Լեգենդար հայկական կոնյակի պատմությունը

հայկական կոնյակԵրբեք ճաշից մի՛ ուշացեք, ծխե՛ք հավայան սիգարներ ու խմե՛ք հայկական կոնյակ:
Ուինսթոն Չերչիլ
Հայկական կոնյակն ունի դարերի պատմություն, որին սկիզբ դրեց բիբլիական Նոյ նահապետը՝ տնկելով առաջին խաղողի որթը Հայկական լեռնաշխարհում: Իսկ հետո…
Սկսած 1887 թվականից՝ Հայաստանում հիմնվեց կոնյակի արտադրություն, երբ վաճառական Ներսես Թահիրյանը կառուցեց առաջին գինու-կոնյակի գործարանը, որը հետագայում դարձավ Երևանի Կոնյակի գործարան: 1899 թվականին գործարանը գնվեց ռուս արդյունաբերող Նիկոլայ Շուստովի կողմից: Վերջինս բացառիկ մարդ էր՝ օժտված իր ժամանակի համար շատ առաջադեմ ձեռնարկատիրական ունակություններով, որը զբաղվում էր հայկական կոնյակի առաջխախացմամբ արտասահմանյան շուկայում: 1900 թվականին Փարիզյան ցուցահանդեսում Շուստովի արտադրանքը ստանում է «Գրան-Պրի» մրցանակ: Բարձր որակական հատկանիշների շնորհիվ Շուստովին թույլատրվում է իր արտադրանքը վաճառել ոչ թե բրենդի, այլ կոնյակ անվանումով: Նշենք, որ կոնյակ անվանումը առաջացել է ֆրանսիական Շարանդա նահանգի Կոնյակ քաղաքի անունից, որտեղ էլ առաջին անգամ տեղական հումքով պատրասվել է ալկոհոլային «Cognac» խմիչքը:
Հայկական կոնյակը մեծ ճանաչում ստացավ 1913 թվականին, երբ «Շուստով և որդիներ» ընկերությանը թույլատրվեց իր արտադրանքը մատակարարել ռուսական կայսերական արքունիքին: Այդպիսի տիտղոս Ռուսաստանում ունեին շատ քիչ թվով արտադրողներ: 1917 թվականի հեղափոխությունից հետո հայկական կոնյակի արտադրությունը հարցականի տակ դրվեց:
Կոնյակի գործարանի «վերածնունդը» տեղի ունեցավ արդեն Խորհրդային Միության տարիներին՝ «Արարատ» գինու-կոնյակի տրեստ անվանումով: Գործարանի գլխավոր տեխնոլոգ դարձավ Մակար Սեդրակյանը, նա կիրառեց կոնյակի պատրաստման նոր, առաջադեմ տեխնոլոգիա, բացի այդ հայկական կոնյակը ստացավ նոր դիզայն, շշերի վրա հայտնվեց Արարատ լեռը՝ որպես այդ խմիչքի ծագման խորհրդանիշ:
1937 թվականին Մակար Սեդրակյանը ստեղծում է ԽՍՀՄ-ում պատրաստված առաջին կոնյակը՝ «Հոբելյանական»-ը, որն ուներ 10 տարվա հնեցում և 43 աստիճան թնդություն, ապա հաջորդաբար ստեղծվեցին տարբեր հնեցման ժամկետի և թնդության հայկական կոնյակի «Հայաստան», «Դվին», «Երևան», «Ախթամար», «Նաիրի», «Անի», «Վասպուրական», «Էրեբունի» տարատեսակները: Ի դեպ, «Վասպուրական»-ը 1890 թվականին Մ. Սեդրակյանի աշակերտները ստեղծում են նրա պատվին:
Խոսելով բուն արտադրության մասին՝ նշենք, որ կոնյակ պատրաստելու համար օգտագործվում է 13 տեսակի խաղող, որոնցից են՝ «Ոսկեհատ», «Գառան դմակ», «Ռկացիտելի», «Մսխալի» և «Կանգուն»: Գյուղացիները բերքահավաքն անում են սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին և ցածր գնով մեծ քանակությամբ վաճառում այն կոնյակի գործարանին: Ապա պատրաստվում է խաղողի գինի, որն էլ որոշ ժամանակ անց դառնում է 12-14 աստիճան թնդությամբ կոնյակի սպիրտ և վերածվում կուպաժի:
Կուպաժը կոնյակի տարբեր հնության սպիրտերի որոշակի չափի միախառնումն է: Պատրաստի կուպաժը լցնում են 70 տարեկան կաղնու փայտից պատրաստված տակառների մեջ, որտեղ նորածին կոնյակը պետք է որոշ ժամանակ «հանգստանա»: Հանգստի տևողությունը կախված է կոնյակի տեսակից. սովորական խմիչքներին (3-5 տարվա հնության) վեց ամիսն էլ բավարար է, իսկ հին կոնյակը թողնում են ավելի երկար: Օրինակ, տաս տարեկան կոնյակները հանգստանում են 1-1,5 տարի: Սովորական ու տեսակավոր կոնյակներն էլ են հանգստանում տարբեր պայմաններում: Տեսակավորները պահում են 400 լիտրանոց տակառներում, իսկ սովորականները՝ հատուկ 35.000 լիտրանոց կաղնե «Չան» կոչվող տակառներում կամ նույն չափի էմալապատ կաթսաներում: Բնականաբար տեսակավոր կոնյակների գները ավելի բարձր են, դրանք սկսկվում են մոտ 1000 ԱՄՆ դոլարից: Հետաքրքիր մի փաստ ևս: Կոնյակի որակը ստուգելու համար պետք է մի քանի կաթիլ լցնել ձեռքի ափի մեջ և շփել, հետո ափերը սեղմել իրար: Եթե ափերը չեն կպչում իրար, ուրեմն կոնյակը բարձրորակ է:
1998 թվականից «Արարատ» լեգենդար կոնյակների արտադրությամբ զբաղվող Երևանի կոնյակի գործարանը դարձավ ալկոհոլային խմիչքների արտադրությամբ զբաղվող համաշխարհային աջառատար «Pernod Ricard» խմբի անդամ: Ցավոք, հետագայում ֆրանսիացիների կողմից Երևանի կոնյակի գործարանը գնելուց հետո մեր կոնյակի շշերի վրա կորցրինք «կոնյակ» անվանումը գրելու իրավունքը. ըստ ֆրանսիացիների՝ միայն իրենք այդ իրավունքն ունեն, այն էլ՝ միայն Ֆրանսիայում: Եվ այժմ արտադրվող նոր խմիչքի վրա գրվում է «բրենդի» անվանումը, որն, ի դեպ, թարգմանաբար նշանակում է «այրված գինի»: Այնուամենայնիվ, այն փաստը, որ հայկական կոնյակը իսկապես լեգենդար է, ապացուցված է պատմությունով: Ասում են՝ այս կոնյակը շատ է սիրել Յ. Գագարինը, իսկ Վ. Չերչիլը, լինելով իսկական կոնյակի մեծ սիրահար, օրական մեկ շիշ կոնյակ էր խմում այն էլ ՝ հայկական «Դվին» կոնյակը:
Տաթևիկ ՍԱՐԳՍՅԱՆ

Անկախ

Առաջիկա օրերին ջերմաստիճանն էապես չի փոխվի

Եղանակը ՀայաստանումՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից   Անկախին հայտնեցին, որ հանրապետության տարածքում`
Դեկտեմբերի 15-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Առավոտյան ժամերին` մառախուղ, ցածր տեսանելիություն, ճանապարհներին մերկասառույց:

Քամին հարավ-արևմտյան` 5-10մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի:

Երևանում՝
Դեկտեմբերի 15-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, առավոտյան ժամերին՝ մառախուղ:

Գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի ամփոփիչ նիստ

ՊՆ,Գերիներ, պատանդներ,անհայտ կորածներ,հանձնաժողովՊՆ լրատվական ծառայությունից Անկախին հայտնռցին, որ ՀՀ պաշտպանության նախարարությունում դեկտեմբերի 14-ին տեղի է ունեցել ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի ամփոփիչ նիստը` հանձնաժողովի նախագահ, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորությամբ: Նիստին նաև հրավիրվել էին ՀՀ-ում ԿԽՄԿ պատվիրակության ներկայացուցիչները:

Նիստի ընթացքում քննարկվել են 2013 թվականին կատարված աշխատանքները, նախանշվել են 2014 թվականի աշխատանքային ծրագիրի հիմնական ուղղությունները:

Հանդիպման ընթացքում հանձնաժողովի անդամները ներկայացրեցին տարվա ընթացքում կատարած աշխատանքները և հանդես եկան առաջարկություններով:

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն իր ամփոփիչ խոսքում հանձնարարականներ տվեց հանձնաժողովի անդամներին: Նիստի ավարտին պաշտպանության նախարարի հրամանով հանձնաժողովի մի քանի անդամներ պարգևատրվեցին գերատեսչական մեդալներով և արժեքավոր նվերներով:

Անկախ

 

Հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 160 անգամ

ՊԲ,պնՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, դեկտեմբերի 8-ից 14-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 160 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 700 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը, տուրք չտալով հակառակորդի նախահարձակ գործողություններին, շարունակել են հավատարիմ մնալ հրադադարի պահպանման ռեժիմին և առաջնային գծի ողջ երկայնքով վստահորեն իրականացրել մարտական հերթապահություն:

Ձյան մաքրման աշխատանքները շարունակվել են նաև գիշվերվա ընթացքում

Ձյան մաքրման աշխատանքներ

Երևանի քաղաքապետարանից Անկախին տեղեկացրին, որ մայրաքաղաքում տեղացած առատ ձյան մաքրման աշխատանքները շարունակվել են նաև դեկտեմբերի 13-ի լույս 14-ի գիշերը: Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ գիշերվա ընթացում մաքրման աշխատանքներ են ընթացել նաև գլխավոր և երկրորդական  փողոցների մայթերին:  Այս գիշեր նույնպես աշխատանքներում ներգրավվել են շինարարական կազմակերպությունների կողմից տրամադրված մեքենասարքավորումները: Վարչական շրջանների համապատասխան ծառայությունների աշխատակիցներին բակային տարածքների, ինչպես նաև աստիճանների ու աստիճանահարթակների մաքրման աշխատանքներում զգալի օժանդակություն են ցուցաբերել համատիրությունների ներկայացուցիչներն ու  երիտասարդ կամավորները: Գիշերվա ընթացքում օգտագործվել է  մոտ 240 տոննա աղ և շուրջ 500 խմ ավազ: Մաքրման աշխատանքներում ներգրավվել է 132 միավոր մեքենասարքավորում` ներառյալ շինկազմակերպությունների տրամադրածը: Մաքրմանը զուգահեռ՝ վաղ առավոտից սկսվել է նաև մաքրելու ընթացքում կուտակված ձյունը հեռացնելու աշխատանքները:

Անկախ

Միլիոնի վնաս հրդեհից

հրդեհ խոտածածկ տարածքումԴեկտեմբերի 12-ին, ժամը 11.05-ին, ՀՀ ԱԻՆ Շիրակի մարզի հրդեհային տեսչությունից ոստիկանության Մուշի բաժնում հաղորդում է ստացվել, որ դեկտեմբերի 7-ին, ժամը 20.30-ին, հրդեհ էր բռնկվել 1963 թ. ծնված Հակոբ Թ.-ի տան տանիքում:
Հրդեհը մարվել էր դեկտեմբերի 8-ին, ժամը 04.35-ին, մարտական 3 հաշվարկի ուժերով:
Հրդեհի հետևանքով այրվել է Հակոբ Թ.-ի տան տանիքում պահեստավորված 1.000 կապ խոտը, որի արդյունքում վերջինիս պատճառվել է 1.000.000 դրամի նյութական վնաս:
Հրդեհի առաջացման պատճառը պարզվում է:
Հետաքննությունը վարում է Շիրակի մարզի հրդեհային տեսչությունը:

 Անկախ

Պատահար Ծիծեռնակաբերդի խճուղուց Լենինգրադյան փողոց տանող խաչմերուկում

ավտովթարԴեկտեմբերի 13-ին, ժամը 08.40-ին, Ծիծեռնակաբերդի խճուղուց Լենինգրադյան փողոց տանող խաչմերուկում իրար են բախվել «Լեքսուս», «ԳԱԶ-32213» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «ԳԱԶ-32213»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Անկախ

Երկրաշարժը դեռ չի մոռացվել

Գյումրի,երկրաշարժ«Հաջորդ տարի ՝ 2014-ին, Շիրակի մարզում աղետից անօթևան բոլոր ընտանիքներն ապահովված կլինեն բնակարանով»,-այս մասին նշեց Շիրակի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետ Ալբերտ Մարգարյանը:
Նրա խոսքով երկրաշարժից հետո Գյումրիում փլուզվեց և քանդման ենթակա դարձավ 20600 բնակարան: Այդքան բնակարան էլ կառուցվել է, սակայն Գյումրիում դեռ կա 430 ընտանիք, որը շահառու է ճանաչվել և բնակարան դեռ չի ստացել: Մարգարյանի համոզմամբ ոչ թե քաղաքի բնակչությունն է ավելացել, այլ ընտանիքներ են կիսվել:

Գյումրիին այս առումով «նախանձում է» Լոռու մարզպետի խորհրդական Լևոն Ասլանյանը: Նա նշեց, որ ի տարբերություն Գյումրիի՝ իրենք դեռ հիվանդանոցի խնդիր ունեն: Սակայն դպրոցների մասով իրավիճակն ավելի բարվոք է: «Այսօր Լոռու մարզում չկա մի դպրոց, որը տնակային պայմաններում աշխատի, իսկ այդպիսի 173 դպրոց կար»,- ասաց Ասլանյանը:

Նրա գնահատմամբ՝ Վանաձորում 1989-1995թթ. բնակարանային ֆոնդը վերականգնվել է շատ ինտենսիվ: Այսօր Վանաձորում մնում է կառուցել 1 բնակելի շենք 16 բնակարանով, և բազմաբնակարան շենքերում բնակարան կորցրած ընտանիքների խնդիրը կլուծվի: Սպիտակում այդ խնդիրը կլուծվի 2014թ.:

Միաժամանակ Ասլանյանը տեղեկացրեց, որ Լոռու մարզի գյուղական համայնքներում 1995-2005թթ. շինարարություն չի կատարվել: 2013թ. մարզում շահագործման է հանձնվել ընդամենը 32 բնակելի տուն: «2009- 2010թթ. տեմպը 2012-2013-ի հետ համեմատել պետք չէ: Մենք ահավոր դժգոհ ենք 2013-ի տեմպից»,- ասաց Լևոն Ասլանյանը:

«Շիրակ կենտրոն» ՀԿ-ի նախագահ Վահան Թումասյանը լավատես չէ: Նա վստահ է, որ երկրաշարժից հետո մարդկանց տանջում-սպանում են տնակներում, քանդված հանրակացարաններում: Թումասյանն ափսոսում է, որ Երևանի Հյուսիսային պողոտայի վրա ծախսվեց է՛լ ավելի հսկայական գումար, քան կպահանջվեր ամբողջ աղետի գոտին վերականգնելու համար:

Եվգենյա Աթայանը՝ Քաղաքաշինության նախարարության Բնակարանային քաղաքականության և կոմունալ ենթակառուցվածքների վարչության պետը, արձագանքեց, որ Հյուսիսային պողոտան կառուցվել է մասնավոր, ոչ թե պետական միջոցներով: Աթայանը ցավով նշեց, որ երկրաշարժից 20 տարի անց անհրաժեշտություն առաջացավ աղետի գոտու վերականգնման նոր ծրագրի: Արդյունքում 2008-ին սկսվեց 85 մլրդ արժողությամբ ծրագիրը:

Գյումրու բնակիչ 81-ամյա Լեւոն Ղազելյանը archive2.ankakh.com-ի հետ զրույցում նշեց, որ իրենք հոգնել են օգնություն սպասելուց, դեռեւս ապրում են կիսաքանդված դոմիկում ու խոնավության օդն են շնչում, հուսով է, որ ինքն ու կինը շուտով բնակարան կստանան: Երկրաշարժին շատ հարազատներ են կորցրել, օգնող ուժ չունեն, սակայն հույսները չի մարել, դեռ սպասում են, որ շուտով նոր բնակարանի դուռը իրենց առջեւ էլ կբացվի:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Անկախ

Թալինի, Տաշիրի, Աշոցքի, Սևանի ճանապարհահատվածներում և Սելիմի լեռնանցքում տեղ – տեղ առկա է մերկասառույց

Քուչակ-Ապարան ճանապարհ, արգելափակվելՀՀ  տրանսպորտի և կապի նախարարությունը Անկախին տեղեկացնում է, որ դեկտեմբերի 13 – ին` ժամը 17:30 – ի դրությամբ, հանրապետության որոշ շրջաններում՝ Ապարանում, Ջերմուկում և Սարավանի լեռնանցքում ձյուն է տեղում:

Թալինի, Տաշիրի, Աշոցքի, Սևանի  ճանապարհահատվածներում և Սելիմի  լեռնանցքում տեղ – տեղ   առկա է  մերկասառույց :

Եղանակային դժվարություններից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում Թթու ջուր – Նավուր ճանապարհից 17:00 – ից  մինչև 7:00  առանց  խիստ անհրաժեշտության չօգտվել:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին իրականացվում են մշակման  և մաքրման  աշխատանքներ:

Անկախ

Լրացուցիչ տեղեկություններ Ակունք գյուղում տեղի ունեցած սպանությունից

կրակոցԴեկտեմբերի 13-ին, 00.40-ին, ոստիկանության Վարդենիսի բաժնում  հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ նույն օրը,  ժամը 00.30-ին, «Ագոնալ վիճակ, գանգուղեղային տրավմա»  ախտորոշմամբ  իրենց մոտ է տեղափոխվել 1991 թ. ծնված Հարություն Հայրապետյանը, որը ժամը 01.10-ին հիվանդանոցում, գիտակցության չգալով, մահացել է։
Մեկնած օպերատիվ-քննչական խումբը  դեպքի վայրի զննությամբ հարակից Ակունք գյուղում գտնվող ռեստորան-համալիրի մերձակա  տարածքում հայտնաբերել է 1974 թ. ծնված Կամսար Հակոբյանի  դին` կրծքավանդակի մասում հրազենային վնասվածքով:
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է  5.45 մմ տրամաչափի կրակված  9 պարկուճ,    նույն տրամաչափի ամբողջական  2  փամփուշտ:Ավելի վաղ Անկախը հայտնել էր, որ Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղում այսօր` դեկտեմբերի 13-ին, երկու երիտասարդ են մահացել:
Պարզվել է նաև, որ Հ. Հայրապետյանի գլխին կա հրազենային վնասվածք:
Փաստի առթիվ  ոստիկանության Վարդենիսի քննչական բաժանմունքում ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 235 հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:

Նախագահ Սերժ Սարգսյանը խորհրդակցություն է անցկացրել Էկոնոմիկայի նախարարությունում

սերժ սարգսյան,էկոնոմիկայի նախարարություն

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Էկոնոմիկայի նախարարություն: Հանրապետության Նախագահը շրջայց է կատարել նախարարության աշխատակազմում՝ զրուցել տեսչական բարեփոխումների խմբի, լիցենզավորման ու թույլտվությունների գործակալության և այլ ստորաբաժանումների աշխատակիցների հետ՝ նրանց կողմից իրականացվող աշխատանքների և առաջիկա ծրագրերի մասին, հետաքրքրվել աշխատանքային պայմաններով ու առկա խնդիրներով: Այնուհետև նախարարության խորհրդակցությունների դահլիճում Նախագահը խորհրդակցություն է անցկացրել ղեկավար անձնակազմի հետ:

Խորհրդակցության ժամանակ Էկոնոմիկայի նախարարը, նախարարի տեղակալները և աշխատակազմի ղեկավարը զեկուցել են իրենց համակարգման ոլորտներում իրականացված աշխատանքների, առկա խնդիրների ու զարգացման ծրագրերի մասին:

Նախարար Վահրամ Ավանեսյանն ընթացիկ տնտեսական միտումների հետ միասին ներկայացրել է նաև այն հիմնական շեշտադրումները, որոնք դրվելու են նախարարության հետագա գործունեության հիմքում: Նա, մասնավորապես, զեկուցել է Մաքսային միությանը Հայաստանի Հանրապետության միանալու ուղղությամբ իրականացվող աշխատանքների, քաղաքացիական ավիացիայի բնագավառում մեկնարկած բարեփոխումների ընթացքի, տեսչական բարեփոխումների, գործարար միջավայրի բարելավման և տեղեկատվական տեխնոլոգիաների, փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացման, ինչպես նաև ինովացիոն քաղաքականության ուղղությամբ իրականացվող աշխատանքների մասին:

Նախարարի տեղակալ Արա Պետրոսյանը ներկայացրել է առևտրի և շուկաների կարգավորման ոլորտը՝ հիմնականում անդրադառնալով 2013թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին արտաքին առևտրաշրջանառության տվյալներին և արտահանման ծավալների աճին:

2013թ. ընթացքում որակի ենթակառուցվածքի և տեխնիկական կանոնակարգման ոլորտում իրականացված հիմնական աշխատանքները զեկուցել է նախարարի տեղակալ Գառնիկ Բադալյանը: Փոխնախարարն անդրադարձել է նաև Մաքսային միության տեխնիկական կանոնակարգման բնագավառում մշակված 4 ազգային տեխնիկական կանոնակարգերի նախագծերին, Հավատարմագրման ազգային մարմնի, Ստանդարտների և Չափագիտության ազգային ինստիտուտների գործունեությանը:

Նախարարի մյուս տեղակալ Գարեգին Մելքոնյանը ներկայացրել է միջազգային տնտեսական համագործակցության, Եվրամիության հետ համագործակցության և մտավոր սեփականության ոլորտներում, մասնավորապես` երկկողմ և բազմակողմ համագործակցության, 2012-2013թթ. Եվրամիության կողմից իրականացվող աջակցության ծրագրերի և իր համակարգման ներքո գտնվող այլ ուղղություններով իրականացված աշխատանքների արդյունքները:

Նախարարի տեղակալ Տիգրան Հարությունյանն անդրադարձել է ներդրումային քաղաքականության և արդյունաբերության զարգացման հիմնական ուղղություններին ու առաջնահերթություններին:

Նախարարության աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանը Հանրապետության Նախագահին ծանոթացրել է աշխատակազմի կառուցվածքին, զեկուցել մարդկային ռեսուրսների և ընթացիկ ղեկավարման հետ կապված աշխատանքներն ու աշխատակազմի գործունեության արդյունավետության բարձրացման ուղղությամբ իրականացվող քայլերը:

Զեկույցները լսելուց հետո, Նախագահը խոսել է Էկոնոմիկայի նախարարության առջև դրված խնդիրների և առաջնահերթությունների մասին. «Եթե ընդհանրացնելու լինենք մեր խնդիրները, ապա պետք է ասեմ, որ գործունեության նոր և շատ լայն դաշտ է բացվել, որտեղ ես ակնկալում եմ ակտիվ, հետևողական ու խորաթափանց աշխատանք: Հատուկ ընդգծում եմ այդ բառերը, որովհետև, իրոք, աշխատանքի այս որակները մեզ համար անհրաժեշտություն են՝ կապված Մաքսային միությանը մեր անդամակցության հետ: Եվ այստեղ բոլորս պետք է գիտակցենք այն պատասխանատվությունը, որ մենք վերցրել ենք մեզ վրա»,-ընդգծել է Նախագահը:

Սերժ Սարգսյանը կարևորել է նաև մնացած ուղղություններով նախարարության հետևողական աշխատանքը, այդ թվում՝ բարենպաստ գործարար միջավայրի ամրապնդման, արտահանման ներուժ ունեցող, մեծածավալ աշխատատեղեր ապահովող ոլորտների զարգացման, փոքր ու միջին ձեռնարկատիրությանն աջակցման ուղղությամբ:

Սերժ Սարգսյանը խոսել է նաև Էկոնոմիկայի նախարարությունում վերլուծական կարողությունների զարգացման անհրաժեշտության և այդ նպատակով համապատասխան կենտրոնի ձևավորման մասին, որի աշխատանքի արդյունքն ավելի գործնական նշանակություն պետք է ունենա: Նախագահը կարևորել է նման կենտրոնի գործունեության հրապարակայնությունը և իրականացված վերլուծությունների հանրամատչելիությունը: Հանրապետության Նախագահը նշել է, թե որպես սկիզբ, ակնկալում է, որ փետրվար-մարտ ամիսներին, երբ Ազգային վիճակագրական ծառայությունն արդեն վերջնականապես կամփոփի 2013 թվականի սոցիալ-տնտեսական արդյունքները, կառավարությունը հանդես կգա խորքային ու մանրակրկիտ վերլուծությամբ: Կներկայացվեն տարվա ընթացքում արձանագրված միտումները, կերևան, թե որքանո՞վ են կատարվել 2013 թվականի համար դրված նպատակները, կա¬տարվե՞լ են, թե՞ ոչ, եթե չեն կատարվել, ապա որո՞նք են այն օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառները, որոնք հանգեցրել են շեղումների, որքանո՞վ են արտաքին գործոններն ազդել արդյունքի վրա, և ապագա զարգացումների համար ի՞նչ հիմքեր են դրվել և այլն: Այսպիսի վերլուծությունները, ըստ Նախագահի, պետք են նաև, որպեսզի բոլորի համար հասկանալի լինեն որոշումներն ու մոտեցումները:

Էկոնոմիկայի նախարարությունում Հանրապետության Նախագահը պատասխանել է նաև խորհրդակցության մասնակիցներին հետաքրքրող հարցերին: Մասնավորապես, ներկայացնելով լայն քննարկումների առիթ դարձած կենսաթոշակային բարեփոխումների ծրագրի շուրջ սկսված գործընթացի մասին իր տեսակետը՝ Սերժ Սարգսյանն ասել է. «Գիտեք, այդ խնդրով ես տևական ժամանակ անձամբ եմ զբաղվել և ժամանակին մի քանի խորհրդակցություններ եմ անցկացրել, այդ թվում նաև՝ Ազգային ժողովում ընդգրկված քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ, կոնկրետ՝ առնվազն 4 խմբակցությունների, կուսակցությունների ղեկավարների մասնակցությամբ: Նպատակը եղել է, որպեսզի մենք կարողանանք զգալ բոլոր խնդիրները, որ կարող են առաջանալ՝ քաղաքականից մինչև տնտեսական, ֆինանսական, և ունենալով այդ համոզմունքը՝ մենք փաստաթղթին տվել ենք օրենքի նախագծի տեսք, ուղարկել ենք Ազգային ժողով և, փառք Աստծո, արդեն ունենք քվեարկված օրենք, որին իմ վերաբերմունքը դրական է: Ես ամեն օր լսում եմ տարբեր կարծիքներ, ընդ որում՝ այդ կարծիքները շատ հեշտությամբ կարելի է բաժանել քաղաքական և մասնագիտական տեսակների. և՛ քաղաքականում, և՛ մասնագիտականում մշտապես առկա է և՛ մակերեսայնություն, և՛ բավականին խորքային մոտեցում: Կուզենայի, որպեսզի բոլոր նրանք, որոնք համարում են այս բարեփոխումը օգտակար, շատ ավելի ակտիվ լինեին: Վերջիվերջո, ի՞նչ ենք մենք ուզում. մենք ուզում ենք, որպեսզի այսպիսի վատ վիճակ չլինի, ինչպիսին այսօր է՝ տարեց մարդկանց սոցիալական ապահովության հետ կապված: Անկեղծորեն ասած, ես շատ դեպքերում անհարմար եմ զգում, ամաչում եմ և նույնիսկ կարծում եմ՝ տեղն է, ժամանակն է ներողություն խնդրելու այդ մարդկանցից: Եվ որպեսզի ներողություն չխնդրեն ապագա պետական պաշտոնյաները, մենք այս խնդիրը պետք է լուծենք: Ես սա ասում եմ նրա համար, որպեսզի սա նաև լսելի լինի բոլոր այն պետական պաշտոնյաներին, ովքեր կարող էին այս խնդիրը լուծել տարիներ առաջ: Մենք հիմա ստիպված չէինք լինի ներողություն խնդրելու: Հեքիաթներ են հնարել՝ սերունդների համերաշխությամբ տարիներով, տասնամյակներով եղած համակարգը ջարդում են: Ո՞վ է ասել, որ ջարդում են: Այդ համակարգը մնալու է: Մենք ասում ենք՝ լրացուցիչ սա էլ ենք ուզում: Շատ դրական եմ գնահատում, և բոլոր նրանք, որոնք դրական մոտեցում ունեն, շատ ակտիվ պետք է լինեն»,-ասել է Նախագահը:

Խորհրդակցության ավարտին Էկոնոմիկայի նախարարության մի խումբ աշխատակիցներ բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար արժանացել են խրախուսանքի. տնտեսական զարգացման քաղաքականության վարչության պետ Արտակ Բաղդասարյանը, առաջին բաժնի պետ Արտաշես Հովհաննիսյանը, միջազգային տնտեսական համագործակցության վարչության գլխավոր մասնագետ Նինա Տեր-Գրիգորյանը պարգևատրվել են Հայաստանի Հանրապետության Նախագահի շնորհակալագրերով:

 Անկախ

«Գորիս» քրեակատարողական հիմնարկի պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձինք չարաշահել են պաշտոնեական լիազորությունները

 քրեակատարողական հիմնարկ
Հատուկ քննչական ծառայությունից Անկախին հայտնեցին, որ ՀՀ Արդարադատության նախարարության «Գորիս» քրեակատարողական հիմնարկի (ՔԿՀ) պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հետևանքով ՔԿՀ-ում պահվող դատապարտյալների ու կալանավորված անձանց իրավունքներին և պետության օրինական շահերին էական վնաս պատճառելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:
Նախաքննությամբ պարզվել է, որ «Գորիս» ՔԿՀ պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձինք 2013թ. հունվարի 1-ից մինչև նոյեմբերն ընկած ժամանակահատվածում, շահադիտական նպատակով, իրենց ծառայողական պարտականությունները չկատարելու միջոցով, խախտելով ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված կարգը, քրեակատարողական հիմնարկում պահվող դատապարտյալներին և կալանավորված անձանց սահմանված չափաբաժիններով սնունդ, հիգիենիկ և անկողնային պարագաներ չեն տրամադրել, դատապարտյալների և կալանավորված անձանց մոտ հայտնաբերելով բջջային հեռախոսներ, դրսևորելով հովանավորչություն` քրեակատարողական հիմնարկի համապատասխան աշխատակիցների նկատմամբ ծառայողական քննություն չեն իրականացրել, դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց և այն ի կատար ածելու կարգադրությունն ստանալուց հետո օրենքով սահմանված ժամկետում դատապարտյալի պատիժը կրելու համար ուղղիչ հիմնարկի տեսակը չեն որոշել:
ՔԿՀ պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական պարտականությունները չկատարելու կամ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերը նշված և մի շարք այլ դեպքերով ՔԿՀ դատապարտյալների և կալանավորված անձանց իրավունքներին, ինչպես նաև պետության օրինական շահերին պատճառվել է էական վնաս:
Նախաքննությունը շարունակվում է:

Անկախ

Մանկապարտեզի տարածքը վաճառվում է $200.000-ով

Անահիտ-ԲախշյանԱյսօր Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը թիվ 143 մանկապարտեզը վաճառելու վերաբերյալ նամակ է հղել քաղաքապետ Տարոն Մարգարյանին հետևյալ բովանդակությամբ.

 

«Տեղեկացնում եմ, որ Երևանի Շենգավիթ վարչական տարածքում Շևչենկո փողոցի N6 հասցեում գտնվող թ.143 մանկապարտեզի տարածքի մասնաշենքերից մեկի վրա գրված է «վաճառվում է» և կա հեռախոսահամար՝ 077 631020: Հեռախոսազրույցից պարզվեց, որ այդ մասնաշենքը սեփականաշնորհված է և վաճառվում է $200.000-ով:

 

Ինչպես հայտնի է, 2005 թվականից «Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքով մանկապարտեզների տարածքների վաճառքն արգելվել է:

 

Խնդրում եմ տրամադրել տեղեկատվություն այն մասին, թե երբ և ում կողմից է սեփականաշնորհվել այդ տարածքը:

 

Շնորհակալություն համագործակցության համար»:

 

Մաքրվում են նաև Երևանի քաղաքապետարանի ենթակայության կրթական հաստատությունների բակերը

004 Մայրաքաղաքի համապատասխան ծառայությունների կողմից կատարվող ձնամաքրման աշխատանքներին օժանդակում են նաև Երևանի քաղաքապետարանի ենթակայության կրթադաստիարակչական հաստատությունների կոլեկտիվները: Վարչական շրջանների աշխատակազմերից ձեռք բերված աղ ու ավազով մշակված դպրոցամերձ տարածքներում կազմակերպվել են նաև կուտակված ձյան տեղափոխման աշխատանքներ: Ձյան տեղումների դադարի ժամանակ հանրօգուտ աշխատանքին առանձին դեպքերում  նպաստում են  «Տեխնոլոգիա»  առարկայի դասաժամին ներկա  բարձր դասարանների աշակերտները:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության  և հասարակայնության հետ կապերի վարչությունից Անկախին տեղեկացնում են, որ հարակից տարածքները մաքրելու նախաձեռնությանն են միացել նաև մանկապարտեզների աշխատակիցները, որոշ դեպքերում նաև երեխաների ծնողների աջակցությամբ:

Առաջիկա օրերին միայն Վայոց Ձորում և Սյունիքում ձյուն կգա, Երևանում`ոչ

Եղանակը ՀայաստանումՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից Անկախին հայտնեցին, որ հանրապետության տարածքում`
Դեկտեմբերի 14-ին Վայոց Ձորում և Սյունիքում սպասվում է ձյուն, 15-18-ին սպասվում է առանց  տեղումների եղանակ:
Առավոտյան ժամերին՝ մառախուղ,  ցածր տեսանելիություն,  ճանապարհներին՝ մերկասառույց:Քամին հարավ-արևմտյան` 5-10 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը  էապես չի փոխվի:

Երևանում՝
Դեկտեմբերի 14-18-ին սպասվում է  առանց  տեղումների եղանակ: Առավոտյան ժամերին՝ մառախուղ:
Երևանի  դեկտեմբերի  14-ի բազմամյա կլիմայական տվյալներ`
· Օդի առավելագույն ջերմաստիճան               15.00C (1945 թ.)· Օդի նվազագույն ջերմաստիճան                  -17.50C (1956 թ.)

·Օդի միջին օրական ջերմաստիճան                0.50C

Դիսպետչերը կանխել է Երեւան-Մոսկվա օդանավի բախումը. նրան պարգեւատրել են

երկինքԱվիադիսպետչեր Վալենտին Զմիեւսկին, որը նոյեմբերի 6-ին կանխել էր Մոսկվայի երկնքում երկու «Բոինգ» օդանավերի բախումը, մրցանակ է ստացել:  «Ինձ պատվոգիր եւ դրամական պարգեւ են տվել»,- LifeNews-ին ասել է ինքը՝ Զմիեւսկին:

Հիշեցնենք, դեպքը կատարվել էր նոյեմբերի 6-ին: Երեւանից մեկնած օդանավը անհասկանալի պատճառով շեղվել էր ուղղությունից եւ հայտնվել մեկ այլ  «Բոինգ»-ի ճանապարհին:  Ընդ որում՝ երկու օդանավերն էլ նույն բարձրության վրա էին եղել՝ 600 մետր: Օդանավերը մոտեցել էին այնքան, որ նրանց միջեւ հեռավորությունը կազմել էր  2,5 կմ:

 

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

ոստիկանութունԸստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 12-ից 13-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 9 դեպքից բացահայտվել է 7-ը, խարդախության 8 դեպքից` 7-ը, ապօրինի ծառահատման և յուրացման կամ վատնման 1-ական դեպքերն էլ բացահայտվել են: Բացահայտվել է գողության 2 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է սպանության փորձի` 1, գողության 4 և մարմնական վնասվածք հասցնելու 2 դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 2 պատահար. 2 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Ժամը 10.00-ի դրությամբ հանրապետության ավտոճանապարհներին

արգելափակումՈստիկանությունից Անկախին հայտնեցին, որ   դեկտեմբերի 13-ին, ժամը 10.00-ի դրությամբ, փակ են Վայք-Ջերմուկ, Ջերմուկ-Գնդեվազ և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհները և Սելիմի լեռնանցքը:
Դժվարանցանելի են Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհը, «Չայնիի» ոլորաններ կոչվող հատվածը, Տիգրանաշենի ոլորանները և Երևան-Սևան մայրուղին, Դիլիջանի ոլորանները, Բերդ-Ճամբարակ, Սպիտակ-Երևան, Վանաձոր-Ալավերդի, Գավառ-Մարտունի, Վայոց Ձորի մարզի Սարավան-Զանգեր ավտոճանապարհնները:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով հանրապետության ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման աշխատանքներ, տեղացած առատ ձյան պատճառով ճանապարհին մնացած ավտոմեքենաների վարորդներին ճանապարհային ոստիկանության աշխատակիցների կողմից ցուցաբերվում է օգնություն:
Վարորդներին կրկին հորդորում ենք ցուցաբերել ծայրաստիճան զգոնություն և զգուշություն, և նշված ճանապարհահատվածներից օգտվել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

Երևանը՝ ձյան գերության մեջ (լուսանկարներ)

ձյունԵրևանում նորից ձյուն է տեղացել: Չնայած քաղաքապետարանի հավաստիացումներին, թե ձյան մաքրման աշխատանքները շարունակաբար ընթանում են, փողոցները և հատկապես մայթերը ձնածածկ են՝ խոչընդոտելով քաղաքացիների տեղաշարժին: Անկախի լրագրող Հայկուհի Բարսեղյանը լուսանկարել է Երևանի առավոտյան առօրյան:

Վայք – Ջերմուկ ճանապարհահատվածը բքի պատճառով փակ է

Ձնաբուք,արգելափակում, ավտոմեքենաներԻնչպես Անկախին տեղեկացնում են ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունից,  դեկտեմբերի 13-ին` ժամը 09:00-ի դրությամբ, հանրապետության որոշ շրջաններում՝ Թալինում, Գյումրիում, Արտաշավանում, Ապարանում և Կոտայքում ձյուն է տեղում:

Դժվարանցանելի է Իջևան – Նոյեմբերյան ճանապարհահատվածը (ծանրաքաշ մեքենաների համար):

Ավտոճանապարհների զգալի մասում տեղ – տեղ առկա է մերկասառույց: Բքի պատճառով փակ է Վայք – Ջերմուկ  ճանապարհահատվածը:

Եղանակային դժվարություններից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում Թթու ջուր – Նավուր ճանապարհից 17:00 – ից մինչև 7:00 առանց խիստ անհրաժեշտության չօգտվել:

Ավտոճանապարհներին իրականացվում են մշակման և մաքրման աշխատանքներ` անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: