Թայիփ Էրդողանը ուղիղ եթերում վիրավորել է հայկական ինքնությունը

Էրդողան

Թուրքիայի նախագահի թեկնածու Թայիփ Էրդողանը «NTV» ալիքի եթերում հեռարձակվով «Թեկնածուները խոսում են» հաղորդման ժամանակ խոսելով իր ծագման մասին, նշել է. «Ես արմատներով Ռիզեից եմ, ծնվել և մեծացել եմ Ստամբուլում: Օրինակ իմ մասին շատ բաներ են ասել` թե վրացի եմ, նույնիսկ ավելի տգեղ բաներ ասողներ էլ գտնվեցին` նշելով, թե հայ եմ: Ես հորիցս էլ, պապիցս էլ թուրք եմ»:

Էրդողանի այս խտրական հայտարարությունը դժգոհության մեծ ալիք է բարձրացրել Թուրքիայում: Մասնավորապես դրանից շտապել է օգտվել մրցակից կուսակցությունը: Այսպես Ժողովրդա-հանրապետական կուսակցության պատգամավոր Հուրշիդ Գյունեշը հայտարարել է, որ պատրաստվում է դատի տալ Էրդողանին հնչեցրած խոսքերի համար: Ըստ նրա՝ վարչապետը խախտել է Թուրքիայի քրեական օրենսգրքի 122-րդ և 126-րդ հոդվածները, ինչպես նաև Թուրքիայի սահմանադրության 10-րդ հոդվածը:
«Եթե Էրդողանը հաղթի առաջիկա նախագահական ընտրություններում, ապա դա կնշանակի, որ թուրք ժողովորդը ընտրել է բռնապետի և ռասիստի»,-նշել է Գյունեշը:

Կիպրոսի խնդրի լուծման համար անհրաժեշտ է հունա-կիպրական ժողովուրդի կամքը. Թայիփ Էրդողան

erdoganԹուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանը, խոսելով Կիպրոսի խնդրի լուծման մասին, նշել է, որ դրա համար անհրաժեշտ է, որպեսզի հունա-կիպրական ժողովուրդը կամք դրսևորի: Էրդողանի հայտարարել է, որ իրենք խնդրի քաղաքական լուծման են ձգտում` հիմնված Կիպրոսի երկու համայնքներ փոխհամաձայնության և քաղաքական հավասարության վրա: «Մենք սպասում ենք, որ միջազգային հանրությունը հունա-կիպրական ժողովուրդին կհայտնի մեր այս վճռական որոշման մասին»,-նշել է Էրդողանը:

Թուրքիայի նախագահի թեկնածուն անդրադարձել է նաև ԵՄ անդամագրության գործընթացին: Նա նշել է, որ Թուրքիան մեծ սպասումներ ունի Իտալիայից, որը այս ամիս ստանձնել է ԵՄ նախագահություն: Էրդողանը ընդգծել է Թուրքիայի հետ բանակցությունների ընդլայնման անհրաժեշտության մասին:

Անկախ

Էրդողանը Պուտինի նման մի առաջնորդ է դառնալու. «Financial Times»

 Պուտին,Էրդողան  Բրիտանական «Financial Times» հանդեսը անդրադարձել է Թուրքիայում սպասվող նախագահական ընտրություններին` մասնավորապես մեկնաբանելով Թայիփ Էրդողանի թեկնածությունը: Ըստ հանդեսի` Թուրքիայի տնտեսությունը թուլանում է, իսկ Էրդողանի միջազգային հեղինակությունը` անկում ապրում: Նշվում է նաև, որ 2011 թվականի ընտրություններից ի վեր Էրդողանը անկայուն քաղաքական գործչի պահվածք է դրսևորում, ինչը միջազգային հանրությանը համար մտահոգիչ է և նախագահ ընտրվելու դեպքում դրությունը, հավանաբար, չի կարգավորվի: Այնուհանդերձ, Էրդողանը գովասանքի է արժանացել վերջին 10 տարիներին երկրի տնտեսական և քաղաքական կյանքում նկատվող շրջադարձերի համար:

Հանդեսը քննադատաբար է մոտենում Էրդողանի վարած մերձավորարևելյան քաղաքականությանը, սակայն Քրդական հարցում գրանցած հաջողությունները որակում է որպես «հազվագյուտ հասունության օրինակ»: «Financial Times»-ը վստահ է, որ Էրդողանը նախագահական ընտրությունների առաջին փուլում ջախջախիչ հաղթանակ կտանի: Հանդեսի գնահատմամբ` այսպիսով Էրդողանը կդառան «ավելի շատ ոչ թե Աթաթուրքի, այլ Պուտինի» նման մի առաջնորդ: «Էրդողանի Թուրքիան չի լինի այն երկիրը, որով շատերը հիանում էին նրա վարչապետության առաջին տասնամյակի ընթացքում»,-գրում է թերթը:

 Անկախ

Հայ-թուրքական սահմանը կարող է բացվել սեպտեմբերին. «Թարաֆ»

Էրդողան    Թուրքական «Թարաֆ» թերթից Հուսեյն Օզայի հաղորդմամբ` նախագահի պաշտոնին Թայիփ Էրդողանի թեկնածության առաջադրումից հետո հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար երկրորդ քայլն է նախապատրաստվում: Ապրիլի 23–ին Էրդողանի հնչեցրած «ցավակցական» ուղերձից հետո թուրքական կառավարությունը մտադրվել է վճռական քայլերի գնալ: Ղարաբաղյան հարցի պատճառով 1993 թվականին փակված հայ-թուրքական սահմանը 21 տարի անց կարող է բացվել: «Թարաֆ»-ը գրում է, որ սեպտեմբեր ամսին սահմանի բացման համար նախապատրաստական աշխատանքներն ամբողջացնելու կարգադրություն է արվել: Եթե այս քայլը իրականացվի, ապա Թուրքիան կբացի Ալիջանի անցակետը, որը սահմանակից է Արմավիրի մարզի Մարգարա բնակավայրին: Հայտնի է, որ արդեն ասֆալտապատվել է սահմանային անցակետից այն կողմ 7 կիլոմետրանոց տարածք, տեղադրվել են համապատասխան ավտոմատացված համակարգեր:

Գնալով այս քայլին` Թուրքիան նպատակ է դրել կարգավորել ինչպես Հայաստանի, այնպես էլ ԱՄՆ-ի հետ հարաբերությունները: 2009 թվականին ԱՄՆ արտգործնախարար Հիլարի Քլինթոնը Անկարա կատարած այցի ժամանակ դրել էր հայ-թուրքական սահմանի բացման հարցը: Սակայն Թուրքիան այս ուղղությամբ ոչ մի քայլ չկատարեց, ինչը հանգեցրեց նախագահ Բարաք Օբամայի սառը վերաբերմունքին: Վերջիս չի պատասխանում Էրդողանի հեռախոսազանգերին և նախընտրում է խոսել Գյուլի հետ: Անկարայում անհանգստություն կա, որ Էրդողանի նախագահ ընտրվելու դեպքում Օբաման նրան չի շնորհավորի: Այս հանգամանքներից ելնելով` Ալիջանի սահմանային անցակետի բացումը կնպաստի նաև թուրք-ամերիկյան հարաբերությունների կարգավորմանը:

 Անկախ

 

Թուրքիայի նախագահի թեկնածուներից ֆավորիտը Թայիփ Էրդողանն է. թուրքագետ

Gevorg_PetrosyanԱյս տարվա օգոստոսին Թուրքիայում սպասվում են նախագահական ընտրություններ: Նախընտրական զարգացումների ու նախապատրաստությունների, ինչպես նաև Թուրքիայում ստեղծված իրավիճակի մասին «Անկախը» զրուցել է թուրքագետ Գևորգ Պետրոսյանի հետ:

– Պարո՛ն Պետրոսյան, օգոստոսին Թուրքիայում պետք է անցկացվեն նախագահական ընտրություններ, որոնք աննախադեպ են համարվում, ինչո՞ւ:
– Ընտրությունների առաջին փուլը կայանալու է 2014-ի օգոստոսի 10-ին, իսկ երկրորդը` նույն ամսվա 24-ին, եթե առաջին փուլում թեկնածուներից մեկը չստանա ձայների կեսից ավելին: Այս ընտրություններն առանձնանում են նրանով, որ Թուրքիայի Հանրապետության պատմության մեջ առաջին անգամ երկրի նախագահին ընտրելու է ժողովուրդը, ոչ թե խորհրդարանը, ինչպես նախկինում էր: Բացի այդ, այս ընտրություններին ենթադրաբար հետևելիք սահմանադրական փոփոխությունների արդյունքում Թուրքիայի նախագահի պաշտոնի կարևորությունն ու դերը զգալի կբարձրանա, և փորձ կկատարվի անցնել նախագահական կառավարման ձևին: Սա հնարավոր է, եթե նախագահի ընտրություններում հաղթի իշխող կուսակցության` ԱԶԿ-ի թեկնածուն:

– Անդրադառնանք Թուրքիայի նախընտրական վիճակին, ի՞նչ իրավիճակ է այժմ ստեղծված Թուրքիայում` նախընտրական փուլում:
– «Ժողովրդահանրապետական» ու «Ազգայնական շարժում» կուսակցություններն առաջադրել են միասնական թեկնածու, որպեսզի կարողանան պայքարել ԱԶԿ-ի հետ, որն էլ հուլիսի 1-ին ներկայացրեց իր թեկնածուին` Ռեջեբ Թայիփ Էրդողանին: Ընդդիմության միասնական թեկնածուն Էքմելեդին Իհսանօղլուն է, որ առավելապես հայտնի է իր աշխատանքով Իսլամական համագործակցության կազմակերպությունում: Նա վերոնշյալ կուսակցությունների անդամ չէ և մեծապես զուգակցվում է իսլամի հետ: Այսպիսով, քեմալականներն ու ազգայնականները փորձում են իսլամի հետ առնչվող անձով պայքարել իսլամամետ իշխող ուժի դեմ: Ամփոփելով պետք է նշել, որ Էրդողանը ներկա իրավիճակում բացարձակ առավելություն ունի իր գլխավոր մրցակցի` Իհսանօղլուի նկատմամբ, որը ոչ միայն ներքին քաղաքականությունում հայտնի խաղացող չէ, այլև չի վայելում քեմալական բոլոր ղեկավարների աջակցությունը: Եվս մեկ թեկնածու էլ ունեն քրդերը:

–Ինչո՞ւ ընդդիմության ընտրությունը կանգնեց Էքմելեդին Իհսանօղլուի վրա, նրա թեկնածությունն առաջադրելով` ի՞նչ են փորձում անել ԱՇԿ-ն ու ԺՀԿ-ն:
– Եվ ի՞նչ են փորձում անել նախագահական թեկնածուի հարցով միավորված ընդդիմադիր կուսակցությունները` առաջադրելով մի թեկնածուի, որն ընտրողներին ներկայանում է որպես պահպանողական և իսլամամետ: Ընդ որում, կուսակցություններում ոչ բոլորն են ոգևորությամբ ընդունել Իհսանօղլուի թեկնածությունը: Նախ` դիտարկենք Թուրքիայի առաջին նախագահ Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի հիմնադրած կուսակցության` ԺՀԿ-ի քայլերը, որն աչքի չի ընկնում ընտրողների ստվար զանգվածով, թեև ունի կայուն ընտրազանգված: Ժամանակակից քեմալականները հասկացել են, որ միայն ավանդական քեմալական ընտրազանգվածի միջոցով (քանակը չի բավականացնում) ընտրություններում հաղթելը գրեթե անհնար է, ուստի ժամանակն է մտածել քրդերի, ինչպես նաև իսլամամետ դիրքորոշում ունեցող ընտրողների ձայները ստանալու մասին, ինչն էլ տարիներ շարունակ հաջողությամբ անում է մրցակից ԱԶԿ-ն: Նախ հիշենք, որ ԺՀԿ-ի ներկայիս նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուին վերագրում են քրդական ծագում, ինչը որոշակիորեն կարելի է կապել քրդական ձայները ստանալու ակնկալիքի հետ: Եվ ահա, արդեն Իհսանօղլուի առաջադրմամբ, որը, ինչպես նշեցինք, ընտրողների լայն զանգվածների համար նախևառաջ ասոցացվում է իսլամի հետ, ԺՀԿ-ն փորձում է ձայներ ստանալ նաև իշխող կուսակցության, այսպես ասած, իսլամամետ ընտրազանգվածից: Իսկ ահա ազգայնականների հետ համագործակցությունը նույնպես հասկանալի է, քանի որ այս քաղաքական ուժը նույնպես կայուն ընտրազանգված ունի, որն աչքի է ընկնում ոչ միայն ազգայնամոլ կեցվածքով, այլև կրոնական և քաղաքական պահպանողականությամբ: ԱՇԿ-ն իր հերթին հնարավորություն է ստանում մտնելու լուրջ պայքարի մեջ նախագահի ընտրություններում, ինչը միայնակ գործելու դեպքում հնարավորություն չէր թողնում «Գորշ գայլերի» քաղաքական ճյուղին:

-Ո՞րը կլինի իշխող ԱԶԿ-ի հակաքայլը ընդդիմադիր ուժերի առաջարկած խաղի կանոններին:
– Հակաքայլն Էրդողանն է, որ ներկայումս ընտրությունների գլխավոր ֆավորիտն է համարվում: Էրդողանի կերպարն ու անցած ուղին, ինչպես նաև ընտրություններում ունեցած փորձը և ընտրազանգվածը… Նախորդ ընտրություններում մշտապես ԱԶԿ-ն վստահ հաղթանակ է տարել, և նախագահական ընտրությունների համար կատալիզատորի դեր ստանձնած այս տարվա մարտի ՏԻՄ ընտրությունները ցույց տվեցին, որ Էրդողանն ու իր կուսակցությունը շարունակում են վայելել ընտրողների լայն զանգվածների աջակցությունը, և սա այն դեպքում, երբ Էրդողանի անվան հետ կապվեցին մի շարք սկանդալներ:

–Իրադարձութուններն ի՞նչ ընթացք կունենան, ի՞նչ կանխատեսումներ ունեք:
– Եթե լուրջ ցնցումներ չլինեն, Էրդողանի հաղթանակը կասկածի տակ գրեթե չի դրվում, սակայն պետք է հասկանանք, որ ինչպես եղավ ՏԻՄ ընտրությունների ժամանակ, այս անգամ էլ երաշխիք չկա, որ Էրդողանի և նրա գլխավորած կուսակցության դեմ նոր հզոր քայլեր չեն ձեռնարկվի: Ամեն դեպքում, Էրդողանը ցույց է տվել, որ կարողացել է հաղթահարել Գեզիի դեպքերի մակարդակի խոշոր հասարակական ցնցումը, ինչպես և գյուլենական միջամտությամբ կոռուպցիոն սկանդալը: Ամեն դեպքում, Թուրքիայում քաղաքական գործընթացներն այնքան էլ հստակ ու պարզ չեն, և Էրդողանի համար ոչ նպատակահարմար զարգացումները բացառելը նույնպես սխալ կլինի: Ընտրապայքարի ակտիվ փուլը դեռ առջևում է, և որոշակի ժամանակ անց հնարավոր կլինի ավելի հստակ գնահատական տալ: Ամեն դեպքում` ամառը թեժ է լինելու:
–Այս ընտրություններից Թուրքիան ինչպե՞ս դուրս կգա, ի՞նչ Թուրքիա կլինի ընտրություններից հետո:
– Կարծում եմ` հաջորդ քայլը սահմանադրական փոփոխություններն են, մյուս խոշոր գործընթացը դա է լինելու, ու անցումը նախագահական կառավարմանը` «սուլթան» Էրդողանի գլխավորությամբ: Էրդողանը միանշանակ ձգտելու է իր իշխանության ամրապնդմանը, որին հասնելու համար որոշակի սահմանադրական փոփոխություններ կանի, հետո կարևոր է քրդական գործոնը, թե ինչ քայլ կանի նաև այդ ուղղությամբ:

– Ի դեպ, քրդերը Թուրքիայում մեծ թիվ են կազմում, թեկնածու էլ ունեն, ինչպե՞ս կանդրադառնան այդ երկու հանգամանքները ընտրությունների վրա:
– Ընդհանրապես ԱԶԿ-ն ընտրություններում հենվում է նաև քրդական ձայների վրա, ինչը ընտրապայքարում մեծ կարևորություն է ստանում: Չեմ կարծում, թե քուրդ թեկնածուն կարող է լուրջ դերակատարում ունենալ կամ խանգարել Էրդողանի քրդական ձայներ ստանալուն: Նրա ներկայությունն ավելի շատ խորհրդանշական եմ դիտում, պարզապես Թուրքիայի նախագահական ընտրություններում ունենալ քուրդ թեկնածու:

– Անդրադառնանք Թուրքիայում կայանալիք ընտրություններին հայկական շահի տեսանկյունից. մեզ համար կարևորն ի՞նչ է, ու ի՞նչ ակնկալիքներ պետք է ունենանք այդ ընտրություններից
– Կարծում եմ, որ ընտրություններից հետո Թուրքիայում կարող են լուրջ գործընթացներ սկսվել ինչպես սահմանադրական փոփոխության առումով, այնպես էլ քրդական հարցում, ինչպես և Մերձավոր Արևելքում նոր իրականության հետ հաշվի նստելով («Իրաքի և Լևանտի (Ասորիքի) պետություն» խմբավորման հետևանքները): Պետք է ժամանակին արձագանքելու պատրաստ լինենք: Բացի այդ, պետք է հասկանանք, որ ԱԶԿ-ն, եթե լուրջ ցնցումներ չլինեն, շարունակելու է լինել Թուրքիայի ղեկին, և հարաբերությունները պետք է կառուցենք` հիմք ընդունելով այդ քաղաքական ուժի հետ հարաբերվելու մեր նախկին փորձը:
Վերցնենք Թուրքիայի գործող քաղաքական ուժերի գաղափարական կողմը: Էրդողանին ընդդիմություն են կազմում ազգայնականներն ու քեմալականները, որոնց հիմքում հակահայ էությունն է: Եվ ընդհանրապես, տասնամյակներ շարունակ թուրքական պետությունն ինքնին Հայաստանի և հայերի դեմ է կառուցվել, և իշխանության ղեկին եղած այս կամ այն քաղաքական ուժը չէ, որ որոշում է Հայաստանի և հայերի հետ հարաբերությունների ձևն ու մակարդակը: Նախ և առաջ կա պետական մոտեցում, պետական ավանդույթներ, որոնք փոխելու համար կառավարությունների հսկա ջանքեր ու ահռելի կամք է պետք: Հայաստանի նկատմամբ վերաբերմունքի փոփոխությունը կապված է ոչ այնքան այս կամ այն կուսակցության և քաղաքական ուժի հետ, որն այդ պահին իշխանության ղեկին է, որքան թուրքական պետության:

– Դեպքերի ո՞ր ընթացքը կլինի առավել ձեռնտու հայկական շահերի տեսանկյունից:
– Փորձը ցույց է տվել, որ հաճախ հայկական շահերից է բխում Թուրքիայում խառնակ իրավիճակը, երբ այդ երկիրը չի կարողանում իր ողջ ռեսուրսներն ուղղել Հայաստանի դեմ: Առայժմ նման զարգացման նախապայմաններ չկան: Էրդողանի ղեկավարմանը քիչ թե շատ ծանոթ ենք: Իսկ թե ինչ կլինի գաղափարապես հակահայ կեցվածք ունեցող երկու ուժերի միասնական թեկնածուի հնարավոր կառավարման տարիներին, դժվար է ասել, քանի որ նախ նրան գործի մեջ պետք է տեսնել…

Հարցազրույցը` Գևորգ Ավչյանի

Ներքին և արտաքին սայթաքումների պատճառով Թուրքիայի աջակցությունը նվազում է Կոնգրեսում

Էրդողան, Ֆեթուլլահ Գյուլեն,Թուրքիա   Թուրքիայի վարչապետ Էրդողանի կողմից սեփական քաղաքացիների նկատմամբ մարդու իրավունքների համատարած ոտնահարումների  և Հայաստանի, Կիպրոսի, Եգիպտոսի, Հունաստանի, Իրանի, Իրաքի, Իսրայելի և Սիրիայի հետ կապված արտաքին քաղաքականության կոպիտ սխալների պատճառով Թուրքիան կորցրել է աջակցության զգալի մասը, որ երբեմն վայելում էր Միացյալ Նահանգներում և ընդհանրապես աշխարհում:

 

Այս  անկման վերջին ապացույցը Ներկայացուցիչների պալատի թիվ 4347 բանաձևի (Թուրքիայում քրիստոնեական եկեղեցիների հաշվետվության ակտ) ընդունումն է հունիսի 26-ին Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում: Անկարայի և Վաշինգտոնի միջև վատթարացող հարաբերությունների պատճառով ԱՄՆ կառավարությունը ձեռնպահ մնաց իր քաղաքական կապիտալը վատնելուց օրինագծի ընդունումը կանխելու համար:

 

Բացի այդ, ներթուրքական վեճերը, որոնցից մեկն առկա է Էրդողանի և Թուրքիայում ու արտերկում մեծ ազդեցություն ունեցող թուրք կրոնական Ֆեթուլլահ Գյուլենի  միջև, Անկարային զրկեցին կարևոր աջակցությունից Միացյալ Նահանգներում: Գյուլենին հարող խմբերը մատը մատին չխփեցին փրկելու Էրդողանի կառավարությունը նվաստացուցիչ պարտությունից Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում:

 

Մեկ այլ ներքին քաղաքական բանավեճի պատճառով Ամերիկայի թուրքական կոալիցիան հրաժարվեց ստորագրել երեք այլ թուրք-ամերիկյան խմբերի նամակը, որն ուղարկվել էր Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովի անդամներին ընդդեմ եկեղեցիների օրինագծի: Թուրքական խմբերը կողմնակիցների հուսահատ որոնումներում, իրենց լոբբիստական ջանքերում կարողացան ներգրավել Ամերիկայի ադրբեջանական խորհուրդը, որն ընդհանրապես գործ չուներ իր քիթը խոթելու Թուրքիայում քրիստոնեական եկեղեցիների կարգավիճակի հարցում: Ստորագրելով նման թշնամական համատեղ նամակ, ադրբեջանական խումբն ավելի սրեց հարաբերությունները աշխարհասփյուռ հայության հետ, էլ ավելի բարդացնելով Արցախյան հակամարտության արդար կարգավորման ձեռքբերումը:

 

Վերջապես, Թուրքիայի կառավարության բախումը Իսրայելի հետ` «Մավի Մարմարա» նավի վրա հարձակումից հետո և վերջերս Թուրքիայի նոր դեսպան Սերդար Քըլըջի խիստ նամակը Ամերիկայի հրեական կոմիտեին Հայոց ցեղասպանության ճանաչման համար, զրկեցին Անկարային որևէ լոբբիստական աջակցությունից, որ նա սովորաբար ստանում էր Կոնգրեսում Իսրայելի կառավարությունից և Ամերիկայի որոշ հրեական կազմակերպություններից:

 

Ավանդական դաշնակիցների ամեն տեսակ աջակցության բացակայության պայմաններում Թուրքիայի կառավարությունը կարող էր ապավինել միայն իր վարձկանների՝ թանկ վարձատրվող ամերիկյան լոբբիստական ընկերությունների օժանդակությանը` իրականացնելու թուրքական ստանդարտ մարտավարությունը, որ կիրառվում է ընդդեմ ցանկացած նախաձեռնության, ինչն Անկարան համարում է իր շահերին դեմ.

 

1.    Վճռականորեն խափանել որևէ հակաթուրքական նախաձեռնություն՝ կանխելով դրա քննարկումը.

2.    Եթե առաջին քայլը չի հաջողվում` փոփոխություններ առաջարկել նախաձեռնությունը թուլացնելու համար.

3.    Նույնիսկ նախաձեռնությունը թուլացնելուց հետո, ճնշում գործադրել հանձանժողովի անդամների վրա դեմ քվեարկելու համար:

 

Եկեղեցիների օրինագծի դեպքում թուրքական կառավարությանը չհաջողվեց խափանել դրա քննարկումը Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում և նա անզոր գտնվեց բավարար չափով քվեներ հավաքել օրինագիծը ձախողելու համար: Միակ բանը, որ մնում էր անելու Անկարային` Կոնգրեսի Թուրքիային աջակցող խմբի որոշ անդամներից խնդրելն էր, որպեսզի  նրանք փոփոխություններ առաջարկեին օրինագիծը թուլացնելու համար: Այս մարտավարությունը փոքր չափով արդյունավորվեց, քանի որ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, կոնգրեսական Էդուարդ Ռոյսը, փորձեց համախոհության հասնել այս օրինագծի վերաբերյալ՝ փորձելով ներգրավել մի քանի տարակարծիք կոնգրեսականների: Ի վերջո, առողջ դատողությամբ որևէ մեկն ինչպես կարող էր դեմ քվեարկել մի օրինագծի, որը կոչ էր անում կրոնական կառույցները, տվյալ դեպքում քրիստոնեական եկեղեցիները, վերադարձնել իրենց իսկական տերերին…

 

Սա երկրորդ խոշոր պարտությունն է, որ Թուրքիան կրում է վերջին երեք ամիսների ընթացքում: Ապրիլի 10-ին Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը ձայների 12 կողմ և 5 դեմ հարաբերակցությամբ ընդունել էր Հայոց ցեղասպանության մասին բանաձև, որը ևս մեկ վկայություն է Վաշինգտոնում թուրքական քաղաքական ազդեցության անկման մասին: Բավական է կարդալ վերջին երկու հոդվածները, որոնք հրապարակվել են «Նյու Յորք թայմս» («Ապստամբների առջև ճանապարհ բացելուց հետո Թուրքիան թանկ է վճարում») և «Ուոլ սթրիթ ջըրնալ» թերթերում («Անօգուտ դաշնակից»), որպեսզի տեսնել Էրդողանի հասցրած վնասի չափը իր երկրի վարկին:

 

Բացի ազդեցության կորստից, Թուրքիայի կառավարությունը միլիոնավոր դոլարներ է վատնում, վճարելով հզոր և ազդեցիկ, սակայն, ըստ էության,  անպետք ամերիկյան լոբբիստական ընկերություններին, որոնք մեծ խոստումներ տալով, գրպանում են ահռելի գումարներ և գրեթե ոչ մի օգուտ չունեն: Ե ՞րբ պետք է Թուրքիայի ժողովուրդը հաշիվ պահանջի իր կոռումպացված և անպատասխանատու ղեկավարներից, որոնք վատնում են թուրք քաղաքացիների դժվարությամբ վաստակած հարկային դոլարները` իզուր փորձելով արդարացնել իրենց ցեղասպան պատմությունը:

 

Վերլուծաբանները կանխատեսում են, որ չնայած վարչապետ Էրդողանի աղետալի քաղաքականությանը երկրի ներսում և դրսում, սպասվում է, որ նա կընտրվի նախագահ այս տարվա օգոստոսին: Հայերը, հույները, քրդերը և մյուս ճնշված ազգային և կրոնական փոքրամասնությունները շատ ուրախ կլինեն տեսնել Թուրքիան ղեկավարող մի ապաշնորհ առաջնորդի, որը ծնկի կբերի երկիրը…

 

 

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

www.TheCaliforniaCourier.com

 

 

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

 

Էրդողանի մեղադրանքը հերքվել է

ԱՄՆ պետդեպարտամենտը հերքել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝  ամերիկյան ԶԼՄ-ների հասցեին ուղղված մեղադրանքը. Էրդողանը ամերիկյան ԶԼՄ-ներին, մասնավորապես՝ CNN հեռուստաալիքին մեղադրում է կողմնակալության մեջ,- այս մասին գրում է  “Haberturk” թերթը։

Էրդողան

Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մարի Հարֆի կարծիքով CNN-ը անկախ ու անաչառ հեռարձակող է, որը «աջակցում է Թուրքիայի ազատ խոսքի իրավունքը, ուստի, այս հանգամանքն էլ թույլ է տալիս թղթակցին լուսաբանել երկրի ներքին կյանքի կարևոր իրադարձությունները»,-ասել է Հարֆը։

Թուրքիայի կառավարության ղեկավարը, խոսելով «Արդարություն և զարգացում» կառավարող կուսակցության իր գործընկերների հետ, բավականին կոպիտ է արտահայտվել CNN հեռուստաընկերության մասին։ Նրա խոսքերով՝ հեռուստաալիքի լրագրողները միտումնավոր կրքեր են բորբոքել՝ վերջին հաշվով Թուրքիայի Թաքսիմ հրապարակում հարուցելով անկարգություններ»,- հայտնում է РИА Новости-ն։

«Միջազգային ԶԼՄ-ների ներկայացուցիչները, որ Ստամբուլ էին ժամանել սադրանքներ ու չափազանցված զեկույցներ պատրաստելու համար, մնացել են ձեռնունայն»,- իր կուսակիցներին է հայտնել Էրդողանը։

Թուրքական խորհրդարանում կարող է հայ պատգամավոր լինել. Մարգար Եսայան

մարգար եսայան   Թուրքիայի Քոջաելի շրջանում անցկացված Գրքի 6-րդ տոնավաճառին հյուրընկալված հայազգի լրագրող Մարգար Եսայանը անդրադարձել է վարչապետ Թայիփ Էրդողանի ապրիլի 23-ին արած «ցավակցական» ուղերձին՝ նշելով, որ այն ցույց տվեց Թուրքիայի ինքնավստահությունը: «Սա հայ լինելուս համար չէ, որ ասում եմ: Ես Թուրքիայի Հանրապետության քաղաքացի եմ: Հայկական հարցը Թուրքիայի ոտքին կապված ամենամեծ շղթան է: Այդ տաբուն կոտրվեց ցավակցության շնորհիվ: Այն ցույց տվեց պետության ինքնավստահությունը: Թուրքիան լավ ճանապարհի վրա է: Ես տեսնում եմ նաև ժողովուրդի ոգևորությունը: Մարդիկ արդեն վեճ ու աղմուկ չեն ուզում: Մենք պետք է նայենք, թե ինչպես կարող ենք առաջ տանել այս կոտրված տաբուն: Թող մեր երեխաները չապրեն այն, ինչ մենք ենք ապրել»,-ասել է Եսայանը:

Հանդիպման ընթացքում հայ լրագրողին հարցեր ուղղելու հնարավորություն են ունեցել նաև ընթերցողները: Հնչած այն հետաքրքիր հարցին, թե արդյոք Էրդողանի ուղերձից հետո թուրքական խորհրարանում կարելի է տեսնել հայ պատգամավորի, Եսայանը պատասխանել է. «Չեմ կարծում, որ արգելք կլինի: Սակայն հայ համայքից միայն 25 հազար հոգի կարող է քվեարկել: Այս շրջանակներում հայերի ձայները ուժ չունեն: Սակայն սա հնարավոր կլինի բոլոր կուսակցությունների համատեղ իրագործմամբ»:

Անկախ

Հայերը պետք է շնորհակալություն հայտնեն Էրդողանին… Ցեղասպանությունը չճանաչելու համար

Հարութ ՍասունյանԹուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը «1915 թվականի իրադարձությունների» վերաբերյալ, որն անցյալ շաբաթ հրապարակվեց ինը լեզուներով, քարոզչական խոշոր ձեռքբերում էր Թուրքիայի համար և տարածվեց ամբողջ աշխարհում: Ուղերձն այնքան հմտորեն էր ձևակերպված, որ մոլորության մեջ գցեց միջազգային հանրության շատ ներկայացուցիչների, ցավոք, նաև որոշ հայերի, որոնք հավատացին, թե նա մոտենում է Հայոց ցեղասպանության ճանաչմանը կամ, առնվազն, «պատմական» քայլ է կատարել այդ ուղղությամբ:

 

Իրականում, Էրդողանի հայտարարությունը ոչ այլ ինչ էր, եթե ոչ վերաձևակերպված ժխտում կամ «հին գինին` նոր շշի մեջ»: Ջանադրաբար խուսափելով Հայոց ցեղասպանություն եզրից, նա փոխ էր առել արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի «ընդհանուր ցավի» և «արդար հիշողության» խաբուսիկ տերմինաբանությունը, բառեր, որոնք թվում են հաշտվողական, սակայն, ըստ էության, մարդասպաններին հավասարեցնում են զոհերին: Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ մահացած միլիոնավոր թուրքերի և այլոց վկայակոչումը Թուրքիայի վարչապետի կողմից վիրավորանք է Հայոց ցեղասպանության 1.5 միլիոն զոհերի հիշատակին: Երկրորդ համաշխարհային պատերազմում ևս միլիոնավոր գերմանացիներ են զոհվել, սակայն ոչ մի գիտակից և բարեխիղճ մարդու մտքով չի անցնի նրանց մահը հավասարեցնել վեց միլիոն հրեաների բնաջնջմանը…

 

Էրդողանի կոչը` «1915 թ. իրադարձությունները ուսումնասիրելու նպատակով պատմաբանների համատեղ հանձնաժողով» ստեղծելու վերաբերյալ, ևս մեկ մաշված և հարցը հետաձգելու խորամանկ  մարտավարություն է: Եթե թուրքական իշխանություններն անկեղծորեն ուզում են իմանալ Հայոց ցեղասպանության փաստերը, նրանց մնում է միայն վերանայել իրենց սեփական արխիվներում առկա հսկայածավալ փաստաթղթերը, ինչպես նաև բազմաթիվ պատմաբանների և ցեղասպանագետների կատարած հետազոտություններն ամբողջ աշխարհում: Ինչո՞ւ է թուրքական կառավարությունը գրեթե 100 տարի անց նոր հետաքրքրություն ցուցաբերում այս թեմայի ուսումնասիրման շուրջ: Ինչո՞ւ են ամենազգայուն օսմանյան արխիվները դեռևս գաղտնի պահվում, չխոսելով մյուսների մասին, որոնք վաղուց արդեն ոչնչացվել են:

 

Տարիներ շարունակ բազմիցս գրել եմ, որ.

 

1.    Չնայած թուրքական ժխտումներին` Հայոց ցեղասպանությունը միջազգային հանրության կողմից ճանաչված փաստ է, և կարիք չկա սպասելու նախագահ Օբամայի, վարչապետ Էրդողանի կամ մեկ ուրիշի կողմից դրա ընդունմանը:

2.    Հայոց ցեղասպանության ճանաչումը չի կարող ուղղել այն անարդարությունները, որոնց պատճառով արմատախիլ արվեց և կոտորվեց մի ողջ ժողովուրդ: Ավելի նպատակահարմար կլինի արդարության հասնել դատական ատյանների միջոցով, պահանջելով ֆինանսական փոխհատուցում և հայկական տարածքների վերադարձ:

3.    Թուրքիայի «հաշտեցման» առաջարկը ոչ այլ ինչ է, եթե ոչ չարամիտ հնարք թաղելու անցյալն անիմաստ ճանաչմամբ և մակերեսային ներողամտությամբ:  Իսկական հաշտեցման կարելի է հասնել միայն հայ ժողովրդին հասցված վիթխարի վնասները վերացնելու միջոցով:

 

Շատ կարևոր է, որ հայերը զգոն լինեն և չխաբվեն հաշտեցման թուրքական կեղծ առաջարկներով: Այժմվանից և մինչև 2015 թ. Ապրիլի 24-ը, Թուրքիայի կառավարությունը, ամենայն հավանականությամբ, էլ ավելի ճարպիկ գովազդային հնարքների կդիմի` միջազգային հանրության համակրանքը շահելու համար և նվազագույնի հասցնելու Թուրքիայի արդեն վարկաբեկված հեղինակությանը ցեղասպանության մեղադրանքներով պատճառվող վնասները:

 

Նման մի թուրքական ծրագիր է Դավութօղլուի ցինիկ հայտարարությունը, թե Հայկական սփյուռքը նաև Թուրքիայի սփյուռքն է…  Թուրքական մամուլում լուրեր հրապարակվեցին, որ Թուրքիայի կառավարությունը պատրաստվում է  քաղաքացիություն շնորհել նախկին օսմանյան հպատակների ժառանգներին, այդ թվում` հայերին: Զարմանալի է, որ որոշ միամիտ հայեր մոլորության մեջ ընկան կարծելով, որ սա դրական քայլ է… Պարզապես մի պահ պատկերացրեք ձեզ բնակություն հաստատած Թուրքիայի կողմից գրավված Արևմտյան Հայաստանի կամ Կիլիկիայի որևէ քաղաքում որպես Թուրքիայի քաղաքացի և ձեր որդիները զորակոչված բանակ` «պաշտպանելու թուրքական պետությունը» և մասնակցելու Քեսաբի կամ Հալեպի կամ անգամ Հայաստանի վրա հարձակմանը… Իսկ ի՞նչ կասեք Թուրքիայի քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով բանտարկվելու մասին, քանզի անզգուշորեն զրուցել եք Հայոց ցեղասպանության մասին ձեր թուրք հարևաններից մեկի հետ…

 

2014 թ. ապրիլի 23-ի Էրդողանի հայտարարության իսկական նպատակն է խոչընդոտել արդարության հասնելու հայերի համաշխարհային ջանքերին Հայոց ցեղասպանության հարյուրամյակի շեմին:

 

Այն փաստը, որ ԱՄՆ պետդեպարտամենտը և որոշ եվրոպական պաշտոնյաներ դրական գնահատական են տվել Էրդողանի հայտարարությանը, վկայում է, որ սա համակարգված փորձ էր քողարկելու Օբամայի վարչակարգի  և եվրոպական երկրների համար, ձեռնպահ մնալու ցեղասպանության հարցով հայկական պահանջներից, որպես պատրվակ օգտագործելով այն, որ Թուրքիայի ղեկավարները հաշտեցման գործընթացի մեջ են հայերի հետ:

 

Հայերը պետք է դիմակայեն երրորդ կողմերի` իրենց պատմական պահանջների հետապնդումից հրաժարվելու ճնշումներին: Միացյալ Նահանգների կառավարության կամ Եվրամիության տեսակետները Թուրքիայից հայկական պահանջների վերաբերյալ  պետք է անտեղի համարվեն: Հայերը պետք է տեր կանգնեն իրենց սեփական ճակատագրին և թույլ չտան այլ պետությունների թելադրել, թե որն է ընդունելի կամ անընդունելի իրենց ազգային շահերը հետապնդելիս:

 

 

Հարութ Սասունյան

Thecaliforniacourier.com

 

Թարգմանությունը` Ռուզաննա Ավագյանի

Անկախ

Հայկ Դեմոյանի պատասխանը Թուրքիայի վարչապետի՝ ապրիլի 24-ի վերաբերյալ արված հայտարարությանը

հայկ դեմոյան   Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանն արձագանքել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությանը՝ կապված Հայոց ցեղասպանության հետ: Մասնավորապես ասվում է.

«Ինձ զարմացրեց, որ Օսմանյան կայսրությունում Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում  օսմանյան  կառավարության  կողմից կատարված հայերի ու   մյուս քրիստոնյաների Ցեղասպանությունից 99 տարի անց Թուրքիայի այժմյան ղեկավարը պարզապես ափսոսանք է հայտնում «1915թ-ի իրադարձությունների վերաբերյալ»  ապրիլի 24-ի՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի նախօրեին: Պետք է խոստովանեմ՝ սա կարևոր քայլ է, բայց, ցավոք, ոչ ճշմարտության բացահայտմանը, պատմության հետ առերեսմանը, հայերի ու թուրքերի միջև հաշտեցումը հնարավոր դարձնելուն ուղղված:

Ցավոք, Ձեր դիմումը պարունակում է հայտարարարություններ, որոնք արտացոլում են Թուրքիայի դիրքորոշումը, որը ոչ մի կապ չունի իրականության հետ: Թույլ տվեք հաստատել, որ այսօր շատ թուրքեր դադարել են հավատալ «1915թ-ի իրադարձությունների» այն պաշտոնական մեկնաբանություններին, որ դուք եք նրանց տալիս: Դատելով այն գրառումներից, որ թուրք այցելուները թողնում են Երևանի Հայոց ցեղասպանության թանգարանում՝ նրանք բոլորը ցանկանում են իմանալ ճշմարտությունը՝ ճշմարտություն, որն աղավաղվել և թաքցվել է իրենցից Թուրքիայի Հանրապետության պատմության ընթացքում:

Կա պարզ, բայց միաժամանակ հզոր պնդում՝ «ճշմարտությունը կազատի ձեզ»: Բայց մինչ նման հայտարարություն անելը, դուք նախ փորձում եք ապակողմնորոշել թուրք երիտասարդությանը: Թույլ տվեք հիշեցնել Ձեզ, որ Ձեր հայտարարությունը հայտնվեց մի քանի օր անց այն դեպքից,  երբ Թուրքիայում Թվիթթերի արգելման հրաման տվեցիք՝ դրանով խախտելով թուրք երիտասարդության ազատ խոսքի  հիմնարար իրավունքը:

Ձեր հայտարարության մեջ օգտագործում եք «դեմոկրատիա», «խաղաղություն», «օրենքի գերակայություն», «հանդուրժողականություն» և այլ նման համընդհանուր արժևորված հասկացություններ: Թույլ տվեք Ձեզ հարցնել` ի՞նչու պետք է օգտագործեք նման հասկացություններ, երբ Թուրքիան Հայաստանի հետ իր սահմանը դեռ փակ է պահում, երբ Հրանտ Դինքին սպանողները դեռ անպատիժ են և պատվի են արժանանում Թուրքիայում, երբ հայկական հուշարձանները դեռևս լիովին ոչնչացման վտանգի տակ են, երբ Սիրիայի հայերով բնակեցված Քեսաբ գյուղի վրա ծայրահեղ իսլամիստների հարձակումը աջակցվում էր Թուրքիայի կողմից:

Հյուսիսային Կիպրոսը շարունակում է գրավված մնալ Թուրքիայի կողմից: Ավելին, որոշ ադրբեջանացի սպաներ թուրքական ռազմական ուժերում վերապատրաստվում են, թե «ինչպես սպանել մարդուն զանազան սարքավորումներով»:  Հենց նոր ես մեջբերեցի Ռամիլ Սաֆարովի խոսքերը՝ թուրք սպայի, ով  կրթվել, պատրաստվել է Թուրքիայում և  գլխատել քնած հայ սպայի՝  ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի ժամանակ Բուդապեշտում, 10 տարի առաջ:

Լիովին հասկանում եմ՝ որքան վտանգավոր է այն պատմության վերանայումը, որը կեղծվել ու խեղաթյուրվել է սկզբից: Այն ծախսատար է, նույնիսկ վտանգավոր նախաձեռնություն, քանի որ այն կլրացնի բազում բացեր և կկոտրի Թուրքիայի պատմության շատ տաբուներ: Բայց ուրախ եմ, որ շատ թուրք գործընկերներ չեն համաձայնի «1915թ-ի  իրադարձությունները» քննելու նպատակով «պատմաբանների հանձնաժողով» ստեղծելու Ձեր սխալ ու հետընթաց գաղափարին:

Մինչ թուրք-հայկական հանձնաժողովի ձևավորման անհրաժեշտության ընդգծումը, ևս մեկ անգամ առաջարկում եմ հաշվի առնել հետևյալ հանձնաժողովների ստեղծման անհրաժեշտությունը՝

ա/ թուրք-հայկական, Թուրքիա-ԵՄ և թուրք-սիրիական հանձնաժողովներ՝ սահմանների հարցերի շուրջ:

բ/ թուրք-կիպրական հանձնաժողով՝ Կիպրոսում 1974թ.-ին թուրքական զինված ուժերի կողմից պատերազմական հանցագործությունների վերաբերյալ:

գ/ թուրք-հունական հանձնաժողովի ստեղծում՝  Ստամբուլում 1955թ.-ին կազմակերպված ջարդերի ընթացքում զոհված հույների համար փոխատուցման հարցի շուրջ:

դ/ Թուրքիա-ՆԱՏՕ հանձնաժողովի ստեղծում՝  գրավված Հյուսիսային Կիպրոսի տարածքում Ադրբեջանի սպաների վերապատրաստման շուրջ:

ե/ հրեա-թուրքական հանձնաժողով՝ 1930-ականների սկզբներին հրեաների արտաքսման և նրանց իրավունքների խախտման վերաբերյալ:

զ/թուրք-քրդական հանձնաժողով փոխհատուցման վերաբերյալ՝ որպես քուրդ քաղաքացիների բռնի վերաբնակեցման հետևանք:

է/ թուրք-հայկական հանձնաժողով՝ Հայոց ցեղասպանության հետևանքների վերացման շուրջ:

Արդյո՞ք սրանք բավարար են մինչ 2023թ. Թուրքիայի Հանրապետության հարյուրամյակը:

Իմ նախնիները Կարս քաղաքից են, քաղաք, որը ավելի քան հազար տարի առաջ Հայկական Թագավորության մայրաքաղաքն էր: Ես կայցելեի իմ նախնիների քաղաք, որտեղից նրանք վտարվել են երկու անգամ՝ 1918 թ-ին՝ իթթիհատականների և 1920թ-ին՝ քեմալականների կողմից: Բայց չեմ կարող այցելել այն դեպքում, երբ Ձեր կառավարության ձևավորումից կարճ ժամանակ անց Սուրբ Առաքելոց վանքը վերածվեց մզկիթի:

Կուզենայի հավատալ Ձեր մտադրությունների անկեղծությանը և որպես դրա նշան՝ կուզենայի ականատես լինել Հայկական եկեղեցու վերափոխմանը, որտեղ կկարողանայի աղոթել, ինչպես իմ նախնիներն էին անում մեկ դար առաջ:

Հարգելի՛ պարոն վարչապետ: Այո՛, Դուք ճիշտ եք՝ ասելով, որ «Ապրիլի 24-ը յուրահատուկ կարևորություն է կրում իր մեջ Հայաստանի քաղաքացիների և աշխարհի հայերի համար»: Բայց պետք է ասեմ, որ Հայոց ցեղասպանությունը ոչ միայն Հայաստանի պատմության և հիշողության, այլև Թուրքիայի պատմության և հիշողության մաս է: Երբ Դուք անդրադառնում եք Հայոց ցեղասպանության հարցերին, ուշադրությու՛ն դարձրեք, որ Ձեր բառերը և քայլերը պետք է ուղղվեն առաջին հերթին թուրքերի նոր սերնդին, որոնք, ես կարծում եմ, չեն ցանկանում պիտակավորվել որպես ցեղասպան հանցագործների հետևորդներ: Մենք՝ կենդանի մնացածների հետնորդներս, նույնպես ցանկանում ենք նրանց ունենալ որպես գործընկերներ և ընկերներ, որոնք ազատ են իրենց մտածելակերպով և ցանկանում են իմանալ ճշմարտությունը և ոչ թե մեկ դար հնության ստերն ու հորինվածքները: Ես հպարտ կլինեմ նման գործընկերներ ունենալու համար, ովքեր գիտակցում են Հայոց ցեղասպանության մասին ճշմարտությունն իմանալու անհրաժեշտությունը և դրա հետևանքների դեմ պայքարելը: Հատված Ձեր հայտարարությունից. «Թուրքիայում, 1915 թվականի դեպքերի վերաբերյալ ազատորեն տարբեր կարծիքներ և մտքեր արտահայտելը բազմ ակարծության հեռանկար է, ինչպես նաև ժողովրդավարության և արդիականության մշակույթ»: Իսկապես,  հիասքանչ հայտարարություն: Բայց թու՛յլ տվեք հիշեցնել, որ Թուրքիայի քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածը դեռևս գոյություն ունի: Ինչպե՞ս եք Դուք առաջարկում ինձ հասկանալ Ձեր հայտարարությունը, երբ ընդամենը մի քանի օր առաջ Ձեր կառավարությունը ստեղծեց հանձնաժողով, որն աշխատելու է Հայոց ցեղասպանության ճշմարտության դեմ, մի ճշմարտության, որն ընդունվել է շատ ցեղասպանագետների կողմից, որոնց մեջ նաև շատ են իմ թուրք գործընկերները: Թու՛յլ տվեք գուշակել: Կարծում եմ , որ թուրքական կառավարությանն անհրաժեշտ է ավելի շատ ժամանակ ճշմարտությանը հասնելու համար:

Ապագայի նկատմամբ հույսերով»:

 Անկախ

Համաշխարհային մամուլի արձագանքը Թայիփ Էրդողանի ուղերձին

ցեղասպանություն   Այսօր Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանի 1915 թվականի Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով ուղերձը, որով նա իր ցավակցություններ է հայտնել հայ ժողովրդին, մեծ արձագանք է գտել համաշխարհային մամուլում: «Associated press» գործակալությունը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Էրդողանը չի օգտագործել ցեղասպանություն բառը՝ այն անվանելով տեղահանություն: «Reuters»-ը Էրդողանի ուղերձը անսպասելի է համարել: Իսրայելական «Jerusalem Post»-ը իր հոդվածը հետևյալ կերպ է վերնագրել՝ «Էրդողանը Հայոց ցեղասպանությունը չի ճանաչում, սակայն ընտանիքներին ցավակցություն է հղում»: Ֆրանսիական «Le Parisien» թերթը գրել է. «Թուրքիայում սա քաղաքական երկրաշարժ է: Վարչապետ Էրդողանը պաշտոնապես Թուրքիայի ցավակցությունը հայտնեց 1915 թվականին սպանված հայերի ընտանիքներին: Սա առաջին նման դեպքն է այս երկրի պատմության մեջ»: Թուրքական լրատվամիջոցները նկատել են նաև, որ հայ պաշտոնյաների, ինչպես նաև հայկական մամուլի կողմից Էրդողանի հայտարարությունը բուռն արձագանք չի գտել:

Անկախ

 

Էրդողանը փորձում է հավասարության նշան դնել զոհի և դահճի միջև` համեմատելով զոհի վերապրած ցավը դահճի չապրած ցավի հետ. Արամ Անանյան

Արամ ԱնանյանԹուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ապրիլի 23-ին առաջին անգամ հանդես է եկել ապրիլի 24-ի հետ կապված պաշտոնական հայտարարությամբ: Այս առիթով «Արմենպրես»-ը զրուցել է պատմական գիտությունների թեկնածու Արամ Անանյանի հետ:

– Պարոն Անանյան, առաջին անգամն է, որ Թուրքիայի վարչապետը ապրիլի 24-ի նախօրեին դիմում է հայ ժողովրդին: Որոշ միջազգային լրատվամիջոցներ էլ ասում են, թե Թուրքիայի վարչապետն առաջին անգամ ցավակցեց հայերին: Ինչպե՞ս կգնահատեիք Էրդողանի նման քայլը:

– Էրդողանն իր հայտարարությամբ փորձում է հավասարության նշան է դնել զոհի և դահճի միջև` համեմատելով զոհի վերապրած ցավը դահճի չապրած ցավի հետ: Թուրքիայի քաղաքական ու լրատվական իսթեբլիշմենթն ամեն ինչ անելու է տեղի ունեցածը որպես պատմական իրադարձություն ներկայացնելու համար: Իրականությունն այն է, որ գագաթնակետին է հասել Թուրքիայի վախը, որ Հայոց ցեղասպանության փաստը ճանաչվելու է:

Պատմությունը փաստում է, որ Թուրիքայի ցուցադրական-էպատաժային քայլերը միշտ նախորդում են անշրջելի գործընթացներին: Այսինքն` տեսնելով, որ Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած հանցագործությունը դատապարտվելու է, թուրքական կողմը մատնվում է խուճապի, ու այս անգամ խուճապի դեմքը Էրդողանի այսօրվա հայտարարությունն է:

Գիտեք` եթե Թուրքիան իսկապես ազնիվ ու արդար լիներ իր մոտեցումներում, ոչինչ չէր խանգարի մեր հարևանին ճանաչել Հայոց ցեղասպանությունը, սակայն դրա փոխարեն Թուրքիան կրկին փորձում է մոլորեցնել միջազգային հանրությանը: Անկարան որևէ քայլ չի անում Օսմանյան Թուրքիայում նախապարտաստված ու իրականացված հանցագործության դատապարտման ուղղությամբ: Էրդողանի խոսքում այդ մասին որևէ բան չկա:

– Վերլուծելով Թուրքիայի վարչապետի հայտարարությունը` կարո՞ղ եք նախանշել թուրքական ժխտողականության նոր բնութագրիչները:

– Իրավացի եք` Թուրքիայի վարչապետի հայտարարությունը վկայում է, որ պաշտոնական Անկարան զարգացնում է ժխտողականության գործիքակազմը:

Թուրքիայի վարչապետը, ավելի շատ կարևորում է ոչ թե պատմական ճշմարտությունը, այլ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից խուսափելը: Հայտարարության անգամ հպանցիկ ուսումնասիրությունը վկայում է, որ պաշտոնական Անկարան ոչ մի նոր բան չի ասում: Տեղի է ունենում թուրքական արտաքին քաղաքական դոկտրինի վերաշարադրանքը`միայն համաշխարհային հանրությանը և Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում շահագրգռիռ կողմերին մոլորության մեջ մտցնելու նպատակով: Հայտարարությունում օգտագործվող բառամթերքը նոր չէ, այն թուրքական ժխտողական թեզերի ամփոփ վերաշարադրանքն է: Էրդողանի վկայակոչած «ընդհանուր ցավը» թուրք քաղաքական վերնախավի ներկայացուցիչների գերակշիռ մեծամասնությունը ոչ զգում է, ոչ էլ երբևէ զգացել է: Բարոյական առումով, Էրդողանի հայտարարությունը շատ ավելի վտանգավոր է, քանի որ այն շահարկում է հայ և Օսմանյան կայսրության այլ քրիստոնյա ժողովուրդների պատմական հիշողությունը: Մնացյալի մասով՝ Էրդողանը վերաձևակերպում է թուրքական պատմագրության կողմից չարչրկված թեզերը` թե՛ պատմաբանների հանձնաժողովի, թե՛ իբր բաց արխիվների, թե իրադարձությունների ընկալման առումներով: Ամենից կարևորն այն է, որ հայտարարությունում չկա զղջում, չկա Թուրքիայի կողմից այդ գործողություններին ճշմարիտ գնահատական տալու փորձ:

– Էրդողանի հայտարարությունում նշվում է, իբր Թուրքիայում 1915-ի վերաբերյալ բազմակարծություն կա: Ո՞րն է Ձեր գնահատականը:

– Թուրքական ժխտողականությունն ունի մի մեթոդ. դա կիսաճշմարտությունների և ստի միախառնումն է: Էրդողանի հայտարարությամբ Թուրքիան որևէ հետքայլ չի անում տասնամյակներ շարունակ իր կողմից հնչեցրած դիրքորոշումից, այլ փորձում է մեր ցավի հաշվին լրացուցիչ քաղաքական դիվիդենտներ քաղել ապրիլի 24-ին ընդառաջ: Անձամբ ինձ համար որևէ տարբերություն չկա, թե այդ հայտարարությունը տեղադրված է թուրքական թերուս պատմաբանի, թե Թուրքիայի կառավարության կայքէջին` միակ տարբերությամբ, որ կառավարության կայքէջն երևի ավելի շատ ընթերցող ունի:

Թուրքիայում Հայոց ցեղասպանությունը ճանաչող մի խումբ մտավորականների ու պատմաբանների խիզախ մոտեցումները ո’չ Էրդողանի, ո’չ էլ նրա կառավարության ձեռբերումը չեն: Հիշենք միայն «Արդարություն ու զարգացում» կուսակցության միահեծան իշխանության տարիներին թուրքականությունը վիրավորելը քրեականացնող 301-րդ հոդվածով դատարան մտած գործերի թիվը, Հրանտ Դինքի սպանությունն ու այդ հանցագործության բացահայտման ժամանակ ի հայտ եկած սկանդալները: Սա միայն Հայոց ցեղասպանության և պատմական հիշողության մասով: Իսկ ինչպե՞ս պետք է բնութագրել երկրի ներսում ամիսներ առաջ ժողովրդավարական ընդվզման ճնշման և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին լռեցնելու, սոցիալական մեդիայի գործիքները փակելու սպառնալիքները: Մի՞թե այսպիսին է փոփոխվող Թուրքիայի սարսափած դեմքը:

 

Հարցազրույցը` Սյունե Բարսեղյանի

Անկախ

Թուրքական ընդդիմության առաջնորդը Էրդողանին համեմատել է Հիտլերի ու Մուսոլինիի հետ

երդողան բռնակալԹուրքիայի ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն սուր քննադատության է ենթարկել վարչապետ Թայիփ Էրդողանի կառավարությանը: Նա Էրդողանին համեմատել է Ադոլֆ Հիտլերի և Բենիտո Մուսոլինիի հետ: Քըլըչդարօղլուն կարևորել է երկրում ընտրությունների անցկացումը, սակայն նշել է, որ այն չի կարող համարվել ժողովրդավարության չափանիշ: «Օրինակ`Հիտլերը ընտրվել էր համաժողովրդական քվեարկությամբ, ինչպես և Մուսոլինին: Նրանք երկուսն էլ ընտրվել էին ժողովրդի կողմից, սակայն որոշ ժամանակ անց մարդկությունը շատ մեծ գին վճարեց դրա համար: Միևնույն բանը տեղի է ունենում մեր ժողովրդավարության հետ: Օրենքի գերակայությունը համարվում է կարևորագույն սկզբունք: Ամեն մեկը պետք է յուրացնի այն: Մենք պայքարում ենք այն Թուրքիայի համար, որտեղ բոլոր քաղաքացիները երջանիկ են, անկախ այն հանգամանքից նրանք քվեարկում են մեր օգտին, թե ոչ»,-նշել է Քըլըչդարօղլուն:

Անկախ

ԱՄՆ Սենատի ընդունած բանաձևը չպետք է ազդի թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա. Թայիփ Էրդողան

Էրդողան Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանը ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Ջոն Բոների հետ հանդիպման ժամանակ նշել է, որ ապրիլի 10-ին ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ ընդունած բանաձևը չպետք է ազդի թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա: Այս մասին հաղորդում է «Անադոլու» գործակալությունը: Բոները իր հերթին նշել է, որ 1915 թվականին վերաբերող հարցերը պետք է ուսումնասիրեն պատմաբանները: Կողմերը քննարկել են նաև տարածաշրջանային և միջազգային հարցեր, այդ թվում Սիրիայում և Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները:

Անկախ

Թուրքիայի ազգային անվտանգությունը վտանգի տակ է. Ահմեդ Դավութօղլու

    Ահմեդ Դավութօղլու Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն, խոսելով երեկ համացանցում հայտնված գաղտնի խոսակցությունների հերթական ձայնագրության մասին, համաձայն որի, Թուրքիան պլանավորում էր հնարավոր ներխուժումը Սիրիա, նշել է, որ երկրի ուժային կառույցներին գաղտնալսելը ուղղակի լրտեսություն է, և պետությունը կանի հնարավոր ամեն բան մեղավորներին բացահայտելու և պատժելու համար: Դավութօղլուն ձայնագրության հրապարակումը անվանել է “սպառնալիք ազգային անվտանգության համար”:

 

  Այն բանից հետո, ինչ “Youtube”-ում հայտնվեց պետական գաղտնի խոսակցությունների ձայնագրությունը, կայքը անմիջապես արգելափակվեց Թուրքիայում: Վարչապետ Էրդողանը, Դիարբեքիրում հանդիպելով իր ընտրողների հետ, տեղի ունեցածը անվանել է “ստորություն”: “Սա անբարո, ստոր և անպատիվ քայլ է: Մենք կբացահայտենք նրանց որջը”,-հայտարարել է Էրդողանը:

Անկախ

Եթե Սիրիայի հետ պատերազմելու ես, ամենաառաջինը որդուդ՝Բիլալին ուղարկիր. Քեմալ Քըլըչդարօղլուի խոսքերը Էրդողանին

kemal  Թուրքիայի Ժողովրդա-հանրապետական կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն, մեկնաբանելով երկրի ազգային անվտանգության նիստի ձայնագրությունների հրապարակումը, նշել է. “Պետություն ասվածը հայտնվել է ոտնահարված վիճակում: Պետության ամենագաղտնի տեղեկությունները հեշտությամբ արտահոսում են: Նշանակում է` ոչ մի պետություն էլ չկա: Այն ամեն կողմից անցքեր ունի: Նրանք միայն փողի մասին են մտածում: Ինչու պետության, քաղաքացում մասին չմտածեցիր: Միակ բանը, որ մտածում ես, գրպանդ է: Սիրիայի դեմ պատերազմի մեջ մտնելու ճանապարհ են փնտրում: Հենց իրեն ասացի: Եթե Սիրիայի հետ պատերազմելու ես, ամենաառաջինը որդուդ՝Բիլալին ուղարկիր”,-հայտարարել է Քըլըչդարօղլուն:

Անկախ

Էրդողանի առողջական վիճակը վատացե՞լ է

էրդողան Անկարայում օրս սկսվել է վարչապետ Թայիփ Էրդողանի առողջական վիճակի մասին խոսակցություններով: Սոցիալական մեդիայում լուրեր են հայտնվել, թե Էրդողանի վիճակը վատացել է, այդ պատճառով նա հետաձգել է նախընտրական հանրահավաքները: Սակայն «Ռադիկալի» հաղորդմամբ՝ Էրդողանի անձնական բժիշկը՝ Անկարայից պատգամավոր ընտրված Ջևդեթ Էրդյոլը, հերքել է այս տեղեկությունը:

Հայտնի է, որ Էրդողանը խնդիր ունի գոտկատեղի շրջանում: Առողջական այս խնդրի պատճառով նա քանիցս հետաձգել է իր գործերը և հանգստի գնացել:

 

Անկախ

ԱՄՆ-ը շարունակում է աջակցել Թուրքիային. Սպիտակ տուն

Սպիտակ տուն   ԱՄՆ-ի ազգային անվտանգության գծով խորհրդական Բեն Ռոդսը հայտարարել է, որ ԱՄՆ-ը շարունակելու է աջակցել Թուրքիային: Նրա խոսքերով՝ Անկարան և Վաշինգտոնը հանդիսանում են դաշնակիցներ և սերտ համագործակցում են մի շարք ոլորտներում: Ռոդսը, մեկնաբանելով մամուլում հայտնված այն լուրերը, թե իբր նախագահ Բարաք Օբաման չի պատասխանում վարչապետ Թայիփ Էրդողանի հեռախոսազանգերին, նշել է, որ իրականում երկու առաջնորդները հեռախոսային ակտիվ շփման մեջ են:

«Թուրքիան ժողովրդավար երկիր է, որը հանդիսանում է ՆԱՏՕ-ի անդամը: Վաշինգտոնը չի միջամտում Թուրքիայի ներքին գործերին և հետագայում ևս նման մտադրություն չունի»,-նշել է Ռեդսը:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի Պետքարտուղարությունը ևս վերջերս նման հայտարարությամբ էր հանդես եկել:

Անկախ

Թուրքիայի վարչապետը ուղիղ եթերում արտասվել է

o_815089Թուրքիայի վարչապետ Էրդողանը հեկեկացել է ուղիղ եթերում Եգիպտոսի շուրջ լարված իրադրության վերաբերյալ հաղորդման ժամանակ: Քաղաքական գործիչը լաց է եղել, երբ ծրագրի հեղինակները սկսել են  ընթերցել  “Մահմեդական եղբայրներ” շարժման ներկայացուցչի նամակը, որը հուզումների ժամանակ կորցրել էր 17-ամյա դստերը: Ողբերգությունը տեղի է ունեցել օրերս, Կահիրեում:  Մուհամեդ ալ-Բեթաղի` դստերը`Ասմային  հասցեագրված   ուղերձի ձայնագրությունը, որը զոհվել է Եգիպտոսում, հուզումների ժամանակ, վարչապետին ցնցել է: Հետո նա հեկեկացել է:

Ավելի ուշ, թուրքական Ülke TV Էրդողանը բացատրել է իր վարքագծի պատճառը:

“Ես իմ երեխաների հետ քիչ ժամանակ եմ անցկացնում: Սովորաբար  տուն եմ վերադառնում գիշերվա 1-2-ին, երբ նրանք արդեն քնած են” Ալ Բեթաղիի ուղերձը լսելով, ես մտածեցի իմ երեխաների մասին: Ես հույս ունեմ, որ այդ դաժան փորձը դաս կլինի իսլամի ներկայացուցիչներից շատերի համար, հույս ունեմ նաև, որ այն դաս կլինի երիտասարդների համար: Ու ես հիմա խոսում եմ ոչ որպես վարչապետ, այլ որպես իմ երկրի քաղաքացի”:

Էրդողանը վերադարձավ Աֆրիկայից ու պահանջեց դադարեցնել ցույցերը

da3001370578957Հունիսի 7-ի գիշերը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը վերադարձավ երկիր` Հյուսիսային Աֆրիկա կատարած ուղևորությունից:

Նա օդանավակայանում ելույթ ունեցավ ու կոչ արեց  դադարեցնել ակցիաները: Նրա խոսքով, հազարավոր ցուցարարների գործողությունը օրենքից դուրս է: Դրանից բացի նա խոստացավ հետաքննել մամուլի հավաստիացումներն այն մասին, որ ոստիկանությունը ցուցարարների դեմ բռնություն է կիրառել:

Էրդողանի հազարավոր համակիրները նրա օդանավը դիմավորել են Ստամբուլում: Տասնյակ հազարավորներն էլ հերթական բողոքի ակցիան են կազմակերպել տարբեր քաղաքներում, պահանջելով վարչապետի հրաժարականը: