Որո՞նք են դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերը

դատական նիստՀՀ դատական օրենսգրքի 153 հոդվածի համաձայն` դատավորին կարգապահական պատասխանատվության է ենթարկում Արդարադատության խորհուրդը: Դատավորի կարգապահական պատասխանատվության հիմքերն են՝

1) արդարադատություն իրականացնելիս նյութական օրենքի նորմի ակնհայտ և կոպիտ խախտումը: Սույն հիմքով դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու նպատակով վարույթը կարող է հարուցվել դատավորի կողմից տվյալ գործով գործն ըստ էության լուծող դատական ակտը կայացնելուց հետո` մեկ տարվա ժամկետում.

2) արդարադատություն իրականացնելիս դատավարական օրենքի նորմի ակնհայտ և կոպիտ խախտումը: Սույն հիմքով դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու նպատակով վարույթը կարող է հարուցվել դատավորի կողմից տվյալ գործով գործն ըստ էության լուծող դատական ակտը կայացնելուց հետո` մեկ տարվա ժամկետում.

3) աշխատանքային կարգապահությունը պարբերաբար կամ կոպիտ խախտելը: Սույն հիմքով դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու նպատակով վարույթը կարող է հարուցվել կարգապահական պատասխանատվության հիմքը հայտնաբերելուց հետո` մեկամսյա ժամկետում, բայց ոչ ուշ, քան հիմքը ծագելուց վեց ամիս հետո.

4) դատավորի կողմից վարքագծի կանոնների կոպիտ կամ պարբերաբար խախտում թույլ տալը: Սույն հիմքով դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու նպատակով վարույթը կարող է հարուցվել կարգապահական պատասխանատվության հիմքը հայտնաբերելուց հետո` եռամսյա ժամկետում, բայց ոչ ուշ, քան հիմքը ծագելուց մեկ տարի հետո.

5) դատավորի կողմից ՀՀ դատական օրենսգրքի 12-րդ հոդվածով, 72-րդ հոդվածով, 105-րդ հոդվածի 2-րդ մասով, 156-րդ հոդվածի 3-րդ մասով, 159-րդ հոդվածի 3-րդ մասով, 191-րդ հոդվածով, 167-րդ հոդվածի 3-րդ մասով, 193-րդ հոդվածով իր համար սահմանված պարտականությունները չկատարելը: Սույն հիմքով դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու նպատակով վարույթը կարող է հարուցվել դատավորի կողմից խախտումը կատարելուց հետո` մեկամսյա ժամկետում.

6) ՀՀ դատական օրենսգրքով սահմանված կարգով էթիկայի հանձնաժողովին արդարադատության և օրենքով նախատեսված այլ լիազորությունների իրականացման կապակցությամբ իր գործունեությանը միջամտելու կամ օրենքով չնախատեսված այլ ներգործության մասին չհայտնելը: Սույն հիմքով դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու նպատակով վարույթը կարող է հարուցվել խախտումը հայտնաբերելուց հետո` եռամսյա ժամկետում, բայց ոչ ուշ, քան խախտումից մեկ տարի հետո:

Դատական ակտը բեկանելը կամ փոփոխելն ինքնին չի առաջացնում այդ ակտը կայացրած դատավորի պատասխանատվություն: Դատավորին քրեական, վարչական, քաղաքացիաիրավական կամ օրենքով նախատեսված այլ պատասխանատվության ենթարկելը չի բացառում նրան կարգապահական պատասխանատվության ենթարկելու հնարավորությունը և հակառակը:

 

Ավետիք ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հանրային խորհրդի նախագահը «Խտրականության դեմ» օրենքի, միասեռականության և կրոնի ենթահանձնաժողովի հայտարարության մասին

Վազգեն-Մանուկյան

 

 

 

 

 

 

 

 

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը մշակել է «Խտրականության դեմ» օրենքի նախագիծ, որը հանրության շրջանում տարակարծությունների և մտահոգության տեղիք է տվել: Օրենքի նախագծի մշակման անհրաժեշտությունը, ըստ նախագծի հեղինակների, կապված է ՀՀ Սահմանադրությամբ և միջազգային պայմանագրերով նախատեսված խտրականությունն արգելող դրույթների առավել արդյունավետ կիրառման,  ինչպես նաև խտրականության դեմ առավել արդյունավետ պայքարի, հակազդման և կանխարգելման հստակ միջոցների սահմանման հետ: «Այս օրենքով լայն հնարավորություն է ստեղծվում բոլոր մարդկանց օրենքի առջև հավասարության սահմանադրական սկզբունքը կյանքի կոչելու համար՝ անկախ անձի սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկական կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, ամուսնական կամ ընտանեկան կարգավիճակից, առողջական վիճակից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից և կամ անձնական կամ սոցիալական բնույթից և այլ հանգամանքներից»,- ասվում է նախագծի նկարագրության մեջ:

Նշենք, որ նախագծի վերաբերյալ հայտարարության տեսքով իր մտահոգությունն է հայտնել նաև Հանրային խորհրդի կրոնի ենթահանձնաժողովը, որում մասնավորապես նշված է. «Օրինագծով հիմք է դրվում Հայաստանի Հանրապետությունում անբարոյության և այլասերվածության օրինականացմանը: Օրենքի ուժ ստանալու դեպքում հիշյալ օրինագիծն անթաքույց կերպով օրինականացնելու է մեր հայրենիքում սեռական փոքրամասնությունների արմատացումն ու նրանց կենսակերպի քարոզչության տարածումը: Փաստում ենք և ահազանգում, որ վտանգված են ոչ միայն ընտանիքի ինստիտուտը և քրիստոնեական արժեհամակարգի մյուս բաղկացուցիչները, այլ հենց յուրաքանչյուրիս ընտանիքում մեծացող երեխաների ու մեր հայրենիքի ապագան»:

Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանն«Անկախի» հետ զրույցում նախ անդրադարձավ նախագծի վերաբերյալ իր դիրքորոշմանը, ապա ՀԽ կրոնի ենթահանձնաժողովի հայտարարությանը: Նա ասաց, որ պաշտպանի աշխատակազմի նախագծին ամբողջությամբ ծանոթ չէ, ընդհանուր է թերթել, բայց կարծում է, որ նման անվանումով օրենքի անհրաժեշտություն այս պահին Հայաստանում գոյություն չունի: «Հայաստանը վավերացրել է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը, որտեղ շատ հստակ են գրված նաև փոքր խմբերի շահերը, ավելին՝ ՀՀ Սահմանադրության 14.1 հոդվածը հստակ ներկայացնում է, որ որևիցե խտրականություն պետք է բացառվի, իսկ դա նշանակում է, որ ցանկացած օրենք մինչև ընդունվելը պետք է անցնի Մարդու իրավունքների հռչակագրի և Սահմանադրության պրիզմայով: Այնպես որ հատուկ օրենք հնարելու անհրաժեշտություն չեմ տեսնում»,- ասաց նա:

Մանուկյանը չի տեսնում նաև, որ հասարակության կողմից նման խնդիրների վերաբերյալ ահազանգ կա: Նա կարծում է, որ գոնե վերջին 20 տարիների ընթացքում մարդկանց հանդուրժողականությունը տարբեր փոքրամասնությունների, խմբերի նկատմամբ ավելացել է, և արհեստական օրենքներ հնարելը որևէ կերպ գործին չի նպաստի:

Ինչ վերաբերում է Հանրային խորհրդի կրոնի ենթահանձնաժողովի հայտարարությանը, ապա Հանրային խորհրդի նախագահը նախ հիշեցնում է, որ խորհրդում կա 70 ենթահանձնաժողով, որտեղ էլ՝ հազարավոր մարդիկ, և ցանկացած մարդ կամ խումբ իրավունք ունի արտահայտելու իր կարծիքը. «Այդ առումով Հանրային խորհրդում լիակատար ազատություն է,- ասաց նա,- ճիշտ է, անձամբ ես կարծում եմ, որ կրոնի ենթահանձնաժողովի հայտարարության մեջ եղած ձևակերպումներն ու մտքերը չեն համապատասխանում XXI դարին, բայց ես լրիվ հասկանում եմ նրանց մտահոգությունը: Եթե մենք խոսենք ոչ թե հայտարարության տեքստի մասին, այլ մտահոգության, ապա իրոք իրականություն կա»:

Մանուկյանը, անդրադառնալով միասեռականության խնդրին, որի վերաբերյալ էր ենթահանձնաժողովն իր մտահոգությունը հայտնել, հիշեցնում է, որ ի տարբերություն Եվրոպայի, մենք այդ փորձն ունենք: 1920-ական թվականներին Խորհրդային Միությունը որդեգրել էր սեռական լիակատար ազատության սկզբունքը՝ անգամ հայտարարելով, որ ընտանիքը բուրժուական գաղափար է. «20-30-ականների այդ ազատությունը աշխարհը դեռ չի տեսել,- ասում է Մանուկյանը,- ազատություն տրվեց ազատ սեռական հարաբերություններին, միասեռականությանը, ինչն առաջ բերեց մի շարք խնդիրներ, նոր հիվանդություններ: Դրան հետևեց մյուս ծայրահեղությունը. բոլշևիկները միասեռականությունը համարեցին քրեական հանցագործություն»:

Խորհրդային Միության փլուզման հետ միասին քրեական հետապնդումը միասեռականների նկատմամբ վերացավ, ինչը նա ճիշտ քայլ է համարում, բայց միաժամանակ նկատում է, որ հիմա կարծես թե հակառակն է տեղի ունենում. միասեռականությունը քարոզվում է. «Նորից մի ծայրահեղությունից մյուսն  ենք ընկնում: Եթե կոպիտ ասենք՝ խտրականություն է առաջանում մեծամասնության նկատմամբ,- ասում է նա:- Ընդհանրապես այն, որ եվրոպական մի շարք երկրներում օրինականացնում են միասեռ ամուսնությունները, ինձ համար անհասկանալի է, այն, որ օրենքով թույլատրվում է երեխա որդեգրել, ինձ համար անընդունելի է, իսկ որ  հայր ու մայր հասկացությունները փոխարինվում ծնող մեկ, ծնող երկուսով, իմ կարծիքով՝ դա արդեն խտրականություն է մեծամասնություն կազմող ավանդական ընտանիքների նկատմամբ»:

Ինչ վերաբերում է «Խտրականության դեմ» օրինագծին, ապա Հանրային խորհրդի նախագահը հայտնեց, որ այն առաջիկայում քննարկվելու է Հանրային խորհրդի մի քանի հանձնաժողովներում, որից հետո միայն Հանրային խորհուրդն իր կարծիքը կհայտնի:

images«Խտրականության դեմ» օրենքի նախագծի վերաբերյալ «Անկախին» մեկնաբանություն տվեց նաև ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը: Նա ասաց, որ դեմ է այդ օրենքի ընդունմանը, քանի որ կարծում է, որ խտրականության վերաբերյալ դրույթները պետք է ամրագրված լինեն ՀՀ բոլոր օրենքներում: «Խտրականության դեմ սկզբունքը սահմանված է Սահմանադրությամբ, իսկ մեր Սահմանադրությունն ասում է, որ ընտանիքը հասարակության բնականոն բջիջն է, և ցանկացած բջիջ բազմանալու ունակություն ունի: Մեր երկրում, մեր Սահմանադրության համաձայն` չի կարող նման բան լինել»:

Նշենք, որ օրենքի նախագծի վերաբերյալ բարձրացված աղմուկին զուգահեռ վերջին օրերին Մարդու իրավունքների պաշտպանը հանդես եկավ հայտարարություններով՝ պարզաբանելով նախագծի «բուն նպատակը», այն է` պաշտպանել աշխատանք փնտրողներին խտրական աշխատանքային ընդունման պահանջներից` հիմնված ոչ թե անձի մասնագիտական կարողությունների, այլ տարիքի, բարետեսության, սեռի և այլ շատ անհատական ու աշխատանքի բնույթի հետ որևէ կապ չունեցող հատկանիշների վրա: Օրենքի նպատակն է նաև ապահովել հաշմանդամություն ունեցող անձանց կրթություն ստանալու կամ հասարակական կյանքին լիարժեք մասնակցելու և մի շարք այլ իրավունքներ, որոնք չեն իրագործվում կամ էապես սահմանափակվում են կրթական հաստատությունների կամ հասարակական նշանակության շենքերի ֆիզիկական անմատչելիությամբ, ինչն ուղղակի խտրական դրսևորում է այս անձանց նկատմամբ:

images (1)ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը մեզ հետ զրույցում ասաց, որ 2005 թ. ընդունված աշխատանքային օրենսգիրքն անդրադարձ է կատարել աշխատանքային ոլորտում առկա բոլոր այդ խնդիրներին և այս ընթացքում ենթարկվել է բազմաթիվ փոփոխությունների՝ հաշվի առնելով այդ խնդիրները. «Մեր աշխատանքային օրենսգիրքն ամբողջությամբ համապատասխանում է միջազգայնորեն ստանձնած մեր պարտավորություններին, այդ թվում` Աշխատանքի միջազգային կազմակերպության և ՄԱԿ-ի համապատասխան կոնվենցիաներին, որոնք ՀՀ-ն վավերացրել է, իսկ մենք վավերացրել ենք մի քանի տասնյակից ավելի կոնվենցիաներ: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը` որպես լիազոր մարմին, պարբերաբար ներկայացնում է հաշվետվություններ, և եթե մենք ստանում ենք որևէ դիտողություն կամ մտահոգություն ինչ-ինչ դրույթների վերաբերյալ, ապա փորձում ենք լուծումներ տալ այդ խնդիրներին: Դա անընդհատ պրոցես է: Այս պահին մենք չունենք էնպիսի սուր հարց, որ պիտի լուծեինք, բայց չենք լուծել»:

Օրենքի նախագիծն առայժմ Ազգային ժողովում չէ, այն ուղարկվել է Եվրոպայի խորհրդի Վենետիկյան հանձնաժողով` փորձագիտական կարծիք ստանալու համար, սակայն փաստ է, որ այն արդեն իսկ գտնվում է հանրային ուշադրության կենտրոնում, և դրա վերաբերյալ կարծիքները խիստ հակասական են:

Դեպի համընդհանուր ներառում. Ինչպիսի՞ն կլինի հատուկ կրթությունը «Հանրակրթության մասին» օրենքը փոփոխելուց հետո

սաղյան

Իվետա Սաղյանը ցույց է տալիս Գոռի աշխատանքները

10-ամյա Գոռն այն երեխաներից է, որոնց մասին ասում են` զարգացման հապաղում ունի, ինչի պատճառով էլ նա կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունի: Այժմ նա  սովորում է Շիրվանզադեի անվան թիվ 21 դպրոցում` երկրորդ դասարանում:  Գոռի ուսուցչուհին` Իվետա Սաղյանը, ասում է, որ երեխայի մեջ առաջընթացն ակնհայտ է. նախկինում դասին մի քանի րոպե էր նստում, հետո դուրս էր գալիս դասարանից, իսկ այժմ դասի մեծ մասը դասարանում է անցկացնում: Սաղյանը պատմում է, որ սկզբում դժվար էր, Գոռը շատ էր աղմկում, պահանջում էր այնքան ուշադրություն, որքան ողջ դասարանը, ինչի պատճառով, դասն այնքան արդյունավետ չէր լինում, որքան ինքն էր ակնկալում:  Բայց դասարանն ի վերջո սովորեց ուշադրություն չդարձնել Գոռի աղմուկին: Այժմ Գոռը դասարանում արդեն ընկեր ունի` Գևորգը, միշտ միասին են խաղում:  Գոռը նաև ուսուցչի «օգնականն» է դասարանում, ընկեր Սաղյանը Գոռին է հանձնարարել դասարանային բույսերից մեկի խնամքը, ինչն էլ պատասխանատվությամբ կատարում է:

Թիվ 21 հիմնական դպրոցը մեկն է հանրապետությունում գործող 98 ներառական կրթություն իրականացնող դպրոցներից: Այստեղ ներկայումս  սովորում է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող 12 աշակերտ:

Դպրոցի հատուկ մանկավարժ Վարդուհի Պալյանն ասում է, որ ներառական կրթությունն ավելի արդյունավետ դարձնելու համար մի շարք քայլեր են հարկավոր, օրինակ` դպրոցները պետք է համալրվեն ուսումնաօժանդակ նյութերով`  գունազարդ հեքիաթների գրքերով, փազլներով, այլ զարգացնող խաղերով, որոնցով հնարավոր կլինի զարգացման հապաղում ունեցող երեխաների ուսուցումն ավելի արդյունավետ ու հետաքրքիր կազմակերպել:

Վարդուհի Պալյան

Վարդուհի Պալյան

Ըստ Պալյանի` հարկավոր է նաև ուսուցիչներին հոգեբանորեն վերապատրաստել, որպեսզի կարողանան ճիշտ կողմնորոշվել և աշխատել, ինչպես նաև փոխել ծնողների մեջ ներառական և հատուկ կրթության վերաբերյալ բացասական ընկալումը. «Ծնողները պետք է հասկանան, որ ներառական համակարգում ընդգրկվելու մեջ ամոթալի բան չկա»: Ասում է` շատ երեխաներ կան, որոնք կարիք ունեն, որ հատուկ մանկավարժն ու հոգեբանը աշխատեն իրենց հետ, սակայն ծնողը հրաժարվում է` ներառական ասվածը մերժելով: Մինչդեռ արդյունավետ ու ճիշտ աշխատանքի դեպքում որոշ ժամանակ անց  երեխան կարող է այլևս առանձնահատուկ կրթության կարիք չունենալ, ինչը կբացահայտվի պարբերաբար կատարվող վերագնահատման միջոցով:

Ըստ նրա` որոշ ծնողներ էլ խուսափում են հատուկ դպրոցներից` առանց հաշվի առնելու, թե որ դպրոցում իրենց երեխայի կրթությունն ավելի արդյունավետ կլինի: «Ծնողը պետք է գիտակցի, որ որոշ դեպքերում երեխան հատուկ դպրոցում կարող է ավելի լավ կրթություն ստանալ, քան այլ  դպրոցում»,- ասում է Պալյանը` հավելելով, որ ծնողը հոգեբույժի կարիք ունեցող երեխային հանրակրթական դպրոց բերելով` նախ և առաջ իր երեխային է վնասում, քանի որ այստեղ երեխան չի ունենա այն առաջընթացը, ինչ կարող էր ունենալ հատուկ դպրոցում:

Պալյանն առաջարկում է, որ «Հանրակրթության մասին» օրենքի փոփոխությունների նախագծում ներառվի նաև դրույթ, որը նախ կբացառի, որ փոքր խնդիրներ ունեցող երեխաները հայտնվեն հատուկ դպրոցներում, իսկ արդեն խորը մտավոր հետամնացություն ունեցող երեխաներին էլ գոնե որոշ ժամանակով կուղղորդի դեպի հատուկ դպրոց:

Դասաժամ Շիրվանզադեի անվան դպրոցում

Դասաժամ Շիրվանզադեի անվան դպրոցում

ԿԳՆ  հանրակրթության վարչության գլխավոր մասնագետ Անահիտ Մուրադյանը, սակայն, նշում է, որ հետընթացի ճանապարհ չկա, պետք է գնալ դեպի համընդհանուր ներառում. օրենքի նոր փոփոխությունը կապահովի յուրաքանչյուր երեխայի` իր համայնքին մոտ դպրոցում կրթություն ստանալու իրավունքը. «Ներառական կրթություն հասկացությունն իրավունքից է բխել, յուրաքանչյուր երեխայի կրթություն ստանալու իրավունքից:  Երկու հիմնարար իրավունքները համատեղելու` ընտանիքում ապրելու և կրթություն ստանալու իրավունքը համատեղելու համար անհրաժեշտ է ներառական կրթության գաղափարը: Այլևս չի քննարկվում, թե որ երեխան իրավունք ունի, որը ոչ: Հիմա հարցն այն է, թե ինչ անենք, որ բոլոր երեխաների կրթության իրավունքը ապահովենք»:  Փոխարենը`  օրենքով կհստակեցվեն  կրթության առանձնահատուկ կարիքի գնահատման չափանիշները և սանդղակներ կսահմանվեն, որ այն երեխաները, որոնք թեթև  խնդիրներ ունեն, չհայտնվեն հատուկ դպրոցում և կտրվեն ընտանիքից:

Ըստ Մուրադյանի` հատուկ դպրոցների գաղափարախոսությունն ավարտված չէ, նույնիսկ եթե օրենքն ընդունվի, հատուկ դպրոցները շարունակելու են  գործել:

2012-ի հոկտեմբերին ԱԺ-ում առաջին ընթերցմամբ ընդունվել է «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը: 2013-ի փետրվարին  նախագծի նիստերի օրակարգ ընդգրկվելը հետաձգվել է մինչև մեկ տարի ժամկետով: Այժմ ընթանում են հանրային քննարկումներ, շահագրգիռ կողմերն իրենց առաջարկություններն ու կարծիքներն են ներկայացնում նախագծի վերաբերյալ: Ընդունվելու դեպքում նոր օրենքը կփոխարինի նաև «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցողների կրթության մասին» օրենքին:

Ըստ նախագծի` մինչև 2022 թ. հանրապետությունում գործող բոլոր հանրակրթական դպրոցները պետք է դառնան նաև ներառական, այն է`  կարողանան երեխային համարժեք կրթական ծառայություններ մատուցել:

Ըստ այդմ` հատուկ կրթությունը կազմակերպելու համար նախատեսվում է ստեղծել եռաստիճան համակարգ: Առաջին աստիճանը կլինեն հանրակրթական դպրոցները: Ներկայում գործող 23 հատուկ դպրոցների մի մասը  կվերակազմակերպվի, և ամեն մարզում կգործի մեկական  հոգեբանամանկավարժական կենտրոն: Այդ կենտրոնները  կստանձնեն հանրակրթական դպրոցներում հատուկ կրթությունը վերահսկողի և վերապատրաստողի դերը: Երրորդ աստիճանը կլինեն հանրապետական նշանակության հատուկ դպրոցները, որտեղ կկազմակերպեն այն երեխաների կրթությունը, որոնց կրթությունը հանրակրթական դպրոցում կազմակերպելն անհնար է:

Խոսելով այն մասին, թե որքանով հնարավոր կլինի արդյունավետ դաս կազմակերպել  բոլորի համար, եթե դասարանում առանձնահատուկ կրթության կարիք ունեցողների թիվը մեծ լինի, Մուրադյանն ասում է, որ ըստ գործող ներառական կրթությունն իրականացնելու կարգի` մեկ դասարանում կարող է ընդգրկվել կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող 2-3 երեխա` ըստ կրթական կարիքների բարդության:

«Նոր օրենքը ենթադրում է, որ յուրաքանչյուր դպրոցում 100 երեխայի հաշվով կլինի մեկ ուսուցչի օգնականի հաստիք, ուսուցչի օգնականն արդեն աջակցող մասնագետ է, բացի այդ,  տարածքային հոգեբանամանկավարժական կենտրոնները պետք է գործուղեն մասնագետների, որոնք ինչ-որ պարբերականությամբ պետք է դպրոցում լինեն և վարեն երեխայի ուսումնական պլանը»,- ասում է Մուրադյանը:

Անդրադառնալով ուսուցիչների դժգոհություններին, թե կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների գնահատման չափանիշները հստակ չեն, Մուրադյանն ասում  է. «Նախարարը հաստատել է կրթության կազմակերպման կարգը, որում ասվում է, որ  կրթության  առանձնահատուկ կարիք ունեցող երեխան սովորում է անհատական ուսուցման պլանով: Կրթության մեջ սկզբունքներ գոյություն ունեն, օրինակ` 6 տարեկանին չեք կարող 18 տարեկանին համապատասխանող պահանջներ ներկայացնել, այստեղ էլ 6 տարեկան երեխան, եթե դպրոց է եկել,  բայց երկու տարեկանի զարգացում ունի, նրա կրթական ծրագիրը չի կարող լինել 6 տարեկան երեխային համապատասխան: Այսինքն` նրա անհատական ուսուցման պլանը պետք է մեկ կամ երկու քայլ ավելի լինի իր այսօրվա զարգացման մակարդակից:  Հետևաբար, մենք գնահատում ենք երեխայի առաջխաղացումն իր նախորդ վիճակի համեմատությամբ: Նրա առաջադիմության գնահատման համար անհատական ուսուցման պլանի առաջխաղացումներն են դեր կատարում: Կա ներառական  կրթության իրականացման կարգը, որում գրված է, թե երեխան ինչ ծրագրով պետք է սովորի, ինչպես պետք է ամփոփվի նրա առաջադիմությունը, ինչպես պետք է գնահատվի»:

Իսկ դպրոցների ֆիզիկական մատչելիության մասին խոսելով` Մուրադյանն ասում է, որ  այդ գործոնը հաշվի առնելու դեպքում որևէ դպրոցի ներառական կրթություն իրականացնելու իրավունք չէր տրվի. «Ֆիզիկական մատչելիությունը միայն թեքահարթակը չէ, դա ենթակառուցվածքների հարց է: Մենք ստիպում ենք տնօրեններին, որ թեքահարթակներ կառուցեն, սանհանգույցներում բռնակներ լինեն, բայց դա ավելի շատ ռեկլամային բնույթ է կրում: Դա ավելի շատ քաղաքաշինական խնդիր է»:

Նրա խոսքով` դպրոցաշինության պատվիրատուն ոչ թե ԿԳՆ-ն է, այլ քաղաքաշինության նախարարությունը, և վերջինս դպրոցների կառուցման կամ հիմնանորոգման ժամանակ պետք է հաշվի առնի նաև մատչելիության խնդիրը: Իսկ մինչ այդ դպրոցների տնօրենները պետք է փորձեն եղած միջոցներով հնարավորինս մատչելի միջավայր ապահովել աշակերտների համար, օրինակ` տեղաշարժման դժվարություն ունեցող երեխաների դասարանները պետք է առաջին հարկում տեղակայեն:

Ֆրանսիական օրենքներից կհանեն ռասաների մասին հիշեցնող բառերը

Ֆրանսիայի ազգային ասամբլեայի պատգամավորները քվեարկել են ֆրանսիական օրենսդրությունից “ռասա” բառը հանելու օգտին, հայտնել է Radio France-ը:

Օրինագիծն առաջարկել է Ձախ ճակատ  միությունը: Ձեռնակի հեղինակներից մեկի` Ալֆրեդ Մարի-Ժանի կարծիքով, “ռասա” բառը տեղ չպետք է ունենա ֆրանսիական օրենսդրության  մեջ, քանի որ այդ կոնցեպցիան “հիմք է դարձել վատթարագույն  գաղափարախոսության”:

pic_1368777183Եթե օրենքի նախագիծն ընդունվի, ապա փոփոխություններ կմտցվեն քրեական օրենսգրքում, 1881-ին ընդունված մամուլի ազատության օրենքում:

Սոցիալիստ պատգամավորները հույս ունեն, որ նման ուղղումներ կմտցնեն հաջորդ փուլով , հուլիսին: Նախագահ Օլանդն իր նախընտրական քարոզարշավի ժամանակ խոստացել էր հիմնական օրենքում փոփոխություն մտցնել:

Ֆրանսիայում հիմա գործում է Հինգերորդ հանապետության սահմանադրությունը, որն ընդունվել է 1958-ին, նախագահ Շառլ դը Գոլի նախաձեռնությամբ: Հիմնական օրենքի առաջին հոդվածում ասվում է.”Ֆրանսիան անբաժանելի , աշխարհիկ, սոցիալիստական, դեմոկրատական Հանրապետություն է: Նա ապահովում է օրենքի առաջ հավասարություն բոլոր քաղաքացիների համար, անկախ ծագումից, ռասայից ու կրոնից”:

Մայիսի 3-ը Մամուլի ազատության համաշխարհային օրն է

մամուլի ազատությունԱյսօր «Ելակետ» մամուլի ակումբում Ինֆորմացիայի ազատության կենտրոնի իրավաբան Գեւորգ Հայրապետյանը ներկայացրեց տեղեկատվության ազատության իրավունքի խախտման իրենց կենտրոնի կազմած «Սեւ ցուցակ»-ի վերջին հաշվետվությունը, որում ներգրավվում են այն անձինք, ովքեր խախտել են տեղեկատվություն ստանալու իրավունքը:

Բանախոսը նախ ասաց, որ ինֆորմացիայի ազատության ցանկացած խախտում կապված է հրապարակային աշխատելու մշակույթի բացակայության հետ, որովհետև շատ մարմիններ չեն հասկանում, որ ինֆորմացիան իրենց սեփականությունը չէ: Նրա խոսքերով` ինֆորմացիայի ազատության իմաստով բավական առաջընթաց կա մեր երկրում: Եթե նախկինում իրենց կենտրոնի ուղարկած հարցումների մոտ 30 տոսկոսը անարձագանք էր մնում, ապա այժմ գրեթե չեն լինում հարցումների լուռ մերժման դեպքեր. «Սա չի նշանակում, որ ամեն ինչ անթերի է: Մենք դեռ ստանում ենք շատ թերի պատասխաններ, կամ անհիմն մերժումներ, գրանցած հաջողությունը կապված է լուռ մերժումներ չստանալու հետ», – պարզաբանեց Գեւորգ Հայրապետյանը:

Այս եռամսյակի արդյունքում կենտրոնի «սև ցուցակ»-ում է հայտնվել միայն ՀՀ Ազգային Ժողովը: Աժ-ն անպատասխան չի թողել ինֆորմացիայի ազատության կենտրոնի ուղարկած հարցումը, այլ ուշացրել է այն 4 ամսով և այն էլ` պատասխանել է կիսատ` չուղարկելով պահանջված փաստաթղթերից 12-ը: ԱԺ-ի կատարած այս խախտման համար ինֆորմացիայի ազատության կենտրոնը հայց է ներկայացրել դատարան: Մեր հարցին, թե դատարան դիմելու դեպքում ինչ է ակնկալում կենտրոնը, բանախոսը պատասխանեց. «Պահանջում ենք նախ ճանաչել իրավունքի խախտման փաստը, ապա` տրամադրել տեղեկատվությունը, իսկ երբմեն էլ խնդրում ենք դատարանին վարչական պատասխանատվության ենթարկել տվյալ մարմնին»: