Թուրքական «Turkish NY» կայքը անդրադարձել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի Չեխիայի Հանրապետություն կատարած այցին: Սարգսյանը Պրագայում նախագահ Միլոշ Զեմանի հետ հանդիպման ժամանակ խոսել է հայ-թուրքական հարաբերությունների և Թուրքիայի՝ ԵՄ անդամակցության հարցի մասին: Սարգասյանը նշել է, որ անհրաժեշտ է շարունակել Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների հաստատման քաղաքականությունը: «ԵՄ-ին Թուրքիայի անդամագրման հարցը Եվրամիության անդամ երկրների խնդիրն է: Մենք Թուրքիայի անդամակցությունը դիտարկում ենք Հայաստանի հետ սահմանների բացման տեսանկյունից»,-նշել է Սերժ Սարգսյանը՝ ընդգծելով, որ ժողովրդավար և կանխատեսելի երկրի հետ բանակցելը ավելի հեշտ կլինի:
Բաքվում խոստովանում են` լարվածությունն իրենք են բորբոքում
Քաղաքական փորձագետ Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Ադրբեջանի պաշտպանության նախարարի և արտգործնախարի մամուլի խոսնակների հայտարարություններին.
“Ադրբեջանի պաշտպանության նախարարի մամուլի խոսնակը հայտարարել է, որ սահմանագծին լարվածությունը շարունակվում է պահպանվել` հավելելով, որ հայկական կողմը շարունակում է խախտել հրադադարի ռեժիմի կանոնները:
Սրան զուգահեռ, սահմանագծին առկա իրավիճակի վերաբերյալ մեկնաբանություններով հանդես է եկել նաև Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակը, ով նշել է, թե առաջնագծում իրավիճակի սրման պատճառը «Հայաստանի օկուպացիոն քաղաքականությունն է»:
Ստացվում է, որ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակն իր մեկնաբանություններով ոչ միայն հերքում է Ադրբեջանի ՊՆ պաշտոնական հայտարարությունները, այլև սպառնում` սահմանագծին լարված իրավիճակը կպահպանվի այնքան ժամանակ, քանի ստատուսքվոն պահպանվում է:
Ադրբեջանի ԱԳ նախարարությունը գրեթե բաց տեքստով, ի լուր աշխարհի հայտարարում է, որ տարածաշրջանային կայունությունն ու խաղաղությունը չի բխում իր շահերից և շարունակելու է իր ագրեսիվ քաղաքականությունն այնքան ժամանակ, քանի ԼՂ հիմնախնդիրն Ադրբեջանի համար ձեռնտու լուծում չի ստացել:
Բացի այն, որ Ադրբեջանը մերժում ու անընդունելի է համարում միջազգային հանրության այն մոտեցումը, որ ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի, նաև հայտարարում է, որ կարգավորման գործընթացին զուգահեռ, շարունակելու է ոտնձգությունները հայկական մարտական դիրքերի ու բնակավայրերի ուղղությամբ:
Հաշվի առնելով միջազգային հանրության անհամաչափ արձագանքը սահմանագծին տեղի ունեցող միջադեպերի ու տարածաշրջանում Ադրբեջանի հրահրած սպառազինության մրցավազքի վերաբերյալ` Հայաստանն ու Արցախը իրավիճակի վերահսկողության սեփական մեխանիզմները պետք է կատարելագործեն:
Մեխանիզմների կատարելագործումը ենթադրում է ոչ միայն նվազագույնի հասցնել հնարավոր կորուստներն առաջնագծում, այլև մշակել ադրբեջանական գործողություններին հակազդելու այնպիսի գործողությունների պլան, որը հնարավորություն կտա արդյունավետ ու նպատակային հարված հասցնել Ադրբեջանի այնպիսի օբյեկտների կամ ենթակառուցվածքների, ինչի հետևանքները «ցավոտ» կլինեն Բաքվի համար:
Դա պաշտոնական Բաքվին կստիպի ցանկացած ոտնձգությունից, դիվերսիոն գործողությունից առաջ մտածել` թե արդյոք արդարացված կլինե՞ն իր սադրանքները` հաշվի առնելով հայկական կողմի նպատակաուղղված հարվածները”,-գրել է փորձագետը:
Հերթական «ծիտիկը» դրեցինք բանակցային գործընթացի օրագրում, հետո՞…
Հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը, ԼՂՀ հետ շփման գծի հյուսիսարևելյան և հարավարևելյան ուղղություններով ադրբեջանական ուժերի կողմից դիվերսիոն հարձակումների փորձեր եղան, որոնք ավարտվեցին սերժանտ Արմեն Հովհաննիսյանի մահվամբ, դրանից հետո էլ շուրջ երկու օր չէին դադարում ադրբեջանական զինված ուժերի կողմից հայկական խաղաղ բնակավայրերի հրետակոծությունները: Ու այս դիվերսիոն գործողությունների ֆոնին Հունվարի 24-ին Փարիզում տեղի ունեցավ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի, Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ժակ Ֆորի, Ջեյմս Ուորլիքի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հանդիպումը:
Ի սկզբանե հարց էր` հանդիպման ցանկություն կունենա՞ արդյոք հայկական կողմը, մյուս կողմի ագրեսիվ գործողություններից հետո, առավել ևս, որ ՀՀ և ԼՂՀ արտգործնախարարները ադրբեջանական դիվերսիան գնահատել են սադրիչ և բանակցային գործընթացը խաթարելու փորձ: Բայց արտգործնախարարներն այնուամենայնիվ հանդիպեցին:
Ու ենթադրվում էր, որ հանդիպման դեպքում անգամ Էդվարդ Նալբանդյանի կեցվածքն ու հայտարարությունները պետք է խիստ կոշտ լինեն:
Հանդիպման վերաբերյալ Հայաստանի ԱԳՆ տարածած հաղորդագրությամբ, մասնավորապես, նշվում է, որ հիմնվելով նոյեմբերի 19-ին Վիեննայի գագաթնաժողովի ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների ձեռք բերած պայմանավորվածությունների վրա և ի շարունակություն դեկտեմբերի 5-ին Կիևում ԱԳ նախարարների հանդիպման` քննարկվեցին խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելու նպատակով ձեռնարկվելիք քայլերը, պայմանավորվածություն ձեռք բերվեց հաջորդ ամսվա առաջին կեսին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների` տարածաշրջան այցելելու վերաբերյալ և այլն:
Ուշադիր լինենք` «քննարկվեցին խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելու նպատակով ձեռնարկվելիք քայլերը» արտահայտությունն արվում է այն ժամանակ, երբ ընդամենը 3-4 օր առաջ Ադրբեջանը դիվերսիա կազմակերպեց ու սկսեց հայկական խաղաղ բնակավայրերի գնդակոծությունը: Միգուցե սա դիվանագիտական չոր արարողակարգին բնորոշ ձևակերպում է: ԱԳՆ հաղորդագրության մեջ նշվում է. «Նախարար Նալբանդյանը համանախագահների ուշադրությունը հրավիրեց Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ սահմանին և Արցախի հետ շփման գծում լարվածության շեշտակի մեծացման և հրադադարի ռեժիմի կոպիտ խախտումների, Արդբեջանում ամենաբարձր մակարդակով հնչեցվող ռազմատենչ և Հայաստանի նկատմամբ տարածքային նկրտումներ պարունակող հայտարարությունների վրա, որոնք ակնհայտ սադրիչ բնույթ են կրում և լուրջ հարված են հասցնում բանակցային գործընթացին: Էդվարդ Նալբանդյանն ընդգծեց, որ դրանք նվազեցնում են հիմնախնդրի կարգավորման և խաղաղության հասնելու հեռանկարները և ակնհայտ արհամարհանք են եռանախագահ երկրների ղեկավարների կողմից բազմիցս արված կոչերին…»:
Բնական հարց է առաջանում. անպայման պետք էր հասնել Փարիզ ու նո՞ր այդ հայտարարությունն անել, թե՞ բանակցություններից հրաժարվելու հստակ ու վճռական դիրքորոշմամբ ստիպել, որ հասկանան:
Դարձել ենք դիվանագիտական էթիկայի անժամկետ պատանդները
Այս համատեքստում Հայաստանի արտգործնախարարը կարևորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների` հրադադարի ռեժիմի ամրապնդմանն ուղղված նախաձեռնությունների կենսագործումը՝ որպես սադրանքների կանխարգելման հնարավոր մեխանիզմ:
Հերթական զավեշտալի հայտարարությունը տարածեցին համանախագահները: Նրանց հայտարարությունում նշվում է. «Նախարարները վերահաստատեցին իրենց պատրաստակամությունը` շարունակելու աշխատանքը խաղաղ բանակցային լուծման ուղղությամբ: Դեսպան Կասպրչիկը տեղեկացրեց համանախագահներին սահմանին և հակամարտության շփման գծում իրավիճակի վերջին զարգացումների վերաբերյալ: Համանախագահները խորը մտահոգություն հայտնեցին տարածաշրջանում շարունակվող բռնությունների կապակցությամբ և շեշտեցին, որ վերջին միջադեպերը խաթարում են բանակցությունները և նվազեցնում են խաղաղության հեռանկարները…»:
Հերթական անգամ Ադրբեջանը կրակում է մեզ վրա, սպանում մեր զինվորին, իսկ համանախագահները ոչ թե հրադադարի ռեժիմը խախտողին, այլ երկուսին միասին են կոչ անում հարգել հրադադարի համաձայնագրի պայմանները… Հերիք չեղա՞վ մեզ կոչ անեն պահպանել մի պայման, որը մենք չեն խախտել, իսկ մենք պատրաստակամորեն վազենք բանակցության: Ինչպես լրագրողներին ասել էր ՀՅԴ Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը, համանախագահները, դժբախտաբար, ճիշտ որակում չեն տալիս Ադրբեջանի սադրիչ դիվերսիոն գործողություններին հայ-ադրբեջանական սահմանին և ինչ-որ չափով խրախուսելով` մեծացնում են ապակայունացման վտանգը տարածաշրջանում:
«ԼՂ բանակցություններն այս ձևով հեռուն չեն կարող գնալ: Վաղուց ժամանակն է, որ ԼՂ-ն, որպես լիիրավ կողմ, մասնակցի բանակցություններին, որպեսզի Ադրբեջանը հասկանա, որ իր այդ վարքագծով չի կարող երկար գործել»,- ասաց Մանոյանը:
Ըստ նրա` շատ կարևոր է, որ Հայաստանը միջազգային հանրությանը ցույց տա, որ ՄԽ համանախագահների «հավասարակշիռ» վերաբերմունքը կողմերի նկատմամբ պարզապես անընդունելի է, որ միջնորդներն էլ հասկանան` պետք է օբյեկտիվ գնահատական տան Ադրբեջանի կեցվածքին, այլապես նման «հավասարակշիռ» վերաբերմունքով մեղսակից են դառնում Ադրբեջանի սադրանքների քաղաքականությանը:
Իսկ հանդիպումից հետո Ադրբեջանի ԱԳՆ-ն, կարծես ոգևորվելով, որ իր արարքների համար պատասխան չի տալիս, սկսեց քարոզչամիջոցների մակարդակով ակնարկել, թե իբր բանակցություններն ընթացել են Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքի գերակայությայն տրամաբանությամբ: Ադրբեջանի ԱԳՆ-ի մամուլի խոսնակ Էլման Աբդուլաևը, ըստ ադրբեջանական APA գործակալության, հայտարարել է, թե «Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունների հիմքը Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնումն է»:
Ահա թե ինչ է նշանակում, երբ քեզ վրա կրակում են, խախտում խաղաղ ազգաբնակչությանդ անդորրը, սպանում զինվորիդ, բայց նորից վազում ես «բանակցությունների», նորից այդ բանակցությունների մանրամասները սեփական ժողովրդիդ չես ներկայացնում: Արդեն քանիերորդ անգամ նույն սցենարն է կրկնվում: Իհարկե, ադրբեջանական կողմն ակնհայտորեն ստում է: Բայց ուշագրավ է նաև մեր ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանի պատասխանը ֆեյսբուքով.
«Հունվարի 24-ին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման մասին Ադրբեջանի ԱԳՆ-ի տարածած տեղեկատվությունը չի համապատասխանում կայացած բանակցությունների բովանդակությանը: Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ ադրբեջանական կողմն ինքն իր հետ է բանակցել` ասելով իր սրտի ուզածը, ինքն իր համար ինչ-որ լուծումներ առաջարկել և այդ ամենը փորձում է ներկայացնել որպես բանակցությունների բովանդակություն…»,- իր էջում գրել է Բալայանը:
Այսպիսով, ամենևին հստակ չէ, թե ինչ տվեց այդ հանդիպումը հայկական կողմին: Այնինչ վաղուց արդեն ժամանակն է, որ Հայաստանի դիվանագիտությունը լինի նախաձեռնողական, ոչ թե բավարարվի միայն բանակցային գործընթացով, այլ քայլեր ձեռնարկի ԼՂ միջազգային ճանաչման ուղղությամբ, միջազգային հանրությանը սկսի ստիպել ճանաչել ազգերի ինքնորոշման սկզբունքի գերակայությունը մնացած սկզբունքների նկատմամբ և այլն: Այդ դեպքում սայլը տեղից կշարժվի: Թե չէ դարձել ենք դիվանագիտական էթիկայի անժամկետ պատանդները:
Գևորգ ԱՎՉՅԱՆ
Առնվազն երկու կետով թուրքերի ակնկալիքները չարդարացան. Անդրանիկ Իսպիրյան
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանն անդրադարձավ Ֆրանսուա Օլանդի Թուրքիա կատարած այցին ու հայտարարություններին: Ըստ նրա՝ մինչև Օլանդի Թուրքիա կատարած այցը, այդ երկրում ակնկալում էին, թե այցն առնվազն երեք կետով օգտակար կլինի Թուրքիային: Մասնավորապես ակնկալում էին, որ Ֆրանսիան կաջակցի իրենց ԵՄ անդամակցության հարցում, ինչպես նաև պրոթուրքական դիրքորոշում կարտահայտի թուրք-հայկական հարաբերությունների մասին և, ի վերջո, կնպաստի թուրք-ֆրանսիական լարված հարաբերությունների բարելավմանը: «Առնվազն երկու կետով թուրքերի ակնկալիքները չարդարացան: Օլանդը պրոհայկական դիրքորոշում ցույց տվեց, ինչպես նաև որևէ զիջում չներկայացրեց Թուրքիայի ԵՄ անդամակցության հարցում», – ասաց թուրքագետը՝ չհերքելով, որ խորքում Օլանդի հայտարարությունը կարող է ուղղված լինել նաև սեփական վարկանիշի բարձրացմանը, քանի որ Ֆրանսիայում հայկական համայնքը շատ ազդեցիկ է և կարող է նպաստել Օլանդի՝ այս պահին բավական ընկած վարկանիշի բարձրացմանը:
Այնուամենայնիվ Օլանդի հայտարարությունը, թե Թուրքիան պետք է առերեսվի պատմությանը, տեսանելի ազդեցություն ունեցավ: Ըստ Անդրանիկ Իսպիրյանի՝ հայտարարությունը իջեցրեց թուրքերի մերժողական հռետորաբանությունը, որը վերջին շրջանում շատ էր տարածվել: Դա նկատվեց նաև Գյուլի հայտարարության տեքստում, որին Անդրանիկ Իսպիրյանը տվեց «հուսահատական» բնորոշումը:
«Կասկադը վաճառվել է ամենաքիչը 4 անգամ ավելի էժան». Հրանտ Բագրատյան
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանն իր ֆեյսբուքում անդրադրաձել է Որոտանի կասկադի վաճառքին: Նա մասնավորապես գրել է.
«Քիչ առաջ հայտնի դարձավ, ՀՀ կառավարությունը 180 մլն դոլարով վաճառել է Որոտանի կասկադը (ավելի քան 500 մեգավատ)։ Տպավորություն ունեմ, որ սա արվել է բացառապես ամերիկացիների «բարկությունը» մեղմելու համար։ Կառավարությունը սրանից Հայաստանին զրկեց սեփական էներգետիկայից։
Կասկադը վաճառվել է ամենաքիչը 4 անգամ ավելի էժան։ «Քոնթուր գլոբալ հիդրոկասկադը» առաջիկա 6 տարիներին 70 մլն կներդնի։ Ներեցեք, բայց առանց այդ ընկերության մենք 6 տարում նորմատիվներով ավելի շատ կներդնեինք ընկերության շահույթից։ Արդյունքում, առանց կասկածի, մի քանի տարի հետո այս համալիրը կվաճառվի մի քանի անգամ ավելի թանկ գնով։ Մեր կառավարությունը ուժեղ երկրների առաջ քծնելու (ավելի վաղ գերշահավետ պայմաններ էին տրամադրվել ռուսներին) բացառիկ հատկություններով է օժտված»,- նշել է Բագրատյանը։
Փոփոխություններ՝ ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունում
Հունվարի 28-ին ՀՀԿ երիտասարդական կազմակերպության (ԵԿ) նախագահ Կարեն Ավագյանը Վանաձորում հանդիպում ունեցավ ՀՀԿ Լոռու մարզային տարածքային երիտասարդական կազմակերպության անդամների հետ։
Հանդիպման ընթացքում Լոռու մարզային տարածքային երիտասարդական կազմակերպության նախկին նախագահ Տիգրան Բադոյանը ներկայացրեց մարզի երիտասարդական կազմակերպությունների նորընտիր ղեկավարներին, քննարկվեցին կազմակերպչական, կուսակցական հարցեր։
ՀՀԿ ԵԿ նախագահ Կարեն Ավագյանը երիտասարդ հանրապետականների հետ հանդիպման ընթացքում նշեց, որ ՀՀԿ-ն ամեն տարի նոր թափով ու նոր ծրագրերով է սկսում աշխատանքը, և 2013թ. վերջին խնդիր էր դրված կատարել որոշակի փոփոխություններ։ Ընդ որում, փոփոխությունների հարցը բարձրացրել էին հենց ՀՀԿ ԵԿ ներկայացուցիչները, այն է՝ թարմացնել, երիտասարդացնել կուսակցության տարածքային երիտասարդական կազմակերպությունները։
Կարեն Ավագյանն իր խոսքում կոչ արեց երիտասարդ հանրապետականներին շարունակել նվիրված աշխատանքը։ «Եթե չեղավ նվիրվածություն, պրոֆեսիոնալիզմ, ընկերական միջավայր, աշխատանքը չի ստացվի։ ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունն այսօր Հայաստանում ամենահզոր, ամենաազդեցիկ երիտասարդական կառույցներից է, ինչը հենց նվիրվածության արդյունքն է։ Մեզ վստահված է աշխատանքի բավականին մեծ ծավալ, ու պետք է ամեն ինչ անենք` այդ վստահությունն արդարացնելու համար։ Իսկ դրական արդյունքներ գրանցելու լավագույն ձևաչափն ընկերական և առողջ աշխատանքային մթնոլորտն է։ Եվ ես ուզում եմ, որպեսզի մեր այն ընկերները, ովքեր նոր են համալրում կուսակցական կառույցների ղեկավար պաշտոնները, հասկանան, որ կուսակցությունը բարեգործական կազմակերպություն չէ, որտեղ անդամագրվում են ինչ-որ բանի արժանանալու համար։ Կուսակցությունը միջավայր է, որտեղ յուրաքանչյուրը պետք է կարողանա ինչ-որ բան տալ»,- ասաց Կարեն Ավագյանը։
Կարեն Ավագյանը բարձր գնահատեց ՀՀԿ Լոռու մարզի տարածքային երիտասարդական կազմակերպության աշխատանքը՝ վստահություն հայտնելով, որ մարզի երիտասարդական կառույցների նորընտիր ղեկավարները կշարունակեն նույն արդյունավետությամբ աշխատել։
Հանդիպման ընթացքում ՀՀԿ ԵԿ նախագահը պատասխանեց լոռեցի երիտասարդներին հետաքրքրող հարցերին, քննարկվեցին առաջիկա ծրագրերը։ Հանդիպման վերջում Կարեն Ավագյանը Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանի կողմից շնորհակալագրեր հանձնեց ՀՀԿ Լոռու մարզային երիտասարդական կազմակերպության մի խումբ անդամների՝ երիտասարդական ոլորտում բարեխիղճ աշխատանքի համար։
ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն
Բանակում չծառայած, բայց մեդալներով պարգևատրված պաշտոնյաները
Այսօր ՀՀ բանակի կազմավորման 22-րդ տարեդարձն է: YerevanNeews.am-ն առանձնացրել է այն պաշտոնյաներին, ովքեր չեն ծառայել բանակում, սակայն պարգևատրվել են, օրինակ, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար», «Սպարապետ Վազգեն Սարգսյան», «Անդրանիկ Օզանյան», «Գարեգին Նժդեհ» և այլ նման մեդալներով: Այս ամենը տարօրինակ չէր թվա այն դեպքում , եթե Արցախյան պատերազմի բոլոր հերոսները նույնպես պարգևատրված լինեին նման մեդալներով, սակայն դա իրականում այդպես չէ: Վառ օրինակ է Դուշման Վարդանը, ով առաջին օրերից մասնակցել է պատերազմի, հակառակորդի կողմից վաստակել Դուշման մականունը, սակայն ոչ ՀՀ, ոչ ԼՂՀ –ի կողմից չի ստացել ազգային հերոսի կոչում: Վառ օրինակ է նաև Արկադի Տեր-Թադևոսյանը, ով միայն պարգևատրվել է առաջին աստիճանի Հայաստանի Հանրապետության Մարտական խաչ շքանշանով:
Շարունակությունը` սկզբնաղբյուր կայքում:
Հակառակորդի արձակած կրակոցներից վիրավորված 16-ամյա Լիանան մի քանի օրից կարող է քայլել
Հունվարի 23-ին հակառակորդի արձակած կրակոցներից վիրավորված այգեպարցի 16-ամյա Լիանան 3-4 օրից դուրս կգրվի հոսպիտալից: Այդ մասին Անկախ-ի թղթակցին տեղեկացրել է Բերդի հոսպիտալի պետ Էդուարդ Գրիգորյանը:
Գլխավոր բժշկի խոսքով` աղջկա վիճակն արդեն լավ է, նա մի քանի օր է` բժիշկների օգնությամբ կանգնում է, նաև փորձում` քայլել: Վիրահատության ընթացքում աղջկա ոտքերում տեղադրված ռետինե խողովակներն այսօր հանվել են: Եվ, ըստ բժիշկ Գրիգորյանի, մի քանի օրից Լիանան ինքնուրույն կարող է քայլել:
Հակառակորդը լռել է, երբ մեր դիրքապահնեը «նրանց պորտը տեղն են դրել»
«Դրանց պետք է վախեցնել, որ խելքները գլուխները հավաքեն». Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանի խոսքով` հունվարի 22-ին և 23-ին հակառակորդը լռել է, երբ մեր դիրքապահնեը «նրանց պորտը տեղն են դրել»: Այդ օրերի խիզախության և նաև Բանակի օրվա առիթով չինարեցիները շնորհավորում և շնորհակալություն են հայտնում մեր հենակետերում ծառայող բոլոր զինվորներին: Նրանք նախատեսում են այցելել «Մեհրաբ» զորամաս, որտեղ գյուղապետը պատվոգրեր կհանձնի զինվորներին:
Առավոտյան սահմանամերձ Չինարիում` «Արծիվ մահապարտ» հուշարձանի մոտ, հարգանքի տուրք է մատուցվել Հայաստանում ու Արցախում նահատակված բոլոր ազատամարտիկների հիշատակին: Իսկ սահմանամերձ Պառավաքար համայնքի ղեկավարի հետ տոնական հանդիպմանը մեր դիրքապահները սահմանային հենակետերից փոխանցել են, որ այս պահին Հայաստանի հյուսիսարևելյան սահմանին իրավիճակը հանգիստ է և վերահսկելի, մեր բանակայինները` պատրաստ հակառակորդի ցանկացած ոտնձգությանը տալու արժանի հակահարված: Ինչ վերաբերում է Վազաշեն-Պառավաքար ճանապարհին, ապա Պառավաքարի գյուղապետ Ռոլանդ Մարգարյանն Անկախ-ի թղթակցին հայտնեց, որ ճանապարհն այս պահին էլ, թեև երթևեկելի է, բայց ռիսկային է: Նախօրեին Տավուշից Երևան հիվանդ տեղափոխելիս գնդակոծված ճանապարհատվածն անցնելու հետ կապված դժվարություններ էին առաջացել: Ճանապարհը վերահսկող պաշտպանության նախարարության աշխատակիցները նախ արգելել էին անցնել վտանգավոր հատվածով, ապա երկար բանակցություններից հետո, երբ նրանց տեղեկացվել էր, որ հիվանդ են տեղափոխում, թույլատրվել էր անցնել:
Ազատագրելը հեշտ է, պահել այդ հաղթանակը` առավել դժվար. Վազգեն Մանուկյան
1988թ.-ի փետրվարին, միաժամանակ դրվեց և հանուն Արցախի պայքարի, և անկախ պետականության վերականգնման, և Ազգային բանակի ստեղծման սկիզբը : Հունվարի 28-ին Հայաստանի երրորդ հանրապետության բանակի տարեդարձն է : Չափահասության սահմանը հատած մեր բանակն իր կայացման ճանապարհին, մի քանի դժվարագույն և առանցքային փուլ է հաղթահարել: Մասնագետները բանակի անցած ուղին բաժանում են երեք փուլի` առաջին. 1988-ի փետրվարից 1992 թվականի մայիս, երկրորդ. 1992 թ.-ի հունիսից 1994 թվականի մայիս ընկած ժամանակաշրջանը և երրորդ. 1994 թվականի հունիսից մինչ այժմ: Իհարկե, որոշ փորձագետներ գտնում են, որ թևակոխել ենք արդեն 4-րդ փուլ:Հարցազրույց Վազգեն Մանուկյանի հետ է, որը 1992-93 թթ-երը եղել է պաշտպանության նախարար:
-Դուք պաշտպանության նախարար նշանակվեցիք թե բանակաշինության, և թե պատերազմական գործողությունների դժվարին և պատասխանատու ժամանակահատվածում, այդ ընթացքում ճակատագրական ի՞նչ լավ ու վատ որոշումներ են կայացվել, ինչու չէ նաև, նախքան ձեր պաշտպանության նախարար դառնալը:
-Նախ չմոռանանք, որ ազգային բանակի կայացման սկիզբը դրվեց, Սումգայիթի դեպքերից հետո, երբ այն հույսերը, որ կապել էինք խորհրդային բանակի հետ, չարդարացան: Պետք էր ունենալ պաշտպանական սեփական միջոցներ և սկսեցին ձևավորվել առաջին ջոկատները, դրանց հիմնական կառավարողը «Ղարաբաղ» կոմիտեն էր, հետո արդեն, ՀԱԲ-ը և այլ ջոկատներ: Ի՞նչ ունեցանք . անկանոն, իրար հետ միավորվել չցանկացող ջոկատներ և 1918 թվականի խմբապետերի մասին վատ հիշողություններ: Այդ պատկերն ինձ համար, որպես վարչապետի, լուրջ հիմք էր անկանոնից կանոնավոր ջոկատների անցման համար. առաջին հրամանը կառավարության եղավ 1990 թվականի սեպտեմբերին, ՄՀՕՋ-ի կազմում ստեղծել բանակատիպ մի ստորաբաժանում, բանակ կոչել այն չէինք կարող, քանի որ դեռ Խորհրդային միությունում էինք : Կոչ եղավ `հավաքագրել մարդկանց և պահանջ` զինաթափել նրանց, ով չէր ընդգրկվի այս ստոաբաժանման կազմում, անկեղծ ասած, մի քիչ շտապել էի, քանի որ, պոտենցիալ անդամներն այդ պահին դրսում էին: Արդեն 1991 թ.- մայիսի 4-ին ՀՀ կառավարության որոշմամբ ստեղծվեց պաշտպանության կոմիտեն: Ես առաջարկեցի, որ այն, Վազգեն Սարգսյանը ղեկավարի, ընդ որում, վարչապետ դառնալուց հետո, «Ղարաբաղ» կոմիտեի ջոկատների կառավարման լիազորություններս հանձնել էի Վազգենին, բայց նա հակառակվեց, քանի որ այդ ժամանակ նա Գերագույն խորհրդի պաշտպանության հանձնաժողովի նախագահն էր, որը զինվորականների հետ խոսելու պետական կարգավիճակ էր տալիս, իսկ կոմիտեն, թեև ստեղծվել էր կառավարության կողմից, բայց ԽՍՀՄ օրենքների տրամաբանության շրջանակում համարվում էր անօրինական, և ես այդ պաշտոնն առաջարկեցի Վահան Շիրխանյանին: Երբ արդեն 92-ին, պառլամենտականից անցանք նախագահական իշխանության, ստեղծվեց պաշտպանության նախարարությունը, սակայն դեռ կանոնավոր բանակ չունեինք. Շուշիի ազատագրմանը միայն ջոկատներ են մասնակցել, Շուշիի հաղթանակից հետո, ըստ էության, ունեցանք կանոնավոր զինուժ. որոշվեց ստեղծել միաժամանակ 2 կանոնավոր բանակ` ռազմական փորձ ունեցող տղամարդկանց բրիգադաների կազմավորմամբ, ընդ որում` պրոֆեսիոնալ բանակին զինվորագրվածները աշխատավարձ էին ստանում, վերջ ի վերջո, տարիներ շարունակ կամավոր լինելով և հայրենասիրությամբ ընտանիք պահել չես կարող, ավելին ասեմ, մենք Ռուսաստանի համեմատությամբ, 1,5 անգամ բարձրացրեցինք, այսպես ասած` աստղի դիմաց տրվող գումարը, որովհետև ՌԴ-ում 400 կադրային զինվորական ունեինք, որոնք պատրաստ էին գալ Հայաստան և մասնակցել բանակաշինության գործին, եթե ընտանիքը պահելու խնդիր չլիներ, արդյունքում`շատերը եկան, բայց հիմա էլ այլ խնդրի առջև կանգնեցինք. կադրային զինվորականների և ֆիդայիների միջև «հակամարտություն» սկսվեց, սրա մեջ շատ չեմ խորանա, բայց մեզ հաջողվեց հարթել տարաձայնությունը: Փաստորեն, պատերազմական դժվարին իրավիճակում, մեզ միաժամանակ հաջողվեց ունենալ և ապագայի բանակ,և ազատագրական պայքար մղող կանոնավոր զինուժ, ի դեպ, 18 տարեկան զինվորները մարտի չէին ուղարկվում, միայն ծայրահեղ դեպքերում, հիմնական ողջ ծանրությունը պրոֆեսիոնալների ուսերին էր: Ինչ վերաբերում է իմ պաշտոնավարման ընթացքում` պատերազմի դաշտում, մեր ունեցած հաղթանակներին, ապա պիտի ասեմ, որ ճակատագրական լուրջ հաջողություններ ենք ունեցել. Կապանի օպերացիան, որի արդյունքում, մեզ հաջողվեց առաջ գալ և 140 կմ-ով լայնացնել տարածքը` լեզվակը վերցրեցինք, Քելբաջարի (Քարվաճառ) ազատագրումը, Մարտակերտի հետգրավումը, եթե չլիներ Քելբաջարի հաղթանակը, մենք չէինք կարող պահել Մարտակերտը, Քելբաջարի ազատագրումը, ոչ միայն հնարավորություն տվեց պաշտպանել Մարտակերտը, այլև` կրճատել ռազմաճակատի գիծը . մի ամբողջ տարածքի փոխարեն, մենք վերևում մի փոքր տարածք էինք պաշտպանում, սա նաև կոտրեց ադրբեջանական բանակի ողնաշարը. նրանք բարոյալքված էին և մենք ինչքան ուզես, կարող էինք առաջ գնալ: Այս հաղթանակը կերտեցինք Արցախի ջոկատների հետ միասին, ես երբեք չեմ տարանջատել Հայաստանի և Արցախի ջոկատները: Սա բոլորիս հաղթանակն էր:
-Պարոն Մանուկյան, իսկ ի՞նչ կասեք կորուստների մասին, որ ունեցանք Շուշիի, Լաչինի (Քաշաթաղ) հաղթանակներից հետո և ինչպես արցախյան պատերազմի մասնակիցներից ոմանք պնդում են.«Մեր մեղքով»:
-Այո’, Շուշիի, Լաչինի փայլուն ու անհավանական հաղթանակներից հետո կորցրեցինք Շահումյան, Մարտակերտ. թշնամին առաջ էր գալիս, Վազգենը մահապարտների ջոկատ հավաքելու կոչ արեց, հուսահատված պահի կոչ, այն, իհարկե, դեր խաղաց. մի քանի օր հնարավոր եղավ պահել հակառակորդի հարձակումն ու առաջխաղացումը: Արծվաշենը, որի կորստի համար, հետո Վազգեն Սարգսյանին էին մեղադրում, մենք, իրոք, պաշտպանելու հնարավորություն չունեինք, այլ հարց էր, որ պետք էր լինել առավել ազնիվ և արծվաշենցիներին ասել.«Մենք ձեզ չենք կարող պաշտպանել» և ժողովրդին տարհանեին, որպեսզի մարդկային և նյութական կորուստներ չունենայինք: Արծվաշենը հետո կարող էինք վերցնել, բայց պահել` ոչ, դրա համար մենք ստիպված պիտի լինեինք առաջ գնայինք, մտնեինք, հակառակորդի կողմից էլի որոշ տարածքներ վերցնեինք, ահնար էր: Առհասարակ, ազատագրելը հեշտ է, պահելն այդ հաղթանակը` առավել դժվար, ուստի ազատագրման ժամանակ, սա է հաշվի առնվում : Օրինակ` Մարտունին, որտեղ հրամանատարը Մոնթեն էր, դաշտավայր էր, կարող էինք առաջ գնալ, բայց պաշտպանել դա` ոչ: Հիշում եմ, Մոնթեն միշտ իր տղաների առջից էր գնում, ես ասում էի. «Մոնթե՛, առջևից մի գնա, գիտենք, որ խիզախ ես», իսկ նա պատասխանում էր.
«Ամեն վայրկյան պիտի ապացուցես խիզախությունդ, թե չէ, ինչպես պիտի լինի, ինչպես պիտի ոգևորես զինվորիդ»:
Ես դա ասում էի, որովհետև գիտեի, որ Մոնթեն զոհվի, ամեն հաջողություն կորցնելու ենք և այդպես էլ եղավ. մենք մի քանի կմ առաջ էինք գնացել և բարձրունքի վրա պաշտպանական գիծ կառուցել, Մոնթեն խփվեց և մենք րոպեների ընթացքում կորցրեցինք այդ առավելությունը: Իսկ Գետաշենը կորցնելու ժամանակ ես վարչապետ էի, իսկ երկիրը` ԽՍՀՄ-ի տիրապետության տակ, Գետաշենին հարվածեց ոչ թե Ադրբեջանը, այլ` խորհրդային բանակը, իսկ նրանց դեմ զինված պայքարն անհեթեթ կլիներ: Գետաշենի կորուստը ռազմական հարց չէր, այլ` քաղաքական:
-Խոսեցինք կորուստներից, երբեմն կարծիքներ ենք լսում, որ ՀՀ առաջին նախագահի մեղքով, մենք տարածքներ կորցրեցինք, թե որոշ տարածքներ էլ Լևոն Տեր Պետրոսյանից գաղտնի են ազատագրվել, ի՞ նչ կասեք այս մասին:
-Ես հիմա, չեմ ուզում ասել, գնահատականներ տալ այս կամ այն տարածքի ազատագրման հետ կապված, բայց մի բան կասեմ` Լևոն Տեր-Պետրոսյանը ներքին համոզմունք ուներ, որ ադրբեջանցիներին չենք կարող հաղթել. խորհրդային բանակից Հայաստանում մնացել էր 500 վագոն զենք, Ադրբեջանում` 10.000 և սա հիմք էր տալիս Լևոն Տեր Պետրոսյանին մտածելու, որ մենք պարտվելու ենք, իր շրջապատի մարդիկ սրան հավատում էին, ես` հակառակում էի համոզված: Ընդհանրապես, բանակի ուժը չափվում է 2 գործոնով`1. ազգային եկամուտ, ռազմական բյուջե, զինամթերքի և բնակչության քանակ, 2. բնակչության համախմբվածություն, վստահություն դեպի հաղթանակը, հոգեբանական պատրաստվածությունն ու տրամադրվածությունը: Առաջին նախագահը, հիմք էր վերցնում առաջին գործոնը, ես` երկրորդ և պարզվեց չէի սխալվում: Ի՞նչ էր առաջարկում Լևոն Տեր-Պետրոսյանը. «Դադարեցնել պայքարը, բանակցությունների միջոցով լուծել հարցը», սա ճիշտ չէր, որովհետև հակառակորդը մեզ հանգիստ չէր թողնելու. հիշենք Ալիևի հայտարարությունը, թե կնոջ հետ գալու է ու Սևանում լողանա: Խաղ կա, որ չարժի խաղալ, բայց եթե մտել ես խաղի մեջ, չպետք է հետ քաշվել, մինչև չհաղթես, եթե մենք կես ճանապարհից հետ գնայինք, մենք ՀՀ տարածքներ էինք կորցնելու:
-Պարոն Մանուկյան, նորից անդրադառնանք բանակաշինությանը, այսօր շատ է խոսվում, թե պետք է հրաժարվենք ռուսական բանակի «կնիքից», որ մեր բանակը ազգային մենթալիտետին համահունչ չէ և որ , ի սկզբանե, պետք էր ազգային բանակ ստեղծվեր: Դուք կիսո՞ւմ եք այս տեսակետը:
-Մենք քննարկումներ արեցինք. ստեղծել ՆԱՏՕ-ական, թե՞ ռուսական բանակ: Որոշվեց երկրորդ տարբերակը, և հակառակը հնարավոր էլ չէր, ի վերջո մեր սպաները խորհրդային բանակի փորձն ու գիտելիքն ունեին, և մենք ստեղծեցինք ռուսական կամ խորհրդային բանակի կառուցվածքով ազգային բանակ, պատերազմի ժամանակ ու երբ դու ինքդ չես պատրաստում «ազգային սպաներ», խոսել այլ համակարգային տարբերակի մասին անիմաստ էր: Չեմ կարող ասել, որ ռուսական դպրոցն անցած սպաները պակաս հայրենասեր էին, Արցախի պատերազմն անցած ֆիդայիներից՝ սովետական մտածողություն ունեին, բայց քարոզչություն տարվում էր: Պիտի ասեմ, որ մենք մեծ իմաստով չենք տուժել, ընդօրինակելով ռուսական բանակի կառուցվածքային սխեման: Հիշում եմ , ըստ այդ սխեմայի, պիտի ունենայինք խողոկաշար անցկացնող բատալիոն, սկզբում մտածում էինք, ինչներիս է պետք, բայց հետո, այդ ստորաբաժանումն օգնեց նավթ տեղափոխել: Ինչ վերաբերում է, թե խորհրդային բանակից ժառանգել ենք չգրված օրենքներ` կաշառակերություն, «դեդավշինա», համաձայն չեմ, այդ երևույթները բոլոր բանակներում էլ կան, սա անհատի ներքին համոզմունքների, դաստիարակության հարց է, դրա դեմ իհարկե պետք է պայքարել: Ավելին ասեմ` ես միշտ կողմ եմ եղել և հիմա էլ պնդում եմ, որ 18 տարեկանը լրանալուց հետո, բոլորը զորակոչվեն, ծառայեն 1,5 տարի, բանակում նրանց լավ կրթեն, ծառայությունից հետո, նրանց համար պիտի ապահովվի բարձրագույն անվճար կրթություն, այլապես այսօր, կրթական համակարգը վնասում է բանակին. պետպատվերի տեղերը կրճատում են, «փողի», ոչ թե մտքի ընտրյալները անվճար ԲՈՒՀ են ընդունվում, իսկ ապագա գիտնականները դուրս են մնում, որոշ բացառություն կարող է լինել երաժիշտների, մաթեմատիկոսների և ֆիզիկոսների համար, այն էլ, եթե ինչ-որ գյուտի ստեղծմամբ է զբաղված:
Հյուսիսարևելյան սահմանը կրկին կրակոցների տակ է. կա մեկ վիրավոր (լրացված)
Իրավիճակը շարունակում է լարված մնալ Հայաստանի հյուսիսարևելյան սահմանին: Արդեն մեկ ժամ է` հակառակորդը գնդակոծում է Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի` Այգեպարի, Ներքին Կարմիրաղբյուրի, Մովսեսի և Չինարիի ուղղությամբ:
Պառավաքարի գումարտակի հրամանատար Դավիթ Անիկյանը Անկախի թղթակցին հայտնեց, որ 16-ամյա դուստրը` Լիանան, Այգեպարի իրենց տանը նստած ոտքին ստացած հրազենային կրակոցից քիչ առաջ վիրավորվել է, և շտապ տեղափոխել են Բերդի հոսպիտալ:
Հոսպիտալի բժիշկ Ցոլակ Մելիքյանը հայտնեց, որ այս պահին աղջկան վիրահատում են:
Մինչ այդ Ներքին Կարմիրաղբյուրի գյուղապետ Մանվել Կամենդատյանը Անկախի թղթակցին հայտնել էր, որ այս պահին, անվտանգության նկատառումներից ելնելով, անջատված են գյուղի բոլոր լույսերը, մարդիկ պատսպարված են տների առաջին հարկերում: Գյուղապետը նշեց, որ տնից դուրս գալը ռիսկային է:
Հայկական կողմը պատասխանում է հակառակորդի կրակոցներին: Գյուղապետի խոսքով` կրակոցներն այսօր ավելի ուժգին են. նախօրեին մեծմասամբ դիրքերի, հիմա` գյուղի ուղղությամբ է:
Սահմանամերձ համայնքների ղեկավարների հետ հեռախոսազրույցում կրակոցների ձայնը լսելի էր: Մովսես գյուղի ղեկավարն էլ հայտնեց, որ հակառակորդի թիրախում հատկապես Հոնուտ կոչվող թաղամասն է. “Կրակոցները հասնում են անգամ գյուղի կենտրոն, գրասենյակ, ամեն դեպքում խուճապ չկա, մարդիկ իրենց տներում են, տարհանման խնդիր չկա”,-նկատեց նա:
Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանը տեղեկացրեց, որ ինքն ու գյուղի երիտասարդներն այս պահին համայնքի կենտրոնում, ապահով տեղ կանգնած զրուցում են` փորձելով կատակներով խլացնել գյուղի ուղղությամբ կրակահերթի ձայնը:
Հենց նոր վիրավորի հայրը տեղեկացրեց, որ վիրահատությունը բարեհաջող է անցել, գնդակը ոտքից հանել են, երեխայի վիճակը լավ է:
Ադրբեջանական կողմը կապիտան է կորցրել
ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյան իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Ադրբեջանական կողմը կապիտան է կորցրել, …..ինչպես և ասում էինք»։
Հիշեցնենք, որ հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը` ժամը 23:50-ից մինչեւ 00:15-ի սահմաններում, ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի հյուսիսարեւելյան (Ջրաբերդ) եւ հարավարեւելյան (Կորգան) ուղղություններում ադրբեջանական կողմը դիվերսիոն խմբերի ներթափանցման միաժամանակյա փորձեր էր կատարել, որի ընթացքում իր առջեւ դրված մարտական խնդիրը հերոսաբար կատարելու ժամանակ զոհվել էր կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը:
Ադրբեջանը, որպես կանոն, թաքցնում է իր կողմից զոհեր և վիրավորներ լինելու փաստը, սակայն որոշ ժամանակ անց անուղղակի ճանապարհներով դրանք հայտնի են դառնում:
Կարդացեք նաև`
Ալիևն այլևս անհույս է…
ՄԻԱԿ քարտուղար Գերասիմ Բարսեղյանն իր ֆեյսբուքյան գրառման մեջ անդրադարձել է նախօրեին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարությանը, թե ներկայիս Հայաստանը Ադրբեջանի պատմական տարածքն է, որի հետվերադարձը պատմական արդարության հաղթանակ կլինի:
Օգտատերը գրել է.
«Ակնհայտ է, որ մեր հարևան երկրի ղեկավար, նորահայտ բռնապետ կրտսեր Ալիևի բոլոր ախտերին արդեն ավելացավ եվս մեկը` անմեղսունակությունը: Սա այն դեպքն է, երբ մարդն ադեկվատ չէ իրավիճակին, խառնում ու նենգափոխում է փաստերը, աղավաղում ու խեղաթյուրում է իրականությունը, այլ կերպ ասած, ծայրաստիճան անլրջանում է, ում երբեմն կարելի է նույնիսկ խղճալ:
Այս պարագայում տրամաբանական հարց է ծագում. արդյոք պե՞տք է շարունակել երկխոսել արդեն անմեղսունակության շատ կոնկրետ համախտանիշով տառապող մեկի հետ, ով հայտարարում է, որ ներկայիս Հայաստանը Ադրբեջանի պատմական հողերն են: Պատասխանն այս պարագայում կարծում եմ` միանշանակ մերժողական պետք է լինի: Նրանք, ովքեր պնդելու են հակառակը, արդյոք կարո՞ղ են հիմնավորել, թե ինչի շուրջ պետք է շարունակվի երկխոսությունը: Այս դեպքում էլ կարող են լինել մարդիկ, ովքեր կհայտարարեն, թե իրականում այս կարգի հայտարարություններն ավելի շատ ներքին լսարանին են ուղղված և նմանօրիանակ այլ ժամանակավրեպ հիմնավորումներով կփորձեն «փափուկ բարձ դնել գլխներիս տակ», բայց դրանք ակնհայտորեն զուր ջանքեր են:
Իսկ, այնուամենայնիվ, նման հիվանդ երևակայության արգասիք հանդիսացող զառանցանքներով ինչի՞ է ուզում հասնել Ալիևը: Հարցը գնալով հռետորական է դառնում, քանի որ, գրեթե վստահ կարելի է լինել, որ ինքն էլ չի հասկանում իր ուզածը: Իսկ, գուցե ուզում է մեզ հավասարակշռությունից հանել և դրդել իռացիոնալ քայլերի՞, ո՞վ իմանա նման հոգեվիճակի մեջ գտնվող մարդկանց իրական ցանկությունների մասին…»:
«Կողմնակից չէ նաև բանավեճի մեջ ինքնամոռաց մխրճվելու երևույթին». Արման Սաղաթելյանը` ՀՀ նախագահի վերաբերմունքի մասին
«Ինչպե՞ս է Սերժ Սարգսյանը վերաբերվում Ռոբերտ Քոչարյան եւ Տիգրան Սարգսյան հեռակա բանավեճին: Ո՞ր մեկի փաստարկներն է նա առավել համոզիչ ու հիմնավոր համարում»: Պատասխանելով «Առավոտի» այդ հարցին ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Արման Սաղաթելյանը ուղարկել է հետեւյալ պատասխանը. «Ցանկացած բանավեճի, եթե դա, իհարկե, իրականությունը տարբեր կողմերից դիտարկելու, ինչ-որ բան բարելավելու կամ ավելի արդյունավետ դարձնելու նպատակ ունի, ՀՀ Նախագահն անշուշտ դրական է վերաբերում: Միաժամանակ նա անարդյունավետ է համարում անցյալից կառչած ու անցյալում մնացած երևույթների մասին ինքնանպատակ բանավեճը, կողմնակից չէ նաև բանավեճի մեջ ինքնամոռաց մխրճվելու երևույթին: Կողմ է հանգիստ, հավասարակշռված ու ոչ էմոցիոնալ քննարկմանը, որը խնդիրներ լուծելու նպատակ է հետապնդում: Սա, ինչ վերաբերում է բանավեճին ընդհանրապես»:
Ամբողջական հոդվածն` այստեղ :
«ՀՀԿ-ականներին՝ իրենց վարքագծով, երբեմն նմանեցնում եմ մահմեդականների». Արման Մուշեղյան
«ՀՀԿ-ականներին՝ իրենց վարքագծով, երբեմն նմանեցնում եմ մահմեդականների վարքագծին:
Մահմեդականները, երբ երկրորդ մահմեդականը չկա ու իրենց հետևող չկա, և՛ խմում են, և՛ խոզի միս են ուտում, և՛ մնացած մեղքերը գործում: Չնայած կան և մոլի հավատացիալներ, ովքեր իրենց հավատքով փորձում են օրինակ ծառայել մյուսներին և հավատքի բերել:
ՀՀԿ-ականներն էլ, երբ չկան վկաներ, նրանք ամենաթունդ ընդդիմադիրից էլ ընդդիմադիր են: Բայց ՀՀԿ-ում, ի տարբերություն իրական հավատացիալ մահմեդականների, կուսակցության գաղափարին հավատացողներ ու հետևողներ չկան: Այստեղ չկա անկեղծություն, ազատություն: Հիմնականում նյութապաշտներ են, կարիերիստներ, իշխանամոլներ, և ծառայում են անձին կամ անձերի, այլ ոչ թե կուսակցության գաղափարին: Չնայած ՀՀԿ-ում էլ կան կարգին «հավատացյալներ»: Ողղակի իրենք այնքան շատ չեն, իշխող դիրքերում չեն և այդքան ուժ չունեն, որ «դարձի» բերեն մնացածին:
Չնայած հույս կա, որ եթե դրսից չստացվի հեղափոխել, ապա գոնե ներսից կստացվի փոփոխությունների հասնել»:
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի պատասխանները 2013թ. ԱԳՆ գործունեության ամփոփմանը նվիրված ասուլիսին հնչած հարցերին
-«Արմենպրես». Շնորհակալություն, «Արմենպրես» լրատվական գործակալություն: Հասմիկ Հարությունյան: Պարո՛ն նախարար, հարցս վերաբերում է Մադրիդյան սկզբունքներին: Կազանում, երբ միջնորդները ներկայացրին փաստաթուղթը, որը մերժեց Ադրբեջանը, աչդյո՞ք այդ կերպ Մադրիդյան սկզբունքներն անցան, այսպես ասած, պատմության գիրկը, և կա՞ն արդյոք հակամարտության կարգավորման նոր սկզբունքներ, որոնց հիման վրա շարունակվում են բանակցությունները: Շնորհակալություն:
– Էդվարդ Նալբանդյան. Հիմնարար սկզբունքները, որոնք ներկայացվել են եռանախագահների կողմից, մնում են բանակցությունների սեղանին: Եռանախագահող երկրները բազմիցս կոչ են արել կողմերին` արագացնել պայմանավորվածության ձեռքբերումը հիմնարար սկզբունքների շուրջ: Դրանք հիմնված են ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, իրավահավասարության և ինքնորոշման ու տարածքային ամբողջականության սկզբունքների վրա։ Էնիսկիլենում 2013թ. Մեծ ութնյակի գագաթաժողովի շրջանակներում Ռուսաստանի, Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի նախագահների կողմից ընդունված Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հայտարարությունում, և դա անցյալ տարվա Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ կարևորագույն փաստաթղութն է, կոչ է արվում վերահաստատել հավատարմությունը, հանձնառությունն այդ սկզբունքներին:
Եվ, ինչպես դուք գիտեք, ի տարբերություն Ադրբեջանի, Հայաստանն անմիջապես վերահաստատեց իր հավատարմությունն այդ սկզբունքներին:
Ուրիշ բան է, որ Ադրբեջանն ապարդյուն փորձեր է շարունակում անտեսել թե՛ այդ սկզբունքները, թե՛ եռանախագահների կողմից կոչերը: Դրա վառ օրինակն է, որ 2013թ. Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության գործունեության ամփոփման մեջ, որը ներկայացվել է մի քանի օր առաջ մամուլին, որևէ խոսք չկա Էնիսկիլենում ընդունված հայտարարության վերաբերյալ։ Այնպիսի տպավորություն է, որ Ադրբեջանը ձևացնում է, թե ամենակարևոր փաստաթուղթը ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ, որը ընդունվել է անցյալ տարի միջնորդության միջազգային մանդատ ունեցող երկրների կողմից, ընդհանրապես գոյություն չունի։
Չնայած այդ բոլորին, իհարկե, գիտեք, բանակցությունները շարունակվում են, որովհետև բանակցային գործըթնացին այլընտրանք չկա: Վաղը ես մեկնում եմ Փարիզ, որտեղ հանդիպում կլինի եռանախագահների հետ, իսկ հաջորդ օրը նաև նախատեսված է հանդիպում Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Մամեդյարովի հետ:
-«Ինտերֆաքս» գործակալություն. Հովհաննես Քոսյան: Պարո՛ն նախարար, այս օրերին կարծիքներ են հնչում, որ Վրաստանի և Իրանի հետ Հայաստանի հարաբերություններում որոշակի լարվածություն կա: Ինչպե՞ս կմեկնաբանեք դա: Սա առաջինը: Եվ երկրորդը` վերջերս առաջարկություն հնչեց վերանվանել Հայաստանի Հանրապետությունը Արևելյան Հայաստանի Հանրապետության: Ձեր արձագանքը:
–Էդվարդ Նալբանդյան. Ինչ վերաբերում է մեր հարևան երկրներին` Վրաստանին և Իրանին, ապա Հայաստանը 2013թ. շարունակել է բարիդրացիական սերտ համագործակցությունն այդ երկրների հետ։ Չնայած և՛ Հայաստանում, և՛ Վրաստանում, և՛ Իրանում նախագահական ընտրությունների տարի էր 2013 թվականը, բավական ինտենսիվ փոխայցելություններ կայացան:
Գիտեք, որ վարչապետ Իվանիշվիլին առաջին իր այցելություններից մեկը կատարեց Հայաստան, և այդ այցելությունը բավական հագեցած էր, բովանդակալից և արդյունավետ: Կայացել է նաև Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների նախագահների հանդիպումը: Բազմաթիվ փոխայցելություններ են կատարվել նախարարական մակարդակով:
Արտաքին գործերի նախարարն է այցելել Թբիլիսի և Վրաստանի արտգործնախարարը` Երևան։ ԱԳ նախարարների միջև մի շարք հանդիպումներ են կայացել միջազգային կառույցների, համաժողովների շրջանակներում: Պաշտպանության նախարարներն են փոխայցելություններ կատարել, էներգետիկայի նախարարները, մշակույթի նախարարները և այլն: Այս շարքը կարելի է շարունակել։ Արտաքին գործերի նախարարը և էներգետիկայի նախարարը Թբիլիսիում էին գտնվում նորընտիր նախագահ Մարգվելաշվիլիի երդմնակալությանը, և այդ ժամանակ նաև հանդիպումներ կայացան նախագահի և վարչապետի հետ։
Նախագահ Մարգվելաշվիլին ունի Հայաստանի Հանրապետության Նախագահի հրավերը, և մենք սպասում ենք, որ մոտակայում կկայանա Վրաստանի Հանրապետության նորընտիր նախագահի այցելությունը Հայաստան:
Ինչ վեչաբերում է Իրանին, չնայած ընտրություններ էին, բայց տարին բավական հագեցած էր: Հայաստանի Հանրապետության նախագահը հանդիպում ունեցավ Թեհրանում նորընտիր նախագահ Ռոհանիի հետ, մասնակցեց նորընտիր նախագահի երդմնակալությանը։ Իրանի արտգործնախարարն էր այցելել Երեևան, ես ացյելեցի Թեհրան: Արտգործնախարարների միջև բազմաթիվ հանդիպումներ են կայացել տարբեր միջազգային ֆորումների և կոնֆերանսների շրջանակներում:
ՀՀ Էներգետիկայի նախարարը, որը նաև ղեկավարում է հայկական պատվիրակությունը միջկառավարական հանձնաժողովում, այցելել է Իրան, իր գործընկերն է եկել Հայաստան:
Մոտակայում` մի քանի շաբաթից, նախատեսված է միջկառավարական հանձնաժողովի նիստը, որը պետք է կայանա Թեհրանում։ Նախատեսված է արտաքին գործերի նախարարի պաշտոնական այցելությունը Թեհրան: Այսպես կարելի է բավական երկար շարունակել:
Դրա համար ինչ-որ ասեկոսեներ, թե խնդիրներ, չգիտեմ ինչեր կան…: Միգուցե այդ մարդիկ պրոբլեմներ ունեն ըմբռնման իմաստով։
Ինչ վերաբերում է պարոն Աշոտյանի հայտարարությանը, պարոն Աշոտյանն իր կարծիքն է հայտնել: Ամեն մարդ կարող է անձնական կարծիք ունենալ: Կառավարությունում այդպիսի հարց չի քննարկվել և չի քննարկվում:
– Արամ Արարատյան (Մեդիամաքս). Եթե հնարավոր է` երկու հարց: Ուրեմն առաջինը` վերջերս քննադատական խոսքեր հնչեցին առ այն, որ Հայաստանը մեկուսացման մեջ է, կամ որ այցելելով այս ու այն հեռավոր և Հայաստանին գուցե ոչ այդքան մոտիկ երկիր` մենք հրահրում ենք Թուրքիային և Ադրբեջանին ավելի ակտիվ գործողությունների: Ի՞նչ կպատասխանեք այդ առումով: Եվ երկրորդը` հաջորդ տարի աշխարհը կնշի ցեղասպանության 100-րդ տարելիցը: Այդ կտրվածքով սպասու՞մ եք Թուրքիայից ինչ-որ գործողություններ, կամ ինչ որ ազդակներ տեսնում եք, խոսել եք Դավութօղլուի հետ Ձեր հանդիպման ժամանակ, բայց այնուամենայնիվ զգու՞մ եք իրենց կողմից դիրքորոշման փոփոխություն կարո՞ղ է լինել թե ոչ: Շնորհակալություն:
Պատասխան– Քննադատություններին ես միշտ բավական ուշադրությամբ եմ վերաբերում, հարգանքով։ Տարբեր կարծիքներ արտահայտելը լավ երևույթ է, և պետք է հարգանքով վերաբերվել: Բայց իհարկե, ոչ միշտ է, որ քննադատողները իրավացի են լինում:
Ես ասացի այս տարվա այցելությունների մասին, մանրամասն կարող եք տեսնել հաշվետվության մեջ մեր կայքում։ Բայց եթե նայեք ասենք 2008 թվականից, ապա Հայաստան է այցելել 40 պետության և կառավարության ղեկավար, Հայաստանի Հանրապետության նախագահը 100-ից ավելի այցելություններ է կատարել արտերկիր, Հայաստան է այցելել 120 արտգործնախարար և միջազգային կազմակերպության ղեկավար: Հայաստանի արտգործնախարարը 200-ից ավելի այցելություն է կատարել: Ստորագրվել է շուրջ 500 միջազգային պայմանագիր: Բացվել է 15 նոր դեսպանություն:
Արդյո՞ք սա նշանակում է մեկուսացում:
Իհարկե լսել եմ այն կարծիքները, որ պետք չէ գնալ մի երկիր, որովհետև դա կարող է հրահրել ինչ որ երրորդ երկրի` ակտիվացնել հարաբերություններն այդ այցելած երկրի հետ: Մինչև նման քննադատություն հնչեցնելը, կարծում եմ ճիշտ կլինի ծանոթանալ այդ երրորդ երկրի և այցելած երկրների միջև հարաբերությունների ինտենսիվությանը, ակտիվությանը և մակարդակին, և հետո դատողություններ անել:
Մեկ կողմից ասում են, որ մեկուսացման մեջ ենք, մյուս կողմից պնդում, որ պետք չէ գնալ այլ երկրներ, պետք չէ դեսպանություններ բացել:
Մեկ բան պարզ է՝ դիվանագիտությունը իրականացվում է այցելությունների, բանակցությունների, հանդիպումների, պայմանավորվածությունների, պայմանագրերի, դիվանագիտական ներկայացուցչությունների հիմնադրմամբ:
Մեկ քննադատում են, որ ինչ-որ երկրի հետ վատացել են հարաբերությունները, հետո էլ մի ժամանակ անց աղմուկ են բարձրացնում, որ չափազանց սերտացել են այդ նույն երկրի հետ հարաբերությունները:
Լսել եմ` անգամ ասում են, թե մեզ համար ոչ կարևոր երկիր ենք այցելում։ Դա անհեթեթ մոտեցում է։ Պետք չէ աշխարհին նայել ասեղի անցքից:
Ինչպես ասացի, քննադատություններին ուշադրությամբ են վերաբերվում, բայց քննադատությունները, որոնց մասին դուք հիշատակեցիք, իրար հակասող, իրարամերժ, այսինքն` տրամաբանությունից հեռու են:
Ինչ վերաբերում է Ցեղասպանության 100-ամյակին, և արդյոք մենք այդ քննարկվել է Թուրքիայի նախարարի հետ։ Ցեղասպանության հարցը հիշատակվել է մեր հանդիպման ժամանակ։ Այսքանը կարող եմ ասել։ Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, Թուրքիայի դիրքորոշումը մինչ այսօր չի փոխվել:
Թուրքիայի արտգործնախարարը եկել էր և կրկնում էր այն, ինչ որ ասել էր ինձ չորս տարի առաջ։ Այդ պատճառով փաստորեն կասեցվեցին հարաբերությունների կարգավորման ուղղությամբ քայլերը, գործընթացը։
Ես Դավութօղլուին ասացի, որ չորս տարի առաջ պատասխանը տվել եմ, և հիմա վերադարձել և կրկնում ես նույնը։ Ուզո՞ւմ ես ևս չորս տարի կամ ավել կորցնենք: Մենք կսպասենք, երբ Թուրքիան պատրաստ կլինի առանց նախապայմանների կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ։ Մեր այս դիրքորոշումը աջակցություն է վայելում միջազգային հանրության կողմից:
– Հայաստանի Հանրային Ռադիո. Պարոն նախարար, Ձեր Ռուսաստանի գործընկեր պարոն Լավրովը երեկ հայտարարեց, որ կան արդեն նոր առաջարկներ։ Արդյո՞ք Քննարկվում են այդ առաջարկները Մինսկի խմբի շրջանակներում, արդյո՞ք ներկայացվել են այդ նոր առաջարկները Ձեզ: Եվ երկրորդ հարցը, հետևում եք արդյո՞ք ԱԳՆ նոր մասնաշենքի կառուցմանը և տեսել եք արդյոք` հարմա՞ր է այս շենքի հետ համեմատած:
Պատասխան– Կարծեմ Ռուսաստանի արտգործնախարարի խոսքերը, միջուցե թարգմանության պատճառով, մի փոքր ուրիշ ձևով է ներկայացվում: Ինքն ասել էր, որ «есть наработки», այսինքն ձևակերպումների մասին է խոսքը:
Ինչու՞ համար ենք մենք հանդիպում։ Անցյալ տարի չորս-հինգ անգամ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում է կայացել: Եվ դուք գիտեք, որ Վիեննայում Նախագահների հանդիպումից հետո արտգործնախարարներին հանձնարավեց շարունակել բանակցությունները, փորձել համաձայնության գալ այդ սկզբունքների շուրջ: Հիմա սկզբունքների շուրջ ո՞նց ենք համաձայնության գալու: Առանց մեկ կողմից, մյուս կողմից կամ եռանախագահների կողմից այսպես կոչված «наработканер»-ի՞: Դա աշխատանքային գործընթաց է։ Նոր առաջարկների մասին չի խոսքը։
Շենքի վերաբերյալ։ Այո, նոր շենքի վերաբերյալ մենք ոչ միայն ուշադրությամբ ենք հետևում, այլ նաև նախագծային փուլում մասնակցել ենք և ըստ կառուցման ընթացքի հետևում ենք ինչպես է դա ընթանում։ Ինչպիս՞ի կարիքներ և պահանջներ ունի արտգործնախարարությունը նոր կառուցվող շենքի վերաբերյալ։ Ակնկալիքը այն է, որ շենքը պետք է լինի ավելի ֆունկցիոնալ և հարմարավետ։ Նախարարությունը մոտիկից հետևում է այդ գործընթացին:
-«Կենտրոն» հեռուստաընկերություն. Շնորհակալ եմ: Նաիրի Հոխիկյան: Պարո՛ն նախարար, 2014թ. հունվարի 1-ից Ռուսաստանի Դաշնություն առանց մուտքի վիզա մուտք գործելու համար այլ պետությունների քաղաքացիները պետք է մնան այնտեղ 90 օր յուրաքանչյուր 180 օրվա ընթացքում: Դա նշանակում է, որ փաստորեն այլ պետությունների քաղաքացիները չեն կարող, ինչպես նախկինում, միանգամից դուրս գալ և անմիջապես վերադառնալ Ռուսաստան: Հարց` Մաքսային միություն մտնելու դեպքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար բացառություններ կարո՞ղ են լինել: Շնորհակալություն:
–Էդվարդ Նալբանդյան. Բոլոր երկրներն իրավունք ունեն ընդունել իրենց ընթացակարգը մուտքի արտոնագրային ռեժիմի վերաբերյալ: Ձեր կողմից հիշատակվածն ընթացակարգ է, որն ընդունված է Ռուսաստանի կողմից, և պետք է հարգել դա: Ի՞նչ բացառություն կարող է լինել Հայաստանի համար Մաքսային միությանը անդամակցության հետ կապված, հարցնում եք դուք:
Մաքսային միությունը վերաբերվում է առևտրական, տնտեսական, մաքսային կանոնակարգերին։ Չեմ կարծում, որ այլ կարգի հարցերի է վերաբերվում: Բայց չեմ բացառում, նկատի ունենալով մեր դաշնակցային հարաբերությունները Ռուսաստանի հետ, որ հետագայում այս հարցի շուրջ կարող են բանակցություններ լինել։ Չեմ բացառում, որ ապագայում այլ զարգացումներ են հնարավոր։
-«Առավոտ» օրաթերթ: Շնորհակալություն: էմմա Գաբրիելյան: Պարոն Նալբանդյան, հարցս մի քիչ ավելի սահմաններից դուրս է, թեև դուք այսօր 2013 թվականն եք ամփոփում, այնուամենայնիվ: Դուք 6 տարի արդեն արտգործնախարար եք եղել: Ձեր արտգործնախարար եղած ժամանակ Հայաստան – Թուրքիա արձանագրությունների գործընթացը սկսվեց, Եվրամիության հետ Ասոցացման գործընթացը, որը չստորագրվեց: 6 տարվա կտրվածքով Դուք ամենակարևոր ձեռքբերումը Հայաստանի արտգործնախարարության, Ձեր կողմից ո՞րն եք համարում:
–Էդվարդ Նալբանդյան: Ընդհանրապես, դիվանագիտության կարևոր ձեռբերումը կարող է լինել երկրի բարեկամների թվի ավելացումը, հարաբերությունների աշխարհագրության ընդլայնումը, և այդ իմաստով, ես քիչ առաջ մի քանի թվեր հնչեցրեցի, ներկայցրի։ Կարծում եմ, որ այս իմաստով ինչ-որ առաջընթաց կա։
Բայց Դուք գիտեք, որ այս 6 տարվա ընթացքում ես երբևէ առիթը չեմ օգտագործել, որ կրծքիս խփելով ասեմ. այս արեցինք, այն արեցին։ Այսինքն` պետք է համեստ և հանգիստ ձևով շարժվել առաջ, առանց փոսի վրայով թռչելուց առաջ «հոպ» ասելու։
Ինչպես մեկ անգամ ես նշել էի, դիվանագիտությունը դա սառցալեռ է, և սառցալեռի միայն վերևի մասն է երևում, ու եթե շուռ ես տալիս այդ սառցալեռը, ուրեմն այդ դիվանագիտությունը կկործանվի:
-«News.am»: Պարո՛ն նախարար, խնդրում եմ մի երկու խոսք Դիվանագիտական ակադեմիայի մասին: Ինչքանո՞վ է դա արդարացված: Ի՞նչ կադրեր է այն ստեղծում:
–Էդվարդ Նալբանդյան: Չգիտեմ ինչու դիվանագիտական դպրոցին մենք չենք անդրանդարձել ամփոփման մեջ։ Չնայած մեր դիվանագիտական դպրոցն արժանի է հիշատակման և ոչ միայն հիշատակման։ 4 տարի առաջ դպրոցի բացման մասին որոշումը արդարացրել է իրեն։
Այս 4 տարվա արդյունքում դիվանագիտական դպրոցը, կարծում եմ, որ արդեն կայացած կառույց է:
Դիվանագիտական դպրոցի մոտ 40 շրջանավարտ ադրեն աշխատում են արտգործնախարարությունում։ Նրանցից կարծեմ 15-ն արդեն գործուղվել են արտասահմանում մեր դիվանագիտական ներկայացուցչություններ։
Այս 4 տարվա ընթացքում 4 տասնյակ երկրներից 200-300 դասախոս է դասավանդել դպրոցում, ելույթներ են ունեցել արտգործնախարարներ, տարբեր միջազգային կազմակերպությունների բարձրաստիճան ներկայացուցիչներ, դեսպաններ։ Այսօր այդ դպրոցի շրջանավարտների բավական բարձր պահանջարկ կա ոչ միայն ԱԳՆ վարչություններում, այլ նաև արտերկրում մեր դիվանագիտական ներկայացուցչություններում:
Շուտով 2013թ. ունկնդիրների ավարտական քննություններն են լինելու: Ես հանդիպել եմ իրենց և տեսնել, որ խոստումնալից երիտասարդներ կան 2013թ. ավարտողների մեջ:
Սպասվում են նոր ունկնդիրներ, այսինքն` գործընթացը շարունակվում է ։ Ես վստահ եմ, որ այն երիտասարդներն, ովքեր ավարտել են դիվանագիտական դպրոցը և այսօր համալրել արտգործնախարարության շարքերը, կարող են լինել բավական խոստումալից դիվանագետներ, ովքեր լավագույն ձևով կպաշտպանեն մեր երկրի, մեր պետության, մեր ժողովրդի շահերը:
– «Ազատություն» ռադիոկայան. Առաջինը Դուք ասացիք, որ Թուրքիայի արտգործնախարարը ձեզ կրկնեց այն խոսքերը, ինչ ասել էր 4 տարի առաջ, սակայն չնշեցիք, կասեք խնդրեմ ինչ է կրկնել ձեզ պարոն Դավութօղլուն և երկորդ հարցը. հաշվի առնելով վերջին օրերին սահմանին տեղի ունեցած միջադեպը, երբ զոհվեց հայ զինվոր, հանրության մոտ մի տեսակ քննադատական մոտեցում է ձևավորվել` սահմանին զինվորներ են զոհվում, մենք շարունակում ենք բանակցել ադրբեջանցիների հետ: Ազդեցություն չի ունենա, արդյո՞ք, սահմանին տեղի ունեցած միջադեպը բանակցային գործընթացի վրա, խոսքս այս դեպքում ոչ հայտարարություններին վերաբերում, որովհետև բազմիցս են հնչում հայտարարություններ, որ ազդեցություն կունենա, բայց սահմանին շարունակում են զոհեր լինել, մենք շարունակում ենք բանակցել։ Շնորհակալություն։
– Էդվարդ Նալբանդյան. Ինչ վերաբերում է Թուրքիայի արտգործնախարարի հետ հանդիպմանը, ես ասացի, որ խոսքը գնում է այն մասին, թե Թուրքիան երբ պատրաստ կլինի առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորմանը։ Դա նշանակում է, որ թուրքական կողմից շարունակվում են նախապայմանները։ Ձևացնում են, որ իբրև նախապայմաններ չկան, բայց փաստորեն խոսում են նախապայմանների լեզվով։ Իհարկե, այդ մոտեցմամբ անհնար է առաջ շարժվել։ Ինչ վերաբերում է մնացած մանրամասներին. Գիտեք, որ դիվանագիտական հանդիպումների վերաբերյալ մամուլի համար հրապարակումներ են լինում, ըստ երկուստեք պայմանավորվածության։ Այդ կարգի պայմանավորվածությունները սովորաբար չեն խախտվում: Իմ ասածների մեջ արդեն բավականին մանրամասներ կային:
Ինչ վերաբերում է շփման գծում միջադեպին՝ դա առաջին անգամ չէ։ Երկու օր առաջ մենք Ղարաբաղի իմ գործընկերոջ՝ արտաքին գործերի նախարար պարոն Միրզոյանի հետ էինք հանդիպում և մեր հանդիպման մասին մամուլին տրված հաղորդագրության մեջ հստակ և պարզ ձևով նշեցինք, որ այս կարգի անպատասխանատու քայլերը խանգարում են բանակցային գործընթացին։
Երեկ հանդիպում կայացավ Հարավային Կովկասում Եվրամիության ներկայացուցչի` Ֆիլիպ Լըֆորի հետ, որից հետո տարածված հաղորդագրության մեջ ասվեց, որ այդպիսի սադրանքները լրացուցիչ խոչընդոտներ են ստեղծում, խանգարում են բանակցային գործընթացին։ Դուք նկատեցիք, որ եռանախագահներից նեկը իր թվիթում, մեկնաբանությունում բավական հստակ ասաց, որ այդ կարգի միջադեպերը խանգարում են բանակցային գործընթացին։ Բայց իրականությունն այն է, որ բանակցային գործընթացին այլընտրանք չկա։ Այդ պատճառով էլ մենք շարունակում ենք բանակցությունները։
Ադրբեջանն է, որ, ինչպես նախորդ հարցին պատասխանելով ասացի, ձևացնում, թե եռանախագահները, միջազգային հանրությունն ուրիշ կարծիք ունեն։
Հիմնախնդրի կարգավորման հարցը բարձրացվել է Միացյալ Նահանգների , Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահների մակարդակի: Իրենց կողմից 5 հայտարարություն է ընդունվել։ Իսկ Ադրբեջանը ձևացնում է, որ ընդհանրապես ինչ-որ ասում են եռանախագահներն իրեն չի վերաբերում:
Դա միջազգային հարաբերություններում միակ հակամարտությունն է, որի վերաբերյալ 5 հայտարարություն է ընդունվել այդ մակարդակով։ Մանրամասն ներկայացվում են մեկ ամբողջություն հանդիսացող սկզբունքներ, տարրեր, որոնց հիման վրա այդ հիմնախնդիրը պետք է կարգավորվի:
Հայաստանը լ՛Աքվիլայից, Մուսկոկայից, Դովիլից, Լոս Կաբոսից, Էնիսկելինից հետո րոպեներ անց ամեն անգամ հայտարարում էր, որ պատրաստ ենք գնալ կարգավորման դրանց հիման վրա։ Էնիսկիլենից հետո րոպեներ անց մենք կետ առ կետ մեկնաբանեցինք այդ հատյտարարությունը և ասացինք, որ կիսում ենք եռանախագահների մոտեցումները, այսինքն միջազգային հանրության մոտեցումը այդ հարցի կարգավորման վերաբերյալ:
Այսինքն` մեր մոտեցումը համահունչ է եռանախագահների՝ միջազգային հանրության մոտեցմանը։
Ադրբեջանը միջազգային հանրության մոտեցումները ոտքից գլխի վրա է դնում։ Ադրբեջանի արտգործնախարարության 2013 թ. հաշվետվության մեջ հիշատակվում են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հետ առնչություն չունեցող ինչ-որ կառույցների կարծիքներ հիմնահարցի վերաբերյալ և անտեսվում է Էնիսկիլենի հայտարարությունը։ Չեմ կարծում, որ իրենք իլյուզիաներ ունեն այդ կապակցությամբ, ուղղակի փորձում են իրենց հանրային կարծիքը, իրենց ժողովրդին մոլորության մեջ գցել, թե իբրև միջազգային հանրությունը իրենց աջակցում է:
-Գալա հեռուստաընկերություն. Պարոն նախարար, Ձեր գլխավորած պատվիրակությունը վերջերս եղավ Պանամայում, Պերուում, Կուբայում, արդյո՞ք ճիշտ չեք համարում դրա փոխարեն աշխատանքներ տանեիք, որպեսզի ընդգրկվեիք Ժնևյան բանակցություններում, որովհետև այնտեղ քննարկվելու է շատ կարևոր հարց՝ Սիրիայի հակամարտությունը, որը տարածաշրջանի առումով շատ ավելի է կապված Հայաստանի հետ, և այնտեղ կա հայ համայնք, որն այսօր լուրջ խնդիրներ ունի, իսկ Ձեր պատվիրակությունն առայժմ Պերու և Պանամա է գնում: Շնորհակալություն:
–Էդվարդ Նալբանդյան. Ձեզ ասեմ հետևյալը. ՄԱԿ-ում մեր ներկայացուցչին մի քանի հարցումներ էին եղել այդ կապակցությամբ, քանի որ Ժնև-2 կոնֆերանսը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հրավերով և իր հովանու տակ է կազմակերպվել: ՄԱԿ-ում մեր ներկայացուցիչը պատասխան է տվել համաժողովին հրավիրյալների վերաբերյալ։ Նա նշել է, որ համաժողովին հրավիրված են ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամները, Մեծ ութնյակի, Քսանի խմբի անդամ երկրները և դոնոր պետությունները:
Ժնևում կոնֆերանսն այսօր է տեղի ունենում։ Սա մի գործընթացի սկիզբ է, որ միջազգային հանրության, Միջին Արևելքի ժողովուրդների, Սիրիայի ժողովրդի ակնկալիքով կարող է բերել հարցերի կարգավորմանը։
Ինչ վերաբերում է լատինամերիկյան երկրների այցելությանը։ Ձեզ խորհուրդ կտամ նայեք, թե լատինամերիկյան այդ երեք երկրներում անցած տարի ինչ է ընդունվել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ և դրանից հետո ձեր դատողությունները կանեք։ Եվ դրանից հետո միգուցե կգաք արտգործնախարարություն, կխոսենք։ Բաներ կան, որ հրապարակային պատասխանելը ճիշտ չի լինի։ Մենք բանավեճի չենք եկել այստեղ, այլ մամուլի ասուլիսի, արտգործնախարարի ասածը պաշտոնական դիրքորոշում է արտահայտում և արձագանք է ստանում նաև արտերկրում:
Այն երկրները, որտեղ մենք գնացել ենք, կարևորագույն երկրներ են։ Մենք մտադիր ենք լատինամերիկյան տարածաշրջանի երկրների հետ ավելի ակտիվացնել մեր հարաբերությունները։ Առավել ընդլայնելով մեր հարաբերությունների աշխարհագրությունը` մենք մտադիր ենք այցելել այն երկրներ, որտեղ դեռևս չենք եղել՝ ակտիվացնելու մեր կապերը այդ պետությունների հետ։
Մենք դեռ ունենք 3 ներկայացուցչություն Լատինական Ամերիկայում՝ Բրազիլիայում, Մեքսիկայում և Արգենտինայում։ Այդ երեք երկրներից փորձելու ենք ծածկել մայրցամաքը, որը կարևորագույն մայրցամաքներից է, միջազգային հարաբերություններում բավական մեծ կշիռ ունեցող:
Կարծում եմ, որ այդ այցելությունները շատ կարևոր էին, և կարող եմ ասել բավականին արդյունավետ բանակցություններ կայացան իմ գործընկերների հետ, որոնք խոստումնալից են այդ երկրների, լատինամերիկյան մայրցամաքի հետ մեր հարաբերությունների առավել զարգացման առումով։
Չկա աշխարհում կարևոր և ոչ կարոր երկիր: Անցյալ տարի, երբ ես Ինդոնեզիա էի այցելել, մեկն ասաց,- «չէ մի չէ Ինդոնեզիա»: Ինդոնեզիան 250 մլն բնակչություն ունեցող երկիր է… Չպատմեմ հիմա։ Ինտերնետում կարելի է նայել` հասկանալու համար, թե Ինդոնեզիան ինչ է։ Չի կարելի ոչ կոռեկտ արտահայտություններ թույլ տալ` թե մեծ, թե փոքր երկրների վերաբերյալ։ Դուք պատկերացրեք, որ մեկը մեր մասին այդպիսի բաներ ասի: Ինչպե՞ս դա կընդունեք։ Մենք պետք է փորձենք զարգացնել մեր հարաբերութնոււները բոլոր երկրների հետ, և դա է մեր դիվանագիտության նպատակը՝ ընդլայնել Հայաստանի բարեկամների, գործընկորների թիվը:
–Civilnet. Պարոն Նալբանդյան, Դուք նշեցիք, որ Մաքսային միությանն անդամակցումը բխում է Հայաստանի ռազմավարական և տնտեսական շահերից: Ցանկանում եմ հարցնել, թե ինչու էր այդ որոշումը գաղտնի պահվում հասարակությունից մինչև սեպտեմբերի 3-ը, և արդյոք Դուք տեղյակ էիք այդ որոշումից, հաշվի առնելով այն հանգամանքը, որ սեպտեմբերի 3-ի նախօրեին Ձեր տեղակալը հայտնում էր, որ Հայաստանի անդամակցությունը Մաքսային միությանը հնարավոր չէ:
–Էդվարդ Նալբանդյան. Չեմ կարծում, որ արտգործնախարարի տեղակալը ամսի 3-ին նման բան է հայտարարել: Ես վստահ եմ, որ ամսի 3-ին այդպիսի բան չէր կարող ասել:
Որևէ բան գաղտնի չէր պահվում: Այն ժամանակ, երբ այդ որոշումները հասունացան, և հասունացան այն աստիճան, որ անդամակցության որոշումը հնարավոր դարձավ, ու կարելի էր համապատասխան գործընթաց սկսել, արվեց համապատասխան հայտարարություն՝ Հայաստանի և Ռուսաստանի նախագահների կողմից:
Դա չէր նշանակում դեռ անդամակցություն, դա նշանակում էր, որ Հայաստանն առաջին անգամ պաշտոնապես հայտարարեց, որ որոշում է ընդունել անդամակցել Մաքսային միությանը:
Հայաստանը բազմիցս էր արտահայտվել, որ` այո, մենք ցանկություն ունենք անդամակցել Մաքսային միությանը: Եթե Դուք ուշադիր լինեք և նայեք կայքերում Հայաստանի Հանրապետության նախագահի հարցազրույցները, Դուք կտեսնեք, որ երբ հարցրել էին, արդյոք Հայաստանը ցանկանում է լինել Մաքսային միության անդամ, Հայաստանի Հանրապետության նախագահն ասել էր՝ այո:
Այդ հարցազրույցը հիմա էլ կա կայքերում: Ուղղակի Հայաստանը հրավիրված չէր:
Այդպես էլ ասվել էր մեր Նախագահի կողմից:
Մասնագիտական, փորձագիտական մակարդակով հստակ չէր՝ արդյոք դա հնարավոր է: Երբ դա հասունացավ, համապատասխան որոշում ընդունվեց։ Վստահ եղեք, գաղտնիք պահելու կարիք չկար:
Իսկ ինչ վերաբերում է աշխատանքային գործընթացներին՝ փաստաթղթերին, ձևակերպումներին և այլն, դա բնական բանակցային գործընթաց է։ Եթե դա արվի մամուլի միջոցով, ապա բանակցությունները չեն ընթանա ընդհանրապես: Այդ ժամանակ բանակցություններ պետք չեն, կարելի է թերթերով հայտարարել` մեր դիրքորոշումն այս է, մյուս կողմինը՝ այն է, և արդյոք դրանից դրական արդյունք կարելի է ակնկալել։ Իհարկե՝ ոչ: Բանակցությունների ընթացքը հրապարակային չի արվում ոչ թե ինչ-որ գաղտնիքներ պահելու համար, այլ կարգն է այդպես: Բոլոր երկրները բանակցում են այդ ձևով, գոյություն ունի բանակցային գործընթացի որոշակի աշխատակարգ:
-Գազետա.ռու. Մի փոքրիկ հարց Շարլ Ազնավուրի մասին: Նա ոչ միայն շանսոնյե է, այլև դիվանագետ, ընդ որում ոչ միայն Շվեյցարիայում, այլ ողջ աշխարհում: Նա իր վերջին հարցազրույցում ասել էր, որ այո, իրենք լսում են այդ պրոբլեմները Հայաստանում, բայց ոչինչ չեն անում: Դուք ինչպես եք իրեն գնահատում:
-Էդվարդ Նալբանդյան. Շատ բարձր, ինչպես և ողջ հայ ժողովուրդը։ Պատահում է, երբ մամուլում մեկ խոսք այս կողմ, մեկ խոսք այն կողմ աղավաղում են խոսքերը և հետո եզրակացություններ անում: Շառլ Ազնավուրը մեծ անձնավորություն է, և չի նստելու ամեն թերթի գրածին պատասխանի՝ սա այսպես եմ ասել, նա՝ այնպես: Շառլ Ազնավուրի հետ, որին ես ոչ միայն սիրում և հարգում եմ որպես Շառլ Ազնավուր, այլ ես իրեն շատ երկար ժամանակ ճանաչում եմ անձնապես, և իսկապես խոր ակնածանքով եմ վերաբերվում նրան։ Իր հետ բազմիցս ճանապարհորդել ենք, շփվել ենք, և շարունակում ենք մեր շատ սերտ հարաբերությունները ոչ միայն որպես մեր Հանրապետության դեսպանի, և ոչ միայն հռչակավոր Շառլ Ազնավուրի, մեծ հայի հետ, այլև որպես անձի՝ շատ պարզ, շատ իմաստուն և շատ ջերմ անձնավորության։
Կարծում եմ, որ բոլոր այն արտահայտությունները, որոնք նա արել է մեր հանդիպումների, մեր զրույցների ժամանակ, նա իհարկե ունի շատ ճիշտ, շատ իմաստուն մոտեցումներ, պետք է հարգանքով վերաբերվել այդ մարդու թե՝ ասածներին, թե՝ արածներին, այլ ոչ թե օգտագործենք Շառլ Ազնավուրի անունը շահարկումների համար։
Նա մեծ հայրենասեր է, լիովին և մեծապես իր Հայրենիքի կողքին է և աջակցում է այն քաղաքականությանը, որը վարում է Հայաստանի Հանրապետությունը:
Անկախ
Հակառակորդը կրակ է բացել Ներքին Կարմիրաղբյուրի ուղղությամբ
Ադրբեջանը դարձյալ կրակ է բացել Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր գյուղի ուղղությամբ: Րոպեներ առաջ Ներքին Կարմիրաղբյուրի գյուղապետ Մանվել Կամենդատյանը Անկախի թղթակցին հայտնել է, որ երեկոյան ժամը 22:00-ից սկսած` շուրջ քսան րոպե շարունակ, ադրբեջանական կողմը, խախտելով հրադադարը, գնդակոծել է սահմանային դիրքերն ու կրակահերթի տակ պահել գյուղը: Կրակոցները դադարել են մոտ տասը քիչ առաջ: Բարեբախտաբար, տուժածներ չկան:
Աշոտյանը գողացե՞լ է ԲՀԿ-ի միտքը
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ ՀՀ կառավարության վերջին նիստի ընթացքում ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի կողմից արված առաջարկի վերաբերյալ՝ կապված մայիսի 16-ը Հայաստանում պաշտոնապես որպես պետական տոն նշելու հետ և մեղադրել վերջինիս մտքագողության մեջ: Նա մասնավորապես նշել է.
“Հունվարի 16-ին ՀՀ կառավարության հերթական նիստի ժամանակ Կրթության և գիտության նախարարի կողմից եղավ առաջարկ մայիսի 16-ը Հայաստանում պաշտոնապես որպես պետական տոն նշելու կապակցությամբ, որը ստացավ կառավարության և նրա ղեկավարի հավանությունը:
Միանշանակ գաղափարը լավն է, սակայն այն իրականում կառավարությանը չի պատկանում…
Դեռևս 2006թ.-ից «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ շքեղ համերգային ծրագրով և ուսանողներին անվանական կրթաթոշակներ տրամադրվելով՝ տոնում ենք ուսանողների միջազգային օրը՝ նոյեմբերի 17-ը: 2013 թ.-ի տարեսկզբին ԲՀԿ Երիտասարդների Միությունը ուսանողների պաշտոնական ֆիքսված օր ունենալո կապակցությամբ կազմակերպել էր համացանցային և լայնամասշտաբ հարցում-քվեարկություն:
Առավել ևս, որ ԲՀԿ երիտասարդների Միությունը, դեռևս 8 տարի առաջ, առաջինն էր, ով սկսեց տոնել Ուսանողների միջազգային օրը, ինչի շնորհիվ է, որ այդ տոնն արդեն ընկալվում է հասարակության կողմից և ավելին, օրինակ վերցնելով ԲՀԿ-ից, ՀՀԿ-ն նույնպես սկսեց տոնել այդ նույն օրը: Տոնի օրվա առնչությամբ հանդիպեցի նաև Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին 2-րդ Ամենայն Հայոց Կաթողիկոսին, ում հետ քննարկեցինք Սբ. Սարգսի և Ուսանողների միջազգային օրը ոչ շարժական լինելու մասին և եկանք հայտարարի, որ որոշ ժամանակ անց հանդես գամ օրենսդրական նախաձեռնությամբ: Հաշվի առնելով հանրության կարծիքը, որ արտահայտվեց վերոնշյալ քվեարկության արդյունքում, մենք հանդես եկանք օրենսդրական առաջարկով, այն է՝ նոյեմբերի 17-ը, որը բոլորն են տոնում «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում ամրագրելով որպես պետական տոն, որով մեծապես կարևորվում է ուսանողի դերն ու սկզբունքային նշանակությունը մեր հանրապետությունում: Այսպիսով, 2013թ.-ի դեկտեմբերի 16-ին, ԱԺ շրջանառության մեջ դրեցինք օրենքում լրացում կատարելու նախագիծը և ավելին, այն ստացավ ՀՀ ԱԺ-ի աշխատակազմի փորձաքննության վարչության դրական եզրակացությունը: Սակայն կառավարությունը չդավաճանեց իր սկզբունքները և նախագիծը, կառավարությունում ստանալուց ուղիղ մեկ ամիս հետո՝ 2014թ.-ի հունվարի 16-ին, Կրթության և գիտության նախարարի կողմից կառավարության նիստում առաջարկ արվեց այդ նույն տոնը նշելու միջնորդությամբ:
Սա քաղաքական հարց չէ, սակայն ամեն անգամ փաստում ենք՝ ԲՀԿ-ի կողմից առաջարկված յուրաքանչյուր հարցի կառավարությունն արձագանքում է ոչ ադեկվատ և զերծ որևէ տրամաբանությունից:
Հաշվի առնելով, որ ԱԺ-ն այժմ արձակուրդում է և առաջին քառօրյան նախատեսված է փետրվարի սկզբին, իսկ կառավարության նիստերն ամեն հինգշաբթի օրն է, ապա կառավարությունը չհապաղեց և ԲՀԿ-ի կողմից ներկայացված նույն առաջարկով հանդես եկավ, պարզապես առաջարկելով փոխել օրը և սահմանել մայիսի 16-ը՝ ԵՊՀ հիմնադրման օրը՝ որպես ուսանողների օր:
Թերևս պլագյատի լավագույն դրսևորում կառավարության կողմից:
Մենք կողմ ենք ցանկացած լավ մտքի կյանքի կոչմանը, բայց դա չպետք է արվի մտքագողությամբ: Երևի հապճեպությունն ու գայթակղությունն են եղել պատճառը, որ անտեսելով հայկական կրթօջախների դարերի պատմության մեջ ունեցած անգնահատելի ներդրումը, դրանցից որևէ մեկի հիմնադրումն օրինակ որպես Ուսանողի օր նշելու փոխարեն, առաջարկում են պետական ԲՈՒՀ-երից մեկի հիմնադրման օրը: Ցավով պետք է փաստել, որ, չնայած իր կանոնադրությանն ու ԲՈՒՀ-երի մասին օրենքի, այդ նույն ԲՈՒՀ-ն ունի շատ կոնկրետ քաղաքական ուղղվածություն, և իր գործունեությունը ծավալում է հենց այդ դիրքորոշումից չշեղվելով”,-հայտարարել է ԲՀԿ-ական պատգամավորը:
Որպես հետգրություն ասեմ, որ ԱԺ-ի պաշտոնական կայքում առկա են բոլոր արխիվային հիմքերը, որոնք ապացուցում են, որ կառավարության որոշումից դեռևս մեկ ամիս առաջ իմ և գործընկերներիս կողմից ներկայացվել էր այն նախագիծը, որը կառավարությունը ծիծաղելիորեն փորձում է ներկայացնել իբրև հեղինակային:
Սերժ Սարգսյանի լուսանկարով հայկական օրացույցը նույնպես անթույլատրելի է այսօրվա Վրաստանում
«Հայ լեզուով թղթերը պիտի այրուեն». այս վերտառությամբ տեղեկությունը կարդում ենք «Ժողովրդի ձայն» թերթի 1918 թ. 61-րդ համարում, որտեղ նկարագրվում է, թե ինչպես է Գանձակի պոստ-հեռագրատան թուրք կառավարիչը վերցնում և այրում Գանձակի փոխանորդի` Վրաստանի և Իմերեթիայի Հայոց Թեմական Կոնսիստորիային ուղղված երկու նամակ-թղթածրարները` պատճառաբանելով, որ դրանք հայերեն են և, հետևաբար, անհասկանալի ցենզուրների համար: Հավելենք նաև, որ հայ գործիչ, Վրաստանում ՀՀ դիավանագիտական առաքելության ղեկավար Արշակ Ջամալյանն այդ առթիվ հայտնում է Վրաստանում Ադրբեջանի դիվանագիտական ներկայացուցիչ Մ. Ջաֆարովին, որ քրիստոնեության առաջին դարերիցն ի վեր հայ կրոնավորներն ու կրոնական հաստատությունները մշտական կապի մեջ են եղել Էջմիածնի հետ, գրություններ են փոխանակել հայոց լեզվով, և մինչ օրս ոչ մի կառավարության մոտ, կապված այդ գրությունների հետ, կասկածներ չեն եղել:
Օրերս վերոնկարագրյալ բովանդակությամբ և հերթական նողկալի դեպքը տեղի ունեցավ իմ հետ. տարբերությունն այն էր, իհարկե, որ անցնում էի ոչ թե ադրբեջանական, այլ` վրացական սահմանային անցակետով, կամ, ավելի կոնկրետ, դեպի իմ Հայրենի Ջավախք տանող Բավրա-Նինոծմինդա անցակետով:
Սահմանային մաքսատան աշխատակիցները «ձեռնարկված միջոցառումների շնորհիվ» իմ մոտ «հայտնաբերեցին» հետևյալը. 1. “Վարձք” հայրենագիտական հանդեսի երկու-երեք համարներ, Երևան քաղաքի ամսագրի երկու օրինակ, անվանի գրող Մ. Սարգսյանի “Խաչված քաղաքը” վեպը (Երևան, 1996), “Ուկրաինական ժողովրդական հեքիաթներ” գիրքը (Երևան, 1992), ջավախքցի անվանի գրող Ն. Կիրակոսյանի «Պարտեզ բժշկության» գիրքը (Երևան, 2013), Донецк фотоальбом (Киев, 1978), Պ. Խաչատրյանի «Մեր պստիկը» մանկական բանաստեղծությունների գրքույկի (Երևան, 2007) պատճենահանված տարբերակը, Հայաստանի Հանրապետական կուսակցության և ՀՃՈւ հիմնադրամի տպագրած 2014 թ. մի քանի օրացույցներ:
Մոտ մեկուկես ժամ տևած լուսանկարչական և հետազոտական, ազգանվամբ հայ աշխատակցի միջոցով թարգմանչական աշխատանքների ժամանակ իզուր էին իմ «ջամալյանական» պարզաբանումներն ու զայրացական-փիլիսոփայական բացականչումներն այն մասին, որ առկա իրերի մեջ Վրաստանի կամ վրացիների մասին բացարձակ բան չկա, որ դրանք պարզապես մշակութային իրեր են, որն իրավունք ունի ունենալու յուրաքանչյուր հայ ընտանիք, որ կան միջազգային օրենսդրական ակտեր, ըստ որոնց` ջավախահայությունն իրավունք ունի ՀՀ-ից տանելու այդպիսիք, որ կարծես թե Վրաստանն աշխարհին ներկայանում է դեպի եվրոպական արժեհամակարգ իր ձգտմամբ, որ իրենց այս զազրելի քայլը, այն է` այդ մշակութային իրերի արգելքը, չի համապատասխանում եվրոպական արժեհամակարգին և այլն, և այլն…
Իմ վերոնշյալ ասածներն ավելի շատ նմանվեցին գայլի գլխին ավետարան կարդալուն. երկար սպասումներից հետո եկավ հրամանը. “Ուկան !!!” (“Ետ” !!!)…
Կարևոր եմ համարում նշելու, որ ազգանվամբ հայ աշխատակիցն առավել երկար տնտղեց ՀՀԿ սեղանի օրացույցի վրա առկա Սերժ Սարգսյանի և Վազգեն Սարգսյանի լուսանկարները, հետո ցանկացավ այդ օրացույցն իր մոտ թողնել, իմ կողմից մերժում ստանալով` նորից տարավ, էլեկտրոնացրեց, բերեց:
Հետո մի պահակախմբով ինձ ուղեկցեցին դիմացը, ուր ես հետ վերադարձող մեքենաներից մեկի հետ ետ ուղարկեցի «վտանգավոր» իրերս: Մաքսավորներն անգամ իրենց վերնախավին զեկուցեցին հետ վերադարձող մեքենայի տվյալները` վստահեցնելու, որ առգրավված իրերը հաստատ հետ գնացին: «Մենք դեռ կհանդիպինք, մտածե, թե ինչ կենես», այս եղավ իմ վերջին արձագանքը` ազգանվամբ հայ աշխատակցին:
«21-րդ դարում իրականցվող սպիտակ ցեղասպանություն». այլ բառերով դժվար է որակել ոչ միայն իմ հետ պատահող, այլ` Վրաստանի սահմանին համատարած բնույթ կրող այս զազրելի երևույթը: Անգամ Իրանի նման փակ երկիրը չունի նման դրսևորումներ: Որոշները դարձյալ կնշեն`այս դեպքում ինտերնետից օգտվենք, համաձայն եմ` ինտերնետն ունի մեծ հնարավորություններ: Իրականում այդ ամենի անցկացնելը չի մեր գերնպատակը, եթե դա լիներ` թռչունների ոտքերին էլ կկապեինք օրացույցներն ու հեքիաթների գրքերը և կուղարկեինք Ջավախք: Խնդիրն այստեղ Վրաստանում միաէթնիկ հանրույթ ձևավորելու, ջավախահայությանն ուծացնելու ուղղությամբ տարվող խելահեղ քաղաքականությունն է, և այս սահմանային արգելքն ընդամենն այս քաղաքականության բաղադրատարրեից մեկն է: Իսկ որ այդ քաղաքականությունն իրոք խելահեղ է և իր ծայրահեղությամբ երբեմն անգամ դառնում է ծիծաղաշարժ` արդեն նկատվում է, երբ մաքսավորներն անգամ ուշադիր զննում ու տարբեր տեղերից լուսանկարում էին ապակյա տարաներիս մեջտեղներում դրված (չջարդվելու համար) մեկ-երկու թերթերի էջերը (կարծեմ Իրատես դե ֆակտո թերթն էր):
Եթե վրացական կողմն այս օրերին ձգտում է փաղաքշել ու սիրաշահել աբխազներին և օսերին` վերանվանված Համերաշխության և քաղաքացիական հավասարության նախարարի շուրթերով հնչեցնելով, թե իրենք չեն առաջարկում վերջիններիս գալ դեպի Վրաստան կամ դեպի ՌԴ, այլ իրենք առաջարկում են այդ ժողովուրդներին գնալ դեպի Եվրոպա, որի ճանապարհն էլ, ըստ Պ. Զաքարեիշվիլու, անցնում է Վրաստանով, ապա ես կուզենայի պարզապես հիշեցնել, որ այս գերարագ տեղեկատվական դարաշրջանում հազիվ թե աբխազներն ու օսերը չգիտեն այն ամենի մասին, ինչ կատարվում է Ջավախքի սահմանին, և այնքան էլ միամիտ չեն, որ մտածեն, թե նույնը չի կատարվելու իրենց հետ: Իրականում հենց Ջավախքի վիճակով պետք է խրախուսել աբխազներին և օսերին, և դեպի Եվրոպա գնացող ճանապարհն անցնում է մի ոսպնյակի միջով, որի անունն է Ջավախք: Ցավոք, այդ ոսպնյակը բեկում է նշյալ ճանապարհը ոչ թե Եվրոպայի, այլ աննորմալ մի միջավայրի ուղղությամբ: Մի խոսքով` մեր իդեալական և բաղձալի եվրոպական պետություն ստեղծող Պ. Զաքարեիշվիլուն խորհուրդ կտայինք նստացույցի դուրս գալ իր կառավարության առջև, քանի որ ինչ ինքն է առաջարկում աբխազներին և օսերին, այդ կառավարությունում որոշվում և իրականացվում է ճիշտ հակառակը՝ ջավախահայության նկատմամբ:
Ի վերջո`մեր ներհայկական խնդիրն է, թե Սերժ Սարգսյանն ինչպիսի նախագահ է ՀՀ-ում. կատաղի քննադատվո՞ղ, թե՞ սրբությամբ պաշտվող, և վրացին այստեղ իր քիթը բնավ իրավունք չունի խոթելու: Ելնելով այս հանգամանքից` ամենավիրավորական, ամենաաններելի, ամենանվաստացուցիչ քայլ կարելի է որակել այն իրողությունը, որ վրաց սահմանային աշխատակիցը որպես վտանգավոր, իր պետության համար ոչ ցանկալի և իր պետության տարածքում անթույլատրելի իր է դիտարկում ՀՀ նախագահի լուսանկարով սեղանի օրացույցը, որն, ինչպես նշեցինք, իրավունք ունի ունենալու մոլորակի յուրաքանչյուր հայ: Ինչ վերաբերում է մանկական բանաստեղծությունների գրքույկի ու հեքիաթների արգելքին, ապա ոչ այլ կերպ, քան` մանկասպանություն, չենք կարող որակել:
Փաստորեն, վրաց իշխանությունները աշխատավարձ են վճարում սահմանային մաքսային և անվտանգության մի շարք աշխատակիցների, համապատասխան գերատեսչություններում լրացուցիչ վարչությունների, մի շարք օղակների փորձագետների և այլն, որպեսզի վերջիններս… հայտնաբերեն, հետազոտեն և արգելեն հայերեն մանկական բանաստեղծությունները: Ահա թե նաև ինչին են ծառայում ջավախահայության տրված պետական հարկերն ու տուրքերը:
Ամեն դեպքում` կուզենայի, որ ֆաշիզմի դրսևորման մասին սույն հաղորդումը հասներ տարածաշրջանում գործող բոլոր մարդասիրական՝ և’ տեղական, և’ միջազգային կազմակերպություններին, իսկ ՀՀ Սփյուռքի նախարարությունն ու սփյուռքահայ բոլոր կառույցներն աղաղակեին ի լուր աշխարհի այս մասին:
Վահե ՍԱՐԳՍՅԱՆ
Հ.Գ. Վերջերս Ադրբեջանի սահմանապահ ծառայության աշխատակիցներն արգելել էին գրքերի անցկացումը, որոնք վրացական կողմը որպես հումանիտար օգնություն տանում էր Ադրբեջանի Կախի և Զաքաթալայի շրջաններում ապրող և քարթվելական ժողովուրդ համարվող ինգիլոյների համար: Վրաստանում այս հարցը բավական ցավագին ընդունվեց:
Կնշվի Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի (ASALA) 39-ամյակը
Այսօր՝ հունվարի 20-ին, ժամը 15.00, «Եռաբլուր» պանթեոնում ASALA-ի՝ Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի նախկին մարտիկները կնշեն կազմակերպության ստեղծման 39-ամյակը, տեղի կունենա հոգեհանգստի արարողություն։
39 տարի առաջ այս օրը Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակը Համաշխարհային եկեղեցիների խորհրդի գրասենյակի դեմ կատարեց իր առաջին գործողությունը։ Այդ գրասենյակը կազմակերպում էր հայերի գաղթը Միջին Արևելքից դեպի ԱՄՆ։ Մինչև 2001 թվականը ASALA-ի կողմից տեղի է ունեցել ավելի քան 200 գործողություն, որոնց ընթացքում սպանվել են 42 թուրք դիվանագետներ։ Այս գործողությունների շնորհիվ է, որ 1986թ. Եվրամիությունը, հետագայում նաև այլ պետություններ ճանաչեցին Հայոց ցեղասպանությունը։




