Վարշավայում ամեն ինչ կոչված է քաղաքացու արժանապատվության պահպանմանը, Երևանում` նվաստացմանը

Yerevan-WarsawՎերջերս առիթ եղավ կարճ ժամանակով ապրելու Վարշավայում` Լեհաստանի մայրաքաղում: Այդ ժամանակամիջոցում ամեն վայրկյան համեմատում էի Վարշավան ու Երևանը: Հասկացա, որ մենք շատ հեռու ենք եվրոպական մտածելակերպից ու արժեքներից, իսկ Երևանը` Վարշավայի համեմատությամբ, գավառական  անհարմար գյուղ է կամ լավագույն դեպքում` գյուղաքաղաք:

Վարշավան` հարմարավետ ու քաղաքակիրթ կյանքի սիրահարների քաղաք

Սևեռված պատուհանից էի նայում, երբ օդանավը վայրէջք էր կատարում Վարշավայում: Ակնկալում էի տեսնել շենք-շինությունների շարաններ, բայց փոխարենը միայն կանաչ էր երևում: Երբ ավելի մոտեցանք, անտառների ու պուրակների միջից սկսեցին հատուկենտ շենքեր երևալ: Միևնույն է, մինչև վերջին վայրկյանը պատուհանից երևացող տեսարանում գերակշռողը կանաչն էր:

Վարշավա-հին քաղաքՎարշավայում գտնվելու սկզբնական օրերին ամեն քայլափոխին զարմանում էի` ինչպե՞ս է, որ իրենց մոտ որևէ գործարարի կամ պաշտոնյայի  մտքով չի  անցել, որ  կիլոմետրերով կանաչ տարածքներ քաղաքին պետք չեն, ավելի «պիտանի»  կլինեն դրանց տեղում կառուցված խանութներն ու սրճարանները: Առավել զարմանալի էր, թե ինչ խնամված ու մաքուր էին պուրակներն ու այգիները: Ցանկության դեպքում անգամ մի ծուռ թուփ գտնել հնարավոր չէ:

Վարշավայում հասարակական տրանսպորտից օգտվելիս նոր միայն հասկանում ես, թե ինչ ասել է քաղաքակիրթ տրանսպորտ: Այստեղ ներքաղաքային հասարակական տրանսպորտը տեղական իշխանություններին է պատկանում, բյուջեից էլ սուբսիդիաներ են հատկացվում տրանսպորտային համակարգի  շարունակական արդիականացման և պահպանման համար:

Եվ քանի որ տրանսպորտային բոլոր տեսակները քաղաքապետարանին են պատկանում, ոչ թե մասնավորին, ամեն ինչ փոխկապակցված է: Նույն տոմսով կարող ես օգտվել թե՛ ավտոբուսից, թե՛ տրամվայից և թե՛ մետրոյից: Ընդ որում, գործում է տոմսերի ճկուն համակարգ. ըստ քո ընտրության կարող ես գնել մեկանգամյա, 15-րոպեանոց, մեկ օրվա, երեք օրվա համար տոմս  կամ էլ ունենալ մշտական քարտ:

Ընդ որում, որքան երկար ժամանակահատվածի համար ես գնում, ֆինանսական առումով այնքան ավելի շահավետ է: Այսպես, օրինակ` 1 օրվա տոմսն արժե 12 զլոտի, 3 օրվա տոմսը` 30 զլոտի(10 դոլար): Ընդ որում, այդ տոմսով երեք օրվա ընթացքում կարող ես անսահմանափակ քանակությամբ օգտվել տրանսպորտի ցանկացած տեսակից: Օրինակ` իմ` Վարշավայում գտնվելու ընթացքում գործի բերումով այնքան էի օգտվում տրանսպորտից, որ Երևանում նման պարագայում օրական նվազագույնը ստիպված կլինեի վճարել 1500 դրամ, Վարշավայում` ոչ, ես տոմս ունեմ:

տրամվայՏոմսը կարելի է ձեռք բերել ցանկացած թերթի կրպակից կամ էլ կանգառների մոտ տեղադրված տերմինալներից: Ավտոբուս մուտք գործելիս  հարկավոր է ընդամենը դակել տոմսը և վերջ, երեք օր կարելի է մոռանալ տոմսի մասին:

Նշեմ, որ թոշակառուների և վետերանների համար տրանսպորտը ձրի է, իսկ ուսանողները և սոցիալապես  խոցելի խավերի ներկայացուցիչներն օգտվում են զեղչային համակարգից:

Հասարակական տրանսպորտի մյուս առավելությունը վայրկենական  ճշգրտությամբ աշխատելն է: Բոլոր կանգառներում  ցուցակ է փակցված, որտեղ նշված են այդ տեղով  անցնող տրանսպորտային միջոցների համարները, կանգառները  և չվացուցակը: Երկու շաբաթվա ընթացքում գեթ մեկ րոպե ուշացման ականատես չեղա. նշված ժամին ավտոբուսը հասնում է կանգառ ու դռները բացում:

Նշեմ, որ այստեղ տրանսպորտը գործում է նաև գիշերվա ժամերին, պարզապես երեկոյան 11-ից հետո,  էլի ըստ չվացուցակի, ժամը մեկ պարբերականությամբ, մինչ առավոտյան 6-ը:

Ուշագրավ է, որ օրվա որևէ ժամի Վարշավայում չտեսա գերբեռնված տրանսպորտ, ինչպիսին Երևանում ամեն քայլափոխի ենք հանդիպում, ամենածանրաբեռնված ժամին ամեն ավտոբուսում մի քանի կանգնած մարդ էր:

Այստեղ ուղևորը վարորդի հետ որևէ առնչություն չի ունենում. ո՛չ գումար է տալիս, ո՛չ գոռում` կանգառում կպահեք: Սպիտակ վերնաշապիկով և փողկապով վարորդը հանգիստ ավտոբուսն է վարում` իր գործից չշեղվելով: Բարձրախոսը նախապես հայտարարում է, թե որն է լինելու հաջորդ կանգառը: Էկրանին գրվում է հաջորդ կանգառի անվանումը, իսկ երթուղին պատկերող էկրանի վրա նախորդ կանգառն արդեն պասիվանում է` կարմիրով ցույց տալով առաջիկա կանգառները: Ավտոբուսն էլ հանգիստ կանգնում է բոլոր նախատեսված կանգառներում:

Վարշավայի և Երևանի տրանսպորտներն ուղղակի անհամեմատելի են. առաջինը ստեղծվել է, որպեսզի քաղաքացին իրեն արժանապատիվ ու հարգված զգա, երկրորդը` որպեսզի քաղաքացուն հնարավորինս նվաստացնի:

Քաղաք` առանց խցանումների. սա իրականություն է, ոչ թե երազանք

Հասարակական տրանսպորտը Վարշավայում և Երևանում

Հասարակական տրանսպորտը Վարշավայում և Երևանում

Վարշավայի մյուս առանձնահատկությունը խցանումների բացակայությունն է: Ճիշտ է, քաղաքից ելքի ու մուտքի ճանապարհներին երբեմն խցանումներ լինում են, բայց ոչ երբեք կենտրոնում: Եթե ես Երևանում տնից աշխատավայր եմ հասնում առնվազն  40 րոպեում,  ապա Վարշավայում նույն հեռավորությունն անցնում էի 20 րոպեում, ներառյալ` կանգառում տրանսպորտին սպասելը:

Նշեմ, որ այստեղ նպաստավոր պայմաններ են ստեղծված նաև ներքին տուրիզմի համար. ուրբաթ օրը երեկոյան կարող ես հատուկ տոմս գնել  (75 զլոտի կամ 25 դոլար) գնացքի համար և մինչև երկուշաբթի առավոտյան գնացքով ճամփորդել ինչքան ուզում ես, այցելել որ քաղաքը  սիրտդ կուզի:

Այդքանով հանդերձ, Վարշավայի բնակիչները դժգոհ են իրենց քաղաքապետից. ասում են, որ իր նախընտրական ծրագրերն ամբողջությամբ չի կատարել, բացի այդ, տրանսպորտի սակագինը բարձրացրել է: Այդ պատճառով հոկտեմբերի 13-ին այստեղ հանրաքվե տեղի կունենա, կորոշվի քաղաքապետի  լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու հարցը:

Ըստ օրենքի` քաղաքապետի պաշտոնավարման ժամկետը պետք է ավարտվեր  եկող տարի: Այն հարցին, թե ինչու մեկ տարի չսպասեցին և նախընտրեցին ընտրությունների վրա հսկայական գումարներ ծախսել, լեհական հանրային հեռուստաընկերության լրագրողը պատասխանեց, որ այս քայլով ուզում են դաս տալ հետագա քաղաքապետներին` եթե նախընտրական խոստումներ է տվել, ուրեմն պետք է կատարի, այլապես քաղաքացիները, որոնք իրեն իշխանություն են տվել, կզրկեն նրան այդ իշխանությունից:

Լեհաստանում առանց լեհերենի հնարավոր չէ, Հայաստանում առանց հայերենի` խնդրեմ

Վարշավա-հին քաղաք2Ամենից առավել Լեհաստանում հիացնում է լեհերի սերն իրենց երկրի և լեզվի հանդեպ:  Նման բան Հայաստանում հաստատ տեսած չեք լինի: Անգամ ծիծաղելի է Հայաստանը տուրիստական երկիր անվանելը` համեմատելով մեր երկիր այցելող տուրիստների թիվը: Սակայն մեզ մոտ ամենուրեք օտար անուններ են` գրված անգլերենով, սրճարաններում, ռեստորաններում ճաշացանկը պարտադիր անգլերեն թարգմանություն ունի, սպասարկման ոլորտում ցանկացած տեղ աշխատանքի ընդունվելիս պարտադիր պայման է անգլերենի գերազանց իմացությունը:

Իսկ տուրիստական Լեհաստանում (հատկապես Վարշավայի և Կրակովի հին քաղաքներում  ցանկության դեպքում անգամ դժվար է լեհ գտնելը, բոլորը զբոսաշրջիկներ են) խոսում և գրում են միայն լեհերեն: Հյուրանոցներում,  բրենդային և ոչ բրենդային խանութներում, բանկերում, էլ չասեմ փողոցում անգլերեն խոսող մարդ գտնելը մեծ դժվարություն է (ռուսերենի մասին էլ չասեմ), ստիպված ես հաղորդակցվել ժեստերի լեզվով կամ սովորել լեհերենը: Անգամ երկաթուղային կայարանում, որտեղ զբոսաշրջիկներից տեղ ու դադար չկա, տոմս վաճառողները և տեղեկատվական կենտրոնի աշխատակիցները միայն լեհերեն են խոսում, ուղղորդող վահանակները ևս  միայն լեհերեն են:

Մինչդեռ Հայաստանում որևէ մեկի մտքով չի անցնում, որ իր երկրում գտնվող օտարերկրացին կարող է և գուցե պարտավոր է մի փոքր տիրապետել քո լեզվին: Ո~չ, մենք ամեն ինչ անում ենք, որ օտարերկրացին իրեն լավ զզա:

Լեհաստանում էլ է օտարերկրացին իրեն լավ զգում, բայց ոչ լեհի ազգայինի ստորադասման հաշվին, պարզապես սպասարկումն ու ծառայություններն են որակյալ:

Երևի թե բառերով փոխանցել հնարավոր չէ այն հիացմունքը, որով լեհերը խոսում են իրենց պատմության և մշակութային ժառանգության մասին: Մեր լրագրողական խմբի ուղեկից լեհը առիթը բաց չէր թողնում պատմելու, թե սովետական իշխանությունների դեմ ինչ պայքար են մղել Երկրորդ աշխարհամարտից հետո գերմանացիների ավերած հին քաղաքի յուրաքանչյուր շենքը վերականգնելու համար:

Մեզ մոտ լիներ` երևի խոսք էլ չէր լինի վերականգնելու մասին: Մենք անգամ պահպանվածն ենք քանդում, կարծես խանութ սարքելու համար այլ տարածք չկա:  Վարշավայից տարիքով կրկնակի մեծ Երևանում անգամ 100-ամյա շենք գտնելը դժվար է: Մինչդեռ լեհերը քար առ քար վերականգնել են հին Վարշավան, որ 80-90 տոկոսով կործանվել էր գերմանացիների ռմբակոծություններից:

Լեհերն այնպես են գնահատում իրենց մշակութային ժառանգությունը և մեծերին, որ թվում է, թե այդ ամենը բացառիկ է, միայն իրենք ունեն: Բայց երբ մոտիկից ես ծանոթանում, հասկանում ես, որ հայերս գուցե ավելի մեծ արժեքներ ունենք, սակայն օտարն այդ մասին չգիտի:

Անհնար է, որ որևէ զբոսաշրջիկ Վարշավայից հեռանա` առանց իմանալու, որ Շոպենը լեհ է եղել, և հեռանա առանց նրա ստեղծագործություններն ունկնդրելու:  Հայաստան այցելած քանի՞ զբոսաշրջիկ է իմանում, որ հայերս էլ Արամ Խաչատրյան և Առնո Բաբաջանյան ենք ունեցել: Երևի ոչ ոք:

Ցավալի է, երբ Երևանի և Վարշավայի, Հայաստանի և Լեհաստանի միջև նման տարբերություններ կան, մանավանդ որ սոցիալիստական կարգերից հետո երկուսս էլ նույն դիրքից ենք մեկնարկը տվել:

Հ.Գ.
Նյութը հնարավոր եղավ պատրաստել շնորհիվ «Լեհա-չեխա-սլովակյան համերաշխության հիմնադրամի», որը սեմինար էր կազմակերպել «Անկախ լրատվամիջոցների  զարգացումը Եվրասիայում» խորագրով: Մասնակցում էին լրագրողներ Հայաստանից, Վրաստանից, Ադրբեջանից, Բելառուսից, Ուկրաինայից և Մոլդովայից:  Սեմինարին Հայաստանը ներկայացնում էր «Անկախ»-ի թղթակիցը:

 

ԱՐՑԱԽԸ` ԵՎՐՈՊԱՅԻ ՄԱՍ

շահանԵվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում նախագահ Սարգսյանի խոսքի հետեւյալ բաժինը այժմեական խնդիրների հետ ուղղակի առնչություններ է ընդգծում։ Թեեւ առաջին հայացքից այս բաժինը կենտրոնանում է արցախյան կարգավիճակի հստակեցման վրա, այսուհանդերձ այն տարածվում է ՀՀ արտաքին քաղաքականության գերակա ուղղությունների վրա։

Այսպես, «Ղարաբաղը եղել է, կա և կմնա Եվրոպայի մաս: Ղարաբաղի այսօրվա հանրությունը եվրոպական հանրության` եվրոպական ընտանիքի մասնիկ է` անկախ իր պետության քաղաքական կարգավիճակից: Ուստի, ես կարծում եմ, որ Եվրոպայի խորհուրդը կարող է, կարգավիճակից անկախ, ուղղակիորեն շփումներ նախաձեռնել Ղարաբաղի հետ` իր իսկ գործառույթների շրջանակներում, առավել ևս, երբ Եվրոպայի խորհուրդը նման փորձ ունի այլ հակամարտությունների գոտիներում»:
Արցախը եվրոպական տարածք համարելը հետեւյալ տրամաբանությունն ունի։ Արցախը, թեկուզ իբրեվ երկրորդ հայկական հանրապետություն, Հայաստանի Հանրապետության անքակտելի մասն է, պատմականորեն մաս է կազմել Հայաստան աշխարհի։ Հետեւաբար Արցախի Եվրոպա համարումը Հայաստանի Եւրոպա համարումն է, ինչ որ այս վեհաժողովում վերընդգծելը քաղաքական մակարդակով այժմեական խնդիրներ է արծարծում։ Այստեղ նշումը «անկախ իր պետության կարգավիճակից» վերաբերում է իրողական անկախությանը։ Եւ այս դեպքում, անկախ առանձին հանրապետության կարգավիճակ ունենալուց, խորքում հայաստանյան տարածքի ամբողջականության մաս կազմող շրջան պետք է համարել եւ իբրեւ այդպիսին Արցախը ընկալել Եվրոպայի մասնիկ։
Նախագահի կոչը Եվրոպական խորհրդին՝ ուղղակի շփումներ նախաձեռնելու Արցախի հետ, ենթադրում է Արցախի Հանրապետության նախաճանաչման քայլ ակնկալել եվրոպական կառույցներից։ Այստեղ «անկախ կարգավիճակիցը», իրողական անկախության փոխարեն արծարծում է իրավական անկախության կարգավիճակը։ Այլ խոսքով, հակառակ նրան, որ Արցախը դեռեվս իրաւական անկախություն չի նվաճել, եվրոպական կառույցներին կոչով է դիմվում ուղղակի բանակցությունների ձեռնարկման, հիշեցնելով նման հակամարտության գոտիների հետ արձանագրված ուղղակի կապերը, իբրեւ նախադեպ։
«Անկախ կարգավիճակիցը» երկու անգամ օգտագործվել է այս խոսքի բնագրում։ Առաջին անգամ հակառակ իրողական անկախության Արցախը պետք է համարել Հայաստանի մաս, ուրեմն նաեւ Եվրոպայի մաս. իսկ երկրորդ անգամ «անկախ իր կարգավիճակից», այսինքն հակառակ նրան, որ իրավական անկախության չի հասել Արցախը, եվրոպական կառույցները պետք է ձեռնարկեն ուղղակի բանակցություններ պաշտոնական Ստեփանակերտի հետ։
Պարզ է, որ Արցախի եվրոպական տարածք լինելու հիշեցումը այս օրերին կապվում է Եվրամիության հետ ընկերակցության փաստաթղթի նախաստորագրման հաւանականության վտանգված լինելու հետ։
Չպետք է մի կարեւոր դիտարկում բաց թողնել այս դեպքում։ Հայաստանի Ազգային ժողովի լսումներում, արտգործնախարարը մշուշոտ պատասխան էր տվել այն հարցին, թե Մաքսային միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության դեպքում Արցախը իբրեւ տարածք եւ իբրեւ անկախ միավոր մաս կազմելո՞ւ է առաջադրված այս միությանը։
Ստրասբուրգում շատ հաստատ էր Եվրամիությանը Արցախի նախանդամակցության Երեւանի պատկերացումը։ Արցախը պատմականորեն եղել է Եւրոպայի մասնիկ եւ այժմ էլ պետք է այդպես ընկալվի։ ԼՂՀ-ն ՀՀ-ի մաս, ՀՀ-ն Եւրոպայի մաս, ուրեմն՝ ԼՂՀ-ն Եւրոպայի մաս։

Շահան Գանտահարյան
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

Եկեղեցուն հակակշիռ չկա Հայաստանում

Գեղամ ԽԱՉԱՏՐՅԱՆՔրիստոնեությունից ամենից շատ տուժած ազգի ղեկավարությունը դասեր չի քաղել իր և համաշխարհային պատմությունից: Երբ հայը սկսեց եկեղեցիներ ու խաչքարեր կառուցել ամրոցների ու բերդերի փոխարեն, պետությունը սկսեց շարժվել իր անկման ուղղությամբ: Իսկ երբ եկեղեցիների քանակը սկսեց գերազանցել ամրոցների և բերդերի քանակը, պետության կործանումն արդեն ապահովված էր: Իսկ Անին ավելի հետ էր գնացել, այնտեղ եկեղեցիների քանակը նույնիսկ տների քանակն էր գերազանցում: Երևի այդ պատճառով էլ այն ավելի շուտ կործանվեց, քան երկիրը: Հնարավո՞ր է հաշվել, թե որքան կորուստ է կրել հայկական արվեստը նրանից, որ հայ քանդակագործները դարերով միայն խաչքարեր են քանդակել, քանդակագործական արվեստի այլ գլուխգործոցներ ստեղծելու փոխարեն: Եվ մի՞թե ներկայումս մեր բոլոր հարևան երկրներում, բացի Պարսկաստանից, հայ եկեղեցական կառույցների ոչնչացման փաստով կյանքը մեզ չի սովորեցնում, որ դրանք ավելորդ էին, անհրաժեշտ չէին հայ ազգին:

Իսկ համաշխարհային պատմությունից դասը կարող էր լինել եվրոպական երկրների փորձառությունը, որոնք, զզվելով կաթոլիկ եկեղեցու գերիշխանությունից և իրենց գործերին մշտապես միջամտելուց, առանձնացրին նրան որպես առանձին պետություն, որպեսզի այնտեղ որքան ուզի գերիշխի, կառավարի ու միջամտի ինքն իր գործերին միայն:

Հայաստանի ներկայիս անկախացումից հետո հին գործընթացը վերսկսվել է, ամենուրեք նորանոր եկեղեցիներ են կառուցվում: Դրա մեջ արտառոց ոչինչ չէր լինի, եթե չլիներ ժողովրդի և պետության ողբալի հոգևոր ու նյութական վիճակը:

Սակայն եկեղեցին դրանով էլ չբավարարվեց. քանդել տվեց պետական հաստատությունները՝ ակադեմիայի տնտեսագիտության և լեզվի ինստիտուտները և տեղում մեծ եկեղեցի ու առաջնորդարան կառուցեց: Իսկ պետությունը հլու-հնազանդ ենթարկվեց եկեղեցու կամքին: Սակայն չէ՞ որ իրերի բնական վիճակը հավասարակշռված վիճակն է: Ցանկացած ուժ իր հակակշիռը պիտի ունենա: Իսկ ի՞նչը պիտի լիներ եկեղեցու հակակշիռը: Իհարկե, պետությունը: Այստեղ տեղին է հիշել համաշխարհային պատմության դասերը, երբ պետությունները չցանկացան կախման մեջ մնալ եկեղեցուց: Բայց մեզ մոտ պետությունը վերածվել է եկեղեցու հլու կամակատարի: Մի հսկայական, լավ վիճակում գտնվող շենք է քանդում` տեղը նոր եկեղեցի կառուցելուն տրամադրելու համար: Եվ այն էլ այնպիսի շենք, որի նշանակությունը պետության, ժողովրդի տնտեսական բարեկեցության գիտական ապահովումն էր և լեզվի իրավունքների պաշտպանությունն ու զարգացումը: Միգուցե այդպես վարվեց, որովհետև մեր պետությանը գիտական տնտեսություն պետք չէ, քանի որ իշխանավորներն արդեն բաժանել են իրար մեջ երկրի ազգային, այսինքն` ամբողջ ազգին պատկանող տնտեսությունը և առանց գիտության էլ մենատիրաբար կողոպտում են պետությունն ու ազգին, իսկ գիտությունը միայն կխանգարեր իրենց: Մաքուր, ազնվական գրական հայերենն էլ մշտապես խախտվում է իշխանավորների կողմից փողոցային լեզվով:

Ժողովուրդն էլ իր մեծավորներին ընդօրինակելու բնական սովորություն ունի: Իսկ ո՞վ է գիտական եղանակով հաշվել և ապացուցել, որ եկեղեցու կառուցումն ավելի ձեռնտու և օգտակար է ազգի համար, քան այդ շենքի գոյությունը: Եթե նույնիսկ ենթադրենք, թե տնտեսագիտության և լեզվի ինստիտուտներն ուրիշ շենքերում էլ կարող են շարունակել իրենց գործունեությունը, ապա մնում է պետական, ազգային միջոցներով կառուցված շենքի մեջ ներդրված ազգային հարստության մի մասի կորստի փաստը: Իսկ ո՞վ պիտի պատասխան տա այդ շենքի մեջ սերունդների ներդրած միջոցները փոշու վերածելու համար: Չէ՞ որ ներկա սերունդը պիտի օգտվեր նախորդ սերնդի ստեղծածից, բայց զրկվեց իր այդ իրավունքից: Մի՞թե հնարավոր չէր եկեղեցին կառուցել որևէ ամայի վայրում, որպեսզի հաջորդ սերունդների համար պակասեին ամայի վայրերը և ավելանային կառուցապատված, կազմակերպված, գեղեցկացված, քաղաքակրթված և մշակույթի վերածված վայրերը: Հետո՞ ինչ, որ այդտեղ փոքրիկ հին եկեղեցի կար: Այն կարելի էր տեղափոխել կամ թողնել իր տեղում, ինչպես խորհրդային պետությունն էր թողել կանգուն 70 տարի:

Սակայն, քանի դեռ եկեղեցին առանձին չէ, այլ պետության հետ միասին է, երբեք չի բավարարվում: Նրա հաջորդ քայլը ուրիշ կերպ անվանել չի լինի, բացի եկեղեցու և պետության համատեղ դավադրություն ընդդեմ ժողովրդի: Եկեղեցին պահանջեց, իսկ պետությունը հնազանդորեն օրենք ընդունեց մեռելոցի մասին: Եվ հիմա ամեն եկեղեցական տոնից հետո երկուշաբթին գերեզմանոցի օր է հռչակված: Պետությունն ամեն անգամ խառնաշփոթ է ստեղծում աշխատանքային օրերի տեղափոխությամբ: Խառնվում են մարդկանց նախագրված աշխատանքային և հանգստյան ծրագրերը, որովհետև երկուշաբթիի փոխարեն ստիպում են աշխատել շաբաթ օրը: Բացի այդ, մարդիկ անգիր չգիտեն տոների օրերը և դրանցով փոխարինվող օրերը, ուստի օրերի փոփոխման կառավարական որոշումը մուրճի պես հանկարծակի իջնում է մարդկանց գլխին և հերթական հիասթափությունն առաջացնում օրվա իշխանությունից: Խախտվում է կանոնավորված կյանքի ռիթմը, աշխատանքային օրը դառնում է հանգստյան օր, իսկ հանգստյան օրը՝ աշխատանքային: Իսկ ո՞վ է հաշվել, թե որքան մարդ է գնում գերեզմանոց այդ օրերին, իսկ որքանը չի գնում, այլ նյարդերն է քայքայում օրերի փոփոխման անհարմարություններից: Եվ դա այն դեպքում, որ նույնիսկ գերեզմանոց գնացողների մեծ մասը, ամեն տեսակի քարոզներից հետո էլ, միևնույն է, գերեզմանոց է գնում հենց տոնի օրը՝ կիրակի, ոչ թե երկուշաբթի: Աշխատանքային օրերի փոփոխումը մեծ անհարմարություններ ու անհանգստություն է պատճառում մարդկանց: Մանավանդ այն մարդկանց, որոնք ստիպված աշխատում են մի քանի տեղերում կամ հերթափոխով աշխատողներ են:

Մի երկրում, որտեղ պետությունը եկեղեցու հակակշիռը լինելու փոխարեն համագործակցում է նրա հետ, զարմանալի չէ պետության սլացքը դեպի կործանում: Բայց եթե պետությունն իրեն տանում է դեպի կործանում, դա իր գործն է: Բայց ազգը պիտի ավելի իմաստուն գտնվի և թույլ չտա իր կործանումը պետության հետ միասին: Եթե պետությունը չի կարողանում կամ չի ցանկանում եկեղեցուն հակակշիռ լինել, ապա այդ հակակշռի դերը պիտի ստանձնի ազգը: Ազգին ոչ թե եկեղեցիներ են պետք, այլ ձեռնարկություններ, ոչ թե ծեսեր, այլ աշխատանք, ոչ թե մեռելների համար հատուկ օր, նրանք միշտ էլ հարազատների հիշողության մեջ են, այլ ազգի հերոսների հիշողության օր, ոչ թե խաչի պաշտամունք, այլ կյանքի բոլոր բնագավառներում գեղեցիկի պաշտամունք, արվեստի բոլոր ճյուղերի զարգացում, մշակույթի առաջընթաց, ոչ թե եկեղեցական հզոր կազմակերպություն, այլ հզոր պետություն, հզոր ազգ, ազգի պաշտամունք և հերոսության ու ազնվության սրբացում ու պաշտամունք:

Հանրապետությունում պիտի իշխի հանրությունը, հասարակությունը, ժողովուրդը: Իսկ եթե այդ հանրապետությունը նաև ազգային լինի, մենք կատարյալ երկրում կապրենք, որովհետև ազգայինը նշանակում է ազգի շահերով առաջնորդվող: Նրանում պետությունը և ոստիկանությունը փողոցում կամ հրապարակում հավաքված մարդկանց չեն անվանի ամբոխ և գիշատչի նման չեն հարձակվի նրանց վրա, այլ կհամարեն ժողովուրդ և կլսեն նրա ձայնն ու կենթարկվեն նրա պահանջներին, քանի որ պետությունը, ոստիկանությունն ու բանակը ժողովրդին, ազգին ծառայելու համար են, ոչ թե ծառայեցնելու, ինչպես հիմա է:

Ժամանակին եկեղեցին կտրեց մեր նախնիներին իրենց արմատներից և պատվաստեց օտար արմատներով ճյուղի վրա, ինչից էլ սկսվեցին ազգի դժբախտությունները, որոնք շարունակվում են մինչև այսօր: Եվ շարունակվելու են մինչև իրենց սկսած սև գործի հաղթական ավարտը, եթե ազգը չարթնանա, եթե չկպչի իր արմատներին և չսնվի նրանցից, եթե չփոխարինի հրեական Աստվածաշունչը հայկական Աստվածաշնչով՝ Ուխտագրքով արորդյաց, որը հրեականից հազար անգամ ավելի լավն է, ավելի ոգեղեն, ավելի իմաստուն ու մարդասիրական, եթե չվերադառնա արորդիների, արևորդիների, ազգորդիների սուրբ ու իմաստուն ուսմունքին, եթե չսկսի պաշտել ազգին, ոչ թե օտար անհայտ աստծուն: Մանավանդ որ օտար աստծուն պաշտել սկսելուց հետո ազգը միշտ տուժել է, իսկ ազգին, ազգի աստծուն պաշտելու ժամանակ միայն բարգավաճել է: Մի՞թե սա կյանքի դաս չէ, շատ պատկերավոր ու համոզիչ դաս:

Բացի այդ, եթե մի երկրում ոստիկանության համար պետությունն ավելի սուրբ է, քան ժողովուրդը, իսկ պետության իշխանավորների համար իրենց գրպանն ավելի սուրբ է, քան ազգի գրպանը, ազգի շահը, նշանակում է, որ այդ երկրում խախտված են սրբությունների մասին պատկերացումները: Դա էլ նշանակում է, որ սրբությունների մասին պատկերացումներ ցանող կազմակերպությունը ձախողել է իր առաքելությունը: Հովիվը իր հոտին դեպի մարգագետին տանելու փոխարեն առաջնորդել է դեպի անդունդ: Հոգևոր հովիվն իր հոտին դեպի հոգևոր բարեկեցություն տանելու փոխարեն առաջնորդել է դեպի հոգևոր սնանկացում: Իսկ հոգևոր կատարելագործումից էլ պիտի բխեր նյութական բարեկեցության աճը, որը նույնպես չկա այս մոլորյալ ազգի երկրում: Սրբություններ չկան, հոգևոր աճ չկա, հոգևոր անկման պատճառով տգետ և չար մարդիկ դառնում են իշխանավորներ և ասպատակում երկիրը, կողոպտում, ավերում ու ամայացնում այն: Ժողովուրդը լքում է նման վատ վիճակում հայտնված երկիրը, ազգի ներկայացուցիչները դավաճանում են իրենց հայրենիքին, լքելով այն:

Սակայն եկեղեցուն հակակշիռ չլինելը այնքան էլ զարմանալի չի թվա, եթե հաշվի առնենք, որ պետականության բացակայության երկար դարերի ընթացքում չի ձևավորվել դրա ավանդույթը և չի արմատավորվել ազգի գիտակցության մեջ: Քրիստոնեության ընդունումից հետո Հայաստանը պատմականորեն կարճ ժամանակամիջոցի ընթացքում է ունեցել պետականություն, որովհետև եկեղեցին ձգտել է միանձնյա կառավարման, առանց հակակշռի: Եկեղեցու և պետության կամ կրոնի և աշխարհիկության պայքարը Հայաստանում, ցավոք, ավարտվել է կրոնի հաղթանակով, որի արդյունքը երկրի ևʹ անցյալի, ևʹ ներկայի հետամնացությունն է: Որովհետև երկիրը զարգացնողը պիտի լիներ պետությունը, որը բացակայել է: Հետևանքը եղել է ոչ միայն հետամնացությունը բոլոր ոլորտներում, այլև երկրի չափերի անընդհատ նվազեցումը: Դրա հետևանքն էլ, իր հերթին, եղել է կորուսյալ տարածքներում ազգի միակ ձեռքբերման՝ եկեղեցիների ու խաչքարերի կորուստը:

Կարճ ասած, ամեն ինչ շատ վատ է: Սակայն ինչ-որ բանի վատը դեռ չի նշանակում դրա ավարտը, վերջնական կորուստը: Ղարաբաղյան հաղթանակը ցույց տվեց, որ հայ մարդու հոգին այնքան խորն է, որ ամենախորքերին դեռ չի հասել սրբապղծությունը, և մեծ վտանգի պահին կարող է հրաշքներ գործել: Ցավոք, այդ հաղթանակի վնասն էլ այն եղավ, որ ղարաբաղյան շարժման ալիքի վրա վեր բարձրացած ներքևի մարդիկ գրավեցին իշխանությունը և սկսեցին առաջնորդել ազգին դեպի ներքև, քաշել երկիրը դեպի ետ ու ցած, դեպի հատակ, դեպի քանդում ու ավերում: Եվ այդ շարժումը՝ ետընթացն ու ցածընթացը շարունակվում է մինչև հիմա: Հիմա մեծ վտանգի պահ է, հայի աստվածային ոգու արթնացման անհրաժեշտություն կա, որպեսզի իր սրբազան էության իմաստությամբ փրկի ինքն իրեն և իր երկիրը: Հույսեր կան, հայը կարող է դա անել, պետք է միայն հավատալ ուժերին, լսել սրտի ձայնը և ճիշտ ապրել կյանքում, ապրել աստվածային իմաստությամբ, ոչ թե եկեղեցական:

Քանի որ եկեղեցու ուսմունքը կարող է օգտակար լինել միայն շատ ցածր հոգևոր վիճակում գտնվող լայն զանգվածների, մեծամասնության համար, գրածս, իհարկե, ամեն մարդ չի ընդունի, այլ միայն մտավորականները և նրանց չափ մտավոր ու հոգևոր ներուժ ունեցողները: Եթե թեկուզ նրանց մի մասին էլ ճիշտ հետևություններ անելու մտավոր սնունդ տամ իմ մտքերով ու փաստարկներով, ապա ջանքերս իզուր չեն լինի, գոնե մի փոքր քայլ կարվի ընդդեմ ազգի կործանման:


Գեղամ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հ.Գ. Հոդվածում արտահայտված մտքերը կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Խմբագրությունը պատրաստ է հրապարակել նաև ընդդիմախոսների կարծիքները:

ՀԱՊԿ -Ը ԵՒ ՍԻՐԻԱՀԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐԸ

Շահան ԳանտահարյանՍոչիում գումարված Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին նախագահ Սարգսյանի ելույթի Սիրիայի հանգույցին, ինչպես նաեւ սիրիահայության նկատմամբ Երեւանի վարած քաղաքականության բաժինը ներկայացված ճգնաժամի եւ այնտեղ հայտնված հայ համայնքի վերաբերյալ, Երեւանի որդեգրած քաղաքականության կարեւոր կետեր է բովանդակում։

 

Այդ կետերը ամփոփվում են հետեւյալ ձեւով.

 

Համաշխարհային նոր մարտահրավերների եւ սպառնալիքների լույսի տակ հատուկ արդիականություն ապահովելու ընթացքի մեջ է միջազգային ճգնաժամային իրավիճակներում ՄԱԿ-ի դերակատարության շեշտումը: Այս հաստատման փաստը ակնառու ձեւով պարզ է մերձավորարեւելյան տարածաշրջանի հետ կապված իրադարձությունների եւ հատկապես Սիրիայի հետ կապված դեպքերի նկատառումով: Հայաստանի Հանրապետությունը ՀԱՊԿ-ի անդամ պետություններից աշխարհագրական առումով Սիրիային առավել մոտ գտնվող երկիրն է: Ունենալով այնտեղ բազմահազարանոց համայնք, նա ավելի սուր կերպով  է զգում բոլոր ռիսկերն ու սպառնալիքները ՀԱՊԿ պատասխանատվության՝ կովկասյան տարածաշրջանի անվտանգության համար:

 

Երեւանը Սիրիայի հակամարտության սկզբից դիրքորոշված է ի նպաստ շուտափույթ խաղաղ կարգավորման՝ երկխոսության հիման վրա: Այդ կապակցությամբ միջազգային հանրության, մասնավորապես` Սիրիայի հարեւան պետությունների դերը պետք է կայանար այդ երկխոսության աջակցությունում` հաշվի առնելով հակամարտության մեջ ներգրավված բոլոր կողմերի շահերը: Այս համատեքստում Երեւանը ողջունում է  ռուս-ամերիկյան պայմանավորվածությունները սիրիական հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ:

 

Այս չորս կետերով բանաձեւված պաշտոնական դիրքորոշումը իր ընդհանուր առումով պահում է օրինաչափությունն ու համահնչեղությունը թե՛ միջազգային ընտանիքի եւ թե այս դեպքում ՀԱՊԿ-իի շրջագծերում տեղավորվող քաղաքական բանականության նկատմամբ: Երկու ուղղությունների միջեվ հավասարակշռությունը պահված է հայտնապես:

 

Առաջին հատվածը վերաբերում է ՄԱԿ-ի դերակատարությանը: Սիրիական թնջուկի մասին ՄԱԿ-ի դերակատարության շեշտումով հայտարարության նախաբան կատարելը ինքնին հարցի լուծման համար միջազգային ընտանիքի գերակայության մասին է խոսում: Իսկ սա իր հերթին մեկնաբանվում է պարզորեն, որ ՄԱԿ-ի շրջածիրից դուրս առնվող կամ առնվելիք քայլերը չեն արդարացվում:

 

Մի պահ շրջանցելով երկրորդ հատվածը կենտրոնանաք երրորդի վրա, որտեղ Նախագահը առաջին կետին ագուցում կատարելով շեշտում է, որ հարցի կարգավորումը բացառապես պետք է տեսնել խաղաղ ճանապարհով եւ երկխոսության հիմունքով: Այսքանը շատ դասական եւ կարգախոսային սահմաններում կարող էր ընկալվել, եթե իր ենթատեքստով չհակադրվեր զինվորական գործողությունների հավանականության սաստկացման ամերիկյան եւ որոշակիորեն արեւմտյան սպառնալիքներին: Բայց հիմնականը այս հաստատմանը հաջորդող նախադասությունն է.  «միջազգային հանրության մասնավորապես` Սիրիայի հարեւան պետությունների դերը պետք է կայանար այդ երկխոսության աջակցությանը մեջ` հաշվի առնելով հակամարտության մեջ ներգրավված բոլոր կողմերի շահերը»:

Այստեղ արդեն պարզ էր դառնում, թե ո՞վ է այն հարեւան պետությունը, որը փոխանակ խաղաղ կարգավորման եւ երկխոսության կայացման գործընթացին սատարելու, շարունակում էր զինել եւ ֆինանսավորել որոշ ուժեր եւ անվերջ պահանջում էր զինվորական միջամտության իրականացումը: Անկարան առանց անվանանշման մատնացույց էր արվում իբրեւ խաղաղ կարգավորման հակադրվող կողմ եւ իբրեւ այդպիսին` միջազգային ընտանիքի շրջագծից դուրս հարցին լուծում ապահովելու ձգտող պետություն:

 

Խաղաղ կարգավորման առաջադրանքը գերադասելու տրամաբանությունում շատ հանգիստ  է տեղավորվում նաեւ ռուս-ամերիկյան պայմանավորվածության ողջունումը: Զարգացված տրամաբանության եզրահանգումը պարզեցնելով գերադասելի է խաղաղ կարգավորումը, ողջունելի է այդ առաջադրանքի տակ դիտարկվող ռուս-ամերիկյան պայմանավորվածությունը եւ դատապարտելի է երկխոսության կայացմանը չնպաստող եւ հարցերի հրահրման դիրքերի վրա գտնվող հարեվան Անկարան։

 

Վերադառանանք ամենից ուշագրավ կետին: ՀԱՊԿ-ը հավաքական անվտանգության հասկացողություն է ամեն բանից առաջ: Այստեղ շատ նուրբ ձեւով ընդգծվում է Սիրիայի եւ կովկասյան տարածաշրջանի անվտանգության առնչությունը: Այն բարձրաձայնումը, որ կովկասյան տարծաշրջանի անվտանգության հետ կապված այս առնչությունը ամենից սուր եւ զգայուն ձեւով Երեւանն է որ տեսնում է: Իսկ այս սրատեսության շարժառիթի բացատրությունն է, որը աշխարհագրական մերձավորության առընթեր երկրորդ կարեւոր յուրահատկությունն է ապահովում Երեւանին։ Սիրիահայ համայնքի անվտանգությունը Հայաստանի անվտանգության հետ կապելը եւ այդ ճամբով ՀԱՊԿ հավաքական անվտանգության օրակարգի վերածելը մեկնաբանվում է իբրեւ խնդրի աշխարհաքաղաքական հարթություն տեղափոխելու միտող քաղաքական քայլ:

 

Շահան Գանտահարյան

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

Զարգանալ՝ (չ)զիջելով

Շահան ԳանտահարյանՄաքսային միությանը Հայաստանի անդամակցությունը, թվում է, թե պիտի շարունակի խլել քաղաքական, հասարակական եւ լրագրողական շրջանակների լուսարձակները: Ավելի ծանրակշիռ են, գեթ քանակական առումով, քննադատական մոտեցումները, որոնք կենտրոնանում են՝ որոշման պարտադիր բնույթի, մեր երկրի կախյալության, Եւրամիության կողմից Հայաստանի առջեւ դռներ փակելու, եւ երկիրը դեպի անորոշ հեռանկար առաջնորդված լինելու տեսակետների վրա: Քննադատությունները իհարկե ունեն իրենց տրամաբանությունն ու նկատառելի հիմնավորումները: Դրանք մերթ չափազանցված, մերթ համեմատաբար զուսպ ու առարկայական, անպայման հաշվի պետք է առնվեն եւ մտածել տան առնված քայլի հակառակ ուղղությամբ որոշ հակակշիռ միջոցառումներ որդեգրելու հնարավորությունների մասին:

Մաքսային միության անդամակցության որոշումը, իր հերթին, ունի իր արդարացված հիմնավորումը: Ի վերջո միակողմանի, դեպի Եւրամիություն սրընթաց ընթանալու փաստը կարող էր ռիսկային հիմնական բաժին պարփակած լինել: Իսկ փոխլրացումը ենթադրում է ինչպես ռուսական, այնպես նաեւ եւրոպական, կամ ընդհանրապես արեւմտյան ուղղությունների վրա շարունակել համագործակցության ձեւաչափերի ապահովման եւ գործնականացման քաղաքականության կիրառումը: Խնդիրը այս հանգրվանին պետք է դիտարկել ոչ աղետալի, ոչ էլ բացարձակապես դրականի սեւ-սպիտակի բանավեճային մոտեցումով: Դեպի Մաքսային միություն առնված քայլը, գուցե անխուսափելի, այսուհանդերձ լուրջ իրավիճակ է ստեղծել դեպի Եւրամիության ընկերակցություն նախաստորագրության համար մի քանի տարի բանակցություն տարած պաշտոնական Երեւանի համար:

Տարատեսակ եւ տարաբնույթ այս մոտեցումներին եւ տեսակետներին հետեւելու ընթացքում մի քանի անգամ ուշագրավորեն նկատվեց հարեւան Վրաստանից օրինակ վերցնելու գաղափարը: Հետեւյալն է քննադատական մոտեցման բուն էությունը. Վրաստանը անտեսելով ռուսական գործոնը, թափ է տվել իր ինտեգրման քաղաքականությանը դեպի Եւրոպա, ԱՄՆ, ՆԱՏՕ, որի արդյունքը եղել է միանշանակ դեպի Եվրամիության ընկերակցություն նախաստորագրություն, առանց որեւէ պարտադրանքի տեղի տալու, առանց Մոսկվայից կախյալ կարգավիճակում հայտնվելու: Այս ուղղությունը Վրաստանին ապահովել է հակակոռուպցիոն պայքարում թռիչքային առավելություններ ձեռք բերելու, տնտեսական բարգավաճում արձանագրելու, ընտրակարգը բարելավելու եւ ժողովրդավարությունն ամրակայելու առիթներ: Մի խոսքով՝ ռուսական գործոնի շրջանցումով երկրի զարգացումը ապահովելու:

Իհարկե, այս ուղղության շուրջ կան ներվրացական տարակարծություններ. վարչապետ Իվանիշվիլին կարող է չբաժանել իր նախագահի կիրառած արտաքին քաղաքականության գերակա ուղղությունները եւ փորձ կատարել որոշակի հավասարակշռություններ ապահովելու այդ ոլորտում: Բայց այժմ սա չէ խնդիրը. Վրաստանից, այս դեպքում նրա որդեգրած արտաքին քաղաքական ուղեգծից դաս քաղելու կոչն է, որ հնչում է հայկական շրջանակներից։

Վրացական զարգացման այս ուղղվածությունը իրականությանը համապատասխանող երեւույթ է: Սակայն գինը թանկ է. ռուսական գործոնի շրջանցման հետ կապված գին է այդ մեկը: Այսօր վրացական դիտակետից մեր հարեւանը կորցրել է իր տարածքային ամբողջականությունը: Իրողապես, Աբխազիան եւ Հարավային Օսիան այլեւս մաս չեն կազմում Վրաստանի միջազգային մակարդակով ընդունված սահմանների: Իրողական այս անկախությունը նվիրականացավ, երբ Սահակաշվիլին որոշեց՝ «զարգանալ զիջելով» կարգախոսը վերածել արտաքին քաղաքականության հիմնական ուղղության: Ռուս-վրացական կարճատեւ պատերազմը եւ շրջանների կորուստը դեպի Արեւմուտք կտրուկ շրջադարձի գինն էին, որը վճարեց Սահակաշվիլիի Վրաստանը: Ի գին հողային տարածքների կորստի (միշտ մնալով վրացական դիտակետի մոտեցումների սահմաններում) Թբիլիսին զարգացավ: Թվում է, որ անջատված եւ անկախացած տարածքների վերադարձի պահանջը առաջնային կարգով մաս չի կազմում արդեն պաշտոնական Թբիլիսիի արտաքին քաղաքականության:

«Զարգանալ զիջելով» կամ «առանց զիջելու» քաղաքական երկվությունը (դիլեման) անիրատեսական չէ, որ հնչի նաեւ Հայաստանի Հանրապետության համար: Մանավանդ թուրք-ադրբեջանական շրջափակման ենթարկված մեր երկրի համար։ Այս պատճառով էլ առնվազն պետք չէ շտապել վրացական օրինակից դասեր քաղելու եւ ըստ այնմ արտաքին քաղաքականության գերակա ուղղությունները ճշտելու համար:

Շահան Գանտահարյան
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

Ամերիկյան «թայմ աութի» կանոնները

Շահան ԳանտահարյանՍիրիական հիմնախնդրի հանգուցալուծման միտող, կամ ավելի ճիշտ` ռազմական գործողությունների մեկնարկը առկախելու փորձ կատարող ռուսական նախաձեռնությանը, հստակորեն գեթ որոշակի հանգրվանի համար, հաջողվեց փոխել իրավիճակը: Համատարած տպավորություն եւ համոզում էր գոյացել այն մասին, որ ամերիկյան Կոնգրեսի քվեարկությունից անմիջապես հետո, նույնիսկ Սենատի քվեարկության ավարտին ռազմական գործողությունները պիտի մեկնարկեին սիրիական թիրախների ուղղությամբ: Հետաքրքրական զուգադիպությամբ ռազմական գործողությունների մեկնարկի թվականը, թեկուզ ոչ պաշտոնական, նախատեսվել էր սեպտեմբերի 11-ը, որ ամերիկյան տրամաբանությամբ պիտի խորհրդանշեր միջազգային ահաբեկչության դեմ պայքարի օրը…

Իհարկե, ռուսական նախաձեռնությունը թվականի եւ ներկայացման ժամանակի իմաստով եւս պատահականություն չէր։ Շատ շուտով պարզ դարձավ, որ նախաձեռնությունը համաձայնեցված էր Միացյալ Նահանգների հետ: Նախաձեռնության հրապարակմանը հաջորդեց համաձայնեցված երկրորդ հանգրվանը: Միացյալ Նահանգները հայտարարեցին «թայմ աութը»: Իսկ այստեղ, միջանկյալ ձեւակերպումները հարգելու համար անմիջապես պետք էր Դամասկոսի ողջունումը, որ անուշտ տեղին եւ ժամանակին կատարվեց:

Ամերիկյան «թայմ աութի» բացատրությունը երեկ տվեց նախագահ Օբաման։ Դրական շեշտադրումներով հագեցած բացատրողական էր, որի հիմնական միտքն այն էր, որ այս ամենում դիվանագիական լուծումն է գերադասելի Միացյալ Նահանգների համար, թե ԱՄՆ-ը չպիտի միջամտի ներսիրիական պատերազմին, թե այս ամենի նպատակը զանգվածային ոչնչացման զենքերի չեզոքացումն է եւ բացառումը նման միջոցների օգտագործման:

Ճիշտ է, որ իբրեւ ռուսական համաձայնեցված նախաձեռնության արդյունք` ռազմական գործողությունները անժամկետ հետաձգվում են։ Մի քանի դիտարկում սակայն, պետք չէ բաց թողել, ամերիկյան «թայմ աութի» հիմնավորումների եւ դադարի այս հանգրվանի նախապատրաստությունում կատարված հայտարարությունների վրա բացվող լուսարձակները ամփոփ ձեւով նշելու համար:

Ռուսական կոչը Դամասկոսին, հանձնելու համար քիմիական զենքի պահեստը միջազգային ընտանիքին, ինքնին փաստում է սիրիական իշխանությունների մոտ զանգվածային ոչնչացման նման միջոցների առկայությունը: Ավելի ճիշտ` այդ առկայության ռուսական հաստատումը: Ռուսական այս հաստատումը կատարվեց ճիշտ ՄԱԿի փորձագետների հետազոտման արդյունքի հայտարարության  նախօրյակին: Դեռեվս միջազգային մակարդակով չհաստատված, թե ո՞վ է քիմիական զենքերի օգտագործման հասցեատերը, Մոսկվան առաջարկում էր Դամասկոսին հանձնել քիմիական պաշարը:

Սա, իհարկե, բավարար էր քիմիական պաշարի առկայությունը փաստելու. բայց սրանով էլ չէր բավարարվում քիմիականի առկայության հաստատումը: Դամասկոսը ողջունեց ռուսական նախաձեռնությունը, ուղղակի-անուղղակի ինքնախոստովանելով  իր մոտ նման զինամթերքի առկայությունը:

Անշուշտ, այստեղ կա տրամաբանություն, որ նման զենքերի առկայությունը չի ենթադրում անպայման դրա օգտագործումը կամ օգտագործված լինելը: Մնանք սակայն գերտերությունների հայտարարությունների ճշտած տրամաբանության սահմաններում: Երբ օգտագործված քիմիականի ուղղությամբ ամբաստանությունները երկկողմանի էին, առնվազն ակնկալվում էր նաեւ հակառակորդ կողմին եւս պահանջ ներկայացնել քիմիական զենքի պահեստները հանձնելու միջազգային ընտանիքին: Կոչը կարելի էր ուղղել կողմերին, հանձնելու զանգվածային ոչնչացման միջոցները: Մանավանդ, երբ նույն այդ միջազգային ընտանիքը դեռեվս չէր եզրակացրել պատասխանատվության խնդիրը:

Ռուսական համաձայնեցված այս նախաձեռնությունը ենթահող պատրաստեց միջազգային փորձագիտական եզրակացության համար: Փորձագետները այլեւս  հանգիստ կարող էին հայտարարել, թեեւ առանց ուղղակի փաստեր ունենալու, որ  կառավարական ուժերն են քիմիականի օգտատերերը: Սա էլ ռուսական առաջարկից, ամերիկյան «թայմ աութից» հետո համաձայնեցված ընդհանուր նախաձեռնության միջազգային երրորդ արարն էր:

 

Շահան Գանտահարյան

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

 

 

Սահմանափակ գործողություններ կանխատեսելի հետեւանքներով

Շահան ԳանտահարյանՍիրիայի դեմ կիրառելի զինվորական միջամտությունը հետզհետե տեսանելի է դառնում: Երեւույթները մտածելու տեղիք են տալիս, որ ծայրահեղ զգուշավորությամբ են շարժվում գործողություն կազմակերպող ուժերը: Այստեղ ՄԱԿ-ից անջատ եւ թեկուզ հակառակ միջազգային ընտանիքի կողմից ընդունվելիք որոշման բացակայության, արեւմտյան ուժերն ու ՆԱՏՕ-ն որոշել են պատժիչ գործողության իրականացումը:

Անվճռականության տեսքով հանդես է գալիս Սիրիայի հարցում մինչ այդ ավելի վճռորոշ դերակատարություն ստանձնած, տարածաշրջանում իր կարեւորագույն հենարանը չկորցնելու տեղի չտալու վարքագծով հատկանշված Մոսկվան, որ մի քայլ առաջ, երկու քայլ հետ մարտավարական քայլեր է ցուցադրում աշխարհին: Եթե մի կողմից հայտարարում է, որ Ռուսաստանը չի միջամտում Սիրիայի դեմ սանձազերծելի պատերազմին, մյուս կողմից զգուշացնում է նման նախաձեռնության դիմողներին անկանխատեսելի հետեւանքներից:  Առանց առաջին բաժինը հայտարարելու, երկրորդ զգուշացումն է կատարում նաեւ շրջանային կարեւոր ուժ Իրանը, որ այս դեպքում Սիրիայի մերձակա շրջանում, ի դեմս Հեզբոլլահի, ունի տեղակայված զորամիավորում: Հետաքրքիր է նաեւ Հեզբոլլահի հայտարարությունը այն առումով, որ եթե գործողությունները պիտի անցնեն սահմանափակվածության գծերը եւ վերածվեն գետնի վրա ուժերի հավասարակշռության փոփոխոթյան, այդ դեպքում Հեզբոլլահը եւս կներգրավի պատերազմին:

Մի պահ կենտրոնանանք հայտարարության այս բաժնի վրա, որ որոշակի մեկնաբանությունների դուռ է բացում: Հայտարարությունը փորձենք տարբաղադրել, սկսելով եզրակացության բաժնից: Հեզբոլլահը կներգրավվի պատերազմին եւ մասնակցություն կունենա, եթե գետնի վրա ուժերի հավասարակշռության փոփոխության միտող գործողություններ իրականան: Սա նշանակում է, այս անգամ նկատի ունենալով առաջին բաժինը, որ ըստ բանաձեւված բնութագրի գործողությունները եթե լինեն սահմանափակ, պատժիչ, «դաստիարակիչ» կամ  կանխազգուշացնող, ապա Հեզբոլլահը չի ներգրավվի պատերազմին:

Ուղերձը խառն է եւ միանշանակ իմաստ չունի: Քանի որ, Հեզբոլլահը շրջանային պատերազմի ներգրավվելու մասին հայտարարություն  է կատարում միայն համաձայնաբար շրջանային գերուժ Իրանի հետ: Ուրեմն,  այստեղ խոսքը Իրանի ներգրավվածության պայմանականության մասին է: Իսկ Իրանը միաժամանակ ասում է այն, ինչ որ Ռուսաստանն է հայտարարում, այսինքն չի ներգրավվում պատերազմին, եթե վարչակարգի տապալումը չէ անմիջական նպատակը նրա: Չմոռանանք սակայն Իրանի զգուշացումը՝ անկանխատեսելի հետեւանքներից:

Իսկ հիմա մտածենք նաեւ, որ եթե պատժիչ գործողությունները անկանխատեսելի հետեւանքների ռիսկայնության բարձր հավանականությունը առանց չեզոքացնելու կդիմե՞ն քայլի: Չերեւացող, լուռ համաձայնություններ կան այս բոլորի մեջ: Միջերկրականյան ծովերի խորքերը, Սիրիայի մերձակա ջրերում եթե մինչեւ հիմա Մոսկվային էր պատկանում ռազմանավեր տեղակայած լինելու մենաշնորհը, հիմա նաեւ ամերիկյան ռազմանավեր են ծփում ջրային միեւնույն տարածքների վրա:

Երեւույթները մտածելու տեղիք են տալիս, ուրեմն, որ Մոսկվայի եւ Իրանի միջին արեւելյան կարեւորագույն հենարանի նկատմամբ սահմանափակ գործողությունների իրականացման կանաչ լույսը կտրվի միայն կանխատեսելի հետեւանքների տեսանելիության ապահովմամբ. գեթ այս հանգրվանին:

 

Շահան Գանտահարյան

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

 

 

Արժեքները եւ այլընտրանքայինները

Շահան Գանտահարյան Այլընտրանքային լրատվադաշտը, կամ ավելի մատչելի ընկալման համար՝ սոցցանցերը, հասանելիության նորանոր տարածքներ են նվաճում, մագլցողականության աննախադեպ եւ նույնիսկ անհաշվարկելի օգտատերերի դաշտ մուտք գործելով կայծակնային արագությամբ եւ ինքնատարածման գերարագ մեքենականություններով:

Կացությունը հասել է այնտեղ, որտեղ լրատու գործակալությունը, մամուլի այս կամ այն տարբերակը իր նյութերի տարածման համար ոչ թե մնում է այլընտրանքային լրատվադաշտի հետ, այլ օգտագործում է այն` իր հրապարակած նյութերի տարածման  համար: Այսօր գրեթե չկա թերթ կամ ընդհանրապես զանգվածային լրատվամիջոց, որ ֆեյսբուքի իր էջերով հատուկ ճիգ չի խնայում իր ընթերցող հասարակության թիվը բարձրացնելու համար: Քանակական ոստումներ կատարելու ինքնամղումից մեկնած թերթերի ընկերային էջերը աշխատում են օրն ի բուն, ժամ առ ժամ, րոպե առ րոպե, մի ժամ առաջ իսկ թողարկված լրատվությունը ժամանակավրեպ չդարձնելու համար: Ներկա ժամանակներում թարմացման կշռույթը վայրկյանական է, իսկ հետ մնալը, կամ թարմացման ժամանակակից կշռույթը չհարգելը պարզապես անմրցունակության ցուցանիշ է:

Արագությունն ու զգայացնցումը այսօրվա լրատվության արժեքային համակարգի առաջին չափանիշերն են դարձել: Մնացյալը թվում է, թե երկրորդական նշանակություն ունի: Հավաստիությունը, առարկայականությունը, լրագրական բարոյագիտությունը, ինքնագրաքննությունը եւ նման այսօրվա ընկալմամբ դասականացած արժեքները այլընտրանքային լրատվադաշտի համար ժամանակը կորցրած «ապրանքանիշեր» են, որոնք շուկայի կողմից պահանջարկ չունեն:

Այս մասին տակավին կարելի է երկար գրել, օրինակներ մեջբերել, դասական եւ այլընտրանքային լրատվադաշտերի մասնագիտական համեմատությունը կատարել: Այս նախաբանը ամփոփ բնութագիրն է այսօրվա պատկերի, պարզապես արագ անցում կատարելու համար դեպի հայկական տեղեկատվական այլընտրաշխարհը:

Տաբուներ քանդող լուր տարածելու ներկա կարելիությունները քանդում են նաեւ այն պատնեշները, որոնք սկզբունքով պիտի սահմանազատեին մարդ անհատը եւ տվյալ հաստատության կամ կազմակերպության լուր տարածելու կարելիությունները: Այսպես. եթե մի թերթ հազարավոր բարեկամ ունի ֆեյսբուքի վրա, շուրջ նույնքան բարեկամ – ուրեմն նաեւ ընթերցող կարող է  ունենալ անհատը այսօր, որ հավասար միջոցն ու հավասար քանակը կարող է  ունենալ պաշտոնական թերթի հետ` իր խոսքը տարածելու, իր կարծիքը ընթեռնելի դարձնելու, այլ խոսքով ինքնադրսեւորվելու: Զգայացունց գրառումը բավարար է, որ հանկարծ արագությամբ աշխատեն «լայքերը, շեյրերը, ռիքոմենտները» եւ գրառումը տարածվի ու տարածվի  անընդհատ` հասնելով ծանոթին ու անծանոթին: Այս մեքենական շրջանառությունները հաճախ զուգորդվում են մեկնաբանություններով, տեղի-անտեղի կարծիքներով, երբեմն նյութում չտեղավորվող, երբեմն անտեղի հաստատումներով: Կարեւորը այն է, որ քանակի աստիճանաչափը հարվածվում է, մարդիկ իրազեկվում են այն ինչի մասին, որ օգտատերը  ուզո՛ւմ է, որ համացանցային հասարակությունը եւ մեր դեպքում ֆեյսբուքահայությունը իմանա: Կշռույթն ու տարողությունը հասել են այնտեղ, որտեղ քաղաքական բարձրաստիճան պաշտոնատարը հայտարարություն կատարելու փոխարեն հետզհետե ավելի հաճախակի նախընտրում է դիմատետրի կամ դայլայլիի (թվիթերի) իր էջի վրա գրառում կատարել, որին հղում կկատարեն զանգվածային լրատվամիջոցները:

Վիճարկելի չէ այն տեսակետը, որ ժամանակակից միջոցները պետք է օգտագործել առավելագույնս հայկական լրատվությունները տարածելու համար: Սակայն, անտառի օրենքով կառավարվող այս տարածքներում հաճախ հարվածվում են մեր ազգային արժեհամակարգի հենասյուները: Ոչ հեռու անցյալում էր, որ հարվածվեց մեր բանակը, երբ յութուբի վրա ցուցադրվեցին հայ սպայի կողմից հայ զինվորի նկատմամբ ստորացման նկարահանումները: Աշխարհին հասանելի դարձան նմանատիպ պատկերներ, որոնք խորքում հայ կրթահամակարգը խնդրո առարկա էին դարձնում: Պատահական չէին այս հրապարակայնացումները: Կրթական ոլորտում տարածաշրջանային մակարդակի վրա մրցանիշեր ապահովելու կամ Երեւանի` Համաեւրոպական բարձրագույն ուսումնական կենտրոնի վերածման միջոցին կատարվեց հայ դպրոցին վերաբերող գայթակղության բացահայտումը: Հայկական բանակի մարտունականության, ընդ որում դարձյալ տարածաշրջանային առումով անգերազանցելիության մասին գնահատականների միջոցին, հրապարակվեցին հայկական բանակի, հայ սպայի ու հայ զինվորի նկատմամբ առնվազն ոչ բարենպաստ պատկեր ստեղծող պատկերներ:

Իսկ հիմա՞: Հայ առաքելական եկեղեցին դարձել է այլընտրանքային լրատվադաշտի առանցքային նյութի առումով վերջին նորաձեւությունը: Այս մարզում, իհարկե խնդիրներ կան, սրբագրելի կետեր կան, բարեփոխության առաջադրանքներ կան, որոնք պետք է քննարկել եւ առաջնորդել լուծման: Բերենք միայն վերջին օրինակը, առանց որեւէ կողմնորոշման: Պարզ այն հարցումը, թե ինչպե՞ս է պատահում, որ Երուսաղեմի պատրիարքի՝ Ամենայն հայոց վեհափառին հղած նամակը նախքան առաքվելը հայտնվում է նույն այդ այլընտրանքային լրատվամիջոցի զանազան տարածքների վրա եւ վերը նշված միջոցներով, արագությամբ եւ մեկնաբանություններով տարածվում է, մեկնաբանվում։

Հրապարակումները, որոնք պատշաճ ոճով եւ նույնիսկ քննադատական մոտեցումով են խոսում եկեղեցու բարեփոխությունների եւ հավելյալ ժողովրդավարացման անհրաժեշտության մասին, կարելի է շատ հանգիստ եւ բնական ընկալել: Սակայն, անկախ նրանից, որ հայ եկեղեցու պառակտման մասին կատարվող նկատողություններն ու կարծիքները կամ վարկաբեկիչ նյութերի երեւալը կարող են նպաստել աղանդավորական շարժումների ենթահողի ձեւավորմանը, հարցը պետք է դիտարկել նաեւ քաղաքական դիտանկյունից:

Կիլիկիո կաթողիկոսության առած  ուղենշային քայլից հետո` միջազգային օրենսգետների մասնակցությամբ Ցեղասպանության ճանաչումից հատուցում անցում կատարելու գիտաժողովի կազմակերպումով, երկու վեհափառ հայրապետների պահանջատիրական համատեղ հայտարարությունն ու միացյալ կեցվածքը վստահաբար  անհանգստացնում էին շատ շատերին: Ուրեմն պետք էր ջլատել այս համատեղումը: Որովհետեւ թե՛ Էջմիածինը, թե՛ Անթիլիասը, թե՛ Երուսաղեմը եւ թե՛ Պոլիսը իրենց նվիրապետական աթոռների ճանապարհով այսօր նախապատրաստվում են իբրեւ իրավատեր ու պահանջատեր ներկայանալ Անկարային` վերականգնելու համար մեր համազգային պահանջատիրության մեկ կարեւոր բաժինը: Ահա թե ինչու առավել համոզիչ է դառնում, որ պատահական չէ պատրիարքական աթոռից Էջմիածին հղվելիք նամակի արխիվից սպրդումը եւ նախքան հասցեատիրոջը հասնելը երեւալ միեւնույն այլընտրանքային լրատվադաշտի տարածքների վրա:

Հրապարակայնությունը, թափանցիկությունը եւ տեղեկացվածությունը ներկա ժամանակների պահանջած կարգախոսներն են: Այս կարգախոսների շահարկման ճանապարհով ազգային արժեհամակարգի դեմ հարված է տեղի ունեցածը այսօր, որ վաղը կարող է կերպարանափոխվիլ եւ հարվածել միեւնույն համակարգի այլ արժեքները, որոնք հայտնաբար թիրախի են վերածվել: Մանավանդ որ ազգովին հատուցման պահանջատիրական թղթածրարի պատրաստության մեջ ենք բոլորս: Հայկական զանգվածային լրատվամիջոցները այս հանգամանքները նկատի առնելու հարկադրանքի առջեւ են կանգնած: Նաեւ այլընտրանքայինները:

 

Շահան Գանտահարյան

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

 

Ռաֆայել Իշխանյան. «Պատկերազարդ պատմություն հայոց»

14305«Տառապանքով ավարտին հասցրի «Պատկերազարդ հայոց պատմության» երրորդ գիրքը: Դժվար ժամանակներ էին, Հայաստանը քաղցած է, ես էլ՝ ծանր հիվանդ: Աստծու օգնությամբ ավարտեցի այս երրորդ գիրքը 1991 թ. հուլիսի 18-ին: Հաջորդ երեք գրքերն այլևս չեմ գրի: Ներողություն եմ խնդրում, թե գրածներիս մեջ սխալներ նկատեք: Ջանացել եմ անսխալ գրել, բայց մարդու ձեռքով ստեղծված որևէ բան անսխալ չէ»:

Բոլոր նրանք, ովքեր 1980-ականներին են դպրոց գնացել, ու հատկապես նրանք, ովքեր բաժանորդագրված էին «Պիոներ» ամսագրին, անկասկած, կհիշեն ամսագրի ամեն համարում տպագրվող «Զրույցներ հայ ժողովրդի պատմությունից» շարքը՝ Ռաֆայել Իշխանյանի հեղինակությամբ: Վստահ եմ, որ շատ շատերն ինձ պես անհամբերությամբ են սպասել «Պիոների» նոր համարին՝ Իշխանյանի՝ արտաքուստ պարզ ու մատչելի, բայց իրականում փաստառատ ու հայոց պատմության գրեթե բոլոր կարևոր իրադարձություններն ընդգրկող, վերլուծող, նոր մոտեցումներ առաջադրող զրույցը կարդալու համար:

Այն ժամանակ հատկապես դպրոցականներիս համար այդ զրույցները դասագրքի կաղապարներից դուրս գալու, մի փոքր ուրիշ հայոց պատմություն իմանալու գրեթե միակ այլընտրանքն էին, մեր ուսուցիչներին ոչ դասագրքային գիտելիքներով զարմացնելու գրեթե միակ հնարավորությունը: Ու Կորյուն, Ագաթանգեղոս, Խորենացի, Բուզանդ, Եղիշե ու Փարպեցի կարդալուց շատ առաջ Իշխանյանի զրույցների շնորհիվ արդեն գիտեինք, թե մեր պատմության որ դրվագներն են հենց նրանք վկայագրել:

Հիշում եմ, թե ինչպես մի օր ես՝ 4-րդ դասարանցի երեխաս, ապշեցրի մեր շրջկենտրոնում Հայոց պատմություն առարկան մասնավոր պարապող մի տասներորդցու: Ու երբ նա իմացավ, թե որտեղից ինձ այդ գիտելիքները, խնդրեց վերցնել «Պիոների» համարների հավաքածուն: Հետո նա ընդունվեց համալսարան, կարծեմ՝ ժուռնալիստիկայի ֆակուլտետ, ու իմ հավաքածուն անհետ տարավ իր հետ: Հիշում եմ՝ ես հուսահատության մեջ էի, որովհետև Իշխանյանի զրույցներից զատ ինձ համար թանկ ու կարևոր էին նաև նկարները, որոնց շնորհիվ ես դեմքով գիտեի Տրդատ Մեծին ու Գրիգոր Լուսավորիչին, Պապ թագավորին ու Փառանձեմ թագուհուն, Արշակ Երկրորդին ու Վռամշապուհին, գիտեի, թե հատկապես ինչ իրադրության մեջ են ձերբակալում Մուշեղ Մամիկոնյան սպարապետին կամ ինչպիսի շարժումով է Դրաստամատը դանակն իր սիրտը մտցնում…

Ու հանկարծ գրախանութում տեսնում եմ Ռաֆայել Իշխանյանի «Պատկերազարդ պատմություն հայոց» գրքի առաջին հատորը, որը մասամբ կվերականգնի  կորուստս: Ասում եմ՝ մասամբ, որովհետև իմ սիրած նկարներով զրույցներն այդ հատորում չկային… Այդ ընթացքում Իշխանյանը ամսագրում հրատարակում էր նորանոր զրույցներ, և շարունակեց արդեն անկախությունից հետո, երբ «Պիոները» «Աղբյուր» էր դարձել: Բայց մի հերթական համարում էլ հանկարծ հայտարարեց, որ դադարեցնում է զրույցները, հիշում եմ՝ Գրերի գյուտին նվիրված զրույցի վերջում, ու երևի այդ պատճառով է, որ ես ինքս հայոց պատմությունը մինչև 5-րդ դար շատ ավելի լավ գիտեմ, քան 5-րդ դարից հետո…

Արդեն ուսանող էի, երբ լույս տեսավ «Պատկերազարդ պատմություն հայոց»-ի երկրորդը հատորը՝ առաջինից մոտ 7 տարի հետո, իմ սիրած նկարներով: Ինձ համար մեծ անակնկալ էր այն, որ ամսագրում դադարեցնելով զրույցների հրապարակումը, Իշխանյանն այնուամենայնիվ շարունակել է գրել դրանք ու հասցրել Բագրատունյաց թագավորության անկում: Երկրորդից ևս 7 տարի հետո լույս տեսած երրորդ հատորը, սակայն, նախկինների պես լայն տարածում չունեցավ, վստահ եմ, որ մինչև հիմա էլ քչերը գիտեն դրա մասին: Ուրիշ ժամանակներ էին, ուրիշ հետաքրքրություններով դպրոցականներ, հայոց պատմության՝ գեղեցիկ նկարներով դասագրքեր կան: Միջնադարյան մեր գրիչների ոգով ու ոճով գրված Իշխանյանի հիշատակարանը երրորդ հատորի վերջում նույնպես ցավագին, նույնիսկ՝ ողբերգական զգացողությունների ծնունդ է. «Տառապանքով ավարտին հասցրի «Պատկերազարդ հայոց պատմության» երրորդ գիրքը: Դժվար ժամանակներ էին, Հայաստանը քաղցած է, ես էլ՝ ծանր հիվանդ: Աստծու օգնությամբ ավարտեցի այս երրորդ գիրքը 1991 թ. հուլիսի 18-ին: Հաջորդ երեք գրքերն այլևս չեմ գրի: Հայ խոսքի ու ձեր ծառա Ռաֆայել Իշխանյանս ներողություն եմ խնդրում, եթե գրածներիս մեջ սխալներ նկատեք: Ջանացել եմ անսխալ գրել, բայց մարդու ձեռքով ստեղծված որևէ բան անսխալ չէ: Մի աղոթքով հիշեք անկատարիս»:

Եվ ահա լույս է տեսել 3 հատորները մեկտեղող «Պատկերազարդ պատմություն հայոց» գիրքը,  իմ պատանեկան երազանքներից մեկը, մանավանդ որ նկարները շատ ավելի որակյալ ու գունեղ են…

Թող որ հայոց պատմության բազմաթիվ փաստեր պատմաբաններն այսօր ուրիշ կերպ են մեկնաբանում, թող որ պատմական շատուշատ փաստերի մեկնաբանություններ Իշխանյանի սուբյեկտիվ հայացքների ու պատմության ընթացքի նրա ընկալման դրոշմն են կրում, այս գիրքը, այս հրաշալի «Պատկերազարդ պատմություն հայոցը» այսօր էլ մնում է բացառիկ ու օգտակար բոլորիս համար: Ու առաջվա պես հատկապես դպրոցականների համար մի փոքր ուրիշ հայոց պատմություն իմանալու հրաշալի այլընտրանք է:

Մտորումներ ստեղծվելիք կառավարությանն առընթեր ճարտարապետության պետական կոմիտեի շուրջ

sarhat_4Մինչ մեր քաղաքացիներն արդարացի կերպով ընդվզում են Երևան քաղաքում տրանսպորտի թանկացման դեմ, իսկ ճարտարապետական հանրույթի շրջանակում սկսել են ընթանալ քննարկումներ առհասարակ գլխավոր ճարտարապետի պաշտոնի նպատակահարմարության ու դրան վերագրվող լիազորությունների շուրջ, հանրապետության նախագահի հուլիսի 22-ի հրամանագրով ստեղծվեց Հայաuտանի Հանրապետության կառավարությանն առընթեր ճարտարապետության պետական կոմիտե: Մեկամսյա ժամկետում ընդունվելու են դրանից բխող համապատասխան որոշումներ: Սա մտորելու տեղիք է տալիս, մանավանդ որ այդ կոմիտեն գործելու է քաղաքաշինության նախարարությանը զուգահեռ, նույն կառավարության կազմում:

Դեռ մի տարի առաջ` 2012 թ. մայիսի 14-ին, «Անկախ» շաբաթաթերթում «Քաղաքաշինությունն ու նոր կառավարությունը» հոդվածում մի շարք առաջարկություններ էի արել նոր ստեղծվող կառավարությանը, ի թիվս որոնց առաջարկում էի ստեղծել ՀՀ կառավարությանն առընթեր կայուն զարգացման (կամ քաղաքաշինական գործունեության) պետական կոմիտե` նպատակ ունենալով համակարգել մեր երկրի տարածքում մարդածին միջավայրում տեղի ունեցող գործընթացների կառավարումը։ Ենթադրաբար նախագահի հրամանագրի նախապատրաստական աշխատանքների շրջանակում այս առաջարկության վերաբերյալ տեղի է ունեցել տարընթերցում, կամ էլ հոդվածը չի ընթերցվել ամբողջությամբ, որի հատկապես վերջին պարբերությունում խոսք  կա այս գործընթացում բացառապես նոր կադրերի ներգրավման անհրաժեշտության  մասին (տե՛ս https://archive2.ankakh.com/wp-content/uploads/2012/05/206745)։

Չնայած այն հանգամանքին, որ առաջիկա մեկ ամսվա ընթացքում տեղի են ունենալու քննարկումներ, հաշվի առնելով մեր օրերում քաղաքաշինական քաղաքականության իրացման առկա ավանդույթները, այն է` հիմնականում փակ ու նեղ թիմային շրջանակների շահերի վերադասում հասարակականից, ստորև ներկայացնում եմ մի շարք նկատառումներ, որոնք ակնառու են դեռևս այս փուլում։

Նախևառաջ անվանման վերաբերյալ, որը չի կարելի է համարել երկրորդական։ «Կառավարությանն առընթեր ճարտարապետության պետական կոմիտե» հասկացությունը ոչ միայն ժամանակավրեպ է, այլև չի տեղավորվում Հայաստանի Հանրապետության օրենսդրության տրամաբանության շրջանակներում։ Անկախությանը հաջորդած տարիներին մշակված օրենսդրությունը ճարտարապետությունը չի դիտում որպես առարկա, այն հիմնականում միտված է քաղաքաշինական գործունեությունը կարգավորելուն։ Ի  պատիվ մի շարք ներկա և նախկին պետական ծառայողների (որոնք ներկայացնում են քաղաքաշինության ոլորտը) նշենք, որ քաղաքաշինությանը վերաբերող օրենսդրական դաշտը համեմատաբար բարձր որակով ու արհեստավարժությամբ է մշակված, չնայած կան բազմաթիվ վերապահումներ։ Քաղաքաշինական գործունեությունը ներառում է մարդածին միջավայրում տեղի ունեցող փոփոխություններին առնչվող բոլոր ոլորտները, որոնք միգուցե իրականացվում են ճարտարապետների կողմից, սակայն այն շատ ավելի լայն հասկացություն է։ Քաղաքաշինությունն այդ բոլոր խնդիրների համալիր մոտեցման գիտություն է, իսկ ճարտարապետությունը դրա բաղկացուցիչներից մեկն է միայն։ Սա դասագրքային ճշմարտություն է։

Ճարտարապետության կոմիտեի գաղափարը լավագույնս ներգծվում է վերջին տարիներին տարվող հատվածային, ասել է թե` կետային, նեղ, քաղաքաշինական քաղաքականության ենթատեքստում, որը հատկապես ցայտուն է դառնում քաղաքաշինական զարգացում արձանագրող տարածքներում (Երևանի կենտրոնում, միջպետական ճանապարհների երկայնքով և այլն)։ Այս մոտեցման շրջանակում գրեթե բոլոր նախաձեռնությունները չեն դիմանում որևէ մասնագիտական քննադատության ու որակազրկում են Հայաստանի բնական ու մարդածին լանդշաֆտն ու մշակութային նյութական ու ոչ նյութական դարավոր ժառանգությունը։

Վստահաբար ինչ-որ մեկը, ի պատասխան այս նկատառման, նորից կմեջբերի Ալեքսանդր Թամանյանին, որը 1920-ականներին զբաղեցրել է նման պաշտոններ, սակայն, մեղմ ասած, անընդունելի ու ծիծաղելի են նման համեմատությունները, քանի որ խոսքը մոտ մեկդարյա վաղեմության կառավարման մոտեցման մասին է։ Նման փորձ արվեց, երբ մի քանի տարի առաջ ստեղծվեց Հայաստանի գլխավոր ճարտարապետի ինստիտուտը, որը սպառվեց շատ կարճ ժամանակահատվածում ու ոչ միայն չնպաստեց ոլորտում առկա խնդիրների լուծմանը, այլև խորացրեց դրանք։

Մեկ այլ խումբ էլ վկայակոչելու է խորհրդային տարիներին նման կառույցի առկայության փաստը, ինչը կարող է ոմանց համար համոզիչ թվալ։ Այդ կառույցի վերջին անվանումը եղել է «Ճարտարապետության և քաղաքաշինության պետական վարչություն», իսկ նախկինում՝ Պետշին։ Եթե հաշվի առնենք առկա քաղաքաշինական համակարգում հնացած՝ խորհրդային կառավարման ոգին ու ճարտապետական հանրույթի մեծամասնության շրջանակում տիրող ոչ բավարար գիտելիքներն արդի քաղաքաշինական գործընթացների վերաբերյալ, ապա հասկանալի կդառնան նման մոտեցման խորքային պատճառները։

Աներկբա է, որ խնդիրը միայն անվանումը չէ, այլ այդ նորաստեղծ կառույցին վերապահվող դերը։ Մեր օրերում քաղաքաշինական գործունեության ոլորտում հատկապես կարևոր է տարբերակել մի շատ կարևոր դրույթ, որը շուկայական տնտեսության պայմաններում էական փոփոխություն է կրել։ Եթե խորհրդային տարիներին պետությունը նման կառույցների միջոցով էր իրականացնում ամբողջ շինարարական գործունեությունը, ապա մեր օրերում դա արդեն պետք է վերապահված լինի մասնավոր սեկտորին, իսկ պետությունը պետք է հանդես գա որպես խոշոր, բայց մասնավորին հավասար կառուցապատողի դերում։ Վերջին տարիներին շինարարության նախարարության վերածված քաղաքաշինության նախարարությունն ինքնին իրականացնում էր այդ գործունեությունը, որն իր մասով կատարում է շինարարական ոլորտում պետական գնումների իրականացման գործառույթը։ Եթե նման մարմնի ստեղծմամբ ոլորտին վերաբերող ավելի լայն լիազորություններ են նախատեսվում, ապա պետք է լինել շատ զգուշավոր, քանի որ վերջին տարիներին բազմաթիվ մասնագետներ, այդ թվում և տողերիս հեղինակը, բարձրաձայնել են ոլորտում ընթացող մենաշնորհայնացման ու պաշտոնական դիրքի չարաշահման դեպքերի մասին։

Հաշվի առնելով նաև արդեն կուլիսներում ընթացող խոսակցություններն այդ կոմիտեի նախագահի հավանական թեկնածուի վերաբերյալ, դժվար չէ ենթադրել, որ ոլորտում առկա մեծագույն մարտահրավերներ համարվող կոռուպցիան ու կլանային համակարգն արդեն տարածվում են ողջ հանրապետության տարածքում։ Ավելին, սրանով իմաստազուրկ է դառնում առհասարակ քաղաքաշինության նախարարության առկայությունը։

Հատկապես հաշվի առնելով վերջին նկատառումը, ինչպես նաև նախորդ «Քաղաքաշինությունն ու նոր կառավարությունը» հոդվածում բարձրացված հարցերը` պետք է կարևորել ոլորտում նոր, երիտասարդ և ունակ կադրերի մուտքը։ Այս օրերին ոլորտի կառավարման աշխատանքներում ներգրավված հիմնական անձինք, որոնք մասնակից են եղել վերջին երկու տասնամյակներում տարվող քաղաքաշինական վիճահարույց գործընթացներին, կարող են վարկաբեկել և արժեզրկել ոլորտում իրականացվող գոնե արտաքուստ բարեփոխման տպավորություն թողնող գործընթացները, ինչպես եղավ Երևանի փոքր կենտրոնում առկա ծանր իրավիճակի փրկությանը միտված սառեցման գործընթացի պարագայում, որն առաջարկվեց քաղաքացիական հանրության կողմից: Այն ձևախեղվեց և որևէ լուրջ ազդեցություն չունեցավ` վերածվելով նախընտրական սին խոստման։

Չնայած վերոնշյալ մարտահրավերներին` նման քայլը վկայում է, որ պետական կառավարման համակարգի բարձրագույն մակարդակում քաղաքաշինական ծանր իրադրության փաստի ըմբռնում գոյություն ունի։ Մնում է սպասել, որ կլինի նաև իրավիճակի շտկման քաղաքական կամք: Այդ դեպքում միայն կարելի է քաղաքաշինական անարխիայի մոտալուտ վերացման հույսեր փայփայել։

Սարհատ ՊԵՏՐՈՍՅԱՆ

ճարտարպետ, քաղաքաշինարար

«Ուրբանլաբ Երևան» ՀԿ-ի հիմնադիր

Լսում ենք Հախվերդյան, խմում գարեջուր, հիշում Երևանը…

մանվելՍա Երևանն է,այստեղ դու տանն ես ,ուր կամ սիրում են կամ հայհոյում են…

Երևանը վաղուց հախվերդյանական զգացողություններ արթնացնող քաղաքը չէ: Այն ավելի շատ լարվածություն,պայքարելու մոտիվացիա ու պահպանելու բնազդ է առաջացնում:

Հին Երևանի մասին պատմություններն ու նկարագրություններն ուտոպիական են թվում: Ոչ մի տեղ չես գտնում դա: Ոչ մի տեղ չես կարողանում լսած ու կարդացած զգացողություններն ապրել: Այնքան չկա, որ սկսում ես կասկածել լսածիդ ու կարդացածիդ: Արտաքին տեսքի հետ փոխվել,ավելի շուտ կորել է նաև կոլորիտը: Սկսած բազմաբնակարան դատարկ շենքերից մինչև  ժամանակ առ ժամանակ, քաղաքով մեկ սփռվող, բադակտուց, տձև,Երևանի հետ ոչ մի աղերս չունեցող կենդանիներ:

Մեզ սեղմում են նոր ժամանակները,ինչպես երկաթե պնդօղակներ: Մինչև վերջ սեղմեք ՁԵՐ գոտիները,պետք է դիմանալ,դիմադրել…

Դժգոհության,ընդվզման ու բողոքի առիթ հիմնականում դառնում են քաղաքային իշխանությունների անհեռատես ու հիմնական բաներ անտեսող որոշումներն ու նախագծերը: Դա ապացուցում է ժամանակը:

Ամենավառ օրինակը Մաշտոցի պուրակն է: Այգին ոչնչացումից փրկեց նախագահի գեղագիտական ճաշակը՝ «Տարոն ջան, սիրուն չի» թևավոր դարձած ու արդյունավետ արտահայտությամբ:
Դա ամենացցուն օրինակն է:Կա նաև  փոքր,բայց ոչ պակաս կարևորության խնդիրների շարք: Ձմեռը ձյունը ոչ մի կերպ չի մաքրվում,մյուս եղանակներին էլ հորդառատ անձրևը մինի-ջրհեղեղ է առաջացնում: Ամեն ձմեռ քաղաքապետարանը տարածում է ճոխ հաղորդագրություն,թե «քաղաքում աշխատում է մեծ քանակությամբ տեխնիկա,նայում ես գետնին միայն ասֆալտ է » ոգով:Բայց դե հո մենք էլ հեքիաթի մեջի արջերից չենք,որ ամբողջ ձմեռ քնենք ու հավատանք հայտարարությանը: Դուրս ենք գալիս,տեսնում հակառակ պատկերն ու սայթաքում…

Ջրահեռացման համակարգն էլ,կարծում եմ, անլուծելի խնդիրների շարքից չէ:Պարզապես անտաբերության մատնված հարցերից է:

Բարքերի անկում,անկման բարքեր և  անկման եզրին կանգնած կրքեր…

Կամ մեծերի արձանները:Չգիտեմ իրագործումը որքանով արդարացրեց գաղափարը: Սոցցանցերի շաբլոնային ու տարբեր դիրքերով նկարներ դառնալուց բացի չեմ կարծում որ դրանք որևէ այլ բանի ծառայեցին և օգուտ տվեցին: Դրանով ավելի արժևորվեցին, թե արժեզրկվեցին մեծերը՝ բարդ հարց չէ: Տեղադրման սկզբնական շրջանում էլ արձանները հաճախ էին կոտրվում ու վնասվում:Մարդիկ չեն բարբարոս,արձաններն են անորակ:Ժողովրդի ասած՝ թքով կպցրած:

Ես հիշում եմ քաղաքն իմ,երբ մարդիկ ապրում էին մարդկանց նման…

Քրջի բազարի վաճառականններին տեղահանեցին,բայց այդպես էլ չտեղավորեցին: Ինչպես հնոտի վաճառողներն էին բնորոշում՝ մնացին օդից կախված: 100 դրամով տաբատ վաճառող, օրական հազար դրամի շահույթ ստացող որոշ վաճառականների էլ տարածք հատկացրեցին վերնիսաժում: Դրանով էլ,սակայն, հարցը չլուծվեց:Վերնիսաժի որոշ քաղքենի հնաբնակներ բողոքում էին, որ նրանք անմակարդակ են,արվեստագետին էլ հարիր չէ նման մարդկանց հետ շփվել: Վաճառականներն էլ գոհ չէին իրավիճակից. առևտուր չի լինում այդտեղ: Հակասության մեջ գտնվող երկու կողմերն էլ մեղադրում էին քաղաքային իշխանություններին՝ իրենց մարդատեղ չդնելու ու չբանակցելու իրենց հետ և արդյունքում ամեն ինչ վատ կազմակերպելու մեջ:

Ու փչում է քամին ունայնության…

Եվ վերջապես ուղեվարձի մասով: Ուղեվարձի թանկացման միտումը, որքան հիշում եմ, վաղուց կար:Ուղղակի համապատասխան առիթ չկար:Գազի գնի բարձրացումն էլ հենց դաձավ այդ ցանկալի ու սպասված առիթը:

Ամեն դեպքում դա չի հիմնավում ուղեվարձի բարձրացումը: Գազի գինը 50 տոկոսվ չի բարձրացել:

Անհեթեթության շարքից:Գազով չաշխատող ավտոբուսների գներն ինչու են բարձրանում: Պատկան մարմինները դա նույնպես բացատրում են գազի գնի բարձացումով,սակայն այս անգամ այլ կտրվածքով:Թե վարորդների ապրելակերպի վրա ազդում է գազի սակագնի փոփոխումը: Այդ նույն տրամաբանությամբ համաչափորեն պետք է բարձրանար նաև բոլոր ոլորտների աշխատավարձերը: Դա,սակայն, ընդամենը փափուկ բարձ է:Պարզ է,որ այդ ավել գումարը վարորդը ոչ թե տուն է տանելու,այլ դնելու է գծատիրոջ գրպանը:
Ընդհանրապես տրանսպորտի գնի թանկացման մասով մի նորմալ հիմնավոր հայտարարություն չեմ լսել:Թերևս միակ խորիմաստը, որ ամեն ինչ արվելու է ի օգուտ ժողովրդի:

Թանկացումից հետո վարորդները չեն սկսի ավելի քիչ ծխել ու չեն դադարի մունաթ գալ: Ուղևորներն էլ չեն դադարի կքանստած,գլուխը դիմացինի,լավագույն դեպքում, թևի տակ մտցնել կամ որ այս համատեքստում առավել բարվոքն է՝ կանգնած երթևեկել: Մի խոսքով,ոչինչ չի փոխվի: Ոչ մի դրական միտում:

Եվ մի նկատառում:Զարմանում եմ`  ինչու ոչ ոք չի առաջարկում հանրային տրանսպորտն ամբողջությամբ պետականացնել: Բազմաթիվ քաղաքակիրթ երկրներում այդպես է:Պետք է, ի վերջո, վերացնել գծատիրոջ ինստիտուտը: Ոնց կարելի է մի ամբողջ հանրային ծառայություն թողնել կասկածելի արժեհամակարգով ու աշխարհընկալմամբ մարդկանց հայեցողությանը:

Մի խոսքով,լսում ենք Հախվերդյան,խմում գարեջուր, փնտրում իսկական Երևանն ու փորձում պահպանել ունեցածը…ավելի շուտ՝ մնացածը:

Ես քեզ սիրում եմ,էս խոսքերը ասում եմ քեզ իմ Երևան:Արժե հասնել աշխարհի ծայրը, որ էս բառերը հասկանամ….

 

Մանվել Քեշիշյան

Կյանքը՝ «Զվարթնոցից» արտերկիր տանող ճանապարհին

Dulyan1Մեր ընթերցողներին ենք ներկայացնոմ Արմեն Դուլյանի  “Առավոտում” տպված հոդվածը:

Դուք, որ արդեն ձեր տունը վաճառել, իրերը կապել ու եկել եք օդակայան, գոնե գիտե՞ք, որ կես ճանապարհին եք մնալու… Չէ, ինքնաթիռը բարեհաջող վայրէջք կկատարի եվրոպական կամ ամերիկյան քաղաքներից մեկում, բայց դուք միշտ կմնաք Հայաստանի ու արտերկրի արանքում՝ մի կեսն այստեղ, մյուս կեսն այնտեղ: Միայն առաջին ամիսն է լինելու մանկության ու ջահելության երազանքների իրականացում. բոհեմական սուրճ Սենայի ձախ ափին՝ Մոնպարնասում, կամ սառույցով վիսկի Քի Ուեսթի հեմինգուեյյան բարում… Իսկ հետո կզգաք, թե ինչպես է հայրենիքը ճանկերով բռնել ձեզ ու բաց չի թողնում, ինչպես Պրահան էր բռնել այդ քաղաքից հեռանալ փորձող Ֆրանց Կաֆկային: Ավելի շուտ, ոչ թե հայրենիքն է ձեզ աքցանով քաշելու, այլ հայրենիքում մնացած ձեր կյանքը: Իսկ մի կես տարի հետո, երբ արդեն կհարմարվեք ու կհասկանաք, որ Մյունխենում երեկոյան ժամը 7-ից հետո չի կարելի աղբը դատարկել բակում դրված աղբամանի մեջ, կամ որ Պրահայում «պուլ կիլա կլոբասի» նշանակում է պարզապես «կես կիլո երշիկ», հանկարծ կզգաք, որ հիշողություններն արդեն մաղվել են, զտվել, եւ մութ ու ցուրտ տարիներից մնացել են միայն հաճելի հիշողություններն այն մասին, թե ինչպես էիք շենքի հարեւաններով ամեն երեկո հավաքվում տաք վառարանի շուրջ եւ ինչ անմոռանալի երանություն էիք զգում, երբ այդ վառարանի վրա տաքացրած աղյուսը դնում էիք վերմակի տակ ու գրկում հարազատ մարդուց էլ սիրելի այդ աղյուսը… Ու այդպես էլ քնելու եք արեւաշող Կալիֆոռնիայում՝ երեւակայական աղյուսը գրկած… Ու ապրելով այդ երկփեղկված կյանքով՝ մի կեսն այստեղ, մյուս կեսն այնտեղ, կհասկանաք նաեւ, որ ձեր էության այն կեսը, որը մնաց Հայաստանում, այն կեսը, որին արդեն գրկախառնվել, համբուրել ու հրաժեշտ էիք տվել «Զվարթնոցում»՝ անձնագրային ստուգումն անցնելուց առաջ, չգիտես ինչու, ավելի աշխույժ, հետաքրքիր ու բազմազան կյանքով է ապրում, քան այն կեսը, որը ճամպրուկների հետ միասին բերել եք օտար ափեր:  Ավելին՝ հանկարծ զարմանքով կհասկանաք, որ ձեր կյանքի այս կեսը կարծես հատուկ ապրում է հանուն հայրենիքում մնացած մյուս կեսի: Ու առօրյա գործերով տարված Ատլանտյան օվկիանոսի այս կամ այն ափին, դուք իրականում միայն մի բան եք անում՝ անընդհատ փայտ եք լցնում հիշողությունների բուխարիկը, որպեսզի կրակը վառ մնա, որովհետեւ եթե հանգչի, ձեր այս կեսը առանց մյուս կեսի չի ապրելու… Թեեւ անկեղծ ասեմ՝ բոլորովին էլ համոզված չեմ, որ այս ամենը վերաբերում է միայն արտագաղթածներին… Միգուցե որոշ տարիքից հետո բոլորս էլ՝ անկախ այն բանից, թե որտեղ ենք գտնվում, պարզապես շարունակում ենք մեխանիկորեն ապրել հանուն հիշողությունների… Կանցնի բարեկեցիկ՝ Հայաստանի համեմատ բարեկեցիկ, կյանքի եւս մի կես տարի ու Լոս Անջելեսի Սանսեթ բուլվարում կամ Մյունխենի Մարիենպլացում կսկսեք ծանոթ դեմքեր որոնել, նմանեցնել անցորդներին՝ ձեր հարեւանին կամ բարեկամին կամ նույնիսկ վաղուց մահացած մարդկանց… Լոնդոնի մետրոյում ձեր աչքի առջեւ հանկարծ կհառնեն Ալավերդուց դեպի Հաղպատ տանող ճանապարհի ոլորանները, Երեւանի նախկին Ֆուրմանովի փողոցի 36 շենքի բակում նարդի խաղացողները կամ Հյուսիսային պողոտան… Չէ, այդ վերջինը պետք չէ, որովհետեւ մղձավանջները գալու են գիշերը…   Չեխ գրող Միլան Կունդերան շատ լավ է նկարագրում իր արտագաղթած հերոսի երազները. «Արտագաղթածի երազը՝ քսաներորդ դարի երկրորդ կեսի ամենատարօրինակ ֆենոմեններից մեկն է… Հազարավոր արտագաղթածներ նույն գիշերով տեսնում էին նույն երազը՝ անթիվ տարբերակներով… Այդ մղձավանջային երազներն Իրենի համար առավել առեղծվածային էին, քանզի նա՝ տառապելով անհաղթահարելի կարոտաբաղձությամբ, միաժամանակ միանգամայն այլ, հակառակ փորձն էր վերապրում՝ ցերեկը նրա առջեւ անընդհատ հառնում էին հարազատ երկրի տեսարանները: Ողջ օրվա ընթացքում այդ անցողիկ կերպարներն այցելում էին նրան՝ գոնե մասամբ լրացնելու կորսված Չեխիայի բացակայությունը: Բայց նույն ենթագիտակցության ռեժիսորը ցերեկը նրան հարազատ բնապատկերների դրվագներ էր պարգեւում՝ որպես երջանկության կերպարներ, գիշերը հրամցնում էր այդ նույն երկիրը վերադառնալու սահմռկեցուցիչ տեսարաններ: Ցերեկը լուսավորված էր լքված հայրենիքի գեղեցկությամբ, գիշերը ծանրաբեռնված էր վերադարձի սարսափով: Ցերեկն ուրվագծում էր իր կորցրած դրախտը, գիշերը՝ այն դժոխքը, որից փախել էր»… Ու այսօր այստեղ՝ «Զվարթնոցի» անտրամաբանական թանկ սրճարաններից մեկում նստած, նայելով գնացողների դեմքերին, իհարկե զգում եմ, որ նրանցից ոմանք լավ էլ հարմարվելու են նոր միջավայրին ու ապրելու են անհոգ ու բարեկեցիկ կյանքով, բայց երեւի թե մեծ մասը այդպես էլ մնալու է ոչ միայն հայրենիքի եւ օտարության, այլեւ հայրենիք դրախտի ու հայրենիք դժոխքի արանքում… Հետո սկսելու եք արդարացնել օտարությունը… 1500 նպաստ եմ ստանում, 450 դոլարով բնակարան եմ վարձում Լոսի համեմատաբար էժան Վեննայսում, 100 դոլար՝ ուտելիքս, 200 դոլար դեղերս, մի 100 դոլար էլ, լավ, մարդ եմ, գնում եմ հարեւան Տեխասում՝ կազինոյում եմ տարվում… Լաս Վեգաս էլ չեն հասցնում անաստվածները՝ հենց երկու նահանգների սահմանին կազինո կա անապատում՝ երկու օր անվճար բրախում են, որ այդ 100 դոլարս լրիվ ծախսեմ… Հետո լույսի, գազի փող… Բայց հո ամսվա վերջում 200 դոլար մնում է, դա էլ ուղարկում եմ Երեւան՝ աղջկաս… Երկու երեխա ունի՝ այդ 200 դոլարի հույսին է…. Հիմա, որ գնացի Երեան՝ ո՞վ է շահելու… Համ աղջիկս այդ 200 դոլարը չի ստանա, համ էլ ես եմ գնալու՝ նստեմ խեղճ գործազուրկ աղջկաս վզին… Աղջիկը վաղուց արդեն այդ 200 դոլարի հույսին չի, բանկի աշխատող՝ ապագա հանրապետական լիդերի հետ է ամուսնացել ու ամռանը Իսպանիա են գնում հանգստանալու… Բայց այդ 200 դոլարը հաճույքով ընդունում է, որովհետեւ գիտի՝ դա իր մոր սփոփանքն է, Ամերիկայում մնալու արդարացումը, կիրակի օրը Բրբենքի սրճարանում հավաքվող ընկերուհիների մոտ հպարտանալու առիթ՝ ես եմ պահում խեղճ երեխայիս… Ու մի օր հասկանալու եք, որ երբեք էլ հետ չեք գնալու ու չեք վերամիավորվելու հայրենիքում մնացած ձեր կյանքի կեսի հետ՝ հենց այդպես էլ ապրելու եք՝ ճամփի կեսին… Չեք վերադառնա, որովհետեւ հայրենիք վերադառնալը չի նշանակում վերադառնալ հին կյանքին… Դա նշանակում է կորցնել այս երկրորդ՝ միջանկյալ   կյանքը ու սկսել նոր՝ երրորդ կյանքը Կունդերայի ասած այն դժոխքում, որից փախել ես… Իսկ կյանքում քանի անգամ կարելի է նոր կյանք սկսել… «Ուշադրություն,  թիվ 2273 չվերթի  ուղեւորները  պատրաստվեն թռիչքի»… Բարով գնաս՝ իմ կես… Եվ կներես, որ մնում եմ ու անընդհատ պիտի քեզ տանջեմ… Հա, ճիշտ ես, ապրելու տեղ չի, բայց մի փոքր էլ կփորձեմ ապրել… Եթե գործերդ լավ լինեն, 200 դոլար կուղարկե՞ս…

 

ԱՐՄԵՆ ԴՈՒԼՅԱՆ «Առավոտ» օրաթերթ

Ոչ դիվանագիտական հայրենասիրություն

թամարՇատ մտածեցի, ավելի հարմար վերնագիր չգտա: Շա՜տ նուրբ, բայց նաև շա՜տ չարչրկված թեմա եմ արծարծելու: Գիտեմ, որ թեր և դեմ  տարաբնույթ եզրակացությունների և քննարկումների տեղիք պիտի տամ, բայց արդեն չեմ կարող այս բոլոր մտքերի բեռը մենակ կրել: Ուստի ուզում եմ բեռս կիսել… Եվ այսպես…

2010  թ. ամռանը, երբ  ֆրանսիական համալսարանում էի, իմ շատ սիրելի Նելլի  Սողոմոնյանը (գերմաներենի հրաշալի մասնագետ և հրաշալի մարդ) ինձ  ծանոթացրեց  մի խումբ օտարերկրացիների հետ և հարցրեց, թե կուզենայի՞ արդյոք Թուրքիայում աշխատել և թուրք  ուսանողներին հայերեն սովորեցնել: Իմ առաջին արձագանքը միայն ծիծաղը եղավ:  Ինձ շրջապատող կանայք ուշադիր հետևում էին մեր   երկխոսությանը.  Նելլին իմ ասածները թարգմանում էր գերմաներեն:

Իմ հեգնական ծիծաղը ճիշտ ընկալվեց, և նկատեցի, որ կանանցից մեկը հատուկ տխրությամբ և համոզելու բուռն ցանկությամբ է նայում ինձ:  Պարզվեց, որ այդ համակրելի կինն ազգությամբ թրքուհի է, պրոֆեսոր, աշխատում է Թուրքիայի Էդիրնե  քաղաքի (նախկին Ադրիանապոլիսը) «Թրակիա» համալսարանում, ղեկավարում  է  օտար  լեզուների   բարձրագույն  դպրոցը:

Իմ պատասխանը կտրուկ մերժումն էր, բայց տիկիններն ինձ խնդրեցին, որ կենսագրական տվյալներս  ուղարկեմ էլեկտրոնային հասցեներին:  Ես խոստացա և մոռացա խոստումս: Բայց տիկինները չմոռացան և անընդմեջ նամակներով և հեռախոսազանգերով ինձ հիշեցրին իմ խոստումը: Քաղաքավարությունից  դրդված՝ ուղարկեցի կենսագրական տվյալներս…

Մեկ էլ  2011 թ. աշնանը նամակ եմ ստանում, որով Գերմանիայի Գյոթեի անվան լեզվի ինստիտուտը (Ստամբուլի մասնաճյուղ) ինձ, ինչպես նաև Հայաստանից ևս երկու հոգու հրավիրում են  Ստամբուլ՝ քննարկելու  Էդիրնեի համալսարանում աշխատելու խնդիրը:  Մեր այցելության բոլոր ծախսերը հոգում էր Գյոթեի ինստիտուտի ստամբուլյան մասնաճյուղը:

Այս ամենը դառնում էր  արկածի պես մի բան. կարծում եմ` ճամփորդել բոլորս էլ սիրում ենք:

Մեզ ընդունեցին արտասովոր ջերմությամբ, բոլոր հնարավոր և անհնար պատիվներով, իսկ «Թրակիա» համալսարանում ստորագրեցինք պայմանագիր 2012-2013  ուստարվանից  լեզուների բարձրագույն դպրոցում աշխատելու համար:

Գալիս է 2012  թ. օգոստոս ամիսը, մեզ գրում է  պրոֆեսոր Սևինչ Մադենը (օտար լեզուների բարձրագույն դպրոցի տնօրենը) և հիշեցնում, որ սեպտեմբերի 17-ին պիտի լինենք Էդիրնեում. դասերը սկսվում են:

Եվ ես, որ այս ամենն ուղղակի արկած էի համարում, հանկարծ  հասկանում եմ, որ մի անդառնալի քայլ եմ արել:  Իմ ներքին տագնապներին գումարվում են նաև այս ու այն կողմից հնչող թեր և դեմ կարծիքները:

– Քեզնից  չէի սպասում. գնում ես թուրք լրտեսներ պատրաստելու…

– Քեզ  նման հայրենասեր կի՜նը…

Ոմանք էլ ուղղակի բազմանշանակ լռում են:

Ականջիս հասնում է, որ ինչ-որ մարդիկ քննադատական հոդվածներ են գրում կամ արդեն գրել են  թուրքերին հայերեն սովորեցնելու մասին:

Բայց այլևս վերադարձ չկա. պայմանագիր եմ կնքել: Պատրաստվում եմ, մի ճամպրուկ գիրք, զանազան նյութեր, ուսումնական առաջին տարվա համար՝ չափորոշիչ և ծրագիր, որը թարգմանել եմ տալիս թուրքերեն:  Մի խոսքով՝  «գնում եմ օտար երկիր, բարի՛ հիշեք ինձ ձեր սրտում…»:

Երբ տեղ ենք հասնում, պարզվում է, որ ոչ թե օտար լեզուների բարձրագույն դպրոցում պիտի աշխատենք, այլ բանասիրական ֆակուլտետում՝ արևելյան լեզուների բաժնում՝ հայոց լեզվի և գրականության նորաբաց մասնաճյուղում: Ծանոթանում եմ ուսանողների հետ, 15  հոգի են,  իրենք էլ ինձ նման բավական հակասական զգացումներով են համակված: Բարդությունն այն է, որ երկուստեք իրար չենք հասկանում. ես չգիտեմ թուրքերեն, իրենք՝ բնականաբար, հայերեն:

Եվ սկսում ենք աշխատել, ես ուսանողներին հայերեն եմ  սովորեցնում, իսկ նրանց խնդրում եմ, որ  ինձ թուրքերեն  սովորեցնեն: Աստիճանաբար սկսում ենք իրար հասկանալ. ուսանողների ոգևորությունը և ուրախությունն ապշեցուցիչ են: Կողքի լսարաններից հաճախ ուսանողներ են գալիս, ժպիտով և հարգալից բարևում և ասում, որ իրենք էլ կուզենային հայերեն սովորել: Երբ արդեն բարև, բարի լույս, բարի օր, տիկին, օրիորդ բառերը սովորել են ասել,  տեղեկացնում են, որ երազում են Հայաստան գալ:

Ու սկսում են  հայերեն երգեր երգել, Վահան Տերյան արտասանել, կարդալ ու գրել  մեսրոպյան տառերով: Այս ամենն ուղղակի հրաշքի պես է: Որքան իրար հասկանում ենք, այնքան շատ բան եմ իմանում նրանց մասին: Մեկը  Ստամբուլում է ապրում, իսկ տատիկը՝ Վանում, մյուսը Անկարայից է, հայրն էլ զինվորական է, երրորդն էլի Ստամբուլում է ապրում, բայց ծագումով Սամսունից է, մեկի եղբայրը Կարսում է ապրում, մեկ ուրիշի հորեղբայրը ավելի սիրուն հայերենով  է խոսում, մեկն էլ  ասում է, որ ազգությամբ քուրդ  է:

Եվ այսպես շարունակ: Հարցականները շատ են. ինչո՞ւ են այս մարդիկ ընտրել  հայոց լեզվի և գրականության բաժինը, ի՞նչ են ուզում դառնալ, ի՞նչ են անելու: Կամ ինչո՞ւ են այսքան ոգևորված և այսքան ջերմությամբ հայերեն դասավանդողներիս շրջապատում: Այս հարցերի պատասխանները պիտի ժամանակի ընթացքում ստանանք երևի:  Բայց մի բան խիստ ակնառու է. ես սիրում եմ այս տղաներին և աղջիկներին, ուրախանում եմ, երբ տեսնում եմ նրանց, այնպես, ինչպես Հայաստանում եմ ոգևորված և ուրախությամբ ողջունում իմ ամեն մի սանի: Վազելով եմ դասի գնում, ամեն օրվա համար  քայլ առ քայլ պատրաստվում եմ, որ հանկարծ չհոգնեն  կամ չձանձրանան, որ սիրեն հայոց լեզուն, որ շուտ հաղթահարեն մեր այբուբենը, սկսեն կարդալ և գրել հայերեն: Ա՜յ քեզ բան… Հիմա ի՞նչ անեմ, ում այս մասին պատմեմ` վրաս խեթ է  նայելու, ինձ ազգի դավաճան է համարելու: Թուրքին սիրել կլինի՞…

Մի տարեց ուսանող ունենք՝ 57 տարեկան, թոռան տեր: Սովորում է անչափ ջերմեռանդորեն:  Զգացվում է, որ բավական բան գիտի մեր պատմությունից: Մի օր էլ ձեռքին մի գիրք եմ տեսնում, որի մեջ քարտեզներ կան, նշվում է, թե  այժմյան Թուրքիա կոչվող երկրի կենտրոնական տարածքում բնիկ ժողովուրդը հայերն են եղել, և թվերով  ու փաստերով նշվում  է նրանց  ճիշտ թիվը մինչև 1915 թվականը:  Գիրքը թուրքերեն է. շատ բան չեմ հասկանում, բայց գլխի եմ ընկնում, որ ջահելներին պատմում է գրքի բովանդակության մասին:

Այսպես օր օրի նորանոր բացահայտումներով ավելի ու ավելի ենք ճանաչում իրար և ավելի ենք բարեկամանում: Հատկապես սիրում են, երբ հայերեն ասում եմ. «Սիրելի՛ ուսանողներ»,- ապա նույն բանն ասում եմ թուրքերեն: Շատ ուրախանում են, որ քիչ-միչ հասկանում և խոսում եմ թուրքերեն: Երբ ինչ-որ բան եմ հարցնում, իրար հերթ չտալով` բացատրում, գրատախտակին գրում են թուրքերեն բառեր և արտահայտություններ: Ֆակուլտետի ղեկավարությունը, երբ ուզում է մեզ ինչ-որ բան ասել, կանչում է ուսանողներին, որ մեզ համար թարգմանեն: Ու չնայած արդեն թուրքերեն ասվածը հասկանում եմ, բայց չնեղացնելու և քաջալերելու համար ասում եմ, որ  հայերենով լավ բացատրեցին  ղեկավարության միտքը:

Առաջին կիսամյակի ավարտն է: Քննություններ են:  Վերջին քննությունն է բառագիտությունից: Հարցարաններ եմ պատրաստել, գրավոր պիտի ամփոփեն կիսամյակի ընթացքում սովորածը: Քանի որ լսարան չկա, ինձ խնդրում են  մեկ այլ խմբի հետ միանալ, որտեղ ևս գրավոր քննություն է: Պարզվում է՝ քննությունը թուրք գրականությունից է, դասախոսն էլ  դեկանի տեղակալն է: Ես շրջում եմ, հետևում ուսանողներին,  գրատախտակին հայերեն  տառեր  գրում, հիշեցնում, հետները հայերեն կիսաձայն զրուցում և ուղղություն տալիս: Գրավորները հանձնում են, հետո համբուրում ձեռքս, դնում իրենց ճակատին և ջերմորեն ասում.

– Մինչ հանդիպում… Բարի ճանապարհ…

Գիտեն, որ Հայաստան եմ գալու, գիտեն նաև, որ տխրում և կարոտում եմ: Հաճախ կարեկցաբար հարցնում են՝ կարոտե՞լ  աղջիկ, թոռ, մայր, ընտանիք:

Բավական զավեշտական   քննություն է. հայերենն ու թուրքերենը  կողք կողքի նույն լսարանում, թուրք պրոֆեսորի զննող հայացքի ուղեկցությամբ և գրատախտակին  հայտնվող  մեր  մեսրոպյան տառերի (իմա՝ զինվորների) տեսքով:  Կարծես կավճի տեղ սուր եմ բռնել ձեռքիս, որ գրատախտակի սևին քանդակում է սուրբ Մեսրոպի երկնած տառերը:

Ամենից հուզիչն այն է, որ ուսանողները չեն անհանգստանում, թե ինչ կստանան քննությունից, ի՛նչ միավոր կդրվի:  Մի՞թե դա կարևոր է: Նրանց համար ավելի թանկ է այս բարեկամությունը, ընկերությունը, հայ դասախոսի հետ մտերմանալու, անգամ իրենց հոգսերի և սերերի մասին պատմելու հնարավորությունը:

Խմբից մի տղա, որ մաքուր հայկական դիմագծեր և արծվաքիթ ունի, մի օր վատ է զգացել, տեղափոխել են հիվանդանոց: Գնում եմ այցելության: Հենց ինձ տեսնում է, հուզվում է,  ուրախանում, շրջվում և մյուս հիվանդներին հպարտորեն ասում է. «Իմ դասախոսն է»:

Հիմա գրում եմ այս տողերը, ու թվում է՝ այս ամենն ինձ հետ չի կատարվել: Կարծես արթնանում եմ մի անիրական երազից: Ու էլի կարծես երազի մեջ թափառում եմ Էդիրնեի փողոցներում կամ նստում որևէ սրճարանում, մտքերը հանգիստ չեն տալիս, խուռներամ լցվում են ուղեղս, ծվատում սիրտս. Հիմա ի՞նչ եմ անելու: Ես օրենքով պիտի ատեմ, ամեն հանդիպած թուրքի աչքը մտցնեմ Մեծ եղեռնը, հաշիվ պահանջեմ, վրեժ լուծեմ, բայց ես, հոժարակամ և սիրով, սովորեցնում եմ հայոց լեզուն, հայ գրականության մասունքներին եմ ծանոթացնում, հայերեն ընտիր երաժշտություն (Կոմիտաս, Արամ Խաչատրյան) և երգեր եմ լսել տալիս:

Ու մեկ էլ ինքս ինձ համար հայտնաբերում եմ, որ սա էլ ի՛մ վրեժն է: Այո՛, այո՛ վրեժ, բոլոր մեր նահատակների, մեր ազգի մեծերի վրեժը:  Եղեռնից շուրջ 100 տարի անց կա՛ Հայաստանի Հանրապետություն, կա՛ ազատ ու անկախ երկրի հայ քաղաքացին, որը  հրավիրվել է թուրքական մեծ համալսարաններից մեկում հայոց լեզու և գրականություն դասավանդելու: Ես ուղղում եմ մեջքս, բարձր բռնած գլխիս վրա թագ է հայտնվում:  Ի՜նչ լավ է գրել Աբովյանը. «Քանի բերնումս շունչ կա…»:

Այս նույն զգացումով գնում եմ օդանավակայան, թռչում եմ տուն՝ զավակներիս մոտ: Շուրջս հայեր են՝ մեծ մասամբ վաճառականներ, մեկ-երկու լրագրող, մի խումբ սփյուռքահայե՞ր, թե՞ թուրքահայեր, չգիտեմ, բայց որոնք շատ վարժ խոսում են թուրքերեն: Չնայած գրեթե բոլորն են թուրքերեն խոսում: Ահա նաև մեկ-երկու մարմնավաճառ:

Ինձ թաքուն զննում են, քանի որ օդանավակայանի սպասասրահում միակն եմ, որ գիրք եմ կարդում:  Մյուսները շատ հանգիստ ու անվրդով են, այնպիսի տպավորություն է, ասես իրենց  մի տնից  մյուսն են գնում:

Թուրք ոստիկանը զարմանքով կարդում է ժամանակավոր անձնագրում գրվածը. «Էդիրնեի «Թրակիա» համալսարանի դասախոս»: Բարձրացնում է հայացքը, երկար նայում. որսում եմ թաքցրած հարգանքը:

Աշխարհի  մեծ պետություններն իրենց լեզուն, մշակույթը տարածելու և ուսուցանելու  համար  ոչ  մի  միջոցի  առաջ  կանգ  չեն  առնում: Գերմանացիները  Գյոթեի անվան ինստիտուտի մասնաճյուղեր ունեն շատ երկրներում, նաև Հայաստանում: Անընդմեջ մշակութային ծրագրեր են իրականացնում, գերմաներեն են սովորեցնում, ուսուցիչներ են վերապատրաստում և այլն: Հսկաները հասկացել են, որ զենքի գործը հաճախ  պիտի վստահել լեզվին և մշակույթին: Մեր պատմական փորձը ևս դրա օգտին է խոսում: Նշանակում է` մենք էլ պիտի մտածենք նմանօրինակ կառույց ունենալու մասին, որտեղ կմշակվի հայոց լեզվի, գրականության, հայ ժողովրդի պատմության, ընդհանրապես մշակույթի տարածման, հատկապես օտարազգիներին հայերեն  ուսուցանելու  մեթոդիկայի   ամբողջական համակարգ: Ինձ կասեն, որ կան այդպիսի կառույցներ, ասենք, Սփյուռքի նախարարությունը և այլն: Բայց հիշյալ կառույցները զբաղվում են օտար երկրներում ապրող հայերի խնդիրներով, իսկ իմ խոսքն օտարազգիներին հայերեն սովորեցնելու, հայ մշակույթին հաղորդակից դարձնելու մասին է:

Այսպիսի կառույց ունենալու դեպքում օտարազգին  կիմանա, թե ում դիմի հայերեն սովորելու կամ մասնագետներ հրավիրելու համար: Թե չէ բոլորովին պատահական, շատ հաճախ բավական գորշ, անհետաքրքիր և անպատրաստ մարդիկ են հայտնվում արտասահմանում, ստանձնում օտարներին հայերեն սովորեցնելու բարդ և պատասխանատու գործը:

Այնինչ օտարների (հատկապես թուքերի) հետ աշխատող հայը պիտի լինի բազմակողմանի զարգացած, մեթոդապես պատրաստված, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված փաստաթղթերով զինված: Նա Հայաստանից մի մասնիկ է տանում օտար երկիր, օտար աշխարհ, այո՛, նաև թշնամու երկիր:

Ինչպես որ անվարժ կամ վատ զինվորականին առաջին գիծ մարտի չեն ուղարկում, այնպես էլ  պատահական մարդիկ չպետք է ստանձնեն մեր լեզուն, գրականությունն ուսուցանելու, մեր մշակույթը, ավելին՝ հայ ոգին տարածելու բարդ գործը:

Ցավալին այն է, որ  Հայաստանում կառավարությունը, առանձին պաշտոնյաներ չեն հետաքրքրվում՝ ո՛ւր ես գնում, ի՛նչ նպատակով, եթե գնում ես թուրքական համալսարանում աշխատելու, դրա իրավունքը կամ պատրաստվածությունն ունե՞ս, ամենակարևորը՝ պետականորեն հաստատված չափորոշիչ, ծրագիր, մեթոդական զինանոց ունե՞ս:

Իսկ թուրքերի համար հայերեն սովորելը խնդիր չէ. հայերենին տիրապետող մի քանի ադրբեջանցիներ Թուրքիայի տարբեր համալսարաններում հայոց լեզու և գրականություն են սովորեցնում: Բայց  գիտե՞նք արդյոք, կամ մեզ չի՞ հետաքրքրում, թե ի՛նչ ոգի են ներարկում իրենց սաների մեջ: Մայրենի լեզուն ազգի հոգեբանությունն է,  աշխարհընկալումը, պատմությունը, ավանդույթները, մի խոսքով՝ ազգն է: Շատ մեծ տարբերություն կա, թե ով է սովորեցնում  հայերենը (կամ ցանկացած լեզու) օտարին: Լեզու սովորեցնելը ինքնանպատակ չէ. լեզվի հետ կամ լեզվի միջոցով որոշակի ոգի և մտածողություն է ներարկվում: Եվ մեզ՝ որպես անկախ պետության  քաղաքացիների,  պիտի անհանգստացնի  և մտահոգի մեր պետական լեզվի ուսուցման խնդիրը: Սա պիտի լինի հայկական դիվանագիտության շարունակությունը հենց Թուրքիայում: Եվ փոխանակ լեզվի ուսուցման մեջ միայն լրտես պատրաստելու վտանգը տեսնելու, լավ կլիներ, որ մտածեինք, թե ինչ օգուտ կարող է տալ պետականորեն մշակված ծրագրով հայոց լեզվի ուսուցումը մեր հարևաններին: Թուրք երիտասարդությունը շատ բան չգիտի հայի մասին: Պատմությունը նրանց հրամցվում է կեղծված, այնպես, ինչպես ձեռնտու է կառավարությանը, Թուրքիայի դիվանագիտական շահերին: Բայց չէ՞ որ այս երկրում  էլ կան բավական թվով լուսավոր մարդիկ, որոնք ոչ միայն գիտեն ճշմարտությունը, այլև համարձակորեն խոսում և գրում են այդ մասին: Իսկ մենք հույսներս դրել ենք, որ օտարազգին կներկայացնի  իրական պատմությունը: Մենք ե՞րբ ենք զարթնելու: Ինչո՞ւ ենք  մտածում, որ սոսկ առևտուր անելով, որը  պետության կողմից երևի արտոնված չէ, ճանաչել կտանք մեզ և մեր պատմությունը:

Հատկապես այսօր, երբ շուտով նշելու ենք Մեծ եղեռնի 100-ամյա տարելիցը, պիտի լրջորեն մտածենք մեր լեզուն և մշակույթը տարածելու պետական հիմքերի մասին: Այս գործը չի կարող տարերային ձևով իրականանալ: Լեզվի իմացությունը տվյալ ազգի ճանաչում է, տվյալ ժողովրդի արժեքների գիտակցում է, որը հարգանք է ծնում, որոշակի դրական վերաբերմունք ձևավորում:

Հայաստանում շատերը տիրապետում են օտար լեզուների: Բայց ամենից  ամուր կապեր կան Ռուսաստանի հետ: Ինչո՞ւ: Որովհետև դիվանագետ ռուսները Խորհրդային Միության նախկին  հանրապետություններին ուղղակի պարտադրում էին իրենց լեզվի և մշակույթի իմացությունը: Իսկ մենք էլ, որ դեռ մանկուց  սովորել  ենք ռուսաց լեզու, կարդացել և շարունակում ենք բնագրով կարդալ ռուս գրականությունը,   մի տեսակ հարազատության, ներքին կապվածության զգացում ունենք, հաճախ նաև անտեղի:

Հիմա ինձ կհակաճառեն, թե Թուքիայի հետ մենք դիվանագիտական հարաբերություններ  չունենք,  սահմանը փակ է և այլն:  Բայց եթե նույն Թուքիայի մեծ  համալսարաններից մեկի ռեկտորը գալիս է Երևան, հանդիպում է տարբեր համալսարանների դասախոսական անձնակազմերին, համոզում, որ գնան, աշխատեն Թուրքիայում, չեմ կարծում, թե մեր պետությունը կամ համապատասխան նախարարությունները չեն տեղեկանում այդ մասին: Ուղղակի սա այն հարցն է, որը զգուշորեն շրջանցում են: Տատս լավ էր  ասում. «Մի չէ-ն հազար չար ու փորձանքից է փրկում»: Պաշտոնյաներ էլ կան, որ հայրենասեր երևալու համար թուրքական ամեն բան ուղղակի մերժում են: Զարմանալի և  ոչ դիվանագիտական  հայրենասիրություն…

Այսօր  արդեն աչք փակելու կամ լռելու իրավունք չունենք: Թուրքիայում ապրող մեր հայրենակիցներն ուզում են հայերեն սովորել, ընդ որում` թե՛ արևելահայերեն, թե՛ արևմտահայերեն գրական լեզուները, երազում են հայ գրականությունը բնագրով կարդալ, իմանալ հայոց պատմությունը, իմանալ ճշմարտությունը, առնչվել սեփական արմատներին:

Կառավարական մակարդակով պիտի լուծվեն այս հարցերը. ոչ միայն լեզու սովորեցնելու, այլև Թուրքիայում գործող հայկական դպրոցներին օգնելու, սատարելու, մայրենի լեզվի ուսուցիչներ պատրաստելու և  վերապատրաստելու, ժամանակակից մեթոդաբանությանը հասու դարձնելու, անհրաժեշտ դասագրքեր, ուսումնաօժանդակ ձեռնարկներ տրամադրելու և բազմաթիվ այլ առումներով:

Ե՞րբ պիտի սովորենք դիվանագիտական հայրենասիրություն բանեցնել…

 

Թամար ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Համազգային կարճատեսություն. պատճառը թողած հետևանքն ենք քննադատում

haykuhiԵրթուղայինում պատահաբար լսեցի երկու այլ անձանց խոսակցությունն ու անմիջապես զղջացի, ավելի լավ էր ոչ լսեի, ոչ էլ նյարդայնանայի:

Մի երիտասարդ աղջիկ` 4-5 տարեկան երեխան գրկին, հպարտ հայտարարում էր, որ իր տղային չի թողնելու, որ գնա ու բանակում ծառայի: Պատճառաբանում էր, թե բանակում կատարվող դեպքերը տեսնելով հաստատ որոշել է` տղային բանակ չի ուղարկելու:

Քաղաքակիրթ  եսս հաղթեց ու ինձ թույլ չտվեցի միջամտել այլոց խոսակցությանը, որը պետք է լսած չլինեի: Փոխարենը սկսեցի մտածել, թե արդյո՞ք դա լուծում է, ու ինչպե՞ս են մարդիկ մտածում, որ տեսնում են մեդալի միայն մի երեսը, այն էլ ոչ  ամբողջությամբ` միայն մի փոքրիկ հատվածը, տեսնում են հետևանքը, բայց չեն մտածում պատճառների մասին:

Լավ, ասենք թե տղայիդ բանակ չուղարկեցիր, դրանով խնդիրը լուծվ՞եց: Իհարկե ոչ:

Նույն սկզբունքին հետևելով նախ պետք է տղայիդ մանկապարտեզ չուղարկես. տեսե՞լ եք, թե մանկապարտեզում երեխաներն ինչ խաղեր են խաղում: Երեկոյան ինչ սերիալ տեսնում են, հաջորդ օրը նույնն էլ խաղում են: Ամռանը, երբ հանկարծ տանն եմ լինում ու հետևում հարևանությամբ գտնվող մանկապարտեզի երեխաների խաղին, սարսափում եմ`գողական-գողական են խաղում,  կրակում են իրար, իբրև թե հարց են լուծում` իրար քաշքշելով ու այդպես շարունակ` մի խոսքով կրկնում են այն ամենը, ինչ երեկոյան տեսել են սերիալներով:

Նույն սկզբունքով շարունակելով` երեխային նաև չդպչոց չպետք է ուղարկել: Տեսել եք, թե դպրոցում աշակերտներն ինչ դաժանությամբ են իրար ծեծում, պարբերաբար նման դաժան հոլովակներ են հայտնվում համացանցում: Նախորդ տարի 9-ամյա ազգականս մեկ շաբաթ շարունակ դպրոցից կապտուկներով էր տուն գալիս: Չնայած 3 դասարանցի էր, բայց պարզվեց դասարանում մի քանի հոգով կռիվ են տալիս այսպես կոչված գողականի դիրքի համար:

Երբ դպրոցական էինք, մեր հասակակից տղաներից ոմանք, որ իրենց «լավ տղա» էին համարում, հեշտ ապրուստի միջոց էին գտել` գյուղերից եկող երիտասարդներին դանակի սպառնալիքով ու ծեծով սպառնում էին` պարտադրելով գումար վճարել քաղաքում անվնաս քայլելու համար: Վստահաբար նույն վիճակը շարունակվում է նաև հիմա, եթե իհարկե, ավելի սարսափելի չէ: Այսինքն տան դռնից դուրս երեխայի համար ապահով միջավայր չկա:

Ստացվում է,  մանկապարտեզից սկսած մենք հանցագործների ենք մեծացնում, բայց բանակ ուղարկելիս ակնկալում ենք, որ այնտեղ պիտի վերափոխվեն ու այլ մարդ դառնան: Այդ ինչպե՞ս: Որքան գիտեմ, կախարդական փայտիկ ասվածն իրականում գոյություն չունի:

Վերջերս քրեակատարողական հիմնարկներում անչափահասների հետ աշխատողներից մեկը փաստում էր, որ 10-20 տարի առաջ, երբ անչափահասները քրեակատարողական հիմնարկ էին գալիս, գողական ենթամշակույթի կանոնները բանտում  էին յուրացնում, հարմարվում, հիմա արդեն անչափահասները քրեակատարողական հիմնարկ են մտնում արդեն ձևավորված գողական ենթամշակույթով:

Այսինքն, հանրությունը պետք է հասկանա, որ հետևանքը քննադատելով պատճառը չի վերանում, որքան էլ քննադատենք բանակային դեպքերը, մեր երեխաներին դաստիարակենք բանակում չծառայելու ոգով, միևնույն է, ոչինչ չի փոխվի, այդ երեխան, որ բանակից խուսափել է, միևնույն է, ապահով չէ, տան դռնից դուրս նրան սպառնում է ինչ-որ դանակավոր սուտ գողական: Ուստի պետք է սկսել այլ արժեհամակարգով երեխաներ դաստիարակելուց: Ու երբ նորմալ արժեհամակարգով երիտասարդների խմբում նման դեպք տեղի ունենա, արդեն հանգիստ կարող ենք քննադատել ու պահանջել շտկել խնդիրը:

Ռուսական զենքն ու իրականության զգացմունքը

ԱլբերտՀարգելի գործընկերներ,
Ներկայացնում եմ ձեզ որոշ մտքեր, որոնք ծնվել են երկար բանավեճների մեջ և արժանի են ձեր ուշադրության և հետագա նյութ պատրաստելու հիմք դառնալուն:

Դեռ չէին հասցրել ադրբեջանական զորահանդեսի նախապատրաստության մի քանի նկարներ տարածվել համացանցում արդեն սկսվեցին բուռն քննարկումները: Ինչպես երևում է Ադրբեջանը այս տարի էլ զորահանդեսի ժամանակ ներկայացնելու է բավականին նորություններ, որոնցով կրկին փորձելու է ազդել հայկական կողմի վրա: Ինչպես երևում է որոշ նկարներից դրանք են ռուսական նորագույն տանկեր, հրետանային միջոցներ, ծանր հրանետեր և այլն: Կարող են լինել նաև այլ զենքեր, մասնավորապես իսրայելական արտադրության և այլն: Այն որ իսրայելից մեծաքանակ զենքերի գնման գործընթաց կար հայտնի էր դեռ վաղուց, սակայն հայկական միջավայրում հատկապես անհասկանալի է Հայաստանի ռազմավարական դաշնակցի Ռուսաստանի կողմից որոշ զինատեսակների վաճառքը: Դեռ 2008թ. երբ խոսք գնաց Ս-300 համալիրների վաճառքի մասին հայկական մամուլը ադեկվատ գնահատական տվեց երևույթին: Նշենք, որ վերջին մի քանի տարիների ընթացքում նման քանակությամբ և այդ տեսակի համալիրներ գնել էր միայն Չինաստանը: Սակայն այդ խոշորագույն գործարքի կանխումը չստացվեց, դրա իրագործումը չօգնեց որ ռուսական ազդեցությունը պահպանվի Ադրբեջանում: Ընդամենը մի քանի տարի անց նրանց ստիպեցին լքել Ադրբեջանը: 1990 ականների վերջերին Ադրբեջանի թիվ մեկ զենքի մատակարարը համարվում էր Ուկրաինան: Ռուսաստանին այդ իրավիճակը դուր չեկավ և 2000 ականների կեսերին այդ իրավիճակը փոխվեց: 2010-2011թթ. խոսք էր գնում այն մասին, որ Ադրբեջանը Իսրայելից գնում է 1.6 մլրդ դոլարի զենք: Սակայն ինչպես հիմա է երևում Ռուսաստանը այս իրավիճակը ևս շտկել է: Ցուցադրվելիք Ս-300 ԶՀՀ-ները, Տ-90 տանկերը, Մստա-Ս հրետանային համակարգերը, ԲՄՊ-3 զրահամեքենաները և տարբեր ուղղաթիռները միասին արեն ավելի քան 2 մլրդ դոլար:

Իհարկե այդ զենքերը, որոնք հայտնվել են Բաքվում անդառնալի ոչինչ չեն փոխում իրավիճակում, սակայն մեղմ ասած դաշնակցի հանդեպ արդարացի ու ազնիվ չէ: Նույն ժամանակ այդ դաշնակիցը իր գործընկերոջը առաջարկում է այլ տեխնիկա: Ավելին ասենք, որ այդ նույն տեխնիկան որը համարվում է ռուսական նորագույն` Սմերչ, Տ-90, ԲՄՊ-3, մասսայականորեն չկա անգամ ռուսական բանակում այդ թվում նաև Հայաստանում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայում: Ահա այսպիսի իրականություն:

Վերջերս խոսվեց այն մասին, որ Հայաստանում ռուսական ռազմաբազան ևս զինվում է նորագույն զինատեսակներով: Եթե դա իրականությանը համապատասխանում է, ապա Ռուսաստանը ուղղակի ստիպված է թեկուզ իր ռազմաբազայում ունենալ ոչ միայն վերը նշված տեխնիկաներից, այլ նաև օպերատիվ-մարտավարական և մարտավարական հրթիռներ` Իսկանդեր, Տոչկա Ու և այլն, նորագույն Ս-300 կամ Ս-400 ԶՀՀ-ներ և հզորացնել օդային բաղադրիչը մինչև իսկ մեկական կործանիչ և ռմբակոծիչ ավիաէսկադրիլիաներով: Ներկայումս եղած ՄիԳ-29 կործանիչները թե տեխնիկապես, թե ֆիզիկապես թե բարոյապես հնացած են և չեն համապատասխանում պահանջներին: Պատահական չէ, որ այս կործանիչից օրեցօր հրաժարվում են նորանոր պետություններ: Ճիշտ տեղին և ժամանակին է, որ ռուսական օդուժի սպառազինության մեջ հայտնվող Սու-30-34 շարքից մեկական էսկադրիլիա հայտնվեն ռուսական շահերի միակ կղզի հանդիսացող այս տարածաշրջանում: Սա նորից ենք կրկնում հենց ռուսական շահերից է բխում, քանի որ հակառուսական ուժերը արդեն չափազանց շատ են զինվել, այդ թվում նաև ռուսական զենքով:

 

Հարգանքներով

Ալբերտ Պողոսյան

Երբ թշնամին ներսից է լինում

haykuhiԵրբ ֆեյսբուքյան էջս բացեցի ու  պատիս վրա ընկերներիս գրառումներում հանդիպեցի գնդապետ Բուդաղյան անունը և ինչ-որ կրակահերթերի մասին հիշատակումներ, առաջինը, որ մտածեցի` այն էր, որ սահմանին է միջադեպ գրանցվել հակառակորդի մասնակցությամբ: Բայց երբ շարունակեցի, պարզվեց, որ ոչ: Գնդապետը ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոցում է, բայց ոչ ադրբեջանցու արձակած գնդակից, այլ հայի:

Կատարվածը հայ հասարակության ողբերգությունն է. այնտեղ ենք հասել, որ ոմն մեկը կրակում է օրինակելի հրամանատարին, որն օրն ի բուն սահման է հսկում, որ այդ նույն կրակողը գիշերը հանգիստ քնի:

Ստեղծված իրավիճակում դժվար թե Արտակ Բուդաղյանը մնա զինված ուժերում, սակայն նրա պաշտոնաթողությունը մեծ կորուստ կլինի հայոց բանակի համար: Ամեն դեպքում նախ և առաջ առողջություն գնդապետ Բուդաղյանին, նրա երեխաներն իր կարիքն ավելի շատ ունեն:

Գնդապետ Արտակ Բուդաղյանի հետ ծանոթացել եմ անցած տարի ապրիլին, երբ մի խումբ լրագրողներով ԼՂՀ  արևելյան ուղղության առաջնագիծ էինք մեկնել: Գնդապետը տվյալ զորամասի հրամանատար էր նշանակվել, երբ սահմանին միջադեպ էր գրանցվել` մի քանի զինվորների մահվան պատճառ դառնալով: Լրագրողներով, երբ զորամաս մեկնեցինք, մտածում էինք, որ հաստատ զորամասում մի թերի բան կգտնենք: Սակայն ի զարմանս ինձ` գնդապետ Բուդաղյանի ղեկավարած զորամասը ամենակարգապահն ու մաքուրն էր բոլոր այն զորամասերի մեջ, որ երբևէ տեսել եմ:  Սպա-հրամանատար, զինվոր-հրամանատար հարաբերություններն էլ յուրօրինակ էին: Բուդաղյանի ձայնն անգամ լսելիս զգաստանում էին թե զինվորները, թե  անգամ սպիտակահեր սպաները, ոչ իմիջիայլոց , ինչպես երբեմն պատահում է, նրանց ամեն քայլում զգացվում էր, որ հարգանք կա գնդապետի նկատմամբ, ինչպես նաև ամեն գնով փորձում են արդարացնել նրա վստահությունը:

Պարզվեց` գնդապետը  շփվող մարդ է.  ոգևորությամբ պատմում էր ծառայության, զինվորների մասին, թե ինչպես է պարբերաբար ստուգում զինվորների ծառայությունը, ասում է, թե տուն է գնում, բայց մեկ էլ գիշերը հանկարծ զորամասում կամ խրամատում է հայտնվում` ստուգելու զինվորների կարգապահությունը և զգոնությունը: Նույն ոգևորությամբ, ինչ զինվորների մասին էր խոսում, սկսեց պատմել որդու, նրա չարաճճիությունների մասին:

Երբ զորամասից վերադարձա, սկսեցի նախկին զինվորների շրջանում հարցուփորձ անել` հասկանալու` արդյոք տպավորությունս խաբուսիկ չէր: Պարզվեց, որ ոչ, որևէ մեկից գնդապետի հասցեին վատ բան չլսեցի, բացի այն, որ շատ  խիստ է: Իսկ նման արդյունավետ խիստ  հրամանատարներ զինված ուժերում շատ են պետք:

Եվ երբ հանկարծ իմացա կատարվածը, առաջինը որ մտքովս անցավ, այն էր, որ հասցրել են դրան….

Պրպտումներից և հրապարակումները համադրելուց հետո նման պատկեր ստացվեց:  ըստ iLur.am-ի` խնջույքի ժամանակ մարզպետը հայհոյել է Բուդաղյան եղբայրներին, Ավետիք Բուդաղյանն ի պատասխան ապտակել է Սուրեն Խաչատրյանին, ապա պայմանավորվել են խնջույքից հետո հարցերը պարզել:  Բուդաղյանների և թիկնապահների հանդիպման ժամանակ  մահացու կրակել են Ավետիք Բուդաղյանին, որից հետո  Արտակ Բուդաղյանը պատասխան կրակոց  է արձակել: Արտակ Բուդաղյանը և Խաչատրյանի թիկնապահներից մեկը հիվանդանոցում են:

Հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 2-րդ մասի 6-րդ կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի զենք, զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը)  հատկանիշներով: Գործն ուղարկվել է  ՊՆ քննչական ծառայություն: Արդեն իսկ կան ձերբակալվածներ, այդ թվում և Սուրեն Խաչատրյանի որդին:

Հասարակության արձագանքը կատարվածին  չուշացավ:  Ֆեյսբուք սոցիալական ցանցում ստեղծվել է  իրադարձություն`«Պահանջում ենք Լիսկային ազատել մարզպետի պաշտոնից և պատասխանատվության ենթարկել» կոչով: Իրադարձության ստեղծումից դեռ մեկ օր էլ չի անցել, բայց արդեն 800-ից ավելի մարդ է միացել պահանջին, այն է`  Սուրիկ Խաչատրյանին ազատել մարզպետի պաշտոնից և  քրեական գործ հարուցել:

Կարծում եմ` այս անգամ հանրությունը չպետք է թույլ տա, որ ամեն անգամվա պես ծածկադմփոց իրականացվի: Պետք է պատժվի իրական մեղավորը, անկախ պաշտոնից, դիրքից ու մանավանդ մականունից:  Ու պատժվի  ոչ  միայն հանցագործության գործիք թիկնապահը, այլ հենց նրան ուղղորդող, նրան հանցագործության դրդող անձը: Այլապես կստացվի, որ իրական հանցագործներն անձեռնմխելի են` թիկնապահի ձեռքով հանցագործություն կկատարեն, նրան քավության նոխազ կդարձնեն ու նույն ոգով կշարունակեն այլոց հետ:

 

Պճնասիրությունը ներքին հարստություն չունեցող մարդու անիմաստ ճիգն է` ինչ-որ բան ապացուցելու. Վահե Արսեն

լարաԵրբեմն ուզում եմ քայլել փողոցով` անձրևի տակ, ու շուրջս նայելիս ժպիտներ տեսնել: Այսօր էլ էի ուզում… քայլեցի… բայց ժպիտների փոխարեն տեսա մարդկանց, որ վազում էին, շտապում ծածկի տակ մտնել, աղջիկների, որ բռնում էին մազափնջերը, փորձում “փրկել” սանրվածքը քամուց ու անձրևից` անիմաստ ճիգ գործադրելով ու դեմքի մկանները լարելով: Այնքան տգեղ էր այդ պայքարը բնության դեմ: Հիշեցի հարցազրույցներիցս մեկը բանաստեղծ Վահե Արսենի (Վահե Արսենյան) հետ: Նա ասում էր, որ ցանկացած արտաքին կախվածություն կեղծավորության, փսևդոկյանքի դրսևորում է.  “Եթե որևէ մեկը ժամերով կանգնում է հայելու դիմաց, որ ստեղծի իբր ազատ մարդու արտաքին, ցույց տա, թե ազատ է, ուրեմն արդեն իսկ ազատ չէ: Պճնասիրությունը ներքին հարստություն չունեցող մարդու անիմաստ ճիգն է` ինչ-որ բան ապացուցելու”:

 

Սահման, պատ եւ զրո խնդիրներ

Շահան ԳանտահարյանԼրատվամիջոցների  հաղորդած այն լրատվությունը, որի համաձայն Անկարան Սիրիայի հետ իր սահմանի վրա երկուսուկես կիլոմետր երկարությամբ պատ է կառուցելու, թվում է հաւանական է։ Ծրագրի գոյությունը պարզ կդառնա ոչ ուշ ժամանակին։

Կարեւորը, ներկա պահին, նման քայլի շարժառիթների վրա կենտրոնանալն է։

Առաջադրված սահմանային անցակետի վրա փետրվարի 11-ին պայթել էր ռումբով բեռնված մեքենա։ Թուրքիայի առևտրի ու մաքսային գործերի նախարար Հայաթի Յազըջըն հայտարարել է, որ իր գերատեսչությունը արձանագրություն է ստորագրել՝ զինված ուժերի հետ տվյալ ծրագրի իրագործման համար: Նա հաւելել է, որ անցակետի աջ և ձախ կողմերին պիտի կառուցվեն արգելափակոցներ՝ պատի և վանդակացանցի տեսքով, ինչպես նաև պիտի տեղադրվեն դիտարկման սարքեր: Նախարարի կարծիքով՝ այդ ամենը  կբարձրացնի տվյալ շրջանի անվտանգության մակարդակը և կնվազեցնի սահմանի ապօրինի հատման դեպքերը: Յազըջըն հայտարարել է, որ ամբողջովին պիտի նորոգվեն սիրիական սահմանի մյուս անցակետերը՝ համալրվելով դիտարկման ժամանակակից սարքերով:

Մի քանի դիտարժան երեւույթների վրա հարկ է կենտրոնացնել լուսարձակները։

Պատի կառուցումը միաժամանակ թե՛ ապահովական եւ թե՛ մաքսային նկատառումներով է։ Այստեղ չկան առեւտրի եւ մաքսային խնդիրների վերաբերող վիճակագրական տվյալներ, հատկապես գաղափար կազմելու համար թե ոչ օրինական մուտքերի կամ ստվերային առեւտրի ի՞նչ շրջանառության մասին է խոսքը։ Իսկ ապահովական բաժնի համար խոսվում է ականված մեքենայի մեկ դեպքի մասին։

Եթե մի պահ  մտածենք, որ պատի կառուցման ծրագիրը հիմնականում ապահովական նկատառումով է, ապա այդ դեպքում հարց է ծագում, որ նման մեծ ծրագրի որոշում մեկ դեպքի պատճառով դժվար թե կայացած լիներ։

Պատի կառուցումը անպայման առնչվում է դարձյալ Թուրքիա-Սիրիա սահմանին միջազգային երաշխաւորությամբ մարդասիրական գոտու ստեղծման Անկարայի առաջադրանքին։ Փախստականներ ընդունելու եւ միջազգային հիմնադրամների հոսք ակնկալելով խորքում առաջադրվածը մարդասիրականից աւելի անվտանգության գոտու առաջացումն է, որը հետապնդում է Անկարան։

Այս առաջադրանքին զուգահեռ այժմ պատնեշի կառուցումը միեւնույն նպատակին ծառայեցվող գործողություն է։ Այս անգամ էլ առեւտրային եւ մաքսային շղարշների տակ։

Ուրեմն մարդասիրական եւ մաքսային ու առեւտրային շղարշների տակ խորքում անվտանգության գոտիների ստեղծումն է, որը կառաջադրվի Անկարայի կողմից։ Մտավախությունը եթե առերեւույթ սիրիական թափանցումն է, ըստ էության սակայն Սիրիայի քրդերի վտանգն է եւ առհասարակ համաքրդական գործոնի մղձաւանջը։

Իրադրությունները հարափոփոխ բնույթ ունեն մնայուն։ Իրաքի քրդերի հետ բնականոն հարաբերություններըը կարող են կտրուկ շրջադարձ ապրել, երբ տարբեր մակարդակների վրա համաքրդական միաւորումների պահը հասունանա։ Այդ դեպքում էլ Թուրքիան իր եւ Իրաքի սահմանային անցակետերի երկայնքին պատեր կառուցելու ծրագրեր է մշակում, այս անգամ էլ այլ պատրվակներով։

Աշխարհաքաղաքական ծրագրերի առումով Իրանի հետ Թուրքիայի սահմանի անպատնեշ ներկա դրությունը կայունության իմաստով շատ հեռանկարային չի թվում։

Իսկ Հայաստանի շրջափակմանը մնայուն բնույթ տալու համար Թուրքիան գուցե մտածի նաեւ այդ փակ սահմանը պատելու մասին։

Պատ, պատնեշ, վանդակացանց կառույց, արգելափակոց, շրջափակում։ Այս բոլորը Թուրքիայի հետ սահման ունեցող երկրների նկատմամբ առաջադրված եւ գոյություն ունեցող ծրագրեր են։ Անկարան կար ժամանակ հոխորտում էր հարեւան երկրների հետ զրո խնդիրներ կարգախոսով։ Այս կարգախոսը երբեմն հիշելը վնասակար չէ։

Շահան Գանտահարյան

«Ազդակ»-ի խմբագիր

Քաղաքը կաթվածահար էր եղել անձրևից

Լարա ԱռաքելյանԵվրատեսիլյան աղմուկի ու, առհասարակ, եվրոպական արժեքներից ու եվրոինտեգրումից խոսելը ուղղակի ծիծաղելի է երկրի ամենակաենցաղային ոլորտի խնդիրների ֆոնին: Ընդամենը 10 րոպե առաջ քաղաքի կենտրոնը (էլ չասած ծայրամասերի մասին) կաթվածահար էր եղել անձրևից: Խոսքը ընդամենը անձրևի մասին է` հորդառատ անձրևի, որ տեղաց շուրջ 15 րոպե և վեր հանեց մեր քաղաքի մի լուրջ պրոբլեմ` ջրահեռացման համակարգը, առանց չափազանցնելու, չի աշխատում: Բաղրամյան պողոտայում ջուրը ոչ թե քաշվում էր նախատեսված վայրերով, այլ հակառակը` մոտ մեկ մետր բարձրության կեղտաշիթեր գոյացնելով թափվում փողոց` խափանելով երթևեկությունը: Հալաբյան փողոցում մեկ տասնյակի հասնող մեքենաներ կիսով չափ ջրի մեջ էին մնացել: Քաղաքացին կարող է իրավամբ պնդել, որ իր եկրում պաշտպանված չէ անգամ անձրևից: Կարծում ենք` պատկան մարմինները լուրջ անելիքներ ունեն վերոգրյալի հետ կապված:
Լարա Առաքելյան

Հայկական ինքնության լուռ կանչը

hay tat1895-1896 թթ. համիդյան ջարդերին, այնուհետև շարունակվող հայկական կոտորածներին, որոնց գագաթնակետը դարձավ 1915 թվականը, սպանվեցին, ոչնչացվեցին միլիոնավոր հայեր, հազարավոր երեխաներ որբացան, արևմտահայությունը սփռվեց աշխարհով մեկ: Կատարվածը սառնասիրտ մի ոճրագործություն էր, որին քաղաքակիրթ աշխարհը տվեց ցեղասպանություն դառն անվանումը:

Հայ ժողովրդի պատմության այս արյունոտ էջերում թաքնված են հազարավոր խեղված ճակատագրեր, կոտրված երազանքներ, մարդկային կյանքերի հուզիչ պատմություններ: Հայոց ցեղասպանությունը ոչ միայն հայությանը զրկեց իր հայրենիքից, այլև պատճառ դարձավ կրոնի, մշակույթի և ինքնության կորստի, իսպառ ջնջման: Հազարավոր հայեր մահվան սպառնալիքի տակ ստիպված եղան հրաժարվել քրիստոնեությունից՝ ընդունելով իսլամ և բռնելով ուծացման, ձուլման ուղին: Այսօր Թուրքիայում ապրում են հարյուրամյակ առաջ իսլամացած հայերի սերունդները: Նրանցից շատերը ժամանակի ընթացքում իմացել են այս դառը իրականությունը և սկսել ինքնության փնտրտուքի երկար ճանապարհը:

Ի՞նչ է մարդ զգում, երբ մի օր հանկարծ բացահայտում է, որ ինքն ուրիշ է, տարբեր է, իր երակներում իր իսկ ազգակիցների կողմից թափված արյան կաթիլներ են հոսում: Ինչպե՞ս մարդ կարող է գիտակցել, որ մասն է այն մեծ ողբերգության, որ տեղի է ունեցել այն նույն հողի վրա, որտեղ ինքն այժմ ապրում է: Արդյոք մարդու մեջ կարո՞ղ է ձայն առնել պատմության մշուշում մնացած, լքված ինքնության կանչը՝ հայկական ինքնության:

«Ես քուրդ եմ, ծնվել և մեծացել եմ Մարդինում: 15 տարեկան էի, երբ իմացա, որ հայրական պապիս մայրը հայ է: Սկզբում շատ զարմացա, նույնիսկ ծիծաղում էի, չէի հավատում: Հետո ինձ տարօրինակ ու անբացատրելի զգացողություններ համակեցին: Որոշեցի մանրամասն ուսումնասիրել ու հասկանալ իրականությունը: Պապիս խնդրեցի, որ պատմի իր մոր կյանքի պատմությունը:

Մեծ տատիս հայկական անունը Զաբել էր, Զաբել Դերոյան կամ Շարոյան: Նա ապրում էր Դիարբեքիրի Քեղե կոչվող գյուղում ծնողների ու երկու եղբայրների հետ: Հոր անունը Պետրոս էր, մոր անունը՝ Արուս, իսկ մեծ եղբորը Անդրանիկ էին անվանել՝ հայ մեծ զորավարի պատվին: Ծնողներն առաջին համաշխարհայինի տարիներին երեխաներին թողել էին Եզնիկ մորաքրոջ մոտ, իսկ իրենք մեկնել էին ԱՄՆ, որպեսզի հետո նաև երեխաներին տանեին: Հավանաբար 1915 թվականն էր կամ դրանից ավելի շուտ: Մի օր թուրք զինվորներ են գալիս նրանց տուն և ասում, որ հավաքեն իրենց իրերը և դուրս գան տնից: Նրանց ասել էին, թե իբր երեք օրով տանում են ճանապարհորդության: Ընտանիքը հավաքում է իր բոլոր արժեքավոր իրերն ու ճանապարհ ընկնում դեպի Դիարբեքիրի կենտրոն: Այդ ժամանակ Զաբել տատը 6 տարեկան էր, սակայն հիշում էր, որ ճանապարհին ծանր պայմանների պատճառով մահացավ իրենց 3-ամյա փոքր եղբայրը:

Դիարբեքիրում Զաբելն ու մորաքույրը սկսում են աշխատել մի քրդական ընտանիքում, իսկ Անդրանիկը մեկ այլ քրդի անասուններին հովվություն է անում: Այնուհետև, երբ վիճակը լարվում է, նրանք ստիպված են լինում լքել Դիարբեքիրը, իսկ Անդրանիկը մնում է այնտեղ: Շուտով Եզնիկ մորաքույրն ամուսնանում է Այդինից մի ոստիկանի հետ և լքում Զաբելին: Վերջինս էլ գալիս է Մարդին և հաստատվում Քոջալար կոչվող գյուղում: Նա կապուտաչյա, շիկահեր ու շատ գեղեցիկ մի աղջիկ էր: Մի օր այն տան տիրոջ հետ, ում մոտ որ աշխատում էր, Զաբելը գալիս է Թոմա գյուղ: Այնտեղ աղբյուրի մոտ նրան տեսնում և հավանում է Մարդինի բեյերից Օմեր բեյի որդին՝ Հալիլը: Վերջինս Զաբելից տարիքով մեծ էր, սակայն նրա մեջ ծնված սերը պատճառ դարձավ, որպեսզի մի քանի տարի անց նա ամուսնանա աղջկա հետ:

Դիարբեքիրում Զաբելը ընդունում է իսլամ՝ վերցնելով Զեքիե անունը: Հալիլն ու Զեքիեն ունենում են յոթ աղջիկ և մեկ որդի: Նրանց միակ որդին՝ Մեհմեդ Էմինը, իմ հայրական պապն է: Չնայած Զեքիեն երջանիկ էր իր նոր ընտանիքում, սակայն նրան տանջում էր եղբոր կարոտը: Արդեն տասը տարի էր, ինչ նա չէր տեսել իր եղբորը և ոչ մի տեղեկություն չուներ նրա մասին: Մի օր նրանց տուն հյուր է գալիս և պատմում, որ իրենց գյուղում մի հայ է ապրում: Ավելի մանրամասն  պատմությունից այդ հայի մասին պարզ է դառնում, որ նա Զեքիեի եղբայրն է՝ Անդրանիկը: Վերջինս ևս մուսուլման էր դարձել և անվանափոխվելով ստացել Մեհմեդ անունը: Զեքիեն խոսում է ամուսնու հետ և թույլտվություն ստանում հանդիպելու եղբորը: Այնուհետև Հալիլ բեյը որոշում է կնոջ եղբորը վերցնել իր մոտ աշխատանքի, նույնիսկ նրան ամուսնացնում է մի քրդի հետ: Այսպես իմ հոր հայ տատից էլ ծնվում են սերունդներ, որոնցից եմ նաև ես:

Ես չեմ տեսել Զեքիե տատին, սակայն լսել եմ, որ նա հայերեն գիտեր և իր հայ լինելու մասին պատմել է իր երեխաներին, հայրս էլ՝ ինձ: Զեքիե տատը մահացավ 93 տարեկանում՝ հայացքում պահելով մի յուրատեսակ տխրություն: Դժվար է մի օր իմանալ ու գիտակցել, որ քո մեջ թեկուզ և քիչ, բայց հայկական արյուն է հոսում: Բնական է, որ ինձ հայ չեմ զգում, քանի որ երբեք էլ չեմ շփվել հայ հասարակության հետ, սակայն հայ մարդիկ կարծես սրտիս օտար չեն և ձգում են ինձ: Ես իմացել եմ, որ Զեքիե տատի ծնողները, մեկնելով ԱՄՆ, շատ անգամ գումար են ուղարկել, փորձել են իրենց երեխաներին էլ տանել, սակայն չի հաջողվել: Ամերիկայում նրանք կրկին երեխաներ են ունեցել, որոնք այժմ բնակվում են Դետրոյդ քաղաքում: Շատ կուզենայի հանդիպել իմ հեռավոր ազգականներին, վերագտնել հարյուրամյակ առաջ կորած իմ ինքնության մի մասը»:

Այս պատմությունը մեզ պատմել է 22-ամյա մի քուրդ երիտասարդ, որ իր հայ նախնու հիշողության կրողն ու դրա փոխանցողն է ապագա սերունդներին: Զաբել-Զեքիե տատը այն եզակի հաջողակներից է, որոնք կարողացել են չմերժել իրենց հայկական ինքնությունը: Սակայն հազարարվոր հայեր այդպես էլ շարունակում են չիմանալ իրենց հայկական արմատների մասին կամ ապրում են իբրև ծպտյալ հայեր:

 

Տաթևիկ ՍԱՐԳՍՅԱՆ