ՄՄ անդամ երկրների միջև ձևավորվել է մրցակցային սկզբունքերի և կանոնների համաձայնագիր

11071_am_1ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում տեղի է ունեցել հերթական մամուլի ասուլիս` Մաքսային միությանն անդամակցելու նպատակով

ՀՀ էկոնոմիկայի նախարարության և ՏՄՊՊՀ իրավասությունների շրջանակներում իրականացվող աշխատանքների վերաբերյալ: Ասուլիսի բանախոսներն էին ՀՀ էկոնոմիկայի գլխավոր խորհրդական. Հակադեմպինգային քաղաքականության հարցերի աշխատանքային խմբի ղեկավար Արա Պետրոսյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալության պետի տեղակալ, Մտավոր սեփականության հարցերի աշխատանքային խմբի անդամ Անդրանիկ Խաչիկյանը, ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահի տեղակալ, Մրցակցության հարցերի աշխատանքային խմբի ղեկավար Պավել Ղալթախչյանը:
Ինչպես նշել է Պ.Ղալթախչյանը, Մրցակցության միասնական սկզբունքների և կանոնների համաձայնագրի նպատակը կողմերի միասնական մրցակցային քաղաքականության ձևավորումն է: Ըստ նրա` համաձայնագրով նախատեսվում է բացահայտել և կանխել կողմերի տարածքում հակամրցակցային գործողությունները, ինչպես նաև անդրսահմանային շուկաների մրցակցության վրա բացասաբար անդրադարձող գործողությունները:
Ա. Պետրոսյանը նշել է, որ Հատուկ պաշտպանական, հակագնագցման (դեմպինգ) և փոխհատուցման միջոցների ոլորտում կատարվել են մի շարք աշխատանքներ` Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության ճանապարհային քարտեզով նախատեսված միջոցառումներից բխող: Մասնավորապես, ուսումնասիրվել են ճանապարհային քարտեզում ներառված այն իրավական ակտերը, որոնց ՀՀ-ն պետք է միանա ՄՄ անդամակցելու պահից:
Ինչ վերաբերում է մտավոր սեփականության ոլորտին, ապա անհրաժեշտ է, որ Հայաստանը միանա նաև երկու համաձայնագրերի` 2010թ. դեկտեմբերի 9-ի մտավոր սեփականության իրավունքների պահպանության և պաշտպանության բնագավառի կարգավորման միասնական սկզբունքների և 2010թ. մայիսի 21-ի ՄՄ անդամ երկրների Մտավոր սեփականության օբյեկտների միասնական մաքսային գրանցամատյանի մասին: Անդրանիկ Խաչիկյանը հայտնել է, որ Մտավոր սեփականության բնագավառի կարգավորմանը վերաբերող հիմնական սկզբունքները սահմանված են մի շարք միջազգային պայմանագրերով, որոնց անդամակցում են ինչպես ՄՄ անդամ երկրները, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունը:

Անկախ

Ամփոփվել են Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության ուղղությամբ իրականացված աշխատանքները

Ամփոփվել են Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության ուղղությամբ իրականացված աշխատանքներըՎարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Եվրոպական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ-նախարար Տատյանա Վալովայային: Նրա գլխավորած պատվիրակությունը Երևան է ժամանել՝ Մաքսային միությանն անդամակցելու ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքը քննարկելու նպատակով: Նշենք, որ այդ գործընթացի համակարգման նպատակով Հայաստանի վարչապետի 2013 թ. նոյեմբերի 26-ի որոշմամբ ձևավորվել էր 22 թեմատիկ աշխատանքային խումբ:

Տիգրան Սարգսյանը տեղեկացրել է հյուրերին, որ ամեն շաբաթ անցկացվող խորհրդակցության ժամանակ վարչապետին զեկուցվում է «ճանապարհային քարտեզով» նախատեսված միջոցառումների կատարման մասին: «Ես հանձնարարել եմ աշխատանքային խմբերի ղեկավարներին ամփոփ հաշվետվություն ներկայացնել և առանձնացնել քննարկման ենթակա հարցերը: Այսօրվա հանդիպումը լավ առիթ է կենդանի երկխոսության միջոցով պարզաբանելու գոյություն ունեցող խնդիրները», – ասել է կառավարության ղեկավարը:
Գոհունակություն հայտնելով համատեղ աշխատանքի արդյունքներից՝ տիկին Վալովայան նշել է, որ այն ընթանում է սահմանված ժամանակացույցին համապատասխան և ընդգծել աշխատանքային խմբերում ներգրավված պաշտոնատար անձանց մասնագիտական բարձր պատրաստվածությունը: Նա հայտնել է, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը միջանկյալ զեկույց է պատրաստելու «ճանապարհային քարտեզի» իրականացման ընթացքի վերաբերյալ, որը կքննարկվի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստում:
Այնուհետև 22 աշխատանքային խմբի ղեկավարները զեկուցել են ըստ ոլորտների իրականացված աշխատանքների մասին, ներկայացրել խնդրահարույց հարցերը: Նշվել է, որ ընդհանուր առմամբ իրականացվել է «ճանապարհային քարտեզով» նախատեսված միջոցառումների շուրջ 30 տոկոսը:

Անկախ

Խաղողագործության զարգացման ռազմավարության քննարկում ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում

21,02,2014, (640x480)Այսօր ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը խորհրդակցության էր հրավիրել հանրապետության ճանաչված խաղողագործների, գինեգործների, գիտնականների՝ քննարկելու ՀՀ խաղողագործության զարգացման  ռազմավարությունը:

Խաղողագործությունը  և գինեգործությունը Հայաստանի ագրոպարենային ոլորտի առաջատար ճյուղերից են: Եվ չնայած վերջին տարիներին իրականացված բազմաբնույթ և մեծածավալ աշխատանքների շնորհիվ նկատվել են խաղողի արտադրության վերականգնման և գինեգործության զարգացման միտումներ, սակայն ոլորտը համակարգված մոտեցում և զարգացման նոր ռազավարություն է պահանջում:

Քննարկվող փաստաթուղթը նշված անհրաժեշտությանն արձագանքելու կարևոր քայլերից է և նպատակ ունի սահմանել խաղողագործության և գինեգործության զարգացման հիմնական ուղղությունները, հստակեցնել պետական աջակցության մեխանիզմները և դրա արդյունքում նպաստել խաղողի արտադրության և վերամշակման ծավալների ավելացմանն ու ճյուղի տնտեսական արդյունավետության բարձրացմանը:

Ծավալված շահագրգիռ քննարկման արդյունքում, մասնակիցները նոր ռազմավարության համար օրախնդիր համարեցին երկու կարևոր հանգամանք՝  իրավական դաշտի և որակի վերահսկման համակարգի բարելավում և ֆիլոքսերայի դեմ տարվող պայքարի անհետաձգելի միջոցառումների իրականացում:

Մասնակիցների կարծիքով ծրագիրը հաջողված փաստաթուղթ է, սակայն այն վերջնական տեսքի բերելու համար անհրաժեշտ է ընթացք տալ կամ պատասխաններ գտնել մի շարք կարևոր հարցերի՝

–         Խաղողի այգիների անհապաղ գույքագրում:

–         Օրենսդրական համապատասխան փոփոխությունների առաջարկի նախագծի և ռազմավարությամբ նախատեսված ծրագրերի իրականացմանն անհրաժեշտ այգետարածքների ծավալների ու սորտերի տեսակային կազմի  պահանջարկի ճշգրտում ՀՀ գյուղատնտեսության նախարարության, Հայաստանի ազգային ագրարարային համալսարանի և Գինեգործների միության կողմից:

–         Ֆիլոքսերայի դեմ պայքարի միջոցառումների ակտիվացում և ֆիլոքսերադիմացկուն արմատակալների ֆոնդի ստեղծում:

–         Խաղողի կոլեկցիոն այգու ստեղծում, ուր պետք է կենտրոնացնել բոլոր աբորիգեն սորտերը:

–         Ռազմավարության իրականացման ֆինանսական  աղբյուրների ճշգրտում:

Դոլարի գինը բորսայում` 412,99 դրամ

դոլարՓետրվարի 21-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում կայացել է 5,450,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 412.99 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 412.99 դրամ:

NASDAQ OMX Armenia

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի ելույթի տեքստը պատրաստված Կենսաթոշակային երրորդ միջազգային համաժողովի համար

Ջոն ՀեֆերնՊարոն վարչապետ և հարգարժան հյուրեր, շատ հաճելի է, որ այսօր այստեղ եմ՝ մասնակցելու երրորդ ամենամյա կենսաթոշակային համաժողովին:

Միացյալ Նահանգները կարևորում է իր հարաբերությունները Հայաստանի կառավարության և ժողովրդի հետ: Մենք անում ենք այն, ինչ կարող ենք, երկրի տնտեսական, սոցիալական և ժողովրդավարական համակարգերի և հաստատությունների զարգացմանն աջակցելու համար:

13 տարի է, որ ԱՄՆ-ն աշխատում է տեղական գործընկերների հետ Հայաստանի սոցիալական պաշտպանության համակարգը բարեփոխելու համար,  հատուկ ուշադրություն դարձնելով կենսաթոշակներին: Մենք աշխատել ենք ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ, որպեսզի կառուցենք սոցիալական ծառայությունների մատուցման կայուն մոդելներ  և լայնածավալ սոցիալական բարեփոխումներ իրականացնենք:

Ինչո՞ւ են կենսաթոշակային բարեփոխումն այդքան կարևոր.

  • Կարևոր է, քանի որ այն ազդեցություն ունի յուրաքանչյուր քաղաքացու վրա:
  • Կարևոր է, քանի որ Հայաստանը պետք է գտնի մի ճանապարհ կենսաթոշակառուների բարեկեցությունն ավելի լավ ապահովելու համար:
  • Կենսաթոշակային բարեփոխումը կարևոր է, քանի որ փոխվել են զբաղվածության կառուցվածքը և Հայաստանի ժողովրդագրությունը, և կենսաթոշակային համակարգը պետք է նույնպես փոխվի:
  • Վերջապես, դա կարևոր է, քանի որ նոր կենսաթոշակային համակարգը հնարավորություն կտա աշխատողներին  ձևավորելու իրենց կենսաթոշակը և անձամբ կուտակել կենսաթոշակային խնայողություններ:

Ցանկացած երկրի առջև ծառացած առավել դժվարին բարեփոխումներից մեկը կենսաթոշակային բարեփոխումն է:  Սա է պատճառը, որ Հայաստանը ներգրավել է միջազգային փորձագետների և ծախսել է ավելի քան տասը տարի՝ մանրակրկիտ կերպով ընտրելով և ձևավորելով նոր կենսաթոշակային համակարգ, որը հարմարեցված է Հայաստանի ժողովրդագրական և տնտեսական կարիքներին:

Կենսաթոշակային բարեփոխումները վիճահարույց են: Դրանք ներառում են երկարաժամկետ պլանավորում կառավարությունների, գործատուների և աշխատողների կողմից, որոնք արդեն իսկ գտնվում են բազմաթիվ կարճաժամկետ ճնշումների տակ:

Այսպիսով, ինչ կտա այս նոր համակարգը: Նոր կենսաթոշակային համակարգը.

1)      կապահովի երաշխավորված և համարժեք կենսաթոշակ թոշակառուներին, սա ամենակարևորն է՝ երաշխավորված և համարժեք կենսաթոշակ թոշակառուներին,

2)      ստվերից դուրս կբերի աշխատողների աշխատավարձերը,

3)      կբարելավի հարկային վարչարարությունը և կնվազեցնի կոռուպցիոն ռիսկերը,

4)      կխթանի տնտեսական զարգացումը՝ արդյունավետ կերպով ներդնելով  կենսաթոշակային վճարները:

Մենք բոլորս գիտենք, որ բարեփոխումների  իրականացումը կդառնա հաջողության իսկական փորձություն:  Առաջ շարժվելու համար կարևորվում են մի շարք խնդիրներ.

  • Կարևոր է լայն հանրային իրազեկումը: Ինչպես ցույց են տալիս վերջին զարգացումները բարեփոխումների հետ կապված նույնիսկ ամենահիմնական բաները մարդկանց հասկանալի չեն: Քաղաքացիները հարցնում են. ինչո՞ւ են անհրաժեշտ այս բարեփոխումները, ի՞նչ է արվում այս բարեփոխումներով, դրանից ի՞նչ օգուտ կստանան աշխատողն ու ապագա կենսաթոշակառուն, ինչպե՞ս այն կանդրադառնա ընթացիկ կենսաթոշակառուների վրա:
  • Կառավարությունն աշխատելով քաղաքացիական հասարակության ու ԶԼՄ-ների հետ՝ պետք է իրազեկի ու պարզաբանի բարեփոխումները, դա պետք է արվի ոչ թե մեկ կամ երկու անգամ, այլ կրկին ու կրկին:  Հասարակության վստահությունն ավելի մեծ կլինի, եթե խնդրի բոլոր կողմերում գտնվող քաղաքացիները հնարավորություն ունենան իրենց ներդրումն ունենալ կառավարության իրազեկման աշխատանքներում: Ճշգրիտ, ներառական, թափանցիկ և համընդգրկուն իրազեկման արշավները կմեծացնեն վստահությունը բարեփոխումների նկատմամբ և կնպաստեն դրանց հաջողությանը:
  • Մեկ այլ առանցքային գործոն է ֆինանսական գրագիտությունը: Աշխատողներն ու ապագա կենսաթոշակառուները պետք է հասկանան, թե ինչպես է ձևավորվում իրենց ապագա կենսաթոշակը: Միայն այդ պարագայում կարող են իրազեկ որոշումներ կայացնել և ընտրել իրենց հատկացումների համար համապատասխան ներդրումային տարբերակը:
  • Կենսաթոշակային բարեփոխման հաջող իրականացման  կարևոր գործոնները ներառում են. Հայաստանի տնտեսության զարգացմանը միտված ամուր ներդրումային քաղաքականություն, շրջահայաց կարագավորում, որը կմեծացնի հասրարակության վստահությունը համակարգի նկատմամբ և կպաշտպանի կենսաթոշակային հիմնադրամի մասնակիցների շահերը, և առավելագույնս թափանցիկ ու ճշգրիտ հաշվետվությունների ապահովում բոլորի կողմից:

Մենք ողջունում ենք Հայաստանի կառավարության ջանքերն այս նոր համակարգի հիմքերը ձևավորելու համար: Այժմ հարկ է ավելի շատ տեղեկատվություն ապահովել այն մասին, թե համակարգն ինչպես է ապահովելու քաղաքացիների կողմից կատարվող կենսաթոշակային հատկացումների երաշխավորվածությունը, նպատակային գործածումը և անկողմնակալությունը:

Գործատուները նույնպես որոշ պատասխանատվություններ ունեն: Նրանք պետք է որդեգրեն կորպորատիվ կառավարման լավագույն սկզբունքները, որպեսզի կրճատվի ստվերային տնտեսությունը: Այլևս անցյալում պետք է մնան այն ժամանակները, երբ եկամուտների, շահույթի, աշխատավարձերի ու սոցիալական վճարումների տվյալները ամբողջովին չէին ներկայացվում հաշվետվություններում՝ հարկերից խուսափելու նպատակով:

Հավատացած ենք, որ նոր կենսաթոշակային համակարգը  շրջահայաց ձևով մշակված է՝ պաշտպանելու ապագա կենսաթոշակառուների շահերը: Այն Հայաստանի աշխատողներին հնարավորություն կտա բարելավել իրենց ֆինասական ապահովածությունը կենսաթոշակային տարիքում՝ եկամուտների աղբյուրները դիվերսիֆիկացնելու, այդ թվում մասնավոր, կրկնում եմ մասնավոր կենսաթոշակային հիմնադրամում խնայողությունների կատարելու միջոցով:

Մի կարևոր բան էլ ներկայացնեմ, որը կարծես հասարակության շրջանում շատերին հայտնի չէ: Այս բարեփոխումների շրջանակում կենսաթոշակային հիմնադրամները կկառավարվեն ակտիվների կառավարման 2 մասնավոր ընկերությունների կողմից, որոնք միջազգային համբավ և հաջող գործունեության երկար պատմություն ունեցող ընկերություններ են, մեկը՝ ֆրանսիական, մյուսը՝ գերմանական/ավստրիական:

Եվ կրկին, ոչ ոք չի հերքում, որ թոշակային բարեփոխումը խնդրահարույց է: Ամեն շաբաթ մարդկանց տարբեր խմբեր իրենց մտահոգությունն են հայտնում այս նոր օրենքի վերաբերյալ: Սահմանադրական դատարանը նույնպես ուսումնասիրում է օրենքի որոշակի հատվածներ: Բարեփոխմանը վերաբերող այս անհանգստությունները պետք է զարմանք չառաջացնեն՝ հաշվի առնելով, որ սա տարիներ շարունակ գոյություն ունեցող համակարգի հիմնավոր փոփոխություն է:

Հիշենք նաև, որ Խորհրդային Միության փլուզման հետևանքով շատ հայաստանցիներ կորցրեցին երկար սպասված թոշակները: Հիշողությունները դեռ թարմ են: Դեռ ավելին, գոյություն ունի վստահության պակաս, կառավարության, հայաստանյան հաստատությունների և քաղաքացիների միջև: Կառավարությունը պետք է աշխատի այս բացը լրացնելու ուղղությամբ՝ լրջորեն ներգրավելով քաղաքացիներին, շտկելով բոլոր թյուրըմբռնումներն ու լսելով  և արձագանքելով վերջիններս մտահոգություններին:

Կենսաթոշակային այս բարեփոխումը կառավարության,  միջազգային դոնորների և փորձագետների տասը տարվա սերտ համագործակցության արդյունք է: Այս մոդելը անհատների խնայողությունների և ներդրումների պաշտպանության համար ձևավորված մեխանիզմների հետ միասին  հաջողությամբ կիրառվում է աշխարհի տարբեր երկրներում: Իրականությունն այն է, որ Հայաստանում գործող ներկայիս համակարգը  երկար գոյատևել չի կարող: Փոփոխությունը, թեկուզ բարդ, սակայն անհրաժեշտ է:

Եվ վերջում, ցանկանում եմ մեր շարունակական աջակցությունը հայտնել այս բարեփոխման հաջող իրականացմանը և հույս հայտնել, որ ՀՀ կառավարությունը, գործատուներն ու աշխատողները կիրականացնեն այս բարեփոխումները ի շահ բոլորի:

Շնորհակալություն: Մաղթում եմ հաջող և արդյունավետ աշխատանք:

 

«Ճիշտ կլիներ` սպառողների շահերի պաշտպաններն էլ ոսկու շուկաներում կետեր ունենային, որպեսզի մարդիկ կարողանային պարզել` որակյալ ոսկի են գնո՞ւմ են, թե՞ ոչ». Արմեն Պողոսյան

արմեն պողոսյանԴրոշմավորման երկու եղանակ կա` մեխինակական և լազերային: Մեխանիկականը հին մեթոդ է, դրոշմավորելիս ոսկին վնասվում է, հետք է մնում, մշակելուց պատկերը ջնջվում է: Լազերային դրոշմավորումն ավելի լավ տարբերակ է, բայց մեզ մոտ դարձյալ լավ չի արվում, պատկերն աղավաղվում է, չի երևում: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը` ներկայացնելով երեկ «Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության հետ համատեղ իրականացված ուսումնասիրության արդյունքներն ու հայտնաբերված թերացումները ոսկու 3 շուկաներում:

Ցուց տալով լազերային դրոշմավորման մի քանի լուսանկարներ` Արմեն Պողոսյանը նշեց, որ մեծ երևակայություն է պետք այդ պատկերներում Սասունցի Դավթի պատկերը տեսնելու համար:

«Ֆինանսների նախարարությունն այդ սարքերը բերում է ռուսական մի կազմակերպությունից: Իհարկե, հասարակ սպառողին հետաքրքրում է միայն այն, որ լավ որակի ոսկի գնի, բայց, եթե հարգադրոշմի պատկերն աղավաղված է և չի երևում, թե ո՞ր կազմակերպությունն է հարգը որոշել, դժվար է դառնում անհրաժեշտության դեպքում գտնել պատասխանատուին»,- ասաց Արմեն Պողոսյանը:

Ստեղծված իրավիճակից դուրս գալու համար Արմեն Պողոսյանն առաջարկեց բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ հանրային քննարկում հրավիրել, ստուգումներ անցկացնել հարգորոշում ապահովող կազմակերպությունների մոտ, այնուհետև խնդիրների լուծման մեխանիզմներ մշակել և խիստ վերհսկողություն սահմանել:

Ըստ բանախոսի` ճիշտ կլիներ, եթե սպառողների շահերի պաշտպաններն էլ այդ շուկաներում կետեր ունենային, որպեսզի մարդիկ կարողանային պարզել` որակյալ ոսկի են գնո՞ւմ են, թե՞ ոչ:

« «Նաիրիտն» ամբողջությամբ կարող է աշխատել իրանական գազով». Վազգեն Սաֆարյան

Վազգեն ՍաֆարյանՀայրենական արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ «Նաիրիտ» գործարանն  ամբողջությամբ կարող է աշխատել իրանական գազով: Իրանի հետ կարելի է պայմանավորվել բարտերային մեխանիզմի` «գազ  կաուչուկի դիմաց» սկզբունքով:

Նրա խոսքով՝ «Նաիրիտի» վերագործարկման դեպքում կօգտագործվի տարեկան 100-120 մլն խմ գազ, ինչն այնքան էլ շատ չէ:

«Գազի փոխարեն մենք Իրանին կտանք «Նաիրիտում» արտադրված կաուչուկը: Իսկ մնացած արտադրանքը կարող ենք վաճառել միջազգային շուկաներում: Ներկայումս աշխարհում ընդամենը 6 այդպիսի գործարաններ կան, որոնք սինթետիկ քլորոպրենային կաուչուկ են արտադրում: Իսկ մեր գործարանն այժմ կորցնում է իր դիրքերն աշխարհում»,-ասաց Վազգեն Սաֆարյանը:

Ըստ նրա` իրանական գազ օգտագործելու դեպքում միջոցները կբավարարեն «Նաիրիտը» վերազինելու և ընկերության ունեցած պարտքերը, այդ թվում աշխատավարձի, մարելու համար:

Անդրադառնալով երկրապահների համագումարի ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը` Վազգեն Սաֆարյանը նշեց, որ Հայաստանի նախագահի հայտարարությունից հետո կարելի է սպասել պղինձի և ծծմբաթթվի արտադրության վերականգնման:

«Ուրախ եմ, որ նախագահը անհրաժեշտ է համարում երկրում ունենալ ռաֆինացված պղնձի արտադրություն, որի մասին մենք երկար տարիներ խոսել ենք: Մենք արդեն տարեկան 80 հազար տոննա կոնցենտրատ ունենք, որոնք անհրաժեշտ են մաքուր պղինձը հալեցնելու համար»,-ասաց Հայրենական արտադրողների միության նախագահը:

Հայաստանի հարավային երկաթուղին ամենակարճ ճանապարհով Ասիան կկապի Կենտրոնական Եվրոպային

երկաթուղիԴեռևս 2013թ.-ի տարեսկզբին մեկնարկած «Հայաստանի հարավային երկաթուղի» ծրագրի իրագործելիության ուսումնասիրությունը (տեխնիկատնտեսական ուսումնասիրությունը) և նախնական ծրագիծը, որը կանցնի Սյունիքի, Եղեգնաձորի և Գեղարքունիքի մարզերով,  արդեն պատրաստ է:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի և «Ռասիա ՖԶԷ» ներդրումային ընկերության նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Ջոզեֆ Բորկովսկու միջև 2012թ.-ի հուլիսի 28-ին ստորագրված կոնցեսիոն պայմանագրի համաձայն, որի գործունեության ժամկետն է 30 տարի՝ շինարարության ավարտից հետո, ընկերությունն իրականացնելու է  Հայաստանի հարավային երկաթուղու նախագծումը, ֆինանսավորումը, կառուցումը և շահագործումը` բացառապես ընկերության կողմից ներգրավված միջոցների հաշվին:

Երկաթգծի երկարությունը կկազմի շուրջ 300 կմ, այն բաղկացած կլինի կամուրջներից, թունելներից, բարդ կառույցներից և  կունենա 27 կայարան: Ակնկալվում է, որ շինարարությունը կտևի մինչև 6 տարի:

«Ռասիա ՖԶԷ» ընկերությունը սեփական միջոցներով է  իրականացրել  պայմանագրով նախատեսված երկաթուղու կառուցման տեխնիկատնտեսական հիմնավորումը, որի արդյունքների հիման վրա  հետագայում նախատեսվում է կոնցեսիոն եղանակով իրականացնել նաև շինարարական աշխատանքները և հետագա շահագործումը:

Նախագծերի  իրագործելիության ուսումնասիրության տեխնիկական առաջադրանքը ստորագրվել է 2012 թվականի նոյեմբերի 10-ին Երևանում՝ ՀՀ տրանսպորտի և

կապի նախարար Գագիկ Բեգլարյանի և «Ռասիա ՖԶԷ» ընկերության նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Ջոզեֆ Բորկովսկու կողմից:

Իրագործելիության ուսումնասիրության շուրջ կապալառուի կողմից աշխատանքները մեկնարկել էին դեռևս 2012թ. դեկտեմբերին և տևեցին շուրջ 1.5 տարի: Այն մշակելու նպատակով  «Ռասիա ՖԶԷ» ընկերությունը ներգրավել է  միջազգային  ասպարեզում  երկաթուղիների,  արագընթաց ճանապարհների, ճանապարհային կոնստրուկցիաների կառուցմամբ  մասնագիտացած և մեծ փորձ ունեցող «Չինաստանի հաղորդակցային ընկերությանը» (CCC-Co.ltd):

Հայաստանի հարավային երկաթուղու կառուցման իրագործելիության ուսումնասիրությունը ներկայացվել է նաև ՀՀ կառավարության քննարկմանը:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը հատուկ ուշադրություն է դարձնում կարևորագույն և աննախադեպ այս ծրագրի իրագործմանը, որը Հայաստանի խոշորագույն ռազմավարական հեռանկարներից է:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի գլխավորությամբ՝ նախարարությունը լուրջ և հսկայածավալ աշխատանքներ է կատարում, որպեսզի շուրջ երեք միլիարդ դոլար արժողությամբ տարածաշրջանային նշանակության այս ծրագիրը կյանքի կոչվի:

«Հայաստանի հարավային երկաթուղի» ծրագիրը, որպես  «Հյուսիս- հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի պակասող առանցքային օղակ,  դառնալու է

Սև ծովի նավահանգիստներից դեպի Պարսից ծոցի նավահանգիստներ կատարվող փոխադրումների ամենակարճ ուղին:

Ծրագրի իրագործման արդյունքում ակնկալվում է տարածաշրջանում տրանսպորտային ծախսերի  և փոխադրության պայմանների էական բարելավում, ինչը կնպաստի առևտրի խթանմանը և տնտեսական աճին՝ միաժամանակ ամրապնդելով Հայաստանի տնտեսությունը:

 

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության

լրատվական ծառայություն

 

Դոլարի գինը բորսայում՝ 413 դրամ

դոլարՓետրվարի 20-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում կայացել է 4,700,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 413 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 413 դրամ:

NASDAQ OMX Armenia

«Մենք ռուսական կողմին պետք է խնդրենք, որ մեր հանդեպ ավելի մեղմ տնտեսական քաղաքականություն վարի». Վազգեն Սաֆարյան

Վազգեն ՍաֆարյանՀայրենական ապրանքարտադրողների միությունը և անդամ կազմակերպությունները միանշանակ կողմ են Հայաստանի` Մաքսային Միությանն անդամացությանը, քանի որ նրանք ռուսական, բելառուսական կողմերի հետ որոշակիորեն պահպանել են իրենց հին կապերը: Հայ գործարարները հենց այդ կապերի մեջ են տեսնում իրեց բիզնեսների զարգացումը: Հայրենական արտադրողներն  սպասում էին այս պահին, երբ կմիավորվեն մեկ ընդհանուր տնտեսական միության մեջ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայրենական ապրանքարտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը` հավելելով, որ Կառավարությունը համընթաց քայլերով գնում է դեպի Մաքսային Միություն:

Վազգեն Սաֆարյանի խոսքով՝ երբ ներմուծումներն ավելանան 100 մլն դոլարով, Մաքսային Միությանն անդամությունը և տեղական ապրանքարտադրությունը  խթանելն առաջնային խնդիր են դառնում:
«Այն մտավախությունը, որ Մաքսային Միությանն անդամակցելուց հետո Հայաստանում ապրանքների գները կարող են բարձրանալ, տեղին չէ: Պետք է ասեմ, որ թանկացումները փոխհատուցվելու են մեկ այլ բանով` նոր աշախատատեղերի ստեղծմամբ: Համոզված եմ, որ Մաքսային Միության գործընթացները միանշանակ բերելու են տնտեսական քաղաքականության նոր որակների: Միաժամանակ, մենք ռուսական կողմին պետք է խնդրենք, որ մեր հանդեպ ավելի մեղմ տնտեսական քաղաքականություն վարի»,- ասաց Վազգեն Սաֆարյանը:
Հայրենական ապրանքարտադրողների միության նախագահը վստահ է, որ Հայաստանը հաջողությամբ կարող է ռուսական շուկա արտահանել տրիկոտաժ և կոշիկ:

«Ռուս գործընկերները մեզ անընդհատ հարցնում են` ո՞ւր են ձեր «Մասիս» կոշիկները: Դա նշանակում է, որ մենք մեր արտադրանքը գովազդելու կարիք անգամ չունենք»,- ասաց Վազգեն Սաֆարյանը:

Սահմանվում են Մաքսային միությանն անդամակցելու ժամանակ անհրաժեշտ պետական կառավարման մարմինների լիազորությունները

հհ կառավարության նիստԿարգավորվում են ԱՊՀ երկրների մաքսային հարաբերությունները
Մաքսային միությանը և Միասնական տնտեսական տարածությանը ՀՀ անդամակցության շրջանակում միասնական տեղեկատվական տարածության և ինտեգրացված տեղեկատվական համակարգի ստեղծման նպատակով ՀՀ կառավարությունը նշված համակարգի ազգային սեգմենտի ստեղծման լիազոր մարմին է ճանաչել ՀՀ կառավարության աշխատակազմը: Նույն որոշման հաջորդ կետերով մաքսային ծառայությունների տեղեկատվական փոխգործակցության արդյունավետության բարձրացման նպատակով համապատասխան տեղեկատվական համակարգի ստեղծման լիազոր մարմին է ճանաչվել ՀՀ ԿԱ ՊԵԿ-ը, էլեկտրոնային եղանակով տեղեկատվության փաստաթղթավորման ընդհանուր ենթակառուցվածքի ՀՀ պետական բաղադրիչի օպերատոր` «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» ՓԲԸ-ն: Էներգետիկայի ոլորտում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ համագործակցություն իրականացող պետական կառավարման լիազոր մարմին է ճանաչվել ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը: Մեկ այլ որոշմամբ Մաքսային միության անդամ պետությունների հետ էլեկտրաէներգիայի ոլորտում բնական մենաշնորհների ծառայությունների հասանելիության ապահովման համար ՀՀ լիազոր կազմակերպություն է ճանաչվել «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ՓԲԸ-ն:
Մաքսային միությանը և Միասնական տնտեսական տարածքին ՀՀ միացման սանիտարական, բուսասանիտարական և անասնաբուժական միջոցառումների ոլորտներում ճանապարհային քարտեզի մի շարք կետերի կատարումն ապահովելու նպատակով գործադիրը ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության ծառայությանը հատկացրել է 4 մլն դրամ:
ՀՀ կառավարությունը համաձայնություն է տվել ԱՊՀ մասնակից պետությունների «Մաքսային գործերում համագործակցության և փոխօգնության մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը: Փաստաթուղթը սահմանում է ՀՀ և ԱՊՀ մասնակից մյուս պետությունների մաքսային մարմինների համագործակցության և փոխօգնության ձևաչափը:

Անկախ

Կառավարությունը նոր թափ է հաղորդում գործարար միջավայրի բարելավմանը

հհ կառավարության նիստԱյսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Բացելով նիստը, վարչապետն անդրադարձել է բնական գազի կալորիականության հարցին, որը վերջին շրջանում հայտնվել է հանրության ուշադրության կենտրոնում (տե՛ս առանձին):

Մշակվելու է Հայաստանի ազգային բրենդը
Մոնիթորինգ է իրականացվելու փոստային կապի ոլորտում
Անդրադարձ է եղել սոցիալական հարցերին

Գործադիրը հավանություն է տվել Հայաստանի գործարար միջավայրի բարելավման 2014թ. միջոցառումների ծրագրին, որի իրականացմամբ պետք է զգալիորեն բարձրանա երկրի ընդհանուր մրցունակությունը: Ձեռնարկվելիք միջոցները նպաստելու են բիզնես սկսելու և զարգացնելու համար պահանջվող վարչարարական ընթացակարգերի պարզեցմանը, փոքր և միջին ձեռնարկությունների արագ աճի խթանմանը, հարկային և մաքսային հավասարակշռված քաղաքականության իրականացմանը: Վարչապետ Տիգրան Սարգսյանն անհրաժեշտ է համարել առաջիկա 4 ամսվա ընթացքում համալիր ծրագիր կազմել և այդ փաստաթղթում ընդգրկել նշված հարցի քննարկմանը նվիրված վերջին խորհրդակցության ժամանակ արված առաջարկությունները:
Հայաստանի ազգային բրենդը մշակելու և համաշխարհային հանրությանը ներկայացնելու նպատակով կառավարությունը լրացում է կատարել իր նախկին որոշումներից մեկում և ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը հատկացրել 62 մլն դրամ: Նախարարին հանձնարարվել է Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի հետ կնքել դրամաշնորհային պայմանագիր` ծրագրի իրականացման համար պահանջվող գումարի մնացած մասը`225 հազար ԱՄՆ դոլարը, այլ աղբյուրներից ապահովելու պայմանով:
ՀՀ կենտրոնական բանկի գործառույթների անհրաժեշտությունից ելնելով, ինչպես նաև ԿԲ կողմից վարվող տեղեկատվական համակարգեր ներառված տեղեկության հավաստիությունն ապահովելու նպատակով կառավարությունը հաստատել է ԿԲ-ին բնակչության պետռեգիստրի տեղեկատվական համակարգից տվյալներ տրամադրելու կարգը: ՀՀ կենտրոնական բանկը վարում է ֆինանսական համակարգի համար կարևոր նշանակություն ունեցող այնպիսի շտեմարաններ, ինչպիսիք ԱՊՊԱ տեղեկատվական համակարգը, վարկային ռեգիստրը, որոնցում հաճախ են ծագում անձի նույնականացման հետ կապված խնդիրներ: Որոշման համաձայն նշված տեղեկությունը ԿԲ-ին կտրամադրի պետռեգիստրը, ինչի շնորհիվ կլուծվեն առկա խնդիրները, կապահովվի շտեմարանների բնականոն և արդյունավետ աշխատանքը:
Նիստում հաստատվել է փոստային կապի ոլորտում մոնիթորինգի իրականացման կարգը: Մոնիթորինգի ընթացքում պետք է հայտնաբերել, վերլուծել և գնահատել քաղաքացիներին և կազմակերպություններին մատուցվող ծառայությունների նշանակությունը, այդ թվում` ծառայությունների վերջնական արդյունքի վրա ծախսված ժամանակը և ֆինանսական ծախսերը: Մոնիթորինգի իրականացման ժամանակ փոստային կապի ծառայությունների որակական գնահատման ցուցանիշներն են վիճակագրական և սոցիալական հարցման տվյալները:
Հաշվի առնելով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությանը հանձնված ՊՈԱԿ-ների գործունեության ոլորտային առանձնահատկությունները` մանկատուն, երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն, ծերերի և հաշմանդամների տուն-ինտերնատ և այլն, կառավարությունը նախարարին պարտավորեցրել է հաստատել հաստիքացուցակի օրինակելի ձև, պաշտոնների անվանացանկեր և պաշտոնների նկարագրերի օրինակելի ձևեր, աշխատավարձերի միասնական համակարգի ձևավորման մոտեցումներ և մեխանիզմներ: Որոշումը միտված է ՊՈԱԿ-ների աշխատողների աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու նպատակին:
Վերաբաշխում կատարելով ՀՀ 2014թ. պետբյուջեում, փոփոխություններ` իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում, գործադիրը դրանով իսկ ապահովել է մինչև 2014թ. հունվարի 1-ը Հայաստանում ծնված երեխաներին ծննդյան միանվագ նպաստի հատկացման բնականոն գործընթացը:

Սահմանվում են Մաքսային միությանն անդամակցելու ժամանակ անհրաժեշտ պետական կառավարման մարմինների լիազորությունները
Կարգավորվում են ԱՊՀ երկրների մաքսային հարաբերությունները

Մաքսային միությանը և Միասնական տնտեսական տարածությանը ՀՀ անդամակցության շրջանակում միասնական տեղեկատվական տարածության և ինտեգրացված տեղեկատվական համակարգի ստեղծման նպատակով ՀՀ կառավարությունը նշված համակարգի ազգային սեգմենտի ստեղծման լիազոր մարմին է ճանաչել ՀՀ կառավարության աշխատակազմը: Նույն որոշման հաջորդ կետերով մաքսային ծառայությունների տեղեկատվական փոխգործակցության արդյունավետության բարձրացման նպատակով համապատասխան տեղեկատվական համակարգի ստեղծման լիազոր մարմին է ճանաչվել ՀՀ ԿԱ ՊԵԿ-ը, էլեկտրոնային եղանակով տեղեկատվության փաստաթղթավորման ընդհանուր ենթակառուցվածքի ՀՀ պետական բաղադրիչի օպերատոր` «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» ՓԲԸ-ն: Էներգետիկայի ոլորտում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ համագործակցություն իրականացող պետական կառավարման լիազոր մարմին է ճանաչվել ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը: Մեկ այլ որոշմամբ Մաքսային միության անդամ պետությունների հետ էլեկտրաէներգիայի ոլորտում բնական մենաշնորհների ծառայությունների հասանելիության ապահովման համար ՀՀ լիազոր կազմակերպություն է ճանաչվել «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ՓԲԸ-ն:
Մաքսային միությանը և Միասնական տնտեսական տարածքին ՀՀ միացման սանիտարական, բուսասանիտարական և անասնաբուժական միջոցառումների ոլորտներում ճանապարհային քարտեզի մի շարք կետերի կատարումն ապահովելու նպատակով գործադիրը ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության ծառայությանը հատկացրել է 4 մլն դրամ:
ՀՀ կառավարությունը համաձայնություն է տվել ԱՊՀ մասնակից պետությունների «Մաքսային գործերում համագործակցության և փոխօգնության մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը: Փաստաթուղթը սահմանում է ՀՀ և ԱՊՀ մասնակից մյուս պետությունների մաքսային մարմինների համագործակցության և փոխօգնության ձևաչափը:

Կթողարկվի AN սերիայի անհրաժեշտ քանակությամբ ՀՀ քաղաքացու անձնագիր
Օպտիմալացվում է հարկային մարմնի կառավարման համակարգը, հեշտացվում` ՀԴՄ վիճակահանության ընթացակարգը 

Լրացում կատարելով իր նախկին որոշումներից մեկում, կառավարությունն ավելացրել է ՀՀ քաղաքացու AN սերիայի անձնագրի թողարկման խմբաքանակի առավելագույն սահմանաչափը` խուսափելու համար նոր`AO սերիայի անձնագրին անցում կատարելու ժամանակ հնարավոր տեխնիկական խնդիրներից:
Իր նախկին որոշումներից մեկում, որով սահմանվել է ՀՀ ԿԱ ՊԵԿ կառուցվածքը, գործադիրը կատարել է փոփոխություններ և լրացումներ, որոնք թելադրված են հարկային մարմնի կառուցվածքի բարեփոխման, տարածքային հարկային տեսչությունների քանակի կրճատման անհրաժեշտությամբ: Որոշմամբ օպտիմալացվում է հարկային մարմնի կառավարման համակարգը և հստակեցվում գործառույթների բաշխումը կառուցվածքային ստորաբաժանումների միջև:
2013թ. նոյեմբերի 9-ին կայացած ՀԴՄ վիճակահանությունից սկսած կիրառվում է վիճակահանության անցկացման նոր, ժամանակակից սարք, որով անցկացվող վիճակահանության ընթացակարգը խիստ տարբերվում է նախորդից: Ընթացակարգի համապատասխանեցման նպատակով կառավարությունը փոփոխություն է կատարել իր նախկին երեք որոշումներում, ակնկալելով հեշտացնել նշված ընթացակարգը, բարձրացնել հանրության վստահությունը տվյալ միջոցառման հանդեպ, ՀԴՄ կտրոնի վրա գնված ապրանքից կամ ստացված ծառայությունից տարբերվող ապրանքի կամ ծառայության անվանման տպագրությունն իրականացնել 2014թ. հուլիսի 1-ից:

Օրենքի փոփոխություն է առաջարկվում գործարարների նախաձեռնությամբ
Կստեղծվեն սպառողների պաշտպանության իրական մեխանիզմներ
Պատասխանատվություն կնախատեսվի գիշերային ժամերին տրանսպորտային միջոցների անհարկի ձայնային ազդանշանի արձակման համար

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Հարկերի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրինագծին, որը մշակվել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի ղեկավարությամբ տեղի ունեցած փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի մասնակիցների առաջարկով:Օրինագծի ընդունման դեպքում կհստակեցվի հարկային մարմնի կողմից հարկ վճարողի գույքի վրա արգելանք դնելու և արգելանքը վերացնելու ընթացակարգը և կապահովվի թափանցիկ միջավայր:
Նիստում հավանության է արժանացել «Ապահովության և ապահովագրական գործունեության մասին» օրենքում և ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթը, որը հնարավորություն կտա ստեղծել սպառողների պաշտպանության իրական մեխանիզմներ, բարձրացնել ապահովագրական ընկերությունների մրցակցությունը և մատուցվող ծառայությունների որակը:
Գործադիրի հավանությունն է ստացել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի նախագիծը, որով առաջարկվում է պատասխանատվություն նախատեսել նաև գիշերային ժամերին տրանսպորտային միջոցների կողմից անհարկի ձայնային ազդանշաններ արձակելու, ինչպես նաև առանց թույլտվության ողորկափող հրազեն ձեռք բերելու և պահելու համար: Վերը նշված օրենքների նախագծերը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով:

Համահայկական խաղերի օտարերկրյա մասնակիցները կազատվեն մուտքի արտոնագրի պետտուրքից
Մարտի 9-ին տեղական կառավարման մարմինների ընտրություն կանցկացվի ավելի քան 50 համայնքում 

Կառավարությունն իր որոշմամբ սահմանել է , որ 2014թ. փետրվարի 24-ից մարտի 2-ը կայանալիք համահայկական առաջին ձմեռային խաղերին մասնակցելու նպատակով ՀՀ ժամանող մարզական պատվիրակության անդամ օտարերկրյա քաղաքացիներն ազատվում են մուտքի արտոնագրի տրամադրման համար նախատեսված պետտուրքի վճարումից:
Գործադիրն ընդունել է երկրի ավելի քան հինգ տասնյակ գյուղական համայնքների ղեկավարների և ավագանու անդամների 2014թ. մարտի 9-ի հերթական ընտրության նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու որոշում: Կառավարության որոշմամբ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից մինչև 2014թ. ամառային զորակոչ տարկետում է տրվել քոլեջի երկու սովորողի:
Նիստի օրակարգում ընդգրկված հարցերը, որոշման նախագծերը, հիմնավորումները և տեղեկանքները տես` հետևելով հղմանը:

Անկախ
 

Կառավարությունը քննարկել է գազի կալորիականության հարցը. վարչապետ Տիգրան Սարգսյանի հանձնարարությամբ ստեղծվելու է համապատասխան հանձնաժողով

տիգրան սարգսյանՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան – Բարև ձեզ, հարգելի գործընկերներ:

Սկսենք մեր այսօրվա աշխատանքը: Գազի կալորիականության խնդիրը մնում է մեր հասարակությանը հետաքրքրող, մտահոգող հարցերից մեկը: Չնայած այն հանգամանքին, որ բազմաթիվ պարզաբանումներ մասնագետների կողմից տրվել են, դեռևս կան կասկածներ այն մասով, թե արդյոք կալորիականության ցուցանիշը համապատասխանում է այն տվյալներին, որ մենք հրապարակում ենք, արդյոք գազի որակը փոփոխվել է, և մենք պարտավոր ենք այս բոլոր հարցերի պատասխանը սպառիչ ձևով ներկայացնել մեր հանրությանը: Առաջին հերթին ցանկանում եմ դիմել Ռոբերտ Նազարյանին՝ լսելով իր կարծիքը՝ ինչպես մենք կարող ենք մասնագիտական եզրակացությունները պարզ, մատչելի ձևով ներկայացնել մեր հանրությանը:

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյան – Շնորհակալություն, պարոն վարչապետ: Դուք ճիշտ նշեցիք, որ վերջին ժամանակներս, ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձինք շատ են բողոքում գազի որակի հետ կապված, մասնավորապես, կալորիականության, որ չի համապատասխանում 7900 կիլոկալորիա ստանդարտին: Մենք փորձում ենք բացատրել այն մեխանիզմները, որոնք այսօր կան և գործում են: Որո՞նք են դրանք: Նախ, սահմանի վրա գազի կալորիականությունը չափվում է, այնուհետև տնտեսվարող սուբյեկտներ ունենք Հայաստանի Հանրապետությունում՝ Հրազդանի ՋԷԿ-ը, Երևանի ՋԷԿ-ը, Արարատի ցեմենտի գործարանը, որոնք նույնպես որպես գազի խոշոր սպառողներ շահագրգռված են, որպեսզի կալորիականությունը լինի այնպիսին, ինչպիսին ամրագրված է ստանդարտներում: Սակայն այս ցուցանիշները ևս չեն բավարարում առանձին տնտեսվարող սուբյեկտներին: Ես հանդիպում եմ ունեցել Գործարարների միությունում, և այս հարցը քննարկման առարկա է դարձել: Ես առաջարկել եմ գործարարներին, որպեսզի նրանք համախմբվեն, կարողանան ձեռք բերել լաբորատորիա, որի շուկայական գները 25-60 հազար ԱՄՆ դոլարի սահմաններում են տատանվում, որ կարողանան նրանք էլ չափել, համոզվել կալորիականության մեջ: Այդ հանդիպումը տեղի է ունեցել անցած տարվա մայիսին, ցավոք, մինչ օրս, ես վստահաբար ասում եմ, որ նման քայլ գործարարների կողմից չի կատարվել: Վերջին ժամանակներս, նաև պայմանավորված խիստ ձմեռով, նաև մեր ֆերմերներն են բողոքում, որոնք զբաղվում են ջերմոցային տնտեսությամբ, որ կալորիականությունը շատ ցածր է: Նախորդ տարիներին նրանք ավելի քիչ գազ վառելով ունեցել են համապատասխան ջերմություն, այսօր կրկնակի են վառում: Ես դա պայմանավորում եմ այս տարվա խստաշունչ ձմեռով: Որպեսզի մենք կարողանանք համոզիչ լինել, կարծում եմ, պարոն վարչապետ, ճիշտ կլինի ՀՀ էկոնոմիկայի նախարարության համակարգմամբ ստեղծենք աշխատանքային խումբ, որտեղ ներգրավված կլինեն ինչպես Գիտությունների ազգային ակադեմիայից, որովհետև վերջերս նաև հնչում է, որ ազոտը գազի բաղադրությունից հանում ենք և ծավալը մեծացնում ենք, Հանրային խորհրդից ներգրավենք, Գործարարների միությունից, հասարակական կազմակերպություններից, հասկանանք այս մեխանիզմի մեջ էլ ինչ կարելի է անել, որպեսզի վստահությունը գազի կալորիականության նկատմամբ հանրության կողմից մեծանա և դառնա համոզիչ: Նաև պատրաստ ենք մենք մեր մասնակցությունը բերել, նաև էներգետիկայի նախարարությունը մասնակցի: Սա է իմ առաջարկությունը:

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան – Շատ լավ, մասնագետները, պարոն Նազարյան, մեզ ներկայացրել են եզրակացություն, որ կալորիականության արհեստական փոփոխություն իրականացնելն անհնարին է:

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյան – Այո:

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան – Փաստորեն Ձեր առաջարկը կայանում է նրանում, որ ստեղծենք հանձնաժողով՝ ներգրավելով նաև տարբեր հասարակական կազմակերպությունների, որպեսզի մասնագետները հնարավորություն ունենան իրենց այդ բացատրությունները ներկայացնել:

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյան – Սա մի մասով, իսկ երկրորդ մասով ամբողջ այդ մեխանիզմի, շղթայի մեջ փորձենք տեսնել՝ էլ ինչ գործիքներ կարող ենք մտցնել, որպեսզի այդ չափագրումների ժամանակ մենք դառնանք ոչ միակողմանի, ինչպես հանրությունն է փորձում մեզ մեղադրել, այլև լինեն ոչ կողմնակալ կառույցներ: Մասնավորապես, Չափագիտության ազգային ինստիտուտը թեպետ այսօր անուղղակի մասնակցում է այդ գործընթացին՝ լաբորատորիաների սերտիֆիկացման հետ կապված, բայց նաև մի լաբորատորիա էլ նրանց համար գնենք, նրանք էլ պարբերաբար, ինչպես ՀայՌուսգազարդն է 10 օրը մեկ ներկայացնում տարբեր շրջաններում կալորիականության մեծությունը, նրանք էլ չափագրեն և նույն կերպ հրապարակային թերթում հանդես գան: Սա որպես մի տարբերակ: Բայց այսօր ես չեմ ցանկանում բոլոր տարբերակները նշել, այդ հանձնաժողովի դերը ես նրանում եմ տեսնում, որպեսզի Ձեզ առաջարկություն ներկայացնենք հետագա մեր քայլերի համար:

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան – Շատ լավ, այդ դեպքում, պարոն Գաբրիելյան, պատրաստեք համապատասխան որոշում՝ հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ էկոնոմիկայի նախարարության գլխավորությամբ և փորձեք այնպես անել, որ բոլոր շահագրգիռ հասարակական կազմակերպությունները հայտ ներկայացնեն և մասնակցեն այդ հնաձնաժողովի աշխատանքներին, այն հասարակական կազմակերպությունները, որ ներկայացրեց Ռոբերտ Նազարյանը, և եթե կլինեն այլ հասարակական կազմակերպություններ՝ սպառողների շահերի պաշտպանության խնդիրներով զբաղվող կամ էներգետիկայի ոլորտում, բոլորը, ովքեր ցանկանում են, թող մասնակցեն այդ աշխատանքներին:

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյան – Պարոն վարչապետ, ես կուզենայի գյուղատնտեսության նախարարությունից էլ ներկայացուցիչներ լինեին՝ պայմանավորված նրանով, որ ջերմոցային տնտեսությամբ զբաղվողների մոտ ավելի շատ են այս վերջին ժամանակներս բողոքները:

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան
 – Պարոն Նազարյան, գրավոր ներկայացրեք Ձեր առաջարկությունը, թե որ կազմակերպություններին եք նպատակահարմար համարում, որ մտնեն այդ աշխատանքային խմբի մեջ, այդ թվում նաև որ գերատեսչությունները: Մենք ըստ Ձեր հայտի կձևավորենք այդ հանձնաժողովը: Պարոն Շահվերդյան, համեցեք:

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Լևոն Շահվերդյան – Պարոն վարչապետ, խնդիրը նրանում է, որ մեկ անգամ ևս այդպիսի ալիք բարձրացավ 2000-ականների սկզբում, այդ ժամանակ ես Երևանգազի, հետո Հայգազի տնօրենն էի: Հիմնական բողոքը գալիս էր Հրազդանի արդյունաբերական հանգույցից: Այն առաջարկը, որ արեց Ռոբերտ Նազարյանը, ես կողմ եմ, որովհետև այն ժամանակ մենք ունեինք մեր չափող սարքերը: Մեր առաջարկով իրենք էլ այդ սարքերից ձեռք բերեցին, և հենց իրենց լաբորատորիան սկսեց աշխատել, խոսակցությունն ընդհանրապես վերացավ: Այնպես որ եթե նման լաբորատորիա դրվի մի արդյունաբերական հանգույցում, ինձ թվում է՝ այս խոսակցություններին վերջ կտրվի:

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան – Իսկ շարժական լաբորատորիա հնարավո՞ր է ստեղծել:

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Լևոն Շահվերդյան –Այո, իհարկե, դա ընդամենը 25-30 հազար ԱՄՆ դոլարի պատմություն է:

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան – Շատ լավ, եթե ունենք շարժական լաբորատորիա, պետք է ցանկացած ահազանգին արձագանքել, գնալ, տեղում չափագրել և հանրությանը հրապարակային ձևով ներկայացնել արդյունքները:
 Անկախ

ԱԺ տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովը չտվեց դրական եզրակացություն Նաիրիտի խնդրով ժամանակավոր հանձնաժողով գումարելու հարցին

նաիրիտԱյսօր կայացավ ԱԺ տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի նիստը: Նիստի օրակարգում էր նաև «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի խնդիրը մեկընդմիշտ հստակեցնելու համար ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կազմելու հարցը: Հիմնական զեկուցող պատգամավոր Արծվիկ Մինասյանը իր խոսքում շեշտեց հանձնաժողովի կազմման կարևորությունը. «Մենք զրուցել ենք էներգետիկայի նախարարի հետ, սակայն վերջինս աննպատակահարմար է համարում այս պահին հարցի քննարկումը, քանի որ բանակցություններն ընթացքի մեջ են: Կարծում ենք, որ այս կարևորագույն հարցում Ազգային ժողովը պետք է արտահայտի իր դիրքորոշումը»:

Հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը հակադարձեց Արծվիկ Մինասյանին. «Նման քննարկումը ընդամենը խոսակցությունների ու քաղաքական շահարկումների տեղիք է տալիս, փոխարենն առաջարկում եմ դիմել իրավապահ մարմիններին ՝ պատասխանատուներին պատժելու գործընթաց սկսելու համար, սպասել մինչև բանակցությունների ավարտը: Ինձ հավատու՞մ եք, չէ՞: Ես Ձեզ խոստանում եմ, որ այդ դեպքում հենց առաջին իսկ առաջարկի դեպքում այս հարցը կմտցնեմ մեծ օրակարգ»:

Արծվիկ Մինասյանը արձագանքեց`շեշտելով, որ բանակցությունների ավարտի ժամկետն անորոշ է և առաջարկեց կոմպրոմիսային տարբերակ՝ տնտեսական հանձնաժողովի դրական եզրակացությմաբ հարցը մտցնել քառօրյա, սակայն քննարկել այն աշնանը: Այս տարբերակը հանձնաժողովը չընդունեց:

Նիստից հետո Արծվիկ Մինասյանը լրագրողներին հայտնեց, որ իրենք պատրաստվում են դիմել հանձնաժողովի նախագահին՝ այս հարցի արտահերթ լսումների պահանջով:

Անկախ

Դոլարի գինը բորսայում` 412,5 դրամ

դոլարՓետրվարի 19-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում կայացել է 12,180,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 412.5 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 412.5 դրամ:

NASDAQ OMX Armenia

Ֆինանսների նախարարը պարզաբանել է, թե ինչու են գործատուներից պահանջում կուտակային վճարները` չնայած ՍԴ որոշմանը

դավիթ սարգսյանՀՀ ֆինանսների նախարարի պատասխանը լրագողների՝ կուտակային վճարները մինչև փետրվարի 20-ը գանձելու պարտավորության և այդ մասին նախարարության ու ՊԵԿ-ի երեկ տարածած հայտարարության մասին հարցին:

-Եթե Դուք ծանոթացել եք ֆինանսների նախարարության և պետական եկամուտների կոմիտեի համատեղ հայտարարությանը, հղում է արված համապատասխան՝ «Կուտակային կենսաթոշակի մասին» օրենքի կոնկրետ հոդվածի վրա. այդ հոդվածը, ինչպես նաև մի շարք այլ հոդվածներ, կասեցված չեն և գործում են: Կոնկրետ այդ հոդվածը  սահմանում է գործատուների պարտավորությունը՝ վճարել իրենց աշխատակիցների պարտադիր կուտակային վճարները: Այսօրվա դրույթամբ՝ գործատուների ճնշող մեծամասնությունը, գրեթե 99 տոկոսը, արդեն հաշվարկել է գումարները և արդեն պահումներ կատարել իրենց աշխատակիցներից: Համաձայն օրենսդրության՝ դրանից հետո  նրանք պարտավոր են գումարը փոխանցել գանձապետարանում բացված միասնական հաշվին: Հակառակ պարագայում հետևյալ հարցն է ծագելու, եթե իրենք պահել են իրենց աշխատակիցների գումարները և չեն վճարել կամ վճարելու այդ հաշվին, ապա ի՞նչ է դա նշանակում: Դա նշանակում է, որ  գործատուն պահել է աշխատակցից գումար, և, կոպիտ ասած, այդ գումարներից տոկոս է աշխատել: Այն դեպքում, որ եթե փոխանցած լիներ, այդ նույն եկամուտներն ու տոկոսները կստանային  արդեն աշխատակիցները: Այս առումով գործատուները կարող են ենթարկվել կրկնակի պատասխանատվության: Մի կողմից աշխատակիցներն են կարող համապատասխան պահանջ ներկայացնել կորցրած տոկոսները, կորցրած եկամուտները ստանալու մասին: Մյուս կողմից՝ պետությունը նույնպես լծակներ ունի, և այն դեպքերում, երբ աշխատակիցների գումարներն արդեն  պահվել են, և  գործատուն, չնայած  պահել է, չի վճարել դրանք աշխատակցի հաշվին, ապա համապատասխան պատասխանատվության միջոց կա օրենքում: Եվ այդ  պատասխանատվության միջոցը կիրառելուց հետո նշված գումարները ոչ թե մուտք են լինում պետական բյուջե, այլ կոնկրետ աշխատակիցների հաշիվներին, որովհետեւ դա իրենց կորցրած գումարներն են:

-Պարոն նախարար, Սահմանադրական դատարանն ազատել է պատասխանատվությունից վճարումներ չկատարելու դեպքում, մինչև մարտի 28-ի որոշումը…եթե ազատված են այդ պատասխանատվությունից, ինչո՞վ եք պարտավորեցնում:

– Ես չեմ մեկնաբանում: Չեմ  ուզում  և իրավունք էլ չունեմ մեկնաբանելու ՍԴ որոշումները, բայց իմ տարրական գիտելիքները իրավունքի մասին ասում են, որ պատասխանատվությունը տարբեր տեսակի է լինում: Այն պատասխանատվությունը, որը գործատուն կրում է պետության առջև, ինչի մասին նաև դուք եք խոսում,  բայց կա հետևյալ հարցը. եթե գործատուն գանձել է, ըստ էության, ձեզնից, ինձնից, այլ աշխատողից գումարը և պահել է իր հաշվին, իրավունք ու՞նի աշխատակիցը պահանջել իր կորցրած եկամուտները, թե ոչ: Եվ արդյո՞ք կրում է պատասխանատվություն գործատուն իր աշխատակիցների առջև: Պատասխանն այստեղ միանշանակ  է՝ այո, կրում է նա պատասխանատվություն, և պետությունը, նաև որպես աշխատողների իրավունքները պաշտպանող,  հետևողական է լինելու, որպեսզի գործատուները չպահեն աշխատողների գումարները, և  իրենք չստանան դրանց տոկոսներն ու եկամուտները:

«Եթե անգամ ՌԴ-ից 100 000 հայ միգրանտ վերադառնա Հայաստան, դա կազդի գործազրկության վրա, կբարձրանա աղքատության մակարդակը». Գագիկ Մակարյան

Գագիկ ՄակարյանՀայաստանի առջև ծառացած լուրջ խնդիրներից է ՌԴ-ում միգրանտների մասին օրենքի փոփոխությամբ Ռուսաստանից Հայաստան վերադարձող պոտենցիալ հայ միգրանտների հարցը: Այդ օրենքով Հայաստանում մարդկանց եկամուտները կնվազեն, իսկ աղքատների և գործազուրկների թիվը կմեծանա։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ մտահոգություն հայտնեց Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը: Նրա խոսքով՝ եթե անգամ հայ միգրանտերի 100 000-ը Հայաստան վերադառնա, այդ զանգվածը զգալիորեն կազդի գործազրկության վրա, կնվազեն ընտանիքների եկամուտները, կբարձրանա աղքատության մակարդակը:

«Այդուհանդերձ Կառավարության կողմից ճկուն մոտեցում այս հարցում ես չեմ տեսնում, տպավորություն է ստեղծվել, թե Կառավարությունը տիրապետում է իրավիճակին», – ասաց Գագիկ Մակարյանը:

Անդրադառնալով ՀՀ Մաքսային Միությանն անդամակցությանը՝ Գագիկ Մակարյանը նշեց, որ ինքը դեմ է բանակցությունների այդ ձևին: «Ստացվում է, որ Ռուսաստանը մեզ տվել է կոնսպեկտ, և այդ կոնսպեկտի վրա մենք աշխատում ենք: Գոյություն ունի բանակցությունների մշակույթ, այդպես բանակցություններ չեն վարում, դա հարկադրանք է»,- ասաց Գործատուների միության նախագահը:

Ինչ վերաբերում է ՄՄ շրջանակներում ապրանքների մաքսատուրքերին, ըստ Գագիկ Մակարյանի, ոչ թե ռուսական կողմը պետք է մեզ ցուցակ տա, այլ Հայաստանը իր հերթին պետք է ցուցակ ներկայացնի, որով կսահմանվի Հայաստանից արտահանվող ապրանքների գինը:

«Ռուսական կողմը վարպետորեն մշակել է ապրանքների ցուցակ, որն ակամայից առաջացնում է հարկադրական վիճակ: Ընդ որում, խոսակցություն չի գնում ապրանքների մրցունակության մասին: Իսկ մեզ պետք է տնտեսության մեջ զարգացնել մրցունակ ապրանքներ, բայց ստացվում է, որ Հայաստանը հարկադրված է վերցնել այն, ինչ տալիս են»,- ասաց Գագիկ Մակարյանը՝ հավելելով, որ նախորդ տնտեսական տարին անորոշության տարի էր, այդ անորոշությունը կշարունակվի մինչև 2014-ի առաջին կեսը:

Ներկայացվել է «Հայաստանի հարավային երկաթուղու» կառուցման նախագիծը

սարգսյան-ԲորկովսկիՎարչապետ Տիգրան Սարգսյանն երեկ ընդունել է «Ռասիա ՖԶԷ» ներդրումային ընկերության նախագահ Ջոզեֆ Բորկովսկիի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը կառավարության ղեկավարին է ներկայացվել «Հայաստանի հարավային երկաթուղու» կառուցման նախագիծը, վերջինիս տնտեսական ու տեխնիկական հիմնավորումը:
Երկաթգծի երկարությունը կկազմի շուրջ 300 կմ, այն բաղկացած կլինի կամուրջներից և 60 թունելներից, կունենա 27 կայարան:
Երկաթգծի կառուցումը նախնական գնահատվում է 3,2 մլրդ դոլար: Ակնկալվում է, որ շինարարությունը կտևի մինչև 6 տարի: Ըստ ներկայացված ծրագրի՝ շինաշխատանքները կարող են մեկնարկել 2016 թվականին և ավարտվել 2022 թվականին:
«Անհրաժեշտ է մշակել աշխատանքների իրականացման «ճանապարհային քարտեզ», որպեսզի նախագիծը դառնա իրականություն»,- ասել է Տիգրան Սարգսյանը:
Երկաթգծի նախագիծը մշակվել է Չինաստանի հաղորդակցության և շինարարության միջազգային ընկերության (CCCC International) կողմից, որն այս բնագավառում ունի երկարատև փորձ և մեծ ճանաչում:
«Ռասիա ՖԶԷ» ներդրումային ընկերությունն աշխատանքներ է իրականացնում ներդրումների ներգրավման ուղղությամբ: Նշվել է, որ չինական բանկերը հետաքրքություն են ցուցաբերել նախագծի նկատմամբ և պատրաստակամություն հայտնել ֆինանսավորել ծրագրի 60 տոկոսը:

«Գազի խնդիրներով զբաղվող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովը կտա հանրությանը հուզող բոլոր հարցերի պատասխանները». Հեղինե Բիշարյան

հեղինե բիշարյանՕԵԿ խմբակցության պատգամավոր Հեղինե Բիշարյանն  այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց, որ կոալիցիոն քաղաքական ուժերի որոշման համաձայն Ազգային Ժողովում կձևավորվի գազի խնդիրներով զբաղվող Գազամատակարաման համակարգերի գործունեությունների ուսումնասիրման ԱԺ ժամանակավոր հանձնաժողով, որը կուսումնասիրի և կտա գազի հետ առնչվող բոլոր հարցերի պատասխանները:

«Փետրվարի 21-ին բոլոր քաղաքական ուժերը խորհրդակցության են լինելու ԱԺ նախագահի մոտ, իսկ փետրվարի 24-ից արդեն հանձնաժողովը կանցի աշխատանքի, այն կունենա նախագահ, տեղակալ և բաղկացած կլինի տարբեր խմբակցությունների ներկայացուցիչներից: Հանձնաժողովը կաշխատի մինչև նոյեմբեր ամիսը: Հանձնաժողովը բոլոր հարցերի պատասխանը կտա հանրությանը»,-վստահեցրեց Հեղինե Բիշարյանը, ապա հավելեց, որ նախնական պայմանավորվածության համաձայն` հանձնաժողովի անդամներից չորսը կլինեն ՀՀԿ-ից, մեկական անդամ էլ մնացած կուսակցություններից:

Հարցին` ինչո՞ւ իշխող կուսակցությունն ընդառաջ չգնաց հանձնաժողով ձևավորելու ընդդիմադիր ուժերի ավելի վաղ արած առաջարկին, արդյո՞ք հակառակվելու պատճառ կա՞ր, Հեղինե Բիշարյանը պատասխանեց. «Հակառակվելու պատճառ չկա, պետք չէ հակադրության մեջ դիտել այս խնդիրը: Ուղղակի կոալիցիոն ուժերը աշխատեցին մեկ համալիր նախագծի վրա, ավելի շատ մանրամասնեցին գազի հետ կապված խնդիրները, որպեսզի որևէ թիրախ բաց չմնա: Բացի գոյացած պարտքից ու գազի գնից, կան բազմաթիվ այլ հարցեր, որոնք պետք է ուսումնասիրվեն ու հանրությանը ներկայացվեն: Երբ բոլոր հարցերը կգտնեն իրենց պատասխանները, այլևս կարևոր չի լինի, թե ո՞ւմ կողմից է ձևավորված այդ հանձնաժողովը»:

Այն նկատառմանը` արդյո՞ք համամասնությունը խախտված չէ, երբ ՀՀԿ-ն ձևավորվող հանձնաժողովում ունի 4 անդամ, իսկ մնացած խմբակցությունները մեկական, Հեղինե Բիշարյանը պատասխանեց. «Նաիրա Զոհրաբյանն առաջարկել է իրենց խմբակցությունից երկու անդամ ներգրավվել, որովհետև իրենք համամետաբար մեծաքանակ ուժ են ԱԺ-ում, ԱԺ նախագահն էլ, կարծես թե, սկզբունքորեն դեմ չէ դրան: Իսկ մեր կուսակցությունից հանձնաժողովի աշխատանքերին կներգրավվի Հովհաննես Մարգարյանը»: