Նիմֆոմանուհի» ֆիլմի շուրջ բարձրացած աղմուկը «Սինեմա Սթար» կինոթատրոնի տգետ մարքեթինգի հետևանք է. Զավեն Բոյաջյան

նիմֆոմանուհիՎերջին օրերին բոլորի ուշադրության կենտրոնում էր մեծ աղմուկ բարձրացրած «Նիմֆոմանուհի» ֆիլմը, որը պետք է ցուցադրվեր «Սինեմա Սթար» կինոթատրոնում և, որի ցուցադրությունը, ի վերջո, արգելվեց:

Կինոգետ Զավեն Բոյաջյանի խոսքով՝ «Նիմֆոմանուհի» ֆիլմը ներկայացվել է որպես պոռնոդրամա, բայց ֆիլմի նման ժանր իրականում գոյություն չունի:

«Ֆիլմի ցուցադրությամբ կինոթատրոնը նպատակ ուներ իր շուրջն աղմուկ բարձրացնել: Հետո կա՛մ սթափվել է, կա՛մ ինչ-որ հրահանգներ է ստացել ու հայտարարել, որ ֆիլմը չի ցուցադրվի՝ բերելով մի քանի պատճառաբանություններ: Իրենց պաշտոնական հաղորդագրության մեջ նշված էր, որ ֆիլմի ցուցադրությանը դեմ են որոշ անձինք և հասարակական խմբեր: Շատ մշուշոտ է պատճառաբանությունը: Այդպես էլ չհայտնվեցին այդ անձինք կամ հասարակական խմբերը: Կինոթատրոնի մարքետինգի տնօրենի խոսքով՝ Հայաստանը պատրաստ չէ նման ֆիլմերի ցուցադրությանը: Իմ կարծիքով՝ այս ամենը պարզապես այդ կինոթատրոնի վատ, սխալ և տգետ մարքեթինգի հետևանքն է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Զավեն Բոյաջյանը՝ հավելելով, որ ինքն այդպես էլ հասարակական ընդվզում և բողոքներ չտեսավ ֆիլմին ուղղված: Նրա խոսքով՝ 21-րդ դարում ցանկացած ինտերնետ ակումբում ժամերով կարելի է դիտել նման ֆիլմեր:

««Ուոլ Սթրիթի գայլը» ֆիլմը ցուցադրվում է տարբեր կինոթատրոններում անարգել, առանց տարիքային սահմանափակման: Այդ ֆիլմում բազում բաց տեսարաններ կան: Այն, որ կինոթատրոնն ինքնակամ ստանձնում է ցենզորի դեր և որոշում հանդիսատեսն ինչ դիտի, անհեթեթություն է: «Նիմֆոմանուհի»-ն պոռնոգրաֆիկ ֆիլմ չէ, սա արթ հաուզ է»,- ասաց կինոգետը:

Դու ավիրիր մեր գեղ, ոչ կով կծնի, ոչ հարս. Մելիք գյուղում հայհոյանքներով ճանապարհեցին Աշոտ Պողոսյանին,տեսանյութ

«Թուխմանուկի» ոսկու հանքավայրի երրորդ պոչամբարի կառուցումը վերջնական անհետացման վտանգի առջեւ կարող է կանգնեցնել Արագածոտնի մարզի Մելիք գյուղը։ Փետրվարի 15-ին գյուղի բնակիչները Երեւանից ժամանած բնապահպանների օգնությամբ կազմակերպել են ստորագրահավաք՝ պահանջելով, որպեսզի հանքը շահագործող «Մեգո Գոլդ» ՍՊԸ-ն պոչամբարի նախագծի շուրջ հասարակական լսումներ կազմակերպի ոչ թե Երեւանում, այլ հենց Մելիք գյուղում՝ բնակիչների մասնակցությամբ,հաղորդում էNEWS.am-ը ։

«Փետրվարի 10-ին լսումներ են կազմակերպել Երեւանում՝ առանց մեր ներկայության։ Մենք հետո ենք իմացել դրա մասին»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել են Մելիք գյուղի բնակիչները։

Գյուղացիները վստահ են, որ իրենց գյուղում ծնելիության մակարդակի նվազման, ինչպես նաեւ կենդանիների անոմալ ծնունդների պատճառը գյուղին շատ գտնվող պոչամբարներն են։

«Իրանք իրավունք չունեն պոչամբար դնել գյուղից 200-300 մետր հեռավորության վրա։ Սաղ դրա երեսից 30-40 մեղուներս շարքից հելան»,- դժգոհեց Մելիքի բնակիչ Ազատ Գրիգորյանը։

Հիշեցնենք, որ նախկին երկու պոչամբարներն արդեն լցվել են, եւ շահագործողը Բնապահպանության նախարարությանը երրորդ պոչամբարը կառուցելու հայտ է ներկայացրել։ Գյուղացիների խոսքով, չգործող երկու պոչամբարներից ծանր մետաղների արտահոսք է լինում ջրային ավազաններ։ Բնակիչներից Լեռնիկ Սարիբեկյանը պատմեց, որ երբ ինքն աշխատելիս է եղել հանքում, իրեն ստիպել են ջուրը պոչամբարից խողովակներով բաց թողնել գետի մեջ։ Աղտոտված ջրերով հողերը ոռոգելու հետևանքով պակասել է հողերի բերքատվությունը։

«Ես ունեմ 2400քմ կարտոֆիլի տարածք: Երբ հանքը չկար, 6-10 տոննա կարտոֆիլ էի հավաքում: Հիմա 1-2 տոննայից ոչ ավելի: Կաղամբը դնում եմ, ջրում եմ էդ ջրով, կաղամբը չորանում է»,- պատմեց Ազատ Գրիգորյանը:

Բնապահպանների հետազոտությունը ցույց է տվել, որ աղտոտված է անգամ գյուղի խմելու ջուրը, որի հետևանքով գյուղացիները ստամոքսային հիվանդություններ են ձեռք բերել:

Մինչ գյուղացիները գյուղապետարանի մոտ հավաքված ստորագրահավաք էին անցկացնում, գյուղ եկավ «Մեգո Գոլդ» ՍՊԸ-ի տնօրեն Աշոտ Պողոսյանը։ Մելիքցիները նրան տեսնելով չկարողացան զսպել իրենց վրդովմունքը։

«Դու Դիլիջան տներ կշինիս, հանգստատուն կշինիս, իսկ իմ կովերը չծնին: Ստեան չկայնիս էլ, դավայ, մարդասպանություն չանինք: Դու ավիրիր մեր գեղ: Ոչ ծնունդ կեղնի, ոչ կով կեղնի, ոչ հարս կծնի», – վրդովված տնօրենին դիմեց գյուղի բնակիչներից Հովհաննեսը։

Գյուղապետարանի շենքում նա բնակիչներին վստահեցրեց, որ պոչամբարից արտահոսքեր չեն լինում եւ խոստացավ վճարել աշխատավարձային պարտքերը։

Թեեւ տնօրենը խոստացել էր պատասխանել բոլոր հարցերին, բայց գյուղացիների հարցերի մեծ մասն այդպես էլ անպատասխան մնաց։ Քննարկումը վերածվեց վեճի, բանը հասավ հայհոյանքների։

Նշենք, որ Արագածոտնի մարզի «Թուխմանուկի» ոսկու հանքավայրում 2005-ից բաց եղանակով ոսկու արդյունահանմամբ է զբաղվում «Մեգո Գոլդ» ընկերությունը: 2005թ. այս ընկերությունը ստացել է հանքը շահագործելու թույլտվություն՝ 2 տարի բաց եղանակով, իսկ այնուհետև 6.5 տարի՝ ստորգետնյա եղանակով: Մինչեւ օրս շահագործումը կատարվում է միայն բաց եղանակով:Շարունակությունը սկզբնաղբյուր կայքում:

 

Անկախ

Երևանի Դավիթաշենի կամրջի վրա երթևեկության թույլատրելի արագությունը կրկին սահմանվել է 60 կմ/ժ

60Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ հաշվի առնելով եղանակային բարենպաստ պայմանները` 2014 թ. փետրվարի 15-ից Երևանի Դավիթաշենի կամրջի վրա` երկու ուղղություններով, որտեղ երթևեկության արագության նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է արագաչափ սարքերով, երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 40 կմ/ժ-ի փոխարեն կրկին սահմանվել է 60 կմ/ժ:
Հիշեցնենք, որ ինչպես ճանապարհային ոստիկանությունը նախկինում տեղեկացրել էր` 2014 թ. հունվարի 8-ից Դավիթաշենի կամրջի վրա երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը սահմանվել էր 40 կմ/ժ: Նման կարգը սահմանվում է ամեն տարի, և բացառապես` անվտանգության նկատառումներով, կամրջի վրա մերկասառույցի պայմաններում վթարների հավանական դեպքերը կանխելու նպատակով:

 

Սուրբ Վալենտինի օրը. որտեղի՞ց է առաջացել, ինչպե՞ս և ինչո՞ւ

վալենտինՍուրբ Վալենտինի օրը կաթոլիկ եկեղեցու տոն է: Եվրոպայում XIII դարից սկսած, ԱՄՆ ում`  1777-ականներից, իսկ Ռուսաստանում` 1990-ականներից այն նշվում  է փետրվարի 14-ին: Հայաստանում այդ օրը տոնում են վերջին տասնամյակում, սակայն Հայ առաքելական եկեղեցու ջանքերով վերջին տարիներին արմատավորվում և համատարած է դառնում Սուրբ Սարգսի տոնը:

Սուրբ Վալենտինն ապրել է III դարում, Հռոմեական կայսրությունում: Այդ ազատամիտ ճգնավոր եպիսկոպոսը համոզված էր, որ սերն ամենակարևորն է մարդու համար, և պատրաստ էր իր կյանքն ու հոգևոր դասը վտանգելով` կատարել գաղտնի պսակադրություններ:  Սակայն կաթոլիկ եկեղեցու սուր աչքից դա չի վրիպում, և մի օր նրա գործունեությունը բացահայտվում է: Եպիսկոպոսին մահապատժի են ենթարկում, իսկ հետագայում նույն եկեղեցին նրան սրբերի շարքն է դասում:

Աղբյուրները վկայում են, որ Վալենտինի բանտարկությունը և սպանությունը  պայմանավորված էր հատկապես այն հանգամանքով, որ հռոմեացի կայսրը չէր թույլատրում իր լեգեոնների զինվորներին ամուսնանալ, իսկ Վալենտինը գաղտնի ամուսնացնում էր սիրահարներին: Նրա կախաղանի օրը` փետրվարի 14-ը, համընկնում է հռոմեական տոնի` սիրո աստվածուհի Յունոնայի օրվա հետ, և այդ օրվանից մարդիկ փետրվարի 14-ը հիշում են  որպես Սուրբ Վալենտինի կամ սիրահարների օր:

 

Անկախ 

«Հայաստանը դարձել է «տղամարդ արտահանող» երկիր». Կարինե Դանիելյան

կարինե դանիելյան«Ես հաճախ ինձ հարցնում եմ, թե ինչո՞ւ պատմության ընթացքում մենք անընդհատ պետականություն ենք ստեղծել և կորցրել: Միշտ կարծել եմ, որ խնդիրը մարտահրավերների մեջ է, սակայն բոլոր երկրներն էլ իրենց պատմության ընթացքում մարտահրավերներ ունեցել են, ունեցել են և վատ հարևաններ: Այս տարիների ընթացքում ես եկել եմ այն եզրակացության, որ մենք միշտ կորցրել ենք մեր պետականությունը, որովհետև մեր մենթալիտետն է թերի: Ավելի շատ հակված եմ մտածելու, որ պետական, հանրային մտածելակերպի պակաս կա մեր մեջ, անձնական շահը հանրայինից բարձր դասելը մեր ամենամեծ խնդիրն է, որի հետևանքը հսկայական արտագաղթն է: Մենք ուղղակի դրել և բնաջնջում ենք այն մի կտոր հողը, որ մեզ Աստված տվել է»: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հանուն մարդկային կայուն զարգացման» հասարակական կազմակերպության ղեկավար Կարինե Դանիելյանը:

Նրա խոսքով`Հայաստանը դարձել է «տղամարդ արտահանող» երկիր, իսկ հայաստանյան գործարարները ներկրմամբ են զբաղված, նրանց ձեռնտու չէ, որ Հայաստանում աշխատատեղեր ստեղծվեն և արտադրություն զարգանա:

«Կան ուժեր, որոնց ձեռնտու է այս իրավիճակը: Մեր երկրում ողջ համակարգը ձևավորվել է այնպես, որ ժողովուրդն արտագաղթի: Սա միայն այս կառավարության գործունեության հետևանքը չէ, այս իրավիճակը ստեղծվել է վերջին 22 տարիների ընթացքում»,- ասաց Կարինե Դանիելյանը` հավելելով, որ շատ լուրջ փոփոխություններ են պետք մեր մտածելակերպում, հակառակ դեպքում մենք կարող ենք երկիր կորցնել:

Վարչապետին զեկուցվել է ՄՄ-ին անդամակցելու ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընթացքը

Վարչապետին զեկուցվել է ՄՄ-ին անդամակցելուՎարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Մաքսային միությանը և Միասնական տնտեսական տարածքին Հայաստանի միանալու ուղղությամբ իրականացվող աշխատանքների վերաբերյալ հերթական խորհրդակցությունը: Կազմված աշխատանքային խմբերի ղեկավարները զեկուցել են ՄՄ-ին անդամակցության «ճանապարհային քարտեզով» նախանշված միջոցառումների իրականացման ընթացքի վերաբերյալ:
Տիգրան Սարգսյանը հանձնարարել է աշխատանքային խմբերի ղեկավարներին՝ խստորեն պահպանել աշխատանքների իրականացման նախանշված ժամանակացույցը:

Երևանը կհամալրվի Կարեն Դեմիրճյանի, Գարեգին Նժդեհի, Սիլվա Կապուտիկյանի, Կիմ Երիցյանի, Հրանտ Շահինյանի հուշարձաններով և Գրիգոր Նարեկացու հուշակոթողով

Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետ Տիգրան ԲարսեղյանըԵրևան քաղաքի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանն  այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ առաջիկա տարիներին ծրագրված աշխատանքները պետք է նպաստեն, որ մայրաքաղաքը դառնա գործարարական առումով հյուրընկալ և իր յուրաքանչյուր բաղադրիչով` ջերմ:

Ճարտարապետի խոսքով` դեռևս 2003-ից Երևանի քաղաքաշինական զարգացմանը միտված բազմաթիվ ծրագրեր են ընդունվել և իրականացվել ի նպաստ մայրաքաղաքի բարեկեցիկ վիճակի:

«Երևանն առավել գեղեցիկ դարձնելու համար օրակարգային են գլխավոր հատակագծի իրագործմանն ուղղված միջոցառումների և  փոփոխությունների հետ կապված աշխատանքները, Փոքր կենտրոնի վերակառուցման օրենսդրական փաթեթի մշակումը, ինչպես նաև Նոր Նորք, Մալաթիա-Սեբաստիա, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների նախագծման աշխատանքները: Առաջանահերթ են բնակելի թաղամասերի կանոնակարգումը, բակային տարածքներում պատշաճ միջավայր ստեղծելը, ճանապարհների բարեկարգումը, Կենտրոն վարչական շրջանը մեքենաներից բեռնաթափումը»,- ասաց Տիգրան Բարսեղյանը:

Ճարտարապետը տեղեկացրեց, որ առաջնահերթ ծրագրերի թվում են նաև սահմանափակ կարողություններ ունեցող մարդկանց համար բարենպաստ միջավայրի ստեղծումը, Կոնդ թաղամասի կառուցապատումը, ընդհանուր օգտագործման կանաչ տարածքների ընդլայնման նախագծերի մշակումը:

«Շուտով կկառուցվի Կիրովի անվան մանկական զբոսայգու տարածքը, ինչը բավական մեծ աշխուժություն կմտցի Երևանի ժամանցային կյանքում: Մխիթար Հերացի փողոցում ծրագրված է կարևորագույն պետական նշանակության կառույց, ինչպես նաև Օրբելի փողոցին հարող տարածքում` Կառավարման ակադեմիայի նոր շենքի շինարարություն»,- ասաց Տիգրան Բարսեղյանը:

Առաջիկա չորս տարիները կառանձնանան նաև ճարտարապետական և գեղարվեստական միջոցառումների առումով: Առաջիկայում նախատեսված են հայ-ռուս ժողովուրդների բարեկամությունը խորհրդաշնող հուշարձանի տեղադրում: Երևանը կհամալրվի Կարեն Դեմիրճյանի, Գարեգին Նժդեհի,  Սիլվա Կապուտիկյանի, Կիմ Երիցյանի, Հրանտ Շահինյանի հուշարձաններով և Գրիգոր Նարեկացու հուշակոթողով:

ՀԿԵ-ն կընդլայնի բացատրողական աշխատանքն աշխատակազմերում

բողոքի ակցիա ըննդեմ կուտակային կենսաթոշակի համակարգիՀայաստանում կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման դեմ հանդես եկող «Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնությանը երեկ՝ փետրվարի 10-ին, միացել էին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ մի շարք աշխատակիցներ՝ բողոքի ակցիա անցկացնելու ընկերության վարչական շենքի մոտ:

«ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցի նախաձեռնությամբ երեկ իսկ տեղի ունեցավ բողոքի ակցիա անցկացնող խմբի (20 հոգի) հետ հանդիպում: Հանդիպման շրջանակներում ընկերության ղեկավարի կողմից տրվեց կենսաթոշակային բարոփոխման մասին համապարփակ բացատրություն համակարգի ներդրման ու գործատուի կողմից կատարման վերաբերյալ: Վ. Ռեբեցը նաև նմանատիպ օրինակներ բերեց ռեւսական և եվրոպական փորձից: Նշենք, որ «Դեմ եմ» հասարակական նախաձեռնության մասնակիցների հետ հանդիպումը մերժվել էր:

Ընկերության գլխավոր տնօրենը հատուկ ընդգծեց, որ պահում կատարված միջոցները գտնվում են «ՀԿԵ» ՓԲԸ հաշիվներում և մինչ պետական իշխանության համապատասխան մարմինների որոշումն այդ միջոցների տնօրինման կարգի մասին դրանք ոչ մի տեղ չեն ուղղվելու: «- Ամենամսյա պահումները թույլ կտան բացառել տարվա սկզբից աշխատավարձից կուտակված գումարը միանգամից պահելու ռիսկն, ինչը կարող է բերել առձեռն ստացվող գումարի չափի էական նվազման, շեշտեց Վ. Ռեբեցը:»

Ընկերության գլխավոր տնօրենը նշեց, որ 2013 թ. արդյունքներով՝ Հարավկովկասյան երկաթուղում նկատվել է միջին աշխատավարձի աճ 10 %-ով այն դեպքում, երբ երկաթուղում գրանցվել է փոխադրումների ծավալի անկում 5.3 %-ով՝ 2012 թ. հետ համեմատ: «-Այսպիսով, ՀԿԵ աշխատավարձի աճի տեմպերը կրկնակի գերազանցում է համապատասխան տեմպը հանրապետությունում, այսօր ՀԿԵ-ում միջին աշխատավարձը 40%-ով գերազանցում է միջին աշխատավարձը հանրապետությունում – ընդգծեց Վ.Ռեբեցը»:  Նա նշեց, որ 2013 թ. ՀԿԵ-ում ներդրվեց աշխատանքի վարձատրման նոր համակարգ, որն առաջին հերթին ուղղված էր երիտասարդների շահերին: Այսպիսով, երկաթուղու 2500 երտասարդ աշխատակիցներ, ովքեր ունեին հավելավճար 15 %-ի չափով, հնարավորություն ստացան ստանալու ամենամսյա պարգևավճարներ  աշխատավարձի 25%-ի չափով, այն դեպքում, երբ նրանցից 500-ը հավելավճարի իրավունք չունեին՝ նախորդ համակարգի դեպքում:

Հաշվի առնելով տեղի ունեցած քննարկումը՝ «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցն այսօր՝ փետրվարի 11-ին, անցկացրեց տեսակապով սելեկտորային խորհրդակցություն՝ ընկերության կառուցվածքակյին ստորաբաժանումների ղեկավարների հետ նշված հարցի շուրջ երկխոսության նպատակով: Խորհրդակցության արդյունքներով աշխատակազմերում բացատրողական աշխատանքներ անցկացնելու որոշում ընդունվեց: Այսպիսով, վաղը՝ փետրվարի 12-ին, պլանավորված անվտանգության օրվա շրջանակներում, որն անց է կացվում ՀԿԵ-ում յուրաքանչյուր չորեքշաբթի, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները կվարեն կոլեկտիվների հետ հանդիպումներ՝ բացատրելու ՀՀ-ում կենսաթոշակային նոր համակարգի ներդրման առանձնահատկությունները: «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցն ինքնին նմանատիպ բացատրողական աշխատանք անցկացնելու համար ընտրել է բավականին բարդ Սևանի շրջանը:

–                     Այսօր մենք կարող ենք արձանագրել, որ մեր աշխատակիցների համար ստեղծված են բարենպաստ պայմաններ նոր համակարգ մուտք գործելիս, ասաց Վ. Ռեբեցն՝ ավելացնելով, որ չի ազատում ստորաբաժանումների ղեկավարներին զշխատակազմերում տարվող բացատրողական աշխատանքներ անցկացնելու պարտավորությունից: Ըստ գլխավոր տնօրենի՝ այդպիսի աշխատանքը պետք է տարվի համակարգայինորեն ինչպես արտադրական, այնպես էլ հասարակական հարցերի շուրջ:

Նշենք, որ ձեռնարկությունների աշխատակազմերի հետ հանդիպումներին ներկա են գտնվելու նաև ներկայացուցիչներ արհմիություններից,վետերանների խորհուրդից ու ՀԿԵ երիտասարդական խորհուրդից:

Անկախ

Ընդունվում են հայտեր «Հայակ-2014» ազգային կինոյի մրցանակաբաշխության համար

MHM85132 «Հայակ» ազգային  կինոյի մրցանակաբաշխությունը այս տարի արդեն երրորդ անգամ կգնահատի եւ կարժեւորի հայկական կինոարտադրանքը։  2014 թ. մայիսի 1-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում կկայանա մրցանակաբաշխության հանդիսավոր երեկոն, եւ լավագույն աշխատանքները եւ դրանց  հեղինակները կարժանանան ազգային կինոյի մրցանակին։

Մրցանակաբաշխության կազմակերպիչները արդեն հայտարարել են հայտերի ընդունման գործընթացը` 2014թ.  փետրվարի 3-ից,  որը կշարունակվի մինչեւ մարտի 10-ը: 2014թ.  «Հայակ» ազգային կինոյի մրցանակաբաշխությանը կարող են մասնակցել 2012թ. արտադրված այն ֆիլմերը, որոնք չեն նեկայացվել նախորդ մրցույթին, եւ 2013թ. արտադրված բոլոր ֆիլմերը` առանց ժանրային սահմանափակումների: Հիշեցնենք, որ 2012թ. առաջին մրցանակաբաշխությանը մասնակցել են անկախության ժամանակահատվածում (20 տարվա արտադրանքը) ստեղծված  ֆիլմերը` 1991-2011թթ.:

Մրցանակաբաշխության գեղարվեստական խորհուրդի որոշմամբ  «ՀԱՅԱԿ -2014-ը» նվիրվում է Սերգեյ Փարաջանովի ծննդյան 90-ամայկին, ինչի կապակցությամբ եւ  սահմանվելու է Փարաջանովի անվան  «Հայակ» հատուկ  մրցանակը։ Բացի այդ, առաջին անգամ կսահմանվեն եւս երկու  նոր հատուկ մրցանակներ՝ Ռուբեն Մամուլյանի անվան մրցանակ՝ կինոյում ունեցած վաստակի համար եւ  Համո Բեկնազարյանի անվան մրցանակ՝ հայկական կինոյում ունեցած ներդրման համար:

Այս տարի  «ՀԱՅԱԿԻ» մրցութային հանձնաժողովը կգլխավորի ռեժիսոր Էդգար Բաղդասարյանը: Մրցութային հանձնաժողովի անդամները նախագահի գլխավորությամբ՝ հայտերի ընդունման ավարտից հետո մեկ ամսյա ժամկետում  կդիտեն  ֆիլմերը, որից  հետո  ապրիլի 1-ին  կհայտարարվեն  հավակնորդ ֆիլմերը: Յուրաքանչյուր  անվանակարգին  վերաբերողորոշումը կընդունվի ձայների պարզ մեծամասնությամբ: Քվերակությունը գաղտնիէ: Ժյուրի ինախագահը կողմ  եւ  դեմ հավասար ձայների դեպքում վճռական ձայնի իրավունքունի: Ժյուրիի անդամները տվյալ տարվա մրցանակաբաշխությանը հայտ չեն կարող ներկայացնել։

«Հայակ» ազգային կինոյի մրցանակաբաշխությունը  2014 թ. նույնպես կունենա 15 անվանակարգ. լավագույն գեղարվեստական ֆիլմ, լավագույն ռեժիսոր, լավագույն օպերատոր, լավագույն սցենարիհ եղինակ, լավագույն նկարիչ, լավագույն կոմպոզիտոր, լավագույն  դերասանուհի, լավագույն դերասան, լավագույն կարճամետրաժ ֆիլմ, լավագույն վավերագրական ֆիլմ, լավագույն անիմացիոն ֆիլմ, լավագույն դեբյուտ,  երկրորդական դերի լավագույն դերասան,  երկրորդական դերի լավագույն դերասանուհի, լավագույն արտասահմանյան ֆիլմ (սփյուռքահայ ռեժիսորի կողմից նկարված կամ հայկական թեմայով օտարազգի ռեժիսորի աշխատանք): Լավագույն արտասհմանյան ֆիլմ անվանակարգում կարող են ներկայացվել միայն  2013 թ. արտերկրում արտադրված   ֆիլմերը:

Նշենք, որ Ազգային կինոյի զարգացման հիմնադրամի, նախաձեռնությամբ ստեղծված Ազգային կինոյի մրցանակաբաշխությունը հայ կինեմատոգրաֆիստների աշխատանքների ամենամյա ստեղծագործական բաց մրցույթ է: Այն  միտված է խթանելու  եւ  զարգացնելու  ազգային  կինոարտադրությանը, նոր անունների բացահայտմանը,  հայ հանդիսատեսին կինոթատրոններ վերադարձնելուն, երկրի կինոգործիչներին համախմբելուն, կինոարտադրության նոր նախագծերին օժանդակելուն, ազգային կինոարտադրության լավագույն ավանդույթները պահպանելուն:

Հիշեցնենք, նաեւ, որ մրցանակաբաշխության մրցանակի պատկերը երկու ձեռքերի միացությունը երկար ժամանակ կինոաշխարհում օգտագործվել է  որպես միջոց` պատկեր փնտրելու համար: Այն ռուսերենում կոչվում է  “Визир”, իսկ հայերենում` հայակ, ըստ այդմ էլ, մրցանակը անվանվեց  “ՀԱՅԱԿ”:  Արձանիկի  պատվանդանը մարմարից է,  իսկ ձեռքերի միացությունը` բրոնզից, էմալապատ եւ ոսկեջուր: Մրցանակի հեղինակը  Իզաբելլա Ներսիսյանն է:

Մրցանակաբաշխության հետ կապված ամբողջ տեղեկատվությունը կարող եք գտնել www.hayak.am կայքում:

«Հայակ» ազգային մրցանակաբաշխության գլխավոր հովանավորն այս տարի «Աֆինա Պալադա» ընկերությունների միությունն է ՝ ի դեմս միության նախագահ Հայկ Մաղաքելյանի, ով եւ մեծ պատրաստակամությամբ հանձն է առել կանգնել ազգանվեր այս ձեռնարկի թիկունքում։ «Օրանժ Արմենիա» ընկերությունը այս տարի կրկին հովանավորելու է մրցույթը: ՀՀ մշակույթի նախրարությունը, Երեւանի քաղաքապետարանն ու INECOBANK-ը եւս  կշարունակեն աջակցել մշակութային այս կարեւոր միջոցառմանը:

 

Հարավկովկասյան երկաթուղու աշխատակիցները բողոքի ակցիա են անցկացնում ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի

դեմ«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության վարչական շենքի առջև մի քանի տասնյակ աշխատակիցներ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ բողոքի ակցիա են անցկացնում: Նրանց են միացել նաև պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ պայքարող «Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնության անդամները, ովքեր աջակցում են ցանկացած գործադուլի և պատրաստ են սատարել ցակացած քաղաքացու, ում իրավունքները կոտանհարվեն այս օրենքի պատճառով:

Աշխատակիցները պահանջում են, որ ընկերության ղեկավար կազմից որևէ մեկը ներքև իջնի ու պարզաբանումներ տա, թե ինչո՞ւ են իրենց աշխատավարձից պահումներ արել:

Նրանց հետ հանդիպեց Երկաթուղային արհմիության նախագահ Աշոտ Խլղաթյանը` ասելով, որ ընկերության տնօրենն աշխատավարձերից պահումներ չանելու իրենց պահանջին ի պատասխան ասել է, որ ինքը պատրաստ չէ գործադուլի, և եթե գործադուլ են անում, պետք է նախօրոք զգուշացնեին, ինքը պատրաստ է ընդունելու ոչ թե բոլոր աշխատակիցներին, այլ միայն 20-25 հոգու:

Աշխատակիցները Աշոտ Խլղաթյանի հետ եկան համաձայնության և մոտ 20 աշխատակիցներ գնացին տնօրենի հետ փակ հանդիպման:

 Անկախ

«Ճանապարհային ոստիկանները հաճախ կեղծում են մեքենայի արագությունը». Էդուարդ Հովհաննիսյան

Էդուարդ ՀովհաննիսյանԱվտովարորդների կողմից տրվող դիմում-բողոքների և դրանց շուրջ ծավալվող  դատական գործերի մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց  «Աքիլես» ավտովարորդների պաշտպանության կենտրոն ՀԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը: Նրա խոսքով` ճանապարհային ոստիկանները շատ հաճախ կարողանում են կեղծել մեքենայի արագությունը: «Երբեմն վարորդը վստահ է լինում, որ չի գերազանցել թույլատրելի արագությունը, իսկ ոստիկանը նրան ցույց է տալիս սարքի գրանցած թիվը, որը շփոթության մեջ է գցում անգամ վարորդին: Երբ վարորդը չի տիրապետում կանոններին, չի կարող իրեն պաշտպանել, բայց, պետք է նկատել, որ նախորդ տարիների հետ համեմատած փոխվել է իրավիճակը: Դրան մեծապես նպաստում է տեսախցիկների առկայությունը, որ վարորդներն ավելի զգոն լինեն և հետևեն կանոններին»,- ասաց Էդուարդ Հովհաննիսյանը:

Ըստ բանախոսի` նման խնդիրներից խուսափելու համար կա միայն մեկ լուծում. վարորդները չպետք է հրաժարվեն ստորագրել ոստիկանի ներկայացրած թղթերը: Եթե նրանք վստահ են, որ խախտում չեն կատարել, բայց ոստիկանը խախտում է գրանցել, պետք է պահանջեն գործին կցել նաև տեսագրությունը:

«Նման կերպ հնարավոր է շահել դատական այն գործերը, որտեղ ոստիկանը խախտում է գրանցել, բայց չի ցանկանում ներկայացնել տեսագրություն` ասելով, որ այն ջնջվել է»,- ասաց նա:

Էդուարդ Հովհաննիսյանը նաև նշեց, որ մարդիկ կան, որ տարիներ առաջ լիազորագրերով վաճառել են իրենց մեքենաները, բայց դեռ նրանց վրա տուգանքներ են գալիս, ինչը ևս մտահոգում է վարորդներին:

«Տաքսու վարորդները, օրինակ, բողոքում են, որ դիմում են ապահովագրական ընկերություններին, սակայն իրենց չեն ապահովագրում: Մենք հորդորում ենք վարորդներին, որպեսզի բողոքների դեպքում մեզ ոչ թե ուղղակի ահազանգեն, այլ դիմեն գրավոր, որպեսզի մենք կարողանանք գործին ընթացք տալ»,- ասաց բանախոսը` հավելելով, որ դատական գործերի մեծ մասը իրենք շահում են:

Անկախ

«2013-ին գրանցվել է մանկական և մայրական մահացության ամենացածր ցուցանիշը» Կարինե Սարիբեկյան

Կարինե ՍարիբեկյանԵթե մայրական մահացությունը 2008-2010-ին 100 000 ծնունդի դիմաց կազմել է 23.2%, ապա 2011-2013-ին այդ ցուցանիշը նվազել է 17%-ով: Մանկական մահացության տարեկան ցուցանիշը, վերջին երեք տարիների ընթացքում  նվազել է 16%-ով: Մանկական մահացության ցուցանիշի նվազումը ուղեկցվել է ինչպես հիվանդանոցային մահացության, այնպես էլ տնային մահացության ցուցանիշների կրճատմամբ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի մոր և մանկան վարչության պետ Կարինե Սարբեկյանը:

«Վերջին տարիներին մեր հանրապետությունում արձանագրվել է մանկական և մայրական մահացուցությունների ցուցանիշի շարունակական նվազում: 2013-ին  գրանցվել են ամենանվազագույն ցուցանիշները, որ  երբևէ ունեցել ենք: Այս ցուցանիշները նախարարության կողմից շարունակական ծրագրերի իրականացման արդյունքում են գրանցվել: Ներկայումս բնածին արատների վաղ հայտնաբերմանն ուղղված նորածնային 5 սկրինինգ ծրագրեր են իրականցվում ` բյուջետային միջոցների և միջազգային կազմակերպությունների շնորհիվ: Սկրինինգի շնորհիվ վաղ հայտնաբերված հիվանդությունների բուժման արդյունավերտությունը մի քանի անգամ ավել, իսկ ծախսատարությունը մի քանի անգամ պակաս է նույն հիվանդության ուշ հայտնաբերման դեպքում»,-ասաց Կարինե Սարիբեկյանը:

 Անկախ

ԿԲ պարզաբանումը «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի որոշ հոդվածների կասեցման վերաբերյալ

կբՀայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի՝ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի որոշ հոդվածների կասեցման վերաբերյալ աշխատակարգային որոշման ընդունումից հետո Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ են ներկայացվել վերը նշված որոշման կատարումն ապահովելու և վիճարկվող դրույթների կասեցումից բխող գործողություններ ձեռնարկելու պահանջներով բազմաթիվ գրություններ: Ստեղծված պայմաններում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը անհրաժեշտ է համարում անդրադառնալ մտահոգությունների և տարակարծությունների տեղիք տվող խնդիրներին:
Հարկ ենք համարում նշել, որ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը 2014 թվականի հունվարի 24-ի աշխատակարգային որոշմամբ կասեցրել է «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի՝ պարտադիր կուտակային վճարներ չկատարելու կամ ուշացումով կատարելու համար պատասխանատվությանը, ինչպես նաև պարտադիր կուտակային բաղադրիչի մասնակիցների կողմից մինչև սույն թվականի հունվարի 1-ը կենսաթոշակային ֆոնդ և կենսաթոշակային ֆոնդի կառավարիչ ընտրելու պարտավորությանը վերաբերող դրույթները: Այսպիսով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը իր աշխատակարգային որոշմամբ կուտակային բաղադրիչի մասնակիցներին պարտադիր կուտակային վճարները կատարելու պարտականությունից չի ազատել:
Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը փաստում է, որ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի՝ կուտակային բաղադրիչի մասնակիցների՝ կուտակային վճարներ կատարելու պարտականությանը վերաբերող համապատասխան դրույթները կասեցված չեն և հիշեցնում, որ նշված դրույթների սահմանադրականությունը դեռևս վիճարկման փուլում է: Ուստի Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը հորդորում է ձեռնպահ մնալ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշման տարաբնույթ ընկալումներից, քանի որ վիճարկվող դրույթների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանող ճանաչվելու պարագայում պարտադիր կուտակային բաղադրիչի մասնակիցների համար հետևանքները, թերևս, ավելի ծանր կլինեն և կհանգեցնեն բաց թողնված ժամանակահատվածի համար կուտակային վճարներ միանվագ կատարելու պարտավորությանը:
Հայտնում ենք նաև, որ օրենքի կասեցված դրույթների կիրարկումն ապահովող Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ակտերը չեն խոչընդոտում ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշման կատարմանը, ուստի Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը վիճարկվող դրույթների կասեցումից բխող միջոցառումներ ձեռնարկելու խնդիր ներկա փուլում չունի:
Միևնույն ժամանակ, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկն իր պատրաստակամությունն է հայտնում իր լիազորությունների շրջանակում աջակցել կուտակային բաղադրիչի մասնակիցներին իրազեկելու և տեղեկատվության հասանելիությունն ապահովելու հարցում:

ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն

Անկախ

Հանրությանը հուզող խնդիրները կառավարության ուշադրության կենտրոնում են

կառավարության նիստ 06.02Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Բացելով նիստը, Տիգրան Սարգսյանն անդրադարձել է հանրությանը հուզող մի շարք հարցերի: Վանաձոր քաղաքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ տեղեկություն է տվել ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը. «Մի քանի օր առաջ Վանաձորում, գազի հիմնական մայրուղու վրա, խոշոր վթար է տեղի ունեցել, և սպասարկող ընկերությունը բնակչության անվտանգությունն ապահովելու համար քաղաքի գազամատակարարումը դադարեցրել է: Որպես դրա հետևանք հատկապես ջեռուցման հետ կապված խնդիրներ են սկսել առաջանալ ոչ միայն բազմաբնակարան շենքերում, այլ նաև տարբեր ձեռնարկություններում և հիմնարկներում: Նույն օրը հայտնաբերվել է վթարի հիմնական տեղը. բավական բարդ վթար է եղել և իր էությամբ, և´ հետևանքներով: Երեքշաբթի օրվանից մասամբ սկսել է վերականգնվել գազամատակարարումը: Երեկ մի քանի անգամ ես առիթ եմ ունեցել նաև զրուցելու «Հայռուսգազարդ»-ի գլխավոր ինժեների հետ, և երեկոյան ժամը 23:30-ի կողմերը վթարն, ըստ էության, վերացվել է: Հաշվի առնելով տեխնոլոգիական սպասարկմանն անհրաժեշտ ռեժիմները՝ գիշերվանից գազն սկսել է բաշխվել արդեն ամբողջ համայնքում՝ Վանաձոր քաղաքում: Հուսով ենք, որ այսօր օրվա ընթացքում գազի բոլոր սպառողները, ովքեր դրա անհրաժեշտությունը կունենան, կկարողանան գազն ստանալ: Որպես հետևանք նաև բավական ցուրտ եղանակային պայմաններում բնակչության զգալի մասն սկսեց ավելի շատ էլեկտրաէներգիա սպառել՝ տաքացուցիչ սարքավորումներ օգտագործելով: Լարվածության և մեծ ճնշումների հետևանքով սկսեցին խափանումներ առաջանալ նաև էներգամատակարարման համակարգերում:
Դրանք էլ աստիճանաբար վերացվում են, առավոտյան մարզպետը տեղեկացրեց, որ հիմա աշխատանքներ են տարվում, որպեսզի համայնքային և պետական հիմնարկությունները առողջապահական և կրթական նորմալ աշխատանքային հուն վերադառնան ջեռուցումը ապահովելով: Այս պահի դրությամբ ջեռուցման խնդիր կար Վանաձորի ծննդատանը, այնտեղ հիմա աշխատանքներ են կատարվում փոխարինելու ջեռուցման համակարգի որոշ հատվածներ: Հայջրմուղը այդ խնդրին տեղյակ է, մարզպետարանը, համայնքի ղեկավարը և համատիրությունները այդ ուղղությամբ նույնպես աշխատանքներ են տանում: Հուսով եմ, որ նմանատիպ խնդիր այլևս մենք չենք ունենա և առաջիկա 1-2 օրվա ընթացքում արդեն բոլոր հիմնարկները կվերադառնան բնականոն հուն»:
Վարչապետը Արմեն Գևորգյանին հանձնարարել է հարցը պահել անձնական հսկողության տակ և իրականացնել օպերատիվ բոլոր միջոցառումները, որպեսզի բնակչության համար կարճ ժամկետում ստեղծվեն նորմալ պայմաններ: «Եթե խնդիրներ կլինեն, ինձ անձամբ զեկուցեք», – եզրափակել է Տիգրան Սարգսյանը:
Կառավարության ղեկավարի շոշափած երկրորդ հարցը Մաքսային միությանն էր առնչվում: «ԶԼՄ-ները փորձում են այնպիսի տեղեկություն տարածել, որն, իմ կարծիքով, չի համապատասխանում իրականությանը», – նշել է վարչապետը: – Իբր Մաքսային միությանն անդամակցելը հանգեցնելու է աննախադեպ գնաճի»: Այդ առթիվ պարզաբանում է տվել ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը. «Մենք ունենք որոշ ԶԼՄ-ների կողմից ներկայացված նման գնահատականներ, որոնք որևէ ձևով իրականությանը չեն համապատասխանում, ներկայացված ամբողջ տեղեկությունը հանգում է նրան, որ իբր Մաքսային միությանն անդամակցելու դեպքում Հայաստանի Հանրապետությունում հսկայական ինֆլացիա է լինելու: Ընդհանրապես այդպես չի կարող լինել, մեր գնահատականները շատ հստակ են, դրանք արվել են շատ վաղուց` շուրջ 6-7 ամիս առաջ, առավելագույն ինֆլացիոն ճնշումը կարող է հասնել 1.5 տոկոսի, և դրանից ավելի բարձր ինֆլացիա մենք չենք կարող ունենալ: Մենք ունենք ապրանքախմբեր, որոնց հարցով ՀՀ-ն դիմելու է Մաքսային միությանը, որպեսզի մեզ բացառություն արվի, մենք փորձում ենք առավելագույնս լուսաբանել այդ հարցը, կարծում ենք, որ ճիշտ է, որպեսզի հասարակության բոլոր խավերը ծանոթ լինեն դրան, հատկապես գործարարները: Այս իրարանցումն առաջացել է հենց դրանից, որ մենք անընդհատ շատ ավելի բաց ինֆորմացիա ենք ներկայացնում, գործարարների հետ մանրամասն քննարկում ենք բոլոր ապրանքախմբերը: Այդ տեղեկությունն օգտագործվում է, փաստորեն, որպեսզի ուղղակի սրվի իրավիճակը: Դա ավելի շատ, կարծում եմ, մամուլի ուղղակի սենսացիա ներկայացնելու խնդիր է: Կարծում եմ, ճիշտ է, որ մենք շարունակենք մեր աշխատանքը և հասարակությանը հրապարակային ներկայացնենք ամբողջ ցանկը: Հույս ունեմ, որ մենք արդեն վաղը այդ բացառությունների ցանկը կավարտենք և կուղարկենք Մաքսային միություն, որպեսզի սկսենք բանակցությունները»:
Անհրաժեշտ համարելով, որ նախարարը մեկ անգամ ևս նիստից հետո ԶԼՄ-ներին պարզաբանում տա, Տիգրան Սարգսյանը ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին հանձնարարել է կազմել ժամանակացույց, որպեսզի Մաքսային միության խնդիրներով զբաղվող 22 աշխատանքային խմբերը հրապարակային հաշվետվություն տան իրենց կատարած աշխատանքի մասին, խմբերի ղեկավարները հանդիպեն ԶԼՄ-ների հետ և պատասխանեն նրանց հարցերին, տան պարզաբանումներ: «Մենք պետք է լինենք առավելագույնս բաց ու թափանցիկ: Եթե նույնիսկ այսպիսի թյուրիմացություններ են լինում, ապա դրանց հաղթահարման ձևը ճշգրիտ տեղեկության տրամադրումն է առաջին աղբյուրներին, որպեսզի այդ տեղեկությունը չխեղաթյուրվի», – հավելել է վարչապետը:
Իբրև երրորդ հարց կառավարության ղեկավարը հայտարարել է նոր ծրագրի մեկնարկը: «Հիշում եք, մենք միասին բավական երկար աշխատեցինք պետական ծառայողներին բնակարանով ապահովելու խնդրի շուրջ, – ասել է Տիգրան Սարգսյանը: -Այդ նախապատրաստական աշխատանքները մենք հասցրել ենք ավարտին և այսօր հայտարարում ենք այդ ծրագրի մեկնարկը: Այս պահի դրությամբ 3500 պետական ծառայող ցանկություն է հայտնել մասնակցել ծրագրին և մեր օրակարգում, պարոն Գաբրիելյան, առաջարկում եմ ներառել այդ հարցը և այդ ծրագիրը մանրամասն ներկայացնել, որպեսզի Երևան քաղաքում կարողանանք կարճ ժամանակում կառուցել շուրջ 1000 բնակարան ունեցող շենքեր և մեր աշխատողներին ապահովել բնակարանով, նաև դրան կցելով հիփոթեքային ապահովվածությունը: Կարծում եմ, որ սա կարևոր ազդակ կլինի պետական ծառայողներին»:
Նիստում կառավարությունը հավանություն է տվել պետական ծառայողների համար բնակարանային ապահովման ծրագրին, որին մասնակցել ցանկացողները մինչև ս.թ. մարտի 10-ը էլեկտրոնային կամ փաստաթղթային տարբերակով առաջարկ պետք է ներկայացնեն Կառավարական տուն 1 հասցեով: Հարցի քննարկումն ամփոփել է կառավարության ղեկավարը` նշելով, որ եթե վճարունակ պահանջարկն ավելանա, ապա կարվի ծրագրի երկրորդ փուլը: «Մեկ քառակուսի մետրի առավելագույն գինը կլինի 300 հազար դրամ, առավելագույն ժամկետը` 30 ամիս, գումարած հիպոթեքից օգտվելու հնարավորություն պետական ծառայողների համար, – մանրամասնել է վարչապետը: – Հանձնաժողովի նախագահը կլինի Վաչե Գաբրիելյանը, ում պետական ծառայողները կարող են դիմել բոլոր հարցերով: Սկսում ենք 1000 բնակարանով ծրագրից, եթե տեսնենք, որ հետաքրքրությունը մեծ է, կանենք երկրորդ քայլը»:
Հիմք ընդունելով «Մաքսային միությանը և Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության Միասնական տնտեսական տարածքին Հայաստանի Հանրապետության անդամակցության նպատակով միջոցառումների ծրագրի (ճանապարհային քարտեզի) իրականացմանն ուղղված գործողությունների ժամանակացույցի» 167-րդ, 193-րդ և 199-րդ կետերը` ՀՀ կառավարությունը որոշել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ համագործակցող պետական լիազոր մարմիններ ճանաչել`պետական (համայնքային) գնումների կարգավորման և վերահսկման ոլորտում` ՀՀ ֆինանսների նախարարությունը, բնական մենաշնորհների կարգավորման ոլորտում` ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, մրցակցային քաղաքականության կարգավորման և վերահսկման ոլորտում` ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը:
Ղեկավարվելով նշված ժամանակացույցի 208.1 կետով` ՀՀ կառավարությունը որոշել է Մաքսային միության անդամ պետությունների մտավոր սեփականության օբյեկտների միասնական մաքսային գրանցամատյանի վարման հարցերի` Մաքսային միության անդամ պետությունների լիազոր մարմինների և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ փոխգործակցության լիազոր մարմին ճանաչել ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեն:

Գյուղատնտեսությունն աջակցություն կստանա երեք ծրագրով

ՀՀ կառավարությունը հաստատել է 2014թ. գարնանացանի համար գարու, եգիպտացորենի, առվույտի և կորնգանի արտադրության զարգացման, հողօգտագործողներին 2014թ. գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի, դիզելային վառելանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագրերը, որոնց համաձայն այս տարի արտերկրից ձեռք են բերվելու ավելի քան 2 հազար 350 տոննա սերմացու, ավելի քան 38 հազար տոննա պարարտանյութ և մոտ 18 մլն լիտր դիզելային վառելանյութ: Վարչապետ Տիգրան Սարգսյանը հատկապես ընդգծել է, որ հողօգտագործողի համար այս տարի այս ծրագրերից և ոչ մեկով գների բարձրացում չի լինելու: «Ե վ սերմացուն, և պարարտանյութը, և վառելիքը 2014թ. մատակարարվելու են նույն գներով, ինչպես որ մատակարարվել են 2013թ., – ասել է վարչապետը: – Այսինքն, գների բարձրացման խոսակցությունը իրականությանը չի համապատասխանում: Մեր գնահատականներով ինչպես այս, այնպես էլ գյուղատնտեսության նախարարի հրապարակած ցուցանիշները վկայում են, որ դրանցով առնվազն 10 տոկոս աճի պոտենցիալ է ներկայացված, մանավանդ, եթե հաշվի առնենք, որ այս ծրագրերի շնորհիվ գյուղատնտեսության արտադրողականությունը էապես բարձրացել է, կրճատվել չմշակվող հողերի ծավալը: Սա բավական լավ նորություն է ոլորտում զբաղվածների համար»:

Վազաշեն-Պառավաքար ավտոճանապարհը կկառուցվի մինչև ամառ

ՀՀ կառավարությունը 2014թ. պետբյուջեում կատարել է վերաբաշխում, փոփոխություններ և լրացում` իր ավելի վաղ ընդունած որոշման մեջ, ինչը պայմանավորված է ռազմավարական նշանակություն ունեցող Վազաշեն-Պառավաքար 3.2կմ այլընտրանքային ավտոճանապարհի շինարարությամբ: Շինարարական, նախագծային և հեղինակային հսկողության աշխատանքների և տեխնիկական հսկողության համար հատկացվել է ավելի քան 535 մլն դրամ: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարից տեղեկանալով, որ ճանապարհը կարող է շահագործման հանձնվել մինչև ամառ, Տիգրան Սարգսյանը կարևորել է աշխատանքն հնարավորինս արագացնելու անհրաժեշտությունը` օգտվելով բարենպաստ եղանակից:
ՄԱԿ-ի զարգացման ծրագրի Երևանի գրասենյակի կողմից իրականացվող «Կայուն օրգանական ախտորոշիչների ոչնչացման ծրագրով» նախատեսվում է Երևան-Սևան մայրուղու 46-րդ կիլոմետրի աջակողմյան հատվածում գտնվող 5 հազար 760 քառ. մետր մակերեսով հողատարածքի պահեստային շինությունը նորոգել և վերազինել որպես թունաքիմիկատների ֆիլտրացիոն պահեստ: Այդ նպատակով նշված հողատարածքը կառավարության որոշմամբ հատկացվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը: Երկրում առկա թունաքիմիկատները, մինչև դրանց ոչնչացումը, կպահպանվեն ֆիլտրացիոն պահեստում:
Գործադիրը թույլատրել է Երևան քաղաքի Րաֆֆու փողոցում գտնվող ավելի քան 700 քառ. մետր մակերեսով հասարակական նշանակության տարածքը և դրա բաժնային մաս համարվող հողամասն օտարել մրցույթով: Օտարման ենթակա գույքի նվազագույն գինն է ավելի քան 64 մլն դրամ:
Կառավարության որոշմամբ Երևան քաղաքի Շիրակի 2ա հասցեի թիվ 7 և Աբովյան քաղաքի ճարտարագիտական քոլեջի հանրակացարաններում բնակվող` 1988-1992թթ. Ադրբեջանից բռնագաղթած և ՀՀ քաղաքացիություն ստացած 13 անձանց են սեփականաշնորհվել նրանց զբաղեցրած բնակելի տարածքները: Մեկ այլ որոշմամբ մինչև 2014թ. դեկտեմբերի 31-ը երկարացվել է 1988-1992թթ. Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած անձանց և 1992թ. ՀՀ Արծվաշեն գյուղից բռնի տեղահանված անձանց աշխատանքային ստաժ սահմանող հանձնաժողովի գործունեության ժամկետը, քանի որ փախստականներից ստացվող դիմումների հոսքը շարունակվում է:

Ուռուցքաբանության կենտրոնը իրականություն կդառնա
Կառավարության որոշմամբ Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի մաս կազմող «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» ՓԲԸ-ի կողմից շենքի ներքին և արտաքին ինժեներական համակարգերի, ներքին հարդարման աշխատանքի և դրա տեխնիկական վերահսկողության իրականացման նպատակով ընկերությանը տրամադրվել է 792 մլն 386 հազար 600 դրամ բյուջետային վարկ 15 տարի մարման ժամկետով: Կառավարության ղեկավարն արձանագրել է, որ Ուռուցքաբանության կենտրոնի բիզնես-ծրագիրը էական տնտեսումով է իրականացվում: Ծրագրով նախատեսված էր 3.5 մլն ԱՄՆ դոլարի վարկ տրամադրել, սակայն հատկացվում է շատ ավելի քիչ: Բելգիայի կառավարությունից ստացված վարկը նույնպես էական տնտեսում է ապահովել: Արագացուցիչն արդեն Հայաստանում է, իսկ դա նշանակում է, որ շինարարությունը տարվա ընթացքում լուրջ առաջընթաց կարձանագրի:

ՀՀ կառավարությունն իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ և լրացումներ, որոնք բխում են «Եկամտային հարկի և պարտադիր կուտակային վճարի անձնավորված հաշվառման մասին» օրենքի պահանջներից: Մասնավորապես, նշված որոշման դրույթները համապատասխանեցվել են ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտերի դրույթներին` ապահովելով եկամտային հարկի և կուտակային վճարի անձնավորված հաշվառման համակարգի բնականոն գործունեությունը:
Գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել 2014թ. պետբյուջեում և իր նախկին որոշումներից մեկում` ի կատարումն «ՀՀ 2014թ. պետբյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» որոշման 4-րդ կետի ե) ենթակետի: Փաստաթղթով պետական հիմնարկների և կազմակերպությունների աշխատողներն ապահովվում են սոցիալական փաթեթով:
Կառավարության նախկին որոշումներից մեկում կատարած փոփոխությունները միտված են առանձին ապրանքատեսակներ արտադրող-իրացնողների և ներմուծող-իրացնողների նկատմամբ հարկային հսկողության արդյունավետության բարձրացմանը, հարկային մարմնում անհրաժեշտ վերլուծության իրականացման և ռիսկի բացահայտման մեխանիզմների կատարելագործմանը:

Կբարելավվի մարզերի սոցիալ-տնտեսական վիճակը

ՀՀ կառավարությունը հաստատել է Սյունիքի, Շիրակի և Լոռու մարզերի 2014-2017թթ. սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերը, որոնք ուղղված են մարզերի համայնքների համաչափ զարգացմանն ու բնակչության կենսապայմանների բարելավմանը:
Գործադիրն իր երկու որոշմամբ լրացրել և փոփոխել է Արագածոտնի և Վայոց ձորի մարզերի աշխարհագրական օբյեկտների անվանումների ցանկերը` թարմացնելով ՀՀ աշխարհագրական անվանումների պետական քարտադարանը:
Կառավարությունն իր որոշմամբ փոխել է Լոռու մարզի Ջիլիզայի գյուղական համայնքի վարչական տարածքում գտնվող հողի մի մասի նշանակությունը, ինչի շնորհիվ համայնքի բնակչությունը հնարավորություն կունենա գործարկել 50-100 տոննա մրգի պահպանման և 2 տոննա մրգաչրի արտադրության սառնարանային տնտեսություն:
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել`
-բնապահպանական խնդիրների ռազմավարական պլանավորման հայեցակարգին, որի ներդրումը հնարավորություն կտա երկրում իրականացնել բնապահպանական ավելի արդյունավետ քաղաքականություն,
-ՀՀ առողջապահության ոլորտի մարդկային ներուժի զարգացման ռազմավարությանը և դրա միջոցառումների ծրագրին, որոնցով կապահովվի կադրային ներուժի զարգացումը` երկրի առողջապահական կարիքներին, օրենսդրությամբ սահմանված պահանջներին և աշխատանքի շուկայի իրավիճակին համապատասխան:

Այլ հարցեր

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու օրենքի նախագծին, որի ընդունման դեպքում հնարավորինս կնվազեն և հետագայում իսպառ կվերանան ինքնակամ շինարարական աշխատանք կատարելու վերաբերյալ իրավախախտման դեպքերը: Օրինագիծը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ Ազգային Ժողով:
Իր հինգ որոշումներով կառավարությունը զենքի արտադրության և առևտրի, պայթուցիկ նյութերի կամ պայթեցման սարքավորումների արտադրության, մասնավոր պահնորդական գործունեության, ինկասացիոն ծառայության մատուցման արտոնագրման կարգերը համապատասխանեցրել է «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի պահանջներին: Ճանապարհներին տեղադրվող սարքավորումների վերաբերյալ վարչապետի հարցին ի պատասխան ՀՀ ոստիկանապետը տեղեկացրել է, որ այդ աշխատանքը Երևանում ավարտվել է, այժմ կատարվում է մարզերում: Գործում են մասնագիտական հանձնաժողովներ, որոնց առաջարկով փոխվել է մոտ 100 ճանապարհային նշան: Հնարավոր է, որ ծանրաբեռնված փողոցներում արագությունը սահմանող նշանները ժամը 17:00-ից կամ 18:00-ից հետո փոխարինվեն ավելի մեծ արագություն թույլատրող նշաններով: Վարչապետը շեշտել է այդ աշխատանքում հասարակական կազմակերպությունների ներգրավման կարևորությունը:
ՀՀ կառավարությունն ընդունել է գնման գործընթացի կազմակերպման և թույլտվության որոշում, որը թելադրված է 2013-2014թթ. ձմռան ընթացքում ՀՀ զինված ուժերում թոքաբորբով հիվանդ զինծառայողների թվաքանակի կտրուկ աճով: Անհրաժեշտ «բրենդային» դեղորայքի շուտափույթ ձեռքբերումն իրականացվելու է բանակցային ընթացակարգով, առանց գնման հայտարարությունը նախապես հրապարակելու: Այդ նպատակին հատկացվել է մոտ 37.5 մլն դրամ: ՀՀ պաշտպանության նախարարության համար նախատեսված իմունիզացման գումարը կառավարության որոշմամբ տեղափոխվել է ՀՀ առողջապահության նախարարության «Իմունոկանխարգելման ազգային ծրագիր», որով էլ կիրականացվեն նախատեսված պատվաստումները:
Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսումնական գործընթացը բնականոն կազմակերպելու նպատակով գործադիրը հատկացրել է մոտ 71 մլն դրամ:
Կառավարությունը համաձայնություն է տվել Հայաստանի Հանրապետության և Վրաստանի կառավարությունների միջև զբոսաշրջության բնագավառում համագործակցության համաձայնագրի կնքման առաջարկությանը:
Կառավարության որոշմամբ Երևանի «Պրոմ-տեստ» ՍՊԸ-ին 5 տարի ժամկետով տրվել է ՀՀ ռադիոակտիվ նյութերի ներմուծման արտոնագիր:

 Անկախ

Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի քաոսի պատասխանատուն ՀՀ կառավարությունն է

դեմ եմՊարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման դեմ պայքարող «Դեմ եմ» նախաձեռնության անդամներն այսօր ժամը 12-ին ՀՀ կառավարության երրորդ շենքի դիմաց հավաք-երթ են անցկացնելու՝ ի նշան բողոքի: Նախաձեռնության անդամ, քաղաքագետ Դավիթ Մանուկյան խոսքով՝ Սահմանադրական դատարանի հունվարի 24-ի որոշումից հետո անհրաժեշտություն կա նվաճելու սեփական իրավունքները:

«Մի շարք կազմակերպություններ կան, որոնք առանց աշխատակիցների կարծիքը հարցնելու արդեն պահումներ են արել աշխատավարձերից՝ ստիպելով ընտրել իրենց կառավարիչներին: Այդ դեպքում նրանք ինչպե՞ս են փոխհատուցելու այն գումարները, որոնք առանց աշխատողի կարծիքը հաշվի առնելու պահել են և փոխանցել ինչ-որ հիմնադրամների»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Դավիթ Մանուկյանը՝ հավելելով, որ ստեղծված քաոսի պատասխանատուն ՀՀ Կառավարությունն է:

Նախաձեռնության անդամների խոսքով՝ պետական այրերն իրենց համարում են էմոցիոնալ երիտասարդներ, ովքեր չեն մտածում իրենց ծերության մասին, բայց, ըստ նրանց՝ իրենք ավելի պրագմատիկ ենք, քան այդ պետական այրերը:

Ծրագրավորող Գևորգ Գորգիսյանի խոսքով՝ ատոմակայանի և Հայփոստի աշխատակիցներն իրենց աշխատավարձերն  արդեն ստացել են պահումներով: «Ատոմակայանի չորս հարյուր աշխատակիցներ արդեն ստորագրահավաք են կազմակերպել ընդդեմ պարտադիր կուտակային համակարգի»,- ասաց Գևորգ Գորգիսյանը՝ հավելելով, որ ԱԺ-ն ևս այն կազմակերպություններից է, որն  իր աշխատակիցների աշխատավարձերից  պահումներ է արել:

Նախաձեռնության անդամները հայտարարեցին, որ փետրվարի 8-ին «Դեմ եմ»-ի նախաձեռնողները մեկնելու են Վանաձոր՝ մասնակցելու Վանաձորում կազմակերպված հավաք-երթին: Նրանք պատրաստ են մեկնել բոլոր այն մարզեր, որտեղ նմանատիպ ակցիաներ կկազմակերպվեն:

Անկախ

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

համանախագահներ, սերժ սարգսյանՆախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքին (ԱՄՆ), Ժակ Ֆորին (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին:

Հանդիպման ժամանակ համանախագահները ներկայացրել են Բաքվում իրենց ունեցած հանդիպումների տպավորությունները և Հանրապետության Նախագահի հետ քննարկել ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի հետագա քայլերին վերաբերող հարցեր:

ՀՀ Նախագահը և համանախագահներն անդրադարձել են նաև Հայաստանի հետ սահմանին և Ադրբեջանի ու Ղարաբաղի շփման գծում հաճախակի դարձած զինադադարի խախտման դեպքերին՝ նման միջադեպերը մտահոգիչ համարելով բանակցային գործընթացի հետագա առաջընթացի համար:
Անկախ

ՄԻԵԴ-ում կայացավ «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործի լսումը

ՄԻԵԴՍտրասբուրգում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մեծ պալատում կայացավ «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործի լսումը։ Այս մասին Անկախը տեղեկանում է ՀՀ գլխավոր դատախազության կայքից:

Գործով հայցվորը նշում է, որ ինքը ստիպված է եղել լքել իր տունը 1992թ-ին Լեռնային Ղարաբաղի շուրջ հայ-ադրբեջանական հակամարտության պատճառով։  ՄԻԵԴ  դիմումատուն եղել է 1929թ-ին ծնված Մինաս Սարգսյանը, ով մահացել է 2009թ-ին։ Մինաս Սարգսյանի որդին և դուստրը ճանաչվել են գործով իրավահաջորդներ։ Հայցվոր կողմը ներկայացնում էին Ֆիլիպ Լիչը, Նարինե Գասպարյանը, Արման Ալոյանը և  Վահե Գրիգորյանը։

Ֆիլիպ Լիչը ներկայացնելով գործը՝ ասաց, որ Մինաս Սարգսյանը և նրա ընտանիքը ապրել են Շահումյանի շրջանի Գյուլիստան գյուղում ՝ երկհարկանի առանձնատանը՝ իր հարակից շինություններով։ Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդյունքում  պատերազմի ժամանակ Գյուլիստանը ռմբակոծվել է ադրբեջանական զինված ուժերի կողմից և գյուղի ողջ բնակչությունը՝ ներառյալ դիմումատուն և նրա ընտանիքը, լքել են Գյուլիստանը՝ փրկվելու համար, այնուհետև  հնարավորություն չեն ունեցել հետ վերադառնալ։

Ինչպես նշեց Լիչը, Ադրբեջանն ընդունում է, որ Գյուլիստանը գտնվում է իր հսկողության տակ և այս պարագայում նա պարտավոր է ապահովել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով հաստատված սեփականության իրավունքը, այնպես, ինչպես ՄԻԵԴ նախադեպային՝  Իլասկուն ընդդեմ Մոլդովայի գործի դեպքում։ Սակայն մինչ այժմ Ադրբեջանը ոչինչ չի արել հայցվորների իրավունքների պաշտպանության համար։

Դիմումատուի բողոքը ՄԻԵԴ-ում այն է, որ նա ստիպված տեղահանվել է Գյուլիստանից, և Ադրբեջանի կառավարությունը շարունակում է մերժել նրան՝ թույլ չտալով վերադարձնել իր ունեցվածքն ու տունը։

Դիմումատուն հենվում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվեցիայի 1-ին արձանագրության 1-ին հոդվածի, այն է սեփականության պաշտպանություն, 8-րդ հոդվածի՝ անձնական և ընտանեկան կյանքի իրավունքի հարգում, և 13-րդ հոդվածի՝ արդյունավետ պաշտպանության իրավունքի վրա։

Սագսյանների կողմը՝  հենվելով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի վրա, այն է անմարդկային կամ նվաստացուցիչ վերաբերմունքի արգելում, 8-րդ և 9-րդ հոդվածների վրա՝  կրոնի ազատություն,  բողոքում է  Ադրբեջանում հայկական գերեզմանատների նկատմամբ վանդալիզմից և ոչնչացումից։

Սագսյանների ներկայացուցիչ Նարինե Գասպարյանը նշեց, որ Ադրբեջանի կառավարությունը պետք է հոգ տաներ նաև Գյուլիստաում գտնվող հայցվորների ազգականների գերեզմանների մասին, այնինչ արվել է ճիշտ հակառակը՝  գերեզմաններն ավիրվել և վանդալիզմի են ենթարկվել։

«Սարգսյաններն ընդդեմ Ադրբեջանի» գործով, ըստ հայցվոր կողմի,  խախտվել է նաև կոնվենցիայի 14-րդ հոդվածը՝ այն է  խտրականության արգելում։ Սարգսյանների կողմը պնդում է, որ Ադրբեջանում ապրող միայն էթնիկ հայերն էին դառնում բռնության թիրախ և Ադրբեջանի կառավարությունը «չէր կարողանում» հետաքննել հայերի նկատմամբ հարձակումները կամ տրամադրել համապատասխան փոխհատուցում՝ նրանց սեփականությունն անօրինական զբաղեցնելու համար, ինչպես նաև հայկական գերեզմանների ոչնչացման համար։

Հայցվորները պահանջում են՝ հնարավորություն տալ իրենց վերադառնալ Գյուլիստան և ստանալ համապատասխան փոխհատուցում։

ՄԻԵԴ-ում «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով որպես երրորդ կողմ ներգրավված Հայաստանի կառավարության ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանն  անդրադարձավ կոնվենցիայի 1-ին արձանագրության 1-ին հոդվածին՝ ասելով, որ Հայաստանի կառավարությունը ևս պնդում է, որ տեղի է ունեցել հայցվորների իրավունքների խախտում։ Գյուլիստանը, որտեղ ապրել են Սարգսյանները, գտնվում է Ադրբեջանի ամբողջական վերահսկողության տակ։

Ինչպես նշեց ՀՀ կառավարության ներկայացուցիչը, հայկական եկեղեցիները և գերեզմանները վանդալիզմի են ենթարկվում և պատասխանող կողմն այս առումով որևէ հակափաստարկ չի ներկայացրել։

Գևորգ Կոստանյանը դատարանին առաջարկեց այս առումով իրականացնել հետազոտական առաքելություն, որը կօգնի նրան գործով որոշում կայացնելու համար։

Հայաստանի կառավարությունը ևս պնդում է, որ տեղի է ունեցել կոնվենցիայի 14-րդ հոդվածի խախտում և որ խտրականության հիմքով են Ադրբեջանի կողմից իրականացվել բռնություններ կոնկրետ էթնիկ հայերի նկատմամբ, ինչի վառ ապացույցն էլ Ռամիլ Սաֆարովի կողմից Գուրգեն Մարգարյանի կացնահարումն էր, ով հերոսացվեց Ադրբեջանում։

ՄԻԵԴ-ում գործով պատասխանող կողմ հանդիասցող Արբեջանի կառավարության ներկայացուցիչների հիմնական պնդումներն այն են, որ Ադրբեջանը չունի ամբողջական վերահսկողություն Գյուլիստանում, քանի որ այն գտնվում է հայ-ադրբեջանական շփման գծում և տարածքը ականապատված է։ Այս հիմքով ադրբեջանական կառավարությունը նշում է, որ տարածքը խիստ վտանգավոր է քաղաքացիների համար և կառավարությունը չի կարող ապահովել այնտեղ բնակվող քաղաքացիների անվտանգությունը։

Նշենք, որ Սարգսյանների կողմից ընդդեմ Ադրբեջանի հայցը ՄԻԵԴ բերվել է 2006թ-ի օգոստոսի 11-ին։

Ոստիկանության գնդապետ է ձերբակալվել Ադրբեջանին ինֆորմացիա վաճառելու մեղադրանքով

աած ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում սույն թվականի հունվարի 31-ին ձերբակալվել է ՀՀ Ոստիկանության նախկին աշխատակից, ոստիկանության գնդապետ, Երևան քաղաքի բնակիչ, 1953թ. ծնված Խաչիկ Եղիշի Մարտիրոսյանը:

ՀՀ ԱԱԾ կողմից ձեռք են բերվել անհերքելի ապացույցներ, որոնք վկայում են, որ Խ. Մարտիրոսյանը, ֆինանսական օժանդակություն ստանալու ակնկալիքով, 2013թ. օգոստոսին սեփական նախաձեռնությամբ դիմել է Վրաստանում Ադրբեջանի դեսպանություն ու կապ է հաստատել դեսպանության քողի տակ գործող ադրբեջանական հատուկ ծառայությունների աշխատակիցների հետ, առաջարկելով իր ծառայությունները:
Խ. Մարտիրոսյանը Ադրբեջանի հատուկ ծառայություններից ստացել է ռազմական բնույթի տեղեկություններ ձեռք բերելու առաջադրանքներ և դրանք կատարելու նպատակով ձեռնարկել է գործուն քայլեր: Իր կողմից ձեռք բերված տեղեկությունները Խ. Մարտիրոսյանը մտադրված է եղել փոխանցել ադրբեջանցիներին, ինչը սակայն, կասեցվել է ՀՀ ԱԱԾ մարմինների կողմից:
ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից Անկախին տեղեկացնում են, որ  ՀՀ ԱԱԾ Քննչական վարչությունում Խ. Մարտիրոսյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրեական Օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, կատարվում է նախաքննություն:

 

ԱԺ մեծամասնությունը չցանկացավ բացահայտել գազի գաղտնիքը, իրենք գիտեն` ինչ են անում

5966AA1B-983B-49C4-A1C9-10CDD65FD16C_mw1024_n_sԱԺ նիստը սկսվելուն պես քվեարկության դրվեց խորհրդարանական ոչ իշխանական չորս խմբակցությունների (ՀԱԿ, ՀՅԴ, ԲՀԿ, Ժառանգություն) նախաձեռնությամբ գազի պարտքի առաջացման և գազի գնագոյացման խնդիրները բացահայտելու նպատակով ԱԺ հանձնաժողով ստեղծելու առաջարկը: Մինչ այդ վարման կարգի վերաբերյալ ելույթ ունեցավ Ժառանգություն խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը` կոչ անելով մեծամասնությանը կողմ քվեարկել իրենց առաջարկին և միասին պարզել այս գործարքի հիմքերն ու պատճառները. “Երկու օր շարունակ քննարկվում է այս հարցը, որովհետև հասարակական լուրջ հնչեղցություն ունի: Ցավոք, հիմանկան հարցադրումները, թե ինչպես է գոյացել 300 միլիոն դոլար պարտքը և ինչպես է գոյացել սպառողին հասնող 380 դոլարին համարժեք գինը, մնացին առանց պարզաբանումների: Դեմ քվերակելով այս նախագծին` դուք ուղղակիորեն և անուղղակիորեն պատասխանատվություն եք վերցնում ձեզ վրա` թաքցնելու այս մութ գործարքը”,-ասաց նա:

Այնուհետև նույն կոչով մեծամասնությանը դիմեց ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը. “Սա հնարավորւթյուն է ՀՀ կառաավարությանը, գործող իշխանությունների ցույց տալու, որ պետականության նկատմամբ պետք է վերաբերվել պատշաճ”:

Ընդդիմադիրներին արձագանքեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը. “Հիմնականում զազրախոսություն, հանցանքի մեջ մեղադրանքներ, առավել ևս հիմա էլ սկսել են մեր փոխարեն մտածել: Մենք գիտենք, թե ինչ ենք անում: Կոչ եմ անում դեմ քվերակել”,-իր ոճի մեջ մնալով` հայտարարեց նա:

Նախագիծը դրվեց քվեարկության և 44 կողմ, 58 դեմ, 3 ձեռնպահ ձայների հարաբերակցությանմբ չընդունվեց:

Հիշեցնենք, որ քառօրյայի նախորդ երկու օրերին ոչ իշխանական խմբակցությունների պատգամավորները փորձում էին համոզել մեծամասնությանը` ընդունել հանձնաժողով ստեղծելու իրենց առաջարկը և միասին հասկանալ երեք պարզ հարցի պատասխան, որը իսկական հանելուկի է վերածել գազի շուրջ ստեղծված իրավիճակը:

Անկախ

Վարչապետը մասնակցել է հայկական առաջին պլանշետի շնորհանդեսին

Տիգրան Սարգսյան, պլանշետՎարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է հայկական առաջին պլանշետի՝ «Արմթաբ»-ի շնորհանդեսին: Պլանշետի արտադրությունն իրականացնում է «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերությունը:

Կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել ծրագիրն իրականություն դարձնելու համար:
ՀՀ կառավարության ծրագրով, որն արժանացել է հանրության և Ազգային ժողովի հավանությանը, առաջին դասարանցիները պետք է ապահովվեն համակարգչով: Այդ առումով, վարչապետի խոսքով, հայկական պլանշետների արտադրության այս ծրագիրը համահունչ է կառավարության ծրագրին: Կառավարության ղեկավարը սա համարել է լրջագույն հաջողություն, քանի որ Հայաստանը երկարաժամկետ առումով գտնում է նաև իր տնտեսության մասնագիտացման կարևորագույն ոլորտներից մեկը, իսկ վերջին 10 տարիների փորձը ցույց է տվել, որ այս բնագավառում մեր երկիրն ունի հարաբերական առավելություն՝ ինտելեկտուալ ներուժ, երիտասարդ սերնդի կարողություններ: Տիգրան Սարգսյանի խոսքով՝ իրականացված միջոցառումներն արդեն ձևավորել են միջավայր և տալիս են շոշափելի արդյունքներ:
«Եթե կարողանանք քաղել այս ոլորտի բոլոր պտուղները, ապա դա կնշանակի, որ ևս 10 տարի անց ՀՀ տնտեսությունը կլինի ավելի արդյունավետ, իսկ արտադրողականության տեսակետից կլինենք մրցունակ պետություն»,- նշել է վարչապետը:
Ներկայացնելով ՏՏ բնագավառում 2013-ին արձանագրված արդյունքները՝ Տիգրան Սարգսյանը տեղեկացրել է, որ այս ոլորտում երկնիշ տնտեսական աճն ունի շարունակական բնույթ, և նախորդ տարին այդ առումով բացառություն չէր. աճը կազմել է շուրջ 20 տոկոս, իսկ արտահանումը՝ 12 տոկոս: Դա, ըստ կառավարության ղեկավարի, նշանակում է, որ աճի մի զգալի մասն ապահովում է ներհանրապետական սպառում, ինչը նույնպես հաջողություն է: Ոլորտի ձեռնարկությունների 80 տոկոսն ունի հայկական ծագում:
Վարչապետի խոսքով՝ նախորդ տարվա կարևորագույն ձեռքբերումներից մեկն էլ այն է, որ ՀՀ ՏՏ ոլորտի նկատմամբ միջազգային տրանսնացիոնալ կորպորացիաների ուշադրությունն ավելի է մեծացել: «Սիլիկոնյան հովտում IBM ընկերության հետ մեր ձեռք բերած պայմանավորվածությունն ամբողջությամբ իրացվել է: Դրա արդյունքում այդ ընկերությունը Հայաստանում ունի իր կենտրոնը, որը հնարավորություն է տալու երիտասարդ սերնդին ավելացնել իր կարողությունները: Ուրախ եմ նաև, որ IBM-ի միջոցով համագործակցում ենք ԱՄՆ-ի առաջատար բուհերի հետ, ինչը հնարավորություն է տալու մշտապես պահպանել կրթական համակարգի բարձր մակարդակ»,– նշել է Տիգրան Սարգսյանը:
Վարչապետը փաստել է, որ «Մայքրոսոֆթ»-ը նույնպես ՀՀ-ում արձանագրում է զարգացման բարձր տեմպեր, իսկ մեր երկրում գործող վերջինիս ինովացիոն կենտրոնը ճանաչվել է աշխարհի լավագույն կենտրոններից մեկը:
Գործադիրի ղեկավարն արձանագրել է, որ ՏՏ ոլորտում զբաղվածների թիվը նախորդ տարի աճել է 1800-ով և կազմել 11 հազար, որոնցից 9 հազարը հանդիսանում են բարձրակարգ ինժեներներ: Այսինքն, կառավարության կանխատեսումը, ըստ որի՝ ոլորտը տարեկան համալրվելու է 2000 մասնագետով, ինչն էլ համահունչ է այդ բնագավառի 20-30 տոկոսի տնտեսական աճին, դարձել է իրականություն: Վարչապետի խոսքով՝ ՏՏ բնագավառում առկա է կադրերի՝ բարձրորակ աշխատուժի պահանջարկ, և համապատասխան կրթության դեպքում երիտասարդները երաշխավորված կլինեն բարձր վարձատրությամբ աշխատանքի հարցում:
Տիգրան Սարգսյանը տեղեկացրել է, որ արդեն իսկ ավարտվել են նաև Գյումրու տեխնոպարկի ֆինանսավորման աշխատանքները, և շուրջ 6 հազար քմ տարածք պատրաստ է շահագործման: Աշխատանքներ են տարվում տեխնոպարկը համալրելու ուղղությամբ: Կան բազմաթիվ մասնավոր ընկերություններ, որոնք հավակնում են իրենց գործունեությունը ծավալել տեխնոպարկում: Միաժամանակ, տեխնոպարկին կից գործելու է նաև D-Link ընկերությունը: Այսպիսով, տեխնոլոգիական ոլորտի զարգացումը Գյումրիում մեծ թափ կստանա:
«Այս փուլում կուտակել ենք զարգացման մեծ ներուժ, սակայն առաջ շարժվելու համար անհրաժեշտ են նոր ինստիտուցիոնալ ներարկումներ: Պետք է մտածենք այն խթանների մասին, որոնք նոր ձևավորվող ընկերություններին հնարավորություն պետք է տան այս բավականին բարձր մրցակցային դաշտում գտնել իրենց տեղը: Այսօր էկոնոմիկայի նախարարությունում աշխատանքներ են տարվում նաև, որպեսզի Ազգային ժողով ներկայացնենք մի օրենսդրական փաթեթ, որը հնարավորություն է տալու Start up-երին գործել ավելի մեղմ հարկային դաշտում, որն էականորեն տարբերվելու է գործող հարկային դաշտից»,– տեղեկացրել է կառավարության ղեկավարը:
Minno Tablet ընկերության նախագահ Էրիկ Ռայենը խոստովանել է, որ հայկական պլանշետների արտադրության ուղղությամբ իրենց ներդրումային ծրագիրը լավագույններից է` թե ՀՀ կառավարության ցուցաբերած աջակցության, թե ներգրավված աշխատակազմի ու գործընկերների առումով: Նրա խոսքով՝ Minno Tablet ընկերությունը կապահովի նախագծի արդյունավետ մեկնարկի և զարգացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները, տեխնոլոգիաների փոխանցումը և այլ հնարավոր աջակցություն: «Ցանկանում եմ խորին շնորհակալություն հայտնել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին, ՀՀ էկոնոմիկայի, ՀՀ կրթության և գիտության նախարարներին՝ ցուցաբերած մեծ աջակցության համար: Համոզված եմ, որ շատ շուտով նաև մեր աջակցությամբ Հայաստանն իր լայն ճանաչումը կստանա ամբողջ աշխարհում՝ որպես բարձր տեխնոլոգիաների երկիր»,– նշել է Էրիկ Ռայենը:
Շնորհանդեսի ավարտին ՀՀ կրթության և գիտության նախարարության և «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերության միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր, որով 2015 թվականից «Արմթաբ» պլանշետները կներդրվեն Հայաստանի դպրոցական համակարգում:
***
Հայկական արտադրության առաջին պլանշետը (Armtab) և առաջին հեռախոսը
(Armphone) ներկայացվել էր ՀՀ վարչապետին կից արդյունաբերական խորհրդի նիստում:
Նախատեսվում է, որ «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնեմիքս»-ն առաջիկա երեք տարվա ընթացքում արտադրության ծավալը 10 հազար պլանշետից կհասցնի 50 հազարի, իսկ մեկ պլանշետի գինը կլինի շուրջ 180 դոլար, ինքնարժեքը` շուրջ 135 դոլար:
Կառավարության թույլտվությամբ «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնեմիքս»- ընկերությունը գործունեություն կծավալի «Ալյանս» ազատ տնտեսական գոտում:
Պլանշետների ծրագրային և սարքային ապահովման (software և hardware) դիզայնն իրականացվում է Հայաստանում, իսկ հավաքումը` ԱՄՆ–ում և Հոնկոնգում:

 Անկախ