Կենսաթոշակային բարեփոխումներն անհրաժեշտ են Հայաստանում. Թևան Պողոսյան

թևան«Կենսաթոշակային բարեփոխումներն անհրաժեշտ են Հայաստանում: Պետք է այնպիսի օրիգինալ լուծում մշակել, որ մարդիկ, ստանալով թոշակը, չծիծաղեն: Փոփոխությունները պետք է անել տարբեր մեխանիզմներով և սցենարներով», -այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԺ Ժառանգություն խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը` անդրադառնալով  Կուտակային կենսաթոշակների մասին օրենքի լրամշակված նախագծին:

«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում կատարված փոփոխություններին խմբակցության հավանություն չտալը նա բացատրեց նրանով, որ տրամաբանական կլիներ ծախսել ավելի քիչ ռեսուրսներ պարտադիր հիմնադրամներ ընտրելուց հրաժարվողների դիմումների գրման և ընդունման վրա: «Մարդիկ հոգնում են համակարգից հրաժարվելու հայտարարություններ գրելով, բանը կհասնի նրան, որ կառավարությունը կհայտարարի, թե բնակչությունն ուզում է մասնակցել դրան: Եթե մենք ուզում ենք խնդրի լուծում գտնել, չի կարելի ղեկավարվել ժամանակի կեղծ շահումով»,- ասաց նա, հավելելով. «Մենք պետք է հասկանանք, որ հարկեր ենք տալիս պետությանը` նրանից ակնկալելով համապատասխան ծառայություններ»:

Ըստ պատգամավորի` գլխավորն այն է, որ մարդիկ հասկանան այդ անհրաժեշտությունը: Մենք ինքներս պետք է գիտակցենք, որ «պարտադիրը» ձևավորում է վարքը. մարդիկ չեն սիրում դրան հետևելով կուտակել: Կուտակում են այն մարդիկ, ովքեր չգիտեն ինչ անել ավելորդ գումարի հետ:

Թևան Պողոսյանը նշեց, որ հին օրենքը ուներ բազում խնդիրներ. այն լուծում չէր տալիս հղի կանանց խնդրին, ովքեր ամեն ամիս գումար չեն ստանում. «Հարց է առաջանում` ինչպես պետք է նրանք կուտակեն: Կամ վտանգավոր աշխատանք կատարող մարդիկ, ովքեր ավելի վաղ են թոշակի անցնում: Այսպիսի խնդիրներ են, որ պետք է քննարկվեն և պետք չէ միայն մեկ սցենար մտածել. Դրանք կարող են լինել տարբեր, քանի որ յուրաքանչյուր մարդ ունի իր պատկերացումը և կյանքի իր ճանապարհը», -ասաց Պողոսյանը:

Անկախ

Գյումրու նախկին գործարանային հանրակացարանում ամեն պահ համաճարակ կարող է բռնկվել (Ֆոտոռեպորտաժ)

1505994_776747632335754_2220023849830337086_n«Շիրակ կենտրոնը» ամիսներ առաջ անդրադարձել էր Գյումրու Գարեգին Նժդեհ 2 հանրակացարանում տիրող հագահիգենիկ վիճակին, որտեղ բնակվող մի շարք բազմազավակ ընտանիքների մայրերի և երեխաների մոտ նկատել էին մաշկային վարակիչ հիվանդության դեպքեր:
Այդ մասին հնչեցրած ահազանգը http://shirakcentre.org/hy/news/20593-shirak-centre-org մեծ արձագանք գտավ հանրապետությունում: «Շիրակ կենտրոնի» հնչեցրած ահազանգի հետքերով հանրակացարան այցելեցին և տիրող իրավիճակը լուսաբանեցին բազմաթիվ ԶԼՄ-ներ: Բարձրացված աղմուկից հետո այն հայտնվեց ՀՀ Առողջապահության նախարարության համապատասխան մասնագետների ուշադրության կենտրոնում: Նշենք, որ Գյումրու կենտրոնական մասում գտնվող, կիսափլված ու կոմունալ բոլոր տեսակի հարմարություններից զուրկ այդ հանրակացարանում, ամռան գալուն պես, առավել պայթունավտանգ է դառնում համաճարակների բռնկման վտանգը: Այսօր մեր հերթական այցելության ժամանակ տեղեկացանք, որ կրկին մաշկային հիվանդությամբ, իր երկու մանկահասակ երեխաների հետ միասին, հիվանդանոց էին տեղափոխվել բազմազավակ ընտանիքներից մեկի մայրը: Ստորև ներկայացնում ենք լուսանկարային ռեպորտաժ Գյումրու Գարեգին Նժդեհ 2 հանրակացարանից:

Շահումյան գյուղում մեքենաներ են բախվել

ավտովթարՄայիսի 15-ին, ժամը 03.00-ի սահմաններում, «Միցուբիշի Աիրտռեկ» մակնիշի ավտոմեքենան Արարատի մարզի Շահումյան գյուղի հատվածում բախվել է կայանված «ՄԱԶ» մակնիշի բեռնատար ավտոմեքենայի:
«Միցուբիշի Աիրտռեկ»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Նույն օրը, ժամը 10.00-ին, դեմքի և քթի շրջանի քերծվածքներով հիվանդանոց բուժօգնության է դիմել 31-ամյա տղամարդ և հայտնել, որ վնասվածքները ստացել է նշված ավտովթարի ժամանակ:
Կատարվում է քննություն:

 

Վրաերթ կատարած վարորդները տուժողներին տեղափոխել են հիվանդանոց

վրաերթՄայիսի 15-ին, ժամը 10.00-ին, հիվանդանոցից Ճանապարհային ոստիկանության հերթապահ մաս հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել 78-ամյա մի կին:
Պարզվել է, որ «Կիա» մակնիշի տաքսի ավտոմեքենայի վարորդը ժամը 08.45-ին Ավանի Խուդյակովի փողոցի թիվ 1/1 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել նրան և իր ավտոմեքենայով տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Մայիսի 15-ին, ժամը 15.30-ի սահմաններում, «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Մասիս քաղաքի 4-րդ փողոցում վրաերթի է ենթարկել 7-ամյա տղայի և նրան տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Մայիսի 15-ին, ժամը 22.05-ին, «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Վաղարշապատի Արարատյան և Կամոյի փողոցների հատման վայրում վրաերթի է ենթարկել 17-ամյա երիտասարդի և շտապօգնության ավտոմեքենայով նրան տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 

Բակային տարածքների ասֆալտապատման մեկնարկած աշխատանքներն ավելի մեծ ծավալներ կընդգրկեն մայիսի 25-ից

ասֆալտապատումԵրևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մայիսի 25-ին մայրաքաղաքի վարչական շրջաններում կմեկնարկի բակային տարածքների ասֆալտապատման 2014 թվականի ծրագիրը: Սակայն, հաշվի առնելով  աշխատանքի ծավալները, որոշ վարչական շրջաններում այս գործընթացն արդեն մեկնարկել է, թեև տեղումների օրերին ճանապարհաշինարարները ստիպված են լինում անհրաժեշտ որակն ապահովելու նպատակով ժամանակավոր դադար տալ: Ասֆալտապատման ենթակա բակերի ընտրության հարցում հաշվի են առնվել համապատասխան մասնագետների նախնական ուսումնասիրության արդյունքները, վարչական շրջանների կողմից ըստ առաջնահերթության ներկայացված նորոգման ենթակա փողոցների ցանկը, ինչպես նաև երևանցիների դիմում-խնդրանքները: Մինչև աշուն կասֆալտապատվեն  1000-ից ավելի բակեր ու միջբակային ճանապարհներ`385 հազար քմ  մակերեսով:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

Երևանի Սեբաստիա փողոցում 54-ամյա տղամարդու են վրաերթի ենթարկել

ՎրաերթՄայիսի 15-ին, ժամը 21.30-ին, Երևանի Սեբաստիայի փողոցի թիվ 86 շենքի մոտ «ՎԱԶ-21703» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 54-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:  Կատարվում է քննություն:

Խարդախության մեղադրանքով հետախուզվողը` կամավոր

ձերբակալությունՄայիսի 15-ին, ժամը 11.30-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժին է ներկայացել 1984 թ. ծնված Ռուբեն Ա.-ն, որը մայիսի 14-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 1-ին մասի /խարդախություն/ մեղադրանքով:

«Մերսեդես Բենց»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել

ապակիՄայիսի 15-ին, ժամը 17.55-ին, Աշտարակ-Երևան ճանապարհի 10-րդ կմ-ին «Մերսեդես Բենց Ե 320» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

«ՎԱԶ-2106»-ը ինքնաբերաբար շարժվել և վրաերթի է ենթարկել 11-ամյա աղջկա

վրաերթՄայիսի 15-ին, ժամը 15.30-ին, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Սպիտակի Վարպետանց թաղամասում ինքնաբերաբար շարժվել և վրաերթի է ենթարկել 11-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 

Միայնակ տարեց կինը, հոգնելով փաստաթղթային քաշքշուկից, ստիպված ինքնուրույն է բուժում կոտրված ձեռքը

Նա զարմանալի համբերատար, համակերպվող ու անչափ բարի բնավորություն ունի: Նրանց ընտանիքը թեև երկրաշարժի հետևանքով կորցրել է 3-սենյականոց բնակարան, սակայն ընտանիքի մյուս անդամները շատ տարիներ առաջ հեռացել են Հայաստանից, այդպես էլ բնակարան չստանալով, իսկ անժառանգ միայնակ կինը մնացել ու շարունակում է բնակվել տնակում:
Ցավոք, նա 2008 թվականին չի դիմել ու չի վերահաշվառվել պետության կողմից բնակարանային փոխհատուցման ենթակա անօթևանների հերթացուցակում, ինչի պատճառով կորցրել է բնակարան ստանալու իր իրավունքը: Այսօր մենք կրկին այցելեցինք անպաշտպան ու անօգնական վիճակում հայտնված տարեց կնոջը: Նա մի քանի ամիս առաջ՝ ձմռանը սայթաքել-ընկել ու ջարդել է ձեռքը: Դեպքից օրեր անց, երբ ցավերը չեն մեղմացել, թակել է մի շարք բուժհիմնարկների դռները: Բուժհիմնարկներում մշտապես մերժել են օգնություն ցուցաբերել՝ իրենց մոտ նրա գրանցված չլինելու պատճառով, բացառությամբ մի դեպքի, երբ Գյումրու բժշկական կենտրոնի բժիշկներից մեկը դեղորայք է նշանակել ու խորհուրդներ տվել, թե ինչպես ինքնուրույն խնամել կոտրվածքը: Ի վերջո՝ միայնակ տատիկը փաստաթղթային քաշքշուկներից հոգնած՝ ստիպված համակերպվել է կոտրված ձեռքը ինքնուրույն բուժելու մտքին: Այսօր Մարի տատիկը մեզ հայտնեց, որ թեև ցավերը մի փոքր մեղմացել են, սակայն կոտրված ձեռքը չի բուժվում:

Առավել մանրամասն` «Շիրակ կենտրոնի» պատրաստած տեսանյութում:

Այսօր Երևանում կբացվի «Կանայք հանուն հակամարտությունների լուծման և խաղաղության» խորագրով հայ և թուրք կանանց նկարների, լուսանկարների ցուցահանդեսը

cucahandes«Հասարակություն Առանց Բռնության» ՀԿ–ի նախաձեռնությամբ այսօր «Ներկայ» արվեստների կառավարման և ստեղծարարության կենտրոնում տեղի կունենա «Կանայք հանուն հակամարտությունների լուծման և խաղաղության»  ցուցահանդեսի բացման արարողությունը: Ցուցահանդեսը կազմակերպվել է   «Հայ և թուրք երիտասարդ կանայք հանուն հարատև խաղաղության վերականգնման արվեստի և երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում: Ծրագրի նպատակն է լուսաբանել հայ և թուրք կանանց դերը որպես խաղաղություն կառուցողներ, ինչպես նաև արվեստի ու երկխոսության միջոցով ամրապնդել երկու հասարակությունների միջև վստահությունն ու համագործակցությունը:

Ցուցահանդեսին  ներկայացված են  լինելու  հայ և թուրք կանանց լուսանկարներ և նկարներ, որոնք արտահայտում են հակամարտությունների լուծման և խաղաղության հաստատման գործընթացում կանանց դերի վերաբերյալ մասնակիցների մեկնաբանությունը կտավի կամ լուսանկարչական ապարատի միջոցով:

Տասնօրյա ցուցահանդեսի ընթացքում այցելուների քվեարկությամբ կընտրվեն 2 լավագույն նկարները: Երեք մասնագետներից բաղկացած հանձնաժողովը ևս կգնահատի ցուցահանդեսում ներկայացված աշխատանքները՝ նախօրոք մանրակրկիտ ուսումնասիրելով դրանք: Վերջնական որոշումը կընդունվի երկու գնահատումների համադրման արդյունքում: Լավագույն աշխատանքների հեղինակները կստանան խրախուսիչ մրցանակներ:

Ցուցահանդեսից հետո մասնակից կանայք կհանդիպեն Վրաստանում և կքննարկեն խաղաղության մասին իրենց պատկերացումները: Նրանք կփորձեն երկու երկրների միջև առկա խնդիրները դիտարկել կանանց տեսանկյունից և հանդես կգան «խաղաղության կոչով»:

Երևանի բակերի նկարազարդման ծրագիրն արդեն մեկնարկել է

002Հաշվի առնելով մայրաքաղաքի բակերի նկարազարդման ծրագրի հաջողվածությունն ու բնակիչների դրական արձագանքը՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ բակային տարածքներում յուրօրինակ լուծումներով նկարազարդումների ծրագիրն ընդգրկվեց նաև 2014 թվականի աշխատանքներում: Մայրաքաղաքի համաչափ զարգացման համատեքստում, բակերի համալիր բարեկարգմանը զուգահեռ, նկարազարդման աշխատանքները մեկնարկել են բոլոր վարչական շրջաններում: Թարմացվում, նոր տեսք ու շունչ են ստանում ոչ միայն բակային տարածքներում առկա բոլոր անշուք պատերը, այլև ավտոտնակները: Գորշ ու խամրած գույներին փոխարինում են երևանյան ջերմ, վառ, գունեղ երանգները: 2012թ-ին նկարազարդման աշխատանքեր են իրականացվել շուրջ 190 բակերում, 2013-ին՝ 240: Նախատեսվում է, որ ընթացիկ տարվա աշխատանքների ծավալը  կգերազանցի նախորդ տարվա ցուցանիշը:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (մայիսի 15-ից 16-ը)

ոստիկանությունԸստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մայիսի 15-ից 16-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 8 դեպքից բացահայտվել է 6-ը, խարդախության` 7, յուրացման և մաքսանենգության 2-ական դեպքերը բացահայտվել են:
Բացահայտվել է գողության 5 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու` 10, գողության` 6, խարդախության` 8, յուրացման և մաքսանենգության 2-ական դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 10 պատահար. 1 մարդ զոհվել է, 9-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Կոտայքի երիտասարդները քարոզում են հետևել օրենքին ու չծխել

երիտասարդներԿոտայքի մարզի  Աբովյան, Հրազդան, Նոր Հաճն, Եղվարդ, Չարենցավան քաղաքներում ապրիլ-հունիս ամիսներին անցկացվում է «Համագործակցություն հանուն ծխից զատ միջավայրի» խորագրով ծրագիրը:

Այն իրականացնում է «Շենացնենք մեր գյուղը» ՀԿ-ն` Հայաստանի երիտասարդական հիմնադրամի` որպես ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության կողմից հայտարարված դրամաշնորհային մրցույթի շրջանակներում` «Հակածխախոտային օրենսդրության կիրարկման խթանում և պատասխանատու մարմինների ներգրավում առկա օրենսդրության արդյունավետության բարձրացման գործում» անվանակարգում:

Կոտայքի մարզի քաղաքներում արդեն իրականացվել են սեմինարներ, որոնց մասնակից 30-40 երիտասարդները ծանոթացել են պասիվ ծխելու վնասներին:

Ծրագրի հաջորդ փուլում ծրագրի մասնակիցները կշրջեն երթուղայիններով, կարձանագրեն երթուղայիններում ծխելու դեպքեր ու այդ մասին կտեղեկացնեն համապատասխան քաղաքապետարաններին: Երիտասարդները մարզի 5 քաղաքների  երթուղային տրանսպորտային միջոցների վարորդներին կտեղեկացնեն գործող օրենսդրությանը` բաժանելով բուկլետներ, տրանսպորտային միջոցներում փակցնելով կպչող թերթիկներ՝ ՉԾԽԵԼ պիտակով և թեժ գծի հեռախոսահամարով: Կպատրաստվի նաև գովազդային ռադիոհոլովակ, որը մեկ ամիս շարունակ եթեր կհեռարձակվի չորս ռադիոկայանների եթերում:

Ծրագրի համակարգող Անահիտ Թովմասյանը կարևորեց և բարձր գնահատեց նման ծրագրերի իրականացումն ու արդյունավետությունը՝ նշելով. «Քաղաքապետարանների և երիտասարդների կողմից մեծ հետաքրքրություն կար ոչ միայն ծխելուն առնչվող խնդիրներում, այլև տրանսպորտային միջոցների և վարորդների հիգիենայի հետ կապված հարցերում: Այդ է պատճառը, որ մենք համագործակցում ենք նաև լիազոր մարմինների` տրանսպորտի վարչությունների, ճանապարհային ոստիկանության  հետ»:

Անահիտ Թովմասյանը շեշտեց նաև ծրագրի իրականացման անհրաժեշտության մեկ այլ կարևոր հանգամանք. «Ծրագրի նպատակն է հասարակական դիտորդական խմբերի և համապատասխան լիազոր մարմինների համագործակցության շնորհիվ բարձրացնել հակածխախոտային օրենսդրության կիրարկման արդյունավետությունը հանրային տրանսպորտի  ոլորտում: Այդ պատճառով քաղաքներում ստեղծվելու են հասարակական դիտորդական խմբեր, որոնք հնարավորություն կտան համապատասխան լիազոր խմբից ստանալ տեղեկատվություն կոնկրետ իրավախախման մասին»:

Ծրագրի շրջանականերում նախատեսվում է անցկացնել նաև «Հինգ օր՝ ճանապարհային ոստիկանության հետ ակցիա» պարետային վերահսկողություն, որի ընթացքում վարորդները և ուղևորները հասարակական դիտորդների կողմից կզգուշացվեն համապատասխան օրենսդրության մասին, նաև կիրականացվեն տեսանկարահանում-հարցազրույցներ:

 

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի

հասարակայնության հետ կապերի ծառայություն

Սահմանամերձ գյուղի բնակչին անգամ տուն մտած հակառակորդի գնդակը չի ստիպի հեռանալ գյուղից

10157407_742030539152871_168156104372970674_nՙՙԴոնար, էս պատը էս խի ա ծակ՚՚: Ներքին կարմիրաղբյուր գյուղի բնակիչ Վոլոդյա Պետրոսյանը անակնկալի է եկել, երբ հացի սեղանի շուրջ աչքը պատին է ընկել ու տեսել, որ պատի վրա մի մեծ ծակ է հայտնվել: ՙՙՆայեմ, տենամ, որ մի պենջակ ունեմ, արդեն կյոմը մտնելիս եմ հագնում, տենամ` ջիբս  ծակել ա, ստիով մտել, ստիով տյուս եկել, մեջին ինչ ըլել ա` պասպորտ, սոցիալական քարտ, պյան, սաղ տվել-շաղ տվել: Ասկոլըչնի ա ըլել, վեր տրաքել ա՚՚,-պատմում է կարմիրաղբյուրցի Վոլոդյա Պետրոսյանը:

Հիմա իրենց տան ուղղությամբ հակառակորդի կրակած փամփուշտը ճղված պիջակի գրպանում է պահում, ինչպես ինքն է ասում` ՙՙերկուսն էլ որպես հուշ՚՚:

10353106_742026109153314_2187747477785728632_nԿրակոցի ժամանակ ինքն ու կինը բազմոցին նստած հեռուստացույց դիտելիս են եղել, փամփուշը գրեթե իրենց քսվելով է անցել, մտել պատի մեջ: Տեղի ունեցած այս դեպքից մոտ մեկ տարի է անցել: ՙՙԻնչ անեմ, դյորը քյնամ, մեր տունն ա, հեսա տենում եք` փետ եմ դարսել, որ չերևան շանորդիք, առաջը  նստում եմ, ինչքան ուզըմ են թող կրակեն, վախըմ չեմ: Բայց կինս` Դոնարը, վախըմ ա: Մի օր որ սկսեցին կրակիլը, Դոնարը հոնի ծառի տակին էր, կանչըմ եմ, ասըմ ա , սպասեմ կրակոցը կըտրի, նոր ծառի տակիցը տյուս կյամ: Ասըմ եմ ` այ քու տունը շինվի, ծառը հո քեզ փրկիլ չդի, արի տուն՚՚,-կես կատակ պատմում է Վոլոդյա Պետրոսյանը:

10296675_742025069153418_4041820210194176684_n (1)Նրանց խաղողի այգին ևս հակառակորդի նշանառության տակ է, մշակելը` ռիսկային: ՙՙԲայց դե ինչ անենք, որ չմշակենք, ոչ թոշակ ենք ստանում, ոչ նպաստ, եկամուտ չունենք: Մնացած հողերը թուրքի պատճառով բրախած ա՚՚,-ասում է տիկին Դոնարան, որն անընդմեջ հնչող կրակոցների պատճառով շաքար է ստացել, վատառողջ է, բայց էլի գործից չի կարողանում կտրվել, ձմռան ավելուկն արդեն հավաքել, հյուսել է, կախել, որ չորանա: ՙՙՀողերի մեծը մասը չենք կարում մշակենք, հենց քյընըմ ենք, կրակըմ են, չեն թողում, տրակտորի վրա էնա, որ կրակեցին, բրախեցինք էդ հողը, արդեն 2 տարի ` չենք մշակում:  Գյուղի մեծ մասի հողերն ըտեղ ա, ամբողջը թողած, մի վախտ կեսը մշակում էին,  կեսը չէ, հիմա սաղ թողել են, վախում են՚՚,-ասաց Վոլոդյա Պետրոսյանը:

10330406_742027535819838_3295108708616479011_n

Նա մատնացույց է անում դիմացի սարն ու նշում` այ այստեղից են Ներքին կարմիրը մաղում, Հայերի հանդ ենք ասում:  ՙՙՊատուհանը փակել եմ, քարով պատել, որ գոնե մի քիչ ապահովություն զգանք՚՚:

Վոլոդյա Պետրոսյանը  1990-ականներին պահել է հայրենի գյուղի սահմանը, ասում է` առջին գիծ ենք, որպես սահմանապահի`կարմիր գրքույկ ունենք, ես էլ, Դոնարն էլ:

10382985_742028579153067_863338121714550920_n ՙՙԷն օրը մեկը զանգել ա, ասում ա` ապահովության համար դուրս եկեք տնից, գնացեք ավելի ապահով թաղամաս, մայիսի 9-ն էր, դե հաղթանակի օրն ա, Շուշիի օրն ա, մտածեցին`կարող ա առիթավորվեն, կրակեն, էլի:  Ասեցի` չէ քեմատաղ, դուրս գալու տեղ չունեմ, մեր տանն եմ մնալու, հաղթանակի օրը մեր տանն եմ նշելու՚՚:

Անկախ

Երևանի քաղաքապետարանը՝ Երևանի մանուկներին

001Մեկնարկել է Երևանի քաղաքապետարանի և «Հայ մայրեր» բարեգործական հասարակական կազմակերպության համատեղ ծրագրի գործնական առաջին փուլը՝ մանկական ուղեղային կաթվածով հաշմանդամ երեխաների վերականգնողական բուժման հիպոթերապիայի ամիսը։ Ծրագրի շահառուները կազամակերպության ամենաթիրախային խմբի անդամներն են՝ հաշմանդամություն ունեցող 17 երեխաներ, ովքեր  միայնակ մայրերի խնամքի ներքո են։

Մեկ ամսվա ընթացքում յուրաքանչյուր երեխա 12 պարապմունքի է մասնակցելու՝ 30-ական րոպե տևողությամբ։

«Ծրագիրն առաջարկել է «Հայ մայրեր» հասարակական կազմակերպությունը,  և նման ծրագրերին աջակցությամբ արձագանքելը քաղաքապետարանի գործելաոճն է։ Քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ անմիջապես ստանձնեցինք այս երեխաների առողջության ու նրանց ընտանիքների համար անչափ կարևոր ծրագրի իրականացումը։ Ծրագիրը ներառում է երեք փուլ, և ծրագրի ողջ ընթացքում քաղաքապետարանը լինելու է այս երեխաների կողքին»,- նշել է Երևանի քաղաքապետի օգնական Սամվել Մերթարջյանը։

Ծրագրում ներառված այլընտրանքային վերականգնողական բուժման փուլերն են հիպոթերապիան, հիդրոթերապիան, արտթերապիան։ Յուրաքանչյուր թերապիայի ամիսը 12-ական  պարապմունք է ներառում յուրաքանչյուր երեխայի համար։

«Հիպոթերապիան ամենաարդյունավետն է մանկական ուղեղային կաթվածով հաշմանդամ երեխաների վերականգնողական այլընտրանքային բուժման մեթոդներից։ Յուրաքանչյուր երեխայի դեպքում ակնկալում ենք յուրովի արդյունք, քանի որ մանկական ուղեղային կաթվածը շուրջ 50 տարատեսակ ունի, հետևաբար առողջության բարելավումը սպեցիֆիկ է։ Սակայն դրական փոփոխություն, վստահությամբ եմ ասում, յուրաքանչյուր երեխայի մոտ արձանագրելու ենք։ Այսպիսով, դեռևս ծրագրի մեկնարկին, թույլ տվեք բոլոր մայրերի անունից շնորհակալություն հայտնել Երևանի քաղաքապետին՝ այս ծրագրին աջակցելու, ավելին՝ այսքան կարճ ժամանակում այն կյանքի կոչելու համար»,- նշել է «Հայ մայրեր» հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ Նարինե Մանուկյանը։

Ծրագրի մասնակից երեխաներից շատերը հիպոթերապիայի կուրսի մասնակցում էին ոչ առաջին անգամ։ Նրանց ծնողների խոսքով՝ հիպոթերապիան չափազանց կարևոր մեթոդ է։ Մասնակից երեխաներից մի քանիսը անգամ սկսել են քայլել հիպոթերապիայի առաջին իսկ կուրսից հետո։ Այս ծրագրի ավարտին ևս մայրերը ակնկալում են արդեն ձեռքբերած արդյունքների բարելավում։

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

Հայաստանի մանուկներ հիմնադրամն աջակցում է «Դպրոցներն առողջության համար» Եվրոպական ցանցի աշխատանքների ընդլայնմանը

Schools for Health in Europe (2)Ս.թ. մայիսի 13-ից 14-ը Հայաստանի մանուկներ հիմնադրամի (COAF) նախաձեռնությամբ և ՀՀ Առողջապահության նախարարության հովանու ներքո գործող «Դպրոցներն առողջության համար» ծրագրի հետ համագործակցությամբ տեղի ունեցավ «Դպրոցներն առողջության համար» Եվրոպական ցանցի (Schools for Health in Europe) երրորդ սեմինարը ՀՀ-ում: Ծրագրի նպատակն է ընդլայնել ցանցի աշխատանքները Հայաստանում և խթանել առողջությունը խրախուսող դպրոցների թվի ավելացմանն ու գործունեության ակտիվացմանը:

Դպրոցներում զարգացնել կարողություններ և տրամադրել անհրաժեշտ գործիքներ իրավիճակը ճիշտ գնահատելու, արդյունավետ ծրագրեր մշակելու և ինքնուրույն իրականացնելու համար. սա է առողջ դպրոցի կարևորագույն գաղափարը, որը համահունչ է նաև COAF-ի զարգացման ծրագրերի ընդհանուր գաղափարախոսությանը:

Հայաստանում այս պահին գործում է ինը «Առողջ դպրոց», որից վեցը COAF-ի շահառու դպրոցներն են (ՀՀ Արմավիրի մարզի Լեռնագոգի, Սարդարապատի, Շենիկի, Մյասնիկյանի, Քարակերտի թիվ 1, ինչպես նաև ՀՀ Արագածոտնի մարզի Արտենի համայնքի դպրոցը):  Սեմինարի ընթացքում հնչեցված ՀՀ Առողջապահության նախարարի հրամանի համաձայն՝ ներկայումս գործող ինը առողջ դպրոցներին ավելանում են ևս հինգը (ՀՀ Արմավիրի մարզի Հացիկի, Վանանդի, Գետաշենի, Քարակերտի թիվ 2, ինչպես նաև ՀՀ Գեղարքունիքի մարզի Ծաղկունք համայնքի դպրոցը): Վերջինս թեև չի հանդիսանում COAF-ի շահառու համայնք, սակայն հայտնել է ցանկություն և պատրաստակամություն անդամակցելու Հայաստանի առողջ դպրոցների ցանցին:

Երկօրյա սեմինարի ընթացքում ուսումնասիրվեցին առողջությունը խրախուսող դպրոցների սկզբունքներն ու արժեքները, դիտարկվեցին «Դպրոցներն առողջության համար» Եվրոպական ցանցին անդամակցելու համար անհրաժեշտ նախնական հմտությունները, քայլ առ քայլ քննարկվեցին ապագա մասնակից դպրոցների քաղաքականության մշակման և աշխատանքների հետագա պլանավորման փուլերը:

Եվրոպական փորձը ցույց է տալիս, որ առողջ դպրոցներում աշակերտների շրջանում գրանցվում է ավելի բարձր առաջադիմություն: «Առողջ դպրոց»-ի ստեղծումը համագործակցային գործընթաց է, որին մասնակցող թիրախային խմբերն են դպրոցի ղեկավարությունը, ուսուցիչները, աշակերտները, ծնողները, դպրոցի բուժքույրը և համայնքն ամբողջությամբ: Համայնքում առողջ դպրոցի ներմուծմամբ բոլոր երեխաների և դպրոցի անձնակազմի համար ստեղծվում են հավասար հնարավորություններ՝ օգտվելու կրթական և առողջապահական ծառայություններից:

Առողջ դպրոցը խթանում է միջոցառումներ նախաձեռնելու, փոփոխություններ իրականացնելու և որոշումներ կայացնելու երեխաների հնարավորությունը: Առողջապահական կրթումը ինտեգրված է ուսումնական ամբողջ ծրագրում և դպրոցական առօրյայի բոլոր ոլորտներում: Առողջությունը խրախուսող դպրոցների կարևորագույն տարրերից են նաև առողջ սնուցումն ու ֆիզիկական ակտիվությունը:

2012թ. վերջից COAF-ի առողջապահական ծրագիրը սերտորեն համագործակցում է «Դպրոցներն առողջության համար» Եվրոպական ցանցի հետ: Այս գործընկերության շրջանակներում Հիմնադրամը զեկույցով հանդես եկավ 2013թ. հոկտեմբերին Դանիայի Օդենս քաղաքում կայացած «Դպրոցներն առողջության համար» 4-րդ միջազգային համաժողովին, որը հյուրընկալեր էր 250 մասնակից 30 երկրից: Զեկույցի ընթացքում ներկայացվեց առողջ դպրոցների խրախուսման Հիմնադրամի մոդելը, ներառյալ դպրոցներում ատամների մաքրման կայանների (Brushodrome) կառուցումը, ատամների խնամքի կրթությունն ու անվճար ատամնաբուժական ծառայությունների տրամադրումը, ատամնափուտի կանխարգելման նպատակով կատարվող ատամների ֆտորացումը, դպրոցական առողջ սննդի ծրագիրը, որի շրջանակներում վերանորոգվում են դպրոցական ճաշարանները, և ամենօրյա տաք սնունդ է տրամադրվում տարրական դպրոցի երեխաներին:

Մենք դարձել ենք արևմտյան արժեքների գերին. սոցիոլոգ

ընտանիքՄայիսի 15-ը ամբողջ աշխարհում տոնվում է որպես ընտանիքի օր: Ժամանակակից հայ ընտանիքներում եղած խնդիրներից լրագրողների հետ խոսեցին  հոգեբան Հռիփսիմե Պետրոսյանը և ԵՊՀ սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնի վարիչ, դոցենտ, փիլիսոփայության գիտությունների թեկնածու Արտակ Խաչատրյանը:

«Բավականին ողջունելի քայլ է, որ Հայաստանը փորձում է ընդունել  այս օրը որպես տոն, որովհետև ընտանիքը մեր հասարակության մի մասն է, և դրա փոփոխությունները անդրադառնում են ընտանիքի վրա: Սակայն միայն այս քայլը բավարար չէ», – ասաց Հռիփսիմե Պետրոսյանը, նշելով, որ մտահոգված է ավանդական և ժամանակակից ընտանիքներում ստեղծած իրավիճակով. «Ավանդական, հին ընտանիքը,  իր դրական կողմերը չկարողանալով պահել, ներմուծում է եվրոպականը, ինչը քաոսային իրավիճակ է ստեղծել:  Պակասում է այն կարգավորող օղակի դերը, որը նախկինում կատարում էին ծնողները: Այս գործընթացը պետության կողմից պետք է վերահսկվի»:

Հոգեբանը նշեց, որ կան շատ հանգամանքներ, որ ազդել են ընտանիքների վրա, որոնցից ամենաբացասական ազդեցությունը թողել է արտագաղթը. «Սա անդրադառնում է  ընտանիքի գործառույթների վրա, դրա ներքին հարաբերությունների վրա: Շատ դեպքերում երեխայի ուսերին է դրվում ընտանիքը պահելու հոգսը և նման այլ խնդիրներ»,-ասաց նա:

 

Հայկական ընտանիքի համար արտագաղթի ավերիչ հետևանքներից խոսեց նաև  Արտակ Խաչատրյանը. «Արտագաղթի պատճառով շատ ընտանիքներ կիսվեցին: Վերարտադրության տարիքի արական սեռի ներկայացուցիչները հեռացան երկրից: Նրանց սեզոնային արտագաղթը ընթացքում դարձավ  հիմնական: Պատկերացրեք, թե ծնողներից մեկի բացակայությունը ինչպես կարող է ազդել երեխայի դաստիարակության վրա: Հետսովետական ծանր իրավիճակը ազդեց ընտանիքի սոցիալական և կենսսաբանակ վիճակի վրա: Ընտանիքը չի կարողանում ինքն իրեն վերարտադրել: Սոցիալական վատ պայմանների պատճառով շատ երեխաներ հայտնվել են խնամքի կենտրոններում»,- ասաց նա:

Արտակ Խաչատրյանը ընդգծեց նաև Արևմտյան արժեքների բացասական ազդեցությունը հայկական ընտանիքի վրա. «Դրանց ներթափանցումը Հայաստան  անխուսափելի է, որքան էլ բարձր պատեր ստեղծենք: Դրա հետևանքով այսօր շատացել են ամուսնալուծությունները, խառը ամուսնությունները: Ցավալի է, որ մենք դառնում ենք այդ արժեքների գերին: Այս ամենի պատճառը այն է, որ 90-ականներին, երբ նոր էին ներթափանցում եվրոպական արժեքները վերահոսկողություն չեղավ և պետական արժեքային համակարգ չստեղծվեց: Մենք ընդունում ենք այն արժեքները, որը հենց Արևմուտքը մեծ դժկամությամբ է ընդունել»:

Անկախ

Մայիսին չամուսնանալու ավանդույթը եկել է նախահայկյան ժամանակներից

Գրիգոր ԲրուտյանՀայաստանում շարունակում է տարածված իրողություն մնալ մայիսին չամուսնանալու ավանդույթը: Մարդիկ խուսափում են մայիսին ամուսնանալուց: Առաքելական եկեղեցին չի արգելում մայիսին ամուսնանալը, և դա համարում է սնահավատություն:  Այս թեմայով այսօր լրագրողների հետ զրուցեց ՀՀ ԳԱԱ Վիկտոր Համբարձումյանի տուն-թանգարանի տնօրեն, աստղագետ, տոմարագետ Գրիգոր Բրուտյանը:

«Նման ավանդույթները հիմնականում կապում են կրոնական պատկերaցումների հետ: Այս դեպքում դա այդպես չէ: Մենք պարզել ենք դրա ակունքները, երբ ծանոթացել ենք նախահայկյան օրացույցի հետ: Բանն այն է, որ տարեմուտը այն ժամանակ համարվում էր ամառվանից մեկ շաբաթ առաջ, և դրանից առաջ սկսվում էր 70-օրյա արգելքների շրջանը: Ապրիլի 5-ից հունիս 10-ն ընկած ժամանակահատվածի ընթացքում արգելվում էր մսամթերքի, կաթնամթերքի գործածությունը, արգելվում էին նաև ամուսնական հարաբերությունները, պսակադրությունները: Սրա մնացորդները մնացել են ոչ միայն մեր կյանքում, այլև հարևան երկրների կենսակերպում»,-ասաց Գրիգոր Բրուտյանը, հավելելով, որ իրեն հայտնի չէ` որևէ անհաջողություն եղել է այն ընտանիքների հետ, որոնք պսակադրվել են մայիս ամսին:

301 թվականին քրիստոնեությունը ընդունելուց հետո հին կրոնի հետ կապված շատ ավանդույթներ վերացան, սակայն շատ բեկորներ դրանցից, այնուամենայնիվ, մնացին: «Ես կողմնակից եմ ավանդույթները պահպանելուն: Այն պահպանելը հիմք ունի. դրանք ստեղծվել են իմաստուն մարդկանց կողմից և դիմացել են ժամանակի քննությանը:

 

Այն հարցին, թե հնարավոր է, որ այս ավանդույթը այլ ազգերից փոխառված լինի, աստղագետը պատասխանեց. “Հայագիտությունը ձևավորվել է Հայաստանից դուրս և հայագետների մեծ մասը կրթություն է ստացել դրսում: Այնտեղ իշխում էր այն միտքը , թե Հայաստանում ինքնուրույն ոչինչ չի եղել: Սակայն, եթե տեսնում ենք , որ նույն երևույթը գոյություն ունի տարբեր տեղերում, պետք է նայել պատճառաբանությանը. տվյալ դեպքում մենք հստակ տեսանք մայիսին չամուսնանալու ավանդույթի ակունքները”:

Ինչպես է պետք Հայոց ցեղասպանության հարցը տեղափոխել իրավական հարթություն

քննարկումԻնչպես է պետք Հայոց ցեղասպանության հարցը տեղափոխել իրավական հարթություն և պահանջել Թուրքիայից վերացնել Հայոց ցեղասպանության հետևանքները, ինչը ենթադրում է հայ ժողովրդի իրավունքների վերականգնումը նրա պատմական հայրենիքում: Մայիսի 15-ին այս թեմաների շուրջ դասախոսություն ունկնդրեցին ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի պատմության բաժնի մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանողները:

Դասախոսություն-քննարկումն անցկացվեց «Հայոց ցեղասպանության գործով միջազգային դատական ատյանին հայցով դիմելու հիմքերն ու հնարավորությունները» ծրագրի շրջանականերում: Այն իրականացնում է «Օրենքի ուժով» իրավապաշտպան ՀԿ-ն` Հայաստանի երիտասարդական հիմնադրամի` որպես ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության կողմից հայտարարված դրամաշնորհային մրցույթի շրջանակներում` «Հայոց ցեղասպանության՝ իբրև մարդկության դեմ գործած հանցագործության հետապնդման թղթածրարի պատրաստում» անվանակարգում:

«Օրենքի ուժով» իրավապաշտպան ՀԿ-ի նախագահ, ՀՀ ԳԱԱ Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության պատմության բաժնի վարիչ Արմեն Մարուքյանը կարևորեց Հայոց ցեղասպանության հարցը իրավական հարթություն տեղափոխելու խնդիրն ու նշեց. «Մեր հարևան պետությունը ժխտողական քաղաքականություն է վարում և կամավոր չի ցանկանում ճանաչել այդ փաստն ու վերացնել հետևանքները` կապված հատուցման հետ: Ակնհայտ է, որ տվյալ պարագայում այլ ելք չի մնում ՀՀ-ին, քան փորձել դատական կարգով լուծել այդ խնդիրը. հացը տեղափոխել իրավական հարթություն, քանի որ պատմական առումով խնդիրն արդեն հանգուցալուծված է»: Պարոն Մարուքյանը շեշտեց, որ պետք է իրավական նորմերի հիման վրա ստեղծել հայցադիմումն ու թղթածրարը, որպեսզի հնարավոր լինի հարցը տեղափոխել իրավական հարթություն: Արմեն Մարուքյանը նախադեպային համարեց նաև այն փաստը, որ ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող դրամաշնորհի շրջանականերում հարցին նման կարևորություն է տրվում ու մանրամասնեց. «Ուրախալի էր այն, որ հենց թղթածրարի պատրաստման անվանակարգ կար, և դա էր դրդող հանգամանքը, որ որոշեցինք մեր բաժնի աշխատակիցներով դիմել դրամաշնորհի»:

Ծրագրի համակարգող Համո Սուքիասյանն էլ տեղեկացրեց, որ այժմ գիտական ուսումնասիրություններով զբաղվող խումբը նյութերի հավաքման փուլում է և նախատեսում են նոյեմբերին տպագրել եռալեզու (անգլերեն, հայերեն, ռուսերեն) մի աշխատություն, որտեղ ընդգրկված են լինելու տեսական հիմնավորումներ, ուսումնասիրությունների արդյունքներ, որոնք հետագայում կօգտագործվեն թղթածրարի պատրաստման աշխատանքներում:

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի

հասարակայնության հետ կապերի ծառայություն