Երևանի ավագանու ընտրություններ. Թիվ 08/23 ընտրատեղամասի հանձնաժողովի անդամներից մեկը ևս ներգրավվել է որպես մեղադրյալ

7795_bԵրևան քաղաքի ավագանու ընտրությունների օրը` 2013թ. մայիսի 5-ին, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թիվ 08/23 ընտրատեղամասում մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում որպես մեղադրյալ է ներգրավվել նաև նշված ընտրատեղամասի հանձնաժողովի անդամներից մեկը:

ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության Մալաթիայի բաժնում հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ 08/23 ընտրատեղամասի հանձնաժողովի անդամ Է.Մանուկյանը, վիճակահանությամբ հանդիսանալով այդ ընտրատեղամասում ընտրողներին քվեաթերթիկ և ծրար տրամադրող անձ, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչ Դ.Մխիթարյանին Երևանի ավագանու ընտրությունների օրը`2013թ. մայիսի 5-ին` ժամը 13:00-ի սահմաններում, տրամադրել է միանգամից երեք ծրար և երեք քվեաթերթիկ` մեկից ավելի անգամ քվեարկություն կատարելու նպատակով:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա Է.Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-153-րդ հոդվածով:

Հիշեցնենք, որ 2013թ. մայիսի 5-ին հարուցված քրեական գործի շրջանակներում մայիսի 13-ին որպես մեղադրյալ է ներգրավվել նաև նշված ընտրատեղամասի ընտրող Դ.Մխիթարյանը, ում մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածով:
Նախաքննությունը շարունակվում է:

 

Եկել է պտուղները քաղելու ժամանակը

Երևանի ավագանու ընտրություններով ավարտվեց ավելի քան  մեկ տարի տևած նախընտրական շրջափուլը: Ու հիմա գլխավոր հարցը ոչ թե հետընտրական զարգացումներն են` ընտրական  գործընթացի «պոչանքը», այլ թե ինչ քաղաքական մթնոլորտ ու առօրյա է սպասվում Հայաստանի ներքաղաքական կյանքում, և ինչպիսի փոփոխությունների առիթ կամ պատճառ դարձան անցյալ երեք ընտրությունները:

SONY DSCՔաղաքագետ Ալեքսանդր Մարգարովը, օրինակ, կարծում է, որ հետընտրական Հայաստանի պարագայում մենք խոսում ենք արդեն ավելի կայացած` կայուն իրավիճակի մասին, երբ ընտրական այս ցիկլից հետո ամեն մի քաղաքական ուժ իր ներուժը պետք է կենտրոնացնի ոչ միայն քարոզարշավային տարրերի վրա, այլև առօրյա աշխատանքի, որը պետք է իրականացվի ինչպես խորհրդարանում, այնպես էլ իշխանական կոալիցիայի մեջ ներկայացված ուժերի կողմից:

«Եթե մենք խոսում ենք խորհրդարանական քաղաքականության մասին, ապա այնտեղ ներկայացված բոլոր ուժերը ներկայացնելու են սեփական քաղաքականությունը. մեծամասնությունն իրականացնելու և զբաղվելու է քաղաքական որոշումների ներկայացմամբ ու ընդունմամբ, իսկ ընդդիմությունը կունենա իրեն բնորոշ քաղաքական հարցերի ներկայացումը, ներառյալ քննադատությունը անհրաժեշտության դեպքում` և՛ սեփական այլընտրանքի ներկայացումը, և՛ հաջորդ ընտրական փուլի նախապատրաստումը, որովհետև  նրանց հետագա աշխատանքը պայմանավորված է լինելու այն աշխատանքով, որ իրականացնում են այս տարիներին»,- նշեց քաղաքագետը:

Մի բան ակնհայտ է. քաղաքական դաշտն այլևս այն չէ, ինչ ընտրական ցիկլի մեկնարկին էր: Ընտրությունները շատ «մանրուքներ» երևակեցին Հայաստանի քաղաքական, ավելի ճիշտ` «պսեվդոքաղաքական» իրականության մեջ: Ու ստացվեց, որ իշխանությունները, վարչաբյուրոկրատական ապարատն ու օլիգարխիան, ընդունենք թե ոչ, արդար որակենք, թե անարդար, մաքուր ու թափանցիկ պրոցեսների ընթացքում ասենք թե կեղծարարության շնորհիվ, այնուամենայնիվ հաղթեցին: Բայց այս դեպքում հաղթեցին ոչ միայն իրենց մրցակից քաղաքական ուժերին ու կուսակցություններին, այլև հասարակությանը: Հաղթեցին թեկուզ հենց նրանով, որ հաջողեցին լռեցնել այդ հասարակությանն ու «գնել» ժողովրդի իշխանությունը: Ու հիմա մի վիճակ է ստեղծվել, որ ամեն ինչ կախված է մեկ մարդուց ու նրա շրջապատից: Ուզենք թե չուզենք, որոշումները մտահղացվում, ընդունվում և շրջանառվում են միայն մեկ հասցեում` Բաղրամյան 26-ում:

Եվ ստեղծված պայմաններում քաղաքական գործընթացները ճկունություն ու հետաքրքիր  շրջադարձերի հնարավորություն առանձնապես չունեն: Զուտ քաղաքագիտորեն`  ընտրություններում առաջացավ մի բևեռացում` իշխանություններ ու ժողովուրդ: Այս պարագայում արդեն նախագահը բացառիկ հնարավորություններ ունի: Որովհետև թույլ ընդդիմության պարագայում օրինաչափ է դառնում, որ վերափոխումները, որոնք պետք է կատարվեին ընդդիմության ճնշման տակ, կատարում է երկրի գլխավոր դեմքը` իր շուրջը համախմբելով իսկական ռեֆորմատորների:

«Եթե նախագահն ու իր  շրջապատն այս պարագայում հանդես գան որպես Հայաստանի ապագայով մտահոգ մարդիկ ու համապատասխան ռեֆորմներով, ապա քաղաքական կյանքը Հայաստանում էվոլյուցիա կապրի: Կարծում եմ` հենց այդպես էլ պետք է լինի, որովհետև մենք ճգնաժամն ու հետամնացությունն այլ կերպ հաղթահարել չենք կարող,-ասում է քաղաքագիտության դոկտոր Լևոն Շիրինյանը:-  Հիմա մնում է, որ իշխանությունը դրան ընդառաջ գնա, և պետք է գնա: Համենայն դեպս ,այսօր իշխանություններին պետք է ասել, որ ազգային-հասարակական պահանջ է երկրի արդիականացումը քաղաքակիրթ ճանապարհով` նկատի ունենալով երկրի սոցիալ-տնտեսական վիճակը, արտագաղթը, ծնելիության այս անկումը, ու նաև այն վիճակը, որ ստեղծվել է մեր երկրի սահմանների հարևանությամբ»:

Լևոն Շիրինյան Ըստ նրա, հիմա հասարակությունը պետք է երկրի ղեկավարին հստակ պահանջ ներկայացնի ու ասի` շատ էիր ուզում նախագահ մնալ, մնացիր, դե հիմա այս մարտահրավերները լուծիր: Եվ վստահեցնում է, որ նախագահը կարող է  այդ  գործընթացը գլխավորել: «Այլապես կստացվի, որ ՀՀԿ-ի հաղթանակը թվացյալ է, միակուսակցական համակարգը, որն այս կամ այն կերպ մենատիրություն է առաջացնում և Հայաստանում դա այս կամ այն կերպ կա, կարող է մեզ վերադարձնել, փոքր մոդելի իմաստով, 80-ականների Սովետական Միության «փառավոր» անցյալ, երբ կար կուսակցական մենատիրություն ու կայուն ճահճային վիճակ: Դրա արդյունքը ԽՍՀՄ-ի փլուզումն էր: ՀՀԿ-ն դրանից շատ պետք է վախենա, որովհետև այն կայունությունը, որ իրենք են ուզում, ես այսպես եմ հասկանում,  ճահիճ է և քայքայում: Դա անկում է: Շատ վտանգավոր է այդպիսի կայունությունը: Մենք պետք է հասարակության մեջ փակուղային վիճակի գիտակցությունը չառաջացնենք, որովհեև ճահիճը, փակուղու գիտակցմամբ զուգորդված, բոլորին դատապարտում է մահվան»,-  ասաց Լևոն Շիրինյանը:

Ստացվում է հետաքրքիր պատկեր. Հայաստանում քաղաքական դաշտը պետք է փոփոխություններ կրեր: Նորմալ քաղաքական հարաբերությունների պայմաններում այդ փոփոխությունների պահանջը հասարակությունը քաղաքական ուժերի միջոցով, հատկապես ընդդիմության, պետք է ներկայացներ իշխանություններին, իսկ իշխանություններն էլ պետք է տեղի տային հասարակական ճնշումներին: Բայց  ընդդիմությունը զրոյացավ և ցույց տվեց իր անճարակությունը: Եվ այն փոփոխությունները, որոնք անխուսափելի են, պետք է նախաձեռնի հենց իշխանությունը իր ներսում: Սրա մասին բազմիցս նշել ենք: Եվ իշխանություններն այժմ կանգնած են դժվարին  խնդրի առջև` ինքնամաքրման, որն ավելի ծանր է լինելու, քան արտաքին ազդեցությամբ փոփոխություններ կատարելը:

Բացի այդ, ընտրությունների ցիկլի ավարտը որոշակի շփոթ առաջացրեց կուսակցապետների մեջ: Ընտրությունների արդյունքները, իրենց բացասական բովանդակությամբ հանդերձ, դժվար է թերագնահատել, քանի որ հստակեցրեցին 2017-2018 թթ. իշխանության ժառանգման համար պայքարում ներիշխանական տարբեր ուժերի և դեմքերի մեկնարկային հնարավորությունները, բացահայտեցին ժամանակակից Հայաստանում պետական բյուրոկրատիա- քաղաքական տարր- հասարակություն փոխհարաբերությունների առանձնահատկությունները:

«Հետաքրքիր է, որ վերջին ընտրությունները ցույց տվեցին` ՀՀԿ-ի ներսում որոշակի պրոցեսներ են ընթանում և հին գվարդիան, որը փորձում էր ապացուցել իր անփոխարինելիությունը, տեղի է տալիս, ուժ են հավաքում երիտասարդ թևի ներկայացուցիչները: Որովհետև մենք տեսանք, որ նրանք ավելի «արդյունավետ» գտնվեցին, քան Հովիկ Աբրահամյանի կողմից ղեկավարվող հին գվարդիայի կազմը, որն իր վրա էր վերցրել ԱԺ-ի և նախագահական ընտրությունների անցկացումն ու  բացահայտ ձախողվեց: Գոնե այս անգամ բացահայտ ձախողումներ չեղան քարոզարշավի ընթացքում, ինչպես ԱԺ և նախագահական ընտրությունների ժամանակ: Ինչ վերաբերում է ընդհանուր մթնոլորտին, ապա այն, ինչ տեսնում ենք այսօր, դա իշխանական բյուրոկրատիայից և օլիգարխիայից քաղաքական դաշտի լիակատար կախվածության արդյունք է: Այսինքն` բյուրոկրատիայի և օլիգարխիայի ճիրաններից ազատվելու համար անհրաժեշտ է ձևափոխել հասարակություն-քաղաքական դաշտ փոխհարաբերությունները: Այդ փոխհարաբերություններում քաղաքական դաշտը, որպես դաստիարակիչ, պետք է հայտնվի հանրային վերահսկողության կիզակետում: Միայն հասարակական վերահսկողության շնորհիվ է հնարավոր ազատվել կեղծ ընդդիմադիրների բացահայտման գլխացավանքից: Իսկ իշխանություններն այլևս դհոլների ծառայությանն ապավինելու անհրաժեշտություն չեն ունենա»,- պարզաբանեց քաղաքագետ, ՀՔՄ նախագահ Հմայակ Հովհաննիսյանը:

Այսինքն` հասարակությունը հասկացավ, գիտակցեց, որ որևէ հույս չպետք է կապի քաղաքական դաշտի, կուսակցությունների և ուժերի հետ: Որովհետև այս տեսքով քաղաքական դաշտը չի կարող արտահայտել հասարակության պահանջները: Հասարակությունն այսօր ինքնակազմակերպվելու միտումներ է ցուցաբերում և սեփական հնարավորություններին ապավինելով` բարձրացնելու է իրեն հուզող խնդիրները: Որովհետև քաղաքական դաշտի` որպես հասարակության և իշխանությունների միջև միջնորդի դերն այսօր, մեր իրավիճակում հավասարվել է զրոյի: Ու եթե իշխանությունների ներսում չսկսվի վերոհիշյալ փոփոխությունը, ապա հասարակության ձգտումները, որն ինքնաբուխ զգում է սեփական միջոցներով ինքնակազմակերպվելու և սեփական խնդիրներն առաջ քաշելու անհրաժեշտությունը, կարող են շահարկվել  ապակառուցողական դեմքերի կողմից, ինչն, իհարկե,  ավելի քան վտանգավոր է:

«Բարեւ Երեւանի»-ի ներկայացուցիչները` ընդդեմ ԿԸՀ-ի

«Բարև Երևան» դաշինք«Բարեւ Երեւան» կուսակցությունների դաշինքի ցուցակում ընդգրկված Դանիել Իոաննիսյանը և ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը Վարչական դատարանում  բողոքարկում են Երեւանի ավագանու ընտրությունների շրջանակներում ԿԸՀ անգործությունը:

Դանիել Իոաննիսյանը, մասնավորապես բողոքարկում է ԿԸՀ-ի կողմից իր` շուրջ 400 թերթի վրա տեղ գտած շուրջ 1000 ընտրախախտումների մասին վկայող` ԿԸՀ ներկայացվեծ նյութը չքննարկելու մասին որոշումը:

Զարուհի Փոստանջյանը բողոքարկում է ԿԸՀ անգործությունը կապված 4-րդ ընտրատարածքում տեղի ունեցած բազմաթիվ խախտումների հետ:

Դ. Իոաննիսյանի դիմումը կքննարկվի այսօր ժամը 15:00-ին, Զ. Փոստանջյանինը` 16:00-ին:

Նաեւ տեղեկացնում ենք, որ  «Բարեւ Երեւան» կուսակցությունների դաշինքն  այսօր դիմելու է Վարչական դատարան` ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու պահանջով:

 

«Բարեւ Երեւան» կուսակցությունների դաշինքի մամուլի ծառայություն

Երևանի ավագանու ընտրություններ. Որպես մեղադրյալ են ներգրավվել թիվ 04/23 ընտրատեղամասի հանձնաժողովի անդամներից մեկը և ընտրողը

7789_bԵրևան քաղաքի ավագանու ընտրությունների օրը` 2013թ. մայիսի 5-ին, Արաբկիր վարչական շրջանի թիվ 04/23 ընտրատեղամասում մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում նշված ընտրատեղամասի հանձնաժողովի անդամներից մեկը և ընտրողը ներգրավվել են որպես մեղադրյալ:

ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության Արաբկիրի բաժնում հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ 2013թ մայիսի 5-ին` Երևանի ավագանու ընտրությունների օրը, քաղաքացի Լ.Միրզոյանը Երևան քաղաքի ավագանու ընտրություններին մասնակցելու նպատակով գնացել է թիվ 04/23 ընտրատեղամաս, որտեղ փորձել է քվեարկել մեկից ավելի անգամ. նրա մոտ հայտնաբերվել է 2 ծրար, որոնցից յուրաքանչյուրի մեջ եղել է քվեարկված 1-ական քվեաթերթիկ։ Սակայն ընտրողը չի կարողացել քվեարկել` իր կամքից անկախ պատճառներով, քանզի կանխվել է հանձնաժողովի նախագահի կողմից։

Նախաքննությամբ պարզվել է նաև, որ Լ.Միրզոյանին քվեաթերթիկներ և ծրարներ տվել է թիվ 04/23 ընտրատեղամասի հանձնաժողովի անդամ Ա.Հարությունյանը:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա Ա.Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-153-րդ հոդվածով, իսկ Լ.Միրզոյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածով:

Երևանի ավագանու ընտրություններ. Հարուցվել է քրեական գործ` թիվ 03/19 ընտրատեղամասում այլ անձի փոխարեն քվեարկելու փորձ կատարելու դեպքերի առթիվ

7785_bՀՀ կառավարության առընթեր ոստիկանության Քանաքեռ-Զեյթուն բաժնում հարուցվել է քրեական գործ` թիվ 03/19 ընտրատեղամասում այլ անձի փոխարեն քվեարկելու փորձ կատարելու դեպքերի առթիվ:

Թիվ 03/19 ընտրատեղամասի հանձնաժողովի քարտուղարի կողմից ստացված հաղորդման հիման վրա ոստիկանությունում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ թվով 4 անձինք, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների բնակիչներ չլինելով և նշված ընտրատեղամասում քվեարկելու իրավունք չունենալով, փորձել են քվեարկել այդ ընտրատեղամասում:

Նյութերի նախապատրաստման օրինականության նկատմամբ հսկողություն իրականցնող դատախազի հանձնարարությամբ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածով: Կատարվում է նախաքննություն:

 

ՀՀ ԿԸՀ այսօր քննարկում է Երևանի ավագանու ընտրությունների վերաբերյալ դիմում բողոքները

imagesՀայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի վարչական շենքում այսօր` մայիսի 11` ժամը 18.00-ին, կգումարվի հանձնաժողովի արտահերթ նիստը: Նիստի օրակարգը.

  • 1.    ՔԱՂԱՔԱՑԻ ՆԱՐԻՆԵ ՂԱԶԱՐՅԱՆԻ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ. 

Զեկուցող` Տ.Մուկուչյան

 

  • 2.    «ԲԱՐԵՎ ԵՐԵՎԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔԻ ԼԻԱԶՈՐ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ  ԼՈՒՍԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՄԱՍԻՆ. 

Զեկուցող` Տ.Մուկուչյան

 

  • 3.           ԵՐԵՎԱՆԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄԻ ԹԵԿՆԱԾՈՒ ԴԱՆԻԵԼ ԻՈԱՆՆԻՍՅԱՆԻ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ. 

Զեկուցողներ` Տ.Մուկուչյան, Ա.Սմբատյան 

 

  • 4.            ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՎԵՐԱՀՍԿԻՉ-ՎԵՐՍՏՈՒԳԻՉ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԿԱԶՄՎԱՑ ՏԵՂԵԿԱՆՔԻ ՔՆՆԱՐԿՈՒՄ. 

Զեկուցող` Ս.Հովհաննիսյան

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Ավագանու ընտրություններն էլ ավատվեցին, իսկ հետո՞…

Երևանի ավագանու ընտրություններ,2013Ավարտվեցին նաև «ոչ քաղաքական» ևս մեկ ընտրություններ, ու քաղաքը, համաձայն պաշտոնական տվյալների, «ընտրեց» նոր ավագանի: Ու ի՞նչ ստացվեց. Հայաստանի ներքաղաքական կյանքում այսպես թե այնպես որոշակի դերակատարում ունեցող քաղաքական ուժերից երեքը, որոնք մասնակցում էին Երևանի ավագանու ընտրությունների ընտրապայքարին` ՀՅԴ–ն, նորաստեղծ ՀԱԿԿ–ն ու ՕԵԿ–ը, տեղ չունեցան ավագանու կազմում: Ու երևանի ղեկավարումը հաջորդ 4 տարիներին իրականացնելու են ՀՀԿ–ն, ԲՀԿ–ն ու «Բարև Երևան» դաշինքը:

 Հիմա քաղաքապետարանը «բաժանելու» հերթն է

Ամենևին էլ ցանկություն չունենք այս նյութում անդրադառնալ ո՛չ ընտրությունների ընթացքի, ո՛չ դրանց որակի ու ո՛չ էլ քաղաքական նշանակության կամ դրսևորումների վրա: Մի բան ակնհայտ է. թեկուզ ավագանու կազմ անցած ուժերը` ՀՀԿ-ն,  ԲՀԿ-ն, «Բարև Երևանը», հավաքել են, համապատասխանաբար, 55, 23  և 8 տոկոսից ավելի, բայց քանի որ ընտրապայքարից դուրս մնաց 4 ուժ, նրանց ստացած քվեների տոկոսները կբաշխվեն ավագանի անցած ուժերի միջև: Այսպիսով, Երևանի ավագանու կազմում ՀՀԿ-ն կունենա 41 կամ 42 մանդատ, ԲՀԿ-ն` 17 մանդատ, իսկ «Բարև Երևանը»` 6 կամ 7 մանդատ: Սա արդեն ոչ թե կանխատեսում է, այլ իրական պատկեր: Ու հիմա հարց է առաջանում` Երևանի ավագանու կազմ ձգտող քաղաքական ուժերն ինչպե՞ս են  իրենց դրսևորելու ավագանու «կերակրատաշտի» վերաբաշխման հարցերը լուծելիս:

Դատելով պատկերից, պարզ է, որ ՀՀԿ-ն հնարավորություն ունի միանձնյա որոշելու, թե ինչպես են բաշխվելու ավագանու հաստիքացուցակները, քանի որ բացարձակ մեծամասնություն է կազմում: Իսկ բացարձակ մեծամասնությունը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Երևանի կառավարման գործերի հաստիքները բաշխվում են ավագանու քվեարկությամբ, ենթադրում է, որ ՀՀԿ-ն, առանց կողմնակի «աջակցության», կարող է իր ուզած որոշումներն ընդունել ու իր ուզած արդյունքները ստանալ:

Այս պայմաններում հարց է, թե ինչ են անելու իրենց համամասնական ցուցակները ԲՀԿ-ն ու «Բարև Երևան» դաշինքը:

Եթե ՀՀԿ–ն ավագանիում բացարձակ մեծամասնություն չկազմեր, ասել է թե` չկարողանար միանձնյա քաղաքապետ «ընտրել» կամ նշանակել, պարզից էլ պարզ է, որ մյուս ուժերի համամասնական ցուցակների առաջին համարները թեժ պայքար կմղեին ինչպես քաղաքապետի, այնպես էլ քաղաքապետի տեղակալների, թաղապետերի և այլ կարևոր պորտֆելների համար:

Որովհետև,  քանի որ Երևանում է բնակվում ՀՀ բնակչության մոտ 2/3-ը,  այստեղ է կենտրոնացած երկրի ֆինանսատնտեսական ռեսուրսների 70 տոկոսից ավելին, Երևանի քաղաքապետի պաշտոնը դառնում է ոչ թե մարտավարական, այլ ռազմավարական նշանակության պաշտոն:  Ուստի այն բավական «ցանկալի պատառ» էր, օրինակ, ԲՀԿ-ի ցուցակի առաջին ու երկրորդ համարներ Վարդան Օսկանյանի և Գուրգեն Արսենյանի համար, ախորժալի էր նաև Արմեն Մարտիրոսյանի և այլոց համար: Բայց երբ այդ պաշտոնին ԲՀԿ-ի ու «Բարև Երևանի» առաջատարները արդեն չեն կարող հավակնել, կարելի՞ է պատկերացնել մի սցենար, որ, օրինակ, Վարդան Օսկանյանը կամ Գուրգեն Արսենյանը հրաժարվեն ԱԺ պատգամավորի իրենց մանդատներից ու վերցնեն Երևանի ավագանու, թեկուզ փոխքաղաքապետի մանդատներ: Ճիշտն ասած, մի քիչ դժվար է պատկերացնել: Ամենայն հավանականությամբ` ԲՀԿ ցուցակի առաջին երկու համարներն իրենց իրավունքները Երևանի ավագանիում կզիջեն, օրինակ, ավագանու ընտրություններում ԲՀԿ նախընտրական շտաբի պետ Աբրահամ Մանուկյանին: Ի դեպ, մամուլում արդեն լուրեր են պտտվում, որ իշխող ուժի մոտ շրջանառվել է նաև Մանուկյանին Երևանի քաղաքապետի տեղակալներից մեկի պաշտոնում նշանակելու մասին միտքը: Ու եթե քաղաքական աշնանը ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն «օպերացիա ՕԵԿ» չխաղարկեն, այսինքն` ԲՀԿ-ն չդարձնեն ընդդիմություն, ինչի մասին խոսակցություններ նույնպես շրջանառվում են, ապա շատ հնարավոր է, որ Աբրահամ Մանուկյանին էլ տեսնենք Երևանի փոխքաղաքապետների շարքում: Այսինքն` պարզ է, որ Արսենյանն ու Օսկանյանն ԱԺ-ի իրենց մանդատները չեն թողնի ու գան Երևանի ավագանի` պայքարելու իրենց նախընտրական դրույթներն ի կատար ածելու համար:

«Բարև Երևանի» գործը դժվարացավ

Այս դեպքում «Բարև Երևան» դաշինքի ներկայացուցիչների մասին նույնիսկ չենք էլ խոսում: Մեր տեղեկություններով` նրանց ցուցակի առաջատարները կվերցնեն  ավագանու մանդատները: Այս ուժը ցանկանում է Երևանի ավագանիում ստեղծել ուժեղ թիմ, ու այդ նպատակով ավագանի կգործուղի ցուցակի առաջատար համարների տակ հանգրվանած «Ժառանգության» ներկայացուցիչներին` գումարած նախկին ՕԵԿ-ական պատգամավոր Գագիկ Բաղդասարյանին:

Ընտրություններից հետո էլ մանդատները վերցնելու մասին խոսեց նաև «Ժառանգության» փոխնախագահ, «Բարև Երևան» դաշինքի համամասնական ցուցակի առաջին համար Արմեն Մարտիրոսյանը` շեշտելով, որ եթե ինչ-որ ուժի կամ կուսակցության ժողովուրդը վստահության քվե է տվել, ապա այդ ուժը պետք է այդ վստահությունն արդարացնի…

Այսինքն` «Բարև Երևանը», ի տարբերություն ՀԱԿ-ի, որը նախկին ավագանու կազմում վայր դրեց իր մանդատները` հանդիսանալով ավագանու միակ ընդդիմադիր խմբակցությունը, կվերցնի այդ մանդատները: Առհասարակ, ճիշտ էլ կանի, որովհետև սխալ է, երբ մի ինչ-որ ուժ կամ ուժեր պայքարում են ինչ-որ արդյունքի համար, բայց ստանում են ավելի պակաս արդյուք, քան ակնկալում էին, ու հրաժարվում են իրենց այդ ձեռքբերումից: Ճիշտ է` Երևանի ավագանիում «Բարև Երևանը» որոշումների ընդունման վրա չի կարող ազդել: Չի կարող նույնիսկ ԲՀԿ-ի հետ միավորվելով: Բայց Երևանի ավագանիում մանդատ ունենալը լրացուցիչ գործիք է յուրաքանչյուր քաղաքական ուժի համար` թեկուզ այն որպես քաղաքական գաղափարներ առաջ քաշելու և ավագանին որպես հարթակ, ամբիոն օգտագործելու նկատառումներից ելնելով:

Այս առումով, ի տարբերություն ԲՀԿ ցուցակի առաջին հորիզոնականներում հանգրվանած թեկնածուների, «Բարև Երևանի» ներկայացուցիչներն ընտրելու անհրաժեշտություն էլ չունեն. նրանցից ոչ  ոք ներկայումս ավելի բարձր պաշտոնում չէ:

Մի խոսքով` քանի դեռ ԲՀԿ–ն հստակ դիրքորոշում չի հայտնել, թե քաղաքական դաշտի որ կողմում է դիրքավորվում, ընդդիմադի՞ր, թե՞ իշխանական, Երևանի ավագանիում ամբողջ ընդդիմադիր հատվածի «շահերը» կներկայացնի «Բարև Երևանը»` 6 կամ 7 անդամներով: Ասել է թե` նրանց թեժ քառամյակ է սպասում…

  

 

Երևանի ավագանու ընտրություններ. Ընտրախախտումների գործերով ներգրավվել են որպես կասկածյալ

ընտրությունԵրևան քաղաքի ավագանու ընտրությունների օրը` 2013թ. մայիսի 5-ին, Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թիվ 08/23 և 07/18 ընտրատեղամասերում այլ անձի փոխարեն քվեարկության փորձ կատարելու և այլ անձի փոխարեն քվեարկելու դեպքերի առթիվ ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության Մալաթիայի քննչական բաժնում հարուցված քրեական գործերի շրջանակներում որպես կասկածյալ են ներգրավվել Դ.Մխիթարյանը և Ս.Սերոբյանը:

Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին:

Ձեռնարկվում են քննչական և դատավարական անհրաժեշտ գործողություններ` քրեական գործերի լրիվությունն ու ամբողջականությունն ապահովելու համար: Նախաքննությունը շարունակվում է:

 

Անցած ընտրությունների առանձնահատկությունները. բույլերով վստահված անձինք, կողմնակալ դիտորդներ և մկանուտ «անծանոթներ»

ավագանու ընտրություններՄայիսի 5-ին կայացած Երևանի ավագանու ընտրություններով ավարտվեց մեկ տարուց ավելի տևած ընտրական եռուզեռի փուլը. առաջիկա չորս տարիներին կկարողանանք հանգիստ շունչ քաշել ու մի փոքր հանգստանալ քաղաքական գզվռտոցի ու միմյանց վրա ցեխ  շպրտելու բացասական մթնոլորտից, որում ապրում էինք վերջին մեկուկես տարիների ընթացքում:

Ավագանու ընտրությունները նախորդ երկուսի` ԱԺ և նախագահի ընտրությունների համատեքստում մի շարք առանձնահատկություններ ունեին:

Նախ և առաջ այս ընտրություններն աչքի էր զարնում չափազանց մեծ ակտիվությամբ, որ անգամ համապետական ընտրություններին չի նկատվել:

Որոշ քաղաքական ուժեր առաջնորդվել էին «վստահված անձը շատ չի լինում» կարգախոսով

Եթե նախագահական ընտրություններին, որ պետք է ամենակարևորը լիներ  բոլոր ընտրություններից, հետևում էր տեղական 6250 դիտորդ, ապա ավագանու ընտրություններից հետևում էր362-ով ավելի` 6612 դիտորդ: Ընդ որում, դիտորդական առաքելություն իրականացնող ՀԿ-ների թվում կան այնպիսիք, որոնք նորելուկ են որպես դիտորդական առաքելություն իրականացնող և կասկած են հարուցում անաչառության առումով:

Օրինակ, «Համահայկական երիտասարդական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը, որի հիմնադիրը  և նախագահը «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանն է:

Միջազգային միակ դիտորդական խումբն էլ մտահոգություն էր հայտնել այս փաստի առնչությամբ, որ դիտորդների մեջ եղել են տարատեսակ քաղաքական ուժերի համակիրներ, մինչդեռ դիտորդը պետք է անաչառ լինի:

Ի տարբերություն նախագահական ընտրությունների, երբ օրվա վերջում գրանցամատյանի դիտորդ-ԶԼՄ էջը կիսով չափ էլ լրացված չէր, այս անգամ ընտրությունների մեկնարկից րոպեներ անց արդեն մի քանի էջ դիտորդներ էին գրանցված. այսպես, 9/17 ընտրատեղամասում 8:15 րոպե, ընտրությունների մեկնարկից ընդամենը 15 րոպե անց, հանձնաժողովի քարտուղարն արդեն գրանցամատյանում մեկ էջ լրացրել էր: Ու չկար որևէ ընտրատեղամաս, որտեղ մտնեիր ու դիտորդների չհանդիպեիր:

Ընտրատեղամասերում մարդաշատությունն ապահովում էին նաև լրատվամիջոցները. գրեթե բոլոր տեղերում «Կենտրոն» ՀԸ լրագրող ու օպերատոր էին ներկա, որոնք տեսանկարահանում էին իրականացնում: Վստահված անձանց պակաս  ևս չէր զգացվում:

Օրվա ընթացքում «Անկախ»-ի լրագրողը ՔՀԻ դիտորդական խմբի հետ այցելել է մոտ 15 ընտրատեղամաս: Ընտրատեղամասից միայն երեքում է վստահված անձ ունեցել «Բարև Երևան» դաշինքը, ընդ որում 9/28 ընտրատեղամասում դաշինքի վստահված անձին այդպես էլ գտնել չհաջողվեց. բոլորը նշում էին, որ տարածքում է, բայց թե որտեղ, ոչ ոք չգիտեր:

Միայն մեկ ընտրատեղամասում(9/28) է վստահված անձ ունեցել «Առաքելություն» կուսակցությունը: ՀՅԴ-ն,  ՀԱԿ-ը և ՕԵԿ-ը գրեթե բոլոր ընտրատեղամասերում ունեցել են  վստահված անձ:

Yerevan City Council elections 2013Իսկ ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի մոտ վստահված անձանց ավելցուկ էր: Այս երկու ուժերը, օրենքը շրջանցելով, ամեն տեղում մի բույլ վստահված անձ ունեին: Մինչդեռ ըստ ՀՀ ընտրական օրենսգրքի 33-րդ հոդվածի` «Ընտրական հանձնաժողովի նիստին և  քվեարկության ընթացքում քվեարկության սենյակում կարող է ներկա լինել յուրաքանչյուր թեկնածուի և  համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող յուրաքանչյուր կուսակցության, կուսակցությունների դաշինքի մեկական վստահված անձ»:

Այսպես, 11/05 ընտրատեղամասում պաշտոնապես միաժամանակ ներկա էին երկուական վստահված անձինք ՀՀԿ-ից և ԲՀԿ-ից: Հանձնաժողովի անդամները և ընտրատեղամասում ներկա ՀԱԿ-ի և ՕԵԿ-ի վստահված անձինք չէին առարկում երկու վստահված անձանց ներկայությանը և նշում, որ որևէ խախտում չկա:

Իսկ 9/28 ընտրատեղամասում ՀՀԿ-ն և ԲՀԿ-ն առնվազն 3-ական վստահված անձինք ունեին:

Նորագյուղում վստահված անձինք ակնհայտ խախտումներն էլ չէին նկատում

Դեռ նախագահական ընտրություններին մենք ներկայացրել էինք, որ նույն շենքում գտնվող 9/27 և 9/28 ընտրատեղամասում առանց փաստաթղթերի մարդիկ են շրջում` խումբ-խումբ ուղղորդելով ընտրողներին: Մեքենաներով էլ մարդկանց էին բերում:

Այս ընտրությունները ևս բացառություն չէին: Դեռ մի բան էլ ավելին, ընտրատեղամասում մոտ 15-20 ամրակազմ երիտասարդներ էին հավաքված, բոլորն էլ առանց փաստաթղթերի: Շատ պնդումներից հետո նրանցից մի քանիսը ցույց տվեցին ՀՀԿ-ի կամ ԲՀԿ-ի վստահված անձի վկայական:

Ընտրատեղամասում ներկա ՀՅԴ և «Առաքելություն» կուսակցության վստահված անձինք հանգիստ էին ընդունում առանց փաստաթղթերի անձանց ներկայությունը ընտրատեղամասում:  ՀՅԴ քրտնափչած ներկայացուցիչն անգամ նշեց, թե «ջեբերում երևի փաստաթուղթ ունեն»:

Այստեղ բոլորի վրա գոռգոռալով հրամաններ էր աձակում, ընտրողներին ներս ու դուրս ուղեկցում մոխրագույն կոստյումով մի տղամարդ: Վերջինս սկզբում փաստաթուղթ չուներ, ՔՀԻ դիտորդի պնդումներից հետո գրպանում դիտորդի վկայական դրեց, որը, հանգիստ կարող էր իրենը չլինել. վրան պարզապես անուն ազգանուն է գրված (Վերջինս նաև իր պարտքը համարեց դիտորդին հիշեցնել, որ հետագայի մասին մտածի` բա որ ձեզ գողանան):

Այս անգամ ևս ընտրատեղամասում էր Իրինա Միրզոյանը, որը նախագահական ընտրությունների ժամանակ մարդկանց ցուցակներով ներս ու դուրս էր անում: Այս անգամ տիկնոջ մոտ դիտորդի վկայական էր, որի վրա չկար նշված, թե որ կազմակերպությունն է ներկայացնում: Պնդումներից հետո, թե փաստաթուղթը թերի է, փակցրեց ՀՀԿ վստահված անձի վկայականը:

Այս տեղամասում գտնվելու մեկ ժամվա ընթացքում ընտրողների ակտիվությունը մեծ չէր, հատ ու կենտ մարդիկ էին ընտրելու գալիս: Սակայն զարմանալիորեն մեկ ժամ անց` 19:20-ին պարզվեց, որ մեկ ժամվա ընթացքում ընտրել է 200-ից ավել  մարդ. ընտրած անձանց թիվը մոտ 1100-ից հասել էր 1380-ի: Վստահված անձինք դրան որևէ կերպ չարձագանքեցին, իսկ քանի որ այս ընտրատեղամասում վստահված անձանցից ոչ մեկը իր ցուցակում նշում չէր կատարում ընտրողների թվի մասին, որևէ բան ապացուցելն այլևս անհնար էր:

Ամեն ինչ բացի արձանագրությունից

Այս ընտրություններին բնորոշ գծերից էր նաև ընտրացուցակներում անճշտությունները:

13/22 ընտրատեղամասում, օրինակ, ընտրության եկած քաղաքացին հանձնաժողովների անդամներին հերթով տեղեկացրեց, որ իր հասցեում երրորդ անձ է գրանցված, որն արդեն 15 տարի Մեծ Բրիտանիայի քաղաքացի է: Ռոբերտ Ավետիքյանը պնդում էր, որ ամեն անգամ ընտրությունների ժամանակ անհայտ անձի անունը հայտնվում է ընտրացուցակում, չնայած իրազեկում է, որ իր բնակարանում նման մարդ չկա գրանցված:

Հանձնաժողովի նախագահը, ով կարող էր արձանագրել քաղաքացու հայտարարությունը, նրան հանգստացրեց և ճանապարհեց` առանց արձանագրության:

Ընդհանրապես, տպավորություն է ստեղծվում, որ հանձնաժողովների նախագահները պատրաստ են ամեն ինչի, միայն թե հանկարծ արձանագրություն չկազմվի:

Այսպես, 3/07 ընտրատեղամասը, որի կահավորանքը անհարմար էր և երկու կողմից էլ հնարավոր էր խախտել քվեարկության գաղտնիությունը կամ ուղղորդել ընտրողին, մի լրատվամիջոցի ներկայացուցիչ աստիճանների վերևից նկարահանում էր քվեախցիկների ներսի անցուդարձը`խախտելով քվեարկության գաղտնիությունը: Մեր նկատառումից հետո հանձնաժողովի նախագահը միջամտեց և պահանջեց այլ տեղից նկարահանել: Սակայն ամեն կերպ հրաժարվեց արձանագրություն կազմելուց:

1/08 ընտրատեղամասում էլ, որտեղ առավոտյան անհետացել էր անձնագրերի համար նախատեսված դրոշմակնքիը, հանձնաժողովի նախագահն ամեն կերպ փորձում էր թաքցնել փաստը` վստահեցնելով, որ որևէ արձանագրություն չի կազմվել: Այստեղ արձանագրություն չէր կազմվել նաև փաստի վերաբերյալ, որ 30 րոպե շարունակ ընտրատեղամասում ներկա են եղել 15-ից ավելի ընտրողներ, օրվա ընթացքում էլ կուտակումները պարբերաբար կրկնվել են:

Ուշագրավ էր նաև ընտրողների թվացյալ չիմացությունը: 11/05 ընտրատեղամասում մի կին, օրինակ, իր քվեաթրթիկը ծրարով թաքցրել էր քվեախցիկի տակ և փորձում էր աննկատ հեռանալ:  Հանձնաժողովի ՀՅԴ անդամի ուշադրության շնորհիվ կնոջ աննկատ հեռանալը չստացվեց: Ծրարը քվեատուփ գցելուց հետո կինն ամեն կերպ փորձում էր խոչընդոտել անձնագիրը կնիքելուն, խնդրում էր գոնե առաջին էջում կնիքը դնել, ոչ թե վերջում: Դեմքը մեծ ակնոցների տակ թաքցրած կնոջ «չիմացությունն» առնվազն կասկածելի էր:

1/08-ում էլ, մի տղամարդ, որ դժգոհում էր, որ ստիպված ընտրության է եկել, շտապ ծրարը տուփը գցեց` թույլ չտալով, որ կնքվի:

Երևի ավելորդ է խոսել ամեն տեղ մարդկանց գազելներով ու տաքսիներով խումբ-խումբ բերելու երևույթի մասին. սա կարծես արդեն պարտադիր բնույթ է կրում:

Ամփոփելով, պետք է նշել, որ այս անգամ հիմնական նկատելի խախտումը ընտրատեղամասերում առանց փաստաթղթերի մարդկանց կուտակումն էր, թույլատրելիից ավելի վստահված անձանց ներկայությունը, ընտրողների կուտակումները:

Հիշեցնենք, որ մայիսի 5-ին կայացած Երևանի ավագանու ընտրության նախնական արդյունքների համաձայն հաղթել է Հայաստանի Հանրապետական կուսակցությունը` ստանալով ձայների 55,86 տոկոսը, հետևաբար, համամասնական ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանը վերընտրվել է Երևանի քաղաքապետ:  ՀՀԿ-ին հաջորդում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը` 23,05 տոկոս, երրորդ տեղում է «Բարև Երևան» դաշինքը`8,47 տոկոս: Մյուս 4 ուժերը բավարար քանակությամբ քվեներ չեն քավաքել` ավագանու աթոռ ստանալու համար:

Ընտրությունների միջոցով հնարավոր չէ իշխանություն փոխել. Սոս Գիմիշյան

Սոս ԳիմիշյանԱյսօր «Հայելի» մամուլի ակումբում  Քրիստոնեա-ժողովրդավարական վերածնունդ կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը կարծիք հայտնեց, որ ընտրության մասնակցող բոլոր քաղաքական ուժերը գիտեին, թե ինչ է լինելու, որովհետև պարզից էլ պարզ է, որ ընտրությունների միջոցով հնարավոր չէ իշխանություն փոխել: Ըստ նրա` ընտրությունները պետք է օգտագործել միայն իբրև քաղաքական ալիք առաջացնելու միջոց:

Վարչական ռեսուրսի կիրառում և ընտրակաշառք` այս երկու գործոնները, ըստ Սոս Գիմիշյանի, դարձան հիմնաքարային արդյունքների կերտման պրոցեսում:

Կա միայն փողի իշխանություն. Լյուդմիլա Սարգսյան

Լյուդմիլա ՍարգսյանԱյսօր «Ելակետ» մամուլի ակումբում Ներքաղաքական զարգացումներ թեմայի շուրջ իր կարծիքը հայտնեց ՍԴՀԿ ատենապետ  Լյուդմիլա Սարգսյանը:

«Հայաստանում ընտրություններ որպես այդպիսին գոյություն չունեն: Կա փողի իշխանություն, իսկ իշխանությունը հետո բերում է փող, որը կկիրառվի հաջորդ ընտրությունների ժամանակ: Ինչպե՞ս կարող է ժողովուրդը 50 տոկոսից ավելի ձայն տալ մի իշխանության, որից մինչև կոկորդը կուշտ է, որի անարդարություններից հոգնել է», -ասաց Լյուդմիլա Սարգսյանը:

 

Մանվել ԲադեյանՉնսեմացնենք մեր ժողովրդին. Մանվել Բադեյան

Այսօր «Հայելի» ակումբում ՀՀԿ կուսակցությունից Մանվել Բադեյանը, խոսելով ավագանու ընտրությունների արդյունքների մասին, կոչ արեց չնսեմացնել ժողովրդին:

«Եթե մենք անընդհատ ասում ենք, որ մարդկանց ուղղորդել են, վախեցրել են, կաշառել են, և նրանք էլ ենթարկվել են վախենալով, մենք նսեմացնում ենք մեր ժողովրդին: Ընտրախախտումներով անգամ Նիգերիայում չի կեղծվում ընտրությունների մի քանի տոկոսից ավելին, էլ ուր մնաց մեզանում», – կարծիք հայտնեց Մանվել Բադեյանը:

ՀՅԴ. Պետության և իշխող կուսակցության նույնացումը, վարչական ռեսուրսի անսահման կիրառումը, համատարած ընտրակաշառքն արեցին իրենց գործը

ՀՅԴՄայիսի 5-ի ընտրություններին ՀՅ Դաշնակցությունը մասնակցեց՝  նպատակ ունենալով երկրում փոխել բարոյահոգեբանական մթնոլորտը, մեր քաղաքացիներին վստահություն ու ապագայի հույս ներշնչել:

Մենք փորձեցինք հիմնավորել իշխող կուսակցության քաղաքական մենաշնորհը վերացնելու անհրաժեշտությունը, մայրաքաղաքի արդյունավետ կառավարման ծրագիր առաջարկեցինք:

Հավատով ու անկեղծորեն տարանք մեր քարոզարշավը՝ ձգտելով երևանցիներին գաղափարա-ծրագրային ընտրություն կատարելու հնարավորություն տալ:

Եղավ՝ ինչ եղավ: Հերթական անգամ պետության և իշխող կուսակցության նույնացումը, վարչական ռեսուրսի անսահման կիրառումը, համատարած ընտրակաշառքն արեցին իրենց գործը:

Իշխանական մենաշնորհը ավելի կարծրացավ: Նրանք այլևս երկիրն ու Երևանը միանձնյա կառավարելու հնարավորություն ունեն: Կսպասենք արդյունքներին,  թեև դրանք մեզ համար կանխատեսելի են:

Ցավոք, այս անգամ էլ մեզ չհաջողվեց մեր հասարակության մեջ ազատ քաղաքացու, արժանապատվորեն ընտրություն կատարողի գիտակցություն ձևավորել:

Մենք շնորհակալ ենք Դաշնակցությանը ձայն տված երևանցիներին: Վստահ եղեք՝ մենք գիտենք այդ ձայների իրական արժեքը:

Եվ նրանց, և բոլոր երևանցիներին, և° Հայաստանի քաղաքացիներին  մենք խոստանում ենք, որ չենք նահանջելու մեր սկզբունքային դիրքերից, չենք դադարեցնելու ամենօրյա աշխատանքը հանուն մեր երկրում արմատական փոփոխությունների, մեր քաղաքացիների ազատության և բարեկեցության:

                                          ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմին

ԿԸՀ-ն ամփոփեց քվեարկության նախնական արդյունքները. ՀՀԿ-ն ստացել է քվեների 55,86 տոկոսը

Yerevan City Council elections 2013Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ամփոփեց Երևանի ավագանու մայիսի 5-ի ընտրությունների քվեարկության նախնական արդյունքները:

Ըստ քվեարկության նախնական արդյունքների` ձայները բաշխվել են հետևյալ կերպ.

«Առաքելություն»՝ 2 692 (0,64 %),
«Բարգավաճ Հայաստան»՝ 97 189 (23,05 %),
«Բարև Երևան»՝ 35 732 (8,47%),
«Հայ ազգային կոնգրես»՝ 18 499 (4,39%),
ՀՅԴ՝ 15 999 (3,79%),
ՀՀԿ՝ 235 512 (55,86%),
«Օրինաց երկիր»՝ 15 733 (3,73%):

816 478 ընտրողներից քվեարկությանը մասնակցել են 437 212-ը (53,55%): Անվավեր է ճանաչվել 15 250 քվեաթերթիկ: Անճշտությունների գումարային չափը 288 է:

Բոլոր 464 տեղամասերից ստացված նախնական տվյալները

Yerevan City Council elections 2013Երևանի տեղամասային բոլոր 464 ընտրական հանձնաժողովներից ստացված նախնական ամփոփ տվյալներով, Երևանի ավագանու ընտրություններում ամենաշատ կողմ ձայներն ստացել է  Հանրապետական կուսակցությունը՝ 56  տոկոս, 235 532 կողմ ձայն:

 

Մնացած ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝

 

ԲՀԿ                             96 867                      23 տոկոս

Բարև, Երևան                 35 600                      8,5 տոկոս

ՀԱԿԿ                           18 439                         4,4 տոկոս

ՀՅԴ                              15 981                        3,8 տոկոս

ՕԵԿ                             15 720                        3,7 տոկոս

Առաքելություն                   2 737                       0,7 տոկոս

 

 

 

Երևանի ավագանիում մանդատների բաշխմանը մասնակցելու համար դաշինքը պետք է ստանա քվեների առնվազն 8, կուսակցությունը՝ առնվազն 6 տոկոսը:

 

 

Ավագանու տեղերի բաշխման արդյունքում եթե որևէ ուժ տեղերի առնվազն կեսն ստանա՝ 33 տեղ, նրա ցուցակի առաջին համարը Երևանի քաղաքապետի պաշտոնն ստանձնելու իրավունք կունենա:

ՀՀԿ-ի հավաքած տոկոսը նվազում է

Безымянный 1 (1)Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տեղեկատվության կենտրոնում պարբերաբար թարմացվում են ընտրությունների արդյունքները: ՀՀԿ-ի ստացած նախնական տոկոսը նվազում է` հասնելով 62,34 տոկոսի, իսկ Բարև Երևան դաշինքն այս պահի դրությամբ հաղթահարում է 8 տոկոսի շեմը, նրա նախնական տոկոսը աճում է` հասնելով 8,11-ի:

ԿԸՀ-ի հրապարակած նախնական արդյունքներով առջևում ՀՀԿ-ն է

Безымянный 1Րոպեներ առաջ ԿԸհ-ն հրապարակեց Երևանի ավագանու ընտրությունների նախնական արդյունքները: Այս պահի դրությամբ առաջատարը ՀՀԿ-ն է ձայների 64,76-ով: Մյուս արդյունքները ներկայացնում ենք աղյուսակով:

«Իրազեկ ընտրող» համակարգի նախնական տվյալները

երևանի ավագանու ընտրություններ

երևանի ավագանու ընտրություններ

«Իրազեկ ընտրող» համակարգը, ուր հավաքվում են դիտորդների sms–ներով հրապարակված թվերը, ներկայացրել է առաջին տվյալները ավագանու ընտրություններից։ Երևանի 464 ընտրական տեղամասերից 5-ից ստացված տվյալները հետևյալն են. ՀՀԿ` 57.5, ԲՀԿ` 17.2, Բարև Երևան` 9.3, ՀԱԿ` 4.2, ՀՅԴ` 4.6, ՕԵԿ` 2.6, Առաքելություն` 0.6: Տվյալները նախնական են ու ոչ պաշտոնական:

Ոստիկանություն դեռ շարունակում են ստացվել նորանոր դիմումներ, որոնք վերլուծման փուլում են

Թաթուլ ՊետրոսյանՔվեարկության օրն արձանագրված խախտումների վերաբերյալ տեղեկատվություն հաղորդեց ՀՀ ոստիկանություն իրավաբանական վարչության պետ, ոստիկանության գնդապետ Թաթուլ Պետրոսյանը: Նա հավաստեց, որ ստացվող բողոքները հիմնականում կարելի է տեղավորել 4 խմբում`ազատ կամքի արտահայտման խոչընդոտում, ԶԼՄ կամ դիտորդ մարմնի աշխատանքի խոչընդոտում, գաղտնիության խախտում, կրկնակի քվեարկություն, ընտրակաշառքներ: Այս պահի դրությամբ ստացվել է 72 ահազանգ, որոնցից 28-ը վերաբերում են ընտրակաշառքներին: Զարուհի Փոստանջյանը ևս դիմել է ոստիկանություն` իր աշխատանքի խոչընդոտման հետ կապված 4 դեպքի հիմքով:

Հարուցվել է թվով երրորդ քրեական գործը

Yerevan City Council elections 201319։30-ի դրությամբ ոստիկանությունը քննում է 63 դեպք: Արդեն տեղեկատվություն կա այն մասին, որ հարուցվել է թվով երրորդ քրեական գործը:
Արագածոտնի մարզի բնակիչ Սերյոժա Ս.-ն Երևան քաղաքի ավագանու ընտրությունների ժամանակ չպարզված ընտրական տեղամասում քվեարկել է այլ անձի փոխարեն, որից հետո ժամը 18-ի սահմաններում գնալով Անդրանիկի 4 հասցեում գտնվող թիվ 7/18 ընտրական տեղամաս, փորձել է կրկին քվեարկել այլ անձի փոխարեն, սակայն դա նկատել է ընտրական հանձնաժողովի անդամը և թույլ չի տվել Սերյոժա Ս.-ին քվեարկել, ինչի հետևանքով վերջինս չի կարողացել հանցագործությունը հասցնել ավարտին: Փաստի առթիվ ոստիկանության Մալաթիայի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 153 և 34-153 հոդվածներով: Կատարվում է նախաքննություն: