Ֆրանսիայի օդային երթևեկության վերահսկիչների գործադուլի պատճառով ուղևորներին 14,000 ժամ ուշացումներ են սպասվում

airtrafficՀազարավոր ճանապարհորդների երկար ուշացումներ և հետաձգումներ են սպասվում, քանի որ Ֆրանսիայում օդային երթևեկության վերահսկողների գործադուլն  ինտենսիվանում է՝ կաթվածահար անելով Եվրոպայի չվերթերը:

Չորեքշաբթի օրը՝ ավիացիայում կրճատումների համար կազմակերպված գործադուլի երկրորդ օրը, Եվրոպայում օդային անվտանգության մարմինը՝ Eurocontrol-ը, իրավիճակը գնահատել է անկայուն:

Եվրոպական առաջատար ուղևորափոխադրողները՝ ներառյալ British Airways-ը, EasyJet-ը և Ryanair-ը,  հետաձգել են իրենց թռիչքները:

Eurocontrol-ն  ավելի վաղ հայտնել էր, որ գործադուլի հետևանքով սպասվում են մինչև 14,000 ժամ ուշացումներ: Չորեքշաբթի օրն  արդեն մոտ 4,400 ժամ ուշացումներ էին գրանցվել:

Ավիաուղիները խորհուրդ են տալիս եվրոպական օդանավակայաններից մեկնող և ժամանող բոլոր ուղևորներին ստուգել իրենց չվերթի կարգավիճակը՝ նախքան օդանավակայան ժամանելը:

ԵՄ-ի օրենսդրությամբ հետաձգումների համար ուղևորներին պետք է փոխհատուցել կամ այլընտրանքային տոմս առաջարկել:

Ադրբեջանցի լրագրող Ռաուֆ Միրկադիրովի ընտանիքը ապաստան է գտել Եվրոպայում

 Ռաուֆ ՄիրկադիրովՌաուֆ Միրկադիրովի ընտանիքը ժամանակավոր ապաստան է գտել Եվրոպայում:

Ձերբակալված ադրբեջանցի լրագրող, ադրբեջանական “Զերկալո” ռուսալեզու թերթի Անկարայի թղթակից Ռաուֆ Միրկադիրովի կինն ու երկու երեխաներն “Լրագրողներ առանց սահմանների”, “Human Rights Watch” և “Turkish Human Rights” կազմակերպությունների համատեղ ջանքերի շնորհիվ ապաստան են գտել եվրոպական երկրներից մեկում:

Ռաուֆ Միրկադիրովի երեխաներն ու կինը՝ Ադել Բաբախանովան, մինչև ապրիլի 18-ը` լրագրողի արտաքսումը Բաքու, բնակվում էին Թուրքիայում: Ձերբակալությունից հետո Թուրքիայի իշխանությունները հրաժարվել են երկարացնել նրանց կեցության վիզան և պահանջել են լքել երկիրը: Հունիսի 16-ը վերջնաժամկետն էր, և հենց այդ օրն էլ լրագրողի ընտանիքին հաջողվեց հեռանալ Թուրքիայից:

Ռաուֆ Միրկադիրովը վերջին տարիներին Անկարայում է բնակվել: Ապրիլի 17-ին նրան, առանց որևէ բացատրությունների, զրկել են հավատարմագրումից և արտաքսել Թուրքիայի տարածքից: Բաքու ժամանելուն պես՝ ապրիլի 19-ին, Միրկադիրովն անմիջապես օդանավակայանի տարածքում ձերբակալվել է: Նա մեղադրվում է Հայաստանի օգտին լրտեսություն իրականացնելու մեջ: Լրագրողն ինքը հերքում է ներկայացված բոլոր մեղադրանքները:

Անկախ

Եվրոպան բռնկված է տաքսիստների գործադուլով

ol3001402559731Շատ ճանապարհորդներ, որոնք մտադրվել են այս օրերին այցելել Եվրոպայի գեղեցկագույն քաղաքներն ու ծանոթանալ տեսարժան վայրերին, անսպասելի բախվել են տրանսպորտային խնդրի: Սակայն այդ խնդիրների առջև են կանգնել նաև այդ քաղաքի բնակիչները:

Բանն այն է, որ լայնամասշտաբ գործադուլներ են Լոնդոնում, Մադրիդում, Բարսելոնայում, Փարիզում ու Բեռլինում: Տաքսու վարորդներին վրդովեցրել է այն փաստը, որ «Uber»  «Chauffeur Prive» հավելվածները թույլ են տալիս ուղևորներին արագ պատահական  ավտոմեքենա վարձել` առանց տաքսի ծառայություններին դիմելու:

Բրյուսելում նման հավելվածներն արգելվել են: Ֆրանսիայում գործդուլային իրավիճակն էլ ավելի է բարդանում երկաթուղային փոխադրողների մասնակի գործադուլների պատճառով:isra.com

Անկախ

Իրանական գազը Եվրոպա արտահանող երեք երթուղիներից մեկը հնարավոր է անցնի Հայաստանով

Iran_gasPlatformԻրանի նավթի նախարարի միջազգային հարցերով տեղակալ Ալի Մաժեդին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Իրանը պատրաստ է բնական գազ արտահանել եվրոպական երկրներ, այդ թվում՝ Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Գերմանիա:

«Եվրոպական երկրները կարող են Իրանի բնական գազը ներմուծել երեք առանձին ճանապարհով, ընդ որում՝ նաև թուրքական գազատարով, որը ներկայիս պայմաններում տնտեսապես ամենաարդյունավետն է»,- հայտնել է Ալի Մաժեդին:

Նա ընդգծել է, որ Եվրոպա գազի արտահանումը շահավետ գործարք կլինի, քանի որ Եվրոպան գազի նոր մատակարարներ է փնտրում:

«Երկրորդ երթուղին հնարավոր է անցնի Իրաքով, Սիրիայով, Լիբանանով և Միջերկրական ծովով, իսկ երրորդը` Հայաստանով, Վրաստանով և Սև ծովով»,- ասել է Իրանի նավթի նախարարի միջազգային հարցերով տեղակալը:

Ալի Մաժեդին հավելել է, որ ներկայումս բանակցություններ են ընթանում Պակիստանի և Հնդկաստանի հետ գազային պայմանագրեր կնքելու ուղղությամբ:

Ուշագրավ է, որ Իրանն ունի աշխարհում բնական գազի երկրորդ խոշոր պաշարը և Եվրոպայի համար հուսալի գործընկեր է, առավել ևս, որ  Ուկրաինայի ճգնաժամի պատճառով  ԵՄ-ն ձգտում է նվազեցնել իր կախվածությունը Ռուսաստանից:

Նշենք նաև, որ Իրանը վաղուց է սպասում այն պահին, երբ հնարավոր կլինի սեփական էներգետիկ ռեսուրսների արտահանումից ստանալ առավելագույն օգուտ: Դրան նախկինում խանգարել են ինչպես Իրան-Արևմուտք բարդ փոխհարաբերությունները, այնպես էլ աշխարհաքաղաքական գործընթացներն ընդհանրապես:

Այժմ իրավիճակն զգալիորեն տարբերվում է: Մոտ է հանգուցալուծումը, երբ Իրանի միջուկային հիմնախնդիրը, որպես հրատապ միջազգային հիմնահարց, այլևս  կարող է սոսկ անցյալի իրողություն դառնալ:

Իսկ ահա, անդրադառնալով Իրանի հանքարդյունաբերության նախարար Մոհամեդ Ռեզա Նեմաթզադեի վերջերս հնչեցրած այն հայտարարությանը, ըստ որի Իրանը պատրաստ է գազ արտահանել Եվրոպա, պետք է ենթադրել, որ իրանական իշխանությունները փորձում են իրատեսորեն գնահատել Ռուսաստանի շուրջը ծավալված միջազգային անբարենպաստ գործընթացները՝ Եվրոպային առաջարկելով սեփական ծառայությունները, իհարկե, եթե վերջինս որոշի վերջնականորեն հրաժարվել ռուսական գազից:

Այդուհանդերձ, իրանական կողմի հիշյալ հայտարարությունն առայժմ եվրոպական երկրների համար ռուսական գազը շրջանցող այլընտրանքային ճանապարհ հուշող ուղերձ է, որի իրականացումը հնարավոր է միայն այն դեպքում, եթե լուծվի իրանական գազամուղի «ճանապարհային քարտեզի» դժվարագույն խնդիրը: Դա, իր հերթին, նշանակում է, որ Իրանը վստահելի գործընկերներ է փնտրելու:

Ուկրաինան շարունակում է «ռինգ» մնալ աշխարհաքաղաքական խաղացողների համար

ukraine-crimea-russia-usa1Ուկրաինական ճգնաժամը սուր հակասություններ է առաջացրել Արևելքի և Արևմուտքի միջև:

Ամերիկացի փորձագետ, Ռոն Փոլի ինստիտուտի գործադիր տնօրեն Դենիել Մակադամսի կարծիքով` Արևմուտքի համար ամենաշահավետ դիրքորոշումը ներկայիս հանգամանքներում կարող է լինել չմիջամտելու քաղաքականությունը: «Ռուսաստանի հետ հակամարտությունը չի բխում որևէ մեկի շահերից: Կարծում եմ` եվրոպացիները հասկանում են դա, ինչի մասին վկայում է, օրինակ, Գերմանիայի դիրքորոշումը», – նշել է փորձագետը:
Բայց Արևմուտքը տուրք է տալիս ուկրաինական ճգնաժամի հարցում ԱՄՆ-ի որդեգրած դիրքի թելադրանքով ստեղծվող լարվածությանը:

Ուշագրավ է ամերիկացի երկու առաջնակարգ քաղաքագետների` Կարնեգի հիմնադրամի ռուս-եվրասիական ծրագրի տնօրեն Յուջին Ռումերի և հիմնադրամի հետազոտական աշխատանքների գծով փոխնախագահ Էնդրյու Վայսի դիտարկումն ուկրաինական Ճգնաժամի վերաբերյալ Politico Magazine պարբերականում հրապարակված հոդվածում. «Ճգնաժամը հետզհետե ցածրորակ քաղաքացիական պատերազմ է հիշեցնում: Սիրողական տեսանյութերում առկա անիմաստ բռնությունները սովորական երևույթ են դառնում»:

Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Լորան Ֆաբիուսն էլ մայիսի 14-ին հայտարարեց, որ Ուկրաինայում սուր ներքաղաքական ճգնաժամը մոտ է վերաճելու քաղաքացիական պատերազմի, և ակնարկեց բանակցությունների անհրաժեշտության մասին:

Վերջին շրջանում արդեն հարյուրավոր զինվորականներ, ցուցարարներ ու խաղաղ քաղաքացիներ են զոհվել Օդեսայում, Սլավյանսկում, Կրամատորսկում, Լուգանսկում, հարակից գյուղերում, ամենուր: Այնպես որ, Ուկրաինային ոչ թե սպառնում է քաղաքացիական պատերազմ, այլ երկիրը, եթե կարելի է Ուկրաինային դեռ այդպես կոչել, արդեն իսկ քաղաքացիական պատերազմի մեջ է:

Մեկ այլ ուշագրավ փաստ էլ է արձանագրվում: Ճգնաժամի ալիքն օգտագործելով` ՆԱՏՕ-ն փորձում է Ռուսաստանի սահմաններին ավելի ու ավելի մոտիկ ամրապնդել իր դիրքերը: Այս առումով բազմաթիվ ուշագրավ հայտարարություններ ու կոչեր են հնչել: Վերջիններից էր մայիսի 15-ին Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի հայտարարությունը. «Եթե պատրաստակամություն չլինի ընդլայնել ՆԱՏՕ-ի ներկայությունը ԵՄ արևելյան սահմանային երկրներում, կնշանակի ՆԱՏՕ-ի երկրների համերաշխությունը սոսկ հռչակագիր է»:
Նրա խոսքով` Դաշինքի ենթակառուցվածքը և ՆԱՏՕ-ի ստորաբաժանումներն ավելի մեծ ներկայություն պետք է ունենան Բալթյան երկրներում, Լեհաստանում, Սլովակիայում, Ռումինիայում և Հունգարիայում:

Ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել էր, որ Դաշինքը ստիպված կլինի քննարկել Արևելյան Եվրոպայի երկրներում մշտական հիմքով ՆԱՏՕ-ի ստորաբաժանումների տեղակայման հնարավորությունը: Բարձրաձայնվեց անգամ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հարցը: Իհարկե, Մոսկվան կտրականապես դեմ է դրան: «Ուկրաինային ՆԱՏՕ ներքաշելու փորձերը շատ բացասական են ազդելու եվրոպական անվտանգության համակարգի վրա, և մենք կտրականապես դեմ ենք»,- հայտարարեց ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Bloomberg-ին տված հարցազրույցում:

Մինչ ռուսական կողմը սպառնում էր ՆԱՏՕ-ին Ուկրաինայի հնարավոր անդամակցության կապակցությամբ, Վրաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Նորլանդը հայտարարեց, որ ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ի անդամ մի շարք պետություններ Վրաստանի հետ ինտենսիվ խորհրդակցություններ են անցկացնում` կապված Վրաստանի հանդեպ Մոսկվայի հնարավոր քայլերի հետ: ԱՄՆ դեսպանն ասել է նաև, որ ՆԱՏՕ-ն կարող է քննարկել Վրաստանում հակահրթիռային պաշտպանության համակարգ տեղակայելու հարցը, բայց դա պետք է որոշեն ՆԱՏՕ-ի անդամ պետությունները:

Նման հայտարարությունները կարծես միտված էին ստիպելու, որ ռուսական զորքերը ռուս-ուկրաինական սահմանից հետ քաշվեին: Բայց եթե ՆԱՏՕ-ն որոշի կայաններ տեղակայել Վրաստանում, ապա ռուսական զորքն ավեի շուտ կկապիտուլացնի Թբիլիսին, քան թույլ կտա, որ իր քթի տակ ՆԱՏՕ-ական բազա հայտնվի:

Սա, ինչ խոսք, հայտնի է արևմտյան քաղաքականության «հաշվապահներին»: Ուստի ԱՄՆ-ին մնում է դարձյալ դիմել ավելի փորձված քալերի` տնտեսական ու քաղաքական պատժամիջոցների: Այդ պատժամիջոցների դեմ արտահայտվողներին, ի դեպ, բացի Գերմանիայից, Հունաստանից և այլ երկրների բարձրաստիճան ներկայացուցիչներից, միացավ նաև Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը:

Արևմուտքի «պատժամիջոցները» Ռուսաստանում միայն ժպիտ են առաջացնում

Ինչ վերաբերում է պատժամիջոցներին, The Wall Street Journal-ում ԿՀՎ-ի նախկին տնօրեն Ջեյմս Վուլսը, որ այժմ ԱՄՆ-ի էներգետիկ անվտանգության խորհրդի ղեկավարն է, գրեց, թե Կրեմլի վրա ճնշում գործադրելու համար անհրաժեշտ է էժանացնել ռուսական նավթը, իսկ դրա համար պարտադիր չէ պայմանավորվել «սև ոսկի» արդյունահանող երկրների հետ:
«Հաշիվները սառեցնելուն և Պուտինի մտերիմների համար վիզաները չեղարկելուն Կրեմլը միայն հորանջելով է պատասխանում, իսկ ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի երկրները հրապարակայնորեն այդպիսի միջոցներին գրեթե չեն աջակցում: Մեկ բարելի դիմաց նախկին 117 դոլարի փոխարեն նավթի գինը 60 դոլար դարձնելը շատ շահավետ կլինի Արևմուտքի, Չինաստանի և Հնդկաստանի համար»,- ասել է նա:
Թերևս իրավացի է ԿՀՎ նախկին ղեկավարն արևմտյան պատժամիջոցների դեմ Ռուսաստանի վերաբերմունքի հարցում: Հիշենք թեկուզ «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերի հետ կապված պատմությունը, որ չմտավ Եվրամիության պատժամիջոցների ցուցակ իր եվրոպացի գործընկերների շնորհիվ: Գերմանական, ֆրանսիական և իտալական էներգակոնցեռնների ղեկավարները քաղաքական գործիչներին ստիպեցին հանել նրա անունը ցուցակից` զգուշանալով բիզնեսին սպառնացող հետևանքներից: Արևմուտքը հատկապես մտքափոխվեց այն բանից հետո, երբ Միլլերն ակնարկեց, որ պատժամիջոցների շարունակության դեպքում «Գազպրոմը» կհայտնվի սնանկացման եզրին: Սա, ավեի շուտ, ակնարկ չէր, այլ սպառնալիք: Որովհետև փաստ է` Եվրոպային մատակարարվող գազի 30 տոկոսից ավելին բաժին է հասնում ռուսական գազին: Ու եթե «Գազպրոմը» որոշի, որ սնանկ է, ապա ԵՄ-ում էներգետիկ, հետևաբար նաև արդյունաբերական, տնտեսական, սոցիալական լուրջ ճգնաժամ կսկսվի: Սա, բնականաբար, Եվրոպայի երազանքը չէ:
Ենթադրենք, թե Եվրոպան էլ, իր հերթին, Ռուսաստանին պատժելու համար կարող է հրաժարվել ռուսական գազից: Սակայն այդ դեպքի համար էլ Ռուսաստանը պահեստային տարբերակ ունի: Մայիսի 20-ին ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Bloomberg գործակալությանը տված հարցազրույցում նշեց, որ ռուսական գազից Եվրոպայի հրաժարվելու դեպքում այն կարող է ուղարկվել Չինաստան: Այսինքն` Ռուսաստանն էլ տնտեսական հակապատժամիջոցներ կիրառելու հնարավորություն ունի, հենց միայն գազի առումով, եթե չհաշվենք, օրինակ, եվրոպական գիգանտ կորպորացիաների դուստր ձեռնարկությունների առկայությունը Ռուսաստանում: Եվ այս օրերին Ռուսաստանն իր այդ հակաքայլերի, այսպես ասած,«զորավարժություններն» է անցկացնում Ուկրաինայում` ցույց տալով Եվրոպային, թե ինչ կարող է անել` պարզապես գազի խողովակի փականի հետ «խաղալով»:

«Գազպրոմի» տվյալների համաձայն, Ուկրաինան գազի դիմաց պարտք է մոտ 3.5 մլրդ դոլար: Այժմ Ուկրաինային մատակարարվող գազի գինը մոտ 480 դոլար է: Ռուսական կողմը վերջնագիր է ներկայացրել` ըստ որի, եթե Ուկրաինան չվճարի պարտքը, ապա հունիսից գազ կստանա այնքան, որքան վճարել է: Ուկրաինան պատրաստ է Ռուսաստանին 4 մլրդ դոլար վճարել գազի գնի իջեցման դեպքում` մոտ 300 դոլար: Այդ մասին Welt պարբերականին հայտնել է Ուկրաինայի ԱԳՆ ղեկավարի պաշտոնակատար Անդրեյ Դեշչիցան: Հիշեցնենք, որ Ուկրաինայի գազի պարտքերի պատճառով Ռուսաստանը որոշել է կանխավճար սահմանել երկրի համար:
Թե ինչ նշանակություն են ստանում Ռուսաստանի գազային քմահաճությունները, թերևս ամենից դիպուկ է բնութագրել է Ուկրաինայի ժամանակավոր նախագահ Ալեքսանդր Տուրչինովը. «Գազային շանտաժը ոչ միայն Ուկրաինայի, այլև այլ երկրների վրա ճնշում գործադրելու սիրած ձևաչափն է»:

Բայց ուշագրավ է մեկ հանգամանք ևս. ուկրաինական ճգնաժամի սկզբից ի վեր միայն ռուսական կողմն է համագործակցության ու բանակցային գործընթաց սկսելու առաջարկ արել: Իսկ եթե Արևմուտքի միակ հաղթաթուղթը Ռուսաստանին «քլնգելու» հարցում ռուս-ուկրաինական սահմանին մոտեցված ռուսական զորքերն էին, ապա մայիսի 19-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ինչպես հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը, կարգադրեց Ռոստովի, Բելգորոդի և Բրյանսկի շրջաններում զորավարժություններին մասնակցող զորքերին մշտական տեղակայման վայրեր վերադառնալ: Գոնե միառժամանակ կթուլացնի՞ սա լարվածությունը, դժվար է գուշակել: Առավել ևս, որ ուկրաինական ճգնաժամում կրքերը գնալով ոչ թե հանդարտվում, այլ էլ ավելի են թեժանում. ո՛չ Արևելյան Ուկրաինայի անջատողականներն են պատրաստվում համակերպվել Կիևի մայդանական իշխանությունների հետ, ո՛չ էլ նոր իշխանություններն ու նրանց զինյալներն են պատրաստվում առանց զենքի, առանց զոհ ու արյան հրաժարվել արևելքից:

Եվրոպայի փոխարեն` Չինաստան

v-sluchae-otkaza-evropy-otrossiyskogo-gaza-ego-otpravyat-vkitay_1 (1)Եթե Եվրոպան հրաժարվի ռուսական գազից, ապա այն կուղարկվի Չինաստան: Նման կարծիք է հայտնել ՌԴ վարչապետ Մեդվեդևը:

“Մենք բավականին հնարավորություններ ունենք, մենք բավական գազ ունենք, որ մատակարարենք և արևելյան ուղղությամբ , և արևմուտքին: Սակայն, եթե այլ,  վատ հեռանկար լինի, որի դեպքում Եվրոպա չմատակարարվի, ապա այն կուղարկվի արևմտյան երթուղով` Չինաստան: Սակայն ընդգծում եմ, դա հիմա բացարձակ տեսական հնարավորություն է”:

Նրա խոսքով, յուրաքանչյուր երկիր կամ երկրների խումբ, այդ թվում` ԵՄ-ն իր մատակարարման աղբյուրները  դիվերսիֆիկացնելու իրավունք ունի: “ Սակայն մենք դրան նշանակություն չենք տալիս պարզապես նրա համար, որ դեռևս ռուսական մատակարարման  այլընտրանքային տարբերակ չի դիտարկվում”:

Անկախ

Ուկրաինական ճգնաժամում Ռուսաստանն ավելի ուժեղ դիրքերից է հանդես գալիս

եռյակՈւկրաինան` տարածքով Եվրոպայի ամենամեծ երկիը, որը բավականին հարուստ ռեսուրսներ, բնակլիմայական պայմաններ ու հարմար աշխարհագրական դիրք ունի, բոլորի աչքի առաջ օր օրի կործանվում է: Այս տարվա փետրվարին, երբ ԵՄ անդամ երկրների արտգործնախարարները պայմանավորվեցին Ուկրաինայի նախկին իշխանությունների դեմ սանկցիաներ կիրառել երկրում չդադարող բռնությունների կապակցությամբ, ANSWER հակառազմական կոալիցիայի կոորդինատոր, փորձագետ Բրայան Բեկկերը նշեց, որ իր կարծիքով` Արևմուտքն ակնհայտորեն պաշտպանում է ցուցարարներին` հստակ շահերից ելնելով. Արևմուտքը ջանում է Ուկրաինայում նոր կառավարություն բերել իշխանության, որը երկիրը կտանի դեպի Եվրամիություն:

Իհարկե` Արևմուտքի ծրագրերն այս ուղղությամբ չիրականացան հայտնի պատճառներով: Ճիշտ է` Մայդանը իշխանության բերեց Արևմուտքի հովանավորյալներին, բայց Ուկրաինան այլևս նախկինը չէ: Համենայն դեպս Ղրիմն արդեն անվերադարձ կորած է Ուկրաինայի համար, իսկ Արևելյան Ուկրաինայի հարցն էլ օր օրի ավելի վտանգավոր դրսևորումներ է ստանում: Փաստացի, այսօր Ուկրաինան գտնվում է պասիվ քաղաքացիական պատերազմի վիճակում: Գրեթե ամեն օր Կիևի մայդանական կառավարության զինված ուժերի ու խմբավորումների և երկրի արևելյան շրջանների բնակչության միջև զինված բախումներ են լինում, հաղորդվում է հարյուրավոր զոհերի մասին: Արդեն որքան ժամանակ է` ուկրաինացի զինվորականների շրջափակման օղակում է գտնվում Սլավյանսկը: Այլ քաղաքներում ևս իրավիճակը ռազմական է:
Ուկրաինական հարցի առաջին փուլում Ռուսաստանը, կարելի է ասել, փառահեղ հաղթանակ տարավ: Հիմա Արևմուտքի ռևանշի հերթն է: Ակնհայտ է, որ Արևմուտքը չէր պատրաստվում և հիմա էլ չի պատրաստվում թուլացնել իր դիրքերը Ուկրաինայի հարցում ու որոշակի քայլերի պետք է գնա:
Արևմուտքի ու Ռուսաստանի հակադրությունը Ուկրաինայում օրըստօրե խորանում է` միջազգային ու եվրոպական անվտանգության համար նոր սպառնալիքներ ու մարտահրավերներ ստեղծելով:
Արևմուտքն ակտիվորեն սկսել է քննադատել Ռուսաստանին ուկրաինական ճգնաժամը խորացնելու և անջատողականներին աջակցություն ցույց տալու մեղադրանքներով:
Ինչպես օրերս հայտարարեց Հյուսիսատլանտյան դաշինքի ուժերի գլխավոր հրամանատար Ֆիլիպ Բրիդլավը, ՆԱՏՕ-ն կարող է Ռուսաստանի քայլերին ի պատասխան Արևելյան Եվրոպայում մշտական ռազմական կոնտինգենտ տեղակայել: Գեներալի խոսքով` զինուժի նախկին դասավորվածությունը, Ղրիմի` Ռուսաստանին միանալու պարագայում, արդեն չի համապատասխանում իրավիճակին:
Ներկայումս ՆԱՏՕ-ն էապես ավելացրել է ռազմական ներկայությունն իր արևելյան սահմաններում: Լիտվա, Լեհաստան, Լատվիա և Էստոնիա են տեղափոխվել ՆԱՏՕ-ի բավական լուրջ ռազմական ուժեր: Այդ միջոցները, ինչպես նշում է ՆԱՏՕ-ի գլխավոր հրամանատարը, ձեռնարկվել են որպես նախազգուշացում Ռուսաստանի կողմից Արևելյան Եվրոպայի երկրների հանդեպ հնարավոր ագրեսիայի դեմ:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ռուսաստանի շուրջը ՆԱՏՕ-ի ռազմական կոնտինգենտը մեծանում է, ռուսական զինուժը պարապ նստած չէ: Բացի այդ, Ռազմական քաղաքագետների ասոցիացիայի անդամ Ալեքսանդր Պերենջևի հավաստմամբ, Ուկրաինայի սահմանին իր զորքերն է մոտեցրել նաև Սլովակիան: «Սլովակիայի իշխանությունները բացահայտ հայտարարել են, որ պատրաստ են Ուկրաինայի տարածքի մի մասը վերցնել` այն նույն Գալիցիան, որին ապօրինի տիրում է Ուկրաինան: Նրանք կարող են իմիտացիա անել, թե գործում են ԱՄՆ-ի կողմից, բայց հետապնդում են հենց սեփական ազգային ու պետական շահերը»,- նշել է փորձագետը:

Ռազմական առճակատման գնալ Ռուսաստանի հետ, ամենայն հավանականությամբ, ոչ ոք չի ուզում և չի փորձի, բոլորն են հասկանում ռուսական զինվորական մեքենայի ուժը: Ուստի մնում է մեկ այլ տարբերակ` քաղաքական, այսինքն` սանկցիաների միջոցով ճնշել Ռուսաստանին կամ բանակցությունների սեղանի շուրջ զիջումներ կորզել: Այս երկուսի առումով էլ մի հանգամանք կա, որ որոշիչ է. ուկրաինական դեպքերի կապակցությամբ Արևմուտքը հետզհետե տարակարծության ուղիով գնաց, իսկ Ռուսաստանում ընդհակառակը` կոնսոլիդացիա դրսևորովեց:

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին էլ Ուկրաինայի արևելյան շրջաններում հանրաքվե անցկացնելու հարցի քննարկումից հետո ԵՄ արտաքին քաղաքականության գլխավոր հանձնակատար Քեթրին Էշթոնի հետ ունեցած համատեղ ասուլիսում նշեց, որ Ուկրաինայի իշխանությունները երկրի հարավային ու արևելյան շրջաններին առօրյա ինքնակառավարման հարցում ավելի մեծ լիազորություններ են տալիս, քան Ռուսաստանն իր ռեգիոններին, և Ռուսաստանին սպառնաց նոր սանկցիաներով` ուղղված ռուսական տնտեսության ամբողջական սեկտորների դեմ. «Մենք ծայրաստիճան մտահոգված ենք Դոնեցկի և Լուգանսկի պրոռուսական անջատողականների կողմից մայիսի 11-ին կեղծ հանրաքվե անցկացնելու փորձերով: Մենք լիովին մերժում ենք Ուկրաինայի մասնատման այդ փորձը: Դա Ղրիմի սցենարի կրկնությունն է, և ոչ մի քաղաքակիրթ ազգ այդ հանրաքվեն չի ճանաչի: Իսկ մայիսի 25-ին նախատեսվող նախագահական ընտրությունները ռուսական տարրերի կողմից սաբոտաժի ենթարկելը ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից նոր սանկցիաների կհանգեցնեն»,- նշել է Քերրին:

Արևմուտքն ամենևին էլ Արևմուտք չէ

Այս դեպքում, իհարկե, պետք է որոշակի վերապահումով մոտենալ ԵՄ եզրույթին: Օրինակ` Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Սպիտակ տուն հասցրեց գերմանական բիզնես լոբբիի հստակ մեսիջը: Ինչպես նշվում է ամերիկյան հեղինակավոր The Wall Street Journal-ում, վերջին շաբաթների ընթացքում գերմանական խոշորագույն ընկերությունները, ներառյալ քիմիական BASF կոնցեռնը, Siemens ընկերությունների խումբը, Volkswagen-ը, Adidas-ը, Deutsche Bank-ը և այլն, իրենց աներկբայելի անհամաձայնությունն են հայտնել Ռուսաստանի դեմ ավելի լայն տնտեսական պատժամիջոցների կիրառման կապակցությամբ: Պարբերականը նշում է, որ ուկրաինական ճգնաժամի խորացմանը զուգընթաց` գերմանացի պաշտոնյաների գլխին սկսել է տեղալ ընկերությունների թոփ-մենեջերների հեռախոսազանգերի տարափը, որոնցով նրանք կոչ են արել քաղաքական գործիչներին չդիմել քայլերի, որոնք կարող են վնաս հասցնել Ռուսաստանում գերմանական բիզնեսի շահերին:
Կարնեգի հիմնադրամի եվրոպական կենտրոնի հետազոտող Ուլի Շպեկի կարծիքով` ուկրաինական ճգնաժամում Գերմանիան չեզոք դիրք է բռնում:
Ու թեև Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն իր թվիթերյան էջում դեռևս ապրիլի 4-ին գրել էր, թե «ոչ ոք չպետք է կասկած ունենա ԵՄ-ի` Ռուսաստանի դեմ սանկցիաներ կիրառելու վճռականության հարցում», Շպեկը նշում է, որ Ռուսաստանը շարունակում է ապակայունացնել Ուկրաինան:
«Դիվանագիտությունը չհաջողվեց. ԵՄ-ն պետք է էական սանկցիաներ հղանա ու կիրառի հիմա կամ էլ կկորցնի իր հանդեպ ամբողջ վստահությունը»,- համոզված է փորձագետը:
Նրա կարծիքով` գերմանացիները պատրաստ չեն Ռուսաստանին դիմակայելու, ուստի «որքան ԱՄՆ-ի դերը բարձրանում է ուկրաինական ճգնաժամի հարցում, այնքան ավելի շատ Գերմանիան անցնում է իր սիրելի դիրքավորմանը` չեզոքությանը»:
Գերմանիան Եվրոպայի միակ երկիրը չէ, որ չի ցանկանում Մոսկվայի նկատմամբ ավելի կոշտ դիրքորոշում որդեգրել: Իտալիան և Հունաստանը նույնպես Ռուսաստանի նկատմամբ ավելի կոշտ դիրքորոշման դեմ են արտահայտվում: Բացի այդ, The Wall Street Journal-ը նշում է, որ ամերիկյան գործարարները ևս, որոնց համար Ռուսաստանում ավելի քիչ բան է դրված խաղաքարտերին, Օբամայի վարչակազմին իրենց մտահոգություններն են հայտնել հետագա պատժամիջոցների կապակցությամբ:
Ռուսաստանի դեմ ավելի կոպիտ պատժամիջոցների կիրառման դեմ է հանդես գալիս նաև Չինաստանը: Փաստորեն փոքրանում է պատժամիջոցներով Ռուսաստանի վրա ազդելու հավանականությունը:
Կարելի է փաստել, որ Արևմուտքը չի կարողանում կոնսոլիդացված հանդես գալ Ռուսաստանի դեմ, և օր օրի ավելի են շատանում այն մարդիկ ու պետությունները, որոնք արտահայտվում են, այսպես ասած, Արևմուտքի շահերի տիրույթից դուրս: Չփորձելով մեջբերել արևմտյան լրատվամիջոցների, տարբեր վերլուծաբանների, տեսաբանների ու գործիչների տեսակետներն այս հարցում, նշենք միայն մի հետաքրքիր մասնագիտական տեսակետ:
Եվրոպացի քաղաքական վերլուծաբան Ֆինիան Քաննինգհեմը կարծում է, որ ուկրաինական իշխանությունների գործողությունները, առաջնորդվելով Արևմուտքի ցուցումով, նպատակաուղղված են հրահրել ՌԴ-ին, որ պատասխան քայլեր անի և Արևելյան Ուկրաինայի տարածք զորք մտցնի:
Իրանական Press TV լրատվամիջոցի համար գրված հոդվածում Քաննինգհեմը նշում է, որ վերջին շաբաթների ընթացքում ԱՄՆ-ն և իր եվրոպացի դաշնակիցները ակտիվորեն Ռուսաստանին մեղադրում են Ուկրաինայի հարավում և արևելքում անցկացվող բողոքի ցույցերն ուղղորդելու մեջ` դրա համար ոչ մի հիմնավոր փաստարկ չունենալով:
Վաշինգտոնը պնդում է, թե Մոսկվան առիթ է փնտրում Ուկրաինայի տարածք ներխուժելու համար: Քաննինգհեմի կարծիքով` եթե Մոսկվան հիմա արձագանքի այս հայտարարություններին ու խառնվի ստեղծված իրավիճակին, ապա Արևմուտքը «կպայթի» հայտարարություններով, թե իբր իրականացան իրենց ամենաահավոր ենթադրությունները:
Քաննինգհեմը հավելում է, որ Ռուսաստանին պետք չէ արձագանքել արևմտյան պրոպագանդային և ուշադրություն դարձնել սպառնալիքների վրա, այլ հիմնվելով իրական փաստերի վրա` պետք է ավելի վստահ ու խիզախ գործի:
Վերլուծաբանի կարծիքով` եթե մի կողմ շպրտվեն արևմտյան քաղաքական գործիչների պահանջները, ապա փաստերը ցույց են տալիս, որ Ուկրաինայում անկարգություններն ու բռնությունը Արևմուտքի դիվերսիայի արդյունքն են:

Մեկնաբանը ենթադրում է, որ Ռուսաստանի վճռական քայլերը 2008 թ. Հարավային Օսիայի հարցում ստիպեցին Վաշինգտոնին հրաժարվել իրենց նպատակադրած պլաններից: Նրա կարծիքով` ամերիկացի քաղաքական գործիչները օրիգինալ չեն ու մեկ անգամ ևս կիրառում են նույն տակտիկան, սակայն Ռուսաստանի նախագահի վրա ճնշումներ բանեցնելը, Քաննինգհեմի կարծիքով, «վախկոտ բլեֆ» է: Ըստ նրա` ամբողջ աշխարհում, ներառյալ ԱՄՆ-ում ու Եվրոպայում, ավելի ու ավելի է շատանում այն մարդկանց թիվը, որոնք ստի ու պրոպագանդայի մշուշի միջից սկսում են տեսնել Ուկրաինայում ստեղծված վիճակի իրական պատկերը: Վերլուծաբանը ավելացնում է, որ եթե Մոսկվան ուկրաինական ճգնաժամի հարցում անցնի վճռական գործողությունների, ապա միջազգային հանրությունը նրա կողմից կլինի:
Թե ինչ ուղղություն կստանան հետագա գործընթացները, դժվար է ասել, բայց սառը պատերազմը կարծես հետզհետե վերածվում է տաքի, դրանից բխող բոլոր բացասական հետևանքներով…

 

Եվրոպայի մահմեդակաները պահանջում են իսլամը ճանաչել պաշտոնական կրոն

Վիենայում Ժողովրդավար ինստիտուտների և մարդու իրավունքների բյուրոյի կողմից անցկացվել է  «Իրավապահական քայլերը իսլամաֆոբիայի հողի վրա կատարվող հանցագործությունների դեմ պայքարում» թեմայով կոնֆերանս: Հաշվի առնելով Եվրոպայում իսլամաֆոբիայի հետևանքով հանցագործությունների թվի աճը՝ կոնֆերանսի մասնակիցները քննարկել են համապատասխան օրինագծի ընդունման հարցը, որը կերաշխավորի իսլամԵվրոպայում ապրող  մահմեդակաների իրավահավասարությունը և կկանխի նրանց նկատմամբ ատելության պատճառով տեղի ունեցող հանցագործությունները:

Կրոնի հարցերով ավստրիական վարչության ղեկավար Ֆուադ Սանաչը նշել է, որ  մահմեդակաների նկատմամբ թշնամական վերաբերմունքի պատճառը այն է, որ իսլամը իրավաբանորեն չի ճանաչվում որպես կրոն: Այսինքն առաջ է քաշվում եվրոպական բոլոր երկրներում իսլամը պաշտոնական կրոն ճանաչելու հարցը:
Անկախ

Ավստրիայում ձերբակալել են “ամենահիմար” հանցագործին

3652230Զալցբուրգի ոստիկանները ձերբակալել են “ամենահիմար” հանցագործին: Նրան  նման անվանում է տվել  մամուլը:

ИТАР-ТАСС-ը հայտնում է, որ մեքենայությունների մեջ կասկածվող մի տղամարդ դիմել է ոստիկանություն` ճշտելու, թե արդյո՞ք ինքը գտնվում է որոնման մեջ:

Ավստրիական ռադիոյի և հեռուստատեսության հաղորդմամբ` 59-ամյա գերմանացին դիմել է Զալցբուրգի ոստիկանության տեղամասերից մեկը` խնդրելով պարզել, թե արդյո՞ք ինքը հետախուզման  մեջ է: Ոստիկանները ստուգել են իրենց արխիվները և պարզել, որ տղամարդը իսկապես հետախուզման  մեջ է: Նա մեղադրվում է սեփականության յուրացման և խարդախության մեջ, իսկ վիեննական դատարանը նրան ձերբակալելու թույլտվություն է տվել:

Հանցագործն  անմիջապես ձերբակալվել է և տեղափոխվել Զալցբուրգի բանտ:

Եվրոպայի հակառասիստ ակտիվիստները գնում են Թուրքիա՝ հարգելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը.NEWS.am

205359Եվրոպայի հակառասիստական շարժումն ու Համահայկական բարեգործական միության եվրոպական մասնաճյուղը թուրք ակտիվիստների հրավերով կայցելեն Թուրքիան՝ հարգելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, Ստամբուլում, ապրիլի 21-25-ին,հաղորդում է NEWS.am-ը:

Բացի այդ, երկու եվրոպական կազմակերպությունների ու թուրքական «DurDe» կազմակերպության ներկայացուցիչներն ապրիլի 25-ին կայցելեն նաեւ Երեւան՝ մասնակցելու հիշատակի արարողություններին:

Ինչպես գրում է «Nouvelles d`Arménie» ամսագիրը, արդեն երկրորդ անգամ եվրոպական պատվիրակությունը՝ բաղկացած մոտավորապես հակառասիստական 20 կազմակերպությունների առաջնորդներից եւ 15 երկրներ ներկայացնող հայերից, Թուրքիայում կմասնակցեն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի արարողություններին:

Այս նախաձեռնությանն աջակցում են բազմաթիվ հայտնի մարդիկ, այդ թվում Շառլ Ազնավուրը, Սերժ Քլարսֆելդը, Բերնար Քուշները, Դարիո Ֆոն, Ադամ Միխնիկը, Բեռնար Անրի Լեւին, Թահար բենջելունը, Ահմեդ Ինսելը, Օլիվերո Տոսկանին, Յովան Դիվնյակը, ինչպես նաեւ եվրոպական, թուրքական եւ հայկական քաղաքացիական հասարակությունների բազմաթիվ ներկայացուցիչներ, որոնք ստորագրել են համապատասխան ուղերձի տակ:

Այդ ուղերձը մոտ օրերս կհրապարկվի եվրոպական մամուլում, այդ թվում ֆրանսիական «Le Monde»-ում, իտալական«La Repubblica»-ում, լեհական «Gazeta Wyborcza»-ում, բելգիական «Le Soir»-ում, դանիական «Kristeligt Dagblad»-ում, պորտուգալական «Publico»-ում, շվեյցարական «La Tribune de Genève»-ում եւ եվրոպական այլ երկրների հայտնի թերթերում:

Անկախ

Իրան-Ռուսաստան. գազային հակամարտությու՞ն

Iranrussia gaz problemԻրանի արդյունաբերության և առևտրի նախարար Մոհամմեդ Ռեզա Նամաթզադեն լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Իրանն առաջարկում է Եվրոպային ապահովել գազով: Համաձայն նախարարի խոսքերի, Իրանը ցանկանում է կարևոր դեր խաղալ գազի համաշխարահային շուկայում:

Նամաթզադեն ընդգծել է, որ Իրանն այս գործընթացում չի ցանկանում մրցակցել Ռուսաստանի հետ:

«Եվրոպայի գազի կարիքներն  անընդհատ աճում են, և Իրանը կարող է նպաստել այդ կարիքների ապահովմանը: Իրանն Եվրոպայի համար կարող է դառնալ հուսալի և երկարատև գործընկեր: Մեր երկիրն ունի գազի մեծ պաշար ու ծրագրում է համագործակցել արտասահմանյան գործընկերների հետ: Իսկ ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա վերջնական որոշումը կայացնելու է Եվրոպան »,- ասել է նախարարը:

ՊԳԿ. Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի սնուցման խնդիրները

սնունդԱյս տարածաշրջանի խնդիրներից են վիտամինների եւ հանքային նյութերի պակասը, թերաճը եւ ճարպակալումը

 
ԲՈՒԽԱՐԵՍՏ, 2014թ. ապրիլի 1. Ընդհանուր առմամբ եւ կալորիաների սպառման տեսակետից, 53 երկրներ ներառող Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում քաղցի ցուցանիշը պետք է նվազի` հասնելով մեկ տոկոսից էլ ցածր թվի մինչեւ 2050թ.: Այդուհանդերձ, որոշ երկրներում այսօր նկատելի են սնուցման հետ կապված մշտական խնդիրներ:

 

Ահա վաղը Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում մեկնարկող, երկու տարին մեկ կազմակերպվող ՊԳԿ Եվրոպայի տարածաշրջանային համաժողովի նախօրեին ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) կողմից ներկայացված պատկերը:

 

Եվրոպայում եւ Կենտրոնական Ասիայում պարենի եւ գյուղատնտեսության վիճակի վերաբերյալ ՊԳԿ-ի վերջին փաստաթղթում նշվում է, որ «կալորիաների սպառումը`որպես թերսնուցման չափման միջոց, ներկայում ամենամեծ խնդիրը չէ», թեեւ մի շարք երկրներ բացառություն են կազմում:

 

Ամբողջ տարածաշրջանում ընդամենը երկու երկիր դեռ չի հասել քաղցի նվազեցման միջազգային երկու հիմնական թիրախներին` «2001թ. Հազարամյակի զարգացման թիվ մեկ նպատակին» եւ «1996թ. Պարենի համաշխարհային գագաթնաժողովի նպատակին»: Երկու նպատակներն էլ ուղղված էին թերսնուցման կիսով չափ նվազեցմանը մինչեւ 2015թ.` ընդհանուր բնակչության համամասնությամբ եւ բացարձակ թվերով: Երեք երկրներում այսօր թերսնուցման ցուցանիշը դեռեւս գերազանցում է 5 տոկոսը:

 

Անբարենպաստ սննդակարգ , թերաճ երեխաներ

 

Այս փաստաթղթում ընդգրկված երկրներից շատերում ավելի լուրջ խնդիր են հանդիսանում համապատասխան միկրոտարրերի սպառման պակասը եւ սննդակարգերի «անբարենպաստ» որակը: Այդ պատճառով այս երկրները հաճախ ավելի ցածր վարկանիշ ունեն, քան աշխարհի մյուս տարածաշրջանները:

 

Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի երկրներում մինչեւ հինգ տարեկան թերաճ երեխաների միջին տոկոսային հարաբերությունն ավելի քան երեք անգամ բարձր է, քան ԱՊՀ եվրոպական երկրներում, որտեղ այդ թիվը 6 տոկոս է կազմում:

 

Հարավ-արեւելյան Եվրոպայի խմբի երկրներում երեխաների թերաճության համեմատաբար բարձր ցուցանիշ է արձանագրվել երկու երկրներում:

 

Որոշ երկրներում սննդակարգը միատեսակ է: Որոշ երկրներում բնակչության ամենաաղքատ խավն իր օրական կալորիաների 73 տոկոսը ստանում է հացահատիկի եւ ընդամենը 10 տոկոսը` կաթնամթերքի կամ մսամթերքի հաշվին: Ի տարբերություն դրանց, ավելի բարձր եկամուտ ունեցող երկրների խմբում սննդակարգն ավելի հավասարակշռված է. այստեղ մարդիկ հացահատիկից ստանում են կալորիաների ընդամենը 48 տոկոսը, իսկ 29 տոկոսը` կենդանական ծագում ունեցող մթերքներից:

 

Փաստաթղթում նշվում է, որ Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում աճ է գրանցվում մրգի եւ բանջարեղենի արտադրության ոլորտում, եւ այս միտումը հույս է ներշնչում, որ սննդակարգն այս երկրներում ավելի բազմազան եւ որակյալ կդառնա:

 

Ճարպակալումը գերազանցում է համաշխարհային միջին ցուցանիշները

 

Դիտարկվող երկրներում հավելյալ քաշ ունեցող մարդկանց թվի աճ է գրանցվել:  Առողջապահության համաշխարհային կազմակերպության չափանիշների համաձայն, Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի երկրներում մարդկանց 48 տոկոսի եւ ԱՊՀ եվրոպական եւ Հարավ-արեւելյան Եվրոպայի երկրներում բնակչության ավելի քան 50 տոկոսի մոտ հավելյալ քաշ կամ ճարպակալություն է արձանագրվել: Փաստաթղթի հեղինակները զգուշացնում են, որ հավելյալ քաշը մեծացնում է սննդակարգի հետ կապված հիվանդությունների ռիսկը եւ ավելացնում առողջապահական հաստատությունների ծանրաբեռնվածությունը, հատկապես սուղ ֆինանսական ռեսուրսներ ունեցող աղքատ երկրներում:

 

Սննդի բարձր եւ անկայուն գին

Կենտրոնանալով պարենային տեսանկյունից առավել անապահով երկրների խմբի` Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի վրա, ՊԳԿ-ն նշում է, որ չնայած վերջին տարիներին արձանագրված գյուղատնտեսական արտադրանքի զգալի աճին, բոլոր երկրները, բացի Ուզբեկստանից, շարունակում են գյուղատնտեսական ապրանքներ ներմուծել:  Զգալի կախվածությունը ներկրվող ապրանքներից այս երկրներն ավելի խոցելի է դարձնում միջազգային գների տատանումների կամ արտահանումից գոյացող եկամուտի մակարդակի նկատմամբ:

 

Սպառողների մակարդակով այս երկրներում տնտեսությունների բյուջեների միջինում 30 տոկոսը ծախսվում է սննդի վրա, մինչդեռ Գերմանիայում եւ Չեխիայի Հանրապետությունում այդ թիվը համապատասխանաբար 10 եւ 13 տոկոս է կազմում: Ամենաաղքատ ընտանիքները հակված են իրենց եկամտի շատ  ավելի բարձր մասնաբաժին ծախսել սննդի վրա, որոշ դեպքերում`մինչեւ 70 տոկոսի չափով:

 

Ո՞ր ուղղությամբ շարժվել

 

Փաստաթղթում դիտարկված 18 երկրների մարդկային առողջության եւ զարգացման հեռանկարները մեծապես կախված կլինեն ազգային կառավարությունների քաղաքականության ընտրությունից: Հիմնական հանձնարարականը հստակ է. «Կառավարությունները պետք է ջանքերն ուղղեն գյուղատնտեսական ու գյուղական ոլորտի վերականգնման եւ զարգացման համապարփակ մոտեցման մշակմանն ու իրականացմանը»:

 

Առաջարկվում են պարենային անվտանգության եւ սնուցման ազգային քաղաքականության մի շարք առանցքային բաղադրիչներ.

 

ü  Քաղաքականության կենտրոնացում փոքր հողատեր արտադրողների վրա` գյուղերում աղքատության նվազեցման, արտադրանքի մեծացման եւ գյուղատնտեսական մրցունակության բարելավման նպատակով

ü  Հրաժարում լայնածավալ արտադրությունից եւ մեկ կամ երկու ապրանքի վրա հույս դնելուց

ü  Ընդհանուր տնտեսական աճ

ü  Խուսափում սպառողական  լրավճարներից  եւ գնի վերահսկողությունից

ü  Եկամտի վերաբաշխման եւ սոցիալական ապահովության ծրագրեր` նպատակուղղված բնակչության խոցելի խմբերին

ü  Առեւտրային եւ միջազգային համագործակցություն

ü  Հզոր գիտական եւ տեխնոլոգիական համակարգ, որը խթանում է գյուղատնտեսական ոլորտի նորարությունները

 

«Պարենի եւ գյուղատնտեսության վիճակը տարածաշրջանում, այդ թվում նաեւ ապագա հեռանկարները եւ ծագող խնդիրները» փաստաթուղթը պատրաստվել է ՊԳԿ Եվրոպայի 29-րդ տարածաշրջանային համաժողովին անդամ երկրների դիտարկումները  ներկայացնելու նպատակով: Նույն վերնագիրը կրող օրակարգի կետը նախատեսված է ներկայացնել չորեքշաբթի, ապրիլի 2-ի առավոտյան: Ընդհանուր առմամբ մասնակցության հայտ է ներկայացրել 44 երկրի պատվիրակություն:

 

 

ՀՂՈՒՄՆԵՐ

  • «Պարենի եւ գյուղատնտեսության վիճակը տարածաշրջանում» – ամբողջական փաստաթուղթ, որ ներառում է սննդի անվտանգության, եկամուտների, տնտեսությունների ծախսերում սննդի մասնաբաժնի եւ այլնի վերաբերյալ ազգային տվյալները համեմատող աղյուսակներ ու գրաֆիկներ http://www.fao.org/docrep/meeting/030/mj597e.pdf
  • ՊԳԿ Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակ  www.fao.org/europe
  • Տարածաշրջանային համաժողովի կայքերը

www.fao.org/europe/regional-conference/cw2014/en/

www.fao.org/about/meetings/erc29/en/

  • Ձայնային հարցազրույց Ռայմունդ  Յելեի հետ Եվրոպայում եւ Կենտրոնական Ասիայում պարենի եւ գյուղատնտեսության վիճակի վերաբերյալ (4’45”) :  http://www.fao.org/news/audio-video/detail-audio/en/?uid=10433.

 

 

ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ

ԿովկասեւԿենտրոնականԱսիա`  Հայաստան, Ադրբեջան, Վրաստան, Ղազախստան, Ղրղզստան, Թաջիկստան, Թուրքմենստան, Ուզբեկստան:

ԱնկախպետություններիհամագործակցությանկամԱՊՀ–իանդամ ԱրեւելյանԵվրոպայիերկրներ`  Բելառուս, Մոլդովայի Հանրապետություն, Ռուսաստանի Դաշնություն եւ Ուկրաինա:

Հարավ–արեւելյանԵվրոպա`  Ալբանիա, Բոսնիա եւ Հերցեգովինա, Մոնտենեգրո, Սերբիա, Մակեդոնիայի նախկին հարավսլավական հանրապետություն, Թուրքիա:

Անկախ

Ադրբեջանի 2360 քաղաքացի Եվրոպայում ապաստան է խնդրել

ադրբեջան-եվրոպա2013թ.-ի ընթացքում Ադրբեջանի 2360 քաղաքացի դիմել է ԵՄ երկրներին՝ ապաստան ստանալու խնդրանքով: Այս մասին նշված է ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն կոմիսարի վարչության “Միտումները՝ ապաստան որոնելու ոլորտում -2013” խորագրով զեկույցում, հաղորդում է “Հագին” լրատվական կայքը:

Ըստ 2013թ.-ի տվյալների՝ Ադրբեջանը ապաստան որոնողների թվում 33-րդ տեղն է զբաղեցնում: Ընդհանուր առմամբ նախորդ տարվա ընթացքում Եվրոպայում ապաստան գտնելու համար դիմել է 484.600 մարդ: Նրանց համար առավել գրավիչ երկրներն են Գերմանիան, Ֆրանսիան և Շվեդիան:

Peugeot 308-ը ճանաչվել է Եվրոպայի տարվա մեքենա 2014 (լուսանկարներ)

Geneva Motor ShowՊեժոյի նոր 308 փոքր, ընտանեկան, հեչբեկ դիզայնով ավտոմեքենան ճանաչվել է Եվրոպայի տարվա մեքենա:

Պեժոյի անվանակարգումը տեղի է ունեցել Շվեյցարիայի Ժնևի ավտոշոուի ժամանակ, որտեղ հավաքվում են աշխարհի ավտոարտադրողները:

58 անդամից բաղկացած միջազգային ժուրին 307 միավոր է տվել Peugeot 308-ին:

Ֆրանսիական հեչբեկը այս կերպ առաջ է անցել իր վեց մրցակից մեքենաներից՝ ներառյալ էլեկտրական շարժիչով BMW i3-ը (223 միավոր), Tesla S-ը (216 միավոր), Citroen C4 Picasso-ն (182 միավոր), Mazda3-ը (180 միավոր), Skoda Octavia-ն (170 միավոր) և Mercedes-Benz S-Class-ը:

Սոշոյում արտադրված նոր 308-ը թողարկվել է 2013 թ-ի վերջին չորս ամիսների ընթացքում:

Մեքենայի վաճառքը աշխարհի ամենամեծ ավտոշուկան ունեցող Չինաստանում կսկսվի 2015թ-ի սկզբներին:

Գարնան սկզբներին նոր 308-ի շարքը կհամալրվի ևս մեկ 308 SW մոդելով:

Անկախ

Խորվաթիան մեղադրում է Սերբիային ցեղասպանություն իրականացնելու համար

courtԽորվաթիան մեղադրում է իր հարևան Սերբիային 1990-ականների սկզբներին տեղի ունեցած հակամարտության ընթացքում ցեղասպանություն իրականացնելու համար:

Խորվաթիան դիմել է Միջազգային դատարանին՝ խնդրելով հայտարարել, որ Սերբիան խախտել է 1948թ-ի Ցեղասպանության կոնվենցիան, երբ 1991թ-ին Զագրեբի`  անկախության հռչակումից հետո նախկին Հարավսալվիայի դաշնային հանրապետության զորքերը փորձել են խորվաթներին դուրս հանել երկրի  տարածքներից:

Սա առաջին դեպքը չէ, որ Սերբիան համաշխարհային դատարանում մեղադրվել է ցեղասպանություն իրականացնելու համար: 2007թ-ին պատմական դատավարության արդյունքում դատարանը  1995թ-ին Բոսնիայի անկլավ Սրեբրենցիայում 8,000 մահմեդական տղամարդկանց սպանությունը ցեղասպանություն չհամարեց:

Ֆրանսիական հեռուստաալիքներով արգելվել է ցերեկային ժամերին ցուցադրել Մայլի Սայրուսի և Բրիթնի Սփիրսի տեսահոլովակները

miley-cyrus-britney-spearsՖրանսիական հեռուստաալիքները արգելել են Մայլի Սայրուսի և Բրիթնի Սփիրսի տեսահոլովակները ցուցադրել ցերեկային ժամերին: Ֆրանսիայի հեռարձակողների վերահսկող մարմնից հայտնել են, որ հեռուստաալիքները Սայրուսի “Wrecking Ball” և Սփիրսի “Work B**ch” տեսահոլովակները պետք է ցուցադրեն երեկոյան 10:00-ից հետո՝ մեծահասակների համար նախատեսված հաղորդումների ժամերին:

Հեռարձակողների վերահսկող մարմինը՝ CSA-ը, հինգշաբթի տարածած հայտարարության մեջ նշում է, որ հեռուստաալիքները ցերեկային ժամերին անհարկի հոլովակներ են ցուցադրում և նախքան ցուցադրումը երեխաներին էկրաններից հեռացնելու վերաբերյալ նախազգուշացում չի արվում ծնողներին:

Անցած տարի Սփիրսի այդ նույն հոլովակը նախքան երեկոյան ժամը 10:00 –ն արգելվել էր ցուցադրել Մեծ Բրիտանիայի հեռուստաալիքներով՝ ներառյալ MTV և The Box:

ՀՅԴ Երիտասարդականի ներկայացուցիչը Գերմանիայում բարձրացրել է Հայաստանի համար մի շարք կարևոր հարցեր

Garo   Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության Երիտասարդական կազմակերպության (Jusos) հրավերով ՀՅԴ Երիտասարդականից մեկ ներկայացուցչիչ՝ Կարապետ Շադոյանը Ավստրիայից, օրերս Նյուրնբերգում մասնակցել է հիշյալ կազմակերպության տարեկան համագումարին։

Համագումարին մասնակցում էին կազմակերպության մօտ 400 անդամներ և հյուրեր` Նիդեռլանդներից, Բելգիայից, Շվեդիայից և այլն։ Համագումարին մասնակցում էին նաև Սոցիալիստ երիտասարդների միջազգային միության (IUSY) և Եվրոպական սոցիալիստ երիտասարդներ (YES) կազմակերպությունների պատասխանատուները։

Համագումարում ելույթ  է ունեցել ՀՅԴ Երիտասարդականի ներկայացուցիչը, որն անդրարձել է Հայաստանի ներկայիս իրավիճակին, նշելով, որ երկիրը գտնվում է շրջափակման մեջ, Թուրքիան շարունակում է ժխտել Հայոց ցեղասպանության իրողությունը, Ադրբեջանում և Թուրքիայում սերունդ է դաստիարակվում հայատյացության գաղափարներով, Արցախում` ոչ պատերազմ, ոչ խաղաղության իրավիճակ է, Ջավախքում ոտնահարում են հայ փոքրամասնության իրավունքները և, այս ամբողջի հիմնական զոհը  երիտասարդներն են։

Կարապետ Շադոյանը ընդգծել է, որ այս ամբողջի մեջ մեծապես մեղք ունեն եվրոպացիները, որովհետև անտարբեր են տարածաշրջանի հարցերի նկատմամբ և թվում է, ցանկություն չունեն հարցերը արդար կերպով լուծելու։ Նա նշել է, որ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության որոշման նկատմամբ ցանկացած քննադատության անտեղի է, որովհետև այդպիսով հայերը մտածում են, որ գոնե ապահով կմնան, իսկ եվրոպացիները Հայաստանին օժանդակելու հարցում թերացել են։

Համագումարի ավարտին ընդունվել են բանաձևեր, որոնցից մեկում շեշտվել է, որ Թուրքիայի կողմից մարդու իրավունքների հարգումը նախապայման պետք է լինի Թուրքիայի Եվրամիության անդամակցության համար։

Համագումարին մասնակցել է Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը, որը դասախոսություն է կարդացել Եվրամիության վիճակի և գալիք ընտրությունների մասին։ ՀՅԴ Երիտասարդականի ներկայացուցիչը հանդիպում է ունեցել Մարտին Շուլցի հետ, որին հանձնել է Արցախի և ՀՅԴ Երիտասարդականի մասին բրուշուրներ։

Համագումարին մասնակցել և ելույթ է ունեցել Գերմանիայի Ընկերվար Սոցիալ-դեմոկրատական կուսակցության (SPD) նախագահ` Զիգմար Գաբրիելը։

ՀՅԴ Բյուրոյի Երիտասարդական գրասենյակից Անկախին տեղեկացնում են, որ

ՀՅԴ Երիտասարդականի ներկայացուցիչը երկկողմանի հանդիպումներ է ունեցել ԸԵՄՄ-ի, ԵԸԵ-ի և այլ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։

Եվրոպայի նախարարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը

David LidingtonԵվրոպայի նախարարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների  նոյեմբերի 19-ին Վիեննայում Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ կայացած հանդիպումը: Այս մասին ասվում է ՄԹ Արտաքին գործերի նախարարության մամուլի բաժնի տարածած հաղորդագրության մեջ:

Եվրոպայի նախարար Դեյվիդ Լիդինգթոնն ասել է. «Ես ողջունում եմ Ադրբեջանի նախագահ Ալիևի և Հայաստանի նախագահ Սարգսյանի միջև նոյեմբերի 19-ին Վիեննայում կայացած հանդիպումը: Այս հանդիպումը, որը համակարգվում էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից և առաջինն էր 2012-ի հունվարից հետո, դրական քայլ է նախանշում վերսկսելու պարբերական և բովանդակային քննարկումներ երկու առաջնորդների միջև:

Մենք խրախուսում ենք երկու նախագահներին շարունակել Վիեննայում սկսած գործընթացը և ակտիվորեն աշխատել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը խաղաղարար և երկարաժամկետ լուծումներ  տալու համար»:

Իսպանացի դաշնակահարին 7 տարվա ազատազրկում է սպառնում պարապելու համար

spanish pianistԻսպանիայի դատախազները ցանկանում են  երիտասարդ դաշնակահարին յոթ տարվա ազատազրկման դատապարտել, քանի որ նրա հարևանը նրան մեղադրել է հոգեբանական վնաս հասցնելու և աղմկարարության մեջ:

Հայցվորը պնդում է, որ ինքը 2003-ից մինչև 2007թ-ը Պուչսերդա քաղաքում շաբաթական հինգ օր տանջվել է իր ներքևի հարևան Լայյա Մարտինի ութ ժամյա փորձերից:

27-ամյա Մարտինը, որն այժմ պրոֆեսիոնալ դաշնակահար է, ժխտում է, որ տանը այդքան հաճախակի փորձեր է կատարել, քանի որ ինքն այլ քաղաքներում կանոնավոր պարապմունքների էր հաճախում:

El Pais թերթը, մեջբերելով հայցվորին, երկուշաբթի նշել է, որ նա այժմ ատում է դաշնամուրները և արդեն տեղափոխվել է այդ բնակարանից:

Կատալոնիայի արդարադատության տրիբունալի ներկայացուցիչը տեղեկացրել է, որ դատավարությունը կշարունակվի երեքշաբթի օրը և կավարտվի նոյեմբերի 15-ին:

Հայաստանին առաջարկվում է գայթակղիչ, բայց վտանգավոր ընտրություն

armenia-europeԵթե անցյալ տարի որևէ մեկն ասեր, որ ընդամենը մեկ տարուց մեր տարածաշրջանում ուժերի ու քաղաքական գործընթացների այնպիսի ընթացք կարձանագրվի, ինչպիսին այսօր է, թերևս, ծիծաղի կարժանանար: Բայց այսօր տեսնում ենք, որ թե՛ Արևմուտքը և թե՛ Ռուսաստանը բավական կոշտ ու վճռական քայլերի են դիմում Հարավային Կովկասում: Այդ քայլերի ազդեցությունը մենք ամեն օր զգում ենք:

Նախանցյալ շաբաթ Երևանում հաջողությամբ ավարտվեց Հայաստանի և ԵՄ-ի միջև Խոր և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման հետ կապված բանակցությունների վերջին` 7-րդ փուլը: Դա նշանակում է, որ կողմերն արդեն իսկ պատրաստ են նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում համապատասխան համաձայնագրի ստորագրմանը: Այս կապակցությամբ համատեղ հայտարարությամբ հանդես եկան ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը և ԵՄ ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն` նշելով. «2010 թ. սկսված այդ բանակցությունների ավարտը մեծ ձեռքբերում է երկկողմ հարաբերություններում: Դա կողմերին հնարավորություն կտա անցկացնելու բարեփոխումներ` հիմնված ընդհանուր արժեքների վրա, խորացնել տնտեսական ինտեգրումը: Այդ համաձայնագրի ստորագրումը դրական կազդի Հայաստանի բնակիչների առօրյա կյանքի վրա` երկիրը մոտեցնելով Եվրամիությանը»:

Այսինքն` Հայաստանի` եվրաինտեգրման համար, բացի տեխնիկական խնդիրներից, որևէ խոչընդոտ այլևս գոյություն չունի, և ամեն ինչ կախված է Հայաստանի կամքից:

Սակայն օրեցօր ավելի է ընդգծվում Արևմուտքի ու Ռուսաստանի միջև առճակատման եզրագիծը, ու այս պայմաններում, բնականաբար, երկու կողմերից յուրաքանչյուրն ավելի կոշտ լծակներով է փորձելու ստիպել մեզ` բռնել իր կողմը:

Ինչպես նշում էր նախկին դեսպան, «Մոդուս Վիվենդի» կենտրոնի տնօրեն Արա Պապյանը, ռուսական կողմնորոշման միակ առավելությունն այն կլիներ, եթե Ռուսաստանը մեզ ռեալ երաշխիքներ տար, որ, օրինակ` Ղարաբաղի հարցում հստակ հայամետ դիրքորոշում է որդեգրում: Բայց նման բան չկա: Հետևաբար` Ռուսաստանի դերը պետք է լինի ՀՀ ֆիզիկական անվտանգությունն ապահովելը: Մյուս կողմից` Հայաստանը լավ է հասկանում, որ եթե դրսից փող չտան, Հայաստանի տնտեսությունը չի կարող գոյատևել, իսկ փող ունի Եվրոպան: Այսինքն` ԵՄ-ի հետ հարաբերությունները Հայաստանին, առաջին հերթին, պետք են հենց ֆինանսական առումով: Ու ռուսաստանյան կողմն արդեն սկսում է անցնել «ռուսական արջին» բնորոշ վայրի, բռի քաղաքական շանտաժի` փորձելով կշեռքի հակառակ նժարին դնել Հայաստանի ու ԼՂՀ-ի ռազմական անվտանգության հարցերը:

Այս ընթացքում Ռուսաստանը, թերևս վիրավորված Հայաստանի «դավաճանական» քայլերից, միանգամից ու գրեթե ամբողջապես է օգտագործում Երևանի վրա ազդելու իր ամբողջ զինանոցը` թե՛ տնտեսական ու էներգետիկ, թե՛ քաղաքական և թե՛ հոգեբանական ու քարոզչական: Ռուսաստանյան փորձագիտական շրջանակների կողմից արդեն որերորդ անգամ հնչում են տեսակետներ, թե «հայաստանյան արևմտյան թևը կարող է անգամ գերազանցել էքստրավագանտ Սահակաշվիլուն». նման տեսակետ օրեր առաջ «ԳԱԼԱ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել էր ռուս քաղաքագետ, ՌԴ հանրային պալատի անդամ Դենիս Դվորնիկովը: Առաջին հայացքից սա ռուսաստանյան փորձագիտական ու քաղաքագիտական շրջանակների անհանգստություն է թվում` Հայաստանի եվրաինտեգրման կուրսի կապակցությամբ: Սակայն մեկ այլ «փորձագիտական տեսակետի» հետ համադրելիս արդեն ակնհայտ է դառնում, որ սա ոչ այնքան անհանգստության դրսևորում է, որքան Հայաստանի նկատմամբ սանձազերծվող քարոզչական էքսպանսիա:

Ռուսական REX ինֆորմացիոն գործակալությունը հուլիսի 21-ին և 22-ին հաջորդաբար հրապարակեց ռուս քաղաքագետ, Մերձավոր Արևելքի և Կովկասի հարցերով փորձագետ Ստանիսլավ Տարասովի երկու հոդված` «շանտաժոտ» վերնագրերով` «Երևանը պատրաստվում է Լեռնային Ղարաբաղը հանձնել Ադրբեջանին» և «Ե՞րբ և որտե՞ղ է Ալիևն ընդունելու Սարգսյանի կապիտուլյացիան»: Այս հոդվածներով Տարասովը փորձում է առաջ մղել այն տրամաբանությունը, թե, իբր, Եվրամիության հետ ասոցացման քաղաքականության` Հայաստանի ընդունած կուրսը տանում է դեպի Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև մաքսային ու տնտեսական տարանջատման, ինչը նշանակում է, որ Հայաստանը, ընկնելով կապանքների մեջ Ադրբեջանում էներգետիկ շահեր ունեցող Արևմուտքից, մենակ է թողնում ԼՂՀ-ին Ադրբեջանի դեմ ու ստիպում Ստեփանակերտին իր անվտանգության ապահովման բանալին փնտրել ադրբեջանական հետաքրքրությունների տիրույթում: Նշվում է, թե ԵՄ ինտեգրման քաղաքականությունը տանում է դեպի ՆԱՏՕ-ին Հայաստանի անդամակցություն, ինչը հակասում է ՀԱՊԿ-ի սկզբունքներին: Դրանով Հայաստանը քանդում է իր ու Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխիքները: Ըստ Տարասովի` ելնելով վերոգրյալից` Հայաստանի իշխանությունը գործում է ոչ թե Ռուսաստանի հարավկովկասյան շահերի, այլ սեփական պետության և ազգային շահերի դեմ, որովհետև այդ քաղաքականությունը նշանակում է ԼՂՀ-ի անկախության զոհաբերում:

russia-armenia-flagsԱյս շեշտադրումների նպատակն առավել քան հասկանալի է. մի կողմից անվստահություն ներշնչել վարվող եվրաինտեգրման քաղաքականության նկատմամբ և առաջացնել հանրային դիմադրություն դրա նկատմամբ` պայմանավորված ազգային անվտանգության ապահովմանն առաջնահերթություն տալու հանգամանքով, երկրորդ` հասարակությանը մեծ հաշվով հանել սեփական իշխանության դեմ` դավադրության մեղադրանքով և այդ ճանապարհով ուժեղացնել ճնշումը ԵՄ-ի հետ ասոցացումից հրաժարվելուն տրամադրելու առումով: Ռուսաստանը դա անում է` չխորշելով դիմել ակնհայտ զեղծարարությունների և փաստերի աղավաղման, որը մանիպուլյացիաների միջոցով ներհայաստանյան և հանրային կարծիքի ուղղորդման փորձ է: Մասնավորապես` Տարասովն իր հոդվածում գրում է, թե ստեղծված իրավիճակը շատ նման է 20-րդ դարի երկրորդ և երրորդ տասնամյակի սահմանագծին տեղի ունեցող իրադարձություններին… Հիշեցնելով 20-ականների տխուր իրադարձությունները` Ռուսաստանը պարզապես զգուշացնում է` խելո՛ք մնացեք, եթե չեք ուզում մեր միջոցով կրկին կորցնել Լեռնային Ղարաբաղը…

Այստեղ հատկանշական է մեկ այլ` ոչ պակաս կարևոր իրադարձություն, որը, «չգիտես թե ինչու», դուրս մնաց հայկական ուշադրության կիզակետից: Բացի ֆինանսատնտեսական օգնությունից, Արևմուտքը, դատելով իրադարձությունների ընթացքից, նաև Հայաստանի հանդեպ որոշակի ռազմական աջակցության պարտավորություններ էլ է խոստանում ստանձնել: Առաջին օրինակն այն էր, որ Ադրբեջանին ռուսական զենք տրամադրելուց հետո, ինչպես նշվեց ադրբեջանական մամուլում, Եվրոպան մեզ գերմանական հակատանկային հրթիռներ տրամադրեց: Երկրորդ` հենց այն ժամանակ, երբ ռուսաստանյան փորձագիտական շրջանակները Հայաստանի դեմ քարոզչական արշավանք էին նախապատրաստում, Արցախ ժամանեց Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի օրենսդիր խորհրդի պատվիրակությունը: Հիշեցնենք, որ նախորդ տարի` հոկտեմբերի 25-ին, Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի օրենսդրական խորհուրդը միաձայն բանաձև ընդունեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման և 20 տարի առաջ իր անկախության մասին հայտարարած Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին:

Դա, ինչպես այդ ժամանակ բացատրեց ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը, նախազգուշացում էր Ադրբեջանին, քանի որ այդ օրերին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մեղադրանքներ էր հղել բրիտանական «Բրիթիշ փեթրոլիում» նավթարդյունաբերական ընկերությանը, որը, ինչպես գիտենք, միջազգային հարաբերություններում այնքան էլ երկրորդական սուբյեկտ չէ. Նոր Ուելսի նահանգապետը նշանակվում է Մեծ Բրիտանիայի թագուհու կողմից, այդ նահանգն Ավստրալիայի հնագույն նահանգն է` արդյունաբերական տեսանկյունից առավել զարգացած, որտեղ ապրում է Ավստրալիայի բնակչության մոտավորապես մեկ երրորդը, որի կազմի մեջ է գտնվում Ավստրալիայի խոշորագույն Սիդնեյ քաղաքը և այլն, այսինքն` սա պարզապես մի խուլ նահանգ չէ: Առավել ևս եթե նախորդ տարվա հոկտեմբերին այս նահանգի ձայնը բարձր լսվեց` հաշվի առնելով «Բրիթիշ փեթրոլիում»-Ալիև հակադրությունը: Իրադարձությունների ընթացքն այս պրիզմայով դիտարկելով` ԼՂՀ Ազգային ժողովում բավականին հատկանշական մեսիջներ հնչեցին ավստրալացի գործիչների շուրթերով:

«Նոր Հարավային Ուելս նահանգում, ընդունելով Արցախի ինքնորոշման իրավունքն ու անկախությանը սատարող բանաձև, ընդամենը սկզբնակետն ենք դրել մի գործընթացի, որը դեռևս շարունակվելու է: Կասկած չկա, որ ձեր երկրի ապագան կախված է նաև այս երկրի տնտեսական հաջողություններից, և մենք պատրաստ ենք մեր ուժերի ներածին չափով աջակցելու նաև այս գործում: Գաղտնիք չէ նաև, որ պետության հաջողությունը պայմանավորված է ինչպես նրա տնտեսական աճով, այնպես էլ սահմանների անձեռնմխելիությամբ, ու մենք պատրաստ ենք սատարելու ձեզ այդ գործում ևս»,- ԼՂՀ ԱԺ-ում հայտարարեց Նոր հարավային Ուելս նահանգի օրենսդիր խորհրդի անդամ, ԼՂՀ անկախության,   Ցեղասպանության ճանաչման ու դատապարտման օրինագծերի հեղինակ Մարի Ֆիկարան:

Ու երբ համադրում ենք իրադարձություններն ու փաստերը, ստացվում է հետաքրքիր պատկեր` Հայաստանը դրսից ակնկալում է ֆինանսատնտեսական ու ռազմատեխնիկական աջակցություն: Ընդ որում, Ռուսաստանը Հայաստանի տեսանկյունից դիտարկվում է որպես ռազմական անվտանգության երաշխավոր, իսկ Արևմուտքը` ֆինանսատնտեսական: Սակայն Ռուսաստանը, ռազմական աջակցությանը զուգահեռ, չի առաջարկում ֆինանսատնտեսական աջակցություն, մինչդեռ Արևմուտքը` տարբեր խողովակներով և ձևերով, պատրաստակամություն է հայտնում Հայաստանին ոչ միայն փող, այլև զենք էլ տրամադրել: Սրան գումարենք նաև, որ այն ժամանակ, երբ Ռուսաստանը սպառնում է ԼՂՀ-ի կորստով, Արևմուտքը, ԼՂՀ անկախությունը ճանաչած Նոր Հարավային Ուելսի պատվիրակների միջոցով հիշեցնում է, թե ովքեր են ճանաչել և դեռ ովքեր են պատրաստ ճանաչելու ԼՂՀ անկախությունը, ինչպես նաև ռազմական աջակցություն ցուցաբերել Հայաստանին ու ԼՂՀ-ին… Կողմնորոշվելը, բնականաբար, դառնում է գայթակղիչ, բայցև վտանգավոր…