Աշակերտները պայքարում են աղանդների դեմ

ավագ դպրոցի աշակերտներՓետրվարի 7-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամը նախաձեռնել էր Երևանի 20 ավագ դպրոցների աշակերտական և մանկավարժական խորհուրդների ներկայացուցիչների հանդիպում Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն տեր Վարդան վարդապետ Նավասարդյանի և հոգեբանական գիտությունների թեկնածու Մարինա Սահակյանի հետ։ Հոգևորականը և հոգեբանը երեխաների հետ զրուցեցին քայքայիչ պաշտամունքների կործանարար ազդեցության, դրանց ներգործության եղանակների և հետևանքների վերաբերյալ։

Հատկանշական է, որ նման հանդիպման առաջարկը եղել էր հենց ավագ դպրոցների աշակերտների կողմից։ Գ. Էմինի անվան ավագ դպրոցի աշակերտուհի Հայարփի Կարեյանը նշում է, որ այսօր աղանդները փորձում են իրենց շարքերը համալրել երեխաներով, քանի որ վերջիններս խոցելի են, ու նրանց ավելի հեշտ է ներգրավել աղանդավորական խմբերում։ Հայարփին նշում է, որ ունի ընկերուհի, ով որոշ ժամանակ եղել է աղանդավորների կազմում, սակայն իր և ընկերների օգնությամբ դուրս է եկել կործանարար այդ կառույցից և այժմ հաճախում է Հայ Առաքելական Եկեղեցի։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանն աշակերտական խորհուրդների կողմից բարձրացված խնդիրն անվանեց խիստ կարևոր։ «Հայաստանում գործող կրոնական կազմակերպությունները փոխել են իրենց մարտավարությունը, մարտավարության մեջ նաև՝ թիրախ խմբերը, և որքան էլ ցավալի է, այդ թիրախ խմբերում կան նաև աշակերտները։ Ես ուզում եմ խնդրել ձեզ այս թեման քննարկման առարկա դարձնել նաև ձեր աշակերտական խորհուրդներում։ Ոչ թե ճնշել կրոնական այլ հայացքներ ունեցող մարդուն, այլ բացատրել, խնդրել, հետ բերել նրան։ Դուք ինքներդ այնքան խորը պետք է հասկանաք մեզ, մեր ընտանիքը, երկիրը քայքայող այս չարիքը, որպեսի դառնաք մարդկանց ճիշտ ուղի ցույց տվող քարոզիչներ»,- նշեց Կարեն Ավագյանը։

Հոգեբան Մարինա Սահակյանը նկատում է, որ աղանդավորները սովորաբար զբաղվում են մարդաորսությամբ՝ օգտագործելով բազմաթիվ մանիպուլյատիվ մեթոդներ։ Բնականաբար երեխաները, չունենալով կայուն դիրքորոշումներ, գիտակցված բարձր մակարդակ, կյանքի նկատմամբ վերաբերմունքն ու սպասելիքները դեռ կարծրացած չեն, ուստի նրանց խոցելիության մակարդակը բարձրանում է։ «Ցանկացած ինֆորմացիա զենք է լավ իմաստով։ Հաճախ աղանդավորները մարդուն կանգնեցնում, քարոզում են՝ կիրառելով հիպնոտիկ բազմաթիվ տեխնիկաներ, և հնարավոր է՝ երեխաներն ակամա ընկնեն նրանց հորձանքի մեջ։ Եթե երեխան տեղեկացված է, ապա կզգուշանա, կհրաժարվի լսել, մինչև դառնա չափահաս և որոշի իր անելիքը»,- նշում է հոգեբանը՝ շեշտելով, որ եթե մեծահասակն ընկնում է աղանդավորների հորձանուտը, այնտեղից դուրս գալու հավանականություն կա, սակայն եթե դեռահասն է հայտնվում, դուրս գալու հավանականությունը գրեթե զրո է։

Վարդան վարդապետ Նավասարդյանն էլ երեխայի դաստիարակության հարցում կարևորեց ծնողների դերը։ «Պետք է զարգացնել երեխայի ստեղծագործական միտքը, որպեսզի երեխան կարողանա ընտրություն կատարել։ Մարդն իր կենսագործունեության ընթացքում մշտապես բախվում է ընտրության խնդրին։ Շատ կարևոր է հոգևոր ներաշխարհում արժեքների ճանաչողությունը և զատորոշումը։ Մենք պետք է կարողանանք լույսը խավարից, չարը բարուց տարբերակել։ Եթե այս տարբերակումը մեր հոգևոր ներաշխարհում խաթարված ու խանգարված է, ուրեմն մենք վտանգված ենք»,- նշեց Վարդան վարդապետ Նավասարդյանը՝ շեշտելով, որ ծնողը չպետք է երեխային դուրս թողնի դաստիարակության միջավայրից, պետք է տա բազմաթիվ «ինչու»-ների պատասխանը, հակառակ դեպքում երեխայի մոտ կձևավորվի ագրեսիա։

Հոգեբանն ու հոգևորականը պատասխանեցին նաև աշակերտների հարցերին։ Ցուցադրվեցին նաև քայքայիչ պաշտամունքների վերաբերյալ ֆիլմեր, որոնք առավել պատկերավոր դարձրին դրանց վնասակար ազդեցությունը։

 

 Անկախ

Դասագրքերի շրջանառու հիմնադրամը ներկայացրել է 2013թ. հաշվետվությունը

հաշվետվությունՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել Դասագրքերի շրջանառու հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը, որը վարել է  խորհրդի նախագահ, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
Անդրադառնալով ավագ և հանրակրթական  դպրոցի դասագրքերի փորձարկմանը՝ նախարարն ընդգծել է դպրոցներից ստացված մասնագիտական կարծիքների հավաքագրման, ներկայացվող առաջարկությունների ու դիտողությունների վերլուծության կարևորությունը: Ա. Աշոտյանը հանձնարարական է տվել նիստին մասնակից մարզային, Երևանի քաղաքապետարանի և ԿԳՆ ստորաբաժանումների պատասխանատուներին, դպրոցների հետ կազմակերպել ավելի արդյունավետ ու համագործակցված աշխատանք: “Փորձը ցույց է տալիս, որ դասագրքերի փորձարկման ժամանակ, մենք դպրոցներից ստանում ենք ձևական, ըստ էության բովանդակային խնդիրներից զուրկ կարծիքներ, մինչդեռ հետո, երբ դասագրքերն ամբողջ ծավալով թողարկվում և մտնում են դպրոց, ներկայացվում են որոշակի խնդիրներ: Դպրոցների հետ պետք է աշխատանք տանել, որ դասագրքերի բովանդակությանն  առնչվող մասնագիտական հիմնական խնդիրները բարձրաձայնվեն այս փուլում, և ոչ թե հրատարկվելուց հետո: Մյուս խնդիրը, որին մենք առնչվում ենք՝ դասագրքերի մատակարարման հետ կապված դժվարություններն են: Որպես կանոն մենք միշտ տպագրում ենք բավարար քանակությամբ, դեռ մի բան էլ պահանջվածից ավելի դասագրքեր: Հիմնական խնդիրը, որը հատկապես սրվում է նոր ուսումնական տարվա սկզբին և կապվում է իբրև թե դասագրքերի բացակայության հետ, պայմանավորված է սխալ պլանավորմամբ”,- նշել է Ա. Աշոտյանն ու շեշտել, որ անհրաժեշտ է դպրոցներից ստացվող հայտերի հավաքագրումն ավելի արդյունավետ կազմակերպել: ԿԳ նախարարը նաև նշել է, որ հատկապես 12-ամյա կրթությունը պարտադիր հռչակելուց հետո պետք է համակարգված աշխատանքներ տարվեն նաև հիմնական կրթության հենքով ուսումնարաններում ու քոլեջներում սովորողներին անհրաժեշտ դասագրքերով ապահովելու ուղղությամբ:
ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ, հիմնադրամի գործադիր տնօրեն,  Կարինե Հարությունյանը  ներկայացրել է հաշվետվություն՝ Դասագրքերի շրջանառու հիմնադրամի 2013 թվականի գործունեության և տարեկան ծախսերի վերաբերյալ, ինչպես նաև 2014 թվականի նախահաշիվն ու տարեկան աշխատանքների կատարման ժամանակացույցը:
Դասագրքերի շրջանառու հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդն ընդունել է կատարված աշխատանքների հաշվետվությունը և հաստատել նոր ժամանակացույցը:

Անկախ

 

Դպրոցներում առկա կադրային հարցը նոր չէ, այն հասունացել է երկար տարիների ընթացքում. ԿԳ նախարար

Արմեն ԱշոտյանԿԳ նախարար Արմեն Աշոտյանն էլի անդրադարձել է դպրոցների ֆինանսավորման խնդրին` շարունակելով ավելի վաղ կատարած գրառումը: Աշոտյանը գրում է. «Եվ այսպես, հասնում եմ դպրոցների դրույքներին, աշխատողներին և ֆինանսավորմանը վերաբերող գրառումաշարիս վերջին մասին:

Ինչպես արդեն նկատեցիք, դպրոցներում շատ ավելի մարդ է աշխատում, քան դրույքների թիվն է, իսկ ընթացող կրճատումների հիմնական մասը վերաբերում է վարչական, ուսումնաօժանդակ ու տնտեսական անձնակազմերին:

Վերջինիս հետ կապված ևս մի ուշագրավ տվյալ հրապարակեմ : 2013 թվականի դրությամբ պետական բյուջեով նախատեսված և ֆինանսավորվող 9 983 դրույքների վրա ձևակերպված էր և աշխատում էր մոտ 18 100 հոգի , այսինք գրեթե երկու անգամ ավել:

2014 թվականին այս անձնակազմի համար պետական բյուջեն լրացուցիչ 3 000 հաստիք ավելացրեց, ինչի արդյունքում ստացվում է հետևյալը` 18 100-12 747= 5 .353 դրույք, որոնք ենթակա են կրճատման:

Պարտավոր եմ նաև նշել, որ այս թվի մեջ մտած են ինչպես իրականում աշխատող մարդիկ, այնպես էլ , ըստ մամուլի, բազմաթիվ “մեռյալ հոգիներ”, որոնք եղել են ընդամենը ձևակերպված:

Ավելացնեմ նաև վարչական անձնակազմի և հաշվապահների հարցը, որոնց ծանրաբեռնվածությունը շատ փոքր դպրոցներում, մեղմ ասած, մեծ չէ: Ու նման դպրոցներում երկու կամ ավել փոխտնօրեն կամ լրիվ դրույքով հաշվապահ պահելու կարիք և հնարավորություն չկա:

Դպրոցներում առկա կադրային հարցը նոր չէ, այն հասունացել է երկար տարիների ընթացքում:

Ճիշտ չէր այդքան արհեստականորեն փքել և մեծացնել հանրակրթական համակարգում աշխատողների թիվը` խորը խզում և անհամապատասխանություն առաջացնելով իրականության և ֆինանսավորման ծավալների միջև:

Գրառումս ցանկանում եմ եզրափակել, ընդգծելով հետևյալը:

Այն տեղերում, որտեղ ընթանում են կրճատումներ, այդ գործընթացը պետք է լինի հնարավորինս հիմնված արդարության և մասնագիտական կարողությունների ու որակների վրա:

Ինչպես համոզվեցիք այս ընթացքում, որոշակի կրճատումներ արդարացված են: Բայց դրանք պետք է լինեն նաև ԱՐԴԱՐ»:

ԵԽ-ում ՀՀ նախագահությունը գնահատվել է արդյունավետ

եխՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է Եվրոպայի Խորհրդի հայաստանյան գրասենյակի ղեկավար Օլեքսանդր Պավլյուկին: Ողջունելով հյուրին` նախարարը կարևորել է Եվրոպայի Խորհրդի հետ համագործակցությունը` նշելով, որ վերջինս հանդիսանում է նախարարության հիմնական գործընկերներից մեկը, մասնավորապես, բարձրագույն կրթության  ոլորտում իրականացվող բարեփոխումների և Որակավորումների ազգային շրջանակի ներդրման գործընթացներում: Արմեն Աշոտյանն իր գոհունակությունն է հայտնել Եվրամիության Արևելյան գործընկերության և Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության երկրների կրթության նախարարների` Երևանում կայացած տարածաշրջանային համաժողովի կապակցությամբ` ընդգծելով, որ համաժողովը շատ օգտակար է եղել, մասնավորապես, նախարարների միջև կապերի ամրապնդման և փորձի փոխանակման տեսանկունից:
ԵԽ հայաստանյան գրասենյակի ղեկավարը, շնորհակալություն հայտնելով հանդիպման համար, հույս է հայտնել, որ երկու կողմերի համագործակցության և  համատեղ ջանքերի արդյունքում` կրթության ոլորտը կմնա որպես գերակա ուղղություն: Վերջինս հատուկ ընդգծել է, որ Եվրոպայի Խորհրդում ՀՀ նախագահությունն անցել է շատ արդյունավետ և հաջող, այդ թվում նաև կրթության ոլորտում: Օլեքսանդր Պավլյուկը վստահեցրել է, որ առավելագույն ջանքերը կգործադրի՝ աջակցելու 2012-2014թթ. Հայաստան-Եվրախորհուրդ գործողությունների պլանում կրթական ծրագրերի արդյունավետ իրականացմանը:  Մասնավորապես, շեշտադրվել են բարձրագույն կրթության ոլորտում բարեփոխումներ իրականացնելու, հակակոռուպցիոն ծրագրի, ինչպես նաև հատուկ դպրոցներում մշտադիտարկում իրականացնող հասարակական խմբի աշխատանքներին և երեխաների իրավունքների պաշպանությանն ուղղված ծրագրերը:
Անդրադառնալով հակակոռուպցիոն ծրագրին` Արմեն Աշոտյանը նշել է, որ ոչ մի երկրի, այդ թվում նաև ԵՄ անդամ, ամբողջությամբ չի հաջողվել արմատախիլ անել կոռուպցիան, որը, ըստ նախարարի, պահանջում է երկար և հետևողական պայքար, ինչպես նաև, առաջին հերթին, մտածողության փոփոխություն:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև կրթական և հասարակական հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

 

Դպրոցներն իրենք են ընտրում, թե ինչ ճանապարհով գնալ. Արմեն Աշոտյանը` կրճատումների մասին

Արմեն-ԱշոտյանԿԳ նախարար Արմեն Աշոտյանը ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է դպրոցների ֆինանսավորման և մանկավարժների  կրճատման խնդրին:

Նախարարը գրում է.«Ինչպես արդեն ասացի, այո, որոշ դպրոցներում ընթանում են կրճատումներ: Փորձենք միասին հասկանալ այդ կրճատումների հիմնական պատճառը:

Գաղտնիք չէ, որ Հայաստանի հանրակրթական համակարգում աշակերտական համակազմի տատանումներ են արձանագրվում:

Սակայն մեզ դեռևս հաջողվում է խուսափել մանկավարժների լայնածավալ կրճատումներից, չնայած այն հանգամանքի, որ իմ կողմից արդեն մեջբերված տվյալներով 24 578 ուսուցչական դրույքների վրա իրականում աշխատում է մոտ 40 000 մանկավարժ, այսնիքն` շուրջ 15 000 ավել:

Այս անհամապատասխանությունն է հիմնական պատճառը, որ ուսուցիչների մի մասը, չունենալով լիարժեք ու ամբողջական ծանրաբեռնվածություն, աշխատելով կիսատ դրույքներով, չի ստանում ամբողջական, պետական բյուջեով նախատեսված աշխատավարձ:

Դպրոցները ու մենք կանգնած ենք լուրջ ընտրության առջև` կամ պահել ամբողջական դրույքով աշխատող ուսոցիչներ, կրճատելով մնացածին, կամ կիսել դասաժամերը և պահել ավել ուսուցիչներ, որոնք աշխատում են ոչ լիարժեք ծանրաբեռնվածությամբ և փոքր աշխատավարձով:

Ու դպրոցներն իրենք են ընտրում, թե ինչ ճանապարհով գնալ:

Իդեպ, այս հարցը անմիջական կապ ունի նաև դասավանդման որակի, մանկավարժական կադրերի երիտասարդացման և հանրակրթության ոլորտի այլ բազում հարցերի հետ»:

Արմեն Աշոտյանը պարզաբանում է դպրոցներում կրճատումների վերաբերյալ լուրերը

Աշոտյան

Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջի միջոցով պարզաբանումներ է տվել դպրոցներում իրականացվող կրճատումների մասին: Նա մասնավորապես գրել է.

“Որոշ տեղեկություններ այս տարի դպրոցների ֆինանսավորման մասին (մաս 1-ին)

Խոսակցություններ են տարածվում, որ դպրոցներում գնում են կրճատումներ: Հնչեցվում են նաև աստղաբաշխական թվեր` մինչև 10 000 մարդ:

Եվ այսպես, ո՞րն է իրականությունը:

2014 թվականի պետական բյուջեով, ի համեմատ 2013-ի, նախատեսված են ֆինանսավորման ենթակա հետևյալ դրույքները`

մանկավարժներ
2013 25 116 դրույք
2014 24 578 դրույք

հաշվապահներ
2013 1 232 դրույք
2014 1 159 դրույք

ուսումնաօժանդակ և տնտեսական անձնակազմ
2013 9 983 դրույք
2014 12 747 դրույք

վարչական անձնակազմ
2013 3 812 դրույք
2014 2 765 դրույք

ԸՆԴԱՄԵՆԸ` 2013 40 143 դրույք
2014 41 249 դրույք

Այսինքն, 2014 թվականի պետական բյուջեով հանրակրթական դպրոցներում պետության կողմից ֆինանսավորվող դրույքների թիվը ոչ միայն չի նվազել, այլև ԱՃԵԼ է 1000-ից ավել ուսումնաօժանդակ և տնտեսական անձնակազմի հաշվին:

Միաժամանակ, իրականում մի շարք դպրոցներում 2014 թվականին իրականացվում են որոշ կրճատումներ, որոնց պատճառներին կանդրադառնամ մաս 2-ում”,-գրել է նա:

 

Անկախ

Ա. Աշոտյան. «Գիտական աստիճանաշնորհման համակարգը գնում է խստացման »

կգնԿրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ նախագահի հովանու ներքո իրականացվող երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի խորհդի նիստ,  որը վարել է նախարար Արմեն Աշոտյանը: Ծրագրի խորհրդում ներգրավված երիտասարդ գիտնականները նախարարին են ներկայացրել նոր առաջարկներ՝  գիտական դրամաշնորհների մրցույթներում նոր ուղղություններ ներառելու վերաբերյալ: Մասնավորապես երիտասարդ գիտնականներն առաջարկ են ներկայացրել մրցութային հայտերի մեջ գիտական սարքավորումների և նյութերի ձեռքբերման, ինչպես նաև  գիտական գրքերի հրատարակության պահանջ դնել: ՀՀ ԿԳ նախարարը նշել է, որ առաջարկն ընդունելի է որպես գիտական ծրագրի բաղադրիչ և իրականացման տարբերակները պետք է մշակվեն ՝հաշվի առնելով օրենսդրության պահանջները: Արմեն Աշոտյանը հանձնարարել է՝ գիտական գրքերի հրատարակման մրցույթներում Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ անպայման ներառել նաև Հայոց ցեղասպանության  մասին գիտական ուսումնասիրություններ: Կարևորվել է  նաև գիտական խմբերի միջև համագործակցության խթանման նպատակով  համատեղ ծրագրային մրցույթների կազմակերպումը: Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է եղել նաև գիտական համաժողովների մասնակցությանը, ցիտման բարձր ինդեքս ունեցող միջազգային գիտական ամսագրերում տպագրմանն ու ԵԳԱԾ կայքի զարգացմանն առնչվող հարցերի:
ՀՀ ԿԳ նախարար   Ա. Աշոտյանը խորհրդակցության ընթացքում տեղեկացրել է երիտասարդ գիտնականերին, որ նախարարության Բարձրագույն որակավորման հանձնաժողովն այժմ սկսել է գիտական աստիճանաշնորհման կարգի փոփոխության գործընթաց և ակնկալում է նաև ծրագրի շահառուների առաջարկություններն ու դիտողությունները:
“Մենք հիմա սկսում ենք գիտական աստիճանաշնորհման համակարգի փոփոխություններ և խնդրում եմ ուղարկել Ձեր առաջարկություններն ու դիտողությունները՝ գործող կարգի վերաբերյալ: Մեր քաղաքականությունը միտված է գիտական աստիճանաշնորհման  համակարգը տանել դեպի խստացում, միաժամանակ հստակեցնել թեկնածուական և դոկտորական աշխատանքների պահանջները, որպեսզի մասնագիտական խորհուրդները և ԲՈՀ-ը հանդես գան ավելի շատ որպես “օպերացիոն”, քան որոշում կայացնող մարմիններ: Որակի չափանիշները պետք է փորձենք դնել անկախ մարմինների վրա, որոնց գնահատականը պետք է լինի չափելի: Այն ասպիրանտը, ով կունենա թեկնածու դառնալու ցանկություն, գալով խորհուրդ, պետք է հստակ ապահովի սահմանված պահանջները և անցնի  այնպիսի ճանապարհ, որպեսզի որևէ մեկի մտքով   անգամ չանցնի վիճարկել գիտական աշխատանքի որակը”,- դիմելով ներկաներին ասել է նախարար Ա. Աշոտյանը՝ հավելելով, որ խստացվել են նաև ԲՈՀ-ի ցանկում ներառվող գիտական ամսագրերի համար սահմանված չափանիշները:

Անկախ

«Լոկատոր» ընկերության կրթական և մշակութային հավելվածները կներդրվեն ԱրմԹաբ հայկական պլանշետներում,տեսանյութ

Locator«Լոկատոր» ընկերության կողմից ստեղծված հայկական պատմական ճարտարապետական կոթողների վերաբերյալ հավելվածներն այսուհետ կներդրվեն առաջին հայկական ԱրմԹաբ պլանշետներում:

Ներկայումս ԱրմԹաբ պլանշետների համար «Լոկատոր»-ը ստեղծում է նաև կրթական ինտերակտիվ հավելվածներ՝ նպատակ հետապնդելով բարձրացնել մեր հայրենիքի կրթական մակարդակը:
«Շատերին հայտնի «Լոկատոր»-ի 3Դ Երևան նախագիծը, որը ԱՊՀ տարածքում անալոգ չունի իր գեղեցկությամբ և ճշգրտությամբ, իրականացրել են դպրոցականներ, որոնք իրենց գիտելիքները տվյալ բնագավառում ստացել են հենց համացանցից՝ ինտերակտիվ կրթական ծրագրերի միջոցով։ Փաստորեն 5 դպրոցական կարողացել են իրենց գիտելիքներով հրաշալի մի նախագիծ իրականացնել, և եթե մենք ստեղծենք նոր ու հետաքրքիր կրթական հավելվածներ պլանշետների համար, որոնք ներդրվելու են դպրոցներում, ապա հիմք կդնենք մեր հայրենիքի փայլուն ապագային»,- նշում է «Լոկատոր» ընկերության կոմերցիոն տնօրեն Վլադիմիր Սոֆյանը:
Հետևյալ հղումով կարող եք ծանոթանալ «Լոկատոր» ընկերության գործունեության վերաբերյալ`


«Լոկատոր» ընկերության մասին
2012թ.-ից «Լոկատոր»-ը զբաղվում է եռաչափ (3D) մոդելավորմամբ: Եռաչափ մոդելավորել և Google Earth համակարգ է ներբեռնել Երևան, Ստեփանակերտ ու Շուշի քաղաքները: Ներկայումս ընկերությունը զբաղվում է նաև Հայաստանի 8 ամենահայտնի վանքերի/եկեղեցիների եռաչափ մոդելավորմամբ` Էջմիածնի, Նորավանքի, Խոր Վիրապի, Գառնիի ու Գեղարդի, Կեչառիսի և Սևանավանքի: «Լոկատոր»-ի կողմից իրականացվող եռաչափ նախագծերի հիմնական նպատակն է նպաստել ազգային PR-ի, զբոսաշրջության, բիզնեսի, տնտեսական համագործակցության և  մի շարք ոլորտների զարգացմանը Հայաստանում:

 Անկախ

Հայկական առաջին պլանշետը`«Արմթաբ»-ը ներկայացվեց հանրությանը

պլանշետԱյսօր հանրությանը ներկայացվեց հայկական առաջին պլանշետը` «Արմթաբ»-ը: Մշակող և արտադրությունն իրականացնող «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերության հիմնադիր Վահան Չակարյանն իր ելույթում նշեց, որ «Արմթաբ»-ի գաղափարը հանրայնացվել է դեռ 2013-ին: Իսկ առաջիկայում գործարանը կսկսի պլանշետների մասսայական արտադրությունը:

« «Արմթաբ» ընկերությունն ակտիվորեն համագործակցում է տեղական կազմակերպությունների հետ: Պլանշետներում ներդվելու է «Ինստիգեյթ դիզայն» ընկերության «Արաքս» առաջին օպերացիոն համակարգը, «Ոստան» օգտագործողի միջավայրը, «Լոկատոր», «Բիթլիս-Մեն» ընկերությունների և Mlab ECA Մոբայլ լուծումների տարածաշրջանային լաբորատորիայի կրթական հավելվածները: Մենք նպատակ ունենք 2015-ին «Արմթաբ» պլանշետները ներկայացնել Հայաստանի դպրոցական համակարգերում: Այդ նպատակով ՀՀ կրթության և գիտության նախարարության և «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերության միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր»,- ասաց Վահան Չակարյանը:

«Minno Tablet» ընկերության նախագահ Էրիկ Ռայենի խոսքով` ներդրումային ծրագիրը լավագույններից է թե’ ՀՀ կառավարության ցուցաբերած աջակցության, թե’ ներգրավված աշխատակազմի ու գործընկերների առումով:

«Մեր ընկերությունը կապահովի նախագծի արդյունավետ մեկնարկի և զարգացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները, տեխնոլոգիաների փոխանցումը և կցուցաբերի ամեն հնարավոր աջակցություն: Ես խոնարհվում եմ հայկական տեխնոլոգիական մտքի ու ներուժի առջև և համոզված եմ, որ շատ շուտով նաև մեր աջակցությամբ Հայաստանն իր լայն ճանաչումը կստանա ամբողջ աշխարհում՝ որպես բարձր տեխնոլոգիաների երկիր»,- ասաց Էրիկ Ռայենը:

Հայկական պլանշետի ցուցադրությանը ներկա էին ՀՀ վարչապետը, Էկոնոմիկայի, Կրթության և գիտության նախարարները, դեսպաններ, պաշտոնյաներ, օտարերկրյա հյուրեր, գործարարներ և այլոք:

Նշենք, որ «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնեմիքս»-ն առաջիկա երեք տարվա ընթացքում արտադրության ծավալը 10 հազար պլանշետից կհասցի 50 հազարի, միավորի գինը կլինի 180 դոլար, ինքնարժեքը` 135 դոլար: ՀՀ կառավարությունը թույլատրել է արտադրող ընկերությանը՝ գործունեություն ծավալել Ազատ տնտեսական գոտում: Պլանշետների ծրագրային և սարքային ապահովման (software և hardware) դիզայնն իրականացվում է Հայաստանում, իսկ հավաքումը` ԱՄՆ–ում և Հոնկոնգում: Նախատեսվում է հայկական պլանշետների զանգվածային արտադրությունում ներգրավել 25-50 բարձրակարգ հայաստանյան մասնագետների:

Անկախ

Ինչ երազներ են տեսնում մեր սիրելիները

ol3001391431378Մասնագետները վստահեցնում են, որ հաճախ զուգընկերները չեն կարողանում նույ ն անկողնում հանգիստ քնել, քանի որ տղամարդկանց ու կանանց միջև գոյություն ունեցող տարբերություններն անգամ  երազների վրա են տարածվում:

Կանադացի փորձագետները վստահեցնում են, որ տղամարդիկ հաճախ երազներում հրդեհ, ջրհեղեղ, ռազմական գործողություններ ու այլ  բնույթի մղձավանջներ են տեսնում: Իսկ ինչ վերաբերում է կանանց, ապա հիմնականում նրանց երազներում ամուսնական դավաճանություն է, վեճ, սուտ ու բամբասանք:

“Երազատեսության  նման քարտեզ” Մոնրեալի համալսարանի գիտնականները կարողացել են կազմել 300 կանանց ու տղամարդկանց մասնակցությամբ անցկացված փորձերի արդյունքներով.մասնակիցներն ամեն առավոտ պետք է գրառեին իրենց երազները: Հետաքրքրական է, որ մղձավանջային երազները գերակշիռ մաս են կազմել, քան պարզապես լավ կամ վատ երազները: Կանայք իրենց մղձավանջներն ավելի մանրամասն են նկարագրել, քան տղամարդիկ: Փորձի տևողությունը 5  շաբաթ է եղել:

Անկախ

Ոսկրերն օգնեցին ստեղծելու պողպատի ամրությամբ հախճապակի

04012814.848184.5726Գերմանացի գիտնականները ստեղծել են գերամուր, չափազանց թեթև, մարդու ոսկրերի կառուցվածքով ու հատկություններով   կոմպոզիտային նյութ, որն ունակ է դիմանալու շատ բարձր ճնշման, ասվում է Proceedings of the National Academy of Sciences ամսագրում հրապարակված նյութում :

Վերջին տարկներին ֆիզիկոսները, քիմիկոսներն ու ինժեներներն ակտիվ քննարկում են կենդանի օրգանիզմների, բույսերի առանձին  կամ էլ ամբողջ օրգանների կառուցվածքը, փորձելով “էվոլյուցիայի հայտնագործությունը” կիրառել նոր տեխնոլոգիաների ու սարքերի ստեղծման նպատակով: Այսպես, ամերիկացի ֆիզիկոսները ստեղծել են բժշկական “իդեալական” ասեղներ ու ծեփուկներ` հիմք ընդունելով մակաբույծ որդերի ծծակների ու վայրի խոզուկների ասեղների կառուցվածքը:

Գերմանիայի Կառլեռուե քաղաքի տեխնոլոգիական ինստիտուտից Յենս Բաուերն ու նրա գործընկերները ստեղծել են գերամուր հախճապակի, ուսումնասիրելով ամրության ու խտության հարաբերակցությունը մի քանի արհեստական ու բնական նյութերի ամբողջության մեջ: Որպես օրենք, խտության թուլանալուն զուգընթաց նվազում էր նաև ճնշմանն ու բարձր մեխանիկական լարվածությանը դիմանալու հատկությունը: Սակայն, նույն օրինաչափությունը չէր դիտվում մի նյութի ` ողնաշարի ոսկրերի դեպքում: Փորձագետները ցույց տվեցին, որ մարդու ու մյուս կենդանիների ողնաշարը շատ ավելի ամուր է, քան դրանց խտությունն է ենթադրել տալիս: Հոդվածի հեղինակներն ուսումնասիրել են ողնաշարի ոսկրերի բաղադրությունն ու փորձել են “պատճենել” այն` կիրառելով հախճապակու հիմքով ու ալյումինի օքսիդից ստացված փոշուց կոմպոզիտային նյութ:

Ինչպես հեղինակներն են նշում, ոսկրերը կազմված են ամուր նյութի բազում նանոմասնիկներից, որոնք  իրար են “սոսնձված” կոլագենի ճկուն թելիկներով: Գիտնականները վստահ են, որ հատկապես դա է նման ամրություն հաղորդում ոսկրերին:

Համեմատելով այդ նյութի մեխանիկական հատկությունները, գիտնականներին հաջողվել է գտնել “ոսկրի” օպտիմալ կառուցվածքը, որը հիշեցնում է անկանոն մեղվահաց: Նման կոմպոզիտային նյութը միաժամանակ շատ թեթև է և ունակ դիմանալու 280 մեգապասկալ ճնշման, ինչը համեմատելի է լավ որակի պողպատի ամրության հետ:

Անկախ

Արմեն Աշոտյանի հրամանով` մի շարք բուհերի տրվել է նախազգուշացում

Արմեն ԱշոտյանՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրամաններ է ստորագրել, համաձայն որոնց` ՀՀ մի շարք բուհեր` “Սյունիք” իստիտուտը, Երևանի “Գլաձոր” համալսարանը, Հյուսիսային համալսարանը, Եվրասիա միջազգային համալսարանը, Ուրարտու համալսարանը, “Ազպաթ-վետերան” դատական փորձագիտության և հոգեբանության ինստիտուտը, Երևանի “Մանց” համալսարանը, Մովսես Խորենացու անվան համալսարանը, Ավետիք Մկրտչյանի անվան տնտեսա-իրավագիտական համալսարանը, Գյումրու “Պրոգրես” համալսարանը բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերի լիցենզիայի պայմանների և պահանջների խախտման կապակցությամբ ստացել են նախազգուշացում: Համաձայն հրամանների` վերոնշյալ բուհերի համար սահմանվել են համապատասխան ժամկետներ` խախտումների վերացման վերաբերյալ հիմնավորող փաստաթղթեր ՀՀ կրթության և գիտության նախարարություն  ներկայացնելու համար: Հրամանների համար հիմք են հանդիսացել` “Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին” ՀՀ օրենքը, “Լիցենզավորման մասին” ՀՀ օրենքը,  ՀՀ կառավարության 2009թ. հուլիսի 9-ի N 808-Ն որոշմամբ հաստատված` Հավելվածների 10-րդ կետի համապատասխան ենթակետերի  պահանջները և ՀՀ կրթության և գիտության նախարարի 2013թ. մայիսի 24-ի N 686–Ա/Ք   հրամանի համաձայն իրականացված ուսումնասիրության  արդյունքների մասին տեղեկանքը:

Անկախ

Պարգևներ` ԿԳՆ աշխատակիցներին

պարգևներՀՀ կրթության և գիտության նախարարությունում կայացած գործակարգավարական խորհրդակցության ընթացքում նախարար Արմեն Աշոտյանը ԿԳՆ մի շարք աշխատակիցների հանձնել է պարգևներ: Դրանք տրվել են ՀՀ պաշտպանության և սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունների կողմից՝ ՀՀ ԿԳՆ  հետ համագործակցության շրջանակում:
ԿԳՆ աշխատակազմի ղեկավար Մհեր Ղազարյանը պարգևատրվել է ՀՀ ՊՆ “Գարեգին Նժդեհ” մեդալով, ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը ՝ “Վազգեն Սարգսյան ” մեդալով: ՀՀ ԿԳ նախարարի խորհրդական Նարեկ Արաքսման-Մանուկյանն արժանացել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարության “Ոսկե հուշամեդալի”, իսկ ՀՀ ԿԳՆ արտաքին կապերի վարչության սփյուռքի բաժնի պետ Նունե Վարդանյանը՝ ՊՆ պատվոգրի:

Անկախ

 

Արմեն Աշոտյանը հանդիպումներ է ունեցել Վրաստանի բուհերում

231760061391067406Պաշտոնական այցով Վրաստանում գտնվող ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Թբիլիսիի պետական համալսարան և հանդիպել բուհի պրոֆեսորադասախոսական կազմի հետ:

Ռեկտորի տեղակալ Լ. Ալախիձեն, ողջունելով պատվիրակության անդամներին, հակիրճ ներկայացրել է վերջին շրջանում բուհում իրականացված մասնագիտական ու կազմակերպական գործընթացները` կարևորելով ակադեմիական ազատությունների ընդլայնման խնդիրը: Նա անդրադարձ է կատարել նաև բուհական համակարգի մարտահրավերներին՝ մասնավորապես առանձնացնելով վրաց երիտասարդների շրջանում իրավագետի, տնտեսագետի և նմանատիպ այլ  մասնագիտությունների նկատմամբ մեծ հետաքրքրության խնդիրը:

Նախարար Արմեն Աշոտյանը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշել է, որ Հայաստանի և Վրաստանի կրթության և գիտության նախարարությունները շահագրգիռ են, որպեսզի ընդլայնվեն երկու երկրների բարձրագույն կրթական հաստատությունների միջև հորիզոնական կապերը, որոնք կնպաստեն ինչպես ուսանողների և դասախոսների շարժունության աստիճանի բարձրացմանը, այնպես էլ համատեղ միջազգային ծրագրերի իրականացմանը:

Անդրադառնալով հայագիտության խնդրին` նախարարը նշել է, որ հայկական կողմը պատրաստ է որոշակի դրամաշնորհներ տրամադրել Վրաստանի բուհերի այն ուսանողներին, ովքեր նախընտրում են հայագիտական թեմաներով ուսումնասիրություններ իրականացնել:
Հայկական պատվիրակությունը հանդիպել են նաև Թբիլիսիի պետական համալսարանում սովորող հայ և վրացի ուսանողների հետ: Նախարարը պատասխանել է ուսանողներին հետաքրքրող մի շարք հարցերի, որոնք վերաբերել են կրթաթոշակային ծրագրերին, Վրաստանում հայկական դպրոցների վիճակին, հայոց լեզվի ու հայոց պատմության դասաժամերին: Նախարարն ուսանողներին տեղեկացրել է, որ հայ համայնքի խնդիրները եղել են Վրաստանի կրթության և գիտության նախարար Թ. Սանիկիձեի հետ նախօրեին տեղի ունեցած հանդիպման օրակարգում և ներկայացրել է որոշ մանրամասներ այդ հարցերի հետ կապված:

Հայկական պատվիրակությունը հանդիպում է ունեցել  նաև Վրաստանի Սփյուռքի նախարար Կ. Սուրգուլաձեի հետ: Նա ներկայացրել է նախարարության կողմից իրականացվող ծրագրերը և ընդգծել, որ վրացական կողմին հետաքրքիր է այն մեծ փորձը, որն ունի Հայաստանն այդ ոլորտում:

ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը ներկայացրել է կրթության ոլորտում Սփյուռքի հետ իրականացվող աշխատանքները՝ մասնավորապես անդրադարձ կատարելով սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման, հայագիտական և գաղթօջախների կարիքները բավարարելու համար տրամադրվող կրթաթոշակային, համահայկական օլմպիադաների կազմակերպման ծրագրերին:

Հայկական պատվիրակությունն այցելել է նաև Իլիայի պետական համալսարան, որտեղ համալսարանի աշխատակազմի ղեկավար Զ. Ջավախիշվիլին և Հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռ. Միրզախանյանը ստորագրել են երկու բուհերի միջև համագործակցության  համաձայնագիր, որը նախատեսում է ուսանողների և դասախոսների փոխանակման, համատեղ գիտակրթական ծրագրերի իրականացման և գիտաժողովների կազմակերպման հեռանկարներ: ՀՊՄՀ ռեկտոր Ռ. Միրզախանյանը, որպես համաձայնագրից բխող առաջին գործնական քայլ, պատրաստակամություն է հայտնել բուհի կողմից կազմակերպվող ուսանողական ամառային դպրոցում ընդգրկել նաև Իլիայի համալսարանի ուսանողներին:

 

Անկախ

Տեղի է ունեցել «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը

«Նորավանք» գիտակրթական հիմնադրամՎարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը:

Օրակարգի առաջին հարցով ներկայացվել են հիմնադրամի 2013 թվականի գործունեության արդյունքները: Զեկուցվել է, որ հաշվետու ժամանակահատվածում հիմնադրամի կողմից պատրաստվել է երեք զեկուցագիր, հրատարակվել` գիտավերլուծական 4 գիրք, կազմակերպվել` հինգ միջազգային գիտաժողով, հրապարակվել` 24 ամսագիր և 76 հոդված:
Նախորդ տարվա ընթացքում հիմնադրամի աշխատակիցները 26 զեկույցներով մասնակցել են 18 միջազգային և 6 հանրապետական գիտաժողովների: Տեղեկացվել է, որ «Նորավանք»-ի 2000 բաժանորդ ունեցող կայքի հաճախելիությունների թիվը նախորդ տարում հասել է 1,5 միլիոնի:
Հիմնադրամի հայագիտական կենտրոնն աշխատանքներ է տանում նաև սփյուռքահայության գիտավերլուծական մտավոր ներուժի բացահայտման ուղղությամբ: Այդ առումով, հրատարակվել է նաև «Սփյուռքի գիտավերլուծական հանրությունը» խորագրով գիրք:
Զեկուցվել է, որ հիմնադրամը սերտորեն համագործակցում է ՀՀ սփյուռքի և պաշտպանության նախարարությունների հետ:
Այնուհետև քննարկվել և հաստատվել է հիմնադրամի 2014 թվականի բյուջեն:

Անկախ

Ցածրահասակ մարդիկ կասկածամիտ են ու պարանոյայի հակում ունեն

31111539.926180.976Ցածրահասակ մարդիկ չեն վստահում ուրիշներին ու ավելի շատ են հակված պարանոյայի: Նման եզրահանգում են կատարել  այսպես կոչված` Նոպոլեոնի բարդույթն ուսումնասիրող մասնագետները, որոնց ուսումնասիրության արդյունքները հրապարակվել են Psychiatry Research ամսագրում: Հետազոտության շրջանակում 60 մասնակից կանանց առաջարկվել է վիրտուալ երթևեկություն կատարել մետրոյում, որտեղ նրանց բոյը տեսողական նվազեցվել է 25 սմ-ով: Մասնակիցները, որոնք չեն էլ կասկածել այդ տեսողական էֆեկտի մասին, հայտնել են, որ իրենց մոտ պարանոյա է հասունացել:

Ուսումնասիրության արդյունքներն ակնհայտ են եղել,-ասվում  են մասնագետները:-Հասակի նվազեցումը հանգեցրել է ավելի բացասական ինքնագնահատականի` ավելի բարձրահասակների նկատմամբ ու պարանոյայի ավելի բարձր մակարդակի: Չնայած փորձին մասնակցել են բացառապես կանայք, գիտնականները ենթադրում են, որ տղամարդկանց մասնակցությունը կարող էր ապշեցուցիչ արդյունքներ տալ, քանի որնրանք  տղամարդիկ հակված են բոյին ավելի շատ սոցիալական նշանակություն վերագրելու:

Անկախ

 

Կայացել է Հայաստանի և Վրաստանի ԿԳ նախարարների պաշտոնական հանդիպումը

աշոտյան-սանիկիձեԹբիլիսիում գտնվող ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական հանդիպում է ունեցել Վրաստանի կրթության և գիտության նախարար Թամար Սանիկիձեի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև Վրաստանում ՀՀ դեսպան Հ. Մանուկյանը: Վրաստանի ԿԳ նախարար տիկին Թ. Սանիկիձեն, ողջունելով պատվիրակությանը, հույս է հայտնել, որ հանդիպումները կանցնեն ոչ միայն ջերմ մթնոլորտում, այլև կլինեն արդյունվետ ու հեռանկարային: Վրաստանի կրթության և գիտության նախարարի տեղակալ Գ. Շարվաշիձեն. իր խոսքում ներկայացնելով Վրաստանի բարձրագույն կրթության համակարգում իրականացվող գործընթացները. միաժամանակ ընդգծել է, որ Բոլոնիայի գործընթացի շրջանակում Հայաստանը լուրջ առաջընթաց է արձանագրել, որի վառ ապացույցը կարելի համարել նաև Հայաստանի կողմից Բոլոնիայի գործընթացի քարտուղարության ստանձնումը: ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը. շնորհակալություն հայտնելով հրավերքի և ջերմ ընդունելության համար, պատրաստակամություն է արտահայտել ինչպես պաշտոնական, այնպես էլ աշխատանքային կարգով վրացական կողմին տրամադրել տեղեկատվություն Բոլոնիայի գործընթացի շրջանակում հայկական կողմի կուտակած փորձի վերաբերյալ: Կողմերը քննարկել են ինչպես երկկողմ կրթական ծրագրեր իրականացնելու, այնպես համատեղ միջազգային ծրագրերին մասնակցելու հնարավորությունները: Քննարկվել է նաև հայկական և վրացական բարձրագույն ուսումնական հաստատությունների միջև հորիզոնական կապերի ամրապնդման, պրոֆեսորադասախոաական կազմերի և ուսանողների փոխանակման, համատեղ գիտական կոնֆերանսների կազմակերպման հետ կապված մի շարք հարցեր: ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը վրաց գործընկերների առջև բարձրացրել է նաև Վրաստանում ապրող մեր հայրենակիցների կրթության իրավունքի ապահովման հետ կապված մի քանի խնդիրներ, մասնավորապես. նախարարը նշել է Վրաստանի հայկական դպրոցներում հայոց լեզվի և հայոց պատմության դասաժամերի խնդիրը: Նախարար Թ. Սանիկիձեն մեկ անգամ ևս հավաստել է, որ հայկական դպրոցներն ազատ են` իրենց հավելյալ դասժամերը տրամադրել հայոց լեզվի և հայոց պատմության դասընթացների կազմակերպմանը, և Վրաստանի ԿԳ նախարարությունն այդ ազատությունը երաշխավորել է : Նախարար Արմեն Աշոտյանը անդրադարձել է նաև հայկական դպրոցների ուսուցիչների վերապատրաստման գործընթացին` նշելով որ երեք տարի շարունակ Վրաստանում կազմակերպվում է այդ գործընթացը, որի ֆինանսավորման կեսն իրականացնում է ՀՀ ԿԳՆ-ն: Նախարարը պատրաստակամություն է հայտնել շարունակել նույն պայմաններով վերապատրաստումների կազմակերպումը: Տիկին նախարարը նշել է, որ Վրաստանի ԿԳՆ-ն այժմ վերանայում է ուսուցիչների վերապատրաստման գործընթացը հանրապետությունում, և Հայաստանի նախարարի առաջարկը լիովին համահունչ է իրականացվող գործընթացի սկզբունքներին: Արմեն Աշոտյանն անդարադարձել է նաև հայկական դպրոցներում օգտագործվող դասագրքերի թարգմանության խնդրին` նշելով մի քանի օրինակներ, որոնք օբյեկտիվորեն աշակերտների և ուսուցիչների շրջանում դժգոհություն են առաջացնում: Միաժամանակ նախարարը նշել է, որ հայկական կողմը պատրաստ է շատ կարճ ժամկետներում և անվճար իրականացնել այդ դասագրքերի խմբագրական աշխատանքները: Տիկին Սանիկիձեն իր հերթին նշել է, որ Վրաստանում մեկնարկել է բոլոր դասագրքերի վերանայման գործընթաց և նախարարի առաջարկը կդիտարկվի այդ գործընթացի համատեքստում: ՀՀ ԿԳ նախարարն անդրադարձել է նաև Վրաստանում բնակվող ՀՀ քաղաքացիների երեխաների կրթության իրավունքի իրականացման խնդրին, մասնավորապես, անվճար հանրակրթություն ստանալու հետ կապված: Այս խնդրի վերաբերյալ տիկին նախարարը նշել է, որ դա ընդհանրական խնդիր է և վերաբերում է բոլոր օտարերկրյա քաղաքացիներին, ուստի ԿԳ նախարարությունը իրավասու չէ այդ հարցում որևէ որոշում կայացնել: Նախարար Արմեն Աշոտյանն առաջարկել է վրացական կողմին` կազմակերպել փորձագետների ամենամյա համաժողով, որի օրակարգում կլինի ինչպես համագործակցային ծրագրերի արագ քննարկման, այնպես էլ ի հայտ եկած խնդիրներին օպերատիվ լուծումներ տալու հարցերը: Ամփոփելով խոսքը` ՀՀ ԿԳ նախարարը նշել է, որ Վրաստանի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի շրջանակում նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հայկական համայնքի հետ հանդիպումների ընթացքում հավաստիացրել էր , որ մեր հայրենակիցների բարձրացրած խնդիրները կլինեն նոր իշխանությունների օրակարգում: Ուստի մեր կողմից ներկայացված խնդիրները նաև Վրաստանի գործադիր իշխանության ծրագրերի շրջանակում են: Հանդիպման ավարտին նախարար Արմեն Աշոտյանն իր վրաց գործընկերոջը հրավիրել է պատասխան այցով լինել Հայաստանում:

Անկախ

 

ԵԳԱԾ ղեկավար մարմինը պարզաբանում է, թե ինչու է 400 հազար դրամ հատկացրել լրագրողների աշխատանքը խոչըդոտած երիտասարդին

սևակ խաչատրյանԵրիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի ղեկավար մարմինը հաղորդագրություն է տարածել, որում պարզաբանում է, թե ինչու է  ՀՊՏՀ ուսխորհրդի նախագահ Սևակ Խաչատրյանն, ով Տարոն Մարգարյանի պաշտպանության ժամանակ խոչընդոտել էր լրագրողների աշխատանքին, արժանացել 400 հազար դրամի՝ գործուղման համար: Գումարը նրան հատկացվել է ՀՀ նախագահի հովանու ներքո գործող Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրով:

Հայտարարությունում ասվում է.

-Հարկ ենք համարում տեղեկացնել, որ Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի (ԵԳԱԾ) կողմից իրականացվող գիտական գործուղումների ֆինանսական աջակցության մրցույթի դիմորդների հայտերի գնահատումն իրականացվում է ԵԳԱԾ ղեկավար մարմնի կողմից մշակված և հաստատված կարգի ու չափորոշիչների հիման վրա:
Վերոհիշյալ չափորոշիչներն ապահովում են անկողմնակալ մրցույթի իրականացումը և դիմումների անաչառ գնահատումը: Այդ փաստը ապացուցվել է 1,5-ամյա գործունեության ընթացքում: Մրցութային հայտերի գնահատումն անձնավորված չէ, և մրցութային միավորները տրվում են բացառապես տվյալ գիտական միջոցառման մասնակցության հայտի վերաբերյալ:
Հունվար ամսվա մրցույթի արդյունքների շահարկումները համարում ենք անընդունելի: Մամուլում և սոցիալական ցանցերում տեղ գտած հրապարակումները տարակուսելի են և կոչված են արատավորելու ԵԳԱԾ բարի համբավը:
Տեղեկացնում ենք նաև, որ սույն թվականի փետրվարի 21-ից սկսած՝ գիտական գործուղումների ֆինանսական աջակցության մրցույթի կարգում իրականացվելու են հետևյալ փոփոխությունները. հետայսու մրցույթին կարող են դիմել այն երիտասարդ գիտնականները, ովքեր ՀՀ ԲՈՀ-ի կողմից հաստատված կամ արտասահմանյան գիտական պարբերականներում առնվազն մեկ գիտական հոդված ունեն։ Բացի այդ, խստացվել են նաև տեխնիկական չափորշիչները։

Անկախ

 

Անահիտ Բախշյանի հաղորդումը հանցագործության մասին

Անահիտ-ԲախշյանԵրևանի թ.70 հիմնական դպրոցի տնօրեն Հերմինե Շափաղաթյանը, որպես ՊՈԱԿ-ի տնօրեն, «Կոմպյուտերոն» ՍՊԸ-ից գնել է 10 նոթբուք, համակարգիչները ստացել է անձամբ` պարտավորվելով 90-օրյա ժամկետում վճարել գումարը։ Սակայն, հայցվորի ներկայացմամբ, նշված ժամկետում գումարը չի վճարվել, որից հետո կնքվել է լրացուցիչ համաձայնագիր` ժամկետը երկարացնելով մինչև 2013թ. հուլիսի 31-ը։ Պատասխանողից հօգուտ հայցվորի կբռնագանձվի 2 999 000 դրամ՝ որպես վաճառված ապրանքի դիմաց չվճարված պարտքի գումար, 209 000 դրամ՝ որպես պարտավորության խախտման համար տույժ և ևս 100 000 դրամ՝ փաստաբանի վարձատրության գումար:

Դատարանի վճռի մասին այս լուրը դրված է pastinfo.am կայքում:

 Անկախ

 

Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանն այսօր այս մասին հաղորդում է ուղարկել Երևանի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ մասնավորապես նշելով. «Հաղորդում եմ, որ տնօրենն այդ 10 /տասը/ համակարգիչների գումարը  մինչ օրս չի վճարել, ավելին, ինչպես  անձամբ եմ համոզվել՝ համակարգիչներն էլ դպրոցում  չեն: Դպրոցի ուսուցիչները փաստում են, որ համակարգչային սենյակը մշտապես փակ է:

 

Խնդրում  եմ  հանցագործության մասին սույն հաղորդումս ընդունել և ՀՀ օրենքների  համաձայն  պարզել, թե  ուր են համակարգիչները և ինչու պետությունը պետք է վճարի տնօրենի՝ շահադիտական նպատակներով կատարած արկածախնդիր քայլերի վնասների համար»:

 

Տիկին Բախշյանը ներկայացրել է նաև ԴԱՀԿ-ի այն որոշումը, որով վերոնշյալ ՊՈԱԿ-ի հաշվից պետք է բռնագանձվի դպրոցում չեղած համակարգիչների գումարը:

 

 Անկախ

Ողջ աշխարհում 250 մլն երեխա գրել-կարդալ չի կարողանում

2444820Ողջ աշխարհում մինչև 10 տարեկան 650 մլն երեխաներից առնվազն 250 մլն-ը չգիտի գրել-կարդալ: Նման եզրակացություն է ներկայացվել ՄԱԿ-ի Կրթության, գիտության ու մշակույթի հարցերով (ՅՈՒՆԵՍԿՕ) կազմակերպության զեկույցում, երեկ, համաշխարհային կազմակերպության շտաբ-բնակարանում:

Բերված տվյալներից հետևում է, որ 130 մլն երեխա հաճախում է տարրական դպրոց, սակայն նույնիսկ տարրական գիտելիքներ չի ստանում: Մնացած 120 մլն-ը դասարաններում անբավարար ժամանակ են անցկացնում, ընդ որում, նրանցից 57 մլն-ը ընդհանրապես պարապմունքներին չի հաճախում: Զեկույցը պատրաստողները նշում են, որ անգրագետ երեխաների վրա  պետությունը տարեկան 129 մլրդ դոլարի ծախս անում:Ինչպես լրագրողներին հայտարարել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչ Վիբեկե Յենսենը,  պատճառը որակավորում ունեցող ուսուցիչների պակասն է, հիմնականում, աղքատ ու հակասություններով լի երկրներում: Նրա խոսքով, 193 երկրների  մեկ երրորդ մասում  տարրական դպրոցներն ունեն պատրաստված մասնագետներ.”Չնայած շատ երեխաներ են դպրոց հաճախում, այնուամենայնիվ, կրթության մակարդակը իջել է: Հիմա պետք է կենտրոնանալ այդ խնդրի վրա”:

Կրթական ճգնաժամը հաղթահարելու համար, 2015-ին պետք է աշխատանքի ընդունել  որակավորում ունեցող 5,2 մլն մասնագետի, նշում են փորձագետները: Ընդ որում, նշվում է նաև այն ակնհայտ օգուտը, որ  դա կբերի երկրին: Կրթության ոլորտում գրագետ քաղաքականությունը 40 տարում կարող է  բնակչության մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն մեծացնել 23%-ով:

Անկախ