Ծեծել է կնոջը՝ «Օդնոկլասնիկ»-ում էջ ունենալու համար

օդնոկլասսնիկիԳյումրիի 30-ամյա բնակիչ Արթուր Չաքմիշյանը հանցավոր է ճանաչվել ՀՀ քրեական  օրենսգրքի 112-րդ  հոդվածի 1-ին մասով՝ խանդի հողի վրա իր կնոջ առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու մեջ:  Այս մասին գրում է «Փաստինֆո»-ն:

Շիրակի Մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Հ.Մովսեսյանի նախագահությամբ, 2013թ. դեկտեմբերի 25-ի դատավճռով նրան դատապարտել է  ազատազրկման՝ 4  տարի ժամկետով:   ՀՀ Ազգային ժողովի «ՀՀ անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» 2013թ. հոկտեմբերի 3-ի որոշման կիրառմամբ  Արթուր Չաքմիշյանն ազատվել է նշանակված պատիժը կրելուց,  նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը` կալանավորումը, վերացվել է, և նա  ազատ  է  արձակվել դատարանի դահլիճից:

Արագացված դատաքննության կարգով անցկացված քննության ընթացքում պարզվել է, որ Արթուր Չաքմիշյանը 2013թ. հուլիսի 16-ին՝ ժամը 23:30-ի սահմաններում, իրենց վարձակալած բնակարանի խոհանոցում, խանդի հողի վրա՝  համացանցի   «Օդնոկլասնիկ»  կայքում էջ ունենալու, իրեն անտարբերության մատնելու և դավաճանելու կասկածանքի առիթով վիճաբանել է կնոջ՝ Արփինե Չաքմիշյանի հետ:

Վեճի  ընթացքում, ըստ մեղադրանքի, մարմնական վնասվածքներ պատճառելու դիտավորությամբ հյուրասենյակից նախապես վերցված ծալովի դանակով մի քանի անգամ հարվածել է կնոջ մարմնի տարբեր մասերին, պատճառել մարմնական վնասվածքներ, այդ թվում՝ որովայնի առաջային մակերեսի կտրած-ծակած թափանցող վնասվածք՝ վերջինիս առողջությանը պատճառելով ծանր վնաս՝ կյանքին վտանգ սպառնացող, որից հետո, դանակը թողնելով խոհանոցում, հեռացել է տանից։ Ամբաստանյալն  առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր է ճանաչել:

Շարունակությունը կարդացեք սկզբնաղբյուր կայքում.

Սպանված մատուցողուհին և վկան ամբաստանյալի հետ ինտիմ կապի մեջ են եղել

սպանություն22-ամյա մատուցողուհի Մարիամ Հունանյանի սպանության աղմկահարույց գործով  այսօր հարցաքննվեց դատակոչված վկա՝ Միլենա Միրիջանյանը, ով ամբաստանյալի ընկերուհին է եղել, ով  խոստացել էր ամուսնանալ վերջինիս հետ: Այս մասին գրում է «Փաստինֆո»-ն:
Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատարանում՝ նախագահությամբ Դավիթ Բալայանի, վկան հայտնեց, որ ամբաստանյալի և տուժող Մարիամ Հունանյանի հետ աշխատել է միևնույն հյուրանոցում: Ինքը և Մարիամը եղել են մատուցողուհիներ, իսկ Դավիթը՝ խոհարար:
Վկայի խոսքով՝ Մարիամ Հունանյանն ընդամենը 3 օր է աշխատել իրենց հետ, սակայն ոչինչ չի խոչընդոտել Մարիամի և Դավիթի հետագա շփմանը: Ըստ վկայի՝ Դավիթը և Մարիամը ինտիմ կապի մեջ են եղել, ինչի մասին, ինչպես նշեց վկան,  Դավիթն է իրեն պատմել. «Իհարկե առանց մանրամասների»: Վկան նաև ասաց,  որ իր և Դավիթի միջև ևս ինտիմ կապ է եղել:
Հյուրանոցում աշխատելուց հետո որոշ ժամանակ անց, վկան խորտկարան է վարձակալել և այնտեղ  աշխատել, և հենց այդ խորտկարանում էլ տեղի է ունեցել  իր և Մարիամի միջև վիճաբանություն և ծեծկռտուք, որին, ի դեպ, մասնակից է եղել նաև Դավիթը:
Ամբաստանյալը պարզաբանեց, որ այդ խորտկարանը, որը վարձակալական  հիմունքներով աշխատացրել է Միլենան, պատկանել է ոստիկանության Մաշտոցի բաժնի նախկին պետի աներոջը, իսկ այդ մարդը Միլենայի մոր ընկերն է: Ի դեպ, ամբաստանյալի հարցին, թե ինչ կապ կա Միլենայի և վարձակալած տարածքի տիրոջ հետ, վկան սկզբում հրաժարվեց պատասխանել, հետո ավելացրեց. «Իսկ եթե սուտ ասեմ»:
Նախկին գործընկերների միջև ծագած վիճաբանության պատճառն էլ, ըստ վկայի, խանդն է եղել: Քանի որ սպանված աղջիկն իրեն ասել է, որ ամուսնանալու է Դավիթի հետ: Ամբաստանյալն էլ պնդեց, որ վկան է խանդել, քանի որ Մարիամն անընդհատ զանգահարել է իրեն:
Ըստ վկայի՝ 2013թ. մայիս 7-ի երեկոյան՝ ժամը 22:00-ի սահմաններում, Դավիթը զանգահարել է իրեն ու ասել, որ տաքսի նստի, իսկ ճանապարհին ինքը ևս կմիանա նրան: Վկան նշեց, որ երբ Դավիթը մեքենա է նստել իրեն տարօրինակ է պահել, իսկ հարցին պատասխանել է, որ սպանել է Մարիամին և ցույց տվել 2 լուսանկար, որը կատարել է հեռախոսով՝ սպանությունից հետո, ու անմիջապես ջնջել: Իսկ դեպքի մանրամասները և սպանության գործիք համարվող դանակը Դավիթն իրեն արդեն ցույց է տվել, երբ սրճարանում նստած են եղել:
Դատարանը նկատեց, որ վկան դեպքի մանրամասներն այնպես է պատմում,  որ կարծես, թե ինքն այնտեղ է եղել: Վկան ասաց, որ Դավիթն է իրեն այդպես պատմել և սկսել է պատմել նույնը՝ այս անգամ երրորդ դեմքով:
Վկան պնդեց նաև, որ դեպքի օրը՝ երեկոյան, երբ  հանդիպել են, ինքը և Դավիթը պայմանավորվել են, թե վերջինիս ձերբակալվելուց հետո ինչ են խոսելու, որպեսզի իրենց խոսքերը համընկնեն:
Շարունակությունը կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Արյունալի գիշերային դրամայի գործով նախաքննությունն ավարտվել է

կացինԼոռու մարզում ավարտվել է հերթական  ընտանեկան արյունալի  դրամայի գործով նախաքննությունը, և գործն ուղարկվել  է դատարան:  Այս մասին գրում է «Փաստինֆո»-ն:
Վանաձորի 74-ամյա բնակիչ, իսկ ներկայումս «Նուբարաշեն» հոգեբուժական կլինիկայում գտնվող Յուրիկ Թամազյանը մեղադրվում է  ՀՀ քրեական օրենսգրքի  34-104-րդ հոդվածի  2-րդ մասի առաջին կետով՝ երկու կամ ավելի անձանց սպանության փորձի մեջ: Իսկ երկու անձինք իր ընտանիքի անդամներն են՝ կինն ու հարսը:
Այս դեպքն  արձանագրվել էր  2013 թվականի սեպտեմբերի լույս 3-ի գիշերը. ամբաստանյալը  հակագազով ու կացնով հարձակվել էր  կնոջ ու հարսի վրա:
Ըստ մեղադրական եզրակացության՝ անցյալ տարվա սեպտեմբերի լույս 3-ի գիշերը՝ ժամը 03:00-ի սահմաններում, Յուրիկ Թամազյանը Վանաձոր քաղաքի իրենց բնակարանում կնոջն ու հարսին՝ Զեմֆիրա Մացակյանին ու Վարդուշ Ղարախանյանին, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ իր մոտ գտնվող կացնով բազմաթիվ հարվածներ է հացրել վերջիններիս գլխի, պարանոցի և կրծքավանդակի շրջաններում:
Հարսին՝ Վարդուշ Ղարախանյանին հաջողվել է դուրս գալ բնակարանից և օգնություն կանչել, որին արձագանքել են հարևանները, և Յուրիկ Թամազյանը, իր կամքից անկախ հանգամանքներում չկարողանալով ավարտին հասցնել հանցագործությունը,  դիմել էր փախուստի:
Նույն օրը  Յուրիկ Թամազյանը հայտնաբերվել էր Վանաձոր քաղաքի Աղայան 1/96 շենքի հարակից տարածքում՝ աջ և ձախ ձեռքերի կտրվածքներով, որովայնի շրջանում գծային վնասվածքներով: Նա հայտարարել էր, որ հիշյալ վնասվածքները կյանքին վերջ տալու նպատակով ինքն է իրեն կացնով պատճառել:
Ձեռնարկված համատեղ օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների արդյունքում Վանաձոր քաղաքի Աղայան 83 շենքի հարակից տարածքում գտնվող կանաչապատ տարածքից գտնվել է նաև հանցագործության գործիք կացինը:
Նախաքննության շրջանակում տուժողներ Վարդուշ Ղարախանյանը և Զեմֆիրա Մացակյանը նույնաբովանդակ ցուցմունքներ են տվել: Մասնավորապես, ըստ վերջինիս ցուցմունքի՝ 2013 թվականի լույս սեպտեմբերի 3-ի գիշերը, իրենք քնած են եղել Վանաձոր քաղաքի իրենց բնակարանի ննջասենյակում, երբ Յուրիկ Թամազյանը հակագազ հագած՝ նախապես իր կողմից տուն բերված կացնով հարձակվել է իր վրա և դրանով բազմաթիվ հարվածներ հասցրել իրենց մարմնի, մասնավորապես՝ կրծքավանդակի, ոտքերի, ուսերի, պարանոցի և գլխի շրջաններում:
Շարունակությունը կարդացեք սկզբնաղբյուր կայքում.

Վարդան Պետրոսյանի փաստաբանը բացահայտել է քննիչի ու դատավորի ունեցած կապը

Նիկոլայ Բաղդասարյան«Վարդան Պետրոսյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին դատարանի կայացրած որոշմանը ծանոթանալուց հետո պարզվել է, որ քննիչի և դատավորի որոշումները նույնությամբ համընկնում են»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը:

Ինչպես նշեց մեր զրուցակիցը, պատճառաբանական մասում դատավորը նույնությամբ արտացոլել է «քննիչի բերած անհիմն պատճառաբանությունը, որ եթե մարդը մեղադրվում է միջին ծանրության վնաս պատճառելու համար, ուրեմն կարող է թաքնվել վարույթն իրականացնող մարմնից, իրեն պետք է կալանավորել, նույն պատճառաբանությունը copy-paste է արել իր պատճառաբանական մասում»,- ասաց Ն.Բաղդասարյանը:

Նրա խոսքով՝ քննիչն ու դատավորն իրենց ներկայացրած փաստաթղթերում գրել են նույն տեքստը, նույն տեղում թույլ տալով նույն տեխնիկական, կետադրական և նույնիսկ ուղղագրական սխալները:

«Դա նշանակում է, որ դատավորը մինչև դատն սկսելն անձամբ կամ միջնորդավորված հանդիպել է քննիչի հետ և նրանից էլէկտրոնային տարբերակով ստացել միջնորդությունը, այնուհետև դա արտատպել է իր որոշման նկարագրական մասում և պատճառաբանական մասում»,- ասաց Վարդան Պետրոսյանի փաստաբանը՝ եզրակացնելով. «Այսինքն գործի ելքը լուծվել էր դեռ մինչև դատն սկսելը»:

Շարունակությունը կարդացեք սկզբնաղբյուր կայքում.

«Ինչպես եք պատկերացնում, դատավորը մի կողմի հետ հանդիպի մինչև դատն սկսելը, ինչի համար է հանդիպում»,- այսօրինակ հռետորական հարց հնչեցրեց փաստաբանը, հավելելով, որ նման նախադեպերից ՀՀ ոչ մի քաղաքացի պաշտպանված չէ: Եթե Վարդան Պետրոսյանի նկատմամբ է նման գործելաոճ թույլ տրվել, յուրաքանչյուրի հետ էլ կարող է պատահել:

Հայկական զինուժի ևԱդրբեջանի պաշտպանական ու անվտանգության համակարգերի 2013-ի կորուստները

Հայկական բանակը 2013 թվականի հունվարի 1-ից դեկտեմբերի 25-ն ունեցել է 30 զոհ։ Նախորդ տարվա համեմատ զինված ուժերում (ներառյալ Արցախի պաշտպանության բանակը) կորուստների թիվը նվազել է մոտ 40 տոկոսով։

պնՌազմինֆոն հայկական բանակի կորուստները խմբավորել է ըստ երկու չափանիշների` «մարտական» և «ոչ մարտական»:

Որպես մարտական հաշվել ենք հրադադարի ռեժիմի խախտման կամ առաջնագծում ականների պայթյունների պատճառով կորուստները։

 

Ոչ մարտական կորուստները պայմանականորեն բաժանվել են մի քանի ենթաբաժինների՝ սպանություններ, ինքնասպանություններ, առողջական խնդիրներ, դժբախտ պատահարներ (ճանապարհատրանսպորտային պատահարներ, զենքի, զինամթերքի հետ վարվելու կանոնների խախտումներ, այլ պատահարներ)։

Աղբյուրներ

Ռազմինֆոն ցուցակները կազմելիս օգտվել է բացառապես բաց աղբյուրներից: Դրանք են գերատեսչական աղբյուրները՝ ՊՆ կայքը և մամուլի ծառայությունը, ՊԲ պաշտոնական կայքը, ինչպես նաև թեմային անդրադարձող հայկական լրատվամիջոցները, այլ բաց աղբյուրները։ Զեկույցը կազմելիս որոշ ճշտումներ արվել են նաև ՀՀ ՊՆ քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի հետ։

Կորուստներ

2013 թվականի դեկտեմբերի 25-ի դրությամբ 30 զոհից 7-ը մարտական են. 6 հոգի զոհվել է հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով հակառակորդի կրակից, մեկ զինծառայող՝ ականի պայթյունից ՀՀ հյուսիսարևելյան սահմանում մարտական խնդիր իրականացնելիս։

Ինչ վերաբերում է ոչ մարտական կորուստներին, ապա ըստ պաշտոնական տվյալների՝ գրանցվել է 5 սպանություն և 6 ինքնասպանություն, ևս 5 զինծառայող զոհվել է ճանապարհատրանսպորտային պատահարներից, իսկ 3 հոգի մահացել է առողջական խնդիրների պատճառով։ Բացի այդ, հոսանքահարումից մահացել է 1 զինծառայող, զենքի և զինամթերքի հետ վարվելու կանոնների խախտումների հետևանքով էլ զոհվել է 3 զինծառայող։

Վիրավորներ

2013 թվականի ընթացքում պաշտոնապես հայտարարվել է 16 վիրավորի մասին, սակայն նշենք, որ վիրավորվելու ոչ բոլոր դեպքերի մասին է հայտնվում: Վիրավորներ եղել են հրադադարի խախտման, ականների պայթյունների և ավտովթարների պատճառով։

2012 թվականի կորուստները

Անցյալ տարի հայկական ԶՈւ կորուստները 52-ն էին։ Նախորդ տարի կորուստների առյուծի բաժինը գրանցվել է հրադադարի ռեժիմի խախտման (14 հոգի, որից 7-ը Տավուշում և Հորադիզում հակառակորդի դիվերսիաների հետևանք) և ճանապարհատրանսպորտային միջադեպերի (14 հոգի) պատճառով: Շատ էին նաև ինքնասպանությունների (ըստ պաշտոնական վարկածի՝ 10 հոգի) ու առողջական խնդիրների (7 հոգի) պատճառով գրանցված մահերը: 2012 թվականին եղել են նաև զենքի, զինամթերքի հետ վարվելու կանոնների խախտումներ (2 հոգի) և այլ պատահարներ (3 հոգի)։ Գրանցվել է նաև 2 սպանություն։

2011–13 թվականներին կորուստների համեմատություն

ՄԱՐՏԱԿԱՆ ՈՉ ՄԱՐՏԱԿԱՆ Ընդհանուր
Հրադարի խախտում Ականներ Սպանություններ Ինքնասպանություններ Առողջական խնդիրներ Դժբախտ պատահարներ
ՃՏՊ Զենքի, զինամթերքի հետ վարվելու կանոնների խախտումներ Այլ
2011 – – – – – – – – 32
2012 14 – 2 10 7 14 2 3 52
2013 6 1 5 6 3 5 3 1 30

Այսպիսով, նախորդ տարվա համեմատ 2013-ին կորուստների թիվը նվազել է շուրջ 40 տոկոսով։

Ադրբեջան,ՊՆ,կադրային փոփոխություններԱդրբեջանի պաշտպանական ու անվտանգության համակարգերի 2013-ի կորուստները

Ռազմինֆոն ամփոփում է Ադրբեջանի ցամաքային զորքերի, ռազմաօդային ու ռազմածովային ուժերի, պետական սահմանապահ ծառայության, ներքին զորքերի, պետական պահպանության հատուկ ծառայության, մոբիլիզացիայի ու զորակոչի պետական ծառայության կորուստները այս տարվա հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 28-ը ժամանակահատվածում։

Կորուստները ներկայացնում ենք «մարտական» («հայկական գնդակից», ինչպես նաև Իրանի հետ սահմանային միջադեպի զոհեր) և «ոչ մարտական» բաժանումով։ Այս տարի Ադրբեջանում ականների պայթյուններից անվերադարձ կորուստների մասին չի հայտարարվել, բայց կան վիրավորներ, որոնց կարելի է դասել «մարտականների» շարքում, քանի որ միջադեպերն առաջնագծի մոտ են եղել։

Ոչ մարտական կորուստներ են դժբախտ պատահարների (ներառյալ ավտո- և ավիավթարների), ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով սպանությունների և ինքնասպանությունների, հիվանդությունների, արտակարգ իրավիճակների հետևանքով գրանցված զոհերը։

Աղբյուրներ

Զեկույցի աղբյուրներն են Ադրբեջանի պաշտպանության նախարարության կայքը, ադրբեջանական լրատվամիջոցների հրապարակումները, ադրբեջանական «Դոկտրինա» լրագրողների ռազմական ուսումնասիրությունների կենտրոնի զեկույցները, ինչպես նաև այդ թեմայով Panorama.am լրատվական կայքի նյութերը։

Հարկ ենք համարում նշել, որ Ադրբեջանի ՊՆ պաշտոնական տվյալներին պետք է վերապահությամբ մոտենալ, քանի որ հայտնի են դեպքեր, երբ հետմահու պարգևատրել են զինծառայողների, որոնք մինչ այդ մամուլում ներկայացված են եղել որպես ոչ մարտական կորուստներ։ Այսպես, 2012-ի օգոստոսի վերջին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պարգևատրել էր շարքային Փարվին Նաիգ օղլու Ասքերովին «Զինվորական վաստակի համար» մեդալով, թեպետ մինչ այդ մամուլում այդ դեպքը ներկայացվել էր որպես ավտովթար։ Այսինքն՝ Բաքուն կամ կոծկում է մարտական կորուստը, կամ պարգևատրում է ավտովթարից սպանվածի. առաջին վարկածն այս դեպքում, ենթադրում ենք, ավելի հավանական է։

Բացի այդ, այս կամ այն դժբախտ պատահարի պատճառով վիրավորված զինծառայողների մասին թե´ պաշտոնական աղբյուրներից, թե´ ադրբեջանական մամուլում հաճախ հայտնի է դառնում միայն, երբ տուծաժը մահանում է։ Օրինակ՝ Ադրբեջանի ԶՈւ ենթասպա Ումուդով Էլշադ Մուսլիմ օղլուի մահվան մասին հաղորդվել էր միայն հոկտեմբերի 17-ին, մինչդեռ վերջինս ծանր վնասվածքներ էր ստացել դեռևս հոկտեմբերի 7-ին, ըստ ադրբեջանական աղբյուրների՝ ՃՏՊ-ի հետևանքով, ինչի մասին Ադրբեջանի ՊՆ-ն լռել էր։

Ադրբեջանի ՊՆ-ի՝ զինծառայողների մահվան պատճառները կոծկելու փաստեր են վերհանվել նաև վերջին օրերին։ Ադրբեջանի Կտտանքների դեմ հանձնաժողովը հաստատում է, որ ընթացիկ տարում առնվազն 5 զինծառայող մահացել է բռնության պատճառով, մինչդեռ այդ դեպքերը նախկինում պաշտոնապես նշվել ենորպես առողջական խնդիրների պատճառով կորուստներ կամ ինքնասպանություններ։

Ինչ վերաբերում է «Դոկտրինա» կենտրոնին, ապա չնայած վերջինս ադրբեջանական կորուստների վերաբերյալ ներկա դրությամբ մեզ հասանելի հիմնական աղբյուրն է, այդ կազմակերպության վերաբերյալ որոշակի հարցեր են առաջանում։ Օրինակ՝ կազմակերպության ղեկավարն է ոմն Ջասուր Սումերինլին, որի անձի մասին շատ քիչ բան է հայտնի։ Նրա խոսքերով՝ կենտրոնը կորուստների մասին զեկույցներ է կազմում 2003-ից, սակայն համացանցում մեզ չհաջողվեց կազմակերպության մասին 2011-ից վաղ որևէ հիշատակում գտնել։

Վերջին շրջանում «Դոկտրինան» կորուստների վերաբերյալ ամսական զեկույցներ է տալիս, որոնք հիմնականում հրապարակվում են ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալության կայքերում։ Սակայն զեկույցները «Թուրանում» ներկայացվում են ամփոփ, միայն թվերով՝ առանց միջադեպերի մանրամասների, սպանվածների անունների և անձնական տվյալների։ Փոխարենն այս տարի անուններով և անձնական տվյալներով տարեկան ամփոփման տեսքով զեկույց է հրապարակվել ադրբեջանական «Զերկալո» պարբերականում:

Հաստատված և չհաստատված կորուստների խնդիրը

2013-ին Ադրբեջանի պաշտպանական և անվտանգության համակարգերում,  համաձայն Ադրբեջանի էլեկտրոնային մամուլի մշտադիտարկման, գրանցվել է 84զոհ։ Ադրբեջանական կողմի բնորոշմամբ դրանցից 11-ը «մարտական» են, իսկ 73-ը՝ «ոչ մարտական»:

Հաստատված ենք համարում այն կորուստները, որոնց մասին հայտնվել է պաշտոնական հաղորդագրությամբ կամ էլ լրատվամիջոցների հետ ՊՆ մամուլի ծառայության զրույցներում։ Ըստ այդմ, նշված 84 կորուստներից պաշտոնապես չեն հաստատվել 32-ը։

Ուշագրավ է, որ ՊՆ-ի չհաստատած կորուստների մեծամասնությունը ժամանակահատվածով համընկնում է պաշտպանության նոր նախարար Զաքիր Հասանովի պաշտոնավարման մեկնարկի հետ։ Հոկտեմբերի 24-ից կադրային կտրուկ փոփոխությունների արդյունքում պաշտոնից հեռացվեցին նաև մամուլի ծառայության ղեկավար Էլդար Սաբիրօղլուն ու վերջինիս տեղակալԹեյմուր Աբդուլաևը։ Ադրբեջանում լրագրողները սկսեցին դժգոհել, որ ՊՆ-ից բավականին հաճախ հրաժարվում են մեկնաբանություններ տալ կամ զանգերին առհասարակ չեն պատասխանում։ Իհարկե, Սաբիրօղլուին դժվար է անվանել լրագրողների հետ թափանցիկ աշխատող խոսնակ, քանի որ նրա օրոք էլ ՊՆ մամուլի ծառայության աշխատանքից դժգոհությունները քիչ չէին։

Այնուհանդերձ, ակնհայտ է՝ Զաքիր Հասանովի պաշտոնավարումից հետոԱդրբեջանի ՊՆ-ից զոհերի և միջադեպերի վերաբերյալ հայտարարությունները գրեթե դադարել են։ Օրինակ՝ նոյեմբեր ամսվա ընթացքում ադրբեջանական լրատվակայքերում կորուստների մասին որևէ տեղեկություն չի հաղորդվել։

2013 թվականի կորուստների վերլուծություն

Ըստ ադրբեջանական մամուլի և ՊՆ տվյալների՝ 73 ոչ մարտական զոհերից 10 զինծառայող ինքնասպանություն է գործել, 16-ը մահացել է հիվանդություններից (քաղցկեղ, լեյկոզ, ուղեղի ուռուցք, սրտի անբավարարություն և այլն), 15-ը՝ ավտովթարի, 3-ը՝ ավիավթարի (Մի-17 բեռնատար ուղղաթիռի կործանում) պատճառով:

Ոչ մարտական կորուստներից 6-ը բաժին է ընկնում զենքի հետ անզգույշ վարվելու, 6-ը՝ ծառայակցի կրակի, 1-ը՝ ծառայակցի դանակահարության, 1-ը՝ ծառայակիցների ծեծի, 1-ը՝ քաղաքացիական անձի հետ վեճի դեպքերին: 8-ը դժբախտ պատահարների զոհ են, որոնցից 1-ը՝ հրդեհի, 1-ը՝ գազից թունավորման, 2-ը՝ էլեկտրահարության, 3-ը՝ ջրահեղձության, 1-ը՝ տանկի կողաթեքվելու դեպքեր են: 6 զինծառայողների մահվան պատճառներն անհայտ են:

Ըստ զինվորական կոչումների՝ զոհված զինծառայողների շարքում 8-ը ենթասպաներ են, 4-ը՝ լեյտենանտներ, 3-ը՝ ավագ լեյտենանտներ, 1-ը՝ փոխգնդապետ, 2-ը՝ կապիտան, 2-ը՝ կուրսանտ, 1-ը՝ նավաստի, 1-ը՝ սպա, որի զինվորական կոչումը չի նշվում։ Կոչումների առումով ցանկն ամբողջական չէ, քանի որ շատ դեպքերում թե´ադրբեջանական մամուլը, թե´ ՊՆ մամուլի ծառայությունը զոհված զինծառայողի կոչումը կամ պաշտոնը չեն նշում։

Վիրավորներ/անհայտ կորածներ

Անցնող տարում Ադրբեջանի պաշտպանական և անվտանգության համակարգերում, համաձայն ադրբեջանական էլեկտրոնային լրատվամիջոցների հաղորդած տվյալների, գրանցվել է 87 վիրավոր, որից 9-ը, ադրբեջանական կողմի բնորոշմամբ, «հայկական գնդակից», 3-ը՝ ականների պայթյունից։ «Դոկտրինայի» հաղորդմամբ՝ վիրավորների թիվն 96 է, սակայն կենտրոնը չի ներկայացրել վիրավորների անձնական տվյալներն ու այլ մանրամասներ:

Սեպտեմբերի 28-ին Ադրբեջանի ԶՈւ 19-ամյա զինծառայող Զեյնալով Նուրլան Վիդադի օղլուն անհայտ կորած է հայտարարվել։ Զինծառայողն արձակուրդի ընթացքում՝ սեպտեմբերի 21-ին, դուրս է եկել տանից ու չի վերադարձել։ Մինչ օրս զինծառայողի հայտնաբերման լուրեր Ադբեջանի էլեկտրոնային լրատվամիջոցներում չկան։

«Դոկտրինայի» զեկույցի հետ զուգահեռներ

Նկատենք, որ ըստ «Դոկտրինայի» 2013-ի ամսական ամփոփումներից հավաքագրված տվյալների՝ Ադրբեջանն անցնող տարում ունի 79 կորուստ, 96 վիրավոր։ Ճիշտ է, Ջասուր Սումերինլին իր ասուլիսներում պարբերաբար նշում է, որ իրենց զեկույցները կազմվում են ադրբեջանական մամուլի մշտադիտարկման արդյունքում, սակայն ենթադրում ենք, որ կենտրոնն այլ աղբյուրներ ևս ունի։

Այսպես, «Դոկտրինա»-ի 2013-ի զեկույցում նշվում է ԱԻՆ-ի զոհված 2 աշխատակիցների մասին, որոնց վերաբերյալ էլեկտրոնային մամուլում տվյալներ չկան։ Ընդ որում, կորուստներից մեկը հունվար ամսվա 6 ոչ մարտական զոհերից է եղել՝ դատելով ամսական զեկույցից, իսկ մյուսը՝ մայիս-հուլիսին, Նախիջևանի ԱԻՆ-ից:

«Դոկտրինան» արդեն իսկ տարվա ավարտին ներկայացված զեկույցում նշում է զոհված ԱԻՆ աշխատակիցներից մեկի անունը՝ Ռուսլան Գուլիև, ով հուլիսի 3-ին ավտովթարի է ենթարկվել ու զոհվել, սակայն պաշտոնական հաստատում չկա:

Նշենք, որ «Դոկտրինայի» տարեկան զեկույցը հրապարակվել է դեկտեմբերի 20-ին, իսկ դեկտեմբերի 24-ին Ադրբեջանի ԱԻՆ-ը գրանցել է ևս մեկ զոհ. ԱԻՆ մամուլի ծառայության հաստատմամբ՝ հրշեջ ծառայության աշխատակից Զաուր Էյվազովը մահացել է հրդեհը մարելիս, ուստի կորուստն ընդգրկված չէ «Դոկտրինայի» ներկայացրած 79 զոհերի ցուցակում։

Նշենք, որ Ռազմինֆոն ԱԻՆ 3 կորուստներն Ադրբեջանի այս տարվա զոհերի շարքում չի ներառել։

«Դոկտրինան» որպես մարտական կորուստ է ներկայացրել Իրանի հետ սահմանի Լերիքի շրջանում սահմանային միջադեպի հետևանքով զոհված, պետական սահմանապահ ծառայության մայոր Մաքսուդ Նագիևին, որի մահվան լուրն իրանական կողմը չի հաստատել:

Կենտրոնը ոչ մարտական կորուստների շարքում ընդգրկել է բարձրաստիճան զինվորականների մահվան 2 դեպք:

Մասնավորապես, սեպտեմբերի 3-ին Ադրբեջանի՝ զորակոչի ու մոբիլիզացիայի պետական ծառայության ղեկավարի տեղակալ Ռամիզ Մամեդովը մեկ շաբաթ առաջ ուղեղի կաթված տանելուց ու հիվանդանոց տեղափոխվելուց հետո մահացել էր:

Նոյեմբերի 22-ին սրտամկանի ինֆարկտից մահացել էր Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության ղեկավար, գեներալ-լեյտենանտ Էլչին Գուլիևի տեղակալը՝ ԶՈւ գեներալ-մայոր Մուհամմեդ Աբբասգուլիևը։

Բացի այդ, 2013-ի նոյեմբերի 3-ին, ներկայացնելով հոկտեմբեր ամսվա ընթացքում գրանցված կորուստները, «Դոկտրինան» փաստում է՝ եղել է 76 կորուստ, 66-ը՝ ոչ մարտական, իսկ դեկտեմբերի 2-ին կենտրոնը տեղեկացնում է՝ տարվա սկզբից մինչ դեկտեմբերի սկիզբը գրանցվել է 77 կորուստ, որից 67-ը՝ մարտական։

Համեմատելով թվերը՝ տեսնում ենք, որ ոչ մարտական զոհերի ցուցակում նախորդ ամսվա «հիվանդությունից մահացած 11 հոգին» դարձել է «12 հոգի»։ Փաստորեն, նոյեմբեր ամսվա ընթացքում գրանցվել է առնվազն 1 կորուստ հիվանդության պատճառով, սակայն ադրբեջանական լրատվակայքերի մշտադիտարկումը ցույց է տալիս՝ նոյեմբեր ամսվա ընթացքում Ադրբեջանի պաշտպանական ու անվտանգության համակարգերում կորուստներ չեն հայտարարվել, գրանցվել է 7 վիրավոր և տուժած։ Այսինքն՝ հիվանդությունից մահացած ադրբեջանցի զինծառայողի մասին ադրբեջանական ՊՆ-ն ու մամուլը չեն հաղորդել։

Հարկ է նշել, որ մայիսի 3-ին Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության այդ ժամանակվա ղեկավար Էլդար Սաբիրօղլուն հայտարարել էր՝ մինչ այդ պահն Ադրբեջանում «հայկական գնդակից» զոհվել է 7 զինծառայող, մինչդեռ նույն ժամանակահատվածում ադրբեջանական մամուլի մշտադիտարկումը ցույց է տալիս՝ «թշնամու գնդակից» զոհվել են միայն 5 զինծառայող: «Դոկտրինան» հայտարարել է, որ իրեն ևս հայտնի չեն մնացյալ 2-ի անունները, ուստի զեկույցում դրանք ընդգրկված չեն։

Այնուամենայնիվ, որոշ վերապահությամբ ներառել ենք Սաբիրօղլուի հայտարարած 7 կորուստներն էլ՝ դիտարկելով որպես պաշտոնական հայտարարություն։ Բայց հարկ ենք համարում շեշտել, որ չի բացառվում՝ այդ 2 անհայտ զոհերն իրականում լինեն գրանցված ոչ մարտական կորուստների շարքում։

Կասկածելի մահեր

• 2013-ի սկզբին՝ հունվարի 7-ին, 1994-ին ծնված զինծառայող Ջեյհուն Զաման օղլու Գուբադովը, որը զորակոչվել էր 2012-ի հոկտեմբերին, պաշտոնական վարկածով մահացել է սրտի կաթվածից, սակայն ադրբեջանական մամուլում հայտնվել էին զինծառայողի դիի լուսանկարները՝ կապտուկների և վնասվածքերի հետքերով։ Զինծառայողի մահվան դեպքը քննարկումների առիթ էր տվել սոցցանցերում, որոնք հունվարի 12-ին վերաճել էին ոչ մարտական կորուստների մեծ թվի դեմ ուղղված բողոքի ցույցի։

• Փետրվարի 11-ին հայտնի է դարձել՝ Ադրբեջանի ՌՕՈւ Մի-17 բեռնատար ուղղաթիռն ընկել է Կասպից ծովը, որի հետևանքով օդաչուն և 2 մեխանիկները զոհված են համարվում: Հայտնաբերել են միայն մեխանիկներից մեկի դին: Մինչ օրս ուղղաթիռի վթարի պատճառի մասին հայտարարություն չի եղել:

• Նախիջևանում փետրվարի 15-ին զորավարժության ժամանակ տանկն ընկել է կիրճը։ Տանկը կառավարող պայմանագրային զինծառայող Մուշվիգ Հազանֆար օղլու Բեյլյարովը չի կարողացել դուրս գալ տանկից ու մահացել է։ Ադրբեջանի ՊՆ-ն չի մեկնաբանել իրավիճակը, անհայտ են տանկի վթարի պատճառները։

• Մարտի 2-ին Ադրբեջանի գլխավոր կլինիկական հոսպիտալում ադրբեջանական լրատվակայքերի հայտնած նախնական տեղեկություններով հեպատիտից մահացել է Ջամշիդ Նախիջևանցու անվան ռազմական լիցեյի կուրսանտ Ռահիլ Ամիքիշիևը։ ՊՆ-ն մինչ օրս մահվան պաշտոնական վարկած չի ներկայացրել։

• Մարտի 24-ին պետական պահպանության հատուկ ծառայության զինծառայող, 19-ամյա Մամեդով Մամեդաղա Նովրուզ օղլուին կախված են գտել ուղղաթիռների օդանավակայանի տարածքում: Ադրբեջանի ՊՆ-ն չի արձագանքել միջադեպին: Պատճառներն անհայտ են:

• Սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի ՊՆ-ն հաստատել է Շամխորի բանակային կորպուսի Թովուզի շրջանի զորամասերից մեկի` 1994-ին ծնված զինծառայող Ասքերլի Անար Դաղըսթան օղլուի մահվան փաստը՝ որպես պատճառ նշելով զենքի հետ անզգույշ վարմունքը: Ադրբեջանական մումուլում տարածվել էր զինծառայողի վերջին սոցցանցային գրառումը, որտեղ նա դժգոհել էր պետությունից:

• Սեպտեմբերի 24-ին հայտնի է դարձել, որ հոսպիտալի բժիշկ, ՆԶ կապիտան Ադիլ Գուլիևը մահացել է «ինչ-որ հիվանդությունից»: Միջադեպի մանրամասներն անհայտ են, ՆԶ-ից չեն մեկնաբանել։

Նախորդ տարիների հետ համեմատություն

2010-ին Ադրբեջանի պաշտպանական գերատեսչություններում գրանցվել էր 71զոհ, 2011-ին՝ 95, որից մարտականը՝ 19, 2012-ին՝ 97  (ըստ «Դոկտրինայի»), 99-ը (ըստ Panorama.am-ի), որից մարտականը՝ 16 (13-ը՝ հրադադարի խախտում, 3-ը՝ ականի պայթյուն): 2012-ի ոչ մարտական կորուստների շարքում 22-ը ծառայակիցների արձակած կրակի ու դանակահարության, 19-ը՝ ինքնասպանության, 16-ը՝ ավտովթարների, 14-ը՝ հիվանդության, 5-ը՝ տարբեր արտակարգ իրավիճակների զոհեր են, 5-ը՝ անհայտ:

Ստացվում է՝ 2012-ի համեմատ Ադրբեջանում կորուստների ընդհանուր քանակը նվազել է 13.4 %-ով, մարտական կորուստները՝ 31.3 %-ով, ինքնասպանություններինը՝ 47.4%-ով, սպանություններինը՝ 59.1 %-ով, ավտովթարներինը՝ 6.4%-ով, հիվանդության հետևանքով մահվան դեպքերի թիվն աճել է 14.3 %-ով:

Անկախ

ՀՀ ոստիկանության հայտարարությունը Ամանորի նախօրյակին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ոստիկանությունՀարգելի հայրենակիցնե՛ր, առջևում Ամանորի և Սուրբ Ծննդյան տոներն են, որոնք ավանդաբար անցկացնելու ենք բարձր տրամադրությամբ ու մեծ ակնկալիքներով:
Այս տարի էլ Ճանապարհային ոստիկանությունը և՛ Ամանորի գիշերը, և՛ հաջորդող օրերին ուժեղացված ծառայություն է իրականացնելու հանրապետության բնակավայրերում ու ավտոճանապարհներին: Վիճակագրությունը փաստում է այդ ձեռնարկի արդյունավետությունն ու անհրաժեշտությունը. նախորդ երկու ամանորյա տոներին ուժեղացված ծառայության շնորհիվ կտրուկ նվազել են ճանապարհային պատահարները, կրճատվել է վթարներից ու վրաերթերից տուժածների թիվը:
Հարգելի վարորդնե՛ր, ոգելից խմիչքի թեկուզ փոքր չափաբաժնից հետո ձեռնպահ մնացեք ավտոմեքենա վարելուց: Հարբած վարորդների հանդեպ ոչ մի ներողամտություն չի դրսևորվի: Հիշե՛ք, որ տոնականության գրավականը երթևեկության մասնակիցների ապահովությունն ու անվտանգությունն է, որի համար պատասխանատու եք: Ուշադիր ու զգոն եղեք երթևեկելիս:
Հարգելի քաղաքացինե՛ր, երթևեկության անվտանգության ապահովման գործում աջակցեք ոստիկանությանը, փոխադարձ հսկում ու քարոզչություն իրականացրեք:
Ոստիկանությունը հատկապես այս օրերին ամբողջ ծավալով և ամենայն խստությամբ կիրականացնի իր գործառույթները, սակայն ակնկալում ենք երթևեկության բոլոր մասնակիցների բարձր իրավագիտակցություն՝ հիշեցնելով, որ կանոնները խախտելով՝ նախևառաջ վտանգում եք ձեր կյանքն ու առողջությունը:
Հարգելի համաքաղաքացինե՛ր, ոստիկանությունը հորդորում է խստիվ պահպանել անվտանգության կանոնները նաև տոնական հրավառություններ կազմակերպելիս:


Պայթուցիկ հրագործական միջոցների հետ վարվելու կանոնները չպահպանելու հետևանքով դժբախտ պատահարները բացառելու, ինչպես և հասարակական կարգի և անվտանգության պահպանման նպատակով՝ քաղաքացիներին կրկին հիշեցնում ենք, որ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 180-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ գիշերային ժամերին՝ 23.00-ից մինչև 7.00-ն ընկած ժամանակահատվածում, հրագործական արտադրատեսակներ օգտագործելն առաջացնում է վարչական տուգանք՝ 100.000 դրամի չափով: Միևնույն ժամանակ, ՀՀ կառավարության 2012 թ. օգոստոսի 9-ի համապատասխան որոշմամբ՝ Ամանորի կապակցությամբ թույլատրվում է հրավառություն կազմակերպել դեկտեմբերի 31-ի ժամը 23.00-ից մինչև հաջորդ օրվա ժամը 1.00-ն:
Ոստիկանությունը վերստին հորդորում է խստագույնս պահպանել օրենքի պահանջը, իսկ կարգազանցները կենթարկվեն օրենքով սահմանված պատասխանատվության:
Հարգելի բարեկամնե՛ր, կրկին կոչ ենք անում պահպանել համակեցության կանոնները, դրսևորել փոխադարձ հարգանք ու հանդուրժողականություն. հնարավոր պատահարներն ու դժբախտ դեպքերը բացառելով՝ իսկապես տոն դարձնենք նոր տարվա գալուստը:
Ոստիկանությունը շնորհավորում է ձեզ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ, մաղթում ամենայն բարիք, բարօրություն ու երջանկություն:

Անկախ

Որո՞նք են հանրակրթության խնդիրները

հանրակրթություն66«Կրթության մասին» ՀՀ օրենքի 13 հոդվածի համաձայն` հանրակրթությունը մտնում է ուսումնական հաստատությունների տիպերի մեջ: Պետք է նշել, որ  հանրակրթության նպատակը սովորողների մտավոր, հոգևոր, ֆիզիկական և սոցիալական որակների համակողմանի և ներդաշնակ զարգացումն է, անձի` որպես ապագա քաղաքացու ձևավորումը, մասնագիտական կողմնորոշումը, նրան ինքնուրույն կյանքի և մասնագիտական կրթությանը նախապատրաստելը: Այս նպատակների իրականացման համար օրենքը սահմանում է հանրակրթության հիմնական խնդիրները, որոնք են`

1) սովորողների կողմից բնության, հասարակության, տեխնիկայի, արտադրության և բնապահպանության մասին հիմնարար գիտելիքների յուրացումը, շարունակական կրթության համակարգում նրանց ինքնակրթության և ինքնազարգացման համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելը,

2) համամարդկային և ազգային արժեքներին հաղորդակից, ազգային մշակութային ու բարոյահոգեբանական ժառանգությունը կրող և գործուն քաղաքացիական դիրքորոշում ունեցող անհատ և քաղաքացի ձևավորելը,

3) սովորողների ռազմահայրենասիրական դաստիարակության և նախնական զինպատրաստության համալիր ծրագիր իրականացնելը:

Այդ խնդիրներն իրականացվում են եռաստիճան միջնակարգ հանրակրթական դպրոցում` 12 տարի ընդհանուր տևողությամբ` հետևյալ հաջորդական աստիճաններով`

1) տարրական դպրոց (1-4-րդ դասարաններ),

2) միջին դպրոց (5-9-րդ դասարաններ),

3) ավագ դպրոց (10-12-րդ դասարաններ):

Տարրական դպրոցում ուսուցումը նպատակաուղղվում է լեզվամտածողության և տրամաբանության հիմքերի, ուսումնառության և աշխատանքային նախնական հմտությունների ձևավորմանը, ազգային և համամարդկային արժեքներին նախնական հաղորդակցմանը:

Միջին դպրոցում ուսուցումը նպատակաուղղվում է առողջ ապրելակերպի, աշխարհի և բնության վերաբերյալ սովորողների գիտական պատկերացման ձևավորմանը, ինքնուրույն աշխատանքի, կրթության և հասարակական ինքնուրույն գործունեության համար անհրաժեշտ գիտելիքների նվազագույն ծավալի ապահովմանը: Միջնակարգ հանրակրթական դպրոցի առաջին երկու աստիճանները կազմում են հիմնական դպրոցը:

Ավագ դպրոցում ուսուցումը նպատակաուղղվում է հենքային հանրակրթական պատրաստությունն ապահովող գիտելիքների յուրացմանը: Ավագ դպրոցում սովորողների հակումներին, կարողություններին և ընդունակություններին համապատասխան կարող է լրացուցիչ կրթական ծրագրերով իրականացվել տարբերակված (հոսքային) ուսուցում:

Միջին և ավագ դպրոցում հայոց լեզու և հայ գրականություն, հայոց պատմություն առարկաների ուսուցումն ավարտվում է գիտելիքների պարտադիր ամփոփիչ ատեստավորմամբ:

Հիմնական ընդհանուր կրթությունը պարտադիր է: Հիմնական ընդհանուր կրթության պարտադիր լինելու պահանջը պահպանվում է մինչև սովորողի 16 տարին լրանալը, եթե այն չի բավարարվել ավելի վաղ: 16 տարին լրանալուց հետո սովորողը ծնողների (որդեգրողների կամ հոգաբարձուի) համաձայնությամբ կարող է թողնել դպրոցը:

Պարտադիր հիմնական ընդհանուր կրթության պահանջը չի տարածվում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների որոշակի կատեգորիաների վրա, որոնք սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

 Պատրաստեց  Ավետիք ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ

Անկախ

Ըստ դատապարտյալի հաղորդման` քրեակատարողական հիմնարկի բարձրաստիճան պաշտոնյաները կաշառք են ստացել

հքծՀՀ Արդարադատության նախարարության «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի (ՔԿՀ) դատապարտյալ Ա. Ս.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ ՔՕ 311-րդ հոդվածի 1-ին մասով և 3-րդ մասի 3-րդ կետով հարուցվել է քրեական գործ:
Ըստ դատապարտյալ Ա. Ս.-ի հաղորդման` ՀՀ ԱՆ «Հրազդան» ՔԿՀ դատապարտյալ Մ. Ղ.-ն 2010 թվականից մինչև 2011 թվականն ընկած ժամանակահատվածում որպես դատապարտյալ` ՀՀ ԱՆ «Վանաձոր» ՔԿՀ-ում ազատազրկման ձևով պատիժ կրելու ընթացքում տեղափոխվել է դատապարտյալների հիվանդանոց:
Նույն ժամանակահատվածում արտասահմանում մշտապես բնակվող մայրը` Ն. Ղ.-ն, «Վանաձոր» ՔԿՀ-ի պետի տեղակալին է ուղարկել խոշոր չափի գումար` իրեն դատապարտյալների հիվանդանոցից ՀՀ ԱՆ «Վանաձոր» ՔԿՀ ուղարկելու համար:
Բացի այդ, Ն. Ղ.-ն «Վանաձոր» ՔԿՀ-ի պետի տեղակալին փուլ-փուլ գումար է ուղարկել, իսկ քրոջ ամուսինը 2010 թվականին ՀՀ ԱՆ «Կոշ» ՔԿՀ-ում ազատազրկման ձևով իր պատիժը կրելու ընթացքում, «Վանաձոր» ՔԿՀ պետի տեղակալին է տվել որոշակի գումար` պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու միջնորդություն ներկայացնելու համար:
Բացի դրանից, քույրը` Ռ. Ա.-ն, իր համար «Վանաձոր» ՔԿՀ-ում բարենպաստ պայմաններ ստեղծելու նպատակով հիշյալ ՔԿՀ պետի տեղակալին տվել է գումար, և այլ ապրանքներ:
ՀՔԾ մամուլի ծառայությունից Անկախին տեղեկացնում են, որ կատարվում է նախաքննություն:

Այս տարի լրագրողների նկատմամբ բռնությունները Հայաստանում ավելացել են

իրավունք2013-ն, ըստ իրավապաշտպանների, Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության առումով լարված է եղել` պայմանավորված նախագահի և Երևանի ավագանու ընտրություններով: Այս մասին նշվեց այսօր «Մեդիա կենտրոնում» կայացած քննարկման ժամանակ:

Հայաստանում Հելսինկյան  կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը նշեց, որ ամեն տարի  Հայաստանում մարդու իրավունքների վերաբերյալ զեկույցներում  նույն փաստերն են գրված և ամեն տեղ կարելի է տեսնել նման արտահայտություն`  էական առաջընթաց չի նկատվում:

«Տարեցտարի Հայաստանում մարդու իրավունքների վիճակը չի փոխվում, երբեմն-երբեմն վիճակը մեղմանում է: Կարծում եմ, որ սա քաղաքական համակարգի արդյունքն է,- ասում է Իշխանյանը:- Խնդիրն  այն է, որ որքան էլ խոսենք, չունենք իշխանությունների տարանջատում: Դատարանները գործադիր իշխանության շարունակությունն են: Այսպիսի դատարան ունենալու պայմաններում մարդու իրավունքներում առաջընթաց չի կարող լինել»:

Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ նախագահ Ժաննա Ալեքսանյանն անդրադարձավ բանակում սպանությունների դեպքերին` նշելով, որ  նախաքննության ընթացքում վկաներին պահում են անազատության մեջ, նրանց  նկատմամբ հետապնդումները շարունակվում են նաև դատարանից դուրս: Նրա խոսքով` դատապարտվողները հիմնականում շարքային զինծառայողներ են` սոցիալապես անապահով ընտանիքներից, որոնք անգամ իրավական պաշտպանություն  չեն կարող ապահովել իրենց:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի խոսքով`  բանակում անօրինությունների մասին խոսելիս միշտ նշվում է  պաշտպանության նախարարի անունը, մինչդեռ «զինվորական ծառայության կազմակերպման, կանոնադրական հարաբերությունների ապահովման անմիջական  պատասխանատուն մշտապես ստվերում մնացող  Խաչատուրովն է` գլխավոր շտաբի պետը: Մահացության, կոռուպցիայի ամեն մի դեպքի համար ինքն է պատասխանատու»:

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանի կարծիքով` 2013-ը շատ լարված է եղել լրագրողների և լրատվամիջոցների համար. «Եղել են երկու ընտրություններ, որի  դեպքում  լարվում է քաղաքական մթնոլորտը, իսկ այդ ժամանակ ուժեղանում են գրոհները լրատվամիջոցների նկատմամբ»:Մելիքյանը նշեց, որ  2013-ի ինն ամսների տվյալներով  այս տարի լրագրողների նկատմամբ  բռնություններն ավելացել են.  2012 –ի ողջ ընթացքում բռնության  4  դեպք է գրանցվել, այս տարվա ինն ամիսներին` 7 դեպք:

2013-ի հունվար-սեպտեմբեր ամիսներին լրագրողների նկատմամբ  ճնշման 49 դեպք է գրանցվել, 2012-ին`  37:  Նախորդ տարի 10 դատական գործ էր հարուցվել լրատվամիջոցների նկատմամբ, այս տարի 20:

«Լիսկայի որդու և թիկնապահի նկատմամբ քրեական հետապնդման դադարեցումը և կալանքից ազատումը այն ցուցանիշն է, թե ինչպես է իշխանությունը վերաբերվում իր քաղաքացիներին,- ասում է  Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքուցը:- 2013-ին Տիգրան Առաքելյանի ազատվելուց կարճ ժամանակ անց ունեցանք ևս 14 քաղբանտարկյալ: Սա է իրավիճակը, երբ միակ միջոցը կամ քաղաքացիական անհնազանդությունն է կամ փախուստը արտագաղթի տեսքով»:

Սաքունցը ստեղծված իրավիճակի պատասխանատու է համարում բոլոր քաղաքական ուժերին` բացառությամբ մի քանի փոքր քաղաքական ուժերի.  «Մարդկանց մղում են հուսալքության, իրավական դաշտից մղում են վրեժխնդրության դաշտ»:

ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետ Մարտին Թադևոսյանն ասում է, որ ողջ տարվա ընթացքում ընդամենը  210 դիմում-բողոք են ստացել, ընդունելության է եկել 27 անձ:  Թադևոսյանի խոսքով` ԱԺ հանձնաժողովը լծակներ չունի արդյունավետ գործելու համար: Ըստ նրա` ԱԺ են դիմում քաղաքացիները, որոնք հուսահատության են հասել արդարություն փնտրելիս և ստիպված դիմում են ԱԺ նախագահին, վարչապետին, երկրի նախագահին:

Անդրադարձ կատարվեց նաև ՄԻՊ զեկույցին: Ավետիք Իշխանյանի կարծիքով` ՄԻՊ զեկույցը համարձակ էր. «Օրենքով ՄԻՊ-ին որևէ ձևով աշխատանքից հեռացնել չեն կարող: Բայց Հայաստանում կարող է գործել ահաբեկման, կոմպրոմատների մեխանիզմը: Եթե դա լինի, կիմանանք, որ միակ անկախ կառույցն էլ ոչնչացվեց»:

Խոսելով տարվա ձեռքբերումների մասին` Իշխանյանն ասում է, որ ամեն դրական բան ժամանակավոր կլինի, քանի դեռ իշխանությունների իրական տարանջատում  չկա և դատարաններն էլ անկախ չեն:

Որպես օրինակ` նշում է  «Հավաքների ազատության մասին » 2011-ին ընդունված օրենքը, որը համապատասխանում է միջազգային բարձր չափանիշներին:  Սակայն, ըստ Իշխանյանի, լավ օրենքը զրոյացվեց քաղաքական կամքի բացակայության պատճառով, քանի որ  բոլոր խաղաղ հավաքների ժամանակ բռնություններ են տեղի ունեցել:

 Անկախ

ՄԻԵԴ վճիռը չի ազդի Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի վրա

Արա ՂազարյանՀայոց ցեղասպանությունը հերքելու համար քրեական  հետապնդման ենթարկված Դողու Փերինչեքն  ընդդեմ  Շվեյցարիայի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռը չի ազդի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի վրա: «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը՝ գործն ինքնին  գնահատելով  որպես «բավականին հաջող  թուրքական լոբբինգի արդյունք»:

Ա.Ղազարյանը միաժամանակ գտնում է, որ այն կազդի ցեղասպանության հերքումը քրեականացնող օրենքներ ընդունելու գործընթացի վրա, ինչը ցեղասպանության ճանաչման գործընթացի էլեմենտներից մեկն է: «Քաղաքական դաշտում գործընթացները կշարունակվեն, գնալով ավելի ու ավելի շատ պետություններ կընդունեն,  որ ցեղասպանություն է եղել, բայց  չեն ընդունի օրենքներ»,- նշեց նա՝ հավելելով, որ Հայաստանը կպահպանի ցեղասպանության հերքման քրեականացնող դրույթը, ինչն իրավաչափ է և  պայմանավորված է հասարակական սուր պահանջով: «Մենք՝ հայերս, ցեղասպանության  առաջին զոհերն ենք»,- ասաց նա:

Եթե որևէ մեկը գա Հայաստան և հրապարակային հայտարարություններ կատարի՝ հերքելով 1915թ. դեպքերը՝ որպես ցեղասպանություն, դրա համար քրեական  հետապնդման ենթարկվի և գործը հասնի Եվրոդատարան, Ա.Ղազարյանի կարծիքով, կարող է այլ որոշում կայացվել: Հայաստանի պարագայում կարող է ընդունվել, որ այստեղ իսկապես հասարակական սուր պահանջ կա, որպեսզի քրեական հետապնդման ենթարկվեն նման անձինք: «Եվրոպական դատարանն  իր որոշումը միշտ տեղայնացնում է կոնկրետ հանգամանքների ներքո և ոչ թե համընդհանուր սկզբունք է սահմանում»,- ասաց Ա.Ղազարյանը՝ նկատելով, որ Շվեյցարիայի պարագայում Եվրոպական դատարանը չընդունեց, որ Շվեյցարիայում կա Հայոց ցեղասպանությունը հերքողներին քրեական պատասխանատվության ենթարկելու հասարակական  սուր պահանջ:

Եվրոդատարանի եզրահանգմամբ՝ Հայոց ցեղասպանության հարցում համընդհանուր համաձայնություն աշխարհում չկա. 190 պետություններից միայն 20-ն են ճանաչել Հայոց ցեղասպանությունը, կան այլ պետություններ ևս, որոնք ճանաչել են Ազգային պառլամենտի, դրա մեկ պալատի կամ նահանգի մակարդակով: Դատարանը տարբերակում անցկացրեց Հոլոքոստի և Հայոց ցեղասպանության միջև՝ վկայակոչելով Ռոժե Գարաուդին ընդդեմ Ֆրանսիայի  գործով նախադեպը,  նշվեց, որ  ուժի մեջ է մնում Հոլոքոստի առումով արված եզրահանգումն առ այն, որ  Հոլոքոստը՝ որպես ցեղասպանություն, աներկբայորեն ճանաչված փաստ է: Մինչդեռ Հայոց ցեղասպանության վերաբերյալ դեռ հանրային համաշխարհային քննարկումները շարունակվում են:

Այս փաստարկների հիմքում դրվել է 2011թ. հունիսից նոր զարգացող տեսությունը. Մարդու իրավունքների կոմիտեն այդ ժամանակ հրապարակեց իր թիվ 34 մեկնությունը, որով ազատ խոսքի տրամաբանությանը և Քաղաքական ու քաղաքացիական իրավունքների միջազգային դաշնագրին հակասող ճանաչվեց  որևէ անձի պատասխանատվության ենթարկելը՝ պատմական փաստի վերաբերյալ իր արտահայտած կարծիքի համար:

Իհարկե, վճիռը Շվեյցարիան կարող է բողոքարկել, սակայն, Ա.Ղազարյանի կարծիքով՝ շատ քիչ հնարավորություններ կան, որ վարույթ կընդունվի կամ  եթե նույնիսկ վարույթ ընդունվելու դեպքում  այլ որոշում կկայացվի, որովհետև սա նոր զարգացող տեսության արձագանքն  է:  Նշենք, որ վճիռն առաջին կատեգորիայի վճիռ է, այսինքն՝ դասվում է այն վճիռների շարքին, որոնցով բոլորովին նոր նախադեպ է ստեղծվել:

Շարունակությունը կարդացեք սկզբնաղբյուր կայքում.

Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը 65 տարեկան է

Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը65 տարի առաջ` դեկտեմբերի 10-ին, ընդունվել է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը, որում ասված է, որ «բոլոր մարդիկ ծնվում են ազատ ու հավասար` իրենց արժանապատվությամբ և իրավունքներով: Նրանք օժտված են բանականությամբ ու խղճով և պարտավոր են միմյանց նկատմամբ վարվել եղբայրության ոգով»:

ՄԱԿ-ի  Ընդհանուր վեհաժողովը հռչակագիրն ընդունել է 1948 թ. դեկտեմբերի 10-ին` երրորդ նստաշրջանի ժամանակ, 217A (III) որոշմամբ, Փարիզի Շայո պալատում, որին կողմ են քվեարկել 48 պետություն, ոչ մի դեմ չի եղել, ձեռնպահ են մնացել 7-ը` ԽՍՀՄ-ը, Ուկրաինական ԽՍՀ-ն, Բելառուսական ԽՍՀ-ն, Հարավսլավիան և Լեհաստանը, նաև Սաուդյան Արաբիան և Հարավաֆրիկյան Հանրապետությունը: 1950 թ. Ընդհանուր վեհաժողովի առաջարկով տարբեր պետություններ և կազմակերպություններ, իսկ այսօր նաև ամբողջ աշխարհը դեկտեմբերի 10-ը նշում է որպես մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օր:

Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրն այն փաստաթուղթն է, որը բովանդակում է մարդու հիմնական իրավունքների համակարգված շարադրանքը: Վաղուց արդեն շրջանառվում են մարդու իրավունքներ հասկացության սահմանման տարբեր մեկնաբանություններ: Ամենապարզ բացատրություններից մեկը հետևյալն է. իրավունքների այն խումբը, որն անհրաժեշտ է մարդուն արժանավայել և ստեղծագործ կյանքով ապրելու համար, ընդունված է անվանել մարդու իրավունքներ:  Այսօր` XXI դարում, մարդը տեխնիկական, գիտական հզոր նվաճումների է հասել, սակայն դեռևս խնդիր են մնում արդար դատավարությունը, խոսքի ազատությունը, ազատ տեղաշարժվելու իրավունքը, արժանապատիվ ապրելակերպը և հռչակագրով ամրագրված շատ այլ իրավունքներ:

Հռչակագրի ընդունմամբ խնդիր դրվեց, որի կատարմանը պետք է ձգտեն բոլոր ժողովուրդները, բոլոր պետությունները և հասարակական կազմակերպությունները՝ նախապատվություն տալով մարդու իրավունքների և հիմնական ազատությունների նկատմամբ հարգանքը խրախուսելուն և զարգացնելուն՝ առանց ռասայի, սեռի, դավանանքի խտրականության:

Հռչակագիրը դարձավ կարևոր փուլ համաշխարհային հանրության քաղաքակրթության առաջընթացում, անձի հավասարության, իրավունքներին և ազատություններին վերաբերող միջազգային նորմերի հարգման և պահպանման աստիճանի որոշման գործում: Այդ փաստաթղթերի սկզբունքների հիման վրա ՄԱԿ-ն ընդունել է միջազգային մի շարք պայմանագրեր, որոնք, ի տարբերություն հռչակագրի, ունեն ոչ թե հանձնարարական, այլ պարտադիր բնույթ ստորագրած պետությունների համար: Հատկանշական է, որ առաջադեմ երկրների սահմանադրությունները հիմնականում համապատասխանեցված են  հռչակագրի դրույթներին:

Հարկ է նկատել, որ հռչակագիրը թարգմանվել է 375 լեզուներով ու բարբառներով` դրանով իսկ մտնելով Գինեսի ռեկորդների գրքի մեջ որպես առաջատար տարբեր լեզուներով թարգմանված տեքստերի մեջ: Այն բաղկացած է 30 հոդվածներից և համարվում է իրավունքների առաջին գլոբալ սահմանումը, որով օժտված են բոլոր մարդիկ:

Մարդու իրավունքներն ու հիմնարար ազատություններն ամրագրված են ինչպես ՀՀ Սահմանադրությամբ, այնպես էլ գործող օրենսդրությամբ:  Իսկ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքն ընդունվել է 2003 թ. հոկտեմբերի 21-ին:

Պատրաստեց  Ավետիք ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ

Անկախ

Ո՞վքեր են համարվում շրջանառության հարկ վճարողներ

հարկ«Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքի (ընդունվել է 2012թ. դեկտեմբերի 19-ին) 4 հոդվածում թվարկվում է այն սուբյեկտների ցանկը, ովքեր հիշյալ օրենքի իմաստով համարվում են շրջանառության հարկ վճարողներ:

Հայաստանի Հանրապետությունում շրջանառության հարկ վճարող են համարվում ստորև սահմանված պայմանները բավարարող Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ համարվող առևտրային կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը և նոտարները, այդ թվում` նոր ստեղծված (պետական գրանցում ստացած կամ հաշվառված) հարկ վճարողները:

Շրջանառության հարկ վճարողներ են համարվում այն անձինք, որոնց կողմից նախորդ օրացուցային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով մատակարարված ապրանքների և մատուցված ծառայությունների (կատարված աշխատանքների) իրացումից հասույթը՝ առանց ԱԱՀ-ի, չի գերազանցել 58,35 մլն դրամը: Սույն դրույթի կիրառման առումով իրացման շրջանառությունը ներառում է նաև հաստատագրված վճարներով և (կամ) արտոնագրային վճարներով հարկվող գործունեության տեսակների մասով իրացման շրջանառությունը (իրացումից հասույթը), իսկ առևտրային կազմակերպության վերակազմակերպման (միացում, միաձուլում, առանձնացում, բաժանում, վերակազմավորում) դեպքում գործող կազմակերպության (կազմակերպությունների) իրացման շրջանառության հաշվարկման համար հիմք են ընդունվում վերակազմակերպմանը մասնակցող բոլոր կազմակերպությունների նախորդ օրացուցային տարվա իրացման շրջանառությունները:

Օրենքի նույն հոդվածում նշված է նաև այն սուբյեկտների ցանկը, ովքեր չեն կարող համարվել շրջանառության հարկ վճարողներ: Դրանք են`

1) «Հաստատագրված վճարների մասին» և (կամ) «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների համաձայն հաստատագրված վճար և (կամ) արտոնագրային վճար վճարող անձինք` գործունեության այդ տեսակների մասով,

2) ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներ արտադրողները և (կամ) ներմուծողները,

3) բանկերը, վարկային կազմակերպությունները, ապահովագրական ընկերությունները, ներդրումային ընկերությունները, արժեթղթերի շուկայի մասնագիտացված մասնակիցները, գրավատները, արտարժույթի առք ու վաճառքի, արտարժույթի դիլերային-բրոքերային առք ու վաճառքի գործունեություն իրականացնողները, ներդրումային ֆոնդերը, ֆոնդերի կառավարիչները, վճարահաշվարկային կազմակերպությունները, խաղատների, շահումով խաղերի կամ վիճակախաղերի կազմակերպման գործունեություն իրականացնողները, գյուղատնտեսական արտադրանք արտադրողները, աուդիտորական ընկերությունները, հաշվապահական հաշվառման ծառայություններ մատուցող կազմակերպությունները,

4) առևտրային կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը, նոտարները, եթե`

ա. առևտրային կազմակերպության կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալի 20 տոկոս և ավելի փայաբաժինը (բաժնետոմսը, բաժնեմասը) պատկանում է Հայաստանի Հանրապետության այլ ռեզիդենտ հանդիսացող առևտրային կազմակերպությանը կամ անհատ ձեռնարկատեր կամ նոտար հանդիսացող ֆիզիկական անձին,

բ. առևտրային կազմակերպության կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալի 20 տոկոս և ավելի փայաբաժինը (բաժնետոմսը, բաժնեմասը) պատկանում է այն անձին, որին միաժամանակ պատկանում է Հայաստանի Հանրապետության այլ ռեզիդենտ հանդիսացող առևտրային կազմակերպության կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալի 20 տոկոս և ավելի փայաբաժինը (բաժնետոմսը, բաժնեմասը),

գ. առևտրային կազմակերպությանը, անհատ ձեռնարկատիրոջը կամ նոտարին պատկանում է Հայաստանի Հանրապետության այլ ռեզիդենտ հանդիսացող առևտրային կազմակերպության կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալի 20 տոկոս և ավելի փայաբաժինը (բաժնետոմսը, բաժնեմասը),

5) երրորդ անձանցից (այդ թվում` պետական մարմիններից) ստացված կամ օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում ձեռք բերված տեղեկությունների հիման վրա` ընդհանուր տնտեսական շահերից ելնելով համաձայնեցված գործելու հիմքով վերադաս հարկային մարմնի սահմանած կարգով բացառապես վերադաս հարկային մարմնի ղեկավարի որոշմամբ փոխկապակցված ճանաչված անձինք, եթե նրանց ընդհանուր իրացման շրջանառությունը գերազանցում է 58,35 մլն դրամը,

6) համատեղ գործունեության պայմանագրի, ապրանքների մատակարարման կոմիսիայի կամ գործակալի անունից հանդես գալու պայման նախատեսող գործակալության պայմանագրի կողմ հանդիսացող անձինք:

Հարկ վճարողները համարվում են շրջանառության հարկ վճարող գործունեության բոլոր տեսակների մասով, բացառությամբ այն տեսակների, որոնք հարկվում են հաստատագրված վճարներով և (կամ) արտոնագրային վճարներով:«Շրջանառության հարկի մասին» ՀՀօրենքի իմաստով Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ կազմակերպություններ են համարվում Հայաստանի Հանրապետությունում ստեղծված (պետական գրանցում ստացած, հաշվառված) կազմակերպությունները:

 

 

Պատրաստեց Ավետիք ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ

Անկախ

ՄԻՊ-ը հրապարակել է դատական կաշառքների սակագները

կարեն անդրեասյանՄարդու իրավունքների պաշտպան Կարեն Ադրեասյանը հրապարակել է արտահերթ զեկույց արդար դատաքննության իրավունքի վերաբերյալ:

Զեկույցի նախաբանում Անդրեասյանը գրում է.  «Եթե Վճռաբեկ դատարանը լիներ վստահելի, ապա Վարդան  Պետրոսյանի վթարի, Ավետիք Բուդաղյանի սպանության, Հարսնաքարում  Վահե Ավետյանի սպանության դեպքերում ամեն քաղաքացի չէր փորձի  դառնալ դատավոր, փոխարենը կսպասեր Հայաստանի դատարանի արդար  վճռին: Եթե Վճռաբեկ դատարանը արդար գործեր, ապա Երևանում  տրասնպորտի գնի թանկացման, Կոմիտաս 5-ի խնդիրների, Փակ շուկայի  ապօրինի շինարարության դադարեցման, Մարցի, Թռչկանի ու այլ վիճելի  ՀԵԿ-երի կառուցումը դադարեցնելու, Տիգրան Առաքելյանի  պաշտպանության, Լյուքս Ստեփանյանի և այլ զորակոչիկների սպանության  բացահայտման, Թեղուտի բնապահպանական խնդրի լուծման համար  մարդիկ արդարադատություն չէին փնտրի փողոցներում:

Եթե Վճռաբեկ դատարանի և նրա երկու պալատների նախագահներ  Արման Մկրտումյանը, Դավիթ Ավետիսյանն ու Երվանդ Խունդկարյանը  պատշաճ գործեին, ապա դատական անօրեն վճիռներով հազարավոր  սովորական մարդկանցից չէին խլի տունը, փողը, աշխատավարձը,  սեփական երեխային, բանտերում չէին հայտնվի անմեղ մարդիկ, իսկ  հանցագործները չէին մնա ազատության մեջ: Վերջապես, եթե այդ երեք  նախագահները արդարություն ապահովեին, ապա Հայաստանից չէին  հեռանա օտարերկրյա տասնյակ ներդրողներ, ում թալանել են հենց  դատարաններում, իսկ հայ գործարարները չէին համակերպվի  մաքսակետերում ապօրինի ու երկակի ստանդարտներով կիրառվող հսկիչ  գների, ինչպես նաև օլիգարխներ ստեղծելու և պահելու այլ եղանակների  հետ»:

Զեկույցում ՄԻՊ-ը հրապարակել է դատական կաշառքների սակագները: Ըստ այդմ կաշառքի սակագները տատանվում են հետևյալ միջակայքերում. առաջին ատյանում` 500-10000 դոլար, վերաքննիչ դատարանում` 2000-15000 դոլար, վճռաբեկ դատարանում` 1000-50000 դոլար:

Զեկուցում նաև նշվում է, որ վճռաբեկ դատարանում ձևավորված «զոնալ դատավորների» ինստիտուտի միջոցով վերահսկում ու ճնշում են  ստորին ատյանների դատավորներին, հաճախ նաև պատրաստի վճիռն է իջեցվում վճռաբեկ դատարանի դատավորների կողմից: Իսկ դատավորների նկատմամբ, որոնք իրենց վճիռը նախապես չեն համաձայնեցրել վճռաբեկ դատարանի հետ, կիրառվում են ճնշումներ:

Զեկույցին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ:

Անկախ

Հարուցվել է քրեական գործ ոստիկանական մեքենան վնասած քաղացու և նրա նկատմամբ բռնություն գործադրած ոստիկանների նկատմամբ

հքծՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի հրամանատարի օգնական Վ. Մ.-ի զեկուցագրի հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ ՔՕ 258-րդ հոդվածի 2-րդ և 309-րդ հոդվածի 2-րդ մասերով հարուցվել է քրեական գործ:
Ըստ Վ. Մ.-ի զեկուցագրի` 2013 թվականի նոյեմբերի 12-ին իրենց դասակի ոստիկան Ս. Ա.-ի հետ Շենգավիթ վարչական շրջանում ծառայություն իրականացնելիս` ժամը 01.05-ի սահմաններում, «Լյուքս» հյուրանոցի մոտ կանգնեցրել են «Սամանդ» մակնիշի տաքսի ավտոմեքենա, որի միջից երաժշտության բարձր ձայն է լսվել, իսկ վարորդ Արտակ Ո.-ն գտնվել է ալկոհոլային հարբածության վիճակում: Փաստաթղթեր պահանջելուց հետո Արտակ Ո.-ն սկսել է բղավել և հայհոյել ոստիկաններին, այնուհետև բացելով մեքենայի դուռը` դանակը ձեռքին իջել է և ասել, որ ճանապարհային ոստիկան չկանչեն: Կիրառելով ձեռնամարտի հնարքներ` Վ. Մ.-ն և Ս. Ա.-ն վարորդին գցել են գետնին և ձեռքից վերցրել դանակը, որից հետո ձեռնաշղթա են հագցրել, սակայն վերջինս չի հանգստացել ու սկսել է ոտքերով հարվածներ հասցնել ոստիկանության ծառայողական մեքենային` վնասելով այն: Քիչ անց Արտակ Ո.-ն ուշագնաց է եղել, ու ոստիկանները նրան տեղափոխել են «Երևան» ԲԿ, որտեղ գիտակցության գալուց հետո դարձյալ իրեն ագրեսիվ է պահել, վնասել է բժշկական կենտրոնի գույքը, իսկ այնտեղից բերման է ենթարկվել ոստիկանության Շենգավիթի բաժին, ուր շարունակելով ագրեսիվ վարքը` կոտրել է հերթապահ մասի ապակին:
Զեկուցագրի հիման վրա նախապատրաստված նյութերով ձեռք են բերվել տվյալներ նաև այն մասին, որ Արտակ Ո.-ին պատկանող վերոհիշյալ դանակը գտնվում է տեխնիկապես անսարք վիճակում, իսկ ոստիկանության աշխատակիցներ Վ. Մ.-ն և Ս.Ա.-ն միջադեպի ընթացքում բռնություն են գործադրել Արտակ Ո.-ի և դեպքի վայր ժամանած նրա եղբոր` Արման Ո.-ի նկատմամբ:
ՀՔԾ  մամուլի ծառայությունից Անկախին տեղեկացնում են, որ կատարվում է նախաքննություն:

Ինչ՞ իրավասություններ ունի համայնքի ավագանին

օրենք«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16 հոդվածում թվարկված են համայնքի ավագանու իրավասությունները, որոնցից կարելի է առանձնացնել մի քանիսը: Այսպես, համայնքի ավագանին հիշյալ օրենքով սահմանված կարգով`

  • ընդունում է իր կանոնակարգը «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀօրենքի պահանջներին համապատասխան,
  • հաստատում է համայնքի զարգացման ծրագիրը,
  • հաստատում է համայնքի բյուջեն, բյուջեի` համայնքի ղեկավարի առաջարկած փոփոխությունները և բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը,
  • վերահսկում է համայնքի բյուջեի կատարումը և համայնքի ստացած վարկերի ու այլ ներգրավված ֆինանսական միջոցների օգտագործումը,
  • նախաձեռնում և օրենքով սահմանված կարգով նշանակում է տեղական հանրաքվե,
  • վերահսկողություն է իրականացնում համայնքի ղեկավարի կողմից իր լիազորությունների իրականացման նկատմամբ,
  • դատական կարգով կարող է վիճարկել համայնքի ղեկավարի` օրենքին և իրավական այլ ակտերին հակասող որոշումները,
  • որոշում է համայնքի ղեկավարի վարձատրության չափը,
  • որոշում է կայացնում առաջարկություն ներկայացնել մարզպետին, համայնքի ղեկավարին պաշտոնանկ անելու վերաբերյալ,
  • որոշում է կայացնում միջհամայնքային միավորումներ ձևավորելու մասին, ինչպես նաև առաջարկություն է ներկայացնում պետական լիազորված մարմին` այլ համայնքների հետ միավորվելով նոր համայնք ստեղծելու վերաբերյալ,
  • որոշում է կայացնում ավագանու անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման վերաբերյալ,
  • օրենքով սահմանված դեպքերում սահմանում է տեղական հարկերի, տուրքերի և վճարների տեսակներն ու դրույքաչափերը,
  • սահմանում է համայնքի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց գանձվող վճարների դրույքաչափերը,
  • որոշում է կայացնում համայնքային նշանակության փողոցների, պողոտաների, հրապարակների, զբոսայգիների, համայնքային ենթակայության կրթական, մշակութային և այլ հիմնարկների ու կազմակերպությունների անվանման և վերանվանման վերաբերյալ.
  • իր որոշմամբ վավերացնում է Հայաստանի Հանրապետության և այլ պետությունների համայնքների հետ համագործակցելու մասին պայմանագրերը: Համայնքների գործունեությունը համակարգելու, ինչպես նաև ընդհանուր շահերը ներկայացնելու և պաշտպանելու նպատակով որոշում է կայացնում համայնքների հիմնադրած միություններին անդամակցելու և դրանց անդամության վճարները մուծելու մասին,
  • որոշում է կայացնում համայնքի զինանշանի վերաբերյալ,
  • համայնքի ղեկավարի ներկայացմամբ որոշում է ընդունում աշխատակազմի և բյուջետային հիմնարկների կանոնադրությունները, աշխատակիցների քանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու վերաբերյալ,
  • Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով որոշում է ընդունում համայնքի հողերի օգտագործման սխեմաները հաստատելու մասին,
  • օրենսդրությամբ սահմանված կարգով տեղական ինքնակառավարման մարմինների սահմանադրական իրավունքները խախտող պետական մարմինների նորմատիվ ակտերի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցերով կարող է դիմել Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարան,
  • քննարկում և որոշում է կայացնում համայնքում տեղական ինքնակառավարմանը բնակիչների մասնակցության կարգը հաստատելու վերաբերյալ.

Համայնքի ավագանին իրականացնում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքով սահմանված այլ լիազորություններ:

 

Պատրաստեց  Ավետիք ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ

Անկախ

Դատական կարգադրիչների պետի նախկին տեղակալը կամավոր ներկայացել է նախաքննական մարմնին

դատախազությունՀՀ դատական դեպարտամենտի մի խումբ ղեկավար աշխատողների կողմից ՀՀ պետական բյուջեից նույն ծառայությանը հատկացված գումարներից պաշտոնական կեղծիքների և խարդախության միջոցով առանձնապես խոշոր չափերի գումարներ հափշտակելու փաստի առթիվ ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական գործով հետախուզման մեջ գտնվող, մեղադրյալ, ՀՀ դատական դեպարտամենտի դատական կարգադրիչների ծառայության պետի նախկին տեղակալ Գեղամ Գրիգորյանը, որը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 314 հոդվածով, 2013թ. դեկտեմբերի 3-ին ինքնակամ ներկայացել է նախաքննական մարմնին: ՀՀ Գլխավոր դատախազության լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված կալանավորումը

ՄԻՊ. Ոստիկանության առանձին աշխատակիցների գործողություններ երեկ եղել են խնդրահարույց, իսկ որոշ դեպքերում՝ անթույլատրելի

կարեն անդրեասյանՄարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն մտահոգություն է հայտնել երեկ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ: Այս մասին նա գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում: Նա գրում է.

«Մեր 116 թեժ գծին երեկ ստացվել է 30 ահազանգ՝ տասնյակ քաղաքացիների ոստիկանության բաժանմունքներ բերման ենթարկելու և քաղաքացիների խաղաղ հավաքին խոչընդոտելու վերաբերյալ: Երևանի ոստիկանական բաժանմունքներում մեր ներկայացուցիչները հանդիպել են ավելի քան 60 բերման ենթարկված անձանց հետ: Մի քանի դեպքերում մեր աշխատակիցների միջամտությամբ փաստաբաններին թույլատրվել է մտնել ոստիկանական բաժանմունք, որոշ դեպքերում նույնիսկ հաջողվել է կանխել բերման ենթարկելու փաստը:

Մեզ համար արդեն իսկ ակնհայտ է, որ Ոստիկանության առանձին աշխատակիցների գործողություններ երեկ եղել են խնդրահարույց, իսկ որոշ դեպքերում՝ անթույլատրելի: Ըստ օրենքի` մենք պարտավոր ենք ճշտել Ոստիկանության պաշտոնական դիրքորոշումը բոլոր ահազանգերի և խախտման կասկածների վերաբերյալ, ինչը կարվի առաջիկա օրերի ընթացքում:

Դեկտեմերի 2-ին ՀՀ Ոստիկանության գործունեության վերաբերյալ մեր ընդհանուր և վերջնական գնահատականը կարող է տրվել, երբ ամբողջությամբ կուսումնասիրվեն ՀՀ Ոստիկանության կողմից տրամադրված նյութերը, լրատվամիջոցներում տեղադրված տեսագրությունները, ինչպես նաև խախտում թույլ տված ոստիկանների վերաբերյալ ծառայողական քննության արդյունքները»:

Իրանցին ուզում է բնակվել Հայաստանում. Ազգային Անվտանգությունը նրա մեջ սպառնալիք է տեսնում

դատարանԻԻՀ քաղաքացի Էնսիեհ Ղարիբին արդեն շուրջ 2 տարի փորձում է ՀՀ-ում ժամանակավոր կացության կարգավիճակ ստանալ: Բայց պատկան մարմինների կողմից մերժում է ստանում: Այս փաստը, սակայն, որևէ կերպ չի ընկճում օտարերկրացուն, և նա հիմա էլ դատական համակարգի միջոցով է փորձում անվավեր ճանաչել պատկան մարմինների իր դեմ կայացրած որոշումները: Այս մասին գրում է «Փաստինֆոն»:
 Այսպես, Էնսիեհ Ղարիբին 2012 թվականի հունիսի 26-ին դիմում է ներկայացրել ՀՀ ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչություն` ՀՀ-ում  ժամանակավոր կացության կարգավիճակ խնդրելով։
Ոստիկանությունից գործի նյութերը ուղարկվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայություն՝ համաձայնեցման։ Մեկ ամիս անց ԱԱԾ-ից ստացվել է տեղեկատվություն, որով ԻԻՀ քաղաքացուն ժամանակավոր կացության կարգավիճակի տրամադրումը նպատակահարմար է համարվել մերժել`  «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի  վկայակոչմամբ:
Այս իրավական ակտով, ի դեպ, կացության կարգավիճակը մերժելու հիմքերի թվում նշվում է նաև օտարերկրացու կողմից ՀՀ պետական անվտանգությանը կամ հասարակական կարգին լուրջ և հիմնավորված սպառնալիքները:
Փաստորեն, ստացվում է, որ մերժման հիմքում հատկապես ԱԱԾ հիշյալ տեղեկատվությունն է դրված:
Մինչդեռ Էնսիեհ Ղարիբին, չհամաձայնելով այս որոշման հետ, դիմել է դատարան` ընդդեմ ՀՀ ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչության` պահանջելով չեղյալ համարել այս մարմնի կայացրած որոշումը:
Շարունակությունը կարդացեք սկզբնաղբյուր կայքում.

Դատապարտյալների հիվանդանոցում Վարդան Պետրոսյանին այլ քննիչ է այցելում

Լուսանկարը News.am-ի

Լուսանկարը News.am-ի

Վ.Պետրոսյանն ու նրա փաստաբանը շարունակում են բոյկոտել քննչական գործողությունները: Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեց վթարի փաստով կալանավորված դերասանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը:

 «Անիմաստ է, այնտեղ նախաքննություն չի կատարվում: Փորձում են ամեն գնով՝ օրինական, անօրինական ճանապարհներով ոչ թե օբյեկտիվ ճշմարտությունը բացահայտել, այլ Վարդան Պետրոսյանի մեղավորությունը հիմնավորել»,-նշեց փաստաբանը:
«Ես նախաքննական մարմնին օբյեկտիվ ճշմարտությունը ներկայացրել եմ, իրենք փոխարենը ճշտեն իմ ասածը ճիշտ է, թե՝ ոչ, բոլորովին այլ քննչական գործողություն են կատարում, որն ընդհանրապես քրեական գործ հետ կապ չունի»,- հավելեց Նիկոլայ Բաղդասարյանը:
Հիշեցնենք, նոյեմբերի 20-ին Վարդան Պետրոսյանն ու նրա փաստաբանը հրաժարվել էին մասնակցել քննիչ Հայկ Հակոբյանի ղեկավարած քննչական խմբի աշխատանքներին:
Խնդիրը ծագել էր այն բանից հետո, երբ Վարդան Պետրոսյանը, հիվանդանոցում գտնվելով, հրաժարվել էր ցուցմունք տալ, ասելով, թե իր առողջական վիճակը թույլ չի տալիս, իսկ քննիչը հիվանդանոցից դուրս էր եկել և հայտարարել, թե` «Դեռասանը մեյմունություն է անում»:
Դրանից հետո փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը նոյեմբերի 12-ին դիմել էր ՀՀ Ոստիկանապետին` ոստիկանության ծառայողի էթիկայի կանոնները խախտելու համար քննիչ Հայկ Հակոբյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու պահանջով:
Շարունակությունը կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Փաստաբանը բացառում է Վ.Պետրոսյանի տեղափոխումը քաղաքացիական հիվանդանոց

30.11.32.1_0Վարդան Պետրոսյանի առողջական վիճակը շարունակում է մտահոգիչ մնալ: Փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի տեղեկացմամբ` իր պաշտպանյալը «լավ վիճակում չէ, բուժման կարիք է զգում, բայց բուժումը, որի կարիքն ինքն զգում է, դատապարտյալների հիվանդանոցում ստանալ չի կարող»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշեց փաստաբանը:
Նա նաև տեղեկացրեց, որ դրսից բժիշկների այցերը կազմակերպելը կալանավայրում գտնվող Վարդան Պետրոսյանի մոտ տեխնիկապես անհնար է: «Բժշկին կտրել իր առօրյա գործից, հիվանդանոցից, ամեն օր տանել, որ նա Վարդանին նայի, հետո նորից հետ տանել, դա տեխնիկապես հնարավոր չէ անել, հիվանդն ինքը պիտի այցելի բժշկին, կամ գտնվի հիվանդանոցում` նրա ամենօրյա հսկողության տակ»,- նշեց մեր զրուցակիցը:
Մեր հարցին, թե հնարավո՞ր է արդյոք, որ այս անգամ ևս ապահովվի Վարդան Պետրոսյանի տեղափոխումը Դատապարտյալների հիվանդանոցից քաղաքացիական այլ հիվանդանոց, փաստաբանն այսպես պատասխանեց. «Նախորդ անգամ նրա կյանքին էր վտանգ սպառնում, դրա համար որոշեցին, եթե նա չի մեռնում, մնում է այնտեղ»:
  Նելլի Դանիելյան

http://www.pastinfo.am/hy/node/28112#sthash.2E5agOx0.dpuf