15 տարեկան աղջկան 12 տարի փակի տակ են պահել շան և կապիկի հետ

բուենոս այրեսԱրգենտինայի ոստիկանությունը փրկել է 15 տարեկան աղջկա, որը երեք տարեկան հասակից ավտոտնակում փակի տակ է պահվել շան և կապիկի հետ:

Աղջկան գերության մեջ պահողները նրան կերակրել են նույն չափաբաժնով, ինչ կենդանիներին, իսկ փրկվելու պահին ընդամենը 19 կգ կշիռ է ունեցել:

Անցած գիշեր աղջիկը ինտենսիվ բուժօգնություն է ստացել Բուենոս Այրեսի հիվանդանոցում: Նրա խնամակալները, որոնք փորձում էին որդեգրել նրան, բանտում են:

Աղջկա մայրը, որը ևս վեց այլ երեխաներ ունի, թողել էր աղջկան աղքատության պատճառով:

Նրա մեծ քույրը 18 տարեկանը լրանալուց հետո գտել էր դեռահասին և հայտնել ոստիկանությանը:

Աղջիկը իրեն փրկողներին հայտնել էր, որ վերջին 12 տարվա ընթացքում երկու անգամ է դուրս եկել ավտոտնակից և իրեն պարբերաբար ծեծել են գոտիով:

Անկախ

 

Սահմանադրական փոփոխությունները մտահոգում են քաղաքագետներին ու քաղաքական ուժերին

նախագահի հետ հանդիպումԻնչպես գիտենք, Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովն ապրիլի 10-ին հանրությանն ու հանրապետության նախագահին ներկայացրեց Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծի նախնական տարբերակը:

Նախագահ Սերժ Սարգսյանը սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով ստեղծելու մասին հրամանագիր էր ստորագրել 2013 թ. սեպտեմբերի 4-ին, ըստ որի` այդ հանձնաժողովը պետք է մշակեր ու ներկայացներ սահմանադրական փոփոխությունների հայեցակարգ: Թեև այդ նախագիծը, ինչպես նշեց մասնագիտական հանձնաժողովի նախագահ, ՀՀ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը, դեռևս նախնական տարբերակն է ու անպայման պետք է դրվի լայն քննարկման` ողնաշարն արդեն տեսանելի է:

Հայաստանում քաղաքական ու կառավարման համակարգի խնդիրների հնարավոր լուծումը, ըստ նախագծի հեղինակների, կարող է լինել անցումը կառավարման խորհրդարանական համակարգի: Նկատի ունենալով, որ միջազգային պրակտիկայում կան խորհրդարանական կառավարման համակարգի բազմաթիվ տարատեսակներ, Հայաստանի Հանրապետության կոնկրետ իրողություններից ելնելով, առաջարկվում են հետևյալ մոտեցումները:

Հանրապետության նախագահն ընտրվում է Ազգային ժողովի կողմից` յոթ տարի ժամկետով, առանց վերընտրման իրավունքի, ընտրական իրավունք ունեցող ոչ կուսակցական թեկնածուներից: Նրա հիմնական առաքելությունը կլինի Սահմանադրության պահպանմանը հետևելը, հակակշռող և զսպող լիազորությունների արդյունավետ գործադրումը, ինչը, ըստ նախագծի հեղինակների, հնարավոր է միայն այն դեպքում, եթե նա ուղղակի ներգրավված չլինի քաղաքական ընթացիկ խնդիրներում, վերկուսակցական լինի, անաչառ և կատարի առաջին հերթին հաշտարարի ու միջնորդի դեր` ունենալով երկրի զարգացման դինամիկ հավասարակշռությունն ապահովելու կարևոր առաքելություն:

Հաջորդիվ առաջարկվում է, որ վարչապետը պաշտոնը ստանձնում է խորհրդարանական ընտրությունների արդյունքով, կառավարությունը ձևավորվում է վարչապետի կողմից և պատասխանատու է միայն Ազգային ժողովի առջև: Ազգային ժողովը, որպես օրենսդիր իշխանություն, վերահսկողություն կիրականացնի գործադիր իշխանության բարձրագույն մարմնի` կառավարության նկատմամբ, իսկ հանրապետության նախագահը կհետևի օրենսդրի և գործադրի կողմից Սահմանադրությամբ ամրագրված կանոնների պահպանմանը: Այդ խնդիրների արդյունավետ լուծման համար նման համակարգը պետք է ենթադրի գործադիր իշխանության ղեկավարի համար խորհրդարանական կայուն մեծամասնության առկայություն:

Քաղաքագետ Լևոն Շիրինյանի կարծիքով` առաջարկվող փոփոխությունները վատագույն տարբերակն են, քանի որ երկիրը կա՛մ պետք է նախագահական լինի` ԱՄՆ-ի տարբերակով, կա՛մ խորհրդարանական: Իսկ խորհրդարանական կառավարման մոդելը Հայաստանի պարագայում ճիշտ չի համարում: «Որովհետև Հայաստանում տևականորեն կուսակցություններ չեն կայանում: Իսկ երբ չկան կուսակցություններ, կուսակցությունների քաղաքական ղեկավարությունն օլիգարխանում է, այդտեղ ուրեմն, ոչ մի լավ բան չի ստացվելու: Ինձ թվում է` նախագահն իր հայտարարությամբ ուզում է ասել, թե ինքն անաչառ է լինելու սահմանադրական փոփոխությունների առաջարկվող փաթեթի նկատմամբ: Բայց այդպես կլինի՞, թե ո՞չ: Ոչ: Վաղը կարող է ասել, օրինակ` հանգամանքները փոխվել են, մտածելակերպս փոխել եմ: Դա դեռևս ոչինչ չի նշանակում»,- նշեց նա:

Հայաստանում, ասաց Շիրինյանը, ընդհանուր ճգնաժամ է, իսկ մնացած բոլոր քաղաքական գործընթացները` վարչապետի հրաժարական, սահմանադրական փոփոխությունների փաթեթ և այլն, կապված են ավտորիտար ռեժիմի զարգացման ուղիներ որոնելու հետ:

«Ծավալվող պրոցեսները փակուղին խորացնում են, արմատական լուծում չի առաջարկվում: Եթե Հայաստանում, դասական իմաստով, լիներ պոտենցիալով քաղաքական ղեկավարություն կամ շատ հայրենանվեր զինվորականություն, իշխանությունը դիկտատուրայով կսահմանափակեր, ճգնաժամը կհաղթահարեր ու հետո կմտածեր ժողովրդավարության և այլնի մասին»,- նշում է քաղաքագետն ու հավելում, որ ճիշտ կլիներ, եթե նախագահը դուրս գար ՀՀԿ-ից (3-4 տարի է մնում պաշտոնավարմանը), իշխանությունը, առանց ՀՀԿ-ի կողմը նայելու, կենտրոնացներ իր ձեռքերում, կոնսենսուսով գնար առաջ:

Այդ հնարավորությունը, սակայն, Շիրինյանի կարծիքով` չկա. «Հանրապետականն ինքը չի փոխվում, ինչպե՞ս կարող է երկիր փոխել, իսկ ով հենվում է ՀՀԿ-ի ռեսուրսի վրա, ի՞նչ է անելու»:

Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի անդամներն իրենց նախագծում նշում են, թե առաջարկվող համակարգով միասնական գործադիր իշխանություն կլինի` վարչապետի գլխավորությամբ, առանց դուալիստական գործադիր իշխանության վտանգի, հատկապես երկրի համար կենսական կարևորություն ունեցող այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են արտաքին քաղաքականությունը, ազգային անվտանգությունը և պաշտպանությունը, խորհրդարանի և հանրապետության նախագահի միջև առճակատում չի լինի, քանի որ հանրապետության նախագահը վերկուսակցական անաչառ արբիտր կլինի, պատահական անձանց իշխանության գալու վտանգը և իշխանության գերանձնավորումը խիստ կնվազի, քանի որ վարչապետ կարող է դառնալ միայն ամենաուժեղ և հանրորեն ընդունելի քաղաքական կուսակցության ղեկավարը, չի լինի իշխանության գերկենտրոնացում գործադիր իշխանության ղեկավարի ձեռքում` չունենալով համարժեք քաղաքական պատասխանատվություն խորհրդարանի առջև:

Նշվում է նաև, որ կառավարության քաղաքական պատասխանատվությունը խորհրդարանի առջև կնպաստի կոլեգիալ կառավարմանը, կբարձրանա խորհրդարանի` որպես օրենսդիր և վերահսկող մարմնի քաղաքական դերը, որտեղ պետք է էականորեն ուժեղացվի ընդդիմության դերը: Խորհրդարանի քաղաքական դերի բարձրացումը կնպաստի կուսակցությունների կողմից իրենց բուն գործառույթների իրականացմանը և երկրում աստիճանաբար երկբևեռ դասական քաղաքական համակարգի ձևավորմանը, վերջապես, երկիրը կկարողանա ավելի ճկուն դիմագրավել արտաքին քաղաքական մարտահրավերներին, քանի որ քաղաքական որոշումների ընդունման ամբողջ գործընթացը կլինի ավելի կոլեգիալ և նվազ չափով անձնավորված:

Քաղաքական ուժերից մեկը` ՀԱԿ-ը, հայտարարեց, որ կտրուկ դեմ է սահմանադրական փոփոխությունների գործընթացին ու ներկայացված նախագծին և կոչ արեց քաղաքական ուժերին ու ողջ հանրությանը չընդունել որպես խայծ նետված այս գաղափարը, համատեղ ջանքերով հանել այն այսօրվա քաղաքական օրակարգից ու կենտրոնանալ Սերժ Սարգսյանի հեռացման առաջնահերթ նպատակի վրա:

«Կենտրոն» հեռուստաալիքի եթերում Վարդան Օսկանյանը հայտարարեց, որ ԲՀԿ-ն ևս սկզբունքորեն դեմ է սահմանադրական փոփոխությունների փաթեթին և դրա քննարկմանը հատկապես այս ժամանակահատվածում, երբ երկրում առկա են բազմաթիվ չլուծված խնդիրներ:

Մոտ երկու տարի առաջ խորհրդարանական կառավարման ու 100 տոկոս համամասնական ընտրակարգին անցնելու առթիվ հանրային քննարկումներ հրավիրած և օրենսդրական նախաձեռնություն հեղինակած «Ժառանգությունը» ևս կարծում է, որ այս պահին չպետք է անդրադառնալ սահմանադրական փոփոխություններին և քննարկման դնել դրանք:

Քաղաքագետ Երվանդ Բոզոյանն անձամբ խորհրդարանական համակարգի կողմնակից է, բայց ոչ այն տարբերակով, որ առաջարկվել է սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի կողմից: «Առաջարկվածն իրենից կոմունիստական մոդել է ներկայացնում: Նվազագույն դեմոկրատական տեսքը պահվում է, բայց հիմա ԱԺ նախագահին տալիս են եգիպտական փարավոնների լիազորություններ, և ըստ էության` գենսեկի կարգավիճակով համակարգ է ձևավորվում: Փաստացի խորհրդային մոդել է, հասկանալի է, թե ում համար է նախապատրաստվում: Եվ իզուր չէ, որ այս համակարգում թե՛ հանրապետության նախագահը, որ ընտրվում է անկուսակցական ԱԺ կողմից, թե՛ վարչապետը, որ տեխնիկական բնույթ պետք է ունենա, շինծու պաշտոններ են: Հասկանալի է, որ Սերժ Սարգսյանն այդ շինծու պաշտոններին չի ուզի գնալ »,- նշեց Բոզոյանը:

Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Հարությունյանը, փոփոխությունների փաթեթը հանրությանն ու նախագահին ներկայացնելու ժամանակ տեղեկացրեց, որ Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը հանրաքվեի կդրվի 2015-ի վերջին կամ 2016-ի սկզբին` նկատի ունենալով այն, որ 2017-ին ՀՀ-ում խորհրդարանական ընտրություններ են անցկացվելու, իսկ 2018-ին` նախագահական:

Բոզոյանն այս կապակցությամբ շեշտում է, որ սահմանադրական հանրաքվե պետք է անցկացնել միմիայն նոր իշխանությունների կողմից: Իսկ եթե իշխանություններն ուզում են շուտ անցկացնել այդ հանրաքվեն, ապա պետք է անցկացնեն արտահերթ խորհրդարանական ու նախագահական ընտրություններ, որից հետո արդեն կքննարկվի, թե որ համակարգն է ավելի ճիշտ Հայաստանի համար` պառլամենտակա՞ն, թե՞ կիսանախագահական, ու ամենավերջում նոր` սահմանադրական հանրաքվեն:

Մինչդեռ Սերժ Սարգսյանը Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների հետ հանդիպման ժամանակ նշել է, թե ինչ վերաբերում է պետության կառավարման ձևին, ապա այս հարցում իր մոտեցումը հայտնի է. «Եվ ես առիթ եմ ունեցել այդ կապակցությամբ արտահայտվել, որ մեր երկրի համար, գոնե թե զարգացման ներկա փուլում, գործող կառավարման մոդելն առավել ընդունելին է: Համենայն դեպս` ես այդպես եմ կարծում»:

Բայց նախագահը նշեց նաև, որ Սահմանադրությունը սերունդների համար է, և անում է առաջին քայլը սահմանադրական բարեփոխումների քննարկումներն իսկապես անկաշկանդ հունի մեջ դնելու առումով, քննարկումների փուլը սկսելուց առաջ էլ պաշտոնապես հայտարարեց, որ անձամբ այլևս չի առաջադրվելու Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնի համար:

«Եթե վերջնական քննարկումների արդյունքում իմ ցանկությանը չհամապատասխանող ուղի ընտրվի, նկատի ունեմ պառլամենտական կառավարման մոդելը, ապա ես չեմ հավակնի նաև վարչապետի պաշտոնին: Վստահ եմ անգամ, որ Հայաստանում մեկ մարդն իր կյանքում երկու անգամից ավելի չպետք է հավակնի ընդհանրապես երկրի կառավարման ղեկին»,- հայտարարեց Սերժ Սարգսյանը:

Նախագահի այս հայտարարության առիթով քաղաքագետ, «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը նշեց, որ Սերժ Սարգսյանը պարզապես հնչեցրել է սեփական մոտեցումը սեփական ճակատագրի վերաբերյալ, բայց մի հանգամանքի վրա ուշադրություն հրավիրեց. «Սահմանադրական փոփոխություններից հետո, այո, ստեղծվում է ավելի ուժեղ վարչապետի ինստիտուտ, բայց նա հայտարարեց, որ ինքը չի ցանկանում վարչապետ լինել: Մենք պետք է առնվազն ուրախանանք, որ նա չի ցանկանում երկու ժամկետից ավելի պաշտոնավարել, և փաստացի դա հայտարարեց: Դրա տակ ինչ-որ բան փնտրել կարելի է, բայց ես ինքս ոչինչ չեմ տեսնում: Չնայած դրա հետ մեկտեղ մի հանգամանք ևս կա. Սերժ Սարգսյանը խոսեց նախագահի և վարչապետի պաշտոնների մասին, բայց ոչ մի խոսք չասաց ԱԺ խոսնակի պաշտոնի մասին»:

Խլորոֆիտում-Chlorophytum

խլորոֆիտումՊատկանում է շուշանազգիների(Liliaceae) ընտանիքին: Հայրենիքը Աֆրիկան է `Բարեհուսո հրվանդան: Ջերմատնային, կախվող խոտաբույս է, որի տերևափունջը, որ շատ նման է վիշապածառի տերևափնջին, սկիզբ է առնում անմիջապես արմատավզիկից: Մշակության մեջ լայն տարածում է գտել Ch.comosum Bak  տեսակը և իր  խայտաբղետ տերևավոր այլատեսակը: Այս բույսի տերևները իրենց ամբողջ երկարությամբ ծածկված են կանաչ դեղնավուն և սպիտակ, զուգահեռ շերտերով: Բույսը երբեմն անվանում են ֆալանգիում:Խլորոֆիտումները արձակում են երկար, կախվող ծաղկասլաքներ, որոնց վրա խլորոֆիտում1բացի անդուր, սպիտակ, մանր ծաղիկներից առաջանում են նաև նոր փոքրիկ բուսակներ, իրենց օդային արմատիկներով: Հենց այդ բուսակներն էլ օգտագործում են բազմացման համար, անջատելով ծաղկասլաքից և տնկելով թաղարների մեջ: Բազմացումը կատարվում է նաև թփիկների բաժանումով: Բոյսն ունի հաստ, մսոտ արմատներ, որոնք ուժեղ աճման հետևանքով երբեմն թաղարը ճղում են: Խլորոֆիտումը լուսասեր բույս է: Նորմալ աճն ու տերևների խայտաբղետությունը պահպանելու համար , բույսը պետք է տեղավորել պատուհանի մոտ: Բույսի մշակությունը շատ պարզ է, ամենաաննշան խնամքի դեպքում էլ աճում զարգանում է, Chlorophytum_comosum_05պահանջկոտ է խոնավության նկատմամբ : հատկապես լավ է աճում այգու հողում:

Անկախ

Հասարակության հարցերին պատասխանում է Վլադիմիր Պուտինը, ուղիղ եթեր

պուտինԱյս րոպեներին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես   է գալիս  ուղիղ եթերով և  պատասխանում է  հասարակությանը հուզող հարցերին: ՌԴ քաղաքացիների  հետ ամենամյա շփման ավանդական այս ձևաչափով նա հանդես է գալիս արդեն 12-րդ անգամ:

Անկախ

Աշոտ Սուքիասյանը Թբիլիսիի դատարանում ստել է. Փայլակ Հայրապետյանը եւս ներկա է եղել նրա ծնողների թաղմանը.NEWS.am

փայլակՕֆշորային սկանդալում ներգրավված, գործարար Աշոտ Սուքիասյանը Թբիլիսիի կենտրոնական դատարանում խաբել է՝ ասելով, թե  այս  ընթացքում մահացել են իր ծնողները: Այս մասինNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց սնանկացման եզրին կանգնած Փայլակ Հայրապետյանը:

«Ինքը այստեղ էր, երբ ծնողները մահացել են, ներկա է եղել ծնողների մահվանը, տարին արդեն լրացել է, երկրորդ տարին է պտտում, տարին էլ արել է, ես էլ եմ մասնակցել ծնողների թաղմանը, Կճոյանն էլ կար, պաշտոնյանները, այդ թվում՝ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը եկել են, մասնակցել պանիխիդային: Առաջին անգամ իր հորն ու մորն են տարել դրել Սուրբ Հովհաննես եկեղեցում: Սուտ է ասել, խաբել է. չնայած նա էնքան կեղտոտ մարդ է, որ ծնողը նրա համար ի՞նչ է»,- ասաց գործարարը:

Ինչ վերաբերում է Աշոտ Սուքիասյանի կնոջ սպառնալից նամակներ ստանալուն, ապա Փայլակ Հայրապետյանը նշեց, որ նրա կնոջը մի անգամ է տեսել, որեւէ կապ չունի եւ չի էլ ուզում ունենալ իր հետ: Նա չգիտի, թե վերջապես Աշոտ Սուքիասյանը երբ կլինիՀայաստանում, նախաքննական մարմնից եւս որեւէ բան չեն հայտնել: «Եթե մի երկրում օրենք չի գործում,  ի՞նչ կարող ես ասես, ես չգիտեմ, Վրաստանի օրենքներից էլ տեղեկություն չունեմ: Մենակ կարող եմ ասել, որ սա պետություն չի, խուլիգանություն է, ես էլ հայրենասիրության պատճառով ընկել եմ խուլիգանների ձեռքը, ես  միշտ խուսափել եմ միլիցայից, օրենքից միշտ վախեցել եմ, իսկ էսօր էսպես է ամեն ինչ»,- ասաց Փայլակ Հայրապետյանը:

Հիշեցնենք, որ Քննչական գլխավոր վարչության հատուկ կարեւորագույն գործերով քննության վարչությունում որոշում է կայացվել Աշոտ Սուքիասյանին մեղադրանք առաջադրել առանձնապես խոշոր չափերով խարդախության (ՀՀ Քր.օր. 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ), խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու (184-րդ հոդ. 2-րդ մասի 1-ին կետ) եւ հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով եկամուտներն օրինականացնելու (190-րդ հոդ. 3-րդ մասի 1-ին կետ) համար: Խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, հայտարարվել է հետախուզում: Նա հայտնաբերվել է հունվարի վերջին Թբիլիսիում:Hetq.am-ը հաղորդում է, որ Թբիլիսիի կենտրոնական դատարանն ապրիլի 15-ին բավարարել է օֆշորային սկանդալում ներգրավված , գործարար Աշոտ Սուքիասյանին Հայաստան արտահանձնելու միջնորդությունը:  Դատական նիստը տեւել է 1 45 րոպե: Նիստի ընթացքում ելույթ է ունեցել գործարար Աշոտ Սուքիասյանը եւ խնդրել է իրեն արագ տեղափոխել Երեւան, քանի որ այս ընթացքում մահացել են նրա ծնողները, իսկ կնոջը ահաբեկող ու սպառնալիքներով լի հաղորդագրություններ են ուղարկում: Աշոտ Սուքիասյանի արտահանձնման օրը դեռեւս հայտնի չէ:Շարունակությունը` սկզբնաղբյուր կայքում:

Ցրտահարության հետևանքները կփորձեն մեղմել, իսկ հետո՞…

ցրտահարությունԱրդեն երկու շաբաթ է անցել Արարատյան հարթավայրի ու հանրապետության ցածրադիր վայրերի գյուղատնտեսությանը պատուհասած ցրտահարությունից: Եղածն անդառնալի է, ոչինչ փոխել հնարավոր չէ: Ու հիմա գլխավոր հարցը մնում է գյուղացիական տնտեսությունների վնասի փոխհատուցումը, գյուղացիների հոգսի գեթ մասամբ մեղմացումը:

Կառավարությունը, ինչ խոսք, հայտարարեց իր աջակցության մասին: Ցրտահարությունից հետո կայացած առաջին նիստում էլ արդեն նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձավ ցրտահարության խնդրին, թե շուրջ 11 հազար 500 հեկտար տարածքի վրա արձանագրվել են վնասներ, դրանց վերջնական չափերն ու ծավալներն էլ ճշգրտման փուլում են: Նա շեշտեց, որ վնաս կրած գյուղացիներին տրամադրվելիք օգնությունն ու օժանդակությունն առարկայական կլինի:

«Դեռևս ժամանակ ունենք գյուղատնտեսական տարվա ընթացքում շտկելու այն վնասները, որ եղանակային պայմանները հասցրել են, և մենք օգնելու ենք գյուղացիներին, որպեսզի նրանք ստանան լրացուցիչ տարբեր տեսակի սերմեր, պարարտանյութ, որպեսզի այս տարին այդ տնտեսությունների համար կորցրած տարի չլինի»,- հայտարարեց Տիգրան Սարգսյանը:

Գյուղացիների, գյուղապետների, մարզպետների բարձրացրած ամենակարևոր հարցերից մեկը, բնականաբար, գյուղացիների վարկային պարտավորություններին էր վերաբերում: Գյուղացիները վերցրած վարկեր ունեն, որոնք հիմնականում փակում են իրենց այգիներից ստացված բերքը վաճառելով: Ու քանի որ այդ բերքն այլևս չկա, պետք է միջոցներ ձեռնարկվեն, որ մի քանի ամսից մի քանի հազար գյուղացի չհայտնվի ԴԱՀԿ տեսադաշտում: Այս կապակցությամբ, ինչպես այն ժամանակ հայտարարեց Տիգրան Սարգսյանը, կառավարությունը խնդրել է ԿԲ-ին, որպեսզի քննարկվեն ֆինանսական խնդիրները: ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանն էլ հայտնեց, որ արդեն իսկ տեղերում որոշակի ուսումնասիրություններ արվել են, տարբեր գյուղերում հարցումներ են կատարվել, աշխատանք է տարվում բանկերի և վարկային կազմակերպությունների հետ:

Ընդհանուր առմամբ, ինչպես նշեց Արթուր Ջավադյանը, մոտ 6 մլրդ վարկային ներդրումների մասին է խոսքը: Այսինքն` ինչպես անցած տարի Արմավիրի մարզում գյուղացիական տնտեսություններին օգնեցին վարկային միջոցներով, վերաձևակերպումներով, տոկոսադրույքները սուբսիդավորելով, այս տարի նույն գործիքը կօգտագործվի, և պետական բյուջեն կաջակցի գյուղացիներին այդ հարցում: Բայց պետական բյուջեով կառավարությունը կօգնի գյուղացիական տնտեսություններին նաև ֆինանսական խնդիրները հաղթահարելու հարցում, որպեսզի նրանք կարողանան իրականացնել և՛ գարնանացանը, և՛ աշնանացանը:
Կառավարությունը հաջորդ նիստում, արդեն առանց Տիգրան Սարգսյանի, կրկին անդրադարձավ այս խնդրին և հաստատեց ցրտահարության հետևանքով տուժած գյուղացիներին ու գյուղացիական տնտեսություններին պատճառված վնասները հնարավորինս մեղմելու և նրանց աջակցություն և օգնություն տրամադրելու մի շարք որոշումներ:

Օգնության ձևն ու չափը պարզ են

Առաջինը «Սերմացուների ձեռքբերումը թույլատրելու և դրանք մարզերի` ցրտահարությունից տուժած հողօգտագործողներին հատկացնելու մասին» որոշման նախագիծն էր, որով նախատեսվում է, ըստ առաջացած պահանջարկի, ձեռք բերել 85 մլն դրամ արժողությամբ տարբեր գյուղատնտեսական մշակաբույսերի սերմացուներ և դրանք անհատույց հատկացնել ցրտահարությունից առավել տուժած այգետերերին: Գյուղատնտեսության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Սերգո Կարապետյանը տեղեկացրեց, որ ձեռք կբերվեն հիմնականում բանջարաբոստանային մշակաբույսերի մոտ 3.5 տոննա տարբեր սերմեր ու սերմացուներ:

Հաջորդ որոշմամբ կառավարությունը նախատեսում է 2014 թ. գարնանացանի համար գարու, եգիպտացորենի, առվույտի և կորնգանի արտադրության զարգացման ծրագրի շրջանակներում հողօգտագործողներին տրամադրվող գարնանացան գարու սերմացուի գինը 200 դրամից իջեցնել 150 դրամի: Իսկ 2014 թ. գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով ազոտական, ֆոսֆորական, կալիումական պարարտանյութերի և դիզվառելիքի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագրերի շրջանակներում որոշվեց ազոտական պարարտանյութի և վառելանյութի վաճառքը ցրտահարությունից տուժած այգետերերին մատակարարել առանց սահմանափակման` փաստացի ունեցած հողատարածքի չափով:

ցրտահարությունԿառավարությանը մի որոշման նախագիծ էլ ներկայացրել էր տարածքային կառավարման նախարարությունը, ըստ որի` ցրտահարությունից տուժած մարզերին որոշակի օժանդակություն տրամադրելու նպատակով մարզերին հրատապ ծրագրերի իրականացման համար տրամադրված 10 մլրդ դրամից, որոշ ծրագրերի իրականացումը հետաձգելով, առանձնացնել ընդհանուր մոտ 750 մլն դրամ, որից 450 մլն ջրի վարձի 50 տոկոսը փոխհատուցելու և 271 մլն դրամ` հողի հարկի վճարումները կատարելու համար:

«Մեր պայմանավորվածությունը նաև հետևյալն է. մարզային իշխանությունները տեղական իշխանությունների հետ միասին պետք է կազմեն այն բոլոր շահառուների ցուցակը, որոնք այս օժանդակությունից օգտվելու են: Այդ ցուցակները պետք է լինեն հրապարակային»,- հայտարարեց նիստը վարող փոխվարչապետ Արմեն Գևորգյանը:

Ցրտահարությունից տուժածներին ցուցաբերվող օժանդակության և օգնության ծրագրերը, նշեց Արմեն Գևորգյանը, շարունակություն են ունենալու նաև աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության գծով:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արտեմ Ասատրյանը ներկայացրեց ժամանակավոր զբաղվածության ծրագրերի շրջանակներում այդ տնտեսություններին ցուցաբերվելիք օժանդակության մանրամասները: Ըստ այդմ` այն գյուղացիական տնտեսությունների համար, որոնք կհամապատասխանեն չափորոշիչներին, կիրականացվի նույնպիսի ծրագիր, ինչ անցյալ տարի Արմավիրի մարզի կարկտահարությունից տուժած գյուղացիական տնտեսություններին օժանդակություն ցուցաբերելիս: Հիշեցնենք, որ անցած տարի 630 տնտեսությունների 120 մլն դրամի չափով օժանդակություն ցույց տրվեց` փոխհատուցելով աշխատողների օրական աշխատավարձը 4000 դրամի չափով: Արտեմ Ասատրյանը հայտնեց, որ այս նպատակով նախատեսվել է 150-200 մլն դրամի գումար, ինչը, Արմեն Գևորգյանի մեկնաբանությամբ, որոշ չափով կթեթևացնի ցրտահարությունից տուժած տնտեսություններում առաջացած ֆինանսական խնդիրները:

Սրանք նախկին կառավարության որոշումներն էին, և վստահաբար կարելի է ասել, որ նոր կառավարությունը կշարունակի այս մոտեցումը:

Բայց մի կարևոր հարց է բաց մնում: Ինչո՞ւ չեն ստեղծվում այնպիսի մեխանիզմներ, որ կառավարության միջամտության ու առարկայական աջակցության կարիքը ծայրահեղ դեպքերում զգացվի: Ինչո՞ւ գյուղատնտեսության ոլորտում չի ներդրվում ապահովագրության ինստիտուտը, ինչի մասին թե՛ գյուղացիները, թե՛ ոլորտի մասնագետները բազմիցս նշում են: Այդ մասին անցյալ տարի մայիսին ԱԺ-ում հայտարարում էր անգամ գյուղատնտեսության նախարարը: Կամ ինչո՞ւ է կառավարությունը, ի դեմս գյուղնախարարության, ամեն տարի ցրտահարության դեմ պայքարելու համար խորհուրդ տալիս դիմել ավանդական միջոցների ու քայլեր չի ձեռնարկում միջազգային առաջադեմ փորձը Հայաստանում ներդնելու ուղղությամբ:

Մի խոսքով` գյուղացիները հավանաբար արդարացի են իրենց բողոքներով, երբ նշում են, որ իրենք մենակ են բնության ու նրա արհավիրքների դեմ, իսկ իրենց հույսն էլ Աստծո ողորմածությունն է:

 

 

Սերգո Կարապետյանը չի կիսում ՕԵԿ քաղաքական մտադրությունը եւ դուրս է եկել կուսակցությունից

սերգո կարապետյանՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Սերգո Կարապետյանը դուրս է եկել «Օրինաց երկիր» կուսակցությունից: Այս մասին Կարապետյանը հայտարարեց` «Արմենպրես»-ի խնդրանքով մեկնաբանելով լուրերն այն մասին, որ նախարարի պաշտոնակատարը որոշել է դուրս գալ կուսակցությունից` պայմանավորված կոալիցիոն համագործակցությունը դադարեցնելու ՕԵԿ որոշմամբ: «Երբ 2010 թվականի դեկտեմբերին առաջարկություն ստացա զբաղեցնել ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնը և անդամագրվեցի «Օրինաց երկիր» կուսակցությանը , ՕԵԿ-ը դիտում էի որպես ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի քաղաքական թիմի մի մաս և պատրաստ էի իմ աշխատանքով նպաստել Սերժ Սարգսյանի գլխավորած քաղաքական թիմի հաջողություններին: Սա է պատճառը, որ երբ ապրիլի 16-ին, ՕԵԿ քաղխորհրդի նիստի ժամանակ, կուսակցությունը որոշեց դուրս գալ կոալիցիայից, ես չկիսելով այդ քաղաքական մտադրությունը և անկախ իմ հետագա պաշտոնավարումից, դուրս եմ եկել «Օրինաց երկիր» կուսակցությունից»,-ասաց Սերգո Կարապետյանը:

Անկախ

ՀՀԿ-ին հավատարիմ ՕԵԿ-ը լքեց կոալիցիան

4481511365241197Քիչ առաջ ավարտվել է “Օրինաց երկիր” կուսակցության քաղաքական խորհրդի նիստը, որից հետո հայտնի է դարձել, որ ՕԵԿ-ն այլևս կոալիցիոն կառավարության մեջ նպատակահարմար չի գտնում իր գործունեությունը:

ՕԵԿ քվոտայով նախարարները՝ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը և քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանը,  դուրս են եկել կուսակցության կազմից:

Ապրիլի 25-ին նախատեսվում է ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանի մամուլի ասուլիսը, որի ժամանակ նա կպատասխանի լրագրողներին հուզող բոլոր հարցերին: Հենց այդ ժամանակ էլ նա կպարզաբանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից հրաժարվելու հարցը:

«Որոշում          

ք. Երևան, 16 ապրիլի 2014թ.

ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ՏԵՔՍՏԸ

«Օրինաց երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի գնահատմամբ ՀՀ Նախագահի՝ սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի նիստում արված հայտարարությունը, կենսաթոշակային պարտադիր բաղադրիչի հակասահմանադրականության վերաբերյալ սահմանադրական դատարանի հայտնի որոշումը, կառավարության հրաժարականը, նոր վարչապետի նշանակումը Հայաստանում ստեղծել է նոր քաղաքական իրավիճակ: Երկրի առջև ծառացած ներքին և արտաքին մարտահրավերները պահանջում են ունենալ ժողովրդի հեղինակությունը վայելող կիրթ, կենսունակ, ամուր, նորարարական, բարեփոխումները վճռական քայլերով առաջ մղող կառավարություն: Երկրի դժվարին սոցիալ տնտեսական իրավիճակը, ժողովրդին հուզող բազմաթիվ հիմնախնդիրները թելադրում են արդյունքին միտված, ժամանակակից միջազգային փորձով ամրապնդված մրցունակ կառավարության ծրագրի կենսագործում, որը հնարավորություն կտա կարճ ժամկետներում երաշխավորել տեսանելի արդյունքներ: Կուսակցությունը գնահատելով երկրի Նախագահի և ՀՀԿ-ի հետ կոալիցիայի շրջանակներում իրականացրած գործունեությունը, արձանագրում է, որ անցած 6 տարիների ընթացքում համատեղ ուժերով կյանքի են կոչվել բազմաթիվ ծրագրեր: Այդուհանդերձ ՕԵԿ-ը փաստում է, որ մեզ չի հաջողվում իրականացնել մեր բազմաթիվ նախընտրական ծրագրերը, որի վկայությունը, օրինակ, ավելի քան 2 տասնյակ օրինագծերն են, որոնք տարիներ շարունակ, գտնվելով Ազգային ժողովում, օրենքներ չեն դառնում, չնայած մեր բազմաթիվ քննարկումներին:

Արձանագրելով, որ դասական քաղաքական առումով քաղաքական կոալիցիան կարող է լինել կենսունակ, եթե մասնակից քաղաքական ուժերը ունեն որոշումների կայացման վրա եթե ոչ համաչափ, եթե ոչ էական, ապա գոնե որոշակի ազդեցության հնարավորություն, ՕԵԿ-ը փաստում է, որ կոալիցիոն ձևաչափը իրականության մեջ գործել է ոչ արդյունավետ: Արդյունքում «իշխող քաղաքական կոալիցիա» հասկացության փոխարեն լայն շրջանառության մեջ է դրվել գերակա դարձած «իշխող քաղաքական ուժ» հասկացությունը: Կոալիցիոն գործընկերության ժամանակահատվածում նման ձևաչափը ՕԵԿ-ի համար երբևիցե հնարավորություն չի ստեղծել պետական կառավարման համակարգում երկրի զարգացմանն առնչվող շատ հիմնահարցերի լուծման և առանցքային պաշտոնների նշանակման հարցում ունենալ իր ազդեցությունը: Դրա վկայությունն են նախորդ ժամանակահատվածում 3 անգամ վարչապետ նշանակելու և 4 անգամ խորհրդարանի նախագահ առաջադրելու քաղաքական մեծամասնության միանձնյա որոշումները, ինչպես նաև ՀՀ Նախագահի և ՕԵԿ-ի ներկայացուցիչների հետ օրերս տեղի ունեցած քաղաքական խորհրդատվությունը, որի ժամանակ, չնայած ՀՀ Նախագահի բացառիկ իրավասությանը առաջադրելու վարչապետի թեկնածությունը, կոալիցիայի շրջանակներում չի քննարկվել ՕԵԿ-ի կողմից առաջադրած թեկնածուի հարցը՝ թերևս գուցեև այն հիմնավոր իրավական պատճառով, որ ՀՀԿ-ն Ազգային ժողովում ունի բացարձակ մեծամասնություն, և դա բավարար է առանց կոալիցիոն գործընկերոջ համաձայնության առաջադրումներ կատարելու առանցքային քաղաքական պաշտոններում, ինչը հնարավորություն չի ընձեռում ՕԵԿ-ին՝ որպես կոալիցիոն կուսակցությանն, ունենալ որևէ ազդեցություն նման կարևոր որոշումների ընդունման գործընթացում:

ՕԵԿ-ը փաստում է, որ վերջին 6 տարիներին եղել է ՀՀ Նախագահի և ՀՀԿ-ի հուսալի գործընկերը բազմաթիվ դժվարին իրավիճակներում, փորձել է առավելագույնս ներգրավված լինել բարեփոխումների բարդ օրակարգի մեջ՝ մշտապես ցուցաբերելով սկզբունքային և շիտակ դիրքորոշում: Նույնը վերաբերում է նաև 2008թ. նախագահական ընտրություններից հետո ստեղծված իրավիճակին, երբ ՕԵԿ-ը վեր կանգնելով նեղ կուսակցական շահերից, իր վարկանիշի էական նվազման հաշվին թույլ չտվեց, որ երկրում մոլեգնի քաղաքացիական պատերազմը կամ երկիրը կանգնի արտաքին ագրեսիայի վտանգի առջև:

Կուսակցությունը գտնում է, որ նոր կառավարությունը պետք է ձևավորված լինի կիրթ, գրագետ, բարեփոխումների ունակ, երկրի արտաքին տնտեսական օրակարգը՝ Մաքսային Միությունից մինչև Եվրոպական Միություն, միջազգային ֆինանսական հաստատությունների և երկրի համար կարևոր գործընկերների հետ հավակնոտ օրակարգ ձևավորելու և կյանքի կոչելու ունակ թիմից:

ՕԵԿ-ը հրապարակային կերպով արտահայտել է իր մոտեցումը կառավարության ղեկավարի մեր թեկնածուի շուրջ: Մենք համոզված էինք, որ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը, ով 4 տարի արդյունավետ կառավարել է Ազգային ժողովը, ունեցել է կարևոր դերակատարում Անվտանգության խորհրդի կայացման գործում՝ համակարգելով երկրի ներքին և արտաքին կարևորագույն ոլորտներում բարեփոխումներին ուղղված շուջ մեկ տասնյակ միջգերատեսչական, այդ թվում՝ ՀԱՊԿ-ի, ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի հետ փոխգործակցության միջգերատեսչական հանձնաժողովների գործունեությունը, իրավունք ուներ հավակնելու երկիրը տնտեսական դժվարին իրավիճակից դուրս բերելու առանցքային դերակատարմանը՝ երկրի Նախագահի և կոալիցիոն դաշնակիցների հետ: Հաշվի առնելով 6-ամյա կոալիցիոն փորձառությունը, ՕԵԿ-ի՝ կոալիցիայի կազմում մնալու միակ հիմնավոր պատճառ կարող էր դիտարկվել իշխանության մեջ իրական դերակատարման ստանձնումը, ինչը չէր կարող դրսևորվել 3 նախարարական պորտֆելների շուրջ առաջարկությամբ: ՕԵԿ-ը գտնում է, որ երկրի առաջին դեմքերի կենտրոնացումը մեկ քաղաքական կուսակցության ձեռքում իրական հնարավորություն չի ստեղծում կոալիցիոն իշխանության գործունեության համար՝ ինչը վերջինիս տալիս է ոչ թե իրական, այլ ֆորմալ բնույթ:

Ելնելով վերոգրյալից, ինչպես նաև հաշվի առնելով ՀՀ նախագահի հայտարարությունն առ այն, որ նա հրաժարվում է ապագայում այլևս զբաղեցնելու ՀՀ Նախագահի կամ վարչապետի պաշտոնները, ինչպես նաև գերակայություն է համարում ապագայում ևս Հայաստանի Հանրապետական կուսակցության  որոշիչ դերակատարությունը, ընդունելով, որ ՀՀԿ-ն, որպես քաղաքական մեծամասնություն ունեցող կուսակցություն, ունի բավարար ներուժ միանձնյա ձևավորելու կառավարությունը և ստանձնելու լիարժեք քաղաքական պատասխանատվություն, ինչպես նաև, հաշվի առնելով ՕԵԿ-ի՝ ապագային միտված իր քաղաքական օրակարգը, ՕԵԿ-ը շնորհակալություն է հայտնում ՀՀ և ՀՀԿ Նախագահ Սերժ Սարգսյանին և Հայաստանի Հանրապետական կուսակցությանը  համատեղ աշխատանքի համար, հաջողություն է մաղթում ՀՀ նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանին իր գործունեության մեջ:

Ելնելով վերոշարադրյալից՝ ՕԵԿ քաղաքական խորհուրդը

Որոշում է

«Օրինաց երկիր» կուսակցության՝ քաղաքական կոալիցիային հետագա անդամակցության հարցը համարել խնդրահարույց և ոչ նպատակահարմար:

Հաշվի առնելով, որ կոալիցիայում ՕԵԿ-ը գործունեության հետագա շարունակումը դիտարկում է խնդրահարույց և ոչ նպատակահարմար՝  ՕԵԿ քաղաքական խորհուրդը բավարարեց ՕԵԿ նախարարներ Արմեն Երիցյանի, Սերգո Կարապետյանի և Սամվել Թադևոսյանի դիմումները կուսակցությունից դուրս գալու մասին և հաջողություն մաղթեց նրանց իրենց հետագա գործունեության մեջ:

ՕԵԿ Երևանի տարածքային և մարզային կուսակցական կազմակերպություններում քննարկել գործող քաղաքական կոալիցիայում ՕԵԿ անդամակցության նպատակահարմարության հարցը՝  ս.թ. ապրիլի 25-ին ՕԵԿ վարչության նիստում, կայացած քննարկումների արդյունքների հիման վրա քաղաքական խորհրդի որոշումը հաստատելու համար:

Հանձնարարել «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Ա. Բաղդասարյանին հանրությանը պատշաճ իրազեկել կուսակցության ղեկավար մարմինների որոշումների մասին:

Քաղաքական խորհրդի որոշումն ընդունվեց միաձայն:

Անկախ

Չինաստանում ութ վերջույթով երեխա է ծնվել

o_931596Չինական Գուանդոն գավառի Հոյչժոու քաղաքի ծննդատներից մեկում լույս աշխարհ է եկել  8 վերջույթներով, 3-կգ-նոց տղա: 13 օրականում նա անմիջապես տեղափոխվել է ինտենսիվ թերապիայի պալատ, որտեղ վիրաբուժները հեռացրել են նրա ավելորդ ձեռքերն ու ոտքերը: Այժմ երեխայի վիճակը կայուն է, հաղորդում է  Mirror-ը:

Երեխան ծնվել էր չորս ձեռքերով և չորս ոտքերով: Բժիշկները մի քանի ժամ հեռացնում էին ավելորդ վերջույթները: Նրանք ասում են, որ տղայի մայրը պետք է ծննդաբերեր զույգ երեխա, սակայն սաղմերից մեկը արգանդում սկսել է դեֆորմացվել և արդյունքում դարձել է եղբոր մի մասը: Երեխան ծնվել է թոքաբորբով և սրտի արատով: Որոշ ժամանակ նա պետք է բժիշկների հսկողության տակ լինի:

Երեխայի հայրը, պարոն Չենը, ինքն իրեն մեղադրում է, որ որդին ծնվել է արատներով:”Ես մտածում էի միայն իմ աշխատանքի մասին, ինչպես դրամ վաստակեմ,փոխանակ հղի կնոջս ուղարկեի բժշկական մանրակրկիտ ուսումնասիրության: Սա ինձ թող դաս լինի”:-խոստովանել է տղամարդը:

 

Անկախ

Ոչ իշխանական 4 ուժերը «հրաշալի քառյակը» պահպանելու ճիգեր են գործադրում

քառյակ2Խորհրդարանական ոչ իշխանական չորս ուժերը կամ այսպես կոչված «հրաշալի քառյակը» քաղաքական նոր իրավիճակում նոր մարտավարություն և նոր համաձայնություն ձևավորելու փնտրտուքների մեջ են:

Վարչապետի հրաժարականը խառնեց առաջին հերթին նրանց խաղաքարտերը, և արդեն ակնհայտ է, որ ապրիլի 28-ին նախատեսված շուրջօրյա հանրահավաքները կարող են տեղի չունենալ:

Մինչև նոր կառավարության ձևավորումը, քառյակն էլ իր օրակարգը ձևավորած չի լինի` սպասելով կառավարության վերադասավարումներին: Այսօրվա դրությամբ ՀՅԴ-ն բանակցում է իշխանությունների հետ իր 7 կետերի շուրջ, ԲՀԿ-ն հայտնում է, որ կոալիցիա չի մտնի, բայց դեռ մտածում է, «Ժառանգությունն» ու ՀԱԿ-ն էլ ամբողջական իշխանափոխություն են պահանջում:

Պատահական չէ, որ ապրիլի 14-ին քառյակի երեք անդամներին ուղղված ՀԱԿ-ի հայտարարությանը, թե քառյակի հիմնական խնդիրը պետք է դառնա Սերժ Սարգսյանի ռեժիմի հեռացումը, առայժմ դրական արձագանք է հնչեցրել միայն «Ժառանգությունը»: Կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը հայտարարել է, որ իրենք հենց սկզբից էլ համակարգային փոփոխությունների կողմնակից են եղել, ուստի լիովին աջակցում են Կոնգրեսի դիրքորոշումը:

big_516456a7fc5f2c19a777133908dec364Ապրիլի 16-ին քառյակի հերթական նիստից հետո ակնկալվում էր, որ ՀԱԿ-ի հայտարարության վերաբերյալ կողմերը դիրքորոշում կհայտնեն: Սակայն պարզվեց, որ նրանք հանրությանն ասելու ոչինչ չունեն` չնայած որ քննարկել են հարցը:

«Մամուլին ավելին չեմ կարող հայտնել, քան ձեռք բերված պայմանավորվածությունն է»,-շուրջ երեք ժամ տևած քննարկումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

Նա հայտնեց միայն, որ կողմերը քննարկել են կուտակայի վերաբերյալ ՍԴ որոշման երկիմաստ և թերի լինելու հարցը և դրա հետ կապված անելիքները, ինչպես նաև ստեղծված նոր իրավիճակում՝ վարչապետի նշանակում, կառավարության ձևավորում, նոր ծրագրի առաջադրում, քառյակի գործունեությունը:

«Այս պահին առաջարկները, գնահատականներն ու հեռանկարի հետ կապված հույսերը տարբեր են, բայց լիահույս ենք, որ միասնական դիրքորոշման հնարավորություն քառյակն ունի»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովի հայտարարությանը, որ ՀՅԴ կողմից առաջարկված 7 կետերից որոշներն ընդունվել են ՀՀԿ-ի կողմից, Արմեն Ռուստամյանն ասաց, որ իշխանությունները որոշ կետեր ընդունում են, բայց ոչ իրենց պատկերացրած ձևով: «Օրինակ, մենք այսօր հստակ չունենք այն տպավորությունը, որ իրենք գնում են մեր պատկերացրած խորհրդարանական համակարգին»,-ասաց նա:

Դաշնակցականներն այսօր տեսնում են, որ իշխանությունների կողմից վերապահումով է ընդունվում խորհրդարանական համակարգին անցնելու իրենց առաջարկը, անհասկանալի են մնում ընդդիմությանը տրվող հնարավորությունները, հարյուր տոկոս համամասնականի հետ կապված երաշխիքներ չեն տրվում և այլն:

Ուստի, եթե իրենց առաջարկները մասնակիորեն էլ ընդունվեն, միևնույն է` իրենք իրենց ընդդիմադիր կեցվածքը պահպանելու են, մինչև յոթ կետերը լիարժեք չընդունվեն. «Կա՛մ կառավարության մեջ ես, կա՛մ կառավարության մեջ չես: Հիմա մի նախարար կունենաս, թե տասներկու, մինույնն է, որովհետև այդ դեպքում դու այլևս ընդդիմություն չես»,-ասաց Արմեն Ռուստամյանը:

Նա հիշեցրեց, որ ապրիլի 18-ին մեկնարկելու է ՀՅԴ Գերագույն ժողովը, և Դաշնացության շատ տեսակետներ կհստակեցվեն հենց այդ ընթացքում:

Ի դեպ, քառյակը քննարկել է կուտակային կենսաթոշակների մասին օրենքում փոփոխություն կատարելու նախաձեռնությամբ հանդես գալու հարցը՝ ելնելով արդեն ՍԴ որոշումից: Փորձելու են հասնել նրան, որ օրենքում հստակեցվեն ՍԴ որոշման արդյունքում անորոշ մնացած դրույթները: Հնարավոր է, որ այդ հարցով առաջիկա քառօրյայում պահանջեն արտահերթ նիստ հրավիրել:

Քառյակի հաջորդ հանդիպումը տեղի կունենա եկող շաբաթ, իսկ այդ ժամանակ արդեն շատ հարցեր առավել հստակ կլինեն:

Այնուամենայնիվ, Ռուստամյանը, ի հեճուկս բոլոր «չար գուշակողների», հայտարարում է. «Քառյակը շարունակում է աշխատել արդյունավետ»:

203542ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը, սակայն, այնքան էլ համամիտ չէ այդ կարծիքին: Նախ նա արձանագրում է, որ քառյակը` որպես քաղաքական միավոր, չի ձևավորվել: «Այն ձևավորվել է ընդամենը կառավարության հրաժարականի պահանջի շուրջ` ի դեմս Տիգրան Սարգսյանի: Հիմա նոր իրավիճակ է, և նմանատիպ խնդիր այս պահին չկա: Սահմանադրությունն էլ հուշում է, որ մինչև ապրիլի 28-ը կառավարության ծրագիրն էլ պարզ չի լինի, և ոչ իշխանական ուժերը քննարկելու ու քննադատելու բան էլ պետք է որ չունենան: Հետևաբար, քառյակի գործունեությունը, որոշումները, հավաքները, «աժիոտաժ սարքելը»  ընդամենը իրենց գործունեությունը թեժ պահելու միջոց է, մինչև հետագայում կողմնորոշվեն ինչ որ հարցեր լուծելու կամ չլուծելու առումով»:

Սահակյանը նշում է, որ եթե պետք է դեռ բան չարած սկսեն նոր կառավարությանը քննադատել, ժողովուրդն էլ կհասկանա, որ ուրեմն այն ժամանակ էլ ընդամենը հավաքվել էին ինչ որ ներքին խնդիրներ լուծելու համար: Իսկ եթե պետք է այսօրվանից իշխանությանն ընդդիմանան` պատրաստվելով 2017-18 թվականներին, ապա դա էլ մի փոքր շուտ են սկսել:

Ինչ վերաբերում է քառյակին ուղղված ՀԱԿ-ի կոչին` պահանջել Սերժ Սարգսյանի և նրա իշխանության հրաժարականը, ապա Հովհաննես Սահակյանը կարծում է, որ դրանով ՀԱԿ-ն ուզում է ղեկավարել «հրաշալի քառյակը», և պատահական չէ, որ նմանատիպ հայտարարություն արեց այն ժամանակ, երբ պայմանները հնարավորինս բարենպաստ էին: «Եթե մի քիչ էլ էսպես շարունակվի, ապա ՀԱԿ-ը դառնալու է «հրաշալի քառյակի» լոկոմոտիվը և ինքն է որոշելու ձևաչափը»,-ենթադրում է Սահակյանը:

Այնուամենայնիվ, նա պնդում է, որ իշխանությունները ռեալ պատկերացում ունեն իրականության մասին, և գիտեն, որ ընդդիմության օրակարգում այսօր որևէ լուրջ գործընթաց չկա: Երբ ինչ որ լուրջ, առանցքային շեշտադրումներ լինեն, այդ ժամանակ էլ իրենք հետևություններ և համապատասխան քայլեր կիրականացնեն:

Անի Գասպարյան

 

Անկախ

 

 

 

Կարմիր բլուր հնավայրում վերջերս հայտնաբերված գտածոները՝ ցուցահանդեսում

Կարմիր բլուր հնավայր, գտածոներ,ցուցահանդես

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից Անկախին տեղեկացնում են, որ Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը ներկա է գտնվել Երևան քաղաքի պատմության թանգարանի սրահում «Պատմության հետքերով» խորագրով ցուցահանդեսի բացմանը։ Ցուցահանդեսում ներկայացված են Կարմիր բլուր պատմամշակութային հնավայրում հայտնաբերված գտածոները, որոնք թվագրվում են  Ուրարտուի ժամանակաշրջանից մինչև մ.թ. 1-ին դար։ 40 հա տարածքով այս հնավայրը բաղկացած է նախաուրարտական բնակավայրից, միջնաբերդ ունեցող ուրարտական քաղաքից։ Մ.թ.ա. 6-րդ դարից մ.թ. 1-ին դարը այն ծառայել է որպես դամբարանադաշտ։ Ցուցադրությունում ներկայացված են կենցաղային խեցեգործական ու ապակե առարկաներ, զարդեր, զենքի բրոզե մասեր և այլն։

Տարածքը հայտնաբերվել 1939թ., առաջին պեղումներն ավարտվել են 1968թ.. դրանց ընթացքում պարզվել է նաև քաղաքի անունը, որը արձանագրությունում նշվում է Թեյշեբաինի անվամբ։

Հնավայրում պեղումների երկրորդ շրջանը սկսվել է մայրաքաղաքի կենտրոնի երթևեկության բեռնաթափմամբ պայմանավորված ճանապարհաշինական ծրագրի արդյունքում։ Երևանի քաղաքապետարանի նախագծով այստեղ կառուցվելու է ասֆալտապատ ճանապարհ՝ Արգավանդ-Շիրակ ճանապարհահատվածը, ինչպես նաև կամուրջ՝ Հրազդանի կիրճի լայնությամբ:

«Մենք ունենք բավականին ճկուն նախագիծ՝ ամենատարբեր ճանապարհաշինական լուծումներով, ինչպես, օրինակ, որոշակի հատվածներում սյուներ կիրառելու տարբերակն է, որպեսզի հնավայրը չվնասվի։ Այստեղ ճանապարհի կառուցումը դեռևս խորհրդային տարիներին էր ծրագրված։ Ծրագիրը նախաձեռնելիս պարզ էր, որ որոշակի վիճահարույց կողմեր կան, քանի որ վայրը պատմահնագիտական հուշարձան է։ Հետևաբար ձևավորվեց աշխատանքային խումբը՝ մասնագետների, հասարակական կազմակերպությունների՝ շահագրգիռ բոլոր կողմերի  ներկայացուցիչների ներգրավմամբ, և բազմաթիվ քննարկումների արդյունքում որոշվեց, որ նախևառաջ անհրաժեշտ է պեղումներ կազմակերպել, որպեսզի որևէ հնություն գետնի տակ չմնա։ Այդպիսով, ճանապարհի կառուցումը դարձավ պատճառ, որ հայտնաբերվի Կարմիր բլրի դամբարանադաշտը։ Նախագիծը փոխըմբռնման եղանակով է արվում, որպեսզի և՛ քաղաքը շահի, և՛ մեր պատմամշակութային արժեքները վերհանվեն ու ևս մեկ անգամ ներկայացվեն հանրությանը, աշխարհին»,- նշել է Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը և հավելել, որ ճանապարհի կառուցումը նաև մեխանիկորեն կսահմանափակի Կարմիր բլրին հարակից գերեզմանի ընդլայնումը։

Անկախ

 

Տնօրենն ու աշխատակիցները մեղադրում են միմյանց, իսկ արդյունքում տուժում են գիշերօթիկի սաները

Բյուրեղավանի-երեխաների-խնամքի (1)10250  բնակիչ ունեցող Բյուրեղավանը վերջին օրերի ընթացքում գտնվում է լրատվամիջոցների համակ ուշադրության կենտրոնում: Պատճառը Երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատությունում ծագած սկանդալն է:

Վերջերս «Անկախը» և հայաստանյան այլ լրատվամիջոցներ ստացել էին անանուն բաց նամակ, որում հաստատության մի քանի աշխատակիցներ հայտարարում են, որ կենտրոնի տնօրենը բազմիցս խախտել է թե աշխատակիցների, թե երեխաների իրավունքները: Ըստ նամակի` տնօրեն Գայանե Մարգարյանը երեխաների սննդի համար հատկացված գումարի ընդամենը մեկ երրորդն է ծախսում երեխաներին կերակրելու համար, իսկ  ստուգումների ժամանակ երեխաները զարմանում են ուտելիքի առատությունից և բազմազանությունից: ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն  անմիջապես հերքել է նամակում ներկայացված բոլոր մեղադրանքները:

«Անկախը» մի քանի անգամ Բյուրեղավան է այցելել: Բնակիչներն անտեղյակ են հաստատությունում տիրող իրավիճակին, իսկ աշխատակիցները խուսափում են որևէ հարցի պատասխանել և սահմանափակվում են «ոչ», «այո» և «ես միայն իմ գործն եմ անում ու ոչինչ չեմ նկատել» արտահայտություններով:

«Ամեն ինչ անհիմն է, ապատեղեկատվություն է», – հենց դռան շեմից հայտարարեց տնօրեն Գայանե Մարգարյանը:

Նա հրաժարվեց մանրամասնորեն բացատրել նամակում առկա մեղադրանքները` ասելով, որ «քննություն  է կատարվում և ամեն ինչ շուտով ջրի երես դուրս գալու»:

«Այսքան աշխատանք հիմա որ դուք տեսնում եք, իմ կատարած աշխատանքն է, ես եմ արել: Երեխաները սիրում էլ են ինձ , հարգում էլ են»,- ասում է Մարգարյանը` հավելելով, որ իր «դեմ են դուրս եկել»  ընդամենը երեք աշխատակիցներ:

Նամակում աշխատակիցները նշում են, որ  կան   իրականում գոյություն չունեցող հաստիքներ  և տնօրենը դրանց համար նախատեսված աշխատավարձերը գրպանում է: Ի պատասխան Մարգարյանն ասում է. « Ճիշտն ասեմ՝ կան հաստիքներ, որոնք իրենց նպատակին չեն ծառայում: Եթե ունենք փոխտնօրեն դաստիարակության գծով, ավագ դաստիարակի հաստիք այլևս անհրաժեշտ չէ: Ավագ դաստիարակի հաստիքը  կրճատվելուց հետո ես նրան տվել եմ հրահանգչի աշխատանքը, բայց էլի նույն պաշտոնն է կատարում: Գրադարանավարի կես դրույքը կրճատվեց, մինչև 150 երեխան 0,5 հաստիք է գալիս, դրանից ավել մեկ հաստիքային միավոր:  Հաստիքի միավորները լրացվում են գրքերի քանակով ու չնայած 0,5  էր, ես ավելացրի նրան  որպես դաստիարակ, և իր աշխատավարձի թիվը պահպանել եմ: Ահա թե ինչպես մեկ դրույքը դարձավ կես , բայց իրենց աշխատավարձերը չկրճատվեցին»,- հավելեց նա:

Ոչ երեխաները, ոչ էլ տնօրենը չեն հերքում, որ երբեմն-երբեմն Գայանե Մարգարյանը հարվածել է երեխաներին. «Եթե երեխաների վրա ջղայնացել եմ, ապա դա նրանց` իրենց գործառույթները լավ չկատարելու պատճառով է»:

«Ինքը որ մեզ տփում էր, ինքը մեր երկրորդ մերն ա: Ո՞ւմ մերը իրան չի տփել, ո՞ւմ մաման իրան չի խփել: Եթե մեկը ասի, որ իրա մաման իրան չի խփել, կարող ա խաբում ա»,-ասաց երեխաներից մեկը (Երեխաների արտաքին տեսքն անխնամ էր, հագուստը`  կեղտոտ, մինչդեռ դպրոցում կա և լվացք անողի և արդուկ անողի հաստիք):

Ծնողները ևս ամեն կերպ պաշտպանում են տնօրենին:

«Մեր երեխան վեց տարի ա հաճախում է դպրոցը, ես ապշած եմ մնացել, տենց բան չի եղել»,-ասում է  արդեն վեց տարի այդ դպրոց  հաճախող Վիրաբի մայրը:

Նամակի հեղինակներից մեկը , ով խնդրեց չնշել իր անունը,  այս ամենի իր բացատրությունն  ունի: Նա նշում է, որ բազմիցս հոգեբանական ճնշում է կիրառվում և երեխաների, և նրանց ծնողների վրա: Երեխաները շատ անբարյացկամ են վերաբերվում այն աշխատակիցներին, ումը  տնօրենը կասկածում է: «Քանի անգամ ավելորդ պատասխաններ են տվել, քանի անգամ ընբոստացել են դաստիարակին: Տնօրենը դրդում է նրանց այդպես վարվել: Եվ ոչ միայն տնօրենը, այլև տնտեսագետը, որի համախոհն է տնօրենը, վարորդը, որ իր տղան է:  Երեխաներին կաշառում են. փող են տվել, նվերներ են առել, վարորդը անգամ ծխախոտ է տվել` իրենց դեմ չխոսելու համար»:

Նրա խոսքով` ծնողներն էլ իրականությունը կոծկելու իրենց պատճառներն ունեն. տնօրենը սպառնում է, որ նրանց երեխաներին կհանի դպրոցից:

«Ծնողներն  այնքան խեղճ են, այնքան սոված են, որ վախենում են , որ իրենց  երեխաները կմնան դուրսը: Երեխաներն էլ, ծնողներն էլ պարզ է, թե ինչ պետք է ասեն»:

Մեր աղբյուրը նշում է, որ իրենց նպատակը պաշտոն ստանալը չէ, քանի որ իրենք բոլորն էլ մեկ-երկու տարուց հետո  անցնելու են թոշակի. «Թող ինքը դիմում տա, դուրս գա, մեր կոլեկտիվը նորմալ կաշխատի: Մենք հրաշալի փոխտնօրեն ունենք, որ ոչ մի ակնկալիք չունի այդ աթոռից»:

Նշենք, որ ոստիկանության  Կոտայքի բաժինը նյութեր է նախապատրաստում նամակի առթիվ:

Անկախ

Էրդողանը մատ է թափ տվել Օբամայի վրա Սպիտակ տանը կայացած թեժ զրույցի ժամանակ

Հարութ ՍասունյանՊուլիտցերյան մրցանակի դափնեկիր ամերիկացի լրագրող Սեյմուր Հերշը London Review of Books երկշաբաթաթերթում հրապարակված «Կարմիր գիծը և առնետային արահետը» սենսացիոն հոդվածում բացահայտել է, որ Թուրքիայի կառավարությունը 2013 թվականի օգոստոսի 21-ին, զարին քիմիական գազի կիրառմամբ գաղտնի հարձակում էր կազմակերպել Սիրիայում, սպանելով հարյուրավոր խաղաղ բնակիչների: Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հույս ուներ, որ սիրիական վարչակարգը կմեղադրվեր այս հարձակման համար, ինչին կհետևեր Միացյալ Նահանգների պատասխան հարվածը Սիրիային, քանի որ նախագահ Օբաման զգուշացրել էր Սիրիայի ղեկավարներին, որ ապստամբ զինյալների դեմ քիմիական զենք կիրառելով նրանք կհատեն «կարմիր գիծը»:

 

Էրդողանի դավադրությունը գրեթե աշխատեց: Քիմիական հարձակումից հետո, Օբաման նախապատրաստվեց ամերիկյան զանգվածային հարված հասցնելու տասնյակ սիրիական թիրախների, նույնիսկ այն բանից հետո, երբ բրիտանական հետախուզությունը տեղեկացրել էր ԱՄՆ գլխավոր շտաբին, որ հարձակման վայրից վերցված զարին գազի նմուշները չէին համապատասխանում Սիրիայի տրամադրության տակ եղած քիմիական զենքերին: Ամերիկյան հետախուզության նախկին աշխատակիցը Հերշին ասել էր. «հայտնի էր, որ Էրդողանը սատարում է ապստամբ ընդդիմության շրջանում ջիհադական «ալ-Նուսրա ճակատ» խմբակցությանը, ինչպես նաև այլ իսլամիստական ապստամբ խմբավորումների»: Հերշը պարզել էր, որ ԱՄՆ ռազմական հետախուզությունը 2013 թվականի հունիսի 20-ին մի «հույժ գաղտնի» փաստաթուղթ էր պատրաստել, հաստատելով, որ «Թուրքիայում և Սաուդյան Արաբիայում գտնվող քիմիկոսները փորձել էին զարին գազի բաղադրիչների մեծ խմբաքանակ ստանալ տասնյակ կիլոգրամներով, հնարավոր է, Սիրիայում զանգվածային արտադրության փորձի համար»:

 

Արդարև, նախորդ տարվա մայիսին «ալ-Նուսրա ճակատի» մի քանի անդամներ ձերբակալվեցին Թուրքիայում, որոնց մոտ հայտնաբերվել էր երկու կիլոգրամ զարին: Թուրքական դատարանը մեղադրեց խմբին Սիրիայի վրա քիմիական հարձակում սկսելու համար հարակից այլ նյութեր ձեռք բերելու մեջ: Շուտով ձերբակալվածներից հինգին ազատ արձակեցին, իսկ մնացածին բաց թողեցին մինչև դատը: Սակայն նրանք անհայտացան…

 

2013 թվականի գարնանը, ավելի վաղ տեղի ունեցած քիմիական հարձակումները հետաքննելու նպատակով ՄԱԿ-ի հատուկ առաքելության` Սիրիա մեկնելուց հետո, ՄԱԿ-ի գործունեությանը լավատեղյակ մի անձնավորություն հայտնել էր Հերշին, որ «ապացույցներ կան սիրիական ընդդիմության` Հալեպի մոտ գտնվող Խան ալ-Ասալ գյուղում մարտի 19-ին արձանագրված առաջին գազային հարձակման հետ ունեցած առնչության վերաբերյալ…. Ակնհայտ էր, որ ապստամբները գազ էին կիրառել»:

2013 թվականի սեպտեմբերին Սիրիայի վրա ամերիկյան, բրիտանական և ֆրանսիական համատեղ հարձակումից անմիջապես առաջ նախագահ Օբաման անսպասելիորեն որոշեց հետաձգել հարվածը, պատճառաբանելով, որ նրան անհրաժեշտ է ստանալ Կոնգրեսի հավանությունը: Հարձակման հետաձգման իրական պատճառը Նախագահի բացահայտումն էր, որ նրան Սիրիայի դեմ «անհիմն» հարձակման էր դրդել Թուրքիան, սակայն նա չուզեց հրապարակավ ընդունել իր սխալը՝ որը կարող էր ամբողջ Մերձավոր Արևելքի համար աղետալի հետևանքներ ունենալ: Ճակատագրի հեգնանքով, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն էր, որ փրկեց նախագահ Օբամային դժվար կացությունից՝ երաշխավորելով Սիրիայի համաձայնությունը հանձնելու իր քիմիական զենքի պաշարները, դրանով իսկ քողարկման միջոց ապահովելով Նախագահի համար՝ հրաժարվելու իր հարձակման սպառնալիքից:

 

Հետաքննող լրագրող Հերշը նաև պարզել էր, որ քիմիական զենքերը հասել էին սիրիացի ապստամբներին ԿՀՎ-ի «առնետային արահետ» կոդային անվամբ գործողության միջոցով (թուրք-ամերիկյան գաղտնի համաձայնություն, 2012 թ.), որպեսզի Լիբիայից զենք ու զինամթերք տեղափոխեն Սիրիա Թուրքիայի տարածքով: Լիբիայում Բենգազիի ամերիկյան հյուպատոսարանի վրա ահաբեկչական հարձակումից հետո, այս գաղտնի գործողության կենտրոնը` ԱՄՆ-ը, դուրս եկավ նշված գաղտնի համաձայնությունից, սակայն Թուրքիան շարունակեց լիբիական զենք մատակարարել սիրիական ապստամբներին:

 

Քանի որ ապստամբները 2012 թվականի ավարտին պարտվում էին Ասադի վարչակարգի դեմ մղվող պայքարում, ամերիկացի մի հետախույզ հայտնել է Հերշին, որ «Էրդողանը զայրացած էր», ինչը նրան ստիպեց դավադիր մի ծրագիր մշակել, որով ապստամբները զարին գազ կիրառելով սիրիական կառավարությանը կեղծ մեղադրանք կներկայացնեին, այսպիսով դրդելով Միացյալ Նահանգներին հարձակվել Սիրիայի վրա:

 

Ավելի ուշ, Թուրքիայի վարչապետը մեկնեց Վաշինգտոն, որպեսզի անձամբ ներկայացնի Սիրիայի վրա ամերիկյան հարձակման իր ծրագիրը` փրկելու համար ապստամբներին հասատ պարտությունից: 2013 թվականի մայիսի 16-ին Էրդողանը, արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի և հետախուզության ղեկավար Հաքան Ֆիդանի հետ միասին, աշխատանքային ճաշ է ունեցել Սպիտակ տանը նախագահ Օբամայի, պետքարտուղար Ջոն Քերիի և ազգային անվտանգության հարցերով խորհրդական Թոմ Դոնիլոնի հետ: Սիրիայի դեմ ռազմական գործողություններ սկսելու Օբամայի դժկամությունից վրդովված, Էրդողանը «սրիկայաբար մատ է թափ տվել նախագահի վրա Սպիտակ տանը», Դոնիլոնը զեկուցել է այս շշմեցուցիչ դրվագի մասին արտաքին քաղաքականության մի փորձագետի, որն էլ այդ մասին հայտնել է Հերշին: «ԿՀՎ աջակցությամբ Սիրիա զենք առաքելուն վերջ դնելու ամերիկյան որոշումը Էրդողանին անպաշտպան թողեց քաղաքական և ռազմական առումով», բացատրեց Հերշը: «Առանց ապստամբներին ցուցաբերվող ամերիկյան ռազմական աջակցության, ասաց մի նախկին հետախույզ, «Էրդողանի` Սիրիայում կախյալ պետություն ունենալու երազանքը հօդս է ցնդում և նա կարծում է՝ մեր մեղքով: Եթե Սիրիան հաղթի պատերազմը, նա գիտի, որ ապստամբները, ամենայն հավանականությամբ, դառնալու են իր դեմ. էլ ո՞ւր կարող են նրանք գնալ: Ուստի, նա ունենալու է հազարավոր արմատականներ իր երկրի ներսում»:

 

2013 թվականի օգոստոսին Դամասկոսի Գուտա արվարձանում  քիմիական  հարձակումից հետո մի նախկին հետախույզ ասել էր Հերշին. «Այժմ մենք գիտենք, որ դա գաղտնի գործողություն էր՝ ծրագրված Էրդողանի մարդկանց կողմից, որպեսզի Օբամային դրդեն հատել կարմիր գիծը…. Գործարքն տպավորիչ և ուշագրավ պետք է լիներ…. Զարինը մատակարարվել էր Թուրքիայի միջոցով»:  Ըստ Հերշի զեկույցի` թուրք պաշտոնյաների մեղսակցության մյուս ազդանշանը Միացյալ Նահանգների կողմից գաղտնալսված հեռախոսազանգերն էին, որոնցով բացահայտվում էր նրանց ուրախությունը հաջող քիմիական հարձակում կազմակերպելու համար…

 

Հերշն իր բացահայտումը եզրափակում է ԱՄՆ հետախուզության նախկին աշխատակցի առավել մտահոգիչ դիտողությամբ. «Ես հարցրեցի իմ գործընկերներին, թե կա՞ արդյոք որևէ միջոց կանգնեցնելու Էրդողանի շարունակական աջակցությունը ապստամբներին, հատկապես հիմա, երբ գործերն այնքան անհաջող են ընթանում, նա պատասխանեց. «Մենք անտանելի վիճակում ենք: Կարող ենք ամեն ինչ հայտնել, եթե Էրդողանի փոխարեն մեկ ուրիշը լիներ, սակայն Թուրքիան առանձնահատուկ դեպք է: Նա ՆԱՏՕ-ի մեր դաշնակիցն է: Թուրքերը չեն վստահում Արևմուտքին: Նրանք չեն կարող մեր կողքին մնալ, եթե մենք թուրքական շահերի դեմ ակտիվ դիրքորոշում ունենանք: Եթե հայտարարենք, թե ինչ դեր է խաղացել  Էրդողանը գազի հետ կապված պատմության մեջ` այն կործանարար կլինի: Թուրքերը կասեն. «Մենք ատում ենք ձեզ այն բանի համար, որ մեզ թելադրում եք, թե ինչ կարող ենք անել և ինչ` ոչ»:

 

Վերջին հարյուր տարիների իրարահաջորդ ամերիկյան կառավարություններն այդպես էլ չեն կարողացել հասկանալ մի կարևոր աշխարհառազմավարական ճշմարտություն, որ Թուրքիան ավելի շատ ունի Միացյալ Նահանգների կարիքը, քան ԱՄՆ-ը երբևէ կունենա նրա կարիքը: Անկասկած, ինչ-որ սարսափելի սխալ է կատարվում, երբ «պոչն է թափահարում շանը»…

 

 

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

 

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

 

 

[Նախորդ շաբաթվա հոդվածի («Ինչո՞ւ թուրքերին հաջողվեց բնաջնջել հայերին, բայց հրեաներին` ոչ») երկրորդ մասը կհրապարակվի ավելի ուշ]

 

Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի բարձրացում

եղանակը հայաստանում

ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայութունից Անկախին տեղեկացնում են, որ

հանրապետության տարածքում`

Ապրիլի 16-ին շրջանների զգալի մասում, 17-20-ին առավելապես հյուսիսային շրջաններում, գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:

Քամին հարավային 2-7մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վրկ:

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով:

Երևանում՝
Ապրիլի 16-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 15-20մ/վրկ:
Ապրիլի 17-20-ը անձրևի հավանականությունը փոքր է:
        
Երևանի  ապրիլի 16-ի բազմամյա կլիմայական տվյալներ
·         Օդի առավելագույն ջերմաստիճան      27.00C (2008թ)
·         Օդի նվազագույն ջերմաստիճան          0.00C (1980թ)
·         Օդի միջին օրական ջերմաստիճան       13.40C:

Անկախ

Վարչապետի փոփոխությունը կպատռի բոլորի դիմակները

Hovik-ABrahamyan-Tigran-SargsyanԱպրիլի 3-ը, հիրավի, բեկումնային օր էր Հայաստանի համար: Անսպասելի հրաժարական տվեց վարչապետ Տիրան Սարգսյանը, որ վերջին շրջանում դարձել էր հանրության թիրախը, մարդ, որին էին վերագրվում Հայաստանի բոլոր դժբախտություններն ու անհաջողությունները, և որի հրաժարականն էին պահանջում չորս կողմից:

Եվ ահա այդ անհաս թվացող երազանքն իրականություն դարձավ, բայց հանկարծ քաղաքական ու հասարակական ընդդիմադիր դաշտը լցվեց դատարկությամբ, անորոշությամբ ու աննպատակ դեգերումներով, ինչպես լինում է ցանկացած երկար սպասված երազանքի հասնելուց հետո:

Այդ դատարկությունը քաղաքական կուսակցությունները փորձեցին լցնել քաղաքական համաձայնության նոր մարտավարության սցենարով, որը, սակայն, մինչ օրս, մաքրագրված չէ: Իսկ հանրությունը սկսեց զբաղվել ապագա վարչապետի անվան շուրջ գուշակություններ ու վերլուծություններ անելով՝ բացառելով ու հանդուրժելով որոշ անուններ:

Եվ այսպես, ապրիլի 13-ին հայտարարվեց ՀՀ 13-րդ վարչապետի անունը: Հովիկ Աբրահամյան՝ ոմանց համար սպասելի, ոմանց համար երկար սպասված, ոմանց համար էլ անսպասելի ու միանգամայն անցանկալի անուն:

Հենց նույն օրը ֆեյսբուքյան հանրությունն իր գրառումներում խոր հիասթափություն ու տագնապ արտահայտեց: Այն նույն ֆեյսբուքահայությունը, որ օրեր առաջ դաժանորեն գնդակոծում էր Տիգրան Սարգսյանին ու նրա կառավարությունը, մեկ մարդու պես սկսեց քննադատել դեռևս կառավարության մեջ ոչինչ չարած Հովիկ Աբրահամյանին: Ֆեյսբուքում մոտավորապես տիրում էր ՙՄրից ելանք, մրջուրն ընկանք՚ կամ ՙԱնձրևի տակից դուրս եկանք, կարկուտի տակ ընկանք՚ մտայնությունը:

ՙՉեմ ուզում ուշացած մարգարեի տպավորություն թողնել, բայց միշտ մտածել եմ, որ Տիգրան Սարգսյանը մի տեսակ աններդաշնակ էր մեր իշխանական համակարգի հոգեբանության հետ, և գտնում էի, որ Հովիկ Աբրահամյանն այն անձն է, որը եթե լինի վարչապետ, ապա իշխանական համակարկը կգտնի ինքն իրեն: Ու այս նոր նշանակումով երկար սպասված ներդաշնակությունը կարծես թե հաստատվում է: Բայց մեկ է, այս քայլով վերջնական ներդաշնակություն դեռ չի լինի. մեկ-երկու նախարարներ էլ կան, որոնք պահանջվածից շատ են կարդացած ու մտածած. նրանց էլ եթե պաշտոնազրկեն, ամեն ինչ կընկնի իր տեղը՚,- գրել է քաղաքական վերլուծաբան Արծրուն Պեպանյանը:

ՙԴեմ եմ՚ շարժման ակտիվիստ Դավիթ Մանուկյանը մեզ հետ զրույցում ասաց, որ նոր վարչապետի հետ առանձնապես հույսեր չի կապում. ՙԵս հույսեր բացառապես կապում եմ հանրության պահանջատիրության, սեփական իրավունքների պաշտպանության հետ և ոչ որևէ անձի հետ, այն էլ այն պարագայում, երբ այդ անձը ներկայացնում է այն նույն ուժը, որն այս հակասահամանադրական օրենքի ջատագովն է ու որդեգրել է ամեն գնով, թեկուզ հակասահմանադրական նորմեր կիրառելով, զբաղվել գրպանահատությամբ՚:

Երիտասարդ ակտիվիստը նոր վարչապետին խորհուրդ տվեց դասեր քաղել նախորդների սխալներից և փորձել մոտ լինել հանրությանը, ձեռքը պահել հանրության զարկերակի վրա ու առաջնորդվել ոչ թե նեղ խմբակային, այլ ՀՀ քաղաքացիների շահերով: ՙԱստված լուսավորի նրա միտքը՚,- մաղթեց նա՝ հույսը դնելով Աստծո վրա:

ՙԺառանգություն՚ կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը նոր վարչապետի նշանակմամբ կանխատեսեց, որ այն բացասական գործընթացները, որոնք կային երկրում, ավելի խորացված կընթանան, քանի որ Հովիկ Աբրահամյանը հայտնի է իր ստվերային կապերով, ընտրություններ կեղծելու մեծ կազմակերպչական ջիղով և որպես օլիգարխիայի ներկայացուցիչ:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀԿ խորհրդի նիստում ելույթ ունենալով, հստակ հայտարարեց. ՙՀովիկ Աբրահամյանն իր անցած ուղիով, Հայաստանի Հանրապետական կուսակցության մեջ ստանձնած դերակատարությամբ, իր փորձով և կազմակերպչական ունակություններով, իրոք, կարող է լավագույնս առաջնորդել ՀՀ կառավարությունը՚:

Նախագահը նաև նշեց, որ Աբրահամյանին անկեղծորեն ներկայացրել է բոլոր այն թերահավատությունները, որոնք կան անգամ իրենց թիմակիցների շրջանում՝ կապված ներթիմային միասնականության, այլ քաղաքական ուժերի հետ իրենց հարաբերությունների կամ հասարակական տարբեր շերտերի կողմից հնարավոր ընկալումների հետ, ինչին ի պատասխան՝ Հովիկ Աբրահամյանը խոստացել է շատ արագ փարատել ՀՀԿ-ի շարքերում առկա հնարավոր մտահոգություններն  իր ակտիվ քայլերով, քաղաքական հստակ ուղերձներով, թիմային ոգին բարձրացնելու և աշխատանքի շուրջ բոլորին միավորելու իր ձեռնարկումներով և որ ամենակարևորն է՝ աշխատանքի շոշափելի արդյունքներով:

Այսպիսով, Սերժ Սարգսյանը, գովաբանելով հանդերձ նորանշանակ վարչապետին, նաև ակնարկեց, որ նրա նկատմամբ անգամ թիմի ներսում վերաբերմունքը միանշանակ չէ:

ՙԱյնուամենայնիվ, ես վստահ եմ, որ բոլորը շատ արագ հասկանալու են, որ Հայաստանի Հանրապետությունն իսկապես արդյունավետ վարչապետ ունի: Ես չեմ կասկածում դրան և անձամբ ամեն ինչ անելու եմ օգնելու համար պարոն Աբրահամյանին հնարավորինս արագ հասնելու այդ իրականությանը՚,- հայտարարեց նախագահը:

Քաղաքական մեծամասնությունը` Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, Հովիկ Աբրահամյանին նաև կադրային քաղաքականություն վարելու լայն ազատություն շնորհեց:

Իսկ նոր կառավարության կազմն այսօր ամենաքննարկվող թեմաներից է: Հայտնի է, որ Սերժ Սարգսյանի այս քայլը շատերը համարում են խորամանկ կոմբինացիա, որի նպատակներից մեկն էլ ԲՀԿ-ի չեզոքացումն էր՝ որպես ընդդիմադիր դաշտում քաղաքական լուրջ գործոնի: Սակայն, ինչպես ցույց տվեցին ԲՀԿ-ի վերջին հայտարարությունները, այս կուսակցությունը կոալիցիայի մաս կազմելու մտադրություն չունի: Իսկ գուցե մասնակիորե՞ն մասնակից լինի երկրի կառավարմանը, ինչը, թերևս, նույն կոալիցիան է՝ ձևական ալիբիով: Ոչ և դարձյալ ոչ: Սա արդեն ասում է ԲՀԿ-ի ՙծանր հրետանի՚ Նաիրա Զոհրաբյանը, որը ստալինյան ոճով հայտարարեց. ՙՆույն պահից այդ մարդիկ կդադարեն լինել ԲՀԿ անդամ, կհեռացվեն կուսակցութունից, կդադարեն լինել մեր թիմակիցը՚։

Նոր կառավարության կազմում ՀՅԴ-ի մասնակցության հարցն էլ դեռևս հստակ չէ: Ճիշտ է, այս կուսակցությունն ամենից շատ է հակված ներգրավվելու իշխանական համակարգում և պորտֆելներ ձեռք բերելու, սակայն դաշնակցականներն էլ են հայտարարել, որ կոալիցիայի մեջ մտնելու հարց իրենց օրակարկում չկա:

Դե իսկ ՀԱԿ-ն ու ՙԺառանգությունն՚ ի սկզբանե էին հայտարարել, որ իշխող կուսակցության հետ որևէ ձևաչափով չեն համագործակցի:

Այս դեպքում հարց է ծագում՝ ինչո՞ւ են ընդդիմադիրներն այսքան ոգևորված Տիգրան Սարգսյանի հրաժարականից և ի՞նչ շահեցին դրանից, եթե միևնույն է՝ իշխող համակարգում որևէ լուրջ տեղաշարժ չեղավ, այլ ընդամենը հանրապետականի թիմից մեկը փոխարինվեց մյուսով: Պակաս հետաքրքիր չէ նաև, թե ինչ շահեցին Սերժ Սարգսյանն ու հանրապետականը այս փոփոխությունից, եթե միևնույն է՝ ԲՀԿ-ն ցանկություն չունի ներգրավվելու կոալիցիայի կազմում, իսկ հակատիգրանսարգսյանական հանրույթը է՛լ ավելի դժգոհ է նոր նշանակումից:

Իրավիճակն իսկապես անհասկանալի ու անհեթեթ է: Եվ եթե նոր վարչապետը չկարողանա արդարացնել իշխանության ու ընդդիմության հաշվարկները, մյուս կողմից էլ՝ ավելանա հանրության դժգոհությունը, ինչն  ըստ ամենայնի հնարավոր է, ապա այս իրավիճակը կարող է հանգեցնել իրադարձությունների զարգացման բոլորովին նոր սցենարի, որտեղ արդեն բաց տեքստով հանդես կգան իրական խաղացողները:

 

Անի Գասպարյան

Անկախ

Հայ Զոհեր և վիրավորներ Հալէպում

հալեպՀԱԼԷՊ, «Գանձասար».- Անցնող օրերուն Հալէպի ապահովական վիճակը զգալիօրէն վատթարացաւ: Սուրիական օրինաւոր բանակին եւ զինեալ ընդդիմադիրներուն միջեւ բուռն բախումներ տեղի կ՛ունենան Զահրաա (քաղաքի արեւմտեան կողմը), Լերամուն (հիւսիսարեւմուտք), Ռամուսէ (հարաւարեւմուտք), Համտանիէ (արեւմուտք) եւ Շէյխ Մաքսուտ (հիւսիս) շրջաններուն մէջ:
Ռամուսէի բախումներուն հետեւանքով, ժամանակաւորապէս վտանգուած է Հալէպէն դուրս գալու միակ ճանապարհը՝ Խանասերը: Խանասերի ճանապարհը տակաւին բաց է, սակայն բախումներու սաստկացման պարագային՝ ապահովական նկատառումներով անիկա ժամանակաւորապէս կը փակուի:
Միւս կողմէ, կը շարունակուի զինեալ խմբաւորումներուն կողմէ հրասայլերու արձակումը Հալէպի զանազան թաղամասերուն վրայ: Երկուշաբթի, Ապրիլ 14ին չորս հրթիռեր պայթեցան Նոր Գիւղ շրջանի տարբեր թաղամասերուն մէջ: Անցած շաբաթավերջին տեղի ունեցած բախումներուն ընթացքին, տասնեակներով հրասայեր եւ արկեր արձակուած են Հալէպի զանազան շրջաններու եւ յատկապէս Նոր Գիւղ շրջանին վրայ՝ մարդկային եւ նիւթական լուրջ վնասներ հասցնելով բնակչութեան: Արձանագրուած են հայ եւ տեղացի վիրաւորներ եւ զոհեր: Վիրաւոր հայորդիներու անուններն են՝ Վրէժ Եագուպեան, Ժագ Տէկիրմէնճեան, Յարութ Աբիկեան, Արաքսի Օրուլեան, Յասմիկ Մանուէլ-Թիւթիւնճեան, Կարօ Քարակիւլլիւեան, իսկ զոհերուն մէջ կը գտնուին երկու հայեր՝ Սագօ Աշնալըքեան եւ Լեւոն Գէորգեան։
«Արմէնփրէս»ի հետ զրոյցի մը ընթացքին, Բերիոյ թեմի Ազգային առաջնորդարանի մամլոյ քարտուղար Ժիրայր Ռէիսեան ըսած է, թէ ստեղծուած լարուած իրավիճակը անմիջապէս իր բացասական ազդեցութիւնը ունեցած է շուկայի մթերքներուն վրայ, որոնց գիները բարձրացած են՝ նշելով, որ կրկին հացի կարգեր սկսած են գոյանալու փուռերու առջեւ:
Միւս կողմէ, Կիրակի, Ապրիլ 13ին, հալէպահայութիւնը պատշաճ շուքով, հոծ բազմութեան ներկայութեամբ եւ հանդիսաւոր Ս. պատարագի մատուցմամբ նշեց Ծաղկազարդի տօնը՝ խաղաղութիւն մաղթելով սուրիական հայրենիքին, ապահովութիւն ու համբերութիւն՝ Սուրիոյ տագնապահար ժողովուրդին: Ըստ վերոնշեալ աղբիւրին՝ մարդիկ թէեւ սովորական իրենց ցնծութիւնը չզգացին այս տարի, որովհետեւ երկրի տագնապը, օրական արձանագրուող մարդկային զոհերն ու նահատակները համարեա խլած էին Սուրիոյ ժողովուրդին երբեմնի խանդավառութիւնը, սակայն հաւատքը կը շարունակէր ապրիլ իւրաքանչիւրի սիրտին մէջ:
Նաեւ, Ապրիլ 14ին, Լաթաքիոյ Ճապլէ շրջանի մերձակայքը քանի մը հրթիռ ինկած է՝ միայն նիւթական վնասներ պատճառելով: «Լաթաքիոյ տեղեկատուական ցանց» կայքէջը աւելուցած է, թէ բախումները կը շարունակուին Քեսապի մէջ, մասնաւորապէս՝ թիւ 45 դիտարանի տարածքին:
Սուրիական օրինաւոր բանակի գործողութիւնները վերջին քանի մը օրերուն կեդրոնացած են Սալիտրին գագաթի ուղղութեամբ, որ ճանապարհ պիտի բանայ դէպի Չալմայի գագաթ, ինչպէս նաեւ դէպի Նապալէյն եւ Սամրա շրջանները:

asbarez.com

Անկախ

Տավուշի մարզում գայլը հարձակվել է ոչխարներն արածացնող տղայի վրա

1979849_728325200523405_4006947632576893968_nՏավուշի մարզում գայլերն ակտիվացել են: Երեկ երեկոյան արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզի Տավուշ գյուղում:  ՙՙԿապի տակ՚՚  կոչվող հանդամասում ոչխարները արածացանելիս գայլը հարձակվել է Տավուշ գյուղի բնակիչ Էդվարդ Դարբինյանի վրա և վնասել ձեռքը: Տղան անմիջապես տեղափոխվել է Բերդի բժշկական կենտրոն: Հիվանդանոցի հերթապահ բուժքույրը Անկախի թղթակցին հայտնեց, որ Էդվարդը հիվանդանոց է տեղափոխել երեկ  երեկոյան 19:30-ի սահմաններում: ՙՙՁախ արմնկահոդը երկու տեղից գիշատիչը ծակել էր ու փախել: Անմիջապես փայտացման դեմ ներարկում է կատարվել: Տղայի վիճակն ընդհանուր լավ է՚՚,-ասաց հերթապահ բուժքույրը:
Էդվարդ ԴարբինյանԷդվարդ Դարբինայանը մեր թղթակցին հայտնել է, որ նույն հանդամասում շատ է հանդիպել գայլերի, բայց երբևէ հարձակման դեպքեր չեն եղել: ՙՙՍպիտակավուն, միջին չափի գայլ էր, հարձակվեց, սկզբից ձեռքս վնասեց, ես փայտ-բան չունեի, ձեռքով էի պաշտպանվում, բռնեցի շպրտեցի, նորից հարձակվեց, բարձրացա ծառը: Երեկ չէի տեսել, նոր տեսա, որ ոտքս էլ ա քերծել: Իսկ գայլերը ոչխար չեն կերել, բռնել, բաց են թողել՚՚,-պատմեց Էդվարդը:

Ի դեպ, նշենք, որ Էդվարդը ձայնային հրաշալի տվյալներ ունի և գյուղում հայտնի է հայրենասիրական իր երգերի կատարումներով:

Նշենք, նաև, որ Տավուշի մարզի այս գյուղում վերջերս գայլերի ներխուժման ևս մեկ դեպք է  նկատվել: Գյուղի բնակիչ 31-ամյա Արմեն Արզումանյանը երկու փոքր գայլ է բռնել և մինչև վերջերս պահում էր ճաղավանդակների մեջ:

 

Անկախ

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

եղանակՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայութունից Անկախին  տեղեկացնում են, որ հանրապետության տարածքում`

Ապրիլի 15-ին, 17-ին, 19-ին առավելապես հյուսիսային շրջաններում,16-ին և 18-ին շրջանների զգալի մասում գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ:

Քամին հարավային 2-7 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը 15-ին կբարձրանա 2-4 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի:

Երևանում՝
Ապրիլի 15-ին, 17-ին, 19-ին անձրևի հավանականությունը փոքր է, 16-ին և 18-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ:

Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վրկ:

        

Սոֆիայում ընթացող բռնցքամարտի երիտասարդների աշխարհի առաջնության մեկնարկային օրը հաղթական էր հայ բռնցքամարտիկների համար

Youth World Sofia 2014Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող բռնցքամարտի երիտասարդների աշխարհի առաջնության մեկնարկային օրը հաղթական էր հայ բռնցքամարտիկների համար: Ռինգ դուրս եկած մեր երկու բռնցքամարտիկները՝     46-49  կգ քաշային կարգում հանդես եկողԱրթուր Հովհաննիսյանը, և 52 կգ քաշային Արսեն Պողոսյանը իրենց մենամարտերն ավարտեցին հաղթանակով:  Արթուր Հովհաննիսյանը առավելության հասավ կորեացի Կիմ ՈՒոնհոյի նկատմամբ, իսկ Արսեն Պողոսյանը պարտության մատնեց նիգերիացի Այանկոլ  Օկեյջեմիին : Ընդ-որում մեր երկու բռնցքամարտիկներն էլ հաղթեցին բացահայտ առավելությամբ: Տեղեկացնենք, որ Արթուր Հովհաննիսյանը իր երկրորդ մենամարտը կանցկացնի ապրիլի 19-ին և կմրցի իռլանդացի Իրվին Բրենդանի հետ: Արսեն Պողոսյանի մրցակիցը կլինի Իսպանիան ներկայացնող Գաբրիել Էսկոբարը: Մենամարտը կկայանա ապրիլի 17-ին, իսկ վաղը՝ ապրիլի 15-ին  ասպարեզ դուրս կգա 56 կգ քաշային Հրայր Շահվերդյանը, ով կմենամարտի Թուրքիան ներկայացնող   Ահմեդ Միցիկ հետ:

 

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի

 մամուլի ծառայություն

Անկախ

Հակառակորդն արդեն մեկ ժամից ավելի է` գնդակոծվում է նաև Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի գյուղը,լրացված

չինարիՀակառակորդն արդեն մեկ ժամից ավելի է` գնդակոծվում է նաև Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի գյուղը: Համայնքի ղեկավար Սամվել Սաղոյանի խոսքով, ադրբեջանական դիրքապահները խոշոր տրամաչափի զինատեսակներով կրակում են գյուղի ուղղությամբ: ՙՙԿրակոցներ են, դուրս չեմ եկել, որ տեսնեմ` ինչ վնասներ են եղել, բայց, բարեբախտաբար, մեծ ծավալի վնասներ չկան: Գնդակները դիպչում են տների տանիքներին, պատերին, դարպասներին՚՚: Անկախի հետ զրույցում Սամվել Սաղոյանը նշեց, որ հակառակորդը հրադադարը վերջին անգամ խախտել էր մարտի 28-ին:  Գյուղացիների հետ հեռխոսազրույցում կրակոցների ձայները լսելի էին: Մեր տեղեկություններով, ադրբեջանական դիրքապահների կրակահերթերն անպատասխան չեն մնում:

Քիչ առաջ, Մովսեսի բնակիչ Անուշ Անտոնյանը Անկախի թղթակցին տեղեկացրեց, որ ուժգին կրակոցներ են հատկապես գյուղին պատկանող այգիների և գերեզմանատան ուղղությամբ: Ավելի սահմանամերձ թաղամասի բնակիչները, որոնք ունեն բարեկամներ կամ ծանոթներ, տեղափոխվել են Մովսեսի` առավել ապահով ու անվտանգ թաղամասեր:

Անկախ