Գյումրու ծայրամասային փողոցներն անմխիթար վիճակում են

Գյումրիում վաղուց ծայրամասային ու երրորդական համարվող փողոցներում նորոգման աշխատանքներ չեն կատարվել:
Գյումրու փողոցներ

Կնյազ Մանասյան
Ավելին, այստեղ դեռ խորհրդային միության ժամանակներից սկսած ասֆալտ հասկացողությունն իսպառ բացակայել է: Փողոց անունը կրող այս ճանապարհները միշտ են անտեսված եղել, որտեղով անգամ նախընտրական շրջաններում որևէ թեկնածու չի անցել: Ծայրամասերի բնակիչներն ասում են՝ իրենց հազարից մեկ են այլ թաղմասերից այցելում, այն էլ՝ հսկա շները: Որևէ պաշտոնյա իր օրում քաղաքի ավերակ փողոցներում չի եղել, որևէ կերպ այս խնդրին չեն արձագանքել, չնայած, բնակիչների մշտական բողոքներին: Ավերակ փողոցներից մի քանիսով երթուայիններ են անցնում, ու վարորդներն էլ չեն հիշում, թե երբևէ այս տարածքներում հարթ մակերեսի հանդիպած լինեն:

ՙՈր շտապ օգնություն կամ տաքսի ենք կանչում, չեն գալիս, ասում են եկեք Վազգեն Սարգսյան փողոց, կմոտենանք՚, – ասում է Պավլով փողոցի բնակիչներից մեկը: Այստեղով քաղաքային տրանսպորտ չի անցնում, փոսերն առատ են ու խորը, անձրևների ժամանակ բացարձակ անանցանելի: Բայց ի տարբերություն մյուս ծայրամասային փողոցների, կա լուսավորություն:
Գյումրու քաղաքապետարանում փողոցների վիճակին քաջածանոթ են, եղած միջոցներով փորձում են հարթեցումներ կատարել, նորմալ աղբահանություն կազմակերպել, պարբերաբար էլ թափառող շների որս են կազմակերպում, բայց հավելում՝ քաղաքապետարանն այդքան միջոցներ չունի նման բոլոր փողոցները նորոգելու ու լուսավորելու համար:
ՙԱյս պահին հիմնական բարեկարգման աշխատանքներ ընթանում են Սպանդարյան փողոցում, մնացածներում խճաքարերով փորձում ենք հարթեցնել, անցանելի դարձնել, ցեխը վերացնել, մինչև գան լավ ժամանակներ, որ կարողանանք դրանք էլ ասֆալտապատել՚, – մեզ փոխանցեց Գյումրու քաղաքապետարանի շրջակա միջավայրի և բնակկոմունալ բաժնի պետ Կնյազ Մանասյանը:
Պաշտոնյան ասում է, այս տարի կարողացել են բավական աշխատանքներ կատարել երկրորդական փողոցներում, բարեկարգվել են Բաղրամյան, Մսի կոմբինատ տանող փողոցները: Կատարվել են նաև փոսային նորոգման աշխատանքներ:
Կամաց-կամաց լուծվում է նաև քաղաքի լուսավորության հարցը, բնակկոմունալ բաժնի պետի խոսքերով նորացվում են կենտրոնական փողոցների լամպերը, հները տեղափոխվում են երկրորդական փողոցներ:
ՙՄենք ձգտում ենք, որպեսզի ծայրամասերը կապենք քաղաքին: Ծայրամասերը, կարծես, ամեն ինչից զրկված են՝ ճանապարհների վիճակը վատ է, աղբահանության վիճակը վատ է, լուսավորության վիճակը վատ է…՚, – համաձայնում է Կնյազ Մանասյանը: Նա բնական է համարում, որ բնակիչները պետք է դժգոհեն, փողոցներ կան որ 26 տարի լուսավորություն ու ասֆալտ չեն ունեցել:

Մոռացված տնակային ավանների բնակիչները,տեսանյութ

ժամանակավոր կացարանԵրկրաշարժից անմիջապես հետո ինչպես Գյումրու, այնպես էլ քաղաքի հարակից տարածքներում ձևավորվեցին հարյուրավոր ժամանակավոր կացարաններից՝ հիմնականում վագոն-տնակներից բաղկացած ավաններ:
Քաղաքի ամենահեռավոր մասում գտնվող տնակային ավանը ձևավորվեց մոտ 10 կմ հեռավորության վրա գտնվող Վահրամաբերդ գյուղի վարչական տարածքում, նախկին Լենգես ՀէԿ-ի աշխատակիցների ընտանիքների համար: Մոտ վեց տարի առաջ այն Գյումրիից անցավ Վահրամաբերդ գյուղի ենթակայությանը: Ներկայումս, այդ ավանում տասնյակ անօթևան ընտանիքներ են բնակվում, որոնց մեծ մասը չեն համարվում անմիջապես երկրաշարժի հետևանքով անօթևան դարձած, այդ իսկ նպատակով պետության կողմից բնակարանային փոխհատուցման ենթակա չեն:

«Շիրակ կենտրոնի» աշխատակիցներն օրերս տեսանյութ պատրաստելու և աջակցություն ցուցաբերելու նպատակով այցելեցին այդ տնակային ավան: Ներկայացվող տեսանյութը Լենգես տնակային ավանում բնակվող, հինգ միակողմանի ծնողազուրկ երեխաներ խնամող կնոջ ընտանիքի մասին է:

Գյումրիում ջրի կռիվ է

Գյումրի

Գյումրում արդեն  երրորդ շաբաթն է մի քանի թաղամասեր զրկված են ջրամատակարարումից: Մասնավորապես Սավոյան փողոցի բնակիչները 3-4 թաղամաս հեռվից են ջուր բերում՝ դույլերով ու շշե տարաներով, մեծ ու փոքրով:

DSC00533DSC00530

Բնակիչներն ասում են՝ ամեն օր դիմում են ՙՇիրակ-ջրմուղկոյուղի՚, խնդրում, աղերսում, պահանջում ու վիճում, գոնե օրական 3 ժամ թաղմասին ջուր տան: Սակայն ոչ մի դրական պատասխան: Անգամ շատ դեպքերում բնակիչներին վիրավորում են՝ զզվեցինք ձեզանից էլ, ձեր ջրից էլ, տներդ ծախեք գնացեք ուրիշ տեղ ապրեք և այլն: Տեսնելով, որ ժողովուրդն իրենցից համառ է, մեկ անգամ այստեղ ջրմուղից բրիգադ է գալիս, խողովակները փչում, բայց դե դրանցում ջուր չկա՝ ի՞նչ գա: Երբ բնակիչները ջրմուղագործներից հետաքրքրվել են, թե ինչու՞ ամեն տարի ամառվա այս սեզոնին իրենց թաղամասում նման խնդիրներ են առաջանում, վերջիններս նշել են՝ գլխավոր ՙմագիստրալի՚ վրա վթարներ են եղել, պիտի կարողանան դրանք վերացնել, որ ջուր լինի:

Սավոյանցիները նաև խնդրել էին, որպեսզի ՙՇիրակ-ջրմուղը՚  իրենց մեքենայով ջուր բերի, բոլորի ընտանիքներում մանկահասակ երեխաներ կան, շոգ ամառ, հազար ու մի հոգս կա հոգալու: ՙՄի անգամ  ՙցիստեռնով՚ ջուր բերեցին, լցրեցինք խմելու վեդրոները ու փոշմանեցինք, գույնը լրիվ դեղին էր, գնացինք էլի ուրիշ տեղից կրեցինք՚, – նեղսրտեց բնակիչներից մեկը:

Ի դեպ, այստեղի ապրողներն ասում են՝ իրենց ջրի խնդիրը նոր չի ծագել. ՙԱմեն տարի էլ էս է, մեր վերևի մասում դաշտեր են, ըստեղ էկող խողովակները էդ մասով կանցին, վինտիլն էլ դրա վրա է: Բացող-փակողին փող կուտան՝ վինտիլը կփակե, դաշտերը կջրեն: Էս 20 տարի է մեր կռիվն էս է՚, – բացատրում է Լևոն պապը:

Այստեղ մեծամասամբ տնակային տնտեսություններ են ու գերակշիռ մեծամասնությունը տանը ջրի ծորակ չունի, ջուր եղած ջամանակ էլ բերում են թաղամասում գտնվող աղբյուրից, բայց գոնե երկու-երեք փողոց չեն հատում: Վերջերս էլ փոստատարն այս տարածքի ՙդոմիկաբնակներին՚  ծրարներ էր բերել՝ ուղարկված ՙՇիրակ-ջրմուղկոյուղի՚ ՓԲԸ-ի կողմից: Դրանցում նշված էր յոթ ամսվա պարտք, որը ելնելով ընտանիքների անդամների թվից տատանվում էր մոտ 200-300 հազար դրամի սահմաններում: Այդ տեղեկաթերթիկից բացի ծրարում կար նաև գրություն.  ՙԱռաջարկում ենք տեղեկանալ Ձեր հաշվեկշռին և վճարել պարտքը, անհրաժեշտության դեպքում նաև կազմել պարտքի մարման ժամանակացույց, հակառակ դեպքում այն կգանձվի դատական կարգով, իսկ ջրամատակարարումը կդադարեցվի…՚:

Վերջինս բնակիչների մոտ զայրույթ է առաջացրել՝ ի՞նչ ջրամակատարարման համար են վճարելու. ՙՄեզի ձեռ կառնի՞ն, ու՞մ վճարենք կամ ինչի՞ համար. Ջրմուղը մեզ կյանքում է ջուր տվել, որ հիմա էլ փող կուզե: Ես ում տնից, որ ջուր կկրեմ, իրան էլ կվճարեմ գումարը: Որ գուզեք ճիշտն իմանաք՝ մի բան էլ էս պետությունն ու ջրմուղը պիտի մեզ վճարեն, որ էս վիճակում ապրելով հանդերձ չենք էրթա իրանց գլուխները ջարդե: Մեզ լրիվ նեգրի տեղ ե՞ն դրել՚:

Մեկուրիշ բնակիչ էլ նշեց, թե եթե իրենք ժամանակին ջրմուղին դատի տային իրենց պարտականությունները չկատարելու համար՝ հիմա հակառակը չէր լինի:

Ավելի ուշ ՙԱնկախ՚-ը կանդրադառնա նաև ՙՇիրակ-ջրմուղկոյուղի՚  ՓԲԸ-ի մեկնաբանություններին:

Գյումրեցիները վարկ են վերցնում երեխաներին դպրոց ճանապարհելու համար

DSC00541Գյումրու 24 նախակրթարանների  ավարտական խմբերի 771 սաներ և սոցիալապես անապահով ընտանիքների 250 դպրոցահասակ երեխաներ այսօր ստացան դպրոցական պայուսակներ և գրենական պիտույքներ: Այս նպատակով Գյումրու ավագանին հուլիսի 30-ի նիստում քաղաքային բյուջեից հատկացրեց 5 մլն դրամ:

Երեխաների մի մասին պայուսակաները հանձնվեցին հենց քաղաքապետարանում, մյուսներինը՝ մանկապարտեզներում: Քաղաքապետարանը հազար առաջին դասարանցու համար գնել էր պայուսակ, ալբոմ, տետր, մատիտներ և այլ պիտույքներ:

ՙԱյնպես ենք արել, որ շատ էժանի հետևից չվազենք և նախապատվությունը տվել ենք 4000-4500 դրամանոց պայուսակներին, որպեսզի երեխաները դրանք օգտագործեն, ոչ թե դեն շպրտեն: Գոնե էդ մի բանով թեթևացնենք ծնողների հոգսը՚, – նշեց քաղաքապետարանի ֆինանսատնտեսագիտական բաժնի պետ Լենա Ջիլավյանը:

Պայուսակներն ընտրվել էին՝ աղջիկների համար վառ գույներով, տղաների համար՝ ավելի մուգ երանգներով:

Արդյո՞ք դպրոցական այս պարագաները կհասնեն բոլոր երեխաներին, թե այնուամենայնիվ մանկապարտեզներում խտրականություն կդրվի հարցին նախակրթարանների տնօրենները միահամուռ պատասխանեցին՝ անգամ եթե մեկի երեխան մեկ օր ուշ ստանա իր նվերը, ծնողներն աղմուկ կբարձրացնեն, էլ ուր մնա՝ ընդհանրապես չստանան:

Գյումրու քաղաքապետարանի կրթության բաժնի պետ Հայկ Սուլթանյանն էլ նշեց, թե պայուսակներն ու գրենական պիտույքները մանկապարտեզներին բաժանվելու են ցուցակներով, որտեղ նշված են ծնողի անուն-ազգանունը, հասցեն, հեռախոսահամարը: Իսկ յուրաքանչյուր ծնող նվերները ստանալիս պետք է ստորագրի իր անվան դիմաց, այնուհետ այդ ցուցակները ներկայացվում են քաղաքապետարանի ֆինանսական բաժնի: Հետևաբար, ճշգրտումներ կատարելը շատ հեշտ է:

Իսկ մեր հարցին, թե կա՞ն ծնողներ, ովքեր հրաժարվում են իրենց հասանելիք նվերներից, և՛ մանկապարտեզների տնօրենները, և՛ քաղաքապետարանի կրթության բաժնի պետը հայտնեցին, որ մինչ այս պահը դեռևս նման դեպք չի եղել:

Խոսելով ծնողների հետ, ովքեր առաջին դասարան են ճանապարհում իրենց զավակներին, փորձեցինք պարզել՝ որքան գումար է անհրաժեշտ 6 տարեկան երեխային դպրոցական պարագաներով ապահովելու համար: Պարզվեց՝ 100,000 դրամն այս դեպքում այնքան էլ բավական չէ. հագուստ, կոշիկ, գրենական պարագաներ, դրան գումարած՝ սեպտեմբերմեկյան ծաղկեփունջ, ապա առաջին տետրերը, որ վաճառվում են երեխաներին դպրոցներում:

Նարինե Հարությունյանը առաջին դասարան է ճանապարհում արդեն երրորդ բալիկին, ասում է արդեն 200,000 դրամ ծախսել է երեխաների համար, ճիշտ է, պարտք է արել: Ամուսինն արտագնա աշխատանքի է մեկնել, մի քանի ամսում պարտքը կփակի: Ընտանիքն ընդգրկված է ընտանեկան նպաստ համակարգում, դիմում է գրել՝ առաջին դասարանցիներին տրամադրվելիք 25,000-ական միանվագ գումարը ստանալու համար, բայց դա էլ սեպտեմբերի վերջ են տալու. ՙՈր ես պարտք անելու տեղ չունենայի ու մնայի էդ գումարի հույսին, պիտի իմ էրեխեն դպրոց չգնա՞ր: Պայուսակներն էլ շատ թանկ առա, որ իմանայի քաղաքապետարանն այսքան որակովները պիտի բաժաներ, մի հատ պակաս կառնեի՚ ,-ասում է Նարինեն:

Գյումրիում Նարիների նման շատ ծնողներ սեպտեմբերի մեկին պատրաստվում են կամ բանկերից վարկ վերցնելով, կամ պարտքեր կուտակելով, բայց երեխաներին տեղը-տեղին դպրոց են ճանապարհում:

 

Անկախ

Գյումրու թանգարանները կփրկվեն խոնավությունից

թանգարան

Գյումրու քաղաքապետարանի ենթակայության տակ գործող չորս թանգարաններում բազում չլուծված խնդիրներ կան՝ տանիքների ու շենքերի վերանորոգման անհրաժեշտություն, ջեռուցման ապահովում, կայքերի ստեղծում և այլն: Քաղաքային ենթակայության տակ Գյումրիում գործում են Ավետիք Իսահակյանի, Հովհաննես Շիրազի, Մհեր Մկրտչյանի, Ասլամազյան քույրերի թանգարանները և ՙԿումայրի՚  արգելոց թանգարանը: Իսկ հուլիսի 30-ի ավագանու նիստում էլ որոշում ընդունվեց քաղաքապետարանի ենթակայության տակ ստեղծել ՙԿումայրի՚ պատմամշակութային արգելոց-թանգարան՚ ՀՈԱԿ-ի մասնաճյուղ:

Վերջերս քաղաքապետարանը սկսել է ավելի շատ ուշադրություն դարձել քաղաքում գործող թանգարաններին, մասնավորապես նախորդ տարի քաղաքի բյուջեից 2 մլն 200 հազար դրամ է հատկացվել բոլոր չորս թանգարանները անվտանգության համակարգերով ապահովելու համար:

Այս տարի, դարձյալ համայնքային բյուջեով ամբողջությամբ վերանորոգվել է
ի կտուրը, որի համար հատկացվել է 2,5 մլն դրամ: Մասնակի՝ 1,5 մլն-ի վերանորոգման ծախս է կատարվել Ասլամազյան քույրերի պատկերասրահում:

Գյումրին սպասում է ՃԿԿ-ի գործարկմանը

 Մարատ ՍարիբեկյանԱրտակարգ իրավիճակների նախարարի հանձնարարականն է՝ այս տարի Շիրակի մարզում ևս ունենալ ճգնաժամային կառավարման կենտրոն: Այս մասին հայտնում է Շիրակի մարզի փրկարարական վարչության պետ Մարատ Սարիբեկյանը: Այժմ վարչության շենքում կենտրոնի համար նախատեսված սենյակներում վերանորոգման աշխատանքներ են ընթանում:

ՙՄեր շենքային պայմանները լավը չեն, 4-րդ աստիճանի վթարայնության կառույց է, համեմատական առումով լավ հատվածում ենք կառուցում ՃԿԿ-ն, որպեսզի ցանկացած արհավիրքի դեպքում կանգուն մնա և աշխատի՚, – ասում է մարզային վարչության պետը:

Նրա փոխանցմամբ, սրանով չեն սահմանափակվում, այս պահին տարածք է որոնվում ապագա ՃԿԿ-ն հիմնելու համար, ուր անգամ երկրաշարժերը չեն խանգարի աշխատել:

ՙՄենք ուզում ենք նույն դոմիկային սիստեմը լինի, որոնք գետնակիպ են և փլվելու ենթակա չեն՚: Մարատ Սարիբեկյանն ասում է՝ աչքի տակ մի երկու տարածք ունի, սպասում է Շիրակի մարզպետը վերադառնա արձակուրդից, որպեսզի քննարկեն:

Խոսելով ՃԿԿ ունենալու անհրաժեշտությունից պաշտոնյան փաստում է՝ Շիրակը ռիսկային գոտում է, և երկրորդ՝ նաև փոխարինում է հանրապետական կենտրոնին. ՙԵրևանի արտակարգ իրավիճակների դեպքում մենք փոխարինող ենք դառնում՚:

Շիրակի ՃԿԿ-ի համար անհրաժեշտ բոլոր սարքավորումները պատրաստ են, մնում է ավարտվեն տարածքի բարեկարգումը, աշխատանքի ընդունեն հաշմանդամների:

Մարատ Սարիբեկյանը վստահություն է հայտնում, որ մինչև սեպտեմբերի 4-ը՝ փրկարարի օրը, շինվերանորոգման աշխատանքները Շիրակի ՃԿԿ-ում ավարտված կլինեն:

Արտակարգ պատահար Գյումրիում

շտապօգնություն

 

 

Գյումրիում հերթական արտակարգ պատահարն է գրանցվել. մոտ մեկ ու կես տարեկան երեխան ընկել է շենքի չորրորդ հարկից: Դեպքը տեղի է ունեցել ժամը 19-19:30-ի սահմաններում Գյումրու Գ.Նժդեհ հրապարակի 1 շենքում:

Բարաբախտաբար, երեխայի կյանքին վտանգ չի սպառնում, նրան տեղափոխել են Գյումրու ՙԱվստրիական մոր և մանկան՚ հիվանդանոց, որտեղ բուժզննումից պարզվել է, որ երեխայի մոտ ամեն ինչ կարգին է: Սակայն փոքրիկի ծնողները որոշել են նրան տեղափոխել Երևան՝ բժիշկների հսկողության տակ լինելու  և լրացուցիչ հետազոտություններ անցնելու համար:

Փոքրիկի՝  Չարլի Դոդդիի ընտանիքը Կանադայից է, ինչպես տեղի բնակիչները նշեցին՝ նրանք պարզապես հյուրընկալվել են Գյումրիում:

Անկախ  

 

Գյումրիում գրանցված նոր սպանությունների շուրջ

Երեկ երեկոյան Գյումրիում տեղի ունեցած արտակարգ իրադարձությունների շուրջ Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը հայտնել է, որ մահվան երեք դեպքերի առիթով էլ հարուցվել են քրեական գործեր: Դեպքի վայրերի ուսումնասիրություններն ավարտվել են:

սպանություններ Գյումրիում

Հիշեցնենք, որ երեկ երեկոյան Գյումրիում երեք դեպք է գրանցվել՝ 15 տարեկան, դեռևս ինքնությունը չպարզված տղան ընկել է Երևան-Գյումրի գնացքի տակ, ջախջախվել է վերջինիս գլուխը և տեղում մահացել է: Հաջորդ երկուսը սպանության դեպքեր են.  Գյումրու Արցախ թաղամասում սպանվել է նույն թաղամասի բնակիչ Էդգար Անտիկյանը: Տուժածին գիշերը ժամը 2-2:30-ի սահմաններում տեղափոխել են ՙԳյումրի՚ բժշկական կենտրոն, շատ ծանր՝ մահամերձ վիճակում: Նրա կյանքը փրկել չի հաջողվել, հիվանդանոց տեղափոխելուց րոպեներ անց մահացել է: Ըստ եղած վերքերի՝ Անտիկյանին դանակահարել են գլխի, կրծքավանդակի աջ և ձախ կողմերի և գոտկատեղի հատվածներում:

Սպանության հաջորդ դեպքը տեղի է ունեցել Երևան-Արմավիր ճանապարհին՝ Շիրակի մարզի Գետք գյուղի մոտ: Հայտնաբերվել է Գյումրի քաղաքի բնակիչ Հարություն Գրիգորյանի դին՝ հրազենային մահացու վնասվածքով: Գյուղին կից՝ ճանապարհին գտնվող մի կիսախարխուլ շինության մոտ ընկած է եղել Գրիգորյանի դին, իսկ քիչ հեռու՝ կայանված է եղել ՙՖորդ՚ մակնիշի 88 LO 988 պետհամարանիշով մեքենան:

Հավելենք, որ Հարություն Գրիգորյանը Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի ռեկտոր Վարդևան Գրիգորյանի եղբայրն է:

Այս դեպքերով հարուցվել են քրեական գործեր, ուսումնասիրվում են բոլոր շրջանառվող վարկածները:

Վագոն-տնակներում բնակվողները խրոնիկական հիվանդություններ են ձեռք բերել (տեսանյութ)

Գյումրու վագոն-տնակներում, ուր ձմռանը սաստիկ ցուրտ է, ամռանն անտանելի տոթ է, իսկ գարնանն էլ` կաթոցներից խոնավ ու գորշ տեսարան, երկարատև բնակվողները խրոնիկական մի շարք հիվանդություններ են ձեռք բերել:

«Շիրակ կենտրոնի» հերթական տեսանյութը Գյումրու տնակային ավաններից մեկում ամուսնու վաղաժամ մահից հետո միայնակ երկու մանկահասակ երեխաների հետ խոնավությունից բորբոսնած պատերով կացարանում բնակվող երիտասարդ կնոջ մասին է:

Այցելության օրը երեխաների մայրը նոր էր վերադարձել հիվանդանոցից:

Անկախ

Գյումրեցիները եկել էին անձամբ Քրիստոսի մոտ

DSC00321Այսօր աշխատանքային այցով Գյումրիում էր ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Վերջինս տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գևորգյանի և քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանի հետ այցելեց ՙՄուշ 2/2՚ թաղամաս, խոսեց բնակիչների հետ: Վարչապետը Գյումրի էր ժամանել երկրաշարժից անօթևան մնացած 430 ընտանիքի բնակարանային ճակատագիրը քննարկելու և վերջնական լուծում գտնելու համար: Մինչ աշխատանքային խորհրդակցությունը, նորակառույց թաղամասում կառավարության ղեկավարը լսեց գյումրեցիների դժգոհություններն ու առաջարկները:

Գյումրու բնակչուհի Ֆենյա Սահակյանը նշեց, որ իր ընտանիքը ևս անօթևանների ցուցակներում՝ այդ 430-ի մեջ է, 26 տարի անցկացրել են տուն կոչված տնակներում, որոնք արդեն վաղուց շարքից դուրս են եկել: Այսօր էլ եկել էր վարչապետից վերջնական պատասխան ստանալու. ՙԱսում են՝ 100 սրբի դեմ գնալուն, մեկ անգամ Քրիստոսին դիմի. դիմենք իմանանք, վերջը ինչ պիտի լինի: Թող տուն տան, եթե չեն տա, էնքան գումար տան, որ ես առնեմ 6 հոգանոց ընտանիքս, Հայաստանից դուրս գամ: Արդեն հնարավոր չէ այսպես ապրել՚:

“Այսօր մենք հենց դրա համար ենք եկել”,-եղավ վարչապետի պատասխանը,-մարզպետարանում կքննարկենք և որոշում կկայացնենք”:

Ֆենյա Սահակյան

Տիկինը կառավարության ղեկավարին ներկայացրեց տնակում ապրելու դժվարություններն ու առաջարկեց իր հարսի ու թոռան հետ գա ոչ թե 26, այլ մեկ օր ապրի տնակում. ՙԿռիսը բարձրացել էր թոռնիկիս վրա, քնած տեղը, երեք ամիս էրեխես հիվանդանոց պառկավ: Ինչքան կարելի է՚, – ավելացրեց Ֆենյա Սահակյանը:

Իսկ թաղամասի բնակիչները Հովիկ Աբրահամյանին ներկայացրեցին իրենց ամենատարբեր խնդիրները՝ սկսած թաղամասի ասֆալտապատումից, վերջացրած բնակարաններում կիսատ-պռատ աշխատանքներով: Բնակիչներից մեկը վարչապետին հրավիրեց տեսնելու, թե ինչպես է, որ նոր շենքի չորրորդ հարկից քարեր են թափվում: Այստեղ վարչապետը դիմեց կառուցապատող կազմակերպության ներկայացուցիչներին, թե ինչումն է խնդիրը, սրանք էլ թե՝ որևէ խնդիր չկա, ամեն բան կարգին է: Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը միջամտեց խոսակցությանը. ՙՇատ լուրջ խնդիր է, որ քարերը թափվում են ցած, ասֆալտապատումը շատ ծանր վիճակում է, էս բոլոր թերությունները ես տվել եմ ձեզ՝ նամակով, ոնց կարող եք ասել, որ թերություն չկա՚:

Քաղաքապետը նաև նկատողություն արեց ՙԳլենդել Հիլզին՚ , թե ինչպես կարելի է պոկված սալիկը դյուբելով ձգել. ՙԷսպիսի շինարարություն ես կյանքում չեմ տեսել՚:

Հովիկ Աբրահամյանը պաշտոնյաներին հիշեցրեց, որ այսքան տարի հսկայական գումարներ են ծախսվել շինարարության համար, և արդյունքում՝ բնակիչները դժգոհ են: Դա նշանակում է, որ վատ են աշխատել: Հանձնարարեց բոլոր թերությունները վերացնել, խնդիրներին հիմնական լուծումներ տալ:

 

Անկախ

Մենք ունենք ամենաթույլ նախագահը՚

հրայր թովմասյանԻնչու է պետք փոխել երկրի մայր օրենքը, որովհետև այն չի կարգավորում մի շարք խնդիրներ՝ կոռուպցիա, իշխանությունների կամայականություն, գերկենտրոնացում, սոցիալական լարված վիճակ և այլն: Ըստ արդարադատության նախկին նախարար, ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանի նոր սահմանադրությունն այդ խնդիրները չի լուծելու, բայց դրանց մեծ մասն անցնում է սահմանդրական փոփոխություններով: Նա Սահմանադրությունը համեմատում է արձակ ստեղծագործության հետ ու նշում, որ գլխավոր գործող հերոսը պետք է լինի ոչ թե նախագահը, վարչապետը, ԱԺ-ն, այլ հասարակ մարդը:

Քանի որ Թովմասյանն իր կարծիքն հայտնում էր Գյումրիում, համահունչ օրինակով շարունակեց.

ՙՍահմանադրորեն ամրագրված է՝ յուրաքանչյուր ոք ունի բնակարանի իրավունք: Չունենք չէ էդ իրավունքը, բայց դրա կողքին մենք գրել ենք ընտրական, կրթական իրավունք: Եթե բնակարանի իրավունքը չենք ապահովում, ով ասաց որ կրթության իրավունքը պետք է ապահովենք՚, – ասում է Հրայր Թովմասյանը: Հետո հստակեցնում է՝ երբ ասում ենք իրավունք՝ հասկանում ենք պետության պարտականություն, եթե պետությունը ոչինչ չունի այստեղ ասելու, ոնց է էս ամեն ինչը ապահովելու:

Անդրադառնալով պետության կառավարման մոդելին, Թովմասյանը նշեց. ՙԻրական կյանքում չկա կիսանախագահական համակարգ. այսօրվա սահմանադրությամբ մենք ունենք ամենաթույլ նախագահը, որովհետև չունի լիազորություններ՚:

Հրայր Թովմասյանը կառավարման խորհրդարանական մոդելի կողմնակիցն է և գտնում է, որ կիսանախագահականը չի արդարացնում իրեն, անգամ, եթե նախագահն ԱԺ-ում ունի մեծամասնություն, կառավարությունում բոլորն իր թիմակիցներն են, ուրեմն՝ բոլոր հավկիթները գտնվում են մեկ զամբյուղի մեջ, որը մի մարդու ձեռքում է: Իսկ եթե կառավարությունը տարբեր կուսակցություններից է կազմված, ինչպես մեր դեպքում, արդյունքն էլի նույնն է՝ հավկիթները տարբեր զամբյուղների մեջ են, բայց բոլորն էլ գտնվում են մեկ մարդու ձեռքում: Արդյունքում, ի վերջո, նախագահը պատասխանատու է ընդամենը երեք ոլորտների համար՝պահպանություն, պաշտպանություն և արտաքին հարաբերություններ, որոնց պարագայում էլ աշխատում է կառավարության հետ: Հետևապես, նախագահի պաշտոնն այս պարագայում իմաստ չունի:

Անկախ

ՍԴ նախագահը Գյումրիում ներկայացրեց սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտությունը

DSC00221Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանն այսօր Գյումրիում ներկայացրեց ՀՀ սահմանադրության փոփոխման նախագիծը, պատասխանել ներկաների հարցերին: Շիրակի մարզպետարանի դահլիճում խոսելով սահմանադրության փոփոխման անհրաժեշտության մասին` ՍԴ նախագահը կարծիք հայտնեց, թե այսօր Հայաստանում չկա սահմանադրության պաշտոնական մեկնաբանման ինստիտուտ, չկա սահմանադրական օրենքի ինստիտուտ, չկա սահմանադրական լիազորությունների հարցով վեճերի լուծման ինստիտուտ: ՙԵրբ այս խնդիրները ծագում են, դրանք տեղափոխվում են այն կուտակող բացասական էներգիայի դաշտ: Մնում է միակ ճանապարհը՝ փոփոխել: Մենք հասարակական օրգանիզմի համար այսօր ձևավորել ենք մի իրավիճակ, եթե հիվանդանում ենք, միայն պետք է վիրաբույժին դիմենք, այլ ճանապարհ գոյություն չունի՚, – ասաց Գ.Հարությունյանը:

Սոցիալական կոնֆիլկտների կուտակումները պետք է կարողանալ գնահատել, բացահայտել, հաղթահարել, և Սահմանադրությունն ինքը պետք է այդ պոտենցիալն ունենա:

Ըստ բանախոսի, մեր գործող մայր օրենքում պակասում է մի կարևոր բան՝ մարդն ու իր իրավունքները: Երկրի գլխավոր օրենքում 2005-ի բարեփոխումների ծրագրով չի հաջողվել անցում կատարել իշխանակենտրոն մոդելից մարդակենտրոն սահմանադրական մոդելին: ՙՑավոք, մեզանում իշխանության հայեցողության սահմանները հստակեցված չեն և, հաճախ, այն հասնում է կամայականության՚, -նշեց ՍԴ նախագահը՝ ավելացնելով, որ մեր քաղաքացիներին պետք է ոչ թե ուղղորդենք դեպի Ստրասբուրգ, այլ կատարենք փոփոխություններ. իշխանությունը պետք է սահմանափակված լինի օրենքով:

Գագիկ Հարությունյանի խոսքով, սահմանադրությամբ գրել ենք օրենքներ, բայց չենք հստակեցրել, թե ինչը օրենքով չի կարելի սահմանափակել: Որպես լավագույն օրինակ՝ նա նշեց կուտակայինի փաստը. ՙՍեփականության իրավունքի օրինակը. իրականում, 10 անգամ ՍԴ-ն որոշում է ընդունել, որ այս իրավունքը սահմանափակվող իրավունք չէ, մենք հերթական անգամ ընդունում ենք օրենք, որը սահմանափակում է այդ իրավունքը: Դա նշանակում է, որ սահմանադրության առաջին և երրորդ հոդվածները չեն գործում՚:

Անդրադառնալով երկրի կառավարման մոդելի փոփոխմանը՝ Հարությունյանը նկատեց, որ սահմանադրությամբ նախագահի լիազորությունները չնչին են, նա ունի աջակցող խումբ՝ ԱԺ-ի մեծամասնությունն իր թիմն է, բայց չունի խորհրդարանը ցրելու իրավունք: Ներկաների այն հարցին, թե ի վերջո դեպի որ համակարգին է անցնելու Հայաստանը՝ նախագահական, խորհրդարանական, թե մնալու է խառը կառավարման համակարգում, ՍԴ նախագահը կոնկրետ ոչինչ չասաց, այլ նշեց, որ գործընթացը դեռևս մշակման փուլում է, և հստակ տեսակետ կկարողանա ներկայացնել սեպտեմբերին:

 

Անկախ

Աղքատության և գործազրկության կործանարար հետևանքները (տեսանյութ)

«Շիրակ կենտրոնի» աշխատակիցները Գյումրու տնակային ավաններում հաճախակի

հանդիպում են առկա համատարած գործազրկության պատճառով արտերկրում աշխատանք փնտրողների

քայքայված ընտանիքների:

Անգամ հանդիպում ենք դեպքերի, երբ աղքատության ճիրաններում հայտնված անձինք

դիմում են ծայրահեղ հուսահատ քայլերի, այդ թվում՝ ինքնասպանության փորձի: Առավել ծանր է

մանկահասակ երեխաներ ունեցող անօթևան ընտանիքների վիճակը: Ներկայացվող տեսանյութը Գյումրու

խարխուլ վագոն-տնակներից մեկում վարձով բնակվող, երեք մանկահասակ երեխաներ ունեցող ընտանիքի

մասին է: Ընտանիքի հայրը աշխատանք ունենալու և իր ընտանիքի գոյությունը պահելու ակնկալիքովհամաձայնել է հարևան հանրապետությունում անասնապահություն անելու առաջարկին:
Սակայն կարճ ժամանակ անց վերադարձել է ոչ միայն դատարկաձեռն, այլ նաև մեծ

պարտքեր կուտակած, դեռ ավելին՝ անչափահաս որդիներից մեկին էլ չի կարողանում վերդարձնել տուն: Առավել մանրամասն՝ «Շիրակ կենտրոնի» պատրաստած տեսանյութում:

 

Անկախ

Կառավարության ղեկավարը ծանոթացել է Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի ծրագրերին

232065191404915283Շիրակի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել է Գյումրու տեխնոլոգիական կենտրոն, որն ստեղծվել է ՀՀ կառավարության, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի, Գերմանական տեխնիկական ընկերակցության և Համաշխարհային բանկի համագործակցության արդյունքում:

Կառավարության ղեկավարը շրջել է կենտրոնում, եղել ճարտարագիտության և մուլտիմեդիայի լաբորատորիաներում, համակարգչային լսարաններում: Հովիկ Աբրահամյանը ծանոթացել է տեխնոլոգիական կենտրոնի ընթացիկ, ինչպես նաև առաջիկա ծրագրերին:

Վարչապետին մանրամասներ են ներկայացրել Հայաստանում Start up (սկսնակ) բիզնեսի և ՓՄՁ-ների համար մաքուր տեխնոլոգիաների ծրագրի վերաբերյալ, որն իրականացվում է ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության կողմից՝ Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի աջակցությամբ: Դա մեր երկրում մաքուր տեխնոլոգիաներին վերաբերող միակ նմանատիպ ծրագիրն է, որը համագործակցում է Սիլիկոնյան հովտում գտնվող ամենամեծ Cleantech Open ակսլերատորի հետ:

Ծրագրի շրջանակում հայտարարվել է լավագույն բիզնես գաղափարների մրցույթ՝ վերականգնվող էներգիայի, էներգաարդյունավետության, թափոններից էներգիայի ստացման և ջրային ռեսուրսների ոլորտներում : Հաղթողը հնարավորություն կստանա մասնակցելու Cleantech Open-ի կողմից Սիլիկոնյան հովտում կազմակերպվող ամենամյա գործարար համաժողովին:

Հաջորդիվ վարչապետ Աբրահամյանը դիտայց է կատարել Գ.Գյուլբենկյանի անվան վիրաբուժական հիվանդանոցի նախկին շենքում: Տարածքին ծանոթանալու նպատակն էր ուսումնասիրել տարածքը՝ պետական գերատեսչությունները ռացիոնալ տեղաբաշխելու և պետական ծառայությունները հասանելի դարձնելու համար:

Հանրապետության վարչապետի Շիրակի մարզ այցը եզրափակվել է մարզպետարանում կայացած խորհրդակցությամբ, որի ընթացքում Հովիկ Աբրահամյանն ամփոփել է աշխատանքային այցի արդյունքները և արձանագրված խնդիրների առնչությամբ համապատասխան հանձնարարականներ տվել պատասխանատու մարմինների ղեկավարներին:

 

Անկախ

Անկախ

«Մարդկանց աշխատանքով ապահովելը կառավարության գերակա խնդիրն է». Հովիկ Աբրահամյան

218403Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Շիրակի մարզ կատարած այցի շրջանակներում մասնակցել է Արևշատ համայնքի ամառանոցի ջրարբիացված արոտավայր: Այն ջրարբիացվել է համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության ծրագրով: Կառուցվել է 14 կմ ջրագիծ և երկու խմոց, ինչի համար ներդրվել է 124,2 մլն դրամ, որի մի մասը կառավարության պահուստային ֆոնդից: Ծրագրի երկրորդ բաղադրիչով նախատեսվում է ձեռք բերել 47 մլն դրամի գյուղտեխնիկա: Ակնկալվում է, որ արոտավայրից կկարողանա օգտվել 1200 խոշոր եղջրավոր անասուն: Արևշատցիների խոսքով՝ ծրագիրը հրատապ էր և այն կնպաստի համայնքում անասնպահության զարգացմանը:

Դիմելով արևշատցիներին՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդգծել է, որ կառավարությունը լինելու է գյուղացու կողքին «Նման ծրագրերը պետք է լինեն շարունակական: Մենք պետք է ժամանակի ընթացքում լուծենք մեր գյուղացիների առջև ծառացած խնդիրները: Լինելու են պայմանավորվածություններ, խոստումներ մեր հնարավորությունների սահմաններում, որոնք իրականացնելու ենք»,- ասել է վարչապետը: Հովիկ Աբրահամյանը կարևորել է ջրարբիացված արոտավայրի առկայությունը համայնքում և շնորհակալություն հայտնել արևշատցիներին՝ ջերմ ընդունելության համար:

Վարչապետի հաջորդ կանգառն Ախուրյան համայնքն էր, որտեղ կառավարության ղեկավարին են ներկայացրել բնակելի շենքերի շինարարական աշխատանքներին վերաբերող մանրամասներ: Նշվել է, որ Ախուրյան համայնքում 136 ընտանիքի համար կառուցվելիք 4 բազմաբնակարան շենքից՝ 3-ի (104 բնակարան) շինարարական աշխատանքները վերսկսվել են 2014 թվականին, իսկ 4-րդ շենքի շինարարությունը (32 բնակարան) դեռևս չի սկսվել:

Պատասխանելով լրագրողների հարցին՝ 4-րդ մասնաշենքի շինարարությունը ձգձգվելու մասին հարցին՝ վարչապետը նշել, որ փորձելու է ճշտել պատճառները և լուծում տալ: Հարցը կքննարկվի նաև մարզպետարանում կայանալիք խորհրդակցության ժամանակ:
Այնուհտև վարչապետն այցելել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղ՝ հանդիպել ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմին: Հովիկ Աբրահամյանը և կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը պատասխանել են նրանց հուզող հարցերին, որոնք առնչվել են կրթության որակին, ուսանողների ուսման վարձին, աշխատանքային ուսումնական պրակտիկային և այլն: Կառավարության ղեկավարը հանձնարարել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին քննարկել ներկայացված խնդիրները և գտնել համապատասխան լուծումներ:

Առաջարկվել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի համար նախատեսվող հեռակա ասպերանտուրայի տեղերի մի մասը հատկացնել Գյումրու մասնաճյուղին:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ առաջիկայում կրկին այցելելու է համալսարանի Գյումրու մասնաճյուղ՝ քննարկելու ապագա ծրագրերը: Վարչապետն ընդգծել է, որ յուրաքանչյուր պայմանավորվածություն լինելու է գործ և այդ կարգը յուրաքանչյուրը պետք է պահպանի: «Իշխանության և բնակչության միջև անջրպետը պետք է վերանա: Բազմաթիվ դեպքեր են եղել, որ մարդիկ խոստումներ են տվել և չեն իրականացրել: Կարծես թե հավատի, վստահության պակաս կա և մենք դա հաղթահարելու ենք ու դրա համար կա քաղաքական կամք: Մեզ համար կարևորը քաղաքացուն բարեկեցիկ կյանքով ապահովելն է: Այսօր կարծես ակտիվանում է ազգաբնակչության և կառավարության կապը: Յուրքանչյուր դեպքի կառավարության անդամները արձագանքում են և այցելում մարզեր, համայնքներ: Մարդկանց աշխատանքով ապահովելը կառավարության գերակա խնդիրն է, և մենք փորձելու ենք առաջիկայում նեդրումներ ներգրավել, ստեղծել նոր աշխատատեղեր: Մենք անպայման ունենալու ենք հաջողություն և ես դրանում չեմ կասկածում»,- ընդգծել է Հովիկ Աբրահամյանը:

Այնուհետև վարչապետն ուսանողներին է ներկայացրել նոր կառավարության ձեռնարկած քայլերը և ծրագրերը, որոնք առնչվում են փոքր և միջին բիզնեսին, այդ բնագավառում հավասար պայմանների ստեղծմանը, գործարար միջավայրի բարելավմանը, սոցիալական խնդիրների լուծմանը և այլն:

 

Անկախ

«Նախկինում մարդավարի կյանքով էի ապրում, հիմա ում եմ պետք …». ասում է 83-ամյա միայնակ տարեց կինը

անապահով ընտանիքԳյումրիով մեկ սփռված տնակային ավաններում և կիսախարխուլ շինություններում մեկուսացած կյանքով բնակվում են տասնյակ միայնակ տարեցներ: Նրանցից շատերը երիտասարդ տարիներին նույնիսկ մի քանի տասնամյակ աշխատել են քաղաքի նախկին, երբեմնի հզոր հիմարկ-ձեռնակություններում, սակայն այսօր ծանր ու անօգնական վիճակում են:

Նրանք հիմնականում ապրում են կենսաթոշակով, որը նույնիսկ կոմունալ ծախսերի վճարումները կատարելուն չի բավարարում: «Շիրակ կենտրոնի» կողմից ներկայացվող տեսանյութը Լենտեքստիլ կոմբինատում 30 տարի աշխատած, այժմ կիսանկուղային ու խոնավ շինությունում բնակվող Մանիկ տատի ծանր ապրելակերպի մասին է:

 

Գյումրիում շարունակվում է «Ֆիլմ-ճամբար երիտասարդական ծրագիրը

Գյումրիում շարունակվում է «Ֆիլմ-ճամբար երիտասարդական ծրագիրըԱրդեն երկրորդ տարին է, ինչ  Ազգային առաջնորդության ինստիտուտի, ամերիկյան Inside Out Global-ի և Հայ Առաքելական Եկեղեցու Շիրակի թեմի «Երիտասարդական Կազմակերպության» համագործակցության արդյունքում Գյումրիում կազմակերպվում է ֆիլմ-ճամբար: Ծրագրին մասնակցում են նախապես ընտրված 17-ից 20 տարեկան 13 երիտասարդներ: Հայաստանյան թիմը ԱՄՆ-ից ժամանած մասնագետների հետ մասնակիցներին 8 օրվա մեջ սովորեցնելու են նկարահանել ֆիլմ: Ընտրված է հետաքրքիր մեթոդ ուսուցողական և պրակտիկ աշխատանքներն իրականցնելու համար: Այս պահին երիտասարդներից կազմված է երկու խումբ, որոնք աշխատում են որպես յուրաքանչյուրն առանձին կինոարտադրող կառույց: Թիմում երիտասարդները հանդես են գալիս, որպես ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր, օպերատոր և այլն… Յուրաքանչյուր թիմ ունի իր ղեկվարները, որոնք ուղղորդում, սովորեցնում և մասնագիտական օգնություն են ցուցաբերում թիմի կրտսեր անդամներին:

Գյումրիում շարունակվում է «Ֆիլմ-ճամբար երիտասարդական ծրագիրըԲացի թիմի ղեկավարներից դասընթացներ են անցկացնում նաև արտերկրից ժամանած մասնագետները:  Նրանք սովորում և իրենց սովորածը կիրառում են գործնականում: Այս օրերի ընթացքում ճամաբարականները հասցրել են ծանոթանալ գրական և ռեժիսորական սցենարի, լույսի ու օպերատորական աշխատանքի, հնչունայաին և մոնտաժայաի մասի հետ: Երկու թիմերն էլ արդեն նկարահանել են 30 վայրկյան տևողությամբ սոցիալական գովազդները, իսկ այժմ խաղարկային կարճամետրաժ ֆիլմի սցենարները գրեթե պատրաստ են և երիտասարդները սովորելուն ուգահեռ ձեռնամուխ են լինում իրենց մտահղացումը թղթից էկրան տեղափոխեու: Ճամբարականները խոստովանում են, որ ոգևորված են և անկախ գրաֆիկի զբաղվածությանը իրենց թե դասերը, թե պրակտիկ ուսումնական պրոցեսները դուր են գալիս և անընդհատ նոր բաներ են սովորում ու բացահայտում: Ֆիլմ-ճամաբրն իր գործունեությունը կավարտի հուլիսի 10-ին և արդեն իսկ նկարահանված ֆիլմերը Գյումրիի <<Հոկտեմբերյան>> կինոթատրոնից կներկայացվի հանդիսատեսին: Երիտասարդներն ուրախ կլինեն, իրենց ֆիլմերի պրեմիերային դահլիճում շատ հյուրեր տեսնել, սիրով հրավիրում են բոլորին:

Ջուլիետա Տոնականյան

Գյումրու խոնավ տնակներում երկարատև բնակվելը ծանր առողջական հետևանքներ է թողել

New Picture18-ամյա Տիգրանին հիվանդության պատճառով բանակ չեն զորակոչել: Նա վաղուց տանը մենակ է ապրում, մայրը գտնվում է հոգեկան առողջության կենտրոնում: Տիգրանն իր գոյությունը պահում է շուկայում մրգավաճառներին օգնելով:

Նախորդ տարի ընտանիքը նորակառույց բնակարան ստացավ և վերջապես խոնավ ու ցուրտ տնակից դուրս եկավ, սակայն ծայրահեղ աղքատությունն ու դառը ճակատագրի հարվածները հնարավոր չէ հաղթահարել նույնիսկ նոր բնակարան ունենալով : «Շիրակ կենտրոնի» աշխատակիցներս օրերս «Հիգիենիկ պարագաներ և սնունդ՝ ժամանակավոր կացարաններում բնակվող անօթևան ընտանիքներին» բարեգործական ձեռնարկի շրջանակում, «Գոլոլեան հիմնադրամի» (Տորոնտո, Կանադա), www.depop.am կայքի խմբագիր Կամո Մայիլյանի ցուցաբերած աջակցությունը տրամադրելու նպատակով հերթական անգամ այցելեցինք նրանց բնակարան:

Ներկայացնում ենք Տիգրանի միայնակ ու ծանր ապրելակերպի մասին պատմող մեր տեսանյութը:

Անկախ

Բազմաթիվ միայնակ տարեցներ ծերերի տուն-ինտերնատի անունն անգամ լսել չեն ցանկանում

«Շիրակ կենտրոնի» դիտարկումներով Գյումրու վագոն-տնակներում պատսպարված բազմաթիվ միայնակ տարեցներ մեկուսացած կյանքն ու անօգնական վիճակը գերադասում են ծերերի տուն-ինտերնատից: Անկեղծ ասած` այս երևույթը անգամ «Շիրակ կենտրոնի» աշխատակիցներիս համար մնում է անհասկանալի:
Կարծում ենք խոնավ ու ցուրտ վագոն-տնակներից փոքրիշատե տանելի պայմաններ ունեցող ծերերի տուն-ինտերնատ, միայնակ տասնյակ տարեցների տեղափոխվելու հարցի լուծումը այլևս անհետաձգելի է դարձել, որում առաջին հերթին պետք է մասնակցություն ունենան սոցիալական ծառայությունները: Ներկայացվող տեսանյութը ութսունն անց միայնակ տարեց կնոջ մասին է, ով նույնպես չի ցանկանում դուրս գալ իր խարխուլ տնակից:

«Ես չեմ հավատում, որ երբևէ կունենամ բնակարան ». ասում է 85- ամյա միայնակ անօթևան կինը

«Շիրակ կենտրոնի» աշխատակիցների դիտարկումներով Գյումրու տնակային ավաններում բնակվող միայնակ տարեցների մեծ մասը տարաբնույթ պատճառներով ընդգրկված չեն բնակարանային փոխհատուցման ենթակա ընտանիքների հերթացուցակում:
Նրանցից շատերը ավելի քան քառորդ դար բնակվելով ժամանակավոր կոչվող թիթեղյա վագոն-տնակներում, կորցրել են երբևէ բարեկեցիկ բնակարանում բնակվելու իրենց հույսը: Ներկայացվող տեսանյութը 85-ամյա միայնակ տարեց կնոջ մասին է, նա միակ զավակի մահից հետո ամբողջովին մենակ է մնացել: