Տոնական միջոցառումներ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ

004Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է նաև «Հաղթանակ» զբոսայգի, որտեղ ևս Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ Երևանի քաղաքապետարանը կազմակերպել է տոնական միջոցառումներ:

Այգու բեմահարթակից իրենց ելույթներով փոքրիկներին ողջունում էին մանկական համույթները: Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ «Հաղթանակ» զբոսայգում առավոտյան ժամը 10:00-13:00-ը մինչև 15 տարեկան երեխաների համար զբոսայգու 20 կարուսելներն ու ատրակցիոններն անվճար էին: Քաղաքապետ Տարոն Մարգարյանի այցելության պահին այգին մարդաշատ էր և ամենուր տոնական տրամադրություն էր: Քաղաքապետը շրջել է զբոսայգում, զրուցել մանուկների և նրանց ծնողների հետ և շնորհավորել է նրանց` մաղթելով խաղաղ երկինք, առողջություն ու անհոգ մանկություն. «Ծնողների համար չկա ավելի մեծ հարստություն, քան իրենց երեխաները: Ու հատկապես այս օրը կմաղթեի, որ բոլոր երեխաները լինեն առողջ, երջանիկ ու ապրեն խաղաղ և անհոգ», – ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Օգտվելով առիթից ծնողներն իրենց հերթին շնորհակալություն են հայտնել քաղաքապետին, մայրաքաղաքի տարբեր հատվածներում տոնական բազմաբնույթ միջոցառումներ կազմակերպելու և փոքրիկների համար տոնական տրամադրություն ապահովելու համար:
«Հաղթանակ» զբոսայգում նախատեսված տոնական միջոցառումները կշարունակվեն մինչև ուշ գիշեր:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Երեխաների պաշտպանության միջազգային օրը պաշտպանության նախարարությունում

12Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ հունիսի 1-ին ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի է ունեցել տոնական միջոցառում, որին մասնակցել են զինծառայողների և քաղաքացիական հատուկ ծառայողների երեխաներ: Միջոցառման ընթացքում կազմակերպվել է տոնական համերգ, ինչպես նաև մանկական գնացքով էքսկուրսիա վարչական համալիրի տարածքում: Պաշտպանության նախարարության հրավերով տոնական միջոցառմանը մասնակցել են նաև ավելի քան 50 սիրիահայ երեխաներ իրենց ծնողների հետ:

Հունիսի 3-ից նոր արագաչափեր կգործարկվեն

Արագաչափ-սարքՃանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:
Մասնավորապես. 2013 թվականի հունիսի 3-ից  գործարկվելու են Երևան-Գյումրի-Վրաստանի սահման Մ-1 միջպետական նշանակության ավտոճանապարհին՝ Պռոշյան գյուղի տարածքում (երկու ուղղություններով) և Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի Քոչինյան փողոցում տեղադրված երթևեկության արագության նկատմամբ վերահսկողության արագաչափ սարքերը:
Տեղեկացնում ենք նաև, որ տվյալ ճանապարհահատվածներում երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է:
Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:

Ճանապարհային ոստիկանություն

Խանդի հողի վրա ծագած վիճաբանության ժամանակ ամուսինը խեղդամահ է արել կնոջը

խմորեղենՀունիսի 1-ին, ժամը 01.10-ին, շտապօգնության կայանից ոստիկանության Արթիկի բաժնում հաղորդում է ստացվել, որ Արթիկ քաղաքի Լմբատ 1-ին թաղամասի 36 շենքի բնակարաններից մեկում հանկարծամահ է եղել  տանտիրուհին՝ ՌԴ քաղաքացի, 1986 թ. ծնված  Ցողիկ  Այվազյանը:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումներով պարզվել է, որ նույն օրը, ժամը 01.00-ի սահմաններում, բնակարանում, խանդի հողի վրա ծագած վիճաբանության ժամանակ, Ցողիկ  Այվազյանին խեղդամահ է արել ամուսինը` 1976 թ. ծնված Արտյոմ Ղ.-ն:
Արտյոմ Ղ.-ն ձերբակալված է:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է նախաքննություն:

Եղանակն առաջիկա 5 օրերին. սպասվում են տեղումներ

bigՀՀ տարածքում հունիսի 2-ին, 4-ին, 6-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին հյուսիսային շրջաններում, 3-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ. այս մասին տեղեկացնում են ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունից: Հունիսի 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` արևմտյան` 2-7 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի:

01_06Երևանում հունիսի 2-ին, 4-ին, 6-ին երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, անձրևի հավանականությունը փոքր է, 3-ին երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում` 13-18 մ/վրկ: Հունիսի 5-ին սպասվում է 01.06.2013_2առանց տեղումների եղանակ:

 

Ամփոփվել են ականների ազդեցության վերաբերյալ ոչ տեխնիկական հետզորտության արդյունքները

4ՀՀ պաշտպանության նախարարությունում հունիսի 1-ին կայացած ասուլիսի ընթացքում Հայաստանի «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի և Շվեյցարիայի ականազերծման հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչներն ամփոփել են ՀՀ տարածքում ականային հիմնախնդիրների և համայնքների վրա ականների ազդեցության ուսումնասիրման նպատակով 2012թ. նոյեմբեր – 2013թ. մայիս ամիսների ընթացքում անցկացված ոչ տեխնիկական հետազոտության արդյունքները:

Ըստ ՊՈԱԿ-ի տնօրեն Ռուբեն Առաքելյանի` 7 ամիս տևած հետազոտությունն իր մեջ ներառել է ականների ազդեցության ուսումնասիրությունը, վարակված տարածքների բացահայտումը և քարտեզագրումը: «Ուսումասիրվել են Հայաստանի 5 մարզերի` Սյունիքի, Վայոց Ձորի, Տավուշի, Գեղարքունիքի, Արարատի բոլոր սահմանամերձ համայնքները, անտառտնտեսությունները, պետական նշանակության ավտոճանապարհները. ընդհանուր առմամբ` 4255 ք.կմ մակերեսով տարածք, որտեղ բնակվում է 34 723 մարդ»,- իր խոսքում նշեց Ռուբեն Առաքելյանը:

Շվեյցարիայի ականազերծման հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Յոհաննես Օդենդալը, շարունակելով ՊՈԱԿ-ի տնօրենի խոսքը, ասաց, որ ուսումնասիրության արդյունքում հայտնաբերվել է 113 հաստատված և 17 կասկածելի վտանգավոր տարածք: «Կատարված աշխատանքների ընթացքում հավաքագրվել է նաև ականապայթյունային պատահարներից 264 տուժածների վերաբերյալ տեղեկատվություն, որը կհանձնվի Կարմիր խաչի միջազգային կոմիտե` աշխատանքների հետագա համակարգման և տուժածներին աջակցելու համար»,- տեղեկացրեց Յոհաննես Օդենդալը:

Ասուլիսի մասնակիցները նշեցին նաև, որ առավել մանրամասն և ամփոփ հաշվետվությունը կատարված ուսումնասիրությունների վերաբերյալ մինչև հուլիսի 15-ը կներկայացվի ՀՀ կառավարություն:

Քաղաքապետի անունից՝ նվերներ նորածիններին

001Երեխաների իրավունքների պաշտպանության օրվա կապակցությամբ Երևանի ծննդատներ են այցելել Երևանի քաղաքապետարանի՝ երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետն ու առողջապության վարչության պետի տեղակալը և քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից նվերներ հանձնելով՝ շնորհավորել են այսօր մայրացած կանանց ու նորածիններին։

Քաղաքապետի անունից շնորհավորելով մայրիկներին և նրանց ընտանիքներին՝  Երևանի քաղաքապետարանի առողջապության վարչության պետի տեղակալ Օլգա Վարդանյանը նշել է, որ տոնական օրերը լրացուցիչ ևս մեկ առիթ են փաստելու քաղաքապետարանի և անձամբ քաղաքապետ Տարոն Մարգարյանի մշտական հոգածությունը հայ մայրերի ու երեխաների նկատմամբ։

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

Արտակարգ հիշողությամբ օժտված փոքրիկը հյուրընկալվել է քաղաքապետին

003 (1)Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Երեխաների պաշտպանության միջազգային օրվա շրջանակում, հյուրընկալել է ֆենոմենալ հիշողությամբ օժտված ութամյա Սիմոն Հարությունյանին: Փոքրիկն անաձամբ էր դիմել քաղաքապետին ընդունելության խնդրանքով:

Սիմոն Հարությունյանը օժտված է առանձնահատուկ հիշողությամբ, ամբողջությամբ գիտի աշխարհի քարտեզը, բոլոր պետությունների մայրաքաղաքներն ու դրոշները, նաև պատասխանում է տարբեր բնագավառներին վերաբերող շուրջ 200 հարցերի: Ի դեպ, փոքրիկ Սիմոնը իր կարողությունների շնորհիվ արդեն իսկ գրանցված է հայկական դյուցազնագրքում:

Շնորհակալություն հայտնելով քաղաքապետին՝ խնդրանքը չմերժելու և ջերմ ընդունելության համար, Սիմոն Հարությունյանի հայրը` Լևոն Հարությունյանը, խոստացել է, որ իրենց կողմից կարվի ամեն ինչ, որպեսզի Սիմոնը միշտ բարձր պահի Երևանի պատիվը:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանն էլ, շնորհավորելով փոքրիկին Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ, մաղթել է նրան անհոգ մանկություն ու նորանոր ձեռքբերումներ: Քաղաքապետը նաև նվերներ է հանձնել փոքրիկին:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

ՀԵՀ-ի կամավորները Երեխաների միջազգային օրը Մարի Իզմիրլյանի անվան մանկատանն էին

DSC_0823Հունիսի 1-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամը միացել էր մի խումբ լրագրողների նախաձեռնությանը և  Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ այցելել Երևանի Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն։ Հիմնադրամի կամավորները լրագրողների հետ մասնակցեցին մանկատան բարեկարգման աշխատանքներին, ներկա եղան երեխաների համար անցկացվող մշակութային միջոցառումներին։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի ներկայացուցիչ Լիլիթ Բեգլարյանը նշեց, որ հիմնադրամը սոցիալական ցանցերից տեղեկացել է լրագրողների այս նախաձեռնության մասին և որոշել է իր ներդրումն ունենալ. «Մենք մանկատան երեխաներին հեռուստացույց ենք նվիրում, ինչպես նաև մեր կամավորների թիմով միացել ենք այստեղ անցկացվող բարեկարգման աշխատանքներին։ Մանկատան երեխաներն ավելի շատ ջերմության ու քնքշության պահանջ ունեն, և մենք որոշեցինք այս գեղեցիկ օրը նրանց հետ անցկացնել ու փորձել նրանց օրը տոն դարձնել»։

Մարի Իզմիրլյանի անվան մանկատան տնօրեն Հասմիկ Մկրտչյանը տեղեկացրեց, որ մանկատանը խնամվում է 2-15 տարեկան 95 երեխա։ Նրանք հիմնականում հատուկ կարիքով երեխաներ են՝ ֆիզիկական և մտավոր խնդիրներ ունեցող։ Տնօրենն իր երախտագիտությունը հայտնեց բոլոր այն մարդկանց ու կազմակերպություններին, որոնք այսօր եկել էին մանկատուն՝ երեխաների համար կազմակերպելով հետաքրքիր միջոցառումներ։

 

 

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի

հասարակայնության հետ կապերի ծառայություն

Խաղային ատրակցիոններ ու մարզասարքեր` «Երեխաների աջակցության կենտրոն»-ին

003Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ երեխաների պաշտպանության միջազգային օրը հաճելի անակնկալ է մատուցվել Հայ օգնության ֆոնդի «Երեխաների աջակցության կենտրոն»-ի սաներին: Կենտրոնի բակում տեղադրված խաղային ատրակցիոններն ու մարզասարքերը քաղաքապետի խոստացված նվերն էր, որոնք լրացնում են մանուկների տոնական ուրախ տրամադրությունը:

«Երեխաների աջակցության կենտրոն»-ի գործադիր տնօրեն Միրա Անտոնյանն ընգծել է, որ խաղերն ու մարզասարքերը կարևոր են տարիքային բոլոր խմբերի երեխաների մարզական առօրյայի լիարժեք կազմակերպման համար:

Երեխաները իրենց հերթին ոգևորությամբ նշել են, որ ամեն առավոտ սիրով կմարզվեն`  առողջ և ամրակազմ լինելու համար: «Երևան ջուր» ՓԲԸ կողմից էլ կենտրոնի վերանորոգված մասնաշենքին նվիրաբերվել է գունագեղ փափուկ գույք:

Օրվա առթիվ կենտրոնի բակում կազմակերպված տոնական միջոցառման շրջանակում երեխաները  կավճանկարչությամբ են զբաղվել, նաև ցուցադրել իրենց ձեռքի աշխատանքները:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Հունիսմեկյան միջոցառումներ Երևանի կենդանաբանական այգում

002 (1)Երեխաների պաշտպանության միջազգային օրվա` հունիսի 1-ի կապակցությամբ Երևանի քաղաքապետարանը մի շարք տոնական միջոցառումներ է նախաձեռնել Երևանի կենդանաբանական այգում. մրցույթներ,վիկտորինաներ, ինտելեկտուալ խաղեր, հայրենի բնաշխարհն ու կենդանական աշխարհը ներկայացնող պատմություններ: Ամենաակտիվ ու բանիմաց փոքրիկներին նվերներ են հանձնվել: Օրվա ընթացքում կենդանաբանական այգու տերբեր հատվածներում նախատեսված են նաև թատերական ներկայացումներ ու համերգային ծրագրեր: Անհատ բարերարներից մեկի օժանդակությամբ, ի դեպ,  կենդանաբանական այգում այսօր  կբացվի նաև բորենու նոր ազատավանդակը: Հունիսի 1 –ին մինչև 16 տարեկան բոլոր երեխաների մուտքը կենդանաբանական այգի անվճար է:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի վարչություն

Կարապի լիճը նոր բնակիչներ ունի

002Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ Կենդանաբանական այգուց  4՝ 2 սև և 2 սպիտակ կարապ է տեղափոխվել Կարապի լիճ: Երեխաների պաշտպանության միջազգային օրվա՝  հունիսի 1-ի կապակցությամբ սա ինքնատիպ ու հաճելի անակընկալ էր ոչ միայն փոքրերի, այլև, ինչու չէ, նաև մեծերի ու մայրաքաղաքի հյուրերի համար: Կարապները լճում կապրեն մինչև տարեշրջանի ավարտը:Նրանց խնամքով զբաղվելու են Երևանի կենդանաբանական այգու մասնագետները, ովքեր, ի դեպ, հորդորում են սեփական նախաձեռնությամբ չկերակրել կարապներին:Այդ մասին նաև հուշում են լճին հարակից տեղադրված ցուցանակները:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Երեխայի դաստիարակությունը ոչ թե հոգս է, այլ վայելք, եթե…

Anna

Աննան՝ որդու՝ Հակոբի հետ

Աննան այն երջանիկ ծնողներից է, որի երեխան` 4-ամյա Հակոբը, ներդաշնակ մանկություն է վայելում` հաշտ ու խաղաղ ինքն իր հետ, ծնողների հետ, միջավայրի հետ: Նա անկաշկանդ է, արտահայտում է իր մտածածը, մարդկանց հետ հեշտությամբ շփվում:

Համաձայնեք, որ շատ երեխաների համար այդ ամենը լուրջ խնդիր է, ինչը հաճախ ծնողներն ավելի են խորացնում` չիմանալով այն լուծելու ճիշտ եղանակները:

Աննայի երեխան ծնվել է ամուսնանալուց մի քանի տարի անց: Եվ Աննան այդ տարիները որոշել է արդյունավետ օգտագործել` նախ և առաջ տեղեկություններ հավաքելով երեխա մեծացնելու, դաստիարակելու, առօրյա խնամքի և այլ բաների մասին. «Ինքս ինձ մտածեցի`  բուհ ընդունվելիս ինչքա՜ն շատ ենք պարապում, իսկ հիմա իմ կյանքի ամենակարևոր փուլին եմ պատրաստվում ` մայր դառնալուն, բայց շատ քիչ բան գիտեմ դրա մասին»:

Այդ ընթացքում շատ գրքեր են նրա ձեռքի տակով անցել, սակայն դրանցից մեկն է լուրջ հետք թողել նրա կյանքում` ամերիկացի կին հոգեբան Նաումի Էլդրթի  «Դաստիարակենք մեր երեխաներին, դաստիարակենք ինքներս մեզ» գիրքը, որը լրիվ այլ մոտեցում է առաջարկում: «Կարդալով գիրքը` նախ մանկությունս աչքիս առջևով անցավ, զգացի, թե այն որքան է ազդել իմ աշխարհայացքի, իմ ձևավորման վրա,- ասում է Աննան,- իսկ ամենակարևոր բանը, որ այդ գրքից վերցրի, հետևյալ գաղափարն է. վայելել մայրությունը` ընդունելով երեխային հենց այնպիսին, ինչպիսին նա կա, ոչ թե փորձել նրան փոխել, հարմարեցնել քեզ կամ քո ժամանակներին ու բարքերին»:

naomi2012

Նաումի Էլդրթ

Ի՞նչ է ասում Նաումի Էլդրթը. «Դաստիարակիր այնպիսի երեխա, որի գիտակից արարքները պայմանավորված են ոչ թե վախով, այլ ուրախությամբ և սիրո դրսևորումներով»:

Գրքի հիմքում ընկած է  երեխաների հետ համագործակցության գաղափարը, որն ամենևին չի նշանակում, թե ծնողի վերահսկողությունը վերանում է, պարզապես դա քողարկվում է: «Հսկողությունն անարդյունավետ միջոց է, քանի որ մարդու էությունը դիմադրում է դրան:  Եթե նույնիսկ հսկողությունն արտահայտվում է մեղմ պարտադրանքի կամ թաքնված մանիպուլյացիայի միջոցով, դրա գոյությունն  արդեն իսկ առաջ է բերում մի շարք խնդիրներ, որոնք փորձում ենք հետագայում լուծել»,- ասում է Էլդրթը:

Իսկ ինքնուրույն երեխան, որի կյանքն իր իսկ հունով է ընթանում, ըստ հոգեբանի, ապրում է լիարժեք. նա գործում է` ելնելով երջանկության ու սիրո զգացումից, ոչ թե վախից կամ հավանության արժանանալու ձգտումից դրդված: Հոգեբանը նաև համոզված է, որ երեխայի կամքը կոտրելը հանգեցնում է  բազում դժվարությունների, և հաջողակ է այն երեխան, որն իր կամքի տերն է:

Գրքի կարևոր գաղափարներից մեկն էլ այն է, որ ոչ միայն ծնողն է ուսուցիչ, այլև երեխան, և ծնողը երեխայից շատ բան ունի սովորելու: «Ինքնահաստատված և ինքնուրույն մարդիկ գալիս են այնպիսի ընտանիքներից, որտեղ ծնողները հավասարապես դաստիարակվում են երեխաների հետ»,- ասում է նա:

Քանի որ գիրքն Աննայի կյանքում շատ բան է փոխել, նա նպատակադրվել է այն թարգմանել ու հրատարակել նաև հայերեն, որպեսզի մյուս հայ ծնողներին նույնպես հասանելի լինի: Թարգմանությունն ավարտված է, սակայն առայժմ ֆինանսական միջոցների պատճառով չի հրատարակվում:  Նշենք, որ գիրքը լույս է տեսել 2006-ին, թարգմանվել 13 լեզուներով, իսկ ԱՄՆ-ում ու եվրոպական մի շարք երկրներում դարձել է բեսթսելլեր:

Աննան համոզված է, որ գիրքն ամենևին էլ խորթ չէ մեր մտածելակերպին, այն համամարդկային արժեքների մասին է: «Չէ՞ որ երեխան, երբ գալիս է լույս աշխարհ, իր հիմնական անհատականությունն արդեն իր մեջ կրում է, և պետք է դա հնարավորինս պահպանել,- ասում է նա:- Ծնողները պետք է տարբերեն իրենց մտածածը, իրենց ցանկությունները երեխայինից: Ինձ համար ընդունելի չէ, երբ օրինակ` մեծերը խառնվում են երեխաների հարաբերություններին` հանդես գալով որպես դատավոր, երեխաների ճիշտն ու սխալն են որոշում և այլն: Այդ խնդիրները երեխաներն իրենց մեջ ավելի հեշտ են հարթում, քան մեծերը»:

Հոգեբան Անահիտ Արզումանյանը, որ արդեն տասը տարի է` զբաղվում է մանկական հոգեբանությամբ, երկու տարի առաջ իր հոգեբանական կենտրոնն է ստեղծել և զբաղվում է որոշակի վարքային շեղումներ ունեցող և ռիսկային խմբի (հակում ալկոհոլի, ծխախոտի, թմրանյութերի նկատմամբ, սանձարձակություն, անկառավարելիություն և այլն) երեխաների ու դեռահասների խնդիրներով: Ասում է, որ ծառայության նկատմամբ հետաքրքրությունն աճում է, այնուամենայնիվ մեր հասարակությունն առայժմ պատրաստ չէ  դրամ ծախսել հոգեբանական ծառայության վրա. «Մեզ մոտ պատրաստ են բժշկին շատ գումար տալ, բայց հոգեբանին` ոչ: Մարդիկ կարծում են, որ հոգեբանական ծառայությունը շատ արագ ազդող բան է, արագ էֆեկտ են ակնկալում: Իսկ երբ ծնողին կամ երեխային բացատրում ես, որ դա մի աշխատանք է, որ նախ և առաջ իրենք պետք է անեն, արդեն չեն ուզում»,- ասում է նա:

Հոգեբանը երեխաների վարքի շեղման միջավայր է համարում նաև այսօրվա դպրոցը և ցավով արձանագրում, որ իր հաճախորդների մեծ մասը հենց դպրոցահասակ երեխաներն են:

Հոգեբանական ծառայության առաջին փուլում մասնագետները նախ պարզում են, թե որքանով է ծնողի գանգատն ադեկվատ. միգուցե ծնողն ի՞նքն ունի խնդիրներ, բարդույթներ, որոնք էլ փոխանցվել են երեխային: «70 տոկոսի դեպքում պարզվում է, որ խնդիրը գալիս է ծնողից»,- ասում է Անահիտ Արզումանյանը:

Ընդհանրապես նա կարծում է, որ մեզ մոտ ծնողավարության մշակույթի լուրջ խնդիր կա. ծնողները չեն ճանաչում սեփական սահմանները, խառնվում են այն հարցերին, որոնք երեխայի անհատականությունն են ձևավորում, խառնվում են երեխայի ցանկություններին ու նպատակներին:

Հոգեբանը ծնողներին խորհուրդ է տալիս կարդալ համապատասխան գրականություն, հասկանալ երեխայի հոգեբանությունն ու ներաշխարհը, նրա ճգնաժամային փուլերը, ճանաչել ինքն իրեն և չխառնել իր ու երեխայի եսը, իսկ խնդիրների դեպքում դիմել մասնագետներին: Նա միաժամանակ հասկանում է, որ ժամանակակից հայ ծնողը գերզբաղված է, որովհետև օրվա հացի խնդիր է լուծում և հաճախ դիմում է դայակների ծառայություններին, իսկ երբ երեկոյան հոգնած տուն է գնում, ո՛չ նյարդերն են ներում, ո՛չ էլ ժամանակը երեխայի հետ զբաղվելու համար: «Բայց եթե խնդիրների շարքում առաջնային դիրքերում երեխան է, ապա պե՛տք է ժամանակ ծախսել»,- ասում է հոգեբանը` հիշեցնելով, որ վաղն այդ խնդիրները լուծելը շատ ավելի բարդ կամ այլևս անհնարին կարող է լինել:

Կոտայքի ՍՕՍ մանկական գյուղում ոչինչ չի հիշեցնում այն մասին, որ այնտեղ ապրում են ծնողական խնամքից զուրկ երեխաներ

«ՍՕՍ Մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի Կոտայքի գյուղում այս պահին կա 12 ընտանիք, որոնցում ընդհանուր առմամբ ապրում են 64 երեխա: Գյուղն ունի մոտ 80 երեխա պահելու հնարավորություն: Այս օգոստոսին ևս 10 երեխա այնտեղից կտեղափոխվի Երևան:
Խնամքն իրականացվում է երեք փուլով: Մինչև 15 տարեկան երեխաները մնում են գյուղում: 15 տարեկանից հետո տեղափոխվում են երիտասարդական կենտրոններ, որոնք գտնվում են Երևանում: Այնտեղ նրանք անց են կացնում մոտ երեք տարի, իսկ 18 տարին լրանալուց հետո հիմնադրամը շարունակում է աջակցել նրանց` կախված յուրաքանչյուրի ֆինանսական հնարավորությունից:
«ՍՕՍ Մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի Ազգային տնօրեն Աշոտ Քոչարյանի խոսքով` իրենք այնքան ամուր են կապվում յուրաքանչյուր երեխայի հետ, որ շատերը անգամ հետագայում գալիս են գյուղ իրենց բալիկների հետ:
Յուրաքանչյուր ՍՕՍ ընտանիքում ապրում է 5-7 երեխա: Նրանց հիմնական խնամքն իրականացնում է ՍՕՍ մայրը, որ ունի նաև հանգստյան օրեր, որոնց ընթացքում երեխաներին խնամում է ՍՕՍ մորաքույրը: Կոտայքի ՍՕՍ մանկական գյուղում ոչինչ չի հիշեցնում այն մասին, որ այդտեղ ապրում են ծնողական խնամքից զուրկ երեխաներ: Նրանց համար ստեղծված են բոլոր պայմանները` ճիշտ կազմակերպելու իրենց առօրյան:
Օրինակ` Գայանեի ընտանիքում արդեն 4 տարի է ապրում է 4 երեխա` երկու աղջիկ և երկու տղա: Ընդ որում` Նաիրան և Համլետը հարազատ քույր և եղբայր են: Գայանեի հավաստմամբ` անչափ կարևոր է, որ հարազատ քույրերն ու եղբայրները լինեն նույն ընտանիքում, դրա համար պետությունը պետք է հատուկ ջանքեր կիրառի, քանի որ այլ տեղերում քիչ չեն դեպքերը, երբ, օրինակ, երկու քույրերը ապրում են երկու տարբեր հաստատություններում: Կոտայքի ՍՕՍ Մանկական գյուղում լուծված է նաև այս խնդիրը:
Գյուղում երեխաների համար կազմակերպվում են բազմաթիվ միջոցառումներ, որոնց մասին են վկայում տների պատերը զարդարող` երեխաների ձեռքերով պատրաստված աշխատանքները: «Մեզ մոտ ամեն օր միջոցառում է: Եթե հիմա կապվենք մեր բոլոր մասնաճյուղերի հետ, անպայման կպարզվի, որ դրանցից գոնե մեկում այսօր պլանավորված է որևէ միջոցառում», – մեզ հետ զրույցում ասաց «ՍՕՍ Մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի Ազգային տնօրեն Աշոտ Քոչարյանը:

Լարա Առաքելյան

ՄԻՊ պաշտպանը կհամագործակցի «ՍՕՍ Մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի երիտասարդների հետ

կարեն անդրեասյանՄարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը այսօր Կոտայքի ՍՕՍ Մանկական գյուղում հանդիպեց նաև «ՍՕՍ Մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի երիտասարդների հետ, ովքեր իրենց մանկությունն են անցկացրել հիմնադրամի տարբեր մարզերի գյուղերում, իսկ այժմ միավորվել են` նպաստելու այլ` հատուկ պաշտպանության կարիք ունեցող երեխաների ապրելակերպի լավացմանը:
Կարեն Անդրեասյանը երիտասարդների հետ նստեց կլոր սեղանի շուրջ, ասելով, որ ցանկացած հասարակական կազմակերպությունից առավել հենց նրանք կկարողանան իրեն օգնել` հասկանալու հատուկ խնամքի կարիք ունեցող երեխաների վիճակը:
ՄԻ պաշտպանը պայմանավորվեց երիտասարդների հետ, որ այս տարվա սեպտեմբերից նոյեմբեր նրանք կարող են համագործակցել ՄԻՊ գրասենյակի հետ: «Դուք իմ մեքենաներով ու ռեսուրսներով կարող եք այցելել տարբեր կազմակերպությունների հոգածության տակ գտնվող երեխաներին հանրապետության տարբեր կետերում: Դա շատ ավելի օգտակար կլինի, քան այն, երբ ես նման մոնիթորինգի եմ գնում ինքս, քանի որ ինձ ժպտում են, ցույց տալի կառույցի ամենագեղեցիկ հատվածները, և ես մի քանի րոպեում չեմ կարողանում հասկանալ իրական վիճակը, իսկ դուք, որ անցել եք այդ երեխաների ուղին, ավելի լավ կհասկանաք նրանց` նայելով նրանց աչքերին: Ջեզնից լավ ոչ ոք չի հասկանա երեխաների վիճակը: Մոնիթորինգից հետո զեկույց կներկայացնեք ինձ, և մենք միասին կորոշենք, թե ինչպես լուծենք եղած խնդիրները», – ասաց ՄԻ պաշտպանը:

Նարեկ Սարգսյանը փորձում է հանգստացնել, բայց ավելի է անհանգստացնում

big_narek_sargsyanՊարզաբանում՝ մայրաքաղաքի Հանրապետության հրապարակի վերակառուցման հայեցակարգային նախագծի բաց մրցույթի հայտարարության վերաբերյալ

Երևանի Հանրապետության հրապարակի վերակառուցման հայեցակարգային նախագծի հանրապետական ճարտարապետական բաց մրցույթ հայտարարելուն հաջորդած տարատեսակ արձագանքներին ի պատասխան հարկ ենք համարում նշել, որ վերոնշյալ մրցույթի հայտարարումը ամենևին էլ չի նշանակում որևէ կառույցի իրականացում, ֆինանսական միջոցների հատկացում կամ այլ նմանատիպ քայլերի նախաձեռնում: Հայտարարված մրցույթի նպատակը մասնագիտական և հանրային քննարկումների արդյունքում առկա խնդիրների վերհանումն է, դրանց լուծումները գտնելն ու հրապարակի հետագա զարգացման տեսլականը ձևավորելն է: Անշուշտ ողջունելի է այս հարցի վերաբերյալ հանրային ակտիվությունը, ինչը կարող է յուրօրինակ ուղղորդիչ դեր ունենալ մրցույթին մասնակից ճարտարապետների համար:
Հարկ ենք համարում նաև նշել, որ Երևանի քաղաքապետարանը դեռևս 2011 թվականի սկզբին Հանրապետության հրապարակի վերակառուցման միաժամանակ երկու մրցույթ էր հայտարարել, որոնց շրջանակում ներկայացված բոլոր առաջարկները, մրցութային հանձնաժողովի միաձայն որոշմամբ, հայեցակարգային լուծման տեսանկյունից գնահատվեց անբավարար և ոչ նպատակահարմար որևէ մրցանակի ներկայացնելու: Ի դեպ, մրցույթներին ներկայացված աշխատանքները շուրջ մեկ ամիս ցուցադրվեցին ճարտարապետության թանգարանում:
Ավելորդ չէ նաև նշել, որ անցած 10 տարիների ընթացքում Հանրապետության հրապարակի Լենինի արձանի տեղում մեկ այլ արձան տեղադրելու կամ ինչ որ կառույց իրականացնելու բազմաթիվ առաջարկություններ են եղել:
Ինչևէ, 2012 թվականի հուլիսին, կրկին անդրադառնալով Հանրապետության հրապարակի վերակառուցման հարցին, Երևանի քաղաքաշինական խորհրդի ճարտարապետական հանձնաժողովը՝ հաշվի առնելով, որ քաղաքապետարանը տարբեր անհատներից ստանում է բազմաթիվ առաջարկներ և ներկայացվող առաջարկներից յուրաքանչյուրի շուրջ ակտիվ քննարկումներ են ծավալվում, արձանագրեց, որ այդ ուղղությամբ լոկալ որոշում կայացնելն անհնար է, քանի դեռ հստակ հայեցակարգ չի հաստատվել:
Ըստ այդմ, առաջարկվել է Հանրապետության հրապարակի վերակառուցման հստակ առաջադրանք ձևավորելու համար անցկացնել բաց մրցույթ: Առաջարկը հանձնաժողովի անդամ ճարտարապետների կողմից ընդունվել է միաձայն:
Մեկ անգամ ևս հարկ ենք համարում ընդգծել, որ մրցույթի անցկացման նպատակը մասնագետների գաղափարներն ու նախագծային առաջարկները հավաքել- մեկտեղելն է՝ այդ համատեքստում բացառելով որևէ տեղային լուծում: Միայն այն իրողությունը, որ Հանրապետության հրապարակն այսօր վերածվել է տրանսպորտային գերբեռնված հանգույցի և որպես հանրային տարածք կիսով չափ է օգտագործվում, արդեն իսկ պահանջում է հրատապ լուծում և մրցույթ հայտարարելու լիարժեք պայման է:
Մրցույթին ներկայացուցչական մասնակցություն ապահովելու համար որոշվել է որոշ խոշոր արվեստանոցների, այդ թվում՝ “Երևաննախագիծ” ՓԲԸ-ին, Ճարտարապետաշինարարական համալսարանին և մի քանի անհատական արվեստանոցների նախագծեր պատվիրել:
Ճարտարապետական հանձնաժողովի 2012 թվականի դեկտեմբերի 27-ի նիստի հաջորդ օրը մրցույթի հայտարարության տեքստը էլեկտրոնային փոստով ուղարկվել է հանձնաժողովի բոլոր անդամներին: Հաշվի են առնվել ստացված առաջարկություններն ու խմբագրված վերջնական տեքստը և ժյուրիի կազմը համաձայնեցվել է հանձնաժողովի նիստում:
Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետ
Նարեկ Սարգսյան

Ամենավատ վիճակում առանց ծնողի երեխան է

1288077508_sos-mankkan-gyuxԲռնություն, սով, սեռական ոտնձգություն, կրթական պայմանների բացակայություն`  ըստ ՄԻ պաշտպանի սրանք են այն երևույթները, որոնք խախտում են երեխայի իրավունքը և սրանցից է, որ երեխային պետք է պաշտպանել:

«Հաճախ կարծում են, թե երեխայի իրավունքների խախտում է այն, երբ ծնողը ջղայնանում է կամ դպրոցում ինչ-որ մեկը նեղացնում է նրան: Պետք է հասկանալ, որ ամենավատ վիճակում առանց ծնողի երեխան է: Այսպիսի երեխաների մասին է, որ պետք է մտածենք յուրաքանչյուրս նախաքան անգամ մեր երեխաների մասին մտածելը», – ասաց ՄԻ պաշտպան Կարեն Անդրեասյանը այսօր Կոտայքի ՍՕՍ Մանկական գյուղում լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ:

ՄԻ պաշտպանը անգամ իր երեխաներին կվստահեր Կոտայքի ՍՕՍ Մանկական գյուղին

Կարեն-Անդրեասյան«Երեխաների խնդիրների մասին սովորաբար հիշում են մեկ օր, իսկ ՍՕՍ Մանկական գյուղերում աշխատողները ամեն օր,  ամեն ժամ դրան են տրամադրում: Ես, ունենալով երեք երեխա, գիտեմ, թե ինչ բարդ աշխատանք է դա: Ես նույնիսկ իմ երեխաներին կվստահեի այս մարդկանց, քանի որ տեսնում եմ, որ պայմանները շատ ավելի լավն են, քան բազմաթիվ հայկական ընտանիքներում», – ասաց Մարդու իրավունքների  պաշտպան Կարեն Անդրեասյանը «ՍՕՍ Մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի Ազգային տնօրեն Աշոտ Քոչարյանի հետ հանդիպման ժամանակ:

2013 թվականին կշարունակվեն մայրաքաղաքի ջրահեռացման համակարգի արդիականացման և թողունակության ավելացման աշխատանքները.

001Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ Կառլեն Ղազարյանը և “Երևան Ջուր” ընկերության “Արևելք” շահագործման տնօրինության տնօրեն Կարապետ Օհանյանը ներկայացրել են նախորդ տարիներին մայրաքաղաքի ջրահեռացման համակարգի նորոգման և արդիականացման աշխատանքները և այդ ուղղությամբ 2013թ. նախատեսված ծրագիրը:  Ըստ այդմ, մայրաքաղաքում առկա է 250 կմ հեղեղատար ցանց, որը սպասարկվում է “Երևան Ջուր” ընկերության կողմից: 2011-2012 թվականների  ընթացքում վերակառուցվել են Ռուբինյանց, Լենինգրադյան, Խորենացու, Սևանի և Թևոսյան փողոցների անձրևատար համակարգերը: Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ Կառլեն Ղազարյանը նշել է, որ նախկինում հենց այս փողոցներում  էին տեղումների ժամանակ առաջանում ջրի կուտակումներ, իսկ այժմ խնդիրը լուծում է ստացել: Վերջին օրերի աննախադեպ  առատ տեղումների հետևանքով դարձյալ մայրաքաղաքի որոշ փողոցներում  արձանագրվել են անձրևաջրերի կարճաժամկետ կուտակումներ, ինչը, ըստ “Երևան Ջուր” ընկերության “Արևելք” շահագործման տնօրինության տնօրեն Կարապետ Օհանյանի, պայմանավորված է եղել նախորդ դարի 70-ական թվականներին կառուցված ջրահեռացման համակարգի թողունակության ներկայիս հնարավորություններով: Քաղաքապետարանի և վարչական շրջանների արագ արձագանքման արդյունքում ստեղծված վիճակն արագ կարգավորվել է: Այդուհանդերձ, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ  ստեղծվել է աշխատանքային խումբ, որը քննարկել և հատկապես խոցելի համարվող փողոցների մասով ներկայացնելու է առաջարկություն՝ ջրահեռացման համակարգերի թողունակության բարձրացման ուղղությամբ: Քաղաքապետի հանձնարարականի հիման վրա հատուկ ուշադրություն կդարձվի Երևանի քաղաքապետարանի ծրագրերով այս տարի հիմնանորոգվող 30 փողոցների ջրահեռացման համակարգերին` ավելացնելով անձրևորսիչների և դիտահորերի քանակը:  Ըստ անհրաժեշտության, անձրևաջրերի հնարավոր կուտակումներից խուսափելու համար մինչև տարեվերջ ջրահեռացման համակարգերի վերազինման տեխնիկական աշխատանքներ կիրականացվեն նաև հիմնովին ասֆալտապատման ցանկում չներառված փողոցներում: Անդրադառնալով անձրևաջրերի՝ որոշ դեպքերում մասնավոր շինություններ ներթափանցելու խնդրին,”Երևան Ջուր” ընկերության “Արևելք” շահագործման տնօրինության տնօրեն Կարապետ Օհանյանը նշել է, որ դրանք հիմնականում կառուցապատման կանոնների խախտման հետևանք են, երբ այս կամ այն շինությունը գետնի մակերեսի զրոյական նիշից ցածր է կառուցվում:  Ինչ վերաբերում է ջրահեռացման համակարգերի նորոգման կոնկրետ աշխատանքներին, ապա գործընթացը լայն թափ կստանա առաջիկա օրերին: Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ Կառլեն Ղազարյանը վստահեցրել է, որ կարվի հնարավորը, որպեսզի առաջիկայում մայրաքաղաքի փողոցները լիարժեք ու անխոչընդոտ անցանելի լինեն անգամ առատ տեղումների պայմաններում:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

Ջրակուտակման «դրական կողմերը»` ըստ «Երևան ջուր» ընկերության ներկայացուցչի

Karapet-Ohanyan-Yerevan-Jur«Երևան ջուր» ընկերության ներկայացուցիչ Կարապետ Օհանյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ գտավ գարնանային հորդառատ անձրևների հետևանքով Երևանի մի շարք փողոցներում ջրակուտակման «դրական կողմերը»:

«Ինչու՞ չենք տեսնում, որ տարիներ առաջ մայթային տարածքներն ու փողոցները անբարեկարգ էին, և հորդառատ անձրևները ներծծվում էին հողի մեջ կամ անցնում շենքերի գրուտային շերտերի տակ: Այն, որ քաղաքի կենտրոնում եղան նման ջրակուտակումներ, խոսում է այն մասին, որ փողոցները դարձել են ավելի բարեկարգ, և հին ջրահեռացման համակարգը չի կարողանում հեռացնել այնքան ջուր, որքան կուտակվում է սալիկապատ փողոցներում», – ասաց Կարապետ Օհանյանը և դրական կողմերը առանձնացնելուց հետո չկարողացավ չհամաձայնել լրագրողների հետ, որ անկախ ամեն ինչից, ջրահեռացման համակարգում խնդիրներ կան:

«Երևան ջուր» ընկերության ներկայացուցիչը նշեց, որ առաջիկա 1 ամսում կկազմվի ռազմավարական ծրագիր 25-30 փողոցների համար: «Մոտ 30 փողոցներից գուցե ոչ բոլորում հիմա խնդիր կա, բայց տարիներ հետո ջրակուտակման խնդիր կարող է լինել դրանցից յուրաքանչյուրում, ուստի ավելի լավ է նախորոք զբաղվել դրանցով», –  ասաց Կարապետ Օհանյանը և խոստացավ լրագրողներին, որ քաղաքապետարանն ու «Երևան ջուր»-ը կանեն ամեն ինչ հետագայում նման վիճակներից խուսափելու համար: