Առաջիկա օրերին ջերմաստիճանը կիջնի, այնուհետև նորից կբարձրանա

եղանակՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից Անկախին հայտնում են, որ հանրապետության տարածքում`

22-ին և 25-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 23-24-ին արևելյան շրջաններում սպասվում են տեղումներ:

Քամին հարավ-արևմտյան` 2-5մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը 23-ի ցերեկը արևելյան շրջաններում կնվազի 8-10 աստիճանով, 25-ին կբարձրանա 4-5 աստիճանով:

Երևանում՝
22-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևանի փետրվարի 22-ի բազմամյա կլիմայական տվյալներ

• Օդի առավելագույն ջերմաստիճան   14.50C (2002 թ.)

• Օդի նվազագույն ջերմաստիճան      -17.50C (1985 թ.)

• Օդի միջին օրական ջերմաստիճան   -0.30C

Անկախ

Վայոց ձորի մարզպետը պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի մասին

Էդգար ՂազարյանՎայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել  է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին: Նա գրում է. «Երկար ժամանակ է, որ մեծ ուշադրությամբ հետևում եմ կենսաթոշակային ոլորտի բարեփոխումներին և պարտադիր կուտական կենսաթոշակային բաղադրիչի ներդրման համակարգի շուրջ ծավալվող քննարկումներին: Հետաքրքրվածությունս ունի մի քանի պատճառ, որոնց մեջ իմ բարձրաստիճան պաշտոնատար անձ լինելու հանգամանքն ամենակարևորը  չէ: Ես հանդիսանում եմ 1975 թվականին ծնված ՀՀ քաղաքացի, հետևաբար` այդ համակարգի շահառու: Քանի որ ես հանրային ծառայող եմ, ուստի պաշտոնավարման շրջանում իմ գույքի և եկամուտների մասին տեղեկատվությունն անձնական գաղտնիք չի կարող համարվել, հետևաբար այն կարող է մատչելի լինել հանրությանը:

Բոլորվին վերջերս ես ստացա իմ 2014 թվականի հունվար ամսվա աշխատավարձը, որը նախորդ ամիսներից պակաս էր մոտ 12,000 դրամով: Ինձ համար պարզ է, որ դա պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի համար գանձված գումարն է: Փորձելով հասկանալ այդ համակարգի դեմ դժգոհություն հայտնողների պատճառներն ու շարժառիթները, գնահատելու համար առկա ռիսկերը` ես ինձ համար կատարել եմ հետևյալ վարժությունը: Ես հիմա 38 տարեկան եմ, իսկ կենսաթոշակային տարիքի պետք է անցնեմ 63 տարեկան հասակում (2039 թվականին), այսինքն` 25 տարի անց: Եթե իմ եկամուտները այդ 25 տարիների ընթացքում մնան նույն մակարդակին, ապա ստացվում է, որ ես այդ համակարգում պետք է պարտադիր կարգով կատարեմ հետևյալ չափի վճարումներ. 25 տարի x 12 ամիս x 12,000 դրամ=3.600.000 դրամ: Պետությունը հանձնառություն է ստանձնել կրկնապատկել իմ վճարումները, այսինքն` վերջնական վճարումները իմ հաշվին կկազմեն 7,200,000 դրամ (առանց կառավարող հիմնադրամների հատկացումների):

Եթե Աստված ինձ պարգևի մինչև 75 տարեկան ապրելու երջանկություն, ապա կստացվի, որ ես կենսաթոշակային տարիքում կապրեմ 12 տարի կամ 144 ամիս: Եթե 7,200,000 դրամը բաժանենք այդ 144 ամիսների վրա, ապա իմ հասանելիք կենսաթոշակը, միայն կուտակային բաղադրիչից ամսական կկազմի 50.000 դրամ: Միաժամանակ ես կստանամ նաև պետական բյուջեից ֆինանսավորվող աշխատանքային կենսաթոշակ, որը հաշվարկվում է հետևյալ կերպ. հիմնական կենսաթոշակին կավելացվի 2014 թվականն աշխատած շուրջ 20 տարվա աշխատանքային ստաժի համար տրվող հավելումը (հաշվի առնելով կենսաթոշակառուի անձնական գործակիցը): Հիմք ընդունելով 2014 թվականին գործող ցուցանիշները (հիմնական կենսաթոշակի չափը` 14.000 դրամ, աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքը` առաջին տաս տարվա համար 700 դրամ, տասը տարին գերազանցող յուրաքանչյուր տարվա համար 450 դրամ), ինչպես նաև կենսաթոշակի անցնելու պահին իմ ունեցած աշխատանքային ստաժի տևողությունից (շուրջ 45 տարի) հաշվարկված` կենսաթոշակառուի անձնական գործակիցը (1.4), իմ աշխատանքային կենսաթոշակի չափը կկազմի շուրջ 28.000 դրամ (14.000 դրամ+(10 տարի x 700 դրամ+10 տարի x 450 դրամ) x 1,4): Արդյունքում կենսաթոշակի անցնելուց հետո իմ ամսական եկամուտները կկազմեն շուրջ 78.000 դրամ: Իսկ առանց կուտակային բաղադրիչի ներդրման` իմ կենսաթոշակի չափը կկազմեր շուրջ 45.000 դրամ:

Մեկ անգամ ևս նշեմ, որ ներկայացված ցուցանիշները հաշվարկային են, որտեղ հաշվի չի առնվել ոչ գնաճը, ոչ իմ կենսաթոշակային ակտիվների կառավարումից ստացած եկամուտները, ոչ աշխատավարձի աճը (2014 թվականի հուլիսի 1-ից ՀՀ պետական կառավարման ոլորտում սպասվող աշխատավարձերի բարձրացումները շատ հուսադրող են այդ առումով): Իմ այն հասակակիցները, որոնք առավել երիտասարդ են ինձնից կամ ստանում են առավել բարձր վարձատրություն, կարճաժամկետ իմաստով առավել «խոցելի են», քանի որ այս պահին բացարձակ թվերով նրանք ավելի մեծ չափի գումարներ են վճարում, սակայն հարաբերական իմաստով, նրանք ավելի քիչ են վճարում, քանզի ի վերջ զուտ եկամուտը նրանց համար բացարձակ թվով գերազանցելու է իմ եկամտին, իսկ հեռանկարային տեսանկյունից նրանք շահում են, քանզի հետագայում ստանալու են ավելի բարձր կենսաթոշակ, քան ես: Մյուս կողմից նրանց եկամուտների միջև ընդգծված խզում աշխատանքային և կենսաթոշակային տարիքում գրեթե չի նկատվի, ինչը դրական անդրադարձ կունենա  նրանց ցկյանս բարեկեցության վրա: Սակայն, պարզվում է, որ նրանց առավելապես անհանգստացնում է այս կարճաժամկետ «կորուստը», որի պատճառով փորձում են հրաժարվել իրենց ծերության մասին հոգածությունից: Եթե կան ռիսկեր ապագայի անորոշությամբ պայմանավորված, ապա դրանք մենք պետք է չեզոքացնենք մեր իսկ աշխատանքով: Ես ոչ միայն հավատում եմ մեր երկրի և մեր բոլորի լուսավոր ապագային, այլև պարտավոր եմ իմ աշխատանքով, իմ գործունեությամբ նպաստել դրան: Եթե փաստարկվում է մեր ծնողների խնայբանկերում ներդրված ավանդների կորուստի անհաջող և տվյալ դեպքի համար անհամադրելի օրինակը, ապա պետք է նկատել, որ այսպես կոչված «սերունդների համերաշխության» սկզբունքի վրա հիմնված կենսաթոշակային համակարգն ունի նույն ռիսկերը` անազնվության և անարդարության բազմաթիվ դրսևորումներով: Օրինակ. իմ հայրը, ցավոք սրտի, վախճանվել է երիտասարդ հասակում` 59 տարեկանում, այսինքն` բազմաթիվ տարիներ իր աշխատանքի շրջանում նա վճարումներ է կատարել կենսաթոշակային համակարգին, սակայն երբեք դրանից չի օգտվել: Իր կատարած վճարումները որևէ կերպ չեն փոխանցվել իմ մայրիկին կամ հայրիկիս ժառանգներին (քույրերիս կամ ինձ): Մայրս բազմամյա աշխատանքի արդյունքում գտնվում է կենսաթոշակային տարիքում և ստանում է ընդամենը 42,000 դրամ թոշակ: Արդյո՞ք դա համարժեք է այն վճարումներին, որ նա կատարել է տարիների ընթացքում: Կարծում եմ, որ ոչ: Սակայն նա ստիպված է բավարարվել այդ թոշակով, քանզի նրա կենսաթոշակը կախվածության մեջ է դրված ոչ թե իր կատարած վճարումներից, այլև ներկա պահին ժողովրդագրական ցուցանիշներից, մարդկանց զբաղվածության և վարձատրության աստիճանից: Նոր համակարգը հնարավորություն է տալիս մեզ ինքնուրույն կառավարել սեփական միջոցները և տնօրինել դրանց ճակատագիրը:

Կարելի է մտածել, որ այս ամենը պետք է ոչ թե պարտադրել, այլ թողնել յուրաքանչյուրի բանականությանը: Կյանքը ցույց է տալիս, որ կամավոր կերպով այդ համակարգին միացողների թիվը շատ փոքր է: Պատճառը ոչ թե առողջ բանականության պակասն է, այլ երիտասարդ տարիքում ֆինանսական ծախսեր կատարելու օբյեկտիվ անհրաժեշտությունը: Ես էլ երիտասարդ մարդ եմ և ինձ համար նույնպես շատ դժվար է միջոցներ խնայել իմ երեխաներից, իմ ընկերներից կամ մարդկային նախասիրություններից, և կուտակել այն ծերության շրջանում ծախսելու համար: Ինձ համար գոնե դա պետք է լինի պարտադիր: Ես համոզված եմ, որ դա բխում է իմ իսկ շահից: Իսկ բոլոր նրանք, ովքեր այսօր դեմ են արտահայտվում այդ համակարգին և զանազան ակցիաներ կազմակերպում, կարծում եմ պետք է լավ պահեն իրենց բոլոր պաստառները, լավ ճանաչեն մեկը մյուսին, որ 25 տարի անց նորից հավաքվեն հրապարակներում իրենց սոցիալական խնդիրների մասին բարձրաձայնելու համար: Ես անձամբ այդպես չեմ ցանկանում: Ես ուզում եմ ապրել հանգիստ կյանքով. հիմա և ծերության շրջանում` քաջ գիտակցելով, որ դրա համար (ինչպես ամեն ինչի) պետք է վճարել:
Ինձ զարմացնում է նաև այն իրողությունը, որ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին դեմ են արտահայտվում 1974 թվականից վաղ ծնված քաղաքացիները, որոնց դա բացարձակապես չի վերաբերում: Ընդդիմախոսների շարքում կարել է հանդիպել անգամ արդեն կենսաթոշակ ստացողների: Սա նշանակում է, որ որոշ անազնիվ ուժեր փորձում են քաղաքականացնել մի երևույթ, որը գոնե այսօրվա քաղաքական գործընթացների հետ որևէ առնչություն չունի: Այս մասին որոշում ընդունող մարդկանցից և ոչ մեկը, իմ կարծիքով, 25 տարի հետո իշխանության մեջ դժվար թե լինի:  Բայց պետք է գտնվեր մեկը, մի իշխանություն, որը կայացներ տնտեսության և հասարակության զարգացման ռազմավարական որոշում` հաշվի չառնելով նախորդ և առաջիկա համապետական և տեղական ընտրությունների ժամկետները: Այս որոշումը կայացնելու քաղաքական պատասխանատվությունը ստանձնել է այսօրվա իշխանությունը: Ես վստահ եմ, որ բողոքի դուրս եկած այսօրվա շատ երիտասարդներ կենսաթոշակի տարիքում շնորհակալությամբ են հիշելու այս համակարգը ներդնողներին:
Ամփոփելով ես ուզում եմ դիմել 1974 թվականին և դրանից հետո ծնված Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին: Հարգելի հասակակիցներ և երիտասարդ բարեկամներ,  այն պահին, երբ մեր ժողովրդի լավագույն զավակները սահմանին կանգնած իրենց կյանքն են զոհաբերում հանուն մեզ և մեր երեխաների, մեր ապահովով ծերության մասին գոնե մենք պետք է մտահոգ լինենք: Դրա առավել արդյունավետ, արդար և տրամաբանական լուծումը, քան պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգն է, աշխարհի առաջավոր երկրներում դեռ չեն գտել»:

Երևանում կայացավ կենսաթոշակային երրորդ տարեկան համաժողովը

IMG_3211Այսօր «Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն» հիմնադրամը՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) ֆինանսավորմամբ իրականացվող «Կենսաթոշակային բարեփոխումների իրականացման»  և «Ֆինանսներ տնտեսական զարգացման համար» ծրագրերի աջակցությամբ, հյուրընկալեց ամենամյա կենսաթոշակային երրորդ համաժողովը, որը կրում էր «Նոր կենսաթոշակային համակարգ՝  հնարավորություններ, մարտահրավերներ և ակնկալիքներ» խորագիրը։

Համաժողովին մասնակցեցին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆֆերնը, ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության ղեկավար Քարեն Հիլիարդը, և Կենսաթոշակային բարեփոխումների կառավարման խորհրդի անդամները։ Համաժողովի մասնակիցների թվում էին նաև տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներ, նախարարներ, միջազգային կազմակերպությունների ղեկավարներ,  ՀՀ Ազգային Ժողովի և Կենտրոնական բանկի ներկայացուցիչներ, մի շարք առևտրային բանկերի և ֆինանսական հաստատությունների, ներառյալ ապահովագրական, վարկային և ներդրումային ընկերությունների ղեկավարներ, ակտուարներ, գործարար համույթի ներկայացուցիչներ, քաղաքական գործիչներ, ինչպես նաև ոլորտին առնչվող հասարակական կազմակերպությունների և միջազգային կառույցների ներկայացուցիչներ:

Երրորդ համաժողովն ամփոփեց պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի մեկնարկին նախորդած 10 տարվա նախապատրաստական աշխատանքները։ Միջոցառման ժամանակ առանձնակի շեշտադրում կատարվեց կենսաթոշակային նոր օրենքի ընդունումից հետո անցած երեք տարիների արդյունքներին ու ի հայտ եկած մարտահրավերներին։

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն իր ողջույնի խոսքում ներկայացրեց նոր համակարգի ներդրման հիմնավորումները, դրա անհրաժեշտությունն ու անխուսափելիությունը՝ ելնելով վերջին տասնամյակաների հասարակական ու տնտեսական զարգացումներից, և դրանց ցավոտ դրսևորումները այն սերնդի համար, որը ստիպված է իր վրա կրել առաջին ծանրությունը՝ փոխելով վարքագիծ, մտածողություն:

Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնը խոսեց կուտակային կենսաթոշակային համակարգերի ներդրման մարտահրավերների ու հեռանկարների մասին և նշեց, որ ԱՄՆ Կառավարությունը պատրաստ է շարունակական աջակցություն ցուցաբերել այդ ուղղությամբ կատարվող ջանքներին։ Նա կարևորեց հանրային իրազեկման նախաձեռնությունների և Հայաստանի Կառավարության կողմից Հայաստանի քաղաքացիներին բարեփոխման մանրամասների հանգամանորեն ներկայացնելու անհրաժեշտությունը։

Համաժողովի ընթացքում ելույթներ ունեցան ՀՀ Կենտորնական բանկի, ՀՀ ֆինանսների նախարարության ներկայացուցիչները, ներկայացնելով նոր համակարգի գործարկման մեխանիզմները, ապահովման երաշխիքները, օրենսդրական սահմանափակումներն ու պետական վերահսկողության լծակները։

Սեփական քաղաքականությունը բացահայտող շնորհանդեսներով հանդես եկան նաև ՀՀ Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված ՝«Ամունդի» և «Ց կվադրատ»  ակտիվների կառավարիչների ներկայացուցիչները։

Անկախ

«Դեմ եմ»-ը տապալեց «Կենսաթոշակային 3-րդ տարեկան միջազգային համաժողովը» (լուսանկարներ, տեսանյութեր)

IMG_3209“Էլիտ պլազայում” տեղի ունենցող «Կենսաթոշակային 3-րդ տարեկան միջազգային համաժողով. հնարավորություններ, մարտահրավերներ և հեռանկարներ» խորագրով  համաժողովը աշխատանքի կեսից տապալվեց: «Դեմ եմ» շարժման ակտիվիստները, տեղեկանալով համաժողվոի մասին, վրդովված եկան այնտեղ` կազմակերպիչներին հարցնելով, թե ինչու իրենք հրավիրված չեն և հնարավորություն չունեն արտահայտելու իրենց դիրքորոշումը:

Մինչ այդ արդեն բացման խոսքով հանդես էին եկել վարչապետ Տիգրան Սարգսյանը, ԱՄՆ  դեսպան Ջոն Հեֆերնը, միջազգային կառույցների հայաստանյան ներկայացուցիչներ: Վարչապետն արդեն դահլիճում չէր:

Լրատվամիջոցների մեծ մասն  էլ համաժողովի մասին տեղեկացել էր «Դեմ եմ»  շարժման միջոցով, որը կոչ էր արել իր թիմակիցներին անմիջապես հավաքվել համաժողովի վայրում: Եվ ահա, երբ  ակտիվիստներ «Դեմ եմ  պարտադիր կուտակայինին»  դրոշներով փորձում էին ներս մտնել դահլիճ, որտեղ տեղի էր ունենում համաժողովըտ, կազմակերպիչները նրանց նախ թույլ չտվեցին`  ասելով, որ համապատասխան հրավիրատոմսեր պետք է ունենան:

IMG_3203Այնուհետև վիճաբանությունից հետո «Դեմ եմ»- ի ակտիվիստները ներս մտան դահլիճ,` ասելով, որ կարող են հենց հիմա գրանցվել ու ներս մտնել, և ոչ ոք իրավունք չունի իրենց թույլ չտալ: Այդ պահին զեկույցով հանդես էր գալիս նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Վարդան Արամյանը: Ակտիվիստների մուտքը դահլիճ մեծ իրարանցում առաջացրեց, սակայն նրանք խնդրեցին ուշադրությունը սևեռել ոչ թե իրենց վրա, այլ զեկուցողների:

Արամյանի խոսքից հետո  «Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն»  հիմնադրամի գործադիր տնօրեն Կորյուն Սարգսյանը «Դեմ եմ»-ի ակտիվիստներին առաջարկեց մասնակցել համաժողովին և  խոստացավ օրակարգում ներառել նաև նրանց` ելույթի հնարավորություն տալով: Սակայն, քանի որ ակտիվիստների ելույթը պետք է լիներ վերջում, նրանք հրաժարվեցին` ասելով, որ այդքան ժամանակ չունեն, բոլորն աշխատում են և աշխատավայրերում  պետք է լինեն` առաջարկելով այդ պահին ելույթ ունենալ: Սակայն նիստը վարողը հրաժարվեց` ասելով, որ չի կարող խախտել օրակարգը:

Լարվածությունը դահլիճում մեծացավ, երբ համաժողովի  մասնակիցներից մեկը հայտարարեց, թե իրենք գիտեն որն է նրանց կարծիքը և ավելորդ անգամ չեն ուզում լսել, ինչը զայրույթ առաջացրերց «Դեմ եմ»-ի ակտիվիստների մոտ: Նրանցից մեկը, մոտենալով ամբիոնին, հայերեն և անգլերեն լեզուներով հայտարարեց, որ նախագահն է անգամ իր խոսքում հայտնել այն մասին, որ հասարակության 80 տոկոսը դեմ է այս ռեֆորմին: Նա հարց ուղղեց միջազգային կառույցների ներկայացուցիչներին, թե արդյոք նորմալ է դեմոկրատական երկրում, երբ հասարակության 80 տոկոսը դեմ է, սակայն փոփոխությունն իրականացվում է:

IMG_3218Նիստի վարողը հայտարարեց, որ այն կասեցվում է: Մասնակիցներն աստիճանաբար լքեցին  դահլիճը, իսկ «Դեմ եմ»- ի ակտիվիստները հնչեցնելով իրենց կարգախոսը` «Դեմ ենք, դեմ ենք», հեռացան դահլիճից:

Անկախ

 

«Իրացնողը հարգ որոշողի վրա է բարդում մեղքը, հարգ որոշողը մի կողմից իրացնողի, մյուս կողմից` Ֆինանսների նախարարության վրա». Բաբկեն Պիպոյան

Բաբկեն ՊիպոյանԵրեկ «Իրազեկ և պաշտպանված սպառող» և «Սպառողների ասոցացիա» ՀԿ-ները ուսումնասիրություններ են անցկացրել ոսկու 3 շուկաներում և հայտնաբերել թերացումներ:

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացնելով հայտնաբերված թերացումները` նշեց, որ դեռ անցած տարվանից իրենք ահազանգեր էին ստանում, բայց հաշվի առնելով սպառողական ոլորտում առկա բազմաթիվ այլ ռիսկային դաշտերը, ոսկուն հերթը չէր հասնում:

«2006-ին Կառավարության ընդունած որոշման համաձայն` կամայական ոսկու և այլ զարդերի վրա պետք է լինի Սասունցի Դավթի պատկերը, ոսկու հարգը, հարգը որոշած կազմակերպության համարը: Հարգադրոշմավորումը և դրոշմավորումը միայն լիցենզավորված ընկերությունների կողմից կարող են արվել, և այդ կազմակերպության կոդը դրոշմվում է Սասունց Դավթի պատկերի կողքին: Մինչդեռ իրացնողին հորդորել են տնտեսվարողից պահանջել լավ մակնշել իրենց ապրանքը, որպեսզի սպառողների հետ խնդիրներ չառաջանան, սակայն այժմ Սասունցի Դավթի պատկերն ամբողջովին աղավաղված է, իսկ հարգը երբեմն դժվար տեսանելի է: Եթե այս որոշումը նոր լիներ, թերությունների նման մեծ քանակությունը հասկանալի կլիներ, բայց սա 6-7 տարվա որոշում է արդեն»,- ասաց Բաբկեն Պիպոյանը:

Նրա խոսքով` սա փոխկապակցված շղթա է, իրացնողը հարգ որոշողի վրա է բարդում մեղքը, հարգ որոշողը մի կողմից մեղքը բարդում է իրացնողի վրա` հավատացնելով, որ ինքը լավ է դրոշմում, իսկ իրացնողը մշակելիս փչացնում է, մյուս կողմից պետության վրա` նշելով, որ պետությունը, մասնավորապես Ֆինանսների նախարարություն է լիցենզավորված կազմակերպություններին տրամադրում դրոշմող սարքեր` չթողնելով այլ սարքեր կիրառել:

Անկախ

 

Անկախ

«Ֆոնդերի գումարների 60 %-ը ներդրվելու է հայրենական տնտեսության մեջ». Գագիկ Մինասյան

Գագիկ ՄինասյանՊարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրմամբ կլուծվի ոլորտում առկա խնդիրները: Ակնհայտ է, որ նոր համակարգին այլընտրանք չկա: Եթե փորձեինք ավելի ուշ անցնել պարտադիր կուտակային համակարգին, ապա դժվարություններն ավելի շատ կլինեին: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը:

Նրա խոսքով` առնվազն երեք աշխատող պետք է ապահովեն մեկ մեծահասակի կենսաթոշակը: Երբ մեկ տարեցի կենսաթոշակն ընկնում է երկու կամ, որ ավելի վատ է, մեկ երիտասարդի վրա, խնդիրներ են առաջանում: Եթե երեքը մեկին հնարավորությունը բացակայում է, սերունդների համերաշխության սկզբունքն սկսում է չաշխատել: Նոր համակարգը կլուծի այդ խնդիրը:
«Ոչ մի երկրում այս բարեփոխումը հեշտ չի ընդունվել: Սա նման է ԱՊՊԱ-ի մասին օրենքին, որից արդեն երեք տարի է ազգաբնակչությունը գոհ է: Պարտադիր կենսաթոշակային համակարգը ևս մի քանի տարի անց գոհունակությամբ կընդունվի ՀՀ քաղաքացիների կողմից: Առանց կուտակումների հնարավոր չէ զարգացում ապահովել: Կլինեն կուտակումներ՝ կլինեն զարգացումներ»,- ասաց Գագիկ Մինասյանը:
Բանախոսը նաև անհիմն համարեց այն մտահոգությունները, որ Հայաստանում արժույթի փոփոխության դեպքում մարդկանց կուտակած գումարները կկորչեն: «Արժույթի փոփոխության հարց Հայաստանում առայժմ չի քննարկվում: Բայց, եթե ինչ-որ պատճառով արժույթը փոխվի, ֆոնդերի հետ ոչինչ տեղի չի ունենա, ինչպես Էստոնիայի դեպքում, երբ այդ երկրի արժույթը դարձավ եվրոն: Ֆոնդերի միջոցների առնվազն 60 %-ը պահվելու է դրամով, իսկ մնացածը՝ արտարժույթով: Ընդ որում, գումարների 60 %-ը ներդրվելու է հայրենական տնտեսության մեջ»,- ասաց Գագիկ Մինասյանը:

Անկախ

«Այստեղ ինձ ոչ ոք չէր սպասում». երիտասարդ բարձրորակ մասնագետը հիասթափված հեռանում է Հայաստանից

Բյուրակն-2Վեց տարի բժշկական համալսարան, երկու տարի` կլինիկական օրդինատուրա` հոգեբույժի մասնագիտությամբ:

Երիտասարդ մասնագետ Բյուրակն Իշխանյանի համար այդ ոչ այնքան «արդիական» մասնագիտությունն ընտրելն ամենևին ինքնանպատակ չէր: Նա իսկապես ուզում էր հայկական հոգեբուժության ոլորտում դեր ունենալ` հասկանալով, որ այդտեղ անելիքները շատ են: Բացի այդ, ոլորտն իսկապես հետաքրքրում էր որպես բժշկության մեջ ամենխորհրդավոր և չբացահայտված ճյուղ:
Սակայն օրդինատուրա ընդունվելուց հետո նրան գիտելիքներից ավելի հիասթափությունների շարան էր սպասում: «Բժշկականում վեց տարի գերազանց սովորելուց, կարմիր դիպլոմով ավարտելուց հետո էնտուզիազմով գնում ես հիվանդանոց ու հանկարծ հասկանում ես, որ բոլորն էնտեղ թքած ունեն քեզ վրա: Հանձնարարություն են տալիս, ոգևորությամբ պատրաստվում ես, բայց լսող չկա, գրականության ցանկ ես ուզում, առաջարկում են 90-ականների սկզբին լույս տեսած մի գիրք, որը կարդացել ես 5-րդ կուրսում, և այդպես շարունակ»,- թվարկում է նա:
Հասկանում է, որ ուսումը շարունակելու համար պետք է դուրս գա Հայաստանի սահմաններից: Դիմում է եվրոպական տարբեր համալսարաններ: Բայց մինչ հաջողությունը կժպտար, երկու տարին անցնում է, ավարտում է օրդինատուրան, որից հետո Եվրամիության «Էրասմուս Մունդուս» կրթաթոշակի ծրագրով մեկնում է Եվրոպա և սովորում երեք համալսարաններում` Գերմանիայում, Հոլանդիայում և Ֆինլանդիայում: «Միգուցե տարօրինակ հնչի, բայց Եվրոպայում սովորելն ինձ համար շատ ավելի հեշտ էր, քան Հայաստանում: Ազատ ժամանակ շատ ունեի և հետաքրքիր բաներով էի զբաղվում: Էնտեղ շեշտը դրված է ոչ թե նրա վրա, որ ինչ-որ գրքեր անգիր անես, գնաս քննությունդ ստանաս, այլ որոշակի հմտություններ ձեռք բերես: Օրինակ` ես սովորեցի գիտական հետազոտություններ անել, գիտական հոդվածներ գրել, ավելի պրակտիկ բաներ, որոնք հատկապես գիտությամբ զբաղվելու համար շատ կարևոր էին»,- ասում է նա:

Երկու տարի անց` 2013-ին, ավարտելով ուսումը, երիտասարդ մասնագետը վերադառնում է հայրենիք` մոռացած նախկին հիասթափությունները, զինված հարուստ գիտելիքներով, մեծ ոգևորությամբ և ամենակարևորը` ռոմանտիկ երազանքներով: Այդ ժամանակ անկեղծորեն հավատում էր, որ իրեն Հայաստանում գրկաբաց կընդունեն, քանի որ ոլորտում երիտասարդ մասնագետներ, այն էլ` դրսում վերապատրաստված, մատների վրա կարելի է հաշվել:
Դիմում է առողջապահության նախարարություն, որ օգնեն աշխատանք գտնել: Ամենահետաքրքիրն այն է, որ ուզում էր մարզում աշխատել` լավ իմանալով մարզերում տիրող անմխիթար վիճակը: Առողջապահության նախարարությունից փորձում են օգնել, բայց պարզվում է` պահանջարկն այնքան էլ մեծ չէ. մե՛կ թափուր աշխատատեղեր չկան, մե՛կ արդեն զբաղեցրել են կամ էլ այնպիսի վատ պայմաններ են, որ ինքն է հրաժարվում:
«Մի դեպքում կարծես թե համաձայնության եկել էինք: Հասա Դիլիջան, և երբ գնացի հիվանդանոցի գլխավոր բժշկի մոտ, զգացի, որ այնտեղ էլ ինձ չեն սպասում կամ միգուցե ինչ որ ակնկալիքներ ունեին»,- ենթադրում է նա:

Մարզերում աշխատելու նրա երազանքն ի վերջո հօդս է ցնդում, ու նա որոշում է աշխատանք գտնել մայրաքաղաքում: Պարզվում է` դա այստեղ էլ հեշտ բան չէ: Մի քանի տեղ դիմում է. ապարդյուն: Ի վերջո, Երևանի մանկավարժական համալսարանում մեկ կիսամյակով դասախոսի աշխատանք է գտնում և սկսում է մագիստրատուրայում «Խոսքի խանգարումների նյարդահոգեբանական և նյարդալեզվաբանական վերլուծություն» դասավանդել: Ասում է, որ արևմտյան դպրոցն այստեղ լրիվ նորություն է, քանի որ հիմնականում ուսուցումը ռուսական դպրոցի հիման վրա է: Խոստովանում է, որ չի կարողանում ուսանողների համար ապահովել այն մակարդակը, ինչ որ ինքն է ստացել Եվրոպայում. «Ուսանողներից տարրական մաթեմատիկա պահանջելը լուրջ խնդիր է, լեզուներ չգիտեն: Մագիստրատուրայի ուսանողներ են, բայց քննության ժամանակ իրարից արտագրում են, պրեզենտացիաներն իրարից «թխած» ներկայացնում են: Եվրոպայում նման բաները բացառված են, ուղղակի ամոթ է»,- ասում է նա:

Սակայն մանկավարժականում ամենազավեշտալին Բյուրակն Իշխանյանի աշխատավարձն էր: Ամսական եկամուտը ողջ դասախոսությունից կազմում է երեք հազար դրամից մի փոքր ավելի, այո, հենց այդքան: Դասախոսում է շաբաթական մեկ օր, և մեկ դասախոսությունը մոտ 800 դրամ են հաշվում: «Ընդհանրապես այստեղ ժամավճարի գաղափարն աբսուրդ է. հաշվում են միայն լսարանում եղած ժամանակահատվածը` այդ 80 րոպեն: Բայց այն, որ ես երկու-երեք օր գրականություն եմ կարդում, «սլայդներ» եմ պատրաստում և այլ աշխատանք եմ կատարում մինչև լսարան մտնելը` հաշվի չի առնվում»:

Երբ նա իր նորզելանդացի ընկերուհուն, որը նույնպես դասախոսում է, պատմել է իր աշխատանքային «արքայական» վարձատրության մասին, ընկերուհին զարմացած է մնացել` ասելով, որ իրենց մոտ, երբ դասախոսը նոր առարկա է դասավանդում, առաջին կիսամյակում նրան երկու-երեք անգամ ավելի են վճարում` հաշվի առնելով այն, որ նա որոշակի ժամանակ է ծախսում նյութը պատրաստելու վրա: Իսկ ընդհանրապես, այնտեղի և այստեղի վարձատրության միջև ընդհանուր եզրեր անգամ հնարավոր չէ գտնել:

Դասախոսությանը զուգահեռ Բյուրակնը նաև աշխատանքի է անցնում Նուբարաշենի հոգեբուժարանում: Սակայն դա էլ նրա երազած աշխատանքը չէր. նախ` աշխատավարձն է շատ ցածր` 67 000 դրամ, որի մեկ երրորդը գնում է ճանապարհածախսի վրա, երկրորդ` իր գիտելիքները լիարժեք կիրառելու «ճակատ» չունի: «Աշխարհում շատ բան է փոխվում, զարգանում, բայց դա չի հասնում Հայաստան: Խնդիրն այն է, որ մեզ մոտ հոգեբուժարանները պետական են, պետպատվերով են աշխատում, մրցակցություն չկա: Մյուս կողմից էլ, եթե պետպատվերով չլինի, այդ հիվանդների մեծ մասը սոցիալապես ծանր վիճակում է, չի կարողանա ծախսերը հոգալ: Մի խոսքով, հոգեբուժարաններն ահավոր թշվառ վիճակում են, պետք է ինչ-որ լուծում գտնել»:

Հասկանալով, որ իր մտածածն ու երազածն ամենևին չեն համապատասխանում հայաստանյան իրականությանը, այստեղ պարզապես լճանում է, իսկ վաստակած գումարով անգամ ամենատարրական ծախսերը չի կարողանում հոգալ, Բյուրակնը կրկին բռնում է Եվրոպայի ճամփան:

1961543_1539027359654971_2061728929_nԱհա, ամիսներ առաջ Բյուրակնը մրցույթով ընդունվել է Կոպենհագենի համալսարան, որտեղ նրան առաջարկել են ուսումնական ծրագիր` աշխատանքային պայմանագրով: Ավելի լավ առաջարկ հնարավոր էլ չէր սպասել: Նա դեռ այստեղ է, բայց ապագա ղեկավարի հետ արդեն սեպտեմբերի անելիքներն է պլանավորում: «Շատ հետաքրքիր գիտական միջավայր է ինձ սպասում, որը Հայաստանում այնքան պակասում է: Էստեղ ում ասում ես` գիտություն, քմծիծաղ է տալիս»,- ասում է Բյուրակնը,- միջակության մթնոլորտում մնալն անիմաստ է: Հայաստանն ասես միջակների երկիր լինի, այստեղ բարձր գիտելիքներ առանձնապես պետք չեն»:
Ծրագիրը երեք տարով է, բայց երիտասարդ հոգեբույժը Հայաստան վերադառնալու հավանականությունը շատ փոքր է համարում: Ասում է. «Այդ անգամ, երբ ավելի բարձր որակավորմամբ վերադառնամ, հիասթափությունս ավելի մեծ կլինի, ավելի լավ է` չվերադառնամ»:

Կվերադառնա, եթե, ինչպես ինքն է ասում, Հայաստանում այդ երեք տարվա մեջ կտրուկ փոփոխություններ լինեն, ինչին, ցավոք, չի հավատում: «Հայաստանը լուրջ վերանորոգման կարիք ունի. բոլոր ոլորտներում: Ինչպես համակարգիչն են «ֆորմատ» անում, մեր երկիրն էլ պետք է լրիվ անջատել ու «ֆորմատ» անել»:
Ի դեպ, նշում է, որ համակուրսեցիներից շատերն են արտերկիր մեկնել, ոմանք էլ, որոնք դեռ չեն մեկնել, այդ ուղղությամբ քայլեր են ձեռնարկում:

Բյուրակնի համար Հայաստանը լքելը, այն էլ` այլևս չվերադառնալու մտադրությամբ, չափազանց դժվար է, քանի որ սիրում է իր երկիրը, իր լեզուն: Ասում է, որ իր համար օտար երկրում ամենասարսափելին հայերեն չխոսելն է, չնայած լեզվական խնդիր ընդհանրապես չունի և վարժ տիրապետում է անգլերենին, ֆրանսերենին, ռուսերենին, ձեռքի հետ էլ` գերմաներենին, իսպաներենին, հոլանդերենին ու ֆիններենին: «Բայց, մյուս կողմից էլ, հոգեպես գոնե հանգիստ եմ և չեմ տանջվի այն մտքից, որ կարող էի այստեղ մնալ, ինչ-որ բան անել և չարեցի: Ես եկա և համոզվեցի, որ ոչինչ անել չեմ կարող, այստեղ ինձ ոչ ոք չէր սպասում»:

 

Անի Գասպարյան

 

Անկախ

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են

ճանապարհՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 21-ին` ժամը 09:30–ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից Անկախին տեղեկացնում են, որ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

 

Երթևեկության կազմակերպման նոր կարգ` Երևանի Արշակունյաց պողոտայի և Գ. Նժդեհի փողոցի խաչմերուկում

ճանապարհային ոստիկանությունՃանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2014 թ. փետրվարի 21-ից Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի և Գ. Նժդեհի փողոցի խաչմերուկում գործելու է երթևեկության կազմակերպման նոր կարգ:
Մասնավորապես, Արշակունյաց պողոտայից դեպի Արշակունյաց-Բագրատունյաց պողոտաների խաչմերուկ ուղղությամբ կանաչ լույսի տևողությունն ավելացվելու է, իսկ Արշակունյաց պողոտայից Գ. Նժդեհի փողոցով դեպի Գ. Նժդեհի հրապարակ ուղղությամբ լուսացույցի լրացուցիչ աջ սեկցիան մշտապես միացված է լինելու տրանսպորտային միջոցների երթևեկության համար:
Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:

«Դ!ԵՄ ԵՄ»-ի արձագանքը Կառավարության քայլերին

դեմ եմՀարգելի հայրենակիցներ,

Վերջին օրերին ՀՀ կառավարությունը, օգտագործելով իր տրամադրության տակ եղած բոլոր հնարավոր միջոցներն ու հնարքները, փորձում է ահաբեկել չարաբաստիկ օրենքի ազդեցության տիրույթում հայտնված ՀՀ հարկատու քաղաքացիներին ու գործատուներին, որպեսզի կատարեն պարտադիր կենսաթոշակային վճարները և ընտրեն կենսաթոշակային ֆոնդեր:

Քանի դեռ պարզ չէ, թե ինչ իրավական ռեժիմ կսահմանվի մինչև ՀՀ Սահմանադրական դատարանի՝ օրենքը հակասահմանադրական ճանաչելու մասին որոշման ընդունումը ֆոնդ ընտրած մարդկանց համար, հավանականությունն այնուամենայնիվ պահպանվում է, որ այժմ ձեր կողմից ֆոնդի ընտրության դեպքում, դուք կմնաք կուտակային «պարտադիր» փոսում`որպես ձեր «կամքով» ընտրություն կատարած քաղաքացիներ, և պարտավորված կլինեք կատարել այդ վճարները մինչև թոշակային տարիքը, անկախ նրանից դուք կաշխատեք ձեր ներկայիս աշխատավայրում, թե՛ այլ տեղ:

Սակայն, ֆոնդ չընտրելով, ձեր գումարները չեն կորչի, դրանք կմնան «կամուրջ» հաշվին՝ մինչև ձեր կողմից կամ ավտոմատ կերպով ֆոնդի ընտրությունը: Իսկ քանի որ ներկայումս ավտոմատ ֆոնդ ընտրվելու հոդվածը կասեցված է, ձեր գումարները կմնան «կամուրջ» հաշվին և ձեզ կվերադարձվեն, երբ ՀՀ Սահմանադրական դատարանն օրենքը ճանաչի հակասահմանադրական; Այդ դեպքում դուք լիովին իրավասու կլինեք պահանջելու ձեզ չվճարված աշխատավարձը, որը կարող է հնարավոր չլինել ֆոնդ ընրած լինելու պարագայում: Այդ իսկ պատճառով այժմ ձեզ ապօրինաբար պարտադրում են ֆոնդ ընտրել:

Հարգելի գործատուներ,

Կոչ ենք անում ձեզ լինել ձեր աշխատակիցների կողքին, և չծառայել որպես գործիք ՀՀ կառավարության ձեռքին և չնպաստել այս պետական թալանին: Ձեզ մոտ պահված գումարները փոխանցեք ձեր աշխատակիցներին և դրանով իսկ զերծ կմնաք դրմական միջոցները ձեր հաշիվներում պահելով աշխատակիցներին անդառնալի վնասներ պատճառելուց՝ կորցրած եկամուտների տեսքով, որի դեպքում կարող են սկսվել դատական քաշքշուկներ: Սրանով դուք նաև կծառայեք համաշխարհային քաղաքակրթության բարձրագույն արժեք հռչակված և ՀՀ Սահմանադրական դատարանի 11.02.2014 թվ. թիվ ՍԴԱՈ-6 որոշմամբ ամրագրված մարդու իրավունքների գերակայության սկզբունքին:

Եթե չգիտեք, թե ինչպես կարելի է խուսափել ՊԵԿ-ի պատրաստած թակարդից, չենթարկվելով որևէ պատասխանատվության, կարող եք դիմել «Դ!ԵՄ ԵՄ» թիմին՝ [email protected] էլ. հասցեով:

Մենք արդեն ունենք հարյուրից ավել ընկերություններ, որոնք կանգնել են իրենց աշխատակիցների կողքին:

Դա հնարավոր է, և դուք կարող եք լինել հաջորդը…

 Հարգանքով՝

«Դ!ԵՄ ԵՄ» թիմ

Կողոպուտի մեղադրանքով հետախուզվողին հայտնաբերեցին գյուղմթերքների շուկայում

ձերբակալությունՓետրվարի 19-ին, ժամը 15.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները Մալաթիայի գյուղմթերքների շուկայից բերման են ենթարկել 1964 թ. ծնված Պարույր Ե.-ին, որը փետրվարի 17-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 176 հոդվածի /կողոպուտը/ 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:

 

Վարորդը մեղայականով ներկայացել է ոստիկանություն

վրաերթՓետրվարի 19-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ Կենտրոնական բանկի դիմաց «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել բանկի աշխատակցուհուն և իր ավտոմեքենայով նրան տեղափոխել հիվանդանոց:
Պարզվել է, որ փետրվարի 19-ին, ժամը 21.00-ին, «ԲՄՎ»-ի վարորդը Վ. Սարգսյան փողոցի թիվ 6 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 61-ամյա կնոջ և պատճառել մարմնական վնասվածք:
Նույն օրը, ժամը 23.30-ին, վարորդը մեղայականով ներկայացել է բաժին:
Ոստիկանությունց Անկախին տեղեկացնում են, որ կատարվում է քննություն:

Աղջիկները կարաոկեում ծեծել են միմյանց

ամուսինը ծեծել էՓետրվարի 19-ին, ժամը 06.30-ին, ոստիկանության ծառայողները Երևանի Չարենցի փողոցում շրջագայություն կատարելիս` մոտակա կարաոկե ակումբից վիճաբանության ձայներ են լսել, մտել ներս և նկատել, որ մի քանի աղջիկներ սրահում հարվածում են միմյանց:
Վերջիններիս` 1986 թ. ծնված Աելիտա Մ.-ն, 1990 թ. ծնված Միլենա Ե.-ն և 1977 թ. ծնված Եվգենյա Գ.-ն բերման են ենթարկել ոստիկանության Մարաշի բաժանմունք:
Ժամը 08.10-ին Եվգենյա Գ.-ն հաղորդում է տվել, որ ակումբում, վիճաբանության ժամանակ, Աելիտա Մ.-ն ձեռքով հարվածել է իր դեմքին և պատճառել վնասվածք:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ոստիկանությունից Անկախին տեղեկացնում են, որ կատարվում է հետաքննություն:

 

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

ոստիկանությունԸստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` փետրվարի 19-ից 20-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 14 դեպքից բացահայտվել է 12-ը, ապօրինի ծառահատման 2 դեպքից` 1-ը, յուրացման 1 և խարդախության 7 դեպքերը բացահայտվել են: Բացահայտվել է գողության 5 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 1 և գողության 4 դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 6 պատահար. 6 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Սպասվում է ջերմաստիճանի նվազում

եղանակՀանրապետության տարածքում փետրվարի 21-22-ին և 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 23-24-ին արևելյան շրջաններում սպասվում են տեղումներ:

20.02arm1Քամին հարավ-արևմտյան` 2-5մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 21-ին կբարձրանա 1-2, 23-ի ցերեկը արևելյան շրջաններում կնվազի 7-9 աստիճանով:

20.02.arm2Երևանում փետրվարի 21-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հրշեջներն Արտաշատի այրվող բնակարանում դիակ են գտել

հրդեհՓետրվարի 20-ին, ժամը 14.30-ին տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Սպանդարյան փողոցի թիվ 1 շենքի մուտքում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է թիվ 12 բնակարանում: Հրշեջ փրկարարները ննջասենյակում` անկողնում, հայտնաբերել են 1975 թ. ծնված Ն. Օ.-ի դին` տարբեր աստիճանի այրվածքներով:
Հրդեհը մարվել է ժամը 14.40-ին: Ծխահարվել է Մ. Մ.-ը (ծնվ. 1955թ.), ում շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են առաջին բուժօգնություն: Այրվել է մեկ ներքնակ:

ԱՄՆ ՄԶԳ-ն կաջակցի Հայաստանի ազգային բրենդի մշակմանը

Այսօր՝  փետրվարի 20-ին, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (ԱՄՆ ՄԶԳ) և ՀՀ-ամնՀայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը (ՀԱՄՀ) համաձայնագիր ստորագրեցին, որի շրջանակներում ԱՄՆ ՄԶԳ-ն և ՀՀ Կառավարությունը ֆինանսական աջակցություն կտրամադրեն Հիմնադրամին`Հայաստանի համար ազգային տարբերանշանի ստեղծման նպատակով:

ՀՀ Կառավարությունում կայացած ստորագրման արարողությանը ներկա էին Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը և Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը: Միջոցառման մասնակիցների շարքում էին նաև ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը, Էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը, Էկոնոմիկայի փոխնախարար Սերգեյ Ավետիսյանը և ԱՄՆ Առաքելության ներկայացուցիչները:

Տարբերանշանի մշակման նախաձեռնությունը համալրում է ԱՄՆ ՄԶԳ-ի զբոսաշրջության ոլորտի զարգացմանն ուղղված գործունեությունը` մատնանշելով Հայաստանը աշխարհի քարտեզի վրա և իրազեկություն ապահովելով երկրի մասին` որպես այցելելու և ներդրումներ կատարելու վայր:  Գործընկերները համոզված են, որ հզոր տարբերանշանը և արդյունավետ տեղեկատվությունը էապես կօգնեն Հայաստանին` վերջինիս բացառիկ լինելը ներկայացնելով պոտենցիալ զբոսաշրջիկներին ու ներդրողներին և երկիրն առանձնացնելով մրցակիցների շարքում:

Գալիք ինն ամիսների ընթացքում ՀԱՄՀ-ը կհամակարգի ազգային բրենդի ստեղծման և Հայաստանի համար առաջխաղացման ծրագրի մշակման աշխատանքները:

1984-2011 թվականների ընթացքում Երևանի կանաչ տարածքները նվազել են 60%-ով

կանաչ տարածքներԱնկախության տարիներին ծավալված Երևանի քաղաքաշինությունը խիստ բարձրացրել է մայրաքաղաքի սեյսմիկ ռիսկերը` էկոլոգիական բազմաթիվ վնասներ պատճառելով: Ամբողջ աշխարհում բարեկարգում են բակային տարածքները, իսկ մենք հակառակն ենք անում՝ բակերում կառուցելով նորանոր բարձրահարկ շինություններ: Մարդկանց բողոքն էլ տեղին է, քանի որ այդ կառուցապատումների հետևանքով ոչ և կանաչապատ տարածքներն են վերանում, և մարդկանց կյանքն է դժոխքի վերածվում: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Երևանի քաղաքապետարանին կից էկոլոգիական հասարակական հանձնաժողովի նախագահ, բնապահպան Կարինե Դանիելյանը: Բնապահպանի խոսքով` 1984-2011 թվականների ընթացքում Երևանի կանաչ տարածքները նվազել են շուրջ 60 %-ով:

Բուսաբանության ինստիտուտի տնօրեն Ժիրայր Վարդանյանն էլ նշեց, որ ինստիտուտի կողմից կազմվել է Երևանի կլիմայական պայմաններին առավել հարմար բուսատեսակների ցուցակ:
«Մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում ներկայումս առկա են ավելի քան 250 բուսատեսակներ: Օրինակ, ամենատարածված բուսատեսակներից թեղին այլևս պիտանի չէ աճելու: Երևանի համար խիստ արդիական է ուղղահայաց կանաչապատումը, օրինակ, շենքերի տանիքներին ոչ հողային պայմաններում բուսատեսակների աճեցումը:

Քաղաքապետարանին կից էկոլոգիական հասարակական հանձնաժողովի քարտուղար Դիանա Գրիգորյանն էլ տեղեկացրեց, որ Երևանն ընդգրկվել է «ՏԻՄ-երը հանուն կայունության» քաղաքների էկոլոգիական նախաձեռնության միջազգային ցանցում, որտեղ ներառված են ավելի քան 1000 քաղաքներ:

« «ՏԻՄ-երը հանուն կայունության» քաղաքների էկոլոգիական նախաձեռնության միջազգային ցանցն օգնելու է քաղաքին մշակել էկոլոգիական ռազմավարություն, կապեր ստեղծել տարբեր հիմնադրամների հետ»,- ասաց Դիանա Գրիգորյանը:
Նա տեղեկացրեց, որ Երևանում մեկ շնչին ներկայումս բաժին է ընկնում մոտ 8 քմ կանաչ տարածք՝ այն դեպքում, երբ 2005-ին այդ թիվը 5.2 քմ էր: Վերջին երեք տարիներին Երևանի կանաչապատ տարածքները 830 հա-ից հասել են 850 հա-ի:

Անկախ

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

ավտոպատահարՓետրվարի 19-ին, ժամը 14.20-ին, «Հոնդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Բագրատունյաց փողոցի թիվ 69/1 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 1950 թ. ծնված Սիրանուշ Պ.-ին և նրան տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Փետրվարի 19-ին, ժամը 13.20-ին, «Պորշե» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Շահումյան 7-րդ փողոցի 1-ին նրբանցքի թիվ 14/3 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 1954 թ. ծնված Խաչատուր Մ.-ին և նրան տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Փետրվարի 19-ին, ժամը 07.00-ին, «ՎԱԶ-21102» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Իսահակյան և Տերյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 1940 թ. ծնված Հրաչիկ Մ.-ին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Փետրվարի 18-ին, ժամը 15.50-ին, Երևանի Արշակունյաց պողոտայի և Շահամիրյանների փողոցի խաչմերուկում իրար են բախվել «ԿամԱԶ» և «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենաներ:
«Միցուբիշի»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Փետրվարի 18-ին, ժամը 09.00-ին, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Չեռնիշևսկու փողոցի թիվ 30 շենքի մոտ հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 76-ամյա կնոջ, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Փետրվարի 18-ին, ժամը 14.00-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Ռոստովյան փողոցի թիվ 27 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 56-ամյա տղամարդու, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Փետրվարի 18-ին, ժամը 05.00-ին, Երևանի Սեբաստիայի փողոցի թիվ 150 հասցեի դիմաց «ՎԱԶ-2103» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենայի:
«ՎԱԶ-2103»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Փետրվարի 18-ին, ժամը 14.00-ին, Երևանի Սեբաստիայի փողոցում «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենան դուրս գալով երթևեկելի մասից` բախվել է հանդիպակաց ուղեմասի պատին, այնուհետև` էլեկտրասյանը:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Փետրվարի 18-ին, ժամը 12.00-ին , «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Գյուրջյան փողոցի թիվ 10 հասցեի բակում վրաերթի է ենթարկել 18-ամյա աղջկա, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Փետրվարի 18-ին, ժամը 16.00-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Գայի պողոտայում գտնվող սուպերմարկետի դիմաց վրաերթի է ենթարկել 12-ամյա աղջկա, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 19-ին, ժամը 20.45-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդն առանց շարժիչն անջատելու մեքենան կայանել է «Աշտարակ» բժշկական կենտրոնի մուտքի առջև գտնվող դեղատան դիմաց և մտել դեղատուն, որից հետո ավտոմեքենան ինքնաբերաբար շարժվելով` վրաերթի է ենթարկել նույն վայրում կանգնած` 1943 թ. ծնված Հրաչ Վ.-ին, այնուհետև բախվել նշված հատվածում կայանված «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի` պատճառելով նյութական վնաս:
Հրաչ Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանության քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:
***
Փետրվարի 18-ին, ժամը 20.30-ի սահմաններում, «Տոյոտա-Պրադո» մակնիշի ավտոմեքենան Արտենի-Քարակերտ գյուղերի խաչմերուկում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել հողաթմբի:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 

Ի վերջո ե՞րբ է վերսկսվելու բնակարանային շինարարությունը Գյումրիում

գյումրիՀրապարակային հարցում ՀՀ բարձրագույն իշխանություններին

Հարյուրավոր անօթևան ընտանիքների համար ամեն տարի գարնան գալով նոր սպասելիքների և ակնկալիքների ժամանակաշրջան է սկսվում: Այո, եղանակների տաքացմամբ վառելիքի հայթայթման ծանր լծից մի փոքր թեթևացած անօթևան ընտանիքները, որոնք ավելի քան քառորդ դար պատսպարված են վագոն-տնակներում ու կիսախարխուլ շենք-շինություններում, կրկին համակվում են երբևէ բնակարան ունենալու հույսով:

Հարգելի պարոն նախագահ, պարոն վարչապետ և պարոն նախարար

Դեռևս նախորդ տարի, Ձեր իսկ կողմից տրված խոստումների համաձայն, Գյումրիում անմարդկային պայմաններում գոյատևող մոտ 4000 ընտանիքների համար պետք է կառուցվեր և շահագործվեր ընդամենը 430 բնակարան: Սակայն ինչպես գիտենք, անցյալ տարի այդպես էլ բնակարանային շինարարությունը չվերսկսվեց:

գյումրի2Համաձայնե՛ք, որ «դառը ճշմարտությունը գերադասելի է քաղցր ստից»: Ի վերջո, եթե 1988-ի դեկտեմբերյան երկրաշարժից ի վեր աղետյալներին պարբերաբար, հատկապես նախընտրական ժամանակահատվածներում չտրվեին սին խոստումներ, թե. «երկու տարվա», «հինգ տարվա», «երեք տարվա» ընթացքում կկառուցվեն պահանջվող քանակությամբ բնակարաններն ու կհատկացվեն անօթևան ընտանիքներին, ապա հաստատ նրանցից շատերն իրենց «գլխի ճարը կտեսնեին», կամ գոնե այդ մարդիկ իրենց վագոն-տնակների հարևանությամբ ինչ-որ մի քարե կացարան կկառուցեին:

Հարգելի պարոն նախագահ, պարոն վարչապետ և պարոն նախարար

գյումրի3Դիմում ենք Ձեզ, ակնկալելով ինչպես մեզ, այնպես էլ հարյուրավոր անօթևան ընտանիքների համար ավելի քան կարևոր՝ Գյումրիում բնակարանաշինության վերսկսման և շահագործման հնարավորինս ճշգրիտ ժամկետների մասին տեղեկատվության հրապարակում:

«Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ՝ Վահան Թումասյան

 Գյումրի

2014 թ. փետրվարի 20