Հայաստան-Հունաստան առեւտրատնտեսական կապերին նվիրված միջոցառում Հունաստանի ԱԳՆ-ում

327.Event at the MFA of Greece dedicated to the economic relations between Armenia and Greece 11.05.2013Մայիսի 9-ին Հունաստանի ԱԳՆ-ում կայացավ Հայաստան-Հունաստան առեւտրատնտեսական կապերին նվիրված միջոցառում: Այն կազմակերպվել էր Հունաստանի ԱԳՆ-ի եւ Հունահայկական առեւտրատնտեսական պալատի համատեղ ջանքերով: Միջոցառմանը մասնակցեց Հունաստանում ՀՀ դեսպան Գագիկ Ղալաչյանը:

Մասնակիցների թվում էին Հունահայկական առեւտրատնտեսական պալատի անդամներ, հույն գործարարներ, Հունաստանի ԱԳՆ աշխատակիցներ, օտարեկրյա դիվանագետներ, լրագրողներ:

Ողջույնի խոսքով հանդես եկան Հունաստանի ԱԳՆ միջազգային տնտեսական հարաբերությունների եւ համագործակցության զարգացման հարցերով գլխավոր քարտուղար Պ. Միհալոսը, Հունահայկական առեւտրատնտեսական պալատի նախագահ Պ. Չոլաքյանը:

Հայաստան-Հունաստան առեւտրատնտեսական կապերի վերաբերյալ ելույթով հանդես եկավ Հայաստանում Հունաստանի դեսպանության` առեւտրատնտեսական կապերի պատասխանատու Կ. Դասկալոպուլոսը:

Հունահայկական առեւտրատնտեսական պալատի անդմաները հույն գործարարներին ներկայացրեցին ՀՀ տնտեսության արդի վիճակը, արտահանման եւ ներկրման, ինչպես նաեւ ներդրումային հնարավորությունները, ազատ տնտեսական գոտիների, փոքր եւ միջին ձեռնարկությունների վերաբերյալ տեղեկատվություն:

Հայաստանի հանրապետության արտաքին գործերի նախարարություն

 

Պետությունը պատրաստ է աջակցել վերամշակված ապրանքների իրացմանը

10381_am_2Վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն ընթացիկ տարվա մթերումների կազմակերպման և պատրաստի արտադրանքի իրացման հետ կապված խնդիրների վերաբերյալ: Խորհրդակցությունը, որին մասնակցում էին ոլորտը ներկայացնող շուրջ 80 ձեռնարկությունների ղեկավարներ, պատասխանատու գերատեսչությունների ղեկավարներ, արտահանման խթանման հարցերով զբաղվող կառույցների ներկայացուցիչներ, հրավիրվել էր վարչապետ Սարգսյանի հանձնարարականով` երկու շաբաթ առաջ տեղի ունեցած խորհրդակցության արդյունքում:

Ողջունելով ներկաներին` կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել քննարկման հրավերն ընդունելու համար. «Այս խորհրդակցությունը վերաբերում է գյուղատնտեսությանը, մթերման ու վերամշակման խնդրին և գյուղատնտեսական ապրանքների արտադրությունից մինչև սպառում շղթային: Ձեզ հետ մտադիր ենք քննարկել առկա խնդիրները և լսել ոլորտի մասնագետների կարծիքը, թե ինչ համատեղ քայլեր պետք է ձեռնարկենք, որպեսզի ոլորտում լրջագույն առաջընթաց ունենանք»:
Արտահանման խթանման ուղղությամբ իրականացվող քայլերի և ոլորտում տիրող իրավիճակի վերաբերյալ զեկուցումներով հանդես են եկել ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Տիգրան Դավթյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Սերգո Կարապետյանը, «Զարգացման հայկական գործակալության» տնօրեն Ռոբերտ Հարությունյանը և Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության առևտրային ներկայացուցիչ Կարեն Ասոյանը:
Հաջորդիվ ծավալվել է մտքերի փոխանակում, որի ժամանակ գործարարները ներկայացրել են իրենց մտահոգությունները և առաջարկությունները հիմնականում ֆինանսական միջոցների մատչելիության, արտաքին շուկայում արտադրանքի առաջմղման և օժանդակ նյութերի ներմուծման պայմանների բարելավման վերաբերյալ:
Ամփոփելով հնչեցված հարցադրումները` Տիգրան Սարգսյանը նշել է, որ գործարարների կողմից ընթացիկ տարվա մթերումների կազմակերպման և պատրաստի արտադրանքի իրացման ընթացքի վերաբերյալ ՀՀ գյուղատնտեսության նախարարություն ներկայացված տեղեկատվությունը վկայում է այն մասին, որ հայկական վերամշակող ձեռնարկությունները խնդիրներ ունեն իրացման բնագավառում և պետության աջակցությունն են ակնկալում: Վարչապետն առանձնացրել է բարձրացված հարցերի երկու խումբ. «Առաջինը ֆինանսական ոլորտի խնդիրներն են: Այս տարի մտադիր ենք ստեղծել արտահանումն ապահովագրող պետական կառույց, որը մասնագիտանալու է արտահանման ռիսկերի գնահատման գործում: Դա պետության կողմից լուրջ աջակցություն կլինի արտահանման գործում մասնագիտացող կազմակերպություններին:
Երկրորդ խնդիրն այն է, թե արդյոք նպատակահարմա՞ր է պետության մասնակցությամբ միավորել փոքր և միջին ձեռնարկությունները` ստեղծելով համատեղ ձեռնարկություն, որի նպատակն է լինելու վերամշակված գյուղմթերքների արտահանմամբ զբաղվելը: Մենք պատրաստ ենք քննարկել դա և առարկայորեն աշխատել այն ձեռնարկությունների հետ, որոնք համաձայն են պետության հետ միասին մասնակցել այդպիսի կորպորացիայում: Այդ հարցը մեր օրակարգում կա, ամեն ինչ կախված է մասնավոր հատվածից: Եթե մասնավոր հատվածը շահագրգռված է, ապա պետությունը պատրաստ է աջակցել այդ հարցում»:

Վարչապետը ներկայացրել է գյուղատնտեսության զարգացման ՀՀ կառավարության որդեգրած ռազմավարությունը. «Մենք ունենք 340 հազար գյուղացիական տնտեսություն, որոնք մշակում են 400 հազար հա հող: Այս պարագայում անհնար է ունենալ արդյունավետ և մրցունակ գյուղատնտեսություն, որովհետև գյուղատնտեսական ապրանքի ինքնարժեքը բարձր է լինելու: Սա պետք է մտահոգի վերամշակող ձեռնարկություններին, որոնք գյուղացուց գյուղապրանքներ են ձեռք բերում: Գյուղատնտեսությունում էժանացման ճանապարհը արդյունավետության բարձրացումն է, իսկ դա նշանակում է գյուղացիական տնտեսությունների խոշորացում, որպեսզի ինքնարժեքը նվազի: Պետությունը վարելու է գյուղատնտեսական նշանակության բոլոր հողերի պարտադիր մշակման քաղաքականություն: Չմշակվող հողերի համար սեփականատերերը կամ պետք է տույժ վճարեն, կամ օտարեն դրանք:
Վերջին երեք տարում մենք էական ֆինանսական օժանդակություն ենք ցույց տվել գյուղացուն` նպատակ ունենալով էժանացնել գյուղապրանքների ինքնարժեքը. տարեկան մի քանի միլիարդ դրամ ենք հատկացնում, որպեսզի պարարտանյութը, սերմացուն և վառելիքը էժան ու հասանելի լինեն գյուղացուն: Սա նաև անուղղակի օժանդակություն է վերամշակող ձեռնարկություններին, որովհետև մթերքները հասնում են ավելի էժան` հաշվի առնելով, որ այդ ինքնարժեքի մեջ է նաև պետության օժանդակության շրջանակում տրամադրված գումարը: Բայց մեր հիմնական թիրախը վերամշակված ապրանքների իրացումն է: Այդ շղթան կաշխատի, եթե կարողանանք ապրանքներն իրացնել, և առաջիկա տարիների համար հիմնական պետական օժանդակությունը լինելու է այդ ուղղությամբ»: 

Գործադիրի ղեկավարը նշել է, որ պետությունը պատրաստ է քննարկել բոլոր առաջարկություններն արտաքին շուկաներում վերամշակված գյուղապրանքների իրացման հնարավորությունների վերաբերյալ և կարևորել է ՀՀ բազմաթիվ կազմակերպությունների դրական փորձի տարածումը սկսնակ ձեռնարկություններում: Տիգրան Սարգսյանը հավելել է, որ հնչեցված, գրավոր ներկայացված բոլոր հարցադրումները, ինչպես նաև առաջարկությունները կքննարկվեն և դրանց հիման վրա հանձնարարականներ կտրվեն պատասխանատու գերատեսչություններին: Ընդգծելով երկխոսության շարունակակության կարևորությունը` վարչապետը նշել է, որ գործարարների հետ հաջորդ հանդիպմանը կքննարկվի միջոցառումների ծրագիր:

Դոլարի գինը բորսայում` 415 դրամ

դոլարՄայիսի 7-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում կայացել է 3,400,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 415 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 415 դրամ:

NASDAQ OMX Armenia

Սողանքներն այսօր կանխարգելե՞լի են

սողանքՀայաստանում այսօր 2504 սողանքային տեղամասեր կան, որոնք ընդգրկում են 1220 քմ մակերես: 233 համայնքներ ՀՀ տարածքում  գտնվում են սողանքային գոտում: Ավտոմոբիլային ճանապարհների 236 կմ-ը գտնվում է սողանքային ազդեցության գոտում, իսկ երկաթգծի` 4,8 կմ հատվածը:

2007 թ. հունվարի 11-ին կառավարության կողմից հավանության է արժանացել ՀՀ սողանքային աղետի կառավարման հայեցակարգը, կազմվել է ժամանակացույց, որում ներառվել է 131 առավել ակտիվ սողանքային տեղամաս, և նշվել է կոնկրետ միջոցառումների շարք:

ՀՀ քաղաքաշինության նախարարության գիտատեխնիկական քաղաքականության վարչությունից տեղեկացանք, որ սողանքային առավել ակտիվ տեղամասերից է Նուբարաշենի գերեզմանոցի հատվածը, Երևան-Թբիլիսի երկաթգծի Օձուն գյուղի սողանքը, որտեղ տարիներ առաջ ավտովթար է տեղի ունեցել, և Ողջաբերդը, որտեղից բնակիչները հիմնականում տարհանվել են: Գիտատեխնիկական քաղաքականության վարչության պետ Լևոն Քոսյանի տեղեկացմամբ` այն  նոր հատվածներում, որտեղ տարհանված բնակչությանը ժամանակավոր կացարաններ են հատկացվել, նույնպես սողանքներ են առաջացել հիմնականում ինժեներա-երկրաբանական հետազննությունների  թերի կամ դրանց ոչ բավարար իրականացման պատճառով:

Ինչու՞, որովհետև, քաղաքաշինական նպատակներով հողահատկացումները պետք է կատարվեն համապատասխան եզրակացությունների հիման վրա: Պետք է գնահատվի` տվյալ տեղամասում հնարավո՞ր է սողանքների առաջացում, թե՞ ոչ:   Ի դեպ, կավային շերտերի առկայության դեպքում, ոռոգման սխալ մեթոդների կիրառման պայմաններում, հնարավոր է, որ նորից սողանքային երևույթներ առաջանան: Սողանքների ուսումնասիրությունները երկարատև գործընթաց են: Մասնագետների դիտարկմամբ,  եթե օրինակ նախատեսվում է գրունտի բեռնաթափում իրականացնել սողանքային մարմնի գլխամասից, ապա այնտեղ պետք է մշտադիտարկում իրականացվի: Նրա խոսքով` դա կօգնի հետագա նախագծերը կազմելու առավել արդյունավետ հիմքի վրա` ելնելով այդ միջոցառման հիմնական ազդեցությունից: Սողանքների կանխմանն ուղղված աշխատանքները, որոնք երկարատև ժամանակ են պահանջում, ենթադրում են հետազննության անցկացում, սարքի մակերևույթների տեղադրման խորության ճշգրտում, նախագծի մշակում և այլն:

«ՀՀ-ում սողանքային աղետի կառավարման ուսումնասիրություն» ծրագրի արդյունքում մի քանի տարի առաջ (2004-2005 թթ.) Ճապոնիայից մասնագետներ էին Հայաստան ժամանել և որոշ տեղամասերում պիլոտային ծրագրեր իրականացրել: Չափիչ սարքեր էին տեղադրվել Գեղարքունիքի մարզում` հետագայում մոնիթորինգ իրականացնելու նպատակով: Լևոն Քոսյանը մտահոգությամբ նշեց, որ այդ չափիչ սարքերն օգուտ չտվեցին, քանի որ մատնվեցին բարձիթողի վիճակի. հսկողությունը պետք է իրականացնեին համայնքները:

 Հայաստանի փրկարար ծառայության բնակչության և տարածքների պաշտպանության վարչության տարերային աղետների բաժնի պետ, փոխգնդապետ Արթուր Մուրադյանի  տեղեկացմամբ` սողանքային երևույթներից հանրապետության սոցիալ-տնտեսական կառույցներին հասցված ուղղակի վնասը, համաձայն սողանքային տեղամասերի գույքագրման տվյալների, կազմել է շուրջ 43 մլն ԱՄՆ դոլար, իսկ պոտենցիալ վնասը` շուրջ 54 մլն ԱՄՆ դոլար:

«Ակտիվացած սողանքները ՀՀ փրկարար ծառայության մասնագետների կողմից ուսումնասիրվել են, բնակչությանը սպառնացող վտանգները գնահատվել են, հարցը բարձրացվել է կառավարությունում և համապատասխան գերատեսչություններում, որպեսզի յուրաքանչյուրն իրեն առնչվող մասով մասնակից լինի կանխարգելիչ միջոցառումներին և անհրաժեշտության դեպքում աջակցի բնակչության անհապաղ վերաբնակեցման հարցերին»,- նշեց Արթուր Մուրադյանը: Նրա դիտարկմամբ, այս կարևորագույն խնդրի լուծումը պահանջում է համակարգված մոտեցում, հատուկ ռազմավարության մշակում և իրականացում: «Դեպքերի զարգացման արագության դեպքում արձագանքը չի կարող օպերատիվ լինել, քանի որ ֆինանսական ահռելի միջոցներ են անհրաժեշտ: Օպերատիվ արձագանքում ենք միայն մարդկանց կյանքին և առողջությանը վտանգ ներկայացնող հարցերին: Խոսքը վերաբերում է բնակչության վերաբնակեցմանը», – նշեց Արթուր Մուրադյանը` հավաստիացնելով, որ բարեբախտաբար, սողանքային ակտիվացման հետևանքով մարդկային զոհեր  դեռևս չեն արձանագրվել:

  Լ.Ն

 

 

 

 

 

Ճանապարհաշինության շնորհիվ կլորիկ գումարներ են աշխատել

ասֆալտապատումՃանապարհաշինական աշխատանքների իրականացման արդյունքում պետությանը պատճառվել է 109 427 000 դրամի վնաս: Այսպիսի եզրակացության են հանգել Վերահսկիչ պալատում՝ ուսումնասիրելով ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության իրականացրած ավտոճանապարհների շինարարական ծրագրերը:

Ուսումնասիրության արդյունքում բացահայտված չարաշահումներն ու խախտումները սկսվել են դեռեւս նախագծային փուլում: Այսպես, նախագծային կազմակերպությունների կողմից կիրառվել են որեւէ ձեւով չհիմնավորված արժեքներ, որոնք մի քանի անգամ գերազանցում են իրական արժեքի չափը, մի այլ դեպքում էլ, օրինակ, բեռների տեղափոխման աշխատանքների համար կիրառվել են նախկին ԽՍՀՄ-ում կիրառված, եւ ներկայում մեր երկրում այլեւս չգործող արժեքներ:

Նախագծողներն, օրինակ, հաշվել են, որ շինարարներն ամբողջ ճանապարհի երկայնքով հողը փխրեցնելու են բացառապես պայթեցման միջոցով կամ լավագույն դեպքում՝ հետահար մուրճով: Բնականաբար այս տարբերակով արժեքն իրական գնից մի քանի անգամ ավել է ստացվել:

Նախագծերում չեն նշվել նաեւ օգտագործվող նյութերի ծագման աղբյուրները, ինչը հնարավորություն է տվել կապալառուին փաստացի օգտագործել նախահաշվում հաշվարկվածից ավելի էժան նյութ։ Մասնավորապես՝ նախահաշվում հաշվարկվել է Փարաքարի բազալտից եզրաքարի գին, իսկ տեղադրվել է Սիսիանի կամ Մարտունու բազալտե եզրաքար, որն ավելի էժան է։

Ավելորդ չէ նշել, որ նշված թերություններն և բացթողումներ շրջանցել են նաեւ նախագծանախահաշվային փաստաթղթերի փորձաքննություն իրականացրած կազմակերպությունները։ Փոխարենը բավական կլորիկ գումարներ են ստացել իրենց այս աշխատանքի դիմաց: Օրինակ «Ճաննախագիծ ինստիտուտ»-ը խորհրդատվական ծառայությունների դիմաց ստացել է 1 160 760 ԱՄՆ դոլար:

Մեկ ուշագրավ փաստ եւս. Վերահսկողությունն իրականացնող ընկերությունը Հայաստանում բարձրագույն կրթությամբ, 15 տարվա ճանապարհաշինության ոլորտում աշխատանքային փորձ ունեցող ինժեներ իչ գտել եւ որոշել է աշխատանքի է ընդունել գերմանացի փորձագետ Մյուլլեր Կնուտին և ողջ պայմանագրային գնի շուրջ 37%-ը՝ 430 000 ԱՄՆ դոլարը, վճարվել է վերջինիս որպես աշխատավարձ, գիշերավարձի և ինքնաթիռի տոմսի արժեք։

ՀՀ-ում չեն գտնվել նաեւ նոր մետաղական խողովակներ: Այդ պատճառաբանությամբ տեղադրվել են օգտագործված խողովակներ՝ բնականաբար ավելի ցածր գնով:

Բացի այդ, պարզվել է, որ կառուցապատողները խախտել են նաեւ ճանապարհի ծածկույթի բաղադրության համար հաստատված նորմերը: Արդյունքում բոլոր տեսակի ճանապարհների եւ բոլոր կլիմայական գոտիներում կառուցվող ճանապարհների համար օգտագործվել է նույն ասֆալտբետոնյա խառնուրդը:

Այսպիսով, ՎՊ-ի ստուգման շնորհիվ պարզել է, որ «Իջևանի ՃՇՇ» ՓԲԸ-ն կատարվածից ավել է ցույց տրվել 53 205 000, «Արարատ ճանշին» ՍՊԸ-ն՝ 16 772 000 դրամի աշխատանքներ: Փոխարենը նրանց կատարած աշխատանքներն ընդունողները չեն իրականացրել համապատասխան նորմերով նախատեսված անհրաժեշտ բոլոր ստուգումները։ Մերժման ենթակա աշխատանքների դիմաց «Իջևանի ՃՇՇ» ՓԲԸ-ին վճարվել է 12,931.0 հազ. դրամ։

Երկեւ ընկերությունները միասին իրականացվել են 15 188 000 դրամի անորակ աշխատանք, նրանց կատարած աշխատանքներում չի նվազեցվել նվազեցման ենթակա 26 519 000 դրամ գումարը։

Բորսայում դոլարի գինը` 416 դրամ

դոլարՄայիսի 3-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում կայացել է 2,500,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 415.98 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 416 դրամ:

NASDAQ OMX Armenia

Գյուղնախարարության հաղորդագրությունը ուշացած էլ չլիներ` անտեղի էր

ցրտահարությունԱյս տարի էլ բնությունը հաշտ չեղավ հայ գյուղացիների հետ: Արդեն մեկ շաբաթ է, ինչ գրեթե ամեն օր հեռուստատեսությամբ ցուցադրում են Արարատյան դաշտավայրի տարբեր գյուղերի բնակիչներին, որոնք բողոքում են, որ  ապրիլի 23-ի ցրտահարությունը փչացրեց իրենց այգիները, ցանքատարածությունները և այլն:

Գյուղացիների դժգոհության հիմնական պատճառը ՀՀ գյուղատնտեսության նախարարության ուշացած հաղորդագրություններն են, որոնք երկրի բնակիչները ստացան ապրիլի 24-ի երեկոյան. «Այսօր սպասվում է ցրտահարություն, խորհուրդ է տրվում այգիները ծխահարել կամ առատ ոռոգել»…

 Ծղոտ լիներ` անասուններին կկերակրեին

Բայց խնդիրն այն է, որ այդ հաղորդագրություններից մեկ օր առաջ` ապրիլի 23-ի երեկոյան, արդեն ցուրտը հասցրել էր իր «սև գործն» անել: Այսինքն` գյուղնախարարությունը «շատ չէր ուշացել»` ընդամենը մեկ օր…

Հետաքրքիր է, որ ամեն անգամ, երբ մի այսպիսի միջադեպ է լինում,  գյուղնախարարությունը հաղորդագրությունն է ուշացնում, կամ նախարարը մի ինչ-որ բան է ասում, որոնք ընդհանուր աղերս անգամ չեն ունենում գյուղատնտեսության հետ, դեռ չի եղել մի դեպք, որ դրանից հետո կառավարության նիստում այդ հարցի առնչությամբ գոնե մեկ ակնարկ արվեր ՀՀ գյուղնախարարին ու հիշատակվեր, որ ինքը կամ իր ղեկավարած ոլորտը թերացել են: Ու ճիշտ է գյուղացիների այն դիտարկումը, թե ամբողջ աշխարհում գյուղատնտեսությունը բարձր ռիսկային ոլորտ է, իսկ Հայաստանում` կրկնակի, քանի որ ունենք այսպիսի գյուղնախարարություն:

Իսկ ունենք այնպիսի գյուղնախարարություն, որը կարող է «ընդամենը» 24 ժամ ուշացնել ցրտահարության մասին զգուշացումը իր քաղաքացիներին, իսկ հետո` տարին ամփոփելիս, բոլոր մեղքերը բարդել «աննախադեպ» ցրտահարությունների վրա…

Բայց խնդիրը նույնիսկ սա չէ: Լավ, ենթադրենք, որ օդերևութաբանները ճիշտ կանխատեսում չեն կարողացել անել ու մեկ օրով հաղորդագրություն-զգուշացումն ուշացրել են, մի պահ մոռանանք, որ նույնիսկ հաղորդագրությունն են ուշացրել. ընդունենք, թե ճիշտ ժամանակին էլ ուղարկել են: Զավեշտը հաղորդագրության բովանդակությունն է` «ծխահարել կամ առատ ոռոգել»: Ահա հիշեցինք մի հին ու բարի անեկդոտ. գայլերն անխնա ոչնչացնում են նապաստակներին: Նապաստակների ցեղի մեծերը հավաքվում են երեցների ժողովի, որպեսզի որոշեն, թե ինչպես կարելի է փրկվել վերահաս աղետից: Մի ծեր նապաստակ առաջարկում է, որ բուն իմաստուն թռչուն է` մտավորական, փիլիսոփա, ու կարելի է բվից խորհուրդ հարցնել: Գնում են բվի դուռը, խնդրում են, որ մի խորհուրդ տա, թե իրենք ինչպես փրկեն իրենց ազնիվ ցեղը գայլերից: Բուն խորասուզվում է մտքերի մեջ, բվվում, ու մեկ էլ, թե որոշեցի` որպեսզի փրկվեք, պետք է գնաք ու բոլորդ ոզնիներ դառնաք, երբ գայլերը գան ձեզ ուտելու, կկծկվեք, կծակեք նրանց երախները, ու հա՛մ դուք կփրկվեք, հա՛մ էլ անպատկառ գայլերի հախից կգաք: Նապաստակները, ուրախացած, երգու պարով, ոգևորված, շտապում են իրենց գյուղը, մեկ էլ ճանապարհից մեկ այլ ծեր նապաստակ հարցնում է` բա լավ, ինչպե՞ս ենք ոզնի դառնալու: Նորից վերադառնում են բվի մոտ, ու թե, ա՛յ բու, բա մենք ինչպե՞ս պետք է ոզնի դառնանք: Բուն էլ  պատասխանում է. «Ես ստրատեգ եմ, ռազմավարություն եմ մշակում, իսկ մանր-մունր տակտիկական հարցերն ինքներդ լուծեք»:

Վերադառնանք մեր գյուղնախարարության հաղորդագրությանը` ծխահարելուն ու ոռոգելուն: Իհարկե, ցրտահարության դեմ պայքարի լավագույն միջոցները համարվում են այգիների ու ցանքատարածությունների ծխահարումն ու առատ ոռոգումը: Բայց դա դասագրքային միջոց է, և հայկական իրականության մեջ նման «ստրատեգիական» խորհուրդ տալը նման է զառանցանքի:

«Դա ցնդաբանություն է, ինչպե՞ս կարելի է գյուղացուն գարնանը ասել` գնա՛ ու այգիդ ծխահարի՛ր. իսկ ինչո՞վ այդ գյուղացին պետք է ծխահարի, աթարո՞վ, թե՞ ծղոտով: Աթարը գարնանն արդեն վերջացած է լինում: Ծղոտը` նույնպես»,- նշեց գյուղատնտես Էդուարդ Հակոբյանը:

Ենթադրենք, թե աթարն ու ծղոտը չեն էլ վերջացել: Այդ «միջոցները» կարող են ունենալ նրանք, ովքեր անասնապահությամբ են զբաղվում, քանի որ աթարը, ի գիտություն գյուղնախարարության, անասունի թրիքից են ստանում, իսկ Արարատյան դաշտավայրում անասնապահությունն այնքան էլ զարգացած ու տարածված չէ, այստեղ գյուղացիները հիմնականում հողագործությամբ են զբաղվում: Ինչ վերաբերում է ծղոտին, ապա սովորաբար ծղոտ ունենում են նրանք, ովքեր կա՛մ էլի անասնապահությամբ են զբաղվում ու այդ ծղոտը ամբարում են ձմռանն իրենց անասուններին կերակրելու համար, կա՛մ հացահատիկների մշակությամբ են զբաղվում: Բայց սրանք էլ աշնանն իրենց ունեցած ծղոտը վաճառում են անասնապահներին: Իսկ ծղոտը, որպես կեր, ամբարվում է այնքան ժամանակի համար, որքան անասունը պետք է արոտ չհանվի և պահվի գոմերում:

Արարատյան դաշտավայրում էլ անասուններին արոտի հանելու սեզոնը, էլի ի գիտություն գյուղնախարարությանը, վաղ է սկսվում, ոչ հիմա: Բացի այդ, ընդամենը մի քանի օր առաջ, երբ շուկայում հայկական արտադրության պանրի բացակայության աղմուկը բարձրացավ, ՀՀ պանրագործների միության նախագահ Արմեն Գրիգորյանը, բացատրելով պանրի քիչ լինելու հանգամանքը, ասել էր, որ դրա պատճառը եղել է այն, որ «անասունի խոտն անցյալ տարի թանկ էր, այդ պատճառով էլ գյուղացիները գումար չեն ունեցել անասուններին կերակրելու համար և մորթել են: Դրա համար էլ կաթը պակասել է»: Այսինքն` գյուղացիները որ ծղոտ ունենային` իրենց անասուններին կկերակրեին:

Իհարկե, այգիներն ու ցանքատարածությունները ծխահարելու մեկ այլ տարբերակ էլ կա` անվադողեր վառելը: Բայց դա իրատեսական չէ. նախ` անվադողերի այնպիսի քանակ է անհրաժեշտ, որ ամբողջ Արարատյան դաշտին բավականացնի,  բացի այդ, գյուղացիները  դրանք ձեռք բերելու հնարավորություն պետք է ունենան: Մի խոսքով, գյուղնախարարության «ստրատեգները» ծխահարելու մասով մի քիչ չափն անցել են:

Ինչ վերաբերում է «առատ ոռոգելուն», ապա գյուղատնտես Էդուարդ Հակոբյանն այս առումով էլ մի հետաքրքիր դիտարկում է անում` իսկ ինչո՞վ ոռոգեն…

Իրոք, Հայաստանում գյուղատնտեսական ամենահրատապ խնդիրներից մեկը եղել ու մնում է ոռոգման խնդիրը: Գյուղացին, չնայած այն հանգամանքին, որ ջուրը համարվում է հանրային սեփականություն, ջրի տերը չէ: Ու ամեն տարի, երբ սկսվում է ոռոգմոն սեզոնը, ամենաբարձրաձայնվող հարցերը գյուղատնտեսության համար լինում են ջրի առկայության, այն ժամանակին և անհրաժեշտ ծավալներով դաշտ հասցնելու հարցերը: Ուրեմն ամենահարուստ երևակայություն ունենալու դեպքում էլ դժվար է պատկերացնել, որ գյուղացիները ցրտահարությունից փրկվելու համար պետք է միասին միաժամանակ առատ ոռոգեին իրենց հողամասերը:

Հետաքրքիր է` ինչպե՞ս են գյուղնախարարության տղերքը խորհուրդ տալիս իրականացնել «առատ ոռոգումը»: «Մարտավարական հարցերն ինքներդ լուծեք»,- կասեր մեր անեկդոտի բուն, իսկ գյուղնախարարությունն ու կառավարությունը դա էլ չեն ասում…

 

Տեսչական բարեփոխումն արդյունք է տալիս

10371_am_7Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
ՀՀ կառավարությունը ՀՀ նախարարներին, պետական կառավարման մարմինների ղեկավարներին, մարզպետներին և համայնքների ղեկավարներին հանձնարարել է ի գիտություն ընդունել ՀՀ ֆինանսների նախարարության` ՀՀ պետբյուջեի նկատմամբ հսկողության 2012 թ. տարեկան արդյունքների հաշվետվությունը, ձեռնարկել խախտումները, թերությունները վերացնելու և հետագայում բացառելու միջոցներ։Վարչապետ Տիգրան Սարգսյանն ուշադրություն է հրավիրել այն իրողության վրա, որ հինգ տարում պլանային ստուգումների քանակն ութ անգամ կրճատվել է։ «Սա կարևորագույն ցուցանիշ է տեսչական բարեփոխման տեսակետից, նշել է վարչապետը։ – Չնայած ստուգումների քանակը կտրուկ նվազել է՝ ռիսկերի վրա հիմնված վերահսկողությունն իրեն ամբողջովին արդարացնում է, որովհետև ցույց է տալիս, որ բարձրացել է նաև արդյունավետությունը։ Թիրախային ստուգում է իրականացվում առավել ռիսկային օբյեկտներում և ոլորտներում, և տեսնում ենք, որ ստուգումների քանակի ութ անգամ կրճատման արդյունքում վերականգնման ծավալը ոչ թե պակասել է, այլ ավելացել է, իսկ 2011 թվականին կտրուկ ավելացել է։ Դա նշանակում է, որ 2013 թվականի համար պետք է ճիշտ թիրախներ ընտրենք, թե որոնք են այն ոլորտները, որտեղ ամենամեծ ռիսկերն են և որտեղ մենք կարող ենք ակնկալել մեծածավալ վերականգնումներ»։
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի և սոցիալական սպասարկման այլընտրանքային ծառայությունների տրամադրման հայեցակարգին։ Մասնավորապես, նախատեսվում է առաջիկա հինգ տարվա ընթացքում երկրում ստեղծել շուրջօրյա խնամքի տուն և համայնքային ցերեկային կենտրոն և գնել կամ վարձակալել առնվազն 10 բնակարան կամ մեկ առանձնատուն` սատարող կացարան ստեղծելու համար։ Վերջինիս գործունեության շնորհիվ խնամքի այլընտրանքային ծառայությունից կօգտվի հոգեկան առողջության խնդիր ունեցող ավելի քան 300 մարդ։ Հարցի քննարկման ժամանակ արծարծվել է նաև այլընտրանքային զինծառայության խնդիրը։ Ի պատասխան վարչապետի այն հարցի, թե երբ են այլընտրանքային ծառայողների համար հնարավորություններ ստեղծվելու, ՀՀ արդարադատության նախարարն իբրև վերջնական ժամկետ նշել է ս.թ. աշնանային զորակոչը։

Բացառվելու են հարկումից խուսափելու դեպքերը

ՀՀ կառավարությունը քննարկել է «Օֆշորային գոտիներում գրանցված ընկերությունների գործառնությունը ՀՀ հանքարդյունաբերության ոլորտում կարգավորելու մասին» օրինագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել է Ազգային ժողովի պատգամավոր Հրանտ Բագրատյանը։ Նախագիծը միտված է հանքարդյունաբերության ոլորտի տնտեսության ստվերայնության շեշտակի կրճատմանը։ Կառավարությունը, նույնպես մտահոգված լինելով ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների կողմից հարկումից խուսափելու հնարավորությունն օգտագործելու ռիսկով, գտնում է, որ օրինագիծն իրավական առումով խնդրահարույց է և դրա ընդունմամբ հնարավոր չի լինի արդյունավետ ձևով կառավարել վերոնշյալ ռիսկը։ Գործադիրն իր հերթին ԱԺ քննարկմանն է ներկայացրել «Տրանսֆերային գնագոյացման մասին» օրենքի նախագիծը, ինչպես նաև պատրաստում է «Ընդերքի մասին» օրենքում լրացում կատարելու նախագիծը, որոնց ընդունմամբ հնարավոր կլինի հասնել ավելի մեծ արդյունավետության։ Այս պատճառաբանությամբ կառավարությունը նպատակահարմար չի համարել Հ. Բագրատյանի առաջարկած օրինագծի ընդունումը։ Քննարկումն ամփոփել է վարչապետ Տիգրան Սարգսյանը. «Կառավարությունն այն տեսակետին է, որ մեր խստագույն վերահսկողության ներքո պետք է գտնվեն օֆշորային ձեռնարկությունները, որոնք ներդրումներ են կատարում Հայաստանում, որոնք զբաղվում են ՀՀ-ից ապրանքների արտահանմամբ, իրացմամբ, որովհետև այդտեղ մենք լրջագույն ռիսկեր ենք տեսնում, որոնց նպատակն է խուսափել ՀՀ-ի առջև իրենց ֆինանսական պարտականությունների և պարտավորությունների կատարումից։ Այս տեսակետից պարոն Բագրատյանի տեսակետները համահունչ են այն քաղաքականությանը, որ մենք պետք է իրականացնենք։ Պարոն Գաբրիելյանի ներկայացրած մոտեցումները, կարծում եմ, հիմք են ստեղծում, որպեսզի մենք կարողանանք պարոն Բագրատյանի հետ առավել արդյունավետ օրենքներ մշակել, որպեսզի այդ վերահսկողությունը կարողանանք պատշաճ ձևով իրականացնել»։
Մեկ այլ որոշմամբ ի գիտություն են ընդունվել ՀՀ բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2012 թ. ընթացքում բարեգործական ծրագրերի կատարման ընթացքի մասին հաղորդումը և տեղեկանքները։ Նշված ժամանակամիջոցում բարեգործական և մարդասիրական օգնության ծրագրեր է իրականացրել միջազգային և հանրապետական 125 կազմակերպություն։ Կազմակերպություններից 52-ն իրականացրել է երկարաժամկետ` ինչպես աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման, այնպես էլ բարեգործական բեռների ներմուծման և բաշխման ծրագրեր, իսկ 73-ը` կարճաժամկետ` միայն բարեգործական բեռների ներմուծման և բաշխման ծրագրեր։ Մեծածավալ ծրագրեր են իրականացնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը` 2.67 մլրդ դրամ, «Փյունիկ» բարեգործական հիմնադրամը` 1.38 մլրդ դրամ և մի շարք այլ կազմակերպություններ։

 

Կարգավորվում և հստակեցվում է Խաղային գործի բնագավառը

Գործադիրն իր նախկին որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ և լրացումներ, որոնք պայմանավորված են «Շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքով և կառավարության համապատասխան որոշմամբ։ Դրանց համաձայն 2013 թ. հունվարի 1-ից նախատեսված է խաղատան կամ շահումով խաղի գործունեության իրականացում կրթական և պատմամշակութային օջախներից, պետական հիմնարկներից, հիվանդանոցներից կառավարության սահմանած որոշակի հեռավորությամբ գտնվող տարածքներում։ Նոր որոշմամբ կարգավորվում է Խաղային գործը, ներդրվում են արտոնագրման պայմանների հստակեցման մեխանիզմներ։ Հաջորդ որոշումը նույնպես թելադրված է վերը նշված օրենքով` Կոտայքի մարզի Ծաղկաձորի, Վայոց ձորի մարզի Ջերմուկի, Գեղարքունիքի մարզի Սևանի համայնքներում գտնվող խաղատան կամ շահումով խաղի գործունեության վերաբերմամբ։
Կառավարությունն ընդունել է «Գույք հանձնելու մասին» որոշումը, որի համաձայն ՀՀ-ում հատուկ վտանգավոր ախտածիններին առնչվող գործունեության անվտանգության ապահովման նպատակով հիմնվելիք կենտրոնական լաբորատոր հաստատությունը տեղակայվելու է ՀՀ ԳԱԱ քիմիական ֆիզիկայի ինստիտուտի Պ. Սևակի 5/2 հասցեում գտնվող մասնաշենքերում։
Իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկի հանձնարարականով կառավարությունը բարելավել է Վայոց ձորի մարզի սահմանամերձ Խաչիկ գյուղի վթարային բնակարաններում ապրող հինգ ընտանիքի բնակարանային պայմանները` նրանց անհատույց պետական աջակցություն տրամադրելու միջոցով։


Կբարելավվի շինարարության ոլորտի բիզնես կարգավորման համակարգը

Փոփոխություններ և լրացումներ կատարելով իր նախկին որոշումներից մեկում, կառավարությունը նպատակ ունի բացառել եղած էլեկտրոնային հաղորդակցության կապուղիների վնասումը շինարարական աշխատանքների կատարման ընթացքում, չսահմանափակել էլեկտրոնային հաղորդակցության օպերատորների կողմից մատուցվող ծառայությունների մրցակցային հնարավորությունները, ապահովել գործարար միջավայրի բարելավումը հարցի կարգավորման մեխանիզմները մշակելիս և այլն։
Կառավարության մեկ այլ որոշում ուղղված է հողամասերի օգտագործման արդյունավետության բարձրացմանը. խոսքը վերաբերում է Տավուշի մարզի Թեղուտի գյուղական համայնքին, որն այս որոշմամբ հնարավորություն կունենա առաջնային խնդիր հանդիսացող մանկապարտեզի շենքը կառուցել նպատակահարմար հողամասում։
Գործադիրը փոփոխել և լրացրել է իր նախկին որոշումներից մեկը` ՀՀ էկոնոմիկայի նախարարության երկու վարչությունները միաձուլման ձևով վերակազմակերպելով և ստեղծելով գործարար միջավայրի բարելավման ու փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման վարչություն, իսկ որակի ենթակառուցվածքների վարչությունը վերանվանել որակի ենթակառուցվածքի և տեխնիկական կանոնակարգման վարչության։
Մեկ այլ որոշման փոփոխությունը նպատակ ունի հստակեցնելու ՀՀ նախարարությունների կազմում գործող` ծրագրերի իրականացման գրասենյակներում թափուր պաշտոնները համալրելու համար հայտարարված մրցույթների փաստաթղթային փուլում գնահատման ընդհանուր միավորների հանրագումարի հաշվարկը, պաշտոն զբաղեցնելու համար դիմած քաղաքացիների գնահատման անցկացումը, մրցույթի հարցազրույցի փուլ չանցնելու վերաբերյալ էլեկտրոնային փոստի միջոցով ստացման վերջնաժամկետները։
Խնդիրը տնտեսության բեկումնային առաջընթացի ապահովումն է

ՀՀ կառավարությունը հաստատել է`
– «Պետական աջակցություն Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի կանոնադրական խնդիրների իրականացման» 2013 թ. միջոցառումների ծրագիրը, որի իրականացմամբ ակնկալվում է խթանել երկրի տնտեսության զարգացումը, թափ հաղորդել ընտրված թիրախային ոլորտներին և այլն,
– պետբյուջեի և այլ միջոցների հաշվին գնվող դեղերի տեխնիկական բնութագրերի կազմման չափորոշիչները,
– «2013-2015 թթ. գյուղատնտեսական կենդանիների հիվանդության լաբորատոր ախտորոշման և կենդանական ծագում ունեցող հումքի և նյութի, բույսերի կարանտինի, գյուղմշակաբույսերի և բույսերի պաշտպանության միջոցների լաբորատոր փորձաքննության իրականացում» ծրագիրը,
– նախկին որոշումներից մեկի փոփոխությունները և լրացումը, որոնք կօգնեն ավելի ամբողջական բավարարելու միջազգային կազմակերպություններին կենդանիների հիվանդության վերաբերյալ ներկայացվող պահանջները,
– Հայկական ատոմային էլեկտրակայանի միջուկային և (կամ) ճառագայթային վթարի դեպքում նախահարձակ պաշտպանական միջոցառումների իրականացման և շտապ պաշտպանական միջոցառումների պլանավորման գոտիներում գտնվող համայնքների բնակչությանն, ինչպես նաև փրկարարական ու վթարի հետևանքների վերացման աշխատանքի մասնակիցների համար պետական պահուստում պահպանման ենթակա նյութական արժեքների անվանացանկը և կուտակման նորմաները,
– նախկին որոշումներից մեկի փոփոխությունները, որոնց համաձայն Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանին թույլատրվում է իրականացնել ձեռնարկատիրական գործունեության մի շարք տեսակներ,
– ավելի վաղ ընդունած որոշումներից մեկի փոփոխությունը, որով արդյունավետ կդառնան Լոռու և Տավուշի մարզերի բնության հուշարձանների կառավարման գործընթացները։
Միջազգային համագործակցություն

ՀՀ կառավարությունը համաձայնություն է տվել Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության կառավարությունների միջև Հայաստանում «Ռուսական վարժարան» հիմնադրամ ստեղծելու համաձայնագրի կնքման առաջարկությանը։ Կրթօջախը կստեղծի Հայաստանում ռուսաց լեզվով միջնակարգ կրթության երրորդ աստիճանի հանրակրթական ծրագիր իրականացնելու և որակյալ կրթություն կազմակերպելու բարենպաստ պայմաններ։
Իր նիստում կառավարությունը Գյումրու Ազատ Շիրինյանի անվան «Օկտետ» N6 երաժշտական դպրոցի վերակառուցմանը պետական աջակցություն ցուցաբերելու նպատակով հատկացրել է 10 մլն դրամ։ Վերակառուցումը, որն իրականացվում է «Ռոքն օգնում է Հայաստանին/Հայաստանը շնորհակալ է ռոքին» ծրագրով, մոտենում է ավարտին։ Ս.թ. սեպտեմբերին տեղի կունենա դպրոցի բացումը, որին կմասնակցի նաև Deep Purple-ի մենակատար Իեն Գիլանը։ 2009-2012 թթ. դպրոցի վերակառուցման նպատակով հավաքվել է 110 հազար ԱՄՆ դոլար։ 2012 թ. Մարդիքյան ընտանիքի հիմնադրամը եռապատկել է հավաքված գումարը, 21 հազար 200 ԱՄՆ դոլարի գործիքներ է տրամադրելու Millbank Music երաժշտական գործիքների խանութի սեփականատեր Թիմ Իրվինգը։
Կառավարության որոշմամբ Շվեդիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն ստեղծելու նպատակով ՀՀ արտաքին գործերի նախարարությանը հատկացվել է շուրջ 168 մլն դրամ։ Դեսպանության բացումը խթան կհանդիսանա զարգացնելու հայ-շվեդական երկկողմ հարաբերությունները, այդ թվում` առևտրատնտեսական ոլորտում և օգտվելու Շվեդիայի տնտեսական հզոր ներուժից։
Գործադիրը համաձայնություն է տվել Հայաստանի Հանրապետության և Ֆրանսիայի Հանրապետության կառավարությունների միջև Հայաստանում զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) և Պրոպարկո մասնաճյուղի հաստատման և գործունեության համաձայնագրի կնքման առաջարկությանը։ Փաստաթուղթը սահմանում է ԶՖԳ խմբի, որի մեջ մտնում է նաև դրա մասնավոր հատվածի ֆինանսավորմամբ մասնագիտացած Տնտեսական համագործակցության խթանման և մասնակցության մասնաճյուղը (Պրոպարկո), Հայաստանում հաստատվելու, կարգավիճակի և գործունեության իրավաբանական, հարկային, ֆինանսական և այլ պայմանները։
ՀՀ կառավարության համաձայնությունն են ստացել Հայաստանի Հանրապետության և Իրաքի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության և Բահրեյնի Թագավորության կառավարությունների միջև եկամտի և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու, Հայաստանի Հանրապետության և Բահրեյնի Թագավորության կառավարությունների միջև տնտեսական, գիտական և տեխնիկական համագործակցության համաձայնագրերի կնքման առաջարկությունները։

Այլ որոշումներ

ՀՀ կառավարությունն ընդունել է Կոտայքի մարզի Պռոշյանի գյուղական համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու, համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն նշանակելու, անցկացնելու և ընտրության նախապատրաստման ու անցկացման ծախսը ֆինանսավորելու որոշում։
Կառավարության որոշմամբ «Բեկոր» ՓԲԸ-ին թույլատրվել է մինչև 2013 թ. դեկտեմբերի 31-ը Հայաստան ներմուծել արդյունաբերական նշանակության պայթուցիկ նյութեր և պայթեցման միջոցներ, որոնք կիրառվելու են ընդերքօգտագործման ոլորտում։

Գործադիրը որոշել է ս.թ. մայիսի 10-ի աշխատանքային ուրբաթ օրը տեղափոխել ս.թ. մայիսի 18` շաբաթ օր։

 

168 մլն դրամ` Շվեդիայում ՀՀ դեսպանատուն բացելու համար

կառավարությունԿառավարության որոշմամբ Շվեդիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն ստեղծելու նպատակով ՀՀ արտաքին գործերի նախարարությանը հատկացվել է շուրջ 168 մլն դրամ։ Դեսպանության բացումը խթան կհանդիսանա զարգացնելու հայ-շվեդական երկկողմ հարաբերությունները, այդ թվում` առևտրատնտեսական ոլորտում և օգտվելու Շվեդիայի տնտեսական հզոր ներուժից։

Ֆրանսիայի հարկային մարմինները հետաքրքրված են ԱԳ նախարարի ժառանգով

724917Ֆրանսիայի հարկային մարմիններին հետաքրքրել է Թոմ Ֆաբիուսը` հանրապետության ԱԳ նախարար Լորան Ֆաբիուսի որդին: Տեղական ԶԼՄ-ների հաղորդմամբ, Ոչ օրինական ֆինանսական սխեմաների հակազդեցության վարչությունը ստուգում է  Ֆաբիուս-կրտսերի 7 մլն եվրոյով տուն ձեռք բերելու գործարքը: Խոսքը Փարիզում 280 քմ տարածքով շքեղ  առանձնատան մասին է, որն ինչ որ ժամանակ պատկանել է  ֆրանսիացի ռեժիսոր Կլոդ Զիդիին:

Քննիչները որոշեցին պարզել 31-ամյա Թոմի եկամտի աղբյուրնեըը: Ինքը` երիտասարդը հայտարարել է, որ բանկից վարկ է վերցրել` իր խորհրդատվական ընկերության երաշխիքով, որի եկամուտը, ինչպես պարզեցին լրագրողները, կազմում է ընդամենը մի քանի հազար եվրո:

2 տարի առաջ փարիզյան  դատարանը Թոմ Ֆաբիուսին տուգանեց 15 հազար եվրոյով` վստահությունը չարաշահելու մեղադրանքով: Նրա դեմ 2009-ին երկու հայց էր ներկայացվել` մեկը` ձեռներեցից, մյուսը` ներդրողից, որոնց հետ նա աշխատում էր մի նախագծի վրևա: Գործը լուծվեց արբիտրաժային դատարանում:

Մինչդեռ նրա հայրը`Լորան Ֆաբիուսը Ֆրանսուա Օլանդի շրջապատում ամենաազդեցիկ  նախարարներից է համարվում:

ԱՄՀ-ը բարձր է գնահատել Հայաստանի կառավարության հետ իրականացվող ծրագրի արդյունքները

ԱՄՀ-կառավարությունՎարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնին և ԱՄՀ հայաստանյան գրասենյակի մշտական ներկայացուցիչ Գիերմո Տոլոսային:
Հիմնադրամի ներկայացուցիչները նախ շնորհավորել են Տիգրան Սարգսյանին՝ վարչապետի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ և մաղթել նորանոր հաջողություններ:
Անդրադառնալով 2010 թ. հունիսից մեկնարկած և այս տարվա սեպտեմբերին ավարտվող ԱՄՀ «Երկարաձգվող ֆինանսավորում»/«Երկարաձգվող վարկավորում» ծրագրի եզրափակիչ փուլի արդյունքներին՝ Մարկ Հորթոնը գոհունակությամբ նշել է, որ ծրագրով նախատեսված բոլոր թիրախներն իրագործվել են և որևէ լուրջ խնդիր չի արձանագրվել:
ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարը շնորհավորել է Տիգրան Սարգսյանին 2012 թ. բյուջեի դեֆիցիտի կրճատման և եկամուտների զգալի աճ ապահովելու համար: Մարկ Հորթոնը բարձր է գնահատել նախորդ տարվա ընթացքում ՀՀ-ում արձանագրված տնտեսական աճը՝ փաստելով, որ այն գերազանցել է ԱՄՀ-ի՝ 6,2 տոկոս աճի կանխատեսումը: Նրա խոսքով՝ դա հնարավոր է եղել հանքարդյունաբերության, վերամշակման և այլ ոլորտներում իրականացված ներդրումների շնորհիվ: Միաժամանակ, վերջինս հույս է հայտնել, որ ընթացիկ տարում ևս կառավարությանը կհաջողվի գերազանցել ԱՄՀ-ի՝ տնտեսական աճի ապահովման վերաբերյալ կանխատեսման ցուցանիշը:
Մարկ Փարթոնն օրինակելի է համարել նաև կենսաթոշակային բարեփոխումների իրականացման գործում Հայաստանի փորձը, կատարվող քայլերը և նշել, որ դրանց արդյունքում ձևավորվել է ամուր իրավապայմանագրային դաշտ, Հայաստան են ներգրավվում աշխարհի լավագույն հաստատությունները:
Հորթոնը հույս է հայտնել, որ երկկողմ համագործակցության բարձր մակարդակը լավ հիմք կհանդիսանա ԱՄՀ նոր ծրագրի իրականացման համար:
Այդ համատեքստում, զրուցակիցները քննարկել են նոր ծրագրին, Հայաստանում գործարար միջավայրի բարելավմանը, ներդրումների ներգրավմանը վերաբերող հարցեր:
Վարչապետ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել մեր երկրում իր առաքելությունն ավարտող ԱՄՀ հայաստանյան գրասենյակի մշտական ներկայացուցիչ Գիերմո Տոլոսային համատեղ աշխատանքի համար և հույս հայտնել, որ վերջինս ապագայում կպահպանի կապը Հայաստանի հետ:

Աշխատանքի տոնավաճառ Գյումրիում

տոնավաճառԱշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի “Զբաղվածության պետական ծառայություն” գործակալության և Զբաղվածության Գյումրու մարզային կենտրոնի կողմից վեցերորդ անգամ Գյումրիում անցկացվեց աշխատանքային տոնավաճառ:
Տոնավաճառին մասնակցության հայտ էր ներկայացրել 37 գործատու, որոնք առաջարկել էին 177 առկա և 186 սպասվելիք աշխատատեղեր: Մասնավորապես, Գյումրի՝ 32 գործատու, 169 առկա և 172 սպասվելիք թափուր աշխատատեղ, Ամասիա՝ 1 գործատու,  3 թափուր աշխատատեղ, Մարալիկ՝ 2 գործատու, 1 առկա և 4 սպասվելիք թափուր աշխատատեղ, Արթիկ՝ 2 գործատու, 4 առկա և 10 սպասվելիք թափուր աշխատատեղ:

Հավելենք, որ նախորդ տարի Գյումրիի աշխատանքային տոնավաճառին մասնակցել է 35 գործատու և առաջարկել 216 առկա ու 179 սպասվելիք աշխատատեղ, իսկ տոնավաճառին մասնակցել է շուրջ 2150 աշխատանք փնտրող: 2012-ի տոնավաճառի արդյունքում աշխատանք է գտել շուրջ 181 մարդ:

Ապրիլի 1-ի դրությամբ Շիրակի մարզում գրանցված է 9437 աշխատանք փնտրող, որից 8167-ը գործազուրկներն են, իսկ Գյումրիի զբաղվածության տարածքային կենտրոնում գրանցված է 8185 աշխատանք փնտրող, որից 7500-ն ունի գործազուրկի կարգավիճակ:

Ինչպես մեզ հետ զրույցում նշեց “Զբաղվածության պետական ծառայություն” գործակալության պետ Արտակ Մանգասարյանը, թվային տվյալները խոսում են գործազուրկների թվի կրճատման մասին. “Այս տարի աշխատանք փնտրողների քանակը քչացել է, մեր ծառայության տվյալներով: Գործազրկության մակարդակը հանարապետությունում համարյա նույնն են, տատանումները շատ քիչ են: Ի դեպ, նախորդ տարի, թեև թվով ավելի քիչ գործատուներ էին մասնակցել տոնավաճառին, բայց ավելի շատ աշխատատեղեր էին առաջարկել”: Չնայած այն հանգամանքին, որ Շիրակի մարզն ու մասնավորապես Գյումրին, տարիներ շարունակ համարվում է Հայաստանի ամենաշատ գործազուրկներ նունեցող շրջանը:
Իսկ մի՞թե մարդիկ զբաղվածության կենտրոններում չեն հաշվառվում, որովհետև աշխատանքով արդեն ապահովվել են հարցին զբաղվածության Գյումրիի տարածքային կենտրոնի տնօրեն Ամալյա Ադամյանը նշեց. “Նաև աշխատանք են գտել: Ես կարող եմ մի քանի պատճառներ նշել. առաջինը, որ նաև օրենսդրությունն ինքն է ակտիվ աշխատանք փնտրողներին խրախուսում, այսինքն, եթե դու ակտիվ աշխատանք փնտրող ես, պարտավոր ես  գոնե 6 ամիսը մեկ անգամ ներկայանալ զբաղվածության ծառայություն: Եթե չես գալիս, ապա քեզ հանում են հաշվառումից: Եվ ինչու չէ, եթե զբաղվածության տոկոսը բարձրանում է, իջնում է նաև գործազրկության մակարդակը”:
Գործազուրկների մեջ մեծ թիվ են կազմում ինժեներները, բուժքույրերը, տնտեսագետները, հաշվապահները, ֆիզիկոսները, ֆինանսիստները, մանկավարժները, վաճառողները, օպերատորները, վարորդները և այլն:
Այս տոնավաճառին ամենաշատ աշխատատեղերն առաջարկել էին Ա.ԷՆ.ԷՍ “Ֆաշիոն Գրուպ” ՍՊԸ-ն՝ նոր ստեղծվելիք հոլանդական ֆիրման, Գյումրիի քաղաքապետարանը և Գյումրիի տեխնոպարկը:
Թե որքան գործազուրկ աշխատանք կգտնի այս տոնավաճառի արդյունքում, ցույց կտան երեք ամիս հետո կատարված ուսումնասիրությունները:

 

Մարիամ Խալաթյան

Դոլարը`412.25 դրամ

դոլարԱպրիլի 30-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում կայացել է 1,900,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 411.84 դրամ մեկ ԱՄՆ դոլարիդիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 412.25 դրամ:

 

Հուլիսի 1-ից կենսաթոշակների և աշխատավարձերի բարձրացումն օրակարգում է

կառավարությունՀուլիսի 1-ից հանրապետությունում կենսաթոշակների և աշխատավարձերի բարձրացումը ՀՀ կառավարության օրակարգում է: Թե Ֆինանսների նախարարության և թե կառավարության լրատվական ծառայություններից «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան հաստատեցին, որ այս հարցի շուրջ բոլոր համապատասխան մարմինների մասնակցությամբ քննարկումները կառավարությունում շարունակվում են և դրանց ավարտին հանրությունը կտեղեկանա արդյունքների մասին:

Հիշեցնենք, որ դեռևս մարտի 19-ին, լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանը տեղեկացրել էր , որ այս տարվա հուլիսի 1-ից միջին աշխատավարձի չափը շոշափելիորեն բարձրացնելու ծրագրեր կան: Նախագահը նաև նշել էր, որ կառավարությունում լրջորեն քննարկվում է նաև թոշակների բարձրացման հարցը:

«Որևէ մեկը չի լսել, որ ես քարոզարշավի ընթացքում ասեմ, որ մենք կտրուկ բարձրացնելու ենք աշխատավարձերը, թոշակները, ես դա չեմ ասել գիտակցաբար, որովհետև դա էլ եմ կաշառքի մի ձև համարում, բայց դա չի նշանակում, որ մենք այդպիսի ծրագիր չունենք. տարվա վերջում ունենալու ենք 35-40 մլրդ դրամի տնտեսում, 7% տնտեսական աճ առնվազն և աշխատավարձի առաջանցիկ աճ գնաճից»,- սոցիալական խնդիրների շուրջ լրագրողների հարցին ի պատասխան ասել էր Սերժ Սարգսյանը:

Հեղինակ:

2013 թվականի առաջին եռամսյակում բյուջեն կատարվել է 25.1 մլրդ դրամ հավելուրդով

բյուջե2013 թվականի առաջին եռամսյակում ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են շուրջ 231.3 մլրդ դրամ, իսկ ծախսերը` 206.1 մլրդ դրամ, որոնք համապատասխանաբար 103%-ով և 88.8%-ով ապահովել են ՀՀ կառավարության առաջին եռամսյակի ծրագրի կատարումը: Հարկ է նշել, որ ապահովվել է պետական բյուջեի ծախսային ծրագրերի շրջանակներում հունվար-մարտ ամիսներին պետական մարմինների կողմից սահմանված կարգով ստանձնած պարտավորությունների ամբողջական կատարումը: «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի 9‑րդ հոդվածի 11‑րդ կետի և 11-րդ հոդվածի 3-րդ կետի պահանջներից ելնելով` պետության դրամական միջոցների համախմբված հաշվառման նպատակով պետական բյուջեի ծրագրային և փաստացի ցուցանիշներում ներառվել են նաև ՀՀ պետական հիմնարկների համար բացված արտաբյուջետային հաշիվների համապատասխան շրջանառությունը, ինչպես նաև առանց սահմանափակման պետական բյուջեից կատարվող վճարումները: Մասնավորապես` արտաբյուջետային եկամուտները կազմել են շուրջ 5.4 մլրդ դրամ կամ առաջին եռամսյակում նախատեսված մուտքերի 84.7%‑ը, իսկ ծախսերը` 2.9 մլրդ դրամ կամ եռամսյակային ծրագրի 39.3%-ը: Պետական բյուջեի տարեկան ծրագրային ցուցանիշները կատարվել են եկամուտների գծով` 22.3%-ով, ծախսերի գծով` 20.1%-ով:

ՀՀ պետական բյուջեի եկամուտները

2012 թվականի առաջին եռամսյակի համեմատ պետական բյուջեի եկամուտներն աճել են 23.8%‑ով կամ շուրջ 44.5 մլրդ դրամով, ինչը հիմնականում ապահովվել է հարկային եկամուտների աճի հաշվին:

Պետական բյուջեի եկամուտների 95.1%-ը ձևավորվել է հարկային եկամուտների և պետական տուրքերի, 4.7%-ը` այլ եկամուտների, 0.2%-ը` պաշտոնական դրամաշնորհների հաշվին:

2013 թվականի առաջին եռամսյակում ՀՀ պետական բյուջե են մուտքագրվել ավելի քան 220 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, որոնք կազմել են եռամսյակային ծրագրի 103.8%-ը: 2012 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ նշված եկամուտներն աճել են 24.1%‑ով կամ 42.7 մլրդ դրամով, ինչը մեծ մասամբ պայմանավորված է ավելացված արժեքի հարկի և մաքսատուրքի գծով մուտքերի աճով: Բացի այդ, 2013 թվականից հարկային օրենսդրության մեջ կատարված փոփոխությամբ նախկինում սահմանված եկամտահարկի և պարտադիր սոցիալական ապահովության վճարների փոխարեն ներդրվել է մեկ միասնական` եկամտային հարկ, որի գծով անցած ժամանակահատվածում պետական բյուջե է մուտքագրվել 43.6 մլրդ դրամ: 2013 թվականի առաջին եռամսյակում նախորդ տարվա պարտավորությունների գծով ՀՀ պետական բյուջե են մուտքագրվել 10.4 մլրդ դրամ պարտադիր սոցիալական ապահովության վճարներ և 6.8 մլրդ դրամ եկամտահարկ: Եկամտային հարկից ստացված մուտքերը` հաշվետու ժամանակահատվածում մուտքագրված եկամտահարկի և պարտադիր սոցիալական ապահովության վճարների հետ միասին (որոնք մուտքագրվել են նախորդ տարվա պարտավորությունների գծով) 21.4%-ով գերազանցել են նախորդ տարվա նույն ժամանակահատվածում մուտքագրված եկամտահարկի և պարտադիր սոցիալական ապահովության վճարների մուտքերը: 2013 թվականից ներդրվել է ևս մեկ նոր հարկատեսակ` շրջանառության հարկը, որի գծով առաջին եռամսյակում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 1.8 մլրդ դրամ:

ՀՀ պետական բյուջեի ծախսերը

2013 թվականի հունվար-մարտ ամիսներին ՀՀ պետական բյուջեի ծախսերը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 10.3%‑ով կամ 19.2 մլրդ դրամով: Ընդ որում, աճ է արձանագրվել ընթացիկ ծախսերի գծով, իսկ ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունների գծով արձանագրվել է նվազում:

Ընթացիկ ծախսերը հաշվետու ժամանակահատվածում կազմել են 199.8 մլրդ դրամ` 91.5%-ով ապահովելով եռամսյակային ծրագրի կատարումը: Նախորդ տարվա հունվար- մարտ ամիսների համեմատ ընթացիկ ծախսերն աճել են 10.9%-ով կամ 19.6 մլրդ դրամով:

Ընթացիկ ծախսերից 19.8 մլրդ դրամ տրամադրվել է պետական հիմնարկների աշխատողների աշխատանքի վարձատրությանը, որը կազմել է եռամսյակային ծրագրի 89.7%-ը և 20.9%-ով գերազանցել նախորդ տարվա նույն ցուցանիշը:

 

ՀՀ պետական բյուջեի հավելուրդը

2013 թվականի հունվար-մարտ ամիսներին ՀՀ պետական բյուջեն կատարվել է 25.1 մլրդ դրամ հավելուրդով` առաջին եռամսյակի ծրագրով նախատեսված 7.5 մլրդ դրամ պակասուրդի դիմաց: Մասնավորապես` ներքին ֆինանսավորումը կազմել է -3.0 մլրդ դրամ, արտաքին ֆինանսավորումը` -22.1 մլրդ դրամ: Հաշվետու ժամանակահատվածում բյուջետային ելքերի համեմատ մուտքերի առավել բարձր կատարողականի արդյունքում պակասուրդի ներքին աղբյուրներում ձևավորված ազատ միջոցներն օգտագործվել են 2.2 մլրդ դրամով` առաջին եռամսյակի ծրագրով նախատեսված 39.6 մլրդ դրամի փոխարեն:

 

ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի բաժին 

Իտալիայի էկոնոմիկայի նախարարը կնվազեցնի հարկերը

20130428-F3FBA75A8E98B922-0-0-444C6275-CF008AC6ECA921F2Իտալիայի էկոնոմիկայի նոր նախարար Ֆաբրիցիո Սակկոմաննին  պլանավորում է նվազեցնել հարկերն ու պետական ծախսերը: Բացի այդ,  նա հանդես է գալիս տնտեսական աճը խթանելու նպատակով բանկերի փոխառությունների նվազման օգտին:

Մինչ իր նշանակումը Սակկոմաննին Իտալիայի բանկի տեղակալն էր: Երկրի բուջեն կձևավորվի այնպես, որ միաժամանակ օգնեն ցածր եկամուտով  ձեռներեցներին: Ընդ որում,  ոչ արդյունավետ սոցիալական ծախսերը կկրճատվեն: Դա կօգնի Իտալիային կտրուկ իջեցնելու արտաքին շուկայում փոխառությունների արժեքը: Սակկոմաննին մտադիր է նաև բանկերին, ընկերություններին ու սպառողներին  առաջարկել տնտեսության աճի վերաբերյալ “դաշինք” կնքել, որի  կոնկրետ պայմանների մասին չի ասվում:

Բորսայում դոլարի գինը` 410,5 դրամ

դոլարԱպրիլի 29-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում կայացել է 300,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 410.5 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 410.5 դրամ:

NASDAQ OMX Armenia

«Վիճակագրական» Հայաստանը հեռու է իրական Հայաստանից

վիճակագրությունՎիճակագրությունը յուրաքանչյուր տնտեսության համար կարևոր նշանակություն ունի. այն ստեղծում է երկրի իրական վիճակի համապատկերը, և դրանից ելնելով է կառավարությունը պետական քաղաքականություն մշակում ու իրականացնում այս կամ այն ոլորտում, դրանից ելնելով են գործարարները պլանավորում իրենց բիզնեսը, և այլն: Ու եթե վիճակագրությունը կեղծվում է, նշանակում է` նույնիսկ ամենաիրատեսական ծրագրերը դառնում են անիրականանալի:

 Պանիր չկա, բայց պետք է լիներ

Նախորդ շաբաթ մամուլում հրապարակումներ եղան, որ Երևանի սուպերմարկետներում հայկական արտադրության պանիր չկա, ու թերևս մինչև մայիս նոր խմբաքանակ չեն ստանա: Այդ կապակցությամբ «Ժողովուրդ» օրաթերթին ՀՀ Պանրագործների միության նախագահ Արմեն Գրիգորյանն ասել է. «Պանիր արտադրող ընկերությունները կաթ չեն ունեցել: Քիչ է եղել: Այս խնդիրը բոլոր ընկերությունների մոտ է: Եվ սա կշարունակվի մինչև մայիս ամսվա վերջ: Անասունի խոտն անցյալ տարի թանկ էր, այդ պատճառով էլ գյուղացիները գումար չեն ունեցել անասուններին կերակրելու համար և մորթել են: Դրա համար էլ կաթը պակասել է»:

Այս պարզաբանմանը և մամուլի ահազանգներին անմիջապես պատասխանեց ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը` պարզաբանելով, որ  լավորակ պանիրը, ի տարբերություն այլ կաթնամթերքի, պատրաստվում է բացառապես անարատ կաթից, այն էլ ցածր գնով և մեծ ծավալներով մթերված կաթից: Դեկտեմբեր-մարտ ժամանակահատվածում կաթի  արտադրման ծավալները խիստ նվազում են, ամռան ամիսների համեմատությամբ` մոտ 3,5 անգամ: Բնականաբար, աճում է կաթի մթերման գինը (1 կգ 130-150 դրամից հասնելով 170-200 դրամի): Նման իրավիճակում վերամշակող ձեռնարկությունները թանկ գնով ձեռք բերված կաթի նվազագույն ծավալները գերադասում են տրամադրել այլ կաթնամթերքի (կաթ, մածուն, թթվասեր և այլն): Սրանով է պայմանավորված, ըստ նախարարության, ներքին շուկայում հայրենական արտադրության պանրի ծավալների ժամանակավոր նվազումը: Ինչ վերաբերում է անասնագլխաքանակին,  պարզվում է` այն ոչ թե պակասել է, այլ կտրուկ ավելացել. ընթացիկ տարվա հունվարի 1-ի դրությամբ միայն կովերի գլխաքանակը նախորդ տարվա համեմատությամբ ավելացել է 20 հազարով: Այդ տվյալից ելնելով` ենթադրվում է, որ նախորդ տարվա համեմատությամբ կաթի արտադրությունը կավելանա շուրջ 40 հազար տոննայով: «Ներկայումս վերամշակող ձեռնարկություններն օրեցօր ավելացնում են պանրի արտադրության ծավալները, և պանրի հասունացումից հետո այն կտրամադրվի սպառողին: Ակնկալվում է, որ կաթի արտադրության ծավալների ավելացմանը զուգահեռ, պանրի արտադրությունը նախորդ տարվա համեմատությամբ կավելանա 1,5-2%-ով, ինչն իր հերթին կբերի պանրի գների նվազում 7-10%-ի սահմաններում»,- հավաստիացնում է գյուղատնտեսության նախարարությունը:

Ըստ նույն գյուղատնտեսության նախարարության պաշտոնական տվյալների, որոնք հրապարակված են  նրա կայքում, նախորդ` 2012 թ. անասնագլխաքանակի աճման տեմպերը պահպանվել են նաև 2013-ին: Իսկ 2012-ին նախորդ տարվա համեմատությամբ գյուղատնտեսական կենդանիների աճման ցուցանիշներով Հայաստանը ԱՊՀ երկրներում զբաղեցրել է առաջին տեղը: Բայց հիշենք, որ  անցած տարի խոտի պակասության ու թանկության պատճառով բազմաթիվ ահազանգեր հնչեցին, որ գյուղացիները գերադասում են վաճառել կամ մորթել իրենց անասունները: Ու եթե նշվում է, որ ավելացել է անասնագլխաքանակը, դա նշանակում է, որ պետք է ավելանա նաև այդ անասուններից ստացվող կաթը:

Հարց է ծագում` ինչո՞ւ անցած տարի պանրի խնդիր չկար, իսկ այս տարի կա, երբ ըստ պաշտոնական թվերի` նախորդ տարի ավելի քիչ անասուն ունեինք:

Բայց միայն այս հանգամանքը չէ, որ տարակուսանք է առաջացնում: Ըստ գյուղնախարարության պարզաբանման` կաթի սեզոնային նվազմամբ է պայմանավորված պանրի արտադրության ծավալների նվազումը, մինչդեռ նույն նախարարության պաշտոնական կայքը, ամփոփելով նախորդ տարին, գրում էր, որ 2012 թվականին, նախորդ տարվա համեմատությամբ, կաթի արտադրությունը ավելացել է 16.7 հազար տոննայով կամ 2.8%-ով, և կաթի համախառն արտադրությունը կազմել է 618,1 հազար տոննա: Երբ համեմատում ենք գյուղնախարարության ներկայացրած վիճակագրությունը` համադրելով անասնագլխաքանակի ու կաթի ծավալները, ստացվում է, որ իր կովերի կաթնատվությամբ Հայաստանը մրցում է, օրինակ, ԱՄՆ-ի հետ:

Այս հանգամանքները նշեցինք, հասկանալու համար, որ վիճակագրությունն ընդամենը նկարված, ավելի ճիշտ` «կրակված» թվերի համախումբ է, որն իրականությանը չի համապատասխանում:

Կարծիք կարող է լինել, թե դա վերաբերում է միայն կաթին, կովերին, պանրին, գյուղնախարարությանը, նրա ներկայացրած վիճակագրությանը և այլն: Սակայն

մի կարևոր արձանագրում անենք. անցյալ շաբաթ նաև պարզ դարձավ, որ համաշխարհային շուկայում գունավոր մետաղների գներն ընկել են: Մասնավորապես 1 տոննա պղնձի գինը համաշխարհային շուկայում ընկել է մինչև 7 հազար 253 դոլար,  սա ամենացածր գինն է վերջին 1.5 տարվա ընթացքում: Իսկ նավթի գինը մոտեցել է 100 դոլարի: Սա անմիջականորեն ազդում է մեր երկրի վրա, որովհետև Հայաստանից արտահանվող ապրանքների մի զգալի մասը  գունավոր մետաղների, առավելապես պղնձի հանքաքարն է: Ուստի դրա էժանացումը նվազեցնում է մեր երկրի եկամուտները: Իսկ նավթի գնի անկումը վատթարացնում է վիճակը Ռուսաստանում և բացասական ազդեցություն թողնում այնտեղ աշխատող մեր հայրենակիցների եկամուտների վրա: Իսկ թե ինչ ազդեցություն ունեն  դրսից Հայաստան եկող մասնավոր տրանսֆերտները մեր տնտեսության համար, չեն թաքցնում նույնիսկ պատկան մարմիները: Հարկ է նշել նաև, որ 2008-2009 թթ. համաշխարհային տնտեսական ճգնաժամի ազդեցությունը Հայաստանի վրա հիմնականում այս ապրանքների գների անկմամբ էր պայմանավորված:

Սա նշանակում  է, որ տնտեսական աճի այն ցուցանիշներին հասնելը, որոնք որպես թիրախ իր առջև դրել էր ՀՀ կառավարությունը, չեն իրականանա: Բայց երբ նայում ենք պաշտոնական վիճակագրությանը, Հայաստանը դրախտավայր է:

Փաստացի մենք ունենք արդեն ոչ միայն երկու` իրական ու վիրտուալ Հայաստաններ, այլև դրանց ավելացել է ևս մեկը` վիճակագրական Հայաստանը: Ու մեր երկրի տնտեսությունը այսպես դեռ երկար կկաղա, քանի դեռ Հայաստանում վիճակագրությունը ոչ թե վարվում է, այլ հորինվում: