Համեղ բաղադրատոմսեր իմունիտետի ամրապնդման համար

xohanocԲաղադրատոմս 1

3 կիտրոնն աղալ ամբողջությամբ, ավելացնել 1 կգ աղացած գազար, ապա 1 լ մեղր և լավ խառնել: Ընդունել ուտելուց առաջ, օրական 3 անգամ, մեկական ճաշի գդալ: Այս խառնուրդը հարուստ է  А, С, Е, ինչպես նաև` В խմբի վիտամիններով, ֆոլիաթթվով, մակրո- և միկրոտարրերով: Բոլորը կենսաբանորեն ակտիվ նյութեր են, ունեն հակաօքսիդանտ հատկություն, որոնք պայքարում են  նաև օրգանիզմի ազատ ռադիկալների դեմ:

Բաղադրատոմս 2

2 ճաշի գդալ վարսակափաթիլները 3 ճաշի գդալ ջրով թրջել: Քիչ անց ավելացնել 1 թեյի գդալ խտացրած կաթ, 1 ճաշի գդալ ընկույզ , չիր ու ցանկացած թարմ միրգ  և  հատապտուղ: Ի դեպ, խտացրած կաթի փոխարեն կարող եք մեղր ավելացնել: Ամբողջը լավ խառնել և ընդունել ուտելուց կես ժամ առաջ` մեկական ճաշի գդալ:

Այս բաղադրատոմսերը անփոխարինելի միջոց կդառնան ձեր «դեղատանը»: Մեկ անգամ փորձելուց հետո այլևս այս բալասանի մասին չեք մոռանա:

Պարադոքս. Լյուվենի համալսարանի գիտական կենտրոնի մեկամյա ֆինանսավորմամբ հայաստանյան գիտությունը կապրի 20 տարի

լյուվենՊատահում է, որ անհավանական երազ ես տեսնում: Գիտես որ երազ է, ամեն կերպ ուզում ես արթնանալ, բայց չի ստացվում, մղձավանջը շարունակվում է:

Արթմնի վիճակում նման զգացողություն ունեցա վերջերս բելգիացի գիտնականի դասախոսությունը լսելիս: Նեյրոհոգեֆիզիոլոգիայի ոլորտի առաջատար մասնագետ Մարկ Վան Հյուլեն  մոլեկուլային կենսաբանության ինստիտուտում հայ գիտնականներին ներկայացնում էր Լյուվենի կաթոլիկ համալսարանում գործող իր լաբորատորիայի գործունեությունը և ծրագրերը:

Գիտնականը պատին պրոյեկցված պատկերի վրա մանրակրկիտ ու հպարտությամբ ցույց էր տալիս` սա մեր համալսարանն է, սա մի մասնաշենքում իմ լաբորատորիան է, և այդպես շարունակ: Նրա ամեն մի խոսքից զգացվում էր, թե ինչքան հպարտ է իր ունեցածով:

Երբ գիտնականը սկսեց ներկայացնել իրենց համալսարանի գիտական կենտրոնի և իր լաբորատորիայի ֆինանսավորումը, թվաց, թե խոսքի միալար հնչերանգից ննջել եմ ու երազ եմ տեսնում: Սթափվեցի, մտքերս հավաքեցի ու սևեռվեցի պատի վրայի պատկերին: Պարզվեց, որ ո՛չ  քնած եմ, ո՛չ էլ սխալ եմ լսում, պարզապես հայ իրականության համար բելգիական համալսարանի գիտական կենտրոնի ֆինանսավորումն անհավանական ու աստղաբաշխական է թվում: Նրանց մեկ տարվա ֆինանսավորմամբ հայաստանյան գիտությունը քանի՜-քանի՜ տարի կապրի:

Պարզվում է, որ Մարկ Վան Հյուլեի գլխավորած լաբորատորիան, որն աշխատում է Mindspeller (Մայնդսփելեր) ծրագրի վրա, տարեկան ստանում է 2 մլն եվրո ֆինանսավորում. դա այն գումարն է, որ անհրաժեշտ է գիտնականների փոքր խմբին արդյունավետ հետազոտություններ անելու համար:

Լյուվենի համալսարանի գիտական կենտրոնի տարեկան բյուջեն գերազանցում է 500 մլն եվրոն: Սա այն պարագայում, երբ Հայաստանում ողջ գիտության տարեկան բյուջեն է կազմում 20 մլն եվրո (11 մլրդ ՀՀ դրամ): Այսինքն` Լյուվենի համալսարանի տարեկան բյուջերով հայաստանյան գիտությունը կգոյատևի  25 տարի:

Հաջորդ օրը զարմանալու հերթը բելգիացի գիտնականինն էր: Եթե մենք` հայերս, զարմանում էինք, թե ինչ մեծ ֆինանսավորում ունի գիտությունը Բելգիայում, ապա Մարկ Վան Հյուլեն ԳԱԱ նախագահի հետ հանդիպումից ու Հայաստանում գիտության ֆինանսավորման ծավալն իմանալուց հետո էր երազում հայտնվել: Նա ոչ մի կերպ չէր հասկանում, թե նման ֆինանսավորմամբ ինչպե՞ս կարող է Հայաստանը գիտություն ու լավ գիտնականներ ունենալ, նաև տարածաշրջանում լինել առաջատարը միջազգային պարբերականներում տպագրվող հոդվածների քանակով:

Ու չնայած իր դասախոսությունը սկսելիս բելգիացի գիտնականը նշեց, որ Հայաստանը և Բելգիան շատ նմանություններ ունեն` փոքր երկրներ են, որոնց հիմնական ներուժը մարդկային ռեսուրսն է, այնուամենայնիվ տարբերություններն ավելի շատ են:

Բելգիա, երկիր Եվրոպայում:  Խորհրդարանական միապետություն է: Ունի երեք պետական լեզու` հոլանդերեն, ֆրանսերեն, գերմաներեն: Մայրաքաղաքը` Բրյուսել:

Տարածքը` 30 հազար քկմ: Բնակչությունը` 11 մլն` ըստ  2012-ի մարդահամարի տվյալների:

Բելգիայում գիտությունը կենտրոնացած է համալսարաններում: Համալսարանների բյուջետային հատկացումների 40%-ն ուղղվում է գիտության զարգացմանը: Գիտական հետազոտությունները ֆինանսավորվում են ինչպես առանձին  նախարարությունների, այնպես  էլ պետական հատկացումներով, ինչպես նաև մասնավոր ֆոնդերից:

Գիտության զարգացմանն  է կոչված աջակցելու Բելգիայի գիտական հետազոտությունների ազգային հիմնադրամը: Պետությունն այս հիմնադրամի միջոցով է իրականացնում համալսարանների ֆինանսավորումը, որտեղ և կենտրոնացած  է գիտությունը:  Հիմնադրամը աջակցում է ինչպես անհատ հետազոտողների, այնպես էլ գիտնականների խմբերի` միավորված մեկ թեմայի շուրջ:

Գիտության ֆինանսավորմամբ զբաղվում են նաև համայնքները, ինչպես նաև տարբեր հիմնադրամներ: Օրինակ`  Բոդուէն թագավորի անվան հիմնադրամը ֆինանսավորում է  այն գիտական հետազոտությունները, որոնք ուղղված են Բելգիայի տնտեսության, դեմոգրաֆիայի բարելավմանը և իմիգրացիոն խնդիրների լուծմանը:

Լյուվենի կաթոլիկ համալսարանը, որի մասին այդքան մեծ հպարտությամբ խոսում էր Հյուլեն,  հիմնադրվել է 1425-ին և համարվում է աշխարհի հնագույն համալսարաններից մեկը: Ունի 14 ֆակուլտետ, որոնք ներառում են գիտության հումանիտար,  բնական և տեխնիկական ուղղությունները:  Բուհն ունի ավելի  քան 26 հազար ուսանող, որոնցից 2300-ն օտարերկրացիներ են աշխարհի 100 երկրներից, այդ թվում և Հայաստանից:

Ողջ աշխարհում հայտնի է նաև համալսարանի գրադարանը, որն ունի շուրջ 4 մլն գիրք և 15 հազար պարբերական: Համալսարանի գիտական կենտրոնին կից գործում է նաև հինգ հիվանդանոց` մոտ 2 հազար մահճակալներով:

Ըստ ՅՈՒՆԵՍԿՕ–ի  2010-ի գիտության մասին զեկույցի`  Բելգիայում գիտության առաջատար ճյուղեր են համարվում կենսաբանությունը, քիմիան, կլինիկական բժշկությունը: Երկրի ՀՆԱ–ի 1,87%-ը հատկացվում է գիտությանը:  Այստեղ մեկ միլիոն բնակչին բաժին է ընկնում  մոտ 2900 գիտաշխատող:

Տարվա ընթացքում տպագրված գիտական հոդվածքների քանակով Բելգիան ԵՄ երկրների շարքում, ըստ 2008-ի տվյալների, 9-րդն է` 13 773 հոդված:

Հայաստանի Հանրապետություն, երկիր Անդրկովկասում: Տարածքը` 29 հազար քկմ, բնակչությունը` 3,26 մլն` ըստ 2011-ի մարդահամարի տվյալների:

Հայաստանում գիտության ֆինանսավորումը կազմում է ՀՆԱ–ի մոտ 0,25%-ը:

Ըստ ՅՈՒՆԵՍԿՕ–ի 2010-ի գիտության մասին զեկույցի` Հայաստանում գիտության առաջատար ճյուղերն են ֆիզիկան, մաթեմատիկան, քիմիան, կլինիկական բժշկությունը և այլն:

Մեկ մլն բնակչին բաժին է ընկնում մոտ 1200 գիտաշխատող: Ըստ նույն զեկույցի` Հայաստանը, հարևան երկրների համեմատությամբ, առաջատար է գիտության ոլորտում: 2008-ին Հայաստանն ունեցել է 544 գիտական հոդված, մինչդեռ, օրինակ, Ադրբեջանը` 292, Վրաստանը` 328: Ընդգծենք նաև, որ նշված երկու երկրները գիտությանն ավելի շատ են ֆինանսական միջոցներ հատկացնում:

Չնայած երկու երկրների միջև առկա տարբերություններին` բելգիացի գիտնականը վստահ է, որ ապագան Հայաստանինն է` երկիր, որ ունի ուղեղի, մտքի նման մեծ պոտենցիալ:

Օտարերկրացի գիտնականը բարձրաձայնում է ճշմարտությունը, որը չեն գիտակցում մեզանում ոլորտի պատասխանատու բազմաթիվ պետական այրեր: Դա են վկայում թե՛ գիտությանը հատկացվող ֆինանսավորման ծավալը, թե՛ վերաբերմունքն ուղեղների արտահոսք ասված երևույթին: Ոլորտի շատ պատասխանատուներ ասում են, որ դրա մեջ վատ բան չեն տեսնում. տեխնիկայի դարաշրջան է, և արտերկրում հաջողության հասած հայ գիտնականը կարող է դրսից էլ աշխատել իր հայրենիքի համար: Մինչդեռ, օրինակ, բելգիացի գիտնականը պարտադիր է համարում, որ դրսում կրթություն ստացած հայ երիտասարդները հայրենիք վերադառնան ու այստեղ աշխատեն:

2013-ի նորաձևության գլխավոր միտումները

12013-ի գարուն-ամառ նորաձևությունը զարմացնում է իր բազմազանությամբ: Այն տարբերվում է ուղիղ գծերով, պարզ, էլեգանտ կտրվածքներով և վառ գույներով: Սեզոնի նորաձևությունը կրեատիվ է և անհատականություն է մտցնում կնոջ կյանքում:

Կարգախոսը հետևյալն է` ռոմանտիկ սեքսուալություն:

Գոտիներ

2Շատ դիզայներներ առաջարկում են հիմնական շեշտը դնել իրանի վրա: Այդ իսկ պատճառով հարկավոր է նախընտրությունը տալ այնպիսի զգեստների, որոնք
Նորաձև են ամենատարբեր ձևի գոտիները, սակայն իրանն ընդգծելու համար ոճաբաններն առաջարկում են ընտրել լայն գոտիներ:ընդգծում են իրանը: Իսկ եթե զգեստն այդպիսին չէ, ապա իրանն ընդգծեք գոտիների միջոցով:

Թավշյա զգեստներ

3Թավիշ, այն միշտ էլեգանտ է, ուստի զարմանալի չէ, որ նախկինում  թավշյա զգեստներ կրելու արտոնություն ունեին միայն թագավորական տան կանայք: Այսօր այն հասանելի է բոլորին:

Պոդիումներում թավշյա զգեստներն առաջին անգամ հայտնվեցին 1939 թվականին: Այդ ժամանակվանիզ սկսած հագուստի դիզայներներն այլևս երբեք չմոռացան դրա մասին: Ճիշտ է, եղել են նաև ժամանակներ, երբ թավշյա զգեստներն այնքան էլ նորաձև չէին, սակայն դա չի վերաբերում այս տարվա նորաձևությանը:

2013-ի իրենց հավաքածուներում թավշյա զգեստներ են ցուցադրել այնպիսի նշանավոր նորաձևության տներ, ինչպիսիք են Gucci-ն,, Dolce&Gabbana-ն, Nikole Miller-ը, Oscar de la Renta-ն, Akris и Jean Paul Gaultier-ը:

Կլատչեր

42013-ի նորաձևության հավաքածուներում կլատչ պայուսակներն ավելի ու ավելի մեծ տեղ են զբաղեցնում: Կլատչ փոքրիկ պայուսակը կարող է փոխարինել և՛ երեկոյան պայուսակներին, և՛ միաժամանակ դառնալ պրակտիկ, ամենօրյա պայուսակ:

Դիզայներները չեն խնայել իրենց երևակայությունը` ստեղծելու կլատչերի յուրօրինակ հավաքածուներ: Սակայն սեզոնի հիմնական միտումը կլատչերի չափն է. այն մի փոքր ավելի մեծ է: Սա արդեն բխում է հարմարավետության պահանջարկից, քանի որ կան շատ իրեր, որոնք կանայք անհրաժեշտաբար

միշտ իրենց մոտ պահում են: Այնուհանդերձ խորհուրդ չի տրվում կլատչը շատ իրերով լցնել, քանի որ տձևանում է և կորցնում գեղեցկությունը:

Եվս մեկ յուրահատկություն՝ կապված կլատչային նորաձևության հետ: Այն վերաբերում է  կրելուն: Եթե նախկինում կլատչը պարզապես դնում էին թևի տակ կամ բռնում դրան ամրացված շղթայից, վերջին հավաքածուներում կլատչերի վրա հայտնվել են հատուկ բռնակներ:

Ինչ վերաբերում է հումքին, ապա դիզայներներն առաջարկում են մորթե, կաշվե,  զամշե կամ հաստ մահուդե (դրապ) հումքից կլատչեր: Հայտնվել են նաև խիզախ մոդելներ, օրինակ, պլաստիկ նյութից: Հաշվի առնելով տարվա խորհրդանիշը` նորաձև են նաև օձի կաշվի և հյուսվածքի նմանվող կլատչերը:

Ամենացանկալի գույները կշարունակեն մնալ սպիտակը, սևը, շագանակագույնը և բեժը: Ամռանն առավել նորաձև կլինեն վառ գույնի կլատչերը` նարնջագույն, դեղին, կանաչ, վարդագույն, կապույտ, մանուշակագույն և ոսկեգույն:

2013-ի գարնանային նորաձևություն ոճային ու նորաձև կոշիկները

5Ինչպես գիտենք, կոշիկը կնոջ այցեքարտն է: Հենց այն պետք է լինի ոճային` ընդգծելով կնոջ անհատականությունը: 2013-ի նորաձևության հիմնական գիծը ունիվերսալությունն է: Նորաձև են դասական սրաքիթ կամ կլորավուն կոշիկները, հին հունական սանդալները, տանկետկաները: Յուրօրինակ կրունկները կրկին ակտուալ են: Նորաձև են նաև բոտինկաները` երկարավուն կապիչներով, ինչպես նաև փայլփլուն կեդերը:

Կոշիկների նորաձևության հիմնական գծերից մեկն էլ այս տարի «բաց քիթն էե: Բայց դա չի նշանակում, որ պետք է ընտրեք միայն բաց քթով սանդալներ. միտումը վերաբերում է նաև բոտինկաներին, անգամ երկարաճիտ կոշիկներին:

Սեզոնի մյուս յուրահատկությունը դասականի և սպորտայինի համակցությունն է. օրինակ, դասական կոշիկ, բայց ոչ բարձրակրունկ կամ էլ բարձրակրունկ դասական կոշիկ` սպորտային դետալներով:

Տաբատներ

6Լայն տաբատները կրկին նորաձև են. վերադառնում են 70-ականները: Այս մոդելները հատկապես գեղեցիկ են բարձրակրունկ կոշիկներով: Դիզայներներն առաջարկում են թե՛ կոնքերից և թե՛ գոտկատեղիս սկսվող մոդելներ:

Կիպ, նեղ տաբատները կմնան նորաձևության մեջ նաև այս տարի: Ընդ որում, շատ գեղեցիկ կդիտվեն մինչև ծնկները հասնող տարբերակները:

Դասական, գծավոր տաբատները նույնպես նորաձև են: Կարելի է ասել, որ այս տարբերակը միշտ է ակտուալ: Նման տաբատներ կան այս տարվա նորաձևության գրեթե բոլոր հավաքածուներում: Բացի այդ, այս մոդելները սազում են բոլոր կանանց՝ անկախ կազմվածքից:

Նորաձև են նաև նեղ, կիպ, ծաղկավոր տաբատները: Եվս մեկ միտում. Այս տարի տաբատների չափը խիստ ծայրահեղական է` կամ կարճ (կապրիներ) կամ չափազանց երկար: Լայն, կիսաշրջազգեստ հիշեցնող տաբատները նույնպես նորաձև են:

Նորաձև են նաև թեթև, թափվող նուրբ կտորից կարված տաբատները, որոնք փոքր ինչ անփույթ ոճ են հաղորդում: Այս տաբատներն առավել խորհուրդ է տրվում կրել նիհար կանանց:

7Ընդհանուր առմամբ սեզոնն առանձնանում է 14 գլխավոր միտումով: Դրանք են`

1.         60-ականների ոճ (կարճ կիսաշրջազգեստներ, «տրապեցիաե զգեստներ, ծաղկավոր կտորներ և այլն):

2.         Գծեր և շերտեր

3.         Վանդակներ

4.         Արևելյան նախշեր

5.         Սմոքինգ

6.         Ծալաբոլորք (оборки)

7.         Հավայան գունապնակ

8.         Սաֆարի

9.        Կիմանո

10.       Մետաղական հավելումներ

11.       Մանր դարսեր (պլիս)

12.       Փայլազարդեր

13.       Ծոպեր

14.       Պուտեր

8Նորաձև գույներ 

2013-ի գարուն-ամառ հավաքածուների ամենատարածված 10 գույներն են`

1. Փիրուզագույն

2. Կանաչամոխրագույն
3. Աղցանային կանաչ9
4. Երկնագույն

5. Մուգ կապույտ

6. Աֆրիկյան մանուշակագույն

7. Լիմոնագույն

8. Կաթնավարդագույն

9. Մարջանագույն (կորալ)

10. Կարմիր կակաչ

 

Բողկով ու սպանախով աղցան

բողկԲաղադրությունը

400 գ թարմ սպանախ

150 գ բողկ

համեմելու համար պատրաստել`

ձեթ 1/3 թ/գդալ

1 կիտրոնի հյութ

1 թ/գդալ մանանեխ (պատրաստի)

1 պճեղ սխտոր (մանրացրած կամ ճզմած)

աղ ու պղպեղ:

Պատրաստման եղանակը

Սպանախը ձեռքով փրթել (ոչ թե դանակով կտրատել): Ի դեպ, այս ձևով սպանախը աղցանի մեջ թարմությունը չի կորցնում, չի ճլորում: Բողկը մանր կտրատել: Խառնել իրար, ապա ամանը ծածկել ու թափահարել, որ բաղադրիչները լավ խառնվեն: Համեմել վերը նկարագրված թանձրահյութով և մատուցել:

Բարի ախորժակ:

Բավարարվեցինք թվացյալ քաղաքակիրթ ընտրություններով

Election 2013Հայաստանի երրորդ Հանրապետության նախագահական վեցերորդ ընտրություններն այլևս պատմություն են: Նախագահի աթոռի համար պայքարում էին յոթ թեկնածուներ, չնայած բուն պայքարը նրանցից երկուսի միջև էր:  Քվեների 58,67 տոկոսով վերընտրվեց գործող նախագահ Սերժ Սարգսյանը: Երկրորդ տեղում է Րաֆֆի Հովհաննիսյանը քվեների 36,75 տոկոսով:

Միջազգային դիտորդներն ընտրություններում առաջընթաց նկատեցին և այն մեկ քայլ առաջ համարեցին` նշելով, որ նկատված մանր-մունր խախտումներն արդյունքների վրա ազդել չէին կարող:

Այն, որ այս նախագահական ընտրությունները նախորդ բոլոր ընտրություններից տարբերվում էին, փաստ է: Ընդ որում, տարբերությունները մեկ-երկուսը չեն:

Գյուղապե՞տ  էինք ընտրում, թե՞ երկրի  նախագահ… Ո՞րն  էր անտարբերության պատճառը

Ընդհանուր տպավորությունն այնպիսին է, կարծես ընտրում էինք ոչ թե երկրի նախագահ, այլ ինչ-որ կորած-մոլորած գյուղի գյուղապետ: Վերաբերմունքն ընտրական գործընթացին նման տպավորություն է թողնում:

Նախ` նախագահական վեցերորդ ընտրությունները նշանավորվեցին վստահված անձանց բացակայությամբ: Տողերիս հեղինակն ընտրությունների օրն այցելել է Երևանի տարբեր համայնքների 14 ընտրատեղամաս: Տեղամասերից մեկում վստահված անձինք ընդհանրապես չեն եղել, 6-ում վստահված անձ ունեցել է միայն Սերժ Սարգսյանը, մնացած ընտրատեղամասերում վստահված անձ ունեցել է նաև թեկնածուներից Րաֆֆի Հովհաննիսյանը:

Վստահված անձանց բացակայությունը մի փոքր տարօրինակ է, մանավանդ որ մինչ ընտրությունները բոլոր յոթ թեկնածուները վստահաբար հայտարարում էին, թե իրենք են հաղթելու, ֆավորիտ թեկնածուն իրենք են: Այդ ինչպե՞ս պատահեց, որ «ֆավորիտ» թեկնածուները գեթ մեկ վստահված անձ չունեցան:

Իրավիճակն այնքան արտառոց էր, որ տարբեր ընտրատեղամասերում աշխատող լրագրողներս միմյանց հետ կապ էինք հաստատում`  ճշտելու` արդյոք ամեն տեղ նո՞ւյն վիճակն է: Պարզվեց, որ այո, ամենուրեք վստահված անձանց դեֆիցիտ էր:

2012-ի խորհրդարանական ընտրություններին ԱԺ մտնելու համար իսկապես պայքարող բոլոր քաղաքական ուժերը գրեթե բոլոր ընտրատեղամասերում վստահված անձինք ունեին, երբեմն նույնիսկ երկուսն ունեին, եթե նաև մեծամասնական թեկնածու կար: Որոշ ընտրատեղամասերում վստահված անձինք ունեին անգամ Կոմունիստական և Դեմոկրատական կուսակցությունները:

Այս անգամ այդ ռեսուրսը կարծես հօդս էր ցնդել:

Այս ընտրությունների երկրորդ առանձնահատկությունը դիտորդների պակասն է: Վերջին խորհրդարանական ընտրություններին հետևում էին 16 հազար տեղական և մոտ 650 միջազգային դիտորդներ: Նախագահական ընտրություններին հետևող դիտորդների թիվն   առնվազն կրկնակի պակաս է` այս անգամ ԿԸՀ-ում գրանցվել էին 7000 տեղական և միջազգային դիտորդներ:

Եթե խորհրդարանական ընտրությունների ժամանակ անհնար էր որևէ ընտրատեղամաս մտնել և տեղում միակ դիտորդը լինել, ապա այս անգամ դա սովորական երևույթ էր: Գրանցամատյաններն այս ընտրություններին գրեթե դատարկ մնացին. օրվա վերջին գրանցամատյաններում էջի կեսն էլ չէր լրացել, մինչդեռ ԱԺ ընտրությունների ժամանակ օրվա երկրորդ կեսին գրանցամատյանում մի քանի էջ արդեն լրացված էր:

Նշված  երկու առանձնահատկություններով էլ պայմանավորված է ընտրությունների  երրորդ բնորոշ գիծը. չկան դիտորդներ և վստահված անձինք, չկան նաև ընտրախախտումներն արձանագրող և այլընտրանքային լրատվություն տրամադրող անձինք: Ընտրատեղամասերում ինչ ասես, կարող է պատահած լինել, բայց ոչ մեկս այդ մասին չգիտենք. չկա լրատվության աղբյուր:

Օրինակ` ընտրությունների օրն ահազանգ ստացանք, որ Մարտունիում բաց քվեարկություն է տեղի ունենում` քաղաքապետը ընտրողների հետ քվեախուց է մտնում ու «օգնում» նրանց ընտրություն կատարել, Զովունիում ընտրատուփերի մոտ մարդկանց պարտադրում են քվեաթերթիկը ցույց տալ, նոր միայն դնել ծրարը և գցել քվեատուփը, և նման բազմաթիվ այլ դեպքեր: Ամեն անգամ այն հարցին, թե տեղում դիտորդներ, վստահված անձինք  կամ լրագրողներ չկա՞ն, որ արձանագրեն, հնչում էր մեկ պատասխան` միայն հանձնաժողովի անդամներն են, իրենք էլ հանգիստ նայում են:

Երբ տեղում կան դիտորդներ և վստահված անձինք, նրանք ոչ միայն հետևում են, որ խախտումներ տեղի չունենան, այլև արձանագրում են կատարվածը, ներս մտած լրագրողի ուշադրությունն  էլ հրավիրում են իրենց նկատած խախտումների վրա: Մինչդեռ նրանց բացակայությամբ ինֆորմացիան միայն մեկ` պաշտոնական  տեսանկյունից է ներկայացվում. այն է` ամեն ինչ ընթանում է գերազանց, և վերջ:

Ստացվում է, որ այս ընտրությունները խորհրդային տարիների  իրադարձություն դարձան. ոչ թե ընտրակեղծիքներ տեղի չեն ունեցել, այլ դրանք արձանագրողներ և բարձրաձայնողներ չեն եղել:

Ընտրողները  պասիվ էին,  ոստիկաններն`  անտարբեր ու ագրեսիվ

Չորրորդ առանձնահատկությունը ընտրողների պասիվությունն էր: Եթե Աժ ընտրություններին ցանկացած տեղամասում ակտիվ շարժ էր, անգամ շատ տեղերում մեծ հերթեր էին, ապա այս անգամ նման տեսարանների ականատես չդարձանք: Պատահում էր, որ 30 րոպեի ընթացքում գեթ մեկ ընտրող չէր մտնում ընտրատեղամաս:

Չնայած դրան, նախագահական ընտրություններին արձանագրվել է 60,5 տոկոս մասնակցություն (ԱԺ ընտրություններին էլ արձանագրվել էր 62,26 տոկոս մասնակցություն):

Համատարած բնույթ էր կրում մարդկանց մեքենաներով ընտրատեղամաս բերելը: Օրենքը նման բան չի արգելում, մանավանդ որ մարդատար մեքենաների վրա ո՛չ քաղաքական ուժերի պաստառներ կային, ո՛չ դրոշներ: Բայց երևույթի ենթատեքստը ժխտել հնարավոր չէ: Ընտրողներին մեքենաներով բերելը զանգվածային բնույթ էր կրում, օրինակ` 9/27 և 9/28 ընտրատեղամասերում:

Նորագյուղում գտնվող ընտրատեղամասեր այցելության պատճառ դարձավ պատահաբար լսած խոսակցությունը, թե ինչպես են 2003-ին այստեղ ժամը 17-ի դրությամբ 100 տոկոս մասնակցություն ապահովել ու փակել ընտրատեղամասը: Պարզվեց, որ այս անգամ ընտրատեղամասում ակնկալում են ոչ թե 100 այլ 60-70 տոկոս մասնակցություն: Միմյանցից մեկ պատով բաժանված ընտրատեղամասերի նախասրահում սևահեր մի կին` Միրզոյան Իրինան,  դուրսուներս էր անում` ամեն անգամ 10-15 հոգանոց խումբ ներս բերելով: Արագ-արագ մարդկանց հուշում էր, թե ով որ ընտրատեղամաս մտնի: Մարդիկ էլ ընտրելուց հետո մոտենում ու կարծես զեկուցում էին` ընտրեցինք: Ապա ընտրածների խումբը դուրս էր գալիս նույն կնոջ ուղեկցությամբ, քիչ անց նորն էր ժամանում: Սևահեր կինը, որ որևէ վկայական չուներ փակցված (իսկ ընտրատեղամասում առանց վկայականի գտնվելու իրավունք չկա) ներկայացավ որպես ՀՀԿ դիտորդ:

Մյուս ուշագրավ երևույթը ոստիկանների ագրեսիվ տրամադրվածությունն էր ու անտարբերությունը: ԱԺ ընտրությունների ժամանակ, եթե ոստիկանը հանկարծ օբյեկտիվում էր հայտնվում առանց պատշաճ տեսքի, օրինակ` առանց գլխարկի, անմիջապես իրեն կարգի էր բերում ու խնդրում հնարավորության դեպքում լուսանկարը չհրապարակել, որ ինքն անախորժություն չունենա: Այս անգամ ոստիկաններին կարծես բոլորովին չէր հետաքրքրում, թե ինչ տեսքով են իրենք հայտնվում օբյեկտիվում, բացի այդ, ամեն հարց կամ նկատողություն ընդունում էին հարձակվողական տոնով: Օրինակ` 9/27 ընտրատեղամասում, որտեղ ոստիկանների մուտքը իրենց սենյակ ընտրասենյակի միջով էր, մինչդեռ ոստիկաններն ընտրասենյակում գտնվելու իրավունք չունեն, դիտորդը նկատեց փաստը: Ի պատասխան ոստիկանն այնպիսի տոնով ու շարժումներով վրա հասավ, որ եթե վկաներ չլինեին, գուցե հարձակվեր դիտորդի վրա:

Նաև տպավորություն կար, որ ընտրատեղամասային հանձնաժողովների անդամներն ամեն կերպ խուսափում են որևէ խախտում փաստացի արձանագրելուց: Օրինակ` 8/16 ընտրատեղամասում ականատես դարձանք նման երևույթի: Ընտրության եկած քաղաքացին պարզեց, որ իր փոխարեն արդեն ընտրել են: Վերջինս բողոքելուց խուսափեց` պատճառաբանելով, որ քաշքշուկների ժամանակ չունի: Հանձնաժողովի նախագահը կնոջն առաջարկեց մեկ այլ վանդակում ստորագրել` պատճառաբանելով, թե տեղի ունեցածը տեխնիկական վրիպակ է, սխալմամբ են այլ ընտրողի տվյալները այդ քաղաքացու անվան դիմաց լրացրել:

Րաֆֆի Հովհաննիսյանի վստահված անձ Նազար Դովլաթյանը  մեկ ժամ շարունակ հանձնաժողովի նախագահից պահանջեց արձանագրություն կազմել կատարված վրիպակի մասին, վերջինս այդպես էլ արձանագրություն չկազմեց` պնդելով, որ որևէ սխալ տեղի չի ունեցել:

Ամփոփելով նախագահական ընտրությունները` պետք է նշել, որ այո, առաջընթաց այնուամենայնիվ կա. այս անգամ նախորդների պես ո՛չ ընտրողներին կաշառելու դեպքերն են զանգվածային բնույթ կրել, ո՛չ բռնությունների ու ճնշումների ալիքը: Ընդհանրապես, թե՛ քարոզարշավը, թե՛ ընտրությունները շատ տարբեր էին նախորդներից: Բայց որ կարող էինք շատ ավելի լավ ու քաղաքակիրթ ընտրություններ ունենալ, անվիճելի է: Մինչդեռ այս անգամ բավարարվեցինք թվացյալ քաղաքակիրթ ընտրություններով:

Ի՞նչ է բուլիմիան

նիկոլԲուլիմիան հոգեկան  խանգարում է, որի հիմքում թուլությամբ ուղեկցվող անհագուրդ քաղցն է: Բուլիմիայով հիվանդին բնորոշ է անհավանական ախորժակը,  որը թվում  է` անհնար է հագեցնել:

Բուլիմիայով հիմնականում հիվանդանում են 15-30 տարեկան կանայք: Կլինիկական ախտանշաններից են դեմքի ու պարանոցի գեղձերի  ուռչելը, ատամների հետին մակերեսի էմալի էրոզիան, արյան հոսքը դեմքին, թքագեղձերի ուռածությունը, կոկորդացավը, կերակրափողում մշտական ցավի զգացողությունը, որն ուղեկցվում է այրոցքով: Թվարկված բոլոր ախտանշաններն արհեստականորեն առաջացրած փսխման հետևանք են: Բուլիմիայով հիվանդներն ամաչում են իրենց անվերահսկելի ախորժակի պատճառով, փորձում շրջապատից թաքցնել դա: Այդ իսկ պատճառով հաճախ գաղտնի ուտում, ապա արհեստականորեն սրտխառնուք են առաջացնում` կերածից ազատվելու համար, իսկ ուրիշ մարդկանց ներկայությամբ ուտում են չափավոր, ոչնչով չտարբերվելով նրանցից, նույնիսկ երբեմն սահմանափակ սնունդ են ընդունում: Նրանք երբեմն գաղտնի սնունդ են գնում , երբեմն էլ նույնիսկ սնունդ գողանում: Երկար ժամանակ կարողանում են թաքցնել այդ հակումը, մինչև ամեն ինչ բացահայտվում է ու փոխում վիճակը:

Հիվանդության զարգացմանը զուգընթաց` սննդի մասին միտքն այդ մարդկանց կյանքում ավելի ու ավելի շատ տեղ է զբաղեցնում: Ընտանեկան,  միջանձնային ու մասնագիտական խնդիրները հետին պլան են մղվում: Սակայն նրանց մեծ մասն արտաքուստ նորմալ տեսք ունի, չափազանց պահանջկոտ է իր նկատմամբ և հակված է միայնության ու դեպրեսիայի: Նրանց ինքնագնահատականը խիստ ցածր է, բոլոր մտքերը սննդի, սեփական կառուցվածքի ու «մոլուցքը» շրջապատից թաքցնելու  շուրջ են:

Բուլիմիայի հետևանքները

Ժամանակի ընթացքում բուլիմիայի զոհերի մոտ մի շարք խնդիրներ են առաջանում. շարունակական սննդի չարաշահում- մաքրում հերթագայությունն ի վերջո հանգեցնում է ֆիզիոլոգիական խանգարումների: Անվերահսկելի քանակով լուծողականների ընդունումը հաճախ հանգեցնում է  ստամոքս-աղիքային տրակտի խանգարման, այդ թվում` ուղիղ աղիքից արյունահոսության ու մշտական, անվերահսկելի փորլուծի: Ընդ որում,  միաժամանակ օրգանիզմից կալիումի ու նատրիումի լվացում է կատարվում, ինչը հանգեցնում է էլեկտրոլիտների հավասարակշռության խանգարման, ընդհուպ` ջրազրկման, մկանային կծկումների, ինչը, ի վերջո, կարող է հանգեցնել սրտի կանգի:

Բուլիմիայի հաջորդ հետևանքներից են մազաթափությունը, մաշկի դեղնավուն երանգը, ժամանակից շուտ կնճիռների առաջացումը, շնչառության խանգարումը, ընդգծված թուլությունը, մկանային հոգնածությունը, գլխապտույտը: Բուլիմիան ծանր հետևանք  կարող է ունենալ առողջության վրա: Հաճախակի փսխումը կարող է հանգեցնել կոկորդի ու կերակրափողի գրգռման, ինչպես նաև`  ստամոքսահյութի ազդեցությամբ ատամների էմալի քայքայման: Երբեմն տեղի է ունենում դաշտանադադար:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս հիվանդները հերքում են հիվանդության առկայությունն իրենց մոտ, հազվադեպ է պատահում, որ նրանք ինքնուրույն դիմեն բժշկի,   ուստի հարազատները պետք է ուշադրություն դարձնեն հետևյալ երևույթներին. ձեր հարազատը`

– անընդհատ սննդակարգերի է դիմում ու հաշվում կալորիաները,

– ինքն իրեն տանջում է ֆիզիկական պարապմունքով,

– օգտագործում է միզամուղ, սրտխառնուք առաջացնող ու նման այլ միջոցներ,

– չափազանց նիհարում է կամ հակառակը` գիրանում,

– դաշտանադադարի կամ ցիկլի խախտման դեպքեր են նկատվում,

– ընտրում է ցածրկալորիական սնունդ,

– փոխվել է եղունգների, մազերի ու մաշկի որակը,

– դեպրեսիվ վիճակում է:

Բուլիմիայի առաջացման պատճառները բազում են, դրանց մեծ մասը զգայական բնույթ ունեի: Այսինքն` առաջանում է էմոցիոնալ լարվածության, սթրեսի, տագնապի զգացման, երբեմն էլ` վախի հետևանքով:

Ոմանք առաջ  են քաշում այս  հիվանդության  հոգեվերլուծական ենթատեքստը, որի համաձայն` բուլիմիան  հոգեբանական պաշտպանության յուրօրինակ ռեակցիա է (դեպրեսիային, նևրոզին, ճգնաժամային իրավիճակներին): Սնունդ ընդունելուց բավականության ու հաճույքի (հաճախ յուղոտ ու քաղցր) զգացումը ինչ-որ չափով մեղմում է տագնապը, ներքին դիսկոմֆորտը,  ձանձրույթը: Որոշ հիվանդներ խոստովանել են, որ սննդի հետ ասես  փարատվում է ներքին դատարկությունը:

Բուլիմիայով հաճախ տառապում են նրանք, ովքեր ցածր ինքնագնահատական ունեն,  չափազանց շատ ուտելն ասես  վերածվում է սեփական անձի հանդեպ յուրօրինակ սիրո, հոգատարության ու ջերմության:

Բուլիմիայով հիվանդները երկար ժամանակ շրջապատին համոզում են, թե իրենք շատ չեն ուտում, սակայն գիրանում են: Նրանց թվում է, թե իրենց ներզատիչ համակարգում խանգարում կա, ինչի համար դիմում են համապատասխան մասնագետներին, որոնք սկսում են կենսաքիմիական, ուլտրաձայնային հետազոտություններ ու հաճախ էլ ախտորոշում  վահանաձև գեղձի կամ հիպոֆիզի ֆունկցիայի խանգարում:

Ու սկսվում է մի նոր` բուժման փուլ, որը սովորաբար ոչ մի դրական արդյունք չի տալիս: Եվ միայն հոգեթերապևտի տեսադաշտում պատահականորեն հայտնվելու դեպքում է, որ ամեն ինչ պարզ է դառնում: Սկզբնական շրջանում հիվանդներն անգամ զայրանում են, կարծում, որ իրենց հոգեկանը կարգին վիճակում է: «Ես հոգեբանի կարիք չունեմ,- ասում են նրանք:-Պարզապես ներզատաբանիս հարցում բախտս չի բերել, նրանք չկարողացան այնպես անել, որ քաշս կարգավորվի, մի խոսքով` ճիշտ բուժում չեն  նշանակել»:

Ինչպե՞ս կարելի է ազատվել բուլիմիայից

Արագ արդյունք ակնկալել անհնար է: Սխալ սնվելու սովորությունները ձևավորվում են տարիների հետ ու դրանցից ազատվելու համար  ևս  բավական   ժամանակ է հարկավոր: Հիվանդությունը կարելի է բուժել հոգեթերապիայի  միջոցով: Հոգեթերապիան է  ամենակարևոր, սակայն երկարատև բուժման փուլը, որն օգնում է հիվանդին հասկանալ իրեն, իր  հիվանդությունն ու ելք գտնել ստեղծված վիճակից:

Հիվանդության բուժման հաջողությունը հիվանդի ցանկությունից ու համառությունից է կախված, ինչպես նաև` սեփական թուլություններին անվախ նայելու ունակությունից: Հիվանդը պետք է գիտակցի, որ դա հեշտ խնդիր չէ , սակայն` իրագործելի:

10 փաստ

1. Բուլիմիա բառն առաջացել է հունարենից և թարգմանվում է` «ցլի քաղց»:

2. Փաստեր կան, որ  բուլիմիայի նոպայի հետևանքով եղել են ստամոքսի պատռման դեպքեր:

3. Շատ գիտնականներ կարծում են, որ հիվանդության հիմքում խանգարումներ են, որոնք առաջացել են դեռևս վաղ մանկության տարիներին`  պայմանավորված մոր հետ լարված հարաբերություններով:

4. Բուլիմիան հաճախ առաջանում է խիստ սննդակարգերի հետևանքով:

5. Հիվանդության զարգացման տարիք է համարվում 14-20-ը:

6. Բուլիմիայի պարագայում հաճախակի  արհեստական փսխումները հանգեցնում են քրոնիկ  կոկորդաբորբի:

7. Պիտսբուրգի համալսարանի գիտնականները կարծում են, որ բուլիմիան կապված է գլխուղեղում սերոտոնինի նյութափոխանակության խանգարման հետ:

8. Բուլիմիայի նոպաներ միջին հաշվով շաբաթական  լինում  են 11 անգամ:

9. Երբ հիվանդը փսխում է հրահրում, ընդունած սննդի կալորիաներն ու նյութերի կեսն արդեն օրգանիզմը  յուրացրած է լինում: Այսինքն,եթե նոպայի ժամանակ հիվանդը 1 կգ սնունդ է ընդունում, եթե անգամ նրան հաջողվում է ստամոքսի ողջ պարունակությունը դատարկել, 500 գ սնունդ, այնուամենայնիվ. «հօգուտ» է օգտագործվում:

10. Բուլիմիան մեկանգամյա բուժմամբ անհնար է վերացնել:

Բուլիմիան և աստղերը

Հայտնի է, որ Էլթոն Ջոնը 1990-ականներին ստիպված էր միաժամանակ պայքարել թմրանյութային կախվածության, դեպրեսիայի ու բուլիմիայի դեմ:

Լարրի Քինգի հետ հարցազրույցում Էլթոն Ջոնը, իր մտերիմ ընկերուհու` արքայադուստր Դիանայի մասին խոսելով, ասել է.«Մենք երկուսս էլ բուլիմիկներ ենք»:

Օզզի Օսբորնի կինը` Շերոնը, նույնպես տառապում է բուլիմիայով: «Ես ուտում եմ, ապա վազում զուգարան ու փսխում առաջ բերում: Առաջ ես օրական 4 անգամ էի դիմում այդ միջոցին, իսկ հիմա` շաբաթական մեկ անգամ: Դա իսկապես մեծ ձեռքբերում է»:

Երգչուհի Պոլա Աբդուլը 1994-ին բուժվել է հիվանդության դեմ: Նա նաև մեկ այլ մոլություն ունի`  ֆիզիկական վարժություններով կալորիաներ այրելը:

Արքայադուստր Դիանան բրիտանական հեռուստաընկերությանը խոստովանել է, որ 1981-ից տառապել է նյարդային բուլիմիայով, սակայն մասնագետների օգնությանն է դիմել միայն 80-ականների վերջին:

Նիկոլ Քիդմանը ևս տառապում է  բուլիմիայի նոպաներով  ուղեկցվող  նյարդային անորեքսիայով:

Վիկտորյա Բեքհեմը նույնպես ժամանակին տառապել է բուլիմիայով,  բայց բուժվել է կամքի ուժով:

Մահվան ելքով հայտնի դեպք է Էլվիս Պրեսլիի օրինակը: Երգչի վիճակը վատացել էր թմրանյութային կախվածությամբ:

«Բանակի ներքին կյանքի քննադատությունը միայն օգուտ է բերել բանակին»

hx«Արմսես» ՀԿ-ն և ՀԽ երիտասարդական թևը ռազմական ոլորտը լուսաբանող լրագրողների համար կազմակերպել էին երկամսյա դասընթացներ: Դասընթացի ընթացքում բանախոսները ներկա և ապագա լրագրողներին հաղորդեցին գիտելիքներ, որոնք պետք է իմանա ոլորտը լուսաբանող լրագրողը. տարածաշրջանի երկրների ռազմական ներուժը, աշխարհաքաղաքական շահերը, հայոց բանակի կառուցվածքը և զարգացման միտումները, էջեր արցախյան ազատամարտից:

Դասընթացի շրջանակներում ռազմական լրագրողները հանդիպում ունեցան նաև ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանի հետ, որը 1992-1993 թթ. եղել է պաշտպանության նախարար:

Վազգեն Մանուկյանի կարծիքով` ռազմական լրագրությունը բարդ բան է. շատ բան կարող ես իմանալ, բայց ամեն ինչ չէ, որ կարող ես գրել, որպես լրագրող` անընդհատ  երկընտրանքի առջևս ես. «Ռազմական լրագրող լինելու համար նախ և առաջ պետք է խիզախություն, իսկ դա պայմանավորված չէ վճարով, այլ` նվիրվածությամբ:  Երկրորդ` ինչքան էլ նվիրված լինես, պետք է նաև ինչ-որ բանի հասնելու անձնական ձգտում ունենաս:  Երրորդ` ինքնասահմանափակում: Ի տարբերություն մյուս ոլորտների լրագրողների` այստեղ երբեմն պետք է, որ ինքդ քեզ սահմանափակես` մտածելով` այս ինֆորմացիան քո երկրին օգո՞ւտ է, թե՞ վնաս:  Դա բավական դժվար գործ է, քանի որ այդ եզրն ամեն մեկի  համար տարբեր տեղում է  գտնվում»:

Մանուկյանի խոսքով`  տեղեկատվական գաղտնիությունը հատկապես կարևոր է պատերազմի ժամանակ: Արցախյան ազատամարտի տարիներին, սակայն, այդ առումով վիճակը թերի էր: «Մի գաղտնի օպերացիա իրականացրինք` մի օդաչուի միջոցով օդանավ փախցրինք Բաքվից:  Դրա մասին գիտեինք 3 հոգի:  Մեկ էլ տեղակալս հարցնում է` ինչ-որ ինքնաթիռ ե՞նք բերել, ավտոբուսում էին խոսում:  Այն ժամանակվա գաղտնապահությունն այդպիսին էր»:

Եղել է նաև, որ հայկական կողմը կարողացել է օգտվել տեղեկատվական արտահոսքից: Մանուկյանը պատմում է, որ Քարվաճառի օպերացիան սկսելու համար հարկավոր էր առնվազն 2000 սնարյադ (արկ), ինչը հայկական կողմը չուներ: «Ընկած ճարում էինք: Բայց դա այնքան էլ հեշտ չէր: Օրն անընդհատ նշանակվում էր, ապա հետաձգվում: Ամեն անգամ Ադրբեջանը պատրաստվում էր մեր հարձակմանը, բայց հարձակում այդպես էլ տեղի չէր ունենում:  Մտածում էր, որ դիտմամբ ենք անում: Ու երբ Քելբաջարի (Քարվաճառի) օպերացիան սկսվեց, չնայած բոլորը գիտեին, որ սկսվելու է, նրանց համար անսպասելի էր»,- հիշում է Մանուկյանը:

Անդրադառնալով բանակը լուսաբանել-չլուսաբանելու խնդրին` Մանուկյանն ասում է, որ բանակն անպայման պետք է լուսաբանել, այլապես համակարգը կփտի ներսից:  «Բանակի մասին չես գրում, չես գրում, հանկարծ բանակը պատուհաս է դառնում քո ժողովրդի գլխին: Ինչ- որ բան կա, որ չպետք է գրել, որ քո հակառակորդին չոգևորես, բայց եթե ոչ մի բան չգրես, ապա ներսում կաշառակերություն կլինի և այլն: Կարծում եմ, որ բանակի ներքին կյանքի քննադատությունը միայն օգուտ է բերել բանակին, առանց  դրա այն կփտեր,- ասում է Մանուկյանը և հավելում ,-ռազմական ոլորտի ամեն լրագրող իր համար ինչ-որ եզր պիտի սահմանի. մինչև այս եզրը ինչ էլ լինի ու ինչքան էլ վտանգավոր լինի, միևնույն է, գրելու եմ»:

Խոսելով բանակային կարգապահության մասին` Վազգեն Մանուկյանն ասում է, որ այն այժմ շատ ավելի բարձր վիճակում է, քան տարիներ առաջ: Պատմում է, որ  պատերազմի տարիներին հրամանատարներն  անընդհատ դիմում էին հարձակման անցնելու, գործողություններ սկսելու խնդրանքով` բացատրելով, որ խաղաղ օրերին արդեն զինվորները ներսում են սկսում հարաբերություններ պարզել:

Մանուկյանի կարծիքով, սակայն,  բանակային միջադեպերը լիովին բացառելն անհնար է. «Անհնար է, որ կոնֆլիկտներ չառաջանան մի վայրում, որտեղ հավաքված են հազարավոր զինված երիտասարդ ու տաքարյուն տղաներ»:

Իսկ բանակային միջադեպերի պատճառաբանությամբ բանակից խուսափելը, ըստ Մանուկյանի, պարզապես պատրվակ է. դրանք չլինեին` այլ պատրվակ կգտնվեր,  ուղղակի որոշ մայրեր ցանկանում են, որ իրենց երեխան ամեն գնով իրենց կողքին մնա և հեռու լինի ամեն հնարավոր վտանգից: Իրավիճակը շտկելու համար պետք է մարդկանց մտածողությունը փոխվի:

Հնդկաձավարով ապուր

ապուրԲաղադրությունը

500-700 գ միս (տավարի, հավի կամ ոչխարի)

200 գ հնդկաձավար

500 գ կարտոֆիլ

200 գ գազար

150 գ սոխ

1-2 պճեղ սխտոր

3-4 դափնետերև

աղ, պղպեղ, ձեթ:

Պատրաստման եղանակը

Միսը կտրատել ոչ մեծ կտորներով, ապա կաթսայի մեջ 1,5 ժամ խաշել: Սոխը մանր կտրատել, գազարը քերել խոշոր քերիչով, կարտոֆիլը  կտրատել խորանարդներով: Հնդկաձավարը տապակի մեջ բովել: Ձեթով տապակել սոխը, ավելացնել գազարը:  Արգանակով կաթսայի մեջ գցել կարտոֆիլը և աղ ավելացնել: Երբ արգանակը եռա, ավելացնել հնդկաձավարը ու եփել 10 րոպե, ապա` գազարով սոխեռածն ու եփել մինչև պատրաստ լինելը:

Պատրաստի ապուրի մեջ դափնետերև գցել ու համեմել պղպեղով, ավելացնել ճզմած սխտորը: Կրակն անջատել, կաթսան կափարիչով փակել ու թողնել 15 -20 րոպե, որից հետո կարելի է մատուցել թարմ մանրացրած կանաչիով:

Բելգիացի գիտնականը հիացած է հայերի մտավոր կարողություններով և պատրաստվում է Հայաստանում գիտական կենտրոն հիմնել

gitnakannerԱռաջիկայում Հայաստանում կստեղծվի Բելգիայի Լյուվենի կաթոլիկ համալսարանի նեյրոհոգեֆիզիոլոգիայի գիտական կենտրոնի մասնաճյուղ:

Գիտական կենտրոնի պրոֆեսորներ  Մարկ Վան Հյուլեն  և Տիգրան Մահտեսյանը փետրվարի սկզբին ԳԱԱ երիտասարդ գիտնականների խորհրդի հրավերով Հայաստանում էին`  հանդիպելու հայաստանյան գիտական աշխարհի ներկայացուցիչների հետ ու քննարկելու գիտական կենտրոնի մասնաճյուղի հիմնման մանրամասները: Սա Լյուվենի Կաթոլիկ համալսարանի նեյրոհոգեֆիզիոլոգիայի լաբորատորիայի լիիրավ պրոֆեսոր և Լոնդոնի իմպերիալ քոլեջի էլեկտրական և էլեկտրոնային ճարտարագիտության բաժնի  հրավիրվող պրոֆեսոր Մարկ Վան Հյուլեի թվով 7-րդ այցելությունն էր Հայաստան:

Ապրիլին փոխադարձ այցով ՀՀ ԳԱԱ երիտասարդ գիտնականների խորհրդի մի քանի ներկայացուցիչներ կգնան Բելգիա` Լյուվենի համալսարան, ուր կկնքվեն համագործակցության համաձայնագրեր  ինչպես երկու երկրների  գիտական կենտրոնների, այնպես էլ երիտասարդական գիտական կառույցների  միջև:

ԳԱԱ երիտասարդ գիտնականների խորհդի նախագահ Գևորգ Վարդանյանի խոսքով` արդեն իսկ որոշված է լաբորատորիայի գտնվելու վայրը, հայկական կողմն էլ պատրաստակամություն է հայտնել հնարավոր ամեն բանով աջակցել ծրագրի իրականացմանը:

Չնայած նախնական պայմանավորվածություններին` Մարկ Վան Հյուլեն ասում է, որ  լաբորատորիայի ստեղծման ժամկետները դեռևս հստակեցված չեն, քանի որ նախ և առաջ պետք է կադրային խնդիրը լուծել: Հայաստանում լաբորատորիայի աշխատանքները սկսելու համար հարկավոր է առնվազն 10 աշխատակից: Բելգիացի պրոֆեսորն իր լաբորատորիայի ֆինանսական միջոցներից արդեն իսկ ֆինանսավորում է երկու հայ ասպիրանտների կրթությունը Լյուվենի կաթոլիկ համալսարանում: Նաև քայլեր են ձեռնարկվում մյուս մասնագետների ասպիրանտական կրթության  համար կրթաթոշակներ ապահովելու ուղղությամբ:

«Այստեղ մասնաճյուղ չենք կարող ունենալ, քանի դեռ համապատասխան մասնագետներ չունենք: Այս պահին մասնագետներ շատ չունենք, բայց աշխատում ենք այդ ուղղությամբ, արդեն իսկ կես մլն եվրոյի ներդրում է կատարվել և դեռ կշարունակվի,- ասում է Հյուլեն` հավելելով, որ ուսումը ֆինանսավորելիս հայաստանցի երիտասարդների հետ պայմանագիր են կնքում, ըստ որի` նրանք պարտավորվում են կրթություն ստանալուց հետո վերադառնալ Հայաստան:- Նրանք, ովքեր ուզում են աշխատել մեզ հետ, պետք է անպայման վերադառնան Հայաստան, այլընտրանք չկա:  Կարևորը մարդկային ներուժն է, ներդրումները նրանց են ուղղված»:

Համատեղ կրթական ծրագիր իրականացնելու գործում խոչընդոտ է եղել միասնական դիպլոմի հարցը. ասպիրանտը պետք է գիտական ղեկավար ունենա թե՛ Հայաստանում, թե՛ Բելգիայում, երկու երկրներում էլ կրթություն ստանա, սակայն վերջում ստանա մեկ ընդհանուր դիպլոմ, որը ճանաչելի կլինի ինչպես Հայաստանում, այնպես էլ Բելգիայում: Հյուլեն ասում է, որ այս խնդիրն էլ արդեն լուծվել է, և առաջիկայում, օրինակ, Էլվիրա Խաչատրյանը կստանա ընդհանուր դիպլոմ:

«Պետք է կարողանանք ավելի շատ գումարներ հայթայթել, որ կազմը համալրենք նոր մասնագետներով: Հիմա նեղ նեյրոհոգեֆիզիոլոգիայի մասին է խոսքը, բայց այնտեղ շատ մասնագիտություններ կան, պրոյեկտները ևս շատ են: Բանակցում ենք մեկենասների հետ ֆինանսավորման հարցը լուծելու համար»,- ասում է Հյուլեն` հավելելով, որ ֆինանսական խնդիրները երկրորդական են, որոնք անպայման կլուծվեն, առաջնայինը տաղանդավոր կադրերին մեկ տեղում հավաքելն է:

Պրոֆեսորն ասում է, որ Հայաստանում մարդկային ռեսուրսի մեծ պոտենցիալ է տեսնում և հիացած է հայ երիտասարդների թե՛ մտավոր ունակություններով, թե՛ աշխատասիրությամբ. «Հայաստանում էլ կարող է լինել աշխարհի առաջադեմ համալսարաններից մեկը: Ունենալով այսպիսի ուղեղներ, պարզ է, որ ապագան Հայաստանինն է լինելու, ուստի մեծ ցանկություն կա  այստեղ էլ ուսումնասիրություններ անել»:

«Անկախի» հարցին, թե ինչու է Հյուլեն ցանկանում, որ արտերկրում կրթվելուց հետո հայ երիտասարդներն անպայման Հայաստան վերադառնան, պատասխանում է, որ նման ցանկության հեղինակը իր ընկեր, Լյուվենի համալսարանի պրոֆեսոր Տիգրան Մահտեսյանինն է:

«Իմ երազանքներից մեկն է, որ մեր երկրի ունեցած պոտենցիալը ռեալիզացվի»,- ասում է Մահտեսյանը` հավելելով, որ իր քայլով փորձում է ինչ-որ բանով օգնել իր հայրենիքին:

Հյուլեի հիմնադրած գիտական կենտրոնը Հայաստանում շարունակելու է աշխատել Mindspeller  ծրագրի վրա` փնտրելով այն կատարելագործելու ուղիներ: Mindspeller-ը նաև հայաֆիկացվելու է:

Հյուլեի ստեղծած սարքի շնորհիվ խոսելու և շարժվելու ունակությունից զրկված, բայց ուղեղի ակտիվությունը պահպանած  մարդիկ կարողանում են հաղորդակցվել:  Դրա համար հիվանդն ընդամենը հագնում է գլխարկը և ուշադրությունը սևեռում մոնիտորի վրա գրված այբուբենին` հայացքով ընտրելով իր ուզած տառերը: Մտքի ուժով հիվանդը րոպեում կարող է գրել մի քանի նախադասություն:

«Գլխարկ-սարքն ունի էլեկտրոդներ, որոնք ամրանում են գլխին և հեռակառավարմամբ ուղեղում առկա ակտիվությունը վերածելով ինֆորմացիայի` տեղափոխում են համակարգիչ: Նախկինում գլխարկը պետք է լարերով միանար համակարգչին, այսօր այդ լարերից ազատվել ենք, նախկինում գլխարկի մեջ նաև հատուկ նյութ էր լցվում, որպեսզի էլեկտրոդներն աշխատեին, այսօր այդ նյութն էլ չենք օգտագործում, և գլխարկն օգտագործելուց հետո գլուխը լվանալու կարիք չկա: Արագացել է նաև գլխարկի աշխատանքը. առաջ մի բառ գրելը 20 վայրկյան էր տևում, այժմ նույն ժամանակահատվածում կարելի է մեկ կամ մի քանի նախադասություն կազմել»,- ասում է Հյուլեն:

Կիևյան կոտլետներ

կիևյան կոտլետՍա նորություն չէ ու ամեն մեկն իր բաղադրատոմսով է պատրաստում այն: Ահա մի տարբերակ ևս:

Բաղադրությունը

2-3 կտոր հավի փափկամիս

200 գ կարագ

պաքսիմատ

70 գ սամիթ, մաղադանոս (ըստ ցանկության)

4-5 ձու:

Պատրաստման եղանակը

Հավի փափկամիսը կտրել, սննդի համար նախատեսված թաղանթի մեջ փաթաթել ու տրորել թեթևակի, որպեսզի միսը չպատռվի: Ապա կարագը փափկացնել ու կտրտած կանաչու (սամիթ, մաղադանոս) հետ խառնել: 1 կգ փափկամսին հարկավոր է 200 գ կարագ, 70 գ կանաչի: Ստացված զանգվածից հարկավոր է երշիկանման կտորներ պատրաստել դնել սառնարանը, որ սառչի:

Միսը համեմել աղով ու պղպեղով, մեջտեղում դնել կարագից պատրաստված «երշիկները»: Կոտլետները թաթախել պաքսիմատի, հետո ձվի ու կրկին պաքսիմատի մեջ: 15 րոպե տապակել կաթսայի մեջ լցված ձեթով (պետք է այնքան ձեթ լցնել, որ կոտլետները ծածկվեն): Ապա հանել ու դնել անձեռոցի վրա, որ ձեթի ավելցուկը քամվի:

Համակարգիչ 1-ին դասարանցիներին, ՀՆԱ-ի 1-3 %` գիտությանը, բարձր աշխատավարձ` ուսուցիչներին Նախագահի թեկնածուների խոստումները կրթության և գիտության ոլորտում

ՀՀ նախագահի ութ թեկնածուները, ամեն մեկը յուրովի, շարունակում են  քարոզարշավը` ընտրողներին հատվածաբար ներկայացնելով իրենց նախընտրական ծրագրերը և ապագայի Հայաստանի տեսլականը:

«Անկախը» կներկայացնի, թե նախագահի թեկնածուներից ամեն մեկն ինչպիսին է պատկերացնում ապագայի Հայաստանի գիտակրթական ոլորտը:

ՀՀԿ թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագիրն աչքի է ընկնում բյուրեղացված վիճակով. լավ մշակված է, անտեղի որևէ միտք կամ բառ չկա:

«XXI դարում մրցունակ պետություն նշանակում է մրցունակ կրթական համակարգ, որը պետք է ապահովի ոչ միայն գիտելիքի հաղորդումը, այլև գիտելիքի հետ աշխատելու, գիտելիք ստեղծելու ունակությունը»,- ասված է ծրագրում:

Այնուհետև կետ առ կետ շարադրված են խոստումները, ըստ որոնց` անցում կկատարվի երաշխավորված 12-ամյա կրթության,  ամեն 1-ին դասարանցու կհատկացվի համակարգիչ, մարզերում կկառուցվեն մանկապարտեզներ, սոցիալապես անապահով խավի համար կապահովվի անվճար բարձրագույն կրթություն ստանալու հնարավորությունը, կհեշտացվի բուհական ընդունելությունը:

Նախընտրական ծրագրով նախատեսվում է բուհերում ուժեղացնել գիտահետազոտական բաղադրիչը, ներդրվելու են գիտության ֆինանսավորման ժամանակակից մեթոդներ,  առաջնային ուշադրություն կհատկացվի հայագիտությանը:

«Բուհերը պետք է դառնան ժամանակակից հասարակության հենքը՝ միավորելով գիտությունը, դասավանդումը և նորարարական արտադրությունը: Հետևողականորեն աջակցելու ենք վերջին տարիներին մեր գիտնականների գրանցած հաջողությունների հետագա խորացմանը»,- ամրագրված է ծրագրում:

Վերընտրվելու դեպքում  Սարգսյանը խոստանում է նաև իրավական ամուր հիմք  ստեղծել ակադեմիական գիտության զարգացման համար, աշխատանքներ տանել գիտնականների սոցիալական պաշտպանվածության բարձրացման ուղղությամբ:

«Շարունակելու ենք տարեցտարի ավելացնել գիտությանը պետական բյուջեով հատկացվող միջոցները: Գիտական հիմնարկները ստանալու են գործունեության առավել մեծ ազատություն: Ընդլայնվելու են երիտասարդ գիտնականներին աջակցության ծրագրի ծավալները: Ստեղծվելու են նպաստավոր պայմաններ գիտական հիմնարկների և մասնավոր հատվածի առավել սերտ ու փոխշահավետ համագործակցության համար»:

Նախընտրական այս դրույթերն առաջին հայացքից գրավիչ են, իրագործման դեպքում կարծես թե խնդիրներ էլ չենք ունենա: Բայց… Ծրագրում չկան «ինչպե՞ս» և «ե՞րբ» հարցերի  պատասխանները, չկան թվերով ու հստակ ժամկետներով արտահայտված խոստումներ ու ծրագրեր: Օրինակ` նվազագույնը քանի՞ համայնք է նոր նախակրթարան ունենալու, ի՞նչ պետք է հասկանալ «գիտության ֆինանսավորման ժամանակակից մեթոդներ» ասելով, գուցե ներկայիս մեթո՞դն էլ է ժամանակակից: «Շարունակելու ենք տարեցտարի ավելացնել գիտությանը պետական բյուջեով հատկացվող միջոցները» արտահայտությունը ևս պաթետիկ է, երբ չկա նշված կոնկրետ թիվ: Այլ բան է, եթե  նշվեր, որ այսքան տարի հետո  գիտությանը կհատկացվի, օրինակ, ՀՆԱ-ի 1%-ը:

2013-ին, նախորդ տարվա համեմատությամբ, գիտությանը հատկացվող ֆինանսավորումն ավելացվեց, ամեն տեղ բարձրաձայնվեց այդ մասին, բայց չնշվեց, որ դա օրենքի պահանջն էր և գիտությանը օրենքով սահմանված նվազագույնից մեկ լումա ավելի անգամ չի հատկացվել: Նույնը կարող է կրկնվել: Թվերի ու ժամանակացույցի բացակայությունը ծրագրում կարծես ապահովագրում է ՀՀԿ-ին, որպեսզի հնարավոր չլինի հետագայում ինչ-ինչ դրույթներ չկատարելու մեղադրանքներ հնչեցնել:

Ավելի պրակտիկ է Հրանտ Բագրատյանի ծրագիրն այս ոլորտում. նա  հարյուր քայլերից հինգը հատկացրել է կրթությանը և գիտությանը:

Նա նախատեսում է կրթության ոլորտի ֆինանսավորման ավելացում մինչև ՀՆԱ-ի 3,2%-ի չափով ներկայիս 2,8-ի փոխարեն, ինչպես նաև բարձրագույն կրթությանը հատկացվող ֆինանսական միջոցների ավելացում ՀՆԱ-ի 0,8%-ի չափով:

Նախատեսվում է նաև իրականացնել կրթության հավաստագրային ֆինանսավորում. այսինքն` աշակերտի կրթության համար գումարը հատկացվում է ոչ թե դպրոցին, այլ ծնողին, իսկ վերջինս էլ որոշում է, թե որ դպրոց ուղարկի իր երեխային:

Իսկ գիտությանը Բագրատյանը խոստանում է հատկացնել ՀՆԱ-ի 1%-ը ներկայիս 0.24%-ի փոխարեն. «Գիտությունն ամբողջությամբ պետք է տեղափոխել համալսարաններ. գիտությամբ պետք է զբաղվել ուսանողական տարիներից։ Բյուջեի միջոցների հաշվին պետք է ստեղծվի գիտական ուսումնասիրությունների ֆինանսավորման պետական գրանտային համակարգ` թեմատիկ ֆինանսավորման հիմքերով: … Թեմաների ընտրությունը կարվի անկախ տեղական և արտասահմանյան փորձաքննության, հիմնադրամների, պետության կողմից ֆինանսավորվող գիտական խորհուրդների միջոցով»։

Թեկնածուների գիտակրթական ոլորտի ծրագրերից ամենածավալունը Րաֆֆի Հովհաննիսյանինն է. գիտությանը և կրթությանն առանձին-առանձին է անդրադարձ կատարվում: Նա ոչ միայն թվերով ներկայացնում է ներկա իրավիճակը, այլև նշում, թե որոշակի ժամանակ հետո ինչպիսին է ինքը տեսնում ոլորտը և ինչ քայլեր է նախատեսում իրականացնել:

«Համաձայն միջազգային հեղինակավոր հետազոտությունների` ցանկացած երկրի զարգացման համար անհրաժեշտ է, որ այնտեղ գիտությանը հատկացվի ՀՆԱ-ի 2-3%-ը: ՀՆԱ-ի 1%-ն այն շեմն է, որն անհրաժեշտ է, որպեսզի գոնե պահպանվի առկա մակարդակը, դրանից ցածր ֆինանսավորում ունենալու դեպքում երկրին անխուսափելի հետընթաց է սպասում: Գիտությունը պետության ամենաարդյունավետ ռազմավարական ներդրումն է, որը թե՛ կարճաժամկետ և թե՛ երկարաժամկետ կտրվածքով իր նպաստն է բերում մյուս բոլոր ճյուղերի առաջընթացին ու ներդաշնակ զարգացմանը: Հայաստանում գիտության ֆինանսավորման ներկայիս մակարդակն անընդունելի է: Այն սպառնում է մեր երկրի երբեմնի հզոր գիտական ներուժի ոչնչացմանը, բազմաթիվ փայլուն գիտնականների արտագաղթին` «ուղեղների արտահոսքին»,- ասված է ծրագրում:

Հովհաննիսյանը նախատեսում է.  «Արմատական բարեփոխումներ իրականացնել ՀՀ գիտության կառավարման ու համակարգման բնագավառում և գիտության ֆինանսավորումը հասցնել գիտության դերը կարևորող երկրների մակարդակին` ՀՆԱ-ի 3%-ին: Այն իրականացնել հատուկ մշակված 10-ամյա ռազմավարության շրջանակներում` 2014 թ. պետական բյուջեում ապահովելով ֆինանսական հատկացումներ` ՀՆԱ-ի 1%-ի չափով, իսկ մինչև 2020-ը գիտության ֆինանսավորման մասնաբաժինը ՀՆԱ-ում պետական բյուջեի և տնտեսության մասնավոր հատվածի հաշվին աստիճանաբար հասցնել 3%-ի: Որպես գիտության ոլորտում մասնավոր ներդրումների խթանման միջոց` կիրառել գիտությունում կատարված ներդրումների կրկնապատիկի չափով շահութահարկի նվազեցում»:

Հովհաննիսյանը խոստանում է նաև համապատասխան օրենսդրական փոփոխությամբ ազատել գիտական նշանակություն ունեցող ներկրվող սարքավորումները բոլոր տեսակի հարկերից ու մաքսերից, ապահովել 2000 թ. ընդունված «Թոշակի անցած գիտաշխատողների հավելավճարների մասին» օրենքի կիրառումը, ընդունել անկախ գիտական փորձաքննության մասին օրենք, խթանել գիտություն-արտադրություն կապը և այլն:

Նա նաև խոստանում է գրահրատարակչության ոլորտը լիովին ազատել ավելացված արժեքի հարկից և շահութահարկից, ինչպես նաև բուհերից երիտասարդ, տաղանդավոր կադրերի արտահոսքը կանխելու, պրոֆեսորադասախոսական, գիտական անձնակազմի երիտասարդացման նպատակներով երիտասարդ գիտնականների համար ստեղծել լրացուցիչ հաստիքներ` բարձր աշխատավարձով:

Կրթության ոլորտում անհրաժեշտ քայլեր է համարում արդի պահանջները բավարարող մանկավարժական կազմի ձևավորումը, կրթական մասնագիտությունների ցանկի և  կրթության որակի մակարդակի համապատասխանեցումը շուկայական տնտեսության ժամանակակից պահանջներին, հանրակրթական դպրոցներում մասնագիտական կողմնորոշմանը միտված կրթության նոր մեխանիզմների ներդրումը, դպրոցների կառավարման համակարգի շարունակական բարեփոխումը, հաշմանդամ և անապահով ընտանիքների երեխաների կրթական ծախսերի հատուցումը, բոլոր մակարդակներում կոռուպցիոն երևույթներ ծնող պատճառների դեմ պայքարը և այլն:

Մատնանշված քայլերն իրականացնելու համար, ըստ ծրագրի, հարկավոր է ՀՀ պետական բյուջեում կրթության ֆինանսավորումը հասցնել ՀՆԱ-ի 5,5%-ի: Ներդնել մանկավարժների շաբաթական ծանրաբեռնվածության 18-ժամյա չափանիշը, որն ուսուցչին հնարավորություն կտա զբաղվելու ինքնակրթությամբ, ինչպես նաև բարձրացնել ուսուցիչների աշխատավարձը, ինչպես նաև մանկավարժական բուհերում բարեփոխել կրթության որակն ու մակարդակը` դպրոցը որակյալ ուսուցիչներով ապահովելու համար:

Նախատեսվում է նաև պակասեցնել կրթության ոլորտում հարկային բեռը` միաժամանակ խստացնելով բոլոր բուհերի  նկատմամբ կիրառվող այն չափորոշիչները, որոնք վերաբերում են արդիական նյութատեխնիկական բազայով ապահովվածությանը, նորագույն արտասահմանյան գիտակրթական մեթոդաբանության ձեռքբերմանն ու ներդրմանը, դասախոսների վերապատրաստմանը, կրթության որակի ապահովմանն ուղղված այլ ցուցանիշներին:

Հովհաննիսյանը նախատեսում է նաև մի շարք օրենսդրական փոփոխություններ:

Մյուս թեկնածուների ծրագրերում կրթությանը և գիտությանը կա՛մ անդրադարձ չկա, կա՛մ մեկ-երկու տող է հատկացված:

Այսպես, առայժմ հրապարակված է Պարույր Հայրիկյանի նախընտրական ծրագրի հենքը, որտեղ նշված ոլորտների մասին ոչինչ չի ասվում:

Արման Մելիքյանի նախընտրական ծրագրի նպատակներից է «ապահովել գիտակրթական ոլորտի նպատակային ու հետևողական զարգացումը պետության կողմից ընդունված չափանիշներին համապատասխան»:

Անդրեաս Ղուկասյանը նախատեսում է մշակել ու իրականացնել «2014-2020 թթ. ազգային զարգացման յոթնամյա ծրագիր», որի նպատակներից կլինի նաև «երաշխավորել բարձրագույն կրթության հասանելիությունը,  ստեղծել գիտատեխնիկական բազա ազգային նորարարական տնտեսության  զարգացման համար»:

Վարդան Սեդրակյանի` էպոսի վրա  հիմնված ծրագիրը դեռևս ամբողջական տեսքով հասանելի չէ. թեկնածուն ակտիվ քարոզարշավը կսկսի փետրվարի 1-ից:  Արամ Հարությունյանն էլ, որ նախատեսում է դուրս գալ ընտրապայքարից,  ծրագիր չի հրապարակել: