ՙՙԱզատությունը՚՚ կանխել է ՙՙՄայդանը՚՚ 26 տարով

Շահան ԳանտահարյանՈւկրաինայի  քաղաքական դաշտում  արձանագրվող դիպաշարը ընդհանուր առումով կարող է բնութագրվել ռուսամետ եւ արեւմտամետ կողմնորոշումների բախումներով: Սա, իհարկե, շատ ընդհանուր բնութագրում է. միջանկյալ պետք է նկատի ունենալ ժողովրդի երկու հատվածնեի բեւեռայնացման հանգամանքները` սկսած պատմական, դավանական բաժնից, լեզվական տարբերությունից, անցնելով մշակութային, հասնելու համար քաղաքական սուր հայացքների: Այստեղ համաուկրաինական հղացքը արդեն մշուշապատված է եւ տարանջատումը հետզհետե խորանում է:

Ուկրաինական պատկերների մեկնաբանությունը ենթադրում է բազմագործոնային բացատրություններ եւ հիմնավորումներ։ Այս գործընթացները դեռեվս երկար ժամանակ պիտի զբաղեցնեն միջազգային, տարածաշրջանային իրադրությունները մեկնաբանողների ուշադրությունը: Անիրատեսական չէ արձանագրելը, որ մինչեւ իսկ Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը խնդրո առարկա է, չասելու համար երկրի բաժանումը:

Այս արագակշռույթ զարգացումներում փորձենք կենտրոնանալ «Մայդանի» հայկական տարբերակի առաջացման հավանականության շուրջ մեր հայրենիքում ծավալվող քննարկումների վրա:

Անշուշտ «Մայդանի» աշխուժացումը հետեւեց Վիլնյուսում ասոցացման համաձայնագիրը Կիեւի կողմից չնախաստորագրելու հանկարծակի որոշմանը: Պարզ էր ռուսական գործոնի ուղղակի միջամտությունը եւ ճնշումը: Զուգահեռը այստեղ Երեւանի կեցվածքի շարժառիթը լուսաբանելու առումով հստակ գծվում է: Մոսկվան, ավելի վաղ, Երեւանից պահանջելով Մաքսային միության անդամակցության մասին որոշման հրապարակումը, նախաբանը կատարեց Ուկրաինայի Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրի գործընթացը առկախելու:

Ուկրաինական եւ հայկական ներքաղաքական դաշտերի կառուցվածքը եւ մանավանդ ժողովրդների այս հարցերը ընկալելու եւ հակազդեցություն ունենալու մոտեցումները բավականաչափ տարբերվում են իրարից: Եւ ճիշտ պիտի չլիներ հայկական դաշտի վրա ուկրաինական տարբերակի պատճենահանումը ակնկալելը  Երեւանում: ՙՙԱզատության՚՚ հրապարակի մայդանացման առաջադրանքի իրականացման հավանականության քննարկումը, ամենայն հավանականությամբ, պիտի հայտնվեր հայ քաղաքական մտքի այսօրվա վերլուծությունների մեջ։

Բայց. պետք չէ մոռանալ, որ Մայդանի վրա հսկայական լուսարձակներ բացողը Արեւմուտքն է, որն ի վերջո ռուսական ազդեցության գոտու փոքրացման նպատակն է հետապնդում: Ռուսական գաղութարարության դեմ բացված համաարեւմտյան այս համազարկը ճշտում է նաեւ քարոզչաքաղաքական ալիքի բարձրացման եւ տարածաշրջանի վրա տարածման կշռույթներն ու տարողությունները:

Այս ալիքից անմասն չի մնում մեր երկիրը: Ուր, անշուշտ, կա հարստապետության եւ ժողովրդի միջեւ խորացած վիհ, ուր կա նաեւ ռուսական գաղութարարության դեմ արտահայտվելու նկատառելի տրամադրություն, ուր կա, իհարկե, համակարգային փոփոխության պահանջ:

Միաժամանակ, սակայն մեր երկիրն ու ժողովուրդը փաստել են, որ համազգային ռազմավարական եւ անվտանգության էական նշանակություն ունեցող հիմնահարցերն են, որոնք կարող են մի մարդու նման ոտքի հանել հայ ժողովուրդը թե հայրենիքում, թե հայրենիքից դուրս: Ուկրաինայից օրինակ վերցնելու հորդորները չպետք է մտահան անեն, որ մեր Մայդանը` ՙՙԱզատության՚՚ հրապարակը, ամբողջ աշխարհի ուշադրության կիզակետը գրավեց, երբ դեռեվս հյուսիսի բեւեռը կայսրության հանգամանք էր վայելում թե՛ իրողապես եւ թե՛ իրավական առումով: Քաղաքագիտական տեսաբանությունը նույնիսկ այնպիսի վերլուծումներ էր կատարում, որ Խորհրդային Միության փլուզման առաջին ճեղքերի տեսանելիությունը արձանագրվեց Ղարաբաղի հարցով հայության պոռթկումներով: Հիշելը օգտակար է նաեւ, որ երբ մեր երկիրը ներքաշվեց ուկրաինական օրինակով ստեղծված իրավիճակի մեջ, մեր սահմանների ուղղությամբ շատ արագ զարգացան ոտնձգության գործողությունները հակառակորդի կողմից:

Արցախի ինքնորոշման թե երկրի անկախացման պահանջներով, ժամանակին, հզոր Հյուսիսի դեմ դուրս եկած մեր ժողովուրդը դասեր տվել է այլոց: Մեր երկիրն ու ժողովուրդը գիտեն ճշտել պահը փողոց դուրս գալու իրողապես համաժողովրդային տարողությամբ: Արեւմտամետ թե ռուսամետ կողմնորոշումների խնդիրը կամ Վիլնյուսը ընդդեմ Մաքսային միության երկվությունները արեւմտյան աշխարհի ճշտած օրենքներով ընթացող գործընթացներն են, որոնց ներքաշվելու  կամ (չ)մասնակցելու որոշումը կարող է կայացնել մեր ժողովուրդը, որը փաստել է, թե ազգային հիմնախնդիրների նկատմամբ ինչ տեսակ պահվածք է որդեգրում:

ՙՙԱզատությունը՚՚ կանխել է ՙՙՄայդանը՚՚ 26 տարով: Ռուսամետ-արեւմտամետ բախումը  պատճենահանելը անպայման չի բխում մեր երկրի ու պետության շահերից: Մենք դասեր առնելուց ավելի, դասեր ունենք տալիք այս իմաստով:

 

Շահան Գանտահարյան

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

 

Կառավարման մեջ շատ պարզ օրենք կա. եթե չգիտես ինչ անես` ոչինչ մի արա

Հարություն-Մեսրոբյան-կառավարման-փորձագետԳործող վարչատարածքային բաժանումը, ինչպես նշվում է Տարածքային կառավարման նախարարության (ՏԿՆ)` «Համայնքների խոշորացման միջհամայնքային միավորումների ձևավորման հայեցակարգում», լուրջ և էական խոչընդոտ է համայնքների կարողությունների ամրապնդման և տեղական ինքնակառավարման համակարգի հետագա զարգացման համար: Ստեղծված իրավիճակի հիմնական պատճառը, ըստ հիշյալ փաստաթղթի, տեղական ինքնակառավարման համակարգի մասնատվածության բարձր աստիճանն է` փոքրաթիվ բնակչությամբ գյուղական համայնքների գերակշռող թվով:

ՏԿՆ–ում հարցի լուծում են համարում համայնքների խոշորացումը: 

Անդրադառնալով վարչատարածքային բարեփոխումներին` տարեսկզբին տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը լրագրողներին ասաց, որ տարածքային կառավարման  նախարարությունում քննարկվել է համայնքների խոշորացման պիլոտային երկու տարբերակ` ծրագրային և վարչական: Առաջինը ենթադրում է համայնքների խոշորացում որևէ ծրագրի, օրինակ` արդյունավետ բյուջետավորման շուրջ: Իսկ վարչականը  ենթադրում է համանքների միջև կարճ հեռավորությունը, բնակիչների համատեղելիությունը և այլ հանգամանքներ  հաշվի առնելը:

 Կառավարությունը պիլոտային ծրագիր է անցկացնելու, և Մեղրին դիտվել է որպես ստրատեգիական կարևոր ուղղություն: Առաջարկվել է  Մեղրի քաղաքը, Ագարակը, հարակից բնակավայրերը մեկ խոշոր համայնք դարձնելու գաղափարը:

Մեղրու տարածաշրջանի բնակիչները դժգոհ են, որ Մեղրին, Ագարակը և տարածաշրջանի գյուղերը պետք է միավորվեն մեկ համայնքում, և հայտարարել են, որ պատրաստավում են բողոքի ակցիաներ անցկացնել: 

Այս հարցերի առնչությամբ «Անկախը» դիմեց կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանին:

Մեզնից անկախ` դարձանք անկախ 

– Պարո՛ն Մեսրոբյան, Ձեր դիտարկմամբ, ինչպիսի՞ մոտեցում է համայնքների խոշորացումը:

– Կառավարման մեջ իրոք կա այնպիսի մոտեցում, որ չի կարելի կառավարման համակարգը շատ մանրացնել, առավել ևս, երբ խոսքը տարածքային կառավարման մասին է: Բայց կա նաև մյուս կողմը` շատ էլ չի կարելի խոշորացնել: Երբ շատ է մանրացված, այդ տարատեսակ, տարբեր կառավարման օղակները, անձնակազմի տեսանկյունից, դառնում են բյուրոկրատացված համակարգեր: Իսկ ցանկացած բյուրոկրատացված համակարգ շարունակում է աճել: Այսինքն` տարածքները փոքր են, բայց այն անձնակազմը, որը պետք է տարբեր հարցերով սպասարկեր այդ տարածքները, քայլ առ քայլ մեծանում է: Մյուս կողմից` շատ խոշորացնել էլ պետք չէ, որովհետև այդ դեպքում էլ կառավարման տեսադաշտից դուրս են գալիս տեղային` լոկալ խնդիրները, սկսում են ավելի գլոբալ, իբր ստրատեգիկ հարցեր լուծել: Ես նշեցի կառավարման մեթոդաբանությունը:

– Կառավարման օպտիմալության տեսանկյունից Հայաստանում տարածքային կառավարման մեխանիզմները, կառուցվածքն ու պատկերն ինչպիսի՞ն են:

– Բավականին անհաջող: Եթե զրուցենք այս կամ այն համայնքի բնակիչների հետ, կպարզվի, որ խախտվել են պատմականորեն ձևավորված կապերը: Օրինակ` դիտարկենք Արագածոտնի մարզը: Այդ մարզում` Երևան-Ապարան ճանապարհին, որոշ գյուղերում մարդիկ իրենց համարում են ապարանցի, բայց վարչական այդ տարածքները ենթարկվում են Աշտարակին: Եվ այստեղ արդեն որոշակի խնդիրներ են սկսում առաջանալ: Օրինակ` նույն տարածքում գյուղացիները կարծես բաժանված են Աշտարակի և Ապարանի միջև կոնկրետ կենսական խնդիրները լուծելու իմաստով:

Այն վարչական բաժանումները, որոնք կան, չեն արտահայտում պատմականորեն ձևավորված միջհամայնքային կապերը: Եթե մենք կարողանանք վարչատարածքային բաժանումը ճիշտ կատարել` առավելագույնս մոտեցնելով պատմականորեն ձևավորված այդ կապերին, իհարկե, շատ լավ կլինի: Ես միայն մեկ օրինակ բերեցի, նման բան մենք ունենք նաև Սյունիքում և այլ մարզերում:

– Նման խնդիրներ լուծելու համար ինչպիսի՞ մոդելներ կան:

– Վարչատարածքային բաժանման աշխատանքներին պետք է մասնակցեն պատմաբաններ, սոցիոլոգներ և այլք, մարդիկ, որոնք տիրապետում են Հայաստանում պատմականորեն ձևավորված ներքին համայնքային ու միջհամայնքային կապերին և աշխատում են տարածքային կառուցվածքը մաքսիմալ մոտեցնել այդ իրական կապերին: Հակառակ դեպքում ամենաառօրյա հարցերում մարդն ունենում է խնդիրներ, պատկերավոր ասած, հոգով-սրտով կապված է մի կենտրոնին` քաղաքին, բայց պետք է հարցեր լուծի այլ կենտրոնի հետ: Այս իմաստով մենք պետք է ուշադիր լինենք:

– Համայնքների, այսպես ասած` «աշխարհագրական չափերի» առումով Հայաստանում ի՞նչ խնդիրներ կան:

– Սարսափելի մեծ տարբերություններ չկան: Բայց, օրինակ, շատ հավանական է, որ եթե մենք պատմականորեն ձևավորված ավանդույթների ու կապերի մոտեցումը կիրառենք, որոշ փոփոխություններ ունենանք վարչատարածքային կառուցվածքի մեջ: Ես էլ չեմ ասում, որ բավականին լուրջ խնդիր ունենք Արցախում, այնտեղ ունենք շատ ավելի սարսափելի վիճակ, քան այստեղ` Հայաստանում:

– Կառավարությունը, ինչպես գիտեք, իրականացնում է համայնքների խոշորացման պիլոտային ծրագրեր:  Դրանք այժմեակա՞ն են, դրանց կարիքը կա՞:

– Կրկնում եմ` վարչատարածքային բաժանումը պետք է համապատասխանի պատմականորեն ձևավորված կապերին: Չի կարելի միայն մի խնդիր դնել` խոշորացնել կամ ընդհակառակը` տրոհել: Պետք է համապատասխանեցնելու խնդիր դնել, մենք ուզում ենք ստեղծել տարածքային օպտիմալ կառավարման համակարգ:

Երկրորդ խնդիրն այն է, որ ես բավականին սկեպտիկ եմ վերաբերվում ցանկացած փոփոխության, եթե պետության կառավարման համակարգն անհաջող է: 1991 թ. մենք պետական կառավարման իմաստով ստեղծեցինք շատ անհաջող պետություն, որը, որպես կանոն, աշխատում է իրավիճակային խնդիրներ լուծել «յոլա գնալու» կարգավիճակով: Իսկ եթե ամբողջական կառավարման համակարգն անհաջող է, այս կամ այն հարցում ուղղել կառավարման համակարգը անհնարին է, գոյություն չունի այդպիսի լուծում: Պետք է ամբողջովին փոխել կառավարման համակարգը,  դրա շնորհիվ զուգահեռ լուծել նաև մյուս  խնդիրը:

– Ճի՞շտ հասկացա, համայնքների խոշորացման ծրագիրն իրավիճակային լուծո՞ւմ եք համարում:

– Ես դա չեմ կարող ասել, բայց հստակ կարող եմ ասել, որ դա ստրատեգիկ լուծում չէ: Որովհետև ստրատեգիկ լուծումը սկսվում է ամբողջական կառավարման համակարգը փոխելուց, ոչ թե պետական կառավարման համակարգը մի կողմ դնելով` տարածքների կառավարումն առանձնացնելուց: Եթե փորձում ես մասնավոր դեպքով լավացնել ընդհանուրը, անհնարին է: Ես սկզբունքն եմ նշում: Մարդկությունը հազարամյա պատմության ընթացքում դա ապացուցել է: Կառավարման տեսությունն էլ է դա ասում` մասնավորից չի լինում շտկել ու կարգավորել ընդհանուրը: Միշտ պետք է ընդհանուրը փոխել: Իսկ մեզ մոտ, փաստորեն, 1991 թ. փորձ արվեց Խորհրդային Միությունից եկած կառավարման համակարգը հարմարեցնել անկախ պետության կառավարման համակարգին: Նման բան չեն անում:

համայնքների խոշորացում– Պարո՛ն Մեսրոբյան, իսկ ինչպե՞ս են անում:

– Ամբողջական պետական կառավարման համակարգը պետք է փոխվի` վերից վար: Հայաստանում, ըստ իս, մի քանի մահացու վտանգներ կան: Առաջին` մեր պետական կառավարման համակարգը վարակված է այսպես կոչված Պարկինսոնի հիվանդությամբ, այսինքն` ստեղծվում են բազմաթիվ նոր կառավարող օղակներ, գերատեսչություններ, կոմիտեներ, հանձնաժողովներ և այլն, որոնք ծանրացնում են ամբողջ  կառավարման համակարգը: Եթե նայենք 1991-ից առ այսօր ինչքանով է մեծացել մեր պետական կառույցների ու չինովնիկների թվաքանակը` կսարսափենք: Սա նշանակում է, որ մեր կառավարման համակարգը շատ ծանր հիվանդ է: Երկրորդ վտանգն այն է, որ նույնպես 1991-ից մեզ մոտ հաղթեց այսպես կոչված «բացասական ընտրասերումը»` negative selection-ը: Ինչքան բարձր է պաշտոնը, այնքան մեծ է  հավանականությունը, որ այդ պաշտոնը կզբաղեցնի ոչ արժանի թեկնածուն: Եվ երրորդ վտանգն այն է, որ որպես կանոն, նոր ստեղծվող կառույցները պարտադրված են լինում դրսից, կոպիտ ասած, «քոփի-փեսթ» ենք անում: Նման ձևով կառավարման համակարգ չեն ստեղծում: Եթե հարցերի լուծումը սկսվի իմ նշած եղանակով, դա կլինի ճիշտ ճանապարհը:

– Իսկ տարածքային ու տեղական ինքնակառավարման հարցերում Հայաստանն ի՞նչ պետք է  անի, ո՞րը կլինի ամենաօպտիմալ տարբերակը կամ լուծումը:

– Նախ` պետք է հասկանանք, որ իրականում Հայաստան հասկացության տակ չպետք է հասկանանք միայն Հայաստանի Հանրապետությունը, նաև Արցախը` իր ազատագրված տարածքներով, և չպետք է վախենանք, թե միջազգային հանրությունը չի հասկանա և այլն: Ում որ պետք է, թող աշխատի, որ հասկանա… Ու չի կարելի դե ֆակտո եղած ընդհանուր հանրագումարը տրոհել մասնիկների ու փորձել միայն մի տեղում լավացնել իրավիճակը, իսկ մյուս տեղին ձեռք չտալ: Չի կարելի  վերցնել ու վերափոխել Հայաստանի Հանրապետությունն ու համապարփակ մոտեցմամբ դա չանել Արցախում:

Երկրորդ` մենք պետք է պարզ սահմանագիծ տանենք, թե որոնք են այն հարկատեսակները և տուրքերի տեսակները, որոնց եկամտային մասը մնում է տեղական ինքնակառավարման  մարմիններին, ու ավելացնել ՏԻՄ-երի պատասխանատվությունը: Այսինքն` հզորացնելով տեղային բյուջեները` մենք նաև, որպես տրամաբանական շարունակություն, պետք է տեղական իշխանություններից պահանջենք ավելի մեծ պատասխանատվություն ու ավելի մեծ խնդիրների ցանկ: Այս դեպքում ստացվում է, որ կենտրոնական իշխանությունը, որը գտնվում է  Երևանում, ավելի շատ վերահսկողական դեր պետք է կատարի` տարածքների զարգացման իմաստով: Իսկ երբ կենտրոնական իշխանությունն աշխատում է ամեն ինչ կենտրոնացնել պետբյուջեում, իսկ հետո մասհանումներով բաժանել, դա փողի լրացուցիչ պտույտ է,  բացի այդ, տեղերում ավելի լավ գիտեն իրենց խնդիրները, քան այստեղ` Երևանում: Միայն մի խնդիր է առաջանում նման մոտեցման դեպքում` կենտրոնական իշխանությունը պետք է շատ արդյունավետ վերահսկողություն իրականացնի: Գործողությունները տեղափոխվում են դեպի տեղերը, իսկ վերահսկողությունը կենտրոնանում է կենտրոնական իշխանությունների մոտ:

– Եթե Ձեր նշած մտահոգությունները, մոտեցումները համադրենք այսօրվա առաջարկվող համայնքների խոշորացման ծրագրերին, ի՞նչ կարող ենք ասել. դադարեցնե՞ն այդ ծրագրերն ու ավելի ընդգրկուն ու լուրջ ծրագրեր մտածեն, թե՞…

– Առաջարկը հետևյալն է. մենք մի խնդիր ունենք, մնացած խնդիրները դրա ածանցյալներն են: Հայաստան պետությունը, ոչ թե  Հայաստանի Հանրապետությունը, այլ Հայաստան պետությունը վերադիրքավորել որպես ժամանակակից, ագրեսիվ զարգացող և մրցունակ պետություն: Եթե դնում ենք նման նպատակ, հիմնովին պետք է փոխենք մեր պետական կառավարման համակարգը; Այդ խնդիրը լուծելուց հետո նոր Ձեր ասած հարցերն են: Նորից եմ ասում` չի կարելի ամբողջությմաբ հիվանդ օրգանիզմ ունեցող մարդու միայն ձախ ոտքը բուժել, նման բան չեն անում, եթե ամբողջ օրգանիզմն է վարակված, հիվանդ: Գտնում են հիվանդության պատճառներն ու դրանք են վերացնում, ոչ թե վերցնում են մարդու առանձին օրգան և սևեռվում դրա վրա: Այդպես մարդը կմահանա:

Կառավարման մեջ մի շատ պարզ օրենք կա. եթե չգիտես ինչ անել` ոչինչ մի արա:

Ազգային արժեքների ու ժողովրդավարության միաձուլում. սա է Հայաստանի ապագան

images (1)Շարունակում ենք ընթերցողների ուշադրությանը ներկայացնել “Հայոց աշխարհ օրաթերթի” լրագրող Արմինե Սիմոնյանի հարցազրույցը Հանրային խորհրդի նախագահ, ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանի հետ:

-Մինչ մասնագետները թվում են արտագաղթի տարբեր պատճառները, քաղաքական ուժերն էլ վիճում թվերի շուրջ, մի բան փաստ է. երեւույթը մեզանում կա ու շարունակվում է: Վտանգը նաեւ այն է, որ երկիրը թողնել-գնալը կարծես վերաճել է հոգեբանության: Ի՞նչ անել այս մտածողությունը թոթափելու, արտագաղթ կոչվող վտանգը կանխելու համար: 
-Արտագաղթի պատճառները ե՛ւ իրական են, ե՛ւ հոգեբանական: Իրական պատճառն այն է, երբ մարդիկ աշխատանք չգտնելով, չկարողանալով ընտանիք պահել՝ թողնում, գնում են:

Մինչդեռ կան նաեւ մարդիկ, որոնց սոցիալական վիճակը շատ լավ է, բավական հարուստ են, բայց դարձյալ մտածում են թողնել-գնալու մասին: Անկեղծ ասած, այդ մարդկանց չեմ հասկանում եւ չեմ ընդունում: Մանավանդ երբ փող ունեցողը երկրից հեռանալու իր մտադրությունը պատճառաբանում է՝ «էս ի՜նչ իշխանություն է, էս ի՜նչ օրինազանց երկիր է» խոսքերով:

Ես մեղադրում եմ այս կերպ մտածողներին, որովհետեւ այդպիսիք հիմնականում հարստացել են ի հաշիվ նրա, որ օրենքները շրջանցել են, քանի որ ամենեւին այն կարծիքին չեմ, որ նրանք «սուպեր» ազնիվ ճանապարհով են ձեռք բերել իրենց հարստությունը, հիմա էլ դժգոհում են, թե այս ինչ ոչ իրավական երկիր է:

Արտագաղթին, իհարկե, նպաստում է նաեւ իրավական դաշտի անկատարությունը, մարդկանց զայրացնում է, որ երկրում կան անձինք, որոնք օրենքից վեր են դասում իրենց:

Բայց կա մեկ այլ կարեւոր գործոն. տեսլականի բացակայությունը: Մենք դիմացանք պատերազմին, դիմացանք՝ շատ դժգոհ լինելով ՀՀՇ իշխանությունից, իսկ սոցիալական վիճակն այն ժամանակ անհամեմատ վատ էր: Բայց դիմացանք, որովհետեւ կար տեսլական: Իսկ այսօր չկա, եւ եթե խոսքը միայն լավ ապրելու մասին է, այդ դեպքում գործում է «որտեղ հաց, այնտեղ կաց» սկզբունքը:

Մի բարձրաստիճան պաշտոնյա համաձայնելով իմ դիտարկմանը՝ նկատեց, թե՝ տեսեք, Վրաստանն ունի իր տեսլականը, դա Եվրամիության անդամ դառնալն է, ու դրա համար պատրաստ է զրկանքների գնալ, դա համախմբում է այդ ժողովրդին, նրան կորով տալիս: Չնայած այդ պայքարում վրացիները կորցրին երկու Ղարաբաղի չափ տարածք, բայց, ճիշտն ասած, մտածում եմ, որ այդ կորուստը իրենց համար այնքան էլ մեծ չէ, որովհետեւ դրանք Ստալինի ժամանակ արհեստականորեն միացված տարածքներ էին, ուր վրացիներ չէին էլ ապրում։

Երբ Վրաստանում իշխանություն են ընտրում, նայում են, թե նոր իշխանությունը երկիրը որքանով է մոտեցնում իրենց տեսլականին: Այսինքն՝ չափանիշ ունեն:

Ադրբեջանն էլ ունի իր տեսլականը, իր համար ստեղծելով ոխերիմ թշնամու կերպար՝ ի դեմս հայերի, նպատակ է դրել բոլոր ասպարեզներում առաջ անցնել մեզանից ու դրա համար մեծ գումարներ է ծախսում, նպատակ ունի Արցախը վերցնել: Մինչդեռ հայերը, որ կանգնած են մարտահրավերների առաջ, լուրջ տեսլական չունեն:

-Բայց ինչպե՞ս կարող է մի ժողովուրդ չունենալ տեսլական, որն ունի անկատար մնացած բազում ազգային հարցեր: Այլ բան է, որ դրանք հասարակությանը որպես տեսլական պետք է մատուցել:

-Չէ, դրանք տեսլական չեն, այլ խնդիրներ են, իսկ տեսլականը պետք է լինի շատ խորը, ավելին՝ պետք է ապացուցես, որ շարժվում ես տեսլականիդ իրականացման ուղղությամբ:

2008-ին ես կողքից հետեւում ու տեսնում էի, որ Տեր-Պետրոսյանի շուրջ հավաքված երիտասարդների մեջ կա մի հատված, որն ունի այդ տեսլականը, բայց դրանում բացակայում էր ազգայինը: Նրանց նպատակն էր ընդունել միայն լիբերալ արժեքներ, դառնալ աշխարհի մի մաս ու ապրել այնպես, ինչպես Եվրոպայում կամ ԱՄՆ-ում: Ես սա չեմ ընդունում որպես տեսլական, որովհետեւ այն համեմված չէ ազգային արժեքներով, եւ չի կարեւորվում պետական շահը:

Կա նաեւ մարդկանց մի զգալի հատված՝ երիտասարդներ, զինվորականներ, որոնք եւս ունեն տեսլական, այն է՝ ունենալ ուժեղ բանակ ու վերջնականապես լուծել Արցախյան հարցը:

Բայց, ցավոք, մեզանում դեռ չկա այն հզոր տեսլականը, որը կհամախմբի ոչ միայն Հայաստանի, այլեւ աշխարհի հայությանը։ Նման տեսլական, եթե նույնիսկ կա էլ, ապա թղթերի վրա է: Իսկ եթե այդ տեսլականի հետեւից չի գնում ամբողջ ժողովուրդը, այն չի դարձել իշխանությունների նպատակը, ուրեմն դրա մասին խոսելն անիմաստ է:

Այստեղ կա մի վտանգավոր երեւույթ եւս: Մենք տեսանք, թե ինչպես Լ.Տեր-Պետրոսյանի ժամանակ դեմոկրատիայի ու լիբերալիզմի գաղափարները սպեկուլյացիայի ենթարկվեցին: Դրա հետեւանքով լիբերալիզմի գաղափարներով «տարվածները» դարձան հսկայական հարստության տեր. նրանք մարդիկ են, որոնց այսօր օլիգարխ ենք կոչում, նրանց մեծ մասը արժանի չէ՛ այդ հարստությանը:

Ավելի վտանգավոր է, եթե սպեկուլյացիա սկսվի ազգային գաղափարների շուրջ: Ուրեմն, եթե ազգայինին շաղախված չլինի ազատության գաղափարը, ապա այս դեպքում էլ ազգային գաղափարները կարող են դառնալ ինչ-որ խմբի հարստացման միջոց: Իսկ դա կլինի կործանարար մեր պետության համար: Ժամանակակից աշխարհում ազգայինը պետք է համեմված լինի նաեւ ազատության գաղափարներով:

 

 -Սեպտեմբերի 3-ին Հայաստանի կայացրած որոշումը գնահատեցիք որպես կարեւոր քայլ երկիրը վտանգավոր ցնցումներից զերծ պահելու համար, այսինքն՝ ընդգծեցիք անվտանգության բաղադրիչը: Ի՞նչ այլ գործոններ կառանձնացնեք:

-Առաջին՝ Մաքսային միությանը անդամակցումը կարող է խթանել տնտեսության զարգացմանը, ի վերջո, ռուսական շուկան մեզ ծանոթ շուկա է, եթե հայկական ջերմուկը, կոնյակը, կոշիկը անծանոթ են եվրոպացուն, ապա այս ու մյուս հայկական ապրանքները բրենդ են Ռուսաստանում:

Երկրորդ՝ կարծում եմ, Մաքսային միությանը անդամակցումը նպաստավոր կլինի մեր սոցիալական վիճակի բարելավման համար, իսկ եթե մարդիկ հարուստ են, ապա ավելի գաղափարական են. խոսքս անհատին չի վերաբերում, այլ ժողովրդին ու նրա կենսամակարդակի բարձրացմանը, սոված հասարակությունը գաղափարների հետեւից չի գնա:

Բայց կա նաեւ երկրորդ հանգամանքը. Մաքսային միությունը համարում եմ միջանկյալ վիճակ, միջանկյալ միություն, եւ չեմ կարծում, որ այն մեծ ապագա ունի, ավելին՝ այն կվերափոխվի մեկ այլ միության, թերեւս ներառելով այլ պետությունների: Առայժմ այսքանն է իմ կարծիքը, ավելին ասել չեմ կարող, քանի որ ապացուցելի չէ, իսկ առանց ապացույցների խոսել չեմ սիրում:

Ինչ վերաբերում է Մաքսային միությանը անդամակցելու մեր քայլին, կարծում եմ, այն միակ հնարավորն էր:

–Պարոն Մանուկյան, վերադառնանք դարձյալ ներքաղաքական հարցերին։ Քաղաքական դաշտում նկատելի են որոշակի տեղաշարժեր, մասնավորաբար, ձախ ուժերը հայտարարել են միավորման մասին, իսկ ի՞նչ սպասելիքներ կան ազգային-ժողովրդավարական հատվածից: Դեռ մեկ տարի առաջ ասացիք, որ նպատակ ունեք ակտիվացնել ԱԺՄ-ն:

-Ես ողջունում եմ ձախ ուժերի համախմբման ցանկությունը, բայց որքան էլ համախմբվեն, կարծում եմ, այն շատ փոքր ուժ կլինի:
Ինչ վերաբերում է ԱԺՄ-ին: Տարիներ առաջ մեր կուսակցության ներքին քննարկումներից մեկի ժամանակ, քանի որ մեզանում շատ էին մաթեմատիկոսները, ես գաղափարախոսության հետ կապված հարցը ներկայացրի մաթեմատիկորեն՝ իքս-իգրեկ առանցքներով, ուր 4 հատված կա, իքսի վրա գրեցի ազգայինը՝ դեպի վեր ազգայինը շատանում է, դեպի վար՝ նվազում:

Իգրեկ առանցքի վրա լիբերալիզմը նշեցի՝ դեպի վեր ազատությունը ավելանում է, դեպի վար բռնապետություն է: Փաստորեն 4 տիպի գաղափարախոսություն է լինում, ուր կոմունիստականը լիբերալիզմին դեմ է, բայց երկուսն էլ ազգայինի հարցում մինուս են:
ՀՅԴ-ի մոտ ազգայինը բարձր է, բայց նաեւ սոցիալիստական դաշտում է: Մյուսում Տեր-Պետրոսյանի կողմնակիցներն են, որոնք մերժում են ազգայինը եւ կողմնակից են միայն լիբերալիզմին: Մի շատ կարեւոր դաշտ դատարկ էր մնում. դա ազգային-ժողովրդավարականն էր, ուր ե՛ւ ազգայինն է շատ, ե՛ւ լիբերալիզմը: Այսօր դարձյալ այդ դաշտում կա հսկայական վակուում, եւ մեկ տարի առաջ ես մտածում էի ԱԺՄ-ով լրացնել այդ վակուումը: Մեզ կհաջողվի՞, թե՞ ոչ՝ այսօր չեմ կարող ասել: Բայց ակնհայտ է, որ հայաստանցիների մեծ մասը երկրի ապագան տեսնում է հենց այդ դաշտում, ուր ե՛ւ ազգայինն է ուժեղ, ե՛ւ ժողովրդավարականը:

–Հանրային խորհուրդ նշանակում է կապ իշխանության ու հասարակության միջեւ, հաջողվո՞ւմ է խորհրդին լիարժեք կատարել այդ դերը, մի կողմից՝ օգնել իշխանությանը ձեռքը ամուր պահել հասարակական տրամադրությունների զարկերակի վրա, մյուս կողմից՝ օգնել հասարակությանը՝ «վերեւներին» հասցնելու իր պահանջները:

-Մեր քառամյա գործունեության ընթացքում ոչնչից նոր կառույց ստեղծեցինք, որի հետ հաշվի են նստում տարբեր ուժեր: Բայց այն խնդիրը, որը պետք է լուծվի, դեռ առջեւում է, քանի որ այն ազդեցությունը, որ պետք է ունենանք իշխանության վրա, դեռ չունենք: Համենայն դեպս, հանրային խորհուրդը մի կարեւոր դիրք գրավեց, ինչը նկատելի եղավ նաեւ ժողովրդին:

Սկզբում երկու վտանգ էր մատնանշվում: Նախ՝ կարծիք կար, թե Հանրային խորհուրդը իշխանական ուժ է ու վարագույր է ծառայելու իշխանության համար: Բայց Հանրային խորհուրդը ցույց տվեց, որ շատ հարցերում ինքն անկեղծ է, պատրաստ մինչեւ վերջ պայքարելու: Դա դրսեւորվեց օտարալեզու դպրոցների հարցում, Մաշտոցի պողոտայի համար պայքարում, «Զվարթնոց» օդանավակայանի հին շենքի, այժմ էլ կուտակային համակարգի հարցերում:

Ու հասարակությունը համոզվեց, որ ՀԽ-ն խաղալիք չէ՝ մեջը բովանդակություն կա: Այն, որ այսօր մեզ շատ են դիմում տարբեր հարցերով, նաեւ մեղադրում, քննադատում, թե ինչո՞ւ եք անտեսել այս կամ այն խնդիրը, վկայում է, որ մենք ինչ-որ բան արել ենք:

Մյուս մտահոգությունն էլ կար, թե Հանրային խորհուրդը կարող էր դառնալ պոպուլիստական մի կառույց ու չնայած ստեղծվել է երկրի նախագահի որոշմամբ, բայց նրանում հավաքված մի խումբ մարդիկ, ժողովրդահաճո ծրագրերի իրականացմամբ, կփորձեն հաճելի երեւալ հասարակությանը եւ կուսակցությունների նման զբաղվելով պոպուլիզմով՝ կձգտեն հասնել իշխանության:
Ահա այս երկու վտանգների՝ «Սցիլլայի եւ Քարիբդայի» արանքից մենք դուրս ենք եկել, բայց դեռ ազատ, մաքուր «ծով» չենք հասել:

Հարցազրույցի առաջին մասը՝ այստեղ:

Անկախ

«Ունենք փտած քաղաքական դաշտ ու արժեզրկված կուսակցություններ». Վազգեն Մանուկյան

Վազգեն ՄանուկյանՀարցազրույց Հանրային խորհրդի նախագահ, ԱԺՄ նախագահ ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ հետ

 

–Պարոն Մանուկյան, այսօր ձեր նախկին համախոհները, մասնավորապես «Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամ Աշոտ Մանուչարյանը, համոզված են, որ 1991-ին կոմիտեն կատարեց ստրատեգիական կոպտագույն սխալ՝ ընդունելով արեւմտյան քաղաքակրթական մոդելը, իսկ պատճառը առկա շփոթն էր. «մենք արեւմտյան քաղաքակրթությունը շփոթեցինք եվրոպականի հետ, մինչդեռ արեւմտյանն իր էությամբ հակաեվրոպական է»: Որպես ՀՀՇ գաղափարախոսության հայրը, դուք այս կարծիքին համամի՞տ եք:

 

-Այդ ժամանակ աշխարհում իրողությունն այսպիսին էր. գոյություն ուներ 2,5 մոդել, այսինքն՝ մեկը կոմունիստականն էր, որ քանդվեց անարդյունավետ լինելու պատճառով, մյուսը՝ լիբերալ, որը հաստատված է կապիտալիստական երկրներում: Իսկ մնացած կեսի մեջ մտնում էին կա՛մ նացիոնալիզմի, կա՛մ ինչ-որ մի այլ բանի վրա կառուցված բռնապետությունները:
Այլ արդյունավետ մոդել չկար, եւ որպես այդպիսին մնում էր արեւմտյանը: Ուրեմն այնպես չէր, որ կային բազմաթիվ մոդելներ, ու մենք ընտրեցինք ոչ ճիշտը:
Մանուչարյանի հետ համաձայն եմ այն հարցում, որ արեւմտյանն իր էությամբ այսօր հակաեվրոպական է, որովհետեւ Եվրամիությունը գնաց հեշտացված ազատությունների ճանապարհով: Եվ մեզ էլ, երբ փորձեցինք եվրաինտեգրվել, պարտադրեցին օրենքներ, որոնք, կարծում եմ, մեզ հարիր չեն:
Բայց այստեղ կա մեկ այլ կարեւոր հանգամանք, որը ոմանց, գուցե նաեւ Ա. Մանուչարյանին ու մյուսներին հայտնի չի եղել, սակայն դեռ 89-ից ինձ համար պարզ էր, որ այդ հարցի շուրջ, այն է՝ ինչպե՞ս Հայաստանում օգտագործել արեւմտյան մոդելը, փնտրտուք է սկսվելու: Եվ 1989-ին իմ հարցազրույցներից մեկում ես խոսում եմ այդ մասին, թե ինչո՞վ պետք է Հայաստանի ժողովրդավարությունը տարբերվի այլ երկրների ժողովրդավարությունից:
Օրինակ, Ճապոնիան ժողովրդավարության կողքին կարողացել է պահպանել իր ազգային դիմագիծը, որոշ ավանդույթներ: Եվ ես, կրկնում եմ, դեռ այն ժամանակ գիտեի, որ վեճը սրա շուրջ է լինելու՝ ինչպե՞ս գտնել մեր սեփական դեմքը: Կարծում եմ, այսօր էլ վեճ կա. ասվում է, եթե մենք դառնայինք Եվրամիության ասոցացված անդամ, ապա կընդունեինք արեւմտյան արժեքներ, իսկ եթե Ռուսաստանի հետ մտնում ենք Մաքսային միություն, ապա կարող ենք կարեւոր արժեքներ կորցնել:
Ես սրան համաձայն չեմ, որովհետեւ Ռուսաստանը եւս հայտարարել է, որ ձգտում է եվրոպական համակարգի հաստատման, սակայն ազգային դեմքը պահպանելով: Մենք էլ ենք ասում նույնը: Հիշեցնեմ, որ 1990թ. ՀՀՇ-ից դուրս գալով, երբ կազմավորեցինք մեր կուսակցությունը՝ Ազգային ժողովրդավարական միությունը, անվանումը պատահական չընտրվեց: Այսինքն՝ մենք ընդունելով ժողովրդավարությունը՝ միաժամանակ ազգայինի պահպանման կողմնակիցներ էինք:

 

–Իսկապես մեզանում այսօր լրջորեն խաթարված են ազգային, քրիստոնեական, ավանդական արժեքները: Չե՞ք կարծում, որ կորցրածը վերագտնելու «դեղատոմս» կարող է լինել հրաժարումը լիբերալիզմից ու անցումը պահպանողականության, ինչն ինքնին ներառում է այդ արժեքային համակարգը:

 

-Լիբերալիզմն ու պահպանողականությունը ուղղակի գեղեցիկ տերմիններ են, բայց ի՞նչ է թաքնված դրանց տակ: Դրանցում ե՛ւ լավը կա, ե՛ւ վատը: Լիբերալիզմ նշանակում է՝ մարդու ազատություն։ Ի՞նչ անենք, հրաժարվե՞նք այդ գաղափարից, իհարկե՝ ոչ։ Բայց այդ նույն լիբերալիզմը նաեւ ժխտում է ազգերի գոյությունը։ Ընդունե՞նք այն, դարձյալ իհարկե՝ ո՛չ:

Կամ ընդունել պահպանողականություն նշանակում է, որ կանայք գլխաշորո՞վ են ման գալու, իհարկե՝ ոչ, բայց այդ գաղափարախոսությունը նաեւ կարեւորում է ազգայինն ու ավանդականը:
Ուրեմն բանավեճը ոչ թե պետք է ծավալել լիբերալի՞զմ, թե՞ պահպանողականություն հարցադրման շուրջ, այլ՝ ի՞նչ անել, որպեսզի պահպանվի այս երկուսի համաչափությունը, երկուսից էլ պետք է վերցնել օգտակարը: Եվ հենց սա՛ էլ պետք է դառնա բանավեճի առարկան: Իսկ թե ինչպե՞ս որոշել՝ ո՞րը պահել, ո՞րը՝ ոչ, այստեղ կարեւոր դեր ունեն կատարելու կուսակցությունները:

 

–Նման բանավեճն արդյունավետ կարող է ծավալվել միայն կայացած քաղաքական դաշտում: Իսկ այսօր ինչպիսի՞ն է այն մեզանում, առհասարակ քաղաքական ուժերը համարժե՞ք են հակազդում մեր դեմ ուղղված մարտահրավերներին, նաեւ արձագանքում ներքին իրողություններին:

 

-Անկախացման հետ միասին՝ 1990-91-ին, Հայաստանում սկսեցին ձեւավորվել նոր կուսակցություններ, հայրենիք վերադարձան ավանդական կուսակցությունները, որոնք գաղափարական հենք ունեին: Այն ժամանակվա խոշոր կուսակցություններն էին ՀՀՇ-ն, Կոմկուսը, ՀՅԴ-ն, ԱԺՄ-ն, ԱԻՄ-ը, թվում էր, որ հենց նրանք էլ պետք է կամաց-կամաց զարգանան:
Բայց Հայաստանի մեծագույն չարիքը կանգնեց կուսակցությունների առաջ ու խաթարեց նրանց զարգացման ընթացքը. 95-96 թթ. պարզվեց, որ ընտրությունների միջոցով մեզանում ո՛չ նախագահ է ընտրվում, ո՛չ էլ Ազգային ժողով ձեւավորվում: Սա հանգեցրեց հետեւյալ համոզմանը՝ ոչինչ կախված չէ գաղափարներից ու կուսակցություններից, ու ընտրապայքարը տեղափոխվեց մեկ այլ դաշտ: Սա էլ պատճառ դարձավ, որ շատ-շատերը հեռանան քաղաքական դաշտից:
Գիտեք, մարդը սիրելով գիտությամբ զբաղվելը՝ նաեւ մտածում է դոկտորական պաշտպանելու, Նոբելյան մրցանակի արժանանալու մասին, զինվորականը եւս ծառայելով հայրենիքին՝ ուզում է հրամանատար դառնալ, հետո գեներալ, քաղաքականությամբ զբաղվողն էլ ուզում է երկրի համար աշխատելով դառնալ պատգամավոր, քաղաքապետ, վարչապետ: Բայց ներուժ ունեցող մարդիկ համոզվում են, որ այստեղ իրենց գիտելիքներն ու կարողությունները դեր չունեն, որովհետեւ ինչ-որ մեկը կարող է փողոցից գալ ու հայտնվել գագաթին: Սա էր պատճառը, որ մտավոր կարողություն ունեցողները հեռացան քաղաքականությունից, մենք զրկվեցինք արժեքավոր, գիտակ անձանցից:
Ուրեմն այն, որ այսօր ունենք փտած քաղաքական դաշտ, պատճառը ոչ ընտրություններն են: Չնայած որքան էլ այսօրվա ընտրությունները նախորդից ավելի լավ են, բայց մենք ժամանակին կորցրինք այն կախարդական բանալիներից մեկը, որը բացում էր Հայաստանի ապագայի դուռը. դա արդար ընտրությունների անցկացման հնարավորությունն էր:
Իսկ կուսակցական դաշտն այսօր այսպիսին է. ՀՀԿ-ն ստեղծման առաջին փուլում փոքր կուսակցություն էր, ու Վազգեն Սարգսյանն այն արհեստականորեն մեծացրեց: Եվ միայն վերջին տարիներին ՀՀԿ-ն կամաց-կամաց վերաճեց կուսակցության:
ՀՅԴ-ն կատարեց սխալ քայլեր՝ մե՛կ իշխանություն, մե՛կ ընդդիմություն լինելով, բայց քանի որ Սփյուռքում ունի կառույցներ, ունի նաեւ մեծ ավանդույթներ, այն եւս կուսակցություն պետք է համարել: Մնացածի մեջ ես լուրջ կուսակցություն չեմ տեսնում:
Այսպիսով, մենք իրականում ունենք երկու կուսակցություն՝ մեկը իշխանական է, մյուսը ընդդիմության մեջ է, բայց իրենք երկուսով կարող են մարդկանց սպասումների մի փոքր մասը միայն բավարարել: Եվ այս առումով, քաղաքական դաշտում այսօր վակուում կա:
Բայց անգամ այս իրավիճակում, եթե ինչ-որ կախարդանքով մարդիկ ներքին համոզմունք ունենան, որ հաջորդ ընտրությունները կլինեն արդար, հենց այս պահից կսկսեն կազմավորվել այլ լուրջ կուսակցություններ եւս: Սակայն մարդկանց վստահությունն է կորել:

 

–Փոխարենը մեզանում նկատելի է քաղաքացիական հասարակության ձեւավորում ու զարգացում: Ի՞նչ կասեք այս նոր իրողության մասին:

 

-Այո, այստեղ փոփոխություն կա, որովհետեւ մարդիկ զզվել են կուսակցություններից: Եթե այսօր սովորական մարդուն առաջարկես դառնալ որեւէ կուսակցության անդամ՝ կհրաժարվի, բայց եթե ասես՝ արի միասին պայքարենք Թեղուտի, Մաշտոցի պուրակի համար, կուտակային համակարգի ներդրման դեմ՝ կհամաձայնի ու կլինի քո կողքին: Սա փաստում է, որ Հայաստանում կուսակցություն անունը բավական արժեզրկված է: Փոխարենը քաղաքացիական հասարակության դաշտն է զարգանում:
Պատճառները երեքն են. նախ՝ ունենք երիտասարդություն, որը չի ապրել խորհրդային համակարգում եւ այս տարիներին ավելի շատ շփվել է արեւմտյան արժեքների հետ, ու նրա համար մարդու ազատությունը, օրինականությունը շատ կարեւոր են: Ունենք հասարակություն, որը չի հանդուժի, որ իր իրավունքները ոտնահարվեն:
Երկրորդ՝ տարեցտարի մեր հարաբերությունները ավելի են խորանում Եվրամիության հետ, եւ դա եւս նպաստում է քաղաքացիական հասարակության զարգացմանը:
Երրորդ՝ շատ բան կախված է նաեւ այսօր գործող անձանցից: Կարծում եմ, ներկայիս նախագահ Սերժ Սարգսյանը շատ ավելի հանդուրժող է, քան նախորդ երկուսն էին: Ու այս ամենի արդյունքում բարենպաստ հող է ստեղծվում քաղաքացիական հասարակության ձեւավորման համար:
Բայց, միեւնույն է, խոչընդոտը դարձյալ կա, դա ընտրություններն են: Եթե իշխանությունը ձեւավորվում է իրական ընտրության միջոցով, ապա այն շատ զգայուն է լինում հասարակական կարծիքի հանդեպ, որովհետեւ հակառակ դեպքում նա հաջորդ ընտրություններում կունենա ձայների զգալի կորուստ: Բայց երբ ընտրություններն այնքան էլ մաքուր չեն անցնում, հասարակության ձայնը որքան էլ «վերեւներում» լսում են, սակայն գալիս է մի եզր, որից այն կողմ այդ ձայնը կարող է եւ չլսվել, հետեւաբար նշանակություն չունենալ:

 

–Կուտակային համակարգի ներդրման հարցում դարձյալ իր գործն անում է վստահության դեֆիցիտը, որի արմատները շատ խորն են՝ խորհրդային խնայբանկերում կորած գումարներ, 90-ականների սկզբին մեկը մյուսի հետեւից «պայթող» բանկեր, իսկ վստահությունը մեկ օրում չես վերականգնի: Այդ առումով գուցե ժամանակավրե՞պ է կուտակային համակարգի ներդրման գործընթացը:

 

-Քաղաքացիական հասարակության ըմբոստ շարժումներին մասնակցում են շատ հետաքրքիր երիտասարդներ, բայց նրանց զգալի մասը խնդիրների շուրջ ունենալով իրենց հստակ դիրքորոշումը, այդ շարժումներին չէր մասնակցում: Մինչդեռ կուտակային ռեֆորմը այդ հատվածին էլ ներքաշեց պայքարի մեջ: Իշխանությունն իր դեմ տրամադրեց հենց այն հատվածին, որը բավական լոյալ էր տրամադրված իշխանության հանդեպ:
Տեսեք, մենք ընտրեցինք կենսաթոշակային այս համակարգը, որը չեմ կարծում, որ լավագույնն է, բայց եթե ընտրել ենք, ուրեմն պետք է մարդկանց նաեւ բացատրենք: Եվ մենք նախագահին ու կառավարությանն առաջարկում ենք. ոչ թե եկեք հրաժարվենք կուտակային համակարգը ներդնելուց, այլ եկեք կիրառման մեջ փոփոխություններ կատարենք:
Ի՞նչ ենք մենք առաջարկում: Նախ, պարտադիր բաղադրիչը կարելի է տարածել 500 000 աշխատավարձ ստացողների վրա: Մնացածը թող կամավոր սկզբունքով որոշեն, ու եթե այս տարիների ընթացքում վստահությունը կավելանա, ու մարդիկ կտեսնեն, որ օգտակար գործ է, ինքնակամ կմտնեն համակարգի մեջ: Ցածր աշխատավարձ ստացողների վրա անիմաստ է տարածել պարտադիր բաղադրիչը. նրա փոխարեն կա՛մ պետք է գործատուն վճարի, կա՛մ պետությունը:
Եվ հետո, ի սկզբանե սկսել 5%-ից՝ ճիշտ չէ, կարելի է սկսել 2, 3% պահումներից: Կրկնում եմ, երբ մարդիկ կհամոզվեն, որ համակարգը ճիշտ է, ինքնակամ կներգրավվեն: Մարդկանց չի կարելի զոռով տանել երջանկության, նրանց պետք է համոզել, ինչը եւս բավական բարդ է, քանի որ միայն խոսելով չես կարող համոզել:
Հիմա գործընթացը Սահմանադրական դատարանում է, կասեցման որոշումը հարմար իրավիճակ է ստեղծում հարցի շուրջ նորից քննարկումներ ծավալելու համար: Մենք ոչ ֆորմալ հանդիպում ենք ունեցել նախագահի հետ, կհանդիպենք նաեւ վարչապետի հետ ու կներկայացնենք մեր դիրքորոշումը:

 

–Աշխարհաքաղաքական փոփոխությունների հանդեպ Հայաստանը զգայուն երկիր է: Այդ առումով, այսօր մի կողմից արտահայտվում է մտահոգություն, թե Ուկրաինայի Մայդանի ալիքը կարող է հասնել եւ Հայաստան, մյուս կողմից էլ կան մարդիկ, որոնք անհամբերությամբ են դրան սպասում՝ ուկրաինական ընդդիմության հաղթանակը համարելով Հայաստանի հաղթանակը: Ի՞նչ կասեք այս հակադիր կարծիքների մասին:

 

-Գիտեք՝ Ուկրաինայի դեպքերը ցույց են տալիս, թե անվտանգության տեսակետից որքան ճիշտ էր Հայաստանի՝ ամիսներ առաջ, սեպտեմբերի 3-ին կայացրած որոշումը՝ դառնալ Մաքսային միության անդամ: Մենք ուղղակի խուսափեցինք այն վտանգներից, որոնց առաջ կանգնած է Ուկրաինան: Իսկ գործընթացները թույլ են տալիս կանխատեսել, որ այդ երկիրը կարող է անգամ մասնատվել երկու պետությունների:
Բացի դրանից, Ուկրաինայում բախվում են Եվրոպայի ու Ռուսաստանի շահերը, դա նրանց կռիվն է, ուր ուկրաինացիները ընդամենը օգտագործվում են որպես գործիք այդ ուժերի ձեռքում: Իսկ մեզ պե՞տք է, որ նման կռիվ լինի Հայաստանում: Սա շատ թանկ կնստի մեզ վրա, ուղղակի կկորցնենք այն, ինչ ունենք: Ուրեմն մենք միայն կարող ենք գոհունակությամբ ասել՝ ինչ լավ է, որ փրկվեցինք այդ վիճակից, որում այսօր գտնվում է Ուկրաինան:

Իհարկե, ուկրաինացիները հասան նրան, որ երկրում իշխանություն փոխվեց, բայց նրանք տարիներ առաջ ևս նույն ճանապարհով իշխանության էին բերել Տիմոշենկոյին, Վրաստանում էլ եղավ նման իշխանափոխություն: Վստահ եմ, որ Հայաստանում ուշ թե շուտ հնչելու է արդար ընտրությունների միջոցով իշխանության փոփոխման պահանջը: Բայց դրա համար ոչ թե պետք է փողոցներ դուրս գալով ու Մայդանի մասին երազել, այլ պատրաստվել: Առջևում ընտրություն կա, կարծում եմ, արժե, որ մեր քաղաքական ուժերը լրջորեն պատրաստվեն գալիք ընտրություններին, փորձեն պայքարել և ոչ թե ձեռքները ծալած սպասել ու մտածել՝ մեկ է, կլինի այն, ինչ պետք է լինի: Եթե այս կերպ մտածենք, ոչնչի չենք կարող հասնել:

 

Շարունակելի…

Արմինե Սիմոնյան

Հայոց աշխարհ

 

Անկախ

Որտեղ հույզերն են, այնտեղ փաստարկներին տեղ չկա

Haykuhi-Barseghyan1Ամենից բարձր գողն է գոռում` բռնեք գողին: Ժողովրդական այս իմաստությունն արդիական է նաև մեր օրերում:
Թուրք ազգայնականի` Հայաստան կատարած այցի շուրջ բարձրացրած աղմուկը ևս մեկ անգամ տեղիք տվեց մտածելու, թե մեր հասարակությունն իրադարձություններն ինչպես է ընկալում ու ինչպես արձագանքում: Ցավոք, ևս մեկ անգամ համոզվեցի, որ ոչինչ չի փոխվել. հասարակությունը նույն հուզական մակարդակում է, իսկ որտեղ հույզերն են, այնտեղ փաստարկները տեղ չունեն:
Վաղուց եմ նկատել` հայերիս մեջ հուզական արձագանքն ավելի մեծ դրսևորում ունի: Դպրոցական տարիներին ֆորումների էի մասնակցում, որտեղ քննարկվում էր Հայոց ցեղասպանությունը: Հենց ֆորումի շնորհիվ հասկացա, որ թեև հուզական արձագանքը սրտից է բխում ու անկեղծ է, արժեք չունի, միայն փաստարկված խոսքն է, որ կարող է դիմացինին համոզել, արժեք ներկայացրել: Իսկ եթե չունես փաստեր, ստիպված բացը լրացնում ես հուզախառն ածականներով: Սա հասկանալուց հետո այլևս կանոն է` բանավիճելիս կա՛մ ունեցիր փաստարկներ, կա՛մ էլ պարզապես բանավեճի մի բռնվիր, այլապես խղճուկ վիճակում կհայտնվես:
Սակայն, ինչպես փորձն է ցույց տալիս, այս դասը ոչ բոլորն են սերտում: Եվ նաև դրանով է պայմանավորված, որ մեր հանրության մի ստվար զանգված չի կարողանում տարբերակել կարևորն անկարևորից, փաստը հույզից:
Տարբեր ոլորտների ներկայացուցիչ-մասնագետները հաճախ են դժգոհում լրագրողներից, թե նրանք թացն ու չորը, կարևորն ու անկարևորը չեն տարբերում, ասուլիսի են գալիս, բայց բուն թեման թողած ինտրիգային, սկանդալային հարցերի վրա են կենտրոնանում ու միայն դա լուսաբանում: Բայց տխուր իրականությունն այն է, որ լրատվամիջոցի որակյալ արտադրանքն էլ հանրության կողմից պահանջարկված չէ. մարդիկ նախընտրում են լուրջ տոնով քննարկել որևէ աստղի վարտիքի գույնը, ինչ-որ երգչի կամ պաշտոնյայի սիրուհիներին կամ սիրեկաններին, հաշվել այլոց փողերը և այլն: Իսկ երբ լրատվամիջոցը լուրջ վերլուծություն է մատուցում, օրինակ` տնտեսական վիճակի մասին կամ հանրության կյանքին վերաբերող որևէ այլ ոլորտից, մարդիկ դրանով չեն հետաքրքրվում: Ստացվում է, որ հանրությունը մեծ մասամբ ցանկանում է կարդալ էժանագին, գրոշի արժեք չունեցող նյութեր` միաժամանակ քննադատելով դրանք մատուցած լրատվամիջոցներին: Պարադոքս:
Վերջերս հանրության ոչ ադեկվատ արձագանքի պատճառ դարձավ թուրք ազգայնականի այցը Հայաստան, որը ոչ առաջինն էր, ոչ էլ հավանաբար վերջինը: Բայց այս այցելության նպատակը բացառիկ էր` Հայաստանում թուրքական լրատվական գործակալության գրասենյակ բացել: Հանրությունը, փոխանակ մտածելու, թե թուրքերն ի՜նչ հեռուն գնացող նպատակներ ունեն, մտածելու, թե մենք ինչպես կարող ենք հակադարձել, թույլ չտալ, որ Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ թուրքերն իրենց ժխտողական քաղաքականությունն առաջ տանեն ու հայերի մեջ էլ այս հարցում պառակտում սերմանեն, աղմկում է, թե «ինչպե՞ս եք համարձակվել թուրքի հետ հաց կիսել», «ինչո՞ւ եք թուրքին հյուր ընդունել», «ո՞վ է թույլ տվել, որ թուրքը Հայաստան այցելի» և այլն:
Ստացվում է, որ «ինչո՞ւ» հարցի պատասխանը փնտրելու փոխարեն մեր հանրությունը հռետորական հարց է բարձրացնում` ո՞նց թե: Միայն թե հռետորական հարցը պատասխան չի ենթադրում, հետևաբար շոշափելի լուծման էլ չի հանգեցնի:
Այստեղ հարց է առաջանում` ինչո՞ւ ամեն մարդ իրեն ազգի դավաճան չի զգում, երբ իր հանգիստն անցկացնում է Անթալիայում ու վերադարձին էլ գոհ-գոհ թուրքերին գովերգում, նրանց փոխվելու մասին հեքիաթներ պատմում: Ինչո՞ւ հանրությունը չի դատապարտում, որ շատ հայեր Հայաստանում վաստակած գումարը վատնում են Թուրքիայում հանգստի վրա` իմանալով հանդերձ, որ զբոսաշրջության եկամուտների մի մասն ուղղվում է բանակի կարիքներին, իսկ թուրքական բանակն էլ զենք և «ուղեղներ» է մատակարարում Ադրբեջանին: Ինչո՞ւ հանրությունը չի բոյկոտում թուրքական ապրանքները, որով ողողված է շուկան, կամ ազգադավ չի հանում այն վաճառողին, որն իր ապրանքի որակը գովելու համար հպարտությամբ հայտարարում է` թուրքական է: Ինչո՞ւ է հանրությունը հանգիստ ընդունում բազմաթիվ ծրագրեր, որոնք երկու հասարակությունների երկխոսություն են քարոզում` ապահովելով երկկողմանի այցելություններ ու հանդիպումներ տարբեր ոլորտների ներկայացուցիչների հետ: Սակայն, չգիտես ինչու, հանրությունը դատապարտում է իրեն թուրք ազգայնական հռչակած մեկի այցելությունը Հայաստան կամ հանդիպումը նրա հետ:
Էլ ո՞ւր մնաց սթափ դատողությունը:
Այստեղ մի միտք էլ է առաջանում` իսկ ինչո՞ւ է իրավիճակն այսպիսին: Գուցե պետք է, որ դպրոցներում երեխաների մեջ վերլուծական մտածողությունը ձևավորելու և զարգացնելու ուղղությամբ աշխատեն: Չի խանգարի նաև բանավեճի մշակույթի ձևավորումը: Եթե երեխան դպրոցական տարիքից սովորի բանավիճելուն ու իր ճշմարտացիությունը փաստարկներով ապացուցելուն, ապա նույն կերպ կշարունակի վարվել նաև հասուն կյանքում` դրսևորելով ճիշտ քաղաքացիական վարք: Մինչդեռ այդ ունակության կամ մշակույթի բացակայության պայմաններում հասարակական արձագանքը ցանկացած հարցի շուրջ կողքից միայն քմծիծաղի է արժանանում ու լուրջ չի ընդունվում:
Կարծիք կա նաև, որ հանրային կարծիք ձևավորողները պետք է հանրությանը ճիշտ հունով ուղղորդեն` նման հարցերում շեշտադրությունը ճիշտ, էական խնդրի վրա կատարելով: Բայց ովքե՞ր են այսօր Հայաստանում հանրային կարծիք ձևավորում… Մի բան է պարզ, Հայաստանում լավ է գործում հանրության ուշադրությունը կարևոր հարցերից շեղելու մեխանիզմը, փոխարենը կաղում է հանրության ուշադրությունն իսկապես կարևոր, կենսական հարցերի վրա կենտրոնացնելու, կարծիք ձևավորելու մեխանիզմը, կամ էլ գուցե դա որևէ մեկին ձեռնտու չէ:
Չնայած վերջին շրջանում այս առումով կան որոշ բացառություններ, ինչպես, օրինակ` «100 դրամի» շարժումը կամ «Դեմ եմ» նախաձեռնությունը` ուղղված կուտակային կենսաթոշակների պարտադիր բաղադրիչի դեմ: Հետևաբար, գուցե և կարելի է հույս փայփայել, որ առաջիկայում, շնորհիվ գիտակից ու կրթված քաղաքացիների, հնարավոր կլինի կենսական հարցերին հանրության ճիշտ արձագանքը օրինաչափություն դարձնել, բայց առայժմ դա երազանք է: Ընդ որում, դպրոցն ու ուսուցիչներն այս երազանքն իրականություն դարձնելու գործում որոշիչ դեր ունեն:

Հայկուհի ԲԱՐՍԵՂՅԱՆ

Անկախ

«Ավելորդ անգամ մի ասեք, որ երկիրը երկիր չէ». 168 Ժամ

Վարդան Մարաշլյան168.am-ը զրուցել է «Վերադարձ Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրեն Վարդան Մարաշլյանի հետ:Անկախը իր ընթերցողներին է ներկայացնում այդ ուշագրավ հարցազրույցը.

– Նախ՝ խնդրեմ պատմեք, թե ինչ է անում «Վերադարձ Հայաստան» հիմնադրամը:

– Այժմ մեր գործունեությունը հիմնականում ծավալվում է մի քանի հիմնական խնդիրների շուրջ. առաջինը՝ ճիշտ ներկայացնել հայրենադարձության գաղափարը և հնարավորությունները սփյուռքում: Այսինքն` մենք ներկայացնում ենք կոնկրետ մարդկանց պատմությունները, թե ինչպես են նրանք տեղափոխվել Հայաստան, ինչով են զբաղվում, ինչ ռեալ դժվարությունների են հանդիպել Հայաստանում և ինչ խորհուրդներ են տալիս նոր տեղափոխվածներին, և նշում, թե, օրինակ, ինչ առավելություններ ունեն այստեղ: Այս ամենի վերաբերյալ մենք ֆորումներ ենք կազմակերպում տարբեր համայնքներում, լինի դա ինտերնետի միջոցով, կամ էլ անձամբ գնում և  մասնակցում ենք տարբեր միջոցառումների և այնտեղ ներկայացնում հայրենադարձության կարևորությունը տարբեր երկրներում և քաղաքներում: Ճիշտ է, ծախսը մեծ է, և շատ տեղերում չենք կարող նմանատիպ միջոցառումներ կազմակերպել, սակայն այս տարի մենք ծրագրել են 6 համայնքներում նմանատիպ միջոցառումներ կազմակերպել և ներկայացնել ոչ միայն Հայաստան տեղափոխվելու հնարավորությունները, այլ նաև  կամավորական ծրագրերը Հայաստանում, որին նաև դրսի հայերը կարող են մասնակցել: Օրինակ, հաճախ շատերը գալիս են՝ որպես կամավոր, իսկ հետագայում որոշում են կայացնում մշտապես մնալ հայրենիքում, թեև այդ նպատակը մինչ գալը երբևէ չեն ունեցել: Այստեղի կրթական հնարավորությունները, օրինակ`Հայաստանի Ամերիկյան համալսարանը կամ Սլավոնական համալսարանը, հատկապես մեր այն հայրենակիցների համար, ովքեր հայոց լեզուն չգիտեն կամ հայերենին լավ չեն տիրապետում, նույնպես բավական լավ հնարավորություններ են ընձեռում, և այդպիսով շատերն ուսումը փորձում են համատեղել հայրենիքում ապրելու հետ: Բացի այդ, այնպիսի ծրագրերը, ինչպիսք են «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը, «Այբ» ավագ դպրոցը, Սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագիրը և այլն, շատ կարևոր են այս գործում: Կարծում եմ՝ այդ բոլոր ծրագրերով պետք է և կարելի է մարդկանց կապել Հայաստանի հետ: Կարևոր հարց է նաև այն, որ, երբ մարդն արդեն մտածում է և որոշում է կայացրել տեղափոխվել Հայաստան առաջիկա տարիներին, ապա մենք արդեն իսկ սկսում ենք այդ մարդկանց հետ աշխատել, փորձում ենք հասկանալ, թե որոնք են նրանց հիմնական հուզող հարցերը, որոնք կարող են շատ տարբեր լինել, օրինակ`անձնական իրերն ինչպե՞ս տեղափոխել, որպեսզի կարողանան օգտվել այն արտոնությունից, որ մեր պետությունը տրամադրում է, կամ, օրինակ`  ի՞նչ անել այժմյան իրենց բնակարանի հետ, որ Նյու Յորքում է կամ այլուր. արդյո՞ք ամեն ինչ արժե վաճառել, և այլն, ինչպես աշխատանքի տեղավորվել Հայաստանում, լեզու սովորել, եթե չգիտեն, և այլն: Մենք այս ամենի վերաբերյալ, առնվազն հիմնվելով տարբեր մարդկանց փորձառության վրա, տալիս ենք խորհուրդներ, որոնց կարիքը նրանք իրականում շատ ունեն, իհարկե, մենք կարող ենք միայն օգնել մեր խորհուրդներով, սակայն, ի վերջո, նրանք պետք է որոշեն՝ վերադառնալ հայրենիք, կամ ոչ:

– Հայաստանում գործազրկության ցուցանիշը ցածր չէ, պաշտոնական տվյալներով՝ մոտ 32.5%: Այս պարագայում Ձեզ համար հայրենադարձներին այստեղ աշխատանքի տեղավորելը դժվար չէ՞, արդյոք գործարարներն օգնո՞ւմ են Ձեզ, թե՞…

– Այո, գործազրկությունը Հայաստանում շատ լուրջ խնդիր է, բայց եկեք հստակ հասկանանք, որ շուկայում շատ լուրջ դիսբալանս (անհավասարակշռություն) է տիրում: Oրինակ, մենք ունենք մոտավորապես 40 կազմակերպություն, որոնք մեզ պարբերաբար դիմում են և ամիսներով չեն կարողանում գտնել իրենց համար համապատասխան մասնագետի: Մի կողմից՝ մենք ունենք բազմաթիվ միջին մակարդակի տնտեսագետներ, իրավաբաններ, բժիշկներ, իսկ մյուս կողմից՝ մոտ 2 հազար թափուր աշխատատեղեր կան, օրինակ` տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում, որն այդպես էլ չի համալրվում նոր աշխատակիցներով: Այսինքն՝ ոչ պետությունը, և ոչ էլ հասարակությունը ճկուն չեն այս հարցում և չեն հասկանում, որ, ենթադրենք, եթե պետք են ծրագրավորողներ, ապա ընտանիքը պետք է դրա մասին մտածի, ոչ թե, օրինակ, իրենց երեխային մի կերպ տնտեսագետ դարձնեն, նախ՝ կաշառք տալով, որ ընդունվի, իսկ այնուհետև՝ կաշառք տալով, որ ավարտի, և արդյունքում շատ անգամ այդ շրջանավարտը, որ դուրս է գալիս համալսարանից, առանձնապես գիտելիքներ չի ունենում: Իհարկե, յուրաքանչյուր հայրենադարձի համար, ով դիմում է մեզ, մենք չենք կարող աշխատանք ապահովել, որովհետև երբեմն հանդիպում են շատ նեղ մասնագիտացում ունեցող մարդիկ՝ գիտնականներ և այլք, իսկ մենք նրանց փորձում ենք բացատրել, որ իրենք այդ կերպ Հայաստանում չեն կարող իրենց պահել, և պետք է մեկ այլ նոր բան սկսել կամ փոխել իրենց ոլորտը: Այսօր աշխարհը զարգանում է, և մենք դեպքեր ունենք, երբ մարդիկ ֆիզիկապես գտնվելով Հայաստանում՝ աշխատում են դրսի շուկաներում: Օրինակ` ՏՏ ոլորտում: Մենք այդ ձևաչափերը ևս շատ ենք խրախուսում, այնպես որ ոլորտը և աշխատավարձերի մակարդակը Հայաստանում խնդիր է, սակայն կրկին պետք է նշեմ, որ կան որոշ նիշաներ, որտեղ որ շատ լուրջ պակաս կա մասնագետների, օրինակ՝ մարքետինգի ոլորտի մասնագետների, ՏՏ ոլորտի մասնագետների, ռիսկերի կառավարիչների՝ բանկային ոլորտում, և այլն: Որքան ավելի զարգացած են կազմակերպությունները, և նրանց արտահանման ուղղվածությունն ուժեղ է, այդքան ավելի ժամանակակից է նրանց մոտեցումը, օրինակ, մենք մի դեպք ունենք, երբ մի հայ աղջիկ Ֆրանսիայից skype-ով հարցազրույց անցավ Հայաստանում գործող նմանատիպ մի ընկերությունում և նոր տեղափոխվեց Հայաստան: Մենք ձգտում ենք, որ ապագայում մենք կարողանանք նման ձևով օգնել մարդկանց, որպեսզի մինչև Հայաստան տեղափոխվելը նրանք կարողանան աշխատանք գտնել, և նոր միայն վերադառնան:

– Այժմ Հայաստանում արտագաղթի տեմպերը բավականին բարձր են, այս իրավիճակում Ձեր գործն արդյոք չի՞ դժվարանում: Եվ ընդհանրապես հետաքրքիր է, ինչպե՞ս եք կարողանում, կոպիտ ասած , «համոզել» ու մարդկանց բերել Հայաստան:

– Այդ «համոզել» բառը սխալ է, մենք ոչ ոքի չենք համոզում: Իհարկե, հասկանում եմ ձեզ շատ լավ, բայց եկեք նախ հասկանանք, թե ո՞վ է հիմնականում արտագաղթում: Արտագաղթում են ոչ բոլորը, բայց մեծամասամբ այդ արտագաղթը տեղի է ունենում դեպի Ռուսաստան, իսկ  հիմնականում գնում են գրեթե նույն պրոֆիլի մարդիկ: Իհարկե, նրանցից ոչ բոլորն են տեղափոխվելով Ռուսաստան՝ լավ ապրում, բայց իրենք այնտեղ, այսպես ասած, «վիզ են դնում»` ամեն ինչ անում են այնտեղ, որպեսզի փորձեն ապահովել իրենց գոյատևումը: Ցավոք սրտի, նույն ջանքերը ես չեմ տեսնում, որ մարդիկ գործածեն Հայաստանում, և թեկուզ այնտեղ` Ռուսաստանում, միգուցե ավելի շատ գումար են վաստակում, բայց ապրում են շատ ավելի ոչ բարեկեցիկ պայմաններում և շատ ավելի ցածր մակարդակից են սկսում: Դեռ չեմ խոսում նրանց նկատմամբ այնտեղի հասարակության վերաբերմունքի մասին: Ի դեպ, այդ արտագաղթի մասին է խոսում նաև այն, որ Ռուսաստանից եկող տրանսֆերտները գնալով նվազում են, քանի որ շատերն արդեն մտածում են ոչ թե գումարը Հայաստան ուղարկելու մասին, այլ իրենց ընտանիքին վերցնում և տանում են իրենց մոտ՝ Ռուսաստան, իսկ դա բավականին լուրջ աղետ է մեզ համար: Իրականում մեր հույսն այն է, որ հայրենադարձները տեղափոխվելով Հայաստան և բերելով նոր գաղափարներ և նոր մոտեցումներ, նոր գիտելիք ու նոր փորձառություն՝ իրենց բնորոշ էներգիայով կարողանան ապագայում ձևավորել և զարգացնել ինչ-որ նոր ալտերնատիվ ուղղություններ և այդպիսով աշխատատեղեր ստեղծել նաև տեղացիների համար: Այդպիսով մենք կարող ենք ունենալ ոչ թե մեկ «Այբ» կամ «Թումո», այլ մի քանիսը, ինչը համակարգային փոփոխություններ կբերի մեր երկրում որոշակի կոնկրետ ոլորտներում: Ես չեմ ասում, թե հայրենադարձներն ինչ-որ արտոնյալ մարդիկ են, բոլորովին, սակայն նրանք կարող են նպաստել մեր երկրում տարբեր ուղղությունների զարգացմանը, քանի որ նրանց զգալի մասը շատ ակտիվ է ոչ միայն հասարակական տարբեր շարժումներում, այլև բիզնես ոլորտում:

Շարունակությունը`սկզբնաղբյուր կայքում:

Անկախ

Վարուժանն ու Արմենը գիտակցված մահով կերտեցին իրենց անմահությունը

Սահմանամերձ գյուղՀացուպանրի տոպրակը միշտ թախտի ոտքից կախված էր: Ամեն րոպե հավանական էր ստիպված տնից փախչելը, տեղափոխվելը հատուկ կացարաններ` ապաստարաններ, գիշերը կամ գուցե մի քանի օր այնտեղ մնալը: Կռիվ սկսելու համար ադրբեջանական կողմի համար ժամ-պատարագ չկար: Մի անգամ հողը հերկելն էր կիսատ մնում, մեկ ուրիշ անգամ` խաղողաքաղը, մեկ այլ դեպքում ադրբեջանական գնդացիրը դպրոցական դասերն էր անավարտ թողնում, կամ էլ գյուղի մշակույթի տան ամանորյա հանդեսի երգերի ձայներն էին խլանում հակառակորդի կրակահերթի տակ: Ու եթե Բերդի ռադիոն այդ օրը լռում էր վիրավորների կամ զոհերի մասին, նշանակում էր` կարելի է լույսը բացվելուն պես շարունակել գյուղական առօրյան, ապրել ու ապրեցնել հայրենիքի այդ հողակտորը:

Ադրբեջանի հետ Հայաստանի ամենաերկար սահմանը հյուսիսարևելյան դարպասն է` Տավուշի մարզը: Ապաստարաններում միայն կանայք, երեխաներն ու պապիկ–տատիկներն էին: Տղամարդիկ դիրքերում էին, կամավոր, զենքը ձեռքին: Ասկյարը հենց որոշ ժամանակ կտրում էր ձայնը, գյուղի ամենաընդարձակ ապաստարանը` դպրոցի նկուղը, միանգամից դատարկվում էր: Եթե ոչ, ապա մեծերը զրուցում էին, փոքրերը հայրենասիրական երգերը բարձր ձայնով երգում: Խմբակային համերգը կուլ էր տալիս գյուղի վրա թափվող անգամ ամենամեծ տրամաչափի զենքի` գրադի դղրդացող աղմուկը:

90-ականների պատերազմական իրավիճակում շատերը չէին էլ գիտակցում այն նվիրական գործը, որ կատարեցին նոր ծնվող հայկական բանակն ու կամավորական ջոկատներն անկախացող Հայաստանի կայացման ու հետագա ընթացքի համար: Այդ օրը նենգ թշնամին առանց նախնական փոքր կրակոցների, միանգամից սկսեց Տավուշի ուղղությամբ խոշոր տրամաչափի զինատեսակներով գնդակոծումը: Հացուպանրի տոպրակը մնաց թախտի ոտքից կախ… Ապաստարան չկարողացանք հասնել: Բոլորի տան պատուհանները փակված էին ավազով լի մի քանի պարկերով. այդպես ավելի անվտանգ էինք զգում: Մտել էինք սեղանի տակ ու ձեռքերով ամուր փակել ականջները: Հակառակորդը դադարեցնում էր կրակահերթը, երբ մերոնք մի լավ պատասխան էին տալիս, ու մենք գիտեինք` որոնք են մեր կողմից տրվող հակահարվածները, անգամ մեր զենքերի ձայնն էինք տարբերում…

Նման մի օր էր, երբ խոզերին կերակրելիս Ռուբեն պապիկը խփվեց, գնդակից հրդեհված խոտի դեզը փրկելիս Տիգրան պապիկի ոտքը ջարդվեց, հնգամյա Ավետիքը ծանր վիրավորվեց, երիտասարդ Վարսիկին հացի հերթում այլևս չտեսանք: Երբ կրակը մի քիչ դադարեց, սեղանն ազատ թողեցինք ու բակ դուրս եկանք: Տատիկս մինչև այգու ծայրը հասավ ու արագ էլ վերադարձավ. «Վարուժը, Սաշայի տղա Վարուժը…»: Տատ, Վարուժն ի՞նչ…

1743191_691784970844095_1468161855_n1992-ի ամառն էր` օգոստոսի առաջին օրը: Տավուշի ամբողջ սահմանագծում լարված իրավիճակ էր: Վարուժան Պողոսյանն ընդամենը 19 տարեկան էր, բայց հասցրել էր արդեն Հադրութում բազկի ուժը ցույց տալ, ապա վերադառնալ հայրենի գյուղ, մտնել կամավորական ջոկատ ու դառնալ զինվորական, հագնել հայրենիքի պաշտպանի համազգեստը: Այգեպարի ուղեկալում էր, Վարուժանը եղավ նաև Պառավաքարի, Մովսեսի, Ներքին Կարմիրաղբյուրի սահմանագծում: Վարուժանի տատը` Խանում տատիկը, հետո, արցունքները սրբելով, պետք է պատմեր, որ կես ժամով թոռը եկավ տուն, ինչքան համոզեց` իր պատրաստած կարտոֆիլի տապակայից մի քիչ գոնե ուտի, նոր գնա, զինվոր թոռը չլսեց, շտապում էր, դիրքեր պետք է բարձրանար: Հին գերեզմանոցի տարածքը հիմա էլ Այգեպարի ամենավտանգավոր հատվածն է: Հակառակորդը սկսեց Մովսեսից, այնուհետև Այգեպարի սահմանագծում հարձակման անցավ: Վարուժանն ու նրա մարտական ընկերները` թովուզցի Աշոտը, վերինկարմիրաղբյուրցի Ռոբերտը, նավուրցի Հրաչն ու այգեպարցի Դավիթը, հակահարաձակման անցան: Դավիթ Անիկյանը, որ այժմ Պառավաքարի գումարտակի հրամանատարն է, ասում է, որ իրավիճակն առավել քան լարված էր: Թշնամին ընդամենը հարյուր մետրի վրա էր, դիրքը` խաչաձև կրակի տակ: Այն տարիներին այստեղ խրամատներ չկային, տղաները ցրված էին, քարերի հետևից դիմագրավում էին հակառակորդի առաջախաղացումը: Դավիթն ամենամոտն էր Վարուժանին: Երբ փամփուշտները սպառվեցին, Դավիթն իջավ լիցքավորելու զենքը: Մի քանի մետր էր հեռացել մարտական ընկերոջից: Թշնամին նախ տանկն էր գործի դրել, ապա հետևակը:

Տանկը դեռ չէր մոտեցել, Վարուժանը նռնականետով հետ շպրտեց դավադիր հակառակորդին: Իսկ տանկի դեմ տղաների պայքարը վերածվեց հերասամարտի: Ադրբեջանցիների առաջխաղացումը կանխվեց: Դավիթը հիշում է` Վարուժանը ծնկաչոք մարտնչում էր: Վարուժանը կյանքի գնով պաշտպանեց հայրենի հողը` կասեցնելով ադրբեջանցիների ներթափանցումը: Լսված վերջին բառերը` վայ, խփվեցի… Մենք այլևս չտեսանք հարևան Վարուժանին: Վստահ էինք, որ հենց խաղաղվի, նրա հարսանիքն է լինելու: Բակի հինգ-վեց երեխաներով չարաճճիությամբ հետևում էինք, գիտեինք, որ Վարուժանն ընտրած հարսնացու ունի: Նրանց այլևս չտեսանք:

Հիմա մեծ է գիտակցությունը, թե որքան թանկ է զինվորի սխրանքը, որի արդյունքն այժմ անկախ Հայաստանն է ու նրա ամուր բանակը, անվտանգ սահմաններն ու հայրենիքի խաղաղ լուսաբացները: Վարուժանի աճյունն ամփոփված է հայրենի գյուղի գերեզմանատանը: Հայացքը հայրենի եզերքին, հպարտ կանգնած, դեմ դիմաց Ղարադաշին, որը հիմա հակառակորդի համար Տավուշի ուղղությամբ գլխավոր դիտակետն է:

krtser-serzhant-arme-d106

Արմեն Հովհաննիսյան

Դարանակալած թշնամին զգուշանում է, քանի դեռ քաջարի մարտիկի հայրենիքում Վարուժանի օրինակը ոգեշնչում է անընդհատ հզորացող Հայկական բանակ զորակոչվող նոր զինվորին: Այս դեպքից անցել է ուղիղ 22 տարի, շատ բան է փոխվել, բայց հայ զինվորի ոգին մնացել է նույնը: Վարուժանը ևս 19 տարեկան էր, ինչպես և Արմեն Հովհաննիսյանը: Երիտասարդության սահմանագիծը նոր-նոր հատող, հայրենիքի պաշտպանի համազգեստով տղաների սխրանքի շնորհիվ թշնամին նահանջեց: Վարուժանն ու Արմենը գիտակցված մահով կերտեցին իրենց անմահությունը…

Մայա ԽԱՉԱՏՐՅԱՆ

Անկախ

Վազգեն Մանուկյան. «Երբ հավասարության մթնոլորտ ես ստեղծում, բանակի կարողությունները կրկնապատկվում են»

վազգեն մանուկյան,Հունվարի 28-ին լրանում էՀայաստանի երրորդՀանրապետության ազգային կանոնավոր բանակի ձևավորման տարեդարձը: Այս կապակցությամբ«Անկախը» զրուցել է ՎազգենՄանուկյանի հետ, որը 1992-93թթ. եղել է պաշտպանության նախարար: Հենց այս շրջանում հիմք դրվեց բանակաշինությանը,իսկ պատերազմական գործողություններում էլ սկիզբ դրվեց հաղթանակների շղթային:

– Պարոն Մանուկյան,կանոնավոր բանակը ձևավորվել է 1992-93 թթ., երբ Դուք պաշտպանությաննախարար էիք: Պատմեք, թեինչպես մարտերին զուգընթաց ստեղծվեց կանոնավոր ու հաղթական բանակ:

– Սումգայիթի դեպքերից հետո, երբ հասկացանք, որ Սովետական Միությունը որոշ դեպքերում կարող է մեզ պաշտպան չլինել, առաջացավ զինված ջոկատներ ստեղծելու գաղափարը: Որոշ ջոկատներ Ղարաբաղ կոմիտեն էր ստեղծել, բայց նաև ինքնուրույն ջոկատներ էին ստեղծվում: Վտանգ կար, որ կարող է խմբապետների շարժում սկսվել, ինչպես 1918-ին, երբ կանոնավոր բանակի փոխարեն խմբապետներ ունեինք: Ուստի 1990-ին, երբ իշխանության եկանք, կառավարությունը որոշում ընդունեց, որ հայրենիքին ծառայել ցանկացող բոլոր ջոկատները, պետք է մտնեն ՄՀՕՋ: Բոլորը չէ, որ ընդգրկվեցին, բայց դեպքերի հետագա զարգացումը ցույց տվեց, որ դուրս մնացած ջոկատներն էլ էին պայքարում հայրենիքի համար: Երկրորդ քայլն այն էր, որ ստեղծեցինք պաշտպանության կոմիտե: Նախարարություն ստեղծել չէինք կարող, քանի որ դեռ ԽՍՀՄ կազմում էինք, բայց կոմիտեն նախարարությանը հավասար իրավասություններ ուներ: Կոմիտեի ղեկավար նշանակվեց Վահան Շիրխանյանը, և նրա շուրջը համախմբվեցին շատ ու շատ զինվորականներ, ջոկատներ: Հետագայում կոմիտեի հիմքի վրա պաշտպանության նախարարություն ստեղծվեց: Այդ ժամանակ հրավիրվեց գեներալ Նորատ Տեր-Գրիգորյանցը, որին հանձնարարվեց կանոնավոր բանակի կառուցման գործը: Երեք թևով էինք աշխատում: Մի կողմից` Ղարաբաղ կոմիտեն էր ստեղծում ջոկատներ, որոշեցինք կամավորների հիման վրա ստեղծել պրոֆեսիոնալ բանակ, իսկ թիկունքում ստեղծել կանոնավոր բանակ արդեն զինակոչիկներից` 18 տարեկան երեխաներից, որոնց աշխատում էինք ռազմաճակատ չուղարկել. նախ` փորձ չունեին, բացի այդ, ամեն մեկի մահը հասարակության մեջ ցնցում էր առաջացնում: Շուտով այդ երեք թևերը դարձան միասնական: Եթե միասնականություն չլիներ, հաղթանակ էլ չէր լինի:

– Միշտ նշվում է, որ ադրբեջանական բանակը թե՛ զինվորների թվաքանակով, թե՛ռազմատեխնիկայով գերազանցություն ուներ: Նման պարագայում ինչպե՞ս կարողացանքհաղթել:

– Եթե մենք անկեղծ համարում էինք, որ Ղարաբաղը մերն է, մեզնից զավթած տարածք է, ապա կարծում եմ, չնայած իրենց հայտարարություններին, հոգու խորքում ադրբեջանցիները գիտեին, որ դա իրենց տարածքը չէ: Այսինքն` ոչ թե իրենց հողը, այլ գրաված հողն էին պաշտպանում, դա զուտ հոգեբանական նշանակություն ուներ: Երկրորդ` կարծում եմ, որ Ադրբեջանի բանակը վատ էր կազմակերպված մի քանի առումով: Նախ` նրանք սկսեցին նորակոչիկներին օգտագործել ռազմական գործողությունների ժամանակ: Այդ անփորձ երիտասարդների զոհվելը մեծ ալեկոծություն էր առաջացնում Բաքվում և ողջ Ադրբեջանում: Երրորդ` մենք խորհրդային բանակում 4400 սպա ունեինք և հենց սկզբում դիմեցինք նրանց Հայաստան վերադառնալու կոչով: Շատերը եկան, և պատերազմը շուտով սիրողականից անցավ պրոֆեսիոնալ մակարդակի: Ադրբեջանցիները հրաժարվեցին դրանից: Նրանք քիչ սպաներ ունեին, բայց եղածն էլ նորմալ չէին օգտագործում: Պատերազմը ստացավ ժամանակակից ձևեր` տեխնիկա էր կիրառվում, էլեկտրոնային ինստիտուտները զբաղվում էին նոր զենքերի ստեղծմամբ, եղածի վերափոխմամբ, օգտագործում էինք սարքավորումներ, որոնք Խորհրդային Միությունը եզակի քանակով ուներ: Պատերազմը ավտոմատներով կռվից արագ վերածվեց ժամանակակից տեխնոլոգիաներով պատերազմի: Կարծում եմ, որ հայերն ավելի են պատրաստ այնպիսի գործողությունների, որոնք պահանջում են ժամանակակից տեխնոլոգիաների կիրառում: Բայց սխալ կլինի կարծել, թե ադրբեջանցիները վախկոտ էին, որոշ տեղերում կատաղի դիմադրություն են ցույց տվել, լավ ստորաբաժանումներ էլ են ունեցել, որոնք, սակայն, ընդհանուրի փոքր մասն էին կազմում:

– Պաշտպանության նախարարի պաշտոնը ստանձնեցիք իրար հաջորդող պարտություններիշրջանում, բայց Ձեր պաշտոնավարման ընթացքում պատերազմում բեկում տեղի ունեցավ, ևսկսվեցին իրար հաջորդող հաղթանակները: Ինչպե՞ս կատարվեց այդ ամենը:

– Մեր ռազմական գործողություններով սկզբում փայլուն հաղթանակներ ունեցանք` Շուշիի և Լաչինի ազատագրումը: Որից հետո մեծ պարտություններ կրեցինք Շահումյանի շրջանում, ընդ որում, կասկած կար, որ ադրբեջանցիներին ռազմատեխնիկայով աջակցում են Խորհրդային Միության զինվորականները: Հետո կորցրեցինք Մարտակերտը, հետո ամբողջ ռազմաճակատով սկսեցինք նահանջել: Անելանելի վիճակ էր: Այդ ժամանակ պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը հայտարարեց մահապարտների գումարտակի ստեղծման մասին: Ինչքան հիշում եմ, մոտ 300 հոգի հավաքագրվեց: Այդ ջոկատը մի պահ կանգնեցրեց թշնամու առաջխաղացումը, բայց կյանքը ցույց է տալիս, որ մահապարտներով պատերազմ չես հաղթի: Սակայն բանակի կառուցման հիմքն արդեն դրված էր, և այն ինքնին ներսից կազմավորվում էր: Երբ պաշտպանության նախարար դարձա, արդեն բավական քայլեր կատարվել էին այդ ուղղությամբ: Մի կարևոր հանգամանք կար, որ ինձ տարբերում էր մյուսներից, քանի որ ես քաղաքական գործիչ էի, ինքնուրույն քաղաքական որոշումներ էի ընդունում: Այդտեղ պետք էր համարձակվել, հանդգնություն էր պետք, որ Ղափանում մեր զորքերն առաջ գնան: Ադրբեջանցիներն անընդհատ հարձակումներով հալածում էին ղափանցիներին, հարկավոր էր ազատել Ղափանի դիմացը: Ինքնուրույն որոշում ընդունեցի, որ Ղափանի օպերացիան սկսում ենք: Հետո Մարտակերտը վերցնելու միակ հնարավորությունը Քելբաջարը (ներկայումս Քարվաճառ) վերցնելն էր, առանց որի Մարտակերտը ո՛չ վերցնել կարող էինք, ո՛չ էլ պահել: Կամ գուցե կարողանայինք վերցնել, բայց ոչ պահել: Ղարաբաղը պահելու ապագա բանալին Քելբաջարն էր: Դա էր իմ կարծիքը, նաև Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Սամվել Բաբայանի: Փորձում էինք համոզել հայաստանյան իշխանություններին` Լևոն Տեր-Պետրոսյանին, Վանո Սիրադեղյանին և մյուսներին, որ դա անհրաժեշտ է: Եվ մենք համարձակվեցինք: Այսինքն` բանակի հետևում պետք է կանգնած լինի մարդ, որը կկարողանա ինքնուրույն քաղաքական որոշումներ կայացնել, քանի որ առանց այդ քաղաքական որոշումների առաջ գնալ հնարավոր չէ: Երրորդ հանգամանքն այն էր, որ բանակում հազարավոր տղաներ կային, որոնք համոզված էին, որ մենք կարող ենք հաղթել: Մարդիկ իրար նկատմամբ վստահ էին: Կարևոր է, որ չմտածեն, թե բանակի ղեկավարությունը պատերազմը վարում է գումար աշխատելու կամ ընկերներին առաջ բրթելու համար: Երբ հավասարության մթնոլորտ ես ստեղծում, բանակի կարողությունները կրկնապատկվում են: Ցանկացած երկրում, անկախ հասարակարգից, մի կառույց կա, որ սոցիալիստական է, դա բանակն է: Մի կողմից` հիերարխիա է, մյուս կողմից` պատերազմի ժամանակ մարդիկ պետք է վստահ լինեն, որ չեն զոհվում հանուն ինչ-որ մեկի, այլ հանուն հայրենիքի: Կարծում եմ` այս մթնոլորտը ստեղծվեց: Քելբաջարի օպերացիայից հետո բեկում տեղի ունեցավ, կարող էինք գնալ այնքան, ինչքան ուզում էինք: Ադրբեջանական բանակն արդեն քանդվել էր:

– Շատերն են ասում, որ կարող էինք շատ տարածքներ ազատագրել, տարածքներ չկորցնել,ինչը չարվեց: Ինչու՞:

– Դրա մեջ մի քիչ չափազանցություն կա: Ճիշտ է, դիմացինը կոտրված էր: Վերցնելը շատ հեշտ է, պահելն է դժվար: Կարող ես առաջ գնալ, հետո մի այնպիսի հարված ստանալ, որ վազելով անգամ չկարողանաս հետ գալ: Առանց թիկունք ունենալու, առանց համապատասխան միջոցառումների շատ վտանգավոր էր առաջ գնալը: Եթե ֆանտաստիկա լիներ ու մտնեինք Բաքու և Ադրբեջանը կապիտուլյացիայի թուղթ ստորագրեր, այլ բան: Բայց եթե դա հնարավոր չէր, մի քիչ ավելի, մի քիչ պակաս, չեմ կարծում, որ իրավիճակը ֆունդամենտալ փոխվեր:

– Եթե համեմատենք այսօրվա և 90-ականների բանակը, ի՞նչ նմանություններ ևտարբերություններ կտեսնենք:

– Քանի որ հիմա բանակի հետ քիչ շփումներ ունեմ, ինձ համար էլ է դժվար ասել: Եթե խոսքը ներքին կարգապահության մասին է, ապա լավագույն ներքին կարգապահություն բանակում լինում է պատերազմի ժամանակ, երբ մարդիկ միասին գործ են անում: Հիշում եմ` Քելբաջարի գործողություններից հետո հրամանատարները գալիս էին ինձ մոտ ու առաջարկում նոր օպերացիա մշակել: Ասում էին, որ հենց մնում են առանց ռազմական գործողությունների, սկսվում են ներքին պառակտումներ, տղայական խոսակցություններ: Մի քիչ զարմանալի է, բայց պատերազմական իրավիճակը նպաստում է կարգապահությունը պահելուն: Հետո խաղաղ պայմաններում կարգապահությունը բարձր չէր բանակում: Տարիների ընթացքում կարգապահությունն ավելացավ, այդ մեկը որ տեսնում եմ: Պարզապես անցած տարի կարծես թե պոռթկում եղավ, ինչն ինձ համար անհասկանալի է: Ես մտքումս որոշել էի, որ բանակը գնում է կարգապահության վերելքի: Չգիտեմ: Թվերը նվազում են, բայց արձագանքն է ուժեղանում, գուցե լավ է, որ հասարակությունն այսպես է արձագանքում: Մենք այն ժամանակ կերազեինք, որ այսպիսի բանակ ունենայինք, սպաներով և այլն, և այլն: Բանակն իրականում ստուգվում է պատերազմի դաշտում: Բայց Աստված հեռու պահի, որ մենք ստիպված լինենք ստուգելու մեր բանակը պատերազմի դաշտում: Եվ հետո, ես մի քանի անգամ ասել եմ, որ բանակի ուժը գնահատելիս հաշվի են առնում երկու փակագծերի արտադրյալը: Մի փակագծում այն է, թե ինչքան բնակչություն ունես, տնտեսական ցուցանիշները, ՀՆԱ մակարդակը, որքան և ինչ ռազմատեխնիկա ունես, քանի զինվոր ունես և այլն: Երկրորդ փակագծում այն է, թե որքանով ենք նվիրված մեր ազգային գաղափարներին, ինչքանով ենք միասնական, ինչքանով ենք կարողանում կարգուկանոն ապահովել, մարդիկ որքանով են հավատում իրենց երկրի ապագային: Այն ժամանակ հաղթեցինք` երկրորդ փակագիծը մեծացնելով: Հիմա այդ փակագիծը մեծ է, թե ոչ, հատուկ ուսումնասիրության հարց է: Որովհետև մարդիկ չեն կարող, իրենց երկրի ապագային չհավատալով, ներքին վստահություն չունենալով, առանց միասնականության հաղթել. ինչ զենք էլ որ ունենան: Հետևաբար, այդ փակագծի նկատմամբ պետք է ուշադիր լինել: Առաջին փակագիծը տեսնելը շատ հեշտ է, հետախուզությունը միանգամից ասում է:

– Բանակում ի՞նչ խնդիրներ կան, որոնք, ըստ Ձեզ, լուծման կարիք ունեն, ի՞նչփոփոխություններ են հարկավոր:

– Նախ, եթե խոսենք առաջին փակագծից, կարծում եմ, որ մեր բանակին ժամանակակից զենքի տեսակներ են պետք, և կարծում եմ` արժի, որ որոշ տեսակներ էլ հենց Հայաստանն արտադրի: Մեծ զարկ պետք է տալ դրան: Երկրորդը` կարգապահությունն է, և երրորդը բանակից դուրս հարց է: Պետությունն իր քաղաքացիների կողմից պետք է սիրված լինի, մարդը պետք է հպարտ լինի, որ Հայաստանի քաղաքացի է: Եվ հաջորդը` կամաց-կամաց պետք է անցնել պրոֆեսիոնալ ստորաբաժանումների ավելացման:

– Հայաստանի պես երկրում հնարավո՞ր է միայն պրոֆեսիոնալ բանակ ունենալ:

– Դժվար կլինի: Դեմոգրաֆիայի տեսանկյունից էլ չենք կարող բոլորին ընդգրկել բանակում: Պետք է միաժամանակ երկուսն էլ լինեն` ոչ մեծ թվով պրոֆեսիոնալ ստորաբաժանումներ, բայց նաև բոլոր 18 տարեկանները զորակոչի ենթակա լինեն, գնան ծառայեն, որպեսզի երբ պատերազմական իրավիճակ լինի, մոբիլիզացիան հեշտ լինի, գնան իրենց հայրենիքը պաշտպանելու:

– Իսրայելում նաև աղջիկներն են ծառայում, մեզ մոտ այդ մասին անգամ չի խոսվում:

– Աղջիկները շատ հավեսով կծառայեին, ու չեմ կարծում, թե աղջիկներն ավելի վատ զինվոր են, քան տղաները: Չգիտեմ, թե ինչու չի քննարկվում, պարզապես այդ ժամանակ էլ լուծում պահանջող այլ խնդիրներ կլինեն:

– Բանակ-հասարակություն կապ կա՞ արդյոք, և արձագանքը տեղի ունեցող դեպքերինադեկվատ ե՞ք համարում:

– Արձագանքը երբեմն չափազանցված է, քանի որ Հայաստանում կան ուժեր, որոնք առաջնորդվում են «որքան վատ, այնքան լավ» սկզբունքով: Բայց այդպիսի իրավիճակ կա աշխարհի գրեթե բոլոր երկրներում: Կարևորն այն է` ճիշտ է, թե սուտ լուրը: Եթե ճիշտ է, կարելի է մոռանալ, թե ինչ նպատակով է ասվել: Պետք է պայքարել նման երևույթների դեմ: Սխալ է նաև թաքցնելը միայն այն բանի համար, որ հանկարծ հակառակորդը չիմանա: Պետք է ուժեղ լինես իրականում, ոչ թե ձևացնես, թե ուժեղ ես: Բանակին մի քիչ քնքշությամբ եմ վերաբերվում և ամեն վատ խոսքը կարծես սիրտս վառի, բայց մյուս կողմից` ճիշտ ասվածը պետք է հաշվի առնել, բանակը վերակառուցել, դարձնել ավելի կարգապահ: Բանակը հասարակության մի մասն է, բոլորը մեր երեխաներն են, ծանոթներն են: Եվ բնական է, որ բանակ-հասարակություն կապը կա:

– Կրթական համակարգը, ընտանիքը նոր սերնդին որքանո՞վ են պատրաստում բանակումծառայելուն:

– Կախված է ընտանիքից, դպրոցից: Միարժեք ասել հնարավոր չէ, բայց հայերի մեջ բնական հայրենասիրություն կա, որի վրա շատ մեծ ուժ կարելի է կառուցել: Հիմա մեր ռազմաճակատը ներքին տնտեսությունն ու քաղաքականությունն են: Եթե կարողանանք տնտեսությունը զարգացնել, որ մարդիկ կարողանան ավելի լավ ապրել, աշխատանք ունենան, տեսնեն, որ երկրում արդարություն կա, կաշառակերությունը քիչ լինի, երևի այդպիսի պայմանների դեպքում ավելի ուժեղ կլինենք: Այդտեղ է հարցի լուծումը: Մի տանկ ավելի, մի տանկ պակաս, հարց չի լուծում:

– Որոշ մասնագետներ խոսում են բանակի այլ` ազգային կամ արևմտյան մոդելին անցնելուանհրաժեշտության մասին: Ի՞նչ կասեք այդ մասին: Շարունակությունը կարդացեք հետևելով հղմանը: Անկախ

Մեկուսացումներ` առաջադրված հակազդեցությունների համար

Շահան Գանտահարյան

«Ժնեւ-2»-ի հետ կապված մեկնաբանությունները երեկ կտրուկ կերպով սկսեցին բացասական եւ հոռետեսական երանգներ ստանալ: Անկախ դրանից, թե հետագա ի՛նչ ընթացք կստանա եւ թե վեհաժողովը որեւէ համաձայնական արդյունքի հասնելու հնարավորություններ ունի՞, թե՞ ոչ, փոխադարձ ամբաստանությունների ոլորապտույտի մեջ ներքաշվելը նպաստավոր որեւէ տվյալ չի կարող ապահովել խնդիրների լուսաբանման աշխատանքին:

Պետք է փորձել կենտրոնանալ հայկական գործոնի հետ ուղղակի-անուղղակի աղերս ունեցող երեւույթների վրա, թեկուզ երկարաժամկետ կտրվածքի վրա հավանական ազդեցություններ տեսնելու առումով:

Թեհրանի չմասնակցելը միջազգային վեհաժողովին, ավելի ճիշտ՝ հրավերի որոշման հետ կանչվելը իհարկե իր անդրադարձը պիտի ունենար տարածաշրջանում հայտնված կարեւորագույն թնջուկի հանգուցալուծման գործընթացի վրա: Սիրիական դիրքորոշման խստացում, Դամասկոսից հնչող հայտարարությունների համեմատական կարծրացումից մինչեւ լիբանանյան կառավարության կազմության աշխատանքների դանդաղեցում կարող են կապված լինել Թեհրանի նկատմամբ Արեւմուտքի կայացրած վերջին դիրքորոշումի հետ:

Սա սակայն հայտնապես չի արգելակում Թեհրանի նոր առաջնորդին՝ կայանալու ընթացքի մեջ գտնվող, գոնե հայտարարողական մակարդակի վրա չափավորական քաղաքականության համահունչ ելույթները շարունակելու: Հակառակ ժնեւից մեկուսացումին, Թեհրանը շարունակում է դրական նշաններ դրսեւորել եւ հայտարարել, որ ինքը պատրաստ է բոլոր պետությունների հետ բնականոն հարաբերություններ մշակելու: Իսկ սա  բնականաբար տարբերություն է ընդգծում նախորդի օրերին երկրների վերացման մասին հայտարարությունների միջեւ:

Ամենայն հավանականությամբ, Իրանի գործոնի շրջանցման միջազգային այս փորձը չպիտի նպաստի տարածաշրջանում մեծ օրակարգերի լուծմանը: Եւ երբ ներսիրիական պատերազմի սկիզբը հանգամանավոր կենտրոնների կողմից հայտարարում էր, թե պետք է քանդել Թեհրան-Դամասկոս առանցքը, լռելյայն ավելացնելով նաեւ Մոսկվան, ապա նույն այդ ռազմավարական առանցքի կազմաքանդումը նպատակադրողները վստահաբար պիտի գիտակցեին, որ առանց կարեւորագույն առանցքային այդ կենտրոնի հնարավոր չէ համալիր լուծում ապահովել տարածաշրջանային հիմնախնդրին: Այստեղից հետևում է այն մտածումը, որ առաջադրվածը քաոսային իրավիճակի շարունակության ապահովումն է, գեթ առայժմ:

«Ժնեւ-2»-ից դուրս մղվեցին նաեւ Սիրիայի քրդերը, որոնք ակնկալում էին  այս մեծ օրակարգի քննարկման ընթացին լսելի դարձնել իրենց իրավունքները: Քրդերի մասնակցության տեղի չտալը, հակազդեցության կարգով նրանց առաջնորդեց ինքնավար Քուրդիստանի հայտարարությանը: Պետք է արձանագրել, որ մինչ այդ, սակայն, Սիրիայի քրդերը ստեղծել էին արդեն իրողապես ինքնավար Քուրդիստան: «Ժնեւ-2»-ին չմասնակցելու  իրականությունը երեւութապես մղել էր ինքնավարության հաստատման:

Հիմա եթե փորձենք դիտարկել այն կշիռը, որի մի կողմը (ապ)արդյունավետ ժողովի մասնակցությունն է,իսկ մյուս կողմը` ինքնավարությունը, երկար քննարկման չի ենթարկվի երկրորդի նախապատվությունը: Եթե Իրանին չհրավիրելով քաոսային իրավիճակի շարունակությունն է ապահովվում, ապա քրդերին մասնակից չանելով ինքնավարության հաստատումն է ակնկալվում։ Իսկ սա արդեն տարածաշրջանային նոր քարտեզագծումի նախաբանի հանգամանք կարող է ստանալ, եթե բաժանարար ծրագրերի գոյությունը չժխտվի:

Իսկ գեթ քրդերի մասով նոր քարտեզագծումը թվում է, որ չի բխում Անկարայի շահերից: Ինքնավար Քուրդիստան Իրաքում եւ այժմ ինքնավար Քուրդիստան Սիրիայում. մնում է  մի ինքնավարություն էլ հարեւան այլ երկրում:

Իրանին մեկուսացնողը ուզում էր քաոսային իրավիճակի շարունակությունը: Սիրիայի քրդերի դիմաց Ժնեւի դռները փակողը ակնկալում էր ինքնավարության հակազդեցությունը: Տրամաբանությունը հուշում է, որ նույն կողմը երկարաժամկետ ծրագրով նախանշում է Թուրքիայի մասնատումը:

 

Շահան Գանտահարյան

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

Անկախ

Այցելություն Աուշվից ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի հոդվածը

պանգի մունԱյս տարի Հիշատակի միջազգային օրը՝ Աուշվիցի (Օսվենցիմի) համակենտրոնացման ճամբարի ազատագրման տարեդարձը (հունվարի 27) նշվում է այնպիսի մի ժամանակ, երբ մեր շուրջն ամենուր հիշեցումներ են մոռացության վտանգների մասին: Այս տարի լրանում է Ռուանդայի ցեղասպանության երկրորդ տասնամյակը: Հակամարտությունները Սիրիայում, Հարավային Սուդանում եւ Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետությունում վտանգավոր հանրային չափումներ են ձեռք բերել: Մոլեռանդությունը շարունակում է իր ընթացքը մեր հասարակություններում եւ մեր քաղաքականություններում: Աշխարհը կարող է եւ պետք է ավելին անի՝ վերացնելու այն թույնը, որը հանգեցրել է այդ ճամբարների ստեղծմանը:

Անցյալ նոյեմբերին այցելեցի Աուշվից-Բիրկենաու: Այդ օրը սառը քամի էր փչում. հողը ոտքերի տակ քարքարոտ էր: Բայց հագիս վերարկու եւ ամուր կոշիկներ ունեի: Մտքով գնացի նրանց մոտ, ովքեր ոչ մեկն ունեին, ոչ՝ մյուսը. հրեաներ եւ այլ գերիներ, որ ժամանակին ճամբարի բնակչությունն էին: Իմ մտքում այդ գերիներն էին՝ ժամեր շարունակ մերկ կանգնած սառնամանիքին, իրենց ընտանիքներից բաժանված եւ սափրած գլուխներով, քանի որ նրանց պատրաստում էին գազային խցիկների համար: Մտքով նրանց հետ էի, ովքեր ողջ պահվեցին միայն մինչեւ մահ աշխատեցվելու համար: Եվ նախ եւ առաջ՝ մտածեցի, թե որքան անմեկնելի է մնում Հոլոքոստն անգամ այսօր: Դաժանությունն այնքան բացարձակ էր, ընդգրկումն այնքան մեծ, նացիստական աշխարհայացքն այնքան աղճատված ու ծայրահեղ, սպանությունն այնքան կազմակերպված ու հաշվարկված…

Թվում էր՝ Բիրկենաուի բարաքները ձուլված էին հորիզոնին բոլոր ուղղություններով. մահվան հսկա մի գործարան: Սենյակներից մեկը լցված էր «Անունների գրքով», որում միլիոնավոր հրեա զոհերի անուններն են: Ընդ որում՝ դա տվյալների մի հատվածն էր միայն. ամբողջականը ներառում էր նաեւ լեհերի, գնչուների, սինտիների, խորհրդային ռազմագերիների, այլախոհների, հոմոսեքսուալների, հաշմանադամություն ունեցող անձանց եւ այլն: Ինձ հատկապես ցնցեց մի տեսանյութ, որում պատկերված էր 1930-ականների եվրոպացի հրեաների կյանքը՝ ընտանեկան ճաշկերույթների եւ լողափնյա հանգստի տեսարաններ, երաժշտական եւ թատերական ներկայացումներ, հարսանիքներ եւ այլ ծեսեր. եւ այս ամենը վայրագորեն ոչնչացվել է մարդկային պատմության մեջ եզակի համակարգային սպանդի միջոցով:

Մարիան Տուրսկին՝ լեհաստանցի հրեա, ով ողջ է մնացել Աուշվիցում եւ այսօր Աուշվիցի միջազգային կոմիտեի փոխնախագահն է, ինձ ուղեկցեց Arbeit Macht Frei («աշխատանքն ազատություն է շնորհում») գրությամբ տխրահռչակ դարպասի մոտ. այս անգամ՝ ազատության պայմաններում: Րաբունապետ Յիսրաել Մեյր Լաուն, ով Բուխենվալդի համակենտրոնացման ճամբարը վերապրած մարդկանցից է եւ այժմ Թել Ավիվի գլխավոր րաբունապետն է, ինձ հետ կանգնած էր զառիվայրին, որտեղ գնացքները ժամանակին դատարկում էին իրենց մարդկային բեռը, եւ վերհիշում էր այն ցավալի պահը, երբ էսէսական հրամանատարի ցուցամատի արագ շարժումով որոշվում էր՝ ով պետք է մեռնի, ով՝ ապրի: Ես սգում եմ նրանց համար, ովքեր մահացան ճամբարներում, եւ ակնածանքով եմ լի նրանց նկատմամբ, ովքեր ապրեցին. ովքեր կրում են վշտալի հիշողություններ եւ միաժամանակ ցույց են տվել մարդկային ոգու ուժը:

Ինձ ուղեկցում էին նաեւ Օսվենցիմի Երիտասարդական հանդիպումների միջազգային կենտրոնի ուսանողները, ովքեր ձգտում են կամուրջներ կառուցել ժողովուրդների ու պետությունների միջեւ: «L’dor v’dor»,- ասաց Մարիան Տուրսկին ինձ (եբրայերեն՝«սերնդեսերունդ»). իմաստնության փոխանցումը: Այս պատճառով է, որ Աուշվից-Բիրկենաուն ներառված է UNESCO/ՄԱԿԳՄԿ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում: Մենք չենք կարող ապագան կառուցել՝ առանց հիշելու անցյալը. այն, ինչ կատարվել է երբեւէ, կարող է կրկնվել:

Թշնամանքի դեմ պայքարը Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր առաքելություններից մեկն է: Մեր հատուկ դատարաններն ու տրիբունալները պայքարում են հանուն անպատժելիության վերացման, արդարադատության կայացման եւ խախտումների կանխարգելման: Ցեղասպանության կանխարգելման եւ պաշտպանելու պատասխանատվության հարցերով ՄԱԿ-ի հատուկ խորհրդականները ուշիուշով դիտարկում են աշխարհը՝ բաց չթողնելու վայրագ հանցագործությունների նախանշանները: «Քաղաքակրթությունների դաշինք» նախաձեռնությունը ձգտում է հակազդել ատելության դրսեւորումներին՝ հակասեմիտականությունից եւ իսլամոֆոբիայից մինչեւ ուլտրաազգայնականություն եւ կանխակալ վերաբերմունք փոքրամասնությունների նկատմամբ: Մեր նոր՝ «Իրավունքներն առաջնային ճակատում» նախաձեռնության նպատակն է ամրապնդել վաղ գործողությունները՝ մարդու իրավունքների կոպիտ խախտումները կանխարգելելու նպատակով:

Գրեթե մեկ տասնամյակ «Միավորված ազգերի կազմակերպությունը եւ Հոլոքոստը» հանրային իրազեկման ծրագիրն աշխատել է ուսուցիչների եւ սովորողների հետ բոլոր աշխարհամասերում՝ խթանելու հանդուրժողականությունն ու համընդհանուր արժեքները: Ծրագրի ամենաթարմ կրթական փաթեթը, որն ստեղծվել է Միավորված ազգերի կազմակերպության Հոլոքոստի հիշատակի թանգարանի հետ համագործակցությամբ, կօգնի դասասենյակներում ներկայացնել Հոլոքոստին նվիրված ուսումնասիրությունները՝ Բրազիլիայից ու Նիգերիայից մինչեւ Ռուսաստան ու Ճապոնիա: ՄԱԿ-ի կենտրոնական գրասենյակում այս տարվա հիշատակի արարողության գլխավոր խոսնակը լինելու է Սթիվեն Սփիլբերգը, որի Հոլոքոստի հիմնադրամը՝ «Վիզուալ պատմության եւ կրթության ինստիտուտ» անվամբ, կարեւոր հանգրվան էր վերապրածների վկայությունների պահպանման տեսանկյունից:

Աուշվիցի դիակիզարանից մի քանի քայլի վրա ես մի պահ դադար առա՝ մտորելու: Ես շոշափեցի փշալարը, որն այլեւս էլեկտրականացված չէր, բայց դեռեւս սուր էր ու ահասարսուռ: Ես ափեափ լի էի այդտեղ տեղի ունեցածի հրեշավորության զգացողությամբ եւ խոնարհումով՝ բազմաթիվ պետությունների այն զինվորների եւ առաջնորդների խիզախության եւ զոհողությունների նկատմամբ, ովքեր հաղթահարեցին նացիստական սպառնալիքը: Հուսով եմ՝ մեր սերունդը եւ եկող սերունդները վառ կպահեն հավաքական նպատակի այդ նույն զգացումը՝ կանխելու այսօրինակ սարսափի կրկնությունը որեւէ տեղ, որեւէ մեկի կամ որեւէ խմբի նկատմամբ եւ կառուցելու հավասարության աշխարհ բոլորի համար:

 Անկախ

Սերժ Սարգսյանի լուսանկարով հայկական օրացույցը նույնպես անթույլատրելի է այսօրվա Վրաստանում

Վահե ՍԱՐԳՍՅԱՆ«Հայ լեզուով թղթերը պիտի այրուեն». այս վերտառությամբ տեղեկությունը կարդում ենք «Ժողովրդի ձայն» թերթի  1918 թ. 61-րդ համարում, որտեղ նկարագրվում է, թե ինչպես է Գանձակի պոստ-հեռագրատան թուրք կառավարիչը վերցնում և այրում Գանձակի փոխանորդի` Վրաստանի և Իմերեթիայի Հայոց Թեմական Կոնսիստորիային ուղղված երկու նամակ-թղթածրարները` պատճառաբանելով, որ դրանք հայերեն են և, հետևաբար, անհասկանալի ցենզուրների համար: Հավելենք նաև, որ հայ գործիչ, Վրաստանում ՀՀ դիավանագիտական առաքելության ղեկավար Արշակ Ջամալյանն այդ առթիվ հայտնում է Վրաստանում Ադրբեջանի դիվանագիտական ներկայացուցիչ Մ. Ջաֆարովին, որ քրիստոնեության առաջին դարերիցն ի վեր հայ կրոնավորներն ու կրոնական հաստատությունները մշտական կապի մեջ են եղել Էջմիածնի հետ, գրություններ են փոխանակել հայոց լեզվով, և մինչ օրս ոչ մի կառավարության մոտ, կապված այդ գրությունների հետ, կասկածներ չեն եղել:

Օրերս վերոնկարագրյալ բովանդակությամբ և հերթական նողկալի դեպքը տեղի ունեցավ իմ հետ. տարբերությունն այն էր, իհարկե, որ անցնում էի ոչ թե ադրբեջանական, այլ` վրացական սահմանային անցակետով, կամ, ավելի կոնկրետ, դեպի իմ Հայրենի Ջավախք տանող Բավրա-Նինոծմինդա անցակետով:

Սահմանային մաքսատան աշխատակիցները «ձեռնարկված միջոցառումների շնորհիվ» իմ մոտ «հայտնաբերեցին» հետևյալը. 1. “Վարձք” հայրենագիտական հանդեսի երկու-երեք համարներ, Երևան քաղաքի ամսագրի երկու օրինակ, անվանի գրող Մ. Սարգսյանի “Խաչված քաղաքը” վեպը (Երևան, 1996), “Ուկրաինական ժողովրդական հեքիաթներ” գիրքը (Երևան, 1992), ջավախքցի անվանի գրող Ն. Կիրակոսյանի «Պարտեզ բժշկության» գիրքը (Երևան, 2013), Донецк фотоальбом (Киев, 1978), Պ. Խաչատրյանի «Մեր պստիկը» մանկական բանաստեղծությունների գրքույկի (Երևան, 2007) պատճենահանված տարբերակը, Հայաստանի Հանրապետական կուսակցության և ՀՃՈւ հիմնադրամի տպագրած 2014 թ. մի քանի օրացույցներ:

գրաքննությունՄոտ մեկուկես ժամ տևած լուսանկարչական և հետազոտական, ազգանվամբ հայ աշխատակցի միջոցով թարգմանչական աշխատանքների ժամանակ իզուր էին իմ «ջամալյանական» պարզաբանումներն ու զայրացական-փիլիսոփայական բացականչումներն այն մասին, որ առկա իրերի մեջ Վրաստանի կամ վրացիների մասին բացարձակ բան չկա, որ դրանք պարզապես մշակութային իրեր են, որն իրավունք ունի ունենալու յուրաքանչյուր հայ ընտանիք, որ կան միջազգային օրենսդրական ակտեր, ըստ որոնց` ջավախահայությունն իրավունք ունի ՀՀ-ից տանելու այդպիսիք, որ կարծես թե Վրաստանն աշխարհին ներկայանում է դեպի եվրոպական արժեհամակարգ իր ձգտմամբ, որ իրենց այս զազրելի քայլը, այն է` այդ մշակութային իրերի արգելքը, չի համապատասխանում եվրոպական արժեհամակարգին և այլն, և այլն…

Իմ վերոնշյալ ասածներն ավելի շատ նմանվեցին գայլի գլխին ավետարան կարդալուն. երկար սպասումներից հետո եկավ հրամանը. “Ուկան !!!” (“Ետ” !!!)…

Կարևոր եմ համարում նշելու, որ ազգանվամբ հայ աշխատակիցն առավել երկար տնտղեց ՀՀԿ սեղանի օրացույցի վրա առկա Սերժ Սարգսյանի և Վազգեն Սարգսյանի լուսանկարները, հետո ցանկացավ այդ օրացույցն իր մոտ թողնել, իմ կողմից մերժում ստանալով` նորից տարավ, էլեկտրոնացրեց, բերեց:

Հետո մի պահակախմբով ինձ ուղեկցեցին դիմացը, ուր ես  հետ վերադարձող մեքենաներից մեկի հետ ետ ուղարկեցի «վտանգավոր» իրերս: Մաքսավորներն անգամ իրենց վերնախավին զեկուցեցին հետ վերադարձող մեքենայի տվյալները` վստահեցնելու, որ առգրավված իրերը հաստատ հետ գնացին: «Մենք դեռ կհանդիպինք, մտածե, թե ինչ կենես», այս եղավ իմ վերջին արձագանքը` ազգանվամբ հայ աշխատակցին:

«21-րդ դարում իրականցվող սպիտակ ցեղասպանություն». այլ բառերով դժվար է որակել ոչ միայն իմ հետ պատահող, այլ` Վրաստանի սահմանին համատարած բնույթ կրող այս զազրելի երևույթը: Անգամ Իրանի նման փակ երկիրը չունի նման դրսևորումներ: Որոշները դարձյալ կնշեն`այս դեպքում ինտերնետից օգտվենք, համաձայն եմ` ինտերնետն ունի մեծ հնարավորություններ: Իրականում այդ ամենի անցկացնելը չի մեր գերնպատակը, եթե դա լիներ` թռչունների ոտքերին էլ կկապեինք օրացույցներն ու հեքիաթների գրքերը և կուղարկեինք Ջավախք: Խնդիրն այստեղ Վրաստանում միաէթնիկ հանրույթ ձևավորելու, ջավախահայությանն ուծացնելու ուղղությամբ տարվող խելահեղ քաղաքականությունն է, և այս սահմանային արգելքն ընդամենն այս քաղաքականության բաղադրատարրեից մեկն է: Իսկ որ այդ քաղաքականությունն իրոք խելահեղ է և իր ծայրահեղությամբ երբեմն անգամ դառնում է ծիծաղաշարժ` արդեն նկատվում է, երբ մաքսավորներն անգամ ուշադիր զննում ու տարբեր տեղերից լուսանկարում էին ապակյա տարաներիս մեջտեղներում դրված (չջարդվելու համար) մեկ-երկու թերթերի էջերը (կարծեմ Իրատես դե ֆակտո թերթն էր):

Եթե վրացական կողմն այս օրերին ձգտում է փաղաքշել ու սիրաշահել աբխազներին և օսերին` վերանվանված Համերաշխության և քաղաքացիական հավասարության նախարարի շուրթերով հնչեցնելով, թե իրենք չեն առաջարկում վերջիններիս գալ դեպի Վրաստան կամ դեպի ՌԴ, այլ իրենք առաջարկում են այդ ժողովուրդներին գնալ դեպի Եվրոպա, որի ճանապարհն էլ, ըստ Պ. Զաքարեիշվիլու, անցնում է Վրաստանով, ապա ես կուզենայի պարզապես հիշեցնել, որ այս գերարագ տեղեկատվական դարաշրջանում հազիվ թե աբխազներն ու օսերը չգիտեն այն ամենի մասին, ինչ կատարվում է Ջավախքի սահմանին, և այնքան էլ միամիտ չեն, որ մտածեն, թե նույնը չի կատարվելու իրենց հետ: Իրականում հենց Ջավախքի վիճակով պետք է խրախուսել աբխազներին և օսերին, և դեպի Եվրոպա գնացող ճանապարհն անցնում է մի ոսպնյակի միջով, որի անունն է Ջավախք: Ցավոք, այդ ոսպնյակը  բեկում է նշյալ ճանապարհը ոչ թե Եվրոպայի, այլ աննորմալ մի միջավայրի ուղղությամբ: Մի խոսքով` մեր իդեալական և բաղձալի եվրոպական պետություն ստեղծող Պ. Զաքարեիշվիլուն խորհուրդ կտայինք նստացույցի դուրս գալ իր կառավարության առջև, քանի որ ինչ ինքն է առաջարկում աբխազներին և օսերին, այդ կառավարությունում որոշվում և իրականացվում է ճիշտ հակառակը՝ ջավախահայության նկատմամբ:

Ի վերջո`մեր ներհայկական խնդիրն է, թե Սերժ Սարգսյանն ինչպիսի նախագահ է ՀՀ-ում. կատաղի քննադատվո՞ղ, թե՞ սրբությամբ պաշտվող, և վրացին այստեղ իր քիթը բնավ իրավունք չունի խոթելու: Ելնելով այս հանգամանքից` ամենավիրավորական, ամենաաններելի, ամենանվաստացուցիչ քայլ կարելի է որակել այն իրողությունը, որ վրաց սահմանային աշխատակիցը որպես վտանգավոր, իր պետության համար ոչ ցանկալի և իր պետության տարածքում անթույլատրելի իր է դիտարկում ՀՀ նախագահի լուսանկարով սեղանի օրացույցը, որն, ինչպես նշեցինք, իրավունք ունի ունենալու մոլորակի յուրաքանչյուր հայ: Ինչ վերաբերում է մանկական բանաստեղծությունների գրքույկի ու հեքիաթների արգելքին, ապա ոչ այլ կերպ, քան` մանկասպանություն, չենք կարող որակել:

Փաստորեն, վրաց իշխանությունները աշխատավարձ են վճարում սահմանային մաքսային և անվտանգության մի շարք աշխատակիցների, համապատասխան գերատեսչություններում լրացուցիչ վարչությունների, մի շարք օղակների փորձագետների և այլն, որպեսզի վերջիններս… հայտնաբերեն, հետազոտեն և արգելեն հայերեն մանկական բանաստեղծությունները: Ահա թե նաև ինչին են ծառայում ջավախահայության տրված պետական հարկերն ու տուրքերը:

Ամեն դեպքում` կուզենայի, որ ֆաշիզմի դրսևորման մասին սույն հաղորդումը հասներ տարածաշրջանում գործող բոլոր մարդասիրական՝ և’ տեղական, և’ միջազգային կազմակերպություններին, իսկ ՀՀ Սփյուռքի նախարարությունն ու սփյուռքահայ բոլոր կառույցներն աղաղակեին ի լուր աշխարհի այս մասին:

Վահե ՍԱՐԳՍՅԱՆ

Հ.Գ. Վերջերս Ադրբեջանի սահմանապահ ծառայության աշխատակիցներն արգելել էին գրքերի անցկացումը, որոնք վրացական կողմը որպես հումանիտար օգնություն տանում էր Ադրբեջանի Կախի և Զաքաթալայի շրջաններում ապրող և քարթվելական ժողովուրդ համարվող ինգիլոյների համար: Վրաստանում այս հարցը բավական ցավագին ընդունվեց: 

Անկախ

Անկարայի ցուցմունքը եւ Բաքվի ձախողումը

Շահան ԳանտահարյանԱնկախը ներկայացնում է Շահան Գանտահարյանի հերթական հոդվածը:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեվը կառավարության նիստի ժամանակ հայտարարել էր, որ եթե Հայաստանը «կառուցողական դիրքորոշում» ցուցաբերի ղարաբաղյան խնդրի լուծման գործում, ապա «կարճ ժամանակահատվածում կարելի կլինի համաձայնության գալ»:

Համաձայն Ալիեվի` որեւէ տեղաշարժ չի արձանագրվել արցախյան բանակցությունների ուղղությամբ: Թեեւ տարեվերջին որոշակի աշխուժացում նկատվել է: Ընդհանուր այս պարունակում հայտարարությունը շարունակվում է:

«Որոշակի հույսեր, որոշակի լավատեսական պահեր կան, բայց 2014 թվականին մենք կուսումնասիրենք դրանք: Ամեն դեպքում, 2014 թվականին Հայաստանի իրական մտադրությունը ամբողջովին կպարզվի», ասել է Ադրբեջանի նախագահը:

Հայտարարությունը նաև այլ բաժիններ ունի: Կվերադառնանք այդ բաժիններին: Փորձենք դիտարկել այս հատվածը: Ուրեմն, Բաքուն կառուցողականություն է ակնկալում Երեւանից: Մինչ այդ սակայն, կառուցողականություն ակնկալողը բացի հրադադար խախտելուց եւ դիվերսիոն գործողություններ կազմակերպելուց, աննախադեպ վտանգավոր քայլերով նախահարձակողականության այլ հարթություններ է թեւակոխում: Ադրբեջանական կողմից կրակահերթ է ոչ միայն Ադրբեջանի և Արցախի շփման գծում, այլ ուղղակի դեպի Հայաստանի Հանրապետության տարածք:

Նման հարձակողապաշտության դրսեւորումներ ցուցադրելուց հետո, թվում է, թե «կառուցողականության» եւ  «խաղաղասիրության» ակնկալություններ հայտարարելու ցուցմունքը Բաքու է հասել Անկարայից: Այս հատվածի երկրորդ բաժինը այդ մասին մտածելու տեղիք է տալիս: Ալիեվը փաստորեն կապկում է Դավութօղլվի «խաղաղասիրությունը»: Նման է սա մանավանդ, երբ նկատի կունենանք տարեվերջին երեւացած, ըստ Ալիեվի անշուշտ, ուղղակի որոշակի աշխուժացումը: Տարեվերջին Դավութօղլուն այցելել էր Երեւան, Սեւծովյան երկրների տնտեսական համագործակցության համաժողովի շրջագծում: Այցելության նախորդող ժամանակաշրջանում եւ այցելության օրերին եւ դրանից  անմիջապես հետո, դիպաշարին հետեւողը ականատես եւ ունկնդիր դարձավ իբրեւ թե կառուցողականություն ցուցադրող Անկարայի թիվ մեկ դիվանագետի ասելաձեւերին: Դրանց հետեւեց անշուշտ Թուրքիայի քարոզչաքաղաքական խմբի նվագը, որը ներդաշնակ էր թուրք արտգործնախարարի ճիպոտի շարժումներին:

Այս բոլորի նկատմամբ լուռ էր Բաքուն` թե՛ քաղաքական եւ թե՛ տեղեկատվական առումներով: Լուռ անհանգստություն կար Թուրքիայի բեմադրած համանվագի դիմաց, որ բացատրվում էր Բաքվի շրջանցումով հայ-թուրքական հարաբերությունների բնականոնացման (ան)հավանական մեկնարկի նախատեսումով: Թեեւ, Անկարայի ներկայացուցիչը ամեն պատեհ-անպատեհ առիթի հիշեցնում էր արցախյան հարցի լուծման անհրաժեշտությունը: Նույնիսկ պաշտոնապես հայտարարվում էր հարաբերությունների վերամեկնարկման աշխատանքների վերջին փուլում լինելը։

Ալիեվի կողմից կառուցողականություն ակնկալելու այս հայտարարությունը համահունչ է Դավութօղլուի բեմականացումներին նաեւ 2014-ի նշումով: Թվականը անպայման հայ-ադրբեջանական բանակցություններին միայն չի վերաբերում: Երեւան-Անկարա հարաբերությունների վերամեկնարկը պայմանավորված է հայկական ուժերի Արցախից հեռացումով: Պատվերային ապատեղեկատվությունը խոսում էր հայկական համաձայնության մասին արցախյան երկու շրջաններից հայկական ուժերը հեռացնելու մասին: Ալիեվի ակնկալածը 2014-ին նման տեղաշարժի մասին է: Ինչ որ նաեւ Դավութօղլուին, լավատես լինելու միտումներ փոխանցած էր:

Կառուցողականության, բանակցությունների աշխուժացման եւ խաղաղասիրական շեշտադրումներով հանդես գալու Անկարայի ցուցմունքը հայտնապես ձախող կերպով կատարել է Բաքվի առաջնորդը: Հայտարարությունն ավարտվում է հետեւյալ բառերով. «Մեր ռազմական հզորությունը վճռական դեր կխաղա միջազգային նորմերին համապատասխան Լեռնային Ղարաբաղի հարցին արդարացի լուծման գործում: Մեր բանակը աշխարհի ամենաուժեղ բանակներից է»:

Անկախ նրանից, որ միջազգային նորմերի ճշտած սահմանները վաղուց անցել է ադրբեջանական սպառազինումը, մի պահ  պետք է կենտրոնանալ Ադրբեջանի նախագահի կատարած իր իսկ էության վերադարձին: Ռազմական հզորության վճռական դեր վերապահելով Ալիեվը միեւնույն հանկերգն է, որ կրկնում է: Հիմա պետք է մտածել, թե քաղաքական նման պահվածքի դիմաց ի՞նչ կառուցողականություն կսպասվի հայկական կողմից:

Խնդիրը սակայն, այս դեպքում Անկարայի ցուցմունքը Բաքվի կողմից ձախողելն է:

 

Շահան Գանտահարյան

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

 Անկախ

Ռոբերտ Քոչարյանի նոր հարցազրույցը

ռոբերտ քոչարյան2rd.am-ը Անկախին հայտնում է, որ Ամանորից առաջ մի քանի հարց են ուղղել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, և իր գրասենյակի միջոցով ստացել այդ հարցերից մեկի պատասխանը, ինչպես նաև խոստում, որ մյուս հարցերի պատասխաններն էլ կլինեն: Նկատի ունենալով, որ դեկտեմբերի 30 հարցազրույցը դարձավ բուռն քննարկումների առարկա, ինչպես նաև այն, որ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը երկու անգամ անդրադարձավ երկրորդ նախագահի այդ հարցազրույցին,

2rd.am-ը  նաև համապատասխան հարց է հավելել և   ստացել  խոստացած պատասխանները, որի համար շնորհակալություն է  հայտնում ինչպես ՀՀ երկրորդ նախագահին, այնպես էլ նրա գրասենյակին:

– Պարոն նախագահ, ինչպիսի˚ կարծիք ունեք 2013-ի դեկտեմբերին «Գազպրոմ»-ի հետ ստորագրված և քաղաքական դաշտում ու մամուլում այդքան աղմուկ հանած գազային համաձայնագրի մասին:

Գազային համաձայնագրի հետ կապված բոլոր հարցերը ես կբաժանեմ երեք մասի:

-Գազի իրական գնի թաքուն պահելը և դրա հետևանքով 300 միլիոն դոլարի պարտքի կուտակումը:
-Հայռուսգազարդի հայկական 20 տոկոսանոց փայաբաժնի բուն վաճառքը:
-Համաձայնագրով մինչև 2043 թվականը հաստատված մենաշնորհի բացառիկ պայմանները:

1. Եվ այսպես, գազի իրական արժեքի թաքուն պահելու մասին: Մինչև հիմա ինձ համար անհասկանալի է գազի գնի փոփոխությունը թաքցնելու կառավարության տրամաբանությունը, որը հանգեցրեց հսկայական պարտքի գոյացմանը: Ակնհայտ էր, որ գազը հանրապետություն էր մտնում շատ ավելի թանկ գնով, քան սպառողների համար հաշվարկվող սակագներն էին:  Դա երևում էր մաքսային ապրանքագրերից, ինչի մասին մի շարք հրապարակումներ եղան մամուլում: Ընդ որում, հենց սկզբից հասկանալի էր, որ կառավարությունը չի կարող խուսափել տհաճ բացատրություններից, քանի որ օրենսդրությունն ուղղակի թույլ չի տալիս շրջանցել խորհրդարանը: Գուցե, այնուամենայնիվ, հույս ունեին «Գազպրոմ»-ի հետ համաձայնության գալ որևէ այլ սխեմայով, բայց չստացվեց: Արդյունքում ստացվեց շատ տհաճ պատմություն, և կառավարության հեղինակությունը լրջորեն տուժեց: Քննարկումներն ԱԺ-ում ճնշող տպավորություն թողեցին, կարծում եմ, ոչ միայն ինձ վրա: Կառավարությունը չուներ կատարվածի վերաբերյալ ողջամիտ բացատրություններ և ծայրահեղ անհամոզիչ էր: Ավելի հեշտ կլիներ պարզապես ներողություն խնդրել: Նույնիսկ իշխող կուսակցության պատգամավորների մի մասը ակնհայտ շփոթմունքով էին քվեարկում համաձայնագրի օգտին:
Սա վատ նստվածք թողեց հասարակության կողմից համաձայնագրի ընդհանրական ընկալման վրա, նաև՝ դրա լեգիտիմության առումով: Հասարակությունն ընտելացել է բազմաթիվ քաղաքական գործիչների անսկզբունքայնությանը, բայց իշխանության ինստիտուտ¬ներից մեկի հանրության աչքի առաջ այսչափ «ճարպիկանալը» շոկ է առաջացնում: Հայաստանը, ցավոք, երբեք աչքի չի ընկել պետական ինստիտուտների նկատմամբ բնակչության վստահության բարձր մակարդակով (բացառությամբ բանակի(, իսկ այսպիսի իրադարձությունները քայքայում են այդ վստահության մնացորդները: Վստահ եմ, որ հենց սկզբից պետք էր ուղիղ ասել թե գազի գնի թանկացման, թե այդ խնդրի լուծման ուղղությամբ  իշխանության գործադրած ջանքերի մասին:

2. «Հայռուսգազարդ»-ի 20 տոկոս բաժնեմասի վաճառքի մասին: Գանք մի փոքր հեռվից:  «Հայռուսգազարդ»-ի հիմնադիրներն ի սկզբանե եղել են ՀՀ էներգետիկայի նախարարությունը, «Գազպրոմ»-ը և «ԻՏԵՐԱ» ընկերությունը, համապատասխանաբար՝ 45-45-10 տոկոս բաժնեմասերով: Տնօրենների խորհուրդը ձևավորվում էր ըստ այդ բաժնեմասերի համամասնության, ընդ որում խորհրդի նախագահ էր նշանակվում «Գազպրոմ»-ի ներկայացուցիչը, իսկ գործադիր տնօրենին ներկայացնում էր հայկական կողմը: Փաստորեն ընկերության մենեջմենթն իրականացնում էր ՀՀ ներկայացուցիչը: Ավելի ուշ, 5-րդ էներգաբլոկում և Իրան-Հայաստան գազատարում «Գազպրոմ»-ի կատարած խոշոր ներդրումների հետ կապված, բաժնեմասերի համամասնությունը փոփոխվեց (20-80), քանի որ հայկական կողմը այդ ներդրումների մեջ ֆինանսական մասնակցություն չունեցավ (մինչ այդ էլ «Գազպրոմ»-ը գնել էր «ԻՏԵՐԱ»-ի բաժնեմասը): Այդքանով հանդերձ, ընկերության կառավարման համաձայնեցված ձևաչափը չփոխվեց. գործադիր տնօրենը առաջվա պես նշանակվում էր հայկական կողմից: Դա, իհարկե, ընկերության կառավարման մեջ ասիմետրիկ մասնակցություն էր (ի շահ մեզ):
Այժմ, վաճառելով իր բաժինը, ՀՀ կառավարությունը ամբողջապես հեռացավ ընկերության կառավարումից՝ ստանալով միայն Տնօրենների խորհրդի նիստերին դիտորդ լինելու իրավունք: Այնքան էլ հաճելի չէ, իհարկե, կորցնել ազդեցությունը, սակայն ամեն դեպքում դա տեղավորվում է բիզնեսի տրամաբանության շրջանակում, եթե չլինեին բացառիկ իրավունքները, որոնք տրամադրվեցին այդ բնական մենաշնորհին մինչև 2043 թվականը:

3. Մինչև 2043 թվականը մենաշնորհի բացառիկ պայմանները: Համաձայնագրի այս հատվածը ծայրահեղ խոցելի է: Ես փորձեցի բնական մենաշնորհների մասով նմանատիպ համաձայնագրերի օրինակներ փնտրել  համաշխարհային պրակտիկայում, բայց անօգուտ: Հնարավոր է վատ եմ փնտրել, գուցե պիտի ուրիշ մայրցամաքում և այլ ժամանակներում որոնեի: Եվ սա կատարվում է այն ժամանակ, երբ աշխարհում նավթագազային բնագավառը և ընդհանրապես համաշխարհային էներգետիկան դինամիկ փոփոխությունների փուլ է մտել: Դա կարող է տեսանելի ապագայում  պահանջել օրենսդրական փոփոխություններ ու մոտեցումների լուրջ վերանայում էներգետիկայի բնագավառում: Պատանդ չի դառնա արդյո˚ք երկրի էներգետիկան վերոհիշյալ համաձայնագրի ձեռքում: Հիշեք «Արմենթել»-ի դեպքը:
Այստեղ ամեն ինչ շատ ավելի լուրջ է. այս համաձայնագրով կառավարությունը դիտորդ դարձավ ոչ միայն Հայռուսգազարդում, այլև ընդհանրապես հանրապետության գազի բնագավառում:
Ես «Գազպրոմ»-ի հետ խիստ արդյունավետ համագործակցության տասնամյա փորձ ունեմ, որի արդյունքներից են Հայաստանի լայնածավալ գազաֆիկացումը,  ստորգետնյա պահեստարանների նշանակալի ընդլայնումը, Հրազդանի ՊՇԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի կառուցումը, Իրան-Հայաստան գազատարը, և վերջապես՝ շահավետ գնով երկրի տասնամյա կայուն գազամատակարարումը: Երբեք «Գազպրոմ»-ը չի դրել այսպիսի պայմաններ, այս թեմայով նույնիսկ խոսակցությունները կթվային անտեղի: Եվ դա մեր տնտեսության մեջ հարյուրավոր միլիոնների ներդրումներ կատարելու պարագայում: Իսկ թե ինչու հիմա տեղի ունեցավ այս ամենը՝ չեմ կարող ասել, որևէ բացատրություն այս կապակցությամբ չեմ լսել:

-Պարոն նախագահ, կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգի ընդունումը դժգոհության զգալի ալիք բարձրացրեց երկրում: Ինչպիսի˚ վերաբերմունք ունեք Դուք, և քննարկվե˚լ է արդյոք դրա կիրառումը Ձեր նախագահության օրոք:

– Մի փոքր նախապատմություն: Հարցը ակտիվորեն քննարկվել է 2004-2005 թվականներին՝ ՀՀ ԿԲ-ի նախաձեռնությամբ: Քննարկումներն, ըստ էության, դիմակայության ձևով ընթացել են կառավարության և կենտրոնական բանկի միջև, քանի որ կառավարության միասնական դիրքորոշումը դեմ էր պարտադիր կուտակային ֆոնդի ներդրմանը:
Ինձ մոտ մի քանի խոշոր խորհրդակցություն տեղի ունեցան վարչապետի, կառավարության տնտեսական բլոկի պատասխանատուների և  կենտրոնական բանկի ներկայացուցիչների մասնակցությամբ: Քննարկվում էր   համաշխարհային փորձը, գնահատվեցին Հայաստանի ընդհանուր տնտեսության վրա այդ ռեֆորմների ռիսկերն ու ազդեցությունը: Կառավարության փաստարկները շատ ավելի համոզիչ էին, քան ԿԲ-ինը: Ընդ որում, ռեֆորմի իրականացնողը  հանդիսանում էր հենց կառավարությունը, ոչ թե ԿԲ-ն, և պարտադրել կառավարությանը ռեֆորմ՝ ի հակառակ իր համոզմունքների, կլիներ սխալ: Այդ պատճառով էլ որոշում կայացվեց չներդնել կենսաթոշակային ապահովագրության պարտադիր կուտակային համակարգ: Այսինքն՝ մնալ մայրցամաքային Եվրոպայի կենսաթոշակային ապահովման մոդելի պարագծում, որը հիմնված է սերունդների համերաշխության սկզբունքի վրա:
Ի դեպ, խոսքը լավ կամ վատ մոդելի ընտրության մասին չէ: Երկու մոդելներն էլ ունեն իրենց առավելություններն ու թերությունները  և տարբեր երկրներում կիրառման հաջողված կամ ձախողված օրինակներ: Խոսքը վերաբերում է կոնկրետ երկրի իրադրությանը առավել չափով համապատասխանող մոդելի ընտրությանը, և դրա ներդրման հետ կապված հնարավոր ռիսկերի ճիշտ գնահատմանը: Կուտակային ֆոնդերն ամենից շատ տարածում ունեն ԱՄՆ-ում, որտեղ ֆինանսական և ֆոնդային շուկայի զարգացածության շնորհիվ կուտակումներն արդյունավետ կառավարելու, սեփական տնտեսության պարագծում պահելու լայն հնարավորություններ կան: Էֆեկտն այստեղ կրկնակի է. փողերն աշխատում են ինչպես քաղաքացու, այնպես էլ երկրի տնտեսության օգտին:
Ինչպիսի˚ն է ներկայիս իրադրությունը Հայաստանում:  Մի կողմից ծերացող բնակչությունը, նրա ակտիվ մասի երկրից հեռանալը վատթարացնում են աշխատողների և թոշակառուների առանց այդ էլ խնդրահարույց հանդիսացող համամասնությունը և բարդացնում աշխատող մասի կողմից թոշակառուների թոշակների վճարումը: Մյուս կողմից աղքատության աճը կուտակային հատկացումները երիտասարդ աշխատողների համար դարձնում են չափազանց զգալի և ռեալ կերպով վատթարացնում են նրանց ֆինանսական վիճակը:
Քննարկումները ցույց տվեցին, որ կուտակային հատկացումներին կառավարության մասնակցությունը բավարար շարժառիթ չէ երիտասարդության համար՝ նկատի առնելով ռեֆորմի երկարատև բնույթն ու վստահության մեծ դեֆիցիտը: Դրա հետ մեկտեղ, միևնույն է՝ դրանք հարկատուների գումարներն են:
Հայաստանը գործնականում չունի ֆոնդային շուկա և ակնհայտ է, որ կուտակված միջոցների մի մասը պարտքի տեսքով տրվելու է կառավարությանը դրա՝ պարտքային պարտավորությունների ձեռքբերման միջոցով: Կառավարությունը հարմար առիթ է ստացել մեծացնելու ներքին փոխառությունները և շատ հավանական է կխանդավառվի դրանով: Միջոցների մյուս մասը դուրս է բերվելու Հայաստանի սահմաններից, որովհետև մենք դրանք կառավարելու բավարար ֆինանսական գործիքներ չունենք: Սա դժվար է դրական հանգամանք անվանել երկրի տնտեսության համար (հաշվի առնելով նաև արդեն իսկ գոյություն ունեցող զգալի պարտքը(:
Որևէ հրաշագործ լուծում այստեղ պարզապես չկա: Ակնհայտ է միայն, որ տնտեսական աճի լավ տեմպի և բնակչության զբաղվածության բարձր մակարդակի պարագայում  հարցի սրությունը նշանակալիորեն մեղմ կլիներ:
Իմ կարծիքով ամենամեծ խնդիրը ֆինանսական շուկանների աճ գրանցած  տատանողականությունն է, ինչի հետևանքով մեծանում են թե կուտակված միջոցների կառավարման, թե դրանց մասնակի կորստի հետ կապված ռիսկերը:
Վերջին ճգնաժամի հետևանքով բազմաթիվ կենսաթոշակային ֆոնդեր լուրջ գումարներ կորցրեցին և չկա ոչ մի երաշխիք, որ այդպիսի բան էլ չի կրկնվի: Նման կորուստները փոխհատուցելու բավարար միջոցներ ՀՀ կառավարությունը չունի: Երաշխավորումը բյուջեով՝ փաստարկ է միայն միամիտների համար: Իսկ թե որքան արդյունավետ կկառավարվեն քաղաքացիների կուտակած միջոցները՝ մեծ հարց է:
Կենսաթոշակային բարեփոխման մակրոպատկերի մասին այսքանը: Չեմ ուզում մխրճվել ընդունված օրենքի խնդրահարույց մանրամասների մեջ: Դրանց մասին շատ են խոսել (և բավականին փաստարկված) կառավարության ընդդիմախոսները ինչպես ԱԺ-ում, այնպես էլ մամուլում հրապարակված տարբեր հոդվածներում և ծավալված քննարկումներում: Կարծում եմ, այդ դիտողություններից շատերին պետք էր ականջալուր լինել:
Միայն ժամանակը կարող է ցույց տալ, թե արդյոք ճիշտ վարվեց կառավարությունը՝ սկզբնավորելով պարտադիր կենսաթոշակային կուտա-կում¬ները: Ցավոք, այդ ռեֆորմի յուրահատկությունը շատ երկարաժամկետ լինելն է, և որպես կանոն, երբ խնդիրներ են ծագում, ռեֆորմների հեղինակներին արդեն քչերն են հիշում:
Իմ վերաբերմունքը ընդունված օրենքին բացասական է, նկատի առնելով ձախողվելու բարձր հավանականությունը՝ մեր քաղաքացիների միջոցների կորստով: Կարելի է հետադարձ հայացքով մոդելավորել իրավիճակը և հաշվարկել, թե կուտակումների ինչ մասնաբաժին կկորցնեին մեր քաղաքացիները ճգնաժամի պատճառով, եթե մենք 2005 թվականին ներդրած լինեինք պարտադիր կուտակումը: Ներողություն խնդրելը ինձ հաստատ չէր փրկի: Իսկ ճգնաժամերը պարբերաբար կրկնվում են և, որպես օրենք՝ այն ժամանակ, երբ դրանց ոչ ոք չի սպասում:

– Մեր կայքին Ամանորի նախօրեին տված Ձեր հարցազրույցը մինչ օրս էլ ներքաղաքական օրակարգի կենտրոնական թեման է մնում: Քաղաքական գործիչներից ու լրագրողներից շատերը հակված են գնահատել այն որպես մոտ ապագայում Ձեր՝ մեծ քաղաքականություն վերադառնալու հայտ: Բացի այդ, մամուլն ամեն օր գրում է վարչապետի հետ Ձեր բանավեճի շարունակության տարբերակների մասին, առավել ևս, որ անցած շաբաթ վարչապետը հանդես եկավ ծավալուն հոդվածով, ուր փորձեց արդարացնել իր արտահայտությունները այսպես կոչված “շինարարական փուչիկի” վերաբերյալ: Ի˚նչ կասեք այդ բացատրությունների կապակցությամբ: Եվ, արդյո˚ք Ձեր դեկտեմբերյան հարցազրույցը իրոք յուրահատուկ մի հայտ է՝ ակտիվ քաղաքականություն վերադառնալու համար: 

Նախ, գույնզգույն աղյուսակներով վերջին հոդվածի մասին: Ավելի լավ կլիներ վարչապետը լռեր: Եթե դու այդքան շատ հիփոթեք ունես՝ ինչո˚ւ այդքան քիչ է շինարարությունդ (բառափոխում եմ հայտնի ամերիկյան ասացվածքը): Եթե հավատանք թվերին, ապա հոդվածը հանգեցնում է մեկ եզրակացության. չնայած, որ հիփոթեքը կայուն աճ է արձանագրում, և դրա պայմանները բարելավվում են, միևնույն է՝ շինարարության ծավալները շարունակում են նվազել: Բայց դա ոչ միայն չի հերքում իմ հարցազրույցի հիմնական փաստարկները, այլև ամրապնդում է դրանք: Սակայն ես հակված չեմ հավատալ թվերին. դրանց մեջ խորամանկության մեծ չափաբաժին կա:

1. Աղյուսակներում դրված տվյալները հեռու են հիփոթեքի իրական ծավալներից և պայմաններից: Այդ թվերի զգալի բաժինը կազմում են անշարժ գույքի վերաձևակերպված ժամկետանց գրավային պարտավորությունները: Այսպիսի “թղթաբանական հիփոթեքը” որևէ ձևով չի խթանում իրական շինարարությունը: Բանկերի համար սա ժամանակավոր ելք է իրավիճակից, որն առաջացել է գրավադրվող անշարժ գույքի խնդրահարույց լիկվիդայնությունից: Դրան հնարավոր է ըմբռնումով մոտենալ՝ հանուն բանկային համակարգի կայունության:
Այստեղ հեգնանք կա ու ցինիզմ, որովետև այս երևույթից զգուշանալ է պետք (դա հիվանդ տնտեսության հատկանիշ է), այլ ոչ թե դրանով հպարտանալ:

2. Տարբեր տարիների ցուցանիշները կոռեկտ է համեմատել միայն համադրելի թվերով: Այսինքն, մեր դեպքում, անցած 6 տարիների կուտակային գնաճի (ավելի քան 37 տոկոս) և 2009թ. դրամի փոխարժեքի արժեզրկման (30 տոկոսից ավելի) հաշվարկով: “Տնտեսագիտական կատեգորիաներով” դատողություններ անող մարդը, հավանաբար, պետք է իմանա սրա մասին: Դա վերաբերում է ինչպես հիփոթեքային վարկերի ծավալին, այնպես էլ՝ կապիտալ ծախսերին:

3. Առաջին աղյուսակում մի հետաքրքիր բան կարելի է տեսնել: Պարզվում է, տնտեսության անկումը 2009թ. եղել է 18,5, այլ ոչ թե՝ 14,1 տոկոս, ինչպես պնդում էր մեր վիճակագրությունը: Եթե դա այդպես է, ապա անկման մակարդակով 2009թ. մենք աշխարհում զբաղեցրել էնք ոչ թե երկրորդ, այլ առաջին տեղը, ճիշտ է՝ վերջից: Շնորհավորում եմ վարչապետին: Ըստ նույն աղյուսակի, 2001-2007թթ. տնտեսության միջին տարեկան աճը ընդհանրապես առանց շինարարության կազմել է 8,6 տոկոս: Ցանկացած երկրի վարչապետ կարող է երազել դրա մասին:
Հիմա իմ հարցազրույցի շարժառիթների մասին:
Ես արտահայտվել եմ և արտահայտվելու եմ Հայաստանի ներկայի և ապագայի օրախնդիր հարցերի վերաբերյալ՝ անկախ մեծ քաղաքականություն վերադառնալու հանգամանքից: Ես չեմ կարող անտարբերությամբ նայել երկրում կուտակվող խնդիրներին և անկեղծ արտահայտում եմ իմ վերաբերմունքը դրանց: Գուցե երբեմն չափից դուրս շիտակ է ստացվում, բայց նաև մատչելի ու կարևորը՝ ազնիվ:
Բանավիճել որևէ մեկի հետ, առավել ևս վարչապետի, չեմ պատրաստվում: Նրա վերջին հոդվածը ցույց է տալիս, որ նա անհույս է: Անիմաստ է բանավիճել մեկի հետ, ով 6 տարի շարունակ արդարացնում է իր ձախողումները նախորդների գործողություններով:
Ցանկացած իշխանության գործունեության գնահատման գլխավոր ցուցանիշը շատ պարզ է. մարդկանց կյանքը այդ իշխանության օրոք լավացե˚լ է թե˚վատացել: Այստեղ ոչ մի հնարք չի օգնի: Իրենց կենսամակարդակի մասին մարդիկ ոչ աղյուսակներից են տեղեկանում, և ոչ էլ՝ նկարված վիճակագրությունից:

Անկախ

«Մեծ կաշառքը» կրոնական դպրոցների փակման դիմաց եւ խորքային պետության ճշտած սահմանները

շահանՆերթուրքական հարթության վրա արձանագրվող մագլցումների քաղաքական մեկնաբանությունը պարզ չէ, չասելու համար, որ բավական բարդ է: Հարցը իհարկե վերաբերում է «մեծ կաշառք» գործողության շարժառիթին, ապրող հոլովույթին, «մեծ կաշառքի» եւ «Գեզի այգու» առաջացրած մակընթացությունների տարբերություններին, տեղ-տեղ նրանց հետապնդած նպատակների համատեղմանը եւ շատ ավելի՝ նրանց ուղղակի հակասությանը:

Մեծ հարցականներ է ստեղծում ի՛նքը Ֆեթհուլլահ Գյուլենը: Նա իսլամական վարչակարգի հոգեւոր աղբյուրն է, միաժամանակ, աշխարհիկ կարգերի լուռ եւ երբեմն ուղղակի աջակցությունը վայելողը: Թուրքական օրվա վարչակարգից փախուստ տված, սակայն հեռակառավարումով Թուրքիայի նկատառելի գերատեսչություններ ղեկավարողը: Վարչակարգի խորքային հանգամանքը ունեցած լինելու համոզումը սփռողը եւ ուժային կառույցների կողմից մերթ ընդունելի եւ մերթ մերժելի նկատվողը: Վարչակարգի ամբողջական իսլամականացման ջատագովը եւ Արեւմուտքում հսկայական կառույցների եւ առեւտրական ընկերությունների սեփականատերը:

Հակասական այս երեւույթները, ինքնին առաջնորդում են «մեծ կաշառքի» հսկայածավալ գործողությունների շարքի ձեռնարկման եւ դրա հետ կապված զարգացման երեւույթների տարատեսակ մեկնաբանությունների մասին:

Նախ փորձենք ճշտել, թե ի՞նչ ժամանակահատվածի զուգադիպեց «մեծ կաշառքի» ձեռնարկումը: Գյուլենի շարժման կողմից լուրջ նախահարձակումը սկսել է այն պահին, երբ իշխող կուսակցության շարքից դուրս է եկել Հաքան Շուքուրը: Նա հայտարարել էր, որ անընդունելի է նկատում Ֆեթհուլլահ Գյուլենին ուղղված իր կուսակիցների վիրավորանքները եւ դուրս կգա կուսակցությունից: Հենց այս հրաժարականին էլ հաջորդեցին դեկտեմբերի 17-ին սկսված «մեծ կաշառք» գործողությունները, որոնք ամբողջ աշխարհի հայացքը սեւեռեցին Թուրքիայի վրա:

Վիրավորանք էր հասցվել Գյուլենին, երբ Էրդողանի գլխավորած «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը որոշում էր կայացրել փակել Գյուլենի շարժման հատուկ դպրոցները: Այնուհետեւ, բացահայտումներ, գայթակղություններ, հարցապնդումներ, փախուստներ եւ մեծածավալ գայթակղության դիմաց ստեղծված իրավիճակի բոլոր երեւույթների պարզում:

Իսլամականության եւ ժողովրդավարության համակարգման խորհրդանիշի հռչակ վայելող Ֆեթհուլլահ Գյուլենի վառած կանաչ լույսի պահը հետեւյալ երեւութական տրամաբանությունը ունի: Գյուլեն տիրապետում էր Էրդողանի գլխավորած կառավարության բոլոր ներքին ծալքերին: Այդ տեղեկությունների բացահայտումը սպասում էր հարմար պահի: Այդ պահը առերեւույթ իր հովանավորած կրոնական դպրոցները փակելու Էրդողանի կայացրած որոշումն էր: Այլապես կարելի էր հանգիստ դիտել կաշառքի եւ Գյուլենի շարժման համաժամանակյա զարգացումները:

Արեւմուտքի բարիքներն  ու շնորհները վայելող իսլամական այս առաջնորդը հավանաբար միայն ներթուրքական ներշնչումներ չուներ Էրդողանի հեղինակությունը հարվածելու: Միացյալ Նահանգներից թուրքական քաղաքական եւ տնտեսական դաշտի վրա ազդեցության գործոններ բանեցող այս իսլամական առաջնորդի առած քայլը, Թուրքիայի նախագահության գլխավոր թեկնածուին դեպի նախագահական պալատ տանող ճամբան հստակորեն նեղացնում է:

Բնապահպանական, գաղափարախոսական, կարծիքի ազատության առաջադրանքներով ծայր առած շարժման զանգվածայնացումը եւ հիմա էլ կաշառազերծման կարգախոսերով կատարվող բացահայտումների առաջացրած իրավիճակը նախանշում են թուրքական պետական եւ հասարակական գետինների անհանգիստ վիճակը: Տակավին շարժումները չեն անցնում ինքնության խնդիրների սահմանը, ինչը որ կարող է կտրուկ շրջադարձով եւ բեկումնայնությամբ հատկանշել Թուրքիայի ընդհանուր կացության փոփոխութինները: Վերջին գործողությունների ծայր առած օրերին, թեեւ հերքված, այնուամենայնիվ պետք չէ մտահան անել Անկարայում ամերիկացի դեսպանին վերագրված այն հայտարարությունը, որի համաձայն «շուտով ականատես պիտի լինենք ինչ որ կայսրության փլուզմանը»:

Ֆեթհուլլահ Գյուլեն մի առիթով մերժեց իրեն վերագրվող պետության մեջ պետություն լինելու հանգամանքը: «Մեծ կաշառքի» ձեռնարկատերը ենթադրաբար գիտի, որ հակառակ իսլամաժողովրդավարության անհաջող սինթեզներին, Թուրքիան շարունակվում է ղեկավարվել խորքային պետությամբ, ուր գերիշխող է աշխարհիկ կարգերի անվան տակ թուրք ազգայնականությունն ու ռազմականությունը: Մնացյալ կարգախոսային բաղադրիչները բնապահպանությունից մինչեւ խոսքի ազատություն, ապակաշառեցման գործողոթյուններից մինչեւ եւրոպականացման ուղիներ, իսլամականությունից մինչեւ ժողովրդավարություն կամ նրանց համատեղման փորձերը, բոլորը իրենց սահմաններն ունեն, գծված խորքային պետության ճարտարապետների կողմից: Եթե Ֆեթհուլլահ Գյուլենը այդ սահմանազանցումը կատարի, «մեծ կաշառքի» գործողությունները կփոքրանան եւ Գյուլենի դպրոցները կփակվեն ամուր կողպեքներով:

 

Շահան Գանտահարյան

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

Անկախ

 

 

Վազգեն Մանուկյանի մաղթանքը. «Սիրեք ձեր երկիրը, որովհետև դժվարությունները հաղթահարվում են սիրելու շնորհիվ»

Վազգեն Մանուկյան– Պարոն Մանուկյան, տարին բուռն էր քաղաքացիական–հասարակական ակտիվ շարժումներով, նախաձեռնություններով: Այդ տեսանկյունից ինչպե՞ս  եք այն գնահատում:

– Ընդհանրապես, Հայաստանում նոր պայմաններ են ստեղծվել, և դա երկկողմանի է. եթե իշխանությունը հայտարարեր, որ «իր դեմ խաղ չկա», այդ դեպքում քաղաքացիական հասարակությունն այսքան չէր զարգանա: Այսինքն` մի կողմից իշխանությունն է որոշակի հանդուրժողականություն ցուցաբերում, մյուս կողմից էլ առաջացել է մի նոր երիտասարդություն, որը բավականին ակտիվ է և կարողանում է իր հետևից տանել նաև մեծահասակներին, երբ ճիշտ հարցեր է բարձրացնում և իր առջև դնում: Բացի այդ, հասարակության տարբեր շերտերի մեջ զգացվում է գիտակցության փոփոխություն, փորձառություն և հասունացում:

– Ի՞նչ ցանկություններ և ի՞նչ մաղթանքներ ունեք՝ ուղղված հասարակությանը և իշխանություններին:

– Քաղաքացիական հասարակության զարգացումը նախորդ տարիների համեմատ ակնհայտ է, ինչը գնահատելի է, և եթե իմ ցանկությունների մասին խոսեմ, ապա կուզենամ, որ դա անշեղորեն շարունակվի: Իսկ այն երիտասարդներին, որոնք տարբեր հարցերում առաջնորդում են այդ քաղաքացիական շարժումները, մաղթում եմ, որ չունենան, ինչպես Ստալինն էր ասում, «головокружение от успехов» և հասկանան, որ իրենք միակն ու անփոխարինելին չեն, այլ մի մասնիկն են այդ քաղաքացիական հասարակության:

Կցանկանայի նաև, որ իշխանության որոշումները բոլոր հարցերում լինեին ավելի թափանցիկ և ավելի վերահսկելի հասարակության կողմից, իսկ դատարանները լինեին ավելի անկախ ոչ միայն իշխանություններից, այլև փողից, ինչը շատ կարևոր է: Եթե այդ ամենը լինի, կխթանի նաև տնտեսության զարգացումը, առանց որի խոսել անվտանգության, ինքնիշխանության, զարգացման մասին ուղղակի անիմաստ է:

Իսկ մեր ժողովրդին կցանկանայի, որ ամեն մի դատարկ բանից խուճապի չմատնվի, չթողնի երկրից գնա, հավատա այս երկրի ապագային, եթե նույնիսկ այս իշխանություններին չի սիրում, որովհետև կարծում եմ` նախորդներին էլ չի սիրել և ապագա իշխանություններին էլ չի սիրելու: Իշխանությունները ոչ թե սիրելու համար են, այլ աշխատեցնելու: Այ, քաղաքացիական հասարակության շարժման նպատակը իշխանություններին աշխատեցնելն է, և այդ խնդիրը պետք է հասարակությունն իր առջև դնի: Ժողովրդի ուզած իշխանությունը չի լինելու, և աշխարհի ոչ մի ժողովուրդ իր ուզած իշխանությունը չունի: Նույնիսկ այն դեպքում, երբ այդ իշխանություններն ընտրվում են ժողովրդի կողմից մեծ ոգևորությամբ, որոշ ժամանակ անց կրկին դժգոհություններ են առաջանում: Հիշենք Ֆրանսիայի օրինակը:

Այնպես որ, հույսը դրեք ձեր և երկրի ապագայի վրա անկախ նրանից, թե այս պահին ովքեր են իշխանության ղեկին: Եվ ամենակարևորը՝ սիրեք ձեր երկիրը, որովհետև դժվարությունները հաղթահարվում են սիրելու շնորհիվ:

 

Անի Գասպարյան

Անկախ

ՀՀ-ի եւ ԼՂՀ-ի մաքսակետի բացառումը Արցախի հայապատկանության իրաւականացումն է

Շահան ԳանտահարյանՂազախստանի նախագահը հատուկ կարծիք կցելով ՀՀ-ի ՄՄ-ի անդամակցության ուղղությամբ ճանապարհային քարտեզի փաստաթղթի տակ ստորագրելուց, հստակեցման առումով կարեւոր քայլ արեց։ Այս խնդրի հստակեցումը  խորհրդարանական լսումներին առաջինն արծարծեց ԱԺ պատգամավոր Արմեն Ռուստամյանը, որն այնպես էլ պատասխան չստացաւ:

Առաջին անգամ չէ, որ ՄՄ-ի անդամ եւ Բաքվի հետ հատկապես տնտեսական գերշահութային հարաբերությունների մեջ գտնվող երկրների ներկայացուցչիները նման վերապահումներով հանդես են գալիս ՀՀ-ի ՄՄ-ի անդամակցության գործընթացում։ Նույնքան պարզ է, որ Բաքուն ճիգ չի խնայելու նման դրսեւորումների ապահովմամբ խոչընդոտելու ՀՀ-ի ՄՄ միացումը կամ աւելի ճիշտ` ՀՀ-ի եւ ԼՂՀ-ի միջեւ մաքսակետի ճշտումը, Արցախը թե՜ իրողապես եւ թե՜ իրաւական գետնի վրա դուրս թողելով ՄՄ-ի սահմաններից։ Բաքվի ռազմավարությունը այս հարցում ՀՀ-ի մեկուսացումն է թե՜ ասոցացման համաձայնագրի շրջանակներից եւ թե՜ ՄՄ-ից։ Այլ խոսքով ոչ միայն «ե՜ւ ե՜ւ»-ի չաշխատելը այլ նաեւ` «կամ կամ»-ինը։ Նման կարգավիճակի բանաձեւը գուցե լինի ո՜չ սա, ո՜չ նա։ Կամ էլ մեկուսացման առումով թե՜ թե՜:

Պարզ է, որ ՀՀ-ի կողմից որդեգրված բազմավեկտոր արտաքին քաղաքականությունը որոշակի խոչընդոտների է հանդիպում։ Բայց կա ի վերջո առաջնայնության խնդիր եւ այս դեպքում Արցախի ներկա իրողության ընկալման խնդիրն է այս կամ այն միության կողմից։ Նույն հարցը կարելի էր տալ նաեւ ԵՄ-ին, իմանալու համար որ խորը եւ համապարփակ առեւտրի համաձայնագիրը ի՞նչպես էր ընկալելու արցախյան տարածքը։

Նախագահ Պուտինը դեռեվս իր խոսքը չի ասել։ Այսուհանդերձ, ՀՀ-ի ՄՄ մուտք գործելու դեպքում արցախյան կարգավիճակը ընդհանրապես քննարկման թեմա չպետք է դառնա։ Այս առումով ուղենշային է Ստեփանակերտի դիրքորոշումը, որը արտահայտել է ԼՂՀ վարչապետը:

ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի պնդմամբ, ճիշտ չեն քննարկումները, թե ինչ է լինելու Արցախի «ճակատագիրը» Հայաստանի՝ ՄՄ-ին անդամակցելու դեպքում:

Վարչապետի խոսքով, Արցախի ու Հայաստանի միջև մաքսակետի գոյությունը բացառվում է:

«ՄՄ երկրները դեռևս նախնական պլանավորման ու բանակցությունների փուլում են, բնականաբար, նրանք տեխնիկական մի շարք հստակեցումների կարիք ունեն: Բայց մի բան միանշանակ է՝ Արցախի սահմանները վիճարկման ենթակա չեն ոչ որևէ պետության, ոչ էլ պետությունների խմբերի կողմից»։

ՀՀ-ի հետ միաժամանակ Արցախի ներառումը ՄՄ, տարածքի հայապատկանության փաստացի ընդունումը կլինի ՄՄ-ի պետությունների կողմից։ Ռազմավարական գետնի վրա գուցե աւելի նպատակահարմար լիներ, որ ԼՂՀ իբրեւ անկախ միավոր ՀՀ-ի հետ առընթեր ունենար ճանապարհային քարտեզ միանալու ՄՄ-ին։ Սա աւելի  համահոնչ էր դեպի միջազգայն ճանաչում ուղղվող Արցախին։ Սակայն ՀՀ-ի հետ համատեղ Արցախի ներառումը ՄՄ-ին արդեն իսկ փաստում է, որ Արցախն իր ներկա սահմաններով ՄՄ-ի անդամ պետությունների համար դուրս է ադրբեջանական տարածքից։ Սա արդեն կարող է դիտվել դեպի իրաւական ճանաչում գրանցվող գործնթացներում կարեւոր շրջադարձ։

 

Շահան Գանտահարյան

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

 Անկախ

Շվեյցարիան պետք է բողոքարկի Հայոց ցեղասպանության վերաբերյալ Եվրադատարանի վճիռը

Հարութ ՍասունյանԱնցյալ շաբաթ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Հայոց ցեղասպանությանն առնչվող մի կարևոր որոշում կայացրեց Դողու Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի գործով:
Փերինչեքը` աննշան թուրքական կուսակցության ղեկավարը, 2005 թվականին մեկնել էր Շվեյցարիա այն դիտավորությամբ, թե ինչպես են շվեյցարական իշխանությունները հանդգնելու պատժել իրեն Հայոց ցեղասպանության ժխտման համար: Հայոց ցեղասպանությունը նա լկտիաբար անվանել էր «միջազգային սուտ»:
Ի պատասխան «Շվեյցարիա-Հայաստան» ընկերակցության կողմից քրեական գործ հարուցելու մասին բողոքի` Լոզանի ոստիկանության դատարանը 2007 թվականի մարտին Փերինչեքին դատապարտել և տուգանել էր ռասայական խտրականության համար: Շվեյցարիայի վերաքննիչ դատարանը հաստատել էր իր դատավճիռը, որոշելով, որ նա խախտել էր Քրեական օրենսգրքի 216-րդ հոդվածը: Շվեյցարիայի Ազգային խորհուրդը (խորհրդարանը) դեռևս 2003 թվականին ճանաչել էր Հայոց ցեղասպանությունը: Հետագայում Փերինչեքն իր գործով դիմել էր Շվեյցարիայի բարձրագույն դատական ատյանին` Դաշնային դատարան, որն էլ վերահաստատել էր նրա դատավճիռը:
2008 թվականի հունիսի 10-ին Փերինչեքը բողոքարկել էր իր դատավճիռը Ստրասբուրգում գտնվող Մարդու իրավունքների եվրոպական դատարանում, պնդելով, որ իր բազմաթիվ իրավունքները, այդ թվում` խոսքի ազատության իրավունքը, խախտվել են շվեյցարական դատարանների կողմից: Նա 140 հազար եվրո փոխհատուցում էր պահանջել բարոյական և ֆինանսական վնասների, ինչպես նաև դատական ծախսերի համար:
2013 թվականի դեկտեմբերի 17-ին Եվրադատարանը չի բավարարել Փերինչեքի գրեթե բոլոր պահանջները (Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ, 7-րդ, 14-րդ, 17-րդ և 18-րդ հոդվածները) և մերժել փոխհատուցման նրա դիմումը: Սակայն, յոթ դատավորներից հինգը որոշել են, որ Շվեյցարիան խախտել է Փերինչեքի խոսքի ազատության իրավունքը (Հոդված 10):
Սա շատ արտասովոր որոշում էր, քանի որ խոսքի ազատությունը բացարձակ իրավունք չէ եվրոպական իրավագիտության մեջ: Շատ եվրոպական երկրներ սահմանափակումներ են կիրարկել խոսքի ազատության վերաբերյալ, ներառյալ ազատազրկում` Հոլոքոստի ժխտման համար: Հոլոքոստի ժխտման պատժումը, իսկ Հայոց ցեղասպանության ժխտման հանդուրժումը անընդունելի երկակի ստանդարտներ են: Կամ երկու ցեղասպանությունների ժխտումը պետք է լինի պատժելի կամ ոչ մեկը:
Եվրոպական դատարանի 80 էջանոց որոշումը հեշտ չէր կարդալ ոչ միայն այն պատճառով, որ այն ֆրանսերեն էր գրված, այլ այն, որ հինգ դատավորները, որոնք ի նպաստ Փերինչեքի էին վճիռ կայացրել, համարյա բոլոր հարցերի վերաբերյալ սխալ մեկնաբանություններ էին արել: Մի ամբողջ գիրք կարելի է գրել նրանց անհամար փաստացի սխալները հերքելու համար: Դատավորները խեղաթյուրված են ներկայացրել Փերինչեքի անհիմն պնդումները, շվեյցարական օրենքներն ու դատավճիռները, Հայոց ցեղասպանության և նրա միջազգային ճանաչման փաստերը, միաժամանակ անընդհատ հակասելով իրենք իրենց: Իրավիճակն էլ ավելի խճճվեց, երբ դատարանի քարտուղարն անցյալ շաբաթ հրապարակեց չորս էջանոց մի հաղորդագրություն, որով ավելի խեղաթյուրեց դատարանի վճիռը, դրանով իսկ ամբողջությամբ շփոթության մեջ գցելով միջազգային լրատվամիջոցներին դատի մանրամասների վերաբերյալ:
Ահա այն հինգ դատավորները, որոնք հաստատեցին Փերինչեքի կեղծ մեղադրանքները. Գվիդո Ռայմոնդի (Իտալիա), Պիեռ Լորենցեն (Դանիա), Դրագոլյուբ Պոպովիչ (Սերբիա), Անդրաս Սաջո (Հունգարիա) և Հելեն Քելեր (Շվեյցարիա): Դեմ արտահայտված դատավորներն էին Նեբոժսա Վուչինիչը (Չեռնոգորիա) և Պաուլո Պինտո դը Ալբուկերկեն (Պորտուգալիա): Դատավճռին կից յոթ էջանոց լրացման մեջ դատավորներ Ռայմոնդին և Սաջոն կրկին հակասեցին իրենք իրենց` արդարանալով ի նպաստ Փերինչեքի վճիռ կայացնելու համար: Հարցեր բարձրացնելով «հայկական ջարդերի» հավաստիության մասին, հետո պնդելով, թե իրենց խնդիրը ցեղասպանության փաստերը գնահատելը չէ, այս երկու դատավորները հաստատեցին, որ հայ ժողովրդի ոչնչացումը եղել է կառավարության հովանավորությամբ, դրանով իսկ ընդունելով դրա ցեղասպան բնույթը: Սակայն նրանք պնդում են Հայոց ցեղասպանությունը վկայակոչել որպես «Մեծ եղեռն», որը թարգմանում են որպես «Մեծ հանցագործություն»: Մյուս կողմից, տարակարծիք դատավորներ Վուչինիչը և Պինտո դը Ալբուկերկեն, դատավճռին կից ներկայացրել են իրենց 19 էջանոց խորապես ուսումնասիրված համապարփակ զեկույցը Հայոց ցեղասպանության մասին: Այս արժեքավոր ուսումնասիրությունն անհրաժեշտ է թարգմանել մի քանի լեզուներով և տարածել ամբողջ աշխարհում:
Առավել հրատապ, Հայաստանի կառավարությունը և Սփյուռքի գլխավոր կազմակերպությունները պետք է խնդրեն Շվեյցարիայի կառավարությանը բողոքարկել Եվրադատարանի դատավճիռը նրա 17 դատավորներից կազմված Մեծ պալատում 90-օրյա ժամկետում: Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը կոչ է արել աշխարհասփյուռ հայությանը բողոքել դատարանի վճռի դեմ` իրենց կառավարություններին դիմելու և Եվրադատարանին բողոքի նամակներ հղելու միջոցով: Եվրոպայի Հայ Դատի հանձնախումբը խոստացել է ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները դատարանի որոշումը խափանելու համար` հորդորելով Շվեյցարիային հայց ներկայացնել:
Եթե Եվրոպական դատարանի որոշումը թողնվի անպատասխան, ապա այն բացասական ազդեցություն կունենա ոչ միայն Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման ջանքերի վրա եվրոպական երկրներում, մասնավորապես Ֆրանսիայում, բայց որ ավելի կարևոր է` Ցեղասպանության առաջիկա Հարյուրամյակի վրա: Դատավճիռն իր ներկայիս տեսքով հավանություն է տալիս ինչպես Թուրքիայի, այնպես էլ Փերինչեքի ժխտողական դիրքորոշմանը, որն իր քրեական գործունեության համար այժմ ցմահ ազատազրկման է դատապարտվել և պատիժը կրում է թուրքական բանտում: Թուրքիան անմիջականորեն միջամտել է այս դատին` ընդարձակ ցուցմունք ներկայացնելով Եվրադատարան: Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել լկտի հայտարարությամբ` անամոթաբար ողջունելով դատավճիռը և պարծենալով խոսքի ազատությանն իր աջակցության համար: Համաձայն Թուրքիայի Քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի` Հայոց ցեղասպանության մասին ճշմարտությունն ասելը համարվում է հանցագործություն, մինչդեռ Շվեյցարիայում Ցեղասպանության մասին ստելն է հանցագործություն:
Հանուն ճշմարտության և արդարության չափազանց կարևոր է, որ Շվեյցարիայի կառավարությունը բողոքարկի դատարանի վճիռը և չենթարկվի թուրքական քաղաքական և տնտեսական բոլոր ճնշումներին:

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Անկախ

Մեկ տարում արդեն ինձ երևանցի թուրք եմ զգում

MuratՎերջին տարիներին հայ-թուրքական հարաբերություններում դրական առաջընթաց չի նկատվում, երկու երկրների միջև բացակայում են դիվանագիտական հարաբերությունները, այդուհանդերձ, հասարակական ոլորտում կարելի է որոշ տեղաշարժեր արձանագրել:

Մի շարք համատեղ ծրագրերի իրականացումն ու հասարակական նախաձեռնությունները հանգեցրին նրան, որ հայ և թուրք ուսանողներն այլևս չեն խուսափում հարևան երկիր գնալուց և այնտեղ սովորելուց: Այդ եզակի ուսանողներից մեկն էլ 28-ամյա Մուրադ Այդեմիրն է: Նա ծնվել է Տրապիզոնում,  քաղծառայողի ընտանիքում: 2005 թ. ընդունվել է Անկարայի Բիլքենթ համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետ: Մասնակցել է ՆԱՏՕ-ի ահաբեկչության դեմ պայքարի կատարելագործման կենտրոնի կազմակերպած որոշ դասընթացների: Արդեն մեկ տարի է, ինչ սովորում է Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության բաժնի մագիստրատուրայում: «Անկախի» լրագրողը հանդիպել և զրուցել է Մուրադի հետ: Նա հայտնել է հայերի և Հայաստանի վերաբերյալ իր տպավորությունները, պատմել հայ ընկերների մասին, ինչպես նաև` մտքեր հայտնել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում հասարակական դիվանագիտության կարևորության շուրջ:

– Ինչո՞ւ և ինչպես որոշեցիք գալ ու սովորել Հայաստանում:

– Բակալավրիատում սովորելու տարիներին տարածաշրջանային անվտանգության և կոնֆլիկտների լուծման դասընթացները, ինչպես նաև անձնական հետաքրքրությունն ինձ մղեցին այս որոշմանը: Կովկասյան տարածաշրջանը Թուրքիայի համար շատ կարևոր է, և այստեղ ծագած ցանկացած խնդիր լրջորեն անդրադառնում է նաև Թուրքիայի վրա: Այդ պատճառով որոշեցի ուսումս շարունակել տարածաշրջանային որևէ երկրում: Ինչու ընտրեցի Հայաստանը հարցին այսպես կպատասխանեմ. բացի այն հանգամանքից, որ Հայաստանը տարածաշրջանում կարևոր դեր ունի, ինձ առաջնորդեց ավելի զգացմունքային մի գործոն: Հայ ժողովուրդն այս տարածաշրջանի հնագույն ազգերից է, և ես ցանկացա նրան ավելի մոտիկից ճանաչել: Ցավոք, մեր երկրում Հայաստանով զբաղվող փոքրաթիվ մասնագետներ կան, և այս ոլորտում առաջատար լինելու համար նախընտրեցի անմիջապես տարածաշրջանում գտնվել:

– Ձեր ընտանիքն ու ընկերներն ինչպե՞ս ընդունեցին այս որոշումը:

– Բնականաբար, ընտանիքս շատ զարմացավ, սակայն բացասաբար չարձագանքեց իմ այս որոշմանը: Մայրս փոքր-ինչ անհանգստանում էր, քանի որ մի երկիր էի մեկնելու, որտեղ ոչ մի ծանոթ չունեի և հայերեն մի բառ անգամ չգիտեի: Ընկերներիս արձագանքը տարբեր էր: Մի մասն ասում էր, թե չարժե որ գնամ, որ արկածներ եմ փնտրում, և հնարավոր է` մեծ խնդիրների հետ բախվեմ: Ոմանք նույնիսկ վախենում էին, որ այստեղ գտնվելու ընթացքում հայերն ինձ կձուլեն: Իհարկե, իմ որոշումը խրախուսող ընկերներ էլ ունեմ: Մենք համակարծիք ենք այն հարցի շուրջ, որ իմ այս քայլը հետագայում կարող է օրինակ ծառայել ինձ նման մտածող ընկերներիս համար: Սա գիտակցելն ու զգալն իսկապես շատ հաճելի է:

– Մինչ Հայաստան գալը ի՞նչ գիտեիք մեր երկրի մասին: Արդյոք ունեի՞ք որոշ մտավախություններ:

– Երկրի մասին աշխարհագրական ընդհանուր տեղեկություններ գիտեի, ծանոթ էի  արտաքին քաղաքականության առաջնահերթություններին: Սակայն երբ այստեղ եկա, հասկացա, որ այս ամենը ոչինչ չի նշանակում, քանի որ մարդկանց մասին գաղափար չունեի: Մարդկանց հետ մտերմանալու համար պետք է մշակույթին ծանոթ լինել, այսինքն` իմանալ հայերի մտածելակերպը, կենսակերպը, ավանդույթներն ու սովորույթները: Այս ամենի մասին ես ոչինչ չգիտեի:

Անկեղծ ասած, սկզբնական շրջանում որոշ մտավախություններ ունեի: Վախենում էի, որ անգիտակցաբար կարող եմ նեղացնել մարդկանց կամ ինքս նեղվել որոշ բաներից: Սակայն կարծում եմ, որ այս շրջանը հաջողությամբ հաղթահարեցի:

 

– Ինչպե՞ս ընդունվեցիք համալսարան, նոր միջավայրին հե՞շտ հարմարվեցիք:

– Սկզբում եկա Երևան, հայտ ներկայացրեցի համալսարան, դիմում գրեցի կրթության նախարարությանը, շրջեցի քաղաքում և վերադարձա Թուրքիա: Ինձ ասացին, որ համալսարանից զանգի սպասեմ: Սակայն գրեթե հույս չունեի, քանի որ հարցազրույցս շատ լավ չէր անցել: Անցավ մոտ 20 օր, և արդեն բանակ գնալուս ժամանակն էր հասել, երբ զանգ ստացա և իմացա, որ ընդունվել եմ:

Սկզբում նոր միջավայրին մի քիչ դժվար էր հարմարվել, հայերեն ընդհանրապես չգիտեի և սկզբնական շրջանում փորձում էի ռուսերենով իմ հարցերը լուծել: Եղել են դեպքեր, երբ չեմ կարողացել ասել, թե որ կանգառում պետք է իջնեմ և շատ հեռու մի տեղում եմ իջել երթուղայինից: Ոչ ոք պարտավոր չէ սիրել դիմացինին, սակայն հայերը շատ ջերմ վերաբերմունք ցուցաբերեցին իմ նկատմամբ, և այստեղ այնպիսի ընկերներ եմ ձեռք բերել, որոնց հետ ամբողջ կյանքում շփվելու եմ: Հատկապես երախտապարտ եմ ինձ աջակցող մարդկանց՝ հյուրանոցի աշխատակցուհի Մարիաննային, որ Հայաստան գալուս առաջին օրն ինձ ատամնաբույժի մոտ տարավ, ինձ հայերեն սովորեցնող դասախոսներին, հանրակացարանի` եղբոր նման ինձ հարազատ դարձած աշխատակիցներին, իմ ընկերներին և ինձ իրենց հարազատ զավակի նման սիրող ընկերներիս ընտանիքներին: Հիմա մտածում եմ, թե ինչպես 7 տարի Անկարայում չկարողացա հարմարվել, իսկ այստեղ մեկ տարում ինձ երևանցի եմ զգում, շատ հետաքրքիր մի զգացողություն է:

 

– Որևէ խնդիր ունեցե՞լ եք այն պատճառով, որ թուրք եք:

– Քաղաքացիությանս համար ոչ մի խնդիր չեմ ունեցել: Իհարկե, եղել են հարցեր, որոնց շուրջ ընկերներիս հետ տարաձայնություններ եմ ունեցել, սակայն դա ոչ մի կապ չունի իմ թուրք լինելու հետ: Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդ եմ գնացել, սակայն նույնիսկ հայ ժողովրդի համար այդ կարևոր օրերին իմ նկատմամբ բացասական վերաբերմունք չի եղել: Ես այստեղ ինձ շատ հանգիստ եմ զգում, փողոցում զբոսնելիս նունիսկ անձնագիրս ինձ հետ չեմ վերցնում: Ուզում եմ նշել, որ եթե իմ հայ եղբայրներից որևէ մեկը Թուրքիա գա` ես ամեն կերպ պատրաստ եմ նրանց օգնել:

 

–Նշեցիք, որ շատ հայ ընկերներ ունեք, կպատմե՞ք նրանց մասին: Ինչպե՞ս է անցնում Ձեր ժամանակը համալսարանում և դրանից դուրս:

– Այո, ես շատ հայ ընկերներ ունեմ և՛ հանրակացարանում, որտեղ ապրում եմ, և՛ առօրյա կյանքում: Երբ նոր էինք ծանոթանում, բոլորը զարմանում էին, նույնիսկ կեսկատակ ասում էին, թե ես լրտես եմ: Հավանաբար, նրանց վրա տպավորություն էր գործել այն, որ մեր մշակույթներն այդքան նման են իրար: Այստեղի հայերից շատերի արմատները տանում են դեպի Թուրքիա: Ոմանց պապերը Էրզրումից են, մյուսների տատերը՝ Վանից: Շատ հաճելի է լսել ընկերներիս հուշերն իրենց նախնիների մասին, մտերմանալ նրանց հետ: Սկզբում լեզվական խնդիրներ ունեի, սակայն հիմա ոչ ոք չի հավատում, որ ես թուրք եմ: Ընկերներիցս ոմանք, եթե նույնիսկ թուրքերին չեն սիրում, իմ ներկայությամբ իրենց կարծիքը չեն արտահայտում: Այն հանգամանքը, որ մարդկանց աչքին ես «լավ թուրք» եմ, իսկ մյուս հայրենակիցներս՝ թշնամի, ես կապում եմ նրա հետ, որ մեր երկու երկրների միջև բավարար հարաբերություններ չկան: Սա վերաբերում է նաև Թուրքիայի իմ ընկերներին:

Իսկ այժմ ես մի տեսակ նեղվում եմ, եթե Սասունի և Սլավիկի հետ թեյ չենք խմում, քաղաքական հարցերի շուրջ հաճախակի բանավեճի չենք բռնվում: Օրվա առաջին ժամերն անցկացնում եմ իմ աղավնիների հետ, որոնց բերել եմ Թուրքիայից: Եթե շուտ եմ արթնանում, սովորաբար գնում եմ Կասկադ և նայում Արարատին: Բառարանի օգնությամբ փորձում եմ հետևել ամենօրյա հայկական մամուլին, մոտ ժամանակներս կսկսեմ կարդալ հայոց պատմությունը: Սա ինձ համար շատ կարևոր է, քանի որ կարդալով այն բաները, որ չգիտեմ, և այն գրքերը, որոնք չկան Թուրքիայում, կարողանում եմ ինքնակրթվել և անձնապես զարգանալ: Բացի այդ, փորձում եմ բարելավել հայերենի իմացությունս: Ուրբաթ և շաբաթ օրերը սովորաբար հանրակացարանում չեմ մնում: Երեկոները դրսում եմ անցկացնում կա՛մ մտերիմներիս ընկերակցությամբ, կա՛մ էլ մենակ:

 

– Այսօրվա Հայաստանն ինչքանո՞վ է նման Թուրքիային:

– Այսօրվա Հայաստանն ինչ-որ առումով նման է այն ժամանակների Թուրքիային, երբ ես ավագ դպրոցում էի սովորում: Կարծում եմ, որ գլոբալիզացիայի պայմաններում Հայաստանը պետք է հետևողական լինի իր արժեքների պահպանության հարցում: Թուրքիայի մեծ քաղաքներում այս արժեքները ժամանակի հետ կորել են: Երկու երկրների միջև եղած մշակութային նմանությունները ես համեմատում եմ Արարատի հետ, քանզի նրան որ կողմից էլ նայենք, միևնույն է, նույն տեղին ենք նայում: Մտաբերածս առաջին նմանություններն են հյուրասիրությունը, դիմացինին օգնելու պատրաստակամությունը, խնջույքներն ու տոնախմբությունները, լեզվամտածողությունը, մեր թուրքական սուրճի պես հայկական սուրճի առկայությունը:

– Երբ մեկնում եք Թուրքիա, ի՞նչ եք պատմում հայերի և Հայաստանի մասին:

– Երևանն ինձ համար հրաշալի մի քաղաք է, և իմ մտերիմ շրջապատն այդ մասին գիտի: Հրապարակի ճարտարապետությունը, կանոնակարգված պողոտաները, քիչ խցանված երթևեկությունը, Արարատի՝ նմանը չունեցող տեսքը, տոլմայի` թուրքականից ոչ պակաս համը այս քաղաքի յուրահատկություններից միայն մի քանիսն են: Ես այնքան եմ պատմել ձեր հյուընկալության մասին, որ ընտանիքս բարկանում է, թե ինչու իմ հայ ընկերներին հետս Թուրքիա չեմ տանում:

– Ի՞նչ եք կարծում, ի՞նչն է խանգարում մեր երկու ժողովուրդներին խաղաղ ապրելու համար:

– Ես ոչ մի խոչընդոտ չեմ տեսնում մեր երկու երկրների երկարատև և խաղաղ համակեցության համար: Եթե այսօրվա վիճակին նայենք, ապա գոյություն ունեցող արգելքը երկու պատճառ ունի: Առաջինը անհատական մակարդակում առկա նախապաշարմունքներն են, իսկ երկրորդը քաղաքական կամքի պակասությունն է: Այս երկու հանգամանքներն իրար հետ ուղղակիորեն կապված են և մեկ օրում լուծվող հարցեր չեն, սակայն պատմության մեջ ոչ մի պատերազմ կամ քաղաքական պայքար, ի վերջո, առանց լուծման չի մնացել: Այս հարցում քաղաքական գործիչները շատ գործ ունեն անելու, քանզի այն հնարավոր է լուծել ուժեղ տեսլականի և քաղաքական կամքի դռսևորման միջոցով: Չեմ կարծում, որ այս հարցում երրորդ մի դերակատարը մեզ կարող է հասկանալ այնպես, ինչպես մենք: Եթե պետական այրերն այս համարձակ քայլը կատարեն կամ իրենց ձեռնարկած քայլերի իրականացման համար անհրաժեշտ հմտություն դրսևորեն, ապա դա օրինակ կդառնա մարդկանց համար, կոգևորի նրանց՝ այդպիսով դուռ բացելով երկխոսության համար:

– Դուք Հայաստանում սովորող եզակի թուրք ուսանողներից մեկն եք: Ձեր կարծիքով` ուսանողական նման փոխանակումները կարո՞ղ են նպաստել հասարակական մակարդակում կարծրատիպերի վերացմանը:

– Այս պահին Հայաստանում ուսանող միակ թուրքը ես եմ, սակայն մի քանի տարի առաջ ընկերս էր Երևանում սովորում: Իհարկե, հարևան երկրում սովորելու հնարավորությունը նպաստում է այս գործընթացներին, քանի որ այսօրվա ուսանողները վաղը , եթե ոչ որոշում կայացնողներ, ապա գոնե գիտակից քաղաքացիներ կդառնան: Եթե ընդունենք, որ գիտությունն ու գաղափարն այս դարում ամենաուժեղ զենքերն են, ապա կարծում եմ, որ սրանք էական նշանակություն կունենան հասարակական ընկալման ձևավորման գործում: Եթե թուրք ուսանողը Հայաստանի վերաբերյալ գիտական աշխատանքներ է գրում, ապա ինչքան էլ օգտվի թուրքական աղբյուրներից, միևնույն է, չի կարող չանդրադառնալ արևմտյան և ռուսական աղբյուրներին: Ես թուրք ուսանողի օրինակը բերեցի, սակայն սա վերաբերում է նաև Հայաստանում սովորող թուրքագետ ուսանողներին և անվանի դասախոսներին, որոնք իրենց աշխատանքներում օգտվում են թուրքական գրականությունից: Այս առումով ուսանողական փոխանակումները հնարավորություն են ստեղծում ուղղակիորեն առնչվելու անհրաժեշտ տեղեկատվությանը: Օրինակ, եթե թուրքագետ ուսանողները հնարավորություն ունենան որոշ ժամանակ կրթություն ստանալու Թուրքիայում, ապա դրանից միայն կշահեն: Ես այս օրինակը բերեցի որպես հասարակական գիտությամբ զբաղվող մարդ, սակայն կարծում եմ, որ բնագիտության ասպարեզում ևս  երկու կողմերն իրարից շատ բան ունեն սովորելու: Ուսանողական փոխանակումները դրականորեն կազդեն հատկապես հասարակական դիվանագիտության վրա, որն ամենից շատ է զգում երկու երկրների հարաբերությունների պակասությունը: Կարծում եմ, դա մի լավ սկիզբ կդառնա դիվանագիտական հարաբերությունների վերականգնման համար:

Հարցազրույցը` Տաթևիկ ՍԱՐԳՍՅԱՆԻ

Անկախ

Մարդու իրավունքներն ընդդեմ ազգային իրավունքների եւ առաջնահերթությունների ճշտման հարցը

Շահան ԳանտահարյանՄարդու իրավունքների եւրոպական դատարանի վճիռը, որի համաձայն Հայոց ցեղասպանության ժխտումը չի կարելի քրեական արարք համարել, իբրեւ բացատրություն հիմնվում է ազատ կարծիքի սկզբունքի վրա: Սակայն ածանցյալ հիմնավորում կա Մարդու իրավունքների եւրոպական դատարանի վճռում: Պարզ ձեւով ասվում է, որ Հայոց ցեղասպանության ճանաչման առումով միատեսակ կարծիք չկա: Ճիշտ այստեղ է, որ մարդու իրավունքի եւրոպական կառույցը մատնում է ինքն իրեն: Հարցը համեմատվում է հրեական Ողջակիզման (Հոլոքոստ) հետ:

Հիմա փորձենք համեմատել ազատ կարծիքի իրավունքը եւ միջազգային համախոհությունը: Եթե մարդու կարծիքի ազատությունը բացարձակ եւ անքննարկելի սկզբունք է, ապա այդ դեպքում միջազգային համաձայնությունը տվյալ երեւույթի նկատմամբ ինչպե՞ս կարող է արգելել այդ կարծիքի հրապարակումը: Փաստորեն արգելված է ժխտել հրեական Ողջակիզումը: Իսկ նման դիրքորոշում, մարդու կարծիքի արտահայտության դեմ դրված ճնշամիջոց չէ՞:

Առանց խորանալու այլ հիմնավորումների բացատրության մեջ, միայն այս անհամատեղելիությունը պարզում է խնդրին մոտենալու զուտ քաղաքական մղումը: Որովհետեւ, բողոքառուն Մարդու իրավունքների եւրոպական դատարանն է եւ ոչ թե միջազգային դատարանը: Իսկ Եւրոպական դատարանը Հայոց ցեղասպանության ճանաչման նկատմամբ գոյացած համախոհությունը դատելու համար պիտի հիմնվեր Եւրոպական խորհրդարանի որդեգրած կեցվածքների, դիրքորոշումների եւ բանաձեւերի վրա եւ ոչ թե միջազգային ընտանիքի ընդհանրապես: Տարբեր հարց, որ մասնակիորեն այս ձեւով եւրոպական կառույցը իր դիրքորոշումով հակասում է եւրոպական պետության որդեգրած օրենքին: Բայց իրավաբանական մեկնաբանությունների ծալքերի ոլորապտույտից հեռու մնալու համար կենտրոնանանք հարցի քաղաքական մոտեցումների վրա:

Հիշենք, որ նույն Ֆրանսիան իր Ազգային ժողովի մեկ հաստատությունից մյուսը եւ` փոխադարձաբար, հարցը քաղաքական շրջագայությունների մեջ դնելուց հետո, չհաստատեց օրինագծի սահմանադրականությունը` ինքնահակասական ակներեւ երեւույթ պարզելով դիպաշարին հետեւողների առջեւ: Նոյն Ֆրանսիայի համար քրեականացված է հրեաների Ողջակիզումը, մինչ սահմանադրական չի նկատվում Հայոց ցեղասպանության ուրացումը պատժելի նկատելը: Իսկ այստեղ միջազգային համախոհության եւ համաձայնության հղում կատարելու խնդիր չկա, որովհետեւ խոսում ենք մի երկրի մասին, որ պաշտոնապես ճանաչել է երկու ցեղասպանությունները: Իսկ այսօր Մարդու իրավունքների եւրոպական դատարանը շատ հանգիստ հղում է կատարում Ֆրանսիայի Սահմանադրական դատարանին:

Եւրոպական ինքնահակասական դրսեւորումները` իրենց հերթին: Հայկական կողմը անհրաժեշտության առջեւ է վերանայելու իր մարտավարությունը այս հարցի ուղղությամբ: Կարծիքի կամ արտահայտվելու ազատությունը ընդհանրապես քաղաքակիրթ երկրների համար օրինաչափ է, որ գերարժեւորման ենթարկվի: Այստեղ մեր խնդիրը զուտ հայեցողական առումով արդեն իսկ որոշ խոչընդոտների է հանդիպում, մանավանդ երբ նկատի ենք ունենում, որ ժխտողականության քրեականացման աշխատանքն առավելաբար կենտրոնացել է եւրոպական միջավայրերի վրա: Այս բոլորի վրա ավելանում են նաեւ հրեական խմբավորումների կողմից անուղղակիորեն ստեղծվող արգելակումները` Ողջակիզման դեպքի եզակիությունը պահպանելու համար:

Այս եւ նմանատիպ հանգամանքների բերումով, արդյունքում ստացվում է այն, որ Ֆրանսիայում կամ Շվեյցարիայում մեր առավելները վերածվում են նվազների: Այն երկրները, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, այժմ մերժում են այն ժխտելու քրեականացումը կամ էլ ենթարկվում են քրեականացման իրենց որոշումների բեկանումներին:

Ճանաչումից հատուցում աշխատանքային անցման մեջ գտնվող հայկական կողմը բոլոր պատճառներն ունի այսօր իր մարդուժն ու տնտեսական ուժը ըստ առաջնահերթությունների կենտրոնացնելու: Իսկ այդ առաջնահերթությունները առավելաբար վերաբերում են Հայաստանի Հանրապետության ժամանակակից խնդիրներին: Ապաշրջափակման պահանջը, Անկարայի նախապայմանային քաղաքականության մերժումը, արցախյան հակամարտության մեջ թուրքական միջնորդության նկրտումների անընդունելիությունը առաջադրանքներ են, որոնք Թուրքիայի վարքագիծը հակադրում են միջազգային նորմերին եւ այդ առումով կարող են որոշակի առավելություններ ապահովել հայկական կողմին:

Շահան Գանտահարյան

«Ազդակ» թերթի գլլխավոր խմբագիր

Դավութօղլուի հմայքի արշավը Հայաստան կատարած այցելության ընթացքում

Հարութ-Սասունյան1Թուրքիայի խորամանկ արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն օգտագործել է դիվանագիտական բոլոր հնարքները` անցյալ շաբաթ Երևանում կայացած Սևծովյան տնտեսական համագործակցության համաժողովում (ՍԾՏՀ) իր ներկայությունից առավելագույն օգուտ քաղելու համար:

Ի սկզբանե Դավութօղլուն և նրա դիվանագիտական թիմը սկսել էին ապատեղեկատվական քարոզչություն ծավալել` հայտարարելով, որ նա թերևս չկարողանա մասնակցել համաժողովին այլ պարտավորությունների պատճառով, տպավորություն ստեղծելով, որ նա մեծ ցանկություն չունի Հայաստան մեկնելու: Ավելի ուշ, նա իր մասնակցությունը պայմանավորեց Հայաստանի և Ադրբեջանի նախագահների և արտգործնախարարների միջև կայացած հանդիպումների դրական արդյունքով: Ադրբեջանի նախագահին համոզելու համար, որ Թուրքիան մտահոգվում է իր կրտսեր եղբոր շահերով, Թուրքիայի արտգործնախարարությունը լրատվամիջոցներին կեղծորեն տեղեկացրեց, որ Հայաստանը համաձայնել է դուրս գալ Արցախի երկու շրջաններից:

Երևան կատարած այցելության ընթացքում Դավութօղլուի հմայքի արշավի իսկական նպատակն էր կանխել միջազգային քարոզչությունն ընդդեմ Թուրքիայի 2015 թվականին Հայոց ցեղասպանության հարյուրամյակի ընթացքում: Նա ուզում էր համաշխարհային հանրությանը տպավորել, թե իբր իր երկիրը պատրաստակամ է հաշտվելու Հայաստանի հետ` միաժամանակ սատարելով Եվրամիությանն անդամակցելու Թուրքիայի դիմումին:

Ի պատասխան՝ հայ պաշտոնյաներն ամեն ինչ արեցին թուրքական հմայքի արշավի հաջողությունը նվազեցնելու համար: Հայաստանի ընտրած ռազմավարությունն էր` Դավութօղլու երևանյան այցը պահել ՍԾՏՀ համաժողովի շրջանակներում, և ոչ թե զբաղվել հայ-թուրքական երկկողմ հարաբերություններով, բացառելով որևէ քննարկում Հայ-թուրքական արձանագրությունների և Արցախյան հակամարտության վերաբերյալ:

Ուստի զարմանալի չէ, որ Երևանում Հայաստանի նախագահի և Թուրքիայի արտգործնախարարի միջև որևէ հանդիպում տեղի չունեցավ: Միակ պաշտոնական հանդիպումը կայացավ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ, որը նաև հանդիպեց ՍԾՏՀ-ի մյուս մասնակիցների հետ որպես համաժողովի հյուրընկալող:

Բնականաբար, Հայաստանի մայրաքաղաքում եղած ժամանակ Դավութօղլուն բախվեց որոշ խոչընդոտների: Նա ստիպված էր համաժողովի անցկացման վայր` «Մարիոթ-Արմենիա» հյուրանոց մտնել հետևի դռնից` իր այցի կապակցությամբ երիտասարդ ակտիվիստների կազմակերպած բողոքի ցույցից խուսափելու համար: Մինչ այդ, Նալբանդյանը հանդես եկավ մի շարք կուռ հայտարարություններով՝ ՍԾՏՀ համաժողովից առաջ, ընթացքում և հետո, նախազգուշացնելով Թուրքիային, որ Հայաստանը չի ընդունելու որևէ նախապայման, ինչպիսիք են Արցախի տարածքից մասնակի դուրս գալը` Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման և սահմանի բացման դիմաց:

Նալբանդյանի վճռական կեցվածքն ստիպեց Դավութօղլուն նահանջել, վախենալով, որ իր այցը Հայաստան կարող է որակվել որպես ձախողված: Ադրբեջանին վշտացնելու գնով, թուրք նախարարն ընդունեց, որ նա չի եկել ներկայացնելու կոնկրետ առաջարկներ հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ, և չի պահանջել Արցախի երկու շրջաններից դուրս գալը, պնդելով, որ Երևան գալու իր միակ նպատակն էր հաղթահարել Հայաստանի և Թուրքիայի միջև «հոգեբանական պատնեշը» և սկիզբ դնել երկխոսության ու վստահության վերականգնմանը:

Իր հայտարարած հարաբերությունների բարելավման որոնման նպատակով Դավութօղլուն հանդիպում ունեցավ Հայաստանի պաշտպանության նախկին նախարար և նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանի հետ, որի ընթացքում նա Ցեղասպանությունը նսեմացրեց որպես անցյալի «որոշ իրադարձություններ» և կոչ արեց բոլորին «առաջ գնալ»: Երբ Մանուկյանը պատմեց Ցեղասպանության ժամանակ իր չորս հորեղբայրների մահվան մասին, Դավութօղլուն խոստացավ աղոթել նրանց համար` իրենց ծննդավայր` Մոկս, Վանա լճի հարավում, իր հաջորդ այցելության ընթացքում: Սակայն նա հանդգնեց խորհուրդ տալ հայերին չմոռանալ Առաջին համաշխարհային պատերազմի թուրք զոհերի մասին: Նա նաև սփյուռքահայերին առաջարկեց վերադառնալ իրենց նախկին հայրենիքը` ներկայիս Թուրքիան: Մանուկյանի հետ հանդիպման ամենահետաքրքիր պահը Դավութօղլուի բացահայտումն էր, որ Անկարայում արտգործնախարարության կենտրոնական գրասենյակի շենքերից մեկը պատկանել է մի հայի, դրանով իսկ բարձրացնելով դատական հայցի հնարավորությունը նախկին սեփականատիրոջ ժառանգորդների կողմից:

Արտգործնախարար Դավութօղլուն վերջին ճիգը գործադրեց Հայոց ցեղասպանության հարյուրամյակի նախապատրաստական աշխատանքները խափանելու համար` պատմելով թռիչքի ժամանակ իրեն ուղեկցող թուրք լրագրողներին, որ 1915 թվականին հայերի «տեղահանությունը» «անմարդկային» էր: Հայտարարելով, որ Թուրքիան երբեք չի ողջունել այդ քայլը, նա դատապարտեց «տեղահանությունը» որպես «բացարձակ սխալ քաղաքականություն, որն իրականացվել է [Oսմանյան ժամանակաշրջանի ղեկավարների «Միություն և առաջադիմություն» կոմիտեի օրոք]»:

Դավութօղլուն նաև հայտնեց, որ նա հանդիպել է սփյուռքահայերի հետ արտերկրում իր այցելությունների ընթացքում, սակայն չի հրապարակել դրանց մասին` մտահոգվելով, որ «ծայրահեղական հայերը խնդիրներ կառաջացնեն»:

Թուրքական հմայքի արշավը լավ տպավորություն թողեց միայն նրանց վրա, ովքեր շատ տոգորված լինելով հայ-թուրքական հաշտեցմամբ, նույնիսկ խղճի խայթ չեն զգում, երբ դահիճին հավասարեցնում են զոհին: Միացյալ Նահանգները և Կանադան միակ երկրներն էին, որոնք ողջունեցին Թուրքիայի արտգործնախարարի այցը Հայաստան՝ կոչ անելով, որ երկխոսությունը շարունակվի երկու կողմերի միջև:

 

Հարութ Սասունյան

«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

 

Թարգմանությունը` Ռուզաննա Ավագյանի