Գրքերի հրավառություն Երևանում
Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը ներկա է գտնվել Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2014» միջոցառումների ծրագրի շրջանակում մայրաքաղաքի Մաշտոցի պողոտային հարակից Միսաք Մանուշյանի անվան պուրակում կազմակերպված գրքերի ցուցահանդես–տոնավաճառին`նվիրված Սուրբ թարգմանիչներ Սահակի և Մեսրոպի տոնին: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ողջունելով ներկաներին՝ Արամ Սուքիասյանը նշել է, որ նախաձեռնության հիմնական նպատակը գեղարվեստական, թեմատիկ ու մասնագիտական գրականության նորույթները ներկայացնելն ու նաև դրանք տեղում ձեռքբերելու առիթ ստեղծելն էր, քանի որ երևանցիները մշտապես առանձնահատուկ վերաբերմունք են ունեցել գրքի ու գրականության նկատմամբ, ինչի վկայությունը նաև 2012 թվականին Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու հանդիսությունների շրջանակում անցկացված միջոցառումներն էին: Քաղաքապետի տեղակալն ընդգծել է, որ գրքերի այս ցուցահանդես-տոնավաճառը Երևանի քաղաքապետարանի կազմակերպած մշակութային միջոցառումների համատեքստում իր հատուկ տեղն ունի և կնպաստի նաև գրահրատարակչության գործի զարգացմանը: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության տուրիզմի բաժնի պետ Մարիա Բարաղամյանն էլ կարևորել է ցուցահանդես –տոնավաճառի անցկացումը տուրիստական այս թեժ շրջանում՝ նկատի ունենալով հանգամանքը, որ ցուցահանդեսին ներկայացված են նաև գրատպության բարձրորակ ու ժամանակակից ոճային լուծումներով հագեցած օտարալեզու գրքեր: Ցուցահանդես–տոնավաճառին մասնակցել են մի շարք գրախանութների, հրատարակչությունների ներկայացուցիչներ և ընթերցասեր քաղաքացիներ: Գրքերի տաղավարներում շրջելու ու նոր գիրք գնելու առիթը բաց չի թողել նաև Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը: Իսկ գրախանութների ու գրահրատարակչությունների ներկայացուցիչները պայմանավորվածություն են ձեռք բերել հետագա համագործակցության վերաբերյալ: Միջոցառումն ուղեկցվել է գեղարվեստական մասով: Նման ցուցահանդես-տոնավաճառներն ավանդական բնույթ կկրեն:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Շոգը դեռ առջևում է. ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայություն
«Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա՝ 2-3 աստիճանով: Երևանում սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ», – այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օպերատիվ հիդրոօդերևութաբանական կանխատեսումների կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը:
Նա նշեց, որ հուլիսի 10-14-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, սակայն լեռնային շրջաններում հնարավոր են կարճատև անձրևներ: Վաղը Արարատյան դաշտում սպասվում է մինչեւ 36 աստիճան տաքություն, իսկ լեռնային շրջաններում` 29 աստիճան տաքություն։ Տավուշում կլինի 32 աստիճան, Սյունիքում` 36 աստիճան տաքություն։ Զարուհի Պետրոսյանը չբացառեց, որ հուլիսի 15-ին հնարավոր է ջերմաստիճանի բարձրացում մինչև 37 աստիճան:
Հուլիսին ամսական կանխատեսումները նորմային մոտ են դրական շեղում, տեղումները նորմայից ավել, այս ամսվա նորման ցածր է՝ 11 մմ: Օգոստոսին սպասվում է նորմայից բարձր ջերմաստիճան, տեղումները՝ նորմայից պակաս. սպասվում է չոր օգոստոս:
«Թեև ամառը արդեն գրեթե կիսվել է, սակայն շոգը դեռ առջևում է։ Վստահ չեմ կարող ասել, սակայն օգոստոսին չի բացառվում ջերմաստիճանի բարձրացում մինչև 40 աստիճան»:
Սևանի ջրի ջերմաստիճանը 19 աստիճան է:
Արյեն Ռոբենը վստահ է, որ Գերմանիայի ընտրանին կդառնա ֆուտբոլի աշխարհի չեմպիոն
Բրազիլիայում անցացվող ֆուտբոլի աշխարհի առաջնությունում հուլիսի 13-ին «Մարականա» մարզադաշտում կկայանա եզրափակիչը: Կմրցեն Գերմանաիայի և Արգենտինայի հավաքականները:
Հոլադիայի հավաքականի առաջատար Արյեն Ռոբենը վստահ է, որ չեմպիոն կդառնա Գերմանիայի ընտրանին:«Եզրափակիչում կհաղթի Գերմանիայի ընտրանին: Կարծում եմ, որ Արեգնտինայի հավաքականը ոչ մի հնարավորություն չունի»-, ասել է նա:
Թերևս, այս կանխատեսման համար հիմք է հանդիսանում այն հանգամանքը, որ հոլանդացի ֆուտբոլիստը Մյունխենի «Բավարիայի» խաղացող է և իր թիմակիցների մեծ մասը Գերմանաիայի հավաքականի կազմում են հանդես գալիս:
Վարչապետի գլխավորած կառավարական պատվիրակությունը կմեկնի Ռուսաստանի Դաշնություն
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը հուլիսի 10-ի երեկոյան աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն՝ Սոչի:
Հուլիսի 11-ին Սոչիում վարչապետն առանձնազրույց կունենա ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ, կայցելի Սոչիի օլիմպիական ավան՝ կծանոթանա իրականացված աշխատանքներին:
Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարական պատվիրակության կազմում են՝ ՀՀ փոխվարչապետ, Տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը, ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը, ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալ Գուրգեն Դումանյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը և պաշտոնատար այլ անձինք:
Կոնչիտա Վուրսթը մասնակցել է Ժան-Փոլ Գոթյեի ցուցադրությանը
Վերջին Եվրատեսիլի հաղթող ավստրիացի Թոմաս Նոյվիրտը, որը հայտնի է որպես Կոնչիտա Վուրսթ, մասնակցել է Փարիզում կայացած նորաձևության շաբաթին, ու, քայլահարթակ է դուրս եկել սև հարսանեկան զգեստով: Նրան ցուցադրության մասնակցության է հրավիրել Ժան-Փոլ Գոյեն, հաղորդում է Independent-ը:
Կադրերում երևում է, որ Կոնչիտա Վուրսթը քայլահարթակ է դուրս գալիս ցուցադրության վերջում: Ինքը` մոդելավորողը սկանդալային մորուսավոր Կոնչիտային թևանցուկ է արել ու քնքշորեն համբուրում է նրա այտը: Իսկ հիացած դահլիճը պայթում է ծափահարություններից:
Հայտնի մոդելավորողի խսքով, ինքը ցուցադրության ավարտը վստահել է Կոնչիտային, քանի որ արդեն վաղուց նրա երկրպագուն է: Գոթյեն պատմել է, որ ավստրիացու հետ ծանոթացել է վաղուց, մինչև “Եվրատեսիլը”:
Գոթյեի յուրաքանչյուր ցուցադրություն ավանդաբար ավարտվում է հարսանեկան հագուստով մոդելի բեմելով:
Կոնչիտան առաջին էքստրավագանտ ճանաչված անձը չէ, որը մասնակցություն է ունեցել Գոթյեի ցուցադրությանը: Ավելի վաղ Գոթյեի դեֆիլեին մասնակցել է բուրլեսկի աստղ Դիտա ֆոն Տիզն ու անդրոգեն Անդրեյ Պեժիչը:
Հայաստանի ակրոբատները 11-րդ տեղում են
Ֆրանսիայի Լևալուա քաղաքում հունիսի 29-ին մեկնարկած սպորտային ակրոբատիկայի աշխարհի առաջնությանը, որն ընթանում է տարբեր տարիքային խմբերի միջև, մասնակցել են նաև Հայաստանի ներկայացուցիչները:
Առաջնությունը դեռ կշարունակվի մինչև հուլիսի 12-ը, սակայն մեր մարզիկներն արդեն ավարտել են իրենց մրցելույթները և վերադարձել հայրենիք:
Հուլիսի 7-ին՝ երիտասարդների ելույթներում, ՀՀ հավաքական թիմի անդամներ, Գյումրիի մարմնամարզական մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցի սաներ Գոհարիկ Կարապետյանը և Արմեն Սիմոնյանը (խառը զույգեր, անձնական մարզիչ՝ Արմինե Հովսեփյան) մասնակից 33 երկրների շարքում գրավել են 11-րդ տեղը:
Ադրբեջանում ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով զինծառայողներ են վիրավորվել
Ադրբեջանում ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել, որի հետևանքով պետական սահմանապահ ծառայության զինծառայողներ են վիրավորվել, հաղորդում է “Թրենդ” գործակալությունը:
Ըստ տեղեկության՝ հուլիսի 9-ին Մասալիի շրջանի Ալյաթ-Աստարաճանապարհի 164-րդ կիլոմետրում շրջվել է “Mitsubishi Pajero” մակնիշի ավտոմեքենան, որը վարել է զինծառայող Գահրամանով Ալահվերդի Վիդադօղլին:
Պատահարի արդյունքում վարորդը և ուղևորը՝ լեյտենանտ Հուսեյնով Մալիք Էլշադօղլուն,տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել: Փաստի առնչությամբ հետաքննություն է սկսվել:
Ադրբեջանի հետախուզադիվերսիոն խումբը հայտնաբերվել է, անդամները ձերբակալված են
ԼՂՀ և ՀՀ պետական սահմանահատվածում (Քարվաճառի ուղղություն) հակառակորդը ձեռնարկել է հերթական հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձը:
Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված օպերատիվ գործողությունների արդյունքում՝ հակառակորդի հետախուզադիվերսիոն խումբը ժամանակին հայտնաբերվել է, անդամների մի մասը ձերբակալված են, մյուսները դիմել են փախուստի:
Գործողության արդյունքում հայկական կողմը կորուստներ չի ունեցել:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն
Սուարեսը համալրում է «Բարսելոնայի» կազմը
Ուրուգվայի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող Լուիս Սուարեսը տեղափոխվում է կատալոնական «Բարսելոնա»: Դա կկատարվի առաջիկա 48 ժամվա ընթացքում:
Անգլիական «Լիվերպուլի» ղեկավարությունը ընդունել է կատալոնական ակումբի առաջարկը:Որպես փոխհատուցում կվաճարվի 75 մլն եվրո:
Հավելենք, որ Իտալիայի հավաքականի պաշտպան Ջորջո Կիելինիի ուսը կծելու համար Սուարեսը որակազրկվել է 4 ամսով:
Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնությունում մնաց 7 թիմ
Այսօր ՀՖՖ գրասենյակում տեղի ունեցավ Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի 2014/2015 թթ. առաջնության վիճակահանությունը: 7 ակումբներ ստացան իրենց մրցաշարային համարները, որի հիման վրա կկազմվի առաջնության խաղացանկը: «Ուլիսը» չի մասնակցի առաջնությանը մինչև սահմանված վերջնաժամկետը առաջնության մասնակցելու հավաստագիրը չներկայացնելու պատճառով:
Ակումբները ստացան հետևյալ համարները.
«Փյունիկ»
«Գանձասար»
«Ալաշկերտ»
«Շիրակ»
«Բանանց»
«Արարատ»
«Միկա»
Քանի որ ՀՀ Առաջին խմբի 2014/2015 թթ. առաջնությանը մասնակցելու են միայն բարձրագույն խմբի դուստր թիմերը, այս տարի առաջին խմբի առաջնության համար չի անցկացվի առանձին վիճակահանություն, իսկ խաղացանկը կկազմվի բարձրագույն խմբի խաղացանկին համապատասխան:
Գործադիրը կաջակցի բնական աղետից տուժած գյուղացիներին
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Բացելով նիստը, ՀՀ վարչապետն ասել է. «Երեկ մենք այցելել ենք Շիրակի մարզ և եղել բազմաթիվ համայնքներում: Ունենք լուրջ խնդիրներ, մոտ 21 համայնքում կարկտահարությունից հետո բերքը 100 տոկոսով ոչնչացել է: Ես հանձնարարել եմ, որպեսզի Տարածքային կառավարման մարմինները, համայնքները, ՀՀ գյուղնախարությունը և Տարածքային կառավարման նախարարությունը ստեղծեն հանձնաժողով: Ժամկետ է տրվում մինչև կառավարության հաջորդ նիստի օրը, որպեսզի ներկայացվեն կորստի ծավալները և մենք կառավարությունում որոշում կայացնենք մեր հնարավորությունների սահմաններում աջակցելու գյուղացիներին: Տեղեկություն կա, որ Ստեփանավանում ևս նման իրավիճակ է ստեղծվել. հանձնարարում եմ գյուղանախարարին կառավարության նիստից հետո այցելել և այնտեղ նույնպես իրավիճակը ճշտել»:
Գործադիրն ի գիտություն է ընդունել ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի զեկուցումը կառավարության 2014թ. գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու որոշման (01.01.2014-30.06.2014թ. ժամանակահատվածում) հանձնարարականների կատարման վերաբերյալ: Ներկայացված տեղեկանքի համաձայն 2014թ. հուլիսի 7-ի դրությամբ իրագործվել են կատարման ենթակա բոլոր 29 կետերը:
Կարգավորվում են կենսաթոշակային համակարգի կիրառության հարաբերությունները
ՀՀ կառավարության հինգ որոշմամբ նախկինում ընդունված որոշումներում կատարվել են փոփոխություններ, որոնք թելադրված են ս.թ. հունիսի 21-ին ՀՀ Ազգային Ժողովի ընդունած և հուլիսի 1-ին ուժի մեջ մտած կենսաթոշակային համակարգի վերանայմանն ուղղված օրենքների կիրարկումն ապահովող ՀՀ կառավարության որոշումները վերոնշյալ օրենքներին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ: Որոշումների կարգավորման առարկան կենսաթոշակային համակարգի կիրառությանն առնչվող առանձին հարաբերություններն են:
«Պետական կենսաթոշակների մասին» օրենքի փոփոխությամբ սահմանվել է արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող չորս ցուցակ: Առաջին և երկրորդ ցուցակներով արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք ունեն այն անձինք, ովքեր պահանջվող մասնագիտական ստաժի առնվազն կեսը ձեռք են բերել մինչև 2014թ. հունվարի 1-ը, իսկ երրորդ և չորրորդ ցուցակներով՝ այն անձինք, ովքեր արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրանալու դեպքում կունենան օրենքով պահանջվող մասնագիտական ստաժը: Հաջորդ որոշմամբ հաստատվել են նշված պաշտոնների երրորդ և չորրոդ ցուցակները:
ՀՀ կառավարության որոշմամբ ՀՀ ԿԱ պետգույքի կառավարման վարչության հաշվեկշռում հաշվառված, առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին 10 տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված 160 բնակարանը՝ որպես սոցիալական բնակֆոնդ, հանձնվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը, որի ենթակայությամբ գործում է «Սոցիալական բնակարանային ֆոնդի սպասարկման կենտրոն» ՊՈԱԿ-ը:
Կբարելավվի Հայաստանի դիրքը գլոբալ մրցունակության ինդեքսում
Նիստում հավանություն է ստացել Գլոբալ մրցունակության ինդեքսում Հայաստանի դիրքի բարելավմանն ուղղված միջոցառումների ծրագիրը, որի կատարման ընթացքը և արդյունքը մինչև յուրաքանչյուր կիսամյակին հաջորդող ամսվա 10-րդ աշխատանքային օրը ներկայացվելու է ՀՀ էկոնոմիկայի նախարարություն: Նախարարին հանձնարարվել է ամփոփել այդ տեղեկատվությունը և մինչև յուրաքանչյուր կիսամյակին հաջորդող ամսվա 15-րդ աշխատանքային օրը կառավարության աշխատակազմ ներկայացնել համապատասխան հաշվետվությունը:
ՀՀ կառավարությունը հաստատել է՝
-զանգվածային տեղաշարժված բնակչության, այդ թվում փախստականների ընդունման, հաշվառման, տեղաբաշխման, ժամանակավոր կացարաններով, կենսագործունեության և բժշկական ապահովման, փախստականների իրավիճակի կարգավորումից հետո իրենց բնակավայրերը վերադարձի պայմանների, պլան-սխեմաների, կենսագործունեության ապահովման կարգերը, որոնք կարող են գործել ռազմական դրության և արտակարգ իրավիճակի ժամանակ,
-ՀՀ պաշտպանության նախարարության կողմից ՀՀ 2014թ. պետբյուջեով նախատեսված հատկացումների հաշվին վարկային քարտային հաշիվներով շրջանառվող միջոցների չափաքանակները:
ՀՀ կառավարությունը 2014թ. պետբյուջեում կատարել է վերաբաշխում, փոփոխություններ և լրացումներ՝ իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում և ՀՀ կրթության և գիտության նախարարությանը հատկացրել 40 մլն դրամ՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Ստեփանակերտի մասնաճյուղի ուսումնաարտադրական բազայի հիմնումը համաֆինանսավորելու համար:
Գործադիրը որոշել է Արագածոտնի մարզի Օրգով գյուղի Արբի Թրպանջյանի անվան միջնակարգ դպրոցի չշահագործվող կաթսայատունը հետ վերցնել և նվիրաբերել Օրգովի գյուղական համայնքին՝ գյուղապետարանի շենք կառուցելու պայմանով:
ՀՀ կառավարության սահմանած կարգով ընտրված «Ա և Գ» ՍՊԸ կողմից իրականացվող ներդրումային ծրագրով 2014թ. հունիսի 26-ից մինչև 2014թ. հոկտեմբերի 31-ը ներառյալ ներմուծվող 200 մլն դրամը գերազանցող արժեքով ապրանքների ԱԱՀ վճարման ժամկետը կառավարության որոշմամբ հետաձգվել է մինչև 2017թ. հունիսի 26-ը: Ընկերությունը նախատեսում է Երևանի Արշակունյաց 127/21 հասցեում տեղադրել սպիրտի արտադրության նոր, միջազգային չափորոշիչներին համապատասխանող սարքավորումներ՝ կատարելով 1.32 մլրդ դրամի չափով ներդրում: 2015թ. սկսած տարեկան կարտադրվի շուրջ 20.1 մլրդ դրամի արտադրանք, որի 25 տոկոսը կարտահանվի ՌԴ, Իրաք և Վրաստան: Ծրագրի իրագործմամբ կստեղծվի 40 աշխատատեղ՝ 110 հազ. դրամ միջին աշխատավարձով:
Այլ որոշումներ
ՀՀ կառավարությունը 2014թ. պետբյուջեում և իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ և լրացումներ, որոնցով սահմանվում է, որ ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության և Նիդերլանդների Թագավորության անվտանգության և արդարադատության նախարարության հայրենադարձության և մեկնման ծառայության միջև կնքված համաձայնագրով տրամադրվող դրամաշնորհը օգտագործվելու է Նիդերլանդներից հարկադիր վերադարձող 100 ՀՀ քաղաքացիներին վերաինտեգրման նպատակով փոքր բիզնես սկսելու կամ աշխատաշուկա մուտք գործելու աջակցության, ուսումնական կամ մասնագիտական վերապատրաստման, սոցիալական, իրավական, բժշկական աջակցության, ժամանակավոր կացարանի տրամադրման, օդանավակայանում դիմավորման և անհատական այլ կարիքների համար: Վերոհիշյալ համաձայնագրով ՀՀ ՏԿՆ միգրացիոն պետական ծառայությունը մեկ տարվա ընթացքում Նիդերլանդներից հարկադիր վերադարձող Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու տրամադրելու է առավելագույնը 1000 եվրոյի աջակցություն: 2014թ. Միգրացիոն պետական ծառայության արտաբյուջետային հաշվին փոխանցվելու է ավելի քան 31 մլն, իսկ 2015թ.՝ մոտ 37 մլն դրամ:
Նիստում համաձայնություն է տրվել Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության կառավարությունների միջև զբոսաշրջության բնագավառում համագործակցության փոխըմբռնման հուշագրի կնքման առաջարկությանը:
Կառավարությունը համաձայնություն է տվել Հայաստանի Հանրապետության և Ուրուգվայի Արևելյան Հանրապետության կառավարությունների միջև սպորտի բնագավառում համագործակցության համաձայնագրի կնքման առաջարկությանը:
Կառավարության որոշմամբ Վաղարշապատի «Դոքս քոմպյուտր» ՍՊԸ-ին երեք տարի ժամկետով տրվել է թմրամիջոցների և հոգեմետ նյութերի, դրանց պրեկուրսորների ներմուծման և մեծածախ առևտրի գործունեության իրականացման արտոնագիր:
Կառավարությունը Հայաստանի ֆուտբոլի մինչև 19 տարեկանների ազգային հավաքական թիմի անդամ Անատոլի Այվազովին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում է տվել մինչև 2016թ. ձմեռային զորակոչը:
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ նշանակվելու կապակցությամբ Էմիլ Տարասյանը ազատվել է նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնից:
Անկախ
Ավտոմեքենան, որով փախուստի էին դիմել, հայտնաբերվեց
Հուլիսի 3-ին ոստիկանության Արմավիրի բաժին դիմած քաղաքացին հայտնել էր, որ նույն օրը, ժամը 05.00-ի սահմաններում, անհայտ անձինք գողացել են իր «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենայի 2 անիվները, գազի բալոնը, ձայնարկիչը, 2 բջջային հեռախոսները և մեկ այլ «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենայով դիմել փախուստի:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ մեքենան, որով փախուստի էին դիմել, պատկանում է 1966 թ. ծնված Աշոտ Ղ.-ին, որը բերման է ենթարկվել բաժին: Նա խոստովանել է, որ գողությունը կատարել է 1992 թ. ծնված Գոռ Ղ.-ի և 1963 թ. ծնված Դավիթ Ղ.-ի հետ: Վերջիններս նույնպես բերման են ենթարկվել բաժին:
«ՎԱԶ 2106»-ը տեղափոխվել է ոստիկանության Արմավիրի բաժնի հատուկ պահպանման վայր:
Գողոնը մասամբ առգրավված է:
Կատարվում է քննություն:
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (հուլիսի 9-ից 10-ը)
Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 9-ից 10-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 17 դեպքից բացահայտվել է 12-ը, խուլիգանության 2 դեպքից` 1-ը, յուրացման` 5, խարդախության` 9, շորթման և մաքսանենգության 1-ական դեպքերը բացահայտվել են:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 2 դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար, ինչի հետևանքով 12 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Նոր խալիֆաթի սպասելիս կամ Մերձավոր Արևելքում «կենացները քաղցրանում են»
Մերձավորարևելյան նոր զարգացումները կարելի է բնութագրել որպես քաոսային. նոր պետությունների ու պետական միավորումների առաջացումով ուրվագծվում է
մերձավորարևելյան աշխարհաքաղաքական նոր պատկեր:
Իրավիճակը, հատկապես Իրաքում, կտրուկ սրվեց հունիսի սկզբին, երբ «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» (ԻԼԻՊ) ծայրահեղական խմբավորման զինյալները վերահսկողություն հաստատեցին Իրաքի հյուսիսային մի շարք բնակավայրերի վրա: ԻԼԻՊ խմբավորումը, որի նպատակն է Սիրիայի, Լիբանանի և Իրաքի տարածքում հիմնել սուննի իսլամական պետություն, ակտիվ գրոհներ է սկսել այս տարվա հունիսին:
Այնուամենայնիվ` ծայրահեղականները խալիֆաթ հռչակեցին
Արդեն հունիսի 29-ին «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորումը հայտարարություն տարածեց Սիրիայի և Իրաքի` իրենց կողմից գրավված տարածքներում իսլամական խալիֆաթ կամ իսլամական պետություն ստեղծելու մասին: Խմբավորման մամուլի քարտուղար Աբու Մուհամմադ ալ Ադնանին Ռամադանի օրը նշեց, որ խմբավորման խորհրդատվական խորհուրդը, ղեկավարությունը և անդամները որոշել են հայտարարել Իսլամական խալիֆաթ կազմավորելու և Աբու Բաքր ալ Բաղդադիի խալիֆաթի ղեկավար դառնալու մասին:
Հուլիսի 1-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ արաբագետ Սարգիս Գրիգորյանն ասաց, որ ԻԼԻՊ-ը բավականին հզոր է և ի վիճակի է թելադրելու խաղի նոր կանոններ: Նրա կարծիքով` այս նոր կառույցը բավական ներուժ ունի մարտահրավեր նետելու գոյություն ունեցող կարգերին:
Խմբավորումը նույնիսկ քարտեզներ է հրապարակել, որտեղ ներկայացված են իսլամիստների նկրտումները. վերականգնել երբեմնի Արաբական խալիֆաթն իր սահմաններով: Իսլամական խալիֆաթն իր այսօրվա սահմաններով հյուսիսից սահմանակից է Թուրքիային, Իրաքյան Քրդստանին, Սիրիայի հյուսիսային շրջաններին: Բավական հսկա տարածքներ արդեն իսկ խմբավորման իշխանության տակ են, ու կարծես ոչինչ չի խանգարում, որ նրանց հռչակած խալիֆայությունը իրականություն դառնա: Առավել ևս, որ Սիրիայի ու Իրաքի տարածքներում նավթով հարուստ շրջաններում նավթի արդյունահանումն ու վաճառքն իրականացնում է հենց ԻԼԻՊ-ը, ու ըստ մամուլի հրապարակումների` կազմակերպությունն արդեն իսկ իր հաշիվներում մոտ 2.5 մլրդ դոլար միջոցներ է կուտակել:
Հուլիսի 2-ին ԻԼԻՊ խմբավորման ղեկավար Աբու Բաքր ալ Բաղդադին կոչ արեց մուսուլմաններին գալ և բնակություն հաստատել Իսլամական խալիֆաթում` խոստանալով պաշտպանել նրանց: Իսկ արդեն հուլիսի 6-ին տարածված տեղեկատվության համաձայն` խմբավորումը պլանավորում է տրամադրել իր իսկ կողմից հռչակված Իսլամական խալիֆաթի անձնագրեր: Խմբավորման անդամները Twitter-ում տեղադրել են խալիֆայության անձնագրերի լուսանկարներ: Դրանց վրա գրված է «Իսլամական խալիֆաթ» և նշված. «Եթե այս անձնագրի սեփականտիրոջը վնաս պատճառվի, ապա մենք հանուն նրա կգործարկենք մեր զորքերը»:
Մերձավորարևելյան զարգացումների «ճարտարապետը» սկզբում Արևմուտքն էր, մասնավորապես` ԱՄՆ-ն: Բայց այսօր նրանք էլ, ինչպես հավաստում է քաղաքագետ Լևոն Մելիք-Շահնազարյանը, խուճապի մեջ են, քանի որ շատ լավ հասկանում են, որ ծայրահեղական խմբավորումների գլխացավանքը նաև իրենց տուն է հասնելու, այլապես այս տարվա փետրվարին խմբավորումը ԱՄՆ-ի կողմից չէր հայտարարվի ահաբեկչական:
Որ նախկին ԻԼԻՊ-ն ակնհայտորեն խառնեց անգամ իր երբեմնի հովանավոր ԱՄՆ-ի խաղաքարտերը, ակնհայտ էր դեռևս անցյալ ամսվա վերջին: Հենց այդ ժամանակ` հունիսի 24-ին, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին ժամանեց Բաղդադ, ուր բանակցություններ էր վարում Իրաքի վարաչպետ Նուրի ալ-Մալիքիի հետ: Այցի նպատակն Իրաքի իշխանություններին օգնելն էր` կապված ազգային միասնության նոր կառավարության ձևավորման հետ, որում մեծ թվով ներկայացուցիչներ պետք է ունենար սուննի փոքրամասնությունը: Բաղդադից Քերին անմիջապես ուղևորվեց Իրաքի Քրդստան, ուր հանդիպեց քրդերի քաղաքական առաջնորդ Մասուդ Բարզանիի հետ: «Իրաքի տարածքում գործող զինյալները վտանգ են ներկայացնում ոչ միայն Իրաքի, այլև ողջ տարածաշրջանի համար»,- դեռևս Կահիրեում կայացած մամուլի ասուլիսում հայատարարել էր ԱՄՆ պետքարտուղարը:
Որպես խալիֆաթի հակակշիռ քրդերը Իրաքի Քրդստան կունենան
Ակնհայտ էր` իր համար անկանխատեսելի «հրեշի» դեմն առնելու համար ԱՄՆ-ն ստիպված պետք է որոշակի քայլեր ձեռնարկեր: Եվ ԱՄՆ պետքարտուղարի` Իրաք ու Իրաքի Քրդստան այցերի արդյունքները երկար չսպասեցրին: Իրաքի Քրդական ինքնավարությունում, ինչպես օրերս հայտարարեց ինքնավարության ղեկավար Մասուդ Բարզանին, մի քանի ամիս անց անկախության հանրաքվե է անցկացվելու:
«Այս պահից սկսած` մենք չենք թաքցնում, որ դա մեր նպատակն է»,- հայտարարեց Բարզանին` հավելելով, որ քուրդ ժողովրդի անկախ լինելու իրավունքը բնական է ու անբաժանելի:
Ուշագրավ է այն հանգամանքը, որ Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի ռազմավարական դաշնակից Իսրայելի իշխանությունները հայտարարեցին, որ սատարում են քրդական պետության ստեղծման գաղափարին:
Այսպես թե այնպես, Իրաքի Քրդական ինքնավարությունն արդեն մոտ 10 տարի է` կիսանկախ վիճակում էր, և նրա ենթակայությունը պաշտոնական Բաղդադին սոսկ ձևական բնույթ ուներ: Եվ երբ «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորումը սկսեց մեկը մյուսի հետևից գրավել իրաքյան քաղաքները և պատրաստվում էր գրոհել Բաղդադ, քրդերը որևէ կերպ չէին ենթարկվում Իրաքի կառավարությանը: Քիրքուկի նավթով հարուստ հանքավայրերն իրենց ձեռքը վերցնելով` քրդերը փորձում են ամուր հենարան ստեղծել ապագա Քրդստանի համար, որի ստեղծումը զուտ ժամանակի հարց է:
Քրդերն արդեն բավական լուրջ զորամիավորումներ ունեն, որոնք պահպանում են թիկունքը, բավական երկար սահմանագիծ ունեն իսլամական խալիֆայության հետ և մարտական են տրամադրված: Հայտարարում են, որ իրենց ներկայությունն այս տարածքներում վերջնական է և քննարկման ենթակա չէ:
«Թեև քրդերի մեջ կան լուրջ տարաձայնություններ, բայց երբ գործը վերաբերում է ազդեցության տարածմանը, ապա նրանք մի կողմ են դնում այդ տարաձայնությունները և միասնաբար պայքարում են, որ այդ տարածքներն իրենց վերահսկողության տակ անցնեն: Այսպիսով, այն, որ քրդերը դարձել են տարածաշրջանի ազդեցիկ գործոններից, միանշանակ է»,- ասում է արաբագետ Սարգիս Գրիգորյանը:
Նոր պետականության` Քրդստանի ստեղծումն այս պահին կարծես «Իսլամական պետության» դեմն առնելու միակ արդյունավետ գործիքն է դառնում: Իսկ թե նման պայմաններում ինչ հետագա զարգացումներ կունենան մերձավորարևելյան գործընթացները, դժվար է պատկերացնել:
Սակայն կարևոր է հասկանալ, որ Իրաքի ու առհասարակ Մերձավոր Արևելքի իրադարձությունները խիստ կարևոր են Հայաստանի համար, քանի որ Իրաքը Հայաստանից բաժանվում է ընդամենը մեկ երկրով, որի որոշ տարածքներ` Քրդստանին հարող, մեր պատմական հայրենիքի տարածքներն են: Հայաստանի ու Իրաքի Քրդստանի միջև հեռավորությունը` ուղիղ գծով, ընդամենը 300 կմ է` համարյա նույնքան, որքան Երևանից Գորիս: Հետևաբար, մեր հարևանությամբ իսլամիստական խալիֆաթի առկայությունը մտորելու տեղիք է տալիս, եթե մանավանդ հաշվի առնենք, որ նորաստեղծ խալիֆաթն ընդլայնում է իր սահմաններն ու նավթային բիզնես ծավալում, ինչի հաշվին ավելանում է ոչ միայն նրա անդամների թիվը, այլև ազդեցությունը տարածաշրջանում:
Դա տարածաշրջանում, ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանի, կստեղծի բոլորովին նոր իրավիճակ, և Հայաստանն անտարբեր չի կարող մնալ, պետք է ուշի ուշով հետևի այդ իրադարձություններին: Իրաքում, Սիրիայում ու առհասարակ Մերձավոր Արևելքում «Իսլամական խալիֆաթի» ակտիվացումը, ըստ Մանոյանի, բավական մտահոգիչ է, եթե ոչ ընդհանուր Մերձավոր Արևելքում, ապա գոնե Իրաքում ու Սիրիայում հայ համայնքների իրավիճակի ու կարգավիճակի առնչությամբ. «Որովհետև այն, թե նման ուժերը, որոնք արդեն հռչակել են խալիֆայություն, ինչպես են վերաբերվելու կրոնական փոքրամասնություններին, այդ թվում նաև հայերին, պարզ չէ ու մտահոգությունների տեղիք է տալիս»:
Անձնագրերի գումարները հօգուտ Հայաստանի՞
Ինչպես մարդիկ, այնպես էլ Հայաստանի գրեթե բոլոր ոլորտները լի են բազում թերություններով, նախ և առաջ` մարդկային գործոնի պատճառով: Պարզելու համար, թե ինչպես են ՀՀ քաղաքացիները նոր անձնագրեր (կենսաչափական տվյալներ պարունակող անձնագիր և նույնականացման քարտ) ստանում, այս անգամ այցելեցինք Ներքին Շենգավիթի անձնագրային բաժանմունք:
Ժամը մոտավորապես 15:00 էր: Ամառվա շոգին կուտակված մարդիկ առավոտից կանգնած սպասում էին իրենց հերթին: Մթնոլորտն ավելի քան լարված էր, իսկ քաղաքացիները բողոքում էին, որ ընդամենը մեկ աշխատող էր իրենց սպասարկում, այն էլ դանդաղ: Մի քանի րոպե անց մարդկանց աղմուկից մոտեցավ վերադասներից մեկն ու հարցրեց, թե ինչ է պատահել, սակայն իրարանցումն այդպես էլ չդադարեց: Քաղաքացիներին վստահեցնում էին, որ երկու անձնագրերի միաժամանակ ձեռքբերումը պարտադիր է, իսկ վերջում, բացի նվազագույնը 25.000 և 3.000 ՀՀ դրամներից, «Տանդեմ Փեյմինթս» կոչվող մի ընկերություն յուրաքանչյուր անձնագրի դիմաց 300 ՀՀ դրամ էր գանձում` որպես սպասարկման գումար: Մինչդեռ սպասարման որակի մասին խոսքերն ավելորդ էին:
Պարզելու համար, թե ինչ է իրականում կատարվում`խոսեցինք «Տանդեմ» ընկերության հետ, որի գլխավոր հաշվապահ Լիաննա Մանուկյանը մեզ հավաստիացրեց, որ ընկերությունը ՀՀ ոստիկանության հետ կնքած պայմանագիր ունի և այն օրինական է գործում, իսկ գանձվող գումարները (մինչև 1000 ՀՀ դրամի դեպքում` 100 դր, 1001 և ավելի ՀՀ դրամի դեպքում` 300 դր) ընդամենը միջնորդավճար են և միտված են քաղաքացիների գործը հեշտացնելուն:
«Ոստիկանությունը տեղյակ է այդ մասին և մենք ոչ մի անօրինական գործ չենք անում: Իսկ մեր ընկերության գումար գանձելու սարքերը տեղադրված են բոլոր շրջանների անձնագրային բաժանմունքներում, և ոչ միայն», – մեզ հետ զրույցում ասաց Լ. Մանուկյանը: Մեր հարցին, թե ո՞ւր են ուղղվում գանձված գումարները` գլխավոր հաշվապահը մի փոքր մտորելուց հետո պատասխանեց. «Այդ փողերը գնում են մեր ընկերություն…»:
Հարցի իրողությունն ավելի լավ հասկանալու համար` փորձեցինք կապ հաստատել նաև ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հետ, սակայն այնտեղի աշխատակիցներից մեկը չցանկացավ պատասխանել մեր հարցերին և ասաց, որ զանգահարենք ոստիկանության թեժ գիծ: Թեժ գծի աշխատակիցն էլ իր հերթին հավաստիացրեց, որ այդօրինակ հարցերին միայն պատասխանում է ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: Մեր խիստ հարցարդրումից հետո ստիպված փոխանցեցին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալի հեռախոսահամարը, որից անմիջապես հետո կապ հաստատեցինք տվյալ վարչության պետի տեղակալ Արմեն Մալխասյանի հետ:
Ըստ համապատասխան վարչության` անձնագրային ծառայություններում վճարային տերմինալների նախատեսումը քաղաքացիների տեղում վճարումները կատարելու համար են: Սակայն դա չի նշանակում, որ դիմումատուն պարտավորված է կատարել վճարումը նշված եղանակով: Վճարման եղանակի ընտրությունը պատկանում է քաղաքացուն՝ այն իրականացնել համապատասխան բանկերի՞, թե՞ տերմինալների միջոցով:
«Վճարումներ կատարելու սպասարկման դիմաց գանձվող լրացուցիչ գումարի տնօրինման և ծախսման ուղղությունների որոշումը դուրս է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության իրավասությունից: Առաջարկվում է նշված խնդրի կապակցությամբ պարզաբանում ստանալու համար դիմել իրավասու մարմիններին: Ինչ վերաբերում է նույնականացման քարտին` որպես ՀՀ քաղաքացու ինքնությունը և քաղաքացիությունը հավաստող փաստաթուղթ, ապա այն նախատեսված է միայն ՀՀ տարածքում օգտագործելու համար: Նույնականացման քարտ ստանալու համար չի պահանջվում կենսաչափական տվյալներ պարունակող անձնագրի առկայություն: Քաղաքացին նույնականացման քարտ ստանում է 16 տարին լրանալու օրվանից», – տեղեկացրել է ՀՀ ոստիկանության ՀԿԼ վարչությունը:
ՀԿԼ վարչության փոխանցմամբ` ի տարբերություն նույնականացման քարտի` կենսաչափական տվյալներ պարունակող անձնագիրը հիմնականում օգտագործվում է ՀՀ-ից դուրս գալու և ՀՀ վերադառնալու համար: Նշված անձնագիրը քաղաքացուն տրվում է անկախ տարիքից: 16 տարին լրացած անձանց կենսաչափական տվյալներ պարունակող անձնագիր տրամադրելու համար հիմք է նույնականացման քարտի առկայությունը: Վարչարարությունը պարզեցնելու նպատակով, այն դեպքում, երբ անձը չունենալով նույնականացման քարտ ցանականում է ստանալ կենսաչափական տվյալներ պարունակող անձնագիր, երկու դիմումները ընդունվում են միաժամանակ:
Մեր հարցին` ո՞ւր են ուղղվում նորատեսակ անձնագրերի գումարները և ինչպե՞ս վստահ լինի քաղաքացին, որ այդ գումարները գնում են պետբյուջե` ՀՀ ոստիկանության ՀԿԼ վարչությունից պատասխանեցին. «Նույնականացման քարտերի և կենսաչափական տվյալներ պարունակող անձնագրերի համար նախատեսված վճարները սահմանված են «Պետական տուրքի» մասին ՀՀ օրենքով և որպես գանձվող պետական տուրք, համապատասխան նախահաշիվների համաձայն` ծախսվում են պետական կարիքների համար»:
Եթե Հայաստանում օրենքը չի գործում հօգուտ քաղաքացիների, ապա յուրաքանչյուր մարդ, յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի ամեն քայլ կատարելիս պետք է նյարդերի ամբողջ լարվածությամբ պաշտպանել սեփական իրավունքները:
Ելենա Չոբանյան
“Տեսել եմ՝ ինչպես է ոստիկանը թմրանյութ դրել որդուս բաճկոնում”. հայտարարել է ձերբակալված ադրբեջանցի ակտիվիստի մայրը
“Ֆեյսբուքյան” ադրբեջանցի ակտիվիստ Աբդուլ Աբիլովի մայրը՝ Նուրջահան Աբիլովը, ում որդին թմրանյութեր պահելու համար դատապարտվել է 5.5 տարվա ազատազրկման, “Թուրան” գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ իր որդին ձերբակալվել է սոցիալական կայքում գրառումների համար:
Ըստ Նուրջահան Աբիլովի՝ իր որդին անարդարության դեմ է պայքարում: Նա պատմել է, թե ոստիկանը ինչպես է թմրանյութ դրել իր որդու հագուստում:
“Որդուս տուն բերեցին շղթայված: Ոստիկաններից մեկը պոլիէթիլենային տոպրակով նյութ է դրել որդուս բաճկոնում, ես բռնեցի ոստիկանի ձեռքից, բայց ինձ հրեցին, իսկ այդ փաթեթը դրեցին բաճկոնի գրպանում: Ինձ ասեցին՝ չաղմկեմ՝ սպառնալով, որ կարող են նույնիսկ 5 կգ դնել”,- ասել է Աբիլովի մայրը:
Որդու ձերբակալությունից հետո ընտանիքի վիճակը շատ ծանր է: “Որդիս ընտանիքի միակ կերակրողն էր: Ձերբակալությունից հետո նրա կնոջը ուղարկեցի հայրական տուն, իսկ ես գնացի շրջաններ՝ որոշ ժամանակ եղբորս տանը ապրելու: Այժմ Բաքու եմ եղեկ: Ինչպե՞ս ապրեմ առանց որդու և հարսի”,- բողոքել է մայրը:
“Ես հարցնում եմ իշխանություններից՝ ինչու եք ձերբակալում անմեղներին: Ես գնացել էի բողոքելու, ոմանք ինձ ընդունեցին: Սակայն իմ բողոքներով չեն հետաքրքրվում”,- ասել է մայրը:
Աբդուլ Աբիլովը ձերբակալվել է 2013թ. նոյեմբերի 22-ին “Facebook” սոցիալական կայքում “Ստոպ կեղծավորներին” էջը բացելու համար, որտեղ քննադատել է իշխանություններին: Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը Աբիլովին դատապարտել է 5.5 տարվա ազատազրկման:
Ջոլիին տեսանկարահանել են հերոին գնելու ժամանակ
Կալանավայրում գտնվող թմրավաճառ Ֆրանկլին Մեյերը հայտարարել է, որ 1990-ականներին Անջելինա Ջոլիին կանոնավոր թմրանյութ է մատակարարել, հաղորդում է Вести.Ru-ն:
Որպես ապացույց, 68-ամյա թմրավաճառը ԶԼՄ-ներին է ներկայացրել սիրողական խցիկով կատարած մի տեսանյութ, որտեղ Ջոլին ետուառաջ է անում բնակարանում ու հեռախոսով զրուցում իր հոր հետ:
Մեյերի խոսքով, ժամանակին Ջոլիին շաբաթական մի քանի անգամ թմրանյութ է հասցրել: Նրա խոսքով, ապագա աստղն ու ՄԱԿ-ի բարի կամքի դեսպանը ամեն անգամ թմրանյութերի վրա հարյուրական դոլար է ծախսել.»Նա կարող էր հերոին ընդունել բոլորի աչքի առջև, նրա համար միևնույն էր, թե ով կա կողքին»,-պատմել է Մեյերը:Ի դեպ, Բրեդ Փիթի կինը երբեք չի թաքրել, որ թմրանյութեր է օգտագործել ու նկարահանվել պոռնոֆիլմերում: Սակայն այդ ամենը փաստերով հաստատված չէր:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդիպում է ցուցարարների հետ (լուսանկարներ)
«Նաիրիտ» գործարանի աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում ՀՀ Կառավարության շենքի մոտ:
Ցույցը կազմակերպվել է «Նաիրիտ» գործարանի արհմիությունը «Նաիրիտ» գործարանի տնօրինության աջակցությամբ: «Նաիրիտ» գործարանն իր աշխատակիցներին 15-16 ամսվա աշխատավարձ է պարտք։
Կառավարության շենքի դիմաց նրանց հանդիպումը ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ՝ լուսանկարներում
Տեխասում հայրը սպանել է իր երեխաներին
ԱՄՆ-ում,Հյուսթոնում հայրը սպանել է իր երեխաներին: Առավոտյան լուր ստացվեց, որ Հյուսթոնում անհայտ անձը սպանել է 6 մարդու, որոնցից 5-ը` երոխաներ են: Սպանվածների դիակները հայտնաբերել են հարևանները, կրակոցները լսելուց հետո: Տղամարդու հարձակումից տուժել է նաև մեկ կին ու երեխա:
Երբ հանցանքը կատարողին բռնեցին, պարզվեց, որ նա սպանված երեխաների հայրն է: Ճշտված տվյալների համաձայն, նա սպանել է երկու որդիներին, երկու դուստրերին ու 2 բարեկամներին: Կենդանի մնացած դուստրը հայտնել էր, որ հայրը հաշվեհարդար տեսնելուց հետո, տատիկի տուն էր ցանկանում գնալ` նրան սպանելու,սակայն ոստիկանությունը հասցրեց ձերբակալել մարդասպանին:







