ՍԴ-ն քննության կառնի Րաֆֆի Հովհաննիսյանի դիմումի հիման վրա գործը

180113.5.3_8Հունիսի 11-ին Սահմանադրական դատարանը գրավոր ընթացակարգով քննության կառնի «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի դիմումի հիման վրա գործը: Նա վիճարկում է ՀՀ ընտրական օրենսգրքի 18-րդ հոդվածի 5-րդ մասի և 26-րդ հոդվածի 2-րդ մասի սահմանադրականությունը:

Գործով զեկուցող է նշանակված ՍԴ անդամ Ֆելիքս Թոխյանը: Որպես պատասխանող կողմ դատավարությանը ներգրավված է ԸՕ-ն ընդունած Ազգային ժողովը:

Դիմումատուն խնդրել է ՀՀ Սահմանադրության 1-ին, 2-րդ, 4-րդ և 6-րդ հոդվածներին հակասող և անվավեր ճանաչել ՀՀ ընտրական օրենսգրքի 18-րդ հոդվածի 5-րդ մասն այնքանով, որքանով հնարավորություն է տալիս որպես ընտրական շտաբի ցուցանակ օգտագործել քարոզչական բնույթի պաստառները, այդ թվում թեկնածուի անուն ազգանունով և կարգախոսով:

ՀՀ ընտրական օրենսգրքի 18-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված է, որ ընտրական շտաբների վրա տեղադրված ցուցանակները օրենսգրքի իմաստով քարոզչական տպագիր նյութեր չեն համարվում, եթե դրանք չեն ներառում թեկնածուին, կուսակցությանը (կուսակցության դաշինքին) կողմ կամ դեմ քվեարկելուն ուղղված ուղղակի կոչեր, դրանց թիվը չի գերազանցում ընտրության համար կազմավորված ընտրական տեղամասերի թիվը, և յուրաքանչյուր պաստառի (ցուցանակի) մակերեսը չի գերազանցում 6 քառակուսի մետրը:

Ր.Հովհաննիսյանը խնդրել է նաև ՀՀ Սահմանադրության նույն հոդվածներին հակասող և անվավեր ճանաչել ՀՀ ընտրական օրենսգրքի 26-րդ հոդվածի 2-րդ մասն այնքանով, որքանով Նախագահի թեկնածուներին հնարավորություն է տալիս ընտրական շտաբի համար տարածքների վարձակալման գումարը (շուկայական արժեքը), ինչպես նաև դրանց վրա որպես ցուցանակ օգտագործվող քարոզչական բնույթի պաստառների պատրաստման (տեղադրման) ծախսերը չներառել այն ծախսերի մեջ, որոնց համար օգտագործվում են միայն նախընտրական հիմնադրամի միջոցները:

ԸՕ-ի վիճարկվող վերոհիշյալ դրույթն ամրագրում է, որ թեկնածուները, համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները ԶԼՄ-ներով նախընտրական քարոզչության իրականացման, դահլիճների, տարածքների վարձակալման, քարոզչական պաստառների պատրաստման (տեղադրման), քարոզչական տպագիր և այլ նյութերի ձեռքբերման, ընտրողներին տրամադրվող քարոզչական բոլոր տեսակի նյութերի, ներառյալ` տպագիր, պատրաստման ֆինանսավորման համար օգտագործում են միայն նախընտրական հիմնադրամի միջոցները

«ՓԱՍՏԻՆՖՈ»

 

«Բարև Երևան» դաշինքը բոյկոտեց Երևանի ավագանու անդրանիկ նիստը

timthumb (1)Այսօր կայացավ Երևանի նորընտիր ավագանու առաջին նիստը: Ավագանու առաջին նիստը վարում էր ավագանու ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչ, Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ ԱստղիկԳևորգյանը.

Նիստը սկսվեց ավանդույթ դարձած  «Երևան-Էրեբունի» երգով։  Այնուհետև Աստղիկ Գևորգյանը անուն առ անուն ներկայացրեց բոլոր ավագանու անդամներին: Պարզվեց, որ  ներկա էին ՀՀԿ ցուցակից 42 անդամ, ԲՀԿ-ից՝ 17 , և«Բարև Երևան» դաշինքից 6 անդամ։

Աստղիկ Գևորգյանը հայտարարեց, թե քանի որ ՀՀԿ-ն ստացել է ավագանու տեղերի 50 %-ից ավելին, ուստի համապատասխան օրենքի՝ ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանն օրենքի ուժով համարվում է ընտրված Երևանի քաղաքապետի պաշտոնում։

Տարոն Մարգարյանը, մինչ կվերաստանձներ պաշտոնը, հանդես եկավ ելույթով՝ ավագանու առաջին նստաշրջանի կապակցությամբ շնորհավորելով ավագանու անդամներին և շնորհակալություն հայտնելով  մայրաքաղաքի բնակչությանը վստահության քվեների համար։

Այնուհետև ՏարոնՄարգարյանն անցավ օրակարգային հարցերին՝ ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի ձևավորում, երդմանարարողության հետ կապված հարցեր, ավագանու ղեկավարների, քարտուղարության անդամների նաևհանձնաժողովների նախագահների ընտրություն։ «Բարև Երևան» դաշինքի ղեկավար ընտրված ԱնահիտԲախշյանը զարմացավ. «Օրակարգը չե՞ք հաստատելու»։ Տարոն Մարգարյանը պատասխանեց` ոչ, քանի որ առաջին նիստն է։ Ավագանու անդամներն անցան արդեն քվեարկության միջոցով հանձնաժողովների նախագահների առաջարկություններին և քվեարկությանը, ինչը բոյկոտեցին  «Բարև Երևան» դաշինքի անդամները. «Կեղծված ընտրությունների արդյունքով ձևավորված ավագանու քվերակությանը խմբակցությունը չի մասնակցում»,- հայտարարեց Արմեն Մարտիրոսյանը։

Նիստի ընթացքում եղավ մեկ ինքնառաջադրում.  ԲՀԿ ավագանու խմբակցության ղեկավար ընտրված ԹամարաՊողոսյանը առաջարկեց Մշակույթի, կրթության և գիտության հանձնաժողովի ղեկավար առաջադրել իրեն։ Ինքնառաջադրումը քվեարկությամբ հաստատվեց։ Ավագանու հաջորդ նիստը կանցկացվի  սեպտեմբերի 10-ին։

«Բարև Երևան» -ը չի մասնակցել ավագանու առաջին նիստի քվեարկություններին

բարեւ-երեւանԱյսօր  «Բարև Երևան» խմբակցությունը մասնակցեց ավագանու առաջին նիստին, որտեղ հանդես եկավ այսօրվա քվեարկություններին չմասանակցելու վերաբերյալ հայտարարությամբ հետևյալ հիմնավորմամբ.

  1. ավագանու առաջին նիստին ներկայացված օրակարգի նախագիծը առանց հաստատվելու դրվեց շրջանառության մեջ,
  2. ի նշան բողոքի՝ ընդդեմ Երևանի ավագանու ընտրությունների կեղծված արդյունքների և հանձնաժողովների նախագահների ու նրանց տեղակալների իմիտացիոն ընտրությունների: Դրա վառ ապացույցն է այն, որ քվեարկության 59 մասնակիցները 4 քվեարկություններից 3-ում բացառապես քվեարկեցին կողմ, 1 քվեարկության ժամանակ եղավ ընդամենը 1 դեմ:

 

Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցություն

Արմեն Գևորգյանը տղավարի կանգնել է Սուրեն Խաչատրյանի կողքը

armen-gevorgyan«Հրապարակ» թերթը գրում է, որ Գորիսում Սուրիկ Խաչատրյանի տան մոտ կատարված արյունալի դեպքի առավոտյան բոլոր մարզպետերը գնացել են Գորիս՝ Սուրիկ Խաչատրյանին «մարդկայնորեն աջակցելու»։ «Արմեն Գևորգյանից Սուրիկ Խաչատրյանն ամենաշատն էր շնորհակալ, ասում էր՝ տղավարի կանգնել է կողքս»։ Թերթը հիշեցնում է. երբ 2008-ին անչափահաս երեխայի ծեծելու առնչությամբ Տիգրան Սարգսյանը ծառայողական քննություն էր նշանակել Խաչատրյանի նկատմամբ, Արմեն Գևորգյանը կրկին «տղավարի» «մարզպետի կողքին էր կանգնել»։

Պետբյուջեից հատկացված ֆինանսավորումից ՀԱԿ-ը «բաժին է» տվել միայն ՀԺԿ-ին

040213.10_62012թ.-ին համամասնական ընտրակարգով խորհրդարանական ընտրությունների արդյունքում ընտրված քաղաքական ուժերից ՀՀԿ-ն նույն տարում պետական բյուջեից ստացել է 29 մլն 530 հազար դրամ, «Բարգավաճ Հայաստան»-ը՝ 17 մլն 511 հազար դրամ, ՀՅԴ-ն՝ 6 մլն 740 հազար 900 դրամ, «Օրինաց երկիր»-ը՝ 4 մլն 633 հազար 400 դրամ, «Ժառանգություն»-ը՝ 4 մլն 387 հազար դրամ, «Հայ ազգային կոնգրես»-ը՝ 2 մլն 928 հազար 900 դրամ:

Ի դեպ՝ ՀԱԿ-ը, ի տարբերություն մյուս քաղաքական ուժերի, 2012թ.-ին բյուջետային ֆինանսավորում է ստացել ավելի կարճ ժամանակահատվածի համար: Մնացած 5-ը ներկայացված են եղել նաև նախորդ գումարման Ազգային ժողովում՝ մինչև մայիսին կայացած ընտրությունները:

ՀԱԿ-ի հաջորդ առանձնահատկությունն այն է, որ վերջինս խորհրդարանական ընտրություններին մասնակցել է որպես 2008թ.-ի նախագահական ընտրություններում ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին սատարած շուրջ երկու տասնյակ կուսակցությունների դաշինք: 2013թ.-ի մարտի 22-ին արդեն որպես «Հայ ազգային կոնգրես» կուսակցություն ներկայացրած հաշվետվության մեջ, սակայն, նշված է, որ պետբյուջեից դաշինքի ստացած գումարներից փոխանցում է կատարվել միայն Հայաստանի ժողովրդական կուսակցությանը: ՀԺԿ-ի հաշվետվության մեջ այդ գումարը 366 հազար 100 դրամ է:

ՀԱԿ-ը նաև իր եկամուտներից անդամավճար է վճարել Եվրոպայի Լիբերալ-դեմոկրատական և բարեփոխումների կուսակցությանը, սակայն անդամավճարի կոնկրետ գումարը նշված չէ. այն ներառված է այլ ծախսերի մեջ:

Դատելով Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակված տարեկան ֆինանսական հաշվետվություններից՝ քաղաքական ուժերն պետական բյուջեից ստացված այդ գումարները՝ ի թիվս այլ օրինական եկամուտների, հիմնականում ծախսել են աշխատավարձի, մատուցված ծառայությունների, գրասենյակների կոմունալ վճարների և վարձակալության, հարկերի, տուրքերի, գործուղման, տրանսպորտային և այլ ծախսերի գծով:

«ՓԱՍՏԻՆՖՈ»

 

Առաջարկվում է խստացնել սեռական անձեռնմխելիության և ազատության դեմ ուղղված հանցագործությունների պատժատեսակները

photoԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը Դավիթ Հարությունյանի նախագահությամբ քննարկել է “ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին” օրենքի նախագիծը:

Օրենքի նախագծով նախատեսվում է էապես վերափոխել օրենսգրքի 18-րդ գլուխը, ինչպես նաև համապատասխան լրացումներ կատարել օրենսգրքի 75-րդ հոդվածում: Օրենսգրքի 18-րդ գլխով նախատեսված են սեռական ազատության և սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունները: Փոփոխությունն ուղղված է ինչպես կանխարգելելու անձի սեռական անձեռնմխելիության և սեռական ազատության դեմ ուղղված հանցագործությունները, այնպես էլ խստացնելու այդ հանցագործությունների համար նախատեսված պատժատեսակները: Առավել լուրջ փոփոխություններ են առաջարկվում անչափահասների նկատմամբ կատարվող նման բնույթի հանցագործությունների պատիժները խստացնելու ուղղությամբ:

Հանձնաժողովն օրենքի նախագծին տվել է դրական եզրակացություն ընդգրկելու ԱԺ երրորդ նստաշրջանի և հունիսի 10-13-ի քառօրյա նիստերի օրակարգում:

Առաջարկվում է “Դիլիջանի միջազգային դպրոց” ծրագրի իրականացման համար տրամադրել հարկային եւ մաքսային վճարների արտոնություննե

717334ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովն այսօր Վարդան Այվազյանի նախագահությամբ քննարկել է “Դիլիջանի միջազգային դպրոց” ծրագրի շրջանակներում հարկային եւ մաքսային արտոնություններ տրամադրելու մասին օրինագիծը, որը ներկայացրել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Սուրեն Կարայանը: Նա տեղեկացրել է, որ Դիլիջան քաղաքում նախատեսվում է կառուցել եւ շահագործել միջազգային ստանդարտներին համապատասխան դպրոց: Ամբողջ ծրագրի արժեքը գնահատվում է շուրջ 550 մլն ԱՄՆ դոլար, որից 150 մլն ԱՄՆ դոլարը նախատեսվում է ներդնել շենքի կառուցման եւ անհրաժեշտ գույքային միջոցների ձեռքբերման, իսկ շուրջ 400 մլն ԱՄՆ դոլարը` գործառնական ծախսերի ու դպրոցի հետագա զարգացման նպատակով: Ծրագրի շրջանակներում արդեն իսկ ներդրվել է 20 մլն ԱՄՆ դոլար:

Նախագծով առաջարկվում է “Դիլիջանի միջազգային դպրոց” ծրագրի իրականացման համար տրամադրել հարկային եւ մաքսային վճարների արտոնություններ:Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է նպաստել միջազգային չափանիշներին համապատասխան կրթահամալիրի կառուցման եւ շահագործման աշխատանքներին, որն իր հերթին կնպաստի տարածաշրջանում նոր աշխատատեղերի ստեղծմանը, գործազրկության մակարդակի կրճատմանը, զբոսաշրջության զարգացմանը:

Հանձնաժողովը որոշել է առաջարկել Ազգային ժողովին կառավարության կողմից անհետաձգելի համարվող այս նախագծի երկրորդ ընթերցումը կազմակերպել առաջին ընթերցումից հետո 24 ժամվա ընթացքում:

«Ադրբեջանից այսօր երկու լուր ստացանք` լավ ու ավելի լավ». Արմեն Աշոտյան

4c9aa0971836fee4b5da45996e79e9e4Քիչ առաջ ՀՀ գիտության և կրթության նախարար Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում վերլուծել է Ադրբեջանից ստացվող քաղաքական  լուրերը` վերջին երկուսը գնահատելով «լավ» և «ավելի լավ»:

«Ադրբեջանից այսօր երկու լուր ստացանք` լավ ու ավելի լավ: Առաջին, լավ լուրը վերաբերում է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյնաի` Ազգային անվտանգության խորհրդի նիստում Ադրբեջանի ապագայի մասին բարձրաձայնած գնահատականներին ի արձագանք ադրբեջանական ԱԳՆ-ի պատասխանին:  Իհարկե, խոստովանենք, որ աշխարհին Քրիստոփոր Կոլումբոս, Լեոնարդո դա Վինչի և Զեյնաբ Խանլարովա տված ազգի դիվանագետները մեկ-երկու օր տևած ցավերից հետո կարող էին ավելի հետաքրքիր և ինտելեկտուալ արգասիք երկնել:  Ինչևէ, մնում է փաստել, որ Ադրբեջանի հումքային ռեսուրսները, չնայած հասունացող ճգնաժամի, համեմատական ավելի հարուստ են, քան իրենց ԱԳՆ-ի ինտելեկտուալ պոտենցիալը:

Իսկ երկրոդ, ավելի լավ լուրն այն է, որ Մեհրիբան Ալիևան ընտրվել է “Ենի Ադրբեջան” կուսակցության փոխնախագահ:  Անկեղծ չգիտեմ, ՀՀԿ-ի փոխնախագահներից ով կհայտնվի իր հետ միևնույն խաղատախտակին, բայց բոլոր դեպքերում, երևի գեղեցիկը կփրկի Ադրբեջանը», – գրել է Արմեն Աշոտյանը:

Ադրբեջանում ազատ մամուլը ուտոպիա է, իսկ Հայաստանում` իրականություն. Է. Շարմազանով

ՇարմազանովԱրձագանքելով ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթին` Ադրբեջանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, թե Ադրբեջանի եւ Հայաստանի զարգացման միջեւ անդունդը հասել է ահռելի մեծության:

Ադրբեջանցի պաշտոնյայի այս հայտարարության առնչությամբ մեկնաբանությամբ է հանդես եկել ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը.

“Բնականաբար, Հայաստանի եւ Ադրբեջանի զարգացման միջեւ անդունդը գնալով խորանում է, քանի որ Ադրբեջանում պաշտոնապես խրախուսվում է ռասիզմ եւ այլատյացություն, իսկ Հայաստանում` հանդուրժողականություն: Ադրբեջանի իշխանությունները պաշտոնապես քարոզում են պատերազմ, Հայաստանինը` խաղաղություն: Ադրբեջանում ազատ մամուլը ուտոպիա է, իսկ Հայաստանում` իրականություն: Ադրբեջանը սլանում է դեպի բռնապետություն, որտեղ առանցքային դեր ունի անձի պաշտամունքը, մինչդեռ Հայաստանում զարգանում է քաղաքական բազմակարծությունը:

Ակնհայտ է, որ նման “զարգացման” դեպքում Ադրբեջանի ֆիասկոն անխուսափելի է:

 

Երբ «էլիտան»` ընտրանին, ընտրասերված չէ…

լիսկա2 Անցած շաբաթվա թիվ մեկ աղմկահարույց իրադարձությունը  դարձավ հունիսի 2-ի գիշերը Գորիսում` Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի` Լիսկայի տան մոտ կատարված սպանությունը: Գլխավոր դերերում էլ մարզպետն ու նրա շրջապատն էին, թե կոնկրետ ո՞վ, հավանաբար կասեն իրավապահները:

 Սկանդալային միջադեպերից «աչք չենք» բացում

Միջադեպը, իհարկե, զվարճալիների ու զավեշտալիների շարքը չի կարելի դասել, քանի որ մի մարդ սպանվել, երկուսն էլ վիրավոր են, ընդ որում` մեկը ազգային բանակի գնդապետ: Չենք ուզում անդրադառնալ դեպքի «պատմական արմատներին» ու առավել ևս` մանրամասներին, քանի որ առանձնապես մանրամասներ էլ չգիտենք:

Մեզ համար, որպես հասարակության, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, որպես ազգի, պակաս կարևոր չէ, թե ինչու են Հայաստանում վերջին շրջանում այդպիսի միջադեպեր գրանցվում, և այս ամենը դեռ ինչքա՞ն պետք է շարունակվի: Էլ Գյումրիում են կրակոցներ հնչում, էլ փաստաթղթեր են հրապարակվում, որոնք վարչապետին ու բարձրաստիճան հոգևորականին կտրում են իրենց տրամաբանական իրականությունից ու տեղափոխում այլ` անհասկանալի ու արատավոր իրականություն, մեկ էլ, երբ դեռ նախորդները չէինք հասցրել մարսել, նոր կրակոցներ են հնչում արդեն Սյունիքում, ու դարձյալ մարդկային կյանքի կորստով, ու դարձյալ գլխավոր դերերում են իրենք իրենց քաղաքական ու իշխանական «էլիտա» համարողները:

Կարծում ենք` Հայաստանում չկա որևէ ողջամիտ մարդ, որ համոզված չլիներ, թե Սյունիքի մարզպետի բոլոր «քաջագործությունների»` անպատժելիությունը նման հետևանքների է հանգեցնելու: Համոզված ենք` բոլոր նորմալ ու  բանական մարդիկ հասկանում ու համոզված էին, որ երբ Սուրիկ Խաչատրյանը ծեծում է երեխային ու անպատիժ մնում, երբ նա, տեսախցիկներից անգամ չխորշելով, հարվածում է կնոջը ու հետո շարունակում պաշտոնավարել, դեռ մի բան էլ «Մարտական խաչ» է ստանում, ապա մի օր այդ ամենը շատ վատ ավարտ է ունենալու: Ահա և վատ` շատ վատ ավարտը. մեկի կյանքն ընդհատվեց, մյուսն էլ կյանքի ու մահվան կռիվ է տալիս:

Արամ Մանուկյան«Հայաստանում իշխանությունը ստեղծել է մի միջավայր, որտեղ թույլատրվում է հանցագործություն անել ու չպատժվել: Այդպիսի տասնյակ դեպքեր կարող ենք նշել, որ կրակում են, թիկնապահները ծեծում են և այլն: Սա գնալով պիտի հաճախանա, քանի որ այս մարդկանց ապրելու ձևը սա է, այս մարդկանց ստեղծած մթնոլորտը, համակարգը սա է»,- անդրադառնալով միջադեպին` նշում է ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը և շարունակում իր միտքը, թե կադրերն այստեղ մեղավոր չեն, անգամ` այդ կրակողները, նրանց հովանավորները` մարզպետը, քաղաքապետը, այլ ամենաթողությունն ու «բեսպրեդելն» է մեղավոր, որ ստեղծվել է իշխանության կողմից: ՀԱԿ-ի պատգամավորը հավելեց, որ այնպես չէ, որ Սուրիկ Խաչատրյանը հանկարծ վերցրել ու հանցագործություն է կատարել. «Ինքը չէր կարող չանել, ինքն այդ միջավայրում է, ու եթե այդպես չաներ, կարող էր ավելի վատ վիճակում հայտնվել»: ՀԱԿ-ի պատգամավորի այս դիտարկումն առավել քան ուշագրավ է, քանի որ  նրա նշած ամենաթողության ավանդույթը սկիզբ է առել այն ժամանակ, երբ իշխող կուսակցությունը հենց իր հարազատ կուսակցությունն էր` ՀՀՇ-ն, բեսպրեդելի հիմքերը ՀՀՇ-ի իշխանության տարիներին են դրվել, և Լիսկան էլ հենց այդ տարիների ծնունդն է: 1992 թ.` պատերազմի ժամանակ, երբ Լիսկան զինված մտավ և Գորիսի քաղաքապետարանը գրավեց, օրենքը և իրավապահ մարմինները ոչինչ չարեցին, քանի որ Լիսկայի հովանավորները  իշխանության ամենաառանցքային դեմքերից էին: Այն ժամանակ ընդհանրապես իշխանական թևից ոչ ոք չէր պատժվում, հիմա գոնե հույս կա, որ կարող է պատժվել:

«Ոճիր և պատիժ», եթե, իհարկե, պատժող դեռ մնացել է

Ստյոպա ՍաֆարյանԲայց սովորաբար իրենց ժողովրդավարական հռչակած երկրներում նման դեպքերը ոչ միայն աչքաթող չեն արվում, այլև կայծակնային արագությամբ ստանում են թե՛ իրավական, թե՛ քաղաքական գնահատական: Իրավական` հետագայում նման դեպքերից խուսափելու համար և քաղաքական, որպեսզի նման միջադեպերը շղթայական ռեակցիայով իշխանական վերնախավի անդրկուլիսյան ինտրիգները չբացահայտեն: Բայց Հայաստանում…

«Նախադեպերը շատ են: Պարզապես, քանի որ Սյունիքի մարզպետն անգնահատելի ֆիգուր է իշխանությունների համար թե՛ ընտրությունները կեղծելու, թե՛ Սյունիքում բռնատիրություն հաստատելու առումով, բնականաբար, ոչ թե նա էր իշխանության պարտքի տակ, այլ իշխանություններն էին նրա պարտքի տակ մշտապես»,- այս դեպքի կապակցությամբ նշեց Ստյոպա Սաֆարյանը և շարունակեց, որ Սյունիքի մարզպետի գոյությունն իր պաշտոնում տարիներ շարունակ եղել է հիասթափության պատճառ շատ ու շատ նորմալ, արժանապատիվ մարդկանց համար:

Սյունիքի մարզպետի հայտարարությունը  («Լավ է, որ քնած եմ եղել, որ արթուն լինեի, մի 20 հատ էլ ես էի գլխին շարելու») վերջնականապես հունից հանեց գրեթե բոլորին: Զղջալու փոխարեն մարդը դեռ մի բան էլ հոխորտում էր: Որովհետև նախկին բոլոր «հերոսությունների» համար Սուրիկ Խաչատրյանի հետ ոչ ոք օրենքի լեզվով չխոսեց:

Մարդիկ կարծես աչքաթող արեցին նաև այն հանգամանքը, թե ինչ գործ ունեին զինված թիկնապահները կամ պահակազորը մարզպետի տանը և կողքին: Օրենքով դա թույլատրված չէ: Այդ ինչպե՞ս է պատահում, որ մարզպետը թիկնազոր է պահում,  երբ դա ոչ միայն օրենքով նախատեսված չէ, այլև արգելված է: Հենց նման դեպքերից խուսափելու համար էր թիկնազորից հրաժարվելու մասին որոշումը կայացվել բարձր էշելոններում:

Հիմա արդեն եղածը փոխել ոչ ոք չի կարող: Բուդաղյան եղբայրներից մահացածին ոչ ոք հետ չի բերի, գնդապետ Բուդաղյանն էլ դեռ հիվանդանոցում է: Ու այս անգամ արդեն կարևոր է, թե ինչ քննություն կընթանա, իրական հանցագործն ըստ արժանվույն պատիժ կստանա՞, թե հերթական անգամ ծածկադմփոց կարվի հերթական աղմկահարույց պատմությունը: Էլ ավելի կարևոր է, թե ինչպիսի գնահատական կտան իրենց կուսակից ընկերոջն ու «զինակցին» իշխող կուսակցության անդամները, որովհետև հետագա զարգացումները, պարզից էլ պարզ է, կընթանան միայն սուբյեկտիվ` քաղաքական դիրքորոշման պայմաններում: Համենայն դեպս, այդպիսին է մեր երկիրը. պետք է վերինը որոշի, թե ստորինն ինչ պատիժ կկրի, ոչ թե օրենքը:

«Ժամանակից առաջ չընկնենք, եթե դեպք է պատահել, կարծում եմ` լավ չէ, որ հետաքննության ընթացքում գնահատականներ տանք կամ փորձենք ինչ-որ բան մեր վերլուծականով ներկայացնել: Եթե մարդը հանցանք է կատարում, բնականաբար, պետք է պատժվի,- նշել է ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը` դեպքի կապակցությամբ հայտնելով իր կարծիքը:- Ինձնից սկսած` ցանկացած մարդ, որ հանցանք կկատարի, պետք է ադեկվատ պատիժ ստանա»:

Կարծես թե անցավ նաև այն փուլը, երբ փորձում էին Լիսկային արդարացնել, թե իբր նրա տան վրա է հարձակում եղել,  թե պաշտպանվել են: Ամեն դեպքում, ինչպես ասում են, այս խմորը դեռ շատ ջուր է առնելու:

 

 

 

 

Ավարտվեցին «Հայաստանի Հանրապետության 2012թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկումները ԱԺ մշտական հանձնաժողովներում

photoՀունիսի 5-ին Ազգային ժողովի տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվեց «Հայաստանի Հանրապետության 2012թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությունը, որը վերաբերում էր արդյունաբերության, քաղաքաշինության, տրանսպորտի եւ կապի, էներգետիկայի եւ բնական պաշարների, սակագնային քաղաքականության, տնտեսական մրցակցության պաշտպանության, կադաստրի ոլորտների եկամուտների եւ ծախսերի կատարողականին, ինչպես նաեւ ընդհանուր եկամուտների ձեւավորմանը, հարկային եւ մաքսային քաղաքականությանը:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրեց վերը նշված ոլորտների կատարողականի հիմնական ցուցանիշները, իսկ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը, ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանը, ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի տեղակալ Հրանտ Բեգլարյանը, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը, ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ Աշոտ Մուսայանը ներկայացրին համապատասխան ոլորտներում իրականացված ծրագրերն ու ծախսերը:

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանը ներկայացրեց 2012թ. եկամուտների ձեւավորման ցուցանիշները, հարկային եւ մաքսային քաղաքականությունը:

2012 թվականին պետական բյուջեից էկոնոմիկայի նախարարությանը փաստացի հատկացվել է 2,6 մլրդ դրամ, կատարողականը՝ մոտ 79%, քաղաքաշինության նախարարությանը՝ 12,4 մլրդ դրամ, կատարողականը՝ 96,3%, տրանսպորտի եւ կապի նախարարությանը՝ 33 մլրդ դրամ, կատարողականը՝ 57,6% (նախորդ տարվա համեմատ ծախսերը աճել են 7,5 մլրդ դրամով), էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությանը՝ 6,9 մլրդ դրամ, կատարողականը՝ 59,6% (նախորդ տարվա համեմատ ծախսերը աճել են 1,8 մլրդ դրամով), ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ 421 մլն դրամ, ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին՝ 250 մլն դրամ: ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն իրականացրել է 5 բյուջետային ծրագրեր, նախատեսված 4,4 մլրդ դրամից ծախսվել է 87%-ը:

2012 թվականին գրանցվել է 7,2% տնտեսական աճ: 2012 թվականի տարեվերջին 12-ամսյա գնաճը կազմել է 3.2%, միջին գնաճը՝ 2,6%:

ՀՀ պետական բյուջեի եկամուտների ծրագիրն ավելացվել է 33,3 մլրդ դրամով (3,6%-ով) եւ կազմել 944,9 մլրդ դրամ, որից 922,2 մլրդ դրամը` սեփական եկամուտների, 22,7 մլրդ դրամը` պաշտոնական դրամաշնորհների գծով: 2012 թվականի փաստացի եկամուտները կազմել են շուրջ 946,2 մլրդ դրամ, որոնք նախորդ տարվա ցուցանիշը գերազանցել են 65,3 մլրդ դրամով կամ 7,4% ով, իսկ ծրագրային ցուցանիշը կատարվել է 100,14% ով: Առանց արտաբյուջետային միջոցների` պետական բյուջեի եկամուտները կազմել են 920,5 մլրդ դրամ` ապահովելով 100,3% կատարողական: Հարկային եկամուտների (ներառյալ` պետական տուրքերը եւ պարտադիր սոցիալական ապահովության վճարները) կատարողականը առանց արտաբյուջետային միջոցների կազմել է 100%, այլ եկամուտները ճշտված ծրագրային ցուցանիշը գերազանցել են 28,3%-ով, իսկ պաշտոնական դրամաշնորհների կատարողականը կազմել է 82,9%:

ՀՀ 2012 թվականի պետական բյուջեի եկամուտների 92,8%-ն ապահովվել է հարկային եկամուտների, պետական տուրքերի եւ պարտադիր սոցիալական ապահովության վճարների հաշվին, որոնք կազմել են շուրջ 878,4 մլրդ դրամ եւ 100,04% ով կատարել կառավարության լիազորությունների շրջանակներում ճշտված տարեկան ծրագիրը: Նշված գումարից շուրջ 725,5 մլրդ դրամը կազմել են հարկային եկամուտները, 23.8 մլրդ դրամը` պետական տուրքերը եւ 129,1 մլրդ դրամը` պարտադիր սոցիալական ապահովության վճարները:

2011 թվականի համեմատ հարկային եկամուտները, պետական տուրքերը եւ պարտադիր սոցիալական ապահովության վճարներն աճել են 13% ով կամ 101 մլրդ դրամով, ինչը հիմնականում պայմանավորված է ավելացված արժեքի հարկի, շահութահարկի, բնապահպանական ու բնօգտագործման վճարների, եկամտահարկի եւ ակցիզային հարկի գծով ստացված մուտքերի աճով:

2012 թվականին արտաքին աղբյուրներից տրամադրվել են շուրջ 18,7 մլրդ դրամ պաշտոնական դրամաշնորհներ` կազմելով տարեկան ճշտված ծրագրի 82,2% ը, այսինքն` կանխատեսվածից պակաս է ստացվել ավելի քան 4 մլրդ դրամ: Շեղումը մեծ մասամբ պայմանավորված է նպատակային ծրագրերի կատարման աստիճանով, որոնց շրջանակներում ստացվել է կանխատեսված գումարի 77,4%-ը` 6,4 մլրդ դրամ: Նախորդ տարվա համեմատ պաշտոնական դրամաշնորհներից պետական բյուջեի մուտքերը նվազել են 68,6%-ով կամ 40,7 մլրդ դրամով:

2012 թվականին ՀՀ պետական բյուջե են մուտքագրվել ավելի քան 49,1 մլրդ դրամ այլ եկամուտներ, որը կազմում է բյուջեի եկամուտների 5,2%-ը` նախորդ տարվա 5%-ի դիմաց:

ՀՀ 2012 թվականի պետական բյուջեի մասին օրենքով նախատեսվել էր 1 տրիլիոն, 44 մլրդ դրամ ծախսերի կատարում: Տարվա ընթացքում ծրագիրն ավելացվել է 33 մլրդ դրամով (3.2% ով) եւ կազմել 1 տրիլիոն, 77 մլրդ դրամ: Փաստացի ծախսերը կազմել են 1 տրիլիոն, 6 մլրդ դրամ` ապահովելով ծրագրի 93,4% կատարողական, ինչը պայմանավորված է որոշ ծրագրերով նախատեսված միջոցների տնտեսմամբ ու առանձին ծրագրերի շրջանակներում գնումների հետ կապված վճարումների հետաձգմամբ: Շեղումը մասամբ պայմանավորված է արտաքին աջակցությամբ իրականացվող ծրագրերի կատարողականով (60,6%), առանց որոնց ծախսերի կատարողականը կազմում է 97,1%:

2012 թվականի պետական բյուջեն կատարվել է 59,9 մլրդ դրամ պակասուրով:

Զեկուցողները պատասխանեցին նաեւ ԱԺ պատգամավորների հարցերին:

Ավարտվեցին «Հայաստանի Հանրապետության 2012թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկումները ԱԺ մշտական հանձնաժողովներում:

Կարծում եմ` Թուրքիայում հեղաշրջում չի լինի. Արտակ Շաքարյան

3Թուրքիայի Ստամբուլ քաղաքում Գեզի այգու առնչությամբ բնապահպանների սկսած շարժումը այսօր արդեն վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ  փողոց է դուրս բերել աջերին, ձախերին, միասեռականներին: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց թուրքագետ Արտակ Շաքարյանը և հավելեց. «Այսօր այգում են ֆուտբոլասերները, ովքեր հայտնի են որպես ազգայնականներ և ագրեսիվ տեսակ են: Սա մտահոգիչ է հայերիս համար, քանի որ Էրդողանը կարող է օգտվել առիթից ու շարժումը շեղել հայերի, հույների ու հրեաների ուղղությամբ: Կարող են ուղղորդել քանդելու ու թալանելու ազգային փոքրամասնությունների խանութները: Մյուս կողմից Թուրքիայում գլուխ բարձրացրած շարժումը շեղում է Թուրքիայի կառավարությանը արտաքին հարցերից՝ ԼՂ խնդրից, Հայոց ցեղասպանության հակածրագրերից»:

Ի տարբերություն ավելի վաղ` մեկ այլ թուրքագետ Ռուբեն Մելքոնյանի հայտնած  վստահությանը, թե Թուրքիայի այս  շարժմանն անուղղակիորեն աջակցում է Արևմուտքը` Արտակ Շաքարյանը գրեթե բացառեց արտաքին ուժերի ազդեցությանը. «Օտար ձեռագիր չեմ տեսնում: Կարող է այսօր փորձեն աջակցել արտաքին ուժերը, բայց ծագումը, կարծում եմ, զուտ թուրքական է», – ասաց բանախոսը:

Ինչ վերաբերում է հնարավոր հեղաշրջմանը, թուրքագետը կարծիք հայտնեց, որ հեղաշրջում չի լինի, քանի որ Էրդողանը ազդեցիկ է,  բայց հնարավոր է նա փորձի հետ քայլ անել ու որոշ վերադասավորումների գնալ:

 

 

2012 թվականի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության քննարկումները` ԱԺ մշտական հանձնաժողովներում

socialakani byuje1Հունիսի 4-ին ՀՀ ԱԺ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվեց գյուղատնտեսության, բնապահպանության եւ ջրային տնտեսության ոլորտներին վերաբերող «Հայաստանի Հանրապետության  2012թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությունը:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրեց վերը նշված ոլորտների կատարողականի հիմնական ցուցանիշները, իսկ ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Գրիգորի Բաղիյանը, ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը եւ ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության  պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը համապատասխան ոլորտներում իրականացված ծրագրերի ու ծախսերի վերաբերյալ հանդես եկան առավել հանգամանալից հաշվետվություններով:

Գյուղատնտեսության նախարարության ծախսերը կազմել են 10,23 մլրդ դրամ կամ ծրագրվածի 96,8%-ը: Կատարված հատկացումների հաշվին իրականացվել են մի շարք ծրագրեր, որոնց արդյունքում 2011 թ.-ի համեմատությամբ 2012թ.-ի համախառն արտադրանքն ավելացել է 9.5%-ով: Ըստ Ատոմ Ջանջուղազյանի՝ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության ծախսերը կազմել են 798.7 մլն դրամ կամ ծրագրվածի 93.2%-ը:

2012 թվականին շրջակա միջավայրի պաշտպանության բնագավառում պետական բյուջեի ծախսերը կազմել են ավելի քան 7 մլրդ դրամ կամ ծրագրով նախատեսվածի 110.5.%-ը: Ծրագրի գերազանցումը հիմնականում պայմանավորված է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի աջակցությամբ իրականացվող Սեւանա լճի բնապահպանական դրամաշնորհային ծրագրի կատարողականով:

2012 թ.-ին ՀՀ բնապահպանության նախարարությունն իրականացրել է 26 ծրագիր: Նախարարության ծախսերի կատարողականը կազմել է 97.2%, ինչը պայմանավորված է ծրագրերի իրականացման ժամանակ մրցույթային գործընթացներից առաջացած տնտեսումներով: Նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերը կազմել են 823 մլն դրամ:

ՀՀ գլխավոր գանձապետի տեղեկացմամբ՝ հաշվետու տարում ջրային տնտեսության պետական կոմիտեին հատկացվել է 31 մլրդ 750 մլն դրամ, որից օգտագործվել է 29 մլրդ 525 մլն դրամը՝ ապահովելով 93% կատարողական:

 

Նույն օրը ԱԺ սոցիալական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվեցին 2012 թվականին աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը հատկացված ֆինանսական միջոցների օգտագործման վերաբերյալ հաշվետվությունները:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրեց բյուջետային հատկացումների ընդհանուր պատկերը, իսկ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը այն հիմնական աշխատանքները, որ իրականացրել է նախարարությունը:

2012 թ.-ի բյուջեով նախարարության եւ սոցիալական ապահովության բնագավառի ծախսերին հատկացվել է 278 մլրդ դրամ, որից օգտագործվել է 275.3 մլրդ դրամ՝ ապահովելով 99.1% կատարողական: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը հաշվետու տարում պատասխանատու է եղել 94 ծրագերի կատարման համար:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը ներկայացրեց սոցիալական պաշտպանության ոլորտի ծրագրերը: Նա նշեց, որ 2012թ.-ին նախարարության համար գերակա ուղղություններ են եղել կենսաթոշակային բարեփոխումները, ինտեգրացված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրումը եւ երեխաների իրավունքների պաշտպանությանն ուղղված խնդիրների լուծումը:

 

ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն

Տեղի ունեցավ Երիտասարդական խորհրդարանի հերթական լիագումար նիստը

erit xorhrdarani nist (1)Հունիսի 4-ին տեղի ունեցավ ՀՀ ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովին կից Երիտասարդական խորհրդարանի հերթական լիագումար նիստը:

Օրակարգը հաստատելուց  հետո Երիտասարդական խորհրդարանի անդամները քննարկեցին  «Վարչական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:  Հիմնական զեկուցող Կարեն Ամիրյանը նշեց, որ առաջարկվում է  օրենսգրքի 90-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել 6-րդ կետով, այն է ՝ հայցը ենթակա չէ վարչական դատարանում քննության:

Ազատուհի Սիմոնյանը ներկայացրեց « ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով  Օսմանյան կայսրությունում կամ Արևմտյան Հայաստանում իրագործված Հայոց ցեղասպանությունը  հրապարակայնորեն  հերքելը , մեղմացնելը, արդարացնելը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով:

Երիտասարդական խորհրդարանի պատգամավորները քվեարկությամբ ընդունեցին քննարկված օրենքի նախագծերը:

Երիտասարդ խորհրդարանականները քննարկեցին նաև  «ՀՀ Հողային օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին»,  «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում  լրացում կատարելու մասին օրենքների նախագծերը:

 

Խորհրդարանական լսումներ՝ նվիրված արհեստակցական միությունների գործունեության երաշխիքներին

mardu iravunqneri lsumner1Հունիսի 4-ին ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող «Հայաստանի Ազգային ժողովի աջակցման ծրագրի» օժանդակությամբ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Էրատո» սրահում կազմակերպել էր խորհրդարանական լսումներ՝ «Արհեստակցական միությունների գործունեության երաշխիքները» թեմայով:

Լսումներին մասնակցում էին ԱԺ պատգամավորներ, արհեստակցական միությունների եւ իրավապաշտպան հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ՄԻՊ աշխատակազմի անդամներ:

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը տեղեկացրեց, որ քննարկման նպատակն է կրկին անդրադառնալ հասարակական մեծ կարեւորություն ունեցող խնդրի՝ արհեստակցական միությունների կայացմանն ու զարգացմանը:

Հանձնաժողովի նախագահը մասնակիցներին առաջարկեց գրավոր ներկայացնել առաջարկներ, որոնք հիմք կդառնան՝ բարեփոխելու ոլորտը կանոնակարգող օրենսդրությունը կամ, անհրաժեշտության դեպքում, մշակելու այլ օրինագծեր:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն իր զեկույցն սկսեց խիստ գնահատականներով. ըստ նրա՝ Հայաստանում արհեստակցական միությունները գործում են վիրտուալ աշխարհում, թղթի վրա: Նրա խոսքով՝ արհեստակցական միությունները չեն ուզում կամ չեն կարողանում պաշտպանել աշխատողների իրավունքներն ու շահերը, այդ մասին են փաստում ՄԻՊ գրասենյակի ստացած բազմաթիվ բողոքներն ու դիմումները:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի, ինչպես նաեւ ելույթ ունեցողներից շատերի կարծիքով, ոլորտի չկայացման պատճառն օրենսդրությունը չէ, այլ հանրային գիտակցությունը, ստվերային տնտեսության առկայությունը, արդարության նկատմամբ վստահության եւ իրավական գիտելիքների պակասը: Ոլորտի չկայացման պատճառներից մեկն էլ ըստ Կարեն Անդրեասյանի՝ արհմիությունների կախվածությունն է գործատուներից: Նրա խոսքով՝ անհրաժեշտ է փոխել արհմիության էությունը՝ դարձնելով այն իրավապաշտպան կառույց:

Մարդու իրավունքների պաշտպանի տեսակետների հետ համաձայն չէր ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Արայիկ Պետրոսյանը, ում կարծիքով՝ ժամանակ է անհրաժեշտ ոլորտի կայացման համար, քանի որ ոլորտի օրենսդրությունը բացեր չունի, իսկ արհեստական ձեւով՝ վարչարարությամբ, ոլորտ զարգացնելուն ինքը դեմ է: Փոխնախարարի կարծիքով՝ վերջին երեք-չորս տարիներին նկատելի են որոշ դրական փոփոխություններ:

«Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիա» արհեստակցական կազմակերպությունների հանրապետական միության նախագահ Էդուարդ Թումասյանը եւս, չհամաձայնելով ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի գնահատականների հետ, ոլորտի թուլացման հիմնական պատճառներ համարեց մրցակցության բացակայությունը, քաղաքացիների՝ աշխատանքը կորցնելու վախը, իրավական գիտելիքների պակասը եւ այլն: Ոլորտի զարգացման ճանապարհը, ըստ նրա, պետական մոտեցումն է. նրա համոզմամբ՝ անհրաժեշտ է, որ կատարվեն փոփոխություններ, եւ հիմնարկ-ձեռնարկություններում արհեստակցական միությունների ստեղծումը պարտադիր համարվի, ինչպես, օրինակ, կատարվում է այլ երկրներում:

Ոլորտի զարգացման վերաբերյալ ելույթ ունեցավ նաեւ «Հայաստանի գործատուների հանրապետական միության» նախագահ Գագիկ Մակարյանը, ում կարծիքով եւս ոլորտը կարգավորող օրենսդրությունը թերություններ չունի. ըստ նրա՝ կա տարբեր մարմինների, հասարակական կազմակերպությունների հետ համագործակցության սերտացման կարիք: Գագիկ Մակարյանը նշեց, որ իր ղեկավարած կառույցը ծրագիր է մշակել, որն ուղղված է արհեստակցական միությունների զարգացմանը:

Ելույթներ ունեցան նաեւ Ա. Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի ներկայացուցիչ Մերի Խաչատրյանը, կրթության եւ գիտության աշխատողների ճյուղային արհմիության ներկայացուցիչ Էլեն Մանասերյանը, ՀԿ-ների եւ արհմիությունների ներկայացուցիչներ:

Մտքերի փոխանակության ընթացքում արհմիությունների, իրավապաշտպան հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներն անդրադարձան համակարգի խնդիրներին եւ ներկայացրին իրենց առաջարկներն ու տեսակետները:

ԱԺ ՀՅԴ խմբակցությունը հանդես է եկել “Նաիրիտ Գործարանի”հարցով օրենսդրական նախաձեռնությամբ

frakԱյսօր Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցությունը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ, ըստ որի` առաջարկվում է ստեղծել«Նաիրիտ Գործարան» փակ բաժնետիրական ընկերության մասնավորեցման, ստանձնած վարկային պարտավորությունների և անհրաժեշտ ծավալով տնտեսական գործունեություն չիրականացնելու պատճառներն ուսումնասիրող ՀՀ Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով:Համապատասխան նամակն արդեն ներկայացվել է ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին:

Քննարկել են Հայաստանի և ԵՄ–ի միջև տարաբնույթ հարթակներում համագործակցության հնարավորությունները

ազատ դեմոկրատներԱյսօր Ազատ դեմոկրատներ կուսակցության գրասենյակում Հայաստանում Լեհաստանի դեսպան Զդիսլավ Ռաչինսկին հանդիպեց Ազատ դեմոկրատներ կուսակցության ղեկավար կազմի հետ` նախագահ Խաչատուր Քոքոբելյանի ղեկավարությամբ։

Հանդիպման մասնակիցները քննարկեցին Հայաստանի ներքաղաքական, եվրոինտեգրացիայի և Ասոցացման համաձայնագրի հեռանկարներին առնչվող հարցեր։ Մասնավորապես խոսվեց Հայաստանի և ԵՄ–ի միջև տարաբնույթ հարթակներում համագործակցության հնարավորությունների մասին։

Երկուստեք կարևորվեց եվրոպական ստանդարտների լիակատար կիրառումը Հայաստանի Հանրապետությունում։

Ազատ դեմոկրատներ կուսակցության լրատվական ծառայություն

«Պետք չէ շտապել և սա անվանել թուրքական գարուն». Ռուբեն Սաֆրաստյանը՝ Թուրքիայում տեղի ունեցող իրադարձությունների մասին

սաֆրաստյանՀարցազրույց ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն, Հանրային խորհրդի անդամ Ռուբեն Սաֆրաստյանի հետ՝ Թուրքիայում տեղի ունեցող զանգվածային բողոքի ցույցերի վերաբերյալ:

 

–         Պարոն Սաֆրաստյան, ի՞նչ գնահատական կտաք Ստամբուլի զբոսայգիներից մեկի ծառահատման պատճառով սկիզբ առած և կառավարության՝ մասնավորապես վարչապետ Էրդողանի հրաժարականի պահանջի վերաճած բազմահազարանոց շարժմանը Թուրքիայում:

–         Սա նախևառաջ ընդվզում է կառավարման այն ավտորիտար մեթոդների դեմ, որը կիրառում է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը՝ մասնավորապես Էրդողանը: Չմոռանանք, որ Թուրքիան աշխարհում ամենադաժան քաղաքականություն վարող երկներից է լրագրողների նկատմամբ, ազգային և կրողնական փոքրամասնությունների դեմ տեղի ունեցող ճնշումներով: Ստամբուլի և Անկարայի որոշ խավերի մոտ դժգոհություն կա իսլամամետ քաղաքականությունից, որն իրականացնում է Էրդողանի կուսակցությունը: Վերջիվերջո Թուրքիան տասնամյակներ շարունակ եղել է աշխարհիկ պետություն, իսկ հիմա իշխանությունները կարծես թե ավելի տանում են իսլամամետ քաղաքականություն: Նկատվել են կարգախոսեր, որ մենք Աթաթուրքի զինվորներ ենք և այլն: Թուրք մտավորականների շրջանում դժգոհություն կա Թուրքիայի արտաքին քաղաքականության հետ կապված. հիշենք, որ Թուրքիայում տեղի ունեցան ցույցեր, որի մասնակիցներն իրենց բողոքն էին արտահայտում Սիրիայում Թուրքիայի որդեգրած քաղաքականության դեմ և այլն: Եվ չնայած որ Թուրքիայում արձանագրվում է տնտեսական աճ, մարդիկ դժգոհ են կառավարման այն մեթոդներն ու քաղաքականությունը, որն իրականացնում է իշխող կուսակցությունը

–         Այս շարժումն ուղղորդվա՞ծ է քաղաքական ուժերի կողմից, թե՞ զուտ քաղաքացիական բնույթ է կրում:

 

–         Փաստորեն, քաղաքական հիմնական ընդդիմադիր ուժերն այս ընդվզումներին չեն մասնակցում, հեռու են մնում: Սա նշանակում է, որ այն քաղաքական համակարգը, որ ներկայումս գոյություն ունի Թուրքիայում, ադեկվատ չէ, չի կարողանում արտահայտել հասարակության մեջ գոյություն ունեցող բոլոր հոսանքներն ու մոտեցումները: Մյուս կարևոր հանգմանք այն է, որ ընդվզումներին մասնակցող խմբերը ոչ թե քաղաքական խմբեր են, էկոլոգիական շարժման ներկայացուցիչներ և այլն, այլ Ստամբուլի երեք հիմնական ֆուտբոլային թիմերի՝ «Գալաթասարայի», «Ֆեներբախչենի» և «Բեշիկթաշի» երկրպագուները և այլն էլ՝  բոլորը միասին: Սա Ստամբուլում մեծ ուժ է: Դրանք կազմակերպված խմբեր են՝ ոչ դասական առումով և մի նոր շարժում Թուրքիայում, որն արդեն սկսում  է գրավել հետազոտողների ուշադրությունը: Այդ խմբերն այս ընդվզումներին բավականին ակտիվորեն են մասնակցում:

–         Ձեր կարծիքով ի՞նչ զարգացում կունենա Թուրքիայում ծավալված շարժումը:

–         Ընդհանուր առմամբ, այս շարժման քաղաքական ներկապնակը շատ խայտաբղետ է, և ինչ զարգացում այն կունենա, այս պահին շատ դժվար է գնահատել, քանի որ դեռևս քաղաքական ուժերն ու քրդական կազմակերպությունները չեն մասնակացում շարժմանը, մյուս կողմից՝ շարժման մասնակիցներն ինքնակազմակերպման որոշակի տարրեր են ցուցաբերում. մասնավորապես երեկվա իրադարձությունները ցույց տվեցին, որ մասնակիցների միջից ձևավորվում են կուռ խմբեր, գուցե և ի հայտ գան լիդերներ, և եթե դա տեղի ունենա, մենք մի նոր շարժման ականատես կլինենք: Բայց ես կարծում եմ, որ շատ կարևոր կլինի այսօրվա օրը, քանի որ աշխատանքային է, և արդյո՞ք մասնակիցների քանակը կպահպանվի: Ամսի 31-ին և 1-ին տեղի ունեցած իրադարձությունները, ըստ մասնագետների գնահատականների, Թուրքիայի պատմության, ինչպես նաև վերջին տարիներին աշխարհում տեղի ունեցած ամենազանգվածային ընդվզումներն էին ոստիկանության դեմ: Այստեղ շատ կարևոր մի հանգամանք կա. իշխանությունները կիրառեցին ուժ, որը չէր համապատասխանում իրադրությանը՝ այսինքն խաղաղ ցուցարարների դեմ և դրանով ավելի բորբոքեցին ընդվզումը:

 

–         Հայտնի է, որ Էրդողանը մեծ հեղինակություն է վայելում Թուրքիայում: Այդ հանգամանքը որքանո՞վ կարող է ազդել իրադարձությունների հետագա ընթացքի վրա:

–         Այո, շատ կարևոր է հաշվի առնել Էրդողանի գործոնը: Իսկապես նա մեծ հեղինակություն ունի Թուրքիայում, խարիզմատիկ անձնավորություն է, մեծ թվով կողմնակիցներ ունի, իսկ ամենակարևորը՝ դեմոկրատական ճանապարհով ընտրված կուսակցության ղեկավար է, որն իր նշանակությունը կունենա շարժման վրա: Շատերն այս իրադարձությունները համեմատում են արաբական գարնան հետ՝ անվանելով թուրքական գարուն, բայց պետք է հասկանալ, որ այստեղ սկզբունքային տարբերություն կա. այնտեղ ընդվզումներ տեղի ունեցան այն իշխանությունների դեմ, որոնք դեմոկրատական ճանապարհով չէին ընտրվել, իսկ այս իշխանություններն ընտրվել են դեմոկրատական ճանապարհով, ինչը մեծ ուժ է: Այնպես որ, պետք չէ շտապել և սա անվանել թուրքական գարուն:

–         Ինչ դիրքորոշում ունեն Թուրքիայի հայ համայնքի ներկայացուցիչներն այս շարժմանը և ընդհանրապես շարժումն ի՞նչ ազդեցություն կարող է թողնել հայկական հարցի, հայ-թուրքական հարաբերությունների վրա:  

–         Հայաստանի հետ հարաբերությունների կամ հայկական հարցի վերաբերյալ որևէ եզրակացություն անելը շատ վաղ է: Մի քանի օրից Ստամբուլում տեղի կունենա քննարկում՝ նվիրված ազգային փոքրամասնության խնդիրներին, այդ թվում նաև ծպտյալ հայերի խնդիրներին: Դա թուրքական ներքին քննարկում է, և հետաքրքիր է, թե այդ քննարկումն ինչպես կընթանա, և ինչ ելույթներ կլինեն: Ինչ վերաբերում է Թուրքիայում ապրող հայերի դիրքորոշմանը այս շարժմանը, ապա իմ  անձնական կապերը վկայում են, որ հայերը կազմակերպված չեն մասնակցում ցույցերին, միայն առանձին անհատներ: Դա բնական է, որովհետև Թուրքիայում հայ համայնքն այնպիսի վիճակում է, որ չի կարող որևէ քաղաքական դիրքորոշում ունենալ, վտանգի զգացողությունը նրանց մոտ շատ մեծ է, և դա բացառվում է:

Հարցազրույցը վարեց Անի Գասպարյանը

 

ԱԺ փոխնախագահը հանդիպեց Հունաստանի խորհրդարանի փոխխոսնակի հետ

Մայիսի 31-ին Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպեց Հունաստանի խորհրդարանի փոխխոսնակ Յաննիս Դրաղասակիսի եւ Հայաստանում Հունաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Իոանիս Տայիսի հետ:

Հանդիպման ժամանակ քննարկվեցին տարբեր ոլորտներում երկու երկրների փոխհարաբերությունների եւ միջխորհրդարանական կապերի զարգացմանն առնչվող հարցեր:

Անդրադառնալով միջխորհրդարանական կապերի զարգացմանը՝ ԱԺ փոխնախագահը այս հարցում կարեւորեց բարեկամական խմբերի առավել ակտիվ ու արդյունավետ աշխատանքը, պատվիրակությունների փոխայցերի շրջանակներում առարկայական ու կոնկրետ ծրագրերի մշակումն ու դրանց հետեւողական իրագործումը:

Էդուարդ Շարմազանովն անդրադարձավ նաեւ տարածաշրջանային անվտանգության խնդիրներին՝ հավաստիացնելով, որ Հայաստանը եղել եւ մնում է բոլոր ժողովուրդների հետ խաղաղ գոյակցության կողմնակից: Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծումը, նրա հավաստմամբ, հնարավոր է լուծել միայն խաղաղ բանակցությունների ճանապարհով, եւ Հայաստանի այս դիրքորոշումը համահունչ է Մինսկի խմբի համանախագահների մոտեցումներին:

Հունաստանի խորհրդարանի փոխնախագահ Յաննիս Դրաղասակիսը բարձր գնահատեց Հայաստանի խաղաղասիրական ու կառուցողական քաղաքականությունը, հատկապես վերջին տարիներին ժողովրդավարական բարեփոխումների ասպարեզում արձանագրած հաջողությունները, ինչը, նրա գնահատմամբ, ավելի լուրջ հիմքեր է ստեղծում երկու եղբայր ժողովուրդների ու պետությունների հետագա համագործակցության ակտիվացման համար: Նա հավաստիացրեց նաեւ, որ Հունաստանը պատրաստակամ է՝ աջակցելու Հայաստանին եվրաինտեգրման ճանապարհին:

Հանդիպման ժամանակ քննարկվեցին նաեւ տնտեսական հարաբերությունների ակտիվացմանը, ֆինանսատնտեսական ճգնաժամի հետեւանքների հաղթահարմանը, հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանն առնչվող հարցեր:

 

ԵԽԽՎ-ն լուրջ սպասելիքներ ունի Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահությունից

images (1)Այսօր Երևանում ընթացող ԵԽԽՎ մշտական հանձնաժողովի և բյուրոյի նիստում ԵԽԽՎ նախագահ Ժան-Կլոդ Մինյոնը հայտարարեց, որ ԵԽԽՎ-ն լուրջ սպասելիքներ ունի Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահությունից: «Կովկասի բոլոր երեք երկրներն առաջընթաց են արձանագրել ժողովրդավարական արժեքների և եվրոպական հիմնական արժեքների հանդեպ հարգանքի հարցում»,-ասաց նա` միաժամանակ հրաժարվելով համեմատություններ անցկացնել երեք երկրների միջև,-Եվրոպայի խորհուրդն իր կողմից պատրաստ է սատարել պետություններին, սակայն անհրաժեշտ է հենց պետությունների պատրաստակամությունը՝ հետագայում այդ ուղով ընթանալու համար»:

Ժան-Կլոդ Մինյոնի խոսքով` ԵԽ-ն պատրաստ է սատարել նաև սառեցված հակամարտությունների կարգավորմանը` չնայած որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը  ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում է: