Ջեյմս Ուորլիքին սուլոցներով և բողոքի ցույցով են դիմավորել Քաշաթաղում

timthumbԵԱՀԿ ՄԽ համանախագահները երեկ այցելել են Քարվաճառ, որից հետո համանախագահները ուղղություն են վերցրել դեպի Քաշաթաղի շրջան:

Ինչպես տեղեկացնում է Karabakh-life.am-ը, Բերձորում միջնորդների ճանապահրը փակել են շրջանի երիտասարդները՝ «Հարգեք մեր իրավունքները», «Հարգեք ժողովրդավարական սկզբուքնները», «Դատապարտեք ագրեսորին», «Դու պատասխանատու ես» և նման պաստառներով:

Երիտասարդները պահանջել են, որ ՄԽ ԱՄՆ համանախագահը դուրս գա մեքենայից և պատասխանի իրենց հարցերին: Չնայած ՈՒոռլիքը տեղի տվեց և դուրս եկավ հանդիպման՝ այնուհանդերձ, ոչ մի հարցի հստակ պատասխան չտվեց: Իսկ հարցերը հիմնականում ինքնորոշման իրավունքը ամերիկացի համանախագահի կողմից անտեսելու, վերջերս նրա հայտարարության՝ արցախցիների համար անընդունելի 6 կետերի վերաբերյալ էին: Համանախագահները սուլոցների ներքո ուղղություն վերցրին դեպի շրջվարչակազմի շենք, որտեղ հանդիպեցին Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավար Ս. Խաչատրյանի հետ:

ՄԽ համանախագահները իրենց զարմանքն են հայտնել վարչակազմի ղեկավարին ՝ երիտասարդների «պահվածքի» նկատմամբ, ինչը, սակայն, Ս. Խաչատրյանը բնական է համարել. «Դա բնական արձագաք է երիտասարդության կողմից՝ ձեր հայտարարությանը: Դուք խոսում եք տարածքային ամբողջականության մասին, ազատագրված տարածքները անվանում «գրավյալ» ու խոսում նաև այդ տարածքների վերադարձի մասին, ինչն անընդունելի է անկախ Արցախում ծնված ու մեծացած սերնդի համար» -զրույցի մասին թռուցիկ Karabakh-life.am-ը տեղեկացել է վարչակազմի ղեկավարից:

Կայքը նաև տեղեկացնում է, որ երեկ երեկոյան՝ Արցախի նախագահի հետ հանդիպումից հետո, ԵԱՀԿ ՄԽ համանախագահները պետք է պատասխանեին լրագրողներիհարցերին: Ճեպազրույցը հետաձգվել է:

Անկախ

ԼՂՀ Քաշաթաղի բնակիչները փակել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ճանապարհը.news.am

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներԼՂՀ Քաշաթաղի շրջանի վարչական կենտրոն Բերձորի մատույցներում բնակիչները փակել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ջեյմս Ուորլիքի (ԱՄՆ), Ժակ Ֆորի (Ֆրանսիա) եւ Իգոր Պոպովի (Ռուսաստան) ճանապարհը, որոնք հերթական տարածաշրջանային այցն էին կատարել: Համանախագահները ստիպված են եղել դուրս գալ մեքենաներից եւ լսել բնակիչների պահանջները:

Բերձորից NEWS.am-ի թղթակցին հայտնել են, որ ճանապարհը փակել է տեղի երիտասարդությունը՝ պաստառներով, որոնց վրա գրված է եղել. «Մենք ենք այս հողի տերը», «Հարգեք մեր իրավունքները, մենք մեր որոշումը կայացրել ենք դեռ 1991-ին», «Ոչ միջազգային ուժերի տեղակայմանը»:

Մի քանի րոպե շփվելով ակցիայի մասնակիցների հետ եւ լսելով նրանց պահանջները, համանախագահները ամբոխի միջով հասել են տեղի վարչակազմի շենքին, որտեղ կարճ հանդիպում են ունեցել Քաշաթաղի շրջանի ղեկավար Սուրեն Խաչատրյանի հետ:

Շարունակությունը՝սկզնաղբյուր կայքում:

Անկախ

Վերնիսաժի մոտ կրակոցներից 5 մարդ է վիրավորվել

MHM87878Մայիսի 17-ին, ժամը 13.25-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնում ահազանգ է ստացվել, որ Վերնիսաժի մոտ կրակոցներ են հնչում:
Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ անհայտ անձը Վարդանանց փողոցի 18 հասցեի մոտ կրակոցներ է արձակել, ինչի հետևանքով 5 անձ հրազենային վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասի և 258 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով:
MHM87884 copyՆշանակվել են մի շարք փորձաքննություններ:
Ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական և քննչական անհետաձգելի միջոցառումներ հանցագործություն կատարած անձին (անձանց) հայտնաբերելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է:

Կրթության խնդիրները թողած` իրար մի լավ «կուտ տվեցին»

ԱԺԱԺ-ում ընթանում են ՛՛Կրթության՛՛ և ՛՛Հանրակրթության՛՛ մասին օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկումները:

ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հարց ուղղեց հիմնական զեկուցող, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին՝ մեղադրելով վերջինիս կրթական ոլորտը կուսակցականացնելու մեջ:

Նիկոլ Փաշինյանին մասնավորապես մտահոգել էր երեկ ԵՊՏՀ Գյումրիի մասնաճյուղում տեղի ունեցած միջադեպը, երբ ահազանգ էր եղել, որ ուսխորհրդի նախագահ է ուզում դառնալ ՀՀԿ անդամը:

Արմեն Աշոտյանը նկատեց, որ հարցը չի առնչվում բուն թեմային, բայց ասաց, որ կպատասխանի թեմայից դուրս հարցին երկու պատճառով. քանի որ ընդգծված ջերմ վերաբերմունք ունի Նիկոլ Փաշինյանի քաղաքական ուղու նկատմամբ և որ նա առաջինն էր հերթագրվել. ՛՛Ուղղակի զավեշտ է այն, որ ինձ մեղադրում եք բուհերը հանրապետականացնելու մեջ, մյուս կողմից խնդրում եք կանխել պրոցեսը: Կողմնորոշվեք՝ ես ո՞ր դերում եմ: Ես չեմ կարծում, որ նախարարը պետք է խառնվի ինչ-որ բուհի մասնաճյուղի ներքին գործերին: Ի՞նչ է նշանակում՝ եթե ուսխորհրդի նախագահը ՀՀԿ-ական է, ուրեմն չպետք է մասնակցի ընտրության: Սրանից ավելի հակալիբերալիստական քայլ ու դիսկրիմինացիա էլ ո՞նց է լինում: Ուսանողներ են, ունեն տարբեր քաղաքական հայացքներ՛՛, -ասաց Արմեն Աշոտյանը:

Նիկոլ Փաշինյանն արձագանքեց. ՛՛Ես ձեզանից ու ձեր իշխանություններից ոչինչ չեմ ուզում: Կասեցրեք ձեր ուսանողական բանդաների քայլերը, հակառակ դեպքում քաղաքացիները դա կանեն իրենց հասու մեթոդներով: Ես դա ձեզ զգուշացնում եմ, հետո չասեք, թե չեմ զգուշացրել՛՛:

Արմեն Աշոտյանը պատասխանեց, որ ինքը ոչ մեկի զգուշացումների կարիքը չունի, ավելին, որ արգելում է կրթական համակարգի մասին խոսել քողարկված սպառնալիքների լեզվով. ՛՛Մեր խոսակցության այս տոնը հարիր չէ ոչ ձեզ՝ որպես խոստումնալից քաղաքական գործչի, ոչ էլ ինձ՝ որպես նախարարի: Զարմանում եմ, որ դուք, լուրջ մարդ լինելով, ներողություն՛ փոքր բանից մեծ լրահոս եք դարձնում: Կրթության ոլորտում այնքան լուրջ խնդիրներ կան, որ այդ պոտենցիալը կարող եք ուղղել դրանց, քանի որ այդ ձեր նշած խնդիրներն ուսանողներն իրենք կլուծեն: Իսկ բանդաների մասին եկեք չխոսենք, քանի որ ամոթ է, նման բառամթերքով արտահայտված մտքերին չեմ արձագանքի՛՛, – եզրափակեց ԿԳ նախարարը:

ՀԱԿ անդամ Արամ Մանուկյանն էլ, դիմելով Արմեն Աշոտյանին, ասաց. ՛՛Ձեր գործը կրթությունն է, ոչ թե ՀՀԿ-ի շահերն ու տեսակետները խորհրդարանում կամ Ֆեյսբուքում արտահայտելը: Դրանից կրթությունը տուժում է: Իսկ ես մտահոգ եմ կրթության համար, ոչ թե ՀՀԿ-ի՛՛:

Արմեն Աշոտյանն էլ, թե. ՛՛Չեմ կարող չպատասխանել, եթե չպատասխանեմ այստեղ, Ֆեյսբուքում կգրեմ: Հարգելի պարոն Մանուկյան,երբ ես գալիս եմ այստեղ հարց ներկայացնելու, չկա

գերակայություն, որ պետք է առաջնորդվեմ ՀՀԿ պոստոլատներով: Ես գալիս եմ այստեղ որպես կրթության նախարար: Այդ դուք եք ինձ հիշեցնում, որ ես ՀՀԿ-ական եմ, դուք եք հանրապետականացնում իմ ելույթները, գործունեությունը, դուք եք ամեն  ինչ անում, որ ինձ կրթության խնդիրներից տեղափոխեք քաղաքական դաշտ: Երևի կրթության խնդիրներն այնքան գրավիչ չեն, որքան քաղաքական խնդիրները, բայց մի մեղադրեք, որ ես եմ դա անում: Ես գալիս եմ այստեղ զտարյուն կրթական նախաձեռնություններով, ոչ մի օրենքի տակ չկա քաղաքականություն, դո՛ւք եք ինձ դրդում հանդես գալու քաղաքական տարբեր մեկնաբանություններով՛՛:

Արամ Մանուկյանը հակադարձեց. ՛՛Կառավարության մնացած բոլոր նախարարներն իրար հետ գումարած այնքան ՀՀԿ-ական չեն ներկայանում, ինչքան Դուք: Կրթության նախարարը չպիտի կուսակցական լինի: 500 հազար աշակերտների համակարգում ՀՀԿ նախարարի գործունեությունը հակացուցված է, օրինական է, օրենքը չի արգելում Ձեզ, բայց իմ ասածը մտահոգություն է, իրավունք չունեք կուսակցական գործունեությամբ զբաղվել ու Դուք կուլ եք տալիս այն կուտը, որը Ձեզ տալիս են և ողջ օրը դրա հետ եք կռիվ տալիս՛՛:

Աշոտյանն էլ խոստովանեց. ՛՛Այո, լինում են դեպքեր, երբ ես իմ քաղաքական գործունեության մեջ կուտ եմ ուտում, բայց եթե վերջնահաշվարկ անեմ, ապա կստացվի, որ ես ավելի հաճախ կուտ եմ տվել, քան կուտ եմ կերել՛՛:

 

Անկախ

Ալեքսանդր Արզումանյանն առաջարկեց լուսամուտները բացել, որ «սովետիզմի» հոտը դուրս գա

ալեքսանդր արզումանյան«Այս նախագծի ի՞նչն է հրատապ, որ բերել եք խորհրդարան: Ինչ որ մեկն առանց մեդալի՞ է մնացել, որ էդպես շտապում է»,-զարմացած հարցրեց պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը, երբ խորհրդարանն արտահերթ նիստում սկսեց քննարկել Կառավարության կողմից ներկայացված «ՀՀ պետական պարգևների մասին» և «ՀՀ պատվավոր կոչումների մասին» օրենքները:

Նա հիմնական զեկուցող, ՀՀ արդարադատության փոխնախարար Արսեն Մկրտչյանից հետաքրքրվեց, թե ինչ երկրների փորձի հիման վրա է կատարվում այս փոփոխությունը. «Կարո՞ղ եք գեթ մեկ երկիր ներկայացնել, բացի նախկին Խորհրդային միության երկրներից, որտեղ կա արվեստի վաստակավոր գործիչ, վաստակավոր կոլեկտիվ կամ նման աբսուրդ հասկացություններ: Պատկերացնո՞ւմ եք, ասենք, որ լինի Մեծ Բրիտանիայի վաստակավոր Բիթլզ»,-հարցրեց նա՝ նշելով, որ բոլոր նախկին սոցիալիստական երկրները նույնպես հրաժարվել են այս սովետական անախրոնիզմից:

Հիմնական զեկուցողն, անդրադառնալով միջազգային փորձին, նշեց, որ նախագծի հիմնավորման մեջ նման վերլուծություն չկա, այլ նշված է, որ օրենքն ընդունված է գոյություն ունեցող Պետական պարգևների մասին օրենքների միավորման հետևանքով, և ըստ էության մեկ օրենքով կարգավորվում է  առանձին-առանձին օրենքներով կարգավորվող ոլորտները:

Ալեքսանդր Արզումանյանը շարունակեց իր միտքը. «Մենք այլևս անկախ պետություն ենք և  փորձում ենք կամաց-կամաց ձերբազատվել այն ատավիզմներից, որ ժառանգել ենք խորհրդային կայսրությունից: Պետք է ոչ թե լրամշակել խորհրդային ժառանգությունը, այլ հրաժարվել դրանից: Բոլոր մեր նախկին բախտակիցները անկախությունը հռչակելուց հետո անմիջապես հրաժարվել են այս աբսուրդից: Կարծեմ, Վիետնամում են պահպանել դեռ: Իսկ եթե մեկը գնա արտերկիր և ասի՝ ես վաստակավոր կոլեկտիվ եմ ներկայացնում, ուղղակի կծիծաղեն»:

Նրա կարծիքով՝ սա խորհրդային կայսրությունում արտիստներին կաշառելու ընդունված ձև է:

Շքանշանների և մեդալների գծով, սակայն, Արզումանյանը որևէ խնդիր չունի: «Ես լավ արտիստին դեմ չեմ: Լավ արտիստին կարելի է շքանշանններ տալ: Մեդալ տվեք, թող գնա: Մեր շքանշանների պատիվը բարձրացնենք, ոչ թե մարդկանց այս հիմար ձևակերպումներով իբր խրախուսենք»:

Ալեքսանդր Արզումանյանը կարծում է, որ սա հակասում է նաև Հանրապետական կուսակցության հիմնադիր Աշոտ Նավասարդյանի սկզբունքներին. «Եթե նա կենդանի լիներ, կտարակուսեր, որ ՀՀԿ-ն պաշտպանում է մի բան, որը Խորհրդային միությունից է գալիս»:

Նա հորդորեց ՀՀԿ մեծամասնությանը վերհիշել իրենց կուսակցութան հիմնադրի անցած ճանապարհը և կամաց-կամաց հրաժարվել սրանից:

ԲՀԿ խմբակցության քարտուղարն էլ կարծիք հայտնեց, որ այս նախագծից սովետիզմի հոտ է փչում:

«Ընդհանրապես, եթե հոտ է գալիս, լուսամուտները բացում են»,-արձագանքեց Արզումանյանը,-առաջարկում են լուսամուտները բացել»:

Նախագիծը շտապեց պաշտպանել հանրապետական Արտաշես Գեղամյանը: Նրա խոսքով՝ որևէ վատ բան չկա նրանում, որ մարդիկ տասնյակ տարիներ մաքառել են Խորհրդային Հայաստանում և ստացել են բարոյական խրախուսանք պետության կողմից. «Մենք նրանց նվաճած բարոյական բարձունքները փորձում ենք ներկայացնել ատավիզմ, սա արդարացի չէ: Այո, մենք հպարտ ենք մեր վաստակավոր շինարարներով, ճարտարագետներով: Սա նաև սերունդների կապն է իր մեջ արտացոլում: Պետք է շատ զգույշ լինել, որ ակամայից չվիրավորենեք մարդկանց»,-ասաց նա:

Աժ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն էլ հորդորեց հասարակությանը թյուրիմացության մեջ չգցել՝ նշելով, որ հարցը հրատապ չէ, սակայն մտել է արտահերթ նիստի օրակարգ. «2013 թվականի նոյեմբերից սա խորհրդարանում է,-ասաց Նաղդալյանը,-այո, հրատապ հարց չէ, պարզապես կուկատում է գոյացել, որը հիմա փորձում ենք վերացնել»:

 

Անկախ

«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի լրամշակված նախագիծն ընդունվեց

Ազգային-ժողով“Կուտակային կենսաթոշակների մասին” ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց 67 կողմ, 18 դեմ, 29 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:

Մինչ այդ, վարման կարգի վերաբերյալ ելույթ ունենալով, ՕԵԿ խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանը հետաքրքրվեց, թե ինչ եղավ իրենց առաջարկի վերաբերյալ կառավարության դիրքորոշումը, քանի որ դրանից է կախված իրենց քվեարկությունը:

“Սոցապ. նախարարը ներկայացրեց, որ տեխնիկական պատճառներով չեն հասցրել քննարկել մեր առաջարկը և քվերակությունից առաջ կներկայացնեն կառավարության մոտեցումը մեր առաջարկի հետ կապված: Հիմա մեր առաջարկն ընդունվե՞լ է, թե ոչ”,-հարցրեց պատգամավորը:

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը պատասխանեց, որ չի ընդունվել՝ խոսքը փոխանցելով Հակոբ Հակոբյանին: Վերջինս էլ հավաստեց, որ ՕԵԿ-ի առաջարկը չի ընդունվել:

“Այդ դեպքում, մենք դեմ ենք քվեարկելու նախագծին”,-հայտարարեց Հովհաննես Մարգարյանը:

Նշենք, որ ՕԵԿ-ն առաջարկել էր, որ գործատուն կուտակային վճարներ հաշվարկի այն աշխատակցից, ով դիմում է ներկայացնում կուտակային վճարներ կատարելու համար:

Մյուս դեմ քվեարկածները ՀԱԿ-ն ու Ժառանգությունն են, իսկ ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն քվեարկել են ձեռնպահ:

Հիշեցնենք, որ այս նախագծով ամրագրվում է, որ վարձու աշխատողների ու պայմանագրային եկամուտ ստացողների կենսաթոշակային վճարները չեն հաշվարկվում, եթե մասնակիցներն առձեռն կամ փոստային առաքմամբ իրենց վերադասին են ներկայացնում համապատասխան դիմում:

Գործատուն դիմումի առկայության դեպքում պարտավոր է չհաշվարկել և չփոխանցել աշխատողի գումարները: Իսկ եթե հաշվարկված է և փոխանցված չէ, ապա պետք է հնարավորություն ստեղծվի գումարները վերադարձնելու: Ինչ վերաբերում է հաշվարկված և փոխանցված գումարներին, ապա համակարգի իրավական անվտանգությունից ելնելով՝ գործում է ՍԴ որոշման՝ մինչև սեպտեմբերի 30-ի դրույթը: Այսինքն, այդ գումարների մասով խնդիրը մինչև սեպտեմբերի 30 չի լուծվում:

Խորհրդարանը վավերացրեց նաև արտահերթ նիստի օրակարգում գտնվող այլ նախագծեր ևս՝ այդ թվում կառավարությա կողմից ներկայացված «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին հարցը, որն առաջին ընթերցմամբ ընդունվեց ձայների 69 կողմ, 3 դեմ, 40 ձեռնպահ հարաբերակցությամբ:

 

Անկախ 

Վազգեն Մանուկյանը՝ ՌԴ դեսպանի հայտարարության և ՀԽ արձագանքի մասին

Վազգեն Մանուկյան-Պարո՛ն Մանուկյան, երեկ Հանրային խորհուրդն արձագանքել է Հայաստանում ՌԴ դեսպան Ի. Վոլինկինի հայտարարությանը, ըստ որի «պետք է նոր մեթոդներ գործադրել հայ-ռուսական հարաբերություններում սեպ խրելու ցանկություն ունեցող ոչ կառավարական կազմակերպությունները չեզոքացնելու համար»՝ դեսպանի հայտարարությունն համարելով ոչ կոռեկտ ու անընդունելի: Նախ ինչո՞ւ էր այն ոչ կոռեկտ:

– Ռուսաստանի դեսպանը, ինչպես և Միացյալ նահանգների դեսպանը, որպես մարդ, իրավունք ունեն ցանկացած կարծիք ունենալու, և եթե մենք գտնում ենք, որ  կարծիքների բազմազանությունն ու ազատ արտահայտումը արժեք է, ապա ֆորմալ տեսակետից զարմանալի է, թե այդ դեպքում ինչո՞ւ ենք վրդովվում, որ Ռուսաստանի դեսպանը այս հայտարարությունն արեց կամ ԱՄն-ի դեսպանը հայտարարեց, որ այդ կուտակային համակարգը ճիշտ է:

Սակայն  պետք է հաշվի առնել մի կարևոր հանգամանք. դիվանագետները, որ գտնվում են տվյալ երկրում, պետք է ավելի զգույշ լինեն իրենց արտահայտություններում և որոշակի սահմանափակումներ դնեն իրենց խոսքում՝ հատկապես, որ դրանք մեծ երկրների դեսպաններ են փոքր պետություններում: Փոքր ժողովուրդներն ու  պետությունները շատ զգայուն են խոշոր պետությունների դեսպանների արտահայտությունների նկատմամբ, քանի որ երբեմն տպավորություն է ստեղծվում, որ նրանք ուզում են կառավարել մեր ներքին կյանքը, ինչը հակասում է մեր ազգային, մարդկային արժանապատվությանը:

Չնայած պետք է ասեմ, որ և՛ Միացյալ Նահանգների, և՛ Ռուսաստանի դեսպանի դեպքում եղել է կարծիքների անկեղծ արտահայտում, ոչ թե նպատակ է հետապնդել թելադրել ինչ որ բան: Պետք է նաև նշեմ, որ արհեստական ուռճացում էլ եղավ հանրության կողմից: Սակայն, կրկնում եմ, դա նրանից, է, որ ցանկացած երկրի դեսպան  ունի որոշակի սահմանափակումներ իր հայտարարություններում: Դա է, որ մենք անվանում ենք ոչ կոռեկտություն:

-Իսկ ինչո՞ւ էր այն անընդունելի:

-Անընդունելին արդեն այլ հարց է: Ընդհանրապես, չկա բարիք, առանց չարիքի: Երբ որ դու ազատ հասարակություն ես ստեղծում, առաջ են գալիս երևույթներ, որոնք շատերի համար անընդունելի են: Համացանցով, մամուլով, հասարակական կազմակերպություններով երբեմն քարոզվում են մեզ համար ոչ ընդունելի  գաղափարներ ու սկզբունքներ, երբեմն էլ, առիթից օգտվելով, առանձին մարդկանց խմբեր թշնամական նպատակներից ելնելով՝  քո երկրի ներսում կարող են ստեղծել քարոզչություն: Բայց եթե դու սկսես թեկուզ բարի նպատակներով սահմանափակումներ մտցնել, վերջիվերջո կդառնաս տոտալիտար պետություն: Դեպի դժոխք տանող ճանապարհը սալապատված է բարի նպատակներով: Այստեղ իսկապես կա պրոբլեմ, բայց ես կարծում եմ, որ պրոբլեմի լուծումը հետևյալն է. դու այնքան առողջ, ամուր ու վստահ հասարակություն պետք է ունենաս, այնքան ամուր արժեհամակարգ, որ այդ քարոզչությունները փոքր կղզյակներից ավելին չկարողանան դառնալ և չվտանգեն քո ներքին կյանքը: Կա նաև միջազգային պրոբլեմ այդ հարցերի վերաբերյալ՝ ահաբեկչություն, բարոյականության հետ կապված հարցեր և այլն: Դրանք միջազգային խնդիրներ են, և մենք տեսնում ենք, որ տարբեր երկրներ փորձում են սահմանափակումներ մտցնել իրենց երկրներում դրանց դեմ պայքարելու համար: Սակայն այս գլոբալ կոմունիկացիաների աշխարհում մի երկրի սահմանափակումն ազդեցիկ չի կարող լինել, փոխարենը լուրջ ազդեցություն կունենա այն, որ բոլոր երկրների կոնսենսուսով որոշակի սահմանափակումներ մտցվեն որոշակի քարոզչությունների դեմ: Իսկ արանքում մնում է, որ դու ատամներդ սեղմած պաշտպանես ազատությունը՝ չնայած այդ ազատության վրա երբեմն չար ծաղիկներ են աճում:

Հիշեցնենք, որ երեկ Հանրային խորհուրդն արձագանքել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Ի. Վոլինկինի հայտարարությանը՝ այն համարելով ոչ կոռեկտ ու անընդունելի:

Անկախ 

Թուրքիայում հանքահորում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածերի թիվն ավելանում է

1177-390x290Թուրքիայում, հանքահորում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների թիվը ներկա դրությամբ 201 է, շուրջ 100 մարդու ճակատագիր առայժմ անհայտ է, տեղեկացնում է today.kz-ը: Դրա մասին  հաղորդել է Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը:

Սոմա բնակավայրի հանքահորում մայիսի 13-ին տեղի ունեցած պայթյունը կարճմիացման հետևանքով է կատարվել: Սոման Ստամբուլից 250 կմ հեռավորության վրա է գտնվում: Պայթյունի պահին 2 կմ խորության վրա 787 հանքափոր էր աշխատում: Դեպքի վայրում փրկարարական աշխատանքներ են տարվում: Ներկա պահին հաջողվել է 363 հանքափորի փրկել, որոնցից 76-ը հոսպիտալացվել են:

Նախագահ Սերժ Սարգսյանը և Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդն այցելել են ֆրանսիական «Կարֆուր» ընկերության հիպերմարկետի շինհրապարակ

սերժ, օլանդ, քյարֆուր

Նախագահ Սերժ Սարգսյանը և պետական այցով Հայաստան ժամանած Ֆրանսիայի Հանրապետության Նախագահ Ֆրանսուա Օլանդն այսօր այցելել են «Երևան մոլ» առևտրային կենտրոնում առաջիկայում բացվելիք ֆրանսիական «Կարֆուր» ընկերության հիպերմարկետի շինհրապարակ, որտեղ ծանոթացել են իրականացվող աշխատանքների ընթացքին: Նախագահների ներկայությամբ ստորագրվել է «Նախնական վարձակալության պայմանագիր «Երևան մոլի» և «Կարֆուր» ընկերության միջև»: Երկու երկրների ղեկավարներն այցելել են նաև հիշյալ առևտրային կենտրոնի տարածքում տեղակայված ֆրանսիական «Օրանժ» ընկերության վաճառքի և սպասարկման կենտրոն: Հայաստանի և Ֆրանսիայի նախագահներին այստեղ ներկայացրել են «Օրանժի» կողմից մատուցվող ծառայությունների տեսականին, նորարարական առաջարկներն ու Հայաստանում, ընդհանուր առմամբ, ընկերության գործունեությանը և զարգացման ծրագրերը:

Կայացել են Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանի և Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդի բանակցությունները,լուսանկարներ

օլանդ,սերժ

 

Այսօր ՀՀ Նախագահի նստավայրում տեղի են ունեցել Նախագահ Սերժ Սարգսյանի և պետական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Ֆրանսիայի Հանրապետության Նախագահ Ֆրանսուա Օլանդի առանձնազրույցը, ապա՝ երկու երկրների պատվիրակությունների անդամների մասնակցությամբ ընդլայնված կազմով բանակցությունները: Նախագահ Սերժ Սարգսյանն առանձնազրույցի ավարտին Ֆրանսուա օլանդ, սերժ, շքանշանՕլանդին պարգևատրել է Փառքի շքանշանով` հայ-ֆրանսիական ավանդական բարեկամական հարաբերությունների ամրապնդման և զարգացման, Հայաստանի Հանրապետության և Ֆրանսիայի Հանրապետության միջև համագործակցության խորացման և ընդլայնման գործում ներդրած անձնական մեծ ավանդի համար: Ֆրանսիայի Նախագահը օլանդ, սերժ, շքանշանՆախագահ Սերժ Սարգսյանին պարգևատրել է Ֆրանսիայի «Արժանիքների համար» ազգային շքանշանով:

բանակցություններԵրկու երկրների ղեկավարների բանակցությունների ավարտին ստորագրվել են մի շարք ոլորտներում երկու երկրների միջև համագործակցության զարգացմանն ու խորացմանն ուղղված փաստաթղթեր: Մասնավորապես՝ ստորագրվել են «Համագործակցության գերատեսչական համաձայնություն ՀՀ գյուղատնտեսության նախարարի և ՖՀ գյուղատնտեսության, գյուղմթերքների և անտառային տնտեսության նախարարի միջև», «Մտադրությունների նամակ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի և ՖՀ ներքին գործերի նախարարի միջև՝ բնական և տեխնածին աղետներից բնակչության պաշտպանության ոլորտում համագործակցության մասին», «ՀՀ-ում ավտոտրանսպորտային միասնական պատուհանի ներդրման և գործարկման կոնցեսիոն համաձայնագիր», «Համագործակցության համաձայնագրի արձանագրություն ՀՀ տարածքային կառավարման նախարարության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև՝ Վեդիի հիդրո-գյուղատնտեսական ծրագրի վերաբերյալ», «Առևտրային պայմանագիր Պրոգրես ագրո ընկերության և Ռիշել գրուպ ընկերության միջև՝ բանջարեղենի արտադրման բանջարանոցների մասին»: Կողմերի միջև փոխանակվել է «Ընդունման նամակ ջրամատակարարման և ջրահեռացման ցանցերի հետ կապված աշխատանքների մասին»: Ֆրանսիայի Նախագահի այցի շրջանակներում այսօր կստորագրվի նաև «Նախնական վարձակալության պայմանագիր «Երևան մոլի» և «Կարֆուր» ընկերության միջև»:
Նախագահի նստավայրում ստորագրման արարողությունից հետո, Սերժ Սարգսյանը և Ֆրանսուա Օլանդը բանակցությունների արդյունքներն ամփոփել են համատեղ մամուլի ասուլիսում:

 

***

 համատեղ ասուլիսՆախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ համատեղ մամուլի ճեպազրույցի ժամանակ
Մեծարգո՛ պարոն Նախագահ,
Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,
Լրատվամիջոցների հարգելի՛ ներկայացուցիչներ,
Կրկին ողջունում եմ Ֆրանսիայի Նախագահ, հայ ժողովրդի մեծ բարեկամ պարոն Օլանդի անդրանիկ պետական այցը Հայաստանի Հանրապետություն: Այս երկու օրերի ընթացքում փոխըմբռնման ջերմ մթնոլորտում Նախագահ Օլանդի հետ կառուցողական քննարկումներ ունեցանք, ինչը հատուկ է մեր յուրաքանչյուր հանդիպմանը՝ լինի դա Երևանում, Փարիզում, թե երրորդ երկրում: Հանգամանորեն անդրադարձանք հայ-ֆրանսիական հագեցած օրակարգին, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային կարևորության մի շարք խնդիրների:

Գոհունակությամբ արձանագրեցինք, որ պատմական բարեկամության և նույնական արժեքների վրա խարխսված հայ-ֆրանսիական միջպետական հարաբերությունները տարեցտարի զարգանալով հասել են կարևոր մի հանգրվանի՝ առանձնաշնորհյալ մակարդակի: Դինամիկ քաղաքական երկխոսություն, միջխորհրդարանական ակտիվ կապեր, Հայաստանի և Ֆրանսիայի՝ շուրջ 35 շրջանների և քաղաքների միջև սերտ գործընկերություն, տնտեսական, մշակութային, գիտական, կրթական հագեցած օրակարգ, Ֆրանսիայի կողմից արդյունավետ կերպով իրականացվող աջակցության ծրագրեր, ինչպես նաև 35 իրավական փաստաթուղթ ներառող իրավապայմանագրային դաշտ, որն այս այցի ընթացքում համալրվում է ևս յոթով՝ միտված երկկողմ գործընկերության ընդլայնմանը և ամրապնդմանը. ահա այս տարիների մեր համատեղ աշխատանքի արդյունքը: Վերահաստատեցինք առկա ձեռքբերումները նորերով լրացնելու մեր երկուստեք հանձնառությունը:

Նախագահ Օլանդի հետ երեկ մասնակցելով գործարար համաժողովի բացմանը` շեշտադրեցինք մեր համագործակցության տնտեսական բաղադրիչի կարևորությունը: Ողջունեցինք Ֆրանսիայի կողմից Հայաստանում կատարված ավելի քան 1 մլրդ դոլարի հասնող ընդհանուր ներդրումները, մոտ 180 ֆրանսիական ընկերությունների ներգրավվածությունը Հայաստանի տնտեսությունում, որոնց թվում են «Պեռնո Ռիկարը», «Օրանժը», «Կրեդիտ Ագրիկոլը», «Վեոլիան», «Սորը», «Ալկատելը» և ուրիշներ: Մեզ համար պատիվ է, որ այս ցանկը համալրվում է ֆրանսիական մեկ այլ աշխարհահռչակ ընկերության՝ «Կարֆուր» սուպերմարկետների ցանցի մուտքով հայաստանյան շուկա:

Անդրադարձանք մեր ժողովուրդների մշակութային կապերին, որոնք առանցքային են հայ-ֆրանսիական հարաբերություններում: Նշեցի, որ հայերը սիրում են Ֆրանսիան, ֆրանսիական մշակույթն ու լեզուն: Ուստի պատահական չէ, որ Հայաստանում առկա է ֆրանսերեն լեզվով կրթական ողջ ցիկլը՝ դպրոցից մինչև համալսարան, և գիտակցված ու չափազանց արդյունավետ է մեր ներգրավումը Ֆրանկոֆոնիայի միջազգային շարժման մեջ:

Անդրադառնալով ԼՂ հիմնախնդրին՝ մեկ անգամ ևս բարձր գնահատեցի Ֆրանսիայի դերակատարումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունում:

Մտքեր փոխանակեցինք Թուրքիայի կողմից Հայաստանի ապօրինի շրջափակման, Մերձավոր Արևելքում քրիստոնյաների վիճակի, այդ թվում` Քեսաբի իրադարձությունների վերաբերյալ։

Վերահաստատեցինք բազմակողմ հարթակներում, այդ թվում նաև ԵՄ Արևելյան գործընկերության շրջանակներում մեր երկրների միջև համագործակցությունն ավելի խորացնելու փոխադարձ ցանկությունը: Հայտնեցի Հայաստանի վճռականությունը` զարգացնելու մեր հարաբերությունները Եվրամիության հետ հնարավոր բոլոր ուղղություններով՝ հենց այն հենքի վրա, որը համատեղ աշխատանքի շնորհիվ կառուցել ենք վերջին տարիներին: Հայաստանը բարձր է գնահատում Ֆրանսիայի աջակցությունը Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության զարգացման գործում։

սերժ, օլանդՄենք շնորհակալ ենք Ֆրանսիային ոչ միայն Հայոց ցեղասպանությունն օրենքի ուժով ճանաչելու ու դատապարտելու, այլ նաև ժխտողական քաղաքականության դեմ իրավական մեխանիզմներով պայքարելու հանձնառության համար: Այս հարցն առավել քան արդիական է, հատկապես Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ, ժխտողականությունը համաեվրոպական դաշտ տեղափոխելու և դա խոսքի ազատության լոզունգներով խեղելու Թուրքիայի ջանադիր փորձերի համատեքստում: Մենք պետք է զգոն և աչալուրջ լինենք, քանի որ անպատժելիությունն ամենաթողություն է ծնում, մանավանդ որ ժամանակակից աշխարհը նույնպես զերծ չէ մարդկության դեմ կատարվող ամենադաժան հանցագործություններից:

Հարգարժա՛ն պարոն Նախագահ,

Ես մտադիր էի այս այցի ընթացքում Ձեզ հրավիրել Հայաստան՝ 2015 թվականին ներկա գտնվելու Հայոց ցեղասպանության 100-ամյակի տարելիցի միջոցառումներին: Կարող եք պատկերացնել, թե որքան բարձր է գնահատվել, երբ Դուք ինքներդ այդ մասին հայտարարեցիք Ապրիլի 24-ին Փարիզում Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված Ձեր ելույթում: Մենք Ձեր այդ քայլն ընդունում ենք՝ որպես ամենախոսուն վկայություն հայ ժողովրդի և Հայաստանի հանդեպ Ձեր լիակատար նվիրվածության ու բարեկամության: Շնորհակալ եմ մեկ անգամ ևս, պարո՛ն Նախագահ, Ձեր այդ արարքի համար:

Սիրելի՛ գործընկերներ,

Համոզված եմ, որ Նախագահ Օլանդի այցը մեծ ներուժ կհաղորդի հայ-ֆրանսիական քաղաքական երկխոսությանն ու բազմակողմ համագործակցությանը:

 

Նախագահ Սերժ Սարգսյանի անունից` ի պատիվ Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդի, տրվել է պետական ընթրիք

ընթրիքՆախագահ Սերժ Սարգսյանի անունից` ի պատիվ պետական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդի, այսօր երեկոյան Նախագահի նստավայրում տրվել է պետական ընթրիք:

Արարողակարգի համաձայն, երկու երկրների նախագահները հանդես են եկել փոխադարձ բաժակաճառերով, անդրադարձել հայ-ֆրանսիական դարավոր բարեկամությանն ու երկու բարեկամ ժողովուրդների պատմական առնչություններին, միջպետական հարաբերությունների ներկայիս բարձր մակարդակին և դրանց զարգացման հեռանկարին:

***

6381Նախագահ Սերժ Սարգսյանի բաժակաճառը Ֆրանսիայի Հանրապետության Նախագահ Ֆրանսուա Օլանդի պատվին տրված պետական ընթրիքի ժամանակ

 

Մեծարգո՛ պարոն Նախագահ,
Հարգարժա՛ն տիկնայք և պարոնայք,

Մեզ համար մեծ պատիվ է պետական այցով Հայաստանում հյուրընկալել բարեկամ Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդի ղեկավարած պատվիրակությանը: Վստահ եմ՝ ձեզնից շատերը գիտեն, որ պարոն Օլանդը մեր երկրում գտնվելու առիթ է ունեցել դեռևս 2007 թվականին, և ուրախ եմ, որ այսօր նրան մենք հյուրընկալում ենք արդեն Ֆրանսիայի Նախագահի բարձր պաշտոնում:

Ֆրանսիայի Նախագահի յուրաքանչյուր այց մեր երկիր, հագեցած քննարկումներով հանդերձ, վերածվում է իսկական տոնակատարության, քանի որ ջերմ տրամադրությունը տիրում է ամենուր:

Հայ և ֆրանսիացի ժողովուրդների միջև առանձնահատուկ համակրանքը բխում է բազմադարյա առնչություններից: Անդրադարձ կատարելով պատմական աղբյուրներին՝ հայ և ֆրանսիացի ժողովուրդների կապերի մասին մի հսկայական ժառանգություն ենք բացահայտում: Փարիզի Սեն Դընի արքայական դամբարանում Ֆրանսիայի թագավորների կողքին ամփոփված Կիլիկիայի Հայոց արքա Լևոն 5-րդի գերեզմանը փաստում է երկու թագավորությունների միջև սերտ կապերի մասին: Պատմական աղբյուրները վկայում են ֆրանսիական արքունիքում մեծ համարում ունեցող հայազգի թարգմանիչների, ճարտարապետների, առևտրային ակտիվ կապերի, 17-րդ դարում Ոսկան Երևանցու կողմից Մարսելում հիմնված հայկական տպագրության, 18-րդ դարում Փարիզի Արևելյան կենդանի լեզուների դպրոցում բացված հայագիտության ամբիոնի մասին. վերջինը, ի դեպ, գործում է մինչև այսօր: Ֆրանսիայի նորագույն պատմության էջերում անմահացել են Միսաք Մանուշյանը և Դիմադրության շարժման նրա զինակիցները: Վաղը առիթ ենք ունենալու միասին հարգանքի տուրք մատուցել նրանց հիշատակին:

Ուրախալի է, որ այդ ժառանգությունը մշտապես համալրվում է: Ցանկանում եմ խորին շնորհակալություն հայտնել անգերազանցելի մաեստրո, հայ և ֆրանսիացի ժողովուրդների բարեկամության մարմնացում, հարգարժան Շառլ Ազնավուրին՝ իր ինը տասնյակ գարունների եռանդը շքեղ համերգի տեսքով մեզ շնորհ անելու համար:

Հարգարժա՛ն ներկաներ,

Պատմական այս կապերն ակնհայտորեն իրենց հետքն են թողել մեր միջպետական հարաբերություններում: Հայաստանի և Ֆրանսիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր՝ մեր օրակարգը զարգացել է ամենատարբեր ուղղություններով: Չկա մի ոլորտ, ուր ձեռքբերումներ արձանագրված չլինեն՝ թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական, թե՛ կրթամշակութային:

Հայ-ֆրանսիական հարաբերությունների ամրապնդման գործում կարևոր դերակատարություն ունի նաև միջխորհրդարանական համագործակցությունը, որի պարագայում նույնպես առկա է անցյալի գործոնը: Ես ցանկանում եմ հիշատակել Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր, մեծ հումանիստ Ժան Ժորեսի անունը, ով առաջիններից բարձրաձայնեց Օսմանյան կայսրությունում 19-րդ դարի վերջին հայերի հանդեպ համիդյան ջարդերի մասին: Մենք շնորհակալ ենք Ֆրանսիային մարդկությանը նման երախտավոր զավակներ տալու համար, ինչպես նաև 1915 թվականին Օսմանյան կայսրության կողմից իրագործված Հայոց ցեղասպանությանից փրկված տարագիրներին ապաստան տալու և ապահով ապագա ընձեռելու համար: Ձեր պարագայում, պարո՛ն Նախագահ, երախտագիտության իմ խոսքն եմ ուղղվում Ձեզ ոչ միայն որպես այդ քայլն արած պետության Նախագահի, այլև հայկական հարցի և Հայոց ցեղասպանության դատապարտման ու դրա ժխտողականությունը քրեականացման գործի առաջամարտիկի:

Հազարավոր հայեր արժանին փոխհատուցեցին Ֆրանսիային: Պահպանելով կարոտը կորսված հայրենիքի և հավատարմությունը՝ հայ ինքնության հանդեպ, նրանք նվիրվեցին Ձեր երկրին և որպես օրինակելի քաղաքացիներ՝ ֆրանսիացի ժողովրդի հետ համերաշխորեն հանձն առան Առաջին աշխարհամարտից կեղեքված Ֆրանսիայի վերակառուցմանը, Երկրորդ աշխարհամարտի ընթացքում նրա ազատագրմանը՝ հետագայում իրենց ստեղծագործ աշխատանքը ներդնելով Ֆրանսիայի բարգավաճմանն ու միջազգային հեղինակության ամրապնդմանը:

Պարո՛ն Նախագահ,

Հայաստանը գիտի, որ Ֆրանսիան իր կողքին է մեզ համար զգայուն ու կարևոր բոլոր հարցերում: Մենք բարձր ենք գնահատում Ֆրանսիայի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի հետևողական ջանքերը Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման բանակցություններում:

Հայաստանը բարձր է գնահատում նաև բարեկամ Ֆրանսիայի աջակցությունը մեր արտաքին քաղաքականության եվրոպական ուղղության զարգացմանը: Եվրամիության օժանդակությամբ մեր երկրում լայնածավալ բարեփոխումներ են իրականացվել՝ նպաստելով ժողովրդավարության, մարդու իրավունքների, օրենքի գերակայության և իրավական պետության ամրապնդմանը: Գիտակցելով, որ դեռ անելիքներ ունենք այս ճանապարհին՝ Հայաստանը հանձնառու է խորացնել համագործակցությունը Եվրամիության հետ և այդ առումով կարևորում է, իհարկե, Ֆրանսիայի հետևողական աջակցությունը:

Հարգարժա՛ն հյուրեր,

Մտորելով, թե ի վերջո որն է հայ-ֆրանսիական հարաբերությունների կենսունակության բանաձևը՝ առանց վարանելու կարող ենք հաստատել՝ մեր ժողովուրդների արժեհամակարգային միասնությունը, որից սերմանվել և ուժ է ստանում հայ-ֆրանսիական միությունը: Թույլ տվեք բաժակ բարձրացնել ի պատիվ Ֆրանսիայի Հանրապետության Նախագահ պարոն Ֆրանսուա Օլանդի և բարեկամ Ֆրանսիայի:

Կեցցե՛ Ֆրանսիան,
Կեցցե՛ Հայաստանը,
Կեցցե՛ հայ-ֆրանսիական բարեկամությունը:

 

 

Նախագահ Սերժ Սարգսյանը և Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդը մասնակցել են հայ-ֆրանսիական տնտեսական համաժողովի բացմանը

6345

Նախագահ Սերժ Սարգսյանը և պետական այցով Հայաստան ժամանած Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդն այսօր Երևանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում մասնակցել են հայ-ֆրանսիական տնտեսական համաժողովի բացմանը, հանդես եկել ելույթով: Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները պատասխանել են նաև համաժողովի մասնակիցներին հետաքրքրող հարցերին:

 

***

Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը հայ-ֆրանսիական գործարար համաժողովի բացմանը

 

Մեծարգո՛ պարոն Նախագահ,
Հարգելի՛ գործարարներ,
Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Ուրախ եմ, որ Նախագահ Օլանդի պետական այցը Հայաստան նշանավորվում է հայ-ֆրանսիական գործարար համաժողովի անցկացմամբ: Պատահական չէ, որ հենց այս միջոցառումով է տրվում Նախագահ Օլանդի պետական այցի մեկնարկը: Թե՛ Հայաստանի, թե՛ Ֆրանսիայի համար առանձնակի կարևոր նշանակություն ունի երկկողմ հարաբերությունների տնտեսական բաղադրիչը, ուստի մենք վճռական ենք այս ոլորտը համապատասխանեցնելու մեր քաղաքական երկխոսության մակարդակին:

Ուրախ եմ, որ այստեղ ներկա են ամենատարբեր բնագավառներ ներկայացնող գործարարներ: Այսօրինակ հանդիպումները ոչ միայն առևտրատնտեսական հարաբերությունները խթանելու միջոց են, այլև կարևոր հարթակ Հայաստանի տնտեսական զարգացման հիմքում դրված արժեքներն ու սկզբունքները ներկայացնելու առումով:

Համոզված եմ, որ հեռահար գործարար կապեր ստեղծելու, փոխշահավետ ծրագրեր իրականացնելու և երկարաժամկետ ներդրումներ կատարելու տեսանկյունից չափազանց կարևոր է վստահելի գործընկերային հարաբերությունների առկայությունը: Այդ առումով հայ և ֆրանսիացի ժողովուրդները երկար ճանապարհ են անցել՝ միմյանց ճանաչելու և սերտորեն համագործակցելու առիթ ունենալով դեռ վաղ միջնադարից: Դեռևս Կիլիկյան Թագավորության օրոք՝ 11-14-րդ դարերում, հայոց արքաները առևտրային լայն արտոնություններ են շնորհել ֆրանսիացի վաճառականներին, իսկ 17-րդ դարում կարդինալ Ռիշելյեն հատուկ լիազորություն է ընձեռել հայ վաճառականներին: Հայերն իրենց ներդրումն են ունեցել Մարսելում, ապա Փարիզում քաղաքային առաջին սրճարանների ստեղծման գործում: Անցյալի այս դրական փորձն այն կարևոր հիմքն է, որի վրա պետք է ընդլայնենք և ամրապնդենք մեր տնտեսական կապերը:

Հարգելի՛ գործարարներ,

Հայաստանում վստահ ենք, որ գլոբալ մարտահրավերների և ֆինանսական սահմանափակ ռեսուրսների պարագայում կայուն և կենսունակ տնտեսության զարգացումը հնարավոր չէ առանց լավ կառավարման, օրենքի գերակայության, արդյունավետ հանրային ծառայությունների և, իհարկե, թափանցիկ ու ազատ գործարար միջավայրի: Գործարար միջավայրի շարունակական բարելավումը մեր տնտեսական զարգացման գլխավոր հենասյուներից է: Այդ նպատակով նախաձեռնել ենք լայնածավալ տնտեսական բարեփոխումներ՝ հարկային դաշտի բարելավման, ձեռնարկությունների հիմնադրման և գրանցման, ներդրողների պաշտպանության և մի շարք այլ ոլորտներում:

Այս ամենին զուգահեռ, Հայաստանի՝ Եվրասիական մաքսային միությանն անդամակցելու որոշումը բնավ չի նշանակում, որ որևէ կերպ Հայաստանի համար նվազելու է Եվրոպական միության՝ որպես կարևորագույն տնտեսական տարածաշրջանի դերակատարումը: Վստահ եմ, որ՝ Եվրոպական երկրների կողմից Արտոնությունների ընդհանուր համակարգի (GSP+) ռեժիմի տրամադրումը Հայաստանին, էլ ավելի գրավիչ է դարձնում եվրոպական շուկաները մեր արտահանողների համար՝ խթանելով հայկական ապրանքների արտահանումը դեպի Եվրոպա: Միաժամանակ Եվրասիական մաքսային միությանը Հայաստանի ինտեգրումը բացառիկ հնարավորություններ է ստեղծում նաև Եվրոպական ներդրողների համար՝ օգտագործելով Հայաստանի տնտեսական տարածքն ավելի հեշտացված կարգով դուրս գալ դեպի Եվրասիական շուկա, քանի որ իր տնտեսության ազատության և շուկայական կանոնների կիրառման մակարդակով Հայաստանի տնտեսությունը ԱՊՀ երկրների շարքում ամենամոտն է Եվրոպականին: Դա են վկայում վերջին ժամանակաշրջանում միջազգային կառույցների կողմից հրապարակվող բազմաթիվ ինդեքսները: Հայաստանի տնտեսությունն այսօր ավելի ազատական և գայթակղիչ է օտարերկրյա կապիտալի համար: Տնտեսական ազատականացման ցուցանիշով 2014 թվականին մեր երկիրը զբաղեցնում է 41-րդ տեղը, իսկ «Դուինգ Բիզնես-2014» միջազգային վարկանիշային տարեկան զեկույցի համաձայն՝ 185 երկրների շարքում 37-րդ տեղում է՝ այդ ցանկում տեղ գրավելով Ֆրանսիայի հարևանությամբ:

Հարգելի՛ ներկաներ,

Գոհունակությամբ պետք է նշեմ, որ վերջին 22 տարիներին Հայաստանի և Ֆրանսիայի միջև համակողմանի փոխշահավետ համագործակցություն է զարգացել, որի արդյունքում ունենք դինամիկ օրակարգ և առանձնաշնորհյալ հարաբերություններ:

Մեզ ուրախացնում է Հայաստանում հաստատված շուրջ 180 ընկերություն ներկայացնող ֆրանսիական գործարար համայնքը, որտեղ առկա են ավելի քան քսան խոշոր ձեռնարկություններ՝ այդ թվում «Պեռնո Ռիկարը», «Օրանժը», «Կրեդիտ Ագրիկոլը», «Վեոլիան», «Սորը», «Ալկատելը» և ուրիշներ: Սա, անշուշտ, ենթադրում է կարևոր ներդրումներ, որոնք վերջին վեց տարիներին հատում են 1 մլրդ դոլարի շեմը՝ մոտ տասն անգամ գերազանցելով նախորդ ժամանակահատվածի ցուցանիշները:

Մեզ համար պատիվ է, որ Հայաստանում ֆրանսիական խոշոր ընկերությունների թվին շուտով կավելանա ևս մեկը՝ «Կարֆուր» հիպերմարկետների ցանցը: Այս փաստն ինքնին վկայում է, որ Հայաստանում բարենպաստ պայմաններ են ապահովված օտարերկրյա ներդրումների համար:

Հայաստանը ներդրումային հետաքրքրություն կարող է ներկայացնել միջուկային էներգետիկայի, ինչպես նաև վերականգնվող, հատկապես երկրաջերմային էներգետիկայի բնագավառներում: Նախագահ Օլանդի և ինձ համար շատ կարևոր է, որ մեր երկրների գործարար շրջանակները փոխշահավետ համագործակցություն ծավալեն երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ամենատարբեր բնագավառներում՝ մասնավորապես դեղագործության, գյուղատնտեսության, գինեգործության, ոսկերչության, տեքստիլ, ինչպես նաև տեղեկատվական տեխնոլոգիաների, ճշգրիտ ճարտարագիտության, զբոսաշրջության ոլորտներում: Մեզ համար դա կարևոր է, քանի որ ընդլայնում է մեր քաղաքական երկխոսության ներուժն ու ընդգրկումը:

Երևանի և Փարիզի միջև «Ֆրանսիական ավիաուղիների» կողմից կանոնավոր իրականացվող ուղիղ չվերթը, 2013թ. հունվարի 1-ից Եվրամիության քաղաքացիների համար մուտքի արտոնագրային ռեժիմի վերացումը և ս. թ. հունվարի 1-ից Հայաստանի քաղաքացիների համար ԵՄ երկրներ վիզաների տրամադրման դյուրացումը լրացուցիչ պայմաններ են ստեղծում գործարար շփումների ակտիվացման և զբոսաշրջության զարգացման համար:

Համագործակցության խթանման գործում առավել ակտիվ դերակատարություն պետք է ստանձնեն Մարսելում, Նիցցայում, Փարիզում գործող Հայ-ֆրանսիական առևտրաարդյունաբերական պալատները՝ սերտորեն համագործակցելով Զարգացման հայկական գործակալության և Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատի հետ:

Մենք գիտակցում ենք, որ զարգացող տնտեսություններում երկարաժամկետ հաջողությունը կախված է նաև գործարարությունը խթանելու հանգամանքներից: Ուստի, պատրաստ ենք ըստ ամենայնի խրախուսել ֆրանսիական ընկերությունների մուտքը հայաստանյան շուկա, ուր ստեղծվում են նաև ազատ տնտեսական գոտիներ, որոնցից առաջինն արդեն բացվել է և նախատեսվում է Հայաստանում մեծ թափով զարգացող նորարարական տեխնոլոգիաների արտադրության համար: Ի դեպ, այս ոլորտում ներդրումներ են կատարել համաշխարհային համբավ վայելող այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են՝ «Սինոփսիսը», «Մայքրոսոֆթը», «Սիմենսը»: Վստահ եմ, որ այս հնարավորությունները կհետաքրքրեն նաև Ձեզ:

Հարգարժա՛ն գործարարներ,

Լիահույս եմ, որ դուք լավագույնս կօգտվեք համաժողովի ընձեռած հնարավորություններից նոր գործընկերային կապեր հաստատելու համար: Այդ ակնկալիքով համաժողովը հայտարարում եմ բացված՝ մաղթելով Ձեզ հաջողություններ: Հաճույքով խոսքը փոխանցում եմ Ֆրանսիայի Հանրապետության Նախագահ պարոն Ֆրանսուա Օլանդին:

 

 

ՀՅԴ-ն կողմ է կուտակայինի վերաբերյալ կառավարության նոր նախագծին, ՀԱԿ-ն այն համարում է խաբեություն

theme_1ՀՀ կառավարության նախաձեռնությամբ այսօր՝ մայիս 12-ին, գումարվեց Ազգային ժողովի արտահերթ նիստ:

Պատգամավորներին ներկայացվեց կառավարության կողմից ներկայացված «Կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի լրամշակված տարբերակը, որը ներկայացրեց հանրապետական Արփինե Հովհաննիսյանը. «Այն նախագիծը, որի շուրջ թեժ բանավեճեր էին ընթանում այս դահլիճոևմ նախորդ քառօրյայի ընթացքում, էականորեն փոփոխվել է և՛ քաղաքական ուժերի առաջարկների, և՛ կառավարության նախաձեռնության հիման վրա»,-ասաց նա:

Պատգամավորի  խոսքով՝ այս նախագծով ամրագրվում է, որ վարձու աշխատողների ու պայմանագրային եկամուտ ստացողների կենսաթոշակային վճարները չհաշվարկվեն, եթե մասնակիցներն առձեռն կամ փոստային առաքմամբ իրենց վերադասին ներկայացնում են համապատասխան դիմում:

Ըստ Արփինե Հովհաննիսյանի՝ նախկին իրավիճակը, երբ պարտադիր բաղադրիչը հաշվարկվել ու փոխանցել էր, հաշվարկվել ու չէր փոխանցվել կամ էլ ո՛չ հաշվարկվել էր, ՛ոչ փոխանցվել, երկուսի դեպքում հստակ պարզաբանում է տրվում. գործատուն դիմումի առկայության դեպքում պարտավոր է չհաշվարկել և չփոխանցել աշխատողի գումարները: Իսկ եթե հաշվարկված է և փոխանցված չէ, ապա պետք է հնարավորություն ստեղծվի գումարները վերադարձնելու:

Ինչ վերաբերում է հաշվարկված և փոխանցված գումարներին, ապա համակարգի իրավական անվտանգությունից ելնելով՝ գործում է ՍԴ որոշման՝ մինչև սեպտեմբերի 30-ի դրույթը: Հիշեցրեց Արփինե Հովհաննիսյանը:

ՕԵԿ խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանը նախագծի լրամշակված տարբերակի մասին ասաց, որ պետք է փորձել ազնիվ ձևով տարանջատել գլխավոր հարցը երկրորդականից: «Գլխավոր հարցը, այնուամենայնիվ, մնում է՝ արդյոք մենք պե՞տք է օրենքով սահմանենք պարտադիր կուտակային բաղադրիչը, թե ոչ: Կամ ո՞նց է լուծվելու այն հարցը, որ 127 000 քաղաքացիների համար արդեն հաշվարկվել ու վճարվել են»:

Նա հիշեցրեց, որ ՕԵԿ-ը շրջանառության մեջ է դրել մի նախագիծ, որով առաջարկվում է պարտադիր բաղադրիչը հանել օրենքից:

ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ իրենք չեն կարող դեմ լինել նախագծին, քանի որ այնտեղ կան առաջընթաց քայլեր: «Նախագծում ավելացվել է նախաբան, թե այս փուլում, մինչև ՍԴ որոշման պահանջները վերջնականապես կատարելը, ինչ նպատակ է հետապնդում այս նախագիխծը: Պատասխանատվություն չկա նաև հունվարի մեկից հետո այն գործատուների համար, որոնք չեն փոխանցել որևէ գումար: Երկրորդ առանձնահատկությունն այն է, որ այս նախագծով կառավարությունն առաջարկում է քաղաքացիներին կամահայտնությամբ որոշել՝ մասնակցում են այս համակարգին, թե ոչ՝ իրենց դիմումի հիման վրա: Հաջորդ կարևոր հանգամանքն այն է, որ այս նախագծով որևէ ենթաօրեսդրական ակտ կառավարության կամ որևէ մարմնի կողմից չի պահանջվելու ընդունել քաղաքացու դիմումի հետ կապված: Անցումային դրույթներում հստակեցվել է մի կարևոր հանգամանք առ այն, որ քաղաքացու կամահայտնության դրույթն ուժի մեջ է մտել 2014-ի հունվարի 1-ից: Այսինքն, այս օրենքը հետադարձ ուժ է ստանում, և այն գործատուները, որ չեն փոխանցել գումարները, կարող են վերադրաձնել իրենց աշխատակիցներին գումարները: Կարևորում եմ նաև այն, որ առաջիկայում քննարկվող ցանկացած նոր համակարգ և նոր օրենսդրություն չի կարող հակասել ՍԴ որոշմանը հակասող իրավանորմերի գործունեությանը»,-թվարկեց Արծվիկ Մինասյանը:

Միաժամանակ նա օրենքի հիմնական զեկուցող Արտեմ Ասատրյանին խնդրեց պարզաբանել, թե սա արդյոք չի՞ նշանակում, որ կառավարությունը մտադիր է շարունակել պարտադիր բաղադրիչի կիրառումը:

Նա նաև անդրադարձավ Համաշխարհային բանկի և Արժույթի միջազգային հիմադրամի կեցվածքին՝ նշելով, որ եղել է ժամանակ, երբ մեր կառավարությունը ստիպված է եղել առաջնորդվել այս կառույցների ցուցումներում, սակայն այժմ որևէ պարտադրանք և ցուցում, որը կպարտադիի ՀՀ իշխանություններին պահպանել պարտադիր բաղադիրը, պետք է ստանա համարժեք հակահարված:

Ի տարբերություն դաշնակցական պատգամավորի, ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը միանգամայն դեմ արտահայտվեց օրենքի լրամշակված տարբերակին՝ համարելով այն խաբեություն. «Չորս քաղաքական ուժ, ինչպես նաև «Դեմ եմ»-ը, միավորվել են մի նպատակի շուրջ, որ այս կենսաթոշակային բարեփոխումներից հեռացվի պարտադիր բաղադիրչը: ՍԴ-ն ընդունեց հակասական որոշում, սակայն հակասահմանադրական ճանաչեց այն դրույթները, որոնց մասին մենք խոսում ենք՝ մասնավորապես պարտադիր բաղադիչը»:

Սակայն, ըստ ՀԱԿ անդամի, ՍԴ որոշումից հետո կառավարությունն ընտրեց քաղաքական լարվածությունը թուլացնելու, ժամանակ շահելու և քաղաքացիական ակտիվությունը մինիմալ զիջումներով թուլացնելու քաղաքականություն:

Նրա խոսքով՝ ներկայացված օրենքի նախագծով պարտադիր բաղադրիչն ուժի մեջ է մնում, միայն հանվում են պատժամիջոցները, քաղաքացիներին առաջարկվում է պասիվ իրավունք իրենցից բռնագանձված գումարների վերադարձի համար՝ դիմումի մասով, քանի որ կառավարությունը լավ գիտի, որ դրանից կօգտվեն միայն ամենաակտիվ քաղաքացիները, բացի այդ, կառավարությունն առաջարկում է հետ ստանալ այն փողերը, որոնք դեռ չեն հասել հիմնադրամներ, իսկ այն գումարները, որ արդեն հասել են, դրանց վերաբերյալ որևէ առաջարկ չկա:

«Իշխանություններն ամեն գնով ցանկանում են պահել այս համակարգը,-հայտարարեց Զուրաբյանը,-ակհայտ է, որ գնալու են հարկային բեռի ավելացման ճանապարհով, կապրենք կտեսնենք»:

Զուրաբյանը նաև կարծում է, որ այս քայլով կառավարությունը փորձում է ստանալ քաղաքական ուժերի համաձայնությունը, որպեսզի ժողովրդին ներկայացնի, թե իբր սա քաղաքական բոլոր կողմերի համաձայնությունն է, այլ կերպ ասած՝ փորձում է քաղաքական ուժերի հետ կնքել սեպարատ գործարք և ստանալ մի գործիք, որն իրենց թույլ կտա ժամանակ շահել և թուլացնել «Դեմ եմ»-ի և քաղաքական ուժերի ակտիվությունը:

«ՀԱԿ-ը չի կիսի պատասխանատվություն այս գործարքի համար: ՀԱԿ-ը դեմ է քվեարկելու այս կիսամիջոցներին, որոնք ոչինչ են, քան պարզ խաբեություն»,-հայտարարեց նա:

Աժ նախագահ Գալուստ Սահակյանը չդիմացավ ու արձագանքեց. «Լավ չեք անում, որ չեք հավատում…»:

ԲՀԿ խմբակցության տեսակետը ներկայացրեց խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը:

Նրա խոսքով՝ ամենակարևոր հարցն այն է, թե ի վերջո, կառավարությունն այսօր ի՞նչ վիճակում է բարեփոխումը կատարելու առումով՝ առաջընթա՞ց է քայլ է կատարում, թե՞ հետընթաց:

Պատգամավորին նաև հետաքրքրում է, թե 127 000 աշխատողների համար փոխանցված գումարների ճակատագիրն ի՞նչ է լինելու: Անորոշ վիճակ է նաև ՍԴ որոշումների հետ կապված. «Մարդուն, որ ստիպում ենք գա, դիմում գրի իր գումարը հետ ստանալու համար, սա սահմանադրակա՞ն է արդյոք»,-հարցրեց պատգամավորը՝ կարծիք հայտնելով, որ  այս օրինագծով օրինականացվում են ՍԴ կողմից հակասահմանադրական համարված մի շարք դրույթներ:

ԲՀԿ պատգամավորի խոսքով՝ այս նախագծով չպետք է տեխնիկական և ընթացիկ խնդիրներ լուծվեն, այլ պետք է լինի քաղաքական կուրսի փոփոխություն: Իսկ ԲՀԿ քվեարկությունը պայմանավորված կլինի այս հարցադրումների նկատմամբ հայտնած կառավարության մոտեցումներից:

ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը հայտարարեց, որ դեմ է այն պատգամավորների ելույթներին, որոնք ասում են, թե պարտադիր բաղադրիչը չկա կամ կա: «Օրենքում մինչև սեպտեմբերի 30-ը կա պարտադիր բաղադրիչը: Եթե քաղաքացին, որին տվել ենք իրավունք, որ ինքը որոշի, ապա եղավ, որ պարտադիրը մնում է»:

Նա նաև հայտարարեց, որ իրենց քաղաքական գնահատականը հետևյալն է՝ ռեֆորմը շարունակվում է կուտակային կենսաթոշակների մասին օրենքով՝ հաշվի առնելով ՍԴ որոշումը, որը վերաբերում է պարտադիրի հոդվածների որոշ դրույթներին:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը հայտարարեց, որ լրամշակված նախագծի հիմնական նպատակն է ՍԴ որոշման պահանջների լիարժեք կատարման համար ստեղծել անհրաժեշտ միջավայր, մինչև կենսաթոշակային համակարգի ամբողջական իրականացումը՝ ապահովելով աշխատողների և գործատուների պաշտպանությունն ու կենսաթոշակային համակարգի իրավական անվտանգությունը:

Նրա խոսքով՝ ՍԴ որոշումից հետո համակարգում կան տարբեր կարգավիճակներով մասնակիցներ՝ անձիք, որոնց համար գումարները պահվել ու փոխանցվել են, անձիք, որոնց համար գումարները պահվել, բայց չեն փոխանցվել և անձիք, որոնց համար գումարներ չեն պահվել և չեն փոխանցվել: «Անհրաժեշտ է տեղեկատվական շտեմարանում քաղաքացիների կամարտահայտությամբ հստակեցնել բոլորի կարգավիճակները, և մինչ ամբողջական փաթեթի ներկայացումը, տեղեկատվական շտեմարանում առկա տվյալների հիման վրա ամբողջությամբ լուծում տալ հարցին»:

Ինչ վերաբերում է ռեֆորմի կարգավիճակին, ապա նա հիշեցրեց, որ այսօրվա գործող համակարգը պարտադիր կենսաթոշակային համակարգ է, և որ այն խնդիրները, որոնք դրված են բարեփոխումը կատարելու անհրաժեշտության առումով, լուծված չեն:

 

Անկախ

Հայաստանը Եվրատեսիլ 2014-ում զբաղեցրեց չորրորդ հորիզոնականը

Ավարտվեց Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում ընթացող Եվրատեսիլ 2014 երգի մրցույթը: Քվեարկության արդյունքում Հայաստանը հայտնվեց 4-րդ հորիզոնականում: Իսկ հաղթողը Ավստրիան ներկայացնող Կոնչիտան է:

10352202_1452452368330723_565394157363546765_n

Լավագույն հնգյակում ընդգրկվեցին`

1. Ավստրիա

2. Նիդեռլանդներ

3. Շվեդիա

4. Հայաստան

5. Հունգարիա

Արամ MP3-ի ելույթը կարող եք դիտել այստեղ`

Հյուսիսարևելյան սահմանագոտում տեղակայված զորամասերից մեկի մարտական հենակետում ժամկետային զինծառայողը մահացու վիրավորվել է

զինվորի մահՀՀ պաշտպանության նախարարությունը խորը ցավով տեղեկացնում է, որ, ըստ նախնական տվյալների, 10.05.2014թ., ժամը 08:50-ի սահմաններում, հյուսիսարևելյան սահմանագոտում տեղակայված զորամասերից մեկի մարտական հենակետում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող, շարքային Ներսես Ղազարի Կարապետյանը` գլխի շրջանում ստացած հրազենային վիրավորումով: Իջևանի քաղաքային հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին Ներսես Ղազարի Կարապետյանը մահացել է:

Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում նախապատրաստվում են նյութեր, կատարվում է նախաքննություն:

ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունն է հայտնում Ներսես Ղազարի Կարապետյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

 

Անկախ 

Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի մեկնաբանությունը Վաշինգտոնի Կարնեգի հաստատությունում ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի ելույթի կապակցությամբ

Minister-Nalbandian-meets-Azerbaijani-FM-and-cochairsԿարնեգի հաստատությունում ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի ելույթում ընդգծվում է, որ “ Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանը Ֆրանսիայի հետ միասին ընդհանուր հանձնառություն են ստանձնել Լեռնային Ղարաբաղի խաղաղության ու անվտանգության մասով” և շարունակելու են համատեղ ջանքերը Մինսկի խմբի շրջանակներում համախմբված լինելով խնդրի խաղաղ կարգավորմանը հասնելու նպատակի շուրջ։

Հայաստանը, ի տարբերություն Արդբեջանի, բազմիցս է բարձր գնահատել և կարևորել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների` Միացյալ Նահանգների, Ռուսաստանի և Ֆրանսիայի ղեկավարների հետևողական ջանքերն` աջակցելու հակամարտության կողմերին` հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորմանը հասնելու նապատակով։

Ամերիկացի դիվանագետը իրավացի է, որ մի շարք առիթներով կողմերը գրեթե եկել են համաձայնության և որպես վերջին օրինակ է բերում Կազանում 2011թ. գագաթաժողովը։

Հայտնի է, որ Բաքվի հետքայլերի, միակողմանի առավելություն կորզելու փորձերի պատճառով հնարավորություն չի ընձեռնվել առաջընթաց արձանագրել 2011թ. հունիսին` Կազանի, 2011թ. մարտին` Սոչիի, 2010թ. հոկտեմբերին` Աստրախանի, 2010թ. հունիսին` Սանկտ-Պետերբուրգի գագաթաժողովներին, չնայած կողմերը մոտ են եղել համաձայնությունների։ Հիշեցնեմ, որ Բաքուն նույն հետքայլերն է կատարել նաև նախկինում, օրինակ՝ Կազանից տասը տարի առաջ, 2001թ.։

Ամերիկացի դեսպանն իրավամբ անընդունելի է համարում շփման գծի երկայնքով շարունակվող դիպուկահարների կրակոցները, մարդկային կորուտսները՝ նշելով, որ այդպես էլ ԵԱՀԿ դիտորդները չեն ստացել համապատասպան իրավասություն և ռեսուրսներ՝ բացահայտելու պատասխանատուներին, հնարավոր չի եղել նվազեցնել տարեկան հրադադարի հազարավոր խախտման դրսևորումները։

Մենք բազմիցս, ինչպես որ եռանախագահ երկրները, կոչ ենք արել հարգել 1994թ. մայիսին ձեռք բերված հրադադարի համաձայնությունը: Ադրբեջանը, ի տարբերություն Հայաստանի, մերժել և շարունակում է մերժել համանախագահ երկրների կողմից հրադարարի ռեժիմի ամրապնդման, շփման գծից դիպուկահարների դուրս բերման, հրադադարի խախտումների, միջադեպերի քննության մեխանիզմի ստեղծման վերաբերյալ բազմաթիվ առաջարկները:

Ադրբեջանը ոչ միայն մերժում է այդ առաջարկները, այլև շարունակաբար կոպտորեն խախտում է հրադադարը և սադրանքներ կազմակերպում, չի հարգում իր իսկ կողմից ստանձնած պարտավորությունները` հրադադարի պահպանման և ամրապնդման վերաբերյալ` ոչ միայն 1994 թ. մայիսի 12-ին Ադրբեջանի, Ղարաբաղի և Հայաստանի միջև հաստատված հրադադարի պայմանները, այլ նաև 1995 թվականի փետրվարի 4-ին հրադադարի ամրապնդման վերաբերյալ նույն եռակողմ ձևաչափով համաձայնությունը, որով Ադրբեջանը պարտավորվել էր ձեռնպահ մնալ հակամարտության սրմանը նպաստող հայտարարություններից, խախտումների մասին անմիջապես տեղյակ պահել հայկական կողմերին ու միջնորդներին, և ոչ թե շինծու մեղադրանքներով սաստկացնել հակահայկական քարոզչությունը: Բաքուն տասնյակ տարիներ խախտում է այդ պարտավորությունները:

Երկու օրից լրանում է հրադադարի հաստատման 20-ամյակը, և կարծում եմ, որ եռնախագահները կօգտահործեն այդ կարևորագուն առիթը՝ հանդես գալու վճռական ուղերձ պարունակող հատուկ հայտարարությամբ։ Կարևոր է բացառել ուժի կիրառումը՝ դրանով իսկ առավել բարենպաստ պայմաններ ստեղծել բանակցային գործընթացի հաջողության համար։

Միանգամայն համաձայն ենք, որ ժողովուրդներին պետք է պատրաստել խաղաղության և ոչ թե պատերազմի։ Ցավոք` մինչ այսօր Ադրբեջանի ղեկավարությունը հակառակն է անում։ Չնայած սադրիչ հռետորաբանությունից և գործողություններից զերծ մնալու վերաբերյալ միջազգային հանրության բազմաթիվ կոչերին` Ադրբեջանը շարունակում է իր ռազմատենչ հռետորաբանությունը, մարդասպանների հերոսացումն ու խաղաղության կոչ անողների հետապնդումները, այլատյացության, անհանդուրժողականության և թշնամանքի քարոզչությունը, ինչը հանգեցնում է տարածաշրջանում իրավիճակի սրմանը։

Ջեյմս Ուքորլիքի կողմից ներկայացված հիմնախնդրի հանգուցալուծման տարրերը, ընդհանուր առմամբ, արտացոլում են համանախագահ երկրների առաջարկությունները։

 

Ինչպես և եռանախագահները, մենք շարունակում ենք վստահ լինել, որ վերջին տարիների ընթացքում եռանախագահ երկրների ղեկավարների՝ լ՛Աքվիլայում, Մուսկոկայում, Դովիլում, Լոս-Կաբոսում և Էնիսկիլենում համատեղ հայտարարություններում ամրագրված դրույթները կարող են հիմք հանդիսանալ հիմնախնդրի տևական խաղաղ կարգավորման համար։

Ամերիկացի դիվանագետը նշում է, որ տևական խաղաղության ցանկացած համաձայնություն հաջողված համարվելու համար պետք է արտացոլի բոլոր կողմերի դիրքորոշումները: Մենք բազմիցս ենք ընդգծել, որ առանց բանակցային գործընթացին Լեռնային Ղարաբաղի լիարժեք ներգրավվածության անհնարին է հասնել խնդրի հանգուցալուծմանը:

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը ճշմարտացի է, որ առաջարկությունների որոշ տարրեր պահելու, որոշ տարրեր դուրս թողնելու ցանկացած փորձ անհնարին կդարձնի հավասարակշռված լուծման հասնելը:

Մենք կիսում ենք եռանախագահների կարծիքը, որ այդ դրույթները պետք է դիտարկվեն որպես մեկ ամբողջություն, և դրանցից որևիցե մեկին մյուսի նկատմամբ գերակայություն տալու փորձերն անհնարին կդարձնեն հիմնախնդրի կարգավորումը:

Ի տարբերություն Ադրբեջանի, որն առիթ կամ անառիթ հղում է անում միջազգային իրավունքի միայն մեկ սկզբունքի, Հայաստանը, արձագանքելով եռանախագահող երկրների ղեկավարների կոչերին, բազմիցս է արտահայտել և ևս մեկ անգամ վերահաստատում է իր հանձնառությունն առ միջազգային իրավունքի սկզբունքները, մասնավորապես՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման, և տարածքային ամբողջականության։

Հայաստանը հետևողականորեն շարունակելու է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների հետ համատեղ ջանքերն` ուղղված ադրբեջանա-ղարաբաղյան համակարտության բացառապես խաղաղ կարգավորմանը։

Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ

սերժ սարգսյան

Սիրելի՛ հայրենակիցներ,

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Հաղթանակի և խաղաղության տոնի կապակցությամբ:

Մայիսի 9-ը Հայաստանի ժողովրդի համար թանկ է նրանով, որ այն ազդարարել է նոր` խաղաղ կյանքի սկիզբ: Երկրորդ աշխարհամարտի տարիներին հարյուր հազարավոր հայեր կռվել են արդարության և ազատության խրամատներում՝ բարձր պահելով հայ ռազմիկի անունն ու պատիվը:

Սա մեզ համար առաջին հերթին խաղաղության տոն է, որն արդար աշխատանքի և հայրենի երկիրը ոտքի կանգնեցնելու պատմական հնարավորություն տվեց:

Ճակատագիրը մեզ համար սահմանել էր ևս մի պատմական հնարավորություն, ևս մի մայիսյան հաղթանակ: 1992 թվականի մայիսի 9-ին մենք կրկին արդարության և ազատության խրամատում էինք ընդդեմ ազգային խտրականության և եղեռնագործության:

Շուշիի ազատագրմամբ ֆիզիկական բնաջնջումից փրկվեցին ոչ միայն Ստեփանակերտը, այլև ողջ Արցախը, իսկ ավելի լայն առումով՝ Հայաստանը և հայության հեռանկարը:

Այսօր մենք երախտագիտությամբ գլուխ ենք խոնարհում մեր բոլոր այն քաջերի հիշատակի առջև, ովքեր կյանքով վճարեցին մեր խաղաղության գինը:

Կեցցե՛ խաղաղությունը, որ աշխարհի բոլոր բարիքների մայրն է:
Փա՛ռք մեր հերոսներին:

Խոջոյանների ընտանիքը սոցիալական ծայրահեղ վիճակում է, 7 երեխաներից 4-ը՝ հիվանդ

10298663_738758142813444_7182428421984137391_nԽոջոյանների յոթ երեխաներից չորսն այժմ առողջական խնդիրներ ունեն:

Մարտի 7-ին հայ-ադրբեջանական սահմանը հատած, գերի ընկած և ապրիլի 10-ին հայկական կողմին հանձնված տավուշցի Արսեն Խոջոյանն ու նրա 8-ամյա քույրը` Ալվարդ Խոջոյանը, այժմ Երևանում են, պառկած` տարբեր հիվանդանոցներում: Արսենը Ֆիզիոթերապիայի ինստիտում է, քույրը՝ Արաբկիր բժշկական կենտրոնում: Փոքրիկ Ալվարդը մի քանի օր առաջ է Երևան տեղափոխվել` 40 աստիճան ջերմությամբ: Փոքրիկին բուժող բժշկի խոսքով, Ալվարդի կյանքին վտանգ չի սպառնում, բայց երեխան պետք է բժիշկների հսկողության տակ լինի և ստանա անհրաժեշտ բուժսպասարկում: Ալվարդիկի ստամոքսն ու կերակրափողը բորբոքված են:

1234391_738758156146776_802663008713215234_n <<Անրաժեշտ է բիոպսիա, որ հասկանանք` ինչ բորբոքում է, դրա համար մենք հետազոտությունը կրկնելու ենք ընդհանուր անզգայացումով և բիոպսիաներով հաջորդ շաբաթվա ընթացքում: Բուժումն արդեն սկսված է, ուղղակի հասկանանք` առանձնահատուկ մոտեցում է պետք, թե արդեն իսկ նշանակված բուժումը բավարար է: Երբեմն այնպես է լինում, որ երբ այդ հետհոսքը շատ է լինում, այսինքն` թթու միջավայրն անընդհատ դեպի կերակրափող է գնում, կերակրափողի լորձաթաղանթը սկսում է վերափոխվել այլ բջիջների, եթե տեսնենք` վերափոխված չէ, ընդամենը երկարատև իր բուժումը ստանալու է, որպեսզի այդ հետհոսքը բացառենք, որպեսզի կերակրափողի այդ լորձաթաղանթը վերականգնենք: Պատճառը բորբոքումն է>>,-նշեց <<Արաբկիր>> ԲԿ-ի բժշկուհին:

Ալվարդի մեծ քույրը` Անին, ևս ունի առողջական լուրջ խնդիրներ` կապված սրտի հետ: Նա ևս հետազոտվել է, այժմ գյուղում է և ինտենսիվ ներարկումներ է ստանում` դարձյալ գտնվելով բժիշկների խիստ հսկողության ներքո: Բժիշկների խոսքով, Անին ևս պետք է Երևան տեղափոխվի` հերթական բուժննության նպատակով: <<Հիմի չեմ կարա Անիին բերեմ, որ Երևան ենք եկել, պարտքով ենք եկել, դեռ տոմսի փողը չենք տվել: 10 հազար դրամ ունեի, 5-ը տվել եմ, Արմանը քյնացել ա, 5-ն էլ ձեռքիս ա, որ ստեղ յոլա քյնամ:  Չգիտեմ` տեղներս շատ նեղ ա, մայիսի 12-ին վարկի մարման օրն ա, ոչ մի կոպեկ չունեմ, որ տանք, տոկոսը տվել ենք, հիմա մայր գումարը պետք ա տանք` մոտ երկու հարյուր հազար դրամ ա>>,-Անկախի թղթակցին ասաց Արսենի մայրը` Սվետլանա Խոջոյանը:

Տան աշխատողը միայն Արսենի եղբայրն է` Արկադին, որը պայմանագրային զինծառայող է: Իսկ մյուս եղբայրը` Արմանը, դարձյալ առողջական լուրջ խնդիրներ ունի: Նա 2013-ի հունիսին պետք է զորակոչվեր բանակ, սակայն չի զորակոչվել հիվանդության պատճառով: <<Փոքր ժամանակ վառվելա , հնար չեմ ունեցել բժշկի տանեմ, տանը պահել եմ: Նամակ էի գրել Հանրապետության նախագահին, որ  խնդրում եմ` վերանայեք, ստուգեք: Պարզվել ա, որ հիվանդություն ունի, և Արմանն  ազատվել է բանակից>>,-պատմում է Սվետա Խոջոյանը:

10306267_738758122813446_5425805265030135864_nՆախագահն արձագանքել է տիկին Սվետայի նամակ-խնդրանքին` հանձնարարելով տղային ևս մեկ անգամ բուժզննության ենթարկեն: <<Մի անգամ սրտի, մի անգամ երիկամի, մի անգամ լեղապարկի հետ կապված խնդիրներ են բացահայտվել: Մեզ հետ եկել էր, նորից եկել, նորից պրոբլեմ, նորմալ չի սնվում: Իմ տեգրը հարյուր բժշկի ա տարել, ասում են` էրեխեն սրտի պրոբլեմ ունի: Հիմա էլ ասում են` լեղին ա երկարացել, չգիտեմ: Ամսի 14-ին գալու  ա սրտին ապարատ դնեն, պետք ա գա <<Գրիգոր Լուսավորիչ>> բժշկական կենտրոն, դա սրտի աշխատանքի համար ա: Լարիսա Ալավերդյանն ա օգնել, անգամ տաքսու փողն ա տվել, ես չեմ մոռանա>>,-հուզված ասում է բազմազավակ մայրը:

Ի պատասխան սոցիալական ծառայության աշխատակցի, Սվետա Խոջոյանն ասում է, որ Արմանի` բանակում ծառայած չլինելու հանագամանքը չի կարող խոչընդոտ դառնալ սոցիալական նպաստի համար, քանի որ որդին առողջության վատթարացման պատճառով է, որ չի ծառայում:

arsen_xojoyan_696389593Խոջոյանների ընտանիքն այժմ սոցիալական ծայրահեղ ծանր վիճակում է, դրա համար նպաստի վերականգնումը յոթ երեխաների մայրը հրատապ է համարում: Արսեն Խոջոյանի հայրը` Անանիա Խոջոյանը, մյուս որդու՝ Դավիթի հետ այժմ Սևանում է: <<Եկել են անասուն պահեն, որ մի երկու կոպեկ աշխատեն: Դե Արսենն էլ, գիդըմ եք, բուժվում ա, չգիտեմ` ոնց ա լինելու: Ամբողջ ընտանիքս ցրված ա, արդեն գժվում եմ>>,-ասաց Սվետա Խոջոյանը:

 

 

Անկախ

Վերամշակման և արտահանման համար բավականաչափ ծիրան չի լինի, սակայն շուկայում որոշ քանակությամբ ծիրան կլինի. փոխնախարար

ծԻՐԱՆ

ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Գառնիկ Պետրոսյանը այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում լրագրողներին ներկայացրեց ցրտահարության արդյունքում արձանագրված բերքի կորուստների, ցրտահարության հետևանքների հաղթահարման ուղղությամբ ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից իրականացված աջակցության ծրագրերը:  Նախ` փոխնախարարը ներկայացրեց ցրտահարության հետևանքով գրանցված կորուստների տվյալները:

Դրանց համաձայն`  նախնական հաշվարկներով ընդհանուր վնասը կազմում է մոտ 11 միլիարդ 181 միլիոն դրամ:  Մարտի վերջի և ապրիլի առաջին օրերին արձանագրված ցածր ջերմաստիճանի պատճառով Հայաստանում վնասվել է 9185 հեկտար տարածք՝ 287 համայնքում շուրջ 3700 գյուղացիական տնտեսություն` հիմնականում Արարատում և Արմավիրում, նախալեռնային ցածրադիր գոտիներում:

Փոխնախարարը խոսելով ծիրանենու կրած վնասների մասին` նշեց, որ  6711 հեկտար տարածքի վրա ամբողջությամբ վնասվել է ծիրանի բերքը, իսկ Հայաստանի մի շարք այլ տարածքներում՝ Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի տարբեր համայնքներում ծիրանենին էական վնասներ չի կրել:  Ըստ նրա ներկայացրած տվյալների` ծիրանենու բերքն այս տարի կազմում է շուրջ 8000 տոննա, այն դեպքում, երբ անցյալ տարի այն կազմում էր շուրջ 89000, որից  23000-ն արտահանվել է:

“Վերամշակման և արտահանման համար բավականաչափ ծիրան չի լինի, սակայն շուկայում որոշ քանակությամբ ծիրան կլինի”-, նշեց փոխնախարարն ու վերամշակողներին խորհուրդ տվեց  պակասը լրացնել այլ մրգերի՝ սև սալորի, դեղձի հաշվին”:

Նախարարի տեղակալի խոսքերով որոշ վնասներ են արձանագրվել նաև դեղձենու, կեռասենու, սալորենու ծաղկած այգիներում, իսկ խաղողի սեղանի սորտերի փոխարինող բողբոջներն արդեն բացվում են, այսինքն, ըստ փոխնախարարի` խաղողի բերքի պակաս չի լինի, իսկ խաղողի տեխնիկական սորտերի բարձր բերք է սպասվում: Վաղահաս կարտոֆիլի ցանքսերի հետ կապված վնասներ չեն գրանցվել:

Այնուհետ Գառնիկ Պետրոսյանն անդրադարձավ այն գործողություններին ու ծրագրերին, որն իրականացնում է նախարարությունը` հետևանքների հաղթահարման ուղղությամբ: Մասնավորապես` նա նշեց, որ գյուղատնտեսության նախարարը և փոխվարչապետը եղել են տեղերում, հանդիպումներ ունեցել մարզպետարանների, համայնքների և գյուղացիական տնտեսությունների ներկայացուցիչների հետ`պարզելու նախնական իրավիճակը, այնուհետ աշխատանքային մասնագիտական խմբերը գործուղվել են  համայնքներ, մարզեր և մանրակրկիտ ուսումնասիրություններ  կատարել, իսկ դրան հաջորդել է ՀՀ կառավարության որոշումը, որով 278 մլն. դրամ գումար է տրամադրվել տուժած գյուղացիական տնտեսությունների հողի հարկը 100%-ով  փոխհատուցելու համար, 487 մլն.դրամ` ոռոգման ջրի վարձավճարի 50%-ի փոխահատուցման նպատակով, իսկ 85մլն. դրամով ձեռք են բերվել լոլիկի, վարունգի սեխի և ձմերուկի սորտերի սերմացուներ, որոնք տրամադրվել են գյուղացիներին, իսկ  ցանկության դեպքում գյուղացիներին խաղողի տնկիներ կտրամադրվեն:

“Այսօր ունենք նաև տեղական լոլիկի շուրջ մեկ միլիոն սածիլներ, որ կարող են ինքարժեքով տրամադրվել գյուղացիական տնտեսություններին”,-հավելեց փոխնախարարը` նշելով, որ նաև նախատեսվում է իրականացնել ժամանակավոր զբաղվածության խթանման միջոցով աջակցություն տրամադրում: Անապահով գյուղացիական տնտեսությունների ներկայացուցիչները հնարավորություն կստանան ներգրավվելով իրենց իսկ գյուղացիական տնտեսության աշխատանքերում` ստանալ աշխատանքի դիմաց վարձատրություն:  Նաև աշխատանքեր են տարվելու տարադրամային վարկերը դրամայինով փոխարինելու, վարկերի տոկոսադրույքների մարումը սառեցնելու, հետաձգելու ուղղությամբ և այլն:

“Փոխհատուցման խնդիր չի դրվել` բացառությամբ ոռոգման ջրի և հողի հարկերից. հիմնական նպատակը գյուղացուն աջակցություն ցուցաբերելն է, որ վերջինս հնարավորինս քիչ կորուստներով հաղթահարի ստեղծված իրավիճակը”,- նշեց Գառնիկ Պետրոսյանը:

Անկախ

Կոտայքի մարզպետն աշխատանքից ազատվելու դիմում է գրել.Առավոտ

կովալենկոԿոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանն այսօր աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել: Այդ մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց արդեն նախկին մարզպետը: Հիշեցնենք` խոսակցություններ են շրջանառվում, որ Կոտայքի մարզպետ պաշտոնը զբաղեցնելու է բնապահպանության նախկին նախարար, նախկին ՕԵԿ-ական, այժմ ՀՀԿ-ական Արամ Հարությունյանը, որը առավել հայտնի է «Բուլկի» մականունով: Տարիներ շարունակ լրատվամիջոցները գրում էին Կովալենկո Շահգալդյանի հրաժարականի մասին, այսօր, երբ դա արդեն փաստ է` Aravot.am-ը հետաքրքրվեց` ինչպե՞ս է նախկին մարզպետն ընդունել այն: «Նախ, ասեմ, որ ես դեռևս նախկին մարզպետ չեմ, նախկին կլինեմ Կառավարության համապատասխան որոշումից հետո, իսկ թե ինչպես եմ այդ փաստն ընդունում, ասեմ, որ այս տարիների ընթացքում լրատվամիջոցներն ինձ բավական նախապատրաստել էին այս օրվան: Իմ պաշտոնավարման առաջին երեք տարիներից հետո, անընդհատ, բոլոր պատեհ եւ անպատեհ առիթներով, ցանկացած քաղաքական գործընթացներում անպայման շահարկում էին իմ պաշտոնանկության հարցը: Այնպես որ, ես արդեն պատրաստ էի դրան: Դրա համար շնորհակալ եմ լրատվամիջոցներից, բայց խորհուրդ եմ տալիս կանխատեսումներն այսուհետ անեն գիտական հիմնավորումներով, այլապես 10 տարի կանխատեսում էին, Կոտայքի մարզպետին պաշտոնանկ էին անում եւ սխալվում էին»,- հումորով ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ ողբերգություն չի ապրում այդ աշխատանքը թողնելու հետեւանքով. «13 եւ ավելի տարիներ պաշտոնավարել եմ: Շատ լավ կոլեկտիվ եմ ունեցել, լավ աշխատել ենք: 13 տարիների ընթացքում ես ինչ-որ բաների եմ հասել, ինչ-որ բաներ էլ ոմանք ինձնից են ստացել»: Aravot.am-ի հարցին` ո՞վ եւ ինչպե՞ս  իրեն հորդորեց հրաժարականի դիմում գրել, Կովալենկո Շահգալդյանն ասաց. «Որեւէ մեկն ինձ կոնկրետ չի ասել: Ես համարել եմ, որ այդ հարցն արդեն հասունացած է: Ի վերջո, բավական երկար եմ պաշտոնավարել: Դա իմ ցանկությունն էր, եւ ես աշխատանքից ազատման իմ դիմումով իմ կամքն եմ արտահայտել: Բայց այնպես չէ, որ հեռանում եմ ընդմիշտ…»: Մեր հարցին` պատրաստվում եք այլ աշխատանքի անցնե՞լ պարոն Շահգալդյանն ասաց՝ այո: Ճշտող հարցին` արդեն հստակ պայմանավորվածություններ ունի՞ եւ հատկապես ո՞ ր ոլորտում է շարունակելու իր գործունեությունը, մեր զրուցակիցն ասաց, որ որեւէ մեկի հետ պայմանավորվածություն չունի, բայց. «Մի աշխատանք կգտնեմ, էլի»: Վերջին տարիներին խոսվում էր նաեւ, որ մարզպետի պաշտոնն, իբրեւ իրեն արժանի հետնորդի, Կովալենկո Շահգալդյանը փորձում է որդուն թողնել, որն արդեն երկար ժամանակ է Չարենցավանի քաղաքապետն է:Շարունակությունը` սկզբնաղբյուր կայքում:

Անկախ