ՀՀ ԿԳՆ-ն աջակցում է քեսաբահայերին

կգնՀՀ կրթության և գիտության ոլորտի մի շարք հաստատություններ, միանալով “Հայաստան” համահայկական հիմնադրամի` քեսաբահայությանն աջակցելու նախաձեռնությանը, արդեն գումարներ են փոխանցել այդ նպատակով բացված  հատուկ հաշվեհամարին: ՀՀ կրթության և գիտության նախարարությունն այդ հաշվեհամարին է փոխանցել մեկ միլիոն ՀՀ  դրամ:
Միաժամանակ ՀՀ կրթության և գիտության նախարարությունը կոչ է անում ոլորտի մյուս կազմակերպություններին` իրենց հնարավորությունների շրջանակում միանալ այս ազգանվեր նախաձեռնությանը:

Հայաստանի և Վրաստանի բուհերը համագործակցում են կրթության որակի ապահովման ոլորտում

ANQA2«Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի (ՈԱԱԿ) պատվիրակությունը  ապրիլի 2-3-ին Թբիլիսիում մասնակցեց երկօրյա համաժողովի` նվիրված  «Բարձրագույն կրթության համադրելիության և միջազգայնացման խթանում» (PICQA)  ծրագրի արդյունքների ամփոփմանը

Պատվիրակության ներկայացուցիչը ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանի անունից ողջույնի խոսք հղեց   համաժողովի մասնակիցներին, իսկ միջոցառման ավարտին ներկայացավ ամփոփիչ ելույթով:

Համաժողովի ընթացքում ծրագրից իրենց քաղած դասերը և որակի ապահովման փորձն են ներկայացրել հայաստանյան բուհերից Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը, Երևանի պետական ճարտարագիտական համալսարանը և Ճարտարագիտական համալսարանի Վանաձորի մասնաճյուղը:

PICQA-ն TEMPUS-ի իրականացրած եռամյա ծրագիր է, որը կոչված է Հայաստանում և Վրաստանում բարձրագույն կրթության որակի ապահովման բարձրացմանը`զարգացնելով որակի ապահովման ներքին և արտաքին մեխանիզմները, որոնք ընդունելի ու կիրառելի են ինչպես տարածաշրջանում, այնպես էլ ողջ աշխարհում:

Ծրագրի իրականացման ընթացքում երկու երկրների բուհերը սերտորեն համագործակցել են, բուհական համակարգերի միջև համագործակցության եզրեր են ստեղծվել, ձևավորվել է վստահության և փոխգործակցության մթնոլորտ:

ԿԳՆ նախարար Արմեն Աշոտյանը շնորհավորել է կանանց

արմեն աշոտյանՍիրելի´ կանայք, մայրեր և քույրեր,

Ընդունեք իմ ջերմ շնորհավորանքները` մայրության և գեղեցկության տոնի առթիվ:
Գարնանային այս գեղեցիկ օրը պատեհ առիթ է` երախտիքի, գնահատանքի ու մեծարանքի խոսքեր հղելու ձեզ և արժևորելու ձեր անգնահատելի դերն ընտանիքում, աշխատավայրում և հանրային կյանքում:

Բնությունը կնոջն է պարգևել մայրանալու մեծագույն շնորհը, որը հնարավորություն է տալիս մեզ` շրջապատող աշխարհում անընդհատ առնչվել աստվածային արարման բերկրանքին:

Յուրաքանչյուրիս համար մայրական աղոթքով ու օրհնանքով է սկսվում ամեն մի նախաձեռնություն ու նրանով է ոչ միայն չափվում, այլև զարգանում ու տարածվում բարին, լավն ու գեղեցիկը:

Կնոջ կեցվածքով է պայմանավորված մարդկային հարաբերությունների ներդաշնակությունը, ընտանիքի ամրությունն ու երջանկությունը:

Տոնի առթիվ շնորհավորում եմ բոլոր կանանց ու մայրերին, մաղթում նրանց ընտանիքներին բարօրություն, կանացի հմայք ու գեղեցկություն:

Եղեք սիրված և միշտ ժպտացեք:

Անկախ

Երևանի պետական համալսարանի գիտական խորհրդի հայտարարությունը Սիրիայի Քեսաբ բնակավայրում հայերի և ալևիների դեմ իրականացվող ոճրագործությունը դատապարտելու մասին

գիտաժողովՀամայն հայությունը ցնցված է Սիրիայի Քեսաբ բնակավայրում մարտի 21-ից իրականացվող ոճրագործությունների կապակցությամբ:

Երևանի պետական համալսարանը դատապարտում է ահաբեկչական խմբավորումների և նրանց աջակցող թուրքական իշխանությունների կողմից Քեսաբի հայերի ու սիրիացի խաղաղ բնակչության դեմ իրականացվող գործողությունները, ինչի արդյունքում ավերվում են բնակավայրեր, տարհանվում են անմեղ մարդիկ, թալանվում է նրանց գույքը, պղծվում են հայկական եկեղեցիները: Մեր զորակցությունն ենք հայտնում Սիրիայում շարունակվող անարդար պատերազմի, մասնավորապես Քեսաբի ցավալի իրադարձությունների արդյունքում ծանր տառապանքներ կրած սիրիացի ու սիրիահայ ազգաբնակչությանը:

Թուրքիայի իշխանությունների կողմից ահաբեկչական խմբավորումներին ցուցաբերվող ակնհայտ աջակցությունն ու այլևայլ աղաղակող փաստերն անհերքելի վկայություներն են այն բանի, որ հայատյաց քաղաքականությունը շարունակում է մնալ ցեղասպան պետության համբավ ունեցող Թուրքիայի քաղաքական օրակարգում: Քեսաբի ցավալի իրադարձությունները ցույց են տալիս թուրքական իշխանությունների հայասպան, ցեղասպան, ոճրագործ ու թալանչի պատկերի անփոփոխ լինելը. ողբերգական է հիրավի, որ Օսմանյան կայսրության, իսկ ապա հանրապետական Թուրքիայի ղեկավարումը մշտապես գտնվել և այսօր էլ գտնվում է ազգայնամոլների ձեռքին:

Երևանի պետական համալսարանը կոչ է անում հայաստանյան հասարակությանը և համայն հայությանը միավորվել սիրիահայությանն օգնելու գաղափարի շուրջ: Կոչ ենք անում նաև ողջ միջազգային հանրությանը դատապարտելու Թուրքիայի կողմից իրականացվող հայատյաց քաղաքականությունը և գործադրելու քաղաքական, տնտեսական, դիվանագիտական հնարավոր բոլոր միջոցները թուրքական իշխանությունների մարդատյաց քաղաքականության առաջն առնելու համար:

 

Երևանի պետական համալսարանի գիտական խորհուրդ

Ուսումնարաններում և քոլեջներում` գնահատումը 10 միավորային համակարգով

կգն2ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրաման է ստորագրել` “Նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություններում սովորողների ընթացիկ գնահատման 10 միավորային համակարգի անցնելու մասին”: Համաձայն հրամանի` 2014-2015 ուսումնական տարվանից նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություններում սովորողների ընթացիկ գնահատումը կիրականացվի 10 միավորային համակարգով: Վերջինս հնարավորություն կտա մասնագիտական  կրթության և ուսուցման ոլորտում ունենալ գնահատման միասնական համակարգ, բարձրացնել սովորողների շարժունության հնարավորությունները, ինչպես նաև ապահովել  դյուրին անցումը մի կրթական ծրագրից մյուսին:

Էստոնացի գիտնականը լեզուների գերարագ ուսուցման ծրագիր է մշակել

53397c3b-dff9-5999-dff9-5996bdcd8bd4.photo.0Ֆիզիկայի դոկտոր Մայթ Մյունթելը ստեղծել է մի ծրագիր, որն իսկույն ներդրողների վստահությունն է շահել, ովքեր 1 մլն եվրո են տրամադրել դրա զարգացման ու տարածման համար: Համակարգչային նոր ծրագիրը լավագույն ստարտափ է  ճանաչվել:

Ամեն ինչ սկսվեց նրանից, որ Մյունթելն աշխատում էր միջուկային հետազոտությունների կենտրոնում ու, ֆրանսիացիների հետ աշխատելով, անհրաժեշտություն էր առաջացել սովորելու օտար լեզու: Նա ընդունված ձևով գրքեր ու ձայնագրություններ սերտել հրաժարվեց: Սակայն մշակեց  մի ծրագիր, ու արդեն 2 ամսից ազատ շփվում էր իր ֆրանսիացի գործընկերների հետ:

“Ես նպատակ էի դրել` առավելագույնս օպտիմալացնել լեզուներ սովորելու պրոցեսը: Իմ ծրագիրը չափում է գիտելիքների մակարդակն ու ուշադրությունը կենտրոնացնում գլխավորի վրա`  խնայելով  ոչ պիտանին ու արդեն սովորածը կրկնելու վրա ծախսվող ժամանակը”:

Նա նշել է, որ ժամանակակից հասարակության մեջ օտար լեզուների իմացության դերը շատ մեծ է: Սակայն, մարդկանց մեծամասնությունը կարծում է, որ դա երկար ու հոգնեցնող գործընթաց է ու դրա համար էլ հրաժարվում է այդ գաղափարից ու որպես հետևանք, կարիերա անելու հեռանկարից:

“Իմ ծրագիրը խնայում է և փողը, և ժամանակը”,-նշել է գիտնականը:

Անկախ

Հայկական փորձը Թուրքմենստանի համար կարող է լինել օգտակար

Արմեն-ԱշոտյանՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Թուրքմենստանի  Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գուրբաննազար Նազարովին: Հանդիպման ընթացքում նախարարն ու դեսպանը քննարկել են հայ-թուքմենական կրթական համագործակցության հեռանկարներին վերաբերող խնդիրներ: ՀՀ ԿԳ նախարարը ներկայացրել է Հայաստանի կրթական համակարգի զարգացման հիմնական ուղղությունները՝ նշելով, որ այս ոլորտում բարեփոխումների  հետևողական քաղաքականություն է իրականացվում: Ընդգծելով, որ Հայաստանի կառավարության համար կրթությունը համարվում է գերակա ուղղություն՝ Ա. Աշոտյանը վստահություն է հայտնել, որ կրթության և գիտության  ոլորտի համագործակցությունը կարևոր տեղ է զբաղեցնելու Հայաստան-Թուրքմենստան միջպետական հարաբերություններում: Նախարար Արմեն Աշոտյանը վստահեցրել է դեսպանին, որ Հայաստանում կարելի է ստանալ բարձրագույն մասնագիտական որակյալ կրթություն՝ համեմատաբար ավելի մատչելի գներով: Դեսպան Գուրբաննազար Նազարովն իր հերթին շեշտել է, որ տպավորված է Հայաստանի կրթական համակարգի զարգացման տեմպերով, ուստի Թուրքմենստանը շահագրգռված է, որ Հայաստանի բուհերում ավելանան թուրքմեն ուսանողների թիվը, իսկ  հայկական փորձը Թուրքմենստանի համար կարող է լինել օգտակար:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել միջբուհական հորիզոնական կապերի զարգացմանը, համատեղ ուսանողական ու կրթաթոշակային ծրագրերի իրականացմանը:

Ապրիլի 1-ից դասերը կընթանան բնականոն հունով

կգն2ՀՀ կրթության և գիտության նախարարությունը տեղեկացնում է՝ ապրիլի 1-ից Հայաստանի բոլոր պետական կրթական հաստատություններում ուսումնական գործընթացը կընթանա բնականոն հունով:
Հիշեցնում ենք, որ  մարտի 31-ի բաց թողած դասերը կլրացվեն  շաբաթ օրը` ապրիլի 5-ին:

Հայաստան-Կուբա. գիտակրթական հարաբերությունների հեռանկար

arm-6649-SAM_4641ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է Կուբայի գիտությունների ակադեմիայի փոխնախագահ, գիտության հարցերով պետական խորհրդական Ֆիդել Կաստրո  Դիազ-Բալարթին և Հայաստանում Կուբայի արտակարգ և լիազոր դեսպան Էմիլիո Լոսադա Գարսիային (նստավայրը՝ Մոսկվա):
ՀՀ ԿԳ նախարարը ողջունել է հյուրերին և հույս հայտնել, որ հայ-կուբայական հարաբերությունների զարգացման հեռանկարում կրթության և գիտության ոլորտները հատուկ տեղ կարող են գրավել:
Ֆ. Դ-Բալարթ Կաստրոն   ներկայացնելով այցի նպատակները՝ նշել է, որ հետաքրքրություն կա հատկապես գիտության ոլորտի հանդեպ, և  համագործակցելու, կապեր հաստատելու ակնկալիքով   հանդիպումներ է ունեցել ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեում: Կարևորելով Հայաստան-Կուբա գիտակրթական հարաբերությունների ձևավորումը՝ ՀՀ ԿԳ նախարարի առաջարկությամբ կողմերը պայմանավորվել են  նախապատրաստել հուշագիր՝ կրթության և գիտությոն ոլորտում համագործակցության վերաբերյալ:  Նախարարն առաջարկել է բուհական համագործակցության և կրթաթոշակային  երկկողմ ծրագրեր իրականացնել, ինչպես նաև Հայաստանի ավագ դպրոցներից մեկում իսպաներենի խորացված ուսուցում կազմակերպել՝ շեշտելով, որ այլ լեզուների ուսուցման  համանման  փորձն առկա է:

Ա. Աշոտյան. «Նպատակասլացությունը և գիտելիքը, համառության պարագայում անպայման բացելու են հաջողության դռները»

Արմեն ԱշոտյանՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ընդունելով Երևանի պետական համալսարանի ուսանողների և դասախոս Նարինե Մկրտչյանի առաջարկությունը,  Միջազգային հարաբերությունների ֆակուլտետում հանդես է եկել դասախոսությամբ: Շնորհակալություն հայտնելով հրավերի համար` նախարարը նշել է, որ բուհ է եկել` ավելի շատ տանելու, քան տալու, քանի որ, ըստ Ա. Աշոտյանի, ուսանողական լսարանն այն ամենաազատական լսարաններից մեկն է, որտեղ երբևէ կարելի է հանդիպում ունենալ: Դասախոսության սկզբում նախարարը փոքրիկ հարցում է անցկացրել` պարզելու, թե ովքեր են կողմ նախարարության քաղաքականությանը` բարձրագույն կրթության ոլորտում և նախանշելու ուսանողներին առավել մտահոգող հարցերը: Ա. Աշոտյանը մատնանշել է բարեփոխումներից դժգոհ ուսանողների համար հնարավոր պատճառները: “Կարծում եմ` առաջին պատճառն ուսումնառությունից հետո աշխատանք  գտնելու հարցն է, որը, ի դեպ, այդքան էլ կապ չունի կրթության հետ,  և երկրորդ` հետևանք է ձեր` մասնագիտության ազատ ընտրության: Այնպես որ, այս հարցում պետք է  պատասխանատվությունը կիսել: Դժգոհության երկրորդ պատճառը, կարծում եմ, ուսման վարձերի բարձր լինելն է:  Սակայն ուզում եմ հարց տալ` ձեզանից քանիսն են լավ սովորելով`  արդարացնում իրենց ծնողների ծախսերը: Համոզված եմ, որ այսօր  վատ սովորողների ճնշող մեծամասնությունը կորցրել է երախտիքի զգացումն իր  ծնողների նկատմամբ:  Եվ երրորդ` կա տարբեր ուսանողություն. 25-30 տոկոսը դրա փայլուն հատվածն են, նույնքանն էլ կազմում են վատ սովորող ուսանողները, մնացածը միջանկյալ հատվածն է, այսինքն նրանք, ովքեր կարող են դառնալ ավելի լավը, բայց կորցրել են հավատը կրթության հանդեպ:  Անշուշտ, սովորելու համար պետք է մոտիվացիա լինի. առաջին` լավ սովորելով` դուք  ապահովում եք ձեր  բարեկեցիկ ապագան: Գիտելիքը պետք է ուղիղ կապ ունենա բարեկեցության հետ: Այս ճշմարտությունը, ցավոք, մեր երկրում լիարժեք չի գործում, սակայն ուզում եմ փաստել, որ հարյուրավոր երեխաներ իրենք են իրենց ճանապարհը բացել: Երկրորդ`  ընդունվել եք բուհ, որովհետև այդպես է ընդունված,  և այն նաև իմիջային հարց է: Սակայն  սա ևս լիարժեք օրինաչափություն չէ Հայաստանում. այսօր չափից շատ շատ ուսանողներ են ընդունվում բուհեր, և, այսպես ասած, ընտրյալների շարքը ընդլայնվել է, ուստի որոշակի արժեզրկում է տեղի ունեցել:  Եվ երրորդ` ընդունվել եք, որպեսզի բարձրանաք սոցիալական հիերիարխիայով, որը ևս լիարժեք օրինաչափություն չէ մեր երկրում: Այսինք, այս երեք մոտիվացիաները դեռևս բացարձակ չեն  Հայաստանի պարագայում, և փաստացի ուսանողների մոտ առկա է որոշակի հիասթափություն: Ուզում եմ ձեզ, սակայն, հավաստիացնել, որ  ճանապարհ հաղթում է այն մարդը, ով հավատում է այս երեքից գոնե երկուսին: Ձեր նպատակասլացությունը և գիտելիքը,  համառության պարագայում անպայման բացելու են  հաջողության դռները, և դուք ունենալու եք հաջողության պատմություններ` ձեր աշխատասիրության շնորհիվ “,-դիմելով ուսանողներին` նշել է նախարարը` խորհուրդ տալով օրական առնվազն 10 էջ ընթերցել` հակառակ պարագայում, ըստ Ա. Աշոտյանի, այդ օրը կարելի է կորած համարել:
Դասախոսությունից հետո ուսանողները մի շարք հարցեր են ուղղել նախարարին, մասնավորապես, որոնք են եղել նախարարի ընթերցած վերջին 10 էջերը կամ ինչու բուհերն իրենց շրջանավարտների տվյալները չեն ուղարկում բոլոր գործատուներին: Հարցի հեղինակը համոզված էր, որ նման գործառույթ բուհերն ունեն` համաձայն Բոլոնիայի գործընթացի  ընթացակարգի: Ի պատասխան` նախարարը հանգամանալից բացատրել է Բոլոնիայի գործընթացի սկզբունքները` ընդգծելով, որ  նման պարտավորություն բուհերն իհարկե չեն ստանձնել, քանի որ այն իրականում նախատեսված չէ Բոլոնիայի գործընթացով: Այլ հարց, որ բոլոր բուհերը, ըստ Ա. Աշոտյանի, պարտավոր են ունենալ կարիերայի կենտրոններ, որտեղ գործատուները պետք է ներկայացնեն թափուր աշխատատեղերը և պահանջարկը: “Իհարկե, բուհերի մեծ մասում այդ կենտրոնները գործում են, սակայն շատ հաճախ դրանք կրում են  ձևական բույթ, որովհետև չունենք պատշաճ  կապ աշխատաշուկայի հետ: Այն ոլորտներում, որտեղ գործատուն շահագրգռված է ունենալ որակյալ կադրեր, գործերն առաջ են գնում: Որպես ապացույց` տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը”,-նշել է նախարարը` ընդգծելով, որ իրականում Բոլոնիայի գործընթացը հետևանք էր Եվրոպայում միասնական տնտեսության զարգացման, որն իր հետ  բերեց միասական աշխատաշուկա և միասնական կրթական տարածք: “Եվրոպայի պետությունները եկել էին համաձայնության, որ կճանաչեն ավարտական վկայականները, եթե այդ երկրներում գործի կրթության եռաստիճան համակարգ, ներմուծվեն կրեդիտներ, որակի հսկման մեխանիզմներ` ներքին և արտաքին, ինչպես նաև թափանցիկության գործիքներ` սկսած  հասարակությանը հաշվետու լինելուց մինչև վարկանիշավորում: Չլինելով եվրոպական տնտեսական տարածքի մաս` Հայաստանը փորձել է  ներմուծել այդ  ստանդարտները` միաջգայնորեն ճանաչելի դարձնելու համար իր կրթությունը”,-նշել է նախարարը:
Ուսանողներին հետաքրքրել է նաև 12-ամյա կրթության անցումը, որին ի պատասխան` Ա. Աշոտյանը նշել է, որ այս պարագայում ևս կա միջազգային ստանդարտ: Նախարարը վստահեցրել է, որ կրթության ոլորտում կայացված որոշումնեը հիմնականում ճիշտ են եղել, որոշակի խոչընդոտներ առաջացել են` դրանց իրականացման գործընթացում
Նախարարին հարցեր են ուղղվել նաև  բուհերում քաղաքական գործունեությամբ զբաղվելու արգելքի,  ուսխորհուրդների քաղաքականացված լինելու, վերջին շրջանում բուհերից մեկում ուսանողների մասնակցությամբ արձանագրված տհաճ միջադեպի վերաբերյալ, որոնց կապակցությամբ Ա. Աշոտյանը ներկայացրել է իր դիտարկումները և լուծման ուղիները: Ուսանողներին հետաքրքրել է նաև  նախարարի կարծիքը Ղրիմում կայացած հանրաքվեի և ՄԱԿ-ում Հայաստանի քվեարկության վերաբերյալ, որին ի պատասխան` Ա. Աշոտյանը նշել է, որ քվեարկության ժամանակ Հայաստանն առաջնորդվել է միմիայն իր ազգային շահերով: Հանդիպման ընթացքում հարցեր են հնչել նաև բուհերի խոշորացման, նախարարի պաշտոնի, ինչպես նաև արտագաղթի և դրանով պայմանավորված` որակյալ կադրերի արտահոսքի վտանգի հետ կապված:

 

Կայացել է UWC Dilijan դպրոցի եւ UWC կրթական ցանցի աշակերտների ընտրության վերջին փուլը

դիլիջանի դպրոցՄարտի 29-ին եւ 30-ին Երեւանում Միացյալ աշխարհի քոլեջներ (United World Colleges-UWC) կրթական ցանցի ներկայացուցիչները եւ կրթական ոլորտի մասնագետները հարցազրույցներ են անցկացրել ընտրության նախորդ փուլերը հաղթահարած հայաստանցի երիտասարդների հետ:

Այս տարի UWC համակարգում կարող են ուսանել Հայաստանի 21 քաղաքացիներ` 10-ը UWC Dilijan միջազգային դպրոցում եւ 11-ը` UWC-ի այլ երկրների քոլեջներում (Իտալիա, Ուէլս, Հոնգ Կոնգ, Հոլանդիա, Նորվեգիա, Գերմանիա, ԱՄՆ, Սինգապուր, Հնդկաստան):

Մինչեւ ս.թ. փետրվարի 17-ը UWC համակարգում սովորելու հայտ կարող էին ներկայացնել Հայաստանի բոլոր այն քաղաքացիները, որոնք 2014թ. օգոստոսի վերջի դրությամբ կլինեն 16 տարեկան, բայց ոչ ավելին, քան 18 տարեկան:

UWC համակարգում ընդունելության գործընթացի գլխավոր յուրահատկությունն այն է, որ դպրոցները դրան չեն մասնակցում` ընդունելությունը կազմակերպվում է անկախ մարմինների` UWC Ազգային կոմիտեների կողմից:

Ընդհանուր առմամբ, Հայաստանի UWC Ազգային կոմիտեն ստացել էր 270 հայտ:

Հայտերի նախնական ուսումնասիրությունից հետո ընտրվել էին 159 երիտասարդներ, որոնց հետ UWC համակարգի մասնագետներն անցկացրել էին հարցազրույցներ Skype-ի միջոցով: Այդ փուլը հաջողությամբ հաղթահարած 64 երիտասարդները ստացել էին մարտի 29-ին եւ 30-ին Երեւանում կայանալիք հարցազրույցներին մասնակցելու հրավեր:

Վերջին ընտրական փուլի արդյունքները հայտնի կդառնան ս.թ. ապրիլի վերջին: Դրանից հետո քոլեջները, այդ թվում նաեւ UWC Dilijan-ը, պետք է իրենց համաձայնությունը տան եւ հաստատեն աշակերտների թեկնածությունը:

Հանձնաժողովի կազմում ընդգրկված էին կրթական ոլորտի հայաստանցի եւ արտասահմանցի մասնագետներ, մասնավորապես, «Անանիա Շիրակացի» կրթական համալիրը ներկայացնող Սաթինե Ղարաքեշիշյանը, PH International-ի հայաստանյան տնօրեն Մարիամ Մարտիրոսյանը, UWC Adriatic (Իտալիա) դպրոցի ներկայացուցիչ Ռիմա Ռապոպորտեն, Հայաստանի UWC Ազգային կոմիտեի նախագահ Սիմոնե Սիգարբոսան (Իտալիա), UWC USA դպրոցի շրջանավարտ Սամիր Մաստակին, UWC Ռուսաստանի Ազգային կոմիտեի անդամ Դարյա Բրոդնիկովսկայան, UWC միջազգային գրասենյակի ներկայացուցիչ Միա Էսկելունդը (Դանիա) եւ ուրիշներ:

Ընտրությունը UWC-ի դպրոցներում կատարվում է մրցակցային հիմունքներով, եւ առավելությունը տրվում է տաղանդավոր ու սոցիալապես ակտիվ երիտասարդներին: Ընտրության այդպիսի համակարգը թեկնածուներին ընձեռում է հավասար հնարավորություններ՝ անկախ նրանց ազգությունից, դավանանքից, լեզվից ու ծնողների ֆինանսական կարողությունից, եւ թույլ է տալիս մեկ վայրում հավաքել հետաքրքիր, ոչ ստանդարտ մտածելակերպ ունեցող, սոցիալապես ակտիվ եւ ստեղծագործ մարդկանց, որոնք ներկայացնում են տարբեր մշակույթներ:

UWC Dilijan միջազգային դպրոցի հիմնադիրները որոշում են կայացրել այն մասին, որ UWC Dilijan միջազգային դպրոցի աշակերտների 90 տոկոսը կսովորեն բարերարների կողմից հատկացված կրթաթոշակներով: Սինգապուրի, ԱՄՆ-ի, Գերմանիայի, Հոնգ Կոնգի եւ Ուէլսի UWC դպրոցները պատրաստ են մեկական տեղ հատկացնել հայաստանցի դիմորդների համար եւ ապահովում են նրանց ուսման հետ կապված ծախսերի մինչեւ 100 տոկոսը: Մնացած դպրոցները տեղերը տրամադրում են առանց կրթաթոշակի եւ դիմորդը ինքնուրույն պետք է հոգա այդ ծախսը: Բացառիկ տաղանդավոր երեխաների դեպքում UWC Dilijan միջազգային դպրոցի հիմնադիրները կարող են միանալ հովանավորներ ներգրավելու գործին:

UWC համակարգում եւ UWC Dilijan միջազգային դպրոցում սովորելու գործընթացը մանրամասն ներկայացված է www.am.uwc.org կայքում:

Վաղը՝մարտի 31-ին Երևան քաղաքի դպրոցներում ու մանկապարտեզներում դասերը չեն կայանա

դպրոցԵրևանի քաղաքապետարանից Անկախին տեղեկացնում են Երևան քաղաքի հիմնական դպրոցների, ՆՈՒՀ- երի (մանկապարտեզներ), երաժշտական ու արվեստի դպրոցների հարգելի տնօրեններ, մանկավարժներ, դաստիարակներ, աշակերտներ և ծնողներ.

հիմք ընդունելով եղանակային անբարենպաստ պայմանները, երեխաների առողջության նկատմամբ ունեցած հոգածությամբ պայմանավորված, տեղեկացնում ենք, որ մարտի 31-ին` երկուշաբթի, վերը նշված հաստատություններում դասերը չեն կայանա, իսկ հիմնական դպրոցների մարտի 31-ին բաց թողնված դասաժամերը կլրացվեն շաբաթ` ապրիլի 5-ին:

 Անկախ

Արցախում անցկացվեց ՙԿենգուրու՚-2014-ը

ՙԿենգուրու՚-2014Մարտի 27-ը ՙԿենգուրու՚-2014-ի օրն էր: Դպրոցական  մաթեմատիկական  այս մրցույթն  ամբողջ աշխարհում անցկացվում է  մարտի  վերջին հինգշաբթի օրը: Արդեն 6-րդ տարին Հայաստանում և 5-րդ տարին Արցախում ՙԱյբ՚ կրթական հիմնադրամը  կազմակերպում և անցկացնում է աշխարհի ամենասիրված դպրոցական մրցույթը: Շուրջ 44200 աշակերտ է մասնակցել ՙԿենգուրու՚-2014-ին, որոնցից 1980-ը` Արցախից:

ԼՂՀ կրթության և գիտության փոխնախարար Միքայել Համբարձումյանի տեղեկատվությամբ՝ այս տարի շուրջ 200-ով ավելացել է արցախցի մասնակիցների թիվը, նաև աշխարհագրությունն է ընդլայնվել: Մասնակիցների կեսը մայրաքաղաքի դպրոցականներ են, մյուս մասը` շրջաններից:

Մասնակցել են 3-12-րդ դասարանների երեխաները` հինգ տարիքային խմբերում: Մասնակիցների մեծ խտությունը 3-րդ-6-րդ դասարաններում էր: Ինչպես նախատեսված է մրցույթի կանոնակարգով, բոլորին բաժանվել են փոքրիկ հուշանվերներ:

Մասնակիցների լրացրած պատասխանի թերթիկները ստուգվելու են ՙԱյբ՚ հիմնադրամում` համակարգչային հատուկ ծրագրի  օգնությամբ: Մեկ ամսից մրցույթի խնդիրներն ու ճիշտ պատասխանները կհրապարակվեն համապատասխան կայքերում:  Յուրաքանչյուր դպրոց մայիսի առաջին կեսին կստանա հաշվետվություն իր աշակերտների արդյունքների մասին: Իսկ նույն ամսվա վերջն Ստեփանակերտում տեղի կունենա արդյունքների ամփոփում և մրցանակաբաշխություն:

Լավագույն արդյունքներ ցույց տվածները կարժանան պատվոգրի և մրցանակների: Իսկ հաղթողները ստանում են գլխավոր մրցանակը` արժեքավոր նվեր կամ ՙԿենգուրու առանց սահմանների՚ միջազգային ասոցիացիայի անդամ որևէ եվրոպական  երկրում կազմակերպվող ամառային ճամբարի ուղեգիր: Նշենք, որ անցած տարիներին հաղթողները եղել են ՀՀ-ից:

Ավելացնենք, որ երեխաները կարող են ինքնուրույն պարապել և զարգացնել իրենց մաթեմատիկական ունակությունները` ձեռքի տակ ունենալով ՙԿենգուրուի՚ խնդրագրքերը, որոնք ներառում են 2008-2012թթ. խնդիրներն իրենց լուծումներով:

 

Լաուրա Գրիգորյան

Անկախ

ԵՊՀ-ի և Քուվեյթի համալսարանի միջև համագործակցության պայմանագիր է ստորագրվել

03-27-2014 Kuveyt banerՄարտի 27-ին ԵՊՀ ռեկտորի աշխատասենյակում ԵՊՀ-ի և Քուվեյթի համալսարանի միջև տեղի ունեցավ փոխանակման և համագործակցության պայմանագրի ստորագրում:

Երևանի պետական համալսարան այցելած պատվիրակության կազմում էին Քուվեյթի համալսարանի ռեկտոր Աբդ ալ-Կատիֆ ալ-Բադրը, Ուսումնական հարցերով պրոռեկտոր տիկին Ֆիրյալ Բու Ռաբիան, Բժշկագիտության ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Ադել Այեդը, աշխատակազմի ղեկավար Մուհամմադ ալ-Սուլեյմանը և ռեկտորի խորհրդական Մուհսեն ալ-Մուալլիմը:

Քուվեյթի պատվիրակությունը Հայաստան է ժամանել միջբուհական համագործակցության, ինչպես նաև կրթության ու գիտության ոլորտներում փոխգործակցության հեռանկարները քննարկելու համար:

Մինչ քննարկումներին անցնելը կողմերը վերակնքեցին երկու բուհերի միջև գործող համագործակցության պայմանագիրը և պարտավորվեցին աշխատանքային պայմանագրերի միջոցով կյանքի կոչել այն:

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը ողջունեց հյուրերին և ընդգծեց, որ Մայր բուհի ղեկավարությունը մեծ կարևորություն է տալիս Քուվեյթի համալսարանի հետ համագործակցության վերականգնմանն ու զարգացմանը:

Արամ Սիմոնյանը որոշ մանրամասներ ներկայացրեց ԵՊՀ պատմության, միջազգային համագործակցության, ուսումնական ու գիտական գործընթացների, ինչպես նաև մշակութային և ուսանողական կյանքից:

Քուվեյթի համալսարանի ռեկտոր Աբդ ալ-Կատիֆ ալ-Բադրը նույնպես խոսեց իրենց երկրի գլխավոր բուհից և վստահություն հայտնեց, որ երկու համալսարանների միջև համագործակցության արդյունքները գոհացնող կլինեն:

Հարկ է նշել, որ Քուվեյթի և Երևանի պետական համալսարանների միջև համագործակցությունը տարիների պատմությունի ունի, մասնավորապես արաբագիտության ոլորտում: Արդեն մի քանի տարի է, ինչ համալսարանական արաբագետ ուսանողները կրթություն են ստանում Քուվեյթի համալսարանում:

Արամ Սիմոնյանի հավաստմամբ՝ Քուվեյթի համալսարանի ղեկավարությունը միշտ գոհունակությամբ է խոսում հայ ուսանողների մասին՝ ընդգծելով նրանց ընդհանուր գիտելիքների և մասնավորապես արաբերենի իմացության բարձր մակարդակը:

Նախատեսվում է համալսարանների միջև ծավալված համագործակցությունը հետագայում ներառելու է նաև բնագիտական ոլորտները. «Քուվեյթի համալսարանի բնագիտական ֆակուլտետները բավականին հզոր են ոչ միայն գիտելիքների, այլև լաբորատոր սարքավորումների տեսանկյունից»:

ԵՊՀ ռեկտորը հավելեց նաև, որ Քուվեյթի համալսարանի պատվիրակությունը հետաքրքրված է նաև պրոֆեսորադասախոսական կազմի և գիտնականների փոխանակման ծրագրերով:

«Քուվեյթի համալսարանն Արաբական ծոցի երկրներից ամենահզոր կրթական կենտրոններից է, որը և՛ կադրային, և՛ տեխնիկական ռեսուրսներով բավականին հագեցած է:  40.000-ից ավելի ուսանող ունեցող բուհում դասավանդում են հրավիրյալ հայտնի պրոֆեսորներ, Նոբելյան մրցանակակիրներ: Ուստի մենք շահագրգրված ենք, որ այս համագործակցությունն էլ առավել ամրապնդվի ու զարգացում ունենա, քանի որ դրա միջոցով մենք կապ կհաստատենք Արաբական ծոցի այլ երկրների կրթօջախների հետ»,- ամփոփեց Արամ Սիմոնյանը:

Հանդիպման վերջում կողմերը միմյանց հուշանվերներ ու տեղեկատվական բուկլետներ հանձնեցին:

 

Նախարարը ներկայացրել է ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարին

կգնՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմին է ներկայացրել բուհի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Գալստյանին` հույս հայտնելով, որ նոր ղեկավարի օրոք ևս բուհը կշարունակի կյանքի կոչել այն ծրագրերը, որոնցով բուհն աչքի է ընկել վերջին տարիներին: Արմեն Աշոտյանը շնորհակալություն է հայտնել բուհի նախկին ռեկտոր Հովհ. Թոքմաջյանին` արդյունավետ աշխատանքի համար`ընդգծելով, որ վերջինիս պաշտոնավարման ընթացքում բուհն արձանագրել է բազմաթիվ հաջողություններ, որը գնահատել են նաև համալսարանի արտասահմանցի գործընկերները: “Համոզված եմ, որ բուհը պետք  է շարունակի իր աշխատանքային ուղին. ինչ էլ փոխվի բուհի ենթակառուցվածքային կամ իրավական առումով, բովանդակային փոփոխությունները միտված են լինելու բացառապես այն խնդիրներին, որով աչքի է ընկել բուհը:  Այդ առումով` մեծ շնորհակալություն համալսարանի  կոլեկտիվին: Ուզում եմ նշել նաև, որ բուհը պատվով է դուրս գալիս եվրոպական հավատարմագրման գործընթացից. այդ մասին է վկայում ֆրանսիական հավատարմագրային գործակալության զեկույցը, և մենք հույս ունենք, որ շուտով կունենանք եվրոպական ամենախիստ չափանիշներին համապատասխան գործընթաց, որը կավարտվի փաստաթղթային ամրապնդմամբ”,-նշել է Ա. Աշոտյանը` անդրադառնալով նաև Հայաստանի պետական ճարտարագիտական և Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանների հնարավոր վերամիավորման խնդրին: Ըստ նախարարի` ՀՀ վարչապետի հանձնարարականով ձևավորվել է աշխատանքային խումբ` նախարարության ստորաբաժանումների ներկայացուցիչների, ինչպես նաև երկու բուհերի ռեկտորների և ուսանողների մասնակցությամբ՝ բուհերի միավորման գործընթացը նախապատրաստելու նպատակով: “Աշխատանքային խմբի առջև դրված է երկու նպատակ. նախ` կանխատեսել միասնական բուհի ստեղծման պարագայում ինչ վարչական, կրթական համակարգեր կունենանք, կանխատեսել կադրային հոսքերի տեղաբաշխումը, մասնագիտությունների խոշորացման և առհասարակ կրթական գործընթացի կազմակերպումը: Երկրորդ`  համապատասխան կանխատեսում ունենալու դեպքում մանրամասն քննարկել բուհերի և ուսանողների հետ, նախագիծը դնել հրապարակային քննարկման և նոր միայն ներկայացնել ՀՀ կառավարության որոշման: Մենք ուզում ենք, որ գործընթացը լինի արագ, բայց ոչ ի հաշիվ որակի, ոչ մի արհեստականացում. միայն նպատակային և բնական զարգացում: Ուզում եմ մեկ անգամ ևս շեշտել` բոլոր շահառուների ներկայացումը քննարկվող հարցում պարտադիր է”,-նշել է նախարարը` վերոնշյալ հարցում կարևորելով նաև մասնավոր հատվածի, աշխատաշուկայի ներկայացուցիչների, հասարակական կազմակերպությունների, Ճարտարապետների միության և այլ նմանատիպ կառույցների կարծիքը:
Բուհի նախկին ռեկտոր Հովհ. Թոքմաջյանը իր երախտիքն է հայտնել բուհի կոլեկտիվին`նշելով, որ համալսարանում հավաքված են ազնիվ և պրոֆեսիոնալ մարդիկ, որոնց միավորել է թիմային աշխատանքն ու ընդհանուր նպատակներին հասնելու ձգտումը:
Բուհի ժամանակավոր պաշտոնակատարն իր հերթին շնորհակալություն է հայտնել կառավարությանը` ընձեռված վստահության համար` հավաստիացնելով, որ իր օրոք ևս բուհը կշարունակի բռնած ուղին:

Կստեղծվի ՀՊՃՀ և ԵՃՇՊՀ միավորման աշխատանքային խումբ

կգն2ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր տեղի է  ունեցել գործակարգավարական խորհրդակցություն, որը վարել է նախարար Արմեն Աշոտյանը: Քննարկվել են ոլորտում իրականացվող ծրագրերը, ստորաբաժանումների պատասխանատուները ներկայացրել են  աշխատանքների ընթացքն ու առկա խնդիրները:
Ի թիվս այլ հարցերի՝ նախարար Ա. Աշոտյանը անդրադարձել է  Հայաստանի պետական ճարտարագիտական և Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանների միավորմանը և հանձնարարել ձևավորել աշխատանքային խումբ՝ բուհերի միավորման գործընթացը նախապատրաստելու նպատակով: Խմբում  ընդգրկված կլինեն երկու բուհերի ռեկտորները, պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների ներկայացուցիչներ: Խմբի հիմնական խնդիրն է ուսումնասիրել միավորման հնարավոր արդյունքներն ու հեռանակարները և նախապատրաստել կառավարության որոշման համապատասխան նախագիծ :
Խորհրդակցության ընթացքում քննրակվել են նաև ընթացիկ այլ հարցեր և տրվել հանձնարարականներ:

Dasaran.am» կրթական ծրագրի վերապատրաստումներին արդեն իսկ մասնակցել են 35.000 ուսուցիչներ

1(1)Այս անգամ «Dasaran.am» կրթական ծրագրի աշխատանքային թիմն այցելեց Արարածոտնի մարզ՝ տեղի գյուղական համայնքի 81 դպրոցների ավելի քան  160 ներկայացուցիչների վերապատրաստման գործընթացն իրականացնելու նպատակով:

Հաջորդ կանգառը Լոռու մարզն էր, ուր 98 դպրոցներ ևս միացան «Dasaran.am» կրթական ծրագրին՝ հաջողությամբ անցնելով վերապատրաստման գործընթացը:

Վերապատրաստումները միտված էր օպերատորների, ուսուցիչների և դպրոցների տնօրենների շրջանում Ծրագրի էլեկտրոնային գործիքների վերաբերյալ հմտությունների զարգացմանը:

Ինտերակտիվ մեթոդով իրականացվող վերապատրաստման ընթացքում մասնակիցներին հնարավորություն է տրվում ոչ միայն մանրամասն ծանոթանալ կրթական ծրագրի կողմից ստեղծած էլեկտրոնային գործիքին (ինտերֆեյսին), այլև տեղում՝ համակարգիչների առջև, գործնական առաջադրանքների միջոցով ամրապնդել ստացած տեսական գիտելիքները: Կրթական ծրագիրը տրամադրում է նաև  «Dasaran.am»-ից օգտվելու մանրամասն ուղեցույց, ինչպես նաև ապահովում ծրագրի հետագա աշխատանքների սահուն ու անխափան ընթացքը:

Նշենք նաև, որ վերապատրաստումներին արդեն իսկ մասնակցել են Երևան քաղաքի և ՀՀ 10 մարզերի ավելի քան 35.000 օպերատորներ և ուսուցիչներ:

Հիշեցնենք, որ «Dasaran.am» կրթական ծրագիրը վայելում է ՀՀ ԿԳ նախարարութան և Երևանի քաղաքապետարանի աջակցությունը, իսկ մարզերում համապատասխան գործունեությունն իրականացվում է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հավանությամբ: «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության աջակցության շնորհիվ ծրագիրը գործում է անվճար հիմունքերով:

ԵՊԲՀ դասախոսների հետ քննարկվեց պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը

DSC_4095

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի

հասարակայնության հետ կապերի ծառայությունից Անկախին հայտնեցին, որ մարտի 21-ին Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի դասախոսական կազմը կուտակային կենսաթոշակային համակարգին վերաբերող իրեն հուզող հարցերի պատասխանները ստացավ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանից և ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Վարդան Արամյանից։ Հանդիպումը կազմակերպել էր Հայաստանի երիտասարդական հիմնադրամը՝ Երևանի պետական բժշկական համալսարանի առաջարկով։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նկատեց, որ բազմաթիվ լսարանների հետ է հանդիպել, և մարդկանց մոտ բարեփոխումների, դրանց տրամաբանության, նպատակների, օրենքի դրույթների վերաբերյալ հավաստի տեղեկատվության պակաս կա։ «Կենսաթոշակային բարեփոխումը ցանկացած երկրում ամենաբարդ ռեֆորմն է։ Եվ պետք է լավ մասնագետ լինել՝ բոլոր ասպեկտներին տիրապետելու համար։ Մենք ունենք խնդիր՝ հասարակության տարբեր շերտեր ներկայացնող քաղաքացիներին հնարավորինս մատչելի ներկայացնելու ճշգրիտ տեղեկատվությունը։ Շատ դեպքերում արվում է մանիպուլյացիա. ոչ մասնագետները խոսում են բարեփոխումներից՝ նույնիսկ իրենք տեղյակ չլինելով դրանց մասին և ապակողմնորոշելով քաղաքացիներին, ինչն անընդունելի է։ Մենք պետք է ճշգրիտ ինֆորմացիան հասցնենք քաղաքացիներին, որպեսզի ամեն ինչ հստակ լինի»,- նշեց նախարարը։

Բժշկական համալսարանի դասախոսներին մտահոգում էր, թե կուտակային կենսաթոշակային համակարգի ներմուծումը որքանով կանդրադառնա կյանքի որակի վրա, ինչքանով պետությունն իրավունք ունի վերահսկել ֆոնդերը, կարող է արդյոք կենսաթոշակային ֆոնդը սնանկանալ, արդյոք այսօր կատարվող պարտադիր կուտակային կենսաթոշակային փոխանցումները մոտ ապագայում կօգնեն տնտեսության զարգացմանը, ում կողմից է վերահսկվում կենսաթոշակային ֆոնդի կառավարչի գործունեությունը և այլն։

Պետական բժշկական համալսարանի բժշկական ֆիզիկայի ամբիոնի վարիչ Լյուդվիգ Պետրոսյանը հանդիպման ավարտին նշեց, որ իր մտահոգությունները մասամբ փարատվեցին։ Նա կցանկանար, որպեսզի ավելի հստակ ինֆորմացիա ստանար, թե կենսաթոշակային հիմնադրամների կառավարիչները նախկինում որ երկրներում քանի տարի են աշխատել, ինչ ցուցանիշներ են գրանցել, բնակիչների համար միջինում ինչ եկամտաբերություն են ապահովել։ «Ողջունելի են նման հանդիպումները, քանի որ այլ տարբերակով մենք չենք լուսաբանվում։ Հեռուստատեսությամբ հեռարձակվող մուլտիկները չեն կարող համոզիչ լինել։ Մեզ ավելի մանրամասն, հանգամանալի բացատրություն էր պետք, ինչն այսօր փորձում են անել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, այլ պաշտոնյաներ»,- ասաց Լյուդվիգ Պետրոսյանը։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանն էլ նկատեց, որ երիտասարդական հիմնադրամը պատրաստ է նման ձևաչափով հանդիպումներ կազմակերպել ցանկացած կազմակերպության հետ, որտեղ քաղաքացիներին հուզող հարցերին պատասխաններ կտրվեն տարբեր գերատեսչությունների ղեկավարների և մասնագետների կողմից։ «Հիմնադրամը քննարկումներ կազմակերպելու առաջարկով դիմել է տարբեր շահագրգիռ խմբերի, այդ թվում «Դեմ եմ» շարժմանը։ Վերջիններից, սակայն, դեռ պատասխան չի ստացվել։ Հուսով ենք, որ նման քննարկում տեղի կունենա նաև նրանց հետ»,- նշեց Կարեն Ավագյանը։

Անկախ

 

 

Մանկավարժը հացադուլ կհայտարարի` իր ոտնահարված իրավունքները վերականգնելու համար

վարդան գալստյան231 տարվա մանկավարժ Վարդան Գալստյանը սպառնում է հացադուլ հայտարարել դպրոցում, եթե մինչև հաջորդ շաբաթ իր խնդիրը չլուծվի:
Գալստյանը 1983 թվականից աշխատում է Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշենի միջնակարգ դպրոցում, դասավանդում է քիմիա և կենսաբանություն: 1987-2000 թթ. Գալստյանը նաև եղել է դպրոցի փոխտնօրեններից մեկը: Այժմ, երբ լրացել է Գալստյանի 55 տարին և օրենքով սահմանված կարգով նա կարող է մասնակի կենսաթոշակի անցնել, խնդիրներ են առաջացել:
Փետրվարի սկզբին Գալստյանը համապատասխան փաստաթղթերը ներկայացրել է սոցիալական ապահովության ծառայության տարածքային բաժին, սակայն շուտով մերժում է ստացել. փոխտնօրեն աշխատելու 13 տարիները մասնագիտական ստաժ չեն համարել ու մերժել են:
Ըստ 2010-ին ընդունված «Պետական կենսաթոշակների մասին» օրենքի` մասնակի կենսաթոշակի իրավունք ունեն կրթության ոլորտի որոշ կատեգորիաների աշխատողներ, եթե լրացել է նրանց 55 տարին և ունեն առնվազն 25 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ, որից գոնե 12-ը` մասնագիտական: Իսկ մասնագիտությունների ցանկը, որոնք կարող են ընդգրկվել մասնակի կենսաթոշակի համակարգում, սահմանել է կառավարությունը 2011-ի 665-Ն որոշմամբ: Ըստ ցուցակի` նման իրավունք ունեն դպրոցական համակարգից ուսուցիչը, դասվարը, զինղեկը, մանկավարժ դաստիարակը, դաստիարակ-ղեկավարը, ջոկատավարը և ավագ ջոկատավարը, հրահանգիչը, խուլ-համրերի, կույրերի մանկավարժները, լոգոպեդը, լսողական կաբինետի վարիչը, ուսումնական և դաստիարակության գծով տեղակալները, տնօրենը:
Մինչ 2010 թ. մասնակի կենսաթոշակի անցնելուց բավարար է եղել տեղեկանքը դպրոցից, որ փոխտնօրենը կամ կազմակերպիչը նաև զուգահեռաբար դասավանդել է` օրենքով թույլատրված ժամաքանակով: Սակայն «Պետական կենսաթոշակների մասին» նոր օրենքում հստակ նշվում է, որ համատեղությամբ աշխատած ժամանակահատվածը մասնագիտական աշխատանքային ստաժում չի հաշվառվում:
Ըստ այս տրամաբանության` Գալստյանը զրկվել է 13 տարվա մանկավարժական ստաժից, իսկ փոխտնօրենի ստաժն էլ հրաժարվում են դիտարկել` պատճառաբանելով, որ ցանկում «կազմակերպիչ» տերմինը չկա:
«Տառակերությամբ են զբաղվում: Այն ժամանակ փոխտնօրենը կոչվում էր կազմակերպիչ, հիմա` դաստիարակության գծով տեղակալ: Ընդամենը հաստիքի անվանումն է փոխվել: Ինչո՞ւ պետք է զրկվեմ ինձ հասանելիք կենսաթոշակի իրավունքից, ինչ է թե հաստիքի անունը փոխվել է»,- ասում է Գալստյանը:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային ապահովության վարչության պետի տեղակալ Ռոզա Մկրտչյանն «Անկախի» հետ զրույցում նշեց, որ խնդրին առնչվում են արդեն տարիներ շարունակ: Նրա խոսքով` հիմնավորող իրավական փաստաթուղթ չկա, որ կազմակերպչի հաստիքը վերանվանվել է դաստիարակության գծով տեղակալ: «Խորհրդային տարիներին դպրոցի տնօրենը երկու տեղակալ է ունեցել` ուսումնական գծով տեղակալ և կազմակերպիչ: Այն ժամանակ էլ ուսումնական գծով տեղակալը մասնակի կենսաթոշակի իրավունք ունեցել է, կազմակերպիչը` ոչ: Բոլորը չէ, որ այդ իրավունքը ունեն»,- ասում է Մկրտչյանը:
Նրա խոսքով` Գալստյանին մասնակի կենսաթոշակի իրավունք չտալը օրենքի սահմաններում է, եթե, իհարկե, Գալստյանը չկարողանա իրավական փաստաթուղթ ներկայացնել, որը կհիմնավորի, որ կազմակերպիչը և դաստիարակության գծով տեղակալը նույն հաստիքն են:
ԿԳՆ նախադպրոցական և միջնակարգ կրթության քաղաքականության մշակման և վերլուծության բաժնի պետ Սյուզաննա Մակյանը «Անկախի» հետ զրույցում նշեց, որ հաստիքի ցանկացած փոփոխություն ուղեկցվում է իրավական փաստաթղթով, բացառություն չէ նաև այս դեպքը: Մակյանը նշեց, որ 1987-ին Գալստյանի հաստիքի ամբողջական անվանումն է եղել արտադասարանական ու դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ: Նրա խոսքով` խառնաշփոթի պատճառն այն է, որ Գալստյանի աշխատանքային գրքույկում պաշտոնի անվանումն ամբողջական չի գրվել:
Մակյանի խոսքով` խնդիրը կլուծվի, եթե Գալստյանի աշխատանքային գրքույկում դպրոցի ներկայիս տնօրինությունը, հիմք ընդունելով արխիվային փաստաթղթերը, ուղղում կատարի:
Գալստյանը, սակայն. արդեն հուսահատվել է հիմնարկությունների դռնից դուռ անցնելուց ու մերժումներ ստանալուց:
«Բա որ հանկարծ ուղղում կատարվի, հիմա էլ ասեն, թե կեղծում եմ արել, էդ ժամանանակ ի՞նչ կլինի: Վախենում եմ: Չգիտեմ, թե ինչ անեմ, ում դիմեմ»,- ասում է նա:

Facebook-ը մարդկանց նման կսկսի ճանաչել դեմքերը

532959fa-881e-cdcd-881e-cdc2598e7679.photo.0Facebook սոցցանցը ստեղծել է համակարգչային ալգորիթմ, որը հնարավորություն կստեղծի համեմատելու մարդկանց դեմքերը մի քանի լուսանկարներում, ու  նմանություններ հայտնաբերել  մարդկանց նման:

Նախագիծը ստացել է DeepFace անվանումը.այն պատրաստվում են ներկայացնել  համակարգչային տեսողությանն ու  օրինակների ճանաչմանը նվիրված   գիտական CVPR կոնֆերանսի ժամանակ:

DeepFace-ը մարդկանց տարբերում է 97,25% ճշգրտությամբ, մինչդեռ կենդանի մարդիկ նման թեսթի ժամանակ 97,5 % են հավաքում:

DeepFace-ի աշխատանքի ապահովման համար ստեղծվում է մարդու գլխի 3D մոդել, որը կարելի է դիտել ցանկացած պրոյեկցիայում: Վերլուծվում են նաև պատկերի գույները,  ինչը հնարավորություն կտա գտնել դեմքի կառուցվածքի առանձնահատկությունները:

Դեմքերի ճանաչման տեխնոլոգիան Facebook-լուսանկարներում օգտատերերի  ճանաչման նպատակով սկսել են օգտագործել դեռևս 2011-ից:  Դրա շնորհիվ ոստիկանությանն արդեն հաջողվել է  մի քանի վտանգավոր հանցագործների գտնել: Սակայն, գոյություն ունեցող հնարավորությունը շատ սահմանափակ է ալգորիթմի միակողմանիության պատճառով: Իսկ նոր DeepFace  տեխնոլոգիան նախորդից 25%-ով ավելի ճշգրիտ   տվյալներ է հաղորդում:

Անկախ