Վազգեն Մանուկյանն իր և խորհրդի անունից ցավակցագիր է հղել Արա Շիրազի մահվան կապակցությամբ

Վազգեն-ՄանուկյանՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանն իր և ՀԽ անունից ցավակցագիր է հղել անվանի քանդակագործ Արա Շիրազի մահվան կապակցությամբ:

«Կյանքից հեռացավ մեր ժամանակների խոշորագույն քանդակագործներից մեկը` անվանի մտավորական, ՀՀ ժողովրդական նկարիչ Արա Շիրազը:

Իր ուրույն մտածողությամբ, թարմ ու ինքնատիպ ձեռագրով նա հասցրեց խորը հետք թողնել հայ կերպարվեստի պատմության մեջ` ցավոք չհասցնելով կյանքի կոչել շատ ու շատ յուրօրինակ մտահղացումներ:

Նրա հեղինակած արձաններն ու հուշակոթողները մեր երկրի զարդն ու հպարտությունն են, իրապես բարձրարժեք մշակութային ժառանգություն:

Արա Շիրազը ոչ միայն յուրօրինակ արվեստագետ էր, այլև հրաշալի մտավորական: Նա այն մարդկանցից էր, որոնք իրենց գոյությամբ լույս են պարգևում, իսկ հեռանալով` իրենց հետ տանում մի կարևոր մասնիկ մեզանից:

Հանրային խորհրդի և իմ անունից խորապես ցավակցում եմ մեծ արվեստագետի ընտանիքին, հարազատներին ու մերձավորներին»,-ասվում է ցավակցագրի մեջ:

 

Անկախ

 

 

Կյանքից հեռացել է Արա Շիրազը

Ara ShirazՄարտի 18-ին կյանքի 73-րդ տարում երկարատև հիվանդությունից հետո վախճանվել է անվանի մտավորական, ՀՀ ժողովրդական նկարիչ Արա Շիրազը (Արամազդ Հովհաննեսի Կարապետյանը)՝ բանաստեղծներ Հովհաննես Շիրազի և Սիլվա Կապուտիկյանի որդին:

Մշակույթի նախարարությունից տեղեկացնում են, որ Արա Շիրազի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է թաղման կառավարական հանձնաժողով:

Հիշեցնենք, որ  քանդակագործը ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց էր տեղափոխվել այս տարվա փետրվարի 24-ին: Բժիշկներն ախտորոշել էին գլխուղեղի արյան շրջանառության սուր խանգարում, զարգացել էր պոլիօրգանային անբավարարություն: Նա այդպես էլ գիտակցության չէր եկել:

Անկախ-ի ողջ խմբագրակազմը խորին ցավակցություն է հայտնում անվանի մտավորականի ընտանիքին ու հարազատներին:

***

Արա Շիրազը 1966 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը:

1987-93 թթ. եղել է Հայաստանի նկարիչների միության նախագահ:

1960-ական թթ. հայ կերպարվեստում գեղարվեստական ձևերի թարմացման պլաստիկայի ազգային ավանդույթների յուրացման միտումներն արտահայտվել են Շիրազի գործերում:

  • «Անտունի», 1969, թուջ, ԺԱԹ, Երևան
  • «Ներբող» 1970, թրծակավ, ԺԱԹ, Երևան
  • «Վահանով կինը», 1970, դրվագված պղինձ
  • «Անի» հյուրանոց, Երևան

1970-ական թթ. Շիրազի արտահայտչամիջոցները դարձել են առավել վավերագրական, բազմազան։

  • Վիլյամ Սարոյան, 1975, դիմաքանդակ, թուջ, ԺԱԹ
  • Պաբլո Պիկասո, 1976, դիմաքանդակ, թուջ, ԺԱԹ
  • Հրաչյա Ներսիսյան, 1976, դիմաքանդակ, թուջ, ԺԱԹ
  • «Ֆիդայի», 1976, երանգավորված գիպս, ՀԱՊ

Մոնումենտալ և մոնումենտալ դեկորատիվ գործերից են՝

  • Պարույր Սևակի (1974. բչոմզ, ճարտարապետ՝ Ջիմ Թորոսյան, Երևան, Պարույր Սևակի անվան դպրոցի պատին) հուշարձան
  • Եղիշե Չարենցի (Չարենցավանի կենտրոնական զբոսայգում, թուջ, 1979, Չարենցավան) հուշարձան
  • Ալեքսանդր Մյասնիկյան (1981, գրանիտ, ճարտարապետ՝ Ջիմ Թորոսյան, Երևան) հուշարձան
  • Անդրանիկ Օզանյան (2002, բրոնզ, բազալտ, ճարտարապետ՝ Ասլան Մխիթարյան, Երևան) հուշարձան
  • Մ. Մկրտչյանի (2004, Գյունրի) հուշարձան
  • «Դվին» հյուրանոցի ճակատի «Դվին» հարթաքանդակը (1978, ՀՀ Պետական մրցանակ՝ 1979, Երևան)

Հեղինակ է բազմաթիվ այլ քանդակների՝

  • Վիլյամ Սարոյան (1989, բրոնզ, գրանիտ, Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոն, ճարտարապետ՝ Ջիմ Թորոսյան) մահարձան
  • Հովհաննես Շիրազ (1994, բրոնզ, կրաքարային տուֆ, Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոն, ճարտարապետ՝ Ասլան Մխիթարյան) մահարձան
  • Սերգեյ Փարաջանով (1999, բրոնզ, գրանիտ, Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոն, ճարտարապետ՝ Ասլան Մխիթարյան) մահարձան
  • Վազգեն Սարգսյան (1999, տուֆ, ճարտարապետ՝ Ասլան Մխիթարյան) դիմաքանդակի
  • Հովհաննես Շիրազ, տեղադրված է Երևանի Մալաթիա-Սեբաստիա թաղամասում (2005
  • Վազգեն Ա-ի արձանը, տեղադրված է Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցի բակում (2008)

Նրա ստեղծագործխություններից է նաև Երևանի Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու դիմացի աջ անկյունում տեղադրված Անդրանիկ Օզանյանի հուշարձանը (2002թ.)։ Այն հարցին, թե ինչու է նա Անդրանիկին երկու ձիերի վրա քանդակել, Արա Շիրազը բացատրել է, որ երկու ձիերը խորհդանշում են Արևմտյան և Արևելյան Հայաստանները. «Դարերով բաժանված երկիր, մեր միանալու պատգամը և ազգային ազատագրական պայքար՝ Անդրանիկը երդում է ուտում՝ հայացքը Մասիսին ուղղելով…»:

 

Անկախ

 

 

 

 

Հայ քաղկեդոնական եկեղեցիները` թուրք-վրացական «եղբայրության» սակարկագին

1361253759_avaԹուրքիայում հայոց մշակութային ժառանգությունն իրական տերերից զրկելու հետևողական քաղաքականությունը եղել և մնում է այդ երկրի պետական, քաղաքական և հասարակական ուղեգիծը: Սակայն վերջին շրջանում այդ քաղաքականության մեջ նոր երևույթներ են ի հայտ եկել: Թուրքիան հայկական մշակութային կոթողների միջոցով իր անձնական հարաբերություններն է բարելավում հարևան երկրների, մասնավորապես` եղբայրական Վրաստանի հետ:
Հայ քաղկեդոնական եկեղեցիները հերթով նվիրաբերվում են վրացիներին. իհարկե փոխշահավետ պայմաններով:

Վրաստանի և Թուրքիայի միջև միջպետական համաձայնագիր կա մշակութային ժառանգության վերականգնման վերաբերյալ, որի շրջանակներում 2012 թ. թուրքական կառավարությունը 1 մլն լիրա է տրամադրել Տայքի հայ Բագրատունյաց շրջանի ժառանգություն համարվող Իշխան և Օշքի եկեղեցիները վերականգնելու համար: Այդ հայկական եկեղեցիները նույնպես համարվել են վրացական:

Margvelashvili_Erdogan

Այս տարվա հունվարի 21-ին պաշտոնական այցով Թուրքիայում գտնվող Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլու այցելությունները Իշխանի և Օշքի հայկական եկեղեցիներ արդեն իսկ պետական մակարդակով ընդգծեց դրանք վրացականացնելու իրողությունը:
Ավելին, Թուրքիայի խորհրդարանի ղեկավարը Մարգվելաշվիլու հետ հանդիպման ժամանակ բաց տեքստով հայտարարեց, որ Թուրքիան հիացած է հայոց ցեղասպանության հարցում վրացական դիրքորոշմամբ և հույս հայտնեց, որ այդ դիրքորոշումը կպահպանվի` չխաթարելով երկու երկրների հարաբերությունները: Թերևս երկու հայկական եկեղեցիները վրացիներին նվիրելը նաև այդ դիրքորոշման պատասխանն է, որը թուրքերը ցանկանում են ամեն գնով պահպանել:
Սակայն հայերի հաշվին նման թանկարժեք ընծաներ անելու գործընթացը պայմանավորված է նաև այլ հանգամանքներով:

levon_hovsepyan_1392116913Թուրքագետ Լևոն Հովսեփյանը Մարգվելաշվիլու հունվարյան այցը Թուրքիա և նրա այցելությունները այդ եկեղեցիներ համարում է նախորդ գործընթացների նոր, ավելի հրապարակային փուլ: «Սա հին պատմություն է: Թուրքական պետությունն այս ուղեգիծը միշտ պահել է, ինչը վառ դրսևորվեց վրացական նախկին իշխանությունների օրոք, թուրք-վրացական ջերմ հարաբերությունների ներքո, երբ Սահակաշվիլին բավական լայն բացել էր դռները Թուրքիայի առջև: Այդ ժամանակվանից սկսած` նման խնդիրներ աստիճանաբար ի հայտ էին գալիս, և թուրքական կողմը դա փորձում էր օգտագործել մի կողմից վրացիներին սիրաշահելու, մյուս կողմից` զրկելով հայերին այն արժեքներից ու ժառանգությունից, որոնք այսօր Թուրքիայում կան»:

Բացի այդ, թուրքական կողմը նաև Վրաստանում թուրքական մզկիթների վերաբացման, վերանորոգման և կառուցման հետ կապված հավակնություններ ունի, և ըստ որոշ տեղեկությունների` Թուրքիայի ու Վրաստանի կառավարությունների միջև գաղտնի համաձայնություն է եղել, ըստ որի` վրացականացման այս գործընթացին զուգահեռ` թուրքական կողմը պետք է վրացական տարածքում` Ախալցխայում, մզկիթ կառուցի:
«Ջավախքում թուրքական մզկիթի կառուցումը բավական մեծ կարևորություն ունի Թուրքիայի համար` հաշվի առնելով այն գործընթացը, որը մինչ օրս կարծես թե անորոշությամբ, բայց, այնուամենայնիվ, ընթանում է` թուրք մեսխեթցիների վերադարձը Սամցխե-Ջավախ»,- ասում է թուրքագետը:

Ruben SafrastyanՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը, որ միաժամանակ Հանրային խորհրդի անդամ է և ՀԽ կրոնի, սփյուռքի և միջազգային ինտեգրման հանձնաժողովի նախագահը, մեզ հետ զրույցում հայտնեց, որ այդ հարցը բարձրացվել է հանձնաժողովի անդամ Լյուդմիլա Սահակյանի կողմից և քննարկվել հանձնաժողովի կոլեգիայի նիստում: Որոշվել է խնդիրն առավել մանրամասն ու համակողմանիորեն ուսումնասիրել հանձնաժողովի մշակութային արժեքների պահպանման ենթահանձնաժողովում համապատասխան մասնագետների, եկեղեցու, արտգործնախարարության, սփյուռքի նախարարության ներկայացուցիչների մասնակցությամբ:
«Փաստորեն, մեր հոգևոր և մշակութային արժեքները թուրքերը ոչ միայն իրենք են յուրացնում, այլև որոշում են դրանց հետագա ճակատագիրը: Սա պետք է արժանանա և՛ մեր հասարակության, և՛ պատկան մարմինների հատուկ ուշադրությանը, և պետք է գործուն քայլեր ձեռնարկվեն, որպեսզի նախ նման երևույթները դատապարտվեն, ապա բացառվի դրանց կրկնությունը»,- ասում է Սաֆրաստյանը:

Նա ցավով է արձանագրում, որ նմանատիպ երևույթներ Թուրքիայի կողմից բազմիցս են եղել, և հայկական կողմը գրեթե միշտ ուշացել է կամ թերացել համարժեք արձագանքելու հարցում: «Օրինակ` անցյալ տարի Թուրքիայի ակտիվությունը ՄԱԿ-ի գրասենյակների մի մասը Ստամբուլ տեղափոխելու հարցում, և կրկին մենք արձանագրեցինք, որ մեր պատկան մարմինները հետևողական չեն և համապատասխան քայլեր չեն ձեռնարկում»:

oshkvanq

Օշքի եկեղեցի

Գործուն քայլերի անցնելու անհրաժեշտության մասին է խոսում նաև Լևոն Հովսեփյանը: Նա կարծում է, որ բացթողումը մեր կողմից է: «Օրինակ` անհերքելի է, որ այդ երկու եկեղեցիները հայ քաղկեդոնական եկեղեցիներ են, և մենք արդեն իսկ պետք է գիտական մակարդակով դա ամրագրած լինեինք որպես հայկական և ներկայացրած լինեինք միջազգային համապատասխան կառույցներին` ՅՈՒՆԵՍԿՕ-ին և մյուսներին, որոնք էլ իրենց հերթին պարտավորություններ կդնեին Թուրքիայի վրա` դրանք վերանորոգելու և պահպանելու որպես համաշխարհային մշակույթի բաղկացուցիչ մաս: Նույնը նաև ողջ Արևմտյան Հայաստանում գտնվող հայկական պատմամշակութային ժառանգության առումով»:

oshqvanq-2Թուրքագետը կարծում է, որ այս հարցը պետք է մեր կողմից բարձրացվի և տարվի համակարգված եղանակով գիտական, հասարակական և պետական մակարդակներում: Նա նաև փաստում է, որ Հայաստանը Թուրքիայի վրա ներազդման որևէ լծակ չունի, և հայկական մշակութային ժառանգությունը պահպանելու միակ հնարավորությունն ու երաշխիքը մնում են միջազգային պարտավորությունները:

Ishkhan-1

Իշխան

Այդ երկու եկեղեցիների հետ կապված` թուրքագետին ամենից շատ զարմացրել է ոչ թե պետական կառույցների կողմից չարձագանքելը, այլև մշակութային հասարակական կազմակերպությունների անտարբերությունը, որոնցից որևէ մեկն այդ հարցի վերաբերյալ չի հայտնել իր դիրքորոշումը և բողոքի ալիք չի բարձրացրել:

 

Հուշարձանագետ Սամվել Կարապետյանը բացում է բոլոր փակագծերը


Նրա խոսքով` սա չափազանց լուրջ խնդիր է և շատ հին նախապատմություն ունի, սակայն այսօր այն ուղղակի ահագնացել է: «Բանն այն է, որ հայ քաղկեդոնական մշակույթի ուղղությամբ հայկական կողմը ոչ միայն այսօր, այլ արդեն մեկուկես դար մատը մատին չի տվել: Մենք ընդհանրապես միշտ աչք ենք փակել և կարծես մեզնից վանել ենք հայ քաղկեդոնական մշակույթը: Եվ այս տևական ծուլությունը, անտարբերությունն ու գործի կարևորությունը չգիտակցելը հասցրել են մի տեղ, որ մենք հիմա էապես բոբիկ վիճակում ենք, ինչը լավագույնս օգտագործել և օգտագործում են մեր հարևանները»,- ասում է նա:

Ի դեպ, վրացիները ոչ միայն Գուգարքի և Տայքի շրջանում գտնվող հայ քաղկեդոնական հուշարձանների նկատմամբ են պահանջատիրություն ներկայացնում, այլև հենց Հայաստանի Հանրապետությում գտնվող եկեղեցիների` այդ հիմքի վրա նաև հողային պահանջներ ներկայացնելով:

Specialist of monuments Samvel Karapetyan guest in Tesaket press club

Սամվել Կարապետյանը նշում է, որ վրացիները, ի տարբերություն մեզ, այդ ուղղությամբ, XIX դարից սկսած, լրջագույն աշխատանքներ են իրականացնում. «Հարյուրավոր գրքեր ու հոդվածներ են հրատարակում, Լոռվա կարոտն են քաշում: Օրինակ` հոդված են հրատարակել մեր Խուճապի վանքի մասին, որը նույնպես հայ քաղկեդոնական եկեղեցի է և գտնվում է Լոռվա մարզում, և գրել են, որ այդ վանքին սատանաներն են տիրապետում: Սատանաներ ասելով էլ մեզ նկատի ունեն»:

Հուշարձանագետը վրացիներին չի մեղադրում, մեղադրում է մեզ: Հիշում է, որ տարիներ առաջ իրեն զանգահարեցին Հուշարձանների պահպանության գործակալությունից: Պարզվեց` այդ ժամանակվա նախագահը` Ռոբերտ Քոչարյանը, զանգահարել էր ակադեմիայի նախագահին, որ Ֆադեյ Սարգսյանն էր, և հարցրել էր, թե որտեղ է գտնվում Խուճապի վանքը: Ակադեմիայի նախագահն էլ իր հերթին զանգել էր գործակալություն, որտեղ նույնպես հարցի պատասխանը չէին իմացել և զանգել էին Կարապետյանին: «Այսինքն` մենք նույնիսկ հայ քաղկեդոնական եկեղեցիների տեղը չգիտենք,- ասում է Կարապետյանը,- դրա համար էլ ես այսօր լուրջ չեմ համարում Արևմտյան Հայաստանի տարածքի հուշարձանների նկատմամբ վրաց պահանջատիրությանը ինչ-որ դիմադրություն ցույց տալը, երբ Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող համանման կարգավիճակում գտնվող հուշարձանների նկատմամբ ինքներս այդքան անտարբեր ենք»:

Ի՞նչ է առաջարկում Սամվել Կարապետյանը
Եթե իսկապես այսօր սկսել ենք գիտակցել, որ խնդիրը կարևոր է, որ ոչ միայն մշակութաբանական ու հայագիտական է, այլև քաղաքական, ապա հուշարձանագետը հարցի լուծման մի ճանապարհ է տեսնում` օր առաջ, ժամ առաջ լծվել հայ քաղկեդոնականության պատմության ուսումնասիրման գործին:

Սամվել Կարապետյանն իր կողմից այդ ուղղությամբ աշխատանքներ վաղուց արդեն իրականացնում է, իսկ անցած տարի նաև մի ծավալուն նախագիծ է մշակել ու ներկայացրել մշակույթի նախարարին: Սակայն նախագիծը ո՛չ մեկ հոգու գործ է, ո՛չ էլ մեկ կառույցի: Այն ահռելի աշխատանք պահանջող գործընթաց է, որին պետք է պետական նշանակություն տրվի: «Պետք է ամբողջ ուժով կենտրոնանալ այդ նախագծի վրա: Մասնագիտական ռեսուրսների պահանջ չկա, մեր գրասենյակում կան մասնագետներ, որոնք կարող են դա իրականացնել, սակայն նախագիծը նաև մի քանի լուրջ գիտարշավներ է ենթադրում, չենք կարող գրասենյակային պայմաններում կույրի պես նստած դա անել, երբ հակառակ կողմը, XIX դարի վերջերից սկսած, տասնյակ գիտարշավներ է իրականացրել»,- ասում է Սամվել Կարապետյանը:

Պետք է թարգմանել և ուսումնասիրել նաև օտարալեզու, մասնավորապես` այդ ուղղությամբ վրացիների վիթխարի գրականությունը և այլն:

Ցավոք, այդ նախագծի ճակատագիրն էլ այսօր անորոշ է, չնայած մշակույթի նախարարն անձամբ է կարևորել դա և իր մեծ ոգևորությունը հայտնել հուշարձանագետին:
Եվ մինչ մենք ոգևորվում ու մնում ենք ոգևորության սահմաններում, մեր հարևանները գործնական քայլերով հետևողականորեն յուրացնում են հայ քաղկեդոնական հարուստ ժառանգությունը:

 

Անի Գասպարյան

 

Անկախ

 

«Միակ օգուտը, որ կարող ենք քաղել, աշխարհին մեր մշակույթը ցույց տալն է` դուդուկից մինչև յարխուշտա». Բ. Պիպոյան

pipoyan«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանն իր ֆեյսբուքյան էջի միջոցով տեսակետ է հայտնել Եվրատեսիլ-2014-ի մրցույթին Հայաստանի մասնակցության վերաբերյալ.

«Արդեն մի քանի տարի` Հայաստանը մասնակցում է Եվրատեսիլ, այսպես կոչված, երգի, բայց իրականում նաև քաղաքական խնդիրներ լուծող մրցույթին, և ամեն տարի` հատկապես մրցույթից առաջ, ակտիվ սկսվում է քննարկվել, թե ով մասնակցի, ինչպիսի երգով մասնակցի, մասնակցի, թե ընդհանրապես չմասնակցի, և ամենավերջում, երբ որոշվում են երգն ու երգիչը, և տեսահոլավակը համացանցում ապահովում է մեծ դիտումների քանակը, սկսվում է ակտիվ քննարկվել` արդյոք երգը հաղթող կճանաչվի, թե` ոչ: Երբևէ չեմ քննարկել մասնակցի հարցը, միայն ուրախացա 1 անգամ, երբ Հայաստանը ներկայացնում էին Ինգա և Անուշ Արշակյանները: Մեկնաբանեմ` ինչու. անկեղծ այն կարծիքին եմ, որ Եվրատեսիլում քվեարկության կարգն ընտրված է այնպես, որ Հայաստանը հաղթելու շանսեր չունի, ընդ որում, այնտեղ անգամ նշանակություն ունի մեր աշխարհագրական դիրքը, էլ չեմ քննարկում այն, որ ամեն տարի Եվրատեսիլին մասնակցող երկրներից մեկը մրցույթով ինչ-որ քաղաքական խնդիր է լուծում, իսկ մենք չունենք այն քաղաքական և ֆինանսական ռեսուրսները, որպեսզի կարողանանք նման մասշտաբի խնդիր լուծել, և հետևաբար պետք է փորձենք ընդամենը Եվրատեսիլից մաքսիմալ օգուտ քաղել:

Իմ սուբյեկտիվ կարծիքով միակ օգուտը, որ կարող ենք քաղել, աշխարհին մեր մշակույթը ցույց տալն է` դուդուկից մինչև յարխուշտա, ինչու չէ` բերդ պար: Խորին հարգանք տածելով և չքննարկելով ոչ Արամին, ոչ էլ երգը` ուղղակի ուզում եմ փաստել, որ Հայաստանը Եվրատեսիլից օգուտ կքաղի միայն նրանով, որ Արամին կտեսնեն մարդիկ, ովքեր մինչ օրս չէին տեսել, ընդ որում, չեմ կարող չնշել, որ այս երգով չեն արտացոլվում Արամի բոլոր հնարավորությունները: Իսկ էլ և ով ինչ է շահում. շահում է նաև Յուքոմը, քանզի տեսահոլովակում առկա է յուքոմի գովազդը: Իսկ եթե խորը վերլուծենք, կհասկանանք, թե նույն տեսահոլովակում ինչեր կարելի էր ցույց տալ` հաշվի առնելով, թե ինչպիսի դիտումների քանակ է ապահովվում: Ստացվում է, որ աշխարհին մեր մշակույթին ծանոթացնելու փոխարեն ընտրում ենք աշխարհին Արամին և Յուքոմի հետ ծանոթացնելը:
Հ.Գ.
Եվս 1 անգամ ուզում եմ փաստել, որ նկատառումս ամենևին չի առնչվում ոչ երգչին, ոչ էլ երգին: Ընդամենը նպատակ է հետապնդում ունենալ 1 միասնական որոշում. այն է` Եվրատեսիլին ներկայանալ ոչ թե երգչով, այլ ազգային մշակույթով, և ընդհանրապես չմտածել մրցանակային տեղերի մասին, այլ ընդամենն ունենալ 1 խնդիր` ևս 1 անգամ մարդկությանը ներկայացնել մեր ազգային մշակույթը, երգն ու պարը: Իսկ Արամին հաջողություն եմ մաղթում»,-գրել է նա:

 

Անկախ

Երվանդ Քոչարի թանգարանում բացվել է «Քոչարի արևելուհիները» խորագրով ցուցահանդեսը

middle_73aff97a1e76f1cff92b0bdee03140a8Երեկ` մարտի 14-ին Երվանդ Քոչարի թանգարանում բացվել է «Քոչարի արևելուհիները» խորագրով ցուցահանդեսը, որը ուղեկցվում է մեկնաբանող տեքստերով և տեսաֆիլմով: Ցուցահանդեսում բարձրարժեք վերատպություններով ներկայացված է ժամանակաշրջանի արձագանքը:

Ցուցահանդեսը  բաց կլինի մինչև ապրիլի 15-ը:

2013 թ. հոկտեմբերի 22-ին Փարիզի ժամանակակից արվեստի թանգարանում` Պոմպիդու կենտրոնում, բացվել է «Մոդեռնի բազմազանությունը» ցուցահանդեսը, որտեղ նոր և ընդլայնված մեկնաբանությամբ ներկայացված էր 1905-1970 թթ. համաշխարհային մոդեռն արվեստը: Տարբեր երկրներում ապրած և ստեղծագործած արվեստագետներ էին ներկայացված իրենց բնորոշ գեղագիտությամբ, ինչը հնարավորություն էր տալիս ծանոթանալու այդ ժամանակահատվածի կերպարվեստի բազում արտահայտչաձևերին: Մատիսի, Պիկասոյի, Ման Ռեյի և այլ հանրաճանաչ նկարիչների ստեղծագործությունների շարքում ընդգրկված էր Քոչարի «Արևելուհիները» գեղանկարը:

19-րդ դարի սկզբին Եգիպտոսի գրավումով Եվրոպայում բացահայտվեցին Արևելքի նոր գաղտնիքներ և առեղծվածներ, որոնցից ամենագայթակղիչը հարեմն էր` դրախտի մասին երազի մարմնացումն աշխարհի վրա… Եվրոպացի արվեստագետներն իդեալականացնում էին այդ անծանոթ և շատ առումներով փակ աշխարհը:

Քոչարը նույնպես անդրադարձել է այս թեմային: Հրապուրված արևելուհիների հմայքով՝ նա ստեղծել է կանանց կերպարների սքանչելի շարք: Դրանք այսօր տեղ են գտել արտասահմանյան մասնավոր հավաքածուներում:

Մեկնարկում է Վ. Փափազյանի անվան Շեքսպիրյան միջազգային 11-րդ թատերական փառատոնը

middle_a87bc270dc1a384ffdd4c295b4b842a8ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, «Վիվասել-ՄՏՍ»-ի հովանավորությամբ, «Հայաստանի թատերական գործիչների միավորում» ՀԿ-ն ս. թ. մարտի 19-22-ը Երևանում կանցկացնի Վ. Փափազյանի անվան Շեքսպիրյան միջազգային ամենամյա փառատոնը:

Վ. Փափազյանի անվան Շեքսպիրյան 11-րդ միջազգային փառատոնը նվիրվում է անգլիացի դրամատուրգ Վիլյամ Շեքսպիրի ծննդյան 450-ամյակին: Այդ կապակցությամբ փառատոնին կմասնակցեն Շեքսպիրյան փառատոների եվրոպական ցանցի տնօրենները Անգլիայից, Լեհաստանից, Գերմանիայից, Հունգարիայից, Ռումինիայից, Իսպանիայից, Չեխիայից, Դանիայից:

Փառատոնի հանդիսավոր բացումը տեղի կունենա մարտի 19-ին, ժամը 19:00-ին Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնում` Վ. Շեքսպիրի «Լիր արքա» հայ-վրացական համատեղ ներկայացման առաջնախաղով /բեմադրիչ՝ Հ. Ղազանչյան/: Մարտի 20-ին, ժամը 11:00-ին Ե. Չարենցի անվան արվեստի և գրականության թանգարանում կբացվի «Շեքսպիրը հայ թատրոնում» ցուցահանդեսը, այնուհետև, կանցկացվի «Շեքսպիրը ժամանակակից թատրոնի քառուղիներում» միջազգային գիտաժողովը:

Փառատոնի օրերին Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կներկայացվի «Ջոն արքա», Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան դրամատիկական թատրոնում «Լիր արքա», Հր. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում «Հուլիոս Կեսար» ներկայացումները:

Հանրային հեռուստատեսության ֆիլմադարանից մի քանի հարյուր կինոժապավեն են գողացել

75323950-ամյա Ռուդոլֆ Հովակիմյանը մեղադրվում է գողություն կատարելու մեջ, սակայն գողությունը շարքային չէ՝ մշակութային է: Ըստ գործի նյութերի, գողացված 441.600 ՀՀ դրամ արժողության 736 հատ կինոժապավենները  մեղադրյալը «հանձնել  է ոմն Արմանի» անհավանական ցածր  գնով՝  20 հազար ՀՀ դրամով:

Նյութին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ՝ այցելելով

Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրինությունը ստանձնելու ցանկություն է հայտնել մի հզոր անհատականություն

բարսեղ

Թատերագետ Լևոն Մութաֆյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

“Այսօր լրացավ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի թափուր տեղի համար մրցույթին մասնակցության հայտերի ընդունման ժամկետը…
Ինչպես վաղօրոք հայտարարել էի, ցանկանում էի մասնակցել մրցույթին, սակայն…
Նախարարություն գնալու ճանապարհին ես տեղեկացա, որ մրցույթին մասնակցելու հայտ է ներկայացրել աշխարհահռչակ երգիչ, ՀՀ ժողովրդական արտիստ ԲԱՐՍԵՂ ԹՈՒՄԱՆՅԱՆԸ:
Ես առավել քան երջանիկ եմ, ուրախ: Իմաստ չունի մասնակցել մի մրցույթի, ուր կա անառարկելի թեկնածու՝ ի դեմս ԲԱՐՍԵՂ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ:
Համոզված եմ, որ մյուս բոլոր թեկնածուները պետք է ինքնաբացարկ հայտնեն, որովհետև ցանկություն է հայտնել թատրոնի տնօրինությունը ստանձնել մի հզոր անհատականություն, համաշխարհային հռչակի մարդ, որի միայն ներկայությունը մեր թատրոնում արդեն երևույթ կլինի:
Հատկապես մշակույթի ոլորտում մրցույթները միշտ էլ «առեղծվածային»  են, սակայն համոզված եմ, որ մրցութային հանձնաժողովը ծափերով պիտի ընդունի Բարսեղ Թումանյանին և նրան խնդրի ղեկավարել թատրոնը:
Բարսեղ Թումանյանի մուտքով մեր օպերային թատրոնը կվերագտնի իր ընթացքը, այն իսկապես թատրոն կդառնա, մենք կհպարտանանք մեր թատրոնով: Վերջապես թատրոնը կղեկավարի մեծ պրոֆեսիոնալը:
Վստահ եմ, որ մշակույթի նախարարությունն այս պահին ցնծության մեջ պիտի լինի, որովհետև արհեստավորներին փոխարինելու է գալիս ՄԵԾ ԱՐՀԵՍՏԱՎԱՐԺԸ, համաշխարհային ճանաչում ունեցող անհատականությունը:
Բարի երթ, ՍԻՐԵԼԻ ԲԱՐՍԵՂ”:

 

Անկախ

«Եվրատեսիլ-2014»-ի ամենահետաքրքիր ինտրիգներից մեկի հանգուցալուծումն այսօր` 22:00-ին

nkarՀայաստանի հանրային հեռուստաընկերությունն ուրախությամբ տեղեկացնում է, որ այսօր կհանգուցալուծվի «Եվրատեսիլ-2014» սիրված մրցույթի ամենահետաքրքիր ինտրիգներից մեկը. հայտնի կդառնա այն երգը, որով Արամ MP3-ին կներկայանա միջազգային երաժշտական հանրությանը: Մրցույթի հայաստանյան երգի եւ տեսահոլովակի պրեմիերան կկայանա այսօր` 22:00-ին, Առաջին ալիքի եթերում:

Ինչպես Եվրատեսիլի պաշտոնական կայքին տրված հարցազրույցի ընթացքում նշել էր մրցույթի այս տարվա Հայաստանի դեսպանը, երգի բնորոշող 3 բառերն են՝ «պայքարի´ր հանուն սիրո»:

Հիշեցնենք, որ մրցույթի հայաստանյան գեղարվեստական խումբը ստացել էր հայ եւ օտարազգի կոմպոզիտորների ավելի քան 75 երգ: «Եվրատեսիլ» մեկնող երգի վերջնական ընտրությունը կատարվել է մի քանի փուլերից բաղկացած լսումների, մանրամասն ուսումնասիրությունների եւ մասնագիտական focus group-ի արդյունքում:  Հաշվի են առնվել համաշխարհային արդի երաժշտական տենդենցները, հայաստանյան պատվիրակ Արամ MP3-ի ձայնային տվյալներն ու երաժշտական ճաշակին համապատասխանելը:

Մրցույթի կիսաեզրափակիչ փուլն այս տարի կկայանա մայիսի 6–ին եւ 8-ին, իսկ եզրափակիչը` մայիսի 10-ին:

 

Առաջին ալիք

 Հասարակայնության հետ կապերի բաժին

22,5 մլն դրամ`«Միայն սիրո մասին» համերգային ծրագրի համար

պողոսյան-նիստՆախորդ տարի «Արի տուն» ծրագրին 8 փուլով մասնակցել է աշխարհի 34 երկրի 920 սփյուռքահայ երիտասարդ:
Այս տարի ևս հայաստանյան ընտանիքներում սփյուռքահայերին հյուրընկալելուն զուգահեռ նախատեսվում է կազմակերպել «Արի տուն» երիտասարդական ճամբարը:
Կառավարության համապատասխան որոշման նախագիծը, որը այսօրվա նիստի օրակարգում է, մշակել է ՀՀ սփյուռքի նախարարությունը` հաշվի առնելով նախորդ տարիների փորձը, ներգրավված մասնակիցների և գործընկեր կազմակերպությունների առաջարկությունները: 2014թվականին ակնկալվում է մինչև 1000 սփյուռքահայ երիտասարդի այցելություն Հայաստան:
«Քվանտը» ոչ միայն Հայաստանի առաջատար դպրոցներից է, այլև հանրակրթության ոլորտում միջազգային ճանաչում ունեցող նորարարական-գիտական կենտրոն, որի մի շարք մշակումներ արդեն հանրակրթության ոլորտ են ներդրվել:
Վարժարանի շրջանավարտներն ստանում են պետական ատեստատ, իսկ միջազգային բակալավրիատի ծրագրով սովորողները` նաև ՄԲ դիպլոմ, որը առանց ընդունելության քննությունների աշխարհի բազմաթիվ առաջատար համալսարաններ ընդունվելու հիմք է:
Նկատի առնելով այս ամենը և այն, որ «Քվանտի» համար տարածքի հարցը կենսական նշանակություն ունի, կառավարության որոշմամբ վարժարանին են նվիրաբերվել մի շարք շինություններ: «Քվանտն» իր հերթին ներկայացրել է ներդրումային ծրագիր, որի համաձայն առաջիկա հինգ տարվա ընթացքում կիրականացնի մոտ 100 մլն դրամի ներդրում:
Կառավարությունը կարևորել է հայ անվանի երգիչների, հաղորդավարների, պարային խմբերի մասնակցությամբ իրականացված կանանց միջազգային օրվան նվիրված «Միայն սիրո մասին» մեծածավալ համերգային ծրագիրը: Եվ քանի որ դրա իրականացման ծախսը նախատեսված չի եղել Մշակույթի նախարարության 2014թ. բյուջեով, համերգի կազմակերպիչ «Հայկական ջազի 70 տարին» ՀԿ-ին որպես նվիրաբերություն տրամադրելու համար նախարարությանը հատկացվել է մոտ 22.5 մլն դրամ:

Ֆրանկոֆոնիայի օրերին նվիրված միջոցառումներ` Երևանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցներում

001Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից Անկախին հայտնեցին, որ մարտի 10-ից ապրիլի 10-ը Հայաստանում մեկնարկած ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում  գրական, երաժշտական  միջոցառում էր կազմակերպվել Երևանի քաղաքապետարանի  ենթակայության Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 հիմնական  դպրոցում: Հանդիսությանը ներկա է գտնվել նաև քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը, ով, ֆրանկոֆոնիայի միջոցառումների մեկնարկի կապակցությամբ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ողջունելով  ներկաներին, նշել է, որ քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում մշտապես աջակցելու է դպրոցներին ու մանկապարտեզներին:  Կրթօջախի սաների ուժերով ֆրանսերեն և հայերեն կազմակերպված  ցերեկույթի ընթացքում անդրադարձ է եղել ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը, անդամ և համագործակցող երկրներին, ինչպես նաև հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերություններին ու մշակութային կապերին: Դպրոցի երգչախմբի անդամները կատարել են նաև աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի ստեղծագործությունները:

Ֆրանկոֆոնիայի օրերին նվիրված միջոցառումներ կանցկացվեն Երևանի քաղաքապտարանի ենթակայության ավելի քան 40 դպրոցներում:

Անկախ

Երեք կին, երեք պատերազմ, մեկ երազանք

 ՙՙՎեց օր՚՚  վավերագրական ֆիլմՄարտի 10-ին ԵՄ պատվիրակությունը  ցուցադրեց ՙՙՎեց օր՚՚  վավերագրական ֆիլմը, որը պատրաստվել է ՙՙԿվինա թիլ Կվինա՚ հիմնադրամի կողմից եւ ներկայացնում է երեք տարբեր երկրների երեք կանանց, որոնք պայքարում են պատերազմի ու հակամարտության բերած փոփոխությունների դեմ: Կանայք` Նելլի Կուպերը, Մայա Կվարածխելիան եւ Լանյա Աբդուլան համապատասխանաբար ապրում են Լիբիայում, Վրաստանից անջատված Աբխազիա տարածքում եւ Իրաքի Քուրդիստան տարածքում:

Ֆիլմի դիտումից առաջ, լրագրողների հետ զրույցում Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան նշեց, որ ֆիլմը կանանց հիմնախնդիրների մասին է: Այսօր անհրաժեշտ է նշել հասարակության մեջ կանանց մեծ դերակատարման մասին: Նրանք իրենց ներդրումն ունեն քաղաքական հարցերում, բիզնես եւ արդարադատության ոլորտում.

ՙՙԿանանց դերը գնալով մեծանում է, սակայն ուշադրության ու մասնակից լինելու պահանջ կա: Յուրաքանչյուր կարեւոր որոշում կայացնելուց առաջ անհրաժեշտ է հաշվի նստել կնոջ կարծիքի հետ: Ֆիլմում հստակ երեւում է, որ կանայք չնայած բազմաթիվ դժվարությունների` շարունակում են պայքարել արդարության, ազատության, անկախության եւ խաղաղության ձեւավորման համար՚՚:

Դեսպանի համոզմամբ կանայք իրենց ուրույն տեղը պետք է ունենան տղամարդկանց կողքին: Ֆիլմը կենտրոնացած է կնոջ, մարդու ապագայի, այլ ոչ թե անցյալի վրա: Պետք է ներկայից ու անցյալից դասեր քաղել ու աշխատել չսխալվել ապագայում քայլ կատարելիս: Ֆիլմում ՙՙԵրեք կին, երեք պատերազմ, մեկ երազանք՚՚կար, նրանց խնդիրները նման էին եւ նշանակություն չուներ, թե աշխարհիս որ ծայրում էին:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Անկախ

Հայաստանում մեկնարկեց Ֆրանկոֆոնիայի երկամսյակը

Հայաստան,Ֆրանկոֆոնիայի երկամսյակՄարտի 10-ին ԱԳՆ-ում տեղի ունեցավ Ֆրանկոֆոնիայի երկամսյակի մեկնարկին նվիրված ավանդական ընդունելությունը։

Ընդունելությանը ողջույնի խոսքով հանդես եկավ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, ով շնորհակալություն հայտնեց Պարտիսա Կաասին իր ներկայության և Էդիթ Պիաֆին նվիրված փայլուն համերգային ծրագրով հանդես գալու համար, որով մեկնարկ տրվեց Հայաստանում ֆրանկոֆոնիյաի երկամսյակին:

“Հայաստանն այս տարի հերթական անգամ տոնելու է Ֆրանկոֆոնիայի միջազգային օրը: Երկու ամսվա ընթացքում կանցկացվեն ավելի քան 400 մշակութային, գեղարվեստական, կրթական և բուհական միջոցառումներ:

Չորս հարյուրից ավելի միջոցառումների կազմակերպումը Ֆրանկոֆոնիայի երկամսյակի շրջանակներում աննախադեպ է ոչ միայն Հայաստանում, այլև անգամ Ֆրանկոֆոնիայի անդամ երկրների շարքում:

Կարևոր է ընդգծել Հայաստանի պետական կառույցների` հատկապես Ազգային ժողովի, Տարածքային կառավարման, Կրթության և գիտության, Մշակույթի նախարարությունների, Երևանի քաղաքապետարանի ներգրավվածությունը` ՀՀ արտաքին գործերի նախարարության կողքին, որը համակարգում է այդ աշխատանքը: Ողջունելի է նաև տեղական ինքնակառավարման մարմինների ակտիվ մասնակցությունը ֆրանկոֆոն մշակույթի այս խոշոր իրադարձությանը:

Ուրախալի է, որ Հայաստանի երիտասարդությունը` դպրոցականները և ուսանողները, շարժիչ ուժ են հանդիսանում ֆրանկոֆոն արժեքների տարածման համար:

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ֆրանկոֆոնիայի անդամ երկրների դիվանագիտական ներկայացուցչություններին Հայաստանում Ֆրանկոֆոնիայի երկամսյակի հաջող անցկացմանը օժանդակելու համար, և հատկապես Ֆրանսիայի դեսպանությանը և անձամբ դեսպանին, որն ամեն տարի, պատրաստակամորեն, իր կարևոր նպաստն է բերում այս իրադարձության հաջողության ապահովմանը:

Ֆրանկոֆոն երկամսյակը ևս մեկ առիթ է Հայաստանի համար` վերահաստատելու մեր նվիրվածությունը ֆրանկոֆոն արժեքներին: Դա վկայությունն է այն կարևորության, որ Հայաստանը տալիս է իր պատկանելությանը ֆրանկոֆոն տարածքին, որը երկխոսության և համագործակցության արդյունավետ շրջանակ է և մեզ հնարավորություն է ընձեռում առավել համակարգված գործել միջազգային ասպարեզում:

Գոհունակությամբ կարելի է արձանագրել, որ Հայաստանի համագործակցությունը ֆրանկոֆոն կառույցների հետ ամրապնդվել է բոլոր բնագավառներում: Այդ համատեքստում ցանկանում եմ, նախ և առաջ ընդգծել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ Հայաստանի սերտ համագործակցությունը: Ողջունելի է ս.թ. փետրվարի 5-ին Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի Բյուրոյի կողմից ՀՀ Ազգային ժողովին վեհաժողովի լիիրավ անդամի կարգավիճակ շնորհելու մասին որոշումը: Դինամիկ զարգացում է ապրում նաև ֆրանկոֆոն ապակենտրոնացված համագործակցությունը, որի վկայությունն է Հայաստանի և Ֆրանսիայի` շուրջ երեք տասնյակից ավելի տեղական ինքնակառավարման մարմինների մասնակցությամբ Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության համաժողովի անցկացումը:

Այս ամենը ցույց է տալիս, որ Հայաստանում մեկնարկող Ֆրանկոֆոնիայի երկամսյակը լիովին համահունչ է Հայաստանի և Ֆրանկոֆոնիայի միջև հաստատված սերտ հարաբերություններին: Համոզված եմ, որ այս տարի ևս այն մեծ արձագանք և ընդունելություն կգտնի հայ հասարակության լայն շրջանակներում: Մաղթում եմ ամենայն հաջողություն Ֆրանկոֆոնիայի երկամսյակին”, ասաց Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:

Ընդունելությանը ողջույնի խոսքերով հանդես եկան նաև Պատրիսիա Կաասը, Հայաստանում Ֆրանսիայի դեպսան Անրի Ռենոն։

Միջոցառմանը ներկա էին ՀՀ պետական գերատեսչությունների ներկայացուցիչներ, ԱԺ պատգամավորներ, ՀՀ տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներ, ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններ, Հայաստանում գործող ֆրանսիական հաստատությունների ղեկավարներ, գիտակրթական ոլորտի բարձրաստիճան ներկայացուցիչներ:

Ֆրանկոֆոնիայի երկամսյանկի շրջանակներում մարտի 9-ի Կ.Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում, Հայաստանի և Սերբիայի արտգործնախարարների ներկայությամբ, տեղի ունեցավ հանրաճանաչ երգչուհի Պատրիսիա Կաասի համերգը, որը բուռն և ջերմ ընդունելության արժանացավ հայաստանյան հանդիսատեսի կողմից։

Անկախ

Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում բացվեց ՙՙՖրանկոֆոնիայի կենտրոն՚՚ բաժինը

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՄարտի 10-ից ապրիլի 10-ը Հայաստանում անցկացվող ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում մայրաքաղաքի Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ պաշտոնապես բացվեց ՙՙՖրանկոֆոնիայի կենտրոն՚՚բաժինը:

ՙՙՖրանկոֆոնիայի կենտրոնի՚՚ բացմանը մասնակցեց նաև Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը: Վերջինս նշեց, որ գրադարանի հարկի տակ ՙՙՖրանկոֆոնիայի կենտրոն՚՚ բաժնի բացումը լավ նվեր է հատկապես ֆրանսալեզու ընթերցասեր հասարակայնության և ֆրանսերենը նոր ուսումնասիրել պատրաստվողների համար, ովքեր բնօրինակով ֆրանսերեն անընդհատ թարմացվող գեղարվեստական և մասնագիտական գրականություն ընթերցելու լայն  հնարավորություն կունենան:

ՙՙԵս վստահեցնում եմ, որ Երևանի քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում շարունակելու է մշտապես աջակցել կրթամշակութային օջախներին՚՚,- ասաց Արամ Սուքիասյանը:

Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի տնօրեն Հասմիկ Կարապետյանն էլ իր գոհունակությունը հայտնեց Երևանի քաղաքապետարանին` մշտական աջակցության համար և համոզմունք հայտնեց, որ հետագա համագործակցությունը ևս արդյունավետ կլինի:

 Անկախ

Կանանց միջազգային օրվա կապակցությամբ նկարիչների միությունում բացվել է Շահեն Ասլանյանի անհատական ցուցահանդեսը

002Նկարիչների միությունում բացվել է ՀՀ նկարիչների միության անդամ, գեղանկարիչ Շահեն Ասլանյանի անհատական 2-րդ ցուցահանդեսը, որը հեղինակը, Կանանց միջազգային օրվան ընդառաջ,  նվիրել է բոլոր կանանց և աղջիկներին:

«Հոգեվիճակ» խորագրով ցուցահանդեսի բացմանը ներկա է գտնվել Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը:

Շնորհավորելով ցուցահանդեսի բացման կապակցությամբ՝ քաղաքապետի տեղակալն ընդգծել է, որ մայրաքաղաքում թևածող մշակութային գարունը Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ շարունակելու է հագեցած լինել տարբեր միջոցառումներով:

Ցուցահանդեսի հավաքածուն ներառել է ավելի քան 40 աշխատանք, որոնք ստեղծվել են վերջին ամիսների ընթացքում:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Անկախ

«Սրճարան կառուցելը հնագիտորեն ընդունելի չէ, քանի որ Գառնին քարակերտ, ժայռերի վրա դրված հուշարձան է». հնագետ

Համլետ ՊետրոսյանՄշակութային ժառանգության պահպանության հարցում պատասխանատու է պետությունը: Իշխանության որոշ ներկայացուցիչներ պատմամշակութային ժառանգությունը շատ հաճախ իրենց սեփականությունն են համարում և տնօրինում են այնպես, ինչպես ուզում են: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց հնագետ Համլետ Պետրոսյանը:

Նրա խոսքով` եթե համայնքի կողմից տնօրինվի մշակութային ժառանգությունը, իշխանավորն այն իր սեփականությունը չի համարի: Մշակութային ժառանգության պահպանության հիմնական լծակները քաղաքականության, վարչարարության, օրենսդրական փոփոխությունների միջոցով պետք է տրվի հասարակությանը:
Մշակութային ժառանգության պահպանությունը սերտորեն կապված է դրա դերակատարության հետ:

«Մեզ մոտ մշակութային արժեք ասելով` շատ հաճախ բացօթյա և անշարժ ժառանգությունները նկատի ունեն, սակայն ոչ, նյութականն էլ է ժառանգություն, որի պահպանության հետ կապված ևս լուրջ խնդիրներ ունենք: Այսօր շատ ավելի գերակշռում է մշակույթը որպես գործիք դիտարկելու քաղաքականությունը, այն դառնում է մեր ինքնությունը տարբերակող այցեքարտ»,- ասաց Համլետ Պետրոսյանը:
Անդրադառնալով Գառնու տաճարի մոտակայքում սրճարան կառուցելուն`հնագետը նշեց, որ սա առաջին դեպքերից է, երբ համայնքը փորձում է ինքնուրույն լուծել խնդիրը: «Ես 8 տարի Գառնու հնագիտական հետազոտությանն եմ մասնակցել, արշավախմբի անդամ եմ եղել: Գառնին պատմամշակութային, բնական և լանդշաֆտային հուշարձան է: Այդ տաճարի անունն իրականում պետք է լինի ոչ թե հեթանոսական, այլ անտիկ հնավայր, որը ողջ ամրոցն է` ներառյալ տաճարը, պալատական կառույցները, բաղնիքը, եկեղուցու մնացորդները և մյուսները: Այդ լանդշաֆտը կարող է ընկալվել, երբ ամբողջական է: Ցանկացած, թե´ մշտական, թե´ ժամանակավոր կառույց, ինչը կարող է հուշարձանի ընկալմանը նույնիսկ որևէ կետից խանգարել, միանշանակ անընդունելի է»,- ասաց հնագետը:
Նրա հավաստմամբ՝ զբոսաշրջությունը հուշարձանը պահպանող կազմակերպության առաջնային խնդիրը պետք է չլինի: Զբոսաշրջությունն ու պահպանությունը շատ հաճախ հակադիր նպատակներ ունեն: Սրճարան կառուցելը հնագիտորեն ընդունելի չէ, քանի որ Գառնին քարակերտ, ժայռերի վրա դրված հուշարձան է:

Ինչո՞ւ չեն ժպտում գրադարանավարուհիները, և ինչո՞ւ կյանքը չի ժպտում նրանց

ազգային գրադարանՕրերս, երբ հերթական անգամ այցելեցի Հայաստանի ազգային գրադարան, տարօրինակ մթնոլորտ զգացի` անհասկանալի սառնություն բոլոր «կանգառներում», սկսած գրացուցակների սրահից մինչև սպասարկման բաժինները: Վերջապես, աշխատակցուհիներից մեկին, որ միշտ առանձնակի սիրալիրությամբ է աչքի ընկել, հարցրի.
– Էս ինչո՞ւ չեք ժպտում, հո բան չի՞ պատահել:

– Դուք էլ, հա՞,- միանգամից բորբոքվեց,- ժպտալու տե՞ղ է մնացել, էս աշխատավարձով աշխատում ես, չգիտես` ոնց ծերը ծերին հասցնես, մի բան էր մնացել, որ գիրք էի տանում տուն, երեխաս կարդում էր, էդ էլ շատ համարեցին, հիմա ասում են` վճարիր: Ինչի՞ց վճարեմ, ես նվազագույն աշխատավարձ եմ ստանում, ընդամենը 55 հազար դրամ է գալիս ձեռքս: Կարծեմ հիմա նվազագույն աշխատավարձը 50 հազար են հաշվել, չէ՞: Սովորական գրադարանավարներն իսկի 35 հազար են ստանում: Գնալ-գալու փողը հանիր, տես` տակն ինչ է մնում: Մենք չենք կարող ասել` վճարեք այնքան, ինչքան աշխատում ենք, բայց իրենք կարող են ասել` շուկայական հարաբերություններ են, գի՞րք ես ուզում, փողը տուր, տար: Բա՞: Թե որ մի թեթև էլ դժգոհություն հայտնես, միանգամից կվիրավորեն ու աշխատանքից կհանեն, քանի որ էս երկրում աշխատանք գտնելը, գիտեք էլի, մեծ բախտավորություն է: Դրա համար էլ միշտ պիտի շնորհակալ լինես ղեկավարներիդ, ինչ էլ գլխիդ անեն: Մանավանդ եթե թոշակին մոտ տարիքի ես: Տեսնեիք` վերջերս ինչ օրը գցեցին ամենահին աշխատողներից մեկին: Ուրիշ տեղեր ստաժավոր մարդկանց փորձառու են համարում, էստեղ` սպառված: Երևի ճիշտ են, սպառված չենք, բա ի՞նչ ենք, մեր կյանքն ենք սպառել էստեղ, տասնյակ տարիներ, հիմա էս չնչին աշխատավարձն է մնացել, որի վրա դողում ենք: Մի արտոնություն ունեինք, էդ էլ առան ձեռքներիցս, էլ բան չմնաց: Ու ասում են` պարտավոր եք ընթերցողներին ժպտալ: Ժպտանք, բա ոնց, վշտի ժպիտ, համեցեք:

Պարզվեց, որ այսպես կոչված` ներքին աբոնեմենտը (բաժնույթը), որից օգտվում են գրադարանի աշխատողները և որը գրադարանի ամբողջ պատմության ընթացքում անվճար է եղել, այս տարվա սկզբից վճարովի է դարձել, տարվա կտրվածքով` 6 հազար դրամ: Սա, իհարկե, ներկայիս պայմաններում չնչին գումար է, բայց եթե համեմատենք աշխատողների առավել քան չնչին եկամտի հետ, հասկանալ կարելի է, թե ինչու են այսքան վիրավորված:
Փորձեցի մխիթարել զրուցակցիս, գուցե երեխան գրադարանից օգտվի այնպես, ինչպես բոլոր ուսանողները, գա գրադարան ու ընդհանուր ընթերցասրահում անվճար կարդա ինչքան ուզում է: Պարզվեց` տղան անվճար է սովորում, շատ ջանքեր է թափում դրա համար, այլապես իրենց 55 հազար եկամտով երբեք բուհի երես չէր տեսնի: Դրան գումարած` դասերից հետո աշխատում է, որ մորն օգնի, պարապելու համար մնում են գիշերային ժամերը, երբ գրադարանն արդեն փակ է: Իսկ գրքեր գնելը, առավել ևս, բացառվում է, քանի որ հատկապես բուհական ուսումնական ձեռնարկները շատ թանկ են, երկու անգամ ավելի թանկ, քան մնացած գրքերը, եթե սկսես գնել, ամբողջ աշխատավարձն էլ չի բավականացնի: Մնում են դրանց պատճենահանումները, որոնք ավելի քիչ, բայց էլի բավական գումար են կազմում:
Նյութականը դեռ մի կողմ, աշխատակիցներին ավելի շատ վիրավորում է բարոյական կողմը: Ուզում են հասկանալ` ինչո՞ւ էին խորհրդային տարիներին հարգում մարդկանց վաստակը, ինչ-որ արտոնությամբ փորձում փոխհատուցել այն, իսկ հիմա, իրենց խոսքով, «դանակը ոսկրին են հասցնում»:

Իսկապես, հարցը զուտ բարոյական կողմ ունի, քանի որ իրենք` գրադարանային աշխատողներն էլ հասկանում են, որ գրքերը գրադարանից դուրս տանելը ազգային գրադարանի պարտադիր ծառայությունների շարքում չէ: Բայց տասնամյակներ շարունակ, բացի հիմնական ծառայությունից, այսինքն` գրքերը գրադարանի ընթերցասրահներում սպասարկելուց, այստեղ գործել են անհատական բաժնույթը, որից օգտվել են գրադարանի երկարամյա ընթերցողները` բարձր գիտական աստիճաններ ու կոչումներ ունեցող, և գրադարանի երկարամյա, թոշակի անցած աշխատակիցները, ներքին բաժնույթը, ինչպես արդեն նշեցինք, և միջգրադարանային բաժնույթը, որից օգտվել են հանրապետության այլ գրադարաններ, այստեղից գրքեր են տարել իրենց ընթերցողների համար: Երեքն էլ` անվճար:
Անկախության տարիներին վճարովի է դարձել անհատական բաժնույթի մի հատվածը: Հիմա այս բաժնույթից բոլորն օգտվում են տարեկան 10 հազար դրամով: Բայց ո՞ւմ հայտնի չէ, որ տարեց դոկտոր, պրոֆեսորները ծիծաղելի թոշակ են ստանում, նրանց համար էլ այս կյանքը հեշտ չէ: Պատմեցին, որ օրերս այս բաժնույթից լացակումած, առանց գիրք վերցնելու հեռացել է գրադարանի վաստակավոր ու այժմ թոշակու աշխատակցուհիներից մեկը: «Մի՞թե իմ ավանդն այս գրադարանի համար ոչինչ չարժի»,- ասել է նա:

գրադարան1Այնուամենայնիվ, դառնանք իրավական կողմին: Վճարովի ծառայությունների դիմում են աշխարհի բոլոր գրադարանները, մանավանդ` ազգային: Մասնագետներն այս հաստատությունները համեմատում են մեծ երախի հետ, որի մեջ ինչքան էլ փող գցես` չի բավարարվի: Նույնիսկ ԱՄՆ-ի Կոնգրեսի գրադարանը, որ պետական բյուջեից տարեկան մի քանի հարյուր միլիոն դոլար հատկացում է ունենում, դարձյալ կողքից տարբեր բիզնեսներ է բացում: Եվ լրացուցիչ ֆինանսական աղբյուրների որոնման հակված մեր մասնագետներն էլ մշտապես բերում են արտասահմանի փորձը` մոռանալով, սակայն, որ արտասահմանում գրադարանավարն ամենահարգի մասնագիտությունների շարքում է, և ազգային գրադարանների աշխատակիցներն էլ բարձր աշխատավարձ են ստանում: Օտար փորձին համապատասխանելու համար հարկ է հաշվի առնել բոլոր հանգամանքներն ու պայմանները:
Բացի այդ, անվճար և վճարովի ծառայությունները պետք է հստակ տարբերակվեն օրենքով, որպեսզի կամայականությունների դուռ չբացվի: Սա սկզբունքային հարց է: Այլապես այսօր այս տնօրինությունը սրանք կհամարի հավելյալ ծառայություն և վճար կպահանջի, վաղը մի ուրիշ տնօրինություն վճարովի կդարձնի նաև սովորական սպասարկումը: Դրա օրինակն արդեն ունեցել ենք ոչ այնքան վաղ անցյալում: Նախորդ տնօրինությունը 5X10 սմ չափսի պատվերաթերթիկները, որոնց վրա ընթերցողները նշում էին իրենց պատվերը, վաճառում էր 20 դրամով: Ստացվում էր, որ ամեն գիրք կարդալն այդքան արժեր, ստացվում էր, որ հարկեր էինք վճարում, որպեսզի հետո վճարեինք մեր իսկ հարկերով գործող հաստատությանը:
Նայենք օրենքին: «Գրադարանների և գրադարանային գործի մասին» ՀՀ օրենքում, որի 9-րդ հոդվածը վերաբերում է Հայաստանի ազգային գրադարանին, ոչինչ չկա նրա վճարովի և անվճար ծառայությունների ցանկերի, գոնե դրանց տարբերակման սկզբունքների ու հնարավորությունների մասին, ոչինչ չկա նաև կառավարության որոշումներում: Այս պարագայում հարցը գոնե քննարկման չի դրվել Գրադարանների խորհրդում կամ ազգային գրադարանի գիտխորհրդում, որոշումն ընդունվել է տնօրինության նիստում:

Հիմա էլ նայենք տարրական թվաբանությանը: Ինչքա՞ն օգուտ կբերի գրադարանին այս «նորամուծությունը»: Մոտավոր հաշվարկներով` տարեկան մոտ 2,5 մլն դրամ: Մի տարի առաջ գրադարանը թալանվեց, մի քանի տասնյակ միլիոնների կորուստ եղավ: Անվերադարձ: Բացի գողերից, մեր որոշումներ ընդունող պաշտոնատար այրերից ո՞ր մեկը պատասխանատվություն կրեց այս խայտառակ անփութության համար: Կամ Երևանի գրեթե բոլոր փողոցների բոլոր կանգառներում հսկայական վահանակներ են ցցված` «Կարդա», «Կարդալը նորաձև է» և նման անհեթեթ բովանդակությամբ, որոնք գումարներ արժեն: Ավելի լավ չէ՞ այդ միջոցները ներդնել գրադարանների կարիքները հոգալու համար:

Վերջապես հիշենք, որ 1993 թ. Հայաստանը վավերացրել է Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին միջազգային դաշնագիրը և այդպիսով պարտավորվել է աստիճանաբար բարելավել մեր` հայաստանցիներիս սոցիալական, տնտեսական և մանավանդ մշակութային պայմանները, որպեսզի լիարժեք իրացնենք մեր իրավունքները: Ի՞նչ հաշվետվություն է տալիս մեր երկիրը, որ օր օրի, որոշումից որոշում իսկապես «դանակը ոսկրին է հասցնում»:

Հ.Գ. Նյութը պատրաստ էր տպագրության, երբ հայտնի դարձավ, որ առողջապահության նախարարությունը կանանց միամսյակի կապակցությամբ կանանց անվճար բուժսպասարկման (ընդհուպ մինչև վիրահատությունները) միամսյակ է հայտարարել: Էհ, կարո՞ղ ենք համարել, որ վերը նշված «նորամուծությունն» էլ, կանանց միամսյակին ընդառաջ, մշակույթի նախարարության նվերն է Հայաստանի ազգային գրադարանի աշխատողներին, որոնց 99 տոկոսը կանայք են:

Ազգի համար հպարտություն է նման գիտնական ունենալը

գիտաժողովՓետրվարի 27-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայր բուհում` Արցախի պետական համալսարանում (ԱրՊՀ), տեղի են ունեցել ծագումով Լեռնային Ղարաբաղից, հանրահայտ ռուս իրավաբան, պետության և իրավունքի տեսության ու պատմության, իրավունքի փիլիսոփայության, իրավաքաղաքական ուսմունքների պատմության ոլորտների խոշորագույն մասնագետ Վլադիկ Ներսեսյանցի 75-ամյակին նվիրված գիտական ընթերցումներ:

Միջոցառմանը ներկա էին ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, ԼՂՀ Գերագույն դատարանի նախագահ Նարինե Նարիմանյանը, արդարադատության նախարար Արարատ Դանիելյանը, դատավորներ, դասախոսներ, ուսանողներ և հրավիրվածներ։
ԱրՊՀ ռեկտոր Մանուշ Մինասյանը ողջունեց նման միջոցառումների նախաձեռնումն ու կազմակերպումը՝ նշելով, որ դրանք կարևոր են ինչպես համալսարանականների, այնպես էլ ներկա գտնվող հյուրերի համար. ուսանողները կկարողանան իրենց մեջ զարգացնել գիտական ներուժը, ձևավորել գիտական ընթերցմամբ հանդես գալու մշակույթ, իսկ պետական այրերն այստեղ կտեսնեն իրենց ապագա կադրերին, կկարողանան իրենց պատգամներն ու խորհուրդները տալ նրանց, ինչը ևս պետական քաղաքականության մաս է։
Իր խոսքում Ուսանողական գիտական ընկերության նախագահ, ԱրՊՀ իրավունքի ամբիոնի դասախոս Ավետիք Հարությունյանն ասաց, որ Ներսեսյանցին նվիրված գիտական ընթերցումներ անցկացնելու գաղափարն իր մեջ ծնվել է դեռևս մագիստրատուրայում սովորելու տարիներին, երբ խորությամբ սկսել է ուսումնասիրել ակադեմիկոսի աշխատությունները, իսկ ներկայումս դրա անհրաժեշտությունն ավելի է զգացվում, քանզի Ներսեսյանցի մեծության մասին տեղեկատվությունն ու գաղափարները հանրության սեփականությունը դարձնելու հրամայական կա։
Ա. Հարությունյանի խոսքով՝ կազմակերպված միջոցառումն ամենևին էլ չի հավակնում ամբողջովին ու բազմակողմանիորեն բացահայտելու ակադեմիկոսին, որովհետև մեկ միջոցառմամբ դա անհնար է։ «Սա մի համեստ ձեռնարկում է նրա գիտական ժառանգությունն արժևորելու համար»,- ասաց բանախոսը։ Շուրջ 400 գիտական աշխատանք է հեղինակել Ներսեսյանցը, որոնց թվում՝ 16 մենագրություն։ ՌԴ Սահմանադրական դատարանի նախագահ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Վալերի Զորկինը Ներսեսյանցին համարում է իրավունքի փիլիսոփայության ամենամեծ գիտնականներից մեկը և դասում այնպիսի համաշխարհային նշանակության գիտնականների շարքը, ինչպիսիք են Բորիս Չիչերինը, Ալեքսանդր Գրադովսկին, Նիկոլայ Կորկունովը, Սերգեյ Մուրոմցևը և այլք։
Գիտական ընթերցումների ընթացքում զեկույցներով հանդես են եկել ԼՂՀ արդարադատության նախարար Արարատ Դանիելյանը, ԼՂՀ վերաքննիչ դատարանի դատավոր, ԼՂՀ դատավորների միության նախագահ, ԱրՊՀ իրավունքի ամբիոնի դասախոս Ավետիք ՀարությունյանՀասմիկ Խաչատրյանը և ԱրՊՀ իրավունքի ամբիոնի դասախոս Ավետիք Հարությունյանը:
Իրավունքի թեմայով զեկուցումներ կարդացին ԱրՊՀ իրավունքի ամբիոնի մագիստրանտներ Լուսինե Բարխուդարյանը, Անուշ Դանիելյանը և Արմինե Դանիելյանը։
Ներկաները հնարավորություն ունեցան լսելու ազատության մասին գիտության տեսաբանի ու մեկնաբանի՝ Վ. Ներսեսյանցի կենդանի ձայնը՝ դիտելով տեսագրությունը, որտեղ նա խոսում է ազատական-իրավաբանական հայեցակարգի մասին։
Գիտական ընթերցումներն ամփոփեց և եզրափակիչ խոսք ասաց ԼՂՀ Ազգային ժողովի նախագահը։ Շնորհակալություն հայտնելով ԱրՊՀ ռեկտորատին և միջոցառման նախաձեռնողներին՝ Ա. Ղուլյանը նշեց, որ այն հետաքրքիր նախաձեռնությունների մեկնարկ է։ ԱԺ նախագահի խոսքով՝ միանգամայն տեղին է, որ սկիզբը դրվեց համերկրացի, խորհրդային, ռուսական իրավաբանական գիտության մեջ հայտնի Վ. Ներսեսյանցի գիտական գործունեության ուսումնասիրմամբ, որը ուսանողների համար մեծ ծավալի աշխատանքի ճակատ է բացում։ Զուգահեռներ անցկացնելով անվանի գիտնականի ապրած ժամանակաշրջանի և ներկայի միջև՝ Արցախի խորհրդարանի ղեկավարն ասաց. «Բարեբախտություն է, որ նա մեր հայրենակիցն է, որովհետև միայն նրա կենսագրության առաջին տողերը ստիպելու են մարդկանց համացանցում փնտրել և գտնել Ստեփանակերտը, հասկանալու են, որ Վ. Ներսեսյանցի ազատական արժեքներն ունեցել են շարունակություն, որոնց հիման վրա հռչակվել է դեռևս չճանաչված, բայց մեծ երազանքներ ունեցող Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն»։
Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ

Անկախ

 

 

 

«Հեռու պահեք ձեր կեղտոտ ձեռքերը Գառնիից». Լուսինե Բադալյան

1236025_594644053933087_604949854_nՀեռուստահաղորդավարուհի Լուսինե Բադալյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Ես արդեն մի անգամ բերեցի Պոմպեոսի օրինակը, որը հսկայական տարածք է, Գառնին դրա 1 տոկոսն է կազմում ընդամենը, որտեղ բացարձակ ոչինչ չկար, Գառնիի նման տաճարները տարածքում մի քանիսն են, բայց պարսպից ներս ջուր էլ չես գտնի, իսկ տուրիզմը դրանից չի տուժում… ձեր բացը սխալ ճանապարհով եք որոշել լրացնել, բիոզուգարաններն ու սրճարանները չեն, որ խթանում են տուրիզմի զարգացմանը. մոլորության մեջ եք: Տարիներով աչք ենք կուրացրել, կարդացել-սովորել ենք, մասնագիտություն ենք ստացել, բարի եղեք հարցրեք, կամ, երբ ասում ենք՝ լսեք, ոչ թե ինքնուրույն, ձեր իմացածի սահմաններում, որոշումներ ընդունեք ու մի հատ էլ փորձեք ավելի խելացի ու հոգատար թվալ…..

Հեռու պահեք ձեր կեղտոտ ձեռքերը Գառնիից»:

 

Անկախ