«ԱԶԳԱՅԻՆ ՈւՍԱՆՈՂԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈւԹՅՈՒՆ 2013» Տարվա լավագույն ուսանող

ansa2Ս.թ. մայիսի 16-ին հայտն դարձան «ԱԶԳԱՅԻՆ ՈւՍԱՆՈՂԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈւԹՅՈՒՆ 2013»-ի անվանակարգերի հաղթողները:

Ս. թ. մայիսի 16-ին Հայաստանի Ուսանողական Ազգային Ասոցիացիան «Ջոս» համալիրում անցկացրեց տոնական երեկույթ՝ այսպիսով ամփոփելով իր 10-ամյա գործունեությանը նվիրված հոբելյանական միջոցառումների շարքը: ՀՈւԱԱ-ն, տասը տարի շարունակ ակտիվ և հետևողական գործունեություն ծավալելով բարձրագույն կրթության ոլորտում, էական հաջողությունների է հասել հայաստանյան կրթական համակարգի խնդիրները վերհանելու, լսելի դարձնելու և դրանց համար լուծումներ գտնելու կարևորագույն գործում: ՀՈւԱԱ-ն իր առջև նպատակ դնելով լավագույնս ներկայացնել հայ ուսանողությանը հուզող հարցեր՝ այս համատեքստում նշանակալի աշխատանք է կատարել նաև միջազգային հարթակներում՝ դառնալով հայ ուսանողության յուրատեսակ դեսպանը:

Միջոցառմանը հրավիրված էին ազգային և միջազգային մակարդակում բարձրագույն կրթության ոլորտի կարևոր և կշիռ ունեցող դերակատարներ, մի շարք գործուն հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ՀՈւԱԱ-ում լիիրավ անդամ բուհերի ուսանողական ինքնակառավարման մարմինների առաջնորդներ, օտարերկրյա հյուրեր, ինչպես նաև տարբեր տարիներին կազմակերպությունում աշխատած անդամներ: Շնորհավորական խոսքով հանդես եկան ՀՈւԱԱ-ի հիմնադիր նախագահ՝ Աբրահամ Բաղչագուլյանը (ՀՀ ԳՆ Սննդի անվտանգության տեսչության պետ), գործող նախագահ Արմեն Ալեքսանյանը, փոխնախագահներ Սարգիս Ասատրյանցն ու Սևակ Խաչատրյանը, Եվրոպական ուսանողական միության նախագահ Ռոկ Պրիմոժիչը: Հնչեցին նաև շնորհավորական ուղերձներ ու բարեմաղթանքներ՝ ուղարկված Եվրոպայի տարբեր երկրներում աշխատող ՀՈւԱԱ-ի գործընկեր կազմակերոպությունների կողմից:

Երեկոյի ամենահիշարժան պահը դարձավ ՀՈւԱԱ-ի կողմից առաջին անգամ անցկացվող «ԱԶԳԱՅԻՆ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ 2013»-ի գլխավոր անվանակարգերի հաղթողների՝ «Տարվա լավագույն ուսանողի» և «Գրանտ Պրի» անվանակարգում հողթողների հայտարարումը: Ամիսներ տևած երկար ու բարդ ընտրության արդյունքում «ԱԶԳԱՅԻՆ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ 2013»-ի «Տարվա լավագույն ուսանող» անվանակարգում հաղթող ճանաչվեց Գավառի պետական համալսարանում բաալարիական և մագիստրոսական կրթություն ստացած, ներկայեումս ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի ասպիրանտ Վարազդատ Ավետիսյանը: Իսկ ահա Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիայի «ԱԶԳԱՅԻՆ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ 2013»-ի «Գրան Պրի» մրցանակակիր դարձավ ՀՊՃՀ և զուհգահեռաբար ՀՀ Կառավարման պետական ակադեմիայի մագիստրոս, ՀՊՃՀ (Պոլիտեխնիկ) Ուսանողական խորհրդի նախագահ, ակտիվ ուսանողական առաջնորդ Գոռ Վարդանյանը: Ուշագրավ է, որ Գոռ Վարդանյանը երիտասարդ տարիքում մեծ հաջողությունների է հասել մասնագիտական ինչպես նաև ուսանողների ինքնակառավարման ոլորտներում՝ դառնալով նաև յուրատեսակ գյուտի հեղինակ: Գ.Վարդանյանն ունի գիտական նորույթ պարունակող հետազոտություն` ֆոտոէլեկտրական մարտկոցների ավտոմատ պաշտպանիչ և մաքրող սարքի մշակում թեմայով, որը երաշխավորված է մտավոր սեփականության և հեղինակային իրավունքների պաշտպանության համպատասխան գործակալությունում իբրև նորարական գյուտ գրանցելու: Այս նվաճումները, իհարկե, չէին կարող չգնահատվել խստապահանջ հանձնաժողովի կողմից: Մրցույթի եզրափակիչ փուլ անցած բոլոր 6 մասնակիցները, որոնք ընտրվել էին 52 թեկնածուների շարքից, ՀՈւԱԱ-ի կողմից ճանաչվում են իբրև լավագույններ «ԱԶԳԱՅԻՆ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ 2013»-ի շրջանակներում: Մրցանակաբաշխության շրջանակներում ՀՈւԱԱ-ի կողմից հատուկ մրցանակ շնորհվեց ԵՈւՄ-ի նախագահ Ռոկ Պրիմոժիչին կազմակերպության զարգացման գործում գնահատելի ավանդ ունենալու համար:

Դպրոցների վարկանիշավորման հարցում կարևորվելու է նաև աշակերտական խորհուրդների աշխատանքը

ուսանողԱշակերտական ինքնավարության մարմինների երկրորդ համադպրոցական համաժողովը մայիսի 21-ին համախմբել էր ավագ դպրոցների աշակերտական խորհուրդների ներկայացուցիչներին։ Համաժողովը կազմակերպվել էր Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից։

ՀՀ կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանն իր խոսքում առանձնացրեց աշակերտական խորհուրդների դերն ակտիվ քաղաքացի ձևավորելու գործում։ Նա ընդգծեց, որ դպրոցների վարկանիշավորման հարցում այսուհետև մեծ տեղ է տրվելու նաև աշակերտական խորհուրդներին. «Սա նշանակում է, որ պետության կողմից ավելի է կարևորվում աշակերտական խորհուրդների դերը, ինչն էլ ավելի պատասխանատու պետք է դարձնի աշակերտական ինքնակառավարման մարմինների աշխատանքը»։ Նա խորհուրդ տվեց դպրոցականներին աշխատանքներ տանել մասսայական միջոցառումների իրականացման, աշակերտական կառույցների ակտիվության բարձրացման ուղղությամբ, ինչը դպրոցների միջև կապահովի մրցակցություն։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի ծրագրերի ղեկավար Արուսյակ Պողոսյանը նկատեց, որ նման հավաքների ընթացքում բավականին հետաքրքիր գաղափարներ են առաջարկվում աշակերտների կողմից։ «Աշակերտները ցանկանում են, ուսումնական պրոցեսից բացի, ունենալ նաև այլ զբաղվածություն։ Առաջին համաժողովից հետո հենց աշակերտների առաջարկով կազմակերպվեցին մասնագիտական կողմնորոշման դասընթացներ, ինչը հետագայում կօգնի նրանց ընտրել այն մասնագիտությունը, որն ավելի հոգեհարազատ է, և որի շրջանակներում կկարողանան ավելի լավ ինքնադրսևորվել»,- նշեց Արուսյակ Պողոսյանը։

Թիվ 198 ավագ դպրոցի աշակերտական խորհրդի նախագահ Լիլիթ Սարաջյանը նշում է, որ իրենց դպրոցում ուսուցիչներն ու տնօրինությունը կարևորում են աշակերտական խորհրդի դերը, և իրենց ցանկացած առաջարկ արժանանում է քննարկման։ Լիլիթը ներկայացրեց իրենց դպրոցի աշակերտական ինքնակառավարման մարմնի 2013-2014 ուսումնական տարվա գործունեությունը։ Նա մատնանշեց որոշ խնդիրներ, որոնք խոչընդոտում են իրենց կառույցի աշխատանքներին, մասնավորապես, խոսեց աշակերտների ծանրաբեռնվածության մասին, ինչը հաճախ խանգարում է երեխաներին լինել ավելի ակտիվ։

Անդրանիկ Մարգարյանի անվան թիվ 29 ավագ դպրոցի աշակերտական խորհրդի նախագահ Ալեն Մարգարյանն էլ նշում է, որ իրենց կառույցը դպրոցի սաների համար մշտապես կազմակերպում է տարբեր թեմաներով դասընթացներ։ Ալենն իր զեկույցում առաջարկեց, որպեսզի ավագ դպրոցներն ավելի սերտացնեն համագործակցությունը միմյանց հետ, ինչը կնպաստի փորձի փոխանակմանն ու աշակերտական ինքնավարության մարմինների զարգացմանն ու կատարելագործմանը։

 

 

 

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի

հասարակայնության հետ կապերի ծառայություն

Արևայրուքի ուտելի քսուք

ol3001400582078Արդեն վաճառքի է հանվել աշխարհում առաջին կոսմետիկ միջոցը, որը կայուն արևայրուքի ու անվտանգ արևահարության համար ոչ թե պետք է մաշկին քսել, այդ օգտագործել սննդամթերքի նման, հաղորդում է isra.com-ը:

Ինչպես ամերիկյան  ընկերության մասնագետներն են ասում,  իրենց ստեղծած «H20 UV» միջոցն ապահովում է  օրգանիզմի համար այնպիսի պաշտպանություն, ինչպես քսուքներն ու լոսյոնները` 30 գործոնով: Օրգանիզմ ընկնելով, նոր մթերքի հատուկ մոլեկուլներն անդրադարձնում են UVA և UVB ճառագայթների 97%-ը` արևայրուքը առավելագույնս անվտանգ դարձնելով:

Նոր միջոցի 100 մլ-անոց սրվակի արժեքը մոտ ԱՄՆ  28 դոլար է: Այն հասանելի է 2 տարբերակով` մեկը, որ թույլ է տալիս մաշկին արևահարվել, իսկ մյուսը` լրիվ պաշտպանվել արևի ճառագայթներից: Այն խորհուրդ է տրվում ընդունել յուրաքանչյուր 4 ժամը մեկ, սակայն, առաջին չափաբաժինը պետք է ընդունել արևային լոգանքն ընդունելուց մեկ ժամ առաջ:

Անկախ

Արմեն Աշոտյանը չվճարվող արձակուրդ կվերցնի` ԵԺԿ համաժողովում ՀՀկ-ն ներկայացնելու համար

արմեն աշոտյանՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Արմեն Աշոտյանին երկօրյա չվճարվող արձակուրդ է տրվել:

Աշոտյանն այս մասին ՖԲ իր էջում գրել է. «Հունիսի 2-3-ի իմ չվճարվող արձակուրդի ընթացքում որպես ՀՀԿ ներկայացուցիչ մասնկացելու եմ Եվրոպական Ժողովրդական կուսակցության Քաղաքական համաժողովին: Արձակուրդ վերցնում եմ, որպեսզի տարանջատեմ նախարարական գործունեությունս կուսակցական հարցերից: Միշտ այդպես եմ արել, երբ մեկնել եմ ԵԺԿ Քաղաքական համաժողով»:

Քանի՞ մանկավարժ կկրճատվի Շիրակի մարզում. պարզաբանում է նախարարը

 Արմեն ԱշոտյանԱշխատանքային այցով Գյումրիում գտնվող ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը խոսել է մանկավարժների աշխատավարձերի բարձրացման և սպասվելիք կրճատումների մասին: 2014թ. պետական բյուջեով նախատեսված է մոտ 8-10 տոկոս բարձրացնել մանկավարժների աշխատավարձերը: Այս բարձրացումները նախատեսված են հունիսի 1-ից: Սակայն, նախարարը նշում է, թե Շիրակի մարզում աշխատավարձերի հարցում կա մեկ այլ խնդիր՝ մանկավարժների թիվն ավելի մեծ է, քան աշակերտների:
«Իհարկե, պետք է նաև հասկանանք այն խնդիրը, որ կա Շիրակի մարզում. մենք դպրոցներում աշխատող ավելի շատ մանկավարժ ունենք , քան աշակերտներ: Ավելի շատ մանկավարժներ ունենք դպրոցներում, քան՝ դրույքներն են: Մի կողմից մեզանից ակնկալվում է բարձր աշխատավարձ, բայց մյուս կողմից ուսուցիչների մեծ մասը լիարժեք ծանրաբեռնվածությամբ չի աշխատում», – ասում է Արմեն Աշոտյանը:

Ոլորտի պատասխանատուն ասում է՝ հարցի լուծման համար կան երկու բևեռային ընտրություններ: Ու նախարարությունը դրանցից որն էլ ընտրի, միևնույն է, երկուսն էլ վատ ընտրություն են: Դրանք են՝ կամ գնալ զանգվածային կրճատումների, որն իր հետևից կբերի սոցիալական խնդիրների ավելացում, քանի որ կրթության ոլորտը նաև խոշոր գործատու ոլորտ է, կամ պահպանել մանկավարժների տեղերը՝ նրանց ծանրաբեռնելով փոքր ծավալով:
«Համաձայնեք, որ 4 ժամով տնից դուրս եկող ուսուցչուհին շահագրգիռ չէ իր վրա աշխատելու, շատ պարապելու: Ես չեմ ուզում, որ դպրոց գալը, դաս տալը լինի տնից դուրս գալու առիթ: Հիմա ոչ ճիշտ քայլ է աշխատատեղերի կրճատումը, ոչ էլ աշխատատեղերի ուռճացումը: Մենք փորձում ենք ոսկե միջին գտնել երկու ծայրահեղությունների արանքում՝ կարևորելով կրթության որակի հարցը, նաև գիտակցել, որ կրթության ոլորտը սոցիալական պատասխանատվություն ունի», – նշեց Աշոտյանը:

Համալսարանականների այցը թուրքմենստան

թուրքմենստանՄայիսի 13-17-ը Թուրքմենստան էր մեկնել հայկական պատվիրակությունը՝ մասնակցելու թուրքմեն մեծ բանաստեղծ Մահթումկուլի Ֆրագիի 290-ամյակին նվիրված միջոցառումներին:

ՀՀ կառավարական պատվիրակությունը ղեկավարում էր Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Հայաստանը ներկայացնում էին նաև ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, պրոռեկտոր Ալեքսանդր Գրիգորյանը, ռեկտորի աշխատակազմի ղեկավար Ալիկ Ղարիբյանը, Թյուրքագիտության ամբիոնի վարիչ Ալեքսանդր Սաֆարյանը, նույն ամբիոնի դոցենտ Քնարիկ Միրզոյանը, ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը, բանաստեղծ, Մահթումկուլիի ստեղծագործությունների թարգմանիչ Վարուժան Խաստուրը և ՀՀ վաստակավոր նկարիչ Շմավոն Շմավոնյանը:

Հոբելյանական հանդիսությունները նշանավորվեցին «Մահթումկուլի Ֆրագին և համամարդկային մշակութային արժեքները» խորագրով գիտաժողովի անցկացմամբ: Գիտաժողովը բացեց և հիմնական զեկուցումով հանդես եկավ Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը:

Մայիսի 14-ին՝ գիտաժողովի բացման արարողության ժամանակ, Թուրքմենստանի նախագահը «Մահթումկուլի Ֆրագի» մեդալ հանձնեց ԵՊՀ ռեկտոր, պրոֆեսոր Արամ Սիմոնյանին, UNESCO-ի գլխավոր քարտուղար Իրինա Բոկովային, Աստրախանի նահանգապետ Ալեքսանդր Ժիլկինին, Սինցզյանի համալսարանի ռեկտոր Թասիֆուլատի-Թայիբուին (ՉԺՀ), «Թյուրքսոյ» միջազգային կազմակերպության գլխավոր տնօրեն Դուսանբայ Կասեինովին:

Թուրքմենստանի նախագահի հրամանագրով նույն մեդալով պարգևատրվեցին նաև գիտության և արվեստի՝ թուրքմեն և արտասահմանյան մի խումբ գործիչներ, այդ թվում՝ Թուրքմենստանի ԳԱ հին ձեռագրերի ինստիտուտի տնօրեն Անակուրբան Աշիրովը, պրոֆեսոր Ալեքսանդր Սաֆարյանը և ուրիշներ:

 

Միջազգային գիտաժողովում Արամ Սիմոնյանն ու Ալեքսանդր Սաֆարյանը հանդես եկան համատեղ գիտական զեկուցմամբ՝ նվիրված Մահթումկուլի Ֆրագիի ստեղծագործությունների հայերեն հրատարակություններին: ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը ղեկավարում էր նաև գիտաժողովի «Մահթումկուլի Ֆրագին և իր դարաշրջանը» բաժանմունքը, որտեղ ելույթ ունեցան գիտնականներ ԱՄՆ-ից, ՌԴ-ից, Ուկրաինայից, Բելառուսից, Թուրքիայից, Թուրքմենստանից և այլ երկրներից:

«Մեր պատվիրակությունը հանդիպեց Մահթումկուլիի անվան պետական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի հետ: Այդ համալսարանի հետ արդեն համագործակցում ենք, մեր ասպիրանտ Ամալյա Պետրոսյանն արդեն այնտեղ է և իրեն շատ լավ է դրսևորում, աշնանն էլ մեզ մոտ կլինի թուրքմեն ասպիրանտը, ով կմասնագիտանա հայագիտության ոլորտում: Այս անգամ պայմանավորվածություն ձեռք բերեցինք նաև համատեղ գիտական աշխատանքներ կատարելու վերաբերյալ: Կարծում եմ՝ այս համագործակցությունը պետք է շարունակել, որովհետև մենք այնտեղից կարող  ենք նաև ուսանողներ բերել. նրանք հետաքրքրություն են ցուցաբերում հատկապես հնագիտության, արևելագիտության, ֆիզիկայի, մաթեմատիկայի նկատմամբ»,- այցի արդյունքներն այսպես ամփոփեց ռեկտոր Արամ Սիմոնյանը:

Հիշեցնենք, որ Մահթումկուլիի 290-ամյակին նվիրված գիտաժողով կազմակերպվել է նաև ԵՊՀ-ում, որի ընթացքում կայացել է նաև նրա բանաստեղծությունների հայերեն հատընտիրի 3-րդ հրատարակության շնորհանդեսը: Թուրքմեն գրականության դասականի հայերեն նոր գրքի լույսընծայումը լայն արձագանք է գտել թե՛ Հայաստանում, թե՛ Թուրքմենստանում: Գիրքը պետական այցի ընթացքում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նվիրել է Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովին:

Հատկանշական է, որ Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը գիտաժողովի բացման արարողության ժամանակ հատուկ անդրադարձավ Մահթումկուլիի ստեղծագործությունների՝ տարբեր լեզուներով (այդ թվում՝ հայերեն) վերջին հրատարակություններին՝ դրվատանքի խոսք ասելով տարբեր երկրներում կազմակերպված հոբելյանական միջոցառումների (այդ թվում՝ ԵՊՀ-ում կազմակերպված շնորհանդեսի և միջազգային գիտաժողովի) մասին:

Գիտաժողովից բացի՝ Հայաստանի ներկայացուցիչները մասնակցել են նաև մշակութային մի շարք այլ միջոցառումների, ունեցել են հանդիպումներ գիտակրթական հաստատություններում, բազմաթիվ ելույթներ ունեցել թուրքմենական հեռուստատեսությամբ, հարցազրույցներ տվել թերթերին: Հայաստանյան պատվիրակությունը թուրքմեն բարեկամներին է նվիրել Մահթումկուլի Ֆրագիի հայերեն հատընտիրի օրինակներ և Շմավոն Շմավոնյանի «Երկնային նժույգի թռիչքը» կտավը:

Աշոտյանը «Հայ եկեղեցու պատմությունը» դասագրքերից հանելու մասին

Արմեն-ԱշոտյանԱյսօր լրագրողները կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանից հետաքրքրվեցին, ի վերջո շարունակվելու՞ է դպրոցական ծրագրերում «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի դասավանդումը, թե ոչ: Քանի որ ՄԱԿ-ը զեկույց էր հրապարակել, ըստ որի սույն առարկան ոտնահարում է խղճի և կրոնի ազատության մասին օրենքները:

«Հայաստանի կրթական համակարգի բովանդակությունը որոշում է ՀՀ կառավարությունը», – ասում է Արմեն Աշոտյանն ու նշում, թե իրենք բարձր են գնահատում բոլոր միջազգային, արտասահմանյան գործընկերներին և նրանց աջակցությունը, սակայն կրթական քաղաքականությունը որոշում ենք մենք:

«Մենք կարիքը չունենք փորձագիտական եզրակացությունների, որպեսզի Հայաստանի Սահմանադրությամբ ամրագրված Հայաստանյաց առաքելական սուրբ եկեղեցու բացառիկ առաքելությունը, հոգևոր, մշակութային ժառանգության պահպանման, ազգային ինքնության հարցերում դնենք հարցականի տակ՝ հանուն ինչ-ինչ զեկույցների», – ասում է նախարարը:

Նա նաև հայտնում է, որ այդ զեկույցները ենթակա չեն պարտադիր կատարման: Իսկ «Հայ եկեղեցու պատմությունը» շարունակվելու է դասավանդվել, ավելին այն արդեն փորձում են կիրառել նաև տարրական դասարաններում, և գործընթացն անկասելի է: Արմեն Աշոտյանը առարկայի դասավանդումը չի կապում խղճի ազատության դրսևորումների հետ. «Այն բացառապես կապված է հայրենի երկրի պատմության, ազգային ինքնության ճանաչման գործընթացի հետ, որտեղ եկեղեցու առաքելությունն ամրագրված է Սահմանադրությամբ»:

Նախարարը հավելում է, որ այդ նույն զեկույցում խոսվել է նաև ՆԶՊ առարկայի դասավանդման դադարեցման մասին: Այստեղ ևս նախարար Աշոտյանը նույն կարծիքին է. «Մնացել էր, որ այլ մայրցամաքներում աշխատող մարդիկ  մտածեն, թե ինչ է պետք մեր երեխաներին, մեր երկրին  և մեր հասարակությանը: Սա բացառապես մեր խնդիրն է»:
Զինվորական պատրաստվածությունը և «Հայ եկեղեցու պատմությունը» մնալու են դպրոցական ծրագրերում:

Պարգևներ ասմունքի մրցույթների հաղթողներին

005Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից Անկախին հայտնեցին, որ Պարույր Սևակի 90-ամյակի և Հ. Սահյանի 100-ամյակի հոբելյանական միջոցառումներում ներառված ասմունքի մրցույթի հաղթողները հյուրընկալվել են Երևան քաղաքի պատմության թանգարանում։ Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը շնորհավորել է մրցույթի մասնակից աշակերտներին և շնորհակալություն հայտնել նրանց ուսուցիչներին:

 ասմունքի մրցույթների հաղթողներ«Սիրելի՛ աշակերտներ, Երևանի պատմության նոր կերտողները դուք եք լինելու և արդեն սկսել եք, քանի որ ձեր վերաբերմունքը  պոեզիային, գրականությունը անպայմանորեն անհետք չի մնալու ձեր կենսագրության մեջ. գրականությունը լավագույն ինքնաճանաչման դրսևորումն է։ Շնորհավորում եմ բոլոր մասնակիցներին և շնորհակալություն եմ հայտնում բոլոր մանկավարժներին, ովքեր աշակերտների հոգիներում ու մտածողության մեջ սերմանում են գրականությունը, հայի ազգային լինելու կարևորությունը, ոգևորում են աշակերտներին ու արժանացնում պարգևների»,- նշել է Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը և հաղթող աշակերտներին է հանձնել մրցանակ գրքերը։

Պարույր Սևակի 90-ամյակի և Հ. Սահյանի 100-ամյակի կապակցությամբ ասմունքի մրցույթներն անցկացրել է Երևանի քաղաքապետի կարգադրությամբ ստեղծված հանձնաժողովը։ Երևանի քանաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանն ընդգծել է, որ մրցույթն անցկացվել է աշակերտական գիտական ընթերցումներ ներառելով, ինչը աշակերտների՝ գրականության գիտելիքների դրսևորման լավագույն միջոց է։

Մրցույթներին մասնակցել է Երևանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցների  358 աշակերտ։ «Պարույր Սևակ» ասմունքի մրցույթի մրցանակային տեղեր է գրավել տարիքային 2 խմբերից  9 աշակերտ, խրախուսվել է 2-ը։ «Համո  Սահյան» ասմունքի աշակերտական մրցույթի հաղթողները 6-ն են, խրախուսվել է 16 աշակերտ։

Միջոցառման ավարտին Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը ներկաներին հրավիրել է դիտելու Երևանի 17-19-րդ դարերի մասին պատմող «Հին Երևանի անցուդարձը» գրաֆիկական անիմացիան, որը,  որպես նորարարություն, վերջերս է ներառվել Երևան քաղաքի պատմության թանգարանի ցուցադրությունում։

 

Անկախ

Հայաստանում առաջին ինտերակտիվ լսարանը բացվեց Գյումրիում

26 001Այսօր Գյումրու «Ֆոտոն» վարժարանում, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի մասնակցությամբ և «Սամսունգ» ընկերության միջոցներով բացվեց Հայաստանում առաջին ինտերակտիվ լսարանը: Այն կահավորված է գերժամանակակից համակարգիչներով՝ նախատեսված 15 աշակերտի համար: IT տեխնոլոգիաներով այս լսարանում դասապարապմունքներն անցկացվում են ամենաբաց եղանակով՝ մեծ էկրանի վրա երևում են աշակերտների կատարած աշխատանքները, առաջադրանքները կատարելու ընթացքը և այլն:
Կրթության նախարարն ասում է, որ սա դեռ սկիզբն է, իսկ «Սամսունգի» Կովկասյան տարածաշրջանի ղեկավար Սան Բիկչենը նշեց. «Սա փոքր նվեր է «Սամսունգի» կողմից, որից կարող են օգտվել խելացի աշակերտներն ու ուսանողները: Նմանատիպ ծրագրերը հետագայում էլ շարունակություն են ունենալու»:
Շնորհակալություն հայտնելով թանակարժեք նվերի համար`  նախարար Աշոտյանը IT լսարանը որակեց աշխարհի լավագույն և ամենաժամանակակից կրթական տեխնոլոգիան, որն հասանելի է դպրոցներում. «Ինձ համար շատ հաճելի է, որ Հայաստանում առաջին գերժամանակակից համակարգչային լսարանը տեղակայված է Գյումրիում»:

Նախարարը նաև հավելեց, որ հաջորդ լսարանը հիմնվելու է ԵՊՀ-ում:
Իսկ 15 աշակերտի համար նման լսարան ունենալը  Հայաստանում արժե  մոտ 40-50 հազար դոլար:

Գիտնականներ. Անտարկտիդան ամեն տարի 160 մլրդ տ սառույց է կորցնում

post168150_img1_1Անտարկտիդայի սառցե վահանն ամեն տարի կորցնում է 160 մլրդ տոննա սառույց, ասվում է Geophysical Research Letters.-ում հրատարակված ուսումնասիրության մեջ:

Հիմա սառույցի հալման տեմպերը երկու անգամ ավելի արագ են , քան 4 տարի առաջ, երբ վերջին անգամ  չափումներ են կատարվել:

Սառցե վահանի փոփոխությունները կատարում է   Cryosat Եվրոպական տիեզերական գործակալության արբանյակի վրա տեղադրված ռադարը: Սարքի ցուցիչների համաձայն, ամեն տարի սառցաշերտը բարակում է 2 սմ-ով:

NASA-ի հաշվարկով, եթե Անտարկտիդայի բոլոր սառույցները հալչեն, ապա ծովի մակարդակը կբարձրանա մեկ մ:

Անկախ

Ա. Աշոտյանը պարգևատրվել է պատվո շքանշանով

արմեն աշոտյանՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը  Եվրոպական կրթական տարածքում Հայաստանի ակտիվ դերակատարման, Բոլոնիայի գործընթացի շրջանակում արձանագրած  հաջողությունների և բուհական կրթության ոլորտի զարգացմանը ցուցաբերած աջակցության համար պարգևատրվել է   Կիպրոսի եվրոպական համալսարանի պատվո շքանշանով :
Շքանշանը հանձնել է  Բարձրագույն ուսումնական հաստատությունների եվրոպական ասոցիացիայի նախագահ Անդրեաս Օրֆանիդեսը՝ օրերս Երևանում տեղի ունեցած Բարձրագույն ուսումնական հաստատությունների եվրոպական ասոցացիայի տարեկան ժողովի շրջանակում:

 

63 հավակնորդ ստացել է հավաստագիր

կգն2ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով` 2014թ. մայիսի 8-ի, 13-ի և 15-ի անցկացված  հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/ ստանալու քննության գրավոր և բանավոր փուլերը դրական արդյունքներով հանձնած հավակնորդներին տրվել է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք` հավաստագիր: Հակնորդներից 63-ը ստացել են  հավաստագիր,  հավաստագրման քննությունները դեռ շարունակվում են:

Մանկապարտեզներում քաղքենի սովորույթները դեռևս չեն վերանում

ֆոնդՄայրաքաղաքում գործող պետական նախակրթական հաստատությունները` մանկապարտեզները, երբեմն հիշեցնում են վաղեմի բարքերը: Ուրիշին գրպանելը կամ գումար կորզելը ոչնչով չի տարբերվում կաշառքից, որը չմոռանանք` քրեորեն պատժելի է: Ասվածը վերաբերում է դպրոցներում և մանկապարտեզներում դրամահավաքության սովորույթին:

Տարիներ առաջ, երբ մանկապարտեզները դարձան անվճար, և պետությունն իր վրա վերցրեց մանկապարտեզները ֆինանսավորելու բեռը, խստացվեց դրամահավաքության արգելքը: Քաղաքապետարանը վերահսկողություն սահմանեց բոլոր մանկապարտեզներում թե՛ սննդի որակի, թե՛ ավելորդ չարաշահումների ուղղությամբ` գործարկելով թեժ գծի ծառայությունը:

Չերկարացնելու համար նշեմ, որ բոլոր մանկապարտեզներում գործում են պարի, ռուսերենի, նկարչության, ֆիզկուլտուրայի խմբակներ, որոնք վճարովի են և կամավոր: Սակայն կամավոր ասվածը հարաբերական է, քանի որ դաստիարակները, ըստ հատուկ հրահանգի, բոլոր ծնողներին հորդորում են ընդգրկել երեխաներին բոլոր մասնավոր պարապմունքներում:
Սպորտը մանկահասակ երեխաների շրջանում գուցե առողջարար է և նախընտրելի, սակայն ռուսերենը, կարծում եմ, վաղ տարիքի երեխաների համար անըմբռնելի է, հատկապես այն պարագայում, երբ այդ տարիքի երեխաները նոր-նոր են սկսում իրենց մայրենին արտաբերել: Սա կարծես դրամ կուտակելու մի ձև է, որն անհայտ է` ինչ կերպ է տնօրինվում:

Մինչ այս պահը մանկապարտեզներում գործում էր նաև ամենամսյա դրամահավաքության ևս մեկ տեսակ: Ծնողներից 500-ական դրամի հավաքը բացատրվում էր պետության կողմից մանկապարտեզներին հատկացվող կենցաղային որոշ անհրաժեշտ պարագաների սակավությամբ (խոսքը վերաբերում է լվացման և մաքրման պարագաների, անձեռոցիկների, սպասքի ձեռքբերմանը և այլն): Սակայն վերջերս թեժ գծով հնչած բազմաթիվ բողոքներից ելնելով` քաղաքապետարանը խստիվ արգելեց շարունակել դրամահավաքությունը նաև ամենամսյա ֆոնդերի ուղղությամբ: Փոխարենը, ծնողները պարտավորվում են սեփական միջոցների հաշվին ապահովել մանկապարտեզներին վերոնշյալ պարագաներով:

Նշենք, որ վաղուց գործում է նաև «Օգնիր մանկապարտեզին և դպրոցին» հիմնադրամը, որի հավաքած գումարների միջոցով հնարավոր է դառնում մանկապարտեզներում լուծել որոշ առաջնահերթ խնդիրներ նաև մասնավոր հիմունքներով: Օրինակ` ծնողներից մի քանիսի կամավոր ցանկությամբ մանկապարտեզներում գորգեր են փոխվել, սանհանգույցներ են վերանորոգվել, վարագույրներ և պատուհաններ են թարմացվել: Սակայն, հիմնադրամը գործում է զուտ կամավոր սկզբունքով, համենայն դեպս` դա հաստատում են քաղաքապետարանի համապատասխան բաժնի պատասխանատուները:

Իրականում ինչպիսի՞ն է իրավիճակը:

Ամենուր մանկապարտեզի տնօրինության կողմից հայտարարվում է, որ ամսական նվազագույնը 1000-ական դրամ մուծելը ոչ թե պարտադիր, այլ խղճի հարց է: Գումարի վճարումը, ի դեպ, ավելի թափանցիկ կազմակերպելու համար առաջարկվում է կատարել առևտրային բանկերում բացված հատուկ հաշվեհամարներին, որի ընթացքում որպես միջնորդավճար գանձվում է 200 դրամ: Արդյունքում` 1200 դրամն ամեն ամիս մնում է ծնողների հոգսաշատ ուսերին: Իսկ եթե մայրը բազմազավակ է կամ երկու երեխա է մանկապարտեզ տանում` գումարը կրկնապատկվում է:

Քաղաքապետարանի հանրակրթության վարչության ղեկավարը` Գայանե Սողոմոնյանը, քանիցս նշել է, որ այդ գումարը մանկապարտեզի ֆոնդին հանձնելը կատարվում է միայն կամավոր սկզբունքով: Չարաշահումների գործոնը տիկին Սողոմոնյանը բացառում է, քանի որ քաղաքապետարանն այս հարցին մշտապես հետամուտ է. «Ինքս առիթ եմ ունեցել ծնողների հետ հաճախակի հանդիպելու և հորդորելու նրանց, որ պարտադրաբար գումարներ կորզելու պարագայում դիմեն համապատասխան վարչությանը կամ ահազանգեն թեժ գծին: Թեժ գծի համարը հասանելի է և տեսանելի բոլոր ծնողների համար: Նրանք մեզ այսօր օգնում և համագործակցում են մեզ հետ բավական ակտիվորեն: Անհեթեթ զանգեր, բնականաբար, լինում են, սակայն յուրաքանչյուր զանգին հետամուտ ենք լինում կարճ ժամկետում: Նրանց կարծիքն ու ցանկությունը մեզ համար շատ կարևոր է: Նրանք փորձում են մեզ հետ միասին արմատախիլ անել մանկապարտեզներում դեռևս գոյություն ունեցող բացասական երևույթները: Շատ խնդիրներ են եղել, որոնցից շատերը լուծվել ու կանոնակարգվել են»:

Սակայն որոշ մանկապարտեզներում, նույնիսկ` կենտրոն համայնքի, շարունակում են, անվճարունակ կամ վճարումից հրաժարվող ծնողներին ամոթանք տալով, բարեգործական ֆոնդ ձևավորել: Հարց է, թե իրականում ում բոստանն են գնում կենցաղաշատ ու սոցիալական ծանր պայմաններում մի կերպ իրենց գոյությունը քարշ տվող բազմազավակ ընտանիքիների փողերը:

Լ.Ն

Անկախ

Վերջին դասը` մայիսի 23-ին

վերջին զանգՀամաձայն ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի`  “Հանրակրթական հիմնական ընդհանուր և հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2013-2014 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանները հաստատելու մասին”10.06.2013թ. թիվ 730-Ն հրամանի` ուսումնական պարապմունքները հանրակրթական դպրոցներում կավարտվեն 2014 թ. մայիսի 23-ին:

Արմեն Աշոտյանի հայտարարությունը բուհերի ընդունելության քննությունների մասին

աշոտյան

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

“Հարգելի դիմորդներ, աշակերտներ և ծնողներ:

Երեկ որոշ լրագրողների թեթև ձեռքով հայտնվել է իրականությանը չհամապատասխանող տեղեկություն այն մասին, թե իբր նախարարությունը մտադրված է վերացնել բուհերի ընդունելության քննությունները:

Թեպետ ես ԱԺ-ում հերքել եմ այդ ապատեղեկատվությունը, թեմային վերաբերող քննարկումները շարունակվում են:

Ընդգծում եմ, որ խոսք չի գնում ընդունելության քննությունների վերացման մասին, այլ մենք ընդամենը քննարկում ենք դպրոցական ատեստատի գնահատականները որոշակի բանաձևով մրցութային դիտարկելու առաջարկությունը, որպեսզի լրացուցիչ շահագրգռվածություն առաջանա ավարտական դասարաններում յուրացնել հանրակրթական ծրագիրը ամբողջությամբ, և չսևեռվել բացառապես ընդունելության առարկաների վրա:

Այս հարցին վերաբերող հանրային քննարկումները դեռ առջևում են”:

 

Փորձագետները կամփոփեն բուհեր այցելության արդյունքները

երևանի գյուղատնտեսական համալսարանԱվարտվեց հավատարմագրման գործընթացի շրջանակներում փորձագիտական խմբերի այցելությունը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, ՀՀ պետական կառավարման ակադեմիա և Երևանի գյուղատնտեսական համալսարան: Ավելի վաղ փորձագետներն այցելել էին նաև Երևանի «Հայբուսակ» և «Մխիթար գոշ» հայ-ռուսական միջազգային համալսարաններ

Փորձագետները մայիսի 5-14-ը ուսումնասիրություն են կատարել ՀՊՏՀ-ում և Գյումրու ու Եղեգնաձորի մասնաճյուղերում, իսկ մայիսի 12-16-ը`ՀՀ պետական կառավարման ակադեմիայում և Երևանի գյուղատնտեսական համալսարանում: Այցելության ընթացքում  փորձագետները հանդիպում-քննարկումներ են ունեցել բուհերի ռեկտորների, պրոռեկտորների, դեկանների, ամբիոնների վարիչների, ուսանողական ինքնակառավարման մարմինների, ուսանողների, բուհերի շրջանավարտնեևրի, պոտենցիալ գործատուների հետ:

Մինչ այցելությունը բուհերը ներկայացրել էին ինքնավերլուծություն` հավատարմագրման կարգի պահանջների համաձայն: Այցելության ընթացքում հարց ու պատասխանի միջոցով փորձագետները պարզեցին նաև առանձին խմբերի կարծիքը առաջադրված հարցերի շուրջ:

Փորձագիտական խմբերում ընդգրկված են երեք  հայաստանյան փորձագետներ, մեկ միջազգային փորձագետ և մեկ ուսանող:  Հավատարմագրումը կազմակերպում և իրականացնում է «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամը  (ՈԱԱԿ)

Այսքանով ավարտվում են փորձագետների այցելությունները ներկայում ինստիտուցիոնալ հավատարմագրում  անցնող հինգ բուհեր:

Այցից հետո փորձագետները կներկայացնեն իրենց դիտարկման արդյունքները: Յուրաքանչյուր խմբի ղեկավարը  կամփոփի  դրանք ու  կներկայացնի  զեկույց, որն էլ կուղարկվի բուհին:  Ուսումնական հաստատությունը  կարող է ներկայացնել իր դիտարկումները, որից հետո զեկույցն  ավարտական տեսքի կբերվի:

Բուհը, վերջնական  զեկույցի և կից խորհրդատվության հիման վրա, պետք է մշակի իր հետագա բարելավման պլանը, որի իրագործումը սահմանված ժամկետում  կնպաստի կրթության որակի բարձրացմանը:

Գործընթացի ավարտական փուլը կդառնա հավատարմագրման հանձնաժողովի որոշման  հրապարակումը:

Սեմինար Արցախի պետական համալսարանում

Արցախի պետական համալսարանՄայիսի 14-ին ԱրՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցավ «Քրեական դատավարության բարեփոխումները ՀՀ-ում» թեմայով սեմինար-քննարկում, որը կազմակերպվել էր «Քրեական արդարադատություն» գիտավերլուծական խորհրդի նախագահ, հայ-ռուսական և հայ-ֆրանսիական համալսարանների դասախոս, իրավագիտության դոկտոր Արթուր Ղամբարյանի և ԱրՊՀ Ուսանողական գիտական ընկերության նախագահ, իրավունքի ամբիոնի դասախոս Ավետիք Հարությունյանի կողմից:

Միջոցառումը, որին մասնակցում էին դատավորներ, դատախազներ, ոստիկանության և ռազմական ոստիկանության քննիչներ, Ազգային ժողովի և արդարադատության նախարարության ներկայացուցիչներ, ԱրՊՀ դասախոսներ և ուսանողներ, բաղկացած էր երկու մասից. «Քրեական վարույթի հանրային մասնակիցների փոխհարաբերությունները» և «Ցուցմունքների դատական դեպոնացումն ըստ ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծի»:
Բացելով միջոցառումը` ԱրՊՀ ՈւԳԸ նախագահ Ավետիք Հարությունյանը կարևորել է Արցախի մայր բուհում նման սեմինարի անցկացումը և նշել, որ հասարակական հարաբերությունների զարգացմանը զուգընթաց պետք է զարգանա նաև երկրի օրենսդրությունը և տեսաբան ու պրակտիկ իրավաբանների խնդիրը ոչ միայն դրանց հնարավորինս հետևելն է, այլև առավել առանցքային իրավական ակտերի վերաբերյալ գիտականորեն հիմնավորված մեկնաբանություններ ու վերլուծություններ ստանալը, իսկ քրեական դատավարության ոլորտն այն կարևորագույններից մեկն է, որը շոշոփում է անձի իրավունքներն ու օրինական շահերը: Հաշվի առնելով այս ու մի շարք այլ կարևոր հանգամանքներ, կազմակերպվել է սույն սեմինարը` նպատակ ունենալով քննարկման առարկա դարձնել քրեական դատավարության ու քրեական նոր օրենսգրքերի և առհասարակ տվյալ ոլորտների առավել խնդրահարույց հարցերը:
Արթուր Ղամբարյանի պնդմամբ` նոր օրենսգրքի դրույթներն ավելի առաջադեմ ու ժողովրդավար են, ինչի վկայությունն է այն, որ շատ եվրոպական երկրների ներկայացուցիչներ հետաքրքրված են հայաստանյան փորձով: Սեմինարի մասնակիցները հանդես եկան ակտիվ հարցադրումներով, որոնց պատասխանները հնչեցին սեմինարավարների կողմից և մատնանշվեցին լուծման ուղիները:
Ամեն դեպքում, դատական ոլորտի յուրաքանչյուր աշխատող պետք է ունենա մասնագիտական լուրջ գիտելիքներ, հարուստ փորձ, որպեսզի իր անփութությամբ կամ չիմացությամբ սխալ որոշումներ չկայացնի և մարդկային կյանքեր չկործանի:
Սեմինարի ընթացքում ՀՀ նոր քրեական օրենսգրքի նախագծի վերաբերյալ հանդես եկավ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի քրեական իրավունքի ամբիոնի դասախոս, իրավագիտության թեկնածու Վարազդատ Տեր-Գևորգյանը, ով միաժամանակ հանդիսանում է հիշյալ օրենսգրքի մշակման աշխատանքային խմբի անդամ:
Միջոցառման կազմակերպիչները նախանշել են հետագա համագործակցության ուղիները և խոստացել, որ նմանատիպ միջոցառումները կունենան պարբերական բնույթ:
Մարիամ Սաֆարյան

“Միջազգային բակալավրիատը”` ազգային համակարգի բաղադրիչ

arm-6730-IMG_0041ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է “Միջազգային բակալավրիատ” կազմակերպության Աֆրիկայի, Եվրոպայի և Մերձավոր Արևելքի զարգացման և ճանաչման պատասխանատու Ակե Սորմանին, ով Հայաստանում է`  մասնակցելու Բարձրագույն ուսումնական հաստատությունների եվրոպական ասոցիացիայի գլխավոր վեհաժողովի աշխատանքներին: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի` Նիդեռլանդների Թագավորություն կատարած աշխատանքային այցի շրջանակում “Միջազգային բակալավրիատ” կազմակերպության ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների ընթացքի հետ հարցեր, մասնավորապես, ՀՀ-ում “Միջազգային բակալավրիատի դիպլոմ” ավարտական վկայականի ճանաչման, հանրակրթական ուսումնական հաստատություններում միջազգային բակալավրիատի կրթական ծրագրի ներդրման, ինչպես նաև հայաստանյան կրթական ծրագրերի հետ համադրման հարցեր:  “Միջազգային բակալավրիատի բրենդն ինքնին ենթադրում է կրթության բարձր որակ: Մեզ համար կարևոր է ներդնել այդ հաջողված փորձը մեր կրթական համակարգում, և որ այն դառնա մեր ազգային համակարգի բաղադրիչը”,-նշել է Ա. Աշոտյանը` ընդգծելով, որ ընդհանուր առմամբ` կրթության որակի և ծրագրային խնդիրներ չկան: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև տարրական կրթության միջազգային բակալավրիատի ծրագրի` հայերենով ուսուցման հնարավորությանը, որը ըստ նախարարի, կարող է հանդիսանալ լավ մեկնարկ` ծրագրի համար: Խոսվել է նաև վերոնշյալ ծրագրերում մանկավարժական բուհերի  ներառման հնարավորության մասին: Նշենք, որ “Միջազգային բակալավրիատ” կազմակերպությունը կօժանդակի ՀՀ “Միջազգային բակալավրիատի դիպլոմ” ծրագիրն իրականացնող կրթական հաստատություններին` տրամադրելով ուսումնական նյութեր և կազմակերպելով դասավանդողների փորձի փոխանակումներ: ԿԳ նախարարությունը կապահովի համապատասխան կրթական հաստատությունների ակտիվ մասնակցությունը` “Միջազգային բակալավրիատի դիպլոմ” ծրագրին: Կողմերը պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի այլ դպրոցների ուսուցիչների մասնագիտական կարողությունների զարգացմանը և վերապատրաստումների կազմակերպմանը:

Քննարկվեցին բուհ-աշխատաշուկա կապի հիմնական խնդիրները

05-15-2014 GitajoxovԱյսօր ԵՊՀ մեծ դահլիճում մեկնարկեց Բարձրագույն ուսումնական հաստատությունների եվրոպական ասոցիացիայի (EURASHE) 24-րդ տարեկան համաժողովը, որը կրում է «Աշխատանքային շուկայի որակավորումները» խորագիրը:

Հայաստանում համաժողովի կազմակերպման և անցկացման աշխատանքները կազմակերպել և համակարգել են ՀՀ ԿԳ նախարարությունը, Երևանի պետական համալսարանը, Ռեկտորների խորհուրդը, Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանն ու Բոլոնյան ամփոփման խմբի (Bologna Follow-Up Group) քարտուղարությունը:

Բացման արարողությանը ներկա էին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, ԵՊՀ պրոռեկտորներ Գեղամ Գևորգյանը և Ռուբեն Մարկոսյանը, հայաստանյան բուհերի ներկայացուցիչներ և ուրիշներ:

Համաժողովին մասնակցում էին ԱՄՆ-ից, Բելգիայից, Կիպրոսից, Նիդեռլանդներից, Չեխիայից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Իռլանդիայից, Հունաստանից, Լիտվիայից, Լատվիայից, Սլովենիայից ժամանած գիտնականներն ու հետազոտողները:

Համաժողովը նախագահում էր Բարձրագույն ուսումնական հաստատությունների եվրոպական ասոցիացիայի գլխավոր քարտուղար Ստեֆան Դելփլեսը, ով ողջունեց մասնակիցներին և համաժողովի մեկնարկի համար բացման խոսքը տվեց «EURASHE»-ի նախագահ, Կիպրոսի եվրոպական համալսարանի ռեկտոր պրոֆեսոր Անդրեաս Օրֆանիդեսին:

«Չնայած Հայաստանը Եվրամիության անդամ չէ, սակայն այն բավականին ակտիվ երկիր է և Բոլոնյան գործընթացում մեծ դեր ու նշանակություն ունի: Ուրախ և հպարտ ենք, որ այս տարվա մեր համաժողովը հենց Հայաստանում ենք անցկացնում, քանի որ «EURASHE»-ն Ռեկտորների խորհրդի օգնությամբ արդեն հիմնավորված է այստեղ»,- ասաց Կիպրոսի եվրոպական համալսարանի ռեկտորը և հատուկ շնորհակալություն հայտնեց ՀՀ վարչապետին աջակցության և ներկա գտնվելու համար:

Այնուհետև Անդրեաս Օրֆանիդեսը բարձրագույն կրթության ոլորտում ունեցած մեծ ավանդի, ինչպես նաև համաժողովի կազմակերպման և անցկացման գործում աջակցություն ցուցաբերելու համար Հովիկ Աբրահամյանին հանձնեց Կիպրոսի եվրոպական համալսարանի պատվո հուշամեդալը:

«Կարևորում եմ բարձրագույն կրթության եվրոպական տարածքում կրթական հարցերին նվիրված միջոցառման անցկացումը Հայաստանում, հատկապես, որ մենք միայն վերջերս ենք անդամակցել բարձրագույն ուսումնական հաստատությունների եվրոպական ասոցացիային: Այս միջոցառումը լավ հնարավորություն է բարձրագույն կրթական ոլորտում սերտացնելու մեր համագործակցությունը եվրոպական երկրների հետ՝ ի նպաստ կրթահետազոտական փոխանակման ծրագրերի և բուհական կրթության որակի ամրապնդմանը: ՀՀ Կառավարության ռազմավարական ծրագրերում առանցքային տեղ է հատկացվում գիտելիքահեն հասարակության կայացմանը: Դա մեծապես կարևորվում է երկրի բնական և ֆինանսական սահմանափակ ռեսուրսների պայմաններում: Գիտելիքների հիման վրա կառուցված տնտեսության վառ ապացույցը կարելի է գտնել տեղեկատվական տեխնոլոգիաների և նորագույն ինժեներիայի բնագավառներում, որոնք այսօր հանդիսանում են մեր երկրի տնտեսության՝ օտարերկյա լայնածավալ ներդրումներ ներգրավող, ամենաարագ զարգացող ճյուղերը»,- ասաց ՀՀ վարչապետը:

Հովիկ Աբրահամյանը նշեց նաև, որ համաժողովի խորագիրը ենթադրում է, որ քննարկումների ընթացքում վեր կհանվեն բուհ-աշխատաշուկա և ուսանող-գործատու բևեռների համագործակցության ոլորտում առկա խնդիրները և կմշակվեն կողմերի մերձեցմանն ուղղված ծրագրեր:

Ռեկտորների խորհրդի կողմից հանդես եկավ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը, ով նույնպես կարևորեց նմանաբնույթ միջոցառումների անցկացումը, ներկայացրեց «EURASHE»-ի հետ համագործակցության վերաբերյալ որոշ մանրամասներ, ինչպես նաև խոսեց Հայաստանում բարձրագույն կրթության ոլորտում բարեփոխումների իրականացման գործընթացում առկա խնդիրների  մասին: Բացման խոսքով հանդես եկավ նաև Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի ռեկտոր Գագիկ Գալստյանը:

Համաժողովի առաջին զեկույցը Նիդեռլանդների Մասթրիխտ համալսարանի կրթության և աշխատաշուկայի հետազոտական կենտրոնի ավագ հետազոտող Ջիմ Ալլենին էր, ով իր հետազոտության արդյունքների հիման վրա ներկայացրեց 21-րդ դարում բարձրագույն կրթական աստիճանները, դրանց զարգացման միտումներն ու մարտահրավերները: Այնուհետև համաժողովի աշխատանքները շարունակվեցին պլենար նիստերում, որտեղ քննարկվեցին ոլորտի այլ հիմնահարցեր: Գիտաժողովը կշարունակվի նաև վաղը:

Անկախ

ԵՊՀ ռադիոֆիզիկոս ուսանողները կստանան լեյտենանտի կոչում

ԵՊՀ15 անվճար տեղ կհատկացվի ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի «Ռադիոֆիզիկա և էլեկտրոնիկա» մասնագիտության համար:

ՀՀ Կառավարության 2014 թ-ի ապրիլի 30-ի թիվ 449/Ն որոշման համաձայն` 2014-2015 ուստարվա դիմորդները կարող են դիմել ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի «Ռադիոֆիզիկա և էլեկտրոնիկա» մասնագիտությամբ (011200)՝ օգտվելով պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունքից:

«Ռադիոֆիզիկա և էլեկտրոնիկա» մասնագիտությամբ  ընդունելությունը կատարվում է մրցութային կարգով, որի համար դիմորդները ընդհանուր փաստաթղթերի հետ ԵՊՀ ընդունող հանձնաժողով են ներկայացնում նաև ՀՀ պաշտպանության նախարարության կողմից տրված՝ նախարարության կենտրոնական պոլիկլինիկայում անցած բուժզննման արդյունքների մասին համապատասխան տեղեկանքը:

ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետում սովորելու տարիներին «Ռադիոֆիզիկա և էլեկտրոնիկա» մասնագիտությամբ ընդունված դիմորդները տվյալ մասնագիտության համար նախատեսված դասընթացներից բացի, III կուրսի առաջին և երկրորդ կիսամյակներում և IV կուրսի առաջին  կիսամյակում միայն (ավարտական աշխատանքներին չխանգարելու պատճառով) լրացուցիչ անցնելու են զինվորական պատրաստականություն, և բուհն ավարտելիս ստանալու են լեյտենանտի կոչում:

Բուհ ընդունվելուց հետո ուսանողի և ՊՆ-ի միջև կկնքվի համապատասխան  պայմանագիր, որի համաձայն՝ ԵՊՀ-ն ավարտելուց հետո շրջանավարտները որպես լեյտենանտներ անցնում են պայմանագրային զինվորական ծառայության (հինգ տարի ժամկետով) զինված ուժերի կապի միջոցների վերանորոգման ստորաբաժանումներում, ստանալով համապատասխան աշխատավարձ:

Պայմանագրային ժամկետն ավարտվելուց հետո նրանք կարող են իրենց հետագա աշխատանքը շարունակել ինչպես զինված ուժերում, այնպես էլ քաղաքացիական այլ ոլորտներում: «Ի դեմս Պաշպանության նախարարության՝ ԵՊՀ-ն շատ լավ բարեկամ ունի, քանի որ տարվա ընթացքում նախարարը կամ այլ բարձրաստիճան զինվորականներ հանդիպումներ են ունենում համալսարանականների հետ, զրուցում, խոսում բանակում առկա խնդիրներից, դրանց լուծումներից ու հետագա ծրագրերից: Այդ հանդիպումների ընթացքում գրեթե միշտ խոսվում է բուհ-բանակ համագործակցության ամրապնդման մասին, և այօսր արդեն քայլեր են արվում այդ ուղղությամբ: Պաշտպանության նախարարությունը զինված է նորագույն էլեկտրոնային և ռադիոսարքավորումներով ու բարդ տեխնոլոգիաներով: Դրանց համար լուրջ մասնագետներ են հարկավոր, որոնց պատրաստման գործում ԵՊՀ-ն  կարող է իր ներդրումն ունենալ»,- ասում է ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի դեկան Յուրի Վարդանյանը:

Եվ չնայած «Ռադիոֆիզիկա և էլեկտրոնիկա» մասնագիտությունը նորույթ չէ, այնուամենայնիվ ԵՊՀ դասախոսները կրթական ծրագրերը նախարարության պահանջներին համապատասխանեցնելու  համար կհամագործակցեն ՊՆ մասնագետների հետ:

Վերոնշյալ մասնագիտությամբ դիմորդները պետք է դիմեն տարածքային զինվորական կոմիսարիատ, այնուհետև ՀՀ պաշտպանության նախարարության կադրերի և կրթության վարչություն, որտեղ անհրաժեշտ է ներկայացնել անձնագիր (նաև պատճեն), կցագրման վկայական (նաև պատճեն), տեղեկանքներ նարկոդիսպանսերից և հոգեբուժարանից (նաև պատճեններ):

Ռադիոֆիզիկայի դեկանը նաև հավելեց, որ հետագայում նախատեսվում է ևս մեկ ծրագիր սկսել ՊՆ-ի հետ, որի շրջանակներում իրենց ֆակուլտետը կկրթի արդեն իսկ ծառայությունն ավարտած դիմորդներին, ովքեր նույնպես անվճար հիմունքներով կընդունվեն միանգամից 2-րդ կուրս: Բուհն ավարտելուց հետո վերջիններս պետք է աշխատեն ՊՆ-ի արտադրական ոլորտում: