Ինքնաշեն նռնակներից մինչև բնակավայրերի ինքնապաշտպանություն. ազատամարտիկի հուշերը

Թաթուլ ԿարապետյանԵրեք  երեխաների հայր և հինգ թոռնիկների պապ, 53-ամյա  Թաթուլ Կարապետյանն արցախյան շարժման առաջամարտիկներից է եղել: Միջին տարիքի մարտունեցիները  նրա գործունեության մասին հիացմունքով են խոսում: Սակայն  երիտասարդներից քչերը գիտեն Կարապետյանի վաստակի մասին. նա պարզապես չի սիրում խոսել իր արածի մասին:

80-ականների վերջին Թաթուլ Կարապետյանը Մարտունու երաժշտական դպրոցում երեխաներին դուդուկ նվագել էր սովորեցնում, ուներ  իր ընտանիքը. արդեն երեք երեխաների հայր էր: Երբ հնարավորություն է ստեղծվում  պատմական հայրենիքից մի փոքր մաս անգամ վերադարձնելու, Կարապետյանն առանց մտածելու, ոգևորությամբ  գործի է անցնում:

1987-ի ամռանն արդեն նա Մարտունիում ստորագրություններ էր հավաքում Ղարաբաղի` Հայաստանին միանալու օգտին: 1987-ի վերջին Երևանում ստեղծվում է «Հայ դատ» հասարակական-քաղաքական կազմակերպությունը: Մարտունիում կազմակերպության մասնաճյուղը ղեկավարում է Կարապետյանը: Հիշում է, որ իրենց շտաբ կոչվածը մի սենյակ էր Մշակույթի պալատում: Պատին ամրացրել էր Հայաստանի քարտեզը, որը կլիներ, եթե կյանքի կոչվեր Սևրի պայմանագիրը: Ասում է, որ հայոց պատմության մասին զրույցներից հետո հանկարծ մարդիկ, որոնցից չէր էլ սպասում, հայտարարում էին, որ իրենք էլ են զինվորագրվում:

1988-ի փետրվարի 25-ին Կարապետյանի ջանքերով Մարտունիում կազմակերպվում է քաղաքի պատմության մեջ առաջին բազմահազարանոց ցույցը: Նույն գիշերը տուն են այցելում ոստիկանները և Կարապետյանին բաժին տանում: Անփորձ երիտասարդը փորձության առջև է կանգնում. չգիտեր` ինչպես իրեն պահի, որ հարցին պատասխանի և որին` ոչ: Մեղադրում էին հակասովետական քարոզչության մեջ: Մեղադրականը, սակայն, հրաժարվում է ստորագրել: Մի քանի ժամ հարցաքննությունից հետո բաց են թողնում, սակայն հետագայում պարբերաբար կանչում են:

«Երբ նպատակ կա, էլ բռնելն աչքիդ չի գալիս»,- ասում է Կարապետյանը` խոսելով իրավիճակի մասին, երբ ամեն վայրկյան որպես հակապետական գործիչ կարող էր ազատազրկվել:

1988-ի նոյեմբերի 24-ին Վարդենիսի Շաֆակ գյուղում թուրքերը կրակել էին մարտունեցիների մեքենաների վրա:  Երբ լուրը Մարտունի է հասնում, բնակչությունը հավաքվում է` ամեն գնով Վարդենիս հասնելու մտադրությամբ: Կարապետյանը հանգստացնում է բնակչությանը և խումբ ուղարկում Շաֆակ` իրավիճակը պարզելու:

Շտապ սկսում են հավաքագրել որսորդական հրացանները: Այս շրջանում զենքի պակասն ինչ-որ կերպ լրացնելու համար գործարաններում սկսում են ինքնաշեն նռնակ պատրաստելու փորձեր անել Երևանից բերված մի նռնակի օրինակով: «Ուազ» մակնիշի  մեքենայի վրա էլ ալազան տիպի հրթիռ են հավաքում, որը կիրառվում է Նոյեմբերյանի ինքնապաշտպանական մարտերում:

Մեկ-երկու օրվա ընթացքում 60-70 հոգանոց խումբ է ձևավորվում` զինված որսորդական հրացաններով: Խումբը  կազմ-պատրաստ սպասում է Արծվանիստում` հարկ եղած դեպքում լեռներով Վարդենիսի հայությանն օգնության հասնելու համար (ռուսական կայազորը փակել էր ճանապարհը Կարճաղբյուր գյուղի մոտ և թույլ չէր տալիս անցուդարձ անել):

Նույն ամսում էլ  Հայ դատի Մարտունու գրասենյակը ձեռնամուխ է լինում հարևան Վարդենիսի տարածաշրջանը ադրբեջանցիներից  մաքրելու ծրագրին: Համագործակցում են Վարդենիսի ռայկոմի երկրորդ քարտուղար Կորյուն Հակոբյանի հետ: Քննարկում և որոշում են, որ ադրբեջանցիները պետք է հնարավորինս հանգիստ ու անվնաս հեռանան, որպեսզի հանկարծ Մոսկվան չմիջամտի: Դեկտեմբերի 2-ին արդեն ադրբեջանցիների  բեռներով վերջին մեքենաներն են հեռանում Վարդենիսից: Հայերը մեքենաներով նրանց  ուղեկցում են մինչև սահման` հնարավոր բախումները բացառելու համար:

«Օրհասական էր Հայաստանի մաքրումը: Իրենք ամենուր էին ու բազմապատիկ արագ բազմանում էին: Մասիսում, Վարդենիսում, Ամասիայում ու այլ տեղերում թուրքեր էին, մեր բոլոր սահմաններին իրենք էին ապրում: Այնքան էին շատացել, որ Վարդենիսում գործկոմի նախագահը պարտադիր թուրք էր լինում,- ասում է Կարապետյանը և հայերի զսպվածությունը, թուրքերին անվնաս ճանապարհելն այսպես բացատրում:- Եթե Վարդենիսի շրջանից 40-50 հազար թուրք հեռանում են, ընդունենք` երկուսը սատկել են, ի՞նչ է փոխում դա, ոչ մի բան: Փոխեց էն, որ այսօր այդ տարածքում հայեր են ապրում, թուրքեր չկան»:

Ադրբեջանցիներին  հեռացնելուց հետո ձեռնամուխ են լինում  սահմանների պաշտպանությանը` սկսելով հենց Վարդենիսից:

1989-ին օգնության խնդրանքով «Հայ դատին»  են դիմում ԼՂԻՄ-ի  Շուշիի շրջանի Բերդաձորի ենթաշրջանի գյուղերը: Մարտունեցիների կամավորների  առաջնային նպատակն է  դառնում Բերդաձորի չորս հայկական գյուղերի անվտանգությունն ապահովելը, որը և պատվով կատարում են:

«Բերդաձորը չորս կողմից թուրքերի շրջապատման մեջ էր: Մինչև Գորիսի սահմանը բոլորը թուրքեր էին ապրում: Մենք էլ հասկանում էինք, որ Բերդաձորը կորցնելու դեպքում Գորիսից մինչև Ստեփանակերտ այլևս հայեր չեն լինի: Չորս փոքր գյուղեր էին, բայց հայեր էին ապրում,- ասում  է Կարապետյանը:- Մենք ստանձնեցինք Բերդաձորի ենթաշրջանի հայկական գյուղերի պաշտպանությունը, ինչը ենթադրում էր  զինված խմբեր, պարբերաբար իրականացվող  հերթափոխ,  ուղղաթիռային թռիչքներ, քանի որ որևէ այլ տրանսպորտով հնարավոր չէր գնալ Բերդաձոր, ամենուր թուրքեր էին, դա նշանակում էր սնունդ, գրականություն և ամեն ինչ տեղի բնակիչների համար»:

Նախ Բերդաձոր էին ուղարկում խմբի անձնագրերը` տեղի գրանցում ապահովելու համար, հետո արդեն խումբն էր ուղղաթիռով մեկնում: «Կոլցո» օպերացիայի ժամանակ այնպես է ստացվում, որ պաշտպանող խմբից ոչ ոք Բերդաձորում չի լինում: Ադրբեջանցիները բացահայտում են զենքի թաքստոցները, գյուղից 5 ակտիվիստների էլ իրենց հետ են տանում: Նրանցից երկուսը խոշտանգումներից մահանում են:

Իրավիճակի թեժացմանը համընթաց` Մարտունեցի կամավորների խումբը  մասնակցում է նաև Նոյեմբերյանի, Խաչիկի և այլ բնակավայրերի պաշտպանությանը, հետո արդեն Արցախում  մասնակցում են մարտերին  Քաշաթաղում, Մարտակերտում, Քարվաճառում:

92-ից արդեն կամավորներին են միանում նոր կազմավորվող բանակի առաջին զինվորները: Կարապետյանն ասում է, որ երիտասարդ զինվորներն իրենց քաջությամբ ու մարտական ոգով չէին զիջում:

«Քարվաճառում մի դիրք կար, որին  անընդհատ ականանետներով հարվածում էին: Բայց մեր երիտասարդ զինվորներից և ոչ մեկը չթողեց դիրքը: Նույն դիրքում մի օրվա ընթացքում երեք մարտունեցի զոհվեց,- հիշում է նա:- Մի անգամ էլ մայրաքաղաքային գնդից 10-15 զինվոր մեզ մոտ եկան, պայթեցումներ պիտի անեինք: Գիշերը զինվորներին պատմեցի 1901-ի Առաքելոց վանքի կռվի մասին: Մյուս օրը բեռներով ու զենքով մինչև 3500 մետր բարձրության հասանք, այդ  երեխաներն իրենց բեռը ոչ մեկին չտվեցին. ֆիդայիների պատմությամբ ոգևորված էին»:

Երբ պատերազմն ավարտվում է, Կարապետյանը հայրենի օջախ է վերադառնում` հրաժարվելով կապիտանի կոչումից, որ ցանկանում էին շնորհել իրեն: Որոշ ժամանակ շարունակում է դասավանդել երաժշտական դպրոցում, ապա  նշանակվում է շրջանի մշակույթի բաժնի վարիչ, հետո` Գավառում` մարզպետարանում,  համապատասխան բաժնի գլխավոր մասնագետ: 2002-ից «Մարտունի  ՋՕԸ»-ի տնօրենն է:

Խոսելով 1988-ի և ներկայում տիրող մթոնոլորտի մասին` Կարապետյանն ասում է, որ այն ժամանակվա միասնությանը  գուցե էլ չկարողանանք հասնել: Ասում է, որ այն ժամանակ հեռուստատեսությունը, տպագիր միջոցները, դպրոցն ազգային արժեքներ ու մշակույթ էին քարոզում, ինչն էլ ազգային զարթոնքի հիմք դարձավ: Մինչդեռ այսօր ոչ միայն ազգայինը չի քարոզվում, այլև «ամեն վատ բանի վրա ազգայինի պիտակն են կպցնում, որ մարդ հիասթափվի ու հրաժարվի ազգայինից»:

Կոմպոզիտորների և երաժշտագետների միության նախագահ ընտրվեց կոմպոզիտոր Արամ Սաթյանը

Հոկտեմբերի 27-ին երկու ձայնի առավելությամբ Կոմպոզիտորների և երաժշտագետների միության նախագահ ընտրվեց կոմպոզիտոր Արամ Սաթյանը:

Նախագահի թեկնածուների առաջադրման փուլում չորս թեկնածու առաջադրվեց` Լեւոն Չաուշյանը, Ռոբերտ Ամիրխանյանը, Երվանդ Երկանյանն ու Արամ Սաթյանը: Լեւոն Չաուշյանն ինքնաբացարկ հայտարարեց՝ հօգուտ Արամ Սաթյանի թեկնածության, Երվանդ Երկանյանը նույնպես հրաժարվց մրցակցությունից` հորդորելով միության անդամներին քվեարկել խղճի մտոք: Միության 121 անդամներից ներկա էին եւ քվեարկեցին 86-ը:

Տեղեկացնենք նաեւ, որ միության հերթական համագումարի երկրորդ օրվա քննարկումների ընթացքում՝ բաց քվեարկությամբ որոշվեց Դիլիջանի ստեղծագործական տունն անվանակոչել կոմպոզիտոր Էդուարդ Միրզոյանի անվամբ:

Կոմպոզիտորների եւ երաժշտագետների միության նախագահի պաշտոնի համար հիմնականում մրցակցում էին միության նախկին նախագահ, կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանն ու Արամ Սաթյանը: Քվեարկությունն ավարտվեց հօգուտ կոմպոզիտոր Արամ Սաթյանի, որին վստահեցին ընտրողներից 43-ը: Ռոբերտ Ամիրխանյանը ստացավ 41 ձայն, 2 քվեաթերթիկ համարվեց անվավեր:

 

NEWS.am

Սպասվում է փոփոխական եղանակ

եղանակը հայաստանումՀանրապետության տարածքում՝

Հոկտեմբերի 28-ից 31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 27-ին Վայոց ձորում և Սյունիքում սպասվում են տեղումներ:

Քամին հյուսիս-արևմտյան 2-5 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 27-ի ցերեկը կբարձրանա 1-2 աստիճանով:

Երևանում՝
Հոկտեմբերի 27-ից 31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Ինչ կլինի, եթե Գյումրին գնի իրականան գազը

IMG_1344Գյումրեցի ինժեներ Մամիկոն Ստեփանյանը հանդես է եկել հետաքրքիր առաջարկությամբ: Մասնավորապես, նա գտնում է, որ Գյումրու քաղաքապետարանը պետք է հանդես գա որպես նախաձեռնող կողմ և եռակողմ պայմանագրով` քաղաքապետարան, Երևանի ՋԷԿ և “Հայռուսգազադի” Գյումրու մասնաճյուղ, որով հնարավոր լինի գնել ՋԷԿ-ում կուտակված իրանական գազը: Ըստ բանախոսի, նման փորձ կա նաև եվրոպական շատ երկրներում, երբ քաղաքներն ինքնուրույն ձեռք են բերում գազ և բաշխիչ համակարգի միջոցով վաճառում իրենց համայնքին:

“Երևան ՋԷԿ-ի մոտ մոտավորապես 220 միլիոն խորանարդ մետր գազի ավելցուկ էր ստեղծվել, անցյալ տարվա տվյալներով, այս տարի իմ կարծիքով ավելի շատ կլինի, որովհետև աճողական կարգով պետք է բարձրանար իրանական գազի ներկրումը: Կա նաև հրատարակված հետևյալ ինֆորմացիան. ամբողջ հանրապետության ազգաբնակչությունը 2012թ. օգտագործել է 542 մլն խմ գազ: Գյումրի քաղաքն ու Շիրակի մարզը, եթե վերցնենք 1/10 մաս, 50-60 մլն խմ-ից չի անցնում: Հետևաբար, մեր քաղաքապետարանը կարող է նախաձեռնություն հանդես բերել Երևանի ՋԷԿ-ի ու “Հայռուսգազարդի” Գյումրու մասնաճյուղի հետ, ձեռք բերվի ՋԷԿ-ի ավելցուկ իրանական գազը և վաճառվի Շիրակի մարզի ազգաբնակությունը: Պարզ հաշվարկները տալիս են հետևյալ վերլուծությունը. երբ 156 դրամ թանկացավ գազի գինը, այդ ժամանակ հայտնի էր, որ Ռուսաստանից գազը ձեռք է բերվելու 270 դոլարով, գումարած ԱԱՀ, դա կազմեց մոտ 136 դրամ: Հանձնաժողովը /նկատի ունի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, – հեղինակ/ “Հայռուսգազարդի” մարշան սահմանեց մոտ 20 դրամ: Երևանի ՋԷԿ-ի մոտ 1 խմ գազի ինքնարժեքը ստացվում է 12-13 դրամ, կարող է ավելացնել իր եկամուտները նույնիսկ 45 դրամ` 20+45=65, 5 դրամ էլ մեր քաղաքին թող մնա: 70 դրամով ռեալ հնարավոր է առանց որևէ միջազգային համաձայնագրի այդ գազը վաճառել ազգաբնակությանը”:
Հարցին, թե արդյոք “Հայռուսգազարը” համաձայնություն կտա այս գործարքին, Մ.Ստեփանյանը նշեց. “Բաշխող կազմակերպություն է: Երբ գազը թանկացնում էին, “Հայռուսգազարդի” տնօրենը հայտարարեց` թող առաջարկեն ավելի էժան տարբերակներ և մենք սիրով կհամաձայնենք դրա հետ”:
Իր այս առաջարկությունը Մամիկոն Ստեփանյանը ներկայացրել է Գյումրու ավագանու անդամ Լևոն Բարսեղյանին, ով այն բարձրացնելու է ավագանու նիստում:
Լրագրողի դիտարկմանը, թե միթե ՋԷԿ-ում այդքան գազ կա կուտակված, որ բավարարի ազգաբնակչությանը, բանախոսը հավելեց. “Անցած տարվա տվյալներով ազգաբնակչությունն օգտագործել է 542 մլն խմ գազ, իրանական գազատարով հնարավոր է ներբերել 2.2 մլն խմ”: Իսկ բացի ֆինանսապես ձեռնտու տարբերակ լինելուց` բարձր է նաև իրանական գազի կալորիականությունը:
Հարցին, թե կարծում եք կառավարությունում չկար մի խելոք մարդ, որ սա մտածեր, չէ որ գոյություն ունեն քաղաքական շահեր, ինժեները պատասխանեց. “Ես առաջնորդվում եմ մեր Շիրակի մարզի ազգաբնակչության տնտեսական շահերից ելնելով: Ավելի ձեռնտու է 70 դրամ վճարել, ոչ թե 156: Շատերը դրա պատճառով ինչ ասես վառում են, և մարդիկ չեն տաքանում, և օդն է աղտոտվում: … Միակ բացատրությունը մեր էներգետիկայի նախարարից եմ լսել, որ Իրան մտնող մեր բարձրավոլտերի թողունակությունը չի հերիքում համապատասխան քանակի էներգիա Իրան արտահանելու համար: Երբ Ռուսաստանը Ադրբեջանին զենք է վաճառում, ասում է` միայն տնտեսական շահ է, էս դեպքում էլ` մեր կառավարությունը կարող է նույն կերպ պատասխանել”:

Ամերիկայից օգնություն են ուղարկել Գյումրու քաղաքապետարանին

Գյումրի, քաղաքապետարան,ամերիկա,օգնություն“Շիրակ կենտրոնն” այսօր Գյումրու քաղաքապետարանի ենթակայությամբ գործող կանաչապատման, քաղաքի սանիտարակամ մաքրման աշխատակիցներին և քաղաքապետարանի տեխնիկական անձնակազմինսկսեց տրամադրել Ամերիկայից եկած օգնությունը:

Ամերիկահայ բարերար Էլվիս Մադաթյանի կողմից ուղարկվել են աշխատանքային համազգեստներ` համապատասխան բաժինների համար:
350-ից ավել բանվորական նոր ու թանկարժեք խալաթներն ունեն նաև հստակ բաժանումներ, օրինակ, կանաչապատողների հագուստը կանաչ է, հավաքարարներինը` կապույտ, իսկ քաղաքապետարանի աշխատակիցներին կտրամադրվեն մոխրագույն համազգեստներ:
Հավելենք, որ այս նույն բարերարի աջակցությամբ Գյումրիում հարյուրավոր անապահով ընտանիքներ պարբերաբար ստանում են նյութական օգնություն: Արդեն երկրորդ տարին է, ինչ “Շիրակ կենտրոնի” նախաձեռնությամբ, Էլվիս Մադաթյանի և այլ բարերարների հովանավորությամբ տնակներում ապրող սոցիալապես անապահով ընտանիքներին ձմռան շեմին բաժանվում է նաև վառելափայտ:

Երևանի Նար-Դոս փողոցի տներից մեկի արտաքին պատը փլուզվել է

ԱԻՆ,փլուզումՀոկտեմբերի 25-ին, ժամը 17.35-ին ահազանգ է ստացվել, որ հոկտեմբերի 24-ին ժամը 01.00-ի սահմաններում փլուզվել է Երևանի Նար-Դոս փողոցի թիվ 33 տան արտաքին պատը:

Դեպքի վայր է մեկնել ՃԿԿ ՕԽ-ն:
Պարզվել է, որ Դ.Հակոբյանին պատկանող տան (կառուցված 1935թ, 58 քմ մակերեսով) ննջասենյակի արտա­քին պատից (25 քմ) փլուզվել է մոտ 6 ք.մ հատվածը:
Դեպքի մասին տեղեկացվել են ՀՀ ԱԻՆ ՓԾ ԲՊ և ԱՀՎԿՎ պետի տեղակալը, ՃԿԿ-ի հետ համագործակցող քաղաքաշինության նախարարության պատասխանատու աշխատակիցը և Կենտրոն վարչական շրջանի կոմունալ բաժնի պետը:

100 դրամը բավարար է

100 դրամՎերջին ամիսներին ժամանակ առ ժամանակ բարձրացվում է տրանսպորտի սակագնի բարձրացման հարցը:Թեմային այսօր անդրադարձավ տնտեսագետ-փորձագետ Դավիթ Գևորգյանը, ով ներկայացնելով իր հաշվարկները պնդում է, որ 100 դրամը բավարար է տրանսպորտի սակագնի համար:Ըստ տնտեսագետի տրանսպորտի սակագինը կարող է լինել և 70-75 դրամ,որը լիովին համապատասխանում է այսօրվա տրանսպորտի գնին, իսկ այն, ինչ վերաբերվում է ուղևորափոխադրման որակի բարձրացմանը, ապա անգամ 150 դրամը դրան չի օգնի, որովհետև մարդիկ կրկին շարունակելու են երթևեկել միկրոավտոբուսներով:

տրանսպորտԴավիթ Գևորգյանին հակառակ պնդումն է անում Փոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանը, ով ներկայացրեց իրենց հաշվարկները, որը ներկայացրել են քաղաքապետարանին , ըստ որի` ավտոբուսների համար սահմանվում է 250 դրամ, իսկ միկրոավտոբուսների համար 200 դրամ գին, սակայն առաջին փուլում թանկացումը կլինի դեռևս 150 դրամ:
Հրանտ Եղիազարյանը իր խոսքում նշեց, որ վերջին տարիներին ամեն ինչը թանկացել է, բացի տրանսպորտից:Ըստ նրա այս ոլորտը անշահութաբեր է և, որ ավտոբուսորոշ երթուղիներ էլ չեն աշխատում հենց այդ պատճառով:

Բալասանյան Մերի

Մայրաքաղաքում բացվել է Անտոն Քոչինյանի կիսանդրին

 Անտոն Քոչինյան,կիսանդրի,Երևանի քաղաքապետարանԵրևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի նախագահ, ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Անտոն Քոչինյանի կիսանդրու հանդիսավոր բացմանը:
Պետական, կուսակցական գործչի կիսանդրին տեղադրվել է Անտոն Քոչինյանի ծննդյան 100-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում՝ Երևանի քաղաքապետի նախաձեռնությամբ: Կիսանդրին տեղադրվել է գործչի անունը կրող փողոցում, որն անվանակոչվել է այս տարվա սեպտեմբերի 10-ի Երևանի ավագանու որոշմամբ: Ըստ այդմ, Անտոն Քոչինյանի անունն է կրում Կենտրոն վարչական շրջանի Արամի փողոցից սկսվող Տերյան փողոցի շարունակություն հանդիսացող փողոցը՝ մինչև Ամիրյան-Զաքյան փողոցների խաչմերուկ:
Կիսանդրու բացման արարողությանը մասնակցել են նաև Անտոն Քոչինյանի ընտանիքի անդամները, գործընկերները և երևանցիներ:
Կիսանդրու հեղինակը քանդակագործ Տիգրան Արզումանյանն է:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Տեղի ունեցավՀայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից հայտարարված դրամաշնորհների ծրագրերի մրցութային հանձնաժողովի առաջին նիստը

Հայաստանի երիտասարդական հիմնադրամՀոկտեմբերի 25-ին տեղի ունեցավ ՀՀ Նախագահի գործընկեր կազմակերպության` Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից հայտարարված դրամաշնորհների ծրագրերի մրցութային հանձնաժողովի առաջին նիստը։

Նիստի ընթացքում բացվեցին Հայաստանի նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող դրամաշնորհների համար հայտ ներկայացրած հասարակական կազմակերպությունների դիմում-հայտերը, հրապարակվեցին հայտատու կազմակերպությունների անունները։

Դրամաշնորհ ստանալու համար դիմել է 19 կազմակերպություն։ Մասնավորապես, ՙՎերարտադրողական առողջության` պտղի սեռով պայմանավորված աբորտների դեմ պայքարի իրականացում՚ անվանակարգում դրամաշնորհ ստանալու համար դիմել է 1 հասարակական կազմակերպություն, ՙՎերարտադրողական առողջության հետ կապված տեղեկատվության տարածում երիտասարդների շրջանում՚ անվանակարգում՝ 2, ՙԳյուղացու առաջնահերթ խնդիրների հայտնաբերում, բարձրաձայնում, խնդիրների լուծմանն ուղղված միջոցառումների  իրականացում՚ անվանակարգում՝ 1, ՙԳյուղական համայնքի բնակչության հետաքրքրություններին և պահանջներին համապատասխան ծրագրերի իրականացում, որոնք կնպաստեն գյուղից չհեռանալուն և կընձեռեն գյուղում գործելու հնարավորություն՚ անվանակարգում՝ 1, ՙԾխախոտի վնասակար ազդեցության մասին տեղեկատվության ճիշտ մատուցման կազմակերպում՚՝ անվանակարգում՝ 10, ՙԾխելու դեմ կանխարգելիչ միջոցառումներում հասարակության առավել լայն շերտերի ընդգրկում՚ անվանակարգում՝ 4 ՀԿ։ ՙԾխախոտի իրացման, սպառման և օգտագործման սահմանափակումների մասին ՀՀ օրենքի առավել լիարժեք կիրառմանը նպաստող միջոցառումների կազմակերպում՚ անվանակարգում դրամաշնորհ ստանալու համար ոչ մի կազմակերպություն չի դիմել։

Մրցութային հանձնաժողովի անդամները ծանոթացան դրամաշնորհների համար ներկայացված դիմում-հայտերի ընդհանուր դրույթներին։ Առաջիկա օրերին նրանք կուսումնասիրեն փաթեթները, իսկ հոկտեմբերի 29-ին կայանալիք նիստում կորոշվեն հաղթող կազմակերպությունները։

 

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի

հասարակայնության հետ կապերի ծառայություն

Վարդան Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից հորդորում են չհավատալ զզվելի հերյուրանքներին

DSC_0455Դերասան Վարդան Պետրոսյանի ֆեյսբուքյան էջում տեղադրված է գրառում, որտեղ մասնավորապես գրված է. «Բոլորին խնդրում ենք չհավատալ այն զզվելի հերյուրանքներին, թե Վարդան Պետրոսյանը հարբած է եղել կամ վարել է ավտոմեքենան 120, 160, կամ 180 կմ-ժ արագությամբ: Այս ստեր տարածողներին, ատելութուն սերմանողներին, «արդարադատություն» գոռացողներին ու վրեժ պահանջողներին խնդրում ենք սպասել հետքննության արդյունքներին:

Վարդան Պետրոսյանի ընտանիքը կապնվել է մյուս տուժած ընտանիքի հետ, ցավակցել նրանց: Լրագրողներ, գոնե եղեք ազնիվ ինքներդ ձեզ հետ, մի խախտեք ժուռնալիստական էթիկայի տարրական կանոնները»:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20-ին Եղվարդ-Երևան ավտոճանապարհին` կամրջի մոտ, տեղի էր ունեցել խոշոր ավտովթար, որի հետևանքով զոհվել էին երկու պատանիներ: Դերասան Վարդան Պետրոսյանին վիրահատել էին, և նա մինչ օրս գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:

Ստեփանավանի օդանավակայանը կյանքի է կոչվում

0000glxavorՀոկտեմբերի 25-ին Արտակարգ իրավիճակների նախարարություն են այցելել ՀՀ կառավարությանն առընթեր Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մի խումբ մասնագետներ`ՔԱԳՎ պետ Արտյոմ Մովսիսյանի գլխավորությամբ։

ԱԻՆ խորհրդակցությունների դահլիճում Արտակարգ իրավիճակների նախարարության և Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մասնագետները քննարկեցին ԱԻՆ «Ստեփանավան» օդանավակայանի վերագործարկման հետ կապված խնդիրները։

Ողջունելով հյուրերին, ԱԻ նախարար Արմեն Երիցյանը, նշեց, որ դեռ օգոստոսին ՀՀ կառավարության որոշմամբ «Ստեփանավան» օդանավակայանը հանձնվել է ԱԻ նախարարությանը։
 – Այսօր դժվար է Արտակարգ իրավիճակների նախարարությունը պատկերացնել առանց ավիացիայի։ Ինքնաթիռներն ու ուղղաթիռները կարող են օգտագործվել հրդեհաշիջման աշխատանքներում` անտառային հրդեհներ, բարձրահարկ շենքերում բռնկված հրդեհներ, ավիացիան անհրաժեշտ է այլ երկրներ մեկնելու և մարդասիրական օգնություն տեղափոխելու համար։ Մենք նախատեսում ենք փոքր ավիացիան օգտագործել նաև հակակարկտային միջոցառումների շարքում։ Ստեփանավանի օդանավակայանում արդեն մեկնարկել են շինարարական աշխատանքները. ցանկապատվում է տարածքը, հիմնովին պետք է վերանորոգվի վարչական շենքը, թռիչքուղին և իրականացվեն բազմաթիվ այլ միջոցառումներ` օդանավակայանը միջազգային ստանդարտներին համապատասխանեցնելու համար, – ասաց ԱԻ նախարարը։

Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսիսյանն իր խոսքում նշեց, – Ողջունում ենք Հայաստանում պետական ավիացիայի զարգացմանն ուղղված ձեր այս նախաձեռնությունը։ Ես և իմ գործընկերները պատրաստ ենք լսել ձեր ծրագրերը, անելիքները և անշուշտ անել մեր առաջարկները։

Հանդիպման ընթացքում քննարկվեցին «Ստեփանավան» օդանավակայանի վարչական շենքին և թռիչքուղուն ներկայացվող պահանջների, օդանավակայանի նավիգացիայի և նավիգացիոն սարքավորումների, ինքնաթիռների տեսակների հետ կապված խնդիրները։

Փոփոխություններ գնումների ոլորտում

Լիանա ՀունանյանԱյսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Լիանա Հունանյանը ներկայացրեց պետական գնումների ոլորտում իրականացված բարեփոխումների արդյունքները: Տկն. Հունանյանն անդրադարձավ ինչպես կարգավորման դաշտում կատարված փոփոխություններին, այնպես էլ նախարարության կողմից իրականացված վերլուծական աշխատանքների արդյունքներով այս ոլորտում բացահայտված թերություններին և դրանք շտկելու նպատակով կատարված քայլերին:

 Նա մասնավորապես տեղեկացրեց, որ խստացվել է հաղթած մասնակցի «Մասնագիտական փորձառություն» չափորոշիչը: Ըստ այդմ սահմանվել է, որ 350 մլն դրամից մինչև 1 մլրդ դրամ նախահաշվային արժեք ունեցող գնումների  դեպքում նախկինում կատարված աշխատանքների ծավալը  չպետք է պակաս լինի տվյալ գնման ներկայացրած գնային առաջարկի 30%, իսկ 1 մլրդ դրամից ավելի դեպքում՝ 50% -ից (առնվազն մեկ պայմանագրի  շրջանակներում):  Բացի այդ, մեկ այլ փոփոխության համաձայն, այսուհետ պայմանագրի կատարումից հրաժարվելու դեպքում  մրցույթի հաղթողը պետք է վճարի տուժանք պայմանագրի 2%-ի չափով, բայց ոչ պակաս քան 1 մլն դրամը: ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալի հավաստմամբ` այս փոփոխությունը նվազագույնի կհասցնի միտումնավոր պայմանագրերից հրաժարվելու դեպքերը, ինչն առավելապես զգալի կլինի խոշոր մրցույթների պարագայում:  Նա նաև տեղեկացրեց, որ մայիս ամսվանից սկսած ՀՀ ֆինանսների նախարարությունը սահմանում է պետական մարմինների կողմից առավել հաճախ ձեռքբերվող 350 ապրանաքատեսակների բնութագրերն ու դրանց առավելագույն գները, ինչը նշանակում է, որ այլևս կբացառվի պետական մարմինների կողմից մանրածախ գնից ավելի բարձր գնով նշված ապրանքները ձեռք բերելու հնարավորությունը:  Կանոնակարգվել է նաև դեղերի գնման ոլորտը: Եթե նախկինում դեղերի տեխնիկական բնութագրերում նշվում էին դրանց ֆիրմային անվանումները, ինչը նշանակում էր սկզբնապես կանխորոշել տվյալ մրցույթի ելքը և կոնկրետ հաղթողին, ապա այսուհետ գնումների հայտարարության մեջ պետք է նշվի դեղի միջազգային hամընդհանուր (ջեներիկ) անվանումը կամ ակտիվ բաղադրատարրերի անվանումները, ինչը  հնարավոր կդարձնի մրցույթում ներգրավել առավել մեծ թվով մասնակիցներ: Ներդրվել է գնումների միասնական անվանացանկ (CPV code), ինչը էապես դյուրինացրել և պարզեցրել է վերլուծական և վիճակագրական աշխատանքների իրականացումը, գնումների պլանի պատրաստման գործընթացը ծրագրային ապահովման միջոցով դարձրել առավել պարզ և մատչելի:

Զուգահեռ հունիս-հուլիս ամիսներից սկսած կատարվել է գնման հայտարարությունների և պայմանագրերի ընտրանքային մոնիտորինգ, որն արդեն իսկ դրական արդյունքներ է արձանագրում: Մասնավորապես հունիս ամսվա համեմատ էականորեն կրճատվել է նախարարարության կողմից մերժված պայմանագրերի  քանակը՝ 61 տոկոսից հասնելով 23-ի:

Լիանա Հունանյանը հատկապես կարևորեց բողոքարկման խորհրդի դերի մեծացման և ոլորտում առավելագույն թափանցիկություն ապահովելու ուղղությամբ արդեն իսկ կատարված և կատարվելիք աշխատանքները: Նա միևնույն ժամանակ հորդորեց հասարակական կազմակերպություններին իրենց ներգրավվածությունն ունենալ բողոքարկման հանձնաժողովների կազմում, ինչը մեծապես կնպաստի բողոքարկման ինստիտուտի նկատմամբ հանրային վստահության ամրապնդմանը:

Հունիս ամսից ներդրվել է www.gnumner.am  կայքի շրջանակային համաձայնագրերի ցանկում ընդգրկված յուրաքանչյուր գնման առարկայի մասով գրանցված բոլոր մասնակիցների միաժամանակյա ծանուցման գործընթացի ավտոմատացումը` gnumner.am էլեկտրոնային փոստի միջոցով, բանակցային ընթացակարգ` առանց գնման հայտարարությունը նախապես հրապարակելու ձևով կատարվող բոլոր գնումների վերաբերյալ տեղեկատվությունն ու պայմանագրերը այսուհետ տեղադրվում են www.e-gov.am կայքում, կայքի ինտերակտիվ բյուջեի բաժնում տեղադրվում են  նաև պետական գնումների արդյունքում կնքված բոլոր պայմանագրերը:

Մամուլի ասուլիսին մասնակցում էին և լրագրողների հարցերին պատասխանեցին նաև պետական ներքին ֆինանսական հսկողության և պետական գնումների մեթոդաբանության վարչության պետ Մակար Ղամբարյանն ու <<Գնումների աջակցման կենտրոնի>> պետ Արթուր Առաքելյանը:

ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի բաժին

Տեղի է ունեցել ֆրանս-հայկական առևտրաարդյունաբերական պալատի և Հայաստանի տնտեսական զարգացման ֆորումի կազմակերպած տնտեսական համաժողովը

001Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը ներկա է գտնվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրավերով Երևան ժամանած Մարսելի քաղաքապետ Ժան-Կլոդ Գոդենի գլխավորած պատվիրակության անդամների մասնակցությամբ  կայացած ֆրանս-հայկական առևտրաարդյունաբերական պալատի և Հայաստանի տնտեսական զարգացման ֆորումի կազմակերպած տնտեսական համաժողովին:   Մարսելի քաղաքապետ Ժան-Կլոդ Գոդենը իր ողջույնի խոսքում նշել է, որ ինչպես երկու երկրների, այնպես էլ Մարսելի ու Երևանի հարաբերությունները գնալով ընդլայնվում  ու նոր նվաճումներ են արձանագրում:

“Շնորհակալություն եմ ուզում հայտնել Երևանի քաղաքապետ Տարոն  Մարգարյանին`պաշտոնական հրավերի ու ջերմ ընդունելության համար: Սա մեր բարեկամությունն ընդլայնելու ու  հետագա անելիքը նախանշելու ևս մեկ փայլուն հնարավորություն է: Ուրախ եմ, որ 2011 թվականին մենք պատիվ ունեցանք Ֆրանսիայում հյուրընկալելու ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությանը, իսկ  2012 թվականին Մարսելում հանդիպեցինք նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ: Այժմ  արդեն Երևանում քաղաքապետի հետ ստորագրեցինք համագործակցության նոր համաձայնագիր, որով փաստեցինք մեր աշխատանքները շարունակելու պատրաստակամությունը”, – նշել է Մարսելի քաղաքապետ Ժան-Կլոդ Գոդենը:

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ողջունելով ներկաներին՝ քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արևեյանը կարևորել է համաժողովի անցկացումը Մարսելի քաղաքապետի` Երևան կատարած այցի շրջանակում և նշել, որ Երևանի ու Մարսելի համագործակցությունն արդեն 2 տասնամյակի պատմություն ունի: Քույր քաղաքների միջև ձևավորվել են առևտրատնտեսական ու գիտամշակութային բազմակողմ հարաբերություններ: “Անցյալ տարի Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակության Մարսել կատարած այցի ընթացքում տեղի ունեցան մի շարք  հանդիպումներ, այդ թվում նաև ֆրանս-հայկական առևտրաարդյունաբերական պալատի հետ: Մի քանի ամիս անց կրկին հանդիպելու առիթ ընձեռվեց նաև Երևանում` երկրները մեկ հարկի տակ փառատոնի շրջանակում: Երևանի քաղաքապետարանը իր մասնակցությունն ունեցավ նաև Մարսելը 2013թ. Եվրոպայի մշակութային մայրաքաղաք հռչակվելու շրջանակներում գումարված համաշխարհային հայկական առևտրային ցանցի 3-րդ գլխավոր ասամբլեային”,- նշել է Կամո Արեյանը:

 

Քաղաքապետի առաջին տեղակալը հիշատակել է նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի մասնակցությամբ օրեր առաջ Վալանսում գումարված հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության երկրորդ համաժողովը, որտեղ 2 երկրների տնտեսական համագործակցությունը նշվել է որպես գերակա ուղղություններից մեկը: Քաղաքապետի տեղակալի գնահատմամբ՝ նման համաժողովները նաև գործարար ծրագրեր քննարկելու մեծ հնարավորություն են ստեղծում: Կամո Արեյանն արդյունավետ աշխատանք է մաղթել նաև երևանյան համաժողովի մասնակիցներին և քաղաքապետի անունից վստահեցրել, որ Երևանի քաղաքապետարանը բաց է համագործակցության համար, իսկ քաղաքային իշխանությունները՝ պատրաստ շահագրգիռ կառույցներին ներկայացնելու մայրաքաղաքում առաջարկվող ներդրումային ծրագրերը:

Երևանի քաղաքետարանի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչություն

 

 

Սպանեց սիրելիին՝ կուսությունը պահպանելու համար

բանտԲացառիկ հարցազրույց երիտասարդ տարիները բանտում անցկացրած աղջկա հետ

 Մարդը ծնվում է ազատ, բայց ծնված պահից ի վեր սկսում է պայքարել հանուն ազատության… Մեր հերոս Մարիաննա Սարգսյանը (անուն-ազգանունը փոխված է իր խնդրանքով,- հեղ.) պայքարել է իր ազատության համար ու թանկ վճարել: Դժվար է դեմ գնալ ցանկությանը, երբ սիրահարված ես, բայց կյանքը, հասարակության մեջ կարծրացած մտածողությունը երբեմն մարդուն դրդում է, այսպես ասած, «ակամա» հանցագործության:

Հոգեկան խիստ հուզմունքի վիճակում Մարիաննան սպանել է սիրած էակին: Դեպքից րոպեներ առաջ զույգը դեռ երազում էր իդեալական ընտանիք ու պետությանը արժանի զավակներ տալու մասին:

25-ամյա նուրբ աղջկան կոփել է բանտում անցկացրած ժամանակը: Նա անազատության մեջ է անցկացրել դատարանի նշանակած գրեթե ամբողջ ժամկետը:

«Անկախ» շաբաթաթերթի զրույցը Մարիաննա Սարգսյանի հետ բավական երկար ստացվեց. նա  խոսեց իր անցյալից, անդրադարձավ իր մեղավորությանն ու մեղադրանքի պատճառներին, անազատության տարիներին և իր ներկա վիճակին:

ԿՐԹՈՒԹՅՈՒՆՆ ԻՆՁ ՀԱՄԱՐ ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐՆ ԷՐ

Մարիաննան, դպրոցի կարմիր ատեստատը ձեռքին, որոշում է մասնագիտանալ լեզուների գծով: Գործերը տալիս է երևանյան համալսարաններից մեկի անգլերեն-ֆրանսերեն բաժինը:

– Մայրս և հայրս երազում էին, որ ես լավ կրթություն ստանամ: Մաթեմատիկայի մեծ սեր ունեի, բայց քանի որ հասկացա՝ աշխատանք չեմ ունենալու, մտածեցի գնալ լեզուների գծով,- ասում է Մարիաննան:

Աղջկա ծնողների  եկամուտը բավարար չէր. ստիպված էր ինքնուրույն պատրաստվել ընդունելության քննություններին:

– Իմ որոշումը վճռական էր, ու հիշում եմ՝ օր ու գիշեր պարապում էի համալսարան ընդունվելու համար:

Նա լավ է հիշում հենց ուսանողական  առաջին սեպտեմբերի 1-ը: Օրը ոչ միայն հիշարժան էր ուսանողական կյանք մտնելու առումով, այլև` առաջին հայացքից սիրահարվելու…

– Երբ ինձ ասում էին` գոյություն ունի սեր առաջին հայացքից, չէի հավատում: Դե, պարզ է, որ լեզուների գծով գնացող աղջիկներից շատերն իրենց արտաքին տվյալներով ավելի համոզիչ են, չէ՞, լինում, ու տղաները հենց այդ պատճառով են խմբվում համալսարանի առաջ՝ տեսնելու` ֆակուլտետը լի՞քն է գեղեցիկ աղջիկներով: Հենց առաջին օրն ինձ մոտեցավ մի տղա ու սկսեց խոսացնել: Ես որևէ բան չէի խոսում, որովհետև էդ երևույթը ինձ համար շատ խորթ էր, անսովոր:

Տղան սկսում է «հետապնդել» աղջկան, հետևում է՝ տեսնելու ուր է գնում, ում հետ է հանդիպում: Այսինքն՝ անում է այն ամենը, ինչ հատուկ է առաջին հայացքից հրապուրված յուրաքանչյուր հայ երիտասարդին:

– Հիշում եմ՝ շատ երկար վարդեր բերեցին համալսարան իմ անունով, զարմացա: Բացիկում նշված էր. «Ես քեզ սիրում եմ. Արմեն» (տղայի անունը նույնպես փոխված է- հեղ.): Միանգամից հասկացա, որ դա այն տղան էր, որն ինձ հետևում էր, խոսացնում, գալիս-գնում: Նա արդեն հասցրել էր մտերմանալ մեր ֆակուլտետի տղաների հետ ու համակուրսեցիների հավաքույթներից մեկի ժամանակ նկատեցի, որ նա ևս ներկա է: Եկել էր համեստ հանդերձանքով ու շատ լուրջ դեմքով: Ես էլ, բնավորությանս համաձայն, սիրում եմ կատակներ անել, ծիծաղել, անեկդոտներ պատմել: Այդ օրը, կարելի է ասել, իմ ու Արմենի առաջին պաշտոնական հանդիպումն էր:

ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆԸ ԾՐԱԳՐՎԱԾ ԷՐ

Մարիաննան, խորհրդակցելով ընկերների հետ, հասկանալով ու գիտակցելով, որ ինքը ևս զգացմունք ունի այդ տղայի նկատմամբ, թույլ է տալիս Արմենին անել առաջին քայլերը: Անակնկալներ՝ մեկը մյուսի հետևից:

Մեկ շաբաթ անց նրանք դառնում են ընկեր-ընկերուհի:

– Արմենն ամեն օր պարտաճանաչ գալիս էր ինձ ուղեկցելու՝ տնից համալսարան և համալսարանից տուն: Մենք այդ ընթացքում հասցնում էինք զրուցել, ճանաչել մեկս մյուսին: Բայց մեզ արդեն չէր բավարարում էն ժամանակը, որ անցկացնում էինք միասին, ու հանդիպումները սկսեցին հաճախակիանալ:

Մարիաննան ու Արմենը իրար հետ ընկերություն են անում մոտ մեկուկես տարի ու ծրագրում են միասին կառուցել իրենց ապագան:

Բայց, ինչպես ասում են, ուրբաթը շաբաթից շուտ է գալիս:

– Դեպքից մի քանի շաբաթ առաջ, Արմենն ինձ հարցնում էր իմ դիրքորոշումը մինչամուսնական կապերի մասին: Երբ իմացավ իմ բացասական վերաբերմունքը, զգացի, որ իմ հանդեպ բացասաբար է տրամադրվել: Մի տեսակ ինքն իր նման չէր: Գնացել էինք ամառանոց: Այդ օրը Արմենը շատ վճռական էր, իր համար սովորական դարձած համբույրներին ուշադրություն անգամ չէր դարձնում, մտքին այլ բան կար: Հետո ականջիս շշնջաց. «Քանի որ մենք միասին ենք, կարող ենք մեզ այլ բաներ էլ թույլ տալ»: Ասածը դուրս չեկավ, ու հակադարձեցի` այսի՞նքն: Ասաց՝ դե կարող է այսօր մեր առաջին ամուսնական գիշերը լինել, ասացի՝ չէ, չի կարող, երբ կամուսնանանք` կլինի: Ու մի քանի րոպե վիճեցինք: Նա ինձ ամուր գրկեց ու խնդրեց. «Այսօր, գոնե մի անգամ»: Բայց իմ պատասխանը վերջնական էր:

Նա չէր էլ կարող պատկերացնել, որ սովորական սիրային խոսակցությունը՝ զուգորդված վեճ ու կռվով, կարող է ողբերգական ավարտ ունենալ:

– Նա ուզում էր բռնաբարել ինձ, կուսազրկեր (Մարիաննան չզսպեց արցունքներն ու լաց եղավ), իսկ ես չէի կարող նման բան թույլ տալ, սեղանին դանակ կար, ասացի՝ չգաս մոտիկ, կսպանեմ, ասաց՝ սպանիր ու մոտ եկավ, ես էլ չհասկացա` ինչպես ստացվեց, դանակով մի քանի հարված հասցրի: Մտածեցի՝ դե մարմնական վնասվածք կլինի, մենք կբաժանվենք, բայց երբեք չէի էլ կարող մտածել, որ դա կլինի մեր վերջին հանդիպումը:

 ԱՆԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ  

Մարիաննային քրեականի աշխատակիցները ոստիկանին հատուկ առաջին հայացքից ասել են, որ դաժանաբար սպանություն է տեղի ունեցել:

– Դա ծանր ողբերգություն էր: Անգամ նրա թաղմանը չկարողացա մասնակցել, իմ կյանքը վտանգված էր, քանի որ նրա քույրն ու եղբայրը, անկախ ամեն ինչից, սպառնացին վրեժ լուծել: Գործով քննիչը, ծանոթանալով ոստիկանի արձանագրությանը, զարմացել էր: Ասաց՝ քեզ սպառնում ա 15 տարի կամ գուցե ցմահ:

Դատարանը որոշում է խափանման միջոց կիրառել կալանավորումը՝ հոգեկան խիստ հուզմունքի վիճակում կատարած սպանության համար:

– Ասես խելագար լինեի: Ոչինչ չէի հասկանում: Դատապարտված անձի կամ էլ կալանքի մասին միայն ֆիլմեր էի դիտել, որոշ բաների ծանոթացել թերթերից: Դա ինձ համար շատ խորթ միջավայր էր: Ես նստած էի իմ իրավունքների համար: Ես այդպես եմ դա ընկալում: Հիմա ցավ եմ ապրում, որ նա, ում հետ կապել էի ամբողջ կյանքիս գիծը, նա, ով պետք է իմ կյանքի ընկերը լիներ ու զավակներիս հայրը, չկա, չկա ֆիզիկապես, բայց նրա ձայնը, նրա կերպարը անընդհատ ասես հետևում է ինձ: Սկզբնական շրջանում մտածում էի, որ կյանքս կործանվեց ու ես կխելագարվեմ:

Կալանավայրում տեսակցություն թույլատրվում էր, բայց Մարիաննայի սրտով չէր. ինչպե՞ս էր նայելու հարազատ մոր ու հոր աչքերին, ինչպե՞ս էր նայելու Արմենի ծնողների աչքերին:

– Միայն սա կասեմ. շատ բան իրականում չեմ ուզում հիշել ու պատմել, քանի որ վերհիշելով դեպքերը` ծանր ապրումներ եմ ունենում: Մի անգամ ինձ այցի եկավ Արմենի հայրը: Եկավ ու խոսեց, ասես սեփական հայրս լիներ: Ես միայն լսում էի նրան, ոչինչ չէի կարող ասել, նա էլ չգնահատեց արարքս: Միայն հիշում եմ` ասաց. «Աղջիկս, գուցե դու ճիշտ ես վարվել, բայց կարող էիր ոստիկանություն դիմել, ի վերջո, նախքան դեպքն էլի էիք, չէ՞, քննարկել այս թեման, գայիր ինձ ասեիր, ու չէր լինի էս ողբերգությունը: Հասկացիր, այս ողբերգությունը երկկողմանի ա: Մի կողմում մենք ենք, մյուսում` դու: Ուզես թե չուզես` խիղճն ու տառապանքը քեզ ուղեկցելու է ամբողջ կյանքիդ ընթացքում»:

ՄԱՐԻԱՆՆԱՆ ՄԵՐ ՕՐԵՐՈՒՄ   

Արածն ու չարածը Մարիաննան այսօր չի վերլուծում, ուզում է մոռանալ ամեն ինչ, ու նորից սկսել: Չի հաջողվում, քանի որ սիրում էր, ու կատարվածն էլ որակում է ավելի շատ ինքնապաշտպանություն, քան այն, որ ուրիշի կյանքին դիտավորությամբ մահ է պատճառել:

– Հիմա ես ապրում եմ հոգևոր կյանքով, հիմնականում կարդում եմ հոգևոր գրականություն, ու գրեթե նույն մեկուսացված հոգեվիճակում են անցնում օրերս: Հավատացեք, մարդկանց հետ չեմ ցանկանում շփվել: Ընկերուհիներիցս մեկն ասաց` ինչ եղել, եղել է, պետք է առաջ նայես: Չեմ կարողանում, իսկապես չեմ կարողանում: Գուցե ապագայում վերանայեմ կյանքիս արժեքները ու փոխեմ կյանքի նկատմամբ գնահատականները, բայց այսօր, այս պահին դա անել չեմ կարող: Ընդհանրապես ես դարձել եմ տխուր մարդ, Չապլինը չեմ, բայց տխուր եմ: Երևի նրանից է, որ կյանքում ինձ ամեն ինչ շա՜տ դժվար է տրվել, կյանքն ինձ շատ բան է սովորեցրել:

Մարիաննան հիմա մտածում է նաև երկրից որոշ ժամանակով բացակայելու մասին` պատճառաբանելով, որ Երևանում իր տեղը չի կարողանում գտնել:

 

 

Կադրային փոփոխություններ ՀՀ գլխավոր դատախազությունում

ՀՀ գլխավոր դատախազ Գ.Կոստանյանը 2013թ. հոկտեմբերի 23-ին հրամաններ է ստորագրել:

դատախազությունԱյսպես` Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազ է նշանակվել արդարադատության երկրորդ դասի խորհրդական Սասուն Խաչատրյանը` ազատվելով Երևան քաղաքի դատախազի տեղակալի պաշտոնից:

ՀՀ գլխավոր դատախազի հրամաններով` Շիրակի մարզի դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Կարեն Շահբազյանը, Գեղարքունիքի մարզի դատախազ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Վահրամ Մարգարյանը և ՀՀ դատախազության կոռուպցիոն և կազմակերպված հանցագործությունների գործերով վարչության պետ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Գագիկ Խաչիկյանն ազատվել են աշխատանքից` սեփական դիմումների համաձայն:

 

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

ոստիկանությունԸստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 24-ից 25-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպանության 1 դեպք:
Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 6 դեպքից բացահայտվել է 5-ը,  մաքսանենգության` 3, խարդախության` 11, խուլիգանության և կողոպուտի 1-ական  դեպքերը բացահայտվել են: Բացահայտվել է գողության 4  դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է կողոպուտի և գողության  1-ական  դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 10  պատահար.  4 մարդ զոհվել է, 25-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
 

Պատահարներ հանրապետության ավտոճանապարհներին

ավտոպատահարՀոկտեմբերի 24-ին, ժամը 12.00-ի սահմաններում, Էջմիածին-Մասիս ճանապարհի 4-րդ կմ-ին` Ոսկեհատ գյուղի վերջնամասում, «Նիսան Մարչ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել հանդիպակաց ուղեմաս, ինչի հետևանքով «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենան, վթարից խուսափելու համար, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից ու կողաշրջվել. վերջինիս վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

                                                           ***
Հոկտեմբերի 24-ին, ժամը 16.30-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապարհի 23-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել Զաֆիրա» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել Զաֆիրա»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
                                                           ***

Հոկտեմբերի 24-ին, ժամը 17.30-ի սահմաններում, Էջմիածին-Երևան ճանապարհի 7-րդ կմ-ին` Փարաքար գյուղի հատվածում, «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենան բախվել է մայթեզրի եզրաքարին:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Կատարվում է քննություն:
                                                            ***
Հոկտեմբերի 25-ին, ժամը 01.45-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապարհի 26-րդ կմ-ին` Արշալույս գյուղի հատվածում, «Նիսան Մարչ» մակնիշի ավտոմեքենան բախվել է մայթեզրի պատնեշին, ինչի հետևանքով ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

                                                           ***
Հոկտեմբերի 24-ին, ժամը 02.30-ի սահմաններում, Վանաձոր-Սպիտակ ճանապարհի 3-րդ կմ-ին «ՎԱԶ-2115» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից, գլորվել ձորը և բախվել ծառի:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վանաձոր» բժշկական կենտրոն:
Կատարվում է քննություն:

                                                          ***
Հոկտեմբերի 24-ին, ժամը 15.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2108» մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ճանապարհի 169-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել, ինչի հետևանքով վարորդը և 4 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սիսիան» բժշկական կենտրոն:
Կատարվում է քննություն:

 

Տարոն Մարգարյանը հանդիպել է Մարսելի քաղաքապետ Ժան-Կլոդ Գոդենի գլխավորած պատվիրակության հետ

Տարոն Մարգարյանը հանդիպել է Մարսելի քաղաքապետ Ժան-Կլոդ Գոդենի գլխավորած պատվիրակության հետԵրևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է պաշտոնական այցով Երևան ժամանած Մարսելի սենատոր-քաղաքապետ Ժան-Կլոդ Գոդենի գլխավորած պատվիրակության անդամների հետ: Հանդիպմանը մասնկացել է նաև ՀՀ–ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն: Ողջունելով հյուրերին՝ Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս շնորհակալություն է հայտնել հրավերն ընդունելու համար և ընդգծելով հայ–ֆրանսիական հարաբերությունների ներկա բարձր մակարդակը, կարևորել է Երևանի ու Մարսելի միջև բարեկամական և գործընկերային հարաբերությունների զարգացումը, որոնք հիմնված են երկու երկրների և ժողովուրդների բարեկամության վրա: Քաղաքապետը նաև վստահություն է հայտնել, որ այցի շրջանակում ստորագրվելիք նոր թարմացված համաձայնագիրը էլ ավելի կնպաստի կոնկրետ ոլորտներում երկու համայնքների միջև ներկայիս համագործակցության ամրապնդմանն ու զարգացմանը ։

«Մարսելի հետ մեր երկարամյա համագործակցությունն արդեն ամուր հիմքերի վրա է դրված, ինչի մասին փաստում են նաև մեր փոխայցերը: Օրեր առաջ Վալանսում Հայ–ֆրանսիական 2-րդ ապակենտրոնացված համաժողովի ընթացքում գոհունակությամբ արձանագրեցի, որ Մարսելի հետ մեր համագործակցության ձևաչափը հաջողված ու հեռանկարային է։ Ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել նաև Մարսելի հայ համայնքի նկատմամբ ցուցաբերվող աջակցության և ուշադրության համար, ինչը մեզ համար շատ կարևոր է: 2012-ին մեր երկու քաղաքների բարեկամության և համագործակցության 20-րդ տարեդարձի տոնակատարություններին մասնակցելու նպատակով Մարսել կատարած մեր այցի ընթացքում տպավորված էինք Ձեր քաղաքով և ջերմ ընդունելությամբ: Վստահ եմ, որ Դուք ևս Երևանից Մարսել կվերադառնաք լավ տպավորություններով»,-ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Պատվիրակության անունից շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Մարսելի քաղաքապետ Ժան-Կլոդ Գոդենն իր հերթին նշել է, որ երկու քաղաքների հարաբերությունների հետագա զարգացմանը մեծապես կնպաստեն նաև այս օրերի պաշտոնական այցն ու դրա շրջանակում ձեռք բերված պայմանավորվածությունները:
«Երևանը մեր լավագույն գործընկերն է, և մեզ համար իսկապես կարևոր է համագործակցության ընդլայնումը: Սրտանց ուրախ եմ այստեղ գտնվելու համար: Ի դեպ, այսօր արդեն հասցրել եմ շրջել Երևանում և պետք է հաճույքով արձանագրեմ, որ հնամյա պատմությամբ Ձեր իսկապես շատ գեղեցիկ քաղաքը, իրոք հաճելի տպավորություն է թողնում: Իմ նախորդ այցից հետո Երևանը շատ է փոխվել ու փոխվել է դեպի լավը: Այն այսօր զարգացած քաղաք է, ու այդ ամենում ես տեսա հենց Ձեր սրտացավությունն ու ջանքերը, պարոն քաղաքապետ, ինչի համար և՛ շնորհավորում եմ, և՛ շնորհակալ եմ»,-նշել է Ժան-Կլոդ Գոդենը և հավելել, որ ստորագրվելիք համագործակցության նոր համաձայնագիրը հնարավորություն կընձեռի էլ ավելի խորացնելու և ամրապնդելու երկու քաղաքների գործընկերային հարաբերությունները:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Հանրային խորհուրդը սպասում է Կոնցեսիոների փաստաթղթերին

ՀԽ փոքր խորհրդի նիստԱյսօր՝ հոկտեմբերի 24-ին, տեղի է ունեցել Հանրային խորհրդի փոքր խորհրդի նիստ, որի օրակարգում ընդգրկված է եղել 3 հարց՝ «Հանրային խորհրդի մասին» օրենքի նախագծում առաջարկվող փոփոխությունները, ՀԽ առաջիկա լիագումար նիստի նախապատրաստումը, «Զվարթնոց» օդանավակայանի հին ուղևորային համալիրի (կլոր շենք) հարցը:

Օրակարգի առաջին հարցի քննարկման ժամանակ ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանն առաջարկել է օրենքի նախագծի որոշ փոփոխություններ, որոնք քննարկվել են խորհրդի անդամների կողմից:

Առաջարկվել է նաև օրենքի նախագիծը տեղադրել ՀԽ պաշտոնական կայքում, որպեսզի հանրությունը հնարավորություն ունենա իր տեսակետներն ու առաջարկները հայտնել դրա վերաբերյալ:

Օրակարգի երկրորդ հարցի վերաբերյալ ՀԽ նախագահի կողմից խորհրդի անդամներին առաջարկել է պատրաստել և ներկայացնել հարցեր, որոնք կարող են ընդգրկվել լիագումար նիստի օրակարգ: Լիագումար նիստի օրակարգային հարց է համարվել «Զվարթնոց» օդանավակայանի հին ուղևորային համալիրի (կլոր շենք) հարցը, որի վերաբերյալ մինչ այդ Հանրային խորհրդում պետք է քննարկումներ տեղի ունենան:

Օրակարգի երրորդ հարցի քննարկումը, որը վերաբերում էր «Զվարթնոց» օդանավակայանի հին ուղևորային համալիրին, սահմանափակվել է ՀԽ անդամ, մշակույթի ենթահանձնաժողովի նախագահ Գագիկ Մանասյանի կողմից հարցին առնչվող առկա տեղեկատվության ամփոփ ներկայացմամբ, մասնավորապես՝ ՀԽ 4 ենթահանձնաժողովների քննարկումների արդյունքների, մամուլում տեղ գտած ուշագրավ հրապարակումների, ձեռք բերված փաստաթղթերի վերաբերյալ:

Ցավոք, խորհրդի անդամները հնարավորություն չեն ունեցել ծանոթանալու նաև հակառակ կողմի՝ Կոնցեսիոների տեսակետի հետ, որպեսզի պատկերն ամբողջական և հստակ լինի: Մինչդեռ հոկտեմբերի 10-ին տեղի ունեցած ՀԽ փոքր խորհրդի նիստում որոշվել էր, որ հետագա քննարկումներն առավել խորությամբ իրականացնելու, հարցի վերաբերյալ վերջնական եզրակացություն ներկայացնելու համար պետք է ուսումնասիրել նաև հարցին առնչվող բոլոր փաստաթղթերը, լսել «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության առաջարկներն ու հիմնավորումները, և այդ նպատակով հոկտեմբերի 14-ին Հանրային խորհրդի կողմից պաշտոնապես դիմում էր հղվել Քաղավիացիայի գլխավոր վարչություն՝ ստանալու համապատասխան  փաստաթղթերը (մաստեր պլան, Կոնցենսիոների կողմից Երևան քաղաքի ճարտարապետական հանձնաժողովին ուղղված դիմում և այլն):

ZvartnocՈւստի Հանրային խորհուրդը նպատակահարմար է գտել սպասել Կոնցեսիոների կողմից այդ փաստաթղթերի տրամադրմանը, որպեսզի դրանք ուսումնասիրելուց և հակառակ կողմի տեսակետը լսելուց հետո միայն վերջնական որոշում կայացնի:

Հիշեցնենք, որ Հայաստանի քաղավիացիայի գլխավոր վարչության դիմումի հիման վրա Հանրային խորհրդի 4 ենթահանձնաժողովներում (քաղաքաշինության և ճարտարապետության, օդային տրանսպորտի քաղաքականության, մշակույթի, ազգային արժեքների) քննարկման էր դրվել «Զվարթնոց» օդանավակայանի հին ուղևորային համալիրի  պահպանման կամ քանդմանը հարցը, և ենթահանձնաժողովները կառույցը քանդելու վերաբերյալ բացասական կարծիք էին տվել՝ միաժամանակ ներկայացնելով առաջարկներ դրա պահպանման, հետագա օգտագործման և այլ հարցերի վերաբերյալ:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է Մարսելի գործընկերոջը

001Երևանի քաղաքապետի հրավերով հոկտեմբերի 23-ից 27-ը պաշտոնական այցով Երևանում գտնվող Ֆրանսիայի Հանրապետության Մարսել քաղաքի սենատոր–քաղաքապետ Ժան – Կլոդ Գոդենը հանդիպել է Տարոն Մարգարյանի հետ:

Ողջունելով գործընկերոջը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նախ շնորհակալություն է հայտնել  հրավերն ընդունելու համար և վստահեցրել, որ Մարսելի քաղաքապետի այցով երկու քաղաքների միջև առկա փոխգործակցությունն ու գործընկերային կապերն էլ ավելի կամրապնդվեն ու կընդլայնեն համագործակցության շրջանակները. «Իսկապես ողջունելի է այն փաստը, որ Երևանի և Մարսելի միջև հարաբերությունները տարեցտարի ավելի զարգանում ու ընդլայնվում են, ինչի վառ ապացույցը նաև այդ համագործակցության  21-ամյա պատմությունն է: Այսօր մենք կթարմացնենք երկու քաղաքների միջև առկա համագործակցության համաձայնագիրը, որով նոր թափ կհաղորդենք փոխշահավետ գործակցությանն ու նոր էջ կբացենք գործընկերային հարաբերությունների մեր տասնամյակների պատմության մեջ»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը, մեկ անգամ ևս վստահեցնելով, որ Ժան-Կլոդ Գոդենն իսկապես սպասված և ցանկալի հյուր է Երևանում:

Մարսել քաղաքի սենատոր–քաղաքապետ Ժան – Կլոդ Գոդենն էլ իր հերթին շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, առանձնակի կարևորել է երկու քաղաքաների միջև համագործակցության ընդլայնմանն ուղված Երևանի քաղաքապետի պատրաստակամությունն ու ջանքերը. «Մեր երկու քաղաքների ներուժն այսօր իսկապես շատ ավելին է, քան 21 տարի առաջ էր: Ստորագրվելիք նոր համաձայնագրով վստահ եմ, նոր թափ կհաղորդվի երկուստեք համագործակցությանն ու իրականացվելիք ծրագրերում կընդրկենք քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներ»,- նշել է  Ժան – Կլոդ Գոդենը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի վարչություն