Առաջիկա հինգ օրվա եղանակի կանխատեսում

եղանակը հայաստանումՀՀ տարածքում`

Հունիսի 18-ին, 20-21-ը հատկապես օրվա երկրորդ կեսին առանձին շրջաններում, 19-ին, 22-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վրկ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Քամին հարավ-արևմտյան 2-7 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 18-20-ը կնվազի 2-4 աստիճանով:

Երևանում`

Հունիսի 18-ին, 20-21-ը հատկապես օրվա երկրորդ կեսին, 19-ին, 22-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վրկ:

Երևանի հունիսի 18-ի բազմամյա կլիմայական տվյալներ`

• Օդի առավելագույն ջերմաստիճան 36.40C (1955 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան 8.20C (1929 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան 22.20C

Սիսիան – Սառնակունք ավտոճանապարհին բախվել են «Ֆորդ Տրանզիտ» և «ՎԱԶ-2106» ավտոմեքենաները

շրջվելաղբակույտի վրաՀունիսի 17-ին, ժամը 11.13-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Սառնակունք գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Սիսիան – Սառնակունք ավտոճանապարհի 23-րդ կմ-ում բախվել են «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի 9161L պետհամարանիշով (վարորդ Արտյուշա Մեսրոպյան, ծնվ.1963 թ.) և «ՎԱԶ-2106» մակնիշի 30ՏՍ896 պետհամարանիշով (վարորդ Արմեն Հովակիմյան, ծնվ. 1974 թ.) ավտոմեքենաները:
Մինչ հրշեջ – փրկարարների կանչի վայր հասնելը՝ Ա.Հովակիմյանը և «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ջանիկ Հակոբյանը (ծնվ.1978թ.) տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Սիսիան քաղաքի բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:
Հրշեջ – փրկարարները հոսանքազրկել են «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան, փակել գազի բալոնը և ավտոմեքենան դուրս են բերել երթևեկելի հատված:

Դժբախտ պատահար “Ջրահարս”լողափում

 "Ջրահարս"լողափՀունիսի 17-ին, ժամը 14.00-ին տեղեկություն է ստացվել, որ Սևանի”Ջրահարս” լողափում մարդ է ջրահեղձվել:

Դեպքի վայր է մեկնել հատուկ ջրափրկարարական ջոկատի հերթապահ խումբը:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Կմեկնարկի «Ավելի մաքուր Երևան» ծրագիրը

001 (1)Նախքան աշխատանքային հերթական խորհրդակցությունը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, քաղաքապետարանի աշխատակազմին ներկայացնելով քաղաքապետի նորանշանակ տեղակալներին, մեկ անգամ ևս շնորհավորել է և ընդգծել, որ ակնկալում է ամենօրյա սրտացավ աշխատանք` բնակիչների վստահությունը արդարացնելու և ավելի լավ Երևան ունենալու համար:

Խորհրդակցության ընթացքում առևտրի և սպասարկումների վարչության պետը զեկուցել է, որ շարունակվում են ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքները: Այդ մասով նախորդ շաբաթ կազմվել է 18 վարչական արձանագրություն: Մշտական աշխատանք է տարվում ավտոկանգառներում ապօրինի գումարների գանձումները բացառելու նպատակով: Ուսումնասիրվել են նաև վարչական շրջաններում նոր փոքր շուկաների կազմակերպման վայրերի հետ կապված առաջարկությունները:

Տրանսպորտի վարչության պետը զեկուցել է, որ ընթացիկ ասֆալտապատման աշխատանքներ իրականացված փողոցներում, ինչպես նաև երկրորդական,  կրթական, մշակութային և առողջապահական հիմնարկներին հարակից փողոցներում, առաջնահերթորեն իրականացվում են գծանշման աշխատանքներ, փոխվել է նաև 49 ճանապարհային նշան:

Վարչական շրջաններում գտնվող անբարեկարգ փոքր ֆուտբոլի դաշտերի բարեկարգման հետ կապված` շինարարության և բարեկարգման վարչության պետը զեկուցել է, որ  աշխատանքների հիմնական մասն ավարտված է:

Հանձնարարվել է ակտիվացնել փոսալցման և ճաքալցման աշխատանքները այն փողոցներում և բակային տարածքներում, որտեղ 2013 թվականի ծրագրով նախատեսված չեն հիմնանորոգման աշխատանքներ:

Անդրադառնալով անշարժ գույքի սեփականատերերի կամ վարձակալների կողմից իրենց օբյեկտներին հարակից տարածքների պարտադիր բարեկարգման, սանիտարական մաքրման և այլ աշխատանքներին՝ զեկուցվել է, որ նախորդ շաբաթ արձանագրվել է 107 վարչական արձանագրություն:   Քաղաքապետը հանձնարարել է շարունակել մշտական հսկողությունը` պայմանագրային պարտավորությունների կատարման և մայրաքաղաքի արտաքին ընդհանուր տեսքի պատշաճ ապահովման ուղղությամբ:

Արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետը զեկուցել է, որ վարչական բոլոր շրջաններում մայիսի 29-ից մինչ օրս ապամոնտաժվել է «Գովազդի մասին»  ՀՀ օրենքի պահանջներին, ինչպես նաև Երևանի ավագանու համապատասխան որոշումներին հակասող 312 գովազդային վահանակ: Զեկուցվել է նաև Երևանի քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդի գեղարվեստի հանձնաժողովը քննարկել  և հաստատել է Երևան քաղաքի գովազդային վահանակների տեղադրման առանձնահատկությունների և համաչափությունների վերաբերյալ սխեմայի նախագիծ-առաջարկը:

Երևանի գլխավոր ճարտարապետը զեկուցել է, որ մայրաքաղաքի հրապարակների վերակառուցման համար հայտարարված բաց մրցույթի վերաբերյալ արդեն իսկ ստացվել են առաջարկություններ:

Կանաչապատման աշխատանքների հետ կապված` բնապահպանության վարչության պետը զեկուցել է, որ ընթացքի մեջ են սիզամարգերի ստեղծման և ծաղկապատման աշխատանքները:  Հանգստյան օրերին Տարոն Մարգարյանը անձամբ է շրջել վարչական շրջաններով և հետևել կանաչապատման աշխատանքներին: Քաղաքապետն ընդգծել է, որ արվածը դեռ բավարար չէ և պետք է անել ավելին` ցանկալի արդյունքի հասնելու համար:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ մայրաքաղաքի հանգստի գոտիների և անտառպուրակային տարածքների մաքրման և պահպանման նպատակով կմեկնարկի «Ավելի մաքուր Երևան» կարգախոսով ծրագիրը:  Ողջունելով այդ ուղղությամբ իրականացվող հասարակական նախաձեռնությունները` քաղաքապետն առաջարկել է աշխատանքներում ներգրավել հասարակական և երիտասարդական կազմակերպություններին, նաև՝ բոլոր ցանկացողներին:

«Մայրաքաղաքում կան մի շարք զբոսայգիներ ու վայրեր, որտեղ երևանցիները սիրում են իրենց հանգիստ անցկացնել հատկապես ամռանը, ինչն էլ, սակայն, պատճառ է դառնում աղբի կուտակման: Միայն Երևանի քաղաքապետարանի աշխատանքը բավարար չէ: Մենք պետք է ներգրավենք ու խրախուսենք նաև  հասարակական կազմակերպություններին` կոչ անելով իրենց մասնակցությունը բերելու այդ նախաձեռնություններին, որպեսզի ունենանք ավելի մաքուր Երևան: Առաջարկում եմ սկսել հենց Հրազդանի կիրճից: Մենք պատրաստ ենք տրամադրել անհրաժեշտ ամեն ինչ և համատեղ ուժերով կյանքի կոչել  ծրագիրը»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

«Ավելի մաքուր Երևան»  ծրագրի կազմակերպման համար Երևանի քաղաքապետարանը կապահովի անհրաժեշտ բոլոր պարագաները:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

«Հայռուսգազարդ»-ի տարածքից հայտնաբերված նռնակն ուղարկվել է փորձաքննության

նռնակ է հայտնաբերվելՀունիսի 16-ին, ժամը 12.50-ին, «Հայռուսգազարդ» ՓԲԸ «Հրազդան-5» շինարարության տնօրինությունից ոստիկանության Հրազդանի բաժնում ահազանգ է ստացվել, որ ընկերության տարածքի խոտածածկ տարածքում, պարսպի տակ, չօգտագործվող երկաթգծի ռելսերի կտորի վրա նռնակ կա:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 08.30-ին, հիմնարկության պահակը հերթափոխը ստուգելիս՝ նշված վայրից հայտնաբերել է կոռոզիայի ենթարկված «Ֆ-1» տիպի նռնակ` առանց պայթուցիչի:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:

Հեռախոսային 2 հենասյուն էր գողացել

կալանքՈստիկանության Սիսիանի բաժնի ծառայողներն օպերատիվ միջոցառումներ իրականացնելիս՝ գողություն կատարելու կասկածանքով, Շաղատ գյուղից բերման են ենթարկել 1980 թ. ծնված Մերուժան Մ.-ին:
Նա խոստովանել է, որ ապրիլի 15-ին և հունիսի 13-ին նույն գյուղից գողացել է «ԱրմենՏել» ՓԲԸ պատկանող հեռախոսային 2 հենասյուն:
Վնասի չափը պարզվում է:
Գողոնն առգրավված է:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է հետաքննություն:

Դիզելային վառելիքի գողին հայտնաբերեցին

ձերբակալելՈստիկանության Սյունիքի մարզային վարչության ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, գողություն կատարելու կասկածանքով, Գեղի գյուղից ոստիկանության Կապանի բաժին բերման է ենթարկվել 1991 թ. ծնված Սերգեյ Ա.-ն:
Պարզվել է, որ նա մարտ ամսին երկու անգամ ապօրինի մուտք է գործել «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ՓԲԸ տարածք և գողացել 30 լիտր դիզելային վառելիք:
Նշանակվել է դատաապրանքագիտական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:

15 ավտոպատահար, 2 զոհ և 40 վիրավոր` 3 օրում

ոստիկանությունԸստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 15-ից 17-ը ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 29 դեպքից բացահայտվել է 28-ը, ավազակային հարձակման` 1, շորթման՝ 1 և խարդախության 5 դեպքերն էլ բացահայտվել են: Բացահայտվել է նաև խուլիգանության 2 դեպք:
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 15 պատահար. 2 մարդ զոհվել է, 40-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Ապամոնտաժվել է ապօրինի կառուցված կրպակաշարը

001Երևանում փողոցային ապօրինի առևտուրն արգելելու և գյուղատնտեսական բացօթյա շուկաների գործունեությունը կանոնակարգելու նպատակով` դեռևս 2011 թվականին Երևանի քաղաքապետարանի կողմից վարչական շրջանների տարածքներում առանձնացվել են որոշակի հողատարածքներ, որոնցում նախատեսվել է կառուցել ոչ հիմնական շինություններ՝ գյուղատնտեսական մթերքների առևտուր կազմակերպելու համար։ Այդպիսի փոքր շուկա կառուցելու նպատակով՝ համապատասխան տարածք էր առանձնացվել նաև Երևան քաղաքի Նոր-Նորք վարչական շրջանի Վիլնյուսի փողոցի հ.2/8 հասցեում: Այստեղ, ի դեպ, մինչև 2011 թվականի նշված միջոցառումների իրականացումը, տարիներ շարունակ իրականացվել է բացօթյա անկանոն առևտուր: Գյուղմթերքների բացօթյա շուկայի համար նախատեսված ոչ հիմնական շինությունը, սակայն,  կառուցապատողը ժամանակի ընթացքում վերածել էր կրպակաշարի, որի հետևանքով խախտվել էր ինչպես նշված կառույցի օգտագործման, այնպես էլ նախատեսված առևտրային գործունեության նպատակային նշանակությունը։ Նշված փաստը հայտնաբերելուց հետո, ինչպես նշել է երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետ Հայկ Ասատրյանը,  ապօրինի շինություն կառուցելու համար Երևանի քաղաքապետարանի կողմից «Արամ և Վարուժան եղբայրներ» ՍՊԸ-ի տնօրենի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ համապատասխան արձանագրություն՝ իրավախախտողին վարչական պատասխանատվության ենթարկելու համար: Ապօրինի կառուցված կրպակաշարը քանդվել է՝ տարածքը հետագայում նպատակին ծառայեցնելու նպատակով։

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի վարչություն

 

«Հաղթանակը հազար տեր ունի, իսկ պարտությունը որբ է»

ազատամարտՋոն Քենեդու այս խոսքերը հիշեցի, որովհետև մոտենում է Շահումյանի բռնագաղթի 21-րդ տարին:  Օր, որ անցնում է գրեթե սուսուփուս: Լավագույն դեպքում ադրբեջանահայության ասամբլեայի նախագահ Գրիգորի Այվազյանի մամուլի ասուլիսով, որ հավակնում է Ադրբեջանի նախագահ դառնալ և իր թեկնածությունն է առաջադրելու աշնանը կայանալիք ընտրություններում: Մինչդեռ յուրաքանչյուր շահումյանցի  քայլող ու դեռ չընթերցված պատմություն է:

Շահումյանը գտնվում էր ԼՂՀ-ի հյուսիսային մասում և համարվում պատմական Արցախի Գյուլիստան գավառ:  600 քկմ տարածք և 16 բնակավայր ունեցող շրջանը 1989 թ. մարդահամարի տվյալներով`ավելի քան 20 հազար բնակիչ  ուներ, որից  17 հազարը` հայեր:  Առանձնանում էր իր մշակութային օջախներով, խաչքարաշատ գերեզմաններով, ուներ հայկական և ռուսական դպրոց, ավերակ եկեղեցի, կենցաղային այլ հաստատություններ…

Եթե մենք լռության ենք մատնել ու հաշտվել այդ կորստի հետ, ապա 1939 թ.  Շահումյանում ծնված Վիկա Զինավորի Հայրյանը համոզված է,որ օրերից մի օր հրաշք կկատարվի և ինքն իր ծննդավայր կվերադառնա ու կփարվի որդու շիրիմին: Հինգ զավակ` 1 տղա 4 դուստր ունեցող մայրը հավատացած է, որ եթե ինքը չտեսնի այդ օրը, ապա իր փոխարեն դա կանեն դուստրերը: Աններելի է,որ իրենք եկան, իսկ միակ որդու շիրիմը թողեցին Շահումյանում:

1992 թ. հունվարի 1-ին Վիկա մայրիկը պիտի տոներ ազատամարտիկ Արսեն որդու  ծննդյան 24-ամյակը: Երբ 1991 թ. դեկտեմբերի 26-ին Արսենը, հերթափոխը հանձնելով,  դիրքերից տուն վերադարձավ, որպեսզի մի փոքր հանգստանա ու ծննդյան օրը նշի, մայրը հետաքրքրվեց. «Արսեն, Երևանից փոխարինող ջոկատ եկա՞վ»: «Չէ մամա, չեկան, Բուզլուխի ջոկատն է պոստը պահում, իրենք էլ վախկոտ են, բայց ոչինչ, մի երկու օր կդիմանան, հունվարի 2-ին կգնամ»,- մորը հանգստացնում է որդին:

Ու մինչ մայրը որդու ծնունդը նշելու վերջին մանր-մունր գործերն էր անում, կարճատև հանգստի եկած որդին հասցրեց նաև Թալիշում լինել, որտեղից զանգահարել և օգնություն էին խնդրել: Բայց շուտ վերադարձավ, թեև  ծնունդն այնտեղ նշելու բազմաթիվ առաջարկներ ստացավ:  Տիկին Վիկան նկուղում էր, երբ  վերևից ձայներ լսելով` անմիջապես տուն  բարձրացավ ու դռան մեջ ավտոմատը գրկած  որդուն տեսավ: «Արսեն, ո՞ւր»,- տեսարանից անակնկալի եկած` հարցրեց մայրը: «Մամա, կես ժամից տանը կլիեմ, դու սեղանը գցիր»,- պատասխանեց որդին ու նետի պես սլացավ, որովհետև իրադրությունը Ջամբազի դիրքերում կտրուկ սրվել էր:

երիտասարդ1991 թ. դեկտեմբերի 31-ի օրն արդեն իրիկնանում էր: Պայթյուններն ու դղրդյունները, որ բնակչության հոգին արդեն հանել էին, այդ օրվա իրիկնամուտից  ավելի ուժգնացան: Այնպես որ դեկտեմբերի 31-ի իրիկունը ահավոր ծանր օր էր ոչ միայն տիկին Վիկայի համար, որ սրտատրոփ որդուն էր սպասում, այլև բոլոր շահումյանցիների, որոնք, բան ու գործ թողած, պաշարել էին հիվանդանոցը: Վիրավոր է, որ բերում էին: Վիկա մոր սիրտն անչափ անհանգիստ էր:  Հերթական արկը հիվանդանոցի մուտքին ընկավ` ցրելով հավաքվածներին:

    ԶՈՀՎԵՑ ԾՆՆԴՅԱՆ ՕՐԸ

Կես ժամով տնից դուրս եկած Արսենն այդպես էլ չվերադարձավ, որովհետև իր ծննդյան օրը զոհվեց Ջամբազի մարտական գործողություններում: Մեկ շաբաթ մոր աչքը որդու ճամփին էր, թե ուր որ է կգա: Ամեն աստծո առավոտ մայրը որդու համար ուտելիք է պատրաստում, տաք հագուստներ դնում: Հայրը լուռումունջ տանում է, նրա ձեռքից ընկերները վերցնում են` ոչինչ չասելով:  Բայց որդու մեկշաբաթյա լռությունն անչափ տարօրինակ էր մոր համար, քանզի, երբ նա մարտից դուրս էր գալիս, առաջինը մորն էր զանգահարում: Մի անգամ էլ մորը խոստովանել էր. «Երբ ասեն, որ Արսենը  գերի է ընկել, չհավատաս, մայր, կնշանակի, որ ես այլևս չկամ, որովհետև Արսենը գերի ընկնող չէ: Ավելի շուտ ինձ կսպանեմ, քան գերի կընկնեմ»:

Գերի չընկավ, բայց նրա անկենդան մարմինը մի շաբաթ մնաց Ջամբազի դիրքերում: Այդ բարձունքի համար մղվող մարտական գործողությունների ժամանակ էլ ընկան Արսենն ու տիկին Վիկայի քեռորդի Աշոտը: Վեց օր շարունակ մայրն  Աստծուն աղաչանք ու պաղատանք արեց, որ գոնե որդու դին բերեն ու իրեն տան: Մոր աղաչանքը տեղ հասավ. տարածքն ազատագրեցին, և որդուն էլ հավուր պատշաճի հուղարկավորեցին  շրջկենտրոնի պատերազմի զոհերի հուշակոթողում:

Երբ 1992 թ. հունիսի 13-ին շահումյանցին բռնեց գաղթի ճամփան, Վիկա մայրիկը  Երևանում էր: Որդու քառասունքը նոր էր լրացել, երբ 15-ամյա դուստրը ականի պայթյունից ծանր վիրավորվեց: Երկար ու տևական բուժում անցավ Երևանի հիվանդանոցներից մեկում: Ուրիշ էլ ով, եթե ոչ մայրը պիտի խնամեր դստերը: Երբ Շուշին ազատագրեցին ու բոլոր հիվանդներն ու բժիշկները ցնծության մեջ էին,  տիկին Վիկայի հոգին խռովված էր: «Տիկին Վիկա, ինչո՞ւ չես ուրախանում»,- հարցնում է բժիշկ Արտավազդ Բագրատիչը: «Ի՞նչ ուրախանամ, երբ շուտով Շահումյանն ենք կորցնելու: Սիրտս ու բանականությունս է դա վկայում, որովհետև երբ Գետաշենը չկա, մենք միշտ փշից կախված ենք»,- ահա այդպես մարգարեաբար պատասխանում է տիկին Վիկան: Բայց որ ընդմիշտ կթողնեն, անպատկերացնելի էր:

Ուստի ամեն ինչ, այդ թվում նաև որդու իրերը, լուսանկարները հիշողությունների հետ միասին մնացին Շահումյանում, որովհետև աղջկա ապաքինվելուց հետո դեռ Շահումյան պիտի վերադառնար: Միակ  սուրբ մասունքը, որ միշտ իր հետ էր, որդու անձնագրի լուսանկարն էր` արված 14 տարեկանում:  Դատարկաձեռն մնաց նաև 80-ամյա սկեսուրը, որ այդ չարաբաստիկ օրը վաղ առավոտյան  կովն արոտավայր էր տարել, ու երբ տուն էր վերադարձել, հարևանը զգուշացրել էր, թե Շուշիկ տատի, էլ տուն մի մտիր… Տարեց կինն էլ այդպես լռելյայն հեռացել է իր դարավոր օջախից: Տրակտորով նրան Գյուլիստան են ճամփել, այնտեղ էլ պատահմամբ հանդիպել է  Ալինա դստերը ու նրա օգնությամբ դուրս եկել այդ փախեփախից:

«ՓՐԿԻՉ ՖԻԴԱՅԻՆԵՐԸ»

Քիչ չեն եղել նաև գաղթի ճամփեքին մնացածները, ինչպես, օրինակ` Վելյան Մուրադը, որ գերադասել է իրեն սարից ցած նետել, քան հեռանալ իր ոստանից: Շատ տարեցներ էլ Նապատում են մնացել: Այդ պատմությունները դաժան են ու սրտաճմլիկ: Իսկ երբ  Նապատը ռմբակոծության թիրախ  դարձավ, շատերը ցաքուցրիվ եղան:

Չեմ ուզում հավատալ, բայց բերնեբերան փոխանցված մի պատմություն կա, որը տիկին Վիկային է  պատմել Գաբուլյան Քրիստափորը, որի աղջիկն ու տղան  վերահաս նախճիրից հրաշքով են փրկվել: Նրանք ականատես են եղել, թե ինչպես հայերեն խոսող մի խումբ «ֆիդայիներ» իրենց շուրջն են   հավաքել մի խումբ մոլորյալ հայերի, այդ թվում իրենց, ու հարմար առիթի սպասել: «Իսկ երբ տեքրակնոջս քույրն ու եղբայրը որոշել են շարունակել իրենց ճանապարհը, «ֆիդայիներից» մեկը բղավել է, թե քույրիկ, ինչո՞ւ եք գնում, վերադարձեք, հիմա ուղղաթիռը կգա ու ձեզ կտանի: Ի՞նչ ուղղաթիռ, երբ քիչ անց ուժգին կրակոցներ են լսվում»,- պատմում է տկն. Վիկան` հավելելով, որ այդ  չակերտավոր ֆիդայիները  Հայաստանից հեռացած հայախոս ադրբեջանցիներ էին:

Մինչ օրս տիկին Վիկան չի ըմբռնել քրոջ այն քայլը, երբ հոգնած մի եկեղեցում նստած են եղել, քույրը, «Թմկաբերդի առումն» արտասանելով, իր տան բանալիները ջուրն է գցել: Ինչո՞ւ, երբ շատերը հավատացած էին, որ այդ ամենը ժամանակավոր է, մի քանի օր անտառներում կմնան ու կրկին տուն կվերադառնան, չէ՞ որ դա առաջին անգամ չէր: Հակառակ դեպքում գոնե տան բանալիները որպես հուշ կունենար: «Շահումյանի կյանքն ու ապրուստը որևէ տեղ էլ երբեք չեմ տեսնի, բայց ոչինչ չեմ ուզում, գիտեմ, որ տունուտեղ չկա, ոչինչ չկա, բայց միայն Շահումյանի դատարկ հողն ու իմ որդու շիրիմն եմ ուզում»,-  իր խոսքն է ավարտում տիկին Վիկան` հիշեցնելով, որ եթե ռուսը չլիներ, թուրքը երբեք մեր մեջքը չէր կոտրի: Թեև մի բանով էլ մեզ է օգնել` ասելով` դուրս եկեք, որ չկոտորվեք` մարդակերները, մարդասպանները գալիս են…

Ուրիշ ի՞նչ անեին, եթե  պաշտպան չկար…  Համենայն դեպս, տպավորությունն այդպիսին էր:

Ամալյա ԵԴԻԳԱՐՅԱՆ

 

Օձեր Հայաստանի տարածքում

օձերՀունիսի 17-ին, ժամը 07.00-ին ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի Մուղնիի 1-ին թաղամասի թիվ 53 տան բակում նկատվել է օձ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հայտնաբերվել է գյուրզա տեսակի օձ և տեղափոխվել անվտանգ տարածք:

***

Հունիսի 16-ին, ժամը 19.18-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորքի 7-րդ փողոցի թիվ 186 տանը նկատվել է օձ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը:

Տան բակում հայտնաբերվել է շահմար տեսակի օձ և տեղափոխվել անվտանգ տարածք:

***

Հունիսի 16-ին, ժամը 18.33-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ագարակ գյուղի թիվ 13 փողոցի 14-րդ տանը հայտնաբերվել է օձ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հայտնաբերվել է 2 օձ և տեղափոխվել անվտանգ տարածք:

***

Հունիսի 16-ին, ժամը 17.03-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Զովունի գյուղի 1-ին փողոցում  հայտնաբերվել է օձ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը:

Թիվ 15 տան բակում հայտնաբերվել է շահմար տեսակի օձ և տեղափոխվել անվտանգ տարածք:

***

Հունիսի 16-ին, ժամը 16.45-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղի 2-րդ փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 112 տանը հայտնաբերվել է օձ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Տան հյուրասենյակում հայտնաբերվել է լորտու տեսակի օձ և տեղափոխվել անվտանգ տարածք:

***

Հունիսի 16-ին, ժամը 17.28-ին ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Դ.Դեմիրճյան փողոցի թիվ 85 տանը նկատվել է օձ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Օձը հայտնաբերվել և տեղափոխվել է անվտանգ տարածք:

***

Հունիսի 16-ին, ժամը 13.53-ին ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի Մաքրավանք թաղամասի Ե.Քոչարի փողոցի թիվ 4 տան բակում նկատվել է օձ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Օձը հայտնաբերվել և տեղափոխվել է անվտանգ տարածք:

Երկրաշարժեր Վրաստան-Հայաստան և Ադրբեջան-Վրաստան սահմանային գոտիներում

big_1371406519_12Հունիսի 16-ին, ժամը 21.55-ին սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունից տեղեկություն է ստացվել, որ տեղական ժամանակով ժամը 21.10-ին Վրաստան-Հայաստան սահմանային գոտում՝ Նինոցմինդա քաղաքից 18 կմ դեպի հարավ-արևելք, տեղի է ունեցել 2.5 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 3 բալ, հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա:

Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության՝ 41.230 և արևելյան երկայնության՝ 43.800:

ՀՀ տարածքում երկրաշարժը չի զգացվել:

Հունիսի 17-ին, ժամը 05.08-ին սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունից տեղեկություն է ստացվել, որ հունիսի 17-ին՝ տեղական ժամանակով ժամը 04.48-ին, Ադրբեջան-Վրաստան սահմանային գոտում՝ Թովուզ քաղաքից 33 կմ դեպի հյուսիս, տեղի է ունեցել 3.5 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 4-5 բալ, հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա: Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն` են հյուսիսային լայնության` 41.280 և արևելյան երկայնության` 45.700:
Ըստ նախնական տեղեկատվության` երկրաշարժը զգացվել է Տավուշի մարզի արևելյան շրջանում 2-3 բալ ուժգնությամբ:

Հրդեհ՝ Գումի շուկայում

images (1)Հունիսի 15-ին, ժամը 21.35-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մ. Խորենացի 35 հասցեում՝ Գումի շուկայի ներսում, ծուխ է նկատվում:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ տեղի է ունեցել սառնարանի էլ. լարերի կարճ միացում հրդեհի բռնկումով:

Հրդեհը մարվել է 21.57-ին: Այրվել են սառնարանի էլ. լարերը և աթոռ:

Երևան-Աշտարակ ավտոճանապարհինԵրևան-Ախալքալաք երթուղու ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել գազատար խողովակին

big_1371373090_1Հունիսի 16-ին, ժամը 07.38-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Աշտարակ ավտոճանապարհին` նախկին ՃՈ հենակետի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը:

Պարզվել է, որ Երևան-Աշտարակ ավտոճանապարհի 14-րդ կմ-ում Երևան-Ախալքալաք երթուղու «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի GEO CSC143 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել գազատար խողովակին, ինչի հետևանքով տեղի է ունեցել գազի արտահոսք:

ՃՏՊ-ի հետևանքով Վրաստանի Հանրապետության քաղաքացիներ`1956թ. ծնված` Վարսիկ Գալոյանը, 1965թ. ծնված` Վանուհի Մակարյանը, 1992թ. ծնված` Շաքրո Բոզոյանը, 1943թ. ծնված Ջուլիետա Աբոզյանը, ՌԴ քաղաքացիներ`1980թ. ծնված` Լիլիթ Գուլանյանը, 2000թ. ծնված` Ժենյա Գուլանյանը, Աբովյան քաղաքի բնակիչներ`1982թ. ծնված` Նադյա Ջեյրանյանը, 1977թ. ծնված` Վարդան Ջեյրանյանը, Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի բնակիչներ`1988թ. ծնված` Գոհարիկ Կիրակոսյանը, 1941թ. ծնված` Լուսիկ Կիրակոսյանը և 2011թ. ծնված` Սամվել Կիրակոսյանը տեղափոխվել են Աշտարակ քաղաքի ԲԿ, այնուհետև Ս. Կիրակոսյանը՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, Վ. Գալոյանը՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, իսկ մնացածը` «Արմենիա» ՀԲԿ: Ս. Կիրակոսյանն ու Վ. Ջեյրանյանը, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել:

Ըստ բժիշկների՝ տուժածների առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:

Գյումրին կապեր է հաստատում Հնդկաստանի հետ

despanԱյսօր ճանաչողական այցով Գյումրիում էր ՀՀ-ում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սուրեշ Բաբուն: Նա հանդիպում ունեցավ քաղաքապետ Սամվել Բալասանյանի հետ, նշեց, որ ընդամենը չորս ամիս է նշանակված դեսպան և Հայաստանում առաջին քաղաքը, որ այցելում է, Գյումրին է:

Սուրեշ Բաբուն քաղաքապետին փոխանցեց, որ իր առաքելությունն է առաջ մղել երկու երկրների դարավոր բարեկամությունը: “Մենք բավական երջանիկ ենք, որ Հնդկաստանի Կալկաթա քաղաքում ունենք փոքրիկ հայկական համայնք: Մեր երկու ազգերը շատ նմանություններ ունեն` թե’ ավանդույթներում, թե’ լեզվում, թե’ ապրելակերպում: Հայաստանը, թեև չափերով փոքր է, բայց այնքան հին է, որքան Հնդկաստանը, հատկապես` Գյումրին. Գյումրին ավելի հին է, քան Երևանը”, – իր խոսքում նշեց Հնդկաստանի դեսպանը:

Քաղաքապետ Սամվել Բալասանյանն էլ հայտնեց, թե նոր դեսպանին ու նոր քաղաքապետին կհաջողվի համատեղ ծրագրեր իրականացնել. “Եթե կարողանանք նաև Հնդկաստանում քույր քաղաք ունենանք, մեր համագործակցությունն ավելի հեշտ կստացվի”:

Քննարկվեց բիզնես համագործակցություն սկսելու մասին գաղափարը ՏՏ, դեղագործական, էլեկտրաարտադրության, հանքարդյունաբերության ոլորտներում: “Բնականաբար մենք գիտակցում ենք, որ Հայաստանը փոքր երկիր է և ունի շատ փոքր շուկա: Հնդկական շատ էլեկտրակայաններ կառուցող ընկերություններ շահագրգռված են այստեղ կայաններ կառուցել”, – ընդգծեց դեսպանը:

Ուշադրությունը սևեռվեց հատկապես ՏՏ ոլորտի վրա. “Հայաստանում կա մեծ ներուժ, և հայերը մեծ արդյունքների են հասնում ՏՏ ոլորտում: Անցած տարի Երևանում բացեցինք առաջին հայ-հնդկական տեղեկատվական տեխնոլոգիաների գերազանցության կենտրոնը, և դա  միակն է, որ ունի հնդկական “սուպեր համակարգիչը”, որ կոչվում է “Պարամ”, – հավելեց Սուրեշ Բաբուն: Նա հույս հայտնեց, որ Գյումրիի հետ ևս համագործակցությունը կարող է ձևավորվել այս ոլորտից:

Քաղաքապետն ու դեսպանը միմյանց հրաժեշտ տվեցին` հաջորդ այցին ծրագրերի առաջարկներ փոխանակելու ակնկալիքով:

«Բարև Երևան» խմբակցության դիրքորոշումները ավագանու արտահերթ նիստին

Barev-Yerevan115 հունիսի 2013թ., Երևան: Երևանի ավագանու այսօրվա նիստում «Բարև Երևան» դաշինքի ներկայացուցիչները հայտարարեցին, որ ավագանու նիստի օրակարգը չհաստատելը հակասում է քաղաքապետարանի աշխատակազմի կանոնադրությանը: Բացի այդ, ըստ կանոնադրության՝ «որպես հիմնական զեկուցող ելույթ է ունենում տվյալ հարցի հեղինակը, իսկ որպես հարակից զեկուցողներ՝ գլխադասային հանձնաժողովի և քաղաքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչները կամ քաղաքապետի ներկայացուցիչը», մինչդեռ հարակից զեկուցող չկար: Քաղաքապետարանի աշխատակազմի կառուցվածքն ու հաստիքացուցակները հաստատելու վերաբերյալ հարցին «Բարև Երևան» դաշինքի ներկայացուցիչները դեմ քվեարկեցին՝ համարելով, որ աշխատակազմը ուռճացված է և հարցը պատշաճ քննարկում չի անցել: Օրինակ՝ կան անտրամաբանական բարձր աշխատավարձեր. քաղաքապետարանում վարչության պետերի աշխատավարձը գերազանցում է ՀՀ պատգամավորի աշխատավարձը և այլն:

Խմբակցությունը դեմ քվեարկեց նաև օրակարգի 2-րդ հարցին, որը վերաբերում էր  կանոնադրությունում փոփոխություններ կատարելուն, ինչպես նաև՝ 3-րդ, 4-րդ, 5-րդ և 6-րդ հարցերին, որոնք վերաբերում էին քաղաքապետի տեղակալների հաստատմանը: Օրակարգի 7-ից 10-րդ հարցերը վերաբերում էին քաղաքապետարանին որպես նվիրատվություն հանձնված գույքը ընդունելուն, Ծարավ Աղբյուրի փողոցի հ.55/17 հասցեում կառուցվող շենքերում հասցեների տրամադրման դիմաց գանձվող վճարը 15 հազարից 5000 սահմանելուն, օպերային մեներգչուհի Իրինա Զաքյանին և ՀՀ վաստակավոր արտիստ Տիգրան Գևորգյանին բնակարան նվիրելուն: Դաշինքը կողմ քվերակեց այդ որոշումներին՝ միաժամանակ նշելով, որ Իրինա Զաքյանին վերաբերող նախագծում բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը չէ, որ ներկայացված են ավագանու անդամներին:  Դաշինքի ներկայացուցիչները կողմ արտահայտվեցին նաև Սուրեն Սաֆարյանի, Վազրիկ Սեկոյանի և Ալեքսանդր Հարությունյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակի տեղադրման թույլտվություն տալու վերաբերյալ հարցերին:

 

Երևանի ավագանու որոշմամբ նշանակվել են Երևանի քաղաքապետի առաջին տեղակալն ու քաղաքապետի տեղակալները

013Երևանի ավագանին hունիսի 15-ին գումարած արտահերթ նիստում գրանցված 64 անդամների 42 կողմ, 6 դեմ և 16 ձեռնպահ ձայների թվով հավանություն է տվել` Երևանի քաղաքապետարանի  և վարչական շրջանի  ղեկավարի աշխատակազմերի կառուցվածքը, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի  և վարչական շրջանի  ղեկավարի աշխատակազմերի  հաստիքացուցակը,  Երևանի քաղաքապետի,  նրա  տեղակալների, խորհրդականների,  օգնականների,  մամուլի  քարտուղարի,  քաղաքապետարանի աշխատակազմի  աշխատակիցների,  վարչական  շրջանների  ղեկավարների, ղեկավարների  տեղակալների,  վարչական  շրջանի  ղեկավարի  աշխատակազմերի աշխատակիցների  պաշտոնային դրույքաչափերը սահմանելու մասին որոշման նախագծին:

Նախքան քվեարկությունը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, պատասխանելով օրակարգի հաստատմանը, ինչպես նաև դրանում ընդգրկված կետերի վերաբերյալ ավագանու <<Բարև Երևան>> խմբակցության անդամների հարցերին, նշել է, որ ինչպես օրակարգի հաստատումը, այնպես էլ դրանում ներառված հարցերը համապատասխանում են ««Երևան  քաղաքում  տեղական  ինքնակառավարման  մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին:

Ձայների նույն՝ 42 կողմ, 6 դեմ և 16 ձեռնպահ  հարաբերակցությամբ, ավագանին հաստատել է նաև Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների  ղեկավարների աշխատակազմերի  կանոնադրությունները, ինչպես նաև Երևանի  քաղաքապետարանի  աշխատակազմի  քաղաքացիական  կացության ակտերի  գրանցման  տարածքային  բաժինների  կանոնադրությունը:

Առաջնորդվելով <<Երևան  քաղաքում  տեղական  ինքնակառավարման  մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 48-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով`  քվեարկության համար գրանցված ավագանու 63 անդամների  58  կողմ և 5 դեմ ձայներով Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ է նշանակվել Կամո Արեյանը: Նույն օրենքի 3-րդ մասի  համաձայն, ձայների նույն համամասնությամբ քաղաքապետի տեղակալներ են նշանակվել Վահե Նիկոյանը և  Արամ Սուքիասյանը: Այնուհետև ավագանու գրանցված 62 անդամների ձայների 58 կողմ և 4 դեմ թվով քաղաքապետի տեղակալ է նշանակվել  Դավիթ Օհանյանը:

Արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված մյուս բոլոր հարցերը հաստատվել են ավագանու անդամների միաձայն կողմ քվեարկությամբ:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Այսօր ՀՀ պետական դրոշի օրն է

DSCN4161Հայաստանի Հանրապետության պետական դրոշը եռագույն է՝ կարմիր, որը խորհրդանշում է հայ ժողովրդի պայքարը գոյության, քրիստոնեական հավատի, Հայաստանի ազատության ու անկախության համար, կապույտ, որը  խորհրդանշում է հայ ժողովրդի ձգտումը ապրել խաղաղ երկնքի տակ, և նարնջագույն, որը հայ ժողովրդի ստեղծագործ տաղանդն ու աշխատասիրությունն է խորհրդանշում: Դրոշի լայնության և երկարության հարաբերությունն է՝ 1:2:

ՀՀ պետական դրոշի օրվա թեմայով այսօր լրագրողների հետ զրուցեց ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդիկ Մինասյանը: Բանախոսը կարևորեց պետական տարբերանշաններից յուրաքանչյուրին առանձին օր հատկացնելը, քանի որ դա սերմանում է հարգանք այդ նշանների նկատմամբ, ինչը մեզ շատ է պակասում: Էդիկ Մինասյանը, սակայն, համաձայնեց լրագորղների այն պնդմանը, թե ՀՀ դրոշը, հիմնը և զինանշանը ունեն որոշակի թերություններ: «Մեր դրոշի երրորդ գույնը այժմ նարնջագույնն է, մինչդեռ դեռևս թագավորական դինաստիաների շրջանում որպես խորհրդանշական գույն է ընդունվել ավելի շատ ծիրանագույնը: Ինչ վերաբերում է մյուս պետական խորհրդանիշին` հիմնին, պետք է ասեմ, որ այս հարցի հետ կապված պետք է լուրջ քննարկում իրականացնել մասնագետների մասնակցությամբ: Անձամբ իմ կարծիքն է, որ պետք է ուշադրություն դարձրվի նաև Սովետական Հայաստանի հիմնին, որը մի տեսակ հպարտութուն է առաջացնում յուրաքանչյուրի մեջ և բացի դա, չի կարելի անտեսել այդ ժամանակահատվածը, որով անցել է մեր ժողովուրդը», – ասաց Էդիկ Մինասյանը:

Մեր հարցին, թե համաձայն չէ արդյոք ինքը, որ պետական զինանաշանի վրա արծվի կանգնած ու թևերը փակ դիրքը սխալ ընտրություն է, քանի որ ցույց չի տրվում արծվի հիմնական ուժը` սլացքը, բանախոսը պատասխանեց. «Անձամբ իմ կարծիքն է, որ իրոք ավելի ճիշտ կլինի արծվին պատկերել թռիչքի մեջ, բայց սա նուրբ հարց է, և պետք է լուրջ քննարկում իրականացնել եզրակացություն անելու համար»:

Փոխվարչապետը Բյուրեղավանում ծանոթացավ իրականացվող ծրագրերի ընթացքին

102717ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքում ներկա գտնվեց քաղաքի մանկապարտեզի բացման արարողությանը, ինչպես նաեւ ծանոթացավ քաղաքում իրականացվող ծրագրերի ընթացքին:

Մանկապարտեզի հիմնանորոգման համար ծախսվել է 165 մլն 900 հազար դրամ, որից 117 մլն 800 հազարը հատկացվել է մարզի առաջնահերթ խնդիրների լուծման առաջին եւ երկրորդ ծրագրերով, իսկ 48 մլն 100 հազարը` ներդրվել է համայնքի կողմից: Նշվեց, որ 120 երեխայի համար նախատեսված համայնքային մանկապարտեզն ապահովված է անհրաժեշտ ենթակառուցվածքներով եւ գույքով: Ա. Գեւորգյանը շրջայց կատարեց շենքում, ծանոթացավ ստեղծված պայմաններին: Նա կարեւորեց համայնքներում բարեկարգ նախակրթարանների առկայությունը եւ ողջունելի համարեց համայնքի մասնակցությունը ծրագրի իրականացմանը:

Փոխվարչապետը մարզպետ Կ. Շահգալդյանի եւ քաղաքապետ Հ. Բալասյանի ուղեկցությամբ ծանոթացավ նաեւ թիվ 1 եւ թիվ 2 դպրոցների հիմնանորոգման աշխատանքների ընթացքին: Թիվ 1 դպրոցի 8 մասնաշենքերի նորոգման համար հատկացվել է 167 մլն 500 հազար դրամ: Վերանորոգման աշխատանքներն իրականացվում են դեռ 2009թ-ից: Այս տարվա ծրագրով հիմնանորոգվում է դպրոցի մեկ մասնաշենք` այդ թվում` արհեստանոցը, ճաշարանը, դահլիճը եւ ենթակառուցվածքները: Վերանորոգվել է նաեւ քաղաքի թիվ 2 դպրոցը: Այդ նպատակով 28 մլն 800 հազար դրամ էր հատկացվել մարզի առաջնահերթ խնդիրների լուծման չորրորդ ծրագրով, որով նախատեսված աշխատանքներն արդեն ավարտվել են:

Փոխվարչապետին ներկայացվեց նաեւ քաղաքի խմելու ջրամատակարարման ցանցի վերականգնման ծրագրի ընթացքը: Այն իրականացվում է «Հայաստանի փոքր քաղաքների ջրամատակարարման ծրագրի» շրջանակում ` “Հայջրմուղկոյուղի” ՓԲ ընկերության կողմից:

“Հայջրմուղկոյուղի” ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Պատրիկ Լորենը տեղեկացրեց, որ Բյուրեղավանում ծրագիրը մեկնարկել է մայիսին: Ծրագրի շրջանակում նախատեսվում է վերականգնել քաղաքի խմելու ջրամատակարարման ցանցը: Մասնավորապես կվերականգնվեն քաղաքը սնող աղբյուրները, կկառուցվեն ջրաբաշխիչ հանգույցներ, քլորակայան, նոր պոմպակայան: Կկառուցվի եւ կվերակառուցվի շուրջ 10 կմ ջրագիծ, կվերանորոգվի օրվա կարգավորիչ ջրամբարը:

Ծրագիրը նախատեսվում է ավարտել մեկ տարի անց: Արդյունքում քաղաքը կապահովվի շուրջօրյա ջրամատակարարմամբ: Ծրագրի արժեքը 380 մլն դրամ է:

“Հայաստանի փոքր քաղաքների ջրամատակարարման ծրագիրը”, որն իրականացվում է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի ֆինանսական աջակցությամբ, համայնքային ջրամատակարարման համակարգերի վերականգնում է նախատեսում 17 քաղաքներում եւ գյուղերում:

Հասարակայնության հետ կապերի բաժին

URL: http://www.mta.gov.am/hy/news/item/2013/06/15/83/

Պատահարներ

big_1371277379_lՀայտնաբերվել է ճամպրուկ

Հունիսի 15-ին, 00.10-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սուրբ Աբգար Թագավոր փողոցի թիվ 79 տան դիմաց առկա է կասկածելի սև ճամպրուկ:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը:

Նշված հասցեում հայտնաբերվել է ճամպրուկը. այն եղել է դատարկ:

Էլ. լարերի կարճ միացում

Հունիսի 15-ին, ժամը 10.41-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մ. Բաբաջանյան փողոցում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մարվել է տեղի ուժերով:

“Վազ 2102″ ավտոմեքենայի շարժիչի հատվածում տեղի է ունեցել էլ. լարերի կարճ միացում:

Այրվել է Ա. Գրինչուկին պատկանող 34 LV 487 պետհամարանիշի ”ՎԱԶ 2102” մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը:

Հայտնաբերվել է օձ

Հունիսի 15-ին ժամը 08.57-ին ահազանգ է ստացվել, որ Վարդենիս քաղաքի Սպանդարյան փողոցի թիվ 28 տան բակում նկատվել է օձ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Ժամը 09.55-ին հայտնաբերվել է օձ և տեղափոխվել անվտանգ տարածք: