Բարձր գնահատականները նվազել են, իսկ բուհերում անցողիկ շեմը…

քննություն2Միասնական քննությունների առաջին փուլն ամփոփված է, հրապարակվել են թե՛ բոլոր առարկաների գնահատականները, թե՛ բողոքարկումների արդյունքները: Կարելի է ասել, որ այս տարվա քննությունները ոչնչով չառանձնացան. դժգոհություններ չեղան թեստերից կամ քննություններից: Քննություն հանձնած 12 հազար դիմորդներից արդյունքները բողոքարկել են 446-ը (3,7 տոկոսը), բողոքարկման հանձնաժողովը բարձրացրել է 65 դիմորդի գնահատական:

Սակայն գնահատականների վերլուծությունը ցույց է տալիս, որ այս տարվա քննությունները հիմնականում միտում են ունեցել հնարավորինս նվազեցնելու բարձր գնահատականները և դիմորդների հիմնական մասին կենտրոնացնելու միջին գնահատականների տիրույթում: Այսպես, այս տարի բոլոր 10 առարկաներից միասին արձանագրվել է 585 ամենաբարձր` 20 միավոր, մինչդեռ նախորդ տարի այդ թիվը 896 էր` 311-ով ավելի:

Ամենամարդաշատ քննության` հայոց լեզվի և գրականության միջին գնահատականն այս տարի 13,24 է` նախորդ տարվանից 0,1 նիշով ցածր: Անբավարար է ստացել դիմորդների 9,5 տոկոսը, ինչը նախորդ տարվա ցուցանիշից 0,5 տոկոսով բարձր է: Դիմորդների գերակշիռ մասը` 40,79 տոկոսը, վաստակել են նվազագույն դրական միավորներ` մինչև 13,25: Հայոց լեզու և գրականությունից այս տարի աճել է նաև 20 միավոր ստացողների թիվը` 124 նախորդ տարվա 80-ի փոխարեն: Ի դեպ, սա սակավաթիվ առարկաներից է, երբ բարձր գնահատականների աճ է նկատվել:

Չնայած ցուցանիշներին` հայոց լեզվի և գրականության թեստերից որոշ դժգոհություններ կան: Երևանի Մովսես Խորենացու անվան դպրոցի ուսուցչուհի Գայանե Սարգսյանն ասում է, որ շտեմարաններն անհրաժեշտ են, բայց ոչ հարցերի ներկայիս կառուցվածքով: Նրա կարծիքով` ներկայիս թեստերի պարագայում խելքը մղվում է երկրորդ պլան և առավել կարևորվում է մեխանիկական հիշողությունը: Ասում է, որ հատկապես պետք է փոխվեն կարճ պատասխան ենթադրող հարցերը և պնդումների փունջը:

«Երեխան բանաստեղծությունը կարող է շատ լավ անգիր իմանալ, բայց երբ պետք է ընդամենը թվերի հերթականություն շարի, կարող է վրիպել կամ հուզմունքից մի թիվ սխալ նշել: Դա չի նշանակում, որ նա տվյալ բանաստեղծությունը չգիտի, բայց միավոր այլևս չի ստանա»,- ասում է նա: Խոսելով պնդումների փունջ կոչվող առաջադրանքների մասին` Սարգսյանն ասում է, որ հարցերն ապակողմնորոշող են, ուստի երեխան ձգտում է պատասխաններն անգիր անել սխալներից խուսափելու համար, ոչ թե հասկանալով սովորել:

Դիմորդների երկրորդ քննությունը մաթեմատիկան է: Այս առակայի միջին գնահատականը 11,95 է` նախորդ տարվանից 0,02 նիշով ցածր: Անբավարար է ստացել դիմորդների 11,55 տոկոսը (անցած տարի` 17 տոկոսը): 32-ով նվազել է նաև մաթեմատիկայից 20 միավոր ստացողների թիվը` 69 դիմորդ:

քննություն1Նախկինում մաթեմատիկայից հիմնական դժգոհությունն այն էր, որ ժամանակը չի բավարարում, մեկ խնդիրը լուծելու համար դիմորդին տրված է ընդամենը 2-2,5 րոպե: Դժգոհություն կա նաև այսօր: Մաթեմատիկայի կրկնուսույց Սուսաննա Մանուկյանն ասում է, որ սահմանված 3 ժամում անգամ լավ պարապած դիմորդները դժվարությամբ են հասցնում ողջ թեստը լուծել, ուստի ցանկալի է քննությանը հատկացված ժամանակահատվածը 30 րոպեով երկարացնել:

Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս ամենաբարձր գնահատականներն արձանագրվել են օտար լեզուներից: Այս տարի 20 միավոր է ստացել 231 դիմորդ` 201-ը անգլերենից, 17-ը ֆրանսերենից, 13-ը գերմաներենից: Անցած տարի օտար լեզուներից արձանագրվել էր ընդհանուր 372 առավելագույն` 20 միավոր: Անգլերենի միջին գնահատականը 14,01 է, ֆրանսերենինը` 15,84, գերմաներենինը` 14,15: Անգլերենից անբավարար է ստացել դիմորդների 8,6 տոկոսը, ֆրանսերենից` 4,46, գերմաներենից` 7,78 տոկոսը:

Ռուսերենի միջին գնահատականը 10,75 է` նախորդ տարվա ցուցանիշից 0,33 նիշով ցածր: Անբավարար է ստացել դիմորդների 22,99 տոկոսը (նախորդ տարի 15 տոկոսն էր կտրվել): 20 միավոր է ստացել ընդամենը մեկ դիմորդ 2012-ի երկու դիմորդի փոխարեն:

Ռուսերենը երկրորդ տեղում է թ՛ե կտրվողների թվով, թե՛ ցածր միջին գնահատականով:

Հայոց պատմությունից միջին գնահատականը 13,43 է` նախորդ տարվանից 0,10 միավորով ցածր: 11-ով նվազել է նաև 20 միավոր ստացողների թիվը` ընդամենը 38 դիմորդ նախորդ տարվա 49-ի փոխարեն: Անբավարար է ստացել դիմորդների 11,74 տոկոսը:

Ընդհանուր պատմությունից միջին գնահատականը 12,57 է: Անբավարար է ստացել դիմորդների 10,53 տոկոսը, 20 է ստացել մեկ դիմորդ: Նախորդ տարի ընդհանուր պատմության միջին գնահատականը 11,5 էր` այս տարվա ցուցանիշից 1,07 միավորով բարձր: Նախորդ տարի ևս այս առարկայից միայն մեկ դիմորդ էր 20 միավոր ստացել, իսկ անբավարարների թիվն այս տարվա համեմատ մեծ էր` 20 տոկոս: Ընդհանուր պատմությունն առաջատարն է արձանագրված ամենացածր միջին գնահատականով:

Նշենք, որ ընդհանուր պատմությունն այն սակավաթիվ առարկաներից է, որ շտեմարան չունի: ԳԹԿ ներկայացուցչի խոսքով` ընդհանուր պատմությունից և մի քանի օտար լեզուներից դիմորդները քիչ են, հետևաբար, բիզնեսի տեսանկյունից շտեմարան հրատարակելը շահավետ չէ: Իսկ, ինչպես հայտնի է, շտեմարանները հրատարակում են առանձին հրատարակչություններ` ինքնածախսածածկման և նաև շահույթի ակնկալիքով:

Քիմիայի միջին գնահատականը 12,94 է: Անբավարար է ստացել դիմորդների 15,17 տոկոսը: Քիմիայից 20 միավոր է ստացել 40 դիմորդ: Նախորդ տարի քիմիայի միջին գնահատականը 12,56 էր, անբավարար էր ստացել դիմորդների 18 տոկոսը, իսկ 62 դիմորդ էլ վաստակել էր 20 միավոր:

Ֆիզիկայի միջին գնահատականը 11,78 է: Անբավարար է ստացել դիմորդների 21,77 տոկոսը: 20 միավոր է ստացել 49 դիմորդ: 2013-ին ֆիզիկայի միջին գնահատականը 11,64 էր, անբավարար էր ստացել դիմորդների 22 տոկոսը, իսկ 20 էր ստացել 35 դիմորդ:

Կենսաբանության միջին գնահատականն է 11,17: Կենսաբանությունից անբավարար է ստացել դիմորդների 25 տոկոսը, առավելագույն` 20 միավոր այս տարի վաստակել է 27 դիմորդ: Նախորդ տարի` 2013-ին, կենսաբանության միջին գնահատականը 14,5 էր` այս տարվանից 3,33 միավորով բարձր: Նախորդ տարի կտրվողների թիվը ևս քիչ էր` ընդամենը 12 տոկոս, իսկ առավելագույն 20 միավոր էր ստացել 182 դիմորդ:

Նշենք, որ նախորդ տարվա աննախադեպ բարձր գնահատականները կենսաբանությունից մրցութային անհավասար պայմաններ էին ստեղծել դիմորդների համար: Այս տարի կենսաբանության թեստերում ներառվել են կարճ պատասխաններ ենթադրող առաջադրանքներ, ինչպես նաև ավելացել է շտեմարանում առկա առաջադրանքների թիվը: Շատ մասնագետների ու դիմորդների կարծիքով` շտեմարանի նոր հրատարակված հատորում հարցերն արհեստականորեն բարդացված էին և խճճող: Փաստորեն, այս տարի կտրվողների թվով առաջատարը կենսաբանությունն է:

Աշխարհագրության միջին գնահատականը 13,34 է: Աշխարհագրությունից անբավարար է ստացել դիմորդների 9,74 տոկոսը, 20 միավոր է ստացել 5 դիմորդ: Անցած տարի աշխարհագրության միջին գնահատականը 14,5 էր` այս տարվանից 1,16 միավորով բարձր: Անբավարար էր ստացել դիմորդների 6 տոկոսը, իսկ 20 միավոր էր ստացել 12 դիմորդ:
Իսկ թե ինչպիսին կլինեն այս տարվա մրցույթը և անցողիկ շեմը, պարզ կդառնա հուլիսի 16-ին, երբ կհրապարակվեն բուհ ընդունվածների անունները:

Դիմորդները պահանջում են Կրթության և գիտության նախարարից ուսումնասիրել փաստերն ու կազմել նոր հանձնաժողով

քննությունԵրևանի Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ընդունելության քննությունն անցկացնելու կարգը խախտվել է, և ոտնահարվել են դիմորդների իրավունքները, որոնք սույն թվականի հունիսի 29-ին հանձնել են քննություն «Գծագրություն» առարկայից: Վերոնշյալ խախտումների վերաբերյալ փաստարկները հինգն են:
1. Քննասենյակներում պետք է տեղադրված լինեին տեսախցիկներ, որոնք բացակայում էին:
2. Ըստ կարգի՝ դիմորդը մոտենում և վերցնում է քննական տոմս, սակայն քննական տոմսերը բաժանվել են հանձնաժողովի անդամի կողմից առձեռն, ով կազմել էր տոմսերը: Վերջինս նաև դիմորդների հետ էր պարապել, և իրավունք չուներ լինելու հանձնժողովի անդամ:
3. Դիմորդին պետք է տրամադրվեր հանձնած գծագրի պատճեն, որը չի տրամադրվել, ինչն էլ վկայում է ստուգող հանձնաժողովի կողմից աշխատանքներում փոփոխություններ կատարելու հնարավորությունը:
4. Դիմորդի անունը և ազգանունը պետք է գրվեին գծագրի`այսինքն դիմորդի տվյալ աշխատանքի վրա,սակայն գրվել է հավելյալ թերթիկի վրա և ամրացվել գծագրին: Սա ևս հնարավորություն է տալիս փոփոխելու աշխատանքները:
5. 2014թ. հրատարակված գծագրության ուղեցույցը, որը հիմք էր հանդիսանում դիմորդներին՝ պատրաստվելու քննությանը, չի պարունակել նմանատիպ առաջադրանքի որևէ նմուշ դիզայն բաժնի համար նախատեսված խնդիրների ցանկում :
Ելնելով վերոնշյալից, մենք `դիմորդներս, պահանջում ենք Կրթության և գիտության նախարարից ուսումնասիրել այս փաստերն ու կազմել նոր հանձնաժողով՝ նոր քննության անցկացման համար:

Եղիազարյան Էլենա Կարենի

Հունանյան Լիանա Անդրանիկի

Միքաելյան Աննա Արմենակի

Սարգսյան  Անի Աշոտի

Առաքելյան Էդգար Ղազարոսի
Elena Yeghiazaryan

Դիմորդների 23 տոկոսը կտրվել է Ռուսերենից

քննությունՀրապարակվել են հունիսի 23-ին կայացած Ռուսերենի միասնական քննության արդյունքները:

Ինչպես ԳԹԿ-ից տեղեկացնում են Անկախին, Ռուսերենի քննությանը մասնակցել է 844 դիմորդ: Միջին գնահատականը 10,75 է:

Անբավարար է ստացել 194 դիմորդ (22,99 տոկոս): 7,5-13 միավոր է հավաքել 399 դիմորդ (47,27 տոկոս), 13-18 է ստացել 212 դիմորդ (25,12 տոկոս), 18-20 է ստացել 39 դիմորդ (4,62 տոկոս):  20 բալ է ստացել ընդամենը մեկ դիմորդ:

2013-ին Ռուսերենի միջին միավորը եղել է 11,08` այս տարվա ցուցանիշից 0,33 նիշով բարձր: Անբավարար էր ստացել դիմորդների 15 տոկոսը, իսկ 20 բալ ստացել էր 2 դիմորդ:

Հայոց պատմությունից 20 է ստացել 38, Քիմիայից` 40 դիմորդ

քննությունԳԹԿ-ն հրապարակել է հունիսի 20-ին կայացած Քիմիայի և Հայոց պատմության միասնական քննությունների  գնահատականները:

ԳԹԿ-ից Անկախին տեղեկացնում են, որ Հայոց պատմությունից քննությանը մասնակցել է 1636 դիմորդ: Միջին գնահատականը 13,43 է: Կտրվել է 192 դիմորդ (11,74 տոկոս): 7,5-13,25 է ստացել 593 դիմորդ (36,25 տոկոս), 13,5-17,75 է ստացել 472 դիմորդ (28,75 տոկոս), 18-20 է ստացել 379 դիմորդ (23,17 տոկոս):

20 բալ է ստացել 38 դիմորդ:

2013-ին Հայոց պատմության միջին գնահատականը 12,53 էր, անբավարար էր ստացել դիմորդների 10 տոկոսը, իսկ 49 դիմորդ էլ 20 բալ էր հավաքել:

Քիմիայից քննությանը մասնակցել է 969 դիմորդ: Միջին գնահատականը 12,94 է: Անբավարար է ստացել 147 դիմորդ (15,17 տոկոս): 7,5-13,25 է ստացել 360 դիմորդ (37,15 տոկոս), 13,5-17,75 է ստացել 243 դիմորդ (25,08 տոկոս), 18-20 է ստացել 219 դիմորդ (22,60 տոկոս):

Քիմիայից 20 բալ է ստացել 40 դիմորդ:

Նախորդ տարի Քիմիայի միջին գնահատականը 12,56 էր, անբավարար էր ստացել դիմորդների 18 տոկոսը, իսկ 62 դիմորդ էլ վաստակել էր 20 բալ:

 

Բողոքարկումների թիվը կրկնակի նվազել է, 10 դիմորդ հեռացվել է քննասենյակից հեռախոսից օգտվելու համար

Արա ԻսպիրյանԱյս տարվա միասնական քննությունների առաջին փուլն ավարտված է: Երկրորդ փուլի համար սովորաբար դիմորդները քիչ են լինում, և քննությունների հիմնական պատկերը կարելի է ստանալ առաջին փուլի արդյունքներով: Այս թեմայով «Անկախը» զրուցել է ԳԹԿ արտաքին համագործակցության բաժնի պետ Արա Իսպիրյանի հետ:

– Պարոն Իսպիրյան, եթե ամփոփենք միասնական քննությունների առաջին փուլը, ինչո՞վ առանձնացան այս տարվա քննությունները:

– Հունիսի 23-ին ավարտվեց միասնական քննությունների առաջին փուլը ռուսաց լեզու առարկայով: Ամփոփելով ասեմ, որ քննություններն այս տարի ընդհանուր առմամբ շատ խաղաղ ու հանգիստ անցան, բողոքարկումների թիվը նախորդ տարվա համեմատ գրեթե երկու անգամ նվազել է: Ըստ էության, ունեցանք բավական լավ քննություններ: Կարող ենք փաստել, որ նախորդ տարվա համեմատ` երկու առարկաներից ունեցանք արդյունքների նվազում, էականորեն նվազեցին կենսաբանություն և անգլերեն առարկաների թե՛ բարձր, թե՛ միջին միավորները, մնացած առարկաների դեպքում ունեցանք գրեթե նույն իրավիճակը, ինչ նախորդ տարիներին էր: Ամենաշատ անբավարար ստացել են կենսաբանությունից` մոտ 25-26 տոկոս: Մնացած բոլոր առումներով կարելի է համարել դրական լիցքերով անցած քննություն, որևէ միջադեպ չունեցանք: Նաև փաստենք, որ այս քննությունների ընթացքում թեստերում բովանդակային խնդիրներ չեղան:

– Անցած տարի քննություններից հետո պարզ դարձավ, որ որոշ շտեմարաններ լրացնելու կարիք կա: Այս տարի ինչ-որ խնդիր, բացթողում նկատվե՞լ է, որը հետագայում պետք է շտկվի:

– Առայժմ հաջորդ տարվա համար որևէ կառուցվածքային փոփոխություն ծրագրված չէ: Քննարկումները մասնագետների հետ կսկսվեն օգոստոսի վերջին, սեպտեմբերի սկզբին, երբ կունենանք այս տարվա քննությունների արդյունքների ամբողջական վերլուծությունը: Քննարկումների արդյունքում, եթե որևէ որոշում կայացվի, հանրությանը տեղյակ կպահենք, ուղեցույցները կսկսենք պատրաստել դրան համապատասխան:

– Իսկ այս տարվա գնահատականները նորմալ մրցույթ կազմակերպելու հնարավորություն ընձեռո՞ւմ են:

– Այս տարի գրեթե բոլոր առարկաներից բավական հաջող գնահատականներ են, այսինքն` բոլորն էլ մրցույթ ապահովող չափերի մեջ են: Եթե համեմատենք նախորդ տարվա հետ, մենք չունենք այնպիսի առարկա, որի արդյունքներն էականորեն աճած կամ նվազած լինեն, բացի քիչ առաջ նշված երկուսից: Անցած տարի դրանցից բավականին բարձր միավորներ էին: Խնդիրը ոչ թե թեստերի բարդությունն է, այլ պարզապես այս տարի առաջին անգամ այդ առարկաների համար անցել ենք կարճ պատասխաններով առաջադրանքների: Կարճ պատասխանների դեպքում դիմորդների կողմից պատահականորեն ճիշտ նշում անելու հավանականությունը քչանում է: Եթե մյուս դեպքերում կարող է կռահել, ապա այս դեպքում պատասխանը պետք է հստակ իմանա: Երբ ներառվեցին այդ առաջադրանքները, ենթադրվում էր, որ այդ երկու առարկաների գնահատականները կարող են նվազել: Իհարկե, ցավալի է, որ որոշ առարկաներից` կենսաբանությունից, ֆիզիկայից մենք 20 տոկոսից ավելի անբավարարներ ունենք, բայց բավարար գիտելիքներ ունենալը և գոնե 7,5 ստանալը պարտադիր է: Մեր դիմորդներն այդ երկու առարկաներից պարզապես լավ պատրաստ չեն եղել:

– Դիմորդները միաձայն նշում են, որ պնդումների փունջ առաջադրանքները խնդրահարույց են գնահատման առումով: Որքանո՞վ եք համամիտ ասվածին: Հնարավո՞ր է, որ այդ հարցերը վերանայվեն շտեմարաններում:

– Համամիտ չեմ: Ամեն թեստում երկու նման առաջադրանք կա: Դրա միջոցով նախ հստակ տարբերակում ենք լավ իմացողին մի փոքր տատանվող երեխայից: Այդ առաջադրանքի էությունն այն է, որ մեկ հարց է վեց ենթահարցով, եթե մեկին պատահական ճիշտ ես պատասխանում, իսկ մյուսը սխալ, ճիշտ պատասխանած հարցի միավորն էլ ես կորցնում: Քանի որ երկու առաջադրանք է, 20- միավորանոց համակարգում կարող է ընդամենը երեք միավորի դեր խաղալ:
Այդ առաջադրանքը պահանջում է, որ ենթադրելով չնշես, եթե չգիտես, պետք է պարզապես նշել` չգիտեմ: Բայց երեխաների մեջ չի ձևավորվել այդ մոտեցումը, որ եթե չգիտես, ուրեմն կասկածելով մի գրիր, պարզապես նշիր` չգիտեմ:
Արդեն 4-5 տարի այս առաջադրանքը կիրառվում է: Բոլոր վերլուծությունները ցույց են տալիս, որ այն ծառայում է իր նպատակին: Ասեմ նույնիսկ, որ Ռուսաստանի և ԱՊՀ տարբեր երկրների ԳԹԿ համակարգի մասնագետները բավականին բարձր են գնահատել այդ առաջադրանքը և քննարկում են իրենց մոտ էլ նմանատիպ առաջադրանքներ ներառելու հարցը:

– Պարոն Իսպիրյան, իսկ ԳԹԿ-ն ինչպե՞ս է պայքարում օրեցօր զարգացող տեխնոլոգիաները քննության ժամանակ կիրառելու դեմ: Այս տարի արտագրելու, հեռախոսով թելադրելու դեպքեր արձանագրվե՞լ են:

– Փորձում ենք ամեն ինչ անել նոր տեխնոլոգիաները քննասենյակում կիրառելու դեմ: Իհարկե, խլացուցիչները գործում են, իսկ առանց հեռախոսի ականջակալները պիտանի չեն: Չնայած փորձողներ եղել են: Հեռախոսների և այլ կապի միջոցներից օգտվելու համար մոտ 10 դիմորդ է հեռացվել քննասենյակից: Բայց, ըստ էության, այս տարի այդքան շատ չէր, մենք կարողացանք վերահսկել, ներկայացուցիչներն ավելի զգոն էին, սանհանգույց կամ բժշկի մոտ անձամբ էին ուղեկցում, որպեսզի այնտեղ սարքերից օգտվելու հնարավորություն չունենան: Աշխատել ենք հնարավորինս վերահսկել և կարծում եմ` ստացվել է, քանի որ արդյունքներում թռիչքներ չունենք:

– Նշեցիք, որ բողոքարկումների թիվը կրկնակի նվազել է: Իսկ բովանդակային առումով ինչպիսի՞ն են եղել բողոքարկումները:

– Թեստի բովանդակությանը վերաբերող բողոք առայժմ չենք ունեցել: Թեստերի շուրջ երկու բողոք է եղել. համաշխարհային պատմության և ռուսերենի մեկական տարբերակների մի առաջադրանքում տեխնիկական սխալ է տեղ գտել: Թեստերի հետ կապված խնդիր չենք ունեցել, և թեստերը գնահատվել են հաջողված: Բողոքարկումների մոտ 70 տոկոսը վերահաշվարկի պահանջ է եղել: Վաղվանից հանձնաժողովն անհատապես կքննարկի բողոքարկումները, և դիմորդներին հեռախոսով կամ նամակով կտեղեկացնեն արդյունքների մասին: Հունիսի 28-29-ը արդեն կկախենք բողոքարկումների արդյունքները: Իսկ մոտ 30 տոկոսը երեխային երկրորդ փուլին մասնակցելու հնարավորություն տալու խնդրանքներ են:

– Այս տարի ագրարային համալսարանում որոշ մասնագիտությունների գծով առանց քննությունների կարող են ընդունվել: Հնարավո՞ր է, որ հաջորդ տարի այդ փորձն ավելի ընդլայնվի:

– Ոչ թե առանց քննությունների, այլ` նաև առանց քննությունների: Նախ ընդունվում են միասնական քննություն հանձնած դիմորդները, թափուր տեղերի առկայության դեպքում` նոր միայն դպրոցական գնահատականներով դիմածները:
Ինչ վերաբերում է այն հարցին` հաջորդ տարի այդպես կլինի, թե ոչ, այսօր չենք կարող ասել, որովհետև տեղերը և տեղերի համար առաջարկվող փոփոխությունները նախատեսում է նախարարությունը: Այդ մասին կլինի կառավարության համապատասխան որոշում: Եթե հետագայում պարզվի, որ էլի մասնագիտություններ կան, որոնք պետական նշանակություն ունեն, բայց դիմորդներ չունեն, իհարկե հնարավոր է, որ դրանց համար հեշտացումներ լինեն:

– Հուլիսի 2-ից քննությունների երկրորդ փուլն է մեկնարկում: Կարծիք կա, որ երկրորդ փուլի թեստերն ավելի հեշտ են, հսկողությունն ավելի մեղմ է, և ավելի ձեռնտու է երկրորդ փուլով քննություն հանձնել: Այս մասին ի՞նչ կասեք:

– Երկրորդ փուլի արդյունքները միշտ ավելի ցածր են լինում, քան առաջին փուլում: Այն, որ երկրորդ փուլի թեստերն ավելի հեշտ կլինեն, ճիշտ չէ: Թեստեր գրողները տարբեր մարդիկ են և գրելիս չգիտեն` առաջի՞ն փուլի համար են գրում, թե՞ երկրորդ: Հսկողությունն էլ խիստ է, քանի որ երկրորդ փուլում մեկ քննակենտրոն է, որտեղ կաշխատեն հենց մեր աշխատակիցները, որոնք ավելի փորձառու են, խլացուցիչներն էլ շատ կլինեն: Մեզ համար նրանք բոլորը դիմորդներ են, և տարբերություն չկա նրանց մեջ:

– Ե՞րբ կամփոփվեն ընդունելության արդյունքները: Եվ այս տարի ընդունելության երկրորդ փուլ կլինի՞, թե՞ ոչ:

– Մենք ամփոփումն անելու ենք հուլիսի 15-ին, ընդունվածների ցուցակները կփակցվեն հուլիսի 16-ին, և հուլիսի 16-22-ը կհրապարակենք նաև թափուր տեղերի ցուցակը: Այդ ժամանակահատվածում այն դիմորդները, որոնք ունեն դրական գնահատական, բայց որևէ տեղ չեն ընդունվել, համապատասխան թափուր տեղի առկայության դեպքում կկարողանան դիմել այդ տեղերի համար:

Մաթեմատիկայից 20 բալ ստացողների թիվը և միջին գնահատականը նվազել է նախորդ տարվա համեմատ

մաթեմատիկա-թեստՀրապարակվել են Մաթեմատիկայի միասնական քննության գնահատականները: ԳԹԿ-ից «Անկախ»-ին տեղեկացնում են, որ քննությանը մասնակցել է  5222 դիմորդ: Միջին գնահատականը 11,95  է:  Մաթեմատիկայից անբավարար է ստացել 603 դիմորդ (11,55 տոկոս), 7,5-13 է ստացել 2756 դիմորդ (52,78 տոկոս), 13-18  է ստացել 1354 դիմորդ (25,93 տոկոս), 18-20 է ստացել 509  դիմորդ (9,75 տոկոս): Մաթեմատիկայից  20 բալ է ստացել 69 դիմորդ:

Նախորդ տարի Մաթեմատիկայի միջինը եղել է 11,97 , այս տարվանից 0,02 նիշով բարձր: Նախորդ տարի 32-ով ավել է եղել նաև 20 բալ ստացողների թիվը` 101  դիմորդ, : Փոխարենը, նախորդ տարի ավելի մեծ է եղել կտրվողների թիվը` 17 տոկոս (այս տարվանից 5,45 տոկոսով բարձր):

Ֆիզիկայից 20 է ստացել 49 դիմորդ, իսկ արդյունքները բողոքարկել են 28-ը

ֆիզիկա Ֆիզիկայի միասնական քննության արդյունքները բողոքարկել են 28 դիմորդներ:ԳԹԿ-ից Անկախին տեղեկացնում են, որ բոլոր առարկաների բողոքարկումների արդյունքները կհրապարակվեն միասնական քննությունների ավարտից հետո:

Ֆիզիկայի քննությանը մասնակցել է 2058 դիմորդ: Միջին գնահատականը 11,78 է:  Անբավարար է ստացել 448 դիմորդ (21,77 տոկոս): 7,5-13,25 է ստացել 804 դիմորդ (39,07 տոկոս), 73,5-17,25 է ստացել 457 դիմորդ (22,21 տոկոս), 17,5-20 է ստացել 349 դիմորդ (16,96 դիմորդ): 20 բալ է ստացել 49 դիմորդ:

2013-ին ֆիզիկայի միջին գնահատականը 11,64 էր, անբավարար էր ստացել դիմորդների 22 տոկոսը, իսկ 20 էր ստացել 35 դիմորդ: Նախորդ տարի Ֆիզիկաի միասնական քննության արդյունքները բողոքարկել էր 41 դիմորդ:

Օտար լեզուներից 231 դիմորդ 20 է ստացել

անգլերենի քննությունՀրապարակվել են  հունիսի 13-ին կայացած Օտար լեզվի միասնական քննության գնահատականները:

ԳԹԿ-ից «Անկախ»-ին տեղեկացնում են, որ Անգլերենից հայտագրվել էր 5494 դիմորդ, քննությանը մասնակցել են 5242-ը: Միջին գնահատականը 14,01 է: Անբավարար է ստացել 451 դիմորդ (8,6 տոկոսը): Նվազագույն դրական միավորներ` 7,5-13,25 է ստացել 1771 դիմորդ (33,78 տոկոսը), 13,5-17,25 է ստացել 1463 դիմորդ (27,91 տոկոս), իսկ 17,5-20 է հավաքել 1557 դիմորդ (29,70 տոկոս):  Անգլերենից 20 բալ է ստացել 201 դիմորդ:

Ֆրանսերենից հայտագրվել էր  229 դիմորդ, քննությանը ներկայացել են 224-ը: Միջին գնահատականը 15,84 է: Կտրվել է 10 դիմորդ (4,46 տոկոս): 7,5-13,25 է հավաքել 46 դիմորդ (20,54 տոկոս), 13,5-17,25 է ստացել 59 դիմորդ (26,34 տոկոս), 17,5-20 է ստացել 109 դիմորդ (48,66 տոկոս): Ֆրանսերենից 20 է ստացել 17 դիմորդ:

Գերմաներենից հայտագրվել էր 277 դիմորդ, քննությանը ներկայացել են 270-ը: Միջին գնահատականը 14,15 է: Անբավարար է ստացել 21 դիմորդ (7,78 տոկոս): 7,5-13,25 է ստացել 89 դիմորդ (32,96 տոկոս), 13,5-17,25 է ստացել 81 դիմորդ (30 տոկոս), 17,5-20 է ստացել 79 դիմորդ (29,26 տոկոս): Գերմաներենից 20 բալ է ստացել 13 դիմորդ:

Իսպաներենից  հայտագրվել է 15 դիմորդ, մասնակցել է 14-ը: Միջին գնահատականը 16,21 է: Անբավարար ստացողներ չկան: 7,5-13,25 է ստացել 1 դիմորդ (7,14 տոկոսը), 13,5-17,25 է ստացել 8 դիմորդ (57,14 տոկոս), 17,5-20 է ստացել 5 դիմորդ (35,71 տոկոս): 20 ստացող ևս չի եղել:

Նշենք, որ նախորդ տարի 6 օտար լեզուներից արձանագրվել էր 372 20 միավոր:

Դիմորդներն այսօր միասնական քննություն են հանձնում Ֆիզիկայից (լուսանկարներ)

fizikaԱյսօր ՀՀ տարածքում ձևավորված 14 քննակենտրոններում 2150 դիմորդներ միասնական քննություն են հանձնում Ֆիզիկա առարկայից: Սա միասնական քննությունների երրորդ օրն է: Մինչ այս դիմորդներն արդեն քննություն են հանձնել Կենսաբանություն, Աշխարհագրություն, Ընդհանուր պատմություն, Հայոց լեզու և գրականություն առարկաներից:

ԵՊՀ-ում տեղակայված քննակենտրոնում այսօր քննություն է հանձնում մոտ 240 դիմորդ: Այստեղ կազմակերպիչները քննության կարգն ու քննաթերթիկը լրացնելու ձևն են բացատրում դիմորդներին, ապա կոչ անում բջջայինները հանձնել, եթե հանկարծ դեռ չեն հանձնել, այլապես քննասենյակից կհեռացվեն այն դիմորդները, որոնց մոտ բջջային կգտնվի: Կոչին արձագանքում են մի քանի դիմորդներ ու հանձնում բջջայինները, որոնք իրենց իսկ խոսքով, պարզապես մոռացել էին ու չէին հանձնել քննասենյակ մտնելիս:

Ապա բացվում են թեստերի ծրարները և 9:30 մեկնարկում է քննությունը: Այն կավարտվի երեք ժամից: Իսկ գնահատականները կհրապարակվեն հինգ օր անց:

Գեղամ Մարգարյանը ԵՊԲՀ դիմորդ է, սա բուհ ընդունվելու երկրորդ փորձն է: Ասում է, որ երկու տարի պարապել է կրկնուսույցի մոտ և ակնկալում է հնարավորինս բարձր գնահատական ստանալ: Ասում է, որ առանց պարապելու, դպրոցի գիտելիքներով կկարողանար ընդամենը նվազագույն դրական միավորի ակնկալիք ունենալ:

Գեղամը նաև նշում է, որ նախորդ տարվա համեմատ շտեմարանում առաջադրանքների ծավալն է ավելացել, իսկ առաջադրանքների թվում` պնդումների շարքը: Սակայն, նրա խոսքով, բարդության առումով այս տարվա շտեմարանները նախորդին նման են եղել, միայն թե սխալներն են համեմատաբար շատ եղել:

Քրիստինա Ղարիբյանն էլ Ավիացիոն ինստիտուտի դիմորդ է, այսօր իր միասնական առաջին քննությունն է հանձնում, ասում է, որ մոտ կես տարի է պարապել կրկնուսույցի մոտ: Խոսելով շտեմարանների որակից ասում է. «Միջին մակարդակի են, ձևակերպումների մեջ շատ սխալներ կան, չնայած խնդիրները շատ լավն են»:

ԳԹԿ տնօրեն Գագիկ Մելիքյանն ասում է, որ մինչ այս անցկացված քննությունները հարթ են անցել, թեստերում սխալներ չեն հայտնաբերվել: Հունիսի երեքի  քննությունների բողոքարկումը կայացել է, սակայն բողոքարկել են հիմնականում կտրված դիմորդների ծնողները`պնդելով, որ քննության ժամանակ իրենց երեխան վատ է զգացել, պարզապես չի բարձրաձայնել այդ մասին: «Այն երեխաները որոնք դահլիճից դուրս չեն եկել,  և բժիշկը չի արձանագրել  վատ զգալը,  նրանց  չի թույլատրվի քննություն հանձնել երկրորդ անգամ»,- ասում է Մելիքյանը:

Բողոքարկման դիմումները կուսումնասիրի կառավարության կողմից ձևավորված բողոքարկման հանձնաժողովը: Բողոքարկումների վերաբերյալ որոշումները կհրապարակվեն միասնական քննությունների ավարտից հետո:

Խոսելով Կենսաբանության գնահատականների նվազման փաստից, Մելիքյանն ասում է, որ գնահատականները նույնն են, ինչ նախորդ տարի եղել է մյուս բնագիտական առարկաներից.  «Ցանկալի կլիներ, որ Կենսաբանությունից կտրվողների թիվը փոքր լիներ, բայց դա որևէ ազդեցություն չի ունենա մրցույթի վրա»: Նրա խոսքով`նախորդ տարի կենսաբանության թեստերի հեշտ լինելն անհավասար պայմաններ էր ստեղծել բնագիտական առարկաներով բուհ ընդունվեղների համար, ինչն այս տարի չի լինի:

Կենսաբանությունից արձանագրվել է 27, Աշխարհագրությունից 5, Ընդհանուր պատմությունից` 1 «20» միավոր

քննությունՀրապարակվել են հունիսի երեքին տեղի ունեցած երեք առարկաների` Կենսաբանության, Աշխարհագրության և Ընդհանուր պատմության  միասնական քննությունների գնահատականները: Այսօր մինչև ժամը 18:00-ը դիմորդները կարող են քննակենտրոններում բողոքարկել իրենց գնահատականները:

Կենսաբանությունից այս տարի հայտագրվել էր  1350 դիմորդ, քննությանը մասնակցել են 1305-ը: Միջին գնահատականն է 11,17: Կենսաբանությունից անբավարար է ստացել դիմորդների 25 տոկոսը (388 դիմորդ), նվազագույն 7,5-13 միավոր է հավաքել 32,18 տոկոսը (420 դիմորդ), 13-18 միավոր է հավաքել 22,99 տոկոսը (300 դիմորդ), 18-20` 15,10 տոկոսը (197 դիմորդ): Կենսաբանությունից առավելագույն միավոր` 20 բալ, այս տարի վաստակել է 27 դիմորդ:

Նախորդ տարի` 2013-ին, Կենսաբանության միջին գնահատականը 14,5 էր` այս տարվանից 3,33 միավորով բարձր:  Նախորդ տարի կտրվողների թիվը ևս քիչ էր` ընդամենը 12 տոկոսը, իսկ առավելագույն 20 միավոր էր ստացել 182 դիմորդ:

Աշխարհագրությունից հայտագրվել էր 314 դիմորդ, քննությանը մասնակցել է 308-ը: Միջին գնահատականը 13,34 է: Աշխարհագրությունից անբավարար է ստացել դիմորդների 9,74 տոկոսը (30 դիմորդ), 7,5-13 միավոր է հավաքել դիմորդների 36,04 տոկոսը (111 դիմորդ), 13-18 միավոր է ստացել 36,36 տոկոսը (112 դիմորդ), իսկ 18-20 միավոր ստացել է 17,8 տոկոսը (55 դիմորդ): Աշխարհագրությունից 20 միավոր է ստացել 5 դիմորդ:

Նախորդ տարի Աշխարհագրության միջին գնահատականը 14,5 էր` այս տարվանից 1,16 միավորով բարձր: Անբավարար էր ստացել դիմորդների 6 տոկոսը, իսկ 20 միավոր էր ստացել 12 դիմորդ:

Ընդհանուր պատմությունից քննությանը հայտագրվել է 141 դիմորդ, մասնակցել է 133-ը:  Միջին գնահատականը 12,57 է: Ընդհանուր պատմությունից անբավարար է ստացել դիմորդների 10,53 տոկոսը (14 դիմորդ), 7,5-13 միավոր է ստացել 44,36 տոկոսը (59 դիմորդ), 13-18 է հավաքել 31,58 տոկոսը (42 դիմորդ), 18-20 է ստացել 13,53 տոկոսը (18 դիմորդ): Այս տարի Ընդհանուր պատմությունից  20 է ստացել մեկ դիմորդ:

Նախորդ տարի Ընդհանուր պատմության միջին գնահատականը 11,5 էր` այս տարվա ցուցանիշից 1,07 միավորով բարձր:  Նախորդ տարի ևս այս առարկայից միայն մեկ դիմորդ էր 20 միավոր ստացել, իսկ անբավարարների թիվն այս տարվա համեմատ մեծ էր`  20 տոկոսը:

 

Արմեն Աշոտյանի հայտարարությունը բուհերի ընդունելության քննությունների մասին

աշոտյան

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

“Հարգելի դիմորդներ, աշակերտներ և ծնողներ:

Երեկ որոշ լրագրողների թեթև ձեռքով հայտնվել է իրականությանը չհամապատասխանող տեղեկություն այն մասին, թե իբր նախարարությունը մտադրված է վերացնել բուհերի ընդունելության քննությունները:

Թեպետ ես ԱԺ-ում հերքել եմ այդ ապատեղեկատվությունը, թեմային վերաբերող քննարկումները շարունակվում են:

Ընդգծում եմ, որ խոսք չի գնում ընդունելության քննությունների վերացման մասին, այլ մենք ընդամենը քննարկում ենք դպրոցական ատեստատի գնահատականները որոշակի բանաձևով մրցութային դիտարկելու առաջարկությունը, որպեսզի լրացուցիչ շահագրգռվածություն առաջանա ավարտական դասարաններում յուրացնել հանրակրթական ծրագիրը ամբողջությամբ, և չսևեռվել բացառապես ընդունելության առարկաների վրա:

Այս հարցին վերաբերող հանրային քննարկումները դեռ առջևում են”: