Ցեղասպանության կոնվենցիայի 65-ամյակին նվիրված միջոցառումներ ՄԱԿ-ում

Ցեղասպանության կոնվենցիա, 65-ամյակ,ՄԱԿԴեկտեմբերի 9-ին և 12-ին ՄԱԿ-ի կենտրոնատեղիում կազմակերպվել էին Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիայի ընդունման 65-ամյակին նվիրված քննարկումներ, որոնց հիմնական բանախոսներն իրենց ելույթներում ընդգծել են կոնվենցիայի կարևորությունը և նշանակությունը մարդկության դեմ ծանր հանցագործությունների կանխարգելման ու դատապարտման հարցում:

Քննարկմանը մասնակցող ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Կարեն Նազարյանը բարձր է գնահատել Ռաֆայել Լեմկինի ներդրումը կոնվենցիայի մշակման և վերջինիս անփոխարինելի դերը ցեղասպանության ոճիրի իրավական սահմանման գործում: Լսարանին հիշեցնելով, որ իր մասնագիտությունը ընտրելու Լեմկինի որոշման համար շրջադարձային է եղել նրա կողմից Հայոց ցեղասպանության ուսումնասիրությունը, Հայաստանի դեսպանը նշել է, որ մարդկության դեմ ոճրագործությունների դեմ պայքարի այդ անկոտրուն նվիրյալը հետագա իր կյանքը նվիրել է ցեղասպանության ճշմարտության բացահայտմանն ու կանխարգելմանը: Դեսպան Նազարյանը հավելել է, որ Հայաստանը շարունակում է քայլել ձեռնարկել մարդկության դեմ ծանր հանցագործությունների կանխարգելման և դատապարտման ուղղությամբ ու իր անվերապահ աջակցությունը հայտնել Ցեղասպանության կանխարգելման ու պաշտպանելու պատասխանատվության ՄԱԿ-ի գրասենյակների գործունեության առթիվ:

Քննարկումներից մեկում ցուցադրվել է հատված Ռ. Լեմկինի հայտնի հարցազրույցից, ուր նա պատասխանելով այն հարցին թե ինչը ստիպեց իրեն հետաքրքրվել ցեղասպանության թեմայով նշում է. «Այն (ցեղասպանությունը) տեղի ունեցավ մի քանի անգամ: Այն տեղի ունեցավ հայերի հանդեպ, իսկ հայերից հետո Հիտլերն անցավ գործի»: Քննարկման մասնակցիների ու բանախոսների կողմից անդրադարձ է կատարվել 1915թ Հայոց ցեղասպանության հարյուրամյակի ոգեկոչմանը:

Միջոցառումներին, ի թիվս անդամ պետությունների, մասնակցել են ՄԱԿ-ի տարբեր մարմինների պաշտոնյաներ ու փորձագետներ, ՀԿ և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, ինչպես նաև Ռաֆայել Լեմկինի ընտանիքի անդամները:

 Անկախ

Թուրքիան ընտրվել է ՄԱԿ-ի մշակութային հանձնաժողովի անդամ. «գառը գայլին պահ են տվել»

ՄԱԿ-ի մշակութային հանձնաժողովԱյս տարվա սկզբին ես մի հոդված էի գրել, որտեղ ներկայացրել էի Թուրքիայի կառավարության կոշտ մարտավարությունը` եվրոպական և ամերիկյան թանգարաններից անտիկ իրերը վերադարձնելու համար: Զավեշտալի է, որ Թուրքիան՝ այլ ազգերի մշակութային ժառանգության խոշորագույն թալանչիներից ու ավազակներից մեկը, կարող է այդպես ագրեսիվորեն պահանջել այդ հնությունները:

Սպառնալիքներով հաջողության չհասնելուց հետո Թուրքիան անցյալ ամիս ձեռնամուխ եղավ գործողության մեկ այլ մեթոդի՝ կաշառքի: Թուրքիայի կրթության նախարար Նաբի Ավջըն նոյեմբերի 10-ին հայտարարեց. «Թուրքիան կրկնապատկել է իր ներդրումը ՄԱԿ-ի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպությանը (ՅՈՒՆԵՍԿՕ), որը հայտնվել  է ֆինանսական ճգնաժամի մեջ Միացյալ Նահանգների և Իսրայելի կողմից իրենց անդամավճարները չվճարելու պատճառով»:

Նախարար Ավջըն նույնիսկ չի էլ փորձել թաքցնել Թուրքիայի առատաձեռնության բուն պատճառը: Նա բացահայտել է, որ «էական առաջընթաց է գրանցվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության հանձնաժողովի ընտրությունների համար Թուրքիայի թեկնածության հարցում, որոնք տեղի են ունենալու նոյեմբերի 19-ին»: Իրոք, թուրք նախարարի կանխատեսումն իրականացավ, երբ նրա երկիրը Համաշխարհային ժառանգության հանձնաժողովի 21-րդ անդամ ընտրվեց առաջիկա չորս տարիների համար:

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունն անմիջապես հայտարարեց, որ որպես այդ Հանձնաժողովի անդամ «Թուրքիան մտադիր է կիսել իր փորձն ու գիտելիքները միջազգային մասշտաբով, որ կուտակել է համաշխարհային ժառանգության իր սեփական 11 շրջանների կառավարման և պաշտպանության ընթացքում, որոնք ներկայացնում են անատոլիական քաղաքակրթության տարբեր շերտերը, այդ թվում՝ նեոլիթյան, հելլենիստական, հռոմեական, բյուզանդական, սելջուկյան և օսմանյան դարաշրջանները»:

Թուրքիայի ընտրությունը մի մարմնում, որ կոչված է պահպանելու մշակութային արժեքները, հավասարազոր է գառը գայլին պահ տալուն:  Թուրքիան չպետք է իրավունք ունենա ծառայելու ՅՈՒՆԵՍԿՕ-ի հանձնաժողովում կամ ՄԱԿ-ի որևէ այլ բաժնում՝ նրա ունեցած երկար փորձի համար որպես մարդու իրավունքների խոշոր խախտող և հարևան երկրների  խաղաղության ու անվտանգության հիմնական սպառնալիք:

Զարմանալի չէ, որ Թուրքիայի արտգործնախարարության հայտարարության մեջ որևէ հիշատակություն չի արվել հայկական բազմաթիվ կրոնական և մշակութային կոթողների մասին, որոնք գտնվում են ժամանակակից Թուրքիայի տարածքում: Միայն վերջերս, մտադիր լինելով հեշտացնել Եվրամիության թեկնածության իր ճանապարհը, ինչպես նաև օտարերկրյա զբոսաշրջիկներից եկամուտ ապահովելու նպատակով, Թուրքիայի կառավարությունը վերանորոգել է մի քանի հայկական և հունական եկեղեցիներ, տասնամյակներով դրանք անուշադրության մատնելուց, պարբերաբար սրբապղծելուց և ոչնչացնելուց հետո:

Այժմ, երբ Թուրքիան անարժան կերպով անդամակցել է Համաշխարհային ժառանգության հանձնաժողովին, ՅՈՒՆԵՍԿՕ-ում Հայաստանի ներկայացուցիչը հնարավորություն ունի առաջիկա չորս տարիների ընթացքում յուրաքանչյուր հանդիպման ժամանակ մատնանշել այն զավեշտալի իրավիճակը, որին բախվելու է Թուրքիան` ունենալով մշակութային կոթողների պահպանության հանձնարարականը և շարունակելով մնալ որպես այլ ազգերի մշակութային ժառանգության ամենամեծ բռնազավթողներից մեկը:

Թուրքիայի մշակութային ժառանգության և թանգարանների գլխավոր տնօրեն Մուրադ Սուսլուն, դեմքի անվրդով արտահայտությամբ «Նյու Յորք թայմս» թերթին ասել է. «Մենք միայն ցանկանում ենք վերադարձնել այն ամենը, ինչն արդարացիորեն մերն է…. Եթե դուք գաք իմ տուն և ինձանից գողանաք արժեքավոր իրեր, ի՞նչ է, ես իրավունք չունե՞մ դրանք հետ ստանալ»: Պարոն Սուսլուին, որը պնդում է, որ գողությունն ու թալանը սխալ են անկախ այն բանից, թե դրանք երբ են տեղի ունեցել, պետք է հիշեցնել, որ Թուրքիան կարող է նման պահանջներ ներկայացնել միայն` ալևիներին, ասորիներին, արաբներին, կիպրացիներին, հայերին, հույներին և քրդերին այն ամենը վերադարձնելուց հետո, ինչն արդարացիորեն պատկանում է նրանց:

Նույնքան զավեշտալի էր Թուրքիայի մշակույթի նախարար Էրթուգրուլ Գյունայի հայտարարությունը, որ նա արել է «Էկոնոմիստ» շաբաթաթերթին. «Ես անկեղծորեն հավատում եմ, որ յուրաքանչյուր հնություն աշխարհի ցանկացած մասում ի վերջո պետք է վերադառնա իր հայրենիքը: Թեկուզև այդ իրերը պատրաստված են քարից, ինչպես որ մարդիկ, այնպես էլ կենդանիները, բույսերն ու հուշարձանները հոգի ունեն: Հուշարձանի հեռացնելն ապակայունացնում է աշխարհն և անհարգալից վերաբերմունք է պատմության հանդեպ»:

Թուրք պաշտոնյաներն իրենց երկիրը որպես թալանի զոհ ներկայացնելու փոխարեն պետք է գիտակցեն, որ նրանք յուրացրել են բազմաթիվ հնություններ, որոնք իրենց օսմանյան նախնիները բռնազավթել են ավելի քան մեկ տասնյակ հարևան երկրների գրավման ժամանակ: Օրինակ` Ալեքսանդր Մակեդոնացու սարկոֆագը, որը 1887 թվականին հայտնաբերվել է Լիբանանում, Սիդոնի մերձակայքում, և Սուլթան Աբդուլ Համիդ II հրամանով առաքվել Ստամբուլի հնագիտական թանգարան, որտեղ էլ այն պահվում է մինչ օրս որպես թանգարանի ունեցվածքի ամենաթանկարժեք նմուշներից մեկը: Այժմ Լիբանանը կարող է Թուրքիայից հետ պահանջել այս արժեքավոր մշակութային գանձը: Սաուդյան Արաբիան ևս իրավունք ունի պահանջելու բազում իսլամական սուրբ մասունքներ, որոնք օսմանյան իշխանությունների կողմից 19-րդ դարում տեղափոխվել են Մեքքայից:

Թուրքիայի անդամակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության հանձնաժողովին բացառիկ հնարավորություն է ընձեռում հայ ժողովրդին և այլ ազգերին` աշխարհի ուշադրությունը հրավիրել թուրքական կառավարության կողմից իրենց մշակութային ժառանգության ապօրինի բռնազավթման վրա և պահանջել դրանց անհապաղ վերադարձը:

 

Հարութ Սասունյան

«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

 

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Անկախ

ՄԱԿ-ը մեղադրում է Ադրբեջանին` կանանց իրավունքները ոտնահարելու համար

մակՄԱԿ-ի` կանանց նկատմամբ վերաբերմունքը ներկայացնող հատուկ զեկուցող Ռաշիդա Մանջուն հանդես է եկել Ադրբեջանում 10-օրյա առաքելության արդյունքնեի մասին հայտարարությամբ: Նրանում ասվում է, որ չնայած որոշ դրական փոփոխությունների` կանանց նկատմամբ բռնության դեմ քաղաքականությունը և օրենքներին կատարումը գրեթե ամբողջությամբ չեն իրականացվում: Ինչպես հաղորդում է ադրբեջանական “Հագին” կայքը, ըստ Մանջուի`Ադրբեջանում հրապարակված նպատակները`կանանց և տղամարդկանց միջև հավասարություն հաստատելու, ձևական, այլ ոչ թե իրական ձեռքբերումներ են: “Շատ մեխանիզմներ չեն գործում, որոնք էլ թույլ չեն տալիս հաղթահարել բազմաթիվ խնդիրներ, որոնց առերեսվում են ընդհանրապես կանայք և հատկապես բռնության զոհ դարձած կանայք”,-ասել է նա:

Գլխավոր-Քարտուղարի ուղերձը նվիրված Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվան

պանգի մուն

‹‹Վերացրեք խոչընդոտները, բացեք  դռները  ներառական  հասարակության բոլոր անդամների համար››

3 դեկտեմբերի 2013

Մեզանից ավելի քան մեկ միլիարդ մարդ ունի ինչ-որ հաշմանդամություն: Մենք պետք է վերացնենք բոլոր այն խոչընդոտները, որոնք  ազդում  են հաշմանդամություն ունեցող անձանց   հասարակության մեջ ներառման  ու հասարակական կյանքին մասնակցության գործընթացների  վրա, այդ թվում` փոխելով նրանց նկատմամբ վերաբերմունքը, որը բերում  է անարդարության ու խտրականության:

«Հաշմանդամություն և զարգացում» թեմայով  սեպտեմբերին տեղի ունեցած Գլխավոր վեհաժողովի նիստի ժամանակ ՄԱԿ-ի անդամ երկրները քննարկեցին հաշմանդամություն ունեցող անձանց բացառման այն դեպքերը, որոնք ազդում են  ոչ միայն հաշմանդամների կյանքի, այլ նաև համայնքների և ամբողջ հասարակության զարգացման վրա: ՄԱԿ-ի անդամ երկրները կրկին հանձն առան ձեռնարկել  ազգային և միջազգային գործընթացներ՝ օժանդակելու հաշմանդամություն ունեցող անձանց հասարակության մեջ ներառման զարգացումներին: ՄԱԿ-ի համակարգը կշարունակի աջակցել այդ ջանքերին: Մենք պետք է աշխատենք ավելի քրտնաջան,  որպեսզի ենթակառուցվածքներն ու համապատասխան ծառայություններն ապահովեն բազմակողմանի,  անաչառ և կայուն զարգացում բոլորի համար:

Այն իր մեջ ներառում է երաշխավորված բովանդակալից մասնակցություն այն գործընթացներին, որոնք ազդում են  հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների և շահերի վրա` նրանց համար ապահովելով նպաստավոր միջավայր: Այդ նպատակով ՄԱԿ-ի Կենտրոնական գրասենյակում մենք ստեղծում ենք ՄԱԿ-ի Հասանելիության կենտրոն: Ես կոչ եմ անում ՄԱԿ-ի համակարգի մյուս օղակներին և գործընկերներին հետևել այս օրինակին:

Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային այս օրվա կապակցությամբ ես կոչ եմ անում կառավարություններին, ՄԱԿ-ի համակարգի անդամներին, գործարար ու քաղաքացիական համայնքներին վերացնել բոլոր խոչընդոտներն ու հաշմանդամություն ունեցող անձանց համար բացել հնարավորության  դռները: Եկեք միասին կառուցենք ներառական հասարակություն բոլորի համար:

 

 

 

 

 

ՄԱԿ-ի տվյալներով՝ Սիրիայի խաղաղության կոնֆերանսը տեղի կունենա հունվարի 22-ին

ՄԱԿ,Սիրիա, խաղաղության կոնֆերանսԵրկուշաբթի առավոտյան ՄԱԿ-ը հայտարարել է, որ ամիսներ շարունակ հետաձգվելուց հետո Սիրիայի քաղաքացիական պատերազմը ավարտելու նպատակով կազմակերպվող Ժնև II կոնֆերանսը տեղի կունենա Շվեյցարիայի Ժնև քաղաքում հունվարի 22-ին:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կիմունը նշել է, որ առաջին անգամ Սիրիայի կառավարությունը և ընդդիմությունը մարտադաշտի փոխարեն կհանդիպեն բանակցությունների սեղանի շուրջ:

Նա նաև կոչ է արել երկու կողմերին դադարեցնել բռնությունները և ազատել գերիներին՝ այդ կերպ պատրաստվելով բանակցություններին, սակայն նա չի նշել, թե ինչ կողմեր պետք է մասնակցեն բանակցություններին:

Կոնֆերանսին կմասնակցեն Սիրիայի կառավարության և ընդդիմության ներկայացուցիչներ, որոնք կբանակցեն 2011թ-ին սկսված և Սիրիան կործանած պատերազմը ավարտին հասցնելու շուրջ: Ամեն դեպքում Սիրիայի ընդդիմությունը մեկ ընդհանրական խումբ չէ, այլ բաղկացած է բազմաթիվ խմբավորումներից, որոնք հաճախ պայքարում են միմյանց դեմ:

Սիրիայի ընդդիմության որոշ ճյուղեր նշել են, որ իրենք առանց նախապայմանների չեն մասնակցի կոնֆերանսին:

Ժնև II-ը 2012թ-ի հունիսին տեղի ունեցած Ժնև I–ի շարունակությունն է, որի ժամանակ միջազգային կողմերը Սիրիայում խաղաղություն հաստատելու նախագիծ էին մշակել, որը կոչ էր անում անցումային կառավարման մարմին ստեղծել: Սակայն այստեղ բաց էր մնում այն կետը, թե արդյոք Բաշար Ասադը պետք է լքի իշխանությունը, թե ոչ:

 

Պան Գի Մունը կոչ է անում միավորվել հանուն կանանց հանդեպ բռնության կանխման ու դադարեցման

պանգի մունՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի ուղերձը Կանանց հանդեպ բռնությունների վերացման միջազգային օրվա կապակցությամբ.

Կանանց և աղջիկների հանդեպ կատարված  բռնություններն ուղղակիորեն ազդում են անհատների վրա՝ միաժամանակ վնաս հասցնելով  մեր ընդհանուր մարդկությանը: Ի պատասխան այս գլոբալ մարտահրավերին՝  2008 թ. ես հայտարարեցի «Միավորվենք՝ վերացնելու կանանց հանդեպ բռնությունները» քարոզարշավի մեկնարկը։ Այդ ժամանակվանից ի վեր ամբողջ աշխարհի մեր գործընկերները միացան այս նախաձեռնությանը՝ պաշտպանելու կանանց և աղջիկների բռնություններից ազատ ապրելու մարդկային իրավունքը:

Ես ողջունում եմ շատերի ձայնը՝ ուղղված բռնությունը վերացնելուն, որից, միջին հաշվով, կյանքի ընթացքում տուժում է յուրաքանչյուր երեք կնոջից մեկը: Ես ողջունում եմ այն առաջնորդներին, ովքեր օգնում են ընդունել ու կիրառել օրենքներ,  փոխել մարդկանց մտածելակերպը: Եվ ես հարգանքի տուրք եմ մատուցում ամբողջ աշխարհի բոլոր այն հերոսներին, ովքեր զոհերին օգնում են ապաքինվել և  դառնալ փոփոխություն տարածող քարոզիչներ:

Անցյալ ամիս՝ ՄԱԿ-ի օրվա տոնակատարության ժամանակ, ինձ բախտ վիճակվեց կրկին հանդիպել այդպիսի մի հերոս՝ բժիշկ Դենիս Մուկվեգեյի հետ, ով Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում հիմնել է Պանցի հիվանդանոցը՝ բռնության ենթարկված կանանց ընդունելու համար: Բժիշկ Մուկվեգեն ասաց․ «Շատ դեպքերում մենք հուզմունքից արտասվում ենք. ամեն ինչ այնքան վնասված է լինում: Բայց մենք ստիպված ենք գործել: Մենք աշխատում ենք: Մենք շտկում ենք, ինչ կարող ենք, և դա քիչ չէ»: Նա ոգեշնչված է այն կանանց խիզախությամբ, որոնց նա բուժում է, ներառյալ նրանց, ովքեր, իրենց հերթին, օգնում են մյուսներին:

Չնայած բժիշկ Մուկվեգեն առնչվում է կանանց դեմ զինված հակամարտության պայմաններում կատարվող  բռնությունների հետ, սակայն այս խնդրով զբաղվելու ու այն լուծելու նրա ցանկությունը պետք է օժանդակի  մեր բոլորի ջանքերը օգնելու բոլոր այն կանանց, որոնք բռնության են ենթարկվում  տանը, դպրոցներում և  քաղաքացիական այլ միջավայրերում ամբողջ աշխարհի, յուրաքանչյուր երկրի, յուրաքանչյուր  հասարակության կտրվածքով:

Ավանդաբար այս օրը նշվում է որպես Ակտիվության 16-օրյա մեկնարկի առաջին օր: Նոյեմբերի 25-ից մինչև դեկտեմբերի 10-ը` Մարդու իրավունքների օրը, մենք հատուկ ջանքեր ենք գործադրում կազմակերպելու և պայքարելու կանանց դեմ իրագործվող բռնությունների դեմ, որը մարդու իրավունքների համատարած խախտում է: Այս տարի իրազեկության բարձրացման նպատակով մենք ընտրել և կրում ենք նարնջագույնը` այս հարցում մեր աջակցությունը խորհրդանշելու համար:

Փոփոխություն մտցնելու միակ ձևը՝ աջակցությունն է Կանանց հանդեպ բռնության վերացման ՄԱԿ-ի հիմնադրամին, որն օգնում է արձագանքել մարդու իրավունքների խախտումներին և ֆիզիկական անվտանգությունից մինչև տնտեսական ապահովության կարիքներին: Մինչ վերջին տարիներին Հիմնադրամից ստացվող դրամաշնորհների պահանջն ավելի քան կրկնապատկվել է, միջոցները, որ Հիմնադրամն ի վիճակի է եղել տրամադրել՝ կրճատվել են 60 տոկոսով: Ես դիմում եմ բոլոր գործընկերներին օգնելու լրացնել կանանց և աղջիկների դեմ իրականացվող բռնությունը կանխելու և դրան վերջ տալու համար անհրաժեշտ միջոցների այս բացը՝ մեր հետագա ջանքերի իրականացման համար:

Կանանց դեմ բռնություններին վերջ դնելու այս միջազգային օրը հնարավորություն է տալիս բոլոր մարդկանց կրկին անգամ միավորվելու՝ հանուն կանանց և աղջիկների հանդեպ ամեն տեսակ բռնության կանխման ու դադարեցման:

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի ուղերձը հանդուրժողականության միջազգային օրվա կապակցությամբ

պանգի մունՄենք այսօր ապրում ենք գլոբալ փոփոխությունների շրջանում: Ի հայտ են գալիս ուժի և տնտեսական շարժի նոր կենտրոններ: Տեխնոլոգիաները ավելի քան երբևէ մոտեցնում են մեզ, և միջմշակութային փոխանակումներն օրեցօր խորանում են: Բայց դա չի նշանակում, որ ըմբռնողականությունը ևս աճել է: Հասարակությունները դարձել են ավելի բազմազան, բայց անհանդուրժողականությունը շատ տեղերում աճում է:

Ամբողջ աշխարհում ժողովուրդներն ու համայնքները բախվում են խորը և տևական տնտեսական, սոցիալական և բնապահպանական խնդիրների հետ: Աղքատությունը, քաղցը և հիվանդությունները շարունակում են մնալ անընդունելի մակարդակի վրա: Յուրաքանչյուր տարածաշրջան իր վրա կրում է կլիմայական փոփոխությունների աճող ազդեցությունը: Բնական աղետները շարունակ հիշեցնում են մարդկային խոցելիության մասին: Հակամարտություններն ու միջհամայնքային լարվածությունները շարունակվում են ամբողջ աշխարհում: Միլիոնավոր մարդկանց սպառնում է բռնության ու տեղահանման ամենօրյա վտանգը:

Այս բազմակողմ ու փոխկապակցված մարտահրավերների համար չկան անհատական լուծումներ: Մենք կարող ենք առաջ շարժվել միայն որպես ազգերի ու մշակույթների համայնք` ձգտելով մարդկային համերաշխության և գիտակցելով, որ բոլորս կիսում ենք մեկ ընդհանուր ճակատագիր: Ահա թե ինչու՝ հանդուրժողականությունն այսքան կարևոր է:

Հանդուրժողականությունը պասիվ չի լինում: Այն պահանջում է ակտիվ ընտրություն` փոխադարձ ըմբռնման ու հարգանքի հիման վրա առաջ ընթանալու համար, հատկապես, երբ կա անհամաձայնություն: Հանդուրժողականությունն այն է, երբ մենք գիտակցում ենք, որ մեր բազմազանությունը մեր ուժն է, այն բոլոր հասարակություններում ստեղծագործ ուժի և վերականգնման  աղբյուր է:

Հանդուրժողականություն կարելի է և պետք է սովորել: Մենք պետք է աղջիկներին ու տղաներին ոչ միայն սովորեցնենք, թե ինչպես միասին ապրել, այլ  նաև, թե ինչպես գործել միասին` որպես այս աշխարհի  քաղաքացիներ: Հարկավոր է խթանել հանդուրժողականությունը` առաջ մղելով մշակութային ըմբռնումն ու հարգանքը, սկսած խորհրդարաններից մինչև խաղահրապարակներ: Մենք կարիք ունենք պայքարելու աճող անհավասարությունների դեմ և մերժելու սոցիալական  բացասումը` հիմնված սեռի, հաշմանդամության, սեռական կողմնորոշման, և էթնիկ կամ կրոնական պատկանելության վրա:

Հանդուրժողականությունը խաղաղության ու հաշտության ամենազորեղ հիմքն է: Ներկայիս արագընթաց ու հաճախ շփոթեցնող փոփոխությունների շրջանում այն, ավելի քան երբևէ, կարևոր է: Այս միջազգային օրվա կապակցությամբ կոչ եմ անում ազգային ու համայնքային առաջնորդներին  ու բոլոր նրանց, ովքեր ազդեցություն  ունեն ավանդական և սոցիալական լրատվամիջոցների և իրենց հասակակիցների վրա, հանդուրժողականությունն ընդունել որպես մի միջոց, որը կմիավորի մեզ դեպի խաղաղ, կայուն ապագա տանող մեր ընդհանուր ճանապարհին:

Սաուդյան Արաբիան հրաժարվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում իր տեղից

o_848297ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը Սաուդյան Արաբիայից նամակ է ստացել, որտեղ ասվում է, որ երկիրը հրաժարվում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում տեղ զբաղեցնել 2014-2015 թթ:

Նամակում   նշվում է, որ Սաուդյան Արաբիան “ցավոք այն վիճակում չէ, որ տեղ զբաղեցնի Անվտանգության խորհրդում, որի համար ընտրվել էր 2013-ի հոկտեմբերի 17-ին”:  Որպես այդ քայլի բացատրություն նամակին կցվել է երկրի արտգործնախարարության հոկտեմբերի 18-ի դիմումը, որտեղ նշվում է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն անկարող է  նպաստել պաղեստինյան հարցի ու Սիրիայի հակամարտության կարգավորմանը”:

ԶԼՄ-ներում արդեն ենթադրություններ են  հայտնվել, որ Սաուդյան Արաբիայի փոխարեն այդ տեղը կզբաղեցնի Եմենը:

Դիվանագետները պարզաբանել են, որ հիմա  այդ տեղի համար փոխարինողի արագացված որոնումներ կսկսվեն ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանային մյուս երկրներից: Թեկնածուն պետք է հաստատվի Գլխավոր ասամբլեայում, գաղտնի քվեարկությամբ: Այդ գործընթացը պետք է ավարտվի մինչև 2014-ի հունվարի 1-ը, երբ նոր ժամանակավոր անդամները կանցնեն իրենց պարտականություններին:

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը և գործընկերները նշում են ՄԱԿ-ի 68-րդ տարեդարձը

մակՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը, իր ռազմավարական գործընկերների՝ կառավարական պաշտոնյաների, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների, միջազգային կազմակերպությունների, մասնավոր հատվածի, քաղաքացիական հասարակության, կրթական հաստատությունների և լրատվամիջոցների հետ միասին այսօր տոնում է ՄԱԿ-ի 68-րդ տարեդարձը:

Հոկտեմբեր ամսվա ընթացքում ՄԱԿ-ը կազմակերպել է զանազան իրազեկման միջոցառումներ ամբողջ երկրում. Գյումրու կենտրոնական գրադարանում ՄԱԿ-ի նոր անկյան բացում, ՄԱԿ-ի նյութերի բաշխում շրջիկ գրադարան-ավտոբուսով, բազմաթիվ քննարկումներ երիտասարդների հետ, ուսումնակրթական միջոցառումներ տարբեր համալսարաններում և ՄԱԿ-ի մոդել խորհրդաժողովի հրավիրում:
Տոնակատարության գագաթնակետը ՄԱԿ-ի Լրագրողական մրցանակաբաշխության արարողությունն էր, որտեղ երկու լավագույն լրագրողներ մրցանակներ ստացան Հայաստանում ՄԱԿ-ի աշխատանքին վերաբերող հարցերի մասնագիտական լուսաբանման համար: «Հայաստանում ՄԱԿ-ի աշխատանքի ընդհանուր լուսաբանում» անվանակարգում հաղթել է Մարթա Հախնազարյանը՝ «Գոլոս Արմենիի» օրաթերթից, ով ստացել է պլանշետ և հատուկ վկայական: «Հայաստանի մարզերում ՄԱԿ-ի աշխատանքի լուսաբանում» անվանակարգում հաղթող է ճանաչվել Լիա Խոջոյանը՝ Panorama.am և WomenNet.am լրատվակայքերից, ով նույնպես ստացավ պլանշետ և վկայական: Մրցույթի առավել աչքի ընկած մասնակիցները նույնպես ստացան վկայականներ ու նվերներ, որոնք օգտակար կլինեն նրանց մասնագիտական աշխատանքում: ՄԱԿ-ի փորձագիտական ֊ժյուրին հաղթողներին ընտրել էր հենվելով լուսաբանման խորության, լրագրողների պրոֆեսիոնալիզմի, ՄԱԿ-ի մանդատի մասին գիտելիքների, հայաստանյան համատեքստում հարցի կարևորության և տեսլականի վրա:
ՄԱԿ-ի մշտական համակարգող՝ Բրեդլի Բուզետտոն ասաց. «Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի ստեղծումից ի վեր, ՄԱԿ-ի ընտանիքի տարբեր գործակալությունների համատեղ ջանքերի շնորհիվ, մենք համեստորեն կարող ենք խոսել երկրի առաջխաղացման գործընթացում ՄԱԿ-ի շոշափելի ներդրման մասին, որն իհարկե կշարունակվի: Մեր գործունեության ոլորտը բազմազան ծրագրերի միջոցով բավական ընդարձակ է, հատկապես ուղղված խոցելի խմբերին: Ինչևէ, մեկ բառով մենք վճռականորեն կարող ենք ասել, որ Հայաստանում ՄԱԿ-ի համակարգի աշխատանքի հիմնական նպատակը ժողովուրդն է և, հատկապես, նրա խոցելի հատվածները»:
Այլ գործընկերներ ևս խոսեցին ՄԱԿ-ի ունեցած կարևոր դերի մասին՝աջակցելու երկրի ջանքերին առաջ մղելու կայուն մարդկային զարգացումը, ինչպես նաև հասնելու Հազարամյակի զարգացման տեղայնացված նպատակներին:
Բրեդլի Բուզետտոն շնորհակալություն հայտնեց ՄԱԿ-ի բոլոր գործընկերներին, այդ թվում կառավարությանը, քաղաքացիական հասարակությանն ու ԶԼՄ-ներին, ՄԱԿ-ի տարբեր կառույցների հետ իրենց համագործակցության և օժանդակության համար:
1945 թ. հոկտեմբերի 24-ին՝ 68 տարի առաջ, ուժի մեջ մտավ ՄԱԿ-ի հիմնադիր կանոնադրությունը: Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակը բացվել է 1992 թ. դեկտեմբերին, նույն թվականի մարտին Հայաստանի՝ ՄԱԿ-ին անդամակցությունից հետո:

ԳԱՐԻԿ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ. «Տղամարդիկ էլ են ընտանեկան բռնութունների ենթարկվում»

GARIK (1)«Անկախի» օգոստոսի 1-ի համարում (N 30 [193]) ներկայացրել էինք ՄԱԿ–ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանի հետ հարցազրույցն ու խոսել հիմնականում սեռավարակների, հղիության, ծնելիության թեմաների շուրջ: Խոստացել էինք նաև ներկայացնել մեր զրույցը գենդերային ու ընտանեկան բռնությունների շրջանակում:

 – Պրն Հայրապետյան, Ձեր ուշադրության կենտրոնում է նաև ընտանեկան բռնությունների թեման: Տարիներ շարունակ ուսումնասիրություններ եք կատարում, բայց կարծես թե սայլը տեղից չի շարժվում: Ամեն օր ու ամենուր լսում ենք, որ տղամարդը ծեծում է կնոջը, իր կամքից անկախ բռնաբարում է…

– Ի՞նչ տեղաշարժի մասին է խոսքը, ի՞նչ եք ակնկալում:

– Չպե՞տք է ենթադրել գոնե բռնությունների աճի նվազում:

– Գիտեք, այսօր Հայաստանում գործող շատ հասարակական կազմակերպություններ կան, որոնք ունեն, այսպես ասած, «թեժ գծեր»: Նրանք բռնությունների ենթարկված անձանց, հիմնականում` կանանց որոշակի օգնություն են տրամադրում: Իսկ խնդիրներն այս ոլորտում շատ են. մեկին կարող է բավարարել խորհրդատվությունը,  մյուսին՝ դատարանի պաշտոնական վճիռը:

– Ասացիք՝ հիմնականում կանանց, ի՞նչ է, տղամարդի՞կ էլ են բռնության ենթարկվում:

– Անշուշտ: Տեսականորեն, իհարկե, ենթարկվում են: Գենդերային բռնությունը միմիայն կանանց չէ, որ վերաբերում է: Տղամարդկանց էլ է, չէ՞, վերաբերում:

– Հայկական ընտանիքում տղամարդը կարո՞ղ է բռնության ենթարկվել:

– Ոչ թե կարող է, այլ փաստացի օրինակներ կան: Օրինակ՝ ընդամենը մի ամիս առաջ հայկական թերթերից մեկում բավական ծավալուն հրապարակում կար այս թեմայի շուրջ: Լրագրողը  պատմում էր, որ կինը ծեծել է տղամարդուն, բռնություն է գործադրել նրա նկատմամբ ու չբավարարվելով այդքանով` անգամ դանակահարել է: Այսինքն՝ փաստացի օրինակներ ունենք: Միգուցե տղամարդկանց դեպքում պատկերը մի քիչ այլ է, դեպքերը շատ ավելի քիչ են, բայց կան: Պետք է ասեմ, որ կանանց դեմ իրականացվող բռնության դեպքերը շատ-շատ են:

 – Գիտեմ, որ ՄԱԿ–ի Բնակչության հիմնադրամի ուշադրության կենտրոնում ոչ միայն ընտանեկան բռնություններն են, այլև համընդհանուր գենդերային բռնությունները:

– Ցավոք, այսօր շատերն անգամ տեսականորեն չեն տարբերում, թե որն է գենդերային բռնությունը: Լավ օրինակ են մեր զինվորների հարաբերությունները բանակում, այնտեղ տեղի ունեցող որոշ գործողությունները, որոնց մասին ամեն օր լսում ենք և ավելի ու ավելի ցավում, որ պատահում են նաև մահացու դեպքեր: Այս խնդիրներն էլ են, չէ՞, մտնում գենդերային բռնությունների մեջ:

– Փորձե՞լ եք հետազոտություն անել ու պարզել, թե ինչից է սկսվում գենդերային բռնությունը:

– Հետաքրքիր հարց է: Հասարակության անդամները սովորաբար ունենում են ինչ-որ հարցերի շուրջ որոշակի պատկերացումներ, որոնք դառնում են կարծրատիպեր: Օրինակ՝ ինչպիսին պետք է լինի տղամարդը: Ասենք, եթե տղամարդը ավել է վերցնում ու ավլում է, ուրեմն ստացվում է, որ նա չի համապատասխանում այդ կարծրատիպերին, և այստեղից էլ սկսվում են կիրառվել բռնությունները, եթե չեն էլ կիրառվում, ապա այդ մարդը պարզապես ծաղրի առարկա է դառնում:

Գոյություն ունեն գենդերային կարծրատիպեր, որոնք բռնության դրդապատճառ են դառնում: Նման դեպքեր հաճախ ենք, չէ՞, նկատում, բանակում:

– Չե՞ք կարծում, որ դա ամեն դեպքում ազգային, մի քիչ տարբերվող, հային հատուկ մտածողությունից է:

– Գիտես, համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ յուրահատուկ ազգեր չկան: Քանի որ բանակի մասով էին օրինակները, ասեմ, որ աշխարհի բոլոր բանակներում էլ նույն վիճակն է, նույն խնդիրներն են, և մեր բանակը շատ չի տարբերվում այլ երկրների բանակներից:

Մենք մի սովորություն ունենք, երևի դա ավելի շատ բնորոշ է փոքր ազգերին: Մենք սովոր ենք ամեն ինչը պատճառաբանել «հային հատուկ մտածողությամբ», ասել, որ հայերի մոտ սա լրիվ այլ կերպ է ընկալվում: Չեմ բացառում, գուցե մի տեղ դա ավելի շատ է, մի տեղ մի քիչ քիչ: Բայց ամենուր երևույթը նույնն է: Այսպես ասած, դեդովշչինան մնում է դեդովշչինա: Եթե տղամարդը ավել վերցրեց կամ աման լվաց, ուրեմն թույլ է:

Իսկ ինչ վերաբերում է հետազոտությանը, ապա մենք 2008-2009 թթ. արեցինք մինչև այսօր դեռ միակ համազգային հետազոտությունը մոտ 4500 ընտանիքներում՝ տնային տնտեսություններում: Ասեմ, որ տվյալները բավական հետաքրքիր էին: Գիտեք, հարցվածների մոտ 65 տոկոսը ասել էր, որ ենթարկվել է որևէ տիպի բռնության: Գենդերային բռնության տեսակներն էլ տարբեր են՝ սկսած հոգեբանականից և վերջացրած ֆիզիկականով:

– Ի՞նչ պարզեցիք, ո՞րն է իրականում ընտանեկան բռնությունների պատճառը: Միայն սոցիալակա՞ն խնդիրներն են:

– Բռնությունները երբեք միմիայն սոցիալական հողի վրա չեն եղել: Խնդիրը միգուցե սոցիալական է, դեմ չեմ, բայց աղբյուրը ամենևին էլ սոցիալական ծանր վիճակը չէ: Օրինակ՝ Շվեդիայի պես երկրում տարեկան 450 մարդ մահանում է բռնությունից: Իսկ Շվեդիան գիտեք, որ  ամենակայուն, հարուստ, սոցիալապես ապահովված երկիրն է աշխարհում:

Կարծում եմ՝ այստեղ ևս գործ ունենք կարծրատիպերի հետ, չէ՞ որ մարդկանց վերաբերմունքը կարող է որքան էլ  անհատական լինել, այնքան էլ՝ հարուստ կարծրատիպերով:  Սովորաբար երկարաժամկետ հետազոտությունները ցույց են տալիս, որ այն ընտանիքներում, որտեղ բռնություն է եղել, երեխաները շատ ավելի հեշտությամբ են բռնություն կիրառում իրենց ընտանիքներում ևս:

Մենք, իհարկե, փորձում ենք հետազոտել ու հասկանալ նաև դրանց իրական աղբյուրները: Դրանք շատ տարբեր կարող են լինել՝ սկսած բարոյահոգեբանական ինչ-որ վիճակից մինչև դաստիարակությունը, և սոցիալական խնդիրներն ուղղակի կարող են նպաստել այդ վարքագծի ավելի բռնի դրսևորումներին: Հետաքրքիր է, որ մեր անցկացրած հետազոտությամբ հարցվածների 8 տոկոսը ֆիզիկական բռնության է ենթարկվել, ֆիզիկական բռնության ենթարկված յուրաքանչյուր 5 կնոջից  4-ը նաև սեռական բռնության է ենթարկվել: Ընտանիքում նրանց կամքին հակառակ սեռական հարաբերության են դրդել:

– Ընտանեկան բռնությունների խնդիրը կարծես ցանկացաք լուծել արվեստի միջոցով: Նկատի ունեմ բեմադրված ներկայացումները:  

– Մենք փորձում ենք նոր ձևերով ներկայացնել ընտանեկան բռնությունը, որպեսզի մարդկանց մեջ ավելի ճիշտ և ավելի ըմբռնող վերաբերմունք ձևավորվի: Սովորաբար բացասական գործընթացները, այդ թվում՝ ընտանեկան բռնությունները, սեռերի ընտրովի աբորտները մարդիկ դժվարությամբ են ընկալում, քանի որ դա, այնուամենայնիվ, մեղքի զգացում է առաջացնում նրանց մեջ: Թե՛ նրանց մեջ, ովքեր դա արել են կամ ենթարկվել են, թե՛ նրանց, ովքեր տեսել են և ոչինչ չեն արել:

Որպեսզի ավելի հասկանալի լինի այս խնդիրը, մենք փորձեցինք այն ներկայացնել, այո՛, արվեստի միջոցով: Համագործակցեցինք «Փոփոխությունների թատրոն» կազմակերպության հետ, որն օգտագործում է ինտերակտիվ թատրոնի բոլոր հնարավորությունները: Այսինքն՝ սկզբից դիտվում է ինչ-որ դրվագ, որից հետո մասնակից է դառնում նաև հանդիսատեսը: Վերջինս հրավիրվում է բեմ, նրան առաջարկվում է կոնկրետ անձի դերը խաղալ, և, ի վերջո, տեղի է ունենում քննարկում:

– Հասարակության ո՞ր խմբերին եք հիմնականում թիրախավորել:

– Մեր ուշադրության կենտրոնում են հիմնականում երիտասարդները: Մեր փորձը ցույց է տալիս, որ երիտասարդներն ավելի ընկալունակ են: Ասեմ, որ շատ արդյունավետ համագործակցություն եղավ, որովհետև մի քանի ներկայացում պատրաստեցինք «Փոփոխությունների թատրոնի» հետ: Առաջին ներկայացումն արդեն երեք տարուց ավելի է, ինչ ունենք, և մինչև այսօր, երբ ներկայացումները խաղում են, դահլիճներում անգամ կանգնելու տեղ չի լինում: Իսկապես շատ մարդկանց համար թեման հոգեհարազատ է, ու մարդիկ սկսում են խոսել, քննարկել:

Դա մեզ իրականում շատ օգնեց նաև հասկանալու մոտեցումները: Բնական է, որ թատրոնով բռնությունը չես կանխի, բայց դրա վերջնական նպատակը, բնականաբար, բռնությունների թվի անկումն է:

Այն երիտասարդը, որը տեսնում է, մտածում է, իր կարծիքը հայտնում է, դիմացինը հակառակ կարծիքն է արտահայտում, տեղի է ունենում մտքերի բախում, և արդեն վերաբերմունքը փոխվում է:

Նույն ծնելիության հարցը բարձրացնելու առումով, եթե նմանօրինակ բաց քննարկումներ ավելի շատ լինեն, մենք ավելի շուտ կունենանք այն մոդելը, որ գործեց Շվեդիայում:

– Պրն Հայրապետյան, ի՞նչ եք ծրագրում առաջիկայում:

– 2014-2017 թթ. ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը նոր ռազմավարություն է որդեգրելու, կենտրոնանալու է հիմնականում մայրական, վերարտադրողական, երիտասարդների, երիտասարդ կանանց առողջության վրա, որին մենք պետք է հասնենք ժողովրդագրական հետազոտությունների, տվյալների հավաքման շնորհիվ:

Հաշվի առնելով համաշխարհային փորձը՝ պետք է տեղայնացնենք մեր քաղաքականությունը, ռազմավարությունը:

Ասեմ, որ այսօր համագործակցում ենք ՀՀ կառավարության հետ և լավ է, որ կառավարության գերակա խնդիրներից է նաև մայրական առողջությունը, ծնելիությունը: Այս առումով թե՛ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի, թե՛ ՀՀ կառավարության ծրագրերը համընկնում են: Հույս կա, որ փոփոխությունները դրականորեն կանդրադառնան մեր հասարակության լայն զանգվածների վրա:

Նախագահն ընդունել է ՄԱԿ-ի թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի գործադիր տնօրեն Յուրի Ֆեդոտովին

Սերժ Սարգսյան, ՄԱԿ,Յուրի Ֆեդոտով

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, ՄԱԿ-ի Վիեննայի գրասենյակի գլխավոր տնօրեն, կազմակերպության թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի գործադիր տնօրեն Յուրի Ֆեդոտովին:

Ընդգծելով, որ հանցավորության և թմրանյութերի տարածման դեմ պայքարը արդի կարևորագույն մարտահրավերներից է և հանդիսանում է Հայաստանի առաջնահերթություններից մեկը՝ Սերժ Սարգսյանն այդ ոլորտում գոհացուցիչ արդյունքների հասնելու համար կարևորել է մասնագիտացված կառույցների հետ համագործակցությունը: Նախագահն ընդգծել է նաև այդ ոլորտում միջազգային կառույցների հետ համագործակցության և Հայաստանում տարբեր միջոցառումների անցկացման կարևորությունը՝ մասնավորապես նշելով վերջերս Երևանում կայացած թմրամիջոցների անօրինական շրջանառության հակազդման «Կանալ-Կովկաս» լոկալ օպերատիվ կանխարգելիչ միջոցառումը:

Յուրի Ֆեդոտովը բարձր է գնահատել Հայաստանի հետևողական աշխատանքը հանցավորության և թմրանյութերի տարածման դեմ պայքարում և ներկայացրել իր գլխավորած կառույցի աշխատանքները և ընթացիկ ծրագրերը: Յուրի Ֆեդոտովը մասնավորապես նշել է, որ իր այցը կրում է ճանաչողական բնույթ և վստահություն հայտնել, որ Հայաստանի Հանրապետության հետ համագործակցությունը շարունակական կլինի:

Հայաստանի և ՄԱԿ-ի թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի միջև համագործակցությունը արդյունավետ համարելով՝ զրուցակիցները միաժամանակ կարևորել են Հայաստանում կազմակերպության ներկայացուցչության հիմնման հնարավորությունը, որը, նրանց համոզմամբ, նշանակալիորեն կնպաստի համագործակցության ընդլայնմանն ու զարգացմանը:

Հայաստանի արտգործնախարարը հանդիպեց ՄԱԿ-ի քարտուղարի տեղակալ, ՄԱԿ-ի թմրանյութերի և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի ղեկավարին

Էդվարդ Նալբանդյան,ՄԱԿ,Յուրի ՖեդոտովՀոկտեմբերի 22-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն հանդիպեց ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալ, ՄԱԿ-ի թմրանյութերի և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի գործադիր տնօրեն, ՄԱԿ-ի Վիեննայի գրասենյակի ղեկավար  Յուրի Ֆեդոտովին:

Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի համար Թմրանյութերի դեմ պայքարի 2012-2015թթ.. ռազմավարության կենսագործմանը։ Զրուցակիցները կարևորեցին   միջազգային հանրության ջանքերի համադրումը  թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարում։

Էդվարդ Նալբանդյանն ու Յուրի Ֆեդոտովը անդրադարձան ՄԱԿ-ի թմրանյութերի և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի կողմից առաջիկայում կազմակերպվելիք համաժողովներին Հայաստանի մասնակցությունը։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը բարձր գնահատեց Վիեննայում ՄԱԿ-ի գրասենյակի և Վիեննայում ՀՀ ներկայացուցչության միջև հաստատված արդյունավետ համագործակցությունը։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին

591. Under-Secretary-General of the United Nations paid tribute to the memory of the innocent victims of the Armenian Genocide 22.10.2013(1)Հոկտեմբերի 22-ին ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալ, ՄԱԿ-ի թմրանյութերի և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի գործադիր տնօրեն, ՄԱԿ-ի Վիեննայի գրասենյակի ղեկավար Յուրի Ֆեդոտովը այցելեց Ծիծեռնակաբերդ:

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալը ծաղկեպսակ դրեց 1915-23 թթ. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև ծաղիկներ դրեց անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեց անմեղ զոհերի հիշատակը:

Յուրի Ֆեդոտովը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի ուղեկցությամբ այցելեց նաև Հայոց ցեղասպանության թանգարան, որտեղ ծանոթացավ ցեղասպանությունը հավաստող վավերագրերին ու փաստաթղթերին:

Հյուրը նաև գրառում կատարեց պաշտոնական այցելությունների հուշամատյանում:

 

 

 

 

Քննարկում ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում

մակՀոկտեմբերի 18-ին ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի «Կանայք, խաղաղություն եւ անվտանգություն» օրակարգի կետի ներքո տեղի ունեցավ բաց քննարկում, որին մասնակցեցին կազմակերպության գլխավոր քարտուղար Բան Կի-Մունը, անդամ պետությունների եւ տվյալ ոլորտում մասնագիտացված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները:

Քննարկումներին մասնակցեցին ու ելույթով հանդես եկան նաեւ ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Կարեն Նազարյանը, ով ողջունեց այդ օրն անվտանգության խորհրդի կողմից միաձայն ընդունված բանաձեւը, որը կոչ է անում ապահովել կանանց մասնակցությունը խաղաղաշինության գործընթացներում: Դեսպան Նազարյանը նշեց է, որ կարեւորում է այս թեմայի շուրջ քննարկումը, քանի որ Հայաստանին պարտադրված պատերազմի ու ագրեսիայի արդյունքում երկիրը հյուրընկալել է մեծ թվով կին փախստականների: Դեսպանը հավելեց, որ կանանց ու աղջիկների վրա անհավասարաչափ է բաշխվում հակամարտության զրկանքներն ու հետեւանքները, այդ իսկ պատճառով նրանք երաշխավորված դերակատարում պետք է ունենան խաղաղությանը միտված բանակցություններում:

Քննարկման մասնակցող պատվիրակությունները կանանց առաջխաղացման համատեքստում անդրադարձ կատարեցին նաեւ հակամարտություններից տուժած իրավիճակներում իրավունքի գերակայության եւ անցումային արդարադատությանն առնչվող հարցերին:

Արտգործնախարարն այցելեց Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակ

577. Minister Nalbandian visited UN House 18.10.2013 (2)Հոկտեմբերի 18-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն այցելեց Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակ, որտեղ ՄԱԿ-ի մշտական համակարգող Բրեդլի Բուսետոյի հետ բացեց գրասենյակի համաժողովների վերանորոգված դահլիճը։

Դահլիճի բացման արարողությունից հետո ԱԳ նախարարը հանդիպում ունեցավ ՄԱԿ-ի մշտական համակարգողի. ՄԱԿ-ի գործակալությունների և ծրագրերի հայաստանյան ներկայացուցչությունների ղեկավարների հետ, որոնք անդրադարձան անցած քսան տարիների ընթացքում Հայաստանում իրենց կառույցների կողմից իրականացրած ծրագրերին,  ներկայացրեցին իրագործվող նախագծերը։

Նախարար Նալբանդյանը նշելով, որ Հայաստանը հանդիսանում է ՄԱԿ-ի ակտիվ անդամներից մեկը՝ տարեցտարի ընդլայնելով իր ներգրավվածությունը կազմակերպության շրջանակներում ընթացող գործընթացներին և համագործակցությանը՝ բարձր գնահատեց Հայաստանում անկախությունից ի վեր ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի տարբեր գործակալությունների աջակցությունը մեր երկրի զարգացմանը։

Հանդիպմանը մասնակիցների խնդրանքով ԱԳ նախարար Նալբանդյանը ներկայացրեց վերջերս Նյու-Յորք կատարած այցելության շրջանակներում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-Մունի հետ ունեցած հանդիպման արդյունքները։

Զրույցի ընթացքում մտքեր փոխանակվեցին սիրիահայերին ցուցաբերվող աջակցությանը ՄԱԿ-ի հնարավոր մասնակցության վերաբերյալ։

Արտգործնախարարը պատասխանեց նաև մասնակիցներին հետաքրքրող հարցերին։

ՄԱԿ-ի գրասենյակում ՄԱԿ-ի 68-րդ տարեդարձին նվիրված ցուցահանդես

մակԵրևան, հոկտեմբերի 18, 2013 թ. – Այսօր ՄԱԿ-ի գրասենյակում բացվեց ցուցահանդես, որը նվիրված է ՄԱԿ-ի 68-րդ տարեդարձին: Բացման հանդիսավոր արարողությանն ավելի քան 50 արվեստի գործեր ներկայացվեցին ՄԱԿ-ի գրասենյակ եկած հյուրերին:
Ցուցահանդեսը ներկայացնում էր հայ գեղարվեստի երեք սերունդների՝ Արա Բեքարյանի, Սեդա Բեքարյանի և Արփի Վարդանյանի արվեստի գործերը, որոնք գրավեցին երիտասարդության, արվեստագետների, միջազգային հանրության, քաղաքացիական ակտիվիստների, մամուլի և լայն հանրության ուշադրությունը:

Բան Կի Մունը՝ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը, 2013թ. ՄԱԿ-ի օրվա իր ուղերձում ասաց. «Այս տարի ևս մենք շարունակում ենք ցույց տալ, թե ինչպիսի հավաքական գործողության ենք ընդունակ: Մենք կարող ենք նույնիսկ ավելին: Մի աշխարհում, որն ավելի կապակցված է, մենք պետք է լինենք էլ ավելի միասնական: ՄԱԿ-ի այս օրը եկեք երդվենք հասնել մեր հիմնարար գաղափարներին և աշխատել միասին՝ խաղաղության, զարգացման և մարդու իրավունքների համար»:

Մարիա Դոցենկոն, ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչության գրասենյակի ներկայացուցիչը Հայաստանում ասաց. «Հայ արվեստի և դրա հարուստ ավանդույթների միջոցով մենք ցանկանում ենք հասարակության ուշադրությունը հրավիրել ՄԱԿ-ի համաշխարհային օրակարգում առկա հարցերին: ՄԱԿ-ի գրասենյակի դռները ավանդաբար բաց են հայ այն արվեստագետների առջև, ովքեր օգտագործում են իրենց ստեղծագործ միտքն ու տաղանդը՝ տարածելու ՄԱԿ-ի արժեքները՝ խաղաղությունը, կայուն զարգացումը, առողջ ապրելակերպը, շրջակա միջավայրի պաշտպանությունը, հարգանքը մարդու իրավունքների նկատմամբ և ձգտումը Հազարամյակի զարգացման նպատակներին »:

Նկարիչ Սեդա Բեքարյանը նշեց. «Ես բարձր եմ գնահատում իմ արվեստը հանրության ուշադրությանը ներկայացնելու այս հնարավորությունը և կարևորում եմ այն վճռորոշ դերը, որ մենք՝ արվեստագետներս, խաղում ենք մեր հասարակության զարգացման գործում: Ինձ համար հատկապես մեծ պատիվ  է նվիրել այս ցուցադրության բացումը ՄԱԿ-ի 68-րդ տարեդարձին»:

Հոկտեմբերի 24-ը նշվում է որպես ՄԱԿ-ի օր 1948թ.-ից: 1971թ. ՄԱԿ-ի Ընդհանուր վեհաժողովի կողմից առաջարկվեց այդ օրը ՄԱԿ-ի անդամ երկրներում նշել որպես հանրային տոն:

ՄԱԿ. Երկրի բնակչության կեսի առոջությունը վտանգված է թերսնման կամ գերսնման պատճառով

GrazianodaSilvaFAOԱյսօր պարենի համաշխարհային օրն է: Այդ առթիվ ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) գլխավոր տնօրեն Խոսե Գրացիանո դա Սիլվան դիմում-ուղերձ է հղել մոլորակի բնակչությանը: Այն ներկայացնում ենք ստորև.

«Ողջ աշխարհում Պարենի համաշխարհային օրը տոնում են հոկտեմբերի 16-ին: Այդ օրը 1945թ.  հիմնադրվել է Պարենի և Գյուղատնտեսության Կազմակերպությունը: Ամեն տարի այդ օրը ողջ աշխարհի բնակիչները, որոնք այս կամ այն կերպ ներգրավված են  պարենային համակարգի տարաբնույթ բաղկացուցիչներում, համախբվում են և ևս մեկ անգամ կարևորում պարենի դերը մեր կյանքում և դիտարկում այդ համակարգը ավելի կատարելագործելու հնարվորությունները:  Սննդի արտադրությունը բավականին բարդ գործընթաց է՝ ամենասկզբից մինչ այն պահը, երբ այն հայտնվում է սպառողի սեղանին, այն ներառում է բազում քայլերի հաջորդականություն և մասնակիցների՝ ոչ միայն ֆերմերների կամ ձկնորսների, այլև առաջատար տեխնոլոգիաների մշակմամբ զբաղվող գիտնականների, ֆերմերային հումքանյութերի մատակարարների, պարենամթերք փոխադրողների, պահեստավորորղների, վերամշակողների, ինչպես նաև այն վաճառողների շրջանում: Սննդի սպառողները մենք բոլորս ենք, և մեզնից է կախված՝ որոշել մեր նախընտրելի սննդի տեսակը, դրա ձեռքբերման եղանակը, պատրաստման ձևը, և մեր երեխաների քանակը՝ ահա այն գործոնները, որոնցով պայմանավորվում է սննդի ընդհանուր պահանջարկի սանդղակը և բնույթը:

Պարենային համակարգի բարեհաջող գործունեության ցուցանիշ կարող է հանդիսանալ այն, որ առկա լինի ողջամիտ հավասարակշռություն պարենի համաշխարհային պահանջարկի  և առաջարկի միջև: Ակս տարվա Պարենի համաշխարխային օրվա թեման է՝ «Կենսունակ պարենային համակարգեր պարենային անվտանգության և սննդի գծով», որով մեզ առաջարկվում է խորհել՝ արդյոք համակարգը անխափան է աշխատում և ինչ կարելի է անել այն բարելավելու համար:

Բավականին սահմանափակ պահանջարկի և առաջարկի տեսանկյունից նայելով հարցին՝ կարող ենք ասել, որ 1945թ-ից ի վեր պարենային համակարգն աշխատել է բավականին լավ: Աշխարհի ազգաբնակչությունը եռապատկվել է այս ժամանակահատվածում և մեկ անձին հասանելի պարենի միջին քանակը ավելացել է 40 տոկոսով: Սա բացառիկ ձեռքբերում է և շատ տնտեսագետներ այն կհամարեն «շուկայի» արդյունավետության ցուցանիշ, որը համապատասխան առաջարկ է ապահովում աճող պահանջարկի գծով, այդպիսով ձևավորելով ավելի զարգացած և ապահովված ազգաբնակչություն:

Այնուամենայնիվ, եթե ավելի մանրամասն ուսումնասիրենք այս խնդիրը, ապա կնկատենք, որ պարենային համակարգի գործունեությունում առկա են զգալի թերություններ:

Մեծագույն անհաջողությունն այն է, որ չնայած սննդի առատ պաշարներին, երկրի ավելի քան 7 միլիարդ ազգաբնակչության ավելի քան կեսի առոջությունը վտանգված է թերսնման կամ գերսնման պատճառով: Դեռևս երեք տարի առաջ սովի վտանգը ստիպեց միլիոնավոր սոմալիացիների լքել իրենց տները՝ սնունդ հայթայթելու նպատակով, և ըստ տվյալների՝ մոտ 260,000 մարդ, մեծամասնությունը՝ երեխաներ, մահացան սովից: Սա թերևս զարհուրելի հիշեցում է այն մասին, որ սննդի համաշխարհային շուկան գործում է նրանց համար, ովքեր վճարունակ են, սակայն չի արձագանքում չքավորների կարիքներին:

Անգամ մեր օրերում, մոտ 840 միլիոն մարդ ամեն օր սննդի պակաս է զգում, որի արդյունքում նրանք զրկվում են աշխատունակությունից, նրանց երեխաները թերզարգացած են մնում, հակված են հիվանդությունների, ինչն էլ հանգեցնում է մանկական մահացության սրընթաց աճի: Մոտ երկու միլիարդ  մարդ ունի թերսնման խնդիր: Գծապատկերի հակառակ բևեռում են 1.5 միլիարդ մարդիկ, որոնք տառապում են ավելորդ քաշից կամ ճարպակալումից, և որոնք ավելի շատ սնունդ են սպառում քան անհրաժեշտ է նորմալ կենսագործունեության համար, այդպիսով վտանգելով իրենց առողջությունը, առաջացնելով դիաբետի, սրտանոթային և այլ հիվանդությունների վտանգ:

Ըստ այդմ, պարզ է դառնում, որ «շուկան» պարենային հասանելիությունը ինքնստինքյան չի վերծանում ավելի լավ սննդի, առողջության, վերարտադրության և ի վերջո՝ համընդհանուր բավարարվածության: «Շուկայի» ամենաակնառու անհաջողությունը կայանում է նրանում, որ պարենի ամենամեծ կարիք ունեցող հատվածը հնարավորություն չունի ձևավորել պահանջարկ, քանի որ նրանք գտնվում են չքավորության մեջ: Նրանք հայտնված են սովի ծուղակում, որն ինքնավերականգնելի է , քանի որ նրանք չունեն իրենց ընտանիքի պահանջների բավարարման համար անհրաժեշտ սնունդը գնելու կամ արտադրելու հնարավորությունները: Եվ այն, որ պարենամթերքով լի աշխարհում կա սով, դա իրապես մեծագույն ամոթ է:

Եվս մեկ անհաջողություն կարելի է համարել ներկայիս պարենային համակարգի ոչ կենսունակ լինելը: Սա պայմանավորված է ինչպես շրջակա միջավայրի, այնպես էլ մարդկային գործոններով:

Սննդի արտադրության արտասովոր աճը մեծագույն ծանրաբեռնվածություն է ստեղծել բնական ռեսուրսների համար: Այն առաջացրել է հողերի որակազրկում, ջրերի աղտոտում և սպառում, անտառահատում, վայրի ձկնատեսակների պաշարների վերացում, կենսաբազմազանության կրճատում: Այդպիսով, նշված ռեսուրսները սպառվելով՝ ավելի ու ավելի պակաս են բավարարում եկող սերունդների, մեր երեխաների պարենային կարիքները: Ֆերմերային համակարգերի հզորացումը, սննդի զանգվածային վերացման հետ համատեղ առաջացնում են ջերմոցային գազերի զգալի արտանետումներ, որոնք իրենց հերթին կստեղծեն դժվարություններ ֆերմերային տնտեսությունների կայացման համար: Անգամ վճարունակ սպառողները դեռևս չեն վճարում այդ վնասի արժեքը, որևէ  կերպով չփորձելով նպաստել բնական պաշարների վերականգնմանը կամ մաքրմանը:

Կարելի էր ենթադրել, որ աճող պարենային պահանջարկը պետք է հանգեցներ ֆերմերային և ձկնաբուծական տնտեսությունների ծաղկուն զարգացման, և արտադրողականության մեծացման: Սակայն, որքան էլ որ հակասական թվա՝ պարենային հասանելիության մեծացման հաջողությունը՝ առևտրի պաշտպանության և սուբսիդավորման քաղաքականության ֆոնի վրա հանգեցրել է ֆերմերային տնտեսությունների մրցունակության նվազեցման՝ մեծածախ առևտրի, ագրոտնտեսությունների և մանրածախ առևտրի մասնակիցների համեմատ, և արդյունքում ֆերմերային տնտեսությունները զարգացող երկրներում հայտնվել են աղքատության շեմին: Արդյունքում՝ երկրի չքավոր ազգաբնակչության 70 տոկոսն ապրում է գյուղական վայրերում և իրենց սննդի սպառման մեծ մասը ստանում են պարենի արտադրությունից:

Այսօր՝ համաշխարհային պարենի օրը, եկեք մտքեր փոխանակենք և կիսենք մեր փորձը՝ հասկանալու համար, թե ինչպես լավագույնս լուծել այս երկու մեծ բարդությունները՝ պարենային հասանելիության մեծացումը ինչպես վերածել համայն մարդկության համար հասանելի պարենային ռեսուրսի, և, ինչպես կատարել դեպի շրջակա միջավայրը խնայող արտադրության և սպառման համակարգերի այնքան անհրաժեշտ անցումը: Մենք բոլորս կարող ենք մեր դերն ունենալ դրանում՝ առաջին հերթին մեր կենսակերպը փոխելով, և դա պարտադիր քայլ է, եթե մենք ցանկանում ենք ձերբազատվել այն սահմռկեցուցիչ իրադրությունից, որի մասին խոսեցի վերևում:

Ես վստահ եմ, որ մենք կարող ենք մեծ հաջողությունների հասնել այս երկու ասպարեզներում: Ներկայումս բազմաթիվ վկայություններ ունենք տարբեր երկրներից, որոնք իրենց պարտքն են համարում իրենց ազգաբնակչությանն ապահովելու սննդից օգտվելու մարդկային իրավունքով. այդպիսի մոտեցումը կարող է արագ արդյունքներ ապահովել սովի և թերսնման խնդրի լուծման գործում: Նման միջոցառումներից կարող են լինել՝ դպրոցական սննդի ծրագրերը, դրամական միջոցների փոխանցումը ամենակարիքավոր ընտանիքներին, ինչը նրանց հնարավորություն կընձեռի չեզոքացնել սննդի պակասը և ապրել արժանավայել: Սննդի կարիքները պահանջարկի վերածելով՝ նման ծրագրերը կարող են խթանել տեղական շուկաներում գործող փոքր ֆերմերային տնտեսություններին:

Իրավահավասար առևտրի և պարենի դանդաղ շրջանառության , ինչպես նաև պարենային և անտառային արդյունաբերության՝ կենսունակ կառավարվող ռեսուրսների շարքին դասմամբ, մենք կհասնենք նրան, որ անհատ սպառողը կհասկանա որ իր՝ գնման որոշումը կարող է նպաստել ֆերմերների և ձկնորսական տնտեսությունների կենսամակարդակի բարելավմանը և նրանք խթան կունենան անցնել ավելի կենսունակ արտադրության տեսակների:

FAO-ի անդամ երկրները վերջերս վերահաստատել են Կազմակերպության երկու կարևորագույն առաջնահերթությունները, այն է՝  սովի և թերսնման շուտափույթ վերացում և  անցում կենսունակ պարենային արտադրության և սպառման համակարգերի կիրառման:

Ես հավատացած եմ, հարգելի ընթերցող, որ կարող ենք հույս դնել ձեր օժանդակության վրա՝ այդ նպատակները հնարավորինս սեղմ ժամանակում իրագործելու ճանապարհին»:

Խոշտանգողների նկատմամբ համաներման կիրառումն անթույլատրելի է. Հայտարարություն

Civil Society Institute 2013 թ. հոկտեմբերի 11-ին Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, 3 տարի ազատազրկման դատապարտեց Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժնի երկու օպերլիազորներին՝ Արտակ Բարսեղյանին և Խաչիկ Բախբուդարյանին՝ խոստովանական ցուցմուքն կորզելու նպատակով Ռոբերտ Հովսեփյանի նկատմամբ բռնություն կիրառելու համար: Նրանք մեղադրվում էին ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն գործադրելով) և 314-րդ հոդվածով (Պաշտոնեական կեղծիք) նախատեսված արարքներ կատարելու համար:

Դատարանը, կիրառելով ՀՀ անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին որոշումը, դատապարտյալներին ազատ արձակեց դատարանի նիստերի դահլիճից:

Քաղաքացիական հասարակության ինստիտուտն իր խորին մտահոգությունն է հայտնում ՀՀ-ի կողմից որդեգրած՝ խոշտանգող ոստիկաններին համաներմամբ ազատ արձակելու ամոթալի պրակտիկայի կապակցությամբ: Արդյունքում, այսօր խոշտանգում կիրառողները խուսափում են քրեական պատասխանատվությունից կամ պատիժ կրելուց, ինչը նպաստում է իրավապահ մարմինների աշխատակիցների մոտ անպատժելիության մթնոլորտի ամրապնդմանը:

Պետության նման մոտեցումը հակասում է ՄԱԿ-ի՝ Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ կոնվենցիայի շրջանակներում ՀՀ-ի ստանձնած պարտավորություններին: Մինչդեռ ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի դիրքորոշումն այս հարցում միանշանակ է. խոշտանգման դեպքերի համար համաներում կիրառելն անհամատեղելի է Խոշտանգումների դեմ կոնվենցիայիով ստանձնած պարտավորությունների հետ, այդ թվում՝ խախտվում է տուժողի՝ վնասի հատուցման իրավունքի լիարժեք իրականացումը[1]: Ավելին, «համաներումը կամ այլ արգելքները, որոնք վկայում են պետության կողմից արագ և արդար քննություն իրականացնելու և խոշտանգողներին պատժելու պատրաստակամության բացակայության մասին կամ խոչընդոտում են այդ գործընթացը, խախտում են խոշտանգումների բացարձակ արգելքի անքակտելիության սկզբունքը»[2]:

 

Օպերլիազորներ Բարսեղյանի և Բախբուդարյանի գործը խոշտանգման դեպքերի համար համաներում կիրառելու առաջին դեպքը չէ: Հիշեցնենք, որ 2010թ. ապրիլի 13-ին Վահան Խալաֆյանը մահացել է ոստիկանության Չարենցավանի բաժնում` որովայնի շրջանում դանակով հասցված վնասվածքի հետևանքով: Վ.Խալաֆյանին ծեծի ենթարկելու համար Չարենցավանի ոստիկանության քննչական բաժանմունքի պետ Աշոտ Հարությունյանը մեղավոր ճանաչվեց բռնության գործադրմամբ խոստովանություն կորզելու նպատակով պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ (ՀՀ ՔՕ 309(3) հոդվածով) և դատապարտվեց 8 տարվա ազատազրկման: Քրեական հետախուզության այլ ծառայող` Մորիս Հայրապետյանը, ով ներկա էր Խալաֆյանին ծեծի ենթարկելիս և չէր կանխել այդ գործողությունները, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար (ՀՀ ՔՕ 308(1) հոդվածով) դատապարտվեց պայմանական ազատազրկման 2 տարի ժամկետով:

Իսկ 2011թ. մայիսի 26-ին ընդունված համաներման որոշմամբ Աշոտ Հարությունյանի պատիժը կրճատվեց պատժի չկրած մասի մեկ երրորդով, իսկ Մորիս Հայրապետյանի պայմանական ազատազրկումը վերացվեց:

 

Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի` Խոշտանգումների դեմ կոմիտեն 2012 թվականին արդեն հայտնել է իր մտահոգությունը` ՀՀ-ում խոշտագում կիրառած անձանց նկատմամբ համաներում կիրառելու դեպքերի կապակցությամբ:

 

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իր հերթին բազմիցս ընդգծել է, որ խոշտանգումների կամ վատ վերաբերմունքի ենթարկելու մեջ մեղադրվող պաշտոնատար անձանց նկատմամբ համաներման կիրառումը անթույլատրելի է:

 

Քաղաքացիական հասարակության ինստիտուտը կոչ է անում ՀՀ իշխանություններին՝

 

  • Պահպանել մարդու իրավունքների միջազգային սկզբունքները և չափանիշները և երաշխավորել, որ խոշտանգում կամ վատ վերաբերմունք կիրառած պաշտոնյաների նկատմամբ համաներում կամ ներում չկիրառվի:

 

  • Գործել Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոնվենցիայի և ՄԱԿ–ի` Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեմ կոնվենցիայի դրույթների համաձայն, որոնք հստակորեն պարտավորեցնում են պետությանը իրականացնել քննություն և պատասխանատվության առաջ կանգնեցնել խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի հնարավոր մեղավորներին։


ՄԱԿ-ի` Խոշտանգումների դեմ կոմիտե, Ընդհանուր դիտարկում 3, պարբերություններ 38, 41:

ՄԱԿ-ի` Խոշտանգումների դեմ կոմիտե, Ընդհանուր դիտարկում 2, պարբերություն 5:

ՄԱԿ-ի` Խոշտանգումների դեմ կոմիտե, Եզրափակիչ դիտարկումներ Հայաստանի զեկույցի վերաբերյալ, 2012, պարբերություն 10:

 Տե՝ս, Թուրքմեն ընդդեմ Թուրքիայի գործը, no. 43124/98, § 53, 19 դեկտեմբերի 2006 թ.; Աբդուլսամետ Յաման ընդդեմ Թուրքիայի գործը, no 32446/96, § 55, 2 նոյեմբերի 2004 թ.:

Civil Society Institute

ՄԱԿ.Սիրիան ոչնչացրել է քիմիական զենքի մի մասը

903038Սիրիայի իշխանությունները կիրակի միջազգային փորձագետների հսկողությամբ ոչնչացրել են քիմիական զենքի զինանոցի մի մասը:

Անցած շաբաթ Քիմիական զենքն արգելող կազմակերպությունը(ՔԶԱԿ)  հաստատեց Սիրիայում քիմիական զենքի պաշարների ամբողջությամբ ոչնչացման պլանը, որը ենթադրվում է, որ կավարտվի 2014-ին: ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը բանաձև ընդունեց, որն այդ որոշմանը պարտադիր բնույթ  է տալիս ու նախատեսում չենթարկվելու դեպքում պատժամիջոց կամ ռազմական ուժ կիրառել:

Սիրիական իշխանություններն անվտանգության նկատառումներով որոշել են հրապարակայնորեն չբացահայտել Քիմիական զենքն արգելող կազմակերպության ներկայացուցիչների  զենքի պահեստներ այցելելու տեղն ու ժամանակը:

2016 թվականին Համաշխարհային հումանիտար գագաթաժողովը ՄԱԿ-ը կանցկացնի Ստամբուլում

makՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հայտարարել է, որ դիտարկելով թուրքական կառավարության առաջարկությունը, որոշում է կայացրել, որ 2016 թվականին Համաշխարհային հումանիտար գագաթաժողովը կանցկացվի Ստամբուլում: Պան Գի Մունը նշել է, որ Թուրքիան 2012 թվականի տվյալներով հայտնվել է այն հինգ երկրների շարքում, որոնք ամենից շատ են հումանիտար աջակցություն ցուցաբերել: Ներկայումս Թուրքիայում 450 հազար սիրիացի փախստական է ապաստանել, որոնց թուրքական կառավարությունը տրամադրել է մոտ 2 մլդ դոլարի օգնություն:

Ինչպես հաղորդում է թուրքական «Հաբերլերը»՝ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօլուն իր երախտագիտությունն է հայտնել Պան Գի Մունին որպես հյուրընկալ երկիր Թուրքիան ընտրելու համար՝ նշելով, որ իրենք կանեն ամեն ինչ, որպեսզի միջոցառումը անցնի ամենաբարձր մակարդակով: «Թուրքիայի օգտին որոշում կայացնելու պատճառը վերջին տարիներին մեր երկրի հատկացրած զգալի հումանիտար աջակցությունն ու վարած դիվանագիտությունն է»,-ընդգծել է Դավութօղլուն: