ՏՄՊՊՀ-ն արգելեց Շվեյցարական «Հելվելեքս» ընկերության և «Գինու-Կոնյակի Տուն «Շահնազարյան» ընկերության միավորումը

ՏՄՊՊՀ ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ ընթացիկ տարում հանձնաժողովն առավել խիստ վերահսկողություն է սահմանել համակետրոնացումների վերահսկողության նկատմամբ: Հանձնաժողովի նպատակն է` թույլ չտալ  նույն ոլորտում գործող տարբեր ընկերությունների՝ միավորումների միջոցով չհիմնավորված խոշորացումը և գերիշխող դիրքի ամրապնդումը:

Համակենտրոնացման նպատակով ՏՄՊՊՀ է դիմել Շվեյցարական «Հելվելեքս» ընկերությունը` տեղեկացնելով, որ ցանկանում է ձեռք բերել «Գինու-Կոնյակի Տուն «Շահնազարյան» ընկերությանը պատկանող 100 տոկոս բաժնեմասը և  խնդրում է Հանձնաժողովի թույլտվությունը գործարքը կատարելու համար:

Ուսումնասիրության ժամանակ հանձնաժողովը պարզել է, որ Շվեյցարական «Հելվելեքս» ընկերության ամբողջ կապիտալը կազմում է ընդամենը 50 հազար շվեցարական ֆրանկ, սակայն ընկերությունը ցանկանում է 22 մլն-ով ձեռք բերել հայկական ընկերությունը:

«Ի պատասխան հանձնաժողովի հարցադրումների, թե շվեցարական ընկերությունը չունենալով միջոցներ ո՞ւմ հաշվին է ձեռք բերում հայկական ընկերությունը, տնտեսվարողները հրաժարվել են որևէ տեղեկատվություն ներկայացնելուց: Կա’մ տնտեսվարողները չեն ցանկանում իրական շահառուին բացահայտել, կա’մ էլ սա կեղծ գործարք է»,- ասաց Արտակ Շաբոյանը:

Այսօրվա նիստում ՏՄՊՊՀ-ն որոշեց արգելել համակենտրոնացումը, քանի որ առքուվաճառքի գործարքի մասնակիցները չցանկացան իրական գնորդին բացահայտել:

Հաստատվել է «Գյուղական կարողությունների ստեղծում» ծրագրի 2014 թ. տարեկան բյուջեն

կառավարությունԿառավարությունում վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ տեղի է ունեցել «Գյուղական կարողությունների ստեղծում» և «Շուկայավարման հնարավորություններ ֆերմերներին» ծրագրերի ղեկավար խորհրդի հերթական նիստը:
Խորհուրդը քննարկել և հաստատել է «Գյուղական կարողությունների ստեղծում» ծրագրի (Ծրագիր) 2014 թ. տարեկան աշխատանքային պլան-բյուջեի և գնումների պլանը: 2014 թ. ընդհանուր պլան-բյուջեն կազմում է շուրջ 15 մլն ԱՄՆ դոլար: Այն ունի չորս բաղադրիչ՝ աջակցություն պտղի և ընկուզեղենի արտադրությանը (2 մլն 965 հազար ԱՄՆ դոլար), ենթակառուցվածքների զարգացում (գազամատակարարման և ջրամատակարարման աշխատանքներ 25 համայնքում-8 մլն 975 հազար դոլար), կառավարում՝ 872 հազար ԱՄՆ դոլար և գյուղական ֆինանսավորում՝ (այգեգործական վարկերի մշակում և տրամադրում՝ շուրջ 4.5 մլն ԱՄՆ դոլար):
Մեկ այլ հարցով ի գիտություն է ընդունվել 2013 թ. սեպտեմբերի 9-25-ը Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի Վերահսկողության առաքելության այցելության հուշագիր-հաշվետվությունը: Փաստաթղթում արծարծված հարցերի առնչությամբ առաջարկություններ են ներկայացվել ՀՀ վարչապետին, որոնց վերաբերյալ Տիգրան Սարգսյանը համապատասխան հանձնարարականներ է տվել:
Նիստում հաստատվել են Ծրագրի շրջանակում 25 համայնքում գազամատակարարման, ոռոգման և ջրամատակարարման նախագծային աշխատանքների իրականացման համար որակի և գնի հիման վրա անցկացված խորհրդատուի ընտրության մրցույթի արդյունքները: Ի գիտություն է ընդունվել նաև ՀՀ կառավարության աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի հաշվետվությունը կառավարության աշխատակազմի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ԾԻԳ» պետական հիմնարկի գործունեության վերաբերյալ:

«Վեստա» խանութները ներկայացնող «Փրիթի Ուեյ» ընկերությունն անբարեխիղճ մրցակցության համար տուգանվել 15 մլն դրամի չափով

վեստաԱյս  կամ այն հայտնի ընկերության պաշտոնական ներկայացուցիչ հանդիսանալու մասին հայտարարությունները միշտ չէ, որ համապատասխանում են իրականությանը:

Հատկապես կենցաղային տեխնիկայի վաճառքի ոլորտում ընկերությունները գովազդում են, որ իրենք հանդիսանում են որևէ հայտնի բրենդի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում:

ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն ուսումնասիրություն  է իրականացրել այս ոլորտում և պարզել, որ նման հայտարարությունները հաճախ անհիմն են: Մասնավորապես, ՏՄՊՊՀ-ի դիտակետում է հայտնվել կենցաղային տեխնիկայի վաճառքով զբաղվող «Վեստա» խանութը: Վերջինս գովազդում է, որ հանդիսանում է «Սամսունգ», «Ֆիլիփս», «Շարփ», «Պանասոնիկ», «Մասթըրքուք», «Զելմեր», «Արդո», «Ֆուջիթսու», «Ֆիշեր», «Ֆագոր» և այլ առաջատար ընկերությունների պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում: Նման բովանդակությամբ գովազդային վահանակներ են փակցված նաև «Վեստայի» վաճառակետերում:

ՏՄՊՊՀ-ը պահանջել է ներկայացնել վերոնշյալը հիմնավորող համապատասխան փաստաթղթեր: «Վեստա»  խանութները ներկայացնող «Փրիթի Ուեյ»  ընկերությունը Հանձնաժողովին է ներկայացրել միայն մի քանի ընկերությունների կողմից տրված սերտիֆիկատներ: Սակայն ուսումնասիրությունից պարզվել է, որ  այս   սերտիֆիկատները կարող են վկայել միայն գործընկեր կազմակերպությունների միջև առկա որոշակի առևտրային հարաբերությունների մասին, սակայն չեն կարող հաստատել «պաշտոնական ներկայացուցիչ»  լինելու հանգամանքը:

Հանձնաժողովը այս  և այլ փաստերի հիման վրա ևս հաստատված է համարում այն հանգամանքը, որ նման կերպ «Վեստա» խանութը դրսևորել է անբարեխիղճ մրցակցություն, քանի որ մի շարք հայտնի ընկերությունների պաշտոնական ներկայացուցիչը լինելու հանգամանքը այս դեպքում դիտվում է որպես հասարակության մոլորեցում:

Հանձնաժողովը ևս մեկ անգամ տեղեկացնում է, որ տնտեսվարողները պարտավոր են իրացվող ապրանքի վերաբերյալ սպառողին տրամադրել հավաստի և ամբողջական տեղեկատվություն:

Օրենքի խախտման և անբարեխիղճ մրցակցության դրսևորման համար հանձնաժողովը որոշեց ընկերությանը տուգանել 15 մլն դրամի չափով և հանձնարարել անհապաղ վերացնել խախտումները:

 

Ինչ են հուշում բանկերն ու նրանց տոկոսադրույքները շարքային քաղաքացիներին

դոլար-դրամՆախորդ շաբաթ մամուլում լուրեր շրջանառվեցին, թե որոշ բանկերում դրամով ավանդներ ընդունում են մինչև 1 մլն դրամի դեպքում` 12 տոկոս տարեկան տոկոսադրույքի շրջանակներում, իսկ 1 մլն-ից ավելի գումար ավանդ դնելու դեպքում` ավելի բարձր տոկոսադրույքներով: Իսկ արտարժույթով, մասնավորապես` ռուսական ռուբլով ու ԱՄն դոլարով ավանդների համար տոկոսադրույքները դրանից անհամեմատ ավելի ցածր են` 4, 5 կամ 6 տոկոս, նայած բանկի: Սրանից փոքր-ինչ ավելի ցածր տոկոսադրույքներ են սահմանված եվրոյով ավանդների համար:

Հասկանալու համար, թե ինչ է սա կամ ինչ կարող է ցույց տալ, պետք է նախ հասկանանք, թե ինչ է ավանդը, և ինչպես է ազդում տնտեսության վրա: Ավանդները ընտանիքների կամ մարդկանց կողմից խնայված միջոցներն են: Մարդիկ իրենց վաստակած եկամտի մի մասը չեն ծախսում ու խնայում են: Տնտեսագիտական իմաստով, խնայողութուն է համարվում չծախսված փողի` դրամատներում կամ ֆինանսական հիմնարկներում պահելը: Այդ խնայողությունները մեծ նշանակություն ունեն տնտեսության համար:

Բանկերը, ֆինանսական հաստատությունները մարդկանց ու ընտանիքների կողմից խնայված փողերը տոկոսով վերցնում են ու դրանք տալիս գործարար հատվածին ավելի բարձր տոկոսադրույքներով` արդյունքում շահելով տոկոսադրույքների տարբերությունը: Այսինքն` խնայողութունները գործիք են, որը ծառայում է գործարար հատվածին ներդրումների պահանջի բավարարման ժամանակ:

Սովորաբար, որքան ավանդների ժամկետները երկար են լինում, այնքան տոկոսադրույքները բարձր են լինում: Բայց եթե կարճաժամկետ ավանդների տոկոսադրույքներն են իջեցվում, դա կարող է նաև նշանակել, որ բանկերում մտածում են, թե դրամը կարժեզրկվի, հիմնականում արտարժույթի պահանջարկ կլինի: Եթե օրինակ` դոլարով ու դրամով ավանդների տոկոսադրույքների միջև այդպիսի մեծ տարբերություն է լինում, նշանակում է, որ բանկը կանխատեսում է, որ դրամն արժեզրկվելու է, այսինքն` արտարժույթը` ռուբլին, դոլարը կամ եվրոն, ավելի կայուն է, ուստի եթե ինքը բարձր տոկոսադրույքով դրամ վերցնի մարդկանցից, ապա դրամի արժեզրկվելուց հետո ավելի քիչ կվճարի:
Ավանդների դիմաց առաջարկվող տոկոսադրույքների տարբերության համար, սակայն, ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանն այլ պատճառներ է մատնանշում` դրամային իրացվելիության խնդիր կա, բանկերը միշտ էլ այդ խնդիրն ունեն:

«Նախ` արժութային նորմատիվ կա, որը պետք է պահպանել, և մեր վիճակում, երբ ժողովուրդը նախընտրում է դոլարով պահել իր միջոցները, բանկերը պետք է այդ տեխնիկական խնդիրը լուծելու համար բարձր դիրք ապահովեն դրամի համար: Բացի այդ, կա պահուստառման նորմատիվ, որի դեպքում, եթե արտարժույթով ես ներգրավում միջոցները, կրկնապատիկ ավելի բարձր է, քան երբ դրամով ես ներգրավում: Այսինքն` դոլար ներգրավելը բանկերի վրա թանկ է նստում, քան դրամը, դրա համար բանկերը ցածր տոկոս են տալիս,- նշեց Բագրատ Ասատրյանը:- Եվ պարտադիր չէ, որ դրամով ու արտարժույթով ներգրավվող ավանդների տոկոսագումարների տարբերությունն անպայման մատնանշի դրամի արժեզրկում»:
Երևույթներ, որոնք դրամի արժեզրկում են «գուժում»

Ամեն դեպքում, ուշադրություն դարձնենք այլ հանգամանքների վրա: Մարտի 3-ին ՀՀ Կենտրոնական բանկը ստիպված է եղել ավելի քան 15 մլն դոլարի ինտերվենցիա իրականացնել ֆոնդային բորսայում դրամի կտրուկ արժեզրկումը թույլ չտալու համար: Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի հրապարակած տեղեկանքների` դրամի կայունությունն ապահովելու նպատակով փետրվար ամսին էլ ԿԲ-ն շուկա է նետել ավելի քան 61 մլն դոլար կանխիկ փող: Իսկ միայն մարտ ամսի առաջին շաբաթվա ընթացքում` մոտ 25 մլն դոլար: Նման ծավալներով արտարժույթի ներարկումներ ԿԲ-ն անում էր այն ժամանակ, երբ Հայաստանում կիրառվում էր ոչ թե լողացող, այլ ֆիքսված փոխարժեքի քաղաքականություն, և արտարժույթի փոխարժեքը որոշվում էր ոչ թե շուկայում, այլ ԿԲ առանձնասենյակներում:

«Առէքսիմբանկի» աշխատակիցներից մեկը մեզ ներկայացրեց տիրող իրավիճակը: Ըստ նրա` այժմ արտարժութային ավանդների տոկոսադրույքներն անհամեմատ ավելի ցածր են, քան դրամային ավանդներինը գրեթե բոլոր բանկերում` շուկայի թելադրած օբյեկտիվ պատճառներից ելնելով: Այդ առումով երկու հիմնական գործոն է արձանագրվում: Նախ` բանկերը կանխատեսում են դրամի արժեզրկում, և դրամով միջոցներ են ներգրավվում, որովհետև արժեզրկումից հետո արդեն ավելի քիչ են վճարելու: Երկրորդ` ԿԲ-ն ճնշում է գործադրում բանկերի վրա արհեստական ձևով` բարձր տոկոսադրույքներով դրամային մասսա գրավելու միջոցով, որպեսզի դրամը պահանջարկված լինի ու չարժեզրկվի:
Մյուս կողմից` ավանդների տոկոսադրույքների այս տարբերությունը մի շարք զուտ տնտեսագիտական օբյեկտիվ պատճառներ ունի: Այսօրվա դրությամբ, ինչպես փաստում են տարբեր բանկերի տարբեր աշխատակիցներ անհատական զրույցների ժամանակ, բանկերի հաճախորդների կողմից միջոցների պահանջարկ չկա: Գործարարները խուսափում են բանկերից վարկեր վերցնելուց, որովհետեւ տնտեսությունը կանխատեսելի չէ, հնարավոր չէ վստահ լինել, որ դրական զարգացումներ կլինեն ու վարկ վերցնողը կկարողանա մարել իր պարտավորությունները: Եվ քանի որ, ինչպես նշեցինք, բանկերն ավանդ են ներգրավում հետագայում ավելի բարձր տոկոսներով որպես վարկեր տնտեսության մեջ ներգրավելու ու տոկոսադրույքների տարբերության վրա շահույթ ունենալու նպատակով, և քանի որ գործարար ակտիվությունը Հայաստանում աննախադեպ նվազել է, արդեն տնտեսությունից համապատասխան պահանջարկ չի ձևավորվում: Ուստի, բանկին ձեռնտու չէ անկանխատեսելի` խիստ ռիսկային բարձր տոկոսներով ավանդներ ներգրավել` չիմանալով` կարո՞ղ է այն տեղաբաշխել վարկառուների միջոցով, թե՞ ստիպված կլինի դրանց համար բարձր տոկոսներ վճարել ավանդատուներին` չունենալով դրա դիմաց համապատասխան շահույթ:

Ի դեպ, արտարժութային ավանդների տոկոսադրույքների կտրուկ նվազումը բազմաթիվ մասնագետներ բացատրում են նաև նրանով, որ, Ուկրաինայում ծավալվող իրադարձություններով պայմանավորված` բանկերը սկսել են նաև զգուշանալ տնտեսական հետևանքներից: Այնպես որ, հայաստանյան բանկերը գոնե իրենց ավանդների տոկոսադրույքներով հուշում կամ զգուշացնում են դրամի անկայունության և արտարժույթի կայունության մասին: Ի դեպ, այս բոլոր դրսևորումներից հետո` 2-3 օր առաջ արդեն դոլարը դրամի նկատմամբ 2-3 դրամով թանկացել էր:

Անկախ

Տեղի է ունեցել պետական պարտատոմսերի հետգնման աճուրդ

պարտատոմսեր Մարտի 13-ին տեղի է ունեցել պետական (գանձապետական) միջնաժամկետ AMGN36294159 թողարկման արժեկտրոնային պարտատոմսերի հետգնման աճուրդ:

Հետգնման ենթակա պարտատոմսերի ծավալը 1 000 000 000 դրամ է, հետգնման ներկայացված ծավալը՝ 2 735 940 000 դրամ, հետգնված ծավալը` 1 000 000 000 դրամ, որի դիմաց պետական բյուջեից վճարվել է 1 062 410 241 դրամ: Պարտատոմսերի հետգնման սահմանային եկամտաբերությունը 8.0750 տոկոս է:

Ֆինանսների նախարարությունից Անկախին տեղեկացնում են, որ հետգնմանը մասնակցել է 5 գործակալ:

Դոլարի գինը բորսայում` 414,79 դրամ

դոլարՄարտի 13-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում կայացել է 1,880,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 414.8 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 414.79 դրամ:

NASDAQ OMX Armenia

Հայաստանը կմասնակցի ՄՄ մաքսային նոր օրենսգրքի մշակման աշխատանքներին

Վլադիմիր ԳոշինՎարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է մաքսային համագործակցության հարցերով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ-նախարար Վլադիմիր Գոշինին:

Վարչապետը հյուրի հետ քննարկել է Մաքսային միությանը և եվրասիական միասնական տնտեսական տարածքին ՀՀ անդամակցության գործընթացի շրջանակում մաքսային համագործակցությանը և մաքսային օրենսդրությանը վերաբերող հարցեր: Պատասխանատու գերատեսչությունների ներկայացուցիչները կառավարության ղեկավարին զեկուցել են այդ ուղղությամբ անցկացված քննարկումների արդյունքների մասին: Վլադիմիր Գոշինը մանրամասներ է ներկայացրել ՄՄ մաքսային նոր օրենսգրքի մշակման վերաբերյալ, որը ուժի մեջ կմտնի հաջորդ տարի: Գործընթացը համակարգում է ՄՄ անդամ երեք երկրների փոխնախարարների մակարդակով գործող աշխատանքային խումբը, որի աշխատանքներին այսուհետ կողմերի պայմանավորվածությամբ կմասնակցեն նաև հայկական կողմի ներկայացուցիչները: Աշխատանքային խմբի հերթական հանդիպումը տեղի կունենա ս.թ. մարտի 17-ին Մոսկվայում:

Մեծանում է փաստաթղթերի թարգմանության անհրաժեշտությունը Մաքսային միությանն անդամակցելն ավելացնում է աշխատանքի ծավալը

գագիկ խաչատրյանՀՀ արդարադատության նախարարության «Թարգմանության կենտրոն» ՊՈԱԿ-ը կարճ ժամանակում ստացել է փաստաթղթերի՝ հայերենից ռուսերեն թարգմանության 17 հազար 500 էջի պատվեր, ինչը կապված է Մաքսային միությանն անդամակցելու «Ճանապարհային քարտեզի» իրականացման հետ (ի լրումն ռուսերենից հայերեն, հայերենից անգլերեն և անգլերենից հայերեն ներկայացվող մոտ 2 հազար էջի):

Կառավարության քննարկմանը ներկայացնելով այս հարցը, ՀՀ արդարադատության նախարարությունն ակնկալում էր լրացուցիչ 50 մլն դրամ (տարեկան ֆինանսավորման չափը հասցնելով 172.5 մլն դրամի), որով հնարավոր կլինի թարգմանության մեկ էջի ինքնարժեքը դարձնել 8 հազար 500 դրամ: Ընդսմին, նախարարության հիմնավորմամբ ռուսերեն թարգմանության անհրաժեշտությունը չի սահմանափակվելու նշված պատվերներով և շարունակվելու է տեսանելի ապագայում: Կառավարությունն ընդունել է համապատասխան որոշումը:
Մաքսային միությանն անդամակցելը հանգեցնելու է և արդեն հանգեցրել է տարբեր գերատեսչությունների աշխատանքի ծավալի մեծացմանը: Մասնավորապես, կառավարությունն իր նիստում որոշել է ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի խորհրդականի մեկ պաշտոնի փոխարեն սահմանել երկու լրացուցիչ պաշտոն:

Անկախ

Վարչապետը համոզված է, որ ՏՏ ոլորտին արտոնություն տրամադրելու օրինագիծը նոր առաջընթաց կապահովի

տիգրան սարգսյանՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում հավանություն է տվել «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքի նախագծին, որով կարգավորվում են ՏՏ ոլորտի պետական աջակցության հիմնական սկզբունքները և աջակցության համակարգի ձևավորման և կիրառման հետ կապված հարաբերությունները:
Դեռևս 2000 թվականին Հայաստանի տնտեսության զարգացման գերակա ճյուղերից մեկը ճանաչված այս ոլորտը մշտապես եղել է կառավարության ուշադրության կենտրոնում: 2008-2012թթ. ընթացքում ոլորտում գրանցվել է մոտ 23 տոկոս միջին տարեկան աճ:
Մարդկային կապիտալում ներդրումները խթանելու, տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառի մրցունակությունը բարձրացնելու նպատակով են մշակվել սույն օրենքի, ինչպես նաև «Շահութահարկի մասին» և «Եկամտային հարկի մասին» օրենքներում լրացումներ կատարելու նախագծերը: Նախատեսվում է ոլորտին տրամադրել մի շարք արտոնություններ, մասնավորապես, հավաստագրված կազմակերպությունների համար՝ շահութահարկի 0 տոկոս դրույքաչափի, եկամտային հարկի 10 տոկոս դրույքաչափի կիրառում, ինչը էապես կնպաստի նոր ընկերությունների ձևավորմանը, աշխատատեղերի ավելացմանը:
Վարչապետ Տիգրան Սարգսյանը հարցը զեկուցող ՀՀ էկոնոմիկայի նախարարին հանձնարարել է օրենքի նախագիծը ներկայացնել լրատվամիջոցներին, որպեսզի ՏՏ ոլորտի աշխատողները մանրամասն ծանոթանան փաստաթղթին, մանավանդ, որ գաղափարը ծնվել է անցած տարվա դեկտեմբերին, երբ Դիլիջանում կայացած համաժողովում քննարկվում էր ինովացիոն զարգացումների թեման: «Այն ժամանակ, երբ մենք այս գաղափարը հնչեցրինք՝ խոստացանք, որ կարճ ժամանակահատվածում կպատրաստենք օրենքի նախագիծ և այն կներկայացնենք հանրության դատին, – հավելել է վարչապետը: – Ուզում եմ շեշտել, որ այս խնդիրը քննարկվել է նաև ՀՀ նախագահի մոտ և արժանացել նախագահի հավանությանը, քանի որ այս որոշումն ունի քաղաքական բովանդակություն: ՏՏ ոլորտն այս պահին իր զարգացվածությամբ հասել է մի այնպիսի աստիճանի, որ անհրաժեշտ են որակական նոր փոփոխություններ, որպեսզի Հայաստանը հստակորեն ՏՏ համաշխարհային քարտեզի վրա իր առանձնահատկությամբ, հարաբերական առավելությամբ գրավի իր հատուկ տեղը: Այս օրենքի նախագիծը, մեր կարծիքով, այդպիսի նախադրյալներ ստեղծում է նաև այլ գործիքակազմի հետ միասին: Մասնավորապես, ցանկանում եմ հիշատակել Վենչուրային հիմնադրամը, որ Համաշխարհային բանկի օժանդակությամբ ստեղծելու են մասնավոր ընկերությունները: Այդ հիմնադրամի միջոցները նույնպես կարող են ուղղվել Start-up բիզնեսների ֆինանսավորմանը: Այն, որ մենք այսօր բացառիկ հնարավորություն ենք ստեղծում ոլորտի համար, ազատելով բոլոր տեսակի հարկերից՝ թողնելով միայն 10 տոկոսով ամրագրված եկամտահարկ, ազատելով շահութարկից, լրջագույն խթան է լինելու Start-up-երի համար և այս ոլորտում, կարծում եմ, կապահովի նոր առաջընթաց: Նաև համաձայն եմ այն առաջարկի հետ, որ օրենքի նախագիծը մենք համարենք անհետաձգելի, քանի որ այն սպասված է նաև ՏՏ ոլորտի կողմից»:
ՀՀ Ազգային Ժողովի մի խումբ պատգամավորներ օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկել են առևտրական և արտադրական գործունեությունից ստացվող եկամուտների համար շրջանառության հարկի՝ ներկայումս սահմանված 3.5 տոկոս դրույքաչափը նվազեցնել մինչև 1.5 տոկոս: Քննարկելով նախաձեռնությունը, գործադիրն առաջարկել է առայժմ ձեռնպահ մնալ օրենքի նախագծի քննարկումից և դրան անդրադառնալ առաջիկայում ԱԺ քննարկմանը օրենսդրական փոփոխությունների իր փաթեթը ներկայացնելուց հետո: Կառավարությունը հանգամանորեն հիմնավորել է սույն եզրակացությունը: «Փոքր և միջին ձեռնարկությունների հարկման մեխանիզմների կատարելագործման վերաբերյալ մեզ առաջարկություններ է ներկայացրել նաև Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, – հարցի վերաբերյալ նշել է վարչապետ Տիգրան Սարգսյանը: – Ազգային Ժողովում առաջարկություններ են հնչեցրել նաև ընդդիմադիր քաղաքական գործիչները, ում նույնպես պետք է այս քննարկմանը մասնակից դարձնել, որպեսզի մեր ընդունած տարբերակը ընդունելի լինի ոչ միայն կառավարության, այլև առաջին հերթին փոքր և միջին ձեռնարկությունների, ինչպես նաև այն կուսակցությունների համար, որոնք նույնպես տվյալ ոլորտի վերաբերյալ նախաձեռնություններ ունեն»:
Վերը նշված օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային Ժողով:

Բազմաբնակարան շենքեր կկառուցվեն վթարային շենքերի բնակիչների համար

տարոն մարգարյան-կառավարության նիստԳործադիրն իր այսօրվա նիստում Երևանի քաղաքապետարանի առաջարկով փոփոխություն է կատարել իր նախկին որոշումներից մեկում, որը վերաբերում էր Փավստոս Բուզանդի փողոցին հարող մոտ 400 քմ մակերեսով տարածքի կառուցապատմանը: «Մ.Ս.Գ. գրուպ» և «Հարմոնի ինթերնեյշընալ» ՍՊԸ-ները համագործակցելու պատրաստակամություն են հայտնել և պարտավորվել մինչև 2016թ. դեկտեմբեր ամիսը ավարտին հասցնել քաղաքաշինական ծրագիրը՝ փոխելով դրա նշանակությունը: Կառավարությունը Երևանի քաղաքապետին լիազորել է նշված ընկերությունների հետ կնքել հողամասի օտարման պայմանագիր՝ «Հարմոնի ինթերնեյշընալ» ՍՊԸ-ն ճանաչելով նախկին պայմանագրով նախատեսված իրավունքների և պարտականությունների իրավահաջորդ: Հենց այս ընկերությանն էլ հնարավորություն կընձեռվի նշված տարածքում շարունակել և ավարտին հասցնել քաղաքաշինական ծրագիրը:
Կառավարությունը Երևանի քաղաքապետարանին տրամադրելու համար ՀՀ տարաքային կառավարման նախարարությանը հատկացրել է 2 մլրդ դրամ, որով օժանդակություն կցուցաբերվի քանդման ենթակա վթարային շենքերի բնակիչների փոխհատուցման համար բնակարանների ձեռքբերմանը: Այժմ Երևանում հաշվառված են 4-րդ աստիճանի վթարայնություն ունեցող շուրջ 10 շենք ու հանրակացարան, որոնց ավելի քան 400 ընտանիքի վերաբնակեցման համար անհրաժեշտ է շուտափույթ կառուցել նոր բազմաբնակարան շենքեր: Քաղաքապետարանը նախատեսում է արդեն այս տարի սկսել դրանցից 4-ի շինարարությունը, որի արդյունքում հնարավոր կլինի ձեռք բերել և որպես փոխհատուցում տրամադրել 470 բնակարան և 500 քմ ոչ բնակելի տարածք:

ԼՂՀ-ին առաջին եռամսյակում տրամադրվելիք վարկն ավելացվել է մոտ 1 մլրդ դրամով

դավիթ սարգսյան-կառավարության նիստԿառավարության որոշմամբ մոտ 1 մլրդ դրամով ավելացվել է ս.թ. առաջին եռամսյակում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը տրամադրվող միջպետական վարկի ծրագրային գումարը՝ շուրջ 10 մլրդ դրամը, ինչպես նաև ճշգրտվել ՀՀ 2013թ. պետբյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման ներքին աղբյուրների ծրագրային ցուցանիշները:
Համակարգի բարեփոխման շնորհիվ պետբյուջեի հետ գործարք կատարող Գավառ, Մարտունի, Դիլիջան, Ալավերդի, Սպիտակ, Տաշիր, Կապան, Սիսիան, Արթիկ, Մարալիկ քաղաքների կազմակերպությունների վճարումները ներկայումս կատարվում են էլեկտրոնային եղանակով:
Մինչ այդ, փաստաթղթային փոխանցում կատարելիս, այդ աշխատանքը կազմակերպվում էր տեղական գանձապետական բաժինների ուժերով: Նկատի առնելով այս իրողությունը, ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում նախարարության առաջարկով նշված քաղաքների գանձապետական բաժինները հանել է ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի կառուցվածքից: Հարցի վերաբերող առաջարկություն կամ դիտողություն չեն ներկայացրել ՀՀ արդարադատության նախարարությունը և ՀՀ քաղաքացիական ծառայության խորհուրդը:

Առաջին անգամ անցկացվելու է գյուղատնտեսական կենդանիների համարակալում, հաշվառում և գրանցում

սերգո կարապետյան2012թ. վերջին ՀՀ վարչապետի որոշմամբ խոշոր եղջերավոր կենդանիների համարակալման, գրանցման և անձնագրավորման ծրագիր է իրականացվել ՀՀ Վայոց ձորի մարզում:
Ծրագրի շրջանակում մշակվել է «ԱՆԻ ՊԱՍ» համակարգը, որը հնարավորություն է տալիս մուտքագրել և վերլուծել կենդանու և դրա առողջության վերաբերյալ տեղեկությունները և պահպանել դրանք: Մշակվել են համակարգից օգտվելու ուղեցույցը, տվյալների գրանցման մատյանները, միասնական ձեռնարկը: «ԱՆԻ ՊԱՍ» համակարգ է մուտքագրվել մարզի կենդանիների ամբողջ գլխաքանակը, ընդամենը 23 հազար 98 գլուխ:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության առաջարկով ՀՀ կառավարությունը որոշել է ծրագիրն իրականացնել ամբողջ երկրում: Իբրև սկիզբ ենթադրվում է ձեռք բերել կենդանու ականջապիտակը, դակող գործիքը, անձնագիրը, գրանցամատյանները, տվյալների պահման սերվերը, համայնքներում նշանակել սպասարկող անասնաբույժներ, կնքել աշխատանքային պայմանագրեր և այլն:
Ակնկալվում է, որ միջոցառումը հնարավորություն կտա առավել արդյունավետ, կանխատեսելի և վերահսկելի դարձնել կենդանիների տեղաշարժի, հիվանդությունների հսկողության, հակահամաճարակային միջոցառումների իրականացման աշխատանքները:

“Մենք որդեգրել ենք այնպիսի գործիքներ, որոնք թույլ կտան հայ գործընկերների հետ Վիլնյուսում ձեռք բերված համաձայնություններն ի կատար ածել”. Տրայան Հրիսթեա

Տրայան ՀրիսթեաԱյսօր ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում տեղի ունեցավ “ԵՄ-ՀՀ համագործակցություն. Եվրոպական հարևանության և գործընկերության գործիքի ներկայացում” թեմայով համաժողով, որին մասնակցում էր նաև ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան:

Ծրագրի ազգային համակարգող Էկոնոմիկայի նախարարության կողմից շահառու մարմինների ներկայացուցիչներին ներկայացվեցին ԵՄ-Հայաստան համագործակցության շրջանակներում կիրառվող տեխնիկական օժանդակության ձևերը, Եվրոպական հարևանության և գործընկերության գործիքի (ԵՀԳԳ) կիրառման մեխանիզմները, Թվինինգ, Թայեքս, Սիգմա և այլ ծրագրերի ներկայիս վիճակը Հայաստանում, ինչպես նաև նշված գործիքի կիրառելիության հետագա քայլերը և ոլորտները:

Լրագրողների հետ ճեպազրույցում Տրայան Հրիսթեան նշեց, որ ՀՀ-ԵՄ համագործակցության ճանապարհին շատ կոնկրետ գործիքներ են որդեգրելու, այդ թվում՝ այն գործիքները, որոնք թույլ կտան հայ գործընկերների հետ Վիլնյուսի գագաթաժողովում ձեռք բերված համաձայնությունները և հայտարարությունն ի կատար ածել:
“Մեր վիլնյուսյան համաձայնությունների շրջանակներն ավելի մեծ են, քան Սիգման, Տաեքսը և Թվինինգը: Եվրամիության կողմից Հայաստանին տրամադրվող աջակցության եղանակների մեջ են մտնում ֆինանսական, տեխնիկական աջակցությունները, որոնք տրամադրվում են զարգացման կենտրոնների միջոցով: Ֆինանսական, տեխնիկական և այլ աջակցության եղանակաների տրամադրման շնորհիվ երկիրը կկարողանա իրականացնել իր զարգացման օրակարգը:  Մենք փաստորեն քննարկելու ենք ընթացակարգային խնդիրներ, թե ինչպե՞ս պետք է առաջ ընթանալ սեպտեմբերի 3-ին ՀՀ-ի կողմից կայացված որոշումից հետո: Մենք արդեն ունենք ՀՀ-ԵՄ գործընկերության և համագործակցության համաձայնագիր, և ինչպես ասացի, փորձելու ենք Վիլնյուսյան համաձայնագրերը կյանքի կոչել՝ հատկապես գործողությունների ծրագիրը”,- ասաց Տրայան Հրիսթեան:
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գարեգին Մելքոնյանն էլ լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկացրեց, որ ներկա պահին 7 Թվինինգ ծրագիր արդեն ավարտված է, ևս 7-ը գտնվում են իրականացման տարբեր փուլերում: Մինչ օրս իրականացվել են 100-ից ավելի Թայեքս միջոցառումներ:

Համաժողովին ներկայացվեցին նաև “Հայաստանում մտավոր սեփականության իրավունքների կիրարկման հզորացում” թվինինգ ծրագրի արդյունքները և ազդեցությունը Հայաստանում:

 Անկախ

Կայացել է 4,750,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք

դոլարՄարտի 12-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում կայացել է 4,750,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 414.8 դրամ մեկ ԱՄՆ դոլարիդիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 414.8 դրամ:

 Անկախ

Քննարկվել է ՄՄ-ին ՀՀ անդամակցության “ճանապարհային քարտեզի” իրականացման ընթացքը

11119_am_3 (1)Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ-նախարար Տիմուր Սուլեյմանովին, ով համակարգում է կառույցի տնտեսական և ֆինանսական քաղաքականության հարցերը:

Հանդիպման ընթացքում քննարկվել է Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության “ճանապարհային քարտեզի” իրականացման աշխատանքային խմբերի գործունեությունը: Մասնավորապես, զրուցակիցները մտքեր են փոխանակել ծառայությունների և ներդրումների, հարկային ու մաքսային քաղաքականության, մաքսատուրքերի, ինչպես նաև մտավոր սեփականության հարցերի առնչությամբ անցկացվող քննարկումների վերաբերյալ: Կողմերն ամփոփել են իրականացված աշխատանքների միջանկյալ արդյունքները և պատրաստակամություն հայտնել շարունակել խորհրդակցությունները՝ մոտ ապագայում տվյալ ուղղություններով համաձայնեցված մոտեցում մշակելու նպատակով: Նախանշվում է աշխատանքային խմբերի ձևաչափով քննարկումներն ավարտին հասցնել մինչև 2014 թ. մարտի վերջ:
Տիմուր Սուլեյմանովը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը արդյունավետ համագործակցության և աշխատանքային խմբերի գործունեությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար:

Անկախ

Ստորագրվեց ՙՙՀյուսիս-հարավ՚՚ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի՚՚ երրորդ մասնաբաժինը

ֆիննախՄարտի 11-ին ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը և Հայաստանում Ասիական զարգացման բանկի մշտական ներկայացուցիչ Դեյվիդ Դոլը ստորագրեցին «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» երրորդ մասնաբաժինը՝ 100 մլն դոլարի չափով վարկային համաձայնագիրը:

Ներդրումային այս ծրագրի նպատակն է ստեղծել արդյունավետ, անվտանգ և կենսակայուն Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք, որը կապահովի Հայաստանի ներքին տարածքների միջև, ինչպես նաև այլ երկրների հետ միջազգային կապը:

Համաձայնագրի երրորդ մասնաբաժինը կազմված է հետևյալ հիմնական բաղադրիչներից`

  • Թալին և Լանջիկ քաղաքների միջև գտնվող մոտ 18.7 կմ երկարությամբ երկուղի ճանապարհային հատվածի վերակառուցում և դրա ընդլայնում` վերածելով այն երկկողմանի երթևեկության քառուղի մայրուղու,
  • Երկարաժամկետ ճանապարհային ենթաոլորտային ծրագրի, ճանապարհային ակտիվների  կառավարման և ընթացիկ պահպանության վարչական համակարգի մշակում և իրականացում,
  • Հյուսիս-հարավ միջանցքի մոտ 304 կմ երկարությամբ Արտաշատից Քաջարան հատվածի տեխնիկատնտեսական ուսումնասիրության պատրաստում,
  • Ծրագրի իրականացմանն աջակցություն և «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի հետագա մասնաբաժնի նախապատրաստում, այդ թվում` տեխնիկատնտեսական ուսումնասիրության և ճարտարագիտական մանրամասն նախագծի պատրաստում:

 

ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի բաժին

Անկախ

Դոլարը`414.8 դրամ

դոլարՄարտի 11-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում կայացել է 11250000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 414.8 դրամ մեկ ԱՄՆ դոլարիդիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 414.8 դրամ:

 Անկախ

Կառավարությունում քննարկվել է 2013 թ. Doing Business-ի իրականացման ընթացքը

Կառավարություն,Doing BusinessՎարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել քննարկում՝ 2013 թ. գործարար միջավայրի (Doing Business) բարելավման միջոցառումների իրականացման ընթացքի վերաբերյալ: Հարցի առնչությամբ մանրամասներ են ներկայացրել ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը, ապա պատասխանատու գերատեսչությունների ներկայացուցիչները: Նրանք, մասնավորապես, զեկուցել են ըստ հաստատված ժամանակացույցի միջոցառումների կատարման ժամկետների երկարաձգման պատճառների մասին:

Կառավարության ղեկավարը հանձնարարել է կազմակերպել կլոր-սեղան քննարկումներ՝ շահագրգիռ կողմերի մասնակցությամբ և հանրության լայն շերտերին իրազեկել Doing Business-ի ցուցանիշների բարելավման ուղղությամբ իրականացվող քայլերի վերաբերյալ:
Անկախ

«Չենք տեսնում այն տնտեսական քաղաքականության գիծը, որն ուղղված լինի գնաճը զսպելուն». Արմեն Պողոսյան

Արմեն ՊողոսյանՄարտի 8-ի նախօրյակին գների հերթական ազդեցիկ թռիչքը եղավ: Օրինակ, 300-400 դրամ արժողությամբ մեկ հատ ծաղիկը այդ օրերին դարձավ 1500 դրամ: Գների կտրուկ բարձրացումը վերաբերում է նաև հուշանվերներին: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ներկայացնելով վերջին օրերի թանկացումները և ծառայությունների ու ապրանքների գները համեմատելով եկամուտների հետ, ասաց «Սպառողների ասոցիացիայի» նախագահ Արմեն Պողոսյանը:

«Ես բեզարել եմ` ասելով, որ գների աճը բնական երևույթ է, պարզապես եկամուտները պետք է բարձր լինեն գների համեմատ»,- ասաց նա:

Վերադառնալով թանկացումներին` Արմեն Պողոսյանը ներկայացրեց Համաշխարհային առողջապահության կազմակերպության և Հայաստանի առողջապահության նախարարության վերջին հետազոտությունները, համաձայն որոնց` մեր մանուկների 15 %-ն ունի թերաճ կամ այլ առողջական շեղումներ, որոնք պայմանավորված են թերսնմամբ, ինչն էլ դարձյալ թանկացումների հետ ուղիղ համեմատական է:

Ըստ Արմեն Պողոսյանի` պետք է լինի գների զսպման գործընթաց: Օրինակ, Գերմանիայի ղեկավարն ասել է, որ ինքը կարագ չպետք է ուտի, որովհետև կարագ պետք է ուտեն երեխաները և զինվորները։ Արմեն Պողոսյանը կարծում է, որ յուրաքանչյուր երկրի պաշտոնյա պետք է առաջնորդվի նույն տրամաբանությամբ:

«Մենք չենք տեսնում այն տնտեսական քաղաքականության գիծը, որն ուղղված լինի գնաճը զսպելուն: Եվ թող կառավարությունից ինչ-որ մեկը փորձի մեզ հակառակն համոզել: Այն քայլերը, որոնք ձեռնարկվում են, իմ գնահատմամբ, կարկատանային քայլեր են»,-ասաց բանախոսը:

Անդրադառնալով տնտեսական ճնաժամի հաղթահարման նպատակով ՌԴ-ից ստացված 500 մլն դոլար օգնությանը` Արմեն Պողոսյանը նկատեց, որ, թեև դրանով շատ բաներ կարելի էր անել, բայց առյուծի բաժինը գնաց շինարարության վրա: Իսկ այդ շինարարության արդյունքում մենք ունեցանք 80 % դատարկ տներ, այդ գումարը ծառայեց ստվերային շահերին:

ՀՆԱ-ի գետը նախատեսածից քիչ է վարարել

մանասերյան թաթուլԹեև դեռ նախորդ տարեվերջին պարզ էր, որ ՀՆԱ-ի աճը չի լինելու այն մեծության, որը կառավարությունը կանխատեսել էր 2013 թվականի համար` 6,2 տոկոս, բայց ԱՎԾ-ի` փետրվարի 28-ին հրապարակած ցուցանիշներից արդեն վերջնականապես ու պաշտոնապես պարզ դարձավ, որ ՀՆԱ-ի աճը 2013 թ. կազմել է ընդամենը 3,5 տոկոս:

Ի՞նչ է ՀՆԱ-ն, ու հասարակ քաղաքացին իր վրա կզգա՞ ՀՆԱ-ի աճը

Երբ երկրի տնտեսությանը պայմանականորեն նայենք ինչպես ինքնաթիռի իլյումինատորից` լուսամուտից, ապա կերևա ձեռնարկություններով, տնային տնտեսություններով, կառավարական գործակալություններով, տարբեր հիմնարկներով, խանութներով ու էլի շատ բաներով մի լայնածավալ դաշտ: Այդ բոլոր ձեռնարկությունները, ընկերությունները, գործակալությունները, մարդիկ` բոլորը միասին, աշխատում ու ստեղծում են արդյունք: Այդ ամբողջ ստեղծվածն էլ հենց ՀՆԱ-ն` համախառն ներքին արդյունքն է: Այսինքն` ՀՆԱ-ն արտադրանքի այն լայնահուն գետն է, որտեղ լցվում են բոլոր մանր, միջին, մեծ, պետական ու մասնավոր հիմնարկների ու ձեռնարկությունների, երկրի բոլոր քաղաքացիների կողմից ստեղծված նյութական, հոգևոր, մշակութային արդյունքները: Ու երբ տնտեսագետներն ասում են, թե ՀՆԱ-ն աճել կամ նվազել է, նկատի ունեն, որ արտադրանքի այդ գետը հորդացել կամ ծանծաղել է: Որ բոլորը միասին արտադրում են ավելի շատ կամ քիչ, նշանակություն չունի, թե ով ինչ է արտադրում:

ՀՆԱ-ն հիմնական երկու մեծ խմբի կարելի է բաժանել`սպառողական արտադրանքի` այն ապրանքների ու ծառայությունների, որոնք մենք ամեն օր գնում, օգագործում ու սպառում ենք, ու ներդրման միջոցների` այն ապրանքների ու ծառայությունների, որոնք չեն սպառվում, օրինակ` ԱԺ ընդունած օրենքները, պետության կողմից կառուցվող ճանապարհը, երկաթգիծը և այլն: Եվ ՀՆԱ-ն հենց այս երկու խումբ` սպառողական ու ներդրման ապրանքների «վաճառքի» գումարն է: ՀՆԱ-ի մեջ հաշվարկվում են 4 հիմնական բաղադրիչներ` անձնական սպառման ծախսերը, մասնավոր տնային տնտեսությունների ներդրումային ծախսերը, պետական գնումները և արտահանման հաշվեկշիռը` արտահանման ու ներմուծման ցուցանիշների տարբերությունը:

Ու հարց է առաջանում` լա՞վ է, երբ ՀՆԱ-ն աճում է, և վա՞տ, երբ նվազում է,ՀՆԱ-ի աճելով մենք ավելի լա՞վ ենք ապրում: Ահա պատասխանը միանշանակ չէ, և՛ այո, և՛ ոչ: Իհարկե լավ է, որ ընդհանուր արտադրանքի ծավալն աճում է, հետևաբար, աճում են նաև եկամուտները, աշխատատեղեր են բացվում և այն: Բայց ՀՆԱ-ն նաև ապակողմնորոշիչ է ու մի շարք թերություններ ունի: Նախ և առաջ` ՀՆԱ-ն գումարային արտահայտություն ունի, այլ ոչ ապրանքային, հետևաբար, գնաճի հետ ճշգրտման կարիք ունի: Այսինքն` եթե այս տարի ապրանքների գներն ավելի բարձր են, քան անցյալ տարվա գները, ապա այս տարվա ՀՆԱ-ն ավելի մեծ կստացվի: Այսինքն` տնտեսության իրական աճն այս դեպքում հասկանալու համար պետք է ՀՆԱ ցուցանիշից հանվի գնաճը: Մյուս թերությունն այն է, որ որոշ ժամանակի ընթացքում արտադրվող ապրանքների կամ ծառայությունների որակն է փոխվում` տեխնոլոգիական առաջընթացից ելնելով, ու այդ փոփոխություններով պայմանավորված էլ դժվարանում է որոշել, թե ՀՆԱ-ն իրականում ինչքանով է աճել, որովհետև օրինակ` մի քանի տարի առաջ 40 հազար դրամով կարելի էր ձեռք բերել սովորական հեռախոս, իսկ այսօր` սմարթֆոն: Որակի տարբերություններն այստեղ ակնհայտ են, բայց ՀՆԱ-ով այս տարբերությունը չի արտահայտվում` միայն գումարն է արձանագրվում:

Երրորդ թերությունը ՀՆԱ-ի «կուրությունն» է արտադրանքի վերջնական օգտագործման նկատմամբ: Այսինքն` եթե մի տարի կառավարությունը մեծ գումարներ է ներդնում, օրինակ` կրթության ոլորտում, իսկ հաջորդ տարի` նույնքան ներդրումներ է կատարում, օրինակ` մի ինչ-որ ձախողված նախագծի վրա, ենթադրենք` ոչ ոքի պետք չեկող ավտոմեքենա է արտադրում, միևնույն է, երկու դեպքում էլ թվերը ՀՆԱ աճի միևնույն քանակն են ցույց տալու: Եվ վերջապես, մեծ թերություն է, որ ՀՆԱ-ն ոչինչ չի ասում ՀՆԱ-ի սոցիալական հետևանքների կամ բաշխվածության մասին, որովհետև հասարակության մեջ ապրանքների ու ծառայությունների սպառումը համաչափ չի բաշխվում:

Տնտեսագետները երկնիշ աճի հնարավորության մասին են խոսում

բոստանջյան վարդանԱյս ամենով հանդերձ, ՀՆԱ-ն տնտեսական գործունեության ընդհանուր մակարդակի պարզագույն, բայց անչափ կարևոր ուղին է, ցույց է տալիս ընդհանուր տնտեսության աճը:
Մի խոսքով, 2013 թ. ՀՀ-ում գրանցվել է 3.5 տոկոս ՀՆԱ-ի աճ: Ու դա տնտեսագետ Վարդան Բոստանջյանը լավ ցուցանիշ չի համարում, քանի որ եթե նաև ելնենք նախորդ տարիների, այսպես կոչված, տնտեսական աճի ցուցանիշներից ու այդ ցուցանիշին համադրենք ՀՆԱ-ի այս տարվա պաշտոնական թիվը, ապա այն չի առաջացրել այն պոտենցիալը, այն հիմքերը, որոնք պետք է ապահովեին որոշակի թռիչք` զարկ հետագա զարգացման համար:

«Նման պատկերը տխուր է ներկայանում բազմաթիվ առումներով: Անընդհատ այդ սպասողական վիճակը, թե հիմա կհայտնվեն միտումներ, կլինեն այնպիսի զարգացումներ, որոնց պարագայում մենք ավելի բարձր ցուցանիշներ կարձանագրենք, այդ հույսերը չեն արդարանում: Եվ այդ առումով էլ պայմանավորված` այդ ցուցանիշները համարվում են ոչ բարձր: Բոլոր դեպքերում, եթե մենք ուշադրություն դարձնենք նախորդ տարիների դինամիկային, անցած ամբողջ ժամանակահատվածում մենք տեսել ենք, որ տնտեսական աճի առումով երբեք չենք գրանցել այնպիսի թվեր, ինչի վերաբերյալ կանխատեսումներ են եղել: Իհարկե, նման ձախողումների պարագայում նրանք միշտ հղումներ են կատարել, միջազգային տնտեսական ճգնաժամին, որն, իբր, դեռևս շարունակվում է»,- նշեց Վարդան Բոստանջյանը:

Նրա բնորոշմամբ` Հայաստանում այսօր ընդհանուր տնտեսությունը, գործարար միջավայրը տեղում դոփում է, չի զարգանում, իսկ հասարակ մարդկանց ոչինչ չի ասում ՀՆԱ-ի 3.5-տոկոսանոց աճը, քանի որ հասարակ քաղաքացին իր մաշկի վրա զգում է օրեցօր ծանրացող սոցիալական խնդիրների բեռը:

Իսկ կանխատեսված 6.2 տոկոս ՀՆԱ աճի փոխարեն ընդամենը 3.5 տոկոս աճի ցուցանիշ ստանալու առումով տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը նշում է, որ մեր հարևաններին կամ համաշխարհային տնտեսությանը նայելով` ակնհայտ է, որ մի քանի անգամ փոփոխվել են ՀՆԱ աճի կանխատեսումները: Այսինքն` այնպես չէ, որ մի որևէ երկիր դրել է կոնկրետ ՀՆԱ աճի կանխատեսում ու հասել է դրան: Դա Թաթուլ Մանասերյանը բացատրում է գլոբալ ֆինանսատնտեսական ճգնաժամից հետո առկա անորոշությամբ ու այն հանգամանքով, որ ոչ մի երկիր հստակ ձևավորված տնտեսության մոդել չունի. նեոլիբերալիզմը վաղուց իր տեղը զիջել է, բայց թե ինչ մոդելներ են ավելի ընդունելի տարբեր երկրների, այդ թվում նաև Հայաստանի համար` դեռևս անորոշ է: Իսկ Հայաստանում գրանցված ՀՆԱ աճի տեմպի մասին, ինչպես նշեց տնտեսագետը, կարելի է ասել նաև, որ գոյություն ունեցող հնարավորությունները լավ չեն օգտագործվել:

«Եթե իմ անձնական կարծիքն եք ուզում իմանալ, դրանից ավելի խիստ էլ կարելի է ասել, որ երկրի ղեկավարի կողմից էլ 6-7 տոկոս տնտեսական աճի պահանջ էր դրվել: Եվ ես ասեմ, որ դա ամենահամեստ պահանջն է, որովհետև դրանից ավելի պակաս տնտեսկան աճ արձանագրելով` չի կարելի հավակնել մրցակցային առավելությունների բացահայտման ու իրացման, երկրորդ` թեկուզ հենց տարածաշրջանում, եթե ոչ համաշխարհային տնտեսությունում, սեփական տեղը զբաղեցնելուն: Ես բազմիցս ասել եմ, որ Հայաստանի տնտեսությունն այս պահին, եթե մեր ունեցած հնարավորություններն ու ռեսուրսները ճիշտ հաշվի առնենք ու օգտագործենք` երկնիշ տնտեսական աճի ռեալ հնարավորություն ունի»,- նշեց Թաթուլ Մանասերյանը` մասնավորեցնելով, թե այդ ռեսուրսների օգտագործումը, առանց չափազանցնելու, ընդհուպ մինչև 10-15 տոկոս, իսկ առավելագույնը մինչև 30 տոկոս տնտեսական աճի հնարավորություններ կստեղծի:

Հարկ է նշել նաև, որ զարգացող երկրները գրանցում են ոչ թե կայուն տնտեսական, այլ վերականգնողական աճ. դա կայուն տնտեսական աճից էապես տարբերվում է:
Օրինակ` 1-2 տոկոս տնտեսական աճը ԵՄ երկրներում, ԱՄՆ-ում կամ Ճապոնիայում բավականին շոշափելի կլինի, իսկ Հայաստանում անգամ երկնիշ տնտեսական աճը չի անդրադառնում կամ շատ քիչ է անդրադառնում բնակչության կենսամակարդակի վրա : Այսինքն` Հայաստանի պես զարգացող երկրներում, նշում է Թաթուլ Մանասերյանը, տնտեսական աճը չի կարող սահմանափակվել միանիշ թվերով:

Ի դեպ, 2014 թվականի բյուջեով էլ կառավարությունը կանխատեսում է ոչ թե Մանասերյանի նշած երկնիշ աճը, այլ ընդամենը 5,2 տոկոս: Եվ 2013 թվականի դառը փորձը ցույց է տալիս` բացառված չէ, որ այս կանխատեսումն էլ արժանանա այս տարվա ցուցանիշի ճակատագրին: