Ջրամբարներ կառուցելու ծրագրերը մնացել են թղթի վրա

KONICA MINOLTA DIGITAL CAMERAՆախորդ համարում «Անկախն» անդրադարձել է Հայաստանի Հանրապետությունում ջրային ռեսուրսների խնդիրներին` հանգելով ջրամբարների կառուցման հույժ կարևոր խնդրին:  Բացի Սևան և Արփի լճերից, մեր երկրում կան նաև ավելի քան 100 փոքր լճեր, որոնց մի մասը չորանում է տարվա չոր եղանակներին: Հայաստանի Հանրապետության տարածքում ներկայումս ունենք 79 ջրամբարներ, որոնք միասին ամբարում են տարեկան մոտ 1 մլրդ խմ ջուր: Այսուհանդերձ, փորձագիտական գնահատականներով, առաջիկայում մեզ ջրային անվտանգության լուրջ խնդիրներ են սպառնալու:

 Ջրային ռեսուրսների հետ կապված խնդիրները ջրամբարներով պետք է լուծել

Այսօր մեր ունեցած ջրային ռեսուրսներից` միջին տարեկան մակերեսային հոսքի 7.3 մլրդ խմ-ից տարեկան օգտագործում ենք 2.5 մլրդ-ը կամ մեր ջրային մակերեսային պաշարների 31-32%-ը: Մնացած ջրերը Հայաստանից հոսում են դուրս: Այսօրվա  դրությամբ ունենք 79 արհեստական ջրամբարներ, որոնցում պահեստավորվում է ընդամենը 1 մլրդ խմ ջուր, որից 265 մլն-ը թուրքերի բաժինն է Ախուրյանի ջրամբարից: Եվ,  փաստորեն, ջրամբարներում ընդամենը 750-760 մլն խմ ջուր ունենք: Դրան գումարած Սևանը, որտեղ ունենք 35 մլրդ խմ ջրային պաշար և ուզում ենք այն հասցնել 42 մլրդ խմ-ի: Բայց ապագայում ունենալու ենք երկու լուրջ խնդիր:

Առաջինը գլոբալ տաքացման հետևանքով ջերմաստիճանի բարձրացման և այդ դեպքում տեղումների որոշակի նվազման ու գոլորշիացման  ավելացման խնդիրն է, որի դեպքում մեր ունեցած 7.3 մլրդ խմ մակերեսային հոսքի պաշարները, ինչպես նշում է նախագահին առընթեր Սևանա լճի հիմնահարցերի  հանձնաժողովի նախագահ, Հանրային խորհրդի անդամ, գյուղատնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վլադիմիր Մովսիսյանը, կդառնա 5.4 մլրդ խմ: Մյուս կողմից էլ մեր երկու հարևանները երկուստեք համատեղ ջրաշինարարական աշխատանքներ են կատարում, որը կհանգեցնի Արաքսի պաշարների կրճատման:

Այս կապակցությամբ Հայաստանում շրջանառության մեջ դրված «Ջրի ազգային ծրագիր» փաստաթղթի շրջանակներում նախատեսվում էր կառուցել ջրամբարներ: Հունվարի 31-ին Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում ընտրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ նախագահ, այն ժամանակ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ 2013-14 թթ. Հայաստանում երեք խոշոր ջրամբարներ կկառուցվեն: Սարգսյանի խոսքով` ոռոգման ջուրը հողագործության համար կարևորագույն նշանակություն ունի, և պետությունը պետք է ներդնի բոլոր ջանքերը` ֆերմերական տնտեսություններին ոռոգման ջուրը հասանելի դարձնելու համար:

«Մենք պատրաստվում ենք կառուցել այնպիսի կարևոր օբյեկտներ, ինչպիսիք են Եղվարդի, Քախսիի և Վեդիի ջրամբարները: 2013-14 թթ. կսկսվեն դրանց կառուցման աշխատանքները: Եվս մեկ ջրամբար` ավելի փոքր չափի, կկառուցվի Արմավիրի մարզում: Այդ նախագծերի ֆինանսավորումն արդեն գտնվել է: Ջուրը հարստություն է, որը պետք է օգտագործել տնտեսելով և պահպանել ապագա սերունդների համար»,- ասել է Սերժ Սարգսյանը:

 Ջրամբարները պետք է թղթի՞ վրա ունենանք

2030 թ. Սևանի մակարդակը հասցվելու է 1900 մ, 50 սմ նիշին և այլևս Սևանի մակարդակը չի բարձրացվելու, մուտքն ու ելքը կարգավորվելու է` եկածը բաց թողնելու սխեմայով: Այդ դեպքում երկու խնդիր է լուծվելու. ամեն տարի 300 մլն խմ-ով Սևանի ջրերը թարմացվելու են,  երկրորդ` 300 մլն խմ-ով ջուրը բաց է թողնվելու: Ու այդ դեպքում առաջանում է կարևորագույն հարց. եթե Սևանից  բաց թողնված ջուրը «չբռնվի»,  գումարվելու է Արաքս լցվող ջրերին: Այն Արաքսի, որտեղ այսօր ունենք 2.5 մլրդ ջրային պաշարներ, իսկ վաղը` Թուրքիայի ջրաշինարարական ծրագրերն իրականացվելուց հետո, կմնա 1.1 մլրդ խմ: Մի քանի տարի առաջ մեկնարկեց դեռևս խորհրդային տարիներին սկսված, բայց կիսատ մնացած Եղվարդի ջրամբարի շինարարությունն ավարտին հասցնելու ծրագիրը: Այն ժամանակ, երբ քննարկվում էր այդ ծրագիրը, կարծես միակ հարցը ջրամբարի ծավալն էր. մասնագետները որոշում էին` 90՞, թե՞ 228 մլն խմ տարողությամբ ջրամբար կառուցելու նպատակահարմարության հարցը:

«90՞ մլն խմ, թե՞ 228. գումարների մեջ քիչ տարբերություն կա: Ինչո՞ւ է շահեկան կառուցել 228 մլն խմ տարողությամբ ջրամբար. այստեղ երկու հիմնական դիտարկում կա, որոնք մեզ շահագրգռում են 90-ի փոխարեն կառուցել 228 մլն խմ տարողությամբ ջրամբար: Գումարների տարբերությունը 30-40 մլն դոլար է: Սակայն ջրի հայելին 200 հեկտարով ավելանում է, 800-ից դառնում է 1000 հեկտար: Սա շատ կարևոր խնդիր է: Ու քանի որ ջրամբարի շինանյութը գտնվում է հենց իր տակ` ջրամբարի կառուցման տեղում, մենք դրա շինանյութը` 1 մլն խմ, պետք է հանենք, տանենք մեկ այլ տեղում պահենք, որ հետո օգտագործենք 90 մլն խմ-ը 228 մլն դարձնելու ժամանակ:  Մինչդեռ իզուր փող չենք ծախսի, եթե միանգամից կառուցենք 228 մլն խմ տարողությամբ ջրամբար: Երկրորդ` երբ Սևանի ջրերը կարգավորելու համար 300 մլն խմ ջուր սկսենք բաց թողնել, այդ ջուրը չենք լցնի Արաքս և ուղարկենք թուրքերին: Էներգիա, իհարկե, կարտադրենք, բայց ավելի լավ չէ՞ էներգիա արտադրելուց հետո բերել կուտակել այդտեղ, միշտ կուտակած ունենալ, և հետո օգտագործել մեր 40 հազար հեկտար ոռոգելի տարածքների ջրապահովման համար»,-  ասում է Հանրային խորհրդի բնապահպանության ու գյուղատնտեսության հարցերի հանձնաժողովի նախագահ Յուրի Ջավադյանը:

Թե՛ Հանրային խորհուրդը, թե՛ էկոնոմիկայի նախարարությունը, թե՛ մնացած բոլոր շահագրգիռ կողմերը դրական եզրակացություն են տվել այս ջրամբարի կառուցմանը:

Ուշագրավ է, որ միայն ջրի ամբարման, ոռոգման և այլ տնտեսական հարցերը լուծելու նպատակով այդ ջրամբարը կառուցելը տնտեսապես ձեռնտու չի դիտվել. թանկ էր: Ուստի որոշվել էր այնտեղ բիզնես նախագիծ իրականացնել: Այսինքն` մասնավոր ու պետական հատվածների համագործակցության արդյունքում ներդնել մոտ 300-400 մլն դոլար ու ջրամբարի հետ միասին կառուցել նաև հանգստի և զվարճանքի, սպորտային համալիրներ, հյուրանոցներ: Մի խոսքով, ծրագիրը հետաքրքիր էր: Այդ ծրագիրը հիմա կանգ է առել. ոչ մի աշխատանք այդ ուղղությամբ չի ծավալվում:

Նշենք, որ ՀՀ կառավարության ծրագրում, որ կոչվում է «Կառավարության ծրագիր 2013», մեկ կետ կա, որում նշվում է. «…Նոր ջրամբարների (Կապսի, Եղվարդի, Վեդու և Մաստարայի) շինարարության միջոցով ոռոգման համակարգերի սպասարկման տարածքում ընդգրկված և լրացուցիչ ոռոգելի հողերի ջրամատակարարման համար անհրաժեշտ ջրի քանակի ապահովման հնարավորության ստեղծում…»:

Բայց այդ ծրագրում  չի  նշվում, թե ինչ միջոցներով, ինչ ժամկետներում և ինչպես պետք է իրագործվի այս կետը,  չի նշվում նաև, որ Հայաստանում որևէ մեկը կարող է ցույց տալ ծրագրային այս կետի իրականացման ուղղությամբ կատարվող որևէ քայլ, օրինակ` ջրամբարատեղի պատրաստում կամ սևահողի դուրսբերում և կամ արգելապատնեշի կառուցում: Իսկ եթե ամռան բարենպաստ եղանակային պայմաններում նման աշխատանքներ չեն կատարվում, դժվար է հավատալ, թե աշնանը, առավել ևս ձմռանն այդ ջրամբարների շինարարական աշխատանքները կսկսվեն:  Մանավանդ որ նշված ջրամբարների շինարարության կապակցությամբ միայն Եղվարդի ջրամբարի շինարարության մասով հստակ ծրագիր կա,  այն էլ ուղղակի կանգ է առել:

 

 

Կաշվի վերամշակման, արտահանման և կաշվե իրերի արտադրության զարգացման հարցը` Հանրային խորհրդում

SAM_1887

Որոշ ժամանակ առաջ Հանրային խորհուրդը ՀՀ կառավարություն էր դիմել` կաշվի հումքը Թուրքիա արտահանելու և այնտեղ վերամշակելու հարցի վերաբերյալ` առաջարկելով միջոցներ ձեռնարկել հումքի մի մասի վերամշակմանմ գործընթացը տեղում կազմակերպելու և ոլորտը զարգացնելու ուղղությամբ: Կառավարությունը Հանրային խորհրդի նամակը հասցեագրել էր էկոնոմիկայի նախարարություն, որտեղ հարցն ուսումնասիրվել էր և առաջարկվել կազմակերպել համատեղ քննարկում` ոլորտի շահագրգիռ կողմերի մասնակցությամբ:

Այսօր Հանրային խորհրդում ՀԽ ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Վազգեն Սաֆարյանի և ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Հարությունյանի գխավորությամբ տեղի ունեցավ քննարկում` մանր և խոշոր եղջերավոր անասունների մորթի կազմակերպման, առաջացած կաշվի վերամշակման, արտահանման և կաշվե իրերի արտադրության զարգացման հարցի վերաբերյալ, որին մասնակցում էին նաև Երևանի կաշվի գործարանի տնօրեն Վարդան Կիրակոսյանը, Երևանի մսի կոմբինատի տնօրեն Ռազմիկ Դարբինյանը, Սննդի անվտանգության տեսչության փորձագետ Հովհաննես Ներսիսյանը, կաշվե իրերի արտադրությամբ զբաղվող ընկերությունների ներկայացուցիչներ, պետական կառույցների ներկայացուցիչներ և մասնագետներ:

Էկոնոմիկայի փոխնախարարը, կարևորելով հարցը, տեղեկացրեց, որ իրենք ուսումնասիրել են Երևանի կաշվի գործարանի ռեսուրսները և համոզվել, որ գործարանը լիովին համապատասխանում է նորագույն չափանիշներին և հագեցած է անհրաժեշտ բոլոր սարքավորումներով: Նրա խոսքով` արդեն մեկ տարի է` քննարկումներ են իրականացվում գործարանի ղեկավարության հետ` բարձրացված հարցին լուծում տալու նպատակով: Խնդիրն այն է, որ այսօր գործարանը իր ողջ հզորությամբ չի գործում, չի կարողանում կաշվի վերամշակմամբ զբաղվել, քանի որ ազատ շուկայական տնտեսական պայմաններում չի դիմանում մրցակցությանը: Հիմնական մրցակցությունը Թուրքիայի միջև է, որի հետ էլ նախընտրում են համագործակցել հայ տնտեսվարողները` հայկական կաշվի հումքն արտահանելով Թուրքիա և այնտեղ վերամշակելով: Սակայն, ինչպես նշվեց, շատ դեպքում հումքի որակը, փաստաթղթերը և այլ հանգամանքներ վիճահարույց են և կասկածելի: Իսկ Երևանի կաշվի գործարանը նման պայմաններում չի ցանկանում համագործակցել տնտեսվարողների հետ: Արդյունքում մնում է առանց հումքի:

Ըստ փոխնախարարի` պետք է տարբերակ գտնել տեղական արտադրողին` տվյալ դեպքում Երևանի կաշվի վերամշակման գործարանին աջակցելու համար: Սակայն դա պետք է արվի այնպես, որպեսզի չհակասի արտահանման հետ կապված կառավարության որդեգրած քաղաքականությանը:

Սակայն, մինչ վերամշակման ոլորտը կարգավորելը, նախ պետք է կարգի բերել մորթի կազմակերպման գործընթացը, ինչն այսօր չի համապատասխանում զարգացած երկրների չափանիշներին: Այս տեսանկյունից բարձրացվեց սպանդանոցների կառուցման հարցը, ինչի անհրաժեշտությունը հաստատեց նաև սննդի անվտանգության պետական տեսչության փորձագետը: Նրա խոսքով` անհրաժեշտ է կառուցել ժամանակի պահանջներին համապատասխանող 20-22 սպանդանոց:

Վազգեն Սաֆարյանն, ամփոփելով նիստը, ասաց, որ Հանրային խորհրդի ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձանժողովն ու Էկոնոմիկայի նախարարությունը համատեղ կդիմեն կառավարությանը, որպեսզի քայլեր ձեռնարկվեն բարձրացված հարցերի ուղղությամբ` կաշվե հումքի որոշակի քանակություն տեղական շուկայում պահելու և տեղական արտադրանքի զարգացումը խթանելու նպատակով: Նա կարևորեց ոչ միայն հարցի սոցիալ-տնտեսական կողմը, այլ նաև այդ ոլորտում Հայաստանի երբեմնի հարուստ փորձի ու ավանդույթների վերականգնման անհրաժեշտությունը:

Ամփոփվել են «Երևան քաղաքի զբոսաշրջային տարբերանշան» մրցույթի արդյունքները

001 (14)Երևանի քաղաքապետարանում ամփոփվել են Երևան քաղաքի բրենդավորման գործընթացի մաս կազմող «Երևան քաղաքի զբոսաշրջային տարբերանշանի» մշակման մրցույթի արդյունքները: 32 մասնակիցների, այդ թվում՝ կազմակերպությունների ու միավորումների կողմից ընդհանուր առմամբ ստացվել է ավելի քան 60 առաջարկ:

«Երևան քաղաքի զբոսաշրջային տարբերանշան» մրցույթին մասնակցելու և Երևան քաղաքի բրենդավորման գործընթացին աջակցելու համար Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից բոլոր մասնակիցներին շնորհակալագրեր և հուշանվերներ են հանձնվել:

Քաղաքապետի անունից ողջունելով և շնորհակալություն հայտնելով ակտիվ մասնակցության համար` քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը կարևորել է նման բաց, հասարակական գործընթացում երիտասարդության ներգրավվածությունը և հույս հայտնել, որ համագործակցությունը կլինի շարունակական.

«Ստացված բոլոր առաջարկներն էլ եղել են յուրովի հետաքրքիր ու կարևոր մայրաքաղաքի համար` իրենց նոր մոտեցումներով:  Բոլորդ փորձել էիք արտահայտել Երևանի նկատմամբ սերը: Համոզված եմ, որ նաև ձեր շնորհիվ կընտրվի այնպիսի բրենդային ձևաչափ, որը կիրառելի կլինի ամենատարբեր ասպարեզներում և իսկապես համահունչ կլինի Երևան քաղաքին և հարազատ` երևանցուն»,- նշել է Արամ Սուքիասյանը:

Մասնակիցներին հնարավորություն է ընձեռվել  ձևավորած համատեղ աշխատանքային խմբի հետ մասնակցելու բրենդավորման աշխատանքներին: Նշենք, որ Երևանի բրենդի մշակման աշխատանքները նախատեսված է ավարտել հոկտեմբերին և «Էրեբունի-Երևան» տոնակատարություններին ընդառաջ՝ ներկայացնել  հանրությանը:

Շնորհակալություն հայտնելով ուշադրության և գնահատականի համար` մասնակիցները պատրաստակամություն են հայտնել իրենց ներդրումն ունենալ գործընթացում և այդպիսով նպաստել նաև մայրաքաղաքի զարգացմանը:

Միջոցառման ընթացքում միջազգային փորձագետ, բրիտանական INSTID ընկերության ներկայացուցիչ Ալեքսանդր Գրանդը ներկայացրել է բրենդավորման գործընթացի շրջանակում իրականացվող աշխատանքներն ու հիմնական սկզբունքները:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Վարչապետը ՀՀ գործատուների միության անդամների հետ քննարկել է գործարարներին հուզող հարցերն ու տվել համապատասխան հանձնարարականներ

10501_am_1 (1)Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության անդամներին: Հանդիպմանը քննարկվել են վերջիններիս բարձրացրած գործնական հարցերն ու խնդիրները:
Առաջին հարցով կառավարությանն առաջարկվել է ընդունել որոշում, որով կսահմանվի կազմակերպություններին արդյունաբերական յուղերի ակցիզի հետվերադարձման կարգը: Տեղեկացվել է, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն համապատասխան նախագիծն արդեն իսկ մշակել և ներկայացրել է շահագրգիռ մարմինների քննարկմանը: Վարչապետը հանձնարարել է պատկան մարմիններին՝ հնարավորինս սեղմ ժամկետներում նախագիծը բերել վերջնական տեսքի և ներկայացնել գործադիրի հաստատմանը:
Այնուհետև անդրադարձ է կատարվել Հայաստանի ոսկեգործների և ադամանդագործների ասոցիացիայի բարձրացրած խնդրին: Վերջիններս խնդրանքով դիմել են կառավարությանը, որպեսզի ոլորտում պատրաստի արտադրանքի հարկման բազան որոշելու ընթացքում այսուհետ հաշվի չառնվի հումքի (ոսկի, արծաթ, ադամանդ) գինը: Զեկուցվել է, որ հարցը քննարկվել է ՀՀ ֆինանսների նախարարությունում և դեռևս գտնվում է շրջանառության մեջ:
Անցնելով օրակարգի հաջորդ հարցին՝ վարչապետը և հանդիպմանը ներկա կառավարության անդամները հավանություն են տվել տեղական արտադրողների և մեծածախ առևտուր իրականացնող կազմակերպությունների առաքող ավտոմեքենաներում քանակա-գումարային ինֆորմացիայով ՀԴՄ-ների տեղադրման առաջարկին: Վարչապետը նշել է, որ կառավարությունը շահագրգիռ է այդ հարցում: Ակնկալվում է, որ նշված ՀԴՄ-ների տեղադրումը հնարավորություն կտա ընկերություններին հիմնավորել իրացման ծավալները, ներկայացնել իրացվող ապրանքների գներն ու քանակը:
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության անդամները հանդես են եկել «Շրջանառության հարկի մասին ՀՀ օրենքում» փոփոխություններ կատարելու առաջարկություններով: Տիգրան Սարգսյանը հանձնարարել է պատկան գերատեսչություններին՝ ուսումնասիրել առաջարկներն ու ներկայացնել համապատասխան եզրակացություն:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև թեթև արդյունաբերությանը և տեղական արտադրության ոլորտում էներգախնայող համակարգերի ներդրման հնարավորությանն առնչվող հարցերի:

Քննարկվել են Երևանի բրենդավորմանն առնչվող հարցեր

001 (12)Երևանի քաղաքապետարանում կազմակերպված հանդիպման ժամանակ, որին ներկա էին մայրաքաղաքում գործող զբոսաշրջային ոլորտի ներկայացուցիչներ, քննարկվել են Երևանի բրենդավորման հարցեր։

Հանդիպում-քննարկմանը մասնակցել են հյուրանոցային և զբոսաշրջային ինդուստրիայի տարբեր ներկայացուցիչներ, մարքեթինգային և տեղեկատվական բաժինների ներկայացուցիչներ։

Հանդիպման նպատակն էր ներկայացնել Երևանի բրենդավորման նախագծի գործընթացի ներկա փուլը, քննարկել տարածքային բրենդավորման անհրաժեշտությունը հատկապես զբոսաշրջության զարգացման բնագավառում, ինչպես նաև փորձի փոխանակումը։ Մասնակիցները նաև կարծիքներ ու առաջարկություններ են ներկայացրել Երևան քաղաքի բրենդավորման վերաբերյալ։

Բրիտանական INSTID ընկերության ներկայացուցիչ Ալեքսանդր Գրանդը հանդիպում-քննարկման մասնակիցներին է ներկայացրել տարածքային բրենդինգի չափանիշները և դրա անհրաժեշտությունը 21-րդ դարի քաղաքների զարգացման գործընթացում։

Նշենք, որ Երևանի բրենդավորման նախագիծը տարածքային բրենդավորման ծավալուն և լայնամասշտաբ գործընթաց է, որը 2013թ. մարտ ամսից իրականացվում է Երևանի քաղաքապետարանի, INSTID ընկերության մասնագետների և Մաևտիկա բրենդինգային գործակալության՝ Հայաստանում INSTID միջազգային ընկերության ներկայացուցչի  համատեղ աշխատանքների արդյունքում:

 

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

Դոլարի գինը բորսայում` 409,5 դրամ

դոլարՀունիսի 27-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում կայացել է 5,500,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 409.5 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 409.5 դրամ:

NASDAQ OMX Armenia

Ռուսաստանի «զենքագազային» ճնշումները շարունակվում են

ARMRUSGASPROMԴեռ գազի թանկացման «աչքալուսանքը» չէինք հասցրել մարսել, երբ ռազմավարական դաշնակցի կողմից երկու այլ «անակնկալներ» մատուցվեցին. Ադրբեջանին ռուսական զենք վաճառվեց, և պարզվեց, որ ռուսական «Գազպրոմը» ցանկանում է դառնալ «Հայռուսգազարդի» բաժնետոմսերի 100 տոկոսի միակ տերն ու տնօրենը: «Գազպրոմի» մամուլի ծառայությունը հունիսի 17-ին հաղորդագրություն տարածեց, որ Մոսկվայում` «Գազպրոմի» գլխամասային գրասենյակում, տեղի է ունեցել աշխատանքային քննարկում ընկերության վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերի և Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի միջև: Իսկ քննարկված հարցերից մեկն էլ, ըստ հաղորդագրության, վերաբերում է «Հայռուսգազարդի» բաժնեմասերին. կողմերը քննարկել են «Հայռուսգազարդում» «Գազպրոմի» մասնաբաժինը 100 տոկոսի հասցնելու հարցը:

 Ո՞ւր կուղղվի «Հայռուսգազարդի» բաժնեմասից ստացվող գումարը

«Հայռուսգազարդի» բաժնետոմսերի 80 տոկոսն արդեն «Գազպրոմինն» էր, իսկ 20-ը` դեռ ՀՀ կառավարությանը: Փաստորեն, «Գազպրոմն» այդ 20 տոկոսը ևս պետք է վերցնի:

Դեռ ամիսներ առաջ, երբ հայտնի էր, որ Ռուսաստանը բարձրացրել է Հայաստանին մատակարարվող գազի գինը, իսկ ներքին սպառման համար գազի սակագինը չի փոխվել, ակնհայտ էր, որ Հայաստանը պարտքեր է կուտակում «Գազպրոմի» նկատմամբ: Այդ ժամանակ արդեն կանխատեսումներ էին արվում, որ այդ պարտքի մարման տարբերակներից մեկն էլ ՀՀ կառավարությանը պատկանող 20 տոկոս բաժնեմասը ռուսներին զիջելն է: Բայց ՀՀ-ի 20 տոկոսը «Գազպրոմին» զիջելու մեկ այլ պատճառ էլ կա. ՀՀ կառավարությունը հայտարարեց, որ գազի գնի 30 տոկոսն ինքը պատրաստ է սուբսիդավորել: Իսկ դա միայն մեկ տարվա համար 140-150 միլիոն դոլարի գումար է պահանջում: Սուբսիդավորման համար անհրաժեշտ գումարները հայթայթելու  մի քանի տարբերակներ կային: Այսպես, արտաքին պարտքը ավելացնել. նշվում էր, որ եվրոպացիները պատրաստ են այդ միջոցները հատկացնել Հայաստանին, միայն թե Հայաստանը «գազային ճնշման» ազդեցությամբ չկողմնորոշվի դեպի Մաքսային միություն: Երկրորդ` կառավարությունը նշում էր, թե բանակցություններ են ընթանում ռուսական կողմի հետ այդ 30 տոկոս ավելացումները սուբսիդավորելու համար Ռուսաստանից դրամաշնորհ ստանալու տարբերակի մասին: Ու հիմա հանկարծ իմացանք, որ իրատեսական ու ռեալ բանակցություններ ընթանում են «Հայռուսգազարդն» ամբողջությամբ ռուսներին հանձնելու վերաբերյալ:

«Հայռուսգազարդի» կանոնադիր կապիտալը 2011 թ. վերջին կազմել է 312 մլրդ դրամ, որից փաստացի կառավարության մասնաբաժինը 6,24 մլրդ դրամ է` մոտ 150 մլն դոլար: Ուշագրավ է, որ «Հայռուսգազարդում» կառավարության բաժնեմասը գումարային արտահայտությամբ գրեթե այնքան է, որքան անհրաժեշտ է, որպեսզի կառավարությունը սահմանին սուբսիդավորի ռուսական գազի`  1000 խմ-ի համար 270 դոլար գնի 30 տոկոսը:

Թերևս հենց այդ գումարներն էլ ուղղվելու են սուբսիդավորմանը, թեև վարչապետ Տիգրան Սարգսյանը վստահեցնում է, որ սուբսիդավորման համար Ռուսաստանը դրամաշնորհ է հատկացնելու: Եթե դրա դիմաց տալիս ենք «Հայռուսգազարդի» 20 տոկոսը, ապա դա այլևս դրամաշնորհ չէ, այլ հասարակ առուծախ:

Հունիսի 20-ին ԱԺ-ում, պատասխանելով լրագրողների հարցերին, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանն այս հարցի կապակցությամբ ասել է, թե կառավարությունը մինչև  ամսվա վերջը կավարտի բանակցությունները «Գազպրոմի» հետ:

«Սեղանին կա դրված նաև բաժնետոմսերը «Գազպրոմ» ընկերությանը հանձնելը, իհարկե, համարժեք որևիցե ճիշտ լուծում կգտնենք իրենցից ստանալու: Բանակցություններն ընթանում են, բայց բաժնետոմսերի գների վերաբերյալ պայմանավորվածություններ դեռ չկան, սակայն Հայաստանն ունի նաև այլ գնորդներ: Եթե գործարքը ձեռնտու լինի Հայաստանի կառավարությանն ու ժողովրդին, ապա կիրագործվի: Ոչ ոք մեզ դա չի պարտադրում և չի պնդում, որ անպայման կատարվի»,- ասել է Մովսիսյանը` նշելով, որ բաժնետոմսերի վաճառքը բացառապես տնտեսագիտական հարց է և չպետք է այն կապել Մաքսային միությանը Հայաստանի անդամակցելու հնարավորության հետ:

Մովսիսյանը նաև նշել էր, որ եթե անգամ ռուսական կողմը «Հայռուսգազարդի» 100-տոկոսանոց բաժնետեր դառնա, իրավիճակը չի փոխվի, քանի որ համաձայն ՀՀ օրենսդրության` երկրում էլեկտրամատակարարումն ու գազամատակարարումը լիցենզավորվող ոլորտներ են: Հետևաբար, կարևոր չէ` ով է բաժնետերը, քանի որ աշխատելու են Հայաստանի  տրամադրած լիցենզիայով: Բայց այս հարցի քաղաքական ու տնտեսության դիվերսիֆիկացման ասպեկտներն անտեսելն անհնար է:

Երբ պատկերացնում ենք, որ հայկական կողմը, վերջիվերջո «Հայռուսգազարդի» իրեն պատկանող բաժնեմասն էլ է վաճառելու ռուսական կողմին, մի հարց է առաջանում. բաժնետոմսերի վերջին 20 տոկոսը կորցնելու դեպքում ռուսական կողմը չի՞ կարող ամեն տարի բարձրացնել Հայաստանին մատակարարվող գազի գինը: Էներգետիկայի նախարարը,  պատասխանելով  «Ազատություն» ռադիոկայանի այս հարցին, նշել էր. «Խնդիրն այնպես չի դրված, որ մյուս տարի ինչ ուզեն, այնպես անեն: Բանակցությունները հենց նրա համար են, որ ինչ ուզեն, չանեն, այլ երկարատև ժամանակաշրջանի համար ավելի ապահովված գազամատակարարում ունենանք»:

Որ 5 տարի գազի թանկացում չլինի՞

Այս մասին առավել մանրամասն «բերնից թռցրեց» ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը` լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշելով, թե պարզապես բանակցություններ են ընթանում, որ 20 տոկոսն էլ վաճառվի ու այդ վաճառքի պայմանագրում նշվի, որ առաջիկա 5 տարիներին էլ գազի գնի փոփոխություններ չեն լինելու:

«Իմ ինֆորմացիայով` դա հնարավորություն կտա, որ գոնե  առաջիկա 5 տարիներին գազի գները չփոփոխվեն: Առավել ևս` թե՛ «Հայռուսգազարդը», թե՛ մեր 20 տոկոսը այս տարիների ընթացքում զրոյական եկամուտ են ստացել. ինչ եղել է` ներդրվել է ծառայությունների համար: Այսինքն` ոչ մեկը շահույթ չի ստացել: Դա մեր գազը չէ, մենք կարող ենք 5 տարի հետո էլ ասել, որ «Հայռուսգազարդը» մեզ այլևս պետք չէ, մենք էլ գազ չենք ուզում: Դա մեր իրավունքն է»,- նշեց Գալուստ Սահակյանը:

Կառավարության «թեթև ձեռքով» վերջին 15 տարիներին Հայաստանի արտաքին անվտանգության կախվածությունը Ռուսաստանից այնքան մեծ է, որ միայն  գազի գործոնով չէ, որ ռուսները կարող են օգտագործել` Հայաստանին իրենց ցանկացած որոշումների կատարումը ստիպելու համար: Մեր իշխանությանը կարող ենք մեղադրել այն բանի համար, որ չեն կարողանում ռազմավարական գործընկերությունը ըստ էության իրականացնել` դրա էությանը հավատարիմ մնալով:

«Մենք էլ գնանք ու ասենք, որ դուք մեր ռազմավարական գործընկերներն եք, ինչի՞ եք այսպես անում և ա՞յլն. բայց մենք այդ ճանապարհով չենք գնալու, քանի որ Ռուսաստանը մեր տերը չէ, այլ ընդամենը մեր ռազմավարական գործընկերն է: Մենք չենք գնա քաղաքական այն ճանապարհով, որ ինչ-որ տեղ Ռուսաստանը զիջումների կողմ լինի, իսկ մենք այդ զիջումներից օգտվող,- այս կապակցությամբ ասում է  Գալուստ Սահակյանը, հետն էլ ավելացնում, թե ռազմավարական դաշնակից չի նշանակում, որ իրենց պետական կարիքների հաշվին մեկ այլ պետության պետք է ինչ-որ զիջումներ անեն:- Ռազմավարական դաշնակիցը հավասարը հավասարի հետ գործընթացներ են: Ռուսաստանն անկախ երկիր է, և իր ռազմավարական շահերն ինչ ճանապարհ թելադրեն, այդ ճանապարհով էլ պետք է գնա: Որևէ պետություն իր քաղաքական շահերը որևէ պետության ո՛չ զիջում է, ո՛չ էլ թողնում է»:

Տրամաբանությունը պարզ է` ՀՀ ղեկավար «էլիտան» իր «էլիտար» բարձունքից չի իջնի ու «ինչ-որ ռուսաստաններից» բան խնդրի: Բայց հետաքրքիրն այն է, որ եթե իշխող կուսակցության փոխնախագահն է «հավասարը հավասարի գործընթացներից», պետական շահից խոսում, ապա ինչո՞ւ իր կուսակցությունն այդ նույն սկզբունքներով քաղաքականություն չի վարում: Օրինակ` այն ժամանակ, երբ «հավասար» գործընկերը բարձրացնում էր գազի գինը կամ պահանջում մտնել Մաքսային միություն և կամ իրեն վաճառել ստրատեգիական նշանակության հիմնարկի վերջին մասնաբաժինը, ինչո՞ւ քայլեր չէր  ձեռնարկում իրանական գազի մուտքը մեր երկիր մեծացնելու ուղղությամբ:

Իրան-Հայաստան գազամուղը հնարավորություն է տալիս մինչև 2026 թվականը ներմուծվող գազի ծավալները հասցնել 2,2 մլրդ խմ-ի, ինչը բավարար է Հայաստանի ներքին պահանջարկի համար: Սակայն առ այսօր նախատեսվածից մի քանի անգամ ավելի քիչ իրանական գազ ենք ներմուծում, քանի որ Իրան-Հայաստան գազատարի կառավարումն էլ մեր «հավասարը  հավասարի» ղեկավարները սիրահոժար հանձնեցին «Հայռուսգազարդին»: Առավել ևս, որ իրանական գազը վերածված է էլեկտրաէներգիայի և փոխանակման գործակիցը  հնարավորություն է տալիս պնդել, որ իրանական գազն ավելի էժան է` 70 դրամ 1 խմ-ի դիմաց:

 

 

Բարձրարժեք գույքը կհարկվի ավելի բարձր դրույքաչափերով

10499_am_5 (1)Այսօրվա նիստում ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Գույքահարկի հարկման համակարգի արդյունավետության բարձրացման ուղիները» հայեցակարգին, որի նպատակն է միջազգային փորձի հիման վրա նախանշել գույքահարկի հարկման մեխանիզմների կատարելագործման, ինչպես նաև հարկման համակարգի արդյունավետության բարձրացման ուղիները։ Գույքային հարկերի համակարգի հետագա կատարելագործման արդյունքում բարձրարժեք գույքը կհարկվի համարժեք` ավելի բարձր դրույքաչափերով, կստեղծվի անշարժ գույքի պաշարների ճշգրիտ տեղեկատվական բազա, ինչը հնարավորություն կտա մեծացնել հարկման արդարացիությունը։

Նվազագույն աշխատավարձի բարձրացումը կփոխհատուցվի լրացուցիչ հարկային եկամտի հաշվին

10499_am_7Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Նիստից առաջ վարչապետն անդրադարձել է մի շարք հարցերի, որոնք այսօր հուզում և հետաքրքրում են հանրությանը։ Տիգրան Սարգսյանը հանձնարարել է ԶԼՄ-ների միջոցով սպառիչ տեղեկություն տրամադրել քաղաքացիներին։ «Սա է ճանապարհը որով մենք շարժվելու ենք առաջ», – ընդգծել է վարչապետը։
ՀՀ կառավարությունը նախկինում ընդունած իր մի շարք որոշումներում կատարել է փոփոխություններ և լրացումներ, որոնք պայմանավորված են ս.թ. հուլիսի 1-ից նվազագույն աշխատավարձի բարձրացմամբ։ Պետական կառավարման ոլորտում աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող համապատասխան աշխատողների խմբերի հիմնական աշխատավարձի չափը բարձրացվել և համապատասխանեցվել է օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձին։ Միաժամանակ պահպանվել են զինծառայողների և նրանց հավասարեցված անձանց զինվորական կենսաթոշակի գործող չափերը, ինչպես նաև օրենքով սահմանված դեպքերում դրամական օգնություն տրամադրելիս դրամական բավարարման հաշվարկման հիմք հանդիսացող պաշտոնային գործող դրույքաչափերի մեծությունները։ Հուլիսի 1-ից նվազագույն աշխատավարձը 45 հազ. դրամ սահմանելու հետ կապված պետական և տեղական ինքնակառավարման համակարգի բյուջետային ծախսերի կատարումն ապահովելու համար փոփոխություններ են կատարվել 2013 թ. պետբյուջեում. որոշվել է նշված հատկացումներն իրականացնել ընթացիկ տարում պետբյուջե ստացվելիք լրացուցիչ հարկային եկամուտների հաշվին։ «Այս որոշումով մենք տարեկան պետական բյուջեի եկամտային պլանը 20 մլրդ դրամով ավելացնում ենք, – հարցի առնչությամբ ասել է Տիգրան Սարգսյանը։ – Երկրորդ կետով 3.8 մլրդ գումար ենք հատկացնում, որպեսզի նվազագույն աշխատավարձի բարձրացման հետ կապված ծախսը կարողանանք ամբողջությամբ պետական բյուջեով ծածկել, ընդ որում մի մասը գնալու է տեղական ինքնակառավարման մարմինների օժանդակությանը, որպեսզի նրանք կարողանան նվազագույն աշխատավարձի բարձրացումը փոխհատուցել»։
Որոշման մեջ եղած թվերի վերաբերյալ ի հայտ եկած տարաձայնությունները կհարթվեն այսօր ևեթ` վարչապետի հրավիրած խորհրդակցության ընթացքում։
Կառավարությունը սահմանել է «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» ՊՈԱԿ-ի կողմից իրացվող բազմագործառնական ՀԴ մեքենաների իրացման գինը` 369 հազար 600 դրամ, ներառյալ ԱԱՀ-ն։ Նոր ՀԴՄ-ներ կօգտագործեն տարեկան 500 մլն և ավելի դրամ շրջանառություն ունեցող ընկերությունները։

Տրանսպորտային միջոցները դյուրությամբ կհատեն ՀՀ մաքսային սահմանը

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Ճանապարհային վճարի մասին» և «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին, որի ընդունմամբ կհստակեցվեն այլ պետություններում հաշվառումից հանված, սակայն ՀՀ-ում դեռևս գրանցում չստացած տրանսպորտային միջոցների` ՀՀ մաքսային սահմանը հատելիս ճանապարհային վճարի հաշվարկման և գանձման հետ կապված ընթացակարգերը։
Գործադիրը քննարկել է ՀՀ Ազգային ժողովի մի խումբ պատգամավորների` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի նախագիծը, որը հեղինակների կարծիքով թելադրված է աշխատանքային հարաբերությունների առավել հստակ կարգավորման, ինչպես աշխատողների, այնպես էլ գործատուների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության անհրաժեշտությամբ։ Կառավարությունն իր հերթին մի շարք առաջարկություններ է արել, որոնք ընդունելու դեպքում ընդունելի կհամարի ներկայացված նախագիծը։
Քննության առնելով ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Միքայել Մելքումյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Շրջանառության հարկի մասին» օրենքում լրացում կատարելու օրինագիծը, որով առաջարկվում է շրջանառության հարկը հաշվարկել տարբեր դրույքաչափերով, կառավարությունը նպատակահարմար չի համարել նախագծի ընդունումը և հիմնավորել է իր բացասական եզրակացությունը։Վարչապետ Տիգրան Սարգսյանի դիտարկմամբ նախագծի մերժման պատճառ է դարձել այն իրողությունը, որ փաստաթղթով հիմնավորված և չհիմնավորված ապրանքը զանազանելը գործնականում անհնար է։ Բացի այդ, անհնար է նաև գնահատել ստվերի չափը, հնարավոր չէ արդյունավետ վարչարարություն իրականացնել։
Վերը նշված օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունները սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով։

Բարձրարժեք գույքը կհարկվի ավելի բարձր դրույքաչափերով

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Գույքահարկի հարկման համակարգի արդյունավետության բարձրացման ուղիները» հայեցակարգին, որի նպատակն է միջազգային փորձի հիման վրա նախանշել գույքահարկի հարկման մեխանիզմների կատարելագործման, ինչպես նաև հարկման համակարգի արդյունավետության բարձրացման ուղիները։ Գույքային հարկերի համակարգի հետագա կատարելագործման արդյունքում բարձրարժեք գույքը կհարկվի համարժեք` ավելի բարձր դրույքաչափերով, կստեղծվի անշարժ գույքի պաշարների ճշգրիտ տեղեկատվական բազա, ինչը հնարավորություն կտա մեծացնել հարկման արդարացիությունը։
Կառավարության որոշմամբ Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև կնքված «Հանրային ֆինանսական կառավարման հզորացում» բազմադոնորային ծրագրային հավատարմագրային հիմնադրամի դրամաշնորհային ծրագրի համակարգման լիազորությունը վերապահվել է ՀՀ ֆինանսների նախարարին կից կոլեգիային։ Վերոհիշյալ դրամաշնորհային ծրագրի պատասխանատու մարմինն է ՀՀ ֆինանսների նախարարությունը։
Իր նիստում գործադիրը հաստատել է պետական անտառների պահպանության, պաշտպանության, վերականգնման և անտառապատման, առանձին աշխատանքների կատարման ծախսերի նորմատիվները, որոնց կիրառումը կնպաստի պետբյուջեով հատկացվող ֆինանսական միջոցների արդյունավետ օգտագործմանը։ Մեկ այլ որոշմամբ հաստատվել է ջրերի հաշվառման այլընտրանքային կարգը հաստատելու նախկին որոշման լրացումը, որով կկանոնակարգվի ջրային պաշարների հաշվառման գործընթացը։
Կառավարության որոշումներով ՀՀ ԿԱ պետգույքի կառավարման վարչությանը թույլատրվել է մրցույթով օտարել Երևանի Դեղատան փողոցի 2-րդ շենքի առաջին հարկի և նկուղի 62.2 քառ. մետր և Երևանի Րաֆֆու փողոցի 103 հասցեում գտնվող տարածքները, ՀՀ էկոնոմիկայի նախարարության «Գուգարք» կարի ԱՄ-ի կազմից առանձնացված «Դարպասի արտադրամասի» գույքն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել գույքի վարձակալ, Վանաձորի «Վաբա» ՍՊԸ-ին, Երևան քաղաքի 157-րդ միջնակարգ դպրոցի և 37-րդ հիմնական դպրոցի համապատասխանաբար 147 քառ. մետր և 102.2 քառ. մետր մակերեսով տարածքները 10 տարի ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «ՀՀ երկրապահ կամավորականների միություն» ՀԿ-ին` իր ներկայացրած ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման նպատակով։

Կբարձրանա հողամասերի օգտագործման արդյունավետությունը

ՀՀ կառավարությունն իր նախկին որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ, որոնք հնարավորություն կտան Տավուշի մարզի Աղավնավանքի գյուղական համայնքի վարչական տարածքում գտնվող հողամասերը նպատակային օգտագործել և տնամերձ հողամասով ապահովել երիտասարդ ընտանիքներին։ Հաջորդ երկու որոշմամբ փոփոխելով և լրացնելով իր նախկին որոշումներից երկուսը` գործադիրը հստակեցրել է անձանց հետ ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելու ժամանակ նախապատվություն տալու, ինչպես նաև համայնքային ծառայողի նկատմամբ ծառայողական քննություն անցկացնելու դեպքերը։
Կառավարությունն իր նիստում նախկին որոշումներից մեկում կատարել է լրացում, որի արդյունքում Գեղարքունիքի մարզի համայնքների վարչական տարածքներում ընդգրկված հողամասերի վարձավճարից գոյացած տարեկան գումարի 20 տոկոսը կփոխանցվի պետբյուջե` որպես ԱԱՀ, մնացած մասի 30 տոկոսը` այն համայնքների բյուջե, որոնց վարչական տարածքներում են նշված հողամասերը։ Այսպիսով, արդարացի կբաշխվեն Սևանի ազգային պարկի և համայնքների մասհանումները։
ՀՀ կառավարությունը վերաբաշխում է կատարել 2013 թ. պետբյուջեում, փոփոխություններ և լրացումներ` իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում և ՀՀ կրթության և գիտության նախարարությանը հատկացրել 60 մլն դրամ` Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ֆինանսական կայունության և միջազգայնացման գործառույթների ապահովման նպատակով կրթօջախին տրամադրելու համար։ Մեկ այլ որոշմամբ 80 մլն դրամ է հատկացվել ՀՀ մշակույթի նախարարությանը` «Երևանյան հեռանկարներ» 14-րդ միջազգային երաժշտական փառատոնի 2013 թ. համերգաշարի կազմակերպմանն աջակցելու նպատակով։

Այլ որոշումներ

ՀՀ կառավարությունն ընդունել է Գեղարքունիքի մարզի Ազատի գյուղական համայնքի ավագանու անդամների արտահերթ ընտրություն նշանակելու, անցկացնելու և ընտրության նախապատրաստման և անցկացման ծախսը ֆինանսավորելու որոշում։ Հաջորդ որոշմամբ վաղաժամկետ դադարեցվել է Սյունիքի մարզի Հալիձորի գյուղական համայնքի ղեկավարի լիազորությունը, նշանակվել արտահերթ ընտրություն։
Գործադիրը Երևանի «Բժշկակենսաբանական միջազգային հետբուհական ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ին 5 տարի ժամկետով տվել է Հայաստանի Հանրապետություն ռադիոակտիվ նյութերի ներմուծման արտոնագիր։
Նիստում Մեծ Բրիտանիայի Քեմբրիջի համալսարանի ասպիրանտ Վահե Ճիտոյանին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում է տրվել մինչև ուսումնառության ավարտը` 2016 թ. աշնանային զորակոչ։

Դոլարը շարունակում է իջնել

դոլարՀունիսի 26-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում կայացել է 3,770,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 410 դրամ մեկ ԱՄՆ դոլարիդիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 410 դրամ:

Միջոցներ կան, վարկառուներ չկան

yeganyan nkarՎարկավորման ծավալները ավելանում են, բայց շատ քաղաքացիների համար դեռևս անմատչելի է մնում այդ ֆինանսական միջոցներից օգտվելը: Իսկ ՀՀ էկոնոմիկայի նախարարության փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման վարչության պետ Արմեն Եգանյանը փաստում է, որ վերջին տարիների համեմատ` դաշտում շատ բան է փոխվել:

– 2002-ից Հայաստանում մշակվում և իրականացվում են ՓՄՁ պետական աջակցության տարեկան ծրագրեր: Ի՞նչ մեխանիզմով է այդ աջակցությունն իրականացվում:

– Քաղաքականությունն այս ուղղությամբ հիմնականում իրականացվում է երկու եղանակով՝ գործարար միջավայրի բարելավման և ուղղակի աջակցության: Գործում են աջակցության տարբեր մեխանիզմներ, մասնավորապես` ֆինանսական, խորհրդատվական, ուսուցողական, սկսնակների աջակցության և ուղղակի վարկավորման գործիքների ուղղություններ և այլն: Այս բոլոր գործընթացներն իրականացվում են ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից: Իսկ գործարար միջավայրի բարելավման տեսանկյունից իրականացվում են օրենսդրական դաշտին առնչվող գործողություններ: Հիշեցնենք, որ մեկ տարի առաջ  ՀՀ վարչապետին կից  ստեղծվել է ՓՄՁ ազգային խորհուրդ, որի նպատակն է  վեր հանել ձեռնարկատերերի շրջանում առաջացած խնդիրները և հնարավորինս սեղմ ժամկետներում դրանց լուծում տալ:

– Ինչքանո՞վ է պետությունը «ձեռք մեկնում» սկսնակներին: Ի՞նչ առավելություններ կամ արտոնություններ են գործում փոքր ու միջին ձեռնարկատերերի շրջանում:

– Կիրառվում է տարբեր գործիքակազմ՝ սկսնակ բիզնեսի վարկավորում, վարկային երաշխավորությունների տրամադրում և ուղղակի վարկավորում: Սկսնակ բիզնեսի վարկավորման գործիքն իրականացվում է ուսուցման եղանակով: Մենք հավաքագրում ենք  բիզնես գործունեություն ծավալելու ցանկություն ունեցող անձանց, ուսուցանում ենք, այնուհետև նրանց կողմից մշակված գործարար ծրագրերը ներկայացվում են մեզ: Հավանության արժանացած նախագծերը ֆինանսավորվում են 3 մլն դրամի շրջանակներում, տարեկան 10 տոկոս տոկոսադրույքով, առանց գրավի, վարկային երաշխավորություններով: Մենք՝ որպես պետություն, ինքներս ենք հանդիսանում երաշխավոր: Այդ գործընթացը իրականացվում է ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից:

– Նոր բիզնեսի գործունեության համար դաշտն այդքան էլ բաց չէ: Ի՞նչն է շատերին խանգարում իրենց գումարներն ուղղորդելու դեպի գործարարության ոլորտ:

– Այն կարծիքը, որ միայն խոշորներն են գործում, կամ որ շատերը բացվում են ու փակվում, ճիշտ չէ: Դա տնտեսական գործընթացի հետևանք է, որն առկա է ամբողջ աշխարհում: Ձեռնարկատիրությունների բացվել կամ փակվելու գործընթացում մեծ ազդեցություն ունի տնտեսական մրցակցությունը: Ինչ վերաբերում է մարդկանց  գործարարությամբ զբաղվելու  ձգտման նվազմանը, ապա կարող եմ հակառակը փաստել: Երբ դիտարկում ենք նախորդ տարիների դինամիկան, պարզ է դառնում, որ սկսնակ ձեռնարկատիրության պահանջարկն ավելացել է:

ՓՄՁ աջակցություն ստանալ ցանկացողների թիվը շատ ավելի մեծ է, որին համընթաց ավելանում է նաև ոլորտին հատկացվելիք դրամագլուխը: Հաշվի առնելով, որ այս տարի սկսնակների պահանջարկը ավելի մեծ է լինելու, մենք, կառավարության կողմից հաստատված ծրագրի համաձայն, վարկային երաշխավորությունների և գործող ու սկսնակ բիզնեսին տրամադրվող վարկային երաշխավորությունների  հիմնադրամը միավորել ենք, որպեսզի այն ավելի ճկուն լինի, կարողանանք ավելացնել սկսնակների ուղղությամբ իրականացվող վարկավորումը:

– Աջակցություն ստացած ձեռնարկատերերի քանի՞ տոկոսն է կայացել, և ինչպե՞ս է լուծվում վարկերի վերադարձելիության խնդիրը:

– Մեր ծրագրի շրջանակներում աջակցություն ստացած բիզնեսները 100 տոկոսով ապահովում են իրենց վերադարձելիությունը, իսկ վերջին երեք տարիների ընթացքում մոնիթորինգի ենթարկված բիզնեսներից բոլորը դեռ շարունակում են գործել: Նշեմ նաև, որ ծրագրի գնահատման համար ՓՄՁ ԶԱԿ-ում հանձնաժողով կա, տվյալ ձեռնարկատիրոջը ֆինանսավորելու որոշում է ընդունվում միայն այն դեպքում, երբ դրա անդամները բիզնես նախագիծն իրատեսական են համարում:

– Ի՞նչ գործընթացներ են այժմ իրականացվում աջակցության հնարավորություններն ընդլայնելու նպատակով:

– Մենք ամեն տարի արդիականացնում ենք այդ աջակցության գործիքները, ուսումնասիրում ենք դրանցում առկա բացերը, որպեսզի կարողանանք աջակցություն ստացողների ավելի լայն շրջանակ ընդգրկել: Այս տարվա ծրագրով, որը օրեր առաջ հաստատվեց կառավարության կողմից, հնարավորություն է ստեղծվել անհրաժեշտության դեպքում վարկավորման շեմը բարձրացնել 3 մլն դրամից: Իսկ յուրաքանչյուր տարի պետության կողմից ՓՄՁ ոլորտին հատկացվում է 150 մլն դրամ:

Լ.Ն

Դոլարը` 410.44 դրամ

դոլարՀունիսի 25-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում կայացել է 6,000,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 410.35 դրամ մեկ ԱՄՆ դոլարիդիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 410.44 դրամ:

ԿԲ. Հայաստանի բանկային համակարգի ֆինանսական կայունությունը վտանգված չէ

կբՎերջին շրջանում որոշ լրատվամիջոցներ անդրադարձել են Հայաստանի բանկային համակարգին` տեղեկություններ տարածելով, իբրև համակարգում տեղի են ունենում տագնապալի գործընթացներ, և համակարգի կայունությունը վտանգված է:
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը տեղեկացնում է, որ Հայաստանի բանկային համակարգի ֆինանսական կայունությունը վտանգված չէ, և որ նմանատիպ լուրերն անհիմն են ու չեն համապատասխանում իրականությանը:
Բանկային համակարգի կապիտալի համարժեքության նորմատիվային ցուցանիշը (նորմատիվային կապիտալի և ռիսկով կշռված ակտիվների հարաբերակցությունը) 2013 թ.-ի առաջին եռամսյակի վերջի դրությամբ կազմել է 16.4%, ընդ որում վերջին 5 տարիների ընթացքում բոլոր բանկերն առանձին բավարարել են կապիտալի համարժեքության նորմատիվային ցուցանիշի նվազագույն պահանջը` 12% (ընդ որում, Բազելյան կոմիտեի կողմից առաջարկվող նվազագույն սահմանաչափը 8% է):
Բանկային համակարգի չաշխատող վարկերի տեսակարար կշիռը ընդհանուր վարկերում 2013 թ.-ի առաջին եռամսյակի վերջի դրությամբ կազմել է 5.2%, որը, չնայած տարեվերջի համեմատ փոքր-ինչ աճել է, սակայն դեռևս բավական հեռու է ռիսկային համարվելուց (աճը մասամբ պայմանավորված է այն հանգամանքով, որ հաշվապահական ձևակերպման արդյունքում ստանդարտ դասի վարկեր, որոնք, չնայած մնացել են տնտեսությունում, դուրս են եկել առևտրային բանկերից մեկի հաշվեկշռից և սկսել են հաշվառվել մայր բանկի հաշվեկշռում): Համեմատության համար նշենք, որ Արևելյան Եվրոպայի երկրներում այս ցուցանիշը հասնում է մինչև 20%:
Իրացվելիության մակարդակով բանկային համակարգը առավել քան իրացվելի է. բարձր իրացվելի ակտիվների կշիռը ընդհանուր ակտիվներում և ընթացիկ պարտավորություններում առաջին եռամսյակի վերջի դրությամբ կազմել են համապատասխանաբար 26.1% և 136.1% (նվազագույն սահմանաչափերը` համապատասխանաբար 15% և 60%):
Նշենք նաև, որ բանկային համակարգի կայունությունը նպաստում է նրան, որ տնտեսությանը տրամադրված վարկերը շարունակում են արագ աճել նաև 2013 թ.-ին:

ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն

«ԴիջեԹեք» ամենամյա 6-րդ ցուցահանդեսի ձեռքբերումներն է ամփոփում Կարեն Վարդանյանը

DSCN4228Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն (ԻՏՁՄ) ՀԿ  գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանն  այսօր ամփոփեց  «ԴիջեԹեք» ամենամյա 6-րդ ցուցահանդեսի ձեռքբերումները: «ԴիջեԹեք» ամենամյա ցուցահանդեսի նպատակն է նպաստել տեխնոլոգիաների կիրառմանը բիզնեսում: Ոլորտում Հայաստանը դեռ շատ անելիքներ ունի:  Ըստ Կարեն Վարդանյանի`տեխնոլոգիական ոլորտը հաճախ չի կարողանում ճիշտ առաջարկություն անել բիզնես ոլորտին, չի կարողանում բացատրել, թե ինչ խնդիրներ կկարողանա լուծել, իսկ բիզնես ոլորտը չի կարողանում հստակ ձևակերպել իր պատվերը: Հենց այստեղ է, որ, ինչպես  պատկերավոր ասում է  Կարեն Վարդանյանը, առաջանում է թարգմանչի կարիք: «Ֆորումը կազմակերպում է, որ այդ երկու ոլորտները հանդիպեն ու հասկանան իրար: Թարգմանչի  ֆունկցիայի մեջ մտնում է նաև փոխվստահության ձևավորումը: Եթե 6 տարի առաջ դա շատ դժվար էր, ապա հիմա խնդիրը փոքր-ինչ հեշտացել է, քանի որ բիզնեսմենները գիտակցում են տեխնոլոգիաների դերը և գումարներ են տրամադրում դրան, պարզապես հաճախ չգիտեն, թե ինչպես ճիշտ օգտագործեն», – ասում է Կարեն Վարդանյանը:

Ջրի խնդիրը մեր դռանն էլ է չոքելու

ջուրԸստ հոռետեսական կանխատեսումների` հաջորդ դարում Երկիր մոլորակի վրա ամենաթանկ ապրանքը կհամարվի ջուրը: Իսկ իրականում մեր մոլորակն այսօր իրոք կանգնած է ջրային ռեսուրսների սպառման խնդրի առջև. չկրկնենք օվկիանոսների անպիտան ու քաղցրահամ` պիտանի ջրերի հարաբերակցության մասին  հազար անգամ հնչած թվերը:

 Հայաստանի Հանրապետության տարածքը բնորոշվում է զարգացած, բայց  ոչ միատարր հիդրոաշխարհագրական ցանցով, որը հատուկ է լեռնային տարածքներին: 9480 փոքր և միջին գետեր կան, որոնք ունեն 2300 մետր երկարություն: Հայաստանի Հանրապետություն տարեկան միջին հոսքը կազմում է 7190 մլն խորանարդ մետր, ներառած անդրսահմանային վտակները` Արաքսը և Ախուրյանը: ՀՀ–ում այս գետերից տարեկան սպառվում է 940 մլն խմ ջուր: Բացի Սևան և Արփի լճերից, մեր երկրում կան նաև ավելի քան 100 փոքր լճեր, որոնց մի մասը չորանում է տարվա  շոգ եղանակներին: Հայաստանի Հանրապետության տարածքում ներկայումս ունենք 79 ջրամբար, որոնք միասին ամբարում են տարեկան մոտ 1 մլրդ խորանարդ մետր ջուր: Բայց այս ամենով հանդերձ, փորձագիտական գնահատականներով, առաջիկայում մեզ ջրային անվտանգության լուրջ խնդիրներ են սպառնալու: 

Եթե ջրային պրոբլեմը չենք լուծում, չենք լուծում պարենային, վառելիքաէներգետիկ և բնապահպանական պրոբլեմները:

Այսօր մեր ունեցած ջրային ռեսուրսներից` միջին տարեկան մակերեսային հոսքի 7.3 մլրդ խմ-ից տարեկան օգտագործում ենք 2.5 մլրդը, կամ մեր ջրային մակերեսային պաշարների 31-32 տոկոսը: Մնացած ջրերը հոսում են Հայաստանից դուրս:  Մեր 79 արհեստական ջրամբարներում  ընդամենը 1 մլրդ խմ ջուր  կա, որից 265 մլն-ը թուրքերի բաժինն է Ախուրյանի ջրամբարից: Փաստորեն, ունենք ամբարված ընդամենը 750-760 մլն խմ ջուր: Դրան գումարած Սևանը, որտեղ ունենք 35 մլրդ խմ ջրային պաշարներ, և  ուզում ենք  դրանք հասցնել 42 մլրդ խմ-ի: Բայց ապագայում, ինչպես նշում է նախագահին առընթեր Սևանա լճի հիմնահարցերի  հանձնաժողովի նախագահ, Հանրային խորհրդի անդամ, գյուղատնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վլադիմիր Մովսիսյանը, մենք ունենալու ենք երկու խոշորագույն պրոբլեմ: Առաջինը գլոբալ տաքացումն է, որը կհանգեցնի ջերմաստիճանի բարձրացման, տեղումների որոշակի նվազման և գոլորշիացման  ավելացման, և այն 7.3 միլիարդը, կդառնա 5.4 միլիարդ խմ: Մյուս կողմից էլ մեր երկու հարևանները համատեղ ջրաշինարարական աշխատանքներ են կատարում, որոնք կհանգեցնեն Արաքսի պաշարների կրճատման:

«2030 թ. Սևանի մակարդակը հասցվելու է 1900 մ, 50 սմ-ի և չի բարձրացվելու: Ամեն տարի 300 մլն-ով Սևանի ջրերը թարմացվելու են, միաժամանակ 300 մլն խմ-ով բաց է թողնվելու: Հիմա եթե այդ բաց թողնված ջուրը «չբռնվի», գումարվելու է Արաքս լցվող ջրերին, այն Արաքսի, որտեղ այսօր ունենք 2.5 մլրդ ջրային պաշարներ, իսկ վաղը` Թուրքիայի ջրաշինարարական ծրագրերն իրականացնելուց հետո, կդառնա 1.1 մլրդ խմ: Այսինքն` առաջանում է ջրային պաշարների հետ կապված լուրջ խնդիր: Ջրի կռիվը նոր է սկսվում, բերեք այս գլխից չպարտվենք, որովհետև գտնվում ենք մի տարածաշրջանում, որտեղ ջրային ռեսուրսների խիստ կարիք կարող է առաջանալ. մեկը կամբարի ու կվաճառի, մյուսը` չի ունենա»,- Հանրային խորհրդում Եղվարդի կիսակառույց ջրամբարի կառուցման հարցի քննարկման ժամանակ նշել է Վլադիմիր Մովսիսյանը:

Իսկ ո՞վ պետք է լուծի մեր ջրային անվտանգության հարցերը: Պարզվում է`  Հայաստանում գոյություն ունի «Ջրի ազգային ծրագիր»: Ավելին` կա նաև «Հայաստանի Հանրապետության ջրի ազգային ծրագրի մասին» օրենք, որի նպատակն է օգտագործելի ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման միջոցով բնակչության և տնտեսության պահանջների բավարարման, շրջակա միջավայրի էկոլոգիական կայունության ապահովման, ռազմավարական ջրային պաշարի կազմավորման և օգտագործման, ազգային ջրային պաշարի պահպանության, ՀՀ ջրային օրենսգրքի և «Ջրի ազգային քաղաքականության հիմնադրույթների մասին» ՀՀ օրենքի խնդիրների լուծմանն ուղղված միջոցառումների սահմանումը:

2002 թ. հոկտեմբերի 17-ից, կառավարության որոշմամբ, ՀՀ ջրային օրենսգրքով նախատեսված ջրային համակարգերի կառավարման լիազոր մարմին է ճանաչվել կառավարությանն առընթեր Ջրային տնտեսության պետական կոմիտեն: Այս կոմիտեի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ 2008-2012 թթ. առաջնահերթ միջոցառումներից և ոչ մեկը չի վերաբերում ջրամբարաշինությանը: Կոմիտեի կայքէջում հրապարակված տեղեկությունների համաձայն` իրականացվել կամ դեռևս ընթացքի մեջ են 24 վարկային ծրագրեր, որոնցից միայն երկուսն են ուղղված պատվարների անվտանգության բարձրացմանը, և մեկը Կապսի ջրամբարի վերանորոգման ծրագիր է: Մնացածը համայնքների ջրամատակարարման և ջրահեռացման ծրագրեր են: Կառավարության այս տարվա ծրագրում  նույնպես որևէ դրույթ չկա, որը հիշեցնի Հայաստանում ջրային ռեսուրսների վերոհիշյալ խնդիրների մասին և դրանց ուղղությամբ իրականացվելիք որևէ ծրագիր նախանշի:

Թերևս միակ ծրագիրն այս հարցերի ուղղությամբ կարելի է համարել Սևանի մակարդակի բարձրացումը: Սևանից այժմ տարեկան մոտ 150 մլն խորանարդ մետր ջուր է բաց թողնվում: Միջինը: Ըստ «Սևանի մասին» օրենքի` թույլատրվում է բաց թողնել մինչև 170 մլն խմ ջուր: Բայց Սևանի մակարդակը մինչև 3.5 մ բարձրանալու դեպքում, ինչպես նշեցինք,  տարեկան հնարավոր կլինի մինչև 300 մլն բաց թողնել: «Այս տեսանկյունից փոխանակ ջուրը տանենք լցնենք Արաքս և ուղարկենք թուրքերին… Էլեկտրաէներգիա, իհարկե, կարտադրենք, բայց ավելի լավ է Էներգիա արտադրելուց հետո կուտակել այդ ջուրը, միշտ ունենալ կուտակած, որպեսզի հետագայում օգտագործվի  հազարավոր հեկտարների ջրապահովվածության մակարդակը բարձրացնելու համար», – ՀԽ քննարկումներից մեկի ժամանակ նշել է Հանրային խորհրդի անդամ Յուրի Ջավադյանը:

Իհարկե, ունենք նաև ստորգետնյա ջրերի պաշարներ` մոտ 3.3 մլրդ խմ: Բայց վերջին տարիներին այդ ստորգետնյա ջրերն այն աստիճանի են օգտագործվել, որ մինչև վերջին 1,5 տասնամյակն Արարատյան հարթավայրում մարդիկ տուն կառուցելիս նկուղային հարկ չէին նախատեսում ջուր հավաքվելու պատճառով: Այսօր նկուղներով տներ կառուցում են` առանց վախենալու ջրերից: Հետևություն անելը դժվար չէ:

Հայաստանում, իհարկե, կան մի քանի նոր ջրամբարներ կառուցելու ծրագրեր: Այդ մասին նույնիսկ իր նախընտրական ելույթների ժամանակ նշել է նախագահ Սերժ Սարգսյանը: Բայց թե երբ այդ ծրագրերը կյանքի կկոչվեն, հայտնի չէ, քանի որ մինչ օրս այս ուղղությամբ ընդամենը մեկ իրական ծրագիր է ներկայացվել` Եղվարդի կիսակառույց ջրամբարի կառուցումը, որն այդպես էլ մնացել է որպես ծրագիր: Հաջորդիվ կանդրադառնանք այդ հարցին ևս:

 

 

Դոլարը կարծես բարձրանում է

դոլարՀունիսի 21-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում կայացել է 2500000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 412.75դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 412.75 դրամ:

Բացվեց ԴիջիԹեք բիզնես ֆորումը

10491_am_3Վարչապետ Տիգրան Սարգսյանի մասնակցությամբ Երևանում բացվել է «Խելացի լուծումներ՝ խելացի երկրների համար» խորագրով ԴիջիԹեք բիզնես ֆորումը:
Կառավարության անունից ողջունելով ֆորումի մասնակիցներին՝ վարչապետը նշել է. «Այս տարիների ընթացքում մասնավոր հատվածի հետ մենք մեծածավալ աշխատանք ենք կատարել և արդյունքներն էլ ակնառու են: Եթե հիշենք, թե տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում ինչպիսին էին արդյունքները հինգ տարի առաջ, ապա այսօր կտեսնենք ահռելի մեծ առաջընթաց: Ընդ որում, կարող ենք արձանագրել, որ դա առաջընթաց է նաև միջազգային համեմատությունների մեջ: Մենք կարողացել ենք էական առաջընթաց արձանագրել ՏՏ հասանելիության տեսակետից, ինչպես նաև նորարարական, նոր գիտելիքների, տաղանդաշատ երիտասարդների կողմից ստեղծված արտադրանքի ծավալների առումով: Դա ուրախացնում է և ոգեշնչում»:
Տիգրան Սարգսյանի խոսքով՝ դրա վառ վկայությունն է նաև այն հանգամանքը, որ համաշխարհային ճանաչում ունեցող ընկերություններն այսօր տարածաշրջանում նախապատվությունը տալիս են հենց Հայաստանի Հանրապետությանը և այստեղ են տեղակայում իրենց տարածաշրջանային կենտրոնները: Կառավարության ղեկավարի կարծիքով՝ դրան մեծապես նպաստում են նաև Միացյալ Նահանգներում՝ Սիլիկոնյան հովտում անցկացվող ֆորումները, որոնք մեր երկրին հնարավորություն են տալիս ուղղակի կապ հաստատել Սիլիկոնյան հովտի, մասնավորապես, աշխարհի առաջատար ընկերությունների հետ, ուսումնասիրել նրանց փորձը և այդ խողովակներով խթանել ՏՏ զարգացումը ՀՀ-ում:
«Կարծում եմ՝ բավականին լուրջ առաջընթաց էր, երբ մենք Սիլիկոնյան հովտում բացեցինք ՀՀ ներկայացուցչությունը: Սիլիկոնյան հովտում արդեն գործում է կազմակերպված հայկական ՏՏ միություն, որն իր մեջ այսօր ներառում է 100-ից ավելի կազմակերպությունների, որոնք ցանկանում են համագործակցություն հաստատել Հայաստանի հետ: Մենք պարտավոր ենք օգտագործել այդ խողովակը, որպեսզի նոր թափ հաղորդենք ՏՏ ոլորտի զարգացմանը մեր երկրում»,– ասել է Տիգրան Սարգսյանը:
Վարչապետի խոսքով՝ տարեկան 10-15 տոկոսանոց աճ ապահովող ՏՏ ոլորտն այսօր ՀՀ կառավարության առջև առաջին հերթին դնում է կադրերի պատրաստման խնդիր, որպեսզի բուհերը կարողանան տարեկան առնվազն 1000 մասնագետ մատակարարել այս ոլորտին: Գործադիրի ղեկավարի դիտարկմամբ՝ մրցակցությունն այս բնագավառում ուժգնանում է առաջին հերթին բարձր որակի կադրերի ներգրավման տեսակետից: Դրա համար կադրերի պատրաստման քաղաքականությունը ՀՀ կառավարության առաջնահերթություններից մեկն է և պետական պատվերը տեղաբաշխելիս կամ բուհերի ծավալային ընդլայնման խնդիրները պլանավորելիս առաջնահերթություն է տրվում հենց ՏՏ բնագավառին:
Տիգրան Սարգսյանի կարծիքով՝ «էլեկտրոնային կառավարություն» համալիր ծրագիրը, որն իրականացվում է միջազգային կազմակերպությունների, այդ թվում Համաշխարհային բանկի հետ, լուրջ խթան է հանդիսանում այս ոլորտի զարգացման համար: «Այսօր եթե մենք ցանկանում ենք լինել մրցունակ պետություն, ունենալ մրցունակ մասնավոր հատված, ապա ակնհայտ է, որ առանց լայնածավալ տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործման այդ մրցակցային առավելությունը չենք ունենա: Դրա համար այն ընկերությունները, պետական կառույցները, որոնք թափով ներդնում են տեղեկատվական տեխնոլոգիաներ՝ բարձրացնում են իրենց արտադրողականությունը և դառնում մրցունակ: Սա մեզ համար պետք է լինի առաջնահերթություն և այս ուղղությամբ մենք մասնավոր հատվածի հետ պետք է իրականացնենք համալիր ծրագիր»,– նշել է Տիգրան Սարգսյանը:
Այնուհետև վարչապետը հիշատակել է մի քանի ծրագրեր, որոնք մեր քաղաքացիներին տվել են դրական, տեսանելի և շոշափելի արդյունքներ:
Մասնավորապես, Տիգրան Սարգսյանն առանձնացրել է ձեռնարկությունների պետական ռեգիստրում և կադաստրի համակարգում տեղեկատվական տեխնոլոգիաների լայնածավալ ներդրումը:
Կառավարության ղեկավարի տեղեկացմամբ՝ երրորդ ուղղությունը, որտեղ սկսվել է լայնածավալ ՏՏ-ի կիրառում՝ հարկային և մաքսային բնագավառն է, ինչը մի կողմից կրճատելով հարկ վճարողների շփումը այս ոլորտի աշխատողների հետ՝ նվազեցնելով կոռուպցիոն ռիսկերը, մյուս կողմից՝ այդ համակարգը դարձնում թափանցիկ և վերահսկելի:
Վարչապետը տեղեկացրել է նաև, որ հսկիչ դրամարկղային մեքենաների առաջին խմբաքանակն արդեն ներմուծվել է Հայաստան: Բարձր արտադրողականության, բազմաֆունկցիոնալ շուրջ 7500 ՀԴՄ-ներ, որոնք ունեն հսկողական բարձր հնարավորություններ, թույլ են տալիս ոչ միայն իրականացնել հաշվառում, ստանալ հաշվետվություններ, այլև քարտային վճարումներ, հուլիսի 1-ից առաջին հերթին կտրամադրվեն խոշոր բիզնեսին:
Միաժամանակ, սկսած 2014 թվականի հունվարի մեկից 60 հազար փոքր և միջին ձեռնարկություններ ևս հնարավորություն կունենան օգտվել այդ ՀԴՄ-ներից, ինչն էապես կբարելավի վարչարարությունը հարկային և մաքսային ոլորտում:
«Աշխատանքների հաջորդ ուղղությունը մեր շփումներն են մասնավոր հատվածի հետ: Կարևոր է, որ մենք մշտապես ձեզնից ստանանք ազդակներ, թե ՀՀ-ում ինչ հանգամանքներ կան, որոնք խոչընդոտում են բիզնեսի զարգացմանը և կառավարությունն ինչ լրացուցիչ ջանքեր պետք է գործադրի, որպեսզի ավելի բարենպաստ միջավայր լինի ու ՏՏ ոլորտը թափով զարգանա: Այդ տեսակետից, մենք նաև մեծ հույսեր ենք կապում այս բիզնես ֆորումի հետ ու մեծ ուշադրությամբ հետևում բոլոր քննարկումներին ու առաջարկություններին: Ցանկանում եմ հավաստիացնել, որ ՏՏ ոլորտը կառավարության առաջնահերթություններից մեկն է: Սա հաջողված պատմություն է մեր պետական ծրագրերի իրականացման բնագավառում, քանի որ ակնառու են արդյունքները: Մենք պարտավոր ենք այս ձեռքբերումների հիման վրա երաշխավորել ու ապահովել ավելի բարձր աճի տեմպեր, քանի որ ՏՏ-ի սերտաճումը բոլոր բնագավառների հետ մեզ դարձնելու է ավելի մրցունակ պետություն»,– ասել է Տիգրան Սարգսյանը:
Իր հերթին, ՀՀ-ում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը՝ այս ոլորտում իրականացվող քաղաքականության և ՏՏ բնագավառում ԱՄՆ-ի հետ սերտորեն համագործակցելու համար: Դեսպանը հիշեցրել է, որ նախորդ տարի ինքը վարչապետ Սարգսյանի հետ ԱՄՆ-ում մասնակցել է ԱրմԹեք համաժողովին և նշել, որ այդ համաժողովը ամերիկյան և հայկական ընկերությունների սերտ համագործակցության լավ օրինակ է: «ԱՄՆ-ի ընկերությունները Հայաստանում բավականին ակտիվ են: Շատ կարևոր է, որպեսզի ՏՏ ընկերությունները և տնտեսության մյուս ճյուղերը փոխկապակցվեն: ՏՏ ոլորտը լավ աշխատանք է կատարում և նրա արտադրության 40 տոկոսն իրացվում է երկրի ներսում, ինչը լավ ցուցանիշ է նաև էլեկտրոնային կառավարման առումով»,– ասել է Ջոն Հեֆերնը:
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանն էլ շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը՝ ոլորտի զարգացմանը խթանելու և բազմաթիվ նորարարական ծրագրերի իրականացմանն աջակցելու համար:
ԴիջիԹեք բիզնես ֆորումին մասնակցում են 62 կազմակերպություններ, որոնցից 43-ը տեղական, 19-ը՝ արտասահմանյան՝ ամերիկյան, ռուսական, սինգապուրյան, վրացական, իտալական, ուկրաինական և այլն:

Կառավարությունը կարևորում է հակակոռուպցիոն արդյունավետ քաղաքականության իրականացումը

10489_am_1ՀՀ կառավարությունը կարևորում է հակակոռուպցիոն արդյունավետ քաղաքականության իրականացումն ու այդ ուղղությամբ մասնագիտական քննարկումները, որոնք հնարավորություն կտան մշակել հստակ ռազմավարություն և բացահայտել ճշգրիտ թիրախներ: Այդ մասին վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել է ՀՀ-ում ԵՄ ներկայացուցչության կողմից կազմակերպված Հայաստանի պետական հատվածում կոռուպցիայի վիճակի մասին սեմինարի ժամանակ:
«Այդ տեսակետից, Հայաստանի հակակոռուպցիոն ռազմավարության ծրագիրը, որը մշակվել է Եվրամիության փորձագետների անմիջական մասնակցությամբ, տվել է իր դրական արդյունքները: Մասնավորապես, մենք, հիմք ընդունելով ԵՄ փորձագետների կարծիքը, ընդունեցինք քաղաքական որոշում և ամեն տարվա համար պետք է ունենանք 2-3 հստակ թիրախներ, միջոցառումների ծրագիր, որը պետք է հանրությանը ցույց տա մեր արձանագրած արդյունքները: Պետք է թիրախավորել շոշափելի, կարևորագույն 2-3 հիմնարար խնդիր և պրոֆեսիոնալ մասնագիտական վերլուծություն, թե այդ բնագավառներում որոնք են կոռուպցիան ծնող պատճառները և ինչ միջոցառումներ պետք է իրականացնենք, որպեսզի վերացնենք դրանք»,– ասել է վարչապետը:
Կառավարության ղեկավարի խոսքով՝ մեր երկրում իրականացվող կարևորագույն ծրագրերից մեկն էլ կարգավորիչ Գիլյոտինն է, որի նպատակն է ավելորդ բյուրոկրատական քաշքշուկների վերացումը: Վարչապետը նշել է, որ շնորհիվ Եվրամիության ու դոնոր կազմակերպությունների օժանդակության՝ այդ ծրագիրն այսօր արդյունավետորեն է աշխատում: Առաջին օրենսդրական փոփոխություններն արդեն կատարվել են, հանձնաժողովի կողմից ընդունվել է համապատասխան մեթոդաբանություն, թե ինչպես պետք է այն գործի, ընտրի թիրախներն ու գործառույթներն իրականացնելու մեթոդը, որպեսզի կարճ ժամանակում ստացվեն էֆեկտիվ արդյունքներ:
Այնուհետև Տիգրան Սարգսյանը հիշատակել է մի քանի ծրագրեր, որոնք ևս դրական արդյունքներ են տվել: Այդ տեսակետից, վարչապետն առանձնացրել է ձեռնարկությունների գրանցման միասնական ռեգիստրում էլեկտրոնային համակարգի ներդրումը, ինչը հնարավորություն է տվել ՀՀ-ում ձեռնարկությունների գրանցման ուղղությամբ կոռուպցիոն ռիսկերը հասցնել նվազագույնի: «Այսօր Հայաստանում հնարավոր է էլեկտրոնային եղանակով, տնից դուրս չգալով 15 րոպեում ձեռնարկություն գրանցել: Սա նույնպես Doing Business-ի համար բարենպաստ միջավայր է ստեղծել: Կարելի է հիշատակել կադաստրում իրականացված միջոցառումները, որոնք էապես նվազեցրել են կոռուպցիոն ռիսկերը: Ներդրվել է էլեկտրոնային միասնական տվյալների բազա, սպասարկման մեկ պատուհանի սկզբունք և մեր քաղաքացիների գնահատմամբ սա այն բնագավառն է, որտեղ արձանագրվել է լուրջ առաջընթաց»,– նկատել է կառավարության ղեկավարը:
Վարչապետը տեղեկացրել է, որ կառավարությունը թիրախավորել է երկու ոլորտ, որտեղ պետք է իրականացվեն հակակոռուպցիոն միջոցառումներ: Առաջինը դատական համակարգն է, երկրորդը՝ առողջապահության ոլորտը, որովհետև, ըստ Տիգրան Սարգսյանի, այն առնչվում է հազարավոր մարդկանց հետ: «Եթե մենք կարողանանք առողջապահության ոլորտում շոշափելի արդյունքներ արձանագրել, ապա բնակչության կողմից կլինի վստահություն, որ կոռուպցիայի դեմ պայքարը տալիս է դրական արդյունքներ»,– նշել է կառավարության ղեկավարը և շնորհակալություն հայտնել Եվրամիությանը՝ հակակոռուպցիոն բնագավառում համագործակցության համար:

Անպատասխան չի մնալու և ոչ մի մեղադրանք

10488_am_4Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Նախքան նիստի օրակարգի ձևավորումը վարչապետը հանդես է եկել քաղաքական հայտարարությամբ` այդ կերպ արձագանքելով ՀՀ վերահսկիչ պալատի հայտնի հաշվետվությանը։ Տիգրան Սարգսյանն ասել է, որ ինքը խիստ շահագրգռված է, որպեսզի պալատի բացահայտումներն անհապաղ հանձնվեն իրավապահ մարմիններին, որպեսզի օրենսդրորեն սահմանվի պալատի հաշվետվության ներկայացման կանոնակարգը։Վարչապետը նաև նախարարներին հանձնարարել է անպատասխան չթողնել Վերահսկիչ պալատի մեղադրանքները։

Սոցիալական ոլորտը մնում է կառավարության ուշադրության կենտրոնում

Հիմք ընդունելով «ՀՀ հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» օրենքը` կառավարությունը փոփոխություն և լրացումներ է կատարել իր նախկին որոշումներից մեկում` հստակեցնելով հաշմանդամություն ունեցող անձանց հեռակա բժշկասոցիալական փորձաքննության գործընթացը։ Դրա շնորհիվ հնարավոր կլինի խուսափել սուբյեկտիվ մոտեցումներից, նվազեցնել կոռուպցիոն ռիսկը։ Անձը հնարավորություն կունենա կասեցման համար սահմանված ժամկետում վերադաս մարմնից ստանալ համապատասխան փորձաքննական խորհրդատվություն, ինչի շնորհիվ փորձաքննական որոշումը կկայացվի առավել օբյեկտիվ։ Դիմելով հարցը ներկայացնող ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` վարչապետ Տիգրան Սարգսյանը հետաքրքրվել է, թե ինչ է փոխվել մոտ մեկ տարի առաջ նախարարությունում անցկացված խորհրդակցությունից և տրված հանձնարարություններից հետո։ Նախարարը թվարկել է աշխատանքի էական բարելավմանն ուղղված, այդ թվում` կադրային փոփոխությունները, նշել, որ զգալիորեն պակասել են քաղաքացիներից ստացվող դիմում-բողոքները։ Ինչ վերաբերում է Սոցիալական ապահովության պետական ծառայության գործունեությանը, ապա այն նույնպես հիմնովին բարեփոխվել է, և դա զգացել են տասնյակ հազարավոր մարդիկ։
ՀՀ կառավարությունը բաժնետոմսերի հետգնման միջոցով նվազեցրել է ՀՀ առողջապահության նախարարության հարյուր տոկոս պետական մասնակցությամբ «Հանրապետական անձավաբուժական կենտրոն», «Դիլիջան» մանկական հակատուբերկուլոզային առողջարան» և «Օշական» մանկական վերականգնողական կենտրոն» ՓԲԸ-ների զուտ ակտիվները։ Որոշման նպատակն է ոչ միայն առողջացնել նշված առևտրային կազմակերպությունները, այլև դրանք ՀՀ պետբյուջե շահութաբաժին վճարող դարձնել։
Մեկ այլ որոշմամբ անհետաձգելի է համարվել և ՀՀ պաշտպանության նախարարությանը թույլատրվել է պայմանագիր կնքել «Ռաին բոու» ֆիրմայի հետ բանակցային ընթացակարգով, առանց գնումների հայտարարությունը նախապես հրապարակելու, 3 հազար 500 տոննա դիզելային վառելիք ձեռք բերելու նպատակով` 1 տոննան առավելագույնը 1 հազար 150 ԱՄՆ դոլարին համարժեք դրամի սահմաններում, որը ներառում է մինչև ՀՀ սահմանային անցակետ տեղափոխման և մաքսազերծման հետ կապված ծախսերը։ Նախարարությանը նաև թույլատրվել է գնման ձևով պայմանագիր կնքելու միջոցով ձեռք բերել 450 տոննա փաթեթավորված ցեմենտ` 1 տոննան առավելագույնը 52 հազար դրամով։


Հանրությունը պետք է տեղյակ լինի, թե ինչպես են պահպանվում հուշարձանները

Գործադիրն ընդունել է գնման գործընթաց կազմակերպելու որոշում` սահմանելով, որ 2013 թ. պետբյուջեի «Հուշարձանների ամրակայում, նորոգում և վերականգնում» ծրագրով նախատեսված պատմաճարտարապետական 11 հուշարձանի վերականգնման, մեկ հուշարձանի ամրակայման և մասնակի վերականգնման նախագծի կազմման և մեկ հուշարձանի տարածքի պեղման աշխատանքները ձեռք են բերվում բանակցային ընթացակարգ կիրառելու միջոցով` առանց գնման հայտարարությունը նախապես հրապարակելու։ Ցանկում տեղ են գտել Արագածոտնի մարզի Իրինդ գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցին, Լոռու մարզի Սանահինի վանքը, Կոտայքի մարզի Բջնո ամրոցը, Սյունիքի մարզի Որոտնավանքը և այլ հուշարձաններ։ «Կոնկրետ Սանահինում մեծածավալ աշխատանքներ են կատարվել, – հարցի առնչությամբ ասել է վարչապետը։ Գերմանական, իտալական, ֆրանսիական մասնագետներ են այցելել Սանահին, տվել իրենց մասնագիտական եզրակացությունները։ Ես տեսա, որ արդեն բավական մեծածավալ աշխատանք է կատարված»։ Վարչապետը հետաքրքրվել է, թե այս պահին Սանահինի հետ կապված ինչ հարցեր են մտահոգում հասարակական կազմակերպություններին։ Մտքերի փոխանակության ընթացքում պարզվել է, որ հանրությունը հաճախ թյուր պատկերացում է կազմում արվածի վերաբերյալ, քանի որ տեղեկության պակաս ունի։ Օրինակ` մասնագետները ժամանակակից տեխնոլոգիաներով հետազոտություն են արել և պարզել, որ հիմնական պատի հիմքն ամուր է, և փլուզման վտանգ չկա։ Հատկացված միջոցներով այս տարվա ընթացքում էական առաջընթաց կարող է արձանագրվել։ Վարչապետը ՀՀ մշակույթի նախարարության պատասխանատուներին հանձնարարել է ավելի հաճախ շփվել հասարակական կազմակերպությունների հետ և նրանց փոխանցել աշխարհի տարբեր երկրներից ժամանած մասնագետների եզրակացությունները։
Ընդլայնվում է միջազգային համագործակցությունը

Գերմանիայի Դաշնային Հանրապետության և Հայաստանի Հանրապետության կառավարությունների միջև ստորագրված ֆինանսական համագործակցության համաձայնագրի հիման վրա կնքված «Գյումրի-2 բարձրավոլտ ենթակայանի վերականգնում» պայմանագրով նախատեսված է առաջացող հարկերը և պետտուրքերը ֆինանսավորել ՀՀ պետբյուջեից` որպես Ծրագրի համաֆինանսավորում, ինչը և արվել է կառավարության որոշմամբ։ Գործադիրը համաձայնություն է տվել Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի միջև վերջերս ստորագրված «Երևանի մետրոպոլիտենի վերակառուցում. երկրորդ փուլ» ֆինանսական պայմանագրին, որով տրամադրվում է 5 մլն եվրոյի վարկ։ Ծրագիրն ավարտվելու է մինչև 2015 թ. դեկտեմբերի 31-ը։Այս երկու հարցերին անդրադառնալիս վարչապետ Տիգրան Սարգսյանը տեղեկացել է, թե եվրոպական ֆինանսական կազմակերպություններն ինչ մեխանիզմներով են վերահսկում իրենց տրամադրած վարկերի նպատակային օգտագործումը. պատասխանատուները հավաստիացրել են, որ վերջին տարիների ընթացքում կոռուպցիոն ռիսկեր ի հայտ չեն եկել։
Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև կնքված «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության ծրագիր» վարկային համաձայնագրով կառուցված արոտավայրերի ջրարբիացման համակարգերի շահագործումն ապահովելու նպատակով այդ համակարգերը նվիրաբերվել են Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու, Սյունիքի, Տավուշի, Շիրակի մարզերի 26 համայնքներին։
ՀՀ կառավարությունը համաձայնություն է տվել Հայաստանի Հանրապետության և Վրաստանի կառավարությունների ստորագրած բնածին և տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակների կանխման և դրանց հետևանքների վերացման բնագավառում համագործակցության համաձայնագրում փոփոխություններ կատարելու արձանագրության կնքման առաջարկությանը։
Նիստում համաձայնություն է տրվել Հայաստանի Հանրապետության և Քատարի Պետության կառավարությունների միջև դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց մուտքի արտոնագիր ստանալու պահանջից երկկողմ ազատման համաձայնագրի կնքման առաջարկությանը։


Կներդրվի վերգետնյա թվային հեռուստահեռարձակման համակարգը

Հայաստանի Հանրապետությունում վերգետնյա թվային հեռուստահամակարգի ներդրման գործընթացը կազմակերպելու նպատակով ՀՀ կառավարությունը հաստատել է համակարգի ներդրման ծրագիրը, որի համաձայն 2015 թ. հունիսի 1-ից անալոգային հեռուստատեսային հեռարձակումից անցում է կատարվելու եվրոպական միասնական ստանդարտի թվային հեռուստատեսային հեռարձակման։
ՀՀ կառավարությունը որոշել է Երևանի Հր. Աճառյան 31 հասցեում գտնվող շենքային համալիրի սպասարկման համար առանձնացված 2.65 հա մակերեսով հողամասն անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Քենդլ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտ» հիմնադրամին և դրա նկատմամբ իրականացնել սեփականության իրավունքի պետական գրանցումը։ Որոշմամբ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդին է վերապահվում խորհրդի պատվավոր նախագահ ընտրելու իրավասությունը։
ՀՀ կառավարությունն իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում կատարել է փոփոխություն, որը միտված է ռիսկի վրա հիմնված հսկողության համակարգի կատարելագործմանը։ ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի արտոնագրման պայմանների և պահանջների հսկողության տեսչության 2012 թ. ընթացքում կատարած ստուգումների արդյունքում վիճակախաղի, շահումով խաղերի և խաղատների կազմակերպիչների ռիսկայնության աստիճանը ցածր է եղել։ Սույն որոշմամբ որոշ չափանիշներ փոխարինվել են նորերով, որոնք ավելի պատկերավոր կդարձնեն կազմակերպիչների ռիսկայնության աստիճանը։
Գործադիրը որոշել է ՀՀ տարածքում արտադրված կամ ՀՀ տարածք ներմուծված` շշալցված կամ ցանկացած այլ ձևով տարայավորված «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» դասակարգչի որոշակի ծածկագրերի ապրանքախմբերին դասվող ապրանքների պարտադիր դրոշմավորման համար 2013 թ. հուլիսի 1-ից կիրառության մեջ դնել «Ա» սերիայի դրոշմապիտակները։ Նիստում սահմանվել է ՀՀ մաքսային սահմանով ֆիզիկական անձանց կողմից «ժամանակավոր ներմուծում», «Ժամանակավոր արտահանում», «Վերաներմուծում», «Վերաարտահանում» մաքսային ռեժիմներով անձնական օգտագործման ավտոմեքենաների, ինչպես նաև միջպետական կանոնավոր ու ոչ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների տեղափոխման և մաքսային ձևակերպման պարզեցված կարգը։
Կառավարությունը սահմանել է ՀՀ հատուկ քննչական ծառայության ծառայողի համազգեստի, տարբերանշանների նկարագիրը և դրանք կրելու կարգը։ Հաջորդ որոշմամբ հաստատվել է դատախազի համազգեստի, տարբերանշանների նկարագիրը, դրանք կրելու կարգը` ուժը կորցրած ճանաչելով նախկին նույնաբովանդակ որոշումը։


Դրամարկղային գրքի վարումը կիրականացվի էլեկտրոնային եղանակով

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Դրամարկղային գործառնությունների մասին» օրենքում լրացում կատարելու օրինագծին, որով առաջարկվում է հնարավորություն ստեղծել, որպեսզի դրամարկղային գիրքը վարվի էլեկտրոնային եղանակով` նպաստելով երկրի գործարար միջավայրի բարելավմանը։
Գործադիրը քննարկել է «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքում լրացում կատարելու օրենքի նախագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ։ Առաջարկվում է թերթի, ամսագրի, ինտերնետային կայքի հոդվածներից քաղվածքի վերարտադրումն այլ լրատվամիջոցում թույլատրել միայն նպատակն արդարացնող ծավալով, ընդ որում պետք է հղում կատարել հոդվածի սկզբնաղբյուրին։ Օրենքի նախագծի վերաբերյալ կառավարությունն սկզբունքային առարկություն չի ներկայացրել։
Վերը նշված օրինագծերը և կառավարության եզրակացությունը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով։