Տեղաբաշխվել են 500 մլն դրամ ծավալով պարտատոմսեր

պարտատոմսերՄայիսի 19-ին տեղի է ունեցել 26 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT2617B146 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:

Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 500 մլն դրամ է, իսկ պահանջարկը՝ 700 մլն դրամ, որը ամբողջությամբ մրցակցային է: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 500 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 481 057 355 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 7.7889 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 7.8277 տոկոս:
Աճուրդին մասնակցել են 3 գործակալ:

Կառավարությունն իր ողջ գործիքակազմով աջակցելու է ՓՄՁ-ների զարգացմանը. Հովիկ Աբրահամյան

11306_am_3Վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարությունում հանդիպել է փոքր և միջին ձեռնարկատիրության ներկայացուցիչներին: Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը, ՀՀ ֆինանսների և Էկոնոմիկայի նախարարներ՝ Գագիկ Խաչատրյանը և Կարեն Ճշմարիտյանը, հասարակական տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Դիմելով ներկաներին՝ վարչապետ Աբրահամյանը նշել է. «Կառավարությունը, գիտակցելով փոքր և միջին ձեռնարկատիրության դերը երկրի սոցիալ-տնտեսական զարգացման, տնտեսական աճի ապահովման և աշխատատեղերի ստեղծման գործում, ուշադրության կենտրոնում է պահելու ՓՄՁ ոլորտը, և իր ողջ գործիքակազմով աջակցելու է այս բնագավառի զարգացմանը: Աջակցությունն իրականացվելու է հիմնական հետևյալ գործիքներով. սկսնակ գործարարների ձեռներեցության աջակցություն, վարկային երաշխավորությունների և վարկերի տրամադրում: Որպես նոր գործիքներ՝ աջակցելու ենք տեղական տնտեսական զարգացմանը և առանձին ոլորտային բիզնեսներին»: 
Վարչապետը տեղեկացրել է, որ կառավարությունը քննարկում է Ասիական զարգացման բանկի հետ՝ ՓՄՁ-ով զբաղվող կին գործարարների համար 25 մլն դոլարի ծրագիր իրականացնելու ուղղությամբ:
Հովիկ Աբրահամյանն ընդգծել է, որ հստակ քայլեր են ձեռնարկվելու՝ ոլորտի համար հարկային արտոնյալ պայմաններ սահմանելու և հարկային բեռի նվազեցման ուղղությամբ, այդ թվում շրջանառության հարկի դրույքաչափերի վերանայման մասով: «Հետևողականորեն բարելավելու ենք բիզնես միջավայրը՝ կրճատելով բիզնեսով զբաղվելու խոչընդոտները, լիցենզիաները, թույլտվությունները: Ներդրվելու են էլեկտրոնային նոր համակարգեր, նվազելու է տեսչական ստուգումների քանակը»,- տեղեկացրել է վարչապետը:
Կառավարության ղեկավարը վստահեցրել է ՓՄՁ ներկայացուցիչներին, որ այս ոլորտին առնչվող յուրաքանչյուր օրենսդրական նախաձեռնություն, խնդիր և առաջարկ քննարկվելու է նրանց հետ:
Հանդիպման ընթացքում տնտեսվարողները և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները ներկայացրել են իրենց դիտարկումներն ու խնդիրները, որոնց շուրջ ընթացել է անկաշկանդ քննարկում:
ՓՄՁ-ների ներկայացուցիչները ողջունել են Հովիկ Աբրահամյանի կողմից ներկայացված մոտեցումները և շնորհակալություն հայտնել խնդիրներին հետևողական լինելու պատրաստակամության համար:
Կողմերը պայմանավորվել են, որ նման հանդիպումները կկրեն պարբերական բնույթ:

Դոլարի գինը բորսայում` 414,25 դրամ

դոլարՄայիսի 15-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում կայացել է 1,400,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 414.41 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 414.25 դրամ:

NASDAQ OMX Armenia

Պետական կառույցների հետ ձկնարտադրողների ընդհատված համագործակցության վերականգնման հարցը մնում է բաց

«Մենք առաջարկում ենք ձկնարտադրության ոլորտում պետական բարձրաստիճան կառույցների նախաձեռնած միջոցառումների, հանձնարարականների իրականացումն ավելի վերահսկելի դարձնելու համար այդ գործընթացներում ընդգրկել մեր կազմակերպության ներկայացուցինչներին»,-այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով ձկնաբուծության ոլորտի նոր զարգացումների մասին՝ հայտնեց «Հայ ձկնարտադրողների և ձկնարտահանողների միասնություն» հ/կ նախագահ Արթուր Աթոյանը:

maxresdefault

“Իսկ ինչու՞ հենց մեր կազմակերպությունը. քանի որ ուսումնասիրությունների արդյունքերը վկայում են, որ մեր կազմակերպությունը իրավական, տնտեսական շահերի ներկայացման տեսանկյունից մրցակցությունից դուրս է: Չթերագնահատելով մյուս կազմակերպությունների գործունեությունը՝ նշեմ, որ մեր կազմակերպությունն իր գործողությունների համար կրել է, կրում է և կրելու է պատասխանատվություն: Մեր բոլոր հայտարարություններն ու գործողությունները մշակված են, ոլորտի բոլոր շահագրգիռ կառույցների շահերի հետ համաձայնեցված, և երբևէ անիրատեսական, պատահական հայտարարություններ չենք անում”,-նշեց Արթուր Աթոյանը:

Արթուր Աթոյանը  նշեց, որ իրենց կազմակերպության ահազանգերի հիման վրա պետական բարձրաստիճան կառույցների կողմից այս ոլորտում աջակցության, օգնության ձեռք մեկնելու միտում է նկատում, սակայն իր մտահոգությունն այն է, որ այդ միջոցառումները մինչև կյանքի կոչվելը ձևափոխվում են, ավելին՝  նենգափոխվում, դառնում տնտեսվարողների համար ոչ շահավետ: Ըստ հկ-ի նախագահի՝ որպեսզի պետական կառույցների հանձնարարականները և նախաձեռնած միջոցառումները պահպանեն իրենց օգտակարությանը, նպատակահարմար է, որ այդ նախառեձնությունների կազմակերպման, իրականացման գործընթացներում ներգրավվեն     «Հայ ձկնարտադրողների և ձկնարտահանողների միասնություն» կազմակերպության ներկայացուցիչները:

Ըստ նրա՝ նախագահի անձնակազմից, կառավարության կողմից՝ ի դեմս վարչապետի, լինում են հանձնարարականներ կազմակերպության կողմից ներկայացված փաստերի, հիմքերի, առարկությունների հիման վրա, սակայն երբ գործը հասնում է կոնկրետ տեղերին, կատարող անձանց կողմից հանձնարարականները ենթարկվում են փոփոխությունների, շատ դեպքերում՝ նենգափոխում:

«Այս խնդիրների լուծումը ավելի վերահսկելի դարձնելու, դրանք ըստ էության իրականացնելու համար, ուստի, առաջարկում ենք, որ  գործընթացներում ներգրավեն կազմակերպության ներկայացուցիչներին: Սա բխում է ոչ միայն ձկնարտադրողների, այլ նաև մեր ազգային, պետական շահերից.սա արդարացնում է իրեն ամենուր»,-նշեց Արթուր Աթոյանը՝ որակելով սա նոր՝ «բազմաշահավետ գործընթաց» արտահայտությամբ:

Բանախոսը նաև տեղեկացրեց, որ այս հարցը բարձրացվել է դեռ 2011թ.-ին, երբ նախագահի կողմից հանձնարարական տրվեց, որ ոլորտի խնդիրների քննարկումները կատարվեն անպայման այս կազմակերպության ներկայացուցիչների մասնակցությամբ: Սա տևել է մինչև 2013թ.-ի առաջին եռամսյակը ՝մինչև այն պահը, երբ բարձրաստիճան պաշտոնյաներից մեկն անօրինական միջամտություն է կատարել կազմակերպության աշխատանքներում»,-նշեց Արթուր Աթոյանը և չնշելով այդ պաշտոնյայի անունը՝ միայն հայտնեց, որ դրա հետևանքով համագործակցությունը ընդհատվել է, ի ճիգ դարձել և առայսօր համագործակցության վերականգնման հարցը մնում է բաց:

Գործարարները պետք է աշխատեն հավասար դաշտում և խաղի նույն կանոններով

11299_am_1Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
«Այսօր աշխարհով մեկ նշվում է ընտանիքի միջազգային օրը», – դիմելով ներկաներին, ասել է վարչապետը: – Ընտանիքը մեր պետության հիմքն է, իսկ ամուր ընտանիքն ուժեղ պետության երաշխիքն է: Ես ցանկանում եմ շնորհավորել մեր ժողովրդին ընտանիքի միջազգային օրվա կապակցությամբ և ցանկանում եմ բոլորին սեր, համերաշխություն և միասնություն»:
Այնուհետև գործադիրն հաստատել է օրակարգն ու ձեռնամուխ եղել հարցերի քննարկմանը:

Մաքսային արտոնություն է ստանում ևս երեք ընկերություն

ՀՀ կառավարությունը թույլատրել է Վանաձորի «Գլորիա» գլխամասային ֆաբրիկա» ՍՊԸ կողմից ՀՀ ներմուծված և չվերարտահանված ապրանքների նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծում՝ վերամշակման համար» մաքսային ռեժիմը երկարաձգել մինչև 2015թ. փետրվարի 6-ը: Ընկերությունն զբաղվում է հագուստի արտադրությամբ և համագործակցում է իտալական, գերմանական և ռուսական ձեռնարկությունների հետ: Այժմ ֆաբրիկայում աշխատում է 850 մարդ: «Գլորիան» 2013թ. պայմանագիր է կնքել Ռուսաստանի կարի ֆաբրիկաներից մեկի հետ և ներմուծել հումք և օժանդակ նյութեր: Ընկերությունը պետք է մեկ տարվա ընթացքում պատվիրատուին առաքեր պատրաստի արտադրանքը, սակայն վերջինիս կողմից մոդելների վերջնական հաստատման ձգձգումը հնարավորություն չի տվել պատվերը կատարել սահմանված ժամկետում: Սա է պատճառը, որ անհրաժեշտություն է առաջացել վեց ամսով երկարաձգել մաքսային ռեժիմի ժամկետը:
Հաջորդ որոշմամբ գործադիրը մինչև 2017թ. մայիսի 27-ը հետաձգել է «Մավաս գրուպ» ՍՊԸ կողմից իրականացվող ներդրումային ծրագրով ներմուծվող 200 մլն դրամը գերազանցող արժեքով ապրանքների ԱԱՀ վճարման ժամկետը: Ընկերությունը նախատեսում է Կոտայքի մարզում կառուցել 3 հա ջերմոցային տնտեսություն՝ այն հագեցնելով ժամանակակից սարքավորումներով և կատարելով շուրջ 1 մլրդ 250 մլն դրամի ներդրում, ստեղծելով մոտ 60 աշխատատեղ:
Դիմելով կառավարության անդամներին, վարչապետ Հովիկ Աբրահամյանն անդրադարձել է երեկվա իր հանդիպմանը. «Հարգելի գործընկերներ, ցանկանում եմ ձեզ տեղեկացնել, որ մենք երեկ հանդիպել ենք խոշոր գործարարների և բանկերի ղեկավարների հետ, քննարկել համագործակցության բազմաթիվ հարցեր, խաղի կանոններ ենք սահմանել: Մենք պայմանավորվել ենք, որ բոլորը պետք է աշխատեն հավասար դաշտում, և բոլորն ամեն ինչ պետք է անեն, որպեսզի ստվերից դուրս գան: Դա եղել է մեր պայմանը: Մինչև հուլիսի 1-ը մենք տալու ենք հնարավորություն, որպեսզի իրենք ինքնուրույն իրենց ցանկությամբ փորձեն աշխատել հավասար դաշտում: Ես տվել եմ հանձնարարական ֆինանսների նախարարին՝ բոլոր կառույցներով հետամուտ լինել այդ աշխատանքի գործընթացներին: Ես գտնում եմ և նաև ունեմ համոզմունք, որ իրենք խաղի կանոնները պետք է փորձեն պահպանել, և եթե չպահպանեն, մենք փորձելու ենք նաև մեր լծակներն օգտագործել, որպեսզի կարողանանք մեր առջև դրված խնդիրներին լուծում տալ: Մենք աշխատել ենք առանց մամուլի, փորձել ենք հարցերն ազատ պայմաններում իրենց հետ քննարկել, որպեսզի հասկանան, որ այդ խնդիրն, իրոք, կառավարության կողմից շատ հստակ է դրված, և մենք անպայման հետամուտ ենք լինելու, որպեսզի խաղի կանոնները բոլորը պահպանեն»:
Մեկ այլ որոշմամբ կառավարությունը մինչև 2017թ. հունիսի 1-ը հետաձգել է «Գլաս Ուորլդ Քամփնի» ՓԲԸ կողմից իրականացվող ներդրումային ծրագրով ներմուծվող 200 մլն դրամը գերազանցող արժեքով ապրանքների ԱԱՀ վճարման ժամկետը: Ընկերությունը հիմնադրվել է 2004 թվականին՝ Արզնու բյուրեղապակու գործարանի հիմքի վրա: Երկու տարում ձեռնարկությունը ամբողջովին վերակառուցվել և վերազինվել է ժամանակակից տեխնոլոգիական սարքավորումներով և հոսքագծերով: Ընկերությունը նախատեսում է վերակառուցել վերարտադրման վառարանը՝ կատարելով 1.71 մլն դրամի ներդրում: Իրացվող արտադրանքի շուրջ կեսը նախատեսվում է արտահանել ԱՄՆ, Վրաստան և Բելառուս: Ծրագրի իրագործմամբ կստեղծվի մոտ 100 աշխատատեղ՝ 200 հազար դրամ միջին աշխատավարձով:

Սիրիահայերին տրամադրվող անձնագրերի տուրքը վճարում է պետությունը

ՀՀ կառավարությունը շարունակում է աջակցել ՀՀ անձնագիր ստացող սիրիահայերին: Այսօրվա որոշմամբ ավելի քան 41 մլն դրամ է հատկացվել ՀՀ արտաքին գործերի նախարարությանը՝ ՀՀ քաղաքացու անձնագիր տալու կամ այն փոխանակելու արդյունքում չգանձված պետական տուրքի գումարը վճարողների փոխարեն ՀՀ պետբյուջե վճարելու նպատակով: 2014թ. առաջին եռամսյակում տրամադրվել է օտարերկրյա պետություններում վավերական 635 անձնագիր:
Մեկ այլ որոշմամբ կառավարությունն հատատել է ՀՀ դիվանագիտական այն ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների ցանկը, որոնք 2014թ. ապրիլի 1-ից հետո շարունակելու են տրամադրել և փոխանակել ՀՀ կառավարության 1998թ. դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշմամբ նախատեսված անձնագրեր: Վաշինգտոնում, Փարիզում, Բրյուսելում, Հաագայում, Բեռլինում, Վիեննայում, Պրահայում, Աթենքում, Մոսկվայում, Կիևում ՀՀ դեսպանություններին և Լոս Անջելեսում, Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսություններին թույլատրվել է կենսաչափական տվյալներ պարունակող էլեկտրոնային անձնագրեր տրամադրելու համակարգի տեխնիկական անսարքության դեպքում տրամադրել և փոխանակել վերը նշված որոշմամբ նախատեսված անձնագրեր:

Հաստատվել է կառավարական ռադիոհաճախականության շերտերի հատկացման կարգը

ՀՀ կառավարությունը հաստատել է ռադիոհաճախականության կառավարական նշանակության սպեկտրի իրավասություն ունեցող սուբյեկտների ցանկը՝ ընդգրկելով ՀՀ պաշտպանության, ՀՀ արտակարգ իրավիճակների, ՀՀ ֆինանսների, ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունները, ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայությունը, ՀՀ ոստիկանությունը և քաղավիացիայի գլխավոր վարչությունը, ինչպես նաև կառավարության նշանակության սպեկտրի ռադիոհաճախականության շերտերի հատկացման կարգը:
ՀՀ կառավարությունն իր նախկին որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ, որոնց նպատակն է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրով որոշ տարածքների նկատմամբ բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչված տարածքների և դրանցում առկա սեփականության օբյեկտների նկարագրության արձանագրության կազմման ընթացակարգի ամբողջական կանոնակարգումը:
Փոփոխություններ և լրացումներ կատարելով իր նախկին որոշումներից մեկում, գործադիրը իրավականորեն կարգավորել է վտանգավոր թափոնների վերամշակման, վնասազերծման, պահպանման, փոխադրման և տեղադրման գործունեության հետ կապված հարաբերությունները՝ դրանք համապատասխանեցնելով «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու ՀՀ օրենքին:
Կառավարության որոշմամբ Տավուշի մարզի Սևքարի միջնակարգ դպրոցի 2-րդ մասնաշենքը հետ է վերցվել այդ ՊՈԱԿ-ից և 25 տարի ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով հանձնվել «Դարպաս գյուղատնտեսական ասոցիացիա» սպառողական կոոպերատիվին «Փոքր ֆերմերների բարելավումը գյուղատնտեսական կոոպերատիվների և արժեշղթայի զարգացման միջոցով» ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման համար:
Գործադիրը որոշել է «Գյումրու տեխնոպարկ» ՓԲԸ բաժնետերերի ընդհանուր ժողովում հավանություն տալ ընկերության լուծարման որոշմանը: ՀՀ էկոնոմիկայի նախարարին հանձնարարվել է ապահովել պետական բաժնեմասի լիազորված ներկայացուցչի մասնակցությունը ընկերության լուծարման և այդ գործընթացից բխող որոշումների ընդունման համար: «Գյումրու տեխնոպարկ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 2006թ. հունիսին և ստեղծման օրից գործունեություն չի ծավալել: ՀՀ կառավարությունը 2008թ. հունիսի 12-ին հավանություն է տվել Գյումրին տեխնոքաղաքի վերակառուցելու հայեցակարգին, որն ուղղված է Երևանի և մարզերի անհամամասնությունների կրճատմանը, գործարար միջավայրի բարելավմանը, Գյումրու սոցիալ-տնտեսական հիմնախնդիրների լուծմանը: Այս ժամանակ էլ սկսվել է Գյումրու տեխնոպարկի՝ որպես Գյումրու տեխնոքաղաքի հիմնական բաղադրիչներից մեկի, ծրագրի իրականացումը: «Գյումրու տեխնոպարկ» ՓԲԸ-ն իր սահմանափակ ներուժի և ընդլայնման սուղ հնարավորության պատճառով չի ընդգրկվել Գյումրու տեխնոպարկի ծրագիր: «Գյումրու տեխնոպարկ» ՓԲԸ-ն Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի ծրագրի հետ որևէ առնչություն չունի: Նշված տեխնոլոգիական կենտրոնի պաշտոնական բացումը տեղի է ունենալու առաջիկայում:

Այլ որոշումներ

ՀՀ կառավարությունը քննարկել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի նախագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են ՀՀ Ազգային Ժողովի պատգամավորներ Հովհաննես Մարգարյանը և Հեղինե Բիշարյանը: Նրանք առաջարկում են նվազեցնել ճանապարհային երթևեկության կանոնների խախտման դեպքում սահմանված տուգանքի չափերը, ինչը, ըստ կառավարության եզրակացության, պատշաճ հիմնավորված չէ և կարող է բացասական ազդեցություն ունեցող ճանապարհային պատահարների նախականխման տեսանկյունից: Բացի այդ, վարչապետի որոշմամբ ստեղծված աշխատանքային խումբն այժմ ուսումնասիրում է տուգանքների չափերը, ուստի խնդրին կարելի է անդրադառնալ ուսումնասիրության արդյունքն ամփոփելուց հետո: Օրենքի նախագիծը և կառավարության եզրակացությունը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային Ժողով:
Կառավարության որոշմամբ Արմեն Ղուլարյանն իր դիմումի համաձայն ազատվել է ՀՀ Տավուշի մարզպետի պաշտոնից:
Հաջորդ որոշմամբ գործադիրը Տավուշի մարզպետ է նշանակել Հովիկ Աբովյանին: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը շնորհավորել է նորանշանակ մարզպետին, նրան մաղթել արդյունավետ աշխատանք:
Մայիսի 18-ը թանգարանների միջազգային օրն է, իսկ 17-ի լույս 18-ի գիշերը թանգարաններն աշխատում են անվճար՝ մասնակցելով ամբողջ աշխարհում անցկացվող «Թանգարանային գիշեր» միջոցառմանը:
Մայիսի 23-ին Հայաստանի դպրոցներում հնչելու է վերջին զանգը: Ձևավորված ավանդույթի համաձայն կառավարության անդամներն այս տարի ևս կմասնակցեն նշված միջոցառումներին:

Կարկուտը ծեծած տեղն է միշտ ծեծում

չինարիՆախօրեին առատ տեղացած կարկուտը մեծ վնասներ է հասցրել Տավուշի մարզի մի շարք գյուղերի այգիներին ու ցանքատարածություններին: Մոտ տասը րոպե տեղացած կարկուտը վնասել է սահմանամերձ Չինարիի, Այգեձորի, Արծվաբերդի ու Չորաթանի խաղողի այգիները, նոր սածիլած բանջար-բոստանային մշակաբույսերը, խաղողի այգիները, խնձորի, տանձի, դեղձի ծաղկած ծառերը: Չինարիի բնակիչ, Տավուշի ԳԱՄԿ-ի խորհրդատու Վանիկ Ոսկանյանը Անկախի թղթակցին հայտնել է, որ տուժել են հատկապես Չինարին, Այգեձորն ու Արծվաբերդը: Կարկուտի մեծ ու փոքր հարվածները գետնին են հավասարեցրել խաղողի այգիները: ՙՙՄատղաշ շիվերի աճման շրջանն է, կարկուտը վնասել է խաղողը, պտուղը, նոր սածիլած պտուղ-բանջարեղենը: Դե սածիլները նորից կշարեն, բայց ահա խաղողն ու բազմամյա տնկարքները ահագին վնաս են կրել: Տեղեր կան, որ կորուստը հարյուր տոկոսով է, որտեղ կարկուտի հատիկները փոքր են եղել, այդտեղից բերք դեռևս կարելի է ակնկալել՚՚,-ասել է գյուղատնտես-խորհրդատուն: Նա նաև տեղեկացրել է, որ վաղը գյուղում սպասում են Տավուշի մարզպետարանում ստեղծված հանձնաժողովի անդաներին, ԳԱՄԿ-ի մասնագետներին, որոնք կհաշվեն Չինարիում կարկուտի հետևանքով վնասի չափերը: Չինարի կգնան նաև Արարատի կոնյակի գործարանի Բերդի մասնաճյուղի մասնագետները: Նշեմ, որ կոնյակի գործարանի հետ չինարեցի խաղողագործները պայմանագրեր ունեն կնքած:

Անկախ

73 մլն եվրո` Հայաստանի ջրամատակարարման համակարգերի բարելավման համար

AVOG3580Եվրոպական Միության հարևանության ներդրումային գործիքի միջոցով Հայաստանը 15մլն եվրո դրամաշնորհ կստանա: Մայիսի 14-ին ֆինանսների նախարարությունում ստորագրվել է «Համայնքային ենթակառուցվածքների Ծրագիր II-Փուլ 3 (ԵՄ ՀՆԳ-ի բաղկացուցիչ)-Հայաստանի ջրամատակարարման և ջրահեռացման ենթակառուցվածք» ծրագրի իրականացման ֆինանսավորման համաձայնագիրը: Այն ստորագրել են ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը, ՀՀ ՏԿՆ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը, ՀՀ-ում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան, ինչպես նաև Վերականգնման վարկերի բանկի (KFW) համայնքային ենթակառուցվածքների բաժնի պետ Առնե Գուսը և KFW բանկի տարածաշրջանային ղեկավար Լարս Օերմանը: Ծրագրի ընդհանուր արժեքը 73մլն եվրո է, այդ թվում` 30մլն եվրո վարկ` KFW բանկից, 2.5մլն եվրո դրամաշնորհ` KFW-ից, 25.5մլն եվրո վարկ` Եվրոպական ներդրումային բանկից և 15մլն եվրո դրամաշնորհ` ԵՄ ՀՆԳ-ից: Վերջինս տրամադրվում է KFW-ի միջոցով: Դրամաշնորհային միջոցներից 10մլն եվրոն կօգտագործվի գյուղերում խմելու ջրի մատակարարման և ոռոգման համակարգերի վերականգնման նպատակով, 2մլն եվրոն կուղղվի Արմավիրում ոռոգման կոյուղաջրերի մաքրման կայանի կառուցմանը, իսկ 3մլն եվրոն` չորս ջրային ընկերությունների հետ Կառավարման պայմանագրի վճարմանը: Դրանք են «Հայջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի», «Նոր Ակունք» ՓԲԸ-ները:

Կառավարության ղեկավարն ընդունել է Հայաստանի գործարարներին

11295_am_1Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ կառավարության նիստերի մեծ դահլիճում այսօր ընդունել է Հայաստանի գործարար աշխարհի ներկայացուցիչներին:
Վարչապետը, ողջունելով ներկաներին, կարևորել է տնտեսվարող սուբյեկտների դերակատարությունը Հայաստանի տնտեսական զարգացման գործում: «Հստակ պատկերացնում եմ ձեր դերը բնակչության զբաղվածության, եկամուտներ ապահովելու, տնտեսության մեջ ներդրումներ կատարելու և ժամանակակից տնտեսություն ստեղծելու գործում: Հատկապես կարևորում եմ ձեր ներդրումը պետական բյուջեի եկամուտների ապահովման հարցում», – ընդգծել է կառավարության ղեկավարը:
Վարչապետ Աբրահամյանը գործարարների հետ քննարկել է մեր երկրի տնտեսության ներկայիս վիճակին և զարգացման հեռանկարներին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Ծավալվել է մտքերի փոխանակություն, որի շրջանակում արծարծվել են բազմաբնույթ հարցեր: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ գործարարներից ակնկալում է անկեղծ գնահատականներ, առաջարկություններ և պատրաստ է համատեղ քննարկել ներկայացվող յուրաքանչյուր նախաձեռնություն:
Անկախ

Հարկային համակարգի կատարելագործում` «Bureau veritas»-ի հետ համագործակցության շրջանակում

photo14.05.2014Միջազգային հավաստագրում ստանալուց հետո Հայաստանի հարկային համակարգը շարունակում է համագործակցել «BUREAU VERITAS» միջազգային հավաստագրման հեղինակավոր մարմնի հետ: Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը հանդիպել է Ֆրանսիայի նախագահի այցի շրջանակում Հայաստան ժամանած կառույցի ներկայացուցիչներին: Քննարկվել են հարկային մարմնի և «BUREAU VERITAS»-ի համագործակցության առաջիկա ուղիները: «Հավաստագրման շրջանակում հսկողական աշխատանքները շարունակվում են, անելիքները շատ են: Մենք պատրաստ ենք քննարկելու «BUREAU VERITAS»-ի հնարավորությունները Հայաստանում սահմանային անցակետերի և այլ խնդիրների լուծման համար օգտագործելու տարբերակները»,-նշել է ֆինանսների նախարարը:

Ֆինանսների նախարարության առաջարկով քննարկվել է նաև կառույցի հետ կադրերի պատրաստման և ուսուցման բնագավառում համագործակցելու հեռանկարը: «Օգտագործելով Դիլիջանի ուսումնական կենտրոնի տեխնիկական հնարավորությունները և «BUREAU VERITAS»-ի փորձն ու մասնագիտական հմտությունները կարող ենք ստեղծել տարածաշրջանում լավագույն կենտրոնը»,-նկատել է նախարարը: «BUREAU VERITAS BIVAC BV»-ի գործադիր տնօրեն Էրիկ Սաբատիեն պատրաստակամություն է հայտնել գործնական քայլեր ձեռնարկել առաջարկի իրագործման ուղղությամբ: Նրա հանձնարարությամբ Հայաստանում գտնվող փորձագետների աշխատանքային խումբը հայ գործընկերների հետ կհստակեցնի ՊԵԿ-ի բարձրացրած խնդիրների լուծման ուղիները:
Հիշեցնենք, որ նախորդ տարի Փարիզում «BUREAU VERITAS»-ի ղեկավարը Գագիկ Խաչատրյանին էր հանձնել ISO 27001:2005 հավաստագիրը, որը տրվում է տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգի` միջազգային չափանիշներին համապատասխանելու դեպքում: Ավելի քան 2 տարի «BUREAU VERITAS»-ի փորձագետների թիմը մանրամասն վերլուծել էր ՊԵԿ-ի գործունեությունը` կոմիտեն ճանաչելով բիզնեսի հետ փոխհարաբերություններում և միջազգային ասպարեզում վստահելի կառույց:

 

Դոլարը՝414 դրամ:

դոլարՄայիսի 13-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում կայացել է 2,100,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 414դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 414 դրամ:

 

Երևանում մեկնարկել է Հայաստանի, Ռուսաստանի և Վրաստանի մաքսային ծառայությունների եռակողմ հանդիպումը

հանդիպումՄաքսային միությանն անդամակցության շրջանակներում այսօր Երևանում տեղի է ունեցել ՀՀ ֆինանսների նախարարի հանդիպումը Ռուսաստանի Դաշնության ու Վրաստանի մաքսային ծառայությունների ղեկավարների հետ, որի ընթացքում քննարկվել են Հայաստանից Ռուսաստան և հակառակ ուղղությամբ ապրանքների տարանցիկ ձևակերպումների առանձնահատկությունները: Եռակողմ ձևաչափն ընտրվել է երեք պետությունների սահմանային անցակետերով ապրանքների տեղաշարժն արագ և առանց բարդությունների կազմակերպելու նպատակով: Կողմերը որոշում են կայացրել սահմանահատման ընթացակարգերի հստակեցման և պարզեցման հնարավորությունները հանգամանորեն քննարկելու և համատեղ լուծումներ առաջարկելու նպատակով աշխատանքային մասնագիտացված խմբեր ձևավորել և երկրներից յուրաքանչյուրի մաքսային ծառայության տեսանկյունից կարգավորման ենթակա խնդիրների ցանկը ներկայացնել համատեղ քննարկման:

ՀՀ Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանն ընդգծել է, որ քննարկվել են հիմնականում այն հարցերը, որոնք կարող են ի հայտ գալ ՄՄ անդամակցության գործընթացում. «Անդրադարձել ենք տարանցիկ բեռնափոխադրումներին առնչվող հարցերին, քանի որ ՄՄ անդամակցության արդյունքում ապրանքաշրջանառության ծավալների աճ ենք ակնկալում: Այդ նպատակով հրավիրել ենք նաև Վրաստանի մեր գործընկերներին` հաշվի առնելով տարանցիկ փոխադրումների հետ կապված հավանական խնդիրների կարգավորման ուղղությամբ համատեղ աշխատանքի կարևորությունը: Պայմանավորվեցինք շատ կարևոր` տեղեկատվության փոխանակման տեխնոլոգիաների կատարելագործման և նախնական հայտարարագրման գործընթացում համակարգված աշխատելու մասին, որպեսզի, նախքան սահմանահատումը, անհրաժեշտ տեղեկատվությունը լինի մաքսային կետերում, ինչն ավելի դյուրին կդարձնի սպասարկումըե:
Ռուսաստանի Դաշնության մաքսային ծառայության ղեկավար Անդրեյ Բելյանինովն ընդգծել է, որ Հայաստանը պատրաստ է դառնալ ՄՄ լիիրավ անդամ և այդ ուղղությամբ բավականին աշխատանքներ արդեն իրականացվել են. «Այսօր մենք զուտ տեխնիկական բնույթի հարցեր ենք քննարկել: Հայաստանի` ՄՄ անդամակցության գործընթացում չկա ոչ մի խոչընդոտ: Մենք այդ ուղղությամբ բավականին ակտիվ աշխատում ենքե: Անդրեյ Բելյանինովն առաջարկել է մեկամսյա ժամկետում ամփոփել խմբի աշխատանքի արդյունքները` շեշտելով, որ Հայաստանը, Ռուսաստանը և Վրաստանը ունեն համապատասխան ներուժ` ներդաշնակեցման ուղղությամբ աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու համար: Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության ղեկավար Իրակլի Գվարամադձեն ներկայացված բոլոր ուղղություններով արդյունավետ համագործակցության պատրաստակամություն է հայտնել:
Հանդիպման ավարտին Հայաստանի ֆինանսների նախարարի և ՌԴ մաքսային ծառայության ղեկավարի ստորագրած փոխգործակցության կարգով հստակեցվել է Ռուսաստանից չմշակված ադամանդի մատակարարման վերաբերյալ տեղեկատվության փոխանակումը և ընդունվել են տուրքի կիրառման պարզեցված ընթացակարգեր: ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի բնորոշմամբ, աշխատանքային փաստաթուղթը կանխարգելիչ բնույթ է կրում. «Ռուսական կողմի հետ պայմանավորվածություն ունենք հստակեցնելու գործառույթները` կապված տարբեր ապրանքախմբերի հետ, քանի որ ոլորտում ռիսկեր ենք տեսնում, բացի այդ, այժմ բանակցում ենք ՌԴ ֆինանսների նախարարության հետ, որպեսզի ՀՀ-ում համապատասխան ձեռնարկությունը հնարավորություն ունենա, անհրաժեշտ տուրք վճարելով, արտահանում կատարել նաև երրորդ երկրներ, ինչը կնպաստի, որ ադամանդագործությունը լայն թափով զարգանա Հայաստանում»:

Հայաստանը կարող է դառնալ կամուրջ Եվրամիության և Մաքսային միության միջև

Վազգեն-Սաֆարյան«Երեկ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարեց, որ իրենք ըմբռնումով են մոտենում Հայաստանի` Մաքսային միությանը անդամակցելու հարցին: Դա նշանակում է, որ Հայաստանը կարող է դառնալ յուրահատուկ կամուրջ Եվրամիության և Մաքսային միության միջև»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց Հայրենական ապրանքարտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը:

Ըստ Վազգեն Սաֆարյանի` Մաքսային միությանը Հայաստանի անդամակցելու հարցը, որը սկիզբ է առել սեպտեմբերի երեքին ՌԴ և ՀՀ նախագահների հանդիպումից ի վեր, ընթանում է դրական կերպով: Էկոնոմիկայի նախարարությունը կարողացել է ճանապարհային քարտեզ ստեղծել, և այդ քարտեզը արդեն շրջանառության մեջ: «Մեր տվյալների համաձայն` մեկ-երկու հարց է մնացել , որը կքննարկվի մոտ ապագայում»,-ասաց նա, հավելելով. «Մինսկում տեղի ունեցած երեք երկրների` Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, նախագահների հանդիպումը սկիզբ դրեց միասնական տնտեսական տարածքի ստեղծման աշխատանքներին, որ հենց միության գործառույթն է: Ոմանք ասում են թե այդ երեք երկրների նախագահների ֆորմատից դուրս մնալը նշանակում է, որ կասկածներ կան միությանը անդամակցելու, աբյց դա այդպես չէ»:

Հայրենական ապրանքարտադրողների միության նախագահի կարծքիով` Հայաստանի տնտեսական վիճակը բարելավելու համար անհրաժեշտ է զարգացնել ներքին շուկան և կասեցնել օտար երկրներից այն ապրանքների ներմուծումը, որոնց պատրաստումը հնարավոր է Հայաստանում: Այդպիսի ապրանքերից է լոլիկը, որը Թուրքիայից է ներկրվում և վաճառվում է 500-550 դրամով, իսկ տեղական ապրանքը արժե 700 դրամ:  Դրա կասեցումը, ըստ մասնագետի, թեև սպառողին զրկում է ավելի ցածր գնով ապրանք ձեռքբերելու հնարավորությունից, սակայն նա առնվազն կիմանա ինչ պայմաններում է աճեցվել սնունդը: «Ինչպե՞ս իմանանք, որ դրսից ներկրված ապրանքները լավն են ու որակով: Դրա համար պետք է ունենանք մերը: Մենք ունենք տարբերակներ՝ ԱԺ-ին ներկայացնելու, որոնք վերաբերում են «Նաիրիտին», «Երևանի ՋԵԿ»-ին: Միշտ խոսում ենք ներքին ռեսուրսները ճիշտ օգտագործելու մասին: Իսկ դրանք ճիշտ օգտագործելը Մաքսային միություն մտնելու ելակետ կհանդիսանա»:

 

 Անկախ

 

 

Բյուջեի եկամուտների աճը լա՞վ է, թե՞ վատ

budget calculationԸստ վիճակագրական տվյալների` 2013 թ. առաջին եռամսյակի համեմատ` 2014 թ. հունվար-մարտ ամիսներին պետական բյուջեի եկամուտներն աճել են 3.7%-ով կամ շուրջ 8.7 մլրդ դրամով:

Սա լա՞վ է, թե՞ վատ: Դժվար է ասել: Իհարկե լավ է, որ այս հավելաճի պայմաններում, ՀՀ պետական բյուջեի 2014-ի առաջին եռամսյակի կատարողականի համաձայն, ապահովվել է նաև պետական բյուջեի ծախսային ծրագրերի ամբողջական կատարումը: Գումարային արտահայտությամբ` 2014 թ. հունվար-մարտ ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են ավելի քան 239.9 մլրդ դրամ, իսկ ծախսերը` շուրջ 233.7 մլրդ դրամ, որոնք, համապատասխանաբար, 99.7%-ով և 85.8%-ով ապահովել են ՀՀ կառավարության առաջին եռամսյակի ծրագրի կատարումը, ինչը, բնականաբար, լավ է:

Բայց հարցին նայենք այլ տեսանկյունից: Բյուջեի եկամուտների հավելաճը, ինչպես նշվում է համապատասխան փատաթղթերում, ապահովվել է այլ եկամուտների և որոշ հարկատեսակների գծով մուտքերի աճի հաշվին: 93.3%-ը ձևավորվել է հարկային եկամուտների և պետական տուրքերի, 6.7%-ը` այլ եկամուտների հաշվին: Պետական բյուջեի եկամուտներում, ծախսերում և պակասուրդի ֆինանսավորման աղբյուրներում ներառված չեն արտաքին աղբյուրներից ֆինանսավորվող նպատակային ծրագրեր իրականացնող գրասենյակներով շրջանառվող միջոցները:

Այսինքն` պետբյուջեի եկամուտների գերակշիռ մասը բաժին է հասնում հարկերին. ավելի շատ հարկեր-տուրքեր են հավաքվել: Իսկ հարկեր-տուրքերը հավաքվում են տնտեսվարողներից և աշխատողներից: Ու որպեսզի հարկ ու տուրք հավաքելը հնարավոր լինի, հարկավոր է առնվազն մեկ պայման` հարկատուն ունենա այդ միջոցները: Այս առումով ուշագրավ է դառնում այն հանգամանքը, որ ապրիլի 30-ին ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած պաշտոնական տվյալներով, այս տարվա առաջին եռամսյակում արդյունաբերության անկումը շարունակվել է:
Ընդ որում, նվազում է արձանագրվել այնպիսի ապրանքատեսակների արտադրության ծավալներում, որոնք կարելի է առանձնապես մտահոգիչ համարել: Մասնավորապես 50- 75%-ով նվազել է շարժիչների, ռելեների, ավտոգենային սարքավորումների, տրանսֆորմատորների արտադրությունը: Սննդի արդյունաբերությունում 5-50% նվազում է արձանագրվել կաթնաշոռի, մածունի, թթվասերի, յոգուրտի, մայոնեզի արտադրությունում: (Թե ինչով է պայմանավորված առաջին անհրաժեշտության սննդամթերքի արտադրության ծավալների նվազումը, թերևս առանձին ուսումնասիրության կարիք ունի:) 1.3%-ով նվազել է անգամ հացի արտադրության ծավալը: Իհարկե, տնտեսությունը չի սահմանափակվում միայն արտադրությամբ, սակայն տնտեսությունից հարկերի հավաքման ամբողջ ծավալի մեջ հիմնական բաժինը հասնում է հենց արտադրությանը: Ու եթե այս ոլորտում ոչ միայն աճ չի արձանագրվել, այլև անկում է արձանագրվել, հարց է առաջանում, թե ինչի շնորհիվ է ՊԵԿ-ը ապահովել պետբյուջեի եկամուտների աճը:

Իսկ համատարած թանկացումնե՞րը

Նույն ԱՎԾ-ի հրապարակման համաձայն` ինչպես օրերս լրագրողներին ներկայացրեց ԱՎԾ գների վիճակագրության և միջազգային համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանը, այս տարվա առաջին 4 ամիսների ընդհանուր գնաճը հանրապետությունում կազմել է 1,7%: Իսկ այս տարվա հունվար-ապրիլ ամիսների գնաճը, համեմատած 2013 թ. հունվար-ապրիլի գնաճի հետ, 4,6% հավելաճ է արձանագրել:

«12-ամսյա պարբերականությամբ, այսինքն՚ 2014 թ. ապրիլին, նախորդ տարվա ապրիլի համեմատ, հանրապետության սպառողական շուկայում արձանագրվել է 4,4% գնաճ: Այդ թվում պարենային ապրանքների գներն աճել են 2,6%-ով, ոչ պարենային ապրանքներինը՚ 1,8%-ով, իսկ ծառայությունների սակագների աճը կազմել է 8,5%»,- ասաց Գուրգեն Մարտիրոսյանը
Այս տարվա առաջին 4 ամիսների սպառողական գների 1,7% հավելաճի պարագայում պարենային ապրանքները թանկացել են 3,3%-ով, ոչ պարենային ապրանքներն էժանացել են 0,7%-ով, իսկ ծառայությունների սակագներն աճել են 0,2%-ով:
Հարկ է շեշտել, որ ծառայությունների ոլորտում արձանագրված գնաճի վրա էական ազդեցություն է ունեցել գազի ու էլեկտրաէներգիայի թանկացումը 2,5 տոկոսային կետի չափով, այսինքն` 8,5% գնաճի միայն 2,5 տոկոսային կետն ապահովել է գազի ու էլեկտրաէներգիայի թանկացումը:
2014 թ. հունվար-մարտ ամիսներին ամենից շատ թանկացել են կարտոֆիլի և բանջարեղենի գները, 5,4% գնաճ է արձանագրվել այս ապրանքախմբում, միրգ ապրանքախմբում գնաճը կազմել է 1,8%, կաթնամթերքի ապրանքախմբում` 2,1%, հրուշակեղենի ու այլ ապրանքախմբերում` 0,3%, ոչ ոգելից խմիչքների գներն աճել են 0,3, իսկ ոգելից խմիչքների ու ծխախոտի գները 0,2%-ով:
Այս ժամանակահատվածում 4,8%-ով թանկացել է կաթնամթերքը, միրգը` 4,7%-ով, իսկ ամենաբարձր գնաճ գրանցած բանջարեղեն-կարտոֆիլ ապրանքախմբում գնաճը կազմել է 29,2%, ինչը, մասնավորապես, պայմանավորված է կարտոֆիլի, կաղամբի ու գազարի թանկացմամբ: Հունվար-ապրիլին 5,4% գների աճ է արձանագրվել նաև ոգելից խմիչքների ու ծխախոտի ապրանքախմբում, ինչը պայամանավորված է հունվարի 1-ից ծխախոտի ակցիզային հարկի բարձրացմամբ գրանցված թանկացմամբ:
Վերջին մեկ ամսում 470 անուն ապրանք-ծառայություններից թանկացում է արձանագրվել 248-ի համար, գնանկում՚ 179-ի համար, իսկ 43 ապրանք-ծառայությունների գներ մնացել են անփոփոխ:
Ըստ Մարտիրոսյանի` եթե հասկանալի է, թե ինչով է պայմանավորված, օրինակ, ծխախոտի թանկացումը՚ ակցիզային հարկի բարձրացմամբ, ապա ԱՎԾ-ն չի ուսումնասիրում, թե ինչ պատճառահետևանքային կապերով են պայմանավորված կարտոֆիլի ու բանջարեղենի թանկացումները:

Իսկ այս տարվա ցրտահարությունը, նրա կարծիքով, իր դերն ունեցել է բանջարեղենի ու կարտոֆիլի գների աճի վրա, թեև դեռ վաճառվում է անցյալ տարվա բերքը:

Այս ամենը նշեցինք այն պարզ նպատակով, որ հասկանալի լինի` ապրանքներն ու ծառայությունները թանկացել են, նշանակում է, որ զուտ գումարային արժեքի մեծությամբ ՊԵԿ-ն ավելի շատ փող է հարկել, քանի որ հարկումը հաստատագրված չէ, այլ եկամտի կամ շահույթի նկատմամաբ համապատասխան դրույքաչափով է կատարվում. հարկվում է ստացված գումարի այսինչ տոկոսը: Ու եթե, օրինակ, կարտոֆիլն անցյալ տարի այս ժամանակահատվածում արժեր 150 դրամ, ու կարտոֆիլ աճեցնողը կարողացել էր վաճառել 100 կգ կարտոֆիլ` ստանալով 15000 դրամ հասույթ, որի, ենթադրենք, կեսն է իր մաքուր շահույթը, ապա հարկերը կիրառվել են այդ 15 հազարի կեսի` 7.5 հազարի նկատմամբ (կհարկվի դրա 10%-ը): Ու եթե այս տարի կարտոֆիլն արժի 250 դրամ, նույն կարտոֆիլ աճեցնողը վաճառում է նույնքան կարտոֆիլ, արդեն կստանա ոչ թե անցյալ տարվա պես 15 հազար, այլ 25 հազար դրամ հասույթ, և եթե ընդունենք, որ այս դեպքում ևս այդ գումարի կեսն է իր շահույթը, ուրեմն արդն 12.5 հազարի 10%-ը կհարկվի: Փաստորեն ավելի թանկ ապրանքի վաճառքից ավելի շատ հարկ կհարկվի, քան անցյալ տարի: Նման դեպքերում, իհարկե, օգտագործվում է ինդեքսավորում` գնաճին համապատասխան: Սակայն երբ նայում ենք պետական բյուջեի եկամուտների աճի վերաբերյալ տվյալներին, ապա դրանք ներկայացված են գումարի տեսքով` անցյալ տարի եկամուտները կազմել են այսքան միլիարդ, այս տարի` այսքան միլիարդով ավելի, հետևաբար այդ եկամուտների աճը կազմում է այսքան տոկոս: Եթե եկամուտներն աճում են այս եղանակով, ապա այդ դեպքում արդեն չի կարելի ասել, թե դա լավ է:

 

Տարոն Մարգարյան. քաղաքային տնտեսության հետ կապված աշխատանքները երբեք չեն ավարտվում, դրանք շարունակական են

տարոն մարգարյան-կառավարության նիստԵրևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ մայրաքաղաքում շարունակվում են փողոցների, մայթերի և այգիների սանիտարական մաքրման  աշխատանքները: Կոմունալ տնտեսության վարչության պետը զեկուցել է, որ այդ նպատակով քաղաքապետարանի ենթակայության բոլոր կառույցների մասնակցությամբ շաբաթ օրը կազմակերպվել են նաև լրացուցիչ սանմաքրման աշխատանքներ: Զեկուցվել է նաև, որ գույքագրվել են հանրային օգտագործման տարածքներում առկա աղբամաններն ու, ըստ անհրաժեշտության, տվյալ տարածքները համալրվել են նոր աղբամաններով: Քաղաքապետը հանձնարարել է նշված աշխատանքները պահել մշտական ուշադրության կենտրոնում և աղբամաններով կահավորել նաև երկրորդական, երրորդական փողոցները, ինչպես նաև համալրումներ կատարել զբոսայգիներում և բակային տարածքներում:

«Այս ուղղությամբ աշխատանքները պետք է լինեն մշտական հսկողության տակ և համալրումներն էլ, բնականաբար, պետք է արվեն առաջին իսկ անհրաժեշտության դեպքում, անմիջապես: Եվ ընդհանրապես, պետք չէ կարծել, որ եթե արդեն տեղադրել եք անհրաժեշտ աղբամանները, ապա այլևս ավարտել եք ձեր աշխատանքներն ու տվյալ հատվածում էլ անելիք չկա: Միշտ հիշեք, որ քաղաքային տնտեսության հետ կապված աշխատանքները երբեք չեն ավարտվում, դրանք շարունակական են: Ուստի հորդորում եմ բոլորիդ զերծ մնալ իրականացվող աշխատանքներն ամբողջությամբ ավարտված համարելու մտայնությունից և առաջնորդվել շարունակականության սկզբունքով, ինչն արդյունավետ աշխատանքի կազմակերպման ամենակարևոր պայմանն է»,-ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Տեղաբաշխվել են 39 շաբաթ մարման ժամկետով պարտատոմսեր

պարտատոմսերՄայիսի 12-ին տեղի է ունեցել 39 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT39092158 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:

Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 500 մլն դրամ է, իսկ պահանջարկը՝ 1 մլրդ 204 մլն դրամ, որից մրցակցային` 1 մլրդ 154 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային` 50 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 500 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 471 541 266 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 7.9586 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 7.9898 տոկոս:
Աճուրդին մասնակցել են 4 գործակալ և գանձապետական պահառուն:

Քննարկվել է սակավաջրության հնարավոր հետևանքները մեղմելու հարցեր

  սերգո  Այսօր ՀՀ գյուղատնտեսության նախարարի մոտ  կայացել է  խորհրդակցություն,  որին մասնակցում էին նաև  ՀՀ տարածքային  կառավարման նախարարության  ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը, «Հայջրնախագիծ»  ինստիտուտի տնօրեն, Հանրային խորհրդի գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի հանձնաժողովի նախագահ Յուրի Ջավադյանը, ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Սիմոն Պապյանը,  Արմավիրի, Արագածոտնի և Արարատի մարզպետարանների  գյուղվարչության պետերն ու ԳԱՄԿ-երի  տնօրենները, գյուղատնտեսության և  ջրային տնտեսության  ոլորտների լավագույն մասնագետներ:

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը ներկաների հետ քննարկել է  սակավաջրության հնարավոր հետևանքները մեղմելու և համակարգված գործողություններ իրականացնելու հարցեր։

Նշվել է, որ հաշվի առնելով աննպաստ եղանակային պայմաններն ու  ջրամբարներում կուտակված  ջրի աննախադեպ  նվազ պաշարները, ինչպես նաև ոչ պակաս անհանգստացնող օդերևութաբանական կանխատեսումները, Սևանա լճից լրացուցիչ  ջրառ սահմանելը Արարատյան հարթավայրի  ստորգետնյա ավազանի  սակավաջրության խնդրին լուծում տալու միակ  այլընտրանքն է։

Նման իրավիճակը պահանջում է նաև միջգերատեսչական  համակարգված  գործողություններ,  որի համար  որոշվել է՝

  • վերանայել ջրտուքի նորմաները,
  • սահմանել  մշակաբույսերի ոռոգման   առաջնահերթությունները,
  • սահմանել ոռոգման նոր կարգ,
  • կազմակերպել մշակաբույսերի գիշերային ոռոգում,
  • ջրի խնայողական  ռեժիմների պահպանման վերահսկողության համար Արմավիրի, Արարատի և Արագածոտնի մարզերում ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խմբեր՝ ընդգրկելով  նրա կազմում  գյուղատնտեսության և բնապահպանության նախարարությունների,  ջրային տնտեսության պետական կոմիտեի և մարզպետարանների ներկայացուցիչներին։ Պահանջել աշխատանքային խմբերից ամենօրյա գործնական աշխատանք` առկա խնդիրներին ժամանակին լուծում տալու համար:
  • Վիճակի լրջության  ու նոր պայմաններում սպասվող սահմանափակումների  մասին օպերատիվ կարգով տեղեկացնել  բոլոր ջրօգտագործողներին։
  • Մշակել մեթոդական ցուցումներ և խորհրդատվական թերթիկների տեսքով տրամադրել գյուղացիական տնտեսություններին:

Ամփոփելով քննարկումը, նախարար Սերգո Կարապետյանը նշեց. «Ինչքան էլ դժվար է տարին, ինչքան էլ ստիպված համազգային խնդիրների համար կրկին դիմում ենք Սևանին, այնուամենայնիվ, համոզված եմ, որ մեր համակարգված աշխատանքը դրական արդյունք է տալու, և մենք անպայման կարողանալու ենք ապահովել ընթացիկ տարում մեր առջև դրված խնդիրների իրականացումը»:

 

Այս շաբաթ բորսայում կայացել է 22,25 մլն դոլարի առք և վաճառք

դոլարԱպրիլի 28-ից մայիսի 8-ը ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքներն են.

USD
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 148,813,522 ԱՄՆ դոլար 412.80 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 169,169,088 ԱՄՆ դոլար 413.91 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 22,250,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 413.53 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում իրականացվել է 900,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 413.11 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

EUR
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 12,756,357 EUR 571.11 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 18,255,421 EUR 575.10 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:

RUB
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 1,170,256,928 ՌԴ ռուբլի 11.49 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 194,661,985 ՌԴ ռուբլի 11.65 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:

Ապրիլ 21-ից մայիսի 4-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 64 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 83.4 մլն ԱՄՆ դոլար:

ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն