Ջրային ռեսուրսների տնտեսման պարագայում կարող ենք խոշոր արտահանող դառնալ

ջուրՋրի ներկայիս սպառման պայմաններում Հայաստանի ջրային պաշարները բավարար են ներքին կարիքների համար, սակայն դա ամենևին էլ չի նշանակում, որ ջուրը չպետք է տնտեսել:
Ըստ փորձագիտական գնահատականների` 2030-40 թթ. Հայաստանի ջրային պաշարները կնվազեն 20-25 տոկոսով` կապված կլիմայի տաքացման և տեղումների նվազման հետ: Այդ ընթացքում տեղի կունենա նաև ջրի սպառման ծավալների ավելացում: Վերջին տասնամյակում ջրի օգտագործումը Հայաստանում կտրուկ աճել է: Այսպես, եթե ջրառը 2000 թ. 1.8 մլրդ խմ էր, ապա ներկայումս մոտենում է տարեկան 3 մլրդ խմ-ին: Ընդ որում` ջրառի աճը հիմնականում տեղի է ունեցել ջրի տրանզիտային կորուստների հաշվին, որ 2008 թ. պաշտոնական տվյալներով կազմել է մոտ 32%` 2002 թ. 25%-ի համեմատ: Ստացվում է` տարեկան մոտ 1 մլրդ խմ ջուր ենք կորցնում ճանապարհներին, որը չափազանց մեծ ծավալ է: Եթե առաջիկա տասնամյակում ջրի փոխադրման համակարգում լուրջ ներդրումներ չարվեն, ապա ջրի խնդիրը Հայաստանում կսրվի: Նկատենք, որ օգտագործվող ջրի մոտ 80%-ից ավելին ուղղվում է ոռոգմանը, և միայն 5-6%-ն է օգտագործվում խմելու և կենցաղային նպատակներով:

Հայաստանի ջրային ռեսուրսների ներկա հաշվեկշռի պարագայում, (խնայողական միջոցառումների պարտադիր իրականացմամբ) Հայաստանը 1-2 տասնամյակ անց կարող է դառնալ ջրի խոշորագույն արտահանողներից մեկը:

Ինչպիսի՞ն է մեր երկրում ջրային ռեսուրսների կարգավորման և օգտագործման ներկա վիճակը և զարգացման ի՞նչ հեռանկարներ ունենք: Ոլորտի ներկայացուցիչների գնահատմամբ` Հայաստանը ջրային ռեսուրսների զարգացած համակարգ ունի: Մեր ջրային օրենսգիրքն ընդունվել է 2002 թ., որով հիմք է դրվել ոլորտի օրենսդրական բարեփոխումներին: Այդ ժամանակից ի վեր, ոլորտն անշեղորեն աճ է արձանագրել:
ՀՀ տարածքային կառավարման նախարարության Ջրային պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավար Մհեր Մկրտումյանը հիշեցնում է, որ ջրային տնտեսության ոլորտը մեր երկրում կառավարում են առաջատար ֆրանսիական օպերատորներ, իսկ ոռոգման ոլորտում մասնակցային կառավարմամբ գործում են 42 ջրօգտագործող ընկերություններ: Ինչ վերաբերում է տեխնիկական ապահովվածությանը, ապա ներկայումս ջրաչափման համակարգը կազմում է շուրջ 91 տոկոս:
Համակարգը նույնպես արդիական վիճակում է, վերջին ժամանակներս այն համալրվել է նոր ջրագծերով: Օրինակ` խմելու ջրի ոլորտում կառուցվել են 3800 կմ, իսկ ոռոգման ոլորտում` 900 կմ ջրագծեր:
Վերջին ժամանակներս մեծ ուշադրություն է դարձվում նաև բնապահպանական խնդիրներին: Գավառ, Մարտունի, Վարդենիս քաղաքներում կառուցվել են կոյուղու մաքրման կայաններ, իսկ տարբեր հատվածներում` շուրջ 52 կմ կոյուղացանց: Նախատեսվում է կոյուղու մաքրման կայաններ կառուցել նաև Ջերմուկ և Դիլիջան քաղաքներում: Վերականգնվել է Մարալիկի ջրամբարը: Արդեն իսկ գործողություններ են իրականացվում 4 ջրամբարաշինական ծրագրերի իրականացման ուղղությամբ: Առաջինը 90 մլն խմ տարողությամբ ջրամբարն է որը կառուցվում է Եղվարդում, այնուհետև 60 մլն խմ տարողությամբ ջրամբարը` Կապսում, 20-25 մլն խմ տարողությամբ` Վեդիում և կառուցվում է Սելավ-Մաստարա ջրամբարը` 10-12 մլն խմ տարողությամբ: Այս աշխատանքների իրականացման համար արդեն սկսվել են նախագծային և բանակցային գործընթացներ:

Մայրաքաղաքում դեռևս կան համայքներ, որտեղ ջրամատակարարումը շուրջօրյա ռեժիմով չէ: Ոլորտի պատասխանատուներն այժմ իրենց գերխնդիրն են համարում ամեն տարի առնվազն 1 ժամով ջրամատակարարման տևողությունն ավելացնելն ու 500 կմ-ով ջրամատակարարման ցանցերը փոխարինելը: «Մենք պետք է կարողանանք ամբարել և պահպանել առկա ջրային ռեսուրսները` մտածելով ապագա սերունդերի մասին»,- ասում է Մհեր Մկրտումյանը: Նա հավաստիացրեց նաև, որ նախկին տարիների համեմատ հնարավոր է դարձել լուծել նաև բազմաբնակարան շենքերում ջրի հասանելության խնդիրը:

Այսօր շուրջ 560 գյուղական բնակավայրեր, սակայն, գտնվում են ջրամատակարարող կազմակերպությունների սպասարկման դաշտից դուրս, և հետաքրքիր է, թե ինչպես է կարգավորվելու ջրօգտագործման մեխանիզմն այդ համայնքներում: Ուսումնասիրություններ են իրականացվում այդ բնակավայրերում ինստիտուցիոնալ, ֆինանսական, տնտեսական ռազմավարություններ իրականացնելու ուղղությամբ: Անցկացվել են նաև խորհդատվական աշխատանքներ, և առաջիկայում այդ համայնքերի ուղղությամբ նույնպես համապատասխան գործողություններ կիրականացվեն:
Լ.Ն

Անկախ

Կայացել է 600,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք

 50 միլիոն դոլար,Լիբիա, Աբդել Ֆաթահ ՅունիսԱպրիլի 14-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում կայացել է 600,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 415.25դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 415.25 դրամ:

Անկախ

Հրապարակվել է 2014 թվականի հունվար-փետրվար ամիսների պետական բյուջեի կատարողականը

Պետական բյուջե2014 թվականի հունվար-փետրվար ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 159.2 մլրդ դրամ, իսկ ծախսերը` 139.7 մլրդ դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրվել է պետական բյուջեի եկամուտների աճ` 2.3%‑ով կամ 3.5 մլրդ դրամով, ինչը հիմնականում ապահովվել է եկամտային հարկի, շրջանառության հարկի և այլ եկամուտների աճի հաշվին: Պետական բյուջեի եկամուտների 92.6%-ը ձևավորվել է հարկային եկամուտների և պետական տուրքերի, 7.4%-ը` այլ եկամուտների հաշվին: Պետական բյուջեն կատարվել է սահուն, և ապահովվել է պետական բյուջեի ծախսային ծրագրերի շրջանակներում հունվար-փետրվար ամիսներին պետական մարմինների կողմից սահմանված կարգով ստանձնած պարտավորությունների ամբողջական կատարումը: Արդյունքում՝ կառավարության առաջին եռամսյակի ծրագրի կատարումը հունվար-փետրվարի տվյալներով եկամուտների գծով կազմել է 66.3% և ծախսերի գծով՝ 52.4%: ՀՀ 2014 թվականի հունվար-փետրվարին պետական բյուջեի ծախսերը նախորդ տարվա նույն ամիսների համեմատ աճել են 6%‑ով կամ 8 մլրդ դրամով, ինչը հիմնականում պայմանավորված է ընթացիկ ծախսերի աճով:

Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե են մուտքագրվել շուրջ 147.5 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, որոնք կազմել են եռամսյակային ծրագրի 65.9%-ը: 2013 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ նշված եկամուտները գրեթե չեն փոփոխվել:

Բյուջետային ելքերի համեմատ մուտքերի առավել բարձր կատարողականի արդյունքում պակասուրդի ներքին աղբյուրներում ձևավորված ազատ միջոցներն ավելացել են 10.4 մլրդ դրամով` առաջին եռամսյակի ծրագրով նախատեսված 50.4 մլրդ դրամ օգտագործման փոխարեն:

Պետական բյուջեի եկամուտներում, ծախսերում և պակասուրդի ֆինանսավորման աղբյուրներում ներառված չեն արտաքին աղբյուրներից ֆինանսավորվող նպատակային ծրագրեր իրականացնող գրասենյակներով շրջանառվող միջոցները:

ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի բաժին

Կայացել է կարճաժամկետ պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ

պարտատոմսերԱպրիլի 14-ին տեղի է ունեցել 39 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT39121155 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 500 մլն դրամ է, իսկ պահանջարկը՝ 1 մլրդ 232 մլն դրամ, որից մրցակցային` 1 մլրդ 120 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային` 112 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 500 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 471 302 666 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 8.0294 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 8.0830 տոկոս:
Աճուրդին մասնակցել են 3 գործակալ և գանձապետական պահառուն:

Զատիկին ձվի դեֆիցիտ չի լինի. Դավիթ Ղուլյան

Դավիթ Ղուլյան  Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմը 2014  թվականին արդեն երկու դիտարկում է իրականացրել ձվի շուկայում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի ղեկավարի տեղակալ, ստուգումների պատասխանատու Դավիթ Ղուլյանը:

«Առաջին դիտարկման ժամանակ 400  ձու հանվել է շուկայից, իսկ երկրորդի ժամանակ` 4800: Դրանք չեն համապատասխանել տեխնիկական կանոնադրությանը»,- նշեց Ղուլյանը: Նա թվերի այդ մեծ տարբերությունը պայմանավորեց այն բանով, որ առաջին ստուգման ժամանակ ուսումնասիրվել է միայն շուկան, իսկ  երկրորդի ժամանակ` բոլոր ներկրողների պահեստները նաև:

2014 թվականին ներմուծվել է 2մլն  900  հազար ձու Բուլղարիայից , Իրանից, Բելառուսից և Ուկրաինայից: դիտարկումներ կատարվել են Երևանում և երկու մարզերում` Շիրակում և Լոռիում:  դավիթ Ղուլյանը հայտնեց նաև, որ հանդիպում ունեցել ներքին արտադրողների հետ և նրանք խոստացել են, որ այս տարի Զատիկին ընդառաջ ձվի դեֆիցիտ չի լինի հանրապետությունում:

Անկախ

Ծխախոտագործության ոլորտում կբարձրացվեն աշխատավարձերը. ԼՂՀ վարչապետ

imagesԱպրիլի 11-ին Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը այցելեց Մարտունու շրջանի Վազգենաշեն, Նոր շեն և Բերդաշեն գյուղեր՝ համայնքապետերի տարեկան հաշվետվություններին ներկա գտնվելու և տեղերի բնակչությանը հանդիպելու նպատակով:

Վազգենաշենի համայնքապետը ներկայացրեց, որ նախորդ տարի բարեկարգվել և լուսավորվել են գյուղի փողոցները, վերանորոգվել են գյուղապետարանի և բուժկետի շենքերը: Խնդիրներից նա առանձնացրեց խմելու և ոռոգման ջրի սղությունը: Վարչապետն առաջարկեց կառավարության աջակցությամբ և տեղի ուժերով խմելու ջրի նոր ցանց կառուցել: Ոռոգման ջրի խնդրի լուծման համար նա խոստացավ աջակցել արտեզյան հորեր փորել դաշտերում, իսկ ավելի երկարաժամկետ կտրվածքում՝ նաև պոմպակայաններ տեղադրել: Կառավարության ղեկավարը կարևորեց ծխախոտագործության դերը նոր աշխատատեղեր ստեղծելու գործում և կոչ արեց ներկաներին օգտվել այդ տարածքում «Մասիս տոբակո» ընկերության ընձեռած հնարավորություններից և զբաղվել ծխախոտագործությամբ:

Նոր շենի համայնքապետը, ի թիվս այլ աշխատանքների, առանձնացրեց հանդիսությունների սրահի, ակումբի և եկեղեցու նորոգման, ինչպես նաև ճանապարհների խճապատման աշխատանքները: Նրա տեղեկացմամբ՝ դպրոցի նոր շենքի կառուցումն ընթացքում է: Գյուղատնտեսական աշխատանքների վարման կոլեկտիվ մեթոդի կիրառման առաջարկին ի պատասխան՝ Ա. Հարությունյանը ողջունեց այն՝ նշելով, որ կառավարությունը պատրաստ է հնարավորինս աջակցել այն համայնքներին, որտեղ կոլեկտիվ կերպով են լուծում գյուղատնտեսական և այլ խնդիրները: Վարչապետի խոսքով՝ եթե տարիներ առաջ մեր խնդիրները կենցաղային ու սոցիալական բնույթի էին, այժմ համարյա բոլոր համայնքներն ունեն անհրաժեշտ ենթակառուցվածքները, իսկ հիմնական խնդիրը դարձել է տնտեսական զարգացման ու ակտիվության ապահովումը: Կառավարության ղեկավարը շեշտադրեց, որ գյուղացին սոցիալական լավ պայմաններ է ունենալու, եթե ունենա եկամտի երաշխավորված աղբյուր: Իսկ վերջինս հնարավոր է գրագետ և սրտացավ կերպով գյուղատնտեսությամբ զբաղվելու դեպքում:

Բերդաշենի համայնքապետը ներկայացրեց կատարված աշխատանքները՝ մատնանշելով բարերարների միջոցներով կառուցված հանդիսությունների սրահը և համայնքի կողմից ճանապարհների բարեկարգումը: Վարչապետը ողջունեց այն հանգամանքը, որ Բերդաշենը պետական դոտացիա չստացող եզակի համայնքներից է: Ոռոգման ջրի խնդիրը, ըստ Ա. Հարությունյանի, պետք է լուծել արտեզյան ջրհորների փորման և ինքնահոս աղբյուրների վերականգնման միջոցով, որոնց իրագործման ուղղությամբ կառավարությունը պատրաստ է անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել: Գործադիրի ղեկավարը տեղեկացրեց, որ կառավարությունը պլանավորում է այդ տարածքում զարկ տալ ծխախոտագործությանը, ինչը ստեղծելու է զգալի քանակի նոր աշխատատեղեր: Հանդիպումից հետո ծխախոտագործների և «Մասիս տոբակո» ընկերության ներկայացուցիչների մասնակցությամբ հրավիրված խորհրդակցության ժամանակ վարչապետ Ա. Հարությունյանը հանձնարարեց համապատասխան պաշտոնյաներին լուծել ծխախոտի դաշտերի ոռոգման խնդիրը: Նա տեղեկացրեց, որ գործարանի ներկայացուցիչների հետ կառավարությունը համաձայնության է եկել ողջ հանրապետությունում բարձրացնել այդ ոլորտում աշխատողների աշխատավարձերը, ինչը սոցիալական շոշափելի նշանակություն կունենա: «Մասիս տոբակո»-ի ներկայացուցիչը տեղեկացրեց, որ Արցախում ծխախոտի մշակման ամենամեծ ծավալը Բերդաշենում է՝ հավելելով, որ այս տարի այն կհասնի շուրջ 150 հեկտարի:

ԼՂՀ կառավարության տեղեկատվության և Հասարակայնության հետ կապերի բաժին

Սևանի իշխանի վերականգնման նպատակով ստեղծված տնտեսությունները չեն վնասի լճի էկոլոգիան

20.09.12-7417իշխան ձուկՍևանա լճում ձկնատեսակների և ջրի էկոլոգիական խնդիրները շարունակում են արդիական մնալ: Դեկտեմբերի տվյալներով այժմ Սևանում կա 324 տոննա սիգ,  90-100 լճածածան և այլ ձկնատեսաակներ: Սրանց պոպուլյացիայի համար լավագույն տարիները կարելի է համարել ութսունականների վերջը, երբ Սևանում կար  28-30 հազար սիգ: 2013 թվականի տվյալներով ևս սիգը բազմացել է, քանի որ վերջին երկու տարիների ընթացքում ձկնորսների համար շահավետ չէր դրա որսով ձբաղվելը: Այդ հանգամանքը հնարավորություն տվեց սիգերին բազմանալ: Այսօր  լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տվյալներ հայտնեց ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի կենտրոնի տնօրեն Բարդուղ Գաբրիելյանը:

«Չունենք ձկնային հարուստ պաշարներ: Կա միայն լճածածանը, որը ներմուծված ձկնատեսակ է, և մենք այն արժեքավոր չենք համարում: Իսկ իշխանը, կողակը, սիգը, որոնք դիտարկվում են  որպես արժեավոր տեսակ,  անհամեմատ քիչ են: Սակայն գործընթացը գնում է Սևանի իշխանի պաշարները  արհեստական աճման եղանակով վերականգնելու ուղղությամբ, ինչը ողջունելի  է, որովհետև պոպուլյացիան վերականգնվում է: Արդեն հինգ-վեց տարի է,  մանաձուկ է բերվում և բաց է թողնվում լիճ, ինչը շատ ողջունելի է, սակայն ձկները, որ հասունացած են ու պետք է բազմանան,  որսվում են: Դառնում է այնպես, որ մի կողմից բազմացնում ենք, բայց մյուս կողմից բռնում, ստացվում է, որ ոչ էֆեկտիվ գործողություններ են կատարվում»,-ասաց Գաբրիելյանը:

Նախատեսվում է ցանցավանդակով ձկնային տնտեսություն ստեղծել և նույն ծրագրով պետք է ստեղծվի ձկնաբուծարան, որը  պետական հովանավորության տակ է լինելու: « Մինչև այսօր մենք չունենք որևէ ձկնաբուծարան, որը պետական հովանավորության տակի լինի»,- ասում է Գաբրիելյանը:

Ձկնատեսակներն  այնտեղ կսնվեն Դանիայից բերված սննդով: Թեև դա շատերի կարծիքով վնասակար է, սակայն  գիտնականը կարծում  է, որ , երբ սահմանները չեն անցնում, վնաս չի կարող տալ ոչ ձկներին, ոչ ընդհանուր առմամբ Սևանի ջրի էկոլոգիային.« Ռիսկ կա ջրի էկոլոգիայի համար, բայց կան սահմաններ: Բոլոր վնասակար հետևանքները կանխելու համար պետք է շարունակաբար խիստ մոնիտորինգ անցկացվի: Չպետք է թույլ տանք, որ այդ ցուցանիշները գերազանցվեն, հետո միայն ասենք, վերջ, արդեն վնասը հասցվել է»:

Կենսաբանը նշեց նաև, որ գենոմոդիֆիկացած այդ սննդով բոլոր ձկնատեսակները չէ, որ կսնվեն: Դրանով սնվում է հիմնականում միայն իշխանը, իսկ , օրինակ, սիգը ` ոչ:

«Ես գիտեմ, որ  հնարավոր չէ ամբողջ տարին վերահսկել Սևանի ամբողջ տարածքը, սակայն գոնե նոյեմբեր-դեկտեմբեր ընկած հատվածում, երբ սկսվում է բազմացման շրջանը,  պետք է խիստ  վերահսկողություն լինի»,-  հավելեց պրոֆեսորը:

Հանրային տրանսպորտի ուղեվարձի սակագնի շուրջ կրքերը նորից սկսում են թեժանալ

100 դրամԵրևանի քաղաքապետարանում օրեր առաջ տեղի ունեցավ ներքաղաքային ուղևորափոխադրումների վարձի ձևավորման հանձնաժողովի հերթական նիստը: Երևանի քաղաքապետի տեղակալ, հանձնաժողովի նախագահ Վահե Նիկոյանը նշեց, որ ներքաղաքային ուղևորափոխադրումների վարձի սահմանման նպատակով դեկտեմբերի ընթացքում միջազգային խորհրդատուն կատարել է Երևան քաղաքի վերգետնյա տրանսպորտային միջոցների ուղևորահոսքի ուսումնասիրություն, որի արդյունքներն արդեն պատրաստ են:

Ուսումնասիրություններն իրականացվել են Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ և տեղական ու միջազգային կազմակերպությունների, մասնավորապես` «Այ Փի Էս Սի» քաղաքական և սոցիոլոգիական խորհրդատվությունների կենտրոնի կողմից: Քաղաքապետարանի հրապարակած համապատասխան տեղեկատվությամբ նշվում է. «Ուղևորատրանսպորտային հետազոտությունների աշխատանքային խմբի ղեկավար Սերժի Տիոն, մանրամասնորեն ներկայացնելով ուսումնասիրության արդյունքները, նշել է, որ դրանք իրականացվել են բոլոր ուղղություններով և կազմվել են օրվա, ամսվա ու տարվա կտրվածքով` հաշվի առնելով միջազգային փորձը և մեթոդաբանությունը, որոշակի չափանիշներ և առանձնահատկություններ, այդ թվում նաև աշխատանքային և հանգստյան օրերի ցուցանիշները, ինչպես նաև պիկային և երեկոյան ժամերը: Աշխատանքներում ներգրավվել են տասնյակ դիտարկողներ, որոնք տարբեր ժամերի երթևեկել են տարբեր երթուղիներով: Ուսումնասիրություններն իրականացվել են շահագործվող բոլոր 2200 տրանսպորտային միջոցներում: Ըստ այդմ, նշվել է, որ մեկ տարվա միջինացված կտրվածքով` մայրաքաղաքի վերգետնյա տրանսպորտային միջոցների ուղևորահոսքը կազմում է 167 միլիոն 957 հազար 518 քաղաքացի»:
Հիմք ընդունելով Երևանի քաղաքապետարանի կողմից ներկայացված ծախսերի նախնական քննարկված ամփոփ հաշվարկը, որը քննարկվել էր նաև հանձնաժողովի նախորդ նիստերում, Սերժի Տիոն նշել է, որ համադրելով ուղևորահոսքի և ծախսերի տվյալները` ձևավորվել են ներքաղաքային ուղևորափոխադրումների համար որոշակի սակագներ: Համաձայն կատարված հաշվարկի` գազով աշխատող միկրոավտոբուսների պարագայում այն կազմել է 207.2 դրամ, նույն վառելիքով աշխատող ավտոբուսների` 196.2 դրամ և դիզելային վառելիքով աշխատող ավտոբուսների` 252.3 դրամ:

«Հայաստանի սպառողների ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Արմեն Պողոսյանն այդ ուսումնասիրությունն անվանում է «պարտիզանություն», քանի որ հանձնաժողովն աշխատել է հուլիսից մինչև ապրիլի 4-ը, բայց հանձնաժողովի անդամներն այդ տվյալների մասին իմանում են միայն ապրիլի 4-ին: Այնինչ, իրենք պետք է տեղյակ լինեին, թե որ կազմակերպությունն է հաշվարկներ կատարում, որ արժանիքների համար է այդ կազմակերպությունն ընտրվել, որ մեթոդիկայով են աշխատում և այլն:
Ով այդ հետազոտությունը պատվիրել ու վճարել է, նշեց ՀԿ-ի նախագահը, նա էլ հստակ պարամետրեր է տվել արդյունքների համար: Այդ զեկույցում քաղաքացիներին հետաքրքրող հիմնական պատասխանը չի երևում` որքա՞ն ուղևոր է փոխադրում մեկ միկրոավտոբուսը մեկ օրում: Որովհետև, պարզաբանեց Պողոսյանը, ուղեվարձերի սակագները գոյանում են` ծախսերը բաժանելով ուղևորների թվի վրա, ու այստեղ այլ մաթեմատիկա հնարելու կարիք չկա:

«Եթե այդ զեկույցի մեջ ոչ մի տեղ ուղևորների թիվը չի նշվում, էլ ինչների՞ս է պետք այդ հետազոտությունը: Մի թիվ էլ հրապարակեցին` 613 հազար մարդ է երթևեկում: Ես հազարավոր անգամ հայտարարել եմ, որ Երևանում երթևեկում է 600 հազարից ավելի ուղևոր, ու Իտալիայից կամ ինչ-որ երկրից կազմակերպություն հրավիրել պետք չէր այս թիվը ստանալու համար, մեզ այն հայտնի էր: Երեկ էլ մեզ ասում են` 613 հազար, ի՞նչը փոխվեց: Կամ ասում են, թե քանի վարորդ է առանց սափրվելու մեքենա վարում: Դա արհամարհանք է, նշանակում է, որ ովքեր պատվիրել են, իրենց գործը չեն հասկանում»,- ասաց Արմեն Պողոսյանը:
Ընդ որում, հետազոտության տվյալների հավաստիությանը Արմեն Պողոսյանը չի կասկածում, կասկածում է մեթոդիկային, համարում է, որ ճիշտ մեթոդիկա ընտրված չի եղել: Արդյունքն էլ այն է, որ սակագինը 200 դրամի շրջանակներում ստացվեց:

Ո՞վ է «հուշել» մեթոդաբանությունը

Այս ուսումնասիրության մեջ, վերջնական գին ստանալու համար, առանցքային նշանակություն է ունեցել ներքաղաքային ուղևորափոխադրումների համար պահանջվող ծախսերի հաշվարկը: Որովհետև հասարակական տրանսպորտի գները հաշվարկելիս, ինչպես նշեց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանը, ըստ էության, հաշվի են առնվել քաղաքապետարանի կողմից ընդունված նախորդ հաշվարկները: Իսկ նախորդ ծախսի մասով բազմաթիվ դիտարկումներ կան, որոնք մինչ օրս քաղաքապետարանի կողմից հրապարակավ չեն ժխտվել ու դեռ պետք է քննարկվեն:
Ներքաղաքային ուղևորափոխադրումներ իրականացնելու համար կատարվող կամ անհրաժեշտ ծախսերը, որ ներկայացվում են քաղաքապետարանի կողմից, մեկ տրանսպորտային միավորի հաշվարկով, հետևյալն են `

1 միկրոավտոբուսի համար 1 մլն 45 հազար 90 դրամ, դիզելով աշխատող ավտոբուսների համար` 1 մլն 870 հազար 907 դրամ, իսկ գազով աշխատող ավտոբուսի համար` 1 մլն 454 հազար 209 դրամ:

«Երբ կապվեցինք «Այ Փի Էս Սի»-ի հետ, մեզ ասացին, որ մեթոդաբանությունն իրենցը չէ: Նախ` ինձ համար զարմանալի է, որ հետազոտությունն արած ընկերությունն իրեն պատասխանատու չի համարում այն հարցում, թե ինչ մեթոդաբանությամբ է իրականացվել աշխատանքը: Որովհետև ուսումնասիրության հիմքում առաջին հերթին ընկած է մեթոդաբանությունը, մասնավորապես` ընտրանքը: Կոնկրետ «Այ Փի Էս Սի»-ն ասաց, որ մեթոդաբանությունն իրենցը չէ, իրենք չգիտեն, թե ումն է, ընդհանուր լղոզված պատասխան եմ ստացել: Միգուցե պատվիրատուն ասել է, թե դա ճիշտ է, բայց մի քանի էական կետեր կան, որոնց մասին պետք է խոսել»,- ասաց Պիպոյանը:

Մասնավորապես, պարզաբանում է Բապկեն Պիպոյանը, 10 լավագույն երթուղիների ու իդեալական վիճակի համար պահանջվող ծախսերի ու առկա վիճակի համար ծախսերի հաշվարկների արդյունքների տարբերությունը: Դրանք անհամադրելի արժեքներ են, ինչը հետազոտություն անողը պետք է իրականացներ, հասկանար, թե լավ ու վատ վիճակների միջև շեղման տոկոսը որքան է:

Նա նշեց, որ խնդիր կա նաև ընդհանրացման առնչությամբ` հասարակական տրանսպորտի ուղևորահոսքի համեմատությունը մետրոյի ուղևորահոսքի հետ` համապատասխան դասիչով:

«Ավելի պարզ ասած` ենթադրենք` դեկտեմբերին մետրոյով տեղափոխվում է 1000 մարդ, դա պայմանական 1 միավոր է ընդունվում ու համեմատվում է մնացած ամիսների հետ: Ըստ այդմ` 1, 1.1 կամ 0.8 միավորների հետ բաշխում ենք մետրոն ու քաղաքային տրանսպորտը` փաստացի ստացված ուղևորահոսքը` համեմատելով մետրոյի համապատասխան դասիչի հետ: Այս կերպով են «Այ Փի Էս Սի»-ում հաշվարկը կատարել: Ես չգիտեմ, թե ով է այս մեթոդաբանության հեղինակը, բայց սա անգրագիտության գագաթնակետն է: Չեմ կարծում, թե միջազգային փորձում նման մեթոդաբանություն կա, բայց եթե անգամ այդպիսի բան կա, ապա այդ միջազգային փորձը կարող էր գործել, եթե հասարակական տրանսպորտի չվացուցակը պահպանված լիներ»,- պարզաբանեց Բաբկեն Պիպոյանը:

Հնարավոր է 100 դրամ սակագնով հասարակական տրանսպորտ ունենալ

Ուղեվարձի ստացված սակագնի վերաբերյալ էլ Բաբկեն Պիպոյանը նշեց, որ տարեկան հոսքի համադրությամբ ստացված գինը չի կարող իրատեսական լինել, և դա փաստում է նաև քաղաքապետարանը: Վահե Նիկոյանը հանձնաժողովի նիստի ժամանակ նշել է, որ, այդուամենայնիվ, անհրաժեշտ է վերլուծել ստացված արդյունքներն ու փորձել հնարավորինս նվազեցնել մեկ ուղևորի փոխադրման համար ստացված միջինացված արժեքը:
«Ուսումնասիրելով ամբողջ ուղևորահոսքը և ունենալով արդեն որոշակի հաշվարկներ` մենք պետք է քայլեր ձեռնարկենք նաև հնարավորինս օպտիմալացնելու ծախսերը: Սակայն սա կախված է մի շարք բաղադրիչներից և չափորոշիչներից: Այստեղ հատկապես կարևորում ենք սոցիալական որոշակի խմբերի համար այդ արժեքի փոփոխումը: Պետք է նշեմ, որ սա բնավ էլ չի նշանակում, թե կիրառման առումով վերլուծության արդյունքում ստացված միջինացված սակագինը մեզ համար ընդունելի է: Ըստ այդմ, վստահեցնում եմ, որ Երևանի քաղաքապետարանը կանի ամեն ինչ, որպեսզի այդ արժեքը հնարավորինս նվազի: Պետք է փորձենք գտնել այնպիսի լուծում, որն ընդունելի լինի ինչպես ծառայություններ մատուցողների, այնպես էլ մեր համաքաղաքացիների համար»,- ընդգծել է Վահե Նիկոյանը:
Տեսեք, թե խոսքը ուր է հասնում քաջ որսկանի գյուլլի պես: Տրամաբանությունը պարզ է, չէ՞, «միջազգային խորհրդատուն նշում է, որ ուղեվարձի սակագինը 207 դրամ է, իսկ «մարդասեր» քաղաքապետարանը նետվում է փրկելու սեփական ժողովրդին ու «մի կերպ հաջողում» հասարակական տրանսպորտի սակագինը պահել 150 դրամի սահմաններում:

Բաբկեն Պիպոյանը սեփական հաշվարկներն ունի, ու նշում է, որ անգամ քաղաքապետարանի միջազգային խորհրդատուի ուսումնասիրության արդյունքը` հանգեցնում է նրան, որ գրագետ կառավարման դեպքում մենք միանշանակ կարող ենք ունենալ շատ լավ հանրային տրանսպորտ. «Ուսումնասիրությունն էլ փաստեց, որ մենք ունենք անարդյունավետ գծեր, ունենք լրիվ նույն մարդատարությամբ երկու մեքենա, և եթե մեկի ծախսերը մյուսին գերազանցում է 50 տոկոսով, դա նշանակում է, որ պետությունն է սխալ քաղաքականություն իրականացնում: Այսինքն` պետք էր ի սկզբանե հասկանալ, թե որի ծախսն է ավելի ցածր, դա էլ ներկրեինք: Եվ եթե դա պետական մարմինները չեն արել, սխալվել են, ապա այդ սխալի հետևանքով քաղաքացի՞ն պետք է տուժի»:

Ներքաղաքային ուղեվարձերի նրա հաշվարկների արդյունքում ստացվում է, որ եթե ճիշտ մոդելով կառավարվի քաղաքային տրանսպորտը, ապա ոչ միայն հնարավոր է Երևանում ունենալ 100 դրամով ներքաղաքային հանրային տրանսպորտ, այլև, եթե ունենանք կենտրոնացված ավտոպարկ ու տրանսպորտից ստացված եկամուտները ծառայեն նաև քաղաքային բյուջեին, ապա ստացված միջոցներով հնարավոր կլինի ապահովել անգամ քաղաքի գիշերային լուսավորությունը:

Դոլարի գինը բորսայում` 415,65 դրամ

դոլարԱպրիլի 10-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում կայացել է 5,500,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 415.7 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 415.65 դրամ:

 

NASDAQ OMX Armenia

Ավելի արդյունավետ կկիրառվի գործուն զղջալու ինստիտուտը

նախարարներՀՀ կառավարության այսօրվա նիստը վարում էր ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Արմեն Գևորգյանը: Նիստում գործադիրը հավանություն է տվել ՀՀ ընտրական օրենսգրքում լրացում կատարելու օրենքի նախագծին, որը մշակվել է ի կատարումն Եվրոպայի խորհրդի կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խմբի (ԳՐԵԿՈ) առաջարկության: ՀՀ ընտրական օրենսգիրքը չի սահմանում կառուցակարգ առ այն, որ կուսակցության ներկայացրած հաշիվները չի վերանայի նույն կուսակցության ներկայացրած աուդիտորը: ԳՐԵԿՈ-ն Հայաստանի իշխանությանը կոչ է արել մինչև 2014թ. հունիսի 30-ը վերանայել համապատասխան նորմերի բովանդակությունը: Եվ ահա ՀՀ ընտրական օրենսգրքի 28-րդ հոդվածի 4-րդ մասում առաջարկվում է ավելացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություն. «Սույն մասում նշված աուդիտորների վերահսկողական իրավասությունը չի տարածվում իրենց նշանակած խմբակցությունների մուծումների, դրանց հաշվարկման և ծախսերի նկատմամբ»:
Կառավարության հավանությունն է ստացել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություն կատարելու ևս մի օրինագիծ, որը նույնպես առաջարկվել է ԳՐԵԿՈ-ի կողմից: Հաշվի առնելով քաղաքական ֆինանսական բնույթի իրավախախտման առանձնահատկություններն ու բացահայտման բարդությունը և դրանով պայմանավորված մեկ տարվա վաղեմության ժամկետ նախատեսելու աննպատակահարմարությունը, առաջարկվում է նախատեսել վարչական պատասխանատվության ենթարկվելու երկու տարվա վաղեմության ժամկետ:
Նիստում հավանություն է տրվել «Այլընրանքային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու օրինագծին, որի ընդունմամբ կհստակեցվի այլընտրանքային ծառայության դիմումի ներկայացման ժամկետի և դրա քննարկման արդյունքով զորակոչիկի կարգավիճակը: Դա էլ իր հերթին կնպաստի այլընտրանքային ծառայության կազմակերպման և անցկացման հետ կապված հարաբերությունների լիարժեք կարգավորմանը:
Նիստում հավանության է արժանացել ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու օրենքի նախագիծը, որով հաշվի առնելով գործուն զղջալու ինստիտուտի կիրառման սահմանները հստակեցնելու պահանջը, ինչպես նաև այս խնդրի առնչությամբ առկա միջազգային փորձը՝ առաջարկվում է ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան դրույթներում ամրագրել որոշակի և անհրաժեշտ այնպիսի պայմաններ, որոնք համակցությամբ բավարար են գործուն զղջալու պաշտպանության միջոցի կիրառության համար: Օրինագծի ընդունման դեպքում քրեական պատասխանատվությունից ազատելու իրավասություն ունեցող մարմինը հնարավորություն կունենա առևտրային կաշառք, կաշառք կամ ապօրինի վարձատրություն տվող անձին քրեական պատասխանատվությունից ազատելու հարցը լուծել հստակեցված չափանիշների հիման վրա. դա իր հերթին կնպաստի նշված իրավիճակներում գործուն զղջալու ինստիտուտի արդյունավետ կիրառությանը:
Կառավարությունն իր որոշումներով անհետաձգելի է համարել վերը նշված օրենքների նախագծերը, որոնք սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային Ժողով:

Կառավարության հակակոռուպցիոն նոր ծրագրի առաջնահերթ իրականացման ոլորտներն են լինելու կրթությունը, առողջապահությունը, պետեկամուտների հավաքագրումը, ոստիկանությունը

վաչե գաբրիելյանԱյսօր ՀՀ կառավարությունն իր նիստում ընդունված որոշմամբ հաստատել է «Հանրային կառավարման համակարգում կոռուպցիայի դեմ պայքարի» հայեցակարգը: Հայեցակարգը կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում ՀՀ կառավարության իրականացրած քաղաքականության շարունակականությունն ապահովող փաստաթուղթ է:
Հայեցակարգի նախագիծը նախապատրաստվել է Հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման մոնիտորինգի հանձնաժողովի շրջանակներում ձևավորված աշխատանքային խմբի կողմից: Աշխատանքային խմբում ընգրկվել են ՀՀ կառավարության, այլ պետական մարմինների ներկայացուցիչներ, փորձագետներ, ինչպես նաև «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ներկայացուցիչներ: Հայեցակարգի նախագիծը նաև քննարկվել է ՀՀ կառավարության աշխատակազմի հետ:
Հայեցակարգով, մասնավորապես, նախատեսվում է միջազգային չափանիշերին համապատասխան փոփոխել կոռուպցիայի դեմ պայքարի գործող ինստիտուցիոնալ համակարգը: Հայեցակարգի հիման վրա ընդունվող իրավական ակտերով նախատեսվում է վերանայել Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի ձևավորման սկզբունքները, գործառույթները, գործունեության կարգը, ինչպես նաև ձևավորել մշտապես գործող, անկախ փորձագիտական հանձնախումբ, որն ապահովելու է Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի գործառույթների արդյունավետ իրականացումը:
Հայեցակարգը միտված է բարձրացնելու հասարակության վստահությունը հանրային կառավարման համակարգի նկատմամբ, ձևավորելու բարեխիղճ և պատասխանատու հանրային ծառայություն, ինչպես նաև ապահովելու կառավարման թափանցիկությունը և հանրային հաշվետվողականությունը:
Հայեցակարգի դրույթներն իրացվելու են դրա հիման վրա ՀՀ կառավարության սահմանած ժամանակացույցին համապատասխան ընդունվող հակակոռուպցիոն ռազմավարության և ոլորտային ծրագրերի միջոցով:
ՀՀ կառավորության որոշման համաձայն՝ մինչև 2014 թվականի հուլիսի 15-ը Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի քննարկմանը պետք է ներկայացվի քաղաքացիական հասարակության մասնակցությամբ մշակված հակակոռուպցիոն ռազմավարության նախագիծը, որում, որպես հակակոռուպցիոն ծրագրերի առաջնահերթ իրականացման ոլորտներ, նախատեսվելու են հետևյալ չորս բնագավառները՝ կրթություն, առողջապահություն, պետական եկամուտների հավաքագրում, ոստիկանություն՝ քաղաքացիներին ծառայությունների մատուցման մասով:
Հայեցակարգի մշակման փուլում փորձագիտական աջակցություն են տրամադրել մի շարք միջազգային կառույցներ, մասնավորապես՝ ՀՀ-ում ԵՄ պատվիրակությունը, ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը: Նշված կառույցների փորձագետների հետ աշխատանքային հանդիպումների ընթացքում մասնավորապես քննարկվել են հակակոռուպցիոն քաղաքականության նպատակները, խնդիրները, հայեցակարգային լուծումները, արդյունավետ ինստիտուցիոնալ համակարգի ձևավորման նախադրյալները, ինչպես նաև՝ հակակոռուպցիոն ծրագրերի իրականացման համար թիրախավորված ոլորտների ընտրության չափանիշները:

Կբարելավվեն քրեակատարողական հիմնարկների պայմանները

նիստՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում, որը վարում էր ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Արմեն Գևորգյանը, լրացուցիչ 875 մլն դրամ է հատկացրել ՀՀ արդարադատության նախարարությանը, որպեսզի «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի առաջիկա մայիս ամսին բնակեցվելիք 400 ազատազրկվածի համար նախատեսված մասնաշենքից զատ այս տարի կառուցվի նույնքան տարողությամբ ևս մեկ մասնաշենք: Ներկայումս քրեակատարողական հիմնարկները շարունակում են գերբեռնված մնալ: 2006 թվականից կառուցվող «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի 800 ազատազրկվածի պահման համար նախատեսված 4 նոր մասնաշենքի կառուցումը հրատապ խնդիր է, որը մասնակիորեն կլուծվի կառավարության սույն որոշման իրագործմամբ:
Նիստում հաստատվել է ճանապարհային ոստիկանության արձանագրած խախտումների համար վարչական տուգանքի գանձման, գրանցման-քննական ծառայությունների դիմաց վճարման և այլ վճարովի ծառայություններից ստացված միջոցների ծախսման 2014թ. նախահաշիվը: ՀՀ ոստիկանապետին թույլատրվել է, մասնավորապես, դրամաշնորհներ հատկացնել «Լուսանշան» ՊՈԱԿ-ին և ոստիկանության վետերանների և աշխատակիցների աջակցության «Վահան» բարեգործական հիմնադրամին, իրականացնել գնումներ, այդ թվում՝ ձեռք բերել 14 պարեկային և 37 հատուկ մասնագիտացված ավտոմեքենաներ:
Կառավարության որոշմամբ Երևան քաղաքի Արշակունյաց 2ա և Իսահակյան 28 հասցեներում գտնվող շենքերից անհատույց օգտագործման իրավունքով 5 տարի ժամկետով տարածքներ են հանձնվել «Տնտեսական լրագրողների ակումբ», «Մամուլի ազգային ակումբ», «Սեր, ընտանիք», «ՀՀ պատերազմի-զինված ուժերի, աշխատանքի և իրավապահ մարմինների վետերանների միավորում», «Աջակցություն բարեփոխումներին» (10 տարով), «Հայկական կարմիր խաչի ընկերություն», «Ֆեմիդա» և «Հակաստվեր» հասարակական կազմակերպություններին:
Կառավարության այլ որոշումներով տարածքներ են հանձնվել «Հայաստանի քիք-բոքսինգի ազգային ֆեդերացիա» հասարակական կազմակերպությանը, Շիրակի մարզի Ախուրիկի գյուղական համայնքին՝ որպես մանկապարտեզ օգտագործելու պայմանով: Գյումրի քաղաքի Թբիլիսյան խճուղի 1-ին թաղամասում գտնվող կաթսայատան սարքավորումները և արտաքին ջերմացանցը նվիրաբերվել են Սպիտակի քաղաքային համայնքին՝ ջերմոցային տնտեսություն հիմնելու պայմանով:
Կառավարությունը ԿԱ պետգույքի կառավարման վարչությանը թույլատրել է Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոց թիվ 60/1 հասցեում գտնվող 927.7 քառ. մետր մակերեսով գույքը և համապատասխան հողատարածքը ուղղակի վաճառքի ձևով օտարել գույքի վարձակալ «Ասպար ԱՐՄՍ» ՍՊԸ-ին: Ակնկալվում է, որ գործարքի շնորհիվ կմեծանա գույքի օգտագործման արդյունավետությունը, կավելանա պետբյուջեի մուտքը:
Գործադիրը որոշել է 1988-1992թթ. Ադրբեջանից բռնագաղթած և Հայաստանի քաղաքացիություն ստացած ևս 6 ընտանիքի սեփականաշնորհել տարբեր հանրակացարաններում զբաղեցրած բնակելի տարածքները:

ՀՀ կառավարությունն իր միասնական իրավական դիրքորոշումն է արտահայտել ՀՀ սահմանադրական դատարանի որոշման առթիվ

կառավարության նիստՀՀ կառավարության այսօրվա նիստում ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Արմեն Գևորգյանը տեղեկացրել է, որ ՀՀ արդարադատության նախարարությունը որոշակի պարզաբանումներ է պատրաստել` կապված Սահմանադրական դատարանի որոշման կիրառման հետ: Պարզաբանումները կառավարությանն է ներկայացրել ՀՀ արդարադատության փոխնախարարը:
ՀՀ արդարադատության փոխնախարար Եղիշե Կիրակոսյան – Մեծարգո փոխվարչապետ, հարգելի գործընկերներ, հաշվի առնելով Սահմանադրական դատարանի` ապրիլի 2-ին կայացրած որոշումից հետո ստեղծված իրավիճակի բարդությունը, երբ տեղ են գտնում տարբեր իրարամերժ մոտեցումներ և մեկնաբանություններ՝ կապված Սահմանադրական դատարանի որոշման մեկնաբանման, օրենքի դրույթների կիրառելիության և ուժի մեջ մտնելու, ՍԴ-ի որոշման հետադարձ ուժի հետ, հարկ ենք համարում կառավարության միասնական իրավական դիրքորոշումը ներկայացնել այս հարցի առնչությամբ: Ցանկանում ենք շեշտել, որ ՍԴ-ի որոշումները մեկնաբանելիս, ընկալելիս և կիրառելիս անհրաժեշտ է բացառապես ղեկավարվել ՀՀ սահմանադրությամբ, Սահմանադրական դատարանի մասին օրենքով և այդ որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումներով: Մի քանի կարևոր հարցադրումները կամ խնդիրները, որոնց ցանկանում ենք անդրադառնալ, հետևյալն են.
Առաջին, որ ՍԴ-ն սահմանադրությանը հակասող և անվավեր է ճանաչել օրենքի 8 իրավադրույթներ, իսկ 7 դրույթներ ճանաչել է սահմանադրությանը համապատասխանող` որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշման սահմաններում: Միևնույն ժամանակ, համաձայն որոշման եզրափակիչ մասի 7-րդ կետի՝ իրավական անվտանգությունը չխաթարելու նկատառումով հակասահմանադրական ճանաչված բոլոր իրավադրույթները ուժը կորցնելու վերջնաժամկետ է սահմանվել սույն թվականի սեպտեմբերի 30-ը, ինչը նշանակում է, որ այդ դրույթները մինչև սեպտեմբերի 30-ը ժամանակավորապես պահպանում են իրավական ուժը, այսինքն` գործում են: Որոշմամբ սահմանված վերահաշվարկման պահանջը վերաբերում է մինչև սեպտեմբերի 30-ը կատարված և կատարվելիք կուտակային վճարներին:
Երկրորդ, համաձայն Սահմանադրական դատարանի օրենքի 68-րդ հոդվածի՝ հնարավոր է միայն երեք դեպք, երբ ՍԴ-ն կարող է իր որոշմանը տալ հետադարձ ուժ: Դա քրեական օրենսգրքի, վարչական պատասխանատվության վերաբերյալ օրենսգրքի դրույթների հակասահմանադրականության հարցի դեպքում, կամ երբ ՍԴ-ն իր որոշմանը տալիս է հետադարձ ուժ: Տվյալ պարագայում ՍԴ-ն ոչ միայն նման քայլի չի դիմել, այսինքն՝ հետադարձ ուժ չի հաղորդել այս որոշմանը, այլև անվավեր ճանաչված նորմատիվ ակտի համապատասխան դրույթների ուժը կորցնելու ժամկետը հետաձգել է մինչև սեպտեմբերի 30-ը, ինչը սույն օրենքի նշված հոդվածի՝ այսինքն 68-րդ հոդվածի 15-րդ մասի համաձայն նշանակում է, որ մինչև սեպտեմբերի 30-ը վիճարկվող դրույթները համարվում են Սահմանադրությանը համապատասխանող:
Երրորդ կարևոր հանգամանքը, որ ցանկանում ենք շեշտել, ՍԴ-ի որոշումից միանշանակ հետևում է, որ մինչև սեպտեմբերի 30-ը ամբողջությամբ շարունակում է գործել օրենքի 5-րդ հոդվածը, ինչը նշանակում է, որ այդ ժամանակահատվածում պարտադիր կուտակային բաղադրիչին պարտադիր կարգով մասնակցում են 1974 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ծնված վարձու աշխատողները, նոտարները, անհատ ձեռնարկատերերը: Բացի այդ, համաձայն օրենքի 7-րդ հոդվածի առաջին մասի՝ նրանք պարտավոր են կատարել համապատասխան ամսական կուտակային վճար: Այս պահանջը նույնպես գործում է մինչև սեպտեմբերի 30-ը:
Չորրորդ, մինչև սեպտեմբերի 30-ն ամբողջությամբ գործում է նաև օրենքի 76-րդ հոդվածը: Այսպիսով, այս հստակության հետ կապված, կարծում ենք, որ մտացածին և տեղին չեն շրջանառվող իրարամերժ մոտեցումները: Կարծում ենք, սա կողմնորոշիչ կլինի կառավարության համար՝ ՍԴ որոշման բովանդակության վերաբերյալ միասնական հստակ դիրքորոշում ունենալու:
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Արմեն Գևորգյան – Ես առաջարկում եմ, պարոն Կիրակոսյան, ինչ որ ներկայացրեցիք, նաև գրավոր տրամադրվի բոլոր պետական մարմիններին , որպեսզի նաև ընկալումն ավելի ճշգրիտ լինի : Այսօր սահմանափակվենք հաղորդումն ընդունելով ի գիտություն: Այլ հարցեր կամ առաջարկություններ, կամ ինչ որ խնդիրներ կա՞ն: Խնդրեմ, Պարոն Ասատրյան:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Արտեմ Ասատրյան – Պարոն Գևորգյան, Վարչապետի որոշմամբ ստեղծվեց աշխատանքային խումբ, և այն սկսել է գործել: Վարչապետի որոշմամբ ժամկետ սահմանվեց մինչև մայիսի 15-ը, որպեսզի աշխատանքային խումբը Սահմանադրական դատարանի որոշման հետ կապված բոլոր իրավական դիրքորոշումները, նորմերը, որոնք նշեց նաև պարոն Կիրակոսյանը, հնարավորինս սեղմ ժամկետում կարողանա օրենսդրական փաթեթով ներկայացնել կառավարությանը: Եվ նաև մենք երեկ հայտարարության արեցինք, որ հրավիրում ենք բոլոր շահագրգիռ կողմերին՝ մասնակցելու այդ աշխատանքներին, քանի որ ի վերջո համատեղ աշխատանքի արդյունքում պիտի լուծումներ գտնենք իրավական դաշտում, օրենքի շրջանակում: Եվ այդ առումով մեկ անգամ ևս առաջարկում ենք ուղղակի մասնակցել այդ աշխատանքին և զերծ մնալ տարբեր շահարկումներից:

Կառավարությունն աջակցում է ցրտահարությունից տուժած գյուղացիներին

սերգոԿառավարությունն աջակցում է ցրտահարությունից տուժած գյուղացիներին Հողօգտագործողներին կտրամադրվի տարբեր մշակաբույսերի սերմացու, կզեղչվեն հողի հարկը և ջրի վարձավճարը

 

ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում արձանագրել է, որ 2014թ. մարտի 30-ից ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ մարզերում տեղի ունեցած ցրտահարության՝ բնական աղետի հետևանքով մարզերի մի շարք համայնքներին պատճառված վնասը հասել է աղետալի աստիճանի՝ ստեղծելով արտակարգ իրավիճակ: Այդ վնասը մեղմելու նպատակով հրատապ անհրաժեշտություն է առաջացել գյուղատնտեսական մշակաբույսերի սերմացուի վաճառքով զբաղվող տնտեսվարողներից ձեռք բերել տարբեր սերմացու և հատկացնել ՀՀ մարզպետարաններին՝ ցրտահարությունից առավել տուժած համայնքների հողօգտագործողներին տրամադրելու նպատակով: Սերմացու ձեռք բերելու համար ՀՀ գյուղատնտեսության նախարարին թույլատրվել է «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ի նպատակային հաշվեհամարից օգտագործել 85 մլն դրամ: Նույն ՊՈԱԿ-ի միջոցով սերմացուն տրամադրվելու է Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Լոռու, Վայոց ձորի և Տավուշի մարզպետարաններին, որոնք 10-օրյա ժամկետում համայնքների ղեկավարների միջոցով սերմացուն ըստ բաշխացուցակի հասցնելու են հողօգտագործողին:
Պատճառված վնասը մեղմելու նպատակով կառավարության հաջորդ որոշմամբ 2014թ. գարնանացանի համար գարու, եգիպտացորենի, առվույտի և կորնգանի արտադրության զարգացման ծրագրով հողօգտագործողներին տրամադրվող գարնանացան գարու սերմացուի գինը 200 դրամից իջեցվել է 130 դրամի: Բացի այդ, ազոտական պարարտանյութի և դիզելային վառելանյութի վաճառքը ցրտահարությունից տուժած հողօգտագործողներին կիրականացվի առանց առավելագույն չափաքանակի՝ փաստացի ունեցած հողատարածքի չափով:
Մեկ այլ որոշմամբ տուժած մարզերի մարզպետարաններին հատկացվել է 271 մլն դրամ՝ հողի հարկի և համայնքի բյուջե վճարման ենթակա տարեկան գումարներն այդ վճարները կատարող ֆիզիկական և իրավաբանական անձանց անունից, նրանց փոխարեն համապատասխան համայնքի բյուջե վճարելու նպատակով: Բացի այդ, ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից օգտագործվող ոռոգման ջրի դիմաց 2014թ. վարձավճարները փոխհատուցելու նպատակով ՀՀ ՏԿՆ ջրտնտպետկոմին է հատկացվել 487 մլն դրամ: Ակնկալվում է, որ պետական աջակցության շնորհիվ կստեղծվեն համայնքների վնասված հողերի հետագա արդյունավետ օգտագործման, գյուղմթերքների արտադրության ծավալի և գյուղացիական տնտեսությունների եկամտի ավելացման նպաստավոր պայմաններ:
Կառավարության նիստը վարող ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Արմեն Գևորգյանը նշել է, որ տուժած հողօգտագործողներին ցուցաբերվող աջակցությունը շարունակություն է ունենալու նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության գծով և ձայնը տվել է նախարարի պաշտոնակատարին: Վերջինս հիշեցրել է, որ անցյալ տարի Արմավիրի մարզի կարկտահարությունից տուժած 630 գյուղացիական տնտեսություններին ցուցաբերվել է շուրջ 120 մլն դրամի օգնություն: Այս վերջին ցրտահարությունից տուժածներին աջակցություն կտրվի ընդհանուր առմամբ 150-200 մլն դրամի չափով: Որոշման նախագիծն արդեն ներկայացվել է կառավարություն և առաջիկայում կքննարկվի:
Մանրամասները տես՝ հետևելով հղմանը:

Անկախ

Ճապոնիան 200 մլն իենի արդիական սարքավորումներ կտրամադրի Հայաստանի փրկարարներին

RA Government’s session took placeՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում, որը վարել է ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Արմեն Գևորգյանը, համաձայնություն է տվել «Անչափահասներին իրենց մշտական բնակության պետություններ վերադարձնելու հարցում ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցության մասին» 2002թ. հոկտեմբերի 7-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու արձանագրության կնքման առաջարկությանը: Փոփոխությունները վերաբերում են արձանագրության գործողության ժամկետի պարբերական երկարաձգմանը և փաստաթղթի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգի սահմանմանը:
Գործադիրը թույլատրել է «Երևանի գարեջուր» ՓԲԸ կողմից արտահանված ապրանքի նկատմամբ կիրառված «Ժամանակավոր արտահանում» մաքսային ռեժիմի ժամկետը երկարացնել մինչև 2015թ. ապրիլի 5-ը: Որոշումը, որը վերաբերում է տարաների ներմուծմանը, կստեղծի ընկերության տարեկան ծրագրերի իրականացման բարենպաստ պայմաններ:
Իր նիստում կառավարությունը համաձայնություն է տվել Հայաստանի Հանրապետության և Ճապոնիայի կառավարությունների միջև հայտագրերի փոխանակման ձևով կնքվող դրամաշնորհի համաձայնագրի կնքման առաջարկությանը: Հայ-ճապոնական հարաբերությունները, հատկապես արտակարգ իրավիճակների կանխման և հետևանքների վերացման բնագավառում, վերջին տարիներին բավական աշխուժացել են: Ճապոնական կողմը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը պարբերաբար աջակցում է նորագույն տեխնոլոգիաների տիրապետման, մասնագետների պատրաստման և վերապատրաստման հարցերում: Երկու երկրներն էլ ունեն երկրաշարժավտանգ բարձր ռիսկայնություն, որը ևս համագործակցության յուրատեսակ խթան է:
Հերթական աջակցությունը 200 մլն ճապոնական իեն դրամաշնորհի ձևով նույնպես խիստ պահանջված է: Ճապոնական կողմը արտակարգ իրավիճակների նախարարությանը տրամադրելու է քիմիական, ֆիզիկական, վերլուծական, փորձարարական, հատուկ, ճշգրիտ սարքավորումներ, հաստոցներ, ավտոմատացված սարքեր, բժշկական գործիքներ և այլն:
Վերջին տարիներին հայ նետաձիգները բարձր արդյունքներ են արձանագրել Եվրոպայի «Գրան Պրի» և միջազգային այլ մրցաշարերում: Նկատի առնելով այս իրողությունը, ՀՀ կառավարությունը որոշել է պետբյուջեից մոտ 20.5 մլն դրամ հատկացնել 2014թ. հուլիսի 20-ից 26-ը Էջմիածին քաղաքում անցկացվելիք նետաձգության Եվրոպայի մեծահասակների 21-րդ առաջնության պատշաճ անցկացման համար: Հուլիսի 20-ին տեղի է ունենալու նաև մարզաձևի Եվրոպայի ֆեդերացիայի կոնգրեսը: Մոտ 76 մլն դրամ ընդհանուր ծախսի մեծ մասը կհոգա Հայաստանի նետաձգության ֆեդերացիան:

Հաստատվել է էլեկտրոնային կառավարման ռազմավարական ծրագիրը Ծրագրի իրականացմամբ կընդլայնվի էլեկտրոնային ծառայությունների տարածումը

ՀՀ կառավարության նիստՀՀ կառավարության այսօրվա նիստում հաստատվել է էլեկտրոնային կառավարման ռազմավարական ծրագիրը, որի մշակման հիմք են հանդիսացել ՏՏ ոլորտի զարգացման և էլեկտրոնային հասարակության ձևավորման վերաբերյալ կառավարության ընդունած նախորդ որոշումները: Համաձայն 2013թ. դեկտեմբերի 24-ին ստորագրված Մաքսային միությանը և Միասնական տնտեսական տարածությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության ճանապարհային քարտեզի՝ նախատեսվում է ինտեգրված համակարգի ազգային սեգմենտի և էլեկտրոնային եղանակով տեղեկատվության փաստաթղթավորման ընդհանուր ենթակառուցվածքի ՀՀ պետական բաղադրիչի ստեղծումը: Ըստ էլեկտրոնային հասարակության ձևավորման հայեցակարգի, մեր երկրում իրականացվել են մի շարք միջոցառումներ՝ ուղղված բնակչության համակարգչային հագեցվածության բարձրացմանը, էլեկտրոնային ծառայությունների ներդրմանը, կիբեռանվտանգության ապահովմանը, էլեկտրոնային գրագիտության բարձրացմանն ու մի շարք այլ մարտահրավերների հաղթահարմանը: Հայաստանում սկիզբ է առել «Համակարգիչ բոլորի համար» ծրագիրը, կառավարության կողմից դեռ 2010թ. ներդրվել է www.e-gov.am էլեկտրոնային պորտալը, 2012 թվականից կիրառվում են նոր կենսաչափական կողմնորոշիչներ պարունակող անձնագիր և նույնականացման քարտ, ներդրվել է էլեկտրոնային գնման համակարգը: Ծրագրի իրականացմամբ կընդլայնվի էլեկտրոնային ծառայությունների տարածումը: Օրինակ՝ e-gov մուտքի կրպակներ են տեղակայվելու երկրի բոլոր մարզերում՝ բանկերում, փոստերում, դպրոցներում, գրադարաններում, գյուղապետարաններում և այլ հանրային վայրերում: ՀՀ քաղաքացիները հնարավորություն կստանան օգտվել մատուցվող էլեկտրոնային ծառայություններից, բարելավել իրենց կրթության որակը, խթանել էլեկտրոնային գրագիտությունը:

Մանրամասները տես՝ հետևելով հղմանը:

Անկախ

Դոլարի գինը բորսայում` 415 դրամ

դոլարԱպրիլի 8-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում կայացել է 850,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 415 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 415 դրամ:

NASDAQ OMX Armenia

Ադրբեջանում` Սումգայիթում, բողոքի ակցիա է տեղի ունեցել

Զորավարժություն· զինվորները հետ են մղում հակառակորդի գրոհը (տեսանյութ)Ապրիլի 7-ին Ադրբեջանի Սումգայիթ  քաղաքի Բաբեկ փողոցի բնակիչները բողոքի ակցիա են կազմակերպել Սումգայիթի քաղաքային գործադիր իշխանության շենքի դիմաց:

Ինչպես հաղորդում է “Հագին” կայքը, ըստ ցուցարարների`Բաբեկի փողոցում շինարարություն են սկսել` նոր շինություն կառուցելու համար: Արդյունքում լուրջ վնաս են կրել քաղաքային կոյուղիները: “Ապրիլի 6-ին 10-րդ թաղամասի բնակիչները շինարարական աշխատանքների դեմ բողոքի ցույց են կազմակերպել: Նրանք փակել են փոսերը և 120 ծառ տնկել: Մենք նույնպես ծառեր կտնկենք, սակայն կոյուղու վերանորոգման համար փող չունենք”,- հայտարարել են ցուցարարները:

Ցուցարարենը տեղեկացրել են, որ գործադիր իշխանության ներկայացուցիչները հրաժերվել են նրանց հետ հանդիպել, ոչ ոք չի ցանկանում լսել իրենց բողոքը: Նրանք բողոքել են նախագահի աշխատակազմին, որից հետո նրանց խոստացել են քննարկել այդ հարցը: Սակայն գիշերները շարունակվում են շինարարական աշխատանքները, ինչի հետևանքով բնակչները ստիպված անցել են գիշերային հերթապահության:

Ըստ կայքի`այդ տարածքում առևտրի կենտրոն է կառուցվում: Բնակիչները, ի նշան բողոքի, խոչընդոտում են շինարարությանը: Շինարարական ընկերության անունը գաղտնի է պահվում:

ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Սերգո Կարապետյանն ընդունել է «Հայ ձկնաբույծների միավորում» ՀԿ-ի ներկայացուցիչներին

07,04,2014Այսօր ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Սերգո Կարապետյանի և  «Հայ ձկնաբույծների միավորում» ՀԿ անդամների հանդիպման ժամանակ  քննարկվեց Արարատյան դաշտում գործող ձկնաբուծական տնտեսություններում  ջրի խնայողական համակարգերի ներդրման խնդիրը: Նախարարի պաշտոնակատարը նշեց,որ հարցի կանոնակարգման ուղղությամբ կառավարության ձեռնարկած համապատասխան քայլերը միտված են ոչ միայն  ընդերքի  ջրային պաշարների վերականգնմանը,այլև ջրի նվազագույն ծախսով ձկնաբուծական մթերքների առավելագույն ծավալների ապահովվմանը:

Այդ նպատակով նախապատրաստվող Ձկնաբուծական գործունեության  լիցենզավորման կարգն ու ձևերը հաստատելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որով , ջրի խնայողական համակարգերի ներդրման համար , նախատեսվում է օժանդակություն  ցուցաբերել ձկնաբուծական տնտեսություններին, մշակման  փուլում է:  Դրանով պետությունը ցանկանում է օժանդակել և ձեր բիզնեսին,և կանոնակարգել ջրային պաշարների նպատակային օգտագործումը Արարատյան դաշտում,-նշեց  նա:

Հայ ձկնաբույծների միավորման նախագահ Արմեն Բունիաթյանը, խոսելով նոր համակարգի ներդրման վերաբերյալ իրենց նկատառումների մասին, նշեց, որ իրենք նույնպես համամիտ են  ջրի խնայողական օգտագործմանը,սակայն կան տարակարծության մի շարք հարցեր,որոնց լուծման  համար իրենք  մշակել և առաջարկում են իրենց այլընտարանքային տարբերակը:

Շահագրգիռ քննարկման արդյունքում  որոշվեց   հանգամանորեն ուսումնասիրել  միավորման առաջարկներն  ու  ներկայացված տարբերակը, հարցի վերաբերյալ լսել նաև ձկնաբուծական մյուս րնկերությունների կարծիքները,որից հետո, մասնագետների վերջնական եզրահանգումների հիման վրա , անդրադառնալ համապատասխան  փոփոխություններով  ՀՀ կառավարության որոշման նախագծի լրամշակման  անհրաժեշտության հարցին:

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն  

 

 

 

Հայաստանում ձկնաբուծական տնտեսությունների 80 տոկոսը քայքայման եզրին է կանգնած

աթոյան«Ձկնաբուծության լիցենզավորման գործընթացն  սկսելուց առաջ անհրաժեշտ է հաշվի առնել մեր երկրի աշխարհաքաղաքական դիրքը,տնտեսական վիճակը, բնակլիմայական պայմանները, հարևան պետությունների վերաբերմունքը և այլ կարևոր հարցեր»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Հայ ձկնարտադրողների և ձկնարտահանողների միասնություն» հասարակական կազմակերպության նախագահ Արթուր Աթոյանը` ընդգծելով, որ այդ գործընթացն  անհամատեղելի է պարենի զարգացմանն ուղղված համաշխարհային կազմակերպությունների վարած քաղաքականության հետ, որոնք նպատակ են հետապնդում աշխարհում հաղթահարել պարենի և գյուղմթերքի սղությունն ու սովը:

« Եթե մենք մատնանշում ենք եվրոպական այլ երկրների փորձը, անհրաժեշտ է հաշվի առնել նաև նրանց վերաբերող մնացած կարևոր հանգամանքները, օրինակ, այն, թե նման շքեղությունն իրենց վերապահող երկրները, որոնք ունեն զարգացած տնտեսություն, ծովային հաղորդակցության և այլ բացառիկ հնարավորություններ,  նման  բարեփոխումներն  ինչ ժամկետներում են իրակացրել իրենց երկրի տնտեսվարողներին քայքայումից զերծ պահելու համար»:

Աթոյանի հաղորդմամբ`զարգացած երկրներում ձկնարտադրությանը վերաբերող տնտեսական բարեփոխումներն իրականացվել են 16-20 տարիների ընթացքում, պետական աջակցության միջոցով, ինչպես նաև այլընտրանքային առաջարկությունների և տնտեսական փոխհատուցումների առկայության պայմաններում:

«Ձկնարտադրողների միասնության» Հ/Կ նախագահը նշեց, որ տնտեսությունների լիցենզավորումը իրենից մեծ վտանգ է ներկայացնում , քանի որ այն պահանջում է ձկնարտադրողից մեծ գումարներ վճարել, թանկ տեխնիկա գնել, իրականացնել ծրագրեր, որոնք մեծ նյութական միջոցներ են պահանջում: Ըստ նրա` այդ դեպքում Հայաստանը կունենա նման տնտեսությունների 80 տոկոսի կորուստ:

Նախկինում Հայաստանում գոյություն է ունեցել 234 ձկնարտադրող ընկերություն, որից մինչև 2013 թվականը  77-ը փակվել է: Այժմ մնացել է ընդամենը 170 տնտեսություն: Դրանք ևս մեծ վտանգի առջև են այժմ կանգնած:

«Ձկնարտադրությանը վերաբերող բոլոր միջոցառումներն իրականացվում են թաքուն կամ կիսատ-պռատ, անհասկանալի հայտարարությունների միջոցով, որը լիարժեք տեղատվություն չապահովելու պատճառով հնարավոր չէ իրականացնել, ուստի այդ դեպքում անմիջապես վրա է հասնում դարանակալված վարչական միջամտությունը»,- ասաց Աթոյանը , հավելելով, որ տնտեսվարողը չի տիրապետում իր նկատմամբ իրականացվող միջոցառումների էությանն ու բովանդակությանը, նրան չի բացատրվում, թե ինչ պետք է իրականացնել, և ինչպես պետք է իրակացանել: