Բնապահպան-ակտիվիստները պղտոր ջուր հրամցրին ՀՀ բնապահպանության և էներգետիկայի և բնական պաշարների նախարարներին

AԱյսօր մեկնարկեց ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի կազմակերպած «Պատասխանատու հանքարդյունաբերութունը Հայաստանում» խորագրով միջազգային երկօրյա համաժողովը, որն ուղեկցվեց սկանդալներով:

Համաժողովի մասնակիցներին ողջունեցին բնապահպան-ակտիվիստները «Հայաստանի ընդերքը հոշոտվում է այլ երկրների կողմից», «You mine we die», «Hand off Armenia» պաստառներով:

Բնապահպանները պղտոր ջրով բաժակներ հրամցրին կառավարության նեկայացուցիչներին, մասնավորապես ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին և ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանին` հայտարարելով, որ հանքարդյունաբերության հետևանքով ՀՀ բնակիչները ստիպված են նման կեղտոտ ջուր խմել:

Համաժողովին մասնակցում էին ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի դեսպանները, Կանադայի կառավարության ներկայացուցիչը, միջազգային և տեղական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը բնապահպանների ակցիան գնահատեց որպես քաղաքացիական հասարակության զարգացում և ակտիվություն: Համաժողովին պետք է մասնակցեր և ելույթով հանդես գար նաև ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ով այդպես էլ չժամանեց:

Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը ելույթ ունենալու փոխարեն, փորձեց հապշտապ հեռանալ դահլիճից, բայց միջանցքում հանդիպեց բնապահպանների ճնշմանը և ստիպված եղավ լսել բնապահպանների մեղադրանքները`  ուղղված իրեն: Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանն աննկատ հեռացավ` ելույթը կիսատ թողնելով:

ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Վաչե Գաբրիելյանը հայտարարեց, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը պարտաստ է այսօր ընդունել ակտիվիստների պատվիրակությանը, և նրանց հետ քննարկել օրակարգում եղած բոլոր խնդրահարույց հարցերը: Նա կոչ արեց բնապահպաններին նաև համաժողովի ընթացքում ակտիվ մասնակցել և հուզող բոլոր հարցերը առաջ քաշել:

 

Սերժ Սարգսյանի արձագանքը Քեսաբի իրադարձություններին

5827Նախագահ Սերժ Սարգսյանը Քեսաբի իրադարձությունների վերաբերյալ Հաագայի համաժողովների կենտրոնում հանդես է եկել մամուլի համար հայտարարությամբ։ Նախագահն իր խորը մտահոգությունն է հայտնել Քեսաբի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ: «Մենք բոլորս շատ լավ ենք հիշում Քեսաբի պատմությունը, որը վերջին հարյուրամյակի ընթացքում, ցավոք, հարուստ է հայերի տեղահանման դժոխային իրողություններով»,-ասել է Սերժ Սարգսյանը:

Հանրապետության Նախագահը հիշեցրել է, որ առաջին ծանր պատուհասը Քեսաբի շրջանի համար դեռևս 1909 թվականին էր, երբ ապրիլին թուրքական զինված ջոկատները ներխուժեցին Քեսաբ։ Հայերն ապաստանեցին Գարատուրանի լեռներում և ծովեզերքում։ Քեսաբը հրկիզելուց ու թալանելուց հետո թուրքերն ուղղվեցին դեպի Գարատուրան, այրեցին ու կողոպտեցին վերին թաղի տները։ Հայերը ֆրանսիական փոխադրանավով տեղափոխվեցին Լաթաքիա։ Գաղթականները մոտ մեկ տարի Լաթաքիայում մնալուց հետո վերադարձան Քեսաբ և վերակառուցեցին իրենց տները։

Պատմական իրողություններին անդրադառնալիս Սերժ Սարգսյանը հիշատակել է նաև մեկ այլ տարեթիվ՝ 1915 թվականը, երբ Հայոց ցեղասպանության գաղթից և աքսորներից ևս անմասն չմնաց Քեսաբի բնակչությունը։ Քեսաբցիներն աքսորվեցին երկու ուղղությամբ՝ դեպի Դեր Զոր և դեպի հարավ՝ մինչև Հորդանան։ Հազարավոր քեսաբահայեր զոհվեցին, մեծամասնությունը՝ Դեր Զորի անապատներում։

«Քեսաբի հայերի այսօրվա` թվով արդեն երրորդ տեղահանությունը ազգային փոքրամասնությունների պաշտպանության 21-րդ դարի մեխանիզմներին նետված լրջագույն մարտահրավեր է: Կարծում եմ՝ բոլորը պետք է գիտակցեն, որ ինքնըստինքյան առաջ եկող զուգահեռները սթափեցնող պետք է լինեն բոլոր կողմերի համար»,-ընդգծել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

Նախագահը շնորհակալություն է հայտնել Սիրիայի իշխանություններին` այս ծանր պահին քեսաբահայության պաշտպանության համար ձեռնարկվող քայլերի համար:

«Ես արդեն հանձնարարել եմ ՄԱԿ-ի՝ Նյու Յորքի և Ժնևի գրասենյակներում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններին՝ հետամուտ լինել մարդու իրավունքների և ազգային փոքրամասնությունների հարցերով մասնագիտացված կառույցներում Քեսաբի հայության անվտանգության երաշխավորման և նրանց բնակության մշտական վայրեր ապահով վերադարձի խնդիրներին»,- ասել է Նախագահ Սարգսյանը:

Ստեղծված իրավիճակի մասին Հանրապետության Նախագահն այսօր խորհրդակցել է նաև Մեծի Տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսի հետ:

Նախագահ Սերժ Սարգսյանի հավաստմամբ, Սիրիայում Հայաստանի Հանրապետության դեսպանատունն աշխատում է քեսաբահայությանն աջակցելու համար անհրաժեշտ միջոցառումների ծրագրի վրա, որն իրականացվելու է ամբողջ ծավալով:

 

ԱԺ մի խումբ պատգամավորներ խստորեն դատապարտել են Քեսաբի դեպքերը

ՔեսաբԱԺ պատգամավորներ Սամվել Ֆարմանյանը, Էդմոն Մարուքյանը, Արման Սահակյանը, Թևան Պողոսյանը, Արթուր Գևորգյանը, Նաիրա Կարապետյանն ու Լևոն Մարիտիրոսյանն այսօր հանդես են եկել հայտարարությամբ` կապված Սիրիայի Քեսաբ քաղաքում և հարակից բնակավայրերում վերջին օրերին տեղի ունեցած իրադարձությունների հետ:

Հայտարարության մեջ մասնավորապես նշված է.

“Աշխարհասփյուռ հայությունը ցնցված է Սիրայի Քեսաբ քաղաքում և հարակից բնակավայրերում տեղի ունեցած վերջին իրադարձություններից, որի արդյունքում թուրքական զինուժի գործողությունների պատճառով տեղաբնակ հայությունը կրկին տարհանվել է՝ Հայոց Ցեղասպանությունից գրեթե մեկ դար անց կրկին բռնելով գաղթի ճանապարհը:

Մենք, որպես ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ, տեղի ունեցածը գնահատելով ոչ թե որպես Սիրիայի կամ Թուրքիայի ներքին գործ, այլ, որպես մարդու իրավունքների զանգվածային խախտման արտառոց դեպք, խստորեն դատապարտում ենք թուրքական զինուժի գործողությունները, որն, ըստ էության, նոր մարտահրավեր է՝ ուղղված Ցեղասպանության հետևանքով Մերձավոր արևելքում ձևավորված հայկական սփյուռքի դեմ:

Կոչ ենք անում սիրիական ու թուրքական իշխանություններին անցկացնել տեղի ունեցած իրադարձությունների անաչառ հետաքննություն, իսկ միջազգային հանրությունից պահանջում ենք միանշանակ գնահատական տալ մարդու իրավունքների խատման այս նողկալի դեպքերի վերաբերյալ՝ ՄԱԿ-ի դիտորդներ ուղարկելով Քեսաբի հայաբնական տարածքներ՝ փաստաթղթավորելու տեղի ունեցած մարդու իրավունքների զանգվածային խախտումների դեպքերը:

Կոչ ենք անում Հայաստանի Հանրապետության կառավարությանը՝ ձեռնարկելու անհրաժեշտ միջոցներ, իսկ աշխարհասփյուռ հայությանը՝ միավորելու ջանքերը սատար կանգնելու սիրիահայության իրավունքների պաշտպանությանը”:


Անկախ

Հովիկ Աբրահամյանն ավելորդ համարեց խորհրդարանի կողմից Քեսաբի դեպքերին միջամտելը

Հովիկ ԱբրահամյանԱյսօր մեկնարկեց Ազգային ժողովի հինգերորդ գումարման հինգերորդ  նստաշրջանի հերթական քառօրյա աշխատանքը, որին մասնակցում է 117 պատգամավոր:

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը բարձրացրեց Թուրքիայի կողմից Սիրիայի հայաբնակ տարածքներում` Քեսաբում և հասրակից բնակավայրերում, տեղի ունեցած ռազմական գործողություններին և հայերի տեղահանմանը որևէ կերպ արձագանքելու հարցը. «Մեր այդտեղի բնակչությունը, փաստորեն, հարյուր տարին դեռ չբոլորած, երկրորդ անգամ է տեղահան լինում, և եթե 1915թ. Հայաստան պետություն չկար, որ միջամտեր, ապա հիմա կա»,-ասաց պատգամավորը` հարցնելով ԱԺ նախագահին, թե ինչ քայլեր է նա նախատեսում այդ առնչությամբ,-միգուցե արտաքին գործերի նախարարության հետ համատեղ քննարկում կազմակերպենք, հանդես գանք համատեղ հայտարարությամբ, ամեն դեպքում, պետք է այս քառօրյան օգտագործենք որևէ ձևով արձագանքելու այդ իրադարձություններին»:

Հովիկ Աբրահամյանն ասաց, որ կիսում է պատգամավորի մտահոգությունը, բայց ինչ վերաբերում է Ազգային ժողովի կողմից որոշակի գործողություններ իրականացնելուն, ապա նա դրանք ավելորդ է համարում: Ամենաարդյունավետը, ըստ Աժ նախագահի, կլինի արտգործնախարարին կամ ԱԳՆ որևէ ներկայացուցչի խորհրդարան հրավիրելը, որն էլ կփորձի ներկայացնել, թե իրականում ինչ է տեղի ունենում Սիրիայում: «Մենք իրավասու չենք միջամտելու ուրիշ երկրի գործերին»,-ասաց Աբրահամյանը` միաժամանակ նշելով, որ կարելի է արտգործնախարարության հետ համատեղ լսումներ կազմակերպել:

 

Անկախ

Բեյրութում զինված բախումներ են, կան տուժածներ

ԲեյրութԼիբանանի մայրաքաղաք Բեյրութի հարավ-արևմտյան մասում զինված բախում է տեղի ունեցել սիրիական ընդդիմության և կառավարության կողմնակիցների  միջև: Կողմերը հրազեն և պայթուցիկներ են օգտագործել Արաբական համալսարանի մետակայքում: ՙՙՀաբերլերի՚՚ հաղորդմամբ՝ կան վիրավորներ: Լիբանայան անվտանգության ուժերը շրջափակել են ամբողջ թաղամասը, որտեղ փոխհրաձգություն է ընթանում և փորձում են հարթել իրավիճակը:

Բեյրութում լարված դրության պատճառը սիրիական սահմանին տեղի ունեցած միջհամայնքային բախումներն են, որոնց հետևանքով մարտի սկզբից արդեն 24 մարդ է զոհվել, 152-ը՝ վիրավորվել:

Անկախ

Մենք կողմ ենք բարեկեցիկ կյանքին, ազատ ու ժողովրդավար պետությանը. «ԴԵՄ եմ» նախաձեռնություն (ուղիղ միացում հանրահավաքից)

“Dem Em” civil initiative held a rally on Freedom Square

Քիչ առաջ Ազատության հրապարակում մեկնարկեց «ԴԵՄ եմ» նախաձեռնության հավաք-երթը: Նշենք, որ հավաքին ելույթ են ունենալու չորս ոչ իշխանական խմբակցությունների մեկական անդամ, Ժիրայր Սեֆիլյանը, Նիկոլ Փաշինյանը, ինչպես նաև «ԴԵՄ եմ» նախաձեռնության անդամները:

Նախաձեռնության անդամ Հայկ Ավետիսյանն իր ելույթում նշեց, որ, չնայած Սահմանադրական դատարանի` Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի մասին օրենքի կիրառման ժամանակավոր կասեցման որոշմանը, վարչական մարինները շարունակում են ապօրինի կերպով գանձումներ կատարել, ինչն էլ առաջացրել է քաղաքացիների արդարացի բողոքի հուժկու շարժում:

“Dem Em” civil initiative held a rally on Freedom Square«Դիմում ենք Հայաստանի գործող վարչակազմին, որպեսզի սթափվեն և հաշվի նստեն մեզ` քաղաքացիներիս հետ»,- ասաց Հայկ Ավետիսյանը` կոչ անելով մեր Ֆրանսիայի, Բելգիայի, Չեխիայի, Լիբանանի, Ռուսաստանի հայերին աջակցել ՀՀ քաղաքացիներին:

“Dem Em” civil initiative held a rally on Freedom Square«ԴԵՄ եմ»-ը նաև կողմ է, մենք կողմ ենք բարեկեցիկ կյանքին, ազատ ու ժողովրդավար պետությանը, մենք կողմ ենք, որ համայն աշխարհով սփռված հայությունը ետ դառնա և շենացնի իր երկիրը: Սա է պատճառը, որ մենք ի սկզբանե դեմ կանգնեցինք այս հակահայ օրենքին: Պահանջատերը ոչ միայն «ԴԵՄ եմ»-ն է, այլև ողջ ժողովուրդը, եկեք միասին տեր կանգնենք մեր երկրին, քանզի «մենք ենք տերը մեր երկրի»»,- ասաց նախաձեռնության անդամը:

Հիշեցնենք, որ երթի մասնակիցները ելույթներից հետո շարժվելու են դեպի Մաշտոց պողոտա, Սայաթ-Նովա, Աբովյան, Ամիրյան փողոցներով, ապա դարձյալ վերադառնալու են Ազատության հրապարակ:

ԱԳ նախարարի տեղակալն ընդունեց Ուկրաինայի դեսպանին

Շավարշ Քոչարյան

Մարտի 21-ին ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն ընդունել է Հայաստանում Ուկրաինայի դեսպան Իվան Կուխտային` վերջինիս խնդրանքով:

 

Հանդիպման ընթացքում փոխարտգործնախարարը վերահաստատել է, որ ինքնորոշման իրավունքի վերաբերյալ Հայաստանի սկզբունքային դիրքորոշումն անփոփոխ է և տարիների ընթացքում բազմիցս արտահայտվել է:

 

Արտգործնախարարի տեղակալը նշել է, որ Հայաստանի և Ուկրաինայի բարեկամ ժողովուրդների դարավոր հարաբերությունները կազմում են այն ամուր հենքը, որի վրա կառուցվում է մեր երկու երկրների միջև փոխգործակցությունը:

 

Անկախ

Նախագահ Սերժ Սարգսյանը հանձնել է Հայաստանի Հանրապետության 2013թ. պետական մրցանակները

5796

Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով մի շարք բնագավառներում շնորհվել են Հայաստանի Հանրապետության 2013թ. պետական մրցանակները` հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի օգոստոսի 22-ի «Հայաստանի Հանրապետության պետական մրցանակներ հիմնելու և շնորհելու կարգի մասին» ՆՀ-1164-Ն հրամանագիրը և հաշվի առնելով պետական մրցանակների հանձնախմբերի առաջարկությունները: Այսօր, Նախագահի նստավայրում տեղի է ունեցել մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը:

Հայաստանի Հանրապետության 2013թ. պետական մրցանակներ են շնորհվել գրականության և արվեստի, ճարտարապետության և քաղաքաշինության, ճշգրիտ և բնական գիտությունների, հումանիտար և հասարակական գիտությունների բնագավառներում:

Գրականության և արվեստի բնագավառի մի շարք ոլորտներում պետական մրցանակներ են շնորհվել՝

գրականության և հրապարակախոսության ոլորտում՝ Էդվարդ Միլիտոնյանին՝ «Է» բանաստեղծությունների ժողովածուի համար, երաժշտության ոլորտում՝ Տիգրան Մանսուրյանին՝ «Ռեքվիեմ» ստեղծագործության համար, կերպարվեստի ոլորտում՝ Աշոտ Ավագյանին՝ «Մաշտոց» գեղանկարչական որմնանկարի համար («Մատենադարան» Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի նորակառույց մասնաշենքի գիտաժողովների դահլիճ), կինոարվեստի ոլորտում՝ Սերժ Ավետիքյանին (Ֆրանսիա) (գլխավոր դերակատար, ռեժիսոր), Ելենա Ֆետիսովային (Ուկրաինա) (ռեժիսոր, պրոդյուսեր), Մարտուն Ադոյանին (պրոդյուսեր), Թագուհի Կարապետյանին (պրոդյուսեր)՝ «Փարաջանով» (Հայաստան, Ուկրաինա, Ֆրանսիա, Վրաստան) ֆիլմի համար:

Ճարտարապետության և քաղաքաշինության բնագավառում՝ Արթուր Մեսչյանին (ճարտարապետ)՝ «Մատենադարան» Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի գիտական նոր մասնաշենքը, վերակառուցված գլխավոր մասնաշենքը և Մաշտոցի պողոտայից դեպի մատենադարան տանող վերակառուցված ճանապարհը» համալիրի համար և Արտակ Ղուլյանին (ճարտարապետ)՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկեան» մատենադարանի համար:

Ճշգրիտ և բնական գիտությունների բնագավառում՝ Սամվել Շուքուրյանին, Երվանտ Զորյանին (Կանադա)՝ «Թեստային լուծումներ նանոչափական բյուրեղի վրա տեղավորված համակարգերի համար. ալգորիթմներ, մեթոդներ և թեստային ներկառուցվածք» աշխատանքի համար:

Հումանիտար և հասարակական գիտությունների բնագավառում՝ Հրաչիկ Սիմոնյանին՝ «Ազատագրական պայքարի ուղիներում» աշխատության համար:

Հանձնախմբերի նախագահները ներկայացրել են մրցանակների հայցման ներկայացված աշխատանքները, քննարկման արդյունքում հանձնախմբերի կողմից կայացված որոշումները՝ մրցանակների արժանացած աշխատանքներն ու դրանց հեղինակներին:

Կինոարվեստի հանձնախմբի նախագահ Դավիթ Մուրադյանը իր գլխավորած հանձնախմբի որոշումը ներկայացնելուց հետո, ասել է, թե ստիպված է ափսոսանքով նշել, որ այսօրվա մրցանակակիրներից մեկը՝ համառեժիսոր Ելենա Ֆետիսովան, որոշակի նկատառումներով նպատակահարմար չի գտել ներկա լինելու մրցանակի հանձնման արարողությանը:

Հանրապետության Նախագահը միջոցառման մասնակիցներին տեղեկացրել է, որ այսօր առավոտյան տիկին Ելենա Ֆետիսովայից ստացել է նամակ, որում նա շատ հարգալից կերպով շարադրում է Երևան չժամանելու իր դրդապատճառները: «Ես իր գործընկերների միջոցով իրեն կփոխանցեմ պետական մրցանակը, և իր իսկ ցանկությամբ, մրցանակի դրամական բաղադրիչը կուղղենք բարեգործական նպատակների՝ այն կրկնապատկելով Հանրապետության Նախագահի հիմնադրամից:

Ուզում եմ ասել, որ ես հասկանում եմ տիկին Ֆետիսովայի դրդապատճառները, բայց ուզում եմ դիմել և՛ հարգարժան տիկնոջը, և՛ ուկրաինական ժողովրդին՝ ասելով, որ մենք եղբայրական ժողովուրդներ ենք, և այդ եղբայրության, բարեկամության մասին են վկայում հազարավոր փաստեր՝ Լվովի միջնադարյան տաճարներից սկսած մինչև այսօրվա Հայաստանում գործող ուկրաինական համայնքի ակտիվ դիրքորոշումը: Մենք դարեր շարունակ ուս ուսի միասին կռվել ենք զավթիչների դեմ, մենք պատմության հազարավոր փառավոր էջեր ունենք: Այդպես եղել է և այդպես էլ շարունակվելու է: Այնպես է պատահում, որ ժամանակի և իրադարձությունների թոհուբոհի մեջ տարբեր երևույթներ ունենում են տարընկալումներ, բայց ժամանակի մեծությունը նաև նրանում է, որ ժամանակի ընթացքում ամեն ինչ հստակեցվում է, տարըմբռնումները վերանում են, և ամեն ինչ ընկնում է իր տեղը: Մեկ անգամ ևս կրկնում եմ, որ ուկրաինացիները մեր եղբայրներն են: Այնպես որ՝ ես խնդրում եմ գործընկերներին՝ մրցանակը փոխանցել տիկին Ֆետիսովային»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

Թատերական արվեստի հանձնախմբի նախագահ Անելկա Գրիգորյանը տեղեկացրել է, որ ներկայացված են եղել յոթ թատերական բեմադրությունների համար հայտեր: Քվեարկության արդյունքում գործերից ոչ մեկն ըստ կարգի չի հավաքել անհրաժեշտ ձայների քանակ, և ըստ այդմ՝ թատերական արվեստի ոլորտում 2013թ. համար պետական մրցանակ չի շնորհվել:

Ճարտարապետության և քաղաքաշինության հանձնախմբի նախագահ Սաշուր Քալաշյանը տեղեկացրել է, որ հանձնախումբը հայցման ներկայացված աշխատանքներից երկուսի քվեարկության արդյունքում ստացել է հավասար թվով ձայներ, ինչը դժվարին կացության առջև է կանգնեցրել հանձնախմբին, որի անդամները հրաժարվել են վերաքվեարկությունից՝ երկու աշխատանքն էլ պետական մրցանակի արժանի համարելով. «2011թ. մենք չկարողացանք ներկայացնել որևէ մեկի աշխատանքը պետական մրցանակի: Սակայն այս տարի հուսադրող էր՝ մենք ունեինք նվաճումներ, եղան հայտեր, և հանձնախմբում համոզմունք կար, որ այս անգամ մենք, անպայման, կներկայանանք որևէ գործով: Բայց հանձնաժողովի անդամների ձայները կիսվեցին, կիսվեցին այնպես, որ կանոնակարգի համաձայն որևէ մեկը չպետք է արժանանար պետական մրցանակի: Թևաթափ վիճակով ես այդ արձանագրությունը տվեցի Նախագահի աշխատակազմին՝ կարծելով, որ այս տարի ևս մենք պետական մրցանակ չենք ունենալու: Սակայն անակնկալ եղավ, երբ հանձնաժողովին տեղեկացրին, որ մեծարգո Նախագահի առաջարկությամբ, որոշվել է պետական մրցանակը հավասարաչափ կերպով բաշխել: Այսինքն՝ կիսել երկու հայտերի միջև: Հավանաբար, դրա համար նաև հիմք է ծառայել այն, որ հավասար ձայներ էին ստացել երկու հանրային հնչեղություն ունեցող օբյեկտներ, այլ ոչ թե մերժվել»,-ասել է Ճարտարապետության և քաղաքաշինության հանձնախմբի նախագահը:

Այս կապակցությամբ Հանրապետության Նախագահն ընդգծել է, որ վարվել է իր խղճի մտոք և վստահ է, որ և՛ արվեստագետները, և՛ մեր ժողովուրդը կհասկանան ու ճիշտ կըմբռնեն վերաբերմունքը մեր տաճարների նկատմամբ: «Ես անձերին չեմ շնորհել՝ ես շնորհել եմ այդ կառույցներին, որոնց անունն է Մատենադարան: Մատենադարանը մեզ համար տաճար է, և ես վստահ եմ, որ այդ երկու կառույցներն էլ, անցնելու է ժամանակ, և բոլորը մեծապես գնահատելու են: Դուք ինձնից ավագ եք, Ձեր փորձը մեծ է, Դուք շատ լավ գիտեք բոլոր հուշարձանների պատմությունը և գիտեք, որ կան հուշարձաններ, որ այսօր մենք համարում ենք մեր կյանքի բաղկացուցիչ մասը, որոնց սակայն նախկինում փնովում էին: Վստահություն ունեմ՝ ես իմ իրավունքն օգտագործել եմ: Ներողամիտ եղեք»,-դիմելով հանձնախմբի նախագահին՝ ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

Հանրապետության Նախագահը նաև իր շնորհավորական խոսքն է հղել բոլոր մրցանակակիրներին:
***


Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ելույթը ՀՀ պետական մրցանակների հանձնման ժամանակ

 

 

Հայաստանի Հանրապետության պետական մրցանակի հարգելի՛ դափնեկիրներ,
Հարգարժա՛ն հյուրեր,
Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Այսօր մենք պետական մրցանակներ ենք շնորհում արվեստագետներին և գիտնականներին՝ նրանց ստեղծագործությունների համար: Իհարկե՛, արվեստի գործերի իրական դատավորը ժամանակն է: Դրանք անցնում են ժամանակի քննությունը կամ ուղղակի չեն անցում: Բայց մեր՝ ժամանակակիցներիս պարտքն է ունենալ սեփական դիրքորոշում և վերաբերմունք, տալ մեր գնահատականը:

Այս մրցանակներով մենք ներկայանում ենք որպես հասարակություն և պետություն, որոնք արժևորում են ամենակարևորը, արժևորում են այն, ինչն ունի կամ կարող է ունենալ համազգային նշանակություն:

Ես միշտ համոզված եմ եղել, որ մշակույթն ընդհանրապես և արվեստը՝ հատկապես, ունեն ազգաստեղծ առաքելություն: Այո, առանց Հովհաննես Թումանյանի և Արամ Խաչատրյանի մենք կարող էինք շարունակել մեր պատմական ուղին որպես ժողովուրդ, բայց այդ դեպքում, ես համոզված եմ, մենք կլինեինք մի քիչ այլ ժողովուրդ՝ պակաս հարուստ, պակաս ուժեղ: Պարզ է, որ ամեն օր Մաշտոցներ և Կոմիտասներ չեն կարող ծնվել, բայց յուրաքանչյուր սերնդի պարտքն է հետևողականորեն և նպատակասլաց կերպով շարունակել արվեստի ու գիտության զարգացումը՝ որպես ազգաստեղծ առաքելության իրականացում:

Հայոց պետության և անձամբ իմ անունից շնորհակալություն եմ հայտնում ձեզ, հարգելի՛ մրցանակակիրներ, հենց դրա համար: Դուք մարմնավորում եք շարունակականությունն ու զարգացումը ձե՛ր գործով և ձե՛ր նկարագրով:

Ես խոսում եմ հոգևոր հայրենիք և բարեկեցիկ հայրենիք ձևավորելու մասին: Սրանք ուղղակիորեն փոխկապակցված գործընթացներ են: Մեր պարտքն է ապահովել դրանց անընդհատությունը: Բազմահազարամյա շղթայի այսօրվա օղակները հենց դու՛ք եք, հարգելի՛ մրցանակակիրներ, և մենք հպարտ ենք ձեզնով:

Շնորհավորում եմ ձեզ Հայաստանի Հանրապետության պետական մրցանակների արժանանալու կապակցությամբ: Մաղթում եմ ձեզ առողջություն և կորով, անձնական հաջողություններ և, որ չափազանց կարևոր է՝ ստեղծագործական նոր թռիչքներ, նոր բարձունքներ: Ձեզանով մենք ավելի հարուստ ենք և ավելի ուժեղ: Շարունակե՛ք հարստացնել և ուժեղացնել մեզ:

Շնորհակալություն:

Անկախ

«Հայաստանում քաղաքականությունը վերածվել է զվարճանքի, չկա գաղափարախոսություն և լուրջ քաղաքական պայքար». քաղտեխնոլոգ

ԱԺ-չորս-ոչ-իշխանական-ուժերՔաղաքական տեխնոլոգ Կարեն Քոչարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդադառնալով Հայաստանի ներքաղաքական իրավիճակին, նկատեց, որ Հայաստանում քաղաքականությունը վերածվել է զվարճանքի, չկա գաղափարախոսություն և լուրջ քաղաքական պայքար: Փոխարենը իշխանական և ընդդիմադիր հատվածում կան քաղաքական կղզյակներ, որոնք երկու կողմից հենվում են օլիգարխիայի վրա:

Անդրադառնալով չորս ոչ իշխանական ուժերի կոնսոլիդացման փորձերին և ապրիլի 28-ին Ազգային ժողովի քառօրյայի օրակարգում Կառավարությանն անվստահություն հայտնելու հարցին՝ Կարեն Քոչարյանը նշեց, որ յուրաքանչյուր երկրում էլ լինում են այնպիսի հարցեր, որոնք միավորում են տարբեր ուժերի:

<<Այնպես չէ, որ չորս ոչ իշխանական ուժերը միանում են, որ դառնան ընդդիմադիր կոալիցիա: Նրանք միավորվել են Կառավարության հրաժարականի հարցի շուրջ: Կստացվի, թե ոչ, այլ խնդիր է, բայց գործընթաց կա>>,- ասաց քաղտեխնոլոգը՝ նկատելով, որ բոլոր ուժերը համաձայնեցին, որ իրենց առանցքը դառնա ԲՀԿ-ն, ավելի ճիշտ՝ Գագիկ Ծառուկյանը, բայց դեռ բավական ժամանակ կա, կարող է մեկ օրվա մեջ ամեն ինչ փոխվել:

Կարեն Քոչարյանի խոսքով՝ չորս քաղաքական ուժերը չեն ասում, թե հանուն ինչի՞ են ուզում փոփոխություններ իրականացնել՝ հանուն լավի, թե հանուն իշխանության գալու:

«Նրանք հիմնվում են սոցիալական խնդիրների վրա, բայց պարզ չէ, թե ինչպե՞ս են հասնելու դրան, երբ ՀՀԿ-ն ունի մեծամասնություն: Եթե իշխանության հետ գալու են փոխհամաձայնության վարչապետ ընտրելու հարցում, ինչո՞ւ չի երևում Հանրապետական կուսակցության փոխզիջման պատրաստակամությունը: Այս պահին իրականում ամենամեծ հանրահավաքներն անում է <<ԴԵՄ ԵՄ>> քաղաքացիական նախաձեռնությունը, որին չորս ուժերը ուզում են անպայման միանալ»,-ասաց Կարեն Քոչարյանը:

Հարցին՝ չորս ոչ իշխանական ուժերից  որի՞ն է իսկապես ընդդիմադիր համարում, քաղտեխնոլոգը պատասխանեց. « Ինձ համար լուրջ կուսակցություն միայն «Դաշնակցությունն» է, որն ապացուցել է իր աշխատանքը բոլոր իրավիճակներում: Այսօր, իհարկե, թույլ է, քան 15 տարի առաջ: ՀԱԿ-ը կդառնա «գեղի կլուբ», եթե մի օր Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարի, որ չի զբաղվում քաղաքականությամբ, ԲՀԿ-ն առավել ևս. ԲՀԿ-ն և քաղաքականությունը տարբեր բաներ են: Նույնն էլ Հանրապետական կուսակցությունն է, այն օրը, երբ իշխանություն չեղավ, կուսակցությունում մի բուռ մարդիկ են մնալու»:

 Անկախ

«Ինձ թվում է` լավ երգն այս տարի կհաղթի, անակնկալներ չեն լինի». Արամ MP3

MHM86351 copy«Եվրատեսիլ-2014» միջազգային երգի մրցույթին Արամ MP3-ի «Not alone» երգը մեծ շանսեր ունի հաղթելու: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Եվրատեսիլ»-ի հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը` նշելով, որ հաղթանակի շունչը զգացել է ոչ միայն youtube-ում դիտումների քանակից, բուքմեյքերական ընկերությունների վարկանիշներից, այլ եվրոպացիների վերաբերմունքից։

«Եզակի տարիներից մեկն է, որ քիչ, թե շատ զգում ենք հաղթանակի շունչը` չնայած դեռ շատ աշխատանքներ կան անելու։

Արամ MP3-ի ցանկությունն է բարձր հորիզոնականներ գրավել: «Ելնելով վարկանիշային գործակիցներից, յութուբյան դիտումներից ու արձագանքներից, ինձ թվում է, առաջին հնգյակում կհայտնվենք»,- ասաց նա։

Արամ MP3-ին իր հիմնական մրցակիցն է համարում Հունգարիային, որի մասնակցի ձայնն իրեն դուր է եկել։
Անդրադառնալով երգի ոչ ստանդարտ կառուցվածքին, նշեց, որ իրենք առաջինը չեն, որ նման ոճի երգ են ստեղծել։ «Կան համաշխարհային շատ հիթեր, որ նման կառուցվածք ունեն, ունեն սկիզբ, զարգացում, զարգացման լուծում և ավարտ, եթե խոսքը գնա պարային երգի մասին, ապա պետք է լիներ տուն, կրկներգ, տուն ու նորից կրկներգ։ Մեր դեպքում երգը հանգիստ է, բռնկվում է, հետո կրկին հանգստանում է։ Մեր հերոսները մեղադրում են իրար, հետո՝ իրենք իրենց, հետո արդեն գիտակցում, թե ինչն է թանկ իրենց համար»,- ասաց երգիչը` հավելելով, որ արձագանքները ցույց են տալիս, որ չեն սխալվել։

Երգիչը համամիտ չէ նաև այն մտքի հետ, որ երգում բացակայում են հայկական տարրերը: Նրա խոսքով` երգի սկզբնամասում՝ դաշնամուրային հատվածում, հայկական ժողովրդական երաժշտությանը մոտ տարրեր  կան։ Մի փոքր հայկական ակցենտ կա։

Արամ MP3-ի խոսքով` մրցույթին գերակշռում են բալլադային երգերը, իսկ քաղաքականության շրջանակներում չի ուզում կանխատեսումներ անել։ «Եկեք չքաղաքականացնենք։ Ինձ թվում է` լավ երգն  այս տարի կհաղթի, անակնկալներ չեն լինի»,- ասաց երգիչը։
Իսկ թե ի՞նչ կտեսնի հանդիսատեսը բեմի վրա, նրանց երկրորդ անակնկալն է։ Երգիչը միայն նշեց, որ բեք-վոկալ չի լինելու, քանի որ նախ տեղ չկա, հետո էլ ինքը մենակ է ուզում ցույց տալ իր ողջ հնարավորությունները։

Հիշեցնենք, որ մրցույթի կիսաեզրափակիչ փուլերն այս տարի կկայանան մայիսի 6-ին և 8-ին, իսկ եզրափակիչը՝ մայիսի 10-ին Կոպենհագենում։

 

 

Ձերբակալվել է Նոր-Նորքի զինվորական կոմիսար, գնդապետ Ռաֆայել Ռուբենի Զախարյանը

ձերբակալվելՊաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման և կոռուպցիայի դեմ պայքարի ծրագրի իրականացման շրջանակներում ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության հատուկ օպերատիվ բաժնի և քննչական ծառայության կողմից համատեղ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում 2014 թվականի մարտի 19-ին ժամը 17.10-ին Նոր-Նորքի զինվորական կոմիսարիատի զորակոչային բաժանմունքի պետի աշխատասենյակում քաղաքացի Գ.Վ.-ի կողմից առանձնապես խոշոր չափի՝  3900 ԱՄՆ դոլար գումար  կաշառք  ստանալուց անմիջապես հետո ձերբակալվել է Նոր-Նորքի զինվորական կոմիսար, գնդապետ Ռաֆայել Ռուբենի Զախարյանը:

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի  311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով: Նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՊՆ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերի քննչական բաժնում:            

Ձերբակալվել է նաև նույն զինկոմիսարիատի զորակոչային բաժանմունքի կցագրման գծով տեսուչ, ավագ ենթասպա Տիգրան Սասունիկի Հովհաննիսյանը: 

ՊՆ-ից Անկախին հայտնեցին,որ նախաքննությունը շարունակվում է:

 

 

 

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

սերժ սարգսյանՆախագահ Սերժ Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Սերժ Սարգսյանը և Վլադիմիր Պուտինը քննարկել են հայ-ռուսական երկկողմ համագործակցությանը վերաբերող, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային օրակարգի մի շարք արդիական հարցեր, անդրադարձել Հայաստանի՝ Մաքսային միությանը միանալու որոշումից հետո, այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընթացքին: Նախագահները մտքեր են փոխանակել ուկրաինական ճգնաժամի և դրանից դուրս գալու ուղիների վերաբերյալ: Այդ համատեքստում զրուցակիցներն անդրադարձել են Ղրիմում հանրաքվեի անցկացումից հետո ստեղծված իրավիճակին և արձանագրել, որ այն հանդիսանում է ազատ կամարտահայտման միջոցով ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացման հերթական օրինակը: Միաժամանակ ընդգծվել է միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին, առաջին հերթին՝ ՄԱԿ-ի կանոնադրությանը, նվիրվածության կարևորությունը:

Պետությունների ղեկավարները նաև քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը և այդ ուղղությամբ ձեռնարկվող քայլերը: Հայաստանի Նախագահը բարձր է գնահատել Ռուսաստանի գործունեությունը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր և ընդգծել համանախագահների համատեղ ջանքերի կարևորությունը՝ միտված հակամարտության խաղաղ կարգավորմանը: Սերժ Սարգսյանը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը շարունակելու հակամարտության կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ համատեղ աշխատանքը:

Հեռախոսազրույցը կայացել է հայկական կողմի նախաձեռնությամբ:

Անկախ

Տիգրան Սարգսյանը «Դեմ եմ» շարժման ներկայացուցիչներին հրավիրում է երկխոսության

սարգսյանՎարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության նիստի մեկնարկից առաջ ելույթ է ունեցել` անդրադառնալով պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին:

Ելույթը ներկայացնում ենք ամբողջությամբ.

«Այսօրվա նիստը ցանկանում եմ սկսել մի հարցով, որն այսօր մտահոգում է մեր երիտասարդներին և հանրությանը: Դա պարտադիր կուտակային համակարգի բարեփոխումն է: Առաջին հերթին ուզում եմ արձանագրել, որ Հայաստանի Հանրապետությունում ձևավորվում է քաղաքացիական հասարակություն, որը թելադրում է իր կանոնները: Դա նշանակում է, որ մենք նույնպես, որպես կառավարություն, պետք է մեր գործունեությունը շտկենք և դարձնենք այնպիսին, որը հաշվի է առնում, որ մեր կարևորագույն խնդիրն է նպաստել և խթանել քաղաքացիական հասարակության կայացմանը: Երկրորդ. այս շարժման հիմնական մասնակիցները երիտասարդներ են, ովքեր դիմել են մեզ բազմաթիվ նամակներով և իրենց մտահոգություններն են ներկայացրել այս բարեփոխման կապակցությամբ: Միևնույն ժամանակ, իրենց նամակներում կա մտահոգություն այս ռեֆորմի կապակցությամբ և միևնույն ժամանակ զգացվում է պատասխանատվություն մեր երկրի հանդեպ, և իրենց բառերով՝ իրենք սիրում են այս երկիրը և ուզում են, որ այն ունենա պայծառ ապագա:
Այս նամակների տակ ստորագրել են հազարավոր երիտասարդներ, որոնք ընդգրկված են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում: Մենք հայտարարում ենք, որ պատրաստ ենք երկխոսության, որովհետև այն դիրքորոշումը՝ կամ ամեն ինչ, կամ ոչինչ, անընդունելի է ինչպես մեզ համար, այնպես էլ քաղաքացիական հասարակությունը ներկայացնող պատասխանատու երիտասարդների համար:
Մենք պատրաստ ենք երկխոսության, ընդունում ենք, որ մեր օրենքները, մանավանդ ամենաբարդ ռեֆորմին վերաբերող օրենքները, չեն կարող լինել առանց թերությունների, բնականար այդ օրենքներում կան թերություններ, որոնք մատնանշում են նաև մեր ընդդիմախոսները:
Մենք հայտարարում ենք, որ ճիշտ ճանապարհը երկխոսության ճանապարհն է և հրավիրում ենք մեր երիտասարդ գործընկերներին` «Դեմ եմ» շարժման ներկայացուցիչներին, այդ երկխոսությանը:
Միևնույն ժամանակ, կարծում եմ, որ կամ ամեն ինչ, կամ ոչինչ սկզբունքից հրաժարվելն օգտակար կլինի բոլորիս համար և դա նշանակում է, որ նաև «Դեմ եմ» շարժումը պետք է վերաձևավորվի և դառնա շարժում հանուն մեր երկրի ապագայի, հանուն բարեփոխումների, այնպիսի բարեփոխումների, որոնք կստանան մեր երիտասարդների աջակցությունը: Սա մեր ուղերձն է «Դեմ եմ» շարժման ներկայացուցիչներին: Եվ, իհարկե, ես նաև Ազգային ժողովում եմ հայտարարել, որ մեզ ոգևորում է նաև այս երիտասարդական ակտիվությունը: Հասկանալի է, որ նաև տարբեր քաղաքական ուժեր փորձում են օգտագործել այն, շահարկել, բայց այն, որ երիտասարդները զերծ են մնում խնդիրների քաղաքականացումից, նույնպես վկայում է այն մասին, որ այս երկխոսությունը խիստ կարևոր է մեր պետության ապագայի համար»:

Ուկրաինան Ռուսաստանին բողոքի նոտա է ուղարկել

64032-390x290Ուկրաինայի ՆԳՆ-ն բողոքի նոտա է ուղարկել Ռուսաստանին` Ղրիմի անկախությունը ճանաչելու ու   թերակղզին ՌԴ կազմում ներառելու վերաբերյալ պայմանագրի ստորագրության կապակցությամբ:

Կիևը տեղեկացել է, որ Ղրիմն օկուպացվել է ռուսական զորքերի կողմից, իսկ ուկրաինական իշխանությունները “կատեգորիկ կերպով մերժում” են ՌԴ տարածքում թերակղզու սուվերենությունն ու պաշտպանում ուկրաինական ու միջազգային օրենսդրության համաձայն միջոցներ ձեռնարկելու իր իրավունքը`:

Ուկրաինան հայտարարել է իր նոտայում, որ երկրների միջև 1997-ին ստորագրված բարեկամության, համագործակցության ու գորընկերության  վերաբերյալ պայմանագրի համաձայն, Ռուսաստանը պարտավորվել է հարգել տարածքային ամբողջականությունն ու հաստատել երկրների միջև գոյություն ունեցող սահմանների անխախտելիությունը:

Մարտի 18-ին ՌԴ նախագահ Պուտինը, Ղրիմի կառավարության ղեկավար Սերգեյ Աքսյոնովը , Ղրիմի խորհրդարանի խոսնակ Վլադիմիր Կոնստանտինովը և Սևաստոպոլի ղեկավար Ալեքսեյ Չալին ստորագրել են Ղրիմի ու Սևաստոպոլի` Ռուսաստանին միանալու պայմանագիրը:

Անկախ

Կյանքից հեռացել է Արա Շիրազը

Ara ShirazՄարտի 18-ին կյանքի 73-րդ տարում երկարատև հիվանդությունից հետո վախճանվել է անվանի մտավորական, ՀՀ ժողովրդական նկարիչ Արա Շիրազը (Արամազդ Հովհաննեսի Կարապետյանը)՝ բանաստեղծներ Հովհաննես Շիրազի և Սիլվա Կապուտիկյանի որդին:

Մշակույթի նախարարությունից տեղեկացնում են, որ Արա Շիրազի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է թաղման կառավարական հանձնաժողով:

Հիշեցնենք, որ  քանդակագործը ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց էր տեղափոխվել այս տարվա փետրվարի 24-ին: Բժիշկներն ախտորոշել էին գլխուղեղի արյան շրջանառության սուր խանգարում, զարգացել էր պոլիօրգանային անբավարարություն: Նա այդպես էլ գիտակցության չէր եկել:

Անկախ-ի ողջ խմբագրակազմը խորին ցավակցություն է հայտնում անվանի մտավորականի ընտանիքին ու հարազատներին:

***

Արա Շիրազը 1966 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը:

1987-93 թթ. եղել է Հայաստանի նկարիչների միության նախագահ:

1960-ական թթ. հայ կերպարվեստում գեղարվեստական ձևերի թարմացման պլաստիկայի ազգային ավանդույթների յուրացման միտումներն արտահայտվել են Շիրազի գործերում:

  • «Անտունի», 1969, թուջ, ԺԱԹ, Երևան
  • «Ներբող» 1970, թրծակավ, ԺԱԹ, Երևան
  • «Վահանով կինը», 1970, դրվագված պղինձ
  • «Անի» հյուրանոց, Երևան

1970-ական թթ. Շիրազի արտահայտչամիջոցները դարձել են առավել վավերագրական, բազմազան։

  • Վիլյամ Սարոյան, 1975, դիմաքանդակ, թուջ, ԺԱԹ
  • Պաբլո Պիկասո, 1976, դիմաքանդակ, թուջ, ԺԱԹ
  • Հրաչյա Ներսիսյան, 1976, դիմաքանդակ, թուջ, ԺԱԹ
  • «Ֆիդայի», 1976, երանգավորված գիպս, ՀԱՊ

Մոնումենտալ և մոնումենտալ դեկորատիվ գործերից են՝

  • Պարույր Սևակի (1974. բչոմզ, ճարտարապետ՝ Ջիմ Թորոսյան, Երևան, Պարույր Սևակի անվան դպրոցի պատին) հուշարձան
  • Եղիշե Չարենցի (Չարենցավանի կենտրոնական զբոսայգում, թուջ, 1979, Չարենցավան) հուշարձան
  • Ալեքսանդր Մյասնիկյան (1981, գրանիտ, ճարտարապետ՝ Ջիմ Թորոսյան, Երևան) հուշարձան
  • Անդրանիկ Օզանյան (2002, բրոնզ, բազալտ, ճարտարապետ՝ Ասլան Մխիթարյան, Երևան) հուշարձան
  • Մ. Մկրտչյանի (2004, Գյունրի) հուշարձան
  • «Դվին» հյուրանոցի ճակատի «Դվին» հարթաքանդակը (1978, ՀՀ Պետական մրցանակ՝ 1979, Երևան)

Հեղինակ է բազմաթիվ այլ քանդակների՝

  • Վիլյամ Սարոյան (1989, բրոնզ, գրանիտ, Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոն, ճարտարապետ՝ Ջիմ Թորոսյան) մահարձան
  • Հովհաննես Շիրազ (1994, բրոնզ, կրաքարային տուֆ, Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոն, ճարտարապետ՝ Ասլան Մխիթարյան) մահարձան
  • Սերգեյ Փարաջանով (1999, բրոնզ, գրանիտ, Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոն, ճարտարապետ՝ Ասլան Մխիթարյան) մահարձան
  • Վազգեն Սարգսյան (1999, տուֆ, ճարտարապետ՝ Ասլան Մխիթարյան) դիմաքանդակի
  • Հովհաննես Շիրազ, տեղադրված է Երևանի Մալաթիա-Սեբաստիա թաղամասում (2005
  • Վազգեն Ա-ի արձանը, տեղադրված է Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցի բակում (2008)

Նրա ստեղծագործխություններից է նաև Երևանի Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու դիմացի աջ անկյունում տեղադրված Անդրանիկ Օզանյանի հուշարձանը (2002թ.)։ Այն հարցին, թե ինչու է նա Անդրանիկին երկու ձիերի վրա քանդակել, Արա Շիրազը բացատրել է, որ երկու ձիերը խորհդանշում են Արևմտյան և Արևելյան Հայաստանները. «Դարերով բաժանված երկիր, մեր միանալու պատգամը և ազգային ազատագրական պայքար՝ Անդրանիկը երդում է ուտում՝ հայացքը Մասիսին ուղղելով…»:

 

Անկախ

 

 

 

 

Ղրիմի հանրաքվեն ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրականացման հերթական դրսևորումն է. Արցախի ԱԳՆ

AGNԼեռնային Ղարաբաղի Հանրապետության (Արցախի Հանրապետության) արտաքին գործերի նախարարությունը դիտարկում է ս.թ. մարտի 16-ին Ղրիմի Ինքնավար Հանրապետությունում հանրաքվեի անցկացումը՝ որպես ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրականացման հերթական դրսևորում:

Իր զարգացման ուղին ինքնուրույն ընտրելու և ժողովրդավարական կամարտահայտության միջոցով ճակատագիրը որոշելու յուրաքանչյուր ժողովրդի իրավունքը, որն ամրագրված է ՄԱԿ-ի Կանոնադրությունում և մի շարք հիմնարար միջազգային փաստաթղթերում, միջազգային իրավունքի առանցքային սկզբունքներից մեկն է: Վերջին տարիների փորձը և, մասնավորապես, Կատալոնիայում և Շոտլանդիայում նախատեսված հանրաքվեները վկայում են, որ ժողովուրդների ինքնորոշման անքակտելի իրավունքի ճանաչումն ու իրացումը նմանատիպ խնդիրների խաղաղ կարգավորման առավել օպտիմալ և ժողովրդավարական եղանակն է:

ԼՂՀ ԱԳՆ-ն հույս է հայտնում, որ Ղրիմի Ինքնավար Հանրապետությունում հանրաքվեի արդյունքում ստեղծված իրավիճակն իր լուծումը կստանա իրավական դաշտում` բացառապես խաղաղ ճանապարհով։

Ստեփանակերտ 17.03.2014 

Անկախ

 

ԱՄՆ-ն ու Ռուսաստանը պետք է շարունակեն համատեղ աշխատանքը՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ. Ջեյմս Ուորլիք

Ջեյմս ՈւորլիքՉնայած ԱՄՆ-ն չի ընդունում Ռուսաստանի՝ Ուկրաինայում իրականացրած գործողությունները, կան ոլորտներ, որտեղ երկու երկրները պետք է շարունակեն համատեղ աշխատանքը, և դա ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հարցն է:

Այս մասին “Twitter”-ի իր էջում գրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական “Թրենդ” գործակալությունը, նա գրել է, որ Ուկրաինայում տեղի ունեցած իրադարձություններից պետք է դասեր քաղել Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության գործընթացի համար:

Հիշեցնենք, որ երեկ` մարտի 16-ին Ղրիմում տեղի ունեցած հանրաքվեի արդյունքներով` Ռուսաստանին միանալու օգտին է քվեարկել ընտրողների 96%-ը:

 

Անկախ 

“Բանակ չծառայած տղուն աղջիկ չեն տա”. Ֆելիքս Ցոլակյան

ՊԲ,գյումրիՇիրակի մարզի 123 ընտանիքներում այսօր յուրատեսակ ուրախություն է. հնգօրյա արձակուրդ են ժամանել ԼՂՀ բանակում իրենց զինվորական ծառայությունը կատարող զինվորները: Ծնողները տեղյակ էին, որ անձամբ Արցախի պաշտպանության նախարարն է գալու երեխաների հետ, բայց շատ քչերը գիտեին, որ դա սոսկ հանդիպում չէր, այլ տղաները եկել էին արձակուրդ:

Իրադարձությունն ինքնին եզակի էր, քանի որ նման բան առաջին անգամ էր կատարվում ոչ միայն Գյումրիում, այլև ամբողջ Հայաստանում:

“Ե’վ պատերազմի ժամանակ, և’ այսօր էլ Շիրակի արու զավակներն իրենց պարտականությունը կատարում են մեր հայրենիքի ամենից կարևոր մասում` Արցախում: Այսօր պետք է Արցախին, որպեսզի ողջ հայությունն աջակից լինի արցախցուն` իր առջև ծառացած խնդիրը լուծելու համար: Ես այսօր եկել եմ զեկուցելու, որ շիրակցիները դա կատարում են պատվով: Վստահ եղեք, որ այսօրվա խաղաղությունն Արցախում տիրում է միայն ու միայն հայ զինվորի բազկի հզորության շնորհիվ: Բնավ պատահական չէ, որ մեր այսօրվա միջոցառումը, որ անցկացվում է առաջին անգամ, բերել ենք Շիրակի մարզ, որովհետև Շիրակն ամեն ժամանակներում էլ եղել է հայ ժողովրդի ոգին. Այստեղից են ձևավորվել բազմաթիվ լավագույն ավանդույթներ, և այստեղից պիտի ձևավորվի նաև այս ավանդույթը: Իհարկե, մենք չէինք կարող այս դահլիճում տեղավորել այն ծառայողներին, ովքեր Շիրակից են, բայց սա լինելու է շարունակական և մենք ակնկալում ենք այս դահլիճում ևս մեկ անգամ հանդիպել շիրացիներին”, – հանդիպման սկզբում նշեց նախարարը:

Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանն էլ ելույթ ունենալով ծնողների և զինվորների հետ հանդիպմանը նկատեց. “Ես ցանկանում եմ, որ նման հանդիպումները լինեն հաճախակի, և մայրերի հետ զինվորների հանդիպումներում հոսեն միայն ուրախության արցունքներ: Արցախցիները միշտ պետք է զգան, որ շիրակցին իր հետ է և դա զգացել են 88-ից ի վեր: Պետք է հիշենք մի բան. Երբ աղետալի երկրաշարժը եղավ Գյումրիում, փլատակների տակից դուրս եկած մարդն առաջինը հարցնում էր` ի՞նչ եղավ Ղարաբաղի հարցը: Եվ վերջում, ուզում եմ մի բան ասել զինվորներին ու նրանց, ովքեր պատրաստվում են զինվոր դառնալ. տղերք, հիշեք, մի ժամանակ եղել է այսպիսի բան` բանակ չծառայած տղուն աղջիկ չեն տվել”:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչու են Շիրակի մարզի և հատկապես գյումրեցի զինվորներին միշտ ուղեգրում ծառայելու Արցախ ու առավելապես` սահմանային գիծ, ասաց. “Որովհետև Շիրակի մարզի զինվորներն ամենից լավն են ու ամենաուժեղն են: Ասեմ, որ բոլոր զինվորները, զորացրվելուց հետո, հպարտություն են ապրում, որ Արցախում են ծառայել”:

Պաշտպանության նախարարը խոսեց նաև սահմանում տիրող վիճակի ու հակառակորդի կողմի կատարած գործողությունների մասին. “Միշտ էլ գործել են, միշտ արժանի պատասխան ստացել են, հանգստացել են, նորից են արթնացել, էլի պատասխան ստացել… կարող եմ ասել, որ առաջնագծում այսօր իրավիճակը վերահսկելի է, հայ զինվորը պարտադրողի դերում է, և այդպես եղել է, այդպես էլ շարունակվելու է”:

Իսկ անդրադառնալով այն տեղեկություններին, թե ադրբեջանական կողմը ծանր տեխնիկա է մոտեցրել սահմաններին և այլն, Մովսես Հակոբյանը նշեց, թե նման բան չկա:

 Անկախ

«Դեմ եմ» նախաձեռնության անդամները հեծանիվներով անցկացրեցին հերթական իրազեկման երթը

unnamedԿուտակային կենսաթոշակի պարտադիր բաղադրիչի դեմ բողոքող «Դեմ եմ» նախաձեռնության անդամներն այսօր Ազատության հրապարակից մեկնարկեցին հեծանիվներով հերթական երթը։ Երթին մասնակցում էին մի քանի տասնյակ հեծանվորդներ:

Նախաձեռնության անդամներից Տիգրան Մարտիրոսյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ հեծանիվներով նախորդ երթը ցույց է տվել, որ այդ տարբերակը արդյունավետ է իրազեկման համար:

Ակտիվիստ Տիգրան Հովհաննիսյանի խոսքով` իրենց նպատակն է քաղաքացիներին հնարավորինս իրազեկել պարտադիր կուտակային կենսաթոշակային օրենքի բացասական կողմերի մասին, քանի որ մինչ օրս էլ դեռ իրազեկման խնդիր կա, շատերը չգիտեն, թե ինչ է իրենից ներկայացնում այդ օրենքը:

Ազատության հրապարակի մոտ երկու տասնյակ ակտիվիստներ, պայուսակներին, բաճկոններին ու հեծանիվներին փակցրած «Դեմ եմ» կարգախոսները, սկսեցին երթը դեպի Մատենադարան, հետո Մաշտոցի պողոտայով Հանրապետության հրապարակ, ապա դարձյալ Ազատության հրապարակ:

Երթի ընթացքում ակտիվիստները թռուցիկներ բաժանեցին անցորդներին և վարորդներին: Թռուցիկների վրա նշված էր նախաձեռնության մարտի 22-ի հանրահավաքի մասին: Թռուցիկների կարգախոսն էր՝ «Պայքարի՛ր քո իրավունքների համար և կառուցի՛ր իրավական պետություն»:

Անկախ

Նախագահը խորհրդակցություն է անցկացրել Առողջապահության նախարարության ղեկավար անձնակազմի հետ

սերժ սարգսյան, առողջապահությունՆախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Առողջապահության նախարարություն: Հանրապետության Նախագահը շրջել է աշխատակազմի մի շարք ստորաբաժանումներում, այդ թվում՝ դեղագործական գործունեության կազմակերպման, դեղերով և տեխնոլոգիաներով ապահովման բաժնում, մոր և մանկան առողջության պահպանման վարչությունում, արտահիվանդանոցային բժշկական օգնության քաղաքականության բաժնում: Սերժ Սարգսյանը ծանոթացել է աշխատանքային պայմաններին, զրուցել աշխատակիցների հետ՝ նրանց գործառույթների, իրականացվող ծրագրերի և առկա խնդիրների մասին, հետաքրքրվել դեղերի ներմուծման գործընթացն ավելի թափանցիկ և դյուրին կազմակերպելու նպատակով պետական եկամուտների կոմիտեի հետ համատեղ ներդրված «մեկ պատուհան» համակարգի արդյունքներով։ Շրջայցն ավարտելուց հետո, Հանրապետության Նախագահը խորհրդակցություն է անցկացրել նախարարության ղեկավար անձնակազմի հետ:

Առողջապահության նախարարը, նախարարի տեղակալները և աշխատակազմի ղեկավարը զեկուցել են իրենց համակարգման ոլորտներում իրականացված աշխատանքների, առկա խնդիրների, դրանց լուծման ուղղությամբ նախատեսված միջոցառումների և առաջիկա ծրագրերի մասին.

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը ներկայացրել է նախարարության 2012-2014 թվականների գործունեության հիմնական արդյունքները։ Նախարարն առողջապահության համակարգում իրականացվող բարեփոխումների, ձեռքբերումների մասին խոսելուց բացի, անդրադարձել է նաև առկա խնդիրներին, դրանց լուծմանը միտված միջոցառումներին՝ այդ համատեքստում կարևորելով բժշկական օգնության որակի, մատչելիության ապահովման և կոռուպցիոն ռիսկերի վերահսկման ուղղությամբ աշխատանքները: Իր զեկույցում Դերենիկ Դումանյանը ներկայացրել է նաև դեղերի շրջանառության ոլորտում պետական կառավարման արդյունավետության բարելավման ուղղությամբ կատարվող աշխատանքները:

Նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանի զեկույցը վերաբերել է մոր և մանկան առողջության պահպանման խնդիրներին, այդ ոլորտում արձանագրված ցուցանիշներին և նախատեսված հետագա ծրագրերին:

Նախարարի տեղակալներից Տիգրան Սահակյանը ներկայացրել է կադրային քաղաքականության և առողջապահության համակարգում լիցենզավորման ոլորտի խնդիրները, անդրադարձել կադրերի անհամաչափ բաշխման և ոլորտում առկա այլ խնդիրներին, դրանց լուծման հնարավորություններին։

Նախարարի մեկ այլ տեղակալի՝ Արման Բաբլոյանի զեկույցը ներառել է մարզային առողջապահական համակարգի համաչափ զարգացման հիմնախնդիրները, միջազգային համագործակցության շրջանակներում դրանց հաղթահարմանն ուղղված ծրագրերն ու առաջիկա անելիքները։

Նախարարության աշխատակազմի ղեկավար Սուրեն Քրմոյանը ներկայացնելով նախարարության աշխատակազմի կառուցվածքը և կադրերով համալրվածության աստիճանը՝ զեկուցել է մարդկային ռեսուրսների և ընթացիկ ղեկավարման հետ կապված աշխատանքների ու աշխատակազմի գործունեության արդյունավետության բարձրացման ուղղությամբ իրականացվող քայլերի մասին:

Զեկույցներում արծարծված առանձին խնդիրների վերաբերյալ Նախագահը հարցեր է ուղղել զեկուցողներին, իր դիտողություններն ու դիտարկումները ներկայացրել և համապատասխան հանձնարարականներ տվել պատասխանատուներին:

Նախագահը կարևորել է բժշկական անձնակազմի շարունակական վերապատրաստումների, մասնագետների որակավորման բարձրացման ուղղությամբ հետևողական աշխատանքը՝ նկատի առնելով այդ ոլորտում աշխարհում արձանագրվող ժամանակակից մոտեցումները, ձեռքբերումներն ու առաջընթացը:

Անդրադառնալով առողջապահության նախարարությունում, ըստ աշխատակազմի ղեկավարի զեկույցի, զգալի թվով թափուր հաստիքների առկայության խնդրին, Հանրապետության Նախագահը անհասկանալի և անընդունելի է համարել այդ հաստիքները հնարավորին արագ չհամալրելու, աշխատանք փնտրող որակյալ մասնագետներին թափուր տեղերի մասին լայնորեն և պատշաճ կարգով չիրազեկելու նախարարության պատասխանատուների աշխատանքը: «Առողջապահության նախարարությունը, կարծում եմ, յուրահատկություն ունի, որովհետև բժիշկներն առաջին հերթին մշտապես ձգտում են աշխատել իրենց մասնագիտությամբ, ձգտում են պրակտիկ բժշկությամբ զբաղվել, քան՝ աշխատանք փնտրել այլ կառույցներում: Միշտ պետք է գտնել այն մարդկանց, ովքեր ունեն գիտելիք և պատրաստ են ծառայելու իրենց մասնագիտությամբ»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

Իր խոսքում Սերժ Սարգսյանն անդրադարձել է հաշվետու ժամանակահատվածում նախարարության իրականացրած աշխատանքներին, առաջիկա խնդիրներին, պետական այդ մարմնի կողմից ոլորտում իրականացվող քաղաքականությանն ու գործունեության գերակա ուղղություններին: «Ես բոլորիդ հաջողություն եմ մաղթում ձեր դժվարին, պատասխանատու և շնորհակալ գործում և ցանկանում եմ, որպեսզի այդ պատվաբեր գործով զբաղվեն այն մարդիկ, ովքեր դրա ցանկությունն ունեն, որովհետև միայն գիտելիք ունենալը բավարար չէ՝ դա անհրաժեշտ պայման է: Նաև պետք է ցանկություն ունենալ աշխատանքդ լավ կատարելու, պետք է ցանկություն ունենալ ծառայելու այն գործին, որի համար ընտրել ես այդ աշխատանքը»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը, հաջողություններ մաղթել և հույս հայտնել, որ ամեն անգամ գործունեության արդյունքներն ամփոփելիս, անդրադարձ կլինի նոր ձեռքբերումների, աշխատանքում արձանագրված դրական նոր արդյունքների և հորդորել է չվախենալ նշել նաև այն խնդիրները կամ վերհանել այն հարցերում հետընթացը, որտեղ պետք է կենտրոնացնել ջանքերը՝ հետագայում հաջողության հասնելու համար:

Հանրապետության Նախագահը պատասխանել է նաև խորհրդակցության մասնակիցներին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերել են առողջապահության համակարգի աշխատակիցների սոցիալական խնդիրներին, մարզային առողջապահական համակարգի համաչափ զարգացման ուղղությամբ շարունակական աշխատանքին, մեր երկրի արտաքին քաղաքականությանը և մի շարք այլ թեմաների: Մասնավորապես պատասխանելով այն հարցին, թե ինչպե՞ս է գնահատում Շվեյցարիայի կառավարության որոշումը բողոքարկելու, այսպես կոչված, «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ 2013 թվականի դեկտեմբերի 17-ի վճիռը, Սերժ Սարգսյանն ընդգծել է. «Շատ լավ եմ գնահատում: Ոգևորիչ է: Եվ մենք բոլորս պետք է մեր դրական վերաբերմունքը հայտնենք Շվեյցարիայի կառավարության կողմից կայացված որոշմանը: Բոլորը գիտեն, որ Շվեյցարիան մշտապես եղել է միջազգային ասպարեզում մարդու իրավունքների ակտիվ պաշտպաններից մեկը, ռասայական խտրական վերաբերմունքի դեմ պայքարում ամենաակտիվ կառավարություններից մեկը, այլատյացություն սերմանող կառույցների, մարդկանց, ընդհանրապես երևույթի դեմ պայքարող ամենաակտիվ կառավարություններից մեկը, և մենք ակնկալում էինք, որ այս հարցում էլ Շվեյցարիան դրական ու ճիշտ որոշում կկայացնի, ինչի ականատեսը մենք եղանք: Այդ որոշումն ակնկալվող, սպասվող որոշում էր: Իհարկե, այդ որոշման կայացման գործում ահռելի է Շվեյցարիայի իշխանությունների դերը: Շվեյցարիայի կառավարությունն ինքն է որոշում կայացրել, բայց այստեղ մենք պետք է գնահատենք միջազգային կառույցների, տարբեր մարդկանց ներդրումը կամ նրանց վերաբերմունքը եվրոպական դատարանի որոշմանը, նրանց դիմումը Շվեյցարիայի կառավարությանը, Ցեղասպանագետների միջազգային միության, տարբեր անհատների, տարբեր կառույցների կողմից ծավալված գործունեությունը:

Շվեյցարիայի կառավարության կողմից ընդունված որոշումը մի մեծ գործընթացի սկիզբն է միայն, որովհետև Մարդու իրավունքների եվրոպական դատարանը դեռևս պետք է որոշում կայացնի գործն իր վարույթ ընդունելու մասով, այնուհետև քննի ըստ էության: Բայց մենք վստահ ենք, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն այնպիսի որոշում կընդունի, որը վիրավորական չի լինի ցեղասպանություն վերապրած ժողովուրդների համար և չի անարգի այն միլիոնավոր մարդկանց հիշատակը, որոնք ուղղակի անմեղ զոհ են դարձել: Բայց ցանկացած գործունեություն եռանդի, պայքարի կարիք ունի, և վստահ եմ, որ Շվեյցարիայի կառավարությունը հետամուտ է լինելու իր իսկ որոշմանը: Հասկանալի է, թե այդ հարցը մեզ ինչու է հետաքրքրում: Մյուս կողմից էլ խնդիրը կապված է նրա հետ, որ եվրոպական դատարանը, ընդունելով այդպիսի որոշում, ինչ-որ տեղ թերություն է գտնում Շվեյցարիայի արդարադատություն իրականացնող ոլորտում: Բայց բոլորիս հայտնի է, որ այդ երկիրը մեծ ճանապարհ անցած, բարձր արժեքներ դավանող երկիր է, ուստի շվեյցարացիները նաև իրենք պետք է ապացուցեն իրենց դատական համակարգի, ընդհանրապես իրենց ողջ պետական համակարգի ամբողջականությունը»:

Խորհրդակցության ավարտին Առողջապահության նախարարության մի խումբ աշխատակիցներ բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար արժանացել են խրախուսանքի. մոր և մանկան առողջության պահպանման վարչության մայրական և վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանը, քարտուղարության պետ Զարուհի Դարբինյանը, անձնակազմի կառավարման վարչության գլխավոր մասնագետ Ռոզա Երիցյանը, բժշկական օգնության քաղաքականության վարչության հիվանդանոցային բժշկական օգնության քաղաքականության բաժնի գլխավոր մասնագետ Թամարա Ղուկասյանը պարգևատրվել են Հայաստանի Հանրապետության Նախագահի շնորհակալագրերով:

Անկախ