Թուրքական «Ռադիկալը» պատմում է 15-ամյա Ամելիա Ֆորմանի մասին, որն անսովոր կարողություն ունի: Մանուկ հասակից աղջիկը սերտ շփում է հաստատել իրեն շրջապատող կենդանական աշխարհի հետ: Ոչ միայն ընտանի, այլ նաև վայրի կենդանիները՝ կապիկն ու ագեվազը, դարձել են նրա մտերիմ ընկերները: Աղջկա մայրը՝ Ռոբինը, նկատելով Ամելիայի մտերմությունը կենդանիների հետ, որոշել է իր լուսանկարներում ներկայացնել բնության ու մարդու գեղեցիկ փոխհարաբերությունները: Արդյունքում ստեղծվել է «Ամելիայի աշխարհը»
ցուցահանդեսը: Լուսանկարներին նայելիս կարելի է զգալ, թե ինչպես է Ամելիան հասկանում կենդանիներին՝ նրանց ընդունելով որպես եղբայրներ: Կենդանական աշխարհի նկատմամբ իր հատուկ վերաբերմունքով աղջիկը մարդկությանը ցուցանում է ուշադիր և հոգատար լինել մեզ շրջապատող էակների հանդեպ:
Չինաստանի վարչապետն սպառնացել է հետաձգել Լոնդոն կատարելիք այցելությունը, եթե ինքը չհանդիպի թագուհու հետ
Չիանստանի պաշտոնատար անձինք սպառնացել են բոյկոտել Բրիտանիա կատարելիք իրենց դիվանագիտական կարևոր այցելությունը, եթե կոմունիստական երկրի վարչապետը չհանդիպի թագուհու հետ:
Չինացի պաշտոնյաներն իրենց բրիտանացի գործընկերներին հայտնել են, որ Լի Կեցյան չեղյալ կհամարի հաջորդ շաբաթ կայանալիք այցելությունը, եթե միապետի հետ հանդիպում չնշանակվի:
Ամեն դեպքում Չինաստանի այս կոշտ քայլը հաջողություն է ունեցել, քանի որ Լին երեքօրյա այցելության ընթացքում կհանդիպի թագուհուն և Դեյվիդ Քեմերոնին:
Բուքինգեմյան պալատի պաշտոնական ներկայացուցիչը դեպքի կապակցությամբ հրաժարվել է մեկնաբանություններ անել:
Կառավարության աղբյուրի տեղեկություններով՝ պետության ղեկավար չհանդիսացող մարդկանց համար աննախադեպ չէ թագուհու հետ հանդիպելը, ինչպես օրինակ՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի դեպքում, որը փետրվարին հանդիպում է ունեցել թագուհու հետ:
Աղբյուրը Times-ին տեղեկացրել է, որ չինացիները բարդ բանակցողներ են:
Չինացի պաշտոնյաները նաև ճնշում են գործադրել բրիտանացի դիվանագետների վրա, որպեսզի նրանք պարզեն տեղի ունենալիք հանդիպումների մանրամասները, ինչպես օրինակ ինչ ոճի զգեստ է կրելու Սամանտա Քեմերոնը Լիի և նրա կնոջ հետ հանդիպման ժամանակ:
Ադրբեջանի օդանավակայանում 8 ուղևոր վայրեջքի ժամանակ վնասվածքներ է ստացել
Բաքու-Նախիջևան չվերթի “Բոինգ 757” օդանավի 8 ուղևոր վայրէջքի ժամանակ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել:
Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, օդանավը, որում եղել է մոտ 180 ուղևոր, ուժեղ տուրբուլենտության գոտում է հայտնվել: Ուղևորներից 8-ը ամրագոտիները ամրացրած չեն եղել, որի հետևանքով ընկել են ու տարբեր վնասվածքներ ստացել:
Նշենք, որ այդ ինքնաթիռը վայրէջք էր կատարում Նախիջևանի օդանավակայանում:
Սկոլարին աշխարհի առաջնության պատճառով քրոջորդու թաղմանը չի մասնակցի
Ֆուտբոլի Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Ֆելիպե Սկոլարին որոշել է քրոջորդու թաղմանը չմասնակցել` թիմը աշխարհի առաջնությունից առաջ չթողնելու համար:
«Երբեմն կյանքում լուրջ դժվարությունների առաջ ենք կանգնում: Նման պահերին հարկավոր է հավաքվել ու առաջ շարժվել», ասել է Սկոլարին:
Երեքշաբթի մարզչի քրոջ 48-ամյա որդին` Տարչիզիո Ժոաո Շնայդերը զոհվել է ավտովթարից:
Միջազգային հանրությունն իր աջակցությունն է հայտնել Թուրքիային
Վաշինգտոնը դատապարտել է «Իրաքի և Շամի Իսլամական Հանրապետություն» ահաբեկչական կազմակերպության հարձակումը Մոսուլում տեղակայված Թուրքիայի հյուպատոսարանի վրա: Սպիտակ տան ներկայացուցիչ Ջոշ Էռնեստը հայտնել է ԱՄՆ-ի կոչը ահաբեկիչներին՝ ազատելու բոլոր պատանդներին: «Մենք կապի մեջ են գտնվում Թուրքիայի և Իրաքի կառավարությունների հետ և պատրաստ ենք համապատասխան աջակցություն տրամադրել»,-նշել է Էռնեստը:
Իր հերթին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հայտարարել է, որ ցնցված է Մոսուլում տեղի ունեցածից: Նա կոչ է արել Իրաքի կառավարությանը, տարածաշրջանի երկրներին և միջազգային հանրությանը միավորվելու, որպեսզի հանցագործները պատասխանատվության ենթարկվեն և պատանդները ազատ արձակվեն:
ՆԱՏՕ-ն ևս երեկ հրավիրված արտահերթ խորհրդակցությունից հետո հայտարարել է, որ խիստ անհանգստացած է Իրաքում տեղի ունեցող իրադարձությունների պատճառով և պատրաստ է աջակցել թուրք ժողովրդին:
Նշենք, որ Մոսուլում ահաբեկիչներին ձեռքում գտնվող թուրք պատանդների թիվը հասել է 108-ի:
Բաքվի կենտրոնում 100 մ² հողատարածքն արժե 1 մլն դոլար
“Բաքվի կենտրոնում 100 մ² հողատարածքի արժեքը 400-500 հազար դոլար է: Կան հատուկ տարածքներ, օրինակ՝ մայրաքաղաքի Սաբաիլի շրջանը, որտեղ 100 մ² տարածքը կարող է արժենալ 1 մլն դոլար”,-հայտարարել է Կայուն զարգացման հետազոտությունների կենտրոնի նախագահ Նարիման Աղաևը, հաղորդում է “Հագին” լրատվական կայքը:
Ըստ նրա՝ նման բարձր գները Ադրբեջանի հողային շուկայի վրա մանիպուլացիայի արդյունք անվանելը սխալ է: “Նման բարձր գների պատճառը Ադրբեջանի կենտրոնական շրջաններում հողի նկատմամբ պահանջարկն է և դրանց բարձր եկամտաբերությունը”,- ընդգծել է Աղաևը:
Ըստ կայքի՝ ծայրամասում և Բաքվի արվարձաններում ամենաէժան հողատարածքը արժե 1000 մանաթ (մոտ 1.300 դոլար), իսկ քաղաքի կենտրոնում 100 մ² հողատարածքը՝ 500.000 և ավել մանաթ (638.500 դոլար): Հողի արժեքը փոփոխվում է համաձայն դրա զբաղեցրած տարածքի:
Ամերիկացի քաղաքական գործիչը պաշտպանել է գեյերի նկատմամբ ֆիզիկական հաշվեհարդարի գաղափարը
Գործարար Սքոթ Էսկը, որը հանապետականներից առաջադրվում է Օկլահոմայի օրենսդրական ժողովում, պաշտպանել է սեքսուալ փոքրամասնության նկատմամբ ֆիզիկական հաշվեհարդարի գաղափարը: Դրա մասին The Huffington Post հայտնել է The Huffington Post-ը: Սկանդալը սկսվել է այն բանից հետո, երբ լրագրող Ռոբ Մարիսը հայտնաբերեց քաղաքական գործչի մեկ տարվա վաղեմություն ունեցող նամակագրությունը Facebook-ի օգտատերերից մեկի հետ: Դրանցում Էսկը, որը պահպանողական «Թեյախմության շարժման» ներկայացուցիչ է, հայտնել է այն միտքը, թե համասեռականներին քարկոծելով մահվան հասցնելը լրիվ օրինաչափ ռեակցիա է սեքսուալ այլասերության դեպքում:
Լրագրողների հարցերին պատասխանելով, նա բացատրել է, որ հիմնվում է բացառապես Հին կտակարանի խորհուրդների վրա ու գանգատվել է բարքերի անկումից ու իրեն ընտրողներին հավատացրել, որ չի պատրաստվում փոխել Օկլահոմայի օրենսդրությունը` սեքսուալ փոքրամասնության նկատմամբ պատիժը խստացնելու կողմ:
«Թեյախմության շարժումը» ստեղծվել է 2009-ին, որի անդամները հանդես են գալիս հարկերն ու պետծախսերը նվազեցնելու , պետապարատը կրճատելու ու ազգային պարտքը մարելու ու բյուջեի դեֆիցիտի դեմ պայքարի կողմ: Չնայած «Շարժումը» պաշտոնապես որպես կուսակցություն չի գրանցվել, այդուհանդերձ շատ հանարապետական քաղաքական աջ հայացքներով գործիչներ են հարում այդ շարժմանը:
Եգիպտոսի նախագահը ներողություն է խնդրել իր երդման արարողության ժամանակ զանգվածային բռնաբարությունների համար
Պաշտոնավարման անցած Եգիպտոսի նորընտիր նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսին անձամբ ներողություն է խնդրել մի կնոջ` որը նախագահի երդմնակալության արարողության ժամանակ ենթարկվել է սեքսուալ ոտնձգության:
«Ինտերֆաքս»-ը հղում անելով Associated Press, -ին հայտնում է, որ տեղի հեռուստատեսությամբ ցուցադրել են սյուժե` կահիրյան հիվանդանոց Սիսիի այելության մասին, որտեղ էլ հայտնվել է բռնության զոհ դարձած կինը: Նախագահը ներողություն է խնդրել նրան ու երկրի յուրաքանչյուր:
Գործակալությունը հայտնում է, որ նախագահ Սիսիի կիրակնօրյա երդմնակալության արարողության ժամանակ մի քանի կանայք ենթարկվել են սեքսուալ բռնության:
Աբդել Ֆաթահ աս-Սիսիի երդմնակալության արարողությունը կայացել է կիրակի: Պաշտպանության նախկին նախարարը խոստացել է, որ իրավիճակը երկրում կկարգավորի 2 տարվա ընթացքում:
Անկախ
Դոնեցկում հանքահորում պայթյունից 9 մարդ է կորել
Դոնեցկի մարզում «Գրանդ-Ինվեսթ Պլյուս» հանքահորում գազաօդային խառնուրդի պայթյունից 9 մարդ է անհետ կորել, հաղորդում է Lenta.ru-ն:
Պայթյունը կատարվել է Կիրովսկ քաղաքում, հունիսի 12-ին. 300 մ խորության վրա 9 լեռնագործ էր գտնվում, որոնց ճակատագրի մասին ոչինչ հայտնի չէ: Պայթյունից հետո բռնկում չի եղել:
Ներկա դրությամբ աշխատանքները հանքավայրում դադարեցվել են: Կենդանի մնացածների որոնումներին մասնակցում է Մինէներգաածուխ պետական ռազմականացված լեռնափրկարարական ծառայությունը:
Ռիո –դե-Ժանեյրոյի օդանավակայանները գործադուլ են արել ֆուտբոլի աշխարհի առաջնության օրը
Ռիո –դե-Ժանեյրոյի 3 օդանավակայանների աշխատակիցները ֆուտբոլի աշխարհի առաջնության օրը գործադուլ են սկսել տեղական ժամանակով 00:00-ին: Գետնի վրա սպասարկող տեխնիկական անձնակազմի աշխատանքը կկրճատվի , այդ թվում` «Գալեան» միջազգային օդանավակայանում: Դա , բնականաբար, կանդրադառնա առաջնության համար ժամանած օտարերկրացիներին սպասարկման վրա: Սակայն, Քաղաքացիական ավիացիայի պետական ազգային գործակալությունը հայտարարում է, որ իրավիճակին հետևում է, իսկ աշխարհի առաջնության ժամանակաշրջանոմ ավիաընկերությունները պատրաստ են աշխատել հատուկ պայմաններում:
Գործադուլավորները պահանջում են աշխատանքի պայմանների բարելավում, աշխատավարձի բարձրացում ու աշխատանքային կոլեկտիվ համաձայնագրերի կնքում, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Մինչդեռ, Սան-Պաուլույում, մետրոյի աշխատակիցները, որոնք նույնպես պատրաստվում էին գործադուլի, փոխել են իրենց որոշումը: Արհմիութենական կոնֆերանսի մասնակիցները որոշել են ապահովել մետրոյի աշխատանքը չնայած նրան, որ ղեկավարները չեն կարողացել կանխել 40 ակտիվիստ-գործադուլավորների ազատումն աշխատանքից:
Անկախ
Անտոնիո Բանդերասի և Մելանի Գրիֆիթի համատեղ կարողությունը կազմում է 50 միլիոն դոլար
Անտոնիո Բանդերասի և Մելանի Գրիֆիթի համատեղ կարողությունը գնահատվել է 50 միլիոն դոլար:
Այժմ բազմաթիվ մարդկանց հետաքրքիր է, թե Անտոնիո Բանդերասը և Մելանի Գրիֆիթը հանրային կերպով ամուսնալուծվելուց հետո ինչպես կբաժանեն իրենց ունեցվածքը:
Ամուսնալուծված զույգը առանձնատներ ունի աշխարհի տարբեր մասերում՝ ներառյալ Իսպանիան, Լոս Անջելեսը, Ասպենը և Նյու Յորքը:
Մելանիի և Անտոնիոյի ընկերներից մեկը People-ին հայտնել է, որ զույգը ավելի շատ կարողություն ունի, քան կարծում են՝ ավելացնելով, որ դերասանը ճկուն բիզնեսմեն է և բազմաթիվ ներդրումներ է կատարել:
Այժմ լրացվում են մաուսնալուծության փաստաթղթերը, սակայն ամուսնալուծության օրը չի նշվում:
Զույգը սիրահարվել է 1995թ-ին «Երկուսը չափազանց շատ է» ֆիլմի նկարահանումների ժամանակ, սակայն այս տարի նրանց ամուսնալուծության մասին լուրեր են տարածվել:
Քիմ Քարդաշյանը և Քանյե Ուեսթը իրենց երկրորդ մեղրամիսը անց են կացնում Մեքսիկայում
Քիմ Քարդաշյանը և Քանյե Ուեսթը շուրջ երկու շաբաթ առաջ Եվրոպայում անցկացրած իրենց մեղրամսից հետո այժմ տեղափոխվել են Մեքսիկայի Պունտա Միտա հանգստավայր՝ երկրորդ անգամ մեղրամիս անցկացնելու նպատակով: Աղբյուրի տեղեկություններով՝ զույգը մնում է լողափի մոտակայքում գտնվող առանձնատներից մեկում: Մեքսիկայի այս ավանը Քարդաշյանների սիրելի վայրն է:
Զույգը այս կերպ նշում է Քանյեի 37-ամյա տարեդարձը: Հավանաբար նրանք ավելի վաղ չեն կարողացել միասին նշել այն, քանի որ Քանյեն համերգային շրջագայությունների մեջ էր:
Քիմի մոտ ընկերներից մեկը հայտնել է, որ Քիմի և Քանյեի հարսանեկան արարողությունը հրաշալի ձևով է կազմակերպված եղել, և իրենք լավ ժամանակ են անց կացրել:
Այժմ Քիմը իր ընտանիքը մեծացնելու ցանկություն ունի:
Հնդիկ բիզնեսմենը իր Jaguar-ը քաղաքով քարշ է տվել ավանակների օգնությամբ
Jaguar մակնիշի մեքենայի հնդիկ սեփականատերը իր նոր մեքենան ամրացրել է ավանակներին և քարշ տվել քաղաքի շուրջ՝ պնդելով, որ դա միակ ձևն է այն շարժելու համար:
Հնդկաստանի Ահմեդաբադ քաղաքի բնակիչ, 38-ամյա բիզնեսմեն Ռահուլ Թեքրեյմի մոտ միտքը ծագել է, երբ 53,000 ֆունտ արժողությամբ նոր մեքենան շարունակ փչացել է:
Նա պնդում է, որ մի քանի անգամ մեքենան հետ է տարել տեղի ներկայացուցչություն վերանորոգելու համար, սակայն երբ մի խնդիրը լուծվում էր, մեքենայի հետ կապված մեկ այլ խնդիր էր առաջանում:
Այսպիսով՝ ցանկանալով տեղի ներկայացուցչությանը ցույց տալ, թե ինչ կարծիք ունի իրենց մեքենաների մասին, նա մեքենան քաղաքի շուրջը քարշ է տվել ավանակներով:
Նա ավելացրել է, որ ավանակը ավելի վստահելի է, քան Jaguar-ը:
Բիզնեսմենը մեքենան գնել է մայիսի 7-ին:
Հնդկաստանում մակնիշի ներկայացուցչությունը դեպքի կապակցությամբ մեկնաբանություններ չի արել, քանի որ նրանք դեռևս բանակցում են Թեքրեյմի հետ:
Երեխաները զգում են, թե երբ են ծնողները ինֆորմացիա թաքցնում կամ ստում
Բազմաթիվ մեծահասակներ երեխաներին սպիտակ ստեր են ասում նրանց կյանքը ավելի թեթև դարձնելու համար:
Սակայն հետազոտության արդյունքում պարզվել է, որ երեխաները նկատում են այս մարտավարությունը և նույնիսկ կարող են ասել, թե երբ են իրենց ծնողները կամ ուսուցիչները տեղեկությունը դիտավորյալ թաքցնում:
Մասաչուսեթսի տեխոնոլոգիաների ինստիտուտը պարզել է, որ այս մարտավարությունը մեկ անգամ նկատելուց հետո երեխաները փորձում են ինքնուրույն լրացնել տեղեկատվության բացը:
Ում վաստահելու հարցում կողմնորոշվելը կարևոր կարողություն է, որը պետք է ձեռք բերել վաղ տարիքում, քանի որ աշխարհի մասին մեր գիտելիքների մեծ մասը ստանում ենք այլ մարդկանցից:
Այս հետազոտությունը հիմնվում է 2011թ-ի ուսումնասիրությունների վրա, որի ընթացքում հետազոտողների խումբը ուսումնասիրել էր, թե ինչպես են երեխաները վարվում, երբ ուսուցիչը բացատրում է չորս տարբեր գործողություններ կատարող խաղալիքի միայն մեկ ֆունկցիան:
Նրանք պարզել են, որ երեխաները իրենց ժամանակի մեծ մասը անց են կացնում միայն ուսուցչի ցուցադրած ֆունկցիան ուսումնասիրելով:
Ինչևէ՝ այն երեխաները, որոնց որևէ գործողություն չէին ցուցադրել, վերջում խաղալիքի ավելի շատ ֆունկցիաներ են բացահայտել:
Թուրքիան Մոսուլի հարցով դիմել է ՆԱՏՕ-ին և ՄԱԿ-ին
Թուրքիան ՆԱՏՕ-ին է դիմել արտահերթ խորհդակցություն հրավիրելու համար Մոսուլում տիրող իրավիճակը քննարկելու նպատակով: Դիվանագիտական աղբյուրների հաղորդմամբ՝ ՆԱՏՕ-ն արձագանքել է այս դիմումին և նախատեսում է խորհրդակցություն անցկացնել արդեն մոտ ժամերին: Թուրքիան Մոսուլի իրադրության վրա հրավիրել է նաև ՄԱԿ-ի ուշադրությունը:
Միևնույն ժամանակ հայտնի է դարձել, որ «Իրաքի և Շամի իսլամական հանրապետություն» ահաբեկչական կազմակերպության կողմից առևանգված թուրքերի թիվը հասել է 80-ի, որոնց շարքում են նաև Թուրքիայի հյուպատոսն ու դիվանագիտական առաքելության աշխատակիցները:
Ադրբեջանում իրավապաշտպանը ճաղերի հետևում է հայտնվել
Ադրբեջանում Սալյանի շրջանային դատարանը չի փոխել տեղի իրավապաշտպան Էմիլ Մամեդովի կալանքի ձևը փոխելու վճիռը: Վերջինս “Աջակցություն ժողովրդավարությանը” հասարակական կազմակերպության ղեկավարն է:
Ինչպես հաղորդում է “Հագին” կայքը` վկայակոչելով իրավապաշտպանի հարազատներին, դատարանը մերժել է կալանքը տնային կալանքով փոխարինելու միջնորդությունը: Մամեդովը ձերբակալվել է մայիսի 13-ին`դրամաշորթության մեղադրանքով:
“Աջակցություն ժողովրդավարությանը” հասարակական կազմակերպությունը Ադրբեջանի հարավային շրջանում գործող քաղաքացիական հասարակության ակտիվ կառույցներից մեկն է: Դրա ղեկավար Մամեդովը բազմիցս հրապարակել է շրջանային իշխանության կառույցներում կոռուպցիայի դեպքեր, ինչպես նաև հանդես է եկել տեղի բնակչության քաղաքացիական իրավունքի պաշտպանությամբ:
Սաուդյան թագավորական ընտանիքի հերթական սկանդալային պատմությունը ավարտվեց անգլիական դատարանի որոշմամբ
1968 թվականին Անգլիայի քաղաքացի 19-ամյա Ջանա Հարբը գաղտնի կերպով ամուսնացել էր Սաուդյան Արաբիայի այն ժամանակվա թագավոր Ֆահդի հետ: Սակայն նրանց ամուսնությունը երկար չէր տևել: Քանի որ աղջիկը չէր համապատասխանում թագավորական ընտանիքին, երկու տարի անց նրան հետ էին ուղարկել Անգլիա՝ լռության համար խոստանալով 12 մլն սթերլիգ և երկու բնակարան: Այնուհետև թագավորական ընտանիքից ոչ մի գումար չստացած աղջիկը պատերազմ հայտարարեց նրանց և սաուդ արքայազն Աբդուլ Ազիզը, որպես թագավորի ներկայացուցիչ, ներքաշվեց դատական գործընթացներում:
2003 թվականին Ջանա Հարբին առաջարկեցին վճարել խոստացված 12 միլիոնն ու Լոնդոնի կենտրոնում երկու բնակարան տալ: Սակայն այս անգամ էլ խոստումը չկատարվեց, քանի որ Աբդուլ Ազիզը, օգտվելով իր անձեռնմխելիությունից, չենթարկվեց դատարանի որոշմանը և հրաժարվեց վճարել փոխհատուցումը: Թուրքական «Միլիյեթի» հաղորդմամբ՝ տարիներ տևած դատական գործը երեկ ի վերջո ավարտվել է: 11 տարի անց Ջանա Հարբին հաջողվել է հաղթել այս պայքարում: Նա նշել է, որ եթե արքայազնը որոշի բողոքարկել և գործը տեղափոխվի բարձրագույն դատական ատյաններ, ապա նա ֆիլմի կվերածի սաուդյան պալատում անցկացրած տարիների մասին իր գիրքը, որը ներկայումս շարադրում է:
Մոսուլում 48 թուրքեր պատանդ են դարձել ահաբեկիչների ձեռքում, իրավիճակը լարված է
Թուրքիայի ԱԳՆ հանդես է եկել հայտարարությամբ՝ կապված «Իրաքի և Շամի Իսլամական Հանրապետություն» ահաբեկչական կազմակերպության կողմից Մոսուլում տեղակայված Թուրքիայի գլխավոր հյուպատոսության վրա հարձակման և Թուրքիայի 48 քաղաքացու պատանդ վերցնելու հետ: Հայտնի է դարձել, որ ԻՇԻՀ-ին տեղեկություն է տարածել, թե թուրքերին ոչ թե պատանդ են պահում, այլ նրանց տեղափոխել են անվտանգ մի վայր հարցաքննելու նպատակով:
Նշենք, որ վարչապետ Թայիփ Էրդողանը հարցի շուրջ խորհրակցություն է հրավիրել, որին մասնակցել են փոխվարչապետ Բեշիր Աթալայը, փոխարտգործնախարար Նաջի Քորունն, ազգային հետախուզական ծառայության ղեկավար Հաքան Ֆիդանը և մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաներ: ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն հետաձգել է իր բոլոր հանդիպումները Նյու Յորքում և շտապ վերադառնում է Թուրքիա: Հայտնի է դարձել նաև, որ ահաբեկիչների հսկողության տակ գտնվող թուրքերի առողջական վիճակը լավ է և նրանց վտանգ չի սպառնում, սակայն թուրքական կառավարությունն ամեն ինչ անում է իր քաղաքացիների ազատության համար:
Ադրբեջանում ` կահույքի գործարանում, պայթյուն է տեղի ունեցել, կան վիրավորներ
Ադրբեջանում` Նիզամի շրջանում տեղակայված “Օջախ” ընկերությանը պատկանող կահույքի գործարանի արտադրական բաժնում, պայթյուն է տեղի ունեցել, որի պատճառով հրդեհ է բռնկվել, տեղեկացնում է “Հագին” լրատվական կայքը` հղում կատարելով “Ազնյուզ”-ին:
Հրդեհի հետևանքով տարբեր աստիճանի այրվածքներ են ստացել չորս աշխատակիցներ, ովքեր հոսպիտալացվել են:
Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարության հակահրդեհային ծառայության աշխատակիցների ջանքերով հրդեհը մարվել է: Փաստի առնչությամբ հետաքննություն է սկսվել:
Բոլոր թյուրքերը պետք է ունենան ընդհանուր այբուբեն. Ջեմիլ Չիչեք
Թուրքիայի ազգային մեծ ժողովի խոսնակ Ջեմիլ Չիչեքը թյուրքախոս ժողովուրդների միասնական լեզվի և այբուբենի ստեղծման հարցը համարում է ամենակարևորներից մեկը, տեղեկացնում է ադրբեջանական “Հագին” լրատվական կայքը։
“Այդ կերպ մենք ավելի լավ կհասկանանք միմյանց։ Ժողովների ընթացքում շփվելով մայրենի լեզվով՝ մենք ավելի լավ կհասկանանք միմյանց, մեր ներդրումը կունենանք մշակույթների զարգացման գործում և հնարավորություն կստեղծենք լեզուն հարստացնելու համար։ Դրա համար գոյություն ունեն մի քանի կազմակերպություններ, որոնց գործունեությանը պետք է աջակցել”,-ասել է Չիչեքը։
Թուրքիայի ազգային մեծ ժողովի խոսնակ Ջեմիլ Չիչեքը ցավ է հայտնել, որ չնայած իրենց բազմաթիվ հրավերներին՝ Ուզբեկստանն ու Թուրքմենստանը հրաժարվել են անդամակցել TürkPA-ին՝ Թյուրքախոս ժողովուրդների խորհրդարանական վեհաժողով, որի անդամ երկրներն են Թուրքիան, Ադրբեջանը, Ղազախստանը և Ղրղզստանը։
Ըստ Չիչեքի՝ TürkPA-ի հաջորդ նիստը կկայանա հունիսի 12-13-ին Բաքվում։