Հերմինե Նաղդալյանը՝ կառավարության «քոփի փեսթ» և մակերեսային գնահատականներ պարունակող օրինագծերի մասին

imagesԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն այսօր խորհրդարանում քննադատեց կառավարությանը՝ կապված «Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի հետ, որի արդյունքում Արարատյան ջրավազանում բնապահպանական տեսանկյունից կստեղծվի ջրային ռեսուրսների օգտագործման ավելի կանոնակարգված եւ հավասարակշռված իրավիճակ:

Հերմինե Նաղդալյանը նախ հայտարարեց, որ չի պատրաստվում բնապահպանության նախարարին խորհուրդներ տալ, հատկապես որ նա վատ չի կատարում իր գործառույթները, սակայն հիշեցրեց, որ յուրաքանչյուր նախարար, որ մոտենում է այս ամբիոնին և ներկայացնում է որևէ նախագիծ, պետք է հիշի, որ միայն նեղ ոլորտի նախարար չէ, այլ կառավարության ներկայացուցիչ է, և պարտավոր է հաշվի առնել բոլոր հետևանքները:

Նաղդալյանը հիշեցրեց, որ իրավական ակտերի մասին օրենքով յուրաքանչյուր օրինագիծ կամ որոշում պետք է ունենա կարգավորման ազդեցության գնահատականներ: Սակայն, ըստ Նաղդալյանի, վերջերս կառավարությունը գործելաոճ է դարձրել Ազգային ժողով ուղարկել ֆորմալ բնույթի, մակերեսային և «քոփի փեսթ» արած ազդեցության գնահատականներ ու եզրակացություններ: «Ես կարծում եմ, որ երեկ ծավալված բանավեճը պայմանավորված է այս խնդիրներով,-ասաց Նաղդալյանը,- եթե ազդեցության գնահատականը լիներ սկզբունքային և բովանդակային, ապա նման բանավեճ չէր լինի»:

ԱԺ փոխնախագահը դեմ չէ ջրային ռեսուրսների պահպանությանը, բայց կարծում է, որ միանգամից տասն անգամ գին բարձրացնելն անհետևանք չի մնա: Նա առաջարկում է փոքր քայլերով, աստիճանական մոտեցումներով հարցը լուծել և գոնե վեց ամիս ժամանակ տալ տնտեսվարողներին, որպեսզի հարմարվեն նոր պայմաններին: «Տնտեսվարողին աջակցելու խնդիրներ էլ կան, մեր խնդիրը միայն ջրային ռեսուրսների պահպանումը չէ: Այս օրինագիծը միակողմանի է մոտենում խնդրին»,-հայտարարեց նա:

Այնուհետև ելույթ ունեցավ ՀՀԿ-ական Արտաշես Գեղամյան, որը Արարատյան դաշտավայրի ջրային ռեսուրսների պահպանումը համարեց ոչ միայն բնապահպանական, այլև ազգային անվտանգության խնդիր: «Վաղուց ի վեր ապացուցված է, որ Արարատյան հարթավայրի ամբողջ տարածքով երկու շերտ մեծ լճեր կան՝ քառասուն-հիսուն մետր խորությանմբ և երեք հարյուր մետր խորությամբ: Ի՞նչ է նշանակում, որ մենք առանց հաշվարկելու օգտագործում ենք այդ լճերը: Օրերից մի օր, եթե հանկարծ ստորգետնյա ջրերի հոսքը պակասեց, բացառված չէ, որ Արարատյան դաշտավայրը նստի, ինչը բնական աղետի կբերի»:

Հիշեցնենք, որ երեկ ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանն առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացրեց «Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ նշելով, որ օրենքի փոփոխությամբ ձկնաբուծական եւ խեցգետնաբուծական գործունեություն իրականացնողները ջրօգտագործման համար վճարի հաշվարկն իրականացնելու են Արարատի եւ Արմավիրի մարզերում` ստորերկրյա ջրերի արդյունահանված պաշարի ընդհանուր ծավալի 50 տոկոսի, իսկ մակերեւութային ջրերի օգտագործված ընդհանուր ծավալի 10 տոկոսի հիման վրա, ՀՀ մյուս տարածքներում` ստորերկրյա ջրերի արդյունահանված պաշարի, իսկ մակերեւութային ջրերի օգտագործված ընդհանուր ծավալի 5 տոկոսի հիման վրա: Նշվել էր, որ փոփոխությունների արդյունքում Արարատյան ջրավազանում բնապահպանական տեսանկյունից կստեղծվի ջրային ռեսուրսների օգտագործման ավելի կանոնակարգված եւ հավասարակշռված իրավիճակ:

Նախարարը նաև տեղեկացրել էր, որ կառավարությունը նախաձեռնում է փակել նախորդ 20 տարիների ընթացքում անօրինական բացված խորքային հորերը:

ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հայտարարել էր, որ տասն անգամ թանկացնելով բնապահպանական վճարը, կառավարությունը վատացնում է ձկնաբուծության ոլորտում աշխատող տնտեսվարողների վիճակը, ինչի հետևանով կարող է, օրինակ, ձկնամթերքը թանկանալ:

Սակայն բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը բացատրել էր, որ կառավարության նպատակը ջրային պաշարների արդյունավետ օգտագործումն է և տնտեսվարողներին պարտադրելը, որ նրանք ժամանակակից մեթոդներ օգտագործեն:

Հիշեցնենք, որ Արարատյան դաշտավայրում կան բազմաթիվ ձկնաբուծարաններ, որոնք պատկանում են  գործարար պաշտոնյաներին, օրինակ, Արարատի մարզում գործող «Ալեքս Գրիգ», «Մխչյան ֆիշ», «էնի ֆիշ», «էկո ֆիշ» , «Յունի Ֆիշ» ձկնաբուծարանները պատկանում են ԱԺ պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանին, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին:

Նշենք, որ Արարատյան դաշտավայրի ջրային պաշարների նվազման հարցն արդեն քանի տարի է` բարձրացնում է Հանրային խորհուրդը, որն անցյալ տարի ՀՀ նախագահին ու կառավարություն էր ներկայացրել իր մտահոգություններն ու առաջարկությունների փաթեթ:

Անկախ

Հանրային խորհուրդը կդիմի ՀՀ Նախագահին և ՀՀ Կառավարություն՝ արտահերթ նիստ հրավիրելու առաջարկով

ՀԽ նիստԱյսօր՝ դեկտեմբերի 10-ին, տեղի է ունեցել ՀՀ Հանրային խորհրդի փոքր խորհրդի նիստ, որը վարել է ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը: Նիստի ընթացքում ամփոփվել է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի վերաբերյալ ՀԽ դիրքորոշումը:

Քննարկելով Հանրային խորհրդի համապատասխան աշխատանքային խմբի կողմից մշակված փաստաթուղթը, Հանրային խորհրդին ուղղված բազմաթիվ բանավոր ու գրավոր դիմումները և դրանցում առկա դժգոհությունները, մտահոգություններն ու առաջարկությունները՝ Հանրային խորհուրդը վերահաստատել է իր մոտեցումներն օրենքում առկա մի շարք խնդրահարույց դրույթների վերաբերյալ:

Խիստ մտահոգություն հայտնելով օրենքի կիրառման հետևանքով Հայաստանում ստեղծվելիք սոցիալ-տնտեսական իրավիճակի և բարոյահոգեբանական մթնոլորտի առումով, միաժամանակ բարձր գնահատելով այն դրական միտումները, որ ընկած են քննարկվող օրենքի հիմքում, ինչպես նաև ՀՀ Նախագահի որդեգրած սկզբունքը, ըստ որի ցանկացած փոփոխություն պետք է իրականացվի՝ հաշվի առնելով քաղաքացիական հասարակության կարծիքը՝ Հանրային խորհուրդը որոշել է դիմել ՀՀ Նախագահին և ՀՀ Կառավարություն՝ առաջարկելով մինչև 2014 թվականի հունվարի 1-ը հրավիրել ԱԺ արտահերթ նիստ՝ մինչ այդ համապատասխան մասնագետների և շահագրգիռ կողմերի մասնակցությամբ անցկացնելով հանրային լսումներ, որպեսզի ևս մեկ անգամ քննարկվեն հանրության կողմից բարձրացված խնդիրներն ու ներկայացված առաջարկությունները:

 Անկախ

Ոստիկանության աշխատակցին մեղադրանք է առաջադրվել` պաշտոնեական անփութություն կատարելու համար

Հատուկ քննչական ծառայությունՀՀ հատուկ քննչական ծառայությունից Անկախին տեղեկացրին , որ ՀՀ ոստիկանության ծառայող Հ. Զ.-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 315-րդ հոդվածի 1-ին մասով` այն բանի համար, որ նա 2013 թվականի հոկտեմբերի 23-ին վերակարգով նշանակվել է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում գտնվող քրեական գործով ամբաստանյալ, ծանր հանցագործություններ կատարելու մեջ մեղադրվող Սերոբ Մխիթարյանին հիշյալ դատարանում ուղեկցելու համար կազմված ուղեկցող պահակախմբում` որպես ուղեկցող և նշված կալանավորի համար պատասխանատու, պատշաճ կարգով չի կատարել իր վրա դրված պարտականությունները` խցի մոտ լինելով միայնակ` չի հետևել պահակախմբի ավագի հրահանգներին և խոսակցության է բռնվել կալանավոր Սերոբ Մխիթարյանի հետ, որի արդյունքում վերջինիս հաջողվել է խաբեությամբ նրան կանչել խուց:
Հ. Զ.-ն, չպահպանելով անձնական անվտանգության կանոնները, շեղվել է ծառայության կատարումից, բացել է խցի դուռը, մուտք գործել ներս և կալանավոր Սերոբ Մխիթարյանը, օգտվելով Հ. Զ.-ի անփութությունից, հրել է մի կողմ և խցի դուռը փակելով նրա վրա` դիմել է փախուստի:
Նախաքննությունը շարունակվում է:

 

Անկախ

Վորոնեժում ադրբեջանցիների մասնակցությամբ ծեծկռտուք է տեղի ունեցել. կան զոհ և վիրավորներ

Վորոնեժ,ադրբեջանցիներ,ծեծկռտուք Ռուսաստանի Վորոնեժ քաղաքի “Պրահա” սրճարանում ադրբեջանցիների մասնակցությամբ զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել, տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը`հղում կատարելով “ՌԻԱ Նովոստի”-ին:

 

Ծեծկռտուքի պատճառը եղել է այն, որ ադրբեջանցի ներգաղթյալները միջամտել են երկու ռուս խմբերի վիճաբանությանը։ Երիտասարդների վեճն առաջացել է այն բանից հետո, երբ մատուցողուհին խնդրել է չծխել։Վիճաբանությանը խառնվել են նաև Ադրբեջանի 5 քաղաքացիներ՝ կանգնելով վիճաբանող խմբերից մեկի կողքին։

 

Նրանք դուրս են եկել փողոց՝ հարաբերություններ պարզելու համար։ Վիճաբանության ընթացքում 20-32 տարեկան վեց տղամարդիկ վնասվածքներ են ստացել։ 19-ամյա ադրբեջանցին մահացել է հիվանդանոցում։ Երկու վիրավորների՝ ադրբեջանցու և ռուսի վիճակը շարունակում է ծանր մնալ։
Ծեծկռտուքի մասնակիցներից երեքը ձերբակալվել են։ Նրանցից մեկը 19-ամյա տղայի սպանության մեջ կասկածվող վորոնեժցին է։

Անկախ 

 

Ազգային դեղարտադրող «Լիկվոր» դեղագործական ընկերությանը հանձնվել է պետական որակի ՊԱԳ հավաստագիր

 «Ազգային դեղեր-միջազգային որակ» Վարչապետ Տիգրան Սարգսյանի մասնակցությամբ Երևանում աշխատանքներն է սկսել «Ազգային դեղեր-միջազգային որակ» խորագրի ներքո անցկացվող «Մարդու առողջությունը» տասներորդ ազգային գիտաբժշկական համաժողովը:

Ինչպես Անկախին տեղեկացրեցին ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ ազգային դեղարտադրող «Լիկվոր» դեղագործական ընկերությանը միջոցառման շրջանակներում հանձնվել է պետական որակի ՊԱԳ (պատշաճ արտադրական գործունեություն, GMP) համապատասխանության հավաստագիր: Դա նշանակում է «Լիկվոր» դեղագործական ընկերության կողմից արտադրած դեղերի որակի նկատմամբ վստահություն ինչպես Հայաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում:

«Լիկվոր» ընկերության տնօրեն Սերգեյ Մաթևոսյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը՝ համաշխարհային տնտեսական ճգնաժամի ընթացքում ցուցաբերած առարկայական օժանդակության համար, ինչը նպաստել է ընկերության հետագա զարգացմանն ու ձեռքբերումների գրանցմանը:
Վարչապետ Սարգսյանը շնորհավորել է ընկերությանը՝ ՊԱԳ հավաստագրի արժանանալու կապակցությամբ և մաղթել նորանոր հաջողություններ:
ՊԱԳ-ը հանդիսանում է բարձր տեխնոլոգիական հագեցվածություն ունեցող համակարգ, որն ընդունված է ամբողջ աշխարհում և կանոնակարգում է դեղագործական արտադրական գործընթացը: Հավաստագիրը վկայում է դեղերի բարձր որակի մասին և անհրաժեշտ է արտադրանքի արտահանման գործընթացում:
ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության տնօրեն Քարեն Հիլիարդը նշել է, որ ԱՄՆ-ն ուրախ է աջակցել Հայաստանի դեղագործության ոլորտին, քանի որ այն ունի արտահանումը մեծացնելու և աշխատատեղեր ստեղծելու հնարավորություն: «Բիզնեսի զարգացման մեր ծրագրի միջոցով աջակցում ենք հայաստանյան հիմնական հինգ դեղագործական ընկերությունների՝ հասնելու որակի միջազգային չափորոշիչներին»,– ասել է Հիլիարդը: ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրենը շնորհավորել է «Լիկվոր»-ին՝ պատշաճ արտադրական գործունեության հավաստագիր ստանալու կապակցությամբ և հույս հայտնել, որ Հայաստանի մյուս դեղագործական ընկերությունները նույնպես կհասնեն այսպիսի հաջողությունների:
Այնուհետև Տիգրան Սարգսյանը ծանոթացել է համաժողովի շրջանակներում կազմակերպված ցուցահանդեսին մասնակցող դեղագործական ընկերությունների գործունեությանն ու ծրագրերին: 

 

Անկախ

Ծաղկավան-Իծաքար-Գանձաքար ճանապարհահատվածի վերակառուցման մեկնարկը տրված է

Բերդ-Վազաշեն-Իջևան մայրուղու Հայտնի դեպքերից հետո փակվել է Բերդ-Վազաշեն-Իջևան մայրուղու Վազաշեն-Պառավաքար ճանապարհահատվածը և անհրաժեշտություն է առաջացել Հ-37, Մ-4-Այգեհովիտ-Վազաշեն-Պառավաքար-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի Վազաշեն-Պառավաքար վտանգավոր հատվածում կառուցել շրջանցիկ ավտոճանապարհ:ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունից Անկախին հայտնեցին, որ

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության կողմից արդեն պատվիրվել, և «Ճաննախագիծ ինստիտուտ» ՍՊ ընկերության կողմից կատարվել են նախատեսվող շրջանցիկ ավտոճանապարհի նախագծման աշխատանքները, որոնցում ներառված են նաև տեղանքի երկրաբանական հետազոտություններ:
Շրջանցիկ ճանապարհը 3.8 կմ երկարությամբ է և անցնում է անտառով:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության առաջարկով շինարարական աշխատանքներն իրականացնում է «Իջևանի ՃՇՇ» ՓԲ ընկերությունը:
Նախարարությունը «Ճաննախագիծ ինստիտուտ» ՍՊ ընկերությանն առաջարկել է տեղում կատարել ուսումնասիրություններ և ներկայացնել առաջարկություններ՝ Հ-36, Մ-4-Իջևան-Նավուր-Բերդ-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի Վերին Ծաղկավան-Իծաքար-Գանձաքար ճանապարհահատվածի վերակառուցման համար:
Աշխատանքների մեկնարկն արդեն տրված է։
Ճանապարհահատվածը սպասարկող «Տավուշի ՃՇՇ» և «Իջևանի ՃՇՇ» ՓԲ ընկերությունների կողմից կատարվել և կատարվում են որոշ շրջադարձերի լայնացման և թափվածքների մաքրման աշխատանքներ:
Իջևան-Գանձաքար-Իծասար-Նավուր-Բերդ ճանապարհահատվածի Գանձաքարի տեղամասում ճանապարհի ամբողջ երկայնքով այս պահին կատարվում են խճապատման նախապատրաստական աշխատանքներ։ Նշված հատվածում ձյան առատ տեղումների հետևանքով «Տավուշի ՃՇՇ»-ն զուգահեռ զբաղված է նաև ձյան մաքրման աշխատանքներով և ճանապարհը անցանելի դարձնելով:
Ըստ նախանշված ժամկետների՝ ճանապարհի վերակառուցումը կավարտվի 1-1,5 ամսվա ընթացքում։

Անկախ

Քաղաքացիները կարող են իրենց առաջարկություններն ու դիտողությունները ներկայացնել «ՀՀ Հանրային խորհրդի մասին» օրենքի նախագծի վերաբերյալ

загруженноеՀանրային խորհուրդը քաղաքացիներին է ներկայացնում “ՀՀ Հանրային խորհրդի մասին” ՀՀ օրենքի նախագիծը՝ կարևորելով հանրության կողմից արված առաջարկություններն ու դիտողությունները, որոնք անպայման հաշվի կառնվեն օրենքի նախագծի վերջնական մշակման ժամանակ:

ՀԽ պաշտոնական կայքում տեղադրված հայտարարության մեջ նշվում է, որ քաղաքացիներն իրենց առաջարկություններն ու դիտողությունները կարող են ուղարկել Հանրային խորհուրդ հետևյալ էլեկտրոնային հասցեով՝ [email protected] կամ ներկայացնել Հանրային խորհրդի գրասենյակ հետևյալ հասցեով՝ ք. Երևան, Վ. Սարգսյան 26/1, Էրեբունի պլազա, 6-րդ հարկ:  Հեռ. (010) 52-34-05, (010) 52-34-07:

Հանրային խորհրդի ներկայիս կանոնադրությանը քաղաքացիները կարող են ծանոթանալ այստեղ՝ համեմատելու համար առաջարկվող օրենքի նախագծի հետ:

 

ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի պատասխանը «Արմենպրես» գործակալության հարցին

շավարշ քոչարյանՀարց.

– Պարոն Քոչարյան, ինչպե՞ս կմեկնաբանեք Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուի` վերջերս կատարած հայտարարությունները տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ
Պատասխան.
– Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության նիստին մասնակցելու նպատակով Երևան այցելելուց առաջ Թուրքիայի արտգործնախարարը տարածաշրջանում հնարավոր դրական զարգացումներին միայն վնաս հասցնող, սադրիչ հայտարարությունների փոխարեն ճիշտ կանի օգտագործի պատեհ առիթը և Երևանում այցելի Հայոց ցեղասպանության հուշահամալիր` լռությամբ հարգանքի տուրք մատուցելու ցեղասպանության զոհերի հիշատակին:
Թուրքիան կարող է նպաստել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը` առանց որևէ նախապայմանի վավերացնելով և կյանքի կոչելով 2009թ. Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրությունները:
Եթե Թուրքիան ձգտում է էլ ավելի արագացնել տարածաշրջանի երկրների միջև քաղաքակիրթ հարաբերությունների հաստատման գործընթացը, ապա նա պետք է ճանաչի Օսմանյան կայսրության կողմից իրականացված հայոց ցեղասպանությունը և բացի իր կողմից փակված հայ-թուրքական սահմանը:

 

Սիրիայում բախումներ են ընդդիմադիր ուժերի և Ալ-Քայիդայի մարդիկների միջև

Սիրիա, ընդդիմադիր ուժեր, Ալ-ՔայիդաՍիրիայի հյուսիսում չեն դադարում բախումները Ալ-Քայիդայի ջիհադականների և Սիրիայի ազատության բանակի զինվորների միջև: Երկու խմբավորումներն էլ հանդիսանում են Բաշար Ասադի կառավարոթւյան երդվյալ հակառակորդները, սակայն նրանց միջև միասնություն չկա՝ կապված առաջիկայում կանխատեսվող իշխանության համար պայքարի հետ:
Թուրքական «Հաբերլերի» հաղորդմամբ՝ իսլամիստները գրավել են Թուրքիայի սահմանին գտնվող Սիրիայի ազատության բանակի շտաբն ու զենքի պահեստները: Փոխհրաձգության արդյունքում 5 մարտիկ է զոհվել, մյուսները փախուստի են դիմել:

Սյուզի Կենտիկյանը պահպանեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը

Սյուզի ԿենտիկյանԳերմանիայում մարզվող և մրցելույթներ ունեցող հանրածանոթ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Սյուզի Կենտիկյանը Շտուտգարտի մարզապալտում 10 ռաունդանոց մրցամարտում ուժերը չափեց Եվրոպայի չեմպիոն, իտալուհի Սիմոնա Գալասի հետ: Հայ մարզուհին միավորներով հաղթեց 41-ամյա մրցակցուհուն և տիրացավ Եվրոպայի չեմպիոնի նրա գոտուն: Կենտիկյանը պահպանեց թեթևագույն քաշային կարգում WBA վարկածով  աշխարհի չեմպիոնի տիտղոսը:
Սյուզին պրոֆեսիոնալ ռինգում 32-րդ հաղթանակը տարավ:

Առաջիկա օրերին ձյուն կգա

Եղանակը ՀայաստանումՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից Անկախին հայտնեցին,որ
Դեկտեմբերի 8-ի ցերեկը և 9-ի գիշերը , 12-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում են առատ տեղումներ, 08-ին լեռնային և նախալեռնային գոտիներում, այդ թվում Արարատյան դաշտում և Երևանում`  ձյան տեսքով: Առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում`  20-25 մ/վրկ, բուք, ճանապարհներին` մերկասառույց և ցածր տեսանելիություն:
Հանրապետության տարածքում`
Դեկտեմբերի 10-11-ին ,12-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, 8-ին, 9-ի գիշերը, 12-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 9-ի ցերեկը Վայոց Ձորում և Սյունիքում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյուն: Քամին հյուսիս-արևմտյան` 5-10 մ/վրկ, 8-9-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում` 20-25 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 8-ին գիշերը կբարձրանա 4-6, 8-ի ցերեկը, 9-10-ին աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով:
Երևանում`
Դեկտեմբերի 9-ի ցերեկը, 10-11-ին, 12-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, 8-ին և 9-ի գիշերը, 12-ի ցերեկը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ:

Գյումրիում զոհերի հիշատակը հարգեցին ոչ թե հայ, այլ ֆրանսիացի պատգամավորները

26 007Այսօր, երկրաշարժից քառորդ դար անց, դեռ չի սպիացել գյումրեցու վերքը: Ու չնայած բազում  հուսախաբությունների, նրանք դեռ սպասում եմ, որ ինչ-որ մեկը ՚վերեւներից՚  իրենց համար դեռ լույս է վառելու: Ու չգիտես ինչու, մարդկանց մեջ միշտ մի տեսակ սպասում կա, որ այսօր, դեկտեմբերի 7-ին, Գյումրի կգան նախագահը, վարչապետը, կառավարության անդամներ, պատգամավորներ, հասարակական ու քաղաքական գործիչներ, կաթողիկոսը: Բայց արդեն քանի տարի այդպես չէ, գյումրեցին ոչ մի պաշտոնյայի չի տեսնում այստեղ, բառացությամբ տեղի պաշտոնյաների: Այս անգամ էլ մայրաքաղաքից ոչ մի պաշտոնական այց Գյումրի: Փոխարենը, գյումրեցիները վիշտը կիսելու, նրանց անմեղ զոհերի հիշատակը խնկարկեցին ֆրանսիացի պատգամավորները:
՚Առաջին անգամ եմ Հայաստանում և մեծ հուզմունք եմ ապրում, պատկերացնում եմ այդ տառապանքները: 25 տարի առաջ ես սպասում էի իմ առաջնեկին և այդ ցավերն էի ապրում, ու պատկերացնում եմ հայ մայրերի տառապանքները: Շատ կարճ ժամանակ է, ինչ Գյումրիում եմ, բայց այն, ինչ տեսել եմ, կարծում եմ, գեղեցիկ քաղաք է, հին քաղաք է: Կարիք ունի իսկապես ավելի գեղեցկանալու և վերակառուցվելու: Այսօր շատ կարևոր է, որ մենք այստեղ հանդիպեցինք Հայաստանի խորհրդարանի մեր գործընկերուհուն, որը ծագումով գյումրեցի է և այդ ժամանակ 11 տարեկան է եղել՚, – նշեց Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր Վալերի Բուայեն:

26 020Տարիներ անց կրկին Գյումրիում էր նաեւ ԵԽԽՎ փոխնախագահ Ռենե Ռուքեն. ՚Առաջին անգամ Գյումրի այցելել եմ 89-ի հունվարին՝ ֆրանսիացի պատգամավորների պատվիրակության հետ և մեծ ողբերգություն ապրեցինք: Դրանից հետո մի շարք անգամներ այցելել եմ, ես մասնակցել եմ նաև 20-ամյակի արարողություններին: Ժամանակի ընթացքում  տեսել ենք, որ բավականին վերակառուցողական աշխատանքներ են կատարվել՚:

Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանն էլ օրվա խորհրդի հետ կապված նշեց՝ գյումրեցուն ոտքի կանգնեցնողը պետք է լինի նոր սերունդը: ՚Աստված տա, որ և Գյումրիին, և մեր ամբողջ հայ ժողովրդին, այսպիսի աղետներ այլևս չպատահեն: 25 տարվա ընթացքում բավական աշխատանք կատարվել է Գյումրիում, բայց կան շատ գործեր, որ պետք է անպայման արվեն: Այսօր հերթը երիտասարդությանն է: Ծնվել է մի սերունդ, որն արդեն 25 տարեկան է: Մեզ այսօր պետք է նրանց աջակցությունը, այն երիտասարդության, որն այդ նոր սերունդն է, որ վաղը դառնալու է քաղաքի տեր ու տիրականը: Սա իրենց գործն է… Անդուլ աշխատանք է պետք, որ կարողանանք այս վիճակից դուրս գանք: Իհարկե, շատ դժվար է, կա ցավ, կա վիշտ, դժվար է մոռանալ այն, ինչ տեսել ենք: Բայց գալիս է մի սերունդ, որը պետք է կարողանա արարել, ստեղծել և դուրս հանել մեր ժողովրդին այս վիճակից՚:

Սպիտակի երկրաշարժի դասերը

earthquake-in-armenia1988թ. դեկտեմբերի 7-ին Հայաստանի հյուսիսային շրջաններում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժը հետագայում անվանվեց Սպիտակի երկրաշարժ։ Երկրաշարժից եղան զանգվածային փլուզումներ, մարդկային զոհերը հասան տասնյակ հազարների։

Սպիտակի երկրաշարժը տեղի է ունեցել Փոքր Կովկասի բարձրավանդակում գլխավոր Կովկասյան լեռնաշղթայի առանցքից մոտավորապես 150 կմ դեպի հարավ։ Փոքր Կովկասի տեկտոնական եւ երկրաբանական կառուցվածքային ուղղությունները զուգահեռ են գլխավոր Կովկասյան շղթային՝ հյուսիս-արեւմտյան, հարավ-արեւելյան ուղղությամբ։ Տեկտոնական դրույթը հիմնականում բարդ է, բայց՝ ընդհանուր առմամբ, այն բնորոշվում է երկրի կեղեւի սեղմումով ու խտացմամբ՝ Արաբական եւ Եվրասիական սալերի զուգամերձության պատճառով։

14814Երկրագնդի վրա, միջին հաշվով, տարեկան նման ավերիչ ուժի 15-20 երկրաշարժ է լինում։ Սակայն ինչպես յուրաքանչյուր ուժեղ երկրաշարժ, Սպիտակինն էլ ունի իր որոշակի առանձնահատկությունները։

Սպիտակի երկրաշարժը սկսվել է 1988 թ. դեկտեմբերի 7-ին, Գրինվիչի ժամանակով ժամը 7 անց 41 րոպե 22,7 վայրկյան (տեղական ժամանակով 11 անց 41րոպե 22,7 վրկ.), էպիկենտրոնը՝ սարքերի գրանցումների տվյալներով, ունի հետեւյալ կոորդինատները, լայնությունը 40092`, երկարությունը 44023`։ Հիպոկենտրոնի խորությունը, ըստ տարբեր մեթոդների եւ մոտեցումների, տարբեր է, սկսած 2,5 կմ-ից մինչեւ 10-15 կմ։ Դա բնական է, քանի որ օջախը, որպես տարածական, երկրաբանական մարմին, Ձորաշեն-Հալավար հատվածում դուրս է եկել երկրի մակերես, իսկ ընդերքում տարածվել է ամենաքիչը մինչեւ 15-20 կմ խորությամբ։ Երկրաշարժի մագնիտուդը կազմել է 7,0, իսկ անջատված էներգիան հավասար էր 1016 Ջոուլի։ Ուժգնությունն էպիկենտրոնում գնահատվում է 10 բալ։

15249921291705391Սպիտակի երկրաշարժը պատկանում է, այսպես կոչված՝ լրիվ ցիկլի երկրաշարժերին՝ նախացնցումներ, հիմնական ցնցում, հետցնցում։

Բավական ուժեղ նախացնցումները (ֆորշոկ) եղել են 1988թ. դեկտեմբերի 3-ին (մեկ) եւ 6-ին (երեք)։

Դրանցից առավել ուժեղը՝ մոտ 5 բալ ուժգնության, տեղի է ունեցել դեկտեմբերի 6-ին, երեկոյան ժամը 7 անց 27-ին։

Հիմնական սեյսմիկ իրադարձութունը կազմված է եղել երեք տարբեր ցնցումներից 5 եւ 14վրկ. ընդմիջումներով (45 վայրկյանի ընթացքում իրար հաջորդող երեք տարբեր երկրաշարժեր)։ Առաջին ցնցումը հիմնովին ավերել է Սպիտակ քաղաքը եւ շրջակա գյուղերը։ Երկրորդ ցնցումը, որը սկսվել է առաջինից 5 վայրկյան հետո, եղել է ամենաթույլը եւ ամենամակերեսայինը (մինչեւ 5 կմ հիպոկենտրոնի խորությամբ)։

image-51Այն տեղի է ունեցել Հալավար գյուղի մոտ, Վանաձորից ոչ հեռու։ Այս ցնցումից եւս 15 վրկ. անց Ձորաշենի մոտ սկսվել է երրորդ, ամենաուժեղ եւ ամենախոր (10-15 կմ) ցնցումը, որը եւ եղավ Գյումրիի ու Ստեփանավանի ավերման հիմնական պատճառ (քանի որ մոտ էր գտնվում նրանց)։

Առաջին ուժեղ հետցնցումը եղել է հիմնական ցնցումից 4 րոպե 20 վրկ. հետո։ Հետցնցումները շարունակվում են առ այսօր։ Վերջին տարիներին դրանց հաճախականությունը նվազել է, բայց այդ մարումը խիստ օրինաչափ չի ընթացել։ Խոսքը վերաբերում է ինչպես հետցնցումների քանակին, այնպես էլ ուժգնությանը։

Այսպիսով, 1988 թ. Սպիտակի երկրաշարժը առաջին հերթին առանձնանում է բազմաստիճան (մուլտիպլետ) բնույթով, երբ կարճ ժամանակամիջոցում փոքր ընդմիջումներով եղել է երեք ուժեղ ցնցում։

Երկրաշարժի ժամանակ առաջացել են բազմաթիվ եւ բազմաբնույթ, նաեւ խոշոր չափի սեյսմադիսլոկացիաներ, որոնցից մասնագիտական մեծ հետաքրքրություն են ներկայացնում երկուսը՝ սեյսմատեկտոնական խզումը եւ խոշոր սեյսմագրավիտացիոն առաջացումները։

imageՍեյսմատեկտոնական կամ գլխավոր խզումն ունի 35 կմ երկարություն եւ ձգվում է հյուսիս-արեւմտյան ուղղությամբ՝ Գուգարքի տարածաշրջանի Հալավար գյուղից մինչեւ Աշոցքի Գետիկ գյուղի ավերակները։

Խզման հարթությունը անկում է դեպի հյուսիս-արեւելք մոտավորապես 30-600։ Հիմնական խզումը, ըստ կինեմատիկ բնութագրի, որոշվում է որպես վերնետկողաշարժ։ Այս խզումը հատում է Սպիտակ-Երեւան եւ Սպիտակ-Գյումրի ավտոմայրուղին երը, ինչպես նաեւ Վանաձոր-Գյումրի երկաթգիծը։ Հատման տեղամասերում հստակորեն երեւում է խզումը եւ կարելի է որոշել նրա որոշ պարամետրերը։

Սեյսմագրավիտացիոն առաջացումները գտնվում են Աշոցքի Ձորաշեն գյուղի դիմաց՝ Մեծ Ծմակ լեռան լանջերին, Գետիկի աջ ափին։

Տեղանքում այս ձեւափոխություններն առաջին հերթին աչքի են ընկնում իրենց ահռելի չափերով եւ հսկայական լեռնային զանգվածների տեղաշարժով։ Սրանց առաջացումը պայմանավորված է ինչպես սեյսմիկ, այնպես էլ երկրի չափերով, 15-20մ խորությամբ, որով մոտ 2 մլն տոննա զանգվածը 30-50 մ շպրտված է 10-150 թեքությամբ լանջնիվար։

40692Այս ամենը խոսում է այն մասին, որ սեյսմագրավիտացիոն առաջացումների տեղամասը վերջին ամենաուժեղ ցնցման էպիկենտրոնն է։

Սպիտակի երկրաշարժից հետո էպիկենտրոնային գոտին ուսումնասիրելիս հայտնաբերեցին հինսեյսմադիսլոկացիաներ, որոնք շատ մոտ են տեղադրված նոր առաջացած սեյսմատեկտոնական խզմանը եւ ձգվում են նրան զուգահեռ։ Սա վկայում է, որ այստեղ անցյալում եւս եղել են ուժեղ երկրաշարժեր։

Սպիտակի երկրաշարժն ընդգրկել է ՀՀ տարածքի մոտ 40 տոկոսը, ուր ապրում էր մոտ 1 մլն. մարդ։

Ավերման գոտին, որտեղ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 8 բալ եւ ավելի, ընդգրկել է երեք հազար քառ. կմ տարածություն։ Տուժել է 21 քաղաք եւ շրջկենտրոն, 342 գյուղ։ Անօթեւան է մնացել 51 հազար մարդ։ Տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել մոտ 20 հազար մարդ, որոնցից հոսպիտալացվել է 12500-ը, զոհերի թիվը կազմել է 25 հազար։ Զոհեր շատ են եղել հատկապես Գյումրիում՝ մոտ 15-17 հազար եւ Սպիտակում 4 հազար։

erk1Ավերվել է ՀՀ-ի ամբողջ բնակֆոնդի 17 տոկոսը, դադարել է գործել 170 արդյունաբերական ձեռնարկություն, մեծ վնաս է հասել գյուղերին եւ ագրոարդյունաբերական համալիրին։ Վնասվել է գյուղատնտեսական նշանակության 600 կմ ջրային մայրուղին։ Մեծ վնաս է հասցվել նաեւ ճարտարապետական, պատմական, արվեստի հուշարձաններին, տուժել է ժողկրթության 917 օջախ։

* * *

Անսպասելի աղետը հանկարծակիի բերեց արտակարգ իրավիճակում գործելուն կոչված կազմակերպություններին եւ ծառայություններին։ Կազմակերպված փրկարարական աշխատանքները հունի մեջ մտան միայն 2-3 օր հետո։ Երկրաշարժի առաջին րոպեներից անձնուրաց աշխատում էր ազգաբնակչությունը, սակայն նրանց փորձի եւ արտակարգ իրավիճակներում գործելու տարրական գիտելիքների պակասը բացասաբար էր անդրադառնում փրկարարական աշխատանքների արդյունավետության վրա, երբեմն պատճառ դառնում անտեղի զոհերի։ Խիստ զգացվում էր անհրաժեշտ փրկարարական տեխնիկայի պակաս։

250px-Spitak_Earthquake_1Բնակչության եւ փրկարարների ջանքերով փլատակներից, զոհված կամ կենդանի, հանվել է ավելի քան 45 հազար մարդ։

Վնասների հիմնական պատճառներն են՝ Հանրապետության ողջ տարածքում սեյսմիկ վտանգի թերագնահատումը։ Մասնագետներն այն գնահատել էին 7 բալ, այն դեպքում, եnբ 1988 թ. երկրաշարժի ուժգնությունը Սպիտակում կազմեց 10, Ստեփանավանում՝ 9, Վանաձորում՝ 8-9 բալ։

Աղետի հետեւանքներն ուսումնասիրող հատուկ կառավարական հանձնաժողովը հայտնաբերել է, որ թույլ էին տրված որոշակի սխալներ շենքերի եւ կառույցների նախագծման ժամանակ։ Այսինքն՝ խախտված էին սեյսմակայուն շինարարության չափանիշներն ու կանոնները։

Ցածր է եղել շինարարության որակը։ Կոպտորեն խախտվել է շինարարության տեխնոլոգիան, շինանյութերը չեն համապատասխանել պետստանդարտին։

Շինարարական նորմերի ու կանոնների մեջ սեյսմակայուն շենքերը հաշվարկելիս ուղղաձիգ տատանումների ազդեցությունը հաշվի չառնվել։ Մեր հանրապետության շատ բնակավայրեր կառուցված են երկրաշարժի օջախների վրա, եւ ուղղաձիգ ուժերի ազդեցությունը հաշվի չառնելը կոպիտ սխալ է։

0,,17272361_303,00Ճիշտ չեն ընտրվել շենքերի սյուների (եւ ամրանների) կտրվածքները, որոնք չդիմացան ուղղաձիգ բաղադրիչից առաջացած իներցիոն ուժերին, եւ հատկապես կարկասապանելային շենքերը, այդ թվում եւ տխրահռչակ 111 շարքի շենքերի մեծ մասը, փլվեցին։

Երկրաշարժի ժամանակ գետնի տատանման գերակշռող պարբերությունը մոտավորապես 0,4-0,8 վրկ էր, որը շատ մոտ էր Գյումրիում կառուցված բարձրահարկ շենքերի սեփական տատանման պարբերությանը։ Նման դեպքերում առաջ են գալիս, այսպես կոչված, ռեզոնանսի երեւույթներ, որոնք բերում են տատանման ամպլիտուդների աճի։

Բավական մեծ թիվ են կազմում այն շենքերը, որոնք փլվել կամ կիսաավեր են դարձել բնակիչների կողմից անօրինական կոնստրուկտիվ ձեւափոխումների հետեւանքով։

Խախտվել են շենքերի շահագործման պայմանները՝ ծանր հաստոցները եւ սարքավորումները տեղադրվել էին վերին հարկերում, խմելու ջրի մեծ տարողություններ հանվել տանիքներ։

Հաշվի չեն առնվել տեղի ինժեներաերկրաբանական, հետեւաբար եւ սեյսմիկ պայմանները։ Շատ քաղաքներ առայսօր չունեն սեյսմիկ միկրոշրջանացման քարտեզներ։

Շատ զոհերի պատճառ դարձան փրկարական աշխատանքների ձգձգումն ու սխալ կազմակերպումը, բնակիչների՝ արտակարգ իրավիճակներում գործելու տարրական գիտելիքների բացակայությունը։

CR01-A11988 թ. Սպիտակի երկրաշարժը ցույց տվեց, որ Հայաստանում չկար որոշակի սեյսմապաշտպանական համակարգ, պետությունը եւ բնակչությունը անպատրաստ էին դիմագրավելու ավերիչ երկրաշարժը, թեեւ ոչ մեկի համար էլ գաղտնիք չէր, որ ուժեղ երկրաշարժեր Հայաստանում եղել են եւ կարող են լինել։

Վեր հանելով հազարավոր անտեղի զոհերի եւ մեծ ավերումների հիմնական պատճառները, նպատակ ունենք ամեն մի քաղաքացու մեջ զգոնություն արթնացնել։

Պետք է, թեեւ ուշացած, բայց հիմնավոր դասեր քաղել մեծ ողբերգությունից, քանի որ թույլ տրված սխալները անհաշիվ են, իսկ սխալներ թույլ տվողները՝ աններելիորեն շատ։

«Արտակարգ ալիք»

լրատվական գործակալություն

Եղանակը Հայաստանում առաջիկա հինգ օրերին

Եղանակը ՀայաստանումՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից Անկախին տեղեկացրեցին,  որ հանրապետության տարածքում`
Դեկտեմբերի 7-ին, 10-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 8-ին, 09-ի գիշերը շրջանների զգալի մասում, 9-ի ցերեկը Վայոց Ձորում և Սյունիքում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում ձյուն:
Քամին հյուսիս-արևմտյան 5-10մ/վրկ, 8-9-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 20-25մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 8-ին գիշերը կբարձրանա 4-6, 08-ի ցերեկը, 9-10-ին աստիճանաբար կնվազի՝ 8-10 աստիճանով:
Երևանում`
Դեկտեմբերի 7-ին, 9-ի ցերեկը, 10-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 8-ին և 9-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է տեղումներ:
Երևանի  դեկտեմբերի  7-ի բազմամյա կլիմայական տվյալներ
·         Օդի առավելագույն ջերմաստիճան     15.10C (1988 թ.)
·         Օդի նվազագույն ջերմաստիճան        -17.80C (1941 թ.)
·         Օդի միջին օրական ջերմաստիճան     1.40C

Արդյունաբերական խորհրդի նիստում վարչապետին են ներկայացրել և նվիրել հայկական արտադրության առաջին պլանշետը

10895_am_2Կառավարությոն լրատվական կենտրոնից Անկախին հայտնեցին, որ կառավարությունում այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետին կից արդյունաբերական խորհրդի հերթական նիստը, որը վարել է վարչապետ, խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը:
Նիստն սկսվել է հայկական արտադրության առաջին պլանշետի (Armtab) և առաջին հեռախոսի (Armphone) ներկայացմամբ: Մինչ օրակարգային հարցերի քննարկմանն անցնելը վարչապետը տեղեկացրել է, որ Հայաստանի ՏՏ ոլորտում գործող հայ-ամերիկյան «Technology and Science Dynamics Inc․/Armtab Technologies» ընկերությունը նախաձեռնել է հայկական առաջին դյուրակիր համակարգիչների՝ պլանշետների արտադրություն Հայաստանում: Մասնավորապես, ընկերության նախագահ Վահան Շաքարյանը տեղեկացրել է, որ արտադրության շրջանակում արդեն կան անդրոիդ համակարգով փորձնական հավաքված պլանշետներ՝ 7.85, 9, 9.7 և 10.1 դյույմանոց էկրանով, 3G և WiFi հնարավորություններով, ինչպես նաև առաջին հայկական հեռախոսը՝ Արմֆոն (Armphone): Նա նշել է, որ որակի առումով պլանշետները ոչնչով չեն զիջում համաշխարհային հայտնի ապրանքանիշերին, իսկ արժեքը վերջիններիս գնի համեմատ կլինի էականորեն ցածր: Պլանշետների ծրագրային և սարքային ապահովման (software և hardware) դիզայնն իրականացվում է Հայաստանում, իսկ հավաքումը` ԱՄՆ–ում և Հոնկոնգում: Նախատեսվում է հայկական պլանշետների զանգվածային արտադրությունը և վաճառքն սկսել 2014 թ. հունվար-փետրվար ամիսներին՝ արտադրությունում ներգրավելով 25-50 բարձրակարգ հայաստանյան մասնագետ: Քննարկվել են ինչպես հայաստանյան ներքին շուկայում, տարբեր ոլորտներում այդ պլանշետների կիրառման, այնպես էլ միջազգային շուկա դրանց արտահանման կազմակերպման հեռանկարները:
Օգտվելով առիթից՝ պարոն Շաքարյանը վարչապետ Սարգսյանին է նվիրել հայկական արտադրության առաջին պլանշետը և հույս հայտնել, որ այն կօգնի առօրյա աշխատանքում: Կառավարության ղեկավարը հանձնարարել է կազմակերպել շնորհանդես և հանրությանը ներկայացնել հայկական արտադրության առաջին դյուրակիր համակարգիչները:
Հաջորդիվ խորհրդի անդամների քննարկման են ներկայացվել «Հայաստանի տեքստիլ և տրիկոտաժի ոլորտի զարգացման ռազմավարությունը», «Հայաստանում կոշիկի արտադրության զարգացման ռազմավարությունը» և դրանց իրականացումն ապահովող «Թեթև արդյունաբերության ոլորտի 2014-2016 թթ. գործողությունների ծրագիրը»: Անդրադարձ է եղել նշված ոլորտներում առկա ներկայիս իրավիճակին և միտումներին, առաջարկվող ռազմավարական զարգացման ուղղություններին, ինչպես նաև դրանցից բխող կոնկրետ գործողությունների ծրագրին և նախատեսվող բյուջեին: Ներկայացված փաստաթղթերի ծավալուն քննարկումից և հաստատումից հետո կառավարության ղեկավարը հանձնարարել է նախապատրաստել ոլորտների համագործակցության հուշագիր՝ այն մասնավոր հատվածի ներկայացուցիչների հետ ստորագրելու համար:
Մեկ այլ հարցով հաստատվել են նաև «Ճշգրիտ ճարտարագիտության ոլորտի 2012-2015 թթ. գործողությունների ծրագրում» կատարված փոփոխությունները:

Հայաստան. սիրիահայ երիտասարդի ամենադժվար, բայց ամենանախընտրելի տարբերակը

IMG_1860Սիրիահայ Հարութ Լախոյանը Հայաստան է եկել մինչ սիրիական ճգնաժամը: 2001-ին նա ընդունվել Երևանի ճարտարագիտական համալսարան, ծրագրավորողի մասնագիտություն ստացել և որոշել մնալ Հայաստանում: Ճիշտ է, ինչպես շատ տեղացիներ, նա էլ իր մասնագիտությամբ աշխատանք չգտնելու պատճառով աշխատել է լրիվ այլ ոլորտում, սակայն ի վերջո հարմարվել է հայաստանյան իրավիճակին. «Սփյուռքահայերի համար հարմարվելը շատ դժվար է, որովհետև մենք Հայաստանը մի քիչ ուրիշ ձևով ենք պատկերացնում, ավելի երազային, եթերային, իսկ իրականությունը ավելի դաժան է»,- ասում է նա:

Հարութի ծնողներն այնքան էլ գոհ չէին որդու որոշումից, որովհետև եթե նա վերադառնար Հալեպ, այնտեղ շատ ավելի հեշտ աշխատանք կգտներ, կյանքը շատ ավելի հեշտ կդասավորվեր: «Ինձ համար ավելի հեշտ կլիներ նույնիսկ մեկ ուրիշ երկրում, քան Հայաստանում: Ամենադժվար տարբերակը Հայաստանն էր, բայց և ամենանախընտրելին»:

Սիրիայի բարեկեցիկ կյանքը Հարութի համար չէր, քանի որ նրա ցանկություններն ու ձգտումներն ավելին էին, քան Սիրիայի հնարավորությունները. «Իմ ծննդավայրը` Սիրիան, մշակութային առումով մի քիչ ավելի ցածր էր, շատ առումներով` սահմանափակ, և հինգ տարի Երևանում ապրելուց հետո, Երևան-Հալեպ կոնտրաստն ինձ համար շատ մեծ էր»,- խոստովանում է նա` միաժամանակ նկատելով, որ չնայած այդ ամենին` Հալեպում մարդկային փոխհարաբերությունները շատ ավելի բարձր մակարդակի վրա էին, քան Հայաստանում,- այնտեղ  անգամ արաբ ժողովուրդն ավելի մարդկային, հասնող, օգնող էր»:

Եվ չնայած բազում հիասթափություններին` նա Հայաստանում նույնպես հանդիպում է լավ մարդկանց և հենց մարդկային գործոնն էլ նրան համոզում է ամեն ինչի մեջ միայն բացասականը, սևը չտեսնել և մնալ Հայաստանում:

2006-ին ավարտելով համալսարանը և իր մասնագիտությամբ հարմար աշխատանք չգտնելով` Հարութն աշխատում է անշարժ գույքի գործակալությունում որպես գործակալ: Խոստովանում է, որ գործը լավ էր անում: Երբ սիրիական ճգնաժամի հետևանքով սկսվում է սիրիահայերի ներհոսքը Հայաստան, այդ գործի մեջ լինելով` շատ բան է տեսնում: Բացահայտում է հայաստանյան հակասությունների մի նոր շարք. մարդիկ, որոնք առիթից օգտվելով` չարաշահումներ արեցին անշարժ գույքի ոլորտում` ի վնաս սիրիահայերի, և մարդիկ, որոնք ունեին բնակարան Երևանում, բայց ապրում էին արտասահմանում, առանց որևէ վճարի տրամադրեցին դրանք սոցիալապես անապահով սիրիահայերին: Իհարկե, առաջին երևույթը գերակշռող էր:

Հարութը մեկ տարի է` ամուսնացել է, կինը հայաստանցի է: Ապրում են վարձով, քանի որ բնակարան ձեռք բերելը, ըստ նրա, խնդիր է ոչ միայն իր, այլև շատ երիտասարդների համար, որոնք պետությունից աջակցություն չունեն, ծնողներից էլ` ժառանգություն:

ՍիրիահայՉնայած դժվարություններին` նա այսօր լուրջ բիզնեսի հիմք է դնում երկու գործընկերների հետ: Անցյալ տարի երկարատև բանակցությունների շնորհիվ նրանք դարձել են  շվեյցարական հայտնի Swissbacks ընկերության բացառիկ ներկայացուցիչը ոչ միայն Հայաստանում, այլև 20 երկրներում` Ռուսաստանում, Ուկրաինայում, Բելառուսում, Իրանում և այլն:

Ընկերությունն աշխարհին ներկայացնում է նորարարություն ոսկերչության ոլորտում`  ականջօղերի նոր փականներ, որի գյուտի հեղինակը ֆրանսիացի ոսկերիչ Սեբաստիան Բարիերն է: Այն մեկ մասից բաղկացած ուղիղ, բայց ճկվող փական է, որն ընդամենը մեկ շարժումով ականջօղն ամրացնում է ականջին: Swissbacks-ը հիմնվել է 2006-ին, և այդ ժամանակվանից սկսած` նմանատիպ փական ստեղծելու փորձեր են արվել: Առաջին մոդելը չի հաջողվել, քանի որ երեք անգամ բացել-փակելուց հետո կոտրվել է: Այժմ փականը կարող է բացվել-փակվել մոտ 15 հազար անգամ: Սակայն մինչ այդ արդյունքին հասնելը 60 000 զույգ ականջօղ է փչացել: Այսօր փականն այնքան կատարելագործված մեխանիզմ ունի, որ անգամ չինացիները չեն կարողանում կրկնօրինակել: Միակ ընկերությունը, որին հաջողվել է կատարելագործել այն, շվեյցարական աշխարհահռչակ Rollex ընկերությունն է:

Այդ փականների հիմքի վրա հայ ոսկերչի կողմից տեղծվել է նաև ականջօղերի շուրջ 70 տարբերակ, որոնք շուտով կցուցադրվեն և վաճառքի կհանվեն «Դալմա Գարդեն մոլ» առևտրի կենտրոնում:

Swissbacks-ի ոսկյա փականները` որպես նորարարություն, սովորական ոսկուց ավելի թանկ են: Սակայն փականի առավելությունը միայն նոր տեսքը չէ, այլև հարմարավետությունը: Նախ` այն միաձուլված է ականջօղին, և կորչելու վտանգը բացառված է, բացի այդ, բոլորովին չի ցավեցնում ականջը, դրանցով անգամ կարելի է քնել` առանց որևէ անհարմարության:

Հարութը հույս ունի, որ իրենց բիզնեսը հաջողություն կունենա, քանի որ այն նորույթ է և մրցակցության խնդիր չկա: Իրենք էլ իրենց հերթին են ամեն ինչ անում օրենքի տառին համաձայն: Չնայած դրան` նա կարծում է, որ Հայաստանում կա մի համընդհանուր օրենսդրական խնդիր. «Եթե մենք` հայերս, ցանկանում ենք մեր երկիրը մոտեցնել ավելի զարգացած երկրներին, ապա դա պետք է անենք փուլային տարբերակով, աստիճանաբար, ոչ թե  տվյալ երկրի մոդելը բերենք և ուղղակիորեն կիրառենք: Դա նույնն է, որ ասենք` սովետական հին մեքենայի վրա «Ֆեռարիի»  շարժիչ դնես: Այդ մեքենան շարքից դուրս կգա»:

Նա տեսնում է, որ գործարարության առումով Հայաստանը շատ ցավալի պատկեր ունի, և փոխանակ օրենքներն այնպես  կատարելագործվեն, որ նպաստեն գործարարության զարգացմանը, ընդհակառակը` խոչընդոտում են:

Չնայած այս ամենին` նա սիրում է Հայաստանը և փաստում, որ ինքը հայրենադարձվել է: «Այսօր ես չեմ պատկերացնում իմ կյանքը Հայաստանից դուրս: Միգուցե դա կա՛մ իմ համբերությունից է, որ այսքան հիասթափվելով հանդերձ` դեռ դիմանում եմ, կա՛մ էլ դեռ այդքան չեմ հիասթափվել: Բացի այդ, հաղթահարել եմ այն վախը, որն ունի ամեն մի սփյուռքահայ Հայաստան գալիս. խաբվելու վախը: Ես արդեն շատ եմ խաբվել, շատ բան կորցրել և այդ փուլն անցել եմ»,- ծիծաղում է նա:

Որպես իսկական հայրենադարձ` նա համալրել է նաև «Վերադարձ Հայաստան» (Repat Armenia) կազմակերպության շուրջ 5 հարյուր հայրենադարձների շարքերը, որոնք սեփական օրինակով կոչ են անում արտերկրում ապրող հայերին վերադառնալ հայրենիք:

 

Անի ԳԱՍՊԱՐՅԱՆ

Անկախ

Մոխրենեսում հինգ ամսում հինգ հարսանիք է եղել. արցախյան գյուղը ժողովրդագրական ցուցանիշները բարելավում է

հարսանիքՀադրութի շրջանի Մոխրենես համայնքում աննախադեպ իրադարձություններ են՝ հինգ ամսում` հինգ հարսանիքհաղորդում է yerkirmedia.am-ը:

Բայց անցնող տարում գյուղի ձեռքբերումները չեն սահմանափակվել միայն ժողովրդագրական ցուցանիշների բարելավմամբ: Մոխրենեսցու սպասելիքներն արդարացել են նաեւ գյուղատնտեսական ոլորտում:

Մանրամասները՝ տեսանյութում

Սկսվեց մեքենաներով բողոքի ակցիան՝ ընդդեմ կենսաթոշակային ռեֆորմի,լուսանկարներ

մեքենաներով երթ«Դեմ եմ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին» նախաձեռնության անդամները դեկտեմբերի 5-ին, ժամը 13-ին սկսեցին ավտոմեքենաներով բողոքի ակցիան Կիևյան, «Բարեկամություն» մետրո, Օպերա, Մաշտոցի պողոտա, Հանրապետության հրապարակ, Նալբանդյան, Սայաթ-Նովա, Բաղրամյան, Օրբելի, ՄՀՀ երթուղով, հաղորդում է  NEWS.am-ը:

Մոտ հիսուն մեքենաներով «Դեմ ենք» ցուցապաստառներով մեքենաները շարժվում են փողոցներով ու բարձրախոսով մարդկանց իրազեկում են, որ 2014թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտնող օրենքի մասին։

«Հունվարի 1-ից ձեր աշխատավարձը նվազելու է 6,6-ից 13 տոկոսով։ Խնդրում ենք՝ միացեք մեր ակցիային»,- ցուցարարները հայտարարում են բարձրախոսով։

Շարասյանը հետեւում են ոստիկանական մեքենաները։ Նրանք նախապես մոտեցել են ցուցարարներին եւ խնդրել են չխախտել երթեւեկության կանոնները։

Ազգային ժողովի շենքի մոտ ցուցարարներն սկսել են միասին ազդանշան տալ։Շարունակությունը`սկզբնաղբյուր կայքում:

Հայտնի ընկերությունների կենսաթոշակային նոր օրենքին դեմ 1230 աշխատակիցներ նախագահին առաջարկել են ԱԺ արտահերթ նիստ հրավիրել

նախագահականՀայաստանում գործող տարբեր կազմակերպություննրի 1230 աշխատակիցներ բաց նամակով դիմել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, որով  նրան առաջարկում են դիմել ԱԺ և արտահերթ նիստ հրավիրել` շահագրգիռ կողմերի մասնակցությամբ  քննարկելու «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքը, վերացնելու  կուտակային կենսաթոշակի պարտադիր բաղադրիչը:

Նամակի տակ ստորագրել են Օրանժ Արմենիայի 261, Սինոփսիս Արմենիայի 487, Մենթոր գրաֆիկսի 101, ՀԱԷԿ-ի 360, Թումոյի 71, ԵՊՀ 91,   ԳԴՀ դեսպանատան 24, Անելիք բանկի 68 աշխատակիցներ:

Ինչպես ավելի վաղ Անկախ-ը տեղեկացրել էր, դեկտեմբերի 4-ին կուտակային կենսաթոշակների մասին օրենքը մեկ տարով հետաձգելու չորս խմբակցությունների (ԲՀԿ, Ժառանգություն, ՀԱԿ, ՀՅԴ) առաջարկը մերժվեց  քվեարկության  46  «կողմ »  և  54  «դեմ» արդյունքով:

Նամակը ներկայացնում  ենք ամբողջությամբ.

-Հայաստանի Հանրապետության Նախագահ

Սերժ Սարգսյանին

Մեծարգո պարոն Նախագահ,

Ձեր ուշադրությունն ենք հրավիրում հետևյալ կարևորագույն խնդրի վրա, միևնույն ժամանակ ակնկալելով Ձեր անմիջական աջակցությունը դրա լուծման հարցում:

ՀՀ կառավարությունը ձեռնամուխ է եղել կենսաթոշակային բարեփոխումների ծրագրի իրականացմանը և սպասվում է, որ 2014թ. հունվարի 1-ից ուժի մեջ է մտնելու «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքով /այսուհետ նաև` “Օրենք”/ամրագրված կուտակային կենսաթոշակի պարտադիր բաղադրիչը: Հաշվի առնելով բազմաթիվ պատճառներ և հիմնավորումներ (դեմոգրաֆիկ, ֆինանսական, տնտեսական, իրավական և այլն) և լիովին գիտակցելով կենսաթոշակային բարեփոխումների անհրաժեշտությունը՝ այնուհանդերձ վստահ ենք, որ օրենքում կան լուրջ բացթողումներ և թերի հիմնավորումներ, որոնք հարվածի տակ են դնելու հարկերից չխուսափող մեծաթիվ բարեխիղճ և օրինապահ քաղաքացիների: Մասնավորապես, այդ ռիսկային խմբի մեջ են մտնում ՀՀ-ում իրենց ապագան կերտող այնպիսի երիտասարդ մասնագետներ, ինչպիսիք են՝ իրավաբաններ, հաշվապահներ, աուդիտորներ, ֆինանսիստներ, մանկավարժներ, բժիշկներ, ճարտարագետներ, միջուկային էներգետիկայի մասնագետներ և այլոք, որոնք ներգրավված են մասնագիտական բարձր որակավորում պահանջող և երկրի հեռահար զարգացման համար կենսական անհրաժեշտություն հանդիսացող ոլորտներում՝ իրավաբանական, ֆինանսական, կրթական, առողջապահական, հեռահաղորդակցության, էներգետիկայի, ինչպես նաև ՀՀ կառավարության կողմից գերակա ճյուղ հայտարարված տեղեկատվական տեխնոլոգիաների ճյուղերում:

Մենք տեղյակ ենք  նաև, որ ՀՀ Նախագահի բարձր հովանու ներքո հովանավորվում և քաջալերվում են յուրաքանչյուր ոլորտում մեր հայրենակիցների ունեցած անգնահատելի ներդրումները: Դրա վառ ապացույցն է նաև Ձեր կողմից բազմիցս ընդգծված ՏՏ ոլորտի կարևորությունը ՀՀ տնտեսության զարգացման մեջ, որը հայտարարվել է որպես տնտեսության գերակա ճյուղերից մեկը։ ՏՏ ոլորտի աջակցմանն է ուղղված  Ձեր կողմից այդ ոլորտում սահմանված նախագահական կրթական պարգևները, ինչպես նաև տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի կողմից սահմանված ամենամյա մրցանակը, որին այս տարի արժանացավ «Հիտաչի» ընկերության նախկին գործադիր տնօրեն Ցուգիո Մակիմոտոն։ Սակայն կարծես թե  ՀՀ կառավարությունը և խորհրդարանական մեծամասնությունն անտեղյակ են Հանրապետության Նախագահի կողմից սատարվող և գերակա նախանշված ոլորտի խթանման կարևորությանը, քանի որ  նույն օրը, երբ պրն. Մակիմոտոն Ձեր կողմից արժանանում էր բարձր պարգևի՝ ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար, խորհրդարանական մեծամասնություն կազմող քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներն իրենց կոլեկտիվ բացակայությամբ բոյկոտում են այդ նույն ՏՏ ոլորտի և բազմաթիվ այլ ոլորտների հազարավոր աշխատողների համատարած բողոքը հարուցած օրենքի քննարկման համար հրավիրված ԱԺ արտահերթ նիստը։ Իսկ ՀՀ կառավարությունը սկզբունքորեն մերժում է «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի ցանկացած հանրային քննարկում կամ երկխոսություն շահագրգիռ շրջանակների հետ, մասնավորապես վերոհիշյալ ոլորտների ավելի քան 55 տարբեր   ընկերությունների հազարավոր աշխատակիցների՝ ՀՀ վարչապետին ուղղված դիմում-բողոքից հետո։

Որպես օրենքի հիմնավորում շեշտվում է, որ կենսաթոշակային բարեփոխումները անհրաժեշտ են, այլընտրանք չունեն, ցանկացած բարեփոխում դժվարությամբ է կյանքի կոչվում և այն որոշակի սոցիալական բեռ է ենթադրում ապահով ապագա ունենալու համար: Սակայն ինչու՞ է ենթադրվում, որ եթե բարեփոխումն անհրաժեշտ է, ապա համապատասխան օրենքի բոլոր կետերը անթերի են և չեն պարունակում ոչ բավարար գնահատականներ և ռիսկերի սխալ գնահատում:

Անգամ պինոչետյան Չիլիում համակարգը ներդրվել է որպես կամավոր և ոչ պարտադիր` այդ պահին աշխատաշուկայում ներգրավված աշխատող քաղաքացիների համար: Բերվում է նաև Էստոնիայի օրինակը, սակայն անտեսվում կամ թաքցվում է, որ Էստոնիայում պետությունը մի քանի տարի ի վիճակի չի եղել կատարելու իր պարտավորություններն ընդհանրապես, իսկ կենսաթոշակային կուտակային համակարգին մասնակցության տոկոսային հարաբերությունը հետևյալն էր՝ 2% քաղաքացի – 4% պետություն և բացի այդ օրենքն ընդունվելով 2002թ. պարտադիր է եղել միայն 1983թ-ից հետո ծնվածների համար՝ այսպիսով, նույնպես բացառելով օրենքի հետադարձ ուժի կիրառումը աշխատաշուկայում այդ պահին արդեն ներգրավված աշխատող քաղաքացիների նկատմամբ և, հետևաբար` սոցիալական լարվածության ստեղծումը: Նույն պատճառով Մակեդոնիայում օրենքն ուժի մեջ մտնելով 2006թ-ից՝ պարտադիր է եղել միայն 2003թ.-ից հետո աշխատանքի ընդունված անձանց համար: Համացանցում ամենապարզ փնտրումն իսկ ի հայտ կհանի այս համակարգի թերություններն ու ռիսկերը, որոնցից խուսափելու կամ նվազարկելու ուղիները բացակայում են Կառավարության կողմից պարտադրվող օրենքում: Տրամաբանական կլիներ որ սահմանված լինեին նաև օրենքի անցումային դրույթներ, որոնք կբացառեին 1974թ-ից հետո ծնված և արդեն աշխատող մարդկանց այս օրենքի պատճառով՝  սոցիալական բեռի ավելացումը (օրինակ` եկամտային հարկի համապատասխան չափով նվազեցում), սակայն անցումային որևէ դրույթ ընդհանրապես նախատեսված չէ։

Վերոգրյալի լույսի ներքո, մեր խորին համոզմամբ, միանգամայն բնական է, որ ստեղծված իրավիճակը օրենքում տեղ գտած մի շարք դրույթների` ՀՀ Սահմանադրությանը հակասելու արդյունքն է հանդիսանում։ Մասնավորապես և հատկապես կուզենայինք Ձեր ուշադրությունը դարձնել այն փաստին, որ քննարկվող Oրենքի ուժով սահմանափակվում է անձին պատկանող սեփականությունը իր հայեցողությամբ  տիրապետելու, օգտագործելու, տնօրինելու և կտակելու անձի սահմանադրական իրավունքը, Օրենքի ուժով խտրական պայմաններ են սահմանվում կախված 1) տարիքից և 2) անձանց գույքային վիճակից, անձանց իրավական վիճակը վատթարացնող իրավական ակտին /Օրենքին/ տրվում է հետադարձ ուժ` փաստացի տարածելով դրա գործողությունը մինչև 2014թ. հունվարի 1-ը ծագած աշխատանքային և այլ իրավահարաբերություններին և այլն:

Բացի այդ, տարիներ առաջ տուն գնած և իր աշխատավարձի մոտ 75%-ը հիփոթեքային և այլ վարկեր մուծող, ինչպես նաև ընտանիքի անգործունակ անդամներին պահող աշխատող քաղաքացին ուղղակի ի վիճակի չէ վճարելու ոչ միայն իր համախառն եկամտի 5%-ից ավելին, այլև այդ 5%-ը, ինչն իրականում կազմում է 6.6% – մինչև 13.5% է, քանի որ հաշվարկվում է համախառն եկամտից և գանձվում զուտ եկամտից՝ հարկումից հետո: Եվ նման օրինակները շատ են, ինչը փաստում է, որ քննարկվող օրենքով սոցիալական բեռի ավելացման ռիսկերը պատշաճ չեն հաշվարկված և որոշ դեպքերում իրականության հետ որևէ աղերս չունեն: Որքանո՞վ է արդարացված՝ բարեկեցիկ ապագայի տեսլականով հարվածի տակ դնել ներկան:

Ավելորդ չենք համարում նաև նշել, որ ՀՀ կառավարությունը ըստ հաստատված ժամանակացույցի անգամ թերացել է ժամանակին կատարել օրենքի կիրառման հետ կապված մի շարք միջոցառումներ.

Ա) Այսպիսով, ֆոնդերի կառավարիչները ըստ քննարկվող օրենքի պետք է լիցենզավորված լինեին դեռ 2013թ.-ի հուլիսի 1-ի դրությամբ, սակայն նամակը գրելու պահին, երբ ընտրություն կատարելու համար մնացել է մոտ մեկ ամիս ժամանակ, Հայաստանի Հանրապետության տարածքում ընդամենը մեկ կազմակերպություն է օրեր առաջ ստացել համապատասխան լիցենզիա, ինչը հանգեցրել է այն իրավիճակին, որի պայմաններում մարդիկ զրկվել են նույնիսկ կառավարիչների կողմից կառավարվող ֆոնդերի ընտրության հնարավորությունից: Հարկ է նշել, որ նմանատիպ ընտրությունն էլ իր հերթին պահանջում է ընտրողի մոտ որոշակի սպեցիֆիկ ֆինանսական գիտելիքների առկայություն և անհրաժեշտություն կա հանրության լայնածավալ զանգվածային կրթական միջոցառումներ իրականացնելու, որպեսզի մարդիկ հնարավորություն ստանան համապատասխան ընտրություն կատարելու: Ստացվում է, որ ՀՀ Կառավարության կողմից ժամանակին համապատասխան միջոցառումներ չիրականացնելու հետևանքով համապատասխան տեղեկատվություն և գիտելիք չունենալու պատճառով անձը զրկվում է ընտրություն կատարելու իրեն վերապահված նաև այդ իրավունքից, միաժամանակ իր կամքից անկախ խախտելով Օրենքով սահմանված ֆոնդի ընտրության իր պարտավորությունը (Օրենքի 37.1 կետ):

Բ) ՀՀ կառավարության կողմից պատշաճ չի կազմակերպվել և իրականացվել օրենքի վերաբերյալ հանրային պատշաճ քննարկումներ և օբյեկտիվ իրազեկման աշխատանքներ:

Գ) Օրենքում առկա են նաև թերություններ և հակասություններ, որոնց կիրառումը կհանգեցնի մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների խախտմանը, այս մասին բազմիցս հայտնել ենք ՀՀ կառավարությանը, սակայն ապարդյուն:

Մեծարգո պարոն Նախագահ, հաշվի առնելով վերը նշված փաստարկները, ինչպես նաև խնդրո առարկա համակարգի կիրառման միջազգային փորձը և օբյեկտիվ արդյունքները, համարում ենք, որ այն կուտակային կենսաթոշակի պարտադիր կիրառելու պահանջը մեր երկրում ժամանակավրեպ է և խիստ ռիսկային:

Նկատի ունենալով այն հանգամանքը, որ օրենքի ընդունման գործընթացում, դուք ևս ունեցել եք մասնակցություն, արդեն իսկ վավերացրել եք այն, ուստի անհրաժեշտ ենք համարում դիմել Ձեզ և ստանալ Ձեր անմիջական մասնակցությունն այս հարցում: Հետևաբար, դիմելով Ձեզ առաջարկում ենք արձագանքել մեր կողմից բարձրացված հարցերին և լուծման նպատակով ուղերձով դիմել ՀՀ Ազգային ժողովին եւ արտահերթ նիստ հրավիրել, առաջարկել որպեսզի համապատասխան մասնագետների և շահագրգիռ կողմերի մասնակցությամբ սկսեն հանրային լայն քննարկումներ և լրամշակեն օրենքը՝ օրենքից հանելով կուտակային կենսաթոշակի պարտադիր բաղադրիչը և վերացնել օրենքում առկա հակսություններն ու թերությունները:

Մենք սիրում և ցանկանում ենք շենացնել մեր երկիրն ու պետությունը, որը ոչ թե ժառանգություն ենք ստացել մեր ծնողներից, այլ պարտքով ենք վերցրել մեր երեխաներից:

Խնդրում ենք հետամուտ   լինել այս խնդիրների լուծմանը և կանխել  ՀՀ-ում ապրող և բարեխիղճ հարկեր վճարող քաղաքացիների նկատմամբ կիրառվող սոցիալական անարդարությունը:

Ակնկալում ենք Ձեր դրական պատասխանը` օրենքով սահմանված ժամկետներում եւ կարգով  հետևյալ հասցեին`

«Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ, ք: Երևան, Արշակունյաց 41

Հարգանքներով,

Նախաձեռնող խմբի ներկայացուցիչներ՝

Լեւոն Հարությունյան   /     /

Մանե Թանդիլյան    /     /

Դավիթ Խաժակյան    /     /

Տեղեկացնում ենք նաև, որ սույն նամակը կենթարկվի բաց հրապարակման:

Կից ներկայացնում ենք նամակում մատնանշված խնդիրներով մտահոգված, դրանում առաջադրված լուծումներին սատարող Հայաստանի Հանրապետության տարբեր տնտեսական ոլորտներում աշխատող երիտասարդ մասնագետների ցուցակը՝ վերջիններիս _________ ստորագրություններով /_______ Էջ/՝ հետեւյալ կազմակերպություններից՝

ԱԶԷԱ ՍՊԸ 8

ԱԹԹԵՍՔ ԴԻՎԵԼԸՓՄԵՆԹ 33

ԱԼՏԱԿՈԴ 46

ԱՅ-ԱՅ-ՋԻ ՍՊԸ 8

ԱՆԵԼԻՔ ԲԱՆԿ 68

ԱՌՎԵՍՏ ՔՈՄՈՒՆԻՔԵՅՇՆՍ ՔՈՐՓՈՐԵՅՇՆ 5

ԱՎԱՏԱ ՍՈՖԹ ՍՊԸ 6

ԱՐԴԻՆՆՈՏԵԽ 25

ԱՐՄԵՆԻԱՆ ԴԱՏԱՔՈՄ ՔԱՄՓՆԻ 23

ԲԻ2 ՍՊԸ 31

ԳԱԼԼԱՐԻ ՍԻՍԹԵՄՍ 11

ԳԱՐՄՈՆԱՏՐԻՔՍ ԻՆԿ 9

ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԵՍՊԱՆԱՏՈՒՆ 24

ԳԼԱՔՈՐ ՍՄԻԹ ԲԼԱՅՆ 8

ԵՊՀ 91

ԵՐԵՎԱՆ  ՓՐՈԴԱՔՇՆ Ս 27

ԵՐՄՄԳՀԻ ՓԲԸ 101

ԷԳՍ 12

ԷԼԹԻԷՔՍ ՔՐԻԴԵՆՍ ԱՐՄԵՆԻԱ 38

ԷՍԵՆՇԼ ՍԼՅՈՒՇՆՍ ՍՊԸ 13

ԷՍԵՆՇԼ ՍՈԼՅՈՒՇՆՍ ՍՊԸ 17

ԷՍ-ԷՖ-ԷԼ 49

ԷՍ-ՍԻ-ԴԻ-ԷՄ 52

ԷՓԻՋԻ ԼԷԲՍ ԷՅ-ԷՄ 27

ԹԵԼԻԳԵՅԹ 10

ԹԵՈԿԵՆ 25

ԹՈՒՄՈ 71

Ի.ԱՐ.ԷՍ.ԷՅ.ԷՄ 16

ԻՆՆՈՎԱ ԱՅԷՄ ՍՊԸ 10

ԻՔՍ-ԱՐՏ ՍՊԸ 25

ԼՈՒԳԵՐԱ ԵՒ ՄԱԿԼԵՐ ՍՊԸ 5

ՀԱԷԿ 360

ՄԱԿԱԴԱՄԻԱՆ ԱՌ 51

ՄԱՆԱՆԱ ԳՐԵՅՆ ՍՊԸ 2

ՄԱՐԳԱՍՈՖԹ 23

ՄԵՄՈՒԱՐ ՍՒՍԹԵՄԶ 6

ՄԵՆԹՈՐ ԳՐԱՖԻԿՍ 101

ՄՈՆԻՏԻՍ ՋԻ-ԷՖ-ԱՅ 35

ՆԱԻՐԻ ՍՈՖԹ ԻՆՔ 21

ՈՒՐԱՆԻԴԱ 10

ՌՈՒՏԵԼ ՍՊԸ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ Մ/Ճ 10

ՍԱՈՒԹԹԵՔ ՔԸՆՍԱԼԹԻՆԳ ԻՆԿ 24

ՍԻՆԵՐՋԻ ԻՆԹԵՐՆԵՅՇՆԼ ՍԻՍԹԵՄԶ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ 116

ՍԻՆՈՓՍԻՍ ԱՐՄԵՆԻԱ ՓԲԸ 487

ՍԻ-ՔՅՈՒ-ՋԻ 30

ՍԻՍՏՐՈՏԵԽ 22

ՍՈՆԻՔՍ ԱՐՄԵՆԻԱ ՀՈԼԴԻՆԳՍ 13

ՍՈՐՍԻՈ 31

ՎԵԲԲ ՖՈՆՏԵՆ ՀՈԼԴԻՆԳ 20

ՎԻԷՄՈՒԵՐ ԻՍԹԵՐՆ ՅՈՒՐՈՓ 51

ՎՕԼՕ ՍՊԸ 20

ՔՅՈՒԲԻՔ 5

ՔՈՒԵՍԹՐԵՅԴ ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ ԻՆԿ. 34

ՔՈՒԼԵՅՍԻՍ 5

ՕԳՄԱ ԱՓԼԻՔԵՅՇՆՍ 25

ՕԶ ՍՈՖԹ 15

ՕՐԱՆԺ ԱՐՄԵՆԻԱ ՓԲԸ 261

ՕՓԵՆ ՍՈՖԹ ՔՈՆՍԱԼԹ 54

ՖԱՅԴԵՔ ԱՐՄԵՆԻԱ ՀԻՄՆԱԴՐԱՄ 2

ՖԻՆՔԱ ՈՒՎԿ ՓԲԸ 21

ՖԻՐՄՓԼԵՅՍ 21

ԱՅԼ ԱՆՁԻՔ 1230

 

 

 

 

 

Տնտեսվարող սուբյեկտին հնարավորինս քիչ անհարմարություն պետք է պատճառվի

կառավարության նիստԱյսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Նիստից առաջ վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձել է կառավարության շենքի առջև Երևանի «Ոսկու շուկայի» աշխատողների բողոքի ակցիային. «Նախորդ շաբաթ «Վաղարշ և որդիներ» ընկերության աշխատակիցները կառավարության շենքի առջև բողոքի ակցիա էին կազմակերպել: Սա առաջին դեպքը չէ, դրա համար եմ ես անդրադառնում այս խնդրին: Ոսկու շուկայի աշխատակիցները, կառավարության շենքի մոտ պարբերաբար ցույցեր են կազմակերպում, և բողոքի պատճառները շատ տարբեր են: Ես ծանոթացել եմ տեղեկանքի հետ, որն ինձ ներկայացրել է էկոնոմիկայի նախարարության շուկաների վերահսկողության տեսչությունը: Այն տեղեկատվությունը, որը զետեղված է այդ տեղեկանքի մեջ, բացարձակապես չի համապատասխանում ԶԼՄ-ների տարածած տեղեկությանը: Միևնույն ժամանակ, տեսչության պետն ինձ հայտնեց, որ պետական ծրագրով դեկտեմբերի տասին նրանք պլանավորում են համալիր ստուգում իրականացնել ոսկու շուկայում: Մենք որդեգրել ենք այն սկզբունքը, որ տեսչական ստուգման ժամանակ նվազագույնի հասցնենք տնտեսվարող սուբյեկտին պատճառվող անհարմարությունները: Հաշվի առնելով այս հանգամանքը, մեր տարբեր տեսչական մարմինների գործողությունները պետք է համադրելի դարձնենք, որպեսզի այնտեղ հաճախակի ստուգում չանենք:
Բողոքները, որ ստանում ենք ոսկու շուկայի աշխատակիցներից կամ հաճախորդներից, շատ բազմազան են ` սկսած աշխատանքային պայմաններից, այնտեղ ստեղծված հակահրդեհային և սանիտարական վիճակից. հաճախորդները բողոքում են, որ ձեռք են բերում իրեր, որոնց վրա դրոշմ չկա, որակի վերաբերյալ կան լուրջ կասկածներ: Այս խնդիրը մեզ համար կարևոր է, որովհետև յոթ հազար մարդ է աշխատում ոսկու շուկայում, որտեղ մենք պետք է զգուշավոր լինենք և շատ լավ պետք է պատկերացնենք, թե ինչ խնդիրների ու ռիկսերի ենք առնչվում: Հանձնարարում եմ էկոնոմիկայի նախարարության շուկաների վերահսկողության տեսչությանը, առողջապահության նախարարության տեսչություններին և գործակալություններին, արտակարգ իրավիճակների նախարարության տեսչությանը, պետական եկամուտների կոմիտեին, որպեսզի համատեղ ծրագրով սկսեն այդ ստուգումը, որ ծրագրված է էկոնոմիկայի նախարարության շուկաների վերահսկողության տեսչության կողմից, որպեսզի նրանք գործ ունենան ստուգման մեկ գործընթացի հետ, և մենք վերջնականապես հասկանանք, թե ինչու են մեր քաղաքացիները պարբերաբար բողոքում, որպեսզի հասկանանք, թե ինչ է կատարվում այդ շուկայում, ինչ ռիսկեր կան, ինչու են պարբերաբար մեր քաղաքացիները բողոքում: Մենք մեր քաղաքացիներին հրապարակայնորեն տեղյակ կպահենք ստուգման արդյունքներին, բացահայտումներին ու այն ռիսկերին, որոնք ցավոք սրտի դրսևորվում են` առաջացնելով նրանց արդարացի դժգոհությունը»:
Այնուհետև հաստատվել է նիստի օրակարգը և կառավարությունը ձեռնամուխ է եղել հարցերի քննարկմանը:

ՀՀ 2014թ. պետբյուջեի ընդունման գործընթացը մոտենում է վերջնագծին

Ղեկավարվելով ՀՀ սահմանադրության 70-րդ հոդվածով` ՀՀ կառավարությունը որոշել է առաջարկել ՀՀ Ազգային Ժողովի նախագահին 2013թ. դեկտեմբերի 10-ին ժամը 12:00-ին գումարել ՀՀ Ազգային Ժողովի արտահերթ նստաշրջան: Օրակարգում առաջարկվել է ընդգրկել 2014թ. պետբյուջեի քննարկման շարունակությունը, «Պետական կենսաթոշակների մասին», «Զբաղվածության մասին» և ևս մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերը:
ՀՀ կառավարությունն ի գիտություն է ընդունել ՀՀ ֆինանսների նախարարության մշակած «ՀՀ 2014թ. պետբյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» կառավարության որոշման նախագծի տեքստային մասի նախնական տարբերակը և ՀՀ 2014թ. պետբյուջեի կատարման եռամսյակային համամասնությունների խոշորացված ցուցանիշների նախագիծը:
ՀՀ պետական կառավարման հանրապետական և տարածքային կառավարման մարմինները, անկախ հանձնաժողովների ղեկավարները պետք է քննության առնեն նշված փաստաթղթերը և անհրաժեշտության դեպքում մինչև 2013թ. դեկտեմբերի 13-ը ՀՀ ֆինանսների նախարարություն ներկայացնեն հիմնավորված առաջարկություններ առաջարկված ցուցանիշները լրամշակելու վերաբերյալ, ինչպես նաև 2014թ. պետբյուջեի միջոցների հաշվին իրականացվելիք գնումների անվանացանկերը:
ՀՀ կառավարությունը հաստատել է էլեկտրոնային ձևով իրականացվող գնումների կատարման կարգը, որի համաձայն ՀՀ www.armeps.am կայքի միջոցով իրականացվող էլեկտրոնային գնումների համակարգի բարեփոխման շրջանակում նախատեսվում է 2014թ. հունվարի 1-ից ՀՀ հանրապետական գործադիր մարմինների, տարածքային կառավարման մարմինների և պետության հիմնարկների կողմից բաց ընթացակարգով և շրջանակային համաձայնագրերի միջոցով գնումն իրականացնել էլեկտրոնային ձևով:

ԿԲ-ն կվարի հաշվեկշռի, միջազգային ներդրումային դիրքի և արտաքին պարտքի վիճակագրությունը
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ կենտրոնական բանկի մասին» օրենքում և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացումներ կատարելու օրինագծերի փաթեթին, որի ընդունման դեպքում ԿԲ-ին կփոխանցվի հաշվեկշռի, միջազգային ներդրումային դիրքի և արտաքին պարտքի վիճակագրության վարման գործառույթը:
Կառավարության հավանությունն է ստացել «Լիցենզավորման մասին» օրենքում լրացում կատարելու օրենքի նախագիծը, որի ընդունումը թելադրված է ՀՀ կառավարության գործունեության ծրագրում կարևորված բնակելի շինարարության խթանման և գործարար միջավայրի բարելավման պահանջով: Նախագծի ընդունմամբ հնարավորություն կտրվի տնտեսական եղանակով կառուցել անհատական բնակելի տներ, օժանդակ կառույցներ, ՓՄՁ գործունեության օբյեկտներ` տնտեսելով նախահաշվային արժեքի 35 տոկոսը և նպաստելով քաղաքաշինության բնագավառի տնտեսության էական աճին: «Սա այն կարևորագույն նախաձեռնություններից է, որը բարելավելու է բիզնես միջավայրը, – շեշտել է վարչապետը: – Քանի որ մենք շինարարության ոլորտում հետընթաց ունեցանք, շինարարական գործընթացները մեզ մոտ երկար են տևում և ծախսատար են: Մի օրենսդրական նախաձեռնություն էլ ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն է ներկայացրել, որն Ազգային ժողովում է, և մենք նաև ներառեցինք արտահերթ նիստի օրակարգ. այն նույնպես ոլորտի շինթույլտվությունների հետ կապված ժամկետների կրճատում և պարզեցում է բերելու, ինչպես այս նախաձեռնությունը»:
Նիստում քննարկվել է «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի նախագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել է ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Արտակ Դավթյանը: Նա առաջադեմ է 50 և ավելի տարի գործող ստեղծագործական միությունները գրանցելիս պահպանել «ստեղծագործական միություն» անվանումը և իրավահաջորդությունը: Կառավարությունը նպատակահարմար է համարել նշված կազմակերպությունների անվանումներում սահմանել «ստեղծագործական միություն» բառերի օգտագործումը` պահպանելով «հասարակական կազմակերպություն» իրավական ձևը (օրինակ` «Հայաստանի գրողների ստեղծագործական միություն» հասարակական կազմակերպություն): Մատնանշվել են նաև օրենսդրական տեխնիկայի կանոնները չպահպանելու օրինակներ: Գործադիրը նախագիծն ընդունելի կհամարի իր ներկայացրած առաջարկության ընդունման դեպքում:
Քննության է առնվել «Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի նախագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են ՀՀ Ազգային Ժողովի մի խումբ պատգամավորներ: Նրանք առաջարկում են մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ ստանալու իրավունքը տարածել նաև չաշխատող ծնողներից մեկի կամ միակ ծնողի, որդեգրողի, խնամակալի վրա` մինչև երեխայի երկու տարեկանը լրանալը (ներկայումս նպաստ ստանալու իրավունքը տարածվում է միայն աշխատող ծնողների վրա): Կառավարությունը նպատակահարմար չի համարել նախագծի ընդունումը, քանի որ փոփոխությունը կառաջացնի մոտ 16 միլիարդ դրամի լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը, որը նախատեսված չէ ինչպես ՀՀ 2014թ. պետբյուջեի նախագծով, այնպես էլ ՀՀ 2014-2016թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրով:
Վերը նշված օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունները սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային Ժողով:

Հաշվի են առնվում պարտադիր կուտակային բաղադրիչի հաշվարկման առանձնահատկությունները
2014թ. հունվարի 1-ից սկսում է գործել կենսաթոշակային համակարգի պարտադիր կուտակային բաղադրիչը, որի հաշվարկման հիմքում դրված են «բազային եկամուտ» և «պայմանագրային եկամուտ» հասկացությունները: Հաշվի առնելով պարտադիր կուտակային վճարների հաշվարկման առանձնահատկությունները, անհրաժեշտ է հստակեցնել դրա բազայի որոշ մեխանիզմներ: Այդ նպատակով ՀՀ կառավարությունը իր նախկին որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ և լրացում` սահմանելով իրավական այն հիմքը, որով հարկային մարմինները կհաշվարկեն բազային և պայմանագրային եկամուտները, ինչպես նաև պարտադիր կուտակային վճարները:
Հաջորդ որոշմամբ սահմանվել է առաքվող կամ տեղափոխվող արտադրանքը, ապրանքն ուղեկցող հաշվարկային փաստաթղթերի էլեկտրոնային եղանակով դուրս գրման կարգը, որը կգործի 2014թ. հունվարի 1-ից:
Կառավարության որոշմամբ կիրառության մեջ են դրվել Հայաստանում արտադրվող և Հայաստան ներմուծվող ծխախոտի արտադրանքի և ալկոհոլային խմիչքի դրոշմավորման համար «2014» թվագրմամբ «Ծխախոտ» և «Ալկոհոլային խմիչք» տեսակների ակցիզային դրոշմանիշները: Սահմանվել է, որ «2011», «2012» և «2013» թվագրմամբ ակցիզային դրոշմանիշների առկայության դեպքում ծխախոտի արտադրանք և ալկոհոլային խմիչք արտադրողներին և ներկրողներին կարող են տրամադրվել նաև «2011», «2012» և «2013» թվագրմամբ ակցիզային դրոշմանիշներ:
Գործադիրը 2013թ. պետբյուջեում կատարել է վերաբաշխում, փոփոխություններ և լրացումներ` իր նախկին որոշումներից մեկում և ՀՀ քաղաքաշինության նախարարությանը հատկացրել մոտ 11.5 մլն դրամ` Երևանի Ա. Խաչատրյանի տուն-թանգարանի տանիքի վերակառուցման և ներքին հարդարման, ինչպես նաև շուրջ 20 կրթական, մարզական և մշակութային օբյեկտների տեխնիկական վիճակի ուսումնասիրման աշխատանքի իրականացման նպատակով:

Եվրամիությունը կաջակցի միջուկային անվտանգության արդյունավետ մշակույթի ձևավորմանը

ՀՀ կառավարությունը համաձայնություն է տվել ՀՀ կառավարության և Եվրոպական հանձնաժողովի միջև «Աջակցություն միջուկային ոլորտը կարգավորող հայաստանյան մարմնին (ՄԿՀՄ)» ծրագրի ֆինանսավորման համաձայնագրի կնքման առաջարկությանը: Ծրագրի հիմնական նպատակներից է ՄԿՀՄ-ի, վերջինիս տեխնիկական աջակցություն տրամադրող կազմակերպության (ՏԱԿ) և միջուկային և ռադիացիոն անվտանգության աջակցության կենտրոնի (ՄՌԱԱԿ) հզորացումը: Ակնկալվում է, որ ծրագրի արդյունքով հավելյալ արևմտյան մեթոդաբանություն և գործելակերպ կներմուծվի նախանշված բնագավառները: Ծրագրի ընդհանուր արժեքն է 1 մլն եվրո, իրականացման ժամկետը` 96 ամիս:
Կառավարությունն իր նիստում հաստատել է «Իրան-Հայաստան 400 կՎ լարման էլեկտրահաղորդման օդային գծի` ՀՀ տարածքով անցնող հատվածի շինարարության աշխատանքների նկատմամբ հարկային և մաքսային վճարների արտոնություն սահմանելու մասին» օրենքով սահմանված արտոնության կիրառման կարգը: Մինչ օրս արտոնության կիրառության համապատասխան ընթացակարգ սահմանված չէր:
Գործադիրը հաստատել է ՀՀ հողերի ագրոքիմիական հետազոտության և բերրիության բարձրացման միջոցառումների ծրագիրը: Դրա իրականացումը հնարավորություն կտա ունենալ երկրի 170 համայնքի հողերի սննդատարրերով ապահովածությունն արտացոլող ագրոքիմիական քարտեզներ և մշակաբույսերի պարարտացման գիտականորեն հիմնավորված երաշխավորագրեր, որոնց միջոցով պարարտանյութը խնայողաբար և նպատակային կօգտագործվի, կբարձրանան հողի բերրիությունը և մշակաբույսերի բերքատվությունը:
Կառավարությունն ընդունել է «Հայջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» և «Նոր ակունք» ՓԲԸ-ների մասնավոր կառավարման գործընթացի շարունակությունն ապահովելու որոշում: Դրա իրականացմամբ կբարելավվեն բաժանորդներին մատուցվող ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունները, կարդիականացվեն ջրատեխնիկական կառուցվածքները, ավելի արդյունավետ կօգտագործվի խմելու ջուրը:

Կառավարության աշխատակազմում ստեղծվում է հակակոռուպցիոն ծրագրերի մոնիտորինգի բաժին

Գործադիրն իր նախկին որոշումներից մեկում կատարել է փոփոխություն և լրացումներ և ՀՀ կառավարության աշխատակազմում ստեղծել հակակոռուպցիոն ծրագրերի մոնիտորինգի բաժին: Դրա անհրաժեշտությունը բխում է ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության 2009-2012թթ. միջոցառումների ծրագրի 2011թ. արդյունքի մոնիտորինգի առաջին կիսամյակի հաշվետվությունից: Բաժինը կհամալրվի կառավարության աշխատակազմի թափուր հաստիքային միավորների հաշվին` առանց ֆինանսական լրացուցիչ միջոցների ներգրավման: Նույն որոշմամբ աշխատակազմի ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի վարչությունը վերակազմակերպվել է բաժնի:
Նիստում լրացում է կատարվել կառավարության նախկին որոշումներից մեկում և ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմում ստեղծվել զորահավաքային նախապատրաստության բաժին: Հաստիքները համալրվում են նախարարության աշխատողների թվաքանակի սահմանում:
Կառավարությունը «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» ՊՈԱԿ-ին թույլատրել է «Glob Education (GB) LTD» ՍՊԸ-ի և Հայաստանի Հանրապետության հետ մասնակցելու «Հայաստանի բրիտանական բիզնես դպրոց» ՓԲԸ հիմնադրմանը: Վերը նշված ՍՊԸ-ի գործընկերները բրիտանական չորս բուհեր են, որոնցից Քարդիֆի Մետրոպոլիտեն համալսարանը համագործակցելու է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի հետ: Համատեղ բիզնես դպրոցի մագիստրոսական ծրագիրն իրականացվելու է անգլերեն: Ծրագիրն հաջողությամբ ավարտած ուսանողներին կտրվի Քարդիֆի Մետրոպոլիտեն համալսարանի և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մագիստրոսի դիպլոմ:
Կառավարության որոշմամբ Վեդի քաղաքում համապատասխան տարածք է հատկացվել ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության Արարատի մարզային բաժնի աշխատակիցների աշխատանքային պայմանների բարելավման համար:
Լսողության խնդիր ունեցող անձանց պետական հավաստագիր տրամադրելու միջոցով եվրոպական արտադրության լսողական սարքեր ձեռք բերելու նպատակով կառավարությունը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հատկացրել է 8 մլն դրամ:

Այլ հարցեր

ՀՀ կառավարության որոշմամբ «Ապառաժ» ՍՊԸ-ին թույլատրվել է մինչև 2014թ. դեկտեմբերի 31-ը Հայաստան ներմուծել սահմանված տեսակների և քանակի պայթուցիկ նյութեր և պայթեցման միջոցներ, որոնք երկրում չեն արտադրվում և կիրառվելու են ընդերքօգտագործման ոլորտում:
Նիստի ավարտին վարչապետ Տիգրան Սարգսյանը հանրապետության բոլոր սոցիալական աշխատողներին շնորհավորել է իրենց մասնագիտական տոնի առթիվ, մաղթել նոր հաջողություններ: