Օգոստոսի 28-ին կայանալիք Թուրքիայի նորընտիր նախագահի երդմնակալության արարողությանը մասնակցելու նպատակով ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմեկնի Անկարա։
Հուլիսի 25-ին շահագործման կհանձնվի Ստամբուլ-Անկարա արագընթաց գնացքը: Այս մասին հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի և հեռահաղորդակցության նախարար Լյութֆի Էլվանը: Վերջինիս խոսքով` ուշացման մասին խոսք չի կարող լինել:
Սկզբում հայտարարվել էր, որ Թուրքիայի երկու խոշոր քաղաքների միջև արագընթաց գնացքը կգործարկվի մայիսի կեսերին, սակայն գործընթացը հետածգվել էր սաբոտաժի փորձերի պատճառով:
Ստամբուլ-Անկարա երկաթգծի երկարությունը 533 կմ է: Այն միանալու է «Մարմարայ» թունելին, որը կապում է Թուրքիայի արևելյան և եվրոպական հատվածները: 2009 թվականին սկսված այս նախագծի համար ծախսվել է 4 միլիարդ դոլար:
Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում ոստիկանությունը փորձում է ցրել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի դիմաց հավաքված ցուցարարներին: «Միլիյեթի» հաղորդմամբ՝ ոսիկանությունը զգուշացրել է ցուցարարներին, որ ցրվեն, քանի որ նրանք խնդիրներ են ստեղծում երթևեկության համար: Այնուհետև ստիպված են եղել նրանց դեմ ջրաշիթեր կիրառել: ԿԸՀ այսօր որոշում է կայացրել ձայների վերահաշվարկ անցկացնել առավել վիճելի արդյունքներ գրանցած ընտրատեղամասերում: Նշենք, որ բողոքի ակցիան սկսել են ԺՀԿ-ի 500 անդամներ, որոնք, հավաքվելով ԿԸՀ-ի շենքի դիմաց, պահաջել են վերահաշվարկել Անկարայի քաղաքապետի քվեարկության արդյունքները:
Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ Թուրքիան պատասխանատվություն է կրում Ղրիմի թաթարների համար: Այս մասին հաղորդում է «TRT Haber»-ը:
Նրա խոսքով՝ կասկած չկա, որ Ղրիմի թաթարների հարցը Անկարայի համար նույնքան կարևոր է, որքան որ Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը: Դավութօղլուն նշել է, որ Ղրիմի թաթարները դարեր շարունակ ապրել և ապելու են այս տարածքներում:
Ինչ վերաբերում է երեկ Ղրիմում կայացած հանրաքվեի արդյունքներին, համաձայն որոնց քվեարկողների 96 տոկոսը կողմ է արտահայտվել Ռուսաստանին միանալուն, ապա Դավութօղլուն հայտարարել է, որ Անկարան չի ճանաչում դրանք:
Նշենք, որ աշխարհի մի շարք պետություններ չեն ճանաչել Ղրիմի հանրաքվեի արդյուքները:
Անկարայում օրս սկսվել է վարչապետ Թայիփ Էրդողանի առողջական վիճակի մասին խոսակցություններով: Սոցիալական մեդիայում լուրեր են հայտնվել, թե Էրդողանի վիճակը վատացել է, այդ պատճառով նա հետաձգել է նախընտրական հանրահավաքները: Սակայն «Ռադիկալի» հաղորդմամբ՝ Էրդողանի անձնական բժիշկը՝ Անկարայից պատգամավոր ընտրված Ջևդեթ Էրդյոլը, հերքել է այս տեղեկությունը:
Հայտնի է, որ Էրդողանը խնդիր ունի գոտկատեղի շրջանում: Առողջական այս խնդրի պատճառով նա քանիցս հետաձգել է իր գործերը և հանգստի գնացել:
Քրդական աշխատավորական կուսակցության արգելափակված ղեկավար Աբդուլլաh Օջալանի նամակն ուղղված հայ ժողովրդին, պարզագույն բանաձեւումով խառը ուղերձներ է փոխանցում ընթերցողին:
Նախ, չի կարելի անտեսել այն երեւույթը, որ միեւնույն կուսակցության ղեկավարներից Բեսե Հոզաթը հայկական լոբբիին մեղադրել էր Թուրքիայի ուրվական պետություններից մեկը լինելու հանցանքի մեջ, որի հերքման ձեւով մեկնաբանվեց Օջալանի նամակը: Խառը ուղերձի տրամաբանության մեջ է տեղավորվում նամակի այն բաժինը, ուր քուրդ ղեկավարը հայ ժողովրդին համեստաբար առաջարկում էր, որ առանց ցեղապաշտ-ազգային թակարդների մեջ ներքաշվելու շարունակի իր պայքարը` հեռու մնալով «մեր ժողովուրդները տակավին դարեր շարունակ իրար թշնամացնել նպատակադրող միջազգային դրամատեր ուժերի եւ լոբբիների չարամտությունից»: Եւ եթե նամակի բովանդակության բնութագիրը ընդհանուր առմամբ խառը պատգամներով կարող է բնորոշվել, ապա այստեղ արդեն համարյա՜ միանշանակ է դառնում հայության պայքարը ապալոբբիստականացնելու կոչը:
Սա ենթադրել է տալիս, որ Օջալանի նամակը ոչ թե անպայման հերքում է իր քաղաքական դիվանի անդամի ամբաստանությունը, այլ պարզապես փոխում է բուն ասելիքի ոճը:
Պարզ է, որ ըստ էության Օջալանը ցեղասպանությունը ճանաչելով հանդերձ, իր արգելարանից պիտի չխոսեր հատուցման կամ հիմնական առաջադրանքի` Արեւմտահայաստանի մասին: Առաջադրանքը, ի վերջո, հակադրամատիրական պայքարի համահունչ բառապաշարի լիարժեք օգտագործումով Անատոլիայի շրջանում տարբեր ազգերի խաղաղ գոյակցությունն է: Մնացյալը, վիշտ, ցավ, նույնիսկ Ցեղասպանություն` դատապարտանքի ոլորտներում մնալու հղացքային տեսություններ են, որոնք բնականաբար չպիտի հատեն Թուրքիայի մասնատմանն առաջնորդող ուղիների սահմանները:
Ակնկալել, որ «Արեւմտահայաստան» բառը որևէ ձևով պետք է տեղ գտներ Օջալանի նամակում, քաղաքականորեն իրատեսական չպիտի լիներ, մանավանդ որ Քուրդիստան բառն անգամ տեղ չի գտել այս գրության մեջ: Մի անգամ եւս ընդգծվում է, որ ընդհանուր առաջադրանքը Անատոլիայում հայերի, քրդերի, թուրքերի եւ այլազգիների խաղաղ համագոյակցությունն է:
Առաջադրանքային այս տեսությունը հեռու չէ Անկարայի կիրառած քաղաքականությունից: Ցեղասպանություն բառը չպետք է ընթերցողին հեռացնի Անկարայի քաղաքականության տեսադաշտից: Հրանդ Դինքի սպանության դատապարտանքն ու նրա հիշատակի ոգեկոչումը եւս հեռու չեն Թուրքիայի պաշտոնական հայտարարությունների բովանդակությունից:
Այս նամակը Դինքի սպանության առիթով հրապարակելի էր: Նրա հրապարակման շուրջ երկշաբաթյա ուշացումը արագորեն մտածել է տալիս գրաքննության մասին: Թերեւս, խոսքը պետական կիսաարհեստավարժության մասին է: Իշխանությունները կարող էին ամեն ինչ բանաձեւել, հետո հրապարակել: Ուշացումը ինքնին, կարող է մեկնաբանվել իբրեւ արտոնություն տալու-չտալու խաղին ծառայեցվող երեւույթ, ստեղծելով այն խաբկանքը, որ որոշ դժվարություններ հաղթահարելուց հետո է միայն, որ նամակը հայտնվել է հանրության ուշադրությանը:
Արգելափակված Օջալանը պատանդի կարգավիճակում է` Անկարայի ցուցմունքներով հեռակառավարելու քրդական շարժումները: Անկարան փորձ է կատարում, նույն հանգամանքն օգտագործելով, ազդեցություն բանեցնել հայկական կողմի վրա: Անկարայի ձեռագրի տակ ստորագրել է Օջալանը: Թեկուզ Ցեղասպանության մասին խոսելով:
Շահան Գանտահարյան
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր
Ֆրանսիայի նախագահը Թուրքիա կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ Ֆրանսիան կընդունի Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար քրեական պատասխանատվության ենթարկելու մասին օրենքը: Այս մասին հաղորդում է Газета.ru-ն:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ֆրանսիայի նախագահը Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ թուրքական իշխանություններին կոչ է արել ընդունել Հայոց ցեղասպանությունը:
«Նման իրադարձությունները հիշելը միշտ ցավալի է, սակայն պետք է»,-ասել է Օլանդը:
Հայտարարությունը Օլանդն արել է Անկարայում՝ Թուրքիա կատարած իր այցելության առաջին օրը: Նշվում է, որ սա վերջին 22 տարվա ընթացքում Ֆրանսիայի նախագահի առաջին այցելությունն էր Թուրքիա:
Թուրքիայի կենտրոնական մասում տեղի ունեցած ավտովթարից 9մարդ զոհվել է, 30-ը ստացել են տարբեր աստիճանի վնսվածքներ:
Վանից Անկարա մեկնող երթուղային ավտոբուսի վթարը տեղի է ունեցել Սիվասում: Ավտոբուսը,որի մեջ չեն եղել օտարերկրացիներ, երթևեկել է սառած ավտոճանապարհով, շուռ է եկել և ընկել ձորը, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:
Նմանատիպ դեպք չորս օր առաջ տեղի էր ունեցել Կեյսարիում: Այդ ժամանակ ավտովթարի հետևանքով 21 մարդ զոհվեց և 27-ը`տուժեցին:
Անկախը ներկայացնում է Շահան Գանտահարյանի հերթական հոդվածը:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեվը կառավարության նիստի ժամանակ հայտարարել էր, որ եթե Հայաստանը «կառուցողական դիրքորոշում» ցուցաբերի ղարաբաղյան խնդրի լուծման գործում, ապա «կարճ ժամանակահատվածում կարելի կլինի համաձայնության գալ»:
Համաձայն Ալիեվի` որեւէ տեղաշարժ չի արձանագրվել արցախյան բանակցությունների ուղղությամբ: Թեեւ տարեվերջին որոշակի աշխուժացում նկատվել է: Ընդհանուր այս պարունակում հայտարարությունը շարունակվում է:
«Որոշակի հույսեր, որոշակի լավատեսական պահեր կան, բայց 2014 թվականին մենք կուսումնասիրենք դրանք: Ամեն դեպքում, 2014 թվականին Հայաստանի իրական մտադրությունը ամբողջովին կպարզվի», ասել է Ադրբեջանի նախագահը:
Հայտարարությունը նաև այլ բաժիններ ունի: Կվերադառնանք այդ բաժիններին: Փորձենք դիտարկել այս հատվածը: Ուրեմն, Բաքուն կառուցողականություն է ակնկալում Երեւանից: Մինչ այդ սակայն, կառուցողականություն ակնկալողը բացի հրադադար խախտելուց եւ դիվերսիոն գործողություններ կազմակերպելուց, աննախադեպ վտանգավոր քայլերով նախահարձակողականության այլ հարթություններ է թեւակոխում: Ադրբեջանական կողմից կրակահերթ է ոչ միայն Ադրբեջանի և Արցախի շփման գծում, այլ ուղղակի դեպի Հայաստանի Հանրապետության տարածք:
Նման հարձակողապաշտության դրսեւորումներ ցուցադրելուց հետո, թվում է, թե «կառուցողականության» եւ «խաղաղասիրության» ակնկալություններ հայտարարելու ցուցմունքը Բաքու է հասել Անկարայից: Այս հատվածի երկրորդ բաժինը այդ մասին մտածելու տեղիք է տալիս: Ալիեվը փաստորեն կապկում է Դավութօղլվի «խաղաղասիրությունը»: Նման է սա մանավանդ, երբ նկատի կունենանք տարեվերջին երեւացած, ըստ Ալիեվի անշուշտ, ուղղակի որոշակի աշխուժացումը: Տարեվերջին Դավութօղլուն այցելել էր Երեւան, Սեւծովյան երկրների տնտեսական համագործակցության համաժողովի շրջագծում: Այցելության նախորդող ժամանակաշրջանում եւ այցելության օրերին եւ դրանից անմիջապես հետո, դիպաշարին հետեւողը ականատես եւ ունկնդիր դարձավ իբրեւ թե կառուցողականություն ցուցադրող Անկարայի թիվ մեկ դիվանագետի ասելաձեւերին: Դրանց հետեւեց անշուշտ Թուրքիայի քարոզչաքաղաքական խմբի նվագը, որը ներդաշնակ էր թուրք արտգործնախարարի ճիպոտի շարժումներին:
Այս բոլորի նկատմամբ լուռ էր Բաքուն` թե՛ քաղաքական եւ թե՛ տեղեկատվական առումներով: Լուռ անհանգստություն կար Թուրքիայի բեմադրած համանվագի դիմաց, որ բացատրվում էր Բաքվի շրջանցումով հայ-թուրքական հարաբերությունների բնականոնացման (ան)հավանական մեկնարկի նախատեսումով: Թեեւ, Անկարայի ներկայացուցիչը ամեն պատեհ-անպատեհ առիթի հիշեցնում էր արցախյան հարցի լուծման անհրաժեշտությունը: Նույնիսկ պաշտոնապես հայտարարվում էր հարաբերությունների վերամեկնարկման աշխատանքների վերջին փուլում լինելը։
Ալիեվի կողմից կառուցողականություն ակնկալելու այս հայտարարությունը համահունչ է Դավութօղլուի բեմականացումներին նաեւ 2014-ի նշումով: Թվականը անպայման հայ-ադրբեջանական բանակցություններին միայն չի վերաբերում: Երեւան-Անկարա հարաբերությունների վերամեկնարկը պայմանավորված է հայկական ուժերի Արցախից հեռացումով: Պատվերային ապատեղեկատվությունը խոսում էր հայկական համաձայնության մասին արցախյան երկու շրջաններից հայկական ուժերը հեռացնելու մասին: Ալիեվի ակնկալածը 2014-ին նման տեղաշարժի մասին է: Ինչ որ նաեւ Դավութօղլուին, լավատես լինելու միտումներ փոխանցած էր:
Կառուցողականության, բանակցությունների աշխուժացման եւ խաղաղասիրական շեշտադրումներով հանդես գալու Անկարայի ցուցմունքը հայտնապես ձախող կերպով կատարել է Բաքվի առաջնորդը: Հայտարարությունն ավարտվում է հետեւյալ բառերով. «Մեր ռազմական հզորությունը վճռական դեր կխաղա միջազգային նորմերին համապատասխան Լեռնային Ղարաբաղի հարցին արդարացի լուծման գործում: Մեր բանակը աշխարհի ամենաուժեղ բանակներից է»:
Անկախ նրանից, որ միջազգային նորմերի ճշտած սահմանները վաղուց անցել է ադրբեջանական սպառազինումը, մի պահ պետք է կենտրոնանալ Ադրբեջանի նախագահի կատարած իր իսկ էության վերադարձին: Ռազմական հզորության վճռական դեր վերապահելով Ալիեվը միեւնույն հանկերգն է, որ կրկնում է: Հիմա պետք է մտածել, թե քաղաքական նման պահվածքի դիմաց ի՞նչ կառուցողականություն կսպասվի հայկական կողմից:
Խնդիրը սակայն, այս դեպքում Անկարայի ցուցմունքը Բաքվի կողմից ձախողելն է:
Շահան Գանտահարյան
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր
ԱՄՆ-ի Հոլոքոսթի հիշատակի թանգարանը Սոցիալական փոփոխություն կազմակերպության և «Anna Frank House»-ի աջակցությամբ օրերս Անկարայում իրականացրել է «Հոլոքոստ և մարդու իրավունքների ուսուցում» թեմայով ժողով: Ավագ դպրոցների ուսուցիչների համար նախատեսված դասընթացներին մասնակցելու հայտ ներկայացրած 300 դիմորդից ընտրվել է 30 հոգի: Արտասահմանից հրավիրված մասնագետները երկու օր շարունակ սեմինարի մասնակիցներին գիտելիք են հաղորդել Հոլոքոստի մի շարք մանրամասնությունների շուրջ:
Հոլոքոստի թանգարանի աշխատակիցները «Հաբերթյուրքին» հայտնել են, որ անցած ամիս Թուրքիայի արտգործ և կրթության նախարարությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ երկրի համալսարաններին և դպրոցներին հրեաների ցեղասպանության վերաբերյալ գրքեր, հոդվածներ և տեսանյութեր են տրամադրվելու, ինչպես նաև ուսուցիչների հետ կիսվելու են դասերի անցկացման մեթոդաբանությամբ:
Անկարայում Եգիպտոսի դեսպան Աբդուրահման Սալահադդինը հեռացել է Թուրքիայից այն բանից հետո, երբ նա անցանկալի անձ է հայտարարվել Թուրքիայում: Այս մասին հաղորդում է «Անադոլու» գործակալությունը: Օրեր անց՝ նոյեմբերի 23-ին Եգիպտոսի իշխանությունները հայտարարեցին Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների մակարդակի իջեցման մասին՝ Կահիրեում թուրքական դեսպանից պահանջելով հեռանալ երկրից:
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլը հայտարարել էր, որ թուրք-եգիպտական հարաբերություններում նկատվող ճգնաժամը ժամանակավոր բնույթ է կրում, իսկ արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն նշել էր, որ չնայած ստեղծված իրավիճակին Անկարան այնուհանդերձ կպահպանի Եգիպտոսի հետ եղբայրական հարաբերությունները:
Ինչպես հաղորդում է թուրքական «Սաբահը»՝ այսօր առավոտյան անհայտ անձը եկել է Անկարայում տեղակայված նախագահական Չանքայա պալատ և անվտանգության աշխատակիցներին թղթադրամներ է տվել՝ ասելով, թե դա ծածկագիր է, որը կարող է հասկանալ միայն նախագահ Աբդուլահ Գյուլը: Վերջինիս հետ հանդիպել ցանկացող անձի զննման ժամանակ ատրճանակ է հայտնաբերվել: Անցկացված հարցաքննության ընթացքում անձը խոստովանել է, որ նպատակ է ունեցել սպանելու նախագահ Գյուլին: Հավանաբար հոգեկան խնդիրներ ունեցող մարդը նշել է, որ պարզապես ցանկացել է կրկնել «Գայլերի հովիտը» հայտնի հեռուստասերիալի տեսարաններից մեկը:
Անկարայի իշխանությունները մերժել են Քըզըլջըհամամ քաղաքի քաղաքապետարանի առաջարկը`Թուրքիայի մայրաքաղաքում “Խոջալուի ցեղասպանության թանգարան” բացելու վերաբերյալ, հաղորդում է ադրբեջանական “Հագին” կայքը:
Ըստ աղբյուրի` իշխանությունները չեն ցանկացել կառույցի անվանման մեջ “ցեղասպանություն” բառը օգտագործել`դիվանագիտական բարդություններից խուսափելու համար: Այդ իսկ պատճառով մայրաքաղաքի ղեկավարությունն առաջարկել է թանգարանի համար մեկ այլ անվանում ընտրել:
Նշենք, որ Քըզըլջըհամամ քաղաքի տարածքում Ադրբեջանի ղեկավարության աջակցությամբ կառուցվում է “Խոջալու” այգին, որը նախատեսվում է բացել փետրվարի 26-ին:
Քաղաքի քաղաքապետարանի ղեկավար Ջոշհուն Ունալը նշել է, որ հնարավոր է`թանգարանը վերանվանվի “Ողբերգության թանգարան” կամ նմանատիպ ինչ-որ բան:
Ժնեւ 2-ը գումարել-խափանելու պարանաձգությունը շարունակվում է: Առնչակից կողմերի քաղաքական հայտարարությունները կարող են ամփոփել այն մթնոլորտը, ուր փորձ է կատարվում ճշտելու երկրների մասնակցության հարցը:
Ճգնաժամային դիվանագիտության ժամանակավոր արդյունավորումը հանգեցրեց պատերազմական գործողությունների առկախման որոշմանը: Խորքում, դա այն ելքն էր, որ Մոսկվան հրամցրեց սահմանափակ, կարճաժամկետ, պատժիչ եւ դաստիարակիչ բնույթ ունեցող զինվորական հարվածի անխուսափելիություն հայտարարած Վաշինգտոնին:
Երեւացածը, իհարկե, ռուս-ամերիկյան համաձայնությունն էր, որ երկուստեք ծառայեց դիմափրկմանը (ֆեյս սեյվինկ): Չերեւացած, բայց ազդեցիկ բաժինը վերաբերում էր Թեհրանին: Չափավորական նախագահի ընտրությունը, Թեհրանից դեպի Վաշինգտոն ե’ւ փոխադարձաբար նախանշանային փոխասացությունները խոսում են Թեհրան-Վաշինգտոն հարաբերությունների նոր հարթության ձեւավորման մասին:
Իսկ եթե մտաբերենք սիրիական ճգնաժամի սկզբնավորության հայտարարված Մոսկվա-Թեհրան-Դամասկոս առանցքի կազմաքանդման մասին հնչած մոտեցումները, կտարվենք մտածելու այդ առանցքից Թեհրանի ցուցաբերած որոշ ճկունության, դեպի Արեւմուտք եւ դեպի ԱՄՆ ուղղած նշանների եւ փոխադարձ համապատասխան հակազդեցությունների մասին: Եւ պատահական չէ, որ Օբամա-Ռուհանի նամակագրական եւ հեռաձայնային կապերից հետո օրակարգային թեմայի էր վերածվում Թեհրան-Վաշինգտոն թռիչքների վերսկսման հավանականությունը: Նույնպես այն, որ Թեհրանի քաղաքապետարանի որոշմամբ հակաամերիկյան կարգախոսերը կվերացվեին Թեհրանի կենտրոնական փողոցներից։ Կամ բանակցություններ կսկսվեին Լոնդոն-Թեհրան դիվանագիտական հարաբերությունների վերաբնականոնացման նպատակով:
Թեհրան-Արեւմուտք մերձեցման մասին խոսելը թվում է թե վաղ է. այսուհանդերձ չի կարելի անտեսել այն զարգացումները, որոնք հրապարակային բնույթ ունեն եւ կարող են տարածաշրջանում վերահաշվարկումների դուռ բացել:
Թվում է, թե նախամերձեցման այս փուլը անհանգստացրել է Անկարային, որին դերակատարություն էր վերապահվել Մոսկվա-Թեհրան-Դամասկոս ռազմավարական գծի դիմաց հակաառանցքային դեր վերցնելու: Ռուս-ամերիկյան թեկուզ ժամանակավոր համաձայնությունն ու մանավանդ Թեհրանի ցուցաբերած որոշակի ճկնունությունը Անկարայի դերի աստիճանի նվազում ենթադրող երեւույթներ են:
Ամերիկյան մամուլն արդեն արտահայտվում է այս մասին. ավելի մասնակիորեն՝ Թուրքիայի առ նվազն ոչ նախկին դերակատարությունը լույսի բերելով: ՆԱՏՕ-ի պաշտոնատարներն Անկարայի դերակատարությունը խնդրո առարկա են դարձնում՝ հարց տալով, թե ծայրահեղ իսլամականությանը զորակցելով Թուրքիան ի՞նչ դեր է փորձում վերապահել իրեն:
Կտրուկ շրջադարձներ չեն գրանցվել տակավին. եւ սա քաղաքականորեն հասկանալի է իհարկե: ԱՄՆ-ի պետքարտուղարությունը շարունակում է շեշտել, որ պատերազմի արհավիրքի վերացումը չի պայմանավորվում քիմիական զինաթափումով: Մինչ, Մոսկվան իր դիրքորոշումը հստակացնում է, որ նախագահականի հրաժարականով չի պայանավորվում Ժնեւ 2-ի կայացումը:
Ռուս-ամերիկյան այս պայմանականությունների բարձրաձայնումը կարող է զուտ հայտարարողական բնույթ ունենալ: Փաստը մնում է փաստ, որ զինվորական գործողությունները շարունակում են մնալ առկախված: Մինչ դիվանագիտությունը աշխատում է նոր համաձայնությունների հանգելու համար:
Իրանյան գործոնի հետ հաշվի նստելու, Թեհրան-Արեւմուտք նոր էջ բացելու միտող երեւույթների դիմաց վերահաշվարկներ կատարելու իրականությունները կմղեն մտածելու Անկարայի դերի նվազեցման մասին: Մինչ այդ սակայն միջազգային ընտանիքը պիտի նկատի եւ համապատասխան դիրքորոշում ունենա Անկարայի կողմից զինվող եւ ֆինանսավորվող ծայրահեղ տարրրերի նկատմամբ, որոնց համար նա սովոր է օգտագործել «միջազգային ահաբեկիչներ» եզրը:
Շահան Գանտահարյան
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր
Թուրքական «Հյուրիյեթի» լուրի համաձայն՝ Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանը այսօր Անկարայի նորաբաց առևտրի կենտրոնով շրջելու ժամանակ փակվել է հանրահայտ «Victoria’s Secret» ներքնազգեստի խանութի ցուցափեղկը: Առևտրի կենտրոնի անվտանգության ծառայությունը նշել է, որ կապ չունի դրա հետ, այնուհետև պարզվել է, որ նման կարգադրություն տվել է կենտրոնի տնօրենը: Երբ վարչապետ Էրդողանը իր շքախմբի ուղեկցությամբ անցել է խանութի մոտով, նրա անվտանգության ծառայողներից մեկը թույլ է տվել բացել ցուցափեղկը:
Այնուհանդերձ առևտրի կենտորնի տնօրենը նշել է, որ նման որոշում ինքնակամ է ընդունել և ոչ մի կարգադրություն չի ստացել վարչապետական ծառայությունից: Սակայն հետաքրքրական է, որ խանութում ներքնազգեստ ընդհանրապետ չի եղել, ցուցադրված են եղել միայն կոսմետիկ պարագաներ:
Աշխարհի բոլոր երեխաների, ինչպես նաև մեծերի սիրելի «Դիսնեյի աշխարհը» այս օրերին Անկարայում է: Թուրքիայի մայրաքաղաքի խոշորագույն առևտրի կենտրոններից մեկում մեկնարկել է «Միկիի երաժշտական փառատոնը, Դիսնեյը եթերում է» հանրահայտ շոուն:
Անկարայում Դիսնեյի մուլտֆիլմերի սիրված հերոսները Միկի Մաուսի գլխավորությամբ ուրախացրել են թուրք երեխաներին իրենց գունագեղ ներկայացումներով: Հետաքրքիր, գրավիչ, զվարճալի և անակնկալներով լի շոուն զարդարել են կախարդական լամպի մասին հեքիաթի հերոսները՝ Ալադդինը, Ժասմինը և իհարկե Ջինը: Երեխաները ականատես են եղել նաև ստորջրյա ներկայացմանը՝ ջրահարս Արիելի, խեցգետին Սեբաստիանի և նրանց ծովային ընկերների մասնակցությամբ: «Հաբերլերի» հաղորդմամբ՝ «Դիսնեյի աշխարհը» կմնա Անկարայում մինչև հոկտեմբերի 27-ը:
Անկարայի քաղաքապետարանի ադմինիստրացիան հրապարակել է «Գեզի» այգու համար սկսված ցույցերի և բախումների արդյունքում քաղաքի կրած վնասները: Այսպես հաղորդվում է, որ մայիսի 31-ից Անկարայում սկսված ցույցերի հետևանքով տուժել է 381 մարդ, այդ թվում ոստիկանության 133 աշխատակից, որոնցից մեկը մահացել է: Հայտնի է նաև, որ տուժածների մեկ քառորդը դեռևս բուժում է ստանում հիվանդանոցներում:
Ինչպես հաղորդում է «Անադոլու» գործակալությունը՝ ցույցերի ընթացքում այրվել և քանդվել են 132 պետական և մասնավոր գրասենյակ, 71 բանկի շենք և բանկոմատ, 74 մեքենա, 30 ավտոբուս, 4 հրշեջ մեքենա, 117 գովազդային վահանակ և ավտոբուսի կանգառ, 193 հսկման տեսախցիկ: Բողոքի ակցիաների ժամանակ ձերբակալվել է 944 մարդ:
Երեկ գիշեր Անկարայում մի խումբ ցուցարարներ փորձել են փակել քաղաքի փողոցներից մեկի երթևեկությունը: Ցուցարարները աշխատել են բարիկադներ կանգնեցնել փողոցում՝ այդպիսով արգելակելով ավտոմեքենաների շարժը:
«Անադոլու» գործակալությունը հաղորդում է նաև, որ ցուցարարների խումբը քարեր և շշեր է նետել իրենց խանգարել փորձող ոստիկանների վրա: Վերջիններս պատասխան են տվել արցունքաբեր գազի կիրառմամբ և ցրել ամբոխը: Մի քանի հոգի ձերբակալվել են:
Իրավապահները մաքրել են փողոցը կանգնեցված բարիկադներից և վերականգնել երթևեկությունը: Այդ ընթացքում ցուցարարներից մեկը փորձել է իր մեքենայով վրաերթի ենթարկել ոստիկաններին, ինչից հետո ձերբակալվել է: