժող.մեներգ, Ֆ.Մարտիրոսյանի անվ.մրցանակ), Գրիգորյան Աննան, Կարապետյան Մարգարիտան, Ազատյան Ռաֆիկը, Մինասյան Մարիաննան (հատուկ դիպլոմներ):

 

Գյումրիում կաթվածահար է եղել երթևեկությունը

008Գյումրի քաղաքի կենտրոնական փողոցներում երթևեկությունը կաթվածահար է եղել: Այստեղ միանգամից իրենց աշխատանքներն են սկսել քաղաքապետարանը, մարզպետարանն ու Շիրակ-ջրմուղկոյուղին: Ամեն օր քանդում են փողոցների ասֆալտը, փորում ջրագծեր անցկացնելու համար և այլն: Ինչը խոչընդոտում է նաև քաղաքային երթուղին սպասարկող տրանսպորտային միջոցների աշխատանքին:

Նշենք, որ KFW բանկի վարկային ծրագրով Շիրակի մարզի 4 համայնքներում իրականացվում են ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի փոփոխման ծրագրեր: Առաջին փուլով մարզի երեք համայնքներ` Մարալիկը, Ախուրյանն ու Ազատանն ունեցան շուրջօրյա ջրամատակարարում: Հերթը Գյումրի քաղաքինն է. այստեղ ավելի քան 3 մլրդ դրամի շինմոնտաժային աշխատանքներ են իրականացվում:
Մեծ աշխատանքներ են կատարվում նաև փողոցների վերականգնման ուղղությամբ: Շիրակի մարզում իրականացված հրատապ լուծում պահանջող խնդիրների 4 ծրագրերով Գյումրի քաղաքում 320 մլն դրամի փողոցների հիմնանորոգման աշխատանքներ են իրականացվել: “Ծրագիրը շարունակվում է նաև այս տարի, որտեղ գումար կա հատկացված Գյումրիի Շիրակացի փողոցի հիմնանորոգման համար: Մոտ օրերս կսկսվեն շինարարական աշխատանքները: Առանձին Գյումրի քաղաքի փողոցների հիմնանորոգման համար կառավարության ապրիլի 4-ի 365 որոշմամբ Շիրակի մարզպետարանին տրամադրեց 300 մլն դրամ: Իրականացվելու են քաղաքի կենտրոնական հրապարակի, հրապարակ մտնող-դուրս եկող բոլոր 5 փողոցների հիմնանորոգման աշխատանքները: Դրանք են` Համբարձումյան, Սպանդարյան, Չերազի, Գայի, Հակոբյան փողոցները, ինչպես նաև Չապաևի և Շիրակացի փողոցների հիմնանորոգման աշխատանքների համար: Ի տարբերություն մյուս փողոցների, որտեղ կատարվելու են փոսային նորոգումներ համայնքի բյուջեի միջոցների հաշվին, այստեղ հիմնովին վերականգնվելու է ասֆալտբետոնյա ծածկույթը: Տեղյակ պահեմ, որ այս տարի քաղաքապետարանն իր սուղ միջոցներից 320 մլն դրամ է հատկացրել մոտ 20 փողոցների փոսային նորոգումների համար”, – փոխանցեց Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Ալբերտ Մարգարյանը:
Որը, անդրադառնալով բնակիչների դժգոհություններին, փողոցներում առկա անանցանելիության պատճառով, նշեց. “Ուզում եմ մարզպետարանի, քաղաքապետարանի անունից հայցել մեր ազգաբնակչության ներողամտությունը քաղաքում տրանսպորտային միջոցների երթևեկության համար ստեղծված անհարմարությունների համար: Մինչև այս էլ քաղաքի փողոցներն ունեին դժվարանցանելիության խնդիրներ` հատկապես ձմեռվանից հետո, ունեին խիստ նորոգման կարիք: Քաղաքականություն վերցվեց գարնան ամիսներին ավարտել փողոցների նորոգման աշխատանքները, ինչպես նաև պետական միջոցներից հատկացված գումարներով արագ ավարտել փողոցների հիմնանորոգման աշխատանքները, որովհետև հունիսի սկզբից սպասվում են ԱՊՀ երկրներից բազմաթիվ պատվիրակությունների այց Գյումրի քաղաք: Ամեն ինչ արվում է, որպեսզի այդ օրը մեր քաղաքը հյուրերին ներկայանա բարեկարգ վիճակում: Եվ դրանով է պայմանավորված, որ գրեթե բոլոր փողոցներում շինարարական աշխատանքները սկսվել են միաժամանակ: Բոլոր աշխատանքներն ուզում ենք ավարտել մինչև այս ամսվա վերջ”:
Հարցին, թե արդյոք նման արագությունից չի տուժի ասֆալտապատման որակը, մարզի քաղաքաշինության պատասխանատուն չժխտեց. “Արագության ժամանակ ինչ-որ տեղ որակը կարող է տուժել, բայց բոլոր կազմակերպությունների հետ աշխատում են և’ տեխնիկական հսկողություն իրականացնող կառույցները, և’ հեղինակային հսկողություն իրականացնող, և’ քաղաքաշինական պետական տեսչությունը, նաև մարզպետի և քաղաքապետի կողմից յուրաքանչյուր շինարարական կազմակերպությանը կցված են պատասխանատու աշխատողներ, որոնք վերահսկում են որակը: Որակի առումով խնդիրներ չենք ունենա, որովհետև մենք բոլոր շինարարական կազմակերպություններին հրահանգել ենք, նրանցից պահանջել ենք բոլոր լաբորատոր փորձարկումները, ինչպես նաև կատարած աշխատանքների, շինանյութերի սերտիֆիկատները”:
Ալբերտ Մարգարյանը նաև հայտնում է, որ պետական բյուջեով իրականացվող ծրագրերի համար երաշխիքային ժամկետ սահմանվել է մեկ տարին: Այսինքն, մեկ տարվա ընթացքում առաջ եկած ցանկացած թերություն, որն առաջացել է շինարարի մեղքով, կապալառու կազմակերպությունը պարտավոր է վերացնել: Իսկ Գյումրիի քաղաքապետարանը փոսային նորոգումների պայմանագրերը կնքելիս սահմանել է 2 տարի երաշխիքային ժամկետ:
“Երկրորդական փողոցներում ասֆալտապատման աշխատանքներ այս տարի ևս նախատեսված չեն: Մարզպետի հանձնարարությամբ հին ասֆալտ-բիտումի խառնուրդը լցնում ենք երկրորդական փողոցներում, որպեսզի դրանք քիչ թե շատ անցանելի դարձնենք, իրավիճակը կարգավորենք”, – ասում է Մարգարյանը

Նախագահ Սերժ Սարգսյանի անունից տրվել է ընդունելություն՝ ի պատիվ Բելառուսի Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի

 

3003

Պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող Բելառուսի Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Նախագահ Սերժ Սարգսյանի անունից երեկոյան տրվել է ընդունելություն՝ ի պատիվ Բելառուսի Նախագահի և նրա գլխավորած պատվիրակության:

Պաշտոնական ընթրիքի ժամանակ Սերժ Սարգսյանը ողջունել է հյուրերին մեր երկրում և իր բաժակաճառում ընդգծել հայ-բելառուսական ջերմ և պատմականորեն ձևավորված բարեկամական հարաբերությունները, որոնք, Նախագահի խոսքով, արտահայտվել են ամենադժվարին պահերին միմյանց ձեռք մեկնելու, անվերապահ աջակցելու պատրաստակամությամբ և հոգատար վերաբերմունքով: Այդպիսի վերաբերմունքը, Սերժ Սարգսյանի համոզմամբ, դժվար է գերագնահատել, քանի որ հենց դա է բարեկամությունը: ՀՀ Նախագահը հայ-բելառուսական հարաբերությունների զարգացման գործում մեծապես կարևորել է Բելառուսում և Հայաստանում ապրող և արարող երկու համայնքների գործունեությունը: «Մեր ժողովուրդների հարաբերությունների փառավոր պատմության մասին կարելի է երկար և գեղեցիկ պատմել, բայց ես վստահ եմ, որ նույնպիսի ջերմությամբ Հայաստանի քաղաքացիները կխոսեն տասնամյակներ, հարյուր տարի անց և դրանից հետո էլ, քանի որ համոզված եմ մեր հարաբերությունների հետագա ամրապնդման գործում: Ես վստահ եմ, որ մեր բարեկամությունը հարատև է:

Կարծում եմ, որ մենք բոլոր հիմքերն ունենք այսօրվա բանակցությունների արդյունքներից գոհ լինելու, քանի որ դրանք ևս մեկ անգամ հաստատեցին մեր փոխադարձ ձգտումը՝ ամրապնդել այդ հարաբերությունները: Մենք այսօր ևս մեկ անգամ հաստատեցինք, որ բաց ենք միմյանց առջև և պատրաստ ենք հնարավորության սահմաններում օգնություն ցուցաբերել, եթե դրա կարիքը մեզնից մեկն ունի»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը և առաջարկել բաժակ բարձրացնել հանուն Բելառուսի Հանրապետության Նախագահի և նրան ուղեկցող պատվիրակության անդամների, հանուն երկու երկրների միջև բարեկամության և համագործակցության հետագա ամրապնդման, հանուն հայ և բելառուս ժողովուրդների խաղաղության ու բարօրության:

Բելառուսի Նախագահը երախտագիտություն է հայտնել Նախագահ Սերժ Սարգսյանին՝ հրավերի, ջերմ ընդունելության և բարեկամական մթնոլորտի համար, որով, ըստ Ալեքսանդր Լուկաշենկոյի, այցի օրերին շրջապատված է իր գլխավորած պատվիրակությունը հնագույն, հիասքանչ և հյուրասեր Հայաստանի հողում: Նա նշել է, որ Բելառուսում միշտ էլ ջերմությամբ են վերաբերել Հայաստանին, որը հայտնի է իր բազմադարյա պատմությամբ, ինչպես նաև հարուստ մշակութային ավանդույթներով: Նախագահ Լուկաշենկոն գոհունակությամբ է նշել, որ իր պաշտոնական այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները լավատեսություն են ներշնչում և ակնառու կերպով ցույց են տալիս հարաբերություններն առավել ամրապնդելու կողմերի պատրաստակամությունը: «Ես միանգամայն վստահ եմ, որ համատեղ ջանքերով ծանրակշիռ արդյունքների կհասնենք մեր համագործակցության ոլորտների ընդլայնման և տնտեսության ոլորտում սերտ փոխգործակցության ու առևտրաշրջանառության ծավալների մեծացման գործում»,-ասել է Ալեքսանդր Լուկաշենկոն՝ մաղթելով ՀՀ Նախագահին և ամբողջ հայ ժողովրդին խաղաղություն, երջանկություն և բարեկեցություն:

Ա. Խաչատրյանի անվ. միջազգային մրցույթը դարձել է Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի անդամ

DSC07811Մայիսի 9-12-ը Թել Ավիվում անցկացվող Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի (WFIMC) 57-րդ գլխավոր վեհաժողովում Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթն ընտրվել է որպես WFIMC-ի անդամ։ Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթն այսուհետև կանդամակցի մի պատկառելի ու հեղինակավոր երաժշտական ընտանիքի, որի անդամ են այնպիսի աշխարհահռչակ մրցույթներ, ինչպիսիք են Չայկովսկու անվան, Բրյուսելի Եղիսաբեթ թագուհու անվան, Մոնրեալի երաժշտական միջազգային մրցույթները։

Միջազգային երաժշտական այս կառույցը հիմնադրվել է 1957 թվականին։ Այսօր համաշխարհային այս ֆեդերացիային անդամակցում են աշխարհի առաջատար 120 երաժշտական ​​մրցույթներ։ WFIMC-ի նպատակն է բացահայտել խոստումնալից և տաղանդավոր երիտասարդ երաժիշտներին։

Մեծ պատիվ է Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի անդամակցումը WFIMC-ին։ Այն նոր հեռանկարներ է բացում և ևս մեկ քայլ է հայկական մշակույթն աշխարհին ճանաչելի դարձնելու ճանապարհին։

Հատկապես ուրախալի է այս լուրը ստանալ Արամ Խաչատրյանի անվան միջազգային 9-րդ մրցույթի նախօրեին, որը կմեկնարկի հունիսի 6-ին Երևանում՝ հայ մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան 110-րդ տարեդարձի օրը։

Նշենք, որ Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը դարձել է Հայաստանի այցեքարտը դասական երաժշտության աշխարհում։ Այն մեծ հեղինակություն է վայելում ամբողջ աշխահում և տարեցտարի ավելի լուրջ մրցակցություն է ունենում բավականին հայտնի միջազգային մրցույթների հետ։

 

«Հաղթանակած նախագահ» Տեր-Պետրոսյանը հայ ազգին մի քանի անգամ կծախեր. մամուլ

ArkadyKarapetyanՎերջին տարիներին ՀՀՇ-ական շրջապատը հանկարծ սկսեց խոսել Լևոն Տեր-Պետրոսյանի, այսպես կոչված, ռազմական հաղթանակներից՝ նրան համարելով «հաղթանակած նախագահ»: Ի դեպ, օրերս էլ Վազգեն Մանուկյանն էր նկատել, թե Տեր-Պետրոսյանի հաղթանակներից առաջին անգամ խոսվեց 2008-ին, երբ նա վերադարձավ քաղաքականություն ու դրեց իր թեկնածությունը: Ի վերջո, Տեր-Պետրոսյանն ինչ-որ ներդրում ունեցե՞լ է Շուշիի հաղթանակում: Այդ մասին գրում է «Հայոց աշխարհ» թերթը:

Պատասխանելով պարբերականի այս հարցին՝ Արցախի Ինքնապաշտպանության ուժերի առաջին հրամանատար Արկադի Կարապետյանը (Ագոն) ասաց.

«Շատ կարևոր հարց եք բարձրացնում, ցավալին այն է, որ կեղծարարներն ամեն ինչ այնպես են խճճել, որ երբեմն դժվար է լինում հասկանալ՝ ով ով է: Շատ ճիշտ է ասել Վազգեն Մանուկյանը: Հարցին այսպես կպատասխանեմ. մեր ազգը շատ հզոր է, ու գիտե՞ք ինչու. ՀՀՇ ղեկավարությունն ամեն կերպ ցանկացավ, որ ազգը պարտվի, թուլանա, բայց նա հաղթեց, ուրեմն այդ ազգը, իրոք, հզոր է:

Եթե Տեր-Պետրոսյանը ցանկանար, մենք այն ժամանակ ավելի շատ հաղթանակներ կունենաինք: Բայց դրա փոխարեն 1992-ին մեր առաջ դրեցին Սոչիի խայտառակ պայմանագիրը, որով մեզ հսկայական զիջումներ էին պարտադրվում, և դա այն դեպքում, երբ հայկական զինուժն իր հայրենիքն ազատագրելով առաջ էր գնում:

Սամվել Բաբայանը 1996թ. ներկա է եղել Երևանում կազմակերպված մի խորհրդակցության, որի ժամանակ Շահեն Կարամանուկյանն ասել է՝ ազատագրված տարածքները կտանք, իսկ հետո, երբ կուզենք՝ հետ կվերցնենք: Հռոմի կայսրե՞րն են, որ երբ ուզենան տան ու հեռ առնեն: Սա նշանակում է, որ վերնախավում չկար հայրենիքի ընկալումը, նշանակում է՝ չէին գիտակցում, որ ամեն մի թիզ հողի համար արյուն է թափվել: Ահա թե ովքեր էին մեր ազգի ճակատագիրը որոշողները: Եվ գիտե՞ք ինչ դժվար էր մեզ համար համար երկու ճակատով կռվելը՝ մի կողմից թուրքի դեմ, մյուս կողմից՝ իշխանության:

Ինչ վերաբերում է Տեր-Պետրոսյանի «հաղթանակած նախագահ» լինելուն, ապա եթե գործը նրան մնար, ուրեմն հայ ազգին մի քանի անգամ կծախեր: Ես զարմանում եմ, որ ժողովրդի մեջ կա մի հատված, որն այդ ամենը մոռացած՝ գնում, կանգնում է նմանների կողքին: Փաստորեն մարդիկ ուզում են, որ իրենց խաբեն»:

«Ազգային գաղափար»

Երևանի ավագանու ընտրություններ. Ներգրավվել են որպես մեղադրյալ

դատախազությունԵրևան քաղաքի ավագանու ընտրությունների օրը` 2013թ. մայիսի 5-ին, Շենգավիթ վարչական շրջանի թիվ 11/32 և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թիվ 08/23 և 07/18 ընտրատեղամասերում մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու, քվեարկության փորձ կատարելու դեպքերի առթիվ ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության Մալաթիայի և Շենգավիթի քննչական բաժիններում հարուցված քրեական գործերի շրջանակներում Դ.Մխիթարյանը, Ս.Սերոբյանը և Ղ.Մկրտչյանը ներգրավվել են որպես մեղադրյալ:

Մասնավորապես.

1. Ղ.Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել` Շենգավիթ վարչական շրջանի թիվ 11/32 ընտրատեղամասում մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարելու համար:

2. Դ.Մխիթարյանին մեղադրանք է առաջադրվել` նույն օրն անցկացվող Երևան քաղաքի ավագանու ընտրությունների ընթացքում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թիվ 08/23 ընտրատեղամասում միանգամից երեք քվեաթերթիկներում համապատասխան նշում կատարելու և նշված քվեաթերթիկները քվեատուփը գցելու եղանակով մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարելու համար:

3. Արագածոտնի մարզի Ոսկեվազ համայնքում հաշվառված և քվեարկելու իրավունք չունեցող Ս.Սերոբյանին մեղադրանք է առաջադրվել` չպարզված ընտրական տեղամասում այլ անձի փոխարեն քվեարկելու, ինչպես նաև` Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թիվ 07/18 ընտրատեղամասում այլ անձի փոխարեն կրկին անգամ քվեարկելու փորձ կատարելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 202-րդ և 203-րդ հոդվածներով` Ղ.Մկրտչյանը և Դ.Մխիթարյանը որպես մեղադրյալ են ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածով, իսկ Ս.Սերոբյանը` ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ և 34-153-րդ հոդվածներով: