Նիգերիայի նախագահը պատերազմ է հայտարարել ապստամբներին

iՆիգերիայի նախագահ Գուդլակ Ջոնաթանը “Բոկո Հարամ” խմբավորման հարձակման պատճառով երկրի երեք` Ադալավա, Բոռնո և Յոբե նահանգներում արտակարգ իրադրություն մտցնելու  հրահանգ է տվել:

“Մենք բախվել ենք   ոչ միայն սովորական հանցագործների, այլ ապստամբների հետ, որոնք վտանգի տակ են դնում մեր  երկրի միասնությունն ու ամբողջականությունը: Մենք կգտնենք մեղավորներին ու նրանց պատասխանատվության կենթարկենք”:

“Բոկո Հարամ” խմբավորումը ձգտում է շարիաթի օրենքները հաստատել Նիգերիայի հյուսիսային շրջաններում: Խմբավորման թիրախ են անվտանգության ուժերը, եկեղեցին ու կրթական հիմնարկները: Խմբավորման ձեռքից 2010-ին զոհվել է ավելի քան 2000 մարդ:

Երևանի ավագանու ընտրություններ. Որպես մեղադրյալ են ներգրավվել թիվ 04/23 ընտրատեղամասի հանձնաժողովի անդամներից մեկը և ընտրողը

7789_bԵրևան քաղաքի ավագանու ընտրությունների օրը` 2013թ. մայիսի 5-ին, Արաբկիր վարչական շրջանի թիվ 04/23 ընտրատեղամասում մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում նշված ընտրատեղամասի հանձնաժողովի անդամներից մեկը և ընտրողը ներգրավվել են որպես մեղադրյալ:

ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության Արաբկիրի բաժնում հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ 2013թ մայիսի 5-ին` Երևանի ավագանու ընտրությունների օրը, քաղաքացի Լ.Միրզոյանը Երևան քաղաքի ավագանու ընտրություններին մասնակցելու նպատակով գնացել է թիվ 04/23 ընտրատեղամաս, որտեղ փորձել է քվեարկել մեկից ավելի անգամ. նրա մոտ հայտնաբերվել է 2 ծրար, որոնցից յուրաքանչյուրի մեջ եղել է քվեարկված 1-ական քվեաթերթիկ։ Սակայն ընտրողը չի կարողացել քվեարկել` իր կամքից անկախ պատճառներով, քանզի կանխվել է հանձնաժողովի նախագահի կողմից։

Նախաքննությամբ պարզվել է նաև, որ Լ.Միրզոյանին քվեաթերթիկներ և ծրարներ տվել է թիվ 04/23 ընտրատեղամասի հանձնաժողովի անդամ Ա.Հարությունյանը:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա Ա.Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-153-րդ հոդվածով, իսկ Լ.Միրզոյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածով:

Սյունիք. Սնդիկի ապօրինի շրջանառության վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է դատարան

sndikՔրեական գործով դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է  մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ իրացնելու նպատակով թունավոր նյութ հանդիսացող մետաղական սնդիկի ապօրինի շրջանառություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրական եզրակացությունը:

Մինչդատական վարույթում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն` Վ.Գրիգորյանը, ձեռք բերելով և իրացնելու նպատակով իր մոտ պահելով թունավոր նյութ հանդիսացող մետաղական սնդիկ, 2013թ. փետրվարի 9-ին նախնական համաձայնության է եկել իր հորեղբոր որդու` Մ.Գրիգորյանի, ապա նաև` վերջինիս ընկերոջ` Գ.Հակոբյանի հետ, և որոշել են այն փոխադրել Երևան քաղաք և իրացնել:  Այդ նպատակով 2013թ. փետրվարի 10-ին` ժամը 20:00-ի սահմաններում, թունավոր նյութ հանդիսացող մետաղական սնդիկը Կապանից փոխադրել են Երևան:

ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության Սյունիքի քննչական բաժնում հարուցված քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա Մ.Գրիգորյանին, Գ.Հակոբյանին և Վ.Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 275-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Սյունիքի Մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:

Ավտոմեքենան ընկել է գետը

arm136588009859Նույն օրը, ժամը 12.01-ին, ահազանգ է ստացվել, որ որ Գեղարքունիքի մարզի Արծվանիստ գյուղի մոտակայքում «ԳԱԶ-2410» մակնիշի ավտոմեքենան ընկել է գետը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Արծվանիստ գյուղի մոտակայքում ավտոմեքենան մասամբ հայտնվել  է Արփա–Սևան ջրա­­­տարում:

Հրշեջ-փրկարարները ջրատարից դուրս են բերել  Ս. Մկրտչյանին պատկանող «ԳԱԶ-2410» մակնիշի 35 ՏT 899 պ/հ ավտոմեքենան, տուժածներ չկան:

 

Հրշեջ-մեքենան վթարի է ենթարկվել

imagesՄայիսի 14-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 09.42-ին  հրշեջ-մեքենան ուսումնավարժության մեկնելիս ենթարկվել է վթարի, կան տուժածներ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում, Նուբարաշենի գերեզմանատան մոտակայ­ք­ում, «Իսուզու» մակնիշի 339 VV 01 հրշեջ-ավտոմեքենան բախվել է 1972 թ. ծնված Ռ. Աբրահամյանի վարած «Ֆիատ» մակնիշի 03 LS 096 պ/հ ավտո­­­մեքենային, վերջինս էլ բախվել է 1984 թ. ծնված  Մ. Մանուկյանի վարած «Օպել Վեկտրա» մակնիշի 34 PU 631 պ/հ ավտոմեքենային:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը` «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր՝ 1970 թ. ծնված Տարիել Քիշմիրյանը, ստանալով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:

«Ֆիատ» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ռոբերտ Աբրահամյանին ավտոմեքենայից դուրս են բերել հրշեջ-փրկարարները։ Տուժածը նույնպես տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Բժիշկները Ռ. Աբրահամ­յանի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ Տ. Քիշմիրյանինը՝ միջին ծանրության:

Փրկարարներն իրականացրել են ավտոմեքենայի հոսանքազրկման աշխատանքներ:

Ժամը 14.00-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի հերթապահ բժիշկ Ջաղացպանյանից տեղե­կություն է ստացվել, որ Ռ. Աբրահամյանը մահացել է:

Ամստերդամցի տարեց մարմնավաճառները` թոշակային տարիքում

o_632011Գերմանական Die Welt-ը հարցազրույց է ունեցել ամստերդամցի 70-ամյա մարմնավաճառ զույգի` Լուիզ և Մարտինա Ֆոկենսների հետ, որոնք գրեթե կես դար զբաղվել են մարմնավաճառությամբ  Ամստերդամի “կարմիր լապտերների” թաղամասում: Մարտին նրանք թոշակի անցան, սակայն ասում են, որ չեն պատրաստվում հրաժարվել իրենց սիրած գործից:

Քույրերն ասում են, որ շարունակում են հանդիպել տղամարդկանց հետ ու հայտարարել են, որ դեռևս կարող են երիտասարդներին  օրինակ ծառայել: Նրանք խոստովանում են, իհարկե, որ տարիքն իրենն անում է.Մարտինան 2009-ից հետո “աշխատանքի” է ներկայացել շաբաթական  ընդամենը երկու անգամ` արթրիտի պատճառով: Նրանք նոր սերնդին հարգանքով են վերաբերվում, սակայն կարծում  են , որ XXI դարի աղջիկներն   իրենց այնքան էլ   խելացի չեն պահում:

“Առաջ ինտիմ սպասարկման ոլորտի ներկայացուցիչները միմյանց նկատմամբ հարգալից էին, ասես հարազատներ լինեին, ինչն այսօր հազվադեպ է պատահում: Բացի այդ,  շատ  հաճախորդ գրավելու նպատակով գին են իջեցնում, ինչը լրջորեն ազդել է շուկայի վրա: Նախկինում աղջիկների վրա ավելի շատ հագուստ կար, քան հիմա: Դա յուրօրինակ խաղ էր. հաճախորդը յուրաքանչյուր  հանված կտորի համար վճարում էր,  արդյունքում մի կլորիկ գումար էր ստացվում: Իսկ այսօր աղջիկները փողոցում կիսամերկ են կանգնում, ինչը ազդում է և գրավչության , և այն գումարի վրա, որ նա ստանում է աշխատանքի ավարտին”:

Քույրերը փողոց են ելել 20 տարեկանում` ֆինանսական ծանր դրության պատճառով: Լուիզա Ֆոկենսը խոստովանել է, որ մարմնավաճառությամբ զբաղվել ստիպել է ամուսինը, հաճախ` ուժի սպառնալիքով: Սեքսով զբաղվելու արդյունքում Լուիզան ամուսնուն  Alfa Romeo ավտոմեքենա է գնել, ինչի համար բոլորովին չի զղջում: Ավտոմեքենայով ամուսինը նրան “աշխատանքի” էր տանում. դա էականորեն ազդել էր իր “գնի “ վրա:

Ֆոկենս քույրերն  Ամստերդամի լեգենդ են: Նրանք “Տիկիններն Ամստերդամից” գիրք են հրատարակել ու դոկումենտալ “Հանդիպում Ֆոկենս քույրերի հետ” ֆիլմի հերոսն են:

ՄԱԿ. մարդիկ պետք է ավելի շատ միջատներ ուտեն սովի դեմ պայքարելու և բնության աղտոտումը նվազեցնելու համար

u2ՄԱԿ-ը սովի դեմ պայքարելու, սնումը խթանելու և աղտոտումը նվազեցնելու համար նոր միջոց է առաջարկել:

Սակայն երկրագնդի վրա սովի դեմ պայքարելու միջոցը այնքան էլ ախորժաբեր չէ՝ նրանք առաջարկում են, որ մարդիկ սկսեն միջատներ ուտել:

Երկուշաբթի օրը ՄԱԿ-ի սննդի և գյուղատնտեսության կազմակերպությունը տեղեկացրեց, որ ծղրիդները, մրջյունները և այլ նմանատիպ միջատներ մարդու և ընտանի կենդանիների կողմից ոչ բավարար կերպով օգտագործվող սննդի տեսակներ են:

Հռոմում գտնվող մասնաշենքում կազմակերպված ՄԱԿ-ի կոնֆերանսի ժամանակ հրապարակված 200 էջանոց զեկույցում նշվում է, որ աշխարհում արդեն 2 միլիարդ մարդ իր սննդակարգում օգտագործում է միջատներ, որոնք հարուստ են պրոտեիններով և օգտակար հանքային միացություններով, ինչպես նաև բնապահպանական օգուտներ ունեն:

Գործակալությունից տեղեկացնում են, որ միջատները նաև արդյունավետ կերպով կերը վերածում են սնվելու համար պիտանի մսի:

Միջինում նրանք 2 կիլոգրամ կերի դիմաց տալիս են 1 կլիոգրամ միս, իսկ ընտանի կենդանիները 8 կիլոգրամ կերից են մեկ կիլոգրամ միս տալիս:

Ներկայումս ուտելու համար պիտանի միջատները գտնվում են անտառներում, իսկ միջատաբուծությունը հիմնականում ընտանեկան շրջանակներում է արվում:

ՄԱԿ-ից հայտնում են, որ հատուկ մշակված մեխանիզմը կարող է զարգացնել գյուղական համայնքներում միջատների բազմացումը: Օրինակ ձկների համար օգտագործվող խայծի արտադրությունում երկար ժամանակ է, ինչ միջատներ են բազմացնում:

Սննդի գործակալությունից տեղեկացնում են, որ միջատների բուծումը սննդի և սնվելու անվտանգության համար պայքարելու բազմաթիվ ուղիներից մեկն է:

Միջատները հարուստ են նաև պղնձով, երկաթով, մագնեզիումով, մանգանով, ֆոսֆորով, սելենով և ցինկով, ինչպես նաև նյարդաթելերի աղբյուր են հանդիսանում:

Հայտարարության մեջ ասվում է, որ միջատները ամենուր են և արագ բազմանում են, ինչպես նաև մսի և ձկան համեմատությամբ՝ դրանք բարձրորակ պրոտեիններ և սննդարար նյութեր են պարունակում և շատ կարևոր սնունդ կլինեն թերսնուցում ստացած երեխաների համար:

Այն հարցի կապակցությամբ՝ արդյո՞ք դրանք համեղ են, զեկույցում նշված է, որ հարավային Աֆրիկայում որոշ թրթուրներ և որոշ մրջյունների ձվեր հարավարևելյան Ասիայում համադամ ուտեստներ են համարվում և շատ թանկ արժեն:

Մեքսիկական հրաբխի ժայթքումից հետո իշխանությունները պատրաստվում են էվակուացնել հազարավոր մարդկանց

m2Պոպոկատեպետլ հրաբխի սեյսմիկ ակտիվության կտրուկ մեծացումից հետո Մեքսիկայում գտնվող հրաբխի մոտակայքում բնակվող մարդիկ խիստ նախազգուշացում են ստացել:

Շաբաթ օրը Մեխիկո քաղաքի մոտակայքում գտնվող 5,451 մետր բարձրություն ունեցող հրաբուխը, որը նաև հայտնի է Պոպո անվամբ,  ցնցվել և դղրդացել է, իսկ վերջին մի քանի օրվա ընթացքում մոխիր, լավա և ծուխ է արձակվում այդտեղից:

Իշխանությունները փակել են հրաբխի շուրջ բացառման գոտին և պատրաստվել են  մոտակա քաղաքների բնակչությանը էվակուացնելուն, քանի որ փորձագետները տեղեկացնում են, որ հրաբխից բարձրացող գոլորշու բարձրությունը կարող է հասնել 800 մետրի:

Իշխանությունները էվակուացիայի համար նախազգուշացրել են շրջակա երկու կենտրոնական նահանգների քաղաքների, ինչպես նաև մայրաքաղաքի բնակչությանը: Բնակչության էվակուացիայի հետ կապված հատուկ օթևաններ են պատրաստվել:

Պոպոկատեպետլ անվանումը ացտեկական լեզվից թարգմանաբար նշանակում է «ծխացող լեռ»: Պոպոն տասնամյակներ շարունակ քնած վիճակում էր գտնվում, սակայն 1994թ-ից ի վեր սկսել է գրեթե ամեն օր փոքր քանակությամբ մոխիր արձակել: Այս արձակումները ինտենսիվացել են երկու շաբաթ առաջ և անցած հանգստյան օրերին ավելի մեծ քանակությամբ արձակումներ են եղել:

Փորձագետները Պոպոկատեպետլը համարում են աշխարհի ամենամեծ ավերիչ պոտենցիալն ունեցող հրաբուխներից մեկը:

 

Հայաստանի արտգործնախարարը կայցելի Ստրասբուրգ

Էդվարդ ՆալբանդյանՄայիսի 15-16-ը ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ստրասբուրգ, որտեղ կմասնակցի Եվրոպայի խորհրդի անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը, որի ընթացքում Հայաստանի ԱԳ նախարարը կստանձնի ԵԽ նախարարների կոմիտեի նախագահությունը:

Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Ֆրանսիայի Սենատի և Ազգային ժողովի անդամներին

Minister Nalbandian meets Parliamentary friendship group members 15.05.2013Մայիսի 14-ին Էդվարդ Նալբանդյանն այցելեց Ֆրանսիայի Սենատ, որտեղ հանդիպում ունեցավ Սենատի արտաքին հարաբերությունների և պաշտպանության հանձնաժողովի նախագահ Ժան-Լուի Կարերի հետ։

Հանդիպման ընթացքում արծարծվեցին հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունների առավել ամրապնդման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը, կարևորվեց այդ գործընթացում Հայաստանի և Ֆրանսիայի խորհրդարանների դերակատարությունը:

Անդրադարձ կատարվեց մի շարք տարածաշրջանային և միջազգային հարցերի։ Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց Հարավային Կովկասի տարածաշրջանային խնդիրների լուծման վերաբերյալ Հայաստանի  մոտեցումները:

Նույն օրը Ֆրանսիայի Ազգային ժողովի և Սենատի հայ-ֆրանսիական միջխորհրդարանական բարեկամության խմբերի անդմաների հետ  ջերմ և անմիջական մթնոլորտում անցած հանդիպմանը ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը բարձր գնահատեց ֆրանսիացի խորհրդարանականների նախաձեռնությունները և ներդրումը հայ-ֆրանսիական ավանդական բարեկամական հարաբերությունների զարգացման գործում։

Տարբեր կուսակցություններ ներկայացնող Ֆրանսիայի Սենատի և Ազգային ժողովի անդամները վստահեցրին, որ շարունակելու են ջանքերը Հայաստանի և Ֆրանսիայի միջև համագործակցության առավել սերտացման և ընդլայնման ուղղությամբ։

Օրվա երկրորդ կեսին Էդվարդ Նալբանդյանը Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունների մասին ծավալուն ելույթով հանդես եկավ Միջազգային հարաբերությունների ֆրանսիական ինստիտուտում, որին ներկա էին Փարիզում հավատարմագրված դեսպաններ, Ֆրանսիայի արտգործնախարարության և այլ պետական գերատեսչությունների բարձրաստիճան պաշտոնյաներ, հեղինակավոր փորձագետներ ու լրագրողներ, ֆրանսիական խոշոր ընկերությունների ներկայացուցիչներ:

Նախարար Նալբանդյանը իր ելույթում ներկայացրեց հայ-ֆրանսիական հարաբերությունները, Հայաստան-Եվրոպական միություն համագործակցությունը, Եվրոպայի խորհրդում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները, միջազգային և տարածաշրջանային մի շարք խնդիների վերաբերյալ Հայաստանի մոտեցումները: Ելույթից հետո Հայաստանի արտգործնախարարը պատասխանեց ներկաների բազմաթիվ հարցերին։

Երեկոյան ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ Ֆրանսիայի առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչների, հեղինակավոր քաղաքագետների և վերլուծաբանների հետ։ Հանդիպմանը տեղի ունեցավ շահագրգիռ և հանգամանալից քննարկում միջազգային հարաբերությունների արդի հիմնախնդիրների վերաբերյալ:

Ընթերցող երեխան՝ միջավայրի հերոս

arm-6021-SAM_3222Հայաստանի գրողների միությունում տեղի է ունեցել “Ընթերցման” օլիմպիադայի եզրափակիչ փուլն ու պարգևների հանձնման պաշտոնական արարողությունը: Հանդիսավոր միջոցառմանը ներկա է գտնվել և հաղթողներին մրցանակներ հանձնել ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Ողջունելով “Ընթերցման” օլիմպիադայի մասնակիցներին և կարևորելով նախաձեռնությունը՝ նախարարը շեշտել է, որ ապագան ընթերցող երեխայինն է: “Ապագան կառուցվում է գիտելիքի արժևորմամբ. ոչ ընթերցասեր մարդը հուսալի ապագա չունի: Ամիսներ տևած օլիմպիադան գրանցեց իր հաջողությունը: Սա գրքին մերձենալու հաջողված առիթ էր: Մեր աշակերտներն ապացուցեցին, որ ժամանակակից հայ երեխան գիրքը համակարգչով չի փոխարինում և, բացի հեռակառավարման վահանակից և համակարգչից, սիրով նաև գիրք է բացում ու կարդում: Վերջին շրջանում հաճախակի են դարձել հոռետեսական կանխատեսումները՝ “գրքի մահանալու” մասին, մինչդեռ ես վստահ եմ, որ դա այդպես չէ, քանի որ մեր հասարակության մեջ կան մարդիկ, ովքեր գիրքը մշտապես իրենց ձեռքում են պահում,- նշել է նախարարը և հավելել,- չեմ թերագնահատում տեխնոլոգիական առաջընթացը: Ինքս լինելով տեղեկատվական միջոցների ակտիվ օգտատեր՝ մշտապես ունեմ գիրք կարդալու մեծ ցանկություն, քանի որ վստահ եմ՝ գրքով կարդացածն ուրիշ է”:
“Ընթերցման” օլիմպիադայի առաջին փուլը կայացել է նոյեմբերին, որին մասնակցել են շուրջ 10 հազար աշակերտներ հանրապետության տարբեր դպրոցներից: Օլիմպիադան անցկացվել է 6-րդ դասարանցիների շրջանում: Եզրափակիչ փուլում մրցել են 33 աշակերտներ, որոնցից էլ մասնագիտական մրցատյանի կողմից ընտրվել են հաղթողները: “Ընթերցման” օլիմպիադայի ընթացքում ժյուրին գնահատել է աշակերտների սահուն ընթերցելու, ճիշտ հնչողությամբ և շեշտադրմամբ կարդալու կարողությունը: Ժյուրիի անդամ, գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանի տեղեկացմամբ՝ եզրափակիչ փուլում երեխաները նախ ընթերցել են իրենց նախընտրած ստեղծագործությունը, այնուհետև արդեն՝ ժյուրիի կողմից առաջարկված ստեղծագործությունը:
Հաղթող է ճանաչվել Մարիա Նավասարդյանը: Երկրորդ և երրորդ տեղերը գրավել են համապատասխանաբար Սաթենիկ Միրաքյանն ու Ալեն Սարգսյանը: Եզրափակիչ փուլի բոլոր մասնակիցները պարգևատրվել են հավաստագրերով, ինչպես նաև հովանավորների կողմից նախատեսված այլ մրցանակներով: Հաղթողը ստացել է Հռոմ մեկնելու ուղեգիր՝ ծնողներից մեկի ուղեկցությամբ:
Մրցույթը կազմակերպվել է ՀՀ կրթության և գիտության, ՀՀ մշակույթի նախարարությունների և “Անտարես” հրատարակչության կողմից: Նախաձեռնությանը աջակցել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը, ինչպես նաև մի շարք մասնավոր կազմակերպություններ: Մրցանակներ են ստացել նաև եզրափակիչ փուլին մասնակցող երեխաների դպրոցները: Կազմապերպիչների խոսքով՝ “Ընթերցման” օլիմպիադայի հիմնական գաղափարը ընթերցող երեխային շրջապատի, միջավայրի, համայնքի հերոս դարձնելն է եղել:

Ինքնասպանության փորձ Վանաձոր քաղաքում

imagesՄայիսի 15-ին, ժամը 07.07-ին անձը չպարզված քաղաքացին դիմել է թիվ 37 ՀՓՋ առ այն, որ քաղաքացին փորձում է ինքնասպան լինել` նետվելով կամրջից:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Վանաձոր քաղաքի Սանկտ Պետերբուրգ փողոցի 5-4 թիվ 1/21 տնակի սեփականատեր` 1959 թ. ծնված Ս. Հովհաննիսյանը Ներսիսյան փողոցի մոտակայքում գտնվող կամրջից նետվել է Տանձուտ գետը:

Հրշեջ-փրկարարները գետից դուրս են բերել քաղաքացուն, ով տեղափոխվել է Վանաձոր քաղաքի բժշկական կենտրոն:

Բժիկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Բրազիլիայում թույլատրել են գրանցել նույնասեռ ամուսնությունները

o_466475Բրազիլիայի իշխանությունները որոշել են, որ պետմարմինները չպետք է մերժեն նույնասեռ զույգերին գրանցել իրենց միությունը:

Բրազիլիայի արդարադատության ազգային խորհուրդը, որը երկրի դատական համակարգի վերահսկողությունն է իրականացնում, ենթադրում է, որ սխալ է նման մարդկանց միայն քաղաքացիական միությունը հաստատող  փաստաթուղթ տրամադրելը, եթե նրանք կամենում են լիարժեք ամուսնության վկայական ստանալ:

2011-ին երկրի Գերագույն դատարանը,  չնայած եկեղեցու ընդդիմությանը, նույն սեռի ներկայացուցիչներին թույլատրեց քաղաքացիական միություն ու ամուսնություն կնքել: Ներկայում միասեռ ամուսնություններն օրինական են երկրի ընդամենը մի քանի նահանգում:

Արոնյանն առաջատարից ետ է մնում մեկ միավորով

լևոնimagesՆորվեգիայի Ստավանգեր քաղաքում ընթացող շախմատի գերմրցաշարում այսօր կկայանան 7-րդ տուրի հանդիպումները: Լևոն Արոնյանը սև խաղաքարերով ուժերը կչափի  չինացի Վան Հաոյի հետ:

Կկայանան նաև Սերգեյ Կարյակին (Ռուսաստան) – Հիկարու Նակամուրա (ԱՄՆ), Յոն Լյուդվիգ Համեր (Նորվեգիա) – Մագնուս Կառլսեն (Նորվեգիա), Թեյմուր Ռաջաբով (Ադրբեջան) – Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան), Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան) – Վեսելին Տոպալով (Բուլղարիա) մրցամարտերը:

Մրցաշարային աղյուսակը վաստակած 4,5 միավորով գլխավորում է Կարյակինը: Կես միավոր պակաս ունի Կառլսենը:  Արոնյանը, Նակամուրան հավաքել են 3,5-ական, Անանդը, Սվիդլերը՝ 3-ական, Ռաջաբովը, Տոպալովը՝ 2.5-ական միավոր: Վան Հաոն ունի 2, Համերը՝ 1,5 միավոր:

ԱՐՇԱՎԻՐ ՇԻՐԱԿՅԱՆ. հայ վրիժառու բազուկը…

Arshavir_ShirakyanՀայոց «Նեմեսիսի» ականավոր գործիչներից է Արշավիր Շիրակյանը:

Ապագա վրիժառուն ծնվել է 1900 թ. Կոստանդնուպոլսում: Նրա կյանքի մասին շատ հետաքրքիր մանրամասներ են հայտնի` շնորհիվ իր հրատարակած ինքնակենսագրական «Կտակն էր նահատակներուն» վեպի:

Դեռ պատանության տարիներին Արշավիրն անդամագրվեց հայ ազատագրական պայքարի առաջամարտիկը համարվող Հայ հեղափոխական դաշնակցությանը: Դաշնակցությունը լավ դպրոց և դարբնոց եղավ հերոսի համար: Դաշնակցական էր Արշավիրի ողջ ընտանիքը: Պոլսի իրենց տունը հայ գործիչների հավաքատեղի էր: Այնտեղ հաճախ էին հավաքվում հասարակական, քաղաքական, մշակույթի գործիչներ` քննարկելու ստեղծված բարդ իրավիճակը: Այս քննարկումներին մասնակցում էր նաև պատանի Արշավիրը: Առաջին աշխարհամարտի սկզբից ևեթ Պոլսում ծանր ու լարված իրավիճակ էր: Չնայած երիտթուրքերի հավաստիացումներին` հայ գործիչները նոր կոտորածների կասկածանքով զգուշորեն էին գործում: Վիճակն ավելի ծանրացավ, երբ սկսված պատերազմի ժամանակ ՀՅԴ-ն հրաժարվեց ընդդեմ Ռուսաստանի համագործակցել թուրքական իշխանությունների հետ:

Այս պարագայում պատանի Արշավիրը իրենց տանը կատարվող գաղտնի հավաքների և քննարկումների ժամանակ հետախույզի դեր էր ստանձնում և ներկաներին փոխանցում իր հավաքած տեղեկությունները թուրքերի ծրագրերի մասին:

Շուտով համարձակ երիտասարդը կուսակցության առաջադրանքով լծվում է այլ պատասխանատու գործի. նա զենք-զինամթերք է հայթայթում և տեղավորում պահեստներում:

Սակայն, ցավոք, ՀՅԴ նախապատրաստական միջոցառումներն այլևս ժամանակավրեպ էին, և երիտթուրքերը կարողացան ի կատար ածել մեծ ոճիրը:

Փրկվելով թուրքական յաթաղանից` Արշավիր Շիրակյանը գործի անցավ: Նա անդամագրվեց ՀՅԴ-ի ստեղծած «Նեմեսիս» գործողության պատասխանատու մարմնին, որի նպատակը հայոց ցեղասպանություն իրականացնող դահիճների և հայ դավաճանների ահաբեկումն էր:

Եվ ահա Արշավիրը 1920 թ. ստանձնում է իր առաջին պարտավորությունը` շանսատակ անել Պոլսի հայերի մատնիչ` հայ մտավորականների ցուցակը կազմող Վահե Իհսանին: Մինչ այդ նա Պոլսում արդեն իսկ ահաբեկել էր մի քանի թուրք ոստիկանների և ձեռք բերել մարտական մկրտություն: Եվ ահա «Նեմեսիսի» պատասխանատու մարմնի որոշումով 1920 թ. մարտի 27-ին Արշավիր Շիրակյանը սպանում է Վահե Իհսանին:

Վրիժառուն դավաճանին հանդիպում է Թալաբաշ փողոցում: Ատրճանակից արձակած առաջին գնդակը վիրավորում է ստահակին, ով փորձում է փախչել: Սակայն հասնելով նրան` Արշավիրը գետին է տապալում և ատրճանակի ողջ պարունակությունը դատարկում գլխին: Ապա դարձյալ լիցքավորում է ատրճանակը, սպառնում իր շուրջը հավաքվող թուրք ամբոխին ու հեռանում:

Դավաճանի ահաբեկումից հետո Արշավիր Շիրակյանը հեռանում է Պոլսից և 1920 թ. ամռանը հայտնվում Երևանում: Այստեղ նա մտերմանում է հայ ազատամարտի ականավոր գործիչ Ռուբեն Տեր-Մինասյանի հետ, որի հանձնարարականով ծառայության է անցնում ՀՀ ոստիկանությունում: Հենց Ռուբեն Տեր-Մինասյանն էլ կազմակերպում է երկու արժանավոր հայորդիների` Արշավիր Շիրակյանի և Արամ Երկանյանի բախտորոշ հանդիպումը իր բնակարանում:

Նրանց հանդիպումը պատահական չէր: Ռուբեն Տեր-Մինասյանն իր բնակարան էր հրավիրել վրիժառու երիտասարդներին` կարևոր առաջադրանքով: Նրանք պետք է Բաքու ուղևորվեին և այնտեղ ի կատար ածեին Էնվեր և Խալիլ փաշաների գնդակահարությունը: Սակայն նրանց վիճակված չէր ի կատար ածել Ռուբենի հրահանգները: Վրիժառուները, բնականաբար, Բաքու կարող էին հասնել միայն Վրաստանով: Այդպես էլ անում են, սակայն Թիֆլիսում ձերբակալվում են վրացական ոստիկանության կողմից և բանտ նետվում: Բարեբախտաբար` կուսակցական ընկերներին հաջողվում է կազմակերպել նրանց փախուստը, որից հետո երկու վրիժառուները Պատասխանատու մարմնից հանձնարարություն են ստանում անցնել Պոլիս և այնտեղ սպասել նոր առաջադրանքի:

Պոլսում Շիրակյանը երկար չմնաց: Նա շուտով ուղևորվեց Հռոմ` ի կատար ածելու հայոց «Նեմեսիսի» մյուս առաջադրանքը` գնդակահարել երիտթուրքական կառավարության վարչապետ Սայիդ Հալիմ փաշային, որը փախել և ապաստանել էր Հռոմում:

Երկար ժամանակ չպահանջվեց Շիրակյանից Հռոմում հայտնաբերելու երիտթուրք պարագլուխներին: Նա այնտեղ հանդիպեց անգամ Էնվեր փաշային, բայց հանգամանքները բարենպաստ չէին` ի կատար ածելու ոսոխի մահապատիժը:

Հռոմում Արշավիր Շիրակյանի գլխավոր թիրախը Սայիդ Հալիմն էր: Նա որոշ ժամանակ զննեց Հալիմի կենցաղը և 1921 թ. դեկտեմբերի 5-ին պատուհասեց նրան: Երբ Հալիմը կառքով իր թիկնապահի հետ վերադառնում է զբոսանքից, Արշավիրը ցատկում է կառքի ոտնատեղին, ատրճանակը պարպում վախից անշարժացած Սայիդ Հալիմի քունքին, ապա սառնասրտորեն գլխարկն ու վերարկուն հանում է, թողնում կառքում և արագ հեռանում: Սայիդ Հալիմի թիկնապահը վախեցած անգամ փորձ չի անում հակառակվել հերոսին: Երիտթուրք պարագլուխները, ահաբեկված Շիրակյանի գործողությունից, փախուստի են դիմում Հռոմից, իսկ վրիժառուն «Նեմեսիսի» հանձնարարականով կրկին վերադառնում է Պոլիս` սպասելով հետագա ցուցումների:

Շահան Նաթալու կողմից նոր կարգադրությունը չի ուշանում. 1922 թ. փետրվարին Արշավիր Շիրակյանը Շահան Նաթալու, Արամ Երկանյանի և մի քանի այլ ընկերների հետ ժամանում է Բեռլին` պատուհասելու երիտթուրք պարագլուխ, «Թեշքիլաթը մահսուսե» կազմակերպության ստեղծող, «Թուրքիան` թուրքերին» կարգախոսի հեղինակ Բեհաէդդին Շաքիրին և Տրապիզոնի ջարդերի կազմակերպիչ Ջեմալ Ազմիին:

Շատ չանցած` խումբը հայտնաբերում է Ջեմալ Ազմիի բնակարանը և հետախուզում նրան: Այս գործում «Նեմեսիսին» մեծ ծառայություն է մատուցում Մեհմեդ Ալի կեղծանունով թուրքերի շրջապատ սողոսկած վրիժառու հայորդին` Հրաչ Փափազյանը: Նա հայտնում է «Նեմեսիսի» պարագլուխներին, որ թուրքերի հավաքատեղին հենց Ազմիի խանութն է: Վրիժառուները որոշում են հավաքի ժամանակ ներխուժել խանութ և բոլորին շանսատակ անել այնտեղ: Սակայն այս պլանը ձախողվում է: Բայց դա չի հուսահատեցնում Շիրակյանին ու իր ընկերներին, որոնք մշակում են վրիժառության երկրորդ պլանը: Վրիժառուները որոշում են գործողությունն ի կատար ածել մարտի 15-ին, երբ թուրքերը հավաքվելու էին Թալեաթի տանը` նշելու նրա սպանության տարելիցը: Պլանի համաձայն` այդ օրը պիտի իսկական «տոն» դառնար թուրք ոճրագործների համար: Սակայն այս պլանը նույնպես ձախողվում է:

Սա հուսահատեցնում է Շահան Նաթալիին, որը ցանկանում է անգամ չեղյալ համարել գործողությունն այդ փուլում: Այնուամենայնիվ, վճռականությունը հաղթեց: 1922 թ. ապրիլի 17-ին թուրք հասարակության սերուցքը խնջույքի էր հավաքվել Պոլսի նախկին ոստիկանապետ Ազմի բեյի տանը: Կեսգիշերից առաջ ավարտվեց խնջույքը, և թուրքերը խմբերով հեռացան հյուրընկալի տնից:  Նրանց մեջ էին Թալեաթի կինը` Հայրիե Թալեաթը, Բեհաէդդին Շաքիրը, Ջեմալ Ազմին` իրենց կանանցով և երեխաներով, մի խումբ թիկնապահներ:

Հետևի կողմից մոտենալով խմբին` Արշավիր Շիրակյանն ու Արամ Երկանյանը հարձակվեցին նրանց վրա: Արշավիրը, հայտնվելով Ջեմալի կողքին, մի կրակոցով գետին տապալեց նրան: Մյուս կրակոցն ուղղված էր Բեհաէդդին Շաքիրին, սակայն այս անգամ Արշավիրը վրիպեց: Գնդակը մտավ այտի մեջ, դուրս եկավ մյուս այտից: Այդ պահին չուշացավ Արամ Երկանյանի կրակոցը, որը գլխի թափանցիկ կրակոցով վերջ տվեց ճիվաղի կյանքին:

Երբ իրենց առաքելությունը ավարտած հայորդիները սկսեցին նահանջել, Թալեաթի այրին փորձեց խանգարել Արշավիրին: Վերջինս ատրճանակը պահեց նրա կրծքին, սակայն վեհանձնաբար չկրակեց: Վախեցած այրին հետ քաշվեց, և Արշավիրը հեռացավ դեպքի վայրից: Սակայն չդիմանալով գայթակղությանը` նա քիչ անց հետ վերադարձավ` հիանալու իր և Արամի աշխատանքի արդյունքով. երկու հայասպանները և մեկ թիկնապահ թավալգլոր սատակած էին Ուհլանդ փողոցի մեջտեղում, իսկ նրանց ուղեկցող կանայք և տղամարդիկ խելակորույս վայնասուն էին բարձրացրել:

Իմանալով, որ թուրք պարագլուխներին հանդիսավոր ու պատվավոր թաղում են նախապատրաստում, Շահան Նաթալին միտք հղացավ հենց թաղման օրը սպանդ սարքել և միանգամից լուծել հայության վրեժը երիտթուրքերից: Սակայն հետախուզությունը հաղորդեց, որ Գերմանիայի իշխանությունները խիստ հսկողություն են սահմանել և տասնյակ հայեր են արդեն ձերբակալվել: Իրենց գործը փառահեղ ավարտած` հայ վրիժառուները հեռացան Բեռլինից:

Թվում էր, թե ամեն ինչ ավարտված է, սակայն Բուլղարիայում նրան փորձություն էր սպասում: Վառնայի «Բալկան» հյուրանոցի սրճարանում թուրքերը ծուղակ են պատրաստում Արշավիրի համար և մի քանի հոգով շրջապատում են նրան առևանգելու և հաշվեհարդար տեսնելու մտադրությամբ: Այս ծանր պահին քաջ հայորդին չի կորցնում իրեն: Ուղղակի գրպանից հանում է ատրճանակը, պահում թուրքերի վրա և սպառնում գնդակահարել ավելորդ շարժում անողին: Ապահովելով իր կյանքը` նա սրճարանի աշխատակիցներից պահանջում է ոստիկանություն կանչել:

Մոտեցած ոստիկանը պարզաբանում է, որ Արշավիրի պատանդները թուրք գաղտնի ոստիկաններ են, որոնք ուզում են վրիժառուին ձերբակալել և Պոլիս տանել հաշեհարդարի: Արշավիր Շիրակյանը ստիպված խոստովանում է բուլղարացի ոստիկանին իր ով լինելը. նա ասում է, որ ինքն է Հռոմի և Բեռլինի սպանությունների հեղինակը, ՀՅԴ անդամ է և բուլղարների պես պայքարում է թուրքական բռնապետության դեմ: Ոստիկանը Արշավիրին ոչ միայն չի հանձնում թուրքերին, այլև իր պաշտպանության տակ է առնում:

Նույն 1922 թ. Արշավիր Շիրակյանը ընտանիք է կազմում` ամուսնանալով  վաղուց սիրած աղջկա` Գայանեի հետ: Շուտով ՀՅԴ-ն փոխում է իր մարտավարությունը Թուրքիայի նկատմամբ, «Նեմեսիս» ծրագիրը կասեցվում է: Այլևս անելիք չունենալով Եվրոպայում` Արշավիր Շիրակյանը 1923 թ. ընտանիքով հաստատվում է ԱՄՆ-ում, որտեղ էլ գործում է մինչև կյանքի վերջը: Նա հաստատվեց Նյու-Յորքում, որտեղ զբաղվեց արևելյան գորգերի առևտրով:

Մեծ հայորդին ու վրիժառուն վախճանվեց 1973 թ. ապրիլի 12-ին:

 

Վահե ԱՆԹԱՆԵՍՅԱՆ

Ջասթին Բիբերի և Բոն Ջովիի համերգներից հետո ստադիոնը գողերի թիրախ է դարձել

Անցած հանգստյան օրերին Ջասթին Բիբերի և Բոն Ջովիի համերգներից հետո գողերը իրենց թիրախ են դարձրել հարավային Աֆրիկայի հայտնի FNB ստադիոնը: Նրանք անվտանգության սենյակ մուտք են գործել՝ պատի մեջ անցք բացելով և պարաններով սենյակ իջնելով, այնուհետև պարանների և աստիճանների միջոցով դուրս էին եկել այդտեղից:

Իշխանությունները չեն մանրամասնում, թե որքան գումար են նրանք գողացել, սակայն կարծում են, որ գումարի մեծ մասը գողերը վերցրել են բազմաթիվ բարերից, սննդի և առևտրի կետերից:

Մինչև երկուշաբթի առավոտյան ոչ ոք չէր նկատել, որ անվտանգության սենյակի գումարը տեղում չէ:

Ստադիոնի մենեջերների թիմի անդամներից մեկը Eyewitness News South Africa-ին հայտնել է, որ դա պատահական գողություն չի եղել, այլ նախապես մի քանի օր առաջ ծրագրված գործողություն է եղել:

130514102344-bieber-johannesburg-0512-story-topՈստիկանությանը օգնելու համար մասնավոր խուզարկուներ են հրավիրվել, նույնիսկ մի քանի աշխատակիցներ ճշմարտության դետեկտորի թեսթ են հանձնել: Իշխանությունների կարծիքով՝ այս մասշտաբների գողություն կարող էին իրականացնել միայն ստադիոնի անվտանգության համակարգին և գծագրին ծանոթ մարդիկ: Պատկան մարմինները ուսումնասիրում են շրջակայքում տեղադրված 10 տեսախցիկների ձայնագրությունները, որի մանրամսաները գաղտնի են պահվում:

Գողությունը իրականացվել է կիրակի օրը 60,000 հանդիսատեսի համար Բիբերի համերգից ժամեր անց: Գողության մասին իմանալուց հետո Բիբերը հերքել է իր կապը դրա հետ՝ TMZ-ին հայտնելով, որ ինքը նման բան չի արել:

 

Էրդողանը ԱՄՆ է մեկնել

erdoganԹուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը այսօր պաշտոնական այցով մեկնել է ԱՄՆ-ը՝ նախագահ Բարաք Օբամայի հրավերով: «Anadolu» գործակալությունը հաղորդում է, որ այցի շրջանակներում մայիսի 16-ին Էրդողանը կհանդիպի ԱՄՆ-ի նախագահի հետ: Ստացված տեղեկության համաձայն՝ Էրդողանն ու Օբաման քննարկելու են երկկողմ հարաբերությունների զարգացմանը և տարածաշրջանային ու միջազգային օրակարգին առնչվող հարցեր: Այնուհետև բանակցություններ կընթանան արդեն ընդլայնված՝ պատվիրակությունների մակարդակով: Երկու երկրների ներկայացուցիչները հանդես կգան համատեղ մամլո ասուլիսով:
Թուրքիայի վարչապետին ամերիկյան այցի ժամանակ ուղեկցում են արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն, էկոնոմիկայի նախարար Զաֆեր Չաղլայան, Եվրոմիության հարցերով նախարար Էգեմեն Բաղըշը և մի շարք թուրք գործարարներ:

Սպիտակ տունը, քաղաքական միտումներով, հակահայ միջնորդագիր է ներկայացնում ԱՄՆ Գերագույն դատարան

harut-sasunyan6001327137345Անցյալ տարվա հոկտեմբերին Միացյալ Նահանգների Գերագույն դատարանը հարցրել էր Օբամայի վարչակազմին, թե արդյոք պետք է վերանայի Դաշնային վերաքննիչ դատարանի որոշումը, որը չեղյալ էր համարել Հայոց ցեղասպանության ժամանակաշրջանում կյանքի ապահովագրության հայցերի վաղեմության ժամկետի երկարացման մասին Կալիֆորնիայի օրենքը (Բաժին 354.4):

 

Միացյալ Նահանգների կառավարության շահերը Գերագույն դատարանում ներկայացնող Գլխավոր փաստաբանն անցյալ շաբաթ պատասխան էր ներկայացրել դատարան: Նա կոչ էր արել Գերագույն դատարանին չքննել հայցը, և ուժի մեջ թողնել 9-րդ շրջանային վերաքննիչ դատարանի որոշումը, ըստ որի, Կալիֆորնիայի օրենքը «անթույլատրելիորեն» ներխուժել է դաշնային կառավարության արտաքին գործերի լիազորությունների սահմաններից ներս:

 

Հաշվի առնելով նախագահ Օբամայի՝ Թուրքիայի առաջ խոնարհվելու տխրահռչակ համբավը, հատկապես Հայոց ցեղասպանության հարցերով, զարմանալի չէ, որ վարչակազմի միջնորդագիրը շատ ավելի զիջողական էր, քան այն հարցը, թե արդյոք Գերագույն դատարանը պետք է քննի սույն հայցը:

 

Միացյալ Նահանգների փաստաբանը հետևյալ անհիմն պնդումները կատարեց.

 

– Հակառակ հայ հայցվորների պնդումների՝ «Կալիֆորնիայի նահանգը չի գործել իր ավանդական իրավասության շրջանակներում», այսինքն՝ ապահովագրության կարգավորման.

 

– Կալիֆորնիայի օրենքը «ներխուժում է դաշնային կառավարության արտաքին գործերի հիմնական լիազորությունների սահմաններից ներս» և վճիռներ կայացնում՝ «հիմնված քաղաքական վիճելի հարցերի վրա, որոնք Օսմանյան կայսրությունում տեղի են ունեցել գրեթե մեկ դար առաջ».

 

–  Այս օրենքը, բացի պարզապես ներխուժումից, «կխանգարի Թուրքիայի հետ արտաքին հարաբերություններին»: Նախագահ Բիլ Քլինտոնը և Ջորջ Բուշ կրտսերը դեմ են արտահայտվել Հայոց ցեղասպանության վերաբերյալ Կոնգրեսի բանաձևերին, պնդելով որ նման միջոցառումները «կվնասեն Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների բարելավմանն ուղղված ջանքերին».

 

– Բաժին 354.4-ը «անթույլատրելիորեն կներխուժի դաշնային կառավարության արտաքին գործերի լիազորությունների» այն ասպարեզը, որտեղ Միացյալ Նահանգները «գործել է Առաջին համաշխարհային պատերազմից հետո ընկած ժամանակաշրջանում ամերիկացի քաղաքացիների որոշ հայցեր լուծելու համար՝ Անկարայի համաձայնագրի (25 հոկտեմբերի 1934 թ.), Ամերիկյան Լոզանի դաշնագրի (6 օգոստոսի 1923 թ.) և Բեռլինի դաշնագրի ու պահանջների համաձայնագրի (10 օգոստոսի 1922 թ.) միջոցով:

 

Պարտավոր ենք մի քանի հերքումներ ներկայացնել Միացյալ Նահանգների փաստաբանի սխալ և քաղաքական միտումներով պայմանավորված պնդումների առնչությամբ.

 

– Կալիֆորնիայի օրենքը չի ներխուժում դաշնային կառավարության արտաքին գործերի լիազորությունների սահմաններից ներս, քանի որ այն պարզապես փորձում է կարգավորել ապահովագրական ընկերությունների պարտավորությունները, որոնք Կալիֆորնիայի նահանգի իրավասության շրջանակներում են: Սույն օրենքը հնարավորություն է տալիս ուղղելու պատմական մի բացթողում՝ ստիպելով ապահովագրական ընկերություններին իրենց մահացած հաճախորդների ժառանգներին վճարել ժամկետանց  գումարները:

 

– Սույն գործով ամբաստանյալները գերմանական ապահովագրական ընկերություններն են, այլ ոչ թե Թուրքիան, չնայած վերջինս հակընդդեմ միջնորդագիր էր ներկայացրել դատավարությանը: Հատկանշական է, որ Միացյալ Նահանգների փաստաբանի միջնորդագիրն արտացոլում է Թուրքիայի առաջ քաշած որոշ փաստարկները:

 

– Միացյալ Նահանգների փաստաբանն ընտրողաբար հիշատակում է Քլինտոնի և Բուշի վարչակազմերի՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ Կոնգրեսի բանաձևերին դեմ արտահայտվելը, անտեսելով Միացյալ Նահանգների ավելի վաղ տեսակետները Ցեղասպանության ճանաչման վերաբերյալ, այդ թվում՝ 1975 և 1984 թվականներին Ներկայացուցիչների պալատի կողմից ընդունված երկու  բանաձևերը, 1981թ. նախագահ Ռեյգանի ընդունած նախագահական Հռչակագիրը և 1951 թ. Միացյալ Նահանգների կառավարության կողմից Արդարադատության միջազգային դատարան ներկայացրած՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող փաստաթուղթը:

 

– Միացյալ Նահանգների փաստաբանի հիշատակած բոլոր երեք պայմանագրերը (համաձայնագրերը) առնչություն չունեն սույն հայցի հետ: Անկարայի համաձայնագիրը և Ամերիկյան Լոզանի դաշնագիրը առնչվում են Թուրքիայի Հանրապետությանը և ոչ թե գերմանական ապահովագրական ընկերություններին: Բացի այդ, Ամերիկյան Լոզանի դաշնագիրը, որպես չվավերացված պայմանագիր, իրավական ուժ չունի: Միացյալ Նահանգների փաստաբանը հակասում է ինքն իրեն՝ ընդունելով, որ Կալիֆորնիայի օրենքը «հստակորեն չի հակասում Անկարայի համաձայնագրին, Ամերիկյան Լոզանի դաշնագրին կամ Բեռլինի դաշնագրին ու պահանջների համաձայնագրին», որոնք «քննարկում են միայն այն հայցերը, որոնք ներկայացվել են Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանում ԱՄՆ քաղաքացիներ համարվող անձանց կողմից, այլ ոչ թե նրանց, որոնք ԱՄՆ քաղաքացի են դարձել պատերազմի ավարտից հետո»:

 

Միացյալ Նահանգների փաստաբանի «իրավական կարծիքը» իր բոլոր առումներով թերի լինելուց բացի, ավելի շուտ քաղաքական հայտարարություն է, որն ամերիկյան քաղաքացիներին զրկում է ապահովագրական հայցերով հանդես գալու իրավունքից:

 

Մնում է միայն հուսալ, որ Գերագույն դատարանը կանտեսի Միացյալ Նահանգների փաստաբանի միջնորդագիրը և կհամաձայնի քննել գործը, սակայն այդ հավանականությունը քիչ է, քանի որ Դատարանը ընդունում է իրեն դիմած գործերի չնչին տոկոսը:

 

Եթե չվիճարկվեն Միացյալ Նահանգների փաստաբանի չհիմնավորված փաստարկները, ապա դրանք կարող են խիստ ժխտական ազդեցություն ունենալ ցեղասպանության հետ կապված փոխհատուցումների հետագա բոլոր ջանքերի վրա, հատկապես Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցի նախօրեին:

 

Ամերիկահայ համայնքի ղեկավարները պետք է ձեռնարկեն բոլոր հնարավոր միջոցները Միացյալ Նահանգների փաստաբանի քաղաքական միտումներով պայմանավորված փաստարկներին հակազդելու համար՝ կասեցնելով բոլոր կապերը Օբամայի վարչակազմի հետ, բողոքի ցույցեր կազմակերպելով նախագահական ելույթների ժամանակ, ձգտելով Կոնգրեսի միջամտությամբ ստեղծել դաշնային հանձնաժողով ցեղասպանության վնասների փոխհատուցման համար՝ Հոլոքոստի գույքի հարցերով հանձնաժողովի նմանությամբ, և փոփոխություն մտցնելով Կալիֆորնիայի օրենքի 354.4-րդ բաժնում՝ շրջանցելու համար ներկայացված առարկությունները, անկախ նրանից, թե դրանք որքան անհիմն են: Բացի այդ, Հայաստանի կառավարությունը պետք է անհապաղ հետ կանչի իր ստորագրությունը Հայ-թուրքական արձանագրություններից, որոնք որպես պատրվակ բազմիցս հիշատակվում են Սպիտակ տան և ԱՄՆ դատարանների կողմից՝ Հայոց ցեղասպանությանն առնչվող ջանքերին ընդդիմանալու համար, իբր թե չխոչընդոտելու համար Հայաստան-Թուրքիա հարաբերությունները, որոնք գոյություն չունեն:

 

Այժմ  ակնհայտ է, որ նախագահ Օբամայի կողմից ոգեկոչման ամենամյա ուղերձներում «Մեծ եղեռն» եզրույթի խաբուսիկ օգտագործումն ամենևին էլ հավասարազոր չէ Հայոց ցեղասպանության ճանաչմանը՝ ի հեճուկս որոշ միամիտ անձանց  ուրախ-զվարթ հայտարարությունների:

 

Վերջապես, ամերիկահայ համայնքը պետք է վերանայի Կոնգրեսի բանաձևերի միջոցով Ցեղասպանության ճանաչման իր ռազմավարությունը, որոնք ոչ միայն ավելորդ են, այլև բացասական ազդեցությունն են ունենում, քանի որ այս անհաջող փորձերը ոտնահարում են նախկինում ընդունված բանաձևերը և կասկածի տակ դնում Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ Միացյալ Նահանգների վաղուց ընդունած դիրքորոշումը:

 

 

Հարութ Սասունյան

«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

ԲԱՔՎԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ եւ ՄԱԿ-ի ԲԱԶՄԱԿԻ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԸ

Շահան ԳանտահարյանՔաղաքական բանականության ճշտած օրինաչափութիւններին հաղորդակից մարդկանց համար տարօրինակ չի հնչում իհարկե ՄԱԿ-ի դատապարտումն ու արծարծած պահանջները Թուրքիայում տեղի ունեցած ահաբեկչական վերջին գործողությունների առումով։ ՄԱԿ ԱԽ-ը պահանջել է պատասխանատվության ենթարկել Թուրքիայի Ռեյհանլը քաղաքում իրականացված ահաբեկչության կազմակերպիչներին ու կատարողներին: ՄԱԿ ԱԽ-ի տարածած հաղորդագրությունում ընդգծվում է, որ անհրաժեշտ է պատասխանատվության ենթարկել այն անձանց, որոնք նախապատրաստել, կազմակերպել, ֆինանսավորել և հովանավորել են ամեն տեսակի դատապարտման արժանի ահաբեկչական այդ գործողությունները: Դրանում ասվում է, որ ՄԱԿ ԱԽ-ն ամենալուրջ ձևով դատապարտում է այդ սարսափելի գործողությունները: Փաստաթուղթը բոլոր երկրներին կոչ է անում Թուրքիայի հետ համագործակցել ահաբեկչությունների հետաքննման հարցում:

Բաքուն այստեղ ցուցադրել է փութկոտություն՝ հրապարակում կատարելով այն մասին, որ հենց ինքն է նախաձեռնել նման փաստաթղթի ձեւակերպումն ու որդեգրումը, հենվելով ՄԱԿ-ի ԱԽ-ի իր ժամանակաւոր անդամի հանգամանքի վրա։

Բաքվի նախաձեռնությունը կարող էր օդում նմալ եւ փոշիանալ, եթե ՄԱԿ-ի ԱԽ-ի մնացյալ անդամները չհամաձայնեին նման դատապարտագրի վաւերացմանը։ Կամ էլ դրանցից որեւէ մնայուն անդամ օտագործեր իր վետոյի իրաւունքը եւ տապալեր այս փաստաթղթի որդեգրումը։ Սա պարզապես այն բանի համար, որ Բաքվի ծառայությունը զուտ ինքնագնահատանքի սահմաններից դուրս գալու որեւէ հիմնաւորում չունի։

Թե բոլոր ուժերը պիտի որ դատապարտեին մարդկանց կյանքեր խլած ահաբեկչական արարքը, սա եւս նույնքան ակնկալելի էր։ Գուցե օգտակար կլինի այստեղ երկու դիտարկում նշել։ Առաջինը այն, որ Սիրիայում եւ Իրաքում նման ահաբեկչական գործողությունները չեն արժանանում նման արագ եւ խիստ դատապարտումների, այն էլ ՄԱԿ-ի ԱԽ-ի մակարդակով։ Դրա համար էլ քաղաքական բանականության հետեւողի ըմբռնողության սահմաններում հեշտ կտեղաւորվի ՄԱԿ-ի ԱԽ-ի առած այս քայլը։

Երկրորդ կետը գուցե աւելի դիտարժան է։ Փաստաղթում ասվում է, որ բոլոր երկրներին կոչ է անում Թուրքիայի հետ համագործակցել ահաբեկչությունների հետաքննման հարցում:

Պետությունների հակաահաբեկչական բաժանմունքների միջեւ համագործակցության մեքենականությունը նոր չէ որ ճշտվել է։ ՆԱՏՕ-ն ունի համանուն բաժանմունք, իր ստորաբաժանումներով։ Այս բաժանմունքը ահաբեկչական կազմակերպությունների նորացված ցուցակ էր հրապարակել, որտեղ ջնջել էր քրդական կազմակերպությունը։

Ե՛ւ նորացված ցուցակը ե՛ւ ահաբեկչական գործողությունների վայրը խոսում են քրդական ուղղվածության առումով վտանգազերծվածության մասին։

Հստակ է ամբաստանության ուղղությունը Անկարայի կողմից։ Թուրքիայի արտգործնախարարը պահանջում է միջազգային ընտանիքի միջամտությունը Սիրայում։ Միջամտության ակնկալված բնույթը պարզ է այս դեպքում։ Աւելին, Դաւութողլուն ակնկալում է, որ միջազգային ընտանիքն անհապաղ միացյալ կեցվածք որդեգրի Սիրիայի վարչակարգի դեմ։

Ի դեպ, Անկարան խնամքով անուշադրության է մատնում իր ռազմական օդանաւի ջախջախումը Սիրիայի սահմանի մոտակայքում։

Այս բոլորը տեղի են ունենում այն պահին, երբ Վաշինգտոնն ու Մոսկվան փորձում են համադրել ժամացույցի սլաքները Սիրիայի հարցի լուծման համար միջազգային ժողովի թվականի ճշտման համար։

Երեվի կանխահաս է նկատել, որ Սիրիայի հարցի ուղղությամբ համաձայնության միտող ժողովների կազմակերպման գործընթացին զուգահեռ ահաբեկչական գործողություններ են ծաւալում Թուրքիայում։

 

Շահան Գանտահարյան

«Ազդակ»-ի գլխավոր խմբագիր

Ռոտավիրուսի դեմ ստեղծվել է նոր պատվաստանյութ

4Ռոտավիրուսի դեմ ստեղծվել է նոր պատվաստանյութԳիտնականները երեքշաբթի ներկայացրել են նոր և ավելի մատչելի պատվաստանյութ ընդդեմ փորլուծություն առաջացնող վիրուսի, որն ամեն տարի խլում է 100,000 հնդիկ երեխաների կյանք:
Ջրազրկում և փորկապություն առաջացնող ռոտավիրուսից ողջ աշխարհում մահանում է տարեկան 453,000 մարդ: Այն առավելապես տարածվախ է Աֆրիկայում և Ասիայում:
Հնդկաստանի կենսատեխնոլոգիայի վարչության տնօրեն Կ. Վիջարագհավանն ասել է, որ սա միջազգային համագործակցության արդյունք է, սակայն դրա կիրառման համար անհրաժեշտ է ստանալ Նյու Դելիի համաձայնությունը:
Ռոտավակ անունը կրող պատվաստանյութը կպատրաստվի Հիդերաբադում գտնվող Bharat Biotech դեղագործական ընկերությունում:
Հնդկաստանում ռոտավիրուսի պատճառով տարեկան հոսփիթալացվում է 884,000 մարդ: Այն պետությանը տալիս է 72 մլն դոլարի վնաս: