Ոստիկանությունից Անկախին հայտնեցի, որ դեկտեմբերի 24-ին Դիլիջան քաղաքում տեղի ունեցած սպանության դեպքի վերաբերյալ որոշ զանգվածային լրատվության միջոցներ տարբեր մեկնաբանություններ էին արել, ուստի անհրաժեշտ են համարում պարզաբանել: ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա որոշում է կայացվել Տավուշի մարզի Թեղուտ գյուղի բնակիչ Արագած Թամրազյանին ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և 185-րդ հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում և որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն` ոստիկանության Դիլիջանի բաժնի նախկին պետ Արթուր Եգանյանը սպանության ժամանակ դեպքի վայրում չի եղել, նա դեպքի վայր է մեկնել Դիլիջան քաղաքի Մյասնիկյան փողոցի 37/2 հասցեում գտնվող «Ակբակրեդիտ Ագրիկոլ բանկ»-ի Դիլիջանի մասնաճյուղում հերթապահություն իրականացնող ՀՀ ոստիկանության ՊՊԳՎ Դիլիջանի բաժանմունքի ոստիկանի կողմից` տեղի ունեցող դեպքի ընթացքում ազդանշանային համակարգը միացնելուց հետո։ Արթուր Եգանյանի նկատմամբ ծառայողական քննություն չի նշանակվել։
Կադրային փոփոխություն ՀՀ դատախազության համակարգում
Կիսակառույց շենքում քաղաքացու դի է հայտնաբերվել
Հունվարի 15-ին, ժամը 16.39-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Արտաշիսյան փողոցի թիվ 94 կիսակառույց շենքում առկա է քաղաքացու դի, ճանապարհի դժվարանցանելիության պատճառով անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը:
Պարզվել է, որ դին հայտնաբերվել է թիվ 96 հասցեում գտնվող կիսակառույց շինության 2-րդ հարկում:
Փրկարարները անձը չպարզված միջին տարիքի տղամարդու դին պատգարակով իջեցրել և մոտեցրել են շտապօգնության աշխատակիցներին:
Սուրեն Սուրենյանցն ու Վահան Կարապետյանը փոխհամաձայնության են եկել .Առավոտ
«Հատուկ քննչական ծառայությունում՝ իմ և ԱԺ պատգամավոր Վահան Կարապետյանի վիճաբանության առթիվ հարուցված քրեական գործի առթիվ՝ պաշտոնապես հայտարարում եմ` Վահան Կարապետյանն ամբողջովին հատուցել է իմ առողջության վերականգնման հետ կապված ծախսերը, մենք հաշտության ենք եկել, և ես որևէ բողոք չունեմ ԱԺ պատգամավորի դեմ: Այսօր ես այս մասին պաշտոնական հայտարարությամբ հանդես կգամ ՀՔԾ–ում»,- Aravot.am-ի հետ զրույցում հայտարարեց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։ Հիշեցնենք, որ մոտ մեկ ամիս առաջ վիճաբանություն էր եղել Սուրեն Սուրենյանցի եւ ԲՀԿ-ական պատգամավոր «Չերրի» ռեստորանի սեփականատեր Վահան Կարապետյանի միջեւ: Վերջինս, ըստ լուրերի, ծեծի էր ենթարկել Սուրենյանցին: Այն ժամանակ կողմերը հերքեցին վիճաբանության եւ ծեծի փաստը, իսկ որոշ ժամանակ անց, Սուրենյանցի ծեծված լուսանկարները հայտնվեցին համացանցում: Օրերս, ՀՔԾ-ն սույն փաստով գործ հարուցեց պատգամավորի դեմ: Վահան Կարապետյանը գտնվում է ԱՄՆ-ում, նա կվերադառնա հունվարի վերջերին, այդ իսկ պատճառով չի հաջողվում պատգամավորի հետ զրուցել այս թեմայի շուրջ: Իսկ Սուրեն Սուրենյանցն այսօր մեր հետ զրույցում պատասխանելով հարցին` ինչու այն ժամանակ ինքը հերքեց վիճաբանության փաստը, բայց հետո հրապարակեց իր ծեծված նկարներն՝ ասաց, որ նկարներն ինքը չի հրապարակել, կայքերից մեկն է հրապարակել ու պնդեց, որ կայքին ինքը չի տրամադրել նկարները. «Այդ օրերին ես լուսանկարվել եմ, հետո, դա հայտնվել է մի շարք կայքերում: Ես պարզապես, իմ ֆեյսբուքյան գրառումներից մեկում այդ նկարն օգտագործել եմ»: Թե ինչպես են նկարները հայտնվել մի շարք կայքերում`Սուրենյանցը տեղյակ չէ:
Անկախ
Փրկարարները հայտնաբերել են չորսը դի
Հունվարի 14-ին, ժամը 19.40-ին տեղեկատվություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղի Այգեգործների թաղամասի տներից մեկում՝ անկողնում, հայտնաբերվել է տղամարդու կիսայրված դի. տեղափոխելու համար անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները ոստիկանության աշխատակիցների հետ 1953 թ. ծնված Ս. Ղ.-ի դին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:
***
Հունվարի 14-ին, ժամը 17.56-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Ռոստովյան փողոցի թիվ 15 շենքի բնակիչներից մեկը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը և ննջասենյակի հատակին հայտնաբերել 1954 թ. ծնված Լ. Գ.-ի դին:
***
Հունվարի 14-ին, ժամը14.36-ին ահազանգ էստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Իսահակյան փողոցի 1-ին նրբանցքի թիվ 11 շենքի բնակիչներից մեկը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը. հյուրասենյակում հայտնաբերվել է 1936 թ. ծնված Կ. Ա.-ի դին:
***
Հունվարի 14-ին, ժամը 09.43-ին տեղեկատվություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցի թիվ 2 շենքի բնակիչներից մեկը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հյուրասենյակում հայտնաբերվել է 1953 թ.-ին ծնված Ա. Թ. դին:
Զինվորին ծեծի ենթարկելու փաստի առթիվ նշանակվել է ծառայողական քննություն. Սեյրան Օհանյանը գործը վերցրել է իր անձնական վերահսկողության տակ
ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանը երեկ այցելել է զորամաս, որտեղ տեղի է ունեցել նորակոչիկ Մհեր Խլղաթյանի հետ կապված միջադեպը: Այդ մասին «Փաստինֆո» թղթակցին ասել է ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը` հավելելով, որ նախարարը, տեղում ծանոթանալով ստեղծված իրավիճակին, գործը վերցրել է իր անձնական վերահսկողության տակ: Փաստի առթիվ նշանակվել է ծառայողական քննություն: Արծրուն Հովհաննիսյանը վստահեցրել է նաև, որ նորակոչիկի առողջական վիճակը փոքրի ինչ բարելավվել է: Ինչպես ավելի վաղ Անկախը տեղեկացրել էր` Կենտրոնական կլինիկական հոսպիտալ տեղափոխման պահին զինվորի գիտակցությունը եղել է թեթև մթագնած, առողջական վիճակը խիստ անհանգստացնող, իսկ հոսպիտալում նաև պարզվել է, որ նա երկկողմանի թոքաբորբ է տանում: Մինչև Երևան տեղափոխելը զինվորը մի քանի օր ունեցել է թոքերի լուրջ խնդիր և զորամասի բուժկետում նրա նկատմամբ բռնություն են կիրառել բժիշկն ու բուժակները, որոնցից ավելի ագրեսիվ պահվածք է դրսևորել ոմն Արմանը և Նարեկը: Մինչ Երևանի հոսպիտալ տեղափոխելը զինվորին տարել են Վարդենիսի զինվորական հոսպիտալ, որտեղ որոշ ժամանակ պահելուց հետո, տեսնելով որ չեն կարողանում զինվորին անհրաժեշտ բժշկական օգնություն ցուցաբերել, նոր տեղափոխում են Երևան:
Հիշեցնենք նաև, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասով՝ անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ, եթե անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ և 358.1 2-րդ մասով` զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ ստորադասի նկատմամբ բռնություն գործադրելը: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է նախաքննություն:
Յուրի Վարդանյանի որդու կալանքը երկարացվել է երկու ամսով, իսկ հայրը մինչ օրս չի գնացել նրան տեսության
Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանի՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեջ մեղադրվող որդու՝ Դավիթ Վարդանյանի կալանքը երկարացվել է եւս երկու ամսով: Այս մասինNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նրա փաստաբանը՝ Վահան Հայրապետյանը:
Նա նշեց, որ դատարանը մերժել է իրենց միջնորդությունը՝ խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու վերաբերյալ: «Դատարանը գտավ, որ դեռ գործողություններ ունի անելու, կալանքը երկարացրեց երկու ամսով, իմ միջնորդությունը մերժեց»,- ասաց փաստաբանը: Նա նշեց, որ Դավիթը «ընկճված է, ով քրեակատարողական հիմնարկում գտնվի, չընկճվի»: Փաստաբանը շեշտեց նաեւ, որ մինչ օրս հայրը՝ Յուրի Վարդանյանը, չի գնացել որդուն տեսության:
Վահան Հայրապետյանի փոխանցմամբ՝ գործի նախաքննությունը մինչեւ հունվարի վերջ կավարտվի եւ այն կուղարկվի դատարան:
Հիշեցնենք, որ 2013 թ. հոկտեմբերի 12-ին, ժամը 15-ի սահմաններում, Դավիթ Վարդանյանը Երեւան-Մեղրի ավտոմայրուղուց բերման է ենթարկվել ոստիկանության Կապանի բաժին: Խուզարկությամբ նրա մոտից հայտնաբերվել է 99 գրամ հաշիշանման նյութ, բացի այդ, եւս 7 գրամ նմանատիպ նյութ հայտնաբերվել է նրա օրգանիզմից՝ բժշկական միջամտության արդյունքում: 2013 թ. հոկտեմբերի 12-ին եւ 13-ին կատարված դատաքիմիական փորձաքննության եզրակացության համաձայն՝ հայտնաբերված նյութերը հաշիշ տեսակի թմրամիջոց են»:
Թմրամիջոցները դեպքում 106 գրամը համարվում է առանձնապես խոշոր չափ: Ինչ վերաբերում է Դավիթ Վարդանյանի ցուցմունքներին, ապա նա հայտնել է, որ թմրամիջոցը ձեռք է բերել իր գործածման համար: Դավիթ Վարդանյանը կալանավորված է: Շարունակությունը`սկզբնաղբյուր կայքում
Փրկարարները բացել են յոթ բնակարանի փակ դուռ
Հունվարի 14-ին, ժամը 04.13-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ավան վարչական շրջանի Նարեկացի թաղամասի թիվ 40 շենքի բնակարաններից մեկի խոհանոցի դուռը փակվել է և քաղաքացին մնացել է այնտեղ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հրշեջ-փրկարարները բացել են Ա.Հ.-ին պատկանող բնակարանի խոհանոցի դուռը:
***
Հունվարի 14-ին, ժամը 01.32-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Սունդուկյան փողոցի թիվ 8 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ինչից բնակարան մուտք գործելը դարձել է անհնարին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները բացել են Հ.Ս.-ին պատկանող բնակարանի դուռը:
***
Հունվարի 13-ին, ժամը 21.46-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Պռոշյան փողոցի տներից մեկի դռան փականը խափանվել է, քաղաքացին մնացել է ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները բացել են Զ.Գ.-ին պատկանող բնակարանի դուռը:
***
Հունվարի 13-ին, ժամը 19.26-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Շերամի փողոցի թիվ 55 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը::
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները բացել են Ս.Հ.-ին պատկանող բնակարանի դուռը:
***
Հունվարի 13-ին, ժամը 18.32-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Անդրանիկի փողոցի թիվ 16 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, քաղաքացիները մնացել են ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները բացել են Ս.Գ.-ին պատկանող բնակարանի դուռը:
***
Հունվարի 13-ին, ժամը 14.28-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Գ. Շերամի փողոցի թիվ 115 շենքի բնակարաններից մեկի դուռը փակվել է և վատառողջ բնակիչը չի կարողանում բացել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները բացել են Լ.Պ.-ին պատկանող բնակարանի դուռը:
***
Հունվարի 13-ին, ժամը 12.46-ին ահազանգ է ստացվել, որ Ֆուչիկի փողոցի 1-ին նրբանցքի թիվ 6 շենքի 30-րդ բնակարանից (բնակիչը բացակայում է հանրապետությունից) ջրալցվում է 26-րդ բնակարանը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ–փրկարարները բացել են բնակարանի դուռը:
***
Հունվարի 13-ին, ժամը 12.46-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Շիրազի փողոցի թիվ 44 շենքի 7-րդ բնակարանից (բնակիչը բացակայում է քաղաքից) ջրալցվում է 4-րդ բնակարանը. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկը:
Հրշեջ–փրկարարները բացել են բնակարանի դուռը:
25 օր առաջ բանակ զորակոչված զինվորին ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել են Մուրացանի հոսպիտալ (լրացված)
Այսօր՝ հունվարի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել ԼՂՀ Քարվաճառի տարածքում գտնվող Չոփռլուի զորամասում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գիշերը ժամը 03:30-ի սահմաններում նշված զորամասից ծայրահեղ ծանր վիճակով, գրեթե անգիտակից, Երևանի Մուրացան փողոցի վրա գտնվող զինվորական հոսպիտալ է տեղափոխվել Երևանի բնակիչ, 18-ամյա Մհեր Խլղաթյանը: Հոսպիտալի մոտ հավաքված Մհերի մտերիմներն ու ընկերները ֆոտոլրագրողի հետ զրույցում հայտնում են, որ նա զորամասում դաժան ծեծի է ենթարկվել և մարմնի վրա կան բազմաթիվ հետքեր և զորամասում, իմանալով, որ տղայի վիճակը դառնում է օրհասական, համաձայնվում են նրան տեղափոխել Երևան: Ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների՝ մինչև Երևան տեղափոխելը զինվորը մի քանի օր ունեցել է թոքերի լուրջ խնդիր և զորամասի բուժկետում նրա նկատմամբ բռնություն են կիրառել բժիշկն ու բուժակները, որոնցից ավելի ագրեսիվ պահվածք է դրսևորել ոմն Արմանը և Նարեկը: Մինչ Երևանի հոսպիտալ տեղափոխելը զինվորին տարել են Վարդենիսի զինվորական հոսպիտալ, որտեղ որոշ ժամանակ պահելուց հետո, տեսնելով որ չեն կարողանում զինվորին անհրաժեշտ բժշկակյան օգնություն ցուցաբերել, նոր տեղափոխում են Երևան: Մհերը բանակ էր զորակոչվել 2013թ դեկտեմբերի 18-ին, Կենտրոնի զիմկոմիսարիատի կողմից և նա բնակվում է Նորք Մարաշ վարչական շրջանում՝ քրոջ և տնային տնտեսուհի մոր հետ, իսկ հայրը գտնվում է արտասահմանում: Շարունակությունը`սկզբնաղբյուր կայքում:
Փաստաբան Ալումյանը խնդրել է հետաձգել Բուդաղյանների գործով իր բողոքի դատաքննությունը
Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվել է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտակայքում 2013թ.-ի հունիսի 1-ին տեղի ունեցած կրակոցների հետեւանքով զոհված Գորիս քաղաքի բնակիչ Ավետիք Բուդաղյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Հայկ Ալումյանի բողոքի քննությունը:
Հայկ Ալումյանը դատարանում բողոքարկում է նախաքննությունն իրականացնող մարմնի կայացրած` Ավետիք Բուդաղյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշումը` նրա մահվան պատճառով եւ Տիգրան Խաչատրյանի ու Զարզանդ Նիկողոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումները: Բողոքի քննության ընթացքում փաստաբան Ալումյանը միջնորդել է դատարանին պարտավորեցնել նախաքննության մարմնին, որպեսզի իրեն տրամադրեն նախաքննության ողջ նյութերը, ինչով էլ փաստաբանը մտադիր է ապացուցել իր բողոքի հիմնավորվածությունը:
Փաստաբանը բազմիցս պնդել է, որ նախաքննության մարմինն ու դատարանն անում են ամեն ինչ, որպեսզի այդ նյութերը չներկայացվեն, սակայն գործը քննող դատավոր Արմեն Բեկթաշյանը փաստաբան Հ. Ալումյանին տեղեկացրեց, որ նախաքննական մարմինը դատարանին է ներկայացրել քրեական գործի 10 հատորների ցանկերի պատճենները եւ առաջարկեց դրանք ուսումնասիրել և դատարանին հայտնել, թե ինչ նյութեր են անհրաժեշտ փաստաբանին: Փաստաբանը կես ժամ ժամանակ խնդրեց ցանկին ծանոթանալու համար, այնուհետեւ դատարանին հայտնեց, որ աշխատանքը ծավալուն է եւ ներկայացված ցանկն ամբողջական հետազոտելու համար անհրաժեշտ է 1-2 օր: Դատական նիստը հետաձգվեց մեկ շաբաթով:
Ավտոմեքենան կայանելու հարցի շուրջ վիճաբանել են և վնասվածքներ պատճառել
Հունվարի 11-ին, ժամը 20.30-ին, 1980 թ. ծնված Արտեմ Կ.-ն ոստիկանության Անիի բաժնում հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 18.00-ի սահմաններում, Մարալիկ քաղաքի բնակիչներ` 1987 թ. ծնված Գոռ Մ.-ն, 1989 թ. ծնված Տարոն Մ.-ն և 1957 թ.ծնված Վարազդատ Մ.-ն ավտոմեքենան կայանելու պատճառով վիճաբանել են իր հետ, որի ընթացքում ոտքերով և ձեռքերով հարվածներ են հասցրել իրեն ու պատճառել վնասվածքներ:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
Գնունի շուկայի դիմաց տեղի ունեցած վիճաբանությանը մասնակցել է Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի որդին
Ոստիկանությունից Անկախին տեղեկացրին,որ հունվարի 11-ին, ժամը 14.50-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ Գնունի շուկայի դիմաց վիճաբանություն է: Ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողների և Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, Բաբայան փողոցից, մարմնական վնասվածք հասցնելու կասկածանքով, բերման են ենթարկվել 1986 թ. ծնված Դավիթ Ն.-ն և նրան պատկանող «Պորշ Կայեն» մակնիշի ավտոմեքենան, ինչպես և ավտոմեքենայի ուղևորներ` 1985 թ. ծնված Ա. Թ.-ն, 1985 թ. ծնված Ա. Ն.-ն և 1985 թ. ծնված Դ. Ա.-ն: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը, ժամը 14.30-ի սահմաններում, Վարդանանց փողոցի թիվ 78 հասցեում գտնվող տոնավաճառում Դավիթ Ն.-ն վիճաբանության մեջ է մտել 1991 թ. ծնված Անդրանիկ Ս.-ի հետ, որի ընթացքում վերջինս ձեռքերով հարվածներ է հասցրել Դավիթ Ն.-ին և պատճառել վնասվածքներ: Դ. Ն.-ին պատկանող «Պորշ Կայեն» մակնիշի ավտոմեքենայի զննությամբ հայտնաբերվել և առգրավվել է դանակ` ընդհանուր 20 սմ երկարությամբ, շեղբը` 9 սմ, բռնակը` 10 սմ և կաթուցիչ, որի մեջ առկա է 0,01 գ կշռով դեղնականաչավուն կանեփանման զանգված: Նույն օրը, ժամը 19.30-ին, Անդրանիկ Ս.-ն ներկայացել է ոստիկանության Մարաշի բաժանմունք և տվել խոստովանական բացատրություն: Նշանակվել են համապատասխան փորձաքննություններ: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է հետաքննություն:
Տարբեր լրատվամիջոցներում հայտնված տեղեկությունների համաձայն, Դավիթ Ն.-ն Դավիթ Նավասարդյանն է` Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի որդին: Տրանսպորտի վարչության պետը մեր հեռախոսազանգին չպատասխանեց, նրա փոխարեն պատասխանած կինն ասաց, որ նա խորհրդակցության է:
Հրաժեշտ Արմեն Մազմանյանին
Անկախը ընթերցողին է ներկայացնում գրող հրապարակախոս Վիոլետ Գրիգորյանի հոդվածը , որը հրապարակվել է Թերթ.ամ- ի` հեղինակի բլոգում:
Հունվարի 8-ին վախճանվեցին երկու հայ արվեստագետներ` գրող Լևոն Խեչոյանն ու ռեժիսոր Արմեն Մազմանյանը: Ուզում եմ երկուսին էլ հրաժեշտ տալ` հիշելով այնպիսի բաներ, որ միայն ես կարող եմ:
Արմեն Մազմանյանի թատերական գործունեության մասին ես միայն լսելով գիտեմ, ափսոսում եմ, որ չեմ տեսել նրա հայտնի բեմադրությունը (Պիրանդելոյի «Վեց պերսոնաժ հեղինակ որոնելիս»), հիշում եմ, թե ինչպես իր ռեժիսոր ընկերների հետ թատերական շարժում էր սկսել, ու առաջին անգամ սովետահայկական թատրոնում բեմադրեցին աբսուրդիստ-էկզիստենցիալիստներին: Բայց Մազի էդ գործունեության մասին ինձանից ավելի տեղյակ ականատեսներ կան, որ կպատմեն:
Վերջին տարիներին շատերի պես ես էլ քննադատում էի նրա քաղաքական կեցվածքը, ու ինձ համար հարցը միայն իշխանություններին պաշտպանելը չէր, այլ կոնկրետ արտահայտած իր հայացքները: Բայց դրա մասին էլ շատ խոսող կա:
Ուրեմն պատմեմ էն, ինչ արդեն միայն ես կարող եմ:
88-ին Մազը շարժման էն մասնակիցներից էր, ում էսօր ասում են` ակտիվիստ, ու ինչպես էսօրվա որոշ ջահելներ` խմբակային լիդերներից էր, հետո դարձավ նաև կռված տղերքից, Երասխավանում վիրավորվեց: Սումգայիթյան դեպքերից հետո որ դերասանուհի Վիոլետ Գևորգյանը համաձայնվել ու գնացել էր Բաքվի կինոփառատոն, Հայաստանում նրա դեմ մեծ արշավ սկսվեց: Էն ժամանակ իշխանությո՛ւնն էր ասում` բոլոր ազգերի ներկայացուցիչներն էլ նախ և առաջ մարդ են, դրա համար էլ հանցագործներին սփռեց Սովետի դատարաններով մեկ ու առանձին-առանձին դատեց` որպես անհատ մարդկանց, ոչ թե ազգային ատելության հողի վրա կազմակերպված խմբի: Եվ որպես բողոքի ակցիա` որոշվել էր բոյկոտել Բաքվի կինոփառատոնը, իսկ Վիոլետը ելել ու գնացել էր:
Մի օր, Մազի ու իր խմբի կազմակերպելով, ես ու մի քանի հոգի որոշեցինք գնալ Դրամատիկական թատրոն, որպեսզի Բաքվից վերադարձած ու էդ օրվա ներկայացման մեջ խաղացող Վիոլետ Գևորգյանի վրա ձվեր գցենք ու սուլենք: Պապլավոկում հավաքվեցինք` լիդերների ցուցումները լսելու: Ես մեջների ամենափոքրն էի ու ձայն չունեի, չնայած էդ ժամանակ բոլոր ձայներն էլ նույնն էին ասում: Լիդերները ցուցումները տվեցին-պրծան, հետո սկսեցին գցել-բռնել, թե ում տանը գինի կա, որտեղից ուտելիք առնեն ու գնան խմելու: Մենք մտանք թատրոն:
Ես էի ու… բայց մյուսների մասին արժե պատմել. մեկը Գրողների միության Դոնարան էր, որ հետո, էդ նույն տարվա ամառը, Պապլավոկում Սումգայիթի մասին իր բանաստեղծությունը արտասանելով` լճակն էր նետվել. «Ինձ բռնաբարել են հազար անգամ Սումգայիթում»… Ոստիկաններն եկել բռնել, տարել էին, սրճարանի ականատեսներից մեկն էլ ոստիկաններին բացատրել էր, թե` ոնց որ աղջկան բռնաբարել էին, գոռգոռաց ու ջուրը գցվեց:
88-ին Դոնարան էն ակտիվիստներից էր, որ Օպերայում էր ապրում, նստացույցի տարածք հարթակն ու աստիճաններն իր հարազատ տունն էին դարձել, էնքան, որ մի օր ես ամոթու ձեռքից ավելն առա, որ մի քիչ էլ ես մաքրեմ: Ղարաբաղ կոմիտեին ձերբակալելուց հետո Դոնարային էլ նստեցրին Սովետաշենի բանտում, որտեղ, ինչպես պատմում էր հետո, կից պատը թխկթխկացնելով, ծանոթացել էր կողքի խցում նստած մի քրեականի հետ: Դուրս գալուց հետո ամուսնացան, ու մի քանի ամիս անց բնակարանում գտան Դոնարայի` ծեծամահ արված դիակը: Պարզվեց, որ հղի էր եղել: Էդպես էլ սպանողները չբացահայտվեցին, չնայած խոսք կար, որ ամուսնու տղեն ընկերների հետ է արել: Լուրը լսելուց հետո հիշեցի, թե ոնց ամուսնանալուց հետո մի օր որ հանդիպեցինք ՀՀՇ-ի շտաբում, տեսա թևերի կապտուկները: Էն ժամանակ ծեծված կանանց պաշտպաններ չկային: Ինքն էլ խեղճուկրակ չէր, խոշոր էր ու թափով. մի օր, որ գրողների հետ խմելուց հետո արձակագիրներից մեկը տարել-ճամփու էր դրել ու մուտքում փորձել էր համբուրել, էնպես էր պոետուհին արձակագրին զարկել, որ նա մի քանի օր Միություն չէր գալիս, որ ուռած-կապտած աչքը չտեսնենք:
Մյուսը ձիով Հասմիկն էր. մականունը ստացել էր, քանի որ գրազ էր եկել, թե ձիով կմտնի Ռադիոտուն, որտեղ աշխատում էր, ու էդպես էլ արել էր: Ալվարդ Պետրոսյանը Հասմիկի ու նրա գրազի մասին պատմվածք էր գրել: Հասմիկը նիհար, բոյով, տղայական հագուկապով աղջիկ էր, գրաբար էր ուսումնասիրում ու աշխատում էր Ռադիոյի թատերական բաժնում: Հաճախ էինք հանդիպում Ռադիոտան մոտի «Եթեր» սրճարանում, ու մի օր էլ ցույց տվեց հրացանը, որ արդեն ՆԳՆ նախարար դարձած Վանոն էր նվիրել: Հիմա չգիտեմ` ուր է Հասմիկը, երևի Հայաստանում չի, եթե լիներ, աննկատ չէր մնա:
Մյուսը` Գոհար Մարտիրոսյանը, գրական աշխատող էր ու բանաստեղծություններ էր գրում: Գոհարը կաղում էր երկու ոտքերից ու հենակներով ցույցերի էր գալիս: Նրա տունը գրողների բոհեմական հավաքատեղիներից էր: Գոհարն էլ արդեն մահացել է:
Էսքանովս մտանք Դրամատիկական ու տեղավորվեցինք դահլիճում: Մեր հետևի շարքում միանգամից հայտնվեցին կգբշչիկներ, անհավատալի էր, թե ոնց էին անմիջապես տեղեկացել, ու սկսեցին մեզ զգուշացնել, որ եթե չհեռանանք, վատ կլինի: Չհեռացանք:
Ներկայացումն սկսվեց, Հասմիկը ձեռքս խոթեց իր բերած ձվերից մեկը, ես ձուն պինդ բռնեցի, բայց ամբողջովին կաթվածահար էի լարումից: Չէ, կգբշչնիկներից չէի վախենում, էսօր արդեն շատերը գիտեն, թե հեղափոխական իրավիճակ ասածը ոնց է պահի տակ մարդու վախերը հանում: Բայց էնպես դժվար էր ինձ համար մութ դահլիճից ձու նետել լուսարձակների տակ մենակ կանգնած մարդու վրա: Վիոլետը բեմ մտավ ներկայացման կեսից հետո` արդեն լարված, ողջ բեմն ու դահլիճն էր լարված: Մի քանի րոպե կարկամած էինք, հետո Հասմիկը գոռաց` թո՛ւրք, դահլիճը թեթև բզզաց, հետևի կգբշչնիկները սկսեցին մեզ լուռ քաշքշել, հետո Հասմիկը մի երկու անգամ էլ թո՛ւրք ու դրա նման բառեր գոռաց, ու… ներկայացումն ափալ-թափալ փակվեց: Վիոլետը դուրս չեկավ խոնարհվելու, մենք էդպես էլ ձվեր չնետեցինք նրա վրա, ու ես ներքուստ ուրախ էի` չնայած թաքուն մտահոգությանս, թե երևի թուլամորթ եմ:
Երբ դահլիճից դուրս էինք գալիս, կգբշչնիկներն սկսեցին բարձրաձայն կռվել մեզ հետ ու ամոթանք տալ: Լեզվակռվով իջանք աստիճաններով, արդեն փողոցում դրանցից մեկն սկսեց ինձ քաշքշել ու հայհոյել, դե ամենափոքրն ու անպաշտպանն էի երևում, ու մեկ էլ… հայտնվեց Մազը: Կգբշչնիկներն աքլորացան` դու ով ես, ինչ ես խառնվում, ասեց` իմ կինն ա, բա դուք ով եք, ու էնպես վրա տվեց, որ դրանք փասա-փուսաներն հավաքեցին գնացին: Թշնամիների հեռանալուց հետո հեղափոխական քաջությունս միանգամից տեղի տվեց, ու ես սկսեցի լացել, ուրեմն իսկապես անպաշտպան էի ինձ զգացել: Մեկ էլ զգացի` ձեռքս թաց ա, նայեմ տեսնեմ` ձեռքիս ձուն եմ սեղմելով ջարդել: Էդպես կամավորներիս հեղափոխական գործի ղրկած լիդերներից մենակ Մազը չէր գնացել գինի խմելու, մնացել-սպասել էր, մինչև դուրս գանք:
Իսկ դա դեռ Սովետն էր, որի իշխանությունը ոչ թե ողորմելի էր էսօրվա պես, այլ իսկապես վախենալու, դեռ առաջին ցույցերն ու բողոքի ակցիաները մի երկրում, որտեղ մարդկային բազմությունը միայն պետական հրահանգով էր տոների առիթով փողոց դուրս գալիս, իսկ հզոր կայսրության փլուզվելու մասին ամենահամարձակ երևակայությունն էլ չէր պատկերացնի:
Հիմա երբ տեսնում եմ երիտասարդ ակտիվիստներին, որ շոգին ու ցրտին, արևին ու անձրևին փողոց են դուրս գալիս, տարբեր ակցիաներ անում, պայքարում ու կռիվ տալիս, ոստիկանների բռնություններին ենթարկվում, երբ նայում եմ նրանց ջահել, ինքնավստահ, հուզավառ դեմքերին…. հիշում եմ Մազին, երբ ինքն էլ երիտասարդ էր ու իր կռիվն էր տալիս:
Ու չեմ ուզում պատկերացնել, թե կյանքը մի տասը-քսան տարի հետո ուր կարող է նետել էսօրվա ջահելներին, որ այնքան լավն են հիմա: Որովհետև կյանքը հերոսական պայքարի բեմ չի մենակ, այլ` ծանր առօրյա կենցաղային բեռնակրություն, երեխաների ապագայի ու ծնողների ներկայի մտահոգություն, էդ հարցերի լուծման գայթակղիչ առաջարկների ու կոմպրոմիսներն արդարացնող ալիբիների առատություն, ստորացուցիչ հաշվարկ` էս մե՛կ, լավ, էս մեկն էլ, էս մեկը ուրիշ ա, էս հաշիվ չի, էս մեկն էլ ու պրծ…. միանգամից չես հանձնվում, որ նկատելի լինի, այլ` մաս-մաս, քայլ առ քայլ, օրեցօր, տարուց տարի… Ավելին` երբեմն նույնիսկ կարող ես չհասցնել հասկանալ արարքի իմաստը, ինչպես որ Վիոլետ Գևորգյանը էդ հալածանքներից Ամերիկա տեղափոխվելուց հետո, տարիներ անց պատմեց, թե ոնց են իրեն համոզել, որ Բաքու գնա` իբր կինոփառատոնի հարթակը կարող է օգտագործել Սումգայիթի մասին խոսելու: Ու էս ամենը մարդուն կարող են ջորի դարձնել… կամ աղվես. մեկը բացահայտ է հարմարվում ու հիմնավորվում իշխանության դիրքերում, մյուսը` թաքուն: Մեկը մի իշխանության օրոք է հանձնվում նրա բարեհաճությանը, հաջորդ իշխանության ժամանակ դառնում ընդդիմադիր, մյուսը` հակառակ հերթականությամբ, մեկը մի ընտրության կեղծիքներն է արդարացնում, մյուսը` մյուս: Ո՞վ է նայում, թե բանակի երկու հակադիր կողմերում հայտնվածները նույն խաղի կանոններին են ենթարկվում, նույն աշխարհայացքն ու գաղափարները ներկայացնում:
Բայց անարդար կլինի էս պատճառաբանությամբ լղոզել ամեն ինչ ու աստվածային բարձունքից հավասար նայել բոլորին` անգամ մահն ի մտի ունենալով: Դա մահվան տրամաբանությունն է, ոչ թե կյանքի: Իսկ մահվան դաժանությունը միայն էն չի, որ խլում է կյանքը, այլ նաև էն, որ խլում է էսօրվա շանսը` սրբագրելու երեկը: Մազն այլևս էդ շանսը չունի, ու ես իր համար չեմ գրում էս ամենը, այլ` դեռ շանս ունեցողների: Ու մաղթում եմ, որ էսօրվա ակտիվիստներից ոչ մեկը տարիներ հետո իր երբեմնի հեղափոխական ընկերներին հրաժեշտ տալու համար ստիպված չլինի կյանքի փորձությունները հիշելու, ինչպես որ ես հիշեցի, չնայած Մազի ընկերը չեմ եղել:
Ու չնայած ընկերը չեմ եղել, ուզում եմ հրաժեշտ տալ Մազին` հիշելով նրան, «երբ դեռ վեց տարեկան էր», հիշելով նրա` է՛ն օրվա դեմքը, որ լուսավոր հայտնվեց մութ փողոցում ինձ քաշքշող կգբշչնիկների դեմ ու կուրծքը աքլորավարի առաջ տալով` ասաց` էդ ո՞ւմ կնոջ վրա եք ձեռք բարձրացնում:
«Բենզին Ռուբո»-ի վրա հարձակման փաստով քրեական գործ է հարուցվել
Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից «Փաստինֆո»-ին հայտնել են, որ գործարար Ռուբեն Մասումյանի վրա կատարված հարձակման դեպքի առիթով հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Հիշյալ հոդվածը նախատեսում է. «Դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելու կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելու, որը վտանգավոր է կյանքի համար կամ առաջացրել է տեսողության, խոսքի, լսողության կամ որեւէ օրգանի կամ օրգանի ֆունկցիայի կորուստ կամ արտահայտվել է դեմքի անջնջելի այլանդակմամբ, ինչպես նաեւ կյանքի համար վտանգավոր այլ վնաս է պատճառել առողջությանը կամ առաջացրել է դրա քայքայում` զուգորդված ընդհանուր աշխատունակության ոչ պակաս, քան մեկ երրորդի կայուն կորստով կամ հանցավորի համար ակնհայտ մասնագիտական աշխատունակության լրիվ կորստով կամ առաջացրել է հղիության ընդհատում, հոգեկան հիվանդություն, թմրամոլությամբ կամ թունամոլությամբ հիվանդացում` պատժվում է ազատազրկմամբ` երեքից յոթ տարի ժամկետով»: Հիշեցնենք՝ Ռուբեն Մասումյանը, ով հանրությանն առավել հայտնի է «Բենզին Ռուբո» մակնավամբ, դեկտեմբերի 15-ին գանգուղեղային վնասվածքով, ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել էր «Էրեբունի» բժշկական կենտրոն: Գործարարի վրա հարձակում տեղի է ունեցել Գումի շուկայի հարակից տարածքում: Այստեղ անհայտ անձը թիկունքից քարով հարվածել է նրա գլխին ու դիմել փախուստի: Շարունակությունը սկզբնաղբյուր կայքում:
Վթարի է ենթարկվել ճանաչված ու սիրված դերասանուհի Լուիզա Ղամբարյանը
Այսօր՝ հունվարի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:10-ի սահմաններում Փափազյան-Արամ Խաչատրյան փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչ, 36-ամյա Լուիզա Ղամբարյանի վարած KIA մակնիշի 30 ՏՕ 504 համարանիշի և Արմավիրի մարզի բնակիչ, 53-ամյա Սամվել Չոբանյանի վարած Daewoo Nexia մակնիշի Լ 16 73 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողներն ու ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները: Շարունակությունը այստեղ:
Թե ինչպես Փարաջանովն առաջին անգամ ստորագրեց` ՓարաջանՅԱՆ
Երբ այցելեցի վիեննաբնակ հայ պատմաբան, ռեժիսոր Արտեմ Օհանջանյանին («Հայոց ցեղասպանության հարցում Անգլիայի մեղսակցությունն ամենամեծն է». Արտեմ Օհանջանյան) նրա երևանյան բնակարանում, առաջինն ինձ հետաքրքրեց պատին խնամքով փակցված լուսանկարը: Զարմացած հարցրի. «Փարաջանովի հե՞տ եք»: «Այո, այո, Փարաջանովն է»,- պատասխանեց նա: Բայց դեռ ավելի էի զարմանալու` լսելով նրա պատմությունն իր ու Փարաջանովի ընկերության մասին:
«Առաջին անգամ նրա անունը լսեցի Թեհրանում իմ հայ գործընկերոջից, որն ինձ ներկայացրեց «Նռան գույնը» ֆիլմը,- պատմում է Օհանջանյանը,- ինչքան շատ էի նայում Փարաջանովի ֆիլմերը, այնքան համոզվում էի, որ այդ մարդը հանճար է: Երբևէ նրա հետ կծանոթանա՞մ, մտածում էի այն ժամանակ»:
Ավստրիական հեռուստատեսությունը, որտեղ աշխատում էր Օհանջանյանը, հետաքրքրված էր Փարաջանովով և ցուցադրում էր նրա ֆիլմերը: 1988 թ. աշնանը, երբ գորբաչովյան վերակառուցումից հետո Օհանջանյանն առաջին անգամ պետք է գար Հայաստան, հեռուստաընկերությանն առաջարկում է Թբիլիսիում Փարաջանովից հարցազրույց վերցնել:
«1989 թ. գարնանը Թիֆլիսում ծանոթներիցս մեկը տարավ ինձ Փարաջանովի մոտ,-հիշում է նա,- ինձ շատ սիրալիր ընդունեց, իսկ երբ իմացավ, որ ես իր վիեննացի հայրենակիցն եմ ու նաև ֆիլմեր եմ նկարահանում, ակնհայտորեն ուրախացավ»:
Օհանջանյանը Փարաջանովին առաջարկում է միասին ֆիլմ նկարահանել Վիեննայում: Սկզբում նա մերժում է. «Շատերն են ինձ առաջարկել ֆիլմ նկարահանել արտասահմանում, բայց ես կարող եմ և ուզում եմ միայն Թիֆլիսում աշխատել»,-պատասխանում է Փարաջանովը և հայտնում, որ շուտով սկսելու է իր «Խոստովանություն» ֆիլմի նկարահանումները: Փարաջանովն էլ իր հերթին է Օհանջանյանին առաջարկում մնալ Թբիլիսիում և դառնալ իր ասիստենտը: «Ի՞նչ ունես Վիեննայում,- ասում է Օհանջանյանին,- ավելի մեծ մշակութային քաղաք, քան Թիֆլիսն է, ոչ մի տեղ չկա»: Օհանջանյանը, շնորհակալություն հայտնելով, մերժում է:
Իսկ երբ Թբիլիսիի պանթեոնում Օհանջանյանն արդեն հարցազրույց էր վերցնում մեծանուն ռեժիսորից, Փարաջանովը հանկարծ ասում է, թե հետաքրքրված է Մոցարտի և Սալիերիի մասին ֆիլմ նկարահանելու գաղափարով, և Վիեննան հիանալի հետնաբեմ կծառայեր այդ ֆիլմի համար: «Մի քանի օրից մենք պայմանագիր ստորագրեցինք»,- ասում է Օհանջանյանը:
Ցավոք, այդ գաղափարն ու պայմանավորվածությունը թղթին են մնում, քանի որ Փարաջանովն իր «Խոստովանություն» ֆիլմի նկարահանումների երկրորդ օրն իսկ առողջական խնդիրներ է ունենում: Նկարահանումներն ընդհատվում են, և նրան տանում են հիվանդանոց` ախտորոշելով թոքերի քաղցկեղ, ապա տեղափոխում Մոսկվա ու վիրահատում. «Արդեն ուշ էր,- ասում է Օհանջանյանը,- նա վերադարձավ Թբիլիսի, բայց աշխատել այլևս չկարողացավ»:
Օհանջանյանը պատմում է, որ Փարաջանովի տունը միշտ լիքն էր Երևանի ու Թբիլիսիի արվեստագետներով, որոնք ամեն երեկո այցելում էին նրան` իրենց հետ հաճախ ուտելիք ու խմիչք տանելով: «Չնայած դրան, ես միշտ զգում էի նրա միայնությունը, քանի որ նա ընտանիք ուներ, որը օտարացել էր իրենից»,- ասում է նա:
Փարաջանովի հետ հանդիպումն ու մտերմությունը Օհանջանյանի ամենալուսավոր հիշողություններից են: Այսօր էլ փայփայում է Փարաջանովից ստացած նվերները, որոնք զարդարում են նրա վիեննական բնակարանը: Այդ նվերների պատմությունները նույնքան յուրօրինակ են, որքան ինքը` Փարաջանովը:
«Երբ նոր էինք ծանոթացել, նա ինձ հարցրեց, թե որդի ունե՞մ,- հիշում է Օհանջանյանը,-պատասխանեցի` այո: Հարցրեց անունը, հետո վերցրեց մի «Մոնա Լիզա» կոլաժ, ետևի մասում գրեց` «Ալբերտի համար» ու ստորագրեց` ասելով, որ տամ որդուս: Ես այնքան զարմացած էի, որ միայն շնորհակալություն կարողացա ասել: Հետո իմացա, որ Փարաջանովը շատ հաճախ էր իր ընկերներին նկարներ կամ կոլաժներ նվիրում»:
Մի «Մոնա Լիզա» կոլաժ էլ Փարաջանովը նվիրել է Օհանջանյանի կնոջը, երբ նրանք գնացել էին Թբիլիսի` մեծանուն արվեստագետին այցի. «Սովորականի նման նա նստած էր պատշգամբում իր աթոռին և դիտում էր փողոցի անցուդարձը: Կինս հավանաբար շատ դուր եկավ նրան, քանի որ հրաժեշտ տալիս նա ասաց, որ վաղը կեսօրից առաջ իր մոտ գնանք,- հիշում է Օհանջանյանը:- Հաջորդ օրը գնացինք, Փարաջանովը քնաթաթախ նայեց վարագույրի հետևից և բացեց դուռը: Երբ մտանք սենյակ, նա մեզ իսկույն տարավ իր ննջասենյակ ու ասաց, որ մնանք այնտեղ, իսկ ինքը հեռացավ: Մենք զարմացած իրար նայեցինք և մնացինք կանգնած: Հետո վերադարձավ, տարավ մեզ ընդհանուր սենյակ և նորից ասաց` կանգնեք այստեղ, իսկ ինքը գնաց դեպի պատը, բացեց մի «Մոնա Լիզա» կոլաժ ու նվիրեց կնոջս. գիշերն էր պատրաստել: Երբ նրան հրաժեշտ էինք տալիս, կնոջս ասաց. «Նասրին, երբ հաջորդ անգամ գաս, ես էլ չեմ լինի»: Այդպես էլ եղավ, կինս նրան էլ չտեսավ»:
Փարաջանովից ստացած արժեքավոր նվերների շարքում է նաև մի հին կարպետ. «Երբ ուզում էր այդ կարպետն ինձ նվիրել, հրաժարվեցի,- պատմում է Օհանջանյանը,- նա վիրավորված կնոջս հարցրեց, թե այս կարպետը վա՞տն է: Կինս պատասխանեց, որ կարպետը հոյակապ է: Ստիպված ասացի, թե չեմ կարող կարպետը վերցնել, քանի որ մաքսատունը թույլ չի տա: Նա բացականչեց. «Հիմա ես կգրեմ, որ Փարաջանովը նվիրում է այս կարպետն Արտեմին, ո՞ր մի հիմարն իրավունք կունենա անհանգստացնելու քեզ»:
Բայց Օհանջանյանի համար փարաջանովյան մասունքներից ամենաարժեքավորն ու թանկը նրանից ստացած ֆիլմի սցենարն է. «Մի օր, երբ այցելեցի նրան, սենյակը սովորականի նման լիքն էր մարդկանցով,- պատմում է Օհանջանյանը,- նա ինձ ներկայացրեց իր ընկերներին և ասաց, որ դիտեմ իր նոր աշխատանքները: Ես մոտեցա և սկսեցի գնահատել նրա նոր գործերը, որոնք արել էր «Խոստովանություն» ֆիլմի համար (նա միշտ նկարում էր իր ֆիլմերի հերոսներին` ըստ իրենց բնավորության ու վարքի): Հանկարծ կանչեց ինձ և ասաց` նստի՛ր: Ես հնազանդորեն տեղ գրավեցի սեղանի մոտ: Տվեց իր «Խոստովանություն» սցենարի գրքույկը` ասելով` նայի՛ր: Բացեցի և հմայվեցի այն բազմաթիվ էսքիզներով, որոնք նա արել էր որպես ֆիլմի դրվագներ և մարդկային բնավորություններ: Թերթում էի սցենարը, երբ հանկարծ ասաց` գիրքը տուր ինձ: Զարմացած նրան մեկնեցի: Հետո ասաց` գրի՛չ: Ինչ-որ մեկը գրիչ տվեց: Փարաջանովն առաջին էջը բացեց ու գրեց. «Արտեմին` Փարաջանյանից» և սցենարը նետեց իմ կողմը»:
Առաջին անգամ կյանքում Փարաջանովը ստորագրեց` Փարաջանյան: Օհանջանյանը չի մոռանում այդ պահը. «Սենյակում միանգամից լռություն տիրեց: Ես նայեցի նրան, նա վեհաշուք նստած էր իր տեղում և ինձ էր նայում: Ես շփոթված շնորհակալություն հայտնեցի, իսկ ինքը շուռ եկավ և շարունակեց խոսել, կարծես ոչինչ չէր պատահել»:
Այդ փոքրիկ, գեղեցիկ կազմով գիրք-սցենարը նույնպես Օհանջանյանի տանն էր: Զգուշությամբ բացեցի առաջին էջը, որտեղ Փարաջանովը ստորագրել էր Փարաջանյան. «յան»-ը մեծատառերով էր գրված…
Շարունակությունը`այստեղ:
Արմեն Մազմանյանի բաց նամակը իր նախկին կնոջը
Արմեն Մազմանյանն առողջական խնդիրներով գտնվում էր Գերմանիայում։ Սակայն նա հետևյալ նամակն էր ուղարկել hayeli.am–ին՝ ի պատասխան իր նախկին կնոջ`Լիլիթ Սիմոնյանի hayeli.am–ին տված հարցազրույցի։
“Պարտադրված պատասխան երկար լռությունից հետո. Արմեն Մազմանյան
Ափսոսանք եմ ապրում, որ ստիպված եմ բարձրաձայնել մի հարց, որը միշտ համարել եմ անձնական խնդիր և անձնական ողբերգություն: Վերջերս Լիլիթ Սիմոնյանը՝ իմ որդու կենսաբանական մայրը, հարցազրույց է տվել (տպագրված՝ hayeli.am կայքում, մայիսի 26, 2013թ.) իրենց քաղաքական տվայտանքների և իր հայրիկի, իրենց դիսիդենտ լինելու և իմ՝ ոչ հայր լինելու մասին:
Ստիպված եմ այս ամբողջ ընտանեկան անկողնային կեղտը բարձրաձայնել հենց այն գիտակցությամբ, որ հիմա կանգնած եմ մի փաստի առաջ և չգիտեմ՝ վաղը ինչ կլինի:Կուզենամ՝ գոնե որդիս իմանա ճշմարտության երկրորդ կողմը:
Սկսենք պատմությունից:
Կարեն Սիմոնյանը երբեք հալածված չի եղել Հայաստանում. եղել է Մամուլի կոմիտեի նախագահ՝ դրան գումարած ես իմ մասնավոր միջոցներով ստեղծել եմ հրատարակչություն, որպեսզի Կարեն Սիմոնյանն ունենա հավելյալ վաստակ… Այլ բան է, թե նա ինչպես կազմակերպեց և աշխատեց, որ այդ գումարները փոշիացան, և ոչինչ չստեղծվեց:
Սիմոնյանների ՝ Հայաստանից Ֆրանսիա տեղափոխվելու իրական պատճառը այն գիտակցությունն է, որ իրենց նման «էլիտարների» համար նվաստացուցիչ է մեզ նմանների կողքին ապրել և մնալ այս երկրում. նրանք նվազագույնը պիտի ապրեին Փարիզում:
Սա իրենց կարծիքն է իրենց մասին, բայց արդյունքում փչացնել պատմություն՝ առավել ևս մի երիտասարդի հոգին ու միտքը ստի վրա կառուցել, որն, այո, իմ բիոլոգիական որդին է, ես թույլ տալ չեմ կարող:
Ինչ վերաբերում է հալածանքներին. «Գոյ» թատրոն, Լիլիթ, դու խցկվեցիր քո անտակտությամբ և անդաստիարակ կեցվածքով, ես երբեք քեզ չեմ հրամանագրել այդ թատրոնում որպես դերասան, որովհետև մինչ այսօր էլ այն համոզմունքին եմ, որ ամուսինները նույն հիմնարկում՝առավել ևս թատերական մթնոլորտում, պիտի չաշխատեն. միգուցե ես սխալ եմ, բայց դա իմ կարծիքն է:Այնուհանդերձ խցկվեցիր, այնուհանդերձ խաղացիր և կանգնեցրիր թատրոնը կործանման եզրին, որովհետեւ բոլորին իրար էիր խառնել:
Ի՞նչ և ինչպե՞ս եղավ մեր զավակի պատմությունը:Այո, մենք ունեինք խնդիրներ, բայց ես երդվել էի, և բոլորը դա գիտեն, որ միայն զավակիս պատճառով պատրաստ եմ մինչև կյանքիս վերջը համարվել ամուսին և հանդուրժել քեզ:Նորից եմ կրկնում՝ միմիայն հանուն որդուս:
Ի՞նչ եղավ արդյունքում:Ես հստակ գիտեմ որոշակի աղբյուրներից, որ երեխայիս գիտակցական կյանքի առաջին իսկ պահից նրա մեջ սերմանել եք ատելություն ու զզվանք դեպի իմ անձը՝ ասելով, որ ես նրա ծնվելու պահից հրաժարվել եմ իրենից և նույնիսկ հացի խնդիրը չեմ հոգացել:Հիշեցնեմ, տղաս, հատուկ քեզ համար, որ այդ ընտանիքի բոլոր անդամներն աշխատել են իմ մասնավոր համակարգում և աշխատավարձ ստացել իմ մասնավոր համակարգից:Այն բարդ շրջանում, երբ մենք մորդ հետ միասին այլևս չէինք ապրում, տղաս, դու հիշել չես կարող, ես շաբաթը մեկ կամ երկու անգամ այցելել եմ այդ տուն՝ ոչ դատարկ ձեռքով և դրա դիմաց իրավունք եմ ստացել երկու-երեք ժամ քեզ հետ միասին այգում զբոսնելու և կարոտն առնելու:
Առաջինը Երևանից մեկնեց «քաղվտարանդի» Կարեն Ա. Սիմոնյանն իր կնոջ հետ, երկրորդը՝ Լիլիթ Սիմոնյանը, բայց այս ժամանակային տարբերության հետ կապված ուզում եմ հիշել մի շատ հետաքրքիր դիպված, երբ դեռ այդքանից հետո իրենք են խոսում նյութականից, փողից, մարդկությունից …
1995 թ.-ին հենց Կարեն Ա. Սիմոնյանի ընկերները՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը և Վանո Սիրադեղյանը ինձ նման «չարաճճի» անձին որոշեցին դաստիարակել՝ խուլիգանության հոդվածով ուղարկելով Երևանի բերդ:
Ոչինչ, ամեն ինչ հարթվեց, բայց որքան մեծ էր իմ զարմանքն ու ապշանքը, երբ ես վերադարձա Մասիվ թաղամասում գտնվող իմ տունը, որտեղ, ինչ ստեղծված և դրված էր իմ աշխատավարձով, իմ քրտինքով՝ կոպեկ առ կոպեկ (իսկ դա գույք էր, ռադիո ժամանակակից սարքավորումներ էին, մի խոսքով` ամեն ինչ, ինչ անհարժեշտ է ընտանիքին, ուղղակի այն տարբերությամբ, որ այդ ամենը դեռ չէր էլ օգտագործվել), ամբողջությամբ դատարկված էր: Լիլիթ Սիմոնյանի պատասխանը, ուղղված հարցին, թե ուր է գույքը, այս էր՝ վաճառել եմ, բա հո երեխան սոված չէր մնալու:
Իրականում գուցե տոմսի գումար էր պետք, բայց չսպասել անգամ սեփականատիրոջը, որ վերադառնա և նրանից դա ստանալ՝ կարծելով, որ, վերջ, էս մարդը արդեն գնաց, մազ պոկելը «քյար» է՝ ծախենք- ուտենք… Գնահատականը թողնում եմ ձեզ և իմ զավակին:
Գնանք առաջ:Խնդրեցիր ապահարզան: Ես քեզ բացատրում էի, որ պատրաստ եմ չտալ ապահարզան, միշտ համարվել ընտանիքի ամուսին և երեխայիս հայր, պարտավորվում եմ նրան մեծացնել, կերակրել և կատարել հայրական պարտավորություններս:Պատասխան՝ ոչ, ապահարզան:Ստացար ապահարզան, բերեցիր մի գրություն, որտեղ խնդրում էիր ինձնից թույլտվություն (որը, ինչպես նշում ես հարցազրույցում, աչքի լույսի պես պահում ես), մի քանի ամսով երեխային որպես զբոսաշրջիկ թույլ տալ մեկնել, քանի որ տատիկն ու պապիկը ( շատ լավ եմ հիշում խոսքերդ) վատ են, մահամերձ են և երեխան հնարավոր է՝ չհասցնի տեսնել պապիկին ու տատիկին:Զազրախոս սուտ:
Արդյունքում ստանալով զբոսաշրջիկի կարգավիճակով Մազմանյան Աղասիին երկրից ժամանակավորապես դուրս հանելու իրավունքը՝ իրականում քրդավարի (քյոլեցիր) գնացիր, և այնտեղ սկսեցիք մի էպոս խաղալ, որ դու և հայրդ քաղաքական վտարանդիներ եք, որ ձեզ այստեղ ճնշում են, ձեզ այստեղ աշխատանք չեն տալիս և այլն, և այլն:
Փաստում եմ և պատրաստ եմ կրկնել հազար անգամ՝ բացարձակ սուտ:Ոչ ոք ոչ ճնշել է, ոչ էլ առավել ևս վռնդել է ձեզ այստեղից, ուղղակի դուք ուզում էիք ուտել շագանակներ և տրյուֆելներ Փարիզում , իսկ հայրենիք, որտեղ չկար լույս, գազ և հաց, ձեզ նման հայրենիքը պետք չէր:Սա ձեր գործն էր:
Իր հարցազրույցում Լիլիթ Կ. Սիմոնյանն ասում է, որ, եթե ես խաբել էի իրեն, թող դիմեր դատարան: Այո, ես մեկ տարի մտածում էի դիմել Ֆրանսիայի դեսպանատան միգրացիոն ծառայություն և պահանջել զավակիս, բայց իմ էգոիզմը, այնուհանդեձ, չգերիշխեց որպես հայր, քանի որ ես գիտակցում էի, որ խաղալու եմ իմ որդու, նրա մտային, հոգեկան աշխարհի հետ և այս քաշքշուկի մեջ երեխան մեծանալու էր թերարժեք, հիվանդոտ և բարդութավորված:
Միայն այս պատճառով է, որ ես չեմ դիմել, օրենքով հասանելի արհեստական միջոցներին, ըստ որի, քեզ և զավակիս էլ էմիգրացիոն ծառայություններն ուղղակի դուրս կվռնդեին Ֆրանսիայից:
Գնանք առաջ:
Նույն հարցազրույցում ասում ես՝ եթե ուզում էր, թող գար, տեսներ երեխային:Ինչպե՞ս չես ամաչում, ինչու՞ ես ստում:Տարիներ շարունակ, և ոչ մեկ անգամ, ես եղել եմ Փարիզում, հեռախոսով զրուցել եմ անձամբ Կարեն Ա.-ի և Անիկ Ղազարյանի հետ, խնդրել եմ՝ թույլ տվեք երեխայիս տեսնել, ես նաև գումար եմ բերել, որովհետեւ պարտավորված եմ զգում իմ որդու կենցաղը հոգալու համար:Պատասխան՝ մյուս օրը բոլոր հեռախոսները անջատված: Դուք անգամ բնակարանն եք փոխել, որ ես հանկարծ ձեզ չփնտրեմ ու գտնեմ այնտեղ, ընդ որում՝ ոչ թե Փարիզում, այլ Փարիզի արվարձանում՝ Արֆորվիլում:Դուք նույնիսկ փարիզեցի կամ փարիզաբնակ չեք, դուք արվարձանում ապրող «new ախպարներ» եք:
Երկրորդ անգամ լինելով Փարիզում` փորձել եմ իմ շատ հարգելի ընկերոջ Կարոյի և իր տիկնոջ՝ Նանայի միջոցով կապի մեջ մտնել և, այնուհանդերձ, վերջապես տեսնել երեխային:Ապարդյուն…
Բոլոր քո ազգականներին՝ և քրոջդ, և հորաքրոջդ, և եղբայրներիդ՝ Վաղարշակին, Աղասուն, երբ որ եղել են Երևանում, խնդրել եմ անընդհատ մի բան՝ այնպես անեն, որ թույլ տաք որդուս հետ մտնեմ կապի մեջ…Այո, այո, վերջում՝ ինչ անենք, չի ուզում Լիլիթը:
Իրական պատկերը, զավակս, ես չգիտեմ՝ քեզ այդտեղ ինչ անուն են տալիս և ինչ ազգանուն, սա է՝ առ այսօր ես երազում եմ տեսնել քեզ, երազոմ եմ քեզ հետ երկու բառ խոսել և լսել քեզ:
Ինչ վերաբերում է իմ և իմ ընտանիքի վերաբերմունքին Աղասի Մազմանյանի հանդեպ, կարող եմ բերել միայն մի փաստ, տղաս, դու փոքր եղբայր ունես ՝Դավիթ Մազմանյանը, որը 4 տարեկանից առ այսօր իր սեղանի վրա պահում է քո նկարը և ամեն տարի, երբ մենք մեկնում էինք հանգստանալու, ասում էր՝ արի գնանք Փարիզ, որ իմ եղբորը տեսնեմ կամ կանչի, բեր Երևան…Պատասխանները փուչ էին՝ հնարավոր չի, փող չունենք. առ այսօր իմ որդին չգիտի իրական պատկերը՝ ինչու է նա զրկված իր եղբոր հետ շփվելու և եղբայրություն անելու հնարավորությունից, և առ այսօր նրա սեղանին 6 տարեկան Աղասի Մազմանյանի նկարն է:
Ուզու՞մ եք մանրանանք…Մանրանանք ավելին:Դուք այնքան էիք մոլեռանդ երեխայի ազգանունը Մազմանյանից Սիմոնյան դարձնելու ձեր ատելության մեջ, որ երբ ձեզ մոտ հյուր էին գալիս Երևանից, առաջին պայմանը, որ դնում էիք այն էր, որ ձեր տանը Արմեն Մազմանյանից խոսել չի կարելի, որ դա տաբու է:
Անգամ, երբ որ տալիս էիր նկարներ, Լիլիթ, զգուշացնում էիր, որ դրանք ինձ չգան-չհասնեն…Բոլորն էլ հասել են ինձ, և ես շատ նկարներ ունեմ Աղասուկից:Առ այսօր իմ կարոտը քաշում եմ այդ նկարներին նայելով:
Ամենաանհեթեթն այն է, տղաս, որ քո մայրը և Սիմոնյաններն ատել են ինձ այն րոպեին, երբ քեզ դուրս էին բերում ծննդատնից և իմացան՝ քեզ անվանակոչել եմ իմ հայրիկի անունով՝ Աղասի, այլ ոչ թե Կարեն Ա. Սիմոնյանի:Մայրդ այդ պահին արտասվելով բարոյական հայհոյանքներ էր հնչեցնում Մազմանյանների հասցեին:
Կարծում եմ՝ բարդույթներն սկսվել են այդ րոպեից, և այդ չի ներվել ինձ մինչև վերջ, քանի որ Սիմոնյաններն ունեն կարծիք, որ աբսոլյուտ ինչ-որ արժեքային համակարգ են, որին պետք է ծառայեն և ենթարկվեն բոլորը:
Իրականում սովորական մահկանացուներ՝ ձեր «չարաճճի» բարդույթներով հանդերձ, որի արդյունքում ինձ զրկել եք իմ զավակից, իսկ զավակիս իր հոր հետ շփվելու հնարավորությունից:
Ինչևէ…Անդրադառնամ նաև վերջին իրադարձություններին. լսել եմ (քանի որ ինքս սոցիալական ցանցերից չեմ օգտվում՝ համարելով անօգուտ գործիք), որ Լիլիթ Կ.Սիմոնյանի կողմից քաղաքական և հասարակական գերակտիվություն կա՝ խորհուրդներ, մտքեր ուղղված դեպի հայրենիք:
Սիրելիներս, լքել հայրենիքը սոված ու դժբախտ ժամանակ ու տրյուֆել ուտելով դասեր տալը շատ հեշտ է. այստեղ ձեր այդ մտքերի, կարծիքների կարիքը ոչ ոք չունի:Եթե այդքան քաղաքացի եք ու այդքան ազատ եք Ֆրանսիայում, միասին ստեղծեք ֆանտաստիկ- դեմոկրատների մի կուսակցություն և ինտեգրվեք ֆրանսիական, եվրոպական քաղաքական գործառույթների մեջ:Առավել ևս, որ փտող և այլասերված Եվրոպայի արժեքային համակարգը մեր հայրենիքում, մեր ժողովրդին բոլորիովին պետք չեն:Եվրոպայից պետք է ինտեգրել ընդամենը մշակույթ և պատմություն, ինչը բոլորն անում են:
Որպես ավելացում՝ մյուս զավակս՝ Դավիթը, եվրոպական արժեքներին ինտեգրված է ոչ պակաս, որովհետև 4 տարեկանից տարին մեկ երկու անգամ եղել է Եվրոպայում, այցելել տարբեր թանգարաններ, եղել թատրոններում և նա ավելի եվրոպացի է, քան դուք՝ բոլորդ միասին:Բախտ է ունեցել հանդիպել և լսել այնպիսի մեծությունների խորհուրդները, ինչպիսիք են Վիմ Վենդերսը, Տոնինո Գուերան, Էնրիկա Անտոնիոնին, Քշիշտոֆ Զանուսսին և այն մեծանուն հայերը, ովքեր շարունակել են ապրել եւ ստեղծագործել Հայաստանում:Այսօր արդեն սովորում է Չինաստանում:
Որպես վերջաբան՝ մեկ անգամ ևս ներողություն եմ խնդրում, որ ստիպված եմ այս ամենը բարձրաձայնել, բայց վերջիվերջո իմ զավակը պետք է ունենա նաեւ այլ կարծիք այս մասին:
Այն անեծքներից, այն հայհոյանքներից, որ ասվել են իմ հասցեին Փարիզում ամեն հանդիպածի մոտ, քաջ տեղյակ եմ: Շարունակեք նույն մաղձն ու անեծքը, բայց մի պղտորեք երիտասարդի հոգին, մի սպանեք նրա մեջ հավատը, սերը դեպի հայրենիքը, իսկ այդ «լոլոները», որ դուք լքել եք հայրենիքը, որովհետեւ ձեզ այստեղ հալածում էին, խաբեության մեջ է դնում տղայիս:
Շարունակությունը` սկզբնաղբյուր կայքում:
Ավտոմեքենայում դիակ է հայտնաբերվել
Հունվարի 8-ին, ժամը 15.30-ին, ոստիկանության Լոռու մարզային վարչությունից Գուգարքի բաժին ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին, մատուռի մոտ, ավտովթար է տեղի ունեցել:
Մեկնած օպերատիվ խումբը Վանաձար-Ստեփանավան ավտոճանապարհի 1-ին կլիոմետրին, ճամփեզրից դուրս, հայտնաբերել է «Պեժո» մակնիշի ավտոմեքենա, վարորդի նստելատեղին` 1977 թ. ծնված Մհեր Գրիգորյանի դիակը` կրծքավանդակի աջ մասի առաջնային մակերեսի և ձախ ազդրի շրջանի կտրած-ծակած վնասվածքներով:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:
Հայաստանը աշխարհում երրորդն է ծխող տղամարդկանց թվով
Հայաստանը աշխարհում երրորդ տեղն է զբաղեցնում երկրում ծխող տղամարդկանց թվով: Այդ մասին նշվում է Ամերիկյան բժշկական ասոցիացիայի ամսագրում: Հետազոտության արդյունքների համաձայն՝ 2012 թվականի տվյալներով ծխախոտի օգտագործումը ամենից շատ տարածված է Հարավային Թիմորում, որտեղ ծխում է տղամարդկանց 61 տոկոսը: Ինդոնեզիան այս ցուցանիշով երկրորդն է 57 տոկոս, որին հետևում է Հայաստանը՝ 51,5 տոկոս: Ռուսաստանը այս ցուցակում չորրորդն է 51 տոկոսով, այնուհետև 48 տոկոս ցուցանիշով գալիս է Կիպրոսը:
Ինչ վերաբերում է ծխող կանանց թվին, ապա այստեղ առաջատարը Հունաստանն է, որտեղ ծխում է կանանց 34,7 տոկոսը: Հույներին հետևում են բուլղար կանայք՝ 31,5 տոկոսով:
«Մերսեդես-Բենց»-ի վարորդը մահացել է
Հունվարի 7-ին, ժամը 00.30-ի սահմաններում, «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենան Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 52-րդ կմ-ին բախվել է ճամփեզրի ծառին, ինչի հետևանքով վարորդը` 1988 թ. ծնված Սերյոժա Կարապետյանը, տեղում մահացել է, իսկ 20-ամյա ուղևորը՝ մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց։
Կատարվում է քննություն:
