Հրապարակվել են Կենսաբանության, Աշխարհագրության և Ընդհանուր պատմության քննությունների գնահատականները

Picture 032Հրապարակվել են հունիսի 7-ին տեղի ունեցած երեք առարկաների միասնական քննության գնահատականները: Վաղը ժամը 9-18-ը քննակենտրոններում դիմորդները կկարողանան բողոքարկել իրենց գնահատականները:

«Աշխարհագրություն»-ից քննությանը մասնակցել է հայտագրված 340 դիմորդներից 330-ը: Միջին գնահատականը 14,5 է:

Անբավարար է ստացել 19 դիմորդ կամ ընդհանուրի 6 տոկոսը:  7,5-12,75 է ստացել 101 դիմորդ կամ 30 տոկոսը, 13-16,75 է ստացել 102 դիմորդ կամ 31 տոկոսը, 17-20 է ստացել 108 դիմորդ կամ 33 տոկոսը: Առավելագույն` 20 միավոր է ստացել 12 դիմորդ (4 տոկոսը):

Նշենք, որ 2012-ին աշխարհագրության միջին միավորը  2,2 նիշով ցածր էր` 12,3 էր,  դիմորդների 9,7 տոկոսն անբավարար էր ստացել, իսկ հիմնական մասը` 47,1 տոկոսը ստացել էր նվազագույն դրական միավորներ` 7,5-13,25:

«Ընդհանուր պատմություն»-ից քննությանը մասնակցել է հայտագրված 224 դիմորդներից 214-ը:

Միջին գնահատականը 11,5 է:  Ընդհանուր պատմությունից կտրվել է դիմորդների 20 տոկոսը (43 դիմորդ), 7,5-12,75 է վաստակել 95 դիմորդ` 44 տոկոսը, 13-16,75` 42 դիմորդ` 20 տոկոսը, 17-20 միավոր է ստացել 34 դիմորդ` 16 տոկոսը: 20 միավոր է ստացել ընդամենը մեկ դիմորդ:

Նախորդ տարի «Ընդհանուր պատմության» միջին գնահատականը ավելի բարձր էր`  12,2 էր,  ավելի փոքր էր նաև անբավարար ստացած  դիմորդների  թիվը` 14,8 տոկոսը: 2012-ին «Ընդհանուր պատմություն»-ից 20 միավոր էր ստացել 2 դիմորդ:

«Կենսաբանություն»-ից քննությանը մասնակցել է հայտագրված 1687 դիմորդներից 1643-ը: Միջին գնահատականը 14,5 է:

Անբավարար է ստացել 199 դիմորդ` 12 տոկոսը: Նվազագույն դրական միավորներ` 7,5-12,75 է հավաքել 392 դիմորդ` 24 տոկոսը, 13-16,75 միավոր է ստացել 364 դիմորդ` 22 տոկոսը, 17-20` 688 դիմորդ` 42 տոկոսը: Այս տարի կենսաբանությունից 20 միավոր է ստացել աննախադեպ թվով` 182 դիմորդ` 10 տոկոսը:

2012-ին «Կենսաբանության»  միջին միավորը 11,4 էր`3,1 նիշով ցածր այս տարվա միջինից: Անբավարար էր ստացել դիմորդների 19,9 տոկոսը, իսկ մեծ մասը` 45,7 տոկոս, ստացել էր նվազագույն դրական միավորներ`  7,5-13,25:   20 միավոր էր ստացել ընդամենը մեկ դիմորդ:

«Ֆինանսական համակարգի հետ փոքր ինչ առնչություն ունեցող մարդը կհաստատաի, որ դա անհեթեթություն է». վարչապետը՝ օֆշորային սկանդալի մասին

nara-tigran-sargsyan-copyԿառավարության 2012 թ. կատարողականի հաշվետվության վերաբերալ ամփոփիչ ելույթի ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձավ օֆշորային գոտում իր անունով ձեռնարկություն ունենալու վերաբերյալ տարածված տեղեկությանը: Նրա խոսքով՝ ֆինանսական համակարգի հետ փոքր ինչ առնչություն ունեցող մարդը կհաստատաի, որ դա անհեթեթություն է:

«Ավելին, որևէ մեկի համար դժվար չէ այսօր օֆշորային գոտում ստեղծել ձեռնարկություն Նիկոլ Փաշինյանի անունով՝ չունենալով նրա թույլտվությունը»,-ասաց վարչապետը՝ հավելելով, որ դա էլ հենց օֆշորային գոտիների առանձահատկությունն է:

Նա նաև ասաց, որ անհրաժեշտ բացատրություն ինքն այդ ամենի վերաբերյալ արդեն տվել է՝ ասելով, որ դա անհեթեթություն է, և ինքը որևէ օֆշորային գոտում ձեռնարկություն չի գրանցել, ոչ էլ լիազորել է որրևէ մեկին դա անել: «Հասկանալի է, որ այս պատմությունն ունի բոլորովին այլ նպատակ: Եթե ուզում ես մեկին վարկաբեկել, սա հիասքանչ ձև է»:

Նա նկատեց, որ «Հայկական ժամանակ» օրաթերն իրեն հարցրել էր, թե որտեղ է գտնվել այդ օրը, երբ իր անունով գրանցվել է այդ ձեռնարկությունը: «Ես ասել եմ, որ այդ օրը պաշտոնական այցով գտնվել են Պրագայում, ինձ ուղեկցել են բազմաթիվ լրագրողներ, և բոլորը րոպե առ րոպե գիտեն, թե ես որտեղ եմ եղել: Ես միաժամանակ չէի կարող լինել և Կիպրոսում, և Պրագայում»,-ասաց նա:

Այնուամենայնիվ, վարչապետը հանգիստ է վերաբերում իր հասցեին հնչող քննադատություններին ու մեղադրանքներին՝ նշելով, որ դրանք ոչ առաջինն են, ոչ էլ վերջինը:  «Վերջին տարիներին բազմիցս է իմ անունը կապվել տարբեր տիպի սկանդալային պատմությունների հետ: Դեմոկրատական զարգացումը սա ենթադրում է, և մեր կառավարության, մեր նախագահի հետևողական ջանքերի շնորհիվ մենք ընդունեցինք և կիրառում ենք կարևորագույն մի օրենք, որ 500 բարձրաստիճան պաշտոնատար անձանց ունեցվածքը պետք է դառնա հանրային հսկողության առարկա: Սա ճիշտ ճանապարհ է, և ցանկացած պաշտոնատար անձ ի սկզբանե պետք է կաշկանդված լինի»:

Տիգրան Սարգսյանը նաև ուրախ է, որ այսօր թիրախն ինքն է, ասում է, որ պետք է ապագայում էլ պատրաստ լինի նման մեղադրանքների, ինչպես նաև բավարար ապացույցներ ներկայացնելուն:

Մոսկվայում սպանվել է Իրաքում ՀՀ դեսպանի եղբայրը, հյուրանոցի անվտանգության տեսախցիկները նկարահանել են մարդասպանին

spanutyunՄոսկվայի բարձրակարգ Lotte Plaza հյուրանոցի մուտքի մոտ դանակահարվել է հայազգի խոշոր գործարար: Մարդասպանը  դանակի մի քանի  հարված է հասցրել ձեռնարկատիրոջը: Հանցագործին հաջողվել է փախչել “Տոյոտա Քեմրի” ավտոմեքենայով:Հարուցվել է քրեական գործ:

Life News-ին հայտնի է դարձել, որ սպանվածը 51-ամյա գործարար Հովիկ Մուրադյանն է` Իրաքում ՀՀ  դեսպանի Մուրադ Մուրադյանի  եղբայրը: Նա հյուրանոց էր եկել հանդիպման:

Անմիջապես իր  BMW-ից դուրս գալուց հետո  նրա ետևից շենք է մտել դարչնագույն հագուստով տղամարդ: Հասնելով ձեռնարկատիրոջը, հանցագործը հինգ անգամ հարվածել է նրան դանակով:

Սպանվածը Մոսկվայում հայտնի  ձեռնարկատեր է: 1992թ. նա եղբոր Մուրադի հետ հիմնադրել է միջազգային “Բամո” շինարարական ընկերությունը:  Մուրադ Մուրադյանը զբաղեցնում է Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնը Իրաքում:

Մուրադյան եղբայրների ընկերությունների խումբը զբաղվում է տարբեր բարդության օբյեկտների շինարարությամբ: “Բամո”-ի կառուցած օբյեկտներից են ֆաբրիկաներ, սպորտհամալիրներ, հյուրանոցներ և լոգիստիկ կենտրոններ:

Հյուրանոցի անվտանգության տեսախցիկները նկարահանել են մարդասպանի գործունեությունը`

Փայլուն հաղթանակ հյուրընկալվելիս

12342Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի խաղում  եվրոպական  Բ խմբում ընդգրկված Հայաստանի հավաքականը Կոպենհագենում փայլուն հաղթանակ տարավ Դանիայի թիմի նկատմամբ` 4:0:

Մերոնց խաղը ստացվեց: Հատկապես, պարզերես արեցին բարձրակարգ թիմերում հանդես եկող հայ ֆուտբոլիստները: Երկու գնդակ մրցակցի դարպասը խփեց Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը: Աչքի ընկավ Կրասնոդարի «Կուբանի» ներկայացուցիչ Արազ Օզբիլիսը: Իսկ հանդիպման վերջակետը դրեց Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Վերջինս Հայաստանի հավաքականի կազմում խփեց իր 11-րդ գնդակը:

Հայաստանի ընտրանին հաջորդ խաղը կանցկացնի սեպտեմբերի 6-ին: Մերոնք Պրահայում ուժերը կչափեն Չեխիայի հավաքականի հետ:

 

Տեխնիկական արդյունքներ

 

Դանիա – Հայաստան՝ 0:4

Յուրա Մովսիսյան, 1, 59, Արազ Օզբիլիս, 19, Հենրիխ Մխիթարյան, 82

 

Հայաստանի հավաքականը հանդես եկավ հետևյալ կազմով. Ռոման Բերեզովսկի, Կամո Հովհաննիսյան, Ռոբերտ Արզումանյան, Վարազդատ Հարոյան, Վալերի Ալեքսանյան, Կառլեն Մկրտչյան, Արթուր Եդիգարյան (Մարկոս Պիզելի, 86), Գևորգ Ղազարյան, Արազ Օզբիլիս (Նորայր Ասլանյան, 90+1), Հենրիխ Մխիթարյան, Յուրա Մովսիսյան (Արթուր Սարկիսով, 84):

 

Դիմորդները 2 րոպե ունեն մաթեմատիկայի ամեն առաջադրանքը լուծելու համար

մաթեմատիկաԱյսօր ՀՀ 30 քննակենտրոններում 6951 դիմորդներ միասնական քննություն են անձնում «Մաթեմատիկա» առարկայից:

Երևանի ԵՊԲՀ քննակենտրոնում 198 դիմորդներից քննությանը ներկայացել էին 186-ը: Քննության մեկնարկից վայրկյաններ առաջ քննասենյակ հասցրեց մտնել վերջին  դիմորդը` Մայիս Ղազարյանը, ով պատճառաբանեց, թե զարթուցիչի ժամն է սխալ դրել, այդ պատճառով էլ ուշացել է:

Քննակենտրոնի ղեկավար Անահիտ Մելքոնյանը մի քանի անգամ ուսանողներին բարձրախոսով ներկայացրեց քննության կարգը և ձևաթուղթը լրացնելու կանոնները, ինչպես նաև կոչ արեց հանձնել բջջային հեռախոսները, եթե հանկարծ մոռացել ու հետները ներս են բերել:  9:40 քննության մեկնարկը տրվեց:

Դիմորդները 3 ժամ ունեն 80 հարցերին պատասխանելու համար, այսինքն մեկ մարցին միջինը պետք է 2 րոպե հատկացնեն: Թեստերը կազմված են շտարամանային առաջադրանքներից:

Մարիաննա Ասատրյանը Սլավոնական համալսարանի Կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դիմորդ է, մեկ տարի կրկնուսույցի մոտ է պարապել: Ասում է, որ շտերամանային առաջադրանքները տարբեր բարդության են` պարզից մինչև շատ բարդ, ուստի թեստի բարդությունը կախված կլինի նրանից,թե որ հարցերն առավել շատ ընդգրկված կլինեն: Մարիաննան նշում է, որ ինքը մի փոքր դանդաղ է առաջադրանքները լուծում ու չգիտի, թե ինչպես է անելու, որ հասցնի ողջ թեստը լրացնել:

Լիանա Անտոնյանն էլ Տնտեսագիտական համալսարանի դիմորդ է, երկու տարի կրկնուսույցի մոտ է պարապել: Ասում է, որ շտեմարանը փորձել է յուրացնել, ոչ թե անգիր անել և հույս ունի, որ լավ կգրի:

ծնողներՔննության մեկնարկից հետո քննակենտրոնի անցուդարձին ծնողները հետևում են քննակենտրոնի բակում դրված մեծ էկրանի միջոցով` դահլիճում 4 տեսախցիկ է տեղադրված:

Էկրանի մոտ խմբված ծնողներից յուրաքանչյուրը փորձում է իր երեխային գտնել, իսկ երբ չի կարողանում, հայտարարում է, թե հաջորդ քննությանը վառ գույնի զգեստ պետք է երեխան հագնի, որ հեշտ լինի գտնելը:

Տիկին Աննան իր աղջկան էկրանի վրա գտնելով հանգստանում է: Սա ապագա տնտեսագետի  երկորդ քննությունն է: Հայոց լեզվի քննությունից 12 է ստացել, բայց դժգոհ չեն` աղջիկը նախորդ քննությունից առաջ գիշերը չէր քնել, քննության ժամանակ էլ չի կարողացել կենտրոնանալ իր գրավորի վրա: Տիկին Աննան հույս ունի, որ այս անգամ պատմությունը չի կրկնվի և աղջիկը լավ կգրի:

Տիկին Մարիամի աղջիկն այսօր ևս երկրորդ քննությունն է հանձնում: Նա պահանջում էր, որ մի քանի ծնողների թույլ տան հետևել քննության ընթացին ներսից, ինչը քննակենտրոնի ղեկավարը մերժեց: Տիկին Մարիամն ասում է, որ իր դուստրը հայոց լեզվի քննությունը ևս ԵՊԲՀ քննակենտրոնում է հանձնել ու այն ժամանակ քննության վերջին ժամվա ընթացքում էկրանի վրա հստակ եսել են, թե ինչպես են որոշ դիմորդների օգնում. «Իրար խառնվեցինք, մտքովս չանցավ, որ նկարեմ տեսածս: Փորձ չունեինք»:  Նա մտավախություն ունի, որ այս անգամ էլ նույնը կկրկնվի: Ուստի էկրանին չէր մոտենում` սպասելով, մինչև քննության կեսը անցնի, որպեսզի այս անգամ հեռախոսի տեսախցիկը միացրած հետևի քննությանը:

 

Հրանտ Բագրատյանը` բուրժուաֆինանսական պետության, գյուղատնտեսության հեքիաթային աճի և հանրապետության ամորձիների մասին

arm135305742678ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանն այսօր խորհրդարանում Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության 2013 թ. ծրագրի քննարկման ժամանակ մի շարք հարցեր բարձրացրեց. «Դուք մեզ այդպես էլ չեք ասում բանկային համակարգին սպասվող ռիսկերի մասին: Ոչ մի խոսք չեք ասում Արմավիայի, Տոնուսի մասին, Սթարի մասին: Ո՞ւմ հաշվին եք փակելու այդ պարտքերը: Խոսք չեք ասում նաև ներդրումային քաղաքականության մասին: Բանկերը շուրջ 2 միլիարդ դոլար պարտք ունեն դրսից վերցրած: 24 միլիարդի վրա ավելացրեք: Երկրի արտաքին պարտքը յոթուկես միլիարդ է, և այն, որ դա մասնավոր սեկտորինն է, ավելի վատ` ավելի թանկ է: Դա փրկելու համար միևնույնն է` պետության փողերն ենք տալու: Վերլուծությունը չենք տեսնում, ումի՞ց ենք տալու»:

Անցնելով դեպոզիտներին ու ավանդներին` պատգամավորը նշեց, որ դեպոզիտների մեծ մասը հավաքվում է գյուղացուց, հասարակ մարդուց, և բանկերը կենտրոնացնում են հարստությունը. «Փողը վերցնում են աղքատից, տալիս են հարուստին»:

Ֆինանսական համակարգի կառուցվածքի մասին խոսելիս Բագրատյանը հարցրեց. «Ո՞ւր են բորսաները: Դուք չեք թողնում, որ էս երկրում բորսա լինի, որովհետև բորսայում այն նույն մարդիկ` մեծահարուստները, օլիգարխները, ստիպված կլինեն փողով արտահայտել իրենց վստահությունը տնտեսության համար: Դուք վախենում եք էդ ցուցանիշից»:

Անդրադառնալով ֆինանսական համակարգի ակտիվներին` պատգամավորը հայտարարեց, որ Հայաստանում ներդրումային ինստիտուտ չկա, ինչը կանխամտածված ձևով ռմբակոծվում և ոչնչանում է բանկային համակարգի և կառավարության գործունեության հետևանքով: «Ինչպես ամեն տեղ` այս ոլորտում էլ մտածող մարդն ընդունված չի, մեզ հետաքրքրում է միայն խոշորը: Պետությունը դարձել է բուրժուաֆինանսական պետություն»:

Խոշորի մասին խոսելիս`Բագրատյանը հիշեց կառավարության կողմից ներկայացված նախագիծը` «Դիլիջան միջազգային դպրոցին» հարկային և մաքսային արտոնություններ տրամադրելու վերաբերյալ. «Խոշորը գալիս է, անմիջապես տալիս են: Բա ո~նց…չորս-հինգ հարյուր միլիոն փող ա բերելու: Էդ հլը հարց ա, կբերի, թե չէ: Թող բերի, քավ լիցի: Էդ խոշորի ձեռը մենք կրակն ենք ընկել»:

Քննադատություններին զուգահեռ` Բագրատյանն ուրախ է, որ օրինակ, մակրոտնտեսական ցուցանիշներում Կենտրոնական բանկն ավելի կոնսերվատիվ է: «Ռացիոնալ միտքը ոնց որ թե ավելի սթափ է Կենտրոնական բանկում»,-նկատեց նա:

Բայց…«Էդ աճը չկա, եղբայրներ, գյուղատնտեսության աճը չափազանցված է: Չի կարող լինել 645 000 տոննա կարտոֆիլ, չկա 240 000 տոննա խաղող, չկան էդ այգիները…Էդ բոլորը հեքիաթներ են»:

Եվ վերջում Բագրատյանն ասաց ամենակարևորը. «Մենք ինչո՞ւ քննարկման չենք դնում, թե ինչքան փող պետք է տա Կենտրոնական բանկը բյուջե: ԿԲ շահույթը բյուջեի  լուրջ եկամուտներից մեկը պետք է լինի: Ֆինանսների նախարարությանն էս հարցը չի՞ հուզում»:

Ամփոփելով ելույթը` ՀԱԿ պատգամավորը պատկերավոր ձևով ասաց. «Կենտրոնական բանկը, ֆինանսական համակարգը ամորձիներից բռնել, չեն թողնում հանրապետությունը զարգանա: Սա լրջագույն խնդիր է…:

Ազգային ժողովի հերթական քառօրյան մեկնարկեց կրկին հայ-թուրքական արձանագրությունների վեճով

tKQTAnBBJ41SiDu3JlBH_tnԱզգային ժողովը սկսեց հինգերորդ գումարման երրորդ նստաշրջանի հերթական քառօրյան: Գրանցվել է 109 պատգամավոր:

Ավանդույթի համաձայն՝ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը բարձրացրեց հայ-թուրքական արձանագրությունները կամ ինչպես ինքն է կոչում՝ այդ խարանը ԱԺ մեծ օրակարգից հանելու հարցը:

Նա հետաքրքրվեց, թե արդյո՞ք Հանրապետական կուսակցությունը ՀՀԿ խորհրդի նիստում քննարկել է հայ-թուրքակամ արձանագրություններն ԱԺ օրակարգից հանելու հարցը, և թե նախագահ Սերժ Սարգսյանն ի՞նչ դիրքորոշում ունի այդ հարցի վերաբերյալ:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտնեց, որ նման քննարկում չի եղել, և կրկնեց ավանդական պատասխանը, որ հարցը գտնվում է ՀՀ նախագահի լիազորությունենի շրջանակում, որն էլ առայժմ նման որոշում չի կայացրել:

Զարուհի Փոստանջյանը, հաշվի առնելով այն հանգամանքը, թե այսօր Թուրքիան ինչպես է վարվում սիրիահայերի հետ, կարծում է, որ այս խայտառակ արձանագրությունները պետք է դուրս գան ԱԺ օրակարգից, և դրա նախաձեռնողը պետք է լինի Հանրապետական կուսակցությունը: «Սա ոտնձգություն է մեր անկախության նկատմամբ»,-ամփոփեց նա՝ հորդորելով ՀՀԿ-ին քննարկում իրականացնել այս հարցի վերաբերյալ:

«Շնորհակալություն հորդորների համար, մենք ինքներս կորոշենք»,-արձագանքեց Էդուարդ Շարմազանովը:

ՀՀԿ պատգամավոր Արտաշես Գեղամյանը շտապեց պաշտպանել հանրապետականին՝ հայտարարելով, որ ինքը «Ռեգնումին» հարցազրույց է տվել հատուկ այդ թեմայով և ասել, որ դա հանրապետության նախագահի հաղթարշավի դրսևորումն է: «Ընդհակառակը, այդ արձանագրությունները հաղթախաղ են Ազգային ժողովում,-ասաց Գեղամյանը,-միայն այն փաստը, որ Հայաստանի հանրապետությունը, չնայած Թուրքայի վարգածին, այնուամենայնիվ, դեռ պահպանում է այդ արձանագրություններն ԱԺ մեծ օրակարգում, համաշխարհային ուժի կենտրոններին հուշում է մի բան, որ ի դեմս Հայաստանի Հանրապետության, մենք տարածաշրջանում ունենք շատ կոնստրուկտիվ պետություն՝ հակառակ Թուրքիայի»:

Նա գտնում է, որ օրակարգից այդ արձանագրությունների հանումը մեծագույն նվեր կլինի Թուրքիային ու Ադրբեջանին:

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն, անդրադառնալով արծարծված հարցին, ասաց, որ արձանագրությունների ստորագրման պահից մինչ այսօր բավականին երկար ժամանակ է անցել, և այդ թաստաթղթի վերաբերյալ միջազգային հանրութան կարծիքը փոխփոխվել է:

Նա առաջարկեց Ազգային ժողովում կազմակերպել քննարկում, որպեսզի յուրաքանչյուրն իր կարծիքը հայտնի դրա վերաբերյալ և ոչ թե հոդվածներ գրի և նիստերից առաջ խոսի:

Ֆրանսիայի թենիսի բաց առաջնությունը դադարեցվել է, երբ նույնասեռականների ամուսնությունների դեմ բողոքող ցուցարարը հայտնվել է խաղահրապարակում (տեսանյութ)

f5Ֆրանսիայի թենիսի բաց առաջնությունը դադարեցվել է, երբ նույնասեռականների ամուսնությունների դեմ բողոքող ցուցարարը հայտնվել է խաղահրապարակում` Ռաֆայել Նադալից մի քանի մետր հեռավորության վրա

Երեկ Ֆրանսիայի թենիսի բաց առաջնության ժամանակ թիկնապահները ստիպված են եղել պաշտպանել Ռաֆայել Նադալին, երբ տղամարդկանց եզրափակիչի ժամանակ նույնասեռականների ամուսնությունների դեմ բողոքող ցուցարարը ներխուժել էր խաղահրապարակ:
Կիսամերկ, դիմակով տղամարդուն թիկնապահները տապալել էին գետնին: Դեպքը տեղի էր ունեցել տրիբունաներում նույնասեռականների ամուսնությունների դեմ նրա համախոհների կազմակերպած ցույցից հետո:
Երբ տղամարդուն հեռացրել են խաղահրապարակից, Նադալը սեղմել է թիկնապահի ձեռքը և վերսկսել խաղը, որի ընթացքում նա հաղթել է Դեյվիդ Ֆերերին` ութերորդ անգամ դառնալով Ֆրանսիայի բաց առաջնության չեմպիոն:
Տրիբունաներում կրկին կիսամերկ տղամարդիկ ցուցադրում էին ցույցը կազմակերպած խմբավորման անունը` Hommen, որը հաճախակի ցույցեր է կազմակերպում նույնասեռականների ամուսնությունների դեմ:
Այս խնդիրը ծագել էր, երբ Ֆրանսուա Օլանդը անցած ամիս օրինականացրել էր նույնասեռականների ամուսնությունները:
Hommen-ը ռեֆերենդում է պահանջում նոր օրենքի համար, պնդելով, որ այն քայքայում է ընտանիքի սրբությունը:
Նադալը ընդունել է, որ ինքը սկզբից մի փոքր վախեցել է, քանի որ դեպքը շատ անսպասելի է տեղի ունեցել, սակայն հետո հասկացել է ցուցարարի նպատակը: Նա շնորհակալություն է հայտնել թիկնապահներին իրենց արագ արձագանքի և քաջության համար:
Ֆրանսիայի թենիսի ֆեդերացիայի ներկայացուցիչը նշել է, որ ցուցարարները այժմ ոստիկանության ձեռքում են: Նադալի PR ներկայացուցիչը Tweeter-ում գրել էր, որ սպորտը և քաղաքականությունը իրար չխառնեն, իսկ ձախերը, աջերը և կենտրոնամետները բոլորն էլ նույնն են և թող իրենց հանգիստ թողնեն:

Հայոց լեզվի և գրականության միջին գնահատականը 13,25 է, 80 դիմորդ էլ 20 է ստացել

հայոց լեզուՀրապարակվել են Հայոց լեզվի և գրականության միասնական քննության գնահատականները: Քննությանը մասնակցել է հայտագրված 8975 դիմորդներից  8648-ը, 327-ը չեն ներկայացել քննության:

Հայոց լեզվի և գրականության միջին գնահատականը 13,25 է նախորդ տարվա 13,9-ի փոխարեն:

Այս տարի հայոց լեզվից և գրականությունից անբավարար է ստացել 788 դիմորդ կամ ընդհանուրի 9 տոկոսը: Նախորդ տարի անբավարար էր ստացել դիմորդների   5,6 տոկոսը:

7,5-12,75 է ստացել 3276 դիմորդ կամ 38 տոկոսը: 13-16,75 է ստացել 2761 դիմորդ կամ ընդհանուրի 32 տոկոսը: 17-20 է ստացել 1823 դիմորդ կամ 21 տոկոսը:

Այս տարի առավելագույն 20 միավոր է ստացել 80 դիմորդ: Նշենք, որ 2012-ին 200 դիմորդ էր 20 միավոր հավաքել:

Այսօր ժամը 9-18-ը դիմորդները կարող են բողոքարկել իրենց գնահատականները քննակենտրոններում:

«Բարև Երևան» դաշինքը բոյկոտեց Երևանի ավագանու անդրանիկ նիստը

timthumb (1)Այսօր կայացավ Երևանի նորընտիր ավագանու առաջին նիստը: Ավագանու առաջին նիստը վարում էր ավագանու ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչ, Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ ԱստղիկԳևորգյանը.

Նիստը սկսվեց ավանդույթ դարձած  «Երևան-Էրեբունի» երգով։  Այնուհետև Աստղիկ Գևորգյանը անուն առ անուն ներկայացրեց բոլոր ավագանու անդամներին: Պարզվեց, որ  ներկա էին ՀՀԿ ցուցակից 42 անդամ, ԲՀԿ-ից՝ 17 , և«Բարև Երևան» դաշինքից 6 անդամ։

Աստղիկ Գևորգյանը հայտարարեց, թե քանի որ ՀՀԿ-ն ստացել է ավագանու տեղերի 50 %-ից ավելին, ուստի համապատասխան օրենքի՝ ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանն օրենքի ուժով համարվում է ընտրված Երևանի քաղաքապետի պաշտոնում։

Տարոն Մարգարյանը, մինչ կվերաստանձներ պաշտոնը, հանդես եկավ ելույթով՝ ավագանու առաջին նստաշրջանի կապակցությամբ շնորհավորելով ավագանու անդամներին և շնորհակալություն հայտնելով  մայրաքաղաքի բնակչությանը վստահության քվեների համար։

Այնուհետև ՏարոնՄարգարյանն անցավ օրակարգային հարցերին՝ ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի ձևավորում, երդմանարարողության հետ կապված հարցեր, ավագանու ղեկավարների, քարտուղարության անդամների նաևհանձնաժողովների նախագահների ընտրություն։ «Բարև Երևան» դաշինքի ղեկավար ընտրված ԱնահիտԲախշյանը զարմացավ. «Օրակարգը չե՞ք հաստատելու»։ Տարոն Մարգարյանը պատասխանեց` ոչ, քանի որ առաջին նիստն է։ Ավագանու անդամներն անցան արդեն քվեարկության միջոցով հանձնաժողովների նախագահների առաջարկություններին և քվեարկությանը, ինչը բոյկոտեցին  «Բարև Երևան» դաշինքի անդամները. «Կեղծված ընտրությունների արդյունքով ձևավորված ավագանու քվերակությանը խմբակցությունը չի մասնակցում»,- հայտարարեց Արմեն Մարտիրոսյանը։

Նիստի ընթացքում եղավ մեկ ինքնառաջադրում.  ԲՀԿ ավագանու խմբակցության ղեկավար ընտրված ԹամարաՊողոսյանը առաջարկեց Մշակույթի, կրթության և գիտության հանձնաժողովի ղեկավար առաջադրել իրեն։ Ինքնառաջադրումը քվեարկությամբ հաստատվեց։ Ավագանու հաջորդ նիստը կանցկացվի  սեպտեմբերի 10-ին։

Գազի սակագինը հաստատվեց. 156 դրամ` նախկին 132-ի փոխարեն

050213.6.6_3Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի այսօրվա նիստում որոշվեց գազի սակագինը հաստատել նախապես հայտարարված չափով: Հաստատված սակագինը ուժի մեջ կմտնի արդեն հուլիսի 1-ից:

Հանձնաժողովը որոշեց ամսական մինչև 10,0 հազար խորանարդ մետր սպառում ունեցող սպառողներին մատակարարովող 1000 խորանարդ մետր գազի սակագինը սահմանել 156 000 դրամ: Այսինքն, բնակչությանը մատակարարվող գազի 1 խ/մ-ի դիմաց սակագինը կազմում է 156 դրամ` նախկին 132-ի փոխարեն:

Հաստատված սակագինն, ի դեպ, 65 դրամով պակաս է «ՀայՌուսգազարդ»-ի առաջարկած սակագնից: Եվ սա ոչ միայն կառավարության առաջարկած սուբսիդավորման, այլեւ Հանձնաժողովի` «ՀայՌուսգազարդ»-ի առաջարկներում կատարած որոշ փոփոխությունների արդյունք է:

Այսպես, օրինակ, հանձնաժողովն առաջարկել է նվազեցնել ընկերության առաջարկում ներկայացված շահագործման համար նախատեսվող 7.275.34 մլն դրամ ծախսերը մինչեւ 2,801.53 մլն դրամ: Հանձնաժողովն առաջարկել է նաեւ10 200 դրամով նվազեցնել «ՀայՌուսգազարդ»-ի աշխատակիցների միջին աշխատավարձը, ընկերության առաջարկած 237 200-իփոխարեն սահմանելով 227 000 դրամ: Ի դեպ, հետաքրքրական մի փաստ եւս, պարզվում է, որ բացարձակ գերիշխող դիրք ունեցող ընկերությունը միլիոնավոր դրամներ է ծախսում իր գովազդի վրա: Ընկերության առաջարկով այդ գումարը կազմում է 40 մլն, իսկ հանձնաժողովի հաստատած տարբերակում 16 մլն դրամ է:

Ի դեպ, «ՀայՌուսգազարդ» տարեկան մուտք գործած գազի գինը 205, 588. 39 մլն դրամից հանձնաժողովը նվազեցրել է մինչեւ 142,736.56 մլն-ի, ինչպես բացատրեց ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը, ի հաշիվ կառավարության խոստացած սուբսիդավորման:

Հանձնաժողովի նիստում հրապարակված մեկ հետաքրքիր փաստ եւս. «ՀայՌուսգազարդ»-ը տարեկան 1812.5 մլն խ/մ գազ է ստանում, որից 1748.41մլն խ/մ-ը` Ռուսաստանից եւ 350 մլն-ը` Իրանից:

Ընդ որում, Ռուսաստանից ստացվող գազի գինը սահմանի վրա կազմում է 270 ԱՄՆ դոլար 1000 խ/մ-ի դիմաց, մինչդեռ պարսկական գազի գինը ոչ հանձնաժողովը, ոչ էլ պետական այլ մարմին չեն հրապարակում:

Ինչեւէ, այսօր երկարատեւ քննարկումներից եւ քննադատություններից հետո Հանձնաժողովն, ի վերջո կայացրեց գազի սակագինը բարձրացնելու մասին նախատեսվող որոշումը: Նախապես հայտարարված 156 դրամ սակագինը նույնությամբ հաստատվեց, չնայած արված բազմաթիվ առաջարկներին եւ հնչած քննադատություններին: Ի դեպ, նշենք, որ այսօր էլ նիստի ընթացքում Հանձնաժողովի շենքի մուտքի մոտ հավաքվածները պահանջում էին չընդունել գազի եւ էլեկտրաէներգիայի թանկացման մասին որոշումը:

«ՓԱՍՏԻՆՖՈ»

 

Ռուսաստանի նախագահը և իր կինը ամուսնալուծվում են

o_783975Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և նրա կինը՝ Լյուդմիլան, հայտարարել են իրենց բաժանության մասին:

Գրեթե 30 տարի ամուսնացած լինելուց հետո Պուտինը հինգշաբթի երեկոյան Կրեմլում կազմակերպված բալետային ներկայացման ժամանակ պետական հեռուստաընկերությանը հայտնել է իրենց որոշման մասին:

«Մենք այդ որոշումը միասին ենք կայացրել» հայտնել է Պուտինը:

Լյուդմիլա Պուտինը իր ամուսնու՝ Ռուսաստանը ղեկավարելու երկարատև տարիների ընթացքում շատ հազվադեպ է երևացել հանրության առջև՝ նշելով, որ ինքը հարապարակայնություն չի սիրում և ինքնաթիռով թռչելը դժվար է իր համար:

 

Միանգամից երեք բողոքի ակցիա կառավարության շենքի դիմաց,լուսանկարներ

3Այսօր առավոտյան Հանրապետության հրապարակում միանգամից երեք բողոքի ակցիա էր կազմակերպված: Հրապարակում օտարերկրացիներ էլ կային, որոնք զարմացած նայում էին մարդկանց ակցիաներին, իսկ նրանց ուղեկցորդները փորձում էին բացատրել, որ Հայաստանում թանկացել է գազի գինը, որ իշխանությունները ոչինչ չեն կարող անել, քանի որ թանկացումները Ռուսաստանից են գալիս: Նրանք միևնույնն է զարմացած նայում էին ու ոչինչ չէին հասկանում: Իսկ իրականում մարդիկ միայն գազի ու էլեկտրաէներգիայի թանկացումներից չէ, որ բողոքում էին: Իրենց բողոքը հրապարակ էին բերել նաև ազատամարտիկները, ովքեր դեռ երեկ լրագրողների հետ հանդիպմանը պնդում էին, որ մինչև վերջ տեր են կանգնելու իրենց իրավունքին և հասնելու այն բանին, որ թոշակները բարձրանան: “Մենք հո՞ մեղավոր չենք, որ պատերազմում չենք զոհվել”, – նորից կրկնում էին նրանք ու պնդում, որ իրենց թոշակները չեն բավարարում անգամ դեղորայք գնելուն, իսկ հիմա առհասարակ բարձրացան գազի, հետևաբար նաև մյուս բոլոր ապրանքների գները:

8967712788_892e8520f0_b“Ի՞ նչ ենք անելու, – հարցնում էին ազատամարտիկներն ու խմբվում կառավարության շենք մտնողների շուրջ,- տա՞ մ, ձեփռնափայտս էլ տա՞ մ` ուտեք”, – բորբոքվում էին նրանք:

Մոտ տասը րոպե տևած ակցիայից հետո ազատամարտիկները շարժվեցին Ազատության հրապարակ` այնտեղ շարունակելու իրենց բողոքը:

Բայց Կառավարության շենքի դիմացի հրապարակը չազատվեց: Քաղաքացիները այժմ էլ պահանջում էին Սուրիկ Խաչատրյանին ոչ միայն հեռացնել աշխատանքից, այլև ենթարկել պատասխանատվության քրեական օրենսգրքով: Ակտիվիստներից մեկը` Դավիթ Սանասարյանը, լրագրողների համար ձևակերպեց պահանջի ողջ բովանադակությունը. “Անպատժելիության մթնոլորտին վերջ տալ է պետք: Մենք պահանջում ենք, որ Լիսկային ենթարկեն քրեական պատասխանատվության”:

Հանրային խորհրդում քննարկվել է գազի գինը. մասնակցել է նաև ՀԾԿՀ նախագահը

ՀԽ քննարկումՀանրային խորհրդում վերջին օրերին աշխատանքային քննարկումներ են անցկացվել գազի սակագնի բարձրացման վերաբերյալ ինչպես ՀԽ ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովում, այնպես էլ Հանրային խորհրդի փոքր խորհրդի նիստում:

Հունիսի 5-ին ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանի նախաձեռնությամբ Հանրային խորհրդում գազի սակագնի վերաբերյալ տեղի ունեցավ քննարկում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանի և հանձնաժողովի այլ պաշտոնյաների մասնակցությամբ: Քննարկմանը մասնակցում էին նաև ՀԽ անդամներ Վազգեն Սաֆարյանը, Արշակ Սադոյանը, Ռոբերտ Աթոյանը, Հայկ Սարգսյանը, ՀԽ ֆինանսատնտեսական հարցերի հանձնաժողովի անդամներ:

Վազգեն Մանուկյանն իր խոսքում նշեց, որ գազի սակագնի կտրուկ աճն ավելի կխորացնի երկրում առկա սոցիալական լարվածությունը` առաջ բերելով մի շարք բացասական հետևանքներ:

Հանրային խորհրդի անդամները բազմաթիվ հարցեր ուղղեցին Ռոբերտ Նազարյանին, որոնք մասնավորապես վերաբերում էին «Հայռուսգազարդ» ընկերության ծախսերի ծավալին, աշխատավարձերի ֆոնդին, աշխատավարձերի նախատեսվող բարձրացման հիմնավորումներին, սահմանի և բաժանորդներին հասնող գազի գնի միջև առկա մեծ տարբերությանը (գրեթե կրկնակի, մինչդեռ ՀԽ անդամ Վազգեն Սաֆարյանի դիտարկմամբ` Հայաստանի մակրոտնտեսական ցուցանիշներ ունեցող երկրներում այդ տարբերությունը 40-50 տոկոս է) և այլ հարցերի:

Ռոբերտ Նազարյանի խոսքով` իրենք արել են հնարավոր ամեն բան` գազի առաջարկվող սակագինը նվազեցնելու ուղղությամբ: Միաժամանակ նա շեշտեց, որ կան նաև օբյեկտիվ հանգամանքներ, որոնք հնարավոր չէ հաշվի չառնել. նյութատեխնիկական ծախսերի ավելացում, աշխատողների թվի աճ, ներդրումային ծախսեր, գազօգտագործողների թվի աճ և այլն:

ՀԽ անդամ Ռոբերտ Աթոյանը նշեց, որ անգամ այդ փաստարկների դեպքում հնարավոր է գտնել մեխանիզմներ սակագինն առավել նվազեցնելու համար:  Նա բարձրացրեց ոչ միայն «Հայռուսգազարդի» աշխատողների աշխատավարձի հարցը` նշելով, որ դա այս պահին արդարացված չէ, այլև ընդգծեց օտարերկրյա անկախ փորձագիտական ընկերության կողմից ընկերության կառավարման և գործունեության արդյունավետության մոնիթորինգի իրականացման անհրաժեշտությունը:

Ռոբերտ Նազարյանը հայտնեց, որ իրենք հնարավորինս մեծ թվով կրճատել են ընկերության կողմից աշխատավարձերի բարձրացման առաջարկվող թիվը:

ՀԽ անդամներից մեկն առաջարկեց գազի սակագները սահմանել տարբերակված եղանակով, օրինակ` ըստ սեզոնի, նշելով, որ նման պրակտիկա արտերկրում գոյություն ունի: Ռոբերտ Նազարյանն ասաց, որ առաջարկը կարելի է առանձին քննարկել:

Բարձրացվեց նաև մարզերի համար տարբերակված մոտեցում ցուցաբերելու հարցը՝  հաշվի առնելով աշխարհագրական դիրքը (առավել ցուրտ մարզերում սահմանել ցածր սակագներ` ելնելով գազի օգտագործման առավել մեծ ժամանակահատվածից) և այլն:

Քննարկման ավարտին պայմանավորվածություն ձեռք բերվեց աշխատանքային խումբ ձևավորել ՀԽ անդամների և ՀԾԿՀ մասնագետների միջև և համատեղ շարունակել աշխատանքը՝ գազի սակագինը նվազեցնելու հնարավոր այլ տարբերակներ գտնելու ուղղությամբ:

 

Գնդապետ Բուդաղյանի վիճակը կայուն ծանր է, սակայն նկատվում է ապաքինման դրական դինամկիա

բուդաղյանՍուրեն Խաչատրյանի տան մոտ հրազենային վնասվածք ստացած գնդապետ Արտակ Բուդաղյանի վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր, սակայն նկատվում է ապաքինման դրական դինամիկա. այս մասին այսօր լրագրողների հետ  հանդիպմանն ասաց ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետ , փոխգնդապետ Արամ Ասատուրյանը:

Նրա խոսքով` Բուդաղյանի կյանքին վտանգ չի սպառնում,  գիտակցությունը տեղում է,   կարողանում է հարազատների հետ շփվել, սակայն շփումները սահմանափակված են: Նաև դեռևս ի վիճակի չէ ցուցմունք տալու:

Փոխգնդապետն ասաց, որ առաջիկա օրերին, երբ Բուդաղյանի վիճակը  բարելավվի, նրան վերակենդանացման բաժանմունքից  սովորական  հիվանդասենյակ կտեղափոխեն:

 

Դիմորդներն այսօր քննություն են հանձնում հայոց լեզու և գրականությունից· ծնողները բարձր գնահատականի ակնկալիք չունեն

DSCN2227Այսօր ՀՀ և ԼՂՀ   36 քննակենտրոններում 8975  դիմորդներ քննություն են հանձնում «Հայոց լեզու և գրականություն» առարկայից ( այս տարվա դիմորդների ընդհանուր թիվը 14 345 է):

ԵՊՀ քննակենտրոնում քննությանը ներկայացել են 318  դիմորդներից  298-ը: Քննակենտրոնի ղեկավար Գյուլնարա Փալիկյանն ասում է, որ ինչպես և ամեն տարի, գործում  են բջջային կապի խլացուցիչներ, դիմորդներին էլ կոչ են արել քննասենյակ մտնելուց  հանձնել բջջայինները:

Ծնողները քննության ընթացքին հետևում են էկրանների միջոցով: Ամեն մեկը փորձում է էկրանին գտնել իր երեխային, կռահել, թե ինչ հոգեվիճակում է, գիտի արդյոք հարցերի պատասխանները:

Թամարան, ով մասնագիտությամբ բանասեր է, էկրանին գտնելով ԵՊՀ տնտեսագիտական ֆակուլտետի դիմորդ եղբորը,  շտապում է լուսանկարել նրան: Ասում է, որ վախենում են հենց հայոց լեզվի քննությունից, չնայած որ մեկ տարի պարապել է թե կրկնուսույցի մոտ, թե ինքն է հետը պարապել: Նրա խոսքով այս տարվա թեստերն արհեստական բարդացված են ու չնայած շտեմարանով են, միևնույն է, բարձր գնահատական ակնկալելը դժվար է:

Վախեցած իր տղային է փնտրում նաև տիկին Արմինեն· նրա որդին Տնտեսագիտական համալսարանի դիմորդ է: Ասում է, որ մեկ տարի կրկնուսույցի մոտ է պարապել, թեստերից մշտապես  18-19  ստացել, սակայն միևնույն է, քննությունից վախենում են, կոնկրետ գնահատականի ակնկալիք էլ չունեն· «Միշտ էլ հայոց լեզվի քննության ժամանակ մի անակնկալ լինում է: Երեք տարի առաջ ավագ որդիս էլ է հայոց լեզվից քննություն հանձնել,նրա  փորձով գիտեմ»:

Հայոց լեզվի քննության տևողությունը երեք ժամ է: Գնահատականները ԳԹԿ-ն կհրապարակի քննություններից չորս օր անց:

Սյունիքի մարզպետի որդին սպանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է

8AF816ED-EFCE-44BF-BECA-41C534545057_mw800_s1Նախօրեին Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած սպանության գործով ձերբակալվել է մարզպետի որդին Տիգրան Խաչատրյանը եւ նրա թիկնապահներից մեկը՝ հանրահայտ Զարզանդ Նիկողոսյանը։

«Փաստինֆո» գործակալության ունեցած տեղեկությունների համաձայն, երկուսն էլ կասկածվում են սպանության եւ ապօրինի զենք-ռազմամթերք ձեռք բերելու եւ պահելու մեջ։ Կասկածյալների շրջանակը այսքանով չի սահմանափակվում եւ բացառված չէ, որ առաջիկայում կարգավիճակի փոփոխություն ունենան նաեւ այլ անձինք։ Ի դեպ, դատելով նաեւ քրեական գործը Պաշտպանության նախարարության քննչական ծառայություն ուղարկելու հանգամանքից, նախաքննական մարմինը հակված է կարծելու, որ հանցագործությանը մասնակից են եղել նաեւ զինվորականներ, քանի որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 190-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն, ՊՆ քննչական ծառայության քննիչների կողմից են կարող են քննվել միայն զինծառայողներին կամ պաշտպանության բնագավառի պետական լիազոր մարմնում կամ կազմակերպություններում ծառայություն իրականացնող անձանց վերագրվող հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերը։ Նկատենք, որ Սյունիքի մարզպետի տան մոտ տեղի ունեցած կրակոցների ժամանակ հրազենային վնասվածքներ է ստացել նաեւ N զորամասի հրամանատար Արտակ Բուդաղյանը, ով ներկայումս գտնվում է Մուրացանի հոսպիտալում։ ՀՀ ՊՆ մամուլի քարտուղարի տեղեկացմամբ, նրա առողջական վիճակը շարունակում է մնալ ծանր։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, հունիսի 2-ին Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ հնչած կրակոցների հետեւանքով մահացել էր Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավետիք Բուդաղյանը մահացել է, վերջինսի եղբայրը՝ N զորամասի հրամանատար Արտակ Բուդաղյանը և Սյունիքի մարզպետի թիկնապահ Նիկոլայ Աբրահամյանը հրազենային վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով` սպանություն շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով եւ 235-րդ հոդվածով (ապօրինի զենք-զինամթերքի ձեռք բերում, պահում):

 

Խաղաքարտերը Ասադի ձեռքն անցան. Սիրիայի արձագանքը Թուրքիայում տեղի ունեցող իրադարձություններին

siriaՍտամբուլի «Gezi» այգու պահպանության պատրվակով Թուրքիայում սկսված հակակառավարական ցույցերը, որոնք վերածվել են զանգվածային անկարգությունների, ցուցարարների և ոստիկանության միջև բախումների և մեծ լարվածություն ստեղծել երկրում, արձագանք են գտել համաշխարհային առաջատար լրատվամիջոցներում: Իր արձագանքը չի ուշացրել նաև Սիրիան: Վերջինս թուրքական կառավարությանը մեղադրել է այգու պահպանման համար խաղաղ ցուցարարների դեմ ուժ գործադրելու մեջ:

«The New York Times» թերթի կայքում «Սիրիան ցույցերի ճնշման համար քննադատել է Էրդողանին» վերնագրով հոդվածում գրվում է. «Սիրիան խաղաքարտերը ուրախությամբ իր ձեռքն է վերցրել»՝ կոչ անելով Էրդողանին դադարեցնել խաղաղ ցուցարարների նկատմամբ կիրառվող ճնշումները:
Հոդվածում նաև նշվում է, որ վարչապետ Թայիփ Էրդողանը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի նախկին դաշնակիցն է եղել: Նշենք, որ Սիրիայի պետական հեռուստատեսության եթերով ժամեր շարունակ ուղիղ միացմամբ ցուցադրվել են Թուրքիայի տարբեր քաղաքներում տեղի ունեցող իրադարձությունները: Սիրիայի տեղեկատվության նախարար Օրման Զոաբին Թուրքիայում տեղի ունեցող դեպքերի վերաբերյալ նշել է. «Թուրք ժողովուրդը արժանի չէ նման ճնշումների: Եթե Էրդողանը առանց բռնության քաղաքականություն չի կարողանում վարել, ապա պետք է հրաժարական տա»:

 

Արդյո՞ք սկիզբ է առնում «Թուրքական գարունը»,լուսանկարներ

7Արդեն մի քանի օր է Ստամբուլում շարունակվում են զանգվածային ցույցերը Թաքսիմի «Gezi» այգու քանդման դեմ, որոնք վերածվել են հակակառավարական ելույթների: Թուրքիայի կենտրոնական քաղաքում տեղի ունեցող իրադարձություններին հետևում են նաև միջազգային լրատվամիջոցները: Հետաքրքրական է, որ արաբական առաջատար «El Cezire» հեռուստաընկերությունը Թաքսիմում տեղի ունեցող իրադարձությունները
ուղիղ եթերով հեռարձակելիս, թղթակիցը օգտագործել է «Թուրքական գարուն» արտահայտությունը:
Անգլիայում ամենակարդացվող «Guardian» հանդեսը ստամբուլյան իրադարձությունների մասին իր լուրերին տվել է «Ստամբուլի ցուցարարները Թուրքական գարնան սերմերն են ցանում» վերնագիրը՝ մասնավորապես նշելով. «Այս ցույցերը Թուրքիայի համար սովորական չեն, քանի որ երիտասարդ, թե տարեց, աջ հայացքների տեր, թե ձախ, թյուրքիզմի, թե քուրդիզմի հետևորդ, բոլորը համախմբվել են»:
Գերմանական «ZDF» հեռուստաալիքը ողջունել է Թաքսիմում ընթացող բնության համար պայքարը՝ նշելով. «Թուրքերը, որոնց բարբարոս էինք անվանում, պատերազմում են բնության համար և եթե թուրքերը պայքարեն, ապա իրադրությունը կփոխվի»: Ամերիկյան «Washington Post» թերթն ու ֆրանսիական «France 24»-ը գրել էին, որ Ստամբուլի կենտրոնում այգու պահպանման համար սկսված ցույցերը գնալով վերածվում են հակակառավարական ելույթների:
Այնուհանդերձ մի շարք վերլուծաբանների կարծիքով «Gezi» այգին միայն պատրվակ էր, որպեսզի Էրդողանի վարչակարգից դժգոհ ազգաբնակչությունը դուրս գա իր բողոքի խոսքն ասելով և հավանականություն կա, որ այն կվերածվի մի հեղափոխական ալիքի՝ «Թուրքական գարնան», որին ոչ ոք չէր հավատում:

 

Մեկնարկել են միասնական քննությունները

miasnakanԱյսօր հանրապետությունում մեկնարկել են միասնական քննությունները. այդ նպատակով Երևանում և մարզերում ձևավորվել են 36 քննական կենտրոններ: Առաջին քննությունն անցկացվել է “Ռուսաց լեզու” առարկայից: Այդ նպատակով Երևանում տեղակայված քննական կենտրոն  էր այցելել ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ով շրջել է քննասենյակներում, զրուցել դիմորդների և նրանց ծնողների հետ: Նախարարը հաջողություն է մաղթել բոլոր դիմորդներին, իսկ ծնողներին հորդորել պահպանել հանգստություն: Արմեն Աշոտյանը պատասխանել է նաև լրագրողների հարցերին, որոնք հիմնականում վերաբերել են թեստերի որակին և դիմորդների քանակին: Անդրադառնալով թեստերին` նախարարն ընդգծել է, որ բոլոր հարցերը կազմվել են բացառապես հանրակրթական ծրագրին համապատասխան և հույս հայտնել, որ այս տարի ևս քննությունները կանցնեն նույնքան խաղաղ և հանգիստ մթնոլորտում, որքան նախորդ տարի: Խոսելով “Ռուսաց լեզու” առարկայի քննությունն օտար լեզուների ցանկում ներառելու մասին` Արմեն Աշոտյանը շեշտել է, որ ռուսաց լեզուն հետաքրքրություն է առաջացրել դիմորդների շրջանում` այսպիսով թույլ տալով տարբեր ֆակուլտետների դիմորդներին որպես օտար լեզու հանձնել նաև ռուսերենը: Նախարարն ընդգծել է նաև, որ “Ռուսաց լեզու” առարկայի նկատմամբ մեծ է հետաքրքրությունը նաև Ռուսաստանի Դաշնության ռազմական բուհերի դիմորդների շրջանում, քանի որ ՀՀ և Ռուսաստանի պաշտպանության նախարարությունների միջև կնքված միջպետական համաձայնագրով Հայաստանին հատկացվել են որոշակի տեղեր: Անդրադառնալով դիմորդների թվին` նախարարն ընդգծել է, որ այս տարի նկատվել է դիմորդների թվի որոշակի նվազում, որը Արմեն Աշոտյանը բացատրել է երկու հանգամանքով` նախ, որ անցյալ տարվանից 50 տոկոսով ավելացել են նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններին տրամադրվող անվճար տեղերը և վերացել ընդունելության քննությունները նշված ուսհաստատություններում: “Երկար տարիներ խոսվում է, որ աշխատաշուկայում առկա է պահանջարկ` միջին մասնագիտական կրթությամբ աշխատողների, մինչդեռ զուգահեռ կա գերհագեցած բարձրագույն կրթությամբ մասնագետների շուկա: Այսինքն, աստիճանաբար կատարվում է մարդկային հոսքերի վերաբաշխում, և պետության քաղաքականությունը` խթանել միջին մասնագիտական կրթությունը,  իր արդյունքն արդեն տալիս է: Եվ երկրորդ, այս տարի Հայաստանի Ամերիկյան համալսարանն իրականացնում է նաև բակալավրիական կրթություն, և դիմորդների մի զգալի մաս նախապատվությունը տվել է վերոնշյալ բուհին: Գովելի է, որ բուհական համակարգում մրցակցությունը նոր ձևեր է ստանում, և  պետությունն իրականում շահագրգիռ է` մրցակցության շնորհիվ կրթության որակի բարելավմանը”,-ընդգծել է նախարարը:
Նշենք, որ հաջորդ միասնական քննությունը կանցկացվի հունիսի 4-ին, “Հայոց լեզու և հայ գրականություն” առարկայից: