Նոր կառավարության ծրագիրն իրատեսական է լինելու

11283_am_2Այսօր տեղի է ունեցել ՀՀ նորակազմ կառավարության առաջին նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Բացելով նիստը, վարչապետը դիմել է ներկաներին. ««Կառավարությունն ամբողջովին ձևավորվել է, և ես շնորհավորում եմ բոլորիս: Մենք աշխատում ենք ծրագրի վրա, պետք է քսան օրվա ընթացքում այն ներկայացնենք Ազգային Ժողով: Ծրագիրը պետք է լինի հնարավորինս իրատեսական, փոփոխությունները չպետք է ինքնանպատակ լինեն: Ես տեղյակ եմ քննարկումների արդյունքներից, որոնք պարոն Գևորգյանը պարբերաբար զեկուցում է:
Ես համոզված եմ, որ ԱԺ ներկայացվող ծրագիրն իրոք իրատեսական է լինելու և կառավարության յուրաքանչյուր անդամ պատասխանատու է ներկայացված ծրագրի կատարման համար: Մեր ճանապարհները կբաժանվեն կառավարության այն անդամից, ով չի կատարի ներկայացված ծրագիրն ու արդյունավետ չի աշխատի, անկախ նրանից, թե մենք ինչքան ժամանակ ենք միասին աշխատել»:
Այնուհետև հաստատվել է նիստի օրակարգը, և կառավարությունը ձեռնամուխ է եղել հարցերի քննարկմանը:
Ղեկավարվելով ՀՀ սահմանադրության 70-րդ հոդվածով, կառավարությունը ՀՀ Ազգային Ժողովի նախագահին առաջարկել է 2014թ. մայիսի 12-ին ժամը 12:00-ին գումարել ՀՀ Ազգային Ժողովի արտահերթ նիստ և քննարկել մոտ երեք տասնյակ հարց: Օրակարգի առաջին կետով շարունակվելու է «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու օրենքի նախագծի քննարկումը:
ՀՀ նախագահի ս.թ. ապրիլի 30-ի հրամանագրով ՀՀ ԿԱ ՊԵԿ-ը վերակազմակերպվել է և միացվել ՀՀ ֆինանսների նախարարությանը: Կառավարությունն իր նիստում միաձուլման ձևով վերակազմակերպել է նախարարության և ՊԵԿ-ի աշխատակազմերը, հաստատել վերակազմակերպված պետական կառավարչական հիմնարկի կանոնադրությունը:

Աշխատանքային կենսաթոշակը պետք է վերահաշվարկվի նոր բանաձևով

ՀՀ կառավարությունը իր նախկին որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ և լրացումներ, որոնք թելադրված են 2014թ. ուժի մեջ մտած և պետական կենսաթոշակին վերաբերող երեք օրենքներով: Դրանց համաձայն վերանայվել է աշխատանքային կենսաթոշակ նշանակելու բանաձևը, վերացել է սոցիալական կենսաթոշակը, որը վճարվում է որպես նպաստ, սահմանվել է, որ հատուկ քննչական ծառայողին կենսաթոշակ նշանակելու, վճարելու, ստաժը հաշվարկելու կարգը և անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը սահմանում է կառավարությունը, լուծվել են իրավակիրառական պրակտիկայում առաջացած այլ խնդիրներ:
Հաջորդ որոշմամբ գործադիրը սահմանել է այն ժամանակահատվածը, որի համար փոխնակ մորից ծնված երեխայի կենսաբանական մորը և փոխնակ մորը տրվում է անաշխատունակության թերթիկ: Կենսաբանական մորը թերթիկը տրվում է միայն հետծննդյան արձակուրդի, փոխնակ մորը՝ նախածննդյան և հետծննդյան ժամանակաշրջանի համար:

Միջազգային համագործակցություն

ՀՀ կառավարությունը հաստատել է ՀՀ ՏԿՆ միգրացիոն պետական ծառայության և ՄԱԿ-ի փախստականների գծով գերագույն հանձնակատարի Հայաստանի գրասենյակի միջև կնքված ենթահամաձայնագրերով հատկացվող ֆինանսական աջակցության ծրագրի արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2014թ. նախահաշիվը: 2014թ. այդ հաշվին է փոխանցվում ավելի քան 41 մլն դրամ, որով ապահովվելու են աշխատանքի վարձատրությունը, շենքերի և շինությունների հիմնանորոգումը, մասնագիտական ծառայությունների մատուցումը և այլն: Իրավական ակտի ընդունմամբ ակնկալվում է բարձրացնել երկրում ապաստան հայցողների և փախստականների իրավական, սոցիալական պաշտպանվածությունը:
Գործադիրն իր որոշմամբ ՀՀ պետբյուջե է ներառել «Անապատացման դեմ պայքարի մասին» կոնվենցիայի 10-ամյա ռազմավարական, ազգային կենսաբազմազանության ռազմավարության և գործողությունների և հանքարդյունաբերության ոլորտի բնապահպանական ու սոցիալական դրամաշնորհային ծրագրերը, որոնց վերաբերյալ համապատասխան համաձայնագրեր են ստորագրվել Համաշխարհային բանկի և Հայաստանի Հանրապետության միջև:
Միջազգային կազմակերպությունների հրապարակված տեղեկատվության համաձայն մեր երկիրը համաշխարհային ցանցային պատրաստվածության համակարգում 17 տեղով բարելավել է իր դիրքը և 148 երկրների շարքում զբաղեցնում է 65-րդ հորիզոնականը: Առավել մեծ արդյունքի հասնելու նպատակով կառավարությունը հավանություն է տվել ցանցային պատրաստվածության բնագավառում ՀՀ դիրքը բարելավելու միջոցառումների ցանկին:
Կառավարության որոշմամբ արդյունաբերական սուբսիդիաների մասով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ համագործակցություն իրականացնող պետական կառավարման լիազոր մարմին է ճանաչվել ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը:
Նիստում համաձայնություն է տրվել ԱՊՀ մասնակից պետությունների զինված ուժերի տեղագրաերկրաբաշխական և նավիգացիոն ապահովման ոլորտում համագործակցության համաձայնագրի կնքման առաջարկությանը:

Օրենսդրորեն կարգավորվելու են գյուղատնտեսության ոլորտի իրավահարաբերությունները

Կառավարության հավանությունն ստացած հինգ օրինագծերը համապատասխանեցվել են Մաքսային միության նույն ոլորտին առնչվող օրենսդրությանը:
Գործադիրը նախ հավանություն է տվել «Բուսասանիտարիայի մասին» օրենքի նախագծին, որը կարգավորում է ՀՀ պետական կառավարման լիազորված մարմնի և ՀՀ տարածքում գործող ֆիզիկական և իրավաբանական անձանց հարաբերությունները բուսասանիտարիայի ոլորտում, ամրագրում պարտադիր բուսասանիտարական պահանջները:
Նիստում հավանություն է ստացել «Անասնաբուժության մասին» օրենքի նախագիծը, որով կարգավորվելու են երկրում անասնաբուժության ոլորտի իրականացմանը, կառավարմանն առնչվող հարաբերությունները:
Գործադիրը հավանության է արժանացրել «Սննդամթերքի անվտանգության մասին» օրինագիծը, մեկ այլ հարակից օրենքում փոփոխություն և լրացում կատարելու նախագիծը:
Նիստում հավանություն է տրվել «Կերի մասին» և «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքների նախագծերին:
ՀՀ կառավարությունը քննարկել է «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու օրենքի նախագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են ՀՀ ԱԺ մի խումբ պատգամավորներ: Նախագծով առաջարկվում է չվճարված կենսաթոշակի գումարը վճարել անցած ամբողջ ժամանակահատվածի համար, առանց ժամկետի սահմանափակման, վճարել նաև Հայաստանում չգտնվող կենսաթոշակառուի կենսաթոշակը: Կառավարությունը բացասական եզրակացություն է տվել խնդրի վերաբերյալ, քանի որ կենսաթոշակների վճարման ծախսը էապես կավելանա և առաջիկա 2-3 տարում կհասնի շուրջ 25 մլրդ դրամի. նշված ֆինանսական միջոցները նախատեսված չեն 2014թ. պետբյուջեով և ՀՀ պետական միջնաժամկետ ծախսային ծրագրերով:
Գործադիրը դեմ է արտահայտվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու օրինագծին, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել է ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Նա առաջարկում է «էականորեն կրճատել երթևեկության կանոնների մի շարք նվազ վտանգավոր խախտումների համար նախատեսված տուգանքի չափերը», ինչը, ըստ կառավարության եզրակացության, պատշաճ հիմնավորված չէ և կարող է բացասական ազդեցություն ունենալ ճանապարհային պատահարների նախականխման տեսանկյունից:
Նշված օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունները սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային Ժողով:

Այլ հարցեր

Ի կատարումն ՀՀ նախագահի 2014թ. ապրիլի 29-ի 2014թ. ամառային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու հրամանագրի՝ ՀՀ կառավարությունը որոշել է 2014թ. ամառային զորակոչի ընդհանուր ղեկավարումն ապահովելու նպատակով ստեղծել հանրապետական զորակոչային հանձնաժողով, զորակոչի անցկացման աշխատանքի համակարգման նպատակով՝ մարզային (Երևանի քաղաքային) զորակոչային հանձնաժողովներ, հաստատել կենտրոնական բժշկական հանձնաժողովի կազմը:
Գործադիրը հաստատել է 2014թ. ՀՀ ոստիկանության կարգապահական հանձնաժողովի կազմում ընդգրկվող հինգ հասարակական միավորումների ներկայացուցիչների թեկնածությունները: Ամեն տարի ռոտացիոն կարգով այլ ՀԿ-ների նույնպես հնարավորություն կտրվի ընդգրկվելու հանձնաժողովի կազմ:
Կառավարությունն ընդունել է ՀՀ 56 համայնքների ղեկավարների և ավագանու անդամների 2014թ. հունիսի 8-ի հերթական ընտրությունների նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու որոշում:
Նիստում պարտադիր զինվորական ծառայության զորակոչից մինչև 2015թ. ամառային զորակոչը տարկետում է տրվել թավջութակահար, միջազգային մրցույթների դափնեկիր Նարեկ Հախնազարյանին:
Կառավարության որոշմամբ Կովալենկո Շահգալդյանն իր դիմումի համաձայն ազատվել է ՀՀ Կոտայքի մարզպետի պաշտոնից:
Հաջորդ որոշումներով գործադիրը Կոտայքի մարզպետ է նշանակել Արամ Հարությունյանին, Արարատի մարզպետ՝ Ռուբիկ Աբրահամյանին: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը շնորհավորել է նորանշանակ մարզպետներին, նրանց մաղթել արդյունավետ աշխատանք:

Տեղաբաշխվել են 3 մլրդ դրամ ծավալով պարտատոմսեր

պարտատոմսերՄայիսի 8-ին տեղի է ունեցել 2023 թվականին հոկտեմբերի 29-ին մարվող պետական ուղենշային երկարաժամկետ (AMGB1029A232) պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:

Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 2.5-3 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը՝ 5 մլրդ 380 մլն դրամ, որից մրցակցային` 5 մլրդ 10 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային` 370 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 3 մլրդ դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 2 824 397 837 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 11.0532 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 11.4334 տոկոս:
Ֆինանսների նախարարությունից Անկախին տեղեկացնում են, որ աճուրդին մասնակցել են 7 գործակալ:

Դոլարի փոխարժեքը տատանվում է

դոլարՄայիսի 7-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում կայացել է 2 700 000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 413 դրամ մեկ ԱՄՆ դոլարիդիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 413 դրամ:

Վերամշակման և արտահանման համար բավականաչափ ծիրան չի լինի, սակայն շուկայում որոշ քանակությամբ ծիրան կլինի. փոխնախարար

ծԻՐԱՆ

ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Գառնիկ Պետրոսյանը այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում լրագրողներին ներկայացրեց ցրտահարության արդյունքում արձանագրված բերքի կորուստների, ցրտահարության հետևանքների հաղթահարման ուղղությամբ ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից իրականացված աջակցության ծրագրերը:  Նախ` փոխնախարարը ներկայացրեց ցրտահարության հետևանքով գրանցված կորուստների տվյալները:

Դրանց համաձայն`  նախնական հաշվարկներով ընդհանուր վնասը կազմում է մոտ 11 միլիարդ 181 միլիոն դրամ:  Մարտի վերջի և ապրիլի առաջին օրերին արձանագրված ցածր ջերմաստիճանի պատճառով Հայաստանում վնասվել է 9185 հեկտար տարածք՝ 287 համայնքում շուրջ 3700 գյուղացիական տնտեսություն` հիմնականում Արարատում և Արմավիրում, նախալեռնային ցածրադիր գոտիներում:

Փոխնախարարը խոսելով ծիրանենու կրած վնասների մասին` նշեց, որ  6711 հեկտար տարածքի վրա ամբողջությամբ վնասվել է ծիրանի բերքը, իսկ Հայաստանի մի շարք այլ տարածքներում՝ Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի տարբեր համայնքներում ծիրանենին էական վնասներ չի կրել:  Ըստ նրա ներկայացրած տվյալների` ծիրանենու բերքն այս տարի կազմում է շուրջ 8000 տոննա, այն դեպքում, երբ անցյալ տարի այն կազմում էր շուրջ 89000, որից  23000-ն արտահանվել է:

“Վերամշակման և արտահանման համար բավականաչափ ծիրան չի լինի, սակայն շուկայում որոշ քանակությամբ ծիրան կլինի”-, նշեց փոխնախարարն ու վերամշակողներին խորհուրդ տվեց  պակասը լրացնել այլ մրգերի՝ սև սալորի, դեղձի հաշվին”:

Նախարարի տեղակալի խոսքերով որոշ վնասներ են արձանագրվել նաև դեղձենու, կեռասենու, սալորենու ծաղկած այգիներում, իսկ խաղողի սեղանի սորտերի փոխարինող բողբոջներն արդեն բացվում են, այսինքն, ըստ փոխնախարարի` խաղողի բերքի պակաս չի լինի, իսկ խաղողի տեխնիկական սորտերի բարձր բերք է սպասվում: Վաղահաս կարտոֆիլի ցանքսերի հետ կապված վնասներ չեն գրանցվել:

Այնուհետ Գառնիկ Պետրոսյանն անդրադարձավ այն գործողություններին ու ծրագրերին, որն իրականացնում է նախարարությունը` հետևանքների հաղթահարման ուղղությամբ: Մասնավորապես` նա նշեց, որ գյուղատնտեսության նախարարը և փոխվարչապետը եղել են տեղերում, հանդիպումներ ունեցել մարզպետարանների, համայնքների և գյուղացիական տնտեսությունների ներկայացուցիչների հետ`պարզելու նախնական իրավիճակը, այնուհետ աշխատանքային մասնագիտական խմբերը գործուղվել են  համայնքներ, մարզեր և մանրակրկիտ ուսումնասիրություններ  կատարել, իսկ դրան հաջորդել է ՀՀ կառավարության որոշումը, որով 278 մլն. դրամ գումար է տրամադրվել տուժած գյուղացիական տնտեսությունների հողի հարկը 100%-ով  փոխհատուցելու համար, 487 մլն.դրամ` ոռոգման ջրի վարձավճարի 50%-ի փոխահատուցման նպատակով, իսկ 85մլն. դրամով ձեռք են բերվել լոլիկի, վարունգի սեխի և ձմերուկի սորտերի սերմացուներ, որոնք տրամադրվել են գյուղացիներին, իսկ  ցանկության դեպքում գյուղացիներին խաղողի տնկիներ կտրամադրվեն:

“Այսօր ունենք նաև տեղական լոլիկի շուրջ մեկ միլիոն սածիլներ, որ կարող են ինքարժեքով տրամադրվել գյուղացիական տնտեսություններին”,-հավելեց փոխնախարարը` նշելով, որ նաև նախատեսվում է իրականացնել ժամանակավոր զբաղվածության խթանման միջոցով աջակցություն տրամադրում: Անապահով գյուղացիական տնտեսությունների ներկայացուցիչները հնարավորություն կստանան ներգրավվելով իրենց իսկ գյուղացիական տնտեսության աշխատանքերում` ստանալ աշխատանքի դիմաց վարձատրություն:  Նաև աշխատանքեր են տարվելու տարադրամային վարկերը դրամայինով փոխարինելու, վարկերի տոկոսադրույքների մարումը սառեցնելու, հետաձգելու ուղղությամբ և այլն:

“Փոխհատուցման խնդիր չի դրվել` բացառությամբ ոռոգման ջրի և հողի հարկերից. հիմնական նպատակը գյուղացուն աջակցություն ցուցաբերելն է, որ վերջինս հնարավորինս քիչ կորուստներով հաղթահարի ստեղծված իրավիճակը”,- նշեց Գառնիկ Պետրոսյանը:

Անկախ

ԱՄՆ ՄԶԳ-ն ներկայացրեց 2013 թ. իրականացված«Հարկային ընկալումներ» հետազոտության արդյունքները

9b8cbcec21ce34b2afc706a0298fd8fc Մայիսի 7-ին ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) Հարկային բարեփոխումների ծրագիրը ներկայացրեց 2013 թվականին իրականացված «Հարկային ընկալումներ» խորագրով հետազոտության արդյունքները:  Հետազոտությունն իրականացրել է Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոններ (ՀՌԿԿ) հայաստանյան կենտրոնը 2013-ի սեպտեմբերից դեկտեմբեր ժամանակահատվածում՝ ընդգրկելով Հայաստանի 1,448 տնային տնտեսություն, 400 հարկ վճարող կազմակերպություն և անհատ ձեռներեց: Նախաձեռնության նպատակն էր իրականացնել ելակետային գնահատում Հայաստանում հարկային համակարգի ընկալման, հարկային օրինապահության, հարկային մարմինների և հարկ վճարողների միջև հաղորդակցության, հարկային քաղաքականության արդյունավետության ու քաղաքացիներին տրամադրվող ծառայությունների վերաբերյալ:

Միջոցառմանը, որի նպատակն էր բարելավել Հայաստանում հարկային համակարգի վերաբերյալ ընկալումները և խթանել արդյունավետ քննարկում, ներկա էին ՀՀ կառավարության, մասնավոր ոլորտի, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ու միջազգային գործակալությունների ներկայացուցիչներ, անկախ հետազոտողներ:

ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Քարեն Հիլիարդը իր ելույթի խոսքում նշեց, որ իրականացված հենանշային հետազոտությունը կարևոր դեր կխաղա պետական–մասնավոր հատվածի միջև երկխոսության խթանման, հարկային համակարգի նկատմամբ փոխվստահությունը և հանրության կողմից վստահությունը ամրապնդելու, ինչպես նաև կամավոր օրինապահության մշակույթը խրախուսելու գործում՝ ի նպաստ  Հայաստանի տնտեսական աճի: «ԱՄՆ ՄԶԳ-ն կշարունակի աջակցել Հայաստանի հարկային համակարգի թափանցիկության և արդյունավետության բարելավման աշխատանքներին: Հուսով ենք, որ հետազոտությունը կկատարվի ամեն տարի՝ արձանագրելու ՀՀ հարկային համակարգի առաջընթացը, և որ այն կօժանդակի պետական մարմիններին հետագայում բարեփոխումներ իրականացնել հարկային քաղաքականության և հարկային վարչարարության ոլոտներում», – ասել է տիկին Հիլիարդը:

ՀՌԿԿ-ի ծրագրերի համակարգող Լուսինե Զաքարյանը ներկայացրեց հետազոտության հիմնական արդյունքները, որից մասնակիցներն հնարավորություն ունեցան քննարկել ոլորտին առնչվող խնդիրները կառավարության ներկայացուցիչների հետ:

Անկախ

Դոլարի գինը բորսայում` 413,25 դրամ

դոլարՄայիսի 6-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում կայացել է 4 600 000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 413.25 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 413.25 դրամ:

NASDAQ OMX Armenia

Տարածաշրջանի քաղաքական և տնտեսական վիճակն ազդում է Հայաստանի անշարժ գույքի շուկայի վրա

անշարժ գույք2007-2008 թթ. համաշխարհային տնտեսական ճգնաժամն ազդեցություն ունեցավ նաև Հայաստանի անշարժ գույքի շուկայի վրա: Տնտեսական ճգնաժամն ընդհանրապես փոխեց անշարժ գույքի ոլորտը:

Եթե 2000-2008 թթ. Հայաստանի անշարժ գույքի շուկան տարեկան 10-20% վերելք է ապրել, ինչն էլ նպաստել է բավական մեծ թվով բազմաբնակարան բնակելի շենքերի, անհատական բնակելի տների կառուցմանը և անշարժ գույքի շուկայում գումարների ներդրմանը, ապա 2008-ի տնտեսական ճգնաժամի հետևանքով անշարժ գույքի ոլորտը սառեց մոտ մեկ տարի: Մեծ թափով նվազեց ներդրումների քանակն անշարժ գույքի շուկայում: Նվազեց նաև գործարքների քանակը:
Եթե մինչև 2008 թ. մարդիկ անշարժ գույքի ոլորտը դիտում էին որպես ներդրումային, որից կարող էին բարձր եկամուտներ ստանալ, ապա 2008-ին հաջորդած տարիներից մինչ օրս մարդիկ առքուվաճառքի գործարքներ անում են, բայց շահութաբերության տեսանկյունից շատ սպասելիքներ չունեն շուկայից:
ՀՀ կառավարությանն առընթեր Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեից տեղեկանում ենք, որ Երևանում 2014 թ. հունվարին, 2013-ի դեկտեմբերի համեմատ, բազմաբնակարան շենքերի բնակարանների առքուվաճառքի գործարքների քանակը նվազել է 14.1%-ով, իսկ 2013-ի հունվարի համեմատ` աճել 31.6%-ով:

«Կասկադ Ռիելթի» անշարժ գույքի գործակալության տնօրեն, անշարժ գույքի շուկայի մասնագետ Վարդան Ավագյանի խոսքով` 2008-ի տնտեսական ճգնաժամից հետո անշարժ գույքի առքուվաճառքի գործարքների թիվը պակասել է: Եվ շուկայի վերլուծությունից պարզ է դառնում, որ այն գնորդները, որոնք մեծ բիզնես ունեն, նախընտրում են բնակարաններ ձեռք բերել քաղաքի կենտրոնում: Դրանով է պայմանավորված, որ քաղաքի կենտրոնում և՚ բարձր որակի շենքեր են կառուցվում, և՚ տուրիզմն է զարգացած:
«Բնակարան գնելով քաղաքի կենտրոնում` մեր հաճախորդը հասկանում է, որ այն կարող է իրեն եկամուտ բերել, ասենք` վարձակալության տեսքով: Քաղաքի կենտրոնում գործարքների արժեքը շատ բարձր է: Բավական մեծ է գործարքների թիվը նաև Արաբկիր վարչական շրջանում, որովհետև թաղամասը մաքուր է, փողոցները` հարմարավետ, բնակարանների գներն էլ 20-25%-ով ցածր են կենտրոնի համեմատ: Այս տարիների փորձը ցույց տվեց, որ մարդիկ նախընտրում են բնակարաններ ձեռք բերել նաև ծայրամասերում` պայմանավորված իրենց ֆինանսական հնարավորություններով: Հետևաբար, գործարքների թիվը ծայրամասերում ևս մեծ է»,- ասում է մասնագետը` նկատելով, որ տնտեսական ճգնաժամ հիմա էլ կա, այն թեև խանգարում է բիզնեսի զարգացմանը, սակայն անշարժ գույքի առքուվաճառքի գործարքները շարունակվում են:
Հայաստանի անշարժ գույքի ոլորտում մեծ փոփոխություն չբերեցին, բայց որոշ աշխուժություն մտցրեցին տարածաշրջանում լարվածության հետևանքով Հայաստան եկած սիրիահայերը, որոնք և՛ բնակարաններ գնեցին, և՛ վարձակալեցին: Բայց այդ աշխուժությունը գլոբալ առումով անշարժ գույքի գների աճի կամ նվազման վրա չանդրադարձավ:

«Անշարժ գույքի շուկան կայունություն է սիրում: Մեկ օրում անշարժ գույքի գինը չի կարող 50 հազարից դառնալ 80 հազար, դա կարող է տեղի ունենալ, օրինակ, մեկ տարում»,- ասում է Վարդան Ավագյանը:

«Այլընտրանք» վերլուծական կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանի խոսքով` Երևանում 2014-ի հունվարին բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների առքուվաճառքի գործարքների քանակի 31.6 % աճը` 2013-ի հունվարի համեմատ, 1 քմ մակերեսի միջին շուկայական գների 0.04% աճը` 2013-ի դեկտեմբերի համեմատ, չպետք է կապել Հայաստան ներգաղթի հետ: «Ես դժվարանում եմ նման գնահատական տալ, որովհետև 00.4%-ն աննշան է, այս աճը լուրջ գնահատականների հիմք չի կարող դառնալ: Նման տատանումներ կարող են շատ լինել, եթե ավելի զգալի դառնան, նոր կարելի է խոսել աճի միտումների մասին: Եղել է նաև գների աճի տեմպերի անկում, ինչը երկար ժամանակ մնացել է անփոփոխ»,- ասում է նա:
Տնտեսագետին համամիտ է ՀՀ կառավարությանն առընթեր Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համակարգված դիտարկումների բաժնի պետ Արմինե Դավիթյանը: Նրա կարծիքով` չի կարելի անշարժ գույքի գների աճի միտումը կապել ներգաղթի հետ, քանի որ աճը` տոկոսային առումով, ըստ վերջին տվյալների, առանձնապես մեծ չէ: «Չեմ կարծում, որ ներգաղթն ազդեցություն ունենա գների աճի վրա կամ ազդեցությունը մեծ լինի»,- ասում է Արմինե Դավիթյանը:

2014-ի հունվարին Երևանում բազմաբնակարան շենքերի բնակարանների 1 քմ մակերեսի շուկայական միջին գները դիտարկելիս պարզ է դառնում, որ 2013-ի դեկտեմբերի համեմատ` դրանք աճել են 0.04%-ով: Անհատական բնակելի տների առքուվաճառքի գործարքների քանակը 2014-ի հունվարին, 2013-ի դեկտեմբերի համեմատ, նվազել է 40.4%-ով, ընդ որում Երևանում՝ 59.5%-ով: 2014-ի հունվարին Երևանում անհատական բնակելի տների 1 քմ մակերեսի շուկայական միջին գները, ներառյալ տնամերձի միավորի գինը, 2013-ի դեկտեմբերի համեմատ, մնացել են անփոփոխ: Անշարժ գույքի վարձակալության գործարքների քանակը 2014-ի հունվարին, 2013-ի դեկտեմբերի համեմատ, նվազել է 42.6%-ով:
Այս տարվա հունվարին հանրապետությունում գրանցվել է բազմաբնակարան բնակելի շենքերի 30 բնակարանների և 49 անհատական բնակելի տների վարձակալության գործարք:
Վարդան Ավագյանի խոսքով` 2014-ի հունվարի տվյալները բավարար չեն անշարժ գույքի շուկայի 2014-ի կանխատեսումներ անելու համար: Եվ ընդհանրապես, դժվար է կանխատեսումներ անել, քանի որ Հայաստանի անշարժ գույքի շուկայի վրա մեծ ազդեցություն ունեն հատկապես արտաքին գործոնները: «Մենք ունենք մի քանի թիրախային կետեր, որոնք ազդում են մեր շուկայի վրա: Դրանք տարածաշրջանի երկրներն են և Ռուսաստանի Դաշնությունը: Եթե հարցնեք` ինչն է մեր շուկայի վրա ազդում, կպատասխանեմ` Ռուսաստանի վիճակը: Մեր բավական մեծ թվով հաճախորդներ Ռուսաստանի հայեր են»,- ասում է մասնագետը` հավելելով, որ տարածաշրջանի քաղաքական և տնտեսական վիճակն էականորեն ազդում է անշարժ գույքի շուկայի վրա:

Մասնագետը դժվարանում է ասել նաև, թե որքանով Մաքսային միության անդամակցությունը դրական կազդի անշարժ գույքի շուկայի զարգացման վրա: «Մենք դեռ չգիտենք, թե ինչ ընթացք կստանա Մաքսային միությանն անդամակցելը, որպեսզի կարողանանք կանխատեսումներ անել նաև անշարժ գույքի ոլորտում»,- ասում է Վարդան Ավագյանը:

 Լիլիթ ՎԱՀԱՆՅԱՆ

Անկախ

Միասնական թիմ, միասնական պատասխանատվություն, միասնական մոտեցում համակարգի խնդիրներին

գյուղնախՀՀ գյուղատնտեսության նախարարության
լրատվական ծառայությունից Անկախին հայտնեցին, որ այսպիսին էր վերանշանակումից հետո արտադրական առաջին խորհրդակցությունն անցկացնող Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի գլխավոր պահանջը համակարգի պատասխանատուներից՝ կապված նոր կառավարության կազմով պայմանավորված տնտեսական նոր մթնոլորտի ձևավորման հետ։

Անդրադառնալով անցած տարիներին միասնական թիմի ստեղծման ուղղությամբ կատարվածին, նախարարը նշեց, որ նոր պայմաններում այդ աշխատանքները պետք է շարունակվեն։ Համակարգի ողջ ներուժը, հնարավորություններն ու կարողությունները պետք է նպատակաուղղվեն առաջին հերթին թիրախային այնպիսի հիմնախնդիրների լուծմանը, ինչպիսիք են.

● Տնտեսական աճի պարտադիր ապահովումը։
● Նախարարության կարճաժամկետ և երկարաժամկետ ծրագրերը առաջին հերթին պետք է հիմնավորվեն գյուղացու սպասելիքներով, արդարացնեն դրանք, լինեն խիստ իրատեսական և նպատակային։
●Նախաձեռնողականության խթանումն աշխատանքային բոլոր օղակներում։
●Աշխատանքային և կատարողական կարգապահության, աշխատանքի արդյունավետության հետևողական բարձրացումը։
●Հանձնարարականների կատարման օպերատիվության և որակի ապահովումը։
●Խնայողության ռեժիմի խստորեն պահպանումը, գործնական վերահսկողության իրականացումը բյուջետային միջոցների նպատակային օգտագործման վրա։
●Բաց ու թափանցիկ աշխատանքը ԶԼՄ-ների ու հասարակական կազմակերպությունների հետ։ Բարձրացված հարցերի օպերատիվ արձագանքումը։
●Մարզպետարանների գյուղվարչությունների հետ տարվող աշխատանքների ակտիվացումը։
Ամփոփելով խորհրդակցությունը, նախարարը մեկ անգամ ևս ընդգծեց կատարողական կարգապահության նկատմամբ անձնական պատասխանատվության կարևորությունը։ «Մենք աշխատանքային նոր էջ ենք սկսում, որտեղ թիմային մտածողությամբ հարցերին մոտենալը ոչ թե կարևոր, այլ պարտադիր պայման է։ Բոլոր նրանք, ովքեր դուրս կմնան միասնական պատասխանատվության և միասնական մոտեցումների դաշտից, դուրս կմնան նաև համակարգից։ Ժամանակն է փոխել շեշտադրումները, հրաժարվել լոզունգներից, անցնել կոնկրետ աշխատանքի».- նշեց նախարար Սերգո Կարապետյանը։

Անկախ

Տեղաբաշխվել են 500 մլն դրամ ծավալով պարտատոմսեր

պարտատոմսերՄայիսի 5-ին տեղի է ունեցել 52 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT52045158 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:

Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 500 մլն դրամ է, իսկ պահանջարկը՝ 2102 մլն դրամ, որից մրցակցային` 1942 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային` 160 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 500 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 462 298 426 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 8.0656 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 8.0941 տոկոս:
Աճուրդին մասնակցել են 6 գործակալ և գանձապետական պահառուն:

Պետական վճարումների էլեկտրոնային համակարգը շարունակում է ընդլայնվել

ֆիննախՀՀ ֆինանսների նախարարության պետական վճարումների էլեկտրոնային e-payments.am համակարգի ծառայություններն այժմ հասանելի են նաև Մոբի դրամի միջոցով:

e-payments համակարգը հնարավորություն է տալիս քաղաքացիներին առցանց եղանակով առանց աշխատանքից կտրվելու և լրացուցիչ ժամանակ վատնելու անհրաժեշտ վճարումներ կատարել, այդ թվում՝ վճարել պետական տուրքերը, տեղական տուրքերը, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մատուցվող ծառայությունների համար գանձվող վճարները, համայնքային վճարումները, վարչական տուգանքները:

Անհատ ձեռներեցները, մանր և միջին ձեռնարկատերերը այս համակարգի միջոցով կարող են կատարել ՀՀ պետական բյուջեի նկատմամբ ունեցած հարկային պարտավորությունները:

«Եթե բանկային համակարգի միջոցով վճարումներ կատարելու պարագայում դրանք 1-2 բանկային օրում են հաշվեգրվում պետական բյուջե, ապա e-payments.am–ը հնարավորություն է տալիս մեկ ակնթարթում ապահովել գումարների հաշվեգրումը գանձապետական հաշիվների վրա»,-նշում է ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի գործառնական վարչության պետ Ժիրայր Տիտիզյանը:

ՀՀ ֆինանսների նախարարության e-payments պետական վճարումների առցանց համակարգին նախորդ ամիս միացել էր  նաև Telcell-ը, որի միջոցով արդեն իսկ իրականացվել է թվով 3483 գործարք:

Գործընթացը շարունակական է: e-payments պետական վճարումների առցանց համակարգին միանալու համար պայմանագիր է կնքվել «ԲՏԱԲանկ» ՓԲԸ-ի հետ:

 

 

ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի բաժին

 

«Ոչ ոք իրավունք չունի աշխատել շաբաթը 48 ժամից ավել և, առավել ևս, ոչ ոք իրավունք չունի աշխատեցնել 48 ժամից ավելի». Արմեն Պողոսյան

Արմեն ՊողոսյանԱշխատավորության օրվա առիթով հրավիրված ասուլիսին այսօր «Սպառողների միություն» ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանը նշեց, որ Հայաստանում և ընդհանրապես աշխարհում ոչ ոք իրավունք չունի աշխատել շաբաթը 48 ժամից ավել և, առավել ևս, ոչ ոք իրավունք չունի աշխատեցնել 48 ժամից ավել:

Արմեն Պողոսյանն անդրադարձավ նաև թաքնված զբաղվածության խնդիրներին: Վերջինս նշեց, որ շատ մարդիկ աշխատում են առանց օրենսդրական գրանցումների: Այսինքն` հարկեր չեն վճարում և թոշակի տարիներին խնդիրներ կունենան:

«Միջին աշխատավարձը 157 000 դրամ է, սպառողական զամբյուղի ամենակենսական մասը` 37 000 դրամ, 50 000 դրամ` ընդհանուր սպառողական զամբյուղը: Հաշվարկները ցույց են տվել, որ մեր ընտանեկան եկամտի 60-65%-ը  գնում է սննդի վրա, էլ չեմ ասում կոմունալ ծախսերը, իսկ տակն ի՞նչ մնաց: Մարդը չի ծնվել պոմիդոր կամ կոշիկ սպառելու համար, բա ու՞ր մնաց կյանքի հոգևոր մասը: Մարդիկ չեն հիշում, թե ե՞րբ են վերջին անգամ եղել թատրոնում կամ օպերայում: Սա ապրելու ձև չէ»,-ասաց Արմեն Պողոսյանը` հավելով, որ Կառավարության վերջին փոփոխություններն էլ լավ ապագայի ոչ մի հույս չեն ներշնչում:

 

Առանց այդ էլ հարկերից ճռռացող տնտեսվարողներին GPRS-ով համակարգն էր պակաս

Անվտանգության-համակարգերի-տեղադրում_4Մի անգամ պապս, որ վաստակաշատ մանկավարժ էր ու լրագրող, նաև համոզված կոմունիստ, ինչ-որ պետական հիմնարկից գալով, իր գեղեցիկ դարչնագույն ցիլինդրն ու ձեռնափայտը ջղային շարժումով միջանցքի կոմոդի վրա նետելով, շուռ եկավ դեպի ինձ, որ այդ պահին հասել էի նրան, ու բարկացած, խիստ տոնով վրա բերեց` «Սովետը, որ քանդվեց` բյուրոկրատական համակարգի ու ապարատի պատճառով էր: Եթե Սովետը քանդվեց, ես չեմ էլ ուզում պատկերացնել, թե էս ջահել Հայաստան պետությունն ինչ է լինելու»: Շատ փոքր էի, որպեսզի հասկանայի, թե ինչ նկատի ուներ հասակ առած ու կյանքի բովում եփված պապս, բայց օրերս պապիս այս փոքրիկ «դասը» հիշեցի, երբ ծանոթացա բյուրոկրատական խոչընդոտների ու կամայականությունների հերթական պատմությանը:

Օրերս մեր խմբագրությանը դիմեց մի բավականին պատկառելի խանութ-սրահի տնօրեն. դժգոհում էր պետական կառույցների կամայականություններից: Ի թիվս նրա մատնանշած բազմաթիվ խնդիրների, մեկը խիստ ուշագրավ էր, հատկապես` պապիս խոսքերը հիշելուց հետո:

Մեզ դիմած Ա.Մ-ն պատմեց, որ ըստ կարգի, Հայաստանի Հանրապետության տարածքում գործունեություն իրականացնող տնտեսվարող օբյեկտները պետք է որոշակի տեխնիկական ու հակահրդեհային անվտանգության չափանիշներ ապահովեն: Տվյալ դեպքում` հակահրդեհային անվտանգության համակարգեր ունենան: Բնականաբար, որպես այս հարցում գլխադասային մարմին, ԱԻՆ-ի համապատասխան ստորաբաժանումներն էլ, այս առումով, ներկայացնում են տեխնիկական անվտանգության պահանջների չափանիշները,համապատասխան «հսկողություն» են իրականացնում, թե ինչպես են պահպանվում այդ անվտանգության կանոնները, ինչպիսի սարք-սարքավորանք է անհրաժեշտ այս նորմը պահպանելու համար և այլն: Եվ մեզ դիմած Ա.Մ.-ն պատմեց, թե իրականում ինչ է կատարվել իր ղեկավարած խանութ-սրահում:

ԱԻՆ-ի համապատասխան կառույցի ներկայացուցիչները այցելել են նրա ղեկավարած խանութ-սրահ, ներկայացրել, թե ինչ տեխնիկական պահանջներ կան, որ պետք է ապահովի օբյեկտի տնօրինությունը: Հետո մատնանշել են խանութ-սրահում առկա հակահրդեհային անվտանգության համակարգն ու ասել, որ դա հին է, չի համապատասխանում սահմանված կարգով ամրագրված պահանջներին, ապա ներկայացրել են իրենց պահանջները: Նաև նշել են, թե կոնկրետ ինչ սարքավորումներ, գույք ու համակարգ է պետք տեղադրել` մատնանշելով կոնկրետ ապրանքանիշի կոնկրետ ապրանք: Երբ Ա.Մ.-ն ցանկացել է ձեռք բերել այդ համակարգը, պարզվել է, որ դա շատ թանկ արժի` մոտ 300 հազար դրամ` չհաշված հարակից ծառայությունների արժեքը: Ու որոշել է հրաժարվել այդ համակարգը տեղադրելուց: Իր ծանոթ գործընկերեներից տեղեկացել է նաև, որ նրանց էլ են այցելել համապատասխան մարդիկ ու ներկայացրել հակահրդեհային անվտանգության համակարգերի «անհրաժեշտությունն» ու պահանջվող համակարգերի տեխնիկական բնութագրերը` դարձյալ նշելով կոնկրետ ապրանքանիշ ու ապրանքատեսակներ:

Ինչպես հիշում ենք հանրահայտ ու բոլորին հուզած նոր ՀԴՄ-ների պատմությունից, այդ հակահրդեհային անվտանգության համակարգերը, բնականաբար, Հայաստան է ներկրում կոնկրետ մեկ մարդ, և այլ տեղից հնարավոր չէ ձեռք բերել այդ համակարգերը: Ու քանի որ Ա.Մ.-ն ու նրա ծանոթ գործընկերները հրաժարվել են ձեռք բերել ու տեղադրել այդ համակարգերը, քանի որ համարել են, որ իրենց ունեցած համակարգերը լիովին բավարարում են անվտանգության ապահովման պահանջները, հիմա նրանց առջև ծառացած է տուգանվելու խնդիրը: Իսկ տուգանքների հարցը Հայաստանում, բոլորս գիտենք` ինչպես է դրված…

Փորձեցինք հասկանալ, թե ինչի մասին է խոսքը:

Ղեկավարվելով «Հրդեհային անվտանգության մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի «ե» կետով` 2012 թ. հուլիսի 26-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարը արձակել է N 263-Ն հրամանը հրդեհային անվտանգության կանոնները հաստատելու մասին: «Հրդեհային անվտանգության կանոններ» կոչվող փաստաթղթի 81-րդ կետով էլ սահմանվում է. «Օբյեկտները պետք է համալրված լինեն հրդեհաշիջման, հրդեհի ազդանշանման ինքնաշխատ համակարգերով և հրդեհի տագնապի ազդանշանի փոխանցման համակարգով` համաձայն սույն հրամանի 1-ին կետի 4-րդ ենթակետով հաստատված հավելվածի»: Այդ հավելվածով թվարկվում են, թե որքան տարածք ունեցող ու ինչպիսի օբյեկտներում են հակահրդեհային անվտանգության համակարգերը պարտադիր և այլն: Կանոնների այս կետը սահմանում է նաև, որ հակահրդեհային ինքնաշխատ համակարգերից հրդեհի տագնապի ազդանշանը պետք է փոխանցվի լիազոր մարմնին` այդ նպատակի համար կիրառելով կապի հնարավոր տարատեսակները (Iոterոet/Eternet/GSM/GPRS/հեռախոսային ֆիքսված ցանց և այլն): Ընդ որում 3000 քմ և ավելի տարածք ունեցող օբյեկտների համար ռադիոկապի կիրառումը պարտադիր է:

Ամեն ինչ կարծես պարզ ու հստակ է, և ավելացնելու կամ զարմանալու ոչինչ չկա: Համենայն դեպս, ԱԻՆ-ի աշխատակիցները, երբ այցելում են համապատասխան օբյեկտներ ու ներկայացնում տեխնիկական ու հակահրդեհային անվտանգության ապահովման պահանջ, դա ինքնագլուխ չեն անում, այլ սահմանված կարգին համապատասխան:
Բայց ուշագրավ է նույն փաստաթղթի հաջորդ` 82-րդ կետը, որում, մասնավորապես, նշվում է. «Հրդեհաշիջման, հրդեհի ազդանշանման ինքնաշխատ կայանքների, հրդեհի տագնապի ազդարարման ինքնաշխատ համակարգի տեսակը, շիջման ձևը, կրակմարիչ միջոցները որոշվում են նախագծող կազմակերպության կողմից` կախված պաշտպանվող շենքերի ու կառույցների տեխնոլոգիական, կառուցողական և ծավալա-հատակագծային առանձնահատկություններից»:
Այս կետով, փաստորեն, հակահրդեհային անվտանգություն իրականացնողին կամ համակարգը նախագծողին, որը Հայաստանում պարտադիր ԱԻՆ-ն է, տրվում է լայն հնարավորություն ներկայացնելու իր նախընտրած կամ պատկերացրած ու իր մատնանշած անվտանգության համակարգ տեղադրելու պահանջ:

Դե ԱԻՆ-ում հո չեն հաստատի, թե իրենք ինչ-որ կանխամտածված կամ կանխակալ որոշում են ընդունում այս առումով ու զարկ տալիս իրենց նախընտրելի տնտեսվարողի կամ կառույցի ներկրած կամ արտադրած համակարգերի վաճառքին` հակահրդեհային անվտանգության համակարգեր տեղադրելու պահանջի ներքո գործող օբյեկտների տնօրինողներին «ուղղորդելով» դեպի կոնկրետ համակարգ: Անգամ այդ դեպքում նրանք արդարացում ունեն. մասնագետն իրենք են, հետևաբար իրենք են որոշում, թե որ օբյեկտում ինչպիսի տեխնիկական չափանիշներին համապատասխան համակարգեր պետք է տեղադրված լինեն, ուրեմն իրենք իրավունք ունեն ասելու, թե այդ չափանիշներին հատկապես որ համակարգն է համապատասխանում:

Միգուցե սա արդար է, չենք փորձում ինչ-որ մեկին մեղադրել, բայց հաշվի առնելով հայաստանյան իրականության փորձը, երբ պետությունն ավելի շահագրգիռ է ինչ-որ կազմակերպության կամ ընկերության բիզնես շահերը պաշտպանելու հարցում, քան հասարակ քաղաքացիների, արդեն ակամա սկսում ենք մտածել, որ այս դեպքում ևս պետական կառույցն առաջնորդվում է նույն սկզբունքով, ինչ նոր ՀԴՄ-ներ տեղադրելու պահանջի, ճանապարհային տեսանկարահանող և լուսանկարահանող սարքերը մասնավոր ընկերության տնօրինմանը հանձնելու ու տուգանքներ նշանակելու, կարմիր գծանշումներով բոլորի սեփականությունը համարվող փողոցից մասնավոր ընկերության համար տարածք առանձնացնելու ու վճարովի ավտոկայանատեղ դարձնելու և մնացած այլ համանման դեպքերում: Նման գործելաոճի պարագայում համապատասխան իրավական ակտերը` թղթի վրա գրված կանոնները, հրամանները, նորմերն ու օրենքները միշտ պետության կամ պետության կողմից հովանավորվող ընկերությունների շահերից են ելնում:

Եվ նման դեպքերում հիշում եմ պապիս` արդեն ինձ հանճարեղ թվացող խոսքերը. «Սովետը, որ քանդվեց, բյուրոկրատական համակարգի ու ապարատի պատճառով էր: Եթե Սովետը քանդվեց, ես չեմ էլ ուզում պատկերացնել, թե էս ջահել Հայաստան պետությունն ինչ է լինելու»:

Դոլարի գինը բորսայում` 414,5 դրամ

 50 միլիոն դոլարԱպրիլի 30-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում կայացել է 2,200,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 414.5 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 414.5 դրամ:

NASDAQ OMX Armenia

Աջակցություն է ստանում հերթական ներդրումային ծրագիրը

11268_am_1 (1)Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
ՀՀ կառավարությունը որոշել է «Կագա Ագրո» ՍՊԸ կողմից իրականացվող ներդրումային ծրագրով 200 միլիոն դրամը գերազանցող արժեքով ապրանքների ԱԱՀ վճարման ժամկետը հետաձգել մինչև 2017 թվականի մայիսի 10-ը: «Կագա Ագրոն» ՀՀ Կոտայքի մարզում կառուցվող 2 հա ջերմոցային տնտեսության համար նախատեսում է իրականացնել շուրջ 834 մլն դրամի չափով ներդրում, ինչի շնորհիվ կներմուծվեն հոլանդական սարքավորումներ, կստեղծվի մոտ 40 աշխատատեղ, արտադրանքի ծավալը 2015թ. կկազմի շուրջ 0.56 մլրդ դրամ:
Հիմք ընդունելով ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ հաստատված քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննության իրականացման կարգը, ՀՀ կառավարությունը ստեղծել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Թալին-Գյումրի ճանապարհահատվածների վերակառուցման մանրամասն նախագծերի փորձաքննական ժամանակավոր հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը:
«Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի համաձայն գործադիրը որոշել է համաձայնություն տալ «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջև ավելի մրցունակ և զանազանեցված մասնավոր հատվածի շուրջ» օժանդակության համաձայնագրի թիվ 5 փոփոխության կնքման առաջարկությանը: Փոփոխության նախագծով նախատեսվում է լրացուցիչ իրականացնել 653077.18 ԱՄՆ դոլարի ֆինանսական հատկացում:
ՀՀ կառավարությունն ի գիտություն է ընդունել ՀՀ ֆինանսների նախարարության՝ ՀՀ պետական բյուջեի կատարման նկատմամբ հսկողության 2013 թվականի տարեկան արդյունքների հաշվետվությունը, ՀՀ նախարարությունների, ՀՀ կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմինների ղեկավարներին, մարզպետներին և համայնքների ղեկավարներին հանձնարարել միջոցներ ձեռնարկել խախտումները, թերությունները վերացնելու և հետագայում բացառելու համար, այդ մասին իրազեկելով ՀՀ կառավարությանը, ինչպես նաև ՀՀ ֆինանսների նախարարությանը: Որոշման կատարման վերահսկողությունը դրվել է ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայության վրա:
Գործադիրը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության գիտական օբյեկտների հիմնանորոգման, կառուցման և արդիականացման հայեցակարգին, մեկ այլ որոշմամբ հաստատել Սփյուռքի հայկական կրթական հաստատություններին ուսումնական գրականության և օժանդակ նյութերի տրամադրման ծրագրի ֆինանսավորման չափը:
Օրենսդրական նախաձեռնություններ
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» և ևս ութ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերին, որոնք մշակվել են 2013թ. դեկտեմբերի 12-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված օրենքի 9-րդ հավելվածը պետական բոլոր ծառայություններում կիրառելի դարձնելու, ինչպես նաև օրենքում առկա որոշ խնդիրներ լուծելու նպատակով: Մասնավորապես, առաջարկվում է հստակեցնել նաև Հայաստանում գործող դիվանագիտական ծառայության մարմնում պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրության կարգը, մի շարք այլ իրավահարաբերություններ: Հաջորդ որոշմամբ կառավարությունն անհետաձգելի է համարել սույն օրենքների նախագծերը:
Գործադիրը հավանություն է տվել «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու օրինագծին, որի նպատակը նույնպես օրենքի դրույթների համապատասխանեցումն է «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքին: Բացի այդ, լիարժեք կկարգավորվեն զինծառայողների դրամական բավարարման, դրամական օգնության, պարենային և իրային ապահովության հետ կապված հարաբերությունները, կմեծանա զինվորական ծառայության գրավչությունը:
Վերը նշված օրենքների նախագծերը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով:
Հաստատվել են բուհերի 2014-2015 ուստարվա առկա ուսուցման տեղերը
ՀՀ կառավարությունը հաստատել է ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների 2014/2015 ուսումնական տարվա՝ բակալավրի կրթական ծրագրով և մագիստրոսի կրթական ծրագրով առկա ուսուցմամբ ընդունելության տեղերը: Նոր ուսումնական տարվա համար նախատեսվում է բակալավրի կրթական ծրագրով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ 2516 տեղ, իսկ մագիստրոսի կրթական ծրագրով՝ 1715 տեղ, որից 1312 տեղ՝ առանց տարկետման իրավունքի և 403 տեղ՝ տարկետման իրավունքով: Մեկ այլ որոշմամբ գործադիրը հաստատել է 2014/2015 ուսումնական տարվա ասպիրանտուրա և դոկտորանտուրա ընդունելության տեղերը և դրանց բաշխումը: Ասպիրանտական ծրագրով ուսումնառությունը կազմակերպելու նպատակով հաստատվել է 379 տեղ, որից 239-ը առանց տարկետման իրավունքի, 140 տեղ տարկետման իրավունքով, 95 տեղ օրդինատուրայի կրթական ծրագրով և 14 տեղ դոկտորանտուրայի կրթական ծրագրով:
ՀՀ կառավարության որոշմամբ «Երևանի Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարան» պետական հիմնարկը վերակազմակերպվել է որպես «Երևանի Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարան» ՊՈԱԿ-ի, հաստատվել է կանոնադրությունը: Ակնկալվում է, որ վերակազմակերպման արդյունքում բուհի հետագա զարգացման համար կբացվեն նոր հեռանկարներ, կընդլայնվեն մասնագետների պատրաստման ծավալը, ձեռնարկատիրական գործունեության ոլորտները:
Նույն հիմնավորմամբ «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ» ՊՈԱԿ-ը վերանվանվել է «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» ՊՈԱԿ-ի, հաստատվել է համալսարանի նոր խմբագրությամբ շարադրված կանոնադրությունը, սահմանվել են ձեռնարկատիրական գործունեության տեսակները:
Կրթության ոլորտին վերաբերող հաջորդ որոշմամբ կառավարությունը հաստատել է այն կազմակերպությունների ցանկը, որոնք մինչև սույն որոշման ուժի մեջ մտնելը, Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության կողմից իրականացվող «Ռոբոտաշինությունը սկսվում է դպրոցից» ծրագրով մատակարարել են ուսումնական ռոբոտներ, սահմանել, որ դրանք մատակարարվում են անհատույց: Որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ուսումնական ռոբոտների անհատույց տրամադրման գործարքները ԱԱՀ-ից ազատելու անհրաժեշտությամբ:
Այլ որոշումներ
ՀՀ կառավարությունը հաստատել է «ՀՀ քաղաքացու անձնագիր տալու կամ փոխանակելու վճարովի ծառայություն», «ՀՀ ԿԱ ոստիկանության ստորաբաժանումների կողմից ՀՀ անունից պայմանագրային հիմունքներով պահպանության և անվտանգության գծով իրականացվող ծառայությունների մատուցում» և «Քաղաքացիներին բժշկական օգնության և սպասարկման վճարովի ծառայությունների մատուցում» ծրագրերի արտաբյուջետային հաշիվների միջոցների նախահաշիվները:
Կառավարությունը հավանություն է տվել պետության կարիքների համար բնակարանների և սպասարկման օբյեկտների ձեռքբերման մասին Պետգնումների գործակալության և «Գլենդել Հիլզ» ՓԲԸ միջև 2009թ. հուլիսի 23-ին կնքված պայմանագրում փոփոխություն կատարելու համաձայնագրին, նպատակ ունենալով կարգավորել կիսակառույց (անավարտ) բնակելի տների շինարարական աշխատանքների ավարտման հետ կապված հարցերը, լուծել երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած, ծրագրի շահառու ճանաչված և կիսակառույց (անավարտ) բնակելի տներ ունեցող ընտանիքների բնակարանային խնդիրները:
Օրենսդրական հակասությունների կարգավորման, տնտեսվարող սուբյեկտների իրավունքների պաշտպանության նպատակով կառավարությունը լրացումներ և փոփոխություններ է կատարել 2009թ. մարտի 5-ին ընդունված Առևտրի իրականացման վայրի կազմակերպման գործունեության լիցենզավորման կարգին վերաբերող թիվ 287-Ն որոշման մեջ, փոփոխություններ՝ 2013թ. հուլիսի 25-ի «Տեսչություններում կառավարման խորհուրդներ ստեղծելու մասին» թիվ 856-Ն որոշման հավելվածում:
Այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ Արամայիս Գրիգորյանն ազատվել է ՀՀ Արարատի մարզպետի պաշտոնից:
Անկախ

Հրապարակվել է պետական բյուջեի 2014 թվականի առաջին եռամսյակի կատարողականը

Պետական բյուջե2014 թվականի հունվար-մարտ ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են ավելի քան 239.9 մլրդ դրամ, իսկ ծախսերը` շուրջ 233.7 մլրդ դրամ, որոնք համապատասխանաբար 99.7%-ով և 85.8%-ով ապահովել են ՀՀ կառավարության առաջին եռամսյակի ծրագրի կատարումը: Հարկ է նշել, որ ապահովվել է պետական բյուջեի ծախսային ծրագրերի շրջանակներում առաջին եռամսյակում պետական մարմինների կողմից սահմանված կարգով ստանձնած պարտավորությունների ամբողջական կատարումը: 2013 թվականի առաջին եռամսյակի համեմատ պետական բյուջեի եկամուտներն աճել են 3.7% ով կամ շուրջ 8.7 մլրդ դրամով, որն ապահովվել է այլ եկամուտների և որոշ հարկատեսակների գծով մուտքերի աճի հաշվին: Պետական բյուջեի եկամուտների 93.3%-ը ձևավորվել է հարկային եկամուտների և պետական տուրքերի, 6.7%-ը` այլ եկամուտների հաշվին:

2014 թվականի առաջին եռամսյակում ՀՀ պետական բյուջե են մուտքագրվել շուրջ 223.9 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, որոնք կազմել են եռամսյակային ծրագրի 100%-ը: 2013 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ նշված եկամուտներն աճել են 1.7%-ով կամ 3.8 մլրդ դրամով:
ՀՀ 2014 թվականի հունվար-մարտ ամիսների պետական բյուջեի ծախսերը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 13.4% ով կամ 27.5 մլրդ դրամով, ինչը հիմնականում պայմանավորված է ընթացիկ ծախսերի աճով:
2014 թվականի հունվար-մարտ ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջեն կատարվել է շուրջ 6.3 մլրդ դրամ հավելուրդով` առաջին եռամսյակի ճշտված ծրագրով նախատեսված 31.7 մլրդ դրամ պակասուրդի դիմաց: Առաջին եռամսյակի ծրագրով նախատեսվել էր պակասուրդի ներքին աղբյուրներում ձևավորված ազատ միջոցներից օգտագործել 63.1 մլրդ դրամ, սակայն բյուջետային ելքերի համեմատ մուտքերի առավել բարձր կատարողականի արդյունքում օգտագործվել է ընդամենը 28.9 մլրդ դրամը:
Պետական բյուջեի եկամուտներում, ծախսերում և պակասուրդի ֆինանսավորման աղբյուրներում ներառված չեն արտաքին աղբյուրներից ֆինանսավորվող նպատակային ծրագրեր իրականացնող գրասենյակներով շրջանառվող միջոցները:

Դոլարը՝414 դրամ

դոլարԱպրիլի 29-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում կայացել է 5,300,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 413.92 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 414 դրամ:

Անկախ

Համագործակցություն գինեգործության զարգացմանը նպաստող ծրագրերում

գյուղնախՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Սերգո Կարապետյանն այսօր ընդունեց Վիեննայի քաղաքային խորհրդի ներկայացուցիչ Ռայներ Շտեպանին և Զարգացման նախաձեռնությունների Վիեննայի կոնսորցիումի գլխավոր տնօրեն, միջազգային փորձագետ Սեպուհ Բաղդոյանին:

Պարոն Շտեպանը տեղեկացրեց, որ երկար ժամանակ համագործակցում է Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոնի (CARD) հետ և ներկայումս նպատակ ունի իրականացնել Հայաստանի գինեգործության զարգացմանը նպաստող ծրագիր, և, որ նախատեսում է նաև հետագայում Հայաստանում հիմնել գինու ակադեմիա: Որպես առաջին քայլ` նա պատրաստակամություն հայտնեց աջակցել ճանաչողական այցով Հայաստան ժամանող փորձագետների այցի կազմակերպմանը, որի ընթացքում առավել մանրամասն կքննարկվի ծրագրի մշակումն ու իրականացումը:

Ողջունելով հյուրերին` նախարարի պաշտոնակատար Սերգո Կարապետյանը ևս կարևորեց այդ ծրագրերի իրականացումը և  նշեց, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունն իր լիազորությունների սահմաններում ամեն կերպ կաջակցի այս ծրագիրը կյանքի կոչելու համար, հաշվի առնելով հայկական գինեգործության զարգացման հեռանկարները:

Սերգո Կարապետյանը որպես համագործակցության հեռանկարներ ունեցող ուղղություններ կարևորեց  կոոպերատիների ձևավորումը, անասնապահությունը և անտառային տնտեսությունը:

 

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին

Կայացել է 2,800,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք

դոլարԱպրիլի 28-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում կայացել է 2,800,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 413.07 դրամ մեկ ԱՄՆ դոլարիդիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 413.05 դրամ:

 Անկախ

«Էյ Ջեյ Էյ Ազատ տնտեսական գոտի» ՓԲԸ-ն և 7 ոսկերչական ընկերություններ ստորագրեցին նոր տնտեսական գոտու պայմանագրեր

ոսկերչությունԱյսօր «Նովոստի-Արմենիա»  միջազգային մամուլի կենտրոնում Ոսկերչական ազատ տնտեսական գոտու կազմակերպիչ  «Էյ Ջեյ Էյ Ազատ տնտեսական գոտի»  ՓԲԸ-ն ՝ ի դեմս գլխավոր տնօրեն Արտակ Ուդումյանի, և 7 ոսկերչական ընկերություններ կնքեցին համագործակցության պայմանագիր: Ստորագրման արարողությանը ներկա էր ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Հարությունյանը:

Ազատ տնտեսական գոտու կազմակերպիչ հանդիսացող «Էյ Ջեյ Էյ Ազատ տնտեսական գոտի»   ՓԲԸ-ն պարտավորվում է իրականացնել ՀՀ օրենսդրությամբ ազատ տնտեսական գոտու  կազմակերպչի համար ամրագրված գործառույթները, այն է՝ սահմանված կարգով նախաձեռնել և ապահովել ազատ տնտեսական գոտում համապատասխան ենթակառուցվածքների ապահովումը և կառավարումը: Շահագործող կազմակերպությունն իր հերթին հայտնում է իր պատրաստակամությունն  ազատ տնտեսական գոտում վարձակալել տարածք՝ ոսկերչության, ադամանդագործության և ժամագործության ոլորտներում գործունեություն ծավալելու նպատակով:

Պայմանագրեր ստորագրեցին ռուսաստանաբնակ Եկատերինա Գևորգյանին պատկանող ոսկերչական իրերի արտադրությամբ զբաղվող ընկերությունը, «Թանկարժեք»  (Ռուսաստան), «Դուրուս»  (ԱՄՆ), «Ալեքս»  (Ալժիր), «Գոլդեն սոլուշնս» (Հորդանան), «Գոլդ Լիս»  (ԱՄՆ), «Պեռլի»  ընկերությունները: Նշված կազմակերպությունների արտահանման շուկաների աշխարհագրությունը ներառում է ՌԴ-ն, ԱՄՆ-ը, Հնդկաստանը, Պակիստանը, Իսրայելը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Հոնկոնգը, Թաիլանդը, Ավստրալիան, Բրազիլիան, Բելգիան, Չեխիան, Հորդանանը և այլն:

Բացի վերոնշյալ ըկերություններից,  մոտ օրերս կկնքվի պայմանագիր ևս մեկ ընկերության հետ, որն իր գործունեությունը կծավալի ադամանդագործության ոլորտում: Արդյունքում կստեղծվեն մոտ 100 աշխատատեղեր:

«Էյ Ջեյ Էյ Ազատ տնտեսական գոտի»  ՓԲԸ գլխավոր տնօրեն Արտակ Ուդումյանը տեղեկացրեց, որ մայիս ամսին իրենք պատրաստվում են ոսկերչական ըկերությունների մի մեծ խմբի հետ ևս պայմանագրեր կնքել: Ապա կսկսվեն տարածքների պատրաստման համապատասխան տեխնիկայի և ինֆրաստրուկտուրաների ձեռքբերման աշխատանքները:

ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Հարությունյանն էլ նշեց, որ «Էյ Ջեյ Էյ Ազատ տնտեսական գոտի»  կազմակերության ներուժը շատ մեծ է, քանի որ այն համախմբում է աշխարհի բոլոր հայ ոսկերիչներին: Նոր ստեղծվող ազատ տնտեսական գոտին կդառնա ոսկերիչների համար ազատ գոտի, որտեղ կկարողանան ստեղծագործել և իրենց արտադրանքն արտահանել:

Անդրադառնալով արտահանման հիմնական շուկաներին՝ Տիգրան Հարությունյանը նշեց, որ մեր հիմնական շուկան Ռուսաստանն է, դրա համար էլ իրենք կարևորում են Մաքսային միությանն անդամակցությունը:

Կայուն ֆինանսական համակարգ . ԿԲ-ն դրական է գնահատում 2013 թ. գործունեությունը

ֆինանսԱրդեն մի քանի տարի է` երկրի ֆինանսական համակարգը հնարավոր է դառնում պահել կայուն, իսկ ռիսկերը կառավարելի: Սակայն սա չի նշանակում, որ համակարգում խնդիրներ չկան կամ այն զերծ է արտաքին ռիսկերի ներգործությունից:

Ամփոփենք նախորդ տարվա արդյունքները: Երկրի ֆինանսական համակարգը գրեթե բոլոր ցուցանիշներով աճ է արձանագրել` միաժամանակ պահպանելով կայունությունն ու անհրաժեշտ ճկունությունը հնարավոր ռիսկերին դիմակայելու համար։ Էապես աճել է ֆինանսական միջնորդության մակարդակը, որը չափվում է վարկեր-ՀՆԱ և ակտիվներ-ՀՆԱ ցուցանիշներով: Տարվա ընթացքում աճ է արձանագրվել ինչպես արտահանման, այնպես էլ տրանսֆերտների ոլորտում: Ինչ վերաբերում է արտահանման ծավալներին, ապա դրանց աճը դրական ազդեցություն է ունեցել արտահանող ձեռնարկությունների վարկունակության վրա, իսկ մասնավոր տրանսֆերտների և գործոնային եկամտի աճի արդյունքում պահպանվել է դրամական փոխանցումներ ստացող տնային տնտեսությունների վարկունակությունը:
Շարունակում են աճել նաև դրամական փոխանցումները, որոնք դրական ազդեցություն ունեն ֆինանսական կայունության ապահովման վրա: Սակայն տրանսֆերտների կտրուկ անկման պարագայում, ըստ ԿԲ-ի աշխատակիցների դիտարկումների, հնարավոր է, որ որոշակիորեն աճի չաշխատող վարկերի տեսակարար կշիռը, բայց դա չի նշանակում, որ այն չի կարող էական ազդեցություն թողնել երկրի ֆինանսական կայունության վրա: Մեր երկրի բանկային համակարգին չի կարող սպառնալ նաև ֆինանսական կայունության և վարկերի ծավալների նվազեցում գյուղատնտեսության ոլորտում կարկտահարության և ցրտահարության հետևանքով: ԿԲ ֆինանսական կայունության և զարգացման վարչության պետ Անդրանիկ Գրիգորյանի մեկնաբանմամբ` այդ հանգամանքը կարող է որոշակիորեն ազդել մասնավոր հատվածի վարկային ռիսկերի բարձրացման վրա, բայց ոչ ընդհանուր ֆինանսական համակարգի, քանի որ գյուղատնտեսական վարկերի տեսակարար կշիռն ընդհանուր վարկային պորտֆելում բավական փոքր է:
Ֆինանսական հաստատություններում բավական մեծացել է վարկային ռիսկը, ինչը, սակայն, այլ երկրների համեմատ կառավարելի և ցածր մակարդակում է: Բանկային համակարգը բավական իրացվելի է և կապիտալացված շոկային իրավիճակներում ռիսկերի ազդեցությունը կլանելու համար։ Նախորդ տարվա համեմատ` բանկային համակարգի վարկերի աճի տեմպը դանդաղել է, ինչի արդյունքում ավանդների առաջանցիկ միտումների պահպանման պայմաններում էապես ավելացել է բանկային համակարգի իրացվելիությունը։
Եթե մի քանի տարի առաջ, որպես ֆինանսական կառույց, էական տեղ էին զբաղեցնում առևտրային բանկերը, ապա դրանց տեսակարար կշիռը համեմատաբար նվազել է` տեղը զիջելով վարկային և այլ կազմակերպություններին:
Միջնորդության մակարդակի բարձրացման շարունակականությունն Անդրանիկ Գրիգորյանը վերագրում է ֆինանսական համակարգի նկատմամբ վստահության բարձրացմանը: 2013 թ. բանկային համակարգի վարկեր-ՀՆԱ հարաբերակցությունը կազմել է շուրջ 40 տոկոս, իսկ առհասարակ ֆինանսական համակարգում այն կգերազանցի 46 տոկոսը, ինչը, ըստ բանախոսի, վերջին տարիների համար բավական մեծ ձեռքբերում է:
Այն գործոնները, որոնք կարող են ազդել ՀՀ տնտեսության և ֆինանսական կայունության վրա, առաջվա պես արտաքին են, այսինքն` համաշխարհային գործընթացներն են: Համաշխարհային տնտեսական աճի վերականգնումն արագացել է միայն տարվա երկրորդ կեսին, որը հիմնականում պայմանավորված է եղել ԱՄՆ-ի դրական մակրոտնտեսական զարգացումներով: Տնտեսական աճի դանդաղելու միտումը շարունակել է պահպանվել զարգացող երկրներում` նպաստելով մի շարք բորսայական ապրանքատեսակների պահանջարկի և գների ցածր մակարդակի պահպանմանը: Թեպետ այդ երկրներում տնտեսական աճի խթանմանն ուղղված աշխատանքներ են տարվել, ՀՀ հիմնական առևտրային գործընկեր որոշ ԵՄ երկրներում և ՌԴ -ում տնտեսական աճը սպասվածից ավելի թույլ է եղել:
Մեր երկրի տնտեսական աճի տեմպի վրա բացասաբար են ազդել մի շարք գործոններ, մասնավորապես, միջազգային շուկաներում արդյունաբերական մետաղների և գների համեմատաբար ցածր մակարդակը, արդյունաբերության ճյուղի ոչ բավարար աճը, շինարարության ճյուղի ցածր ծավալները:
Դանդաղել է նաև բանկային համակարգի վարկերի աճի տեմպը: Բանկերում ակտիվների շուրջ 60 տոկոսը կազմում են վարկերը, որոնք համեմատաբար աճել են թե՛ բացարձակ մեծությամբ, թե՛ ՀՆԱ-ի մեջ: Նույն արդյունքներն են ցույց տրվել նաև բանկային համակարգի տնտեսությունից ներգրավված ավանդների շրջանում: Վերջին տարիների ընթացքում դրանց տեսակարար կշիռը ևս աճել է, ինչը, մի կողմից, պայմանավորված է համակարգի նկատմամբ վստահության մեծացմամբ, մյուս կողմից` հաճախորդների սպասարկման հնարավորությունների և ունակությունների բարձրացմամբ:
Ինչպիսի՞ն է չաշխատող վարկերի տեսակարար կշիռը: ԱՊՀ երկրների համեմատ` Հայաստանի բանկային համակարգի չաշխատող վարկերի տեսակարար կշիռը ընդհանուր վարկային պորտֆելում բավական ցածր է, ինչը, ըստ ԿԲ ներկայացուցչի, ֆինանսական համակարգի կայունության արդյունք է: Ինչ վերաբերում է վարկերի ժամկետայնության կառուցվածքին, ապա այս առումով ևս միտումները գոհացնող են: Մինչև 1 տարով վարկերի տեսակարար կշիռն ընդհանուր վարկերի թվում էականորեն նվազել է: Մեծացել է երակարաժամկետ վարկավորումների ծավալը, որը ներառում է տարատեսակ վարկեր, այդ թվում` հիփոթեկային, բիզնես, սպառողական և այլն: Արձանագրվել է բանկային համակարգի շահութաբերության մակարդակի նվազում, ինչը մասամբ պայմանավորված է տոկոսային սպրեդի (վարկերի և տոկոսադրույքների տարբերություն) նվազմամբ: Այսինքն` վարկերի և ավանդների տոկոսադրույքների տարբերությունն էականորեն նվազել է:
Լ.Ն