Մինչեւ 2017թ.-ը Հայաստանում նախատեսվում է ստեղծել 60 000 նոր աշխատատեղ

11182_am_1ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանության է արժանացել Հայաստանի 2014-2025թթ. հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագիրը: Ինչպես նիստից հետո ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում կայացած ասուլիսում նշել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը, երկարաժամկետ այս ծրագիրն ունի երեք խոշոր նպատակ: Ըստ նախարարի` ծրագրի հիմնական նպատակներից է զբաղվածության խթանումը` բարձր վարձատրվող աշխատատեղերի ստեղծման ճանապարհով: «Նախատեսվում է մինչեւ 2017 թվականն ունենալ շուրջ 60 000 նոր աշխատատեղ»,-ասել է Վ.Ավանեսյանը:

Բացի այդ, ծրագրով նախատեսվում է նվազեցնել աղքատությունը: «Ծրագրի երկրորդ խնդիրը Հայաստանի Հանրապետությունում սոցիալական, պետական եկամտային քաղաքականության միջոցով շարունակաբար նվազեցնել աղքատությունը: Աղքատության նազեցման ցուցանիշները ծրագրում նույնպես թիրախային են ներկայացված »,-ընդգծել է նախարարը:
Ծրագիրը կառավարությանը հնարավորություն է ընձեռելու միավորելու ազգային կարողությունները երկրի երկարաժամկետ զարգացման տեսլականի ձևավորման շուրջ` հաշվի առնելով ձեռք բերված փորձը, առկա պայմաններն ու համընդհանուր զարգացման մարտահրավերները:

Անկախ

«Հայաստանում պատասխանատու հանքարդյունաբերություն իրականացնելու համար համապատասխան քայլեր չեն արվում». բնապահպան

Սիլվա ԱդամյանՀայաստանում անպատասխանատու հանքարդյունաբերության հետևանքներին բավական իրազեկ են պատկան մարմիններն ու համապատասխան ղեկավարները: Բոլորն էլ տեղեկացված են, քանի որ մի քանի գիտական աշխատություններ կան` նվիրված Դեբեդ գետի, Ախթալայի հանքավայրի ուսումնասիրություններին, հայտնի է, թե ինչպիսի նյութեր են այնտեղ հայտնաբերված` մանգան, պղինձ, ցինկ, և սահմանային թույլատրելի նորմերից որքան բարձր են: Այսօր լրագրողերի հետ հանդիպման ժամանակ ասաց բնապահպան, Էկոլոգիական հասարակական դաշինքի անդամ Սիլվա Ադամյանը:

«Բնապահպանության նախարարությունը եկել է հանդիպման, ու նախարարության ներկայացուցիչը տեղյակ չէ ոչ մի խնդրից: Միայն անտարբեր, տգետ, անգրագետ մարդը կարող է նման վերաբերմունք ցուցաբերել հայրենիքի հանդեպ: Հանքարդյունահանման համար դրսից եկած բիզնեսմենները պարզ է, որ այստեղ փորձում են շահույթ հետապնդել: Ես բնապահպանության նախարարին էլ եմ ասել, որ ամեն ինչ է, բացի Բնապահպանության նախարարից, որովհետև դուք չեք հասկանում` բնապահպանությունն ինչ է,- ասաց Սիլվա Ադամյանը:

Ըստ բնապահպանի` փաստացի չի աշխատում նաև բնապահպանական տեսչությունը, ոչ մի տեսուչ պատրաստ չէ հակամարտության մեջ մտնել հանքի տիրոջ հետ, գալիս են լուռ, հանցավոր համաձայնության:

«Չգիտեմ, թե պետությունն ու կառավարությունը, երկրի նախագահը ի՞նչ պետք է անեն, ինչ լծակներ պետք է օգտագործեն այս իրավիճակը շտկելու համար, այլապես մեր բոլոր ելույթներն ու նախաձեռնություններն իզուր կանցնեն»,- ասաց Սիլվա Ադամյանը:

Պատասխանատու հանքարդյունաբերությունը, թեև գիտականորեն կարելի է հիմնավորել, բայց Սիլվա Ադամյանի հավաստմամբ, Հայաստանում այն իրականացնելու համար համապատասխան քայլեր չեն արվում:

«Ես կոչ եմ անում մեր բոլոր պատկան մարմիններին` լուրջ վերաբերվել այս խնդիրներին, սա առաջին կոչը չէ, երկրորդը չէ, անընդհատ նման կոչեր արվում են»,- ասաց բնապահպանը:

 Անկախ

Դ!ԵՄ ԵՄ – Լուռ ակցիա Սահմանադրական դատարանի մոտ

դեմ եմՄարտի 28-ին « Դ!ԵՄ ԵՄ » նախաձեռնությունը Սահմանադրական դատարանի դիմաց կազմակերպում է խորհրդանշական և լուռ ակցիա:

Այսպիսով՝ հավաքվում ենք մարտի 28-ին՝ ժամը 12:30, Սահմանադրական դատարանի դիմաց: Իրականցնելու ենք գեղեցիկ ու խորհրդանշական ակցիա՝ առանց կոչերի, առանց ելույթների:

Այդ օրն սկսվում է դատաքննությունը, ուստի մենք չպետք է որևէ կերպ խանգարենք Բարձր դատարանի բնականոն աշխատանքը, ուստի և ելույթների, կոչերի փոխարեն կարող են լինել, օրինակ, ավելի քան խոսուն պաստառներ:

Յուրահատուկ ու խորհրդանշական ձևով կփոխանցենք անաչառության մեր կոչը Սահմանադրական դատարանին, այնուհետ, չցանկանալով որևէ կերպ խանգարել Բարձր դատարանի բնականոն աշխատանքը, կավարտենք այդ օրվա մեր ակցիան և կակնկալենք Դատարանի անկողմնակալ որոշում:

Մարտի 28-ը հետաքրքրության առարկա է տարբեր ուժերի և հանրության տարբեր մասերի համար, ուստի, ինչպես տեսնում ենք, տարբեր ուժեր ունեն տարբեր միջոցառումներ մարտի 28-ին: Պարզաբանենք, որ « Դ!ԵՄ ԵՄ » նախաձեռնությունն ունի իր միջոցառումը ժամը 12:30-ին ՍԴ-ի դիմաց և որևէ այլ միջոցառման, որպես նախաձեռնություն, այդ օրը չի մասնակցելու:

Մենք խնդրում ենք բոլոր ուժերին, ովքեր նախատեսել են հանրային միջոցառումներ մարտի 28-ին, հնարավորինս զերծ մնալ ՍԴ-ի բնականոն աշխատանքը այս կամ այն կերպ խանգարող, աղմկոտ գործողություններից, որպեսզի չստացվի այնպես, որ ՍԴ-ն հետաձգի իր նիստը, և կրկին հանրությունը լինի սպասողական վիճակում:

 

Հարգանքով,

«Դ!ԵՄ ԵՄ» թիմ

Անկախ

Գյումրին ունի երկու քաղաքապետարան. ոստիկանություն

26 019Գյումրին՝ ունենալով մեկ քաղաքապետ, փաստացի ունի երկու քաղաքապետարան. բանն այն է, որ նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն էլ իր քաղաքապետարանն է հիմնել: Այս մասին բարձրաձայնվեց ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետի Վարդան Նադարյանի  մոտ, ով աշխարհում եզակի այս երևույթն այսպես մեկնաբանեց. «Դե դուք Գյումրիով էն աստիճան տարբերվում եք, էն մշակույթի կենտրոնն եք, որ ունենալով մեկ քաղաքապետ, ունեք երկու քաղաքապետարան: Եվ դա կոնկրետ մարդկանց անդաստիարակության, անպարկեշտության, միգուցե և հոգեկան աշխարհի հետ մեծ խնդիրներ ունենալու հետևանքն է: Բայց դա քրեորեն պատժելի երևույթ չէ, նույն հաջողությամբ կարող է գրել՝ մարզպետարան, չգիտեմ ինչ, ասենք՝ Մայքլ Ջեքսոն կարող է իր օֆիսի անունը դնի: Սա հոգեբանական խնդիր է, այստեղկրիմինալ չկա: Շատ վատ երևույթ է, ամոթ երևույթ է. գյումրեցու կերպարը միշտ հայ ազգին պատիվ բերող է եղել:  Նման երևույթները, որոնք չգիտեմ ինչ-ինչ պատճառներով ծնվեցին և արմատախիլ չարվեցին, ես խոսում եմ տկարամիտ մասսաների մասին, մարդկանց, որոնք ծնված օրվանից ունեն հոգեբանական բարդույթներ, չունեն տարրական ընտանեկան դաստիարակություններ, չունեն ռեալ իրավիճակի ընկալում,  բժշկության մեջ կոչվում են երևույթներին ոչ ադեկվատ մոտեցումներ: Եվ հետևանքը՝ այդ դրսևորումներն են: Հասարակությունը՝ առողջանալով, զարգանալով, պրոգրես ապրելով, այդ ռուդիմոնտներին՝ ավելորդ մարմիններին, պետք է վանի ինքը: Ինչը վերաբերում է կոնկրետ այդ մարմինների գործունեությանը, որ դեպքերում կկատարեն հանցանքներ, զանցանքներ, ոտնձգություններ օրենքի, հասարկության, ժողովրդի հանդեպ՝ դուք կտեսնեք մեր անմիջական և հետևողական ռեակցիան: Անպատժելիության մթնոլորտ  չի կարող լինել Գյումրիում: Մենք այն պետությունը չենք, որ մեզ նման շռայլություն թույլ տանք. միգուցե երևույթներ կան այսօր, որոնց  անդրադարձը կիսատ է եղել, ապացուցողական բազաների հայթայթման հիմնավորման խնդիրներ կան, որոնք շատ դժվար են: Բայց այսօր դրանց չլինելը չի նշանակում, որ վաղը, մյուս օրը մենք դրան չենք հասնելու»:

Ոստիկանները Գյումրու քաղաքապետարանում

26 024Այսօր աշխատանքային հանդիպում տեղի ունեցավ Գյումրու քաղաքապետարանի աշխատակազմի, համատիրությունների նախագահների, ավագանու անդամների և ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ Վարդան Նադարյանի հետ: Հանդիպումը կրում էր հարց ու պատասխանի ձևաչափ, անդրադաձեր եղան քաղաքի գրեթե բոլոր խնդիրներին:
«Ոստիկանության պետի հրամանով մենք պետք է ամեն եռամսյակը մեկ տեղական ինքնակառավարման մարմինների հետ համատեղ հավաքվելու, աշխատանքային խորհրդակցություններ անցկացնելու, քննարկելու, վերլուծելու խնդիրները, աշխատելու լուծումները գտնել, ակտիվացնել համատեղ աշխատանքային պրոցեսները», – հանդիպման մասին նշեց Վարդան Նադարյանը:
Ոստիկանության վարչության պետը ներկաներին խնդրեց բարձրաձայնել ոստիկանների և նրանց աշխատանքների մասին թերացումները, և առհասարակ, իրենց հուզող հարցերը: Հանդիպման մասնակիցները հիմնականում հետաքրքրվեցին, թե ինչ նոր ծրագրերով է գնդապետ Նադարյանը եկել Գյումրի և երբ է վերականգնվելու ոստիկանի նկատմամբ հասարակության վստահությունը:
«Ասեմ այն դրույթները, որոնցով կազմակերպում եմ իմ աշխատանքը. առաջին՝ չարաբաստիկ երևույթն է վերացել, երևի թե հիմնահատակ, դա դեպքերի չգրանցելու սովետմիության միլիցիայից եկած ավանդույթ էր, որով ուզում էին քողարկել իրենց հանցավոր կապը հասարակության որոշակի տարրերի հետ, ցույց տալ իրենց աշխատանքի բարձր արդյունքը: Երկրորդը՝ որպեսզի հանցագործությունների   բացահայտման պրոցեսներում չկիրառվեն ոչ մի անօրինական մեթոդներ՝ ծեծ, ջարդ, ահաբեկում, վարկաբեկում, նվաստացում, նսեմացում: Իսպառ պիտի վերացվեն այս երևույթները ևս»:
Անդրադառնալով կատարված հանցագործությունների ոստիկանությունում չգրանցվելու փաստացի դեպքերի մասին բարձրացված հարցին, գնդապետը նշում է, թե շատ դեպքերում հանցանքը չի գրանցվում, որովհետև տուժող կողմը բողք չի ներկայացնում: Պատմում է, որ եղել են դեպքեր, երբ գողն ասել է այսինչ տնից այս-այս եմ գողացել, ոստիկանները գնացել են նշված հասցեով, տանտերն ասել է՝ ի՞նչ գողություն, իմ տնից ոչինչ չեն տարել: Դա ազգի մենթալիտետի հետ է կապում մարզային վարչության պետը:
Քաղաքապետարանի աշխատակիցները նաև տեղեկացրեցին, որ չեն կարող աշխատանք կազմակերպել Գյումրու անձնագրային վարչության հետ, քանի որ նրանք քաղաքապետարանին  Գյումրու բնակչության մասին տվյալներ չի տրամադրում: Ոստիկանության մարզային վարչության պետը խոստացավ, որ  ինֆորմացիան, որը կբավարարի քաղաքապետարանի աշխատանքին, կկարողանան ստանալ, ավելին՝ չէ:

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

ոստիկանությունԸստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 26-ից 27-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 10 դեպքից բացահայտվել է 8-ը, խարդախության 15, կողոպուտի, կաշառակերության և խուլիգանության 1-ական դեպքերը բացահայտվել են: Բացահայտվել է նաև գողության 1 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 3, մարմնական վնասվածք հասցնելու և ավազակային հարձակման 1-ական դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 3 պատահար. 4 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Քաղաքացիներն իրենց հուզող հարցերով կարող են զանգահարել գործող թեժ գծերի հեռախոսահամրներով

002Երևանի քաղաքապետարան-բնակիչ կապն առավել արդյունավետ դարձնելու, քաղաքացիներից  առաջարկություններ ստանալու, նրանց մտահոգություններին ծանոթանալու և բարձրացվող հարցերին հնարավորին արագ լուծումներ տալու նպատակով՝ Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումներում, քաղաքապետարանի ենթակայության ծառայություններում և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում գործում են  թեժ գծի հեռախոսահամարներ:

Ըստ այդմ, յուրաքանչյուր աշխատանքային օր, առանց ընդմիջման,  ժամը 09։00-18։00, կարող եք զանգահարել Երևանի քաղաքապետարանի 010-514-152, 010-514-187, 010-514-236 հեռախոսահամարներով:

Աշխատանքային օրերին ժամը  09։00-ից 18։00-ը  վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերին ևս կարող եք ուղղել ձեզ հուզող հարցերը՝ զանգահարելով թեժ գծերի հետևյալ հեռախոսահամարներով:

  • Աջափնյակ վարչական շրջան – + (37410) 39-21-80
  • Ավան վարչական շրջան – + (37410) 62-14-12
  • Արաբկիր վարչական շրջան – + (37410) 28-44-13
  • Դավթաշեն վարչական շրջան – + (37410) 36-81-83
  • Էրեբունի վարչական շրջան – + (37410) 57-45-51
  • Կենտրոն վարչական շրջան- + (37410) 58-00-35, 58-00-53
  • Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջան – + (37410) 74-05-22
  • Նոր Նորք վարչական շրջան – + (37410) 67-16-33
  • Նորք–Մարաշ վարչական շրջան – + (37410) 65-30-82
  • Նուբարաշեն վարչական շրջան – + (37410) 47-60-40
  • Շենգավիթ վարչական շրջան – + (37410) 44-12-73,  44-14-93
  • Քանաքեռ – Զեյթուն վարչական շրջան – + (37410) 28-71-17, 28-71-35

Բացի այդ, շաբաթվա բոլոր օրերին, ընդ որում շուրջօրյա, քաղաքացիներն իրենց մտահոգող հարցերով ու առաջարկներով կարող են զանգահարել 1-08 հեռախոսահամարով:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Ճանապարհատրանսպորտային պատահարներ

ավտովթարՄարտի 25-ին, ժամը 23.20-ին, «Միցուբիշի Պաջեռո» մակնիշի ավտոմեքենան Երևանի Սայաթ-Նովայի պողոտայի և Ա. Մանուկյան փողոցի խաչմերուկում բախվել է «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի:
«Օպել Վեկտրա»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Մարտի 26-ին, ժամը 14.30-ին, Երևանի Պարոնյան փողոցի թիվ 22 շենքի դիմաց իրար են բախվել «Հոնդա», «Սեատ» և «Օպել» մակնիշի երկու ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «Սեատ»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Մարտի 25-ին, ժամը 23.40-ին, 1955 թ. ծնված Ալվարդ Ո.-ն բուժօգնության է դիմել հիվանդանոց և հայտնել, որ մարտի 22-ին, ժամը 16.30-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Տիգրան Մեծի պողոտայում վրաերթի է ենթարկել իրեն և պատճառել մարմնական վնասվածքներ:
Կատարվում է քննություն:

Մարտի 25-ին, ժամը 24.00-ին, «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենան Երևանի Բելինսկու փողոցում բախվել է խանութներից մեկի պատին, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Մարտի 26-ին, ժամը 15.00-ի սահմաններում, «ՎԱԶ-21066» մակնիշի ավտոմեքենան Արտաշատ քաղաքի Երևանյան խաչմերուկում բախվել է «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի:
«Մերսեդես»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Մարտի 26-ին, ժամը 13.00-ի սահմաններում, «ԿրԱԶ» մակնիշի ավտոմեքենան Երևան-Եղեգնաձոր ճանապարհի 79-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել, ինչի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Որոշումը միտված է սահմանամերձ բնակավայրերի պաշտպանունակության բարձրացմանը

կառավարությունԱյսօրվա նիստում ՀՀ կառավարությունը որոշել է Պաշտպանության նախարարության կողմից ներկայացված մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող և 2009-2013թթ. ընթացքում հակառակորդի կողմից հողատարածքների գնդակոծման դեպքեր ունեցող սահմանամերձ համայնքների վարչական տարածքում գտնվող գյուղատնտեսական նշանակության հողատարածքների 2014թ. համար հաշվարկված՝ վճարման ենթակա հողի հարկի տարեկան գումարը հարկ վճարող ֆիզիկական և իրավաբանական անձանց անունից, նրանց փոխարեն համապատասխան համայնքի բյուջե վճարելու նպատակով Արարատի, Գեղարքունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզպետարաններին հատկացնել մոտ 66 մլն դրամ:
Ջրօգտագործողների ընկերությունների սպասարկման տարածքում ընդգրկված սահմանամերձ համայնքներում օգտագործվող ոռոգման ջրի դիմաց ֆիզիկական և իրավաբանական անձանցից գանձվող վարձավճարների նկատմամբ 2014թ. համար 50 տոկոս զեղչ կիրառելու նպատակով նույն որոշմամբ հատկացվել է ավելի քան 23 մլն դրամ:
Եվս մոտ 18 մլն դրամ է հատկացվել «Մեղրի» ջրօգտագործողների ընկերության սպասարկման տարածքում օգտագործվող ոռոգման ջրի դիմաց ֆիզիկական և իրավաբանական անձանցից գանձվող վարձավճարների նկատմամբ 2014թ. համար 50 տոկոս զեղչ կիրառելու նպատակով:
ՀՀ կառավարության՝ տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունն ուղղված է սահմանամերձ տարածաշրջանների պաշտպանունակության ամրապնդմանը և դրանց սոցիալ-տնտեսական զարգացմանը:
Գործադիրի որոշմամբ Երևանի վարչական սահմանում գտնվող 3 հեկտար անտառային հողը անհատույց օգտագործման իրավունքով անժամկետ տրամադրվել է «Հայաստանի ազգային սկաուտական շարժում» հասարակական կազմակերպությանը, որը մանկապատանեկան, երիտասարդական, կամավորական, արտադպրոցական, ապաքաղաքական և ապառազմական կազմակերպություն է և նպատակ ունի դաստիարակել պատասխանատու, գիտակից, հասարակայնորեն ակտիվ, հոգեպես ամուր, հայրենասեր երիտասարդ սերունդ: Վերջին տարիներին ՀԿ-ին են տրամադրվել մեկ հանգստյան տուն, խաղահրապարակ կառուցելու հողամաս, որտեղ կազմակերպությունն իրականացրել է շինարարական աշխատանքներ, ստեղծել 600 անձի հաշվարկով միջոցառումներ անցկացնելու հնարավորություն: «Մենք պետք է մեր գոհունակությունը հայտնենք այս կազմակերպությանը՝ նախկինում կատարած աշխատանքի համար, – ասել է վարչապետ Տիգրան Սարգսյանը: – Ուսումնասիրելով նրանց փորձը, այցելելով այդ ճամբարներ, տեսնում ենք, որ շատ ազգանվեր գործ են անում, ուստի վստահ ենք, որ այս որոշումը ճիշտ է»: Նոր հողատարածքի տրամադրմամբ ՀԿ-ն առավել արդյունավետ կկազմակերպի իր գործունեությունը:

Փաստաբանները համոզված են, որ Շանթ Հարությունյանի և նրա 13 ընկերների նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում

Ինեսա ՊետրոսյանՇանթ Հարությունյանի փաստաբան Ինեսա Պետրոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանը նախնական կալանքից պետք է ազատվի, ոչ թե քննիչները պետք է հայտարարեն նախաքննության ավարտի և շուտով գործը դատարան ուղարկելու մասին:

«Շանթ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, որը սակայն անհիմն մեղադրանք է: Բացակայում է հանցակազմը, նրան կալանավորել են այն բանի համար, որ նստացույց անելիս իր խնդիրներն է բարձրաձայնել և հայտնել սադրիչների մասին: Մեղադրանքից երևում է, որ տուժող կողմը եղել է քաղաքացիական հագուստով, իսկ Շանթ Հարությունյանը չէր կարող իմանալ, որ այդ մարդը ոստիկան է: Նրան տեղափոխեցին հոգեբուժարան` այնտեղ պահելով 20 օր և շատ լավ իմանալով, որ հոգեպես առողջ է»:

Շանթ Հարությունյանի հետ կալանավորված Միսակ Առաքելյանի փաստաբան Հովհաննես Քոչարյանի կարծիքով` նախաքննական մարմինն անհիմն մեղադրանք է առաջադրել իր պաշտպանին: Միսակ Առաքելյանին մեղադրանք է առաջադրվել պայթուցիկ նյութեր օգտագործելու համար, սակայն ապացույց չկա, որ այդ նյութերը ռազմամթերք են: Բացի դրանից, նախաքննական մարմինը ազատ չէ: Տուժողները ոստիկաններն են, իսկ նախաքննությունն իրականացնում է ոստիկանությունը: Հետևաբար, արդար և ազատ նախաքննության մասին խոսք լինել չի կարող»,- ասաց Հովհաննես Քոչարյանը` հավելելով, որ դատարանն ինքն էլ չգիտի, թե ինչու է արդեն հինգ ամիս երկարաձգում նախնական կալանքը:

«Առաջին դեպքում Միսակ Առաքելյանի կալանքը երկարաձգելու որոշում կայացվեց այն պատճառաբանությամբ, թե բացակայում է Շանթ Հարությունյանի դատահոգեբուժական փորձաքննությունը: Երկրորդ դեպքում ասացին, որ գործը պետք է ուղարկել դատարան: Բայց մի՞թե գրավով ազատելու դեպքում  գործը դատարան չէր գնալու»,- ընդգծեց փաստաբանը:

Փաստաբանները համոզված են, որ Շանթ Հարությունյանի և նրա 13 ընկերների նկատմամբ կատարվում է քաղաքական հետապնդում:

Առաջիկա օրերին ջերմաստիճանը կնվազի 12 աստիճանով

եղանակՄարտի 31-ին Արարատյան դաշտում և նրա նախալեռներում սպասվում է ջերմաստիճանի անկում` գիշերը օդում մինչև 2 աստիճան, հողի մակերևույթին` 5 աստիճան ցուրտ:

Մարտի 27-ի գիշերը, 28-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: 27-ին, օրվա երկրորդ կեսին, 28-ի գիշերը, 29-30-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 31-ին հարավային շրջաններում սպասվում են տեղումներ, առանձին վայրերում` ամպրոպ:

Քամին արևմտյան` 2-7 մ/վրկ, 29-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում` 20-25 մ/վրկ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը 30-ին կնվազի 8-12 աստիճանով:

Երևանում`

Մարտի 27-ի գիշերը, 28-ի ցերեկը, 31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 27-ին, օրվա երկրորդ կեսին, 28-ի գիշերը, 29-30-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և ամպրոպ: Մարտի 29-ին սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վրկ արագությամբ:

«Հանրությունը սպասում էր այս որոշումը», – վարչական պատասխանատվություն չկիրառելու որոշման առթիվ ասել է վարչապետ Տիգրան Սարգսյանը

տիգրանԳործադիրն իր այսօրվա նիստում սահմանել է, որ տրանսպորտային այն միջոցի, որի համար դրա օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության պայմանագիր երբևէ չի կնքվել ու այդ տրանսպորտային միջոցով կատարված Վարչական իրավախախտման վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 129.2-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված իրավախախտումից բացի որևէ այլ իրավախախտման դեպք 2011թ. հունվարի 1-ից հետո չի արձանագրվել, այդ ավտոտրանսպորտային միջոցի սեփականատիրոջ նկատմամբ վերը նշված հոդվածի առաջին մասով նախատեսված պատասխանատվության կիրառումից, ինչպես նաև արդեն իսկ կայացված վարչական ակտերով նշանակված տուգանքների գանձման ուղղությամբ միջոցների ձեռնարկումից ՀՀ ոստիկանությունը ձեռնպահ կմնա մինչև 2014թ. դեկտեմբերի 31-ը:

«Սա սպասված որոշում էր», – ասել է ՀՀ վարչապետը՝ ՀՀ ոստիկանության պետին հանձնարարելով ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների միջոցով ԶԼՄ-ների օգնությամբ քաղաքացիներին իրավական խորհրդատվություն տրամադրել վարչական պատասխանատվության հիմքերի վերացման վերաբերյալ:
Մանրամասները տես՝ հետևելով հղմանը:
Անկախ

Սոցիալական փաթեթի շահառուներին կմատուցվի ավելի որակյալ և մատչելի բուժօգնություն

Արտեմ ասատրյան2014թ. մարտի 27-ին տեղի ունեցած հերթական նիստում ՀՀ կառավարությունը հաստատել է՝
– սոցիալական փաթեթի շահառուների առողջապահական փաթեթի շրջանակում պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության ու սպասարկման կազմակերպման և ֆինանսավորման, ինչպես նաև առողջապահական փաթեթի հասանելիության նպատակով էլեկտրոնային շտեմարանի ձևավորման և վարման կարգը, որի կիրառման արդյունքում ակնկալվում է սոցփաթեթի շահառուներին մատուցվող բժշկական օգնության և սպասարկման որակի ու մատչելիության, այդ նպատակով պետբյուջեից հատկացվող միջոցների ծախսման արդյունավետության բարձրացում,
– «ՀՀ առողջապահության նախարարության «Պետական հիմնարկների և կազմակերպությունների աշխատողների սոցփաթեթով ապահովում» ծրագրում ընդգրկված առողջապահական փաթեթի շրջանակում բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների տրամադրման արտաբյուջետային հաշվի 2014թ. նախահաշիվը հաստատելու, ՀՀ 2014թ. պետբյուջեի և կառավարության նախկին որոշումներից մեկի փոփոխություններն ու լրացումները,
– ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության «Գործադիր իշխանության, պետական կառավարման հանրապետական և տարածքային մարմինների պահպանում արտաբյուջետային միջոցների հաշվին» ծրագրով այդ միջոցների ծախսման 2014թ. նախահաշիվը:

Ատրճանակով շշի վրա նշան բռնած երիտասարդից զենքն առգրավել են

ատրճանակի բռնակով հարվածել էՄարտի 23-ին, ժամը 14.00-ի սահմաններում, ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողներից մեկը Մուսալեռ գյուղից Էջմիածին գնալիս, Մուսալեռ գյուղի հարակից այգում, նկատել է ատրճանակով պլաստմասե շշի վրա նշան բռնած մի երիտասարդի:
Պարզվել է, որ երիտասարդը 1985 թ. ծնված Կառլոս Ա.-ն է:
«Մակարով» տիպի 4,5 մմ տրամաչափի օդամղիչ ատրճանակն առգրավվել է:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:

Ստեփանավանում և Տաշիրում փամփուշտներ են հանձնել

փամփուշտՈստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` մարտի 25-ին, ժամը 08.30-ին, 1963 թ. ծնված Կարեն Չ.-ն կամավոր հանձնել է ինքնաձիգի 5,45 մմ տրամաչափի 39 փամփուշտ:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:

Ոստիկանության Տաշիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` մարտի 25-ին, ժամը 16.30-ին, 1964 թ. ծնված Վահան Հ.-ն կամավոր հանձնել է ինքնաձիգի 5,45 մմ տրամաչափի 99 և 7,62 մմ տրամաչափի 8 փամփուշտ:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:

 

Անսթափ կողոպտիչ` գովազդի պատրաստման տաղավարում

ՀՀ-ոստիկանություն2Մարտի 26-ին, ժամը 10.20-ին, ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները Արմավիր քաղաքի Ջիվանու փողոցի 11 շենքի մի բնակարանից, կողոպուտ կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1975 թ. ծնված Հմայակ Մ.-ին:
Ոստիկանները պարզել են, որ նա մարտի 22-ի երեկոյան, ժամը 20.00-ի սահմաններում, անսթափ վիճակում այցելելով Արմավիրի Սայաթ-Նովայի փողոցում գտնվող գովազդի պատրաստման տաղավար, անհիմն վիճաբանել է սեփականատիրոջ հետ, քաշքշել նրան, այնուհետև բացահայտ հափշտակելով սեղանին դրված բջջային հեռախոսը` դիմել է փախուստի:
Հանցագործության մասին տուժողը ոստիկանություն չէր դիմել: Նրանից ընդունվել է հաղորդում:
Ձեռնարկվում են միջոցառումներ հեռախոսը հայտնաբերելու ուղղությամբ:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության Արմավիրի քննչական բաժին:

Երևան – Վանաձոր – Ալավերդի – Վրաստանի սահման միջպետական ճանապարհին տեղի է ունեցել հողային պաստառի փլուզում

փլուզումՀՀ   տրանսպորտի և  կապի նախարարությունը տեղեկացնում է,  որ մարտի  26-ին` ժամը 04:00-ի  սահմաններում,  Երևան – Վանաձոր – Ալավերդի – Վրաստանի սահման  միջպետական  նշանակության  ավտոճանապարհի  77կմ–ում տեղի է ունեցել հողային պաստառի շեպի փլուզում:

Կատարվում են  մաքրման աշխատանքներ:

Երթևեկությունը երկկողմանի բաց է:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական ծառայություն

Ստեփանակերտում դատապարտել են 1920 թ. Շուշիում կազմակերպված մարտյան դեպքերը

arcaxՄարտի 21-ին Արցախի պետական համալսարանի ԱրՊՀ  գիտխորհրդի նիստերի դահլիճում ԱրՊՀ Ուսանողական գիտական ընկերությունը «Կաճառ» գիտական կենտրոն հասարակական կազմակերպության և Շուշիի պատմության թանգարանի հետ համատեղ կազմակերպել է 8 կլոր սեղան` նվիրված Ադրբեջանի դեմոկրատական հանրապետության կողմից 1920 թ. մարտի 23-ին Շուշի քաղաքում կազմակերպված ու իրականացված կոտորածների 94-րդ տարելիցին և դրա իրավաքաղաքական պատասխանատվության հարցերին:

Կլոր սեղանի աշխատանքներին մասնակցում էին պատմաբաններ, իրավաբաններ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ուսանողներ և լրագրողներ:
Կլոր սեղանի նպատակը 1920 թ. Շուշի քաղաքում կազմակերպված կոտորածների մասին ևս մեկ անգամ բարձրաձայնելն է, միջազգային հանրության ուշադրությունն այս փաստի վրա սևեռելը և անհրաժեշտության դեպքում միջազգային իրավունքի կողմից սահմանված ընթացակարգերով համապատասխան ատյաններ դիմելը, ցեղասպան երկրին իրավական և քաղաքական պատասխանատվության ենթարկելը, ինչպես նաև Շուշի քաղաքում կազմակերպված ողբերգության պատճառները վեր հանելը և ապագայում նման երևույթներ բացառելը:
Կլոր սեղանի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգել են Ադրբեջանի և Թուրքիայի կողմից իրականացված ցեղասպանության և էթնիկական զտումների հետևանքով զոհ գնացած հայրենակիցների հիշատակը:
Միջոցառման վարող, ԱրՊՀ իրավունքի ամբիոնի դասախոս, ԱրՊՀ Ուսանողական գիտական ընկերության նախագահ Ավետիք Հարությունյանը նշեց, որ 1920 թ. մարտի 23-ի Շուշի քաղաքի հայ ազգաբնակչության կոտորածին միջազգային իրավունքի լեզվով առանց վարանելու կարելի է տալ «ցեղասպանություն» ձևակերպումը և բնորոշել որպես խաղաղության և մարդկության անվտանգության դեմ ուղղված հանցագործություն:
«Կասկած չկա, որ Շուշիում արցախահայության դեմ իրականացված ցեղասպանությունը դարձել է Թուրքիայի վարած արևմտահայության բնաջնջման և իր պատմական բնօրրանից նրա բռնի տեղահանության քաղաքականության տրամաբանական շարունակությունը»,- ասաց Ավետիք Հարությունյանը` հավելելով, որ ներկայիս Ադրբեջանը` որպես Ադրբեջանի դեմոկրատական հանրապետության իրավահաջորդ, պատասխանատվություն է կրում այդ հանցագործության կազմակերպման ու իրագործման համար:
«Կաճառ» գիտական կենտրոնի տնօրեն, պատմական գիտությունների թեկնածու Մհեր Հարությունյանն ընդգծեց, որ 1920 թ. Շուշի քաղաքի ողբերգական իրադարձությունները հերթական անգամ վկայում են Ադրբեջանի ղեկավարության հակահայկական քաղաքականության մասին` ավելացնելով, որ «այսօր, երբ այդ պետությունը խոսում է ժողովրդավարական արժեքների մասին, առավել օրախնդիր է դառնում այդ իրադարձությունները վերաիմաստավորելը և Ադրբեջանի իրական դեմքը բացահայտելը: Մ. Հարությունյանը նշեց նաև, որ իրական տեղեկատվության ներկայացումը մեծ կարևորություն ունի Բաքվի կողմից մշտապես սփռվող սուտն ինչ-որ չափով կանխելու համատեքստում:
Միջոցառմանը ելույթներով հանդես եկան նաև Շուշիի պատմության թանգարանի տնօրեն Աշոտ Հարությունյանը, ԼՂՀ փախստականների հասարակական կազմակերպության նախագահ Սարասար Սարյանը, ԱրՊՀ պատմաքաղաքագիտական ֆակուլտետի դեկան Վալերի Ավանեսյանը, «Ազատ հայրենիք» կուսակցության երիտասարդական թևի ղեկավար Վահրամ Պողոսյանը, «Առաջ Արցախ» ՀԿ-ի նախագահ Արթուր Հայրապետյանը և այլք:
Կլոր սեղանի մասնակիցները դիտել են «Կաճառ» գիտական կենտրոնի պատրաստած «Ահաբեկչություն» վավերագրական ֆիլմը, իսկ վերջում ընդունել հայտարարություն, որում մասնավորապես նշվում է, որ «կլոր սեղանի մասնակիցները դատապարտում են Ադրբեջանի ոճրագործությունը և վստահ են, որ միջազգային հանրության կողմից այդ երկրի պետական ահաբեկչության ու էթնիկական զտումների շարունակվող քաղաքականության դատապարտումը կամ դրան համարժեք քաղաքական, իրավական գնահատական տալը նման դրսևորումների կանխարգելման արդյունավետ միջոց կլինեն»:
Ավետիք Հարությունյան

Պատասխանատու հանքարդյունաբերություն՝ երկօրյա համաժողովին ծավալվեց բազմակողմանի քննարկում

Մարտի 25-26-ին «Պատասխանատու հանքարդյունաբերության կայացումը Հայաստանում. հնարավորություններ և մարտահրավերներ» խորագիրը կրող միջազգային համաժողովին ներկա գտնվեցին և քննարկում ծավալեցին Հայաստանում հանքարդյունաբերության հիմնահարցերով զբաղվող և մտահոգ տարբեր կողմեր՝ միջազգային և տեղական փորձագետներ, միջազգային դիվանագիտական կառույցներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:

հանքարդյունաբերության կայացումը ՀայաստանումՀամաժողովի նպատակն է հանքարդյունաբերության ժամանակակից և միջազգային լավագույն փորձի մասին շահագրգիռ խմբերին տեղեկացնելու միջոցով Հայաստանում այդ ոլորտի տարբեր շահակիցների միջև ձևավորել փոխվստահության մթնոլորտ և ծավալել երկխոսություն: Մասնակիցների գնահատմամբ համաժողովը պատասխանատու հանքարդյունաբերության համակարգման ուղղությամբ  կարևոր քայլ էր, որն ունի շարունակական երկխոսության, օրենսդրական դաշտի բարելավման և բնապահպանական ու սոցիալական հարցերի լուծման հեռանկար:

Երկօրյա համաժողովի ընթացքում միջազգային փորձագետները,  ՀՀ Կառավարության ներկայացուցիչները, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, բնապահպանական ոլորտի փորձագետները իրենց գործընկերներին ներկայացրեցին մասնագիտական փորձառությունը և հանքարդյունաբերության ոլորտի կարգավորման, թափանցիկության և հաշվետվողականության ապահովման հնարավորությունները: Գերմանիայի, ԱՄՆ-ի, Կանադայի փորձագետները հանգամանորեն անդրադարձան իրենց երկրներում ընդերքի ռեսուրսների օգտագործման փորձին, օրենսդրական դաշտի կառավարման և բնապահպանական կայունության ապահովման մեխանիզմներին:

Քննարկումների  ընթացքում ներկայացվեցին համալիր հարցեր՝ հանքարդյունաբերության տնտեսական, չափորոշիչների, օրենսդրական դաշտի կառավարման առաջնահերթությունները և  չեզոքության դաշտում հետագա քննարկումներ զարգացնելու հեռանկարները:

 

Հանքարդյունաբերության և բնապահպանական հարցերով փորձագետները համաժողովի ամբիոնից հնչեցրին իրենց դիրքորոշումը վերհանված հիմնահարցերի վերաբերյալ՝ կարևորելով հանքարդյունաբերության ոլորտում ոչ միայն օրեսնդրական, այլև իրավունքների վրա հիմնված  մոտեցումերի մշակումը:

Առաջարկներ հնչեցին սկսված համակողմանի քննարկումը շարունակել առավել նպատակաուղղված երկխոսության հարթակի   ձևաչափով՝ Հայաստանում հանքարդյունաբերության ոլորտում հավասարակշռված և երկարաժամկետ լուծումներ գտնելու նպատակով:

Համաժողովը կազմակերպվել և իրականացվել է Հայաստանի Հանրապետության կառավարության և Համաշխարհային բանկի համատեղ ջանքերով: Համաժողովի աջակիցներն են Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկը (EBRD), Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC), ԱՄՆ դեսպանությունը, Երևանում Բրիտանական դեսպանությունը, Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանությունը Երևանում և Կանադայի կառավարությունը:

Անկախ