Քննարկվել են Երևանում խուլերի տեղեկատվության փոխանակման դիսպետչերական կենտրոն հիմնելու հեռանկարները

001Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը  հանդիպել է Հայաստանի խուլերի միավորման նախագահ Գրիգոր Գրիգորյանի և խուլերի մոսկովյան կազմակերպության նախագահ Վլադիմիր Բազոևի գլխավորած պատվիրակության անդամների հետ: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը նախ շնորհավորել է հյուրերին խուլերի միջազգային օրվա կապակցությամբ և նշել, որ հատկապես վերջին տարիներին Երևանի քաղաքապետարանի և խուլերի միավորման միջև սերտ համագործակցություն է ձևավորվել, ինչի վկայությունը կյանքի կոչված մի շարք ծրագրերն ու համաքաղաքային ծրագրերին խուլերի միավորման անդամների ակտիվ մասնակցությունն է: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և մշտական աջակցության համար՝  Հայաստանի խուլերի միավորման նախագահ Գրիգոր Գրիգորյանն ու հանդիպմանը ներկա ռուսական “Թվային տեխնոլոգիաներ համրերի համար” ընկերության նախագահ Օլեգ Լիպստրը ներկայացրել են Ռուսաստանի մի շարք երկրամասերում ներդրված մի ծրագիր, որի շնորհիվ համր մարդիկ տեսահեռախոսների միջոցով կարողանում են հաղորդակցվել ժեստերի լեզվով, իսկ   հատուկ հարմարեցված տերմինալների միջոցով հնարավորություն է ընձեռվում հաղորդագրություններ ուղարկել օպերատորին և, անգամ գտնվելով անծանոթ քաղաքում, տեղեկություններ ստանալ մատուցվող այս կամ այն ծառայության կամ  հարցի շուրջ: Խուլերի մոսկովյան կազմակերպության նախագահ Վլադիմիր Բազոևը վստահեցրել է, որ ներդրված համակարգը մեծ արդյունավետություն ունի և զգալիորեն հեշտացրել է խուլ ու համր քաղաքացիների կյանքը: Կողմերի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել քննարկել ծրագրի տեխնիկական և մյուս բաղադրիչները`առաջիկայում Երևանում նմանատիպ դիսպետչերական կենտրոն հիմնելու համար: Ռուսական պատվիրակության անդամներն էլ տեղեկացրել են, որ Մոսկվայում հայ օպերատորների վերապատրաստման հետ կապված բոլոր ծախսերը կհոգա  ռուսական կողմը: Հանդիպման ավարտին քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը ևս մեկ անգամ վստահեցրել է, որ քաղաքային իշխանությունները մշտապես պատրաստ են աջակցել խուլ և համր մեր հայրենակիցների խնդիրների լուծմանը և շարունակական ծրագրերի միջոցով նրանց հասարակությանը լիարժեք ինտեգրելուն:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

ՀԿԵ-ն պատրաստվում է աշնանային և ձմեռային աշխատանքներին

ЮКЖД призывает граждан соблюдать правила безопасности на железной дороге

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունում անցկացվում է զննում ՝ նվիրված աշնանային և ձմեռային շրջանում սպասվող աշխատանքին, երկաթուղու կադրերի և տնտեսությունների պատրաստվածության մակարդակի ստուգում:

Անցկացվող միջոցառումների համակարգն ուղղված է երկաթուղու կայուն աշխատանքի ապահովվմանն աշնանն ու ձմռանը: Հատուկ ուշադրության կենտրոնում կլինեն, մասնավորապես, ձնամաքրման սարքերի պատրաստման, վերանորոգման և մասնագետների նախապատրաստման հարցերը:

Զուգահեռ երկաթուղում տարվում է նաև ենթակառուցվածքր և շարժակազմի աշնանային զննումը:

Մինչև նոյեմբերի 15-ը տարվող գծի, արհեստական կառույցների, էներգամատակարարման և կապի միջոցների զննման ժամանակ ստուգվելու է աշնանային և ձմռան պայմաններում աշխատանքին պատրաստվածության մակարդակը, գծի վերականգնման ուղղությամբ ծրագրերի կատարման ընթացքը, հակավթարային միջոցառումների իրականացումը, հատուկ համազգեստով և կոշիկով աշխատողների ապահովվածությունը:

Իսկ մինչև նոյեմբերի 25-ը զննման կենթարկվի ՀԿԵ-ի լոկոմոտիվային և մոտորավագոնային ամբողջ շարժակազմը: Զննման ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվելու հակահրդեհային համակարգերի, գնացքների անվտանգ երթևեկությունն ապահովող սարքավորումների վիճակին:

 

 

Չորս ավտոպատահար`վեց վիրավոր

Բախվել են «Ֆոլքսվագեն-Վենտո» և «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենաներ

Սեպտեմբերի 30-ին, ժամը 10.20-ի սահմաններում, Արմավիր-Լուկաշին ճանապարհի 2-րդ կմ-ին իրար են բախվել «Ֆոլքսվագեն-Վենտո» և «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենաներ:
«ԳԱԶ-24»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 

ավտոպատահարՊատահար Աճառյան փողոցում՝ գովազդային սյան մոտ

Սեպտեմբերի 30-ին, ժամը 21.30-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Երևանի Աճառյան փողոցում, գովազդային սյան մոտ, բախվել է ճամփեզրի արգելապատնեշին, ինչի հետևանքով 2 ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 

«Մերսեդես»-ը վրաերթի է ենթարկել 39-ամյա կնոջ

Սեպտեմբերի 30-ին, ժամը 09.40-ի սահմաններում, «Մերսեդես-Ե 200» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Աբովյանի Հանրապետության փողոցում վրաերթի է ենթարկել 39-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն:
Կատարվում է քննություն:

 

«Օպել Վեկտրա»-ն դուրս է եկել երթևեկելի մասից և կողաշրջվել

Սեպտեմբերի 30-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 76-րդ կմ-ին` Մաստարա գյուղի մոտ, «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և կողաշրջվել, ինչի հետևանքով 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն:
Կատարվում է քննություն:

Բրիտանական օրեր Հայաստանում

Britain is….

Այսօր «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ Միացյալ Թագավորության դեսպան Ջոնաթան Էյվսի մամուլի ասուլիսը: Երևանում Բրիտանական դեսպանատունը իր համախոհ կազմակերպությունների հետ համատեղ՝ Բրիտանական խորհուրդ, Ժամանակակից արվեստի ինստիտուտ, «Դիմ» քոմյունիքեյշնզ, Գաֆեսչյան արվեստի միություն, հոկտեմբերի 1-31ը Հայաստանում անցկացնում են Բրիտանական օրեր:

Britain is…խորագիրը կրող նախագծի նպատակն է Հայաստանում ներկայացնել Բրիտանիայի արվեստն ու մշակույթը, սպորտն ու կրթությունը, երաժշտությունն ու բիզնեսը:

 

IMG_7716Հիմնական միջոցառումները խտացված են հոկտեմբերի առաջին շաբաթվա ընթացքում, սակայն ամսվա ընթացքում նույնպես նախատեսվում են ծրագրեր:

 

Բրիտանիան դեմոկրատիա է… այս խորագրի տակ Բրիտանական դեսպանատան հրավերով` Հայաստան կժամանի Լանս Փրայսը, ով անգլիական Լեյբորիստական կուսակցության հաղորդակցության բաժնի ղեկավարն է եղել 2000-2001թթ, ինչպես նաև վարչապետ Թոնի Բլեյերի հատուկ խորհրդականը 1998-2000թթ: Լանսը փորձի փոխանակման հանդիպումներ և քննարկումներ է ունենալու լրագրողների, մամուլի քարտուղարների և համանման ոլորտների ներկայացուցիչների հետ:

Լենս Փրայսը՝ «Բրիտանական մամուլի զարգացումը» հանրային զեկույցով հանդես կգա  բաց լսարանի համար հոկտեմբերի 3-ին ժամը 10ին Ամերիկյան համալսարանի Ալեք և Մարի Մանուկյան սրահում:

 

Բրիտանիան կինոարվեստ է… այս խորագրի շրջանակում՝ Ժամանակակից արվեստի ինստիտուտի հետ համատեղ, Բրիտանական դեսպանատունը ներկայացնում է Բրիտանական վավերագրական կինոարվեստը: Հայաստան կայցելի Շոն Մքալիստրը, ով կանցկացնի վարպետության դասեր երիտասարդ ռեժիսորների համար, իսկ Նաիրի կինոթատրոնում կցուցադրվեն նրա ֆիլմերը:

 

Բրիտանիան Արվեստ  է… Բրիտանական խորհրդի նախագիծը ՀայՖեստ թատերական փառատոնի շրջանակում: «1927» Բրիտանական թատերախումբը հիանալի ներկայացմամբ հանդես կգա հայ հանդիսատեսի առաջ: Ներկայացնելով Բրիտանական արվեստի ժամանակակից և անվախ լուծումները:    Հոկտեմբերի 26-ին կրկին Բրիտանական խորհրդի հետ համատեղ Դիլիջանում կնշվի բրիտանացի կոմպոզիտոր Բենջամին Բրիտենի հարյուրամյակը:

 

Բրիտանիան Կրթություն է… արժևորելու համար ուսուցիչների օրը Բրիտանական դեսպանատունը դեսպանի ընդունելության ժամանակ մարզերի և Երևանի անգլերեն լեզվի ուսուցիչներին Միացյալ թագավորության քարտեզներ է տրամադրելու, որ ավելի մատչելի դառնա առարկայի ուսուցանումը:

 

 

Բրիտանիան գիտություն է… 8 բրիտանացի աստրոֆիզիկ Հայաստան են ժամանելու մասնակցելու Աստրոֆիզիկների միջազգային կոնգրեսին:

 

Բրիտանիան բիզնես է… Միջազգային ճանաչում ունեցող Ֆրեշֆիլդս իրավաբանական  կազմակերպությունը կկազմակերպի բիզնես կոնֆերանս նվիրված «ներդրումներ Բրիտանիայում » թեմայով: Իսկ ամսվա վերջում HSBC բանկը կներկայացնի ձեռներեցության մասին աշխատաժողովը:

 

Բրիտանիան սպորտ է… Հոկտեմբերի 19-ին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ համատեղ կազմակերպվելու է Ֆուտբոլային խաղ Մանչեստր Յունայթեդի և Արսենալի երկրպագուների միջև:  

 

Բրիտանիան զվարճանք է… Հոկտեմբերի 4-ին՝ համագործակցելով «Դիմ» քոմյունիքեյշնզի հետ դեսպանատունը իրականացնելու է «Փաբ հարցուպատասխան» Բրիտանիային առնչվող թեմաներով: Իսկ Գաֆեսչյան արվեստի միության հետ միասին Կասկադ համալիրի մոտ կկազմակերպվի բացօթյա երաժշտության երեկոներ:

 

Միջոցառումների մասին առավել մանրամասն տեղեկատվություն տեղադրվելու է դեսպանատան Ֆեյսբուքի և Թվիթերի էջում: Դեսպանատունը նախընտրում է միջոցառումների մասին տեղեկատվությունը տարածել էլեկտրոնային տեսքով՝ խնայելու ու  առավել կանաչ պահելու համար բնությունը Հայաստանում ու Բրիտանիայում:

 

Պատասխանատու Լիլիթ Քալանթարյան

Բրիտանական դեսպանատան հաղորդակցության հարցերով ղեկավար

«Էրեբունի-Երևան 2795» տոնակատարությունը կանցկացվի հոկտեմբերի 11-ին և 12-ին

003«Էրեբունի-Երևան 2795» տոնակատարության նախապատրաստական աշխատանքների հետ կապված հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրավիրած աշխատանքային խորհրդակցության շրջանակում:

Քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը զեկուցել է, որ տոնակատարության միջոցառումների կազմակերպման շրջանակում մայրաքաղաքում կտեղադրվի ու կկահավորվի 30 բեմ: Հոկտեմբերի 1-ից կմեկնարկեն նաև մայրաքաղաքի արտաքին ձևավորման աշխատանքները: Նշվել է նաև, որ տոնակատարության երկու օրերին նախատեսված բազմաբնույթ միջոցառումների մասին առավել հանգամանալից կներկայացվի հոկտեմբերի 3-ին նախատեսվող մամլո ասուլիսի շրջանակում:

Քաղաքապետը Տարոն Մարգարյանը հանձնարարել է տոնական միջոցառումների անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով ծրագիրը քննարկել նաև համապատասխան կառույցների հետ: Մայրաքաղաքի տոնական ձևավորման աշխատանքների շրջանակում վարչական շրջանների ղեկավարներին էլ հանձնարարվել է հատուկ ուշադրություն դարձնել նաև տնտեսվարողների կողմից իրականացվող աշխատանքներին՝ դրանք տոնին առավել համահունչ ձևավորելու նպատակով:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

 

Նոյեմբերի 1-ից մայրաքաղաքում կմեկնարկի աշնանային ծառատունկը

001Երևանի քաղաքապետարանի 2013թ. ծրագրերի շրջանակում ավարտվել են մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերի մուտքերի ու տանիքների վերանորոգման աշխատանքները: Համաձայն ծրագրի, բարեկարգվել է 68387 քմ հարթ և 48550 քմ թեք տանիք: Քաղաքապետարան-վարչական շրջան-համատիրություն համատեղ ծրագրի շրջանակում էլ բարեկարգվել է շուրջ 1190 շքամուտք: Այս մասին զեկուցվել է աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը ոլորտի պատասխանատուներին հանձնարարել է 2014թ. նախատեսված ծրագրով մուտքերի վերանորոգման հարցում ցուցաբերել համալիր մոտեցում. «2014 թվականի ծրագրերում մենք, համատիրությունների հետ միասին, պետք է քայլեր ձեռնարկենք, որպեսզի ոչ միայն բազմաբնակարան շենքերի շքամուտքերը վերանորոգվեն, այլև բոլոր հարկաբաժինները»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը: Քաղաքապետը նաև հավելել է, որ գալիք տարի ևս բազմաբնակարան շենքերի խնդիրների լուծման հարցում քաղաքապետարանը շարունակելու է աջակցել համատիրություններին:

Զեկուցվել է, որ Երևանի քաղաքապետարանի ենթակայության կազմակերպությունների կողմից կազմակերպված գնման գործընթացների արդյունքում ապահովվել է ավելի քան 953 մլն դրամի տնտեսում, իսկ Երևանի քաղաքապետարանի, այդ թվում նաև վարչական շրջանների կողմից կազմակերպված գնման գործընթացների արդյունքում՝ 1 մլրդ 19 մլն դրամի տնտեսում: Քաղաքապետը հանձնարարել է այդ մասով տնտեսումների վերաբերյալ պարբերաբար իրազեկել  հանրությանը:

Արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետը զեկուցել է, որ սեպտեմբերի 23-ից մայրաքաղաքի փոքր կենտրոնում մեկնարկած մեծ և միջին գովազդային վահանակների ապամոնտաժման գործընթացը շարունակվում է սահմանված ժամանակացույցի համաձայն: Մինչև տարեվերջ կապամոնտաժվի շուրջ 106 գովազդային վահանակ. «Այս սկզբունքը հետագայում պետք է կիրառվի նաև մայրաքաղաքի մեծ կենտրոնում ու, ընդհանրապես, ողջ քաղաքում, որպեսզի մենք հետզհետե ազատվենք Երևանի ճարտարապետական տեսքը խաթարող գովազդային այդ վահանակներից»,- նշել է Տարոն Մարգարյանը:

Երևանի քաղաքապետարանի 2013թ. ծրագրերի շրջանակում մայրաքաղաքում սահմանված ժամանակացույցի համաձայն են ընթանում նաև յոթ վերգետնյա անցումների կառուցման, ասֆալտապատման ու շինբարեկարգման աշխատանքները:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է մինչև տարեվերջ ավարտին հասցնել նաև 16-րդ թաղամասի բազմաբնակարան շենքերի գազիֆիկացման աշխատանքները: Հանձնարարվել է ավարտել նաև Նոր Խարբերդ թաղամասում լայն թափով ընթացող էլեկտրամատակարարման, գազիֆիկացման և ջրամատակարարման աշխատանքները. «Այս ծրագրով մենք իրականում լուծում ենք տալիս ավելի քան 40 տարի բնակիչների առջև ծառացած խնդիրներին: Գործընթացը կազմակերպեք այնպես, որ Նոր Խարբերդ թաղամասի բնակիչներն Ամանորը դիմավորեն անհրաժեշտ բոլոր ենթակառուցվածքներով ապահովված»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Ամենօրյա հսկողության շարունակականության ապահովման խնդիր է դրվել ապօրինի շինարարությունների և հողազավթումների կանխման, ինչպես նաև դրանց հետևանքների վերացման մասով: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս շեշտել է, որ ապօրինությունների կանխարգելման ուղղությամբ քաղաքապետարանի դիրքորոշումը հստակ է. «Պետք է պարբերաբար հանրությանը ներկայացվեն ապամոնտաժման աշխատանքներն ու նաև այդ կերպ քաղաքացիներին իրազեկվի, որ ցանկացած ապօրինի շինարարություն կամ կառույց, որ նախաձեռնվում է բնակիչների կամ իրավաբանական անձանց կողմից, հաստատ ապամոնտաժվելու է, և օրինախախտը սահմանված կարգով ենթարկվելու է վարչական պատասխանատվության», – ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Մայրաքաղաքի բակերի համալիր բարեկարգման աշխատանքներին զուգահեռ, շարունակվում է նաև նկարազարդման գործընթացը: Զեկուցվել է, որ տարեսկզբից մեկնարկած ծրագրի շրջանակում 230 բակերում արդեն իսկ ավարտվել են նկարազարդման աշխատանքները: Հաշվի առնելով բարենպաստ եղանակային պայմանները, հանձնարարվել է շարունակել բակերի նկարազարդման գործընթացը: 2012թ.-ին, ի դեպ, նկարազարդման աշխատանքեր են իրականացվել շուրջ 190 բակերում:

Երևան քաղաքում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներն իրականացնող կազմակերպությունների ընտրության հայտարարված մրցույթի մասով զեկուցվել է, որ դեռևս հայտեր չեն ներկայացվել: Քաղաքապետը հանձնարարել է պարբերաբար իրազեկել հոկտեմբերի 17-ին նախատեսվող թվով 24 երթուղիների մրցույթի կազմակերպման մասին:

Զեկուցվել է նաև, որ հոկտեմբերի 10-ից 12-ը Երևանում Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների մայրաքաղաքների քաղաքապետերի կոնֆերանսի կազմակերպման ուղղությամբ տարվում են համապատասխան աշխատանքներ: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է կոնֆերանսին մասնակցության հրավերներ ուղարկել նաև Երևանի ավագանու խմբակցություններին: Աշխատանքային խորհրդակցությանը ներկա Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախագահ Թամարա Պողոսյանը շնորհակալություն է հայտնել հրավերի համար և նշել, որ խմբակցությունն անպայման կմասնակցի կոնֆերանսի աշխատանքներին:

Բնապահպանության վարչության պետը զեկուցել է, որ աշնանային ծառատունկն այս տարի կմեկնարկի նոյեմբերի 1-ից և կշարունակվի մինչև նոյեմբերի 25-ը: Ծառատունկին մայրաքաղաքում կտնկվի շուրջ 20 հազար ծառ: Քաղաքապետն աշխատակազմի համապատասխան կառույցներին և վարչական շրջաններին հանձնարարել է ապահովել  համատիրությունների ու բնակիչների ակտիվ մասնակցությունը ծառատունկին, ինչպես նաև պատշաճ իրազեկել շահագրգիռ գերատեսչություններին ու կազմակերպություններին` գործընթացն առավել հասցեական իրականացնելու համար:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

«Նոր Հալեպ». իրականություն կդառնա՞ սիրիահայերի նոր երազանքը

1009512_408088129300234_1114367913_oՍիրիահայերի Հալեպն արդեն չկա, այն դարձել է անցյալի հիշողություն` պատված սև մոխրի քուլաներով: Հարազատ քաղաքից հեռացած սիրիահայերին կամաց-կամաց լքում է ծննդավայր վերադառնալու հույսը, ու Հալեպն ավելի ու ավելի հեռավոր երազանք է դառնում: Բայց եթե ամեն ինչ բարեհաջող ընթանա, ապա եկող տարվա ավարտին Հայաստանում կյանքի կկոչվի Նոր Հալեպը, որը թեև չափազանց տարբեր կլինի իրական Հալեպից, սակայն սիրիահայերին կհամախմբի մեկ վայրում և կդառնա նրանց նոր օրրանը:

Նոր Հալեպի գաղափարը սփյուռքի նախարարությանն է: Նպատակն է ստեղծել թաղամաս, որտեղ սիրիահայերը հնարավորություն կունենան բնակարաններ ձեռք բերելու շատ մատչելի պայմաններով: 2013 թ. հունիսի 6-ին ՀՀ կառավարությունն ընդունել է «Աշտարակ քաղաքում Նոր Հալեպ թաղամասի կառուցմանն աջակցելու մասին» որոշումը և դիմել Աշտարակի քաղաքապետարան, իսկ Աշտարակի ավագանին 2013 թ. հուլիսի 23-ին որոշում է կայացրել Աշտարակում «Նոր Հալեպ» անվամբ բնակելի թաղամաս հիմնելու և այն կառուցապատելու նպատակով «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ին 4.8 հա հողամաս նվիրաբերել անհատույց սեփականության իրավունքով:

Սակայն հողատարածքի անվճար տրամադրումով խնդիրը չի լուծվի, քանի որ ծրագիրը բավականին մեծ է ու ծախսատար, ուստի աշխատանքներ են տարվում հովանավորներ գտնելու ուղղությամբ: Գումարի մի մասը, այնուամենայնիվ, վճարելու են սիրիահայերը, սակայն նախնական կոպիտ հաշվարկներով` դա կազմելու է բնակարանի ողջ արժեքի մոտ մեկ երրորդ մասը:

EfLGEJkZuw0gFssF3z3hqk2GhwՍիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոնի նախագահ Լենա Հալաջյանի խոսքով` դիմողների թիվն անսպասելիորեն մեծ է: Այս պահին Նոր Հալեպում բնակարան ձեռք բերելու նպատակով կենտրոնին է դիմել շուրջ 550 ընտանիք, և ամեն օր նոր դիմումներ են ստացվում: Անգամ Սիրիայից են դիմումներ ստացել:

Հալաջյանը նշում է, որ սկզբում տարածքի ընտրության երեք տարբերակ կար` Աշտարակ, Մասիս և Էջմիածին: «Մի խումբ սիրիահայերի հետ գնացինք երեք տարածքները դիտելու, և նրանք ընտրեցին Աշտարակի հողատարածքը»,- նշում է նա:

Նախատեսված է եղել նաև կառուցել մոտ տասը չորսհարկանի շենք, բայց քանի որ դիմումները շատ են եղել, որոշվել է չորսահարկանի շենքերը դարձնել հինգհարկանի, իսկ խիստ անհրաժեշտության դեպքում` յոթ:

Այս պահին ծրագրի համար հավաքվել է շուրջ 60 միլիոն դրամ: «Ունենք 1000 դրամի նվիրատու և 100 000 դոլարի նվիրատու, բոլորն էլ մեզ համար հավասարապես ողջունելի են, որովհետև կաթիլ-կաթիլ կարող է ծով դառնալ»,- ասում է կենտրոնի սիրիահայ ղեկավարը:

Հայաստանում ներկայումս շուրջ 10 000 սիրիահայ կա, և թվում է, թե արվում է հնարավոր ամեն ինչ սիրիահայերի խնդիրները հոգալու, նրանց աջակցելու և ամենակարևորը՝ Հայաստանում պահելու համար: Սակայն, ինչպես իրավացիորեն նշում են որոշ սիրիահայեր, Հայաստանում մնալու առաջին պայմանն աշխատանք ունենալն է: Եթե դա չկա, ամեն ինչ ապարդյուն է: Լենա Հալաջյանի խոսքով՝ իրենց կենտրոնում գրանցված 5000 սիրիահայ կա, որոնցից մոտ հազարին իրենք օգնել են տեղավորվել աշխատանքի: Կան նաև գործարարներ, որոնցից շատերին բանկերը ցածր տոկոսով (5 տոկոս) վարկեր են տրամադրել, և արդեն 49 բիզնես է դրվել:

Ինչ վերաբերում է որոշ սիրիահայերի կողմից արտահայտած դժգոհությանը, որ պետության կողմից գործնական քայլեր չեն արվում, այլ այդ ամենն ընդամենը գովազդային բնույթ է կրում, Հալաջյանը համամիտ չէ: Նրա խոսքով՝ մարդիկ երբեմն սիրում են ճիշտը չասել: Անգամ թարմ օրինակ է բերում, որ նախօրեին հեռուստատեսությամբ մի սիրիահայ կին բողոքել է, թե իբր եկել է իրենց կենտրոն Նոր Հալեպ թաղամասում բնակարան ձեռք բերելու համար գրանցվելու, սակայն իրենից կանխավճար են պահանջել, և նա հրաժարվել է ծրագրից: «Մինչ օրս մենք որևէ մեկից մեկ լումա անգամ չենք ուզել,- ասում է Հալաջյանը,- այո, երբ քառակուսու արժեքը հստակեցվի, կանխավճար պետք է ուզենք, առանց դրա հնարավոր չի լինի ծրագիրն իրականացնել»:

Ի դեպ, կենտրոնի աշխատակիցներից մեկը նույն պահին իմ ներկայությամբ զանգահարեց այն կնոջը, որը հեռուստատեսությամբ նման բան էր հայտարարել, և վերջինս արդարացավ, որ ինքը նկատի է ունեցել ապագայում պահանջվելիք կանխավճարը: Ինչևէ: Եթե անգամ այդ կինը ստում է, դրա պատճառներից է նաև այն, որ նա ինչ-որ բանից դժգոհ է: Իսկ դժգոհողները քիչ չեն:

Մի սիրիահայ երիտասարդ էլ, որը կնոջ ու երկու փոքր երեխաների հետ Հայաստանում է արդեն մեկ տարի և ապրում է վարձով՝ ծայրը ծայրին հասցնելով (կաշվե իրեր է նորոգում), մեզ հետ զրույցում ասաց, որ տեղյակ է ծրագրին, սակայն չի դիմում, որովհետև չի հավատում, որ այն իրականություն կդառնա: «Այդքան տեղ դիմեցինք, արձանագրվեցինք, ոչինչ դուրս չեկավ,- ասում է նա,- երբ նոր էինք եկել, մեզ Գրողների միության շենքում հավաքեցին, արձանագրեցին բնակարանի համար, կարծեմ «Օգնիր եղբորդ» կազմակերպությունն էր: Բայց անցել է շուրջ մեկ տարի, որևէ արդյունք կամ լուր չկա: Հետո մեզ Դաշնակցության շենք կանչեցին, էլի արձանագրեցին բնակարանի համար, նորից ոչ մի բան: Էնպիսի տպավորություն է, որ իրենց միայն անուն է պետք: Հիմա որ այս նոր ծրագրի մասին իմացանք, այլևս չդիմեցինք՝ մտածելով, որ նորից պիտի անձնագիր ուզեն, գրանցեն, ու վերջ»:

Մեկ ուրիշ սիրիահայ էլ ասում է, որ իրենք դիմել են ծրագրին, սակայն որևէ տեղեկություն չունեն թե՛պայմանների, թե՛ ժամկետների մասին. «Երբ արձանագրվեցանք, մեզի ըսին, որ ժողով պիտի կանչեն և պայմանները տեղեկացնեն: Տակավին չեն կանչել, սպասում ենք: Անցել է արդեն երեք ամիս»:

Հալաջյանը վստահեցնում է, որ ամեն ինչ կարվի, պետք է միայն մի փոքր համբերել. ներկայումս հողատարածքում երկրաբանական ուսումնասիրություններ են կատարվում, որը կավարտվի երկու շաբաթից, և եզրակացությունը կներկայացվի Ճարտարագիտական համալսարան, որն իր կողմից անվճար իրականացնելու է շենքերի նախագծումը: «Երբ երկրաբանական տեղեկանքը պատրաստ լինի, բնակարանների արժեքը կհստակեցվի, և հայտ ներկայացրած սիրիահայերին կկանչեն ժողովի, կներկայացնեն պայմանները, կկնքվեն նոտարական պայմանագրեր»,- ասում է Հալաջյանը:

Այդ ժամանակ սիրիահայերը նաև կանխավճար կտան՝ ամբողջ գումարի մեկ երրորդի մասով, իսկ ամբողջական գումարը կարող են վճարել երեք մասով: Մոտավոր հաշվարկներով` այդ տարածքում բնակարանի քառակուսու արժեքը մոտ 500 դոլար կարժենա:

Այն դիտարկմանը, որ միևնույն է, սիրիահայերի մեծ մասը Հայաստանում ապագա չի տեսնում և ձգտում է երրորդ երկիր տեղափոխվել, Հալաջյանը նույնպես համամիտ չէ. «Առաջ կհամաձայնեի Ձեզ հետ, բայց այսօրվա դրությամբ` ոչ: Մեկ տարի առաջ այդ միտումը կար, և դա որոշ անձանց վրա շատ թանկ նստեց: Նախ` շատերը Եվրոպա վիզա ստանալու համար ամեն անձի համար 6-7 հազար դոլար ծախսեցին, սակայն նրանց խաբեցին և վիզաները չտվեցին: Բացի այդ, երրորդ երկիր տեղափոխվածների լուրերն այնքան էլ հուսադրող ու վարդագույն չեն: Երրորդ երկիր տեղափոխվելու մտքից հրաժարվելու պատճառներից մեկն էլ այն է, որ շատերն արդեն ադապտացվել են նոր պայմաններին, աշխատանք գտել: Իսկ ամենամեծ փաստը, որ Հայաստանում մնալ ցանկացողների թիվը մեծ է, այն 500-ից ավելի ընտանիքներն են, որոնք բնակարան ձեռք բերելու հայտ են ներկայացրել»:

Հալաջյանը վստահեցնում է, որ այս ծրագիրը լուրջ է, և կոչ է անում բոլորին՝ Հայաստանում ու Սփյուռքում իրենց ներդրումն ունենալ թեկուզ ամենաչնչին գումարով: Լրատվամիջոցներին էլ խնդրում է ճիշտ լուսաբանել, որովհետև նաև դրանից է կախված ծրագրի հաջողությունը. «Սա ռեալ ծրագիր է, աշխատանքներն արդեն տարվում են, ապրել ցանկացողներն էլ կան: Եթե ամեն ինչ բարեհաջող ընթանա, ապա 2014-ի Կաղանդը սիրիահայերը կդիմավորեն իրենց բնակարաններում»:

Ավելին, եթե Նոր Հալեպն իրականություն դառնա, ապա ծրագիրը կլինի շարունակական, և նման թաղամասեր կկառուցվեն նաև Մասիսում ու Էջմիածնում:

ՃՏՊ Իսակովի պողոտայում

IMG_9231-3950-650-500-50-rd-255-255-255-wm-center_middle-100-mespngՍեպտեմբերի 29-ին, ժամը 03.14-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արգավանդ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, փրկարարական ջոկատը, ՃԿԿ օպերատիվ խումբը:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում Իսակովի պողոտայի թիվ 29/1 հասցեում գտնվող «M & S» առևտրի կենտրոնի մոտակայքում «Հյունդայի» մակնիշի 20 UL 088 պետհամարանիշի (վարորդ` Ա. Օ., ծնվ. 1986թ.) ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել սյանը, ինչի հետևանքով ուղևոր` 1985թ. ծնված Բ. Հ.-ն արգելափակվել է ավտոմեքենայում:
Հրշեջ-փրկարարները և փրկարարներն արգելափակումից դուրս են բերել տուժածին, ով տեղափոխվել է Մալաթիա բժշկական կենտրոն, որտեղ վերջինիս առողջական վիճակը գնահատվել է ծանր:
Հրշեջ-փրկարարները տեղում իրականացրել են ավտոճանապարհի լվացման աշխատանքներ:

Ավտոպատահար Լոռի Բերդ–Ագարակ ճանապարհին

ավտոպատահարՍեպտեմբերի 29-ին, ժամը 06.58-ին տեղեկատվություն է ստացվել, որ Լոռի Բերդ–Ագարակ ավտոճանապարհի 5-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում «ՎԱԶ-2121»  մակնիշի 37 LU 747 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել թմբին, ինչի հետևանքով 1993 թ. ծնված Ս. Օ.-ը և 1987 թ. ծնված Ռ. Կ.-ը, ստանալով տարբեր մարմնական վնասվածքներ, մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` տեղի ուժերով տեղափոխվել են Ստեփանավանի բժշկական կենտրոն:
Ըստ բժիշկների` տուժածների առողջական վիճակը գնահատվել է բավարար:
Հրշեջ-փրկարարները դադարեցրել են ավտոմեքենայի գազի արտահոսքը:

Խոշոր հրդեհ Արտաշիսյան փողոցում

Խոշոր հրդեհ Արտաշիսյան փողոցումՍեպտեմբերի 29-ին, ժամը 16.57-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Արտաշիսյան փողոցի թիվ 89 հասցեում գտնվող «Շող» գործարանի մոտակայքում:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Հայտարարվել է հրդեհի բարդության «Բիս-1» աստիճան:
Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ, ՃԿԿ ԱԻ արձագանքման և օպերատիվ խմբերը:
Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2»աստիճան :
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք:
Դեպքի մասին տեղյակ են պահվել «1-04» ծառայության, էլ. ցանցի և ՃՈ օպերատիվ հերթապահները:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արտաշիսյան փողոցի թիվ 98/2 հասցեում գտվող «Լեյտեն» ՓԲԸ-ին (տնօրեն՝ Ա.Մ.) պատկանող փայտամշակման արտադրամասում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17.44-ին, մարվել՝ 18.05-ին: Այրվել է 2 շինությունների տանիքը՝ 500 քմ, որից 300 քմ փայտյա կառուցատարրեր, 200 քմ ազբոշիֆրեր և շինության ներսում փայտյա աթոռներ, իսկ շինության մոտակայքում՝ ռեզինի հումքով լի 8 տակառներ (200 լ տարողությամբ)՝ մասամբ:
Դեպքի վայրում են եղել շտապօգնության աշխատակիցները, ովքեր բուժօգնություն են ցուցաբերել հրշեջ-փրկարարներին:
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել է Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի մեկ ջրատար:

Հանդիպում Մեծ Բրիտանիայի լորդերի պալատի անդամ Քերոլայն Քոքսի հետ

Bako-Sahakyan-Caroline-CoxԱրցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 26-ին ընդունել է Մեծ Բրիտանիայի լորդերի պալատի անդամ Քերոլայն Քոքսին եւ նրան ուղեկցող անձանց:
Նախագահ Սահակյանը ողջունել է Քերոլայն Քոքսին՝ նշելով, որ նրա հոբելյանական 80-րդ այցը Արցախի հետ անկեղծ բարեկամության լավագույն խորհրդանիշներից մեկն է:
Արցախին եւ նրա ժողովրդին մատուցած ծառայությունների համար Նախագահ Սահակյանը Քերոլայն Քոքսին պարգեւատրել է “Մեսրոպ Մաշտոց” շքանշանով:
Երկրի ղեկավարը բարձր է գնահատել բարոնուհու ավանդը մեր հանրապետության զարգացման, արցախյան հիմնախնդիրը միջազգային տարբեր ատյաններում արդարացի ներկայացնելու գործում՝ համոզմունք հայտնելով, որ այսուհետ եւս Քերոլայն Քոքսը նույն եռանդով կշարունակի իր մարդասիրական առաքելությունը:
Հանդիպմանը մասնակցում էին Ազգային ժողովի խոսնակ Աշոտ Ղուլյանը, գրող-հրապարակախոս, Արցախի հերոս Զորի Բալայանը, պաշտոնատար այլ անձինք:
260913Cox(1)

Հոր գերեզմանը գտել է մահվանից 68 տարի անց

հոգեհանգստի արարողությունըԱյս տարի նշվում է «Կուրսկի աղեղ» օպերացիայի 70-ամյակը: 50 օր տևած այս մարտը Երկրորդ աշխարհամարտի վճռորոշ գործողություններից է: Հենց այստեղ է տեղի ունեցել պատմությանը հայտնի ամենախոշոր տանկային մարտը, որին մասնակցել  են 2 միլիոն մարդ, 6 հազար տանկ և 4 հազար ինքնաթիռ:

Այս մարտում մասնակցություն են ունեցել նաև հայերը: «Անկախը» զրուցել է փոխգնդապետ Մկրտիչ Միխայելյանցի դստեր հետ, որը 1943-ին եղել է Վորոնեժյան ճակատի հրետանային գնդի հրամանատարը և հենց այդ մարտերում էլ զոհվել է:

75-ամյա Լյուսյա Միխայելյանցը պատմում է, որ հոր հետ կապված հուշերն իրեն հիմնականում հասել են մոր միջոցով: 1912-ին ծնված մեղրեցի Մկրտիչը, որ վաղ տարիքում կորցրել էր մորը, 13 տարեկան հասակում փախչում է տնից ու ոտքով ճանապարհվում Տաշքենդ: Լսել էր, որ այնտեղ հարուստ մեղրեցիներ են ապրում, և հույս ուներ, որ իրեն կօգնեն գտնել իր տեղը կյանքում:

Հրաշքով Տաշքենդ հասած որբ տղան ընդունվում է Սուվորովյան ռազմական ուսումնարան, ավարտում է գերազանցությամբ, նաև դառնում է Ուզբեկստանի չեմպիոնը ծանրամարտից:

Գերազանց առաջադիմության ու լավ տվյալների շնորհիվ Մկրտիչին Մոսկվայի հրետանային ակադեմիայում ուսանելու են ուղարկում: Ակադեմիան ավարտելուց ու զինվորական  կոչում ստանալուց հետո 25-ամյա երիտասարդը հայրենիք է վերադառնում` գտնելու իր կյանքի կեսին: Փնտրում ու գտնում է Աստղիկին, որի հետ Մեղրու դպրոցում նույն նստարանին էին նստում: Ամուսնանալուց հետո  մեկնում են Մոլդովա, որտեղ էլ ծառայության է անցնում: 1938-ին գործուղվում է Հեռավոր Արևելք, որտեղ մարտեր էին ընթանում Ճապոնիայի դեմ: Այստեղ էլ ծնվում է նրանց առաջնեկը` Լյուսյան:

Զինվորականի ընտանիքի շրջագայությունները շարունակվում են ըստ ռազմական գործողությունների վայրերի` Ֆինլանդիա, ապա Մոլդովա: Երբ վրա է հասնում Հայրենական մեծ պատերազմը, Մկրտիչ Միխայելյանցի բազմանդամ ընտանիքը Մոլդովայում  էր. ունեցել էր երկվորյակ տղաներ, իսկ կրտսեր դուստրն էլ 4 ամսական էր: Այդ ժամանակ Մկրտիչ Միխայելյանցն արդեն գնդի հրամանատար էր:

Հունիսի 22-ին կինն ամուսնուն գտնում է հեռախոսի մոտ արցունքախեղդ: Կնոջն ասում է, որ պատերազմ է սկսվել և  սպասում է հարձակման հրամանի, բայց ինչպես պիտի հարձակվեն` չգիտի. շատ քիչ զենք ունեն:

Հրամանատարությունից խիստ հրահանգ է գալիս` ոչ մի դեպքում ողջ-ողջ չհանձնվել: Խաղաղ բնակչության տարհանման հրահանգ էլ, սակայն զինվորականների ընտանիքներին տարհանել թույլ չեն տալիս: «Ո՞ր մի հայրը կնահանջի, երբ գիտի, որ իր ընտանիքը դեռ տեղում է: Արյան գնով պահել են, մինչև բոլորին կտարհանեն»,- պատմում է տիկին Լյուսյան:

Բնակչությանը ռազմական գործողությունների վայրից 50-60 կմ հեռացնելուց հետո տարհանում են նաև զինվորականների ընտանիքներին: Այդուհետ բոլորը ստիպված ոտքով են առաջ գնում:

«Մայրս փոքր քույրիկիս բարուրը  գցել է սետկայի մեջ ու կախել մի թևից: Երկու եղբայրներիս գրկել է, ես էլ, որ արդեն 3,5 տարեկան էի, ձեռքս պինդ կապել է իր փեշին, որ հանկարծ չկորցնի: Քայլելով ու դադարներով մարդիկ հասել են մինչև Դոնբաս: Այնուհետև դեպի Միջին Ասիա գնալու հրաման է եկել: Մայրս, սակայն, խնդրել է, որ թույլ տան իր երեխաների հետ Հայաստան գնա, որտեղ հարազատներ ունի»,- պատմում է տիկին Լյուսյան:

Ոտքով մայրը և չորս երեխաները ամիսներ շարունակ քայլել են դեպի Հայաստան: Ուշ աշնանը Թիֆլիս են հասել, որտեղից էլ գնացքով պետք է Հայաստան հասնեին: Կանգառներից մեկում, մինչ տիկին Աստղիկը ջուր կբերեր երեխաներին, մի ծեր կին լացող երկվորյակ տղաներին պատուհանից դուրս է նետում: Երբ մայրը նկատում է երեխաների բացակայությունը, գնացքն արդեն շարժվել էր: Հետագայում իր 1,5 տարեկան փոքրիկներին գտնելու բոլոր փորձերն ապարդյուն են անցել: Ամիսներ տևած թափառումից հետո տիկին Աստղիկը երկու դուստրերի հետ Երևան է հասնում, ընդ որում, կրտսեր դստեր մաշկը` ոչ հիգիենիկ պայմաններից  քայքայված, քիթը` պայթյունի արկից վնասված: «Այնքան էինք ոջլոտել, որ մեզ  լողացնում էին, թասի մեջ ոջիլները լող էին տալիս»,- հիշում է տիկին Լյուսյան:

Երևանում փախստական ընտանիքին սենյակ են հատկացնում մետաքսի գործարանում: Վերջապես վերահաստատվում է կապն ընտանիքի և հոր միջև, վերջինս ամիսներ շարունակ փնտրել էր ընտանիքին ու նամակներ գրել կնոջ քրոջը` հարցուփորձ անելով նրանց մասին:

1942-ից գնդի հրամանատար Միխայելյանցը կանոնավոր կերպով իր աշխատավարձը կնոջն էր ուղարկում, որ կերակրի երեխաներին: Հնարավորության դեպքում ուղարկում էր նաև իրեն հատկացված կտորեղենը և այլ պարագաները: «Մայրս այդ ամենը շալակած գյուղից գյուղ էր անցնում` ապրանքը սննդի հետ փոխանակելու համար»,- ասում է Լյուսյա Միխայելյանցը:

Այդ ժամանակ արդեն տիկին Աստղիկի հույսին էին 8 երեխաներ` իր երկու դուստրերից բացի, նաև պատերազմի մեկնած ու աքսորավայրում գտնվող հարազատների երեխաները: «Սև հացը որ ձեթի մեջ տապակում էր, խրթխրթան էր դառնում, դա մեր ամենահամեղ ուտելիքն էր: Իսկ եթե որևէ օր կարտոֆիլ էինք ուտում, դա իսկական տոն էր»,- այդ օրերն այսպես է բնութագրում տիկին Լյուսյան:

1943-ին ընտանիքը գրություն է ստանում, որը գուժում էր հոր մահը. «Ձեր ամուսինը մահացել է Կուրսկի դուգայում: Պինդ եղեք: Մենք ձեզ հետ ենք: Հանուն հայրենիքի, հանուն Ստալինի»: Նամակում որևէ այլ տվյալ չկար:

Պատերազմի ավարտից հետո պետությունը հոգում է զոհված զինվորականի ընտանիքի կարիքները: Երեխաները զբաղվում են երաժշտությամբ, սպորտով, ստանում են բարձրագույն կրթություն: Սակայն տարիներ շարունակ հոր գերեզմանը գտնելու բոլոր ջանքներն ապարդյուն են անցնում: Տիկին Լյուսյան անգամ Պոդոլսկ է մեկնում, որտեղ կենտրոնացրել էին Հայրենական պատերազմի ողջ արխիվը:

Երբ թվում էր, որ Մկրտիչ Միխայելյանցի գերեզմանը գտնելու բոլոր հույսերը մարել են, հանկարծ այն գտնվում է: Միխայելյանցի կրտսեր դստեր թոռները որոշում են իրենց տատիկին անակնկալ մատուցել ու ամիսներ շարունակ համացանցով արխիվներն են փորփրում` իրենց ուզած անուն-ազգանունը գտնելու համար:

2011-ին պարզվում է, որ փոխգնդապետ Միխայելյանցը հուղարկավորված է ՌԴ Կուրսկի մարզի Պոգոժեե գյուղում:

Տիկին Լյուսյան, որ ամուսնու մահից հետո Մոսկվա է տեղափոխվել` որդու մոտ, անմիջապես նշված գյուղ է շտապում: Լուսաբացին մայր ու որդի Պոգոժեե են հասնում:

Եղբայրական գերեզմանը և հուշարձանը Պոգոժեե գյուղում«Փնտրեցի ու հորս ազգանունն իսկույն գտա: Ինչքա~ն եմ լացել, իսկ երբ տղաս դուդուկի նվագով երաժշտություն միացրեց, երկուսով սկսեցինք լացել: Մի քանի ժամ էդպես նստած էինք, երբ մարդկանց անցուդարձը սկսվեց»,- պատմում է Լյուսյա Միխայելյանցը: Հոգեհանգստի փոքրիկ արարողություն են անցկացնում: Ապա հանդիպում ու շնորհակալության խոսքեր են ասում դպրոցականներին, որոնք էլ խնամում ու մաքուր են պահում հուշարձանը:

Այսքան տարիներ անց էլ, արցունքները կոկորդում խեղդելով, տիկին Լյուսյան ասում է, որ գոնե լավ է, հոր գերեզմանը գտնել կարողացան, բայց, ցավոք, հոր մահվան մասին որևէ տվյալ իմանալ չեն կարողացել. մսաղաց է եղել, հազարավոր մարդիկ են մահացել:

 

Հիմնանորոգվել է Նորք-Մարաշ վարչական շրջանի թիվ 124 մանկապարտեզը

004Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը այցելել է Նորք-Մարաշ վարչական շրջանի թիվ 124 մանկապարտեզ: Երևանի քաղաքապետարանի շինբարեկարգման 2013թ. ծրագրերով ամբողջությամբ հիմնանորոգվել է նաև այս նախակրթարանը:
Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավարի և մանկապարտեզի տնօրենի ուղեկցությամբ Կամո Արեյանը շրջել է խմբասենյակներում և ծանոթացել կատարված աշխատանքներին: 1957թ. կառուցված մանկապարտեզը հիմնանորոգվել է առաջին անգամ:
Շուրջ 60 փոքրիկների դաստիարակության ու խնամքի համար այսօր ստեղծված են անհրաժեշտ բոլոր պայմանները: Հիմնանորոգման աշխատանքներին զուգահեռ, թարմացվել է նաև մանկապարտեզի գույքը: Մանկապարտեզ հաճախող երեխաների ծնողներն ու աշխատակիցները, օգտվելով առիթից, շնորհակալություն են հայտնել քաղաքապետարանի կողմից նախակրթարաններին ցուցաբերվող մշտական ուշադրության համար:
Ընդհանուր առմամբ, Երևանի քաղաքապետարանի շինբարեկարգման 2013թ. ծրագրերի շրջանակում այս տարի ընդգրկված են շուրջ 28 մանկապարտեզների հիմնանորոգման ու մասնակի նորոգման աշխատանքներ:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Թեժ գծերի մասին իրազեկման աշխատանքների հերթական փուլն ավարտվել է

003 (1)Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ սեպտեմբերի 1-ից Երևանի քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդի երիտասարդական հանձնաժողովի կողմից կազմակերպված քաղաքապետարանում և վարչական շրջաններում գործող թեժ գծերի հեռախոսահամարների վերաբերյալ տեղեկատվական թերթիկների տարածման հերթական փուլն ավարտվել է:

Աշխատանքներին ներգրավվել էր ավելի քան 50 կամավոր, որոնք, շրջելով տուն առ տուն, քաղաքացիներին են փոխանցել հեռախոսահամարները հուշող թերթիկներ:
Նախաձեռնության գլխավոր նպատակը բնակիչների և վարչական շրջաններ-քաղաքապետարան կապի ամրապնդումն է, որի արդյունքում հնարավոր է դառնում բնակիչներին հուզող խնդիրներին օպերատիվ կերպով լուծումներ տալ:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Նորք-Մարաշ վարչական շրջանը նշում է իր տոնը

003Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է Նորք-Մարաշ վարչական շրջանի ավանդական տոնին: Արդեն չորրորդ տարին անընդմեջ սեպտեմբերի վերջին շաբաթ օրը նշվող տոնն իսկական տոնախմբության է վերածվում ոչ միայն Նորք-Մարաշի բնակիչների, այլև տոնին մասնակից բոլոր երևանցիների համար: Մայրաքաղաքի սիրված հանգստյան գոտիներից մեկը դարձած Սուրբ Աստվածածին եկեղեցու հարակից տարածքում տոնի շրջանակում կազմակերպվել էր համերգ:
Հին ու նոր Նորք-Մարաշը կամրջող յուրօրինակ դրսևորում էր նաև եկեղեցու բակում բացված նկարների ցուցահանդեսը, որը ներկայացնում էր Հին Նորքի ստեղծման պատմությունն ու ժամանակակից նկարիչների աշխատանքները: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավար Վարազդատ Մկրտչյանի ուղեկցությամբ շրջել ու ծանոթացել է ներկայացված գործերին:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհավորել է նորքմարաշցիներին, այնուհետ ծաղիկներ դրել եկեղեցու տարածքում կանգնեցված զոհված ազատամարտիկների հուշարձանին, որից հետո մոմ է վառել Սուրբ Աստվածածին եկեղեցում:
Նորք-Մարաշի տոնին յուրօրինակ խորհուրդ էր հաղորդում նաև պսակադրվող զույգերի այցը եկեղեցի, որոնց, օգտվելով առիթից, շնորհավորել ու երջանկություն է մաղթել նաև քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Երևանի Գարեգին Նժդեհի փողոցում բախվել են «Օպել» և «Մերսեդես-Բենս» մակնիշի ավտոմեքենաներ

ավտոպատահարՍեպտեմբերի 28-ին, ժամը 07.00-ի սահմաններում, Երևանի Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 1 շենքի մոտ իրար են բախվել «Օպել» և «Մերսեդես-Բենս»  մակնիշի ավտոմեքենաներ:
«Մերսեդես-Բենց»-ի 2 ուղևորուհիները դեպքի վայրում բուժօգնություն են ստացել շտապօգնության խմբի կողմից, իսկ «Օպել»-ի 2 ուղևորուհիները  մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 250 անգամ

պնՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, սեպտեմբերի 22-ից 28-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 250 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1800 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերի համարժեք պատասխան գործողությունների արդյունքում՝ հակառակորդի դրսևորած ակտիվությունը կասեցվել է:

Վերադարձ Շվեդիայից Հայաստան. «Սա քոնն է, այստեղ դու քեզ լավ ես զգում»

Samson1992 թ. Սամսոն Ավետյանի ընտանիքը տեղափոխվում է Շվեդիա: Սամսոնն այդ ժամանակ 11 տարեկան էր: 16 տարի Շվեդիայում ապրելուց, կրթություն ստանալուց հետո Սամսոնը տեղափոխվում է Բոստոն` ուսումը շարունակելու Հարվարդի համալսարանում:  Բոստոնում հանդիպում է ապագա կնոջը, որի ընտանիքը նույնպես 1992-ին էր Հայաստանից հեռացել: Ամուսնանալուց հետո որոշում է կայացնում վերադառնալ Հայաստան և հետագա կյանքն անցկացնել հայրենիքում:

Եվրոպան հրապուրիչ է, հնարավորություններով լի, սակայն Սամսոնը միաժամանակ զգացել է, որ այնտեղ դժվար է հարմարվել, իսկ եթե չհարմարվես, ապա  կարիերայում էլ մեծ հաջողություններ մի ակնկալիր. «Լավ կարիերայի համար պետք է իրենց պես լինես, հայությունդ մի կողմ դնես, իսկ ինձ համար դա դժվար էր, չնայած որ փոքր տարիքում էի գնացել»:

Սամսոնը ֆինանսիստ է, «Arrow Global» ֆինանսական ընկերության գործադիր տնօրենն, ինչպես նաև AInsights.com կայքի հիմնադիրը: Ոլորտը, որով զբաղվում է, Հայաստանում շատ թույլ է զարգացած` ֆինանսական ներդրումներ և խորհրդատվություն: Ուստի մինչ Հայաստան գալը լավ ուսումնասիրած լինելով հայաստանյան շուկան, մշակել է մի բիզնես մոդել, որով հնարավոր կլիներ, ապրելով Հայաստանում,  գործունեություն իրականացնել ողջ աշխարհում: Դա էր պատճառը, որ իր ընկերությունը հիմնեց դրսում, և պատվիրատուների մեծ մասն էլ դրսից է:

Խոստովանում է, որ եթե աշխատանքն այնպիսին լիներ, որ ստիպված լիներ մնալ արտերկրում, միգուցե չվերադառնար: «Հայաստանում պետք է ստեղծվի այն բիզնես միջավայրը, որ մարդիկ հետ գան, հակառակ դեպքում շատ քչերն իրենց կարիերան կզոհաբերեն»:

Ի դեպ, Սամսոնը նաև «Լույս» հիմնադրամի կրթաթոշակառու է եղել: Նրա կարծիքով` հիմնադրամը բավականին լավ արդյունքներ է ունեցել այն առումով, որ սովորածների զգալի մասը հետ է վերադարձել, բայց կարծում է, որ պետք է ամեն ինչ արվի, որպեսզի բոլորը հետ գան. «Եթե դու գնում ես, ստանում այն դիպլոմն ու կրթությունը, որը Հայաստանին այս պահին պետք չէ, ապա անիմաստ է վերադառնալը: Դրա համար էլ պետք է պետությունը բիզնես սեկտորի հետ համագործակցի, հասկանա` ինչ մասնագետներ են պետք և այդ ուղղությամբ մասնագետներ պատրաստի դրսում»:

Չնայած Եվրոպայում ապրելը մշակութային առումով դժվար է հայերի համար, հատկապես, եթե ուզում ես հայությունդ պահպանել, այնուամենայնիվ, աշխատանքային առաջընթաց ապահովելու հնարավորությունը շատ մեծ է:

Ընդհանուր առմամբ, նա կարծում է, որ Հայաստանը շատ բան ունի սովորելու Եվրոպայից: 18 տարի դրսում ապրելուց և Հայաստան վերադառալուց հետո է միայն հասկացել, թե որքան արդյունավետ էին այն քայլերը, որ տարվում էին այնտեղ պետական կառավարման ոլորտում: «Երևանը Նյու Յորք կամ Լոնդոն չէ, հնարավորությունների առումով համեմատելի չէ, բայց սա քոնն է, այստեղ դու քեզ լավ ես զգում, և ամեն մի լավ քայլդ, որ անում ես, նպաստում է քո ժողովրդին, քո երկրին: Այդ առումով Հայաստանն անփոխարինելի է: Երեխաների համար էլ է այստեղ լավ, կարծում եմ` ուսումն էլ բարձր մակարդակի վրա է դրված, կան լավ դպրոցներ, համալսարաններ»:

Այդ ամենով հանդերձ, Հայաստանը փոքր երկիր է, զարգանալու տեղ շատ ունի, և երիտասարդ հայրենադարձը կարծում է, որ տնտեսական, քաղաքական, սոցիալական, կառավարման մշակույթի առումով մեր երկիրը պետք է օրինակներ վերցնի զարգացած երկրներից, սակայն հասկանալով, թե որ երկրից որ օրինակն է վերցնում:

Անդրադառնալով վերջին շրջանում ամենամեծ քննարկումների առիթ դարձած Մաքսային միությանն անդամակցելու որոշմանը` Սամսոնը կարծում է, որ Հայաստանի համար այս պահին օբյեկտիվ որոշում կայացնելը դժվար էր, ուստի ընտրվեց այդ ճանապարհը: Իսկ օբյեկտիվ որոշում կայացնել չկարողանալը, ըստ նրա, հետևանք է վերջին 20 տարիների տնտեսական ոչ արդյունավետ քաղաքականության. «Ցավոք, անկախությունից հետո մենք չկարողացանք մեր տնտեսությունն այնքան զարգացնել ու հզորացնել, որ կարողանայինք անկախ որոշում կայացնել»:

Արտագաղթի մասին խոսելիս ժամանակին այդ ճանապարհը բռնած ծնողների զավակը չի մեղադրում հեռացողներին, քանի որ իր ընտանիքի փորձից գիտի, թե որքան դժվար է հեռանալը. «Ոչ ոք չի ուզում դա անել, ստիպված է անում, որովհետև չկա որևէ երկիր, որտեղ դու քեզ զգաս բուն երկրի քաղաքացի, երկրի մի մաս: Դու դա կարող ես զգալ միայն քո երկրում, պարզապես պետք է քո երկիրը բարենպաստ միջավայր ստեղծի դրա համար»:

Նա համոզված է, որ ամենակարևոր բանը, որպեսզի մարդիկ չլքեն Հայաստանը, հույսն է: Եթե մարդիկ տեսնեն, որ երկիրը ճիշտ ուղղությամբ է առաջ գնում, ճիշտ որոշումներ են կայացվում, ապա նույնիսկ սոցիալ-տնտեսական վատ վիճակում գտնվելով` կհամբերեն ու չեն հեռանա: «Ցավոք, վերջին շրջանում որոշ քայլեր արվեցին, որոնք հարցականի տակ դրեցին այդ հույսը»,- նկատում է նա:

Միակ տարբերակը, որպեսզի արտագաղթը կանխվի, և գնացածները հետ գան, Հայաստանում բարենպաստ միջավայրի ստեղծումն է: Ավելին, այդ ժամանակ Հայաստան կգան նաև Սփյուռքի կարող ուժերը, իսկ մարդկային ռեսուրսն ամենակարևոր ներդրումն է երկրի զարգացման գործում. «Եվ եթե իսկապես Հայաստանում ստեղծվեն այնպիսի պայմաններ, ստեղծվի այդ հույսը, և Սփյուռքի ներուժը գա Հայաստան, ապա մեր երկիրը հսկայական թռիչք կարող է ունենալ: Փակ սահմաններ, պատերազմ և այլ խնդիրներ ունեն բոլոր երկրները: Կարելի է այնպիսի ոլորտներ զարգացնել, որոնք կախված չեն այդ խնդիրներից»:

Սամսոնի առաջնեկը ծնվել է Հայաստանում, և Հայաստան գալիս նա հույս է փայփայել, որ իր երեխան կմեծանա այստեղ ու իր ներդրումը կունենա երկրի զարգացման գործում: Բայց մի ցավոտ հեռանկար, այնուամենայնիվ, նրան հետապնդում է. «Եթե գա մի պահ, որ զգամ` մենք ավտորիտար երկրների օրինակն ենք վերցնում, բարեփոխումներ չեն արվում, չէի ուզենա, որ իմ երեխան հայտնվեր այն իրավիճակում, որում ես ու իմ ընտանիքը հայտնվեցինք 90-ականների սկզբին և ստիպված եղանք լքել Հայաստանը»:

Սամսոնը հույս ունի, որ նման բան տեղի չի ունենա, քանի որ Հայաստանում տեսնելով երիտասարդ առողջ սերունդ` հավատում է, որ հնարավոր է պայքարել և երկիրը բարեփոխել: «Երկիրը լքելը մի տեսակ պարտվողական քայլ է, դա պետք է լինի ամենավերջին տարբերակը, երբ ամեն ինչ փորձել ես ու սպառել պայքարի բոլոր ձևերը: Միգուցե օր գա, որ ես էլ նման որոշում կայացնեմ, բայց այսօր բոլորս պետք է ազդենք, որ Հայաստանում դրական փոփոխություններ լինեն, դա ոչ ոք երկնքից մեզ չի տալու: Ես այստեղ եմ, որպեսզի ազդեմ…»:

 

Հանրային խորհուրդը ցավակցագիր է հղել Արաքսի Սարյանի մահվան կապակցությամբ

173178

ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանն իր և խորհրդի անունից ցավակցագիր է հղել երաժշտագետ Արաքսի Սարյանի մահվան կապակցությամբ, որտեղ մասնավորապես ասում է.

«Մեծ ցավով տեղեկացանք անվանի երաժշտագետ, արվեստի վաստակավոր գործիչ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Արաքսի Սարյանի մահվան մասին:

Նա երաժշտագիտության խոշորագույն դեմքերից մեկն էր, մեծ ուսուցիչ, որը երաժշտագիտության բնագավառում բազում սերունդներ է կրթել:

Արաքսի Սարյանը ՀԽ Գիտության, կրթության, մշակույթի հանձնաժողովի ակտիվ անդամներից էր, և նրա կորուստը անփոխարինելի է մեզ համար:

Իմ և Հանրային խորհրդի անունից խորին ցավակցություն եմ հայտնում սիրված երաժշտագետի ընտանիքին, հարազատներին ու մերձավորներին»:

 

 

 

Տեղի է ունեցել ներքաղաքային ուղևորափոխադրումների վարձի ձևավորման նպատակով ստեղծված հանձնաժողովի առաջին նիստը

001 (1)Երևանի քաղաքապետարանում հրավիրվել է Երևանի ներքաղաքային ուղևորափոխադրումների վարձի ձևավորման և կիրառման մեխանիզմների քննարկման, ինչպես նաև խնդրի առնչությամբ քաղաքացիական հասարակությանը հուզող հարցերի համակողմանի և լիարժեք տեղեկատվություն տրամադրելու նպատակով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ ստեղծված հանձնաժողովի առաջին նիստը: Նիստը վարել է Երևանի քաղաքապետի տեղակալ, հանձնաժողովի նախագահ Վահե Նիկոյանը: Քաղաքապետի տեղակալը նախ տեղեկացրել է, որ հանձնաժողովի կազմի ձևավորման հետ կապված հրավերներ են ուղարկվել շահագրգիռ բոլոր կողմերին, հրապարակային հայտարարությամբ հրավիրվել են ֆիզիկական և իրավաբանական այլ անձիք նույնպես:
Հանձնաժողովի 36 անդամից նիստին մասնակցել է 31-ը: Հանձնաժողովի նիստին մասնակցության հրավեր ստացած Երևան քաղաքի ավագանու երեք խմբակցություններից նիստին ներկա է եղել ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչը, երկուսը հրաժարվել են նիստերին մասնակցելուց:
“Հարմարավետ, անվտանգ և մատչելի հասարակական տրանսպորտ ունենալու նպատակով պետք է քննարկենք այն բոլոր բաղադրիչները, որոնք ձևավորում են ուղևորափոխադրումների ինքնարժեքը: Հանձնաժողովի գործելաոճը պետք է լինի հանձնաժողովի աշխատանքների առավել թափանցիկության ապահովումը”,-ընդգծել է Վահե Նիկոյանը:
Նիստի ընթացքում Վահե Նիկոյանը հանձնաժողովի անդամների քննարկմանն է ներկայացրել Երևանի քաղաքապետի 2012 թվականի մարտի 30-ի 2911-Ա որոշմամբ հաստատված Երևան քաղաքի ներքաղաքային կանոնավոր ուղևորափոխադրումների երթուղային ցանցի այն հիմնական չափորոշիչները, որոնք կարող են հիմք հանդիսանալ ուղևորափոխադրումների վարձի ձևավորման համար: Մասնավորապես, որպես առաջին չափորոշիչ, նշվել է Երևան քաղաքի ներքաղաքային կանոնավոր ուղևորափոխադրումների երթուղային ցանցի ցուցանիշների ապահովումը (շարժակազմի քանակի, սպասարկման նախատեսված պարբերականության և դրա հիման վրա կազմված չվացուցակի ապահովում, գերբեռնված ուղևորափոխադրման բացառում): Երկրորդ չափորոշիչը շարժակազմի՝ երթուղիներում շահագործվելու թույլատրելի ժամկետի սահմանափակումն է (ավտոբուսների համար՝ 10, միկրոավտոբուսների համար՝ 5 տարի): Արժեհաշվարկի համար որպես չափորոշիչ առանձնացվել է նաև շահագործվող ավտոբուսների և միկրոավտոբուսների մոդելը։ Առաջարկվել է կարճաժամկետ և անհրաժեշտ ընտրվող չափորոշիչների համար մեկնակետային համարել այն մոդելները, որոնք ներկայում գերակշռում են քաղաքի տրանսպորտային ցանցում։
Որպես չորրորդ չափորոշիչ ներկայացվել է ՀՀ կառավարության 2007 թվականի սեպտեմբերի 13-ի 1082-Ն որոշմամբ սահմանված ավտոմոբիլային տրանսպորտի շարժակազմի տեխնիկական շահագործման համար սահմանված կարգի և նորմերի խստագույն պահպանումը՝ անսարք մեքենաների երթուղի դուրս գալը բացառելու նպատակով:
Վարորդների վարքագծի կանոնների սահմանումը և ապահովումը (արտաքին տեսք, սպասարկման որակ, վարք և այլն), ինչպես նաև աշխատանքային արտահագուստի առկայությունը նույնպես դիտարկվել են որպես պարտադիր չափորոշիչ։ Չափորոշիչների շարքում տեղ է գտել նաև հաշմանդամություն ունեցողների համար հասարակական տրանսպորտից (ավտոբուսներից) օգտվելու ապահովումը:
Հանձնաժողովի բոլոր անդամները չափորոշիչների վերաբերյալ ներկայացրել են իրենց դիրքորոշումներն ու առաջարկությունները, մասնավորապես, սոցիալական որոշ խմբերին ուղեվարձի արտոնությունների համակարգի ուսումնասիրման, դրա կիրառման հնարավորությունների քննարկման, համապատասխան առաջարկների փաթեթի ձևավորման վերաբերյալ առաջարկները:
Հանձնաժողովի անդամները քվեարկությամբ հաստատել են ներկայացված չափորոշիչները:
Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ հաստատված չափորոշիչների հիման վրա մշակված հաշվարկները նախապես կներկայացվեն հանձնաժողովի բոլոր անդամներին և, ըստ այդմ, հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ հնարավորություն կունենա ներկայացնելու իր դիտողություններն ու առաջարկությունները, որոնք կքննարկվեն հանձնաժողովի հաջորդ նիստում:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն