Գերմանիան ֆուտբոլի աշխարհի գավաթը հաղթելու կապակցությամբ դրոշմանիշներ է վաճառքի հանել

Գերմանիա, ֆուտբոլից հետո

Գերմանիա, ֆուտբոլից հետո

Կիրակի օրը իրենց ֆուտբոլային թիմի՝ աշխարհի գավաթը հաղթելու կապակցությամբ Գերմանիան հինգ միլիոն դրոշմանիշ է թողարկել:

Դրոշմանիշների առաջին օրինակները բաժանվել են թիմի անդամներին, իսկ դրանց 60 տոկոսը վաճառքի կհանվեն այս շաբաթ:

Եթե Գերմանիան պարտվեր եզրափակիչ խաղը, ապա Deutsche Post-ի արտադրած դրոշմանիշները որպես տպագրական խոտան կոչնչացվեին:

Դրոշմանիշները պատվիրել է Գերմանիայի ֆինանսների նախարարությունը, որին պատկանում է Deutsche Post-ի բաժնետոմսերի 21 տոկոսը:

Germany- stampsԳերմանիայի հաղթանակից հետո Գերմանիայի ֆուտբոլի թիմի չորս աստղեր պարունակող նոր շապիկները վաճառվել են ժամերի ընթացքում:

Գերմանիան աշխարհի չեմպիոն էր դարձել կիրակի օրը, իսկ Adidas-ը ժամանակ չէր կորցրել այդ կապակցությամբ շապիկները վաճառքի հանելու համար:

Երկուշաբթի օրը Adidas-ի կայքում նշված էր, որ շապիկները արդեն վերջացել են:

 Անկախ

Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի հանրային քննարկում՝ Հրազդանում

արդարադատության նախարարություն«Սահմանադական բարեփոխումների անհրաժեշտություն կա այսօր: Հրազդան քաղաքում կազմակերպված սահմանադրական բարեփոխումների հայեցակարգին նվիրված հանրային քննարկման ժամանակ այս մասին է հայտարարել ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ Գևորգ Կոստանյանը:

         Նա առանձնացրել է երկու կարևոր հանգամանք՝ մարդու իրավունքների պաշտպանությունն  ու կառավարման ձևի փոփոխությունը: Նա կարևորել է նաև երկրում ինստիտուցիոնալ փոփոխության անհրաժեշտությունը: «Մենք պետք է սահմանենք այնպիսի վիճակ, որ անձերի փոփոխությունը չազդի համակարգի վրա: Կառավարման ձևի փոփոխությունը պետք է երկրում հանգեցնի կուսակցական համակարգի կայացմանն, ինչը կբերի կուսակցական քաղաքական պատասխանատվության ինստիտուտի ամրագրմանը»,-հավելել է Հանձնաժողովի անդամը:

Խոսելով դատական համակարգի մասին՝ նա նշել է, որ քննարկվում է անցում կատարել երկաստիճան դատական համակարգի, որն ավելի արդյունավետ կլինի:

«Եռաստիճան դատական համակարգի կիրառման ընթացքը ցույց է տալիս, որ երկաստիճանի անցնման կարիքը կա: Դատական ակտի բեկանման ժամանակ, մենք կորցնում ենք որակը: Դատարանակազմությունն ինքնին հանգեցրել է դրա փոփոխման անհրաժեշտությանը»,-նշել է Գևորգ Կոստանյանը:

Հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանը շեշտել է սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտությունը՝ ընդգծելով, որ այն կկարգավորի անհատ-պետություն հարաբերությունները:

Վարդան Պողոսյանը զուգահեռներ է անցկացրել ներկայիս և 1995թ-ի Սահմանադրության միջև՝ նշելով, որ այդ Սահմանադրությունը իշխանակենտրոն էր, որով իշխանության ինստիտուտների կայացման խնդիր էր դրվել:

«2005թ-ի փոփոխություններն ուղղված էին 1995թ-ի Սահմանադրության շեղումների շտկմանը, բայց դրանով էլ բոլոր խնդիրները չլուծվեցին: Այն իրավունքները, որոնք անմիջականորեն պետք է իրականացվեն և պաշտպանվեն՝ տարանջաման կարիք ունեն, ինչը գործող Սահմանադրությամբ չի ապահովվում»,- նշել է Հանձնաժողովի անդամը՝ շեշտելով, որ պետք է ստեղծվի սահմանադրական այնպիսի գործուն համակարգ, ըստ որի՝ այդ հիմնական իրավունքները կսահմանափակվեն Սահմանադրությամբ:

Վարդան Պողոսյանի խոսքով՝  ներկայացված հայեցակարգով առաջարկվում է անցում կատարել պառլամենտական կառավարման ձևին՝ իշխանության գերկենտրոնացման վտանգի պատճառով:

«Բարեփոխումների իրականացման անհրաժեշտությունը երկրի սոցիալ-քաղաքական իրողության փոփոխությունն է, այլ պատճառ չկա, որից օգտվելու են բոլորը»,-ասել է Հանձնաժողովի անդամը:

Հարցուպատասխանի ժամանակ ներկաները հետաքրքրվել են սահմանադրական բարեփոխումների հանրային քննարկման անցկացման գործընթացից, մարդկանց իրազեկվածության բարձրացմանն ուղղված աշխատանքներից:

Հարցադրումներ են եղել նաև Ազգային ժողովն արձակելու խնդիրների, Նախագահի ընտրության, մարդու իրավունքների իրականացման երաշխիքների ապահովման և այլ խնդիրների վերաբերյալ, որոնց տրվել են սպառիչ պատասխաններ:

Հայեցակարգի վերաբերյալ հաջորդ հանրային քննարկումը տեղի կունենա հուլիսի 17-ին, ժամը 11:00-ին, Գյումրիում:

 

 

ՀՀ ԱՆ տեղեկատվության

 և հասարակայնության հետ կապերի բաժին

Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Լատվիայի արտգործնախարարությունների միջև

Հայաստան-Լատվիա

Հուլիսի 14-ին ՀՀ ԱԳ նախարարությունում տեղի ունեցան հերթական քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Լատվիայի արտաքին գործերի նախարարությունների միջև:

Հայկական պատվիրակությունը ղեկավարում էր ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Արմեն Լիլոյանը, լատվիական կողմից` ԱԳՆ պետքարտուղարի տեղակալ, քաղաքական հարցերով տնօրեն Էդուարդս Ստիպրայսը:

Հայ և լատվիացի դիվանագետները քննարկեցին երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցեր: Կարևորվեց հայ-լատվիական քաղաքական երկխոսությունը, միջխորհրդարանական կապերի զարգացումը, քննարկվեցին առևտրատնտեսական կապերի զարգացմանն ուղղված քայլերը:

Կողմերն անդրադարձան միջազգային կազմակերպությունների և նախաձեռնությունների շրջանակներում փոխգործակցությանը, մտքեր փոխանակեցին ՀՀ-ԵՄ համագործակցության հեռանկարների վերաբերյալ:

Նույն օրը լատվիական պատվիրակությանն ընդունեցին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալներ Կարեն Նազարյանը և Շավարշ Քոչարյանը: Նշված հանդիպումների ընթացքում անդրադարձ կատարվեց տարածաշրջանային ու միջազգային օրակարգի հրատապ հարցերի:

ՀՀ ԱԺ պատվիրակության այցը Միացյալ Թագավորություն

ԱԺ պատգամավորներ

Հուլիսի 7-11-ը աշխատանքային այցով Լոնդոնում էր գտնվում ՀՀ ԱԺ պատվիրակությունը՝ Միջխորհրդարանական միությունում Բրիտանական խմբի հրավերով:

Պատվիրակության կազմում ընդգրկված էին ներկայացուցիչներ ԱԺ բոլոր խմբակցություններից՝ ՀՀԿ-ից Կարինե Աճեմյանն ու Ռուզաննա Մուրադյանը, ԲՀԿ-ից՝ Միքայել Մելքումյանը, Ժառանգությունից՝ Թևան Պողոսյանը, ՀՅԴ-ից՝ Արծվիկ Մինասյանը, ՀԱԿ-ից՝ Լյուդմիլա Սարգսյանը, ՕԷԿ-ից՝ Լևոն Դոխոլյանը:

Այս այցելությունը պատասխանն էր Բրիտանական խմբի պատվիրակության՝ ս.թ. փետրվարի 17-21-ը Հայաստան կատարած այցելության:

Պատվիրակությունը հանդիպեց Համայնքների պալատի փոխխոսնակ Լինդսի Հոյլին, Լորդերի պալատում ՄԹ ԱԳՆ՝ Ֆորին օֆիսի խոսնակ Լորդ Ուոլեսին, Միջխորհրդարանական միությունում Բրիտանական խմբի, ԵԽԽՎ-ում ՄԹ պատվիրակության, ինչպես նաև Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամներին:

Այցի ընթացքում բրիտանական խորհրդարանում կազմակերպվեց կլոր սեղան-քննարկում, որը նախագահում էր Մշակույթի, սպորտի և ԶԼՄ-ների հարցերով հանձնաժողովի նախագահ, պահպանողական պատգամավոր Ջոն Ուիթինգդեյլը:

Քննարկմանը մասնակցող Համայնքների և Լորդերի պալատների անդամները հանարավորություն ունեցան հայ խորհրդարանականներին հարցեր ուղղելու, որոնք վերաբերում էին Հայաստան-ԵՄ, Հայաստան-Ռուսաստան հարաբերություններին, Եվրասիական միությանը անդամակցելուն, Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման հեռանկարներին, հայ-թուրքական հարաբերություններին, ինչպես նաև Ուրկրաինայի շուրջ ընթացող զարգացումներին:

Պատվիրակությունը հանդիպեց նաև Բրիտանա-հայկական համակուսակցական խորհրդարանական խմբի հետ՝ վերջինիս տարեկան ժողովի ամփոփումից հետո: Խմբի արդեն նախկին նախագահ Բարոնուհի Քոքսը, ողջունելով ԱԺ պատգամավորներին, տեղեկացրեց, որ խումբը ընդունել է իր հրաժարականը և ընտրել նոր նախագահ՝ Ջոն Ուիթինգդեյլին: Խմբի փոխնախագահ է ընտրվել ընդդիմադիր լեյբորիստական կուսակցության ներկայացուցիչ Սթիվեն Փաունդը: Կողմերը հույս հայտնեցին, որ նորընտիր խմբի ու ՀՀ ԱԺ հայ-բրիտանական բերեկամության խմբի համատեղ ջանքերով կակտիվացվի ու կխորացվի միջխորհրդարանական համագործակցությունը: Այդ համատեքստում պատրաստակամություն հայտնվեց` ներդնել բոլոր ջանքերը՝ քաջալերելու երկու երկրների միջև տնտեսական, մշակութային և կրթական կապերի զարգացմանը:

Պատվիրակության պատվին ընդունելություն կազմակերպեց Լոնդոնում ՀՀ դեսպանությունը, որին հրավիրված էին բրիտանահայ համայնքային կազմակերպությունների ղեկավարները, բրիտանացի խորհրդարանականներ և դիվանագետներ:

Ողջունելով ներկաներին՝ ՄԹ-ում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը շնորհավորեց Բարոնուհի Քոքսին, ով ընտրվել է Բրիտանա-հայկական համակուսակցական խորհրդարանական խմբի ցկյանս պատվո նախագահ, և Հայաստանի ու բրիտանահայ համայնքի անունից երախտագիտություն հայտնեց նրան` հայ-բրիտանական բարեկամության ամրապնդման, Արցախի խնդիրը ՄԹ-ում հանրայնացման ու Արցախի ժողովրդին ցուցաբերած աջակցության համար: Խորհրդարանական պատվիրակության անունից շնորհակալական խոսք ասաց Թևան Պողոսյանը:

Հայ խորհրդարանականները նաև ճանաչողական այցելություն կատարեցին Օքսֆորդ, որտեղ նրանց հյուրընկալեց Ռեդինգի ընտրատարածքից Համայնքների պալատի պատգամավոր ընտրված Անոկ Շարման:

Պատվիրակությունը այցելեց նաև Օքսֆորդի համալսարանի հայագիտության ամբիոն, որտեղ հանդիպեց ամբիոնի վարիչ, հայտնի հայագետ Թեո վան Լինթին:

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային շրջայց է կատարել Արաբկիր վարչական շրջանում

 

Տարոն ՄարգարյանԵրևան քաղաքի զարգացման 2014 թվականի ծրագրերի շրջանակում մայրաքաղաքում շարունակվում են բարեկարգվել, կանաչապատվել ու կահավորվել բակային տարածքները: Արաբկիր վարչական շրջան կատարած աշխատանքային շրջայցի շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը բնակիչների հետ միասին հանդիսավորությամբ բացել է այս տարվա ծրագրով արդեն բարեկարգված, ժամանակակից խաղահրապարակներով, մարզական գույքով, զրուցարաններով և նստարաններով կահավորված ու գիշերային լուսավորությամբ ապահովված հերթական բակերը: Շնորհակալություն հայտնելով քաղաքապետին բակերի բարեկարգման ծրագիրը հետևողականորեն կյանքի կոչելու համար՝ Կոմիտասի 55 և Քոչարի 17 բակային տարածքների բնակիչները նկատել են, որ տասնյակ տարիներ անխնամ մնացած տարածքներն այսօր այլևս համալրել են մայրաքաղաքի հարյուրավոր բարեկարգ բակերի շարքը:

003Իր հերթին շնորհակալություն հայտնելով գնահատանքի համար՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանն էլ մեկ անգամ ևս նշել է, որ որպես ծրագրային առաջնահերթություն՝ բակերի բարեկարգման ծրագիրը շարունակվելու է այնքան ժամանակ, մինչև մայրաքաղաքի բոլոր բակերը լինեն բարեկարգված. «Մենք յուրաքանչյուր տարի շուրջ 400 բակ ենք բարեկարգում և հանձնում մեր բնակիչներին:

005 Այս տարի բարեկարգվող բակերի թիվը կարող է հասնել մինչև 600-ի, քանի որ համայնքային բյուջեով նախատեսված շուրջ 400 բակերին կարող է ավելանալ նաև մասնավորի կողմից մինչև 200 բակերի բարեկարգումը: Անշուշտ, սա Երևանի քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցության ևս մեկ հրաշալի ապացույցը կդառնա, ինչը մշտապես ողջունվել և ողջունվելու է մեր կողմից: Բազմիցս եմ առիթ ունեցել հայտարարելու, որ մասնավորի կողմից նախաձեռնվող յուրաքանչյուր աշխատանք, որը միտված է Երևանի զարգացմանն ու երևանցիների միջավայրն առավել հարմարավետ դարձնելուն, մեր լիազորությունների շրջանակում մշտապես ստանալու է մեր աջակցությունը: Ավելորդ չեմ համարում նաև նշել, որ բակերի բարեկարգման ծրագիրը մեր կողմից իրականացվում է մայրաքաղաքի համաչափ զարգացման սկզբունքով ու, ըստ այդմ, այդ աշխատանքներն իրականացվում են բոլոր 12 վարչական շրջաններում»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

001

Կոմիտասի 55 հասցեում բարեկարգված բակի  կանաչապատման գոտում Երևանի քաղաքապետը եղևնիներ է տնկել:

006

Շրջայցի շրջանակում Տարոն Մարգարյանը վարչական շրջանի ղեկավարի ուղեկցությամբ այցելել է նաև Արաբկիրի բարեկարգվող մի շարք բակերի շինհրապարակներ: Պատասխանատուները քաղաքապետին են ներկայացրել բակային տարածքներում նախատեսվող համալիր բարեկարգման նախագծերն ու աշխատանքների ընթացքի մանրամասները: Հանգստի հարմարավետ գոտիների ստեղծման ու բակերի համալիր բարեկարգման 2014 թվականի ծրագրերի շրջանակում Արաբկիր վարչական շրջանում ընդհանուր առմամբ նախատեսվում է կառուցել և բարեկարգել 63 բակ: Դրանցից 23-ում աշխատանքներն արդեն ավարտված են: Զեկուցվել է, որ բարեկարգմանը զուգահեռ՝ ընթանում են նաև կանաչապատման աշխատանքներ: Տարեկան ծրագրով նախատեսվում է ազատել և ընդհանուր օգտագործման ծառայեցնել 12800 քմ տարածք: Հարկ է նշել, որ այս տարի ևս բարեկարգման ծրագրերում ներառվել են բակային տարածքների նկարազարդման աշխատանքները: Արդյունքում կնկարազարդվի ևս 5500քմ մակերես. «Քաղաքապետարանն ամենօրյա աշխատանք է տանում բակերի բարեկարգման ուղղությամբ, որպեսզի օր առաջ դրանք հանձնի մեր բնակիչների տնօրինմանը: Բոլորս էլ գիտակցում ենք, որ սա ոչ մեկ օրվա և ոչ էլ մեկ տարվա աշխատանք է, բայց կարևորը դրա մեկնարկը տալն էր, ինչը արել ենք ու շարունակելու ենք՝ մինչև մայրաքաղաքի բոլոր բակերը բարեկարգենք ու հանձնենք մեր բնակիչներին»,-  շեշտել է քաղաքապետը:

Տարոն Մարգարյանը զրուցել է բնակիչների հետ, լսել առաջադրվող խնդիրներն ու տեղում մեկ անգամ ևս պատասխանատուներին հանձնարարել է հաշվի առնել բնակիչների առաջարկներն ու նրանց ևս մասնակից դարձնել վարչական շրջանում իրականացվող ծրագրերին: Առանձնակի կարևորելով բակերի համալիր բարեկարգման ծրագրի իրականացումը՝  բնակիչներն իրենց հերթին  նշել են, որ մեծ ոգևորությամբ ու պատրաստակամությամբ են միացել քաղաքապետ Տարոն Մարգարյանի կոչին ու սեփական նախաձեռնությամբ են ազատել զբաղեցրած տարածքները:

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր բոլոր այն քաղաքացիներին, ովքեր ըմբռնումով են մոտենում բակերի բարեկարգման մեր ծրագրին և հաճախ անգամ իրենց ավտոտնակներից են հրաժարվում՝ բարեկարգ բակ ունենալու համար: Օրինակ հենց Արաբկիրում, որտեղ այս տարի կառուցում ենք 60-ից ավելի բակ, ապամոնտաժվել է շուրջ 80 ավտոտնակ: Մի խոսքով, մենք անելու ենք ամեն ինչ, որպեսզի առաջիկա տարիներին լիարժեք ավարտենք բակերի բարեկարգման ծրագիրն ու մայրաքաղաքում այլևս անբարեկարգ բակ չունենանք», – ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Բակերի համալիր բարեկարգման ծրագրից բացի, բնակիչների հանգստի կազմակերպման համար հարմարավետ են դառնում նաև պուրակներն ու հանգստի գոտիները: Արաբկիր վարչական շրջանի ղեկավարը քաղաքապետին է ներկայացրել նաև Գյուլբենկյան փողոցում գտնվող պուրակի բարեկարգման աշխատանքների ընթացքը: Զեկուցվել է, որ աշխատանքները կավարտեն սահմանված ժամկետում, և հանգստի այս գոտին ևս կհանձնվի բնակիչների տնօրինմանը: Ի դեպ, կառուցվող այս պուրակում կտեղադրվի նաև Գալուստ Գյուլբենկյանի կիսանդրին:

Աշխատանքային այցի շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է նաև Սարաջյանի անվան երաժշտական դպրոց: Պատասխանատուները քաղաքապետին զեկուցել են, որ հիմնանորոգման ծրագրի արդյունքում կրթօջախի սաների համար կապահովվեն հարմարավետ պայմաններ: Հարկ է նշել, որ Երևանի քաղաքապետարանի 2013 թվականի ծրագրերի շրջանակում ամբողջությամբ լուծվեց ինչպես այս, այնպես էլ մայրաքաղաքի բոլոր երաժշտական դպրոցների ջեռուցման խնդիրը: Ծանոթանալով հիմնանորոգման աշխատանքների ընթացքին՝ Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս վստահեցրել է, որ այս ծրագիրը ևս լինելու է շարունակական, և հարմարավետ պայմաններ են ապահովվելու Երևանի բոլոր երաժշտական դպրոցներում:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն   

Ընդունելության քննությունների արդյունքները հայտնի են

ԵՊՀ

Հրապարակվել է 2014-2015 ուստարվա դիմորդների անվանացանկը՝ ըստ անցողիկ միավորների և մասնագիտությունների:

Ընդունելության քննությունների անցողիկ միավորներին և դիմորդների անվանացանկին կարող եք ծանոթանալ ԵՊՀ պաշտոնական կայքի «Դիմորդ» բաժնում՝ http://www.ysu.am/entrant/hy/entrant-2014:

Արդյունքների հրապարակումից հետո դրական միավորներ ունեցող, բայց մրցույթից դուրս մնացած դիմորդները հնարավորություն կունենան դիմելու թափուր տեղերի համար և սովորելու վճարովի հիմունքներով:

Լիբիան մտադիր է միջազգային զորքեր հրավիրել

libya-airport

ժամանակավոր կառավարությունը մտադիր է զորքեր խնդրել միջազգային հանրությունից, քանի որ երեք օր տևող բախումների հետևանքով ավերվել է մայրաքաղաքի օդանավակայանի մեծ մասը:

Երեքշաբթի օրը կառավարությունը իր պաշտոնական կայքում հայտարարություն էր տեղադրել՝ կոչ անելով բոլոր հակառակորդ կողմերին դադարեցնել բախումները և նշելով, որ կարգը խախտած բոլոր հրամանատարները կմեղադրվեն մարդկության հանդեպ հանցանքներ կատարելու համար:

Կառավարությունը նաև հայտնել է, որ օդանավակայանի ինքնաթիռների 90 տոկոսը ռմբակոծվել են, իսկ մի շարք կառույցներ ավերվել:

Սա 2011թ-ին բռնապետ Մուամար Քադաֆիի պաշտոնանկությունից հետո Տրիպոլիում տեղի ունեցած ամենաուժեղ բախումներից մեկն է:

 Անկախ

Աֆղանստանում մեքենայի պայթյունի հետևանքով 38 մարդ է զոհվել

պայթյուն Աֆղանստանում

պայթյուն Աֆղանստանում

Երեքշաբթի օրը Աֆղանստանում մարդաշատ շուկայի մոտ մեքենայի պայթյունից զոհվել է 38 և վիրավորվել 30 մարդ:

Պակտիկա նահանգի ոստիկանապետի տեղեկություններով՝ մեքենան վարում էր մահապարտ ահաբեկիչը, որը չի կանգնել ոստիկանների ազդանշանից հետո:

Երեքշաբթի օրը մայրաքաղաք Քաբուլում հարձակվել են նաև նախագահական աշխատակազմի կողմից օգտագործվող մեքենայի վրա, որի պատասխանատվությունը ստանձնել են թալիբանները:

Թալիբանի ներկայացուցիչը մամուլի հայտարարության մեջ նշել է, որ պայթյունի հետևանքով զոհվել է երեք և վիրավորվել վեց մարդ: Նա նշել է, որ բոլոր զոհերը նախագահական պալատի մամուլի բաժնի աշխատակիցներ են եղել:

 

ՀՀ արդարադատության նախարարն այցելել է Վիրահայոց թեմ

Հովհաննես ՄանուկյանՀայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը Վրաստան կատարած երկօրյա այցի շրջանակներում հուլիսի 14-ին այցելել է Վիրահայոց Թեմի առաջնորդանիստ Սուրբ Գևորգ եկեղեցի, Սուրբ Էջմիածին եկեղեցի և «Հայարտուն» մշակութային կենտրոն: Դեռ Վրաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան եղած ժամանակ՝ Հովհաննես Մանուկյանը մշտապես ուշադրության կենտրոնում է պահել հայ համայնքի հոգևոր մշակութային կյանքը, ուստի այցն առիթ էր Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանից հետաքրքրվելու Սուրբ Գևորգ եկեղեցու շինարարական աշխատանքների ներկա վիճակով:

Սրբազանը նախարարին ներկայացրել է, որ արդեն իսկ կատարվել են եկեղեցու ամրացման և մասնակի վերակառուցման աշխատանքներ, սակայն եկեղեցու ներքին վերականգնումը առջևում է: Նա հույս է հայտնել, որ հիմնանորոգումից հետո Սուրբ Գևորգ տաճարը վերստին կներկայանա նորոգված, ամրացված ու գեղեցկացած տեսքով, վերականգնված որմնանկարչությամբ և պղնձե թիթեղապատ գմբեթով՝ որպես Վիրահայոց թեմի պատմական առաջնորդանիստ եկեղեցի:

Սուրբ Գևորգ տաճարը կառուցվել է 1251 թվականին, Նարիղալա բերդի ստորոտում 631 թվականին կառուցված առաջին հայկական տաճարի տեղում: Այն իր գոյության ընթացքում դիմակայել է բազում ներխուժումների եւ ավերածությունների, սակայն կանգուն է մնացել, շարունակելով լինել հայ հավատացյալ ժողովրդի Աստծո տունը: Հայ տաղանդավոր նկարիչներ Նաղաշ Հովնաթանյանի և Գևորգ Բաշինջաղյանի գեղանկարչության նմուշներով զարդանախշված Սուրբ Գևորգ տաճարը վերջին անգամ վերանորոգվել էր 1924 թվականին:

 

ՀՀ ԱՆ տեղեկատվության

 և հասարակայնության հետ կապերի բաժին

Հայաստանի օգտին լրտեսության մեջ մեղադրվող ադրբեջանցի լրագրողի կալանքի ժամկետը երկարաձգում են

Ռաուֆ ՄիրքադիորվԲաքվի Նասիմինի շրջանի դատարանը այսօր ուսումնասիրում է Ռաուֆ Միրքադիորովի կալանքի ժամկետը՝ համաձայն Գլխավոր դատախազության՝ ևս 3 ամսով երկարաձգելու միջնորդության: Այդ մասին “Թուրան” գործակալությանը հաղորդել է Միրքադիրովի իրավապաշտպան Էլմար Սուլեյմանով:

 

“Զերկալո” թերթի թղթակից Ռաուֆ Միրքադիրովը ապրիլի 19-ին Թուրքիայից արտաքսվել է և անմիջապես ձերբակալվել Բաքվի օդանավակայանում Հայաստանի օգտին լրտեսության մեղադրանքով:

 

Ապրիլի 21-ին դատարանը կալանավորել էր նրան 3 ամսով: Լրագրողը հերքում է մեղադրանքները՝ դրանք անհեթեթ և քաղաքականապես շահադրդված համարելով:

 

Նշենք, որ այսօր լրանում է Ռաուֆ Միրքադիովի 53 ամյակը: “Ամենայն հավանականությամբ Ռաուֆ Միրկադիրովի ծննդյան կապակցությամբ հենց այսպիսի նվեր են նրան պատրաստել: Ռաուֆ Միրկադիրովի կալանքի ժամկետը երկարաձգելու համար բացարձակապես ոչ մի այլ հիմք չեմ տեսնում”,- ընդգծել է փաստաբանը:

Անկախ

Ադրբեջանում անզգուշության հետևանքով զինծառայող է մահացել

կրակոցԱդրբեջանական բանակում զինվորի հերթական կորուստն է գրանցվել: Դեպքը տեղի է ունեցել պաշտպանության նախարության՝ առաջնագծում տեղակայված զորամասերից մեկում, հաղորդում է “ԱՊԱ” գործակալությունը:

Զինծառայող Հալիլով Օրհան Լազըմ օղլուն իրեն ամրակցված հրացանից կրակել է ինքն իր վրա: Վերջինս մահացել է:  Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաստատել է այս փաստը:

Դեպքի առնչությամբ զինվորական դատախազությունը հարուցել է քրեական գործ, տարվում է հետաքննություն:

Անկախ

ԼՂՀ Շահումյանի շրջանում ձերբակալվել են պետական սահմանն ապօրինի հատած Ադրբեջանի քաղաքացիներ

ձերբակալությունԼՂՀ պաշտպանության նախարարության, ԼՂՀ Ազգային անվտանգության ծառայության և ԼՂՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ԼՂՀ Շահումյանի շրջանի տեղամասում հայտնաբերվել և ձերբակալվել են պետական սահմանն ապօրինի հատած Ադրբեջանի Հանրապետության քաղաքացիներ Շահբազ Ջալալ օղլի Գուլիևը (ծնվ. 1968թ.)` զինված գործարանային արտադրության 7.62 մմ. տրամաչափի <КМС> տեսակի <TD 2042> համարի ինքնաձիգով` համապատասխան խլացուցիչի հետ, գործարանային արտադրության 9 մմ տրամաչափի <ПМ> տեսակի <ВА 0033> համարի ատրճանակով` համապատասխան խլացուցիչի հետ, երկու <Ф-1> տեսակի գործարանային արտադրության ձեռքի բեկորային մարտական նռնակներով և այլ ռազմամթերքով, Դիլհամ Գարդաշխան օղլի Ասկերովը (ծնվ. 1960թ.)` զինված գործարանային արտադրության 7.62 մմ. տրամաչափի <АКМС> տեսակի <TF 7373> համարի ինքնաձիգով` համապատասխան խլացուցիչի հետ, գործարանային արտադրության 9 մմ. տրամաչափի <ПМ> տեսակի <СН 3478> համարի ատրճանակով` համապատասխան խլացուցիչի հետ և այլ ռազմամթերքով, իսկ երրորդ անձը, որի տվյալները ճշտվում են, ձերբակալման պահին ցուցաբերել է դիմադրություն, որի արդյունքում նա ոչնչացվել է:
Նրանց մոտ հայտնաբերված պարագաները վերջիններիս կողմից օգտագործվել են դիվերսիոն-հետախուզական և լրտեսական գործողությունների համար:
Փաստի առթիվ հավաքագրված նախնական նյութերի հիման վրա, պետական սահմանն ապօրինի հատելու կապակցությամբ, հարուցվել է քրեական գործ:
Շահբազ Ջալալ օղլի Գուլիևը (ծնվ. 1968թ.) և Դիլհամ Գարդաշխան օղլի Ասկերովը (ծնվ. 1960թ.) ձերբակալված են:
Շահբազ Ջալալ օղլի Գուլիևին առաջադրված է մեղադրանք և որպես խափանման միջոց է ընտրված կալանավորումը:
Հարուցված քրեական գործով ԼՂՀ գլխավոր դատախազության կողմից ստեղծվել է օպերատիվ-քննչական խումբ, որում ընդգրկված են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության և ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների աշխատակիցներ:
Քրեական գործը գտնվում է ԼՂՀ Ազգային անվտանգության ծառայության վարույթում, տարվում է նախաքննություն:
Նախաքննության արդյունքների մասին օրենքով սահմանված կարգով կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Անկախ

Եռակողմ հանդիպում Իրանի միջուկային բանակցությունների շրջանակում

Մուհամմեդ Ջավադ Զարիֆ, Ջոն Քերի,Քեթրին ԷշթոնՄիացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերին Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում Իրանի արտաքին գործերի նախարարի, ԱՄՆ պետքարտուղարի և Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատուի միջև կայացած եռակողմ նիստից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ բանակցող կողմերի կատարած աշխատանքը, իսկապես, դժվար է ու բարդ:

«Լավ զրույց ունեցանք, որը պետք է կրի շարունակական բնույթ: Կարիք չկա շտապելու: Պետք է հասկանալ, թե ինչքանով է Իրանը պատրաստ հանգուցալուծել ճգնաժամը»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարը:

Այսօր Քերին մեկնելու է Եգիպտոս, որպեսզի մասնակցի Գազայի հատվածում Իսրայելի և «Համասի» («Իսլամական դիմադրության շարժում») միջև հրադադար հաստատելու բանակցություններին, որն անցկացվելու է Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի գլխավորությամբ:

Ուշագրավ է, որ Մուհամմեդ Ջավադ Զարիֆը, Ջոն Քերին և Քեթրին Էշթոնը, երկու ժամ տևած հանդիպման ժամանակ ամփոփել են իրենց երկօրյա սեղմ ու բովանդակալից բանակցությունների արդյունքները:

Այս մասին տեղեկացնում է իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությունը:

 Անկախ

Իրանի արտգործնախարար. «Իրանի և «Վեցնյակի» որևէ ներկայացուցիչ մտադիր չէ միջուկային բանակցությունները երկարաձգել մի քանի ամսով»

Մուհամմադ Ջավադ ԶարիֆԻրանի արտաքին գործերի նախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Իրանի և «Վեցնյակի» (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Ռուսաստան, Չինաստան և Գերմանիա) որևէ ներկայացուցիչ մտադիր չէ միջուկային բանակցությունները երկարաձգել մի քանի ամսով:

«Եթե մենք նոր համաձայնագիր չստորագրենք մինչև հուլիսի 20-ը, ապա կարող ենք բանակցությունները երկարաձգել մի քանի օրով, սակայն ոչ ավելի: Մենք փորձում ենք գտնել դիրքորոշումները մերձեցնելու միջոցներ ու հնարավորություններ, նվազեցնել հակասությունները: Իրանը կարող է տարածաշրջանում իր ազդեցությունն ապահովել առանց միջուկային զենքի արտադրության տեխնոլոգիաների մշակման: Ներկայիս քննարկումները շատ լուրջ բնույթ են կրում»,- նշել է Իրանի արտաքին գործերի նախարարը:

Զարիֆը հավելել է, որ Թեհրանը, համաշխարհային հանրությանն ապացուցելու համար, որ միջուկային զենքի արտադրության տեխնոլոգիաներ չի մշակում, կձեռնարկի անհրաժեշտ բոլոր քայլերը:

Չնայած Իրանի միջուկային պայմանագրի տեքստի 60-65 տոկոսն արդեն համաձայնեցված է, հիմնական հարցերի շուրջը կան տարաձայնություններ:

Ուշագրավ է, որ Իրանի նախագահի հատուկ օգնական, նրա եղբայր Հոսեին Ֆերեյդունը ևս ժամանել է Վիեննա, որպեսզի մասնակց Իրան-«Վեցնյակ» ընթացիկ բանակցություններին:

Հիշեցնենք, որ 2014-ի հունվարի 20-ից ուժի մեջ է մտել Իրանի և «Վեցնյակի» միջև 2013-ի նոյեմբերի 24-ին ստորագրված միջանկյալ համաձայնագրի սկզբնական մասը, որը ստացել է «Համատեղ քայլերի ծրագիր» անունը:

Ժնևյան համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո, ԱՄՆ-ն և ԵՄ-ն Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների մի մասը կասեցնելու մասին որոշում էին ընդունել, որից հետո Իրանն էլ դադարեցրել էր ուրանի 20 տոկոս հարստացման աշխատանքները:

Այս մասին տեղեկացնում է իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալությունը:

Անկախ

«Ես նա չեմ». Թուրք կինոգործիչների ակտիվ մասնակցությունը «Ոսկե Ծիրանին» շարունակվում է

Թայֆուն Փիրսելիմողլու «Ոսկե Ծիրան» Երևանի 11-րդ միջազգային կինոփառատոնի Խաղարկային ֆիլմերի մրցույթում ներկայացված ֆիլմերի շարքում է թուրք ռեժիսոր, սցենարիստ և գրող Թայֆուն Փիրսելիմողլուի «Ես նա չեմ» գործը։

Ֆիլմը պատմում է միջին տարիքի ամուրի և միայնակ Նիհաթի մասին, ով աշխատում է հիվանդանոցի ճաշարանում: Երբ երիտասարդ գործընկերուհի Այշեն հրավիրում է նրան իր տուն՝ ընթրիքի, նա գնում է, չնայած այն լուրերին, որ նրա ամուսինը՝ Նեջիփը, լուրջ հանցանքի պատճառով բանտում է: Ամուսնական լուսանկարում Նիհաթը նկատում է, որ Այշեի բանտարկյալ ամուսինը շատ նման է իրեն: Այս վտանգավոր հարաբերությունը Նիհաթի կյանքում տեղիք է տալիս շատ ավելի խոր փոփոխությունների, քան նա երբևէ կպատկերացներ:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ֆիլմի հեղինակը, խոսելով Թուրքիայում կինոյի ոլորտում տիրող իրավիճակի մասին, պատմեց, որ վերջին 10 տարվա ընթացքում այդ երկրում կինոարտադրությունը 10-50 տոկոսով զարգացում է ապրել. «Սակայն որակը այնքան լավ չէ, մեծացել է միայն արտադրվող ֆիլմերի քանակը: Տարեկան միայն 3-4 լավ ֆիլմ է արտադրվում է: Մշակույթի նախարարությունը փորձում է աջակցել և դրամաշնորհներ է տրամադրում, սակայն շատ  երիտասարդներ չեն օգտվում այդ հնարավորություններից»։

Անդրադառնալով իր ֆիլմերին՝ Փիրսելիմողլուն պատմեց, որ տարված է անհատականության փոփոխությունների թեմայով։ Այդ թեման նա արծարծում է ոչ միայն ֆիլմերում, այլև գրական ստեղծագործություններում։
Նա խոստովանեց, որ անձի փոփոխության հարցը սուր է դրված երկրում, քանի որ շատ ազգություններ, այդ թվում՝ հայերը, երկար ժամանակ ստիպված են եղել թաքցնել իրենց ինքնությունը։

Խոսելով այն մասին, թե ինչպես է գրականությունը ազդում ֆիլմերի վրա,  Թայֆուն Փիրսելիմողլուն նշեց, որ իր ստեղծագործությունների վրա ազդել են Ֆյոդոր Դոստոևսկին, Էդգար Ալան Պոն։ «Ճիշտ է, Ալան Պոյից և Հիչքոքից եմ ոգեշնչվել։ Սակայն  աշխատելու ընթացքում դրա մասին չէի մտածում: Կարևորը երևի թե հենց այդ է, որ ոգեշնչվում ես, բայց ինքդ դրա մասին տեղյակ չես լինում»։

Ռեժիսորն ընդգծեց, որ աշխատում է իր ֆիլմերում չօգտագործել իր պատմվածքները կամ վեպերը, սակայն իր նոր նախագծի սցենարի համար հիմք է հանդիսացել Փիրսելիմողլուի վերջին պատմվածքը։

 

Անկախ

Սերժ Սարգսյանը հայտարարությունը ուղղված էր հանրությանը. Ալեքսանդր Իսկանդարյան

Իսկանդարյան

“Աշխարհում ինչ-որ բան կատարվում է: Տարածաշրջանում զարգանում են կարևոր իրադարձություններ. ամերիկա-իրանյան հարաբերությունները, իրավիճակը Ուկրաինայում, Սիրիայում  ազդեցություն են ունենում այս տարածաշրջանի`ոչ միայն հետխորհրդային երկրների, այլ ողջ Հարավային Կովկասի վրա”,- այսօր լրագրողների հանդիպման ժամանակ խոսելով տարածաշրջանային գործընթացների, արտաքին քաղաքական վերջին զարգացումների  ու մարտահրավերների մասին, նշեց  քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

Խոսելով Մաքսային Միությանը Հայաստանի անդամակցության հետ կապված զարգացումների մասին, Ալեքսանդր Իսկանդարյանը նշեց, որ անկանխատեսելի ոչինչ տեղի չի ունենում:

“Ես նշել էին, որ հուլիսի 1-ին համաձայնագիրը չի ստորագրվի. պատճառը խնդիրերն են` տեխնիկական, քաղաքական. ամեն դեպքում դրանք լուծելի են և հավանականությունը, որ դրանք կլուծվեն, մեծ է, սակայն, կարծում եմ, որոշակի ժամանակահատված կպահանջվի”,-նշեց Ալեքսանդր Իսկանդարյանը:

Հայ ադրբեջանական շփման գծի ակտիվացումը քաղաքագետը համարում է մշտական իրավիճակ: Ըստ նրա` կրակոցներ միշտ էլ կան, իսկ դրանք նոր չեն ակտիվացել, այլ արդեն 3 տարի է:

Ռուս-ադրբեջանական հարաբերությունների մերձեցման և սահմանին լարվածության աճի միջև  քաղաքագետը կապ չի տեսնում , քանի որ չի տեսնում նաև որևէ մերձեցում Ռուսաստանի ու Ադրբեջանի միջև:

Իսկ Արգենտինայում Սերժ Սարգսյանի` Ռուսաստնանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու վերաբերյալ հնչեցրած մտահոգության մասին խոսելիս Իսկանդարյանը նշեց, որ Սերժ Սարգսանի օգնականները, հավանաբար, նյութերը պատրաստում են հետևելով ֆեյսբուքին, քանի որ նրա հայտարարությունը ընդամենը արձագանքն էր այն լարվածությանը, որ տեղ է գտել հասարակության մեջ”:

Հայոց ցեղասպանության ճանաչումը պարզապես սենտիմենտալ խնդիր չէ. Ամոս Գիտայ

Ամոս Գիտայ«Երկար տարիներ  մտածել եմ Երևանը այցելելու մասին։ Համակարանք եմ տածում հայ ժողովրդի հանդեպ, որը մեծ տառապանք է ապրել և խնդիր ունի դա աշխարհին ցույց տալու», – այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, խոսելով հայ և հրեա ժողովրդի ճակատագրերի ընդհանրության մասին, ասաց հանրահռչակ իսրայելցի ռեժիսոր Ամոս Գիտայը։

Ամոս Գիտայը ծնվել է 1950 թ, Հալֆայում (Իսրայել): Նա ճարտարապետություն էր ուսանում ՝ հետևելով իր հոր ուղուն, սակայն  արաբա-իսրայելական չորրորդ պատերազմն ընդհատեց նրա ուսումը: Ուղղաթիռով առաջադրանքներ կատարելիս  Super-8 տեսախցիկի օգտագործումն էր, որ Գիտային մղեց կինոռեժիսուրայով զբաղվելու: Այժմ Գիտայն արդեն հեղինակ է  մի քանի տասնյակ ֆիլմերի, որոնք համարվում են Իսրայելի կինեմատոգրաֆիայի լավագույն գործերը։

«Ոսկե Ծիրան» Երևանի 11-րդ կինոփառատոնի շրջանակներում Հետահայաց ցուցադրություններ ծրագրով կներկայացվեն Ամոս գիտայի  «Անա Արաբիա», «Սահմանազատում», «Ազատ գոտի» և «Ավետյաց երկիր»  ֆիլմերը։

Ռեժիսորը հաճախ է անդրադառնում իսրայելա-պաղեստինյան հակամարտությանը ու, թեև հարցը քաղաքական է, նա չի գնում է, որ իր ֆիլմերում պարտադիր է պահպանել օբյեկտիվությունը։ «Ես կարծում եմ՝ ամենամեծ խնդիրը տեսնելն է, թե ինչ տեղի է ունենում մեր շրջապատում: Սակայն կինոն ժուռնալիստիկա չէ, այն չպետք է միայն ինֆորատիվ լինի. պետք է արտահայտի ռեժիսորի վերաբերմունքը: Իսրայելի պատմությունն ամբողջացած չէ  և այդ խնդիրը արտահայտվում են իսրայելական կինոյում; Ֆիլմերում ես ներկայացնում եմ իմ անձնական մոտեցումը.  ես պաշտոնական խոսնակ չեմ, մյուս կողմից, եթե լրատվական հաղորդումներ նայենք, կտեսնենք, որ բոլորն էլ սուբյեկտիվ են։ Այն, ինչ անում եմ ես, հնարավորություն է տալիս  անկախ կարծիք ձևավորել», – ասաց նա:

Այնուհանդերձ կինոգործիչը նշում է. որ չի ատում այն մարդկանց, ովքեր իր կարծիքի հետ համաձայն չեն։ Եվ հակամարտության մասին ֆիլմեր նկարահանելիս նա հասկացել է, որ երկխոսություն պետք է ստեղծվի երկու կողմերի միջև, որի շնորհիվ ընդհանուր լուծում կտրվի հարցին. «Հակամարտության վերաբերյալ ֆիլմեր նկարահանելիս  ես հասկացել եմ՝ կողմերից ոչ մեկն էլ հրեշտակ չէ կամ սատանա. Երկու կողմերում էլ կան և՛ հրեշտակներ, և՛ սատանաներ»։

Անդրադառնալով Հայոց ցեղասպանության ճանաչման հարցին, Գիտայը՝ որպես նույն ճակատագիրն ունեցեղ ազգի ներկայացուցիչ, հայտարարեց, որ լիովին արդարացի է համարում հայերի պահանջը. «Երբեք չեմ հասկացել, թե ինչու թուրքերը չեն ընդունում  Հայոց ցեղասպանությունը: Լիովին արդարացի եմ համարում հայերի պահանջը. սա պարզապես սենտիմենտալ խնդիր չէ անցյալի հետ կապված: Միայն ճանաչելով անցյալի հանցագործությունները՝ հնարավորություն կստեղծվի կանխել դրանք ապագայում»,- նշեց նա։

 

Անկախ

 

Ակնհայտ է, որ խաբեցին մեզ…Ստեփան Գրիգորյան

Ստեփան Գրիգորյան

“Ռուսաստանը ներեց Կուբայի 30 միլիարդը, բայց հիշեցի, որ երբ Հայաստանն էր Ռուսաստանին 100 միլիոն դոլլար պարտք, սկսեցին վերցնել մեր գործարանները”, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը:

Կուբայի պարտքը ներելը քաղաքագետը լավ լուր է համարում, քանի որ մեր հասարակությանն այս դեպքը կսթափեցնի, կհասկացնի, որ նույն Ռուսաստանը պատրաստ է Կուբային ներել 30 միլիարդ, մեզ` ոչինչ:

“Մինչև սեպտեմբերի 3-ը Ռուսաստանը մեր իշխանություններին համոզում էր չստորագրել ԵՄ ասոցացման համաձայնագիրը, խոստանում լուրջ գումարներ /խոսվում էր12-15 միլիարդ դոլլարի մասին/, իսկ Արգենտինայում իր ելույթի ժամանակ  ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը իր մտահոգությունը հայնտնեց Ռուսաստանի` Ադրբեջանին զենք վաճառելու կապակցությամբ. սա ցույց տվեց, որ մեզ խաբեցին”,-նշեց Ստեփան Գրիգորյանը:

Իսկ ի՞նչ պիտի անի Հայաստանը նման իրավիճակում հարցին Ստեփան Գրիգորյանը պատասխանում է. “Կարծում եմ` Հայաստանը Ռուսաստանի պես պրագմատիկ պետք է լինի: Պետք է վերադառնալ ԵՄ ասոցացման պայմանագրի քննարկմանը, ի պաշտոնե պետք է հայտարարել, որ Հայաստանը վերականգնում է հարաբերությունները Եվրոպայի հետ”:

“Անկախի” այն հարցին՝ ունի՞ այսօր Հայաստանը լծակներ որևէ ազդեցություն ունենալու այս գործընթաների վրա ստեղծված իրավիճակում, Ստեփան Գրիգորյանը պատասխանեց. “Իրական լծակն այլընտրանքն է` էներգետիկ և այլ քաղաքականության հարցում: Եթե չուենք այլընտրանք, մենք հետաքրքիր չենք: Պետք է զարգացնել այլընտրանքները, օրինակ` Իրանի գազամուղի միջոցով էներգետիկ այլընտրանքային աղբյուր ստեղծել, ՄԱԿ-ում, ԵԱԿՀ-ում Հայաստանի քվեարկության իրավունքն օգտագործել որպես լծակ և այլն”:

Ըստ բանախոսի՝ ՀՀ իշխանությունները Ռուսաստանի հետ ճիշտ չեն աշխատում, այստեղ իր մեղքի մեծ բաժինն ունի նաև ընդդիմությունը:  “Մեզ ասում էին` ԼՂ-ի հետ կապված որևէ արգելք չկա ՄՄ-ին անդամակցության պարագայում, իսկ տեսնում ենք, որ իրականում կա: Իսկ էլիտան, այդ թվում` ընդդիմությունը, լռում է. արդյո՞ք սա այն պահն, որ էլիտան լռի”: Քաղաքագետի գնահատմամբ այս պահին լռությունը վտանգավոր է, իսկ խնդիրը էլիտայի ընդհանուր մակարդակի մեջ է:

Խոսելով հայ-ադրբեջանական շփման գծում ստեղծված լարված իրադրության մասին` քաղաքագետը նշեց, որ այսօր նախագահին էլ է մտահոգում Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու  փաստը, իսկ Ադրբեջանը ակնհայտ ոգևորվել է իրադրությամբ և սահմանին առկա լարվածությունը դրա վկայությունն է:

Ստեփան Գրիգորյանի կարծիքով Ադրբեջանը, ճիշտ է, շահագրգռված չէ ԵՏՄ անդամակցմամբ, բայց Ռուսաստանը սպասում է, օգտագործում Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը Ադրբեջանին այս գործընթացներում ներգրավելու համար: Սա խաղ է, որը, սակայն, մեծացնում է Ադրբեջանի պրովակացիաների ինտենսիվությունը:

Կրոսի տարեկան աշխատավարձը կկազմի 12 մլն եվրո

kroos_4Հուլիսի 17-ին Գերմանիայի հավաքականի 24-ամյա կիսապաշտպան Տոնի Կրոսը կներկայացվի Մադրիդի «Ռեալի» իր խաղընկերներին:

Նա 5 տարով աշխատանքային պայմանագիր կստորագրի «արքայական ակումբի» ղեկավարության հետ: Կրոսի տարեկան աշխատավարձը կկազմի 12 մլն եվրո:

 

 

Արտակարգ իրավիճակ Մոսկվայի մետրոյում. կան զոհեր

metroՄոսկվայի մետրոյում արտակարգ դեպք է գրանցվել: Գնացքներից երեքը դուրս են եկել ռելսերից, ինչի հետևանքով 3 մարդ է զոհվել, նվազագույնը 60 հոգի վիրավորվել է: Վթարը տեղի է ունեցել «Հաղթանակի այգի» մետրոյի կայարանից դեպի «Սլավյանսկիյ բուլվար» կայարան ընթացքի ժամանակ: Վիրավորներին հիվանդանոցներ են տեղափոխել շտապ օգնության մեքենաներով և ուղղաթիռներով: Մոտակա փողոցների երթևեկությունը դադարեցված է:

Անկախ