ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ներկա է գտնվել ԵՄ-Հայաստան համագործակցության և փոխհարաբերությունների մասին Հայաստանի աշակերտների և ուսանողների իրազեկվածության բարձրացման ծրագրի ընթացքին նվիրված համաժողովին: Բացման խոսքում, ողջունելով համաժողովի մասնակիցներին, ՀՀ ԿԳ նախարարն ընդգծել է, որ Եվրոպական Միությունը շարունակում է մնալ Հայաստանի գլխավոր գործընկերներից մեկը՝ կրթության բարեփոխումների աջակցության, Հայաստանի դերը միջազգային կրթական ասպարեզում ամրապնդելու, ինստիտուցիոնալ և բովանդակային բարեփոխումների հարցերում:
«ԵՄ մասին տեղեկատվության սփռումը Հայաստանի ինչպես բարձրագույն, այնպես էլ հանրակրթական ուսումնական հաստատություններում թույլ կտա մեր երիտասարդությանը ծանոթանալ ԵՄ պատմությանը, կառուցվածքային, հիմնական գործառույթներին: Հայաստանը կարևորում է կրթության ոլորտում եվրոպական ինտեգրացման շարունակականությունը: Հետաքրքրությունը, որը ցուցաբերում են Հայաստանի ուսանողներն ու աշակերտները ԵՄ հանդեպ, վկայում է այն մասին, որ կա մեծ շահագրգռվածություն, հատկապես երիտասարդ սերնդի մոտ՝ խորացնելու համագործակցությունը Եվրոպական Միության հետ՝ հատկապես եվրոպական կրթական ծրագրերի շրջանակում»,- դիմելով մասնակիցներին նշել է նախարարը: Ա. Աշոտյանի խոսքով Հայաստանի կրթական համակարգի բարեփոխման օրակարգում ներառված խնդիրներն ունեն երկու բաղադրիչ. առաջին՝ եվրոպական կրթական տարածքը Հայաստանի համար առաջնային նշանակություն ունի, երկրորդ՝ համագործակցության արդյունավետությունը չի նվազելու: «Չնայած տարատեսակ քննադատություններին՝ ԵՄ հետ համագործակցությունը ոչ միայն չի դադարել, այլ հակառակը՝ այս տարվանից սկսած Հայաստանը երկու կարևորագույն ծարգրի լիարժեք մասնակից դառնալու հնարավորություն է ստացել»,- նշել է նախարար Ա. Աշոտյանը՝ տեղեկացնելով, որ խոսքը «Էրազմուս Մունդուս» և «Գիտական հորիզոն 2020» ծրագրերին է վերաբերում, որոնց անդամակցության ձևաչափը այժմ քննարկվում է ՀՀ կառավարությունում: Հայաստանը ընտրություն է կատարելու նշված ծրագրերի շահառու դառնալու և լիարժեք անադամության միջև: Նախարարը նշել է, որ տարբերակների ընտրությունը պայմանավորված է նաև Հայաստանի կողմից ֆինանսական բաղադրիչի ներդրմամբ: Ա. Աշոտյանը նաև շնորհակալություն է հայտնել ԵՄ ներկայացուցիչներին՝ կրթական ծրագրերի իրականացման համար և հավելել, որ Հայաստանը պատրաստակամ է շարունակել համագործակցությունը կրթական ծրագրերում:
Համաժողովին ներկա են եղել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Թրայան Հրիստեան, Հայաստանի ավագ դպրոցների, բուհերի և քոլեջների տնօրեններ, կրթության բնագավառի տեղական և օտրաեկրյա փորձագետներ:
ՀՀ ԿԳ նախարարը պատասխանել է նաև լրագրողների հարցերին, որոնք վերաբերել են Հայաստան-ԵՄ համագործակցության հետագա ընթացքին, դպրոցների ավարտական և միասնական քննություններին, Վերջին զանգի առաջիկա միջոցառմանը և այլ խնդիրների:
Ինչ ցանես՝ այն էլ կհնձես
Առաջին անգամ չէ, որ խոսում եմ թե՛ ավագ, թե՛ հիմնական դպրոցներում տարածված ահավոր կոռուպցիոն երևույթների մասին, որոնց դեմ, իբրև թե պայքարում են համապատասխան պետական մարմինները: Դրանք գաղտնիք չեն, բոլորը գիտեն ու խոսում են այս մասին: Այս մասին խոսում են նաև այն մարդիկ, ովքեր կոչված են արգելել, հայտնաբերել, պատժել անօրինական դրամահավքները: Կրթության տեսչությունը ստուգումներ է իրականացնում ավագ դպրոցներում՝ բացակայությունների համար գումար հավաքելու դեպքերը կանխելու նպատակով: Փաստն այն է, որ երևույթը դույզն անգամ չի պակասում, այլ՝ ծաղկում է, սակայն ոչ մի դպրոցի տնօրենի նման արարք չեն բացահայտում ու հրապարակում: Հիմա հարց՝ տեսչությունն ու նախարարությունն ուզո՞ւմ են վերացնել կոռուպցիոն այս երևույթը՞, թե՞՝ ոչ: Իսկ ինչո՞ւ՝ ոչ, որովհետև իրենք էլ են հասկանում, որ ավագ դպրոցներից շատ քչերն են կայացել, ներքուստ իրենք իրենց խոստովանում են, որ իրենք էլ ծնող լինեին, չէին վստահի դպրոցի տված գիտելիքներին ու իրենց երեխաներին դպրոցի փոխարեն կրկնուսույցների մոտ կուղարկեին և փող կտային, որ ուսուցիչները բացակա չդնեին: Պետական պաշտոնյաները ներքուստ իրենք իրենց խոստովանում են, որ ընդունելության քննությունների հարցաթերթերը պետք է կազմվեն այնպես, ինչպես հստակ գրված է «Կրթության մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածում, որ շտեմարաններն օրենքից դուրս են, որոնք պարտադրվելով աշակերտներին՝ նույնպես դառնում են կոռուցիայի օրինականացված բուն:
(Շտեմարանների վերաբերյալ վերջին բացահայտումն էլ այն է, որ դպրոցական ծրագրերով ու դասագրքերում գոյականի 7 հոլովման հայեցակարգն է ընդունված, իսկ շտեմարաններում՝ 5: Նշեմ նաև, որ որոշ դասագրեքեր ու շտեմարաններ գրել են նույն հեղինակները, իսկ Պետական չափորոշիչն օրենքի ուժ ունի:Տեսնես սրա մասին ի՞նչ կասեն ԳԹԿ-ում): Տնօրեններն էլ մտածում են, էհ, էդ ինչո՞ւ վերևներում կօրինականացնեն կոռուպցիան, ես չեմ կարո՞ղ փող հավաքել բացակա չնշանակելու, բարձր գնահատականներ դնելու, դպրոցի ավարտական քննությունների ժամանակ իրենց երեխային անօրինական «սատարելու», «ձախ» ճանապարհով թեստեր ձեռք բերելու նպատակների համար: Փաստենք, որ ներքևներում շատ լավ գիտեն, թե վերևներում ինչ նպատակների համար են կոռուպցիոն քայլեր «մշակվում» ու իրականացվում, դրանց համահունչ՝ իրենք էլ իրենց տրամագծին համապատասխան կոռուպցիոն քայլեր են «մշակում» ու իրականացնում: Բայց տարբերությունն այն է, որ վերևում այդ քայլերն «օրինականացվում» են նույնիսկ օրենքով, ինչպես բացակայությունների սահմանն օրենքով ամրագրելը կամ հենց շտեմարանների գոյությունը, իսկ ներքևներին ասում են՝ այնպես արա, որ չբողոքեն ու չբռնվես, եթե բողոքեցին ու բռնվեցիր, գլխիդ ճարը տես, չենք օգնելու, իհարկե նայած՝ ում: Դա էլ կախված է նրանից, թե ով է տնօրենի հովանավորը: Եթե ունենա «պինդ» հովանավոր, ապա ցանկացած դրամահավաք՝ ծնողների գրպանից, թե պետության, կարևոր չէ, կմարսի, իսկ եթե չունի, որը մեր իրականության մեջ քիչ է, ապա գնա՝ պատասխան տուր: Այդ թեժ գծերը, որոնք հիմա գործում են բոլոր պետական օղակներում, նույնպես կոռուպցիոն նպատակներ ունեն, գործում են որպես մահակ տնօրենների գլխին: Եթե դրանց նպատակը լիներ իսկապես կոռուպցիան վերացնելը, ապա դրա համար կա շատ պարզ ճանապարհ՝ վերևից ներքև աշխատել օրենքով, վերացնել կուսակցական պատկանելության անօրինական պահանջն ու տնօրեններ նշանակել ազնիվ ու առաքինի մանկավարժների: Այդպիսիք շատ են, բայց ընդունված խաղի կանոններին չեն կարող դիմակայել ու պարզապես դուրս են մղվում այդ դաշտից:
Վերջում, առածն ասում է. «ինչ ցանես, այն էլ՝ կհնձես», եթե իշխանությունն իսկապես ուզում է բարձրացնել կրթության որակը դպրոցներում, թող հստակ բարձրաձայնի, թե «դրամահավաք» ասելով ինչ նկատի ունի և առաջինը ինքն իր գործողություններից վերացնի կոռուպցիոն, հովանավորչական երևույթները:
Անահիտ Բախշյան
Քաղաքացիական կրթությունը` աշակերտների աչքերով
Երևանի պետական բժշկական համալսարանի “Հերացի” ավագ դպրոցում այսօր տեղի է ունեցել “Քաղաքացիական կրթության բացատրական բառարանի” շնորհանդեսը, որին մասնակցել են ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ԵՊԲՀ ռեկտոր Միքայել Նարիմանյանը, Գերմանական միջազգային համագործակցության ընկերության /GTZ/ Հարավային Կովկասում իրավական և դատական բարեփոխումների խորհրդատվություն ծրագրի ղեկավար Վարդան Պողոսյանը, բառարանի հեղինակները, ինչպես նաև կրթության ոլորտի պատասխանատուներ:
Շնորհակալություն հայտնելով գերմանական ընկերությանը` բառարանը հանրապետության դպրոցներին նվիրաբերելու համար, նախարար Ա. Աշոտյանը նշել է, որ չնայած գիրքը նախատեսված է աշակերտների համար, սակայն չէր խանգարի, որ քաղաքական գործիչները, քաղաքացիական ակտիվիստները ևս այն ընթերցեն` հասկանալու, թե ինչպես են ձևակերպվում համամարդկային արժեքները և ինչ մեթոդներով են դրանք ժողովրդավարական հասարակություններում պաշտպանվում: “Յուրաքանչյուր մարդ, ով դառնում է գիտելիքների և օրենքների գերի, պետք է կարողանա լիարժեք ըմբոշխնել իր ազատությունը: Մեր ապագան հայրենասեր քաղաքացիների մեջ է, որտեղ և հայրենասեր բառն է շատ կարևոր, և քաղաքացի հասկացության լիարժեք ընկալումը: Ցավոք, որոշակի նորաձևությանը տուրք տալով` այսօր քաղաքացիական, քաղաքացի, հասարակական եզրույթները բավականին լայն կիրառում են գտնում, պատեհ և անպատեհ առիթներով օգտագործվում: Եթե օգտագործում ես մի գաղափար, որին լիարժեք չես տիրապետում, ապա դա այն վարկաբեկելու ամենակարճ և հստակ ճանապարհն է: Մենք ուզում ենք, որ մեր դպրոցներում քաղաքացիական կրթության հիմքերը դրվեն ճիշտ, դպրոցը դաստիարակի քաղաքացիներ, ովքեր իրենց ազատությունների և իրավունքների ողջ փունջը ծառայեցնեն իրենց ընտանիքների, հասարակության, իրենց հայրենիքի կայացման գործում: Ցավոք, այսօր մեր հասարակությունում քաղաքացիական ազատությունների ընկալումը խեղված է: Ազատության արժեքը դրսևորվում է բացառապես այն մարդկանց շնորհիվ, ովքեր այդ արժեքներով ապրում և արարում են”,-նշել է նախարարը` հավաստիացնելով, որ գրքերը կհասնեն բոլոր այն աշակերտներին, ովքեր հետաքրքրված են իրենց իրավունքներով և ազատություններով: “Համոզված եմ, որ այս բառարանը իր տեղը կզբաղեցնի դպրոցների գրադարաններում և ակտիվ կգործածվի”,-նշել է Ա. Աշոտյանը` շնորհակալություն հայտնելով ԵՊԲՀ-ին և դպրոցին` ընդգծելով, որ վերոնշյալ միջոցառումը սկիզբն է համատեղ գործունեության, քանի որ մարդու իրավունքների կրթության հայեցակարգի շրջանակում առկա են նոր նախաձեռնություններ, որոնք “նպաստելու են մատաղ սերնդի մոտ քաղաքացիական մտածելակերպի լիարժեք ձևավորմանը”:
Հարավային Կովկասում իրավական և դատական բարեփոխումների խորհրդատվություն ծրագրի ղեկավար Վարդան Պողոսյանը, շնորհակալություն հայտնելով ԿԳ նախարարությանը` ակտիվ համագործակցության համար, համոզմունք է հայտնել, որ բառարանը լինելու է աշակերտների սեղանի գիրքը: “Այս գիրքը լինելու է ձեր մշտական ուղեկիցը` ձեր գիտակցական կյանքում, ձեր քաղաքացիական դաստիարակության ողջ գործընթացում: Այս բառարանով կարող եմ հպարտանալ, որովհետև գրքի հեղինակներին հաջողվել է հանրամատչելի ներկայացնել այն բարդ, իրավական հասկացությունները, որոնք անհրաժեշտ են ցանկացած գիտակից մարդու համար, ով ցանկանում է լինել երկրի քաղաքացի: Դա նշանակում է` իմանալ և հարգել օրենքները` նախատեսելով երկրի զարգացման ժողովրդավարական, իրավական պետության ճանապարհ”,-նշել է նա` հույս հայտնելով, որ բառարանի շնորհիվ կմեծանա հետաքրքությունը իրավագիտության նկատմամբ` առանց որի, ըստ բանախոսի, չեն կարող լինել ակտիվ, երկրի շահերին ծառայող քաղաքացիներ:
Հայկական բուհերի դիմորդները նվազել են. շրջանավարտները նախընտրում են արտասահմանյան բուհերը կամ քոլեջները
Բուհ կընդունվեն առանց ընդունելության քննությունների
Այս տարի առաջին անգամ Հայաստանի ազգային Ագրարային համալսարանի 23 մասնագիտությունների(Ագրոէկոլոգիա, Ագրոնոմիա, Բույսերի պաշտպանություն, Գյուղատնտեսական մշակաբույսերի սելեկցիա և գենետիկա, Անտառային տնտեսության և բնակավայրերի կանաչապատում, Անասնաբուժություն, Անասնաբուծություն, Կաթի և կաթնամթերքի տեխնոլոգիա, Մսի և մասմթերքի տեխնոլոգիա և այլն) գծով դիմորդները կկարողանան բուհ ընդունվել առանց միասնական քննությունների` դպրոցական ավարտական քննությունների գնահատականներով (եթե երկու բնագիտական առարկայի գնահատական է պետք ընդունելության համար, ապա մեկը կլինի ավարտական քննության գնահատականը, մյուսը` տարեկան գնահատականը): Իսկ անվճար սովորելու համար բավարար կլինի ընդամենը մեկ միասնական քննություն հանձնելը:
ԳԹԿ քննությունների կազմակերպման բաժնի պետ Կարո Նասիբյանն ասում է, որ սրանք հիմնականում գյուղատնտեսական մասնագիտություններն են: Նրա խոսքով` մի կողմից ոլորտի մասնագետների պահանջարկ կա, բայց մյուս կողմից էլ այս տեղերը, անգամ անվճար տեղերը, թափուր են մնում: Առանց միասնական քննությունների ընդունելություն կազմակերպելը նպատակ է հետապնդում տվյալ մասնագիտություններով դիմորդների գրավել: Դպրոցի գնահատականներով ընդունվել ցանկացող դիմորդները պետք է հայտը միանգամից ՀԱԱՀ ներկայացնեն, ոչ թե ԳԹԿ, ինչպես սովորաբար է արվում:
Դիմորդների թիվը նվազել է
Միասնական քննությունների առաջին փուլի համար դիմորդների հայտագրումն արդեն ավարտվել է: Մինչև հունիսի մեկը դիմորդները ժամանակ ունեն իրենց գործերը նախընտրած բուհ հանձնել, որից հետո արդեն կմեկնարկեն միասնական քննությունները:
Այս տարի բուհերն ունեն 12 346 դիմորդ, ինչը շուրջ 1500-ով պակաս է նախորդ տարվանից: Քննությունների առաջին փուլի համար հայտագրվում են դպրոցների շրջանավարտները և նախորդ տարի բուհ չընդունվածները, իսկ երկրորդ փուլին կարող են հայտագրվել քոլեջների, ուսումնարանների շրջանավարտները, արտերկրից եկած դիմորդները և բանակից զորացրվածները:
ԳԹԿ տնօրեն Գագիկ Մելիքյանը բուհերի դիմորդների նվազելու մի քանի պատճառներ է մատնանշում. Նախ, մեծացել է հոսքը դեպի նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ. ծնողներն սկսել են գիտակցել, որ ավելի լավ է իրենց երեխան արհեստ ունենա, որով կկարողանա ապրուստ վաստակել, քան թե բարձրագույն կրթության դիպլոմ: Քոլեջներ դիմելու երկրորդ պատճառն էլ ավագ դպրոցի մինչև վերջ չկայացած լինելն է:
Դիմորդների թվի նվազման պատճառ է նաև շրջանավարտների մեծացող հոսքը դեպի ոչ ՀՀ պետական բուհեր. տարեցտարի շատանում են Սլավոնական, Ֆրանսիական, Ամերիկյան համալսարանների դիմորդները:
«Սա լուրջ ահազանգ է ՀՀ բուհերին, որ սկսեն զբաղվել իրենց կրթության որակի էապես բարելավման ուղղությամբ»,- ասում է Մելիքյանը:
Այս տարի միասնական քննությունները կանցկացվեն հունիսի 3-23-ն ընկած ժամանակահատվածում:
Ամենամեծ թվով դիմորդներ հայտագրվել են Հայոց լեզու և գրականություն առարկայից` 7577 դիմորդ: Մաթեմատիկայից քննություն կհանձնի 6003, անգլերենից` 5494, ֆիզիկայից` 2151, Հայոց պատմությունից` 1990, Կենսաբանությունից` 1350, Քիմիայից` 1065, Ռուսերենից` 916, Գերմաներերնից` 277, Աշխարհագրությունից` 314, Ֆրանսերենից` 229, Ընդհանուր պատմությունից` 141, Իսպաներենից` 12, Իտալերենից 2 և Պարսկերենից 1 դիմորդ:
Այս տարի ձևավորվել են 34 քննակենտրոններ, որոնցից 10-ը` Երևանում: Գագիկ Մելիքյանն ասում է, որ արդեն իսկ ընթանում են քննակենտրոնները խլացուցիչներով կահավորելու աշխատանքները: Մելիքյանն ասում է, որ գնալով ավելի ու ավելի է բարդանում հեռախոսակապը խլացնելը և ծածկագրերը բացահայտելը: «Ըստ կարգի քննասենյակ մտնելիս դիմորդը պետք է հեռախոսը հանձնի: Սակայն երեխա կա, որ երկու, անգամ երեք հեռախոս ունի, մեկը, երկուսը հանձնում է, երորրդն էլ հետը քննասենյակ մտցնում»,- ասում է Մելիքյանը` հավելելով, որ դիմորդը, որի մոտ ծածկագիր կգտնվի, անմիջապես կհեռացվի քննասենյակից: Նա ծնողներին ու դիմորդներին կոչ է անում չդիմել նման քայլի, մանավանդ որ բուհ ընդունվելը հեշտացվել է:
Փորձնական քննությունները կօգնեն դիմորդին գնահատել իր գիտելիքները
Այս տարի, ինչպես և նախորդ տարի ԳԹԿ-ն մինչև բուն միասնական քննությունների մեկնարկը փորձնական քննություններ կանցկացնի: Այս տարի դիմորդները կկարողանան փորձնական քննություն հանձնել բնագիտական առարկաներից և անգլերենից: Սա դիմորդին հնարավորություն կտա ծանոթանալ քննության կարգին, սովորել հարցաթերթիկը ճիշտ լրացնել նաև գնահատել իր գիտելիքները: Իսկ ԳԹԿ-ն փորձնական քննությունների միջոցով կկարողանա հասկանալ` որքանով են թեստերը ճիշտ կազմված:
Նախորդ տարի փորձնական քննություն էր անցկացվել Հայոց լեզու և գրականություն և Մաթեմատիկա առարկաներից: Մասնակցել էր 5 հազար դիմորդ:
Այս տարի փորձնական քննություններին մասնակցելու համար դիմորդները պետք է հայտագրվեն իրենց մարզային կրթության վարչությունում: Քննությանը մասնակցությունն անվճար է. Այն կազմակերպվում է պետբյուջեից թեստերի փորձարկման համար հատկացված միջոցներով:
Բարձր միավոր ստանալը կդժվարանա
ԳԹԿ տնօրեն Գագիկ Մելիքյանն ասում է, որ շտեմարանները վերանայվում են` հիմնվելով նախորդ տարվա արդյունների վրա: Թեստերն այնպիսին պետք է լինեն, որպեսզի հեշտ լինի 7,5 միավորի շեմը հաղթահարելը, այսինքն դրական ստանալը, իսկ բարձրագույն` 18-20 միավոր հավաքելը պետք է բարդ լինի: Նա ասում է, որ ձգտում են այնպես անել, որ դիմորդների հիմնական մասը վաստակի միջին միավորներ` 13-16, իսկ բարձր ստացողների և կտրվողների թիվը փոքր լինի:
«Գաղտնիք չէ, որ նախորդ տարի մեզ մոտ շտեմարանների մուտքը բերեց բարձր միավորների առատության, դա հատկապես զգացվեց Կենսաբանություն և Օտար լեզու առարկաներից: Դա պայմանավորված էր հանգամանքով, որ այդ առարկաների շտեմարաններում առաջադրանքները համեմատաբար քիչ էին և հիշելու գործոնը մեծ ազդեցություն ունեցավ: Դրա համար այս տարի դրանք պիտի վերանայցեն,- ասում է Մելիքյանը:- Այլապես, եթե բարձր միավորներ հավաքելը հեշտ է, դիմորդների զգալի մասը հավաքում են 18-20 միավոր, և անվճար տեղերի համար մրցույթ անցկացնելը բավականին դժվար է դառնում»:
Մելիքյանը, սակայն, վստահեցնում է, որ թեստերի բարդությունը չի ապահովվի խճճված ու երկիմաստ հարցերով:
«Փորձը ցույց է տվել, որ շտեմարաններում այդպիսի հարցեր կան, բայց թեստերի մեջ այդպիսի հարցերը բացակայում են: Շտեմարանների առավելություններից ամենակարևորը դա է, որ նախօրոք քննարկման են դրվում, արձագանք ստանում, և թեստերում խճճված հարցերը բացառվում են: Իսկ երբ շտեմարանները չկային, մեկ-երկու մասնագետ էին թեստը կազմում, շատ էին վրիպակներ լինում, ինչի պատճառով ստիպված էինք բոլորի միավորները կես կամ մեկ միավորով բարձրացնել»,- ասում է նա:
Ինտելեկտուալ խաղերի Հայաստանի երիտասարդական առաջնությունում հաղթել է «Մեդիկուսը»
Մայիսի 10-11-ը տեղի ունեցավ ինտելեկտուալ խաղերի Հայաստանի երիտասարդական առաջնությունը։ Կազմակերպիչներն էին ՀՀ կրթության և գիտության նախարարությունը և Հայաստանի երիտասարդական հիմնադրամը։ Մրցանակները տրամադրել էր Հայաստանում ՌԴ դեսպանությունը։
Ինտելեկտուալ առաջնությունը բաղկացած էր «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ», «Բրեյն ռինգ», «Քո խաղը», «Էրուդիտ սեկստետ» մրցափուլերից։ Մասնակցում էին ուսանողական թիմեր և դպրոցական այն թիմերը, որոնք վերջին առաջնության ժամանակ զբաղեցրել էին բարձր տեղեր։ Ընդհանուր առմամբ ինտելեկտուալ խաղին մասնակցում էր 14 թիմ՝ Երևանից և Գյումրիից։
2014թ. ինտելեկտուալ խաղերի երիտասարդական առաջնության գավաթը նվաճեց «Մեդիկուս» թիմը, որն առաջին տեղեր էր գրավել գրեթե բոլոր խաղերում։ «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ»-ում լավագույնը «Մեդիկուսն» էր, երկրորդ տեղում «Բրեյն քիլլերսն» էր, երրորդում՝ «Անոնիմուսը»։
«Բրեյն ռինգ» խաղում հաղթանակը շնորհվեց «Մեդիկուսին», երկրորդ հորիզոնականը զբաղեցրեց «Բլեք սթար» թիմը, իսկ երրորդը՝ IKM թիմը։
«Էրուդիտ սեկստետ» խաղում հաղթանակը շնորհվեց «Բրեյն քիլլերս» թիմին, երկրորդ և երրորդ տեղերում էին համապատասխանաբար «Մեդիկուս» և «Անոնիմուս» թիմերը։
«Քո խաղը» մրցափուլում լավագույնը «Մեդիկուսի», այնուհետև՝ «Բլեք Սթարի» և IKM-ի ներկայացուցիչներն էին։
«Մեդիկուս» թիմի ավագ Արամ Ղուլիջանյանը նշեց, որ ինտելեկտուալ դաշտում հաղթանակները թիմի մի քանի տարվա քրտնաջան պարապմունքների, համատեղ խաղալու փորձի արդյունքն է։
Գիտակների հայկական ասոցիացիայի ղեկավար Տիգրան Քոչարյանը, խոսելով Հայաստանում ինտելեկտուալ խաղի տարածվածության մասին, նշեց, որ այն կենտրոնացված է հիմնականում Երևանում և Գյումրիում, քանի որ այդտեղ գործում են ինտելեկտուալ ամենահին ակումբները։ Սակայն Գիտակների հայկական ասոցիացիան բավականին ակտիվորեն անցել է ինտելեկտուալ խաղերի հայերենացմանը։ «Ռուսալեզուների հատվածը կրճատվում է, սակայն ինտելեկտուալ շարժման բուն նպատակը կարդացող, դեպի գիտելիք ձգտող երեխաներին համախմբելն է։ Առաջիկայում նախատեսում ենք ինտելեկտուալ ճամբար կազմակերպել Քաշաթաղում։ Ուզում ենք, որ ինտելեկտուալ շարժումն ավելի լայն ընդգրկում ունենա, իսկ դրա միակ լուծումն ակտիվորեն հայալեզու դաշտ մտնելն է։ Մենք փորձելու ենք այս տարի բոլոր մարզերում դպրոցական առաջնություններ կազմակերպել»,- նշեց Տիգրան Քոչարյանը։
Ինտելեկտուալ խաղերի Հայաստանի երիտասարդական առաջնությունում հաղթած թիմը կմասնակցի 2014թ. վերջին Սանկտ Պետերբուրգում կայանալիք Եվրոպայի առաջնությանը։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի
հասարակայնության հետ կապերի ծառայություն
Հավատարմագրում. Փորձագետները կայցելեն ՀՀ պետական կառավարման ակադեմիա և Երևանի գյուղատնտեսական համալսարան
Այսօր մեկնարկում է փորձագիտական երկու խմբերի այցը Երևանի գյուղատնտեսական համալսարան և ՀՀ պետական կառավարման ակադեմիա:
Հավատարմագրման գործընթացի շրջանակներում փորձագիտական խմբերը մայիսի 12-16-ը երկու բուհերում հանդիպում-քննարկումներ կունենան բուհերի ռեկտորների, փոխռեկտորների, դեկանների, ամբիոնների վարիչների, դասախոսների, ուսանողների, շրջանավարտների, պոտենցիալ գործատուների հետ, կիրականացնեն ռեսուրսների դիտարկում:
Գործընթացը համակարգում է «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» (ՈԱԱԿ) հիմնադրամը:
Մինչ այս բուհերն, ըստ Կառավարության կողմից հաստատված պետական հավատարմագրման կարգի, արդեն ներկայացրել են ինքնավերլուծություն, որն էլ փորձագետներն ուսումնասիրել են: Այցի ավարտից հետո փորձագիտական խմբի ղեկավարը կամփոփի փորձագետների եզրակացությունները և կներկայացնի վերջնական զեկույց: Դրա հիման վրա կմշակվի բուհի հետագա բարելավման պլանը:
Փորձագիտական խմբում ընդգրկված են հայաստանյան փորձագետներ, մեկ միջազգային փորձագետ և մեկ ուսանող:
Երևանի գյուղատնտեսական համալսարանի փորձագիտական խմբի ղեկավարն է ՀՊՏՀ տնտեսագիտության ամբիոնի դոցենտ Աղավնի Հակոբյանը: Միջազգային փորձագետը Նիդեռլանդների Ուտրեխտի համալսարանի ընդունելության գործընթացի ղեկավար, Սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկան Թեո Վաբելսն է:
ՀՀ պետական կառավարման ակադեմիայի փորձագիտական խմբի ղեկավարն է ՀՊՄՀ պրոֆեսոր Սամվել Պիպոյանը: Միջազգային փորձագետը Իսպանիայի Վալենսիայի տեխնոլոգիաների համալսարանի ռեկտորի ինստիտուցիոնալ և միջազգային զարգացման գծով խորհրդական Գայ Հագն է:
Նշենք, որ ներկայում ինստիտուցիոնալ հավատարմագրում է իրականացվում հինգ բուհերում: Մինչ այս փորձագիտական խմբերն արդեն այցելել են Երևանի «Հայբուսակ» համալսարան, «Մխիթար Գոշ» հայ-ռուսական միջազգային համալսարան և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան:
Մեր վերջնական ակնկալիքն է, որ դպրոցում աշխատեն միայն լավագույնները. Ա. Աշոտյան
Խ.Դաշտենցի անվան թիվ 114 դպրոցում այսօր մեկնարկել է hանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի /հավաստագրի/ հավակնորդների քննությունների հերթական փուլը: Քննության մասնակիցներին ողջունել և հաջողություն է մաղթել ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Նախարարը մասնակիցներին ևս մեկ անգամ հավաստիացրել է, որ քննությունները կանցնեն արդար, օբյեկտիվ, և հավակնորդների ցանկացած բողոք հաձնաժողովը մանրամասն կքննարկի:
Լրատվամիջոցների հետ հարցուպատասխանի ընթացքում նախարարը նշել է, որ այս տարիների ընթացքում հազարից ավելի հավակնորդներ հաջողությամբ հանձել են վերոնշյալ քննությունները` չնայած մեծ է եղել նաև անբավարար ստացածների թիվը: <Նախորդ տարիների վիճակագրությունը ցույց է տալիս, որ հավակնորդների 20- տոկոսից ավելին չի հաղթահարել կամ բանավոր կամ գրավոր փուլը: Օբյեկտիվիության առումով լուրջ դժգոհություններ չեն եղել, արդարության հետ կապված որևէ խնդիր չի եղել: Եթե հավակնորդը բողոքարկում է արդյունքները, հանձնաժողովը նրա հետ միասին վերլուծում է գրավոր աշխատանքը, իսկ բանավոր փուլը ձայնագրվում է, և այն շատ հեշտ է կարելի է վերծանել: Ասեմ ավելին` եղել են դեպքեր, որ բողոքարկման դեպքում հանձնաժողովը վերանայել է իր որոշումը: Հանրապետության ողջ տարածքում մենք ունենք բազմաթիվ հավակնորդներ, որոնց մեծ մասն արդեն տնօրեն է աշխատում>,-նշել է նախարարը` հավելելով, որ նախարարությունը նախատեսում է բարդացնել վերոնշյալ քննությունները և ավելի խիստ պահանջներ դնել տնօրենների առջև: <Մեր վերջնական ակնկալիքն է, որ դպրոցում աշխատեն միայն լավագույնները>,-նշել է Ա. Աշոտյանը` հավելելով, թե այս տարիների ընթացքում քննությունների ոչ հաջող մասնակցության հետևանքով հանրապետության դպրոցներում 200-ից ավելի տնօրեններ փոխվել են:
Նշենք, որ հավաստագրման քննությունները կազմակերպվում են երկու փուլով` գրավոր /թեսթային/ և բանավոր: Առաջին փուլում 90 և ավելի տոկոս ճիշտ պատասխաններ ապահոված հավակնորդներն իրավունք են ստանում մասնակցել բանավոր փուլին: Քնությունները հաջողությամբ հանձնած հավակնորդները ստանում են հավաստագիր, որը տվյալ անձին իրավունք է տալիս հինգ տարի շարունակ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ցանկացած պետական դպրոցում առաջադրվել և ընտրվել տնօրեն։
Հայտագրված 130 հավակնորդից քննական առաջին օրը մասնակցել են 26-ը:
Եվրոպայի ու Կովկասի հատման կետում են հայտնվել պատմաբանները
ԵՊՀ-ում այսօր մեկնարկեց «Եվրոպա և Կովկաս. միջտարածաշրջանային կապերն ու ինքնության հարցերը» խորագրով միջազգային գիտաժողովը:
Երկօրյա գիտաժողովն անցկացվում է Պատմության ֆակուլտետում: Թեմայի վերաբերյալ, բացի Հայաստանի մասնագետներից, զեկույցներ են ներկայացնելու և դրանք քննարկելու պատմաբան-գիտնականներ Ֆրանսիայից, Գերմանիայից և Վրաստանից: «Կան գիտական հարցեր ու խնդիրներ, որոնք շատ են և որոշ դեպքերում բարդ լուծումներ պահանջող: Չեմ երևակայում, որ այդ լուծումներն այսօր՝ քննարկումների ընթացքում, կգտնվեն, բայց հուսով եմ՝ դրանք վեր կհանվեն և լուծման ուղիներ կմատնանշեն: Թե դրանք ինչքանով կյանքի կկոչվեն, դա քաղաքական գործիչների խնդիրն է: Բայց ուրախալի է, որ մեր հարևան գործընկերների հետ քննարկում ենք մեր տարածաշրջանային խնդիրները»,- նշեց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը:
Նշենք, որ այս թեմայի վերաբերյալ սա 3-րդ գիտաժողովն է. առաջին երկուսն անցկացվել են Ֆրանսիայում (2010 թ-ին) և Վրաստանում (2013 թ-ին): Այս տարի գիտաժողովի կազմակերպիչներն են ԵՊՀ-ն, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան և Գիտության պետական կոմիտեն:
Տեղացի և արտերկրից ժամանած գիտնականներն իրենց զեկույցներում անդրադառնալու են պատմական տարբեր ժամանակաշրջաններում հայ-վրացական, հայ-ֆրանսիական հարաբերություններին, ազգային ինքնության ընկալման հարցում ազգային էպոսների, կրոնների դերին, Ռուսաստանի և Կովկասյան տարածաշրջանի երկրների հարաբերություններին և այլն: «Արդի պայմաններում առկա մարտահրավերները պահանջում են, որ քննարկվեն և կոնկրետ բացատրություններ տրվեն այս հարցերին: Պատմական անցյալի ուսումնասիրության հիման վրա անհրաժեշտ է եզրակացություններ անել»,- ասում է Պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը, ով նաև զեկույց էր ներկայացնում հայ-ֆրանսիական հարաբերությունների մասին:
«Եվրոպական երկրներում, մասնավորապես Ֆրանսիայում մարդիկ աստիճանաբար հեռանում են ազգային ինքնությունից: Ես իմ ֆրանսիացի ընկերներին ասում եմ՝ ինչո՞ւ եք ամաչում ձեր ինքնությունից: Բայց գլոբալացվող աշխարհում ինքնություն պահպանելն ավելի ու ավելի դժվար է դառնում: Իսկ, օրինակ, Հայաստանում ինքնության ընկալումն ավելի ամուր հիմքերի վրա է: Կարծում եմ՝ պատճառն այն է, որ Հայաստանի աշխարհաքաղաքական դիրքն է ստիպում այդպես լինել, իսկ եվրոպացիներն իրենց հարևանների հետ խնդիրները լուծել են ու խաղաղ ժամանակներ են ապրում»,- կարծում է Ֆրանսիայի Մոնպելյե III համալսարանի պրոֆեսոր, հայտնի հայագետ Ժերար Դեդեյանը:
Վրացի պատմաբաններն էլ հույս են հայտնում, որ այս գիտաժողովից հետո զուտ ընկերական հարաբերությունները կվերածվեն գործընկերայինի, ու կսկսվի հայ-վրացական գիտական լուրջ համագործակցություն:
Դպրոցներում կներդրվի բարոյական նորմերի նախագիծ.Ռուզաննա Մուրադյան
Խորհրդային Միության կազմից դուրս գալուց հետո Հայաստանը չուներ կրթական համակարգ: Կրթական համակարգի բարեփոխումները նպատակ ունեն այդ բացը լրացնելու: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ պատգամավոր, «Դպրոց-կենտրոնների միության» նախագահ Ռուզաննա Մուրադյանը` հավելելով. «1998 թվականից ՀՀ կրթության և գիտության նախարարությունը սկսել է կրթական բարեփոխումներ, 2003-ից սկսվեց դրա երկրորդ փուլը, որը դեռ շարունակվում է: Բարեփոխումները իրականացնելուց ի վեր փոխվել է դպրոցի ֆինանսական և կառավարման ձևը. դպրոցը սկսվեց կառավարվել խորհուրդների կողմից, որոնց կազմում կան ուսուցիչներ, ավագանու անդամներ և այլն: Հենց խորհուրդն է ընտրում տնօրենին» նշեց Ռուզաննա Մուրադյանը:
Այսօր արդեն Հայաստանում գործում են ավագ դպրոցները: Սրա շնորհիվ, ըստ նախարարության, աշակերտները այլևս կարիք չունեն օգտվելու կրկնուսույցների ծառայություններից: 2004 թվականից երկրում գործում են հիսուներկու դպրոց- կենտրոններ: Այս կառույցները կազմակերպում են տարբեր մարզերի դպրոցների մանկավարժների հանդիպումներ և սեմինարներ, որոնց ժամանակ ուսուցիչների միջև տեղի է ունենում փորձի փոխանակում:
Կարևոր է, որ ծնողները և ուսուցիչները իմանան իրենց դերերը և մոտեցումը, մասնակցության ձևերը կրթական համակրգում: «Դպրոց-կենտրոնների նախաձեռնությամբ հրավիրված մասնագետների օգնությամբ ստեղծվել են էթիկայի նորմեր, որոնք միտված են բարելավելու ուսոցիչ-աշակերտ, ուսուցիչ –ուսուցիչ, ուսուցիչ – ծնող փոխհարաբերությունները: Այդ նորմերը արդեն տպագրվել են գրքի տեսքով և սկսվել են ներդրվել դպրոցներում»,-ասաց ԱԺ պատգամավորը:
Ռուզաննա Մուրադյանը շեշտեց նաև ուսուցիչների և տնօրենների վերապատրաստության անհրաժեշտությունը: «Բոլոր դպրոցներում նոր տեխնոլոգիաներ են ներդրվում, ինչը անհրաժեշտ է դարձնում տնօրենների և ուսուցիչների վերապատրաստությունը»,-ասաց նա:
«ՋՈՆ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԻ ՄԵԾՈՒԹՅՈՒՆԸ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԻՔ ՉՈՒՆԻ»
Պետական, քաղաքական ու հասարակական գործիչ Ջոն Կիրակոսյանի ծննդյան 85-ամյակի կապակցությամբ այսօր ԵՊՀ-ում անցկացվեց հոբելյանական նիստ և բացվեց նրա անվան լսարան:
Միջոցառման նախաձեռնողը Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ղեկավարությունն էր, լսարանն էլ գտնվում է հենց այդ ֆակուլտետում: Ականավոր գործչին հիշելու, դիվանագիտության զարգացման մեջ նրա ներդրման, գիտական մեծածավալ աշխատությունների մասին խոսելու էին եկել ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, ՀՀ ԳԱԱ ներկայացուցիչներ, ԵՊՀ տարբեր ֆակուլտետների դասախոսներ, գիտնականներ, ուսանողներ և ուրիշներ: «Ջոն Կիրակոսյանն այն մարդկանցից է, որոնցով բնորոշվում ու գույն է ստանում դարաշրջանը: Նրա թողած հետքը մեր պատմագիտության մեջ հաստատուն է ոչ միայն այն պատճառով, որ նա դիվանագետ էր, հասարակական-քաղաքական գործիչ ու գիտնական, այլև այն պատճառով, որ մեծ հայրենասեր էր, շատ ակտիվ քաղաքացի և պարզապես մեծ հայ: Նա խիզախ էր երևի ամեն ինչում, բայց նախևառաջ գիտության ու քաղաքականության մեջ»,- նշեց Արամ Սիմոնյանը՝ խոսելով գործչի մասին:
Միջոցառման ընթացքում ներկայացվեց Ջոն Կիրակոսյան արևելագետ-պատմաբանը, դիվանագետը, գործիչը և պարզապես հայն ու անհատը: «Նա Հայաստանում պատրաստված միջազգայնագետների առաջին սերնդից էր, ով կարողացավ ապացուցել, որ նույնիսկ Խորհրդային միության կազմում հնարավոր է մշակել ու վարել հայաստանակենտրոն և հայակենտրոն արտաքին քաղաքականություն: Այսօր կարող են վստահաբար պնդել, որ Խորհրդային միությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման խնդիրը գիտականորեն հիմնավորեց և Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգ ընդգրկելու առաջին հաջողված փորձն արեց Ջոն Կիրակոսյանը»,- ասաց Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան Գեղամ Պետրոսյանը:
ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը, ով ևս ներկա էր միջոցառմանը, նշեց, որ Ջոն Կիրակոսյանը մի անհատ էր, որի մեծությունը հիմնավորման կարիք չունի. «Դա հիմնավորվում է նրա կյանքով ու այն ժառանգությամբ, որ նա թողել է: Եվ պատահական չէ, որ լավագույն գործիչները ԱԳՆ-ում պարգևատրվում են Ջոն Կիրակոսյանի մեդալով»:
Օրերս ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտը և «Գիտություն» հրատարակչությունը լույս են ընծայել Ջոն Կիրակոսյանի երկերի ժողովածուն, որը նվիրված է նրա ծննդյան հոբելյանին և Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակին: Ժողովածուն կազմել և խմբագրել է նրա որդին՝ պատմ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր, Ավստրիայում Հայաստանի դեսպան Արման Կիրակոսյանը: «Այս գրքում փորձեցի ամփոփել նրա աշխատություններն ու երկերը: Սա ընտրանի է ոչ միայն նրա գիտական հոդվածների, այլև գործունեության: Կան հոդվածներ, որոնք չեն տպագրվել Հայաստանի այն ժամանակվա մամուլում, այլ նույնիսկ Ջոն Սահակյան կեղծանունով Սփյուռքի կոմիտեի միջոցով ուղարկվել են արտերկիր»,- տեղեկացրեց Արման Կիրակոսյանը:
Նշենք, որ այսուհետ ապագա քաղաքագետներն ու միջազգայնագետները դասեր կանցկացնեն նաև Ջոն Կիրակոսյանի անունը կրող լսարանում, որը կահավորված է ժամանակակից գույքով ու տեխնիկայով: Հատուկ գրապահարանում ներկայացված են նաև նրա` տարբեր տարիներին տպագրված աշխատությունները:
Անդրազգային կրթության որակի ապահովումը` միջազգային քննարկման առարկա
Ապրիլի 28-30-ը «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի (ՈԱԱԿ) պատվիրակությունը մասնակցեց Ֆրանսիայի Լիոն քաղաքում կայացած աշխատաժողովին` նվիրված բարձրագույն ուսումնական հաստատությունների աշխատակիցների վերապատրաստման և կարողությունների զարգացման խնդիրներին:
Աշխատաժողովը կազմակերպվել էր TEMPUS-ի «Հայաստանում և Վրաստանում անդրազգային կրթության որակի առաջխաղացում և ճանաչում» ծրագրի շրջանակներում:
Աշխատաժողովին երկրները ներկայացրել են իրենց փորձը ոլորտում, հիմնախնդիրները և լուծման մեխանիզմները: Մշակվել ու հստակեցվել է հետագա աշխատանքային հայեցակարգը:
ՈԱԱԿ աշխատակիցները զեկույց են ներկայացրել «Որակի արտաքին ապահովում. որակն ապահովող կառույցների պահանջները, մեթոդները և գործընթացները» թեմայով, որտեղ ներկայացրել են հայաստանյան փորձը ոլորտում :
Քննարկվել են նաև անդրազգային կրթության որակի ապահովման չափորոշիչները և մեթոդաբանությունը:
Աշխատաժողովի մասնակից երկրներից են եղել Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Բելգիան, Վրաստանը և այլն:
Աշխատանքային այց Վայոց ձոր
Մայիսի 3-ին աշխատանքային այցով Վայոց ձորի մարզ էր այցելել ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Տեղում մարզի կրթական խնդիրները քննարկելու և կատարված աշխատանքներին ծանոթանալու նպատակով ՀՀ ԿԳ նախարարը նախ այցելել է Եղեգնաձոր քաղաքի թիվ 5 մանկապարտեզ, ապա մարզի կրթական հաստատությունների տնօրենների հետ խորհրդակցություն անցկացրել մարզպետարանում, իսկ վերջում շրջել Վայքի նոր հիմնանորգված ավագ դպրոցում:
Եղեգնաձոր քաղաքի թիվ 5 մանկապարտեզը, որտեղ ՀՀ ԿԳ նախարարի առաջին կանգառն էր, Համաշխարհային բանկի “Կրթության որակ և համապատասխանություն” վարկային ծրագրով նախակրթարան էր հիմնվել: Ավելի քան 50 տարի չնորոգված մանկապարտեզի մի հատվածում այժմ գործում է նախակրթարանը՝ հիմնովին նորոգված և կահավորված ժամանակից կրթության կազմակերպման համար անհրաժեշտ բոլոր չափանիշներով: Նախակրթարան նախադպրոցական տարիքի 30 երեխա է հաճախում: Նախարարը զրուցել է մանկավարժների ու նախակրթարանի սաների ծնողների հետ:
Առիթն օգտագործելով՝ մանկապարտեզի տնօրեն Գոհար Պողոսյանը նախարար Ա. Աշոտյանին ներկայացրել է կրթական հաստատության խնդիրները՝ թեև ԿԳՆ վարկային ծրագրով ջեռուցում ապահովված է ամբողջ շենքի համար, սակայն տանիքն ու շենքի մնացած հատվածը նորոգման կարիք ունեն:
Մանկապարտեզում աշխատող մանկավարժներն էլ հարց են բարձրացրել՝ ինչո՞ւ իրենց պետությունը չի ներառում մանկավարժների և պետծառայողների համար նախատեսված սոցիալական ապահովության փաթեթում. “Դուք համարվում եք համայնքային աշխատողներ: Այս պահին օրենքը Ձեր վրա չի տարածվում, բայց ես հույս ունեմ՝ մեր պետությունը մի օր հնարավորություն կունենա Ձեզ ևս ներառել սոցփաթեթի ծրագրում”,- նշել է ՀՀ ԿԳ նախարարը: Նա նաև տեղեկացրել է, որ ՀԲ վարկային ծրագրով վերջին 4 տարում Հայաստանի ավելի քան 220 համայքներում հիմնվել են նոր նախակրթարաններ. “Ծրագիրը շարունակվում է, եթե մարզում դեռևս կա նախակրթարանների պահանջարկ, ապա մենք պատրաստ ենք նոր համայքներ ևս ներառել նոր նախկրթարանների ծրագրում”,- ասել է Ա. Աշոտյանը: Նախարարի խոսքով մինչ ծրագրի մեկնարկը Հայաստանում նախադպրոցական տարիքի երեխաների ներգրավվածությունը նախակրթական հաստատություներում մոտ 50 տոկոս էր կազմում, այժմ այդ ցուցանիշը հասել է 70 տոկոսի: “Այս ծրագրի արդյունքում նախակրթարաններ են բացվել ոչ միայն մանկապարտեզներում, այլ դպրոցներում. այն գյուղական համայնքերը, որտեղ նախկինում երբևէ մանկապարտեզներ չեն եղել, նախակրթարանները գործում են դպրոցների այդ նպատակով առանձնացված հարկաբաժիններում”,- ասել է Ա. Աշոտյանն ու հույս է հայտնել, որ 2017-ին երբ ծրագիրը կհատի վերջնագիծը նախադպրոցական տարիքի երեխաների ընդգրկվածությունը նախակրթարաններում կհասնի ավելի քան 90 տոկոսի:
Նախարար Ա. Աշոտյանի հաջորդ կանգառը մարզպետարանում էր, որտեղ նա հանդիպում է ունեցել մարզի դպրոցների տնօրենների հետ և Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի հետ համատեղ աշխատանքային խորհրդակցություն անցկացրել: Դպրոցների ծանրաբեռնվածություն, կրթական ծրագրերի բովանդակություն, “Կայուն դպրոցական սնունդ” ծրագրի կազմակերպում. սրանք այն հարցերն էին, որոնց անդրադարձան մարզպետարանի խորհրդակցության ժամանակ:
Անդրադառնալով դպրոցների ծանրաբեռնվածության խնդրին՝ նախարարը նշել է, որ այս խնդիրը պայմանավորված չէ բացառապես դպրոցների ենթակառուցվածքներով. “Իհարկե խնդիրն ունի նաև օբյեկտիվ հիմքեր՝ կապված ժողովրդագրական խնդիրներով: Բայց ինձ համար անհասկանալի է՝ ինչպե՞ս կարող է երկու՝ իրար կողքի գտնվող դպրոցներից մեկը լինել գերբեռնված, մյուսը ՝ թերբեռնված, երբ նրանք երկուսն էլ ֆինանսավորման նույն մեխանիզմով են գոյատևում: Դա նշանակում է, որ ծնողներն իրենց երեխաներին տանում են այն դպրոց, որն ավելի մեծ վարկանիշ ունի, որտեղ կրթության որակն ավելի բարձր է”, – խորհրդակցության ժամանակ նշել է նախարարը : Նախարարի խոսքով բոլորովին այլ է խնդիրը գյուղական դպրոցներում, որտեղ առաջնայինը ժողովրդագրական իրավիճակն է. “Պետությունը մաքսիմալ զերծ է մնալու դպրոցներ փակելու քայլից՝ սա քաղաքական մոտեցում է: Բայց առանձին դեպքերում մենք նման դպրոցներում ունենք մի իրավիճակ, երբ պետությունը մեկ երեխայի կրթության համար վճարում է չափազանց բարձր գին՝ դրա դիմաց ստանալով կրթության ոչ համարժեք որակ”,- նշել է նախարարը:
Նա հանձնարարել է նախարարության աշխատակիցներին տասնօրյա ժամկետում ներկայացնել առաջարկություններ ավագ և հիմնական դպրոցների աշակերտական համակազմի բեռնվածության և դրանց հետագա կարգավիճակի վերաբերյալ:
Անդրադառնալով “Կայուն դպրոցական սնունդ ծրագրին”՝ Ա. Աշոտյանը շեշտել է, որ Վայոց ձորի մարզն այստեղ առաջատարներից է: Նախարարը, կարևորելով ծրագրի իրագործման արդյունավետությունը, նշել է, որ քննարկվում է և՛ տաք, և՛ սառը սնունդի տարբերակը. “Դպրոցն ինքը պետք է ընտրի, թե որ տարբերակն է ավելի նպատակահարմար: Պետությունը հետևողական և խիստ է լինելու, որ այս ծրագիրը հնարավորինս արդյունավետ կազմակրպվի: Մենք նպատակ ենք դնում, որ կրտսեր դպրոցի երեխան սնունդ ստանա”,- ասել է Ա. Աշոտյանը: Անդրադառնալով կրթական ծրագրերին ու չափորոշիչներին, նախարարը մտահոգիչ է համարել, որ ներկայումս հումանիտար և հասարակագիտական առարկաների ավելացման պատճառով, խորհրդային տարրների համեմատությամբ, բնագիտական առարկաների ծավալը դպրոցական դասացուցակում նվազել է մոտավորապես 30-40 տոկոսոով. “Սա շատ լուրջ մարտահրավեր է, որի հետևանքը մենք հետագայում զգալու ենք տնտեսության վրա: Հետագա տարիներին մենք փորձելու ենք այս անհամաչափությունը վերացնել՝ վերանայելով ծրագրերը”,- նշել է նախարարը:
ՀՀ ԿԳ նախարար Ա. Աշոտյանի այցն ավարտվել է Վայքի ավագ դպրոց այցելությամբ: Նախարար Ա.Աշոտյանն ու մարզպետ Է. Ղազարյանը ծանոթացել են հիմնանորոգումից հետո դպրոցում ստեղծված ուսումնական պայմաններին՝ վերազինված համակարգչային դասարան, կրակային վարժասարքով հագեցած նախնական զինվորական պատրաստության կաբինետ: Ավագ դպորցը, որտեղ երկու տարի առաջ պայմանները խիստ անմխիթար էին, այժմ ապահովված է բոլոր անհրաժեշտ պայմաններով՝ որակյալ ժամանակակից կրթություն կազմակերպելու համար: Վայքի ավագ դպրոցը նորոգվել է պետական բյուջեի միջոցներով: ՀՀ ԿԳ նախարարը լրագրողների հետ հարցուպատսախանի ժամանակ շեշտել է, որ ՀՀ ԿԳՆ-ն կարևորում է մարզերում և մայրաքաղաքում կրթության հավասար պայմանների ապահովումը:
Կրթաթոշակի մրցույթ` վճարովի համակարգում սովորող ուսանողների համար
Հայ Կրթական Հիմնարկությունը հայտարարում է կրթաթոշակների մրցույթ 2014-2015թթ. նոր ուսումնական տարվա համար: Կրթաթոշակները տրամադրվում են տվյալ
ուսումնական տարվա վարձավճարի չափով` խրախուսելու և նպաստելու բարձր առաջադիմությամբ և միևնույն ժամանակ ֆինանսական անբարենպաստ պայմաններում գտնվող ուսանողներին, ովքեր սովորում են ՀԿՀ-ի կողմից նախընտրած մասնագիտություններով:
Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ պետական ԲՈՒՀ-երի վճարովի համակարգում սովորող 2-րդ և բարձր կուրսերի ուսանողներ (այդ թվում և՛ մագիստրանտներ և՛ ասպիրանտներ): Բացառություն են կազմում այն ուսանողները, որոնց մասնագիտությունը դուրս է մնացել ՀԿՀ կրթաթոշակային ծրագրի մասագիտությունների ցանկից։ Տե՜ս http://www.aefweb.org/scholarships/?page_id=909
Կրթաթոշակները կտրամադրվեն ՀՀ քաղաքացիներին, ինչպես նաև Արցախում և Ջավախքում բնակվող ազգությամբ հայ այն ուսանողներին, ում ակադեմիական միջին նիշը առնվազն 3. 7, 15 կամ 74 միավոր է։
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել Կրթաթոշակի հայտը / որը կարող եք ներբեռնել կայքից, և 2014 մայիսի 12-ից մինչև հունիսի 13-ը (10:00-ից մինչև 13:00-ը ) կամ ներկայացնել ՀԿՀ Հայաստանյան գրասենյակ ( Մաշտոցի 13, Դերասանիտուն) կամ օն-լայն ուղարկել [email protected] հասցեին:
Մանրամասն պարզաբանումների համար խնդրում ենք դիմել Արմինե Հարոյանին հետևյալ հեռախոսահամարով՝ յուրաքանչյուր օրվա առավոտյան 10:00-ից մինչև 13:00-ը (374 10) 53-14-85 (զանգեն միայն ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ և ոչ թե ծնողները ) կամ գրել [email protected] էլեկտրոնային փոստով:
Դիմումները ևս պետք է ներկայացնել երկուշաբթիից ուրբաթ՝ առավոտյան 10:00-իցմինչև 13:00-ը :
Հավատարմագրում. Փորձագետները կայցելեն Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան
Հավատարմագրման գործընթացի շրջանակներում այսօր մեկնարկում է փորձագիտական խմբի այցը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան:
Մայիսի 5-14-ը փորձագիտական խումբը կայցելի ՀՊՏՀ Երևանյան կրթահամալիր, Գյումրու և Եղեգնաձորի մասնաճյուղեր, որտեղ ուսումնասիրություններ կկատարի`հիմնվելով միջազգային չափորոշիչների վրա: Խումբը հանդիպում-քննարկումներ կունենա բուհի ռեկտորի, պրոռեկտորների, դեկանների, ամբիոնների վարիչների, դասախոսների, ուսանողների, շրջանավարտների և ինքնավերլուծություն իրականացրած խմբի հետ:
Մինչ այս բուհն արդեն ներկայացրել է ինքնավերլուծություն ըստ «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի (ՈԱԱԿ) մշակած ձևաչափի, փորձագիտական խումբն էլ ուսումնասիրել է այն:
Այցից հետո փորձագիտական խումբը կամփոփի այցելության արդյունքները, խմբի ղեկավարը վերջնական զեկույց կներկայացնի, որի հիման վրա էլ կկազմվի բուհի հետագա բարելավման պլանը:
Փորձագիտական խմբում ընդգրկված են հայաստանյան փորձագետներ, մեկ միջազգային փորձագետ և մեկ ուսանող: Հանձնաժողովի ղեկավարն է ՀԱԱՀ ամբիոնի վարիչ, տեխն. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Արա Ամիրյանը: Միջազգային փորձագետը Լեհաստանից է. տնտ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Միեչիսլավ Սոխան Լեհաստանի հավատարմագրման հանձնաժողովի փոխնախագահն է:
Հավատարմագրման գործընթացը համակարգում է «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամը:
ԿԳՆ-ի դիմաց բողոքի ակցիա անցկացնող մանկավարժները մի քանի տասնյակ ստորագրություններով պահանջագիր հանձնեցին Արմեն Աշոտյանին
Այսօր ՀՀ կրթության և գիտության նախարարության դիմաց պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ բողոքի ակցիա անցկացրեցին մանկավարժներն ու «ԴԵՄ եմ» շարժման ակտիվիստները:
Բողոքի ակցիայի մասնակիցների հետ բանակցելու իջավ ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի ղեկավար Սամվել Ղազարյանը: Ակցիայի մասնակիցները, սակայն, չցանկացան երկխոսել Սամվել Ղազարյանի հետ` պահանջելով Կրթության նախարար Արմեն Աշոտյանին:
«ԴԵՄ եմ» շարժման անդամները պահանջեցին ՀՀ ԿԳ նախարարից ենթարկվել Հայաստանի բարձրագույն դատարանի որոշմանը՝ հնարավորություն տալով գործատուներին իրենց աշխատակիցների կամքին հակառակ պարտադիր կուտակային վճարներ չկատարել: Նրանք մի քանի տասնյակ ստորագրություններով պահանջագիր ներկայացրին ԿԳ նախարարին:
Հիշեցնենք, որ ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը ապրիլի 2-ին հրապարակեց «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 5, 7, 8, 37, 38, 45, 49 եւ 86-րդ հոդվածների սահմանադրականության վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշումը: Որոշման համաձայն` Սահմանադրությանը հակասող ճանաչվեցին օրենքի մի շարք դրույթներ: Այդ որոշման պահանջն է մինչ սեպտեմբերի 30-ը մշակել նոր օրենսդրական փաթեթ, որը չի հակասի Սահմանադրությանը:
ՀՀ նոր կառավարությունը ապրիլի 23-ի նիստի ժամանակ հաստատեց «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի գործողությունը կասեցնելու մասին նախագիծը: Նախագծով առաջարկվում է գործատուին ազատել վարձու աշխատող և պայմանագրային եկամուտ ստացող մասնակիցների համար (անունից) 2014 թվականի հունվար-ապրիլի կուտակային վճարները չկատարելու կամ ուշացումով կատարելու համար օրենքի 76-րդ հոդվածով սահմանված տույժերից:
Ազգային ժողովի Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը կողմ քվեարկեց «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի գործողությունները կասեցնելու մասին օրենքի նախագծի ներառմանը առաջիկա քառօրյայի օրակարգ:
ԵՊՀ 95-ամյակի միջոցառումների մեկնարկը տրվեց գիտաժողովով
Մեկնարկեց ԵՊՀ 95-ամյակին նվիրված հոբելյանական գիտական նստաշրջանը, որտեղ ներկայացվելու է շուրջ 400 գիտական զեկուցում:
Արդեն ավանդույթ դարձած երիտասարդական նստաշրջանի կազմակերպիչն է ԵՊՀ ուսանողական գիտական ընկերությունը: Այսօր Պալեանների անվան դահլիճում տեղի ունեցավ բացման հանդիսավոր արարողությունը, իսկ հաջորդ` 3 օրերի ընթացքում աշխատանքները կընթանան 18 թեմատիկ բաժանմունքներում:
«Ուսանողական գիտական աշխատանքների չափորոշիչներն ու պահանջները հետևողականորեն բարձրացվում են: Վերջին 5 տարիների ընթացքում սա արդեն 4-րդ գիտական նստաշրջանն է, որ կազմակերպվում է այսպիսի մեծ ծավալով: Վերջին տարիներին հաջողվել է վերականգնել այս ավանդույթը, և մեզ համար շատ ուրախալի է, որ այսպիսի միջոցառումները դառնում են մեր առօրյայի անբաժանելի մասը: Այստեղ մեծ է ոչ միայն մեր ՈՒԳԸ ղեկավարների, այլև պրոֆեսորադասախոսական կազմի դերը, ովքեր աշխատում են ուսանողների հետ»,- նշեց ԵՊՀ ուսանողների, շրջանավարտների և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը:
Հոբելյանական գիտական նստաշրջանում զեկույցներ են ներկայացնելու շուրջ 400 ուսանող, ասպիրանտ և երիտասարդ գիտնական ԵՊՀ 19 ֆակուլտետներից, ՀՀ և ԼՂՀ շուրջ երկու տասնյակ բուհերից (այդ թվում՝ մարզային) և ՀՀ ԳԱԱ տարբեր ինստիտուտներից: Չնայած այն հանգամանքին, որ գիտաժողովը հանրապետական բնույթ է կրում, այնուամենայնիվ կան նաև մի քանի մասնակիցներ Ռուսաստանի Դաշնությունից:
«Մասնակցության հայտերի ընդունման գործընթացին զուգահեռ` մենք հավաքել ենք նաև զեկուցման ամբողջական տարբերակները՝ հետագայում դրանց տպագրության գործընթացը կազմակերպելու համար: Գիտական նստաշրջանի ավարտից հետո մասնակիցներին տրվելու է մեկ շաբաթ ժամանակ՝ աշխատանքներում լրամշակումներ կատարելու համար: Տպագրվելու են միայն այն աշխատանքները, որոնք կերաշխավորեն ֆակուլտետների գիտխորհուրդները»,- ընդգծեց ՈՒԳԸ նախագահ Միքայել Մալխասյանը:
95-ամյա ԵՊՀ-ի ամենահին ֆակուլտետներից մեկի՝ Պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանն էլ ողջունեց գիտության ուղին բռնած երիտասարդներին՝ ընդգծելով, թե ինչքան կարևոր են նրանց համար այսպիսի միջոցառումները: «Գիտաժողովը գիտական աշխատանքների հանրագումարային ստուգատես է, որտեղ երևում են ուսանողի գիտելիքներն ու գիտական աշխատանք կատարելու հմտությունները: Այն միաժամանակ հետագայում գիտության մեջ լուրջ հաջողությունների հասնելու հնարավորություն է տալիս: Մենք բոլորս էլ ժամանակին եղել ենք Ուսանողական գիտական ընկերության անդամներ և աստիճանաբար հասել որոշակի հաջողությունների»,- ասում է պարոն Մինասյանը:
Dasaran.am կրթական ծրագիրը կնպաստի Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միասնական սերնդի ձևավորմանը և ներառական կրթության ամրապնդմանը
«Dasaran.am» կրթական ծրագրի աշխատանքային թիմն այցելեց Ստեփանակերտ, որտեղ իրականացրեց տեղի դպրոցների շուրջ 150 ներկայացուցիչների վերապատրաստման աշխատանքները: Աշխատանքները միտված էին օպերատորների, ուսուցիչների և դպրոցների տնօրենների շրջանում Dasaran.am ծրագրի էլեկտրոնային գործիքների վերաբերյալ հմտությունների զարգացմանը:
Լեռնային Ղարաբաղի դպրոցների ինտգերումը «Dasaran.am» կրթական ծրագրին ոչ միայն հասանելի կդարձնի հարթակի բոլոր կրթական հնարավորությունները Լեռնային Ղարաբաղի աշակերտներին, այլև էապես կխթանի Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դպրոցականների միջև շփումների և կապերի ակտիվացումը՝ նպաստելով միասնական սերնդի ձևավորմանը և ներառական կրթության ամրապնդմանը:
Հիշեցնենք նաև, որ ս.թ. ապրիլի 18-ին «Նոր Սերնդի դպրոց» ՀԿ-ի նախագահ Սուրեն Ալոյանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Կրթության և գիտության նախարար Սլավա Ասրյանի միջև ստերագրվեց համագործակցության հուշագիր, համաձայն որի ԼՂՀ դպրոցները նույնպես կմիանան «Dasaran.am» կրթական ծրագրին:
Կրթական ծրագիրը տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման միջոցով թույլ է տալիս բարձրացնել դպրոցների կառավարման արդյունավետությունը և թափանցիկությունը: Մասնավորապես, այն հնարավորություն է տալիս կայքի միջոցով հետևել դպրոցականների հաճախելիության և առաջադիմության ցուցանիշներին, ինչպես նաև տեղեկանալ դպրոցում կազմակերպվող ժողովների, միջոցառումների, որոշումների և հաշվետվությունների մասին: Այն ապահովում է նաև ուսուցիչների և ծնողների անմիջական կապը, իսկ կրթության պատասխանատուներին հնարավորություն է տալիս արդյունավետ կերպով վերահսկել կրթական գործընթացները դպրոցներում:
Կրթական հարթակի գլխավոր նպատակներից է նաև նպաստել ԼՂՀ-ում և Հայաստանում կրթության որակի բարձրացմանը: Այդ նպատակով կիրառվում են կրթելու նորարարական մեթոդներ՝ էլեկտրոնային ինտելեկտուալ և զարգացնող խաղեր, որոնք ինտերակտիվ մեթոդով երեխաներին օգնում են սովորել հայոց լեզու և գրականություն, պատմություն, աշխարհագրություն, ծանոթացնում են նրանց հայկական մշակույթին, սովորեցնում են պահպանել բնությունը և շրջակա միջավայրը, պատմամշակութային արժեքները և այլն: Միմյանց միջև մրցակցությունը խթանելու միջոցով սովորելը ապահովում է առավել արդյունավետ և հիմնավոր կրթություն: Բացի այդ կազմակերպվում են տարաբնույթ օլիմպիադաներ և մրցույթներ, որոնք նույնպես խթանում են երեխաների՝ գիտելիք ստանալու ձգտումը: Գործում է նաև հատուկ աշակերտների համար ստեղծված սոցիալական ցանց, որն օգնում է դպրոցականների միջև կապերի ակտիվացմանը՝ անկախ նրանց բնակության վայրից և զերծ է դպրոցականների համար վնասակար տեղեկատվությունից:
Փորձագետներն ուսումնասիրություն կատարեցին երկու բուհերում
Ավարտվեց հավատարմագրման գործընթացի շրջանակներում փորձագիտական երկու խմբերի այցելությունը Երևանի «Հայբուսակ» և «Մխիթար Գոշ» հայ-ռուսական միջազգային համալսարաններ:
Այցելության 6 օրերի ընթացքում` ապրիլի 21-26-ը, փորձագետները հանդիպում-քննարկումներ ունեցան բուհերի ռեկտորի, պրոռեկտորների, դեկանների, ամբիոնների վարիչների, ուսանողական ինքնակառավարման մարմինների, ուսանողների, բուհերի շրջանավարտների, ինչպես նաև պոտենցիալ գործատուների հետ:
Մինչ այցելությունը բուհերը ներկայացրել էին ինքնավերլուծություն`ըստ «Որակի ապահովման ազգային կենտրոնի» (ՈԱԱԿ) ներկայացրած չափանիշների: Այցելության ընթացքում հարց ու պատասխանի միջոցով փորձագետները պարզեցին նաև առանձին խմբերի կարծիքը առաջադրված հարցերի շուրջ:
Փորձագիտական խմբերում ընդգրկված են հայաստանյան փորձագետներ, մեկ միջազգային փորձագետ և մեկ ուսանող: Միջազգային փորձագետները Բելգիայից էին:
Այցից հետո փորձագետները կներկայացնեն իրենց դիտարկման արդյունքները: Խմբի ղեկավարը կամփոփի դրանք ու կներկայացնի վերջնական զեկույցը: Բուհը, զեկույցի և կից խորհրդատվության հիման վրա, պետք է մշակի իր հետագա բարելավման պլանը, որի իրագործումը սահմանված ժամկետում կնպաստի կրթության որակի բարձրացմանը:
Գործընթացի ավարտական փուլը կդառնա հավատարմագրման հանձնաժողովի որոշման հրապարակումը:
Թիվ 188 հիմնական դպրոցում բացվել է համակարգչային դասասենյակ
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից Անկախին հայտնեցին, որ Երևանի քաղաքապետ, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի խորհրդի նախագահ Տարոն Մարգարյանը Երևանի ավագանու անդամ, Երևանի ճարտարագիտական համալսարանի ռեկտոր Լևոն Թոքմաջյանի, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր Գագիկ Գալստյանի և Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Արտավազդ Սարգսյանի ուղեկցությամբ այցելել է մայրաքաղաքի Գևորգ Չաուշի անվան թիվ 188 հիմնական դպրոց: Շուրջ 610 աշակերտների համար նախատեսված կրթօջախը Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի հետ ձևավորված համագործակցության շրջանակում համալրվել է համակարգչային նոր դասասենյակով, որի հանդիսավոր բացման պատիվը վերապահվել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին ու Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր Գագիկ Գալստյանին: Քաղաքապետին ներկայացնելով երեխաների ուսուցման համար ստեղծված պայմանները՝ դպրոցի տնօրենը նշել է, որ դասասենյակը տեխնիկապես վերազինված է: Կարևորելով նման դասարանների առկայությունը կրթօջախներում՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանն էլ իր հերթին ընդգծել է, որ դպրոցների հիմնանորոգմանը զուգահեռ, առարկաներն առավել խորը ուսումնասիրելու նպատակով քաղաքապետարանն այսօր հետևողական աշխատանք է տանում նաև դպրոցներում մասնագիտացված դասարանների ձևավորման ու վերազինման ուղղությամբ: Ներկաները նաև հավելել են, որ համալսարանի և դպրոցի միջև կնքված հուշագիր-համաձայնագրի շրջանակում նորաբաց համակարգչային դասասենյակում կնախապատրաստվեն ապագա ինժեներներ դառնալու ցանկություն հայտնող պատանիները, ովքեր իրենց ուսումը հետագայում հնարավորություն կունենան շարունակելու Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում:
Օրացույցի այս օրը
Այսօր ԴՆԹ-ի միջազգային օրն է: Ամսաթիվն ընտրվել է ի հիշատակ 1953-ի ապրիլի 25-ին Nature ամսագրում Ջեյմս Ուոթսոնի ու Ֆրենսիս Կրիկի և Մորիս Ուլկինսոնի և Ռոզալինդ Ֆրանկլինի ԴՆԹ-ի մոլեկուլի կառուցվածքի արդյունքների հրապարակման:
Ուղիղ 50 տարի անց, 2003-ի ապրիլի 25-ին հայտարարվեց, որ մարդու գենի բացահայտման ուսումնասիությունը մոտ է ավարտին:Գենոմի որոշ հատվածների ուսումնասիրությունը դեռևս ընթանում է, սակայն հիմնական աշխատանքն ավարտված է:
ԴՆԹ-ի (դեզօքսիռիբոնուկլեինաթթու) մեջ է պահպանվում գենետիկ ինֆորմացիան ու այդ է պատճառը, որ ԴՆԹ-ի անալիզն է ամենամասայականը` արյունակցական կապը պարզելու համար:


