ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայութունից Անկախին հայտնեցին, որ հանրապետության տարածքում՝• Օդի նվազագույն ջերմաստիճան 3.60C (2002 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան 15.70C
ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայութունից Անկախին հայտնեցին, որ հանրապետության տարածքում՝
Մայիսի 9-ին՝ Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 69-ամյակի կապակցությամբ, Գյումրիում ռուսական 102-րդ ռազմաբազայի մասնակցությամբ զորահանդես է կայանալու :
Ասում են միջոցառումը նախաձեռնել են ՀՀ եւ ՌԴ պաշտպանության նախարարությունները, եւ զորահանդեսին էլ մասնակցելու են Գյումրիում տեղակայված հայկական ու ռուսական զորամասերը: Երեկվանից սկսվել են զորահանդեսի նախապատրաստական աշխատանքները: Այդ կապակցությամբ, 4 օր շարունակ կաթվածահար է լինելու քաղաքի կենտրոնական հրապարակի եւ այնտեղ մտնող փողոցների երթեւեկությունը:
Մայիսի 5-8, ամեն օր, երեկոյան 17:00-19:00-ն Վարդանանց հրապարակն ու 9 փողոցները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, անգամ հրապարակից հեռացվում են քաղաքապետարանի աշխատակիցների մեքենաները: Հետիոտներին նույնպես ոստիկանները փորձում են դուրս բերել այդ հատվածներից: Հրապարակի քարե գորգին նստարաններ են տեղադրված, որտեղից հիմնականում զինվորականների ընտանիքների անդամներն այս օրերին հետեւում են նրանց փորձերին:
Զինվորականները շարային քայլվածքով անցնում են ամբողջ հրապարակը, հետո անցնում է ռազմական ծանր տեխնիկան՝ մի քանի մեքենա: Թե կոնկրետ ինչ տեխնիկա է ցուցադրվելու զորահանդեսին, կամ ովքեր են հյուրընկալվելու, կազմակերպիչներն ու Գյումրու քաղաքապետարանը հստակ տվյալներ չեն հրապարակում, սահմանափակվելով միայն ասելով.”գալու են բարձրաստիճան զինվորականներ”:
Այս փորձերի կապակցությամբ որոշակի անհարմարություններ են ստեղծվել Գյումրու կենտրոնում ապրողների եւ օբյեկտների աշխատանքների համար: Նրանք ստիպված շուտ են ավարտում աշխատանքները, առեւտրի օբյեկտների մի մասը ժամը 17-ից փակվում են: Իսկ հարակից փողոցների բնակչիներն այս ժամանակահատվածում գտնվում են գերու կարգավիճում. ՚Լավ է, որ նման միջոցառումները մեր քաղաքում են անցկացնում, բայց ավելի ճիշտ չէ՞ր լինի զինվորներին քայլել սովորեցնել զորամասերի շարահրապարակներում, ոչ թե գլխավոր հրապարակում: Մեր՝ Սերգո Համբարձումյանի փողոցը բոլոր կողմերից փակել են. համ Հաղթանակի պողոտան է փակ, համ հրապարակը, համ էլ Ս.Համբարձումյանը, որ հանկարծ մարդ վատանա, շտապօգնությունը ոտքով է գալու՞՚, – archive2.ankakh.com-ի հետ զրույցում նշեց Ս.Համբարձումյան փողոցի բնակչուհիներից մեկը: Մեկ ուրիշն էլ նշեց, թե գոնե թողնեն էրեխեքը նայեն ՚Հո իրանց չեն ուտե՞: Դուք գիտեք, որ քաղաքի կենտրոնում կապրինք շատ լավ է՞: Մարդուն էլ արգելեն սեփական տնից դուրս գալ, ինչ է թե հրապարակում պաշտոնական միջոցառում է՚:
Հավելենք, որ մայիսինյան այս զորահանդեսի պատվին արդեն թարմացվել են քաղաքի կենտրոնական հատվածների գծանշումները, կարգի է բերվել ՚Մայր Հայաստան՚ հուշահամալիրի տարածքը, քաղաքի տարբեր հատվածներում ծածանվում են ՀՀ եւ ՌԴ պետական դրոշները:
«Վարդան Այվազյան, Արամ Հարությունյան… մեկը մեկից անորակ բնապահպանության նախարարներ են եղել: Մենք ոչ մի ակնկալիք չունենք նոր նախարար Արամայիս Գրիգորյանից,»-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Թեղուտի պաշտպանություն» քաղաքացիական նախաձեռնության անդամ, իրավաբան Արթուր Գրիգորյան, հավելելով, որ նոր նախարարը, որը Արարատի նախկին մարզպետն էր, գործարար է և ընդհանրապես կապ չունի բնապահպանության ոլորտի հետ:
Արթուր Գրիգորյանը նշեց, որ բնապահպանները արդեն կտրուկ քայլերի են դիմելու քանի որ իրենց օրինական պահանջները Բնապահպանության նախարարությունը չի իրականացնում: «Մենք կհամագործակցենք միջազգային կազմակերպությունների հետ, որոնք ֆինանսավորում են բնապահպանության նախարարության ծրագրերը, և կպահանջենք սանկցիաներ կիրառել և փակել նրանց ֆինանսական խողովակները: Դրանից հետո, կարծում եմ նրանք կհասկանան, որ արդեն անցել են ամեն ինչ սահմանը»,-ասաց Արթուր Գրիգորյանը:
Բնապահպանները պահանջում են, որ Արարատյան դաշտի արտեզյան ավազանի ջուրը քվոտավորվի, Արփա–Սևան ջրատար թունելի վերանորոգման աշխատանքները վերջապես ավարտվեն, կառուցել Եղվարդի ջրամբարը և այլն:
Արթուր Գրիգորյանը հայտարարեց նաև, որ Թեղուտի նախաձեռնությունը ձեռք է բերել ապացույցներ, որոնք ցույց են տալիս, որ այն, ինչ հիմա տեղի է ունենում Թեղուտում անօրինական է և քրեական գործեր հարուցելու արժանի:
«Թող սա դիտվի որպես հաղորդում հանցագործության մասին, որում ներգրավված են թե՛ պետական, թե՛ մասնավոր հատվածը»,- ասաց բնապահպանը:
Բնապահպանական խնդիրների անդրադարձավ նաև Ինգա Զարաֆյանը, նա նշեց, որ Բնապահպանության նախարարությունը ոչ մի անգամ պաշտպան չի եղել Սևանա լճին, չնայած այն ուղղակի գտնվում է նախարարության պաշտպանության ներքո. «Այսպիսի վերաբերմունքը մեր ազգային հարստությանը կարելի է ասել մեր ռեսուրսներն ավերածության է տանում, մենք ավերում ենք մեր ջրային ռեսուրսները, և դրա վառ ապացույցը Արարատյան դաշտի աղետալի վիճակն է, ինչին հասցրեց հասնել նախորդ կառավարությունը»
Սեմյոն Դավիդովիչ Կիրլյանը (1898-1978) սովետական ֆիզիոթերապևտ, գյուտարար ու հետազոտող է: Իր կնոջ` Վալենտինա Խրիսանֆովնայի հետ մշակել է տարբեր բնույթի օբյեկտների լուսանկարահանման նոր` գազապարպման մեթոդը, որը հնարավորություն է տալիս տեսնելու, հետևելու ատոմների կամ մոլեկուլների լուսարձակումը: Ներկայումս այդ մեթոդը լուսանկարչության նոր տեսակի հիմքն է դարձել, որն ընդունված է անվանել գազապարպման եղանակով լուսանկարչություն, իսկ միջոցը` «Կիրլյանի մեթոդով գազապարպմամբ լուսանկարում», կրճատ` «կիրլյանագրաֆիա» կամ պարզապես «կիրլյան էֆեկտ»:
Կենսագրությունը
Սեմյոն Դավիդովիչ Կիրլիանը կամ Կիրլյանը ծնվել է 1898 թ. փետրվարի 20-ին Եկատերինոդարում` հայ բազմազավակ ընտանիքում: Մայրը Եվա Կիրլյանն էր (օրիորդական ազգանունը` Նազարովա), հայրը` Դավիդ Կիրլյանը: Ընտանիքում 9 երեխա կար: Կրտսեր եղբայրը` Միխայիլը, ջութակահար է, պրոֆեսոր, Կրասնոդարի երաժշտական դպրոցի տնօրեն:
Կրթություն ստանալու հնարավորություն չունենալով` Սեմյոնը ստիպված էր վաղ տարիքից աշխատել կառավարիչ, դեկորատոր, դաշնամուր լարող, սակայն ամենից շատ նրան գրավում էր էլեկտրամեխանիկի մասնագիտությունը:
1923-ին նա ամուսնանում է հոգևորականի դստեր` Վալենտինա Խրիսանֆովնա Լոտոցկայայի հետ, որը լրագրող էր, դասատու: Նա ամուսնու հավատարիմ ընկերն ու օգնականը դարձավ:
Կիրլյանն աչքի էր ընկնում անսովոր աշխատունակությամբ, կարդում ու վերընթերցում էր գիտական ու կիրառական հարցերի վերաբերյալ մեծ քանակությամբ գրականություն, որոնք հետաքրքրում էին իրեն: Ապրում էր իր աշխատանքով ու փորձեր կատարում գիտության ու տեխնիկայի տարբեր բնագավառներում` ամեն ինչ վերլուծելով ու չընդունելով դրանք որպես դոգմա:
Կիրլյանը մի շարք օգտակար գյուտերի հեղինակ է: Օրինակ` քաղաքային տպարանն օգտագործում էր նրա պատրաստած էլեկտրավառարանը շարվածքի ձուլվածք ստանալու համար, իսկ ալրաղաց գործարանում հացահատիկը մաքրող մագնիսական սարքավորում էր ստեղծել: Շատ հեռանկարային էր մթերքների պահածոյացման արտադրությունում ջերմամշակման սարքավորում ստեղծելու գաղափարը:
1939-ին Կիրլյանն ընդունվեց քաղաքային հիվանդանոց որպես էլեկտրասարքեր նորոգող վարպետ: Նորոգելով խափանված ֆիզիոթերապևտիկ սարքը, որում բարձր հաճախականություն էր գործի դրվում, նա ուշադրություն դարձրեց էլեկտրոդների միջև առաջացած տարօրինակ վարդագույն լուսավորմանը: Կիրլյանը որոշեց ֆոտոժապավենի վրա գրանցել այդ լուսարձակումը: Առաջին առարկան, որ «լուսանկարվել» է այդ մեթոդով, մետաղադրամն էր: Գյուտարարը դրամին միացրեց մի էլեկտրոդը, վրայից դրեց ժապավենն ու ծածկեց երկրորդ էլեկտրոդով, ապա միացրեց բարձր հաճախականությամբ հոսանքը: Պատկերի վրա տեսավ, թե ինչպես է դրամի եզրերից պարպում կատարվում: Կիրլյանը սկսեց տարբեր իրեր տեղադրել այդ դաշտում` առանց լուսանկարչական սարքի լուսանկարելով նաև ծառերի ու սեփական ձեռքերի անսովոր լուսարձակումը: Իր ուսումնասիրությունների հիման վրա նա մի օրինաչափություն նկատեց. բարձր հաճախականության դաշտում հայտնված յուրաքանչյուր կենդանի օբյեկտի լուսարձակման պատկերը կախված է լուսանկարվող օբյեկտի վիճակից: Օրինակ` մի պատկեր էր ստացվում, երբ տերևը նոր էր պոկած լինում ծառից, ու մեկ այլ պատկեր էր ստացվում, ասենք, մեկ ժամ հետո: Էականորեն տարբեր էին առողջ մարդու ու հիվանդ կամ պարզապես հոգնած մարդու ձեռքի լուսարձակումները: Ուսումնասիրության ընթացքում գիտնական ամուսինները հայտնաբերեցին մեկ այլ հետաքրքրական փաստ. պարպման գործընթացը կախված է ոչ միայն օբյեկտի առողջական, այլև զգայական վճակից:
1949-ին նրանց հաջողվեց արտոնագրել իրենց բազմամյա ջանքերի պտուղը` «Կիրլյան» սարքը, որը Գյուտերի ու հայտնագործությունների պետկոմիտեում արտոնագրվեց և իսկույն էլ գաղտնագրվեց: Կիրլյան ամուսինների մշակումները պաշտպանված են հեղինակային 21 իրավունքով:
Նրանք բազմիցս են արտասահմանյան լաբորատորիաներում, ինստիտուտներում աշխատելու
հրավերներ ստացել, բայց քանի որ նրանց ելքի անցագիր տալն արգելված էր, գիտնական ամուսինները սահմանափակվում էին գործնական նամակագրությամբ: Արխիվներում պահպանվել են նամակներ աշխարհի 130 քաղաքներից:
Պետական հիմնարկներից ոչ մի աջակցություն և գյուտերի համար որևէ վարձատրություն չստանալով անգամ` նրանք աշխատում էին` չխնայելով իրենց ու փորձեր կատարում, ինչպես Ս. Կիրլյանն է գրել, «ավելի խորը թափանցելու այդ ածանոթ աշխարհը` հանուն Երկրի ու մարդկության բարօրության»:
Գյուտարար ամուսինների չքավորության մասին են վկայում օրագրերում արված բազմաթիվ գրառումներ: Ահա դրանցից մեկը:
Հանրապետական նշանակության անհատական թոշակի որոշման մերժումից հետո Վալենտինա Կիրլյանը 1968-ի մարտի 7-ին գրում է.«Եվ այսպես, հանրապետական թոշակի հույսը տապալվեց: Մերժում: Կնշանակի կրկին կարիք: Կրկին առանց շալվարի, կոստյումի ու վերնաշապիկի: Մինչդեռ ամեն ինչ արդեն մաշվել է: Թավշե բաճկոնի թևքերն արդեն քրքրվել են, կարճացել կարկատաններից: Մոխրագույն միակ շալվարը, հետքերից ու ժամանակից մաշված, ամոթ է անգամ վերարկուի տակից հագնելը: Իսկ շուռ տված վերարկուն, որ արդեն խունացել է արևից, քամուց ու անձրևից, անորոշ գույնի է դարձել: Ոչինչ, բայց Սենան արդեն 8-րդ տասնամյակն է ոտք դրել, պետք է, չէ՞, մի կարգին շոր լինի, չէ՞ որ հարգարժան մարդիկ են նրա մոտ խորհրդի գալիս: Իսկ ես… ես չունեմ գոնե մի, մի այնպիսի շոր, որ չամաչեմ, ամբողջը հնոտիք է: Նորը կարելու կամ գնելու դրամ չկա: Աղետ է: Լույսի ոչ մի շող: Իսկ փորձերը դադարեցնելը կամ չանելն անհնար է: Կյանքը կարճ է, քիչ է մնացել, այնքան քիչ: Իսկ գաղափարները` անհատնում: Պետք է շտապել ու հայտ ներկայացնել: Եթե ուշացնենք, մեզ հետ գերեզման կտանենք: Չնայած դա քչերին է հետաքրքրում: Մեզ բալաստի պես դուրս են գցել, պետության մեջ չկա մի կազմակերպություն, որ մեզ փոխարինի, վերցնի իր վրա բևեռայնացման ու ներդրման նոր սարքավորման մշակումն ու մեթոդիկայի կատարելագործումը: Առաքելությունը, հույսը կտրվեց: Մենք մինչև մահ չենք կարող դուրս գալ այդ նյութական նեղությունից: Անթափանց լույս է: Անհուսություն»:
Իսկ մի օր անց նույն օրագրի էջերում կրկին ստեղծագործական պլանների ոգեշնչված նկարագրություններ են:
1957-ին լույս տեսավ Կիրլյանի` «Պարպումների հրաշալի աշխարհում» գրքույկը, որը գիտական աշխարհում իսկական ցնցում էր:
Այդ գյուտի առիթով բարձրացած ալիքը տարածվեց մամուլում: Այն ժամանակ` 60-ականների կեսերին, այդ գյուտն ասես կոչված էր հաստատելու «սոցիալիստական շինարարության հաջողությունները»: Չնայած այդ աշխուժությանը` ամուսինները հաճախ էին իրենց անպետք ու անօգնական զգում: Ահա մի գրառում` արված 1966-ին Կիրլյանի օրագրում. «17 տարվա ընթացքում պաշտոնական նամակագրություն կա նախարարությունների, կոմիտեների, գիտահետազոտական ինստիտուտների միջև` մեր մեթոդիկայի մշակման համար հատուկ լաբորատորիա ստղծելու համար: Սակայն մինչ օրս, 1949-ից սկսած, այդ լաբորատորիայի հարցը մնում է օդում կախված վիճակում ու ոչ ոք չի փորձում ղեկավարել այն, մինչդեռ Ֆրանսիայում (մենք պատահական իմացանք) արդեն մեթոդը մշակվել է, ու կենսաբաններն այն գործնականում կիրառում են: Հետաքրքիր է` սրանից օգուտ երբևէ կլինի՞, թե՞ ոչ, այն արդեն մեր շնչին է նստած»:
Մի անգամ մի գիտահետազոտական ինստիտուտի աշխատակիցները Կիրլյան ամուսիններին երկու արտաքուստ միանման տերև բերեցին: Ամուսինները տերևները տեղադրեցին բարձր լարվածության դաշտում ու, ի զարմանս շատերի, ստացան տարբեր պատկերներ: Աշխատակիցները խոստովանեցին, որ մի տերևը վերցված է հիվանդ բույսից: Իսկ հետո հանգեցին այն եզրակացության, որ նոր մեթոդով կարելի է հիվանդությունը վաղ փուլում հայտնաբերել և ոչ միայն բույսերի, այլև մարդու մոտ, կարելի է վաղ ախտորոշում անել, օբյեկտիվ գնահատել քիմիական դեղամիջոցների թերապևտիկ ազդեցությունը:
1971-ին ծանր հիվանդությունից հետո վախճանվեց կինը` Վալենտինա Խրիսանֆովնան: Եվ չնայած այդ ծանր կորստին ու վատառողջությանը` Կիրլյանը շարունակեց իր կյանքի գործը` աշխատելով ավարտել սկսած հետազոտությունները: Եվ միայն 1974-ին նա արժանացավ ՌՍՖՍՀ վաստակավոր գյուտարարի կոչման: Կյանքի վերջին տարիներին Կիրլյանին Կրասնոդարի «Սատուրն» գիտաարտադրական ընկերության հատուկ լաբորատորիայի վարիչի պաշտոն տվեցին:
Կիրլյանը վախճանվեց 1978 թ. ապրիլի 4-ին:
Կրասնոդարում` Ստավորոպոլսկայա փողոցում, Կիրլյան ամուսիններին նվիրված հուշատախտակ է տեղադրվել, իսկ Դինսկոյ ավանում թանգարան կա:
Կիրլյանի շարադրանքից
«Մտահղացումն իրականացնելու համար նոր գիտելիքներ էին պահանջվում: Հարկ եղավ ուսումնասիրել էլեկտրոնային օպտիկան, ծանոթանալ օպտիկական լուսանկարչությանը, գծապատկեր գծապատկերի հետևից կազմել: Ցավոք, առաջին փորձերը ոչ թե «աստղաբույլ» էին, այլ մատների կմախք: Ես անգամ մտածեցի` գուցե «ռենտգեն» պատկեր է ստացվել: Սակայն փորձերը շարունակվեցին: Դեպի «աստղեր» տանող ճանապարհն անցնում էր փշերի, այրվածքների, հուսահատության ու անկանխատեսելի արդյունքների միջով: Դա ձերդ գերազանցություն Պատահականությունը չէր, այլ երկար ու համառ աշխատանքի արդյունք: Անծանոթ աշխարհ ներթափանցելու տքնանք, ուր մարդու առողջության ու երկարակեցության թանկագին բանաձևերն են թաղված»:
Կիրլյանի օրագրից
«Մարդու մաշկի մեջ յուրօրինակ կենսամեխանիզմներ են կան, որոնք կատարում են բարդ ֆունկցիաներ ներքին օրգանների հետ կապված նյարդային համակարգի միջոցով: Կարծում ենք, որ նորմալ ու հիվանդագին վիճակի մաշկածածկույթի էլեկտրական վիճակի պատկերների համեմատական աղյուսակ ունենալու դեպքում մեր մեթոդը կարելի է ախտորոշման նպատակով կիրառել բժշկության ու անասնաբուծության մեջ»:
Հետագայում Կիրլյանի էֆեկտը կիրառություն գտավ հոգեկան հիվանդությունների ախտորոշման, դեղորայքի արդյունավետությունը պարզելու, օպերատորների հոգնածությունը, մարզիկների գերբեռնվածությունը հայտնաբերելու, գյուղատնտեսության մեջ շատ սերմերի ծլունակությունը որոշելու համար: Այն կիրառվում է նաև մեքենաշինության մեջ մետաղում առկա արատը հայտնաբերելու նպատակով, քրեագիտության, պարահոգեբանության, պաշտպանական արդյունաբերության ու այլ բնագավառներում:
Սեմյոն Կիրլյանի մահից հետո Կրասնոդարի երկրագիտական թանգարանում Կիրլյանի ուշագրավ ժառանգությունը պահ տալու համար տեղ չգտնվեց, նրա գործը շարունակող չկա: Եվ միայն շատ փաստաթղթեր ու գրառումներ հաջողվել է պահպանել Ելենա Կորոբովայի էնտուզիազմի շնորհիվ:
ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Էրեբունու բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ` մայիսի 5-ին, ժամը 12.00-ին, Երևանի Գաջեգործների փողոցի տներից մեկից բերման է ենթարկվել 1973 թ. ծնված Ավետիք Մ.-ն, որը 2013 թ. սեպտեմբերի 17-ից ՌԴ Մոսկվա քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 291 հոդվածի 3-րդ մասի /կաշառք տալը/ մեղադրանքով:
Մայիսի 5-ին, ժամը 13.45-ին, ոստիկանության Թումանյանի բաժնի ՊՊԾ դասակի 1-ին ջոկի ծառայողները Թումանյան փողոցում գործող տաքսի ծառայության գրասենյակի մոտից բերման են ենթարկել 1990 թ. ծնված Գևորգ Խ.-ին, որը նշված վայրում վիճաբանելով 1986 թ. ծնված Վալերիկ Կ.-ի հետ` դանակով հարվածներ է հասցրել նրան` ոտքերի շրջանում պատճառելով վնասվածքներ:
Վալերիկ Կ.-ին ոստիկանության ծառայողները տեղափոխել են հիվանդանոց:
Ըստ բժշկի տեղեկանքի` նա ի վիճակի չի եղել հաղորդում տալու:
Նշանակվել է ԴԲՓ:
Քննությունը վարում է ոստիկանության քննչական բաժանմունքը:
Մայիսի 6-ին, ժամը 04.10-ի սահմաններում, Արտաշատ-Երևան գյուղամիջյան ճանապարհին` Դալար գյուղի հատվածում, «ՎԱԶ-21065» մակնիշի ավտոմեքենան բախվել է բետոնե պատնեշներին, ինչի հետևանքով վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Նույն օրը, ժամը 06.00-ին, հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ ուղևորներից մեկը` 1989 թ. ծնված Նվեր Դավթյանը, մահացել է:
Կատարվում է քննություն:
Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մայիսի 5-ից 6-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 13 դեպքից բացահայտվել է 11-ը, մաքսանենգության 1 և խարդախության 8 դեպքերը բացահայտվել են:
Բացահայտվել է գողության 7 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 2 և գողության 1 դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար. 1 մարդ զոհվել է, 13-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերի մուտքերի նորոգման նախորդ տարիներին մեկնարկած ծրագիրը շարունակվում է նաև այս տարի: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ 2014 թվականին ևս գործընթացին կցուցաբերվի համալիր մոտեցում: Կնորոգվեն ոչ թե միայն շենքերի մուտքերը, այլև շքամուտքերն ամբողջությամբ: Քաղաքապետարան – վարչական շրջան – համատիրություն եռակողմ ծրագրի արդյունքում նորոգված շքամուտքերի թիվը մինչև տարեվերջ կավելանա ևս 727-ով: Ներկայում ծրագրում ներառված նորոգման ենթակա շքամուտքերից 57- ում աշխատանքներն ավարտվել են, 76-ում` ընթացքի մեջ են:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Քիչ առաջ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է իր անունը սխալ գրելու պատճառով «Արմենիա» հեռուստաընկերության լրագրողին և մոնտաժողին աշխատանքից հեռացնելու փաստին:
Գրառման մեջ մասնավորապես ասված է.««Արմենիա» հեռուստաընկերության աշխատակիցների աշխատանքից ազատման մասին տեղեկացել եմ մամուլի հրապարակումներից: Վստահ եմ, որ տեղի ունեցածը զուտ տեխնիկական վրիպակ է: Միաժամանակ հայտնում եմ, որ նման դեպքերում լրագրողներին աշխատանքից ազատելը ինձ համար ցանկալի չէ: Հորդորում եմ «Արմենիա» հեռուստաընկերության ղեկավարությանը վերանայել իրենց որոշումը»:
Հիշեցնենք, որ «Արմենիա» հեռուստաընկերության «Ժամը» լրատվականի ռեպորտաժներից մեկի ժամանակ տիտրում վարչապետ Հովիկ Աբրահամյանի անունը գրվել էր “Հավիկ”, որի պատճառով աշխատանքից ազատվել էին նյութի հեղինակն ու մոնտաժողը:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի անունը Հավիկ գրելու եւ եթեր հեռարձակելու պատճառով «Արմենիա» հեռուստաընկերության «Ժամը» լրատվականի միանգամից երկու աշխատակից է աշխատանքից ազատվել` նյութի հեղինակ լրագրողն ու ռեպորտաժը մոնտաժողը: Լրատվականի ղեկավար Գագիկ Մկրտչյանը Aravot.am-ին ասել է, որ կատարվածին քաղաքական ենթատեքստ պետք չէ տալ. «Եղել է ընդամենը վրիպակ, ոչ մի դիտավորություն չի եղել, մեղավորներն արդեն աշխատանքից ազատվել են»: Հարցին՝ կատարվածի վերաբերյալ վարչապետի կողմից նկատողություն ստացե՞լ եք, ասաց` ոչ:
Շարունակությունը`սկզբնաղբյուր կայքում:
ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայութունից Անկախին հայտնում են, որ հանրապետության տարածքում՝մայիսի 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 7-8-ին շրջանների զգալի մասում, 9-10-ին առավելապես հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:Օդի ջերմաստիճանը 6-ին կբարձրանա 5-7 աստիճանով, 7-8-ը նույնքան կնվազի:
Կարինե Հարությունյանը միայնակ մայր է: Որդուն՝ 12-ամյա Անդրանիկին, մեծացնում է սոցիալական ծանր պայմաններում: Անդրանիկի հոր հետ օրինական ամուսիններ չեն եղել, իսկ որդու ծնվելուց հետո հարաբերությունները լարվել են, քանի որ երեխայի ծնունդն անցանկալի էր հոր համար: Այսօր էլ որդու բոլոր հոգսերը հոգում է միայնակ, մի քանի բարեկամների օգնությամբ:
Սակայն Կարինեն դժգոհ չէր լինի իր ճակատագրից և իրեն կհամարեր աշխարհի ամենաերջանիկ մայրը, եթե չլինեին հայրական բնակարանի շուրջ ծագած ընտանեկան թնջուկը, արդեն տարիներ ձգվող դատական գործընթացը և այն նվաստացումներն ու նյարդային պահերը, որ ստիպված է տանել ամեն օր բնակարանային վեճի շուրջ:
Նորքի առաջին զանգվածում գտնվող նրա հայրական բնակարանը, որի արժեքն այնքան էլ մեծ չէ, որքան որ նրա շուրջ ստեղծված աղմուկը, հոր մահից հետո հոր մասնաբաժնի հետ միասին բաժանվել է երեք համասեփականատերերի միջև՝ Կարինեի, նրա փոքր եղբոր և հոր կնոջ (1983 թ. Կարինեի մայրը մահացել է, երբ ինքը 21 տարեկան էր, և հայրը երկրորդ անգամ է ամուսնացել):
Կարինեն ուներ ևս մի եղբայր և մի քույր: Մեծ եղբայրը հայրական տնից գնացել էր դեռևս 1983 թ., բնակարան էր ստացել Դավիթաշենում և իր ընտանիքով ապրում էր այնտեղ, իսկ քույրն ամուսնացած էր: Երկուսն էլ հայրական տան համասեփականատերեր չէին և որևէ պահանջ չունեին:
2000 թ. սկզբներին մեծ եղբայրն իր Դավիթաշենի բնակարանը վաճառում է, ընտանիքով մեկնում Մոսկվա, ուր մի քանի տարի անց երիկամների խնդիրների պատճառով մահանում է:
Եղբոր դին տեղափոխում են Հայաստան, կազմակերպում թաղումը: Այդ ժամանակվանից էլ, ըստ Կարինեի, մահացած եղբոր կինը՝ Գայանեն, խոսակցություններ է սկսում հայրական բնակարանից բաժին ստանալու մասին: «Հարսս միշտ գրանցված է եղել իր հոր տանը, իր օրիորդական ազգանունն է կրել, բայց եղբորս մահից հետո՝ 2008-ին, փոխեց, մեր ազգանունով գրվեց»,- ասում է Կարինեն:
Մահացած եղբոր ընտանիքը կրկին վերադառնում է Ռուսաստան, փոքր եղբայրն էլ է մեկնում: Հոր կինը դեռևս 2003-ից գտնվում էր Թուրքիայում, աշխատելու նպատակով էր գնացել, և հայրական տանը մնացել էր Կարինեն որդու հետ:
2007-ին մահացած եղբոր կինը փոքր աղջկա և որդու հետ որոշում է տեղափոխվել Հայաստան:
«Ես մեծ ուրախությամբ գնացի նրանց դիմավորելու,- պատմում է Կարինեն,- եկան մեր տուն, և ընդամենը մի քանի օր հետո սկսվեց… Հոգեբանական ճնշումներ, վատ խոսքեր իմ հասցեին: Եղբորս կինն ու աղջիկը մեր աչքի առաջ իրենց տղային ճոխ ուտելիքներով կերակրում էին, մեզ արհամարհում, չէին թողնում, որ իրենց տղան իմ տղայի հետ խաղա, ասում էին՝ բիճ»:
Կարինեի հայրական տունը, որտեղ նա իր ողջ կյանքն է անցկացրել, դարձել էր իսկական դժոխք, որտեղ նա իրեն պատանդի պես էր զգում: Փոխարենն իրեն լիակատար տանտիրուհու կարգավիճակում էր զգում հարսը, որն իր ուզած ձևափոխումներն էր անում տանը և առիթը բաց չէր թողնում Կարինեին հիշեցնելու, որ ինքն այս տանն օրինական հարս է, մինչդեռ նա ապօրինի որդի է բերել այս տուն:
Կարինեի խոսքով՝ հարսն ամեն ինչ անում էր, որ ինքը հեռանա իր հայրական տնից, որպեսզի նա ու իր երեխաները լիարժեք վայելեն իրենց ազատությունը և հետո կամաց-կամաց բնակարանն իրենցով անեն:
Այդ ժամանակահատվածում Կարինեի որդու հայրը մի քանի անգամ գալիս է երեխային տեսնելու: Կարինեն հույս ուներ, որ նա իրեն ու որդուն կտանի այդտեղից, և իրենք նորմալ ընտանիք կկազմեն՝ հեռու բոլոր նվաստացումներից: Բայց, ցավոք, երեխայի հոր այցերն ընդամենը մի քանի ժամով նրանց հետ ժամանակ անցկացնելու նպատակ ունեին, ոչ ավելին: Հասկանալով դա՝ Կարինեն արգելում է նրան այցելել իրենց՝ այդպիսով խաչ քաշելով նաև ընտանեկան փոքրիկ ու ջերմ անկյուն ունենալու հեռանկար վրա, որն իր կյանքի միակ երազանքն էր:
2009 թ. հարսը՝ Գայանեն, անցնում է գործնական քայլերի. նախ դիմում է նոտարական գրասենյակ սկեսրայրի մասնաբաժինը ժառանգելու հարցով: Բայց Կարինեն անհամաձայնություն է հայտնում, և նրան մերժում են:
Այնուհետև, Կարինեի պատմելով, հարսը կեղծ փաստաթղթեր է հայթայթում հարևաններից, համատիրությունից, թե իբր Կարինեն երբեք այդ տանը չի ապրել, փոխարենը թղթեր է ներկայացնում, թե իբր ինքը 1979 թվականից, ինչ հարս է եկել, ապրում է այդ բնակարանում, և դիմում է դատարան` ստանալու սկեսրայրի մասնաբաժինը: Դատավորը որոշում է կայացնում նրա օգտին:
Կարինեն եղբոր հետ բողոքարկում է դատավճիռը, և վերաքննիչ դատարանը վճիռը բեկանում է: Բայց Գայանեն այդպես հեշտ հանձնվողներից չէր: Նա նորից է դիմում դատարան: Սակայն դատավոր Սամվել Բաբայանը վճիռ է կայացնում հօգուտ Կարինեի՝ հոր մասնաբաժինը հատկացնելով նրան և նրա հոր կնոջը:
Այս անգամ էլ հարսն է վճիռը բողոքարկում, որը նորից բեկանվում է, և գործը գնում է առաջին ատյանի դատարան: Ս.թ. ապրիլի 10-ին դատավոր Գայանե Մազմանյանը նոր վճիռ է կայացնում հօգուտ հարսի:
Այժմ Կարինեն է պատրաստվում այդ որոշումը բողոքարկել վերաքննիչ դատարանում: Եվ հայտնի չէ, թե դեռ որքան կշարունակվի այդ անվերջանալի շրջապտույտը:
Մինչ վերաքննիչ դատարան դիմելը Կարինեն դիմել է նաև արդարադատության նախարարություն և ՀՀ նախագահի աշխատակազմ՝ խնդրելով իր գործի նկատմամբ անաչառ դատավարություն: Նա կասկածներ ունի, որ հարսը նաև դատավորներին է կաշառում:
Կարինեն պատմում է, որ եղբոր կինն ու նրա երեխաները ապրում են հոյակապ պայմաններում: Դավիթաշենում երեքսենյականոց բնակարան են գնել, աղջիկն այնտեղ է տեղափոխվել, արտասահմանյան շքեղ մեքենա է վարում, թե ինչ միջոցներով` Կարինեն միայն ենթադրություններ կարող է անել: Հարսն էլ իր սիրեկանի հետ երջանիկ ապրում է. մի օր Դավիթաշենում՝ աղջկա մոտ, մի օր իրենց տանը, որպեսզի աչքը բնակարանի վրա պահի:
Կարինեն բարձրագույն կրթություն չի ստացել, դպրոցն ավարտելուց հետո աշխատանքի է անցել Նորքի հիվանդանոցում՝ կադրերի բաժնում: Հիմա չի աշխատում: Խոստովանում է, որ չնայած իրեն հնարավորություն էր տրված աշխատանքում առաջ գնալու, դա իրեն քիչ էր հետաքրքրում, քանի որ երազում էր ընտանեկան կյանքի, երեխաների մասին:
Իսկ հիմա ուզում է աշխատել, բայց ծագած խնդիրները չեն թողնում: «Ես շատ անճար վիճակի մեջ եմ, հիմա իմ մասնաբաժինը դրել են կալանքի տակ, քանի որ վարկով փոքրիկ գումար էի վերցրել: Նպաստ էլ չեմ ստանում, քանի որ պատճառաբանում են, թե տանն ապրողներ կան: Մեկ հորեղբորս տուն եմ գնում, մեկ քրոջս, մուրացկանի նման ապրում եմ: Երեխաս մեծ տղա է, ո՛չ հեռախոս ունի, ո՛չ համակարգիչ, խիղճս տանջում է: Էլ չեմ ասում պարտքերի մասին խանութներում»:
Կարինեն ձեռքի շնորհք էլ ունի, շատ լավ գործում է, բայց ինչպես ասում է, հոգեբանական այնպիսի ճնշման մեջ է, որ չի կարողանում կենտրոնանալ, իր կյանքը դասավորել. «Էս անորոշությունն ինձ թույլ չի տալիս մի բան ձեռնարկել, ամբողջ օրը վազվզում եմ էս դատարանից էն դատարան: Պետք է էս պատմությանը վերջ դրվի»:
Եթե բնակարանի հարցը լուծվի հօգուտ Կարինեի, և որոշեն վաճառել այն՝ բաժանելով երեք համասեփականատերերի միջև, բնակարանի վաճառքից ստացված գումարը յուրաքանչյուրի համար կկազմի մոտ 10-11 հազար դոլար: Թե ինչ կանի այդ գումարով Կարինեն, առայժմ չգիտի: Առաջին միտքը, որ գլխում ծագում է, Հայաստանից հեռանալն է, բոլորից հեռու, որդու հետ միասին նոր կյանք սկսելը և որդուն արժանավայել մեծացնելը:
Անի Գասպարյան
Երևանի քաղաքապետարանի կանաչապատման 2014թ. ծրագրի շրջանակում մայրաքաղաքի վարչական շրջաններում շարունակվում են ծաղկապատման աշխատանքները: Վաղ գարնանից ծաղկած շուրջ 600 հազար բազմերանգ կակաչների ծաղկման շրջանն ավարտված է, և արդեն սիզամարգեր են տեղափոխվում Հոլանդիայից ներկրված շուրջ 1 մլն 200 հազար և Երևանի քաղաքային ջերմատանն աճեցվող 1 մլն ծաղկասածիլները: Բացի այս, երևանյան կանաչ տարածքները կզարդարեն նաև շուրջ 40 հազար վարդ ու 150 հազար փիփերթ: Ընդհանուր առմամբ, այս տարի Երևանում կծաղկի շուրջ 2 մլն 400 հազար ծաղիկ: Արդյունքում 2014թ.-ին մայրաքաղաքի ծաղկային մակերեսը նախկին 6.7 հա-ի փոխարեն կկազմի 7.5 հա:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Ուսումնասիրելով պորտալարի արյան նմուշները` գիտնականները պարզել են, որ մայիս ամսին ծնված երեխաների օրգանիզմում D վիտամինը 20%-ով ավելի քիչ է, քան նոյեմբեր ամսին ծնվածների օրգանիզմում: Իսկ ինչ վերաբերում է ավտոռեակտիվ T բջիջներին, ապա դրանց մակարդակը մայիս ամսին ծնվածների օրգանիզմում ավելի բարձր է, քան նոյեմբերին ծնվածների օրգանիզմում:
Լոնդոնյան և Օքսֆորդի համալսարանների գիտնականների ուսումնասիրությունն ապացուցում է, որ երեխայի լույս աշխարհ գալու ամիսը նշանակալի ազդեցություն է ունենում նրա իմունային համակարգի գործարկման, ինչպես նաև օրգանիզմում D վիտամինի մակարդակի վրա:
Օրինակ՝ Մեծ Բրիտանիայում շուրջ 10 հազար մարդ տառապում է ցրված սկլերոզ հիվանդությամբ, որի հետևանքով մարդու իմունային համակարգը վնասում է կենտրոնական նյարդային համակարգը: Նշված հիվանդությունը սովորաբար ուղեկցվում է տեսողության, լսողության, հիշողության, շարժումների ակտիվության խանգարումներով: Համարվում է, որ այս հիվանդության պատճառներն են գեներն ու շրջակա միջավայրը:
Հետազոտությունը հիմնվել է Լոնդոնում 2009-2010թթ. նոյեմբեր ամսին ծնված թվով 50 երեխաների պորտալարի արյան նմուշների ուսումնասիրման վրա:
Մասնագետները վերլուծել են պորտալարի արյան նմուշը D վիտամինի և T բջիջների պարունակության տեսանկյունից: T բջիջները, հայտնաբերելով և ոչնչացնելով վարակները, պատասխանատու են իմունային համակարգի աշխատանքի համար: Սակայն որոշ T բջիջներ ավտոռեակտիվ են և կարող են վնասել սեփական օրգանիզմի բջիջները՝ հանգեցնելով իմունային հիվանդությունների: Նման բջիջները պետք է ոչնչացվեն իմունային համակարգի զարգացման ընթացքում, իսկ դրանց մակարդակը մայիս ամսին ծնվածների օրգանիզմում ավելի բարձր է, քան նոյեմբերին ծնվածների:
Մայիսի 3-ին, ժամը 03.00-ին, Երևանի Դավիթաշենի 2-րդ թաղամասի թիվ 4 շենքի մոտ գտնվող այգու տարածքում «Օպել» մակնիշի ավտոմեքենան բախվել է սրճարանի պարսպին:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 3-ին, ժամը 16.00-ի սահմաններում, «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Րաֆֆու փողոցում վրաերթի է ենթարկել 12-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 3-ին, ժամը 22.50-ի սահմաններում, Երևանի Գյուրջյան փողոցի թիվ 2/3 շենքի մոտ «Նիսան» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Օպել» մակնիշի ավտոմեքենայի:
Պատահարի հետևանքով «Օպել»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 3-ին, ժամը 19.30-ի սահմաններում, Նշավան-Արևշատ ճանապարհի 1-ին կմ-ին «Մերսեդես Բենց C 180» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառի:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 4-ին, ժամը 01.30-ին, Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղում «Մոսկվիչ 2715» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և կողաշրջվել:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 3-ին, ժամը 16.00-ի սահմաններում, Սևան-Շորժա-Վարդենիս ճանապարհի 18-րդ կմ-ին «ՎԱԶ-21063» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե հենասյանն ու կողաշրջվել:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 3-ին, ժամը 21.30-ի սահմաններում, Վարդենիսի Համբարձումյան փողոցում «Միցուբիշի Պաջեռո ԻՈ» մակնիշի ավտոմեքենան բախվել է մայթեզրին կայանված «ՄԱԶ-5334» մակնիշի ավտոմեքենայի:
«Միցուբիշի Պաջեռո ԻՈ»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 3-ին, ժամը 18.20-ին, «Ֆոլքսվագեն Ջետտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Վանաձորի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 63 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 34-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 3-ին, ժամը 20.30-ին, Որոտան-Սիսիան ճանապարհի 2-րդ կմ-ին «ՎԱԶ-21134» մակնիշի ավտոմեք ենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 3-ին, ժամը 11.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Վարդենիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ դեմքի և քունքային հատվածի քերծվածք վերքերով բուժօգնության է տեղափոխվել 4-ամյա տղա, որը հայտնել է, որ վնասվածքը ստացել է վրաերթի հետևանքով:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 11.30-ի սահմաններում, Վարդենիսի Վ. Համբարձումյան փողոցում ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել տղային և դիմել փախուստի:
Նույն օրը, ժամը 15.00-ին, 39-ամյա մի տղամարդ ներկայացել է բաժին և հայտնել, որ «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայով ինքն է վրաերթի ենթարկել երեխային:
Կատարվում է քննություն:
Ապրիլի 28-ից մայիսի 4-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում իրականացված ծառայության ընթացքում ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության 1-ին սպայական գումարտակի ծառայողների կողմից ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 72 տրանսպորտային միջոց. 11 վարորդ մեքենան վարել է ոչ սթափ վիճակում, 4 վարորդի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման արձանագրություն` երթևեկության ընթացքում ծխելու համար, 60 վարորդ տրանսպորտային միջոցը վարել է առանց համապատասխան փաստաթղթերի, իսկ 1 տրանսպորտային միջոցի վրա առանց համապատասխան թույլտվության տեղադրված է եղել գերհզոր ձայնային ազդանշան արձակող սարքավորում: