Պատկանում է ձիթենազգիների(Oleaceae) ընտանիքին: Մեծ մասամբ փաթաթվող և մագլցող բույսեր են: Բնության մեջ տարածված այս ցեղի բազմաթիվ ներկայացուցիչներից սենյակային պայմաններում հանդիպում են խոշորածաղիկ հասմիկը( J.grandiflorum L.) և արաբական հասմիկը: Առաջին տեսակը մշտադալար է, սպիտակ, աստղաձև ծաղիկներով: Արաբական հասմիկը ( Sambac Ait.)նույպես մշտադալար է, ունի փայլուն, էլիպսաձև տերևներ և սպիտակ, բուրոմնավետ ծաղիկներ, որոնք
թափվելու նախօրյակին կարմրավուն երանգ են ստանում: Երկու տեսակներն էլ ծաղկում են ամռան ընթացքում, իսկ ջերմատներում նաև ձմռան երկրորդ կեսին և վաղ գարնանը:
Հասմիկները թաղարների մեջ շատ չեն մեծանում, անհրաժեշտ է սարքել փայտյա պատաճաղեր կամ աստիճաններ, որպեսզի բույսերը կարողանան նորմալ աճել: Բազմացվում
է կտրոններով և անդալիսով: Ամռան ընթացքում բույսերը պահվում են բաց օդում, կիսաստվերում: Ջուրը տրվում է առատ: Ձմռանը բույսերը պահվում են լուսավոր տեղում,16-18աստիճան ջերմության տակ, ջուրը տրվում է չափավոր:Օդի չորության դեպքում խորհուրդ է տրվում այն ցողել գոլ ջրով: փոքր բուսերը վերատնկում են ամեն տարի, իսկ մեծերը 2-3 տարին մեկ, ծաղկումից հետո: Այս դեպքում, հաջորդ տարի ավելի առատ ծաղիկներ ստանալու համար, կարճեցվում են խիղբակերպ, երկար ճյուղերը: Մեզ մոտ, զբոսայգիներում հանդիպում է “հասմիկ” կոչվող թուփը, որը այս բույսի հետ ոչ մի ընդհանուր բան չունի: Այդ բույսի անունը սրնգենի է`ֆիլադելֆուս և պատկանում է քարբեկազգիների ընտանիքին:
Լրտեսներ, մատնիչներ և կրկնակի գործակալներ Բոստոնի մարաթոնի պայթյուններում
Բոստոնի մարաթոնի պայթյունների տարօրինակ հանգամանքներն ու կասկածելի անուններն առաջ են բերել բազմաթիվ հարցեր, որոնք դեռ սպասում են իրենց պատասխանին կառավարության պաշտոնյաների և լրագրողների կողմից:
Առավել առեղծվածային անձնավորությունը «Միշան» է, ում Բոստոնի պայթյունների հեղինակների հորեղբայր Ռուսլան Ցարնին ներկայացրել է որպես իսլամացած մի հայ, որն իբր «լվացել» է կասկածյալ Ցարնաև եղբայրներից ավագի՝ Թամերլանի ուղեղը և նրան դարձրել արմատական: Ռուսլանը «Միշային» բնութագրել է որպես խոշոր կազմվածքով, ճաղատ և երկար շիկամորուսով մի դիվահալած:
Սկզբում ոչ ոք չէր կարողանում գտնել «Միշային»: Մինչ Թամերլանի հետ նրա ենթադրյալ կապն ու հայկական ծագումը բազմիցս հայտնվեցին ու հիշատակվեցին լրատվամիջոցներում, իշխանություններից տասն օր պահանջվեց հայտարարելու համար, որ իրենք գիտեն, թե ով է «Միշան», և նա կապ չունի ահաբեկչական գործողությունների հետ:
Անցյալ կիրակի «Նյու Յորք Ռիվյու oֆ Բուքս» երկշաբաթաթերթի լրագրող Քրիստիան Քերիլին վերջապես հաջողվեց գտնել և հարցազրույց ունենալ աներևութացած «Միշայի» հետ, Ռոդ Այլենդում գտնվող նրա տանը: Անգամ այն բանից հետո, երբ Քերիլը բացահայտեց, որ «Միշան» Բաքվից է, հայ հոր և ուկրաինացի մոր զավակ, և նրա ազգանունը Ալախվերդով է, լրատվամիջոցները շարունակում են ներկայացնել նրան միայն որպես «հայ»: Հատկանշական է, որ ոչ Քերիլը, ոչ էլ մեկ ուրիշը չի նշել, որ քրիստոնեական «Միշա» կամ «Միքայել» անունը չի կարող մահմեդականի անուն լինել: Բացի այդ, Խորհրդային Միության փլուզումից հետո, բազմաթիվ մահմեդական ադրբեջանցիներ Եվրոպայում և Միացյալ Նահանգներում դիմել են ապաստանի հայցով՝ իրենց ներկայացնելով որպես հալածված հայ քրիստոնյաներ: Շատ տարօրինակ է, որ ենթադրյալ քրիստոնյա «Միշան» փախչելով Բաքվի իսլամական հետապնդումներից, Ամերիկայում կրոնափոխ է եղել:
Հետաքրքիր է, Քերիլը հաղորդում է, որ «Միշան» ոչ մի կապ չունի Բոստոնի պայթյունների հետ, այսինքն հենց այն, ինչն ավելի վաղ հայտարարել էին պետական քննիչները: Հնարավոր է, որ Միացյալ Նահանգների պաշտոնյաները Քերիլի համար կապ էին ստեղծել «Միշայի» հետ, որպեսզի հաստատեն նրա անմեղության վերաբերյալ իրենց հայտարարությունը, ինչը թույլ է տալիս որոշ վերլուծաբանների ենթադրել, որ հնարավոր է «Միշան» եղել է ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) իրազեկիչ, որի քողարկումն այժմ եռանդուն կերպով պաշտպանվում է:
Հաջորդ կասկածյալը հորեղբայր Ռուսլանն է, որը մեղադրում է «հայազգի Միշային» Թամերլանի վրա ունեցած հզոր ազդեցության համար: Ռուսլանն ունեցել է շատ խայտաբղետ անցյալ՝ աշխատել է ԱՄՆ Միջազգային զարգացման բաժնում
և Կասպից ծովի մի շարք էներգետիկ ընկերություններում, այդ ընթացքում ամուսնացած լինելով ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) բարձրաստիճան պաշտոնյա Գրահամ Ֆուլերի դստեր՝ Սամանտա Անկարա Ֆուլերի հետ: Հաշվի առնելով Ռուսլանի ազգակցական կապը պայթյունների հեղինակների ընտանիքի հետ, նրա աշխատանքը Կենտրոնական Ասիայի նավթային ընկերություններում, ներառյալ Halliburton-ում, ինչպես նաև ԱՄՆ ԿՀՎ բարձրաստիճան պաշտոնյայի դստեր հետ ամուսնացած լինելու հանգամանքը, որոշ վերլուծաբաններ ենթադրում են, որ առեղծվածային հորեղբորը պետք է ավելի մոտիկից հետաքննել:
Անցյալ շաբաթ հայտնի ամերիկահայ փաստաբան Մարկ Կիրակոսը CNN գործակալության եթերում խստորեն քննադատեց Ռուսլան Ցարնիին, առաջարկելով, որ «մեկը պետք է ստուգման ենթարկի այս հորեղբոր սթափությունը, քանզի, ես կարծում եմ, որ այս մարդը ինչ-որ բանի ազդեցության տակ է»: Կիրակոսը ցասման մեջ էր, որովհետև Ռուսլանը Բոստոնի պայթյունները կապել էր «հայազգի Միշայի» հետ այն ժամանակ, երբ աշխարհասփյուռ հայությունը ոգեկոչում էր Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցը: Այնուհետև Ռուսլանը փորձել էր հեռախոսով կապվել Կիրակոսի հետ, ցանկանալով «հստակեցնել» իր ավելի վաղ արած հայտարարությունը, սակայն Կիրակոսը մերժել էր ընդունել նրա զանգը:
Որոշ վերլուծաբաններ ենթադրում են, որ հնարավոր է Թամերլանը հավաքագրված է եղել ռուսական գաղտնի ծառայությունների կողմից՝ չեչեն ծայրահեղականներին լրտեսելու համար, անցյալ տարի Չեչնիայում և Դաղստանում նրա անցկացրած վեց ամիսների ընթացքում: Հնարավոր է, որ ռուսական գաղտնի ծառայությունները, ՀԴԲ-ին և ԿՀՎ-ին տեղեկացնելով իսլամիստական խմբերի հետ Թամերլանի ունեցած կապերի մասին և բավարար պատասխան չստանալով Միացյալ Նահանգների պաշտոնյաներից, գործը վերցրել են իրենց ձեռքը և հավաքագրել գործազուրկ ու կարիքավոր չեչեն երիտասարդին Ռուսաստանում նրա երկարատև
այցելության ընթացքում:
Այլ վերլուծաբաններ ենթադրում են, որ հնարավոր է Թամերլանը եղել է Միացյալ Նահանգների կառավարության իրազեկիչը: Նման ենթադրությունն ավելի արժանահավատ է, քան թե այն, որ ՀԴԲ-ը և ԿՀՎ-ն ի զորու չեն եղել կամ շատ զբաղված են եղել Թամերլանի անցյալի մանրակրկիտ հետաքննությունն անցկացնելու համար, երբ ռուսական գաղտնի ծառայությունները նրանց ուշադրությունը հրավիրել են Թամերլանի անվան վրա: Հնարավոր է, որ Միացյալ Նահանգների պաշտոնյաները շատ լավ գիտեին Թամերլանին և հնարավոր է նույնիսկ խրախուսել են նրա այցը Ռուսաստան՝ որպես իրենց լրտես ջիհադական շրջանակներում:
Վերջապես, կան նաև այնպիսի վերլուծաբաններ, որոնք կարծում են, թե ամեն ինչ ավարտվեց նրանով, որ Թամերլանը դավաճանեց թե՛ ռուսական, թե՛ ամերիկյան հետախուզական ծառայություններին, փոխարենը որոշելով աջակցել արմատական իսլամիստական խմբավորումներին՝ «Իրաքում և Աֆղանստանում Միացյալ Նահանգների պատերազմների նկատմամբ զայրույթից դրդված»՝ ըստ նրա կրտսեր եղբայր Ջոխարի՝ բանտում արած խոստովանության:
Իհարկե, տարբեր վերլուծաբանների կողմից առաջ քաշված այս ենթադրությունները՝ հիմնված նախնական տեղեկատվության վրա, ակնկալում են համակողմանի հետաքննություն Կոնգրեսում՝ իրական փաստերը բացահայտելու համար: Բոստոնի պայթյուններից սպանված և խեղված ամերիկացիներն արժանի են անկեղծ պատասխանի:
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Սիրիահայերը Սիրիայի «աղն» էին, իսկ Հայաստանին այդ «աղը» պետք չէ՞
Բերթիզլյան-Կազանչյան ամուսինները` իրենց երկու զավակներով, Հալեպի երջանիկ հայկական ընտանիքներից էին, ապրում էին համայնքի ակտիվ կյանքով, ապահովված էին լավ աշխատանքով ու ապրուստով և չափազանց գոհ էին իրենց ճակատագրից: Նույնիսկ 2007 թ., երբ առաջին անգամ ընտանիքն այցելեց հայրենիք ու հիացավ նրա զարգացմամբ ու գեղեցկությամբ, երբևէ մտքով չանցկացրեց թողնել Հալեպն ու գալ Հայաստան: «Հայրենիքնիս է, այո, բայց եթե այնտեղ հունի մեջ մտել ես, լավ կյանք, լավ գործ ունես, չես մտածեր Հայաստան տեղափոխվելու մասին»,-ասում է Մադլենը` Բերթիզլյան-Կազանչյան ընտանիքի տանտիրուհին:
Սակայն 2012-ի հոկտեմբերին նրանք ստիպված էին թողնել Սիրիայի երջանիկ ու ապահով կյանքը` Հալեպի լավագույն թաղամասերից մեկում գտնվող բնակարանով ու սեփական խանութով հանդերձ և տեղափոխվել Հայաստան` անորոշ ժամկետով ու մտահոգիչ հեռանկարով: «Երկու օր առաջ էլ լուր առինք, որ զինվորները մեր շենքի հարևաններին հարցրել են, թե շենքում դատարկ տուն կա՞: Հարևանները հարցնում էին` ի՞նչ անեն, ո՞նց տունը պահեն»,- պատմում է Մադլենը:
Ասում է, որ ռմբակոծությունների հետևանքով անտուն մնացած զինվորները դատարկ տուն են ման գալիս, դուռը կոտրում, ներս մտնում ու ապրում: «Մենք մեր տան բանալին ուղարկեցինք հարևաններին, որ մտնեն-դուրս գան` իբր մարդ է ապրում, մինչև տեսնենք` ինչ կլինի: Ողջ ապրուստը մեջն է»:
Սարգիսը` Մադլենի ամուսինը, Հալեպում նվագարանների խանութ ուներ, որտեղ և՛ նվագարաններ էր վաճառում, և՛ զբաղվում նորոգելով ու լարելով: «Պապենական գործ է,-ասում է կինը,- Սիրիայում առաջին երաժշտական գործիքների խանութ հիմնողներն են»:
Մադլենը նախ մանկապարտեզի ուսուցչուհի էր, ապա արաբերեն ու թուրքերեն թարգմանություններ էր անում: Նա նաև համայնքի ակտիվ կանանցից էր, «Ուրֆայի վերածնունդ» մշակութային միության տիկնանց հանձնախմբի անդամ: Կառույցը զբաղվում էր հայկական ասեղնագործության հարուստ ավանդույթները սիրիահայ կանանց փոխանցելու և անհետացող նմուշները վերականգնելու գործով: Նրա խոսքով` Հալեպի հարյուր հայ կանանցից գոնե իննսունը հայկական ասեղնագործության նվազագույնը մեկ տեսակի տիրապետում էր:
Մադլենը վեց տեսակի է տիրապետում: Նրա աշխատանքները Երևանում տարբեր ցուցահանդեսների ժամանակ ներկայացվել են, բայց, ցավոք, առայժմ դրա շնորհիվ չի կարողանում ընտանիքի հոգսը թեթևացնել, քանի որ գնորդ շատ քիչ կա:
Հալեպում Մադլենը զբաղվում էր նաև զարդերի դիզայնով և իր սեփական բիզնեսն էր հիմնել: Այդ զարդերով նույնպես Հայաստանում մասնակցել է բազմաթիվ ցուցահանդեսների: Շատ է ցանկանում այդ գործն այստեղ շարունակել, սակայն ամենափոքրիկ խանութ վարձելու և զարդերը վաճառելու համար այնքա՜ն մեծ ծախսեր են պահանջվում, որ ռիսկի չեն դիմում: Զարմանում է. «Ինչպե՞ս են կարողանում այստեղ այդքան թանկ վարձավճարով խանութներով գումար առնիլ: Կամ ինչպե՞ս են մարդիկ ապրում այսքան ցածր աշխատավարձով: Տրամաբանական չէ, մենք հանելուկի մեջ ենք»:
Ասեղնագործության նմուշներն ու զարդերը մի քանի խանութների է տվել, որ վաճառեն, սակայն գոհ չէ. «Ամեն ամիս տասն անգամ պետք է զանգեմ, որ ինձ մի փոքր գումար տան: Հենց զանգում եմ, վաղը եգուր, մյուս օրը եգուր, փող չկա, չի վաճառվում»,- դժգոհում է նա:
Փաստորեն, Մադլենի ձեռքի շնորհքն ու տաղանդն այստեղ առայժմ որևէ կերպ չեն թեթևացնում նրանց հոգսը: Նույնն էլ ամուսնու վիճակն է. եկած օրվանից դիմում է քաղաքի բոլոր երաժշտական գործիքների խանութներին, որ իրեն աշխատանքի վերցնեն, սակայն հեռախոսահամարն են վերցնում ու այդպես էլ չեն զանգահարում: «Հիմա բոլոր սիրիացիների վիճակն էլ նույնն է: Մենք արդեն վեց ամիս է՝ այստեղ ենք, կրնա ըլլալ, որ մեր խնայողություններով մի վեց ամիս էլ դիմանանք, բայց դրանից հետո, եթե գործ չգտնենք, ստիպված պիտի վերադառնանք մեր տները, թեկուզև այնտեղ պատերազմ է, և ամեն վայրկյան կյանքին վտանգ է սպառնում»:
Ասում են, որ առաջին իսկ օրվանից դիմել են սփյուռքի նախարարություն, որտեղ նրանց տվյալները գրանցել են, որպեսզի աշխատանքի տեղավորման հարցով զբաղվեն, սակայն առայժմ որևէ նորություն չկա: «Եթե կարողանանք գոնե մեր տուները, խանութները հոն վաճառել, հոս տուն գտնել, ապա անշուշտ, Հայաստանը շատ լավ տեղ է, կմնանք»,- ասում է ամուսինը` միաժամանակ նշելով, որ այս պահին որևէ անշարժ գույք վաճառելու հավանականություն Սիրիայում չկա:
Մադլենը նաև պատմում է, որ Հայաստան գալու երկրորդ ամսին ֆինանսական ու բարոյական մի հարված են ստացել, որի պատճառով շատ են հուսալքվել: «Խաբեության զոհ դարձանք»,- ասում է նա:
Տեղեկանալով, որ Հայաստանում «Մակդոնալդս» ընկերությունն աշխատանքի է հրավիրում աշխատողների, նրանք ոգևորված դիմում են: «Աշխատանքային գործակալը» նրանցից մոտ 200 դոլար է վերցնում` իբր գործերը պատրաստելու համար: Հետո պարզվում է, որ այդ ամենը կեղծիք է, գումարն էլ գնում-կորչում է:
Ամենից շատ ցավ են ապրում, որ դա պատահել է Հայաստանում` իրենց հայրենիքում, մինչդեռ ողջ կյանքում ապրելով օտար երկրում` մահմեդականների կողքին, նման խնդրի առջև չեն կանգնել: «Սիրիայում, երբ կգնայինք գործի դիմելու և նույն գործին դիմած կլինեին մուսուլման, մեկ այլ քրիստոնյա և հայ, նախապատվությունը կուտային հային, քանի որ հայը միշտ եղած է աշխատասեր, պատվավոր, ճշտապահ, վստահելի»,- ասում է Մադլենը:
Նրա եղբայրը` Միհրան Բերթիզլյանն էլ պատմում է. «Կնոջս համալսարանի վկայականի թարգմանությունը վավերացնելու համար գնացել էինք համալսարան: Երբ իսլամ կիները` պետական աշխատողները, իմացան, որ Սիրիայից կերթանք, ասացին` դո՞ւք ալ պիտի երթաք: Դուք երկրին աղն եք, ո՞ւր եք գնում…»:
Մադլենն ուզում է, որ իրենց «աղը», համուհոտը Հայաստանում էլ օգտագործեն ու գնահատեն, վստահեցնելով, որ դա ձեռնտու կլինի և իրենց, և Հայաստանին: «Հալեպը հայերը ծաղկեցուցած են, և այս իրականությունեն ոչ ոք չի կրնար փախչիլ՝ ոչ արաբը, ոչ սիրիացին, ոչ ալ հայը: Մենք աշխատող ժողովուրդ ենք, մեզի համար գործն է կարևոր, ուրիշ ոչ մեկ բան չենք ուզում»:
Միաժամանակ գիտեն, որ գործ չլինելը նաև տեղացիների խնդիրն է: «Հայաստանցին մեզ ասում է՝ մենք գործ չունինք, դուն էստեղ եկել ես` ի՞նչ անես, ո՞նց պիտի ապրես»: Որ այս բառերը կլսենք, արդեն կվատանանք»:
Եղբայրը` Միհրանը, Սիրիայում նախագահական տան գիդերից էր. առաջին տիկնոջ բոլոր թուրք հյուրերին նա էր ուղեկցում դեպի տեսարժան վայրեր: Ասում է, որ Սիրիայի տուրիստական խմբերի ծրագրում անպայման ներառված էր «պտույտ մը հայկական թաղամասերում», քանի որ այնտեղ էին Հալեպի լավագույն ռեստորաներն ու խանութները, բացի այդ, հայկական թաղամասերը մաքուր էին, գեղեցիկ, շենքերը` առանց լվացքի պարանների պատշգամբների և այլն: «Հայկական թաղամասերը նրանց համար Շանզ-էլիզե էին»,- ավելացնում է Սարգիսը:
Միհրանը հիշում է, որ մի անգամ Ծաղկազարդին Ստամբուլից ժամանած տուրիստական մի խումբ էր պտտեցնում: Երբ այցելում են հայկական թաղամասերից մեկը, թուրքերը, տեսնելով եկեղեցիներից դուրս եկող հայերին տոնական, գեղեցիկ հագուստներով, խոստովանում են. «Ողջ Սիրիայում այսքան լավ հագնված, լավ տեսքով ժողովուրդ միայն Հալեպի հայկական թաղամասերում տեսանք»:
Բայց Միհրանն այսօր հիացած է Երևանով, երևանցիներով, զարմացած` երևանյան «շիկով», սակայն առավել զարմացած է` այդ շքեղության կողքին տեսնելով ծայրաստիճան հակառակ պատկերը. «Կքալենք թաղը՝ շքեղ առանձնատներ, ավտոմեքենաներ, իսկ մի քիչ այն կողմ՝ էնպիսի խրճիթներ, էնպիսի մարդիկ, որ մենք գրքերում էլ չենք տեսած: Միջին դասակարգ չկա. սա է Հայաստանի ամենեն վատ կողմը»,- ասում է նա:
«Թարգմանչաց տոներ». նախաձեռնություն, որը համախմբեց մտավորականությանը
Հարցազրույց ՀՀ հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի հետ` խորհրդային տարիներին Ցեղասպանության հարցի բարձրաձայնման և «Թարգմանչաց տոներ» նախաձեռնության մասին:
– Պարոն Մանուկյան, 1960-ականներին Հայաստանում սկիզբ առավ մի շարժում, որի ներքո ստեղծվեցին գաղտնի ազգային կազմակերպություններ, սկսեցին բարձրաձայնվել Հայոց ցեղասպանության հարցը և այլ ազգային հարցեր: Այդ ժամանակ Դուք ակտիվ ուսանող էիք: Ի՞նչ կհիշեք այդ տարիներից և Ձեր գործունեությունից:
– 1965 թվականի ապրիլի ապրիլի 24-ին առաջին անգամ նշվեց ցեղասպանության 50-ամյակը` աննախադեպ մեծ ցույցերով: Այդ ժամանակ երիտասարդության մեծ մասը գրեթե պատկերացում չուներ դրա մասին, քանի որ այդ թեման փակ էր, դրա մասին չէին խոսում: Դրանից հետո եղան ձերբակալություններ, բայց դա հիմք դրեց երիտասարդական մի շարք գաղտնի կազմակերպությունների հիմնադրմանը, որոնք իրենց առջև ցեղասպանության ճանաչման, հողերի վերադարձի հարցը լուծելու խնդիր էին դնում` աստիճանաբար բարձրացնելով նաև անկախության և այլ հարցեր: Այդ կազմակերպությունների մեջ հավաքված էին բավականին ոգևորված երիտասարդներ, որոնք թռուցիկներ էին տարածում, թերթ էին փորձում հրապարակել, բայց այդ ամենն անարդյունավետ էր, քանի որ նրանց շատ արագ ձերբակալում էին: 1967 թվականին, երբ սովորում էի Մոսկվայի պետական համալսարանում, մի խումբ հայ ուսանողներիս հաջողվեց Թուրքիայի դեսպանատան դարպասների առջև ապրիլի 24-ի կապակցությամբ ցույց կազմակերպել` մեկ քայլով խաբելով ազգային անվտանգությանը: Նշեմ, որ նախորդ երկու տարիների փորձը չէր հաջողվել: Դա պատճառ դարձավ, որ մեզ համալսարանից հեռացնեն: Այդ ժամանակ էլ առաջ եկավ այն միտքը, որ զուտ գաղտնի կազմակերպություններով գործն առաջ չի գնա, քանի որ շատ արագ ձերբակալվում ես: Ճիշտ է, գաղտնի գործելը հերոսական է, հետաքրքիր է, բայց անարդյունավետ: Մենք որոշեցիք գնալ այլ ճանապարհով և ստեղծեցինք հայ մշակույթի ակումբ: Մշակույթի անվան տակ կարելի էր առաջ տանել մեր գաղափարները: Մենք այդ կազմակերպությունը որևէ տեղ իրավաբանորեն չգրանցեցինք: Իսկ երբ վերադարձանք Երևան, ԵՊՀ-ում ստեղծեցինք Հայ մշակույթի ակումբ, որը պաշտոնապես գրանցվեց որպես երիտասարդական կազմակերպություն: Հայտարարություններ տարածեցինք, որ ցանկացողները կարող են դառնալ ակումբի անդամ: Սակայն 1971 թվականի ապրիլի 24-ին ջահերով երթ տեղի ունեցավ դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, որի ժամանակ ընդհարում տեղի ունեցավ ոստիկանության հետ, և ակումբը փակվեց:
– 1974 թվականին Դուք մի շարք համախոհների հետ «Թարգմանչաց տոներ» անվան տակ իրականացրիք մի նախաձեռնություն, որին մասնակից դարձավ հայաստանյան ողջ մտավորականությունը: Ի՞նչ նախաձեռնություն էր դա:
– Տարիներ շարունակ այդ գործընթացների մեջ լինելով` մեծ կապեր էինք ձեռք բերել թե՛ Հայաստանում, թե՛ Հայաստանից դուրս: Բացի այդ, արդեն մեծացել էինք, ինչ-որ ճանապարհ էինք անցել, և կրկին հին ընկերներով հավաքվելու և մեր հին գործունեությունը շարունակելու միտք առաջացավ: Որոշեցինք ոչ ֆորմալ մի նոր կազմակերպություն հիմնել: Հարց բարձրացվեց, որ մենք Հայաստանում մեծ մտավորականություն ունենք, բայց տարբեր ոլորտներում գտնվելով` մտավորականներն իրար չեն ճանաչում: Մենք մեր առջև խնդիր դրեցինք, այդ մտավորականներին համախմբելով, ստեղծել մի ազգային ակումբ, որը հնարավորություն կտա մարդկանց ծանոթանալու, շփվելու, ոչ ֆորմալ մթնոլորտում հարցեր քննարկելու, ինչը հետագայում կարող է Հայաստանի համար մեծ նշանակություն ունենալ:
Այդ ժամանակ շատերս դասախոսներ էինք և աշակերտներ ունեինք, որոնց հետ առանձին պարապում էինք: Որոշեցինք յուրաքանչյուրս մեկ աշակերտի գումար ներդնել այդ գործին և հավաքված գումարով կազմակերպել մտավորականների առաջին հավաքը: Ընտրեցինք Մերգելյան ինստիտուտի Ծաղկաձորում գտնվող հանգստյան տունը և մտավորականներին` իրենց ընտանիքներով հանդերձ, հրավիրեցինք առաջին հավաքին: Նախաձեռնությունը հաջողված էր: Թարգմանչաց տոները դարձան ավանդական, և գրեթե 7-8 տարի շարունակ ամեն հոկտեմբեր ամսին Թարգմանչաց տոները նշելու անվան տակ մենք մտավորականներին հավաքում էինք նույն վայրում և երեք օր անցկացնում թեժ բանավեճերի, քննարկումների, ինչպես նաև հետաքրքիր ու հաճելի ժամանցի մթնոլորտում: Նրանց մեջ էին, օրինակ, բանաստեղծներ Սիլվա Կապուտիկյանը, Ռազմիկ Դավոյանը, նկարիչ Հակոբ Հակոբյանը, ակադեմիկոս Մերգելյանը, դիրիժոր Հովհաննես Չեքիջյանը, որն իմիջիայլոց շատ լավ ֆոկուսներ էր անում խաղաթղթերով, երգչուհի Լուսինե Զաքարյանն ու նրա ամուսինը` Խորեն Պալյանը, Սոս Սարգսյանը, դերասանուհի Աննա Պետրոսյանը, ասմունքող Վերա Հակոբյանը, երգեհոնահար Ստամբոլցյանը և այլ նշանավոր մարդիկ: Փաստորեն, այդ հավաքներին մասնակցում էին Հայաստանի ամենաազդեցիկ մարդիկ, որոնք մեծ կշիռ ունեին:
– Ի՞նչ հարցեր էին քննարկվում այդ հանդիպումների ժամանակ, և որ՞ն էր այդ ամենի նպատակը:
– Նպատակ չէր դրվում հարցեր բարձրացնել և հենց այդ պահին լուծել: Նպատակը, այդ հարցերը քննարկելով, համախոհներ, կողմնակիցներ ձեռք բերելն էր, որպեսզի մտավորականության մեծ ազդեցություն ունեցող շերտը համախմբվեր նույն գաղափարների շուրջ:
Հավաքի առաջին օրը երեկոյան մեծ ընթրիք էինք կազմակերպում: Սկզբում անորոշություն էր լինում, քանի որ օրակարգ, որպես էդպիսին, չկար: Բնականաբար, նախ հայրենասիրական կենացներ էին հնչում, հետո սկսվում էին բանավեճերը` սկսած հայկական և ռուսական դպրոցների հարցից մինչև ազգային շատ այլ հարցեր` անկախություն, Հայաստան-Ռուսաստան հարաբերություններ և այն:
Հիշում եմ` մի անգամ սեղանի շուրջ Սիլվա Կապուտիկյանը մի ճառ ասաց` հօգուտ ռուս ժողովրդի: Մենք, ճիշտ է, դեմ չէինք ռուսներին, բայց քանի որ մեր ակումբը մի քիչ անկախական էր, դա այնքան էլ լավ չընկալվեց: Այդ ժամանակ Խորեն Պալյանը սկսեց երգել «Ձախորդ օրերը»` որպես պատասխան Սիլվա Կապուտիկյանի բաժակաճառին:
Վիճահարույց հարց էր հատկապես դպրոցի հարցը, որը բուռն քննարկման առարկա էր դառնում` հայկական դպրոց, ոչ հայկական դպրոց: Մտավորականներն այդ հարցում տարակարծիք էին, մանավանդ որ կար մտավորականության մի հատված, որ ռուսախոս էր, և նրանց համար զարմանալի էր, թե ինչու պիտի հայրենասիրությունը չափվի դրանով: Սակայն մտավորականության մի զգալի մասն էլ վտանգ էր տեսնում ռուսական դպրոցների մեջ, քանի որ այդ ժամանակ, եթե չեմ սխալվում, գոնե Երևանում երեխաների մոտ 40 տոկոսը հաճախում էր ռուսական դպրոց:
Քննարկվում էր նաև Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների հարցն ու մեր վերաբերմունքը ռուսների հանդեպ, այսինքն` Ռուսաստանը մեր դաշնակի՞ցն է, թե այն է, առանց որի մենք ապրել չենք կարող: Մենք կարծում էինք, որ դաշնակից է, բայց չէինք մտածում, որ առանց Ռուսաստանի ապրել չենք կարող: Հատկապես, երբ քննարկում էինք ցեղասպանության հետ կապված հարցեր, որոշակի պատասխանատվություն դնում էինք նաև Ռուսաստանի կայսրության վրա, որը հասկանալով, թե ինչ է սպասում հայերին, այնուամենայնիվ իր շահերն առաջ տարավ:
Ազատության, անկախության, կոմունիստական ռեժիմից ազատվելու հարցերն առավել հազվադեպ էին քննարկվում. դրանք բավականին բարդ թեմաներ էին:
Բայց ամենակարևորն այն է, որ այդ հարցերը քննարկվում էին ջերմ, ընկերական մթնոլորտում, երբեմն` երեկոյան մոմի լույսի տակ, կոնյակ խմելով, երբ ինչ-որ մեկն էլ դաշնամուր էր նվագում…
– Ի՞նչ տվեցին այդ հանդիպումներն ու քննարկումները:
– Մենք ճիշտ էինք. մտավորականներն իրար չէին ճանաչում: Կոմպոզիտորներ, գրողներ, մաթեմատիկոսներ, դերասաններ, ֆիզիկոսներ, բոլորը հայտնի, ազդեցիկ մարդիկ էին, բայց իրար անձամբ ծանոթ չէին, և այդ հավաքները, մանավանդ որ ընտանեկան էին, մարդկանց մտերմացնում էին: Մենք կամաց-կամաց գալիս էինք նույն մտածողությանը ազգային, մշակութային հարցերի շուրջ: Իսկ երբ 88-ի շարժումը սկսվեց, հասկացանք, թե այդ հավաքներն ինչքան կարևոր էին և ինչ մեծ նշանակություն ունեցան: Մտավորականությունը միանգամից համախմբվեց, քանի որ արդեն մարդիկ իրար ճանաչում էին, նույն կերպ էին հարցերին մոտենում, նույն գաղափարներն էին հարում: Դա էր Թարգմանչաց տոների ամենամեծ ձեռքբերումը:
Հարցազրույցը վարեց Անի Գասպարյանը
«Վիճակագրական» Հայաստանը հեռու է իրական Հայաստանից
Վիճակագրությունը յուրաքանչյուր տնտեսության համար կարևոր նշանակություն ունի. այն ստեղծում է երկրի իրական վիճակի համապատկերը, և դրանից ելնելով է կառավարությունը պետական քաղաքականություն մշակում ու իրականացնում այս կամ այն ոլորտում, դրանից ելնելով են գործարարները պլանավորում իրենց բիզնեսը, և այլն: Ու եթե վիճակագրությունը կեղծվում է, նշանակում է` նույնիսկ ամենաիրատեսական ծրագրերը դառնում են անիրականանալի:
Պանիր չկա, բայց պետք է լիներ
Նախորդ շաբաթ մամուլում հրապարակումներ եղան, որ Երևանի սուպերմարկետներում հայկական արտադրության պանիր չկա, ու թերևս մինչև մայիս նոր խմբաքանակ չեն ստանա: Այդ կապակցությամբ «Ժողովուրդ» օրաթերթին ՀՀ Պանրագործների միության նախագահ Արմեն Գրիգորյանն ասել է. «Պանիր արտադրող ընկերությունները կաթ չեն ունեցել: Քիչ է եղել: Այս խնդիրը բոլոր ընկերությունների մոտ է: Եվ սա կշարունակվի մինչև մայիս ամսվա վերջ: Անասունի խոտն անցյալ տարի թանկ էր, այդ պատճառով էլ գյուղացիները գումար չեն ունեցել անասուններին կերակրելու համար և մորթել են: Դրա համար էլ կաթը պակասել է»:
Այս պարզաբանմանը և մամուլի ահազանգներին անմիջապես պատասխանեց ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը` պարզաբանելով, որ լավորակ պանիրը, ի տարբերություն այլ կաթնամթերքի, պատրաստվում է բացառապես անարատ կաթից, այն էլ ցածր գնով և մեծ ծավալներով մթերված կաթից: Դեկտեմբեր-մարտ ժամանակահատվածում կաթի արտադրման ծավալները խիստ նվազում են, ամռան ամիսների համեմատությամբ` մոտ 3,5 անգամ: Բնականաբար, աճում է կաթի մթերման գինը (1 կգ 130-150 դրամից հասնելով 170-200 դրամի): Նման իրավիճակում վերամշակող ձեռնարկությունները թանկ գնով ձեռք բերված կաթի նվազագույն ծավալները գերադասում են տրամադրել այլ կաթնամթերքի (կաթ, մածուն, թթվասեր և այլն): Սրանով է պայմանավորված, ըստ նախարարության, ներքին շուկայում հայրենական արտադրության պանրի ծավալների ժամանակավոր նվազումը: Ինչ վերաբերում է անասնագլխաքանակին, պարզվում է` այն ոչ թե պակասել է, այլ կտրուկ ավելացել. ընթացիկ տարվա հունվարի 1-ի դրությամբ միայն կովերի գլխաքանակը նախորդ տարվա համեմատությամբ ավելացել է 20 հազարով: Այդ տվյալից ելնելով` ենթադրվում է, որ նախորդ տարվա համեմատությամբ կաթի արտադրությունը կավելանա շուրջ 40 հազար տոննայով: «Ներկայումս վերամշակող ձեռնարկություններն օրեցօր ավելացնում են պանրի արտադրության ծավալները, և պանրի հասունացումից հետո այն կտրամադրվի սպառողին: Ակնկալվում է, որ կաթի արտադրության ծավալների ավելացմանը զուգահեռ, պանրի արտադրությունը նախորդ տարվա համեմատությամբ կավելանա 1,5-2%-ով, ինչն իր հերթին կբերի պանրի գների նվազում 7-10%-ի սահմաններում»,- հավաստիացնում է գյուղատնտեսության նախարարությունը:
Ըստ նույն գյուղատնտեսության նախարարության պաշտոնական տվյալների, որոնք հրապարակված են նրա կայքում, նախորդ` 2012 թ. անասնագլխաքանակի աճման տեմպերը պահպանվել են նաև 2013-ին: Իսկ 2012-ին նախորդ տարվա համեմատությամբ գյուղատնտեսական կենդանիների աճման ցուցանիշներով Հայաստանը ԱՊՀ երկրներում զբաղեցրել է առաջին տեղը: Բայց հիշենք, որ անցած տարի խոտի պակասության ու թանկության պատճառով բազմաթիվ ահազանգեր հնչեցին, որ գյուղացիները գերադասում են վաճառել կամ մորթել իրենց անասունները: Ու եթե նշվում է, որ ավելացել է անասնագլխաքանակը, դա նշանակում է, որ պետք է ավելանա նաև այդ անասուններից ստացվող կաթը:
Հարց է ծագում` ինչո՞ւ անցած տարի պանրի խնդիր չկար, իսկ այս տարի կա, երբ ըստ պաշտոնական թվերի` նախորդ տարի ավելի քիչ անասուն ունեինք:
Բայց միայն այս հանգամանքը չէ, որ տարակուսանք է առաջացնում: Ըստ գյուղնախարարության պարզաբանման` կաթի սեզոնային նվազմամբ է պայմանավորված պանրի արտադրության ծավալների նվազումը, մինչդեռ նույն նախարարության պաշտոնական կայքը, ամփոփելով նախորդ տարին, գրում էր, որ 2012 թվականին, նախորդ տարվա համեմատությամբ, կաթի արտադրությունը ավելացել է 16.7 հազար տոննայով կամ 2.8%-ով, և կաթի համախառն արտադրությունը կազմել է 618,1 հազար տոննա: Երբ համեմատում ենք գյուղնախարարության ներկայացրած վիճակագրությունը` համադրելով անասնագլխաքանակի ու կաթի ծավալները, ստացվում է, որ իր կովերի կաթնատվությամբ Հայաստանը մրցում է, օրինակ, ԱՄՆ-ի հետ:
Այս հանգամանքները նշեցինք, հասկանալու համար, որ վիճակագրությունն ընդամենը նկարված, ավելի ճիշտ` «կրակված» թվերի համախումբ է, որն իրականությանը չի համապատասխանում:
Կարծիք կարող է լինել, թե դա վերաբերում է միայն կաթին, կովերին, պանրին, գյուղնախարարությանը, նրա ներկայացրած վիճակագրությանը և այլն: Սակայն
մի կարևոր արձանագրում անենք. անցյալ շաբաթ նաև պարզ դարձավ, որ համաշխարհային շուկայում գունավոր մետաղների գներն ընկել են: Մասնավորապես 1 տոննա պղնձի գինը համաշխարհային շուկայում ընկել է մինչև 7 հազար 253 դոլար, սա ամենացածր գինն է վերջին 1.5 տարվա ընթացքում: Իսկ նավթի գինը մոտեցել է 100 դոլարի: Սա անմիջականորեն ազդում է մեր երկրի վրա, որովհետև Հայաստանից արտահանվող ապրանքների մի զգալի մասը գունավոր մետաղների, առավելապես պղնձի հանքաքարն է: Ուստի դրա էժանացումը նվազեցնում է մեր երկրի եկամուտները: Իսկ նավթի գնի անկումը վատթարացնում է վիճակը Ռուսաստանում և բացասական ազդեցություն թողնում այնտեղ աշխատող մեր հայրենակիցների եկամուտների վրա: Իսկ թե ինչ ազդեցություն ունեն դրսից Հայաստան եկող մասնավոր տրանսֆերտները մեր տնտեսության համար, չեն թաքցնում նույնիսկ պատկան մարմիները: Հարկ է նշել նաև, որ 2008-2009 թթ. համաշխարհային տնտեսական ճգնաժամի ազդեցությունը Հայաստանի վրա հիմնականում այս ապրանքների գների անկմամբ էր պայմանավորված:
Սա նշանակում է, որ տնտեսական աճի այն ցուցանիշներին հասնելը, որոնք որպես թիրախ իր առջև դրել էր ՀՀ կառավարությունը, չեն իրականանա: Բայց երբ նայում ենք պաշտոնական վիճակագրությանը, Հայաստանը դրախտավայր է:
Փաստացի մենք ունենք արդեն ոչ միայն երկու` իրական ու վիրտուալ Հայաստաններ, այլև դրանց ավելացել է ևս մեկը` վիճակագրական Հայաստանը: Ու մեր երկրի տնտեսությունը այսպես դեռ երկար կկաղա, քանի դեռ Հայաստանում վիճակագրությունը ոչ թե վարվում է, այլ հորինվում:
Եղանակի կանխատեսումը մայիս ամսվա համար
Արարատի և Արմավիրի մարզեր, Արագածոտնի նախալեռներ
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 18..190C, որը 10C բարձր է բազմամյա միջին արժեքից: Ամսվա առաջին տասնoրյակում հնարավոր է ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև 7…90C, առանձին օրեր ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև 28…300C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույն ջերմաստիճանը 4…60C, առավելագույնը՝ 29…300C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակից ավել (նորման 35-50մմ):
Շիրակի, Կոտայքի և Գեղարքունիքի մարզեր, Արագածոտնի մարզի
լեռնային շրջաններ
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 9..120C, որը 10C բարձր է բազմամյա միջին արժեքից: Ամսվա առաջին տասնoրյակում հնարավոր է ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև -2…+30C, առանձին օրեր ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև 20…240C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույն ջերմաստիճանը -1…+20C, առավելագույնը՝ 19…240C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակից ավել (նորման 75-100մմ):
Լոռու մարզ
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 11..130C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Ամսվա առաջին տասնoրյակում հնարավոր է ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև 0…+50C, առանձին օրեր ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև 23…260C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույն ջերմաստիճանը 0…-20C, առավելագույնը՝ 23…260C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակից ավել (նորման 95-130մմ):
Տավուշի մարզ
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 12..150C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Ամսվա առաջին տասնoրյակում հնարավոր է ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև +3…80C, առանձին օրեր ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև 25…300C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույն ջերմաստիճանը 2…50C, առավելագույնը՝ 25…260C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակից ավել (նորման 97-107մմ):
Վայոց Ձորի մարզ
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է հովտային շրջաններում 18…190C, լեռնային շրջաններում` 10…120C, որը 10C բարձր է բազմամյա միջին արժեքից: Ամսվա առաջին տասնօրյակում հնարավոր է ջերմաստիճանի նվազում գիշերը` հովտային շրջաններում մինչև 7…90C, լեռնային շրջաններում՝ -2…+30C, առանձին օրեր ջերմաստիճանի բարձրացում՝ ցերեկը հովտային շրջաններում 28…300C, լեռնային շրջաններում՝ 20…220C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը հովտային շրջաններում՝ 3…40C, լեռնային շրջաններում՝ -1…-20C, առավելագույնը հովտային շրջաններում 28…300C, լեռնային շրջաններում՝ 18…190C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակին մոտ (նորման հովտային շրջաններում` 45-60մմ, լեռնային շրջաններում՝ 95մմ):
Սյունիքի մարզ
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է հովտային շրջաններում 17…200C, լեռնային շրջաններում` 11…120C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Ամսվա առաջին տասնօրյակում հնարավոր է ջերմաստիճանի նվազում գիշերը` հովտային շրջաններում մինչև 8…100C, լեռնային շրջաններում՝ +2…+50C, առանձին օրեր ջերմաստիճանի բարձրացում՝ ցերեկը հովտային շրջաններում 31…350C, լեռնային շրջաններում՝ 21…230C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը հովտային շրջաններում՝ 4…70C, լեռնային շրջաններում՝ -1…+1 0C, առավելագույնը հովտային շրջաններում 29…330C, լեռնային շրջաններում՝ 24…260C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմայից պակաս (նորման հովտային շրջաններում` 49-96մմ, լեռնային շրջաններում՝ 69-112մմ) :
Երևան
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 18..190C, որը 10C բարձր է բազմամյա միջին արժեքից: Ամսվա առաջին տասնoրյակում հնարավոր է ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև 8…100C, առանձին օրեր ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև 28…300C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույն ջերմաստիճանը 4…60C, առավելագույնը՝ 29…300C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակից ավել (նորման 45-60մմ):
Աշխարհի չեմպիոնուհի Նազիկ Ավդալյանը Վանաձորից տեղափոխվում է Երևան
Երկար ժամանակ է, ինչ աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանը մարզասերների ուշադրությունից հեռու է: Մինչդեռ միշտ էլ հետաքրքրում է, թե ինչո՞վ են զբաղվում, ո՞ւր են գնում մեր չեմպիոնները: Ինչպես հայտնի է, ավտովթարից հետո ծանրորդուհին դադարեցրել է մարզումները: Ինչ վերաբերում է մեծ սպորտ վերադառնալուն, ապա այդ մասին հակասական լուրեր են շրջում: Խոսակցություններ կան, որ Նազիկը կրկին մրցահարթակ է դուրս գալու, ասվում է նաև այն մասին, որ նա մտադիր է ծանրամարտի մանկապատանեկան կենտրոն հիմնել, մարզչական աշխատանքով զբաղվել և այլն: Հանդիպելով աշխարհի չեմպիոնուհուն` փորձեցինք նրանից ստույգ տեղեկություններ ստանալ:
Նազիկը հայտնեց, որ ներկայումս ոչնչով չի զբաղվում, պարզապես հանգստանում է: «Ամուսնանալուց հետո Գյումրիից տեղափոխվել եմ Վանաձոր, այնտեղ ենք բնակվում: Հիմա էլ պատրաստվում ենք հաստատվել Երևանում: Դրանից հետո նոր կպարզվի, թե ինչ պետք է անեմ: Ինչպես հայտնի է, աշխարհի չեմպիոն դառնալուց հետո ես բնակարան եմ նվեր ստացել մայրաքաղաքում` Ավան թաղամասի շենքերից մեկում: Սովորական տուն է, կբնակվենք Երևանում, և կաշխատեմ: Իսկ սպորտ վերադառնալու մասին երազում եմ, բայց պետք է բժիշկները որոշեն, թե դա ինչքանով է հնարավոր: Ներկայումս հետազոտությունները շարունակվում են, մասնագետները փորձում են պարզել` ողնաշարի վնասվածքից հետո հնարավո՞ր է կրկին ծանրամարտով զբաղվել, թե՞ ոչ: Առայժմ որոշակի ոչ մի բան չեմ կարող ասել: Շատ կցանկանայի, որ կրկին մարզվեի, մրցելույթներ ունենայի»,- ասաց Ավդալյանը:
Արդեն երեք տարի է` մարզուհին ծանրաձողի չի մոտենում: Սառը մարզագործիքը նրան շատ է ձգում, ցանկանում է կրկին կիլոգրամներ հաղթահարել, բայց զսպում է իրեն: Ի դեպ, մեկ ամիս առաջ, երբ մարզասրահ է մտել, նա չի դիմացել գայթակղությանը և 100 կգ-ոց ծանրաձողը բարձրացրել է:
Ինչ վերաբերում է նոր կարգավիճակին, ամուսնական կյանքին, ապա Նազիկը կարծում է, որ այն չի կարող խանգարել ակտիվ սպորտով զբաղվելուն: Ամուսինը` Էրիկ Կարապետյանը, դեռ այն ժամանակ, երբ մտերմություն են արել, դեմ չի եղել, որ Նազիկը ծանրամարտով զբաղվի: Ամուսնությունից հետո էլ նա թողել է, որ կինն ինքնուրույն որոշում կայացնի: Ի դեպ, էրիկը նույնպես ծանրորդ է, այժմ ուսանում է, ցանկանում է իրավաբան դառնալ:
Նազիկն էլ փորձում է ժամանակն անտեղի չվատնել, նույնպես սովորում է, աշխատում է երկրորդ` իրավաբանի մասնագիտություն ձեռք բերել: Ավդալյանն ավարտել է Գյումրիի մանկավարժական ինստիտուտը, կինեզիոլոգիայի մասնագետ է:
Եվ քանի որ սպորտից մի տեսակ հեռացել է, հետևում է, ապրում եղբոր` Հովհաննես Ավդալյանի հաջողություններով: Նա 16 տարեկան է: Նազիկն այն կարծիքին է, որ Հովհաննեսին սպորտում մեծ ապագա է սպասում: Մարզուհին հույս ունի, որ այն, ինչն ինքը սպորտում չի կարողացել անել, եղբորը հաջողվի: Քույրը ցանկանում է, որ Հովհաննեսը դառնա ոչ միայն Եվրոպայի, աշխարհի առաջնությունների հաղթող, այլև օլիմպիական խաղերի չեմպիոն:
Նոր շեշտադրումներ
Հայոց ցեղասպանության 98-ամյակի առիթով կազմակերպված տարաբնույթ միջոցառումներում կարմիր թելի նման անցնում էր գաղափարախոսական մի կարեւոր առանցքային թեմա, որը ոչ թե սոսկ կարգախոսային բնութագիր ուներ, այլ աւելի շուտ առաջադրանքային։
Այն հստակորեն վերաբերում էր ճանաչման եւ դատապարտման պահանջատիրական ռազմավարությունից դեպի հատուցման իրաւականացում անցմանը ։ Սա իհարկե համատարած առաջադրանքի չի վերածվել դեռեւս։ Ճիշտ է, որ կարմիլ թելը երեւում է տարաբնույթ միջոցառումներում, այսուհանդերձ չենք կարող արձանագրել, որ համազգային համախոհություն ու համաձայնություն է կայացել այս ուղղությամբ։
Զգուշաւոր մոտեցումները հրամայական են։ Ներագզային առումով զգացվում է անհրաժեշտություն գիտակցական հողի ձեւաւորման, որը կնպաստի կանխելու հիասթափության դյուրաւ գոյառելի ալիքը։ Մեկից աւելի են այն միտումները, որոնք շրջադարձային փուլ են ակնկալում հարյուրամյակի առիթով։ Հարյուրամյակի բերելիք առանձնահատկությունը դեռեւս պարզ չի։ Այս կապակցությամբ տեղի ունեցող քննարկումները անպայման համեմատական եզրեր են ուզում որոնել Ցեղասպանության հիսնամյակի հետ, որը իրոք ներազգային առումով իրադրային նշանակություն ունեցաւ եւ համահայկական նպատակի շուրջ համախմբեց հայությունը։
Պայմանների եւ հանգամանքների տարողունակությունների տարբերությունները ճիշտ գնահատելը օգտակար կլինի այս դեպքում։ Հարյուրամյակը ի վերջո որեւէ եզրագիծ չէ, որից այս կողմ եւ այն կողմ էական տարբերություններ են լինելու։
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի պաշտոնական անունը ինքնաբացատրական է։ Այն թելադրող, որոշող եւ աշխարհում գործող հանձնաժողովների հանձնարարականներ տվող հանձնաժողով չէ, այլ ուղղակի համակարգող բոլորի նախաձեռնությունները։ Համագործակցողի եւ օժանդակողի դերակատարություն ունի հիմնականում եւ ոչ թե պարտադիր որոշումներ կայացանողի։
Տարբեր խնդիր է անշուշտ, որ նման հանձնաժողովի ամենաներկայացուցչական դեմքերով հատկանշվող համընդգրկուն ձեւաչափը ինքնին կստեղծի կարեւորագույն միջավայր Ցեղասպանության նկատմամբ կիրառելի քաղաքականության շուրջ քննարկումներ ծաւալելու, ռազմավարական ուղիներ ճշտելու եւ գաղափարախոսական առանցքներ ձեւաւորելու։
Այս բոլորով հանդերձ մի քանի ուղենշային բովանդակություն ունեցող հայտարարություններ ստեղծում են որոշակի նախադրյալներ հետագաում ճշտելի առաջադրանքի ուղղությամբ։ 100-ամեակին ընդառաջ եւ Վիլսոնյան իրաւարար վճռի 90-ամյակի առիթով նախագահ Սարգսյանը խոսում էր Սեւրի պայմանագրի ներկայացրած իրաւական եւ այժմեական նշանակության մասին։ Պաշտոնական Երեւանի կողմից կատարվող հայտարարությունները եւ աւելի ուշ պետական հանձնաժողովի նիստերի քննարկումներին վերաբերող հրապարակումները բանաձեւում էին հայ ժողովրդի պատմական բոլոր իրաւունքների վերականգնման կամ Հայոց ցեղասպանության հետեւանքների վերացման առաջնահերթությունները։
Իրադրային նշանակություն ունի երկու վեհափառ հայրապետների համատեղ հայտարարությունը՝ Թուրքիայից պահանջելու անհապաղ վերադարձնել հայոց վանքերը, եկեղեցիներն ու եկեղեցապատական կալվածքները։ Իրադարձությունները ագուցված էին իրար, այն առումով, որ ոչ շատ առաջ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը հրավիրել էր միջազգային օրենսգետներ քննարկելու համար միջազգային օրենքի համահունչ՝ հատուցման հարցը իրաւական հարթության վրա տեղադրելու համապատասխան ուղիների որոնումը։
Իհարկե իրաւականը չի կարելի տարանջատել քաղաքականից։ Խնդիրը սակայն այս դեպքում այն է, որ բոլոր նախադրյալները հուշում են, որ հարյուրամյակին ընդառաջ Հայաստանից եւ սփյուռքից հնչող շեշտադրումները խոսում են այն փաստի մասին, որ հայաստանյան խոսելաոճով Ցեղասպանության հետեւանքների վերացման կամ սփյուռքյան բառապաշարով համազգային պահանջատիրության իրաւական թղթապանակը կազմելու ուղղության վրա ենք։ Մինչեւ 100-ամյակ՝ գեթ այդ թղթապանակի հայեցակարգային նախագիծը։
Շահան Գանտահարյան
«Ազդակ»-ի գլխավոր խմբագիր
Մուտացիայի ենթարկված թռչնի գրիպի վիրուսը կարող է մարդուց մարդ փոխանցվել
Չինական գիտնական, ակադեմիկոս Լի Լանցզյուանը, որը զբաղվում է H7N9 թռչի գրիպի վիրուսի ուսումնասիրությամբ, հաղորդել է, որ մուտացիայի ենթարկված H7N9 վիրուսը կարող է փոխանցվել մարդուն այլ կաթնասուններից: Նա ասել է, որ դա կարող է պատահել , եթե ամինութթվի H7 գենի կառուցվածքում փոփոխություն կատարվի:
Չինացի գիտնականները նաև եզրակացրել են, որ H7N9 -ը իր բնութագրով նման է ոչ տիպային թոքերի բորբոքումի: Նրանք գտնում են , որ այդ հայտնագործությունը թույլ կտա ավելի արդյունավետ պայքարել տարածված հիվանդության դեմ և համապատասխան բուժում նշանակել:
Չինաստանում առաջին անգամ թռչնի գրիպի H7N9 վիրուսի վարակի դեպքեր հայտարարվեցին մարտի վերջին: Մինչ այժմ մարդուց մարդուն հիվանդության փոխանցման դեպք չի գրանցվել: Այնուամենայնիվ հիվանդության հետ շփվող բոլոր մարդիկ ենթարկվում են խիստ կարանտինի:
Ինչպես հաղորդում է ИТАР-ТАСС-ը, Չինաստանում H7N9 վիրուսով վարակվածների թիվը հասել է 109 մարդու, որոնցից 22 -ը մահացել են:
Կարմրախտ
Կարմրախտը ցանով ուղեկցվող սուր վարակիչ հիվանդություն է, որով հիվանդանում են միայն մարդիկ: Հիվանդությունն արտահայտվում է մանրաբիծ ցանով և վերին շնչուղիների թեթևակի բորբոքմամբ :
Առաջին անգամ կարմրախտի մասին հիշատակվել է XVI դարում: 1829-ին Վագներն այդ հիվանդությունը տարանջատեց քութեշից ու կարմրուկից, իսկ 1881-ին կարմրախտն առանձնացվեց որպես առանձին, ինքնուրույն հիվանդություն: 1838-ին ճապոնացի մասնագետները` Հիրոն ու Տասակեն ապացուցեցին դրա վարակիչ բնույթը` կամավորին վարակելով: 1941-ին գերմանացի գիտնական Գրեթն առաջ քաշեց մի տեսություն մոր կարմրախտով հիվանդանալու հետևանքով սաղմի վրա վիրուսի տերատոգեն ազդեցության մասին, այլ խոսքով, կարմրախտով վարակված կինը կարող է բնածին խեղումներով երեխա լույս աշխարհ բերել: 1973-ին այդ տեսությունը հաստատվեց:
Կարմրախտի վարակը
Այն արտաքին միջավայրում անկայուն է ու սենյակային ջերմաստիճանում կարող է պահպանվել մի քանի ժամ: Արագ քայքայվում է թթվահիմնային միջավայրի հավասարակշռության խախտման դեպքում : Այն անկայուն է նաև ջերմաստիճանային տատանումների (56 С), չորացման, ախտահանող միջոցների, եթերի ու ֆորմալինի նկատմամբ:
Վարակվելու վտանգը մեծ է նրանց համար, ովքեր երբեք չեն պատվաստվել հիվանդության դեմ (հիմնականում` 2-9 տարեկան երեխաներ): Հիվանդության բռնկման համար բնորոշ սեզոն է ձմեռ-գարունը: Հայտնի է, որ հարևան Վրաստանում օրերս կարմրախտով 2000 հիվանդ է գրանցվել: Հիվանդության համաճարակը կրկնվում է յուրաքանչյուր 10 տարին մեկ: Մի անգամ հիվանդանալով` ցմահ իմունիտետ է մշակվում այդ հիվանդության նկատմամբ, սակայն, որոշ տվյալների համաձայն` կրկնավարակի դեպքեր ևս եղել են:
Հիվանդանալու պատճառները
Վարակը տարածվում է մարդուց մարդուն, նույնիսկ այն դեպքում, եթե արտահայտված ախտանշաններ չկան: Կարմրախտով հիվանդը վտանգավոր է մինչև ցանի դուրս գալը ` 5-7 օր և ցանն անհետանալուց առաջ` 7 օր:
Սա օդա-կաթիլային ճանապարհով փոխանցվող հիվանդություն է (հազալու, փռշտոցի, բղավոցի, խոսակցության, ուժեղ արտաշնչման ժամանակ), մեկ ուրիշ տարբերակ է հիվանդ հղի կնոջից պտղի վարակումը: Ինչպես և գրեթե բոլոր վարակիչ հիվանդությունների դեպքում, վարակի տարածման համար նպաստավոր են համարվում հավաքները, մարդկանց կուտակումները:
Ախտանշանները
Բանն այն է, որ մինչ ցանը կարող է ոչինչ չհուշել հիվանդության մասին: Այնպես որ կարելի է վարակվել անգամ «թվացյալ» առողջ մարդուց: Նախանշանային շրջան կարող է նույնիսկ չլինել, իսկ եթե կա, ապա այն տևում է մի քանի ժամից մինչև 2 օր: Ընդ որում, նախանշանները շատ թույլ են արտահայտված. սկզբում թուլություն է առաջանում, ապա ջերմությունը բարձրանում է 37,5-38⁰С: Ավշային հանգույցները ցանն առաջանալուց մեկ կամ 2 օր առաջ մեծանում են, այդ վիճակում հիվանդությունը ձգվում է 1-3 շաբաթ (ի դեպ, ավշային հանգույցների մեծացումը միակ արտահայտությունն է, որ մատնում է հիվանդության մասին): Հիմնականում մեծանում են ծոծրակային ու պարանոցի ավշային գեղձերը, որոնք միայն շոշափելիս են ցավոտ:
Ցանառաջացման շրջանը տևում է 3-4 օր, իսկ դրան նախորդում են փափուկ քիմքի վրա հայտնված վարդագույն բշտերը, որոնք կարող են տարածվել կոշտ քիմքի վրա: Դրանից հետո մանր ցան է առաջանում ամբողջ իրանի` գերազանցապես դեմքի, մարմնի ծալքավոր մասերի ու հետույքի վրա: Առատ ու մանր ցանը շատ շուտով կորցնում է վառ գույնը: Ցանի տարածումը վկայում է արյան միջոցով օրգանիզմում վարակի տարածման մասին:
Հնարավոր է, որ ցանառաջացմանը նախորոդող ոչ մի արտահայտություն էլ չլինի, իսկ մեծահասակների մոտ հնարավոր կարմրությամբ ու այտուցով ուղեկցվող հոդացավ առաջանա, որն ապաքինումից հետո անհետանում է:
Ապաքինում
Այս շրջանում բոլոր ախտանշանները նվազում ու անհետանում են, սակայն հիվանդը դեռևս վարակիչ է. նա կարող է ցանի անհետանալուց մինչև 7 օր դեռևս վարակիչ լինել:
Կարմրախտի բուժումը
Հատուկ բուժում չկա, սակայն անկողնային ռեժիմ է առաջարկվում 3-7 օր, լիարժեք սնունդ` տարիքային առանձնահատկությունների հաշվառմամբ:
Հիվանդության բարդությունը
Արթրիտներ, էնցեֆալիտ, մենինգոէնցեֆալիտ, ականջաբորբ. պնևմոնիա, քրոնիկ ինֆեկցիաների սրացում:
Կարմրախտի կանխարգելումը
Կանխարգելման առաջին միջոցը վակցինացիան է. փաստ է, որ դրա արդյունքում նվազել են նաև բնածին ախտանշանների քանակը: Կարևոր է հղի կանանց մեկուսացումը հիվանդներից:
Ինչպե՞ս է սկսվում կարմրախտը: Ցավոք հիվանդությունը մեծ մասամբ նկատվում, զգացվում է ցանի առաջացման հետ: Վարդագույն կամ բաց կարմիր բծերը միաձուլվում են: Ցանը կարող է ուղեկցվել քորով, ու այդ վիճակը կարող է տևել մինչև 3 օր: Ցանով ախտահարումից հետո մաշկը պատվում է թեփուկներով:
Իսկ ինչպե՞ս կարելի է մշակել ցանը: Չբարդացած վիճակում այն մշակելու կարիք չի զգացվում: Շատ մարդկանց մոտ հիվանդությունն ընթանում է առանց ախտանշանների: Սովորաբար հիվանդության ժամանակ ոչ մի դեղորայք չի նշանակվում, սակայն անկողնային ռեժիմը ցուցված է, հիվանդներին առատ հեղուկ ու վիտամինային թերապիա են նշանակում: Հղիության ժամանակ կարմրախոտով հիվանդանալը խիստ վտանգավոր է ապագա պտղի համար, քանի որ կարմրախտով ախտահարված պտուղը ծնվելուց հետո կարող է առողջական լուրջ խնդիրներ ունենալ, ասենք` հոգեկան թերզարգացում, մտավոր հետամնացություն, սրտի, լյարդի, փայծաղի, ոսկրուղեղի, տեսողական օրգանների բնածին արատներ, վատ լսողություն կամ նույնիսկ` խլություն:
Կարմրախտը կարող է ուղեկցվել գլխացավով, ախորժակի կորստով, հոսող կամ լցված քթի զգացումով:
Կարմրախտն ու հղիությունը
Յուրաքանչյուր երեխայի կյանքն անգին է, հատկապես, եթե այդ երեխան անպտղության դեմ բուժման արդյունքում է լույս աշխարհ եկել: Ուրեմն, ինչպե՞ս կարելի է թույլ տալ, որ կարմրախտը վնասի այդ հրաշքին:
Կարմրախտը, թեև ընթացքով ծանր չէ, բոլոր վարակիչ հիվանդություններից ամենալուրջ հետևանքներ ունեցողներից է, հատկապես մեծահասակների մասին է խոսքը: Քանի որ այն վարակիչ հիվանդությունների խմբից է, ուրեմն միակ հակամիջոցը պատվաստումն է հիվանդության դեմ:
Վատ ինքնազգացողություն, ցան ամբողջ մարմնի վրա. սա է այն ամենը ինչ սպառնում է ապագա մայրիկին, սակայն սաղմի վրա հիվանդությունը կարող է ճակատագրական հետևանքներ ունենալ. ինչպես վերը նշվեց` սրտի խնդիրներ, խլություն, կուրություն: Կարմրախտն ու հղիությունն անհամատեղելի են, ուստի, եթե կինը վարակվում է կարմրախտով հղիության առաջին ամիսներին, ապա նրան առաջարկվում է դադարեցնել հղիությունը: Իսկ եթե մայրը կարմրախտով վարակվել է հղիության ուշ շրջանում, ապա վարակը բացասական ազդեցություն կարող է ունենալ երեխայի վրա, սակավարյունության, ներքին օրգանների, նյարդային համակարգի ախտահարման տեսքով: Եվ չնայած այս փաստերը սարսափեցնող են, այնուամենայնիվ, հիվանդությունը կարելի է կանխարգելել:
Ինչպե՞ս է կարմարխտն ազդում պտղի վրա. մոր արյան միջոցով վարակն ախտահարում է պտղի հյուսվածքները` պտղի մոտ առաջացնելով ինֆեկցիա: Հաճախ այդ ինֆեկցիան էլ դառնում է վիժման կամ էլ պտղի ներարգանդային զարգացման խախտման պատճառ:
Նա ով «բախտ» է ունեցել կարմրախտով հիվանդանալու մանուկ հասակում, նա կարող է փոքր ինչ հանգիստ լինել, որովհետև հիվանդությունից հետո ձևավորվում է կայուն ու տևական իմունիտետ տվյալ հիվանդության նկատմամբ:
Իսկ կարմրախտով երբևէ չհիվանդացած հղիներին միակ խորհուրդը հետևյալն է. խուսափեք հիվանդների հետ շփումից:
Կարմրախտի դեմ ժամանակակից պատվաստանյութերի արդյունավետությունը 97% է, իսկ արդյունքում ձևավորված իմունիտետը պահպանվում է ավելի քան 20 տարի:
«Միգուցե մենք խենթ ենք, կամ աշխարհն է ցնորվել…»
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը ապրիլի 16-ին` Իսրայելի անկախության օրը, ընդունեց թիվ 65 բանաձևը, որը նախատեսում է ռազմական և դիվանագիտական աջակցություն Իսրայելին` Իրանի վրա հարձակման դեպքում:
Սա նշանակում է, որ Իրանի շուրջ ստեղծված լարվածությունը, որը վերջին ժամանակներս, հատկապես` Սիրիայի խնդրի թեժացումից հետո, կարծես սառել էր, նորից ակտիվանում է:
Ի սկզբանե փորձագետները նշում էին, որ մինչև Սիրիայի հարցերը չլուծվեն, Արևմուտքը, մասնավորապես` ԱՄՆ–ն, ուշադրությունը չի կենտրոնացնի Իրանի վրա: Ու եթե նման բանաձև է ընդունվում, նշանակում է տարածաշրջանում լուրջ ու այսպես ասած, վիրահատական միջամտություն է նախապատրաստվում Արևմուտքի կողմից:
Այդ կարծիքն իրեն երկար սպասել չտվեց, քանի որ բանաձև ընդունելուց անմիջապես հետո ԱՄՆ պաշտպանության նախարար Չակ Հեյգելը, ինչպես նշում էր «Reuters»-ը, հայտնել է, որ ԱՄՆ-ն մտադիր է մոտ ժամանակներս 200 զինծառայող ուղարկել Հորդանան` այդ մերձավորարևելյան երկրի պաշտպանունակության մեծացման համար: Նրա խոսքերով` ԱՄՆ-ի նպատակը Սիրիայի սահմաններից զինված հակամարտության դուրս գալուն խոչընդոտելն է: Ավելի վաղ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել էր, որ«պատերազմի հրդեհն» անպայման կտարածվի նաև Հորդանանում, որի տարածքից սիրիացի ապստամբներին զենք է մատակարարվում:
Հարց է առաջանում` այդ ի՞նչ 200 գերզինվորներ են, որ կկարողանան խոչընդոտել Սիրիայի սահմաններից հակամարտության դուրս գալը. պարզ է` հրահանգիչներ և հատուկ ծառայությունների ներկայացուցիչներ են: Այս զինվորականներից բացի, Հորդանանից մի անանուն աղբյուր սաուդյան «Աշ Շարք ալ Աուսաթ» թերթին հայտնել է, որ ԱՄՆ-ն «Patriot» զենիթահրթիռային երկու համալիր է տեղակայելու Սիրիայի և Հորդանանի սահմանին: Դրանք Հորդանան են բերվելու Քուվեյթից և Քաթարից: Սա էլ դեռ վերջը չէր, տեղեկատվություն հրապարակվեց, որ ԱՄՆ-ն կկրկնապատկի սիրիական ընդդիմությանը տրամադրվող օժանդակությունը` հասցնելով այն 250 միլիոն դոլարի: Այդ մասին էլ հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին: Տվյալ հայտարարությամբ Քերին հանդես է եկել Թուրքիայի Ստամբուլ քաղաքում` «Սիրիայի բարեկամներ» խմբի հետ հանդիպման ժամանակ: Ըստ Քերիի` կմեծանա նաև ոչ մարտական ռազմական սարքավորումների մատակարարման ծավալը: Այդ նույն ընթացքում Հորդանանի իշխանությունները բացեցին իրենց երկրի օդային տարածքը իսրայելական անօդաչու սարքերի համար, որոնք հետևում են Սիրիայում ծավալվող իրադարձություններին:
Բայց, ինչպես և սպասվում էր, հակառակորդների ճամբարում էլ դեռ արթուն են, ու այս քայլերի անմիջական պատասխանը եղավ այն, որ տեղեկատվություն տարածվեց, թե «Հըզբոլլահի» առաջնորդ Հասան Նասրալան գաղտնի հանդիպում է ունեցել Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հետ, որի ընթացքում քննարկվել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադին աջացկություն ցուցաբերելու հարցը, եթե ապստամբները զգալի հաջողությունների հասնեն:
«Իրանը մտադիր է 100 հազար զինծառայող ուղարկել Սիրիա` Ասադի կառավարության պաշտպանության համար, եթե Արևմուտքը շարունակի աջակցել ընդդիմադիրներին»,- հայտնել է բանակցություններին տեղյակ աղբյուրը:
Ամեն ինչից պարզ է դառնում, որ իրավիճակը տարածաշրջանում էլ ավելի է թեժանում:
Որքան էլ ուզեն, աշխարհը միաբևեռ չէ
Այս դեպքում, բազմիցս նշել ենք, որ կարևոր է, թե ինչպես կարձագանքի այս ամենին Ռուսաստանը:
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ինչպես տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը, ապրիլի 17-ին Ստամբուլում նշել է, որ սիրիական գործընթացի որոշ կարևոր մասնակիցներ վստահեցնում էին, թե ուղիներ կփնտրեն երկխոսության համար, և հավելել է, որ Ռուսաստանը ձգտում է հասնել այն բանին, որ Դամասկոսը կատարի իր խոստումները, առաջնորդվի Ժնևյան համաձայնագրով:
«Եթե իրադրությունը հանձնենք նրանց, ովքեր խաղադրույք են կատարում ռազմական որոշման վրա, ապա այն սարսափները, որոնք կան, կբազմապատկվեն, նաև կմեծանա ահաբեկիչների ազդեցությունը տարածաշրջանում»,- ընդգծել է ՌԴ արտգործնախարարը:
Եթե սովոարկան լեզվով ասենք, Ռուսաստանը դեմ է սիրիական խնդրի ռազմական սցենարներին, իսկ դա նշանակում է` նաև իրանական խնդրի լուծման տարբերակին: Դրանից հետո ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը տեղեկացրել է, որ ապրիլի 23-ին հանդիպելու է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ և քննարկելու է սիրիական թեման:
Այս առնչությամբ կարևոր է մի հանգամանք. Արևմուտքը պետք է ամեն կերպ փորձի Ռուսաստանի ուշադրությունը շեղել Մերձավոր Արևելքից, որպեսզի կարողանա իրագործել իր նպատակներն այս տարածաշրջանում: Եվ կարևոր է հասկանալ, թե ինչ միջոցներ կարող է օգտագործել Արևմուտքը նման հարցերում, մասնավորապես` ԱՄՆ-ն:
Մի փոքրիկ պատմական ակնարկ, թե ինչպես է սովորաբար լուծում ԱՄՆ–ն իր աշխարհաքաղաքական հարցերը:
Պատերազմը համարվում է գերշահավետ բիզնես, դա գաղտնիք չէ: 1915 թ. մայիսի 7-ին ԱՄՆ–ն մտավ Առաջին համաշխարհային պատերազմի մեջ, երբ ԱՄՆ–ի և Մեծ Բրիտանիայի բարձրաստիճան պաշտոնյաների կազմակերպմամբ «Լուզիտանիա» նավն ուղևորվեց դեպի գերմանական վերահսկողության տակ գտնվող ջրերը և ոչնչացվեց գերմանական ուժերի կողմից:
1941 թ. ԱՄՆ–ն մտավ Երկրորդ աշխարհամարտի մեջ, երբ դեկտեմբերի 7-ին Ճապոնիան ավիացիոն հարված հասցրեց Պեռլ Հարբորում տեղակայված ԱՄՆ ռազմածովային բազային, սակայն դրանից 60 տարի հետո հայտնի դարձավ, որ այդ հարձակման մասին ԱՄՆ–ում տեղյակ են եղել դրանից մեկ շաբաթ առաջ:
1964 թ. ԱՄՆ–ի կողմից Հյուսիսային Վիետնամին պատերազմ հայտարարելու պաշտոնական առիթ դարձավ «Տանկինյան միջադեպը», երբ վիետնամական սուզանավերը Տանկինի ծոցում հարձակում գործեցին ԱՄՆ ռազմանավի վրա: Սակայն հիմա հենց ամերիկացի հետազոտողներն են ասում, ոչ մի հարձակում էլ ռազմանավի վրա չի եղել, ինչի մասին խոսել է նաև այդ ժամանակի ԱՄՆ պաշտպանության նախարար Ռոբերտ Մակնամարան:
2001 թ. սեպտեմբերի 11-ի «ահաբեկչությունից» հետո ԱՄՆ–ն պատերազմներ սկսեց միանգամից Իրաքում և Աֆղանստանում, ու հենց այդ ժամանակ էլ սկսեցին վարկածներ շրջանառվել, որ ահաբեկչությունը սարքովի էր…
Հենց ամերիկացի հետազոտողներն են արձանագրել, որ Իրաքում ռազմական գործողությունների ձգձգումը պայմանավորված էր այն հանգամանքներով, որ բացի նավթից, պատերազմական բիզնեսից, ներքին քաղաքական դիվիդիենտներ շահելուց, նաև պետք է հանդիսանային ռազմաբազա հարևան նույնպես նավթ արտադրող Սիրիա և Իրան ներխուժելու համար:
Հարց է առաջանում` այդ ինչպե՞ս եղավ, որ մի օր աշխարհը զարթնեց ու իմացավ, որ Հյուսիսային Կորեան «միջուկային արկածախնդրություն է» սանձազերծել Ռուսաստանի սահմանների անմիջական հարևանությամբ: Դրանից հետո «Patriot» զենիթահրթիռային համալիրի նորագույն` РАС-3 տարատեսակից 4 օրինակ բերվեց ճապոնական Օկինավա կղզի: Ըստ Ճապոնիայի պաշտպանության նախարարության հաղորդագրության` դրանք նախատեսված են ԿԺԴՀ բալիստիկ հրթիռները որսալու համար: Ստացվում է, որ Արևմուտքը, խիստ «մարդասիրական», «խաղաղարարական» նկատառումներից ելնելով, «Patriot»-ներով է լցնում ոչ միայն բոլոր այն տարածաշրջանները, որտեղ թեժ օջախներ կան, այլև Ռուսաստանի շահերի տիրույթում…
Ու պատահակա՞ն է արդյոք, որ Բոստոնի ահաբեկչության մեջ կասկածվող Ջոհար և Թամերլան Ցարնաևները սկզբում` մինչև նշելը, որ նրանք ԱՄՆ քաղաքացի են, նշվում էր, որ «ծագումով Ռուսաստանից են»: Ի դեպ, հենց Բոստոնի ահաբեկչությունն էլ, դատելով համաշխարհային քաղաքականություն վարելու ԱՄՆ վերոհիշյալ «փորձից», հուշում է, որ կուլիսներում ինչ–որ գործընթաց է եռում:
Դարից դար ձգվող մորմոք…
Մեծ եղեռնի մեկդարյա տարելիցը հավուր պատշաճի ոգեկոչելու գործընթացն արդեն չոքել է մեր դռանը, և դրան հավուր պատշաճի նախապատրաստվելու համար պետք է հենց այսօրվանից սկսել: Կասկածից վեր է, որ Հայոց ցեղասպանությունը վերապրած մարդու կյանքի թեկուզ մի պատառիկը, վավերագիրը փրկելը բացառիկ արժեք է:
Շատերիս փոխարեն նման մի ծանրագույն բեռ արդեն իր ուսերին է վերցրել Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամը` տնօրեն Սամվել Կարապետյանի ղեկավարությամբ: Մեծ եղեռնի ոգեկոչման100-ամյակի շեմին նրանք ընթերցողի սեղանին կդնեն Արևմտյան Հայաստանի շուրջ 70 գավառներում տասնամյակների ընթացքում իրենց իրականացրած տարաբնույթ ուսումնասիրությունների, աշխատանքների արդյունքն ամփոփող 36-հատորյակի առաջին հատորը: Մատենաշար, որը, հիրավի, կխորհրդանշի մեր հարգանքի տուրքն ու խոնարհումն անմեղ զոհերի հիշատակին:
Այս աննախադեպ ձեռնարկի հիմքն արդեն գցված է, իսկ արդյունքն առավել քան շոշափելի է: Առաջին հատորն ընթերցողի սեղանին կդրվի արդեն եկող տարի: Հուշարձանագետի հետ ունեցած իմ զրույցից ահա թե ինչ պարզվեց:
Արևմտյան Հայաստանի շուրջ 7 հազար գյուղի պատմությունն ըստ գավառների ներկայացնելը, հիրավի, կատակ գործ չէ: Ինչպես, օրինակ` Բագրեվանդը, որը մեզ առավել հայտնի է Ալաշկերտ անվամբ և Արևմտյան Հայաստանի տասնյակ հազարավոր հուշարձաններից մեկն է: Հարյուրավոր հուշարձաններ հենց միայն այդ տարածքում կան, հետևապես 36 հատորներից մեկն էլ նրան կնվիրվի, երբ հերթը նրան հասնի :
Իսկ գավառի, գյուղի պատմության մաս են կազմում, բնականաբար, պատմական հուշարձանները` պահպանված և անհետացած: Իսկ այն, ինչ արդեն անհետ կորած է, դրա մասին վկայող պատմական տեղեկությունները տեղ կգտնեն հատորյակներում:
Հարց է ծագում` պահպանվա՞ծն է շատ, թե՞ ոչնչացվածը: Պարզվում է` Եղեռնի նախօրեին մոտավոր հաշվարկով շուրջ 170 հազար հուշարձան է եղել Արևմտյան Հայաստանում, որոնցից այսօր մոտ 2 տոկոսն է պահպանվել: Ավելի ստույգ` մոտ 3-4 հազար հուշարձան,այնուամենայնիվ, դեռ կա: Այն էլ, մեծ մասամբ` ավերակ: Բայց մի 2 տոկոսի տեղը դեռ նշմարելի է: Իսկ ամբողջությամբ կանգուն հուշարձանների թիվը, ցավոք, քիչ է:
Ավելի լուրջ գործ, քան այդ 36 հատորյակի հրատարակումն է` նվիրված մեկդարյա տարելիցին և Արևմտյան Հայաստանի գավառներին, հայ իրականության մեջ, որևէ հիմնադրամ կամ պետական կառույց դեռ չի նախաձեռնել: «Եվ ոչ միայն խոսել, այլև մտածել, թե մի ուրիշ ավելի կարևոր բան արդյոք չե՞նք մտմտում, անիմաստ է, որովհետև կարևորի կարևորը հենց դա է, որ կա, որն էլ, հիրավի, կյանքի գործ է, այն էլ ոչ թե մի մարդու կյանքի գործ»,- ասում է Ս. Կարապետյանը:
Արևմտյան Հայաստանի 7 հազար գյուղի պատմությունը ներկայացնելը, երևակայեք, թե ինչ է նշանակում: Դա, ի վերջո, 30-35 տարիների քրտնաջան աշխատանքի արդյունքում հավաքված պատմությունների, փաստերի նյութականացումն է: Դրան գումարած ամեն տարի տեղի ունեցող գիտարշավները: Տարին` 1-2 գիտարշավ, չափագրություններ, քարտեզագրումներ:
Արևմտյան Հայաստանի հատկապես ո՞ր գավառն է աչքի ընկնում պատմական հարուստ «ավարով»: Հուշարձանագետի վկայությամբ` Արևմտյան Հայաստանի 75 տոկոսը կազմող քրդաբնակ շրջաններում շատ ավելի պատմական հուշարձաններ են պահպանվել, քան թուրքաբնակ շրջաններում: Այս փաստը նա հետևյալ կերպ է մեկնաբանում. «Ինչպես քրդաբնակ, այնպես էլ թուրքաբնակ շրջաններում ամեն տեղ գանձախուզություն կա: Թուրքերն էլ են գանձ որոնում, քրդերն էլ, բայց, ի տարբերություն քրդաբնակ շրջանների,տեսնում ենք, որ թուրքաբնակ շրջաններում հայկական հուշարձանների հետքերը ոչնչացնելն ավելի նպատակամղված է իրականացվել, որովհետև, չէ՞ որ պետությունը Թուրքիա է կոչվում, և նրանք այդ երկրի քաղաքացիներն են, և իրենց մեջ պետական մտածողությունը կա, իրենց մեջ զավթված հայոց հայրենիքն իրենց պետության համար ապահովելու, ամրագրելու մտահոգությունը կա, քրդերը հայրենիքի զգացում չունեն»,- ասում է Սամվել Կարապետյանն ու հավելում, որ առհասարակ գանձախուզության տենդով տառապող քրդաբնակ շրջաններում ոչնչացված հայկական հուշարձանների մեծ մասը նույնպես բանակն է ոչնչացրել:
XX դարավերջին մեզ պատուհասածը դժբախտ պատահար չէր, որ կարողանանք համակերպվել, այլ մի ողջ ժողովրդի բնաջնջելու և նրա հայրենիքին տեր դառնալու հրեշավոր ծրագիր, ուրեմն պիտի յուրաքանչյուրս մեր ոլորտում դադար չունենանք, մինչև աշխարհի մեծերը խելքի գան…
Ամալյա ԵԴԻԳԱՐՅԱՆ
Պետք է հասանելի լինեն դասագրքերի և շտեմարանների էլեկտրոնային տարբերակները
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Վարչապետը կառավարության անդամներին տեղեկացրել է, որ վերջերս քաղաքացիներից դիմումներ է ստանում դպրոցական դասագրքերը, ինչպես նաև ընդունելության քննությունների շտեմարանները շահառուներին հասանելի դարձնելու մասին։ «Հարցը հրատապ է այն առումով, որ կառավարությունը ձեռնամուխ է եղել բոլոր հանրակրթական դպրոցներում համակարգիչ ներմուծելուն, և երեխաները կարող են դասագրքերից օգտվել համակարգչի օգնությամբ», – շեշտել է վարչապետը։ Ստանալով կրթության և գիտության փոխնախարարի հավաստիացումը, որ բոլոր դասագրքերը տեղադրված են Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի պորտալում, Տիգրան Սարգսյանը հավելել է. «Ուրեմն, մենք այսօր մեր քաղաքացիներին կարող ենք հայտարարել, որ Հայաստանում կիրառվող բոլոր դասագրքերը տեղակայված են կրթական պորտալում, և երեխաները, ծնողներն ազատորեն և անվճար կարող են օգտվել դրանցից։ Ճիշտ կլինի, որ ընդունելության քննությունների շտեմարանները նույնպես անվճար հասանելի լինեն մեր քաղաքացիներին։ Քանի որ պետական քննություններն անցկացվում են այդ շտեմարաններով, ուրեմն` պետությունը ճանաչել է դրանք, և քաղաքացիները պետք է հնարավորություն ունենան օգտվել դրանից։ Շտեմարաններով բիզնես անելը ճիշտ չէ»։
Կանոնակարգվում է էլեկտրոնային կրիչների առևտուրը
Հիմք ընդունելով «Հսկիչ նշանների (դրոշմապիտակների) միջոցով մագնիսական, օպտիկական, թվային, լազերային և ցանկացած այլ տիպի էլեկտրոնային կրիչների պարտադիր դրոշմավորման մասին» ՀՀ օրենքը` կառավարությունն իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ և լրացումներ` ի հայտ եկած դժվարությունները վերացնելու և տարընթերցումները հստակեցնելու նպատակով։ Տնտեսվարող սուբյեկտներին հնարավորություն է տրվում իրացնել մինչև 2012 թ. նոյեմբերի 15-ը Հայաստան ներմուծված կամ Հայաստանում արտադրված, սակայն չդրոշմավորված և չիրացված կրիչները։ Հարցի քննարկման ժամանակ ի պատասխան վարչապետ Տիգրան Սարգսյանի այն մտավախության, որ տնտեսվարողներին այս անգամ ընդառաջելուց հետո, որպեսզի նրանք վաճառեն պահեստներում կուտակված կրիչները, նույն հարցը չի՞ առաջանա արդյոք մեկ տարի անց, ՀՀ էկոնոմիկայի, ՀՀ արդարադատության նախարարների պաշտոնակատարները, ինչպես նաև ՊԵԿ նախագահը հավաստիացրել են, որ առաջարկվող որոշման նախագծում հաշվի են առնված հնարավոր հետևանքները։ Ըստ վարչապետի դիտարկման մարդիկ նախապատվությունը տալիս են հազար դրամով անօրինական կրիչ` խտասկավառակ գնելուն, երբ օրինականը 5-6 անգամ ավելի թանկ է։ Այնուամենայնիվ, կառավարությունն ընդունել է պաշտոնյաների հավաստիացումը, իսկ Տիգրան Սարգսյանը հանձնարարել է երեք ամսից կրկին անդրադառնալ հարցին։
ՀՀ կառավարությունը թույլատրել է «ԱՄԱ կոմպրեսոր» համատեղ ձեռնարկություն» ՍՊԸ կողմից ներմուծված ապրանքների նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» մաքսային ռեժիմի ժամկետը երկարաձգել մինչև 2013 թ. դեկտեմբերի 8-ը։ Ընկերությունը 2012 թ. ընթացքում մեկ տարի ժամկետով ՀՀ մաքսային տարածք է ներմուծել գազի երկու կոմպրեսոր, էլեկտրական երկու շարժիչ և կոմպրեսորային յուղ։ Տեխնիկական որոշ ցուցանիշների փոփոխության պատճառով տեղում արտադրվող սարքավորումների ժամկետը փոխվել է, ուստի անհրաժեշտություն է առաջացել վեց ամսով հետաձգելու նաև մաքսային ռեժիմի ժամկետը։ Որոշման ընդունմամբ ոչ միայն կստեղծվի վերամշակված արտադրանքի արտահանման հնարավորություն, այլև կկայունանա ընկերության ֆինանսական վիճակը, կպահպանվեն ստեղծված աշխատատեղերը։
Գործադիրն իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ, որոնք վերաբերում են գանգատարկման խորհրդի ստեղծմանը և վերադաս հարկային և մաքսային մարմինների գանգատարկման հանձնաժողովների որոշումների քննարկմանը։ Ի պատասխան վարչապետի հարցի` ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատարը և ՊԵԿ նախագահը դրական են գնահատել երեք տարուց էլ պակաս ժամանակում հանձնաժողների գործունեությունը։
Գործադիրը վերաբաշխում է կատարել ՀՀ 2013 թ. պետբյուջեում, փոփոխություններ` իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում։ Սահմանվել է, որ սոցիալական փաթեթի շահառու հանդիսացող զինծառայողների, փրկարար ծառայության ծառայողների համար նախատեսված առողջության ապահովագրության բազային փաթեթի ապահովագրավճարի չափով գումարների հանրագումարը տրամադրվում է ՀՀ առողջապահության նախարարությանը` նշված շահառուների և նրանց ընտանիքի անմիջական անդամների համար բժշկական օգնության և սպասարկման ֆինանսավորում իրականացնելու նպատակով։
Կառավարության որոշմամբ ՀՀ ֆինանսների նախարարությանը համակարգչային նոր ծրագրերի ձեռքբերման նպատակով հատկացվել է 17 մլն դրամ։ Նոր ծրագրերի օգնությամբ իրականացվելու են նոր ծառայություններ, հսկիչ գների սահմանում և հսկողություն, բյուջետային փոխանցումների վերահսկում, գանձապետական հաշիվների միասնական տեղեկատուների ստեղծում և կատարելագործում և այլն։
Կառավարությունը սահմանել է ռադիոակտիվ հոսքի երկրաբանական ուսումնասիրության նպատակով ընդերքօգտագործման իրավունքի ձեռքբերման համար հատուկ թույլտվության տրամադրման կարգը, որի համաձայն կստեղծվի միջգերատեսչական հանձնաժողով, կկարգավորվեն գործընթացի հետ կապված հարաբերությունները։
ՀՀ կառավարությունը Երևանի Կոմիտասի 49/4 հասցեում գտնվող Չափագիտության ազգային ինստիտուտի շենքի տանիքի նորոգման, ջեռուցման և ներքին հարդարման աշխատանքների համար իր պահուստային ֆոնդից հատկացրել է ավելի քան 343 մլն դրամ։ Սահմանվել է, որ այդ աշխատանքների, ինչպես նաև Շիրակի մարզի Մեծ Մանթաշի դպրոցի հիմնանորոգման, տեխնիկական, հեղինակային հսկողության ծառայություններն իրականացվելու են բանակցային ընթացակարգով` առանց գնումների հայտարարությունը նախապես հրապարակելու։
2014 թ. կանցկացվի գյուղատնտեսության համատարած հաշվառում
ՀՀ կառավարության որոշմամբ 2014 թ. հոկտեմբերի 11-ից 31-ը ներառյալ անցկացվելու է ՀՀ գյուղատնտեսության համատարած հաշվառում։ Մինչ այդ` 2013 թ. հոկտեմբերի 11-ից 31-ը ներառյալ Արարատի մարզի Շահումյան, Ազատավան և Նոր Խարբերդ, Կոտայքի մարզի Նոր Գեղի, Տավուշի մարզի Գանձաքար և Այգեհովիտ գյուղական համայնքներում, Բերդ քաղաքային համայնքում անցկացվելու է փորձնական հաշվառում։ Գյուղատնտեսական համատարած հաշվառումը հնարավորություն կընձեռի ձևավորել վիճակագրական տվյալների ամբողջական համակարգ, հստակեցնել գյուղատնտեսության` որպես ձեռնարկատիրության առավել մանրամասն կազմն ու կառուցվածքը և այլն։ «Մենք Հայաստանի Հանրապետությունում համատարած գյուղատնտեսական հաշվառում առաջին անգամ ենք անցկացնում, – ասել է Տիգրան Սարգսյանը։ – Առաջին անգամ պատկերացում ենք ունենալու, թե գյուղատնտեսությունում ինչ հողեր ունենք՝ դրանց տեսակները, կենդանիների գլխաքանակը, շինությունները, քանի զբաղված ունենք գյուղատնտեսությունում և այլն։
Թանկ հաճույք է։ Մենք պետք է բավական ակտիվ աշխատենք դոնորների հետ, որպեսզի ֆինանսական միջոցներ հայթայթենք։ Հիմնական ծախսերը լինելու են 2014 թվականին։ Սա համապետական նշանակություն ունեցող միջոցառում է, և կառավարությունից պահանջվելու են լուրջ ջանքեր, որպեսզի այս խնդիրը կարողանանք ամբողջությամբ լուծել»։
Գործադիրն իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում կատարել է փոփոխություն, որն ուղղված է այգեգործական հողամասերի նկատմամբ իրավունքների պետական գրանցման աշխատանքը կանոնակարգելուն։ Մասնավորապես, կբավարարվեն համայնքների վարչական սահմաններում ընդգրկված նպատակային տարբեր նշանակության պետական սեփականություն հանդիսացող հողերից այգեգործության համար հատկացված տարածքներից հողամաս ստացած քաղաքացիների սեփականության ճանաչման, իրավունքների պետական գրանցման պահանջները։
Լրացումներ կատարելով իր նախկին որոշումներից մեկում, կառավարությունն ապահովել է «Աշխարհագրական անվանումների մասին» ՀՀ օրենքի կատարումը, լրացրել Շիրակի և Վայոց ձորի մարզերի աշխարհագրական օբյեկտների անվանումների ցանկերը` դրանով իսկ թարմացնելով ու արդիականացնելով աշխարհագրական անվանումների քարտադարանը։
Կապիտալ ծախսերը կհիմնավորվեն
ՀՀ կառավարությունը հաստատել է`
– պետական կարիքների համար իրականացվող կապիտալ ծախսերի հաշվարկի հիմքում դրվող ապրանքատեսակների կողմնորոշիչ գների և շինարարության ոլորտում գների ինդեքսների հաշվարկման կարգը,
– կերարտադրության նպատակով օգտագործվող օրգանական, անօրգանական, թունավոր, անցանկալի նյութերի ցանկը, որի կիրառմամբ կապահովվի կենդանական ծագմամբ սննդամթերքի անվտանգությունը մարդու առողջության և կյանքի համար,
– ՀՀ էկոնոմիկայի նախարարության «Գործադիր իշխանության, պետական կառավարման հանրապետական և տարածքային կառավարման մարմինների պահպանում արտաբյուջետային միջոցների հաշվին» և ՀՀ ԿԱ ոստիկանության «ՀՀ քաղաքացու անձնագիր տալու կամ փոխանակելու վճարովի ծառայություն» ծրագրերի 2013 թ. նախահաշիվները։
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Բնապահպանության ոլորտի նորարարական ֆինանսատնտեսական մեխանիզմների ստեղծման հայեցակարգին», որի նպատակը միջազգային պայմանագրերով նախատեսված տնտեսական համագործակցությանբ մեխանիզմների ընդլայնումը, ինչպես նաև ոլորտում մասնավոր ներդրումները խթանող համակարգի ստեղծումն է։
Գործադիրն ի գիտություն է ընդունել «Պետական գույքի կառավարման վարչության 2011-2013 թթ. ծրագրի կատարման 2012 թ. հաշվետվությունը»։
Առաջարկվում է նոր օրինագիծ` «Դատախազական ծառայության մասին»
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Դատախազական ծառայության մասին» օրենքի և ևս երեք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթին։ «Դատախազական ծառայության մասին» օրենքի նախագիծը կարգավորում է դատախազության աշխատակազմում պետական ծառայության հարաբերությունները։
Նիստում հավանության է արժանացել «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու օրենքի նախագիծը, որով առաջարկվում է ծառայությունում նախատեսել խրախուսանքի նոր տեսակ` «Անբասիր ծառայության համար» մեդալ։
Հավանության է արժանացել Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թթ. ծրագրի կատարման 2012 թ. տարեկան հաշվետվությունը հաստատելու ՀՀ օրենքի նախագիծը։
Գործադիրը քննարկել է ՀՀ ԱԺ պատգամավորներ Արա Բաբլոյանի և Դավիթ Հարությունյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրինագիծը, որով առաջարկվում է վերանայել փոխնակ մայր հանդիսանալու ցուցումները և դրանք համապատասխանեցնել միջազգային չափանիշներին։ Նախագծի վերաբերյալ կառավարությունն առարկություն չի ներկայացրել։
Քննության է առնվել ՀՀ քրեական և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքերում լրացումներ և փոփոխություն կատարելու օրենքների նախագծերի փաթեթը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ։ Ըստ կառավարության եզրակացության, փաթեթի ընդունման անհրաժեշտությունը լրացուցիչ հիմնավորման կարիք ունի, ուստի հեղինակներին առաջարկվել է համագործակցել կառավարության հետ` փաթեթի ընդունման հիմնավորման դեպքում այն լրամշակելու հարցում։
Նիստում քննարկվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում, ՀՀ դատական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենսդրական նախաձեռնությունը, որը ներկայացրել է ՀՀ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը։ Նրա կարծիքով իրավական ակտի ընդունման դեպքում նշված օրենսգրքերի դրույթները համահունչ կլինեն ՀՀ Սահմանադրությանը։ Կառավարության եզրակացության համաձայն, սակայն, փաթեթի ընդունումը ժամանակավրեպ է, և դրան կարելի է անդրադառնալ ՀՀ կառավարության ներկայացնելիք նոր օրենքի քննարկման համատեքստում։
Վերը նշված օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունները սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով։
Միջազգային համագործակցություն
Կառավարությունն իր նիստում ընդունել է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության կառավարությունների միջև ՀՀ տարածքում Ռուսաստանի ռազմակայանի տեղաբաշխման կետերին վերաբերող արձանագրության կատարումն ապահովելու որոշում։ Փաստաթղթի համաձայն ռազմակայանի կետերի տեղաբաշխման ցանկից հանվում և հայկական կողմին են վերադարձվում 102-րդ ռազմակայանի կողմից չօգտագործվող և ազատված օբյեկտները` Գյումրի քաղաքի N3 զինվորական ավանի տարածքում գտնվող 7.2 հեկտար հողատարածքը և N8 զինվորական ավանի տարածքում գտնվող հինգ կիսակառույց շինությունները և այլն։
Կառավարությունն իր նախկին մի շարք որոշումներում կատարել է փոփոխություններ, որոնք թելադրված են 2012 թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտած ԱՊՀ արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի նոր խմբագրությամբ (5-րդ հրատարակություն), որին էլ համապատասխանեցվել են նախկինում հաստատված մի շարք ծածկագրեր։
Գործադրի հավանությանն է արժանացել Հայաստանի Հանրապետության կառավարության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև ֆինանսավորման համաձայնագրի առաջարկը, որի համաձայն գործակալությունը, իրականացնելով ֆրանսիական կառավարության պաշտոնական օժանդակությունը, ֆինանսավորելու է տնտեսության զարգացմանը միտված մի շարք ենթակառուցվածքային ծրագրերի իրականացումը։
ՀՀ կառավարությունը համաձայնություն է տվել Հայաստանի Հանրապետության և Սերբիայի Հանրապետության կառավարությունների միջև ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության համաձայնագրի կնքման առաջարկությանը։
Նիստում համաձայնություն է ստացել Հայաստանի Հանրապետության և Ինդոնեզիայի Հանրապետության կառավարությունների միջև եկամտի և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու համաձայնագրում փոփոխություն կատարելու արձանագրության կնքման առաջարկությունը։
Այլ հարցեր
Կառավարությունն ընդունել է երկրի մի շարք համայնքների ղեկավարների և ավագանու անդամների ս.թ. մայիսի 26-ի հերթական ընտրությունների նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու որոշում։ Հաջորդ որոշումներով վաղաժամկետ դադարեցվել են Շիրակի մարզի Հովիտի և Արարատի մարզի Սուրենավանի գյուղական համայնքների ղեկավարների լիազորությունները, նշանակվել է նրանց նոր ընտրություն, ֆինանսավորվել ընտրության նախապատրաստման և անցկացման ծախսը։
ՀՀ կառավարությունը որոշել է Հայաստանի Հանրապետությունում մայիսի 5-ը նշել որպես հարկադիր կատարողի օր։
Գործադիրը որոշել է Գառնիի մենապայքարային մարզաձևերի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցն անվանակոչել ՀՀ վաստակավոր մարզիչ Ռազմիկ Կարապետյանի անվամբ։
Կառավարության որոշմամբ Երևանի Արշակունյաց 2ա շենքի երկրորդ հարկում տասը տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով տարածք է հատկացվել «Երկրապահ» թերթի խմբագրությանը։
Ի՞նչ է պատահել հայկական ծանրամարտին
Վերջին տարիներին հայկական սպորտին պարզերես անողը մեր ծանրորդներն են: Սակայն տևական ժամանակամիջոց է, ինչ այս մարզաձևի անկումն ակնառու է: Պակասել են խոշորամասշտաբ ստուգատեսներում մեր երկրի մասնակիցները, նաև` մեդալները: Օրերս զուգահեռաբար Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում և Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում կայացան աշխարհի պատանիների և Եվրոպայի մեծահասակների առաջնությունները: Հայաստանի ներկայացուցիչներն այդ ստուգատեսներում համեմատաբար վատ մրցելույթներ ունեցան, քան նախորդ տարիներին: Այդ առիթով զրուցեցինք Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանի հետ: Նա մեր երկրի պատվիրակությունն էր գլխավորում Ուզբեկստանում:
– Տաշքենդում Հայաստանից մրցահարթակ են դուրս եկել 7-ական մարզիկ և մարզուհի: Լրիվ կազմով հավաքականով էինք մասնակցում, քանի որ թիմային պայքարում խաղարկվում էին հաջորդ տարի կայանալիք պատանեկան օլիմպիական խաղերի ուղեգրեր: Մեր մարզուհիներն առաջին անգամ էին այդպիսի պատասխանատու փորձությունում հանդես գալիս, թերևս այդ էր պատճառը, որ որոշ կաշկանդվածությունը նրանց խանգարեց, չկարողացան պատանեկան օլիմպիական խաղերի վարկանիշ ձեռք բերել: Դրա համար անհրաժեշտ էր թիմային հաշվարկով տեղ գրավել 15 ուժեղագույնների շարքում: Հայաստանի ընտրանին 17-րդն էր 67 երկրների ներկայացուցիչների մրցավեճում: Այդուհանդերձ, ամեն ինչ կորած չէ: Մեր մարզուհիներն ուղեգրեր կարող են նվաճել 2014-ի գարնանը կայանալիք Եվրոպայի պատանիների և աղջիկների առաջնությունում: Դրա համար անհրաժեշտ է 1-3-րդ տեղերը զբաղեցնել օլիմպիական պատանեկան խաղերի ուղեգրեր չունեցող երկրների հավաքականների պայքարում: Այդ առաջադրանքը միանգամայն իրականանալի է. հնարավոր է 1-2 ուղեգրի արժանանալ: Ընդհանուր առմամբ, մեր մարզուհիների մրցելույթից գոհ եմ, քանի որ պատվիրած ծանրությունները չբարձրացնողներ, 0-ներ ստացողներ չեն եղել, բոլորն էլ նորմալ աշխատել են:
Մեր պատանի ծանրորդներն ավելի հաջողակ էին. +94 կգ քաշային Սիմոն Մարտիրոսյանը դարձավ աշխարհի չեմպիոն` 365 (165+200) կգ: Նա երկրորդն էր հրում և առաջինը` պոկում վարժությունում: Ի դեպ, Մարտիրոսյանը ճանաչվեց աշխարհի լավագույն պատանի ծանրորդ: Դրանով ամեն ինչ ասված է: Սիմոնը 16 տարեկան է, հեռանկարային մարզիկ է, իմ նախկին սանը, ԽՍՀՄ երիտասարդների չեմպիոն, 75 կգ քաշային Անդրանիկ Մարտիրոսյանի ազգականն է: Հույս ունենք, որ Սիմոնը կարճ ժամանակամիջոցում կտրուկ կբարելավի իր ցուցանիշները: 2012-ին Եվրոպայի պատանիների առաջնությունում նա 3-րդն էր, իսկ այժմ արդեն շռնդալից հաջողության է հասել: Մեր մարզիկներից 69 կգ քաշային Ժորժ Եղիկյանը մոտ էր մեդալակիր դառնալուն, սակայն բավարարվեց 5-րդ տեղով` 280 (125+155) կգ: Ինչևէ, մեր ընտրանին ընդհանուր թիմային հաշվարկով զբաղեցրեց 8-րդ տեղը: Իսկ դա նշանակում է, որ Հայաստանի 2 ծանրորդ կմասնակցի պատանեկան օլիմպիական խաղերին: Դա առավելագույն թիվն է:
– Մեր չեմպիոնից բացի, Հայաստանից ուրիշ ո՞վ հանդես կգա այդ ստուգատեսում:
– Կարծում եմ` 85 կգ քաշային Հովհաննես Ավդալյանը, որը, հանդես գալով B խմբում, ի վերջո երկամարտում գրավեց 8-րդ տեղը` 283 (129+154) կգ: Նա Նազիկ Ավդալյանի եղբայրն է: Այդ մարզիկի տարիքը համապատասխանում է, որ իր կարողությունները փորձի պատանեկան օլիմպիական խաղերում: Մեր թիմի` ավելի բարձր արդյունք ցույց տված մյուս անդամները տարիքով մի փոքր նրանից մեծ են և մասնակցելու իրավունք չունեն: Մեր պատանիների մրցելույթները 90 տոկոսով գոհացնում են:
– Ի՞նչ կասեք Տիրանայում կայացած Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչների մրցելույթի մասին: Նախ, ընդամենը 3 մարզիկ էր գործուղվել մրցավայր: Հետո էլ մերոնք միայն մեկ փոքր մեդալի տիրացան: Ինչ խոսք, դա բավարար համարվել չի կարող:
– 77 կգ քաշային Անդրանիկ Կարապետյանը միայն անձնական քաշի, ավելորդ գրամների պատճառով է երկամարտում զրկվել մեդալից և բավարարվել 4-րդ տեղով` 346 (160+186) կգ: Իսկ պոկում վարժությունում մեր մարզիկը երկրորդ մրցանակակիր է դարձել: Նա 2012-ի համեմատությամբ իր ցուցանիշը բարելավել է 11 կգ-ով: Մեր երկու ծանրքաշայիններից սպասելիքներն ավելի մեծ էին: Բայց պոկում վարժությունում երկուսն էլ բարձրացրին 185 կգ: Հրում վարժությունում Հայկ Հակոբյանը չկարողացավ հաղթահարել պատվիրված ծանրությունը` 210 կգ և 0 ստացավ, իսկ Գոռ Մինասյանը 215 կգ արդյունքով երկամարտում ցույց տվեց 400 կգ և զբաղեցրեց 7-րդ տեղը: Խնդիր կար: Հայկը զինծառայության մեջ է և չկարողացավ այնպես նախապատրաստվել, որ լավագույն արդյունքը ցույց տա: Նրան չէին թույլատրում, որ ժամանակին միանա հավաքականի մարզվողներին: Ինչ վերաբերում է Մինասյանին, ապա ինքս էլ զարմացած եմ, նա պետք է առնվազն 230 կգ բարձրացներ: Մայիսի 2-ին Հայաստանի հավաքականն ուղևորվելու է Պերու, որպեսզի մասակցի աշխարհի երիտասարդների առաջնությանը: Հույս ունեք, որ Մինասյանն առանց մեդալի չի վերադառնա: Հայաստանից հանդես են գալու 2 ծանրորդ և 1 ծանրորդուհի: Մինասյանից բացի, մեր երկրի պատիվը կպաշտպանեն նաև Անդրանիկ Կարապետյանը և 58 կգ քաշային Իզաբելլա Յայլիյանը:
– Քանի որ խոսք բացվեց ծանրորդուհիների մասին, ապա նախապես հայտնվել էր, որ Եվրոպայի առաջնությանը պետք է մասնակցի նաև Մելինե Դալուզյանը: Ինչո՞ւ Տիրանայում մարզուհիների պայքարում Հայաստանը ոչ մի ներկայացուցիչ չուներ:
– Մելինեն վնասվածք է ստացել: Նրան ծնկահոդի վիրահատություն է սպասում:
– Հիմնախնդիրներ շա՞տ կան: Ինչո՞ւ մեր տիտղոսակիր մարզիկներին երկար ժամանակ է` չենք տեսնում խոշորամասշտաբ ստուգատեսներում:
– Խանգարում են վնասվածքները, մարզիկները բուժվում են: Մասնավորապես, գերծանրքաշային Ռուբեն Ալեքսանյանը Գերմանիա է մեկնել, որպեսզի բուժի ուսահոդի վնասվածքը: Հնարավորն արվում է, որ այդ կարգի խնդիրները կարգավորվեն:
– Իսկ մարզիկները պարբերաբար վարձատրվո՞ւմ են:
– 70 մարզիկ և մարզիչ թոշակ են ստանում:
– Կարելի՞ է ասել, որ բախտը մեր ծանրորդներից երես է թեքել:
– Միանշանակ: Ինքս սնոտիապաշտ չեմ, բայց 2013-ն ինձ դուր չի գալիս: Փոքր հասակից էլ 13 թիվն իմ սրտով չի եղել: Այնպես որ ցանկալի է, որ ավելի վատ բաներ մեր ծանրորդների հետ առաջիկայում չպատահեն:
– Գուցե Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահի փոփոխությո՞ւնն է այդ ամենի պատճառը:
– Արմեն Շախազիզյանը հնարավորն անում է, որ մեր ծարորդները ֆինանսական որևէ խնդիր չունենան:
– Պերուի Լիմա քաղաքում կայանալիք աշխարհի երիտասարդական առաջնությունում մեր ծանրորդներից ի՞նչ սպասելիքներ կլինեն:
– Մերոնք դատարկաձեռն չեն վերադառնա: Սակայն այս տարի ծանրորդների մեդալները քիչ կլինեն: Սերնդափոխություն է կատարվում:
Հ.Գ. Խոսակցություններ կան, որ Հայաստանի 4 ծանրորդ և 3 ծանրորդուհի բռնվել են արգելված դեղամիջոցներ օգտագործելու հանցանքում: 3 ծանրորդ և 1 ծանրորդուհի կարգը խախտել են 2012-ին Իսրայելի Էյլաթ քաղաքում կայացած Եվրոպայի երիտասարդական առաջնության ժամանակ: 1 մարզիկ և 2 մարզուհի բռնվել են 2013-ին փետրվարին անցկացված ստուգումից հետո: Առաջին փորձաքննության ժամանակ դրական արդյունք է ստացվել Կարապետ Բարսեղյանի, Նաիրա Հարությունյանի, Միքայել Միքայելյանի, Զորիկ Պողոսյանի, երկրորդ փորձաքննության ժամանակ` Աշոտ Բեկնազյանի, Մարգարիտա Ղազարյանի, Նաիրա Հարությունյանի փորձանմուշներից: Ընդ որում, վերջինս հանցանքում բռնվել է երկու անգամ: Մարզիկ–մարզուհիներին որակազրկում է սպառնում: Եթե այս ամենը հաստատվի, ապա վստահորեն կարելի է ասել, որ 2013-ը մեր երկրի երկաթախաղի վարպետների համար ձախորդ տարի է: Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան էլ առնվազն 150 հազար դոլար պետք է վճարի, որպեզի մերոնց թույլատրեն միջազգային մրցումների մասնակցել:
ԹՅՈՒՐՔԵՐ. Հազար տարում մարդակերը հազիվ դարձավ մարդասպան…
Այսօր Թուրքիայի արտաքին քաղաքականության հիմնախնդիրը եվրոպական ընտանիք մուտք գործելն է: Թուրքական քարոզչությունն ամեն ինչ անում է, որ Եվրոպային «ապացուցի», թե իրենք Փոքր Ասիայում բնիկ են, քաղաքակրթության սկզբնավորողներից են և այլն… Սրանով թուրքերը, բնականաբար, փորձում են «սրբագրել» համաշխարհային պատմությունը… Փորձում են կոծկել հայոց ցեղասպանության փաստը: Համաձայն թուրքական պաշտոնական պատմագիտության` Փոքր Ասիա թերակղզում թուրքերը բնիկ են և Արևելյան Անատոլիա վերանվանված Հայկական լեռնաշխարհի իսկական տերերն են:
Մինչդեռ պատմությանը հայտնի է, որ Թուրանից արևմուտք թափանցող առաջին թյուրքական ցեղերը հայտնի էին ակ–կոյունլու և կարա–կոյունլու անվամբ, այսինքն` սպիտակ և սև ոչխարներ:
Երբ Մերձավոր Արևելքի ժողովուրդները դեռ թուրքերի ի հայտ գալուց հազարամյակներ առաջ հարուստ մշակույթ ու քաղաքակրթություն էին ստեղծել, թյուրքական բարբարոս ու վայրենի ցեղերը ոչխար էին պաշտում: Եվ բարբարոսների այդ ամբոխը քանի–քանի հզոր մշակույթ ու քաղաքակրթություն կործանեց:
Քաղաքակիրթ Եվրոպան այդ մասին կարծես մոռանում է: Ներկայացնում ենք X դարի արաբ պատմիչ Իբն ալ–Ֆակիհի «Տեղեկություններ երկրների մասին» աշխատությունից հատվածներ, որոնցում արաբ մատենագիրը ներկայացնում է X դարում թյուրքերի «հարուստ ու շքեղ քաղաքակրթությունը»:
…Պատմում են, որ Մուհամմեդ մարգարեն, – թող Ալլահը օրհնի նրան ու ողջունի, – իր իսկ բառերով ասել է. «Եթե թյուրքերից որևէ մեկին բռնեք, ապա նրա գլուխը կտրեք: Նրանց ելքը տեղի է ունենալու երկու հարյուր տարի հետո, իսկ երբ նրանք իրենց տարածքներից դուրս գան, ապա ավելի չար ու դաժան են դառնալու»:
Հաղորդում են, որ Մուհամմեդ մարգարեն, – թող Ալլահը օրհնի նրան ու ողջունի, – իր իսկ բառերով ասել է հետևյալը. «Թյուրքերը, որոնք իմ ժողովրդի համայնքը առաջին թալանողները պիտի լինեն, տակավին դուրս չեն եկել այնտեղից, որտեղ ապրում են»:
… Օմայան խալիֆ Հաշիմ իբն ալ-Մալիքը թյուրքերի արքայի մոտ ուղարկեց մի մարդու, որը նրան առաջարկեց իսլամ ընդունել:… Բլրի մոտ մի հարյուր հազար զինյալների հավաքելով` արքան ասաց թարգմանին. «Այս բանագնացին ասա, թող նրա տերն իմանա, որ այս մարդկանց մեջ չկան ո՛չ վարսավիրներ, ո՛չ կոշկակարներ, ո՛չ էլ դերձակներ, և եթե նրանք իսլամ ընդունեն, ապա ի՞նչ են ուտելու»:
…Սայիդ Իբն ալ-Հասան ալ-Սամարղանդին պատմեց. «Թյուրքերի մեջ կան քոչվորներ, որոնք թռչում են` որոնելով անձրևից ոռոգվող հողեր և անասնակեր, այնպես, ինչպես դա անում են Իսլամի երկրների քոչվորները: Այս մարդիկ որևէ թագավորի չեն ենթարկվում և որևէ մեկին չեն հպատակվում: Նրանցից ոմանք հարձակվում են մյուսների վրա և գերեվարում կանանց ու երեխաներին: Երբեմն նրանց մի մասը տոհմից անջատվում է և անցնում է մի այլ տոհմի, որտեղ նրանց համար կին են վերցնում այն ցեղից, որին անցել են: Նրանց երեխաները ստրկացվում են, և նրանք` այդ եկվորները, չեն պահանջում զավակներին, այլ դիտում են նրանց որպես ստրուկների: Այդպիսին է նրանց օրենքը և այդպես է կանոնակարգվել նրանց կողմից»:
… Թյուրքերն ունեն Մաբուս անունով մի մեծ քաղաք, որի բնակիչները ոչ մի կրոն չունեն և Ալլահի արարածներից հոռեգույններն են: Նրանցից ոմանք հարձակվում են մյուսների վրա: Նրանց մոտ ուժեղը սպանում է թույլին, եղբայրը չի վստահում եղբորը, հայրը` որդուն: Նրանք բոլոր կենդանիների միսն էլ ուտում են և բացեիբաց զուգավորվում: Նրանցից մեկը մտնում է մյուսի տունը, տիրում նրա կնկան, իսկ տան տերը նայում է, չի զայրանում և չի դատապարտում: Նրանք արիություն չունեն: Նրանց մեջ գեղեցիկներ կան, տղամարդկանց մեծ մասը կանացիություն ունի, նրանք արյուն են խմում: Նրանց քաղաքների մեջ շատ ջրառատ մի լիճ կա, և երբ որևէ մեկը մեռնում է, դիակն այնտեղ են գցում:
Նրանք ունեն Դայ անունով մի քաղաք, որի բնակիչները մարտունակ չեն, հարկ են վճարում յուրաքանչյուրին, ով կհպատակեցնի իրենց և սեռական կապի մեջ են մտնում ում հետ պատահի` կնոջ, պատանու կամ անասունի հետ: Նրանք ունեն մի քաղաք, որը կոչվում է Սուր: Սրա բնակիչները պատերազմում են Շաշի և Սամարղանդի բնակիչների հետ: Նրանք շատ ռազմասեր են ու դաժան: …Նրանց տղամարդիկ գեղեցիկ են , իսկ կանայք` այլանդակ: Նրանք անառակություն չեն ընդունում և սպանում են յուրաքանչյուրին, կին թե տղամարդ, ով անառակություն կգործի:
… Ունեն և մի քաղաք, որ կոչվում է Խարիսմ. սրա բնակիչները բոլորից շատ արշավում են Սուր կոչվող քաղաքի վրա: Եթե նրանք բնակիչներից որևէ մեկին գերի են վերցնում, ապա մորթում են նրան, խաշում և ուտում: Նրանք այնքան վայրենի են, որ ոմանք համարյա խոսք չեն հասկանում ու ոչինչ չգիտեն, իսկ եթե նրանցից ուժեղը թույլի հետ մենակ մնա, ապա նրա հետ սեռական խառնակության մեջ է մտնում:
…Եվ դեռ ունեն Կիրշիմ կոչվող մի քաղաք: Սրա բնակիչներն ուտում են ամեն ինչ, որ երկրի վրա շարժվում է, այն էլ հում վիճակում: Նրանք քաջ են ու համարձակ, շրջում են մերկ, ինչպես անասունները, և տղամարդիկ, ճանապարհին կնոջ հանդիպելով, նրա հետ զուգավորվում են, իսկ մարդիկ նայում են նրան:
..Կա մի քաղաք ևս, որ կոչվում է Կիսատ, խազարների երկրից ոչ հեռու: Սրա բնակիչները արշավում են խազարների վրա, և նրանք Ալլահի ամենադաժան արարածներն են: Եթե նրանց քաղաքը մի օտարական է ընկնում, ապա նրան բռնաբարում են: Եթե նրանց մոտ ընկնի իր երեխայի հետ, ապա նրանից որդուն խլում են: …Նրանք սատկած անասուններ են ուտում և առյուծների նման արյուն խմում: Սակավադեպ են խնայում և ստոր են, երբ մեկին հաղթահարում են: Դեմքով այլանդակ են և կարճահասակ:
Ունեն մի քաղաք ևս, անունը Դանի: Սրանում տղամարդիկ բարձրահասակ են, իսկ կանայք` կարճահասակ:… Նրանց մոտ տղամարդն ամուսնանում է հարյուրյակ կանանց հետ: Երբեմն նրանցից մեկը մորթում է իր կնոջն ու երեխային` աներոջ, զոքանչի և աներձագերի ներկայությամբ: … Նրանց բնակարաններում շատ են խիստ խոշոր կարիճներ, որոնց դժվար է բռնել, սակայն բռնելու դեպքում երբեմն ուտում են:
…Մի այլ քաղաք կոչվում է Սուկուբ: Բնակիչները ասորերեն հասկանում են, քաջ են, և կանայք տղամարդկանց հետ կատաղորեն մասնակցում են մարտերին: Նրանց կանանց մոտ անառակությունը բնածին հատկություն է: Եթե մի կին նայի տղամարդու և նրա հանդեպ կրքոտի, ապա նրան բռնում է և ուշքի գալու հնարավորություն չտալով` քաշում-տանում է քաղաքամերձ լեռը, որտեղ քարայրներ կան, տղամարդուն տեղավորում է մի քարայրի մեջ, որտեղից նա չի կարող դուրս գալ, և նրան բերում է այն ամենը, ինչի կարիքը նա կարող է զգալ: Եվ ո՛չ ամուսինը, ո՛չ եղբայրը և ո՛չ էլ որդին, եթե զավակ ունի, չեն կարող դրան արգելք լինել: Տղամարդը նրանից պրծնել չի կարող: Իսկ եթե նա կին, որդի կամ այլ հարազատներ ունի, ու սրանք գալիս են սպանելու անսանձ կնոջը կամ խոչընդոտելու նրա գործը, ապա նա օգնության է կանչում իր նման ապրող կանանց, և սրանք գալիս են իր կողքին կռվելու, մինչև որ նրա համար ապահովեն այն, ինչը նա ցանկանում է, քանի որ նրանք նույն ձևով են վարվում և հետո միմյանց հետ էլ կենակցում են: Եթե կինը տղամարդու վրա զայրանա կամ ձանձրանա նրանից կամ էլ սիրի մի ուրիշի, ապա նրան բաց է թողնում և իրենից բացի ոչ ոք չի կարող ազատել տղամարդուն»:
Աբու Դուլաֆ Միսար Իբն ալ-Մուհալհիլ ալ-Բանազին մեզ ուղարկած իր առաջին նամակում հաղորդել է այն, ինչի վկան է եղել կամ տեսել թյուրքերի երկրում:
«…Այնուհետև մենք հասանք Բեչենգ կոչված ցեղի մոտ: Նրանք երկարամորուս են, բեղավոր բարբարոսներ, որոնք մեկը մյուսի վրա են հարձակվում: Նրանց մոտ տղամարդը կնոջ հետ պառկում է ճամփի մեջտեղում, և նրանք միայն կորեկ են ուտում:
…Այնուհետև մենք շարժվեցինք դեպի Զաքլ ցեղը:…Սրանց դեմքը գեղեցիկ է: Տղամարդն ամուսնանում է իր դստեր, քրոջ և ուրիշ մոտիկ ազգականների հետ:
…Այնուհետև մենք եղանք ալ-Խարլախ կոչված ցեղի մոտ:…Անարդարությունն ու բռնությունը նրանց միջավայրում բացահայտ երևում է. ոմանք հարձակվում են մյուսների վրա, իսկ կենակցությունը նրանց մոտ բացեիբաց է և չի արգելվում: Նրանք բախտախաղի մոլիներ են. մեկը կարող է մի ուրիշի հետ բախտախաղի նստել, խաղի դնելով կնոջը, դստերը, որդուն կամ մորը: …Նրանց կանանց գեղեցկությունը նկատելի է, ինչպես և փչացածությունը: Նրանց մոտ խանդը քիչ է: Ավագի կամ որևէ ցածրաստիճան մարդու կինը, դուստրը կամ քույրը մոտենում է երկիր ժամանած քարավաններին, դեմքը ցույց է տալիս: Եթե որևէ տղամարդ նրա դուրը գա, ապա նրան տուն կտանի և իր մոտ կտեղավորի, նրա հետ լավ կվարվի և ամուսնուն, զավակներին ու եղբայրներին կստիպի նրան ծառայել: Ամուսինը կնոջը չի մոտենում, իսկ կինն ու նրա ընտրյալը շարունակում են ուտել և խմել: Դա նշանակում է, որ ամուսինը ամոթանք չի տալիս և չի դատապարտում կնոջը ուրիշի հետ կենակցելու համար»:
Պատրաստեց Վահե ԱՆԹԱՆԵՍՅԱՆԸ
Ընտրապայքարը շարունակվում է
Երևանի ավագանու ընտրություններին մնացել է մեկ շաբաթից մի քիչ ավելի ժամանակ, ու նախընտրական քարոզարշավը մի քիչ զավեշտալի ընթացք է ստանում:
Առհասարակ նորմալ է, երբ ընտրությունների նախընտրական քարոզարշավի ժամանակ կուսակցությունները, հատկապես իշխանության մաս չկազմողները, ընդդիմադիր կեցվածք են ընդունում ու իրենց քարոզարշավը կառուցում քննադատության հիմքերի վրա: Ինչպես նշում են քաղաքագետները, նախընտրական շրջանում քննադատում են բոլորը, ովքեր դրա փոքր–ինչ հնարավորությունն ունեն, և միայն գործող իշխանություններն են, որ չեն կարող քննադատել. նրանք էլ պետք է իրենց արած գործերի հաշվետվությունը ներկայացնեն: Ուստի տրամաբանական կլիներ, եթե ընդդիմադիր ու այլընտրանքային կեցվածք ունեցող քաղաքական ուժերը քննադատեին իշխանականներին, իսկ իշխանություններն էլ հաշվետվություն ներկայացնեին, թե ինչ են արել վերջին 4 տարիներին:
Աննորմալ քաղաքական դրսևորումների երկիր Հայաստանս…
Բայց մեր ընդդիմադիրները սկսել են քննադատել ոչ միայն գործող իշխանություններին, այլև իրար վրա են, այսպես ասած «բոչկա գլորում», իսկ իշխանություններն էլ զբաղված են իրենց մութ գործերով, ընդդիմադիրների ասածները հերքելով ու ցույց տալով ոչ թե այն, թե ինչքան աշխատանքներ են կատարել 4 տարիների ընթացքում, այլ թե հիմա ինչ քաղաքաշինական աշխուժություն է տիրում…
Թերևս նորմալ է թեկուզ, որ ընդդիմադիրներն իրար քննադատում են: Ընտրապայքարը մրցակցություն է, իսկ մրցակցության մեջ ոչ միայն պետք է ցույց տալ, թե դու ինչքան լավն ես, այլև ինչքան վատն է մրցակիցդ: Բայց այն երևույթները, որոնք այսօր ընդդիմադիրների մեջ են նկատվում, անտրամաբանական են, քանի որ ընտրությունների այս փուլը սկսելուց առաջ բուռն քննարկվում էր միասնական ցուցակով ու թեկնածուով ընտրության գնալու հարցը: Դա չստացվելուց հետո արդեն ակնհայտ դարձավ այն դիրքորոշումը, որ ընդդիմադիրները կարող են ինքնուրույն պայքարել ընտրությունների ժամանակ և արդեն ավագանու կազմում միավորվել մեկ նպատակի շուրջ` Երևանում հաստատել ընդդիմադիր իշխանություն: Սա նշանակում էր, որ եթե ընդդիմադիրները չօգնեին էլ իրար, գոնե պարտավոր էին իրար չխանգարել: Բայց մի՞թե այն դրվագնները, երբ «Բարև Երևան» դաշինքի ներկայացուցիչը մեղադրում է ԲՀԿ-ին նախընտրական պաստառներն արգելված չափսերով և քանակով փակցնելու համար ու դրանք որակում որպես ընտրախախտում, երբ «Ժառանգության» ներկայացուցիչը, հիմք ընդունելով ՀՀԿ-ի ներկայացուցչի ակնարկը, հարց-երկընտրանք է առաջարկում իր նախաձեռնած շարժմանն առաջին օրվանից միացած ՀՅԴ-ին, ՀՅԴ-ն էլ կոշտ արձագանք է տալիս այդ միջադեպին: Արդյոք նորմա՞լ է, երբ «այլընտրանքի» ցուցակի առաջին և երկրորդ համարները տարբեր դիրքորոշումներ են արտահայտում գործող իշխանությունների հետ հարաբերությունների վերաբերյալ: Արդյոք նորմա՞լ է, որ ՀԱԿ-ի ակտիվիստները դեռ շարունակում են իրենց վերագրել միակ և անկրկնելի ընդդիմադիրի բոլոր դափնիները:
Թերևս, որպես քաղաքական պայքարի միջոցներ, նորմալ են, բայց երբ այս ուժերը նպատակադրել են հետընտրական դաշինք ձևավորել, նման երևույթները ոչ միայն նորմալ չեն, այլև պետք է բացառված լինեին:
Նույնն է պատկերը նաև իշխանական ճամբարում: Հայկական ներքաղաքական իրականության մեջ միշտ էլ ընդգծվել է այն երևույթը, որ ընտրությունների նախընտրական փուլերում իշխող ՀՀԿ-ի կոալիցիոն գործընկեր ՕԵԿ-ը որդեգրում է որոշ ընդդիմադիր կեցվածք, երբեմն` ուժեղ, երբեմն` թույլ արտահայտված: Բայց երբ այդ ուժի` Երևանի ավագանու համամասնական ցուցակի առաջատար, գործող կառավարության անդամ, ՀՀ ԱԻՆ նախարարի պաշտոնակատար Արմեն Երիցյանը սկսում է հայտարարել, թե «թաղապետն ո՞վ է, որ վախենում եք», սա արդեն զավեշտի է նման: Քանի որ նման արտահայտությունն անողն արտակարգ իրավիճակների նախարարն է, դա արդեն «քաղաքական արտակարգ իրավիճակ է»…
ՀՀԿ–ն թաքցնում է կրծքանշանները, ԲՀԿ–ն` քաղաքական կողմնորոշումը
Ինչ վերաբերում է ՀՀԿ-ին, բավական հետաքրքիր մի փաստ է արձանագրվել: Ընդդիմադիր տարբեր ուժերի ներկայացուցիչներն իրենց ելույթներում նշում էին, որ ՀՀԿ-ականներին հանձնարարվել է բնակիչների հետ հանդիպման ժամանակ հանել ՀՀԿ կրծքանշանները: Օրերս էլ լրագրողները նկատել էին, թե ինչպես է իր կրծքանշանը հանում ու գրպանը դնում հենց ՀՀԿ ցուցակի առաջատար, գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Սա լուրջ ազդակ է քաղաքական իրականության համար և կարելի է հասկանալ հետևյալ կերպ. իշխող կուսակցությունը մտահոգվում է, որ իր կուսակցության անունը հեղինակազրկված է, և փորձում է քաղաքական քարոզչության շեշտը դնել ոչ թե կուսակցության, այլ նրա ` երևանցիների կողմից փոքրիշատե հարգանքի արժանացած մեկ ներկայացուցչի անվան վրա` Տարոն Մարգարյանի: Սա, իհարկե, լավ նախանշան է, եթե հաշվի առնենք, որ վերջին ժամանակներս ՀՀԿ-ի շատ ու շատ գործիչներ ուղղակի ամբարտավանության մակարդակի էին հասցրել քաղաքական ինքնավստահությունը և ամենակարողության դրսևորումը: Ու նաև նշանակում է, որ անցած համապետական ընտրությունների ժամանակ իշխող վերնախավի ինքնավստահությունը ճաք է տվել…
Անդրադառնանք բուն «քարոզչությանը»: Ինչպես վերջին 18 տարիներին, այս անգամ ևս ընտրություններին կգործադրվեն «ավանդական քարոզչական» տեխնոլոգիաները: Երբ մարզպետները Երևանում բացում են նախընտրական շտաբներ և անձամբ ղեկավարում ու համակարգում այդ շտաբների «աշխատանքները», երբ ամեն օր ուսուցիչները, համատիրության աշխատողները, պետական հիմնարկների տարբեր տրամաչափի ներկայացուցիչները ցուցակներով ընկնում են դռնեդուռ ու մարդկանց մոտ «քարոզչություն» կատարում, պարզ է դառնում, թե ինչ հիմնական չափորոշիչներով են ընթանալու ընտրությունները…
Բայց իշխող ՀՀԿ-ից հետ չի մնում նաև այլընտրանքը… Արդեն բազմաթիվ են դեպքերը, երբ մարդկանց բնակարանների դռները ծեծում ու ընտրությունների ժամանակ իրենց օգտին քվեարկելու «խթանիչներ» են առաջարկում: Արդեն իսկ կարելի է ասել, որ թեժ փողային պայքար է ընթանալու հատկապես «անընտրելի» ՀՀԿ-ի ու «այլընտրանք» ԲՀԿ-ի միջև: Օրինակ` օրերս «Հրապարակ» թերթը գրեց, որ վերջին շրջանում բավականին լուրջ զրույցներ են տեղի ունեցել ՀՀԿ շտաբային պատասխանատուների և ԲՀԿ ավագանիներից ոմանց միջև: ՀՀԿ-ն ավագանու ԲՀԿ անդամներին մեղադրել է իրենց արածները «սեփականաշնորհելու» և ընտրողներին «մոլորության» մեջ գցելու համար: Թերթը հայտնում է, որ ԲՀԿ-ի մի շարք շտաբներում անկումային տրամադրություններ են: Իսկ Արաբկիրում բանը հասել է նրան, որ շտաբը կիսվել է երկու մասի: Դժգոհ մասը հրաժարվել է աշխատել, և խնդիրները ոչ միայն «քաղաքական» են, այլև փողային:
Ի դեպ, եթե խոսենք զուտ պաշտոնական, օրինական ծախսերից, ապա պաշտոնական տվյալներով էլ ամենաշատը ծախսել է ՀՀԿ-ն, երկրորդը` ԲՀԿ-ն:
Ըստ «Փաստինֆո» գործակալության` ապրիլի 19-ի դրությամբ նախընտրական քարոզչության նպատակով հիմնադրամներից առավել շատ ծախսել է ՀՀԿ-ն, որը հիմնադրամ մուտքագրված 65 մլն 300 հազար 400 դրամից ծախսել է 56 մլն 300 հազար 23-ը:
Կենտրոնական բանկից ստացված տվյալների հիման վրա Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկիչ-վերստուգիչ ծառայության կազմած տեղեկանքի համաձայն` ապրիլի 19-ի դրությամբ ՀՀԿ-ից հետո հաջորդ առավել շատ ծախսեր կատարածը ԲՀԿ-ն է. մուտքագրված 45 մլն 992 հազար դրամից ծախսվել է 44 մլն 344 հազար 114-ը:
Ուշագրավ է մեկ հանգամանք ևս. ԲՀԿ-ականները չեն հստակեցնում` ի վերջո, իրենք ընդդիմությո՞ւն են, թե՞ ոչ: Ստացվում է` ԲՀԿ-ն ընդդիմություն չէ, բայց հավակնում է ընդդիմադիր ձայներին, իշխանություն էլ չէ, բայց փորձում է իշխանությունների մեթոդով ձայներ «գնել»:
Լուրջ փորձություն Ավստրիայում
Մայիսի 17-19-ը Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում անցկացվելու է մինչև 19 տարեկան հանդբոլիստուհիների Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարը, որին մասնակցելու են Հայաստանի ներկայացուցիչները: Մերոնք ընդգրկված են 5-րդ խմբում և մայիսի 17-ին, 18-ին, 19-ին մրցելու են Ավստրիայի, Հոլանդիայի, Բուլղարիայի ներկայացուցիչների հետ: Առաջին անգամ են այդ տարիքի մեր մարզուհիները կարողությունները փորձելու հին աշխարհամասի առաջնությունում: Վիճակահանությամբ ուժեղ մրցակիցներ են բաժին հասել:
Մեր ընտրանին, որը մարզում են Անահիտ Հարությունյանը և Աստղիկ Գյուրջինյանը, մարզումները սկսել է 2012-ի նոյեմբերից: Ներկայումս թիմը պարապում է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի մարզասրահում և «Հայաստան» մարզական միության աթլետիկայի մարզասրահում: Շաբաթական 5 պարապմունք է անցկացվում: Երեք օր տրամադրվում է տեխնիկատակտիկական պատրաստականությունը բարելավող մարզումներին, 2 օր էլ ընդհանուր ֆիզիկական պարաստականությունը բարելավող մարզումներ են կազմակերպվում: Առաջիկայում նախատեսվում են նաև ստուգողական հանդիպումներ: Այդ նպատակով մեր երկրի մարզուհիներն ուղևորվելու են Վրաստան և մրցելու են այդ երկրի իրենց հասակակիցների հետ:
«Թիմի կազմում հիմնականում 19 տարեկան խաղացողներ են: Նրանց մեծ մասը նախկինում մեր երկրի տարբեր տարիքային խմբերի հավաքականների կազմերում միջազգային ստուգատեսների է մասնակցել: Հայաստանից 15 մարզուհի է նախապատրաստվում: 3 մարզուհի կմիանա Ֆրանսիայից: Հավաքականն ունի դարպասապահի խնդիր: Թիմի հիմնական դարպասապահ Անուշ Բիլյանը վնասվածք է ստացել և վիրահատվել: Նոր դարպասապահը խաղային փորձի պակաս ունի: Ֆրանսիայից մեզ է միանալու մեր հայրենակից դարպասապահ, սակայն գործում այդ մարզուհուն երկար ժամանակ չենք տեսել: Նա խաղացել է Հայաստանի մինչև 17 տարեկան մարզուհիների հավաքականում: Մեր թիմն ամբողջական կազմով մրցավայրում կհավաքվի: Հույս ունեմ, որ Հայաստանի հավաքականը պատվով դուրս կգա փորձությունից»,- ասաց Գյուրջինյանը:
Մարզիչը տեղեկացրեց, որ թիմի միջին հասակը 1մ 70 սմ է, իսկ դա լավ ցուցանիշ է: Հավաքականը պարապելու խնդիր չունի, մարզագույքով ապահովված է: Մինչև եվրոպական ստուգատեսն անցկացվելու է նաև այս տարիքի հանդբոլիստուհիների առաջնությունը, որից հետո էլ կորոշվի հավաքականի վերջնական կազմը:
Աղցան «Բունիտո»
200 գ հավի փափկամիս
150 գ կորեական գազար (երկար ծղոտի նման կտրատած)
150 գ կոշտ պանիր
1 գլ փոքր սոխ
3 ձու
աղ ու պղպեղ
մայոնեզ:
Պատրաստման եղանակը
Միսը խաշել ու կտրատել նեղ շերտերով: Ձուն խաշել ու մանր քերիչով քերել, պանիրը` նույնպես: Սոխը մանր կտրատել: Գազարը կարելի է գնել կամ էլ ինքնուրույն ծղոտանման կտրատել կամ էլ քերել, աղով ու պղպեղով համեմել, մայոնեզապատել, ցանկության դեպքում վրան թարմ կանաչի ցանել:
Բարի ախորժակ
Ի՞նչ տուգանքներ են սահմանված տրանսպորտային միջոցների վարորդների կողմից ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու դեպքում
Ներկայումս, երբ հասարակության մի զգալի մասը տրանսպորտային միջոց ունի, և ճանապարհային երթևեկության նկատմամբ սահմանված են ավելի խիստ կանոններ, ներառյալ նաև տեսախցիկներով վերահսկումը, առավել հրատապ է դարձել ՃԵԿ-ի իմացությունը, հատկապես այն մասով, որը վերաբերում է դրանց խախտմանը:
Հիշյալ հարաբերություններից բխող իրավախախտումները կարգավորվում են ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով, որի 124-րդ հոդվածը նվիրված է տրանսպորտային միջոցների վարորդների կողմից ճանապարհային երթևեկության կանոնները խախտելուն: Նպատակ ունենալով վարորդներին լրացուցիչ տեղեկատվություն հաղորդել իրավախախտման տեսակի և սահմանված տուգանքի չափի մասին` ներկայացնենք այն զանցանքները, որոնք ավելի հաճախ են կատարվում վարորդների կողմից:
Այսպես, տրանսպորտային միջոցների վարորդների կողմից ճանապարհային նշանների կամ ճանապարհային գծանշումների պահանջները չկատարելն առաջացնում է տուգանքի նշանակում` 5000 դրամի չափով:
Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից խաչմերուկների անցման կանոնները խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում 5000 դրամի չափով:
Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից հետիոտնային անցումների հատման կանոնները խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում` 5000 դրամի չափով:
Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից վազանցի կանոնները խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում` 5000 դրամի չափով:
Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից երթևեկությունն սկսելու կամ մանևր կատարելու, ինչպես նաև հետընթաց վարման կանոնները խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում` 5000 դրամի չափով:
Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից մարդկանց փոխադրման կանոնները խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում` 5000 դրամի չափով:
Տրանսպորտային միջոցների վարորդների (բացառությամբ ծառայողական առաջադրանքներ կատարող, օպերատիվ ծառայությունների տրանսպորտային միջոցների վարորդների) կողմից թեկուզ մեկ ձեռքի օգտագործմամբ ընթացքի ժամանակ ռադիոկապից և (կամ) հեռախոսակապից օգտվելն առաջացնում է տուգանքի նշանակում` 3000 դրամի չափով:
Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից արտաքին լուսային սարքերից օգտվելու կանոնները խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում` 3000 դրամի չափով:
Ճանապարհային երթևեկության կանոններով նախատեսված դեպքերում տրանսպորտային միջոցի հեռահար լույսը մոտակայի չփոխարկելը կամ արգելված դեպքերում հեռահար լույսերով տրանսպորտային միջոցը վարելն առաջացնում է տուգանքի նշանակում` 10.000 դրամի չափով:
Տրանսպորտային միջոցը միակողմանի երթևեկությամբ ճանապարհով տրանսպորտային միջոցների հոսքին հակառակ ուղղությամբ (այդ թվում` հետընթաց) վարելն առաջացնում է տուգանքի նշանակում` 20.000 դրամի չափով:
Ճանապարհի բաժանարար գոտին չնախատեսված վայրերում տրանսպորտային միջոցների վարորդների կողմից հատելը` ձախ շրջադարձ կամ հետադարձ կատարելու եղանակով, առաջացնում է տուգանքի նշանակում` 20.000 դրամի չափով:
Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից հանդիպակաց երթևեկության գոտի դուրս գալը, եթե դա կապված չէ վազանցը թույլատրված տեղերում վազանց կատարելու կամ կանգնած տրանսպորտային միջոցը կամ խոչընդոտը շրջանցելու հետ, և եթե առանց հանդիպակաց երթևեկության գոտի դուրս գալու անհնար է շրջանցել կանգնած տրանսպորտային միջոցը կամ խոչընդոտը, առաջացնում է տուգանքի նշանակում` 30.000 դրամի չափով:
Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից ձայնային ազդանշանի կիրառման կանոնները խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում` 5000 դրամի չափով:
Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից տրանսպորտային միջոցը հետիոտնային անցման վրա կանգնեցնելը, եթե դրա անհրաժեշտությունը կապված չէ տրանսպորտային միջոցի տեխնիկական կամ վարորդի կամ ուղևորի առողջական վիճակի հետ, առաջացնում է տուգանքի նշանակում` 20.000 դրամի չափով:
Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից մայթերին կայանելը կամ մայթերով երթևեկելը, բացառությամբ ճանապարհային նշաններով թույլատրված դեպքերի, ինչպես նաև ստորգետնյա կամ վերգետնյա հետիոտնային անցումներով երթևեկելն առաջացնում են տուգանքի նշանակում` 20.000 դրամի չափով:
Վարորդների կողմից տրանսպորտային միջոցը կանգնեցնելու մասին ոստիկանության ծառայողի` օրենքով սահմանված կարգով պահանջը դիտավորյալ չկատարելն առաջացնում է տուգանքի նշանակում 200.000 դրամի չափով:
Ավետիք ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Ստամբուլի Թաքսիմ հրապարակն արդեն բազմամարդ է
Ստամբուլից մեզ հաղորդում են, որ քաղաքի կենտրոնական Թաքսիմ հրապարակում արդեն մեծ բազմություն է հավաքվել: Վերջին մի քանի տարում հենց այստեղ մարդիկ հավաքվում են ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը հարգելու համար: Այս տարի ևս հրապարակում են հավաքվել ինչպես ստամբուլահայերը և աշխարհի տարբեր երկրներից եկած մեր հայրենակիցները, այնպես էլ տարբեր ազգությունների մարդիկ: Ներկաները բերել են 1915 թվականին դաժանաբար սպանված հայ մտավորականների, ինչպես նաև Հրանտ Դինքի ու Սևակ Բալըքչըի նկարները: Միջոցառմանը մասնակցում են նաև Դինքի եղբայրներն ու կինը՝ Ռաքել Դինքը: Շուտով Թաքսիմ հրապարակում կսկսվի հիշատակման արարողությունը:



